Մանե ԽԱՌԱՏՅԱՆ / ՀՅՈՒՐԸ, ՈՐ ԵԿԱՎ ԺԱՄԱՆԱԿԻՆ

Գործող անձինք
ԳԱՅԱՆԵ — միջին տարիքի կին
ՍԱՌԱ — մոտ քսան տարեկան, Գայանեի դուստրը
ԱՆԾԱՆՈԹ

Բեմում, սեփական տան հյուրասենյակ է` համեստ կահավորմամբ: Երևում է մուտքի դուռը: Գիշեր է: Դրսում կայծակ է ու ամպրոպ: Կայծակից մերթընդմերթ լուսավորվում է սենյակը: Բեմում ոչ ոք չկա:
Դուռը թակում են: Քիչ անց թակոցը կրկնվում է ավելի ուժեղ: Խալաթը հագնելով, սենյակ է շտապում Գայանեն:
ԳԱՅԱՆԵ — Ո՞վ կարող է լինել այս ժամին… (Դուռը թակում են: Գայանեն փորձում է լույսը վառել, այն չի վառվում:) Հիմա՛, հիմա՛… (Խալաթի գոտին կապելով:) Ես այդպես էլ գիտեի, որ կանջատեն: Թյո՛ւհ… (Դուռը կրկին թակում են:) Գալի՜ս եմ: (Դարակներում փընտ-րում է լապտերը, մի պահ աչք նետելով Սառայի սենյակի կողմը:) Հանկարծ չարթնանա՞… Ո՞ւր է այդ գրողի տարած լապտերը… Հիմա կբացեմ…
Գայանեն գտնում է լապտերը, միացնում, մոտենում, բացում է դուռը: Շեմին կանգնած է բարձրահասակ, լրիվ թրջված, սփրթնած դեմքով մեկը:
ԱՆԾԱՆՈԹ — (մրսած է, դողալով): Ներողություն, երևի ձեզ վախեցրի: Զարմանալի չէ, այս ուշ ժամին, այս եղանակին…
ԳԱՅԱՆԵ — Ճիշտն ասած, մի քիչ վախեցրիք: Դուք ո՞վ եք:
ԱՆԾԱՆՈԹ — Անկեղծ` չգիտեմ: Դժվարանում եմ պատասխանել…
ԳԱՅԱՆԵ — Ինչպե՞ս թե…
ԱՆԾԱՆՈԹ — Երևի անհեթեթ է հնչում, բայց ես… ոչինչ չեմ հիշում: (Փռըշ-տում է:)
ԳԱՅԱՆԵ — Ինչպե՞ս թե` չեք հիշում:
ԱՆԾԱՆՈԹ — Այո, հանկարծ ուշքի եկա ձեր դռան առջև: Երևի ձեր տուն էի գալիս… Ես, պատահաբար, ձեր ազգականը չե՞մ:
ԳԱՅԱՆԵ — Ո՛չ: Եթե ազգականս լինեիք` ես կիմանայի: Չգիտեմ նույնիսկ… ինչով ձեզ օգնեմ:
ԱՆԾԱՆՈԹ — Եթե կարողանայիք ասել` ես ով եմ…
ԳԱՅԱՆԵ — Ցավում եմ… Իսկ… գուցե մեր հարևաններից մեկի՞ տուն եք գնում:
ԱՆԾԱՆՈԹ — Չգիտեմ: Գուցե: Իսկ… կարելի՞ է ներս գալ: Մի րոպեով:
ԳԱՅԱՆԵ — Ճիշտն ասած… (Նայում է Սառայի սենյակի կողմը:) Այնքան էլ հարմար չէ, առավել ևս, որ ձեզ չեմ ճանաչում:
ԱՆԾԱՆՈԹ — Իրավացի եք: Ես չմտածեցի այդ մասին…
ԳԱՅԱՆԵ — Ներեցեք, բայց…
ԱՆԾԱՆՈԹ — Ներողություն չխնդրեք, դուք իրավացի եք: Ավելի լավ է` ես գնամ:
ԳԱՅԱՆԵ — Իսկ ո՞ւր եք գնալու:
ԱՆԾԱՆՈԹ — (թոթվում է ուսերը): Չգիտեմ… (Փռշտում է:)
ԳԱՅԱՆԵ — (նայում է Սառայի սենյակի կողմը): Լավ, ներս եկեք, մինչև… տեսնենք…
ԱՆԾԱՆՈԹ — Վստա՞հ եք:
ԳԱՅԱՆԵ — Այո, այո: Ներս եկեք:
ԱՆԾԱՆՈԹ — Շնորհակալություն: (Ներս է մտնում:)
ԳԱՅԱՆԵ — Մի վայրկյան սպասեք, գոնե մոմ վառեմ… (Պահարանիկի վրա դրված մոմակալն է վառում:) Մեզ մոտ, կայծակի ժամանակ, հաճախ անջատում են լույսերը: Վթարներից են խուսափում: Արդեն սովոր ենք… (Վառվող մոմը դնում է սեղանին:) Ասում եք` ոչինչ չե՞ք հիշում: (Անծանոթը բացասաբար օրորում է գլուխը:) Բացարձա՞կ…
ԱՆԾԱՆՈԹ — Կցանկանայի հիշել գոնե մի չնչին մանրուք, բայց….
ԳԱՅԱՆԵ — Իսկ ձեզ մոտ որևէ փաստաթուղթ չկա՞:
ԱՆԾԱՆՈԹ — Փաստաթո՞ւղթ:
ԳԱՅԱՆԵ — Օրինակ` անձնագիր:
ԱՆԾԱՆՈԹ — Անձնագի՞ր… (Փռշտում է:)
ԳԱՅԱՆԵ — Այո, նոթատետրի պես մի բան, որտեղ գրված է, թե ով եք դուք և որտեղ եք ապրում: Փնտրեք ձեր գրպաններում:
Անծանոթը, դողացող ձեռքերով, սկսում է գրպաններում փնտրել: Ծոցագրպանից նոթատետր է հանում:
ԱՆԾԱՆՈԹ — Սա, պատահաբար, անձնագիր չէ՞… (Նոթատետրը տալիս է Գայանեին:)
ԳԱՅԱՆԵ — Ցավում եմ, բայց սա հենց նոթատետր է: Էլի փնտրեք:
ԱՆԾԱՆՈԹ — Սրանից բացի ոչինչ չունեմ:
ԳԱՅԱՆԵ — (թերթում է նոթատետրը): Այստեղ անուններ ու հասցեներ կան: Շատերը նաև հեռախոսահամար ունեն:
ԱՆԾԱՆՈԹ — Դրանք իմ ծանոթնե՞րն են:
ԳԱՅԱՆԵ — Գուցե: Կարդացեք, գուցե որևէ մեկին հիշեք կամ ճանաչեք… (Նոթատետրը տալիս է Անծանոթին:)
ԱՆԾԱՆՈԹ — (թերթում է նոթատետրը, ապա շվարած նայում Գայանեին): Ես… չե՛մ կարող:
ԳԱՅԱՆԵ — Դուք… կարդալն է՞լ եք մոռացել:
ԱՆԾԱՆՈԹ — Երևի… (Փռշտում է:)
ԳԱՅԱՆԵ — Լա՛վ, տվեք ինձ… (Վերցնում է նոթատետրը, ուշադիր զըն-նում է ցանկը:) Շատ հետա¬քրքիր է… (Հանկարծակի:) Ահա՛, այս մեկը մեր քաղաքում է բնակվում: Զանգե՞նք:
ԱՆԾԱՆՈԹ — Շատ շնորհակալ կլինեմ:
ԳԱՅԱՆԵ — Թեև լավ չէ այս ժամին մարդկանց անհանգստացնել: Փող ունե՞ք:
ԱՆԾԱՆՈԹ — (գրպանները քչփորելով): Կարծես թե ոչինչ չունեմ, այդ նոթատետրից բացի:
ԳԱՅԱՆԵ — Դա լավ չէ: Առանց փողի ձեզ հյուրանոց չեն թողնի: Իսկ ես այդքան չունեմ, որ տամ ձեզ: Ու հետո… դուք կմոռանաք վերադարձնել… Ներողություն, անհաջող կատակեցի: Լա՛վ, ստիպված պիտի անհանգստացնենք մարդկանց…
Ներս է մտնում Սառան: Նա գունատ է, հյուծված:
ՍԱՌԱ — Այս ի՞նչ իրարանցում է:
ԳԱՅԱՆԵ — (շփոթված): Քեզ արթնացրի՞նք:
Անծանոթին տեսնելուն պես Սառան քարանում է տեղում: Մի քանի ակնթարթ ակնդետ նայում է նրան:
ՍԱՌԱ — (Անծանոթին): Ինչո՞ւ ես եկել… Ինչո՞ւ ես եկել…
ԳԱՅԱՆԵ — Սառա՞…
ՍԱՌԱ — Ինչո՞ւ ես նրան ներս թողել:
ԳԱՅԱՆԵ — Դու նրան ճանաչո՞ւմ ես:
ՍԱՌԱ — (գրեթե բղավելով, Անծանոթին): Ես չե՛մ գա քեզ հետ… (Գայանեին.) Մայրի՛կ, ինձ չթողնես, որ գնամ նրա հետ:
ԳԱՅԱՆԵ — Հանգստացիր, աղջիկս: Նա սովորական անցորդ է, կորցրել է հիշողությունը և մոլորվել…
ՍԱՌԱ — Նա սովորական անցորդ չէ՛, ուշադի՛ր նայիր: Նա մա՛հն է: Եկել է իմ հետևից:
ԳԱՅԱՆԵ — (կարեկցանքով նայելով Սառային): Ահա՜ թե ինչ… Լավ, աղջիկս, հանգստացիր…
ՍԱՌԱ — Դու ինձ չե՞ս հավատում, մայրիկ, չե՞ս հավատում…
ԳԱՅԱՆԵ — Հավատում եմ, հավատում, միայն մի՛ հուզվիր, խնդրում եմ:
ՍԱՌԱ — Դո՛ւրս վռնդիր նրան, մամա:
ԳԱՅԱՆԵ — (գրկելով Սառային` տանում է նրա սենյակը): Հիմա կվռնդեմ, անպայման, միայն դու մի հուզվիր… (Քիչ անց վերադառնում է:) Ներեցեք… Աղջիկս պարզապես տեսիլքներ է ունենում երբեմն… դեղերի ազդեցությունն է:
ԱՆԾԱՆՈԹ — Դեղերի՞:
ԳԱՅԱՆԵ — Նա ծանր հիվանդ է… անբուժելի: (Նստում է բազմոցին:) Սառան գլխուղեղի չարորակ ուռուցք ունի: Շատ ուշ իմացանք, կարծում էինք, գլխացավի պատճառը միգրենն է, այնինչ… Շատ ուշ էր, բայց որոշեցինք պայքարել: Բժիշկներն ինչ ասում էին` անում էինք, փորձում… Բուժումն էլ այնքան թանկ, բա դեղերը… Ամուսինս մեկնեց արտագնա աշխատանքի: Բայց… հույս չկա: Աղջկաս չեմ ասում, բայց ինձ թվում է` նա զգում է, գիտե: Ինչպե՞ս կարող է մահա-ցողը չզգալ, որ մահանում է… (Հեկեկում է:)
ԱՆԾԱՆՈԹ — Երևի դժվար է…
ԳԱՅԱՆԵ — Ամեն օր նայում եմ նրան ու մտածում, որ սա կարող է նրա վերջին օրը լինել… վերջին գիշերը…
ԱՆԾԱՆՈԹ — Այո…
ԳԱՅԱՆԵ — (խալաթի գրպանից թաշկինակ է հանում, սրբում աչքերը): Ներեցեք… չպետք է ձեզ մտահոգեի: Հիմա դուք օգնության կարիք ունեք… Բայց ինձ էլ պետք է հասկանալ: Մոր սիրտ է, ի՞նչ արած… Ամեն առավոտ, երբ Սառայի ննջասենյակից լսում եմ նրա լացը, ուրախանում եմ, մտածում` Աստվա՜ծ իմ, նա դեռ ողջ է: Բայց միաժամանակ սիրտս կտոր-կտոր է լինում, թե ե՞րբ է ազատվելու այդ տառապանքից:
ԱՆԾԱՆՈԹ — Բա ինչո՞ւ եք ուրախանում, որ… ողջ է:
ԳԱՅԱՆԵ — Գիտեք, հրաշքով ապաքինվելու շատ օրինակներ կան, ու քանի դեռ նա ողջ է, հրաշքի հույս կա…
Սառան վերադառնում է հյուրասենյակ:
ՍԱՌԱ — Նրան դեռ չե՞ս վռնդել… Չէ՞ որ խնդրեցի…
ԳԱՅԱՆԵ — Ախր, նա հյուր է: Նա կորցրել է հիշողությունը և մոլորվել, հասկանո՞ւմ ես: Ինչպե՞ս նրան վռնդեմ այս ժամին, այս եղանակին: Եվ ո՞ւր…
ՍԱՌԱ — Մայրիկ, ինձ ծաղրո՞ւմ ես: Մի՞թե չես տեսնում, թե ով է նա:
ԳԱՅԱՆԵ — Սովորական մարդ է, աղջիկս:
ՍԱՌԱ — Ուշադիր նայիր, իսկապե՞ս չգիտես` ով է:
ԳԱՅԱՆԵ — Նույնիսկ ի՛նքը չգիտե, թե ով է:
ՍԱՌԱ — Ինչպե՞ս թե…
ԱՆԾԱՆՈԹ — Ցավում եմ, օրիորդ, բայց ես, իսկապես, ոչինչ չեմ հիշում:
ՍԱՌԱ — Չես հիշո՞ւմ:
ԱՆԾԱՆՈԹ — Բացարձակ ոչինչ:
ՍԱՌԱ — Դու դիտավորյա՞լ ես անում:
ԱՆԾԱՆՈԹ — Ի՞նչը:
ՍԱՌԱ — Հիմա՛ր ես ձևանում:
ԱՆԾԱՆՈԹ — Չեմ հասկանում….
ՍԱՌԱ — Լավ, եթե ես դադարեմ քեզանից վախենալ, կգնա՞ս:
ԱՆԾԱՆՈԹ — Դուք ինձանից վախենո՞ւմ եք:
ՍԱՌԱ — Իսկ ո՞վ չի վախենում… (Անծանոթը թոթվում է ուսերը:) Լա՜վ դերասան ես…
ԱՆԾԱՆՈԹ — Օրիորդ, եթե իրոք գիտեք ով լինելս, խնդրում եմ, ասեք…
ՍԱՌԱ — (երերալով մոտենում է Անծանոթին, նայում աչքերի մեջ): Ուզում ես ասել, որ չես հիշում, թե ինչու ես եկե՞լ: (Անծանոթը բացասաբար շարժում է գլուխը:) Իսկ ես կարծում էի, թե միայն ես խնդիրներ ունեմ ուղեղի հետ:
ԳԱՅԱՆԵ — Սառա, ճանաչո՞ւմ ես այս մարդուն:
ՍԱՌԱ — Նրան բոլո՛րն են ճանաչում, մայրիկ: (Անծանոթին): Գնա՛ մեր տնից: Հենց հիմա…
ԳԱՅԱՆԵ — Ավելի ճիշտ կլինի, եթե հիմա զանգենք որևէ մեկին: Կամ կգան` կտանեն, կամ, գոնե, կպարզենք… որևէ բան…
ՍԱՌԱ — Զանգես… ոստիկանությո՞ւն:
ԳԱՅԱՆԵ — Ոչ: Նրա նոթատետրում հեռախոսահամարներ կան, գուցե…
ՍԱՌԱ — Ուրեմն հենց հիմա զանգիր:
ԳԱՅԱՆԵ — (Անծանոթին): Ի սեր Աստծո, ներեցեք, խնդրում եմ…
ԱՆԾԱՆՈԹ — Ես ամեն ինչ հասկանում եմ:
Գայանեն նստում է հեռախոսի մոտ:
ԳԱՅԱՆԵ — (Անծանոթին): Երևի գիտեք, որ ձեր նոթատետրում պա-տըռված էջեր կան… (Համար է հավաքում:) Ներողություն եմ խնդրում այս ժամին անհանգըստացնելու համար… Դուք ինձ չեք ճանաչում, բայց, եթե կարելի է, հեռախոսի մոտ կկանչե՞ք Աբգարին… Ի՞նչ… ներեցեք, չգիտեի: Շատ եմ ցավում… Ներեցեք, ցտեսություն: (Կախում է լսափողը, Անծանոթին:) Ցավում եմ, բայց ձեր այս ծանոթը մահամերձ վիճակում է: (Լսափողը կրկին վերցնելով:) Եվս մեկին զանգենք… Բարև ձեզ, ներողություն եմ խնդրում այս ուշ ժամին զանգելու համար: Դուք ինձ չեք ճանաչում, բայց, եթե կարելի է, կարո՞ղ եք հեռախոսի մոտ կանչել Ռիտային: Ցավում եմ… Ներեցեք, բարի գիշեր: (Լսափողը դնում է: Անծանոթին:) Այս ծանոթն էլ մահամերձ պառկած է հիվանդանոցում:
ՍԱՌԱ — Նրան ճանաչող բոլոր մարդիկ մահանում են:
ԳԱՅԱՆԵ — Վե՜րջ տուր, սիրելիս, պարզապես ցավալի զուգադիպություն է:
ՍԱՌԱ — Զանգիր բոլորին, և կտեսնես, որ բոլորն էլ մահանում են: Կամ արդե՛ն մահացել են:
ԳԱՅԱՆԵ — Սառա, այնպես ես խոսում, կարծես հիմա ամբողջ աշխարհը կմահանա ու կմնանք միայն մենք:
ՍԱՌԱ — Գուցե: (Անծանոթին.) Դա այդպե՞ս է…
ԱՆԾԱՆՈԹ — Ինչո՞ւ եք ինձ հարցնում:
ՍԱՌԱ — Դրսից ես եկել, պիտի որ իմանաս: (Գայանեին.) Մայրի՛կ, նայիր, այդ նոթատետրի մեջ (ծաղրով), պա-տա-հա-բար իմ անունն ու մեր հեռախոսահամարը չկա՞ն:
ԳԱՅԱՆԵ — Սառա…
ՍԱՌԱ — Նայի՛ր: Ես քեզ խնդրում եմ…
ԳԱՅԱՆԵ — (մեղավոր` Անծանոթին): Ներեցեք… (Նոթատետրը թերթելուց հետո, հանդիմանական տոնով` Սառային:) Քո անունը և մեր հեռախոսահամարը այս նոթատետրում չկան:
ՍԱՌԱ — (Անծանոթին): Հասցրել ես պոկե՞լ այդ էջը, խոստովանի՛ր, ներս մտնելուց առաջ պատռե՞լ ես:
ԳԱՅԱՆԵ — Վերջ տուր, Սառա: Այս մարդը քեզ ի՞նչ է արել…
ՍԱՌԱ — Մա՞րդը… Մարդը՝ ոչինչ: (Անսպասելի արագությամբ դուրս է գալիս:) Ես քեզ կապացուցեմ:
ԳԱՅԱՆԵ — (անակնկալի եկած): Սառա, Սառա, ո՞ւր… (Փորձում է հա-նել հողաթափերն ու կոշիկ հագնել:) Աստվա՜ծ իմ, խելքը թռցրել է…
ՍԱՌԱ — (վերադառնում է` ձեռքին մի փունջ թաց տերևներ, որոնք լցնում է սեղանին, դիմում Անծանոթին): Ահա, նայի՛ր…
ԱՆԾԱՆՈԹ — Սրանք ի՞նչ են…
ՍԱՌԱ — Տերևներ: Մեռա՛ծ տերևներ:
ԱՆԾԱՆՈԹ — Դրանք ինչի՞ համար են… ինձ պետք:
ՍԱՌԱ — Ուշադիր նայիր: Դրանք քեզ պետք է ինչ-որ բան հիշեցնեն:
ԱՆԾԱՆՈԹ — Ինչո՞ւ:
ՍԱՌԱ — Որովհետև դու դրանով ես զբաղվում:
ԱՆԾԱՆՈԹ — Տերևներո՞վ:
ՍԱՌԱ — Երբ ինչ-որ բան կամ ինչ-որ մեկը մեռնում է, գալիս ես ու տանում:
ԱՆԾԱՆՈԹ — Ո՞ւր:
ՍԱՌԱ — Իմ դեպքում, հուսով եմ, դրախտ:
ԱՆԾԱՆՈԹ — Տերևներին է՞լ եմ տանում:
ՍԱՌԱ — Չգիտեմ: Մարդկանց մոտ, համենայնդեպս, գալիս ես:
ԱՆԾԱՆՈԹ — Ինչո՞ւ:
ՍԱՌԱ — Երևի… որ մեռնող մարդը իրեն մենակ չզգա:
ԱՆԾԱՆՈԹ — Տերևներն է՞լ են միայնակ:
ՍԱՌԱ — Կարծում եմ` ոչ: Նրանք միասին են թափվում:
ԱՆԾԱՆՈԹ — Իսկ եթե չթափվե՞ն:
ՍԱՌԱ — (պոռթկալով): Լսի՛ր, հերիք հիմար հարցեր տաս… (Սառայի քթից արյուն է հոսում:)
ԳԱՅԱՆԵ — (գրպանից հանում է թաշկինակը, մոտենում Սառային): Հիմա, հիմա կանցնի… ոչինչ…
Սառան, թաշկինակը քթին սեղմած, գնում է իր սենյակը: Գայանեն հուսահատ նստում է բազմոցին: Անծանոթը մոտենում, նրա ձեռքից վերցնում է նոթատետրը:
ԳԱՅԱՆԵ — Տեսնո՞ւմ եք, Սառային ուր է հասցրել հիվանդությունը:
ԱՆԾԱՆՈԹ — Ես… ցավում եմ ձեզ համար:
ԳԱՅԱՆԵ — Դուք առողջ ծանոթ չունե՞ք: (Անծանոթը թոթվում է ուսերը:) Լավ, մնացեք՝ ինչքան պետք է:
ԱՆԾԱՆՈԹ — Այսի՞նքն…
ԳԱՅԱՆԵ — Մնացեք մեր տանն այն-քան, մինչև ինչ-որ բան կպարզվի:
ԱՆԾԱՆՈԹ — Դուք շատ բարի եք իմ հանդեպ: Նույնիսկ` չափազանց…
ԳԱՅԱՆԵ — Ես էլ մարդ եմ ու ամեն ինչ հասկանում եմ… Դեմ չե՞ք քնել բազմոցին:
ԱՆԾԱՆՈԹ — Հատակին էլ լավ կզգայի:
ԳԱՅԱՆԵ — Ի՞նչ եք խոսում, հիմա բարձ ու ծածկոց կբերեմ: Իսկ դուք հանեք թաց անձրևանոցը:
ԱՆԾԱՆՈԹ — Շնորհակալություն… (Փռշտում է:)
Գայանեն գնում է կողքի սենյակ: Անծանոթը հանում է անձրևանոցը, կախում դռան մոտ: Զննում է սենյակը, նստում է բազմոցին: Գայանեն բերում է բարձն ու ծածկոցը, դնում է բազմոցի վրա:
ԳԱՅԱՆԵ — Մեզ մոտ գիշերը ցուրտ է, լավ կծածկվեք:
ԱՆԾԱՆՈԹ — Շնորհակալություն… Ես նույնիսկ չգիտեմ ձեր անունը:
ԳԱՅԱՆԵ — Գայանե:
ԱՆԾԱՆՈԹ — Իսկ իմ անունը, ցավոք, չեմ հիշում:
ԳԱՅԱՆԵ — Կասեք, երբ կհիշեք: Իսկ հիմա քնեք:
ԱՆԾԱՆՈԹ — Շնորհակալ եմ, Գայանե: Ինձ ներեք, որ նեղություն տվեցի ձեզ:
ԳԱՅԱՆԵ — Ոչինչ: Հուսով եմ, հանգիստ կքնեք: Բարի գիշեր:
ԱՆԾԱՆՈԹ — Բարի գիշեր…
Գայանեն գնում է իր սենյակը: Անծանոթը նստած է բազմոցին: Իր սենյակից դուրս է գալիս Սառան:
ՍԱՌԱ — (հանդարտ տոնով): Ե՞րբ եմ մահանալու: Այսօ՞ր… գիտեի, որ կգաս:
ԱՆԾԱՆՈԹ — Սպասո՞ւմ էիր:
ՍԱՌԱ — Իհարկե:
ԱՆԾԱՆՈԹ — Հրաշալի մայր ունես: Ինձ թույլ տվեց մնալ այնքան, մինչև ինչ-որ բան կհիշեմ:
ՍԱՌԱ — Գիտեմ: Իսկ դու գիտե՞ս, թե ինչու այդպես վարվեց:
ԱՆԾԱՆՈԹ — Որովհետև շատ բարի է:
ՍԱՌԱ — Որովհետև շատ միայնակ է: Նա հոգնել է մենակ պայքարելուց: Գոնե հայրս այստեղ լիներ…
ԱՆԾԱՆՈԹ — Իսկ ե՞րբ կգա:
ՍԱՌԱ — Երբ մահանամ: (Նստում է Անծանոթի կողքին, ուշադիր նայում է աչքերի մեջ:) Գիտե՞ս, սարսափելի չես: Բայց երբ քեզ տեսա, վախեցա: Հետո մտածեցի, որ իզուր եմ քեզնից փախչում…
ԱՆԾԱՆՈԹ — Նկատի ունես համակերպվե՞լը մահվան հետ:
ՍԱՌԱ — Իմ դեպքում դա երևի փրկություն է: Ուղղակի… մարդը չի կարող չվախենալ մահից:
ԱՆԾԱՆՈԹ — Իսկ ի՞նչ կլինի, եթե մարդիկ դադարեն մեռնել: Օրինակ` այսօրվանից…
ՍԱՌԱ — (դադարից հետո): Հիշո՞ւմ ես` ինձ հարցրիր, թե ի՞նչ կլինի, եթե չթափվեն տերևները:
ԱՆԾԱՆՈԹ — Հիշում եմ:
ՍԱՌԱ — Պատասխանեմ. այդ դեպքում նոր տերևներ չեն աճի:
ԱՆԾԱՆՈԹ — Ինչո՞ւ:
ՍԱՌԱ — Մեռած տերևը պիտի փտի, ներծծվի հողի մեջ, ծառի արմատների մեջ, որպեսզի նոր տերևներ աճեն: Հասկանո՞ւմ ես…
ԱՆԾԱՆՈԹ — Ըհը՛…
ՍԱՌԱ — Այդպես և մարդիկ: Եթե չմեռնեն, չեն էլ ծնվի: Աշխարհում երեխաներ չեն ծնվի: Աշխարհից կվերանա հրաշքը:
ԱՆԾԱՆՈԹ — Իսկ մարդկանց հետ ի՞նչ կլինի:
ՍԱՌԱ — Երևի սկզբում կուրախանան, կոգևորվեն: Պատկերացնո՞ւմ ես, որքա՜ն բան կարելի է հասցնել՝ սովորել, կարդալ, նոր զբաղմունքներ, նոր մասնագիտություններ….
ԱՆԾԱՆՈԹ — Հետո՞:
ՍԱՌԱ — Հետո… երևի կսկսեն տեղափոխվել այլ երկրներ… Կճանաչեն իրար… բոլո՛րը:
ԱՆԾԱՆՈԹ — Հետո՞:
ՍԱՌԱ — Հետո, մի պահ, իրարից կհոգնեն:
ԱՆԾԱՆՈԹ — Հետո՞:
ՍԱՌԱ — Կձանձրանան…
ԱՆԾԱՆՈԹ — Հետո՞:
ՍԱՌԱ — Կզզվե՛ն:
ԱՆԾԱՆՈԹ — Հետո՞:
ՍԱՌԱ — Էլ ի՞նչ` հետո: Խոսքը հարյուր, հազար, կամ միլիոն տարվա մասին չէ: Հավերժության մասին է: Հավերժ ապրել նույն մարդկանց հետ, ինքդ քեզ հետ… Հաստատ կզզվեն իրենք իրենցից: Կսկսվեն զանգվածային սպանություններ, ինքնասպանություններ….
