Արամ ԱՐՍԵՆՅԱՆ / ՄԱՏՈՒՑՈՂՆԵՐԻ ԴՊՐՈՑԸ

ըստ Վիլյամ Սարոյանի, եթե նա ապրեր մերօրյա Երևանում

ՈՒՍՈՒՑԻՉ — Ո՞վ է հիշում, ո՞րն է այսօրվա պարապմունքի թեման:
Ա ԱՇԱԿԵՐՏ — Անցյալ դասին ասացիք, որ այսօր զրուցելու ենք ճիշտ մատուցելու մասին:
ՈՒՍՈՒՑԻՉ — Ճի՛շտ է: Իսկ ի՞նչ է նշանակում «ճիշտ մատուցել»:
Ա ԱՇԱԿԵՐՏ — Մատուցել այն, ինչ պատվիրել է հաճախորդը:
ՈՒՍՈՒՑԻՉ — Ուրիշ ի՞նչ է նշանակում «ճիշտ մատուցել»:
Բ ԱՇԱԿԵՐՏ — Չխախտել ճաշատեսակների հերթականությունը:
ՈՒՍՈՒՑԻՉ — Ո՞վ կարող է այլ բան ավելացնել:
Գ ԱՇԱԿԵՐՏ — Քաղաքավարի, բարեհամբույր և ժպտադեմ լինել:
ՈՒՍՈՒՑԻՉ — Ուրի՞շ:
Դ ԱՇԱԿԵՐՏ — Ճիշտ մատուցել` նշանակում է արագ մատուցել:
ՈՒՍՈՒՑԻՉ — Այո՛, դա է ամենագլխավորը: Իսկ ի՞նչը պետք է արագ մատուցել:
Բ ԱՇԱԿԵՐՏ — Ուտելիքը:
ՈՒՍՈՒՑԻՉ — Ավելի՞ ստույգ:
Գ ԱՇԱԿԵՐՏ — Տաք ուտելիքը:
ՈՒՍՈՒՑԻՉ — Ավելի՞ ստույգ:
Ա ԱՇԱԿԵՐՏ — Նախուտեստը:
ՈՒՍՈՒՑԻՉ — Ո՞վ կարող է ավելի ճիշտ պատասխան տալ:
Դ ԱՇԱԿԵՐՏ — Սառը ըմպելիքը:
ՈՒՍՈՒՑԻՉ — Ո՞ր սառը ըմպելիքը:
Ա ԱՇԱԿԵՐՏ — Հանքային ջրերը և անուշահամ խմիչքները:
ՈՒՍՈՒՑԻՉ — Ավելի ստո՞ւյգ:
Գ ԱՇԱԿԵՐՏ — «Ջերմուկ», «Բժնի», «Կոկա», «Պեպսի»:
ՈՒՍՈՒՑԻՉ — Ո՛չ, մենք «Կոկա» և «Բժնի» չենք մատուցում, որովհետև պայմանագիր ունենք միայն «Ջերմուկի» և «Պեպսիի» հետ:
Բ ԱՇԱԿԵՐՏ — Իսկ եթե հաճախորդը դա՞ է ցանկանում:
ՈՒՍՈՒՑԻՉ — Ժպտալով պատասխանում եք, որ հենց նոր սպառվել է: Ամեն դեպքում, ձեր պատասխանը ճիշտ չէր, քանի որ, այսպես թե այնպես, զովացուցիչներ բոլորն են խմում և մեծ քանակությամբ, և ուզենք թե չուզենք, դրանք ավելի ու ավելի հաճախ ենք մատուցելու: Ուրեմն, ի՞նչն ենք արագ մատուցում:
Դ ԱՇԱԿԵՐՏ — Սուրճն ու թեյը:
ՈՒՍՈՒՑԻՉ — Երբե՛ք:
Ա ԱՇԱԿԵՐՏ — Ինչո՞ւ:
ՈՒՍՈՒՑԻՉ — Որովհետև սուրճի և թեյի մեկ գավաթը զովացուցիչ ըմպելիքի մեկ շշից թանկ ենք հաշվում:
Գ ԱՇԱԿԵՐՏ — Ավելի լավ, արագ կմատուցենք, որպեսզի վճարվելիք հաշիվը մեծ լինի:
ՈՒՍՈՒՑԻՉ — Ընդհակառակը: Ո՞վ կարող է ասել` ինչո՞ւ:
Բ ԱՇԱԿԵՐՏ — Եթե դանդաղ մատուցենք, հաճախորդների մի մասը չի խմի, և դա մեզ օգուտ կլինի:
ՈՒՍՈՒՑԻՉ — Ո՞րն է մեր օգուտը:
Դ ԱՇԱԿԵՐՏ — Նորից կտաքացնենք և ուրիշներին կմատուցենք:
ՈՒՍՈՒՑԻՉ — Սխալ է, որովհետև թեյի և լուծվող սուրճի դեպքում դա ան­հնար է: Ուրեմն, ի՞նչն ենք արագ մատուցում:
Ա ԱՇԱԿԵՐՏ — Սառը խորտիկները:
ՈՒՍՈՒՑԻՉ — Ինչո՞ւ:
Ա ԱՇԱԿԵՐՏ — Որպեսզի արագ ուտեն-հագենան և տաք խորտիկները մեզ մնան:
ՈՒՍՈՒՑԻՉ — Սխալ է, որովհետև այսօր մեր հաճախորդները որքան էլ կուշտ լինեն, տաք խորտիկները մինչև վերջին կտորն ուտում են:
Բ ԱՇԱԿԵՐՏ — Մնաց միայն խմիչքը:
ՈՒՍՈՒՑԻՉ — Վերջապե՛ս: Ճի՛շտ է: Եվ ինչո՞ւ ենք ոգելից խմիչքն արագ մատուցում:
Գ ԱՇԱԿԵՐՏ — Որպեսզի արագ խմեն:
ՈՒՍՈՒՑԻՉ — Իսկ արագ խմելու համար դուք ի՞նչ պետք է անեք:
Ա ԱՇԱԿԵՐՏ — Բաժակներն արագ լցնենք:
ՈՒՍՈՒՑԻՉ — Եվ` մինչև պռունկը:
Բ ԱՇԱԿԵՐՏ — Եվ` անընդհատ:
ՈՒՍՈՒՑԻՉ — Եվ` առանց հաճախորդին հարցնելու:
Գ ԱՇԱԿԵՐՏ — Իսկ եթե առարկե՞ն:
ՈՒՍՈՒՑԻՉ — Ո՞վ կարող է ասել, այդ դեպքում ի՞նչ եք անելու:
Ա ԱՇԱԿԵՐՏ — Քաղաքավարի ժպտալու ենք և գլխով ենք անելու:
ՈՒՍՈՒՑԻՉ — Ուրի՞շ ինչ եք անելու:
Բ ԱՇԱԿԵՐՏ — Հաջորդ պահին նորից ենք բաժակը լիքը լցնելու:
ՈՒՍՈՒՑԻՉ — Հրաշալի է: Իսկ մեզ ի՞նչ օգուտ, որ նրանք արագ խմեն:
Դ ԱՇԱԿԵՐՏ — Արագ կհարբեն:
ՈՒՍՈՒՑԻՉ — Եթե արագ հարբեն…
Ա ԱՇԱԿԵՐՏ — Էլի կուզեն խմել:
ՈՒՍՈՒՑԻՉ — Այո՛: Մեր փողը հիմնականում խմիչքից է: Ուրեմն, եթե արագ հարբեն…
Գ ԱՇԱԿԵՐՏ — Վերջում կմոռանան, թե որքան են խմել:
ՈՒՍՈՒՑԻՉ — Է՞լ ինչ կմոռանան:
Բ ԱՇԱԿԵՐՏ — Թե իրենց պատվիրած խորտիկներից քանի՞սն ենք բերել և ի՞նչ քանակությամբ:
ՈՒՍՈՒՑԻՉ — Արդեն ընկալում եք:
Դ ԱՇԱԿԵՐՏ — Թեյն ու սուրճն էլ կմոռանան:
Ա ԱՇԱԿԵՐՏ — Զովացուցիչների քանակն էլ:
Գ ԱՇԱԿԵՐՏ — Տաք խորտիկներն էլ կմոռանան ուտել:
ՈՒՍՈՒՑԻՉ — Ապրե՛ք: Իսկ դուք ի՞նչ չեք մոռանա:
Ա, Բ, Գ, Դ ԱՇԱԿԵՐՏՆԵՐ — (միասին): Էդ ամենը, դեռ մի բան էլ ավելի գրել հաշվի մեջ:
ՈՒՍՈՒՑԻՉ — Հոյակա՛պ է: Հաջորդ պարապմունքի թեման նախուտեստն է: Ցտեսությո՛ւն:

Կարդացեք նաև