Արտաշես ՇԱՀԲԱԶՅԱՆ / ՀՐԱԺԱՐԱԿԱՆ

Կոմեդիա 2 գործողությամբ

Գործող անձիք
ՎԱՐՉԱՊԵՏ
ԽՈՋՈՅԱՆ — աշխատակազմի ղեկավար
ԱՆՈՒՇԻԿ — վարչապետի քարտուղարուհին
ՍԻՐԱՆ — վարչապետի սիրուհին
ՎԱՐԴՈՒՀԻ — վարչապետի կինը
ԳԱՅԱՆԵ — վարչապետի դուստրը
ՔԱՋԻԿ — կառավարության գործերի կառավարիչ
Մոնտաժ ՎԱՉՈ
Հայաստանի նախագահ
Ազգային Ժողովի նախագահ
Վարչապետի թիկնապահներ, աշխատակազմի աշխատակիցներ

ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ 1-ին
Տեսարան 1-ին
Բեմում` վարչապետի աշխատասենյակը:
Վարչապետը հակվել է ինչ-որ թղթերի վրա և միաժամանակ մատիտով թխկթխկացնում է սեղանին: Կողքի սենյակում, հեռախոսով խոսում է վարչապետի քարտուղարուհի Անուշիկը:
ԱՆՈՒՇԻԿ — Չէ՛: Չէ՛: Ասացի` ո՛չ: Ոչ, ասացի՝ ո՛չ: Այո, ասացի՝ ո՛չ: Այո, ասացի` այո՛: Ոչ, ասացի` այո, չեմ ուզում այլևս հանդիպենք: Սիրում ես, տար կինո, տար ռեստորան, ոչ թե Ձորաղբյուրի ձեր առանձնատունը: Ո՛չ, կասես. «Տանում եմ կինո», կտանես Ձորաղբյուրի առանձնատուն: Առաջին անգամ չէ, ազնիվ խոսքդ արդեն ստուգել ենք: Սկզբում էլ ասացիր. «Գնում ենք Ձորաղբյուր», գնացինք-տեսանք` ոչ մի աղբյուր էլ չկա: Ես ատում եմ Ձորաղբյուրի ճամփան: Կյանքում այլևս Ձորաղբյուր չեմ գնա:
Վարչապետը սեղմում է ներքին հեռախոսի կոճակը: Կոճակը չի աշխատում: Նյարդայնացած սեղմում է կոճակը, կանչում է Անուշիկին:
ՎԱՐՉԱՊԵՏ — (ձայնը աստիճանաբար բարձրացնելով): Անուշի՛կ, կառավարությո՞ւն է սա, թե՞ կոլխոզի գրասենյակ: Անուշի՛կ, Անուշի՛կ…
Վազքով ներս է մտնում Անուշիկը:
ՎԱՐՉԱՊԵՏ — Ինչո՞ւ էս անտեր հեռախոսը չի աշխատում, չասացի՞` պետք է նորոգել:
ԱՆՈՒՇԻԿ — Պարոն վարչապետ, մոնտաժողը գործի չի եկել, գիշերը երեխա է ունեցել:
ՎԱՐՉԱՊԵՏ — Ի՞նչ է ունեցել…
ԱՆՈՒՇԻԿ — Տղա:
ՎԱՐՉԱՊԵՏ — Լավ, գնա… Անուշի՛կ, աշխատակազմի ղեկավարին կանչիր:
Տեսարան 2-րդ
Ներս է մտնում աշխատակազմի ղեկավարը:
ԽՈՋՈՅԱՆ — Կարելի՞ է, պարոն վարչապետ:
ՎԱՐՉԱՊԵՏ — Արի, Խոջոյան, նստիր: Ավելի մոտ նստիր: Սովորականից մոտ նստիր: Խոջոյան, կարդա այսօրվա աշխատանքային գրաֆիկը, տեսնեմ` ինչ էր նախատեսվել:
ԽՈՋՈՅԱՆ — Առավոտյան սուրճն անցնենք, մամլո քարտուղարի զեկույցը հանրապետության վարչապետի դեմ՝ ընդդիմադիրների և չուզողների պատվերով մամուլի հրապարակումների վերաբերյալ՝ նույնպես անցնենք, հասանք երրորդ եռամսյակի արդյունաբերական աճի մասին Ազգային վիճակագրական ծառայության տեղեկագրի ընթերցմանն ու սրբագրմանը…
ՎԱՐՉԱՊԵՏ — Ինչո՞ւ ես երեսիս նայում, ուզում ես` հաշվետվությո՞ւն տամ քեզ: Կարդացի, սրբագրումն էլ ավարտեցի: Ո՞նց ժամանակին երկու ոտքս մի կոշիկի մեջ դրած չհակառակվեցի այս մարդու նշանակման դեմ:
ԽՈՋՈՅԱՆ — Պարոն վարչապես, ես էլ դիտողություն արեցի, բայց նորից ասում է` ինչ վիճակ կա, դա էլ ներկայացնում է:
ՎԱՐՉԱՊԵՏ — Ղալա՛թ է անում: Իրեն վիճակագրության պե՞տ են դրել, թե՞ կառավարության խոստովանահայր: (Թղթերը մեկնում է նրան:) Կտաս, թող տանի, փոխի, ընդմիջումից հետո կվերցնես, մեկ-մեկ ուղղումներիս հետ կհամեմատես: Այսօր ամեն ինչ ավարտված պիտի լինի, հասկացա՞ր: Անցիր առաջ:
ԽՈՋՈՅԱՆ — 10-ից 10-30-ը Անկախ հասարակական կազմակերպությունների դաշինքի ներկայացուցիչների ընդունելություն:
ՎԱՐՉԱՊԵՏ — Ռա՛դ արա՝ թող գնան: Կասես` զբաղված է, ՆԱՏՕ-ի պատվիրակությունն է չնախատեսված այցելել, տարածաշրջանային վերջին զարգացումների առիթով:
ԽՈՋՈՅԱՆ — Պարոն վարչապետ, սրանք ընդդիմությա՛ն անկախ հասարակական կազմակերպությունները չեն՝ մե՛ր անկախներն են:
ՎԱՐՉԱՊԵՏ — Մերն են… Ընտրությունների ժամանակ գետնի տակ են անցնում, ընտրություններից հետո կախվում են վզներիցս: Քննարկման նյութն ի՞նչ է:
ԽՈՋՈՅԱՆ — Կորպորատիվ կառավարման զարգացումն ու ընդլայնումը հանրապետությունում:
ՎԱՐՉԱՊԵՏ — Ի՞նչ են ուզում:
ԽՈՋՈՅԱՆ — Ուզում են քննարկել մասնակցային կառավարման սկզբունքների ամրապնդման հարցը…
ՎԱՐՉԱՊԵՏ — Հասկացա, Խոջոյան, ուզածներն ի՞նչ է:
ԽՈՋՈՅԱՆ — Պարոն վարչապետ, ուզում են կառավարության ձևավորած հանձնաժողովի հետ Հյուսիս-հարավ ավտոմայրուղու 14-րդ հատվածի շինարարության մշտադիտարկմանը մասնակցել: Հիմա գումարի հարցը ճշտել են ուզում, որ մյուս տարվա բյուջեում տող ամրագրվի:
ՎԱՐՉԱՊԵՏ — Մշտադիտարկման համար ինչքա՞ն է նախատեսված:
ԽՈՋՈՅԱՆ — 16 միլիոն:
ՎԱՐՉԱՊԵՏ — Իրե՞նք ինչքան են ուզում:
ԽՈՋՈՅԱՆ — Ուղիղ կեսը:
ՎԱՐՉԱՊԵՏ — Առռը հա՛ կեսը… Այդպես արեցին, որ 4 միլիարդ վարկը էս երկրում անհետացավ, ոնց որ ջուրն` ավազի մեջ: Անցած տարի աբորտ արվող պտուղների սեռերի հարաբերակցության հարցը չէի՞ն մշտադիտարկում: Ես չեմ հասկանում, դրանք վունդերկինդնե՞ր են, ամեն ինչից հասկանո՞ւմ են: Զահլա չունեմ, ՆԱՏՕ-ին եմ ընդունելու, դու կխոսես հետները, կասես` 10 տոկոս:
ԽՈՋՈՅԱՆ — Պարոն վարչապետ, կգնան, կբողոքեն, թե վարչապետը մյուս տարվա հացներս կտրում է:
ՎԱՐՉԱՊԵՏ — 30 տոկոս ու էլ ոչ մի բազար՝ անցիր առաջ:
ԽՈՋՈՅԱՆ — 11.00-11.20՝ ծանր ռոքի ունկնդրում ջղերը հանգստացնելու համար, 11.20-11.30` կառավարության մուտքին հերթապահող ոստիկանի զեկույց շենքի առջևի ցուցարարների պահանջների և ագրեսիվության չափի վերաբերյալ, 11.30-11.50` գյուղատնտեսության նախարարի հետ ճապոնական վերջին դրամաշնորհի յուրացման հարցի քննարկում:
