Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ / ՀԻՆ ՏՈՒՆԸ

Դրամա երկու մասից
Գործող անձինք
ԱՐՏԱԿ ՍԻՄՈՆՅԱՆ — թոշակառու մանկավարժ, մոտ 70 տարեկան
ՍԻՐՎԱՐԴ ԱՄԻՐՅԱՆ — նրա կինը, նախկին պարուհի, այժմ թոշակառու
ՎԱՀԻԿ — մոտ 20 տարեկան
ԱՎԵՏ — Արտակի և Սիրվարդի ավագ որդին, մոտ 50 տարեկան
ԳՈՒՐԳԵՆ — Արտակի և Սիրվարդի երկրորդ որդին, մոտ 45 տարեկան
ՆՈՒՆԵ — Արտակի և Սիրվարդի դուստրը, 40-ին մոտ
ԼՈՒՍԻՆԵ — Արտակի դուստրը, մոտ 20 տարեկան
ԳԻՐՈՒԿ ՏԻԿԻՆ
ԲԱՐՁՐԱՀԱՍԱԿ ՏՂԱՄԱՐԴ
ՃԱՂԱՏ ՄԱՐԴ
ՀԱՅՐԻԿ — մոտ 25 տարեկան

ԱՌԱՋԻՆ ՄԱՍ

Հին, իրացման ենթակա երևանյան տուն: Հյուրասենյակն ու խոհանոցը միացված են: Հյուրասենյակից մի դուռ տանում է ննջարան: Սենյակի կենտրոնում հին ու մեծ սեղան է, շուրջը` վիեննական աթոռներ: Պատերի տակ՝ կապոտած գրքեր, ծածկոցների մեջ` անկողիններ: Այն տպավորությունն է, որ տանտերերը պատրաստվում են հեռանալ այստեղից:
Կեսօր է: Ոչ ոք չկա: Լսվում է ջութակի միալար ձայնը՝ ինչ-որ մեկը նվագել է սովորում: Մտնում է Արտակը:
ԱՐՏԱԿ — (ձայնի մեջ` զայրույթ): Քանդում են, սարքում են… Ավերում են: Անորոշությունն էլ մի կողմից է հոգեհան անում: Չգիտենք, թե հերթը երբ է մեզ հասնելու: Գոնե Սիրվարդը տանը լիներ, սուրճ տար: Գլուխս ցավում է, Վահիկի ջութակն էլ է սկսել ազդել վրաս: Խեղճ տղան գիշեր-ցերեկ պարապում է, որ մրցույթի մասնակցի, բայց դեռ ոչինչ չի ստացվում: (Վերցնում է մի աթոռ, տանում ննջարանի դռան մոտ, նստում է:) Բազմոցն էլ վաճառեցինք, լիներ` կպառկեի, վերմակը գլխիս կքաշեի ու ոչինչ չէի լսի: (Աթոռը վերցնում, բերում է կենտրոն, նստում է:) Երևի մի տարիք կա, երբ ամեն ինչ անհարմար է, ամեն ինչ խանգարում է, ամեն ինչ դժգոհություն է ծնում: Սիրվարդն ուշանում է: Մոտակայքում խանութ կար, դա էլ քանդեցին, հիմա ստիպված է գնալ կենտրոնական պողոտա, այնտեղ գնումներ անել: Հոգնում է, դժվարությամբ է քայլում: Ինչքան ասի, որ թողնի` ես գնամ խանութ… Էհ, խղճում է ինձ, խնայում: Գոնե շուտ գար: (Լսվում են պատին տեղացող հարվածներ: Արտակը տեղից թռնում է:) Ջուրը միացրին: Առավոտից անջատել էին… շինարարական աշխատանքներ: Ջուր հավաքեմ, Սիրվարդն ուզում էր լվացք անել: (Դուրս է գալիս սենյակից:)
Գալիս է Սիրվարդը: Նա պայքարում է ծերության դեմ, ուստի քայլում է ձգված, թաքցնելով տարիքը:
ՍԻՐՎԱՐԴ — (վայր է դնում ձեռքի պայուսակները:) Սարսափելի շոգ է, դժվար է քայլելը: (Նստում է:) Արտա՛կ… Արտա՛կ… Երևի գնացել է Միհրանի մոտ:
ԱՐՏԱԿ — (գալիս է): Եկա՞ր:
ՍԻՐՎԱՐԴ — Ինչպես տեսնում ես:
ԱՐՏԱԿ — Շատ ուշացար, սկսեցի անհանգստանալ:
ՍԻՐՎԱՐԴ — Անտանելի շոգ էր, խանութում էլ, ինչպես միշտ, եռուզեռ էր:
ԱՐՏԱԿ — Տաքսիով կգայիր:
ՍԻՐՎԱՐԴ — Ուզում էի քայլել… Ամբողջ օրը տանն եմ: Քայլելը լավ է:
ԱՐՏԱԿ — Բայց ոչ պայուսակներով: Կզանգեիր, ընդառաջ կգայի քեզ:
ՍԻՐՎԱՐԴ — Մի ուրիշ անգամ՝ անպայման: Ջուր հավաքե՞լ ես:
ԱՐՏԱԿ — Քիչ առաջ, նոր միացրին:
ՍԻՐՎԱՐԴ — Դե, լավ է: Մի քիչ հանգստանամ, քեզ թեյ տամ: Քո սիրած գաթան եմ գնել:
ԱՐՏԱԿ — Շատ ուշադիր ես, երբեք չես մոռանում:
ՍԻՐՎԱՐԴ — Վահիկի համար էլ խնձոր եմ գնել: Խեղճ տղան առավոտից երեկո պարապում է, լրիվ հյուծվել է: Նրան միրգ է պետք:
ԱՐՏԱԿ — Ճիշտ ես վարվել, Վահիկը մրգի կարիք ունի: Հիմա թեյնիկը կմիացնեմ:
ՍԻՐՎԱՐԴ — Դու նստիր, ես կանեմ:
ԱՐՏԱԿ — Գոնե պայուսակները տանեմ:
ՍԻՐՎԱՐԴ — Լավ, հիմա ոտքի կկանգնեմ:
Արտակը վերցնում է պայուսակներն ու դուրս տանում: Սիրվարդը մոտենում է գրքերի կապուկին:
ՍԻՐՎԱՐԴ — Ե՞րբ է այս ամենը վերջանալու, ե՞րբ ենք վերջապես տեղափոխվելու… Կարծես փողոցում ապրենք: (Պահարանից հանում է թեյի սպասք, դասավորում սեղանին:) Երեկոյան չմոռանանք երեխաներին զանգել: Քանի օր է, չենք զանգել, չենք հետաքրքրվել:
Մտնում է Արտակը՝ բերելով թեյնիկը:
ԱՐՏԱԿ — Թեյը պատրաստ է: Վահիկին էլ կանչեմ:
ՍԻՐՎԱՐԴ — Սպասիր, դեռ սեղանին ոչինչ չեմ դրել: (Դուրս է գնում:)
Արտակը մոտենում է պատին ու բախում: Պատասխան բախոց է լսվում: Սիրվարդը բերում է թխվածք և միրգ: Արտակն ընդառաջ է գնում:
ՍԻՐՎԱՐԴ — Վահիկին կանչեցի՞ր արդեն:
ԱՐՏԱԿ — (մեղավոր): Չսպասեցի:
ՍԻՐՎԱՐԴ — Լավ ես արել: Օգնիր…
Երկուսով միրգն ու թխվածքը դնում են սեղանին:
ՍԻՐՎԱՐԴ — Դե նստիր, հիմա Վահիկը կգա:
ԱՐՏԱԿ — Դու էլ նստիր: (Նստում է:)
Գալիս է Վահիկը:
ՎԱՀԻԿ — Ես եկա:
ՍԻՐՎԱՐԴ — Կեցցես, դե նստիր: (Վահիկը նստում է:) Սկզբում թխվածք կուտես, հետո` խնձորը, շատ օգտակար է:
ՎԱՀԻԿ — Դուք շատ ուշադիր եք, տիկին Սիրվարդ:
ՍԻՐՎԱՐԴ — (թեյ է լցնում): Գիտեմ, որ առավոտյան ոչինչ չես կերել:
ՎԱՀԻԿ — Պարապում եմ, ուզում եմ հասցնել:
ԱՐՏԱԿ — Կհասցնես: Ե՞րբ է մրցույթը:
ՎԱՀԻԿ — Ինչպես ասում են, հինգ րոպեից… Տասն օրից…
ՍԻՐՎԱՐԴ — (նստում է): Դու կհաղթես, չմտածես: Սիրտս վկայում է, որ առաջին տեղն ես գրավելու:
ՎԱՀԻԿ — Իմ պրոֆեսորն էլ նույնն է ասում: Ասում է, որ իմ մեկնաբանությունը շատ հետաքրքիր է: Տեխնիկաս էլ չի զիջում որևէ մեկին:
ԱՐՏԱԿ — Հիմա կարևորն ուտելու տեխնիկան է:
ՎԱՀԻԿ — Դուք այնքան եք կերակրում, որ շուտով քայլել չեմ կարողանա:
Փողոցից անցնող բեռնատարի աղմուկ:
ԱՐՏԱԿ — Էլի… Սրանք հանգիստ չունե՞ն:
ՎԱՀԻԿ — Դե, նոր շենք են կառուցում:
ԱՐՏԱԿ — Հասկանում եմ, որ նոր շենք են կառուցում, նոր քաղաք են ստեղծում՝ հինը դուրս շպրտելով: Բայց գոնե այստեղ ապրողների մասին մտածեն:
ՎԱՀԻԿ — Մտածում են, այնքան են մտածում, որ շուտով մեզ այստեղից կհանեն: Ծնողներս էլ կգան ու ինձ չեն գտնի:
ՍԻՐՎԱՐԴ — Նախնադարում չենք ապրում, կտեղեկացնենք նրանց, թե ուր ենք տեղափոխվում: Արտակ, այսօր չմոռանանք երեխաներին զանգել…
ԱՐՏԱԿ — (փոքր-ինչ բորբոքված): Մենք չմոռանանք զանգել, իսկ իրենք մոռանում են, չեն հիշում:
ՍԻՐՎԱՐԴ — Զբաղված են, աշխատում են, երեխաների հոգսն էլ մյուս կողմից:
ԱՐՏԱԿ — Մենք էլ էինք աշխատում, մենք էլ էինք զբաղված, մենք էլ երեխաներ ունեինք, բայց ծնողներին չէինք մոռանում, ամեն շաբաթ այցելում էինք, երեխաներին էինք տանում նրանց մոտ, որ չկարոտեն…
ՍԻՐՎԱՐԴ — Ներիր, Արտակ, բայց դու չես ուզում հաշվի նստել ժամանակների հետ: Մենք այլ ժամանակներում էինք ապրում, օրվա հացի համար կռիվ չէինք տալիս:
ԱՐՏԱԿ — Կողքից լսողը կարող է մտածել, որ մեր զավակներն ապրում են ծանր պայմաններում, որ հացի համար կռիվ են տալիս: Իրենք չեն գալիս, գոնե երեխաներին ուղարկեն:
ՎԱՀԻԿ — (ուզում է վեր կենալ): Ես գնամ…
ԱՐՏԱԿ — Չէ, չէ, Վահիկ, տղաս, նստիր: Դու մեզ համար օտար չես: Մեր մի թոռն էլ դու ես, մեր տղան…
ՍԻՐՎԱՐԴ — Դու գաթա շատ ես սիրում, Արտակ, հատուկ գնել եմ քեզ համար:
ԱՐՏԱԿ — Ամեն անգամ, երբ ուզում եմ լրջորեն խոսել մեր զավակների վերաբերմունքի մասին, ընդհատում ես: Ինչո՞ւ:
ՍԻՐՎԱՐԴ — Որովհետև հիսուն տարի կլինի, որ միասին ենք ապրում, որովհետև իրար ճանաչում ենք հիսուն տարի…
ՎԱՀԻԿ — Իսկ հիսուն տարին շա՞տ է, թե՞ քիչ:
ՍԻՐՎԱՐԴ — Մեր դեպքում՝ քիչ է, որովհետև ամեն օր հասկանում ենք, որ դեռ հասկանալու, իրար ըմբռնելու շատ բան կա: Մինչև վերջերս ինձ թվում էր, թե այդ հիսուն տարին ապրել ենք միասին, իսկ հիմա սկսում եմ կասկածել, արդյո՞ք չեն եղել երկարատև արձակուրդներ…
ԱՐՏԱԿ — Ոչ մի արձակուրդ էլ չի եղել, ապրել ենք իրար հետ, հասկացել ու գնահատել ենք իրար: Հիմա մեր զավակների պահվածքը բաժանում է մեզ երկու բանակի…
ՍԻՐՎԱՐԴ — Լավ, Արտակ, դժվար չի լինի նրանց զանգելն ու խոսելը:
ՎԱՀԻԿ — Ուզո՞ւմ եք, ես կզանգեմ, Լուսինեի հետ հաճախ ենք խոսում հեռախոսով:
ԱՐՏԱԿ — Լուսինեն չի՞ մեկնել Փարիզ:
ՎԱՀԻԿ — Վաղուց է վերադարձել, Արտակ պապիկ… Չգիտեի՞ք:
ՍԻՐՎԱՐԴ — Դե, գիտեինք, որ պիտի մեկներ, բայց վերադարձի մասին ոչինչ չգիտենք:
ԱՐՏԱԿ — Խնդրեմ, մեծ թոռնիկդ մեկնում է Փարիզ, վերադառնում, իսկ դու ոչինչ չգիտես:
Դռան բախոց: Վահիկը ոտքի է կանգնում:
ՍԻՐՎԱՐԴ — Վահիկ, տես` ո՞վ է:
Վահիկը դուրս է գալիս, վերադառնում է Գիրուկ տիկննոջ հետ:
ԳԻՐՈՒԿ ՏԻԿԻՆ — (կարծես վաղեմի ծանոթներ լինեն): Բարև ձեզ, ինչպե՞ս եք:
ՍԻՐՎԱՐԴ — (կանգնում, ուշադիր նայում է տիկնոջը, կարծես ուզում է մտաբերել նրան): Բարև ձեզ, բայց ես ձեզ չեմ հիշում: Արտակ, դու տիկնոջը հիշո՞ւմ ես:
ԱՐՏԱԿ — (նույնպես կանգնում, թոթվում է ուսերը): Չեմ կարողանում մտաբերել:
ԳԻՐՈՒԿ ՏԻԿԻՆ — (առանց հրավերի նստում է սեղանի մոտ): Որտեղի՞ց պիտի հիշեք, մենք առաջին անգամ ենք հանդիպում:
ՍԻՐՎԱՐԴ — Այդ դեպքում թույլ տվեք հարցնել, դուք ո՞վ եք:
ԳԻՐՈՒԿ ՏԻԿԻՆ — (ծիծաղելով): Հեքիաթի բարի փերին եմ, եկել եմ, որ ձեզ ուրախացնեմ:
ԱՐՏԱԿ — Իսկ ավելի լո՞ւրջ…
ԳԻՐՈՒԿ ՏԻԿԻՆ — Իսկ ավելի լուրջ քիչ հետո կխոսենք: Մի քիչ հանգստանամ: Այս շոգին ահագին ճանապարհ եմ եկել, հազիվ գտա ձեր տունը: Շուրջն ավերակներ են, մեքենաներ, նոր կառուցվող շենք…
