Սամվել ԽԱԼԱԹՅԱՆ / ՊԱԴԱՄ, ՊԱԴԱՄ, ՊԱԴԱՄ…

Լիրիկական դրամա մեկ գործողությամբ

Գործող անձինք
ՀԱՍՄԻԿ ԱՎԱԳՅԱՆ — 60-ն անց,
թոշակառու ուսուցչուհի
ԳԵՎՈՐԳ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ — 62 տարեկան,
պաշտոնաթող գեներալ
ԱՐԱՄ
ՄԱՐԻՇԿԱ
ԳԵՎՈՐԳ ԱՎԱԳՅԱՆ — Հասմիկի որդին

ՊՐՈԼՈԳ

Յուրաքանչյուրս մի հեքիաթ ենք պահում մեր մեջ. նվիրական, անմոռանալի: Տարիներ են անցնում, իսկ հեքիաթն այդ երբեք չի կորցնում իր հմայքը, հրապուրանքը, և մեր ողջ գիտակցական կյանքում, ենթագիտակցորեն, ձգտում ենք դեպի նա, ուզում ենք լինել նրա հետ, նրա մեջ ու վերապրե՜լ, վերապրել նրա հետ առաջին հանդիպման հրաշքը:
Սա միակ հրաշքն է, որին հավատում ենք ամբողջ կյանքում:
Ահա, զբոսայգի է մտնում մի կին: Հասմիկ Ավագյանն է: Նրա դեմքը դեռևս պահպանում է երբեմնի գեղեցկությունը: Սովորաբար, ճամպրուկով մարդիկ շտապում են: Հասմիկ Ավագյանը չի շտապում: Այդպես է լինում, երբ մեկնելուց առաջ հրաժեշտ են տալիս նվիրական վայրին,
որտեղ ապրել են իրենց առաջին հրաշքը:
Հասմիկ Ավագյանը, թոշակառու ուսուցչուհին, տարտամ քայլվածքով, ենթագիտակցությանը հլու, քայլում է ծառուղով…
Զբոսայգու ծառուղի: Ձախ կողմում` նստարան, որի հարևանությամբ, քիչ խորքում, մանկական կարուսել է: Բեմառաջքին հարող սիզամարգում, գրեթե նստարանին դիմահայաց, կաղնու անսաղարթ ծառաբունն է` տպավորիչ փչակով: Կարելի է կարծել, որ նորացված այգում այդ փչակն է եղել պատճառը, որ ծերացած, քիչ թեքված, բայց դեռ ապրող ծառը խնայել, պահպանել են:
Մոտակայքում գործող սրճարանի՞ց, թե՞ ճամպրուկը ձեռքին ծառուղի մտնող Հասմիկի հիշողությունն է լսելի դարձնում Էդիտ Պիաֆի «Պադամ, պադամ» երգը:*
Հասմիկը քողարկված տխրությամբ մի պահ կանգ է առնում, ասես երգի բերած հիշողությունն է ուզում վերականգնել, ապա շարունակում է քայլել դեպի միայնակ նստարանը:
Մարիշը համարյա վազելով առաջ է անցնում նրանից ու նյարդայնացած փլվում է նստարանին: Նրան հետևող Արամը մոտենում, կանգնում է նրա դիմաց:
ԱՐԱՄ — Ախր, ի՞նչ ասի, որ նեղացար… (Աղջիկը ցուցադրաբար շրջում է դեմքը:) Չե՞ս ուզում` չենք գնա, աշխարհը չի քանդվի: (Նստում, փորձում է բռնել աղջկա ձեռքը, վերջինս հետ է քաշվում:) Ա՛յ Մարիշ, լա՜վ, էլի… Ամեն անգամ մի բան մոգոնում ես, փուչ բանից` նեղանում, տեսարան սարքում… (Աղջիկն անհաղորդ է:)
Հասմիկը նստում է նստարանի մյուս ծայրին` կողքի դնելով ճամպրուկը: Նա չի նայում երիտասարդների կողմը, բայց ակամա լսում է նրանց խոսակցությունը:
ԱՐԱՄ — Քեզ դուր է գալիս, հա՞, որ ինձ նյարդայնացնում ես… (Աղջիկը փութով քրքրում է պայուսակը, գտնում բջջային հեռախոսը, նյարդային սեղմում է կոճակներին:) Սկսվե՜ց… Էլի մեսիջով ենք խոսելո՞ւ իրար հետ: (Նրա հեռախոսը զանգում է:) Խնդրե՛մ… (Գրպանից հանում է բջջայինը, էկրանին նայելով` կարդում է:) «Քեզ հետ խռով եմ: Վե՛րջ»: Այ Մարիշ, թատրոն մի սարքի, վեր կաց, գնանք, մեր մասին ի՞նչ կմտածեն… (Աղջիկն արագ ականջներն է խցկում հեռախոսի ականջակալները, շուրթերը սեղմած, ըմբոստ նայում է տղային:) Ախր, ի՞նչ ասի, որ նեղացար… (Մարիշն անդրդվելի է: Արամը, հոգոցով հանելով, ստիպված սկսում է հեռախոսով նամակ գրել` հընթացս գրածը հեգելով:) «Մեզ ըս-պա-սում են, ան-հար-մար է, վե-րա-դառ-նանք սըր-ճա-րան»…
Նրանք շարունակում են հաղորդագրություններ տալ-ստանալ, ընթերցել, իսկ այդ ընթացքում Հասմիկն իր բջջայինով համար է հավաքում:
ՀԱՍՄԻԿ — (անսպասելի առույգ տոնով): Ալո՞, պարոն Լևոն, դո՞ւք եք… Հասմիկն է: Ուշանո՜ւմ եք, հարգելիս, ուշանում եք… Ես վաղուց այստեղ եմ` մեր նստարանին նստած: Հրաշալի օր է: Այնքան բարի, հաշտ մթնոլորտ է այգում, որ ստիպում է մոռանալ բոլոր վիրավորանքները: Ներում եմ, իհարկե, ներում եմ: (Երիտասարդներն ակամա նրան են նայում, Հասմիկն ավելի է ոգևորվում:) Լևոն, սիրելիս, այսօրվա դեպքը լուրջ մի ընդունիր, հոգուդ հետ էի խաղում… Դե, բոլոր կանայք են այդպես, ի՞նչ կարող ես անել: Բայց դա չի նշանակում, որ նրանք չեն սիրում… Չէ՜, ուզում են ավելի սիրված լինել: Այո՜, ժամանակն անցնում է, նոր ենք հասկանում վատնած վայրկյանների գինը: Սպասում եմ… Սպասում եմ, սիրելիս: (Անջատում է հեռախոսը, hետաքրքրությամբ ուսումնասիրում կաղնու փչակը:)
Արամի հեռախոսը զանգում է:
ԱՐԱՄ — Այո՞:
ՄԱՐԻՇ — (հեռախոսով, չարաճճի): Չգնա՞նք սրճարան: Մեզ են սպասում:
ԱՐԱՄ — Գի՜ժ… (Գրկում է աղջկա ուսերը, ոտքի են կանգնում` հեռանալուց առաջ երախտագետ հայացք նետելով իրենց չնայող Հասմիկին:)
ՀԱՍՄԻԿ — (ներողամիտ ժպիտով նայում է հեռացող զույգին, ու մինչև նախկին տխրությունը կստվերեր դեմքը` անսպասելի հեռախոսազանգից ցնցվում է, միացնում է բջջայինը): Այո… լսում եմ: Այո, Հասմիկն է… Լևո՞ն… ի՞նչ Լևոն… Ե՞ս եմ զանգել: Ախ, հա՜, ներեցեք, ներեցեք, խնդրում եմ, շփոթել էի համարը: (Խիստ:) Երիտասարդ, Լևոն ձևանալու փոխարեն, լավ կլիներ` ուրիշ զբաղմունք գտնեիք: Ես ձեր հասակի թոռ ունեմ: (Հեռախոսն անջատում, տեղավորում է պայուսակում, վերադառնում է իր մտքերին, բայց հեռախոսն էլի է զանգում: Չոր:) Լսում եմ: (Ջերմությամբ:) Անուշի՜կ, հոգիս… Լավ եմ, բալիկս, լավ եմ, մի անհանգըստացիր: (Զսպում է հուզմունքը:) Ես արդեն օդանավում եմ, շուտով օդ կբարձրանանք: Նախապես էի տոմս պատվիրել… (Սրբում է արցունքի կաթիլը:) Չէ, հոգիս, մի մեղադրիր նրանց… Նրանք երիտասարդ են, իսկ թոշակի անցած ուսուցչուհին` ծեր սկեսուրը, անհարմարություններ է ստեղծում: Դու արդեն հասուն աղջիկ ես, պետք է հասկանաս… Քեզ հետ համաձայն չեմ: Յուրաքանչյուրն ինքն է տնօրինում իր կյանքը: Այդ տանը ես մենակ եմ և… չէի ուզում ասել` արհամարհված: Մի մեղադրիր ծնողներիդ: Այսպես, գուցե, լավ չէ, բայց ճիշտ է, Անուշիկս… Ես քեզ շատ եմ սիրում… (Սրբում է արցունքը:) Իհարկե, կտեսնվենք, տեղ հասնեմ, աշխատանքի կանցնեմ ու արձակուրդիս անպայման հյուր կգամ: Դու գիտես, որ տիկին Ամալյան իմ վաղեմի, մտերիմ ընկերուհին է, նրա հետ ինձ լավ կզգամ: (Ավելի շատ` իրենից վանելով միտքը:) Չէ, չէ, ի՞նչ ես ասում, նա չի մահացել, դու լավ չես հիշում: Մի հուզվիր, աղջիկս և ինձ էլ մի ստիպիր ծանր տանել… համբուրում եմ: (Կապն ընդհատված է:) Համբուրում եմ… (Հեռախոսը հպում է այտին, շուրթերն անձայն նույն բառերն են կրկնում:)
Հայտնվում է Գևորգը, փոքր-ինչ առաջ է անցնում նրանից ու հանկարծակի կանգնում, շրջվում է Հասմիկի կողմը:
ԳԵՎՈՐԳ — Բարև ձեզ… (Հասմիկը բարձրացնում է հայացքը: Պատասխանն ուշանում է:) Կարելի՞ է այստեղ նստել:
ՀԱՍՄԻԿ — (դարձյալ չի շտապում պատասխանել, հետո` անտարբեր): Համեցեք:
Գևորգը նստում է քիչ հեռու: Հասմիկը գողտուկ հետ է հրում ճամպրուկը, որ չնկատվի:
ԳԵՎՈՐԳ — (իբրև թե ըմբոշխնում է այգու զովությունն ու լռությունը, բայց ներքուստ անհանգիստ է, մղվում է խոսակցության): Զարմանալի մարդիկ են, այգին սեփականաշնորհեցին ու բոլոր նստարանները հանեցին: Նստել-հանգստանալու տեղ չկա… (Հասմիկը վերաբերմունք ցույց չի տալիս:) Դիտմամբ արեցին, որ ստիպված սրճարան մտնես: Ցայտաղբյուրն էլ հանեցին, որ սրճարաններում հագեցնես ծարավդ: (Հասմիկը չի արձագանքում: Դադար:) Վաղո՞ւց եք այստեղ:
ՀԱՍՄԻԿ — (նրան չնայելով): Շատ վաղուց:
ԳԵՎՈՐԳ — (անտեսելով կնոջ վերաբերմունքը): Հաճելի եղանակ է… Ինչ որ մեկին էի ուզում տեսնել: Նա… նա այստեղ է զբոսնում: Ամեն օր գալիս եմ ու չի հաջողվում…
ՀԱՍՄԻԿ — Եթե նա ձեզ համար ինչ որ մեկն է, սարսափելի ոչինչ չկա: (Շրջվում, իբր` պայուսակում բան է փնտրում, հասկացնելով, որ զրուցել չի ցանկանում:)
ԳԵՎՈՐԳ — (հաշտվելով իրավիճակին` պիջակի գրպանից հանում է ծալած օրաթերթը, դնում է ակնոցը, սկսում է ընթերցել: Քիչ անց, իբր` ինքն իրեն:) Ի՜նչ ասես չեն հնարի… Ցնորվել են: (Հարևանցի, բարձրաձայն կարդում է:) «Բրիտանական հեռուստասերիալների աստղերը, ի նշան տարիքային խտրականության դեմ բողոքի, մերկ նկարահանվել են… Շերրի Հյուսոնը, Անդրեա Մաքքլինը, Բև-եռլի Սալարդը և Ջիլիան Թեյլֆորտը, որոնց տարիքը տատանվում է 50-ից 60-ի միջև, բրիտանական Best magazin-ի էջերում հայտնվել են մորեմերկ»… Խայտառակութ-յո՛ւն է:
ՀԱՍՄԻԿ — (նրան չնայելով): Խայտառակություն է, երբ արհամարհում են կնոջը:
ԳԵՎՈՐԳ — Բայց մերկանալ հասարակության առջև ու նկարահանվել միլիոնավոր տպաքանակ ունեցող թերթո՞ւմ…
ՀԱՍՄԻԿ — Ի՞նչ կա որ… Դա խիզա-խություն է, հոգու ճիչ, ընդվզում` արհամարհանքի դեմ:
ԳԵՎՈՐԳ — (գոհ է, որ զրույցն սկսվեց): Դուք գտնում եք, որ արհամարհված կանայք պետք է մերկանա՞ն:
ՀԱՍՄԻԿ — Ես գտնում եմ, որ կանանց չպետք է արհամարհել, ինչ տարիք էլ նրանք ունենան:
ԳԵՎՈՐԳ — Բայց նրանք կարող էին բողոքի այլ ձև ընտրել:
ՀԱՍՄԻԿ — (անմիջապես չի պատասխանում, ապա` անհասցե, դառը մեղադրանքով): Նրա՜նք… մե՜նք… Մե՞նք ինչ ձև ենք ընտրում… Խխունջի պես պարփակվում ենք պատյանում ու ճիչը խեղդում անպաշտպան հոգու մեջ, փորձում սպանել, անէացնել անցյալը, բոլոր հուշերը, ապրած կյանքը: Ինքդ քեզ համոզել, թե դա դո՛ւ չես եղել, թե դա տեղի չի՛ ունեցել և եղածն ընդամենը հեքիաթ էր, անիրական, քո իսկ հնարած հեքիաթը… (Մեղադրանքով:) Այդպես, հա՞, այդպե՞ս…
ԳԵՎՈՐԳ — (մեղադրանքից շփոթված): Ներեցեք…
ՀԱՍՄԻԿ — (դառնորեն): Ինչի՞ համար, հեքիաթի՞… (Դադար): Ասացի, չէ՞, դա հնարած է, իրականություն չէ:
Դադար: Գևորգն անհանգիստ է, հուզված: Փորձում, չի կարողանում կենտրոնանալ, ծալում, ակնոցի հետ թերթը դնում է գրպանը: Չգիտի անելիքը: Հասմիկը թաքցրած խռովքով շարունակում է անտարբեր մի կողմ նայել:
ԳԵՎՈՐԳ — Բայց… բայց կյանքը հնարած հեքիաթ չէ, պարզապես… պարզապես իրականությունը, անցյալը այնքան քաղցր, տպավորիչ ու անմոռաց է լինում, որ թվում է, թե հեքիաթ էր:
ՀԱՍՄԻԿ — (դառը հոգոցով): Քա՜ղցր, տպավորի՜չ, անմոռա՜ց… (Շրջվում, ակնդետ նայում է Գևորգին:) Պարզվում է, դուք ռոմանտիկ եք, պարոն: (Հեգնանքով:) Քա՜ղցր, տպավորի՜չ, անմոռա՜ց… Տեսնո՞ւմ եք այն փչակը: (Մատնացույց է անում կաղնին:) Այդ փչակը քանի՞ անգամ լսած կլինի այդ խոսքերը: Եթե լեզու առներ, քանի՞ այդպիսի հեքիաթ կպատմեր նա… (Շրջվում է:)
ԳԵՎՈՐԳ — (անհամարձակ, ցածրաձայն): Ի՞նչ կպատմեր: (Հասմիկը չի պատասխանում: Վեհերոտ խնդրանքով:) Ի՞նչ կպատմեր…
ՀԱՍՄԻԿ — (պայուսակից հանում է ծխախոտը, հրահանով վառում, սկսում է ծխել: Հանդարտվելով, առանց կողքինին նայելու, ասես` ինքն իրեն): Կպատմեր, որ եղել, ապրել է մի աղջնակ: Երբ փոքր էր, հայրը մի անգամ նրան բերեց զբոսայգու հսկա կաղնու մոտ ու ասաց, որ եթե փչակի մեջ երազանք շշնջա, անպայման կկատարվի: Աղջիկը Ձմեռ պապից տիկնիկ ուզեց ու երկու օր անց, Նոր տարվա առավոտյան, բարձի տակ գեղեցիկ տիկնիկ գտավ… (Շարունակում է ծխել:)
ԳԵՎՈՐԳ — Հետո՞…
ՀԱՍՄԻԿ — (անշտապ): Հետո՜… Աղ-ջիկն այդ օրից հավատաց հրաշքների, հավատաց հեքիաթների: Մեծացավ ու երբ հասուն օրիորդ էր, սիրահարվեց գանգրահեր մի տղայի: Աղջիկը հավատում էր հրաշքների ու մի օր, գարնանային մի տաք երեկո, եկավ փչակի մոտ, շշնջաց տղայի անունը, խնդրեց նրա փոխադարձ սերը… Շշնջաց, շրջվեց ու` այ քեզ հրա՜շք… տղան նստած էր մոտակա նստարանին ու կրակոտ հայացքով իրեն էր նայում: (Դադար: Ծխում է:) Ասես կախարդված, չզգաց` ինչպես մոտեցավ ու նստեց նրա կողքին: (Դադար:) Ծանոթացան, սիրեցին իրար… (Գևորգը գրպանից հանում է դեղահաբի սրվակը, լեզվի տակ հաբ է դնում:) Նրանք երջանիկ էին… Տե՜ր Աստված, մի՞թե ուրիշ ավելի հարմար բառ չկա` այդ երջանիկից բացի… Քիչ է ասել, թե երջանիկ էին, դա ուրի՜շ զգացում էր… Նրանք կարոտում էին, անգամ երբ կողք-կողքի էին… Ժամերով նստում ու լուռ նայում էին իրենց երազանքներն իրականցնող կախարդական փչակին: Նրանք լուռ էին, բայց փչակը լսում էր նրանց: Նրանց շնչառությունը, նրանց հայացքը, աղջկա ձեռքերը` տղայի ափերի մեջ, նրանց սրտի զարկերն անընդհատ ու անընդհատ երազներ էին հյուսում և այդ երազները օծվում, օրհնվում էին փչակի կախարդանքով ու թևում էին հեռո՜ւ` երկնակամարին պատկերելով երջանիկ զույգի ապագան, դրախտային կյանք` մինչև խոր ծերություն… (Դադար:) Դպրոցն ավարտեցին: Տղան երազում էր զինվորական դառնալ: Մեկնեց այլ քաղաք՝ սովորելու, հազար ու հազար անգամ երդվելով, որ կվերադառնա: (Հանգցնում է ծխախոտը, կոթուկը փաթաթում անձեռոցիկի մեջ, դնում պայուսակը:) Այդպես ավարտվեց հեքիաթը, որը չէր էլ եղել…
Դադար:
ԳԵՎՈՐԳ — Ծխախոտ կարելի՞ է:
ՀԱՍՄԻԿ — (պայուսակից տուփը, հրահանը հանելով` մեկնում է նրան): Դուք դեղահաբը դեռ կուլ չեք տվել: (Հեգնանքով:) Երևի շա՜տ էր դառը:
Գևորգը ծխախոտը վառում է, վերադարձնում է տուփն ու հրահանը: Նա ծխող չէ, անվարժ, մի քանի անգամ ծուխը պահում է բերանում, դուրս է փչում: Անօգուտ համարելով ծխելը` տեղ է փնտրում կոթուկը նետելու համար:
ՀԱՍՄԻԿ — Աղբամանն այնտեղ է: (Գլխի շարժումով ցույց է տալիս կաղնու հարևանությամբ դրված աղբամանը:)
ԳԵՎՈՐԳ — (մոտենում է կաղնուն, նետում է կոթուկը, հապաղում է փչակի դիմաց ու չշրջվելով, կարծես պատմում է փչակին): Տղան հեռավոր հյուսիսում սովորում էր զինվորական ուսումնարանում, ժամերն ու օրերն էր հաշվում, թե երբ է ավարտելու ուսումը, նշանակում ստանալու, որ իր մոտ կանչի աղջը-կան ու ամբողջ կյանքում միասին լինեն, բայց… Իր թեթևամտության, անփորձության պատճառով խճճվեց բարձրաստիճան հրամանատարի կանխամտածված ցանցում, հրապուրվեց նրա հովանավորությամբ ու… (Հոգոց է քաշում:) Ուսումնարանն ավարտեց որպես նրա փեսան: Նա ամաչում էր իր արարքի համար, դավաճանության համար չէր ներում իրեն: Կյանքն անիմաստ էր դարձել: Ծառայության մեջ ամենավտանգավոր գործն էր անում, անհուսալի տեղեր նետվում, որ գոնե պատահաբար փորձանքի գա: Իսկ նրա վարքը շրջապատում դիտվում էր որպես երիտասարդ սպայի խիզախություն: (Դադար:) Եվ մի անքուն, տառապալից գիշեր վճռեց ինքնասպան լինել: Լիցքավորեց ատրճանակը, մի վերջին անգամ նայեց օրորոցում քնած նորածին երեխային ու դուրս եկավ տնից, բայց հենց շեմի վրա, արթնացած երեխայի լացը… (Օրորվում է, բռնելով սիրտը` հենվում է ծառաբնին:)
ՀԱՍՄԻԿ — (ճչալով վրա է հասնում): Գևո՜րգ… Գևորգ, ի՞նչ պատահեց…
ԳԵՎՈՐԳ — (ագահաբար օդը կուլ տալով): Ոչինչ, նոպա է… ստենոկարդիա: Հիմա կանցնի:
ՀԱՍՄԻԿ — Ներիր, խնդրում եմ… (Թև-անցուկ ուղեկցում է դեպի նստարանը:) Ես չէի ուզում… ես չգիտեի… Նստիր, հանգիստ նըս-տիր… (Չորս կողմն է նայում:) Նման դեպքերում հարկավոր է մի քիչ կոնյակ խմել, օգնում է… Դու հանգիստ նստիր, ես արագ կբերեմ…
ԳԵՎՈՐԳ — (կանխում է): Պետք չէ, հիմա կանցնի:
ՀԱՍՄԻԿ — Չէ, նստիր… քթով շնչիր… Ես հիմա կգամ…