ՎԱՐՉԱՊԵՏ — Յուրացմա՞ն, թե՞ իրացման:
ԽՈՋՈՅԱՆ — Ներողություն, իրացման:
ՎԱՐՉԱՊԵՏ — Խոջոյան, այդպես էլ պաշտոնական լեզվին չտիրապետեցիր: Նույն բանն էլ Արժույթի միջազգային հիմնադրամի հաշվետվության մեջ էիր գրել՝ խայտառակ եղանք… Չնայած ճիշտը դու ես: Ուրեմն, նախարարին դու կընդունես գյուղատնտեսության գծով խորհրդականիս հետ: Կտեղեկացնեք, որ ճապոնացիք պայմանների մեջ նոր կետ են ավելացրել՝ երեք ամիսը մեկ գալու են ծախսված գումարների նպատակայնությունը ստուգելու, այնպես որ… Այսինքն` երկար-բարակ բացատրության կարիք չկա, կասես. «Այ տղա, էդ էլիտար սիլոսը քեզ համար չենք ներկրում, ավստրիական կովերի համար է նախատեսված»:
ԽՈՋՈՅԱՆ — Կգնա, կբողոքի:
ՎԱՐՉԱՊԵՏ — Ա՛խ, Խոջոյան, մեկ-մեկ ոնց եմ ուզում դրա մռութը ջարդեմ, բայց հենց աչքս ընկնում է կրծքին փակցված կուսակցական կրծքանշանին՝ թևս թուլանում է:
ԽՈՋՈՅԱՆ — (ուղղում է իր կրծքանշանը, վարչապետն էլ իրենն է ուղղում): Շարունակե՞մ, պարոն վարչապետ. 12.00-12.30 համաշխարհային բանկի նամակի պատասխանի ընթերցում, շտկում, ուղարկում:
ՎԱՐՉԱՊԵՏ — Եթե նամակը պատրաստ է՝ հիմա ընթերցիր:
ԽՈՋՈՅԱՆ — (կարդում է): Մեծարգո գործընկերներ, ուշադրությամբ ծանոթացանք Հայաստանի տնտեսության առողջացման ծրագրի վերաբերյալ ձեր վերջին հստակեցումների հետ: Կատարված դիտողությունների վերաբերյալ առարկություններ չունենք: Ավելին, շնորհակալություն ենք հայտնում տեղին մատնանշումների համար՝ վստահեցնելով, որ կարճ ժամանակահատվածում համապատասխան շտկումները տեղ կգտնեն ծրագրում: Միաժամանակ ակնկալում ենք, որ վարկի առաջին մասնաբաժինը արագ կփոխանցվի, քանի դեռ Հայաստանի տնտեսությանը պատուհասած հիվանդությունը չի ընդունել խրոնիկական և անբուժելի բնույթ: Շնորհակալությամբ և խորին հարգանքներով…
ՎԱՐՉԱՊԵՏ — Չեղա՛վ, Խոջոյան, չեղա՛վ, ոնց որ Հայաստանի Մինիստրների Սովետը նամակ ուղարկի Կրեմլ: Փոխի՛ր: Ուրեմն, այսպես կգրես. «Պարո՛ն բանկ, Հայաստանի Հանրապետությունը, անկախություն նվաճելուց հետո, ընտրել է զարգացման ուրույն ճանապարհ, ինչը բխում է անկախ պետության հեռանկարի վերաբերյալ հայ ժողովրդի տեսլականներից»: Խոջոյան, ուրեմն կգրես. «Ձեր առաջարկած փոփոխությունները ընդունելու դեպքում Հայաստանի տնտեսությունը կենթարկվի որոշակի ուղղորդման, ինչը կհակասի տնտեսական զարգացման մե՛ր ազգայի՛ն ռազմավարությանը, հետևաբար, ընդունելի չեն կարող լինել»:
ԽՈՋՈՅԱՆ — (վախեցած ոտքի է կանգնում): Հենց այդպես էլ գրե՞մ… Ախր, փողը չեն տա: Միջազգային քաղաքականության մեջ հո բան չի՞ փոխվել, պարոն վարչապետ:
ՎԱՐՉԱՊԵՏ — Ավելի վատ բան է պատահել: Հետո՞ ինչ ունենք:
ԽՈՋՈՅԱՆ — 13.00-15.00 Զանգվի ձորում գործնական ճաշ՝ Ազգային ժողովի նախագահի հետ: Մենյուն՝ Եղեգնաձորի խաշած կարմրախայտ, Ապարանի գառան խաշլամա, Սիսիանի սնկի թթու, Մթնաձորի գոմեշի մածուն, Նաիրի կոնյակ և այլն, և այլն և այլն: Քննարկման թեման. «Ընդդիմության ձենը կտրելու համար, ախպոր պես, դրանց առաջարկների մի 40 տոկոսը բյուջե ընդգրկելու հարցը»:
ՎԱՐՉԱՊԵՏ — Սրի՛կա, այս ամենը քո սարքածն է…
ԽՈՋՈՅԱՆ — Ի՞նչ, լավ չլսեցի, պարոն վարչապետ:
ՎԱՐՉԱՊԵՏ — (մեկուսի): Ոչինչ, որ լավ չլսեցիր: Ուզում է ընդդիմության մոտ լավամարդ դուրս գալ: Քանի լարի վրա է խաղում, փահլևան… (Խոջոյանին.) Ճաշել չեմ ուզում, կզանգես կասես` կուշտ է, հա՛, հենց այդպես էլ կասես:
ԽՈՋՈՅԱՆ — Բայց, պարոն…
ՎԱՐՉԱՊԵՏ — Ուրիշ ինչ ունենք այսօր` բոլոր հանդիպումներն էլ կհանես. ժամանակ չունեմ:
ԽՈՋՈՅԱՆ — 20.00-ին «Օջախ» ռեստորանում կուսակցության հիմնադրման հոբելյանը պիտի նշվի, բոլորը լինելու են:
ՎԱՐՉԱՊԵՏ — Դա էլ ջնջիր՝ կուշտ եմ մինչև կոկորդս: (Կրծքանշանը հանում է, այն է` նետելու է, Խոջոյանի սարսափած հայացքը տեսնելով, կրծքանշանը դնում է գրպանը:)
ԽՈՋՈՅԱՆ — Պարոն վարչապետ, հո բան չի՞ պատահել, առավոտյան լավ էիք:
ՎԱՐՉԱՊԵՏ — Պատահել է, եղբայր, պատահել է, հրաժարական եմ տալիս:
ԽՈՋՈՅԱՆ — Ձեր կամքո՞վ:
ՎԱՐՉԱՊԵՏ — Հո գիժ չե՞մ… վերևինի կամքն է:
ԽՈՋՈՅԱՆ — Աստծո՞:
ՎԱՐՉԱՊԵՏ — Ավելի վեր` ավելի…
ԽՈՋՈՅԱՆ — Նախագահի՞ ցանկությամբ:
ՎԱՐՉԱՊԵՏ — Խոջոյան, գիտես, դու միակ մարդն ես, ում հետ կարող եմ անկեղծ խոսել: Ուրեմն, ինչ որ կասեմ` առայժմ մեր մեջ մնա: Ինձ համար էլ անակնկալ է կատարվածը, հիշո՞ւմ ես, մեկ շաբաթ առաջ հրապարակայնորեն ասաց. «Վարչապետն անփոխարինելի է», իսկ այսօր առավոտյան. «Դիմում գրիր»: Ինչ-որ է, ուզում եմ` հրաժարականի հայտարարությունը դու պատրաստես: Դու դա լավ կանես, թե չէ ձրիակերներին պահում ենք, որ կրծքանշանը կպցրած իշխանության միջանցքներում թրև գան: Ուրեմն` հետևյալ շեշտադրումները կանես. «Լինելով այս երկրի ամենաերկարակյաց վարչապետը` ջանք չեմ խնայել մեր երկրի բարգավաճման համար, բայց պատասխանատվության զգացումը թելադրում է, որ տեղս զիջեմ նոր գաղափարներ ունեցող և եռանդուն այլ գործչի… սրիկա՛»… Մի խոսքով, այս ոճով:
ԽՈՋՈՅԱՆ — Մի հատ էլ ազատման դիմում ե՞ս գրեմ, պարոն վարչապետ:
ՎԱՐՉԱՊԵՏ — Դո՞ւ ինչու դիմում գրես, պետական ծառայող չե՞ս: Քո պաշտոնավարումը երաշխավորված է օրենքով, ո՞վ կարող է քեզ բան ասել:
ԽՈՋՈՅԱՆ — Բայց երբ ինձ բերեցիք, նախորդիս ասացիք, որ ազատման դիմում գրի:
ՎԱՐՉԱՊԵՏ — Հա՞, այդպե՞ս է եղել… Համենայնդեպս, մի շտապիր, առայժմ հայտարարության տեքստը պատրաստիր՝ մինչև կեսօր պետք է հրապարակվի: (Խոջոյանը գնում է դեպի դուռը:) Խոջոյա՛ն հայտարարության մեջ ժողովրդին չմոռանաս, ժողովրդի մասին անընդհատ մոռանում ենք: Կգրես` գործունեությանս գլխավոր ուղենիշը եղել է մեր ժողովրդի բարեկեցության հարաճուն բարելավումը, շնորհակալություն եմ հայտնում բարձր վստահության համար ու՝ այս ոգով… (Խոջոյանը արդեն դուրս է գալիս:) Խոջոյան, չմոռանաս, վիճակագրական տվյալները ուղղել տուր, վիճակագրությունը պատմության համար է:
Տեսարան 3-րդ
ՎԱՐՉԱՊԵՏ — (սեղմում է ներքին հեռախոսի կոճակը` չի աշխատում, զայրացած կանչում է Անուշիկին, նա վազքով ներս է մտնում): Անուշի՛կ, ներքին կապն ինչո՞ւ նորոգված չէ, չէի՞ հանձնարարել:
ԱՆՈՒՇԻԿ — Պարոն վարչապետ, մոնտաժողը դեռ չի եկել, ախր, գիշերը երեխա է ունեցել:
ՎԱՐՉԱՊԵՏ — Չհասկացա՝ ի՞նքն է ունեցել, թե՞ կինը:
ԱՆՈՒՇԻԿ — Կարծեմ կինը:
ՎԱՐՉԱՊԵՏ — Ի՞նչ է ունեցել:
ԱՆՈՒՇԻԿ — Տղա:
ՎԱՐՉԱՊԵՏ — Լավ, գնա… չէ, չգնաս, գործերի կառավարիչը եկե՞լ է, թե՞ դեռ քնած է:
ԱՆՈՒՇԻԿ — Եկած կլինի, պարոն վարչապետ, այսօր աշխատավարձի օր է:
ՎԱՐՉԱՊԵՏ — Ասա` թող գա:
Քիչ անց մտնում է գործերի կառավարիչը:
ՔԱՋԻԿ — Բարև, քեռի:
ՎԱՐՉԱՊԵՏ — Այ տղա, էլի փողկապ չե՞ս կապել: Մայրիկդ էլ ուզում է, որ քեզ վեր բարձրացնեմ: Առանց փողկապի ո՞նց բարձրացնեմ: Լավ, նո՞ր եկար, շենքի առջև բողոքավորներ հավաքվո՞ւմ էին:
ՔԱՋԻԿ — Արդեն հավաքվել էին, միկրոֆոնն էին տեղադրում:
ՎԱՐՉԱՊԵՏ — Պաստառ ունեի՞ն, ի՞նչ էր գրված վրան:
ՔԱՋԻԿ — Գրել էին` վարչապե՛տ, հեռացի՛ր:
ՎԱՐՉԱՊԵՏ — Բայղուշներ:
ՔԱՋԻԿ — Քեռի, հատկապես մի մորուքավորը շատ ագրեսիվ էր՝ հայհոյում էր մեզ: Ուզեցի տամ-մռութը ջարդեմ, բայց չարեցի, հավաքված լրագրողներից մեկը ընդդիմությունից էր:
ՎԱՐՉԱՊԵՏ — Քաջ տղա ես, հա՛, Քաջիկ: Լսիր, քեզ չե՞մ ասել` այնպես կապրես, կարծես գոյություն չունես: Այդքան որ գովազդվել ես ուզում, բա որ սկսեն հետաքրքրվել, թե ո՞վ ես: Լավ, ուրեմն ուշադիր լսիր` ինչ եմ ասում. Ըստ ցուցակներիդ մերոնց լուր կտաս, որ այսօրվա ընթացքում ինչ թղթեր ունեն, ինչ կիսատ-պռատ գործեր կան՝ թող կարգավորեն: Վաղն արդեն ստուգումներ կարող են սկսվել: Հեռախոսով չասես, անձամբ հանդիպիր բոլորին՝ ականջներին փսփսա:
ՔԱՋԻԿ — Ըստ ո՞ր ցուցակների զգուշացնեմ:
ՎԱՐՉԱՊԵՏ — Կզգուշացնես ըստ մերձավոր հարազատների, ընդհանուր բարեկամների և անձնական շրջապատի ցուցակների: Ուրիշ մարդու բան չասես: Հա՛, քո տնտեսությունն էլ կարգի բեր: Կառավարության մեքենաների դուրսգրման հարցն ի՞նչ եղավ:
ՔԱՋԻԿ — Էս երկու օրը մեր տղերքը կտանեն:
ՎԱՐՉԱՊԵՏ — Ոչ մի «մեր տղա», ոչ մի «երկու օր», հենց հիմա աճուրդի դնելու մասին հայտարարություն կգրես, կփոխանցես բոլոր թերթերին ու էլեկտրոնային կայքերին:
ՔԱՋԻԿ — Քեռի, հո բան չի՞ պատահել:
ՎԱՐՉԱՊԵՏ — Պատահել է՝ հրաժարական եմ տալիս:
ՔԱՋԻԿ — (գլուխը կախ կանգնում է վարչապետի առջև): Ինչի՞ համար ենք հրաժարական տալիս, քեռի:
ՎԱՐՉԱՊԵՏ — Հայտարարությունը կլինի՝ կիմանաս: Այ տղա, այնպիսի տեսք ընդունեցիր, կարծես դագաղիս առաջ պատվո պահակ ես կանգնել: Քաջիկ, չեմ մեռել, գործից եմ դուրս գալիս: Գնա, ժամանակ չունեմ, ինչ որ ասացի` կանես, մինչ այդ որոշ թղթեր, հուշանվերներ, բաներ կդասավորեմ արկղերում, երկու բեռնատար կբերես՝ բակի կողմից թող ներս մտնեն, իմ մուտքով, թիկնազորի տղերքի հետ եղածը կիջեցնեք՝ կտեղափոխեք: Մեր տուն չտանես, ոչ էլ` ձեր տուն: Կտեղավորես մամայենց նկուղում: Տատիկին հանդիպո՞ւմ ես, ո՞նց է:
ՔԱՋԻԿ — Մի քիչ տխուր է:
ՎԱՐՉԱՊԵՏ — Գրիպն անցա՞վ, թե՞ չէ:
ՔԱՋԻԿ — Ձմռանն էր գրիպ, քեռի:
ՎԱՐՉԱՊԵՏ — Բա ինչո՞ւ է տխուր, փողի, սնունդի կարիք հո չունի՞, ծառայող աղջկանից հո դժգոհ չէ՞…
ՔԱՋԻԿ — Քեռի, տատիկը քեզ շատ է կարոտել:
ՎԱՐՉԱՊԵՏ — Հա՞… Իհարկե, ինքը կկարոտի: Քաջիկ, կարո՞ղ է` ես սրիկա եմ:
ՔԱՋԻԿ — Մտքովդ ինչե՞ր են անցնում, քեռի: Դու մատդ քարտեզի վրայով տար Տոկիոյից մինչև Լիսաբոն, տես, քեզ պես ազնիվ, արհեստավարժ վարչապետ կա՞, թե՞ չէ:
ՎԱՐՉԱՊԵՏ — Այ տղա, դո՞ւ ինչու ես քծնում, առանց դրան էլ ամբողջ կյանքում վզիս նստեցրած տանելու եմ: Լավ, գնա, ամեն ինչ որ ավարտես, ընդունելությունների սենյակում մի փոքր սեղան գցիր, աշխատակազմին հրաժեշտ տանք՝ ընդունված կարգ է:

Տեսարան 4-րդ
Վարչապետը ինչ-որ թղթեր, նկարներ, արձանիկներ և այլ իրեր է տեղավորում արկղի մեջ: Զգուշավոր ներս է մտնում Գայանեն:
ՎԱՐՉԱՊԵՏ — Գայանե՞… ինչո՞ւ ես եկել, աղջիկս: Ինչ-որ բա՞ն ես լսել:
ԳԱՅԱՆԵ — Բարև, հայրիկ, ուզեցի քեզ տեսնել:
ՎԱՐՉԱՊԵՏ — Իսկ ե՞ս ինչքան եմ ձեզ կարոտել: Վաղն արդեն ժամանակ կունենամ, կուզե՞ս` միասին գնանք տատիկին տեսության:
ԳԱՅԱՆԵ — Եթե նորից անսպասելի գործեր չլինեն:
ՎԱՐՉԱՊԵՏ — Խոսք եմ տալիս՝ չեն լինի, իսկ հիմա ասա, թե ինչ կա: Կարենչոս ո՞նց է:
ԳԱՅԱՆԵ — Երեխան լավ է, ասում է` պապիկը ե՞րբ է տանելու, փղիկին տեսնեմ: Հայրիկ, դատարանից եմ գալիս, ապահարզանի համար դիմեցի:
ՎԱՐՉԱՊԵՏ — Ինչպե՞ս թե` ապահարզանի համար… ես հենց հիմա կզանգեմ դատարանի նախագահին, կասեմ, որ դիմումդ պատռի:
ԳԱՅԱՆԵ — Հայրիկ, դատարանի նախագահի մոտ արդեն եղել եմ: Երբ իմացավ` ով եմ, հրավիրեց, թեյ հյուրասիրեց:
ՎԱՐՉԱՊԵՏ — Եվ ինչ ասա՞ց…
ԳԱՅԱՆԵ — Ասաց. «Քանի որ մեր սիրելի վարչապետի դուստրն եք, մեծ սիրով կբաժանենք»:
ՎԱՐՉԱՊԵՏ — Սրիկա… Արեցիր ուզածդ, աղջիկ ջան: Չես լսում ինձ…
ԳԱՅԱՆԵ — Ամուսնանալիս լսեցի… երանի այն ժամանակ չլսեի:
ՎԱՐՉԱՊԵՏ — Ես քեզ հարգարժան, բարձր պաշտոնյայի տուն էի հարս ուղարկում, մի՞թե քո վատն էի ցանկանում:
ԳԱՅԱՆԵ — Բայց ես հարգարժան, բարձր պաշտոնյայի հետ չէի ամուսնանում, այլ նրա որդու…
ՎԱՐՉԱՊԵՏ — Դաժան ես, Գայանե: Ափսոս, ժամանակս չհերիքեց լավ հայր լինելու համար: Քանի որ միայն քեզ հետ կարող եմ մինչև վերջ անկեղծ լինել, ուզում եմ իմանաս այն, ինչ ուրիշ ոչ ոք դեռ չգիտի: Այսօր հրաժարական եմ ներկայացրել: Ցանկանում եմ կյանքս փոխել և ապրել բոլորի նման:
ԳԱՅԱՆԵ — Իսկ մայրիկի հետ անկեղծ չե՞ս, եղբորս հետ, ուրիշ մարդկանց հետ անկեղծ չե՞ս… Դե լավ, ես գնամ, հավանաբար այսօր ավելի շատ հոգսեր ունես:
ՎԱՐՉԱՊԵՏ — Գայանե, կներես, եթե վիրավորեցի, կներես բոլոր դառնությունների համար, որ պատճառել եմ քեզ:
ԳԱՅԱՆԵ — Հայրիկ, ճիշտ ես որոշել, թող այս ամենը: Գիտե՞ս, թե ինչպես է սիրտս խոցվում, երբ ինչ-որ մեկը վիրավորական բան է ասում քո հասցեին: Որքան վատ են մարդիկ ճանաչում քեզ… Հայրիկ, ես քեզ շատ եմ սիրում… (Դուրս է վազում:)

Տեսարան 5-րդ
Միջանցքում ձայներ են լսվում, Անուշիկը ինչ-ոչ մեկին փորձում է ներս չթողնել: Հետո միասին մտնում են Անուշիկն ու Սիրանը:
ՎԱՐՉԱՊԵՏ — (զարմացած): Անուշիկ, գնա գործիդ: Ի՞նչ է պատահել, Սիրան, ի՞նչ թղթապանակ է ձեռքիդ:
ՍԻՐԱՆ — Անպետք թղթեր են, մոտդ գալու պատճառ է, թե չէ ոմանք այդպես էլ չեն հաշտվում այն մտքի հետ, որ ես այս առանձնասենյակ կարող եմ մտնել հերթից դուրս և ուզածս ժամանակ: (Հուզված ծխում է:)
ՎԱՐՉԱՊԵՏ — Իսկ ի՞նչ կա, ինչո՞ւ ես եկել:
ՍԻՐԱՆ — Եկել եմ երկու հարցով: Նախ, որպես նախաբան, զարմանքս հայտնեմ, որ դեռ երեկ, մինչև գիշերվա 12-ն անց կեսը, ինձ խոստանում էիր մեկ ամսվա ընթացքում նշանակել Արտասահմանյան ներդրումների գործակալության պետ, իսկ կես օր չանցած ներկայացրեցիր սեփական հրաժարականդ:
ՎԱՐՉԱՊԵՏ — Վիրավորվել ես, հասկանում եմ, բայց հանգամանքներն այդպես դասավորվեցին:
ՍԻՐԱՆ — Միշտ հավատացրել ես, թե անկեղծ ես միայն ինձ հետ… բայց անիմաստ է այդ մասին հիշելը: Ինչպես հայտնի է, վիրավորանքը քաղաքական կատեգորիա չէ: Քաղաքականության մեջ հարվածից ոչ թե կոտրվում են, այլ փորձում են կորուստներից նոր ձեռքբերումներ քաղել: (Դադար: Հայացքով տնտղում է առանձնասենյակը, ձեռքի ափը քսում է սեղանին:) Ա՜խ, սեղաններ, սեղաններ, եթե լեզու ունենայիք` ինչե՜ր կպատմեիք:
ՎԱՐՉԱՊԵՏ — Սեղաններն իմ սեփականն են, կտանեմ հետս ու քեզ նույնպես, ուր էլ որ գնամ:
ՍԻՐԱՆ — Սեղանները կարող ես տանել, իսկ ես իրերիդ մեջ չեմ մտնում: Ես վարչապետի սիրուհի եմ և այս կարգավիճակին հասել եմ տարիների տքնաջան աշխատանքի շնորհիվ: Այստեղից դու ավելի վերև չես գնալու՝ մնացած միակ տեղը զբաղված է, իսկ կրկին ներքև իջնել ե՛ս չեմ ուզում:
ՎԱՐՉԱՊԵՏ — Հիմա քեզ պահում ես անբարոյականի պես:
ՍԻՐԱՆ — Այդ առումով մենք նման ենք, վերև բարձրանալու համար երկուսս էլ զիջել ենք այն ամենը, ինչ կարող էինք զիջել:
ՎԱՐՉԱՊԵՏ — Եկել ես բարոյական կերպարս մերկացնելո՞ւ:
ՍԻՐԱՆ — Չէ, եկել եմ ասելու, որ հենց հիմա գործակալության պետի նշանակման հրամանս տաս: Իսկ թափուր տեղի համար մրցույթի անցկացում և այլն… Քաղծառայության խորհրդի նախագահի հետ, հետին թվով կձևակերպեք:
ՎԱՐՉԱՊԵՏ — Լավ չեմ ճանաչել քեզ:
ՍԻՐԱՆ — Որովհետև ես քեզ չեմ հետաքրքրել, իմ անձի մեջ քեզ հետաքրքրել են որոշակի կոնկրետ բաներ: Աչքիս առաջ մորս ձախողված կենսագրությունն է և նույնը կրկնելը կնշանակի լինել ոչ թե բարոյական ու սկզբունքային, այլ ապուշ: Եվ հետո, դու էլ գիտես, որ արժանիքներիցս վեր բան չեմ ցանկանում: Մասնագիտական բավարար պատրաստվածություն ունեմ, բանակցություններ վարելու փորձառություն` նույնպես, լեզուների եմ տիրապետում, և հետո, այդ տեղը քրտինքով եմ վաստակել:
ՎԱՐՉԱՊԵՏ — (կանչում է Անուշիկին): Անուշիկ, հրաման պատրաստիր Սիրանույշ Շադունցին Արտասահմանյան ներդրումների գործակալության պետ նշանակելու մասին:
Անուշիկը գնում ու անմիջապես հրամանը բերում, դնում է վարչապետի սեղանին:
ՎԱՐՉԱՊԵՏ — Ե՞րբ հասցրիր…
ԱՆՈՒՇԻԿ — Նախապես էի պատրաստել, պարոն վարչապետ:
Անուշիկը գնում է: Վարչապետը ստորագրում է, թուղթը հրում է Սիրանի կողմը:
ՍԻՐԱՆ — Վահրա՞մ… Պարոն վարչապետ…
ՎԱՐՉԱՊԵՏ — Եթե այլ գործնական հարցեր չկան, մենակ թողեք, խնդրում եմ:
ՍԻՐԱՆ — Բարի ճանապարհ, հաջողություններ եմ մաղթում: (Գնում է:)
Տեսարան 6-րդ
Վարչապետը շարունակում է իրերը տեղավորել արկղերի մեջ: Հեռախոսազանգ: Վերցնում է լսափողը, անկյունում հայտնվում է Վարդուհին:
ՎԱՐՉԱՊԵՏ — Այո, լսում եմ:
ՎԱՐԴՈՒՀԻ — Ապրե՛ս:
ՎԱՐՉԱՊԵՏ — Ինչ եմ արե՞լ որ…
