Անահիտ ԱՂԱՍԱՐՅԱՆ / ՔՈՉԱՐԻ

Պիես մեկ գործողությամբ

Գործող անձինք
ՎՈԼԴԵՄԱՐ
ՇԵՖ
ԺՈԺՈ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ
ՊՐՈՖԵՍՈՐ
ԼԻԼԻԹ
ՇԱՔԱՐՅԱՆ
ԵՐԵԽԱ

Բեմի ետնամասը ներկայացնում է ամերիկյան դրամը` դոլարը, որի վրա կլոր շրջանակի մեջ ամերիկյան պրեզիդենտի նկարի փոխարեն խաչված աստծո պատկերն է կամ, պարզապես, գրված է «Աստված»: Բեմի երկարությամբ ձգվում է ուղղանկյուն սեղանը` տասներկու աթոռներով, որոնց վրա, մեկընդմեջ, նստած են «երկրի տիրակալները»: Նրանց արանքներում մանեկեններ են: Դրանք ձեռնպահներն են: Հերթով լուսավորվում են նրանց դեմքերը:

ՇԵՖ — Սով է:
ՎՈԼԴԵՄԱՐ — Ասում են` «սով է», ու մեղավորն էլ մենք ենք:
ԺՈԺՈ — Ո՞վ ա ասում:
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Ժողովուրդը:
ՊՐՈՖԵՍՈՐ — Հոգու սով է:
ԼԻԼԻԹ — Ո՞վ է մեղավոր:
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Ասում են` մենք:
ԺՈԺՈ — Ո՞վ ա ասում:
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Ժողովուրդը:
ՊՐՈՖԵՍՈՐ — Ժողովուրդը ոչխարի հոտ ա, որին շարունակ պետք են ինչ-որ գաղափարներ:
ՇԵՖ — Գաղափար ա պետք, որ գցենք բերանները` արածեն:
ՎՈԼԴԵՄԱՐ — Ժողովուրդը ոչխարի հոտ ա, որին գաղափար ա պետք, որ արածի: Ինչքան անհեթեթ լինի գաղափարը, էնքան ախորժակով կուտի:
ԼԻԼԻԹ — Գաղափար ա պետք:
Մտածում են:
ՎՈԼԴԵՄԱՐ — Գրի: Օրակարգում երկու հարց կա: Առաջին` ծնել, կամ հորինել, կամ ստեղծել, կամ հղանալ, կամ մոգոնել, կամ բստրել մի անհեթեթ գաղափար: Երկրորդ` իրականացնել գաղափարի ծնունդը օպոզիցիոն կուսակցությունների միջոցով:
ՇԵՖ — Նոր հայերի արտահերթ նիստը հայտարարում եմ բացված: Ամիս, ամսաթիվ: Արձանագրի:
ԼԻԼԻԹ — Իսկ ֆոտոգրաֆ չի՞ լինելու:
ԺՈԺՈ — Սրան էլ թողնես` մի գլուխ նկարվի: Չէ, օրիորդ ջան, չի լինելու: Գաղտնի նիստ ա, դռնփակ:
«Օրիորդ» բառի վրա կողքինը փռթկում է:
ՎՈԼԴԵՄԱՐ — Պերերիվ չտա՞նք, հոգնեցինք:
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Ուշքդ ու միտքդ պերերիվն ա: Գաղափար է պետք: Վաղը էս սոված ժողովուրդը քիչ-քիչ խելքի կգա, ու փոթորիկ կսկսվի: Էդ ժամանակ «հաջող» ասա վիլլաներիդ ու դրածդ գործին: Մի վայրկյանում բարեկեցությանդ նավը սրընթաց կխորտակվի:
ՎՈԼԴԵՄԱՐ — Դու ինձ երևակա-յական աղետներով մի վախեցնի: Մինչև նա չարթնանա, ոչինչ էլ չի լինի: Ժողովրդին, գաղափարից բացի, նաև լիդեր է պետք, առաջնորդ: Իսկ առաջնորդին մենք ապահով ձևով քնացրել ենք: Մի հարյուր տարի դեռ անվրդով կքնի:
ԺՈԺՈ — Իսկ էս հարյուր տարվա ընթացքում` «ով սաղ, ով մեռած»:
ՇԵՖ — Ինձնից հետո` թեկուզ ջրհե­ղեղ: Ասել է Սողոմոն իմաստունը:
ՊՐՈՖԵՍՈՐ — Սողոմոնը չի ասել, Լյուդովիկոս…
ՇԵՖ — Կարևոր չի: Հիմի ես եմ ասում: Թե ինձնից առաջ ով ա ասել, կարևոր չի: Ինձնից առաջ` թեկուզ ջրհեղեղ:
ՎՈԼԴԵՄԱՐ — Պարոնայք, պարո­- նայք, եկեք ժամավաճառությամբ չզբաղվենք: (Նայում է ժամացույցին:) Ժամանակ չկա: Մի ժամից վեցը կխփի: Արագացրեք:
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Վեցին ի՞նչ կա:
ՎՈԼԴԵՄԱՐ — Վեցին իմ ընթրիքի ժամն է:
ԺՈԺՈ — Հա, նա որ ուղիղ վեցին հաց չուտի, ստամոքսն իրան կուտի: Էնքան էլ երկար ա ուտում: Երկար խոսում, երկար ուտում, երկար… (Հռհռում է:)
ՇԵՖ — Կողմնակի խոսակցություն-ները թողնել: Անցնենք բուն հարցին: Գաղափար է պետք:
ՊՐՈՖԵՍՈՐ — Հա, գաղափար է պետք ծնել: Վիճակը լուրջ է:
ԺՈԺՈ — Եկեք ծնենք:
Բոլորը միասին տեղում նստած «ծնում են»: «Հը, հը, հը, հը…»: Նրանց ձայներից ծնվում է ռեփը: Հնչում է երաժշտություն, բոլորը հերթով տեղից բարձրանում, սկսում են պարել: Շնչակտուր ներս է ընկնում Շաքարյանը:
ՇԱՔԱՐՅԱՆ — Սպասեք, սպասեք… Բան ունեմ ասելու… Կանգնեք… Ինձ լսեք, սպասեք… Շեֆ…
ՇԵՖ — Հը՞, ի՞նչ ա եղել, ինչի՞ ես նիստը խանգարում:
ՇԱՔԱՐՅԱՆ — Նա… նա… թա… թարթիչը…
ՎՈԼԴԵՄԱՐ — Էյ, Շաքարյան ես, Շաքար ես թե Շակալ ես, ինչո՞ւ ես նիստը խանգարում: Քեզ դպրոցում չե՞ն սովորեցրել, որ ժողովը խանգարել չի կարելի:
ՇԱՔԱՐՅԱՆ — Ես դպրոց ընդհան-րապես չեմ գնացել:
ԺՈԺՈ — Իրան պետք էլ չի: Բենզինի գործից հասկանում ա` հերիք ա: Գիտի` ինչքան պիտի «վերև» տա, ինչքան` ինքն ուտի: Չէ՞, Շակալ:
ՇԱՔԱՐՅԱՆ — Շեֆ… Դավիթը… Լեզուս չի պտտվում, որ ասեմ:
ՎՈԼԴԵՄԱՐ — Դավիթն` ի՞նչ… Դավիթը լեթուրգիական քնով քնած է: Աստված պիտի իջնի, որ զարթնի:
ԺՈԺՈ — Իսկ Աստված մեր կողմից ա: Բա՞… Սիմպատիայի հարց ա:
ՎՈԼԴԵՄԱՐ — Մենք պիտի վիզա տանք, որ իջնի: Կահազանգենք` վար կիջնի, ձեն չենք հանի` տեղից չի շարժվի: Իրա ծանր տեղն ինչի՞ պիտի թեթևացնի: Հո քեզ նման «շեստյորկա» չի՞: «Շեստյորկան» էն իրեք հատ վեցն ա: Վեց, վեց, վեց: Բայց մենք դրանից վախ չունենք: Մենք էլ ենք վեց: (Հաշվում է ներկաներին:) Մեկ, երկու, երեք, չորս, հինգ, վեց: (Շաքարյանին.) Դու հաշիվ չես: (Բոլորը հռհռում են:)
ԼԻԼԻԹ — Բա ինքն ի՞նչ ա, եկեք պարզենք:
ՎՈԼԴԵՄԱՐ — Ինքը մարդ չի, մարդահաշիվ ա: Իսկ մենք` ամեն մեկս, մի աստված:
ԼԻԼԻԹ — Պարոնայք, պարոնայք, մենք չափն անցնում ենք: Աստծո հասցեին էդպես խոսելը… մեզ չի ներվի: Ինչո՞ւ բարկացնենք նրան:
ՎՈԼԴԵՄԱՐ — Հա, իսկապես… հա-զիվ սիրտը շահել ենք: Հազիվ համոզել ենք, որ մեր գրպանը սիրի: Գրպանը կամ քսակը, կամ դրամապանակը, կամ բանկի հաշվեհամարը, կամ ստամոքսը:
ԺՈԺՈ — Իսկականից, արա… Ինչի՞ եք իզուր տեղը ալիքները խառնում: Տրամադրության մարդ ա, մեկ էլ տեսար… Եկեք աղոթենք, խաթրը առնենք:
ՇԱՔԱՐՅԱՆ — Շեֆ, ես կարևոր բան ունեմ ասելու, մի րոպե լսեք: Ջանս դողում ա…
ՎՈԼԴԵՄԱՐ — Դու գնա, ջանդ գոլ ջրում տաքացրու:
Բոլորը ծնկի են իջնում դոլարի առաջ: Հնչում է երաժշտությունը:
ՇԱՔԱՐՅԱՆ — Տղերք, ախր…
ՎՈԼԴԵՄԱՐ — Ձենդ: Դուրս գնա:
ՇԱՔԱՐՅԱՆ — Տղերք, թարթիչը շարժվեց…
ԺՈԺՈ — Շըշ… գոլորշիացի: Դավայ-դավայ… (Հրում է դուրս:) Սրա մերը հաստատ սրտից թույլ կնիկ ա եղել:
ԼԻԼԻԹ — Ինչի՞…
ԺՈԺՈ — Թե չէ օրորոցում սրան կխեղդեր:
ՊՐՈՖԵՍՈՐ — Մի խանգարեք: Կամ աղոթում ենք, կամ չենք աղոթում:
ԽՈՒՄԲԸ — Աստված ջան, ջան,
ջան, ջան,
Տեր մեր, որ երկրի վրա ես.
