Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ / ԵՐԿՈՒՇԱԲԹԻ ՉԷ, ՈՒՐԲԱԹ 13-Ն Էլ ՉԷ

Գործող անձինք
Կին
Տղամարդ
Ընկերուհի
Ձայներ

Բեմի խորքում` էկրան: Նկարահանումներն արված են հին խրոնիկայի
տեսքով` ժապավենի ծայրերը դեղնած-խունացած, հնության բնորոշ աղմուկով:
Առաջին պատկեր
1-ին տեսարան. բնական ռիթմով ընթացող կադրեր
Բազմոցի վրա քնած կինն արթնանում է, հաճույքով ձգվում ու մի ցատկով դուրս է թռչում անկողնուց: Արագ հավաքում է անկողինը: Միացնում է ձայնարկիչը, ռիթմիկ երաժշտությունը լցվում է սենյակը: Կինը պիժամայով է, մազերը` թեթև գզգզված, հազիվ նկատելի մանկական մի բան կա այդ հասուն կնոջ մեջ, քանի դեռ… վերջնականապես չի արթնացել ու մտել իր «շրջանակի» մեջ: Մի քանի կիսածույլ պարա-մարզային շարժումներ անելով մտնում է խոհանոց, դուրս է գալիս հյութով լի բաժակը ձեռքին: Խմում է, բաժակը թողնում է սեղանիկին ու մտնում լոգարան: Ու նույն պահին դուրս է թռչում, վերցնում է բջջայինը: Երաժշտությունը խանգարում է լսել, թե ինչ է խոսում, բայց պիտի հասկացվի` շատ մտերմիկ, ամենօրյա երկխոսություն է` պինգ-պոնգի էֆեկտով: Խոսելով մտնում է լոգարան:
2-րդ տեսարան
Կինը լոգարանից դուրս է գալիս խալաթով, սանրված, դիմահարդարված: Հեռախոսը դնում է սեղանիկին, դատարկ բաժակը տանում է խոհանոց, վերադառնում է սուրճի բաժակով: Բաժակը դնում է սեղանիկին, նստում, վառում է սիգարետը, ինքն է համար հավաքում: Նորից բառերը չեն լսվում, բայց այս անգամ նա լսողի դերում է. ավելի շատ` մեխանիկորեն գլուխն է տմբտմբացնում, իսկ այդ ընթացքում հաճույքով ներս է քաշում օրվա առաջին սիգարետի ծուխը, խմում է սուրճը: Վերջին կումի հետ ինչ-որ բան է ասում, անջատում է հեռախոսը, սուրճի բաժակը թողնում է սեղանին, մտնում կողքի սենյակը:
3-րդ տեսարան
Դուրս է գալիս սենյակից արդեն հագնված` զուսպ ու ճաշակով: Պորտֆելի մեջ է դնում սեղանի թղթերը, վերցնում է ձեռքի պայուսակը, այդ պահին զանգում է տան հեռախոսը: Անընդմեջ հնչող երաժշտության մեջ հեռախոսազանգերը շատ պարզորոշ պիտի լսվեն: Մոտենում է` ընթացքում նայելով ձեռքի ժամացույցին, վերցնում է լսափողը: Այս անգամ ինքն է խոսողը: Բառերը չեն լսվում, բայց պիտի հասկացվի, որ շատ անգամ կրկնված բառեր է հիմա ասում` սովոր, վարժ, ընթացքում զննում է մատները, մանիկյուրը, կոշիկները… Ավարտելով խոսակցությունը` անջատում է ձայնարկիչը, մոտենում է դռանը, բայց ինչ-որ բան հիշելով` վերադառնում է, վերցնում է սուրճի դատարկ բաժակն ու մոխրամանը, գնում խոհանոց, մաքուր մոխրամանը բերում, դնում է սեղանիկին ու դուրս է գնում` վերջին հայացքը գցելով պատից կախված հայելուն:
Խամրող Էկրանի վրա լույսի առկայծում ու պտտվող ժապավենի ճրթճրթոց…
Խավար
Երկրորդ պատկեր
1-ին տեսարան — նույնն է, ինչ Առաջին պատկերի առաջին տեսարանում, բայց կիսով չափ արագացված տեմպով:
2-րդ տեսարան — նույնն է, նույն չափ արագացված տեմպով:
3-րդ տեսարան — միայն հագուստն է տարբեր, տեմպը նախորդների նման:
Երրորդ պատկեր
1-ին, 2-րդ և 3-րդ տեսարանները` ինչպես ԵՐԿՐՈՐԴ ՊԱՏԿԵՐՈՒՄ, բայց կրկնակի արագացված տեմպով:
Այս 3 պատկերները պիտի տևեն, ասենք` 6 րոպե: 1-ին պատկերը` 3 րոպե, 2-րդը` 2 րոպե, 3-րդը` 1 րոպե
Չորրորդ պատկեր
Բեմը լուսավորվում է: Էկրանին սենյակն է` նույն տեսքով, բայց առանց Կնոջ: Նա բեմ է մտնում` նույն պիժամայով, առանց շուրջը նայելու մոտենում է բազմոցին ու այն է` պառկելու է, բայց ասես ինչ-որ բան հիշելով` ելնում է տեղից, կուլիսներից քարշ տալով բերում, ձախ կուլիսների դիմաց իրար կողք է շարում 2 աթոռ` երկար, փակ թիկնակներով, ստուգում է` նույն գծո՞վ են դրված ու գոհ մնալով` գալիս է բեմառաջ:

ԿԻՆ — (դահլիճին): Մարդուն հատուկ է կարգավորված կյանքի ձգտումը: Երբ կարողացել ես գտնել քո տեղը, դերն ու անելիքը: Եվ ինչքան հաստատուն ու միօրինակ է այդ ամենը` այնքան քեզ հանգիստ ես զգում, եթե չասեմ` ինքնավստահ: Մարդուն հատուկ է չնախատեսված շրջադարձից խուսափելը: Դրա համար նույնիսկ կարելի է դառնալ կույր, խուլ… անհաղորդ, միայն թե չխաթարվի հազիվ կարգավորված, քանոնի պես գծված կյանքդ, որին հասնելու համար ինչերի՛ միջով ես անցել: Քանի չի սկսվել իմ պատմությունը, հաս­ցընեմ ասել` սա խոստովանություն չէ, ոչ էլ` դերասանություն: Պարզապես այսպես ստացվեց: (Մի պահ լռում է, հետո` սթափվելով:) Ես ձեզ ոչինչ չեմ ասել, դուք էլ ոչինչ չլսեցիք: Սկսում եմ սկզբից…
