Սամվել ԳԱՍՊԱՐՅԱՆ / ՎԵՐԱԴԱՐՁ

Պիես երկու գործողությամբ

Գործող անձինք

ՀՐԱՆՏ ՍԻՄՈՆՅԱՆ — 65 տարեկան, այրի, պրոֆեսոր
ՕՆԻԿ ԱՍՈՅԱՆ — 75 տարեկան, այրի, նախկին օդաչու
ԿԱՐԵՆ — 30-ն անց զվարճախոս, ինժեներ, ամուսնացած,
ձախորդ բիզնեսմեն
ՆԵԳՐ ԼԵՎՈՆ — նախկին խուլիգան, այժմ ունի ռեստորան,
կազինո
ՆԱՆԵ — տատիկ, տարիքն անհայտ է, Վանի փախստական
ՍԵՎԱԿ — Նանեի ծոռը, պատերազմի մասնակից

ՍԱՀԱԿՅԱՆՆԵՐ
ՎԱԶԳԵՆ — 50-ն անց, նախկինում շինարար
ՍԻՐՈՒՇ — նրա կինը, ունեն երեք դուստր
ԱՆՈՒՇ — Սահակյանների դուստրերից մեկը

ՄԿՐՏՉՅԱՆՆԵՐ
ԱՐԱՄ — 45-ն անց, նախկինում խառատ
ԱՄԱԼՅԱ — նրա կինը, դերձակ, քմահաճ կին

Առաջին գործողություն

Երևանյան բակ: Ձախից՝ թթենի: Նրա տակ` տաղավար, կողքին՝ ցայտաղբյուր: Աջից՝ փոքրիկ, խարխուլ տնակ փոքրիկ այգով: Կենտրոնում՝ հինգ հարկանի հին տուն: Որ բնակարանի տանտերերը հեռացել են՝ պատուհանների ապակիները կեղտոտ են: Առանձնանում է չորրորդ հարկը, որտեղ ապրում է Նեգր Լևոնը, վերանորոգված պատուհաններին՝ կոնդիցիոներ,
պատին՝ արբանյակային ալեհավաք:
Թթենու տակ մարդահասակ գունդ է` պատուհանիկներով ու ցոլարձակներով:
Տնակի կողքի նստարանին նստած է Նանեն: Մուտքից դուրս է վազում Հրանտը` մարզահագուստով, վազքով պտտվում է տան շուրջը: Երրորդ հարկից նրան հետևող Կարենը սուրճ է խմում, ծխում է: Նանեն տուն է մտնում: Վաղ առավոտ է:
ԿԱՐԵՆ — Բարի լույս, քեռի Հրանտ: (Հրանտը ձեռքով ողջունում է ու դուրս վազում բակից: Մի րոպե անց հայտնվում է շենքի մյուս կողմից:) Հարգելի պրոֆեսոր, բա էս կյանքը արժի՞, որ երկար ապրես: (Հրանտը զարմանքից ծառի մոտ քարանում է:) Քեռի Հրանտ, մի բան ասա: Վա՞տ ես…
ՀՐԱՆՏ — Սա ի՞նչ է…
ԿԱՐԵՆ — Գիտնականներիդ համար գաղտնիքներ չկան:
ՀՐԱՆՏ — Սա ի՞նչ մեքենա է… այստեղ կանգնած…
ԿԱՐԵՆ — «Մերսեդես-1000»:
ՀՐԱՆՏ — Բա անիվներն ո՞ւր են:
ԿԱՐԵՆ — Փախցրել են: Ի՞նչ եք լարվել, մեքենան ձերը չէ:
ՀՐԱՆՏ — Կարեն, լուրջ չեք վերաբերվում կատարվածին:
ԿԱՐԵՆ — Ի՞նչ է որ… Ես սուրճ եմ խմում: Դուք մարզանք եք անում: Կառավարությունը վիթխարի պլաններ է կազմում, ժողովուրդն էլ լռում է:
ՀՐԱՆՏ — Խնդրում եմ, իջեք բակ ու բացատրեք այս բանի հայտնվելու պատճառն ու նպատակը:
ԿԱՐԵՆ — Հարգելի պրոֆեսոր, էդպես որ խոսում եք…
ՀՐԱՆՏ — (զայրացած): Շատախոս, իջնելո՞ւ ես, թե՞ չէ:
ԿԱՐԵՆ — Գալիս եմ, գալիս… (Անհետանում է պատշգամբից, քիչ անց հայտնվում է բակում:) Ի՞նչ է եղել: (Մոտենալով:) Յա՛… էս ի՞նչ բան է:
Պտտվում են գնդի շուրջը, զննում են, բայց ձեռք չեն տալիս:
ՀՐԱՆՏ — (ջղային): Ի՞նչ է, ի՞նչ է… Ի՞նչ իմանամ:
ԿԱՐԵՆ — Հանգիստ, արտիստ: Գիտությունն անզոր է, բայց մենք մեր հողի վրա ենք: Գուցե ինչ-որ մեկի մեքենա՞ն է:
Առաջին հարկի պատշգամբում հայտնվում է Արամը:
ԱՐԱՄ — Բարի լուս: Առավոտը բաժակո՞վ եք դիմավորում:
ԿԱՐԵՆ — Մտքիդ մենակ դա է… էս ո՞ւմ մեքենան ա:
ԱՐԱՄ — Էդ էլ հարց ա՞: (Բութ մատով վերև է ցույց տալիս:) Պարզ չի՞, որ Նեգր Լևոնինը… (Ներս է գնում:)
ԿԱՐԵՆ — Պրոֆեսոր, անիվները ներս են հավաքվում:
ՀՐԱՆՏ — Ինչի՞ համար…
ԿԱՐԵՆ — Որ չգողանան: Առանց անիվների ո՞նց փախցնեն:
ՀՐԱՆՏ — Նա օդում կախված է: Դա հակասում է ֆիզիկայի օրենքներին:
ԿԱՐԵՆ — է՛, պրոֆեսոր, իսկ մեր ժողովրդի ապրելը համապատասխանո՞ւմ է հասարակության օրենքներին:
Մուտքից դուրս են գալիս Արամն ու Օնիկը:
ՕՆԻԿ — Բարի լույս: Ի՞նչ եք նայում:
ՀՐԱՆՏ — Բարի լույս, Օնիկ Վանիկովիչ: Ահա, ուզում ենք հասկանալ, թե սա ինչ է:
ԿԱՐԵՆ — Բարև, պապ: Աշխարհ տեսած մարդ ես, ասա, էս ի՞նչ է: Էսպես բան չէինք տեսել:
ԱՐԱՄ — Ես էլ չեմ տեսել:
ԿԱՐԵՆ — Դու քո ապրանքից ու տոնավաճառից բացի ուրիշ ի՞նչ ես տեսել: Արամն ասում է՝ Նեգր Լևոնինն է: (Բոլորը զննում են գունդը: Հրանտը՝ շատ ուշադիր:) Մի հինգհարյուր կիլոմետր հանգիստ կբացի:
ՕՆԻԿ — Իմ կործանիչը ավելի քիչ էր բացում:
ԱՐԱՄ — Մեր ճամփաներին սա ո՞ւմ ա պետք:
ԿԱՐԵՆ — Կայֆի համար: Քշում ես, ու ինքնաթիռը դեմդ խաղ չունի: Yes!
ԱՐԱՄ — Թանկ մետաղ ա: Եթե տեր չունի, կարանք կտրտենք-ծախենք:
ԿԱՐԵՆ — Վատ միտք չի: Դրա փողով լավ քեֆ կանենք:
ՕՆԻԿ — Ես ձեզ ցույց կտամ կտրել, ծախել… Ձեր մտքին միայն դա է:
ՀՐԱՆՏ — Բարեկամներս, իրականացավ մարդկության երազանքը: Սա այլմոլորակային տիեզերանավ է:
ԱՐԱՄ — Հնարեցիր, էլի, պրոֆեսոր: Կազմակերպված գործ ա:
ԿԱՐԵՆ — Հանգիստ, արտիստ: Այլմոլորակային տիեզերանա՞վ… Ասա Շաթլ ու պրծի:
ՀՐԱՆՏ — Շաթլը ամերիկյան տիեզերանավ է:
ԱՐԱՄ — Իսկ Ամերիկա՞ն ինչ է: Այլմոլորակային երկիր: Քանի տարի է` վիզա չենք կարում ստանանք:
ՀՐԱՆՏ — Խնդրում եմ, ինձ լսեք, սա թռչող օբյեկտ է:
ԿԱՐԵՆ — Թռչող օբյեկտը կարգին տեղում վայրէջք կկատարեր: Մոլորակի վրա էլ ուրիշ տեղ չկա՞ր, որ մեր բակում փռվեր:
ԱՐԱՄ — Լուրջ չի: Ի՛նչ ա պետք էս քամբախ երկրից…
ՕՆԻԿ — Գուցե վթա՞ր է, հարկադիր վայրէ՞ջք:
ՀՐԱՆՏ — Նրանք եկել են միջգալակտիկական առաքելությամբ:
ԿԱՐԵՆ — Ուզում են նվաճել մեր հանրապետությունը:
ՕՆԻԿ — Մենք սովորաբար գրոհը սկսում էինք արշալույսին:
ԿԱՐԵՆ — Տիեզերական պատերա՛զմ: Ներխուժո՛ւմ: Ուզում են զավթել մեր անկախ երկիրը, մեզ էլ ռոբոտ դարձնել…
ԱՐԱՄ — Ի՞նչը զավթեն, սաղ գողացել, ծախել են: Մեզ ռոբոտի տեղ էլ չեն բանեցնի:
ԿԱՐԵՆ — (վրդովված): Ի՞նչ ա ասում, հնագույն ժողովուրդը ռոբոտի տեղ էլ չի օգտագործվի՞:
ԱՐԱՄ — Կխաբենք, կփախցնենք, կծախենք:
ԿԱՐԵՆ — Պրոֆեսոր, ժեշտի կտոր ա, զիբիլի մեքենայից ա ընկել: (Ոտքով խփում է գնդին: Միանում է ազդանշանը: Թարթում են ցոլարձակները:) Վա՛յ, մամա ջան: Տղերք, ցվրվանք…
ՕՆԻԿ — Без паники! Всем-назад! (Բոլորը հեռու են փախչում:) Ложись! (Բոլորը պառկում են:)
Ազդանշանը անջատվում է, միայն ցոլարձակներն են թարթում: Երկրորդ հարկի պատըշգամբում հայտնվում է Վազգենը:
ՎԱԶԳԵՆ — Բարի լույս: Մարզա՞նք եք անում: Ապրեք:
ՕՆԻԿ — Վազգեն, կամաց… տեսնո՞ւմ ես: (Ցույց է տալիս գունդը:) Այլմոլորակային զավթիչ է: Կացինը վերցրու ու մտի թիկունքից:
ՎԱԶԳԵՆ — Հասկացա, պապ:
Քիչ անց դուրս է գալիս մուտքից ու գողեգող մոտենում է գնդին:
ԿԱՐԵՆ — Պապ, աշուն ա, որոշ տեղեր կարող ա մրսացնենք:
ՕՆԻԿ — Ձա՜յնդ, գրոհո՜ւմ ենք:
ՀՐԱՆՏ — Օնիկ Վանիկովիչ, գուցե բանակցություննե՞ր…
ՕՆԻԿ — Լավ, ո՞վ գնա: Կգնա… Կարենը:
ԿԱՐԵՆ — Ինչի՞ ես…
ՕՆԻԿ — Ջահել ես: Արագ վազում ես, ճարպիկ` պառկում:
ԱՐԱՄ — Երեխա չունես, կնիկդ արտասահմաններն ա, դու էլ` պարտքերի մեջ: Ո՞ւմ ա պետք էդ կյանքը:
ԿԱՐԵՆ — Ուրեմն` մենք մարդ չե՞նք, մեր կյանքը գրոշ է՞լ չարժի: Բա որ կրակի՞… Կյանքս ո՞ւմ համար զոհաբերեմ:
ԱՐԱՄ — Պատմության մեջ կմնաս: Մի աստղ էլ անունովդ կկոչեն:
ԿԱՐԵՆ — Ավելի լավ ա` սաղ մնամ, ինչքան էլ կյանքը գարշելի է:
ՀՐԱՆՏ — Օնիկ Վանիկովիչ, ինձ թույլ կտա՞ք…
ՕՆԻԿ — Պրոֆեսոր, դուք նրանց հետ լեզու կգտնեք:
Հրանտը թաշկինակը թափահարում է: Լապտերները մարում են: Մոտենում է, ձեռք է տալիս գնդին, քարանում է:
ՕՆԻԿ — Հրանտ Վարդանովիչ, հը՞… ո՞նց ես:
ԱՐԱՄ — Կաթվածահար արեցին: Սա կազմակերպված գործ ա:
ԿԱՐԵՆ — Ռոբոտ դարձրին, տերմինատոր:
ՀՐԱՆՏ — (խոսում է ռոբոտի նման): Երկիր մոլորակի բնակիչներ, ձեզ են դիմում Ալֆա Կենտավրա համաստեղության 5 կոտորակ 12 Կաթնաղբյուր մոլորակի ներկայացուցիչները: Ողջունում ենք ձեզ: Ոտքի կանգնեք, երկրի մարդիկ:
Բոլորը մոտենում են Հրանտին: Նա քարացած է:
ՎԱԶԳԵՆ — Հրանտ, հերիք ա ձեռ առնես, ջահելությո՞ւնդ ես հիշել:
ՕՆԻԿ — Էդ Կաթնաղբյուրը որտե՞ղ է:
ԿԱՐԵՆ — Ծաղկաձորում, սպորտբա­- զայից վերև: Միշտ էնտեղ ենք խորոված արել: Է՛խ, ինչ ժամանակներ էին…
ԱՐԱՄ — Արտի՜ստ, կատակասեր: Էդ աղբյուրը հասցե է՞լ ունի:
ԿԱՐԵՆ — Բա ո՞նց: Հինգերորդ բա-ցատ, տասներկուերորդ ծառ:
ՎԱԶԳԵՆ — Հերիք ա սեպերդ բացես: Ավելի լավ ա ասեք՝ էս վիճակից Հրանտին ո՞նց հանենք:
ՀՐԱՆՏ — (նույն տոնով): Լուրջ ընկալեք մեր ուղերձը: Սիմոնյան Հրանտը մեր ներկայացուցիչն ու թարգմանիչն է:
ԱՐԱՄ — Յա, էդ ո՞ր օրվանից ներկայացուցիչ դառավ…
ԿԱՐԵՆ — Հանգիստ, արտի՜ստ: Քեռի Հրանտ, ձեզ ի՞նչ եղավ:
ՎԱԶԳԵՆ — Հրանտ, մի հատ վզակոթիդ կտամ՝ ետ կգաս:
ԱՐԱՄ — Հո սառացրած միս չի, ասին, չէ՞, ներկայացուցիչ ա:
Միանում են ցոլարձակները:
ՕՆԻԿ — Պառկե՛լ: (Բոլորը պառկում են:) Փրկե՜նք մեր ընկերոջը:
Տնակից դուրս է գալիս Նանեն:
ՆԱՆԵ — Բալեքս, էդ ինչի՞ եք պառկել, ցուրտ է:
ԱՐԱՄ — Նանե ջան, կյանք չի, տանջա՛նք ա: Պառկի-վեր կաց, պառկի-վեր կաց… Կազմակերպված գործ ա, ձեռ են առնում մեզ:
ԿԱՐԵՆ — Նանե ջան, տուն մտի, այլմոլորակային տիեզերանավ ա էկել, կարող ա կրակի:
ՆԱՆԵ — Հա, բալեքս, առավոտը իջան: Իրանցից վախենալ պետք չի: Հո մարդ չե՜ն, վատ բան չեն անի, վե՜ր կացեք:
Ցոլարձակները հանգում են: Բոլորը վեր են կենում, մոտենում են Հրանտին:
ԱՐԱՄ — Տատի, ի՞նչ գիտես:
ՆԱՆԵ — Է՛, բալա ջան, 15 թվին էսպիսի նավերը էնքա՛ն ժողովուրդ փրկեցին՝ հաշիվ չկա:
ԿԱՐԵՆ — Աչքդ լո՛ւյս, Նանե, ասա` փրկարարներդ են եկել:
ՆԱՆԵ — Հա, բալա ջան, ազգը փրկեցին, չթողին` փոշի դառնա-գնա: Ամբողջ կյանքս նրանց համար աղոթել եմ, գիտեի, որ էլի կգան: Կտեսնեմ` կմեռնեմ:
ԱՐԱՄ — Ապրի էլի հարյուր տարի, Նանե ջան: Բա հիմա՞ ինչի են եկել:
ԿԱՐԵՆ — Չասե՞ց: Մի քիչ էլ մնա՝ էլ փրկելու բան չի լինի: (Նանեն նստում է, թզբեհ է քաշում:) Նանե ջան, իրանք ի՞նչ ձևի են: (Լռություն:) Վե՛րջ, հուշերի գիրկն ընկավ:
ՎԱԶԳԵՆ — Հրանտ, մի բան ասա:
ԱՐԱՄ — Պաշտոն տվին` հոգին առան:
ՀՐԱՆՏ — (սթափվում է, ուրախ): Բարեկամնե՛ր, ես նրանց մոլորակում էի: Հրա՛շք է, հրա՛շք… զարգաց­-ման բարձրագույն մակարդակ, առաջավոր տեխնոլոգիա և կուլտուրա: (Լռում է` տեսնելով մռայլ, խոժոռ դեմքեր:) Ի՞նչ է պատահել:
ԿԱՐԵՆ — Հանգի՜ստ, արտիստ: Ինչի՞ են եկել:
ՀՐԱՆՏ — Բարի մտադրությամբ են եկել: Կօգնեն վերածնել մեր հավատը և դառնալ իդեալական մարդ: Մեր միջոցով իդեալական կդառնան մոլորակի մարդիկ, աշխարհում կտիրի խաղաղություն ու սեր:
Բոլորը զարմացած իրար են նայում: Արամն ու Կարենը քրքջում են:
ԿԱՐԵՆ — Հանգի՜ստ, արտիստ: Էդ մե՞նք պիտի իդեալական դառ- նանք:
ԱՐԱՄ — Այ քեզ բա՛ն… ասում էի, չէ՞, կազմակերպված գործ ա:
ԿԱՐԵՆ — Ավելի լավ ա` փող տային:
ԱՐԱՄ — Ճի՜շտ ա: Դժվար ա սոված փորին իդեալական լինել:
ՕՆԻԿ — (Կարենին, Արամին): Ի՞նչ եք բերաններդ բացել:
ՎԱԶԳԵՆ — Թողնես` ամբողջ օրը հանաք անեն:
ԱՐԱՄ — Էս մոլորակի վրա մի նորմալ ժողովուրդ չէ՞ր մնացել:
ՎԱԶԳԵՆ — Նրանք գիտեն` ում հանձնարարեն պատվավոր առաքելությունը: Ընտրյալների՜ն:
ԱՐԱՄ — Դե, ըտենց ասա: Աշխարհը` մի կողմ, մենք` մի՛…
ԿԱՐԵՆ — Yes! Աշխարհի փրկությունը մեզ են վստահում:
ԱՐԱՄ — էլ ո՞վ, եթե ոչ` մենք: Բա ո՞նց…
ՕՆԻԿ — Դժվար գործ է և շատ պատասխանատու:
ՀՐԱՆՏ — Դա մեր ժողովրդի առաքելությունն է: Մենք կզոհենք մեր կյանքը հանուն վեհ նպատակի, թող մեր զրկանքն ու տառապանքը փոխհատուցվեն երկրային դրախտով:
ԱՐԱՄ — Զրկանք ու տառապա՞նք… ինչքա՞ն կարելի ա:
ԿԱՐԵՆ — (ծոծրակը քորելով): Ծանր դեպք ա` աշխարհը փրկենք: Այ քեզ բա՛ն, պատմության գիրկն էլ ընկանք:
ԱՐԱՄ — Եթե նյութապես ապահովեն, պատրաստ ենք իդեալական դառնալ:
ՎԱԶԳԵՆ — Էսքանը տեսնողը ինչի՞ց կվախենա: Մենք կփրկենք մեր ժողովրդին: Մենք կփրկենք մոլորակը:
ՕՆԻԿ — Ազնիվ գործ է: Հանուն դրա արժե կյանքը զոհել:
ԱՐԱՄ — Ինչ ա, մենք դե՞մ ենք: Հայ ենք, չէ՞, վերջ ի վերջո…
ԿԱՐԵՆ — Էդ ինչքա՞ն ժողովուրդ պիտի իդեալական դարձնենք, ինչքա՞ն ֆիզիկական ու հոգեկան ուժ ծախսենք…
ԱՐԱՄ — Հայի բախտ ա: Բայց ինչի՞ հենց մեր բակն ու մենք…
ՀՐԱՆՏ — Այստեղ նրանց կանգառն է, վառելիք են լցնում:
ՕՆԻԿ — Էդ ի՞նչ վառելիք կա մեր բակում: Կարո՞ղ ա` նավթ ա:
ՀՐԱՆՏ — Թթենու հյութը տիեզերանավի վառելիքն է:
ԿԱՐԵՆ — Ամառը կանցնի` մի թութ էլ չենք ուտի, էղած հյութը կքամեն-կտանեն: Շուտ-շուտ են գալի՞ս:
ՀՐԱՆՏ — Հաճախ: Մեզ չանհանգըստացնելու համար անտեսանելի էկրան են քաշում:
ԱՐԱՄ — (կեցվածք է ընդունում): Հրանտ, տան բնակիչների կողմից ընդունեք մեր բողոքի նոտան: Ինչի՞ չեն վճարում:
ԿԱՐԵՆ — Արամ ջան, քեզ ի՞նչ պատահեց, նոր լավ էիր…
ԱՐԱՄ — Տեղի՜ համար: Վառելիքի՜ համար: Գալիս են, իրանց քեֆին փչացնում են մեր անկախ օդն ու ոչինչ չեն վճարում:
ԿԱՐԵՆ — Հանգի՜ստ, արտի՜ստ: Ապրե՜ս, Արամ ջան: Առաջին անգամ քեզնից խելոք բան լսեցի: Ճիշտ ա, թող հարկ վճարեն:
ՎԱԶԳԵՆ — Վա՛յ, ձեր ինչն եմ ասել… ո՜նց չեք ամաչում: Ծառը հայրս է տնկել ու ջրել, բայց ինձ ոչ մի բան պետք չէ:
ԱՐԱՄ — Իդեալական դարձնելու համար շնորհակալ ենք, բայց թող վճարեն, չեն աղքատանա:
ԿԱՐԵՆ — Վազգեն ջան, դու տիեզերական կալոնկի տեր ես: Ինչ փողեր ե՛ն… ինձ գործի դիր:
ՎԱԶԳԵՆ — Խելքներդ գցե՞լ եք, ուշքի եկեք, ի՞նչ եք խոսում:
ԱՐԱՄ — Սկզբում` փողերը, հետո՝ իդեալները:
Պատշգամբում հայտնվում է Ամալյան:
ԱՄԱԼՅԱ — Այ մարդ, էս ի՞նչ ա, գործի չե՞ս գնալու:
ԱՐԱՄ — Էս ա գործը, այլմոլորակայինների հետ հաշիվ ենք պարզում:
ԱՄԱԼՅԱ — Էդ ինչքա՞ն ես խմել, որ այլմոլորակայինի հետ գործ ես բռնել: Հիմա կիջնեմ` այլմոլորակային կդարձնեմ:
ՀՐԱՆՏ — Տիկին Ամալյա, նրանք եկել են մեզ կատարյալ մարդ դարձնեն:
ԱՄԱԼՅԱ — Կատարյալ ապուշ կսարքեն:
ԿԱՐԵՆ — Ժողովո՛ւրդ, այլմոլորակայիններ են եկե՛լ…
ԱՄԱԼՅԱ — Ի՞նչ ես ձենդ գցել: Ով մեկնել ա, ով էլ, Աստված հոգիները լուսավորի, տանջանքից պրծավ: (Ներս է գնում:)
Քիչ անց մուտքից դուրս են գալիս Ամալյան ու Սիրուշը:
ՍԻՐՈՒՇ — Հլը տես, էկել են, ուրեմն՝ կան: Ո՞վ կմտածեր…
ՀՐԱՆՏ — Սա այլմոլորակային տիեզերանավ է, անձնակազմը ներսում է` տասը հոգի: Նրանք օգնելու են մեր ժողովրդին:
ԱՄԱԼՅԱ — Էրեկվա էրազս ա: Յուղ ու բրի՞նձ են բաժանելու:
ՀՐԱՆՏ — Ի՞նչ յուղ ու բրինձ… նրանք մեզ կօգնեն իդեալական դառնալ:
ԿԱՐԵՆ — Իսկ քեռի Հրանտը նրանց ներկայացուցիչն ու թարգմանիչն է:
ԱՄԱԼՅԱ — Յա՛… լա՛վ եք տեղավոր-վել, պրոֆեսոր:
ՍԻՐՈՒՇ — Տիեզերանավը ինչո՞ւ ափսեի նման չի:
ԿԱՐԵՆ — Ափսեները ջարդվել են: Ապուրամանով են եկել:
ԱՐԱՄ — Գնդակի նման ա: Կարո՞ղ ա` «Արարատի» հաղթանակի պատվին են սարքել:
ՎԱԶԳԵՆ — էս ժողովուրդը համեստությունից չի մեռնի:
ԱՐԱՄ — Բա ո՛նց, էդ ձևով են արտահայտում իրանց հարգանքը:
ԿԱՐԵՆ — Արամ ջան, էսօր մի խելոք բան ասել ես, էլ պետք չի: Առողջությանդ վնաս ա:
ԱՄԱԼՅԱ — (կոտրատվելով): Թող դուրս գան, ուզում եմ ծանոթանալ, դեսից-դենից խոսալ:
ՀՐԱՆՏ — Նրանք մոլեկուլների են փոխակերպված… գիտեն, որ հայերը զգայուն են, սրտից` թույլ… որ մենք քիչ ենք ու մեզ պետք է պահպանել:
ՍԻՐՈՒՇ — Տես, ոնց են մեր մասին հոգում, չէ` մեր կառավարությունը:
ԱՐԱՄ — Կառավարությունը հազիվ հասցնում է իր մասին մտածել:
ՍԻՐՈԻՇ — Հերիք է ջուր ծեծեք, ինչո՞ւ եք կանչել:
ՀՐԱՆՏ — Բարեկամներ, մենք պետք է իդեալական դառնանք, այդպիսին դարձնենք մեր ժողովրդին: Ժողովուրդն էլ իր մեծ առաքելությամբ աշխարհով մեկ կցրվի՝ բոլորին իդեալական կդարձնի ու կփրկի մոլորակը:
Դադար:
ՍԻՐՈԻՇ — Նորից մենք ենք առաջինը:
ԱՐԱՄ — Ասում էի, չէ՞, սա կազմակերպված գործ ա:
ԱՄԱԼՅԱ — Էլ բան ու գործ չունենք՝ պատվիրաններ քարոզենք: Ընտանիք ինչո՞վ պիտի պահենք:
ԱՐԱՄ — Բա որ ծեծե՞ն… պիտի իմանանք, չէ՞, ինչ շահ ունենք:
ՍԻՐՈՒՇ — Այսքան տարի սեր ու եղբայրություն էին քարոզում, ոսկե սարեր էին խոստանում, և ի՞նչ… իշխանության հասան ու թքեցին մեր վրա: Էլ հիմար չկա, որ հենց էնպես իդեալական դառնանք: Ես խմորի կրեմը պիտի պատրաստեմ, պատվեր ունեմ:
ԱՐԱՄ — Եթե իրանք էդքան ճիշտ այլմոլորակային են, թող թթենու հյութի համար վճարեն:
ԿԱՐԵՆ — Վազգենը փողից հրաժարվեց, ո՞րն է արդարությունը:
ՍԻՐՈՒՇ — Վազգեն, ինչի՞ց ես հրաժարվել:
ԿԱՐԵՆ — Տիեզերանավի վառելիքը թթենու հյութն է, իսկ ծառը Վազգենի հերն ա տնկել ու ջրել…
ԱՄԱԼՅԱ — Ի՞նչ… ծառը բոլորինն ա: Շլանգը մենք էլ ենք բռնել:
ՍԻՐՈՒՇ — Չգիտեմ` դուք ինչ եք բռնել, ծառը մերն ա:
ՀՐԱՆՏ — Հանգստացե՜ք… վերջա-ցրե՜ք…
ՎԱԶԳԵՆ — Պապ, մի բան ասա… սրանք ոնց որ կապից թռել են:
ԱՄԱԼՅԱ — Մեզնից կատարյալ ապուշ են ուզում սարքել… չի՜ ստացվի: Հրանտ, քեզ աշխատանքի համար վճարո՞ւմ են:
ԱՐԱՄ — Պրոֆեսոր, խոստովանի՜ր:
ՎԱԶԳԵՆ — Ի՞նչ եք հարձակվել մարդու վրա:
ԱՄԱԼՅԱ — Իսկ մեզ տանջանքների համար ոչինչ չի հասնում:
ՎԱԶԳԵՆ — Ուշքի էկեք, ուրիշ ժողովուրդ երանության մեջ կընկներ, եթե իրենց ընտրեին, իսկ մե՞նք…
ՍԻՐՈՒՇ — Թող իրանց բախտից մի քիչ էլ մեզ տան:
ԿԱՐԵՆ — Քեռի Հրանտ, ամոթ է լինել իդեալական ու աղքատ: Գժի տեղ կդնեն:
ԱՐԱՄ — Հրանտ Վարդանովիչ, ինչքա՞ն են վճարում:
ՎԱԶԳԵՆ — Ո՞վ, ի՞նչ… ձեզ միայն փողն է հետաքրքրում:
ՀՐԱՆՏ — Լավ, լավ… (Քարանում է:) Ասացին…
ԱՄԱԼՅԱ — Հը՞… մի տաս հազար դրամ կտա՞ն:
ԱՐԱՄ — Կնկա խելք: Կանաչով վերցրու, հազարից ոչ պակաս:
ԿԱՐԵՆ — Է՛, ես ըլնեի՛… Ավելի շատ վերցրու: Լավ քեֆ կանենք:
ՀՐԱՆՏ — Որոշել եմ հրաժարվել: Հանուն ձեր բարօրության:
ՍԻՐՈՒՇ — Հանուն մեր բարօրության՝ մեզ տուր:
ԱՄԱԼՅԱ — Պրոֆեսոր, հարևաններից թաքցնելու բան չունես:
ՀՐԱՆՏ — Եթե պնդում եք… ժամը` տաս սլտոն:
ՍԻՐՈՒՇ — Քիչ զիբիլ ունեինք, հիմա էլ՝ սլտոն, դրանով երևի իմ թխվածքն էլ չեն առնի:
ԱՐԱՄ — Մեզ իրանց սլտոն-մլտոնները պետք չեն, թող տեղի համար վճարեն, ու կանաչով:
ԱՄԱԼՅԱ — Հաստատ խաբելու են: Առանց վճարելու կթռնեն:
ԿԱՐԵՆ — Քեռի Հրանտ, իսկ փոխանակման կուրսը ո՞րն է:
ՀՐԱՆՏ — Մի սլտոնը հազար դոլար է:
Երկար դադար:
ԲՈԼՈՐԸ — Ի՞նչ…
ԱՄԱԼՅԱ — Յա՛… (Ընկնում Է Արամի ձեռքերի վրա:)
ՍԻՐՈՒՇ — (մատների վրա հաշվում է): Էդ ինչքա՛ն կրեմ կլինի… ինչքա՛ն կրեմ…
ԱՐԱՄ — Պապ, Կարեն, օգնեք:
Պապն ու Արամը Ամալյային տանում են տաղավար, պառկեցնում նստարանի վրա: Կարենը սկսում է գոռալ, բայց ձայնը դուրս չի գալիս:
ՍԻՐՈՒՇ — Աստվա՛ծ իմ… (Ընկնում է Վազգենի ձեռքերի վրա:)
ՎԱԶԳԵՆ — Պապ, օգնի:
ԱՄԱԼՅԱ — Արամ, մեռնո՛ւմ եմ…
ԱՐԱՄ — Այ կնիկ, մեռնելու ժամանա՞կ ես գտել, ապրանքը չի ծախվել, տոկոսի տակ ենք: Ո՞նց եմ թաղելու…
ԱՄԱԼՅԱ — Թող պրոֆեսորը մի քիչ սլտոն տա` չեմ մեռնի:
Օնիկն ու Վազգենը Սիրուշին պառկեցնում են տաղավարի մյուս նստարանին: Օնիկը մոտենում է Կարենին:
ՕՆԻԿ — Կարեն, այ տղա, քեզ ի՞նչ էղավ: (Ցայտաղբյուրի ջրի շիթն ուղղում է Կարենի վրա:)
ԿԱՐԵՆ — (հիմարավուն): Սլտոնչիկ-պոնչիկ, պոնչիկ-սլտոնչիկ… Ընդմիշտ կոկա-կոլա՛:
ՀՐԱՆՏ — Կարենին տաղավարում դնե՞նք:
ՕՆԻԿ — Էնտեղ կանանց պալատն ա: Մի հատ չհասցնե՞մ…
ԿԱՐԵՆ — (սթափվում է): Պապ, ես քո դմբուզը գիտեմ:
ԱՄԱԼՅԱ — Արամ, սլտոնները հլը չե՞ն բաժանում: Մեռնում եմ…
ԱՐԱՄ — Պապ, դեղատնից դեղ առ: Կամ` էս յան, կամ` էն յան…
ՕՆԻԿ — Խեղկատակություն: Զավեշտանք: (Գնում է:)
ԱՄԱԼՅԱ — Ինչքա՛ն եմ ասել, առավոտները վազի, բախտդ ձեռքիցդ բաց մի թող: Մեռնում եմ…
ԿԱՐԵՆ — (գնդի շուրջն է պտտվում): Ինչի՞ բանակցելու չգնացի, սլտոնչիկ-պոնչիկները իմը կըլնեին:
ՍԻՐՈՒՇ — Վազգեն, կատարիր վերջին շնչիս ցանկությունը, թթենու հյութի փողը կվերցնես՝ աղջիկներիս տեղը տեղին մարդու կտաս…
Բոլորը տնքում են: Կարենը ծնկի է գալիս Հրանտի առջև:
ԿԱՐԵՆ — (կրքոտ): Քեռի Հրանտ, հարգելի պրոֆեսոր…
ՀՐԱՆՏ — Այ տղա, ի՞նչ ես անում… ամոթ է, վեր կաց:
ԿԱՐԵՆ — Չէ՜, չէ՜, պատրաստ եմ երեք, լավ, գոնե մեկ սլտոնով աշխատել: Պարտքերս կփակեմ, Անահիտը կվերադառնա… ամբողջ կյանքս քեզ համար կաղոթեմ:
ՀՐԱՆՏ — Բա՜ց թող ինձ… Նա խելա- գարվել է, օգնեցե՜ք…
ԱՄԱԼՅԱ — Հիմա կօգնենք:
ՍԻՐՈՒՇ — Մեր սլտոնների վրա աչք ա դրել:
Ամալյան ու Սիրուշը վեր են ցատկում, վազում, բռնում են Կարենի ձեռքերը: Նա դիմադրում է: Քարշ տալով տաղավար են մտցնում:
ԿԱՐԵՆ — Դուք նոր մեռնում էիք… դուք իրավունք չունեք…
ԱՄԱԼՅԱ — Երեխաներ չունես, կնիկդ արտասահմաններում ա, փողը ինչի՞դ ա պետք:
ԿԱՐԵՆ — Բա՜ց թողեք… Վեց տարի ամուսնացած ենք, մի տարի ենք իրար հետ ապրել, երեխա չունենք: Ո՞նց ունենանք… Գիշերը կարոտով տանջվում եմ… երազախաբ, Անահիտին եմ փնտրում… Ո՞ւր ես, ո՞ւր ես…
ՍԻՐՈՒՇ — Կարեն ջան, ժամանակն է էդպիսին: Հրանտ Վարդանովիչը գլուխ կհանի այլմոլորակայիններից:
ԱՄԱԼՅԱ — Իսկը սրտիցս ես խոսում, Սիրուշ ջան:
ՍԻՐՈՒՇ — Հրանտ ջան, նրանց վարձով բնակարանը կտամ: Ամեն ինչ փայլում է ու պսպղում: Քեզ էլ փայ կտամ:
ՎԱԶԳԵՆ — Ա՜յ կնիկ, ո՞ւր ա մեր հայկական հյուրասիրությունը:
ԱՄԱԼՅԱ — Չհասկացա… մենակ մե՞նք ենք էշի ականջում քնած:
ԿԱՐԵՆ — Ահա կնոջ նենգությունը:
ՀՐԱՆՏ — Բավական է, այստեղ հայ ժողովրդի բախտն է որոշվում, իսկ դո՞ւք… մեջներդ սրբություն չի մնացել: (Քարանում է: Քիչ անց:) Ես խնդրեցի փողը հանձնել մանկատանը:
ԱՄԱԼՅԱ — Լավ չստացվեց… Չէ՜, մանկատան համար` լավ ա…
ԱՐԱՄ — Պրոֆեսոր ջան, մենք, իհարկե, հպարտ ժողովուրդ ենք, բայց հիմա ո՞վ կհրաժարվի փողից:
Մուտքից դուրս է գալիս Լևոնը:
ԼԵՎՈՆ — Ի՞նչ եք հավաքվել:
ԿԱՐԵՆ — Բարի լույս, Լևոն ջան, այլմոլորակայիններով տիեզերանավ է եկել:
ԼԵՎՈՆ — Էս կյանքից մաքուր թե գժվել եք, գնացեք, հացի փող աշխատեք: (Լռություն:) Ի՞նչ եք կանգնել, չհասկացա՞ք:
ՎԱԶԳԵՆ — Աշխարհը քոնը չի, մենք էլ՝ քո ստրուկները:
ԿԱՐԵՆ — Վազգեն, մի կատաղի, մեր Լևոնը հանաք ա անում: (Ծիծաղում է:) Այլմոլորակայինները ուզում են մեզ իդեալական դարձնեն:
ԼԵՎՈՆ — Իդեալականը` էդ ես եմ: Տգետ ու անբան էիք համարում, հըմի տեսա՞ք` ով ա մարդը: Փտած ինտելիգենտներ, դուք ո՞ւմ եք պետք, էս կյանքում ի՞նչ ունեք անելու:
Դադար: Բոլորը շփոթված են:
ՀՐԱՆՏ — Ինչպե՛ս չեք ամաչում, կողոպտեցիք, խաբեցիք, հիմա էլ մարդատեղ չեք դնում… ներողություն խնդրե՛ք: Իսկո՛ւյն:
ԼԵՎՈՆ — Թանաքամա՜ն, ձենդ կտրի:
ԱՐԱՄ — Լևոն ջան, հարևան ենք, էլի… Պրոֆեսորին մեծ փողեր էին տալիս, բայց նա մանկատանը տվեց, մեր մասին ի՞նչ կմտածեն:
ԼԵՎՈՆ — Իսկ ձեր մասին ի՞նչ մտածեն: Դուք էլ ժողովո՞ւրդ եք: Շուտով ձեզնից կազատվեմ, ամբողջ տունը իմն ա լինելու: (Լռություն:) Կարե՛ն, Արա՛մ, վաղը ծառը կկտրեք:
ԱՐԱՄ — Ո՞նց կտրենք: Լևոն ջան, հիշո՞ւմ ես, կապիկի նման ճյուղերին թռվռում էինք, թութ էինք ուտում:
ԼԵՎՈՆ — Էդ դու մարդ չդառար: Պառավին` ծերանոց կամ էլ թոռան մոտ: Տունը քանդելու եմ, թույլ­տվություն ունեմ:
ՍԻՐՈՒՇ — Նանեն սիրում է իր տունը, ուզում է հողին մոտիկ լինել:
ԼԵՎՈՆ — Ուզում ա հողին մոտիկ լինի՝ թող մեջը պառկի:
ՎԱԶԳԵՆ — (պայթում է): Տո, ա՜յ տականք, չեմ նայի փողերիդ, ընենց կհասցնեմ՝ ատամներդ կուլ կտաս:
ԼԵՎՈՆ — Հլը փորձի…
ՎԱԶԳԵՆ — Ու կփորձեմ: Ախր, մեջդ փուչ ա…
Աքլորի նման բախվում են, դժվարությամբ բաժանում են իրարից:
ՍԻՐՈՒՇ — Ա՜յ մարդ, ո՞ւմ հետ ես գլուխ դնում, կնստացնեն՝ ազատելու փող չի հերիքի:
ՀՐԱՆՏ — Վե՜րջ տվեք կռվին, միայն դա էր պակաս…
ԼԵՎՈՆ — Սաղ քանդելու եմ: Սաղ իմն ա: Սա՜ղ…
ՀՐԱՆՏ — Բայց ի՞նչ իրավունքով, սա մեր բակն է…
ԼԵՎՈՆ — Իմ իրավունքով: Ի՛մ: Ռա՛դ էղեք իմ բակից:
ՕՆԻԿ — (մոտենալով` լսում է նրա վերջին բառերը): Չես կարո՞ղ համբերել` մինչև սատկենք:
ԼԵՎՈՆ — Օնիկ պապիկ, բարի լույս:
ՕՆԻԿ — (Լևոնի վրա է քշում, նա ընկրկում է): Քանդո՞ւմ ես, ջարդո՞ւմ ես… իսկ դու ի՞նչ ես կառուցել: Ի՞նչ ես ստեղծել այս հողի վրա: Ո՞ւմ ես դուրս քշում:
ԼԵՎՈՆ — Օնիկ Վանիկովիչ, խոսքը ձեր մասին չի: Ապրեք, ինչքան ուզում եք: Ձեր որդին մեր ազգի պարծանքն ա, բարևներս Վանիկ Օնիկովիչին… (Գնում է: Դադար: Լսվում է հեռացող մեքենայի աղմուկը:)
ԱՄԱԼՅԱ — Տեսնո՞ւմ եք, տգետները ոնց մարդ դարձան: Թքած ունեն մեզ վրա:
ՍԻՐՈՒՇ — Քանի՛ ընտանիք է կործանել… Աստված տա` ամեն ինչից զրկվի, մեր կաշվի մեջ հայտնվի:
ԿԱՐԵՆ — Քեռի Հրանտ, պատմի, ո՞նց են էնտեղ ապրում:
ՀՐԱՆՏ — Կաթնաղբյուրի բնակիչները երջանիկ են ապրում:
ԱՐԱՄ — Դե ասա` Ամերիկա, ու վե՜րջ:
ԿԱՐԵՆ — Չէ, Ավստրալիա: Էրեկ Կռիշ Անդոն էր զանգել: Սիդնեյում ա: Ասում ա՝ դրախտ ա:
ԱՐԱՄ — Հրանտ, աշխատանք կա՞, աշխատավարձը տալի՞ս են:
ՀՐԱՆՏ — Աշխատավարձ չեն տալիս, հոգու պահանջով են աշխատում:
ԿԱՐԵՆ — Մեզ պես են ապրում:
ՍԻՐՈՒՇ — Խե՛ղճ ժողովուրդ… գուցե հումանիտար օգնությո՞ւն ուղարկենք:
ՕՆԻԿ — Ո՞նց թե… ասում էիր` երջանիկ են ապրում:
ՀՐԱՆՏ — Իրանց մոտ փողը փողոցում թափած ա:
ԲՈԼՈՐԸ — Ո՞նց… չի՜ կարող պա-տահել:
ԱՐԱՄ — Հրանտ, տենց հանաք մի՜ արա, սրտից թույլ ենք:
ՀՐԱՆՏ — Ուզում ես մի բան գնել` բարձրացնում-առնում ես, մանրը նորից փողոց ես գցում:
ԿԱՐԵՆ — Հանգի՜ստ, արտիստ: Էդպես բան Ավստրալիայում էլ չկա: Գոնե մի քիչ մանր տային, պարտքերս կտայի, Անահիտն էլ կողքս կլիներ:
ԱՄԱԼՅԱ — Հրանտ, իսկ վիզա՞ն: Վիզա կարելի՞ է ստանալ:
ՎԱԶԳԵՆ — Դուք սրտից չէ, գլխից եք թույլ, ո՞նց եք թռչելու այնտեղ:
ԱՐԱՄ — Մի կերպ տեղ կհասնենք: Ապրանքս կտանեմ:
ՀՐԱՆՏ — Իրենց ոչինչ պետք չէ, ամեն ինչ ունեն:
ԿԱՐԵՆ — Հրանտ քեռի, քեզ էլ տոկոսը կտանք: Չենք խաբի:
ՀՐԱՆՏ — Այնտեղից կարելի է վերադառնալ տասը տարի հետո:
ԿԱՐԵՆ — Հոյակապ է: Զոքանչս հրեշտակների հետ ա վռվռում, պարտատերերին էլ որդերն են ուտում: Yes! Այ թե որտեղ ա հայի բախտը:
ԱՐԱՄ — Պրոֆեսոր, իսկ էնտեղ հայեր կա՞ն:
ԿԱՐԵՆ — Որտե՞ղ հայ չկա:
ՀՐԱՆՏ — Չհարմարվեցին: Խնդրեցին իրենց ետ ուղարկել:
ԱՄԱԼՅԱ — Ո՞նց ապրես, երբ փողոցում փողը թափած ա, ամեն ինչ օրենքով ա: Բա դա կյա՞նք ա: Հայի սիրտը կպայթի:
ԿԱՐԵՆ — Կռիշ Անդոն էլ էր լացում: Բոլոր մարդիկ երջանիկ են ու ժպտում են, ոչ խաբեությո՛ւն, ոչ սո՛ւտ…
ՍԻՐՈԻՇ — Մեր ժողովուրդը մոր փորն էլ ընկնի՝ դժգոհ ա:
ԱՐԱՄ — Էդպես ենք ծնվել:
ԱՄԱԼՅԱ — Բայց ես մի բան չհասկացա` ո՞րն է մեր շահը:
ՎԱԶԳԵՆ — Աշխարհը սիրո և խաղաղության մեջ կապրի:
ԿԱՐԵՆ — Քեռի Հրանտ, մի նեղանա, էդ պատիվը ուրիշին եմ տալիս: Մի քանի սլտոն տային: Հոգիս կծախեմ, մենակ պարտքերիցս պրծնեմ:
ԱՐԱՄ — Ով ուզում ա, թող կատարյալ դառնա:
Հրանտը նորից է քարանում:
ԿԱՐԵՆ — Հրահանգ է ստանում յուրայիններից:
ԱՐԱՄ — Իրանց հետ կտանեն, ըտենց խելքերը ընդեղ պետք են:
ԱՄԱԼՅԱ — Ինքը թռնում ա, մեզ էլ դժոխքում ա թողնում:
ՀՐԱՆՏ — (սթափվելով): Բարեկամնե՜ր, ուրախ լուր…
ԱՐԱՄ — Հը՞… մի քիչ սլտո՞ն են տալու:
ՀՐԱՆՏ — Հիմա հեռուստակամուրջ է լինելու Հայաստանի ու Կաթնաղբյուրի միջև: Մեզ կտեսնեն իրենց մոլորակում:
ՍԻՐՈՒՇ — Վա՛յ, դրսի շորերս քիմմաքրման եմ տվել:
ԱՄԱԼՅԱ — Ես էլ…
ԱՐԱՄ — Որ իմանայի` տոնավաճառից բոլորին նոր շորեր կբերեի:
Արամը, Կարենը, Ամալյան, Սիրուշը գնում են:
ՀՐԱՆՏ — Սպասեք, ինչի՞ց եք ամաչում:
ՍԻՐՈՒՇ — Թող պրեզիդենտին նկարահանեն, լավ հագնված է, բա ոնց է խոսում…
ՀՐԱՆՏ — Մենք մեղավոր չենք, որ այսպես ենք ապրում:
ԿԱՐԵՆ — Գտա՛, Սևակը ֆոտոմակետներ ունի, գլուխները հանովի-դնովի են: Դրանց ետևում կանգնենք:
ԱՐԱՄ — Գործ ա ասում: Գնանք, բերենք:
ԱՄԱԼՅԱ — Չէր խանգարի` մեզ էլ մի քիչ կարգի բերեինք:
Բոլորը մուտքով ներս են մտնում: Հրանտը քարանում է: Քիչ անց ֆոտոմակետներով դուրս են գալիս Արամը, Կարենը: Գետնին են դնում «Քլինթոնին», «Չապլինին», «Բարդոյին», «Լորենին», «Ստալինին»,«Եկատերինա Երկրորդին»: Հայտնվում են Սիլվան, Սիրուշը` հարդարված: Հանում են ֆոտոմակետների գլուխները և կանգնում դրանց ետևում. Վազգենը` Ստալինի, Կարենը` Քլինթոնի, Արամը՝ Չապլինի, Ամալյան՝ Բարդոյի, Սիրուշը՝ Լորենի: Որբ կանգնած է Եկատերինա Երկրորդը:
ԿԱՐԵՆ — Ես Քլինթոնի մորը շատ եմ հարգում, ինչ տղա է բերել, հը՞… Սազում ա՞ Ամերիկայի պրեզի-դենտի կոստյումը:
Հայտնվում է Օնիկը` զինվորական հագուստով, կրծքին շքանշանների շերտիկն է:
ԿԱՐԵՆ — Պապ, Եկատերինա Երկրորդն ա մնացել, կկանգնե՞ս:
ՕՆԻԿ — Ինչո՞ւ չեմ կանգնի, նա էր, որ Ռուսաստանը մեծ տերություն սարքեց: (Կանգնում է ետևում:) Հը՞, ոնց է:
ԱՐԱՄ — Լավ է, որ գիշեր չի:
ՀՐԱՆՏ — Ո՞վ է մեր մասին պատմելու… Ի՞նչ պիտի ասենք:
ԿԱՐԵՆ — Միայն լավը… որ հարուստ ենք, երջանիկ ենք:
ՀՐԱՆՏ — Բայց դա կեղծիք է:
ԱՐԱՄ — Կարենը ճիշտ է, մեր երկրի պատիվը պահենք:
ՀՐԱՆՏ — Եթե այդպես եք ուզում… Կարեն, հենց որ գնդի վրայի լամպը վառվի` սկսի:
Լամպը վառվում է:
ԿԱՐԵՆ — Բարև ձեզ, բանական եղբայրներ: Ուրախ ենք ձեզ ողջունել մեր սուրբ հողի վրա: Մենք՝ հայերս, աշխարհի հնագույն ժողովուրդն ենք: Մենք պարծենում ենք մեր անցյալով, ուրախ ենք ներկայով, հավատում ենք ապագային:
ԱՐԱՄ — Էդ մեկը չափն անցար, ախպերս:
ԿԱՐԵՆ — Ահա մեր փառավոր քաղաքի համեստ բնակիչները: Նրանք աշխատում ու ստեղծագործում են ի շահ անկախ հանրապետության:
ՎԱԶԳԵՆ — Հերիք ա սուտ ասես, չեմ նայի, որ եթերում ենք:
ՕՆԻԿ — Ես եմ մեղավոր, էն ժամանակ պիտի վզին տայի:
ԿԱՐԵՆ — Սա՝ տիկին Սիրուշը, հրուշակեղենի ֆաբրիկայի տնօրենը: Նրա քաղցրավենիքը վաճառվում է արտասահմանում: Խոսքը ձեր է, տիկին Սիրուշ:
ՍԻՐՈՒՇ — Հաուդույուդու: Չծախված թխվածքներից ալերգիա ու լուծ ունենք:
ԿԱՐԵՆ — Ի՛նչ համեստություն, չխոսենք հաջողությունների մասին: Տիկին Ամալյան կուտյուրյե է: Վերսաչին, դե Ռիչին նրա աշակերտներն են:
ԱՄԱԼՅԱ — Ես դերձակ եմ, ոչ մի Վերսպաչի, Դե Զիչի չգիտեմ:
ԿԱՐԵՆ — Ինչպիսի՛ կրքեր, ի՛նչ էմոցիաներ… Խոսքը ձերն է: Դե՞…
ԱՄԱԼՅԱ — Քելե, լաո, քելե, լաո… Արի գնանք մեր էրգիր: Էլի՞…
ԿԱՐԵՆ — Էլ պետք չէ: Սա Արամն է: Մեծ բիզնեսմեն է, ստրատեգիական ապրանքների իրացման կետեր ունի:
ԱՐԱՄ — Ձե՞ռ ա առնում… հլը փորձի շալվար հագնել առանց դրանց:
ԿԱՐԵՆ — Ահա խիզախ օդաչու Ասոյան Օնիկը, նա խաղում է ժողո-վրդական թատրոնում: Այս պահին Եկատերինա 2-րդի դերում է: Պապ, մի բան ասա:
ՕՆԻԿ — Ախտունգ, ախտունգ, օդային տագնապ: Երկնքում Ասոյան Օնիկ է…
ԿԱՐԵՆ — Պապ, քեզ ի՞նչ եղավ: Մեր երկրում վետերանները շրջապատված են սիրով ու հոգատարությամբ:
ՎԱԶԳԵՆ — Համբերության բաժակս լցվել ա:
ԿԱՐԵՆ — Վազգենը՝ բեռնափոխադրման գործակալության տնօրենը: Ցանկացած բեռ նա կհասցնի ձեր մոլորակ: Հա-հա-հա՛… Կատակ էր:
ՎԱԶԳԵՆ — (պայթում է): Վե՛րջ, էլ հանաք չես անի…
Վազգենը հետապնդում է Կարենին, նա փախչում է: Բոլորը վազում են նրանց ետևից, փորձում են բռնել, հանգստացնել:
ԿԱՐԵՆ — Դադարեցրեք հեռարձակումը… քեռի Հրանտ, օգնի…
Կարենը ծառն է բարձրանում, Վազգենը կանգնած է գնդի առջև:
ՎԱԶԳԵՆ — Մենք ամաչելու բան չունենք, աղքատ ենք, բայց խղճի, ժողովրդի ու Հայրենիքի առջև մաքուր ենք: Մոռացե՞լ եք, ինչպիսին էինք մենք, մոռացե՞լ եք ձեր անցյալը:
Դադար: Վազգենը նստում է տաղավարում, ծխում է:
ԱՐԱՄ — Գալակտիկայով մեկ խայտառակեց: Հիմա ո՞նց ենք իդեալական դառնալու, ո՞վ մեզ կվստահի այդ առաքելությունը:
ՕՆԻԿ — Բա դուք չէիք ուզում…
ԱՄԱԼՅԱ — Շատ էլ ուզում էինք: Մենակ թե Արամի ապրանքը վաճառենք… էժան կտանք:
ԿԱՐԵՆ — Վազգեն քեռի, ես հո ծիտ չեմ, որ ծառի վրա նստեմ:
Վազգենը ձեռքը թափ է տալիս, Կարենը ցատկում է ծառից:
ԱՄԱԼՅԱ — Այ Վազգեն, ո՞վ էր լեզվիցդ քաշում:
ԱՐԱՄ — Ազգի պատիվը գետնով տվեց, ցեխի հետ խառնեց…
ՕՆԻԿ — Ազգի պատիվը մենք չէ, որ գցել ենք:
Բոլորն սկսում են գոռալ, ձեռքերը թափահարել:
ԱՄԱԼՅԱ — Կարենը ուզում էր, որ լավ լինի…
ՍԻՐՈՒՇ — Պետք էր ճշմարտությունը ասել…
ԱՄԱԼՅԱ — Ամեն ինչում կոմունիստներն են մեղավոր…
ՕՆԻԿ — Կոմունիստներին ձեռք չտաս: Պատերազմում հաղթեցին, էսպիսի երկիր կառուցեցին…
ԱՐԱՄ — Բա ճամբարնե՞րը, գնդակահարություննե՞րը, սո՞վը…
ՕՆԻԿ — Բա որ հիմա ազատության մեջ են փախնո՞ւմ…
ԿԱՐԵՆ — Կաթից կտրած դեմոկրատ-­ներին ձայն էինք տալիս…
ԱՐԱՄ — Առաջինը դու վազեցիր:
ԿԱՐԵՆ — Իսկ դու կեղծ քվեաթերթիկներ էիր գցում:
ԱՄԱԼՅԱ — Եթե նորմալ ժողովրդի պես չենք կարող ապրել, թող մեզ ոչնչացնեն: Մի ռումբ գցեն, ու պը՜րծ:
ԱՐԱՄ — Թող Ամերիկային ծախեն:
ՀՐԱՆՏ — Ուշադրությո՛ւն: Կաթնաղբ­-յուրի պրեզիդենտը մեզ հրավի-րում է իր մոլորակը:
ԿԱՐԵՆ — Չհասկացա՞ք` ի՜նչ ասեց մեզ պրեզիդենտը:
ԲՈԼՈՐԸ — Ուռա՛: Կեցցե՛ Կաթնաղբ-յուրի պրեզիդենտը:
ԲՈԼՈՐԸ — Կեցցե՛ Հայաստանի և Կաթնաղբյուրի ժողովուրդների բարեկամությունը:
Համընդհանուր խանդավառություն, ուրախություն:
ԱՄԱԼՅԱ — Աչքներս լո՛ւյս… Աստված խղճաց մեզ, ազատեց հոգսերից:
ՍԻՐՈՒՇ — Հա՛, Ամալյա ջան, հա՛, ման կգանք գալակտիկայով մեկ:
ՀՐԱՆՏ — Բայց, թույլ տվեք… բա կարելի՞ է հիմա թողնել-գնալ:
ԱՐԱՄ — Անհրաժե՜շտ է: Քանի փլատակների տակ չենք մնացել:
ԱԻՐՈԻՇ — Խեղճ ժողովուրդ, զրկվե՛ց մեծ առաքելությունից:
ԿԱՐԵՆ — Քեռի Հրանտ, ամենալավը թռնելն է:
ՎԱԶԳԵՆ — Թռնե՞լ… ձեր խիղճը ձեզ կտանջի, ուշքի էկեք:
ԱՐԱՄ — Վազգեն ջան, հոգնել ենք սպասելուց ու հույսով ապրելուց:
ՍԻՐՈՒՇ — Կարեն, բա դու ո՞նց ես թռնելու: Բա Անահի՞տը…
ԱՐԱՄ — Ընդեղ նոր տիեզերական սե՛ր կգտնես:
ԿԱՐԵՆ — (տխրելով): Ո՞նց եմ առանց Անահիտի թռնելու… ո՞նց…
ՀՐԱՆՏ — Տիեզերանավի հրամանատարը համաձայնվեց նրան էլ վերցնել: Որտե՞ղ է Անահիտը:
ԿԱՐԵՆ — Բուլղարիայում, Պլովդիվում:
ՀՐԱՆՏ — Հրամանատարն ասաց, որ Անահիտը ձեզ հետ կլինի:
ԿԱՐԵՆ — Ուռա՛, բոլորս թռնում ենք:
Հնչում է քոչարի: Բոլորը շրջան են կազմում, պարում են:
ԵՐԿՐՈՐԴ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ
Տեսիլ առաջին