ԳԵՎՈՐԳ — Սպասիր: Ավելի լավ է` միասին… Սրճարանում բար կա, խմիչք կլինի: (Փորձում է կանգնել:)
Հասմիկն օգնում է նրան ոտքի կանգնել, թևանցուկ ուղեկցում է, բայց առաջին իսկ քայլից հիշելով ճամպրուկի մասին, մի պահ տատանվում է, ապա վճռական ճանկում է այն ու կրկին թևանցուկ անելով Գևորգին` դանդաղ ուղղվում են սրճարան: Նրանց ընդառաջ` հնչում է Պիաֆի երգը:
Ձեռք-ձեռքի, ծիծաղկոտ մտնում են Արամն ու Մարիշը: Հասնելով կաղնուն` երկու կողմից փարվում են ծառին:
ՄԱՐԻՇ — (ձեռքերը մեկնում, ափերով հպվում է ծառը գրկած տղայի ձեռքերին): Դե խոսիր, ջա՜նս… մի բան ասա, ես կարոտում եմ քո ձայնին: Ի՞նչ ես մտածում, ինձ հետ մտածիր, որ լցվեմ քեզնով…
ԱՐԱՄ — (նույն տոնով): Չգիտեմ, թե քեզ ի՞նչ ասեմ… Ես չգիտեմ, թե քեզ ի՞նչ ասեմ… Եթե մենք լինեինք արևի վրա, ես կասեի, որ քո հուրն է նրան ջերմացնում, եթե լինեինք բողբոջի մեջ` կասեի, որ քո բույրն է թովում նեկտարին… Ես չգիտեմ, թե քեզ ինչ ասեմ…
ՄԱՐԻՇ — Դու չգիտես, թե ինձ ի՞նչ ասես… Խենթո՜ւկ, դու արդեն ասացիր: Խոսիր, էլի խոսիր…
Նրանք պտտվում են ծառի շուրջբոլորը, հեռանում, մոտենում, փայում են միմյանց, փարվում են ծառին…
ԱՐԱՄ — Ես քեզ փնտրեցի մարդաշատ քաղաքների կոշտ մայթերին ու չգտա…
ՄԱՐԻՇ — Ինչ լա՜վ է, որ ինձ չգտար կոշտ մայթերին, ես հիվանդ էի մարդեղեն ախտով…
ԱՐԱՄ — Ես քեզ փնտրեցի կուսական անտառներում ու չգտա…
ՄԱՐԻՇ — Ինչ լա՜վ է, որ ինձ չգտար կուսական անտառներում, ես անցողիկ էի բուսնել-փտելով…
ԱՐԱՄ — Ես քեզ փնտրեցի լեռների ծերպերին ու չգտա…
ՄԱՐԻՇ — Ինչ լա՜վ է, որ ինձ չգտար լեռների ծերպերին, ես անշունչ էի ու կոշտ…
ԱՐԱՄ — Ես քեզ փնտրեցի ջրերի խորքերում ու չգտա…
ՄԱՐԻՇ — Ինչ լա՜վ է, որ ինձ չգտար ջրերի խորքերում, ես համր էի ու անմիտ…
ԱՐԱՄ — Ես քեզ գտա այստեղ` երկընքում աստղերի հետ ճախրելիս և երջանի՜կ եմ…
ՄԱՐԻՇ — Ինչ լա՜վ է, որ գտար ինձ այստեղ, երկնքում աստղերի հետ ճախրելիս, ուր աղոթքներն են միայն հասնում, ուր ապրում են միայն երազները: Մենք երջանի՜կ ենք… (Հեռու է փախչում ծառից:) Ես լո՜ւյս եմ, հասիր ինձ: (Արամը հետապնդում է նրան:)
Առժամանակ ծառուղին դատարկ է: Գինովցած, ուրախ տրամադրությամբ վերադառնում են Գևորգն ու Հասմիկը: Գևորգի ձեռքին ծաղկեփունջ կա, որը նա պահում է անվարժ:
ԳԵՎՈՐԳ — (ծիծաղի միջից): Ես նրան ասում եմ` փունջ բեր, իսկ նա կոնյակը, ռոմը, լիկյորը խառնում է ու հրամցնում… Ես էլ, կարծելով, թե լիմոնադ է, մի շնչով քաշեցի գլուխս…
ՀԱՍՄԻԿ — (նույն տրամադրությամբ): Նրա իմացած փունջն էլ դա է, տղան մեղք չունի: (Ճամպրուկը ձեռքից-ձեռք է տեղափոխում:)
ԳԵՎՈՐԳ — (սթափվում, մեխվում է տեղում): Էդ ի՞նչ ես անում:
ՀԱՍՄԻԿ — (զարմացած): Ի՞նչ եմ անում:
ԳԵՎՈՐԳ — Հապա ինձ տուր: (Ձեռքը մեկնում է ճամպրուկին:) Տեսնողն ի՞նչ կասի` տղամարդը ծաղկե-փունջ է բռնել, կինը՝ ճամպրուկ:
ՀԱՍՄԻԿ — (ընկրկում է): Չէ, չէ: Քեզ ծանրություն վերցնել չի կարելի:
ԳԵՎՈՐԳ — Ո՞վ ասաց: (Կեղծ բարկությամբ:) Ո՞վ համարձակվեց:
ՀԱՍՄԻԿ — Ե՛ս:
ԳԵՎՈՐԳ — Իսկ դուք գիտե՞ք, հարգելի տիկին, որ այդ «փունջ» կոչվածը խմելուց հետո ես կարող եմ սարե՜ր շրջել:
ՀԱՍՄԻԿ — Չե՛ս կարող: Ես ընդամենը մի կում խմեցի` գլուխս պտտվեց:
ԳԵՎՈՐԳ — Որովհետև քոնը ծաղկեփունջն է, ոչ թե` փունջը: Սա` քեզ: (Մեկնում է ծաղկեփունջը:) Իսկ ճամպրուկը տուր ինձ:
ՀԱՍՄԻԿ — Ուշացար, արդեն տեղ հասանք: (Ճամպրուկը դնում է նստարանին, վերցնում է ծաղկեփունջը:)
ԳԵՎՈՐԳ — (նայելով ճամպրուկին): Ի դեպ… ըմմ… մեկնո՞ւմ ես, թե՞ ժամանում:
ՀԱՍՄԻԿ — (չկարողանալով ձևանալ, տրտմությամբ): Ոչ` այս, ոչ` այն:
ԳԵՎՈՐԳ — (ճամպրուկը զննելով, ուշադիր նրան է նայում): Ուրեմն` գտել ես:
ՀԱՍՄԻԿ — (կոտրված ժպիտով): Գուշակեցիր: Գտել եմ…
Հեռվում հայտնվում են վիճաբանող Մարիշն ու Արամը: Վերջինս բռնել է աղջկա պայուսակի փոկից, բաց չի թողնում:
ՄԱՐԻՇ — Թո՛ղ… Թո՛ղ, ասում եմ… բաց թող պայուսակս:
ԱՐԱՄ — Մարիշ ջան, ախր… դատարկ բանից…
ՄԱՐԻՇ — Քեզ համար է դատարկ, ինձ համար դատարկ չի: (Ձգում, ազատում է փոկը:) Չհամարձակվես ինձ հետևել… (Արտասվելով փախչում է՝ վազքով անցնելով Գևորգի ու Հասմիկի կողքով: Արամը հետևում է նրան:)
ԳԵՎՈՐԳ — (կողքով անցնող Արամին՝ զինվորական խստությամբ): Կա՜նգ ա՛ռ: (Տղան մեխվում է տեղում:) Ե՜տ դա՛րձ: (Արամը զինվորական կանոնով շրջվում է:) Դեպի ինձ՝ քայլո՜վ մա՛րշ:
ԱՐԱՄ — (շարային քայլով մոտենում, զգաստ կանգնում է): Պարոն գեներալ, պահեստի սերժանտ Արամ Ռևազյանս, ձեր հրամանով…
ԳԵՎՈՐԳ — Թողնե՛լ: (Մեղմացած:) Ինձ ճանաչո՞ւմ ես, զինվոր:
ԱՐԱՄ — Ճիշտ այդպես: Դուք մեր զորամասն էիք եկել զորավարժային ստուգայցի և ինձ պատվոգիր հանձնեցիք:
ԳԵՎՈՐԳ — (կարծես շփոթվում է): Հըմ… Երբ դու… Երբ ծառայում էինք, զինվոր, արդյո՞ք չէինք կարոտում սիրած աղջկան:
ԱՐԱՄ — Կարոտում էինք, պարոն գեներալ:
ԳԵՎՈՐԳ — Երազո՞ւմ էիր հանդիպել նրան:
ԱՐԱՄ — Ճիշտ այդպես:
ԳԵՎՈՐԳ — Վիրավորելու, լացացնելու համա՞ր:
ԱՐԱՄ — (արդարանում է): Պարոն գեներալ, ախր նա… այ, ձեր տիկինն էլ տեսավ, մի փուչ բանից…
ԳԵՎՈՐԳ — Լռե՛լ: (Կարճ դադար:) Իսկ ո՞ւր մնաց ասպետությունը, զինվոր: Գնա, ներողություն խընդ-րիր, տղաս: Հաշտվիր նրա հետ: Հիշիր` թշնամուն զենքով ու խիզախությամբ են հաղթում, կնոջը` սիրով ու ջերմությամբ: Գնա:
ԱՐԱՄ — Լսում եմ: (Տեղից պոկվում, վազում է Մարիշի հետևից:)
Հասմիկը գոհունակ ժպիտը թաքցնելով ծաղկեփնջի մեջ` աղջկական նազանքով ճոճվում է տեղում:
ԳԵՎՈՐԳ — (անզգուշորեն բացահայտվածի պես չիմանալով անելիքը` չորս կողմն է նայում, ապա, գրեթե գործնական): Նստե՛նք:
Նստում են:
ՀԱՍՄԻԿ — (հիացական զարմանքով): Դու գեներա՞լ ես:
ԳԵՎՈՐԳ — Էի: Այժմ` պաշտոնաթող գեներալ: (Դեմքը ծածկելով ծաղկեփնջով` Հասմիկն անզուսպ քրքջում է: Գևորգը մռայլվում է:) Պաշտոնաթողը ծիծաղելի՞ է:
ՀԱՍՄԻԿ — Ոչ, գեներալն է զվարճալի:
ԳԵՎՈՐԳ — Երևի չես հավատում:
ՀԱՍՄԻԿ — (հոգու հետ խաղալով): Իհարկե, չեմ հավատում: Այնքան խիստ խոսեցիր, որ խեղճ տղան քեզ գեներալի տեղ դրեց:
ԳԵՎՈՐԳ — (լրջմիտ արժանապատվությամբ ծոցագրպանից հանում է դրամապանակը, այնտեղից` այցեքարտ, մեկնում է Հասմիկին): Պատիվ ունեմ:
ՀԱՍՄԻԿ — (այցեքարտը վերցնում, պայուսակից անշտապ հանում է ակնոցը, ուշադիր կարդում է): Պատահականություններ լինում են:
ԳԵՎՈՐԳ — Քառասուն տարի ծառայելը պատահականություն չէ:
ՀԱՍՄԻԿ — (մտքում ծանր ու թեթև է անում): Քառասո՞ւն… Իսկ ինչո՞ւ ոչ` մարշալ…
Գևորգը կարծես վիրավորված է: Առժամանակ լուռ են` Գևորգը արժանապատիվ անշարժությամբ, իսկ Հասմիկը մեկ նրան, մեկ այցեքարտին նայելուց հետո, ակնոցի հետ այն տեղավորում է պայուսակում, դուրս է բերում բջջայինը, համար է հավաքում: Գևորգի բջջայինը զանգում է:
ԳԵՎՈՐԳ — (գրպանից հանում է հեռախոսը): Հայրապետյանը լսում է:
ՀԱՍՄԻԿ — (հեռախոսի մեջ): Իսկ ո՞ւր մնաց ասպետը, պարոն գեներալ: (Ծիծաղում է:)
ԳԵՎՈՐԳ — Ախ, սատանա… խաղ էիր խաղում, հա՞… (Փորձում է գրկել նրան:)
ՀԱՍՄԻԿ — (ծիծաղկոտ խուսափում է): Դե-դե… ես քո իմացած աղջիկներից չեմ:
ԳԵՎՈՐԳ — (շփոթվում, անմիջապես հետ է քաշվում, տխրամած): Ես «իմացած» աղջիկներ չեմ ունեցել:
ՀԱՍՄԻԿ — Բանակում ծառայողներ չկայի՞ն: (Պայուսակից ինչ-որ պարագաներ է հանում:)
ԳԵՎՈՐԳ — Կային: Հիմա էլ կան: Շտաբում են ծառայում կամ զենիթայիններ են:
ՀԱՍՄԻԿ — Շրջվիր, ուզում եմ թարմացնել շրթներկս:
ԳԵՎՈՐԳ — Նայելը խանգարո՞ւմ է:
ՀԱՍՄԻԿ — Կոռեկտ չէ: (Գևորգը շըրջ-վում է, Հասմիկն անմիջապես, թափով, մի կողմ է նետում բջջային հեռախոսը, ապա փոքր հայելու մեջ իրեն զննելով` թարմացնում է շրթներկը:) «Զենիթային»` դա ի՞նչ է: Զենիթում ճախրող հրեշտակնե՞ր են:
ԳԵՎՈՐԳ — (նրա չիմացությանը` ներողամիտ): Ընդհակառակը: Օպերատորներ են, կապավորներ, նշանառուներ:
ՀԱՍՄԻԿ — Կրակո՞ւմ են: (Ավարտում է հարդարանքը:)
ԳԵՎՈՐԳ — Այն էլ ինչպե՜ս:
ՀԱՍՄԻԿ — (պարագաները տեղավորում է պայուսակում): Ինչպե՞ս:
ԳԵՎՈՐԳ — Դե… ինչպես բացատրեմ: Նստում են զենիթային հրանոթի նշանառուի տեղում… (Նկատում է կարուսելը:) Ահա, գտա, գնանք, ցույց տամ: (Հասմիկի ձեռքից բռնած մոտեցնում է կարուսելին:) Սա մեր մարտական զենքն է` տասնչորսուկես միլիմետրանոց զենիթային գնդացիրը, որը մեկ րոպեում իրականացնում է 80-300 կրակոց:
ՀԱՍՄԻԿ — Այդքան շա՞տ:
ԳԵՎՈՐԳ — Ավելի կատարելագործվածները կան, բայց մեր մարտկոցը, սերժանտ Ավագյան, նոր տեխնիկայով դեռ չի համալրվել: Ստիպված ենք յոլա գնալ սրանով: Նստիր: Նստիր նշանառուի տեղում: (Հասմիկը նստում է:) Դու մեր նշանառուն ես: (Հրում է կարուսելը:) Երկնքին նայիր, փնտրիր թշնամու ինքնաթիռը… Լսո՞ւմ ես հռնդյունը, նա ամպերի տակ է, հիմա դուրս կգա: Զգո՛ն, ուշադի՛ր:
ՀԱՍՄԻԿ — (բռնակից կառչած, հայացքը երկնքին` պտտվում է): Կարծես թե գտա… գտա՜… (Մատնացույց է անում Գևորգին:) Ահա նա…
ԳԵՎՈՐԳ — (ձեռքերը տարածած` ինքնաթիռ է ձևանում, իբր` մանե-վրում է օդում): Հը՜ռռռռ… Նշան բռնիր… Հը՜ռռռռ… Կրակի՛ր, կրակի՛ր…
ՀԱՍՄԻԿ — (հասնելով դեմ-դիմաց` «կրակում է»): Տա՛-տա՛…տա՛-տա՛-տա՛-տա՛…
ԳԵՎՈՐԳ — (խփված ինքնաթիռ է ձևանում): Վուուո՜ւ… (Ընկնում է սիզամարգի վրա:)
ՀԱՍՄԻԿ — Հաղթեցի՜… Դու պարա-շյուտով թռար… (Անսպասելի ճարպկությամբ իջնում է կարուսելից:) Ես քեզ գերի եմ վերցնում… Ձեռքերդ վե՛ր: («Զենքը պարզած» մոտենում է:) Օ-հո՜, գեներա՜լ է… հանձնվի՛ր, գեներալ…
ԳԵՎՈՐԳ — (արիաբար): Գեներալները չե՛ն հանձնվում: (Ցուցամատը հպում է քունքին, «կրակում է», ցնցվում, ընկնում է կողքի:)