Օրհնյալ լինի քո անունը,
Հավերժ լինի քո արքայությունը
Ինչպես մեր երկրում,
էնպես էլ երկրից դուրս:
Թող, որ հանգիստ գիշերը քնենք,
Թող, որ Քնածը երբեք
չարթնանա,
Թող, որ էս կյանքը կայֆով
վայելենք,
Ու ժողովուրդը ոչինչ չիմանա:
Դու ես մեր տերը, մեր մեծ
իշխանը,
Հոսիր անդադար,
լցվիր մեր գրպանը,
Եվ մի տանիր մեզ ի փորձություն
Զի քո է արքայություն և փառք
Հավիտյանս հավիտենից:
Ամեն…
ՎՈԼԴԵՄԱՐ — Այ, աստված սենց կլինի: Ամեն տեղ ա ու ոչ մի տեղ: Ոչ կարաս խաչես, ոչ կարաս բռնես: Ամեն երկրում մի ձև ունի, երկրի վրա` հազար երես: Ամեն մեկի ձեռքով ա անցնում, մտնում գրպանը, մտնում սրտի մեջ, մտնում հոգու մեջ: Ու ոչ մի եկեղեցի պետք չի: Բոլորն էլ պաշտում են, ձգտում, երազում, քնի մեջ տեսնում, իրարից փախցնում: Ու ոչ ոք չգիտի` ի՞նչ է ինքը, ո՞վ է: Նշանները ցրված են աշխարհով մեկ: Թղթադրամները… նշանները կան՝ ինքը չի երևում: Ի՞նչ է փողը: Դրամներն ես տեսնում, նշանների հետ գործ ունես, բայց ինքը` չկա, աներևույթ է:
ԺՈԺՈ — Ախ, ցավդ տանեմ:
ՎՈԼԴԵՄԱՐ — Հզոր, ուժեղ: Շրջում է աշխարհով մեկ, շրջանառության մեջ: Առել է աշխարհն իր հորձանուտի մեջ, հողմի պես պտտացնում է, մարդկանց էլ հետը` տաշեղների պես: Խառնել է իրար կյանք, երջանկություն ու ճակատագրեր:
ԺՈԺՈ — Փո՜ղ: Այ, աստված եմ ասել:
ՇԵՖ — Եկեք հիշենք մեր աստծո պատվիրաննները: Վաղուց չենք կրկնել: Մեր աստծո 12 պատվիրանները:
ԼԻԼԻԹ — Առաջին: Փող սարքելն ավելի հեշտ է, քան փող պահելը: Հարուստը նա է, ով տիրապետում է փողը պահելու արվեստին ու փող աշխատելու արհեստին: Միշտ հիշիր. ինչ էլ որ առաջարկեն մարդիկ, հարց տուր ինքդ քեզ. «Իսկ ի՞նչ եմ շահում դրանից ես»: Մի հատ սենց խոսելուց նկարեիք ինձ, էլի՞… (Կեցվածք է ընդունում:)
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Երկրորդ: Այն, ինչ ունես, ավելի թանկ է, քան այն, ինչ չունես: Եթե քեզ առաջարկում են քո մի գլուխ պանրի դիմաց մի ամբողջ գործարան, պահիր քո մի գլուխ ընտիր պանիրը և հիշիր. «Ի՞նչ արժի այն գործարանը, որ վաճառում են մի գլուխ պանրով»:
ՊՐՈՖԵՍՈՐ — Երրորդ: Երբեք մի շտապիր գործի մեջ: Երբ քեզ գործարքի ժամանակ շտապեցնում են ու ասում. «Կամ հիմա, կամ երբեք», ասա` «Երբեք»: Կամ ասա` «Կմտածեմ»: «Վաղը…»: Եվ միշտ հիշիր` չշտապել:
ՇԵՖ — Չորրորդ: Գնիր միայն այն, ինչ կկարողանաս վաճառել: Մի առ ապրանք միայն նրա համար, որ քեզ դուր է գալիս: Դա չափանիշ չէ: Գնելուց առաջ հարց տուր քեզ. «Սա կարելի՞ է վերավաճառել»: Եվ միշտ հիշիր. որքան յուրօրինակ, գեղեցիկ ու անսովոր է իրը, այնքան ավելի քիչ շանս կա, որ կկարողանաս վերավաճառել: Տաս մարդուց իննուկեսը սովորական մարդիկ են: Գնիր միայն սովորական ու պետքական ապրանք: Անձրևանոց` առ, բայց փող մի ծախսիր 19-րդ դարի օրիգինալ գավազանի վրա:
ՎՈԼԴԵՄԱՐ — Հինգերորդ: Փողը բարձր դասիր ծրագրերից: Ծրագիրը այն է, ինչին հավատում են բոլորն ու գայթակղվում: Պլանը, ծրագիրը ամեն անգամ թվում են իդեալական: Պլանը, ծրագիրը հույսն է: Հույսի վրա փող մի ծախսիր, դու դա ունես: Ծրագիրը ինքնին ոչինչ չարժի, նրա արժեքը իրականացման չափն է: Ծրագրեր կազմիր, բայց գործիր սթափ և մի ընկիր ծրագրիդ ծուղակը: Միշտ հիշիր. փողը վեր է ծրագրերից:
ԺՈԺՈ — Վեցերորդ: Վաճառիր միայն էն դեպքում, երբ ավելի են տալիս: Լավ վաճառել` նշանակում է ստանալ ավելին, քան ապրանքն արժի: Իսկ դա, ուզես-չուզես, խաբեություն է: Բայց լավ վաճառել, նշանակում է` ստանալ ավելին, քան ապրանքն արժե: Ուզես-չուզես: Ուրեմն` միշտ հիշիր. մինչև չխաբես` չես ծախի:
ՎՈԼԴԵՄԱՐ — Յոթերորդ: Խորհըր-դակցիր կնոջդ կամ մորդ հետ: Կինը կասկածամիտ է և ավելի հաշվենկատ, ավելի սեփականատեր: Տղամարդը գործի մշակն է, կինը` բերքահավաքը: Տղամարդը խաղի մասնակիցն է, խաղամոլը: Իսկ կինը` մրցանակակիրը: Դու հանուն խաղի կարող ես վրիպել ազարտի մեջ, իսկ կինդ վտանգի տակ չի դնի երբեք եկամտի իր աղբյուրը:
ՊՐՈՖԵՍՈՐ — Ութերորդ: Միշտ հիշիր. շահույթն ավելի կարևոր է, քան ինքը` գործը: Երբեք մի տարվիր գործով` ի վնաս եկամտի: Գործ հանուն գործի` մեծ շռայլություն է: Շահույթը քո միակ նպատակը պիտի լինի: Եթե մի կով առնեմ 100 դոլարով ու տուն դառնալիս մեկն ինձ ասի` «120 եմ տալիս»՝ ես տեղնուտեղը կծախեմ: Կծախեմ, ինչքան էլ որ կովն ինձ պետք լինի: Չկա ավելի լավ բան, քան շահույթը: Սա բարձրացնում է տրամադրությունը:
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Իններորդ: Ոչ մի առիթ ձեռքիցդ բաց մի թող: Կյանքը կարճ է: Ապագան` անորոշ, անցյալը` ետևում: Ավելի լավ է այսօրվա փոքր եկամուտը, քան հաջորդ տարվա մեծը: Բայերի երեք ժամանակների մեջ շահույթի հարցում անցյալից ու ապագայից ավելի սիրիր ապահով ներկան:
ՇԵՖ — Տասներորդ: Փողի գործում միշտ եղիր փոքրամասնության հետ: Եվ կշահես: Քաղաքականության մեջ միշտ հարիր մեծամասնությանը: Եվ կշահես: Երբեք մի վաճառիր, երբ վաճառողները շատ են: Եղիր փոքրամասնության մեջ: Երբեք մի գնիր, երբ գնորդներն են շատ: Վերարկուն գնիր ամռանը: Մի եղիր մեծամասնության, ամբոխի հետ: Ամբոխը միշտ խաբված է: Երբ կյանքը մի թեթև լավանում է, նա անմիջապես դառնում է լավատես: Դու հոռետես դարձիր, որ չխաբվես: Երբ ճգնաժամ է, ամբոխը դառնում է հոռետես: Օգտվիր դրանից: Վաճառիր լավատեսներին ու գնիր հոռետեսից:
ԺՈԺՈ — Տասնմեկերորդ: Խուսափիր թակարդից: Ամենամեծ թակարդներից մեկը մեր շենքն ա: Մի տեղափոխվիր, մի ճոխացրու օֆիսդ, գունավոր լույսեր, մեծ ցուցանակներ մի կախի դրսում: Դա չի մեծացնում եկամուտը: Բիզնեսում մի աստված կա մենակ` նորին մեծություն եկամուտը:
ՎՈԼԴԵՄԱՐ — Տասներկուերորդ: Թքիր զգացմունքներիդ վրա: Երբեք պարտք մի տուր: Հարազատին` որպեսզի չփչացնես հարաբերություններդ, ընկերոջդ` որովհետև անծանոթի մեկն է: Ամեն պարտք ուզող պորտաբույծ է: Բնավորությամբ` չքավոր, բնույթով` պարազիտ: Պարազիտները լինում են երեք տեսակի` ընտանեկան, ծանոթ ու անծանոթ: Երեքն էլ չքավոր են: Հեռու մնա չքավորներից: Եվ միշտ հիշիր. նրանք կարողացան կործանել անգամ Հռոմեական հզոր կայսրությունը:
ԼԻԼԻԹ — Լավ, եկեք անցնենք օրակարգին: Էս բարձրակրունկների վրա երկար չեմ կարողանում կանգնեմ: Ոտքերս հոգնում են:
ՇԵՖ — (զուսպ): Հա, քաղցր ջան: Անցնենք: Նստեք:
ԼԻԼԻԹ — (կոշիկները ցուցադրելով): Երեկ են Ֆրանսիայից բերել: Կոկորդիլոսի կաշվից ա: Բայց հասարակ չի: Չադ լճի կոկորդիլոսներից ա: Երկու տարի հատուկ ինձ համար պիտոմնիկում պահել են: Բարձր ա, չէ՞: Տասնմեկ սանտիմետր ա:
ՇԵՖ — Մի հատ կոֆե սարքի, սիրուն ջան:
ԼԻԼԻԹ — Դա՞ռը, թե՞ քաղցր:
ՇԵՖ — Դառը, քաղցր ջան:
Կինը կչկչում է, կրծկալից հանում է սեյֆի բանալին, բացում, սեյֆից հանում է սուրճի պարագաները:
ՇԵՖ — Էդ բանալին էլի տեղը կդնես:
ԼԻԼԻԹ — (կչկչալով): Կժերիս մե՞ջ:
ՇԵՖ — (զուսպ): Կժերիդ մեջ:
Շնչակտուր ներս է ընկնում Շաքարյանը:
ՇԱՔԱՐՅԱՆ — Շեֆ, տղերք… թար- թիչը… թարթիչը…
ՇԵՖ — Ի՞նչ թարթիչ, տղա:
ՎՈԼԴԵՄԱՐ — Թարթիչը, էլի, թար-թիչը: (Հռհռում է:)
ԺՈԺՈ — Թարթիչը… Վայ, հորս արև… Խփնվել ա… (Հռհռում է:)
Բոլորը քրքրջում են:
ՇԱՔԱՐՅԱՆ — Սպասեք… քնածը արթնացել է:
Քար լռություն: Դադար:
ՊՐՈՖԵՍՈՐ — Ի՞նչ է ասում…
ԺՈԺՈ — (տեղից բարձրանալով): Հլը կրկնի:
ՇԱՔԱՐՅԱՆ — Քնածը արթնացել է:
Դադար:
ՎՈԼԴԵՄԱՐ — Ձեռ ե՞ս առնում, շան ծնունդ: Դու գիտե՞ս, քեզ ինչ կանեմ: (Բռնելով նրա օձիքից:) Հասկանո՞ւմ ես` ինչ ես ասում: Ուզում ես` պերերիվին քեզ ուտե՞մ: Հում-հում:
ՇԱՔԱՐՅԱՆ — Երդվում եմ: Նորից գնացի, ստուգեցի: Թարթիչը շարժվում է: Երկրորդ անգամ գնացի: Ասի` երևի աչքիս է երևացել: Գնացի, ստուգեցի: Երդվում եմ, տղերք: Ախր, ես ի՞նչ մեղք ունեմ: Թարթիչը շարժեց:
Բոլորը իրար են նայում: Լարվում են:
ԺՈԺՈ — Ի՞նչ ես ուզում ասել, արա՛… Մի րոպե, մի րոպե… Հանգիստ: Էս գործը հանգիստ ա սիրում: Без паники! (Շաքարյանին.) Ուզում ես ասել` նա… նա, էլի, նա… զարթնե՞լ ա: Էս ես ուզում ասել, հա՞:
ՇԱՔԱՐՅԱՆ — Չէ… չի զարթնել: Բայց կարող ա զարթնել:
ԺՈԺՈ — Կարող ա… (Հռհռում է:) Վայ, հորս արև:
ՊՐՈՖԵՍՈՐ — Կարող ա: (Թեթևա- ցած շունչ է քաշում:)
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Կարող ա… (Ծիծաղում է:)
Բոլորը հռհռում են: Լիլիթը սուրճ է մատուցում:
ՇԱՔԱՐՅԱՆ — Բայց, ախր, թար- թիչը…
ՎՈԼԴԵՄԱՐ — Հլը «հո» արա… «հո» արա, ասում եմ:
ՇԱՔԱՐՅԱՆ — Հո:
ՎՈԼԴԵՄԱՐ — Քանի՞ բաժակ ես խը-մել: Խստովանիր, քանի՞ բաժակ ես խմել: Կամ խոստովանիր, կամ հիմա գնա, դիմում գրի: Ազատ ես:
ՇԱՔԱՐՅԱՆ — Ախր, ո՞նց ասեմ, շեֆ, ի՞նչ իմանամ` քանի բաժակ կլիներ: Երեկվանից ձեր բաժակների մեջ ինչքան մնացել էր` էդ եմ խմել: Ես ո՞նց հաշվեմ, թե քանի բաժակ ա անում:
ԺՈԺՈ — (թեթևակի հասցնում է նրա ծոծրակին): Դե գնա, գնա: Գնա գործիդ: Քեզ ինչի՞ համար ենք փող գցում: Որ Քնածի կողքին մնաս, չէ՞: Բա ինչի՞ ես պոստդ թողել… դե դավայ, գոլորշիացի… (Հրում է դուրս:)
Շաքարյանը դուրս է նետվում:
ՎՈԼԴԵՄԱՐ — Տուզիկ, հլը հետ արի: (Ինքնագոհ:) Մենք տուզերն ենք, սա էլ` տուզի ճուտը:
Շաքարյանը վերադառնում է:
ՎՈԼԴԵՄԱՐ — Դեղը տվե՞լ ես:
ՇԱՔԱՐՅԱՆ — Հա, շեֆ:
ՎՈԼԴԵՄԱՐ — Սրսկումներն արե՞լ ես:
ՇԱՔԱՐՅԱՆ — Հա, շեֆ:
ՎՈԼԴԵՄԱՐ — Տեղը տեղի՞ն, ոնց որ պե՞տք ա:
ՇԱՔԱՐՅԱՆ — Հա, շեֆ: Ոնց որ պետքն ա, ոնց որ միշտ:
ՇԵՖ — (հանգիստ): Գնա, գնա գործիդ:
Շաքարյանը դուրս է գնում:
ՎՈԼԴԵՄԱՐ — Տուզիկ, հլը ետ արի:
ՇԱՔԱՐՅԱՆ — (վերադառնելով): Հա, շեֆ:
Բոլորը ծիծաղում են:
ԺՈԺՈ — Դիմումը գրի, նավսյակի:
ՇԱՔԱՐՅԱՆ — Հեռացնո՞ւմ եք:
ԺՈԺՈ — Էսօր` չէ, բայց դու նավս- յակի գրի, բեր: Մի օր պետք կգա:
ՇԵՖ — (Շաքարյանին): Գնա, գնա: (Մյուսներին.) Վերջ տվեք:
Շաքարյանը կուչ եկած գնում է:
ՇԵՖ — Ճիշտ ես, սրան պետք ա հեռացնել:
ԺՈԺՈ — Ինձ մնար` վաղուց էի հանել: Բայց` նա գիտի: Գիտի, է՛, գիտի:
ՎՈԼԴԵՄԱՐ — Հա, իսկապես: Իմացողների թիվը վեցից չպիտի անցներ: Վրիպեցինք: Յոթերորդ մարդը չպիտի իմանա, որ… հինգ անգամ հինգ` քսանհինգ է: Վրիպում էր: Կամ բացթողում, կամ սխալ, կամ…
ԼԻԼԻԹ — Վոլդեմար, հերիք է էդ հոմանիշներով գլուխներս տանես: Անցնենք բուն հարցին: Ինչի՞ համար ենք հավաքվել: Սուրճը մաշկը մգացնում է, ես չեմ խմում:
ՇԵՖ — Գաղափար է պետք:
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Չի լինի՞, էդ հարցով Ազգային ժողովը զբաղվի: Գաղափարի հարցը քե՞զ են տվել: Իշխանությունը ո՞ւմ ձեռքին ա, թող նրանց գլուխն էլ ցավի: Էդ մեր պրոբլեմը չի: Ես հոգնել եմ:
ԺՈԺՈ — Խոսաց… Փողը ո՞ւմ ձեռքին ա: Մեր: Ուրեմն` երկրի տերը մենք ենք: (Քթի տակ:) Քանի դեռ Քնածը քնած է: (Բարձր:) Տերը մենք ենք, ուրեմն` պրոբլեմն էլ մերն ա: Իշխանությունը, էն իսկականը, մեր ձեռքն ա: Պետք ա պահպանենք: Հը… Ո՞ւմ մոտ ինչ միտք կա, դավայ: Մենք ու մենք ենք:
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Բա դրանց ինչի՞ համար ենք պահում, որ մի հատ գաղափար էլ չեն կարող հորինեն: Դա է՞լ պիտի մենք անենք:
ՊՐՈՖԵՍՈՐ — Ես մեկին գիտեմ, որ շատ կարևոր միտք է տալիս այդ կապակցությամբ:
ԺՈԺՈ — Ո՞վ ա, խելքը գլխին մարդ ա՞:
ՊՐՈՖԵՍՈՐ — Այո, Մաքիավելին:
ԺՈԺՈ — Վրացի ա՞:
ՊՐՈՖԵՍՈՐ — Չէ, իտալացի: Նրա անունը տալիս են որպես խաբեության, երկերեսանության, դաժանության և անբարոյականության հոմանիշ:
ԺՈԺՈ — (հռհռալով): Էդ հո մերոնցից ա: Կանչենք, թող գա, տանենք Սևան, ձուկ ուտացնենք… էն մեծերից:
ՊՐՈՖԵՍՈՐ — Դա հնարավոր չէ, նա մեզանից 400 տարի առաջ է ապրել: (Կարդում է:) «Իշխանությունը կարող է պահել նա, ով ընդունակ է ուժ գործադրել: Դաժանությունը վատ բան է, երբ ի հայտ է գալիս ժամանակի ընթացքում: Դաժանությունը բարենպաստ է, երբ կիրառվում է միանգամից, անմիջապես: Իշխանությունը պահելու համար մարդկանց պետք է կամ փայփայել, կամ ոչնչացնել: Ուժ գործադրելիս չարությունն ու չարիքը պետք է լինեն մեծ, և միանգամից, այդ դեպքում հաղթանակն ապահովված է, քանի որ փոքր չարության դիմաց մարդիկ կարող են վրեժ լուծել, իսկ մեծ չարության դիմաց անկարող են»:
ՎՈԼԴԵՄԱՐ — Վատ չի, վատ չի…
ԺՈԺՈ — Քնացնելու մասին խոսք չկա՞: Բան չի՞ գրում էդ հարիֆը:
ՊՐՈՖԵՍՈՐ — Ոչ, այն ժամանակ տեխնիկական միջոցներ չկային համապատասխան: (Շարունակում է կարդալ:) «Ուժ պետք է գործադրել մեծ չափով, միանգամից և մեկ անգամ: Բարեգործությունն է, որ պետք է գործադրել քիչ-քիչ, ժամանակի ընթացքում: Բարի գործը ոչ մի դեպքում չի կարելի ժողովրդին մատուցել միանգամից և շատ: Նա այդ բարեգործությունը կմոռանա նույնքան արագ, որքան մեկ անգամ գործված մեծ դաժանությունը: Իսկ քիչ-քիչ, բայց ժամանակի ընթացքում մի քանի անգամ գործված բարի գործերով իշխանությունը կարող է սիրաշահել ժողովրդին, որը գոհ կլինի, քանի որ ժողովրդի մոտ տպավորվում է հաճախականությունը: Նա հաշվում է «անգամները» և ոչ թե բարեգործության կամ դաժանության չափը»:
Շնչակտուր ներս է ընկնում Շաքարյանը:
ՇԱՔԱՐՅԱՆ — Շեֆ…
ԺՈԺՈ — Ի՞նչ ա, այ տղա: Սա էլ ոնց որ մեր ռեկլամն ըլնի: Ամենահետաքրքիր տեղում կտրում, ներս ա ընկնում:
ՇԱՔԱՐՅԱՆ — Շեֆ, ճկույթն էլ շարժեց: Երդվում եմ: Ուզում եք` սպանեք, ինչ ուզում եք` արեք: Զարթնում ա:
ԺՈԺՈ — Դիմումդ գրեցի՞ր:
ՇԱՔԱՐՅԱՆ — Հա, հեսա: (Տալիս է թուղթը:)
ԺՈԺՈ — Դե, գոլորշիացի:
ՇԵՖ — Ժոժո, սպասի: Էս տեսակ բաների հետ կատակ չեն անում: Քիչ առաջ թարթիչն էր, հիմա` ճկույթը:
ԼԻԼԻԹ — Իսկապես, ճկույթը թարթիչ չէ: Դա լուրջ բան է: Նայեք, օրինակ, իմ ճկույթը… (Ցուցադրում է:) Թարթիչներս ես եմ ներկում, թեթև բան է: Բայց մատներս` միայն վարսավիրի մոտ: Առաջ սուր չանչերն էին մոդա, իսկ հիմա` եղունգները քառակուսի են կտրում և եզրը ներկում են ուրիշ գույնով: Նայեք, իմը սպիտակ է… Ֆոտոգրաֆ չկա՞, մի հատ նկարի:
ՊՐՈՖԵՍՈՐ — Ես, որպես էպոսա-գետ, հայտարարում եմ` նա չի կարող արթնանալ քնից: Բացառվում է:
ՇԱՔԱՐՅԱՆ — Չեք հավատո՞ւմ, գնացեք, նայեք: Ես իմ պարտքն եմ համարում… Ախր, որ զարթնեց, ամեն ինչ շուռ կգա: Կորած ենք: Ճիշտ չեմ ասո՞ւմ, շեֆ ջան:
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Գուցե ես գնամ, ստուգե՞մ: Հը՞…
ԺՈԺՈ — Այ մարդ, շաշ-շաշ դուրս ա տալի, ի՞նչ եք խառնվել իրար:
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Չէ, ես անհանգիստ եմ: (Շաքարյանին.) Արի… (Կանգ է առնում:) Տեր Աստված, հազար տարի չեմ տեսել նրան: (Շաքարյանին.) Շա՞տ է փոխվել:
ՇԱՔԱՐՅԱՆ — Չէ, մենակ վերջերս սկսել ա հառաչել:
ԼԻԼԻԹ — Ի՞նչ…
ՇԱՔԱՐՅԱՆ — Հառաչում ա, հոգոց ա հանում:
Բոլորն անհանգստացած իրար են նայում:
ՎՈԼԴԵՄԱՐ — Երբվանի՞ց, ե՞րբ ա սկսել:
ՇԱՔԱՐՅԱՆ — Մի քամի ամիս կըլնի:
ՇԵՖ — Այ տղա, բա ինչի՞ զեկուցագիր չես գրել: Ինչի՞ հաշվետվության մեջ չես նշել:
ՇԵՖ — Ախր, դուք կարգադրել եք, որ դոկումենտ չլինի, գրավոր ոչ մի բան:
ՊՐՈՖԵՍՈՐ — Բանավոր զեկուցիր:
ՇԱՔԱՐՅԱՆ — Համ էլ, կվարտալը չեմ փակել: Ամսվա վերջում կներկայացնեմ: Ճակատին մեկ-մեկ քրտինքի կաթիլներ են հայտնվում, էդ էլ գրե՞մ:
ԼԻԼԻԹ — Ի՞նչ… կաթիլնե՞ր… Ես կգժվեմ: Սիրտս…
ՇԱՔԱՐՅԱՆ — Քրտինքի կաթիլներ: Անընդհատ սրբում եմ: Էդ էր, էլի, որ թարթիչի շարժվելը տեսա:
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Գնացինք:
Շաքարյանն ու Հարությունը դուրս են գալիս: Բոլորն անհանգիստ սպասում են պատասխանի:
ԼԻԼԻԹ — Մամա… Սրտիս զարկերն արագացել են: Հիմա սիրտս դուրս կթռչի կրծքիցս: (Բռնում է կողքինի ձեռքը, տանում կրծքին:) Տե՞ս, ինչ արագ է խփում…
ԺՈԺՈ — (շոշափելով): Երրորդ… Չէ, ոնց որ երկրորդ ա:
ԼԻԼԻԹ — (ուղղելով կրծկալը, վիրավորված): Չորրորդ… Մի հատ ֆոտոգրաֆ էլ չկա…
ՇԵՖ — Տղերք… (Դադար:) Բոլոր թղթերը պետք է կարգի բերել: Ով ինչ ունի կիսատ թողած: Պետք է մանրակրկիտ ստուգել, ինչ թուղթ պակասում է` հետին ամսաթվով- բանով լրացնել: Հարկերն էլ, ֆոնդերն էլ, ամեն ինչ պետք է կարգի բերել: Որ հանկարծ…
ՎՈԼԴԵՄԱՐ — Որ հանկարծ… Ի՞նչ:
ՇԵՖ — Ի՞նչը` ինչ: Ճիշտ է ասում, իսկ եթե հանկարծ զարթնե՞ց: Ի՞նչ պատասխան եք տալու նրան: Ես դատից, խայտառակությունից չեմ վախենում, ոչ էլ հաշվեհարդարից: Ես…
ՎՈԼԴԵՄԱՐ — Դու նրանից ես վա-խենում:
ՇԵՖ — Դու չե՞ս վախենում: Դուք չե՞ք վախենում: Վախից չե՞նք քնաց-րել:
ՊՐՈՖԵՍՈՐ — Ես, որպես էպոսա- գետ, հայտարարում եմ` նա կարող է արթնանալ միայն քոչարու ձայնից: Իսկ քոչարին օրենքով արգելված է: Ո՞նց կարող է արթնանա:
ՎՈԼԴԵՄԱՐ — Չի արթնանա: Էնքան քնաբեր ենք սրսկել` լրիվ բթացած ա:
ԼԻԼԻԹ — Հա, ինչի՞ պիտի արթնանա:
ՇԵՖ — Որովհետև ամեն քնած ի վերջո արթնանում է: Վաղ թե ուշ: Արթնանում է:
ԼԻԼԻԹ — (սեղանին երեք անգամ խփելով): Թու, թու, թու… (Կծում է օձիքը:) Աստված հեռու տանի: (Երեք անգամ պտտվում է տեղում:) Փորձանքից հեռու: Շորս լավն է, չէ՞, հատուկ կլյոշ եմ ձևել տվել, որ պտտվելիս, այ սենց, բացվի… (Եվս մեկ անգամ պտտվում է տեղում:)
Ներս է մտնում Շաքարյանը` քարշ տալով Հարությունին:
ՇԱՔԱՐՅԱՆ — Նաշադիր ա պետք… Շտապ օգնություն կանչեք: (Բոլորը թափվում են Հարությունի գլխին, Լիլիթը շտապ օգնություն է զանգում:)
ԼԻԼԻԹ — Ուշքը գնա՞ց:
ԺՈԺՈ — Ի՞նչ ես անում, ո՞ւր ես զանգում: Ստեղ օտար մարդ չպիտի մտնի:
ՇԵՖ — Պուլսը բռնի… (Հարությունին թեթև հավածներ է հասցնում:)
ՇԱՔԱՐՅԱՆ — Որ ասում էի` չէիք հավատում:
ՇԵՖ — Նաշադիր չունե՞ս… ինչի՞ մոտդ չես պահում:
Շաքարյանը մեղավոր ուսերն է թոթվում:
ՎՈԼԴԵՄԱՐ — Ո՞ւմ համար պահի, քնածին արթնացնելո՞ւ: (Շարունակում է ապտակել:) Ջուր, մի բաժակ ջուր տվեք:
Բեմի աջ մասում Պրոֆեսորը բացել է սեյֆը, միջից թղթապանակներ է հանում, քրքրում է սեղանի վրայի թղթերը:
ԼԻԼԻԹ — Վերցրեք իմ օծանելիքը… (Իր վրա է ցանում:)
ՇԵՖ — Պետք չէ… ուշքի եկավ: Հարություն… ո՞նց ես, հարություն առա՞ր: Բերեք էստեղ, բերեք նստացրեք:
ՇԱՔԱՐՅԱՆ — Դե, հիմի թող ինքը պատմի:
Հարությունը հերթով նայում է ներկաներին:
ԺՈԺՈ — Խոսա, հը՛…
ԼԻԼԻԹ — Սպասի, ուշքի գա` նոր: Չե՞ս համբերում: (Վիզը երկա- րելով Ժոժոյի կողմը:) Լավ հոտ ա, չէ՞:
ԺՈԺՈ — (ձգվելով նրան): Չէ, չեմ համբերում: Հորս արև, սիրտս կանգնում ա: Հարություն, խոսա…
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — (հազիվ արտաբերելով): Նա… աչքերը բացեց:
Լռություն: Հանկարծ բոլորի ուշադրությունն է գրավում թղթերը քրքրող Պրոֆեսորը:
ՇԵՖ — Դո՞ւ ինչ ես անում, ի՞նչ ես քրքրում, ժանամա՞կ ես գտել:
ՊՐՈՖԵՍՈՐ — Մեր առաջին նիստի արձանագրությունն եմ փնտրում: Էս էլ չի… Գտա: Փառք Աստծո… Ըհը: (Դնում է գրպանը:)
ԺՈԺՈ — Հիմա ի՞նչ ենք անելու, տղերք:
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Տեր Աստված… ի՞նչ է լինելու մեզ հետ:
ՇԵՖ — Հաստա՞տ տեսար… բացե՞ց աչքերը:
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Հա:
ԺՈԺՈ — Հիմա բա՞ց ա:
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Չէ, դա մի քանի վայրկյան տևեց: Նա բացեց աչքերը` հայացքը շաղված էր: Հետո նորից փակեց:
ՇԵՖ — Լավ: Նստեք բոլորդ: Վիճակը լրջանում ա: Մենակ` առանց խուճապի: Զգացմունքները մի կողմ թողեք: Հիմա պետք է որոշենք մեր անելիքը: Եկեք նստենք, մի հատ կենտրոնանանք, գցենք-բռնենք:
Պրոֆեսորը թղթապանակները դնում է սեյֆի նեջ: Բոլորը նստում են:
ՇԵՖ — Ո՞վ ինչ առաջարկություն ունի: Շակալ, դու գնա նրա մոտ: Աչքդ վրան պահիր:
Շաքարյանը գնում է:
ԼԻԼԻԹ — Ժամը վեցն ա արդեն:
ՎՈԼԴԵՄԱՐ — Էլ ախորժա՞կ մնաց: Հը՞, ի՞նչ եք առաջարկում: Խոսեք:
ՊՐՈՖԵՍՈՐ — Ինձ թվում է` նախ պիտի պարզենք նրա արթնանալու պատճառը:
ՇԵՖ — Բոլորս էլ գիտենք, որ նրան կարող է արթնացնել միայն քոչարին: Իսկ քոչարին արգելված է մեր երկրում արդեն տաս տարի ու խախտողը պատժվում է օրենքի ամենայն խստությամբ: Տաս տարի է` մեր երկրում քոչարու ձայն չի լսվել: Երբ առաջին անգամ, ինը տարի ութ ամիս ու չորս օր առաջ գյուղերից մեկում Քնածը արթնանալու նշաններ ցույց տվեց: Այդ դեպքից հետո մեր երկրում քոչարու ոչ մի դեպք չի արձանագրվել:
ՊՐՈՖԵՍՈՐ — Ո՞վ կհանդգներ: Բոլորին զնդան գցեցինք: Բայց նորապսակների հետ կարելի էր մեղմ վարվել: Հարսանիք էր` պարել էին: Չթողեցինք գոնե ամուսնության առաջին գիշերն անցկացնեն:
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Նրանց դարդն է՞լ են քեզ տվել… Գլուխս դժժում է:
ԺՈԺՈ — Բա չիմանա՞նք` կարմիր խնձորի հարցը ոնց եղավ: (Հռհռում է, բայց Շեֆի հայացքից սաստված` սսկվում է:)
ՇԵՖ — Լրջացի: Վաղը որ արթնացավ` տնով-տեղով կորած ես: Արտասահման էլ չես հասցնի ծլկել:
Լռում են:
ՇԵՖ — Խոսացեք, ի՞նչ եք ջուր կուլ տվել-նստել: Արտահայտվեք: (Հարությունին.) Դու սկսիր:
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Երեկ… Ես չէի ուզում ասել, կարծում էի` կանցնի-կգնա: Բայց…
ՇԵՖ — Ի՞նչը, խոսիր:
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Չէ: Ես ոչինչ չգիտեմ, ոչ մի բան չեմ ասի: Երեխան մեղք է:
ՊՐՈՖԵՍՈՐ — Ի՞նչ երեխա:
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Խոստացեք, որ երեխային չեք վնասի: Ես պարզեցի, հետքերով գնացի ու պարզեցի: Երեխան որբ է, հայր, մայր չունի: Խոստացեք, որ… Ես էլ եմ առանց հայր մեծացել, ես… Խոստացեք, որ երեխային ազատ կարձակեք:
ԺՈԺՈ — Ցնդել ա, հորս արև: Ի՞նչ երեխա:
ՎՈԼԴԵՄԱՐ — Ոչ էլ ցնդել ա: Ես կարծես կռահում եմ: Լսիր… Դու հասկանո՞ւմ ես քո լռության ամբողջ ծանրությունը: Դու գիտակցո՞ւմ ես արարքիդ հետևանքները: Խոսի: Մենք պահանջում ենք: Դու մեզնից մեկն ես, ուրեմն` մեզ հետ ես: Իսկ եթե մեզ հետ չես… Դու լավ գիտես, թե աշխարհի ստեղծման օրից ինչ են անում դավաճանների հետ: Նույնիսկ Աստված, որ ամենագթասիրտն է, կուլ չտվեց Ադամի դավաճանությունը: Կերած խնձորը քթներից բերեց: Մենք ինչո՞վ ենք պակաս: Ամեն մեկս` մի աստված:
ՇԵՖ — Հը, սպասում ենք:
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Երեկ գիշեր մոտս անքնություն էր: Գլուխս պայթում էր ցավից: Ոչ մի դեղ չէր օգնում:
ՎՈԼԴԵՄԱՐ — Էդ քո պրոբլեմն ա, անցի առաջ:
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Մի խոսքով… Դուրս եկա մաքուր օդի: Ազատության փողոցով իջնում, բարձրանում էի… Մի մուրացիկ երեխա մոտեցավ, փող ուզեց: Մոտս դրամ չկար, այսինքն` մանր չկար: Ասացի` չունեմ: Ասաց. «Ունես, ինչի՞ չես տալիս»: Ասացի` իսկ ինչի՞ պիտի տամ, դու ինձ կտայի՞ր: Երեխան հանեց օրվա մուրած ամբողջ գումարը… գրոշներ… ու փոքրիկ ձեռքի մեջ պահած` մեկնեց ինձ: «Վերցրու»,- ասաց: (Հուզվում է:) Ես գրկեցի նրան ու մի հազարանոց տվեցի: Շրջվեցի, որ հեռանամ` ասաց. «Սպասիր, քեռի… ուզո՞ւմ ես, քեզ համար նվագեմ: Էնպիսի մի բան, որ լսած չես լինի»: Ու ծոցից հանեց գործիքը: «Ես սրանով եմ փող աշխատում, փողոցներում նստած` նվագում եմ, մարդիկ փող են գցում»:
ՇԵՖ — Ինչի՞ լռեցիր: Հետո՞…
ԼԻԼԻԹ — Հիմա ուշքս կգնա: Վաղը մազերս ներկելու եմ: Պեպելնի:
ՇԵՖ — Շարունակիր:
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Նա նվագեց… (Դադար:) Քոչարի:
Լռություն:
ԺՈԺՈ — (բռունցքը խփելով սեղանին): Ու դու կանգնեցիր-լսեցի՞ր:
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Չէ, սկզբում չհաս-կացա… գլխացավս սպանում էր: Բայց հետո, երբ գլխի ընկա…
ՇԵՖ — Ի՞նչ:
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Ոչինչ: Ասացի, որ այլևս չնվագի այդ գործը:
ՇԵՖ — Հետո՞:
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Հետո նա ինձ պատմեց իր պատմությունը, իսկ ես նրան` իմ մանկության մասին: Կյանքում չեմ մոռանա երեկվա գիշերը: Առաջին անգամ վերջին տաս տարվա մեջ հանգիստ քնեցի:
ՇԵՖ — Ու բաց թողեցի՞ր:
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — (գլխահակ): Հա:
ՎՈԼԴԵՄԱՐ — Քանի՞ տարեկան կլիներ:
ԺՈԺՈ — Յոթ-ութ:
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Յոթ-ութ… Տաս տարի է` քոչարին արգելված է: Երեխան, ընդունենք, ութ տարեկան է: Որտեղի՞ց է նա սովորել: Ուրեմն` ինչ-որ մեկը սովորեցրել է: Ուրեմն` ինչ-որ մեկը կամ երգել է, կամ նվագել է, կամ նոտաներն է գրել, տվել երեխային:
ՊՐՈՖԵՍՈՐ — Չէ, պարոնայք, գործը ծայրահեղ լուրջ բնույթ է ստանում:
ՎՈԼԴԵՄԱՐ — Ես խռովության կամ դավադրության, կամ էլ, Աստված մի արասցե, հեղաշրջման հոտ եմ առնում: Ինչ-որ գաղտնի ուժեր կան… Ինչ-որ գաղտնի ուժեր որոշել են Քնածին արթնացնել:
ՇԵՖ — Բայց ո՞վ գիտի Քնածի մասին` մեզնից բացի:
ԼԻԼԻԹ — Ոչ ոք:
ՎՈԼԴԵՄԱՐ — Ուրեմն… գիտեն:
Բոլորը մտահոգված են: Դադար:
ԺՈԺՈ — Էդ երեխուն պետք ա գտնել:
ՊՐՈՖԵՍՈՐ — Հա, պետք է պարզել` ով է նրան սովորեցրել: Այդտեղից էլ դավադրության կծիկը կբացվի:
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Ի՞նչ… բայց դուք խոստացաք: Չէ՞ որ դուք խոստացաք:
Շեֆը սեղմում է զանգի կոճակը: Ներս է ընկնում Շաքարյանը:
ՇԵՖ — Ազատության փողոցի վրա մի երեխա նվագելով փող ա հավաքում: Տղերքին ասա, թող շտապ գտնեն, ականջից բռնեն` բերեն: Արագ: Գետնին թքում եմ, մինչև չորանալը էրեխեն էստեղ լինի: Թռի:
ՇԱՔԱՐՅԱՆ — Լսում եմ, շեֆ: (Դուրս է գալիս:)
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Բայց, լսեք, դուք խոստացաք, չէ՞… Ես գնում եմ, ես այստեղ չեմ մնա:
ՊՐՈՖԵՍՈՐ — Ո՞ւր:
ԺՈԺՈ — Չհասկացանք…
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Ես չեմ կարող նայել նրա աչքերին: Հասկանո՞ւմ եք… նա չպիտի ինձ այստեղ տեսնի:
ԺՈԺՈ — Ինչի՞ չես կարող: Էս «կաշը» իրար հետ ենք սարքել, իրար հետ էլ պիտի քաշենք:
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Ես չեմ կարող…
ՊՐՈՖԵՍՈՐ — Առնետները փախչում են, նավը սուզվում է:
ՇԵՖ — Իսկ մեր էն առաջին ժողովին, էն, որ քննարկում էինք նրան քնացնելու հարցը, էն ժամանակ ինչի՞ «կողմ» քվեարկեցիր:
ՎՈԼԴԵՄԱՐ — (ագրեսիվ): Հը՞… էն ժամանակ կարո՞ղ էիր, բոլորի աչքերին հանգիստ նայում էիր: Հիմի ի՞նչ է պատահել: Մի հատ հազարանոց ես տվել մուրացկանին` խիղճդ զարթնե՞լ է:
ԺՈԺՈ — Խի, մենք խիղճ չունե՞նք: Թե՞ մենակ դու ես մարդ: Մենք էլ վայրի գազանների ցեղից չենք: Բայց պետք էր քնացնել` քնացրինք:
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Հա, դուք գազանից էլ վատն եք, դուք հենց այդ ցեղից եք: Գայլեր եք դուք, բորենիներ: Կուշտ ու զինված:
ԺՈԺՈ — Դու էլ, դու էլ, հարգելիս… Մի մոռացի, ստորագրությունդ պահպանված է առաջին նիստի արձանագրության մեջ: Եթե, Աստված չանի, ստիպված լինենք պատասխան տալ, ապա բոլորս` իրար հետ: Ոչ մեկը չի պլստալու:
ՊՐՈՖԵՍՈՐ — Ես ձեռնպահ եմ քվեարկել: Ահա, արձանագրությունն էլ մոտս ա: Հենց որ զարթնեց` ցույց կտամ: (Թուղթը նորից գրպանն է դնում:)
ՎՈԼԴԵՄԱՐ — Տուր այստեղ, ճիվաղ:
ՊՐՈՖԵՍՈՐ — (փախչում է): Թողեք… չեմ տա, սա իմ փրկությունն է:
Բոլորը հարձակվում են նրա վրա:
ՇԵՖ — Վերցրեք ձեռքից…
ԺՈԺՈ — Տուր, ասում եմ…
ՎՈԼԴԵՄԱՐ — Ճիվաղ… (Քացի է տալիս:)
Պրոֆեսորը փռվում է հատակին:
ՎՈԼԴԵՄԱՐ — Բոլորս էլ կողմ ենք քվեարկել: Վե՛րջ:
Դադար:
ՇԵՖ — Էստեղից ոչ ոք դուրս չի գա, մինչև որոշում չկայացնենք: Նստեք: (Պրոֆեսորին.) Դու էլ, էպոսագետ: Փսլինքդ մաքրի, նստի:
ՊՐՈՖԵՍՈՐ — Գրողը տանի, նա չպետք է արթնանա, չպետք է, չպետք է…
Լռություն:
ՇԵՖ — Ես առաջարկում եմ Քնածին սպանել:
Բոլորը լարվում են:
ԼԻԼԻԹ — Ի՞նչ…
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Սպանե՞լ…
ՇԵՖ — Եթե ուրիշ ելք ես տեսնում` ասա: Ես չեմ տեսնում: Ես առաջարկում եմ սպանել: Ով ա կողմ, ով ա դեմ: Քվեարկեք:
ԼԻԼԻԹ — Բայց ո՞նց… ո՞նց սպանենք: Ինչ անտանելի օր է: Հեղձուկ է… Պատուհանները բացեք:
ՇԵՖ — Միջոցները հետո կքննար- կենք: Հիմա քվեարկում ենք: (Արձանագրողին.) Էդ թուղթ ու գրիչդ պահիր, առանց արձանագրությունների… Ո՞վ է կողմ: (Բոլորը վարանում են:) Ուրեմն` դուրս ա գալիս, որ միայն ե՞ս եմ վախկոտը, դուք բոլորդ հերոսներ եք: Քաջեր… Կեցցեք: (Լիլիթին.) Ինչի՞ ես նվաղել: Որ արթնացավ, առաջինը քեզնից է հաշիվ պահանջելու: Գժի պես սիրում էր, ձեռքերի վրա էր պահում, ի՞նչ չէր արել քեզ համար, որ ծախեցիր: Ինձնից վա՞տն էր, ինձնից թո՞ւյլ էր, թե՞ գեշ: Թե՞ ինձնից պակաս էր քեզ սիրում:
ԼԻԼԻԹ — Ես ինքնասպան կլինեմ… (Փղձկում է:)
ՇԵՖ — Չես լինի: Ավելի լավ է` մտածիր, թե ինչ անենք, որ չզարթնի: Փսլինքդ մաքրի:
ՎՈԼԴԵՄԱՐ — Որպեսզի Քնածը քնած մնա, հարկ է, որ հավերժ քնի: Ես կողմ եմ:
Լիլիթը նույնպես բարձրացնում է ձեռքը:
ՇԵՖ — Դա, ըստ երևույթին, միակ ելքն է: (Բարձրացնում է ձեռքը:)
Բոլորը բարձրացնում են ձեռքերը` Հարությունից բացի:
ՇԵՖ — (Հարությունին): Դու կարող ես չքվեարկել: Մեծամասնության ձայնն է որոշում: Մենակ չեմ հասկանում, ինչի՞ ես լռում, ոչ մի տեղ չի արձանագրվում:
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Նա իմ ամենամտե-րիմ ընկերն էր: Միասին ենք սովորել համալսարանում: Միասին ենք կռվել, սարի վրա չոր հաց կիսել…
ԺՈԺՈ — Լավ, լավ, հերիք է, հորս արև… Սիրտս բարակեց: Մի քիչ էլ խոսես` արցունք կթափեմ: Պետք չէ: Էդքան մտածո՞ւմ ես նրա մասին` գնա, ականջի տակ քոչարի երգի: Մի րոպեից կզարթնի: Դե, գնա… բա ինչի՞ չես անում: Տաս տարի ա անցել: Տաս տարին, գիտե՞ս, քանի օր ա: 3650, դաժե` 60: Էդքան օրերի մեջ ինչի՞ մի օր չգնացիր, չզարթնացրիր:
Հարությունը բարձրացնում է ձեռքը:
ԺՈԺՈ — Այ, տենց… Հենց վտանգի հոտ եք առնում, սկսում եք մարդ խաղալ: Կարո՞ղ ա` մենք մարդ չենք: Քարից ենք կամ` պեմզաբլոկ:
ՊՐՈՖԵՍՈՐ — Հետաքրքիր տեսակ է Երկիր մոլորակի բանական էակը: Նրա մարդկային հատկությունները ի հայտ են գալիս միայն, երբ նա խեղճացած է ու նեղն ընկած: Հետաքրքիր է, ինչի՞…
ՎՈԼԴԵՄԱՐ — Հետաքրիքր չէ: Լիրիկական զեղումների ժամանակ չկա: Նա բացել է աչքերը: Նա-բացել-է-աչքերը: Նա արթնանում է:
Լռություն:
ՇԵՖ — Ատրճանակո՞վ:
ԺՈԺՈ — Չէ, դա նրա վրա չի ազդում:
ՇԵՖ — Որտեղի՞ց գիտես, նա մարդ չի՞:
ԺՈԺՈ — Չգիտեմ: Բայց որ ատրճանակով կամ հրացանով նրան սպանել չի լինում` հաստատ գիտեմ: Նրան քնացնելուց երկու տարի հետո, հիշում եմ, անձ-րևոտ օր էր… Թաքուն մտա մոտն ու կրակեցի: Շաքարյանը գիտի: Երկու տարի նա ինձ հանգիստ չէր տալիս: Հայտնվում էր երազներիս մեջ ու… Չդիմացա, որոշեցի սպանել: Մի քանի անգամ կրակեցի, բայց գնդակները ետ էին թռչում: Դրանից հետո էր, հիշո՞ւմ եք, թռա արտասահման: Ութ ամիս հետո կինս նամակ ուղարկես, թե` երեխա է ծնվել: Էն էլ` երկվորյակ: Ոտքս կոտրվեր` հետ չգայի:
ՎՈԼԴԵՄԱՐ — Դա ինձ ծանոթ է:
Բոլորը նայում են Վոլդեմարին:
ՇԵՖ — Ի՞նչ…
ՎՈԼԴԵՄԱՐ — Հա, ես էլ… Բոլորիցդ ծածուկ մի օր մտա նրա մոտ: Էլ ուժ չկար տանելու էդ տառապանքը: Ամեն անգամ, երբ մի կեղծ թուղթ էի սարքում կամ խաբեություն, հայտնվում էր աչքիս: Լուռ, անխոս, կարծես խոշորացույցի միջից նայում էր ինձ: Նայում էր ու ոչ մի բառ չէր ասում: Ես չէի կարողանում ազատվել նրա պատկերից: Սկսեցի խմել: Միայն օղու շիշն էր, որ բթացնում էր ուղեղս, ջնջում նրա պատկերը: Տեսա, որ կործանվում եմ: Դանակն առա ու գնացի: Հարվածն ուղիղ սրտին էր, դանակը մխրճվել էր սրտի մեջ, բայց նա… անիծյալ լինի… շարունակում էր շնչել: Հանեցի դանակը, նորից խրեցի: Ապարդյուն: Արյան հետք էլ չկար: Չգիտեմ, թե ինչպես եմ դուրս թռել այնտեղից, չեմ հիշում: Երբ ուշքի եկա, տեսա, որ գլխապատառ վազում եմ փողոցով, մարդկանց հրելով, ու մարդիկ ապշած ինձ են նայում: Այդ օրից միայն գինին է իմ դեղը, օղին` իմ դարմանը, շիշն` իմ ընկերը: Ես ճահճի մեջ եմ… ու փրկություն չկա: Ու չի լինելու:
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Փրկություն չկա, ես էլ եմ փորձել: Հիշո՞ւմ եք, երբ էր… ես վթարի ենթարկվեցի: Հինգ տարի առաջ: Հանգիստ վարում էի մեքենաս, տրամադրությունս բարձր էր հերթական խոշոր գործարքից հետո: Հանկարծ մայթի վրա մի մարդ տեսա, թիկունքից: Ապշեցուցիչ նմանություն ուներ Դավթին: Հետո նա շրջվեց… Ջրի երկու կաթիլի պես նման էր նրան: Ղեկի մասին մոռացել էի, հիպնոսվածի պես նայում է անծանոթին… Դիմացի բեռնատարը չկարողացավ խույս տալ. խրվեցինք իրար մեջ: Իսկ հիվանդանոցում… թշնամուս չեմ ցանկանա: Դժոխային օրեր էին, մղձավանջ: Դուրս գրվելուց հետո, մարտի 13-ին` իմ ծննդյան օրը, գնացի նրա մոտ: Կամ` ես, կամ` նա,- մտածեցի ու թույնը լցրի նրա ցամաքած բերանը: Ու հեռացա: Հաջորդ օրը սպասեցի, որ ձեզանից մեկը կհայտնի, որ նա մեռել է: Սպասեցի հաջորդ օրը, չորրորդը, հիգերորդ օրը… Այդպես էլ լուր չեղավ: Փոխարենը ես օրեցօր նիհարեցի, կորցրի քունս: Երանի նրան, ով հանգիստ կարողանում է քնել: Երանի Քնածին:
ՇԵՖ — Իսկ ես մտածում էի, որ մենք մի թիմ ենք: Կարծում էի` մեկս մյուսից գաղտնիք չունենք: Պարզվում է…
ՊՐՈՖԵՍՈՐ — Հիշո՞ւմ եք, վեց տարի առաջ էր: Ես հոգեբուժարան ընկա: Ոչ մեկիդ մտքով չանցավ, թե ինչու եմ խախտվել: Ոչ մի պատճառ չկար: Ինչի՞ց էր մթագնել բանականությունս: Ես էլ փորձ արեցի նրան սպանել: Ես փորձեցի խեղդել նրան: Սկզբում` ձեռքերով, հետո մետաղալար վերցրի… Բայց նրա պարանոցը պողպատից ամուր էր: Քրտինքի մեջ կորել էի: Փակեցի բերանը, ռունգերը: Ոչինչ չէի օգնում: Ինձ թվաց, թե ցնորվում եմ: Ու ցնորվեցի:
ՇԵՖ — Ուրեմն` ի՞նչ… Մնում է միայն… Այրե՞լը:
ՊՐՈՖԵՍՈՐ — Հանճարեղ է, հանճա-րեղ է… Մքովս չէր անցել:
ՎՈԼԴԵՄԱՐ — Իհարկե, իհարկե, կրակը: Գրողը տանի, կրակը:
ՊՐՈՖԵՍՈՐ — Այո, այո, Հիպոկրատն այդ կապակցությամբ գրել է: (Հանում է նոթատետրն ու կարդում:) «Այն, ինչ չի բուժում դեղը, բուժում է երկաթը: Որտեղ չի օգնում երկաթը, օգնում է կրակը…»: (Հուսահատ:) «Իսկ այն, ինչ կրակն էլ չի բուժում, պետք է համարել անբուժելի»:
ԼԻԼԻԹ — Կրակը չի օգնում:
ԲՈԼՈՐԸ — Ի՞նչ… ինչ ասացի՞ր:
ԼԻԼԻԹ — Չի օգնում:
Դադար:
ՇԵՖ — Դա մեր վերջին հույսն է:
ԼԻԼԻԹ — Ես ի՞նչ մեղք ունեմ, որ չի օգնում: Սկզբում հրահանով վառեցի շորը, հետո` լուցկիները… իրար ետևից, հետո… ջուր տվեք ինձ մի բաժակ: Այստեղ տոթ է: (Հով է անում իրեն թաշկինակով:) Օհ… (Ջուր են տալիս, խմում է:) Հետո նավթ լցրի վրան: Չայրվեց: Այսինքն` նավթը այրվեց, բայց ինքը` ոչ: (Դատարկում է բաժակը, թաշկինակով սրբում շուրթերը: Կողքինին`) Պամադաս անցա՞վ…
ՇԵՖ — (մտախոհ, ասես ինքն իրեն): Ի՞նչ կարելի է անել… (Դեղահա- բեր է կուլ տալիս:)
ՊՐՈՖԵՍՈՐ — Մի ելք պիտի լինի՞, թե՞ ոչ: Ախր, չի կարող չլինել:
ՇԵՖ — Դավիթն ինչի՞ց մեռավ:
Բոլորը զարմացած նայում են նրան:
ՎՈԼԴԵՄԱՐ — (նյարդային): Թույլ տվեք ձեզ երկու նորություն հայտնել. նա չի մեռել, քնած է: Սա վատ նորություն է: Իսկ երկրորդը վատթարագույնն է` նա արթնանում է: (Ջղային:) Գրո՛ղը տանի:
ՊՐՈՖԵՍՈՐ — Ինձ թվում է` մենք կամաց-կամաց խելագարվում ենք: Ձեզ չի՞ թվում:
ՇԵՖ — (անվրդով): Դավիթը ծագումով Սասունից է: Ես նրա հորն էլ էի ճանաչում: Հսկա մարդ էր: Շուտ հուզվել գիտեր: Հոնքերն էլ` էստեղ միացած… Էպոսում ո՞նց էր… ո՞վ է հիշում էպոսը: Դավիթն ինչի՞ց է մեռնում, պրոֆեսոր:
Պրոֆեսորը գլուխն առել է ձեռքերի մեջ:
ԺՈԺՈ — Լավ, էլի, ախպոր պես, շեֆ:
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Կարծեմ, եղեգ-նուտների մեջ ինչ-որ աղջիկ է սպանում:
ՎՈԼԴԵՄԱՐ — Հա, չինացի աղջիկ:
ԺՈԺՈ — Չինացի՞…
ՇԵՖ — Պարզ է, բայց ինչո՞վ է սպանում: Միջոցը:
ՊՐՈՖԵՍՈՐ — Ինձ մոտ նշել եմ: (Բացում է նոթատետրը:) Չմշկիկ Սուլթանի աղջիկն էր… Դավիթը նրա թունավոր նետից է ընկնում: Երբ Ձենով Օհանը հարցնում է. «Տղա, Դավիթ, քեզի ո՞վ զար-կեց», Դավիթը պատաս- խանում է… (Թերթում է նոթատետրը:)
ԺՈԺՈ — Հիմի հավաքվել ենք ստեղ` իրար հեքիա՞թ պատմենք:
ՇԵՖ — Շարունակիր:
ՊՐՈՖԵՍՈՐ — Դավիթն ասում է. (Կարդում է:) «Իմ ցեցն իմ անձից է»:
ԼԻԼԻԹ — Այսի՞նքն…
ՊՐՈՖԵՍՈՐ — Այսինքն` Դավիթին կարող է սպանել միայն իր սերմը կամ հենց ինքը` Դավիթը: «Էդ իմ սերմն էր, որ ինձ սպանեց»,- ասում է նա: Էպոսում այդպես է… Ինձ մոտ նշված է:
Շեֆը հոգոց է հանում:
ԺՈԺՈ — Ախպոր պես, եկեք լուրջ գործով զբաղվենք:
ՇԵՖ — Մտածել է պետք:
Բոլորը մտածում են: Դադար:
ՊՐՈՖԵՍՈՐ — (գոռում է): Քոչարի՜ն, քոչարի՜ն… Չե՞ք հասկանում… Քոչարին:
ՇԵՖ — Քոչարին` ի՞նչ:
ՊՐՈՖԵՍՈՐ — (հուզախռիվ): Եթե քոչարին նրան արթնացնում է, ուրեմն… եթե այդպես ազդում է նրա վրա, ուրեմն…
ՎՈԼԴԵՄԱՐ — Հա, ի՞նչ:
ՊՐՈՖԵՍՈՐ — Ուրեմն` գաղտնիքը քոչարու մեջ է:
ՎՈԼԴԵՄԱՐ — Ցնդաբանություն:
ՇԵՖ — Սպասեք, նրա ասածի մեջ ինչ-որ բան կա:
ՊՐՈՖԵՍՈՐ — Քոչարին նրան ուժ է տալիս, կյանք, թթվածին: Ինչո՞ւ: Պետք է մտածել:
ԼԻԼԻԹ — Ճիշտ է, պետք է դրա հակառակը գտնել: Եթե մի բանի թույնը կա, դրա հակաթույնն էլ պիտի լինի: Էն երգը հիշո՞ւմ եք. «Սերը թույն է, թույն է, թույն է…»:
ՇԵՖ — Անհրաժեշտ է գտնել քոչարու գաղտնիքը: Ի՞նչ է քոչարին:
ՊՐՈՖԵՍՈՐ — Ես գրի եմ առել… մի վայրկյան… (Հանում է նոթատետրը, կարդում:) Քոչարի: Հայկական ժողովրդական պար: Երաժշտական չափը` երկու քառորդ: Տեմպը` հանդարտից մինչև արագ ու շատ արագ: Քոչարին պարում են շարք կանգնած, շրջանով, իրար ձեռք բռնած, ուս-ուսի տված: Շարքի առաջնորդը նշան է անում խմբին թաշկինակը թափահարելով կամ ձայնակցելով: Նրա նշանով ֆիգուրները փոխվում են: (Փակում է նոթատետրը:)
ԼԻԼԻԹ — Այսի՞նքն…
ՊՐՈՖԵՍՈՐ — Ոչ էլ բան հասկացա: Դուք հիշո՞ւմ եք, ո՞նց էր քոչարին… Ո՞վ է հիշում:
ԺՈԺՈ — Ո՞նց, լուրջ մոռացե՞լ եք:
ՎՈԼԴԵՄԱՐ — Ես էլ չեմ հիշում: Օղին հիշողությունս կերել է:
ԺՈԺՈ — Տա-նա-նա-նա…
ՎՈԼԴԵՄԱՐ — Ձե՛նդ:
ՇԵՖ — Սսկվի՛ր:
ԼԻԼԻԹ — Խելքդ թռցրի՞ր:
ՎՈԼԴԵՄԱՐ — Լրիվ ապուշացել ա… Մեզ միայն մնում էր, որ հավաքվենք ու միասին քոչարի երգենք:
ՊՐՈՖԵՍՈՐ — Բայց որ չերգենք, չհիշենք, օդի մեջ ո՞նց կարող ենք գաղտնիքը գտնել:
ՇԵՖ — Ո՛չ մի դեպքում: Մտքներիդ մեջ էլ չերգեք: Լսեցի՞ք:
Ժոժոն տակտով շարժվում է տեղում:
ՎՈԼԴԵՄԱՐ — Ի՞նչ ես անում, իդիոտ:
ԺՈԺՈ — (սարսափած նայում է նրանց): Տղերք… ուղեղս ա մտել: Ինքն իրան երգում ա: Հորս արև, ես չեմ ուզում, բայց ինքը իրան գնում ա…
ԼԻԼԻԹ — Կտրի ձայնը, կտրի, շո՛ւտ… Պատուհանը բացեք… իմ գլխի մեջ էլ ա քոչարի:
ՇԵՖ — Ուրիշ բան երգի, որ միտքդ շեղվի:
ԺՈԺՈ — (խուճապահար): Ալա-բալա-նիցա, դուս-կապա-նիցա… (Հուսահատ:) Չի ստացվում… Մեկ, երկու, երեք, ձմերուկը բերեք… Տղերք, օգնեք:
ՇԵՖ — Ուրիշ երգ, ուրիշ երգ…
ՎՈԼԴԵՄԱՐ — Ուրիշ երգ հիշիր, շուտ, իդիոտ:
Ժոժոն երգում է մի տող ինչ-որ երգից, վերջին ֆրազը երգում է քոչարու մեղեդիով, խուճապահար փոխում է երգը` նույնը: Լիլիթը ձեռքերով փակել է ականջները, լաց է լինում:
ՎՈԼԴԵՄԱՐ — Ռեփը, ռեփը… սկսեք:
Բոլորը երգում են ներկայացման սկզբի երգը, որը հետզհետե վերածվում է պարի: Լիլիթը միանում է նրանց:
ԺՈԺՈ — Էլի, էլի…
Ռեփը կրկնվում է:
ՇԵՖ — Էլի, շարունակեք, կանգ մի առեք:
Ռեփը շարունակվում է:
ՇԵՖ — Հը՞, էլի՞…
Սկսում են նորից:
ԺՈԺՈ — Հերիք է, բավական է… (Գոռում է:) Հերի՜ք է…
Բոլորն ուժասպառ, օրորվելով գնում, փլվում են իրենց տեղերը: Ներս է ընկնում Շաքարյանը:
ՇԱՔԱՐՅԱՆ — Բերեցի… (Հևում է:) Կանչե՞մ… (Հատակին ինչ-որ բան փնտրելով:) Մամա ջան, չորացել ա թուքը: (Աղերսանքով արդարանում է:) Շեֆ, մինչև գտանք` հոգիներս դուրս եկավ: Ուրիշ փողոցում էր նվագում:
ՇԵՖ — (հոգնած): Բեր:
ՇԱՔԱՐՅԱՆ — (դեպի դուրս): Արա՞, հլը ստեղ արի…
Ներս է մտնում Երեխան:
ՇԵՖ — Անունդ ի՞նչ է:
ԵՐԵԽԱ — Սոս:
ՇԵՖ — Դա ի՞նչ անուն է: Հորդ անո՞ւնն է, թե՞ պապիդ:
ԵՐԵԽԱ — Չգիտեմ: Երբ նավը խորտակվում է, կանչում են` Սոս:
ՊՐՈՖԵՍՈՐ — Դա փրկության կանչ է, օգնության ազդանշան… (Բացում է նոթատետրը, թերթում:) Մի վայրկյան…
ՇԵՖ — Փակիր դավթարդ: Տանը անգիր կանես:
ՊՐՈՖԵՍՈՐ — Ինչպես կամենաք: (Հիասթափված ծոցագրպանն է դնում նոթատետրը:)