Գնում, պառկում է էկրանից մեզ արդեն ծանոթ դիրքով, հարմարվում ու աչքերը փակում: Ներկայացումն սկսված է:
1-ին տեսարան
Բազմոցի վրա քնած կինն արթնանում է, հաճույքով ձգվում ու մի ցատկով դուրս է թռչում անկողնուց: Արագ հավաքում է անկողինը: Միացնում է ձայնարկիչը, ռիթմիկ երաժշտությունը լցվում է սենյակը: Կինը պիժամայով է, մազերը` թեթև գզգզված, հազիվ նկատելի մանկական մի բան կա այդ հասուն կնոջ մեջ, քանի դեռ… վերջնականապես չի արթնացել ու մտել իր «շրջանակի» մեջ: Մի քանի կիսածույլ պարա-մարզային շարժումներ անելով մտնում է խոհանոց, դուրս է գալիս հյութով լի բաժակը ձեռքին: Խմում է, բաժակը թողնում է սեղանիկին ու մտնում լոգարան: Միանում է բջջայինը, նույն պահին կուլիսներից դուրս է գալիս Տղամարդը, նստում աթոռին` դեմքով` կուլիսները: Ու նույն պահին Կինը դուրս է թռչում լոգարանից վերցնում է բջջային հեռախոսը:
ԿԻՆ — Դո՞ւ ես:
ՏՂԱՄԱՐԴ — Իսկ ո՞վ պիտի լիներ:
ԿԻՆ — (մի կողմ): Ժավել ծախողը: (Լսափողի մեջ:) Այս ժամին, քեզնից բացի` միայն դու:
ՏՂԱՄԱՐԴ — Կարոտեցի:
ԿԻՆ — Միա՞յն…
ՏՂԱՄԱՐԴ — Ո՞ւր էր, թե…
ԿԻՆ — Կհամբերես:
ՏՂԱՄԱՐԴ — Ուրիշ տարբերակ չկա՞:
ԿԻՆ — Ինչքան ուզես:
ՏՂԱՄԱՐԴ — Գոնե մեկն ասա:
ԿԻՆ — Հենց հիմա արի:
ՏՂԱՄԱՐԴ — Գալիս եմ:
ԿԻՆ — Գիժ… ես դուրս եմ գալիս:
ՏՂԱՄԱՐԴ — Իսկ ես մտնում եմ:
ԿԻՆ — Օֆի՞ս:
ՏՂԱՄԱՐԴ — Իսկ ավելի կոնկրետ…
ԿԻՆ — Վերելակի մեջ ես:
ՏՂԱՄԱՐԴ — Չես պատկերացնում, ինչ է ինձ համար այս խոսակցությունը…
ԿԻՆ — …գործնական հանդիպումից առաջ:
ՏՂԱՄԱՐԴ — Վհուկ ես:
ԿԻՆ — Նորություն ասա:
ՏՂԱՄԱՐԴ — Այսօր կտեսնեմ քեզ:
ԿԻՆ — Ստիպված պիտի սպասեմ քեզ:
ՏՂԱՄԱՐԴ — Համբուրիր ինձ:
ԿԻՆ — Արդեն ու վաղուց:
ՏՂԱՄԱՐԴ — Վհուկ:
ԿԻՆ — Կրկնվում ես: (Խոսելով մտնում է լոգարան:)
Տղամարդը դուրս է գնում:
2-րդ տեսարան
Կինը լոգարանից գալիս է խալաթով, սանրված, դիմահարդարված: Հեռախոսը դնում է սեղանիկին, դատարկ բաժակը տանում է խոհանոց, վերադառնում է սուրճի բաժակով, որը դնում է սեղանիկին, նստում, վառում է սիգարետը, ինքն է հեռախոսով համար հավաքում: Կուլիսներից գալիս է Ընկերուհին, նստում մյուս աթոռին, դեմքով` կուլիսները:
ԿԻՆ — Ո՞նց ես:
ԸՆԿԵՐՈՒՀԻ — Ո՞նց պիտի լինեմ: (Ծաղրով:) Հիասքա’նչ:
ԿԻՆ — (ծուխը հաճույքով ներս է քաշում, սուրճ է խմում): Է՞լ ինչ կա:
ԸՆԿԵՐՈՒՀԻ — Գրող ու ցավ: Հեսա` թքում եմ ամեն ինչի վրա ու…
ԿԻՆ — Էդ մեկը միշտ էլ կհասցնես:
ԸՆԿԵՐՈՒՀԻ — 15 տարի է` չեմ հաս­ցընում:
ԿԻՆ — Քո խելքից է:
ԸՆԿԵՐՈՒՀԻ — Իմ բախտից է:
ԿԻՆ — Էլի տուն չի՞ եկել:
ԸՆԿԵՐՈՒՀԻ — Որ եկել է` ի՞նչ… Օրգանիզմը ննջարանում է, բայց գիտեմ, չէ՞, ինքը որտեղ է:
ԿԻՆ — Վրացին ասում է. «Պապս մեռավ, էնքան մարդ կար` դագաղը երկու տեղ դրեցինք»… Փաստորեն, մարդդ էլ նույն վիճակում է:
ԸՆԿԵՐՈՒՀԻ — Սև հումորդ առավոտ ծեգին` մի ուրիշ բան է:
ԿԻՆ — Հումորս սև չէ…
ԸՆԿԵՐՈՒՀԻ — Ոչ էլ իմ պրոբլեմն է սև:
ԿԻՆ — Բայց վարդագույն էլ չէ:
ԸՆԿԵՐՈՒՀԻ — Ո՞նց էի մոռացել, որ վարդագույնն ես նախընտրում:
ԿԻՆ — Ըհը, քո սև սրտին իմ վարդագույն… (Ծիծաղում են:)
ԸՆԿԵՐՈՒՀԻ — Երեխեքն էլ են ջոկել, որ մեջներս սև կատու է անցել:
ԿԻՆ — Արդեն երկրորդ անգամ սև բառն ասիր:
ԸՆԿԵՐՈՒՀԻ — Սևը ածական է:
ԿԻՆ — Չասի` գոյական, ասի` բառ:
ԸՆԿԵՐՈՒՀԻ — Բայց գոյականը նկատի ունեիր: Ու գոնե էս հարցում չվիճես` թվերը քոնն են, բառերը` իմը:
ԿԻՆ — Համոզեցիր: Էս երկու օրը հանդիպենք:
ԸՆԿԵՐՈՒՀԻ — Խելքդ քոնը չէ, որ մխիթարես… դժբախտիս:
ԿԻՆ — Շուն-գել` ընկերուհիս ես, այն էլ` մանկության:
ԸՆԿԵՐՈՒՀԻ — Համոզեցիր: Երե­­-կոյան գա՞մ… ես, իբր, դարդլամիշ կլինեմ, դու, իբր, կմխիթարես:
ԿԻՆ — (դժկամ): Միայն ոչ այսօր:
ԸՆԿԵՐՈՒՀԻ — Պարզ է` հանդիպում եք: Որից հետո սրտակերդ օրգանիզմը կտանի տուն` իրեն թողած քո գրկում:
ԿԻՆ — (խայթվածի պես ընկրկում է, բայց կարողանում է չկորցնել ինքնատիրապետումը, անգամ փորձում է կատակել): Հիմա ո՞վ է սև հումոր անում:
ԸՆԿԵՐՈՒՀԻ — (դադարից հետո): Կներես… գիշերը չեմ քնել:
ԿԻՆ — Պատահում է: Դե լավ, ուշանում եմ, մինչև… (ձգում է` ինչ-որ բան հաշվարկելով) վաղը:
ԸՆԿԵՐՈՒՀԻ — Ոնց ասես: (Դուրս է գնում:)
Կինը մի պահ «մարսում է» խոսակցությունը, ոտքի է կանգնում, գնում կողքի սենյակը:
3-րդ տեսարան
Դուրս է գալիս արդեն հագնված` զուսպ ու ճաշակով: Պատրաստվում է տնից գնալ` պորտֆելի մեջ է դնում սեղանի թղթերը, վերցնում է ձեռքի պայուսակը, նայում է տան հեռախոսին: Հեռախոսը լռում է: Սպասում է: Սովորական, սպասվող զանգը չկա: Շատ թեթև տագնապում է` գրաֆիկը խախտ­վում է: Շուրջն է նայում, պատրվակ գտածի զգացումով բաժակն ու մոխրամանը վերցնում է, բայց շատ դանդաղ է գնում խոհանոց, վերադառնալով` մոխրամանը դնում է սեղանին, տեղն ուղղում, մոտենում է հեռախոսին:
ԿԻՆ — Մամ… քեզ ի՞նչ եղավ: Ուշանում եմ, չէ՞… (Նայում է ժամացույցին:) Դեռ չեմ ուշանում, բայց հինգ րոպեից որ դուրս գամ` խցանումի մեջ կընկնեմ… Սպասիր, կարո՞ղ է… (Անսպասելի մտքից արագ վերցնում, ականջին է մոտեցնում լսափողը, լսում է:) Աշխատում է: (Լսափողը դնում է տեղը:) Կարո՞ղ է` քնել-մնացել ես: Մամ… քո տարիքում շատ քնելը վնաս է: Մի կես ժամ էլ քնես` կլինի կլինիկական մահ: Բայց` ինձ համար, որովհետև ուշանում եմ: (Ասես համոզում է ապարատին:) Դե՞, հաշվում եմ մինչև 3-ը: 1… 2… Չէ, մինչև 5-ը: Շիլայի վերջին գդալը չէի ուտում, ասում էիր` հաշվեմ մինչև 5-ն ու ինքս կուտեմ: Ոչ մի անգամ չթողեցի, որ դու ուտես… ասենք, քո ուզածն էլ դա էր: (Արագ:) 1, 2, 3, 4, 5: (Նայելով ժամացույցին:) Սա արդեն չեղա՜վ…
Գնում է դեպի դուռը, մեկ անգամ էլ է նայում հեռախոսին ու դուրս է գնում: Կողպեքի մեջ պտտվող բանալու ձայնը: Լռություն, հետո արագ պտտվում է բանալին, բացվում է դուռը, վերադառնում է ավելի զայրացած, քան անհանգիստ, մոտենում է հեռախոսին:
ԿԻՆ — Իզուր ժամանակ կորցրի, պիտի զանգեի… (Հավաքում է 3 համար ու մատը անշարժանում է սկավառակի վրա:) Չհասկացա… ոնց է՞ր… Ինչպես Լինան է ասում` ցՋՈր-ՎՈվՖÿՍ! Ճիշտ է, նրա ասածը վերաբերում է ձախորդ փեսային, իմը` վաղահաս սկլերոզին, բայց փաստն է կարևոր… (Ինքն իրեն դիմելու սովորություն ունի, սա այդ դեպքն է:) Ջանս, քեզ հավաքիր, ասեմ` չեն հավատա, որ թիվ ես մոռացել, էն էլ` հեռախոսի: Էն էլ` մորդ տան հեռախոսի… Ասենք, չհավատալու ի՞նչ կա, միշտ ինքն է զանգում… Այդպես իրե՛ն է հարմար: (Նայում է ժամացույցին:) Վե’րջ, խցանումն սկսվեց, ի՞նչ տարբերություն` մեքենայի մեջ եմ, թե այստեղ… Իսկ կես ժամից խորհրդակցություն ունեմ: (Խորը շունչ է քաշում, ասես իրեն համոզելով:) Այսօր երկուշաբթի չէ, ուրբաթ 13-ը չէ, երազումդ էլ հարևան Օսիկին չես տեսել… (Նոր է գլխի ընկնում:) Չլինի՞ վատացել է… Մամ, գործ չունես, առանց քեզ էլ քիթս սրբելու ժամանակ չունեմ… Երեք հանդիպում ունեմ… (Մեխանիկորեն համարը հավաքում է, զանգերը գնում են:) Ըհը, հիմա էլ չի պատասխանում… (Գործնական, մտազբաղ:) Թե վատացել է… ուրեմն հիվանդանոց, մոտը մնալ… (Լսափողի մեջ, անհանգիստ:) Ախր, ո՞ւր ես կորել, է՞… (Ու միանգամից սթափ ձայնով ինչ-որ հաշվարկներ է անում:) Նուշի մոր համար բուժքույր էին վարձել… պիտի զանգել, Նուշից իմանալ: Մարդ ես, մեկ էլ տեսար… (Լսափողի մեջ, թեթևացած շունչ քաշելով:) Մա՞մ, ո՞ւր ես… Ինչի՞ չէիր զանգում: Ի՞նչ… Դու իմ մասին մտածո՞ւմ ես… մտքովս ինչ ասես` անցավ… Նույնիսկ հեռախոսիդ համարը գլխիցս թռավ… Ի՞նչ ես ծիծաղում, հա, մի ամբողջ վարչության թվերը գլխումս են, բայց վեց թիվ մոռացա… (Շեշտով:) Հուզմունքի՛ց մոռացա: Ասում ես, ինչ էիր անում Մանիկի մո՞տ… Ո՞նց… սի՞րտը: Մոտն էլ մարդ չի եղել… Շտապ օգնությունը տարավ: (Մի կողմ:) Էս անգամ մենք պրծանք: (Լսափողի մեջ:) Հեչ, ասում եմ` փորձանքից հեռու… (Մտնելով իր «շրջանակի մեջ»:) Բայց կարող էիր նախ զանգել, հետո ինչքան սիրտդ ուզեր` մայր Թերեզա խաղալ… Հասկացանք` մենակ է, քե՞զ ինչ, շաքարիդ մասին մոռացե՞լ ես: Ուրիշին ես օգնում, մեկը լինի… ի՞նչ ես ասում, չեմ լսում… Ու ե՞րբ պիտի հաս­-կանաս, որ առանց այդ էլ պրոբլեմներս շատ են, ըհը, հիմա քո շնորհիվ մարդիկ նստած` ինձ են սպասում, իսկ ես… Մա՞մ, ի՞նչ ես քիթդ վեր քաշում… լաց ես լինում… Ի՞նչ ես ասում, չեմ հասկանում… վա՞ղը կզանգես… (Այն կողմում լսափողը կախում են:) Լաց է լինում: Կարող էր, չէ՞, այնպես լալ, որ չլսեի, բայց ո՞նց կլինի` կոպիտ խոսեցի: Ինքը մի քանի րոպե կլացի, իսկ իմ օրը փչացրեց: Բա չասե՞մ, չհիշեցնե՞մ, որ աշխատում եմ, որ իրեն էլ պահեմ… (Լսափողը շպրտում է ապարատին: Ինքն իրեն:) Հա, կոպիտ եմ, բայց ինչո՞ւ ավելորդ անգամ հիշեցնել այդ մասին…
