Գուրգեն ԽԱՆՋՅԱՆ / ԷՍ ՏԱՆ ՏԵՂԸ ՈՒՐԻՇ ՏՈՒՆ  ԷՐ

Այնկողմնային պիես մեկ արարով

Գործող անձինք
ՀԱՅԿ
ՄԱՅՐ
ՀԱՅՐ
ՔՈւՅՐ
ՏԱՏ
ՊԱՊ
ՔԵՌԻ
ԶԱՌԱՄՅԱԼՆԵՐ – երկու կամ երեք հոգի
ՄԻՀՐԱՆ
ՏՂԱՄԱՐԴ- քարանձավային
ԿԻՆ- քարանձավային
ՄԱՐԴ-ԲՈՐԵՆԻ

Մթության մեջ` աստիճաններով բարձրացող Հայկի ոտնաձայները, Զառամյալների երգը` «Էս տան տեղը ուրիշ տուն էր, էն տան տեղը` էլի տուն, դրա տեղը` պստիկ խրճիթ, ավելի վաղ` քոլիկ-մոլիկ, քոլիկից վաղ` քար ու քռա, դրանից վաղ` ոչ ու փուչ, սև խոռոչ, սառը ոչինչ», երգը հազիվ է լսվում, բառերը համարյա անտարբերելի են:
ՀԱՅԿ – (հևալով): Փողոցները` մութ, շքամուտքը` մութ, վերելակը չի աշխատում… ոչինչ չի փոխվել կարծես… Ասում էին` չես ճանաչի, լույսեր, ակումբներ, եսիմ էլի ինչեր… (Դադար:) Թեև շատ ուշ հասա, էս ժամին ի՞նչ լույս, գիշերվա հազարն ա… Իսկական երևանցու պես խոսեցի` գիշերվա հազարն ա, կարծես քսան տարի անցած չլինի, կարծես քիչ առաջ եմ շքամուտքից դուրս եկել, մի քիչ կենտրոնում պտտվել եմ, սրճարանում սուրճ եմ խմել, ու հիմա էլի տուն եմ գալիս:
ԶԱՌԱՄՅԱԼՆԵՐ – (հեռավոր երգեցողությունը): Էս տան տեղում ուրիշ տուն էր, էն տեղում` էլի տուն, դրա տեղում` պստիկ հյուղակ, ավելի վաղ` քոլիկ-մոլիկ…
ՀԱՅԿ – (չլսելու է տալիս երգը, ճգնում է դուռը բացել): Ժանգոտել է խեղճ դուռը… Հո փակը չե՞ն փոխել… Չէ, բացվեց… Սիրտս խփում է, կատակ չէ` քսան տարի անց մտնել հայրական տուն…
Լսվում է Մարդ-բորենու հեռավոր, քսու ծիծաղը
ՀԱՅԿ – Նույն հոտն է, հարազատ տան հոտը… Թեև արդեն խոնավության երանգ կա… լքվածության երանգ… Մայր, մայր, չդիմացար, մինչև գամ-հասնեմ: (Փորձում է լույսը վառել:) Հոսանք չկա, անջատել են երևի, գիշերով անլույս մնացի… Ի՜նչ աղմկոտ տուն էր` լույսեր, ճաշերի հոտ, երաժշտություն, բլոտ, նարդի… Բայց դե գիշերով լույսն ի՞նչ եմ անում, մեկ է` քնելու եմ: (Աթոռին խփվելով:) Չէ, այնուամենայնիվ, լույս պետք է, գոնե` մի քիչ… Մամայի մոմերից տեսնես չի՞ մնացել: (Մոտենում է պահարանին, փնտ­րում:) Այս դարակում միշտ մոմ էր պահում… Կա: Հեռատես մայրիկս: (Վառում է մոմերը:) Տունս, հարազատս… ո՞նց ես, մենակ ես մնացե՞լ, ո՞ւր են բնակիչներդ, չկա՞ն… տուն ջան…
Ստվերներ են անցնում
ՀԱՅԿ – Մոմերի ստվերնե՞րն են… Թե՞ տան ոգիները: (Ծիծաղում է:)
Զառամյալները երգում են, դարձյալ` հազիվ լսելի, հազիվ տարբերելի
ՀԱՅԿ – Նյարդերս շատ հոգնեցին, առանց այն էլ վերջերս շատ եմ նյարդային, իսկ այսօր` տասնվեց ժամ ինքնաթիռներում, օվկիանոսի վրայով… Ատլանտյան օվկիանոսը տանել չեմ կարողանում, սառը, օտար, որ պատկերացնում ես` կարող է ընկնես մեջը… Բռռռ… Ո՞ւմ անկողնում եմ քնելու… Քույրիկի, քույրիկս էր էստեղ քնում (հոտոտելով անկողինը), նրա հոտը դեռ պահպանվում է… Թե՞ ինձ է թվում… Իհարկե, թվում է, չորս տարի է անցել նրա մահից… Թեև, եթե ձեռք չեն տվել` կպահպանվեր: Էհ, իրար ետևից գնացին հարազատներս, ասես մեկը մեթոդաբար հալածել է: (Դարձյալ հոտոտելով:) Բայց ի՞նչ հոտ է… Քույրիկից հետո ո՞վ է քնել այստեղ… Ծխախոտի հոտ էլ կա ոնց որ… Քեռի՞ն է քնել, վերջին տարիներին գյուղից քեռուն բերել էին տուն… բայց չէ, հայրիկը նրան երես չէր տա, պատշգամբում կքնացներ: Հիշեցի, քույրիկը ծխում էր, ես չեմ տեսել, բայց մայրիկն ասեց` քույրդ ծխում է: (Բացում է անկողինը:) Թող օդափոխվի մի քիչ: Այսինքն` ո՞նց օդափոխվի, եթե օդ չկա: (Բացում է օդանցքը: Քամին փակում է այն:) Այս տունը ինձ որպես տեր չի ընդունում, տեղը չի բերում` այսպես ասած© տեղը չես բերո՞ւմ, տուն (դարձյալ բացելով օդանցքը), բայց կբերես, կբերես: (Որոշ ժամանակ անց օդանցքը դարձյալ փակվում է:) Մայրիկի, հայրիկի սենյակ չեմ գնա, հիմա չեմ գնա, առավոտյան: Քույրիկի մահճակալին էլ չեմ ուզում… (Մոմը հանգցնելով:) Բազմոցին կքնեմ, մի քիչ նեղվածք է, բայց ոչինչ, կդիմանամ: (Պառկում է բազմոցին:)
ԶԱՌԱՄՅԱԼՆԵՐ – Էս տան տեղը ուրիշ տուն էր, էն տան տեղը` էլի տուն, դրա տեղում` պստիկ հյուղակ:
ՀԱՅԿ – Մոմերն իզուր հանգցրի: (Վառում է մոմերը:) Սուրճը չէր խանգարի… Չէ, սուրճն ավելի կգրգռի, օղի` այո, օղի կամ կոնյակ: Գուցե կա՞: (Փնտրում է պահարանում:) Ահա, մի շիշ ինչ-որ բան կա… Կոնյակ է: (Բաժակ է հանում, շիշը բացում է, լցնում, խմում:) Լավ էր: Հիմա փորձենք քնել:
Մոր ձայնը. կամացուկ երգում է օրորոցայինը:
ՀԱՅԿ – Այս տան պատերը երգեր են պահել ինձ համար, երգեր, հոտեր… Ահա, ստվերներ են շարժվում… Կարոտից է, կարոտից և նյարդերիս հոգնածությունից, ուղեղիս մորմոքն է: (Ծխում է:) Քսան տարի չեմ եղել այս տանը, քսան տարի չտեսա նրանց, ու այդպես էլ չտեսա: Մի երգիր, մայրիկ, մեկ է` քունս մոտ չի գալիս: (Մոր երգի ձայնն ուժգնանում է:) Մի երգիր, խնդրեցի, չէ՞: (Ինքն էլ է երգում մեքենայորեն, ապա նյարդայնացած լռում է:) Դե, մի՛ երգիր, ասացի… Խնդրում եմ, մա: Չէ, այս տանն ապրել չի լինի, եթե նույնիսկ հիմնովին վերանորոգեմ` էլի չի լինի, այստեղ օդն էլ ուրիշ է, հին է, այն ժամանակների, այստեղ ապրելը մեռնելու նման է, կարոտախտով կտանջի միշտ… (Պատերին ստվերներ են շարժվում:) Հո պատերն էլ չե՞մ քանդելու: Չէ, կվաճառեմ, ուրիշ տեղում տուն կառնեմ, կամ էլ չեմ առնի, ինչի՞ս է… Բայց ոգիները կներե՞ն ինձ… Դեհ, ներեն-չներեն…
ԶԱՌԱՄՅԱԼՆԵՐ- Էս տան տեղը ուրիշ տուն էր…
ՀԱՅԿ – Գուցե փակեմ, գնամ, հետո՞ գամ` ծախեմ: Է՜, ինչ եմ սևեռվել` ծախեմ, առնեմ, ծախեմ, ոնց որ փչացած մեխանիզմ լինեմ… Շտապ չէ, թող լուսանա: Առավոտյան` նախ գերեզմանոց կգնամ: Այո, անպայման, հենց լույսը բացվի… Գերեզմանները սարքել է պետք: Հետո քաղաքը կտեսնեմ, ընկեր, բարեկամ… Ասենք, ո՞վ է մնացել որ: Ախ, քույրիկս, ախր դո՞ւ ինչու… Դու ինձնից ջահել էիր…
ՔՈՒՅՐ – (ուրվականը պատից պոկվում` առաջ է գալիս, պարանոցին պարանի կտոր կա, որով կախվել է): Երկու, ուղիղ երկու տարով:
ՀԱՅԿ – Քեզ շատ էի սիրում:
ՔՈՒՅՐ – Համոզվա՞ծ ես:
ՀԱՅԿ – Այո: Թեև ինչ-որ բան չէր ստացվում մեր հարաբերություններում, ինչ-որ բան խանգարում էր:
ՔՈՒՅՐ – Խանգարում էր© չե՞ս գուշա-կում` ինչն էր…
ՀԱՅԿ – Ոչ, շատ եմ մտածել, բայց չեմ գտել, քո ծանր բնավորությունն էր երևի…
ՔՈՒՅՐ – Իմ սերն էր, սերը, սերը բնավորության հետ մի շփոթի, այսինքն` չես էլ շփոթում, կեղծում ես, ուզում ես խաբել ինքդ քեզ:
ՀԱՅԿ – Վերջին անգամ Փարփլի քո ուզած ալբոմներն էի ուղարկել, գոնե հասցրի՞ր լսել, քույրիկս:
ՔՈՒՅՐ – Նույնիսկ վաճառել հասցրի: Հաշիշի փող էր պետք: Հաշիշ էի ծխում, այո, էսպես կարոտած քաշում էի ներս… ապա կամաց դուրս թողնում… Ծանր թմրադեղեր չեմ օգտագործել© հաշիշ, հաբեր, երբեմն էլ խմիչքով եմ բավարարվել…
ՀԱՅԿ – Մի ստիր, մայրիկը գրել է ինձ, որ քո սենյակում մի քանի անգամ արնոտ ներարկիչ է գտել:
ՔՈՒՅՐ – Հասցրել է ջադուն:
ՀԱՅԿ – Մեղադրելու չէ, անհանգստանում էր քեզ համար:
ՔՈՒՅՐ – Չէ հա, գուցե դու է՞լ ես անհանգստացել:
ՀԱՅԿ – Անշուշտ:
ՔՈՒՅՐ – Է՛, գայիր, ամեն բան թողնեիր, գայիր քույրիկիդ փրկելու, գայիր ձեռքս բռնեիր, ասեիր` քույր, կողքիդ եմ, քույր, պինդ մնա, քույր, մի թուլացիր, քույր, սիրում եմ քեզ, քույր… Բայց դե, ի՞նչ քույր, թքած ունենք քրոջ վրա… (Մոտենալով դաշնամուրին:) Կուզե՞ս նվագեմ քեզ համար, համերգ` կեղծավոր եղբոր համար© Բիթլս, Էլինոր Ռիգբի: (Նվագում է:)
ՀԱՅԿ – Այս ի՞նչ ես նվագում, քույրիկ, պատահական ստեղներ ես սեղմում:
ՔՈՒՅՐ – Դու լսի՛ր, լսի՛ր, մի ընդհատիր, սա վերջին տարիների իմ հոգում կատարվածն է, մեկը` մեկին: Սրան համապատասխան պարն էլ կա, պարեմ` նայիր: (Արտառոց շարժումներով պար է պարում:)
ԶԱՌԱՄՅԱԼՆԵՐ – (հայտնվում են ու խառնվում քրոջ պարին): Է՜խխխ… Էս տան տեղը ուրիշ տուն էր, էն տան տեղը` էլի տուն, դրա տեղը` պստիկ հյուղակ, ավելի վաղ` քոլիկ-մոլիկ… Է՜խխխ… Էս տան տեղը ուրիշ տուն էր…
ՔՈՒՅՐ – Վերջ տվեք, խեղկատակներ, զզվում եմ ձեզնից: Սրանք կյանքս կերան, ինչ անում եմ` դուրս չեն գալիս տանից:
ԶԱՌԱՄՅԱԼՆԵՐ – Էս տան տեղը ուրիշ տուն էր…
Զառամյալների երգի հետ լսվում է Մարդ-բորենու ծիծաղը
ՔՈՒՅՐ – Լռեք: (Խփելով, քշելով:) Այս տան տեղում միշտ այս տունն է… լռեք, լռեք…
Քույրը և զառամյալները չքվում են: Հայտնվում է Քեռին:
ՀԱՅԿ – Քեռի՞…
ՔԵՌԻ – Հա, քեռին եմ… Ոչ մեկդ ինձ տեսնել չեք ուզում, հենց տեսնում եք` սֆաթներդ ծռվում ա:
ՀԱՅԿ – Չէ, քեռի, զարմանքից էր:
ՔԵՌԻ – Հեչ էլ զարմանքից չէր, բայց ես սովոր եմ, անցած լինի: Վերջը չուղարկեցիր, էլի, չուզողություն արիր, քրոջ տղա, ի՞նչ կլներ` ուղարկեիր:
ՀԱՅԿ – Ի՞նչը, քեռի:
ՔԵՌԻ – Ինչը, ինչը… Էն Աննայի համար եմ ասում, էլի, մի հատ կաստում չուղարկեցիր, հագնեի, գնա- յի ուզելու, էսպես գնացի` չտվին, ո՞վ կտար, իսկի գոտի չկա վրես, շալվարս թոկով եմ կապում:
ՀԱՅԿ – Ո՞վ պիտի տար, Աննան մենակ չէ՞ր ապրում:
ՔԵՌԻ – Չէ, պարզվեց` չենք իմացել, հետը էլի մարդ կար, էն խորքի երդիկով սենյակում, չտվին, ասին` չունևոր ես, ասին` չքավոր ես, գնա, քեզ նմանին գտի: Բայց որ մի հատ ամերիկյան կաստում-շլվար ուղարկեիր, հագնեի, ո՞նց կասեին` չէ, Ամերիկային դեմ ո՞վ կգնա… կաստում-շլվար, սպիտակ սառոչկա` էսպես կապուտ զոլերով, մեկ էլ կարմիր գալըստուկ, պահ-պահ-պահ, ինչ տղայա… Հա, կոշիկ էլ, սև լաքից, մեկ էլ նասկի, կողքերից արծաթագույն շախմատանախշ, էն, որ ձերոնք սիրում են, որ նստում ես` շալվարի տակից էրևըմ ա, էլի: Վախ, ասի` շախմատանախշ, ղշիս հիշեցի, դու չես տեսել, շախմատանախշ պոչով ղուշ ունեի, յոթը թախլա վրա-վրա ֆռում էր օդում, մենակ տենայիր… Բազեն տարավ, հենց ըտենց ֆռալիս, իմ աչքի առաջ, խփեց-տարավ, օդում մենակ փետուրները մնացին, իրեք փետուր պարելով իջան ձեռիս վրա… Բա՞: Զլացար, էլի, քրոջ տղա, ալարեցիր, թե չէ ես գիտեմ` շորը ընդեղ թանգ չի:
ՀԱՅԿ – Է՛, ուզեիր:
ՔԵՌԻ – Է՛, ուզել եմ, խնդրեցի գրեն քեզ իմ անունից, ես, դե, գրաճանաչ չեմ, գիտես: Չեն գրե՞լ…
ՀԱՅԿ – Չէ:
ՔԵՌԻ – Էէ՜, մտածել են` խելքը գցած մարդ ա, ախմախ բաներ ա խոսում… Այ, ըտենց են, մեկը իմ մասին չի մտածել, անիծված եմ եղել, անիծված: Բախտիս քար գցին, էլի, ինձ բերին ստեղ, Աննաս մնաց ուրիշին, հիմա ամեն օր գնում, տեսնում եմ, տղամարդ ա` որ փոխում ա, վրա-վրա, պատահում ա` օրը էրկու, իրեք… իմ կարոտից ա, գիտեմ… Էհ, քրոջ տղա, դու էլ մի բարի պտուղ չեղար ինձ համար, չէ՛, բա ես էդպես եմ եղե՞լ… Բարձրացնում էի թթի ծառը, ասում էի` կեր, շնից չվախես, օձից չվախես, ես էստեղ եմ, ծիտ էի խփում, խորովում քեզ համար, հետդ ճան էի խաղում, հոլ էի պտտում, բաղնիք եմ տարել… Բաղնիքը հիշո՞ւմ ես, էն, որ պատի արանքով էն չաղ կնիկների լողանալուն էինք նայում, քո ուշքն էլ գնաց, ջուխտ սիլլայով եմ հետ բերել… Էհ, քրոջ տղա, քրոջ տղա, մնում ա խռովեմ քեզնից, հա, իմ արև, խռովում եմ: (Չքվում է:)
ՀԱՅԿ – Բռռռ… Գրողը տանի… Հյուրանոց պիտի գնայի, իզուր եկա գիշերով:
ՔՈՒՅՐ – (հայտնվելով): Ինչո՞ւ հյուրանոց, քո տունը չէ՞… Նայիր, ինչ լավն է, ամեն ինչ կա, ես էլ` մեջը… Կուզե՞ս` նստեմ մոտդ:
ՀԱՅԿ – (սարսափած): Ոչ:
ՔՈՒՅՐ – Ոչ, ոչ… Իսկ ես կնստեմ: (Նստում է:) Մի սարսափիր:
ՀԱՅԿ – Չեմ սարսափում:
ՔՈՒՅՐ – Սարսափում ես, դողէրոցքդ սկսվեց: Միշտ էլ վախեցել ես ինձնից, հենց գալիս էի մոտդ, վերմակը քաշում էիր գլխիդ, շրջվում պատի կողմը, կծկվում ու դողում, ինչ է, թե հանկարծ չդիպչեմ: Իսկ ես ուզում էի դիպչել… Ես սիրում էի քեզ, փոքրուց, վեց տարեկանից, չէ, նույնիսկ` հինգ, միշտ:
ՀԱՅԿ – Սևեռվել էիր, քույր, հիվանդագին էր:
ՔՈՒՅՐ – Ինչ ուզում ես դիր անունը, ես ասում եմ` սեր էր: Ինչո՞ւ էիր խուսափում, ինչ է, շա՞տ էի տգեղ:
ՀԱՅԿ – Քույրս էիր:
ՔՈՒՅՐ – Ի՞նչ անենք, հենց մենակ այդ պատճառով սերը մերժո՞ւմ են: Քիչ քույրեր ու եղբայրներ են իրար սիրե՞լ, դա ի՞նչ կեղծ պատճառաբանություն է, լավ էր ես անսեր մնայի` մեռնեի՞: Եթե մանկուց մեզ կորցրած լինեին, իրար չճանաչեինք, հետո օտարների պես պատահաբար հանդիպեինք ու սիրեինք, ի՞նչ էր լինելու… ոչ մի սարսափելի բան, չէ՞:
ՀԱՅԿ – Բայց մենք օտար չէինք, մենք գիտեինք, որ քույր ու եղբայր ենք:
ՔՈՒՅՐ – Օհ, գիտեինք, ո՞նց կլիներ, այդ գիտենալն է ամեն բան փչացնում, մարդուն թվում է, թե ամեն ինչ գիտի ու ըստ դրա կարգեր է սահմանել, օրենքներ, բարոյական նորմեր, եսիմ, էլի ինչ սուտի-մուտի բաներ, ու ամեն ինչ փչացնում է, ինքն էլ տառապում է իր, իբր, իմացածի ձեռքին: Քեռու շունը գյուղում իր հասունացած էգ թուլաների հետ էր կցվում, ինքս եմ տեսել, և ի՞նչ, քանդվե՞ց աշխարհը… Էնքան էլ սիրուն թուլաներ բերեց էգը իր հորից, հայրն էլ համ հայրն էր, համ պապը ու հեչ էլ չէր նեղվում:
ՀԱՅԿ – Բայց մենք շուն չենք:
ՔՈՒՅՐ – Չհավատաս, մենք մեզ խաբում ենք, շուն ենք, կատու ենք, կապիկ ենք… տարբերությունը մեծ չէ:
ՀԱՅԿ – Մեծ է:
ՔՈՒՅՐ – Եթե նույնիսկ այդպես է, ապա` ոչ մեր օգտին, շունն ու կատուն կատարյալ են, մենք` թերի, նայիր, ինչ հստակ գիտեն իրենց անելիքը, իրենց օրենքներն իրենց ներսում են, ներսից հուշվում են իրենց, իսկ մենք մոգոնում ենք, մոգոնում ու ինքներս մեր ձեռը կրակն ընկնում` նևրոզ ու փսիխոզ, ընկնավորություն ու շիզոֆրենիա, պարանոյա ու մոլագարություն… (Նրան դիպչելով:) Մար­մինդ կակղել է, եղբայրս, ո՞ւր են քարի պես ամուր մկաններդ, փափուկ-փափուկ ես դարձել, հիմա չէի սիրի… չէ, սուտ եմ ասում, կսիրեի: Սուտ ասել չեմ կարողանում, երբեք չեմ կարողացել, վատանում եմ, կապտում, շնչակտուր եմ լինում:
ՀԱՅԿ – Գիտեմ:
ՔՈՒՅՐ – Գիտեմ, չգիտեմ… Ի՞նչ ես կցկտուր կմկմում, կարգին խոսիր հետս, էլի, քսան տարի չես տեսել քրոջդ, գոնե քրոջ պես սիրի:
ՀԱՅԿ – Դու անիրական ես, քույրիկ, դու իմ հոգնած-գրգռված ուղեղի զառանցանքն ես:
ՔՈՒՅՐ – Ինչքան ես ենթակա պայմանականությունների, եղբայր, հիմա դու ինձ տեսնում ես, լսում ես, չէ՞, էլ ի՞նչ ես ուզում, ուզում ես անպայման գիտենա՞լ, թե ինչու է այսպես… Այսպես է, և վերջ, ստացվել է, բախտդ բերել է, վայելիր:
ՀԱՅԿ – (քունքերը շփելով): Գլուխս պայթում է: Ծխեմ, չէ, խմեմ… (Լցնում է բաժակը, խմում, սիգարետ է վառում:)
ՔՈՒՅՐ – Ես այդպես էլ տղամարդ չունեցա, երբ տղամարդիկ գրկում էին ինձ` զզվում էի, սիրտս խառնում էր, ճիշտ եմ ասում, իսկ երբ համբուրում էին, փսխում էի, հա, մեկի ուղիղ կրծքին եմ փսխել, ծեծեց անասունը, ո՜նց կլիներ, փռչոտ կրծքին փսխեցին… Ծեծեց ու տիրացավ, ես զկրտում էի, փսխում, նա խփելով ու տընք-տնքալով տիրանում էր… Անասուն են տղամարդիկ, գազան, ու էդ հալներին` բարոյական նորմերից են խոսում, քարոզներ են կարդում:
ՀԱՅԿ – (շոյելով): Խեղճ քույրիկ…
ՔՈՒՅՐ – Չե՞ս նկատել` ոնց էի լոգարանի դռան վերի լուսամուտից թաքուն հետևում քեզ… Նկատել ես, չէ՞:
ՀԱՅԿ – Դե… մի անգամ ոնց որ…
ՔՈՒՅՐ – Միշտ էլ նկատել ես, ու որ նկատում էիր, սկսում էիր քեզ ցուցադրել` թև-թիկունքդ, մկաններդ…
ՀԱՅԿ – Չեմ զգացել, երևի բնազդաբար… Տեսե՞լ ես, որձ թռչունները ոնց են էգերի առաջ պար գալիս…
ՔՈՒՅՐ – Բա ասում ես` շուն չե՞նք:
ՀԱՅԿ – Ընդհանրություններ կան, իհարկե, առանց դրա մարդը ո՞նց կապրի այս հողագնդի վրա:
ՔՈՒՅՐ – Դե, այդ ընդհանրություններին ենթարկվեիր, էլի, քրոջդ կանչեիր, մտներ լոգարան, տաք ցնցուղի տակ պինդ գրկեր քեզ…
ՀԱՅԿ – Անկարելի էր:
ՔՈՒՅՐ – Բայց գայթակղում էիր:
ՀԱՅԿ – Ոչ:
ՔՈՒՅՐ – Գուցե` ենթագիտակցորեն, չեմ վիճում, բայց եղել է, չէ՞:
ՀԱՅԿ – Հանգիստ թող ինձ… Ես մեղք չունեմ, որ դու սևեռված էիր…
ՔՈՒՅՐ – Ունես, վատը լինեիր, թաք­ցընեիր քեզ, վերջապես, արձագանքեիր, ի՞նչ կլիներ:
ՀԱՅԿ – Չէի կարող:
ՔՈՒՅՐ – Չասես` քույրս էիր, ճշմարտությունն ասա:
ՀԱՅԿ – Ասացի` չէի կարող:
ՔՈՒՅՐ – Ես կասեմ քո փոխարեն` պարզապես որպես կին չէի հուզում քեզ, եթե հուզեի` ոչ մի բանի առաջ չէիր կանգնի:
ՀԱՅԿ – Սուտ է:
ՔՈՒՅՐ – Ճիշտ է, ես հո գիտե՞մ քեզ, եղբայրիկ: Բայց մի անգամ շոյել ես…
ՀԱՅԿ – Չի եղել…
ՔՈՒՅՐ – Եղել է:
ՀԱՅԿ – Ես քնած էի, դու վերցրիր իմ ձեռքը և իմ ձեռքով շոյեցիր քեզ:
ՔՈՒՅՐ – Որ քնած էիր, ո՞նց զգացիր, ուրեմն արթուն ես եղել, աչքերդ փակ շոյել ես քույրիկիդ, երկուսով ենք շոյել քույրիկին, ես ու դու, ես ու դու… Դե ասա, ասա…
ՀԱՅԿ – Ես երբեք աղջկա կուրծք չէի շոյել… Բայց տագնապից ու ակնածանքից` բան չհասկացա:
ՔՈՒՅՐ – Թե՞ դուրդ չեկավ: Ես գեղեցկուհի չէի, պզուկոտ, կուրծքս` պստիկ, ուրիշ կուրծք կուզեիր շոյել, չէ՞:
ՀԱՅԿ – Դե, հանգիստ թող վերջապես, կյանքս կերար… Տգեղ էիր, այո, և չեմ սիրել, և ոչ էլ կարող էի…
ՔՈՒՅՐ – (աղաղակելով հարձակվում է): Զզվանք, տականք… Ատում եմ, կսպանեմ…
ՀԱՅԿ – Հանգստացիր, քույրիկս, տգեղ չես, սիրուն ես, սիրուն ես…
ՔՈՒՅՐ – Հիմա էլ շողոքորթո՞ւմ ես…
ՀԱՅԿ – Դե չէ… Դու տգեղ չես, միայն…
ՔՈՒՅՐ – Միայն ի՞նչ, ասա:
ՀԱՅԿ – Ես ասացի` միա՞յն:
ՔՈՒՅՐ – Ասացիր:
ՀԱՅԿ – Ասացի, ճիշտ է: Ուզում էի ասել` միայն թե քեզ չէիր հետևում, փնթի էիր, խելքիդ ազատական մտքեր էիր գցել, տղայի պես էիր պահում քեզ, իբր` ով ինձ ընդունում է, թող այսպես ընդունի` ոնց կամ:
ՔՈՒՅՐ – Ինքնապաշտպանական էր, այդպիսով պաշտպանվում էի աշխարհից: Ես տգեղ եմ, գիտեմ:
ՀԱՅԿ – Ամենևին: Դու բարդույթավորել ես քեզ, ժամերով նստում էիր հայելու առաջ ու ինքդ քեզ համոզում` տգեղ եմ, տգեղ եմ… Այդպես չէ՞, հայելին դրա պատճառով չջարդեցի՞ր:
ՔՈՒՅՐ – Այո, ջարդեցի: Բայց ես տգեղ եմ, ես դա լավ գիտեմ: Այստեղ` ոչ, այստեղի օդը վրաս գալիս է, նայիր` նույնիսկ ոտքերս այնպես ծուռ չեն:
ՀԱՅԿ – Քո ոտքերը երբեք ծուռ չեն եղել:
ՔՈՒՅՐ – Մաշկս էլ հարթ է… Դժգունությունը սազում է, չէ՞:
ՀԱՅԿ – Լավիկն ես, քույր:
ՔՈՒՅՐ – Դե գրկիր քույրիկիդ, գոնե հիմա գրկիր:
ՀԱՅԿ – Չեմ կարող:
ՔՈՒՅՐ – Գիտեմ` ինչու, որովհետև նրանք նայում են, պատերի միջից հետևում են, հատկապես այն քաղքենին, որ բոլորին ու ամեն ինչի խանդում է, աշխարհը միայն իրեն պետք է սիրի, միա՛յն: Ջադո՛ւ: Ատում եմ, ատում եմ, նրանք են ինձ այսպիսին ստեղծել, մայր, հայր, պապ, տատ, նախնիներ, նրանց գեների դավադրությամբ եմ ես այսպիսին, նրանց արյունները որոշեցին ծաղրել ինձ: Նրանց արյունն էր, որ ինքնա­սպանության հրեց:
ՀԱՅԿ – Գուցե թմրադեղե՞րը, քույր:
ՔՈՒՅՐ – Ոչ, եղբայր, մեր գեներում կա ինքնավերումի կանչը, քեռին էլ ինքնասպան եղավ…
ՀԱՅԿ – Դե, նա հոգեկան էր…
ՔՈՒՅՐ – Հոգեկան էր… Ցույց տուր մեկին, որ հոգեկան չէ: Անընդհատ ուրիշ պատճառներ ես փնտրում: Վախից է: Բայց դու մի վախենա, դու ամուր ես, քո մեջ բացակայում է սուիցիդի գենը, դու հայրիկին ես քաշել: Նայիր նրանց, նայիր, ականջները սրած` լսում են, լսում են ու փսփսում, լսում ու փսփսում, դավեր են նյութում, լսո՞ւմ ես նրանց փսփսոցը…
ՀԱՅԿ – Լսում եմ: Գալիս են կարծես…
ՔՈՒՅՐ – Գալիս են, բա չգա՞ն` խառ­նըվեն…
Հայտնվում են Տատն ու Պապը, ձեռք-ձեռքի, ամոթխած գալիս, կանգնում են:
ՀԱՅԿ – Ո՞վ են:
Լսվում է երգը` «Էս տան տեղը ուրիշ տուն էր»…
ՔՈՒՅՐ – Տատիկը և պապիկը, չճանաչեցի՞ր:
ՀԱՅԿ – Հա, հիշեցի… Միայն նկարով եմ տեսել, երբ ես ծնվեցի` նրանք երեք ամիս առաջ մահացած էին արդեն, այսինքն` զոհված: Հինգ րոպե տանից ուշ դուրս գային` ողջ էին մնալու:
ՔՈՒՅՐ – Չէին մնալու, դա չլիներ` ուրիշ բան կլիներ, նրանց ժամանակը եկել էր:
ՀԱՅԿ – Չեմ հավատում: Հիսուն մարդ մահացավ այդ վթարից, բոլորի ժամանակը մեկեն եկե՞լ էր:
Տատն ու պապը լուռ դիմախաղերով արձագանքում են խոսակցությանը:
ՔՈՒՅՐ – Մյուսներինը` չգիտեմ, բայց սրանցը եկել էր երևի…
ՀԱՅԿ – Ատելությամբ ես լցված:
ՔՈՒՅՐ – Իսկ դու երևի անչափ սիրով ես լցված, թոռնիկի քնքուշ սիրով: Ո՞նց եմ սիրել քեզ` հարմարվողիդ, վախկոտիդ, լղոզվածիդ…
Տատն ու պապը առաջ են գալիս, ինչ-որ բան են ասում, բայց ձայն չի լսվում, շարժումներով օգնում են իրենց, չի հասկացվում, սկսում են պարել:
ՀԱՅԿ – (փնտրելով): Բանալին ի՞նչ եղավ, ո՞ւր դրեցի, գրողը տանի: (Պատուհանն է բացում:)
ՔՈՒՅՐ – Վեցերորդ հարկն է, զգույշ:
ՀԱՅԿ – (փակելով պատուհանը): Դո՞ւ ես վերցրել բանալին:
ՔՈՒՅՐ – Շատ պետքս է:
Գտնում է բանալին, գնում դեպի դուռը: Մարդ-բորենու ծիծաղը: Հանկարծ պատերից պոկվում, նրա վրա են գալիս ուրվականները` Մոր, Հոր, Քեռու, Զառամյալների, նրանց են միանում Քույրը, Պապը, Տատը:
ՄԱՅՐ – Ո՞ւր ես աճապարում, որդիս, մեզ չե՞ս կարոտել միթե:
ՀԱՅՐ – Երախտամոռ:
ՊԱՊ – Ետ արի, տղա:
ՏԱՏ – Անպատկառ:
ՀԱՅԿ – Լեզուներդ բացվե՞ց, քիչ առաջ չէիք խոսում:
ՏԱՏ – Ձև էինք անում, քեզ ուրախացնում էինք: Բայց արդարությունը մնում է արդարություն, արդարությունն առավել է, քան մարդասիրությունը:
Ուրվականները դարձյալ հարձակվում են, քաշքշում Հայկին:
ՀԱՅՐ – Անկյուն չկանգնեցնե՞նք սրան, իր անկյունը:
ՀԱՅԿ – Ձեզ ի՞նչ պատահեց, ինչո՞ւ եք գազազել… Դե, մի քաշքշեք, խուտուտ է գալիս:
ՄԱՅՐ – Ասում էիր` սիրում եմ քեզ, մայրիկ, ո՞նց թողեցիր-գնացիր, մայրուրաց որդի:
ՀԱՅՐ – Քսան տարվա մեջ գոնե մի անգամ չեկար, հիմա՛ ես եկել, երբ էլ չկանք, ոչ մեկս:
ՀԱՅԿ – Ուզում էի գալ, հենց առաջին օրից…
ՔՈՒՅՐ – Սո՛ւտ:
ՀԱՅԿ – Սուտ չեմ ասում: Այնտեղ էլ կյանքը հեշտ չէ, գուցե նույնիսկ ավելի դժվար է, առավոտից…
ՀԱՅՐ – …գիշեր աշխատում ենք, քիթ փորելու ժամանակ չունենք… Գիտեմ այդ երգը:
ՀԱՅԿ – Այո, այդպես է, ձեր երկրի պես չէ, մի օր չաշխատեցիր` կորած ես:
ՀԱՅՐ – Աշխատանքի մեռած եք, է՜, զոմբիներ, թո՛ւ, զզվում եմ:
ՄԱՅՐ – Ես` թույլ, հայրդ` հիվանդ, քույրդ…
ՔՈՒՅՐ – Քրոջ հետ գործ չունեք:
ՄԱՅՐ – Քույրդ` թմրամոլ, քեռիդ…
ՔԵՌԻ – Չասես, խնդրում եմ… Մի ասի, քույրիկս, խիղճ ունեցի, մարդ թաքցնում ա, թաքցնում ա, էնքան ա չարչարվում էդ թաքցնելու վրա, մեկ էլ դու գալի ու ասում ես:
ՄԱՅՐ – Ճշմարտությունից չես թաք­նըվի, քեզ մի խաբի: Ասում եմ: Կուզե՞ս` ականջներդ փակի:
ՔԵՌԻ – Որ չասես` չի լինի՞:
ՄԱՅՐ – Չի լինի:
ՔՈՒՅՐ – Ասելու է, քեռի ջան, տուր ականջներդ փակեմ: (Ափերով փակում է քեռու ականջները:)
ՄԱՅՐ – Քեռիդ` շիզոֆրենիկ:
ՔԵՌԻ – Ասե՞ց:
ՔՈՒՅՐ – Ասեց:
ՔԵՌԻ – Վերջը ասիր, էլի, չդիմացար… Ախր, դու իմ քուրն ես, ես քու մինուճար ախպերն եմ, մի քիչ խիղճ ունեցի, անաստված…
ՊԱՊ – Անաստված է, այո:
ՄԱՅՐ – Դու սուս մնա, հա՞:
ՏԱՏ – Ամուսնուս բերանը չփակես:
ՄԱՅՐ – Պակաս շիզոֆրենիկն էլ դուք չեք:
ՏԱՏ – Ինչո՞ւ ձայն չես հանում, որդի, ինչո՞ւ ծնողներիդ չես պաշտպանում, հիմա է՞լ կրունկի տակ ես դեռ:
ՀԱՅՐ – Ես երբեք կրունկի տակ չեմ եղել, մայր, մի հնարիր: Լավ, վերջացրեք, ամոթ է: Իրա՛ր չենք քննում այսօր, այլ մի ուրացողի, մի երախտամոռի:
ՀԱՅԿ – Ես երախտամոռ չեմ, ուժերիս ներածի չափով ամեն ինչ արել եմ, ամեն ամիս ուղարկել եմ, շատ չէ, բայց ինչքան կարողացել եմ` ուղարկել եմ…
ՔԵՌԻ – Մի կաստում չղիմիշեցիր քեռուդ:
ՀԱՅԿ – Է՛, ուզեիր, մատիցս հոտ էի քաշելո՞ւ:
ՔԵՌԻ – Է՛, քաշեիր, ինչ կլիներ… Ես համեստ, ամաչկոտ մարդ եմ, ես իմ բերանով ո՞նց ասեի, բայց քրոջս խնդրել եմ… Ինչի՞ չես ասել, քուր:
ՄԱՅՐ – Սպասիր դու էլ քո կոստյումով…
ՔԵՌԻ – Կաստումը մեկի համար հեչ ա, մեկելի համար կյանք ա, կյանք:
ՄԱՅՐ – Դե, մոռացել եմ, հիմա հո չե՞ս սպանելու, դու էլ պուճուր ժամանակ մոռանում էիր շալվարդ կոճկել…
ՀԱՅՐ – Իբր մեծ ժամանակ չէր մոռանում:
ՔԵՌԻ – Ախ, քուր, քուր, վերջը դա էլ ասիր… Դու ո՞ւմ քաշեցիր սենց ջադու:
ՀԱՅՐ – Քեզ զուսպ պահիր, այ տղա, կնոջս մասին կամ լավը, կամ ոչինչ:
ՄԱՅՐ – Գլուխ մի դիր, հիվանդ մարդ է, դառնանք մեր ոչխարին:
ՀԱՅՐ – Այո, մեր ոչխարին: (Հայկին.) Ի՞նչ ես հա կրկնում` ուղարկել եմ, ուղարկել եմ… Ուղարկածդ էլ մի բան լիներ… Բայց մեզ քո ուղարկածը չէր պետք, այլ` վերաբերմունք, այո, վերաբերմունք: Մեր միակ, սիրասուն զավակն էիր…
ՔՈՒՅՐ – Ես ձերը չէի՞…
ՄԱՅՐ – Դու սուս, դու հաշվից դուրս ես:
ՔՈՒՅՐ – Ո՞նց թե…
ՄԱՅՐ – Այո, թմրամոլները հաշվի մեջ չեն, նրանք մարդկության թափթփուկներն են, տականքը:
ՔՈՒՅՐ – Թափթփուկը դու ես, որ հարազատ որդուդ գայթակղեցիր:
ՀԱՅԿ – Ինչե՞ր ես խոսում, քույրիկ:
ՔՈՒՅՐ – Նա էդպես է, բոլորին գայթակղում է, պետք է, պետք չէ` գայթակղում է, իսկական գիշատիչ է:
ՀԱՅՐ – Ձայնդ կտրիր, անպատկառ աղջիկ:
ՄԱՅՐ – (իբր հուզված): Օհ, օհ… աղջիկս, ինչպե՞ս կարելի է… (Լաց է լինում:)
ՔՈՒՅՐ – Դերասան, քաղքենի:
ՄԱՅՐ – Դե՛, ձայնդ կտրիր, երես առար, հիմա գոտին կբերեմ…
ՔՈՒՅՐ – Չանես, աղաչում եմ:
ՄԱՅՐ – Կանեմ, նախ էդ չոր քամակդ կդաղեմ, հետո սմքած, ծուռտիկ ոտքերդ, հետո… Ասե՞մ հետոն…
ՔՈՒՅՐ – (հարձակվելով): Տականք…
ԶԱՌԱՄՅԱԼՆԵՐ – (Հայկին): Քո պատճառով տունն իրար խառնվեց, ապրես, վաղուց էսպես չէինք զվարթացել, ապրես, ապրես…
ՀԱՅԿ – Դուք ո՞վ եք, ձեզ առհասարակ չեմ ճանաչում:
ԶԱՌԱՄՅԱԼՆԵՐ – Ո՞նց, մեռանք ասելով… (Երգում են:) Էս տան տեղը ուրիշ տուն էր…
ՀԱՅԿ – Չքվեք, հերիք է… Չքվեք, բոլորդ: (Մոմը թափահարում է ուրվականների կողմը: Նրանք ետ են քաշվում:)
ՔՈՒՅՐ – (վերջին պահին պարանը վզից հանելով, գցելով եղբոր վզին): Սա քեզ, որ միշտ հիշես քույրիկիդ:
ՀԱՅԿ – Դու էլ չքվիր: Դուրս, դուրս այստեղից, բոլորդ, հենց հիմա, չքվեք… (Բանալին է փնտրում, չի գտնում:) Ի՞նչ արիք բանալին, գողացա՞ք, ո՞ւր է բանալին…
Ուրվականները քաշվել են պատերի մեջ, լռում են
ՀԱՅԿ – (նստելով բազմոցին): Այ թե ծուղակն ընկա… Գոնե շուտ լուսանար (ժամացույցին նայելով), դեռ ահագին կա: (Կոնյակ է խմում, սիգարետ վառում:) Հասկանում եմ ձեզ, քավության նոխազ եք գտել, բայց ես մեղք չունեմ, ես մեղավոր չեմ, որ դուք այնտեղ եք, իսկ ես` այստեղ, կյանքի օրենք է:
ՏԱՏ – (հուշիկ մոտենալով): Այդպես խոսում ես, թոռնիկս, բայց հարցեր կան, հավատա, կան: Տես, չեմ ասում` ոսկի, ադամանդ, արծաթ… Բայց գոնե մի կարգին բուժետերիա կարո՞ղ էիր ուղարկել տատիկիդ, որ զգայի` հիշում ես, մոռացված չեմ: Ընդամենը` բուժետերիա, բուտաֆորիա, գցեի վզիս, ձեռքերիս, ականջներիս, գցեի և գնայի բժշկականի իմ կուրսի ընկերների հետ հանդիպման, հիսուն տարի անց… Հինգ հոգի ենք մնացել ընդամենը, երեք աղջիկ, մեկ տղա, չէ, երկու տղա, այո, և երեք աղջիկ… Աղջի՞կ… ո՞վ ասաց` աղջիկ, ե՞ս… Ասենք` հա, լավ էլ ասացի, ի՞նչ է եղել: Թե՞ պառավ էի, թե՞ ինձ մենակ շալ-մալ էր պետք… Այն շալը որ ուղարկել էիր, ի՞նչ էր, խայտառակություն, կեսը` ակրիլան, սինթետիկա, կանցերոգեն, գցեի գլխիս` ուղեղի քաղցկե՞ղ ստանայի… այնքան որ ասեիր` տես, չեմ մոռացել, իրականում` կատարյալ անտարբերություն, ավելին` թշնամություն: Բայց ես էլ մարդ եմ, չէ՞, ես էլ եմ ուշադրություն ուզում, քնքշանք ուզում, սեր ուզում… Ախ, սեր… Կարգին սեր չունեցա, պապդ սիրող չէր, պապդ փորձանք էր իմ գլխին, արտաքինից` ինտելիգենտ, իրականում` դեսպոտ, հարբեցող, դեբոշիր… Խեղճ եմ եղել, խեղճ… Ինչո՞ւ չես խղճացել տատիկիդ, անպիտան:
ՀԱՅԿ – Տատ, բայց դու մոռանում ես, որ ես քեզ չեմ տեսել, ոչ էլ պապին եմ տեսել, երբ ծնվել եմ` դուք վթարից զոհված էիք արդեն:
ՏԱՏ – Հա՞… Հա էլի… Ճիշտ է: Գիտե՞ս, ես այդ օրը հարբուխ ունեի, չէի ուզում գործի գնալ, պապդ ստիպեց, ասաց` մի նվնվա, հագնվիր` գնանք, տասներեքերորդ աշխատավարձ ունենք ստանալու: Աշխատավարձով խաբեց: Հագ­նըվեցինք, դուրս եկանք, մտանք ավտոբուս, հենց մտանք, ես ծանր կանխազգացում ունեցա, ճչացի` կանգնեցրեք, ես իջնում եմ, բայց էլ ո՞ւր… Երբ վարորդը գոռաց` արգելակները չեն աշխատում, հասկացա` վերջն է, կյանքս հենց այստեղ ավարտվում է, մինչ ավտոբուսը գլորվում էր ջրանցքը` պապիդ ոտքով անդադար խփել եմ, եղունգի խարտոցով ծակծկել եմ` ինչո՞ւ ստիպեցիր, սրիկա, մենակ սատկել չէիր կարո՞ղ, իսկ նա նույնիսկ այդ պահին վեհանձն չեղավ, հարվածեց դեմքիս, իմ սիրուն, քնքուշ դեմքին, հետո պատուհանից ցատկել էր ուզում, ինձ մենակ թողներ` ինքը ցատկեր, շալվարից բռնեցի` արի այստեղ, չես փախչի, ու ամուր գրկեցի, էդպես գրկընդխառն գլորվեցինք, գոնե ցավ էլ չհասցրի զգալ:
ՀԱՅԿ – (գրկում է տատին): Երանի այդ դեպքը չլիներ, տատ, ես քեզ այնքան բուժետերիա կնվիրեի…
ՏԱՏ – Ճիշտ ես ասո՞ւմ:
ՀԱՅԿ – Ճիշտ: Ոսկի էլ կնվիրեի… Այդ ավտոբուսը չնստեիք, էլի:
ՏԱՏ – Նրան էլ ես խղճո՞ւմ, այն դեսպոտին:
ՀԱՅԿ – Այո, խղճում եմ:
ՏԱՏ – Եվ ներո՞ւմ ես:
ՀԱՅԿ – Եվ ներում եմ, տատ:
ՏԱՏ – Ինչ բարին ես, թոռնիկս: Բայց ես քեզ պես չեմ կարող, այդ համաներումն ինձ համար չէ, կներես, բայց ի՞նչ է նշանակում ներել նրան, ով իմ մահվան պատճառը եղավ:
ՀԱՅԿ – Բայց նա…
ՏԱՏ – Չարդարացնես, այլևս լսել չեմ ուզում: Իմ առաջինն էր մարդ, առաջինը, մեծատառով մարդ էր, և ինչպիսի՜ տղամարդ… Բայց մեկ տարի էլ չապրեցինք, երեսունյոթին գնաց, այսինքն` ի՞նչ եմ դուրս տալիս` գնաց, ինքը կգնա՜ր, բա չէ՞ր գնա… վզին խփելով տարան խեղճին, այնքան մեղք էր, աչքերիս էր նայում, ծեծված շնիկի պես, կարծես գիտեր, որ վերջին անգամ է տեսնում սիրելի մուկիկին, ինձ մուկիկ էր ասում… Էհ, Միհրանս… չէ, Եղիազարս… չէ, Եղիազարն այս դեսպոտն է, Միհրանս… Թե՞… Դե սպասիր, ի՞նչ ես գրկել, թող ազատ մտածեմ… Միհրանս, այո…
ՊԱՊ – (հայտնվում է): Միհրան, Միհրան… Այ անպատկառ, ինչեր ես պատմում թոռնիկիդ, առաջին անգամ ես տեսնում, մի կարգին բան ասա տղային, թե չէ` Միհրանս, Միհրանս… Եթե անդադար գլուխս չտանեիր քո Միհրանով, գուցե կարգին ապրեինք:
ՏԱՏ – Ո՞նց ապրեինք, եթե կործանեցիր ջահել կյանքս: Դեսպոտ, սադիստ…
Հայտնվում է Միհրանը:
ՏԱՏ – Միհրան… Աստված իմ, Միհրանն է:
ՊԱՊ – Եկավ, եկավ նորից:
ՏԱՏ – Դու հեռացիր, խնդրում եմ, գոնե մեկ անգամ մարդ եղիր:
ՊԱՊ – Էլ չես ասի՞ դեսպոտ:
ՏԱՏ – Չեմ ասի:
ՊԱՊ – Չես ասի՞ սադիստ, խուլիգան:
ՏԱՏ – Երդվում եմ, չեմ ասի:
ՊԱՊ – Լավ: Թող համբուրեմ գնալուց առաջ:
ՏԱՏ – Ահա, համբուրիր շուտ և գնա:
Պապը համբուրում է Տատի այտը, հեռանում է:
ՏԱՏ – Միհրան, սիրելիս, ախր ինձ ո՞նց թողիր` գնացիր…
ՄԻՀՐԱՆ – Մուկիկ:
ՏԱՏ – Չես փոխվել, գիտե՞ս, էլի այն սիրուն տղամարդն ես, համբուրիր ինձ:
ՄԻՀՐԱՆ – (համբուրելով): Ես չգնացի, ինձ տարան:
ՏԱՏ – Չի ուզում կարգին համբուրել: Հասկանում եմ, զզվում ես քո մուկիկից, ծերացել է մուկիկդ, պառավ մուկ է դարձել:
ՄԻՀՐԱՆ – Մուկիկ:
ՏԱՏ – Լավ ես պահպանվել, գիտե՞ս, տղա, Սիբիրը վրադ եկել է:
ՄԻՀՐԱՆ – Այդպես մի ասա, Սիբիրը դժոխք է, դժոխք:
ՏԱՏ – Ահագին մարդ վերադարձավ, դու էլ գայիր, էլի, ի՞նչ կլիներ: Մի քիչ ճարպիկ լինեիր, ինչ ասում էին` ասեիր` ձեր ասածն է: Երևի էլի սկզբունքայնություն ես դրսևորել, քեզ պետք է՞ր:
ՄԻՀՐԱՆ – Անտեղյակ մարդու դատողություններ ես անում, մուկիկ, դու ի՞նչ իմանաս` ճամբարն ինչ է, այնտեղ սկզբունքայնություն դըր- սևո­րել չկա, ծիծաղելի է նույնիսկ, այնտեղ մտածում ես միայն ոնց անես, որ չսատկես:
ՏԱՏ – Վայ, Միհրանս… Քեզ սատկացնե՞լ էին ուզում սրիկաները:
ՄԻՀՐԱՆ – Ուզում էին, մուկիկ: Հիվանդ էի, հոդերս ցավում էին, աջ ոտքս ուռել էր, ձախը, հակառակը` հյուծախտ էր ընկել, մաշկս կարմրել` քրքրվում էր… դեհ, առավոտից գիշեր ջրերի մեջ, ճահիճների մեջ… ծառ կտրի, քարշ տուր… մոծակները վրա են տա­լիս, գայլերը ոռնում են, պահակները հայհոյում, ծեծում, տը- վածները` բալանդ, շունը չի ուտի…
ՏԱՏ – Խեղճս, խեղճս:
ՄԻՀՐԱՆ – Արի էլ չխոսենք այդ մասին:
ՏԱՏ – Լավ, չխոսենք: Եկել ես` տանե՞ս ինձ, այո՞:
ՄԻՀՐԱՆ – Այո, մուկիկս, գնանք:
ՏԱՏ – Գնանք, իմ սեր:
Հեռանում են Տատն ու Միհրանը:
ՊԱՊ – (հայտնվելով): Գնացի՞ն: Մի քիչ կֆռֆռա` ետ կգա, առաջին անգամը չէ, կապվածության ուժը հզոր բան է, սիրուց հզոր է, մենք կապված ենք իրար: Դու նրան մի հավատա, թոռնիկ, ես դեսպոտ չեմ, ինքն է դեսպոտ, բայց չեմ հակաճառում, ի՞նչ իմաստ, թող ասի, իրեն այդպես հեշտ է, հոգին թեթևանում է: Այն որ ասում է` ստիպեցիր ավտոբուս նստել, այդպես չէ, և ոչ էլ ինքն էր հիվանդ, ես էի հարբուխ, անկողնուց դուրս գալ չէի ուզում, ինքն էր կպել` գնանք գործի, բացակա կդնեն, տասներեքերորդից կզըր- կեն… Սկլերոզ ունի, անունները շփոթում է, դեպքերը` խառնում… Ի՞նչ անեմ, իմն է, հո չե՞մ թողնելու մենակ` այս մութ-ցուրտ աշխարհում: Քո բախտը բերել է` մեզ այս տեսքով ես տեսնում, իսկականը տեսնես` կսահմռկես© թևքերի միջից` ոսկոր, փողքերի միջից` ոսկոր, կոշիկների մեջ` ոսկոր… Հագուստները դեռ պահպանվել են, իսկ մենք` ոսկոր: Ախ, թոռնիկս… Գոնե չթողին` իրար տեսնենք: (Գլուխը դնում է Հայկի կրծքին:)
ՀԱՅԿ – Ես ձեզ այլ կերպ էի պատկերացնում, պապ, լուսանկարի վրա ուրիշ եք:
ՊԱՊ – Լուսանկար… լուսանկարը թիթիզություն է, իրականում ավելի լավն ենք, չէ՞:
ՀԱՅԿ – Հա, իհարկե:
ՊԱՊ – Խանդում էի մյուս պապիդ, ասում էի` իմ սիրո մասն էլ է նրան տալիս: Պինդ մարդիկ են մորական պապ ու տատդ, մինչև հիմա ողջ-առողջ ապրում են իրենց սարերում, սարերի օդն ուրիշ է, էլի, ավտոբուս էլ չկա, որ վթարվեն… Գնալո՞ւ ես նրանց տեսնելու:
ՀԱՅԿ – Կգնամ, հա… դե եկել-հասել եմ այստեղ… Բայց սկզբում ձեր գերեզմաններին եմ այցելելու:
ՊԱՊ – Գնա, այցելիր, թոռնիկս, ապրես: Լսի, մի անիծյալ փուշ է աճում տատիկիդ կողմում, ամռանը չորանում` գարնանը նորից բուսնում է, սիրուն չէ, չի սազում, կպոկես, էլի, արմատով-բանով հանի, շպրտի:
ՀԱՅԿ – Հա, պապ ջան, կպոկեմ:
ՊԱՊ – Ու շպրտի, հեռու:
ՀԱՅԿ – Կշպրտեմ:
ՊԱՊ – Փուշը ոնց որ գաղտնի գործակալ լինի, ոնց որ հուշի, թե տակը ոսկոր կա, առանց այն էլ գիտենք, էլի, լրացուցիչ հուշումն ի՞նչ պետք է: Էհ, ամենուրեք ոսկորներ են, մեր մոլորակի կեղևը ոսկորներից է կազմված: Հորս չեմ գտնում, Հայկ, չկա այդ մարդը, խիստ է խռովել աշխարհից, ոչ մեկիս տեսնել չի ուզում, թաքնվում է: Կոտորածի ժամանակ ինձ մորս հետ փախստականների սայլով ուղարկեց, ասեց` դուք փախեք էս դժոխքից, ես հեսա ձեր ետևից գալիս եմ… Չեկավ: Հետո մեկը պատմեց` մորթվածների մեջ էր տեսել… Խեղճ, որ պատկերացնում եմ` ծնկի եկած, թուրքի դանակի դեմ վիզը ծռած, աչքերը պլշած… կարծես հարցնում է, թե` իմ մեղքը ո՞րն է, ինչո՞ւ… Էս մեր մոլորակի մթնոլորտն ինչուներից է կազմված, ճիչ ու աղաղակից… Այսպես էլ մոլորա՞կ, մեզ այս ո՞ւր տեղավորեց Տերը, ո՞ր մեղքի համար…
ՏԱՏ – Եղիազար, է՜յ, ո՞ւր ես, մեռա քեզ փնտրելով:
ՊԱՊ – Այստեղ եմ, զրուցում ենք թոռնիկի հետ:
ՏԱՏ – Արի գնանք, հոգնեց խեղճը, վրա եք տվել, խոսում եք, խոսում եք… Ճամփից է, թողեք մի քիչ հանգստանա, ուր որ է` լույսը կբացվի, հազար ու մի գործ ունի:
ՊԱՊ – Գնանք, հա: (Հայկին:) Մի բան խնդրեմ, տունը մի վաճառի, Հայկ ջան, տունը որ վաճառես` ոնց որ մեզ էլ վաճառես: Մենք հո հողի տա՞կ չենք, էստեղ ենք, տան մեջ…
ՏԱՏ – Արի, ոտդ կախ մի գցի, ու իզուր էլ մի աղաչի, մեկ է` վաճառելու է, նա պարտքեր ունի:
ՊԱՊ – Հայկ, խնդրում եմ… (Տատին.) Մի կմճտի, այ կին, Միհրանը չեմ:
ՏԱՏ – Միհրանի անունը չտաս, դու նրա անունը տալու իրավունքը չունես:
ՊԱՊ – Ունեմ:
ՏԱՏ – Չունես:
Վիճելով հեռանում են:
Մարդ-բորենու ծիծաղը, նաև նրա ստվերն է փութանցիկ սահում-չքանում սենյակում
ՀԱՅԿ – Շատ կակղեցի, գլխիս են նստում, նույնիսկ բանալին գողացան: (Խմում է:) Խոսեք, ինչո՞ւ լռեցիք… Լռում եք, հա՞, իբր` ուրվական ենք, հա՞… Դե, որ ուրվական եք, ձեզ ուրվականի պես պահեք: Դուք չկաք, դուք հայտնվում եք` երբ ես ինձ թույլ եմ թողնում, այ, հիմա կամքս կլարեմ, ու վերջ, էլ չեմ տեսնի ձեզ, վերջ, վերջ… Տեսա՞ք, ոնց չքվեցիք, իսկի շշուկ չեք հանում:
Շնագայլերի հաչոց, բորենու ոռնոց:
ՀԱՅԿ – Դո՞ւք որ խորքերից բուսնեցիք, դուք էլ լռեք:
Դարձյալ ոռնոց:
ԶԱՌԱՄՅԱԼՆԵՐ – Էն տան տեղում` քոլիկ-մոլիկ…
ՀԱՅԿ – Լսել եմ, հերիք է:
ԶԱՌԱՄՅԱԼՆԵՐ – Քոլիկի տեղ` քար ու քռա…
ՀԱՅԿ – Ասացի` լռեք:
ԶԱՌԱՄՅԱԼՆԵՐ – Օձ ու կարիճ, գել ու գազան…
Հայկը գնում է պատուհանի մոտ, բացում, ծխում, նայում է ներքև:
ՀԱՅԿ – Ուր որ է` լույսը կբացվի… հարևաններին կկանչեմ, փակը կկոտրեն, դուրս կգամ: (Նկատում է սենյակում հայտնված Քեռուն:) Քեռի՞…
ՔԵՌԻ – Ես եմ, մատաղ քեզ:
ՀԱՅԿ – Էլի կոստյումից ես խոսելո՞ւ:
ՔԵՌԻ – Հա:
ՀԱՅԿ – Չի՞ լինի` չխոսես:
ՔԵՌԻ – Չէ, խոսելու եմ, քրոջ տղա: Ես մեղք ունե՞մ, որ մի քիչ էսպես եմ ծնվել, ես կյանք տեսնել չեմ ուզո՞ւմ, ես սեր չեմ ուզո՞ւմ…
ՀԱՅԿ – Կոտյումը քեզ չի փրկելու, հասկանո՞ւմ ես:
ՔԵՌԻ – Դու էլ դաժան ես մորդ պես:
ՀԱՅԿ – Դաժանություն չէ, ճշմարտություն է:
ՔԵՌԻ – Ճշմարտությունը հենց դաժանություն ա, էլի:
ՀԱՅԿ – Կոստյումը քեզ չի փրկելու, քեռի:
ՔԵՌԻ – Էդպես մի ասա, քրոջ տղա, էնքան խև գիտեմ, որ կաստումը հագնում են, գալստուկը կապում` լրիվ դզվում են, հա, իմ արև: Մի ջուխտ էլ որ սև լաքից կոշիկ լիներ, պլպլացնեի` սիրուն երեսս մեջն երևար… Ախ, իմ երեսը, իմ քիթը, աչքերը… Ի՞նչ եղան, ո՞ւր են… (Աչքերն արցունքվում են:)
ՀԱՅԿ – Մի հուզվիր, քեռի, աղաչում եմ, ես սուտ ասեցի, ես լավ մարդ չեմ, սուտ ասեցի, որ ինձ արդարացնեմ, կոստյումը քեզ լավ էլ կփրկի ու շատ էլ կսազի, հատկապես շագանակագույնը, սպիտակ վերնաշապիկով, կարմիր փողկապով… Ճամպրուկում ունեմ ամեն ուզածդ, քեռի ջան, գնալիս կթողնեմ տանը, կվերցնես քեզ:
ՔԵՌԻ – Վայ, քո ցավը տանեմ… Ես գիտեի, գիտեի, որ քեռուդ սիրում ես: Դե, չխանգարեմ, հանգստացի, պառկի, ազիզ ջան… (Տեսնելով, որ Հայկը պատուհանից ցած է նայում:) Մի նայի, ետ քաշվի, Հայկ, քեզ եմ ասում, մի նայի…
ՀԱՅԿ – Ինչո՞ւ:
ՔԵՌԻ – Բարձրությունը գլխակեր ա, չնայես, ձգում-տանում ա: Չի տանո՞ւմ:
ՀԱՅԿ – Չէ:
ՔԵՌԻ – Էդ լավ ա: Ես կարծում էի` ինձ քաշած կլնես, ես փոքրուց ունեմ էդ վախը, շատ դաժան բան ա, ուզել եմ հաղթեմ, բայց չի ստացվել, Աննաս ասում էր` թե բարձրանաս պոպոքի ծառը, ինձ համար պոպոք իջացնես, կթողնեմ թուշս մի հատ պաչես… Գիտեր, որ չեմ կարա, բարձրանում էի առաջին ճյուղին` գլուխս սկսում էր պտտվել, բարձրանում էի երկրորդին` արունս սառում էր, կպնում էի ծառին, ոչ վերև, ոչ ներքև, անաստվածն էլ ծիծաղում էր, քրքջում, էնքան էլ զնգուն ձեն ուներ, էնքան սիրուն: Բայց վերջը հաղթեցի ես իմ վախին, վերջը, երբ արդեն էլ պետքս չէր, երևի որ էլ պետքս չէր` հենց էդ պատճառով էլ հաղթեցի, ասեցի` ինձ էլ ոչինչ պետք չի, ես քեզ հաղթելու եմ, ասեցի ու թռա… Հաղթած` սավառնում էի բազեի պես, ազատ, արձակ, մեր գյուղի բազեներին տեսած կլինես, էն որ թևերը տարածած պտտվում են ձորի վրա… Պարզվեց` էդ մի քանի պահը մի ամբողջ կյանք ա, սուտ են ասում, թե սիրտդ վախից օդում պայթում ա, մինչև գետնին հասնելը ամեն բան զգացի ու տեսա, բայց գետնին խփվելը` չէ, չեմ զգացել, ուշաթափ եմ եղել, երևի Տերը խնայեց, չուզեց ցավ պատճառի… Դե հա, ես անմեղ մարդ եմ, ոչ գողացել եմ, ոչ ծեծել, ոչ սպանել, ինչի՞ պիտի ինձ ցավ պատճառեր:
ՀԱՅԿ – Էլի պիտի պատճառե՞ր, պատճառածը հերիք չէ՞ր…
ՔԵՌԻ – Չասես, էդ բանը չասես, դաժան մի եղիր մորդ պես, անհավատ մի եղիր հորդ պես, իմ պես եղիր, անշառ, անշահախնդիր… Ուզածս մենակ կաստումն էր, սպիտակ սառոչկեն, կարմիր գալստուկը, մեկ էլ…
ՀԱՅԿ – Սև լաքից կոշիկ…
ՔԵՌԻ – Հա, ցավդ տանեմ, քրոջ տղա, հիշում ես:
ՀԱՅԿ – Հիշում եմ, քեռի, հանգիստ գնա, կգաս` կվերցնես:
ՔԵՌԻ – Ապրես, ապրես… Դե, հան­գըստացի, չխանգարեմ: (Հեռանում է, ետ է գալիս:) Հա, մի բան էլ ասեմ, հավատքի առումով:
ՀԱՅԿ – Քեռի, գնա, հոգնեցի:
ՔԵՌԻ – Լավ, լավ, գնացի: (Հեռանում է:)
ՀԱՅԿ – (փակելով պատուհանը): Շատ ենք ծանրանում միմյանց վրա… Կոստյումի համար չեմ ասում, առհասարակ… Ազատ ապրել չենք սիրում, չգիտենք ազատության հմայքը: Ես քեզ համար եմ անում, որպեսզի հետո դու ինձ համար անես, այդպես կպնենք իրար` մնանք, իրար նայենք, իրարից հոտ քաշենք, իրար աչք սրբենք, իրար մեղք ճանաչենք… Ես չեմ ուզում, ես ազատ երկիր եմ գնացել, որ ազատ ապրեմ, իսկ դուք ուզում եք անդադար կպռշկել, թե` ինձ մոռացել ես, ինձ էլ ես մոռացել, մենք քեզ պահել-մեծացրել ենք, մենք քեզ` դպրոց, մենք քեզ` մանկապարտեզ, քեզ համար ծիտ ենք խփել-խորովել, եսիմ էլի ինչ… Հա, ինչ անեմ, չապրե՞մ, անընդհատ մնամ պարտքի տա՞կ, մեղքի տա՞կ… Ինձ ուզում եք մեղքի տակ պահե՞ք, որ խեղդվե՞մ, խեղդվեմ, հա՞… Վերջապես ես էլ իմ որդուն եմ մեծացրել… (Պատերին:) Դե, էդպես դատապարտող մի նայեք: Հա, չկարողացա գալ քո թաղմանը, քույր, հայր, մայր, չկարողացա, աշխարհի մյուս ծայրն է, հազար ու մի պրոբլեմ կա, մի օր չաշխատեմ` կկորչենք, տունը վարկով է, մեքենան` վարկով, տեխնիկան` վարկով, կահույքը` վարկով, կյանքը` վարկով… Մի քմծիծաղեք, այդպես է, այնտեղ էլ ազատություն չկա, այո, չկա, ազատություն ոչ մի տեղ չկա, պատրանք է, բայց մենք փնտրում ենք: Ես շատ եմ մտածել, նայել եմ երկնքին ու մտածել` տեսնես այս անտակ անեզրության մեջ կա՞ մի կետ, գոնե շատ պստիկ մի կետ, որտեղ ազատություն կա… Չկա, պատրանք է, մեր ներսում է միայն, այ, այստեղ: Ձեզ ի՞նչ կա, դուք ազատ եք, կատարելապես ազատ, ձեզ ոչինչ պետք չէ այլևս… Չէ, պետք է, ինձ տանջել է պետք: Բայց հասկացեք, ե՛ս չեմ մեղավոր, որ հիվանդացել եք, որ ծերացել եք, որ մահացել եք, որ զոհվել եք, որ կախվել եք, որ կամուրջից նետվել եք… Ուրիշ տեղում է ձեր թշնամին, նրա հետ կռվեք, ինձ հանգիստ թողեք: Հա, եկել եմ, հիմա եմ եկել, հիմա գործերից ազատ էի` եկել եմ… Կասեք` տունն ազատվել է, եկել է տանը տեր կանգնի© հա, եկել եմ տեր կանգնեմ, հո անտեր չի՞ մնալու տունը… Այն ժամանակ ազատ լինեի` այն ժամանակ էլ կգայի, բայց զբաղված էի… Վերջապես ոնց կարողանում եմ` այնպես էլ ապրում եմ: Թե չէ դուք սրբերի պես եք ապրել: Ու էլ մի եկեք` դեմս թատրոն սարքեք, վերջ, ես քնում եմ, ինձ հանգստանալ է պետք: Ոնց որ ձերը չլինեմ, այ մարդ, ոնց որ թշնամի լինեմ: (Պառկում է:) Չի լուսանում` պրծնեմ: (Պատի ժամացույցն է խփում կկվի կանչով: Վեր է թռչում:) Միայն դու էիր պակաս, դու էլ ես ինձ դեմ, հա՞… Թե՞ հակառակը, կարոտից ես խփում: Հերիք է, լավ… Հերիք է, ասացի… (Կոշիկը կատաղած խփում է, ժամացույցը լռում է, ինքը դարձյալ պառկում է:)
Մարդ-բորենու հեռավոր ոռնոց- ծիծաղը, Զառամյալների երգը` կամաց, հազիվ լսելի:
ՔՈՒՅՐ – (հայտնվելով, մոտ գալով:) Հոգնած է եղբայրիկս… Հոգնացրինք խեղճին, անխիղճ ենք, անխիղճ: Պառկիր, հանգիստ պառկիր, պառկիր` մերսեմ, հովի պես քնքուշ կմերսեմ, կհանեմ ամբողջ հոգնությունդ: Ինչո՞ւ ձայն չես հանում: Չե՞ս ուզում խոսել հետս… Չե՞ս ուզում մերսեմ քեզ… Դու ուզում ես, որ նա՞ մերսի, այն քաղքենի՞ն:
ՄԱՅՐ – (հայտնվելով): Չարաճճի տղա, ասում են` շոյե՞լ ես մայրիկիդ, այո՞:
ՔՈՒՅՐ – Կեղծավոր, իբր ի՛նքը չի գայթակղել… Հիշում եմ, ոնց էր պառկում` ոտքը բաց, կուրծքը բաց… Ասում էր` «Վախ, խեղճ տղաս մրսել է, արի մամայի ծոցիկը, տաքացիր»… Ասում էիր, չէ՞, նա էլ գալիս էր, չէ՞… Ինչո՞ւ մի անգամ էլ ինձ չուզեցիր տաքացնել, ինչո՞ւ:
ՄԱՅՐ – Որովհետև դու քո ասածին, չար ու մեծամիտ աղջիկ էիր:
ՔՈՒՅՐ – Որովհետև տգեղ էի, գեղագիտական ընկալումներդ թույլ չէին տալիս, քաղքենի:
ՄԱՅՐ – Դե ասա, տղաս, ո՞ւմ մաշկն էր ավելի թարմ, ավելի նուրբ, ի՞մ, թե՞ այս բանսարկուի… Չե՞ս ասում… Ա՜, հասկանում եմ, նրա ներկայությամբ չես ուզում, չես ուզում վիրավորել քույրիկիդ, դու միշտ նրբանկատ ես և բարի:
ՔՈՒՅՐ – Գիտե՞ք ինչ կա, թքել եմ երկուսիդ վրա էլ: (Չքվում է:)
ՄԱՅՐ – Դե ասա, ինչպե՞ս էիր շոյում մայրիկին, ասա:
ՀԱՅԿ – Ես… չեմ շոյել…
ՄԱՅՐ – Շոյել ես, ակնածանքով, վախվորած, դողալով…
ՀԱՅԿ – Շոյել եմ:
ՄԱՅՐ – Սիրահարված էիր մայրիկին, տղաս, ես քո առաջին սերն էի…
ՀԱՅԿ – Սիրահարված էի:
ՄԱՅՐ – Դու հիմա տառապո՞ւմ ես այդ պատճառով, տղաս… Մի տառապիր, հանցանք չէ, սիրո տարերքը կառավարելն անհնար է, նա այնպիսի խորքերից է գալիս, որտեղ հարցեր-պատասխաններ չկան, արգելքներ չկան:
ՀԱՅԿ – Դու ինձ ներո՞ւմ ես:
ՄԱՅՐ – Իհարկե, ներում եմ, տղաս: Կուզե՞ս, նորից շոյիր, թող արթնանան հուշերդ… Մի վախեցիր, մոտ բեր ձեռքդ… Վախենում ես… Երգեմ քեզ համար, որ խաղաղվի հոգիդ… (Օրորոցային է երգում:)
ՀԱՅԿ – (ընդհատելով): Պետք չէ, մայր, մի երգիր, խնդրում եմ:
ՄԱՅՐ – Սպասիր, այս մի տունն էլ երգեմ…
ՀԱՅԿ – Աղաչում եմ:
ՄԱՅՐ – Լավ, համարյա ավարտեցի: Մի երգիր, մի երգիր… Ինչո՞ւ չերգեմ, քանի՞ տարի մորդ երգը չես լսել, էլ չե՞ս սիրում ինձ:
ՀԱՅԿ – Սիրում եմ, մայր, բոլորիդ էլ սիրում եմ, իմն եք:
ՄԱՅՐ – Ես` ես եմ, մի շփոթիր, անպիտան մանչուկ, թե չէ կպատժեմ, թաթիկներդ փայտով կծեծեմ:
ՀԱՅԿ – Մի պատժիր ինձ, մայրիկ, խնդրում եմ:
ՄԱՅՐ – Հայրդ էլ իմ երգը տանել չէր կարողանում, կատաղած ներխուժում էր խոհանոց, ասում էր` դու կարո՞ղ ես սպասքն առանց երգելու լվալ, լուռ: Նա միայն մեղրամսին էր ինձ սիրում, ինչ էլ երգեի, թեկուզ շատախոսեի, չէր ընդհատի, բայց նրա մեղրամիսը կես ամիս էլ չտևեց, գնաց ուրիշի գիրկը: Ես գիտեի, միշտ իմացել եմ, եթե չեմ էլ իմացել` զգացել եմ, բայց ոչինչ չէի ասում, որովհետև ուրիշների ծոցից կարոտած էր գալիս ինձ մոտ, նորոգվում էր մեր անկողինը, նա չէր սիրում ինձ, չէ, միայն կիրք, վայրենի կիրք, միա՛յն: Դե ոչինչ, ես էլ նրան չեմ սիրել, ես ուրիշին էի սիրում, նա հիմա էլ դեռ այդտեղ է, ձեր մեջ: Երբեմն նայում եմ իրեն վերից, տակից, կողքից… Ո՞նց եմ քեզ սիրել` ասում եմ, դու ի՞նչ սիրելու բան ես… Զառամյալ ծերուկ է դարձել, ամբողջ օրը բերանը լմլմացնում է, ճպճպացնում, միզում է տաբատին… հայ-հայը գնացել է, վայ-վայն է մնացել… Ժամանակին սիրունիկ էր, ուզում էր` ամուսնանանք, բայց ես չուզեցի, սերը` սեր, բայց կյանքն էլ` կյանք, նա լավ էր միայն սիրո համար, կյանքի համար պիտանի չէր, սերը ոչ կհագնես, ոչ կուտես, նա իսկի տուն չուներ, պապի-տատի տանն էր ապրում: Իսկ հայրդ իսկական տղամարդ էր, նախաձեռնող, գործունյա… Հա, դավաճանում էր, միշտ դավաճանել է, անդադար, ցլիկ էր, ի՞նչ կարող ես անել, հո դրա պատճառով չէի՞ բաժանվելու, առողջ տղամարդիկ բոլորն այդպես են: Այն մեկը` չէ, նա չէր դավաճանի, բայց դե, նա էլ կարգին տղամարդ չէր… չէ, չեմ քնել հետը, չհասցրինք, բայց զգում էի, կինը միշտ զգում է, հրաշալի համբուրում էր, փաղաքշում էր, ուշադիր էր, բայց, բայց, բայց… Մի խոսքով: (Երգում է:) Ասում ես` լա՞վն էր մայրիկի մաշկը… Պատմիր ինձ իմ մասին, կարոտել եմ, ես ինձ կարոտել եմ, Հայկ…
ՀԱՅՐ – (հայտնվելով): Հանգիստ թող երեխային, չես տեսնո՞ւմ` ոնց է նեղվում: Պուճուր տղա էր, հետաքրքրասեր, հետաքրքրվել է, թե կինն ինչ բան է, ինչ մաշկ ունի, ինչ ջերմաստիճան, ինչ հոտ… Անգիտակցականի խաղերին ո՞վ կարող է դիմակայել:
ՄԱՅՐ – Ուֆ, եկավ էլի… Թե քեզ ով խնդրեց, որ մեջ ընկար… Ամեն բան փչացրեց, չի թողնի` մի լավ բան ավարտին հասնի: (Չքվում է:)
ՀԱՅՐ – Այո, տղաս, սա է կյանքը: Քույրդ քեզ էր սիրահարված, դու` մորդ, ես էլ… ես, օ՜, ես… Իմը… Իմը մի քիչ բարդ է: Մի խոսքով: Այդպես է սերը© սերը, տղաս, սիրում է անհնարին տարբերակներ… Թեև ի՞նչ իմանանք` որն է ան­հնարին, որը հնարավոր, սերը ինքը երևի ավելի լավ գիտի: Շոյել ես, գիտեմ, չկա ոչինչ գաղտնի, որ չդառնա հայտնի, ինչ էլ այդտեղ գաղտնի է մնում` այստեղ է բացահայտվում: Բայց դու մի հուզվիր, այստեղ այնպիսի բաներ իմացվեցին, որ դա ի՞նչ է, երեխայություն: Խեղճ երեխա: Իսկ ինչ վերաբերում է մորդ… Մայրդ ոչ ոքի չի սիրել, առհասարակ, քեզ երևի ասել է, թե` կար քնքուշիկ մեկը, սիրում էի և այլն… Սուտ է, ինքն իրեն է համոզում, նա եսակենտրոն անձնավորություն է, իրենից բացի ոչ ոքի սիրել չի կարողացել, իսկի քեզ էլ չի սիրել, նա քեզ սիրում էր իր համար, ուզում էր որդիական սիրո տեր լինել, սեփականատեր:
ՀԱՅԿ – Գուցե բոլորս էլ մեզ համա՞ր ենք սիրում:
ՀԱՅՐ – Չգիտեմ, դժվար խնդիր ես բարձրացնում: Ինչ հիմար բան ասացի` բարձրացնում© դա այն խնդիրն է, որ միշտ բարձրում է:
ՀԱՅԿ – Բայց քեզ նա սիրել է, ես, գոնե, տեսել եմ…
ՀԱՅՐ – Թաքուն հետևել ես:
ՀԱՅԿ – Դե չէ…
ՀԱՅՐ – Դե հա: Ինչքան ես խանդել, խեղճ տղա: Բայց դու սեքս ես տեսել, ոչ թե` սեր: Նա ինձ երբեք չի սիրել, ոչ մի ժամ: Սակայն չսիրելը չի խանգարում հաճույք ստանալ սիրուց: Օ՜, ինչ գիշերներ ենք անցկացրել… և ինչո՞ւ միայն գիշերներ… Շաբաթը մեկ ասում էր` սիրում եմ, խաբում էր, խաբում էր, որ հանկարծ չհեռանամ, որովհետև իմ թիկունքում իրեն պաշտպանված էր զգում, գիտե՞ս, ինչ կարևոր է պաշտպանված լինելը… Հետո` հագցնում էի, կերակրում… Գիտե՞ս, ինչ կարևոր է կերակրվելը, թվում է` մեծ բան չէ, ոնց էլ լինի` կլինի, բայց ոչ, դժվար է, իսկ լավ կերակրվելը` համարյա անկարելի: Չնայած այս ամենին` մայրդ իմ կարոտից մեռավ, հետաքրքիր է, չէ՞, ինձնից հետո ընդամենը մեկ տարում տառացիորեն մարեց, այն եսակենտրոն, ինքնիշխան, մսեղ, կենսալեցուն կինը կարոտից չորացավ, սմքեց, հալվեց-գնաց: Այսպես ահա, որդիս: Խեղճս:
ՀԱՅԿ – Ինչո՞ւ ես ինձ խեղճ անվանում, ինչո՞ւ եք բոլորդ ինձ խեղճ անվանում:
ՀԱՅՐ – Խեղճ չե՞ս, չես ուզում խեղճ լինե՞լ:
ՀԱՅԿ – Չեմ ուզում:
ՀԱՅՐ – Միշտ վիճում ես հորդ հետ, փոքրուց: Եթե հայրդ ասում է` իմ խեղճ որդի, ի՞նչ կլինի, որ չհակաճառես:
ՀԱՅԿ – Չեմ հակաճառում, փորձում եմ հասկանալ:
ՀԱՅՐ – Ոչ, հենց հակաճառում ես: Իբր` դու մի երկրից ես, որտեղ խեղճությունը հարգի չէ, հա՞, այնտեղ բոլորդ պողպատից եք, հա՞… Ես չեմ տեսել այդ երկիրը, բայց գիտեմ` սուտ բարքեր են, կեղծ: Եղբայր, ես չեմ էլ ուզում տեսնել այդ երկիրը, մի ստիպեք, բոլորին ստիպում եք, բոլորին կանչում եք… Եվ մի վիճիր հորդ հետ, ասում եմ` խեղճ, ուրեմն` խեղճ:
ՀԱՅԿ – Դե լավ, խեղճ եմ, լավ:
ՀԱՅՐ – Ինձ զիջում պետք չէ: Դու իսկապես որ խեղճ չես, տղա, երբեք էլ չես եղել, հիշում եմ, ասում էի` այս բանը չի կարելի, կատաղությունից մատս բռնում` կծում էիր…
ՀԱՅԿ – Չի կարելի, չի կարելի… Ամբողջ մանկությունս չիկարելիի տակ է անցել, պատանեկությունս էլ` հետը: Հասմիկի՞ն ինչու դեմ եղաք, ինչո՞ւ չթողեցիք` ամուսնանանք: Տան աղջիկ չէ, ման եկած է, կույս չէ… Ձեզ ի՞նչ, դո՞ւք էիք ապրելու հետը:
ՀԱՅՐ – Դու էիր ապրելու, թշվառական, մեզ խայտառակ էիր անելու ամբողջ աշխարհով:
ՀԱՅԿ – Քո սիրուհիները ձեզ խայտառակ չէի՞ն անում, էն մարմնավաճառները, որ փողոցից վերցնում` մտնում էիր հյուրանոցները, խայտառակ չէին անո՞ւմ, թե՞ կարծում ես` ոչ ոք չէր տեսնում:
ՀԱՅՐ – Հակառակը, դա բարձրացնում էր մեր վարկը, տղամարդուն դա վայելում է: Քո այդ Հասմիկ կոչեցյալը ինձ գայթակղում էր, տեղյակ էլ չես իսկի, այո-այո, ծունկը քսում էր ծնկիս, երկիմաստ նայում աչքերիս մեջ:
ՀԱՅԿ – Սուտ է:
ՀԱՅՐ – Ուզում ես ավելի՞ն ասեմ… ես քնել եմ նրա հետ:
ՀԱՅԿ – Սուտ ես խոսում:
ՀԱՅՐ – Փսլնքոտ:
ՀԱՅԿ – Սուտ ես ասում, հայր:
ՀԱՅՐ – Քնել եմ և լավ եմ արել, նա ուզել է, ես ուզել եմ, քնել ենք, լավ էլ քնել ենք` սա էլ նշեմ: Բա չէ, քեզ հետ էր քնելու: Դու ո՞վ ես, ի՞նչ ես ներկայացնում քեզնից, այ փսլնքոտ, միայն մորդ շոյես, երբ քնած է, հետո մտնես զուգարան` ձեռնահարես:
ՀԱՅԿ – Վերջ տուր, հայր, խնդրում եմ, այլապես…
ՀԱՅՐ – Պահ, վախեցնում է: Դու ո՞վ ես, է՜… դու ոչինչ ես, հասկանո՞ւմ ես, ոչի՛նչ, գնացիր հարուստ երկիր, ինչի՞ հասար, պարտքերի մեջ խրված ես, չէ՞, էլի հույսդ հայրական տան վրա է, ծախես` պարտքերդ մարես, փսլնքոտ:
Հայկը բռնում է հորը, սկսում է խեղդել:
ՁԱՅՆԵՐ – Ի՜նչ ամոթ, հորն է խեղդում, նա խեղդում է իր հորը, ով մեծացրել, կերակրել, պահել է նրան… Չի էլ հիշում` հայրն էր, որ նրան փրկեց գետում խեղդվելուց, հայրն էր, որ սատկացրեց իրեն կծող շանը, հայրն էր, որ սպանեց իրեն վախեցնող առնետին…
Հայկը թողնում է հոր կոկորդը, հայրը հռհռալով չքանում է:
ՀԱՅԿ – (մոտենում է պատուհանին, բացում, սիգարետ վառում, ծխում, նայում է դուրս: Կտրուկ շրջվելով): Բանալին ո՞ւր է, ի՞նչ արեցիք բանալին:
ԶԱՌԱՄՅԱԼՆԵՐ – Էս տան տեղում մեծ պալատ էր, պալատի մեջ` սիրուն աղջիկ, և անունն էր նրա` Հասմիկ…
ՀԱՅԿ – (մոմը թափահարելով): Չքվեք, ճիվաղներ:
Զառամյալները չքվում են: Հայկը գրպաններն է տնտղում
ՀԱՅԿ – (բանալին գրպանից հանելով): Այ քեզ բան, պարզվում է` գրպանիս մեջ էր: Բայց դե հիմա ո՞ւր գնամ, շուտով կլուսանա: Մի հատ էլ խմեմ, չի ազդում, ոնց որ ջուր լինի: (Խմում է: Պառկում է բազմոցին:)
ՀԱՅՐ – (հայտնվելով): Է՜է, որդիս, խմում ես, շատ ես խմում, առողջությանդ չես հետևում:
ՀԱՅԿ – Դո՞ւ, դարձյա՞լ…
ՀԱՅՐ – Այո, որդիս, ե՛ս: Կարոտում եմ, հայրական կարոտը, գիտե՞ս, ինչ բան է, մայրականի պես սենտիմենտալ նվնվոց չէ, ուղղակի խեղդում է, խեղդում: Քանի՞ տարի չեմ տեսել քեզ:
ՀԱՅԿ – Քսան:
ՀԱՅՐ – Տասնութ: Դրան հաջորդող երկու տարին այստեղ եմ եղել: Թեև, էլի հաշիվ է: Հազար տարի հետո կհաշվեմ, որ հազար քսան տարի քեզ չեմ տեսել, այդտեղ մեզնից ոչ ոք չի լինի, գուցե առհասարակ ոչ ոք չլինի, և միայն իմ կարոտը կպտտվի մոլորակի վրայով… մեկ էլ` իմ ցավը, որ հիմա էլ այդտեղ տնքում է: Ախ, որդիս, չես պատկերացնում, դու այդ ցավը չես պատկերացնում…
ՄԱՅՐ – (շշուկը): Խեղճ, խեղճ, խեղճ, մղկտում էր, մղկտում էր, մղկտում էր…
ՀԱՅՐ – Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը կատակ բան չէ, ոչ վիրահատության է ենթակա, ոչ բուժման, և ցավում է, սարսափելի է ցավում, նույնիսկ մորֆին ի զորու չէր մոռացնելու:
ՄԱՅՐ – Ես էի խնամում նրան, խեղճ, խեղճ, խեղճ, կանաչել էր, նիհարել, կմախք էր դարձել, վերմակը քաշում էր գլխին, լաց էր լինում, տեսնում էի` ոսկրոտ ուսերը ցնցվում են, ցնցվում են, ցնցվում են… Ոչնչով օգնել չէի կարող, միայն շոյում էի, շոյում էի, շոյում էի, ասում էի` խեղճս, անպաշտպանս, պստիկս… Ամեն բան ներել էի, հիվանդությունը քենի, վիրավորանքի նշույլ չէր թողել մեջս, միայն` խղճահարություն, շապիկի տակից ոսկորները հատիկ-հատիկ հաշվում էի, կերածը ետ էր տալիս, խմածը ետ էր տալիս… Մտածում էի, աղոթում` աստված իմ, հանկարծ ինձ էլ այսպես չխփես, ո՞նց եմ դիմանալու:
ՀԱՅՐ – Խնդրեմ, ես մեռնում էի, իսկ նա էլի իր մասին էր մտածում, իր համար էր աղոթում:
ՄԱՅՐ – Անշնորհակալ… Վա՞տ եմ խնամել, քի՞չ եմ փաղաքշել, փսխածդ չե՞մ մաքրել…
