Գագիկ ԽԱՉԱՏՐՅԱՆ / ԱՅԴ ԿՅԱՆՔԻՑ ԹԱՆԿ ՄԱՀԸ

Դրամա 3 գործողությամբ

Գործող անձինք
ԱՐԱՄ
ՆՈՆԱ — Արամի կինը
ՄԵՐՈՒԺԱՆ — Արամի ընկերը
ՇՈՒՇԱՆ
ԳՈԳԱ — Շուշանի ամուսինը
ՄԱԿԵԴՈՆ — Արայի քեռին
ՔՆՆԻՉ
ՈՍՏԻԿԱՆ
ԻՍՊԻՐ

Առաջին գործողություն
Տեսարան առաջին

Բեմի կենտրոնում դիահերձարանի մուտքի մետաղյա դուռ` վրան կողպեք: Դռան դիմաց` երկաստիճան սանդուղք, աջ կողմում` աղբարկղ: Դռան աջ ու ձախ կողմում` ճաղապատ ու մութ պատուհաններ: Բեմի ձախ կողմում` սյուն, որի վրա տարբեր կողմեր թեքված երեք սլաքաձև ցուցանակներ են: Բեմի աջ կողմում` գազոն-իմիտացիա: Բեմը թույլ լուսավորված է: Աստիճանաբար ուժգնացող ոտնաձայներ: Լույսի շողի ուղեկցությամբ աջ կողմից մտնում է Մակեդոնը, մոտենում է դռանն ու կողպեքով ուժգին թակում: Լռություն: Մտնում են Արամն ու Մերուժանը: Մերուժանի ձեռքին մեծ մոմլաթե պարկ կա:
ՄԵՐՈՒԺԱՆ — (շնչակտուր): Հը՞, Մակեդոն քեռի, էլի մարդ չկա՞:
ՄԱԿԵԴՈՆ — (շրջվելով` բազմանշանակ): Նա էստեղ է, համոզված եմ: Իսպիրն ուրիշ տեղ չի գնում: Նրա տունուտեղն էս է…
ԱՐԱՄ — Տեսեք` դուռը կողպեքով է փակ:
ՄԱԿԵԴՈՆ — (ձեռքը թափ տալով): Կապ չունի… (Կրկին թակում է:) Էդ հոգեառը ներսում է, ու վերջ… (Դարձյալ թակելով:) Հաստատ գործի վրա է… Ողորմի ձեր անցավորաց, ես Իսպիրին լավ գիտեմ, Վաղինակի ժամանակ էլ էսպես էր:
ԱՐԱՄ — (անհանգիստ քայլելով): Լավ, ենթադրենք, բայց մարդիկ էնտեղ մեզ են սպասում, չէ՞… Էսպես չի լինի, քեռի Մակեդոն, մի բան պիտի արվի:
ՄԵՐՈՒԺԱՆ — (փոքր-ինչ նեղսրտած): Դե, Արամ ջան, որ փակ է, էս մարդն ի՞նչ անի:
ԱՐԱՄ — Իրոք, ի՞նչ կարելի է անել, հը՞…
ՄԵՐՈՒԺԱՆ — Էսքան սպասել ենք, մի քիչ էլ կսպասենք: Ուրեմն, քեռին մի բան գիտի…
ԱՐԱՄ — Չեմ հասկանում, սա ի՞նչ անհոգություն է: Օրն անցավ, էն մարդուն դեռ տուն չենք հասցրել… Հասկացա, հարկավոր է գլխավոր բժշկին գտնել, քեռի…
ՄԱԿԵԴՈՆ — Այ որդի, Գրիգորն էստեղից ո՞ւր պիտի փախչի: Նա գնալու մի ճանապարհ ունի` էն էլ մեր օգնությամբ: Հիմա մի քիչ էլ ուշանա, ի՞նչ է եղել որ… Սրան (դուռը ցույց տալով) Իսպիր կասեն: Հազար մեռելի տեր է, հազար գործ ունի… Էս է` մի տեղից դուրս կգա: (Սանդուղքին նստելով` ծխախոտ է վառում: Քիչ անց կիսատ ծխախոտը հանգցնելով, նետում է աղբարկղն ու նորից թակում դուռը:) Դե, բաց, էլի, դժոխքի զավակ…
ԻՍՊԻՐ — (ներսից` դիվային ձայնով): Ո՞վ է դուռը ջարդում…
ՄԱԿԵԴՈՆ — Ըհը, ասում էի, չէ՞… (Ծորուն ձայնով:) Բժիշկ, այ Իսպիր, ես եմ` Մակեդոնը:
ԻՍՊԻՐ — (խռպոտած): Քո ժամն էլ հասա՞վ, թշվառական…
ՄԱԿԵԴՈՆ — (շփոթված): Բերանդ խեր բաց արա, այ մարդ… Գրիգորի հետևից ենք եկել, Իսպիրն ապրած կենա:
ԻՍՊԻՐ — Դե, համբերիր, էլի, մարդ Աստծո…
ՄԱԿԵԴՈՆ — Հեր օրհնած, էլի համբերենք, բայց ինչքա՞ն:
ԻՍՊԻՐ — (զայրացած): Ինչքան պետք լինի:
ՄԱԿԵԴՈՆ — Էդ ինչի՞ որ… Մեր փողին գերբ չկա՞:
ԻՍՊԻՐ — (դադարից հետո): Որովհետև, թշվառական, մի Իսպիր է` հազար մեռելատեր:
ՄԱԿԵԴՈՆ — Ախր, այ բժիշկ ջան, էն ժողովուրդն էնտեղ…
ԻՍՊԻՐ — Գլուխ չտանես… Շորերը բերե՞լ ես:
ՄԱԿԵԴՈՆ — Հա, բա ո՞նց (Վարուժանի ձեռքից պարկը վերցնելով:) Հրես մոտս է, ցավդ տանեմ:
ԻՍՊԻՐ — Դե լավ… Ուրեմն, մի տասնհինգ րոպեից ներս կթողնեմ: Հիմա չեմ կարող: Քննիչ է գալու…
ՄԱԿԵԴՈՆ — Գրիգորի համա՞ր… (Իսպիրը չի պատասխանում:) Այ մարդ, Էս ի՞նչ նորություն է… Իր հալալ մահով մեռած մարդու վրա էլ են քննիչ բերում:
ՄԵՐՈՒԺԱՆ — Քեռի, դու ինչի՞ ես անհանգստանում: Թե Գրիգոր քեռին մեղք է գործել, թող հիմա էլ հետմահու դատեն:
ԱՐԱՄ — Լավ, վերջ տվեք, կարծես թե նրանք են…

Տեսարան երկրորդ
Մեքենայի հռնդյուն և արգելակների ձայն, ապա` հնչող ժողովրդական մեղեդի: Բեմն աստիճանաբար լուսավորվում է: Զրուցելով մտնում են քննիչն ու ոստիկանը: Քննիչի ձեռքին կաշվե թղթապանակ կա:
ՔՆՆԻՉ — (դռան մոտ կանգնածներին): Բարի օր, ժողովուրդ:
ՄԱԿԵԴՈՆ — Բարով, հազար բարի…
ՔՆՆԻՉ — (ցույց տալով դուռը): Էս… մարդ-մուրդ չկա՞:
ՄԱԿԵԴՈՆ — Իսպիրը ներսում է, չարդ տանեմ, մենակ թե գործի վրա է:
ՔՆՆԻՉ — (ոստիկանին): Բժիշկը տեղեկացված չէ՞…
ՈՍՏԻԿԱՆ — Անշուշտ, տեղեկացված է: Գլխավորն ասաց` մեզ է սպասում, պարոն քննիչ:
ՔՆՆԻՉ — (տարակուսած): Բայց դուռը կողպեքով է փակ:
ՈՍՏԻԿԱՆ — (վկայակոչելով Մակեդոնին): Ծերուկն իրավացի է` բժիշկը ներսում է, սակայն, ըստ ամենայնի, զբաղված է:
ՄԱԿԵԴՈՆ — Միլիոն տոկոսով կարող եմ վստահեցնել պարոն քննիչ…
ՈՍՏԻԿԱՆ — Անհանգստանալու հարկ չկա: (Ուժգին թակում է: Լռություն:)
ԻՍՊԻՐ — (ներսից, զայրացած): Մակեդո՞ն, Իսպիրը քեզ վիրահատի, էլի դո՞ւ ես:
ՄԱԿԵԴՈՆ — Այ մարդ, մեղավորն էլի ես դուրս եկա… (Իսպիրին.) Չէ, չէ, ում սպասում էիր` նրանք են եկել:
ՈՍՏԻԿԱՆ — (պաշտոնական): Ոստիկանությունն է, բժիշկ, բացեք:
Քիչ անց փակ դռան վրա ճռռոցով բացվում է մեկ այլ` ավելի փոքր դուռ: Դռան միջից հայտնվում է Իսպիրի ճաղատ ու պսպղուն գլուխը: Նա ուշադիր զննում է եկվորներին:
ՔՆՆԻՉ — (թղթապանակը մի ձեռքից մյուսը փոխելով): Կարելի՞ է մտնել, բժիշկ:
ԻՍՊԻՐ — (շարունակում է զննել): Մտեք: (Անհետանում է: Քննիչն ու ոստիկանը ներս են մտնում: Քիչ հետո կրկին հայտնվում է Իսպիրի գլուխը:) Մակեդոն, շորերը վերցրու, դու էլ արի:
Մակեդոնն ու Արամը ներս են մտնում: Վարուժանը մնում է դռան մոտ կանգնած: Բեմն աստիճանաբար մթնում է:

Տեսարան երրորդ
Դիահերձարան: Դատարկ բեմում երեք ծածկոցապատ նառ է: Կենտրոնի նառը` գլխամասից դեպի բեմ, փոքր-ինչ բարձր է: Մտնում են Իսպիրը` սպիտակ խալաթով ու կաշվե գոգնոց կապած, քննիչը, ոստիկանը, Մակեդոնն ու Արամը:
ԻՍՊԻՐ — (ցույց տալով ձախ կողմի նառը): Գրիգորն այնտեղ է, սպասեք, քիչ հետո կմոտենամ: (Ցույց տալով կենտրոնի նառը:) Էս է, պարոն քննիչ…
ՔՆՆԻՉ — Ե՞րբ են բերել:
ԻՍՊԻՐ — Երեկ իրիկուն…
ՈՍՏԻԿԱՆ — (ընդհատելով): Ահազանգն ստացվել է երկոյան ժամը ութին:
ՔՆՆԻՉ — Ե՞րբ է տեղափոխվել լաբորատորիա:
ՈՍՏԻԿԱՆ — Դեպքից մեկ ժամ անց` ժամը իննին:
ՔՆՆԻՉ — Հարազատների նախաձեռնությա՞մբ, թե՞…
ՈՍՏԻԿԱՆ — Շտապ օգնութունով:
ՔՆՆԻՉ — Օգնության կանչո՞վ, թե՞ մահվան փաստով…
ՈՍՏԻԿԱՆ — Բնական է, պարոն քննիչ, օգնության կանչով:
ՔՆՆԻՉ — Հիվանդանոցում տուժողին օգնություն ցուցաբերվե՞լ է …
ՈՍՏԻԿԱՆ — Ոչ: Մահը վրա է հասել հիվանդանոցի ճանապարհին:
ՔՆՆԻՉ — Ուրեմն, շտապօգնությունը նրան ուղիղ դիահերձարա՞ն է բերել…
ՈՍՏԻԿԱՆ — Այո: Տեղափոխել են և անմիջապես զանգել ոստիկանություն:
ՔՆՆԻՉ — Ըստ ձեզ, նախնական վարկածները համապատասխանո՞ւմ են իրականությանը, կա՞ն արդյոք…
ՈՍՏԻԿԱՆ — Դե, ինչպես արդեն ճանապարհին ասացի… Անզգուշություն, պատահականություն, և ուրիշ ոչինչ:
ՔՆՆԻՉ — (բազմանշանակ): Համոզվա՞ծ եք…
ՈՍՏԻԿԱՆ — Նույնիսկ կասկած չունեմ:
ՔՆՆԻՉ — Ասացիք, ո՞ր հարկից է ընկել:
ՈՍՏԻԿԱՆ — Չորրորդ հարկի պատշգամբից:
ՔՆՆԻՉ — Այսի՞նքն… ինչպե՞ս…
ՈՍՏԻԿԱՆ — Լվացք փռելու պահին:
ՔՆՆԻՉ — Հավանաբար գլխապտո՞ւյտ…
ՈՍՏԻԿԱՆ — Ստույգ չեմ կարող ասել:
ՔՆՆԻՉ — Տարի՞քը…
ՈՍՏԻԿԱՆ — Մոտ 25 տարեկան… Երկու տարվա հարս է:
ՔՆՆԻՉ — Պարզ է: Իսկ հարևաններից տեսնողներ չե՞ն եղել, վկաներ կա՞ն…
ՈՍՏԻԿԱՆ — Արդեն մութ է եղել, ոչ ոք ոչինչ չի տեսել, բայց…
ՔՆՆԻՉ — Ի՞նչ…
ՈՍՏԻԿԱՆ — (առաստաղին նայելով): Ոմանք ինչ-որ ձայներ են լսել… մյուսներն առհասարակ անտեղյակ էին կատարվածից:
ՔՆՆԻՉ — Ի վերջո՞…
ՈՍՏԻԿԱՆ — (կրկին հայացքը փախցնելով): Անկեղծ ասած` ինձ համար էլ որոշ հարցեր անհասկանալի են:
ՔՆՆԻՉ — Գուցե դրդապատճառնե՞ր, ընտանեկան կոնֆլի՞կտ…
ՈՍՏԻԿԱՆ — Չեմ կարծում: Կարգին մարդիկ են:
ՔՆՆԻՉ — Դուք, որպես թաղային տեսուչ, անձամբ եղե՞լ եք դեպքի վայրում:
ՈՍՏԻԿԱՆ — Նույնիսկ շտապ օգնության ժամանումից առաջ:
ՔՆՆԻՉ — Տարօրինակ է:
ՈՍՏԻԿԱՆ — Ինչպե՞ս:
ՔՆՆԻՉ — Ասում եմ` տարօրինակ է:
ՈՍՏԻԿԱՆ — Հատկապես ի՞նչը…
ՔՆՆԻՉ — Առհասարակ: Տանն ո՞վ կար, ո՞ւմ հետ եք առնչվել:
ՈՍՏԻԿԱՆ — Միայն սկեսուրն էր, այն էլ` վատառողջ ու անկողնային: Հա, նաև` նորածին երեխան:
ՔՆՆԻՉ — Իսկ ո՞վ է զանգել շտապօգնություն:
ՈՍՏԻԿԱՆ — Անցորդները, պատահական մարդիկ…
ՔՆՆԻՉ — Լավ, իսկ ձե՞զ…
ՈՍՏԻԿԱՆ — (անհանգստացած): Ճիշտն ասած` ես ծառայության մեջ էի… Մոտերքում մի գործ կար… Պատահմամբ կատարվածի ականատեսը դարձա…
ՔՆՆԻՉ — Նորածինն ինքա՞ն է…
ՈՍՏԻԿԱՆ — Մոտ` 6-7 ամսական:
ՔՆՆԻՉ — Ի՞նչ հիվանդությամբ է տառապում հանգուցյալի սկեսուրը:
ՈՍՏԻԿԱՆ — Հիպերտոնիայով… (Կանխելով:) Ես նրանց վաղուց եմ ճանաչում:
ՔՆՆԻՉ — Վաղո՞ւց…
ՈՍՏԻԿԱՆ — (նեղվելով): Դե… երկար տարիներ նույն թաղամասի տեսուչն եմ, զարմանալու ի՞նչ կա:
ՔՆՆԻՉ — ( հեգնանքով): Ոչինչ, պարզապես հանգուցյալի անունը չասացիք…
ՈՍՏԻԿԱՆ — Շուշան, Շուշանիկ…
ՔՆՆԻՉ — Լավ: (Իսպիրին.) Բժիշկ, բարձրացրեք ծածկոցը:
ԻՍՊԻՐ — (դանդաղ ու ծանրաքայլ մոտենալով նառին): Ամբո՞ղջը:
ՔՆՆԻՉ — Ի՞նչ է նշանակում` ամբողջը…
ԻՍՊԻՐ — Դե… բացելու բա՞ն է, որ բացեմ… Հրոզմունք է…
ՔՆՆԻՉ — Լավ չհասկացա, դա ի՞նչ է նշանակում…
ԻՍՊԻՐ — Այսինքն… տեսնելու բան չէ: Մարդ կգժվի…
ՔՆՆԻՉ — Հասկանում եմ, երևի շատ է վնասվել… Նո՞ր եք այս գործով զբաղվում:
ՄԱԿԵԴՈՆ — (հեռվից): Էս ինքն է սարքել, պարոն քննիչ: Որ մեռնի, դիահերձարանն իր անունով են կոչելու:
ՔՆՆԻՉ — Իսկ ինձ թվաց… Լավ, լավ, բացեք տեսնենք:
ՈՍՏԻԿԱՆ — Բժիշկ, որ ասում են` ուրեմն բացեք…
ԻՍՊԻՐ — Աչքիս վրա, պարոն քննիչ, հիմա կբացեմ: Մեկ է, բացելը լրիվ անվարձ գործ է, այսպես ասած` Իսպիրի նվերը իրավապահ մարմիններին: (Քթի տակ խոսելով մոտենում է նառին:) Ասա` մի քիչ զգույշ եղեք, էլի… Տունուտեղդ քանդեցիր, այ ջահել հարս… Քո ինչի՞ն էր պետք… (Արագ ու կտրուկ շարժումով ծածկոցը բացում է:)
Նառին Շուշանի գեղեցիկ մարմինն է: Քննիչը` ցնցված, մի քայլ ետ է գնում, ոստիկանն անշարժ կանգնած է: Արամն ակամա ծունկի է գալիս:
ՔՆՆԻՉ — Սա ի՞նչ բան է… ինչի՞ համար: Ոչինչ չեմ հասկանում:
ՈՍՏԻԿԱՆ — (ակնապիշ նայելով հանգուցյալին): Հրոզմունքն էս է, որ կա…
ՔՆՆԻՉ — (ոստիկանին): Ասում եք` չորրորդ հարկի՞ց:
ՈՍՏԻԿԱՆ — Այո… (Հատու:) Հինգ հարկանի շենքի չորրորդ հարկից:
ՔՆՆԻՉ — (ուշադիր զննում է դիակը): Տեսեք, նրա մարմնի վրա վնասվածքի հետք անգամ չկա:
ՈՍՏԻԿԱՆ — (մեկուսի): Ախր, նա ի՞նչ հանգուցյալ…
ՔՆՆԻՉ — (Իսպիրին): Պրոֆիլակտիկ միջոցներ կիրառե՞լ եք:
ԻՍՊԻՐ — Ոչ: Ցանկություն էլ չկա` խանգարել նրա քունը…
ՔՆՆԻՉ — (շարունակելով ակնապիշ նայել հանգուցյալին): Այստեղ արյան հետք անգամ չկա: (Իսպիրին.) Ինչո՞վ բացատրել…
ԻՍՊԻՐ — (կաշվե գոգնոցը հանելով` մի կողմ է նետում): Մեղքս ինչ թաքցնեմ, ճիշտն ասած, ձախ ականջից արյուն էր ծորում, մաքրել եմ…
ՔՆՆԻՉ — Միայն այդքա՞նը:
ԻՍՊԻՐ — Հա:
ՔՆՆԻՉ — Անհավանական է:
ԻՍՊԻՐ — Անկեղծ ասած, ինձ էլ է զարմացրել:
ՔՆՆԻՉ – Իրոք, բացառիկ երևույթ է… (Սթափվելով:) Ինչևէ, արձանագրենք… (Ծոցագրպանից հանում է գրիչը, բացում թղթապանակն ու գրում:)
Արամը կանգնում է, մոտենալով` ակնդետ նայում է հանգուցյալին:
ՔՆՆԻՉ — (Արամին): Հը՞, դեմքը ծանո՞թ է:
ԱՐԱՄ — (աչքը չկտրելով Շուշանից): Միթե՞ մեռած է:
ՔՆՆԻՉ — (հեգնանքով): Չէ, ընդամենը քնած է… Մեր հոգու հետ է խաղում:
ԱՐԱՄ — (ասես մրսելով` ձեռքերը բաճկոնի գրպաններն է խոթում): Այ քեզ հրաշք… իրոք քնած է, ժողովուրդ:
ԻՍՊԻՐ — (զայրացած` Մակեդոնին): Բիձա, էս ո՞ւմ էս բերել Իսպիրի թագավորություն: Գրիգորին թողած` էս հարսից աչքը չի կտրում:
ՄԱԿԵԴՈՆ — (ճակատը շփելով առաջ է գալիս): Գրիգորի կնկա եղբոր որդին է, Իսպիրն ապրած կենա: Դե, նկարիչ-քանդակագործ է…
ԻՍՊԻՐ — Ասա` խփնված է, էլի…
ԱՐԱՄ — (ատամների արանքից): Մեծ մարդ ես, տո’…
ԻՍՊԻՐ — (ընկրկելով): Դե, լավ, լավ մի նեղանա:
ԱՐԱՄ — Դու չէի՞ր նայում, բժիշկ Իսպիր:
ԻՍՊԻՐ — Իմ գործն է` նայում եմ: Հետո՞…
ԱՐԱՄ — Գործը քոնն է, բայց մենք մեղավոր չենք, որ աչքեր ունենք, կույր չենք:
ԻՍՊԻՐ — Հա, բայց… (Կարմրատակած: Ցույց տալով Շուշանին:) Սա իմն է… Էլի կրկնեմ` սա իմ գործն է, հասկացա՞ր:
ԱՐԱՄ — (արհամարհանքով): Հերթը դեռ քեզ չի հասել:
ՔՆՆԻՉ — Լավ, ժողովուրդ, վիճաբանելու ժամանակը չէ…
ՈՍՏԻԿԱՆ — (Մակեդոնին): Քեռի, եթե ձեր գործն ավարտեցիք, մեզ մենակ թողեք:
ՄԱԿԵԴՈՆ — Լավ, լավ… գնում ենք: Բժիշկ, տոպրակը նառի կողքն եմ դրել: Հիմի Ջավադին զուգել-զարդարելը ե՞րբ կպրծնես:
ԻՍՊԻՐ — Որ չխանգարես, մի ժամից կպրծնեմ: Հա, Մակեդոն, էդ տղին… (մատնացույց է անում Արամին) հետդ չբերես: (Կամաց:) Կշաշվի, այ մարդ…
ՄԱԿԵԴՈՆ — (թևանցուկ անելով Արամին): Գնացինք, Արամ ջան, Իսպիրը էս մարդկանց հետ գործ ունի: Մի ժամից կգանք, չի խանգարի:
ԱՐԱՄ — Քեռի, էդ աղջկան տեսա՞ր:
ՄԱԿԵԴՈՆ — Տեսա, տեսա, բա չտեսա՞…
ԱՐԱՄ — Հազար բնորդ եմ նկարել, քանդակել, էսպիսի գեղեցկություն չեմ տեսել: Այ քեզ հմայք… Չէ նա քնած էր:
ՄԱԿԵԴՈՆ — Քեզ ի՞նչ եղավ, այ որդի, նոր լավ էիր: Կենդանի մարդն Իսպիրի պալատումն ի՞նչ է շինում… Գնացինք, գնացինք:
Մակեդոնն ու Արամը դուրս են գնում:

Տեսարան չորրորդ
Դիահերձարանում:
ՔՆՆԻՉ — (ոստիկանին): Անհարմար էլ է ասել, բայց այսպիսի գեղեցկություն չեմ տեսել:
ՈՍՏԻԿԱՆ — (ձեռքերը խցկելով գրպանները): Ճիշտն ասած` ես էլ…
ԻՍՊԻՐ — Կհավատա՞ք, ձեռքս վրա չի գնա…
ՔՆՆԻՉ — (Իսպիրին): Կարող եք ծածկել:
ԻՍՊԻՐ — (զգույշ ու նրբորեն վրա է բերում ծածկոցը): Հանգուցյալ… Ի՞նչ հանգուցյալ, նա մեզ արհամարհած ունի… (Քննիչին.) Ինչ ուզում եք ասեք. դեռ ապրողն ինքն է, նրա առաջ հանգուցյալը մենք ենք:
ՔՆՆԻՉ — (ոստիկանին): Ո՞ւմ աղջիկն է, ովքե՞ր են ծնողները:
ՈՍՏԻԿԱՆ — Այրիացած ուսուցչուհու միակ դուստրն է:
ՔՆՆԻՉ — Ամուսնուն գտեք:
ՈՍՏԻԿԱՆ — Արդեն եկել է, բայց…
ՔՆՆԻՉ — Դատախազը պնդում է` քրեական գործ հարուցել:
ՈՍՏԻԿԱՆ — Ի՞նչ…
ՔՆՆԻՉ — Նախաքննության նյութերն ընդհանրացնելու համար պարտավոր ենք լսել նրան:
ՈՍՏԻԿԱՆ — Բայց նա… (Մի պահ լռելով:) Նկատի ունեմ սգի մեջ լինելու հանգամանքը:
ՔՆՆԻՉ — Նշանակություն չունի: Եթե ինքնակամ չգա` բերման կենթարկենք: Դեպքի պահին նա որտե՞ղ է եղել:
ՈՍՏԻԿԱՆ — Մայրն ասաց` քաղաքից բացակայում է:
ՔՆՆԻՉ — Այդքա՞նը:
ՈՍՏԻԿԱՆ — Չմանրամասնեց:
ՔՆՆԻՉ — Ինչո՞վ է զբաղվում:
ՈՍՏԻԿԱՆ — Խառը, ինչով պատահի…
ՔՆՆԻՉ — Հիմնականո՞ւմ:
ՈՍՏԻԿԱՆ — Կարծեմ առևտրով…
ՔՆՆԻՉ — Ձեր այցելության պահին ամբողջ լվացքը փռվա՞ծ էր:
ՈՍՏԻԿԱՆ — (մտածում է): Որքան հիշում եմ, տաշտի մեջ լվացք կար:
ՔՆՆԻՉ — Լավ: Որպես իրեղեն ապացույց վերցրեք հանգուցյալի հագուստը: Այստեղ այլևս անելիք չունենք:
ՈՍՏԻԿԱՆ — (Իսպիրին): Բերե’ք զգեստները:
ԻՍՊԻՐ — (փաթեթը ոստիկանին հանձնելով): Պարոն քննիչ, մի անհամեստ հարց` այս ջահել հարսի գործը ե՞րբ պիտի սկսեմ:
ՔՆՆԻՉ — (խիստ): Երբ հանձնարարագիր կստանաք:
ԻՍՊԻՐ — Լավ: Կսպասեմ:
ՔՆՆԻՉ — Ոչ մեկին, անգամ հարազատներին, արգելվում է մոտենալ հանգուցյալին: Եթե հարկ լինի, օգնելու համար ոստիկան կուղարկենք: (Գրպանից հանում է հեռախոսը:) Ձեր հեռախոսահամարն ասեք, բժիշկ:
ԻՍՊԻՐ — Ես ձեռքի հեռախոս չեմ գործածում, հարգարժան: Կզանգեք գլխավորին, ներքին հեռախոսով ինձ կտեղեկացնեն: Հասկանո՞ւմ եք, այդ հեռախոսները իմ գործի մեջ հարմար չեն:
ՔՆՆԻՉ — Իսկ դուք ինչպե՞ս…
ԻՍՊԻՐ — Մի անհանգստացեք, լաբորատորիան ոտնձգությունների համար նախընտրելի վայր չէ:
Քննիչն ու ոստիկանը Իսպիրի ուղեկցությամբ գնում են:

Երկրորդ գործողություն
Տեսարան առաջին
Սենյակի երկու կողմերում ռոկոկո ոճի ոսկեզօծ ծաղկամաններ: Կենտրոնում` փոքրիկ սեղան, վրան` մոխրաման, ծխախոտի տուփ, բաժակներ: Հատակին` մեծ ու շքեղ գորգ: Սեղանի երկու կողմերում` բազկաթոռներ: Հեռախոսով խոսելով մտնում է Գոգան: Մյուս ձեռքում կոնյակի կիսատ շիշն է: Շիշը դնում է սեղանին, նստում, ծխախոտ վառում: Քիչ անց մտնում է ոստիկանը:
ԳՈԳԱ — (հեռախոսով): Լավ, հասկացա, ախպեր, կկապվեմ… Ո՞ւմ… Էդպես բան չկա: Չի կարող չտալ: Եղավ, վերջացրինք… (Հեռախոսն անջատելով, խռպոտ:) Հը, ի՞նչ եղար, այ «մենթ»:
ՈՍՏԻԿԱՆ — (մյուս բազկաթոռին նստելով): Իսպիրի մոտ էինք, Գոգա ջան:
ԳՈԳԱ — Իսպիրի՞… (Կոնյակ լցնելով): Երկու ժամ է` սպասում եմ, ախպեր:
ՈՍՏԻԿԱՆ — Դե, քննիչի հետ էինք, ակտ էր գրում, ախպեր…
ԳՈԳԱ — Հետո՞…
ՈՍՏԻԿԱՆ — Քննիչը Իսպիրին թույլ չտվեց… ձեռք տալ: Ուզում են քրեական գործ հարուցել: Եթե, իհարկե, արդեն չեն հարուցել…
ԳՈԳԱ — Չհասկացա… (Զայրացած:) Էս, կարո՞ղ է, խայտառակ անեք, արա:
ՈՍՏԻԿԱՆ — Ինչի՞ համար:
ԳՈԳԱ — Ի՞նչը` ինչի համար… (Ձեռքը սեղանին խփելով:) Կարո՞ղ է` էդ էրեխուն «յոթին» նոր թաղենք, այ ընկեր:
ՈՍՏԻԿԱՆ — Բայց ես ի՞նչ կարող եմ անել, Գոգա ջան:
ԳՈԳԱ — Ինչ կարող եմ անել… Զուռնա փչի…
ՈՍՏԻԿԱՆ — Դե, ես ինչ կարող էի` արեցի…
ԳՈԳԱ — (ընդհատելով): Էդ քննիչն ո՞վ է:
ՈՍՏԻԿԱՆ — Էն քրեականի պետի տեղակալը` Պիտոյանը, էն, որ սև «ԲՄՎ» ունի:
ԳՈԳԱ — (ծխախոտ վառելով): Հա, գիտեմ, դրա տիրոջ մերն էլ էդտեղ…
ՈՍՏԻԿԱՆ — Քեզ ասեմ` լուրջ փորփրում էր, Գոգա ջան:
ԳՈԳԱ — Հա՞, կպա՞ծ է…
ՈՍՏԻԿԱՆ — Հա… Թարս ու շիտակ հարցեր էր տալիս:
ԳՈԳԱ — (անտարբեր): Հետո՞… Բա դու ինչի՞ համար ես…
ՈՍՏԻԿԱՆ — Դե, ես տեղը տեղին, ինչ պետք էր` ասացի:
ԳՈԳԱ — (մյուս բաժակը մատնացույց անելով): Էդ կոնյակը խմիր:
ՈՍՏԻԿԱՆ — Չեմ խմում: Հիմա իմ խմելը բացառվում է:
ԳՈԳԱ — Հասկացա: Բա հետո՞… Հիմա ի՞նչ ենք անելու, ասա…
ՈՍՏԻԿԱՆ — (ոտքի կանգնելով): Ախր, Գոգա ջան, դու մի կարգին բան չես ասում, որ ես էլ իմ անելիքն իմանամ:
ԳՈԳԱ — (մռայլվելով): Ի՞նչ ես ուզում, որ ասեմ:
ՈՍՏԻԿԱՆ — Դե, մի քիչ մանրամասնիր, էլի, ախպեր, ո՞նց եղավ…
ԳՈԳԱ — Ուշ ես գլխի ընկնում, հա՞… Ասեցի, էլի…
ՈՍՏԻԿԱՆ — Ախր… Մի քիչ խորանանք, այ ախպեր…
ԳՈԳԱ — Դու որ չխորանաս, ես կնեղանամ, գիտե՞ս, այ «մենթ»: (Քմծիծաղով:) Ախպեր, ի՞նչ ասեմ` եղավ, էլի… Ծտի պես ձեռքիցս թռավ, հասկանո՞ւմ ես, թռավ… (Իբր հեկեկում է:)
ՈՍՏԻԿԱՆ — Ինչքան գիտեմ` Շուշանը համավոր հարս էր:
ԳՈԳԱ — Ախպեր, նա իմ թալիսմանն էր:
ՈՍՏԻԿԱՆ — Երևի ասածիդ հակառակվե՞ց, հա՞… անկապ պատասխաններ տվեց:
ԳՈԳԱ — Էդպես բան չկա… Լավ, որ շատ գլուխ չտանես, ասեմ: Ուրեմն, ախպեր, Ավազակ Սամոյի ու Ադոյի հետ «Փերիներում»… գիտես` Ավազակը էն Կրասնոդարի գործը բարով խերով պրծել, եկել էր, լավ էլ փող էր բերել, մի կտոր աղուհաց արինք: Շախով-շուլուխով-հավեսով կերանք-խմեցինք` իջանք քաղաք, ախպեր… Դեռ տուն չէի մտել, մորս ձենն ականջս ընկավ…
ՈՍՏԻԿԱՆ — Տուն մենա՞կ մտար:
ԳՈԳԱ — Չհասկացա, կարո՞ղ է` հարցաքննում ես, այ «մենթ»:
ՈՍՏԻԿԱՆ — Դե, զրույց ենք անում էլի, Գոգ ջան:
ԳՈԳԱ — Հա, ախպեր, մենակ տուն մտա: Մտա ու հարցրի` ի՞նչ է պատահել: Հիմա ոչ մեկն է խոսում, ոչ էլ` մյուսը: Շուշանը բալկոնում լվացք էր փռում: Ասի` աղջի, ի՞նչ է եղել: Ձեն չի հանում, երեսիս էլ չի նայում: Դարձա մորս, ասում եմ. «Այ, մեր, ի՞նչ է պատահել»: Ձեն չի հանում: Մեկ էլ մերս մնաց, մնաց, թե` «Հլա դրան հարցրու` մի ժամ առաջ, մի ժամով ո՞ւր էր գնացել»: Ախպեր, արյունը գլուխս տվեց… Դառա Շուշանին, ասում եմ. «Ո՞ւր էիր գնացել, աղջի»: Ձեն չի հանում: Մի անգամ էլ հարցրի: Առանց երեսիս նայելու ասաց. «Երեխի ուտելիքը պրծել էր, խանութ էի իջել»: Էդտեղ կատաղեցի ու անասունի պես վրա քշեցի: Ասի. «Աղջի, քեզ չե՞մ ասել` առանց ինձ ասելու տնից դուրս չգաս»: Էդ էր` ձեռքս մի թեթև իրան կպավ, ախպեր… Ծտի պես, ծտի պես բալկոնից թռավ… (Գլուխն առնում է ափերի մեջ ու հեկեկում:)
ՈՍՏԻԿԱՆ — Այ քեզ փորձանք…
ԳՈԳԱ — Փորձանք չի, է, սատանի գործ է, ախպեր:
ՈՍՏԻԿԱՆ — Քեզ պինդ պահիր, ախպեր ջան, մերդ ու երեխեդ կողքիդ են… Համբերություն, Գոգ ջան: Ի՞նչ ասեմ, դժվար է, շատ դժվար…
ԳՈԳԱ — Լավ, ինչ եղավ` եղավ, ախպեր, դու են ասա, իրեն տեսա՞ր:
ՈՍՏԻԿԱՆ — Ո՞ւմ:
ԳՈԳԱ — Շուշանին, ո՞ւմ:
ՈՍՏԻԿԱՆ — (բազմանշանակ): Տեսանք, էլի… (Դադարից հետո:) Հա, բա չես ասի… Քննիչի հետ խոսում էինք, էդ նեղ պահին մի մեռելատեր քիթը խոթել ու Շուշանին է նայում: Նայում է ու նայում…
ԳՈԳԱ — Իյա…
ՈՍՏԻԿԱՆ — Ախպեր, քննիչն էլ չհամբերեց, ասաց. «Հը, դեմքը ծանո՞թ է»:
ԳՈԳԱ — Ո՞նց, ախպեր, Էդ ո՞վ էր, արա…
ՈՍՏԻԿԱՆ — Չեմ ճանաչում: Հետը բիձա մարդ կար, ասաց` նկարիչ-քանդակագործ է:
ԳՈԳԱ — Նկարի՞չ… քանդակագո՞րծ…
ՈՍՏԻԿԱՆ — Դե, խուդոժնիկ, էլի…
ԳՈԳԱ — Գլխի եմ: Էդ խուդոժնիկի ուզածն ի՞նչ էր, ախպեր:
ՈՍՏԻԿԱՆ — Ոնց որ Իսպիրն ասաց` խփնված էր, Գոգ ջան, դուրս էր տալիս:
ԳՈԳԱ — Խոսքի օրինա՞կ…
ՈՍՏԻԿԱՆ — Աչքերը չռել ու Շուշանին էր նայում: Նայեց, նայեց, թե` սա մեռած չի` քնած է…
ԳՈԳԱ — (տեղից բարձրանալով): Պահո, ախպեր, կարո՞ղ է… Կարող է, դրանք իսկականի՞ց ծանոթ են եղել: Բա դրան որտե՞ղ տեսնեմ:
ՈՍՏԻԿԱՆ — Քո ինչի՞ն է պետք, Գոգա ջան, բան էր` եղավ-անցավ: Հիմա դրա ժամանակը չի, ախպեր… Դու մտածիր, թե հետո ի՞նչ ենք անելու:
ԳՈԳԱ — Դու ի՞նչ ես հասկանում, այ «մենթ»:
ՈՍՏԻԿԱՆ — (խեղճացած): Ինչի՞ որ…
ԳՈԳԱ — Դրանք, կարող է, թաքուն կապ են ունեցել:
ՈՍՏԻԿԱՆ — Եթե այդպես էլ է, հիմա ի՞նչ է փոխվելու:
ԳՈԳԱ — Վայ, արա… Չես հասկանո՞ւմ… Էդ դեպքում Շուշանի ինքնասպանությունը լրիվ հիմնավորվում է:
ՈՍՏԻԿԱՆ — Վատ միտք չէ, գիտե՞ս, բայց եթե էդ մարդը ընդհանրապես նրան չի ճանաչե՞լ:
ԳՈԳԱ — Ճանաչել կտանք, ախպեր…
ՈՍՏԻԿԱՆ — Էդ ուրիշ բան… Բայց քննիչը շան պես հոտն առել է:
ԳՈԳԱ — Էդ դեռ քիչ է: (Քմծիծաղով:) Պիտի համփ անի…
ՈՍՏԻԿԱՆ — Հա, քննիչը քեզ բաժին է կանչել: Ասաց, եթե չգա` բերման կենթարկենք: Էսօր ժամը հինգին երկուսով գնալու ենք:
ԳՈԳԱ — Գժվել են, արա… Ախպեր, բա դու քթի ծակ չունե՞ս:
ՈՍՏԻԿԱՆ — Ես ի՞նչ կարող եմ անել:
ԳՈԳԱ — Ախպեր, ես վշտի մեջ` պիտի դրանց դռներն ընկնե՞մ: Մենակ էդ էր պակաս: Չէիր կարո՞ղ ասել…
ՈՍՏԻԿԱՆ — Ամեն ինչ ասացի, չօգնեց:
ԳՈԳԱ — Ասեիր` էդ տղեն ի վիճակի չէ, այ բարի մարդիկ: Կամ խնդրեիր, որ ինքը գար… (Բղավում է:) Չէիր կարո՞ղ…
ՈՍՏԻԿԱՆ — Լավ, նորից կառաջարկեմ, բայց չգիտեմ` բան դուրս կգա՞, թե՞ ոչ:
ԳՈԳԱ — Լսիր, ինչ եմ ասում: Նախքան քննիչին տեսնելը կգնաս մեր տուն` մորս մոտ, կասես` Գոգան էն փողերն ուզում է, ինքը գիտի… Թող հանի, տա:
ՈՍՏԻԿԱՆ — Բայց ճի՞շտ է, որ էս պահին ինձ ձեր տանը տեսնեն:
ԳՈԳԱ — Հա… ճիշտ չէ: Որ էդպես է` Կամոյին ուղարկիր:
ՈՍՏԻԿԱՆ — Եղավ, Կամոյին կուղարկեմ:
ԳՈԳԱ — Էդ քննիչ է, ինչ է, դրան էլ վերցրու, իրար հետ եկեք: Տեսնենք ուզածն ինչքա՞ն է:
ՈՍՏԻԿԱՆ — Ոնց կասես, ախպեր ջան: (Ոտքի կանգնելով:) Ես գնամ, ինձ է սպասում:
ԳՈԳԱ — Հա, գնա… քանի էդ անասունը նոր բաներ չի մոգոնել: Մինչև էդ փողը ձեռքիդ չլինի, մոտս չգաք, եղա՞վ:
ՈՍՏԻԿԱՆ — Եղավ… Բայց դու ասա` համաձայնի:
ԳՈԳԱ — Ի՞նչ պիտի ասի, որ չհամաձայնի: Դու էլ գործդ լավ արա, որ պաշտոնդ բարձրացնել տամ: Դե, գնա, գնա… (նրա ետևից) այ «մենթ»:
Ոստիկանը գնում է, Գոգան համար է հավաքում, խոսելով ինքն էլ գնում: Բեմը մթնում է:

Տեսարան երկրորդ
Արամի արվեստանոցը: Ճոճաթոռ, նկարակալ, փոքրիկ սեղան` վրան թղթապանակ, վրձիններով լի սափոր, մագնիտոֆոն, գարեջրի շշեր: Երկու աթոռ և մեկ թախտ: Պատերին անփույթ կախված են նկարներ: Աջ կողմում պատին շրջած կտավներ են, մեկ-երկու մանրաքանդակ: Ձախ կողմում` ճոճաթոռի ետևում, շարժական վարագույր: Լուսավորված է բեմի կենտրոնը, ուր փոքրիկ պատվանդան է: Աջ ու ձախ թափված են մեծ ու փոքր գծանկարներ: Մեղմ հնչում է կոմիտասյան մեղեդի: Գծանկար ձեռքին` մտնում է Արամը:
ԱՐԱՄ — (գծանկարը գցելով հատակին): ՉԷ, չի ստացվում… (Գլուխն առնում է ափերի մեջ, նստում ճոճաթոռին:) Աչքիս առաջ է… այդ հմայքը, այդ թևածող հոգին: Չեմ կարողանում, չեմ կարողանում ստանալ, չի ստացվում… Ինչպես էր պառկած… մոմեղեն մարմինը, խորհրդավոր ժպիտը: Ի՞նչ էր, տեսիլ էր… Մերուժանն իզուր չի ասում, որ խոսքերս չեն բավականացնում: Բայց այսօր գիծն էլ ինձ չի ենթարկվում: Չեմ հասկանում, ինչպե՞ս կարող էր կյանքին վերջ տալ, ինչի՞ համար… Ես կհասնեմ իմ նպատակին, կստեղծեմ այդ գեղեցկությունն ու հմայքը… Նրա չքնաղ էությունը մշտապես այստեղ` իմ կողքին կլինի: Տեր Աստված, ինձ ուժ ու զորություն տուր…
Բեմը մթնում է:

Տեսարան երրորդ
Արվեստանոց: Արամը նույն դիրքով նստած է ճոճաթոռին: Բեմի ձախ կողմից, լույսի շողի ուղեկցությամբ, հայտնվում են քննիչն ու ոստիկանը` Շուշանին գրկած, նրանց ետևից Իսպիրը` դանակներն իրար քսելով:
ԻՍՊԻՐ — (դիվային քրքիջով): Ուրեմն` կտրե՞լ… կտրե՞լ` ասում եք…
ՈՍՏԻԿԱՆ — Առանց աղմուկի… Պետք է պահպանել հասարակական կարգը:
ՔՆՆԻՉ — (հևալով): Վճիռը կայացված է, անհոգ եղեք… (Իսպիրին.) Նրան ո՞ւր դնենք:
ԻՍՊԻՐ — (քրքջալով): Էն ծառի տակ: Ծաղիկին ծաղիկների մեջ դրեք… Էս գեղեցկությունը մեր տունը կքանդի: Կանխենք գեղեցկության վնասները, պարոնայք…
Այս տեսարանը կրկնվում է բեմի մյուս կողմում: Արամը ոտքի է կանգնում, ապշահար հետևում նրանց, իսկ տեսարանի ավարտին ընկնում է բազկաթոռին ու կրկին գլուխն առնում ափերի մեջ:
Որտեղից վերջին անգամ ոստիկանը, քննիչն ու Իսպիրը դուրս էին եկել, հայտնվում է Շուշանը` սպիտակ շղարշն ուսերին: Թևերը տարածած վազում-պտտվում է բեմում, գալիս ծնկում է Արամի մոտ:
ԱՐԱՄ — (երկար դադարից հետո): Դո՞ւ ես…
Շուշանը փախչում-պտտվում է բեմով մեկ, ցույց տալիս այն կողմը, որտեղից մտել էր, հետո բռնում է գլուխն ու տապալվում գետին:
ԱՐԱՄ — (մոտենալով նրան): Ինչո՞վ կարող եմ օգնել…
Շուշանը կրկին բարձրանում ու սկսում է պտտվել, հետո կանգ է առնում, բարձրանում փոքրիկ պատվանդանին:
ԱՐԱՄ — (գետնից վերցնում է գծանկարներից մեկն ու մոտենում Շուշանին): Այդպես կանգնիր… (Ոգևորված:) Լավ է, շատ լավ է…
Շուշանը իջնում, ձեռքերը տարածած պտտվում ու նորից բարձրանում է պատվանդանին` նոր դիրք ընդունելով:
ԱՐԱՄ — (թղթապանակն ու մատիտը վերցնելով սեղանի վրայից): Խնդրում եմ, մի հեռանա… Մի քանի շտրիխ միայն… (Արագ նկարում է:)
Շուշանը նստում է պատվանդանին, անձայն հեկեկում է: Արամը մոտենում է նրան: Շուշանը ցատկում է տեղից և անհետանում խավարի մեջ: Արամը վազում է նրա ետևից, ապա թղթապանակը նետելով սեղանին` կրկին ընկնում ճոճաթոռին:
ԱՐԱՄ — Չեմ կարողանում կտրվել… Մոգական ուժով նա ձգում է… ասես ուզում է ինչ-որ բան հասկացնել: (Ոտքի կանգնելով:) Ավելի լավ է դուրս գամ: Տղաների հետ սուրճ կխմեմ: Արամը բաճկոնը գցում է ուսերին ու դուրս գալիս: Բեմում կրկին խավար է:

Տեսարան չորրորդ
Գոգայի սենյակը: Բազկաթոռին նստած` Գոգան ծխում է: Հետո քայլում է սենյակում, անհանգիստ է, նորից նստում է: Գալիս են ոստիկանն ու քննիչը: Ոտքի կանգնելով` Գոգան դիմավորում է լուռ ձեռքսեղմումով:
ԳՈԳԱ — (նստում ու ցույց է տալիս մյուս բազկաթոռը): Նստեք… Շնորհակալ եմ, որ հարգեցիք ու եկաք:
ՔՆՆԻՉ — (նստում է, կրկին կանգնում): (Ոստիկանին ցույց տալով:) Ընկերը ոտքի վրա մնաց:
ՈՍՏԻԿԱՆ — Ոչինչ, ոչինչ, ես սովոր եմ, մի անհանգստացեք:
ԳՈԳԱ — (ցույց տալով բեմի խորքը): Ախպեր, էնտեղից մի աթոռ բեր, իյա…
ՈՍՏԻԿԱՆ — Լավ է, լավ, Գոգա ջան: Վիճակդ հասկանում ենք, բայց քննիչը մի քանի հարց ունի:
ԳՈԳԱ — Ձեզ համար անպատասխան հարց չկա, տղերք: Հեչ լավ բան չեղավ… Մենակ կարճ, ախպեր ջան, գիտես, տրամադրություն չկա…
ՔՆՆԻՉ — Նախ ցավակցում եմ…
ԳՈԳԱ — Անցավ մնաս, ախպերս: (Կոնյակի շիշը պարզելով:) Կխմե՞ս մի քիչ:
ՔՆՆԻՉ — Շնորհակալ եմ, չեմ խմում:
ԳՈԳԱ — Ընդհանրապե՞ս, թե՞ ոնց…
ՔՆՆԻՉ — Հատկապես էս պահին:
ԳՈԳԱ — Կամքը քոնն է, ցավդ տանեմ: Անունդ ի՞նչ է…
ՔՆՆԻՉ — Մարատ:
ԳՈԳԱ — Հա, Մարատ ախպեր: Ասա, ուշադիր լսում եմ…
ՔՆՆԻՉ — Դեպքի ժամանակ, որքան հասկացա, քաղաքից բացակայում էիք:
ԳՈԳԱ — Հա, քաղաքում չէի:
ՔՆՆԻՉ — Եթե գաղտնիք չէ, ո՞ւր էիք մեկնել:
ԳՈԳԱ — Իսկ եթե գաղտնի՞ք է:
ՔՆՆԻՉ — Երևի… նեղ անձնական, ինտիմ հարցեր…
ԳՈԳԱ — Անձնականն անձնական էր, բայց վերջում ի՞նչ ասեցիր` ինտի՞մ…
ՔՆՆԻՉ — Դե… հարց, որը վերաբերում է միայն ձեզ և հակառակ սեռի մեկ այլ ներկայացուցչի, ասենք…
ԳՈԳԱ — Իմ կինն իմ սրբությունն էր, Մարատ ախպեր: Իմ աչքին ուրիշ ոչ մի էգ չի երևացել:
ՔՆՆԻՉ — Լավ, ե՞րբ իմացաք դեպքի մասին:
ԳՈԳԱ — Ճանապարհին էի, տղերքը զանգեցին, ասին` շուտ արի: Հորս արև, ինձ թվաց, թե մորս բան է պատահել: Բայց ո՞ւմ մտքով կանցներ…
ՔՆՆԻՉ — Հարևաններից ոմանք ձեր տնից վիճաբանության ձայներ են լսել:
ԳՈԳԱ — (բազմանշանակ նայում է ոստիկանին): Ո՞ր հարևանները` կոնկրետ, ո՞վ է ասել…
ՔՆՆԻՉ — Դա քննչական գաղտնիք է:
ԳՈԳԱ — Ախպեր, մարդու վատն ուզող, կներես արտահայտությանս, էնքան բ…-ի տղերք կան…
ՔՆՆԻՉ — Ձեր կարծիքով` այդ պահին ով ում հետ կարող էր վիճել:
ԳՈԳԱ — Դե, հարս ու սկեսուր են, կարող է` մի քիչ էլ բարձր են խոսել, ի՞նչ կա որ…
ՔՆՆԻՉ — Բայց… ձեր տնից տղամարդու ձայն է լսվել:
ԳՈԳԱ — Էդպես բան չկա, ախպեր:
ՔՆՆԻՉ — Իսկ հնարավո՞ր է հարս ու սկեսուր այն աստիճան վիճեին, որ իրար քաշքշեին:
ԳՈԳԱ — Բացառվում է:
ՔՆՆԻՉ — Այդ դեպքում ինչո՞վ բացատրել Շուշանի խալաթի կոճակների բացակայությունն ու պատռված գրպանը:
ԳՈԳԱ — (նեղսրտած): Թարս հարցեր ես տալիս, Մարատ ախպեր:
ՔՆՆԻՉ — Կարգ է, ի՞նչ կարող ես անել, քրեական գործ է հարուցվել…
ԳՈԳԱ — Վերջը հարուցեցի՞ք… Այսինքն` ինձ ուզում եք, այսպես ասած, «տուն անել»:
ՔՆՆԻՉ — Մութ հարցեր կան, այսինքն` անհասկանալի և չպարզաբանված:
ԳՈԳԱ — (գյուտ արածի պես): Վայ, Շուշան, Շուշան… Ամոթ էլ է ասել, բայց գիտե՞ս քանի անգամ եմ էդ խալաթի համար ասել, այ Մարատ ջան…
ՔՆՆԻՉ — Մի քիչ անհնազա՞նդ էր երևի…
ԳՈԳԱ — Էդ ի՞նչ ես ասում, ախպեր… Նրա նման լսող աղջիկ ոչ եղել է, ոչ կա, ոչ էլ կլինի:
ՔՆՆԻՉ — Այդ դեպքում ինչո՞վ բացատրել…
ԳՈԳԱ — Ինչո՞վ… Դե, մարդ է, երեխով տարված` էսօր-էգուց էր գցում: Վայ, Շուշան…
ՔՆՆԻՉ — Մինչև նախաքննության արդյունքների ամփոփումը, դատախազի կողմից հանձնարարվել է` եռօրյա ժամկետով ձերբակալել:
ԳՈԳԱ — Ախպեր, ամոթ է, սգվոր ենք, տանն էդքան մարդ կա, էդ ի՞նչ ես ասում: Ժողովուրդն ի՞նչ կմտածի…
ՔՆՆԻՉ — Ասենք` ուղևորությունից դեռ չեք վերադարձել:
ԳՈԳԱ — Իմ կինն է, ուրեմն նրա թաղմանը ներկա չլինե՞մ:
ՔՆՆԻՉ — Այդպես է ստացվում:
ԳՈԳԱ — Լավ, ախպեր: Կորցնելունն արդեն կորցրել եմ… Հիմի ինձ լսիր: (Քննիչի աչքերի մեջ նայելով:) Կինս բալկոնում լվացք էր փռում: Խոսքներս իրար հասավ: Մի քիչ վրեն ջղայնացա, վախից իրան բալկոնից գցեց… Ծտի պես ձեռքիցս թռավ: Ես ի՞նչ անեմ` ասա, գլուխս ո՞ր քարին տամ: Կարող է` և մի գեշ բան էր արել, ո՞վ իմանա… (Նայում է ոստիկանին:) Բայց ես հետո դա էլ կպարզեմ:
ՔՆՆԻՉ — (անակնկալի եկած): Խմա՞ծ էիք:
ԳՈԳԱ — Հա, մի քիչ:
ՔՆՆԻՉ — Լավ չես արել:
ԳՈԳԱ — Բայց դա կապ չունի: Ես իրեն չեմ կպել, հասկանո՞ւմ ես, չեմ կպել, քննիչ ջան:
ՔՆՆԻՉ — Գործդ լրիվ փչացրել ես:
ԳՈԳԱ — Հա, էդպես ստացվեց: Ո՞վ կուզենար… Ի՞նչ անեմ: (Նայում է ոստիկանին:) Ախպեր, բերե՞լ ես:
ՈՍՏԻԿԱՆ — (գրպանից հանում է փաթեթն ու մեկնում Գոգային): Ինչ որ տվեց` էս է:
ԳՈԳԱ — (քննիչին): Եղածը` եղած է… Հիմի, կարո՞ղ է, քաղաքով մեկ խայտառակ անեք: Գոնե հիվանդ մորս ու որբ երեխայիս խղճացեք, անտեր մի թողեք: (Գլուխն առնում է ափերի մեջ:)
ՔՆՆԻՉ — (տարակուսած մերթ Գոգային, մերթ ոստիկանին է նայում): Չգիտեմ, ի՞նչ ասեմ:
ԳՈԳԱ — (փաթեթը սեղանի վրա սահեցնում է դեպի քննիչը): Էս վերցրու, ախպեր, ավելին ունենայի` չէի խնայի, չարդ տանեմ…
ՔՆՆԻՉ — (փաթեթը ետ հրելով): Լավ մտածիր, Գոգա, վաղը մայրդ անգամ թույլ չի տա, որ դու ազատության մեջ մնաս:
ԳՈԳԱ — Ուրեմն, չե՞ս հավատում, որ ես նրան չեմ դիպել, հա՞:
ՔՆՆԻՉ — Դե…
ԳՈԳԱ — (բռունցքը սեղանին խփելով): Էս առիթով դեռ հարցեր շատ կան, ախպեր… Բայց էդ հարցերն, իհարկե, ես անձամբ եմ լուծելու: Կգա ժամանակը ու դու կհամոզվես, որ Գոգա ախպերը մեղք չունի:
ՔՆՆԻՉ — (խորամանկ ժպիտով): Գուցե մեր օգնությամբ ավելի հեշտ լինի այդ հարցերը լուծել:
ԳՈԳԱ — Լավ, արի էս թեման փակենք: (Ցույց է տալիս փաթեթը:) Էստեղ քիչ չէ, ախպեր, հինգ կտոր կա: Մերս լավ կին է, դու գործը լավ սարքի, անգամ նրա դրած հացին կարժանանաս, ախպերս:
ՔՆՆԻՉ — Դուք ինձ նեղն եք գցում:
ԳՈԳԱ — Նեղը ես եմ, Մարատ ախպեր, դու սիրտդ լեն պահիր: (Նայում է ոստիկանին:) Ոստիկանն էլ մեր ախպերն է` թիկունքիդ կանգնած կլինի: Ցավդ տանեմ, հարցն էնպես լուծի, որ վաղն առոք-փառոք էն հարսին հողին հանձնեմ:
ՔՆՆԻՉ — (Գոգան փաթեթը խցկում է նրա գրպանն ու ձեռքը սեղմում): Ցավալի դեպք է… Հանուն ձեր մոր և երեխայի կփորձեմ հնարավորինն անել, ինչ արած…
ԳՈԳԱ — Հա, ցավդ տանեմ… Հաջող, Մարատ ախպեր, մնամ ձեր զանգին սպասող:
Քննիչն ու ոստիկանը գնում են: Մյուս կողմից հեռանում է Գոգան: Բեմը մթնում է:

Տեսարան հինգերորդ
Արամի արվեստանոցը: Արամը ճոճաթոռին նստած նկարում է: Գալիս է Մակեդոնը:
ՄԱԿԵԴՈՆ — Ողջույն մեծատաղանդ նկարչին:
ԱՐԱՄ — (նրան չնայելով): Բարև, Մակեդոն քեռի, առաջ արի, նստիր:
ՄԱԿԵԴՈՆ — (նստում է): Ո՞նց ես, ցավդ տանեմ, գործերդ ինչպե՞ս են:
ԱՐԱՄ — Առաջվա պես… նոր բան չկա, քեռի:
ՄԱԿԵԴՈՆ — Քեզ վաղուց չէի տեսել, ասի` մտնեմ, հալդ իմանամ:
ԱՐԱՄ — (գծանկարները ցույց տալով): Էսպես էլի… Քո գործե՞րն ինչպես են:
ՄԱԿԵԴՈՆ — Հարմարվում ենք, Արամ ջան… Հիմա ո՞ւմ գործերն են լավ, որ իմը լավ լինի, որդի:
ԱՐԱՄ — Ինչի՞, գործները լավ մարդիկ չկա՞ն:
ՄԱԿԵԴՈՆ — Կան, ի՞նչի չկան: Մարդիկ կան, որոնց գործերը միշտ էլ լավ են: Վախտին ով թալանեց` նրա գործերը հա՜ լավ են, ապրում են, բիզնես են անում: Մենք ի՞նչ…
ԱՐԱՄ — (գարեջրի շիշը մեկնելով): Սիրանուշ մորաքույրն ինչպե՞ս է:
ՄԱԿԵԴՈՆ — (շիշը վերցնելով): Ո՞նց պիտի լինի, ամբողջ օրը մղկտում է:
ԱՐԱՄ — Էլի ի՞նչ է պատահել:
ՄԱԿԵԴՈՆ — Քրոջ տղայի ընտանիքը քիչ չէր, հիմա էլ աղջկա ընտանիքն է Գերմանիա գնում:
ԱՐԱՄ — Թե էդ ո՞ւր են գնում, ինչի՞ համար են գնում… Բան չեմ հասկանում: Իրենք իրենցից ո՞ւր պիտի փախչեն:
ՄԱԿԵԴՈՆ — Մնան` ի՞նչ անեն, այ որդի… թե ժամանակին քչից-շատից գործ ունեին, փող ունեին` էն էլ ձեռքներից խլեցին: Գիտես, չէ՞, էսօր ինչպես է. մեկին հանում են, ասելով` դու մեր կուսակցությունից չես, մյուսին` արդեն տարիքդ էն չի… Շատ ժամանակ էլ սուտ պատճառ են բռնում, մարդու վրա գործ սարքում ու անգործ թողնում: Էսօր գործ ասածը առուծախի վրա է: Կտաս` կապրես, չես տա` գնա արևիդ ձենն ածա: Էն Ենոքին լավ գիտես` թեկնածու մարդ էր, հրեն` շուկայում առևտուր է անում, գործատուն էլ` մի խուժան, խուժանի որդի, որ երկու էշի գարի իրարից ջոկել չգիտի: էն խեղճն ի՞նչ անի, ընտանիք է պահում, երեխեք է մեծացնում…
ԱՐԱՄ — Դրա համար էլ չեմ ուզում արվեստանոցից դուրս գալ: Մարդը կորցրել է իր արժանապատվությունը: Հետն ինչպես ուզում` էնպես էլ վարվում են: Աշխատող, ստեղծող մարդու հանդեպ ոչ հարգանք կա, ոչ պատիվ: Ամեն ինչ խառնվել է… Միայն շահ, միայն փող ունենալու մոլուցք` ինչ գնով ուզում է լինի, ուրիշ ոչինչ:
ՄԱԿԵԴՈՆ — Տո, մենակ էդ չի է… ոչ սրբություն է մնացել, ոչ էլ` հավատ: Էս արածդ գործը, էս սիրուն նկարները, որ էստեղ կախ ես տվել, կներես, ո՞ւմ են պետք… Այ, առաջ ուրիշ էր, մատով ցույց կտային, թերթերում կգրեին, նկարներդ կառնեին, տուրիստ կուղարկեին: Հա… Արամ ջան, էդ տուն ինչի՞ չես գնում: (Հատակից վերցնում է գծանկարներից մեկը:) Էս ո՞վ է, ո՞ւմ ես նկարել… դեմքն ինչքան էլ ծանոթ է:
ԱՐԱՄ — Դե, նկարում եմ էլի, եսիմ…
ՄԱԿԵԴՈՆ — Էլի նկարիր, բայց օրերով տուն չգնալը ո՞րն է… էդպես ո՞նց կլինի:
ԱՐԱՄ — (ծիծաղելով): Էդքան բան լսողը էստեղից կուզենա՞ դուրս գալ:
ՄԱԿԵԴՈՆ — Չէ, էդ չեղավ, Նոնան, երեխեքդ մեղք են:
ԱՐԱՄ — Լավ կլինի, Մակեդոն քեռի, ես նրանց չեմ մոռանում: Կգնամ, վստահ եղիր:

Տեսարան վեցերորդ
Գալիս է Մերուժանը:
ՄԵՐՈՒԺԱՆ — (երկուսի ձեռքը սեղմելով): Բարև ձեզ:
ՄԱԿԵԴՈՆ — Բարով տեսանք բանաստեղծին:
ԱՐԱՄ — Ողջույն, Մերուժան:
ՄԱԿԵԴՈՆ — Խոսքդ անսպառ, քո գործերն ինչպե՞ս են:
ՄԵՐՈՒԺԱՆ — Այսպես էլ մնա` լավ է, Մակեդոն քեռի:
ՄԱԿԵԴՈՆ — Ի՞նչ ես անում, Մերուժ ջան:
ՄԵՐՈՒԺԱՆ — Ասում ենք, խոսում` աշխարհը քննում…
ՄԱԿԵԴՈՆ — (բազմանշանակ): Բա էդ ե՞րբ էս հասցնում բանաստեղծություն գրել:
ՄԵՐՈՒԺԱՆ — Այ, դրան գիշեր ու ցերեկ չկա: (Ծիծաղում է:) Երազում անգամ հուշը փորփրում, սերն ենք գովերգում:
ՄԱԿԵԴՈՆ — Լեզուդ ճարտար է, բայց չնեղանաս` մի բան պիտի ասեմ:
ՄԵՐՈՒԺԱՆ — (պաթետիկ): Քեռու ապտակը խրատ է կյանքի…
ՄԱԿԵԴՈՆ — Մերուժ ջան, ասում են` շատ ես խմում, որդի:
ՄԵՐՈՒԺԱՆ — (ծիծաղում է): Չար լեզուներն ինչ ասես` կասեն, քեռի:
ՄԱԿԵԴՈՆ — Տաղանդդ ափսոս է…
ԱՐԱՄ — (ծիծաղելով` մեկնում է գարեջրի շիշը): Խմիր, Մերուժան…
ՄԵՐՈՒԺԱՆ — (ետ հրելով): Արամ ջան, գայլի գլխին ավետարան են կարդում, դու նրան նոր փորձությա՞ն ես մղում, ինչ է…
ՄԱԿԵԴՈՆ — Է, ուր էր, թե ավետարանին մի քիչ հավատարիմ մնայիք:
ՄԵՐՈՒԺԱՆ — Չէ, քեռի, լուրջ եմ ասում, որոշել եմ ճանաչել իմաստությունն ու խրատը:
ՄԱԿԵԴՈՆ — Աչքս տեսնի, աչքս…
ԱՐԱՄ — Քեռի Մակեդոն, մեկ-մեկ էս մարդը` լեզուն, ես էլ` աչքս բացելու համար խմում ենք, հանցա՞նք է:
ՄԱԿԵԴՈՆ — (տեղից բարձրանալով): Հանցանքը հանցանք չի, այ որդի, բայց, դե, պարծանք էլ չի: Մերուժան ջան, սրտիդ չգնաս… Դե, Արամ ջան, ես գնացի:
ԱՐԱՄ — Էդ ինչի՞ էդպես միանգամից…
ՄԱԿԵԴՈՆ — Քեռակինդ` Սիրանուշը մենակ է: (Ծիծաղում է:) Քեռին գնա` մխիթարի… Հա, ցավդ տանեմ, էսօր անպայման տուն գնա, երեխեքը կարոտում են:
ԱՐԱՄ — Կգնամ, անպայման կգնամ, քեռի, մի անհանգստանա: Սիրանուշ մորաքրոջը բարևիր: (Ուղեկցում է:)
ՄԵՐՈՒԺԱՆ — (գծանկարները նայելով): Լավ է, գիտե՞ս… Ինչ թափ կա, գծի ինչ պնդություն, ինչ դինամիկա…
ԱՐԱՄ — (վերադառնալով): Չէ, դեռ անելիք շատ կա: Ճեպանկարներն ստացվում են, բայց…
ՄԵՐՈՒԺԱՆ — (մոտենալով վարագույրին): Էդպես էլ չասացիր` ի՞նչ ես թաքցնում սրա ետևում:
ԱՐԱՄ — Կյանքս, կյանքս, Մերուժան…
ՄԵՐՈՒԺԱՆ — Հավատում եմ, որովհետև անձդ թեև տեսանելի, սակայն կյանքդ մշուշապատ է` այսօրվա պես…
ԱՐԱՄ — Քանի որ այսօր խոստումների օր է, ուրեմն` խոստանում եմ ժամանակին և ամբողջությամբ իմ լավ ընկերոջը ներկայացնել այդ մշուշապատ կյանքը: Հիմա նստիր, գարեջուր խմենք: Հա, նաև մի խնդրանք…
ՄԵՐՈՒԺԱՆ — (վերցնելով շիշը): Լավ, տուր… Քննադատներ, ընդդիմադիրներ, մեկ է, չկան: Ի՞նչ պիտի խնդրես:
ԱՐԱՄ — Ասում եմ, Կոմիտաս լսենք, ու մի երկու բան կարդա, ի՞նչ կլինի…
ՄԵՐՈՒԺԱՆ — Սիրով, միայն թե… ես էլ քեզ երկու բան ունեմ ասելու: Մեկը` լավ, մյուսը` վատ:
ԱՐԱՄ — Ի՞նչ կա… ասա…
ՄԵՐՈՒԺԱՆ — Սկզբից ո՞րն ասեմ:
ԱՐԱՄ — Վատը:
ՄԵՐՈՒԺԱՆ — Վատը… Ուրեմն` Գոգան քեզ է փնտրում:
ԱՐԱՄ — Գոգան ո՞վ է…
ՄԵՐՈՒԺԱՆ — Հիշո՞ւմ ես, որ դիահերձարանում տեսած գեղեցկուհու մասին պատմեցիր…
ԱՐԱՄ — Հետո՞…
ՄԵՐՈՒԺԱՆ — Այ, էդ հանգուցյալ գեղեցկուհու «հեղինակություն» ամուսինը:
ԱՐԱՄ — Ամուսի՞նը… Շուշանի ամուսի՞նը:
ՄԵՐՈՒԺԱՆ — Հենց նա:
ԱՐԱՄ — Բայց նա ինձ հետ ի՞նչ գործ ունի:
ՄԵՐՈՒԺԱՆ — Չգիտեմ, հազար մարդ է խառնել, որ քեզ գտնի:
ԱՐԱՄ — Ու վերջը քե՞զ է գտել:
ՄԵՐՈՒԺԱՆ — Չէ, ես էլ դեռ իրեն չեմ տեսել: Գևորգն ասաց:
ԱՐԱՄ — Գևորգը արվեստանոցի տեղը չգիտի՞:
ՄԵՐՈՒԺԱՆ — Ես էլ նույնն ասացի, բայց, անկեղծ ասած, փոշմանեցի:
ԱՐԱՄ — Թող գա, տեսնենք: Դու ինչի՞ ես նեղվում:
ՄԵՐՈՒԺԱՆ — Դրանց հետ գործ ունենալն արդեն իսկ նեղություն է, եղբայր:
ԱՐԱՄ — Կարող է` մարդը շահավետ առաջարկ-պատվեր ունի, ի՞նչ իմանաս:
ՄԵՐՈՒԺԱՆ — Հնարավոր է… Հնարավոր է` վաղամեռիկ կնոջ նկարն է ուզում պատվիրել:
ԱՐԱՄ — Տեսնո՞ւմ ես… Չի բացառվում:
ՄԵՐՈՒԺԱՆ — Ենթադրենք, այդպես է, իսկ ինչո՞ւ հատկապես Արամին պիտի պատվիրի:
ԱՐԱՄ — (մտահոգ): Այ, դա իրենից կիմանանք: Քո անհանգստության պատճառը ո՞րն է:
ՄԵՐՈՒԺԱՆ — Էդպեսների խոսքը քեզ անհաճո կթվա ու… Չէ՞ որ քեզ լավ եմ ճանաչում:
ԱՐԱՄ — Հանգիստ եղիր… Ինձ կատարյալ բանաստեղծի պես կպահեմ:
ՄԵՐՈՒԺԱՆ — Խոստանո՞ւմ ես:
ԱՐԱՄ — Այդ ի՞նչ պիտի լինի, որ պոետի առաջ խոստմնազանց լինեմ:
ՄԵՐՈՒԺԱՆ — Ուրեմն, պայմանավորվեցինք: Իսկ հիմա` լավ լուրը… Չնայած միայն երկուսիս է ոգևորելու: (Հանում է բրոշյուրը, պահում գլխից վեր:) Վերջապես գիրքս լույս տեսավ, եղբայր…
ԱՐԱՄ — (ոտքի է կանգնում): Կեցցե պոետը, կեցցե Մերուժան Հոնենցը… (Համբուրում, գրկում ու պտտեցնում է:) Տուր տեսնեմ: Վերջապես… (Թերթում է:)
ՄԵՐՈՒԺԱՆ — Իսկ հիմա մի երկու բան կկարդամ քեզ համար:
ԱՐԱՄ — Սպասիր, պիտի նշե՞նք, թե՞ ոչ…
ՄԵՐՈՒԺԱՆ — Հիշենք քեռու խրատներն ու այս անգամ բավարարվենք գարեջրով:
ԱՐԱՄ — Կամքը քոնն է, պոետ… (Նստելով ճոճաթոռին:) Սկսիր…
ՄԵՐՈՒԺԱՆ — Առաջինն ընտրել եմ այս մեկը…
Մթամած են երկինք, երկիր` սրտիս հանգույն զարկ զարկող,
Ամպ ու անձրև իջնում են վար` արցունքներիս գլորվող:
Որտե՞ղ փնտրեմ հասկ-վարսերդ, քնքուշ շուշան, նազելի,
Շրթունքներիդ գինին, չքնաղ, ո՞վ է ըմպում հենց հիմի…