Հասմիկը երկար նայում է ոտքերի մոտ ընկած, «անշնչացած» Գևորգին: Այգում մեղմորեն արթնանում է Պիաֆի երգը: Հասմիկը տխրամած շրջվում, տարտամ քայլերով մոտենում է կաղնուն, փարվում է փչակին: Տրամադրության, հոգեվիճակի տերը երգն է: Երգում և վերհիշում է այգին, երգում է երկինքը, երգում է բեմից դուրս տարածված դահլիճը: Գևորգն այնքան աննկատ է մոտենում կաղնուն, որ նրան տեսնում ենք արդեն Հասմիկին դիմահայաց` ծառին փարված: (Այսուհետ` տեսարանում, նրանք հեռանում են կաղնուց, ձեռք-ձեռքի տալիս, եթերային պտտվում, գգվում ու փայում են միմյանց: Այդ անիրական, երազային պատկերը, որ վերարտադրվում է նրանց հիշողության մեջ, պետք է ավարտվի երկխոսության վերջին նախադասության հետ, երբ կրկին կհայտնվեն կաղնու մոտ` նույն դիրքով, որով սկսվել էր տեսարանը: Ամբողջ ընթացքում հնչում է մեղեդին):
ԳԵՎՈՐԳ — Ինձ պահիր քո հոգու մեջ, որ հոգիս տուն ունենա…
ՀԱՍՄԻԿ — Ինձ պահիր քո հոգու մեջ, որ հոգիս չտոչորվի ծարավից…
ԳԵՎՈՐԳ և ՀԱՍՄԻԿ — (միասին): Մեր սերը գեղեցիկ է, և մենք գեղեցիկն ենք սիրո…
ՀԱՍՄԻԿ — Ինձ պահիր քո հոգու մեջ, որ հոգիս ճախրանք ունենա…
ԳԵՎՈՐԳ — Ինձ պահիր քո հոգու մեջ, որ հոգիս աղոթք ունենա…
ԳԵՎՈՐԳ և ՀԱՍՄԻԿ — (միասին): Մեր սերը հրճվանք է և մենք հրճվանքն ենք սիրո…
ԳԵՎՈՐԳ — Ինձ պահիր քո հոգու մեջ, որ հոգիս ապական չլինի…
ՀԱՍՄԻԿ — Ինձ պահիր քո հոգու մեջ, որ հոգիս տկար չլինի…
ԳԵՎՈՐԳ և ՀԱՍՄԻԿ — Սերը աղոթք է և մենք աղոթքն ենք սիրո…
Սերը հավերժ է և հավերժություն է մեր սերը…
Երաժշտությունն ուժգնանում է ու կտրուկ լռում:
ԳԵՎՈՐԳ — (հենվում է ծառին): Աղջկաս անունը Հասմիկ դրեցի: Բայց նա մեծացավ ու պարտադրեց, որ իրեն Ասյա կոչեն: (Դադար:) Նրա մայրը, որ երկու տարով մեծ էր ինձնից, նախընտրեց հինգ տարով փոքր մեկին, աղջկաս վերցրեց ու հեռացավ… Ծառայեցի հյուսիսում, Մոնղոլիայում, Աֆղանստանում: Իրադարձությունները ստիպեցին վերադառնալ հայրենիք, նոր կազմավորվող Հայկական բանակ:
Դադար:
ՀԱՍՄԻԿ — (ինքն էլ հենվում ծառաբնին): Ինչո՞ւ նամակ չգրեցիր:
ԳԵՎՈՐԳ — (հառաչելով): Մեղքի զգացումը… Ետդարձի հույս չկար, շատ էր ուշ: Միակ հույսը, որ պահպանել եմ` ներվելու հույսն է, ինքնահուսադրման վերջին խարիսխ… սարդոստայնի թելի պես թույլ, բայց` հույս էր: Երազում էի հանդիպել քեզ, բայց վախենում էի, սարսափում, որ չես ների…
ՀԱՍՄԻԿ — Քեզ համար այդքան կա-րևո՞ր է ներված լինելը:
ԳԵՎՈՐԳ — Կյանքից առավել:
ՀԱՍՄԻԿ — (վճիռ հրապարակելու պես): Ներված ես: Մնաս բարով: (Վերցնում է ճամպրուկը:)
ԳԵՎՈՐԳ — (խուճապահար կտրում է նրա ճանապարհը): Հասմիկ, դու… Դու դա չես անի: (Ճամպրուկը մի կողմ է դնում:) Մի գնա, խնդրում եմ, այդպես չեն ներում: Սա դատավճիռ է:
ՀԱՍՄԻԿ — Իսկ ինչպե՞ս են ներում, Գևորգ: Լաց ու կո՞ծ են դնում, թե՞ ուրախությունից, վերագտած երջանկությունից թռչկոտո՜ւմ են, փա՜ռք տալիս Աստծուն, որ վե-րադարձար, քառասուն տարի հետո հայտնվեցի՜ր: Մե՜ծ բան է արել, աղջկա անունը Հասմիկ է դրել… Դու իմ կարոտից չես նրան Հասմիկ կոչել, այլ քեզ արդարացնելու համար, ամեն անգամ այդ անունը տալով` դավաճանիդ մեղքը թեթևացնելու համար: Եվ ճիշտ է վարվել Ասյան, իմաստուն է վարվել: Ամեն հանցանք իր արժանի պատիժն ունի, նա ստիպել է քեզ կրել քո արժանի պատիժը: Նրա մայրն էլ ճիշտ է վարվել: Հաշվենկատ էիր ամուսնացել, նա էլ հաշվենկատորեն լքեց քեզ: Կանայք լավ են զգում սիրված-չսիրված լինելը…
ԳԵՎՈՐԳ — (կարկամած): Չէ՞ որ մենք… չէ՞ որ դու սիրել ես ինձ: Ներիր, խնդրում եմ, աղաչում եմ` ներիր:
ՀԱՍՄԻԿ — Տուր ճամպրուկս: Սերը ներում է ամեն ինչ` սիրո դեմ գործած հանցանքից բացի:
ԳԵՎՈՐԳ — Ես հանցագո՞րծ եմ:
ՀԱՍՄԻԿ — (դառը քմծիծաղով): Մի՞թե օրենսգրքի հոդված է պետք` սահմանելու համար սիրո դեմ գործած հանցանքը: (Ուզում է գնալ:)
ԳԵՎՈՐԳ — Սպասիր… նստիր` խոսենք: Մի՛ ներիր, բայց լսիր ինձ վերջին անգամ:
ՀԱՍՄԻԿ — Վերջը վաղուց է եղել, Գևորգ: Գնացիր ու չվերադարձար: Հիմա էլ չես վերադարձել: Բա՛ց թող ճամպրուկս: (Գևորգը ձեռքը հետ է քաշում:) Հեռացիր:

Գևորգը հապաղում է, ապա ճամպրուկը դնելով նստարանին` շրջվում, ձեռքերը խոթելով պիջակի գրպանը` հեռանում է: Հասմիկը քարացած է տեղում: Հանկարծ սթափվում է, այն է` նետվելու է Գևորգի հետևից, բայց թևաթափ շրջվում, մոտենում է կաղնուն, բռունցքներով հարվածելով բնին` ողբում է: Խաղաղվելով, ճամպրուկը քարշ տալով վերադառնում, նստում է նստարանին, գլուխն առնում է ափերի մեջ: Ծառուղում վառվում են լամպերը. մթնում է: Երգն արթնանում է` միայն նվագակցությամբ:
ՀԱՍՄԻԿ — (վերցնում է ծաղկեփունջը, արտասանում է):
Եվ կրկին ինձ հանգիստ չի տալիս,
Գիշեր, թե ցերեկ, ամենուր,
Մեղեդին վաղեմի, որ լալիս,
Ու խենթացնում է, տանում է, բայց` ո՞ւր…
Շատ անգամ եմ փորձել հարցնել,
Բայց նա ինձ հուշում է, հուշում,
Եվ ձայնս փորձելով խլացնել,
Թաղում է ինձ անցյալի մուժում…
Արտասանության ընթացքում,
թփերի միջից անընդհատ լսվում է Հասմիկի հեռախոսի զանգը:
Պադամ, պադամ, պադամ…
Նա ամենուր հետևում է ինձ,
Պադամ, պադամ, պադամ…
Հոգուս մեջ ինձ ցավ է տալիս.