ՀԱՅՐ – Ախ, որդիս, դաժան է, հիվանդության ու ցավի ընդամենը երկու ամսվա տանջանքը խաչ է քաշում ամբողջ ապրածիդ վրա, վայելքներիդ, ուրախություններիդ վրա, ասես չեն էլ եղել, ասես միշտ միայն ցավն է եղել, ասես մնացածը սուտ էր, էլի ցավ էր, որ հետո էր խտանալու:
ՀԱՅԿ – Բայց դե՛, դու էլ մեղավոր ես, հայր:
ՀԱՅՐ – Ինչո՞ւ, որդի՛ս:
ՀԱՅԿ – Յուղոտ ճաշեր շատ էիր ուտում, քաղցրեղեն, տորթեր, դարակդ երբ բացեի` մեջը լիքը կոնֆետ կար, գիշերով արթնանում` ուտում էիր:
ՀԱՅՐ – Կերել եմ, հա, մեղքս ինչ թաքցնեմ, կերել եմ… Կերել եմ, խմել եմ, ծխել եմ… զուրկ պահեի՞ ինձ, կյանքը սիրում էի, ագահորեն էի սիրում, անկուշտի պես, ու մտքովս չէր էլ անցնում, թե ինձ բան կարող է պատահել: Իսկ էն Հասմիկի համար իզուր ես նեղանում, չեմ քնել հետը, սուտ ասեցի, բայց մեկ է` դուրս ընկած էր, քեզ վայել չէր, ու ինձ էլ իսկապես թարս էր նայում, դե, այն ժամանակ կարգին տղամարդ էի, կհիշես երևի, բոյով, ձիգ, մեջքս պինդ, մազերս խիտ:
ՀԱՅԿ – Նա քեզ երբեք թարս չի նայել, հայր, դու էիր նրան թարս նայում, մի անգամ էլ ձեռքդ, իբր պատահաբար, դրել էիր…
ՀԱՅՐ – Տուտուզին: Ասել է, հա՞… Հրաշալի ֆորմաներ ուներ, այո… Բայց սուտ է, հնարել է լիրբը, ընդամենը մեջքին էի դրել, պարում էինք, տանգո էր, քոչարի չէր:
ՀԱՅԿ – Լավ, թող լինի մեջքին, հիմա կարևոր չէ:
ՀԱՅՐ – Կարևոր է, ամեն մանրուք կարևոր է, չես էլ պատկերացնում` ինչ կարևոր է: Ու քանի որ չկա ոչինչ անհայտ, որ չդառնա հայտնի, խոստովանում եմ` քամակին եմ դրել ձեռքս և… Կներես, այնուամենայնիվ, քնել եմ հետը:
ՀԱՅԿ – Ինչ եղել` եղել է:
ՀԱՅՐ – Ներո՞ւմ ես:
ՀԱՅԿ – Քեզ ո՞նց է պետք…
ՀԱՅՐ – Դժվարանում է ներել, դժվարանում է, հեշտ բան չի, թթու թան չի, ամեն մարդու բան չի, առհասարակ` մարդու բան չի:
ՀԱՅԿ – Հասկացա, քեզ պետք է, որ չներեմ: Բայց ես ներում եմ:
ՀԱՅՐ – Պահ, ներում է, նա ներում է, աշխարհի անմեղն է, ներում է մեղավորիս: Երեսպաշտ:
Զանգում է Հայկի հեռախոսը: Հայրը չքվում է: Հայկը հանում է հեռախոսը գրպանից:
ՀԱՅԿ – Ո՞վ է:
ԿԻՆ – (ձայնը): Ե՛ս… Ես եմ, լսո՞ւմ ես:
ՀԱՅԿ – Հա, դու: Լսում եմ, ասա: (Մարդ-բորենու քսու ծիծաղը, բորենին դիպչում է Հայկի ձեռքին, բայց չի երևում:) Էս ինչ է… ո՞վ է… քշշ…
ԿԻՆ – Ի՞նչ պատահեց… Մենակ չե՞ս:
ՀԱՅԿ – Մենակ եմ, ասա: Բայց դո՞ւ ես որ…
ԿԻՆ – Էլ ո՞վ:
ՀԱՅԿ – Ձայնդ ուրիշ է… Մի տեսակ ես… (Մարդ-բորենուն, որ հայտ­նըվել` լիզում է ձեռքը:) Աա՜, հայտնվեցիր, եկար ի տես…
ԿԻՆ – Դո՛ւ ես մի տեսակ, ի՞նչ է եղել::
ՀԱՅԿ – Ոչինչ էլ չի եղել:
ԿԻՆ – Բայց ո՞վ է կողքիդ:
ՀԱՅԿ – Շուն է:
ԿԻՆ – Շո՞ւն:
ՀԱՅԿ – Հա, շուն… կամ նման մի բան:
ԿԻՆ – Շունն ի՞նչ է անում այդտեղ:
ՀԱՅԿ – Չգիտեմ, ի՞նչ իմանամ: Հիմար հարցեր մի տուր: Խոսիր, գիշերով զանգել ես, որ լռե՞ս:
ԿԻՆ – Այդտեղ հիմա գիշե՞ր է:
ՀԱՅԿ – Գիշեր է, այո:
ԿԻՆ – Ճիշտ որ, ժամերի տարբերությունը մոռացա:
ՀԱՅԿ – Այդտեղ ցերե՞կ է:
ԿԻՆ – Այո:
ՀԱՅԿ – Երանի քեզ:
ԿԻՆ – Ուզում էի իմանալ` ոնց հասար, ոնց ես:
ՀԱՅԿ – Լավ եմ, հրաշալի, ուրի՞շ:
ԿԻՆ – Էլի ինչ-որ բան էի ասելու…
ՀԱՅԿ – Ասա: (Մարդ-բորենին դարձյալ քսվում է ձեռքին:) Մի կպչի, ռադ եղի:
ԿԻՆ – Ի՞նչ:
ՀԱՅԿ – Քեզ հետ չեմ:
ԿԻՆ – Իսկ ո՞ւմ հետ ես:
ՀԱՅԿ – Շունն է… թե՞ բորենի… Ասա վերջապես, ինչ էիր ասում:
ԿԻՆ – Որդիդ ուզում է գալ:
ՀԱՅԿ – Ո՞ւր գա…
ԿԻՆ – Քեզ մոտ: Ասում է` գնամ, հորս օգնեմ` տունը ծախենք, համ էլ Երևանը կտեսնեմ: Բայց փող չունի, կթողնե՞ս` քո հաշվից հանի:
ՀԱՅԿ – Իմ հաշվի՞ց… Ի՞նչ գործ ունի իմ հաշվի հետ… Ի՞նչ գործ ունի տուն ծախելու հետ… Ոչ մի դեպքում… Երևանն է ուզում տեսնել… Ի՞նչ Երևան, Երևանն ինչի՞ն է, Երևանում իրեն հետաքրքրող բան չկա, ինձ էլ օգնություն պետք չէ, լսում ե՞ս, ասա` թող չգա:
ԿԻՆ – Բայց ի՞նչ է եղել, սթրեսային ես մի տեսակ:
ՀԱՅԿ – Ոչինչ չի եղել, գիշեր է, հասկանո՞ւմ ես, ուշ գիշեր:
ԿԻՆ – Լավ, էլ չեմ խանգարի:
ՀԱՅԿ – (անջատելով հեռախոսը): Ոնց որ ձեռ առնի` ինչ է եղել, հա, ինչ է եղել: Ի՞նչ է եղել: (Գոռում է:) Ի՞նչ է եղել, ձեզ եմ հարցնում: Ըհը, ոչինչ էլ չի եղել, քնում ենք: (Տեսնելով Զառամյալների ստվերները, երգում է ծաղրելով:) «Էս տան տեղը ուրիշ տուն էր, էն տան տեղ` էլի տուն, դրա տեղում` քոլիկ-մոլիկ, քոլիկի տեղ` քար ու քռա…»… Լավ է՞… դե, չքվեք:
ԶԱՌԱՄՅԱԼՆԵՐ – Քոլիկի տեղ` քար ու քռա, ժայռ ու քարափ ու քարանձավ:
Մարդ-բորենին քսու ծիծաղում է, քսմսվում է Հայկին:
ՀԱՅԿ – Քսվիր ինչքան ուզում ես, չեմ քշելու, ինքդ կհոգնես: Ես զզվում եմ քեզնից: Դու ինձնից չե՞ս զզվում… Ծիծաղելի բան եմ ասում, ես միս եմ, մսից ո՞նց կզզվես…
Հայտնվում են քարանձավային մարդիկ` Տղամարդը և Կինը, մոտենում են, տնտղում Հայկին: Մարդ-բորենին չքվում է: Հայկը սիգարետ է վառում, քարանձավային մարդիկ ընկրկում են:
ՀԱՅԿ – (ծխելով): Ձե՞զ ինչով հետաքրքրեց իմ անձը, ասեք, դուք էլ ասեք:
ՏՂԱՄԱՐԴ – Հու -հու -հու… (Ծեծում է կուրծքը, հազում սիգարետի ծխից, ցույց է տալիս, որ հեռացնի սիգարետը:)
Հայկը հանգցնում է սիգարետը:
ԿԻՆ – Ուու, ուու… (Շոյում է Հայկին, ապա մազերի մեջ քուջուջ անում, հոտոտում գլուխը, տեսնում է Հայկի վզի պարանը, սարսափած պահանջում:) Հան, հան, հանե… (Ինքն է հանում պարանը, շպրտում մի կողմ, հանում իր վզի կոպիտ զարդը, անցկացնում Հայկի պարանոցին, նայում է, հավանում, ուրախացած ծափ տալիս:) Սի, սի, ուն, ուն…
ՏՂԱՄԱՐԴ – (ոսկոր տալով Հայկին): Ուտտու, ուտտե…
Հայկը հոտոտում է ոսկորը, հու-հու է անում` ի նշան շնորհակալության, դնում մի կողմ:
ՏՂԱՄԱՐԴ – Ուտտի… (Հուշում է` կեր, համեղ է:)
Հայկը կրծում է ոսկորը, ցույց է տալիս` իբր շատ համեղ է:
ՏՂԱՄԱՐԴ – (ուրախացած): Հու-հու- հու…
ԿԻՆ – Նանի, նանի… (Երգում է Հայկի համար, շատ նման է մոր երգած օրորոցայինին:)
Տղամարդը գոտկատեղին կախ տված պաշտամունքային առարկան է հանում` գանգոսկրի կտոր, վրան` մազածածկով չորացած գանգամաշկ: Ակնածանքով տալիս է Հայկին, ցույց է տալիս, որ նա կապի գոտկատեղին:
Հայկը սոսկումով մի կողմ է դնում:
ՏՂԱՄԱՐԴ – Օօու ու… (Հասկացնում է, որ տվածը Բարձրյալ ուժ ունի:)
Հայկը վերցնում է, բայց դարձյալ մի կողմ է դնում:
ՏՂԱՄԱՐԴ – (վերցնելով իրը, ստիպում է կախել): Արրա, արրա, արա…
ՀԱՅԿ – Լավ, լավ, ահա… (Կապում է, բայց նույն պահին սարսափով հանում է:)
ՏՂԱՄԱՐԴ – Հու, հու… (Զայրացած խլում է իրը, քաշում է կնոջ ձեռքը, իբր` գնանք:)
ԿԻՆ – (ուզում է հանել իր զարդը Հայկի վզից, հայացքը պահում է նրա աչքերի մեջ ու վերջին պահին մտափոխվում է, թողնում): Խե, խե, ղըճը…
Քարանձավային նախնիները հեռանում են, տղամարդը մի պահ ետ է դառնում` պատի մեխին կախ գցում իր պաշտամունքի առարկան: Հայկը դա չի նկատում, բաժակը լցնում է, խմում:
ՄԱՅՐ – (հայտնվում է, մոտենում, շոյում Հայկին): Նյարդային ես, տղաս, քո նյարդայնությունը մեզ էլ է փոխանցվում, ախր, նույն մսից-արյունից ենք: Թոռնիկն էլ մեր միսուարյունից է… Վերջապես կտեսնեմ նրան, թե չէ միայն լուսանկարով եմ տեսել, հոտը չգիտեմ, մարդուց մինչև հոտ չքաշես` քոնը չի դառնա:
ՀԱՅԿ – Նա չի գա, ես արգելեցի:
ՄԱՅՐ – Կգա, չի դիմանա:
ՀԱՅԿ – Կդիմանա:
ՄԱՅՐ – Չի դիմանա, փողի հոտ է առել, փողի հոտին դիմանալը դժվար է:
ՀԱՅԿ – Ասացի` չի գալու:
ՄԱՅՐ – Լավ, չի գալիս` թող չգա, մի բորբոքվիր: Անդադար բորբոքվում ես, տղա, քնքուշ վարվիր մորդ հետ: Բեր, բեր լուսանկարների ալբոմը նայենք, հիշո՞ւմ ես, ոնց էինք միասին նայում` առաջին նկարից, որտեղ դու մի տարեկան ես, տկլորիկ-մկլորիկ, ետևից իմ ձեռքն է երևում, մեջքդ պահել եմ, որ լուսանկարվես:
ՀԱՅԿ – Բերե՞մ:
ՄԱՅՐ – Բեր, տղաս, նույն տեղում է, հիշո՞ւմ ես:
ՀԱՅԿ – Հիշում եմ: (Պահարանից հանում, բերում է ալբոմը: Երեխայի պես թլկացած:) Մամ, ցույց կտա՞ս, ցույց տուր, էլի:
ՄԱՅՐ – Հա, տղաս, իհարկե, ցույց կտամ: Մոտիկ նստիր: (Թերթելով ալբոմը:) Մորաքույրդ է, ծովափին, նայիր, ինչ փարթամ կուրծք ունի, տղամարդիկ տզի պես կպչում` պոկ չէին գալիս, երեխա էի, նրան կպռշկող տղամարդիկ ինձ պաղպաղակ, լիմոնադ էին հյուրասիրում, բայց ինձ էլ էին ծուռ նայում, երբեմն էլ քամակս կմճտում էին թաքուն: Կտրեցին խեղճի կրծքերը, քաղցկեղ ուներ, այս փարթամ կրծքերի տեղը տափարակ էր դարձել, այս կրակոտ աչքերը խամրել էին եփած ձվի սպիտակուցի պես: Սա քեռիդ է, նայիր աչքերին, փոքրուց էր խև, մայրիկս ասում էր` բժիշկներն են մեղավոր, ծննդատանը գլխից անզգույշ սրսկում են արել, դիպել են ուղեղին, բժիշկներն էլ ասում էին` ժառանգական է… Պրոֆիլից նման է քեզ, գիտե՞ս: Սա ես եմ, սա հայրդ է, պապիկդ, տատիկդ, հորեղբայրդ (արագացնում է թվարկումը), տատիկի եղբայրը, պապիկի քույրը, հայրիկը, ես, նա, պապիկը, քույրը, մենք, ես, դու…
ՀԱՅԿ – (նայելով ալբոմին): Այստեղ նկար չկա, ոչ մի հատ, ալբոմը դատարկ է, մայր, ինչո՞ւ ես խաբում:
ՄԱՅՐ – Դատարկ է, այո… այրել եմ, բոլոր նկարները այրել եմ, բոլոր նամակները այրել եմ, նկարը լավ բան չէ, նամակը լավ բան չէ, նկարը դանակ է, ծակում է, ծակռտում, մորթում, նկար պետք չէ, եթե գնալ կա` գալ պետք չէ, ոչինչ պետք չէ, ոչինչն է իրականը, ոչինչն է ճիշտը, ոչ գալ, ոչ գնալ, ոչ ունենալ, ոչ սիրել… քեզ էլ իզուր եմ ունեցել, քրոջդ էլ, հորդ էլ, ինձ էլ իզուր եմ ունեցել, ինչո՞ւ ես եկել, ո՞ւր ես եկել, միամիտ տղա, խորամանկ տղա, ագահ տղա, բարի տղա, անշահախնդիր տղա, փողասեր տղա, խեղճ տղա, չար տղա, դու հասկանո՞ւմ ես` ուր ես եկել, դու հասկանո՞ւմ ես` որտեղ ես…
ՀԱՅԿ – Մեր տանը…
ՄԱՅՐ – Հիմար բաներ մի խոսիր, տուն չկա, ի՞նչ տուն, չկա տուն…
Զառամյալներն են հայտնվում, երգում են, Մայրն էլ է միանում© «Էս տան տեղը ուրիշ տուն էր, էն տան տեղը` էլի տուն, դրա տեղը` պստիկ հյուղակ, ավելի շուտ` քոլիկ-մոլիկ, քոլիկից շուտ` քար ու քռա, քարի տեղում` ոչ ու փուչ, սառը ոչինչ, սև խոռոչ»: Երգելով` աստիճանաբար չքանում են:
Հայկը նետվում է պատուհանի մոտ, բացում, նայում է դուրս:
ՀԱՅԿ – Ինչ բարձր է, գրողը տանի: Հայրս մի անգամ, խմած, թևատակերիցս բռնեց, կամրջի բազրիքից այն կողմ պահեց, ասեց` գցե՞մ, թե չգցեմ, կատակում էր իբր, չորս տարեկան էի, բայց այսօրվա պես հիշում եմ հեռու ներքևում գալարվող գետը, այնքան բարձր էր, որ խշշոցը չէր լսվում, համր գետը կանչում էր ինձ, սարսափից կարկամել էի, ձայն հանել չէի կարողանում, հայրս հռհռաց` ինձ ետ բերեց, դրեց գետնին© այդ օրից հորս ծիծաղն իմ մեջ նույն գլխապտույտն է առաջացնում, ինչ բարձրության սարսափը: (Թիկունքից փսփսոց է լսում, բայց չի շրջվում, շնչում է դրսի օդը:) Երևանի գարունը չքնաղ է, Երևանում երկու ամիս պետք է ապրես, մայիսին և սեպտեմբերին, չէ, ապրիլն էլ վատը չի, հոկտեմբերն էլ, այ, նոյեմբերն արդեն ցուրտ է, խոնավ, թուխպ… հետո` դեկտեմբեր` նոր տարվա պատրաստություն, նոր տարի, հունվար… նոր տարվա հեքիաթը փետրվարին էլ դեռ պահպանվում է, իսկ մարտը զզվելի է, նոյեմբերի պես: Հիմա մայիսն է: Չէ, մարտն է, մարտի տասներկուսն է, չէ, արդեն տասներեքը, ինչո՞ւ ինձ թվաց, թե մայիսն է… (Քամի է փչում, մոմերի կրակը հան­գ­ցնում է: Հայկը փակում է պատուհանը, վառում մոմերը: Մոմերի վերևում, պատին, սրբապատկեր է նկատում` նույն տեղում, որտեղ քարանձավային տղամարդն իր պաշտամունքն էր մեխից կախ գցել): Ի՞նչ սրբապատկեր է, առաջ չկար… Մի՞թե հայրս հավատացյալ էր դարձել… Թեև հիվանդության ցավերը, մահվան սարսափը ամենաթունդ անհավատին էլ հավատացյալ կդարձնեն: Խեղճ հայրիկ, չեմ պատկերացնում նրան` սրբապատկերի առաջ աղոթելիս:
Հայկը ետ է գալիս, հայտնաբերում է բազկաթոռին նստած Մարդ-բորենուն, անձայն նստում է դիմացը, ծխում է:
ՀԱՅԿ – (սիգարետ առաջարկելով): Ծխեք: Ծխելը լավ է… Հետաքրքիր բան է ծխելը… Ես հայտնաբերել եմ, որ ծխելու սովորությունը միայն նիկոտինով կամ ձեռքի կրկնվող շարժումներով չի պայմանավորված, կարոտախտով է պայմանավորված, նույնիսկ եթե ընդամենը կես ժամ առաջ ես ծխել` ուզում ես վերադառնալ այն իրավիճակին, ուր կես ժամով ջահել էիր… չէ, այսպես ասեմ` կես ժամով հեռու էիր մահից… Համաձայն չե՞ք…
Մարդ-բորենին ծիծաղում է, Հայկն էլ է միանում ծիծաղին:
ՀԱՅԿ – Գիտե՞ք, երբեմն լավն ու վատը ներսումդ այքան միասին են, այնքան միաժամանակ, որ չգիտես` երգես, պարես, թե՞ կախվես:
Մարդ-բորենին դարձյալ ծիծաղում է, Հայկը դարձյալ միանում է ծիծաղին:
ՀԱՅԿ – Հասկանո՞ւմ եք… Դե, գոնե դուք պիտի որ ինձ հասկանաք…
Մարդ-բորենին գլխի շարժումով հաստատում է© լուրջ է, չափազանցված լուրջ, չի խոսում, միայն շարժումներով է արձագանքում Հայկի մենախոսությանը:
ՀԱՅԿ – Նրանք չեն հասկանում… Նրանք… գիտեք նրանց, էլի… Նրանք քավության նոխազ են գտել ի դեմս ինձ… Չապրողն ապրողին չի հասկանա, դժվար է, չապրելու չարությունը չի թողնի… Ապրողի համար կյանքն իր օրենքներն ունի… Ես ապրում եմ, այո, ապրում եմ… զարմանալու բան չէ… Եվ քանի դեռ ապրում եմ` պիտի ապրեմ, տրամաբանական է, չէ՞… Հո ինքնասպան չե՞մ լինելու… Ինքնասպանությունը թուլություն է, փախուստ է, փոքրոգություն է՞… Թե՞` չէ… Ինչ բարդ է, գրողը տանի… Գիտե՞ք, ախր, եթե ապրում ես, եթե որոշել ես ապրել, պիտի, ուրեմն, ապրես, սա, կարծում եմ, հստակ է, իսկ եթե ապրում ես, պիտի, մեղմ ասած, վերցնես մատուցված հնարավորը, չէ, հնարավորի մատուցվածը, չէ… Մի խոսքով, դուք ինձ հասկացաք… Ապրելն ասում է` վերցրու, խնդրեմ, ամբողջ սպեկտրը առջևդ է, դժվար է` ճգնիր, ջանք ներդիր, մի քիչ կռիվ տուր… չէ՞… Իսկ եթե չես ուզում, եթե ուզում ես պարզապես շնչել, նայել, հոտ քաշել, դա էլ ապրելու ձև է, կարող ես չճգնել, կռիվ չտալ, ինչ ձեռդ ընկնի` դրանով գոհանալ, բայց կարո՞ղ ես… հենց էնպես չի լինում, էլի ոնց էլ լինի` մասնակից ես, ոտքդ մի տեղ պիտի դնես, դե, գուցե ոչ ոտքդ, այլ քամակդ, որովհետև պասիվն ես ընտրել, բայց ասեմ (ծիծաղում է), քամակն ավելի շատ տեղ է գրավում… իսկ տեղերը զբաղված են, տեղի հարցը սուղ է, հենց էնպես տեղեր չկան, ոչ մի թիզ, հասկանո՞ւմ եք… Եթե չես ուզում` գնա՛, հեռացի՛ր… բայց չես հեռանում, չէ՞, քաղցր է, չէ՞, ապրել ես ուզում, չէ՞… նույնիսկ էն ցավագար վերջին վայրկյաններին էլ` էլի ուզում ես` շնչել, նայել, շոշափել… էլի, էլի, մի պստիկ էլ… (Դադար:) Բայց ես նրանց սիրում եմ, բոլորին: Ինչո՞ւ չեք խոսում… Ձայն հանեք, մի բան ասեք, ի՞նչ եք ամեն ասածիս հավանություն տալիս, ծաղրո՞ւմ եք…
Մարդ-բորենին նայում է պատի կողմը, ուր, սրբապատկերի տակ, հայտնվել է Հայրը:
ՀԱՅԿ – Ի՛նձ նայիր, երբ հետդ խոսում եմ, այլանդակ… (Հայկը շրջվում է Բորենու ակնարկի ուղղությամբ, տեսնում է հորը, որ աղոթք է մրմնջում սրբապատկերի առջև:) Հա՞յր:
Մարդ-բորենին չարախնդալով չքվում է
ՀԱՅՐ – Ես եմ, տղաս:
ՀԱՅԿ – Աղոթո՞ւմ ես:
ՀԱՅՐ – Այո: Եկ, եկ` դու էլ աղոթիր, աղոթիր, որդիս, քանի ուշ չէ:
ՀԱՅԿ – Ես չեմ հավատում, հայր, և չեմ հավատում, որ դու ես հավատում:
ՀԱՅՐ – Բայց ի՞նչն է խանգարում, հավատա, էլի, գոռոզությունդ թող ու հավատա, էլի հույս է, ոչնչից լավ է, եկ, եկ, լսիր հորդ, անհավատ մի եղիր, գոռոզությունը մեղքերից վատթարագույնն է, եկ:
ՀԱՅԿ – Չէ դե… այնպես չէ, որ բոլորովին չեմ հավատում, ինչ-որ բանի հավատում եմ… Բայց թե ինչին` ինքս էլ չգիտեմ…
ՀԱՅՐ – (զգաստացած): Լսո՞ւմ ես… Մոցարտն է, Ռեքվիեմը… Ես սարսափում եմ այս երաժշտու­թյունից, Հայկ, որդիս, պաշտպանիր ինձ, խնդրում եմ, աղաչում եմ, ահա` ծնկաչոք պաղատում եմ… Վերցրու քեզ վրա, նա գալիս է… Դու չես վախենում, չէ՞:
ՀԱՅԿ – Ոչ: Ես կպաշտպանեմ քեզ, հայր: (Գրկում է հորը, երա­ժշտությունն ուժգնանում է` մոտենում, Հայկը հանում է հեռախոսը, ինչ-որ հիմար երաժշտություն միացնում, պահում մոտեցող Ռեքվիեմի կողմը:) Հեռացիր, նա վախենում է, նրանք վախենում են, գնա, հանգիստ թող նրանց, նրանք շատ են հոգնել:
Երաժշտությունը լռում է:
ՀԱՅՐ – Ինչո՞ւ քշեցիր նրան, տղաս:
ՀԱՅԿ – Վախենում ես, չէ՞:
ՀԱՅՐ – (բարձր, որ հեռացողը լսի): Ո՞վ ասաց, ես պաշտում եմ Ռեքվիեմը, այն աստվածային է: Գուցե դո՞ւ ես վախենում նրանից, որդիս, դու, որ ուզում ես չտեսնել ինքդ քեզ:
ՀԱՅԿ – Ե՞ս… Ես չչեմ վախենում, ես չունեմ մմմ…
ՀԱՅՐ – Ասա՛, ինչո՞ւ ես կմկմում:
ՀԱՅԿ – Ես չունեմ մեղք:
ՀԱՅՐ – Չունի, նա մեղք չունի, լսեցի՞ք, չունի:
ՁԱՅՆԵՐ – Նա մեղք չունի, չունի նա մեղք…
ՀԱՅՐ – Այո, չունի, չի ստում, իմ որդին չի ստում… ոչ ոք չի ստում, ստել առհասարակ հնարավոր չէ: Ոչ ոք մեղք չունի այս մոլորակի վրա, այստեղի բոլոր արարածներն անմեղսագիտակ են: Մարդասպանն ի՞նչ մեղք ունի, կարողանում է չսպանել և սպանո՞ւմ է… Չի կարողանում, չէ՞, դրա պատճառով էլ սպանում է, մարդասպանը մեղկ է, նա մեղք չունի, գողը մեղք չունի, գողը մեղկ է, Հայկը մեղք չունի, Հայկը մեղկ է, շատ մեղկ… Էհեյ, անմեղսագիտակնե՛ր բոլոր աշխարհի, ի՞նչ եք սարսափած մտել ծակուռները, դուք անմեղ եք, դուք մեղք չունեք, դուրս եկեք, պարզերես նայենք միմյանց, հավաքվենք` միասին փնտրենք մեղավորին:
Բոլորը դուրս են գալիս:
ՀԱՅՐ – Էհեյ, Մեղավոր, ո՞ւր ես, դուրս արի, դուրս արի` տեսնենք, ամաչո՞ւմ ես, մի ամաչիր, գուցե դու էլ անմեղսագիտակ ես, մենք քեզ կներենք, մենք բարեգութ ենք, արի…
ԲՈԼՈՐԸ – Մեղավոր, ո՞ւր ես, արի, մի վախենա, մենք բարեգութ ենք…
ՀԱՅԿ – (մոմը վերցնելով): Ու՞ր ես, մեղավոր…
ԶԱՌԱՄՅԱԼՆԵՐ – Էէէհ… Էս տան տեղը ուրիշ տուն էր, էն տան տեղը` էլի տուն, դրա տեղը` պստիկ խրճիթ, ավելի շուտ` քոլիկ-մոլիկ, քոլիկից շուտ` քար ու քռա, քարի տեղում` ոչ ու փուչ, սառը ոչինչ, սև խոռոչ: (Բոլորը, ձեռք-ձեռքի, երգում են ու պարում, Հայկը` նրանց հետ:) Էէէհ… Էս տան տեղը ուրիշ տուն էր…
Հայկը հանկարծ աղաղակելով պոկվում է` վազում պատուհանի կողմը, ցած է նետվում:
ԲՈԼՈՐԸ – Նա գցեց իրեն…
Մարդ-բորենու ծիծաղը:
Բոլորը չքվում են` մտնում պատերի մեջ:
ԶԱՌԱՄՅԱԼՆԵՐ – (ձայները): Գալիս է… Ինչ շուտ կատարվեց:

Կենտրոնում հայտնվում է Հայկի ուրվականը, մտնում է պատի մեջ, չքանում է:

Կարդացեք նաև