Օ, բույրերն այս անրջական նզովում են խենթ հոգիս,
Քո անանուն սերը կրկին պարուրել է թշվառիս:
Ու անձրևը թմբուկ զարկում, երգն է երգում իր էլի…
Որտե՞ղ փնտրեմ աչքերդ բիլ, բոց մարմինդ մշկենի…
ԱՐԱՄ — (ջերմությամբ): Ապրի մեծ պոետը: Սրտիս երգն ասացիր…
ՄԵՐՈՒԺԱՆ — (ծիծաղելով): Պոետը ոգևորված է մեծ նկարչի գնահատականից:
ԱՐԱՄ — Աննման էր, աննման… (Դուռը թակում են:)
ՄԵՐՈՒԺԱՆ — Ո՞վ է:
ԱՐԱՄ — Ով ուզում է լինի… մենք էստեղ չենք: Գալու են ու էս մեր սիրուն օրը փչացնեն:
ՄԵՐՈՒԺԱՆ — Գուցե Նոնա՞ն է:
ԱՐԱՄ — Չէ, այս ժամին աշխատում է:
ՄԵՐՈՒԺԱՆ — (գիրքը դնում է սեղանին, գնում դեպի դուռը): Որ եկա, կարծես դուռը բաց էր:

Տեսարան յոթերորդ
Արագ մտնում է Նոնան: Անտեսելով Մերուժանին` սկսում է արվեստանոցը «խուզարկել»:
ՆՈՆԱ — (Մերուժանին): Էլի խմո՞ւմ եք:
ՄԵՐՈՒԺԱՆ — (արտիստիկ խոնարհումով): Բարև ձեզ, հարգարժան Նոնա Գեղամովնա, ինչպե՞ս եք:
ՆՈՆԱ — (հեգնանքով): Էլ տեղ չկա, Մերուժան:
ԱՐԱՄ — (ոտքի կանգնելով): Նոնա՞…
ՆՈՆԱ — (քմծիծաղով): Այո, այո, ես եմ, չես սխալվել…
ՄԵՐՈՒԺԱՆ — Դե լավ, ես գնամ: Գևորգի հետ գործ ունեմ: (Հանդիսավոր, ժպտադեմ:) Ցտեսություն, Նոնա Գեղամովնա: (Գնում է:)
ԱՐԱՄ — (Մերուժանի ետևից): Մերուժան, սպասիր…
ՆՈՆԱ — Ընտանիքից հրաժարվել ես, հա՞… Միանգամից ասեիր, էլի… վախենո՞ւմ ես, ինչ է: Այս աշխարհում ինչո՞ւ միայն ես պիտի այս վիճակում լինեմ: Սա՞ էր ինձ համար նախատեսված: Քեզ պես սրիկան, թաքնվելով արվեստի կեղծ քողի տակ, փորձում է թոթափվել ընտանեկան հոգսերից: Արամ, լավ իմացիր, այս ամենի համար պատասխան ես տալու, պատասխան, լսո՞ւմ ես: Ինչքան ուզում է փախչես, խուսափես, մեկ է` ինչքան պարտք ունենք, դու ես մարելու: Հույսդ իմ կամ մերոնց վրա չդնես, հասկացա՞ր… Էն մարդիկ քեզ պարտական չեն, հասկացա՞ր, կեղծ հանճար…
ԱՐԱՄ — (անվրդով): Հանգստացիր, մի լրբանա, վերջ տուր, ամոթ է…
ՆՈՆԱ — Ես եմ մեղավոր, ես… ի՞նչ գործ ունեի քեզպեսի հետ: Ախր, բոլորն էին ասում. «Դրա հետ գործ չունես, Նոնա… չգիտե՞ս, դրանք ինչից են շինված…»: Ապուշ էի, ապուշ: (Կեղծ հեկեկում է:) Ախր, ասողին լսող է պետք: Մի նկար էլ չի կարողանում վաճառել… Չես կարող` ուրիշ գործ գտիր կամ խոպան գնա: Գոնե անհայտ բացակայությունդ պատճառաբանված կլինի: Էն դպրոցն ինչի՞ թողեցիր, փող էր` ստանում էիր: Իհարկե, բարձր ճաշակիդ անհարիր էր… Հերիք է, ինչքան մերոնք օգնեցին: Լսո՞ւմ ես, մի քիչ խիղճ ունեցիր…
ԱՐԱՄ — Վերջ տուր… (Ձայնը բարձրացնելով:) Հո երեխաներիս մորը դուրս չե՞մ շպրտելու…
ՆՈՆԱ — Իհարկե, միայն դրան ես ի վիճակի… Էլի հարբա՞ծ ես… Առաջին օրից գտա իմ հանգիստը` ալկոհոլի լճերի վրա ծածանվող անկրկնելի այն հանգիստը, որ միայն սարսափ ու վախ է ծնում: Դեռ ես մի կողմ, երեխաներն ի՞նչ մեղք են գործել, որ քեզ նման հայր ունեն: Մտածե՞լ ես երբևէ` տանը հաց կա՞, չկա՞, երեխաները հիվա՞նդ են, թե՞ առողջ… Առհասարակ դու երբևէ մտածո՞ւմ ես, որ մի օր կթողնեմ ամեն ինչ ու կգնամ:
ԱՐԱՄ — Երեկ գնայիր` այսօր երկու օր կլիներ:
ՆՈՆԱ — Ախ, դու, սրիկա… ուրեմն այդպե՞ս… Ասենք, քեզ նոր չեմ ճանաչում… Այդ սպանիչ անտարբերությունդ ինձ համբերությունից հանել է, հասկանո՞ւմ ես… Քո հանդեպ ոչ մի զգացմունք չունեմ այլևս: (Դադար:) Ես քեզ դատարան քարշ կտամ, դու պատասխան կտաս ամեն ինչի համար…
ԱՐԱՄ — Ուրեմն, պայմանավորվեցինք, սիրելիս, կհանդիպենք դատարանում:
ՆՈՆԱ — Էլի ծաղրո՞ւմ ես… Ո՞ր բարոյական իրավունքով ես մեզ հետ այսպես վարվում: Ուզածդ ի՞նչ է, արածդ ի՞նչ է, երկու ամսվա մեջ մի կտավ չգնեցի՞ն… Վաղն ընտանիքդ ինչո՞վ է ապրելու:
ԱՐԱՄ — Բավական է, Նոնա, հանդարտվիր… Ուզում եմ քեզ մի խորհուրդ տալ…
ՆՈՆԱ — Հետաքրքիր է իմանալ…
ԱՐԱՄ — Դեռ ուշ չէ, նոր ընտանիք կազմիր… Ես երեխաներին կպահեմ:
ՆՈՆԱ — Արվեստագետ ես խաղում, հա՞… Չես մարսի, Արամ տղա, իսկ երեխաների երեսն ընդհանրապես չես տեսնի:
ԱՐԱՄ — Մի՞թե չես հասկանում` զբաղված եմ, գործ եմ անում: Չեմ կարող կիսատ թողնել, հասկացիր: Մի քիչ որ համբերես` տուն կգամ: (Գրպանից թղթադրամներ հանելով:) Առ ու գնա, քանի շուտ է: (Նրան ուղղորդում է դեպի դուռը:)
ՆՈՆԱ — (գումարը հաշվելով): Սա միայն կոմունալ վարձերին կբավարարի, ի՞նչ ես տալիս…
ԱՐԱՄ — Շուտով էլի կտամ: Հիմա գնա, խանգարում ես աշխատել…
ՆՈՆԱ — (փոքր-ինչ հանգստացած): Այ տղա, մեծ մարդ ես, մի գործ գտիր (ցույց տալով կոկորդը), էստեղս է հասել, հասկացիր… Ուզում եմ հիշեցնել, որ առողջությունդ էլ մի բանի նման չէ, ընկեր…
ԱՐԱՄ — Ես լավ եմ: Դե, գնա, ասացի, արագացրու, համբերությունից մի հանիր:
ՆՈՆԱ — Լավ, կգնամ, գնում եմ, բայց չմոռանաս, որ մերոնք են քո տունը պահողը: Հիշեցնում եմ` սրտիդ «էկագեն» լավ չէր… Եթե երեխաներս սոված պիտի մնան, տունն` առանց վերանորոգելու, առանց հեռախոսի, թքած ունեմ խզբզոցներիդ վրա:
ԱՐԱՄ — (հեգնանքով): Մի օր քեզ էլ, ձերոնց էլ վերանորոգելու եմ, մի քիչ համբերեք: (Նրա ետևից ձայն է տալիս:) Մյուս անգամ արվեստանոց չմտնես, լսո՞ւմ ես…
ՆՈՆԱ — (վերադառնալով): Այդ էր պակաս, որ մտնեի… ոնց կլինի` հանկարծ կտեսնեմ սիրուհիներիդ: Մի անհանգստանա, քո մասին ամեն ինչ գիտեմ:
ԱՐԱՄ — Հիմար-հիմար մի խոսիր, երեխեքին լավ նայիր, շուտով կգամ նրանց տեսնելու:
ՆՈՆԱ — Կարող ես ընդհանրապես չգալ, նրանք քո կարիքը չունեն:
ԱՐԱՄ — Վաղը չէ, մյուս օրն էլի փող կուղարկեմ:
ՆՈՆԱ — Ի՞նչ ասացիր` ինչքա՞ն… Ասա, որ պարտքերդ տամ:
ԱՐԱՄ — Ինչքան երեխաներին պետք լինի:
ՆՈՆԱ — Դու երեխաներ չունես, նրանք իմն են, միայն իմը, հասկացա՞ր: (Գնում է:)
ԱՐԱՄ — (նստելով ճոճաթոռին): Չաչանակ… Երեք օր առաջ եմ տվել, էլի փող չկա: Ինչ էլ անես, մատներդ էլ մոմ դարձնես` էս է…
ՆՈՆԱ — (վերադառնալով): Ես մերոնց տուն եմ գնում… (Գնում է:)