ՍԻՐՎԱՐԴ — Եթե առաջին անգամ ենք հանդիպում, ինչո՞ւ էիք փնտրում մեր տունը:
ԳԻՐՈՒԿ ՏԻԿԻՆ — Սիրելի տիկին… Ներեցեք, ձեր անունը կասե՞ք:
ՍԻՐՎԱՐԴ — Սիրվարդ է անունս, Սիրվարդ Ամիրյան:
ԳԻՐՈՒԿ ՏԻԿԻՆ — Սիրվարդ Ամիրյա՞ն… Ինչ-որ տեղ լսել եմ այդ անուն-ազգանունը, բայց հիմա չեմ հիշում: Լավ, հետո կհիշեմ: Ես ձեր տունն էի փնտրում, որովհետև ուզում էի հանդիպել ձեզ հետ, մի շատ կարևոր հարց քննարկել: (Նայում է Վահիկին:) Ձեր թոռնի՞կն է:
ԱՐՏԱԿ — Այո, մեր թոռնիկն է: Իսկ ինչի՞ մասին պիտի խոսեք մեզ հետ:
ԳԻՐՈՒԿ ՏԻԿԻՆ — Ինչքա՛ն անհամբեր եք… Ասենք, երբ մարդիկ մեծանում են, միշտ անհամբեր են դառնում: Կխոսենք անպայման: (Ձեռքի մեծ պայուսակից կոնյակի շիշ է հանում, փաթեթներ և դնում սեղանին:) Սրանք ձեզ:
ՍԻՐՎԱՐԴ — Մեզ ոչինչ պետք չէ:
Վահիկի հեռախոսն է զանգում:
ՎԱՀԻԿ — Ասա, լսում եմ… Կներես, չկարողացա գալ: Լավ, քիչ հետո կգամ: Որտե՞ղ… Թամանյանի արձանի մո՞տ: Իսկ գուցե մեկ ուրիշ տեղ… Դե լավ, ինչպես կասես… (Արտակին.) Չե՞ք նեղանա, որ ես գնամ:
ԱՐՏԱԿ — Չէ, ի՞նչ ես ասում, բայց շուտ կգաս, շատ երկար չմնաս դրսում:
ՎԱՀԻԿ — Իհարկե, իհարկե, շուտ կգամ… Ցտեսություն: (Դուրս է գնում:)
ՍԻՐՎԱՐԴ — Ձեզ թեյ տա՞մ:
ԳԻՐՈՒԿ ՏԻԿԻՆ — Գերադասում եմ սուրճը, բայց շատ եմ խմել, չեմ ուզում: Իսկ իմ փոքրիկ նվերից մի հրաժարվեք, անկեղծորեն եմ բերել: Դե, առաջին անգամ ոտք եմ դրել ձեր տուն… Ինչպես ասում են, հանուն քաղաքավարության:
ԱՐՏԱԿ — Իսկ հանուն քաղաքավարության, ի վերջո, կասե՞ք, թե ով եք, ի՞նչ եք խոսելու մեզ հետ:
ԳԻՐՈՒԿ ՏԻԿԻՆ — Դուք բավական զայրացկոտ եք երևում, հարգելի… կներեք, ի՞նչ է ձեր անունը:
ԱՐՏԱԿ — Այս շոգին, հաղթահարելով բազմաթիվ դժվարություններ, եկել եք մեր տուն ու մեր անունները չգիտեք: Ես Արտակ Սիմոնյանն եմ:
ԳԻՐՈՒԿ ՏԻԿԻՆ — (զարմացած): Դուք ամուսիններ չե՞ք:
ՍԻՐՎԱՐԴ — Ամուսիններ ենք, մոտ հիսուն տարի…
ԳԻՐՈՒԿ ՏԻԿԻՆ — Ձեր ազգանունները տարբեր են:
ԱՐՏԱԿ — Այդպես է պետք եղել… Իսկ ձեր անունն ի՞նչ է:
ԳԻՐՈՒԿ ՏԻԿԻՆ — Իմ անունը… բավական երկար ու ոչ հայկական անուն է: Հենց մտերմանանք` կասեմ:
ԱՐՏԱԿ — Այդ դեպքում, գուցե արդեն խոսե՞ք:
ԳԻՐՈՒԿ ՏԻԿԻՆ — Իսկ մի՞թե այսքան ժամանակ չեմ խոսում: Ես սիրում եմ խոսել, աշխատավայրում ընկերուհիներս հաճախ դուրս են գալիս սենյակից, որ ինձ չլսեն…
ՍԻՐՎԱՐԴ — Հուսանք, որ մենք էլ դուրս գալու կարիք չենք ունենա:
ԳԻՐՈՒԿ ՏԻԿԻՆ — Չէ, ի՛նչ եք ասում… Ես շատ կարճ ժամանակով եմ եկել: Մի երեք-չորս ժամ կնստեմ, կզրուցենք, հետո կբաժանվենք: Իսկ ձեր թոռնիկը ձեզ հե՞տ է ապրում:
ԱՐՏԱԿ — Մեր թոռնիկը մեզ հետ է ապրում, հարևան բնակարանում:
ԳԻՐՈՒԿ ՏԻԿԻՆ — Ինձ ասացին, որ դուք երկուսով եք, որ…
ԱՐՏԱԿ — Գուցե բացատրե՞ք ձեր այցելության պատճառը:
ԳԻՐՈՒԿ ՏԻԿԻՆ — Ինձ համար շատ կարևոր է իմանալ` ձեր թոռնիկը ձեզ հե՞տ է ապրում, թե՞ ոչ:
ՍԻՐՎԱՐԴ — Եթե ձեզ համար այդքան կարևոր է, ապա ասեմ, որ նա մեր թոռնիկը չէ, մեր հարևանի տղան է, ծնողները Հայաստանում չեն:
ԳԻՐՈՒԿ ՏԻԿԻՆ — Այ, դա շատ լավ է… Ուրեմն, ինձ սխալ չեն ասել:
ԱՐՏԱԿ — Ի՞նչը ձեզ սխալ չեն ասել:
ԳԻՐՈՒԿ ՏԻԿԻՆ — Լավ, անցնենք գործնական խոսակցության: Ես գիտեմ, որ տեղափոխվելու եք այստեղից, ձեր տունը գտնվում է իրացման գոտում:
ԱՐՏԱԿ — Այո, տեղափոխվելու ենք: Գուցե մոտակա մի քանի օրերի ընթացքում:
ԳԻՐՈՒԿ ՏԻԿԻՆ — Դա ուղղակի հրաշալի է… գերազանց է… (Ձեռքը տանում է պայուսակը, փաթեթ է հանում:) Ես ուզում եմ գործարք առաջարկել ձեզ:
ՍԻՐՎԱՐԴ — Ի՞նչ գործարք:
ԱՐՏԱԿ — Մենք գործարքների մեջ չենք մտնում:
ԳԻՐՈՒԿ ՏԻԿԻՆ — Մի շտապեք, գուցե առաջարկությունս ձեզ դուր գա, մանավանդ որ…
ՍԻՐՎԱՐԴ — Տիկին, եկեք պարզ խոսենք, ձեզ ի՞նչ է պետք մեզանից:
ԳԻՐՈՒԿ ՏԻԿԻՆ — Ես ուզում եմ… որպեսզի… այս տունը վաճառեք ինձ:
ՍԻՐՎԱՐԴ — Ինչպե՞ս վաճառենք, երբ տունը հաշվառված է, ու ձեր ինչի՞ն է պետք տունը, որը մի քանի օրից քանդելու են:
ԱՐՏԱԿ — Երևի տեսաք, որ շրջակայքում ոչ մի տուն չկա, բոլորը քանդել են, միայն մեր տունն է մնացել:
ԳԻՐՈՒԿ ՏԻԿԻՆ — Դե, հենց այս տունն էլ ինձ պետք է:
ՍԻՐՎԱՐԴ — Դա անհնար է:
ԳԻՐՈՒԿ ՏԻԿԻՆ — Ինձ համար անհնար բան չկա, դուք միայն համաձայնվեք:
ՍԻՐՎԱՐԴ — Կդատեն նման գործարքի համար… այս տարիքում կխայտառակվենք:
ԳԻՐՈՒԿ ՏԻԿԻՆ — Ձեզ ոչինչ չի լինի, հավատացեք ինձ, ես կվճարեմ, որքան պետք է: (Խաղացնում է ձեռքի փաթեթը:) Ձեզ այնքան գումար կտամ, որ կբավականացնի մնացած կյանքի համար:
ԱՐՏԱԿ — Մենք չենք կարող ապօրինության գնալ: Մենք ապրել ենք արժանապատիվ կյանքով, ունենք շատ ճանաչված զավակներ… Այնպես, որ մեզ կներեք…
ԳԻՐՈՒԿ ՏԻԿԻՆ — Ես ձեզ ապօրինության չեմ մղում, դուք կվերցնեք գումարը, ձեզ կբերեմ թղթեր, որոնք կվկայեն, որ երկար տարիներ ապրել եմ այստեղ:
ՍԻՐՎԱՐԴ — Բայց ձեր ինչի՞ն է պետք…
ԳԻՐՈՒԿ ՏԻԿԻՆ — Պետք է, շատ է պետք: Հավատացեք, սա ինձ համար կյանքի խնդիր է:
ԱՐՏԱԿ — Չենք կարող… Եթե անգամ մեր հարազատը լինեիք, դարձյալ չէինք կարող…
ԳԻՐՈՒԿ ՏԻԿԻՆ — Մի շտապեք մերժել: Ձեզ ոչինչ չի լինի, ընդամենը կստորագրեք այդ թուղթը, և վերջ:
ԱՐՏԱԿ — Իսկ հետո մենք ո՞ւր ենք գնալու:
ԳԻՐՈՒԿ ՏԻԿԻՆ — Այնտեղ, ուր որոշել էիք գնալ, երբ ձեզ այստեղից կհանեին:
ՍԻՐՎԱՐԴ — Մենք դեռ ոչինչ չենք որոշել, սպասում ենք քաղաքապետարանի առաջարկին:
ԳԻՐՈՒԿ ՏԻԿԻՆ — (ծիծաղում է): Քաղաքապետարանի առաջարկին… Ոչ մի առաջարկություն էլ չի լինի: Դուք քաղաքի կենտրոնում եք ապրում, իսկ ձեզ, լավագույն դեպքում, կառաջարկեն բնակարան գնել քաղաքի ծայրամասում: Կտան մի չնչին գումար և կասեն՝ ազատեք տունը: Ես ձեզ այնքան գումար եմ տալիս, որ եթե ավելացնեք քաղաքապետարանի տվածին` կկարողանաք կենտրոնում գոնե մեկ սենյականոց բնակարան գնել: Կամ երկու…
ԱՐՏԱԿ — Իսկ մեզ ասել են, որ իրենք ապահովելու են բնակարանով:
ԳԻՐՈՒԿ ՏԻԿԻՆ — Այդպես բոլորին են ասում, իսկ հետո…
ՍԻՐՎԱՐԴ — Եթե այս տունը քանդելու են, ինչո՞ւ եք մեզ գումար առաջարկում: Չէ՞ որ եթե հաստա- տենք, որ այստեղ եք ապրել, ձեզ էլ կտան այնքան գումար, որքան մեզ:
ԳԻՐՈՒԿ ՏԻԿԻՆ — Իմ խնդիրն այլ է… Ես իմ հաշվարկներն ունեմ:
Դուռը բախում են: Արտակը քայլ է անում դեպի դուռը:
ՍԻՐՎԱՐԴ — Ո՞վ կարող է լինել:
ԱՐՏԱԿ — Գուցե շինարարներից են, երևի ջուր են ուզում: (Գնում է:)
ՍԻՐՎԱՐԴ — Եվ, այնուամենայնիվ, ձեզ չեմ հասկանում:
ԳԻՐՈՒԿ ՏԻԿԻՆ — Պետք էլ չէ հասկանալ, կարևորն այն է, որ ձեզ եմ տալիս այս գումարը:
ՍԻՐՎԱՐԴ — Ի սեր Աստծո, գումարից մի խոսեք: Մենք վատ չենք ապրում, լավ թոշակ ենք ստանում, երեխաները մեզ օգնում են:
Գալիս է Արտակը՝ Բարձրահասակ տղամարդու հետ:
ԱՐՏԱԿ — Ներս եկեք: (Ցույց տալով Սիրվարդին:) Կինս է, Սիրվարդ, իսկ այս տիկնոջ անունն դժվար ու երկար է…
ԲԱՐՁՐԱՀԱՍԱԿ ՏՂԱՄԱՐԴ — Իսկ այդ տիկինը ձեր հարազա՞տն է:
ԳԻՐՈՒԿ ՏԻԿԻՆ — Շուտով կարող եմ նաև հարազատ կոչվել:
ԲԱՐՁՐԱՀԱՍԱԿ ՏՂԱՄԱՐԴ — Իմ զրույցը շատ անձնական է լինելու: Եթե կարելի է, մեկ այլ սենյակ կտեղափոխվե՞ք:
ԱՐՏԱԿ — Ուրիշ սենյակ չունենք: Եվ հետո, անհարմար է անծանոթ մարդուն այլ սենյակ ուղարկելը:
ԲԱՐՁՐԱՀԱՍԱԿ ՏՂԱՄԱՐԴ — Բայց ես շատ անձնական գործ ունեմ ձեզ հետ:
ԳԻՐՈՒԿ ՏԻԿԻՆ — Ես կարող եմ զբոսնել փողոցում:
ՍԻՐՎԱՐԴ — Մեր փողոցում զբոսնելն անհնար է` փոսեր են, քանդված ճանապարհ, բեռնատարներ…
ԱՐՏԱԿ — Տիկին, գուցե դուք գնա՞ք և գաք մեկ ուրիշ անգամ:
ԳԻՐՈՒԿ ՏԻԿԻՆ — Լավ, ես կգամ մեկ ժամից: (Վերցնում է պայուսակը և գնում:)
ԱՐՏԱԿ — Հիմա կասե՞ք, թե ով եք և ինչ անձնական գործ ունեք մեզ հետ:
ԲԱՐՁՐԱՀԱՍԱԿ ՏՂԱՄԱՐԴ — Ինձ համատիրության նախագահն է ձեզ մոտ ուղարկել: Գիտեք, հարցը շատ նուրբ է, ինչպես ասում են, շատ անձնական և կարևոր… Եթե չհամաձայնեք, մեր համատիրության նախագահը շատ կվշտանա: Նա հրաշալի մարդ է, շատ է սիրում, երբ հարգում են իր խոսքը:
ԱՐՏԱԿ — Բայց մենք համատիրություն չունենք:
ԲԱՐՁՐԱՀԱՍԱԿ ՏՂԱՄԱՐԴ — Մեր համատիրությունը սպասարկում է կենտրոնի շենքերը և կոչվում է «Ապագա»: Այստեղ կառուցվող շենքն էլ մտնելու այդ համատիրության ենթակայության տակ:
ՍԻՐՎԱՐԴ — Մենք դեռ չգիտենք, թե որտեղ ենք ապրելու:
ԲԱՐՁՐԱՀԱՍԱԿ ՏՂԱՄԱՐԴ — Դա կարևոր չէ: Կարևորն այն է, որ մեր համատիրության նախագահը ձեզ խնդրանքով է դիմել…
ԱՐՏԱԿ — Ի վերջո, կասե՞ք, ի՞նչ խնդրանք…
ԲԱՐՁՐԱՀԱՍԱԿ ՏՂԱՄԱՐԴ — Նա շատ է ուզում, որ հրաժարվեք այն բնակարանից, որը պահանջելու եք ձեր տան իրացման դիմաց:
ԱՐՏԱԿ — Ինչո՞ւ:
ԲԱՐՁՐԱՀԱՍԱԿ ՏՂԱՄԱՐԴ — Մեր համատիրության նախագահն ուզում է, որ իր նորապսակ տղան ու հարսն ապրեն այդ բնակարանում, իսկ ձեզ նա…
ԱՐՏԱԿ — (զայրացած): Իսկ մեզ նա կուղարկի ծերանոց կամ գերեզմանոց:
ԲԱՐՁՐԱՀԱՍԱԿ ՏՂԱՄԱՐԴ — Ինչո՞ւ այդպես դաժան, նա ձեզ գումար է առաջարկում: (Ծոցագրպանից հանում է ծրար:) Այստեղ այնքան գումար կա, որ կկարողանաք մի քանի տարի վարձով ապրել որևէ հարմարավետ բնակարանում:
ՍԻՐՎԱՐԴ — Դուք ուզում եք մեզ թողնել փողոցո՞ւմ:
ԲԱՐՁՐԱՀԱՍԱԿ ՏՂԱՄԱՐԴ — Ինչո՞ւ փողոցում: Ձեզ համար կվարձեք շատ լավ բնակարան, այս գումարով էլ ամեն ամիս կվճարեք տան վարձը:
ԱՐՏԱԿ — (պոռթկում է): Ո՞վ է որոշումներ կայացնում մեր փոխարեն:
ԲԱՐՁՐԱՀԱՍԱԿ ՏՂԱՄԱՐԴ — Մի հուզվեք, ոչ ոք ձեր փոխարեն որոշում չի կայացնում: Մարդիկ մտածում են ձեր մասին: Սեփական բնակարանը ձեր ինչի՞ն է պետք, իսկ վարձով բնակարանը կլինի շատ լավը, կապրեք մի քանի տարի… Դուք, այսպիսով, օգնած կլինեք մի երիտասարդ ընտանիքի, որը չի լքի հայրենիքը, չի արտագաղթի և կմնա հայրենիքում՝ նպաստելով բնակչության թվի աճին: Մի՞թե դեմ եք, որ երեխաներ ծնվեն, մանկապարտեզ ու դպրոց հաճախեն, հետո բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվեն…
ԱՐՏԱԿ — (ցասման մեջ): Դո՛ւրս կորեք այստեղից…
ԲԱՐՁՐԱՀԱՍԱԿ ՏՂԱՄԱՐԴ — Հիմա դուք չափազանց հուզական վիճակում եք, ես կգնամ, բայց սեղանին կթողնեմ ծրարը: Այստեղ իմ հեռախոսահամարը կա, ինչպես ասում են, «գոլդ» համար է: Կզանգեք, երբ որոշում կայացնեք:
Ծրարը դնում է սեղանին և գնում դեպի դուռը: Սիրվարդը կայծակնային արագությամբ վերցնում է ծրարը, հասնում է նրան և շպրտում դեմքին:
ՍԻՐՎԱՐԴ — Մենք չենք ծախվում, երիտասարդ:
ԲԱՐՁՐԱՀԱՍԱԿ ՏՂԱՄԱՐԴ — (ան-խռով ժպիտով): Ձեզ ոչ ոք չի պատրաստվում գնել: Մենք տալիս ենք, դուք համաձայնում եք: Ծրարը պահեք, բավական մեծ գումար է: Ձեր ստացած թոշակի երևի հազարապատիկը: (Կռանում է, ծրարը վերցնում հատակից, դնում է սեղանին ու գնում: Լռություն:)
ՍԻՐՎԱՐԴ — Զանգիր երեխաներին, թող գան…
ԱՐՏԱԿ — (երկար լռությունից հետո): Նրանք չեն գա:
ՍԻՐՎԱՐԴ — Կգան, երբ իմանան, թե մեզ հետ ինչ է կատարվում:
ԱՐՏԱԿ — Վա՞տ ես զգում…
ՍԻՐՎԱՐԴ — Չէ… բայց նստել եմ ուզում:
ԱՐՏԱԿ — (Սիրվարդին նստեցնում է աթոռին): Գուցե պառկե՞ս:
ՍԻՐՎԱՐԴ — Թեյ կխմեմ… Բազմոցն ինչո՞ւ վաճառեցինք:
ԱՐՏԱԿ — Ուզում էիր Լուսինեին նվեր անել Փարիզ մեկնելու առթիվ: Իսկ բազմոցը հնաոճ էր…
ՍԻՐՎԱՐԴ — Տատիկիս օժիտի բազմոցն էր, Պետերբուրգից էին բերել: Ասում էր, որ պատճենել էին Ռոմանովների կահույքից:
ԱՐՏԱԿ — Մեծ պահարանն էլ վաճառեցինք, որպեսզի կրտսեր Արտակի Օքսֆորդի մեկ տարվա վարձը տանք: Գերմանական շքեղ պահարան էր, առաջին համաշխարհային պատերազմից հետո պապս էր գնել Թբիլիսիում մի հարուստ գործատիրոջից:
ՍԻՐՎԱՐԴ — Ճաշի մեծ սպասքն էլ վաճառեցինք, քսանչորս հոգու համար: Վարշավայի հյուրախաղերի ժամանակ գնեցի: Աղջիկները զգեստներ էին գնել, կոշիկներ, իսկ ես այդ սպասքը գնեցի…
ԱՐՏԱԿ — Նունեի տղայի մեքենայի փողն էր պակասում: Ասացիր` թող պապիկի և տատիկի նվերը լինի…
ՍԻՐՎԱՐԴ — Աշոտը շատ է սիրում այդ մեքենան, մի քանի անգամ առաջարկել է տանել քաղաքից դուրս, ցույց տալ նոր ամառանոցը: Ճաշ պատրաստեմ, Վահիկը կարգին չկերավ, եկան ու խանգարեցին: Դու էլ գաթան չկերար:
ԱՐՏԱԿ — Եկան ու խցկվեցին մեր կյանքի մեջ… Մեզ ոչինչ պետք չէ, փող պետք չէ…
ՍԻՐՎԱՐԴ — Ասում էր՝ վարձով կապրեք… Այսինքն, ընդամենը մի քանի տարվա կյանք տվեց մեզ… Ուզում եմ ամառային դոլմա պատրաստել, դու շատ ես սիրում:
ԱՐՏԱԿ — Համատիրության նախագահի նորապսակ տղան չի արտագաղթի, կմնա հայրենիքում և երեխաներ կունենա: Ցինիկ, անպատկառ… Ամառային դոլման շատ ջանք կխլի, ավելի լավ է, մի թեթև բան պատրաստես:
ՍԻՐՎԱՐԴ — Չէ, մի շաբաթ է` խոստանում եմ քեզ ու չեմ պատրաստում: Վահիկն էլ է շատ սիրում: Լիցքավորե՞լ ես հեռախոսդ:
ԱՐՏԱԿ — Անցած ամսվա լիցքավորածն է: Դե, ոչ մի տեղ չեմ զանգում, չեմ էլ հիշում` որտեղ եմ դրել:
ՍԻՐՎԱՐԴ — Դու չես զանգում, քեզ չեն զանգում… Կտա՞ս հեռախոսը:
ԱՐՏԱԿ — Փորձեմ գտնել: Ո՞ւմ ես զանգելու:
ՍԻՐՎԱՐԴ — Նունեին զանգեմ, խնդրեմ` աշխատանքից հետո գա:
ԱՐՏԱԿ — Մի զանգիր, նա ամեն օր կենտրոնում է լինում, գոնե մեկ անգամ կմտածեր գալու մասին:
ՍԻՐՎԱՐԴ — Բայց պետք է նրան, Ավետին ու Գուրգենին ասել այս ամենի մասին: Նրանք կարող են էլի գալ… այն կինն ասաց, որ մի ժամից գալու է:
ԱՐՏԱԿ — Թող գա: Այս անգամ նրա հետ ուրիշ կերպ կխոսեմ:
ՍԻՐՎԱՐԴ — Պետք չէ, պարզապես պետք է բացատրել, որ ապօրինի քայլերի չենք գնա, որ մեր զավակների համար դա անպատվաբեր կլինի:
ԱՐՏԱԿ — Ի սեր Աստծո, թող մեր զավակներին… Մենք չկանք նրանց համար, նրանք մեզ վաղուց են մոռացել:
ՍԻՐՎԱՐԴ — Դաժան ես ու անհոգի: Մսաղացը կամրացնե՞ս:
ԱՐՏԱԿ — Գնանք ռեստորան… Կարծում եմ, մեր թոշակը կբավականացնի:
ՍԻՐՎԱՐԴ — Ինչո՞ւ որոշեցիր ռեստորան գնալ:
ԱՐՏԱԿ — Եվ դու չես չարչարվի, և կվերադարձնենք մեր երիտասարդ օրերը:
ՍԻՐՎԱՐԴ — Կիրակի օրերին հավաքում էիր բոլորիս ու տանում Սևանի ճանապարհին գտնվող ռեստորաններից մեկը: Ի՛նչ ժամանակներ էին…
ԱՐՏԱԿ — Ուրեմն, գնո՞ւմ ենք:
ՍԻՐՎԱՐԴ — Բայց ինչ-որ բան պիտի պատրաստեմ Վահիկի համար:
ԱՐՏԱԿ — Կպատրաստես, մի մտածիր: Հագիր սև զգեստդ:
ՍԻՐՎԱՐԴ — Սև զգե՞ստս:
ԱՐՏԱԿ — Որ քեզ համար Մոսկվայում էի գնել:
ՍԻՐՎԱՐԴ — Ճիշտ որ ծերացել ես… Այդ զգեստը վաղուց Նունեին եմ տվել:
ԱՐՏԱԿ — Ստացվում է` մենք ամեն ինչ տվել ենք…
ՍԻՐՎԱՐԴ — Մեր երեխաներին ենք տվել, Արտակ:
ԱՐՏԱԿ — Մեր երեխաներին: Լավ, ուրիշ զգեստ հագիր: Ինչ-որ բան կունենաս ռեստորան գնալու համար:
ՍԻՐՎԱՐԴ — Իհարկե, ունեմ, բայց ավելի լավ է տանը մնանք, խնդրում եմ: Երեկոյան կարող ենք դուրս գալ, մի քիչ քայլել հրապարակում…
Դռան բախոց:
ԱՐՏԱԿ — Էլի՞ մի նոր տուն ուզող:
ՍԻՐՎԱՐԴ — Ես կբացեմ:
ԱՐՏԱԿ — Ես կբացեմ:
Կտրուկ գնում է դեպի դուռը: Սիրվարդը հավաքում է սեղանը: Վերադառնում է Արտակը՝ Ճաղատ մարդու հետ:
ԱՐՏԱԿ — Եվս մի այցելու: Համեցեք:
ՃԱՂԱՏ ՄԱՐԴ — Բարի օր, հարգարժան քույրիկ:
ՍԻՐՎԱՐԴ — Դուք է՞լ եք ուզում մեր տանը գրանցվել կամ գնել մեր տունը:
ՃԱՂԱՏ ՄԱՐԴ — Ձեր տո՞ւնը: Բայց ո՞ւր է այստեղ տուն:
ԱՐՏԱԿ — Ինչո՞ւ, շատ լավ տուն է, եթե գնեք ու մեզ փող տաք, մենք բնակարան կվարձենք, կապրենք մի քանի տարի ու կմեռնենք: Մեր ինչի՞ն է պետք սեփական տունը:
ՃԱՂԱՏ ՄԱՐԴ — Հարգարժան եղբայր, հանգստացեք, ձեր տունն ինձ պետք չէ, ես չեմ պատրաստվում ձեզ փող տալ: Ընդհակառակը, եկել եմ ձեզնից փող վերցնելու:
ՍԻՐՎԱՐԴ — Մեզնի՞ց, ինչի՞ համար:
ՃԱՂԱՏ ՄԱՐԴ — Հարգարժաններս, ես ներկայացնում եմ կրծողների շահերի պաշտպանության հասարակական կազմակերպությունը: Վերջին տարիներին անողոք պայքար է անպաշտպան մնացած կրծողների դեմ: Մեր կազմակերպության նպատակն է աջակցել նրանց, պաշտպանել նրանց շահերը, լուծել նրանց կենսական խնդիրները, նպաստել նրանց բազմացմանը: Քաղաքացիական դիրքորոշում է պետք դրսևորել, հայրենասիրություն… Ուրեմն, առաջիկայում մենք կազմակերպում ենք մեծ միջազգային գիտաժողով, մեր գրանտային կազմակերպությունն ուշացրել է դրամաշնորհը, այդ պատճառով էլ դիմում ենք քաղաքացիներին, որպեսզի հավաքենք համապատասխան գումարն ու Ծաղկաձորում, բնության գրկում, առաջիկա ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին անցկացնենք մեր գիտաժողովը…
ԱՐՏԱԿ — Հարգարժանս, սա հին տուն է, որը մի քանի օրից չի լինելու: Գնացեք հոգեբուժարան, գնացեք գրողի ծոցը, միայն ազատեք մեզ ձեր ներկայությունից:
ՃԱՂԱՏ ՄԱՐԴ — Դուք լավ քաղաքացի և հայրենասեր չեք: Ձեր աչքի առջև ոչնչանում են կրծողները, իսկ դուք չեք ուզում աջակցել նրանց:
ԱՐՏԱԿ — Ես բոլոր կրծողների հերն եմ անիծել: Գնացեք այստեղից:
ՃԱՂԱՏ ՄԱՐԴ — (նայում է շուրջը): Իսկ ձեր իրերն ինչո՞ւ են կապված, ինչո՞ւ բազմոց և բազկաթոռ չունեք:
ԱՐՏԱԿ — Որովհետև կրծողներն ամեն ինչ տարել են: Որովհետև գնալու ենք այստեղից, որ չտեսնենք կրծողներին:
ՃԱՂԱՏ ՄԱՐԴ — Մեր կրծողները շատ առաքինի և շատ համեստ են:
ՍԻՐՎԱՐԴ — Հարգելի բարեկամ, գնացեք և ուրիշ տեղ խոսեք ձեր կրծողների մասին:
ՃԱՂԱՏ ՄԱՐԴ — Բայց մի՞թե չեք ուզում, որ մեր ակտիվիստները Ծաղկաձորում գիտաժողով անցկացնեն, քննարկեն կրծողների շահերի պաշտպանության հարցերը:
ԱՐՏԱԿ — Եթե չհեռանաք` ուժով կհեռացնեմ այստեղից:
ՃԱՂԱՏ ՄԱՐԴ — Խնդրում եմ, ինձ մի հեռացրեք, ես կարևոր առաքելություն ունեմ, ես պետք է ապահովեմ համապատասխան գումարը:
ՍԻՐՎԱՐԴ — Ձեզ ինչքա՞ն է պետք:
ՃԱՂԱՏ ՄԱՐԴ — Եթե կարողանաք մի հիսուն հազար դրամ տալ, շատ գոհ կլինեմ:
ԱՐՏԱԿ — Դա մեր երկուսի մեկ ամսվա թոշակն է:
ՃԱՂԱՏ ՄԱՐԴ — Հանուն կրծողների՝ կարելի է զոհել կենսաթոշակը:
ՍԻՐՎԱՐԴ — Ուզո՞ւմ եք, թեյ և գաթա տամ: Շատ համեղ ու քաղցր գաթա է:
ՃԱՂԱՏ ՄԱՐԴ — Չեմ հրաժարվի: Միայն թեյը թունդ լինի և շատ քաղցր: Սիրում եմ քաղցր թեյ խմել:
ՍԻՐՎԱՐԴ — Նստեք:
ՃԱՂԱՏ ՄԱՐԴ — (նստում է, սկսում ագահորեն ուտել): Շատ համեղ է:
ՍԻՐՎԱՐԴ — Հիմա թեյ կլցնեմ:
ՃԱՂԱՏ ՄԱՐԴ — Իհարկե, լցրեք:
ԱՐՏԱԿ — Միայն ամեն ինչ արագ արեք ու գնացեք:
ՃԱՂԱՏ ՄԱՐԴ — Բժիշկները խորհուրդ չեն տալիս արագ ուտել, ազդում է ստամոքսի վրա, խոց է առաջանում: Իսկ կատուներ չունե՞ք:
ԱՐՏԱԿ — Մենք ոչինչ չունենք: Այստեղ արդեն ոչինչ չկա: Շուտով մենք էլ չենք լինի:
ՃԱՂԱՏ ՄԱՐԴ — Իհարկե, մենք բոլորս այս մոլորակի վրա ժամանակավոր հյուրեր ենք, շուտով չենք լինի:
ՍԻՐՎԱՐԴ — Դուք ճիշտ չհասկացաք, մենք այս տանն այլևս չենք լինի:
ՃԱՂԱՏ ՄԱՐԴ — (բերանն է խցկել գաթայի մեծ կտոր, ծամում է և խոսում): Գիտեմ, իհարկե, գիտեմ…
ԱՐՏԱԿ — Ի՞նչ գիտեք:
ՃԱՂԱՏ ՄԱՐԴ — Գիտեմ, որ այս տնից գնում եք:
ԱՐՏԱԿ և ՍԻՐՎԱՐԴ — Գիտե՞ք:
ՃԱՂԱՏ ՄԱՐԴ — Հենց դա գիտեմ, որ գնում եք, դրա համար էլ ես այստեղ եմ:
ԱՐՏԱԿ — Չհասկացա:
ՃԱՂԱՏ ՄԱՐԴ — Ի՜նչ կա չհասկանալու: Դուք պետք է նոր բնակարանում ապրեք, այս տունը քանդելու են: Ես էլ այստեղ նստած գաթա եմ ուտում:
ԱՐՏԱԿ — Իսկ ինչո՞ւ եք ուտում ու չեք գնում:
ՃԱՂԱՏ ՄԱՐԴ — Ձեր տիկինը հյուրասիրեց, ես էլ ուտում եմ: Ինձ ոչ մի տեղ չեն հյուրասիրում, ընդհակառակը, վռնդում են, իսկ դուք հյուրասիրեցիք: Սա էլ ինձ ուժ և համարձակություն հաղորդեց:
ՍԻՐՎԱՐԴ — Ի՞նչ համարձակություն:
ՃԱՂԱՏ ՄԱՐԴ — Այս գաթան ուտելու ընթացքում, տեսնելով ձեր բարեսրտությունը, մտածեցի` ի՞նչ կլինի, եթե խնդրեմ, որ ինձ գրանցեք ձեր տանը, որպեսզի ես էլ բնակարան ստանամ իբրև մեր հասարակական կազմակերպության գրասենյակ:
ԱՐՏԱԿ — Մի անգամ էլ կկրկնե՞ք:
ՃԱՂԱՏ ՄԱՐԴ — Իհարկե, կրկնեմ… Երևի ուզում եք ըմբռնե՞լ իմ ասածը:
ԱՐՏԱԿ — Ուզում եմ համոզվել, որ հետագա գործողություններս սխալ չեն լինելու:
ՃԱՂԱՏ ՄԱՐԴ — Չեմ կարծում, որ սխալ լինեն… Իհարկե, չեմ կարողանա դրամական փոխհատուցում տալ, բայց խոստանում եմ, որ եթե ձեր նոր բնակարանում կրծողներ հայտնվեն, կգամ ու նրանց կտեղափոխեմ մեր կառուցվելիք հանրակացարանը:
ՍԻՐՎԱՐԴ — Ի՞նչ հանրակացարան:
ՃԱՂԱՏ ՄԱՐԴ — Կրծողների հանրակացարան: Մտադիր ենք անտուն կրծողներին հավաքել հանրակացարանում և զբաղվել նրանց խնամքի հարցերով:
ԱՐՏԱԿ — Սիրվարդ, ես այս մարդուն կսպանեմ:
ՍԻՐՎԱՐԴ — Արտակ, հանգստացիր, այս մարդն ինքն էլ չի հասկանում` ինչ է խոսում:
ՃԱՂԱՏ ՄԱՐԴ — (ուտելով): Ես ամեն ինչ հասկանում եմ, ամեն ինչ` կշռադատում:
ԱՐՏԱԿ — Ուրեմն, հասկացող և կշռադատող մարդ, քանի ձեզ չեմ հոշոտել, դուրս կորեք իմ տնից:
ՃԱՂԱՏ ՄԱՐԴ — Շատ անհյուրընկալ եք, վաղուց նման համեղ գաթա չէի կերել: Թույլ տվեք վերջացնեմ:
ԱՐՏԱԿ — Վերցրեք ափսեն ու գնացեք, դրսում վերջացրեք:
ՃԱՂԱՏ ՄԱՐԴ — Իսկ ափսե՞ն:
ԱՐՏԱԿ — (գոռում է): Գնացե՛ք…
ՃԱՂԱՏ ՄԱՐԴ — Լավ, կգնամ, դրսում կուտեմ, իսկ հետո ափսեն կհանձնեմ տիկնոջը:
Վերցնում է ափսեն և դուրս գնում: Արտակը բռնել է սիրտը, Սիրվարդը փաթաթվել է նրան: Արտակն անսպասելի երգում է. «Ըն անդեր Մըշու դաշտ // Հինգ հարիր գեղ էր, // Մեղրագետու ջուր լը // Հիվընդու դեղ էր: // Ալաշկերտ, // Մանազկերտ Բարձան ու գացին, // Մուշ ու Բուլանուխ // Նստան ու լացին»: Երգի վերջին տողերին միանում է Սիրվարդը:
ԱՐՏԱԿ — Աչքերիդ արցունքնե՞ր են…
ՍԻՐՎԱՐԴ — Չէ… ինքս էլ չհասկացա, ինչպես աչքերս լցվեցին:
ԱՐՏԱԿ — Ճիշտ չես ասում, Սիրվարդ, այսքան տարիների մեջ առաջին անգամ ճիշտ չես ասում: Գիտեմ, հիշեցիր Ավետին, նրա հարսանիքի օրը: Դու այնքան երջանիկ էիր, ուրախ, որ մոտեցար նվագողներին, պատվիրեցիր այս երգն ու երգեցիր: Ես էլ էի երջանիկ, աշխարհն իմն էր, ես աշխարհի տերն էի: Առաջնեկ զավակ էի ամուսնացնում: Հետո առաջնեկ թոռ ունեցա՝ Վահրամս, որը հիմա Կալիֆորնիայում, չգիտեմ, ինչով է զբաղված: Հետո Լուսինես ծնվեց, բամբակի պես փափուկ ու սպիտակ Լուսինես: Գրկում էի նրան, իսկ դու խլում էիր, ասում էիր՝ կոպիտ կլինես, երեխային կցավեցնես: Հետո Գուրգենի ու Նունեի հարսանիքները եղան, նրանց առաջնեկները լույս աշխարհ եկան: Այս տունը լցվել էր օրորոցներով, մանկական ճիչերով, այս տունը տուն էր՝ բացվող ու փակվող դռներով, աղմուկ-ուրախություններով… Աշխարհի կենտրոնն իմ տունն էր, լույսն այստեղ շատ էր, առատ էր: Ո՞վ գողացավ իմ տան լույսը, ո՞վ դատապարտեց այս մենակությանն ու լքվածությանը:
ՍԻՐՎԱՐԴ — Երբ ծնվեց Վահրամը, ստիպեցիր, որ թողնեմ պարարվեստի ուսումնարանում աշխատանքս, թոռ պահեմ: Ինձ համոզում, խնդրում էին, որ չհեռանամ ուսումնարանից, քանի՛ անգամ տիկին Թերեզան զանգեց, խնդրեց, բայց դու պնդեցիր, որ մնամ տանը, երեխայով զբաղվեմ: Ասացիր՝ ջահել են, երեխա պահել չգիտեն, թող կյանքը վայելեն: Մանկական հինգ մահճակալ կար այս տան մեջ, հինգ ուրախություն: Հետո կամաց-կամաց բոլորը հեռացան, որովհետև մեր երեխաներն ուզում էին ապրել մեծ ու շքեղ բնակարաններում, այս տունը նրանց համար մեծ աշխարհից զատված անթիակ նավակ էր: Նրանք չէին կարող երկար ժամանակ ապրել օրորվող ալիքների վրա: Ճիշտ ես, Ավետի հարսանիքը հիշեցի: Հիշեցի ու չկարողացա պահել արցունքներս: Արտակ, մի նեղվիր, ես չեմ կարող չսիրել իմ երեխաներին, ես չեմ կարող վրեժ լուծել նրանցից՝ չզանգելու, չգալու համար: Գիշերները երբեմն դուրս եմ գալիս պատշգամբ ու մտքիս մեջ կանչում եմ՝ Ավե՛տ, Գուրգե՛ն, Նունե՛… տուն եկեք:
Դռան շեմին կանգնած են Ավետը, Գուրգենը, Նունեն:
ԲՈԼՈՐԸ — Եկել ենք:
ՍԻՐՎԱՐԴ — Դո՞ւք…
ԱՎԵՏ — Այո: Դու կանչեցիր, մենք էլ եկանք:
Սիրվարդը ամեն մեկին գրկում, համբուրում է:
ՍԻՐՎԱՐԴ — Շնորհակալ եմ, որ եկաք:
ԳՈՒՐԳԵՆ — Ինչի՞ համար ես շնորհակալ: Մենք պիտի գայինք ու եկանք:
ՆՈՒՆԵ — Մենք պայմանավորվեցինք ու եկանք:
ԱՐՏԱԿ — Իսկ ձեր կարևոր գործե՞րը:
ՍԻՐՎԱՐԴ — (հանդիմանանքով): Արտակ…
ԱՎԵՏ — Գիտեմ, հայրիկը զայրացած է մեզ վրա: Ոչինչ: Մենք մեղավոր ենք: (Մոտենում է Արտակին, ուզում է գրկել:) Կներես, հայրիկ, կներես: (Արտակը ձեռքն ուզում է դնել նրա ուսին, բայց անմիջապես ետ է քաշում:)
ԳՈՒՐԳԵՆ — (մոտենում է Արտակին, բռնում նրա թևից): Դու միշտ ասել ես, որ մեծերը փոքրերին պիտի ներեն: Հիմա դու մեզ ներիր:
ՆՈՒՆԵ — (մոտենում է Արտակին): Սագեր, սագեր, տուն եկեք: Ինչի՞ համար: Գայլը սարի ետևն է: Մեզ ի՞նչ կանի: Կկծի: Ի՞նչ գույնի: Սև-սպիտակ, մոխրագույն, դե շուտ վազեք դեպի տուն…
Արտակը գրկում է Նունեին, համբուրում ճակատը:
ՍԻՐՎԱՐԴ — Ինձ համար տեղ չե՞ք բացի:
ԱՎԵՏ — (գրկում է Սիրվարդին): Իհարկե, մայրիկ:
ՍԻՐՎԱՐԴ — Իմանայի` գալու եք, պատրաստություն կտեսնեի: Ձեր հայրն էլ չթողեց` ամառային դոլման պատրաստեմ:
ԳՈՒՐԳԵՆ — Մենք ամեն ինչ բերել ենք, հիմա վարորդս կգա:
ՆՈՒՆԵ — Ուրեմն, մենք էլ սենյակը կարգի բերենք:
ՍԻՐՎԱՐԴ — Այդքան աթոռ չունենք…
ԱՎԵՏ — Վահիկենց տնից կբերենք:
ՆՈՒՆԵ — Հա, իհարկե: Վահիկը տանը չէ՞:
ՍԻՐՎԱՐԴ — Դուրս է եկել, բայց բանալի կա մեզ մոտ:
ԱՎԵՏ — Ուրեմն, գործի անցնենք:
Ավետը, Գուրգենը դուրս են գալիս: Սիրվարդը վերցնում է Վահիկի տան բանալին և դուրս գալիս: Նունեն ու Արտակը դեռ կանգնած են՝ իրար փարված:
ՆՈՒՆԵ — Մտքով մի քսան տարի ետ գնացի… Երբ համալսարանից գալիս էի, այսպես գրկում էիր, հարցուփորձ անում դասերիս մասին…
ԱՐՏԱԿ — Հայրս տասնմեկ տղա էր ունեցել, ոչ մի աղջիկ: Ամեն անգամ մտածել էր, թե ծնվողը աղջիկ է լինելու: Այդպես էլ մեծացանք՝ քույր չունենալով: Քեզ սիրել եմ և՛ որպես աղջիկս, և՛ որպես քույրս: Դու ինձ համար մի քիչ ուրիշ ես եղել: Ես սիրել եմ եղբայրներիդ, բայց քեզ առանձնացրել եմ բոլորից: Բայց հիմա ոչնչով չառանձնացար նրանցից, կրկնեցիր այն ամենը, ինչը նրանք արել էին արդեն:
ՆՈՒՆԵ — Հասկանում եմ ասածներդ: Բայց հասկացիր նաև դու, ընտանիք, երեխաներ, հոգսեր… Անընդհատ վազքի մեջ, զբաղվածություն…
ԱՐՏԱԿ — Իմ կյանքում կայիք դուք, ես զբաղված էի ձեզանով, իմ աշխատանքով, բայց երբեք ծնողներիս չէի մոռանում: Հեռակա պապիկ եմ դարձել, հասկացիր: Ես ունեմ թոռներ, բայց թոռներիս չեմ տեսնում, նրանք ինձ չեն տեսնում: Գուցե մի օր փողոցում տեսնեն ու չճանաչեն:
ՆՈՒՆԵ — Ինչե՛ր ես խոսում…
ԱՐՏԱԿ — Նրանք օտարացել են, հեռացել: Նրանց համար այլևս տատիկ ու պապիկ չկան: Մի քիչ դուք կաք, իսկ ավելի շատ՝ իրենց ընկերները, սրճարանները, ակումբները:
ՆՈՒՆԵ — Անարդար ես, հայրիկ: Թոռներդ քեզ սիրում են, հարգում, երբեմն զանգում են, որպիսությունդ հարցնում:
ԱՐՏԱԿ — Աշխատանքային նախկին ընկերներս էլ են երբեմն զանգում: Զանգում են նաև նախկին սաներս, որպիսությունս հարցնում, օգնություն առաջարկում: Բայց նրանք իմ թոռները չեն, նրանք իմը չեն… Վահիկն ամեն օր գալիս է մեր տուն, որպիսությունս հարցնում, ապրում է գրեթե մեզ հետ: Նրան աշխարհի չափ սիրում եմ, բայց նա իմ թոռը չէ:
ՆՈՒՆԵ — Նա մեր հանգուցյալ հորեղբոր թոռն է՝ ծնված ոչ օրինական կնոջից: Ուրեմն…