Զանգում է բջջայինը: Նայում է համարին, իրեն «հավաքում», հանգիստ, գործնական ձայնով:
ԿԻՆ — Լսում եմ, շեֆ:
ՇԵՖ-ի ձայնը — Անտոնյանը քաղաքում չէ, ժամը 7-ի հանդիպմանը դու կգնաս:
ԿԻՆ — (վատ թաքցրած դժգոհությամբ): Իսկ ո՞ւր է Անտոնյանը:
ՇԵՖ — Ի՞նչ կարևոր է:
ԿԻՆ — Կարևոր է այնքանով, որ նա է նախագծի պատասխանատուն, իր բաժինն է փաստաթղթերը կազմել:
ՇԵՖ — Դու ընդամենը ներկայաց­-նելու ես:
ԿԻՆ — Անտոնյանին լավ գիտեմ, նրա նախագիծը չի անցնի, պատասխանը ե՞ս եմ տալու:
ՇԵՖ — Ինձ դետալները չեն հե­­տա- ­քըրքրում:
ԿԻՆ — Գիտեմ, միայն արդյունքը:
ՇԵՖ — Բա էլ ինչի՞ ես երկարացնում:
ԿԻՆ — Փորձում եմ բացատրել…
ՇԵՖ — Իսկ ես ասում եմ` կգնաս, ու վերջ:
ԿԻՆ — Բայց…
Հեռախոսն անջատվում է: Կինը հեռախոսը շպրտում է սեղանին, փորձում վերագտնել ինքնատիրապետումը:
ԿԻՆ — Հաշվիր` 1, 2, 7, 8, 15, 20… Հանգստացա՞ր: Դե, ել ու գնա գործիդ: Հասկացա՞ր: Ապրես: Եվ այդ ապուշ Անտոնյանի նախագիծը ընդունել կտաս` ինչ էլ լինի: Եղա՞վ: Ուրեմն` գնացինք: (Պայուսակը վերցնում ու հիշում է:) Գրողը տանի… (Կիսաձայն հաշվարկում է:) 7-ին որ սկսվի… մինչև ներկայացնենք… հետո քննարկում… Ժամ ու կես: Ամենաքիչը երկու ժամ կտևի: (Կատաղած:) Քեզ քիչ է, որ զոքանչիդ հետ ես ապրում, Անտոնյան… Իհարկե, դա շատ քիչ է, բայց մենք պստիկ բանով ուրախացող ենք… (Զանգում է, ու հենց միանում է` միանգամից վրա է տալիս): Ջանս, ներիր, բայց հանդիպումը հետաձգվում է երկու ժամով: Ժամը 7-ից շուտ չհայտնվես:
Կանացի ձայն — Իսկ ես հայտնվելու միտք չունեմ:
Կինը հեռախոսը հեռու է տանում, փորձում է անջատել` մատները չեն ենթարկվում:
Կանացի ձայն — (դիմում է ինչ-որ մեկին): Էս ի՞նչ գործնական նարար ես գտել…
Կինը հեռախոսն անջատում, դնում է սեղանին, ձեռքը սրբում է հագուստի վրա, փորձում է «մարսել» լսածը:
ԿԻՆ — Նանար… էն էլ` գործնական: Ոնց էլ ջոկեց: Կի՞նն էր… Բայց…
Անթափանց դեմքով, որը դիմակ է հիշեցնում, մտածում է: Մոտենում է տան հեռախոսին, մի պահ հապաղելուց հետո համար է հավաքում:
Մեկ այլ կանացի ձայն — (ծորուն): Ալո՜…
Կինը դնում է լսափողը, ինչ-որ բան որոշելով, նորից համար է հավաքում, սպասում է:
ԿԻՆ — Կինը միամիտ տանը նստած, ավելի շուտ` պառկած է: Նրա ստատուսի կանայք կեսօրից շուտ անկողնուց դուրս չեն գալիս… չէ, ինձ նման, աշխատավոր ձի…
Ձայն — Ընդունարան:
ԿԻՆ — (ձայնը կեղծելով): Տնօրենին եմ խնդրում:
Ձայն — Տեղում չէ:
ԿԻՆ — Մենք պայմանավորվել էինք…
Ձայն — Հանդիպման համա՞ր:
ԿԻՆ — Հա… լրագրող եմ, հոդված եմ գրում կատուների մասին, որոնց ոնց էլ ներքև գցես` կանգնում են չորս թաթերի վրա:
Ձայն — (անկեղծորեն զարմացած): Բայց դա ի՞նչ կապ ունի…
ԿԻՆ — Ունի: Հասարակությանը հե­-տաքրքիր է, թե այդ մասին ինչ են մտածում մեր հայտնի մարդիկ…
Ձայն — (անհամբեր): Գիտեք, եթե անգամ պայմանավորվել եք, երևի ինչ-որ բան շփոթել եք:
ԿԻՆ — Այդ ինչո՞ւ:
Ձայն — Չորեքշաբթի օրերը նա 11-ից շուտ չի գալիս:
ԿԻՆ — (ինքն իրեն): Նոր գրաֆիկ է… (Լսափողի մեջ:) 11-ից հետո որ գա, չմոռանաք հիշեցնել…
Ձայն — Հոդված մասի՞ն:
ԿԻՆ — Չորս թաթանի կատուների: (Անջատում է հեռախոսը:) Ու նրանց չորեքշաբթիների ռոմանտիկ առավոտների մասին…
Լսափողը դնում է ապարատին, վերցնում է պայուսակը, պորտֆելը, բջջային հեռախոսը, մոտենում է դռանը:
ԿԻՆ — Հետաքրքիր է, կհաջողվի՞ այսօր տնից դուրս գալ… (Հենվում է դռանը:) Երկուշաբթի չէ, ուրբաթ 13-ը չէ, Օսիկն էլ երազիս չի եկել: Ուրեմն` ամեն ինչ նորմալ է: Գնացինք:
Բացում է դուռը: Գնում է: Բայց փակվող դռան ձայնը չի լսվում: Դադարից հետո սենյակ է խուժում: Ու սկսվում է ցունամին ու տորնադոն: Պայուսակ ու պորտֆել թռնում են սենյակի հակառակ կողմ, կոշիկները հանում, շպրտում է տարբեր անկյուններ… միացնում է բարձր երա­ժըշտությունն ու շարունակում ավերմունքը: Երբ վերջապես կանգ է առնում` փոխված է ոչ միայն արտաքուստ, ներսում ինչ-որ բան է կոտրվել… թե՞ ամրացել: Գզգզված, բոբիկ, գուլպան պատռված, բլուզի մի կոճակը թռած… ու ժպտում է վհուկային ժպիտով:
ԿԻՆ — Ձեր մերը… ձեր սաղի մերը… տիրոջ մերը… (Մտածում է, հարմար հայհոյանք կարծես թե չի գտնում:) Առաջին անգամ նախանձեցի դրանց ցեղին` քրֆելը իրենց շնորհքն է, հո զոռով չէ՞, լավ է ստացվում մոտները` ասածը շատ հանգիստ ու սահուն կարող են վերածել գործողության: Չնայած, լավ որ մտածես, ան­հնար բան չկա: Սամարայում տաքսի նստեցի, ղեկին կին էր: Հարցրի` տաքսի քշելը դժվար չէ՞: Ասաց` չէ, քշելուց առաջ քրֆելն եմ սովորել: (Խոր շունչ է քաշում, ինքն իրեն:) Հանգստացա՞ր… ուրեմն` հաշվիր. 1, 2, 7, 8, 15, 20… Իսկ Պիտերում, ռեստորանի մոտ, գիշերային թիթեռնիկը շվեյցարի յոթ պորտն էր իրար խառնել… ո՞՜նց էր նախշում, ու ես հասկացա, որ նրա գեղեցիկ, ցանկալի մարմնի մեջ կինը չկար: Մեռել էր: Արհամարհել եմ կեղտոտ բերանով կանանց` կինը դրա իրավունքը չունի: (Ինքն իրեն, ծաղրով:) Բա հիմա ինչո՞ւ ես ուզում բերանիդ եկածն ասել, նանա՛ր ջան: (Ձեռքին եկածը շպրտում է պատին:) Նանար: Նանարիկ…. Հետո՞ ինչ, որ ենթականերդ վախենում են քեզնից, կոնկուրենտներդ` զգուշանում, փաստն այն է, որ պատահածի բերանում դու նանար ես… Ու վե՛րջ, ջանս, պրծա՛վ քո դրայվը, վարորդդ մեքենայի մեջ թող սպասի փողոցում, աշխատողներդ էլ` քո կաբինետում, իսկ դու վիրավոր գազանի պես քեզ պատեպատ տուր, որ մի կարգին քֆուրն ի՞նչ է, չես կարող տալ: (Բջջայինը զանգում է: Նայում է էկրանին, անջատում է, չարախինդ:) Կսպա­սե՜ք… սուրճ խմեք, առաստաղին նայեք, ծույլ-ծույլ բամբասեք, բնականաբար, ինձ, որովհետև չկամ ու, բնականաբար, շշուկով, որովհետև վախենում եք ինձնից, եթե նույնիսկ մոտերքում չեմ: Նստեք, նստեք, դուք ուրիշ բանի ընդունակ չեք, ոչ կարող եք մտածել, ոչ խելքը գլխին ինչ-որ բան առաջարկել, պետք եղավ` տասը ժամ էլ կսպասեք, որովհետև ասողն էլ ես եմ, առաջարկողն էլ ես եմ: Ես` նանարս… (Երգում է` տեղում բառերը հորինելով):
Նանար յարս
Նանար յարս
Կարմիր հագած (նայած` հագուստը ինչ գույն է)
Էշից ընկած
Մանդրաժ յարս…
(Երգում ու ասես առաջին անգամ է սենյակը տեսնում` զննում-ուսումնասիրում է:) Չեմ ուզում… Դուրս գնալ չեմ ուզում: Տնից դուրս գնալ չեմ ուզում: Ոչ մեկի երեսը տեսնել չեմ ուզում… Առաջին անգամ է… երբվանի՞ց: Չեմ հիշում: Վաղուց չորեքշաբթի, ցերեկով տանը չեմ եղել: Շաբաթվա բոլոր օրերին տանը չեմ եղել, կիրակիից բացի: Կիրակին էլ` կամ քնած, կամ` վարսավիրանոցում, լողավազանում… Ստացվում է` օրվա այս ժամին ես իմ տունը չեմ ճանաչում: Ի՞նչ է կատարվում այստեղ իմ բացակայության ժամանակ, ընդհանրապես, ի՞նչ է կատարվում մի տան մեջ, որտեղ ոչինչ չի կատարվում… Չէ, հինգշաբթի Արմուշն է գալիս, տունը հավաքում-մաքրում է, բայց մնացած օրերի՞ն… (Շուրջն է նայում:) Կոնկրետ հիմա այստեղ բարդակ է: Իսկ դու, ջանս, հուզախռիվ փորձում ես փիլիսոփայել ավերակների վրա: (Ինքնահեգնանքով:) Բայց դե՜մք ես, մի քանի րոպեում ո՞նց հաջողացրիր էս երկրաշարժը սարքել: Էլի լավ է, որ բավարարվեցիր միայն այս սենյակով, թե չէ վաղը Արմուշը որ գա` խեղճի ինսուլտն ապահովված է: Ինսուլտ ասիր` հիշեցի… (Ստուգում է զարկերակը:) Վատ չէ: Նույնիսկ լավ է: Ու քանի որ դուրս գալ չեմ ուզում… Ո՞նց էր…. Մուհամեդն ու սարը… ով ում էր հյուր գնո՞ւմ: Հիմա կպարզենք: (Զանգում է:)
Ներս է գալիս Ընկերուհին, նստում իր տեղում, նույն դիրքով:
ԿԻՆ — Ի՞նչ ես անում:
ԸՆԿԵՐՈՒՀԻ — Այսինքն…
ԿԻՆ — Հարցնում եմ` ի՞նչ ես անում հիմա դու:
ԸՆԿԵՐՈՒՀԻ — Տանը վեր ընկած եմ հիմա ես:
ԿԻՆ — Ինչքա՞ն ժամանակ է պետք, որ հյուր գաս դու:
ԸՆԿԵՐՈՒՀԻ — Ցնդվա՞ր… ո՞ւր գամ:
ԿԻՆ — Տուն, ինձ մոտ:
ԸՆԿԵՐՈՒՀԻ — Գործի չե՞ս:
ԿԻՆ — Լրիվ հակառակը:
ԸՆԿԵՐՈՒՀԻ — Ասում ես` գա՞մ:
ԿԻՆ — Խնդրում եմ` գաս:
ԸՆԿԵՐՈՒՀԻ — Հիմա՞:
ԿԻՆ — Հենց հիմա:
ԸՆԿԵՐՈՒՀԻ — Եկա: (Անջատում է հեռախոսը:)
Կինը ուզում է ինչ-որ բան կարգի բերել սենյակում, բայց միտքը փոխում է, դեռ մի բան էլ ավելացնում է իրարանցումն ու գնում է խոհանոց: Երբ հայտնվում է` մատուցարանի վրա երկու բաժակով` նույն պահին Ընկերուհին առաջ է գալիս: Նայում են իրար: Ընկերուհին զննում է շուրջը, համարյա չզարմացած:
ԸՆԿԵՐՈՒՀԻ — Էդպես էլ գիտեի:
ԿԻՆ — Ու լռո՞ւմ էիր:
ԸՆԿԵՐՈՒՀԻ — Իսկ ի՞նչ կարող էի անել:
ԿԻՆ — (բաժակները սեղանին դնելով): Անելու բան կգտնվեր:
ԸՆԿԵՐՈՒՀԻ — Անել` չգիտեմ, բայց ասել կարելի էր… երևի թե:
ԿԻՆ — Ուրեմն, կասե՞ս, թե այստեղ ինչ է կատարվել:
ԸՆԿԵՐՈՒՀԻ — (նստում, Կնոջն ասես կրկնօրինակելով` վառում է սիգարետը, նույն կերպ ծուխը ներս է քաշում ու սուրճից կում անում, համարյա գոհունակ): Ինչքան ցնցող է հանդիպումը, այնքան ջնջող է բաժանումը:
ԿԻՆ — Թ ՑՏփՍց!
ԸՆԿԵՐՈՒՀԻ — Մի ամիս առաջ էր… ասացիր` ուզում ես երեխա ունենալ:
ԿԻՆ — Դու էլ ասացիր, որ չշտապեմ: (Կծու:) Մի պուտ ջուր եմ` երեսունվեցս չի լրացել:
ԸՆԿԵՐՈՒՀԻ — Սրտակերդ արդեն երեք ամիս է` թարմ միս է ձեռք գցել:
ԿԻՆ — Շնորհակալություն համեմա­տական կոմպլիմենտի համար:
ԸՆԿԵՐՈՒՀԻ — Ինձնից լավ գիտես, որ հնացող ապրանք չես:
ԿԻՆ — Արդեն սկսեցիր մխիթարել: Իսկ որ գիտեիր ու չասացի՞ր…
ԸՆԿԵՐՈՒՀԻ — Չկարողացա, հատկապես այդ օրը աչքերդ մի ուրիշ ձև էին փայլում:
ԿԻՆ — Իմ աչքերը միշտ էլ փայլում են:
ԸՆԿԵՐՈՒՀԻ — Դրա համար էլ մինչև հիմա չեմ ասել: Ու ո՞նց ասեի… որ էդ անասունը քեզ խաբո՞ւմ է…
ԿԻՆ — Ճիշտ որ, չէիր կարող ասել, դու միշտ էլ խնայել ես ինձ:
ԸՆԿԵՐՈՒՀԻ — Էլ ո՞ր օրվա ընկերուհիս ես:
ԿԻՆ — Այն էլ անբաժան` մանկա­-պարտեզում, դպրոցում, ճիշտ է, ինստիտուտները տարբեր էին, բայց դասերից հետո էլի իրար հետ էինք: Մեկիս գաղտնիքը մյուսի սեփականությունն էր:
ԸՆԿԵՐՈՒՀԻ — (իբր` հուշերի մեջ): Հիշո՞ւմ ես` հարսանիքիս ոնց տանջվեցիր` թխվածքները, սալաթները դու սարքեցիր, բա տարոսիկները… Ու ո՜նց էիր պա­- րում-ուրախանում:
ԿԻՆ — Իսկ որ ծննդատուն էինք տանում, ինչ էիր ասո՞ւմ…
ԸՆԿԵՐՈՒՀԻ — Չի՞ լինի, իմ փոխարեն ծննդաբերես… (Ծիծաղում են:)
ԿԻՆ — (անսպասելի տոնով): Այդ դեպքում կասե՞ս, թե ինչու ես այդքան ինձ ատում:
ԸՆԿԵՐՈՒՀԻ — (ինքն էլ «հավաքվելով»): Վերջին բառը չլսեցի՞:
ԿԻՆ — Հենց վերջին բառը լսեցիր:
ԸՆԿԵՐՈՒՀԻ — Ինչի՞ ես կանչել:
ԿԻՆ — Ինչքան գիտեմ` երբևէ ճանապարհիդ չեմ կանգնել:
ԸՆԿԵՐՈՒՀԻ — Ի՞նչ գիտես:
ԿԻՆ — Ե՞րբ:
ԸՆԿԵՐՈՒՀԻ — Մի՛շտ: Մանկապար-տեզում, դպրոցում… միշտ առաջինն էիր… ու միայն հետո` ես: Պատկերացրու` ես էի ուզում ընդունվել տնտեսագիտական, բայց այդտեղ էլ հասցրիր առաջինը գործերդ տալ, ու ես ստիպված դարձա լեզվաբան… որ գոնե ինստիտուտում քեզ չտեսնեի:
ԿԻՆ — Մտքովս չի անցել:
ԸՆԿԵՐՈՒՀԻ — Ես էլ հավատացի… բա ինչո՞ւ ձերոնց թողած` ինձ քարշ տվեցիր ցուցակները նայելու: Ավելին` ինձ առաջ հրեցիր, որ ես կարդամ անունդ:
ԿԻՆ — Ախր, քեզնից ի՞նչ տնտե-սագետ, ընդամենը ինձ էիր ուզում նմանվել: Ու ոչնչի չէիր հասնելու, իսկ այսպես, գոնե դպրոցում տեղավորվեցիր:
ԸՆԿԵՐՈՒՀԻ — Տես, է՞… Ես էլ ասում եմ, ինչո՞ւ ոչնչի չհասա, ռոբոտի պես գնում-գալիս եմ դպրոց ու ձանձրույթից մեռնում: Իսկ դու հո կարիերա չե՜ս անում:
ԿԻՆ — Քո տեսակը կարիերա անել չի կարող:
ԸՆԿԵՐՈՒՀԻ — Իսկ որ գժի պես սի-րում էի մեր բակի Հայկի՞ն… Իսկ նա, իհարկե, աչքը չէր կտրում քեզնից: Դու թքած ունեիր նրա ու նրա աչքի վրա, բայց առիթը բաց չէիր թողնում` դեմը ոնց էիր ջարդուկտոր գալիս…
ԿԻՆ — Ձախորդ Փանոս էր… ռոման-տիկ ապուշ: Էս կազանովադ կարող է գոնե ընտանիք պահել…
ԸՆԿԵՐՈՒՀԻ — Այսինքն` այստեղ էլ ես ինձ փրկել… քեզ եմ պարտական, որ չսիրելով ամուսնացա առաջին պատահածի հետ ու էլի ձանձրույթից մեռնում եմ… (Դադար:)
ԿԻՆ — Կյանքդ ոնց էլ դասավորեիր, արդյունքում ձանձրույթից մեռնելու էիր: Տեսակի խնդիր է:
ԸՆԿԵՐՈՒՀԻ — Ոնց կասես…
ԿԻՆ — Իսկ ո՞րն է ձանձրացող, չասեմ` նախանձող, մարդու միակ մխիթարանքը: Ատելությունը:
ԸՆԿԵՐՈՒՀԻ — Գիտե՞ս, ես ոչինչ չեմ զգում նրա այդ… նանարների նկատմամբ: (Կինը ցնցվում է:) Քեզ ի՞նչ եղավ… Նանար բառը վրադ ազդո՞ւմ է… Բայց ոչինչ անել չեմ կարող` նանարին ուրիշ ի՞նչ ասեմ, որ քաղաքավարի հնչի… Ինչ էի ասո՞ւմ… հա, չգիտեմ` կազանովայիս նանարները ով են, ինչ են: Չեմ էլ ուզում իմանալ: Փոխարենը դու կաս, չէ՞ որ ուրիշ կնոջից գողանում ես նրա օրինական ամուսնուն: Ու զավեշտն այն է, որ դո’ւ ես ինձ մխիթարում, իսկ ես լսում եմ:
ԿԻՆ — Բայց ո՞վ է քեզ ստիպում լսել:
ԸՆԿԵՐՈՒՀԻ — Ես: Որովհետև քեզ պես չեմ կարող ցավը մեջս պահել ու քիթս ցից ման գալ, ասես աշխարհի երեստվածն եմ: Ինձ պետք է մեկը, ում մոտ լաց լինեմ, բողոքեմ ու… դու ես կողքիս` շուն-գել` հազար տարվա ընկերուհիս:
ԿԻՆ — Գուցե դեռ կատակո՞ւմ ես:
ԸՆԿԵՐՈՒՀԻ — Շատ կուզենայիր… Ու հերիք խաղաս` քիչ առաջ էիր անկեղծ, երբ կարողացար հարցնել, թե ինչու եմ քեզ ատում: Ի դեպ, ե՞րբ հասկացար:
ԿԻՆ — Վաղուց… ու այսօր առավոտ:
ԸՆԿԵՐՈՒՀԻ — Հա, ընդամենը մի վայրկյան ինձ բաց թողեցի, ներվերս թուլացել են… Հիմա կանչել ես, որ ի՞նչ…
ԿԻՆ — Որ գաս, քո աչքով տեսնես ինձ ու երջանկացած գնաս:
ԸՆԿԵՐՈՒՀԻ — Այստեղ էլ առաջ անցար: Մի ամիս է` մտածում էի` ոնց եմ ասելու ու վերջապես պիտի տեսնեմ քեզ` վիրավորված, նսեմացած ու… լաց լինող: Ոչ մի անգամ լացդ չեմ տեսել, վերջապես բախտը պիտի ժպտար ինձ… Դրա համար էլ ձգում էի հաճույքիս պահը: Իսկ դու կանչում ես, որ տեսնեմ, թե էս ավերակի մեջ ոնց ես նստել` չոր աչքերով, հանգիստ ու քո պարտությունը ի՛մ դեմքին ես շպրտում: Հասկացիր վերջապես, ընկերության մեջ հավասարա­կշռություն պիտի լինի, գոնե մի քիչ: Մի օր ես եմ առաջինը, տասը օր` դու, բայց գոնե մի օրը` ես… Դու մի օրն էլ ինձ չես զիջել: (Շունչ քաշելով:) Կայֆ է, չէ՞, երեսունմեկ տարվա մտերմությունը մի քանի րոպեում ինչ դարձավ: (Կանգնում է:) Որ իմացա, զանգեցի սրտակերիդ, հարցրի` ինչո՞ւ ես ընկերուհուս խաբում: (Բացահայտ չարախնդությամբ:) Ուզո՞ւմ ես` ասեմ, ինչ պատասխանեց:
ԿԻՆ — Չեմ ուզում ու դու չես ասի:
ԸՆԿԵՐՈՒՀԻ — Ամեն գնով ուզում ես ինձ գերազանցել: Հասկանում եմ, ի վերջո, ոչինչ չունես, մենակ ես: Իսկ ես, թեկուզ կազանովա, բայց մարդ ու երկու երեխա ունեմ: Մխիթարվիր անգերազանցելի լինելու գիտակցությամբ:
ԿԻՆ — Ինչո՞ւ խորհուրդ տվեցիր երեխայի համար չշտապել:
ԸՆԿԵՐՈՒՀԻ — Դա իմ միակ անկեղծ խորհուրդն էր: Չեմ ուզում, որ երեխան, թեկուզ քոնը, անհայր մեծանա:
ԿԻՆ — Պարզվում է` քո միակ անկեղծ խորհրդին չեմ հետևել:
ԸՆԿԵՐՈՒՀԻ — Միայն չասես, որ…
ԿԻՆ — Հա, գոնե մենակ չեմ մնա:
Ընկերուհին արագ դուրս է գնում` փախչում է: Կինը նայում է ժամացույցին:
ԿԻՆ — Արդեն եկած պիտի լինես, այնպես չէ՞, չորսթաթանի կատուս… (Զանգում է:)
Տղամարդը գալիս, նստում է իր աթոռին, նույն դիրքով:
Ձայն — Ընդունարան:
ԿԻՆ — Տնօրենին ասեք` չորս թաթերի վրա վայրէջք կատարող կատուների մասին…
Ձայն — Այո, այո, մեկ վայրկյան… (Դժվար լսելի բառեր, դադար:)
ՏՂԱՄԱՐԴՈՒ ձայնը — Ի՞նչ է պատահել:
ԿԻՆ — Ոչինչ:
ՏՂԱՄԱՐԴ — Ես էլ հավատացի: Այսքան տարվա մեջ առաջին անգամ օֆիս ես զանգում: Ու դեռ տանն ես:
ԿԻՆ — Տանն եմ: Ինձնից լավ ես հասկանում ինձ:
ՏՂԱՄԱՐԴ — Դա է իմ առավելությունը, թեև շատ կասկածելի:
ԿԻՆ — Կարո՞ղ ես հիմա գալ:
ՏՂԱՄԱՐԴ — (դադարից հետո): Հիմա ամեն ինչ կբացատրեմ…
ԿԻՆ — Դեռ կհասցնես… Հիմա ուրիշ պրոբլեմ է: Իմ տնով ցունամի է անցել:
ՏՂԱՄԱՐԴ — Ի՞նչ…
ԿԻՆ — Եթե ուզում ես առանձին վերցրած մեկ սենյակում տեսնել դրա հետևանքները` շտապիր:
ՏՂԱՄԱՐԴ — Ես… հիմա:
ԿԻՆ — Հենց հիմա:
ՏՂԱՄԱՐԴ — Գալիս եմ: (Հեռախոսն անջատում է:)
Կինը բարձրանում է, ուզում է իրեն կարգի բերել, բայց միտքը փոխում է, ընկերուհու բաժակը տանում է խոհանոց: Երբ հայտ­նվում է` սուրճով բաժակը ձեռքին` նույն պահին Տղամարդը բարձրանում, շրջվում է Կնոջ կողմը: Սկզբում նայում է սենյակի իրարանցումին, հետո` Կնոջը:
ՏՂԱՄԱՐԴ — Էդպես էլ գիտեի:
ԿԻՆ — Որ նանա՞ր եմ:
ՏՂԱՄԱՐԴ — Գուցե փորձեմ բացատրե՞լ…
ԿԻՆ — (բաժակը սեղանին դնելով, համարյա սիրալիր): Ի՞նչ պիտի բացատրես, ջանս, ի՞նչ կարող ես ավելացնել ասվածին: Որ նանար չե՞մ… այսինքն` սիրուհիդ չե՞մ: Սիրուհին էլ ո՞նց է լինում: Ճիշտ է, ամբողջ քաղաքը տեղյակ չէ, բայց առանձին ինդիվիդներ լավ էլ կուրսի մեջ են, իսկ ոմանք վերցնում են քո հեռախոսն ու քո փոխարեն ինձ հետ են խոսում:
ՏՂԱՄԱՐԴ — Հասկանում եմ, ինչ ես զգում, բայց թույլ տուր բացատրեմ…
ԿԻՆ — Բացատրես, թե ինչու ես թարմ միս գտե՞լ:
ՏՂԱՄԱՐԴ — Ինչ մի՞ս…
ԿԻՆ — Թարմ, սիրելիս, հարթ, ողորկ, ջահել, առանց ցելյուլիտի, մի խոսքով` դելիկատես ու նորություն…
ՏՂԱՄԱՐԴ — Մի գռեհկանա:
ԿԻՆ — Ով թարմ միս ուտի` ով գռեհկանա:
ՏՂԱՄԱՐԴ — Վերջ տուր, քեզ չի սազում:
ԿԻՆ — Քեզ էլ բիճ լինելը չի սազում:
ՏՂԱՄԱՐԴ — Ի՞նչ…
ԿԻՆ — Բա որ իմանաս, թե ի՜նչ հա­ճույքով քո տիրու մերը իրարահան կանեմ…
ՏՂԱՄԱՐԴ — Լավ չես քրֆում, տեքստը չգիտես, ասածիդ վրա էլ վստահ չես…
ԿԻՆ — Ինչն եմ սիրում` կատվի խասյաթդ` ոնց էլ գցեմ` չորս թաթերիդ վրա կմնաս:
ՏՂԱՄԱՐԴ — Կասկածելի կոմպլիմենտ է, բայց դա ավելի լավ է, քան քաղաքավարի շեշտով արտասանված հայհոյանքդ:
ԿԻՆ — Մեկ էլ հումորդ եմ սիրում… ճիշտ է` որձի հումոր է` դիմացինին ոչնչացնող, ինքդ քեզ փրկող, բայց հումոր է:
ՏՂԱՄԱՐԴ — Ո՞նց ես քեզ պատեպատ տալիս, ինչ է, թե վիրավորանքդ ցույց չտաս:
ԿԻՆ — Ի՞նչ կարևոր է, չէ՞ որ բավական է գրկես` ու լեզուս կպապանձվի:
ՏՂԱՄԱՐԴ — Հիմա էլ մորթում ես…
ԿԻՆ — Չէ, ջանս, ինչո՞ւ մորթեմ, այն էլ` քեզ: Ուժո՞վ ես տիրացել ինձ, թե՞ հավերժ հավատարմության երդում ես տվել: Կինդ չեմ, ընդամենը` սիրուհիդ, որին պատահածը իրավունք ունի ասել նանար: Լավ է, գոնե` գործնական լինելս նկատվեց:
ՏՂԱՄԱՐԴ — Հիմա գիտե՞ս, ինչի ես նման… Կարծես դու քեզ փիտրում ես…
ԿԻՆ — Լավ ասացիր… մեկ-մեկ պոկում եմ փետուրներս, որոնցից մեկը անհիմն հպարտությունս է, մյուսը` կասկածելի արժանապատվությունս, երրորդը կամ հինգերորդը` ծիծաղելի վիրավորվելս… Պոկում եմ դրանք ու ցավ չեմ զգում: Գիտե՞ս, ինչու:
ՏՂԱՄԱՐԴ — Որովհետև կին ես:
ԿԻՆ — Բա չէ… կարծում էիր` կանչում եմ, որ խանդի տեսարան սարքեմ: Սուրճդ խմիր, արդեն քո ուզածի չափ սառն է:
ՏՂԱՄԱՐԴ — Հիմա ներում-բեկում չկա՞…
ԿԻՆ — Իսկ ինչո՞ւ եմ քեզ սիրում` որովհետև ինձնից լավ ես ինձ հասկանում:
ՏՂԱՄԱՐԴ — Միայն դու կարող ես այնպես ասել այդ գրողի տարած «սիրելը», որ վիրավորանք հնչի: (Սուրճի բաժակը վերցնում, պահում է ձեռքերի մեջ, բայց խմելու միտք չունի:) Վաղո՞ւց գիտեիր, որ քեզ… (Չի գտնում բառը:)
ԿԻՆ — Դժվա՞ր է ճիշտ բառը գտնել: Հասկանում եմ: Ասես` դավաճանել` ինձնից առաջ կնոջդ ես դավաճանում, այն էլ` կրկնակի… չէ, արդեն` եռակի դոզայով: Ասես` խաբել… երեխա՞ եմ, որ ինձ խաբես: (Լրջանալով:) Մեկ ամիս կլինի:
ՏՂԱՄԱՐԴ — Դրա համա՞ր ասացիր… երեխայի մասին: Ու այդ օրվանից մինչև այսօր հազար ու մի պատճառ գտար ու հետս չպառկեցիր:
ԿԻՆ — (իբր անվրդով): Հիմա ընդունված է ասել` քնել:
ՏՂԱՄԱՐԴ — Քո կողքին, ու քնե՞լ… (Դադար:) Ահավոր կին ես:
ԿԻՆ — Հնարավոր է…
ՏՂԱՄԱՐԴ — Այնքան հանգիստ ես, քիչ է մնում հավատամ, որ պետքդ չէ:
ԿԻՆ — Կայֆ է, չէ՞, յոթ տարվա ինտիմը մի քանի րոպեում ինչ դարձավ:
ՏՂԱՄԱՐԴ — Ինտի՞մը…
ԿԻՆ — Ընդամենը: Իսկ երեք ամիս առաջ ընդամենը պիտի հայտնեիր… մենյուիդ մեջ հայտնված թարմ մսի մասին: Ի դեպ, ընկերուհիս զանգե՞լ է քեզ:
ՏՂԱՄԱՐԴ — Հա:
ԿԻՆ — Եվ ի՞նչ ես պատասխանել դու:
ՏՂԱՄԱՐԴ — Ուզում ես, որ ասե՞մ…
ԿԻՆ — (կարճ մտորումից հետո): Չեմ ուզում, ու չես ասի:
ՏՂԱՄԱՐԴ — Վերջին պահին անգամ չես ուզում դեմքդ կորցնել:
ԿԻՆ — Եթե իմանաս` ինչերից եմ հրաժարվել այս դեմքն ունենալու համար…
ՏՂԱՄԱՐԴ — Համոզված եմ, եթե ընկերուհիդ չիմանար` դու կշարունակեիր մեր… ինտիմը:
ԿԻՆ — Այ, առաջին անգամ ինձ չհասկացար: Սուրճը չե՞ս խմելու:
ՏՂԱՄԱՐԴ — Գիտես, որ չեմ խմելու: Դրա համար էլ քաղցր ես եփել… Յոթ տարվա մեջ առաջին անգամ: Մի գդալ շաքար ես լցրել, կռահեցի՞:
ԿԻՆ — Երկու:
ՏՂԱՄԱՐԴ — Ամեն կերպ ուզում ես ցույց տալ գերազանցությունդ: Ասեմ, որ ստացվում է, շատ լավ է ստացվում: Բայց իմա՞ստը…
ԿԻՆ — (նայելով ժամացույցին): Դու ուշանում ես:
ՏՂԱՄԱՐԴ — (մոտենալով դռանը): Իսկ դու արդեն ժամանակից ես առաջ անցնում: Կնոջ ու տղամարդու մտերմության մեջ հավասարակշռություն պիտի լինի, գոնե մի քիչ: Մի օր դու ես առաջինը, տաս օր` ես, բայց դու մի օրն անգամ ինձ չես զիջել:
ԿԻՆ — (կամաց): Ինձ եմ քեզ զիջել:
Տղամարդը գնում է: Կինը կարգի է բերում սենյակը, հետո մոտենում է հայելուն, առանց իրեն նայելու, սովոր շարժումներով ուղղում է սանրվածքը, դեմքն է շպարում, շուրթերն է ներկում: Հայելու մեջ արդյունքը ստուգելով ու գոհ մնալով, համար է հավաքում:
ԿԻՆ — (զանգում է): Շե՞ֆ… ընդամենը պիտի ասեմ, որ դուք էլ, ձեր ապուշ Անտոնյանն էլ կարող եք գնալ… հասկացաք, թե` ուր: Չընդհատեք, թողեք ասելիքս ավարտեմ. ինձ վերջնականապես զզվեցրել են ձեր անգրագետ որոշումները, ինքնասիրահարված հրամանները… Ի՞նչ… այդ տոնով եմ խոսում, որովհետև այլևս չեմ հանդուրժելու… այո, չեք սխալվում: Անգործ չեմ մնա, չմտածեք… (Հեռախոսն անջատում է:) Անասուն, տեսնեմ` ինչ ես անելու քո համբալ Անտոնյանի հետ:
Համար է հավաքում:
ԿԻՆ — Մամ, ժամանակ չունեմ, ինչ որ ասեմ` քննարկման չդնես… Հենց այսօր կգաս ինձ մոտ: Իսկ տունդ վարձով կտանք… Չես ուզո՞ւմ` կփակենք, մարդ չենք թողնի, բայց էլ մենակ չես ապրի: Մանիկի պես… Ինձ ոչինչ չի պատահել, պարզապես մտածեցի, որ ժամանակ չունեմ: Հա, ես միշտ էլ ժամանակ չունեմ, բայց հիմա ուրիշ ժամանակի մասին եմ խոսում: Մինչև գամ` ճամպրուկդ կապած լինես… Մամ, ոչինչ էլ չի եղել, ընդամենը որոշել եմ սկսել նորից: Սկզբից: Ու դու կողքիս պիտի լինես, լսո՞ւմ ես, այսօր մի բան հասկացա` քեզնից բացի հարազատ մարդ չունեմ: Լալի՞ս ես… ուրախանալու փոխարե՞ն… Մամ, հավատա, սրանից հետո ամեն ինչ լավ է լինելու: Գիտեմ, անհնար է սկզբից սկսել, բայց ես կարող եմ, դու ինձ լավ ես ճանաչում… Հիմա գնում եմ օֆիս, հաշիվներս փակեմ, հետո կգամ քո հետևից… Դեռ ամեն ինչ կորած չէ: (Անջատում է հեռախոսը:)
Տենդահար պատրաստվում է դուրս գալ` մենախոսելով:
ԿԻՆ — Ես դեռ ցույց կտամ… Բոլորիդ, մեկ առ մեկ… Մենա՞կ… Ոչ մի մենակ: Երեխա կունենամ: Աղջիկ: Գուցե նաև` տղա, եթե նորմալ մեկին գտնեմ: Իսկ ես կգտնեմ` եթե մտքիս լինի: Ու դու, մամ ջան, թոռներիդ կմեծացնես…
Դուրս է գնում: Դադար: Լուսավորվում է էկրանը: «Ոստիկանական լրատու» հաղորդումն է:
Հաղորդավար — Այսօր առավոտյան անհայտ ավտոմեքենայի վարորդը վրա­երթի է ենթարկել երիտասարդ կնոջ, որը տեղում մահացել է: Պարզվում է նրա ինքնությունը…
Էկրանին` պայուսակն ու պորֆելը,
աղոտ երևում է գետնատարած ձեռքը:

Կարդացեք նաև