Պադամ, պադամ, պադամ…
Այդ երգն իմ մասին է, ես ինքս եմ,
Իմ սերն է, կարոտն է իմ անափ,
Որն իմ մասին ամեն ինչ գիտե…*)
Ոտքի է կանգնում, ձեռքը մեկնում է ճամպրուկին և նույն պահին հայտնվում է տղան՝ Գևորգը:
ՀԱՍՄԻԿ — (ընկրկում է): Գևո՞րգ…
ԳԵՎՈՐԳ — Մայրի՞կ… (Մեկ ճամպ-րուկին է նայում, մեկ` նրան:) Ուրիշ օյին ունե՞ս… Քաղաքը ոտքի տակ տվեցի… Ոչ ոքի չի ասում` ո՞ւր է գնում, ոչ մեկը բանից տեղյակ չի…
ՀԱՍՄԻԿ — (անտարբեր): Շարունակիր, տղաս: (Նստում է:) Ասա, որ անհանգստացել ես, զանգել ես ոստիկանություն, շտապ օգնության կայան… Կիևյան կամրջի տակ ես փնտրել… (Գևորգը նյարդային նստում է:) Հին ու նոր հարևաններին, ծանոթ-անծանոթներին ես հարցում արել…
ԳԵՎՈՐԳ — Դու ինչո՞ւ ես մեզ տանջում, մա՛…
ՀԱՍՄԻԿ — (դառը քմծիծաղով): Ընդ-հակառակը, տղաս, ես ձեզ խաղաղություն ու երջանկություն եմ պարգևում իմ հեռանալով:
ԳԵՎՈՐԳ — Ախր, ի՞նչն է խանգարում քեզ, ինչո՞ւ ես այդպես վարվում: Խելացի կին ես, ամբողջ կյանքում ուրիշներին ես դաստիարակել: Խայտառակությո՛ւն… Լավ է, գտա, թե չէ վաղը աշխարհով մեկ կթնդար, թե հարազատ մայրը լքել է Ավագյանին: Թերթերը կվայրահաչեին` պատգամավորը տնից վռնդել է ուսուցչուհի, թոշակառու մորը: Խայտառակությո՛ւն… Մի՞թե հնարավոր չէ բոլորի պես ապրել:
ՀԱՍՄԻԿ — (մտախոհ): Բոլորի պե՞ս…
ԳԵՎՈՐԳ — Հա, ինչպես բոլորն են ապրում: Քեզ ի՞նչ է պակասում: Մեր տանը միայն Անուշիկն է քո հարազատը, նույնիսկ ինձ հետ չես կիսվում: Կեր, խմիր, գիրք կարդա, այցելիր հին հարևաններիդ, ծանոթներիդ, զբոսնիր այգում, զրուցիր թոշակառուների հետ…
Դադար:
ՀԱՍՄԻԿ — Դու զանգե՞լ ես ոստիկանատուն:
ԳԵՎՈՐԳ — Ի՞նչ կարևոր է:
ՀԱՍՄԻԿ — Չէ, ասա, զանգե՞լ ես ոստիկանատուն, շտապ օգնության կայան:
ԳԵՎՈՐԳ — Ասենք թե` չեմ զանգել, հետո՞… Դա նշանակում է, որ չե՞մ անհանգստանում քեզ համար:
ՀԱՍՄԻԿ — Դա նշանակում է, որ անհանգստանում ես միայն քեզ հա-մար, պարոն պատգամավոր: Հանկարծ մեկը չիմանա, որ մայրդ հեռացել է տնից: Իսկ դու զանգեիր ու ասեիր, որ կնոջդ սիրած շունն է կորել… (Կարճ դադար:) «Կեր, խմիր, գիրք կարդա», բայց չհամարձակվես քո ննջարանում հեռուստացույց միացնել, քո սիրած հաղորդումները, հնացած երգերը նյարդայնացնում են թանկագին հարսին: Այցելիր հին հարևաններիդ, մտերիմներիդ, բայց չլինի թե մեկին հյուր կանչես, միլիոնատերերի մեր փողոցում ապրողներն ի՞նչ կմտածեն` բոմժ դասատուներն են մոր շրջապատը: Գնա այգի, բայց թոռնիկիդ հետդ չտանես, քո խրատները, դաստիարակությունը նախնադարյան են: Երբ հայրդ կար, դուք չէիք համարձակվում ինձ հետ այդպես վարվել: Քո առանձնատան մեջ ես ո՞վ եմ… Միայն սպասուհուդ զրուցընկերը, այն էլ` կնոջդ ներկայությամբ, որ աղջիկ-պարոնը հանկարծ չմտածի, թե իրեն բամբասում ենք: Ես բիծ եմ այդ տան մեջ, կեղտոտ ճարպաբիծ` ձեր վարագույրների, ուղեգորգերի, արձանիկների, կահույքի վրա, գորշ ստվեր` ձեր լուսավոր, փառահեղ պալատում…
ԳԵՎՈՐԳ — Վե՛րջ տուր, մա՛: Ուրախանալու, հպարտանալու փոխարեն անընդհատ դժգոհում ես ու դժգոհում: Ես հասկանում եմ, հինը կարոտում ես: Կարոտում ես, որովհետև երիտասարդ էիր, հաջողակ, հայտնի ուսուցչուհի: Բայց դա ի՞նչ տվեց քեզ, մի քանի պատվոգիր ու երեսունհինգ հազար դրամ թոշա՞կ: Հորս ազնվությո՞ւնն ինչ տվեց: Քսանհինգ տարի գործարան ղեկավարեց, հետ գցածը խրուշչովկա շենքի երկու սենյականոցն էր: Նոր ժամանակներ են, նոր սերունդ է եկել, ամեն սերունդ իր օրենքներով է ապրում…
ՀԱՍՄԻԿ — Դրսում` ջունգլիների, տանը` քաղքենո՞ւ…
ԳԵՎՈՐԳ — Էլի սկսե՜ց… Վե՛ր կաց, գնանք, հազար գործ ունեմ: Ուշ է: (Ոտքի է կանգնում:)
ՀԱՍՄԻԿ — (վճռական): Ես չեմ գա:
ԳԵՎՈՐԳ — Այգո՞ւմ ես գիշերելու:
ՀԱՍՄԻԿ — Ինչո՞ւ այգում: Ինքնաթիռի չվերթը կեսգիշերին է: Օդանավակայան գնալուս ժամանակն է:
ԳԵՎՈՐԳ — (շշմած): Ո՞ւր ես թռչում:
ՀԱՍՄԻԿ — Մարդկանց մոտ:
ԳԵՎՈՐԳ — Մամ, դա… դա նորմալ չէ: (Վերցնում է ճամպրուկը:) Գնացինք:
ՀԱՍՄԻԿ — Ճամպրուկը տեղը դիր, տղաս: Չհամարձակվես մորդ վրա բռնանալ:
ԳԵՎՈՐԳ — (ճամպրուկը ցած է դնում, խորամանկելով): Լավ: Թող քո ասածը լինի, մեքենայով քեզ օդանավակայան կտանեմ:
ՀԱՍՄԻԿ — (ծաղրով): Իսկ եթե ծանոթ հանդիպի, ի՞նչ ես ասելու, մորդ ո՞ւր ես տանում:
ԳԵՎՈՐԳ — (զսպված բարկությամբ): Իսկ եթե ծանոթ հանդիպի, մա-մա՛, կասենք, որ տուրիստական ճամփորդության ես մեկնում:
ՀԱՍՄԻԿ — Պետք չէ:
ԳԵՎՈՐԳ — Ուրեմն, ծանոթ-ընկերներին ասելու ենք, թե տղայիդ ու հարսիդ պատճառով տնից փախչո՞ւմ ես:
ՀԱՍՄԻԿ — Ծանոթ-ընկերներիդ կարող ես ասել` ինչ ցանկանաս: Իսկ ինձ ուղեկցել պետք չէ:
ԳԵՎՈՐԳ — Մենա՞կ ես գնալու:
ՀԱՍՄԻԿ — (հապաղելով): Ես մենակ չեմ:
ԳԵՎՈՐԳ — (նստելով): Հա, լավ հիշեցի: Այսօր ո՞ւմ հետ ես մտել սրճարան:
ՀԱՍՄԻԿ — Ի՞նչ իմացար:
ԳԵՎՈՐԳ — Մոռանո՞ւմ ես, որ սրճարանն ու այգին ինձ են պատկանում, իմ սեփականությունն են: Սրճարանից զանգում ու ապշած ասում են` մայրդ այստեղ փունջ է խմում մի բիձու հետ:
ՀԱՍՄԻԿ — (հանդարտ): Իսկ դու ի՞նչ ասացիր: (Գևորգը լռում է:) Իհարկե, ասացիր` շփոթել եք, մայրս տանը նստած հեռուստացույց է դիտում: Այդպես չէ՞…
ԳԵՎՈՐԳ — (անտեսում է հարցը): Լավ, մամ ջան, ինչ եղավ` եղավ: Գնում ենք տուն: (Կանգնում, վերցնում է ճամպրուկը:) Անուշիկը քեզ է սպասում: Մոռացա ասել` այսօր հյուրեր ունենք: Անհարմար է, մեզ են սպասում:
ՀԱՍՄԻԿ — Ես անցանկալի հյուր եմ, տղաս, դու գնա:
ԳԵՎՈՐԳ — Վերջ տուր: Եթե… մտերիմ ունես, նրան էլ հրավիրիր, ես դեմ չեմ, որ քո… հին ընկերներին հանդիպես: Ո՞վ է նա:
ՀԱՍՄԻԿ — Կարևոր չէ:
ԳԵՎՈՐԳ — Ինչպե՞ս թե` կարևոր չէ… Վաթսունն անց մայրս սրճարաններում հանդիպում է ինչ-որ մեկին, ու ես չպե՞տք է իմանամ` ում հետ: Դու հասկանո՞ւմ ես` ինչ ես անում: Դա կարող է սադրանք լինել, քեզ թակարդը գցելով` կործանեն ինձ… (Խիստ:) Ո՞վ է այդ մարդը:
ԳԵՎՈՐԳ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ — (ստվերից դուրս գալով): Ես եմ: (Մոտենում է:)
ԳԵՎՈՐԳ — (ընկրկելով): Սա՞ ով է… այս մարդն ո՞վ է, մա…
ՀԱՍՄԻԿ — (անշտապ, հպարտության թույլ նշույլով): Գեներալ է:
ԳԵՎՈՐԳ — Գեներա՞լ… հետո՞ ինչ… (Մորը` խիստ:) Սա ո՞վ է, մամ:
ՀԱՍՄԻԿ — (ոտքի է կանգնում): Նա… իմ ամուսինն է:
ԳԵՎՈՐԳ — Ի՜նչ… (Ճամպրուկը ձեռքից ցած է ընկնում:)
Գևորգ Հայրապետյանը, երիտասարդի ապշած հայացքի ներքո, մոտենում, վերցնում է ծաղկեփունջը, հանձնում է Հասմիկին, ապա վերցնում է ճամպրուկը:
ԳԵՎՈՐԳ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ — (գորովալից): Ուշ է, սիրելիս, գնանք:
ՀԱՍՄԻԿ — (վճռական): Իսկապես… Առանց այն էլ շատ ուշացանք: (Թևանցուկ է անում Գևորգին, հեռանում են:)
ԳԵՎՈՐԳ — (գոռալով): Դու… դուք այդ ի՞նչ եք անում: Ես թույլ չե՛մ տա: Սրա՜նց տեսեք… (Կաղնուն մատնացույց անելով:) Կկտրեմ էս ծառը… քո խնդրանքով պահեցի, բայց արմատահան կանեմ էս փտած քոթուկը:
Գևորգն ու Հասմիկը մեխվում են տեղում:
ՀԱՍՄԻԿ — (դանդաղ շրջվում է): Մի շտապիր, տղաս: Խորհրդակցիր դստերդ հետ… Ո՞վ գիտե, գուցե սա արդեն Անուշիկի՞ ծառն է: (Հեռանում են):
Սրճարանից տարածվում է երգը: Թռչկոտելով ծառուղի են մտնում Արամն ու Մարիշը: Անցնելով նստարանին փլված, գլուխն ափերի մեջ առած Գևորգի կողքով, փարվում են ծառին:
ՄԱՐԻՇ — Ես ծիածա՜ն եմ` կամարված երկնքին ու երկրին…
ԱՐԱՄ — Ես գո՜ւյն եմ, ծիածանի յոթ գույնը…
ՄԱՐԻՇ — Ես բո՜ւյր եմ ծաղկի թերթերի վրա…
ԱՐԱՄ — Ես հովն եմ, որ քաղում է քո բույրը…
ՄԱՐԻՇ — Ես լո՜ւյս եմ, բռնի՜ր ինձ… (Փախչում է:)
ԱՐԱՄ — (նրան հետապնդելով): Եղիցի լո՜ւյս…
Երգն ուժգնանում է:

Կարդացեք նաև