Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ / ԱՌՆԵՏՆԵՐԸ

(դրամատիկական պատմություն մեկ մասով)

ըստ Մ. Վեբերի «ԱՌՆԵՏՆԵՐԸ» պատմվածքի
և Բաերի «Միջադեպ» կինոսցենարի

Գործող անձինք
ՄԱՔՍ ՎԵԲԵՐ — գրող, մոտ 50 տարեկան
ՋՈՆ ԼԻՔՈՔ — ջութակահար, մոտ 25 տարեկան
ՆԵՆՍԻ — մանրավաճառ, մոտ 60 տարեկան
ԿԱՏՐԻՆ — քոլեջի սանուհի, 18 տարեկան
ԼԻՎԻՆՍԿԻ — մանր պաշտոնյա, 58 տարեկան
ԲՐԻՋԵՐՍ — գործազուրկ, մոտ 30 տարեկան
ՀԱՐՐԻ — մոտ 25 տարեկան
ԹՈՄ — 27 տարեկան
ՊԱՍՏՈՐ — մոտ 70 տարեկան

Ուշ աշնանային երեկո Նյու-Յորքում: Հեռվում երևում են երկնաքերերի ուրվագծերը: Մեղմ թափվող անձրևի ձայն: Փողոցի մի հատված, քիչ հեռու սրճարանն է, բեմառաջքում` մետրոյի կանգառ տանող աստիճաններ: Բարձրահասակ, սպիտակ անձրևանոց հագած մարդը երևում է փողոցի խորքում, արագ քայլերով մոտենում աստիճաններին, փակում ձեռքի հովանոցն ու իջնում մետրոյի կայարան: Քիչ անց երևում է կայարան շտապող կին, ով գրեթե վազքով գալիս և իջնում է աստիճաններով:
Սրճարանից դուրս է գալիս Վեբերը` լայնեզր գլխարկով, մոխրագույն անձրևանոցով, ձեռքին` մոխրագույն պայուսակ: Նա դանդաղ, կարծես անձրևը և վատ եղանակը չնկատելով, գալիս է բեմառաջք: Կանգ է առնում, գրպանից հանում է սիգարը, կտրում կոթուկը, վառում: Ծխի մի քուլա է արձակում… Նրա կողքով անցնում են մետրոյի կայարան շտապող ուղևորներ:

ՎԵԲԵՐ — (պայուսակը դնելով աստիճանների բազրիքին): Աշնանային անձրևները սկսվեցին: Նշանակում է` շուտով ձմեռը կգա: Սիրում եմ նյույորքյան աշունը` խոնավ, անվերջ թափվող անձրևներով, անվերջ շտապող մարդկանցով: Երեկոները հաճախ եմ գալիս այ, այն սրճարանը: Գարեջուր եմ պատվիրում ու երկար նստում սիրելի ու հարազատ դարձած սեղանի մոտ: Նայում եմ հաճախորդներին, որոնց մեջ հետաքրքիր ու զարմանալի մարդիկ կան: Շատ են վտարանդիները, որոնք աշխարհի մեծագույն քաղաքներից մեկն են եկել ամենատարբեր երկրներից` հաջողություն ու շատ փող գտնելու: Ես էլ զտարյուն ամերիկացի չեմ, բայց այս երկիրն իմն էլ է դարձել, որովհետև ոչ ոք ազգություն ու կրոնական պատկանելություն չի հարցնում, ոչ ոք չի դատապարտում քաղաքական հայացքներիդ համար: ճիշտ որ, ազատ երկիր է Ամերիկան… Ես էլ ամերիկացիների նման ամեն տարեմուտի, երբ նշում են Ծննդյան տոները, նստում եմ իմ փոքրիկ ու հարմարավետ բնակարանում, փոքրիկ սեղանի մոտ, բացում շամպայնի շիշն ու երգում` «Աստված պահի Ամերիկան»… (Բարձրացնում է անձրևանոցի օձիքը:) Որքան էլ սիրում եմ աշնանային անձրևը, այնուամենայնիվ, արդեն ցուրտ է: Պետք է շուտ տուն հասնել, վառել բուխարին, սալիկների վրա տաքացնել երեկ գնված սենդվիչները, թեյ պատրաստել և ընկղմվելով խորունկ բազկաթոռի մեջ` հեռուստացույց նայել: Ինչքան եմ սիրում մենակությունն ու հեռուստացույցը: Նրա առջև են ծնվում իմ ստեղծագործությունները: Ես հերոսներ եմ ընտրում հեռուստատեսային հաղորդումներից, այն բազմաթիվ սերիալներից, որոնք ստեղծվում են ինձ նման անհոգ մարդկանց համար… Մի ժամանակ սիրում էի նաև նյույորքյան մետրոն, որի կայարաններում ժամերով ման էի գալիս` հետևելով մարդկանց, նրանց անցուդարձին… Բայց այն, ինչ տեղի ունեցավ անցած աշուն` լրիվ փոխեց վերաբերմունքս մետրոյի նկատմամբ: Հիմա սոսկումով եմ անցնում որոշ կայարաններով` փակելով աչքերս, չեմ ուզում նայել նստարանների երկար շարքերին… Ինձ սիրելի նյույորքյան մետրոն հաշվված ժամերի ընթացքում ատելի դարձավ… (Ասես խուլ ոռնոց ու կրակոցի ձայներ է լսում, ձեռքերով փակում է ականջները:) Այդ օրը երբեք, երբեք չեմ մոռանա…
Կիսամութի մեջ լուսավորվում են Կատրինն ու Ջոնը: Ջոնի ձեռքին ջութակն է: Նա նայում է անորոշ կետի, ապա բարձրացնում է ջութակը, հարմար տեղավորում ու սկսում նվագել:
ՎԵԲԵՐ — Ես այդպես էլ չիմացա, թե ինչպես էր նվագում Ջոնը, բայց նրա ջութակի արձակած աղեկտուր ճիչն իմ ականջների մեջ է… Միշտ… Ամեն անգամ կարծես լսում եմ, երբ անցնում եմ մետրոյի Հարավային կայարանով…
Անձրևի ձայնն ուժեղանում է: Մաքսը դանդաղ իջնում է աստիճաններով: Բեմում մի պահ մութ է, լսելի են դառնում ընթացող գնացքի աղմուկը, հաղորդավարի ձայնը. «Հաջորդ կայարանը Հարավայինն է: Գնացքն այնտեղ կհասնի տասնհինգ րոպեից»:
Լուսավորվում է: Գնացքի վագոնն է: Նստած են Մաքսը, Ջոնը, Կատրինը, Նենսին, Պաստորը, ձեռքի պայուսակին հենված` ննջում է Լիվինսկին: Բրիջերսը մերթ քայլում է, մերթ` նստում, այսպես ցույց տալով իր անհանգիստ վիճակը: Նա երբեմն մոտենում է դռանը, նայում պատուհանից: Վագոնի խորքում, գրեթե խավարի մեջ, երևում են առկայծող կարմիր ու կանաչ լույսերը: Մաքսը թերթ է կարդում:
ԿԱՏՐԻՆ – Ջոն, ինչ լավ արեցիր, որ առաջարկեցիր մետրոյով գնալ… խոսելու շատ ժամանակ կունենանք:
ՋՈՆ — Ճիշտ ես ասում: Այգիներում արդեն ցուրտ է, սրճարաններում էլ աղմուկ է, իսկ այստեղ մեզ խանգարող չի լինի…
ԿԱՏՐԻՆ — Քեզ կարոտել էի… Մի քանի օր է` զանգում էի, իսկ դու անընդհատ զբաղված էիր:
ՋՈՆ — Ներիր, Կատրին, ախր, ունկնդրության եմ պատրաստվում… Մի մյուզիկ հոլլում խոստացել են նվագախմբի մեջ ընդգրկել, շուտով մրցույթն է… Դու լավ գիտես, որ առանց աշխատանքի ես չեմ կարող:
ԿԱՏՐԻՆ — Ավելի ճիշտ` առանց ջութակի:
ՋՈՆ — Դե, իհարկե… Այսօր սանրվածքդ շատ գեղեցիկ է:
ԿԱՏՐԻՆ — Քույրս` Քեթին է սանրել մազերս: Նա այնպես էր ուզում, որ քեզ դուր գամ:
ՋՈՆ — Քեթին իմ ամենալավ ընկերն է, նա ամեն ինչ անում է ինձ համար:
ԿԱՏՐԻՆ — Իսկ ես քո ամենալավ ընկերը չե՞մ:
ՋՈՆ — Դու իմ աղջիկն ես, իմ ապագա հարսնացուն… Որոշել եմ քո սիրելի ստեղծագործությունը նվագել, Շուբերտի «Իրիկնային սերենադը»: Երբ տանը նվագում եմ, ինձ թվում է, թե դու նստած ես բազմոցին ու լսում ես… Ես քեզ համար եմ նվագում:
ԿԱՏՐԻՆ — Այնպես եմ ուզում, որ ունկնդրության ժամանակ բոլորին դուր գաս… Դու պետք է զարմացնես բոլորին, հաղթես…
ՋՈՆ — Արդեն քանի օր է` գիշերները չեմ քնում, հենց փակում եմ աչքերս` թվում է, թե կանգնած եմ հանձնաժողովի առջև ու նվագում եմ: Ամեն անգամ հանձնաժողովի անդամներն ինձ նայում են մռայլ հայացքներով, տարուբերում են գլուխները:
ԿԱՏՐԻՆ — Ջոն, դու չափազանց լարված ես, իսկ դա կխանգարի քեզ… Դու ամենալավ երաժիշտն ես, հրաշալի ջութակահար, հավատա, որ քեզ կհավանեն, կընդունեն… Ես ուզում էի քեզ հանդիպել, Ջոն, ուզում էի այս բոլոր օրերի կարոտն առնել, քեզ այնքան բան ունեի պատմելու…
ՋՈՆ — Իսկ ինչո՞ւ չես պատմում:
ԿԱՏՐԻՆ — Դու այնքան անհանգիստ ես, այնքան ես խոսում մրցույթից, որ չեմ ուզում ուրիշ բաների մասին խոսել:
ՋՈՆ — Չէ, չէ, խոսիր… Այսօր ուզում եմ միայն քեզ նայել, քեզ հետ խոսել, մեր մասին խոսել… Ես շատ ուրախացա, որ երեկոյան մի քիչ ժամանակ ունես: Մտածեցի` սա հրաշալի առիթ է իրար հետ լինելու, գոնե մի քանի ժամ զրուցելու համար:
ԿԱՏՐԻՆ — Արդեն մի քանի օր պատրաստվում էի մեր այս հանդիպմանը…
ՊԱՍՏՈՐ — (տեղում անհանգիստ շարժվում է, ինչ-որ բան փնտրում, մեկուսի): Չեմ սիրում ինչ-որ բան կորցնել, չեմ սիրում… Բայց որտե՞ղ դրեցի այդ համրիչը, որտե՞ղ: Տաճարից դուրս գալիս, լավ եմ հիշում, ինձ մոտ էր, այ, այս գրպանումս, որտե՞ղ կարող էի կորցնել… (Քրքրում է գրպանները, նայում ձեռքի գիրքը, թափ տալիս էջերը:) Չէ, այստեղ էլ չկա, այստեղ էլ չեմ դրել: Ես սովորություն ունեմ գրքի մեջ դնել… Իսկ գուցե դրել ու մի տեղ գցե՞լ եմ…
ՆԵՆՍԻ — (շրջվում է դեպի Պաստորը): Հայր սուրբ, ինչ-որ բա՞ն եք կորցրել:
ՊԱՍՏՈՐ — Այո, կորցրել եմ, համրիչս եմ կորցրել, որի ծայրին խաչ էր ամրացրած Աստվածամոր պատկերով, իսկ հատիկներից մեկն էլ մի տարի առաջ թեթև քերծվել էր, երբ Երախտագիտության օրը պատարագ էի մատուցում:
ՆԵՆՍԻ — Իսկ գուցե չե՞ք կորցրել, գուցե գրպանի անկյունն եք գցել:
ՊԱՍՏՈՐ — Բոլոր գրպաններս նայեցի, բայց չգտա… Հիմա ի՞նչ եմ անելու:
ՆԵՆՍԻ — Դե, շատ մի տխրեք, հայր սուրբ, այդ համրիչներից ամեն տեղ վաճառում են: Ուզո՞ւմ եք, ասեք ձեր տաճարի տեղը, մեր դիմացի կրպակից կգնեմ ու ձեզ կբերեմ…
ՊԱՍՏՈՐ — Դու ճիշտ ես… լավ ես ասում, եթե ուզում ես գնել` գնիր, նվեր կլինի մեր եկեղեցուն, բայց ես այդ համրիչը շատ էի սիրում, երեսուն տարի առաջ մի եպիսկոպոս էր նվիրել… Իսկ թա՞նկ արժե ձեր կրպակում համրիչը:
ՆԵՆՍԻ — Չէ, ի՞նչ եք ասում, մի քանի ցենտ:
ՊԱՍՏՈՐ — Դա լավ է, շատ լավ է… Այդ դեպքում լավ կլիներ, որ մի քանի հատ գնեիր: Ես արդեն ծերացել եմ, անուշադիր ու թափթփված եմ դարձել: Հնարավոր է, որ շուտ-շուտ սկսեմ կորցնել…
ՆԵՆՍԻ — Վաղը, աշխատանքից հետո կմտնեմ կրպակ ու կգնեմ… Որտե՞ղ է ձեր տաճարը:
ՊԱՍՏՈՐ — Քառասունյոթերորդ փողոցում, բողոքականների դպրոցի դիմաց: Եթե տաճարում չլինեմ, ուրիշ հոգևորականի չտաս… Կգաս ավելի ուշ:
ՆԵՆՍԻ — Շատ լավ, հայր սուրբ, կվարվեմ ձեր ասածի պես:
ՊԱՍՏՈՐ — Ապրես, շատ ապրես: Որպես շնորհակալություն` քեզ համար Սուրբ գրքից կկարդամ մի քանի հատված: (Նայում է պայուսակին հենված ու ննջող Լիվինսկուն:) Ներեցեք, պարոն, այդպես քնելը հարմա՞ր է:
ԼԻՎԻՆՍԿԻ — Ես քնած չեմ, հայր սուրբ… Հոգնածությունից մի քիչ հանգստանում եմ: Այսպես հարմար է: Աշխատավայրում էլ, երբ շատ հոգնած եմ լինում, հենվում եմ սեղանին ու մի քիչ փակում աչքերս:
ՊԱՍՏՈՐ — Լավ է… Ես էլ եմ սիրում այդպես հանգստանալ: Հատկապես կիրակի օրերին, երբ շատ այցելու ենք ունենում, հոգնում եմ: Նստում եմ խոստովանասենյակում, մի քիչ փակում աչքերս ու հանգստանում… Երբեմն կիսաբաց աչքերով երազներ եմ տեսնում: Ես սիրում եմ երազներ տեսնել: Իսկ դուք սիրո՞ւմ եք:
ԼԻՎԻՆՍԿԻ — Չգիտեմ, այդ մասին չեմ մտածել:
ՆԵՆՍԻ — Ես երազներ շատ եմ սիրում: Հատկապես կեսգիշերին տեսած երազները: Դրանք երբեմն այնքան լավն են լինում, որ չեմ ուզում արթնանալ:
ՊԱՍՏՈՐ — (շրջվում է դեպի Կատրինը): Աղջիկս, իսկ դու երազներ սիրո՞ւմ ես:
ԿԱՏՐԻՆ — Խելքս գնում է երազների համար:
ՊԱՍՏՈՐ — Երազները մեր մտքերի շարունակությունն են, դրանք հնարավորություն են տալիս բացահայտել ու ճանաչելու ինքներս մեզ: Այնպես չէ՞, պարոն:
ԼԻՎԻՆՍԿԻ — (դժկամությամբ): Այո, հայր սուրբ, դուք միանգամայն իրավացի եք:
ՊԱՍՏՈՐ — Կարծում եմ, պարոնը այնքան էլ զրուցելու հակված չէ, բայց սա իմ սովորությունն է, ես չեմ կարող լինել մարդկանց մեջ ու չխոսել:
ԼԻՎԻՆՍԿԻ — Այսօր չափազանց հոգնած եմ և անտրամադիր:
ՊԱՍՏՈՐ — Հասկանում եմ, պարոն, հասկանում եմ: Մեր տեր Աստվածը հոգնությունը տվել է մեզ ինքնահաստատման և հնազանդության, այլ ոչ թե փորձության համար: «Եվ մի տանիր զմեզ ի փորձությիւն, այլ փրկեա ի չարեն…»,- ասում է: (Ջոնին.) Իսկ դուք, երիտասարդ, ինչո՞ւ եք լուռ:
ՋՈՆ — Ես ձեզ եմ լսում, հայր սուրբ:
ՊԱՍՏՈՐ — Կեցցես, երիտասարդ, քո մեջ խոսում է հնազանդության ոգին: Նյույորքցի՞ ես:
ՋՈՆ — Այո, հայր սուրբ, նյույորքցի եմ, թեև ծնողներս այստեղ են եկել Մասաչուսեթից:
ՊԱՍՏՈՐ — Ուրեմն, մեր եկեղեցո՞ւն չես պատկանում:
ՋՈՆ — Ծնողներս հավատացյալ կաթոլիկներ են, ամեն կիրակի ժամերգության են գնում, իսկ տանն էլ աղոթում են ճաշից ու քնելուց առաջ:
ՆԵՆՍԻ — Ես էլ, հայր սուրբ, ես էլ եմ աղոթում և գոհունակությունս հայտնում: Իսկ ամուսինս` այդ անհավատը, ինձ ծաղրում է, անընդհատ փնթփնթում… Հարբեցողի մեկը…
ՊԱՍՏՈՐ — Ժամանակը կգա, ու նա կհասկանա իր մեծագույն սխալները: Երբ կանգնի մեծագույն դատարանի առաջ:
ՆԵՆՍԻ — Էհ, հայր սուրբ, նա արդեն երեք անգամ դատարանի առջև է կանգնել, բայց էլի խելքի չի եկել: Նրան ասում եմ. «Մայք, դու անուղղելի ես, քո հոգին դժոխք է գնալու», իսկ նա ծիծաղում է ու ծաղրում ինձ. «Թող այստեղ լավ ապրեմ, իսկ թե ինչ կլինի ինձ հետ այն կյանքում` պետքս չի»: (Լիվինսկուն.) Դուք հետմահու կյանքին հավատո՞ւմ եք, պարոն:
ԼԻՎԻՆՍԿԻ — Ես հիմա միայն իմ ժամացույցին եմ հավատում, որն ինձ քառասունհինգ րոպեից կհասցնի իմ կայարանը, դուրս կգամ գնացքից, տասը րոպեում կհասնեմ տուն, կմտնեմ տանտիրուհու մոտ, կվճարեմ ամսեվարձն ու կվազեմ անկողին:
ՆԵՆՍԻ — Դուք հոգեկան արժեքներով չեք ապրում, պարոն:
ԼԻՎԻՆՍԿԻ — Հոգեկանի համար տրամադրություն չունեմ, տիկին:
ՆԵՆՍԻ — (բարձրանում է տեղից): Նենսի Ֆիցջերալդ, պարոն, Նենսի, ծնունդով` Ալաբամայից: Նյու-Յորք եմ եկել տասնհինգ տարի առաջ:
ԼԻՎԻՆՍԿԻ — (անտարբեր): Հաճելի է, տիկին Ֆիցջերալդ:
ՆԵՆՍԻ — Մեծ մայրս ասում էր, որ մենք սերում ենք հռչակավոր Ֆիցջերալդների տոհմից, այն Ֆիցջերալդների, որոնք մասնակցել են Հյուսիսի և Հարավի քաղաքացիական պատերազմին և աչքի ընկել մեծ քաջագործություններով: Իմ պապ Փոլը աչքի լույսի պես էր պահում տոհմական պարգևները:
ՊԱՍՏՈՐ — Կեցցես, տիկին Նենսի: Դու հարգել գիտես նախնիներիդ հիշատակը: Սուրբ գիրքն այդ առթիվ ասում է… (Նայում է Լիվինսկուն, ով հանել է թերթերն ու կարդում է:) Ի՞նչ են գրում թերթերը, միստր:
ԼԻՎԻՆՍԿԻ — Ճգնաժամ, գների թանկացում, գործազրկություն, պատերազմներ… Ահաբեկիչները նորից են սպառնում պայթեցնել, իսկ Անջելինա Ջոլին նոր պայմանագիր է կնքել, որն արժե ութ միլիոն դոլար:
ՆԵՆՍԻ — Ի՞նչ են ուզում մեզանից այդ ահաբեկիչները, ինչո՞ւ չեն թողնում` խաղաղ ապրենք: Ի՞նչ ենք անելու… հազիվ մի հարմարավետ բնակարան եմ ձեռք բերել… Ի՞նչ է լինելու, հայր սուրբ:
ՊԱՍՏՈՐ — Վատ ժամանակներ են գալիս, շատ վատ ժամանակներ: Մեր եկեղեցու հավատացյալների թիվն էլ պակասել է, մարդիկ իրենց հոգսերով են, եկեղեցի գալու տրամադրություն չունեն: Ծննդյան տոներին, իհարկե, կգան, բայց մյուս օրերին գրեթե դատարկ է… Բայց ցավն այն է, որ եկեղեցին է մոռացության մատնվում, հավատացյալ ու քրիստոնյա Ամերիկան սկսում է այլ հետաքրքրություններով ու անհանգստություններով ապրել:
ԼԻՎԻՆՍԿԻ — Այո… Ծանր ու դժվարի ժամանակներ են, բարդ ժամանակներ: Բանկեր են պայթում, շատ գործատուներ մարդկանց խմբերով են ազատում աշխատանքից: Գուցե մեզ մոտ էլ սկսվեն կրճատումներ…
ՆԵՆՍԻ — Չէ, իմ գործին վտանգ չի սպառնում: Ես մանրավաճառ եմ, մարդկանց միշտ էլ մանր-մունր պետք են գալիս…
ԼԻՎԻՆՍԿԻ — Իսկ մեզ մոտ այնքան էլ լավ չէ վիճակը:
ԲՐԵՋԵՐՍ — Մի խոսեք գործազրկությունից, խնդրում եմ…
ՆԵՆՍԻ — Ինչպե՞ս չխոսենք, երիտասարդ, երբ ամուսիններ, երեխաներ ունենք, որոնք աշխատում են: Ճիշտ է, իմ ամուսինը վաղուց չի աշխատում, որովհետև թոքերը հիվանդ են, երկար տարիներ հանքահորում է աշխատել, բայց երկու տղաներս, ոոնքր ապրում են Ալյասկայում, կարող են կորցնել աշխատանքը… Միստր, իսկ դուք աշխատո՞ւմ եք:
ԲՐԵՋԵՐՍ — Անցած շաբաթ աշխատում էի, իսկ երկուշաբթի օրվանից աշխատանք չունեմ:
ՆԵՆՍԻ — Խեղճ միստր, երևի հաց գնելու փո՞ղ էլ չունեք:
ԲՐԵՋԵՐՍ — Ինձ խղճալ պետք չէ, ինձ ոչինչ պետք չէ: Ես հպարտություն ունեմ, ես կարող եմ ինքս լուծել իմ հարցերը: Ես կվերադառնամ, անպայման Լիվերպուլ կվերադառնամ… Ինձ պետք չէ այս ավետյաց երկիրը, պետք չէ… այնտեղ ամեն ինչ սկզբից կսկսեմ…
ՆԵՆՍԻ — Մի զայրացեք, միստր… Մենք բոլորս իրար նման ենք: Եթե մետրոյից ենք օգտվում, ուրեմն` բոլորս էլ աղքատ ենք, կարիքների մեջ… Դուք Լիվերպուլից եք, ուրեմն: Ամուսինս շատ է սիրում լիվերպուլցիների ֆուտբոլը: Ամբողջ օրը մաշված հեռուստացույցի առաջ նստած միայն ֆուտբոլ էր նայում: Հիմա հեռուստացույց էլ չունենք, այրվեց, ստիպված դուրս նետեցինք: Մետրոն ամենաէժանն է Նյու-Յորքում: Աստված չտա, որ հանկարծ քաղաքի իշխանությունները փորձեն թանկացնել մետրոյի գները: Մեզ նման մարդիկ պարզապես կործանման կդատապարտվեն: Չնայած ամուսինս ինձ խորհուրդ է տալիս հանրակառքով երթևեկել:
ՋՈՆ — Հայր սուրբ, դուք օպերա սիրո՞ւմ եք:
ՊԱՍՏՈՐ — (անակնկալի եկած): Ի՞նչ:
ՋՈՆ — Ասում եմ` դուք օպերա սիրո՞ւմ եք:
ՊԱՍՏՈՐ — Չէ, չէ, օպերա չեմ սիրում… Օպերան ինձ չէր ձգում, ինչ-որ արհեստական բան էի տեսնում նրա մեջ: Ասենք, օպերայում չեմ էլ եղել: Ես սիրում եմ հոգևոր երգեր ու ջազ:
ԿԱՏՐԻՆ — Դուք շատ զարմանալի պաստոր եք:
ՊԱՍՏՈՐ — Իհարկե, իհարկե, աղջիկս… Զարմանալի և համայնքի կողմից շատ սիրված: Անշուշտ, կներեք ինձ անհամեստության համար: Ջազը աշխարհի ամենալավ երաժշտությունն է: Դա հրաշք է, կիրք է, երանություն է… Լսում ես ջազ ու սավառնում երևակայության աշխարհում: Երիտասարդ տարիներիս դաշնամուր էի նվագում ու երգում… Ո՜նց էի երգում… Մեր քաղաքի լավագույն դաշնակահարներից մեկն էի, ջահել, գեղեցիկ տղա, որի ելույթներն ուղեկցվում էին բուռն ծափահարություններով:
Հաղորդավարի ձայնը. «Հարավային կայարան»: Հաջորդը` «Լինկոլն ավենյու»: Լսվում է կանգ առնող գնացքի ձայնը:
ՊԱՍՏՈՐ — Ձեզանից ոչ ոք չի՞ դուրս գալիս այստեղ: Դա լավ է, մենք արդեն բարեկամացանք և կզրուցենք մինչև տեղ հասնելը: Սիրում եմ զրուցել մետրոյի գնացքում, անիվների հանդարտ ընթացքի ուղեկցությամբ:
Վագոն են մտնում Հարրին ու Թոմը, նայում են նստածներին, ապա իրար գրկած նստում խորքում: Լսվում է շչակի ձայնը: Գնացքը շարժվում է:
ՊԱՍՏՈՐ — Ուրեմն, շարունակենք մեր զրույցը: Ինչի՞ մասին էի խոսում:
ՆԵՆՍԻ — Ջազի, հայր սուրբ:
ՊԱՍՏՈՐ — Իհարկե, ջազի, տիկին Ֆիցջերալդ: (Նայում է Բրիջերսին:) Իսկ դուք, երիտասարդ, նստեք ու լսեք: Ձեր անհանգիստ վիճակն ինձ էլ է փոխանցվում ու կտրում մտքերիցս:
ԲՐԻՋԵՐՍ — Կարծում եմ, այստեղ ոչ ոքի չեմ խանգարում:
ՊԱՍՏՈՐ — Խանգարում եք, երիտասարդ, խանգարում եք… Ու չծխեք այստեղ, ծուխը վնասում է թե ձեզ, թե մեզ… Ի դեպ, դուք նույնպե՞ս նյույորքցի եք:
ԲՐԻՋԵՐՍ — (ջղային): Մի՞թե դա էլ կապ ունի ջազի հետ:
ՊԱՍՏՈՐ — Չէ, իհարկե, կապ չունի, բայց ինձ հետաքրքիր է:
ԲՐԻՋԵՐՍ — Իսկ ես ձեզ հարցնո՞ւմ եմ, թե դուք որտեղից եք:
ՊԱՍՏՈՐ — Իզուր չեք հարցնում… Եթե հարցնեք, ձեզ հաճույքով կպատմեմ այն հրաշք նահանգի մասին, որտեղից իմ արմատներն են: Օ՜, երիտասարդ, դա աշխարհի ամենագեղեցիկ վայրերից մեկն է, ուր բարձր նոճիներ կան, ուր ծովն իր ալիքներով ասես մտնում է քաղաքների ու ագարակների մեջ: Այդ երկրի մասին դեռ Հենրի Լոնգֆելլոն է գրել…
ՋՈՆ — Դուք հնդկացի՞ եք, հայր սուրբ:
ՊԱՍՏՈՐ — Ոչ, տղաս, իմ մեծ հայրն այնտեղ է գնացել որպես միսիոներ:
ՆԵՆՍԻ — Ես շատ եմ սիրում միսիոներներին: Երբեմն կիրակի օրերը կինո եմ գնում, որ տեսնեմ նրանց մասին ֆիլմերը: Առհասարակ կինո գնալ շատ եմ սիրում: Ամուսինս չի գալիս: Մենք այնքան հարուստ չենք, որ երկու տոմս գնենք: Ես նայում եմ ֆիլմը, հետո պատմում ամուսնուս, իսկ ամուսինս էլ պատմում է մեր դիմացի նպարեղենի խանութի վաճառողին:
ՊԱՍՏՈՐ — Երբ ֆիլմերը բարություն են քարոզում` դառնում են հետաքրքիր:
ՆԵՆՍԻ — Ճիշտ եք ասում, հայր սուրբ, ես չեմ սիրում կռիվներն ու վայրենությունները: Ես վախենում եմ դրանցից: Աստված մեզ փրկի վայրենություններից ու գազանություններից: Ամենուրեք կռիվ է, տուրուդմբոց, խայտառակություններ… Մեր թաղամասում միշտ կռիվներ են լինում, իսկ գիշերները անհնար է աչք փակել: Երեկ գիշեր էլ չկարողացա քնել: Բակում կռվում էին երկու խումբ` դանակներով, դատարկ շշերով, երկաթյա ձողերով… Ամբողջ գիշեր գոռգոռում էին, ինձ թվում էր` ուր որ է բարձրանալու են մեր բնակարաններն ու մեզ…
ՊԱՍՏՈՐ — Քաոսն սկսում է տիրել աշխարհին, ամենուրեք վայրագությունը գլուխ է բարձրացնում` այսպես ընդվզելով այն մեծ ներդաշնակության դեմ, որը մեր տեր Աստվածն է հաստատել: Աստված մարդուն ստեղծեց որպես բարության կրող և բարության օրենսդիր, նրան օժտեց բարձրագույն բարոյականությամբ, որպեսզի աշխարհի վրա տիրեն բարությունն ու հավատարմությունը, խաղաղությունն ու հաշտությունը, բայց մարդը տրվեց գայթակղություններին, դավաճանեց իր տեր Աստծուն ու ինքն իրեն: Մարդիկ դարձել են չար, վայրենաբարո… Կարծես աշխարհի վերջը մոտենում է…
ՆԵՆՍԻ — Տերը մեզ փրկի կործանումից… Մի՞թե Արմակեդոնի գալստյան ժամանակն է: Ես վախենում եմ աշխարհի կործանումից: Ի՞նչ կլինի մեզ հետ… Ախր, նոր ենք սկսել մի քիչ կարգին ապրել, հազիվ մի քիչ փող ենք հավաքել ծերության համար: Ամբողջ կյանքում չարչարվել եմ, աշխատել ու աշխատել, իսկ հիմա` աշխարհի վերջը… Խորովվելու ենք կրակների մեջ, կուպրի մեջ այրվելու ենք…
ՀԱՐՐԻ — (գրպանից հանում է վիսկիի կիսադատարկ շիշը, մի քանի ումպ անում, շիշը նետում է հատակին): Էյ, դու, ակնոցավոր բարբի, չե՞ս կարող քիչ խոսել: Վերջ տուր կռռոցներիդ… (Վեր է կենում, փորձում է մի քայլ անել, վերադառնում է իր տեղը:) Ես կնստեմ, բայց դու լռիր:
ՊԱՍՏՈՐ — (ձեռքը դնում է Նենսիի ուսին): Դուք անպաշտպան չեք, տիկին Ֆիցջերալդ:
ՆԵՆՍԻ — Շնորհակալություն, հայր սուրբ;
ՊԱՍՏՈՐ — (շրջվելով դեպի Հարրին): Իսկ դուք, երիտասարդ, փորձեք մի քիչ քաղաքավարի լինել:
ՀԱՐՐԻ — Իսկ դու լռիր, քնձռոտ վանական: Չփորձես ինձ քաղաքավարության դասեր տալ:
ԼԻՎԻՆՍԿԻ — Երիտասարդ, մենք մեզ համար հանգիստ գնում ենք ու զրուցում: Մենք որևէ մեկին չենք խանգարում:
ՀԱՐՐԻ — Պարզվում է` այստեղ հարազատ-բարեկամների թայֆա է հավաքվել: Սա մետրո է, ձեզ համար զրուցարան չէ:
ՋՈՆ — (կիսապառկած, գարեջրի շիշը ձեռքում): Ճիշտ է ասում ընկերս, թողեք մի քիչ հանգստանանք:
ԲՐԻՋԵՐՍ — (նայում է Թոմին, ապա դիմում Պաստորին): Հայր սուրբ, շարունակեք ձեր խոսքը, դուք այնպես լավ եք խոսում:
ՋՈՆ — (Կատրինին, գրեթե շշուկով): Ավելի մոտ նստիր ինձ…
ԿԱՏՐԻՆ — (նույնպես շշուկով): Ես չեմ վախենում:
ԹՈՄ — (Պաստորին): Դու էլ հերիք է, սարսափ բաներ պատմես: Աշխարհի վերջ, դատաստան… Թքած ունենք այդ բոլորի վրա, այնպես չէ՞, Հարրի:
ՀԱՐՐԻ — Հարգարժան հասարակությանը հայր սուրբի խոսքերը շատ են դուր գալիս: Հարգարժան հասարակությունը վաղուց եկեղեցի չի գնացել, դրա համար էլ պաստորն իր քարոզն այստեղ է կարդում… (Պաստորին.) Իսկ դու կարո՞ղ ես քարոզի փոխարեն մի լավ ռեփ երգել: Էն ռեփերից, որ ակումբներում են երգում ու պարում…
ՆԵՆՍԻ — Ինչպե՞ս չեք ամաչում… Մի՞թե կարելի է այդպես խոսել սուրբ հոր հետ:
ՀԱՐՐԻ — Ի՞նչ ասացիր…
ՆԵՆՍԻ — (փոքր-ինչ վախեցած և կմկմալով): Ես ասացի, որ… որ չի կարելի այդպես խոսել…
ԹՈՄ — (նստած տեղից): Դե, ձայնդ կտրիր, թե չէ որ վեր կացա…
ԼԻՎԻՆՍԿԻ — Երիտասարդներ, հանգստացեք, մենք ձեզ ոչ մի վատ բան չենք ասում… Դուք… մենք ձեզ չենք խանգարում…
ՀԱՐՐԻ — Այդ էր պակաս, որ մեզ խանգարեիք: (Պաստորին.) Դե, տեր հայր, սկսիր ռեփ պարել: Ասում են, գիշերները, երբ տաճարում մարդ չկա, ձեր եղբայրները հավաքում են ջահել աղջիկներին ու մինչև լույս ռեփ են պարում:
ՊԱՍՏՈՐ — Դուք անկիրթ տղաներ եք… դուք պղծում եք պատկերացումները եկեղեցու մասին:
ԹՈՄ — Դե, դե, չփորձես մեզ հետ այդպես խոսել, խորանի առնետ… Դու ո՞վ ես, որ մեր դաստիարակությունից խոսես…
ՀԱՐՐԻ — Քեզ ասացին` պարիր, դե, դու էլ պարիր, ինչո՞ւ ես կոտրատվում: Սիրտս պար է ուզում, քահանայի պար… Ուզո՞ւմ ես` ծափ տամ, որ ռիթմը պահես:
ՆԵՆՍԻ — Ձեզ իսկական փողոցայինի պես եք պահում, վերջ տվեք:
ԹՈՄ — Դու չխոսես, նեգրի զավակ… Էդ էր մնացել, որ նեգրերն էլ սկսեին խոսել: Փակիր բերանդ, քանի դեռ էս շշով չեմ փակել…
ԿԱՏՐԻՆ — (հպվում է Ջոնին): Ե՞րբ է հաջորդ կանգառը:
ՋՈՆ — Դու հանգիստ մնա, ես քո կողքին եմ, քեզ ոչ ոք չի նեղացնի:
ՀԱՐՐԻ — (մոտենում է Նենսիին, երկար ու անթարթ նայում, ապա բարձր հռհռում): Մի էստեղ նայեք. նեգր` ու խոսում է… (Բռնում է Նենսիի ակնոցը, երկար նայում:) Ակնոցով կապիկ առաջին անգամ եմ տեսնում, շատ զվարճալի է:
ՆԵՆՍԻ — (փորձում է խլել ակնոցը): Տուր ակնոցս, տղա:
ՀԱՐՐԻ — Քաշիր ձեռքդ, ինձ չկպնես, քավթառ: Հանգիստ մնա, երբ քեզ հետ զտարյուն ամերիկացին է խոսում:
ԹՈՄ — (հռհռում է): Ապրես, Հարրի, դու սկսել ես շատ կիրթ բառեր օգտագործել: Թող այդ նեգրին ու արի այստեղ:
ՀԱՐՐԻ — Ախր, ինչպե՞ս թողնեմ: Չտեսա՞ր, թե ինչ համարձակ էր բլբլում: Սրանց էլ են լեզու տվել…
ՊԱՍՏՈՐ — Մեղք եք գործում Աստծո առաջ, տղաներ, մեծ մեղք:
ԹՈՄ — Այդ քահանան արդեն սկսում է ինձ զայրացնել: Դրան ասա` ձայնը կտրի, Հարրի:
ՀԱՐՐԻ — (պաստորին): Լսեցի՞ր, ինչ ասաց իմ ընկեր Թոմը, փոքրիկ Թոմը, որին բոլորս սիրում ենք ու հարգում: Կտրիր ձայնդ…
ՆԵՆՍԻ — Անօրեններ, անկարգ տղաներ…
ՀԱՐՐԻ — Ոչ թե տղաներ, այլ` փոքրիկ չարաճճի բալիկներ, որոնք խաղալ են ուզում:
ՆԵՆՍԻ — Եթե խմել եք, շարունակեք ձեր քեֆը: Մենք ձեզ չենք խանգարում:
ՀԱՐՐԻ — Լսիր, նիգեր, դեռ Ամերիկան չի կործանվել, որ քեզպեսներն սկսեն մտքեր արտահայտել: (Մոտենում է պաստորին:) Դե, հայր սուրբ, սկսիր ռեփը, մարմինս քոր է գալիս, ուզում եմ շարժվել, ծափ տալ:
ՊԱՍՏՈՐ — Խիղճ ունեցեք, երիտասարդներ, ձեր պապիկի տարիքին եմ, ամաչեք:
ՀԱՐՐԻ — Թոմ, պապիկիդ հիշո՞ւմ ես:
ԹՈՄ — Մեկը կար մեր տանը` շատախոս ծերուկ, որին մի օր նստեցրի սայլակին ու ծերանոց տարա: Հիմա ինչ-որ հեռավոր քաղաքի ծերանոցում է: Գուցե էլ էնտեղ չի, այլ տեր Աստծո մոտ է:
ՀԱՐՐԻ — Նշանակում է` չես հիշում:
ԹՈՄ — Հա, չեմ հիշում ու հիշելու ցանկություն էլ չունեմ:
ՀԱՐՐԻ — Ես էլ պապիկիս չեմ հիշում, էնպես որ հայր սուրբը իզուր է խոսում նրանց մասին: (Ծափ է զարկում:) Դե, սկսիր…
ՊԱՍՏՈՐ — (ակամա տարածում է ձեռքերը, բայց սթափվելով` կանգ է առնում): Ես ձեզ համար խաղալիք չեմ:
ԹՈՄ — Հայր սուրբը վիրավորվեց, հայր սուրբի մեջ խոսեց վիրավորված արժանապատվությունը: Դե, եթե պարել չես ուզում, ապա քաշվիր մի անկյուն, հիմա թող նիգերը պարի: Ասում են, որ դուք լավ եք պարում…
ՆԵՆՍԻ — Անամոթներ…
ՀԱՐՐԻ — (քիպ մոտենում է նրան, խաղացնում ակնոցը): Եթե չես ուզում, որ հենց հիմա փշրվի այս ակնոցը, սկսիր պարել: Դե, դե, բարձրացրու թաթիկներդ, շարժիր տոտիկներդ, ո՞ւմ եմ ասում… (Ծափ է զարկում:) Ես չեմ սիրում, երբ հրահանգներս չեն կատարում:
ՆԵՆՍԻ — (ծնկի է գալիս): Աղաչում եմ, ինձ հանգիստ թող:
ՀԱՐՐԻ — (քաշում է Նենսիի թևից): Վեր կաց, չեմ սիրում, երբ տեսարաններ են սարքում: Սկսիր պարել:
ՆԵՆՍԻ — Թող ինձ, խնդրում եմ, թող… (Լաց է լինում:) Ես չեմ կարող պարել:
ՀԱՐՐԻ — (ուշադիր նայում է Նենսիի ականջօղերին): Ի՜նչ լավ խաղալիք է կախված ականջներիցդ: Ապա թող, նայեմ:
ՆԵՆՍԻ — Քաշիր ձեռքերդ, չմոտենաս:
ՀԱՐՐԻ — Դե, դե, հանգստացիր, տիկին սևամորթ, ես փայլփլուն բաներ շատ եմ սիրում: Ինքդ հանիր, թե չէ ականջներից էլ կզրկվես:
ՊԱՍՏՈՐ — Հեռու քաշվեք նրանից:
ԼԻՎԻՆՍԿԻ — Պարոն, խնդրում եմ, պետք չէ կոպիտ վարվել…
ԹՈՄ — Հարրի, հասարակությունը հուզվում է և ընդվզում: Գուցե ես է՞լ փորձեմ հանգստացնել այս հուզված զանգվածին:
ՀԱՐՐԻ — Ինքս գլուխ կհանեմ: (Նենսիին.) Ի՞նչ ես ասում, տիկին, հանելո՞ւ ես ականջօղերդ: (Քաշում է Նենսիի թևից:)
ՆԵՆՍԻ — Թողեք ինձ, երիտասարդ: Ես ինքս: (Հանում է ականջօղերը:) Սրանք իմ միակ զարդերն են, իմ միակ հարստությունը, տասը տարի օրնիբուն աշխատել եմ, սենթ առ սենթ հավաքել ու տնտեսել եմ, որ գնեմ սրանք:
ԹՈՄ — Ուրեմն, դրանք թանկարժեք խաղալիք են: Հարրին սիրում է խաղալիք: Այնպես չէ՞, Հարրի:
ՀԱՐՐԻ — Իհարկե, Թոմ, սիրում եմ: Իմ ծանոթ գրավատուի մոտ մի ամբողջ հավաքածու ունեմ այս խաղալիքներից: Դրանք քո ինչի՞ն են պետք, պառավ: Հանիր… արագ:
ՊԱՍՏՈՐ — Դուք բարբարոսներ եք, իսկական անհավատներ:
ԹՈՄ — (քրքջում է): Հի-հի-հի… Խորանի առնետն իր հերթական ցնդաբանությունը հայտնեց: (Շրջվում է դեպի պաստորը:) Եթե հենց հիմա չլռես ու անկյուն չքաշվես, ես քեզ վայր կնետեմ գնացքից:
ՆԵՆՍԻ — (պարզում է ականջօղերը, լալագին): Նայեք ու վերադարձրեք, երիտասարդ, խնդրում եմ…
ՀԱՐՐԻ — Ոսկեղենի հայտնի սիրահար Հարրին սովոր չէ իրեն տրվածը վերադարձնել, տիկին… Ինչպե՞ս էր անունդ:
ՆԵՆՍԻ — (վախվորած): Նենսի, Նենսի Ֆիցջերալդ:
ՀԱՐՐԻ — Նենսի Ֆիցջերալդ, քեզ նման խոճկորին սազական չեն այս ականջօղերը: Սրանք կմնան ինձ մոտ, իսկ վաղը տեղ կգտնեն ծերուկ Բոբի խանութի մեծ դարակում: Իսկ հիմա պարիր…
ԼԻՎԻՆՍԿԻ — Գուցե պետք չէ՞… Չէ՞ որ ձեր ուզածն արդեն ստացաք:
ԹՈՄ — Հարրի, անջատիր այդ մարդու խոսափողը, նա ավելորդ ռեպլիկներ է տալիս ու փչացնում է ամեն ինչ:
ՀԱՐՐԻ — (մոտենում է Լիվինսկուն): Քո ձայնն ինձ դուր չի գալիս, շատ խզխզան է, ճիշտ և ճիշտ մեր փչացած վերելակի նման:
ԹՈՄ — (մոտենում է Նենսիին, ուշադիր նայում նրան): Էլ ոչինչ չունե՞ս:
ՆԵՆՍԻ — (աղիողորմ լաց լինելով): Չէ, երիտասարդ, ոչինչ չունեմ:
ԹՈՄ — (կոպտորեն քաշում է Նենսիի պայուսակը): Իսկ սա՞ ինչ է:
ՆԵՆՍԻ — Թող, խնդրում եմ, այդտեղ մի քիչ ուտելիք կա, ամուսինս առավոտվանից ոչինչ չի կերել, նա ինձ է սպասում…
ԹՈՄ — Սոված նեգրերը կարող են հարձակվել հարևանների վրա և ուտել նրանց… (Քրքջում է, խլում պայուսակը, բացում, թափում է պարունակությունը:)
ՆԵՆՍԻ — (ծնկաչոք հավաքելով): Խիղճ չունեք, ձեզ մայր չի ծնել:
ԹՈՄ — (ոտքով հարվածում, մի կողմ է գցում Նենսիին): Չհամարձակվես այդպես խոսել… Ես հիմա քո լեզում կկտրեմ: (Գրպանից հանում է դանակը:)
ՊԱՍՏՈՐ — (նետվում է դեպի Թոմը): Պահիր դանակը, խնդրում եմ, պահիր… Դա միշտ դժբախտություն է բերում:
ՀԱՐՐԻ — (ուժգին հարվածում է նրան): Դու էիր պակաս, քոսոտ տերտեր, վեր ընկիր անկյունում ու փակիր ռեխդ, քեզանից մեռելահոտ է գալիս:
ՊԱՍՏՈՐ — (գետնին ընկած): Ես նզովում եմ քեզ, դու վիժվածք ես:
ՀԱՐՐԻ — (ոտքով հարվածելով Պաստորին): Առ քեզ, կեղտոտ քահանա, առ քեզ, սրիկա… Ո՞վ է վիժվածքը, դու ո՞ւմ ես վիժվածք անվանում…
ԿԱՏՐԻՆ — (ավելի է հպվում Ջոնին): Ջոն, ես սարսափում եմ, չմոտենաս դրանց, դրանք քեզ էլ կվնասեն:
ՋՈՆ — (գրկում է Կատրինին): Նրանք մեզ չեն մոտենա, մի վախենա, խնդրում եմ, մի վախենա:
ՊԱՍՏՈՐ — Որտեղի՞ց այդքան դաժանություն, մի՞թե մարդկային ոչինչ չկա քո մեջ…
ՀԱՐՐԻ — Ես թքած ունեմ մարդկային ամեն ինչի, քո ասած բաների վրա… Ես ծնվել եմ, որ ապրեմ, որ վայելեմ… Ես ինձ լավ եմ զգում:
ԹՈՄ — (Պաստորին քարշ է տալիս անկյուն): Դաժանությո՞ւն ասացիր: Դա ի՞նչ բառ է, ո՞վ է հորինել… Սա մեր ապրելու ձևն է, մեր հաճույքն է:
ՆԵՆՍԻ — (սրբում է Պաստորի քթից հոսող արյունը): Խեղճ հայր սուրբ, ձեզ այս ի՞նչ արեցին:
ԹՈՄ — Քեզ ո՞վ թողեց, որ գնաս այդ մեռելահոտ ծերուկի մոտ:
ՀԱՐՐԻ — (դանդաղ մոտենում է Նենսիին և ագահ-ուշադիր նայում նրան): Բայց դու այնքան էլ վատը չես, տիկին Ֆիցջերալդ, դեռ կանացի հրապույրներ կան քո մեջ…
ՆԵՆՍԻ — (սարսափած): Չմոտենաս, հրեշ…
ՀԱՐՐԻ — (բռնում է Նենսիի կզակից և քաշում դեպի իրեն): Ասում են, թե նեգրուհիները շատ կրքոտ են, սեքսուալ… Դու այնքան էլ վատը չես ու այնքան էլ պառավ չես…
ԹՈՄ — Թող դրան, Հարրի, դա ի՞նչ հաճույք կարող է պատճառել:
ՀԱՐՐԻ — Սրա տված հաճույքը յուրահատուկ կլինի, Թոմ, եկ իրար հետ փորձենք:
ԹՈՄ — Չէ, ցանկություն չունեմ:
ՆԵՆՍԻ — (սողում է դեպի նստարանը): Տեր, փրկիր ինձ, աղաչում եմ, օգնիր ինձ: Ես այս խայտառակությանը չեմ դիմանա…
ՀԱՐՐԻ — (չոքում է Նենսիի առաջ): Սա խայտառակություն չէ, տիկին, սա կայֆ է… Ամուսինդ թոքախտով հիվանդ է, արդեն ծեր, իսկ դու դեռ ուզում ես կյանքից վերցնել, ինչ քեզ է պետք… և ինձ… (Ուժգին քաշում է Նենսիին, արձակում տաբատի գոտին:) Ես չեմ սիրում, երբ կանայք ընդդիմանում են, չեմուչում անում: Եթե քո կամքով չգաս ինձ մոտ, ուժով կտիրեմ: Դու կգոռաս, կաղաղակես, բայց…
ԹՈՄ — Հարրի, ի՞նչ հաճույք պիտի ստանաս այդ կեղտոտ նեգրուհուց, դեն նետիր դրան:
ՀԱՐՐԻ — Կամաց-կամաց սկսում եմ ղզղնել… (Ձեռքը տանում է ամորձիներին:) Փոքրիկ Հարրիկն սկսում է անհանգստության նշաններ ցույց տալ…
ՆԵՆՍԻ — (անսպասելի շառաչուն ապտակում է Հարրիին): Կեղտոտ խոզ, քոնթի շուն, վավաշոտ լակոտ…
ՀԱՐՐԻ — (գազազած): Ի՜նչ… դու ինձ վավաշոտ լակո՞տ անվանեցիր… (Կատաղած հարվածում է Նենսիին:) Դու քո բաժինը հիմա կստանաս, քնձռոտ նիգեր…
ԼԻՎԻՆՍԿԻ — (վազում է դեպի Հարրին): Թողեք նրան, երիտասարդ, խնդրում եմ: Դուք նրան կսպանեք:
ՀԱՐՐԻ — (հարվածում է Լիվինսկուն, նա երերում ու հետ-հետ է գնում): Չհամարձակվեք խանգարել ինձ, երբ գործի վրա եմ… Չեմ սիրում, որ ամեն մեկը քիթն է խոթում իմ գործերի մեջ: Ով համարձակվեց միջամտել, նրան էլ գրողի ծոցը կուղարկեմ, հասկանալի՞ է… (Շարունակում է հարվածել Նենսիին:) Դու հիմա կգնաս քո աստվածների մոտ և նրանցից կխնդրես քո փրկությունը: Մի սրան տես, այս քավթառին, այս գարշահոտ նիգերին…
Նենսին աղեկտուր ճիչեր է արձակում, Հարրին շարունակում է խփել նրան: Թոմը պառկել է նստարանին ու հաճույքով խմում է:
ԹՈՄ — Դրա նվնվոցներից ախորժակս փակվում է, Հարրի, դուրս շպրտիր գնացքից, թե չէ կապականի այստեղ ամեն ինչ:
ՀԱՐՐԻ — Կշպրտեմ, բայց մինչ այդ մի լավ տնտղեմ: Տես, ինչ մսոտ կուրծք ունի… Հիշո՞ւմ ես այն պուերտոռիկացուն, Մեծ կամրջի մոտ… Ճիշտ և ճիշտ նրա կուրծքն է: (Քաշում է Նենսիի մազերից:) Ի՜նչ լավն էր քածը… նա փախչում էր, իսկ ես վազում էի նրա հետևից…
ԹՈՄ — Բայց հենց հասավ կամրջին, ես կանգնեցի դիմացը: Նա չկարողացավ դուրս պրծնել իմ ճանկերից: Ես քաշեցի ու պատռեցի վերնաշապիկը, որի տակից դուրս պրծավ կուրծքը…
ՀԱՐՐԻ — Հիշո՞ւմ ես, ինչ ձայներ էր հանում, ոնց էր ուզում ազատվել իմ ձեռքերից… Վերջին երկու տարում դրա նմանին չէի հանդիպել: Բայց իզուր գցեցինք կամրջից…
ԹՈՄ — Չէ, ճիշտ վարվեցինք, կարող էր մեզ մատնել… Դրա պեսները ոստիկանության մոտ միշտ էլ խղճահարություն են առաջացնում:
ՀԱՐՐԻ — (Նենսիին): Էլ ի՞նչ թանկարժեք բան ունես:
ՆԵՆՍԻ — (լաց լինելով): Ոչինչ…
ՀԱՐՐԻ — Ուրեմն, էլ ինձ պետք չես: (Շրջազգեստը պատռում է, մեկ անգամ էլ հարվածում Նենսիին): Հիմա հարմար պառկիր:
ՆԵՆՍԻ — (պաշտպանվում է): Թող ինձ, թող ինձ…
ՀԱՐՐԻ — (կոպտորեն ընկնում է Նենսիի վրա): Ես ասացի, չէ՞, որ չհակառակվես…
Նենսին փորձում է ազատվել, չի հաջողվում: Կատրինը ճչում է, Ջոնը փակում է նրա բերանը: Նենսին ոտքով խփում է Հարրիին, ուզում է վեր կենալ:
ՀԱՐՐԻ — (վնգստոց արձակելով): Ես քու մերը, կեղտոտ նիգեր… (Ուժգին հարվածում է Նենսիի դեմքին: Նենսին ճիչ է արձակում ու լռում: Հարրին փորը բռնած` ոտքի է կանգնում:) Դու հիմա ընդմիշտ կլռես, կեղտոտի մեկը…
ԹՈՄ — Դու նրան…
ՀԱՐՐԻ ժ Ոնց որ թե… Կասկածո՞ւմ ես ընկերոջդ ուժին:
ԿԱՏՐԻՆ — (Ջոնին): Սպանե՞ց:
ՋՈՆ — (կամաց): Չգիտեմ: Լռիր, մի խոսիր:
ՊԱՍՏՈՐ — (ընկած տեղից): Դու իրավունք չունես ապրելու այս հողի վրա, տականք: Դու հրեշ ես…
ՀԱՐՐԻ — (հարվածում է Պաստորին): Փակիր բերանդ, թե չէ դու էլ կգնաս նեգրուհուդ մոտ… Ու թե դու, թե մյուսներդ լավ իմացեք, որ այստեղ մենք ենք ամեն ինչի տերը, մենք ենք այստեղ հրամայողն ու կարգադրողը…
Մթնեցում: Լուսարձակի լույսն ընկնում է Նենսիի վրա: Նենսին լուռ հեկեկում է, հազիվ շնչում:
ՆԵՆՍԻ — Ներիր, ինձ, Մայքլ, ներիր… Ես քեզ չլսեցի… Դու ինձ միշտ ասում էիր, որ մետրոն վտանգավոր է, որ պետք է հանրակառքով երթևեկել, իսկ ես քեզ չէի լսում: Ախր, ուզում էի մի քանի սենթ էլ տնտեսել, որ քեզ համար դեղ գնեմ: Հիմար պառավս տնտեսել էր ուզում, քո առողջության մասին հոգ տանել էր ուզում… Վատն է Նյու-Յորքը, Մայքլ, շատ վատը… Ես այստեղ միշտ ապրել եմ վախը սրտումս, սարսափի մեջ, միշտ վախեցել եմ ուշ ժամերին… Դու ոստիկանություն չդիմես, Մայք, սրանք կամ էլ սրանց ընկերները կհետևեն քեզ, վրեժխնդիր կլինեն… Ամերիկան սրանցն է, սրանց հայրենիքն է, մեզ ոչ ոք չի պաշտպանի, մեզ ոչ ոք չի փրկի… Ոստիկանություն չդիմես, Մայք, խնդրում եմ, աղաչում եմ… Ինձ Նյու-Յորքում չթաղես, Մայք, կտանես իմ հայրենիքը, իմ ծնողների կողքին: Նրանք ինձ կգուրգուրեն, կփայփայեն, նրանք կբուժեն իմ վերքերը: Ես երկնային զանգակների ձայները դեռ չեմ լսում, Մայք, բայց գիտեմ, որ արդեն հեռանում եմ քեզանից, իմ զավակներից` Սեմից ու Դևիդից… Դու նրանց ասա, որ միշտ սիրել եմ իրենց, որ սպասել եմ իրենց, որ ուղարկած նամակները պահել եմ բարձիս տակ: Դու այդ նամակները լավ պահիր, Մայք, դրանք մեր զավակների գրած նամակներն են: Երբ շատ հիվանդ լինես` կարդա դրանք և իսկույն կապաքինվես… Դու քեզ լավ պահիր, Մայք, չմրսես, քեզ մրսել չի կարելի: Ես մի քիչ տնտեսած փող ունեմ, խոհանոցի փոքրիկ պահարանի վերևի դարակում է, շաքարամանի մեջ: Հանիր այդ փողերը և քեզ համար դեղ գնիր: Թոշակդ խնամքով կծախսես, Մայք… Երեխաներից փող չուզես, նրանք քիչ են վաստակում, դժվար են ապրում… Մնաս բարով, Մայք, իմ առաջին ու միակ սեր, ես քեզ միշտ սիրել եմ…
Լուսավորվում է: Հարրին նստած է նստարանին, Թոմի կողքին: Նենսին ընկած է հատակին: Կատրինը փարվել է Ջոնին և դողում է:
ՀԱՐՐԻ — (Թոմին): Ի՞նչ եղավ իմ վիսկին:
ԹՈՄ — Այստեղ է, նստարանի վրա:
ՀԱՐՐԻ — Տուր, մի կում անեմ, կոկորդս քերվում է:
ԹՈՄ — Իզուր տեղը տաքացար, նա չարժեր քո ջղայնությանը:
ՀԱՐՐԻ — Դու գիտես, որ նյարդերս թույլ են, ես շատ զգայուն մարդ եմ: Այդ նեգրը չհասկացավ, որ իմ նյարդերը փխրուն են, որ ինձ չի կարելի զայրացնել, այնպես չէ՞, Թոմ…
ԹՈՄ — Ոչինչ, հանգստացիր: Սրանք շուտով ավելի լավ կիմանան, թե ով ենք մենք: (Նայում է Պաստորին:) Այս քահանան դուրըս չի գալիս: Մի քիչ շատ է խոսում, իրեն դրության տեր է կարծում:
ՀԱՐՐԻ — Դա ինձ էլ է ջղայնացնում: Նետե՞նք դուրս, թող թունելի առնետները կշտանան ու աղոթեն մեզ համար:
ՊԱՍՏՈՐ — (քիչ լսելի): Ձեզ համար սատանան պիտի աղոթի…
ԹՈՄ — Ինչ-որ բա՞ն ասաց, թե՞ ինձ թվաց…
ՀԱՐՐԻ — Թող խոսի իր համար, մինչև վիսկիս խմեմ:
ԹՈՄ — Չէ, դրա հախից ես եմ գալու: Դու գիտես, չէ՞, որ ես չեմ սիրում: Մի ամգամ գողություն էի անում տաճարից, չէ, ի՞նչ գողություն, պարզապես սեղանին դրված ոսկյա խաչը դուրս եկավ, վերցրի ու դուրս եկա, որ տանեմ ծերուկ գրավատուի մոտ: Մեկ էլ ոստիկանները հետևիցս ընկած` սկսեցին հետապնդել: Տասնութերորդ փողոցի մոտ բռնեցին, մի լավ ծեծեցին, հետո էլ երեք ամսով փակեցին բանտում: Բանտից դուրս գալուց հետո իմացա, որ հրեա քահանա է ինձ մատնել: Դրանց բոլորի մերը… բոլորին պիտի վառել, խորովել… Պատկերացնո՞ւմ ես, ինչ բոց կբարձրանա դրանց վրայից…
Լիվինսկին լսելով «հրեա» բառը, անհանգիստ խաղում է պայուսակի հետ: Բրիջերսը նոր ծխախոտ է վառում, քաշվում է դեպի ելքի դուռը:
ՀԱՐՐԻ — Դպրոցում կրոնի ուսուցիչը, որ Կանադայից էր, պատժում էր ինձ, պարտադրում ամեն դասի տասն անգամ «Հայր մերն» ասել: Հիմի էդ անտեր աղոթքը լսելիս սիրտս խառնում է, ուզում եմ բոլոր քահանաներին հավաքել ու դրանց բոլորին… այ էսպես… (Ցույց է տալիս, իբր հարվածում է:)
ԹՈՄ — (Պաստորին): Լսիր, մեռելի մանրադրամ, մոտ արի:
ՊԱՍՏՈՐ — (շրջում է դեմքը): Քեզ հետ խոսելու բան չունեմ:
ԹՈՄ — Դու ո՞վ ես, որ քեզ հետ խոսեմ: Բան եմ ասում, լսիր… Ոտքի կանգնիր:
ՊԱՍՏՈՐ — Կանգնելու ուժ չունեմ:
ԹՈՄ — Ուզում ես` ուժո՞վ կանգնեցնեմ: (Քայլ է անում դեպի Պաստորը:)
ՊԱՍՏՈՐ — (վախեցած կուչ է գալիս): Չխփես ինձ, խնդրում եմ, անաստված:
ԹՈՄ — (հռհռում է): Բան ասիր` անաստված… Մի կուշտ կծիծաղեի ասածիդ վրա, բայց տրամադրություն չունեմ: Ես քեզպեսներին չեմ խփում, այնպես եմ ոչնչացնում, որ ապրելու ցանկություն չունենան: Կանգնիր:
ՊԱՍՏՈՐ — Ասացի` չեմ կարող:
ԹՈՄ — Հիմա կկարողանաս: (Ուժով բարձրացնում է Պաստորին, կանգնեցնում նստարանի վրա, երկար նայում:) Օհո, ասես Վաշինգտոնի արձանը լինի, միայն թե ձին տակից փախել է… Ո՞ւր է ձին:
ՊԱՍՏՈՐ — (վախվորած): Ի՞նչ ձիու մասին ես խոսում:
ԹՈՄ — Դե, այն ձիու, որի վրա նստած քո տեր Հիսուս Քրիստոսը Երուսաղեմ եկավ:
ՀԱՐՐԻ — Թոմ, ձիու չէ, էշի… Մի քիչ մտածիր գիտելիքներդ ավելացնելու մասին:
ԹՈՄ — Հա՞… Ոչինչ, տարբերություն չկա… (Պաստորին.) «Հայր մերն» արտասանիր:
ՊԱՍՏՈՐ — Ինչի՞դ է պետք «Հայր մերը»: Քեզ համար դատավճիռ պետք է արտասանել, էլեկտրական աթոռի դատավճիռ:
ԹՈՄ — Սխալվում ես, հայր սուրբ, ինձ ոչ թե էլեկտրական աթոռի դատավճիռ, այլ ազգային հերոսի կոչում պետք է տալ, որ երկիրը մաքրում եմ ձեզպեսներից: Դուք մեզ խանգարում եք ապրել: Արտասանիր, ասում եմ… (Հարրիին.) Հարրի, տուր դանակդ:
ՀԱՐՐԻ — Պետք չի, Թոմ, նրան ողջ առողջ գնացքից դուրս կգցենք:
ԹՈՄ — Հա, դա էլ կանենք, բայց հիմա տուր դանակդ: (Հարրին տալիս է, Թոմ դանակը դեմ է տալիս Պաստորի կոկորդին:) Սկսիր: Արտասանիր արտահայտիչ ու ներշնչանքով:
ՊԱՍՏՈՐ — (կմկմալով): Հայր մեր… Քեզ նման ստահակի պահանջով ոչինչ չեմ ասի…
ԹՈՄ — Քեզ ասում եմ` արտասանիր, քանի կատաղությունս չի բռնել:
ՊԱՍՏՈՐ — Հայր մեր, որ հերկինս ես, սուրբ եղիցի…
ԹՈՄ – (գոռալով): Այդպես լավ չէ, ո՞ւմ ես ձեռք առնում, շան փորոտիք… Ավելի բարձր, ինչպես տաճարում ես արտասանում: Հարգո հասարակությունն ուզում է հաղորդակցվել երկնավորի հետ: Հասարակության համար բարձր, ավելի բարձր արտասանիր, տեր հայր, այնպես բարձր, որ ձայնդ երկինք հասնի:
ՊԱՍՏՈՐ — (ավելի բարձր): …անուն քո, եկեսցե արքայություն քո, եղիցին կամ քո որպես հերկինս և յերկրի… (Ճիչով:) Չեմ ասելու, էլ չեմ ասելու, թեկուզ սպանեք, թեկուզ դուրս նետեք գնացքից… Չեմ ասելու… Այս բառերը ձեզ համար չեն, դուք դրանց չարժեք…
ԹՈՄ — Սրա համարձակությանն ու խիզախությանը նայիր… Լսիր, խորանի առնետ, դեռ ոչ ոք չի համարձակվել ինձ դեմ խոսել, Նյու-Յորքում դեռ չի գտնվել այն համարձակը, ով իմ երեսին նման բան ասի: Դու չգիտես` ով եմ ես, ինչ կարող եմ անել: Քեզ պես քահանաներին կարող եմ բաղնիք տանել ու անել սրտիս ուզածը, ես մի ողջ թաղամասի ահ ու սարսափն եմ, հասկանո՞ւմ ես…
ՊԱՍՏՈՐ — Դու վախկոտ փսլնքոտի մեկն ես, ով այս տեղերում հերոսանում է, անպաշտպան մարդկանց վրա հարձակվում` իրեն քաջ ու խիզախ կարծելով: Ես քեզանից չեմ վախենում: Արա` ինչ ուզում ես…
ԹՈՄ — Լսիր, կեղտոտ մռութ, մի ոտքդ գերեզմանում է, քեզնից մեռելահոտ է գալիս, ամբողջ կյանքդ տաճարի մթան մեջ ես եղել, ավետարաններ ես կրծել, կյանքից ոչինչ չես վերցրել, կյանքից ոչինչ չես հասկացել: Հիմա քո գնացքն իր վերջին կայարանին է մոտենում, ուրեմն, այնպես արա, որ քո տանը փափուկ մահճակալի մեջ մեռնես` հարազատներով ու հավատացյալներով շրջապատված: Ուրեմն, կատարիր պահանջս… Լսո՞ւմ ես, կատարիր:
ՀԱՐՐԻ — (ցինիկ հռհռոցով): Լսիր, հայր սուրբ, քեզ տրված է մեծագույն հնարավորությունը և մեծագույն պարգևը` արտասանել Նյու-Յորքի ամենաքաջ ու խիզախ երիտասարդների համար, ովքեր միզած ունեն քո «Հայր մերի» վրա: Հիմա մեզ զվարճանալ է պետք, հասկանո՞ւմ ես, իսկ դու կարգին կոմիկ կարող ես լինել, համարյա միստր Բինի պես մի բան: Դե, սկսիր ծամածռություններդ, մեր սիրտը կոմիկություն է ուզում…
Հարրին կանգնում է վագոնի մեջտեղում, ձեռքերը բարձրացնում է վերև:
ՀԱՐՐԻ — Ես քեզ կձայնակցեմ, Աստծո հրեշտակ… (Ծաղրով:) Հայր մեր, որ նայում ես մեզ երկնքից ու ցանկանում ես մի երկու ասեղ ծակվել կայֆի ու հաճույքի համար, ուղարկիր մեզ համբերություն, որ էս այլանդակ քահանային ոչ թե գնացքից դուրս շպրտենք, այլ ռեխը մի լավ ներկելուց հետո թողնեք, որ գնա տուն ու պառկի իր հաստավոռ կնկա կողքին` հիշելով ջահել ժամանակները…
ՊԱՍՏՈՐ — Վերջ տվեք, վերջ տվեք, էլ չեմ կարող տանել այս ամենը… Դուրս գցեք ինձ գնացքից, սպանեք, այրեք, ինչ ուզում եք` արեք, միայն հանգիստ թողեք: Հանգիստ թողեք ինձ…
ԹՈՄ — (դանակը խաղացնելով Պաստորի դեմքի առաջ): Չէ, դու այդպես հեշտությամբ հրաժեշտ չես տա այս մեղավոր աշխարհին: Ես բոլոր քահանաների վրեժը քեզնից եմ առնելու: Պատահաբար հրեա չե՞ս…
ՊԱՍՏՈՐ — Ոչ, ոչ… զտարյուն ամերիկացի եմ:
ԹՈՄ — Մի սրան տեսեք, ի՜նչ էլ գոռոզ է ասում` զտարյուն ամերիկացի: Սրանք բոլորն էլ զտարյուն ամերիկացի են ձևանում: Գուցե քո պապե՞րն են հայտնագործել Ամերիկան: (Պաստորը լուռ է:) Չե՞ս պատասխանում: Արհամարհո՞ւմ ես… Հերո՞ս ես ձևանում… Թքա՞ծ ունես մեզ վրա… Քո արժանապատվությունից ցա՞ծր է մեզ հետ շփվելը… (Բռունցքով հարվածում է Պաստորի փորին:) Սա քեզ` լռության համար: Սա քեզ` արհամարհանքի համար: (Էլի է հարվածում:) Հիմա հավիտյան կլռես:
Պաստորն ընկնում է նստարանին: Նրա գրպանից սահում է դրամապանակը: Թոմն արագ վերցնում, բացում է: Թափվում են մետաղադրամներ: Թոմը քրքրում է դրամապանակը, հանում թղթի կտորներ, շպրտում, դուրս է բերում ճմրթված տասը դոլարանոց:
ԹՈՄ — Ճիշտ որ քնձռոտ քահանա, սրա ունեցածն էս սենթերն են ու մեկ էլ տասը դոլարանոցը: Ես էլ մտածում էի, թե հարուստներից կլինի: Ախր, տաճարի գանձանակը սրանք են բացում ու հանում հանգանակությունները…
Մթնեցում: Լուսարձակը լուսավորում է Պաստորին:
ՊԱՍՏՈՐ — Ամբողջ կյանքում միայն բարություն և հանդուրժողություն եմ քարոզել: Ես քահանա դարձա, որովհետև չէի կարող տանել սուտը, կեղծիքը, բռնությունը, չարությունը: Իմ մանկության թաղում չար տղաներ կային, որոնք ծեծում էին իրենցից թույլերին, նվաստացնում նրանց: Ես կռվի էի բռնվում նրանց հետ, բացատրում, որ չի կարելի դիմացինին վիրավորել, ստորացնել: Հետո միայն կարդացի և իմացա` «Սիրիր մերձավորիդ»… Ես քահանա դարձա ու իմ բոլոր քարոզների մեջ կրկնեցի` սիրիր մերձավորիդ, սիրեցեք զմիմյանս: Մարդիկ լսում էին ինձ, հավատում, համոզվում, որ պետք է բարին արարել, պետք է աշխարհը բարությամբ ողողել: Մի անգամ հիվանդացել էր բանտի կապելանը, ես փոխարինեցի նրան ու գնացի ծանր հանցագործություն կատարած մարդկանց մոտ: Նրանք ինձ ընդունեցին հեգնական հայացքներով, մի երկուսն անգամ ծաղրեցին: Չվհատվեցի: Ես նրանց պատմեցի մեր տեր Հիսուս Քրիստոսի մասին, նրա արարչագործությունների ու բարության, նրա խաչելության մասին: Ասացի, որ աշխարհին բարությունն է պակասում, փոխըմբռնողությունն է պակասում: Երբ այս ամենը լինի` մարդիկ կապրեն երջանիկ կյանքով, կբացվեն բանտերի դռները, որովհետև այլևս բանտարկյալներ չեն լինի, չեն լինի բախտի խորթ զավակներ: Իսկ որ այդպիսին լինի աշխարհը` պիտի սիրենք մերձավորին, մեր դիմաց կանգնած մարդուն, պիտի օգնենք ու սատարենք, պիտի մեր միջից հանենք չարությունը, ոխակալությունը, սպանելու մոլուցքը, վայրագությունը… Երբ դուրս էի գալիս բանտից, մի բանտարկյալ ամաչելով մոտեցավ ինձ, խոնարհվեց, համբուրեց ձեռքս ու խնդրեց իրեն տամ Աստվածաշունչը… Սիրով տվեցի Սուրբ գիրքը, որպեսզի կարդա ու մաքրագործվի, որ հեռու մնա չարության փշերից: Տեր, ես հավատարիմ եմ մնացել քո բոլոր պատգամներին, ամեն տեղ քո պատգամներն եմ տարել, բայց, ավաղ, ամենազոր չեղա, չկարողացա դարձի ճամփան բոլորին հասանելի դարձնել: Ներիր ինձ, տեր, ներիր…
Լուսավորվում է: Հարրին քայլում է վագոնում: Թոմը դեն է նետել դրամապանակն ու պպզել նստարանի վրա: Լիվինսկին կանգնած է դռների մոտ և անհանգիստ ձեռքի ժամացույցին է նայում: Լսվում է գնացքի շչակի ձայնը: Բրեջերսը հեռացել է դռան մոտից ու կանգնել հեռու անկյունում:
ՀԱՐՐԻ — Շատ անհաջող օր էր մեզ համար, Թոմ, ոչ մի նշանավոր բան չեղավ:
ԹՈՄ — Ճիշտ ես ասում, դատարկ օր էր: Անձրևն էլ մի կողմից էր մարդու տրամադրություն փչացնում: Մի քիչ փող լիներ` գնայինք հիսունմեկերորդ փողոցի բարը: Հիմա էնտեղ բոլորը տժժում են… Էն սիրունիկ աղջիկներն էլ եկած կլինեն:
ՀԱՐՐԻ — Չէ, այդ բարն հիմա հետաքրքիր չէ: Փարավոնները սկսել են հաճախ երևալ:
ԹՈՄ — Դա այն երկնագույնի սպանությունից հետո է… Խնդրեցինք, չէ՞, Ռիչիին, որ դրան ձեռք չտա, տեղով մեկ փորձանք էր: Մեզ չլսեց ապուշը:
ՀԱՐՐԻ — Չէ, այդ տղայի պատճառով չի: Բարում արաբներ են հայտնվել, դրա համար էլ փարավոնները զգուշավոր են դարձել, ամեն մեկին կասկածանքով են նայում:
ԹՈՄ — Այ թե փող ունեն էդ կարմրամորթները… Բահերով հավաքես` չի վերջանա: Հնար լիներ` դրանց կկանգնեցնեի պատի մոտ, դեմ կտայի թնդանոթս ու կստիպեի մուծվել, դատարկել գրպաններն ու բանկային հաշիվները: Կվերցնեի դրանց փողերը, կնստեի ինքնաթիռ ու կգնայի Մայամի: Մեծ ու շքեղ հոթելում սենյակ կվարձեի ու կապրեի փողի ու զվարճությունների մեջ:
ՀԱՐՐԻ — Եթե ես այդ փողերն ունենայի` Լաս Վեգաս կգնայի ու մինչև կյանքիս վերջը խաղատներից դուրս չէի գա: Գիտե՞ս` ինչ հարուստ քեռիներ ու հոպարիկներ են գալիս Վեգաս, մի գիշերում ինչքան փող են ծախսում: Ես դրանց մերը… որտեղի՞ց դրանց էդքան փողերը… ծախսելու ձևն էլ չգիտեն: Այ թե էդ փողերն իմը լինեին, ախպերդ առավոտից իրիկուն քեֆեր կաներ, կերգեր ու կպարեր: Ախպերդ աշխարհի ամենաերջանիկ մարդկանցից մեկը կլիներ: (Ծափ է զարկում, ռիթմիկ շարժումներ անում: Աստիճանաբար խանդավառվում է, տրվում շարժումների կրքին: Պարելով մոտենում է Լիվինսկուն, անսպասելի կանգ առնում, երկար ու հեգնական նայում նրան:) Այս երևո՞ւյթն ով է, ինչո՞ւ մինչև հիմա քեզ ուշադրություն չէի դարձրել:
ԼԻՎԻՆՍԿԻ — (փոքր-ինչ վախեցած ու կաշկանդված): Ես Լիվինսկին եմ, պարոն, հարկային մանր պաշտոնյա Լիվինսկին:
ՀԱՐՐԻ — Հարկային մանր պաշտոնյա Լիվինսկի… Ծիծաղելի է հնչում, չէ՞, Թոմ:
ԹՈՄ — Իհարկե… Դրանք բոլորը հիմա մանր պաշտոնյաներ են, մանր կրծողներ, որ առնետների պես լցվել են երկրում ու տանում են, տանում… Ո՞ւր եք տանում, տո շանորդիներ: Ինչո՞ւ եք տանում, տո բոզի տղերք:
ԼԻՎԻՆՍԿԻ — Ի՞նչը, պարոն:
ԹՈՄ — Ո՞նց թե` ինչը: Երկրի ունեցվածքը, մեր փողերը:
ԼԻՎԻՆՍԿԻ — Ես ոչինչ էլ չեմ տանում, իմ արդար քրտինքով վաստակած աշխատավարձն եմ ստանում: Ես կողմնակի եկամուտ անգամ չունեմ:
ՀԱՐՐԻ — Թող հեքիաթներդ` արդար քրտինք, ու նման դատարկ բաներ: Քո տեսակին լավ եմ ճանաչում, ամեն օր տեսնում եմ, ու սիրտս խառնում է: Լսիր, ինչո՞ւ է ազգանունդ Լիվինսկի:
ԼԻՎԻՆՍԿԻ — Դե, ինչպես ասեմ, իմ մեծ պապը Լիվինսկի էր, Լիվինսկի էին նաև մեծ հայրս ու հայրս…
ՀԱՐՐԻ — Դա չեմ հարցնում, խոզի գլուխ: Ինչո՞ւ ազգանունդ Լիվինսկի է:
ԼԻՎԻՆՍԿԻ — Արդեն բացատրեցի, պարոն:
ՀԱՐՐԻ — Դա ինձ չի բավարարում: Հրեա՞ ես:
ԼԻՎԻՆՍԿԻ — (խուսանավելով): Չէ, ի՞նչ եք ասում, ես լեհական ծագում ունեմ, նախնիներս սերում են հին լեհական գերդաստանից:
ԹՈՄ — Լսիր, էյ, դու` լեհական գերդաստան, կանգնիր վագոնի մեջտեղում:
ԼԻՎԻՆՍԿԻ — Ինչո՞ւ, պարոն, ինչո՞ւ պիտի կանգնեմ վագոնի մեջտեղում: Ես ձեր տիկնիկը չեմ, որ ենթարկվեմ ձեր պահանջներին: Շուտով գնացքը տեղ կհասնի, ես կգնամ տուն…
ՀԱՐՐԻ — Ինձ չի հետաքրքրում, թե ուր կգնաս… Ինչպես Թոմն ասաց` կանգնիր մեջտեղում:
ԼԻՎԻՆՍԿԻ — Չեմ կանգնի, չեմ լսի ձեր հրամանները:
ՀԱՐՐԻ — Ի՞նչ…
ԼԻՎԻՆՍԿԻ — Այո, պարոն, ես ազատ Ամերիկայի քաղաքացի եմ, իմ երկիրը պաշտպանում է մարդու հիմնարար ազատությունները, իմ երկիրն է ստորագրել Կոնվենցիայի տակ: Հիշեք Թոմաս Ջեֆերսոնին, Մարտին Լյութեր Կինգին… Չի կարելի բռնանալ մարդու կամքին, չի կարելի նրան պարտադրել: Ես սիրում եմ Ամերիկան, որովհետև ազատ երկիր է, ժողովրդավարական… Ամերիկայում հարգվում են մարդու իրավունքները…
ՀԱՐՐԻ — (որ մոտեցել էր Լիվինսկուն, բռնում է նրա կոկորդը): Վերջ տուր բղավոցներիդ, ապուշ… հո հիստերիկ չե՞ս… Ի՞նչ Ջեֆերսոն, ի՞նչ Կինգ… Ի՞նչ մարդու իրավունքներ… Այստեղ քո Ջեֆերսոնն էլ, Կինգն էլ մենք ենք` ես ու Թոմը, հասկացա՞ր: Գլխիցդ հանիր այդ դատարկությունները, այդ փուչ բառերը ժողովրդավարության ու մարդու ազատությունների մասին: Կոնգրեսի ընտրությունների չես գնում, որ էդպես սիրուն-սիրուն բառեր ես ասում… Մենք կասենք` կանգնիր վագոնի մեջտեղում` կկանգնես, կասենք` մլավիր կատվի նման` կմլավես… Մենք կասենք` դու չորքոտանի ես, ուրեմն` չորքոտանի ես… Հասկացա՞ր…
ԹՈՄ — (կտրուկ մոտենում է Լիվինսկուն): Հարրի, հրաշալի միտք հայտնեցիր… (Բռնում է Լիվինսկու օձիքից:) Հապա, սկսիր շան նման հաչել:
ԼԻՎԻՆՍԿԻ — (զարմացած ու սարսափած): Դա՞ ինչի համար է, պարոններ:
ՀԱՐՐԻ — (ցինիկաբար): Կայֆի, ախպերս, կայֆի: Դե, սկսիր հաչալ, ես ուզում եմ դուրս գալ այս ձանձրույթից: Ինչ գնացք ենք մտել, մի գլուխ ձանձրանում ենք: (Բռնում է Լիվինսկու գլուխն ու քաշում իրեն:) Դե, սկսիր, աչքերիցդ երևում է, որ լավ ես հաչում:
ԼԻՎԻՆՍԿԻ — (ուզում է ազատվել Հարրիի ձեռքից): Թողեք ինձ, թողեք, աղաչում եմ… Դուք արդեն բավական զվարճացաք, դուք ամեն ինչ արեցիք, ծեծելով սպանեցիք խեղճ նեգրուհուն ու պաստորին… Ինձանից ի՞նչ եք ուզում, թողեք, ես տուն պիտի հասնեմ, ես երեխաներ ունեմ, կին ունեմ, որն ինձ է սպասում, ես պետական ծառայող եմ… Իմ իրավունքներն օրենքով են պաշտպանվում: Ես կբողոքեմ…
Լիվինսկին վազում է դեպի հեռախոսը: Հարրին կտրում է նրա ճանապարհը:
ԹՈՄ — Հարրի, անջատիր այդ ռադիոն և ստիպիր դրան հաչալ:
ՀԱՐՐԻ — Հենց դա էլ անում եմ: Լսիր, պետական պաշտոնյա, քոսոտի մեկը, դու չես կարող չկատարել իմ ցանկությունը: Հասկանո՞ւմ ես` քո օրենքն իմ ցանկությունն է, այստեղ ես եմ քո օրենքի պաշտպանը, այստեղ իմ օրենքներն են գործում: Մետրոն իմն է, իմն է այստեղ ամեն ինչ: Ուզենամ` կստիպեմ բոլորիդ մերկացած վազել իմ առաջ, ուզենամ` շուռ կտամ վագոնները: Ես ուժեղ եմ, որովհետև իմ օրենքներն են այստեղ գործում: Ես ուժեղ եմ, որովհետև այստեղ ինձնից քաջն ու համարձակը չկա: Այսքան ժամանակ դա չհասկացա՞ր… Դե, ո՞ւմ եմ ասում, քնձռոտ պաշտոնյա, լեհական աղվես, ոջիլ, կանգնիր թաթերիդ վրա և սկսիր հաչալ, այլապես կինդ կայրիանա, իսկ երեխաներդ էլ անհայրության նպաստ կստանան, ինչպես իմ մայրն էր ստանում: Դե՞…
ԼԻՎԻՆՍԿԻ — (խեղճացած, աղիողորմ): Գուցե պետք չէ՞, խնդրում եմ, գթացեք, բաց թողեք, տղաներ, ես ձեզ փող կտամ: Շատ չէ, իհարկե, բայց ձեզ պետք կգա: (Հանում է դրամապանակը, պարզում Հարրիին:)
ՀԱՐՐԻ — (վերցնում է դրամապանակը, նետում Թոմին): Վերցրու, Թոմ, տես, թե այս պետական պաշտոնյան ինչ շռայլություն է անում, նա մեզ փող է տալիս:
ԹՈՄ — (որսում է դրամապանակը, արագ բացում, նայում): Այստեղ ընդամենը յոթ դոլար վաթսուն ցենթ է:
ԼԻՎԻՆՍԿԻ — Դա է իմ ամբողջ ունեցածը, էլ չունեմ, խղճացեք ինձ:
ՀԱՐՐԻ — Կխղճանք, երբ կկատարես մեր պահանջը: Իսկ փողդ էլ, ոչինչ, կհամարենք քո անդամավճարը մեր ստամոքսի ֆոնդին: (Ստիպողաբար ծնկի է բերում Լիվինսկուն:)
ԹՈՄ — Ինչ վատ են ապրում մեր պետական ծառայողները: Ողորմելի ու խղճուկ կյանքով, ու դեռ ազատություններից են խոսում: Քո ժողովրդավարությո՞ւնն է էս դատարկ դրամապանակը, որի պարունակությունը միայն զուգարանի թուղթ կարող է դառնալ: Հանիր մյուս փողերդ, քու ծնողը…
ԼԻՎԻՆՍԿԻ — Էլ փող չունեմ, մինչև մյուս աշխատավարձը դեռ չորս օր կա: Գթացեք ինձ, թողեք ինձ…
ՀԱՐՐԻ — Դե… սկսիր, ապուշ, քանի գանգդ չեմ փշրել… Զվարճացրու ինձ, ասում եմ…
ԼԻՎԻՆՍԿԻ — (կուչ է գալիս Հարրիի առաջ, երկար նայում նրան, սկսում հաչալ): Հաֆ-հաֆ-հաֆ…
ՀԱՐՐԻ — Չէ, լավ չես հաչում: Ապա, ավելի լավ, ավելի լավ… (Էքստազի մեջ` բարձրացնում և իջեցնում է Լիվինսկուն:)
ԼԻՎԻՆՍԿԻ — Հաֆ-հաֆ-հաֆ… (Կամաց-կամաց նրա ձայնը վերածվում է լացի:) Թողե՜ք ինձ…
ՀԱՐՐԻ — Չեմ թողնի, քանի չես հաչել, ինչպես ես եմ ուզում: (Բռնում է Լիվինսկու գլուխը:) Քեզ եմ ասում` հաչա…
Լիվինսկին անսպասելի կծում է Հարրի ձեռքը, նա սուր ճիչ է արձակում, նետվում է Լիվինսկու վրա, ոտքերով խփում:
ԹՈՄ — Դա կսատկի, մեր վրա մարդ կհաշվեն…
ՀԱՐՐԻ — Թող սատկի, ես դրա մերը… Տեսա՞ր, ոնց իսկական շուն դարձավ ու կծեց ձեռքս: (Հեռանում է Լիվինսկուց, հեռվից նայում նրան:) Չեմ սիրում ավելորդ մարդկանց, դրանք միշտ ոտքի տակ են ընկնում, խանգարում: Դրանց պատճառով է, որ մենք լավ չենք ապրում: (Մոտենում է Լիվինսկուն, ոտքով բարձրացնում նրա գլուխը:) Թե հանկարծ մեռնելիս կլինես, չմոռանաս բարևներ ուղարկել քո այդ Ջեֆերսոնին: Սրա պեսներին տեսնելիս ուզում եմ ոտքի տակ գցել, որ օդը չաղտոտեն: (Թքում է Լիվինսկու վրա, հեռանում:)
Մթնեցում: Լուսարձակը լուսավորում է Լիվինսկուն:
ԼԻՎԻՆՍԿԻ — Չէ, ես գիտեմ, չեմ մեռնի այնպես, ինչպես մեռան Նենսին ու Պաստորը… Ես դեռ տուն պիտի հասնեմ, ես շատ եմ հոգնել աշխատանքից, ես պիտի տուն գնամ ու պառկեմ քնելու, որպեսզի առավոտյան նորից աշխատանքի գնամ: Ես իմ ողջ կյանքում աշխատում եմ, առավոտից-իրիկուն, գլուխս կախած թղթերի վրա… Իմ աշխարհն իմ թղթերն են, իմ հաշիվները: Ես ուրիշ աշխարհ չունեմ, ուրիշ երազներ չունեմ: Ես պիտի մեծացնեմ իմ երեխաներին, իսկ հետո երջանիկ ծերություն վայելեմ` ազատված իմ թղթերից, իմ հաշիվներից: Ես անպայման կհասնեմ երջանիկ ծերության, որովհետև աշխատել եմ, որովհետև ամբողջ կյանքում վայելքներ չեմ ունեցել, չեմ մսխել, չեմ վատնել: Ես իրավունք չունեմ մեռնելու, որովհետև չեմ ծխել, չեմ խմել, պոռնկատներ չեմ հաճախել: Ես իմ երկրի օրինավոր քաղաքացին եմ, ես միշտ վճարել եմ հարկերը, բարեխղճորեն գնացել ընտրությունների ու ձայն տվել այն կուսակցությանը, որն ինձ բարեկեցություն է խոստացել: Ես պիտի տուն հասնեմ, պիտի ուտեմ իմ ամենօրյա ընթրիքն ու պառկեմ քնելու: Կոպերս քոր են գալիս, աչքերս փակվում են, թղթերով լի պայուսակս ծանրանում է…
Լուսավորվում է: Լսվում է գնացքի անիվների միալար ձայնը:
ԹՈՄ — (նայում է շուրջը): Վագոնը կամաց-կամաց դատարկվում է, իսկ մենք դեռ կարգին հաճույք չենք ստացել:
ՀԱՐՐԻ — Ճիշտ որ անհաջող օր է: Հիշո՞ւմ ես, անցած ուրբաթ ինչ լավ էր: Կարգին զվարճացանք ու հաճույք ստացանք:
ԹՈՄ — Ավետարանականներն իրենց հերթական ժամերգությունից էին գալիս, մենք դրանց մայրիկները մի լավ լացացրինք ու դեռ փողերով էլ հեռացանք: Իսկ այսօր ամեն ինչ միօրինակ է: Գոնե մի ծիտիկ լիներ, լցված խողովակներս դատարկեի, թե չէ ամորձիներս քոր են գալիս:
ՀԱՐՐԻ — (ուշադիր նայելով շուրջը): Աստված մեզ չի մոռացել, Թոմ, Աստված դեռ մեզ սիրում է:
ԹՈՄ — Ի՞նչ ես ուզում ասել:
ՀԱՐՐԻ — Ի՞նչ պիտի ասեմ: Մեր ուզածն այստեղ է, մեր կողքին, իսկ մենք ոչ մի քայլ չենք անում: (Գլխով ցույց է տալիս Կատրինին:) Լավիկն է, չէ՞:
ԹՈՄ — (հեռվից զննում է): Վատը չէ… Ջահել է, անփորձ:
ՀԱՐՐԻ — (հռհռում է): Ուրեմն, մենք նրա բարի ուսուցիչները կդառնանք:
ԹՈՄ — Բայց կողքին նստած լակոտն ինձ դուր չի գալիս:
ՀԱՐՐԻ — Այդ փսլնքոտի հարցերը լուծելը դժվար չէ: (Կանչում է:) Էյ, դու, տղա, արի այստեղ:
ԿԱՏՐԻՆ — (ամուր կպնում է Ջոնին): Չգնաս, նրանք քեզ կսպանեն, խնդրում եմ, չգնաս:
ՋՈՆ — Նրանք մեզ ոչինչ չեն անի, ինձ ձեռք չեն տա: Տեսնո՞ւմ ես, արդեն հանգստացել են, կայարանն էլ հեռու չէ:
ՀԱՐՐԻ — Ի՞նչ ես այդտեղ փնթփնթում, քեզ ասացի` արի այստեղ:
ՋՈՆ — (անվստահ քայլերով մոտենում է): Ասա:
ՀԱՐՐԻ — (արհամարհանքով նայում է Ջոնին): Դու հիմա կգոլորշիանաս վագոնի անկյունում, իսկ քո ծիտիկին էլ կասես, որ հանգիստ գա այստեղ:
ՋՈՆ — Ես ոչ մի տեղ չեմ գնա: Նրան էլ ձեռք չեք տա:
ԹՈՄ — (արհամարհանքով): Ո՞վ ասաց:
ՋՈՆ — Ես եմ ասում:
ՀԱՐՐԻ — (հռհռում է): Մի սրա խորոզությանը նայեք: Դու ո՞վ ես, որ այստեղ ինչ-որ բան ասես: Այստեղ մենք ենք ասում:
ՋՈՆ — Ես չեմ թողնի, որ Կատրինին մոտենաք: Նա իմ հարսնացուն է:
ԹՈՄ — (ծաղրով): Քոնն էր` կլինի մերը: Չլսեցի՞ր, թե ինչ ասաց այս լեհը` մենք ազատ ու ժողովրդավարական երկրում ենք ապրում:
ՀԱՐՐԻ — (բռնում է Ջոնի կզակից): Բերանիցդ կաթնահոտ է գալիս, լակոտ, քո տարիքի տղաները վաղուց պառկել են իրենց վերմակների տակ, դուրս գցել իրենց քթերն ու քուն մտել, իսկ դու այստեղ հակաճառում ես Նյու-Յորքի ամենալավ տղաներին… (Կամաց հրում է Ջոնին:) Դու գնա, քաշվիր այն անկյունը…
ՋՈՆ — Ինչ էլ անեք` ես ոչ մի տեղ չեմ գնա, չեմ թողնի, որ կպնեք նրան:
ՀԱՐՐԻ — (կոպիտ հրում է): Քաշվիր այստեղից, լակոտ, քանի մռութդ չեմ հավասարեցրել: Դու չլսեցի՞ր, որ մենք Նյու-Յորքի ամենալավ ու ամենաքաջ տղաներն ենք:
ՋՈՆ — Դո՞ւք եք ամենաքաջը: Դուք իսկական վախկոտ եք, դարան մտած գազանի պես հարձակվում եք մարդկանց վրա թիկունքից, խփում ու փախչում: Քաջ եք ու համարձակ` դրսում կռվեք, դրսում հարձակվեք, ոչ թե սողոսկեք մետրո, անպաշտպան մարդկանց մեջ: Դուք քաջ չեք, դուք լավը չեք, մեր թաղում լինեիք` ձեր կաշին կհանեի: Իսկ այստեղ իմ ձեռքերը կապված են, բոլորի ձեռքերը կապված են…
ՀԱՐՐԻ — Լսիր, փսլնքոտ երաժիշտ, հիմա ջութակդ բերանդ կկոխեմ…
ՋՈՆ — (վազում, գրկում է Կատրինին): Չեմ թողնի, չեմ թողնի` մոտենաք նրան: Դուք ո՞վ եք, որ ձեզ ամեն ինչ թույլ եք տալիս:
ՀԱՐՐԻ — Լսիր, լակոտ, դեռ ոչ ոք իմ ճանփան չի փակել, իսկ քեզ պես տխմարներն` առավել ևս… Ես ուզում եմ տիրանալ քո ծիտիկին, ուրեմն` կտիրանամ: Դա իմ որոշումն է, հասկանո՞ւմ ես, դա իմ կամքն է: (Ձեռքերը տանում է ամորձիներին:) Երկու օր է` կնկա երես չեմ տեսել, ես պիտի վայելեմ էս թռչնակին: Երկու օր է` սոված շան նման էգ եմ ման գալիս, ուրեմն էս համեղ պատառը ձեռքիցս բաց չեմ թողնի, մանավանդ, որ լավիկն է ու անմեղ աչքեր ունի: (Դանդաղ արձակում է տաբատի գոտին, մոտենում, ապտակում Ջոնին:) Դու չարժես էս ղշին, նա քո բաժինը չէ: Հիմա ինքդ նրան կբերես ու կպառկեցնես ոտքերիս մոտ, ինքդ կհանես նրա շորերը: Հասկացա՞ր: Թե չէ քեզնից կսկսեմ, չնայած զզվում եմ երկնագույններից:
ՋՈՆ — (համարձակ կանգնում է Հարրիի դիմաց): Ինչ էլ անես` քեզնից չեմ վախենա:
Թոմը մոտենում է Կատրինին, գրկում է նրան ու տանում դեպի նստարանը: Կատրինը դիմադրում է, բարձր կանչում` Ջոն… Ջոնը շրջվում է, տեսնում Կատրինին, ցատկում ու հարվածում է Թոմին:
ԹՈՄ — Դու ո՞ւմ խփեցիր, լակոտ, դու ո՞նց խփեցիր ինձ… Դե հիմա խփելը տես… (Հարձակվում է Ջոնի վրա, խփում ձեռքերով ու ոտքերով:)
ԿԱՏՐԻՆ — (վազում, կախվում է Թոմի ոտքերից): Թող նրան, անասուն, թող, մարդասպան, հրեշ…
ՀԱՐՐԻ — (ցատկում է տեղից, բռնում Կատրինին): Դու մոտս արի, ծիտիկս, հիմա քեզ կծանոթացնեմ փոքրիկ Հարրիի հետ, դու նրան շատ կսիրես…
ՋՈՆ — (ընկած տեղից): Բաց թող նրան, բաց թող… հիմա քեզ կսպանեմ…
ԹՈՄ — (ոտքը դնում է Ջոնի վրա): Պառկիր տեղդ, լակոտ, քանի շունչդ չես փչել: (Նորից է խփում Ջոնին:)
ԿԱՏՐԻՆ — Խնդրում եմ, թողեք մեզ, թողեք…
ԹՈՄ — (Կատրինին): Դու էլ այդտեղ ձայնդ կտրիր ու արա` ինչ ասում են, որ հերթն ինձ էլ հասնի:
ՋՈՆ — (փորձում է վեր կենալ տեղից): Ես… քեզ… անասուն…
ԹՈՄ — (ուժգին հարվածում է Ջոնին): Համբերությունից հանեցիր, լակոտ:
Ջոնը ճչում ու անշարժանում է: Կատրինը պոկվում է Հարրիի գրկից, վազում, չոքում, գրկում է գլուխը: Մթություն: Լուսարձակի լույսով ողողված` կանգնած են Կատրինն ու Ջոնը:
ԿԱՏՐԻՆ — Դու ինչպե՞ս նվագեցիր, Ջոն:
ՋՈՆ — Հանձնախմբի անդամները հիացած նայում ու լսում էին: Մյուզիկ հոլլի տերը մոտեցավ, ձեռքը դրեց ուսիս և ասաց. «Քեզ նման տաղանդավոր ջութակահարի դեռ չէի հանդիպել»: Նա ինձ հետ պայմանագիր կնքելու առաջարկություն արեց:
ԿԱՏՐԻՆ — Դու համաձայնվեցի՞ր, Ջոն:
ՋՈՆ — Իհարկե, սիրելիս: Շաբաթական չորս հարյուր դոլար: Օրական երեք ելույթ, որոնցից մեկն` ազատ ծրագրով, իմ ցանկացած ստեղծագործությունները: Ես աշխարհի ամենաերջանիկ մարդն եմ, Կատրին: Հիմա արդեն կկատարեմ խոստումս ու քեզ կտանեմ Նիագարան տեսնելու:
ԿԱՏՐԻՆ — Նիագարա՞ն… Այո, իհարկե, դու ինձ խոստացել ես: Երբեմն երազիս մեջ էլ Նիագարան եմ տեսնում` իր թափվող-շառաչող ջրերով… Իսկ մեր ամուսնությո՞ւնը, Ջոն:
ՋՈՆ — Անպայման, Կատրին, անպայման: Հենց աշխատանքի անցա, բնակարան կվարձեմ, այն երկնաքերներից մեկում, որ միշտ ինձ ցույց ես տալիս: Մեծ ու ընդարձակ բնակարան կվարձեմ, մեծ պատուհաններով, որ բնակարանում միշտ արև լինի, լույս լինի, մենք կտեղափոխվենք այնտեղ ու միասին կապրենք: Դու սիրում ես լուսավոր բնակարանները…
ԿԱՏՐԻՆ — Իհարկե, սիրում եմ: Մենք մի մեծ տան առաջին հարկում ենք ապրում, համարյա նկուղային բնակարանում: Մեզ մոտ խոնավ է ու ցուրտ, արևի լույսը շատ քիչ է: Հայրս քանի տարի է` ուզում է նոր տուն տեղափոխվել, բայց չի հաջողվում, որովհետև լուսավոր բնակարանները թանկ արժեն, դրանք հարուստ թաղամասերում են, իսկ մենք շատ համեստ ենք ապրում: Հայրս բանվոր է ավտոնորոգման արհեստանոցում, իսկ մայրս վերելակավար է, նրանց ստացած փողը հազիվ է բավարարում չորս երեխաներին ուսման տալու և սնվելու համար:
ՋՈՆ — Դու գիտես, Կատրին, մենք էլ հարուստ չենք, ես էլ նեղության մեջ եմ ապրում, բայց քեզ կտամ այն ամենը, ինչը դու չունես, ինչի մասին երազում ես:
ԿԱՏՐԻՆ — Ես կավարտեմ քոլեջը, աշխատանքի կանցնեմ, իսկ հետո երեխաներ կունենանք…
ՋՈՆ — Երբ նվագում էի «Իրիկնային սերենադը», թվաց` պատուհանից ինձ ես նայում, ձեռքով ես անում… Ես ոգևորվեցի ու չհասկացա, թե ինչպես էր ջութակը պարում ձեռքերիս մեջ… ինչպես էր երաժշտությունն ինքն իրեն ծնվում…
ԿԱՏՐԻՆ — Ես մոտակայքում էի, Ջոն, դիմացի սրճարանում… Մարդիկ էին մտնում ու դուրս գալիս, իսկ ես նրանց չէի նկատում, ասես քեզ հետ էի, այն սենյակում, որտեղ նվագում էիր: Կարծես լսում էի քո նվագի ձայնը, չնայած փողոցով մեքենաներ էին անցնում, աղմուկ էր… Դու ինձ համար կնվագե՞ս, Ջոն, ուզում եմ ես էլ վայելել այն հաճույքը, ինչն զգացին քեզ լսողները:
ՋՈՆ — Իհարկե, կնվագեմ, չէ՞ որ իմ երաժշտությունը հենց քեզ համար է, աշխարհի այն միակ պեպենոտ ու շիկավարս աղջկա, որին խենթի պես սիրում եմ, որին ոչ մեկի հետ չեմ փոխի:
Ջոնի ձեռքում ջութակ է հայտնվում: Նա լարում է ջութակը, նվագում է Շուբերտի «Իրիկնային սերենադը»: Կատրինն ուշադիր լսում է, ապա դանդաղ գալիս է առաջ:
ԿԱՏՐԻՆ — Կար-չկար, աշխարհում մի բարի ու խելոք արքայազն կար: Նա գեղեցիկ էր, ոչ բարձրահասակ, կապույտ աչքերով, բարի ժպիտով: Նա սիրում էր ծաղիկներ, երգեր, նա ամեն առավոտ ողջունում էր թռչուններին, իրեն հյուր կանչում: Թռչունները նստում էին պալատի պատուհանների քիվերին ու ճռվողում: Արքայազնը հրճվում էր, ուրախանում… Մի անգամ մութ փողոցում արքայազնը հանդիպեց քոլեջից տուն դարձող մի աղջկա, մի իսկական Մոխրոտիկի, որն ուզում էր երջանիկ լինել, ուզում էր, որ մարդիկ տեսնեն ու ճանաչեն իրեն, գնահատեն իր գեղեցկությունը: Արքայազնը մոտեցավ Մոխրոտին, բարևեց, զգուշորեն վերցրեց Մոխրոտի պայուսակն ու տարավ: Քայլում էր շեկլիկ աղջիկը շեկլիկ արքայազնի կողքով, գողունի նայում նրան ու հրճվում: Կարծես աշխարհը նրան էին տվել, նրան էին տվել բոլոր ծաղիկները: Իսկ մի իր արքայազնը աղջկան ասաց, որ սիրում է նրան, որ առանց նրան ապրել չի կարող: Աղջիկն ամբողջ գիշերը երջանկությունից չքնեց, ամբողջ գիշեր մտովի զրուցեց արքայազնի հետ, սիրուն-սիրուն բառեր շշնջաց նրա ականջին: Արքայազնն էլ սիրուն բառեր շշնջաց` աղջկան տալով աշխարհի բոլոր գեղեցիկ երազները: Հետո, մի օր, երբ այնքան մոտ էր երջանկությունը, բորենիները հարձակվեցին արքայազնի վրա և հոշոտեցին նրա մարմինը, հանեցին նրա սիրտը: Աղջիկը գնաց աշխարհի ամենաիմաստուն մարդկանց մոտ, կախարդների դռները բախեց ու բերեց ամենաբուժիչ բալասանը, քսեց արքայազնի վերքերին, ապաքինեց: Եվ արքայազնը հարություն առավ, նայեց աղջկան ու ժպտաց:
Լուսավորվում է: Գետնին ընկած Ջոնի մոտ կուչ է եկել Կատրինը:
ԿԱՏՐԻՆ — (լաց լինելով): Դու այնպես լավն ես, Ջոն, այնպես գեղեցիկ… Բաց արա աչքերդ, խնդրում եմ… Սրանք քեզ այլևս ձեռք չեն տա, ես կհանեմ նրանց աչքերը…
ՋՈՆ — (հազիվ լսելի): Կատրին, ինձ դիմանալ է պետք, ինձ ապրել է պետք… Շուտով կայարան կհասնենք… Դու քեզ ամուր պահիր…
ԹՈՄ — (որ այս ընթացքում հայտնվել էր Կատրինի թիկունքում, գրկում է նրան, փորձում համբուրել): Թող դրան, անուշիկս, եկ ինձ մոտ, հիմա մենք քեզ հետ կայֆ կանենք:
ԲՐԻՋԵՐՍ — (անսպասելի և հատու): Թող աղջկան, տականք:
ԹՈՄ — (հանգիստ շրջվում է դեպի Բրիջերսը): Այստեղ էլի՞ մարդ կա:
ԲՐԻՋԵՐՍ — (դանդաղ առաջ գալով): Կա, տականք, կա: Դուք այստեղ մենակ չեք:
ՀԱՐՐԻ — Ո՞վ է այս քաջը, որը հանդգնում է կոտրել մեր կայֆը:
ԲՐԻՋԵՐՍ — Ես եմ տղա, Բրիջերսը, լիվերպուլցի Բրիջերսը: Ոչ քաջ եմ, ոչ էլ համարձակ, բայց չեմ թողնի, որ պղծեք այս անմեղությանը:
ԹՈՄ — Դու, ի՞նչ է, աղքատների պաշտպան Ռոբին Հո՞ւդն ես, թե՞ Բեթմենն ես, որ իջել ես մետրոյի թունելը:
ԲՐԻՋԵՐՍ — Քեզ համար միևնույն չէ՞, թե ով եմ: Հանգիստ թող աղջկան:
ԹՈՄ — Չեմ թողնի: Ի՞նչ ես անելու:
ԲՐԻՋԵՐՍ — Ես կսպանեմ քեզ:
ԹՈՄ — Լավ չլսեցի, ի՞նչ կանես:
ԲՐԻՋԵՐՍ — Ասացի` կսպանեմ. քեզ էլ, քո այդ կեղտոտ ընկերոջն էլ, որի վրայից սերմնահյութի գարշելի հոտ է գալիս, իսկ շալվարից ծորում է մեզը:
ՀԱՐՐԻ — (հարձակվում է Բրիջերսի վրա, Բրիջերսն ամուր բռնում է նրա ձեռքը): Դու էդ ո՞ւմ մասին ես էդպես խոսում, տո գաղթական լակոտ:
ԲՐԻՋԵՐՍ — Քո մասին, տղա: Քո: (Փորձում է տապալել նրան:)
ՀԱՐՐԻ — Չփորձես ինձ հետ կռվել, քեզ փոշի կդարձնեմ:
ԲՐԻՋԵՐՍ — Չկարծես, թե կենթարկվեմ, կվախենամ քեզանից:
ՀԱՐՐԻ — Դու հիմա կվախենաս, դու հիմա խեղճացած կուչ կգաս: (Բրիջերսից աննկատ հանում է դանակը:)
ԿԱՏՐԻՆ — (ճչում է): Դանակը:
ԹՈՄ — (փակում է Կատրինի բերանը): Փակիր բերանդ, քած, թե չէ դանակի մի հարվածն էլ քեզ կգա:
Հարրին դանակը մխրճում է Բրիջերսի կուրծքը: Բրիջերսը ճիչ է արձակում, երերում ու ընկնում է:
ՀԱՐՐԻ — (արյունոտ դանակը շողշողացնում է ձեռքին, գազազած): Դե հիմա տեսնենք, թե էլ ով կհամարձակվի խանգարել մեզ:
Բրիջերսը, վերջին ուժերը հավաքած, նետվում է Հարրիի վրա: Հարրին անակնկալի եկած` չի կարողանում դիմադրել: Բրիջերսը Հարրին տապալում է գետնին, պառկում է վրան ու բռնում կոկորդից:
ԲՐԻՋԵՐՍ — (խեղդելով Հարրիին): Հիմա շան պես կսատկես:
ՀԱՐՐԻ — (խռխռացնելով, ոտքերը թափահարելով): Թող ինձ, թող ինձ…
Կատրինն ուզում է ազատվել Թոմի ձեռքից, ապարդյուն: Հարրին վերջին անգամ փորձում է ազատվել, բայց մեռնում է Բրիջերսի ձեռքերի մեջ:
ԲՐԻՋԵՐՍ — (մեռնելով): Վերջացավ… Ամեն ինչ վերջացավ: (Մեռնում է:)
Մթնեցում: Լուսարձակի լույսի տակ կանգնած է Բրիջերսը: Նրա ձեռքին մեծ պայուսակ կա:
ԲՐԻՋԵՐՍ — Կներես, մայրիկ, որ խոստմանս տեր չեղա ու չհասա տուն: Ես քեզ գրել էի, որ անպայման գալու եմ, որ Ամերիկայում այլևս անելիք չունեմ: Իսկապես չունեի… Ես գնել էի ինքնաթիռի տոմսը` վաճառելով այն ամեն արժեքավորը, որն ունեի: Ես արդեն թռիչքի ժամերն էի հաշվում… բայց… Ես կարող էի կանգնած մնալ, լռել դառնալ աննկատ, որ դրանք ինձ չտեսնեին, որ կարողանայի հասնել մետրոյի վերջին կայարանը, որից հետո օդնավակայանն էր: Ինձ ընդամենը մի քանի կիլոմետր էր բաժանում օդանավակայանից, մի քանի ժամ` քեզանից: Ներիր, մայրիկ, գիտեմ, որ կարոտել էիր, որ ուզում էիր ինձ տեսնել, քո պատրաստած խոզապուխտով շիլան եփել ինձ համար: Ես էլ էի կարոտել քեզ, մեր տանը, մեր փողոցին, գարեջրավաճառ Ջոնին, որն ամեն առավոտ ինձ կանչում էր իր մոտ ու գարեջուր հյուրասիրում: Բայց ես չէի կարող անտարբեր նայել, թե ինչպես էին այդ կեղտոտ շները բռնաբարելու տասնութ տարեկան աղջկան, որի աչքի առջև նրա սիրած տղային գետնով խփեցին: Ես օտար էի Ամերիկայում, մայրիկ, ես սովոր չէի այստեղի բարքերին, ես ծնված չէի այս երկրի համար, բայց հենց այստեղ էլ մեռա: Եթե քեզ ուղարկեն իմ մահվան տեղեկանքը, շատ չվշտանաս, հավատա, որ մի բարի գործ եմ արել, որ մի կեղտ մաքրել եմ աշխարհի երեսից` հասկացնել տալով մյուսներին, որ իրենց հատուցման ժամը ևս կգա: Աղոթիր իմ հոգու փրկության համար, մայրիկ, իմ նկարի մոտ Մատթևոսի Ավետարանից հատվածներ կարդա ու քեզ մխիթարված զգա… «Այն ժամանակ, երբ Հերովդեսը տեսավ, որ մոգերից խաբվեց, սաստիկ բարկացավ և մարդ ուղարկեց ու կոտորեց այն բոլոր մանուկներին, որ Բեթղեհեմում և նրա սահմաններում էին գտնվում և երկու տարեկան ու դրանից ցածր էին` ըստ այն ժամանակի, որն ստուգել էր մոգերից: Այնժամ կատարվեց Երեմիա մարգարեի բերանով ասվածը, թե` Ռամայում մի ձայն գուժեց. ողբ ու լաց ու սաստիկ կոծ. Ռաքելը լալիս էր իր զավակների վրա և չէր ուզում մխիթարվել, քանի որ նրանք այլևս չկային»…
Լուսավորվում է: Թոմն ամուր բռնել է Կատրինին և փորձում է պատռել նրա շրջազգեստը:
ԿԱՏՐԻՆ — (ճչում է): Մի՞թե այստեղ չկա մեկը, որն օգնի ինձ, փրկի այս ճիվաղի ձեռքից:
ԹՈՄ — Իզուր ես կանչում, վագոնում միայն դիակներ են: Մեկ էլ` ես ու դու:
ՄԱՔՍ — (որ նստած էր լուռ` վագոնի ծայրում, ոտքի է կանգնում, դանդաղ մոտենում Թոմին): Դու սխալվում ես, տղա, դուք մենակ չեք այստեղ: Ես էլ կամ:
ԹՈՄ — Դու որտեղի՞ց բսնեցիր:
ՄԱՔՍ — Ես չբսնեցի: Ամբողջ ժամանակ այստեղ էի, այս վագոնում, միայն գազազած ու կատաղած` դուք չէիք ուզում ձեր շուրջը նայել, տեսնել նաև նրանց, ում դեռ չէիք հասցրել սպանել ու վիրավորել:
ԹՈՄ — Հեռու քաշվիր իմ ճանապարհից, էլ կորցնելու բան չունեմ, էստեղ ուրիշ վկա չկա: Կսպանեմ քեզ, կբռնաբարեմ էս աղջկան ու նրան էլ կսպանեմ: Շուտով կայարան է լինելու…
ՄԱՔՍ — Այո, շուտով կայարան է լինելու, շուտով դուրս կգանք այստեղից ու դու ավելի լավ կտեսնես քո արածի հետքերը:
ԹՈՄ — Վերջ տուր դատողություններիդ: Դու չես կարող խանգարել ինձ, դու չես կարող ինձ հետ պահել իմ մտադրությունից: Էս աղջկան պիտի տիրանամ, որովհետև չեմ ուզում կիսատ թողնել կայֆս, հասկանո՞ւմ ես: Դու գիտե՞ս, թե ինչ է նշանակում կայֆ…
ՄԱՔՍ — Ես գիտեմ մի բան, որ դու հիմա ազատ կարձակես աղջկան, կնստես տեղդ ու կսպասես կայարանին: Այնտեղ քեզ ոստիկանությունը կդիմավորի:
ԹՈՄ — Ես կոտրել եմ ազդանշանը, ուրեմն ոչ մի ոստիկան էլ մեզ չի դիմավորի: Հենց գնացքը տեղ հասնի, դուրս կթռչեմ ու կանհետանամ, իսկ էստեղ քո ու աղջկա դիակները կմնան… Եթե, իհարկե, ձեզ խելոք պահեք, ձեզ կյանք կնվիրեմ…
ՄԱՔՍ — Դու ո՞վ ես, ողորմելի, որ մտածես մեզ կյանք պարգևելու մասին… (Խիստ:) Թող աղջկան:
ԹՈՄ — Չեմ թողնելու, քեռի: Նա իմն է, իմ որսն է:
ՄԱՔՍ — Դու ոչ միայն լկտի ես ու վախկոտ, այլև` ապուշ: Իսկական ապուշ:
ԹՈՄ — Ե՞ս եմ վախկոտը: Չես տեսնում իմ և Հարրիի քաջագործությունների հետևանքները: Վախկոտն էսպիսի բան չէր անի:
ՄԱՔՍ — Ինչ էլ ասես, միևնույն է, դու վախկոտ ես: Իսկական առնետ, որը թաքնվում է ցերեկը աղբակույտերում, իսկ գիշերները դուրս գալիս որսի` գիտենալով, որ մութ է, որ իրեն չեն տեսնի: Ճիշտ ասաց տղան, որ քեզ նմանները վախենում են ցերեկները, որ ցերեկներն ապրում եք ստվերի մեջ, խավարասերի նման, իսկ գիշերները, երբ գրեթե մարդ չկա, հարձակվում եք ձեր զոհերի վրա: Վախն է քեզ ու քեզ նմաններին այդպիսին դարձրել: վախը քեզ ուժ է տվել, բայց դա երևութական, անցողիկ ուժ է: Հենց հասնենք կայարան, դուրս գանք փողոց` դու կփախչես ու կանհետանաս, որովհետև տղամարդ չես, որովհետև համարձակ չես… Ես զզվում եմ քեզ նմաններից, զզվում եմ երկոտանի առնետներից…
ԹՈՄ — (ճչում է): Վերջ տուր, կսպանեմ քեզ…
ՄԱՔՍ — Վախեցա՞ր, ճշմարտությո՞ւնն ասվեց քեզ… Այո, պիտի ասեմ, որպեսզի գոնե մեկ անգամ քո փուչ կյանքում նայես քեզ, տեսնես, թե ինչքան ողորմելի ու կեղտոտ ես, ինչքան փոքրոգի, վախկոտ ու սինլքոր: Դու մարդ չես, այլ ամենաիսկական տականքը, որին պետք է ճզմել ու դեն նետել, որպեսզի հետնորդներ չլինեն, սերունդ չլինի: Վախը քեզ համարձակ է դարձնում, բայց իրականում դա այն վախն է, որը բռնություն է ծնում, ամենաիսկական թուլությունն է ծնում: Թող աղջկան, ասացի, տականք, թող ու քաշվիր մի անկյուն…
ԹՈՄ — Չէ, դու արդեն չափն անցնում ես… Ես հիմա քո վերջը կտամ, քոսոտ վարժապետ: (Կռանում է, վերցնում Հարրիի մոտ ընկած դանակն ու հարձակվում Մաքսի վրա: Կատրինը ճչում է, բարձրանում նստարանի վրա: Մաքսը պաշտպանվելով` բռնում է Թոմի ձեռքն ու ոլորում:) Ի՞նչ արեցիր… ի՞նչ արեցիր… (Փլվում է գետնին:)
ՄԱՔՍ — (շփոթված): Ես ընդամենը պաշտպանվում էի… Դու ինքդ… քո դանակով…
ԹՈՄ — (հազիվ շնչելով): Եթե չմեռնեմ, ես քու մերը… (Անշնչանում է:)
Կատրինը վախվորած մոտենում է Մաքսին և փարվում նրան: Մաքսը մի ձեռքով գրկում է Կատրինին:
ԿԱՏՐԻՆ — Նա մեռավ, պարոն, չարիքը մեռավ… Ես սարսափում եմ, ես չեմ կարող մնալ այստեղ… Ջոն… Ջոն… ի՞նչ է լինելու նրա հետ… նա կմեռնի՞, պարոն… Ես չեմ ուզում, որ մեռնի, ես չեմ ուզում, եկեք փրկենք նրան, դուրս տանենք այստեղից…
ՄԱՔՍ — Հանգստացիր, աղջիկս, հանգստացիր: Նրանք այլևս չկան: Ամեն ինչ անցավ: Հիմա կարևորն այն է, որ շուտ հասնենք կայարան ու կարողանանք օգնել քո տղային: Գուցե մյուսներին էլ կարողանանք օգնել, եթե ողջ մնացած լինեն… Հանգստացիր, աղջիկս, քո արցունքներն այլևս պետք չեն, ուժ հավաքիր ու դիմացիր:
Պայծառ վառվում են վագոնի լույսերը:
ՀԱՂՈՐԴԱՎԱՐԻ ՁԱՅՆԸ — Հարգելի ուղևորներ, մեր գնացքը մտնում է կայարան: Խնդրում ենք ուշադիր լինել` ոչինչ չմոռանալու համար: Գնացքում թողած ձեր իրերի համար մետրոպոլիտենի տնօրինությունը պատասխանատվություն չի կրում: Հուսով ենք, որ գոհ մնացիք մեր ծառայություններից: Օգտվեցեք Նյու-Յորքի մետրոպոլիտենի ծառայություններից: Մենք ձեզ խոստանում ենք բարձրակարգ սպասարկում և անվտանգություն…
Ուժգին ու ուժգին հնչում է «Իրիկնային սերենադը»:
Մթնեցում:
Լուսավորվում է:
Ուշ աշնանային երեկո Նյու-Յորքում: Հեռվում երևում են երկնաքերերի ուրվագծերը: Մեղմ թափվող անձրևի ձայն: Փողոցի մի հատված, քիչ հեռու սրճարանն է, բեմառաջքում` մետրոյի կանգառ տանող աստիճաններ: Բարձրահասակ, սպիտակ անձրևանոց հագած մարդը երևում է փողոցի խորքում, արագ քայլերով մոտենում աստիճաններին, փակում ձեռքի հովանոցն ու իջնում մետրոյի կայարան: Քիչ անց երևում է կայարան շտապող կին, ով գրեթե վազքով գալիս և իջնում է աստիճաններով:
Սրճարանից դուրս է գալիս Վեբերը` լայնեզր գլխարկով, մոխրագույն անձրևանոցով, ձեռքին` մոխրագույն պայուսակ: Նա դանդաղ, կարծես անձրևը և վատ եղանակը չնկատելով, գալիս է բեմառաջք: Կանգ է առնում, գրպանից հանում է սիգարը, կտրում կոթուկը, վառում: Ծխի մի քուլա է արձակում… Նրա կողքով անցնում են մետրոյի կայարան շտապող ուղևորներ:
ՎԵԲԵՐ — (պայուսակը դնելով աստիճանների բազրիքին): Աշնանային անձրևները սկսվեցին: Նշանակում է` շուտով ձմեռը կգա: Սիրում եմ նյույորքյան աշունը` խոնավ, անվերջ թափվող անձրևներով, անվերջ շտապող մարդկանցով: Երեկոները հաճախ եմ գալիս այ, այն սրճարանը: Գարեջուր եմ պատվիրում ու երկար նստում սիրելի ու հարազատ դարձած սեղանի մոտ: Նայում եմ հաճախորդներին, որոնց մեջ հետաքրքիր ու զարմանալի մարդիկ կան: Շատ են վտարանդիները, որոնք աշխարհի մեծագույն քաղաքներից մեկն են եկել ամենատարբեր երկրներից` հաջողություն ու շատ փող գտնելու: Ես էլ զտարյուն ամերիկացի չեմ, բայց այս երկիրն իմն էլ է դարձել, որովհետև ոչ ոք ազգություն ու կրոնական պատկանելություն չի հարցնում, ոչ ոք չի դատապարտում քաղաքական հայացքներիդ համար: ճիշտ որ, ազատ երկիր է Ամերիկան… Ես էլ ամերիկացիների նման ամեն տարեմուտի, երբ նշում են Ծննդյան տոները, նստում եմ իմ փոքրիկ ու հարմարավետ բնակարանում, փոքրիկ սեղանի մոտ, բացում շամպայնի շիշն ու երգում` «Աստված պահի Ամերիկան»… (Բարձրացնում է անձրևանոցի օձիքը:) Որքան էլ սիրում եմ աշնանային անձրևը, այնուամենայնիվ, արդեն ցուրտ է: Պետք է շուտ տուն հասնել, վառել բուխարին, սալիկների վրա տաքացնել երեկ գնված սենդվիչները, թեյ պատրաստել և ընկղմվելով խորունկ բազկաթոռի մեջ` հեռուստացույց նայել: Ինչքան եմ սիրում մենակությունն ու հեռուստացույցը: Նրա առջև են ծնվում իմ ստեղծագործությունները: Ես հերոսներ եմ ընտրում հեռուստատեսային հաղորդումներից, այն բազմաթիվ սերիալներից, որոնք ստեղծվում են ինձ նման անհոգ մարդկանց համար… Մի ժամանակ սիրում էի նաև նյույորքյան մետրոն, որի կայարաններում ժամերով ման էի գալիս` հետևելով մարդկանց, նրանց անցուդարձին… Բայց այն, ինչ տեղի ունեցավ անցած աշուն` լրիվ փոխեց վերաբերմունքս մետրոյի նկատմամբ: Հիմա սոսկումով եմ անցնում որոշ կայարաններով` փակելով աչքերս, չեմ ուզում նայել նստարանների երկար շարքերին… Ինձ սիրելի նյույորքյան մետրոն հաշվված ժամերի ընթացքում ատելի դարձավ… (Ասես խուլ ոռնոց ու կրակոցի ձայներ է լսում, ձեռքերով փակում է ականջները:) Այդ օրը երբեք, երբեք չեմ մոռանա…

Կարդացեք նաև