ՎԱՐԴՈՒՀԻ — Ուրիշ էլ ի՞նչ կարող էիր անել: Տնից դուրս գալուց առաջ ասացիր, թե առաջիկայում սյուրպրիզներ են սպասվում: Լավ սյուրպրիզ էր, ապրես: Ամբողջ կյանքում փորձել ես հավատացնել, թե միակ մարդն եմ, ումից գաղտնիք չունես, ում հետ մինչև վերջ անկեղծ ես: Ապացույցը խնդրեմ՝ օտար մարդկանցից եմ իմանում, որ ամուսինս հրաժարական է տվել:
ՎԱՐՉԱՊԵՏ — Այնտեղ, ուր ես եմ հասել, կյանքն այնպես պարզ ու միանշանակ չէ, ինչպես դու ես կարծում: Վաղուց պետք է դա հասկացած ու համակերպված լինեիր:
ՎԱՐԴՈՒՀԻ — Ինչի՞ս է պետք քո բարդ կյանքը, եթե ընտանիքս դրանից օգուտ չունի:
ՎԱՐՉԱՊԵՏ — Այսինքն` ես այս երկրի վարչապետն եմ իմ ընտանիքի օգուտի համա՞ր միայն: Այդքան պարզ մինչ այժմ չէիր արտահայտվել, կեցցես:
ՎԱՐԴՈՒՀԻ — Չէի արտահայտվել, որովհետև դու էլ նման անմարդկային բան չէիր արել: Հիմա, երբ տասը օրվա ընթացքում սեփական տղայիդ Եվրոխորհրդի Բրյուսելի գրասենյակում պետք է տեղավորեիր, քեֆդ տվեց թողնելո՞ւ գործդ:
ՎԱՐՉԱՊԵՏ — Այո, եթե մեր տղան չաշխատի Եվրոխորհրդում, դա կլինի Հայաստանի կառավարության ամենամեծ ձախողումը: Իսկ աղջկադ գործերից տեղեկություններ ունե՞ս:
ՎԱՐԴՈՒՀԻ — Այո, ունեմ:
ՎԱՐՉԱՊԵՏ — Տեղյա՞կ ես` այսօր որտեղ է եղել:
ՎԱՐԴՈՒՀԻ — Դատարանում է եղել, գիտեմ:
ՎԱՐՉԱՊԵՏ — Եվ դա քեզ ավելի քիչ է մտահոգում, քան տղայիդ Եվրոպայում գործի տեղավորելու հա՞րցը:
ՎԱՐԴՈՒՀԻ — Այո, դա ավելի քիչ է մտահոգում, որովհետև Գայանեի դեպքում գոնե հստակություն կա:
ՎԱՐՉԱՊԵՏ — Ինձ թվում է, քո փոխարեն ուրիշ մարդու եմ պատկերացրել: Կամ կյանքը փոխել է և առաջվանը չես:
ՎԱՐԴՈՒՀԻ — Այո, իմ կյանքը շատ է փոխվել քո կյանքի կցորդը դառնալուց հետո:
ՎԱՐՉԱՊԵՏ — Այո՛, հիմա եմ հասկանում, որ սերը, հիացմունքը և անգամ փառաբանությունը եղել են վարչապետի պաշտոնին, իսկ իմ անձը ոչինչ չի արժեցել: Լուրջ խորհելու բաներ կան, սիրելի՛ս: (Դնում է լսափողը:)

Տեսարան 7-րդ
Ներս է մտնում Անուշիկը:
ԱՆՈՒՇԻԿ — Պարոն վարչապետ, կարո՞ղ եմ անձնական հարցով անհանգստացնել:
ՎԱՐՉԱՊԵՏ — Այսօր բոլորը խոսքները մեկ են արել: Չլինի՞ մի հրաման էլ քեզ համար ես նախապատրաստել:
ԱՆՈՒՇԻԿ — Նախապես չէ, բայց հիմա ուզում եմ դիմում գրել:
ՎԱՐՉԱՊԵՏ — Ի՞նչ դիմում, Անուշիկ:
ԱՆՈՒՇԻԿ — Աշխատանքից ազատման:
ՎԱՐՉԱՊԵՏ — Աղջիկ ջան, քարտուղարուհի ես, չէ՞, դո՞ւ ինչու ես անհանգստանում:
ԱՆՈՒՇԻԿ — Ախր, դուք եք ինձ գործի ընդունել:
ՎԱՐՉԱՊԵՏ — (ուշադիր զննում է Անուշիկին): Անուշի՛կ, դու իմ ի՞նչն ես:
ԱՆՈՒՇԻԿ — Ես Լիլիթի աղջիկն եմ:
ՎԱՐՉԱՊԵՏ — Ո՞ր Լիլիթի:
ԱՆՈՒՇԻԿ — Լիլիթի, ում հետ կիթառի դասընթացների եք գնացել, իսկ հետո պատահաբար երեք անգամ հանդիպել եք ուսանողական ճամբարում:
ՎԱՐՉԱՊԵՏ — Ախ, Լիլիթի աղջիկն ես: Լսիր, բա մայրիկդ ինչո՞ւ ինձ չի զանգում:
ԱՆՈՒՇԻԿ — Զանգում է, ասում եմ` վարչապետը խորհրդակցության է:
ՎԱՐՉԱՊԵՏ — Ինչու, մայրիկդ ո՞ր ցուցակում է:
ԱՆՈՒՇԻԿ — «Վարչապետը խորհրդակցության է» ցուցակում է:
ՎԱՐՉԱՊԵՏ — Կտեղափոխես «Մերձավոր շրջապատ» ցուցակ:
ԱՆՈՒՇԻԿ — Կարելի՞ է, պարոն վարչապետ:
ՎԱՐՉԱՊԵՏ — Մանավանդ սրանից հետո անհրաժեշտ է… եթե արդեն ինքը դեմ չլինի: Անուշիկ, ես շա՞տ վատ մարդ եմ:
ԱՆՈՒՇԻԿ — Վա՜յ, ի՞նչ եք ասում, դուք շատ լավ մարդ եք:
ՎԱՐՉԱՊԵՏ — Քո նկատմամբ, օրինակ, ոչ մի վատ բան չե՞մ արել:
ԱՆՈՒՇԻԿ — Ընդհակառակը, դուք միշտ բարի եք եղել իմ նկատմամբ: (Սկսում է լաց լինել:) Բայց… բայց մի բան պետք է ասեմ՝ ձեր բախտը շրջապատի հարցում չի բերել… (Լաց լինելով դուրս է վազում:)
ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ 2-րդ
Տեսարան 8-րդ
Ժխոր, աղմուկ: Հետո վանկարկումներ` հե՛-ռա՛-ցե՛ք, կո՛-րե՛ք, ռադներդ քա՛-շեք, հա՛ն-ցա՛-գո՛րծ կա-ռա-վա-րու-թյո՛ւն, ձեռքներդ դուրս հանեք գրպանների՛ցս, ձեռքներդ հեռո՛ւ տարեք կոկորդներիցս…
Աջ և ձախ մուտքերից, առաջնաբեմում հայտնվում են Խոջոյանը և վարչապետը:
ՎԱՐՉԱՊԵՏ — Խոջոյան, զգուշացրե՞լ ես ոստիկանապետին` շենքի հսկողությունն ուժեղացնի:
ԽՈՋՈՅԱՆ — Զգուշացրել եմ, պարոն վարչապետ:
ՎԱՐՉԱՊԵՏ — Ասե՞լ ես` ոստիկանները ամուր լինեն, թույլ չտան, որ միտինգավորները անկարգ բաներ անեն:
ԽՈՋՈՅԱՆ — Ասել եմ, պարոն վարչապետ:
ՎԱՐՉԱՊԵՏ — Իսկ զգուշացրե՞լ ես` ոստիկանները փափուկ լինեն, հանկարծ ժողովրդի նկատմամբ կոպիտ բաներ չանեն:
ԽՈՋՈՅԱՆ — Այդ մասին էլ եմ զգուշացրել:
ՎԱՐՉԱՊԵՏ — Ոնց որ էլի նույն բաներն են գոռում, չէ՞, Խոջոյան:
ԽՈՋՈՅԱՆ — Նույն բաները, պարոն վարչապետ:
ՎԱՐՉԱՊԵՏ — Լսեցի՞ր, գոռացին` գանձագողեր:
ԽՈՋՈՅԱՆ — Իսկ հիմա գոռացին` կաշառակերներ:
ՎԱՐՉԱՊԵՏ — Չեմ հասկանում, հիմա՞ ինչ են գոռում:
ԽՈՋՈՅԱՆ — Գոռում են` դավաճաններ:
ՎԱՐՉԱՊԵՏ — Այդ մեկը չեղավ, արդար չէ: Հրաժարականի հայտարարությունը հրապարակվել է, չէ՞: Բա էլ ի՞նչ են ուզում, չե՞ն համբերում, մինչև նորը գա: (Վանկարկումներն ու աղմուկը շարունակվում են:) Խոջոյան, եթե հսկողությունը հանենք, ի՞նչ ես կարծում, կմտնե՞ն կառավարության շենք:
ԽՈՋՈՅԱՆ — Հավանաբար կմտնեն, պարոն վարչապետ:
ՎԱՐՉԱՊԵՏ — Ես որ ձեռքներն ընկնեմ, գլուխս կջարդե՞ն, Խոջոյան:
ԽՈՋՈՅԱՆ — Հավանաբար… Ոչ, ի՞նչ եք ասում, ձեր գլուխը չեն ջարդի:
ՎԱՐՉԱՊԵՏ — Դու էլ անկեղծ չես: Անկեղծ չե՛ս: Այնինչ ուսանողական ընկերներ ենք եղել, մի կտոր հացը կիսել ենք: Քեզ ի՞նչ եղավ, Վարդան, մի՞թե քեզ էլ եմ փոխել:
ԽՈՋՈՅԱՆ — Պարոն վարչապետ, համոզված եմ, որ, ճիշտ է, մարդիկ սիրահարված չեն ձեզ, բայց այնքան էլ չեն ատում, որ գլուխդ ջարդեն:
ՎԱՐՉԱՊԵՏ — Կջարդեն, կջարդեն… Հիշո՞ւմ ես, ինչպես ջարդեցին Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհրդի վերջին նախագահի գլուխը: Ես այդ ջարդողների մեջ էի, Վարդան: Գիտե՞ս, այն ժամանակ ինչ էի մտածում: Ջարդում ու մտածում էի, թե մարդիկ ինչպես են կարողանում այնքան խորթանալ, որ սեփական ժողովրդի մոտ ցանկություն է առաջանում երեկվա կուռքերի հետ հաշվեհարդար տեսնել:
ԽՈՋՈՅԱՆ — Այն ժամանակվա և այսօրվա ժողովրդի մեջ տարբերություն կա…
ՎԱՐՉԱՊԵՏ — Ո՛չ մի տարբերություն էլ չկա, բավական է ինքնախաբեության մեջ մեզ համար արդարացումներ որոնենք: Ժողովուրդը միշտ էլ նույնն է, իշխանություն դարձողներն են փոխվում: Մենք այդ ե՞րբ փոխվեցինք, ե՞րբ կորցրինք իրականության զգացողությունը, ե՞րբ գայթակղվեցինք այնպիսի բաներով, որոնց դեմ ժամանակին պայքարի էինք դուրս եկել: Իշխանությո՞ւնն է մարդուն փչացնում, թե՞ մարդն է փչացնում իշխանությանը, հը՞, Վարդան: Թեև հիմա ինձ թեթևացած եմ զգում: Կարծես մի ծանր շղթա է վզիցս ընկել, և այդ ամենն այլևս ինձ չի վերաբերում: Երբ փոքր էինք, որսում էինք ճնճղուկներին, թել էինք կապում ոտքերից ու բաց էինք թողնում: Ճնճղուկները ուրախացած թռնում էին, բայց թելի սահմանին հասնելով` ետ էին շպրտվում: Մի պահ կարծես գիտակցում էին իրականությունը, թռչում էին որոշակի շառավիղով, հետո նորից ոգևորվում էին ազատության խաբկանքից, ուզում էին սլանալ երկինք, թևերին ուժ էին տալիս, բայց կրկին բախվում էին անազատության սահմանագծին ու ընկնում էին ներքև: Ինձ վաղուց զգում եմ ոտքը կապած այդ ճնճղուկների վիճակում: Գիտե՞ս, Վարդան, ժամանակ կար, որ մտածում էի, թե իշխանությունն է մարդուն ազատություն պարգևում: Որքան վերև՝ այնքան ավելի շատ ազատություն: Ձգտեցի բարձրանալ ու բարձրանալ, բայց բարձրանալով հասկացա, որ բարձրանալու հետ ազատությունը սահմանափակվում է: Կամովին վերածում ես քեզ սեփական իշխանության ստրուկի: Չես պատկերացնի, հիմա որքան ուրախ եմ, ոտքիս թելը կտրվել է… Անուշի՛կ… (Հայտնվում է Անուշիկը, հանում, նրան է տալիս փողկապն ու պիջակը:) Ընդունելությունների սրահում սեղանը գցվա՞ծ է:
ԱՆՈՒՇԻԿ — Այո, պատրաստ է, սրանք ձեր առանձնասենյա՞կ տանեմ, պարոն վարչապետ:
ՎԱՐՉԱՊԵՏ — Չէ, տար, նետիր միտինգավորների կողմը, ով կգայթակղվի՝ թող վերցնի: Անուշի՞կ, ինչո՞ւ ես տխրել, ուրախացիր, աղջիկ ջան, ուրախացի՛ր:
ԱՆՈՒՇԻԿ — Պարոն վարչապետ, ախր, դուք չգիտեք, թե որքան ստոր են տղամարդիկ… (Արագ դուրս է գնում:)
ՎԱՐՉԱՊԵՏ — Այդ ե՞ս չգիտեմ, թե որքան ստոր են տղամարդիկ:
Տեսարան 9-րդ
Մրգերով և խմիչքով սեղան: Խոջոյանը, Քաջիկը, Սիրանը, վարչապետի երկու թիկնապահները, որոնք մշտապես վարչապետի թիկունքում են: Հարբած տղամարդը շորորալով պտտվում է բեմի վրա, վարչապետը, առանց փողկապի և պիջակի, վերնաշապիկի վերին կոճակներն արձակած կիթառ է նվագում ու երգում է: Երբ ավարտում է երգը, նրան է մոտենում շորորվող տղամարդը:
ՎԱՉՈ — Պարոն վարչապետ, անունդ ինձ կբաշխե՞ս:
ՎԱՐՉԱՊԵՏ — Ինչ անե՞մ…
ՎԱՉՈ — Ասում եմ` ձեր անունը ինձ կբաշխե՞ք:
ՎԱՐՉԱՊԵՏ — Անունս ինչի՞դ է պետք:
ՎԱՉՈ — Ուզում եմ դնեմ տղայիս վրա:
ՎԱՐՉԱՊԵՏ — Ինչու, տղադ անուն չունի՞:
ՎԱՉՈ — Որտեղի՞ց ունենա, հո անունով չէ՞ր ծնվելու:
ՎԱՐՉԱՊԵՏ — Լսի՞ր, դու ով ես:
ՎԱՉՈ — Ե՞ս, ես մոնտաժ Վաչոն եմ, սաղ Էրևանն ա ինձ ճանաչում, 24 հիմնարկում եմ աշխատել:
ՎԱՐՉԱՊԵՏ — Այ տղա, հեռախոսներն ինչո՞ւ չես սարքում:
ՎԱՉՈ — Պարոն վարչապետ, սաղ գիշեր ծննդաբերում էի, ավելի ճիշտ, կինս էր ծննդաբերում, սակայն ի՞նչ տարբերություն:
ՎԱՐՉԱՊԵՏ — Ես այսօրվանից վարչապետ չեմ, սպասիր, նոր վարչապետ կգա՝ նրա անունը կդնես:
ՎԱՉՈ — Ինչքա՞ն սպասեմ:
ՎԱՐՉԱՊԵՏ — Տաս օրվա ընթացքում նոր վարչապետը պետք է նշանակվի: (Հեռանում է:)
ՎԱՉՈ — (մեկուսի): Բա տաս օր էրեխեն անուն չունենա՞… լավ, կսպասեմ: Էս, փաստորեն, վարչապետի քելեխն ենք խմում, ես էլ կարծում էի` տղուս մաղարիչի համար ենք հավաքվել: Էս կոլեկտիվում ինչքան շուտ-շուտ են աշխատողները փոխվում: 24 հիմնարկում եմ աշխատել, ոչ մի տեղ էս տեսակ բան չկար: Մեծ ախպեր… (Թիկնապահին.) Լցրու, մի բաժակ խմենք՝ վշտից:
ԽՈՋՈՅԱՆ — Պարոն վարչապետ, թույլ տվեք կենաց ասեմ:
ՎԱՐՉԱՊԵՏ — Չէ, Վարդան, ես եմ ասելու: Հարգելի ներկաներ, իմ սիրելի կոլեկտիվ, նախ ասեմ, որ այսօրվանից, հանձինս ինձ, պարոն վարչապետը մեռավ… ես ձեր ընկեր Վահրամն եմ: Հաջորդը: Հետին թվով անդրադառնալով իմ վարչապետական անցյալին, ցանկանում եմ ներողություն խնդրել, եթե երբևէ ձեզ նեղացրել եմ, գիտակցորեն կամ անզգուշաբար: Այնուհետև ցանկանում եմ ասել, որ մարդկությունն ինքն իր դեմ ուղղված ավելի դաժան, ավելի անմարդկային պատժամիջոց չի ստեղծել, քան իշխանությունն է: Եվ վերջապես. Աստված մարդուն չի շնորհել ավելի թանկ բան, քան ազատությունն է: Ձեզ կոչ եմ անում ամենամեծ գնի դիմաց անգամ չվաճառել սեփական ազատությունը: Ես կորցրել էի իմ ազատությունը, բայց կրկին գտել եմ ու այսօր աշխարհում չկա ինձանից ավելի բախտավոր մարդ: Կեցցե՛ ազատությունը, ուռա՜, խմեցինք: Պարե՛լ եմ ուզում…