ԱՆԾԱՆՈԹ — Ի՞նչ սպանություններ մի աշխարհում, որտեղ մահ չկա:
ՍԱՌԱ — Քաոս, կատարյալ դժոխք, խելահեղություն…
ԱՆԾԱՆՈԹ — Իսկ հիվանդությունները կբուժվե՞ն:
ՍԱՌԱ — Չեմ կարծում: Լինել առողջ ու լինել անմահ՝ տարբեր բաներ են: (Գլուխը բռնելով:) Աստվա՜ծ իմ… հավե՜րժ…
ԱՆԾԱՆՈԹ — Ստացվում է` մահն ան-հրաժե՞շտ է:
ՍԱՌԱ — Այո, կյանքի համար մահն անհրաժեշտ է:
ԱՆԾԱՆՈԹ — (տերև է վերցնում, հոտ քաշում): Ի՜նչ հրաշալի է…
ՍԱՌԱ — Մինչդեռ, դիակն այդպես չի բուրում:
ԱՆԾԱՆՈԹ — Իսկապե՞ս…
ՍԱՌԱ — Հե՞շտ է մահացածների հետ գործ ունենալ:
ԱՆԾԱՆՈԹ — Դե, գիտե՞ս… Մարդը մեռնելուց հետո շատ չի փոխվում:
ՍԱՌԱ — Իսկ… այնտեղ լա՞վ է:
ԱՆԾԱՆՈԹ — Նայած` ում համար…
ՍԱՌԱ — (գլուխը կախում է): Երևի մեզ սպասողնե՞ր կան:
ԱՆԾԱՆՈԹ — Այո, դրսում են:
ՍԱՌԱ — Չես վախենո՞ւմ` փախչեն:
ԱՆԾԱՆՈԹ — Ինձնի՞ց: Ո՞ւր…
ՍԱՌԱ — Առավոտյան, երբ արևը ծա-գեց, նայեցի ու զգացի, որ այլևս չեմ տեսնելու նրան, որ դա վերջին անգամն է: Այնքա՜ն գեղեցիկ էր այդ լուսաբացը: Շատ հաճախ եմ բաց աչքով լուսացրել, անթիվ ու անհամար լուսաբաց եմ տեսել, բայց այս մեկն ուրիշ էր: Վերջի՛նը: Ես դա զգում էի… ես գիտեի, որ այսօր… գիշերը… (Անծանոթին.) Հիմա՞…
ԱՆԾԱՆՈԹ — Ժամանակն է… Եթե պատրաստ ես:
ՍԱՌԱ — Եթե պատրաստ չլինեմ, չե՞նք գնալու:
ԱՆԾԱՆՈԹ — Ցանկացած դեպքում գնալու ենք:
ՍԱՌԱ — Ուրեմն, իմաստ չունի սպասելը: (Կտրուկ գնում է դեպի դրսի դուռը:) Գնացինք:
ԱՆԾԱՆՈԹ — (առանց շարժվելու, քիչ զարմացած): Ուզում ես մահանալ դրսո՞ւմ, անձրևի տա՞կ…
ՍԱՌԱ — (կտրուկ շրջվում է: Անծանոթը լուռ է: Սառայի դեմքին հազիվ նշմարվող ժպիտ է հայտնվում): Հասկացա քեզ… Ժամանակ կը-տա՞ս, մայրիկիս հրաժեշտ տամ:
ԱՆԾԱՆՈԹ — Անկասկած:
ՍԱՌԱ — Խղճում եմ նրան:
ԱՆԾԱՆՈԹ — Իսկ նա խղճում էր քեզ:
Սառան մտնում է Գայանեի սենյակը: Անծանոթը մնում է տեղում նստած: Քիչ անց Սառան դուրս է գալիս Գայանեի սենյակից և մտնում է իր սենյակը: Անծանոթը լուռ հետևում է նրան: Սենյակից դուրս է գալիս Սառան:
ՍԱՌԱ — Գնացինք… (Անծանոթը հագնում է անձրևանոցը, գրպանից թղթի կտոր է ընկնում: Նկատելով հատակին ընկած թուղթը:) Քո նոթատետրի էջերի՞ց է:
ԱՆԾԱՆՈԹ — Այո:
ՍԱՌԱ — Այնտեղ գրված է իմ անունն ու հասցե՞ն:
ԱՆԾԱՆՈԹ — Արդեն նշանակություն չունի: (Շարժվում է դեպի դուռը:)
ՍԱՌԱ — Գիտե՞ս, ինձ համար մի հարց մնաց անպատասխան` ո՞վ է ավելի մեղք, մահացո՞ղը, թե՞…
Անծանոթն ու Սառան դուրս են գալիս: Դուռն աղմուկով փակվում է: Դռան ձայնից արթնացած` հյուրասենյակ է մտնում Գայանեն:
ԳԱՅԱՆԵ — (նկատի ունենալով Անծանոթին): Գնա՞ց… (Գնում, դուրս է նայում ու փակում է դուռը:) Տարօրինակ են հիշողությունը կորցրած մարդիկ… (Նկատում է հատակին ընկած թուղթը: Վերցնում է, կարդում:) Սառա՞… (Նետվում է Սառայի սենյակը: Լսվում են ողբաձայն հեծկլտոցները:) Սառա՜, աղջի՜կս… Սառա՜… սիրելի՜ս…