Երրորդ գործողություն
Տեսարան առաջին
Արվեստանոցը: Ճոճաթոռին նստած է Արամը, նկարում է: Ձախ կողմից հայտնվում է Շուշանը, դանդաղ բեմեզրի մի անկյունից մյուսն է վազում` երբեմն նայելով Արամի կողմը:
ԱՐԱՄ — Ազնիվ խոսք, արդեն ցնդում եմ: (Կախում է գլուխն ու նկարում: Քիչ անց բարձրացնում է գլուխը:) Եկա՞ր:
ՇՈՒՇԱՆ — (հեռվում կանգնած` կանչող շարժումներ է անում):
ԱՐԱՄ — (մոտենալով նրան): Բա՞ն ունես ասելու:
ՇՈՒՇԱՆ — (վազում է բեմի հակառակ կողմը):
ԱՐԱՄ — (ձեռքերը պարզած առաջ է գնում): Ուզում ես խոսե՞նք…
ՇՈՒՇԱՆ — (փախչում է հակառակ ուղղությամբ):
ԱՐԱՄ — (կանգնում է): Ինչո՞ւ ես ինձ տանջում… գուցե խոսե՞նք վերջապես:
ՇՈՒՇԱՆ — (կանգ է առնում ու ձեռքի շարժումով հասկացնում` նկարիր):
ԱՐԱՄ — (արագ նկարում է): Միայն խնդրում եմ` այս անգամ շուտ մի հեռանա: Լա՞վ…
ՇՈՒՇԱՆ — (քիչ անց մոտենում է Արամին, պտտվում նրա շուրջն ու ձեռքերը դնում նրա ուսերին):
ԱՐԱՄ — (առանց շրջվելու): Էլի արի… Միշտ արի, կսպասեմ… Արի, գոնե վերջացնեմ աշխատանքս: (Շրջվում է:)
ՇՈՒՇԱՆ — (փախչում է հակառակ կողմը):
ԱՐԱՄ — Չե՞ս ուզում խոսել… Գոնե կարո՞ղ ես ինչ-որ բան հասկացնել:
ՇՈՒՇԱՆ — (բարձրանում է պատվանդանին, ձեռքերը դնում կրծքին ու հրում է ինքն իրեն, ապա տապալվում է գետնին):
ԱՐԱՄ — Քեզ հրե՞լ են…
ՇՈՒՇԱՆ — (գլխի շարժումով հաստատում է):
ԱՐԱՄ — Ո՞վ…
ՇՈՒՇԱՆ — (փակում է բերանը):
ԱՐԱՄ — Օդում գրիր անունը…
ՇՈՒՇԱՆ — (մատներով ինչ- որ շարժումներ է անում):
ԱՐԱՄ — Սկեսո՞ւրդ…
Դուռը թակում են: Շուշանը, հավաքելով սպիտակ քողը` անհետանում է: Արամն անցնում է վարագույրի ետևը:

Տեսարան երկրորդ
Մտնում է Մերուժանը:
ՄԵՐՈՒԺԱՆ — Արամ…
ԱՐԱՄ — (ընդառաջ գնալով): Էստեղ եմ:
ՄԵՐՈՒԺԱՆ — Ողջույն, Արամ ջան, չե՞մ խանգարում:
ԱՐԱՄ — Հիշիր` դու ինձ երբեք չես խանգարում:
ՄԵՐՈՒԺԱՆ — Մահկանացուներից միակը, պոետներից բացառիկը կարող է այսպիսի ընդունելության արժանանալ մեծն նկարչի կողմից:
ԱՐԱՄ — Գոնե մենք գնահատենք մեր մտքի ու հոգու տքնանքը: (Ծիծաղում է:)
ՄԵՐՈՒԺԱՆ — Բայց աչքիս տխուր ես երևում, եղբայր:
ԱՐԱՄ — Ոչինչ, կանցնի:
ՄԵՐՈՒԺԱՆ — Ինչ-որ բան այն չէ՞…
ԱՐԱՄ — Մեկ-մեկ ինձ թվում է, թե ավելի հաճախ ոչ թե մեր, այլ ուրիշի մեղքերն են մեզ հալածում:
ՄԵՐՈՒԺԱՆ — Մտահոգությունդ իզուր չէ, շուրջբոլորդ մեղքերի շքահանդես է, Արամ ջան:
ԱՐԱՄ — Բա ինչո՞ւ չես խոսում, գրում այդ մասին, պոետ:
ՄԵՐՈՒԺԱՆ — Որովհետև տեսնող-գնահատողը չկա: Ես ու դու պատվիրատու չունենք, եղբայր: Գործողը շահառու է, հավատավոր-նվիրակը չկա: Լրջմիտ ընդդիմացողը «Կարմիր գիրք» մտավ, բոլորը հարմարվող են: Ամեն ոք մտածում է միայն եղած-ունեցածը չկորցնելու մասին: Էհ… հոգ չէ, մի օր իմ փոխարեն տողերս կխոսեն:
ԱՐԱՄ — Գիտե՞ս, երևի կռիվը մեր մեջ է, ու այն, ինչ պիտի տայինք, մեր մեջ զարկեցինք:
ՄԵՐՈՒԺԱՆ — Երբ ամեն ինչ կորցրած կլինեն` կտավներիցդ, քանդակներիցդ մի գավաթ խիղճ են մուրալու:
ԱՐԱՄ — Չէ, էս բարքերի հետ մենք լեզու չգտանք: Չգիտեմ` հոգով, մտքով, գործով առա՞ջ ենք, թե՞ ետ…
ՄԵՐՈՒԺԱՆ — Քանի որ ստեղծածիդ թե գործատուն, թե կատարողը, թե հանդիսատեսը ինքդ ես, ուրեմն, ինքդ էլ որոշելու ես: Օրինակ` ես Աստծուց խնդրում եմ. Տեր, զտիր տողերս, ամբոխը գոռում է` փողերս, փողերս…
ԱՐԱՄ — Ահ, չգիտեմ, չգիտեմ… Երեխեքին իսկապես կարոտեցի, գիտե՞ս…
ՄԵՐՈՒԺԱՆ — Լավ է, խոստովանեցիր, հենց հիմա փակիր արվեստանոցն ու տուն գնանք: Նոնան կհուզվի, իսկ երեխեքը աշխարհով մեկ կլինեն:
ԱՐԱՄ — Մերուժան, այս գործի մեջ (ցույց տալով գծանկարները) արդեն ինչ-որ բան ստացվում է: Չեմ ուզում կիսատ թողնել, հասկանո՞ւմ ես:
ՄԵՐՈՒԺԱՆ — Ոչինչ, էլի կստացվի: Վեր, վեր կաց, դուրս գանք…

Տեսարան երրորդ
Դուռը թակում են: Մերուժանը գնում է դեպի դուռը: Հարբած, օրորվելով արվեստանոց է մտնում Գոգան:
ԳՈԳԱ — (Մերուժանին հրմշտելով): Էդ նկարչիստը դո՞ւ ես, արա:
ՄԵՐՈՒԺԱՆ — Դու ո՞վ ես… Ի՞նչ է պատահել…
ԳՈԳԱ — (բռնելով օձիքը): Իյա, քեզ բան են հարցնում, արա…
ՄԵՐՈՒԺԱՆ — (ազատվելով): Նկարիչը զբաղված է: Ի՞նչ ես ուզում, ինձ ասա:
ԳՈԳԱ — (նրան մի կողմ հրելով): Ո՞ւր է նկարչիստը:
ՄԵՐՈՒԺԱՆ — (կախվելով թևից): Ի՞նչ ես ուզում, այ մարդ:
ԳՈԳԱ — (մի կողմ հրելով): Չէ մի, քեզ «դակլադ» պիտի տամ: (Կանգնելով Արամի դիմաց:) Հլա, ասենք բարով տեսանք:
ԱՐԱՄ — Ասա, լսում եմ:
ԳՈԳԱ — Դո՞ւ ես նկարչիստը:
ԱՐԱՄ — (որոշ ժամանակ անթարթ նայում են իրար): Հետո՞…
ԳՈԳԱ — Երևանի մետրո:
ԱՐԱՄ — Լսիր, ի՞նչ ես ուզում…
ԳՈԳԱ — Տեղը չես բերո՞ւմ, արա:
ԱՐԱՄ — Ես քեզ չեմ ճանաչում:
ԳՈԳԱ — (Մերուժանին): Գլխիս վերևը չկանգնես, արա:
ԱՐԱՄ — Ես քեզ լսում եմ, միայն արագ…
ԳՈԳԱ — (ձեռքը մեկնելով): Ծանոթանանք, ախպեր, Գոգա:
ԱՐԱՄ — Ես քեզ ի՞նչ ախպեր…
ԳՈԳԱ — Խոսքի… օրինակ, ախպեր:
ԱՐԱՄ — Խոսքի ուրիշ օրինակ մտածիր:
ԳՈԳԱ — Իյա… Բա որ ախպեր չես, էդ ինչի՞ ես կնկաս էդպես հայիլ-մայիլ եղած նայել:
ԱՐԱՄ — Ի՞նչ կին:
ԳՈԳԱ — Իմ կնկան, արա… «մոռգում»:
ԱՐԱՄ — (հայացքը խոնարհելով): «Մոռգո՞ւմ»…
ԳՈԳԱ — Հա, հենց «մոռգում», այսպես ասած` դիահերձարանում:
ԱՐԱՄ — Դու այդ կնոջ ամուսի՞նն ես… Իսկ այդ պահին որտե՞ղ էիր, հետաքրքիր է…
ԳՈԳԱ — Արա, ես ամեն տեղ եմ, պարզապես դու քո տեղը չես գտնում:
ԱՐԱՄ — Քո ասած տեղում էլի մարդիկ կային ու բոլորն էլ…
ԳՈԳԱ — «Բոլորը» հազար տարի առաջ երկնքից ընկած քար է… Ամեն մարդ իր տեղն է պատասխան տալիս:
ԱՐԱՄ — Հա, պետք էր, էնտեղ եմ եղել: Ինչպես բոլորը, էնպես էլ ես, հետո՞…
ԳՈԳԱ — Բեր ասենք` մի հատ էլ մետրո… Այ, հիմա պատասխան ես տալու:
ԱՐԱՄ — Ինչի՞ համար:
ԳՈԳԱ — Նրա համար, որ… Ճիշտն ասա, ինչքա՞ն ժամանակ ես Շուշանիս հետ կապված եղել:
ԱՐԱՄ — Ես նրան չեմ ճանաչել:
ԳՈԳԱ — Արա՞մ էր անունդ…
ԱՐԱՄ — Հետո՞…
ԳՈԳԱ — Որ էդ աղջկան չէիր ճանաչում, Արամչիկ, դիակի առաջ ինչի՞ էիր ծունկ չոքում, արա:
ԱՐԱՄ — Դե… խոստովանեմ` կնոջդ պատկերն այնքան ցնցող էր, որ…
ԳՈԳԱ — Ախպեր, մենակ ցնցող հեքիաթներ չպատմես: Պարզ ասա` ինչը ոնց է եղել:
ԱՐԱՄ — Բայց լավ չհասկացա, որպես ի՞նչ պիտի քեզ ինչ-որ բան պատմեմ:
ԳՈԳԱ — Այ ընկեր, դու ձեր մեռելի` Ջումշուդի համար չէի՞ր «մոռգ» մտել:
ԱՐԱՄ — Ջավադի… Ենթադրենք:
ԳՈԳԱ — Չես ենթադրում, այ ընկեր, վրեդ ես վերցնում… Եղա՞վ: Նորից եմ կրկնում` քո Ջավադին թողած, իմ Շուշանին ինչի՞ ես հայիլ-մայիլ եղած նայել, արա:
ԱՐԱՄ — Դե…
ԳՈԳԱ — Դե չի, «դենգի» ա, այ տղա: Դրա տակից ո՞նց ես դուրս գալու:
ԱՐԱՄ — Հոգի մի հանիր… Գիտես հիմա կարևորն այն է, որ ինչքան հնարավոր է էստեղից շուտ դուրս գաս:
ԳՈԳԱ — Վրեդ էդքան վստա՞հ ես, արա:
ԱՐԱՄ — Եկել, ինչ հարց է քննարկում: Վեր կաց… վեր կաց, ասում եմ: Դուրս արի էստեղից, այ թափթփուկ, լսո՞ւմ ես:
ԳՈԳԱ — Քեզ էդ ո՞ւմ տեղն ես դրել, այ նկարչիստ… Հլա, տեղդ վեր ընկի, բան եմ ասում, արա:
ԱՐԱՄ — Ասացի` դուրս արի…
ՄԵՐՈՒԺԱՆ — Մեծ մարդ ես, որ քեզ բան են ասում, լսիր, էլի…
ԳՈԳԱ — Դու սուս, այ «պյոս»:
ԱՐԱՄ — Ասացի` քանի շուտ է` գնա էստեղից: (Հրում է, Գոգային ցած գլորում: Գոգան բարձրանում ու հարձակվում է Արամի վրա: Մերուժանն օգնության է հասնում: Նրան մի կողմ հրելով:) Մերուժան, հեռու գնա, մոտ չգաս ասացի… (Շշով խփում է Գոգայի գլխին, նա տապալվում է): Ասի` դուրս գնա…
ԳՈԳԱ — (մի կերպ բարձրանալով տեղից): Դու էս չես մարսի, «պիտուխ»… (Ետնաբեմ գնալով` գրպաններում ինչ-որ բան է փնտրում:)
ԱՐԱՄ — (հասնում, դուրս է շպրտում նրան): Դե ռադ եղիր, տականք…
ԳՈԳԱ — (դրսից): Ես քո ականջը կտրելու եմ, արա…
ՄԵՐՈՒԺԱՆ — (դադարից հետո): Բայց խոստացել էիր…
ԱՐԱՄ — Ներող եղիր:
ՄԵՐՈՒԺԱՆ — Բան չմոգոնի՞ էս ապուշը:
ԱՐԱՄ — Ի՞նչ պիտի անի, խումհարից դուրս կգա, կմոռանա:
ՄԵՐՈՒԺԱՆ — Ախր, ինչի՞դ էր պետք:
ԱՐԱՄ — Չտեսա՞ր` ինչի էր գնում ապուշը: Ստացվում է, որ էդ անմեղ կինն իմ պատճառով է պատշգամբից ցած նետվել… Բայց ո՞վ կարող էր ծունկ չոքելու մասին դրան պատմել:
ՄԵՐՈՒԺԱՆ — Կարո՞ղ է` Իսպիրը…
ԱՐԱՄ — Քննի՞չը, ոստիկա՞նը, Մակեդո՞նը` բացառվում են: Մնում է բժիշկը: Բայց ինչո՞ւ պիտի սրան պատմեր:
ՄԵՐՈՒԺԱՆ — Ասացիր` մի թեթև ընդհարվել եք, գուցե վրե՞ժ է լուծել:
ԱՐԱՄ — Փոքրոգի մարդ…
ՄԵՐՈՒԺԱՆ — Արամ ջան, ինչ եղավ, անցավ-գնաց: Արի գնանք տուն:
ԱՐԱՄ — Հա, երեխաներին տեսնել է պետք, գնանք:
Արամն ու Մերուժանը գնում են: Բեմը մթնում է:

Տեսարան 4.
Արվեստանոցը: Սուլելով, գծանկարները նայելով` մտնում է Արամը, անցնում է վարագույրի ետևն ու մերթ-մերթ այնտեղից դուրս գալով` ինչ-որ բան նայում: Գալիս է Մակեդոնը:
ՄԱԿԵԴՈՆ — (ողբաձայն): Արամ, Արամ…
ԱՐԱՄ — (վարագույրի ետևից): Էստեղ եմ, Մակեդոն քեռի, հիմա կգամ: (Դուրս գալով:) Ի՞նչ կա, ի՞նչ է պատահել:
ՄԱԿԵԴՈՆ — (ընկնում է աթոռին ու գլուխը բռնում): Լավ բան չկա…
ԱՐԱՄ — Հը՞, քեռի, ասա, խոսիր…
ՄԱԿԵԴՈՆ — Արամ ջան, էս ի՞նչ եղավ, էս ո՞նց եղավ…
ԱՐԱՄ — Ի՞նչ է պատահել, դե խոսիր…
ՄԱԿԵԴՈՆ — Պատահել է… Պատահար է, պատահար…
ԱՐԱՄ — Սպանեցիր, պիտի ասե՞ս, թե՞ ոչ…
ՄԱԿԵԴՈՆ — Ասեմ, Արամ ջան… Էն բանաստեղծն է մահացել:
ԱՐԱՄ — Ո՞ր…
ՄԱԿԵԴՈՆ — Էն… որ գնում-գալիս էր մոտդ, էլի, Մերուժանը…
ԱՐԱՄ — Ո՞նց թե…
ՄԱԿԵԴՈՆ — Հա, Արամ ջան, հա…
ԱՐԱՄ — (թուլացած ընկնելով ճոճաթոռին): Պատմիր, քեռի, պատմիր…
ՄԱԿԵԴՈՆ — Իրիկունը անծանոթ տղերքի հետ խմել է ու…
ԱՐԱՄ — Թունավորվե՞լ է:
ՄԱԿԵԴՈՆ — Չէ, գիշերվա կեսին մի փախած ավտո տակով է արել… Էդ շան տղու վարորդն էլ էդպես թողել ու փախել է: Որ շուտ տեսնող լիներ, գուցե կփրկվեր… Մինչև հիվանդանոց են հասցրել, բանը բանից անցած է եղել…
ԱՐԱՄ — Կարո՞ղ է` ուրիշ մարդու մասին են ասել: Ախր, Մերուժը երկու օր առաջ ինձ մոտ էր:
ՄԱԿԵԴՈՆ — Չէ, չէ, Արամ ջան, իրենց տնից եմ գալիս:
ԱՐԱՄ — Ինչո՞ւ հենց նա, ինչո՞ւ հենց նրա հետ… Ինչո՞ւ… Էս աշխարհն ի՞նչ է ուզում մեզնից, ի՞նչ… (Հեկեկում է:)
ՄԱԿԵԴՈՆ — Վայ, աշխարհ, աշխարհ…
ԱՐԱՄ — Ես գիտեմ, էլի դրանք են, դրանց տեսակն է: Սկզբից Շուշանը, հիմա էլ` Մերուժանը: Դրանք են…
ՄԱԿԵԴՈՆ — Էդ ո՞ւմ ես կասկածում, որդի…
ԱՐԱՄ — Քո ասած աշխարհին:
ՄԱԿԵԴՈՆ — Վեր կաց, ցավդ տանեմ, վեր կաց, գնանք Մերուժենց… տղերքը էնտեղ են:
ԱՐԱՄ — (բարձրանում է տեղից): Վայ, իմ անբախտ եղբայր…
Մակեդոնն ու Արամը գնում են: Բեմը մթնում է:

Տեսարան հինգերորդ
Արվեստանոցը: Արամը Մերուժանի գիրքն է կարդում: Քիչ անց գիրքը մի կողմ է դնում ու հատակին ընկած գծանկարներին նայում: Հայտնվում է Շուշանը` նույն սպիտակ քողով, ձեռքին` գունավոր ժապավեններ: Դարձյալ պտտվում է բեմում: Սեղանին, աթոռներին, ճոճաթոռին նետում է գունավոր ժապավեններ: Արամը կանգնում է կախովի վարագույրի մոտ:
ԱՐԱՄ — (ցույց տալով վարագույրը): Քեզ դուր եկա՞վ:
ՇՈՒՇԱՆ — (գլխով հավանության նշան է անում ու կարմիր ժապավեն է նետում Արամի ուսերին):
ԱՐԱՄ — Ուրախ եմ, իմ անանց հրաշք, որ իմ տքնանքը քեզ դուր է գալիս:
ՇՈՒՇԱՆ — (պտտվում է Արամի շուրջը, ապա հպվում նրա թիկունքին ու մի պահ անշարժանում):
ԱՐԱՄ — Կլինի՞, որ մի օր խոսես ինձ հետ: Երբ շրջվեմ սիրով, մշուշ չդառնաս` հանց կյանքս անցած, անօգուտ ու մեղկ… (Փորձում է դանդաղ շրջվել:)
ՇՈՒՇԱՆ — (թեթևաքայլ փախչում է նրանից, կանգնում հեռվում ու խոսուն շարժումներով արտահայտում իր զգացմունքները):
ԱՐԱՄ — (հմայված): Այն, ինչ էիր` լոկ ինձ երևաց: Քո գեղեցկության հմայքին տրված` ինչ արեցի` տրվեց ամենքին:
ՇՈՒՇԱՆ — (ժպտում է, պտտվում, մատնացույց անում թախտը):
ԱՐԱՄ — Դու խղճո՞ւմ ես ինձ… Ուզում ես, որ հանգի՞ստ առնեմ:
ՇՈՒՇԱՆ — (ձեռքերը խաչած, գլխով է անում):
ԱՐԱՄ — Երբ մարդիկ քեզ երբևէ տեսնեն, գտնելու են իրենց ու այն ամենը, ինչ կորցրել էին վաղուց: Նրանք կապրեն սիրով ու կփորձեն վերծանել քեզնից հորդող մոգական էներգիայի գաղտնիքը: (Ոգևորված:) Շուշան, քո գեղեցկության համար ուզում եմ խմել այսօր… Խմել մինչև վերջ, խմել ցմրուր: (Օղու գավաթը բարձր պահած:) Կարեցածիս չափ քեզ զատեցի ինձնից` քեզ ավելին ունենալու համար: Հիմա խիղճս հանգիստ է, հոգիս խաղաղված… Ոչ մի բանի համար չեմ ափսոսում` ոչ խենթություններիս, ոչ նահանջներիս, ոչ կորցրածիս, քանի որ դրանք ինձ ուղեկցել են միայն… դեպի քեզ: Քո շնորհիվ շատ բան գտա, գտա ճշմարիտ գեղեցկությունը: Հասկացա վերջապես, որ ամեն ինչ չէ, որ մեր շուրջն է, այլ մեր հոգում ու ներհայեցությունների օվկիանում: Քո անանձնական սերը վեր է առօրեական ամեն մի խրախճանքից: Կենացդ, Շուշան, իմ հոգու հրաշք… (Խմում է:) Եվ այսպես, «Պարոնայք, որ պարաններից կախված եք ահա…», (հոգիդ լույս դառնա, իմ Մերուժ եղբայր): Ես բաց եմ թողնում, արձակում եմ իմ` մազից էլ բարակ, կապը ձեզանից, մնում եմ այստեղ իմ Շուշանի մոտ… (Արտասվախառն ծիծաղ:) Գեղեցիկ արվեստ… Ձեր ինչի՞ն են պետք: Դուք փողեր դիզեք, պաշտոններ հեծնեք գոռ ու անվեհեր: Սակայն գալու է մեր օրը, գիտցեք, ինչպես ամպրոպի դադարից հետո շողում է կրկին այգը շառաչուն ու կամար կապում` բազմերանգ ու վեհ… (Խմում է:)
ՇՈՒՇԱՆ — (մոտենում է Արամին):
ԱՐԱՄ — Դե, մոտիկ արի, իմ լռիկ-մնջիկ, իմ թևածող լույս, ես կարոտ եմ աննյութ, հովեղեն քո գգվանքներին: Շուշան… Շուշան, ես գտա քեզ, գաղտնիքն այն գտա, որ թեև անխոս` կյանք ես հարակեզ: (Թախտին թեքընկած` խմում է:)
ՇՈՒՇԱՆ — (ժապավեններով քննքշորեն գգվում է նրան):
ԱՐԱՄ — (կամաց): Իմ անկրկնելի, իմ հրաշք…
ՇՈՒՇԱՆ — (հավաքում է գունավոր ժապավեններն ու մեկիկ-մեկիկ քննքշորեն նետում Արամի վրա, նստում է նրա ոտքերի մոտ:)
Խավար:

Տեսարան վեցերորդ
Արվեստանոցը: Դռան թակոց, որն աստիճանաբար ուժգնանում է: Լույսի շողի ուղեկցությամբ մտնում են Նոնան, Գոգան ու ոստիկանը:
ՆՈՆԱ — Արամ, ո՞ւր ես, այ տղա… արի, արածներիդ համար պատասխան տուր… Ինձ խայտառակ արեցիր: (Փնտրելով ամենուր:) Ձայն հանիր, ո՞ւր ես… (Հասնելով թախտին մի պահ լռում է, ետ-ետ գնում, ապա, գլուխն ափերի մեջ առնելով, բղավում:) Մամա ջան, չի շնչում… օգնեցեք, Աստված իմ, նա մեռած է…
ՈՍՏԻԿԱՆ — Ի՞նչ եք խոսում, տիկին, ո՞նց թե… (Մոտենում է թախտին:)
ԳՈԳԱ — (հանդիսատեսին): Ախպեր, սրա՞ն ով կպավ, վայ, հորս արև…
ՈՍՏԻԿԱՆ — (հեռախոսով): Մարատ Մինայիչ… շտապ եկեք Զորյան 31… Արամ Ներսիսյանի արվեստանոցը: Ի՞նչ… Ինչպես կուզեք, ձեր գործն է, միայն թե` շուտ…
ԳՈԳԱ — (ոստիկանին): Ախպեր, էլի շառի մեջ ընկա՞նք:
ՈՍՏԻԿԱՆ — Հա էլի…

Տեսարան յոթերորդ
Գալիս են քննիչն ու Իսպիրը:
ՔՆՆԻՉ — (ոստիկանին): Դարձյա՞լ ինքնասպանություն…
ՈՍՏԻԿԱՆ — Կնոջ հետ ենք ներս մտել: Ասես պառկել է հանգստանալու, բայց չի շնչում: Կողքին օղու շշեր կան…
ՔՆՆԻՉ — Պարզ է, ալկոհոլային թունավորում:
Գալիս է Մակեդոնը:
ՄԱԿԵԴՈՆ — Էսքան մարդն էստեղ ինչի՞ է հավաքվել, ձեզ մատաղ…
ԻՍՊԻՐ — (քամահրանքով): Մարդ ենք ման գալիս, Մակեդոն:
ՄԱԿԵԴՈՆ — Դու էստեղ ի՞նչ ես անում:
ԻՍՊԻՐ — Կանչել են:
ՄԱԿԵԴՈՆ — Բա Արամն ո՞ւր է, էստեղ չի՞:
ԻՍՊԻՐ — Արդեն էստեղ չի:
ՄԱԿԵԴՈՆ — Ի՞նչ… նա միշտ էլ էստեղ է: Կարող է` խանութ է գնացել:
ՔՆՆԻՉ — (Մակեդոնին): Կամաց, դեպք է պատահել:
ՄԱԿԵԴՈՆ — Դե՞պք… (Նոնային:) Ո՞ւմ է պատահել, ո՞ւմ… Վայ մեր գլխին, վայ մեր արևին… (Փաթաթվում է Նոնային ու հեկեկում:)
ՔՆՆԻՉ — (ցույց տալով վարագույրը): Սա՞ ինչի համար է…
ԻՍՊԻՐ — Մի բան նկարած կլինի, էլի, պարոն քննիչ, բացե՞մ:
ՔՆՆԻՉ — Բացեք տեսնենք, բժիշկ:
Իսպիրը քաշում է վարագույրը: Պատվանդանին Շուշանի կիսամերկ արձանն է:
ԳՈԳԱ — (ապշահար): Նայեք, տեսեք` Շուշանն է… Շուշանս… Նա ասես ողջ է… Շուշանս… Շուշանս… (Ծունկի է գալիս, ափերի մեջ առնում գլուխն ու հեկեկում):