ԱՆՈՒՇԻԿ — (շտապ ներս մտնելով): Պարոն վարչապետ, պարոն վարչապետ, հատուկ թողարկում են հեռարձակելու: Նախագահը պետք է խոսի:
ԽՈՋՈՅԱՆ — Հեռուստացույցը միացրե՛ք:
Միացնում են հեռուստացույցը:
ՆԱԽԱԳԱՀ — Սիրելի հայրենակիցներ, այսօր առավոտյան հրաժարականի դիմում է ներկայացրել Հայաստանի Հանրապետության վարչապետը: Այս քայլը որքան անսպասելի էր, նույնքան էլ` խրախուսելի: Լավ է, երբ պետական բարձրագույն պաշտոնյան ինքնաքննադատաբար է վերաբերում իր աշխատանքին և համարձակորեն որոշում է հրաժարվել տվյալ պատականությունից, քան շարունակել նույն կերպ: Ի վերջո, իշխանությունը պապուց ստացած ժառանգություն չէ և ամեն մարդ պետք է ունակ լինի ճիշտ ժամանակին հեռանալ: Ես ժամանակ ունեցա խորհելու վարչապետի դիմումի շուրջ և մեկ անգամ ևս հասկացա, որ, այո՛, այսպես շարունակել այլևս չի կարելի: Ինչպես ասվեց, մենք բոլորս աշխատում ենք մեր ժողովրդի համար և եթե լավ չենք կատարում ստանձնած գործը, ավելի լավ է թողնենք ու հեռանանք: Ես երկար մտածեցի վարչապետի արարքի մասին և այսպիսի եզրակացության հանգեցի: Մեր երկիրը բարեփոխումների իրականացման կարևոր հանգրվանի է հասել, իսկ, ինչպես հայտնի է, գետնանցումի ժամանակ ձիերին չեն փոխում: Այդ իսկ պատճառով ես որոշեցի վարչապետին չփոխել: Այո՛, հեշտ է պատասխանատվությունից փախչելը, իսկ ավելի կարևոր է սեփական սխալներն ու թերացումները գիտակցելով` սրբագրել դրանք, փոխել գործելաոճը, ինչպես մի իմաստուն է ասել՝ վերակառուցվել և շարունակել սկսած գործը: Ես որոշեցի, որ վարչապետը պետք է շարունակի աշխատանքը և գործով քննություն հանձնի, իսկ նրա դիմումը կպահեմ դարակում և ամեն օր ու ամեն վայրկյան այն մակագրելու հնարավորություն կունենամ: Վարչապետին էլ կմնա ամեն օր ու ամեն վայրկյան արդարացնել պաշտոնին մնալը: Խորին շնորհակալություն ուշադրության համար:
ՎԱՐՉԱՊԵՏ — Թելը կրկին կապեց ճնճղուկի ոտքին, իսկ մյուս ծայրը պահեց ձեռքում: Ինչո՞ւ է այս մարդը որոշել այսպես ոչնչացնել ինձ:
«Ոռա» գոչելով բոլորը, բաժակները ձեռքերին, խռնվում են վարչապետի շուրջ:
ԽՈՋՈՅԱՆ — Շնորհավորում եմ, պարոն վարչապետ, ինչքան լավ ստացվեց…
ԱՆՈՒՇԻԿ — Ուռա, մնում ենք, մնում ենք…
ՔԱՋԻԿ — Բա ո՞նց, արդարությունը հիվանդանում է, բայց հո չի՞ մեռնում…
ՎԱՉՈ — Մի հատ տուշ, մի հատ պար բռնեք՝ հավեսով պարենք…
ՎԱՐՉԱՊԵՏ — Սպասե՛ք… մի՞թե դուք եք որոշում վարչապետի ճակատագիրը: Այդ դեպքում ե՞ս ով եմ: (Զանգում է վարչապետի ձեռքի հեռախոսը, առանց նայելու էկրանին` պատասխանում է:) Ո՞վ է… լսում եմ, բարձր խոսեք… դո՞ւ ես, Գայանե, հո վատ բան չի՞ պատահել:
ԳԱՅԱՆԵ — Պատահել է, հայրիկ, ես լսեցի նախագահի ելույթը: Մի հանձնվիր, դու ճիշտ որոշում էիր կայացրել:
ՎԱՐՉԱՊԵՏ — Ապրես, աղջիկս, միայն դու ես ինձ հասկանում: Միայն դու ես մտածում իմ մասին, շնորհակալ եմ քեզ:
ԳԱՅԱՆԵ — Հայրիկ, ասում էիր, որ փոխվելու ես, նորից դառնալու ես այն մարդը, որ եղել ես: Ուզում եմ հավատալ, որ դա կանես: Ես արդեն խոսել եմ տատիկի հետ, վաղը նա մեզ սպասելու է, քո սիրած «Նապոլեոն» տորթն է թխելու:
ՎԱՐՉԱՊԵՏ — Գայանե, դժվար է ապրելը, երբ քեզ չեն հավատում, դժվար է ապրելը, երբ շուրջդ չկան մարդիկ, ովքեր քեզ անշահախնդիր կսիրեն: Այսօր շատ բան հասկացա, այսօր դուրս եկա պաշտոնյայի կաղապարից, կողքից նայեցի այդ դատարկ կաղապարին ու նրա շրջապատին և միաժամանակ խղճացի ու արհամարհեցի: Հիմա ես կփոխվեմ: Ուզում եմ հավատաս, որ կփոխվեմ: Դու ավելի ամրացրիր իմ համոզումը, հիմա անելիքս գիտեմ, իմ որոշումից ետ չեմ կանգնելու: (Հեռախոսն անջատում է, ներկաներին:) Հիմա նախագահին կզանգեմ ու կասեմ, որ հրաժարականը վերջնական է: (Գնում է դեպի դուռը, ճանապարհը փակում են հավաքվածները:)
ԱՆՈՒՇԻԿ — Մի արեք այդ բանը, բա մենք ձեր մեղքը չե՞նք գալիս…
ԽՈՋՈՅԱՆ — Պարոն վարչապետ, պարոն վարչապետ, դուք իրավունք չունեք… հայրենիքի առաջ իրավունք չունեք…
ՔԱՋԻԿ — Քեռի, հեչ չվախենաս, թիկունքիդ սարի պես կանգնած եմ:
ՍԻՐԱՆ — Բարձրագույն պաշտոնյան իրավունք չունի չկատարել հանրապետության ղեկավարի հրամանը:
Ա. թիկնապահ — Շեֆ ջան, հարց չկա, դու մենակ ասա, ամեն ինչ կկարգավորենք:
Բ. Թիկնապահ — Շեֆ, պե՞տք է, տղերքին ասեմ` պատրաստված գան:
Վարչապետը փորձում է հասնել դռանը, բայց նրան գրկում ու ետ են բերում: Դա կրկնվում է մի քանի անգամ: Վաչոն բարձրանում է սեղանի վրա, նռնակի նման բռունցքի մեջ է առնում կոնյակի շիշը:
ՎԱՉՈ — Պարոն վարչապետ, սենյակից դուրս ես էկել` կառավարական կապը կպայթեցնեմ:
Հնչում է վարչապետի հեռախոսի զանգը:
ՎԱՐՉԱՊԵՏ — Բաց թողեք, թողեք, տեսնեմ` ով է զանգում:
Նրան բաց են թողնում, զանգահարողը Ազգային ժողովի նախագահն է:
ԱԺ ՆԱԽԱԳԱՀ — Բարև, եղբայր: Լա՞վ ես, եղբայր… լավ կլինես, լավ կլինես: Մենք բոլորս էլ արդեն պետք է, որ լավ լինենք: Մի քիչ ծանր օր ստացվեց, բայց դե, հայրենիքին ծառայելու գործը ե՞րբ է հեշտ եղել որ… Մարդկայնորեն քեզ լրիվ հասկանում եմ, բոլորս էլ մինչև կոկորդներս կուշտ ենք էս անշնորհակալ աշխատանքից, բայց դե, մեր ճակատագիրն է, հո մեր ցանկությո՞ւնը չի: Մարդ կա` լավ կոշիկ է կարում, մեր մոտ էլ պետություն ղեկավարելն է լավ ստացվում: Կարևորը, որ գլխներիս մեծ ունենք, եթե ինչ-որ սխալ էլ անենք, մեծավարի ճիշտ ուղու վրա կդնի: Մեկ-մեկ էլ խիստ պիտի լինի, բա ո՞նց: Ծնողն իր երեխաների նկատմամբ խիստ չի՞ լինում:
ՎԱՐՉԱՊԵՏ — Զբաղվածությունս մեծ էր այսօր, հնարավոր չէր հանդիպել:
ԱԺ ՆԱԽԱԳԱՀ — Գիտե՛մ, էդ ի՞նչ հարց է որ… Մի օր էլ թող հաց չուտենք, ի՞նչ կլինի: Քի՞չ ենք իրար հետ հաց կերել: Կերե՛լ ենք, ուտո՛ւմ ենք ու դեռ ուտելու ենք: Կարևորը, որ իրար թիկունք լինենք՝ գործն առաջ հրենք: Այ մարդ, չնայած քո գործն իմից թեթև չի, բայց էս ո՞ւր եմ ընկել ես: Հո խորհրդարան չի՝ իսկական կոլխոզի շուկա: Ախր, որ միայն ընդդիմության հետ կռիվ տայի, էլի ոչինչ: Այ մարդ, հիմա էլ մերոնք ասում են. «Կառավարությունն ինչո՞ւ է էսքան վարկ վերցնում, բարդում խեղճ ժողովրդի ուսերին»: Ասում են. «Էս նոր վարկերն էլ կփոշիացնեն նախկինների նման…» ու էսպիսի ախմախ բաներ… Ասում եմ` երանի դուք վարչապետի տեսլականն ու մտածողության մասշտաբն ունենայիք: Մարդը մեր երկիրն ուզում է համաշխարհային կենտրոն դարձնի, հարավը կապի հյուսիսի հետ, արևելքը՝ արևմուտքի: Մարդն, ասում եմ, ռազմավարական ճանապարհներ է կառուցում, գյուղն է զարգացնում, քաղաքն է շենացնում: Տո, ասում եմ, էն ժամանակ, երբ դուք դեռ ճղում էիք ձեզ կոմսոմոլի գծով առաջ գնալու համար, ապագա վարչապետն արդեն զենքը ձեռքին մեր անկախության համար սահմաններում կռվում էր: Կարճ ասած. դժվար է, բայց մենք հանձնվողը չենք, կհանդիպենք, բոլոր հարցերը տեղը կդնենք: Էսօրվա համար էլ շատ չմտածես՝ ամեն ինչ նորմալ է: Մեր մեջ ասած, հատուկ գնացի շեֆի մոտ, մի երկու բան ասացի քո հաշվով, չգիտեմ` հաշվի առավ, թե չէ, բայց հարցը լուծվեց, ոնց որ իմ անկեղծ ցանկությունն էր: Էս հենց էնպես, իհարկե, մեր մեջ: Դե ուրեմն՝ պայմանավորվեցինք, էսօրվա չկայացած հանդիպումը վաղը կունենանք: Հա՛, «Օջախի» երեկոյան միջոցառումն էլ չմոռանաս: Դե առայժմ, քաղցր ախպեր:
Խոսակցությունն ավարտվում է:
ՎԱՐՉԱՊԵՏ — Սրի՛կա: (Գնում է դեպի դուռը, ներկաները փակել են ճամփան: Կարճ մտորումից հետո:) Լա՛վ, բայց իմացեք, որ դուք եք ինձ այսպիսին դարձրել ու եթե վաղը այսօրվանից ավելի վատը դառնամ՝ ձեզ մեղադրեք: Փողկապս ո՞ւր է: (Խոջոյանը իր փողկապն է տալիս:) Պիջա՞կս ուր է: (Խոջոյանը իր պիջակն է տալիս:)
ՎԱՉՈ — Վահրամ ջան, ընկեր ջան, այ, էս ուրիշ բան…
ՎԱՐՉԱՊԵՏ — Չհասկացա՞…
ՍԻՐԱՆ — Պարոն վարչապետ, թույլ տվեք խմել ձեր կենացը: Փաստորեն կատակում էիք, երբ ասում էիք, թե սեղանները տանելու եք առանձնասենյակից:
ՎԱՐՉԱՊԵՏ — Ինձ թվաց, թե մենք հրաժեշտ տվեցինք իրար:
ՍԻՐԱՆ — Հրաժեշտ տվեցին հրաժարական ներկայացրած վարչապետն ու նախարարության շարքային աշխատակցուհին, իսկ հիմա իրար հետ բաժակ են խփում գործող վարչապետն ու Արտասահմանյան ներդրումների գործակալության պետը: Պարոն վարչապետ, մի հարց ունեմ՝ քանի որ նոր եմ ստանձնել գործակալության պետի պաշտոնը, կուզեի վաղը ընդունեիք ինձ՝ մանրամասնորեն բացատրելու ստանձնածս աշխատանքի բնույթը և առաջիկա անելիքս: Ցանկալի կլիներ, եթե ինձ ընդունեիք աշխատանքային օրվա ավարտին, որպեսզի երկար ժամանակով չկտրեի ձեզ ընթացիկ գործերից:
ՎԱՐՉԱՊԵՏ — Վաղը շատ զբաղված եմ լինելու:
ՍԻՐԱՆ — Այդ պատճառով խնդրում եմ աշխատանքից հետո ընդունեք, որքան պետք է` ես կսպասեմ: Համաձայն չե՞ք, պարոն վարչապետ:
ՎԱՐՉԱՊԵՏ — Վաղը, աշխատանքային օրվա ավարտին կընդունեմ և բավական մանրամասնորեն կբացատրեմ ձեզ նոր աշխատանքի բնույթը:
ՍԻՐԱՆ — Շնորհակալ եմ, պարոն վարչապետ:
Երկիմաստ ժպտում են, խմում են: Հերթով մյուսներն են մոտենում:
ՎԱՐՉԱՊԵՏ — Չհասկացա, Խոջոյան, էս տեսքո՞վ ես եկել գործի: (Քաջիկին` մի կողմ տանելով նրան:) Այն բաները տարար, տեղավորեցի՞ր:
ՔԱՋԻԿ — Ոնց որ ասել էիր, քեռի:
ՎԱՐՉԱՊԵՏ — Նույն ձևով կբարձես, գիշերը կբերես, կդնես իրենց տեղը: Խոջոյան, Համաշխարհային բանկի նամակն ուղարկեցի՞ր:
ԽՈՋՈՅԱՆ — Բա ո՞նց, պարոն վարչապետ, բառ առ բառ ձեր թելադրած ձևով վերաշարադրեցի և ուղարկեցի:
ՎԱՐՉԱՊԵՏ — Դե հիմա վազիր նամակի ետևից: Ուր որ հասած կլինի` բռնիր ու ետ բեր: Սիրելի գործընկերներ… Անուշիկ, ինչո՞ւ ես այդքան ուրախ:
ԱՆՈՒՇԻԿ — Պարոն Վարչապետ, 10 րոպե առաջ ամուսնության առաջարկ արեցին ինձ:
ԲՈԼՈՐԸ — Շնորհավորում ենք… երջանկություն քեզ… մի բարձի ծերանաք… շատ երեխաներ ունենաք…
ՎԱՐՉԱՊԵՏ — Մեկ վայրկյան, մեկ վայրկյան, ինձ կարո՞ղ եք բացատրել, թե ինչ կերուխում եք սարքել աշխատանքային ժամին:
ՎԱՉՈ — Պարոն վարչապետ, ցավդ տանեմ, բա էսքան լավ առիթներ կան, չուրախանա՞նք: Բա ազգային ձևով չպարե՞նք մի հատ…
ՎԱՐՉԱՊԵՏ — Պարե՛ք, բայց սա վերջին անգամը լինի: Որ այլևս չկրկնվի, ինչ որ պատահեց: Իսկ, ընդհանրապես, սրանից հետո նոր ոճով ենք աշխատելու: Սրանից հետո այլևս այսպես չենք ապրելու: Վաղը բոլորդ վերակառուցված գաք գործի, հասկացա՞ք… Իսկ ես գնամ, ՆԱՏՕ-ի պատվիրակությանը պետք է ընդունեմ ու դեռ երեկոյան էլ պետք է պաշտոնական միջոցառման ներկա լինեմ…

Կարդացեք նաև