Նադեժդա ՊՏՈՒՇԿԻՆԱ / ԱՆՆՈՐՄԱԼԸ

 

Պիես մեկ գործողությամբ

Գործող անձինք
ԿԻՆ – հոգնած, սովորական արտաքինով,
քառասնամյա, կիրթ շարժուձևով
ՏՂԱՄԱՐԴ — երիտասարդ, գեղեցիկ, երեսնամյա, էլեգանտ

ԱՌԱՋԻՆ ՄԱՍ

Միջանցիկ բակ, կամ, ավելի ճիշտ, տարածություն: Հետնամասից, կողապատի ճակատին` գովազդային վահանակ. «Միայն «Այծեղջյուրում» կխմեք ամենաբարձրորակ սուրճը: Ամենացածր գները միայն «Այծեջյուրում» են»: Աջից գազոն` դեղին փայտե պատաշարի մեջ: Գազոնի մեջ` նույնաբովանդակ գովազդային վահանակ: Շենքի ճակատամասի և գազոնի միջև ասֆալտապատ ճանապարհ է: Շրջադարձի վերջում` առևտրական կրպակ: Հեռվում` մետրոյի նշանը` Մ տառով:
ԿԻՆԸ կանգնած է գազոնի վրա, այն տպավորությունն է, թե կամ թաքնվում է վահանակի հետևում, կամ ուզում է աննկատ մնալ: ՏՂԱՄԱՐԴԸ դուրս է գալիս շենքի հետնամասից, գնում է դեպի կրպակը:
ԿԻՆԸ լարված հետևում է նրան, նյարդայնանում է:
ՏՂԱՄԱՐԴ — (կրպակի պատուհանից ներս նայելով): Մալբորո լայթս: (Գրպանն է խցկում մի տուփ ծխախոտ, վերադառնում:)
ԿԻՆ — (անսպասելի, փոքր-ինչ հուսահատ նետվում է Տղամարդուն ընդառաջ): Ներեցեք, կարելի՞ է դիմել ձեզ… մեկ րոպեով:
ՏՂԱՄԱՐԴ — (կտրուկ շրջվում է դեպի կինը, ագրեսիվ): Ի՞նչ է պատահել:
ԿԻՆ — (ծանր շնչելով): Ես միայն ուզում էի հարցնել…
ՏՂԱՄԱՐԴ — (ոչ ագրեսիվ, բայց խիստ զբաղված մարդու տոնով): Լսում եմ:
ԿԻՆ — Ինչպե՞ս կարող եմ գնալ երի-տասարդական նորաձևության տուն:
ՏՂԱՄԱՐԴ — (անտարբեր, բայց հար-գանքով): Երիտասարդական նո-րաձևության տո՞ւն: Դա առանձ- նատո՞ւնն է: Մի տեսակ դեղին գույնի, զիզիբիզի զարդերով:
ԿԻՆ — Այո, կարծես թե…
ՏՂԱՄԱՐԴ — Գնացեք մինչև երրորդ լուսանցույցը, հետո` աջ: Գնացեք մինչև փողոցի վերջը: Խաչմերուկից` ձախ, ու, կարծեմ, երկրորդ թե երրորդ տունն է, ոնց որ թե աջ կողմում, մի քիչ խորքում… Պա՞րզ է:
ԿԻՆ — Շնորհակալություն:
ՏՂԱՄԱՐԴ — Ուրեմն, երրորդ լուսանցույցն ու դեպի ձախ, երկրորդից դեպի աջ, մինչև վերջ, ձախ, հետո էլ` աջ: Երրորդն է, թե՞ չորրորդը… Տեղում կկողմնորոշվեք: Կհիշե՞ք:
ԿԻՆ — Շնորհակալություն:
ՏՂԱՄԱՐԴ — Օ քեյ:
ԿԻՆ — Իսկ քաղաքային տրանսպորտով ինչպե՞ս կարելի է…
ՏՂԱՄԱՐԴ — Չգիտեմ: (Ժպտում է:) Ներեցեք, չգիտեմ: Երբեք դրանցով չեմ երթևեկում:
ԿԻՆ — Իսկ ոտքո՞վ:
ՏՂԱՄԱՐԴ — Իսկ ոտքով, կարծում եմ, էլի այդպես, միայն թե պետք է մայթով գնալ: Օ քե՞յ: (Ուզում է հեռանալ:)
ԿԻՆ — (վճռական): Ներեցեք:
ՏՂԱՄԱՐԴ — (չոր): Էլ ի՞նչ:
ԿԻՆ — Հիմա ոչ տրանսպորտով, ոչ էլ ոտքով այնտեղ չեմ գնա: Մեկ ուրիշ անգամ:
ՏՂԱՄԱՐԴ — (գնալով): Դա ձեր պրոբլեմն է: Կներեք:
ԿԻՆ — (շտապ): Մեկ րոպե: Միայն մեկ րոպե: Ես ձեզ ուզում էի ինչ-որ բան ասել, ավելի ճիշտ` առաջարկել… Չէ, ավելի ստույգ` խնդրել… Գուցե և համաձայնության գանք: Այսինքն, որ մեզ կհաջողվի… Հանկարծ ու ձեզ հետաքրքրի…
ՏՂԱՄԱՐԴ — (շատ չոր): Կարճ ասեք, խնդրում եմ: Եվ կոնկրետ:
ԿԻՆ — Գուցե մի կո՞ղմ քաշվենք: Այս-տեղ այնքան մարդ է լինում…
ՏՂԱՄԱՐԴ — (չի շարժվում): Ես նրանցից գաղտնիք չունեմ:
ԿԻՆ — Գիտեք, ես ունեմ գաղտնիք:
ՏՂԱՄԱՐԴ — Դա ձեր պրոբլեմն է: Իսկ ես շտապում եմ, ընդամենը ծխախոտի համար էի դուրս եկել: Ինձ սպասում են:
ԿԻՆ — Խնդրում եմ, միայն մեկ րոպե: Ախր, չգիտեք, թե ինչ նկատի ունեմ… բայց կանխակալ վերաբերմունք եք դրսևորում: Այն, ինչ պիտի ասեմ, գուցե ձեզ էլ կհետաքրքրի:
ՏՂԱՄԱՐԴ — Ինձ չի հետաքրքրում այն, ինչը դուք եք ուզում: (Հեռանում է:)
ԿԻՆ — (բռնում է նրա թևքից, հուսահատ): Ձեզ ուզում եմ առաջարկել… փող աշխատել:
ՏՂԱՄԱՐԴ — Մասնավոր անձանցից ապրանք չեմ ընդունում: (Ազատում է թևքը:) Ներեցեք:
ԿԻՆ — Ինձ ճիշտ չհասկացաք: Ես խնդրում եմ ինձ օգնել ու դրա դիմաց փող վաստակել:
ՏՂԱՄԱՐԴ — Ինչքա՞ն:
ԿԻՆ — Հարյուր դոլար:
ՏՂԱՄԱՐԴ — Հասկանալի է… (Կինը բռնում է նրա թևքից:) Բաց թողեք, խնդրում եմ, թևքս:
ԿԻՆ — Ներեցեք, ակամա ստացվեց:
ՏՂԱՄԱՐԴ — Ցտեսություն:
ԿԻՆ — Ոչ: (Դարձյալ բռնում է թևքից:)
ՏՂԱՄԱՐԴ — (բորբոքված): Ինչ է, աննորմա՞լ եք:
ԿԻՆ — Դուք նույնիսկ չգիտեք, թե ինչով եմ առաջարկում վաստակել: Ձեզ համար դա չնչին բան է: Ընդամենը հինգ րոպե, բնավ չհոգնեցնող սովորական աշխատանքի համար:
ՏՂԱՄԱՐԴ — Հինգ րոպե՞: Եվ հարյուր բա՞քս: Սովորական աշխատա՞նք: Խոսեք: Բայց կարճ: Ու մեկընդմիշտ բաց թողեք թևքս:
ԿԻՆ — Կներեք:
ՏՂԱՄԱՐԴ — Ի՞նչ ծառայություն է ձեզ պետք:
ԿԻՆ — Դա իմ տանն է… այստեղից հինգ րոպեի ճանապարհ է: (Դադար:) Դե, ասենք, յոթ… Տասը րոպեից ոչ շատ… Այո: Տասը րոպեն ձեզ լրիվ բավական է: Հինգ րոպե էլ` վերադառնալու համար…
ՏՂԱՄԱՐԴ — Ընդամենը` քսան րոպե: Եվ, այնուհանդերձ, ի՞նչ ծառա- յություն է:
ԿԻՆ — Դատարկ բան… ծորակի հետ կապված: Տեղում կբացատրեմ: Եկեք ժամանակ չկորցնենք:
ՏՂԱՄԱՐԴ — Ծորակի՞… Ինչպե՞ս որոշեցիք, որ դա ինձ համար սովորական գործ է: Փականագործի նմա՞ն եմ:
ԿԻՆ — Չէ, նման չեք:
ՏՂԱՄԱՐԴ — Ուրեմն, փականագործի դիմեք: Ի դեպս, էժան կնստի: Ես վերջերս էի կանչել: Ընդամենը տասը դոլար վերցրեց:
ԿԻՆ — Չէ, չէ: Փականագործը բացառվում է: Դրանք կամ շատ ծեր են, կամ էլ` հարբեցող… Ես ձեզ եմ խնդրում:
ՏՂԱՄԱՐԴ — Շատ լավ: Ահա իմ օֆիսը: Սպասեք: Հիմա իմ փականագործին կուղարկեմ:
ԿԻՆ — Ես կուզենայի, որ դա անձամբ դուք անեիք:
ՏՂԱՄԱՐԴ — Գիտե՞ք, ինձ շատ եք պարտավորեցնում: Դեռ ոչ ոք փողոցում չի բռնել իմ թևքից ու պահանջել, որ անհապաղ վերանո- րոգեմ իր ծորակը: Հավատացնում եմ ձեզ, դուք շփոթության մեջ եք:
ԿԻՆ — Դուք ինձ հավատ եք ներշնչում:
ՏՂԱՄԱՐԴ — Շատ շնորհակալ եմ: Շատ վաղուց դա չեմ կարողանում անել:
ԿԻՆ — Վստահեցնում եմ ձեզ, որ բոլոր նորմալ տղամարդիկ այդ բանը կարողանում են:
ՏՂԱՄԱՐԴ — Առաջ կարողանում էի: Հիմա հեռու եմ դրանից: Գուցե ես աննորմալ եմ: Օ քե՞յ: Դե ինչ, կսպասե՞ք: Ուղարկե՞մ փականագործին:
ԿԻՆ — Ոչ, ես դա չեմ կարող վստահել մեկին, ում չեմ ճանաչում:
ՏՂԱՄԱՐԴ — Ի՞նչը չեք կարող վստահել: Ծորա՞կը: Այդ դեպքում ոչնչով չեմ կարող օգնել: Ներեցեք, ես բանակցություններ ունեմ: Ինձ ուշացնում եք, դուք էլ ժամանակ եք վատնում:
ԿԻՆ — Գիտեք, միայն ծորակի հարցը չէ: Ոչ թե փականագործ է պետք… Դուք անընդհատ խույս եք տալիս: Մի՞թե դժվար է լսելը: Ես հուզվում եմ: Ու եթե ճիշտն ասեմ, ծորակն այստեղ առհասարակ կապ չունի: Փականագործ էլ պետք չի: Միայն դուք եք պետք: Եվ ուրիշ ոչ ոք: Ես գիտեմ` ինչ եմ ասում:
ՏՂԱՄԱՐԴ — Փոխարենը` ես չգիտեմ:
ԿԻՆ — Բանն այն է, որ ռուսական հարուստ լեզվում չկա համապատասխան բառը… Անգլերեն խոսո՞ւմ եք:
ՏՂԱՄԱՐԴ — Անգլերե՞ն: Դուք իսկապե՞ս աննորմալ եք:
ԿԻՆ — Ոչ: Անգամ` հակառակը: Ես բժիշկ եմ:
ՏՂԱՄԱՐԴ — Ի՞նչ չեք կարող ռուսերե-նով ասել: Ինձնից ի՞նչ եք ուզում:
Դադար:
ԿԻՆ — Անկեղծ ասած… ես ուզում եմ… որ դուք ինձ հետ… պառկեք…
ՏՂԱՄԱՐԴ — Ու վե՞րջ:
ԿԻՆ — Այո: Մեկ անգամ:
ՏՂԱՄԱՐԴ — Հարյուր դոլարո՞վ:
ԿԻՆ — Այո:
ՏՂԱՄԱՐԴ — Մեկ անգա՞մ:
ԿԻՆ — Այո, ինձ թվում է, երկրորդ անգամի կարիքը չի լինի:
ՏՂԱՄԱՐԴ — Իսկ եթե…
ԿԻՆ — Դե, իսկ եթե… առաջին անգամ չստացվի… Ձեզ կդիմեմ երկրորդ անգամ:
ՏՂԱՄԱՐԴ — Ու էլի՞ հարյուր դոլար:
ԿԻՆ — Իհարկե: Հասկանում եմ, ձեզ համար անսովոր առաջարկություն է:
ՏՂԱՄԱՐԴ — Անսովո՞ր: Ի՞նձ համար: Վիրավորում եք: Հարյուր դոլար հինգ րոպեի համար… Շատ գայթակղիչ է: Գուցե ազատվե՞մ աշխատանքից և ընդհանրապես դրանո՞վ զբաղվեմ: Հարյուր բաքս:
ԿԻՆ — Իսկ ինչո՞ւ պիտի անվճար անեք: Ինձ ընդհանրապես չեք ճանաչում: Դա ինձ է պետք, և ոչ թե ձեզ: Ես տեղեկանք էլ ունեմ, որ առողջ եմ:
ՏՂԱՄԱՐԴ — Իսկ հանուն ինչի՞ դա պիտի անեմ հարյուր դոլարով: Այդպիսինի տպավորությո՞ւն եմ թողնում:
ԿԻՆ — Ոչ մի դեպքում: Դուք կարգին մարդու տպավորություն եք թողնում:
ՏՂԱՄԱՐԴ — Դրա համար էլ ի՞նձ ընտրեցիք:
ԿԻՆ — Դա ինձ շատ է պետք:
ՏՂԱՄԱՐԴ — Գնացեք «Կոսմոս» հյուրանոց:
ԿԻՆ — Ինձ ո՞ւմ տեղն եք դրել: (Դա-դար: Տղամարդը սուլելով` նայում է նրան: Կինն անսպասելի նրա առջև ծնկի է գալիս:) Աղաչում եմ, ինչ ուզում եք` մտածեք իմ մասին, միայն թե կատարեք խնդրանքս:
ՏՂԱՄԱՐԴ — Անհապաղ ոտքի ելեք: (Կինը կանգնում է:) Կատարե՞մ ձեր խնդրանքը: Ինչպե՞ս եք դա պատկերացնում: Լավ, այդպես էլ է պատահում… կլիմաքս, նման բաներ: Այստեղ սպասեք: Կառաջարկեմ իմ տղաներին: Հիսուն դոլարից ավելի չտաք:
ԿԻՆ — Դուք ինձ չհասկացաք: Ինձ միայն դուք եք պետք: Աշխարհում միայն` դուք: Երկու հարյուր դոլար կվճարեմ:
ՏՂԱՄԱՐԴ — Սակարկո՞ւմ եք: Ես ձեզ կտամ հարյուր դոլար, միայն պոկ եկեք ինձնից: Ավելի ճիշտ է` մի լավ բժշկի վճարեք: Ձեզ բժիշկ է պետք:
ԿԻՆ — Ինչո՞ւ եք ինձ ստորացնում: Դուք չհասկացաք: Դա շատ կա-րևոր է ինձ համար: Եվ շտապ: Եվ ինձ հենց դուք եք պետք: (Արտասվալից:) Ինչ է, առաջարկս այդքան արտառո՞ց է:
ՏՂԱՄԱՐԴ — Ես չեմ պառկում` ում հետ պատահի: Ես ամուսնացած եմ, երեխա ունեմ:
ԿԻՆ — Գիտեմ: Տեսել եմ: Աղջիկ ունեք: Ինձ շատ դուր է գալիս ձեր աղջիկը: Թմբլիկ բալիկ է: Դեմքի գույնը հրաշալի է: Փափուկ մազեր ունի, գեղեցիկ դիմագծեր: Նա ձեզ է քաշել:
ՏՂԱՄԱՐԴ — Շնորհակալություն:
ԿԻՆ — Բայց կամակոր է: Չնայած, դա դաստիարակությունից է ու ինձ չի վերաբերում: Ես իմ երեխային ճիշտ կդաստիարակեմ: Իսկ եթե գեներն են, ուրեմն դրանք ոչ թե ձեր, այլ ձեր կնոջ գեներն են: Դուք հավասարակշռված եք: Այն էլ` շատ: Իսկ ձեր կնոջ տեսքը շատ նյարդային է: Այո, ձեր աղջիկը ամեն լավ բան ժառանգել է ձեզնից: Թերությունները` ձեր կնոջից:
ՏՂԱՄԱՐԴ — Շատ շնորհակալ եմ: Է՞լ ինչ գիտեք իմ մասին:
ԿԻՆ — Միայն այն, ինչն ինձ է պետք: Դուք մաքրակենցաղ եք, ալկոհոլ չեք խմում… Եվ գլխավորը` շատ գեղեցիկ եք: Միայն վատ է, որ ծխում եք: Բայց քիչ եք ծխում: Փոխարենը գեղեցիկ եք: Եվ հմայիչ: Ու տարիքն էլ շատ հարմար է:
ՏՂԱՄԱՐԴ — Գիտեք, ձեր վիճակի համար դուք չափազանց պահանջկոտ եք:
ԿԻՆ — Այլ կերպ չեմ կարող: Ես դրան շատ լուրջ եմ վերաբերում ու հիմնավորապես եմ նախապատրաստվել:
ՏՂԱՄԱՐԴ — Բայց ընտրությունն անհաջող է: Ես արկածներ չեմ որոնում:
ԿԻՆ — Ճիշտ չէ: Միայն վերջին երկու շաբաթվա ընթացքում դուք հինգ արկած եք ունեցել: Մեկն օտարերկրացի էր, դուք նրա հետ անգլերեն էիք խոսում, երեք շատ երիտասարդ հայրենակցուհիներ, իսկ հինգերորդը իմ հասակակիցն էր:
ՏՂԱՄԱՐԴ — Ձեզ հետ հետաքրքիր է շփվելը: Վերջապե՛ս տեղ հասավ. դուք շանտաժ եք անում:
ԿԻՆ — Ես պարզապես ուզում եմ ձեզ հետ պառկել: Եվ ուրիշ ոչինչ: Երկու հարյուր դոլար եմ առաջարկում:
ՏՂԱՄԱՐԴ — Երկու հարյուր դոլար բուլդոգիս ման տալու համար է:
ԿԻՆ — Բայց նա, որքան գիտեմ, ազնվացեղ է: Երկու հարյուր հիսուն, ունեցածս այդքանն է:
ՏՂԱՄԱՐԴ — Այս գործում պետք չէ տնտեսել: Խնդրեմ, վերցրեք ինձնից հարյուր դոլար և առաջարկեք երեք հարյուր հիսուն: Ձեր հնարավորությունը կմեծանա: Ես փորձագետ չեմ, բայց, չգիտեմ ինչու, ինձ այդպես է թվում:
ԿԻՆ — Շնորհակալություն, կվերցնեմ: Տվեք: Տվեք ձեր հարյուր դոլարը:
ՏՂԱՄԱՐԴ — (տալիս է հարյուր դոլար): Շնորհակալություն չհայտնեք:
ԿԻՆ — Առաջարկում եմ երեք հարյուր հիսուն դոլար: Ես սակագներին ծանոթ չեմ:
ՏՂԱՄԱՐԴ — Իսկ հավատացնում էիք, թե հիմնավորապես եք պատրաստվել:
ԿԻՆ — Ձեր փոխարեն ես կհամաձայն­վեի:
ՏՂԱՄԱՐԴ — Իսկ ես պիտի սակարկեմ: Իմ ժամանակի տասնհինգ րոպեն, աշխատանքայի՛ն րոպեն, արժե հազար դոլար:
ԿԻՆ — Ես այդքան փող չունեմ:
ՏՂԱՄԱՐԴ — Զիջումների չեմ գնա:
ԿԻՆ — Բայց դա չափազանց շատ է:
ՏՂԱՄԱՐԴ — Նշանակում է, դուք տեղյակ եք գների մասին:
ԿԻՆ — Լավ, հանձնվում եմ: Դուք հաղթեցիք: Համաձայն եմ: Կգտնեմ հազար դոլար: Աշխատանքային օրվա վերջին ձեզ մոտ` օֆիս կգամ: Սպասեք ինձ: (Ուզում է գնալ:)
ՏՂԱՄԱՐԴ — Սպասեք: (Բռնում է նրա թևից:) Կարո՞ղ եք մի հասարակ բան հասկանալ: Ձեր տարիքում պիտի այդ բանն իմանաք: Ես չեմ կարող կատարել ձեր խնդրանքը:
ԿԻՆ — Ինչո՞ւ:
ՏՂԱՄԱՐԴ — Ձեզ չեմ ուզում: Որպես կին ինձ դուր չեք գալիս, չեք հրապուրում: Սեքսուալ առումով ինձ դուր չեք գալիս: Ձեր հորինած պատմություններն էլ ինձ մոտ չեն անցնի:
ԿԻՆ — Դուք էլ ինձ դուր չեք գալիս: Ես էլ ձեզ չեմ ուզում: Բայց ես չեմ կարող առանց ձեզ: Եթե կարողանայի… Դե, ի՞նչ կլինի, եթե ինձ հետ պառկեք: Չէ՞ որ պառկում եք` ում հետ պատահի, ոչ մեկին չեք մերժում: Մի ամիս է` ձեզ եմ հետևում: Մի երեք շաբաթ առաջ, այ, այստեղ, դուք կատակում էիք մի ջահել շիկահերի հետ: Գեղեցիկ աղջիկ էր, երկար հյուսքով: Նույն օրն էլ, աշխատանքային օրվա ավար-տին, նա ձեզ մոտ եկավ: Այստեղ էլ սպասում էր: Դուրս եկաք, հրավիրեցիք օֆիս: Նրա հետ շփվելու, հետո էլ գայթակղելու համար ծախսեցիք երեսուն րոպե: Եվ անգամ չառաջարկեցիք ուղեկցել: Ես լսեցի. կանգնած էիք ձեր մեքենայի մոտ: Քննարկում էիք, թե ճանապարհին որտեղ իջեցնեք նրան: Մյուս օրը, էլի աշխատանքի ա­վարտին, նա եկավ: Վարդերի ահռելի փնջով: Դուք բարեհամբույր դիմավորեցիք նրան: Դուք շուտ ըմբռնող ու հավատարիմ աշխատակիցներ ունեք, մինչև ուշ գիշեր նրանք պրեֆերանս էին խաղում: Իսկ նա սպասում էր: Ու բոլորն էլ նրա հետ շատ սիրալիր էին: Ձեր աշխատակիցների հետ միաժամանակ լքեցիք օֆիսն ու իսկի էլ չառաջարկեցիք նրան տուն ուղեկցել: Ու նա գալիս էր էլի ու էլի, ոտքից գլուխ թաղվել էր զգացմունքների մեջ: Այդ աղջիկն իսկապես տառապում էր: Ցավում էի նրան տեսնելիս: Իսկ դուք սկսեցիք զայրանալ: Վերջապես բացատըրվեցիք ու նա այլևս չեկավ: Մեկ օր անց նույն այս տեղում դարպասեցիք չափից ավելի վուլգար տեսքով մեկին: Ձեր փոխարեն ես էի անհարմար զգում: Նա սպասում էր փողոցում: Դուք սովորականից շուտ բաց թողեցիք աշխատակիցներին ու դրան ներս տարաք: Երբ յոթ րոպե անց երկուսով դուրս եկաք օֆիսից, արտակարգ բարձր տրամադրություն ունեիք: Շատ բարեհամբույր բաժանվեցիք, ու նա այլևս չերևաց: Իսկ ահա արտասահմանցու վրա երեք ժամ ծախսեցիք: Իմ կարծիքով, դա ստորաքարշություն էր:
ՏՂԱՄԱՐԴ — Ինչո՞ւ եք ինձ հետևում:
ԿԻՆ — Դուք երիտասարդ, գեղեցիկ կին ունեք: Բայց քնում եք` ում հետ պատահի: Անվճար: Ինչո՞ւ չեք կարող ինձ հետ էլ պառկել: Մանավանդ, երեք հարյուր հիսուն դոլարով:
ՏՂԱՄԱՐԴ — Ես կանանցից փող չեմ վերցնում:
ԿԻՆ — Իսկ ինչո՞ւ եք ինձանից շորթում:
ՏՂԱՄԱՐԴ — Ե՞ս: Շորթո՞ւմ եմ: Դուք եք ինձ կպել:
ԿԻՆ — Բայց երկու օր առաջ այն շեկլիկն է՞լ էր ձեզ կպել: Նա պարզապես քցվում էր ձեր վրա, անգամ պատուհանը չհասցրիք փակել: Ու չէիք դիմադրում: Ես տեսա:
ՏՂԱՄԱՐԴ — Դուք սեքսուալ մոլագար եք: Այս վահանակի մոտից հետևում եք զոհին ու հարձակվում:
ԿԻՆ — Ինձ անհրաժեշտ էր ուսումնասիրել ձեզ:
ՏՂԱՄԱՐԴ — Ինչի՞ համար:
ԿԻՆ — Ինձ հարկավոր է պառկել ձեզ հետ:
ՏՂԱՄԱՐԴ — Ինչո՞ւ: Ես սեռական գիգանտ չեմ, ինձ կարելի է փոխարինել: Նույնիսկ պե՛տք է փոխարինել:
ԿԻՆ — Միայն դո՛ւք:
ՏՂԱՄԱՐԴ — Ինչո՞ւ: Ինչ-որ մեկի հետ գրա՞զ եք եկել:
ԿԻՆ — Ինձ ո՞ւմ տեղն եք դրել:
ՏՂԱՄԱՐԴ — Օ քեյ: Ես չեմ համարձակվի բարձրաձայն ասել, թե ում տեղն եմ ձեզ դրել: Դուք այդքան լո՞ւրջ եք տառապում սեքսուալ անբավարարվածությամբ: Այդ դեպքում ձեզ հարմար չեմ, ես իմ հնարավորությունները գիտեմ:
ԿԻՆ — Այս ընթացքում անընդհատ վիրավորում եք և գռեհկություններ ասում: Ինչո՞ւ:
ՏՂԱՄԱՐԴ — Դե, դու էլ… (Արագ հեռանում է:)
ԿԻՆ — (նրա հետևից): Ձեր տան հեռախոսը` 200 2113: Ձեր կնոջ անունը Լենա է: Ես հիմա կզանգեմ նրան, գիտեմ, որ տանն է, նա չի աշխատում: Հո մի ամսվա դիտումներս զուր չե՞ն կորչելու:
ՏՂԱՄԱՐԴ — Դուք զզվելի շանտաժիստ եք: Սիրտս խառնում է ձեզնից:
ԿԻՆ — Ասեք` ինչ ուզում եք:
ՏՂԱՄԱՐԴ — Ձեզ ինչքա՞ն է պետք:
ԿԻՆ — Մի անգամ: Ծայրահեղ դեպքում` երկու: Երկրորդ անգամի դեպքում` միայն մեկ ամիս հետո: Բայց դա ցանկալի չէ:
ՏՂԱՄԱՐԴ — Իսկ կարելի՞ է` փողով:
ԿԻՆ — Ոչ:
ՏՂԱՄԱՐԴ — Հինգ հարյուր դոլար: Հաշված նաև այն հարյուրը, որն արդեն տվել եմ:
ԿԻՆ — Ոչ:
ՏՂԱՄԱՐԴ — Լավ, առանց այդ հարյուրի:
ԿԻՆ — Ոչ:
ՏՂԱՄԱՐԴ — Հինգ հարյուր հիսուն:
ԿԻՆ — Ոչ:
ՏՂԱՄԱՐԴ — Յոթ հարյուր:
ԿԻՆ — Ոչ:
ՏՂԱՄԱՐԴ — Հազար դոլար:
ԿԻՆ — Ոչ:
ՏՂԱՄԱՐԴ — Քանի՞ տարեկան եք:
ԿԻՆ — Քառասուն…մեկ…
ՏՂԱՄԱՐԴ — Վերցրեք փողը:
ԿԻՆ — Ոչ:
ՏՂԱՄԱՐԴ — Ես ձեզ չեմ ուզում:
ԿԻՆ — Մեկ ամգամ: Ու ձեզ կմոռանամ:
ՏՂԱՄԱՐԴ — Կմոռանա՞ք: Ես չեմ կարող նման ռիսկի դիմել:
ԿԻՆ — Բայց ինչո՞ւ: Ինչո՞ւ պատրաստ եք վճարել հազար դոլար, միայն թե չպառկեք ինձ հետ: Այդքան սարսափելի՞ եմ: Չէ՞ որ ձեր պատճառով կարող եմ կորցնել հավատս իմ նկատմամբ:
ՏՂԱՄԱՐԴ — Դուք լուսնի՞ց եք իջել: Մի՞թե դա այդպես են անում:
ԿԻՆ — Մի ամիս հետևել եմ ձեզ միայն, որ հասկանամ, թե ինչպես է դա արվում: Անգամ փորձեր եմ արել: «Ներեցեք, ծխախոտ կարելի՞ է»:
ՏՂԱՄԱՐԴ — Խնդրեմ: Թո՛ւհ, սատանա: Կրակվառիչը օֆիսում է: Մըտ-նենք, այստեղից մի քանի քայլի վրա է: Ես էլ, ճիշտն ասած, կարճ ընդմիջում ունեմ:
ԿԻՆ — Բայց դա մեծ ռիսկի հետ է կապված, կրակվառիչը միշտ ձեր գրպանում է: Ու ես որոշել էի հարցնել, թե ուր և ինչպես կարելի է գնալ: Այս դեպքում կարելի էր մի քիչ զրուցել:
ՏՂԱՄԱՐԴ — Դա ձեր սխալն էր: Գոնե ծխախոտ խնդրեիք:
ԿԻՆ — Բայց ես չեմ ծխում:
ՏՂԱՄԱՐԴ — Ոչինչ, ես ձեզ ավելի ճիշտ կհասկանայի: Երբեք չի կարելի խախտել խաղի կանոնները: Արդեն ուշ է: Ես ձեզնից պարզապես վախենում եմ:
ԿԻՆ — Ինչո՞ւ եք ինձանից վախենում: Ես բժիշկ եմ: Վարակաբան: Ան-գամ խոլերայի դեմ եմ պայքարում: Ու ներեցեք, որ ավելորդ բաներ ասացի: Ես չեմ պատրաստվում վնասել ձեզ, ձեզանից ոչինչ չեմ ուզում: Միայն թե մեկ անգամ պառկեք ինձ հետ: Դե, գուցե և` երկու:
ՏՂԱՄԱՐԴ — Ամեն ինչ սկզբից է սկսվում: Ներեցեք, բայց ձեր մասին ոչինչ չգիտեմ:
ԿԻՆ — Իսկ ի՞նչ էիք ուզում իմանալ իմ մասին:
ՏՂԱՄԱՐԴ — Ոչինչ էլ չեմ ուզում:
ԿԻՆ — Այսպես նորից փակուղի կմըտ-նենք: Այնուամենայնիվ, մի քիչ պատմեմ իմ մասին: Իհարկե, հետաքրքիր ոչինչ չեք լսի, ես միօրինակ կյանքով եմ ապրում: Ծնվել եմ հազար ինը հարյուր հիսուն…
ՏՂԱՄԱՐԴ — Պետք չէ:
ԿԻՆ — Իսկ ի՞նչ է պետք:
ՏՂԱՄԱՐԴ — Դուք պետք է ինձ սեքսուալ առումով հետաքրքրեք:
ԿԻՆ — Սեքսուալ առումո՞վ… ձե՞զ: Պրոբլեմ չկա: Ես ոչնչով չեմ զիջում ձեր պատահական նանարներին: Օտարերկրացու բոյին եմ: Կոնքերս ճիշտ այն գռեհիկ աղջկա կոնքերի նման են: Մեջքս շիկահեր գեղեցկուհուց մի քիչ է հաստ: Մազերս, ուշադրություն դարձրեք, համարյա ձեր կնոջ մազերն են: Կարծես ինչ-որ բան մոռացա… դե, ամեն բան չես հիշի: Հա, կուրծքս: Ի դեպ, առանց կրծկալի եմ: Խնդրեմ: Բառերն ո՞ւմ են պետք: Նայեք: (Արագ քանդում է վերնաշապիկի կոճակներն ու բացում կուրծքը:) Մի անգամվա համար ձեզ հարմա՞ր է:
ՏՂԱՄԱՐԴ — Խելագարվել եք… կոճկվեք, շուտ: (Փորձում է ինքը կոճ-կել:)
ԿԻՆ — Ուրիշ կանանց հանվեցնում եք, ինձ` բռնությամբ հագցնում: Դե, ի՞նչ եք ձեռք գցում: Չկպնեք ինձ: Ինչպես ուզեմ, այնպես էլ ման կգամ:
ՏՂԱՄԱՐԴ — Ի՞նչ եք գոռում փողոցով մեկ: Մի կողմ քաշվենք: (Տանում է դեպի գազոնը:) Ի՞նչ անեմ, որ ինձնից պոկ գաք:
ԿԻՆ — Շատ տարօրինակն է, շփոթվում է, երբ կանացի մերկ կուրծք է տեսնում: Վախենում է: Հիմա կփախչի: Ախր, ինչպե՞ս կարելի է ձեզ գայթակղել: Անհնար է: (Նետվում է ու համբուրում նրա շուրթերը:)
Տղամարդը հրում է նրան: Կինն ընկնում է գետնին ու մնում պառկած: Տղամարդը հեռվից ուշադիր զննում է նրան:
ՏՂԱՄԱՐԴ — (սուլում է): Ձևացրեք, ինչքան կամենաք: Ես ներողություն եմ խնդրում, բայց դա ինքնապաշտպանություն էր: Ես գնում եմ, իսկ դուք, ավելի լավ է, այստեղ չերևաք: Հիմա միայն թիկնապահներով ման կգամ: Այդ տղաները լիրիկայից հեռու են: (Գնում է, հետո վերադառնում:) Դե, ներողություն… չէի ուզում: Եղածը մոռանանք: Ես գնում եմ: Ցտեսություն: Ուրախ էի ձեզ հետ ծանոթանալու համար: (Զգույշ կռանում է նրա վրա:) Լսեք, ամեն ինչ կարգի՞ն է: Կյանքում կնոջ խփած չկամ: Ազնիվ խոսք: Բայց դե… չի կարելի այդպես վրա տալ: Դա տղամարդուն հետաքրքրելու անհաջող ձև է: Եվ, ընդհանրապես, եթե նա միանգամից չի ուզում, ուրեմն, անիմաստ է պնդելը: Ինչքան շատ եք ջանք գործադրում, տղամարդն այնքան քիչ է ցանկանում: Դա մեր էությունն է: (Հպվում է նրան:) Եվ էլի մի բան. աշխարհում այնքան շատ են տղամարդիկ, որ խոսք չի կարող լինել վերջնական ընտրության մասին: (Նրան թափ է տալիս:) Ես չեմ կարող գնալ, քանի դեռ չգիտեմ` դուք ո՞ղջ եք, թե՞ մեռած:
ԿԻՆ — Ինձ մի շարժեք, գլուխս եմ խփել: Ուղեղի ցնցում է…
ՏՂԱՄԱՐԴ — «Շտապ օգնություն» կանչե՞մ:
ԿԻՆ — Երևի պետք գա:
ՏՂԱՄԱՐԴ — Օ քեյ: Վազեմ կանչելու:
ԿԻՆ — Իսկ ինձ թողնելու եք այստեղ պառկա՞ծ: Այս վիճակո՞ւմ:
ՏՂԱՄԱՐԴ — Իսկ ի՞նչ անեմ, ձեռքերիս վրա՞ պահեմ:
ԿԻՆ — Գոնե օֆիս տարեք ու բազմոցին պառկեցրեք:
ՏՂԱՄԱՐԴ — Անգամ ձեր դիակը թույլ չեմ տա օֆիս տեղափոխել:
ԿԻՆ — Ձեր հարցում ես սխալվել եմ:
ՏՂԱՄԱՐԴ — Եթե հենց սկզբից ինձ լսեիք…
ԿԻՆ — Կարծում էի, կիրթ մարդ եք:
ՏՂԱՄԱՐԴ — Այսինքն, ենթադրում էիք, որ կիրթ մարդն է կարող ընդամենը հարյուր դոլարով պառկել առաջին պատահածի հե՞տ: Շատ լավ եղանակ է: Պառկեք, մի քիչ կհովանաք, իսկ ես գնամ «Շտապ օգնություն» կանչելու:
ԿԻՆ — Հինգ ժամից հետո հազիվ գա:
ՏՂԱՄԱՐԴ — Դուք բժիշկ եք, ավելի լավ կիմանաք: Ի դեպ, դուք կարող եք ձեզ առաջին օգնությունը ցույց տալ:
ԿԻՆ — Գնացեք գրողի ծոցը:
ՏՂԱՄԱՐԴ — Հաճույքով: Շուտափույթ կազդուրում եմ մաղթում ձեզ: Ես «Շտապ օգնություն» կանչեմ, իսկ մինչև այդ աշխատակիցներիցս մեկն այստեղ կհսկի: Ձեզ պրակտիկան է պակասում:
ԿԻՆ — (կտրուկ վեր է թռչում): Դե, կորեք գրողի ծո՛ցը: Գրողի մոր մոտ ու դեռ ավելի հեռու:
ՏՂԱՄԱՐԴ — Արդեն լավ է:
ԿԻՆ — Ինձ առհասարակ տղամարդ պետք չէ: Որպես տեսակ պետք չէ: Ես ընդամենը մեկ անգամ կպառկեի ձեզ հետ ու այլևս տղամարդկանց երեսին չէի նայի:
ՏՂԱՄԱՐԴ — Ուրեմն, ինձ ընտրել եք սեռական կյանքին հրաժեշտ տալու համա՞ր: Շոյված եմ: Բայց վախենամ` պետք չգամ այդ նպատակի համար: Ինձ հետ շփվելուց հետո դուք կփոխեք ձեր պատկերացումները տղամարդկանց մասին ընդհանրապես և սեքսի մասին` մասնավորապես:
ԿԻՆ — Այդ ինչե՞ր եք երևակայում, դուք ինձ ընդհանրապես դուր չեք գալիս, կեղտոտ պճնամոլի մեկն եք:
ՏՂԱՄԱՐԴ — Ինչո՞ւ ենք ժամանակ կորցնում: Ես ձեզ դուր չեմ գալիս: Դուք էլ իմ դուրը չեք գալիս: Բաժանվեցինք:
ԿԻՆ — Սպասեք: Դուք ինձ դուր չեք գալիս, բայց հարմար եք ինձ: Ես չեմ կարող հետաձգել այս գործը:
ՏՂԱՄԱՐԴ — Եթե ամեն ինչ սկզբից սկսեք, ես չեմ դիմանա: Լավ, այդ ինչո՞վ եմ ձեզ հարմար:
ԿԻՆ — Ձեր ինտելեկտը միջինից բար-ձըր է:
ՏՂԱՄԱՐԴ — Շնորհակալություն:
ԿԻՆ — Լավ վարվելաձև ունեք, նաև` արժանապատվության զգացում, կանանց հարգանքով եք վերաբերում, կիրթ եք, նրբանկատ, համբերատար, աշխատունակ եք ու աշխատասեր: Իսկական լիդեր եք, կենսախինդ եք և ագրեսիվ չեք:
ՏՂԱՄԱՐԴ — Դուք շատ պահանջկոտ եք: Այսքան արժանիքները պետք են մի տղամարդու համար, ում հետ պատրաստվում եք ընդամենը հինգ րոպե անցկացնել: Եվ ոչ մի փոխզիջում: Երևի ամուսնացած չե՞ք:
ԿԻՆ — Ամուսնացած չեմ:
ՏՂԱՄԱՐԴ — Չեմ զարմանա, եթե ընդհանրապես ամուսնացած չլինեք:
ԿԻՆ — Այո, ես երբեք ամուսնացած չեմ եղել:
ՏՂԱՄԱՐԴ — Այս աշխարհում չէիք գտնի մեկին, ով ձեզ հետ կամուսնանար: Նույնիսկ մեկ անգամ պառկելու համար կատարելության հասած տղամարդ եք ուզում:
ԿԻՆ — Ես չեմ ուզում ամուսնանալ: Նախկինում` այո, իսկ հիմա` ոչ:
ՏՂԱՄԱՐԴ — Գուցե ես գնա՞մ: Կարևոր բանակցություններ ունեմ, չեմ սիրում ուշանալ: Արժանիքներիս ցուցակում ավելացրեք ճշտապահությունն ու բաց թողեք ինձ: Հը՞:
ԿԻՆ — Գուցե փոխե՞ք ձեր միտքը: Խնդրում եմ: Ես ձեզ շատ-շատ եմ խնդրում: Չէ՞ որ ինձնից այլևս չեք վախենում: Ես սթրես եմ տարել: Կարծում եք` հե՞շտ է մոտենալ անծանոթ տղամարդուն և խնդրել պառկել… հեշտ չէ: Ես տանջվեցի ձեզ հետ: (Լաց է լինում:) Թաշկինակ ունե՞ք:
ՏՂԱՄԱՐԴ — Վերցրեք: (Ինքն է սրբում նրա դեմքը:) Դա մեծ պրոբլեմ չէ: Այ, եթե իմ պրոբլեմների մասին իմանայիք… Դե լավ, միք լա:
ԿԻՆ — Լացն իմ վերջին զենքն է:
ՏՂԱՄԱՐԴ — Զինաթափվեք: Մի բան կմտածենք:
ԿԻՆ — Խնդրում եմ, արագ մտածեք:
ՏՂԱՄԱՐԴ — Արա՞գ: Ուզո՞ւմ եք, ձեզ ինչ-որ մեկի հետ ծանոթացնեմ: Բայց ձեզ այլ կերպ պիտի պահեք: Անվճար: Նույնիսկ գիտեմ, թե ում հետ ծանոթացնեմ: Երաշխավորում եմ: Օ քե՞յ:
ԿԻՆ — Աստված իմ, ինձ միայն դուք եք պետք:
ՏՂԱՄԱՐԴ — Տեր Աստված, էլի նույնը: Ո՛չ: Գուցե վաղուց ու թաքուն սիրահարվա՞ծ եք ինձ:
ԿԻՆ — Ինչե՞ր եք ասում:
ՏՂԱՄԱՐԴ — Ափսոս:
ԿԻՆ — Ձեզ այնքան շատ կանայք են սիրում:
ՏՂԱՄԱՐԴ — Չեմ նկատել: Ձեր գլուխը ձեզ չի՞ անհանգստացնում:
ԿԻՆ — Ոչ: Ի՞նչ կա որ…
ՏՂԱՄԱՐԴ — Լավ վնասվել եք: Գուցե «Շտապ օգնությո՞ւն»…
ԿԻՆ — Դա անպայման դուք պիտի լինեք և միայն այսօր, մինչև կեսգիշեր:
ՏՂԱՄԱՐԴ — Հիմա գլխավորը հա­ն­գըստ­­ությունն է:
ԿԻՆ — Մի՞թե այդքան անհրապուրիչ եմ:
ՏՂԱՄԱՐԴ — Չէ, այնքան էլ չէ…
ԿԻՆ — Շնորհակալություն:
ՏՂԱՄԱՐԴ — Երբ լաց եք լինում, պարզապես հմայիչ եք, անգամ դուր եք գալիս: Ես միշտ կհիշեմ ձեզ:
ԿԻՆ — Բայց ես չեմ կարող անընդհատ լաց լինել: Իսկ, ընդհանրապես, կփորձեմ: Գիտե՞ք, երբ երեսուն տարեկան էի, մի ամբողջ ամիս լաց էի լինում: Ոչ ոք ոչինչ չէր կարող անել, որ լաց չլինեի: Ինքս էլ չէի կարողանում վերջ տալ լացիս: Քիչ մնաց` մեռնեի այն ժամանակ: (Փղձկում է:)
ՏՂԱՄԱՐԴ — Հանգստացեք, դա այնքան վաղուց է եղել: Եվ հետո, ի՞նչ եք ինձնից կպել: Ես սուպերմեն չեմ, ոչ մի սուպերհաճույք ձեզ չեմ կարող պարգևել: Վստահեցնում եմ:
ԿԻՆ — Ես առհասարակ այդ մասին զզվանքով եմ մտածում:
ՏՂԱՄԱՐԴ — Ի՜նչ եմ լսում… Գիտե՞ք, վաղուց ինձ հետ այսպես չեն վարվել: Լսեք, ինձնից ի՞նչ եք ուզում:
ԿԻՆ — Նույնը, ինչն ուզում են բոլոր կանայք:
ՏՂԱՄԱՐԴ — Պետք չէ ուրիշներին օրինակ բերել: Անձամբ ես ձեզ նմանին հանդիպում եմ առաջին անգամ: Կոնկրետ խոսենք. ի՞նչ եք ուզում դո՛ւք: Տվեք ինձ ուղղակի և անկեղծ պատասխան և…
ԿԻՆ — Եվ ի՞նչ:
ՏՂԱՄԱՐԴ — Ես փափուկ մարդ եմ, դժվար է այսպիսի համառությամբ մերժել հմայիչ կնոջը: Կյանքում ոչ ոք ինձ այսպես չի խնդրել: Ի՞նչ եք ուզում:
ԿԻՆ — Երեխա:
ՏՂԱՄԱՐԴ — Ի՞նչ:
ԿԻՆ — Ուզում եմ ձեզանից երեխա ունենալ:
ՏՂԱՄԱՐԴ — Ինձնի՞ց: Ի՞նչ ունենալ: Աստված իմ, ինչի՞ համար:
ԿԻՆ — Տղա եմ ուզում:
ՏՂԱՄԱՐԴ — Շնորհակալություն:
ԿԻՆ — Իսկ որպեսզի տղա ծնվի, հենց այսօր պիտի նրա հիմքը դնել: Պարտադիր` այսօր: Ես դա կարողանում եմ հաշվարկել: Եթե այսօր չլինի, առաջիկա երկու տարիներին միայն աղջիկ կարող եմ ունենալ: Իսկ ես այնպես եմ երազում տղայի մասին: Հասկանո՞ւմ եք, մեր ցեղի համար շատ դժվար է այս կյանքը:
ՏՂԱՄԱՐԴ — Օ քեյ: Դուք առաջարկում եք դոնոր դառնալ: Ապո՛ւշ: Քիչ մնաց` թաղվեի այդ գործի մեջ:
ԿԻՆ — Բնականաբար, դա կլինի մի-այն իմ երեխան: Երբեք և ոչ մի պահանջ ձեզ չեմ ներկայացնի:
ՏՂԱՄԱՐԴ — Շնորհակալություն: Հան­գստացրիք:
ԿԻՆ — Դուք նրան երբեք չեք տեսնի:
ՏՂԱՄԱՐԴ — Լսեք, ինչի՞ համար եք ինձ հետ այդպես վարվում: Ինչո՞ւ է ձեզ թվում, որ ես անասուն եմ, որ կարող եմ թքել սեփական որդուս վրա:
ԿԻՆ — Լավ, ես պատրաստ եմ զիջումների գնալ:
ՏՂԱՄԱՐԴ- Այնուամենայնիվ, պատ­րա՞ստ եք: Բախտս բերեց:
ԿԻՆ — Հետո կքննարկենք:
ՏՂԱՄԱՐԴ — Ես կգերադասեի մինչ այդ քննարկել: Իսկ, ընդհանրապես, ի՞նչը պիտի քննարկենք:
ԿԻՆ — Նրա դաստիարակության մեջ ձեր մասնակցության հարցը: Դուք կարող եք այցելել նրան: Տարվա մեջ` մեկ անգամ:
ՏՂԱՄԱՐԴ — Դուք եք որոշել, որ ան­հրաժեշտ է պառկել ինձ հետ: Դուք եք որոշել ինձնից երեխա ունենալ: Դուք եք որոշել, որ անպայման տղա պիտի լինի: Հիմա էլ որոշեցիք, թե քանի անգամ պիտի տեսնեմ նրան: Ձեր կողքին ինձ տղամարդ չեմ զգում:
ԿԻՆ — Լավ, ես կթողնեմ, որ մասնակցեք նրա դաստիարակությանը:
ՏՂԱՄԱՐԴ — Շնորհակալություն:
ԿԻՆ — Կարծում եմ, նրա վրա լավ կազ­դեք: Նույնիսկ լավ կլինի, որ տղան իմանա, որ հայր ունի: Բարդույթներ չի ունենա:
ՏՂԱՄԱՐԴ — Բարդույթներ ե՛ս կունենամ: Ներեցեք, ձեր անկեղծությունը փոխում է իրավիճակը: Ես գուցե դեռ կարողանայի… Բայց կտրականապես դեմ եմ ձեզանից երեխա ունենալուն: Շնորհակալություն, որ զգուշացրիք: Հարցը վերջնականապես փակված է: Ժամանակ մի կորցրեք, մինչև կեսգիշեր դեռ հնարավորություն ունեք… (Նայում է ժամացույցին:) Վե՛րջ, ուշանում եմ: Ավելի ճիշտ` ուշացա:
ԿԻՆ — Ես կգամ ձեզ հետ: Ես հետ չեմ կանգնի: Դուք հրաժարվելու իրավունք չունեք:
Տղամարդը պիջակի գրպանից հանում է ատրճանակն ու պա­հում նրա վրա: Կինը ճչում է:
ՏՂԱՄԱՐԴ — Ոչ կատակում եմ, ոչ էլ վախեցնում եմ: Կկրակեմ: Չմոտենաք ինձ:
ԿԻՆ — (չի շարժվում): Ձեզ հիմարի նման եք պահում: Տղան այնպիսի երջանկություն է: Ամեն մի նորմալ տղամարդ որդի է ուզում:
ՏՂԱՄԱՐԴ — Ես ամուսնացած եմ: Ու եթե տղա ուզենամ… մեկը, երկուսը, երեքը, տասը… Իմ հարազատ կինը կծնի:
ԿԻՆ — Տեսել եմ ձեր կնոջը: Նա ձեզ համար տասը տղա երբեք չի ծնի: Աստված տա, գոնե մեկին ծնի: Իսկ եթե նա էլ աղջի՞կ լինի:
ՏՂԱՄԱՐԴ — Ի տարբերություն ձեզ, ես դեմ չեմ աղջիկներին: Եթե թույլ տաք, այդ հարցը կնոջս հետ կլուծենք` չխորհրդակցելով ձեզ հետ: Ինձ առայժմ տղա պետք չէ:
ԿԻՆ — Բայց չի կարելի միայն այսօրով ապրել: Դուք դեռ չգիտեք, թե կյանքում ինչ կլինի ձեզ հետ: Իսկ եթե հանկարծ բաժանվե՞ք ձեր կնոջից:
ՏՂԱՄԱՐԴ — Նորից կամուսնանամ:
ԿԻՆ — Իսկ եթե այլևս երեխա չունենա՞ք: Իսկ աղջիկն էլ մոր կողմն անցնի՞: Ու մեծանա ձեզ համար օտար մեկը… Նրան էլ միայն ձեր փողերը պետք լինե՞ն: Իհարկե, Աստված մի արասցե: Դուք մենակ չե՞ք մնա:
ՏՂԱՄԱՐԴ — Մի անհանգստացեք, մի կերպ կդիմանամ:
ԿԻՆ — Իսկ ես այնպես կդաստիարակեմ տղայիս, որ նա ձեզ միշտ սիրի:
ՏՂԱՄԱՐԴ — Շնորհակալ եմ:
ԿԻՆ — Եվ, ով գիտի, գուցե մենք ծերանանք, ու մի օր էլ դուք չոքեք իմ առջև, համբուրեք ձեռքերս ու շնորհակալություն հայտնեք մեր տղայի համար: (Ձեռքերով փակում է դեմքն ու լաց լինում:)
Տղամարդը պահում է ատրճանակը, մոտենում է կնոջը, բռնում է ձեռքն ու համբուրում:
ՏՂԱՄԱՐԴ — Ներեցեք ինձ: Դուք զարմանալի կին եք: Արդեն քսան րոպե է` օֆիսում ինձ հոլանդացիներն են սպասում: Շատ կարևոր հանդիպում է: Հերիք չէ, որ չեմ պատրաստվել այդ հանդիպմանը, հիմա էլ ուշանում եմ: Անկեղծորեն ցավում եմ ձեզ համար, դուք էլ սկսում եք ինձ դուր գալ: Բայց ես ոչ մի կերպ չեմ կարող օգնել: Բաց թողեք ինձ, խնդրում եմ: Ես հոգնեցի: (Դադար:) Տեսնում եք, ես էլ պրոբլեմներ ունեմ: Ոչ այնքան գլոբալ, որքան ձերն են, բայց, այնուամենայնիվ, ունեմ… Բաց թողեք ինձ, խնդրում եմ: Օդ ու ջրի պես հիմա հարկավոր է հոլանդացիներին համոզել, որ իրացման համար ինձ մեծ խմբաքանակով սուրճ տրամադրեն: Այս պահին կանխավճարի փող չունեմ: Նրանք ռիսկի չեն գնում, իմ հեղինակությունն էլ նրանց հայտնի է… ես չեմ կարող բաց թողնել այդքան շահավետ գործարքը: Այս պահին գումար չունեմ, բայց եթե բաց թողնեմ այս գործարքը, ապա մյուս ներդրողների մոտ կարող են կասկածներ առաջանալ ընդհանրապես իմ վճարունակության մասին: Իսկ այդ հոլանդացիների հետ պիտի դուրս գամ սկզբունքորեն նոր հարաբերությունների ուղի: (Դադար:) Այ, եթե ձեր հնարավորություններն ունենայի… դուք անգամ հանգուցյալին կարող եք համոզել` ինչ կամենաք:
ԿԻՆ — Հանգուցյալին, բայց ոչ` ձեզ:
ՏՂԱՄԱՐԴ — Պարզապես ձեր ժամանակը չբավարարեց:
ԿԻՆ — Արդեն սկսել եք հանձնվե՞լ:
ՏՂԱՄԱՐԴ — Կարծես թե… այո: Բայց մի վրիպում ունեցաք` երեխայի մասին խոսելով:
ԿԻՆ — Ես սկսել եմ ձեզ դո՞ւր գալ:
ՏՂԱՄԱՐԴ — Բանն այդ չէ: Դուք բնածին մենեջեր եք: Գուցե ձեզ գայթակղե՞մ մեր աշխատանքով:
ԿԻՆ — Իսկ ձեր կինը չի՞ խանդի:
ՏՂԱՄԱՐԴ — Ձե՞զ: Երբեք: Ներեցեք: Գիտեք, ես էլ եմ ռիսկի դիմում: Ես հուսահատ քայլի եմ դիմում: Թող ձեր ասածը լինի: Գնանք օֆիս:
ԿԻՆ — Ուռա՜:
ՏՂԱՄԱՐԴ — Ես ձեզ կուղեկցեմ լոգարան…
ԿԻՆ — Այո:
ՏՂԱՄԱՐԴ — Ձեզ կարգի կբերեք:
ԿԻՆ — Այո:
ՏՂԱՄԱՐԴ — Այդ ընթացքում ձեր կողքին կլինեմ…
ԿԻՆ — Այո:
ՏՂԱՄԱՐԴ — Այդ ընթացքում ձեզ կբացատրեմ սուրճի, նախավճարի և իրացման միջև գոյություն ունեցող տարբերությունների մասին…
ԿԻՆ — Բնավ պարտադիր չէ:
ՏՂԱՄԱՐԴ — Եվ ձեզ կներկայացնեմ հոլանդացիներին:
ԿԻՆ — Դուք լո՞ւրջ եք խոսում:
ՏՂԱՄԱՐԴ — Ի՞նչ են նրանք ձեր դիմաց: Կկոտրվեն: Օ քե՞յ:
ԿԻՆ — Ոչ:
ՏՂԱՄԱՐԴ — Մի հուզվեք: Ես ձեր կողքին կլինեմ, կապահովագրեմ ձեզ:
ԿԻՆ — Ոչ:
ՏՂԱՄԱՐԴ — Ի վերջո, ես ձեր պատճառով ուշացա: Դա ինձ համար շատ կարևոր է: Ընդամենը մեկ անգամ:
ԿԻՆ — Չեմ կարող, երբեք չեմ մասնակցել բանակցությունների: Միայն կվնասեմ ձեզ:
ՏՂԱՄԱՐԴ — Պատրաստ եմ ռիսկի դիմել, սրանից վատը չի կարող լինել:
ԿԻՆ — Ընդհանրապես չգիտեմ, թե ինչ եմ խոսելու:
ՏՂԱՄԱՐԴ — Հոլանդացիները ռուսերեն ոչ մի բառ չեն հասկանում: Ես կարող եմ ձեզ հուշել: Եթե մի անգամ չստացվի, կարելի կլինի երկրորդ հանդիպումը կազմակերպել: Չէի ցանկանա, բայց ի՞նչ կարող եմ անել: Առանձին վճար կլինի: Աշխատանքի կես ժամվա դիմաց ձեզ կվճարեմ երկու հարյուր դոլար:
ԿԻՆ — Չհաշված այն հարյուր դոլա՞րը, որն արդեն տվել եք:
ՏՂԱՄԱՐԴ — Չհաշված: Դրանք բարոյական վնասի դիմաց են տըր-ված: Իսկ եթե առաջին անգամից կարողանաք համոզել` կվճարեմ չորս հարյուր դոլար:
ԿԻՆ — Դուք լրջորեն ենթադրում եք, որ կկարողանա՞մ գլուխ հանել:
ՏՂԱՄԱՐԴ — Ձեր մի դեբյուտը արդեն տեսա, պարզապես փայլուն էր:
ԿԻՆ — Իսկ արդյո՞ւնքը:
ՏՂԱՄԱՐԴ — Դուք արեցիք, ինչ կարող էիք:
ԿԻՆ — Լավ, համաձայն եմ: Բայց կարո՞ղ եմ հույս ունենալ, որ…
ՏՂԱՄԱՐԴ — Չորս հարյուր դոլա՞ր կվճարեմ: Կարող եք: Եվ հույս ունեմ, որ բարեկամներ կդառնանք: Ես խնդրում եմ ձեզ, դուք համաձա՞յն եք:
ԿԻՆ — Շա՞տ եք խնդրում:
ՏՂԱՄԱՐԴ — Շատ:
ԿԻՆ — Ուրեմն` առաջ:
ՏՂԱՄԱՐԴ — Առաջ:
ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ

Մթնեցում: Կնոջ ձայնը: Տղամարդու ձայնը: Երկու նոր տղամարդու ձայն: Զրույցն անգլերեն է: Հնչերանգից զգացվում է, որ բաժանվում են: Ձայները խառնվում են, աշխույժ, բարյացակամ ձայներ, ծիծաղ: Լուսավորվում է: Օֆիսն է: Գրասեղան, պտտվող բազկաթոռ: Անկյունային բազմոց, որի առջև փոքրիկ սեղան է: Սեղանի վրա` գավաթներ, կոնյակի բացված շիշ: Ստվարաթղթե արկղիկներ են դրված: Անկյունում` չհրկիզվող պահարան:
Տղամարդն ու Կինը իրար են հրմշտում, գրկախառնվում, այնպես են իրենց պահում, կարծես գործընկերներ լինեն, որոնք մեծ հաջողություն են ունեցել: Եվ պարզ չէ, թե նրանցից ով է ավելի ուրախ հաջողությամբ: Կինը շատ է փոխվել: Տղամարդու պիջակը նրան դարձրել է ժամանակակից և կոկիկ: Բայց առավել նկատելին նրա ուրախությունն է:

ՏՂԱՄԱՐԴ — Շնորհակալ եմ, անչափ շնորհակալ եմ: Կեցցեք: Ամբողջ ընթացքում հիանում էի ձեզնով` այնքան վճռական ու գործնական եք: Խե՜ղճ հոլանդացիներ: Առաջին անգամ էին այսպիսի կին տեսնում: Աշխույժ: Փայլուն դատողությամբ, սրամիտ: Եվ ինչ ընդգծված է ձեր չափի զգացումը, նրբանկատությունն ու կոկետությունը աչքի են զարնում: Եվ ի՜նչ լավ եք տիրապետում անգլերենին:
ԿԻՆ — Իսկ դուք անգլերեն այնքան էլ լավ չեք խոսում:
ՏՂԱՄԱՐԴ — Դուք ինձ կօգնեք: Ժամը` տասը դոլար:
ԿԻՆ — Այնպիսի բթամիտների համար, ինչպիսին դուք եք` քսան դոլար:
ՏՂԱՄԱՐԴ — Չեմ սակարկի, ձեզնով հիացած եմ: Հոլանդացիներն էլ ձեզնով հմայված մնացին: Անգամ Հոլանդիա հրավիրեցին:
ԿԻՆ — Ձեզ նույնպես հրավիրեցին:
ՏՂԱՄԱՐԴ — Այո, հրավիրեցին ձեզ, իսկ ինձ` նույնպես:
ԿԻՆ — Հոլանդացիները քաղաքավա րի ազգ են: Առաջնությունը կանանց են տալիս:
ՏՂԱՄԱՐԴ — Մանավանդ, եթե նա աշխարհի ամենահմայիչ կինն է: Եվ նուրբ հոգեբան: Եվ հանճարեղ դերասանուհի: Եվ շատ լավ հնարող: Իսկ դուք շատ լավ էիք հորինում: Մենք հոլանդացիներին ներկայացանք որպես սիրահարված զույգ: Միայն սիրահարվածներին կարող են ներել ուշանալու համար: Եվ, առհասարակ, մեզ չեն հետաքրքըրում սուրճի խմբաքանակները: Ինչպես նաև մեզ չեն հետաքրքըրում փողերը: Մեր գլխավոր հետաքրքրությունը միասին լինելն է: Սիրահարվածները վստահություն են ներշնչում: Վեհ զգացմունքների ընդունակ մարդիկ չեն կարող խաբեբա լինել: Սիրահարներին բոլորն են ցանկանում աջակցել: Աշխարհում այնքան քիչ է անկեղծ սերը, որ մարդիկ բնազդաբար ցանկանում են պահպանել այն:
ԿԻՆ — Դուք իսկական բանաստեղծ եք:
ՏՂԱՄԱՐԴ — Երբ ինձ այդ քայլն առաջարկեցիք, խոստովանում եմ, որ սկզբում չկարողացա գնահատել այն: Եվ հետո, ինչպե՞ս սիրա-հարված ձևանայի: Ես նույնիսկ մոռացել եմ, թե դա երբ է ինձ հետ պատահել: Բայց դուք հանճարեղ հնարք հուշեցիք: Ո՛չ մի ակնթարթ ձեզնից աչք չկտրել: Ինձ ստիպեցիք հետևել իմ դեմքին, որպեսզի վիրավորված չերևամ: Ես սովորեցի, որ կամ պետք է ժպտալ, կամ էլ ամեն ինչին նայել լրջորեն և բազմանշանակ:
ԿԻՆ — Եվ ինչպե՜ս էիք ժպտում: Պարզապես փայլում էիք:
ՏՂԱՄԱՐԴ — Նյարդային հողի վրա էր: Վախենում էի, որ կբացահայտեն մեր սուտը:
ԿԻՆ — Իսկ երբ ինձ նայում էիք կենտրոնացած ու տխուր, ինչի՞ մասին էիք մտածում:
ՏՂԱՄԱՐԴ — Մտքումս եռանիշ թվեր էի բազմապատկում: Այդ հաշվիչներն ինձ զրկել են մտքի մեջ հաշվելու ունակությունից: Գովեք ինձ: Ես ձեզ այնպիսի հայացքով էի նայում, թվում էր, թե այլևս ձեզ չեմ մոռանալ:
ԿԻՆ — Կարող եք շունչ քաշել, հիմա մենակ ենք: Եվ ինձ այդպես նայելու անհրաժեշտություն չկա:
ՏՂԱՄԱՐԴ — Դուք հրաշալի եք, ուզում եմ անվերջ ձեզ նայել: Կարելի՞ է:
ԿԻՆ — Ինչպես ձեզ հարմար է:
ՏՂԱՄԱՐԴ — Կապիտալիստներն, այնուամենայնիվ, պարզունակ ժողովուրդ են: Նկատեցի՞ք, թե ինչպես էին մեր սիրուց ազդված, հուզված, հիացած: Դուք հանճարեղ ռեժիսոր եք:
ԿԻՆ — Դժվար չէ մեծ ռեժիսոր լինել ձեզ պես հրաշալի դերասանի հետ:
ՏՂԱՄԱՐԴ — Նկատո՞ւմ եք, այնպես մտա դերի մեջ, որ մինչև հիմա դուրս գալ չեմ կարողանում: Ուշադրություն դարձրեք, թե ինչպես եմ ձեզ նայում:
ԿԻՆ — Եվ այս պահին մտքում ինչն ինչո՞վ եք բազմապատկում:
ՏՂԱՄԱՐԴ — Դրանք շատ մեծ թվեր են: Իսկ ձեզ հետ հաճելի է և՛ գործ ունենալ, և՛ շաղակրատել:
ԿԻՆ — Մի՞թե արժանանում եմ հաճոյախոսության:
ՏՂԱՄԱՐԴ — Հաճոյախոսություն չէ, ճշմարտություն է: Դուք ինձ շատ օգնեցիք: Ավելին` փրկեցիք: Եվ մի զայրացեք ինձ վրա, ստոր հիմարի պես էի ինձ պահում: (Կնոջը ձգում է դեպի իրեն և համբուրում:)
ԿԻՆ — (սկզբում քարանում է, ապա կտրուկ հեռու է վանում նրան): Ներեցեք: Երևի ես առիթը տվեցի: Բայց հիմա դա մի քիչ անսպասելի էր… Ներեցեք…
ՏՂԱՄԱՐԴ — (մոտենում, վստահ գըր-կում է): Ես չեմ կարող ինձ զսպել: Աստված իմ, ինչպես են բուրում ձեր մազերը: Դուք այսպես հաղթական ու նուրբ ինձ էիք նայում նաև հոլանդացիների ներկայությամբ: Ու ես, ապուշի նման, կասկածում էի, թե ձեր քնքշության մեջ մի կաթիլ անկեղծություն կա: Հետո հիշեցի, թե ինչպես էիք աղերսում… Հիմա այդ ամենին այլ կերպ եմ նայում…
ԿԻՆ — Եկեք մոռանանք: Դուք չհամաձայնեցիք, ես հաշտվեցի այդ մտքի հետ: Գնացքը գնացել է…
ՏՂԱՄԱՐԴ — Չեմ ուզում մոռանալ: Հիմարի մեկն էի: Դուք հիանալի կուրծք ունեք, իրավացի էիք: (Քանդում է նրա վերնաշապիկի կոճակները:)
ԿԻՆ — Ի՞նչ է կատարվում ձեզ հետ:
ՏՂԱՄԱՐԴ — Ինչ-որ բան այնպես չէ՞:
ԿԻՆ — Ամեն ինչն էլ այնպես չէ:
ՏՂԱՄԱՐԴ — Խելքս թռցնում եմ:
ԿԻՆ — Իմ գլուխն է պտտվում… կարծում եմ, կոնյակից է:
ՏՂԱՄԱՐԴ — (կամաց): Հանե՞մ ձեր զգեստը… Դա լավ հիշողություն կլինի:
ԿԻՆ — Գիտեք, իմ տրամադրությունն ընկավ:
ՏՂԱՄԱՐԴ — Կամակորության ժամանակը չէ: Ընդամենը երեք ժամ ունենք տղայի հիմքերը դնելու համար: Դուք ինձ օգնեցիք, ես էլ ձեզ կօգնեմ: Ծառայության դիմաց` ծառայություն:
ԿԻՆ — Շնորհակալ եմ: Ոչ: Մենք շատ խմեցինք, իսկ դա երեխայի համար հետևանքներ կունենա:
ՏՂԱՄԱՐԴ — Ալկոհոլը դեռ արյան մեջ չի անցել, ամեն մեկս էլ մի քսանհինգ գրամ ենք խմել: Դուք չեք պատկերացնում, թե ինչքան էի խմել այն բանից առաջ… Իսկ աղջիկս, ինքներդ եք տեսել, առողջ է և ամուր: Ու եթե այն ժամանակ չխմեի, հազիվ թե աղջկաս լույս աշխարհ բերեինք: Խնդիրը միայն դա՞ է: Դուք իմ հանդեպ հիմա զզվանք չե՞ք զգում:
ԿԻՆ — Ես հոգնել եմ: Շատ անսովոր օր էր: Բանակցությունների ողջ ծանրությունն իմ վրա գցեցիք ու միայն սուրճ էիք մատուցում: Մեկ էլ պլշած ինձ էիք նայում:
ՏՂԱՄԱՐԴ — Առավել ևս ձեզ անհրա-ժեշտ է տպավորությունների փոփոխություն: Եվ, ընդհանրապես, ի՞նչ ենք մի գլուխ վիճում ու վիճում: Եկեք վերջապես ճշտենք մեր հարաբերությունները:
ԿԻՆ — Դուք ինձ չե՞ք հարգում:
ՏՂԱՄԱՐԴ — Աննորմալ: Ես քեզ ուզում եմ: Ես քեզ բաց չեմ թողնի: Տեր Աստված, ինչպես են բուրում մազերդ: Ի դեպ, անունդ ի՞նչ է:
ԿԻՆ — Մարինա Անդրեևնա:
ՏՂԱՄԱՐԴ — Մարինոչկա, Մարիշա… Անունդ հարմար է: Մարինա… Ես քեզ պարզապես Մարինա կասեմ:
ԿԻՆ — Իսկ ձեր անունն ի՞նչ է:
ՏՂԱՄԱՐԴ — Ալեքսեյ:
ԿԻՆ — Իսկ հայրանո՞ւնը:
ՏՂԱՄԱՐԴ — Նիկոլաևիչ: (Գրկում է, փորձում համբուրել:)
ԿԻՆ — Ալեքսեյ Նիկոլաևիչ, պետք չէ: Ես ձեզ չեմ սիրում: Խնդրում եմ… մի արեք:
ՏՂԱՄԱՐԴ — Մարինա… Ես ոչ մեկի սերը չեմ փոխի քո չսիրելու նըր­բության հետ: Հոլանդացիները քո աչքերից խենթացան: Մի՞թե ձևացնում էիր:
ԿԻՆ — Իհարկե:
ՏՂԱՄԱՐԴ — Ես արդեն վաղուց չեմ հավատում կանանց: Չնայած դրան` հիմա մի քիչ հիասթափվեցի: Վիրավորված եմ ու տխուր: Աստված գիտե` ինչու: Ու ինչ էլ ասես, միևնույն է, դու երկրագնդի ամենահմայիչ կինն ես:
ԿԻՆ — Դուք կրկնվում եք: Պետք չէ ինձ կպչել, Ալեքսեյ Նիկոլաևիչ:
ՏՂԱՄԱՐԴ — Իսկ ո՞վ ո՛ւմ առաջինը մոտեցավ ու սկսեց կպչել… ամեն ինչ խառնել եմ: Իմ կարծիքով, նախաձեռնությունը իմը չէր:
ԿԻՆ — Մի անհանգստացեք, ինչ-որ մեկին կգտնեմ:
ՏՂԱՄԱՐԴ — Ինչո՞ւ ես հիմարություններ դուրս տալիս: Ո՞ւմ կգտնես: Արդեն գիշեր է, դուրս նայիր:
ԿԻՆ — Բայց կան, չէ՞, ձեզանից բացի, երիտասարդ, գեղեցիկ ու առողջ տղամարդիկ:
ՏՂԱՄԱՐԴ — Ես ոնց որ թե խանդում եմ: Բայց ինչքան մոռացված զգացումներ կարողացար արթնացնել իմ մեջ: Խնդրում եմ, ամեն ինչ մի փչացրու, հիմա մեզ համար շատ լավ կլինի: Օ քե՞յ:
ԿԻՆ — Ես ձեզանից մեծ եմ:
ՏՂԱՄԱՐԴ — Քեզ պես պահանջկոտ չեմ: Եվ հետո, մի գիշերվա սիրավեպի համար դա ի՞նչ նշանակություն ունի:
ԿԻՆ — Դե, բա՛ց թողեք ինձ:
ՏՂԱՄԱՐԴ — Քեզ ի՞նչ պատահեց: Գուցե ինչ-որ բան այնպես չե՞մ ասում, վիրավորեցի՞:
ԿԻՆ — Տուն պիտի գնամ, գործեր ունեմ:
ՏՂԱՄԱՐԴ — Գիշերները տանը հիվանդնե՞ր ես ընդունում:
ԿԻՆ — Պատկերացրեք, երբեմն պատահում է: Մեր շենքը տասնվեց մուտք ունի: Ու բոլորն էլ ինձ մոտ են գալիս: Անգամ ատամնացավի դեպքում: Ասացի` թողե՛ք ինձ: Ի՞նչ է, օգնությա՞ն կանչեմ:
ՏՂԱՄԱՐԴ — Գնացեք:
ԿԻՆ — Բայց… ախր, դուք ինձ բռնել եք…
ՏՂԱՄԱՐԴ — Ես ձեզ չեմ բռնել: Ես ձեզ գրկել եմ: Ի դեպ, դուք ընդունակ չեք ընկալելու տարբերությունը: (Բաց է թողնում:) Դուք ազատ եք: Վազեք:
Հեռախոսազանգ: Կինը վերցնում է ընկալուչը:
ԿԻՆ — Ալո: Սխալվել եք: Սա գերեզմանատունն է: Ու ձեր ուզած մարդիկ այստեղ չկան: (Նետում է ընկալուչը:)
ՏՂԱՄԱՐԴ — Այ թե կատակներ եք անում: Շնորհավորում եմ:
ԿԻՆ — Ձեզ պիտի փոխանցեի ընկալուչը: Մանավանդ, որ ձեր կինն էր զանգողը:
ՏՂԱՄԱՐԴ — Իսկ ինչո՞ւ մոտեցաք հեռախոսին:
ԿԻՆ — Ռեֆլեքս է: Մի անհանգստացեք, նա հիմա նորից կզանգի:
Հեռախոսազանգ:
ՏՂԱՄԱՐԴ — (վերցնում է ընկալուչը): Բարև, մենակ եմ: Հոլանդացիների պատճառով երկար մնացի: Ամեն ինչ նորմալ է: Համաձայնվեցին: Շնորհակալություն: Հա, գալիս եմ: Արդեն դռան մոտ եմ: Քեզ նույնպես: (Կախում է ընկալուչը:)
ԿԻՆ — Ինչքան եմ հոգնած:
ՏՂԱՄԱՐԴ — Մինչև ձեր տուն կտանեմ:
ԿԻՆ — Շնորհակալություն, կքայլեմ:
ՏՂԱՄԱՐԴ — Այնուամենայնիվ, թույլ տվեք մեքենայով տեղ հասցնել: Պատրա՞ստ եք: Գնանք:
ԿԻՆ — Ծխախոտ տվեք:
ՏՂԱՄԱՐԴ — Չեմ տա: Դուք ծխող չեք:
ԿԻՆ — Կսկսեմ:
ՏՂԱՄԱՐԴ — Խորհուրդ չեմ տա: Կվարժվեք:
ԿԻՆ — Ձեզ համար ի՞նչ նշանակություն ունի` կվարժվե՞մ, թե՞ չեմ վարժվի: Մանավանդ, որ ինձ այլևս չեք տեսնելու:
ՏՂԱՄԱՐԴ — Պարզապես այդ մտքին դեռ չեմ վարժվել: Խնդրեմ: (Ծխախոտ է տալիս:) Խնդրեմ: (Վառում է կրակվառիչով: Կինը ծխում է: Տղամարդն սպասում է:) Գուցե սո՞ւրճ…
ԿԻՆ — Մի անհանգստացեք: Ձեզ ու-շացնո՞ւմ եմ:
ՏՂԱՄԱՐԴ — Մի քիչ: (Դադար:) Կարելի՞ է ձեզ հետ խոսել:
ԿԻՆ — Լսում եմ:
ՏՂԱՄԱՐԴ — Դուք իսկապես ինձ դուր եք գալիս: Ցավում եմ, որ այսպես բաժանվելու ենք և այլևս ձեզ չեմ տեսնելու: Ու չմոռանաք, որ երկուսիս միասին են Հոլանդիա հրավիրել: Ի՞նչ պիտի ասեմ հո-լանդացիներին: Ի՞նչ պիտի հո-րինեմ:
ԿԻՆ — Ինչ հարմար կգտնեք:
ՏՂԱՄԱՐԴ — Ինձ հարմար է, որ ձեզ հրավիրեմ աշխատանքի: Որպես բժիշկ ինչքա՞ն եք վաստակում:
ԿԻՆ — Ոչ շատ:
ՏՂԱՄԱՐԴ — Սկզբի համար առաջարկում եմ կրկնակի ավելի: Բայց դա սահմանը չէ:
ԿԻՆ — Խե՜ղճ Ռուսաստան… Եթե բոլորն սկսեն առևտրով զբաղվել, ո՞վ պիտի մտածի սովորեցնելու, բու-ժելու, դաստիարակելու մասին:
ՏՂԱՄԱՐԴ — Բայց դուք կարող եք բժշկի պարտականությունները մեզ մոտ կատարել: Ձեզ համար լավ կլինի: Ինձ էլ շատ հարմար է:
ԿԻՆ — Քանի՞ մարդ է այստեղ աշխատում:
ՏՂԱՄԱՐԴ — Մշտական աշխատողները քսանից քիչ են: Իսկ ժամանակավորների թիվը հիսունից անցնում է:
ԿԻՆ — Մի ֆիրմայում մեկ բժիշկ` հիսուն մարդու համար: Իսկ ամբողջ Ռուսաստանում տասը հազար մարդուն բաժին է ընկնում մեկ բժիշկ:
ՏՂԱՄԱՐԴ — Ամբողջ Ռուսաստանի հոգսն ինձ վրա վերցնելու հավակնություն չունեմ: Իսկ ձեզ հետ իսկապես ուզում եմ աշխատել: Դուք հմայիչ, խելացի և կրթված կին եք: Ամուր բնավորություն ունեք: Կես խոսքից ամեն ինչ հասկանում եք: Ամեն ինչի մասին սեփական կարծիք ունեք: Նախաձեռնող ու եռանդուն եք, համարձակ ու վճռական: Դուք իսկական լիդեր եք:
ԿԻՆ — Իսկ մրցակցությունից չե՞ք վա-խենում:
ՏՂԱՄԱՐԴ — Ոչ: Չէ՞ որ մենք լրացնում ենք մեկս մյուսին: Դուք ավանտյուրիստ եք, իսկ ես` շրջահայաց: Դուք հրաշալի զգում եք գլխավորը, իսկ ես հետևողական եմ մասնավորի հանդեպ: Դուք կրթված եք, գաղափարներ ունեք, իսկ իմ փորձն է շոշափելի: Եվ, առհասարակ, դուք ավելի ու ավելի շատ եք ինձ դուր գալիս:
ԿԻՆ — Լավ, կմտածեմ:
ՏՂԱՄԱՐԴ — Մտածեք: Ահա այցեքարտս: Կսպասեմ ձեր պատասխանին: Հիմա ձեզ ո՞ւր տանեմ:
ԿԻՆ — Դուք խնդրեցիք մտածել: Նըս-տեք և սպասեք: Ես մտածում եմ:
Դադար:
ՏՂԱՄԱՐԴ — Սուրճ եփե՞մ:
ԿԻՆ — Մի լռեք: Խոսեք: Միևնույն է, ինչի մասին կխոսեք: Հանուն ֆոնի խոսեք:
ՏՂԱՄԱՐԴ — Ես չեմ կարող խոսել` իմանալով, որ ինձ չեն լսում:
ԿԻՆ — Ես կմիանամ խոսակցությանը: Ճիշտ և ճիշտ ձեզ նման, ես կարող եմ մի բան խոսել, բայց մտածել բոլորովին այլ բանի մասին:
ՏՂԱՄԱՐԴ — Եվս մի արժանիք: Իսկ ինչո՞ւ երբեք չեք ամուսանացել: Ձեզ չվիրավորեցի՞: Չէի հարցնի, եթե տգեղ լինեիք:
ԿԻՆ — Ես ուզում էի սիրելով ամուսնանալ:
ՏՂԱՄԱՐԴ — Անպատասխան սե՞ր եք ունեցել:
ԿԻՆ — Ես փշրված սեր եմ ունեցել: (Դադար:) Ես կպատմեմ, չէ՞ որ կանայք հոգի են տալիս սիրո մասին խոսելու համար:
ՏՂԱՄԱՐԴ — Գուցե մեկ ուրի՞շ անգամ:
ԿԻՆ — Լսեք ինձ, խնդրում եմ:
ՏՂԱՄԱՐԴ — Իհարկե, իհարկե…
ԿԻՆ — Տասներեք տարեկան էի: Ինձ ու տատիկիս համար ծնողներս Ֆիննական ծոցի Լախտա ավանում ամառանոց էին վարձել: Այնտեղ էլ նրան հանդիպեցի: Տասնութ տարեկան էր: Բանակից առաջ հանգստանում էր: Տեր Աստված, ի՜նչ գեղեցիկ էր: Սովորական գեղեցկություն չէր դա, նա պարզապես հիասքանչ էր: Դրանից առաջ ու հետո նրա նման մեկին չեմ հանդիպել: Նա իսկական տղամարդ էր: Միայն այն գիտակցությունը, որ նա կա աշխարհում, ինձ փրկել է ամեն չարիքից: Ես նրան սիրեցի առաջին հայացքից, սիրեցի խոր, ուժգին, կրքոտ և ամաչկոտ սիրով: Ինչպես միայն կարող է սիրել կարդացած, երևակայությամբ ապրող աղջնակը: Դա ձգվեց մի շաբաթ, ոչ ավելի: Այդպես էլ կարևոր մի բան չհասցրինք ասել մեկս մյուսին: Սերը մեզ իր գիրկն առավ հանկարծակի: Մենք սիրել հասցրինք, բայց չհասցրինք վարժվել իրար:
Դադար:
ՏՂԱՄԱՐԴ — Շնորհակալություն, որ պատմեցիք: Իսկ հետո՞:
ԿԻՆ — Ամառանոցում, մինչև նրան հանդիպելը, ընկերություն էի անում հարևան բակի տղաների ու աղջիկների հետ: Թեև նրանցից ոչ մեկի հետ չէի սիրաբանում, բայց անընդհատ նրանց հետ էի. լողանում էինք, մոպեդներով սլանում փողոցներով, թուղթ ու սեղանի թենիս խաղում… Մի խոսքով, նրա հետ շատ քիչ ժամանակ էի լինում: Իսկ այդ տղաներին դուր չէր գալիս, որ օտար մեկն իմ կողքին է, հարձակվում էին նրա վրա, կըպ-չում: Իսկ նա ոչ միայն չէր վախենում, անգամ չնկատելու էր տալիս: Դա էլ երևի ամենից շատ էր կատաղեցնում այդ տղաներին:
Դադար:
ՏՂԱՄԱՐԴ — Հետո ի՞նչ եղավ:
ԿԻՆ — Մի անգամ առավոտյան արթնացա այն զգացումով, որ դըժ­բախտություն էր պատահել: Ես արթնացա, սկսեցի պտտվել տան շուրջն այնպես, կարծես փնտրում էի այդ դժբախտությունը: Արևն այրում էր: Ամենուրեք բզեզների բզզոցն էր: Քաջվարդերը փթթում էին: Ամեն ինչի մեջ խաղաղության և հարմարավետության շունչն էր իշխում: Աստիճանաբար հանգըստացա և գնացի լցակայանից ջուր բերելու: Այնտեղ էլ լսեցի. գիշերը տղային ծեծել ու հաշմանդամ էին դարձրել: Դժբախտությունն ինքը ինձ գտավ: Ես շպրտեցի դույլերն ու վազեցի դիմացի բակը: Ախ, ինչպե՜ս էր այրում արևը, ասես Հին Հրեաստանը լիներ: Բակի մեջտեղում իմ շրջապատի տղաները շարել էին շշերն ու դրանց վրա կրակում էին երկփողանի հրացաններից: Երկու երկփողանի էլ սեղանի վրա էր: Ես վերցրեցի մեկն ու նշան բռնեցի նրանցից մեկի վրա, մականունը Սոճի էր, անունը չեմ հիշում: Նրա տան մոտ սոճիներ էին աճում, դրա համար էլ մականունը Սոճի էր: Ես երկար ու մանրակրկիտ նշան էի բռնում: Վա- խենում էի վրիպել: Լռություն տի-րեց: Լսվում էր, ինչպես էր փայտանոցում դույլի մեջ ընկնում կաթի ցայտը: Նրա մայրը կովն էր կթում: Կրակեցի: Ուսս ինձ լավ պատվար եղավ: Սոճին հնձած ցորենի պես տապալվեց: Հետո նշան բռնեցի Վասկա-հոսանքիչի վրա: Հետո մի փոքր զարմացա. ինչո՞ւ է նա այդպես սփրթնած: Կարծես քիչ առաջ ոնց որ նեգր լիներ: Եվ այդ պահին նրա աղջիկը, չեմ հիշում, թե անունն ինչ էր, այնպես ճչաց, կարծես իրեն էին մորթում: Ու վազեց այդ տղային իր մարմնով ծածկելու: Իսկ նա աղջըկան նույնիսկ չհրեց, տեղավորվեց նրա թիկունքում: Աղջիկն ինձ խանգարում էր: Ես չէի ուզում նրան կրակել: Որտեղից որտեղ հայտնվեց Սոճիի մայրը, ձայնը գլուխը գցեց. «Սպանե՜լ են: Որդուս սպանե՜լ են»: Ես շպրտեցի հրացանն ու անհետացա: Չեմ հիշում, թե ինչպես հայտնվեցի նեղուցի մոտ գտնվող նրա ամառանոցում: Երկու լացող կին` մայրն ու քույրը, հավաքում էին իրերը: Օ՜խ, ի՛նչ ատելությամբ էին նայում ինձ: Չեմ հիշում` երբ և ինչպես տուն եկա: Ինձ արդեն միլիցիոներն էր սպասում: Իսկ Սոճուն չէի սպանել, միայն ուսն էր վիրավորվել: Ինձ մանկական գաղութն էր սպառնում: Բայց տղաներին նույնպես բաժին կհասներ: Սոճու մայրը մտածեց-մտածեց ու դիմումը հետ վերցրեց: Ինձ Լենինգրադ տարան: Տենդի նման մի բան ցնցեց ինձ: Ես փողոց դուրս եկա միայն այն ժամանակ, երբ դեղին տերևների հրդեհը վերջացել էր: Այնպես տխուր էր:
Դադար:
ՏՂԱՄԱՐԴ — Շնորհակալ եմ:
ԿԻՆ — Իսկ հիմա ամուր բռնվեք:
ՏՂԱՄԱՐԴ — Ինչո՞ւ, ի՞նչ…
ԿԻՆ — Դուք այնպես նման եք այն տղային, ում սիրել եմ և այլևս չեմ տեսել:
ՏՂԱՄԱՐԴ — Շնորհակալ եմ… նախանձում եմ ձեզ: Երբեք այդպիսի սեր չեմ ունեցել: Ընդհանրապես սիրուն այնքան էլ չեմ հավատում:
ԿԻՆ — Ես ընտրեցի ձեզ, որովհետև շատ էի ուզում, որ իմ որդին նման լինի նրան:
ՏՂԱՄԱՐԴ — Շնորհակալ եմ: Բայց այդպես չի լինում: (Նայում է ժամացույցին:) Ժամը տասն է:
Հեռախոսազանգը հնչում է երկար, ոչ ոք չի մոտենում:
ԿԻՆ — Ձեզ եմ շնորհակալ:
ՏՂԱՄԱՐԴ — Ինչի՞ համար:
ԿԻՆ — Ես այսօր հասկացա, որ չի կարելի ամբողջ կյանքը հպատակեցնել անցյալին: (Ծիծաղում է:) Երբ առավոտյան համոզում էի ձեզ, խուճապահար էի… Այն ժամանակ խայտառակությունից պարզապես կգժվեի: Ասես պարտությունից ավելի խայտառակ հաղթանակ չի լինում:
ՏՂԱՄԱՐԴ — (ծիծաղում է): Արդեն ընդհանուր հիշողություններ ունենք: Եվ պարտություններ, և հաղթանակներ:
ԿԻՆ — Այսօր ես հասունացա: Եվ չեմ հասկանում նրան, ով էի առավոտյան: Ինչպե՞ս կարող էի հուսալ սիրելի երեխա ծնել չսիրած մարդուց:
ՏՂԱՄԱՐԴ — Ընդհանրապե՞ս ձեզ դուր չեմ գալիս:
ԿԻՆ — Չէ, դուր չեք գալիս:
ՏՂԱՄԱՐԴ — Ցավալի է:
ԿԻՆ — Ի՞նչ արած:
ՏՂԱՄԱՐԴ — Իսկ կարելի՞ է իմանալ` ինչու: Դուք իմ մեջ այնքան արժանիքներ էիք գտել:
ԿԻՆ — Մոլորված էի:
ՏՂԱՄԱՐԴ — Վիրավորական է: Իսկ ես արդեն ինքս իմ մեջ ուռել էի…
ԿԻՆ — Հիմա, երբ ձեզ պետք եմ, դուք այնպես քնքշորեն եք ժպտում, այնպես բարեկամաբար եք նայում… Կարելի է հավատալ, որ իրոք ձեզ դուր եմ գալիս:
ՏՂԱՄԱՐԴ — Դուք իրոք ինձ դուր եք գալիս: Ձեզ պակասում է հավատը սեփական անձի հանդեպ: Դուք իրավունք չունեք կասկածի տակ առնելու ձեր հմայքը:
ԿԻՆ — Իսկ ինչո՞ւ փողոցում ձեր աչքին հմայիչ չէի երևում:
ՏՂԱՄԱՐԴ — Այն ժամանակ ձեզ չգիտեի:
ԿԻՆ — Չգիտեիք, որ ձեզ օգտակա՞ր եմ լինելու:
ՏՂԱՄԱՐԴ — Ժամը տասնմեկն է: Կի-նըս անհանգստանում է: Պետք է ուրիշների զգացմունքների հետ հաշվի նստել: Ձեզ ո՞ւր տանեմ:
ԿԻՆ — Ես ձեզ համար լա՞վ աշխատեցի:
ՏՂԱՄԱՐԴ — Այո, լավ: Շնորհակալություն:
ԿԻՆ — Իսկ չորս հարյուր դոլարն ո՞ւր է: Դուք ինձ խոստացաք, եթե…
ՏՂԱՄԱՐԴ — (ընդհատում է): Ներեցեք, մոռացել էի: Խնդրեմ: (Փողը տեղավորում է ծրարի մեջ, պարզում կնոջը):
ԿԻՆ — (չի վերցնում): Անհարմար վիճակի մեջ դրեցիք: Ստիպեցիք հիշեցնել փողի մասին: Ջենտլմենին վայել չէ:
ՏՂԱՄԱՐԴ — Ներեցեք: Դուք ճիշտ եք:
ԿԻՆ — Հարյուր դոլարը հանեք:
ՏՂԱՄԱՐԴ — Թող դա լինի իմ անձնական նվերը:
ԿԻՆ — Կողմնակի անձանցից ոչինչ չեմ ընդունում:
ՏՂԱՄԱՐԴ — Լավ: (Հոգոց արձակելով` ծրարից հանում է մի թղթա­դրամ:)
ԿԻՆ — Եվ միշտ ձեզ մոտ հազար, երկու հազար դոլա՞ր կա:
ՏՂԱՄԱՐԴ — Իսկ դուք ուզում եք ինձ կողոպտե՞լ:
ԿԻՆ — Պատահական ծախսերի համար ձեզ մոտ այնքան գումար եք պահում, որքան անհրաժեշտ է սովորական մարդուն մի տարի ապրելու համար:
ՏՂԱՄԱՐԴ — Ինձ մոտ այնքան փող կա, որքան ես վաստակում եմ:
ԿԻՆ — Դուք չեք աշխատում, դուք առևտուր եք անում:
ՏՂԱՄԱՐԴ — Իրավացի եք: Դուք էլ, ի վերջո, չեք աշխատում, այլ ձև եք անում, թե բուժում եք մարդկանց` ինչպես դա ընդունված է շրջանային պոլիկլինիկաներում:
ԿԻՆ — Ես մտածեցի: Ձեզ համար չեմ աշխատի:
ՏՂԱՄԱՐԴ — (անսպասելի գրկում է նրան, թեթևակի հպվում նրա շուրթերին): Չէի ուզում ձեզ վիրավորել: Ու չեմ հասկանում, թե ի՞նչ է կատարվում: Ինչո՞ւ ենք նման վերջաբանի գնում: Եվ ինչպե՞ս փոխել այս ամենը: Զանգեք ինձ, զանգեք: Մի անհետացեք: Եվ փողն էլ վերցրեք: Դուք ազնվորեն եք այն վաստակել: (Մարում է լույսը:) Մենք կարող ենք գնալ:
ԿԻՆ — Բայց դուք սուրճ առաջարկեցիք:
ՏՂԱՄԱՐԴ — Մեկ ուրիշ անգամ:
ԿԻՆ — Ուրիշ անգամ չի լինի: Մենք հրաժեշտ կտանք, ու ես ընդմիշտ կհեռանամ:
ՏՂԱՄԱՐԴ — Մոտերքո՞ւմ եք ապրում:
ԿԻՆ — Համեմատաբար… դե ի՞նչ:
ՏՂԱՄԱՐԴ — Սուրճը ձեր տանը խմեք:
ԿԻՆ — Տանը սուրճ չունեմ: Աշխատավարձս թույլ չի տալիս:
ՏՂԱՄԱՐԴ — (միացնում է սեղանի լամպը, դարակից հանում է մի տուփ սուրճ): «Կլասիկը» հարմա՞ր է: Նվիրում եմ, հիշատակ:
ԿԻՆ — Ես արդեն ասացի, որ առաջին պատահածից նվեր չեմ ընդունում:
Հեռախոսազանգ: Երկար է հըն-չում: Ընկալուչը ոչ ոք չի բարձրացնում:
ՏՂԱՄԱՐԴ — Ներեցեք, բայց սուրճ եփելու ժամանակ չկա: Շտապում եմ: Կինս ինձ է սպասում: Անհան-գըստանում է, չի քնում: Դուք դժվար հասկանաք, ազատ մարդ եք: (Ցուցադրաբար սպասողական կեցվածք է ընդունում:)
Երկար դադար:
ԿԻՆ — (կամաց): Հրաժեշտից առաջ համբուրեք ինձ: Խնդրում եմ:
ՏՂԱՄԱՐԴ — (համբուրում է): Մի կորեք: Առանց ձեզ իմ կյանքում մի բան պակաս կլինի: Այցելեք:
ԿԻՆ — Աշխատանքային օրվա վերջո՞ւմ: Կանգնել այնտեղ և սպասել, թե երբ ինձ կսուլե՞ք: Եվ գուշակել, թե հիմա ձեզ պե՞տք եմ, թե՞ ոչ:
ՏՂԱՄԱՐԴ — (շատ լուրջ և վստահելի տոնով): Ի՞նչ եք ինձնից ուզում: Ես չեմ կարողանում հասկանալ, չեմ կարողանում կռահել, չնայած ջանք եմ թափում: Դուք ինձ բացատրեք: Համարձակություն ունեցեք և ասացեք: Դուք կարող եք ուժեղ լինել: Մի՞թե ավելի դժվար է ուժեղ լինել, քան` անկեղծ:
ԿԻՆ — Եթե ինքս հասկանայի…
ՏՂԱՄԱՐԴ — Ինչպե՞ս կարող եմ ձեզ հասկանալ, երբ դուք ձեզ չեք հասկանում: (Դադար: Lուրջ և քնքույշ:) Դուք տեսիլքների մեջ եք:
ԿԻՆ — (ցնցվում է): Տեսիլքների՞: Դուք ճիշտ եք:
ՏՂԱՄԱՐԴ — Առավոտյան ամեն ինչին լրիվ այլ կերպ էիք նայում: Իսկ մի շաբաթից կմոռանաք այսօրվա տրամադրության մասին: Վախենում եմ, որ ինձ էլ կմոռանաք:
ԿԻՆ — Ես սարսափում եմ: Ես դարձյալ տասներեք տարեկան եմ: Ու դարձյալ ինձ զգում եմ ողբերգության կիզակետում: Եվ փրկություն չկա: Ես միշտ իմացել եմ, որ մենակությունն այն ժամանակ չի գալիս, երբ կողքիդ ոչ ոք չկա: Մենակությունն այն է, երբ քեզ պետք է միակը, մեն-մեկը: Ես այնպես զգուշավոր էի: Ես ինձ այնպես էի պահպանում: Ես չէի կարող թույլ տալ, որ իմ սիրտը մեկ անգամ էլ փշրվի: Ես չպետք է մոտենայի ձեզ: Մի ամբողջ ամիս ձեզ էի հետևում, երազում էի, պատկերացնում, հիանում էի ձեզնով, անհան-գըստանում էի, խանդում, ատում էի ձեզ, տառապում… Ես սպասում էի: Ոչ մի սովորական օր չկար իմ կյանքում: Իմ ամեն մի օրը ձեզնով լցված էր: Ինչո՞ւ խաբեմ ձեզ և ինձ: Ես ձեզ սիրում եմ խենթորեն, կրքոտ… Ես սիրում եմ ձեզ: Եվ ի՞նչ անեմ ձեր հանդեպ ունեցած իմ սերը: (Ծնկի է գալիս Տղամարդու առջև:) Հուշեք, ի՞նչ անեմ:
Տղամարդը նույնպես ծնկի է գալիս, գրկում է, օրորում է նրան, կարծես փոքր երեխա լինի:
ՏՂԱՄԱՐԴ — Իմ անպաշտպան տասներեքամյա աղջնակ: Սիրելիս, լավս: Դու որտեղի՞ց եկար: Դու իմ անկոչ տոնն ես: Դու բուրում ես եղրևանու նման: Ինչո՞ւ: Որովհետև ես սիրում եմ քեզ: Ես ուզում եմ, որ դու երջանիկ լինես: Ես քեզ հիմա մի տեղ կտանեմ, որտեղ քեզ համար բյուրեղապակյա կոշիկներ ու շրջազգեստ կգնես: Արքայադստեր նման… Դու չես էլ հասկանում, թե որքան ձգող ես ու կանչող: Ես քեզ շատ եմ սիրում:
ԿԻՆ — (լաց է լինում): Ալյոշենկա…
ՏՂԱՄԱՐԴ — Ես չարժեմ քեզ: Քեզնից լավ երբեք ոչինչ չեմ ունեցել: Երեսուն տարեկան եմ, ես դեռ չեմ ապրել: Ես ստեղծել եմ ինձ: Ոչնչից: Գավառացի պատանուց, ոչ մի արժանիքն չունեցող, միայն բարե­խղճությամբ աչքի ընկնող տղայից սարքել եմ ինձ: Այն տղայից, որի հայրը հարբում ոի ծեծում էր մորը, իսկ մայրը լաց էր լինում և աշխատում օրնիբուն, որպեսզի պահեր երեք երեխաներին: Ես Մոսկվա եկա: Սովորում ու աշխատում էի: Վաստակում էի ու համարյա ամբողջ վաստակս ուղարկում մորս` քույրերիս մեծացնելու համար: Ամուսնացա անսպասելի, տրամադրության թելադրանքով, և հիմա ինձ թվում է` առանց սիրո: Այո, ես շատ եմ վաստակում, բայց փողերս ծախսելու ոչ ժամանակ, ոչ էլ ցանկություն ունեմ: Կյանքիս մեջ գոնե մեկ անգամ արձակուրդ չեմ ունեցել: Ես չեմ հավատում նրան, ինչ մեր միջև կատարվում է: Չեմ հավատում:
ԿԻՆ — Ալյոշենկա…
ՏՂԱՄԱՐԴ — Դու լաց ես լինում… Ինչ համով արցունքներ են, ինչ քաղ-ցըր… Իմ փոքրիկ աղջիկ, մենք քեզ հետ Հոլանդիա կմեկնենք: Ի դեպ, քո արտասահմանյան անձնագիրը կարգի՞ն է:
ԿԻՆ — (ծիծաղում է): Չունեմ ու երբեք արտասահմանյան անձնագիր չեմ ունեցել: Ես եղել եմ Ռիգայում, Սոչիում ու մեկ էլ Պուշկինյան լեռներում: Ես գիտեմ Մոսկվան ու Լենինգրադը: Մայրս երկար տարիներ հիվանդ էր, նրան մենակ թողնել չէր կարելի: Ես ուզում եմ տեսնել աշխարհը քեզ հետ միասին: Առանց քեզ ինչի՞ս է պետք աշխարհը:
ՏՂԱՄԱՐԴ — Ես քեզ ցույց կտամ աշխարհը: Երկուսով շատ կճամփորդենք: Իսկ հետո դու աղջիկ կծնես: Գուցե, այնուամենայնիվ, համաձայնե՞ս աղջիկ ունենալ, մանավանդ, որ տղայի հարցում արդեն չենք հասցնում:
ԿԻՆ — Թող աղջիկ լինի: Աղջիկներն էլ երբեմն վատ չեն ապրում:
ՏՂԱՄԱՐԴ — Շնորհակալություն: Ես միշտ, միշտ կօգնեմ քեզ: Իսկ հետո, երբ աղջիկը մեծանա, դու մեզ կծանոթացնես: Ես ուզում եմ, որ մեր աղջկան ծնես ու նրան կոչես Մարինա: Եթե քեզ մոտ լինի մեր աղջիկը, ապա այնքան ցավագին չես ընդունի, չէ՞, մեր բաժանումը:
ԿԻՆ — Այո…
ՏՂԱՄԱՐԴ — Քեզ համար այնքան ցավագին չի՞ լինի: Ես վախենում եմ քեզ համար: Դու այնքան նուրբ ես: Դու շատ ցավ չե՞ս զգա:
ԿԻՆ — Ոչ:
ՏՂԱՄԱՐԴ — Իհարկե, քեզ համար, ինչպես նաև ինձ համար, շատ ցավագին կլինի այս ամենը: Բայց ասա, քեզ համար ավելի շատ չի՞ լինի ցավը:
ԿԻՆ — Ոչ:
ՏՂԱՄԱՐԴ — Ես քեզ սիրում եմ:
ԿԻՆ — Այո:
ՏՂԱՄԱՐԴ — Դու ինձ սիրո՞ւմ ես:
ԿԻՆ — Այո: Տուն գնալուդ ժամանակն է: Քեզ սպասում և անհանգստանում են:
ՏՂԱՄԱՐԴ — Կինս քնած է: Նա վաղ է պառկում: Աղջկաս հետ հոգնում է: Մեր աղջիկն իսկապես կամակոր է: Կինս էլ, իսկապես, շատ ներվային է: Նրան դժվար է բան հասկացնել: Ինչ անում եմ` նրան դուր չի գալիս: Նա մշտապես սկանդալներ է սարքում, որ աշխատանքից ուշ եմ գնում: Նրա մոտ հիստերիա է սկսվում, որովհետև համոզված է, որ իրեն քիչ ժամանակ եմ տրամադրում: Եթե իմ կինը լինեիր, ես շատ երջանիկ կլինեի: Քո մեջ մանրախնդիր ոչինչ չկա, չկա առօրեական ոչինչ: Դու տոն ես: Դու հոգի ունես:
ԿԻՆ — Շնորհակալ եմ:
ՏՂԱՄԱՐԴ — Չէ, նա հրաշալի տանտիրուհի է, հրաշալի կին, հրաշալի մայր: Ես լիովին բավարարված եմ: Տունը մաքուր է, աղջիկս ինչ-որ բանով զբաղվում է: Իհարկե, կնոջս համար դժվար է տանը մնալը: Նա հոգնում է: Ես կարող եմ հանգըստյան օրերին նրանց ինչ-որ տեղ տանել ժամանցի… Շաբաթվա ընթացքում հասցնում եմ կարոտել աղջկաս, իսկ աղջիկս ոտքից գլուխ ինձ է քաշել: Բայց հատկապես հանգստյան օրերին կնոջս խիստ անհրաժեշտ է լինում խանութներ գնալ: Փնտրել ինչ-որ վերնաշապիկ կամ էլ հարյուրերորդ լողազգեստը: Եվ պտտվում ենք Մոսկվայում, անիմաստ փողեր ենք ծախսում: Դրանից կինս բորբոքվում է, աղջիկս` նվնվում: Իսկ ես, միևնույն է, մի վերնաշապիկը մյուսից չեմ տարբերում, որովհետև որն էլ հագնի, կինս էլի նույնն է: Կարծում եմ, իսկապես իմ գնալու ժամանակն է: Մենք միասին Հոլանդիա կգնա՞նք:
ԿԻՆ — Այո:
ՏՂԱՄԱՐԴ — Ես չեմ հավատում: Այնտեղ ծով կա՞: Երբեք Հոլանդիայում չեմ եղել:
ԿԻՆ — Ծով կա:
ՏՂԱՄԱՐԴ — Ինչպե՞ս է կոչվում:
ԿԻՆ — Հոլանդական: Այնտեղ ամեն ինչ հոլանդական է: Հոլանդական վարդակակաչներ, հոլանդական պանիր… Եվ ոչ հոլանդացիները այնտեղ անելիք չունեն:
ՏՂԱՄԱՐԴ — Իսկ մենք մեզ հոլանդացու պես կպահենք: Օրերով պանիր կուտենք: Ու ես քեզ վարդակակաչներ կնվիրեմ: Եվ կպահպանեմ քեզ որպես ամենաթանկարժեքը աշխարհում: Ինձ հետ քեզ լա՞վ ես զգում:
ԿԻՆ — Այո:
ՏՂԱՄԱՐԴ — Իսկ ինչո՞ւ ես այդպես սուսուփուս: Ու չես կոպտում: (Դադար:) Ամեն ինչ լավ կլինի: Դու ինձ հավատո՞ւմ ես:
ԿԻՆ — Ես քեզ հավատում եմ, Ալյոշենկա:
ՏՂԱՄԱՐԴ — Գնալու ժամանակն է:
ԿԻՆ — Այո:
Կինը բարձրանում է: Տղամարդը շրջում է օֆիսում, ինչ-որ բան է ուղղում, ինչ-որ բան ստուգում այնպես, ինչպես դա անում են գնալուց առաջ:
ՏՂԱՄԱՐԴ — Վերցրու դոլարները:
ԿԻՆ — (գլուխն է տարուբերում): Ոչ:
ՏՂԱՄԱՐԴ — (նետում է փողը սեղանին): Զանգիր ինձ: Գիտե՞ս` երբ: Մի շաբաթից: Կամ մի տասն օրից: Հիմա շատ աշխատանք ունեմ: Մինչ այդ հրավերն էլ կգա: Քո անձնագրով կզբաղվեմ: Արտգործնախարարության աղջիկների հետ լավ կապեր ունեմ:
ԿԻՆ — Շնորհակալություն:
ՏՂԱՄԱՐԴ — (քնքույշ ու մի քիչ էլ հեգնաբար): Խնդրեմ:
ԿԻՆ — Գնալու ժամանակն է:
ՏՂԱՄԱՐԴ — Ինչ-որ դադարեցիր ինձ դուր գալ: Եվ աչքերդ էլ թաց են: Դու պահպանիր քեզ, մի ծանրաբեռնիր աշխատանքով:
ԿԻՆ — Հիմա արձակուրդում եմ:
ՏՂԱՄԱՐԴ — Արձակո՞ւրդ: Նախանձում եմ: Կարդա, հանգստացիր, ինչ-որ տեղ գնա ու ինձ էլ մի մոռացիր: Եվ զանգիր: Օ քե՞յ:
ԿԻՆ — Օ քեյ:
ՏՂԱՄԱՐԴ — Այսպե՜ս… (Շուրջն է նայում:) Կարծես թե վերջ… Սուրճը վերցրու:
ԿԻՆ — Շնորհակալություն:
ՏՂԱՄԱՐԴ — Լավ սուրճ է: Ես միայն դա եմ խմում:
ԿԻՆ — Ես էլ հիմա միայն այս սուրճը կխմեմ:
ՏՂԱՄԱՐԴ — Դե, հրաժեշտ տա՞նք:
ԿԻՆ — Հրաժեշտ տանք:
ՏՂԱՄԱՐԴ — Եվ հրաժեշտից առաջ ասա, որ սիրում ես ինձ: Քեզ մոտ դա բնական է հնչում:
ԿԻՆ — (բանաստեղծություն արտասանելու պես): Ես քեզ սիրում եմ… Ես քեզ սիրում եմ… Ես քեզ սիրում եմ… Ես քեզ սիրում եմ… Ես քեզ սիրում եմ… Ես քեզ սիրում եմ…
ՏՂԱՄԱՐԴ — Քեզ ի՞նչ պատահեց, վա՞տ ես զգում:
ԿԻՆ — Ես քեզ սիրում եմ… Ես քեզ սիրում եմ… Ես քեզ սիրում եմ…
ՏՂԱՄԱՐԴ — Էլի ինչ-որ բան ասա: Ինչ-որ ուրիշ բան ասա:
ԿԻՆ — Ես ուրիշ ոչինչ չգիտեմ… Միայն` ես քեզ սիրում եմ… Ես քեզ սիրում եմ…
ՏՂԱՄԱՐԴ — Մի ուրիշ բան ասա:
ԿԻՆ — Ի՞նչ: Ի՞նչ:
ՏՂԱՄԱՐԴ — Չգիտեմ:
ԿԻՆ — Ուրիշ ասելիք չունեմ:
ՏՂԱՄԱՐԴ — Ահա՜ թե ինչ: (Նայում է ժամացույցին:) Լավ, ամեն ինչ գրողի ծոցը թող գնա: Նստիր այստեղ: Քեզ համար երաժշտություն կմիացնեմ: Պատրիսիա Կաաս: (Միացնում է Պատրիսիա Կաասի «Մնա ինձ հետ» երգի ձայներիզը:) Հիմա կգամ: Կես ժամից: (Համբուրում է Կնոջը և դուրս վազում:)
ԿԻՆ — (անջատում է երգը և ձայնա­գրում ինքն իրեն): Ես սիրում եմ ձեզ: Ես այլևս երբեք չեմ տեսնի ձեզ: Ես ձեզանից ոչ տղա և ոչ էլ աղջիկ չեմ ծնի: Ես ձեզ հետ Հոլանդիա չեմ մեկնի, որովհետև չկա այդպիսի երկիր` Հոլանդիա: Եվ դուք էլ ինձ ամեն օր վարդակակաչներ չեք նվիրի, որովհետև աշխարհում վարդակակաչներ չկան: Եվ ես էլ ձեզ հետ միասին չեմ աշխատելու: Եվ դուք ինձ ցույց չեք տա աշխարհը: Անգամ աշխարհի ամենափոքր մի կտոր, աշխարհի նվազագույն կտորը: Ու էլ երբեք ինձ չեք ասի. «Մարինա, ես քեզ սիրում եմ»: Եվ ինձ համար շրջազգեստ ու բյուրեղապակյա կոշիկներ չեք գնի: Եվ չեք չարչարվի իմ արտասահմանյան անձնա- գրի համար: Ես ձեզ չեմ ծանոթացնի մեր չափահաս աղջկա հետ: Ես այլևս երբեք աղջիկ չեմ ունենա: Ոչինչ, ոչինչ, ոչինչ ես այլևս չեմ ունենա: Ես չգիտեմ, թե ինչ եք ասում դուք ուրիշ կանանց: Բայց եթե նույն բաները, ինչ որ ինձ, միևնույն է, ես շնորհակալ եմ ձեզ: Ոչ միշտ է իրավացի նա, ով սիրում է և տառապում: Եվ ոչ էլ միշտ մեղավոր է նա, ով չի սիրում: Ես սիրում եմ ձեզ և վախենում, որ մինչև կյանքիս վերջն այլևս ժամանակ չեմ ունենա ձեզ չսիրելու համար: Ես սարսափում եմ: Իսկ ի՞նչ, եթե մենք ամբողջապես չենք մեռնում: Եվ այնտեղ, այն հեռավոր ու անհայտ ափերում, ես կշարունակեմ սիրել ձեզ ուժգին ու անհույս: Դուք մեղավոր չեք, որ մեր միջև ոչինչ տեղի չունեցավ: Սերը չեն մուրում: Այն Աստված է ուղարկում: Մի շաբաթից դուք ամեն ինչի այլ հայացքով կնայեք: Իսկ ես մեկ շաբաթ հետո էլ առաջվա պես կսիրեմ ձեզ: Եվ այդ պատճառով էլ, քանի դեռ ուժ կա իմ մեջ, ես ձեզանից ընդմիշտ հեռանում եմ: (Անջատում է ձայնագրիչը, կիսաձայն երգում է Պատրիսիա Կաասի երգը:)
Կինը հանում է Տղամարդու պիջակը, կախում աթոռի թիկնակին ու հեռանում: Պատրիսիա Կաասը երգում է: Տղամարդը վերադառնում է վարդերի փնջով:
ՏՂԱՄԱՐԴ — Դու չե՞ս քնել: Տեսա՞ր, ինչ արագ վերադարձա: Վարդեր էի ընտրում: Եվ բոլոր վարդերն էլ, իմ կարծիքով, արժանի չէին քեզ: (Միացնում է մեծ ջահը:) Մարինա: (Բարձր:) Մարինա: (Նայում է, հասկանում, որ Կինը չկա, վայր է դնում փունջը, մտածմունքի մեջ ընկնում, հետո արագ ստուգում է սեղանի դարակները, բացում է չհրկիզվող պահարանը, նայում, անջատում է ձայնագրիչը, անփութորեն ձայներիզը նետում է սեղանին, թոթվում ուսերը:) Աննորմալ: (Տեսնում է իր պիջակը, ձեռքն է առնում, մոտեցնում դեմքին:) Աննորմալ…
Հեռախոսազանգ:
ՏՂԱՄԱՐԴ — (արագ վերցնում է ընկալուչը, բղավում): Դո՞ւ ես: (Հոգնած:) Զանգի էի սպասում, դրա համար էլ արագ վերցրի ընկալուչը: Իսկ դու ինչո՞ւ քնած չես: Չէ, ինձ հետ ոչինչ չի պատահել: Իսկ, քո կարծիքով, ի՞նչ կարող էր պատահել: Սովո-րական աշխատանքային իրավիճակ: Ու ստիպված եմ ուշանալ: Չէ, դու չգիտես, թե ինչու եմ ուշանում: Մտածիր, ինչ մտքովդ կանցնի: Հա, այստեղ մենակ եմ: Լենա, հոգնել եմ, արդարանալու տրամադրություն չունեմ: Պրոբլեմներ են առաջացել, ստիպված էի մի քիչ երկար մնալ: Հա, հիշում եմ, որ ընտանիք ունեմ: Վաղը ընտանիքիս տանելու եմ դինոզավրերին տեսնելու: Ի՞նչ մուշտակ, Լենա: Հիմա ամառ է: Բայց ինչո՞ւ հունիս ամսին, այդպես շտապ, քեզ կարակուլից մուշտակ է պետք: Լավ, լավ, կառնենք: Եվ երեխան էլ, ամեն անգամվա պես, մեզ հետ քարշ կգա խանութներում: Լենա, դու հիվանդ երևակայություն ունես: Այս ուշ ժամին ի՞նչ կանայք կարող են լինել օֆիսում: Ի դեպ, քեզ համար Պատրիսիա Կաաս եմ առել: Կբերեմ: Օրերով կլսես: Հա, ես էլ քեզ եմ համբուրում: Իմ ձայնը շատ նորմալ է: Տուն եմ գալիս: Ինձ ոչինչ չի պատահել:

Ռուսերենից թարգմանեց
ԼԵՎՈՆ ՄՈՒԹԱՖՅԱՆԸ