Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ / ԲԱՐԻ ԵՂԵՔ, ՍԱՏԿԱՑՐԵՔ ԴՐԱՆ

Սև հումոր

Գործող անձինք
ԿԻՆ – գործարար, տպավորիչ արտաքինով, 30-նն անց
ՀԱՐԵՎԱՆՈՒՀԻ – նաև` միակ մտերիմ ընկերուհին, ում հետ Կինը շատ թե քիչ անկեղծ է, բարեհաջող ամուսնացած, կյանքից միանգամայն գոհ «շոպոգոլիկ», 30-ին մոտ
ԱՆԾԱՆՈԹ – մինչև պիեսի ավարտը համարյա մնում է անծանոթի կարգավիճակում, հետաքրքիր տղամարդ է, կլինի և 30, և 40, և ավելի…
ՔՆՆԻՉ – ջահել է, փորձի պակասը փորձում է փոխ-հատուցել ավելորդ ինքնավստահությամբ
ՁԱՅՆ – սա որ չլիներ, պիեսն ինտրիգ չէր ունենա, հավանական սպանված` ևս

Գործողությունը կատարվում է միայն Կնոջ բնակարանում, մի քանի ժամերի ընթացքում:

Բացվում է դուռը, ներս է մտնում Կինը: Ականջով և ուսով պահել է բջջային հեռախոսը, մի ձեռքում կոկորդիլոսի կաշվից ուղեպայուսակն է, մյուսում` թխվածքի տուփ, ուսից ճոճվում է պայուսակը: Հագնված է զուսպ ու ճաշակով, բարձրակրունկ կոշիկներով է: Ոտքով ճարպկորեն փակում է դուռը, բանալին, որ մի կերպ հարմարեցված պահում էր ուղեպայուսակի հետ, վարժ շարժումով շպրտում է դռան մոտի կախիչի փոքրիկ դարակին:
Այդ ընթացքում խոսում է հեռախոսով:
ԿԻՆ – … Իսկ ես ասում եմ, որ ապրանքը այսօր պիտի պահեստում լինի… Ինձ չի հետաքրքում` ինչպես… Ինչպես միշտ է եղել: Ինչ է ասում մենեջե՞րը… ախ, այսօր հնարավոր չէ՞: Գլուխը պատո՜վն է տվել… Նրան որ լսեի, հիմա սովից սատկելու էիք: Ու էն դանդալոշին ուղարկիր, հերիք է վեր ընկնի կոմպի առաջ…
Այս ընթացքում հանում է կոշիկները, ուղեպայուսակն ու պայուսակը նետում է բազմոցին ու տուփով անհետանում է խոհանոցում: Վերադառնում է, բոբիկ է, ձեռքին` փափուկ հողաթափեր, որոնք հագնում է` ոտքերը հերթով վեր բարձրացնելով:
ԿԻՆ – Աշխարհի վերջը չէ, բայց ապ-րանքը դրսում չպիտի մնա, ու վե՜րջ: Արմենն ո՞ւր է կորել… Ինչպե՞ս թե` տեղում չէ, ի՞նչ… Թաղ-ման է գնացել… էս օրո՞վ: Լավ, նրա հետ թաղումից հետո կխոսեմ: Իսկ դուք հենց հիմա շարժվեք: Հա, տեղակալս այնտեղ է, ձեզ է սպասում: (Հեռախոսն անջատելով: Իբր` խոսակցին): Մնում է` քեզ բացատրություն տամ, թե ինչու ապրանքը չպիտի դրսում մնա… (Համար հավաքելով:) Հա, նորից ես եմ, հենց որ տեղներիցդ շարժվեք` այսինքն` հինգ րոպեից հետո ինձ կզանգեք: (Հեռախոսն անջատելով: Ինքն իրեն:) Ու դու համոզված ես, որ դրանք հինգ րոպեից զանգելո՞ւ են… Միայն իմանամ, թե այդ ինչ լուրջ մեռել է, որ վերահսկողության պետը ամեն ինչ թողել ու գնացել է… (Ասես նոր հասկանալով, որ տանն է, շուրջն է նայում ու թրմփում է բազմոցին: Եղունգներով թմբկահարում է հեռախոսի փայլուն կողին` մտածում է: Սա նրա ժեստն է, որը կկրկնվի ամեն անգամ, երբ նա որոշում կընդունի: Ու նայած տրամադրությանը` մատները համապատասխան տակտով են թմբկահարում: Հիմա նա ելք է որոնում ստեղծված իրավիճակից:) Դեբիլները մինչև գնան… Արմեն տղա, թե ձեռքս կընկնես… Բայց դա` հետո: Հիմա ուրիշ բան է պետք, բայց ի՞նչ… կամ` ո՞վ… (Զգացվում է, որ ա-հավոր լարված է:) Ո՜վ… երևի Սիմոնը: Պայթում եմ դրանից, բայց էս պահին նրանից լավ թեկնածու չկա… ոնց որ թե… (Վերջին բառերն ասելիս արդեն հեռախոսի մեջ համարն է գտնում: Միանգամից փոխվում է` մտերիմ-գործնական:) Ո՞նց ես, ջիգյար… Ես էլ` ոչինչ, ասա` թշնամիս լավ չլինի: Ի՞նչ… չէ, լուրջ… Ասում ես` քցե՞լ են: Թող ինքը մտածի, ինձ ի՞նչ… Չէ, նա ինձ` ի՞նչ թշնամի, մի թեթև կպել ենք, էն էլ` երբ… Ախ, որ ուրախանա՛մ… Հաշվիր` ուրախացա: Հիմա… պրոբլեմ կա, ապրանքը օդանավակայանից մեր պահեստը պիտի հասցնես: Գնա՞լս… ընտիր, պայմանագիրն էլ եղավ, ապրանքն էլ բերեցի… Մի թփրտա, էս անգամ կանացի էքսկլյուզիվ է, էնպես որ` ծտերիդ աչքը լույս, քոնն էլ հետը: Ո՞նց թե` քեզ ինչ, գնողը դու ես, չէ՞… Իսկ կնոջդ համար` անվճար: Իմ կողմից… հաշվիր, ամրացնում եմ ձեր ընտանիքի սուրբ կապը: Չհամոզեցի՞… ուրեմն` համարիր կաշառք: Համոզեցի՞… ի՜նչ աղջիկ եմ: Դե, որ այդպես է, հենց հիմա վերցնում ես տղերքիդ ու թռնում օդանավակայան… հա, արդեն բարձում են: Տեղակալս այնտեղ է, քեզ կդիմավորի: Իմո՞նք… Քե՞զ ինչ, թե իմոնք ուր են, դու քո գործն արա: (Հեռախոսն անջատում է, մատներն ավելի ռիթմիկ են խփում:) Հորմոններդ մի օր գլխիդ կտան` օրգազմիդ կեսին ինսուլտ կկպնես, բայց մինչև այդ բաղձալի օրը` վայելիր ծտերիդ, կյանքը կարճ է: (Համար է հավաքում, խիստ:) Կես ժամից Սիմոնը էդտեղ կլինի: Ինչի նա՞… որովհետև Ար-մենը չկա, իսկ դո՜ւք բանի պետք չեք: Կդիմավորես: (Հեռախոսն անջատելով:) Կռի՛ս, քեզ հետ վաղը կխոսեմ: (Համար է հավաքում:) Ժաննա՞, դրանց ասա` օդանավակայանի փոխարեն պահեստ գնան, մի ժամից ապրանքը տեղ կհասնի, թող տեղավորեն: Ո՞ւր գնաս… տո՞ւն: (Չար, բառերը շեշտելով:) Դու կսպասես, մինչև ես կասեմ` գնա՞ս, թե՞ մնաս օֆիսում: Ձեր արևին մի շաբաթ առանց ինձ տժժում էիք, չէ՞: (Հեռախոսն անջատում է:) Ռեֆերենտ-խորհրդակա՛ն… ժամանակին քեզ պեսին սուրճ եփող, դիվանին պառկող քարուղարուհի էին ասում: Բբռե՜ջ…
Բարձրանում է տեղից, դեռ «եփ գալով», հանում է պիջակը, ուղեպայուսակի ու պայուսակի հետ տանում ննջարան: Վերադառնում է` հեռախոսը նորից ականջին:
ԿԻՆ – Եկել եմ: Արի: (Հեռախոսն անջատում, գնում է խոհանոց, հյութի բաժակով վերադառնում է:) Արմենի ի՞նչն է մեռել, որ գնացել է թաղելու: Առանց իրեն չէին թաղի… Դեբիլներ… (Խմում է, հեռախոսազանգ, առանց նայելու էկրանին` կատաղած:) Ասա՜:
ՁԱՅՆ – Էդպես միանգամի՞ց:
ԿԻՆ – (նայելով էկրանին): Ո՞վ է:
ՁԱՅՆ – Պառավում ես…
ԿԻՆ – (ճանաչելով` լարվում է): Հա-մա՞րդ ինչի ես փակել:
ՁԱՅՆ – Ում պետք է` կճանաչի:
ԿԻՆ – Իսկ եթե չճանաչի…
ՁԱՅՆ – Էդ մեկը չի լինի:
ԿԻՆ – Իսկ եթե չի ուզում ճանաչե՞լ:
ՁԱՅՆ – Էդ` ուրիշ: Բայց մեր դեպքում ոչինչ չի՞ մնացել, որ ճանաչել չուզենաս:
ԿԻՆ – Դե… լավ որ մտածեմ` գուցե մի բան հիշեմ:
ՁԱՅՆ – Իսկ դու հիշիր:
ԿԻՆ – Փորձեմ… (Մոտենում է գրա-սեղանին, դարակից տուփ է հա-նում, դանդաղ բացում է, նայում մեջն այնպես, որ հանդիսատեսը դեռ չի տեսնում պարունակությունը:)
ՁԱՅՆ – Հիշելու բան չկա՞:
ԿԻՆ – (երկիմաստ): Պատկերացրու` կա:
ՁԱՅՆ – Հաստատ էն մատանին է, վերջին նվերս… քանի՞ կարատ էր:
ԿԻՆ – (դեռ զննելով տուփի պարունակությունը): Չգիտեմ… մոռացել եմ:
ՁԱՅՆ – Գցել ես մի տեղ ու մոռացե՞լ:
ԿԻՆ – Լրիվ հակառակը. հենց հիմա նայում եմ ու հիշում:
ՁԱՅՆ – Հա, ձեր ցեղը միայն էդ պլպլուն բաներն է հիշում:
ԿԻՆ – Կռահեցիր: Ինչո՞ւ ես զանգել:
ՁԱՅՆ – Հենց թեկուզ «բարև» ասելու համար:
ԿԻՆ – Առանց բարևիդ կապրեմ: Ասա:
ՁԱՅՆ – Միանգամից կոնկրետին անցար:
ԿԻՆ – Ժամանակը փող է:
ՁԱՅՆ – Ուրեմն` հաշիվդ ճիշտ արա:
ԿԻՆ – Սխալ ինֆորմացիա են տվել:
ՁԱՅՆ – Ասածիդ հավատացի՞ր:
ԿԻՆ – Դո՛ւ հավատա:
ՁԱՅՆ – Ուզում եմ Աստծուն հավա-տալ, էն էլ, ասում են, չկա:
ԿԻՆ – Աստծուն հանգիստ թող:
ՁԱՅՆ – (ծիծաղում է): Խե-խե-խե… Գիտե՞ս, որն է մեր տարբերությունը:
ԿԻՆ – (սարկազմով): Իմ ու քո՞…
ՁԱՅՆ – Դու դեռ Աստծու անունից քաշվում ես, իսկ ես…
ԿԻՆ – Ասացի` Աստծուն հանգիստ թող:
ՁԱՅՆ – Թողած է: Իսկ դու մտածիր, թե ինչի քեզ զանգեցի: (Հեռախոսն անջատվում է:)
ԿԻՆ – (մտազբաղ տակտ խփելով հեռախոսին): Այդ դու ես պառավել… անասո՛ւն: Ուրեմն, նվիրած պլպլուն քարե՞րդ եմ հիշելու: Մոռացե՞լ ես, որ մի անգամ, հենց այնպես, կատակի համար, սա ես նվիրել: (Տուփի միջից հանում է ատրճանակ, վարպետորեն ստուգում է պահունակը, արդյունքից գոհ` օդում նշան է բռնում ինչ-որ մեկին ու անսպասելի անփութությամբ նետում բազմոցին: Ատրճանակն ընկնում է բազմոցի ու բարձի արանքը:) Քո ամենալավ նվերը սա է, որի մասին, հաստատ, մոռացել ես: (Դատարկ տուփը դնում է դարակը, կարճ մտորումից հետո համար է հավաքում, խաղացկուն:) Ընկեր… լավ, լավ, կոչումով չեմ դիմում, թեև վերջերս մի աստղ էլ ավելացրիր ուսադիրներիդ վրա: Նվերս տեղ է հասել, չէ՞… Դե, ես ուշադիր աղջիկ եմ, բարեկամիս հաջողությամբ ուրախանալու առիթը բաց չեմ թողնի… Լավ, կարճ կապեմ, զբաղված մարդ ես: Քիչ առաջ զանգեց… (Երկիմաստ:) Ինքը: Հա, անձամբ: Չհասկացա, ինչու է հիշել… (Մռայլվելով:) Պարզ է, նրա ախորժակը միշտ էլ լավ է, բայց… Կարծո՞ւմ ես: (Խաղացկուն:) Օգնության համար` մեռսի: Մի ժամից գեղեցկուհի դստրիկիդ սյուրպրիզ է սպասում: (Հեռախոսն անջատելով:) Ուզում ես գեներալ դարձիր` էլի նույն բոշա մենթն ես: (Համար է հավաքում:) Վահե, հենց հիմա բոխչա սարքիր: Շտապ: 18 տարեկան աղջկա համար: Լրիվ կոմպլեկտը… Կարտիե ժամացույցը չմոռանաս: Ում համա՞ր… նա-յիր, ցուցակի մեջ հինգերորդն է:
Մի ժամ հետո դռան առաջ լինես: Ու մի ֆիրմա փափուկ խաղալիք… ինչ ուզում է լինի, թեկուզ պանդա: (Հեռախոսն անջատելով, հեգնանքով:) Եքա աղջիկ է, խաղալիք է խաղում…
Դռան զանգ: Մոտենում, նայում է դիտակից, դեմքին անհոգ արտահայտություն է տալիս ու ժպիտով բացում դուռը:
ԿԻՆ – Ճիշտ ժամանակին եկար:
ՀԱՐԵՎԱՆՈՒՀԻ – (ներս է մտնում, ձեռքին` տոպրակ): Ճի՞շտ… (Ող-ջագուրվում են:) Բարի վերադարձ:
ԿԻՆ – Բարի ասիր ու թողի՞ր… հիմա սուրճ կխմենք:
ՀԱՐԵՎԱՆՈՒՀԻ – Յոթ բաժակ արդեն խմել եմ:
ԿԻՆ – (չարաճճի): Թխվածքո՞վ…
ՀԱՐԵՎԱՆՈՒՀԻ – Էլի չսկսես… Շա-բաթով դիետա եմ պահում, մի ժամում հերս անիծում ես:
ԿԻՆ – Եթե անիծվում է, ուրեմն ճիշտը անիծելն է: (Գնում, բերում է տուփն ու ափսեներ:) Դասավորիր, ես հիմա… (Գնում է ննջարան, այնտեղից:) Թեյնիկը միացրու:
Հարևանուհին տոպրակը գցում է բազմոցին, գնում է խոհանոց, վերադառնում անձեռոցիկով, պատառաքաղներով: Սոված մարդակերի հաճույքով բացում է տուփը, թխվածքները տեղավորում ափսեի մեջ` նրանցից ինչ-որ բան պոկոտելով ու բերանը գցելով, և ամբողջ ընթացքում անընդմեջ խոսում է:
ՀԱՐԵՎԱՆՈՒՀԻ – Մի շաբաթ չկայիր` երկու կիլո գցեցի… (Մի կտոր կուլ տալով:) Տանը ամբողջ օրը եփում եմ, մի փշուր բերանս չեմ առնում… Անհարմար էլ է` հյուրերին ուտեցնում եմ, ինքս` սոված զկռտում: Բայց հենց քեզ եմ տեսնում` ինձ կորցնում եմ… կազմվածքս էլ` հետը: Կազմվածք ասի` հիշեցի: Երեկ մի կոստյում եմ գնել` Արմանի… վե՜րջն է, թևքերը, օձիքը` ոսկեկար, ինքը` թեթև երկնագույն, բա կոճակնե՛րը… շեդե՜վր, Լուվրը դեմը պառկած է իր եղած-չեղածով: Հազիվ եմ մեջը մտել: (Զննելով տորթի հերթական կտորը` դատապարտվածի պես կուլ է տալիս, համակերպված:) Լավ է, գոնե երեկ հասցրի հագնել, Դինայի ծնունդին: Թե չէ Արմանիս անորոշ ժամանակով բանտարկվեց պահարանում:
ԿԻՆ – (գալիս է` սպորտային կոստյումով է, մազերը պոչ կապած): Արդեն սկսե՞լ ես:
ՀԱՐԵՎԱՆՈՒՀԻ – Առայժմ վրայի պոպոք-պնդուկն եմ հուպ տվել: Սուրճը բեր:
ԿԻՆ – (գնում, երկու մեծ գավաթով սուրճ է բերում): Դրսում ամենաշատը մեր այս «ռազվռատին» եմ կարոտում, երբ դիետա ու կալորիա մոռացած` ուզածիս չափ ուտում եմ:
ՀԱՐԵՎԱՆՈՒՀԻ – Լավ ճամփորդեցի՞ր:
ԿԻՆ – (քմծիծաղով): Ֆանտաստի՜կ… հանդիպումներ, էլի հանդիպում-ներ, նորից հանդիպումներ, վերջում` մի երկու թուղթ ես ստորագրում ու… (Էֆեկտով դադար:) Բրենդային հագուստի միակ ներկրողն այստեղ ե՛ս եմ:
ՀԱՐԵՎԱՆՈՒՀԻ – Wow!
ԿԻՆ – Եռակի վիվատ, ինչպես ասում էին Հին Հռոմում: Ասենք, նոր Հռոմն էլ` ոչինչ: Թեև այս անգամ էլ ոչ մի տեղ չկարողացա գնալ:
ՀԱՐԵՎԱՆՈՒՀԻ – (անհոգ): Հետո կգնաս: Հիմա խմել է պետք, առիթն էլ կա:
ԿԻՆ – Վատ միտք չէ, գիտե՞ս… (Բարից կոնյակի շիշ ու բաժակներ է հանում, լցնում:)
ՀԱՐԵՎԱՆՈՒՀԻ – Հաղթանակիդ կենացը: (Խմում է մինչև վերջ:)
ԿԻՆ – (մտազբաղ): Հաղթանակը դեռ շուտ է… (Կեղծ անհոգությամբ:) Նախ` մեր «ռազվռատի» կենացը: (Մի կում է անում:)
Այնպես են ուտելու, որ ներկայացումից հետո բոլորը գնան թխվածք գնելու:
ԿԻՆ – Ի՞նչ կա…
ՀԱՐԵՎԱՆՈՒՀԻ – (անհոգ): Գողութ-յուն:
ԿԻՆ – Ի՞նչ…
ՀԱՐԵՎԱՆՈՒՀԻ – Չորս օր առաջ քո վերևի բնակարանն են մաքրել:
ԿԻՆ – Էն ռաբիս երգչի՞…
ՀԱՐԵՎԱՆՈՒՀԻ – Հա: Երեկ էլ` մեր կողքինը…
ԿԻՆ – Սուպեր-պուպերի՞…
ՀԱՐԵՎԱՆՈՒՀԻ – (անհոգ): Հա:
ԿԻՆ – Էնպես էլ հանգիստ ես ասում…
ՀԱՐԵՎԱՆՈՒՀԻ – Որ հիստերիկ բղավեմ` բան կփոխվի՞:
ԿԻՆ – Փիլիսոփա արևի՜դ մեռնի մար-դըդ:
ՀԱՐԵՎԱՆՈՒՀԻ – Մարդուս պետքն էլ չի` ինչ ունենք` բանկի սեյֆում է:
ԿԻՆ – Դրանո՞վ է բացատրվում հան-գըստությունդ:
ՀԱՐԵՎԱՆՈՒՀԻ – Չէ, հանգիստ եմ, որովհետև շիկահեր չեմ:
ԿԻՆ – Դա՞ ինչ կապ ունի գողության հետ:
ՀԱՐԵՎԱՆՈՒՀԻ – Էն էլ ի՛նչ կապ… մանյակը միայն շիկահերներին է կպռշկում: Երևում է, առաջին օնանիստական սեանսը Մեռլին Մոնրոյի նկարի առաջ է անցկացրել:
ԿԻՆ – Սպասիր, թող հասկանամ… Չասացի՞ր` գողություն, հիմա էլ` բռնաբարությո՞ւն…
ՀԱՐԵՎԱՆՈՒՀԻ – Երկուսն էլ: Բայց թալանում են մեզ, ինքդ ես հասկանում, էլիտար շենք է, կոնտինգենտն էլ` դատախազից մինչև աստղեր: Իսկ բռնաբարությունը կատարվում է թաղում, ինչքան հասկանում եմ, քաղաքի ամենաֆուլ շիկահերներն այստեղ են ապրում:
ԿԻՆ – Մի շաբաթ ոտքս քաշեցի` ոչ միայն օֆիսում, փաստորեն շենքում ու թաղում էլ բարդակ է:
ՀԱՐԵՎԱՆՈՒՀԻ – Չէ, դա երկար պատմություն է… մանյակին նկատի ունեմ: Նրան արդեն քանի ամիս է` բռնել չեն կարող: Իսկ գողությունը թարմ է, մի քանի օրվա:
ԿԻՆ – Ախորժակս կորավ:
ՀԱՐԵՎԱՆՈՒՀԻ – Վախեցա՞ր:
ԿԻՆ – Ինչի՞ց պիտի վախենամ: Ես էլ բանկում սեյֆ ունեմ, մազերս էլ, տեսնում ես, սև են, թեև… արդեն ուզում էի ներկել, սպիտակ մազեր են հայտնվել: Պիտի հետաձգեմ, թե չէ… վաղուց չեմ բռնաբարվել:
ՀԱՐԵՎԱՆՈՒՀԻ – (նայելով դռանը): Դուռդ ինչո՞ւ չես փակում:
ԿԻՆ – Ո՞վ չի փակում:
ՀԱՐԵՎԱՆՈՒՀԻ – Հա, ներսից ինքն իրեն փակվում է, բայց բանալին մեջը թող: Համենայնդեպս:
ԿԻՆ – Հիմա ո՞վ է վախենում: (Հեռախոսազանգ:) Ներիր… (Հեռախոսի մեջ:) Սիմո՞ն… բայց դու ուրիշ ես, հո զոռով չի՞: Էդտեղ նորմա՞լ է… Քեզ տեսնեմ: (Հեռախոսն անջատելով:) Այ, հիմա կարող եմ խմել: (Խմում է մինչև վերջ:)
ՀԱՐԵՎԱՆՈՒՀԻ – Շշեցի՜ր, ինչպես կասեր մարդս: Մարդս ասի` հիշեցի: (Տոպրակը մեկնելով:) Էս` քեզ:
ԿԻՆ – (շփոթված): Ես եմ Իտալիայից գալիս, դու ես նվեր տալիս… Հռոմում խանութ մտնել չհասցրի, բայց վաղը…
ՀԱՐԵՎԱՆՈՒՀԻ – Վաղն` անպայման նվերս կստանամ, իսկ հիմա…
ԿԻՆ – (նայելով տոպրակի մեջ, տարակուսած): Սա՞ ինչ է:
ՀԱՐԵՎԱՆՈՒՀԻ – Բաց` տես:
ԿԻՆ – (հանում է մետաքսե գիշերաշապիկն ու խալաթը): Էս էլ վերջին մե՞ղքս էր: (Կանացի հետաքըրքրությամբ զննելով:) Բայց ինչո՞ւ մարդուդ անունը տալուց հետո սրա մասին հիշեցիր:
ՀԱՐԵՎԱՆՈՒՀԻ – Դա կոչվում է ասոցիատիվ մտածողություն:
ԿԻՆ – Էդքանն ասիր, ու լեզուդ չջարդվե՞ց:
ՀԱՐԵՎԱՆՈՒՀԻ – Հույս չունենա՜ս, ինտերնետում ֆռֆռացող աղջիկ եմ: Իսկ էդ երկուսին իրար կապողը միջանկյալ հարցս է, եթե, իհարկե, թույլ տաս, որ հարցնեմ:
ԿԻՆ – Այսօր բարի եմ:
ՀԱՐԵՎԱՆՈՒՀԻ – Վերջին անգամ ե՞րբ ես տղամարդ տեսել:
ԿԻՆ – Մի ժամ չկա:
ՀԱՐԵՎԱՆՈՒՀԻ – Մերկ տղամարդու մասին է խոսքը:
ԿԻՆ – Այնքան վաղուց, որ եթե հանկարծ տեսնեմ` լեղաճաք կլինեմ: Հատկապես, եթե կարճաբոյ, կլորիկ փորով, խոտածածկ… ուզում էի ասել` բրդոտ է ու գուլպաներով…
ՀԱՐԵՎԱՆՈՒՀԻ – Մղձավա՜նջ: Հոր-մոնային ֆոնդ զրոյից ցածր է: Մեկ-մեկ սա վրադ քաշիր, հանկարծ ու քեզ կին զգաս:
ԿԻՆ – Դե, գիտե՛ս…
ՀԱՐԵՎԱՆՈՒՀԻ – (լրջանալով): Գի-տեմ, խելքդ տվել ես բիզնեսիդ, էդ որձերին մատներիդ վրա ես ֆռռացնում, բայց մի քոսոտ սիրեկանն ի՞նչ է` չունես:
ԿԻՆ – Միայն իմանաս, թե ինչքա՛ն պրոբլեմ ունեմ:
ՀԱՐԵՎԱՆՈՒՀԻ – Պրոբլեմներդ հա՛ էլ չեն պրծնի:
ԿԻՆ – Ու` փառք Աստծո: (Անկեղծ:) Ես` ի՞նչ կին: Տղամարդկանց հետ գործ բռնողը ինքն էլ տղամարդու պես մի բան է դառնում:
ՀԱՐԵՎԱՆՈՒՀԻ – Իսկ դա մենք հիմա կստուգենք… (Բարձրանում, բռնում է շապիկը, դնում իր վրա, հետո հեռու պահում, հիանում, «գայթակղում է»:) Ի՞նչ կասես:
ԿԻՆ – (հայացքը` հեռախոսին, մատներով տակտ է խփում, մտազբաղ): Ի՞նչ ես ուզում, որ ասեմ:
ՀԱՐԵՎԱՆՈՒՀԻ – Ասա` «Wow, վերջն է»:
ԿԻՆ – Հավեսդ չունեմ:
ՀԱՐԵՎԱՆՈՒՀԻ – Ասա` «Հիմա որ չփորձեմ` կցնդեմ»:
ԿԻՆ – Էկլերը գլխիդ է խփել:
ՀԱՐԵՎԱՆՈՒՀԻ – Ասա` «Ուզո՜ւմ եմ, ուզո՜ւմ եմ հագնել այդ օդեղեն հրա՛շքը»…
ԿԻՆ – Ռադդ քաշիր, հա՞, ու ընդհանրապես, գնալուդ ժամանակն է, երեխեքդ սովածացան:
ՀԱՐԵՎԱՆՈՒՀԻ – Փա՜յտ, գերա՜ն, բետո՜ն…
ԿԻՆ – Գրանի՛տ: Էլ ուտել չե՞ս ուզում:
ՀԱՐԵՎԱՆՈՒՀԻ – Ռոբո՜տ…
ԿԻՆ – Այփոդ ու կոմպոտ… Վե՛րջ, դեպի տուն… (Նրան ուղղորդում է դեպի դուռը:) Ինքդ կհագնես ու մարդուդ դեմը կֆռֆռաս:
ՀԱՐԵՎԱՆՈՒՀԻ – Ես առանց հագնելու եմ ֆռֆռում… (Ճարպկորեն խույս է տալիս, շապիկը գցում է աթոռին ու ինքնակամ գնում դեպի դուռը:) Կարող ես չհագնել, բայց թող աչքիդ առաջ մնա, որ նայես ու անբավարարվածությունից քեզ բզիկ-բզիկ անես:
ԿԻՆ – Չէ, էսօր էկլեր շատ կերար:
ՀԱՐԵՎԱՆՈՒՀԻ – Իզուր ի՞նչ եմ խոսում, քեզ համար «ռազվռատը» ընդամենը տորթ ուտելն է: (Անսպասելի համբուրում է ընկերուհու այտը:) Միևնույն է, քեզ շատ եմ սիրում: Նվերս վաղը կստանա՞մ:
ԿԻՆ – Ստացար:
Հարևանուհին դուրս է գնում, բայց դուռը լրիվ չի փակում, մի պահ անց կամաց բացում ու ներս է նայում: Կինը համար է հավաքում, հեռախոսը ականջին ու ուսին սեղմած` դատարկ բաժակներն ու ափսեները տանում է խոհանոց ու չի նկատում հարևանուհու արածը: Հարևանուհին, չարաճճի ժպտալով, դուռը լրիվ չի փակում ու անհետանում է:
ԿԻՆ – (վերադառնալով խոհանոցից): Սիմոնը եկա՞վ… իսկ դու որտե՞ղ ես: Ուրեմն, արագացրու էդ թղթաբանությունը: (Անջատում է:) Կռիս: (Մերսում է վիզը:) Գլուխս պայթում է… օստեոխոնդրոզ: Զարմանալի չէ, վերջին անգամ ե՞րբ եմ լողավազան գնացել: Իհարկե, չեմ հիշի: (Աչքն ընկնում է շապիկին:) Թեև, ասում են, մի սեքսը երկու ֆիտնես է: Եթե կա: Բայց` չկա: (Վերցնում, զննում է շապիկը:) Բայց ինչ օձն է՛… ճաշակն էլ օձի է, այսինքն` գայթակղիչ… (Նայելով պիտակին:) Մարդը Ֆրանսիայից է բերել: (Բազմոցից վերցնում է խալաթը, զննում, հետո երկուսն իրար հետ անփույթ ծալելով վերցնում, գնում է դեպի ննջարան:) Լեզուն էլ օձի է… (Նմանակելով:) «Քեզ համար ռազվռատը ընդամենը տորթ ուտելն է»: (Միացնում է հեռուստացույցն ու մտնում ննջարան:)
ՀԱՂՈՐԴԱՎԱՐԻ ձայնը – Քաղաքի, այսպես կոչված, էլիտար շենքերից մեկի բնակիչները խուճապահար են` մեկ շաբաթում երեք կողոպուտ: Ավելի ճիշտ` երկու, որովհետև երրորդը ձախողվել է: Ինչպես հայտնեց ոստիկանության աշխատակիցը` այսօր տանտիրոջ անսպասելի տուն գալը խանգարել է գողին: Նա խփել է ձախորդ տանտիրոջ գլխին ու դուրս է փախել: Նույն աշխատակցի հավաստմամբ` գողին բռնելու գործողությունը շարունակվում է:
Դուրս է գալիս Կինը` գիշերաշապիկով ու խալաթով: Ինքն էլ է իր արածից զարմացած` մոտենում է հայելուն, զննում իրեն:
ՀԱՂՈՐԴԱՎԱՐԻ ձայնը – Իսկ նույն թաղամասը սարսափի մեջ պահող մոլագարի մասին նոր տեղեկություն չկա: Ամեն անգամ, հերթական զոհին բռնաբարելուց ու սպանելուց հետո, նրան հաջողվում է անհետանալ` ոչ մի հետք չթողնելով:
ԿԻՆ – (անջատում է հեռուստացույ-ցը): Զզվեցրի՜ք… չեք կարող բըռ-նել` ձեններդ կտրեք: Իմն ինձ հերիք չէ` գողն ու մոլագարն էլ` վրադիր: (Համար է հավաքում: Քարտուղարուհուն.) Ժաննա, ապրանքը պահեստ էլ որ հասնի` կմնաս… Կմնաս այնքան, ինչքան ինձ է պետք: (Հեռախոսն անջատելով:) Բբռե՛ջ… (Մատներով տակտ խփելով, մտազբաղ:) Վատ չի հնչում` բբռեջ, հետաքրքիր է, ի՞նչ տեսք ունի, կենդանի՞ է, թե՞ թռչուն… Ինչ էլ լինի, իրեն շատ է սազում: ԲԲՌԵՋ: (Հայելու մեջ իրեն նայելով:) Դու էլ պակաս բբռեջը չես: Բայց` պիժամով, որովհետև պիժամը միջին սեռի համար է… Իսկ սա վառ արտահայտված իգական սեռի համար է նախատեսված` նուրբ, փափուկ… (Այլ տոնով:) Փափուկ… խաղալիք: (Համար է հավաքում:) Վահե, բոխչան պատրաստեցի՞ր: Հիշեցնե՞մ, թե՞ գիտես, որ խաղալիքից բացի վարդերն էլ չես մոռանալու: (Հեռախոսն անջատելով:) Քիթս կտրեմ, թե չէր մոռացել: (Հայելու մեջ նայելով:) Բայց հնարավո՞ր է սրանով քնել… տղամարդու հետ: (Հարմարվում է բազմոցի վրա, բայց ինչ-որ բան խանգարում է, տեղից ելնում, բազմոցի ու բարձի արանքում ընկած ատրճանակը պտտեցնում է ձեռքի մեջ, խոթում է բարձի տակ, ոտքերը դնում է թիկնակին ու փակում է աչքերը:) Տղամարդու հետ` չգիտեմ, բայց բազմոցի վրա, ատրճանակն էլ բարձիդ տակ, շատ լավ էլ հնարավոր է գոնե մի տասը րոպե մրփել:
Լռություն: Քիչ անց դռան բըռ-նակն սկսում է շարժվել, հետո կամաց բացվում է դուռը: Կինը աղմուկից բացում է աչքերն ու զարմացած հետևում, թե ինչպես զգույշ բացվում է դուռն ու ներս է մտնում Անծանոթը: Համր տեսարան:
ԿԻՆ – (փորձելով ցույց չտալ, որ վախեցած է, ձեռքը տանում է բարձի տակ, աննկատ վերցնում է ատըր-ճանակը): Միայն չասեք, որ ձեզ եմ սպասում:
ԱՆԾԱՆՈԹ – Որտեղի՞ց մեզ այդքան բախտ…
ԿԻՆ – Հերիք չէ` անկոչ հյուր, հետն էլ` անհաջող շողոքորթ:
ԱՆԾԱՆՈԹ – Ինչո՞ւ անհաջող…
ԿԻՆ – Այսինքն` անկոչ հյուր ու շողոքորթ լինելուն համաձայն եք ու միայն «անհաջող» բառը ձեզ վիրավորե՞ց:
ԱՆԾԱՆՈԹ – Անկոչ հյուրը վիրավորվելու իրավունք չունի: Ի դեպ, կարելի՞ է… առաջ գալ:
ԿԻՆ – Վերջապես հիշեցիք: Ներս հրավիրեմ, որ վիրավորվելու իրավո՞ւնք ունենաք:
ԱՆԾԱՆՈԹ – (ձգվող դադար, երկուսն էլ չեն ուզում առաջին խոսել:) Դե, ի՞նչ որոշեցիք:
ԿԻՆ – Դեռ որոշելու բա՞ն ունեմ:
ԱՆԾԱՆՈԹ – Կարող եք ասել` չքվիր…
ԿԻՆ – Կչքվե՞ք:
ԱՆԾԱՆՈԹ – Հա, բայց ավելի ուշ: (Հանելով բաճկոնը, կախում է կախիչից, նախապես նրա գրպանից հանելով սիգարետը, վառիչը: Տեսնելով, որ Կինն ուզում է ոտքերն իջեցնել թիկնակից:) Կարիք չկա, դուք ձեր տանն եք:
ԿԻՆ – (առերես հանգիստ): Լավ է` հիշեցրիք, թե չէ արդեն կասկածում էի, որ իմ տանն եմ:
ԱՆԾԱՆՈԹ – (շուրջը նայելով): Ի դեպ, դա հարաբերական հասկացություն է: Այսօր ձեր տունն է, վաղը կարող է ուրիշինը դառնալ: Մենա՞կ եք:
ԿԻՆ – Ի՞նչ եք կարծում, այսպես հագ-նըված կինը կարո՞ղ է մենակ լինել:
ԱՆԾԱՆՈԹ – (նրան զննելով): Ավելի ճիշտ` այսպես հանված… Ես այդ այդ հարցը չէի տա, եթե դուք այսպես հանված… պարդոն, հագնըված` ննջարանում լինեիք:
ԿԻՆ – Հենց նոր այնտեղից դուրս եկա: Նա սեքսից հետո քնելու սովորություն ունի:
ԱՆԾԱՆՈԹ – Ու դուք չե՛ք ուզում նրան խանգարել:
ԿԻՆ – Կռահեցիք:
ԱՆԾԱՆՈԹ – Իսկ նա… լա՞վ սիրեկան է:
ԿԻՆ – Շշմելո՜ւ:
ԱՆԾԱՆՈԹ – Կասկածում եմ:
ԿԻՆ – Այդ ինչո՞ւ…
ԱՆԾԱՆՈԹ – Շշմելու սեքսից հետո նա խռմփացնո՞ւմ է:
ԿԻՆ – Է՛դ էր պակաս:
ԱՆԾԱՆՈԹ – Էլի բան է… Թե չէ նա այնտեղ` քնած, դուք այստեղ` չբավարարված…
ԿԻՆ – (ատրճանակը աջ ձեռքով թիկունքում պահած` տեղից ելնելով): Ի՞նչ…
ԱՆԾԱՆՈԹ – Իզուր ելաք… Ասացի, չէ՞, դուք ձեր տանն եք, թեև` չբավարարված: Հակառակ դեպքում քնած կլինեիք նրա տաք գրկում: Տես, է, հանգը կպավ:
ԿԻՆ – Հիմա ուրիշ բան կկպնի:
Կինը ձախ ձեռքը ձեռքը տանում է թխվածքին, Անծանոթը հասցընում է մոտենալ, բռնել նրա ձեռքն ու իր ձեռքով ստիպել սեղմել-ճզմել թխվածքը: Հետո բարձրացնում է Կնոջ ձեռքի մեջ ճխլված բիսկվիտը:
ԱՆԾԱՆՈԹ – Սեքսից հետո դուք մոտավորապես սրա վիճակում պիտի լինեիք:
Իրեն է մոտեցնում Կնոջ ձեռքը, ասես պատրաստվում է լպստել: Կինը ատրճանակը պահում է նրա վրա: Անծանոթը կայծակնային արագությամբ այնպես է սեղմում նրա աջ դաստակը, որ ատրճանակը ընկնում է հատակին: Անծանոթը ոտքով հրում-քշում է բազմոցի տակ: Այդպես լուռ, հայացքներով մենամարտում են: Ի վերջո Անծանոթը բաց է թողնում նրա ձեռքերը:
ԿԻՆ – Ի՞նչ է ուզածդ:
ԱՆԾԱՆՈԹ – Առայժմ` ոչինչ: (Ասես երեխայի հետ է խոսում:) Բայց եթե մեզ խելոք պահենք, գնանք, թաթիկները լվանանք` այդ ընթացքում ուզենալու բան հաստատ կգտնվի:
ԿԻՆ – Երկու հաջողված գողությունը հերիք չէ՞ր, այսօր կարող էիք հանգստյան օր հայտարարել:
ԱՆԾԱՆՈԹ – Նախ` թաթիկները լվանալ: (Նրան ուժով բարձրացնում է տեղից: Կինը ճարահատյալ ենթարկվում է:)
Կինը գնում է լոգարան, Անծանոթը հետևում է նրան: Շեմի մոտ Կինը շրջվում է:
ԿԻՆ – Ի՞նչ ես շնչիս կպել: (Արդեն ներսից): Ասում եմ` ինձնից հեռու մնա:
ԱՆԾԱՆՈԹ – Որ դու զանգես:
ԿԻՆ – (դուրս գալով): Ո՞ւմ:
ԱՆԾԱՆՈԹ – Թեկուզ քնած Կազանո-վայիդ:
ԿԻՆ – (ուղիղ նայելով Անծանոթի աչքերին): Ես մենակ եմ:
ԱՆԾԱՆՈԹ – Սպասում էի` երբ կխոստովանես: Նշանակում է` մենակ ես ու զինված: Չէ, արդեն` զինաթափված:
ԿԻՆ – Դա հետո կտեսնենք:
ԱՆԾԱՆՈԹ – Էդ համարձակությունդ վախի նշան է, գիտե՞ս:
ԿԻՆ – Դու քո մասին մտածիր: Շենքը մենթերով լցոնված է:
ԱՆԾԱՆՈԹ – Ես էլ թողեցի, որ օգնութ-յան կանչես:
ԿԻՆ – Մենթերը շուտ գնացողը չեն:
ԱՆԾԱՆՈԹ – Շատ հնարավոր է:
ԿԻՆ – Բայց էդ խեղճի գլխին ինչո՞վ խփեցիր:
ԱՆԾԱՆՈԹ – (հարցը չհասկանալով): Ե՞ս…
ԿԻՆ – Գողը դու չե՞ս…
ԱՆԾԱՆՈԹ – Նմա՞ն եմ:
ԿԻՆ – (նրան զննելով ոտից-գլուխ): Ավելի շատ ժիգոլոյի ես նման:
ԱՆԾԱՆՈԹ – Ինձ դուր չի գալիս մտքերիդ ընթացքը:
ԿԻՆ – (լրջանալով): Ինձ էլ շատ բան դուր չի գալիս, դրա համար էլ հենց հիմա խելոք դուրս ես գնում, թե չէ, չգիտեմ` ոնց, բայց շենքը ոտքի կհանեմ:
Հեռախոսազանգ: Կինը նայում է էկրանին, մռայլվում է: Չգիտի` խոսի՞, թե՞ ոչ: Անծանոթը հե-տևում է:
ԿԻՆ – (փոխված ձայնով:) Ես պիտի՛ խոսեմ:
Զանգերը չեն դադարում: Անծանոթը նայում է էկրանին:
ԱՆԾԱՆՈԹ – Համարը փակ է:
ԿԻՆ – Մի վախենա, մենթ չէ:
ԱՆԾԱՆՈԹ – Մենթից վատն էլ է լինում: (Նկատի ունենալով զանգո-ղին:) Համառն է… Լավ, կարող ես խոսել:
Կինը մոտենում է բեմեզրին ու վերջապես միացնում համարը: Անծանոթը, առիթը բաց չթողնելով, մոտենում-նստում է սեղանի մոտ, իսկ քիչ անց սկսում է ոչնչացնել թխվածքը:
ՁԱՅՆ – Մտածեցի՞ր…
ԿԻՆ – Նախ` բարևիր:
ՁԱՅՆ – Բարևը կարևոր չէ, դու մտածիր` ցտեսությո՞ւն կասեմ, թե՞ մնաս բարով:
ԿԻՆ – Չես վախեցնի: Ում ինչքան հասնում է` տալիս եմ: Ցուցակով:
ՁԱՅՆ – Ասում եմ` չե՞ս տալիս:
ԿԻՆ – Բա էլ ի՞նչ…
ՁԱՅՆ – Իսկ դու մտածիր:
ԿԻՆ – Ախորժակդ բորբոքվել է, հա՞:
ՁԱՅՆ – Ախորժակս միշտ էլ նույնն է: Իտալիա՞ էիր գնացել:
ԿԻՆ – Եթե հարցնում ես, ուրեմն` գիտես:
ՁԱՅՆ – Դու էլ աղջկաս գիտես:
ԿԻՆ – Աղջկա՞դ…
ՁԱՅՆ – Հաստատ պառավում ես: Ժամանակին խոսքը բերանիս մեջ` պատասխանն արդեն ունեիր:
ԿԻՆ – Հիմա էլ ունեմ: Ուրեմն` աղջիկդ իմ բիզնեսն է ուզում:
ՁԱՅՆ – Իր ասելով` հա:
ԿԻՆ – Ե՞րբ է հասկացել, որ ուզում է:
ՁԱՅՆ – Երկու օր առաջ:
ԿԻՆ – Երկու օր առաջ Իտալիայում պայմանագիրն էի կնքում: Ի՞նչ իմանայի, որ այստեղ նրա սիրտն ի՛նչ է ուզում:
ՁԱՅՆ – Դրա համար էլ ապրանքդ անվնաս է… առայժմ: Փոխարենը Արմենը… հա, ախրանայիդ պետը… չէ, դեռ սեփական թաղմանը չի մասնակցում, առայժմ` պատանդ է: Բայց եթե երկար մտածես` թաղման ծախսերը վրադ կմնան:
ԿԻՆ – Դրա համա՞ր օֆիսում շունը տիրոջը չէր ճանաչում:
ՁԱՅՆ – Հասկացող ես, երբ քեզ պետք է:
ԿԻՆ – Պայմանդ ասա:
ՁԱՅՆ – Գիտես, որ աղջկաս համար ոչինչ չեմ խնայի:
ԿԻՆ – Մի ժամանակ նույն բառերն ինձ էիր ասում:
ՁԱՅՆ – Թողի՞ր, որ…
ԿԻՆ – (կոպիտ ընդհատելով): Փաս-տաթղթղերն ինձ մոտ են: Բայց միայն քեզ կտամ: Առանց վկաների:
ՁԱՅՆ – Խե-խե-խե… համ էլ կտեսնըվենք:
ԿԻՆ – Դե, եթե ասածս այդպես հասկացար… Հիշում ես, որտեղ էինք հանդիպում:
ՁԱՅՆ – Ե՞րբ կգաս:
ԿԻՆ – Մի ժամից… ամենաուշը: Եթե հենց հիմա տղային բաց թողնես:
ՁԱՅՆ – Արդեն թողած է:
ԿԻՆ – Ուրեմն, նաև կտեսնվենք: (Անջատում, քարացած նայում է անորոշ կետի:)
ԱՆԾԱՆՈԹ – (ծամելով): Պրոբլեմ կա՞:
ԿԻՆ – (սթափվում, նայում է նրան): Դեռ այստե՞ղ ես:
ԱՆԾԱՆՈԹ – Կհասցնեմ գնալ, միշտ չէ, որ հաջողվում է տորթ ուտել:
ԿԻՆ – Զզվում եմ քաղցրակեր տղամարդկանցից:
ԱՆԾԱՆՈԹ – Թխվածքն ու կինը նույնն են` երկուսն էլ հեշտ են ուտվում:
ԿԻՆ – (այս ընթացքում ինչ-որ բան է մտածում, գնում-գալիս է սենյակներում): Ասացի` չքվիր:
ԱՆԾԱՆՈԹ – Ու չե՞ս վախենում, որ քո գլխին էլ կխփեմ…
ԿԻՆ – Խփողը ներս մտնելուն պես կխփեր:
ԱՆԾԱՆՈԹ – Ջոկեցիր, էսօրվա պլանս կատարել եմ:
ԿԻՆ – Ուրեմն` քշվիր էստեղից:
ԱՆԾԱՆՈԹ – (նայելով դատարկ ափսեին): Արդեն կարելի է… (Ի պատասխան Կնոջ կատաղած հա- յացքին:) Բայց սուրճ կխմեի:
ԿԻՆ – Բախտդ բերել է, որ մենթերին տանել չեմ կարող, թե չէ արդեն քեզ տարել էին: (Ցույց է տալիս դուռը:) Ես պիտի գնամ:
ԱՆԾԱՆՈԹ – Գնա, քեզ կսպասեմ… (Այլ տոնով:) Կարո՞ղ եմ օգնել:
ԿԻՆ – Դո՞ւ… (Կամաց, բայց որ նա լսի): Դու էիր պակաս… ձախորդ դեբիլ:
ԱՆԾԱՆՈԹ – Դա էլ հարաբերական հասկացություն է, քիչ առաջ ես էի ձախորդը, հիմա հերթը քոնն է:
ԿԻՆ – Քեզնից ձախո՞րդ… (Դռան զանգ:) Եթե մենթերն են, սուխարի չորացրու:
ԱՆԾԱՆՈԹ – (առաջին անգամ տագնապած): Ի՞նչ ես ուզում անել:
ԿԻՆ – Երբ զանգում են, դուռը բացելու բնազդս արթնանում է:
ՔՆՆԻՉ – (դռան ետևից): Բացեք, ոս-տիկանությունն է:
ԿԻՆ – Հիմա ո՞վ է ձախորդը:
ԱՆԾԱՆՈԹ – Գործ տվո՞ղ ես:
ԿԻՆ – Ժարգո՛նը, ի՛նքը… Իսկ գործ չտալու օգուտս ո՞րն է:
ԱՆԾԱՆՈԹ – Պարզ հաշիվ` դու ինձ կօգնես, ես` քեզ:
ԿԻՆ – Ի՞նչ կարող ես անել` գողութ-յունից բացի: Էն էլ` տեսանք…
ԱՆԾԱՆՈԹ – Դեռ չես տեսել: Ես ուրիշ բանի էլ ընդունակ եմ: (Երկիմաստ:) Մազերիդ գույնը… վատը չէ: Ներկա՞ծ է:
ԿԻՆ – (ակնդետ նայում է նրան, ասես նոր է տեսնում): Բնականից սևահեր եմ: Կարող է` բախտս բերել է:
ԱՆԾԱՆՈԹ – Հնարավոր է:
ԿԻՆ – Պատասխանատու հայտարարություն է… (Մատները տակտ են խփում` մտածում է:) Ինչ էլ ասեմ` կանե՞ս:
ԱՆԾԱՆՈԹ – Ընտրություն ունե՞մ:
ԿԻՆ – Չունես:
ԱՆԾԱՆՈԹ – Ուրեմն` կանեմ:
ԿԻՆ – Ստրուկի պե՞ս:
ԱՆԾԱՆՈԹ – Ախորժա՜կը…
ԿԻՆ – Ստրուկի պե՞ս…
ԱՆԾԱՆՈԹ – Դրանց ձեռքը չպիտի ընկնեմ:
ԿԻՆ – Պայմանավորվեցինք: (Մոտենում, քաշում-հանում է նրա պիջակը:)
ԱՆԾԱՆՈԹ – Ժամանա՞կ գտար:
ԿԻՆ – Հալովդ մնա:
ՔՆՆԻՉ – (դրսից): Չե՞ք լսում… ասում եմ` բացեք, ոստիկանությունն է:
Կինը քանդելով վերնաշապիկի կոճակները` նրան հրում է ննջարան: Հայելու առաջ թեթևակի գզում է մազերը, հանում խալաթն ու բացում է դուռը:
ԿԻՆ – (նվաղկոտ): Ի՞նչ եք գոռում:
ՔՆՆԻՉ – (դրսից): Չեք լսո՞ւմ… մի ժամ է` գոռում եմ:
ԿԻՆ – Բայց ինչո՞ւ եք գոռում:
ՔՆՆԻՉ – (ներս է մտնում` ցույց տալով վկայականը): Ինչո՞ւ դուռը չեք բացում:
ԿԻՆ – (հաճույքով ձգվելով, երկիմաստ): Բացեցի, երբ… կարողա-ցա:
ՔՆՆԻՉ – (նոր տեսնելով նրա վիճակը): Այս ժամի՞ն…
ԿԻՆ – Իսկ դրա համար հատուկ ժա՞մ կա… (Ասես նոր նկատելով, որ շապիկով է, արագ վրան է քաշում խալաթն ու գնում դեպի ննջարան:) Գամփռի՛կս… այստեղ քննիչ կա:
ԱՆԾԱՆՈԹ – (ներսից): Ինչ կա՞…
ԿԻՆ – Քննիչ: (Հայացքով «շամփ-րելով» Քննիչին:) Շատ ջահել… ու շատ սեքսուալ:
ԱՆԾԱՆՈԹ – (ներսից): Ինչուա՞լ…
ԿԻՆ – Կարևոր չէ, դուրս արի:
ԱՆԾԱՆՈԹ – Գուցե դո՞ւ լուծես նրա հարցերը:
ԿԻՆ – Այդ մեկը` կարող եմ… (Կատվի նազանքով մոտենում է նրան:) Ի՞նչ եք ուզում ինձնից:
ՔՆՆԻՉ – (շփոթված): Ձեզնից` ո-չինչ… Շենքում գողություն է կատարվել:
ԿԻՆ – Լսել եմ, բայց ի՞նձ ինչ:
ՔՆՆԻՉ – Անծանոթ, կասկածելի մարդ չե՞ք տեսել:
ԿԻՆ – Այս շենքում եթե կասկածելի մեկը կա` պառկած է իմ ննջարանում, բայց նա… հասկանում եք, թե ով է նա:
ՔՆՆԻՉ – (խեղդուկ հազալով): Այո, իհարկե…
ԿԻՆ – Շաբաթից ավելի քաղաքում չէի, ու դուք պիտի իմանաք, թե ինչ են անում կինն ու տղամարդը այդքան երկար բացակայությունից հետո… Թե՞ բացատրության կարիք կա: Ես կարող եմ: («Մարտական» կեցվածքով նրան ուղղորդում է դուրս:)
ՔՆՆԻՉ – (նահանջելով դեպի դուռը): Ոչ, ոչ, պետք չէ, ես ինքս… ի վիճակի եմ հասկանալ… Միայն զգույշ եղեք… դուռը փակ պահեք…
ԿԻՆ – (նրա հետևից դուռը փակելով): Ու բանալին անպայման` դռան վրա: (Բանալին դնում է փականի մեջ: Գոհ:) Այսպե՛ս… (Անծանոթի պիջակի ծոցագրպանից հանում է անձնագիր ու էլի ինչ-որ թղթեր, խցկում բազմոցի տակ: Դեպի ննջարանը:) Կարող ես դուրս գալ: Գնաց:
ԱՆԾԱՆՈԹ – (դուրս է գալիս` կիսամերկ): Չգնաց, փախավ:
ԿԻՆ – (նրան զննելով): Ինձ միայն սա՛ էր պակաս…
ԱՆԾԱՆՈԹ – (երկիմաստ): Պակասը կարող եմ լրացնել…
ԿԻՆ – Կասկածելի սեքսուալ տեսքիդ համար չխաղացի քիչ առաջվա թատրոնը, որն, ի դեպ, քրեական օրենսգրքում համապատասխան հոդված ունի:
ԱՆԾԱՆՈԹ – (գնում, ննջարանից դուրս է գալիս վերնաշապիկի կոճակները կոճկելով): Ուրեմն, երբ ասում էիր` ամեն ինչ, սեքսուալ ծառայությունները այդ ամենի մեջ չէին մտնում:
ԿԻՆ – Այդքանը` հասկացար: Մնում է հասկանաս, թե ինչ ես անելու:
ԱՆԾԱՆՈԹ – Հիմա՞:
ԿԻՆ – Հենց հիմա:
ԱՆԾԱՆՈԹ – (ամեն բառը շեշտելով): Ի՞նչ պիտի անեմ հենց հիմա:
ԿԻՆ – Սպանես:
ԱՆԾԱՆՈԹ – Ի՞նչ…
ԿԻՆ – Սպանես… վերացնես… վերջը տաս… սատկացնես:
ԱՆԾԱՆՈԹ – Ընդամե՞նը:
ԿԻՆ – Ընդամենը: Միայն այսօր: Մի-այն մի սրիկայի:
ԱՆԾԱՆՈԹ – Եթե նորից կրկնես… ինչ-որ դժվար եմ հասկանում:
ԿԻՆ – (ինքն էլ` ամեն բառը շեշտելով): Բարի եղեք, սատկացրեք դրան:
ԱՆԾԱՆՈԹ – Իսկ եթե ես միայն գո՞ղ եմ:
ԿԻՆ – Գողից մինչև մարդասպան` մի քննիչ է, որը ֆռֆռում է շենքում:
ԱՆԾԱՆՈԹ – Ինչպե՞ս… սպանեմ, վե-րացնեմ և, վերջապես, սատկաց-նեմ:
ԿԻՆ – Պրոբլեմ չէ: Ատրճանակի տեղն էլ գիտես:
Անծանոթը բազմոցի տակից հանում է ատրճանակը, ստուգում է պահունակը:
ԱՆԾԱՆՈԹ – Լուրջ զենք է… Ահա թե ի՛նչն էր հանգստությանդ պատճառը, լավ էլ զինված ես:
ԿԻՆ – Անգամ էլիտար շենքում քեզ ապահով զգալ չես կարող: (Գործնական:) Մաքուր է, գործի մեջ չկա: Կկրակես, կողքը կգցես:
ԱՆԾԱՆՈԹ – Քիլլերի պես խոսեցիր:
ԿԻՆ – Եթե ուզում ես մարդավարի ապրել` քիլլերի պես պիտի խոսես:
ԱՆԾԱՆՈԹ – Ես կարող եմ հրաժարվել:
ԿԻՆ – Կարող ես: Բայց անձնագիրդ ու մնացածը ինձ մոտ է:
ԱՆԾԱՆՈԹ – (կատաղած նրա կողմը նետվելով): Քա՜ծ…
ԿԻՆ – Ստո՜պ: Կարող ես չշարունա-կել, էդ բառերի հերթականությունն ու շարունակությունը գիտեմ: Համ էլ` ժամանակ չկա: Նա քեզ է սպասում:
ԱՆԾԱՆՈԹ – (չար): Սիրեկանդ:
ԿԻՆ – Նմա՞ն եմ խանդից ցնդած հավիկի:
ԱՆԾԱՆՈԹ – Ուրիշ տարբերակ չգիտեմ:
ԿԻՆ – Որտեղի՞ց իմանաս… ձախորդ դամուշնիկ: Բիզնեսս է ուզում վեր-ցընել:
ԱՆԾԱՆՈԹ – Եթե քեզնից վերցնելու հույս ունի` ուրեմն լուրջ մարդ է: Նրա մո՞տ էիր գնալու:
ԿԻՆ – Ինձ է սպասում, բայց դու կը-գնաս: Մի վախենա, նա մենակ է:
ԱՆԾԱՆՈԹ – Տանը` ու մենա՞կ… Չես համոզի:
ԿԻՆ – Տանը ինչպե՞ս կարող է մենակ լինել` կին, երեխա, ծառա, թիկնապահ… Գաղտնի հանդիպումների համար որջ ունի:
ԱՆԾԱՆՈԹ – Էլի չհամոզեցիր:
ԿԻՆ – Եթե հանդիպումը գործնական է` պարզ է, որ մենակ չի լինի: Բայց եթե կնոջ է սպասում…
ԱՆԾԱՆՈԹ – Չասացի՞ր` սիրեկանդ չէ:
ԿԻՆ – Դա վաղուց էր: Իսկ դրանից հետո…
ԱՆԾԱՆՈԹ – Թշնամուց վատ է:
ԿԻՆ – Տես, է՜, հասկացավ… (Պոռթկալով:) Տականքն ուզում է վայելել իր հաղթանակը: Բա ո՛նց, վերջապես կարողացավ ծնկի բերել` իր լակոտի համար կխլի բիզնեսս ու ձեռի հետ էլ ինձ կպառկացնի…
ԱՆԾԱՆՈԹ – Ո՛նց եմ հասկանում իրեն… (Նրա հայացքին ի պատասխան:) Բիզնեսի մասը նկատի ունեմ: (Վերցնելով ատրճանակը, զննում, դնում է գրպանը:) Հասցեն:
ԿԻՆ – (թղթի վրա ինչ-որ բան է գծում): Փողոցի կողմով չմտնես… Տասը մետր ներքև` դռնակ է, այնտեղից… աջ կողմի դուռը… հետո` աջ…
ԱՆԾԱՆՈԹ – (պիջակը հագնելով): Գիտեիր, որ առանց շանտաժի էլ ասածդ կանեի:
ԿԻՆ – Գիտեի:
ԱՆԾԱՆՈԹ – Ու գողացար անձնագիրս:
ԿԻՆ – Որ վերադառնաս:
Անծանոթը գնում է: Խավարում:

Բեմը լուսավորվում է: Կինը սպորտային կոստյումով ու հողաթափերով է: Անհանգիստ քայլելով սենյակում` խոսում է հեռախոսով:
ԿԻՆ – Ջիգյա՞ր… ամեն ինչ նորմա՞լ է: Մաղարիչ, էն էլ` ի՛նչ մաղարիչ… Էս մեկն արդեն քեզ, անձամբ, ծտերդ ու կնիկդ` բորդյուրին: Բա ո՞նց, իրենց տեղն էդտեղ է: Ցե: (Անջատում է հեռախոսը:) Կազյո՛լ: (Նոր համար է հավաքում:) Ժաննա… Կարող ես տուն գնալ: (Հեռախոսն անջատում է:) Բբռե՛ջ: (Հեռախոսազանգ: Նայում է էկրանին, փորձում է զսպել հուզմունքը:) Արմե՞ն… Բաց թողի՞ն: Գիտեմ… հա, մի քիչ էլ ուշանայի` սեփական թաղմանդ կմասնակցեիր: Էսօր տուն գնա, վաղը կխոսենք: (Հեռախոսն անջատում է:) Լուզեռ… (Գնում է խոհանոց: Դռան զանգ: Վերադառնում է սուրճի բաժակով, բացում է դուռը` նախապես նայելով դիտակից:)
ՀԱՐԵՎԱՆՈՒՀԻ – (ներս ընկնելով): Երանի՛ քեզ… Սաղ շենքը ականջին տնկված` գող է բռնում, սա դի՛նջ, իր հաճույքին սուրճ է խմում: (Նրա ձեռքից վերցնելով բաժակը` ինքն է խմում մի քանի մեծ կում, վերադարձնում Կնոջը:) Բերանս վառվեց… (Տենդի մեջ լինի ասես` ադրենալինը գլուխն է խփել:) Մենակ իմանաս` ինչ էր կատարվում… սաղը դուրս են թափվել, ով ինչ է ասում, ով ինչ է անում կամ ում է անում` պարզ չէ, մենթերը մեկ պադվալ են մտնում, մեկ տանիք են բարձրանում, ժուռնալիստներն էլ մի կողմից են վրա տվել… Մղձավա՛նջ: Անուշը երեք անգամ ուշաթափվեց, մեկը` իսկական, երկուսը` կեղծ:
ԿԻՆ – (հայացքով նրան հետևելով, մելանխոլիկ): Ինչի՞ց որոշեցիր:
ՀԱՐԵՎԱՆՈՒՀԻ – Ընկնելու ձևից: (Նո­րից է վերցնում բաժակը, խմում է, նայում թխվածքի ափսեին:) Էս պրծա՞վ…
ԿԻՆ – (ինքն էլ նայելով ափսեին): Փաստորեն` հա:
ՀԱՐԵՎԱՆՈՒՀԻ – Սաղ շենքը գող է բռնում, դու տորթ ես հուպ տալիս… ու մի գրամ չես գիրանում:
ԿԻՆ – Իմ պրոբլեմներից դու էլ ունենաս` չես գիրանա:
ՀԱՐԵՎԱՆՈՒՀԻ – Դու մի պրոբլեմ ունես` մոռացված սեքս, էն էլ` կամավոր էս հրաժարվել:
ԿԻՆ – Երանի՛ քեզ, սաղ շենքը գող է բռնում, դու իմ պրոբլեմով ես տապակվում…
ՀԱՐԵՎԱՆՈՒՀԻ – Արդեն բռնեցինք:
ԿԻՆ – Գողի՞ն:
ՀԱՐԵՎԱՆՈՒՀԻ – Բա էլ ո՞ւմ: Շենքը կանգնի` գող կբռնի… թեև մեր շենքում գողի պակասություն չկա: Պարզապես մերոնք մեծ մասշտաբի գողեր են, ոչ թե էդ քոսոտ թալանչին:
ԿԻՆ – (զարմացած-տագնապած): Որտե՞ղ բռնվեց:
ՀԱՐԵՎԱՆՈՒՀԻ – Տանիքում, դատախազը բուխարիկ է սարքել տվել, էն, որ գառ է խորովում մեջը… Շենքից դուրս գալ չէր կարող` դռները փակել էին, մնում էր` մի տեղ թաքնվեր, նա էլ բարձրացել է տանիքը, մտել բուխարու մեջ ու լռվել… բա՞:
ԿԻՆ – Իրեն տեսա՞ր…
ՀԱՐԵՎԱՆՈՒՀԻ – Բա ո՞նց… մրի մեջ կորած, գլուխը քաչալ, անդուր բոյով… երկրորդ Բարաքը:
ԿԻՆ – Օբամա՞ն…
ՀԱՐԵՎԱՆՈՒՀԻ – Նրա ականջից հե-ռու: (Նոր նկատելով Կնոջ ռեակցիան:) Ասածս դուրդ չի՞ գալիս:
ԿԻՆ – Ինչի՞ որ…
ՀԱՐԵՎԱՆՈՒՀԻ – Ոնց որ… դժգոհ լի-նես:
ԿԻՆ – Հոգնած եմ:
ՀԱՐԵՎԱՆՈՒՀԻ – Էդքանը մենակ ուտեի` գերհոգնածություն կստանայի: (Մինչև վերջ սուրճը խմելով` բաժակը տալիս է Կնոջն ու գնում դեպի դուռը:) Կինոն պրծավ, սկըս-վում է առօրյան ու ձանձրույթը: Գոնե մի քիչ ուշ բռնեին էդ գողին… Ի՛նչ ադրենալին էր:
ԿԻՆ – (մտախոհ): Ուրեմն, գողը բռնը-վեց:
ՀԱՐԵՎԱՆՈՒՀԻ – Մնաց մանյակը, բայց նա մեր շենքում գործ չունի, ո՞ւմ պիտի բռնաբարի:
ԿԻՆ – Հա, մեզ կարելի է կողոպտել, բայց բռնաբարել` հը՛ը…
ՀԱՐԵՎԱՆՈՒՀԻ – Մենք ում պետք է` ինքներս կբռնաբարենք: (Նայելով դռան բանալուն:) Բայց բանալին թող մնա փականի մեջ: Համենայնդեպս: (Գնում է:)
Կինը, դռան մոտ կանգնած, ինչ-որ բան է մտածում` մատները մարտական տակտ են խփում, հետո հանում է բանալին, գցում դարակին` դուռը բաց է: Մոտենում է պատուհանին, դուրս է նայում: Քիչ անց կամաց բացվում է դուռը:
ԱՆԾԱՆՈԹ – (բաճկոնը կախելով): Միայն չասես, որ ինձ չես սպասում:
ԿԻՆ – Սպասում եմ, ինչ կասես:
ԱՆԾԱՆՈԹ – Ես ասելու բան չունեմ: Նա ասաց:
ԿԻՆ – Ե՞րբ հասցրեց:
ԱՆԾԱՆՈԹ – Սիրում եմ սպանելուց առաջ նայել զոհի աչքերի մեջ:
ԿԻՆ – (փորձելով ցույց չտալ հուզմունքը): Պրոֆեսիոնալի հետ գործ բռնելը ուրիշ է:
ԱՆԾԱՆՈԹ – Ինքն էլ հասկացավ… Քմծիծաղեց…
ԿԻՆ – Ու հայհոյեց…
ԱՆԾԱՆՈԹ – Կրկնե՞մ ասածները…
ԿԻՆ – Պետք չէ:
ԱՆԾԱՆՈԹ – Ատրճանակը կողքը գը-ցեցի, ինչպես ասել էիր:
ԿԻՆ – Գողին բռնեցին:
ԱՆԾԱՆՈԹ – Ձախորդի մեկն է:
ԿԻՆ – Հա, թե չէ տանիք բարձրանալու փոխարեն մեկի տունը կմտներ: Մի խոսքով, ամեն ինչ ավարտվեց:
ԱՆԾԱՆՈԹ – Ինչո՞ւ… մոլագարին չեն բռնել:
ԿԻՆ – (շրջվելով` ակնդետ նայում է նրան): Դե՜ռ չեն բռնել:
ԱՆԾԱՆՈԹ – Չեն էլ բռնի:
ԿԻՆ – Ես էլ եմ այդպես կարծում: Ու նա ինչքան շուտ այստեղից գնա, այնքան լավ: (Դադարից հետո:) Փաստաթղթերդ սեղանին են:
ԱՆԾԱՆՈԹ – Տեսա: Թող մնան այդտեղ:
ԿԻՆ – Մինչև ե՞րբ:
ԱՆԾԱՆՈԹ – Դեռ չգիտեմ…
ԿԻՆ – Մինչև վաղը տնից դուրս չեմ գա:
ԱՆԾԱՆՈԹ – Ուրեմն` մինչև վաղը ես այստեղ եմ:
ԿԻՆ – Ավելացնելու բան չունե՞ս:
ԱՆԾԱՆՈԹ – Մազերդ չգունաթափես:
ԿԻՆ – Շիկահերներին չե՞ս սիրում:
ԱՆԾԱՆՈԹ – Պաշտո՛ւմ եմ: (Ակնդետ նայում են իրար:)
Հեռախոսազանգ: Կինը, առանց համարին նայելու, վերցնում է հեռախոսը:
ՁԱՅՆ – Էս ո՞ւր ես… Մի ժամն ան-ցավ, երկրորդն էլ` հետը…
ԿԻՆ – (շփոթահար նայելով Անծանոթին, որն այնպես է իրեն պահում, ասես այս ամենը նրան չի վերաբերում): Ինչպե՞ս թե… (Անծանո-թին:) Դու որտե՞ղ էիր:
ՁԱՅՆ – (կարծելով` ասածն իրեն է վերաբերում): Հին օրերի պես` մեր որջում:
ԿԻՆ – (Ձայնին): Ու դու… դեռ այդտե՞ղ ես:
ՁԱՅՆ – Մտքինդ ի՞նչ է…
Անծանոթն անվրդով տեսքով հետևում է խոսակցությանը:
ԿԻՆ – Ոչինչ… Շուտով… շատ շու-տով ամեն ինչ կհարթեմ:
ՁԱՅՆ – Հա, նոր հիշեցի, նվիրած ատրճանակս պահե՞լ ես, թե՞ դրա մասին էլ ես մոռացել:
ԿԻՆ – (հոգնած ձայնով): Ես ոչինչ չեմ մոռանում:
ՁԱՅՆ – Դե, տեսնենք, տեսնենք… (Կապն անջատվում է:)
ԿԻՆ – (ակնդետ նայելով Անծանոթին, սեփական ենթադրությունից ոչ այն է` սարսափած, ոչ այն է` գոհ): Ինչպե՛ս էի մոռացել… Ախր, մոլագարը սպանում է միայն ի՛ր ընտրած զոհին:
ԱՆԾԱՆՈԹ – Հա, պատվերով սպա-նելը նրա գործը չէ:
ԿԻՆ – Այդ դեպքում… Որտե՞ղ էիր: Ո՞ւր էիր գնացել:
ԱՆԾԱՆՈԹ – Ոչ մի տեղ, հարևան­նե­րիդ հետ գողին էի բռնում… (Իր դադարից հաճույք է ստանում):
ԿԻՆ – Բռնեցի՞ր:
ԱՆԾԱՆՈԹ – Բռնեցին: Տարան, հա­­րևա­ն­­ներդ էլ հանգստացան:
ԿԻՆ – Չեմ հասկանում… Շենքում դեռ մենթ կա՞:
ԱՆԾԱՆՈԹ – Ոչ մի հատ:
ԿԻՆ – Ուրեմն, մուտքն ազատ է, կա­րող էիր գնալ… թեկուզ գրողի ծո­ցը:
ԱՆԾԱՆՈԹ – Կարող էի գնալ: Նա­խ­ընտ­րեցի վերադառնալ:
ԿԻՆ – (փորձելով ցույց չտալ տագ­նապը:) Եվ… ի՞նչ ես պատրաստ­վում անել:
ԱՆԾԱՆՈԹ – (զինաթափող ժպիտով:) Դու ի՞նչ ես անելու:
ԿԻՆ – (նստում, կոնյակ է լցնում, կում-կում խմելով:) Կամ ատրճանակն առած պիտի գնամ այդ անասունի մոտ… կամ էլ… մազերս կգունաթափեմ ու կդառնամ… շիկահեր:
Անծանոթը նստում է նրա դիմացը: Անթարթ նայում են իրար:
Խավարում:

Կարդացեք նաև