Կեսօր է: Նստարանին նստած է Նանեն` տոնական հագնված: Ճակատին մետաղադրամներով գլխանոցն է: Տիեզերանավի շուրջը պտտվում է Օնիկը՝ ծանր փայտը ձեռքին: Վազելով բակ է մտնում Կարենը:
ՕՆԻԿ — Կանգնի՛ր, ո՞վ է:
ԿԱՐԵՆ — Ես եմ` Կարենը:
ՕՆԻԿ — Տեսնում եմ, որ դու ես: Մոտ չգաս, կդաղեմ: Նշանաբա՞նը:
ԿԱՐԵՆ — Քո ձեռը հիվանդանոց կընկնեմ: Հա… «Հայաստան»:
ՕՆԻԿ — «Վերադարձ»: Անցի՜:
ԿԱՐԵՆ — Պապ, ստորագրի, բնակա-րանի վաճառքի լիազորագիրն է:
ՕՆԻԿ — Ես պահակակետում թղթեր չեմ ստորագրում:
ԿԱՐԵՆ — Հին ոսկոր: Լավ, վազեմ` մնացածը անեմ-պրծնեմ:
Կարենը գնում է: Տնից դուրս են գալիս Վազգենն ու Սիրուշը, մոտենում են տաղավարին: Օնիկը թաքնվում է ծառի ետևում:
ՍԻՐՈՒՇ — Որտեղ ես ու աղջիկներս` էնտեղ էլ դու:
ՎԱԶԳԵՆ — Ես չեմ թռչի, սա ի՛մ քաղաքն է, ի՛մ տունն է:
ՍԻՐՈՒՇ — Հանուն աղջիկներիդ ապագայի ու երջանկության:
ՎԱԶԳԵՆ — Անտուն թափառել տիեզերքով մեկ… ավելի լավ ա մեռնել: Այստեղ են մեր ծնողների գերեզմանները:
ՍԻՐՈՒՇ — Հավերժ հիշատակ նրանց, բայց ողջերի մասին մտածիր: Վատ կլինի` կվերադառնանք:
ՎԱԶԳԵՆ — Էդ ժամանակ ուրիշ աշխարհ կթռչենք:
ՍԻՐՈՒՇ — Ես դեռ ապրել եմ ուզում, թոռներ մեծացնել…
ՎԱԶԳԵՆ — Որ բոլորս թռնենք, գնանք, ո՞վ է էս տանը ապրելու: Ո՞վ է մեր ծերերին թաղելու:
ՍԻՐՈՒՇ — Ով բարոյապես թաղեց, հիմա էլ թող ֆիզիկապես թաղի, մեկ ա` ուրիշ բան անել չգիտեն: Ի՞նչ կլինի աղջիկներիդ հետ: Հիմա լավ ամուսինը ցեղական ցլի նման ա, որ արածի առանց դարդի ու էն գործով զբաղվի:
ՎԱԶԳԵՆ — Ի՞նչ գործով:
ՍԻՐՈՒՇ — Թոռներ մեզ նվիրի: Դե, դու շատ լավ հայր ես, պալատներ ես կառուցել, փեսաներն էլ հերթում կոտորվում են:
ՎԱԶԳԵՆ — Սևակը լավ տղա է, հայրենիք է պաշտպանել: Ծնողները մեկնեցին Ամերիկա, իսկ ինքը Նանեի ու Անուշի համար մնաց:
ՍԻՐՈՒՇ — Խելք չունի: Անուշին ու­-զում ա` թող ծնողների մոտ տա-նի:
ՎԱԶԳԵՆ — Ուրեմն, Ամերիկա` հա՞, այստեղ` չէ՞:
ՍԻՐՈՒՇ — Հա՛, Վազգեն ջան, հա՜: Կարծում էինք` օր ծերության լավ կապրենք: Ո՛նց չէ: Քո վիրահատությունը, աղջիկների ուսումը, ու ամեն տեղ փո՜ղ, փո՜ղ… ամառանոցը ծախեցինք: Դու որ Երևանի կեսը կառուցեցիր, սև օրվա համար ի՞նչ ունես: Մեզ ու մեր պատերը: Ուզում եմ` երեխաներս ու թոռներս նորմալ երկրում ապրեն:
ՎԱԶԳԵՆ — Ինչ-որ ճակատին գրված է` էն էլ կլինի:
ՍԻՐՈՒՇ — Հայի խելք: Մե՜նք պիտի մեր ճակատագիրը որոշենք:
Նրանք գնում են տուն: Գալիս է Հրանտը:
ՕՆԻԿ — Կանգնի՜ր: Ո՞վ է: Նշանաբանը:
ՀՐԱՆՏ — (հոգնած): Պապ, չձանձրացա՞ր: «Հայաստան»:
ՕՆԻԿ — «Վերադարձ»: Անցի:
ՀՐԱՆՏ — Ամեն ինչ հանգի՞ստ է:
ՕՆԻԿ — Ես եմ պահակակետում: Վազգենը թռչել չի ուզում:
ՀՐԱՆՏ — Ամեն մարդ ինքը պիտի որոշի: Պա՛պ, արի քեզ փոխարինեմ:
ՕՆԻԿ — (փայտը հանձնում է): Վտանգի դեպքում տագնապ բարձրացրու:
ՀՐԱՆՏ — Ճիշտ այդպես, ընկեր հրամանատար:
Օնիկը գնում է: Տնից դուրս են գալիս Ամալյան և Արամը, ձեռքերին` տուփեր, կապոցներ, որոնք դնում են շրջանի մեջ:
ԱՄԱԼՅԱ — Արամ, գնա մնացածի ետևից: (Արամը գնում է:)
ՀՐԱՆՏ — Տիկին Ամալյա, ան-համեստ հարց. սա ի՞նչ է:
ԱՄԱԼՅԱ — Ո՞նց թե` ինչ… Վերո-նիկայի օժիտն է:
ՀՐԱՆՏ — Իսկ բա՞կ ինչու իջեցրիք:
ԱՄԱԼՅԱ — Տարօրինակ հարց է, հլը պրոֆեսոր է կոչվում:
ՀՐԱՆՏ — Մեկնելուց առաջ արևի՞ն եք հանել:
ԱՄԱԼՅԱ — Մեզ հետ ենք տանելու: Առանց օժիտ չե՜նք թռչի:
ՀՐԱՆՏ — Բայց թո՛ւյլ տվեք… ի՞նչ օժիտ: Այսքանը տիեզերանավի մեջ չի տեղավորվի:
Հայտնվում է Արամը մեծ ճամպրուկներով, դրանք կապոցների կողքն է դնում:
ԱՄԱԼՅԱ — Սա բոլորը չի, հլա սերվիս ու հին խալի…
ՀՐԱՆՏ — Պրեզիդենտը առանց օժիտի է հրավիրել:
ԱՄԱԼՅԱ — Թող քաղաքակրթված ժողովրդից սովորեն: (Արամին.) Դու դեռ ստե՞ղ ես: (Արամը գնում է:)
ՀՐԱՆՏ — Տիկին Ամալյա, ես ձեզ պաշտոնապես հայտարարում եմ` կամ դո՛ւք, կամ օժի՛տը:
ԱՄԱԼՅԱ — Դե լավ, լավ… (Հայտն-վում է Արամը` ճամպրուկներով:) Սրանք ետ տար:
ԱՐԱՄ — Սաղ գժվել են` դուրս տար-ներս բեր: Սա կազմակերպված գործ ա: Բա ո՞նց…
Արամը տանում է իրերը: Բակ է վազում Սևակը: Աջ ոտքից կաղում է:
ՍԵՎԱԿ — Քեռի Հրանտ, էդ ճի՞շտ է…
ՀՐԱՆՏ — Այո, տղաս, արտերկրային քաղաքակրթությունները գոյություն ունեն:
ՍԵՎԱԿ — Լավ կլիներ` չլինեին: Գուցե Անուշի հետ փախնե՞նք, մեր պատճառով տիեզերանավի թռիչքը չեն հետաձգի:
ՀՐԱՆՏ — Իրականությունից կարելի է փախչել, ինքդ քեզնից՝ ոչ:
ՍԵՎԱԿ — Գնամ, Անուշին տեսնեմ: Մենք կորոշենք մեր կյանքը:
Սևակը գնում Է: Հրանտը Նանեին է մոտենում:
ՀՐԱՆՏ — Նանե ջան, կողքդ նստե՞մ:
ՆԱՆԵ — Նստի, Հրանտ ջան, նստի:
ՀՐԱՆՏ — Սիրում եմ կողքդ նստել: Քեզնից այնպիսի հավատ ու կենսախնդություն է բխում, դա ինձ ուժ էր տալիս: Եթե բոլորս գնանք, ի՞նչ կլինի մեր հայրենիքի հետ: Նորից թափառումնե՞ր: Պանդըխտությո՞ւն: Հավերժ կսկիծ ու կարոտ… Էլ չենք գտնի մի հող, որ Հայրենիք կոչենք: (Լսվում է դուդուկի լացը: Թափվում են թթենու տերևները:) Դուդուկն է լալիս: Հոգին է լալիս… ողջերի ու մեռածների…
ՆԱՆԵ — Բալա ջան, ժողովուրդը էն ժամանակ է մեռնում, երբ իր ոգին ու հավատն է մեռնում: Մարմինը հողի փայն է: Մենակ ոգին ու հավատն է հավերժական: Դա օդի մեջ է… քարի մեջ… պտուղի համի մեջ է… հին գրքերի մեջ… մեր աչքերի մեջ է… Ու քանի մեր հողը կա, ոգին ու հավատն էլ կլինի: Աստծու ուժերը օգնում են մեզ: Աղոթենք, բալա ջան: Աղոթենք ու հավատանք…
Դուդուկը լաց է լինում: Ծառից թափվում են տերևները:
Տեսիլ երկրորդ
Երեկո: Տաղավարում՝ սեղանին սպիտակ սփռոց է: Քթի տակ երգելով Սիրուշը սեղան է գցում: Հարևանները բերում են՝ ո՛վ ինչ ունի: Տոնական են հագնված: Օնիկը բերում է երեք լիտրանոց տակառը:
ՍԻՐՈՒՇ — Պապ ջան, էս ի՞նչ է:
ՕՆԻԿ — Կոնյակ, հարսանիքի համար էի պահում: Տղաս անուն դրեց` վայել չէ՜…
ՍԻՐՈՒՇ — Պետական գործիչ ա, ինքն իրան չի պատկանում:
ՕՆԻԿ — Դրանք ժողովրդին ձրի էլ պետք չեն: Վարորդի հետ փող է ուղարկում: Որ մեռնեմ` կիմանա, որ էդ փողերը մանկատուն եմ ուղարկել:
ՍԻՐՈՒՇ — Թոշակով ո՞նց ապրես, ամեն ինչ ծախել ես:
ՕՆԻԿ — Ասա՝ դիմանանք մինչև հաղթանակը: Պատերազմն անցա ու ոչինչ, ողջ եմ:
ՍԻՐՈՒՇ — Էս պատերազմ չի… Է՛լ բեթար:
ՕՆԻԿ — Չգիտես` ով է յուրայինները, ով է` թշնամին:
Օնիկը գնում է: Գալիս է Ամալյան, ձեռքին` տոլմայով ափսե:
ՍԻՐՈՒՇ — Ի՞նչ անեմ, Վազգենը կողի ա ընկել` չեմ թռնի, ու վե՛րջ:
ԱՄԱԼՅԱ — Կոնյակից հետո բոլորս էլ կթռնենք: Սևակն էլ ա թռչում:
ՍԻՐՈՒՇ — Հաստակո՛ղը… Վազգենից բեթար ա լինելու: Ցերեկը եկել էր, համոզում էր:
ԱՄԱԼՅԱ — Աստծո դեմ մեղք ես գործում, ախր, իրար սիրում են: Անուշը ո՛նց էր կռվից Սևակին սպասում, քանի՛ գիշեր խնամեց հիվանդանոցում: Նրանց բաժանել չի կարելի:
ՍԻՐՈՒՇ — Մի շաբաթ առաջ գիշերն արթնացա՝ սիրտս անհանգիստ էր: Նայեմ` ծառի մոտ մեկը չոքել ա: Իջա ներքև, կամաց մոտեցա, տեսնեմ` Նանեն ծառի առաջ աղոթում ա: Լսեմ` Աստծուն աղաչում ա, որ փրկի ժողովրդին: Չդիմացա… Լաց էի լինում ու իրա հետ աղոթում: Մեկ էլ վերջում աղաչում ա, որ տիեզերանավը գա: Կարծեցի` խելագարվել ա…
ԱՄԱԼՅԱ — Նա սուրբ է, ո՞նց է մեզ համար տառապում:
Գալիս են Կարենը, Արամը, Հրանտը, Վազգենը:
ԿԱՐԵՆ — Տոնական սեղանը պատ- րա՞ստ է հրաժեշտի քեֆի:
ՍԻՐՈՒՇ — Մի քիչ էլ ծխեք:
ԿԱՐԵՆ — Ճիշտ այդպես:
Տղամարդիկ նախաբեմ են գալիս: Ծխում են:
ՀՐԱՆՏ — Ուրեմն թռչո՞ւմ եք:
ԱՐԱՄ — Հա, պրոֆեսոր ջան: Ամեն մեկի բախտը` իրա հետ: Աստված խղճաց մեզ ու տիեզերանավ ուղարկեց:
ՀՐԱՆՏ — Այո: (Սկսում է հազալ:)
ԿԱՐԵՆ — Քեռի Հրանտ, ի՞նչ եղավ:
ՀՐԱՆՏ — Հետ եմ սովորել… վաղուց չեմ ծխել:
ԱՐԱՄ — Մերն ա:
ՀՐԱՆՏ — Պինդ է … (Հազում է:)
Վազգենը մոտենում է թթենուն: Թափվում են տերևները:
ԿԱՐԵՆ — Քեռի Հրանտ, մեզ մեղադ-րո՞ւմ էք:
ՀՐԱՆՏ — Ես ձեզ ի՞նչ դատավոր: Աղջկաս ընտանիքը Մոսկվայում է, թոռնիկս էլ այնտեղ ծնվեց:
ԱՐԱՄ — Քեզ կանչում էին, բայց չգնացիր:
ՀՐԱՆՏ — Ինձ ի՞նչ է պետք. Նելլիի գերեզմանին այցելեմ, մեկ էլ` թաղվեմ գրքերի մեջ:
ԱՐԱՄ — (ջղային): Տասը տարի մեռած ենք` թաղած չենք, մի կերպ կառչել ենք կյանքից: Ո՞ւր ա արդարությունը… մենք ոչ մեկին պետք չենք:
ՀՐԱՆՏ — Ոչ ոք ձեզ մեղադրելու իրավունք չունի:
ԿԱՐԵՆ — Ուրեմն` մենք քեզ համար օտար ենք, սիրտդ էլ չի ցավում` թռչում են, թող թռչեն: Էստեղ մնանք, որ կյանքներս նարդու կամ սեղանիկի մո՞տ անցկացնենք: Աշխատելը մոռացել ենք: Մեզ պետք չի ոչ մտածել, ոչ ստեղծագործել, մենակ կեր ու քեֆ արա: Սենց երջանիկ, անկախ ժողովուրդ ենք: (Դադար: Հրանտին.) Մի խնդրանք ունեմ:
ՀՐԱՆՏ — Ի՞նչ է պետք, տղաս:
ԿԱՐԵՆ — Օնիկ պապի հետ բնակարանս վաճառեք ու պարտքերս տվեք: Ինչ որ մնա` պահի Նանեի թաղման համար: Թագուհու նման կթաղես:
ՀՐԱՆՏ — (արցունքը սրբելով): Լացս բերիր, շան տղա:
Դադար:
ԱՐԱՄ — Լավ աշուն ա:
ՀՐԱՆՏ — Հա, վաղուց այսպես չէր եղել:
ԿԱՐԵՆ — Լավ բերք կլինի:
ԱՐԱՄ — Պրոֆեսոր ջան, նկուղի բանալիներն են, ցախ կա, պահածոներ… Ձմեռը պետք կգա:
ՀՐԱՆՏ — Շնորհակալություն:
Մոտենում է Օնիկը:
ՕՆԻԿ — Թռչո՞ւմ եք: Ապրե՛ք… զուգվել-զարդարվել եք:
ԿԱՐԵՆ — Գիտես` մեզ համար հեշտ ա՞:
ՕՆԻԿ — Մարմիններդ կփրկեք, բա հոգո՞ւ հետ ինչ եք անելու: Էլ ինչի՞ եք մենակ գնում, ամբողջ Երևանն էլ տանեիք:
ԱՐԱՄ — Պապ, մի ճնշի: Ավելի լավ ա` ասա, ի՞նչ անենք:
ՕՆԻԿ — Դուք ամեն ինչ որոշել եք: (Ձեռքը թափ տալով մոտենում, շոյում է ծառի բունը, Վազգենին:) Ո՞նց է հասակ առել: Հայրդ ամեն առավոտ ջրում էր, երեխայի պես ուրախանում էր թթի հասնելուն, բայց մի անգամ թութ չկերավ:
ՎԱԶԳԵՆ — Բժիշկները արգելել էին: Մահից առաջ մի բուռ համտես արեց ու ժպիտով հոգին տվեց: Ինձ թվում է` հորս հոգին ծառի մեջ է: Ամեն առավոտ խոսում եմ հետը… Իսկ այսօր ծառը լռում է: Ի՞նչ է մարդկանց պակասում, ի՞նչ են աշխարհից տանելու: Պապ, տղուդ ասա` թույլ չտա, որ ծառը կտրեն:
ՕՆԻԿ — Նրանից ոչինչ չեմ խնդրի:
ՎԱԶԳԵՆ — Ապրես, պապ: Ամո՛թ մեր սպիտակ մազերին, մենք պիտի ծառը պաշտպանենք:
ՍԻՐՈՒՇ — Տղամարդի՛կ, ամեն ինչ պատրաստ ա:
ԱՄԱԼՅԱ — Շուտ արեք, թռիչքին քիչ ա մնում:
Բոլորը տաղավար են մտնում, նստում են:
ՍԻՐՈՒՇ — Բա ո՞ւր ա Հրանտը, չէ՞ որ նա մեր թարգմանիչն ա:
ԿԱՐԵՆ — Նանեի մոտ ա մտել: (Գոռում է:) Հրանտ քեռի, քեզ ենք սպասում:
Հրանտը դուրս է գալիս տնակից, գունատ է:
ՍիՐՈՒՇ — Հրանտ Վարդանովիչ, Նանեն չի՞ գալու:
ՀՐԱՆՏ — Ի՞նչ… այո: Ոչ, չի գալու:
ԱՄԱԼՅԱ — Պրոֆեսոր, ինչո՞ւ եք գունատվել:
ՀՐԱՆՏ — Վաղուց չէի ծխել:
ՍԻՐՈՒՇ — Մի բան կեր`կանցնի:
ՀՐԱՆՏ — Այո-այո… շնորհակալություն:
Դադար:
ԱՄԱԼՅԱ — Ի՞նչ եք քթներդ կախել, էդպե՞ս են ճանապարհ դնում:
ԱՐԱՄ — Հա, ոնց որ քելեխի սեղան լինի:
ԱՄԱԼՅԱ — Լեզուդ չորանա, այ մարդ:
Դադար:
ՍԻՐՈՒՇ — Մի բան կերեք, առավո­-տից սոված եք:
ՕՆԻԿ — Կարեն, լցրու: Էնպես ճա-նապարհ դնենք` երկար հիշեք: (Կարենը կոնյակ է լցնում:) Եկեք խմեք մեկնողների կենացը: Ափսո՛ս, որ հրամանատարը ես չեմ, էնպես տեղ հասցնեի…
Ծիծաղում են բոլորը, բացի Հրանտից:
ՍԻՐՈՒՇ — Ձեզ համբերություն, մեզ էլ` շուտ վերադարձ:
ԱՄԱԼՅԱ — Կգանք, սեղան կգցենք, կոնյակ կխմենք: Ամեն ինչ նորից այսպես կլինի:
ՎԱԶԳԵՆ — Էլ երբեք այսպես չի լինի:
ԿԱՐԵՆ — Մենք անպայման կվերա-դառնանք: Մի քիչ փող կհա-վաքենք ու կվերադառնանք:
ԱՐԱՄ — Առանց հարևանների ու բարեկամների ո՞նց կլինի: Առանց էս բակի ու ծառի ո՞նց կլինի: (Խփում է բոլորի բաժակներին ու համբուրվում:)
ԱՄԱԼՅԱ — Տես, ո՛նց ա բացվել… վերջում լացելու ա:
ԱՐԱՄ — Հոյակապ կոնյակ ա, պապ:
ԿԱՐԵՆ — Փառահե՛ղ է… պապ, էլի կա՞:
ՕՆԻԿ — Տանե՞լ ես ուզում, շան տղա: Քո բարիքը սեփական հողում խմի:
ԿԱՐԵՆ — Դե լա՛վ, պապ, մի շիշ տանենք` զարմացնենք:
ՕՆԻԿ — Զարմացրիք: Հայրենիքը փրկելու փոխարեն փախչում եք:
ԱՄԱԼՅԱ — Էկեք չվիճենք…
ՕՆԻԿ — Դուք էս տեսակ կոնյակ խմել ե՞ք:
ՎԱԶԳԵՆ — Որ Էրեբունի-Երևանի 2750-ամյակն էինք նշո՞ւմ:
ՕՆԻԿ — Ճիշտ այդպես: Այսքան տարի է անցել` աչքիս առաջ է:
ՍԻՐՈՒՇ — Համաժողովրդական տոն էր, ուրախությունից լաց էինք լինում: Սեղաններ էին բացել բակում ու փողոցում, երգ ու պար՝ մինչև առավոտ: Նանեն պասուց տոլմա էր պատրաստել` Վանի: Մատներդ հետը կուտեիր:
ԱՄԱԼՅԱ — Արամը ինձ ծնողների հետ ծանոթացրեց: Ջահել էինք…
ՍԻՐՈՒՇ — Ուրախ-զվարթ ապրում էինք…
ԱՐԱՄ — Հիմա ամեն ինչ փող ու պաշտոնի կռիվ ա:
ԿԱՐԵՆ — Բա ես որտե՞ղ էի, որ Երևանի օրն էին տոնում:
ՕՆԻԿ — Սեղանի տակ չոչ էիր անում: Հորդ հետ շուրթերիդ էս կոնյակից քսեցինք… Լավ մարդ էր, Աստված հոգին լուսավորի:
ԿԱՐԵՆ — Դրա համար մանկությունից ծանոթ համ է:
Բոլորը շինծու ծիծաղում են: Դադար:
ՍԻՐՈՒՇ — Իսկ Նանեին հիշու՞մ եք… տարազով, ճակատին` արծաթ դրամները… Գեղեցկուհի էր:
ԿԱՐԵՆ — Ինքը հիմա էլ ա սիրուն:
Հրանտը ճակատն է սրբում:
ԱՐԱՄ — Հրանտ ջան, վա՞տ ես:
ՍԻՐՈՒՇ — Կոնյակ խմի, էս կոնյակը ամեն բան կբուժի:
ՀՐԱՆՏ — Այո, այո… շնորհակա-լություն: (Խմում է:)
ԱՄԱԼՅԱ — Էդքան տարի համերաշխ ապրեցինք` ոչ կռիվ, ոչ մի չար խոսք: Երեկոյան տղամարդիկ նարդի են խաղում, խորոված անում… լա՛վ էր…
ՍԻՐՈհՇ — Նելլիի հետ պատշգամ-բում թեյ էինք խմում… Մեր աղջիկները նույն օրը ծնվեցին, Հրանտն ու Վազգենը ծննդատան պատերի տակ էն համերգը տվեցին… հիշո՞ւմ եք:
ՕՆԻԿ — Կարեն, քնե՞լ ես, տղա:
Կարենը կոնյակ է լցնում:
ԱՐԱՄ — Վազգեն ջան, պատմի, ոնց Հրանտի հետ գնացիք գինի բերելու մեր հարսանիքին:
ՎԱԶԳԵՆ — (նյարդային): Ինչքա՞ն կարելի է…
ԱՄԱԼՅԱ — Հրանտ Վարդանովիչ, դու պատմի, խնդրում ենք: (Հրանտը բացասաբար գլուխն է օրորում:) Մի շաբաթ քեֆ էինք անում, հիշո՞ւմ ես:
ՎԱԶԳԵՆ — (պայթում է): Հիշում ես, չես հիշում… Ինձ հանգի՛ստ թողեք:
ՍԻՐՈՒՇ — Գիտես` մեզ համար հե՞շտ է: Աստված տեսնում է` մեր սրտում թախիծ կա, բայց հանուն երեխաների, հանուն ձեր…
Ձեռքը թափ տալով ուզում է սեղանից հեռանալ: Օնիկը պահում է նրան, համբուրում է ձեռքը, գրկում:
ՕՆԻԿ — Ներիր մեզ, աղջիկս, ների՛ր…
ՎԱԶԳԵՆ — (խուլ): Հիշո՞ւմ եք Հրան-տի դիսերտացիայի պաշտպանությունը: Շենքի բնակիչները…
ԱՐԱՄ — Սաղ բակը, հարազատները, նույնիսկ քեռի Միշան էր էկել:
ՕՆԻԿ — Իսկ Գեորգի Ստեփանովիչը ի՛նչ ձկներ էր բերել: Արաքսից:
ԱՐԱՄ — Լավ բան շատ կար, չէ՞, Հրանտ Վարդանովիչ:
ՀՐԱՆՏ — Այո, այո…
ԱՐԱՄ — Տրամադրությունդ մի տեսակ է: Բա՞ն է պատահել:
ՀՐԱՆՏ — Հոգնել եմ…
ԱՐԱՄ — Քիչ է մնացել, շուտով կթռչենք:
ԿԱՐԵՆ — Մարդուն ի՞նչ է պետք` տուն, լավ հարևաններ, մեկ էլ` սիրած գործ…
ՍԻՐՈՒՇ — Ի՛նչ սրտով ենք թռչում: Մեր սրտերը մնում են ձեզ հետ, այս բակում:
ՎԱԶԳԵՆ — Լքված Սրտերի Հանրապետություն:
Դադար:
ՕՆԻԿ — Ես խելագարվում եմ լռությունից, ո՞ւր է երեխաների աղմուկը, գնդակի հարվածը, ապակու շրխկոցը… Ո՞ւր է աղավնիներ թռցնող տղան: Ո՞ւր է կռունկը, որ գարնանը բույն էր դնում թթենու վրա: (Դադար:) Երբ մանչեր չեն ծնվում ու ծերերը մեռնում են` քաղաքներ են կործանվում:
Վազքով գալիս է Լևոնը, այլայլված է, ցայտաղբյուրից ջուր է խմում, լվանում է դեմքը: Մոտենում է:
ԼԵՎՈՆ — Հլը նայի, կոնյա՛կ են խմում: Ֆալշ ա՞: (Վերցնում է բաժակը, խմում է:) Հոյակապ կոնյակ ա: Հլը դեռ ասում են` աղքատները վատ են ապրում: Իմ գեղեցկուհուն չե՞ք տեսել:
ՍԻՐՈՒՇ — Ընկերոջդ հետ գնաց: Ճամպրուկներով:
ԼԵՎՈՆ — (խելագար ծիծաղում է): Քցեցի՛ն… Բռնեմ` մորթելու եմ: Տակ տվեցի, ամեն ինչ կորցրի: Ուրախացեք, նախանձում էիք ինձ… աչք էիք դրել հարստությանս վրա:
ԱՄԱԼՅԱ — Կեղտոտ փողերդ ո՞ւմ են պետք:
ՍԻՐՈՒՇ — Կնոջդ ու տղաներիդ դուրս արեցիր` թեթևսոլիկին բերեցիր, խաբում էիր, գողանում, ընտանիքներ էիր քանդում: Աստված էլ հո կա՛…
ԼԵՎՈՆ — Հույսով ապրեք… (Կարե-նին.) Փողը ե՞րբ ես տալու:
ԿԱՐԵՆ — Օնիկ պապը բնակարանը կծախի ու պարտքը կտա:
ԼԵՎՈՆ — Տոկոսով: Բա ի՞նչ եք հավաքվել:
ՕՆԻԿ — Մեկնում են:
ԼԵՎՈՆ — Հեռո՞ւ:
ՕՆԻԿ — Կաթնաղբյուրներ:
ԼԵՎՈՆ — Կազինո, ավտոմատ խաղեր կա՞ն:
ՀՐԱՆՏ — Այնտեղ արգելված է:
ԼԵՎՈՆ — Ափսոս: Դե լավ, ես գնացի: Տեսնեմ` ինչ ա մնացել:
Լևոնը անհաստատ քայլերով գնում է:
ՍԻՐՈՒՇ — Լևոնից ազատվեցինք: Վազգեն ջան, հանգիստ կարող ենք թռչել:
ՕՆԻԿ — Եթե ամեն մեկը պաշտպաներ իր բակը, տունը, իր հոգին` այսպես չէր լինի:
ԼԵՎՈՆ — (մուտքի շեմին շրջվում է): Շուտ եք Լևոնին թաղում… հլը ոտի կկայնեմ, իմս կասեմ…
Ինչ-որ մեղեդի երգելով ներս է մտնում: Սեղանի շուրջը ճնշող լռություն է:
ՎԱԶԳԵՆ — (կոնյակը մի շնչով խմում է): Խոսում ենք, խոսում… Խոսքեր ենք գտնում, պատճառներ որոնում, փորձում ենք արդարանալ… Գնում ենք: Ինչի՞ համար, ո՞ւր… Գուցե մենք ժողովուրդ չե՞նք, գուցե Հայրենի՞ք չունենք: Հեշտ է բախտից բողոքել, օր-օրի սպանել հոգին ու հավատը, իսկ հետո գնալ: Բայց ո՞վ է կառուցելու մեր տունը, ո՞վ է տնկելու ծառը, ո՞վ է ծնելու սերունդներին: Ամեն մեկը մտածում է ընտանիքը փրկելու մասին, բայց ո՞վ է փրկելու Հայրենիքը: Չէ՞ որ թշնամին չի նվաճել ու չի կողոպտում նրան, այլ` մենք: Մե՛նք: (Երկար դադար:) Ով մեկնել է` չի վերադառնա: Ու կկորցնի ծառը ևս մի տերև ու կչորանա ևս մի ճյուղ: (Դուրս է գնում տաղավարից:)
ՍԻՐՈՒՇ — Վազգեն, էդ ո՞ւր…
ՎԱԶԳԵՆ — Տուն: Իմ տունը: (Մուտ-քով ներս է մտնում:)
ԱՐԱՄ — Հրանտ ջան, շա՞տ է մնում թռիչքին:
ՀՐԱՆՏ — Կես ժամ:
ՍԻՐՈՒՇ — Գնամ, իրերը հավաքեմ ու Վազգենին համոզեմ:
ԱՄԱԼՅԱ — Մենք էլ գնանք, ճանա-պարհից առաջ մեր տանը նստենք:
ԿԱՐԵՆ — Իսկ ես ի՞նչ անեմ…
Արամը, Սիրուշը, Ամալյան, Կարենը գնում են: Մնում են Հրանտն ու Օնիկը:
ՕՆԻԿ — Բա՞ն է պատահել:
ՀՐԱՆՏ — Նանեն հոգին ավանդեց:
Դադար:
ՕՆԻԿ — Ասե՞նք նրանց…
ՀՐԱՆՏ — Թող նրանց հիշողության մեջ կենդանի մնա:

Տեսիլ երրորդ
Կեսգիշեր: Բակ են վազում Սևակն ու Անուշը` անձրևից թրջված: Տեսնելով մութ պատուհանները` կանգ են առնում: Տիեզերանավը չկա, ոչ ոք չկա: Անուշը լաց լինելով մոտենում է ծառին, Սևակը հետևում է նրան:
ՍԵՎԱԿ — Լաց մի լինի:
ԱՆՈՒՇ — Թռել են… ո՞նց պիտի ապրեմ:
ՍԵՎԱԿ — Բայց ես կամ, մեր սերը կա, Նանեն, քեռի Հրանտն ու Օնիկ պապը… ովքեր մնացել են քաղաքում: Մենք մենակ չենք:
ԱՆՈՒՇ — Բայց նրանք չկան… ո՞նց գնամ տուն…
ՍԵՎԱԿ — Նրանք տասը տարուց վերադառնալու են ու միանգամից կընկնեն թոռների գիրկը: Գնանք, ինձ մոտ կգիշերես:
Բացվում է պատուհանը:
ՍԻՐՈՒՇ — Էդ ո՞ւր ես Անուշին տանում, նա տուն չունի՞… Գիշերվա էրկուսն ա` դեռ ման են գալիս:
ԱՆՈՒՇ — (ուրախ): Մայրի՛կ… դուք չե՞ք մեկնել:
ՍԵՎԱԿ — Սիրուշ մայրիկ, մնացե՞լ եք:
ՍԻՐՈՒՇ — Մնացինք, մնացինք… Կամաց, հայրիկը քնած է: Անուշ, տո՛ւն: Սևակին էլ հետդ բեր:
ՍԵՎԱԿ — Ես է՞լ գամ…
ՍԻՐՈՒՇ — Արի, արի, քո սիրած գաթան եմ թխել:
ՍԵՎԱԿ — Տուն մտնեմ, Նանեին տեսնեմ…
ՍԻՐՈՒՇ — Էնտեղ գնալ պետք չէ, արի մեզ մոտ:
ԿԱՐԵՆ — (հայտնվելով:) Իսկ ո՞վ ինձ մի կտոր գաթա կհյուրասիրի: Կոնյակից հետո քաղցրը ձգում է:
ՍԻՐՈՒՇ — Դու էլ արի, քաղցրակեր ու շատախոս: (Ծիծաղում է:)
ՍԵՎԱԿ — Կարեն, մնացե՞լ ես… իսկ ո՞վ է թռել:
ԿԱՐԵՆ — Հանգի՛ստ, արտիստ: Նեգր Լևոնին ենք ուղարկել: Մեկ էլ տեսար` էնտեղ նրանից մարդ սարքեցին:
ԱՐԱՄ — Որ քնել չեք ուզում, գոնե սուրճ եփեք:
ԱՄԱԼՅԱ — Բա հետո ո՞նց ես քնելու, վաղը գործի ես:
ԱՐԱՄ — Էլ տոնավաճառ չեմ գնա, հերիք է, զզվել եմ:
ԱՄԱԼՅԱ — Բա ո՞նց ենք ապրելու:
ԱՐԱՄ — Կապրենք, չենք կորի… Կարևորը՝ միասին ենք:
ՍԻՐՈՒՇ — Արամ ջան, ես կեփեի, բայց սուրճ չունեմ:
ԱՄԱԼՅԱ — Սուրճը՝ ինձնից:
ՕՆԻԿ — Էս խի՞ ա մութ: Լույսերը վառեք, մենք միասին ենք:
Բոլոր պատուհաններում վառվում են լույսերը` բացի չորրորդ հարկից:
ԱՐԱՄ — Հրանտ ջան, էդ կազմակերպված գործ ա, դուք Վազգենի հետ նորից գինու ետևից պիտի գնաք:
ՀՐԱՆՏ — Մենք միշտ պատրաստ ենք:
ԿԱՐԵՆ — Ամալյա ջան, մի ուրախ բան երգիր:

Ամալյան երգում է, աստիճանաբար նրան ձայներ են միանում, երգը տարածվում է Երևանի մութ փողոցներով և արձագանքվելով` վերադառնում է բակ: