Սամվել ԽԱԼԱԹՅԱՆ / ՓՈՍԻ ՄԵՋ

(Դրամա` մեկ գործողությամբ)

Քանի որ գլխավոր հերոսները կոնկրետ անուններ չունեն,
հանդես են գալիս իրենց ցեղանվամբ,
տարբերվելու համար համարակալված են:

Գործող անձինք
ՅԱՆ 1
ՅԱՆ 2
ՏԵՐ

Կիսամութ խոր փոս, որի բնակիչներն այնտեղ են անհիշելի ժամանակներից:
Յան 1-ը քարակոշտի վրա ծալապատիկ նստած համրիչ է գցում:
Յան 2-ը տառապանքով սողում, գալարվում է հատակին:
ՅԱՆ 2 — (հազիվ լսելի շշուկով, աստիճանաբար ձայնը բարձրացնելով): Յան, ինչո՞ւ ենք մենք փոսո՜ւմ… Յան, ինչո՞ւ ենք մենք փոսո՜ւմ… Յան, ինչո՞ւ ենք մենք փոսո՜ւմ… Յան, ինչո՞ւ ենք մենք փոսո՜ւմ…
ՅԱՆ 1 — (համրիչի հատիկներն է շարժում): Հարուստ, հզոր, երջանիկ… Հարուստ, հզոր, երջանիկ…
ՅԱՆ 2 — …Յան, ինչո՞ւ ենք մենք փոսո՜ւմ… Յան, ինչո՞ւ ենք մենք փոսո՜ւմ…
ՅԱՆ 1 — …Հարուստ, հզոր, երջանիկ… Հարուստ, հզոր, երջանիկ…
ՅԱՆ 2 — …Յան, ինչո՞ւ ենք մենք փոսո՜ւմ… Յան, ինչո՞ւ ենք մենք փոսո՜ւմ…
ՅԱՆ 1 — (նյարդային գոռում է): Բավական է, լռի՜ր… Մենք այստեղ ենք ծնվել, սա մեր հայրենիքն է, հասկանո՞ւմ ես, հայրենի՜քը:
ՅԱՆ 2 — Բայց դու ասում էիր, չէ՞, ասում էիր, որ մեր նախնիները հզոր են եղել, երջանիկ…
ՅԱՆ 1 — Ինչ որ լսել` այն եմ ասել:
ՅԱՆ 2 — Դու հավատո՞ւմ ես դրան:
ՅԱՆ 1 — Մենք իրավունք չունենք չհավատալու, եթե խոսքը յաներիս մասին է, մեր հերոսական անցյալի մասին:
ՅԱՆ 2 — (բռունցքը գետնին խփելով): Բայց ինչո՞ւ ենք մենք փոսում… Ինչո՞ւ ենք մենք փոսում, Յա՜ն…
ՅԱՆ 1 — Լռի՛ր, Աստծու սիրուն, լռի՛ր:
Երևակվում է Տերը:
ՏԵՐ — Ինձ կանչեցի՞ք:
ՅԱՆ 1 — (դժգոհ): Չէ՛:
ՏԵՐ — Բայց ես լսեցի իմ անունը:
ՅԱՆ 1 — Յան, դու Աստծուն կանչե՞լ ես:
ՅԱՆ 2 — Չէ, չեմ կանչել:
ՏԵՐ — Բայց ես լսեցի՛ իմ անունը:
ՅԱՆ 1 — Ես Յանին ասացի, որ հանուն քո սիրո` լռի:
ՏԵՐ — Նա լռե՞ց:
ՅԱՆ 1 — Չգիտեմ, իրեն հարցրու:
ՏԵՐ — Յան, հանուն իմ սիրո դու լռեցի՞ր: (Պատասխան չկա:) Նա չի լռել, նա մտքում դեռ խոսում է:
ՅԱՆ 1 — Նա ողբում է:
ՏԵՐ — Յան, հանուն իմ սիրո՞ ես ողբում:
ՅԱՆ 1 — (մեկուսի): Հանուն քո սիրո մենք արդեն 17 դար է, ինչ ողբում ենք:
ՏԵՐ — Նվիրվածության փայլուն օրինակ: Եթե Ավետարանը խմբագրվի, ես կկարգադրեմ, որ ձեր մասին հիշատակվի Հին Կտակարանում` մովաբացի Հռութի պատմությունից հետո:
ՅԱՆ 2 — (տեղում նստում է): Տե՛ր, ինչո՞ւ ենք մենք փոսում:
ՏԵՐ — Հայրենիք է:
ՅԱՆ 2 — Բա մյուսները…
ՏԵՐ — Ճակատագիր է:
ՅԱՆ 2 — Բա մյուսները…
ՏԵՐ — Ես կյանք եմ տալիս, ճակատագիրը դուք եք ստեղծում:
ՅԱՆ 1 — Գոնե լույս տայիր…
ՏԵՐ — Եթե փոսում ես` ինքդ պիտի գնաս լույսին:
ՅԱՆ 2 — (պաղատանքով): Հնար տուր, Տեր, մենք դուրս կգանք փոսից:
Տեր — Ինքդ ասացիր: Ես կարո՞ղ եմ գնալ:
ՅԱՆ 1 — Մենք քեզ չենք կանչել:
ՏԵՐ — Դուք գիտեք: (Անէանում է:)
Դադար: Լսվում է մանկան հիացական ծիծաղ` այն գեղգեղանքի պես, երբ մանուկը ձգվում է դեպի մորը: Ծիծաղը կրկնվում է: Հայտնվում է լույսի կլորավուն փունջը և գեղգեղալով սկսում է վետվետալ փոսում:
ՅԱՆ 2 — (ապշած): Լո՜ւյս…
ՅԱՆ 1 — Լո՞ւյս… (Նկատում է:) Որտեղի՞ց:
ՅԱՆ 2 — (հիացական նայելով): Չգիտեմ:
ՅԱՆ 1 — Սա մեր փրկությունն է, Յան, հարկավոր է բռնել դրան, մենք լույս կունենանք: (Նետվում է դեպի լույսը, բայց փունջը, ծիծաղելով, խույս է տալիս:)
ՅԱՆ 2 — Սպասիր, գուցե նա մեզ փրկություն է հուշում… Սպասիր, տեսնենք ինչ է անելու:
Այս ու այն կողմ նետվելով` լույսը շարունակում է իր ծիծաղկոտ խաղը:
ՅԱՆ 1 — Ոչինչ էլ չի հուշում, Յան: Հարկավոր է բռնել դրան: (Ձեռքերը վեր պարզած վեր է ցատկում` բռնելու:)
Երկուսով վեր են ցատկոտում, փորձում հասնել ծիծաղով խուսանավող լույսին:
ՅԱՆ 2 — Մենք կարծես ավելի ու ավելի բարձր ենք ցատկում… Կտեսնես, կգա մի պահ, որ դուրս կթռչենք փոսից:
ՅԱՆ 1 — Բռնել է պետք, Յան, բռնիր դրան:
ՅԱՆ 2 — Բռնել պետք չէ… Նա մեզ օգնում է ավելի ու ավելի բարձր ցատկել: (Լույսն, իրապես, կարծես օգնում է նրանց ավելի ու ավելի վերև ցատկել:) Մենք դուրս կգանք, կտեսնես…
Ցատկելուց հոգնում, մի պահ կանգ են առնում` շունչ առնելու: Լույսն իջնում է գետնին, կանգ է առնում Յաների առջև և խաղը վերսկսելու հրավեր է ձայնարկում:
ՅԱՆ 1 — (հևալով): Նա մեզ չարչարում է:
ՅԱՆ 2 — (հևալով): Նա մեզ օգնում է, Յան: Քաջալերում է: Եթե մենք շարունակենք ցատկել, համոզված եմ` կհաջողվի փոսի եզրից կառչել ու դուրս սողալ:
ՅԱՆ 1 — Անօգուտ բան է: Մենք խորն ենք թաղված, մեզ լույս է պետք: (Քայլ է անում դեպի լույսը, վերջինս նահանջում է:) Կողքից մոտեցիր, նա փախչելու տեղ չի ունենա:
Յաները, որսի վրա հարձակվող գիշատչի պես, դավադիր մոտենում և բերանքսիվայր թռչում են լույսի վրա:
ՅԱՆ 1 — Նա քո մո՞տ է:
ՅԱՆ 2 — Չգիտեմ: Երևի քո մոտ է:
ՅԱՆ 1 — Ինձ մոտ էլ չէ: Ո՞ւր կորավ:
Պատի վրա հայտնված լույսը լուռ ունկդրում է նրանց:
ՅԱՆ 2 — Ասում էի, չէ՞, որ բռնել պետք չէ: Մենք նրան մարեցինք:
ՅԱՆ 1 — Ինչե՞ր ես դուրս տալիս: Մի՞թե մենք ունակ ենք լույս մարելու, երբ մեր նախնիները լուսավորություն են տարածել անգամ վայրի ցեղերի մեջ: Նա փախավ:
ՅԱՆ 2 — (ոտքի է ելնում, հիասթափված): Մեր նախնիները… Ո՞ւր է հիմա նրանց լույսը, երբ մենք խարխափում ենք խավարում:
ՅԱՆ 1 — Չգիտեմ, թե ո՞ւր է հիմա նրանց լույսը, բայց մի բան հաստատ է, որ մենք լույս մարել չէինք կարող:
ՅԱՆ 2 — Ամենահաստատն այն է, որ անհիշելի ժամանակներից այս մութ փոսում ենք:
ՅԱՆ 1 — Եթե նրան բռնեինք` լույս կունենայինք: (Լույսը դժգոհություն է ձայնարկում` մատնելով իր տեղը:) Ահա նա, բռնի՛ր…
Հարձակումից խույս տալով` լույսը դուրս է թռչում փոսից: Հետզհետե մարող ծիծաղը հուշում է, որ նա հեռանում է:
ՅԱՆ 1 — Տեսա՞ր… Ասում էի, չէ՞, նա մեզ չարչարեց ու փախավ: Նրան մեր թշնամիներն էին ուղարկել, որ մեզ տանջի: (Գնում, ծալապատիկ նստում է քարակոշտին, հանում է համրիչը:) Տեսավ, համոզվեց, որ անհնար է յաներին ծնկի բերել` պարտվեց ու փախավ:
ՅԱՆ 2 — Նա լքեց մեզ… (Հուսահատ պոռթկումով բռունցքներով հարվածում է պատին:) Նա լքե՜ց մեզ, լքե՛ց… լքե՛ց… (Ձեռնատարած, ողջ մարմնով ձուլվում է պատին, ապարդյուն գալարումներով փորձում է վեր սողալ:) Ես մեծ երկինք եմ ուզում տեսնել, Յան… Դա՜շտ, անտա՜ռ, գե՜տ, լեռնե՜ր…
ՅԱՆ 1 — (հաշվիչին սևեռված): Հարուստ, հզոր, երջանիկ… Հարուստ, հզոր, երջանիկ…
ՅԱՆ 2 — (վեր սողալու ապարդյուն գալարումներով): Եթե մենք սողուն լինեինք, հեշտությամբ դուրս կգայինք փոսից:
ՅԱՆ 1 — Հիմարություն: Հպարտ յաները չեն կարող սողուն լինել:
ՅԱՆ 2 — Եթե մենք անձրևաորդ լինեինք, կարող էինք վեր բարձրանալ:
ՅԱՆ 1 — Հիմարություն: Ազնվազարմ յաները չեն կարող որդ լինել:
ՅԱՆ 2 — Եթե մենք առնետ լինեինք, կգնայինք` ուր ցանկանայինք:
ՅԱՆ 1 — Վե՛րջ տուր: Բոլոր զզվելի բաները միայն քեզնից կարելի է լսել: Առնետ, սողուն, որդ… Հիշիր, թե ինչպես են կոչում քեզ: (Պաթոսով:) Յա՜ն, բարձր է հնչում, հպարտ է հնչում…
ՅԱՆ 2 — Բարձր, հպարտ…
ՅԱՆ 1 — Մենք բնիկ ենք, ամենահինը:
ՅԱՆ 2 — Ամենահինը…
ՅԱՆ 1 — Իհարկե: Որտե՞ղ են հիմա քո հարևանները, չդիմացան ժամանակին, վերացան, իսկ մենք կանք, Յան, կա՛նք:
ՅԱՆ 2 — Փոսում…
ՅԱՆ 1 — Ուրիշ հնար չկար, թշնամին մեզ նեղեց… Բայց մենք կհաղթենք նրան, նա դեռ կհատուցի… Քաղաքակիրթ աշխարհը ուշ թե շուտ կդատապարտի այդ վայրենիներին, կտեսնես, կօգնի մեզ, մենք դուրս կգանք փոսից: (Նկատում է, որ նա փորփրում է պատը:) Այդ ի՞նչ ես անում… Ետ քաշվիր… Յան, ի՞նչ ես անում, պատը կփլվի մեր գլխին…
ՅԱՆ 2 — Այստեղ արմատ կա:
ՅԱՆ 1 — Ի՞նչ:
ՅԱՆ 2 — Այստեղ արմատ կա, ծառի արմատ… արագորեն աճում է:
ՅԱՆ 1 — (փութկոտ մոտենում է): Ախր, սա սնունդ է, Յան: Ես վաղուց արմատ չեմ կերել:
ՅԱՆ 2 — (կանխում է): Պետք չէ: Ուտել պետք չէ, հանկարծ չկտրես:
ՅԱՆ 1 — Բայց չէ՞ որ մենք սոված ենք:
ՅԱՆ 2 — Մենք դրանից կախվելով կբարձրանանք, դուրս կգանք փոսից: Նա պարանի դեր կկատարի, Յան:
ՅԱՆ 1 — Դու համոզվա՞ծ ես:
ՅԱՆ 2 — Իհարկե, չէ՞ որ սա հսկա ծառի արմատ է: Նայիր, թե ի՜նչ հետաքրքիր տեսք ունի, ինչպես է գալիս դեպի մեզ… Սա, երևի, մեր Կենաց ծառի արմատն է, մեզ վերածնունդ տվող Կենաց ծառի… (Ոգևորվում է:) Սա նախախնամություն է, Յա՛ն, մենք փրկված ենք: Կենաց ծառը մեզ օգնության է հասել:
ՅԱՆ 1 — Մի կողմ քաշվիր, տեսնեմ: (Զննում է:) Ճիշտ որ, տարօրինակ է… Երբեք այսպիսի արմատ չեմ կերել:
ՅԱՆ 2 — Չհամարձակվե՛ս:
ՅԱՆ 1 — Տես, թե ինչ հյութալի մազարմատներ ունի:
ՅԱՆ 2 — Նրանք կարծես տեսնում ու լսում են մեզ, Յան: Նայի՛ր` ոնց ծռեց մեջքը, խոնարհվեց: Նա հաստատում է իմ խոսքը:
ՅԱՆ 1 — Եվ գույնն էլ է տարօրինակ, գալարներն էլ…
ՅԱՆ 2 — Մենք փրկված ենք, Յան: Չէ՞ որ ավանդույթն է ասում, որ մեր ազգը հզոր Կենաց ծառ ունի: Նա մեզ օգնության է հասել, Յա՛ն, մենք փրկված ենք:
ՅԱՆ 1 — Հզոր… Այո՛, նրա մեջ հզոր կենսահյութ կա:
ՅԱՆ 2 — Նա օգնության է գալիս: Հարկավոր է նրանով մագլցել, Յան, մագլցենք ու դուրս գանք փոսից:
ՅԱՆ 1 — Դա ծանր աշխատանք է:
ՅԱՆ 2 — Հետո՞ ինչ: Մենք կջանանք, դուրս կգանք արևոտ ափ:
ՅԱՆ 1 — Դա ծանր աշխատանք է, իսկ մենք հյուծված ենք:
ՅԱՆ 2 — Հյուծված ենք, բայց ոչ՝ ուժասպառ: Սա դիպված է, Յան, նախախնամության դիպված:
ՅԱՆ 1 — Բայց ինչո՞ւ պիտի մեր ԿԵնաց ծառը տանջի մեզ, տառապանք պատճառի: Նրա մազարմատներին նայիր, որքան հյութալի են: Նա մեզ սնունդ է տալիս, Յան: Մենք մազարմատներով կսնվենք, ուժ կառնենք ու մայր արմատով կմագլցենք վեր:
ՅԱՆ 2 — Վստա՞հ ես:
ՅԱՆ 1 — Իհարկե: Ինքդ մտածիր` ինչի՞ համար են մազարմատները:
ՅԱՆ 2 — Որպեսզի մայր արմատը սնունդ ստանա, ապրի:
ՅԱՆ 1 — Հրաշալի ասացիր` սնունդ ստանա:
ՅԱՆ 2 — Եկ չշտապենք, Յան, մենք այդքան էլ ուժասպառ չենք:
ՅԱՆ 1 — Բայց մազարմատը սնունդ է, ինչո՞ւ թողնենք, որ նա հողից դուրս չորանա: Կենաց ծառը իմաստուն է, Յան: Նա մեզ օգնության է հասել և ցանկանում է, որ մենք փրկվենք, ճի՞շտ է:
ՅԱՆ 2 — Ճիշտ է:
ՅԱՆ 1 — Մի՞թե նա կցանկանա, որ մենք տառապենք: Եթե մենք հյուծված, ուժասպառ դուրս գանք փոսից, կարո՞ղ ենք դիմանալ կիզիչ արևին, երեկոյան քամուն, գիշերվա սառնությանը:
ՅԱՆ 2 — Չգիտեմ…
ՅԱՆ 1 — Նրանց հյութալի տեսքն իսկ հուշում է, որ մեր սնունդն են: Ահա, նայիր, ինքդ համոզվիր, թե ինչպես են նրանք իմ ամեն մի խոսքի հետ շարժվում, աջ ու ձախ թեքվում, հավանություն տալիս:
ՅԱՆ 2 — Գուցե դրանով մեզ հուշում են, որ իրենց ձեռք չտա՞նք, չուտե՞նք… Ո՞վ կցանկանա, որ իրեն ուտեն, Յան:
ՅԱՆ 1 — Հերիք է փիլիսոփայես: Մեր նախնիները կենդանու միս են կերել և բուսեղեն: Նրանց մտքով երբեք չի անցել, թե ոչխարը կամ միրգը համաձա՞յն են կերակուր դառնալ, թե՞ ոչ:
ՅԱՆ 2 — (տարակուսած): Դա էլ է ճիշտ…
ՅԱՆ 1 — Տեսնո՞ւմ ես: Ես կարող եմ էլի շատ օրինակներ բերել:
ՅԱՆ 2 — Պետք չէ: Ավելի լավ է մենք փորձենք մայր արմատով վեր բարձրանալ:
ՅԱՆ 1 — Մեր ուժը չի բավականացնի, մեզ սնվել է պետք: (Պոկում է մազարմատներից մեկը, գցում բերանը և սկսում ախորժակով ծամել:) Համեղ է… (Երկրորդ, երրորդն է պոկում:) Դու էլ կեր:
ՅԱՆ 1 — (վարանոտ մեկնում է ձեռքը, հապաղում է, ապա, համարձակվելով, պոկում է մի մազարմատ, տանում է բերանը, սկսում է ծամել): Համեղ է:
Նրանք սկսում են պոկել մազարմատները, ուտել:
ՅԱՆ 1 — Զգո՞ւմ ես, որ լցվում ենք ուժով: Նույնիսկ տրամադրությունս բարձրացավ:
ՅԱՆ 2 — Իսկապես: Շատ է համեղ… Բայց… Բայց, կարծես թե…
ՅԱՆ 1 — Ի՞նչ պատահեց:
ՅԱՆ 2 — Ոչինչ… Գուցե ինձ է թվում:
ՅԱՆ 1 — Ի՞նչ է թվում:
ՅԱՆ 2 — Կարծես թե արմատը կոշտանում է, փայտանում:
ՅԱՆ 1 — Քեզ մի ներշնչիր: Նա առնականանում է, որ մեզ վեր ձգի:
ՅԱՆ 2 — Չէ… Շոշափիր, նա փայտանում է:
ՅԱՆ 1 — Բոլորովին էլ չի փայտացել, քեզ է թվում:
ՅԱՆ 2 — Նա ետ է քաշվում, Յան, նա ետ է քաշվում:
ՅԱՆ 1 — Բռնի՛ր նրան, թույլ մի տուր… (Կառչում են ետ քաշվող արմատից:)
ՅԱՆ 2 — Նա սևանում է, Յան…
ՅԱՆ 1 — Ձգի՛ր, ուժով ձգիր քեզ…
Արմատը կոտրվում, մնում է նրանց ձեռքում:
ՅԱՆ 2 — (ողբաձայն): Նա կտրվե՜ց, Յա՜ն…
ՅԱՆ 1 — (ձեռքի կտորը մի կողմ է գցում): Սա արդեն մեզ պետք չէ:
ՅԱՆ 2 — Նա ետ է սողում, Յա՜ն… Նա ետ է քաշվում…
ՅԱՆ 1 — Բռնի՛ր նրան… Բռնի՛ր, թույլ մի տուր, որ գնա: (Վրա են հասնում, փորձում են որսալ արմատի ծայրը, չի հաջողվում, արմատն անհետանում է: Բռունցքով խփում է պատին:) Թյո՛ւ, քեզ Կենաց ծառ ասողի…
ՅԱՆ 2 — Մենք նրան ցավ պատճառեցինք:
ՅԱՆ 1 — Երևի:
ՅԱՆ 2 — Մենք նրան ցավ պատճառեցինք, նա ետ չի գա: (Հուսահատ, հենվելով պատին՝ խուլ հեծեծում է:) Նա էլ ետ չի գա… չի գա…
ՅԱՆ 1 — Հերն էլ անիծա՜ծ… (Նյարդային աջ ու ձախ է ընկնում:) Առանց նրա չե՞նք ապրել, ի՞նչ է… (Ոտքերով, ձեռքերով հարվածներ է տեղում պատերին:) Մե՜ծ բան… Արմա՜տ… Ո՞վ չգիտե, որ հողում արմատներ են լինում… խռովե՜ց… Նրբազգացի՜ս տես… (Կանգ է առնում Յանի թիկունքում:) Ի՞նչ ես ողբում: Գուցե հենց մեզ ուժ տալու նպատակո՞վ էր նա դուրս ցցվել: Իր գործն արեց, գնաց: Հաստա՛տ: Հենց այդպես էլ կա: Թե չէ` արմատը ո՞նց էր մեզ դուրս բերելու փոսից: Երբևէ լսած կա՞ս… Քեզ հետ եմ, երբևէ լսած կա՞ս, որ արմատը դուրս բերի փոսում թաղվածին:
ՅԱՆ 2 — (գլուխը տարուբերելով): Լսած չկամ:
ՅԱՆ 1 — Ուրեմն եղավ այն, ինչ պետք է լիներ: Հիմա ավելի լավ է արմատի կտորն էլ ուտենք… Ո՞ւր գցեցի: Ահա… (Բարձրացնում է գետնից: Ապշանքով:) Գրողը տանի, լրիվ քարացել է… (Փորձում է կրծել և նույն պահին դուրս է թքում:) Թյու՜… լեղի է, գարշանք: (Մի կողմ է շպրտում, նստում է քարակոշտին, հանում է համրիչը:)
ՅԱՆ 2 — (անձկությամբ վեր նայելով): Երանի՜ նրանց, ովքեր արևի տակ են, Յան:
ՅԱՆ 1 — (հատիկները գցելով): Դու գոնե կշտացա՞ր: Ես ավելի սովածացա:
ՅԱՆ 2 — Արև՜… առավո՜տ… կեսօ՜ր…
ՅԱՆ 1 — Սովից ստամոքսս ցավում է:
ՅԱՆ 2 — …Ծաղիկնե՜ր… անձրև՜… ծիածա՜ն…
ՅԱՆ 1 — Մազարմատները մեզ խաբեցին:
ՅԱՆ 2 — …Գիշե՜ր… լուսի՜ն… աստղե՜ր…
ՅԱՆ 1 — Թակարդ էր, մեր թշնամու կողմից լարված թակարդ: Չհասա՜ն իրենց նպատակին: Չեն էլ հասնի: Յանն անպարտելի է, յանը դեռ կասի իր խոսքը:
ՅԱՆ 2 — …Ե՜րգ… ժպի՜տ… ծիծա՜ղ…
ՅԱՆ 1- (նյարդային գոռում է): Դե, լռի՛ր վերջապես, լռի՜ր…
Դադար: ՅԱՆ 1-ը տենդորեն համրիչի հատիկներն է հաշվում:
ՅԱՆ 2 — Դու չե՞ս ուզում նրա անունը տալ:
ՅԱՆ 1 — Ո՞ւմ:
ՅԱՆ 2 — Նրա, հանուն ում սիրո պետք է լռեմ:
ՅԱՆ 1 — Չէ, չեմ ուզում: Նրա հայտնվելուց ի՞նչ օգուտ: Հին կտակարանո՜ւմ… Մեծ բան: Գոնե Նորում լիներ: Ո՞վ է հիմա Հին կտակարան կարդում:
ՅԱՆ 2 — Դու անհավա՞տ ես:
ՅԱՆ 1 — Անհավատ չեմ, բայց նրա ներկայությունից ոչ մի օգուտ չկա:
ՅԱՆ 2 — Իսկ ինչո՞ւ ես հավատում:
ՅԱՆ 1 — Դա մեր` յաների հինավուրց սովորույթն է:
ՅԱՆ 2 — Տե՜ր Աստված, այդ ինչե՞ր ես խոսում, մի՞թե հավատը ընդամենը սովորույթ է:
Երևակվում է Տերը:
ՏԵՐ — Ինձ կանչեցի՞ք:
ՅԱՆ 1 — Չէ՛:
ՏԵՐ — Բայց ես լսեցի իմ անունը:
ՅԱՆ 1 — Յան, դու Աստծուն կանչե՞լ ես:
ՅԱՆ 2 — Ես տվեցի նրա անունը, երբ դու… դու…
ՏԵՐ — Ահա, տեսնո՞ւմ եք, ես չեմ սխալվել: Ես երբեք չեմ սխալվում: Ես միշտ այնտեղ եմ, որտեղ իմ անունն են տալիս: (Կտրուկ շրջվում է Յան 1-ի կողմը:) Ինչ ասացի՞ր:
ՅԱՆ 1 — (խուսափողական): Ես ոչինչ չասացի:
ՏԵՐ — Դու քո մտքում ասացիր: Բարձրաձայնի՛ր:
ՅԱՆ 1 — Քեզնից ի՞նչ պահեմ… Ես գիտեմ, որ դու միշտ կաս: Գիտեմ, որ միշտ այնտեղ ես, որտեղ քո անունն են տալիս: Բայց…
ՏԵՐ — Բարձրաձայնի՛ր:
ՅԱՆ 1 — Բայց… ի՞նչ օգուտ:
ՏԵՐ — Ապերախտ:
ՅԱՆ 1 — Տեր, մենք փոսի մեջ ենք անհիշելի ժամանակներից:
ՏԵՐ — Որովհետև միշտ անցյալով եք ապրում:
ՅԱՆ 1 — Դա մեր պատմությունն է:
ՏԵՐ — Անցյա՛լ:
ՅԱՆ 1 — Դա մեր հպարտությունն է:
ՏԵՐ — Անցյա՛լ:
ՅԱՆ 2 — (աղերսանքով): Տեր, ապագան պայծառ է լինելու, չէ՞:
ՏԵՐ — Անհնար է առանց լուսավոր ներկայի պայծառ ապագա ունենալ:
ՅԱՆ 1 — Բայց մեր դարավոր թշնամին… Եթե նա չլիներ…
ՏԵՐ — Եթե նա չլիներ, դուք ձեր հայրենիքը չէիք սիրի: Ձեր հայրենասիրությունը խարսխել եք միայն թշնամու ատելության ու ձեր անցյալի վրա: Դուք ցմահ դատապարտել եք ձեզ դրան:
ՅԱՆԵՐ — (միասին): Ցմա՞հ:
ՏԵՐ — Ցմահ դատապարտվածի ահը մահն է, երազանքը` ազատությունը: Դուք պայքարում եք չմեռնելու համար, բայց ոչ` ազատության:
ՅԱՆ 2 — Բա ինչպե՞ս վարվենք, Տե՜ր…
ՏԵՐ — Ես ձեզ բանականություն եմ տվել: Եթե ձեր փոխարեն պիտի մտածեմ, էլ ո՞ւր տվեցի: (Անէանում է:)
Դադար:
ՅԱՆ 1 — Տեսա՞ր, ասում էի, չէ՞, որ նրա գալուց օգուտ չկա:
ՅԱՆ 2 — (մտածկոտ): Բայց նա ճիշտ է ասում: Մտածել է պետք:
ՅԱՆ 1 — (հապաղելով): Մտածել եմ:
ՅԱՆ 2 — Բա ինչո՞ւ չես ասում: Դե ասա, ասա` փրկվենք փոսից:
ՅԱՆ 1 — Մենք պետք է հավատանք մեր ուժերին: Անսասան հավատանք: Անսահման հավատանք:
ՅԱՆ 2 — Բայց ես հավատացի, չէ՞: Քիչ առաջ հավատացի, բայց ոչինչ չստացվեց:
ՅԱՆ 1 — (համրիչը գցելով): Չի էլ ստացվի:
ՅԱՆ 2 — Բայց… ինքդ ասացիր…
ՅԱՆ 1 — Ես ասացի, որ մե՛նք պիտի հավատանք, ոչ թե միայն դու:
ՅԱՆ 2 — (խեղճացած): Իսկ դու չե՞ս հավատում:
ՅԱՆ 1 — Հավատում եմ:
ՅԱՆ 2 — Անսահման, անսասա՞ն:
ՅԱՆ 1 — Անսահմա՛ն, անսասա՛ն: Բայց ոչինչ չի ստացվի:
ՅԱՆ 2 — Ինձ ձե՞ռ ես առնում:
ՅԱՆ 1 — Ամենևին: Ես ասացի` մե՛ր ուժերին, ոչ թե` իմ կամ քո:
ՅԱՆ 2 — Իմը և քոնը, կամ` քոնը և իմը մեր չէ՞:
ՅԱՆ 1 — Ո՛չ: Իմը և քոնը, կամ` քոնը և իմը մե՛ր չէ: Դա միայն քոնն է և միայն իմը, կամ` միայն իմն է և միայն քոնն է: Մերի մեջ չկա իմ և քո, կամ` քո և իմ: Կա միայն մե՛ր: Մե՛ր, և` ուրիշ ոչինչ:
ՅԱՆ 2 — Այսի՞նքն: (Յան 1-ը, սևեռված համրիչին, չի պատասխանում: Աղերսով:) Բացատրի՜ր, Յան:
ՅԱՆ 1 — Միասին պետք է հավատանք: Միացյա՛լ: Անսահմա՛ն, անսասա՛ն հավատանք:
ՅԱՆ 2 — Դե արի միանանք ու հավատանք: Միացյա՛լ: Անսասա՛ն: Անսահմա՛ն:
ՅԱՆ 1 — Դա էլ է քիչ:
ՅԱՆ 2 — Քի՞չ է:
ՅԱՆ 1 — Միասին հավատալը քիչ է: Հարկավոր է, որ օգնենք միմյանց, վստահենք միմյանց:
ՅԱՆ 2 — Ես պատրաստ եմ օգնել, վստահել: Իսկ դո՞ւ:
ՅԱՆ 1 — Ես էլ:
ՅԱՆ 2 — Դե… Դե, սկսենք: Ինչի՞ց սկսենք:
ՅԱՆ 1 — Մագլցելուց:
ՅԱՆ 2 — (հուսախաբ): Ես փորձեցի, չստացվեց:
ՅԱՆ 1 — Էլի՞ «ես»…
ՅԱՆ 2 — Մենք փորձեցինք` չստացվեց:
ՅԱՆ 1 — Մենք չենք փորձել: Այդ դո՛ւ` միայնակ փորձեցիր, ու չստացվեց: Դու ուզում էիր լույսի ետևից գնալ, իսկ ես ուզում էի նրան բռնել: Դու ուզում էիր արմատն ի վեր բարձրանալ, ես ուզում էի, որ արմատը մեզ վեր տանի: Մեր ձախողումների պատճառը դու ես: Էլ չեմ խոսում, որ ինձ թողած` սողալով ուզում էիր վեր բարձրանալ:
ՅԱՆ 2 — Յան, ներիր իմ մեղքերը, խնդրում եմ… Հանուն մեր ազատության, ների՛ր:
ՅԱՆ 1 — (հապաղելով): Լավ: Ներում եմ:
ՅԱՆ 2 — (աշխուժացած): Սկսե՞նք… (Ձեռքերը վեր պարզելով` ելման դիրք է ընդունում:) Միասի՛ն, անսասա՛ն… Դու ո՞ր կողմում ես ուզում կանգնել, ձա՞խ, թե՞ աջ:
ՅԱՆ 1 — (վերջապես ոտքի է կանգնում): Ոչ` ձախ, ոչ` աջ: Փոսը խորն է, ցատկելով դուրս չենք գա:
ՅԱՆ 2 — (հուսախաբ): Բա ասում էիր` միասին…
ՅԱՆ 1 — Միասին: Այո: Միասին: Մեզնից մեկը կկանգնի մյուսի ուսերին, կկառչի փոսի եզրից ու դուրս կգա:
ՅԱՆ 2 — Հանճարե՜ղ միտք: Ինչ լավ է` վերջապես գլխի ընկանք:
ՅԱՆ 1 — Այդ ես գլխի ընկա, ոչ թե դու:
ՅԱՆ 2 — Իհարկե, դու էիր, Յան, դու իմաստուն ես: Բայց երկուսիս համար մտածեցիր, չէ՞:
ՅԱՆ 1 — Իհարկե:
ՅԱՆ 2 — Բայց… բայց…
ՅԱՆ 1 — Ի՞նչ` բայց:
ՅԱՆ 2 — Բայց… հետո…
ՅԱՆ 1 — Ի՞նչ` հետո:
ՅԱՆ 2 — Հետո` մյուսը, Յան… Նա՛, ում ուսերին…
ՅԱՆ 1 — Ի՞նչ` նա:
ՅԱՆ 2 — Ով ներքևում մնաց: Նա՛, ում ուսերին… Նա ինչպե՞ս դուրս կգա փոսից:
ՅԱՆ 1 — Ախ, նա՜… Դուրս եկածը վեր կքաշի նրան:
ՅԱՆ 2 — Դու իմաստուն ես, Յան: Սկսե՞նք:
ՅԱՆ 1 — Սկսենք:
ՅԱՆ 2 — Քանի որ դու մտածեցիր ու հնարը գտար, բարձրացիր իմ ուսերին, ազատվիր այս անիծյալ փոսից: Հետո ինձ վեր կքաշես:
ՅԱՆ 1 — Ինքդ ասացիր: (Բարձրանում է նրա ուսերին, ձեռքերը երկարում վեր:) Քիչ էլ բարձրացրու, չեմ հասնում:
ՅԱՆ 2 — (դժվարությամբ կանգնում է ոտքերի թաթերին): Հասցրի՞ր, Յան… Հասցրի՞ր…
ՅԱՆ 1 — (կառչելով փոսի եզրից` վեր է ձգվում, հենվում արմունկներին, հայտնվում լույսի մեջ): Ա՛յ քեզ բա՜ն… Դրա՜խտ է աշխարհը… Յան, դու այսպիսի բան չես տեսել…
ՅԱՆ 2 — Արևո՞տ է…
ՅԱՆ 1 — Հրա՜շք է:
ՅԱՆ 2 — Գեղեցի՞կ է…
ՅԱՆ 1 — Անպատմելի:
ՅԱՆ 2 — Յան, ինձ էլ օգնիր, վեր քաշիր ինձ:
ՅԱՆ 1 — Սպասիր, դրա ժամանակը չէ: Ո՞վ գիտե, ինչ վտանգներ կան: Գուցե էլի ետ եմ գալիս:
ՅԱՆ 2 — Յան, մենք միասին կհաղթահարենք վտանգները: Վեր քաշիր ինձ:
ՅԱՆ 1 — Ի՞նչ ես նվնվում… Այսքան ժամանակ դիմացել ես, էլի կդիմանաս: (Արմունկներին հենվելով` ճիգ է գործադրում փոսից ելնելու:)
ՅԱՆ 2 — Յա՜ն, ինձ էլ տար, Յա՜ն… (Ցատկում, կախվում է նրա ոտքերից:)
ՅԱՆ 1 — (փորձում է ազատվել): Բա՛ց թող, ապուշ, դու ինձ կկործանես…
ՅԱՆ 2 — Բայց չէ՞ որ միասին… Անսահման… Անսասան…
ՅԱՆ 1 — Բա՛ց թող… Բաց թող, ասում եմ: (Ոտքն ազատելով` խփում է նրա գլխին, տապալում ներքև:)
ՅԱՆ 2 — (անմիջապես վեր ելնելով` դարձյալ ցատկում, կառչում է նրա ոտքերից): Յան, հարազատս… Մի լքիր ինձ, Յա՜ն…
ՅԱՆ 1 — Բա՛ց թող, անասուն…
ՅԱՆ 2 — Յան, սիրելիս… Հանուն մեր նախնիների… Հանուն մեր սիրո…
ՅԱՆ 1 — Բա՛ց թող, հիմար… բաց թող…
Անզիջում պայքարում են և միասին տապալվում:
ՅԱՆ 1 — (հարձակվում է նրա վրա): Ես քեզ կսպանե՜մ… Շանսատակ կանե՜մ… (Դաժանորեն ծեծում է:)
ՅԱՆ 2 — (պաշտպանվելով): Խիղճ ունեցիր, Յան… Մի սպանիր ինձ… Աստված կպատժի քեզ… Տե՜ր Աստված, օգնիր, խնդրում եմ…
Երևակվում է Տերը: Նրա հայտնվելուն պես գզվռտոցը դադարում է: Մի կողմ են քաշվում, գետնին նստած հևում են:
ՏԵՐ — Ինձ կանչեցի՞ք…
ՅԱՆ 2 — (սրբելով դեմքի արյունը): Այո՛, Տեր… Ես կանչեցի:
ՏԵՐ — Ես քեզ լսում եմ:
ՅԱՆ 2 — Տե՛ր, Յանը… Իմ եղբայրը…
ՅԱՆ 1 — Տեր, ես ցանկանում էի գրկել, համբուրել նրան, բայց նա ընդդիմանում էր: Մի՞թե մեղք է հարազատին սիրելը: Չէ՞ որ ասված է` սիրիր մերձավորիդ:
ՏԵՐ — (Յան 2-ին): Դո՞ւ ինչ կասես, Յան: Չէ՞ որ դու կանչեցիր ինձ:
ՅԱՆ 2 — Այո, Տեր, ես կանչեցի… Ես… Նա… Յանը իմ եղբայրն է, Տեր…
ՅԱՆ 1 — Ես սիրում եմ իմ եղբորը, Տեր: Նա քեզ կանչեց ցույց տալու համար, որ մենք սիրում ենք միմյանց, կատարում ենք Տիրոջ պատվիրանը:
ՏԵՐ — (Յան 2-ին): Այդպե՞ս է, Յան:
ՅԱՆ 2 — Ես… Ես… Տեր, թույլ տուր քո հարցին պատասխանեմ վերջին դատաստանի օրը:
ՏԵՐ — Դուք սիրո՞ւմ եք միմյանց:
ՅԱՆ 2 — (գլխահակ): Տեր, մեր նախնիների, բոլոր յաների պատիվն ու անունը շատ ավելի թանկ են իմ անձից: Ես պարտավոր եմ սիրել իմ եղբորը:
ՅԱՆ 1 — Այո, Տեր, մենք սիրում ենք միմյանց: Բոլոր յաների պատիվն ու անունը թանկ են մեզ համար:
ՏԵՐ — Դուք սիրում եք միայն ձեր անունը: Դուք չեք սիրում միմյանց: (Անէանում է:)
Դադար:
ՅԱՆ 1 — (ծալապատիկ նստում է քարակոշտին, հանում է համրիչը): Լավ պրծանք: Թե չէ կարող էր խելքին փչել ու մեր մասին գրեր Կայենից ու Աբելից հետո: Ազգովի կխայտառակվեինք:
ՅԱՆ 2 — (հիասթափված, նրան չնայելով): Նա դա կանի վերջին դատաստանի օրը:
ՅԱՆ 1 — Այդ օրվան դեռ շա՜տ ժամանակ կա: Իսկ մինչ այդ, համոզված եմ, մեր մասին կգրվի մովաբացի Հռութի պատմությունից հետո: Նա հենց այնպես չի խոստանում: Նրա ամեն մի խոսքը կատարվում է: (Սևեռվում է համրիչին:) Հարուստ, հզոր, երջանիկ… Հարուստ, հզոր, երջանիկ… Տեսնո՞ւմ ես, Յան, մենք էլ կարողացանք փառքի պսակ ավելացնել մեր պատմությանը: Սերունդները մեզ կհիշեն: Հարուստ, հզոր, երջանիկ… Հարուստ, հզոր, երջանիկ… Մենք դեռ կասենք մեր խոսքը, Յան, սերունդները կհպարտանան մեզնով: Իսկ ինչո՞ւ Հռութից հետո… Յաներս արժանի ենք ամենասկզբից հիշատակվելու: Հարուստ, հզոր, երջանիկ… (Վերևից աղբ է թափվում:) Սա՞ ինչ էր… (Ուսերից մաքրում է աղբը:) Ա՞ղբ… (Ոտքի է ցատկում:) Ուզում են մեզ աղբի մե՞ջ թաղել… (Հառվում է վեր:) Հե՜յ, ո՞վ կա այդտեղ… (Երկրորդ կույտն է թափվում:) Հե՜յ, չհամարձակվեք մեր տունը աղբահոր դարձնել, լսո՞ւմ եք…
ՅԱՆ 2 — (հառվելով վեր): Օգնեցե՜ք… Բարի մարդիկ, ո՞վ կա այդտեղ… Օգնեք դուրս գանք փոսի՜ց…
ՅԱՆ 1 — Հե՜յ, դուք լսո՞ւմ եք ինձ… Մենք հինավուրց Յանի սերունդն ենք: Փառավոր անցյալով, մշակույթ, գիտություն ունեցող Յանի սերունդը… Չհամարձակվե՛ք ձեր աղբը լցնել մեր գլխին: Հե՜յ…
ՅԱՆ 2 — Օգնեցե՜ք… օգնեք մեզ դուրս գանք փոսի՜ց… (Երրորդ կույտն է թափվում: Հուսահատ:) Նրանք մեզ չեն լսում:
ՅԱՆ 1 — Հե՜յ, ո՞վ կա այդտեղ… (Չորորդ աղբակույտն է թափվում:) Հե՜յ, աղբ մի թափեք մեր գլխին: (Դարձյալ` աղբ:)
ՅԱՆ 2 — Օգնեցե՜ք… Մենք այստեղ ենք, փոսի մե՜ջ… օգնեցե՜ք (Դարձյալ` աղբ:)
ՅԱՆ 1 — (աղբը ուսերից մաքրելով): Սրիկանե՛ր: Նրանք մեզ չեն լսում, նրանք չեն ուզում մեզ օգնել: Նրանք մեր թշնամիներն են, Յա՛ն… Հե՜յ, դուք դեռ կհատուցեք սրա համար, վայրենինե՜ր…
ՅԱՆ 2 — Լռի՛ր, Յան, լռի՛ր:
ՅԱՆ 1 — Լռե՞մ… Բայց նրանք մեզ աղբի մեջ կթաղեն, այս գարշահոտ, նեխած աղբի: Մի՞թե հինավուրց յաները սրան են արժանի:
ՅԱՆ 2 — Լռի՛ր, Յան, դա մեր փրկությունն է:
ՅԱՆ 1 — Հիմարություն ես դուրս տալիս, Յա՛ն:
ՅԱՆ 2 — Հիմարություն չէ, լռի՛ր: Նրանք մեզ օգնում են: Քաղաքակիրթ աշխարհը… Վերջապես օգնության հասան… Նրանք այսպե՛ս են մեզ օգնում, Յան: Աղբը փոսի մեջ լցվելով վեր կբարձրանա, մենք էլ` նրա վրա, հասկանո՞ւմ ես… Աղբը կկուտակվի, կլցվի փոսն ու մենք դուրս կգանք փոսից:
ՅԱՆ 1 — (տատանվում է): Կարծես… ճիշտ ես ասում: (Հակվում է աղբին, ձեռքով շուռումուռ է տալիս:) Ճիշտ ես ասում… Այստեղ ուտելու բան էլ կա… Բանանի, խնձորի կլեպներ… Հետո՞ ինչ, որ կլեպ է… Հագուստ… (Մի լաթ բարձրացնելով` զննում է:) Հետո՞ ինչ, որ մաշված հագուստ է… Ո՞վ իր նոր շորն ուրիշին կտա… Նրանք մեզ օգնում են, Յան, փրկում են մեզ… (Հառվում է վեր:) Հե՜յ, աղբ լցրեք… Սա քի՜չ է, քի՜չ է, հե՜յ…
ՅԱՆ 2 — Էլի՜, էլի լցրե՜ք, հե՜յ… օգնեցե՜ք… աղբ լցրեք…
Կույտ առ կույտ թափվող աղբը մեծ հրճվանք է պատճառում նրանց: Յաները թռչկոտում են աղբի մեջ, քրքջալով լցնում գլխներին, նետում միմյանց վրա, ախորժակով խածում, ծամում են ձմերուկի, բանանի կլեպները, խելահեղորեն թավալվում են, աստիճանաբար խրվում, խորանում են աղբի մեջ: Մթնեցում: Դադար: Դանդաղորեն, թույլ լուսավորվում է` ցուցադրելով, որ փոսը կիսով չափ լցված է աղբով: Աղբակույտից դուրս է ցցվում Յան1-ի առնետանման գլուխը, ապա և ինքն է դուրս գալիս` երկարուկ պոչով:
ՅԱՆ 1 — (ախորժակով ճմլկոտում է): Ո՜ւխ, ինչ հաճելի քնեցի: (Աջ ու ձախ հոտոտում է:) Յա՜ն, որտե՞ղ ես, Յա՜ն…
ՅԱՆ 2 — (առնետակերպ դուրս է գալիս կույտից): Ի՞նչ ես ձայնդ գլուխդ գցել: Ձմերուկ էի ուտում:
ՅԱՆ 1 — Ձմերո՞ւկ, թե՞ ձմերուկի կլեպ:
ՅԱՆ 2 — Թքա՛ծ: Կլեպն ավելի համեղ է:
ՅԱՆ 1 — (խնձորի մնացորդը երկու թաթով բռնած` կրծոտելով): Բա ինչո՞ւ էիր երեկ ձմերուկի համար կռվում` ինձ էլ տո՜ւր, ինձ էլ տո՜ւր…
ՅԱՆ 2 — Ախր, նեխած էր… Ի՜նչ անուշ բուրմունք ուներ: (Բանանի կլեպ գտնելով` թաթերով բռնում, սկսում է կրծոտել:) Նեխածից համով բան չկա (Այսուհետ Յաները անընդհատ կրծոտելով են զրուցում:)
ՅԱՆ 1 — Իսկապես: Վաղուց այդպիսի համով բան չէինք կերել:
ՅԱՆ 2 — Ընդհանրապես, խորքում եղածներն ավելի համեղ են, որովհետև երկար մնալով նեխում են: Նոր լցրածները բանի պետք չեն:
ՅԱՆ 1 — Երեկվա պանիրն էլ շատ համեղ էր:
ՅԱՆ 2 — Համեղ էր, որովհետև նեխած էր: Ընդհանրապես, մարդիկ հիմար են: Ո՞ր խելքովը նեխած պանիրը աղբահորը կգցի:
ՅԱՆ 1 — Նրանք իրենց բոլոր գործերում են հիմար: Տանջվում, շենքեր են կառուցում…
ՅԱՆ 2 — Բա գրադարա՞նը, գրադարա՞նը…
ՅԱՆ 1 — Պատկերասրա՜հը…
Յան 2 — Թանգարա՜նը…
ՅԱՆ 1 — Բա եկեղեցի՜ն… (Ծիծաղում են:)
ՅԱՆ 2 — Ընդհանրապես, դրանք ամեն բանի ընդունակ են, միայն հիմարություն լինի:
ՅԱՆ 1 — Մարդիկ որքան հիմարություն անեն` մեր օգուտն է: Պետք էլ չէ, որ նրանք գլխի ընկնեն, որ իրենք հիմար են:
ՅԱՆ 2 — Ճիշտ է, Յա՛ն, ընդհանրապես` ճիշտ է: Թող հիմարություն անեն: Ի վերջո նրանց ամեն ստեղծածը աղբ է դառնում: Իսկ մեզ ի՞նչ է պետք:
ՅԱՆ 1 — Նրանց գործերից միայն մի բանում օգուտ չկա, երբ հայացքները երկնքին հառած երազում են:
ՅԱՆ 2 — Ճիշտ որ: Ընդհանրապես, դատարկ, անօգուտ զբաղմունք է: Չի կշտացնում: Ես էլ երկնքին նայեցի: Հիմարություն է: Աստղեր էին փայլում: Ի՞նչ օգուտ: Գոնե ներքև լցվեին` ուտեինք:
ՅԱՆ 1 — Աստղե՞ր…
ՅԱՆ 2 — Հա, շատ-շատ աստղեր: Փայլփլում էին: Հիշո՞ւմ ես, մեր հեռավոր նախնիները պատմել են, որ գիշերը աստղեր են փայլում:
ՅԱՆ 1 — (ծղրտում է): Նրանց անունը չտա՜ս… Երբ հիշում եմ, որ մեր նախնիները մարդիկ են եղել, ինքս ինձնից զզվում եմ: Մարդ տեսնելիս սիրտս խառնում է:
ՅԱՆ 2 — Ես էլ եմ զզվում մարդկանցից… Բայց գուցե դա սո՞ւտ է, Յան: Ինչպե՞ս կարող է մեր ազնվագույն ցեղի նախնին մարդ լիներ:
ՅԱՆ 1 — Նրանցից միայն մի օգուտ կա` աղբ են ստեղծում:
ՅԱՆ 2 — Ճիշտ է` ընդհանրապես:
ՅԱՆ 1 — Բայց, միևնույն է, ես զզվում են նրանցից: Քայլում են գետնի վրա, դիմանում են լույսին, արևին, ոչ մի համ ու հոտ չունեցող օդին… Թյու-ո՜ւ…
ՅԱՆ 2 — Հերիք է զզվեցնես, հիմա սիրտս ետ կտամ:
ՅԱՆ 1 — (մի պահ դադարում է կրծելուց: Մտախոհ): Ասում ես` աստղե՞ր տեսար… Գուցե քեզ թվացե՞լ է…
ՅԱՆ 2 — ՉԷ, ի՞նչ ես ասում, իսկական աստղեր էին:
ՅԱՆ 1 — Ե՞րբ տեսար:
ՅԱՆ 2 — Այսօր: (Յան 1-ը մի կողմ է շպրտում խնձորի մնացորդը, տագնապով աջ ու ձախ հոտոտում է:) Քեզ ի՞նչ պատահեց, Յան:
ՅԱՆ 1 — Դա վատ նշան է…
ՅԱՆ 2 — (դադարում է կրծել): Վատ նշա՞ն: Ի՞նչ ես ուզում ասել:
ՅԱՆ 1 — Մենք պետք է փախչենք այստեղից, և ինչքան շուտ, այնքան` լավ: Արագացրու, հարկավոր է թաղվել, խորանալ աղբի մեջ:
ՅԱՆ 2 — Քեզ ի՞նչ պատահեց, Յան:
ՅԱՆ 1 — Արագացրու, ասում եմ… Եթե աստղեր ես տեսել, ուրեմն` գիշեր է: Եթե գիշեր է, ուրեմն` լուսաբաց կլինի և մենք կհայտնվենք լույսի մեջ:
ՅԱՆ 2 — (սարսափած ծղրտում է): Դժբախտությո՜ւն…
ՅԱՆ 1 — (տագնապով): Աղե՜տ է լինելու, Յան, աղե՜տ…
ՅԱՆ 2 — Փախչե՜նք…
Տագնապահար փորում են աղբակույտը:
ՅԱՆ 1 — Արագացրո՛ւ… արա՛գ… արա՛գ…
ՅԱՆ 2 — Միայն թե հասցնենք… միայն թե հասցնե՛նք…
ՅԱՆ 1- Արագացրո՛ւ, ուր որ է արև կծագի՜…
Սուզվում են աղբի մեջ: Դադար: Արևի վաղորդյան շողերը դանդաղորեն շառագունում են երկինքը, ապա առատորեն լուսավորվում է փոսը, շրջապատը` ի հայտ բերելով, որ վերևում` աղբահորի եզրին, վեր է հառնում անբնակ, անփեղկ պատուհաններով, կիսավեր, բայց հոյակերտ մի կառույց:
Այդ կառույցը անչափ ծանոթ է մեզ:

Կարդացեք նաև