ԱՐՏԱԿ — Սուս, չխոսես: Այդ թեման մեր տանը փակված է: Այդ մասին ոչ ոք չպետք է հիշի: Նա մերն է՝ որպես հարևան, որպես իմ թոռների հետ մեծացած թանկ ու սիրելի Վահիկ, որպես արյունակից, որպես իմ թոռ:
Ուրախ աղմուկով գալիս են Գուրգենն ու Ավետը, բերում են աթոռներ, շարում սեղանի շուրջ: Սիրվարդը բերում է ափսեներ:
ԱՎԵՏ — Գուրգեն, վարորդդ ի՞նչ եղավ:
ԳՈՒՐԳԵՆ — Հիմա կմոտենա: Չգիտե՞ս, որ սիրում է քաղաքում պտտվել, նոր հասնել նշանակված վայր:
ՆՈՒՆԵ — Ես էլ օգնեմ մայրիկին:
ՍԻՐՎԱՐԴ — Խոհանոցից բեր դանակ-պատառաքաղ, բաժակները: Գուրգեն, ի՞նչ ենք ուտելու:
ԳՈՒՐԳԵՆ — Ամեն ինչ:
Բեռնավորված պայուսակներով` գալիս է վարորդը՝ Հայրիկը:
ԳՈՒՐԳԵՆ — Եկա՞ր, Հայրիկ:
ԱՐՏԱԿ — Ե՞ս:
ԳՈՒՐԳԵՆ — (ծիծաղելով): Դե չէ, հայրիկ: Խոսքս Հայրիկի մասին է, այս քաջ երիտասարդի:
ԱՐՏԱԿ — Հասկացա, անունդ Հայրիկ է:
ՀԱՅՐԻԿ — Այո: Հայրիկ Առուստամյան: Պապս Հայրիկ Խրիմյանի մեծ երկրպագուն է եղել, դրա համար էլ անունս Հայրիկ է դրել:
ԱՐՏԱԿ — Որտեղացի՞ ես:
ՀԱՅՐԻԿ — Ծնվել եմ Ստեփանակերտում:
ԱՐՏԱԿ — Բա ինչո՞ւ ես վարորդ աշխատում:
ՀԱՅՐԻԿ — Համալսարանն ավարտեցի, աշխատանք չգտա: Կիբեռնետիկ եմ:
ԱՐՏԱԿ — Ոչինչ, աշխատանք կունենաս, չմտածես:
ԱՎԵՏ — Լավ, տեսնենք` ինչեր ես բերել:
ՀԱՅՐԻԿ — Ինչ որ պատվիրել է պարոն Սիմոնյանը:
Բոլորը զբաղված են սեղանը ձևավորելով: Երբ ամեն ինչ պատրաստ է, Սիրվարդը դիմում է նրանց:
ՍԻՐՎԱՐԴ — Կեցցեք, հրաշալի սեղան է, հիմա նստենք: Երեք-չորս:
Բոլորը նստում են սեղանի մոտ, բացի Սիրվարդից ու Հայրիկից:
ԱՎԵՏ — Ինչո՞ւ չես նստում, մա: Իսկ դո՞ւ, Հայրիկ:
ՀԱՅՐԻԿ — Ես գնամ, դեռ գործեր ունեմ: Հետո կզանգեք, կգամ…
ՍԻՐՎԱՐԴ — Նստիր, տղաս: Գործերը կսպասեն:
Հայրիկը նստում է:
ՍԻՐՎԱՐԴ — Ինձ մի բաժակ գինի տվեք: (Ավետը գինի է լցնում, տալիս նրան:) Այսօր ձեր հայրն ու ես շատ ուրախ ենք ու երջանիկ: Շնորհակալություն, որ եկաք: Չընդհատեք ինձ, խնդրում եմ: Այո՜, շնորհակալություն, որ եկաք: Վաղուց էինք սպասում այս օրվան: Ամեն երեկո նստում էինք սեղանի մոտ ու նայում դռանը: Մենք ուզում էինք, որ երեկոն լցվեր ձեզանով, ձեր ներկայությամբ, մենք ուզում էինք մի վերջին անգամ մեր սիրելի ու հին տանը հավաքվեինք միասին, նաև հրաժեշտ տայինք այս տանը, ուր դուք ծնվել եք, մեծացել, իսկ հետո հեռացել եք թռչունների նման՝ ամեն մեկդ իր բույնը ստեղծելով: Չեք եկել, զբաղված եք եղել: Հիմա եկել եք: Մեկ անգամ ևս շնորհակալություն…
Դռան մոտ հայտնվում է Վահիկը, նա չի նկատել ներկաներին:
ՎԱՀԻԿ — (բարձր): Ես եկա: (Նկատում է նրանց:) Վայ, բոլորդ այստեղ եք: Կներեք, ես գնամ մեր տուն:
ԱՐՏԱԿ — Սա նաև քո տունն է, Վահիկ: Նստիր:
ՍԻՐՎԱՐԴ — Վահիկն էլ եկավ, ուրեմն, ինչ-որ չափով բոլորս այստեղ ենք: Շուտով, շատ շուտով այս տունն էլ չի լինի: Կքանդեն, որպեսզի էլիտար շենք կառուցեն՝ նոր ու հարուստ բնակիչներով, իսկ մենք, հավանաբար, քաղաքի ինչ-որ ծայրամասում կապրենք, ձեզնից ավելի հեռու:
ԱՎԵՏ — Ձեզ համար քաղաքի կենտրոնում բնակարան կգտնեմ, չմտածեք:
ՍԻՐՎԱՐԴ — Չենք մտածում, գիտենք, որ փողոցում չեք թողնի, կմտածեք մեր մասին: Եկեք այսօր բոլորս ուրախ լինենք ու ուրախությամբ բաժանվենք մեր հին տնից:
ՆՈՒՆԵ — Իմ շատ սիրելի տնից:
ԳՈՒՐԳԵՆ — Ես էլ եմ շատ սիրում այս տունը:
ԱՎԵՏ — Երբեմն երազումս տեսնում եմ մեր բակն ու մեծ թթենին: Բարձրանում եմ ծառի վրա ու կախվում ճյուղերից…
ԳՈՒՐԳԵՆ — Զգույշ, հիմա շատ ես մեծացել, ճյուղը կարող է կոտրվել:
Ներս է մտնում Ճաղատ մարդը՝ ափսեն ձեռքին: Բոլորը նայում են նրան: Ներս է մտնում Բարձրահասակ մարդը և նույնպես կանգնում շեմին: Արտակը ոտքի է կանգնում: Ներս է մտնում Գիրուկ տիկինը և մնում շեմին:
ԱՎԵՏ — Դուք ո՞վ եք:
ԵՐԵՔՈՎ — Մենք ենք, եկանք…
ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ
Բոլորը նստած են սեղանի շուրջ: Կանգնած է Արտակը:
ԱՎԵՏ — Դուք ո՞վ եք:
ԵՐԵՔՈՎ — Մենք ենք, եկանք…
ԳՈՒՐԳԵՆ — Իսկ դուք ո՞վ եք, որ եկաք:
ԳԻՐՈՒԿ ՏԻԿԻՆ — Կարծում էի, հատկապես դուք ինձ կհիշեիք:
ԳՈՒՐԳԵՆ — Ե՞ս:
ԳԻՐՈՒԿ ՏԻԿԻՆ — Այո, դուք, չէ՞ որ ձեզ մոտ եղել եմ:
ԳՈՒՐԳԵՆ — Կներեք, բայց չեմ հիշում… Դա ե՞րբ է եղել:
ԳԻՐՈՒԿ ՏԻԿԻՆ — Մի՞թե այս տարիքում մոռացկոտ եք դարձել:
ԱՎԵՏ — Լավ, տիկին, կարևոր չէ, թե երբ եք եղել եղբորս մոտ: Այսօր մեզ մոտ ընտանեկան տոնախմբություն է, ընտանեկան ընթրիք: Խնդրում եմ ձեր ուղեկիցների հետ գաք մեկ ուրիշ անգամ: Կամ պայմանավորվեք եղբորս հետ հանդիպել մեկ ուրիշ օր:
ԲԱՐՁՐԱՀԱՍԱԿ ՄԱՐԴ — Կներեք, բայց մենք տիկնոջ ուղեկիցները չենք: Ես այս տիկնոջն առաջին անգամ եմ տեսնում:
ՃԱՂԱՏ ՄԱՐԴ — Ես էլ նրան առաջին անգամ եմ տեսնում: Իսկ ձեզ մոտ, պարոն Սիմոնյան, արդեն մի առիթով եղել եմ:
ԱՎԵՏ — Դե, ինձ մոտ տարբեր առիթներով այնքա՛ն մարդ է լինում: Ի վերջո, փոխնախարար եմ, բարձրաստիճան պաշտոնյա: Եթե ինձ հետ հարցեր ունեք, ընդունելություն կնշանակեմ, եկեք:
ՃԱՂԱՏ ՄԱՐԴ — Բայց մենք ոչ թե ձեր, այլ այս հարգարժան տիկնոջ և նրա զայրացկոտ ամուսնու մոտ ենք եկել:
ԱՐՏԱԿ — Դարձյա՞լ դուք խոսեցիք: Չէ՞ որ ձեզ պատվիրեցի ափսեի հետ միասին չքվել:
ՃԱՂԱՏ ՄԱՐԴ — Գիտեք, իմ դաստիարակությունը թույլ չի տալիս վերցնել մարդկանց ունեցվածքն ու հեռանալ: Նախ, ուզում եմ վերադարձնել ափսեն:
ԱՐՏԱԿ — (Նունեին): Խնդրում եմ, Նունե, վերցրու ափսեն, ու թող գնա:
Նունեն մոտենում է Ճաղատ մարդուն:
ՍԻՐՎԱՐԴ — (Գիրուկ կնոջը): Ձեզ հետ էլ խոսելու բան չունենք:
ԳԻՐՈՒԿ ՏԻԿԻՆ — Ինչպես հասկացա, ներկաները ձեր որդիներն ու դուստրն են: Իսկ ավելի լավ չի՞ լինի, եթե պարզ ու հստակ խոսակցություն ծավալենք այստեղ:
ԲԱՐՁՐԱՀԱՍԱԿ ՄԱՐԴ — Տիկին, գուցե ուրիշ անգամ գաք ձեր խոսակցությունը ծավալելու: Մի մոռացեք, որ ես ավելի կարևոր գործ ունեմ և ներկայացնում եմ «Ապագա» համատիրության նախագահի շահերը:
ՃԱՂԱՏ ՄԱՐԴ — Ես էլ ներկայացնում եմ կրծողների իրավունքների պաշտպանության շահերը:
ՎԱՀԻԿ — Կրծողների իրավունքնե՞ր… Այ քեզ բա՛ն…
ԱՐՏԱԿ — Հեռացեք բոլորդ, թողեք վայելեմ զավակներիս ներկայությունը: Դո՛ւրս կորեք այստեղից:
ՍԻՐՎԱՐԴ — (Արտակին): Խնդրում եմ, հանգստացիր: Այս մարդիկ հիմա կգնան, չեն խանգարի:
ՀԱՅՐԻԿ — Թե պետք է` նստեցնեմ մեքենաս ու տանեմ՝ ուր հարկն է:
ԳՈՒՐԳԵՆ — Հայրիկ, դու մնա քո տեղում: (Մոտենում է եռյակին:) Պարոնայք և տիկին: Եթե մեր ծնողները չեն կամենում շփվել ձեզ հետ, ուրեմն նրանց որոշումը վիճարկման ենթակա չէ: Եթե հարցեր ունեք, խնդրեմ, վաղը եկեք իմ գրասենյակ, կխոսենք, կքննարկենք:
ԲԱՐՁՐԱՀԱՍԱԿ ՄԱՐԴ — Բայց ինչո՞ւ վաղը… Ձեր ծնողները չեն ուզում ընդունել շատ հետաքրքիր և մարդասիրական գործարք: Ես հասկանում եմ, նրանք հին մտածողության, խորհրդային դաստիարակության մարդիկ են: Ավելի լավ է, հենց ձեզ հետ էլ քննարկում ծավալենք: Գուցե դուք ավելի լավ կհասկանաք ինձ:
ԱՐՏԱԿ — Ոչ մի քննարկում: Ոչ մի խոսակցություն: Դո՛ւրս:
ՆՈՒՆԵ — Հայրիկ, քեզ չի կարելի հուզվել: (Մոտենում է Բարձրահասակին:) Ես կարող եմ ոստիկան կանչել, քանի որ խանգարում եք իմ ծնողների անդորրը:
ԲԱՐՁՐԱՀԱՍԱԿ ՄԱՐԴ — Ոչ մի անդորր էլ չեմ խանգարում: Լավ, թող ձեր ուզածով լինի: (Գուրգենին.) Դո՞ւք եք ավագը:
ԱՎԵՏ — Ավագը ես եմ:
ԲԱՐՁՐԱՀԱՍԱԿ ՄԱՐԴ — Ուրեմն, ձեզ հետ էլ կվարեմ բանակցություններ: Այցեքարտ ունե՞ք:
ԱՎԵՏ — (այցեքարտը պարզում է նրան): Վաղը զանգեք ինձ:
ՍԻՐՎԱՐԴ — Ոչ վաղը, ոչ մյուս օրը: Պետք չէ, Ավետ: Ես քեզ կբացատրեմ…
ԱՎԵՏ — Ավելի լավ է՝ ես խոսեմ նրա հետ ու պարզեմ ամեն ինչ:
ԲԱՐՁՐԱՀԱՍԱԿ ՄԱՐԴ — (վերցնում է այցեքարտը): Շնորհակալություն, անպայման կզանգեմ ու կգամ: Խնդիրը շատ կարևոր է, հրատապ և ճակատագրական: (Գիրուկ տիկնոջը.) Կարող եմ ձեզ ուղեկցել, մեքենայով եմ:
ԳԻՐՈՒԿ ՏԻԿԻՆ — Շնորհակալություն, ես էլ եմ մեքենայով:
ԲԱՐՁՐԱՀԱՍԱԿ ՄԱՐԴ — Ուրեմն, բարի գիշեր և նոր հանդիպում:
ԱՐՏԱԿ — Հույս ունեմ, որ այլևս ձեր ոտքն իմ տանը չեմ տեսնի:
ԲԱՐՁՐԱՀԱՍԱԿ ՄԱՐԴ — Հուանք… (Գնում է:)
ՍԻՐՎԱՐԴ — (Ճաղատին): Ձեզ սեղանի մոտ չեմ հրավիրում, որովհետև այստեղ իմ ընտանիքն է, իմ երեխաները: Բարի գիշեր ասե՞մ:
ՎԱՀԻԿ — Փողոցում մութ է, ձեզ կօգնեմ, որ գտնեք ճանապարհը:
ՃԱՂԱՏ ՄԱՐԴ — Գնալու տեղ չունեմ: Վռնդել են հանրակացարանից, հարևաններս ինձ հետ չեն հաշտվում, չեն բարևում…
ԳԻՐՈՒԿ ՏԻԿԻՆ — Եվ այս բոմժի հետ կանգնած եմ նույն հարթակի վրա:
ՆՈՒՆԵ — Ի՞նչ հարթակի:
ԳԻՐՈՒԿ ՏԻԿԻՆ — Դե, նա էլ է հավակնում…
ԱՎԵՏ — Ինչի՞ն է հավակնում:
ԳԻՐՈՒԿ ՏԻԿԻՆ — Երբ գնացի այստեղից, իրականում՝ չգնացի: Տեսա այս մարդու գալը, ապա լսեցի, թե ինչպես էր մեկի հետ հեռախոսով խոսում ու պատմում այս տան նկատմամբ իր հավակնությունների և ցանկությունների մասին:
ԳՈՒՐԳԵՆ — Ինչպե՞ս թե` այս տան հանդեպ իր հավակնությունների..
