Արմինե ՆԱԼԲԱՆԴՅԱՆ / ՎԵՐՋԻՆ ՄՈՄԸ

Արմինե ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ «ՎԵՐՋԻՆ ՄՈՄԸ» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2004 թ., թիվ 6-7-ում

 

 

Արմինե ՆԱԼԲԱՆԴՅԱՆ

 

ՎԵՐՋԻՆ ՄՈՄԸ

Գործող անձինք

ՍԱՄԱՆԻ

ԷՐԻՄՈ

ՏՈՍԱ

 

Անընդմեջ երկրաշարժերի հետևանքով Յակու թերակղզին ավերվել ու ամայացել է: Բնակչության 40 տոկոսը զոհվել է, փրկվածների կեսը վերաբնակվել է այլ վայրերում, մյուս կեսը, հաշտվելով կամ լավ ապագայի հույսը չկորցնելով, մնացել է թերակղզում:

Բեմը ներկայացնում է կիսամութ բնակարան, ուր մանկության երեք ընկերուհիներն ար­թուն անցկացնում են գիշերները մոմի լույսի տակ: Տագնապի զգացումը չի լքում թե՛ հերոսնե­րին, թե՛ հանդիսատեսին:

 

ՍԱՄԱՆԻ — (սարսափահար): Երկրաշարժ է…

ԷՐԻՄՈ (ուշադիր հետևելով): Չէ, գնացքն էր:

ՏՈՍԱ – Ի՞նչ ես ասում, երկաթուղին վաղուց ավերված է:

ԷՐԻՄՈ Առավոտյան տեսա… վերանորոգել են:

ՍԱՄԱՆԻ — Դու առավոտյան տնից դուրս չես եկել:

ԷՐԻՄՈ Դուք դեռ քնած էիք՝ դուրս եկա մաքուր օդ շնչելու:

ՏՈՍԱ – Քնա՞ծ էինք… Բայց մենք քանի՜ գի­շեր է՝ չենք քնում:

ԷՐԻՄՈ Այո, իզուր տանջում ենք մեզ: Ինձ թվում է՝ վտանգն անցել է:

ՍԱՄԱՆԻ  — Հիմարությո՛ւն: Եթե անցած լի­ներ, գոնե էլեկտրացանցը կաշխատեր:

ՏՈՍԱ — Էլ մոմ չկա: Սա… վերջինն է:

ԷՐԻՄՈ Առավոտյան այդ մասին կհոգամ:

ՍԱՄԱՆԻ – Առավոտյա՜ն… Այդքան հեռավոր պլաններ մի կազմիր, գուցե սա մեր վերջին գի­շերն է:

ԷՐԻՄՈ Դու ամեն գիշեր կյանքի հետ փա­կում ես հաշիվներդ, իսկ երբ առավոտյան պարզվում է, որ ողջ ես, դա վերագրում ես եր­ջանիկ պատահականությանը: Այդ կերպ կարե­լի է մեռնել մինչև աղետը:

ՍԱՄԱՆԻ — Որն ավելի նախընտրելի է:

ՏՈՍԱ – Սը՜ս… Ի՞նչ ձայն է, ինչ-որ մեկը կար­ծես լալիս է:

ՍԱՄԱՆԻ — Երեխա է:

ԷՐԻՄՈ Չէ, կատու է:

ՏՈՍԱ — Կատուները ձմեռը չեն վայում:

ՍԱՄԱՆԻ – Երեխա՛ է:

ՏՈՍԱ — Մութ է, ոչինչ չի երևում:

ԷՐԻՄՈ Լռեց…

ՏՈՍԱ — Ռադիոն միացնե՞մ:

ՍԱՄԱՆԻ և ԷՐԻՄՈ (միասին, տագնա­պով): Ո՛չ:

ՏՈՍԱ – Ինչո՞ւ վախեցաք, միևնույն է՝ գիծ չկա:

ԷՐԻՄՈ (դադարից հետո): Հիշում եմ, անց­յալ ամառ ծովում քիչ մնաց՝ խեղդվեի, երկու անգլիացի փրկեցին, ասացին՝ երջանիկ աստղի տակ եմ ծնվել:

ՍԱՄԱՆԻ — Անգլիացիների ասածը լուրջ մի՛ ընդունիր, նրանք կատակելու առիթը բաց չեն թողնում:

ՏՈՍԱ — Գոնե ռադիոն աշխատեր:

ԷՐԻՄՈ Ավելի լավ, կորած երեխաների մասին հոգեմաշ հայտարարություններ չենք լսի:

ՍԱՄԱՆԻ — Եկեղեցուց կանգուն է մնացել մի պատ:

ՏՈՍԱ — Այդ եկեղեցին պատերազմից հետո էր ավերվել:

ՍԱՄԱՆԻ — Ինձ մի սովորեցրու, պատերազ­մից հետո երեք պատն էր մնացել, իսկ հիմա՝ մեկը:

ՏՈՍԱ — Ուզում ես ասել, որ գարեջրա­տունը եկեղեցու տեղ եմ դրել և ամեն կիրակի այնտեղ մո՞մ եմ վառել:

ՍԱՄԱՆԻ — Երևի մենք տարբեր եկեղեցիների մասին ենք խոսում:

ՏՈՍԱ — Ոչ, եկեղեցին մեկն է, մեր ընկա­լումներն են տարբեր: Ի դեպ, ես մտադիր եմ վաղը ևեթ այցելել այդ քանդված եկեղեցին և աղոթել հոգուս փրկության համար: Չէի՞ք միա­նա ինձ:

ԷՐԻՄՈ Մեր հոգին անմահ է: Նա չի մեռ­նի, երբ մարմինն սպանվի, հոգու համար գոյու­թյուն չունի ոչ ծնունդ, ոչ մահ: Մենք շունչ-հոգի ենք և որպես այդպիսին հավիտենական ենք: Այնպես որ, հոգիս փրկելու փորձեր չեմ անի:

ՏՈՍԱ — Այդ անմահությունը կատարյալ հո­գիներին է վերաբերում, որոնք բարձր են կանգ­նած խղճից, տգիտությունից, վայելքներից:

ԷՐԻՄՈ Վայելքը ծնունդով իմ իրավունքն է ու ես նրանից բարձր կանգնելու ցանկություն չունեմ:

ՏՈՍԱ — Ուրեմն շտապիր եկեղեցի՝ հոգուդ փրկության վերջին աղոթքն անելու:

ՁԱՅՆ ՎԱՐԱԳՈՒՅՐԻ ԵՏԵՎԻՑ — Դե բավակա՛ն է, թողեք քնենք, ամեն գիշեր նույն հիմարություններն ենք ստիպված լսում:

ՍԱՄԱՆԻ — Իսկ դու ականջներդ մի՛ սրի, քնիր, եթե համոզված ես, որ վաղը կարթնանաս:

ԷՐԻՄՈ Մի բորբոքիր հարևաններին, թե չէ երեքիս էլ դուրս կշպրտեն, ինչպես անցյալ գիշեր:

ՏՈՍԱ — Անցյալ գիշեր երկրաշարժը կրկնվեց, այդ պատճառով դուրս թռանք:

ՍԱՄԱՆԻ — Այս անգամ ես դուրս չեմ գա, չսպասեք:

ԷՐԻՄՈ Ես էլ կմնամ, չեմ ուզում դրսում սառցակալել:

ՏՈՍԱ — Իսկ ես, համենայնդեպս, դուրս կվա­զեմ:

ՍԱՄԱՆԻ — Ինչ է, դու իրո՞ք ուզում ես փրկվել:

ԷՐԻՄՈ Դեռ երիտասարդ է, ապրել է ուզում, մի՛ մեղադրիր նրան:

ՍԱՄԱՆԻ – Տանե՛լ չեմ կարող, երբ մի օր ավել ապրելու համար գլուխ են ջարդում:

ԷՐԻՄՈ Թող ապրի, ի՞նչ ես կպել նրանից, գուցե նրան դուր է գալիս այդպես ապրելը:

ՍԱՄԱՆԻ — Կուզենայի ողջ մնալ միայն մի բան համար, որ կուշտ ծիծաղեմ նրա վրա:

ԷՐԻՄՈ (սարսափած): Երկրաշարժ է:

ՍԱՄԱՆԻ — Չէ, գնացքն է:

ԷՐԻՄՈ Երկրաշա՛րժ է:

Սամանին ինքնամոռաց փորձում է դուրս փախչել:

ՏՈՍԱ — (մեղավոր): Այդ ես դիպա սեղանին… պատահաբար…

ՍԱՄԱՆԻ — (շփոթահար նստում է): Մոմը վերջանում է:

ԷՐԻՄՈ Այլևս մոմ չկա: Սա… վերջինն էր:

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։