ՇԵՖ — Երեկ գիշեր էս ձյաձյան որ քեզ դոլար տվեց, ի՞նչ նվագեցիր:
Հարությունը ձեռքերով փակում է երեսը:
ԵՐԵԽԱ — Չգիտեմ:
ՇԵՖ — Չե՞ս հիշում:
ԵՐԵԽԱ — Հիշում եմ, բայց չգիտեմ` ոնց ա անունը: Ուզո՞ւմ եք` նվագեմ:
ՇԵՖ — Չէ, պետք չէ: Ո՞վ է քեզ սովորեցրել էդ… նվագը:
ԵՐԵԽԱ — Ոչ մեկը:
ՇԵՖ — Բա որտե՞ղ ես լսել:
ԵՐԵԽԱ — (թոթվում է ուսերը): Եսի՞մ… Ոչ մի տեղ:
ՇԵՖ — Ո՞նց թե` ոչ մի տեղ: Բա ո՞նց ես նվագում:
ԵՐԵԽԱ — Չգիտեմ:
Դադար: Բոլորը զարմացած նայում են նրան: Շեֆը հեռանում է, Երեխային է մոտենում Վոլդեմարը:
ՎՈԼԴԵՄԱՐ — Բալիկ ջան, եթե ասես. թե քեզ ով է սովորացրել` քեզ փող կտամ: Շատ փող: Շաաատ: Ուզո՞ւմ ես: (Երեխան լռում է:) Ըհը… (Գրպանից խրձով փողը հանում, դնում է սեղանին: Նշան է անում մյուսներին: Նրանք նույնպես դատարկում են իրենց գրպանները:) Լավ մտածիր… էս սաղ քոնն ա: Ուզո՞ւմ ես:
ԵՐԵԽԱ — Եսի՞մ:
Շեֆը ամբողջ գումարը բերում, դնում է Երեխայի գիրկը: Մի քանի թղթադրամ ընկնում է գետնին: Երեխան մոլորված նայում է նրանց:
ՎՈԼԴԵՄԱՐ — Ըհը, էս սաղ քոնն ա: (Նյարդային, բայց աշխատում է սիրալիր լինել, խոսում է ատամների արանքից:) Ուզում ես, չէ՞… Տե՞ս, ինչքան ենք տալիս: Գիտե՞ս, ինչքան փող ա էստեղ: Դե՞… (Աշխատում է ժպտալ:) Հը… ումի՞ց ես լսել էդ նվագը: Գիտե՞ս, ինչեր կարող առնել այդ փողով: Ասա, ու սա քոնը կլինի:
ԵՐԵԽԱ — Ինչե՞ր:
ՎՈԼԴԵՄԱՐ — Ինչ սիրտդ ուզի: Ի՞նչ ես ուզում: Աշխարհում ամենաշատը ի՞նչ ես ուզում: Ասա, կառնեմ քեզ համար: Ե՛ս կառնեմ: Ի՞նչ ես ուզում…
Դադար:
ԵՐԵԽԱ — Մամայիս:
ՎՈԼԴԵՄԱՐ — Ո՞վ էր, ասա… Ո՞վ ա սովորեցրել քեզ… (Հարվածում է Երեխային, փողերը թափվում են գետնին:) Դե, խոսիր վերջապես:
Լիլիթը ծածկում է երեսը, լաց է լինում:
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — (տեղից վեր թռչելով): Հանգի՛ստ թող նրան… Թո՛ղ, ես ինքս… (Կռանում է Երեխայի առջև:) Հիշո՞ւմ ես, երեկ… միասին զբոսնում էինք, գիշերը: Ես ու դու: Ու քաղաքը մերն էր: Նայում էինք երկնքին, աստղերին, շենքերի մութ պատուհաններին ու զրուցում էինք: Ես ու դու: Հիշո՞ւմ ես…
ԵՐԵԽԱ — Հա:
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Ես քո ընկերն եմ, քո բարեկամը: Ես խոստանում եմ, երդվում եմ, այստեղ ոչ ոք չի նեղացնի քեզ: Քեզնից միայն մի բան է պահանջվում` ասել, թե ով էր այն մարդը, որ քեզ սովորեցրեց: Այդ երաժշտությունը որտեղի՞ց ես լսել: Ասա, ու ես քեզ տուն կտանեմ: (Ուղղում է սխալը:) Փողոց կտանեմ: Հավատում ես ինձ, չէ՞…
ԵՐԵԽԱ — Հա:
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Դե, ասա:
ԵՐԵԽԱ — Ես էլ եմ ուզում ասեմ, բայց չգիտեմ… ո՞ւմ անունը տամ: Դու ինձ ասա` ես կասեմ:
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Նրա, ով քեզ սովորեցրել է: Նրա անունը տուր:
ԵՐԵԽԱ — Ոչ մեկն էլ չի սովորացրել:
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Այդպես չի լինում:
ՎՈԼԴԵՄԱՐ — Ուրեմն` մի տեղ լսել ես:
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Սպասիր: (Երեխային.) Ումի՞ց ես լսել, որտե՞ղ:
ԵՐԵԽԱ — Ոչ մի տեղ: Ես եմ հորինել: Երեկ, որ անձրև եկավ ցերեկը, վազեցի, մտա արձանի տակ: Քնեցի: Հետո զարթնեցի…
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Հետո՞:
ԵՐԵԽԱ — Հետո զարթնեցի… ու նվագեցի: Սաղ մարդիկ ականջները փակեցին ու փախան: Բայց անձրևը կտրվել էր: Բայց իրանք փախնում էին: Ոչ մեկը փող չէր գցում: Ես էլ ուրիշ բան նվագեցի, որ փող գցեն: Մի աղջիկ հարյուր դրամ տվեց, կողքի տղեն էլ` էդ նույնից, բայց երկու հատ…
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Հետո՞:
ԵՐԵԽԱ — Սոված էի, հաց առա, կերա: Կեսն էլ ծտերին տվեցի:
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Դրանից հետո էլ քոչարի չե՞ս նվագել:
ԵՐԵԽԱ — Էդ ի՞նչ ա:
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Քո հորինածը: Էլի նվագե՞լ ես:
ԵՐԵԽԱ — Հա:
ԺՈԺՈ — Հիմի հասկացա՞ք, թե Դավիթն ինչի է արթնանում: Հիմի հասկացա՞ք: Էս երեխեն ամբողջ օրը քոչարի է նվագել, մենք էլ` էշի ականջում քնած: (Երեխային.) Քանի՞ անգամ ես նվագել:
ԵՐԵԽԱ — Մի անգամ: Այ, էս մարդու համար:
ՎՈԼԴԵՄԱՐ — Չէ, անհնար է, չի կարող պատահել… (Նյարդային ետ ու առաջ է գնում: Երեխային.) Ախր, ո՞նց հորինեցիր… Ո՞նց ես նվագում` չիմանալով: Իմ ուղեղում չի տեղավորվում: Ինչպե՞ս…
ԵՐԵԽԱ — Եսի՞մ, իրան-իրան…
ՊՐՈՖԵՍՈՐ — Արյան կանչն է, զարմանալու ոչինչ չկա: Գենետիկ հիշողություն: (Ձեռքը տանում է ծոցագրպանը, բայց հիշելով` հրաժարվում է նոթատետրին դիմելու մտքից:)
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Լավ, գնա: Հիշիր, երեկ էլ ասեցի: Այլևս չնվագես: Գնա, մի վախեցիր: Գնա:
Երեխան մի քանի քայլ է գնում ու հետաքրքրված կանգ է առնում: Նայում է ներկաներին, որոնք անմիջապես նետվել էին փողերը հավաքելու:
ՇԵՖ — Իմը չորս հարյուր էր…
ՊՐՈՖԵՍՈՐ — Ես հինգ էի դրել…
ՎՈԼԴԵՄԱՐ — Քեզ թողնեն` հազար կասես: Ո՞վ կապացուցի…
ԼԻԼԻԹ — Տուր, էդ իմն է…
ՎՈԼԴԵՄԱՐ — Թող, ասում եմ, հո դու շառ չե՞ս…
ՇԵՖ — Ես տեսա, դու հարյուր ես դրել…
ԺՈԺՈ — Հարյուրը քոնն էր, իմը երեք հարյուր էր…
ՎՈԼԴԵՄԱՐ — Տուր ստեղ…
ԺՈԺՈ — Դե, վազն արի…
ԼԻԼԻԹ — Իսկ ի՞մը… իմը պակասում ա… Հլը ցույց տուր քոնը…
ՇԵՖ — Վազն անցի…
Իրար ձեռքից խլում են դրամները, հրում, գոռում: Երեխան այդ ընթացքում հանում է գործիքը, սկսում է նվագել:
ԼԻԼԻԹ — Խոզ, անասուն…
ԺՈԺՈ — Անասունը դու ես, լրբի վաստակ…
ՇԵՖ — Տուր ստեղ, շան ծնունդ…
ՎՈԼԴԵՄԱՐ — Շան ծնունդը դու ես, կտամ բերնիդ հիմի…
ԺՈԺՈ — Տվար…
ՊՐՈՖԵՍՈՐ — Տականք, համբակ, կավատ, ներքինի, սինլքոր…
ՎՈԼԴԵՄԱՐ — Վայ, ես քու մերը…
Տուրուդմփոցի ընթացքում հնչում է քոչարին, բայց նրանք չեն լսում: Շնչակտուր ներս է ընկնում Շաքարյանը:
ՇԱՔԱՐՅԱՆ — Գալիս է… գալիս է… Զարթնել է, գալիս է:
Բոլորը քարանում են:
ՇԵՖ — Ո՞վ է գալիս:
ՇԱՔԱՐՅԱՆ — Դավիթը: Գալիս է: Զարթնել է:
Ամերիկյան թղթադրամ պատկերող պաստառը աղմուկով պատռվում է: Հատակին կուչ եկած վեցյակը սարսափով լսում է հսկայի ոտնաձայները, որոնք մոտենում են: Երեխան դադարում է նվագել: Դրսից լսվում է քոչարու ձայնը, որն ավելի ու ավելի է ուժգնանում:
ԵՐԵԽԱ — Էհեյ… էհեյ..
Դավիթ ելավ:
Էլեք, էլեք,
Քոթոթ, մոթոթ,
Անուշ Քոթոթ,
Վժիկ Մխո,
Ճնճղափորիկ,
Ու նոր Մանուկ,
Ու խոր Գուսան,
Ու ճոռ Վիրապ,
Էլեք, էլեք.
Դավիթ ելավ,
Դուք էլ ելեք:
Էլեք, էլեք… էհեյ, ելեք… Զարթնեք… Զարթնեք…
Քոչարին թնդում է դահլիճով մեկ:

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։