ՍԻՐՎԱՐԴ — Այո, Գուրգեն, այս մարդը եկել ու խնդրում էր, որ իրեն գրանցենք մեր տանը, մեզ հետ բնակարան ստանա և իր կրծողների հանրակացարան բացի:
ԱՎԵՏ — Հիմա հիշեցի… Ախր, նա հոգեբուժարանում է ապրում, անընդհատ բժիշկները փնտրում են, տանում են հոգեբուժարան, իսկ նա նորից փախչում է:
ԱՐՏԱԿ — Հայրիկ, այս մարդուն կտանե՞ս հոգեբուժարան:
ՃԱՂԱՏ ՄԱՐԴ — Ոչ, ոչ, պետք չէ, խնդրում եմ, ինձ ոչ մի տեղ մի տարեք: Թողեք` մնամ ձեզ մոտ այս գիշեր:
ԳՈՒՐԳԵՆ — Այստեղ նեղվածք է, քնելու տեղ չկա: Ձեզ մեր տուն կուղարկեմ, այնտեղ կքնեք, լա՞վ:
ՃԱՂԱՏ ՄԱՐԴ — Միայն մի պայմանով` առավոտյան նորից այստեղ բերեք, որպեսզի շարունակեմ բանակցությունները:
ԳՈՒՐԳԵՆ — Իհարկե, անպայման:
Հայրիկի ականջին փսփսում է, գրպանից փող է հանում, տալիս նրան:
ՀԱՅՐԻԿ — Գնանք, կրծողների իրավապաշտպան:
ՃԱՂԱՏ ՄԱՐԴ — Ես ձեզ հրաժեշտ չեմ տալիս: Մինչ վաղը: (Հայրիկի հետ գնում է:)
ԳԻՐՈՒԿ ՏԻԿԻՆ — Հիմա կարո՞ղ եմ ազատ խոսել:
ԱՎԵՏ — Դուք է՞լ մեր տան նկատմամբ հավակնություններ ունեք:
ԳԻՐՈՒԿ ՏԻԿԻՆ — Ոչ թե հավակնություններ, այլ շահավետ գործարք եմ առաջարկում ձեր ծնողներին:
ՆՈՒՆԵ — Տիկին, շատ եմ խնդրում, դուք էլ գնացեք: Թողեք ձեր հեռախոսահամարը, եթե պետք եղավ` կզանգենք:
ԳԻՐՈՒԿ ՏԻԿԻՆ — Ինչո՞ւ հետո զանգեք, եթե հիմա կարելի է հանգիստ քննարկել:
ԱՎԵՏ — Շատ կարճ ասեք ձեր խնդիրը:
ԳԻՐՈՒԿ ՏԻԿԻՆ — Շատ կարճ գուցե չստացվի, բայց փորձեմ: Ես հասկանում եմ, որ ընտանիքով հավաքվել եք… Մի ժամանակ մենք էլ էինք հավաքվում, բայց հետո ամեն մեկս մի տեղ գնաց, ու ընտանիքը քանդվեց:
ԱՎԵՏ — Ես ձեզ խնդրեցի՝ կարճ:
ԳԻՐՈՒԿ ՏԻԿԻՆ — Դե, ես կարճ եմ խոսում: Ձեր ծնողներին առաջարկում եմ տունը վաճառել ինձ:
ՆՈՒՆԵ — Վաճառե՞լ, ինչպե՞ս… տունը մի քանի օր հետո քանդելու են:
ԳԻՐՈՒԿ ՏԻԿԻՆ — Ամեն ինչ անում եմ ես, ձեր ծնողներն ընդամենը տալիս են իրենց համաձայնությունը, ես նրանց որոշակի գումար եմ տալիս, և վերջ:
ԱՐՏԱԿ — Ձեզ ասացի, որ նման ապօրինության երբեք չեմ գնա:
ԱՎԵՏ — Հայրիկ, սպասիր, տեսնենք, թե այս տիկինն էլ ի՞նչ է ասելու:
ԱՐՏԱԿ — Նա ոչինչ էլ չի ասում: Եթե լսեմ նրան, առնվազն բանտում կհայտնվեմ:
ԳԻՐՈՒԿ ՏԻԿԻՆ — Չափազանցնում եք: Դուք վաճառում եք տունը ինձ, ես ամեն ինչ ձևակերպել եմ տալիս ետին թվով: Ասենք, վաճառել եք երեք տարի առաջ… Ես դա կարող եմ անել, հավատացեք:
ԳՈՒՐԳԵՆ — Ասենք, հավատացինք, ո՞ւր են գնալու իմ ծնողները:
ԳԻՐՈՒԿ ՏԻԿԻՆ — Նրանց գումար եմ առաջարկում: Կարծում եմ, որ տան իրացումից հետո էլ գումար կտան, քանի որ հիմա բնակարան չեն տալիս: Քաղաքապետարանի տված գումարով ձեր ծնողները ծայրամասում մի սենյականոց բնակարան չեն կարողանա գնել, իսկ գումարները միավորելով՝ կարող են կենտրոնում շատ լավ բնակարան ունենալ:
ԱՎԵՏ — Կներեք, ո՞վ է կանգնած ձեր թիկունքին: Այսինքն, ձեր տանիքն ո՞վ է:
ԳԻՐՈՒԿ ՏԻԿԻՆ — Իմ տանիքն իմ փողերն են:
ՆՈՒՆԵ — Իմ ծնողները ազնիվ մարդիկ են, ապօրինի բան երբեք չեն արել…
ԳԻՐՈՒԿ ՏԻԿԻՆ — Ես դա նկատեցի:
ԱՎԵՏ — Իսկ ինչքա՞ն եք առաջարկում:
ՍԻՐՎԱՐԴ — Ավե՜տ:
ԱՎԵՏ — Ի՞նչ` Ավետ: Գուցե տիկինը շահավետ գործարք է առաջարկում:
ՎԱՀԻԿ — (ոտքի է կանգնում): Ես գնամ տուն:
ԱՐՏԱԿ — Նստիր, դու տանն ես: Այս խոսակցությունը քեզ համար էլ հետաքրքիր կլինի: Ի՞նչ ես ուզում իմանալ, Ավետ:
ԱՎԵՏ — Հայրիկ, հանգիստ լսիր: Տիկնոջ ասածի մեջ ինչ-որ բան կա…
ԳՈՒՐԳԵՆ — Կարծես ինձ համար էլ է գայթակղիչ դառնում այս խոսակցությունը:
ԱՐՏԱԿ — Ծայրամասում էլ կապրենք, մեր ինչի՞ն է պետք կենտրոնը: Մեզ կարճ կյանք է մնացել, միևնույն չէ՞, թե որտեղ կապրենք:
ԱՎԵՏ — Բայց մեզ համար միևնույն չէ: Ի՞նչ կասեն իմ ընկերները, շրջապատը, եթե իմանան, որ ծնողներս ծայրամասում են ապրում:
ԱՐՏԱԿ — Իսկ ի՞նչ են ասում քո ընկերներն ու շրջապատը, որ ամիսներով չես զանգում, չես գալիս:
ՍԻՐՎԱՐԴ — Արտակ, այստեղ կողմնակի մարդ կա…
ԱՐՏԱԿ — Լավ: Բնակարանի խնդիրը փակենք ու տիկնոջն էլ ճանապարհ դնենք:
ՆՈՒՆԵ — Երևի այնքան էլ կարևոր չէ, թե որտեղ կապրեք: Անհրաժեշտ եղավ, մենք ամեն ինչով կօգնենք:
ԱՎԵՏ — Բայց ինչո՞ւ հրաժարվել, այս տիկինը լուծում է բոլոր խնդիրները: Ինչո՞ւ չօգտվել: Ի վերջո, այդ բնակարանը իրենց թոռներից մեկին կնվիրեն: Վա՞տ կլինի, որ նրանցից մեկն ապրի կենտրոնում:
ԱՐՏԱԿ — Ուրեմն, դու ոչ թե մեր, այլ թոռների մասին ես մտածում: Իսկ ի՞նչ կասեն մարդիկ, երբ իմանան, որ գործարքի մեջ եմ մտել: Եթե իմանան դատախազությունում, ոստիկանությունում…
ԱՎԵՏ — Հայրիկ, այսօր քո ասած դատախազությունը, ոստիկանությունը, պետական կառույցները թաղված են ստի ու կեղծիքի, խարդախությունների մեջ: Շուրջդ նայիր: Դու մնացել ես քո ազնիվ ու ռոմանտիկ ժամանակներում:
ՍԻՐՎԱՐԴ — Ավետ, վերջ տուր, խնդրում եմ:
ԱՐՏԱԿ — Թող խոսի, թող ասի` ինչ մտածում է: Ես իմ ազնվությամբ ու ռոմանտիզմով եմ դաստիարակել բոլորիդ: Դրա համար էլ ձեր մասին չեն ասում, որ գող եք ու թալանչի, որ կաշառքներով եք հասել ձեր ներկա վիճակին:
ԱՎԵՏ — Լավ, հայրիկ, եթե դու դեմ ես, մենք քեզ չենք ստիպում: Չնայած, վատ բան չկա տիկնոջ առաջարկության մեջ: Նա է կրում պատասխանատվությունը: Իսկ արդյունքում շահում ես դու, շահում է մայրիկը: Դու ասում ես, որ կենտրոնը կարևոր չէ: Բայց ողջ կյանքում այստեղ ես ապրել, ամեն ինչին մոտ, երեկոները մայրիկի հետ հրապարակ եք գնում, նստում շատրվանների մոտ, թատրոններ եք գնում: Իսկ ծայրամասում պիտի փակվեք բնակարանում…
ԳԻՐՈՒԿ ՏԻԿԻՆ — Ես էլ եմ դա ասում: Ինձ համար փողն արժեք չունի: Ես ամեն ինչի պատրաստ եմ, միայն հնարավոր լինի գրանցվել:
ՆՈՒՆԵ — (Գիրուկ տիկնոջը): Եկել էինք ուրախանալու, դուք ամեն ինչ խառնեցիք իրար:
ՍԻՐՎԱՐԴ — Ոչինչ, տիկինը հիմա կգնա, ու մենք կշարունակենք մեր ուրախությունը:
ԳՈՒՐԳԵՆ — Եթե ձեզ համար փողը խնդիր չէ, ինչո՞ւ եք ուզում քանդվող տան դիմաց բնակարան ստանալ: Ձեր փողերով գնեք բնակարան Հյուսիսային պողոտայում կամ ուրիշ էլիտար թաղամասում:
ԳԻՐՈՒԿ ՏԻԿԻՆ — Իմ խնդիրը… իմ խնդիրը այս տարածքը գնողի հետ է:
ԱՎԵՏ — Չհասկացա:
ԳԻՐՈՒԿ ՏԻԿԻՆ — Շատ խճճված ու բարդ հարց է: Եթե սկսեմ պատմել, երեկոն կխլեմ ձեզնից:
ԳՈՒՐԳԵՆ — Երևի ուզում եք ինչ-որ բանի համար վրեժխնդիր լինել:
ԳԻՐՈՒԿ ՏԻԿԻՆ — Չխորանանք: Ասացի այն, ինչ պիտի ասեի: Իսկ հիմա գնամ: Մտածեք: Եվ փորձեք որոշում կայացնել իմ առաջարկության օգտին: Եթե խնդրեմ, երիտասարդն ինձ չի՞ ուղեկցի:
ՎԱՀԻԿ — (կանգնում է): Ե՞ս:
ԳԻՐՈՒԿ ՏԻԿԻՆ — Այո:
ՎԱՀԻԿ — Իհարկե, կուղեկցեմ:
ԳԻՐՈՒԿ ՏԻԿԻՆ — Դե, մնացեք խաղաղությամբ:
Վահիկն ու Գիրուկ տիկինը գնում են: Լռություն:
ՆՈՒՆԵ — Գոնե մեր դաշնամուրը լիներ… Նվագեի մայրիկի սիրած Պոլոնեզը:
ՍԻՐՎԱՐԴ — Մենք ոչինչ չենք ուտում, մենք չենք ուրախանում:
ՆՈՒՆԵ — Եղբայրներս ընկան հաշվարկների գիրկը: Տղաներ, մոռացեք այդ կնոջն էլ, խոստացած փողերն էլ: Եկեք ուրախանանք: Իսկ նրա ասածների մասին հետո կմտածեք:
ԳՈՒՐԳԵՆ — Իհարկե, ուրախանանք: Չէ՞ որ վաղուց մեր ծնողների մոտ չենք եղել: Հիշում եմ, իններորդ դասարանում շարադրություն էին հանձնարարել՝ «Ես հյուր եմ գնում ծնողներիս» թեմայով: Չէի կարողանում գրել, որովհետև չէի պատկերացնում, թե ինչպես կարելի է ծնողներին հյուր գնալ: Բնությունը ստեղծել է ծնողներին ու զավակներին, որպեսզի միասին ապրեն: Այդպես էլ գրեցի: Հիմա հասկացա, որ կարելի է ծնողներին հյուր գնալ: Երևի վատ բան չկա դրա մեջ…
ՍԻՐՎԱՐԴ — Դու չէիր սիրում տնից դուրս գալ, Ավետը միշտ բակում խաղում էր: Մի անգամ հարցրի, թե ինչո՞ւ դուրս չես գալիս, ասացիր. «Վախենում եմ դուրս գամ, դուք գնաք տնից»:
ԱՎԵՏ — Ստացվում է, որ ես միշտ բացասական կերպար եմ եղել, իսկ Գուրգենը եղել է շատ դրական…
ՆՈՒՆԵ — Բացասական չես եղել, բայց շատ չար էիր, սիրում էիր քո խոսքն առաջ տանել:
ԱՎԵՏ — Ուրեմն, մանկուց սկզբունքային եմ եղել:
ԱՐՏԱԿ — Քո սկզբունքներին հիմա էլ չդավաճանեցիր:
ԱՎԵՏ — Ինչո՞ւ:
ԱՐՏԱԿ — Սկսեցիր համաձայնել, հաշվարկներ անել:
ԱՎԵՏ — Կարծում եմ, դու էլ պիտի այդպես վարվես: Գտնվել է մեկը, որ ահռելի գումար է տալիս այս ավերակին: Այդ գումարը պետք է քեզ, հայրիկ, մայրիկին է պետք: Կգնաք ծայրամաս, դժվար կլինի գալ ձեզ մոտ, իսկ դուք այն տարիքում եք, որ ամեն րոպե կարող եք հիվանդանալ:
ԱՐՏԱԿ — Իսկ այսքան ժամանակ եկե՞լ ես: Քեզ համար մեկ չէ՞, թե որտեղ կապրենք:
ԱՎԵՏ — Ոչ, մեկ չէ: Չենք եկել, բայց իմացել ենք, որ մեզնից հեռու չեք, որ ցանկացած պահի կհասնենք ձեզ:
ՍԻՐՎԱՐԴ — Իսկ եթե այդ կինը չհայտնվեր ու գումար չառաջարկեր, կմտածեի՞ք, որ ծայրամասում ենք ապրելու:
ԱՎԵՏ — Ի՛նչ արած, եթե այլ ելք չկար, կհամակերպվեինք:
ՍԻՐՎԱՐԴ — Դե, հիմա էլ համակերպվեք:
ԱՐՏԱԿ — Իսկ ինչո՞ւ չես առաջարկում քո միջոցներից գումար մեզ տրամադրել և կենտրոնում բնակարան գնել:
ԱՎԵՏ — Դե… գիտեք… այո, իմ գրասենյակն ունեմ, իմ բիզնեսը, բայց դա չի նշանակում, թե շատ լավ եմ ապրում, որ կարող եմ նոր բնակարան գնել… Ընտանիք, երեխաներ…
ՆՈՒՆԵ — Իսկ Աղվերանում գնած ամառանո՞ցը:
ԱՎԵՏ — Ի՞նչ՝ ամառանոցը… Իրավունք չունե՞մ փոքրիկ ամառանոց ունենալ, երբ շատերն արտասահմաններում վիլլաներ ունեն: Կարծեմ, դուք էլ վատ չեք ապրում:
ՆՈՒՆԵ — Պիտի ամուսնուցս փող խնդրեմ, որ ծնողներիս համար բնակարա՞ն գնեմ:
ԳՈՒՐԳԵՆ — Ինչ կա որ… մայրիկն ամբողջ ոսկեղենը, հուշանվերները, անգամ պարգևները վաճառեց, որպեսզի օգնի քեզ ու ամուսնուդ:
ԱՐՏԱԿ — (զարմացած): Իսկ ես կարծում էի, թե միայն ադամանդյա մատանին է վաճառել: Սիրվարդ, ու դու ինձ ոչինչ չե՞ս ասել:
ԱՎԵՏ — Ոչ միայն դրանք: Նաև ոսկյա ժամացույցը, որպեսզի հեռավոր գյուղից եկած մեկը կարո- ղանա ինտեգրվել մայրաքաղաքի կյանքին, իր ներկայությունը հաստատի մայրաքաղաքի կյանքում:
ՆՈՒՆԵ — Քեզ իրավունք չեմ տվել այդպես խոսել Գարեգինի մասին:
ԱՎԵՏ — Պահ, պաշտպան կանգնեց: Ծնողներիս հաշվին, քո չարչարանքի հաշվին կարողացավ ինքնահաստատվել: Հիմա էլ թող օգնի` գյուղում տուն ունի, հողատարածքներ, Աջափնյակում խանութ է գնել…
ԳՈՒՐԳԵՆ — Էլ չեմ խոսում մեքենաների վաճառքի մասին: Բայց միշտ` աղքատ Ղազարոսի մաղախն ուսին, միշտ` խեղճացած, իբր անօգնական…
ՍԻՐՎԱՐԴ — Ամոթ է, վերջ տվեք: Պառավ կանանց նման անցել եք բամբասանքի:
ԱՎԵՏ — Բամբասանքի չենք անցել, փաստն ենք արձանագրում:
ԱՐՏԱԿ — Մեզ ոչինչ պետք չէ, կգնանք, որտեղ հնարավոր կլինի բնակարան գնել: Եթե շատ վատ զգանք` կզանգենք ձեզ: Եթե զբաղված լինեք, ոչինչ, հույս ունենք, որ մեր ամենասիրելի թոռնիկը՝ Լուսինեն կգա ու մեզ կօգնի: Վահիկն էլ կգա… Մի մտածեք:
ԳՈՒՐԳԵՆ — Վահիկին քո հարազատ թոռներից շատ ես սիրում:
ԱՐՏԱԿ — Սիրում եմ այնքան, որքան նա արժե: Նա է իմ կողքին, նա է ինձ ու մորդ օգնում, նա է երեկոները վազում դեղատուն, երբ դեղ է պետք լինում: Դու երևի չգիտես էլ, որ մորդ ճնշումը շատ բարձր է, որ երբեմն շտապ օգնություն ենք կանչում:
ՆՈՒՆԵ — Իսկ ես չգիտեի:
ԱՐՏԱԿ — Ինչո՞ւ պիտի իմանաս: Մայրդ չի թողնում` ձեզ անհանգստացնենք: Վահիկին կարելի է քնից հանել, ուղարկել դեղատուն, դիմավորել շտապ օգնության մեքենան, իսկ ձեզ չի կարելի: Դուք պետք է քնից ելնեք, մեքենայի համար բենզին ծախսեք… Վահիկն անծախս օգնական է, մեր կողքին է:
ԳՈՒՐԳԵՆ — Հայրիկ, շատ անարդար ես, եթե զանգեք, մենք չե՞նք գա:
ԱՐՏԱԿ — Չեք գա, Գուրգեն, չեք գա… Երեք անգամ զանգեցի քեզ, այն էլ՝ ցերեկով: Մայրդ ուշքի չէր գալիս, ինձ թվում էր` հոգին կավանդի: Ասացիր` խորհրդակցություն ունես, շատ կարևոր: Ավետի քարտուղարուհին ասաց, որ պայմանագիր կնքողներ են եկել, իսկ Նունեն էլ անհասանելի էր: Խորհրդակցությունդ չավարտվե՞ց, մի անգամ չհիշեցի՞ր, որ հայրդ է զանգել:
ԳՈՒՐԳԵՆ — Գործերով տարվեցի ու մոռացա:
ԱՐՏԱԿ — Իսկ Վահիկը չմոռացավ: Համալսարանում դասերը թողեց ու վազեց տուն: Գիշեր չքնեց, կողքիս նստած՝ հետևում էր ձեր մոր առողջությանը: Նստեք, սեղանի մոտ նստեք… Եթե խոսենք, ապա անվերջ պիտի հիշենք այն ամենը, ինչը տեղի է ունեցել… Ավետ, լցրու բաժակները:
ԱՎԵՏ — Նունե, նստիր: Գիտեմ, խռովեցիր, բայց երևի պետք է երբեմն ասել ճշմարտությունը:
ՆՈՒՆԵ — Իսկ քեզ այդ ճշմարտությունն ասող չկա՞:
ՍԻՐՎԱՐԴ — Լռեք բոլորդ էլ…
Բացվում է դուռը, ներս է մտնում Լուսինեն:
ԱՐՏԱԿ — Լուսինե՞…
ԼՈՒՍԻՆԵ — (գրկում է Արտակին): Եկա քեզ ու տատիկին հրաժեշտ տալու:
ԱՐՏԱԿ — Ինչպե՞ս թե` հրաժեշտ տալու:
ԱՎԵՏ — (ելնում է տեղից): Ի՞նչ հրաժեշտի մասին ես խոսում:
ԼՈՒՍԻՆԵ — Ես գնում եմ:
ԳՈՒՐԳԵՆ — Ո՞ւր ես գնում, Լուսինե: Չէ՞ որ նոր ես վերադարձել:
ԼՈՒՍԻՆԵ — Նորից Փարիզ եմ գնում: Երեկ նոր հրավեր ստացա: Այս անգամ, հավանաբար, ընդմիշտ, սիրելի հորեղբայրս:
ԱՎԵՏ — Իսկ մեզ հետ խորհրդակցել չկա՞:
ԼՈՒՍԻՆԵ — Երեկ ամբողջ օրն ուզում էի քեզ հետ խոսել, բայց զբաղված էիր, գիշերն էլ շատ ուշ եկար: Ես քնած էի: Կարծում էի` մայրիկը քեզ ասած կլինի:
ԱՎԵՏ — Առավոտ շուտ դուրս եմ եկել տնից, մորդ չեմ տեսել…
ՍԻՐՎԱՐԴ — Ու դու ծնող ես, Ավետ… Եկ, համբուրեմ քեզ, անուշ Լուսինես:
ԼՈՒՍԻՆԵ — (գրկում է Սիրվարդին): Ձեզ ամուր ու պինդ կպահեք, չհիվանդանաք: Հենց տեղավորվեմ` կզանգեմ…
ՍԻՐՎԱՐԴ — Ո՞ւր ես զանգելու, դեռ չգիտենք, թե որտեղ ենք ապրելու:
ԼՈՒՍԻՆԵ — Պապիկի բջջայինին կզանգեմ: (Պայուսակից հանում, հեռախոս է տալիս Սիրվարդին:) Սա քեզ մոտ կպահես, տատիկ, քեզ այս համարով կզանգեմ:
ԱՐՏԱԿ — Հիմա՞ ես գնում:
ԼՈՒՍԻՆԵ — Մի քանի ժամ հետո… Ինքնաթիռն առավոտյան ժամը հինգին է թռչում:
ՆՈՒՆԵ — Իսկ գուցե ճիշտ չես որոշել: Մեծ քաղաք, անծանոթ մարդիկ… Երևանում էլ կարող ես կարիերա անել:
ԼՈՒՍԻՆԵ — (գրկում է Նունեին): Հորաքույրս… տարիներն անցնում են, իսկ ես մնում եմ տեղում: Առաջ նայել է պետք, առաջ գնալ է պետք…
ԱՎԵՏ — Գուցե հետաձգես մեկնումդ, նստենք մի քիչ, քննարկենք, զրուցենք…
ԼՈՒՍԻՆԵ — Իմաստ չունի, հայրիկ: Էլի զբաղված կլինես, էլի ժամանակ չես ունենա: Ավելի լավ է` հիմա գնամ, քանի դեռ հրավիրողներն իրենց որոշումը չեն փոխել: Վահիկն ո՞ւր է:
ՍԻՐՎԱՐԴ — Հիմա կգա:
ԼՈՒՍԻՆԵ — Լավ է, որ տանը չէ: Ծրար կթողնեմ, թող հետո կարդա:
ՆՈՒՆԵ — Ի՞նչ ես գրել Վահիկին:
ԼՈՒՍԻՆԵ — (ծիծաղելով): Սիրո խոստովանություն է…
ԱՐՏԱԿ — Դե, թող կատակներդ:
ԼՈՒՍԻՆԵ — Ամենալուրջ բաների մասին կատակով պիտի խոսել:
ՍԻՐՎԱՐԴ — Հիմա դու կատակո՞ւմ ես, թե՞ լուրջ ես ասում:
ԼՈՒՍԻՆԵ — Հիմա արդեն միևնույն է, տատիկ…
Ներս է մտնում Վահիկը` այլայլված ու շփոթված, կանգնում շեմին:
ՆՈՒՆԵ — Վահի՞կ, ի՞նչ է պատահել:
ՎԱՀԻԿ — Ոչինչ… ոչինչ…
ԼՈՒՍԻՆԵ — (մոտենում է Վահիկին): Բարև:
ՎԱՀԻԿ — (ակամա սեղմում է Լուսինեի ձեռքը): Բարև:
ԼՈՒՍԻՆԵ — Ինչո՞ւ ես կարկամել, ի՞նչ է պատահել:
ՎԱՀԻԿ — (Արտակին): Դուք այդ կնոջը չէի՞ք ճանաչում:
ԱՐՏԱԿ — Առաջին անգամ էի տեսնում:
ՎԱՀԻԿ — Իսկ նա, պարզվում է, այս տանը շատ է եղել:
ՍԻՐՎԱՐԴ — Երբեք նրան չեմ տեսել:
ՎԱՀԻԿ — Նա այս տուն երբեք ոտք չի դրել… Եկել, կանգնել է հեռվում, հետևել է մեզ ու գնացել:
ԱՎԵՏ — Ինչո՞ւ է հետևել: Ի՞նչ ծառայությունում է աշխատում:
ՎԱՀԻԿ — Ոչ մի ծառայությունում էլ չի աշխատում: Նա եկել է, որովհետև այստեղ փնտրել է…
ՆՈՒՆԵ — Ի՞նչ է փնտրել, ո՞ւմ է փնտրել:
ՎԱՀԻԿ — Դուք երևի շատ լավ կիմանաք, տիկին Նունե, թե ում է փնտրել:
ՆՈՒՆԵ — Ե՞ս…
ՍԻՐՎԱՐԴ — (արագ): Վահիկ ջան, մոտեցիր սեղանին, այսօր ոչինչ չես կերել:
ԳՈՒՐԳԵՆ — Բայց Վահիկն ինչ-որ կարևոր բան էր ուզում ասել:
ՍԻՐՎԱՐԴ — Իհարկե, ուզում է ասել: Բայց թող ուտի, ժամանակ շատ ունենք, կհասցնի ասել:
ՆՈՒՆԵ — (այլայլված): Ես գնամ, տանը չգիտեն, որ այստեղ եմ: Էլի կգամ:
ԱՎԵՏ — Զանգիր ու ասա, որ այստեղ ես: Գուցե ամուսինդ որոշի գալ քո ետևից:
ՆՈՒՆԵ — (ջղային): Հանգիստ թող ինձ և ամուսնուս:
ԱՐՏԱԿ — Ես ասացի, որ լցնես բաժակները, Ավետ: Ուզում եմ, որ մեր ընտանեկան տոնը շարունակվի: Ուզում եմ, որ մի վերջին անգամ իրար հետ սեղան նստենք, իրար ժպտանք: Լուսինե, դու էլ նստիր, ինքնաթիռիդ շատ ժամանակ կա:
ՎԱՀԻԿ — Ի՞նչ ինքնաթիռ…
ԼՈՒՍԻՆԵ — Գնում եմ, Վահիկ… Փարիզ… Ընդմիշտ:
ՎԱՀԻԿ — Բայց…. դու… ես…
ԼՈՒՍԻՆԵ — Ես ամեն ինչ գրել եմ, բացատրել… Կկարդաս: Եթե ինձ հետ համաձայն լինես, դու էլ կգաս Փարիզ:
ԳՈՒՐԳԵՆ — Ահա թե ով է զարկ տալիս արտագաղթին:
ԼՈՒՍԻՆԵ — Արտագաղթին զարկ տվողները շատ են: Երկիրը, իշխանությունները, ծնողները, իրականությունը…
ԱՎԵՏ — Ի՞նչ են արել ծնողները:
ԼՈՒՍԻՆԵ — Ոչինչ չեն արել, հենց դրա համար էլ զարկ են տվել արտագաղթին:
ԱՎԵՏ — Ուզում եմ, որ պարզ խոսես, բացատրես:
ԼՈՒՍԻՆԵ — Ո՞ւմ է պետք պարզ խոսելը, բացատրելը… Մենք կողք կողքի ապրում ենք, բայց շատ վաղուց օտար ենք: Դու ինձ չես նկատում, չես տեսնում: Գեղեցիկ զգեստների համար փող ես տալիս, ավտոմեքենա ես առել: Շնորհակալություն: Իսկ երբևէ հարցրե՞լ ես, արդյոք երջանի՞կ եմ, արդյոք այդ ամենն ինձ համար ավելի թա՞նկ է, քան քեզ հետ գոնե մեկ անգամ զրուցելը: Անկեղծ, անմիջական…
ԱՎԵՏ — Հայրեր-որդիներ հավերժական կոնֆլիկտն է, ի՛նչ կարող ես անել: Հայրս ու մայրս մեզնից են բողոքում, դու բողոքում ես մեզնից: Ստացվում է` ոչ մեկս իրար չենք հասկանում: Ստացվում է, մենք սխալ ենք ապրում:
ԳՈՒՐԳԵՆ — Նույն պատմությունն էլ մեր տանն է: Ամեն օր, ամեն ժամ: Մենք վազում ենք, չարչարվում, ուզում ենք երեխաների համար լավ բան անել, բայց նրանք չեն գնահատում: Մեր ծնողներից ոչինչ չենք պահանջել, ապրել ենք բոլորի նման, հասկացել ենք, որ մեր հայրը մանկավարժ է, մայրը՝ պարուհի: Նրանք շատ բարձր աշխատավարձ չեն ստացել: Բավարարվել ենք ունեցածով: Հիմա մեր երեխաների համար ոչինչ չենք խնայում, մեզ պատերին ենք խփում, բայց… Ի՛նչ ստացվում…
ՍԻՐՎԱՐԴ — (խուլ ձայնով): Ուրեմն, այս աշխարհում ամեն ինչ սխալ է, ամեն ինչ դուրս է եկել ներդաշնակության սահմաններից: Հազար, տասը հազար տարի այս ամենի մասին խոսվում է, այս ամենի դեմ կռիվ են տալիս մարդիկ: Գիտնականները տեսություններ են հորինում, բայց… ոչինչ չի փոխվում: Երբ դուք ծնվեցիք, ձեր հոր հետ ստեղծեցինք մեր ներդաշնակությունը: Ես մտածում էի, որ գտել ենք ներդաշնակության բանալին, որ այս հին տունն օգնում է մեզ ապրել այլ կյանքով, այլ հարաբերություններով… հետո հերթով հեռացաք, որովհետև տունը փոքր էր, ամեն մեկդ ուզում էր իր երջանկությունն ունենալ, իր ներդաշնակությունը… Հիմա, ձեր ստեղծած ներդաշնակության մեջ, գոնե ձեր երեխաների կողքին եղեք, գոնե լսեք նրանց, գոնե վստահեք ու օգնեք: Կարող եք մեզ չհիշել, մոռանալ անգամ, բայց ձեր երեխաների կողքին եղեք, նրանց մի մոռացեք: Վահիկ, տղաս, գիտեմ, որ կարևոր բան պիտի ասեիր, արդեն կռահեցի, թե ինչ պիտի ասեիր: Քո կենսագրությունն ի սկզբանե ձևավորվեց խախտված ներդաշնակությամբ, բայց մայրդ իսկական մայր եղավ քեզ համար, ամեն ինչ արեց քեզ համար: Կարդա Լուսինեի գրած նամակը, եթե պետք է, լսիր նրան ու դու էլ մեկնիր Փարիզ: Այստեղ արդեն շատ բան է աղավաղված, այս տունը հին է, պիտի քանդվի: Հին տան մեջ այլևս չի կարելի ապրել: (Ուշաթափվում է:)
ՆՈՒՆԵ — Մայրի՛կ…
Բոլորը շրջապատում են Սիրվարդին:
ԱՎԵՏ — Շտապ օգնություն է պետք կանչել:
ԳՈՒՐԳԵՆ — Հիմա կզանգեմ:
ԱՐՏԱԿ — Արագ, փրկեք ձեր մորը, խնդրում եմ…
ՎԱՀԻԿ — Ես կգնամ շտապ օգնությանն ընդառաջ, դուք զանգեք…
Մթնեցում:
Նույն սենյակն է: Ավելի է դատարկվել: Սենյակի կենտրոնում շարված պայուսակների վրա նստած են Արտակը, Սիրվարդը, Նունեն, Գիրուկ տիկինը: Սեղանի մոտ նստած Ճաղատ մարդը ագահորեն ուտում է:
ԳԻՐՈՒԿ ՏԻԿԻՆ — Ես չէի ուզում, որ այսպես ստացվեր, ինձ կներեք: Վահիկին ոչինչ չէի ուզում ասել, բայց նա սկսեց կռվել ինձ հետ, պահանջել, որ բացատրեմ, թե ինչն է ինձ ստիպել գալ, առաջարկել վաճառել տունը…
ԱՐՏԱԿ — Երևի իրավացի էիք, մի օր պիտի բացահայտվեր այս ամենը:
ՍԻՐՎԱՐԴ — Վահիկից տարիներ շարունակ խնամքով թաքցրել ենք ամեն ինչ: Նրա մայրն այս տունը եկավ, երբ նա ընդամենը երեք ամսական էր: Այդ կինն ամեն ինչ արեց Վահիկի համար, նվիրեց իր կյանքը: Խնդրում եմ, Նունեին էլ ներեք: Նունեն երբեք չի կամեցել ձեզ ցավ պատճառել, նա ձեզ չի էլ ճանաչել:
ՆՈՒՆԵ — Երբ համալսարանում ասացին, որ հորեղբորս տղան ծանոթացել է մի աղջկա հետ, իսկ այդ աղջիկը շուտով երեխա է ունենալու, շատ հուզվեցի: Եկա ու պատմեցի հորեղբորս ու նրա կնոջը: Նրանք ճանաչված մարդիկ էին, հորեղբայրս բարձր պաշտոն էր զբաղեցնում: Կարող էր խայտառակվել…
ԳԻՐՈՒԿ ՏԻԿԻՆ — Ու ձեր հորեղբայրն էլ ծննդատնից խլեց Վահիկին ինձնից ու տարավ: Ինձ շատ փող տվեց, կարգադրեց, որ երբեք չհիշեմ Վահիկի մասին, մոռանամ նրան: Մի տարի ապրեցի Երևանում, ամեն օր գալիս էի այստեղ, հեռվից նայում էի, տեսնում, ինչպես են Վահիկին դուրս բերում բակ, ինչպես են գուրգուրում ու փայփայում… Երբեմն ուզում էի հարձակվել այդ կնոջ վրա ու խլել տղայիս…
ՆՈՒՆԵ — Տարիներ առաջ մի անգամ տեսա ձեզ այստեղ, բայց մտքովս չանցավ, որ Վահիկի մայրն եք: Կներեք, դժվարությամբ եմ ասում մայր բառը, որովհետև մենք սովորել ենք, որ Արևիկն է Վահիկի մայրը:
ԳԻՐՈՒԿ ՏԻԿԻՆ — Ես շնորհակալ եմ այդ Արևիկին: Նա շատ լավ մայր է եղել Վահիկի համար: Բայց ինչո՞ւ ինձնից խլեցիք նրան: Ես երբեք չէի գա ու չէի պահանջի ճանաչել հայրությունը, չէի խանգարի ձեր ընտանիքին: Պարոն Արտակ, ձեր եղբայրը շատ դաժան վարվեց ինձ հետ: Նրան ասացի, որ որևէ պահանջ չունեմ, իսկ նա…
ՍԻՐՎԱՐԴ — Ամուսնուս եղբայրը խիստ ու պատվախնդիր մարդ էր: Նա չէր կարող թույլ տալ, որ թոռան ճակատագիրն անորոշության մատնվեր: Նունեն էլ ցանկացավ, որպեսզի հորեղբայրն ամեն ինչ իմանա: Ահա ամբողջը:
ԳԻՐՈՒԿ ՏԻԿԻՆ — Նունեն իր ընտանիքն ունի, իր երեխաները, իսկ ես զրկվեցի իմ տղայից:
ԱՐՏԱԿ — Դուք չե՞ք ամուսնացել:
ԳԻՐՈՒԿ ՏԻԿԻՆ — Ամուսնացել եմ, ունեմ երկու տղա, սովորում են դպրոցում: Մեկն այս տարի կավարտի դպրոցը: Ուզում է իրավաբան դառնալ: Ես նրանց աշխարհի չափ սիրում եմ:
ՆՈՒՆԵ — Վահիկին ուզում եք խլե՞լ մեզնից:
ԳԻՐՈՒԿ ՏԻԿԻՆ — Ինչո՞ւ խլել… Այդպես դաժան չեմ վարվի, ինչպես ինձ հետ վարվեցին: Թող Վահիկի հայրն ու մայրը չիմանան, որ եկել եմ…
ԱՐՏԱԿ — Իսկ ձեր ինչի՞ն էր պետք գնել այս տունը, չէ՞ որ առանց այս տունը գնելու էլ կարող էիք հանդիպել Վահիկին:
ԳԻՐՈՒԿ ՏԻԿԻՆ — Չէի ուզում, որ նա իմանար իմ գոյության մասին, քանի որ ծնողներին շատ է սիրում, շատ է սիրում Արևիկին… իր մորը: Ես ուզում էի այստեղ հաշվառման իրավունք ստանալ, որպեսզի հետո արդարացվեր իմ քայլը:
ՆՈՒՆԵ — Ո՞րն էր ձեր քայլը:
ԳԻՐՈՒԿ ՏԻԿԻՆ — Գնել նոր բնակարան, թողնել Վահիկին՝ պատրվակով, թե գնում եմ այլ քաղաք, թող ինքը ժամանակավոր ապրի այդ բնակարանում:
ԱՐՏԱԿ — Գուցե ճիշտ եք, գուցե այդպես ավելի խելամիտ կլիներ: Բայց Վահիկը չէր համաձայնի ձեզնից վերցնել բնակարանը: Նա ազնվագույն տղա է: Իսկ մեզ ինչո՞ւ էիք փող առաջարկում, չէ՞ որ կարելի էր ամեն ինչ բացատրել:
ԳԻՐՈՒԿ ՏԻԿԻՆ — Չէի ուզում, որ իմանայիք ճշմարտությունը: Փող էի առաջարկում, որպեսզի կարողանայիք բնակարան գնել այնտեղ, որտեղ պատրաստվում եմ Վահիկի համար գնել:
ՍԻՐՎԱՐԴ — Բարդ քայլեր եք մտածել, ինչպես շախմատում:
ԳԻՐՈՒԿ ՏԻԿԻՆ — Իմ կյանքն էլ շախմատի վերածվեց: Իսկ ես այլ ծրագրեր ունեի:
ԱՐՏԱԿ — Հիմա Հունաստանո՞ւմ եք ապրում:
ԳԻՐՈՒԿ ՏԻԿԻՆ — Ոչ, Եթովպիայում: Ամուսինս քրիստոնյա արաբ է, շատ լավ մարդ է: Հանքեր ունի, ճանաչված բիզնեսմեն է:
ՆՈՒՆԵ — Վահիկի մասին գիտի՞:
ԳԻՐՈՒԿ ՏԻԿԻՆ — Իհարկե: Նա էլ խորհուրդ տվեց գալ Հայաստան, գտնել Վահիկին ու նրա համար մեծ բնակարան գնել: Նա ցանկանում էր, որ Վահիկն ինձ հետ Եթովպիա մեկներ, բայց հետո ասաց, որ չի կարելի ծնողներից կտրել, դա մեծ հարված կլինի Վահիկի համար: Տղաներս էլ գիտեն Վահիկի մասին: Նրանք շատ քիչ հայերեն են խոսում: Ես ուզում եմ, որ հեռախոսով խոսեն Վահիկի հետ, ծանոթանան… Իսկ դուք հավանեցի՞ք ձեր նոր բնակարանը:
ՍԻՐՎԱՐԴ — Լավ բնակարան է, մեծ, լուսավոր: Բայց մեզ համար շատ մեծ է: Ի՞նչ ենք անում այդ ճոխությունը: Բայց կարևորն այն է, որ Վահիկի հետ կողք-կողքի ենք ապրելու: Հուսանք, որ Լուսինեն չի մնա Փարիզում, կվերադառնա ու…
ՆՈՒՆԵ — Պարզվեց, որ Լուսինեն ու Վահիկը լավ ընկերներ են, լավ բարեկամներ: Սոսկումով էի մտածում, որ հանկարծ սիրահարված չլինեն:
ԱՐՏԱԿ — Լուսինեի ընկերոջ հետ ծանոթացել եմ, դրա համար էլ հանգիստ էի:
Դրսից մոտեցող մեքենայի ձայն է լսվում:
ՍԻՐՎԱՐԴ — Հայրիկը եկավ:
ԱՐՏԱԿ — Ուրեմն, գնալու ժամանակն է: Յոթանասուն տարի ապրել այս տանն ու հեռանալ… դժվար է:
Դարձյալ մեքենայի ձայն է լսվում:
ՍԻՐՎԱՐԴ — Սա էլ երևի բեռնատարն է: Բայց մենք այդքան իրեր չունենք, որ Գուրգենը բեռնատար էլ է ուղարկել:
ՃԱՂԱՏ ՄԱՐԴ — Ուտելս չեմ վերջացրել, կարելի՞ է մնամ ու գաթան էլ ուտեմ:
ԱՐՏԱԿ — Հանգիստ կերեք: (Նայում է ձեռքի ժամացույցին:) Տունը երկու ժամից են քանդելու: Այնպես որ, կհասցնեք մի հինգ գաթա էլ ուտել:
ՃԱՂԱՏ ՄԱՐԴ — Բայց այստեղ ընդամենը երկու հատ է:
ԱՐՏԱԿ — Հայրիկին խնդրել եմ, որ քեզ համար էլի գաթա բերի:
ՃԱՂԱՏ ՄԱՐԴ — Դուք որ գնաք, ի՞նչ եմ անելու: Այդպես էլ իմ կրծողների հանրակացարանի հարցը չլուծվեց:
ՆՈՒՆԵ — Կլուծվի, մի անհանգստացեք: Ամեն ինչ լավ կլինի:
Ներս են մտնում Գուրգենը, Արտակը, Հայրիկը: Հայրիկի ձեռքին տոպրակ կա:
ԳՈՒՐԳԵՆ — Եկանք: Բարև ձեզ:
Բոլորը ոտքի են կանգնում, բացի Սիրվարդից:
ԱՐՏԱԿ — Բարով եկաք: Մենք պատրաստ ենք:
ԱՎԵՏ — Բնակարանում ամեն ինչ կարգի բերեցինք: Մերոնք այնտեղ են: Գուրգենի ընտանիքն էլ քիչ հետո այնտեղ կլինի: Զանգեցինք Նունեի ամուսնուն, նա էլ կգա երեխաների հետ: Միայն Լուսինեն չկա, բայց հուսանք, որ նա էլ կգա, եթե իմանա, որ նոր բնակարան եք գնել:
ՀԱՅՐԻԿ — (Ճաղատ մարդուն է տալիս տոպրակը): Սա քեզ համար է, գաթա: Կտանես տունդ և այնտեղ կուտես:
ՃԱՂԱՏ ՄԱՐԴ — Ես տուն չունեմ:
ՀԱՅՐԻԿ — Ունես: Լավ տուն ունես: Բժիշկները խոստացան, որ քեզ շուտով տուն կուղարկեն: Դու լավ տղաներ ունես:
ՃԱՂԱՏ ՄԱՐԴ — Նրանք Ռուսաստան են գնացել:
ԱՐՏԱԿ — Դե, մեր տուն կգաս ժամանակ առ ժամանակ: Քեզ հետ հաճելի կլինի:
ՃԱՂԱՏ ՄԱՐԴ — Իսկ հիմա ի՞նչ անեմ:
ՀԱՅՐԻԿ — Ի՞նչ պիտի անես, տաքսին քեզ է սպասում: Նստիր ու գնա Աղի հանք: Վաղը կգամ, քո տուն կտանեմ:
ՃԱՂԱՏ ՄԱՐԴ — Շատ շնորհակալ եմ, դուք շատ լավ մարդ եք, ձեզ շատ սիրեցի: Ուրեմն, գնամ: Ցտեսություն:
ԱՐՏԱԿ — Ցտեսություն, լավ մարդ: Մեզ չմոռանաս:
Ճաղատ մարդը դուրս է գնում:
ԳԻՐՈՒԿ ՏԻԿԻՆ — Ես էլ գնամ, Վահիկի հետ պայմանավորվել եմ, երեկոյան կտեսնվենք: Արդեն` ձեր տանը: Ցտեսություն:
ՍԻՐՎԱՐԴ — Ցտեսություն: (Գիրուկ տիկինը գնում է:)
ԱՎԵՏ — Դե, մենք էլ գնանք: (Գրկում է Սիրվարդին:) Կներես, մամ, ամեն ինչի համար կներես մեզ… Ինձ, Նունեին, Գուրգենին, մեր երեխաներին…
ՍԻՐՎԱՐԴ — Ինչի՞ համար, տղաս:
ԱՎԵՏ — Որ քեզ ու հայրիկին մենակ էինք թողել:
ԳՈՒՐԳԵՆ — Դու ճիշտ ես, մամ, առանց ընտանիքի ամբողջության չկա ներդաշնակություն: Այս հին տունն այդ ներդաշնակությունն էր: Բայց գալիս է ժամանակ, որ պիտի հրաժեշտ տաս հին տանը:
ՆՈՒՆԵ — Մի քանի ժամից այս տունը չի լինի… լացս գալիս է:
ԳՈՒՐԳԵՆ — Մեր մանկությունն ու պատանեկությունը մի քանի ժամից չեն լինի: Ուրեմն, վերջապես մեծացանք:
ԱՎԵՏ — Մեծացանք: Իսկ ինձ թվում էր` վաղուց ենք մեծացել, ինքնուրույն դարձել:
ՍԻՐՎԱՐԴ — (գրպանից քառածալ թուղթ է հանում): Այսօր, երբ վերջին իրերն էի դասավորում, Արտակ, քո գրպանից ընկավ: Կարդացի: Կներես… Հիշեցի, գրել էիր, երբ օպերային թատրոնի ներկայացումից հետո առաջարկեցիր գնալ «Արագիլ» ռեստորան: Աշխատավարձ էիր ստացել: Ճոխ սեղան պատվիրեցիր: Հետո գինու բաժակը վերցրիր ձեռքդ ու սկսեցիր բարձր արտասանել… (Թուղթը տալիս է Արտակին:)
ԱՐՏԱԿ — (վերցնում է թուղթը, բացում, երկար նայում է, ապա շատ կամաց սկսում կարդալ՝ աստիճանաբար բարձրացնելով ձայնը).
Ձիթապտղի նման փայլուն
աչքերով աղջիկ,
Նռան հատիկներով
ներկված այտերով աղջիկ,
ես խնձոր գցեմ քեզ,
դու բռնես, աղջիկ,
հետո խնձորը մի ողջ գիշեր
բարձիդ տակ պահես
ու երազիդ մեջ տեսնես կանաչ-
կարմիր նարոտ կապած
ձիավորին…
Երազահանի էջերը
թերթես ու գտնես
ձիավորի հետքերը կանաչ,
բարձիդ վրա թողած
արցունքներիդ
հետքերը գտնես…
Վազես, վազես
կանաչ-կարմիր հագած
դաշտի միջով, աղջիկ,
ու մի հոգնած քարի
տաքուկ այտին դնես ծամերդ դեղին…
Դաշտը քեզ սեր խոստանա, հասկերն օրոր երգեն,
իսկ ձիավորը, որ կանաչ-
կարմիր նարոտ էր կապել՝
սլանա հեռու՝ ամեն գիշեր բարձդ թողնելով
արցունքներով հեղված…
Ձիթապտղի նման փայլուն
աչքերով աղջիկ,
Նռան հատիկներով ներկված այտերով աղջիկ,
ես խնձոր գցեմ քեզ, դու բռնես,
աղջիկ,
ու կանգնես արտի միջով ձգվող
ճամփի եզերքին
ու ձեռքերդ պարզես իմ
ձեռքերին կանչող,
իմ ձեռքերին այրող…
Ձիավորին մոռացիր, աղջիկ,
ես խնձոր գցեմ, դու բռնես,
աղջիկ…
Բարձդ թող չոր մնա…
Մեղմ երաժշտություն: Բեմը մթնում է: Լուսավորվում են Արտակի, Սիրվարդի, Գուրգենի, Ավետի, Նունեի դեմքերը: Քանդվող պատերի աղմուկն ու
աստիճանաբար ուժգնացող երաժշտություն:

Կարդացեք նաև