Էլֆիք ԶՈՀՐԱԲՅԱՆ / ԹԵԹԵՎ ՏԱՐԵՔ

(սատիրիկ տրագիկոմեդիա)

Գործող անձինք
ՔՆՆԻՉ ՊՂՊՋԱԿՅԱՆ — ե՛ս, հետո` Աստված
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑ — անձ, որի կենսագրությունն է. «Ծնվել է 19… թ. – ին»
ԴԵՐԱՍԱՆ — 21-րդ դարի 8-րդ հանճարը
Նրա ՀՈՐԱՔՈՒՅՐԸ — 75-ամյա օրիորդ, մեռնող գյուղի նախավերջին մոհիկանը
ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻ — նոր սերնդի PR
Նրա ՄԱՅՐԸ — նախկին վաճառողուհի — «Կյանքը վաճառվե՞ց. ուշացա»…
30-ամյա ՕՐԻՈՐԴ — աղջիկ, ով սպասում է չծնված իր արքայազնին
ԲԺՇԿՈՒՀԻ — նրա մայրը` անմեղ հիտլերականության անհայտ հետևորդ դիդակտիկայի մեջ
ԱՄՈՒՍԻՆ
ԿԻՆ — գլոբալիզացիայի տակ ընկած բիզնես-ընտանիք
ՊԱՏԱՆԻ — որդի…
Մեռելների խումբ — ԴԱՏԱԽԱԶ, ԼՐԱԳՐՈՂ, ԿՅԱԺ` թխամազ «գողական» և ՍԱՏԻՐԻԿ, ում հումորն ու հեգնանքն իր երկրում ընկալում են 1549 մարդ:

Գործողության վայրը` մայրաքաղաք: Ժամանակը` մեր օրերը:

ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋԻՆ
Տեսարան առաջին

Եռահարկ շենք, որի կողքով անցնողը երազում է ապրել թեկուզև առաջին հարկում: Բակի լապտերների շուրջ խմբվել են բնակիչները, քննիչը, ոստիկանության աշխատակիցը և ոստիկաններ, որոնցից ոչ մեկի մտքով չի անցնում դիտել լուսնի խավարումը:
ՔՆՆԻՉ — Խուճապի մի՛ մատնվեք…
ԲԻԶՆԵՍ-ԱՄՈՒՍԻՆ — Էլի մարդասպանությո՞ւն է եղել:
ՔՆՆԻՉ — Ո՛չ: Չգիտե՞ք, որ մեր երկրում հազվադեպ են մարդ սպանում: Հավաքվե՛ք, կարևոր բան ունեմ ասելու:
ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻ — Հիմա ի՞նչ է եղել…
ՕՐԻՈՐԴ — Պարո՛ն քննիչ, դեռ բացակա մարդ կա: Ի՜նչ պարտաճանաչ ենք: Դրա համար էլ այսքա՜ն առաջ ենք գնացել:
ԲԺՇԿՈՒՀԻ — Բայց բոլորն էլ ներկա են:
ՕՐԻՈՐԴ — Ո՛չ, մայրի՛կ, գոնե դու պետք է ուշադիր լինեիր: Սերիալիստը չկա:
ՀՈՐԱՔՈՒՅՐ — Կգա, աղջի՛կս: Ի՞նչ կարիք կա աղմուկ սարքել: Ամեն ինչ սիրում եք ծանրացնել: Հետո նա դարի 8-րդ հանճարն է, պետք է սրտի թրթիռով սպասեք:
ՕՐԻՈՐԴ — Տիկի՛ն, ձեր գյուղում նա կարող է բոլոր դարերի առաջին հանճարը լինել, բայց ո՞ր մեղքիս համար պետք է նրան 374 վայրկյան սպասեմ:
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑ — Մի՛ վիճեք, ժամանում է:
ԴԵՐԱՍԱՆ — Գուցե շրջվեք, երբ արտիստ է գալիս: Հորաքո՛ւյր, ֆանատներիս ծաղկեփունջը քեզ եմ նվիրում:
ՀՈՐԱՔՈՒՅՐ — Տանն արդեն նվիրել էիր, տղա՛ս: Ինչո՞ւ ես ծաղկամանից հանել:
ԴԵՐԱՍԱՆ — Լսում եմ` ի՞նչ է պատահել:
ՕՐԻՈՐԴ — (գրեթե հիստերիկ): Վե՜րջ: Խաչ եմ քաշում, գնամ այս երկրից:
ՎԱՃԱՌՈՂՈՒՀԻ — Արտիստներ ունենք` աշխարհը չունի:
ՕՐԻՈՐԴ — Ո՞նց հանգստանամ, երբ մեր հանճարեղ արվեստագետներին եգիպտական դեսպակներ ու ծառաներ չեն տրամադրում, որպեսզի նրանց ամպոտ ոտքերը չհոգնեն քայլելիս: Կներե՛ք, մեծարգո՛ քննիչ, որ այսքա՜ն սպասեցնել տվեցի բոլորիդ:
ՔՆՆԻՉ — Օրիո՛րդ, սպասե՛ք: Շատ կարևոր բան ունեմ հաղորդելու:
ՎԱՃԱՌՈՂՈՒՀԻ — Ասե՛ք, էլ չենք դիմանում:
ԲԻԶՆԵՍ ԿԻՆ — Պարո՛ն քննիչ, շտապում ենք:
ԴԵՐԱՍԱՆ — Որքան կռահում եմ` օրիորդն իր ծակ գնդակն իմ դարպասն էր նետում:
ՕՐԻՈՐԴ — Մայրի՛կ, իրոք խաչ եմ քաշում: Սելը ճռռալու փոխարեն սելվորն է ճռռում: (Դերասանին.) Ձեր դարպասը փակ պահեք:
ԱՅՍ ՈՒ ԱՅՆ ԿՈՂՄԻՑ — Վերջացրե՛ք, անհարմա՛ր է: Թողեք քննիչն ասի իր խոսքը:
ՔՆՆԻՉ — Օրիո՛րդ, թույլ տվեք ավարտել խոսքս, հետո իրար կդարպասեք:
ՕՐԻՈՐԴ — Ի՞նչ: Դա քննիչի՞ խոսք է: Եթե իրավապահ մարմինն այսպես վեհ է իրեն պահում, ուրեմն եկեք չզարմանանք, որ երեկ այստեղ մարդ են սպանել:
ՔՆՆԻՉ — Օրիո՛րդ, ձեզ պատասխանատվության կենթարկենք:
ՕՐԻՈՐԴ — (լաց լինելով): Տերը ես եմ, բակլան խաշած եմ ցանում:
ԲԺՇԿՈՒՀԻ — (գրկելով): Հանգստացի՛ր, աղջի՛կս: Հիացի՛ր մեր դրկիցների բարեկրթությամբ:
ՈՍՏԻԿԱՆԱՏԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑ — Տիկի՛ն, թույլ տվեք քննիչը հայտնի կարևոր լուրը:
ՔՆՆԻՉ — Հարգարժա՛ն քաղաքացիներ, երեկվա մարդասպանությունը թվով յոթերորդն էր այս վերջին ամիսների ընթացքում…
ՕՐԻՈՐԴ — Տասնյոթերորդը:
ՔՆՆԻՉ — Ավա՜ղ, բոլոր սպանվածներն էլ հայտնի մարդիկ էին` դատախազը, պատգամավորը, լրագրողը, քրեական աշխարհի «Կյաժը» և ձեր սիրելի հարևանը` սատիրիկը:
ԲԻԶՆԵՍ-ԱՄՈՒՍԻՆ — Ներողություն, դեռ շա՞տ բան կա ասելու:
ՔՆՆԻՉ — Սա ի՞նչ քաղաքացիական վերաբերմունք է: Մեր նախարարությունը որոշել է ձեր թաղամասի վրա հատուկ փորձարկում անել, որովհետև հանգուցյալների կեսն այս էլիտար թաղամասից է: Սիրելի՛ քաղաքացիներ, որքան կյանքը հետաքրքիր է դառնում, այնքան բոլորս դժգոհում ենք միմյանցից, հաճույքով ատում իրար ու ոչնչացնում: Ըստ նոր օրենքի` այսուհետև բարոյականության դեմ մեղք գործած մարդուն պատժելու ենք օրենքի ողջ խստությամբ: Պետք է ատելությանը վերջ դրվի… Աշխարհի փրկությունը մեղքը կանխելու մեջ է: Ես առաջինն եմ կողմ քվեարկել այս օրենքին: Երջանիկ կյանք կունենանք շուտով… Չեմ հիշում` ով է ասել մեր համակարգից, բայց շշել է. «Ավելի լավ է մի մոմ վառել, քան թե անվերջ խավարն անիծել»:
ՕՐԻՈՐԴ — Խե՛ղճ Թումանյան, ոստիկան էլ դառար…
ԲԻԶՆԵՍ ԿԻՆ — Ինչպե՞ս եք իմանալու` մեր դրկիցներն ինչ մեղք են գործել:
ՔՆՆԻՉ — Դա մեր գործն է, տիկի՛ն: Թե սատիրիկի դիակն ինչո՞ւ է հայտնվել երրորդ հարկում, երբ նա ապրում էր երկրորդ հարկում, թե ինչո՞ւ ձեզնից որևէ մեկը ոչինչ չգիտե նրա ընտանեկան վիճակից` կպարզենք հետո: Բայց մարդասպանը դուրս չի եկել շենքից: Այստեղից երկու ընտանիք տեղափոխվել է այլ երկիր…
ՕՐԻՈՐԴ — Լա՞վ օրից է, որ մեկնել են…
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑ — Գիտե՞ք, չէ՞, որ ըստ նոր օրենքի, մեծախոսության համար դատ է հասնում:
ՕՐԻՈՐԴ — Ուրեմն, ձեր ողջ համակարգը բանտ են տանելու:
ԲԺՇԿՈՒՀԻ — Աղջի՛կս, իրենք ամեն օր մտնում են ու դուրս գալիս: Կներե՛ք, պարո՛ն քննիչ: Նա կատակեց: Այ, հումոր չունեցողներին ցմահ բանտարկեք:
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑ — Եթե մարդիկ հումոր ունենային, հանցագործություն չէր լինի:
ՔՆՆԻՉ — (Բժշկուհուն): Տիկի՛ն, ձեր ընտանիքն, ըստ նոր օրենքի, կդրվի խոշորացույցի տակ: Գնացե՛ք, խորը մտածեք: Մեր չափանիշն Աստվածաշունչն է:
Մնում են ոստիկանության աշխատակիցները և քննիչը:
ՔՆՆԻՉ — Զգույշ կլինես, չնկատեն` ինչ ես անում: Կտեսնես, թե ինչ արդյունք կտա նոր օրենքը, ու աշխարհը կհետևի մեզ: Մեր հանցագործները քիչ էին` հիմա էլ մարդկության դարդն են մեզ տվել: Սրանց զսպել է պետք: Քո աշխատանքից գոհ եմ…
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑ — Եղա՛վ, պարո՛ն Պղպջակյան: Այնպես կանեմ, որ ոչ ոք գլխի չընկնի:
Քննիչը և ոստիկանները հեռանում են:
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑ — Մի շաբաթ առաջ ինձ համարում էիր ոստիկանության անունը գցող: Ոստիկանապետը շուտ պետք է զանգեր քեզ ինձ համար: Չեք փոխվում, էլի…
Գնում է:

Տեսարան երկրորդ
Տաճար հիշեցնող բնակարան` ի՛ր Աստծո մեծադիր նկարներով: Ներս է մտնում դարի 8-րդը:
ԴԵՐԱՍԱՆ — Հորաքո՜ւյր, արագացրո՛ւ:
ՀՈՐԱՔՈՒՅՐ — Տղա՛ս, չես թողնում` կարգին հարդարվեմ: Խնդրում եմ, չկրկնես իններորդ անգամ: Գերազանց գիտեմ անելիքս:
ԴԵՐԱՍԱՆ — Միշտ մի բան թարս ես անում: Հիշո՞ւմ ես, կարևոր հարցազրույցի խառնվեցիր ու ասացիր` եթե ռեժիսորներին չսիրաշահես, մեր երեխային դեր չեն տա: Չորս անգամ ռեստորան տանելը սիրաշահե՞լ է: Հորաքո՛ւյր, ավելի լավ էր գյուղում բադ պահեիր:
ՀՈՐԱՔՈՒՅՐ — Ի՜նչ բարեկիրթ ես: Կինդ ու երեխաներդ էստեղ չեն, քեզ օգնող չկա, բա մնայի գյուղո՞ւմ:
ԴԵՐԱՍԱՆ — Լավ, հորաքո՛ւյր, տանն ինձ աշխատող էր հարկավոր: Բայց խոստովանի՛ր. դու եկա՞ր, որ գյուղում պարծենաս` էլիտար տանն ես ապրել, չէ՞: Չմոռանա՛ս, բեմում երևացի թե չէ` կծափահարես: Հանդիսատեսը քեզ կմիանա: Իսկ երբ ասեմ. «Կյանքիդ ժամերն ապրի՛ր այնպես, որ քեզ բաժին ընկած ժամերին չավելացնես աշխարհի վիշտն ու տառապանքը, այլ ժպիտով ընդունես նրա անսահման լույսն ու խորհուրդը», բարձր ծափ կտաս:
ՀՈՐԱՔՈՒՅՐ — Եղա՛վ, տղա՛ս:
ԴԵՐԱՍԱՆ — Ինչո՞ւ կոչում չունեմ, ում ասես` տվեցին: Միանգամից պետք է ժողովրդական տային, քանի որ ժողովուրդն ինձ գիտե սերիալներից: Գան, տեսնեն` օրական քանի ինքնագիր եմ բաշխում: Մարդիկ ի՜նչ էին անելու, որ չծնվեինք:
ՀՈՐԱՔՈՒՅՐ — Իսկ ձեր շենքի հանգուցյալին ճանաչո՞ւմ էիր:
ԴԵՐԱՍԱՆ — (գավաթը գետին խփելով): Հորաքո՛ւյր: Խոսում եմ ի՛մ մասին, իսկ դու դիակներից ես հարցնում: Ատո՛ւմ եմ գեղցիներին: Կամ խոսում եմ դերիս հոգեբանական նրբությունների մասին, դու հարցնում ես` սիրուհուդ աջ ոտքն ինչու է կարճ:
ՀՈՐԱՔՈՒՅՐ — (հավաքելով կտորտանքները): Լսի՛ր, է՛, ա՜յ տղա, որ գյուղացիները չլինեն, ձեր երևելի քաղաքացիք կասկածի տակ կդնեն մարդկության գոյության իմաստը:
ԴԵՐԱՍԱՆ — Հորաքու՛յր, անգրագետներն են դժոխք սարքում կյանքը… Նույնիսկ գեղցի և գյուղացի բառերի տարբերությունը չգիտես:
ՀՈՐԱՔՈՒՅՐ — Տղա ջան, էս մեծ քաղաքը դարձրել եք արևելյան բազար: Երբ գալիս եմ էստեղ, ինձ թվում է` աշխարհում տեր-տիրական չկա: Մարդիկ ռոբոտացված, փողոցում պաչպչվում են չտեսի նման ու վազքի մեջ են: Էդ ո՞ւր եք վազում: Ձեր կյանքից բա՞ն եք հասկանում: Աշխատում եք, խժռում, քնում: Ե՞րբ եք գլխի ընկնելու, որ մարդկությունը կործանվում է: Ձեր կյանքի նպատակը փողն է: Խոսելու տեղ ունե՞ք: Ընկած ծառ եք ման գալիս, որ կացինն առնեք, վազեք: Չե՞ք կշտանում իրար հոշոտելուց: Բա գյուղում էսպե՞ս է: Գավառականությունը ձեր քաղաքում է, որ կեղծ ծափ են տալիս, հետո ասում` խայտառակությո՜ւն էր: (Դռան թակոց:) Ե՛ս կբացեմ:
ԴԵՐԱՍԱՆ — Այսօր մեր մսավաճառ վաստակավոր արտիստը կտեսնի, որ ինձ ծափ են տալիս, իրեն` ոչ: Երեկ մտա բեմ, հանդիսատեսը գլխի չընկավ, որ պիտի ծափ տա: Այս ի՜նչ մարդիկ են, տո՜, ամեն ինչ պիտի հուշես:
Մտնում է հորաքույրը, ձեռքին` ծրար:
ՀՈՐԱՔՈՒՅՐ — Կրկին ֆանատներիցդ են: Վերցրո՛ւ:
ԴԵՐԱՍԱՆ — Այսքան հիացական նամակները որտե՞ղ պահեմ: Երևի թանգարան հանձնեմ:
ՀՈՐԱՔՈՒՅՐ — Իրո՞ք քեզ շատ են սիրում, տղա՛ս: Ինչո՞ւ մեր գյուղում քո մասին չեն խոսում:
ԴԵՐԱՍԱՆ — Էլի բերանս բացե՞մ… Ձեր գյուղը փակել եմ տալու:
ՀՈՐԱՔՈՒՅՐ — Չէ՛, տղա ջան, էդ բանը չանես:
ԴԵՐԱՍԱՆ — Հիշո՞ւմ ես, թե ո՛ր բառից հետո պետք է ծափ տաս:
ՀՈՐԱՔՈՒՅՐ — Վա՛յ, էլ չասես, բութ չեմ. «Կյանքիդ ժամերն ապրի՛ր այնպես…»:
ԴԵՐԱՍԱՆ — Ո՜չ, վերջին բառից հետո պետք է ծափ տաս. «…նրա անսահման լույսն ու խորհուրդը»: Կրկնի՛ր:
ՀՈՐԱՔՈՒՅՐ — …նրա անսահման լույսն ու…
ԴԵՐԱՍԱՆ — …խորհո՛ւրդը»:
ՀՈՐԱՔՈՒՅՐ — …խորհո՛ւրդը»:
ԴԵՐԱՍԱՆ — Ի՜նչ լավ է, դերասանուհի չես, խեղճ ռեժիսորները քո շնորհիվ պետք է հարստացնեին բժիշկներին:
ՀՈՐԱՔՈՒՅՐ — Ձեր դերասանուհիներից լավ կխաղայի: Պճնվում են ու բեմ թռչում: Խելք չկա դրանց մեջ:
ԴԵՐԱՍԱՆ — Հորաքո՛ւյր, կարո՞ղ ես խաղալ, որ ասում ես: Ի՞նչ գիտես բեմավիճակը, իրադրությունը, երրորդ պլանը կամ, ասենք, կոնցեպցիան ինչ է: Այս ի՜նչ օրն է ընկել հանդիսականը:
ՀՈՐԱՔՈՒՅՐ — Էդ քննիչի նոր օրենքից բան չհասկացա: Ուշադիր եղիր` չբռնեն քեզ: Իսկ ձեր երրորդ հարկում հայտնված դիակին ճանաչո՞ւմ էիր:
ԴԵՐԱՍԱՆ — Նախ, ըստ նոր օրենքի, հանրապետության առաջին կրկնահանցագործը դո՛ւ կհամարվես, իսկ երկրորդն էլ, այդ հանգուցյալին ճիշտ են արել, որ խփել են: Նա բոլորին սուր հումորով աջ ու ձախ նախշում էր: Դրանց վերջը դա է: Ասացին` արձանը պիտի դնեն: Ի՜նչ մարդասիրություն. մարդուն խփում են, հետո արձան դնում: Իմ արձանը չթողնես` մեր շենքի առջև դնեն, թող կենտրոնական տեղ լինի: Լավ, կտակիս մեջ կգրեմ:
ՀՈՐԱՔՈՒՅՐ — Գոնե մի՛ հիշեցրու: Ես քեզնից շուտ եմ գնալու, արդեն վաթսուն տարեկան եմ:
ԴԵՐԱՍԱՆ — Անցած տարի 74-ամյակդ էր:
ՀՈՐԱՔՈՒՅՐ — Ո՛չ, անցած տարի սխալ էիք նշում տարեդարձս: (Դռան թակոց:) Ֆանատներդ դադար չեն տալիս: (Դուրս է գնում:)
ԴԵՐԱՍԱՆ — Ա՜խ, պարոն վաստակավոր, նախանձից ո՜նց ես մաշվելու, երբ հանդիսատեսն ինձ ծափ տա: Լավ է` հորաքրոջս պես արժեք գնահատող հանդիսական դեռ կա:
Ներս է վազում հորաքույրը: Դուռն ուժգին թակում են:
ՀՈՐԱՔՈՒՅՐ — Ոստիկան է, բացե՞մ:
ԴԵՐԱՍԱՆ — Բա՛ց, շո՜ւտ, կասկածի տեղիք ես տալիս:
ՀՈՐԱՔՈՒՅՐ — Հիմա: (Գնում է:)
ԴԵՐԱՍԱՆ — Ա՜խ, հորաքույր…
Ներս է մտնում ոստիկանության աշխատակիցը:
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑ — (ցույց տալով փաստաթուղթը): Պետք է խուզարկեմ առանց ձեր ներկայության: Կարգն է այդպես:
ԴԵՐԱՍԱՆ — Ինձ չե՞ք ճանաչում:
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑ — Ո՛չ, ես սերիալներ չեմ նայում:
Հորաքույրը և դերասանը դուրս են գնում: Ոստիկանության աշխատակիցը ինչ-որ բան է ամրացնում պատին:
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑ — Կարող եք գալ:
ՀՈՐԱՔՈՒՅՐ — Ի՜նչ դար է, ամեն ինչ արագ են անում:
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑ — Այո՛, ամեն ինչ… (Գնում է:)
ՀՈՐԱՔՈՒՅՐ — Քաղաքացիք տարօրինակ են, սրանց դիմանալու համար պետությունը պետք է հատուկ թոշակ նշանակի մեզ:
ԴԵՐԱՍԱՆ — Եթե այս տարի կոչումս չտվեցին, թող պատրաստվեն սգահանդեսի: Չգիտեն, որ կենցաղային դերեր խաղալն ավելի դժվար է, քան դասական: Այնքա՜ն բնական եմ հայհոյում էկրանից, որ ռեժիսորս կենացս խմում է: Չէ՛, ես հոգեբուժարան կընկնեմ ձեր պատճառով: Գոնե պետական մրցանակ տվեք:
ՀՈՐԱՔՈՒՅՐ — Մեր մեջ ասած, էդ տիտղոսները կործանում են մարդուն, դրանցից օգուտ չկա, չէ՞:
ԴԵՐԱՍԱՆ — Ըհը՜, գյո՜ւղ, գավառականությո՜ւն… Հորաքո՛ւյր, դա մեծ պատիվ է: Նշանակում է` վաստակ ունես քո մշակույթում:
ՀՈՐԱՔՈՒՅՐ — Ստաժն ու վաստակը տարբեր բաներ չե՞ն:
ԴԵՐԱՍԱՆ — Կարո՞ղ է` ինձ այն աշխարհն ուղարկես դեռ կոչում չստացած: Ի՜նչ դժբախտ է այն արվեստագետը, ում ընտանիքում չեն հասկանում: Հորաքո՛ւյր, ամեն օր պետք է ուրախությունից ցնծաս, որ հաղորդակցվում ես աստվածային էակի հետ, ով կարողանում է բեմում մարդ արարել: Չեմ զարմանում: Հասարակության բութ խավն էլ գալիս է մերկ աղջիկներ տեսնելու: Ձեր գյուղում չե՞ն սովորեցրել, որ առանց հոգևոր սննդի մարդն ու անասունը կդառնան հոմանիշներ:
ՀՈՐԱՔՈՒՅՐ — Մի վայրկյան, տղա ջան, էսօր արվեստագետներդ էնքա՜ն կշիռ ունեք… Երբ տեսնես` իրար բզկտում եք, հետո… հաց կիսում: Ձեր կյանքի լարված խաղից չհոգնեցի՞ք:
ԴԵՐԱՍԱՆ — Հերի՛ք է, այնքա՜ն նրբազգացություն չունես, որ եղբորդ տղային ներկայացման ճանապարհելուց առաջ նյարդերը բութ դանակով չկտրտես: Այստեղ, ավա՜ղ, կառավարությունը մեղք չունի: Վե՛րջ, գնացի: Հորաքո՛ւյր, հիշո՞ւմ ես, երբ պետք է ծափահարես:
ՀՈՐԱՔՈՒՅՐ — Էլ չասես: Կխելագարվե՜մ: Հիշում եմ, գնա՛, քեզ հաջողություն:
ԴԵՐԱՍԱՆ — Ասա վերջին անգամ:
ՀՈՐԱՔՈՒՅՐ — «Կյանքիդ ժամերն ապրի՛ր այնպես…»:
ԴԵՐԱՍԱՆ — Ո՛չ, հանկարծ այդ բառերի վրա ծափ չտաս, խայտառակ կանես: Հիշի՛ր, աղաչում եմ. «…անսահման լույսն ու խորհուրդը»:
ՀՈՐԱՔՈՒՅՐ — Եղավ, եղավ, ա՛յ լույս ու խորհուրդ:
Դերասանը գնում է մյուս սենյակը` ցիլինդրը և փոքրիկ ճամպրուկը վերցնելու:
ՀՈՐԱՔՈՒՅՐ — Տեսնես բոլո՞ր արվեստագետների կտուրն է էսպես թռած:
ԴԵՐԱՍԱՆ — (գալիս է): «…անսահման լույսն ու խորհուրդը», «… անսահման լույսն ու խորհո՜ւրդը»… (Գնում է:)
ՀՈՐԱՔՈՒՅՐ — Եղա՛վ: Ե՞րբ եք հագենալու ծափերից…

Տեսարան երրորդ
Բնակարան: Վաճառողուհին կայծակնահարի պես մոտենում է պատուհանին:
ՎԱՃԱՌՈՂՈՒՀԻ — Ո՞վ է տեսել` մի ընտանիքը երեք մեքենա ունենա, բայց էլի փողալաց տա: Ո՜նց կուզեի սրանց տանը լինել: Արկղեր են բերում: Եթե մոտիկից չտեսնեմ` կմեռնեմ:
Ներս է մտնում դուստրը` Ուսանողուհին:
ՎԱՃԱՌՈՂՈՒՀԻ — Հեռո՜ւ:
ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻ — Մա՛մ, ի՞նչ է պատահել:
ՎԱՃԱՌՈՂՈՒՀԻ — Հեչ, խոշոր կողոպուտ: (Դուրս է գնում:)
ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻ — Որտե՞ղ: (Հետևում է մորը, քիչ անց վերադառնում են:) Քո ի՞նչ գործն է, թե ինչ կա այդ բիզնես-ընտանիքի արկղերում:
ՎԱՃԱՌՈՂՈՒՀԻ — Բա չիմանա՞մ` ինչ են բերում մեր շենքը, գուցե նռնակների առքուվաճառքո՞վ են զբաղված:
ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻ — Ինչե՜ր ես ասում:
ՎԱՃԱՌՈՂՈՒՀԻ — Մարդ ու կին ոնց որ ռոբոտ լինեն, իսկ դրանց հիպի տղան խեթ-խեթ ինձ նայեց, մոր ականջին փսփսաց, ու երկուսով փռթկացրին:
ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻ — Որովհետև երբ շքամուտք են մտնում, դու նրանց միշտ «պատահաբար» դիմավորում ես զննելով:
ՎԱՃԱՌՈՂՈՒՀԻ — Պետք է տեղյակ լինել` որտեղ ինչ կա, որպեսզի դարից հետ չմնաս: Պետք չէ անտարբեր հարևան լինել:
ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻ — Մայրի՛կ, հոգնած եմ, գերեզմանոցից եմ գալիս:
ՎԱՃԱՌՈՂՈՒՀԻ — Վա՜յ, աղջի՛կս, նստի՛ր: Ո՞վ է մահացել, ինչպե՞ս, ինչո՞ւ:
ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻ — Ոչ ոք չէր մահացել, բոյֆրենդիս տարա, որ տեսնի` ի՜նչ հուշարձաններ կան: Թոմը ցնցված էր: Ասում էր` հիսունինը տարվա մեջ այդպիսի գեղեցիկ վայր չէր տեսել: Հպարտությամբ պատմեցի, որ մարդասեր անձիք կան, ովքեր իրենց հարազատին կենդանության օրոք այնքան չեն սիրում, որքան մեռնելուց հետո: Ափսո՜ս, այնտեղ սրճարան չկար:
ՎԱՃԱՌՈՂՈՒՀԻ — Կյաժի շիրիմը սարքե՞լ էին:
ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻ — Այն էլ ո՜նց: Փարաջանովինը մոտը խլյակ է:
ՎԱՃԱՌՈՂՈՒՀԻ — Իսկ էդ սատիրիկին, որ խփել են երեկ, ո՞ւր են տարել:
ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻ — Ի՞նչ իմանամ… Երեկ համալսարանում իմացա, որ հայտնի դեմք է եղել:
ՎԱՃԱՌՈՂՈՒՀԻ — Էդ սովորական մա՞րդը, որ նույնիսկ մեքենա չուներ: Լուրերով ասացին, որ հայելի է պահել մեր ժամանակի «երևելի» դեմքերի առաջ` անխնա ծաղրելով բոլորին: Օրինակ, կաշառքի մասին գրել է, որ «մարդիկ փոխադարձ լավություն են անում, ինչո՞ւ եք բարի գործ անելու համար բանտ տանում»: Բայց ճիշտ է գրել, եթե հայրիկդ փող չուղարկեր, ո՞նց էիր համալսարան ընդունվելու:
ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻ — Չվստահեցիք իմ խելքին…
ՎԱՃԱՌՈՂՈՒՀԻ – Կամ եթե «բարություն» չանեինք քո ղեկավարությանը, քեզ կընդունեի՞ն աշխատանքի հոգեբանական կենտրոն:
ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻ — Գիտե՞ս այսօր ինչ եղավ մեր կենտրոնում:
ՎԱՃԱՌՈՂՈՒՀԻ — Ի՞նչ, ձայն էլ չես հանում:
ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻ — Մի ծանրաքաշ կին եկավ, ասաց` ամուսինս դավաճանում է, ես էլ փորձեցի ինքնասպան լինել, դեղահաբեր կուլ տվեցի, բայց վրաս չազդեց…
ՎԱՃԱՌՈՂՈՒՀԻ — Հետո՞:
ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻ — Հետո ինձ այնպիսի՜ ծիծաղ բռնեց, որ նրան սկզբում թվաց` խելագարվեցի իր ցնցող պատմությունից ու ընկա հատակին:
ՎԱՃԱՌՈՂՈՒՀԻ — Գժո՛ւկ, մարդը եկել է հոգեբանական օգնություն ստանալու, դու ծիծաղե՞լ ես նրա դժբախտության վրա:
ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻ — Հետո այդ բեղիկներով կինը գնաց մեր տնօրենին բողոքելու: Երբ տնօրենն ինձ ծիծաղելիս տեսավ, ինքն էլ սկսեց ծիծաղել: Այդ կինն այնպես դուռը շրխկացրեց, որ պատուհան ջարդվեց: Տնօրենը ուզում էր բարկանալ վրաս, բայց չէր կարողանում խոսել, աչքերից արցունք էր հոսում: Աշխատանքից հետո կանչեց, որ նախատի, բայց ավելի ուժգին սկսեց ծիծաղել:
ՎԱՃԱՌՈՂՈՒՀԻ — Իսկ ի՞նչ եղավ էդ խեղճ կինը:
ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻ — Գնալիս ասաց` թերթերում գրել կտամ:
ՎԱՃԱՌՈՂՈՒՀԻ — Բայց ծիծաղելու ի՞նչ կար:
ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻ — Պարզ չէ՞ր, թե ինչ կլիներ անկողնում, նստած տեղից ալարում էր կանգնել: Հետո դրանք ո՜նց են բողոքում ամուսիններից…
ՎԱՃԱՌՈՂՈՒՀԻ — Ողբերգություն է, իսկ դու… Գնա՛, գոնե մի օր պատրաստվիր քննություններիդ:
ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻ — Օ՜ֆ, ավարտելուն բան չմնաց: Դրանցից կազատվեմ:
ՎԱՃԱՌՈՂՈՒՀԻ — Գնահատական ստացա՞ք:
ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻ — Կարող է չստանայի՞նք: Մեր կուրսի Ադրինեին ասում եմ` կուրսը փող է հավաքում, դու ինչո՞ւ չես միանում: Ասում է` այդ փողով բառարան կգնեմ: Զզվում եմ այդ ցուցամոլից: Երեկ էլ, թե` «Բացառիկ տախտակներից պետք է տարբերվե՞մ, թե՞ ոչ»:
ՎԱՃԱՌՈՂՈՒՀԻ — Ո՞ւմ աղջիկն է:
ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻ — Խնդրում եմ հարցեր չտաս: Ա՜խ, մայրի՛կ, մի տարի հետո Թոմի հետ կլինեմ Նյու-Յորքում: Ոչ մեկին չասես, որ բոյֆրենդս հիսունինը տարեկան է:
ՎԱՃԱՌՈՂՈՒՀԻ — Դու էլ գնա, ու ես մենակ մնամ:
ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻ — Եղբայրս կգա բանակից: Ի դեպ, տղադ ընկերոջը նամակ էր փոխանցել իմ միջոցով: Ես էլ թաքուն կարդացի:
ՎԱՃԱՌՈՂՈՒՀԻ — Տայիր, ես էլ կարդայի:
ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻ — Խեղճ տղան չգիտի` «գողական» օրենքներո՞վ, թե՞ զինվորական կանոնադրությամբ առաջնորդվի:
ՎԱՃԱՌՈՂՈՒՀԻ — Ի՞նչ տարբերություն: Իսկ ինչո՞ւ կարդացիր ուրիշի նամակը:
ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻ — Նախ, դա եղբորս նամակն էր, հետո, որպես հոգեբան, ուզում էի իմանալ ներբանակային փսիխոհիգիենան:
Դռան թակոց: Մտնում է Ոստիկանության աշխատակիցը:
ՎԱՃԱՌՈՂՈՒՀԻ — Ի՞նչ է պատահել: Իզուր եք եկել, մենք չէինք կարող սպանել սատիրիկին:
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑ — Պետք է խուզարկեմ ձեր սենյակները, միայն խնդրում եմ, դուրս եկեք այստեղից:
ՎԱՃԱՌՈՂՈՒՀԻ — Ներողություն, վաղո՞ւց եք էս բնագավառում: Հե՞շտ եք ընդունվել էդ համակարգ: Շա՞տ քամեցին: Ու ճի՞շտ է, որ քննիչին առաջ են քաշելու:
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑ — Տիկի՛ն, թույլ կտա՞ք աշխատել:
ՎԱՃԱՌՈՂՈՒՀԻ — Բայց ինչո՞ւ չեք պատասխանում հարցերիս:
ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻ — Մայրի՜կ…
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑ — Ձեր ո՞ր հարցին պատասխանեմ:
ՎԱՃԱՌՈՂՈՒՀԻ — Բոլոր:
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑ — Այո՛, ո՛չ, այո՛, ո՛չ, ո՛չ: Հիմա բարի եղեք, ինձ մենակ թողեք:
ՎԱՃԱՌՈՂՈՒՀԻ — Տեսե՛ք, հա, աղջկաս պետական քննության փողից մի դրամ չպակասի…
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑ — Տիկի՛ն, ինձ ո՞ւմ տեղն եք դրել:
ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻ — Մայրի՛կ:
ՎԱՃԱՌՈՂՈՒՀԻ — Լավ, կներե՛ք:
Ուսանողուհին դուրս է գնում, մայրը ծիկրակում է:
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑ — Տիկի՛ն, իրավունք չունեք մեզ խանգարելու:
Վաճառողուհին գնում է: Ոստիկանության աշխատակիցը կատարում է գործն ու գնում: Վաճառողուհին վերադառնում և ինչ-որ բան է փնտրում:
ՎԱՃԱՌՈՂՈՒՀԻ — Սրանք մեր գլխին օյին են ուզում խաղալ:
ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻ — (ներս գալով): Ի՞նչ կուզես, որ քեզ համար ուղարկեմ Նյու Յորքից:
ՎԱՃԱՌՈՂՈՒՀԻ — Ոչինչ պետք չէ, երկրի վիճակը գնալով լավանում է: Նստի՛ր, մի կարևոր բան հաշվենք: Էս սպանությունից հետո ինձ մի հարց է տանջում…
ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻ — Ի՞նչ հարց:
ՎԱՃԱՌՈՂՈՒՀԻ — Երբ մահանամ, բացի ընտանիքիս անդամներից, ո՞վ կսգա մահս:
ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻ — Ավելի լավ է մտածես, որ մի օր էլ դո՛ւ ես գալու Նյու Յորք:
ՎԱՃԱՌՈՂՈՒՀԻ — Աղջի՛կս, մահն էնպիսի ուղտ է, որ պիտի չոքի բոլորի դռանը: Ավելի լավ է` ճշտենք ինձ իսկապես սիրող մարդկանց թիվը:
ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻ — Մայրիկը ֆրուստրացված հոգեվիճակում է: (Մեկուսի:) Երևի ճիշտ օգտագործեցի բառը: Մա՛մ, ըստ քեզ, ո՞վ իսկապես կսգա:
ՎԱՃԱՌՈՂՈՒՀԻ — Ընկերուհիս` Նվարդը: Աչքերին չի հավատա…
ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻ — Եթե այդքան չօգնեիր, քեզ «կսիրե՞ր»: Նվերներ մի՛ տուր ու կհամոզվես նրա մեծագույն «սիրո» մեջ:
ՎԱՃԱՌՈՂՈՒՀԻ — Իսկ Աննա՞ն` իմ հազար տարվա ընկերուհի՞ն:
ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻ — Շատ կուզենայի հարգել նրան, բայց երկու օրից քեզ կմոռանա:
ՎԱՃԱՌՈՂՈՒՀԻ — Ինչպե՜ս էի մոռացել Սառային և Արամին: Նրանք բարեհաճ են տրամադրված բոլորիս հանդեպ:
ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻ — Ճի՜շտ է, ճի՛շտ է:
ՎԱՃԱՌՈՂՈՒՀԻ — Վերջապես գտանք երկուսին:
ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻ — Բայց, մի վայրկյան… Ինչո՞ւ տարիներով քո դուռը չեն բացում:
ՎԱՃԱՌՈՂՈՒՀԻ — Մարդիկ խիստ զբաղված են:
ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻ — Զբաղված մարդիկ միշտ էլ ժամանակ գտնում են: Էլեկտրիկ Սամվելն ավելի կցավի քեզ համար, քան հորեղբայրս:
ՎԱՃԱՌՈՂՈՒՀԻ — Դու էլ մարդ գտար. ամեն ինչից դժգոհ է, բոլորին անուն է կպցնում, հայհոյում: Քանի՞ անգամ խնդրել եմ, որ մեր տանը չհայհոյի:
ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻ — Լավ, հանի՛ր ցուցակից:
ՎԱՃԱՌՈՂՈՒՀԻ — Ի՞նչ կասես Զառայի մասին:
ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻ — Ո՞նց կարող էիր նրան հիշել: Նրա ամեն ինչը կիսատ է կյանքում, ինքն իրեն դեռ չի գտել: Ումից բանբասեն` կմիանա, մի բան կնախշի… Հետո կորոշի, թե խեղճ հայրիկն ում հետ ամուսնանա:
ՎԱՃԱՌՈՂՈՒՀԻ — Արժե՞ շարունակելը…
ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻ — Կիսատ մի՛ թող: Լավ ճանաչիր մարդկանց:
ՎԱՃԱՌՈՂՈՒՀԻ — Կարծում եմ` պարոն Մուշեղը, որ քեզ ընդունել տվեց համալսարան…
ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻ — Հոգուս մեղք չլինի, բայց համոզվա՞ծ ես` տվածդ գումարից գրպանը չի դրել: ՎԱՃԱՌՈՂՈՒՀԻ — Լա՛վ, դու հուշիր… Տիկին Աղավնի՞ն, Բերոյանների ընտանի՞քը…
ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻ — Չէ՛, չէ՛, ինչ ես ասում… Թո՛ղ մտածեմ:

Տեսարան չորրորդ
Բժշկուհու բնակարանը: Ներս են խուժում բժշկուհին և Օրիորդը:
ԲԺՇԿՈՒՀԻ — Ինչքա՞ն պիտի քեզ ուղեկցեմ, քո պարապը չեմ:
ՕՐԻՈՐԴ — Վե՛րջ, խաչ եմ քաշում, գնամ այս երկրից: Ինչո՞ւ պետք է օրը ցերեկով թիկնապահով ման գամ:
ԲԺՇԿՈՒՀԻ — Կեցցե՛ս, աղջի՛կս, թիկնապահ էլ դարձա: Եվ ինչո՞ւ պիտի քեզ սպանեն, հայտնի դե՞մք ես, ինչ է:
ՕՐԻՈՐԴ — Մայրի՛կ, եթե նախարարությունում թիկունք չունենայիր, քեզ տնօրենի պաշտոն չէին տա:
ԲԺՇԿՈՒՀԻ — Դա ի՞նչ կապ ուներ իմ ասածի հետ:
ՕՐԻՈՐԴ — Ինչո՞ւ ես ինձ խայթում: Չեմ ժխտում, որ մեծ առավելություններ ունեմ հայտնի դեմքերի համեմատ: Մարդ լինելուց վեց կիլոմետր հեռու են… Եվ հետո, ինչո՞ւ բաժակը շպրտեցիր նորեկ բուժքրոջ վրա, երբ զայրացել էիր ծեր բժշկուհու վրա:
ԲԺՇԿՈՒՀԻ — Թողնե՛նք դա: Այսպես որ շարունակես, չես ամուսնանա:
ՕՐԻՈՐԴ — Ինձ սիրահարված տղան մի ծաղիկ է նվիրել: Եթե հիմա այդքա՜ն գծուծ է, հետո ի՞նչ կդառնա: Ինչո՞ւ այն ճիպոտանման աղջկա նշանածը հարյուրմեկ ծաղիկ տա, իսկ իմ ընկերը` մեկ:
ԲԺՇԿՈՒՀԻ — Քեզ ասացի` տղաներին արհամարանք ցույց տուր, հետևիցդ քարշ կգան, բայց չասացի` իսպառ ոչնչացնես:
ՕՐԻՈՐԴ — Դու միայն մեր քեֆերին լսես տղաների ռաբիս կենացները` բոլորն իրար նման, սուտ, ձևական: Նայում ես նրանց անբովանդակ դեմքին ու զարմանում Աստծո վրա: Խոտահամ հումոր ունեն ու այնքա՜ն ինքնավստահ են, ուղղակի ապշում ես:
ԲԺՇԿՈՒՀԻ — Չե՞մ ասել, թույլ չտաս, որ քո ներկայությամբ գռեհիկ հումորներ անեն: Ցույց տուր, որ քեֆերում թրև եկող աղջիկներից չես, այլ ամենահայտնի բժշկուհու դուստրը: Տեսա՞ր, իմ հավակնոտ տեղակալին ո՜նց դուրս շպրտեցի: Մի հաշմանդամ բողոքեց վերևներում, թե կոպիտ եմ ու սխալ դեղեր եմ տալիս հիվանդներին: Հիմա դրան անվճար դեղ չեմ տալիս: Չեմ էլ տալու: Ինչպե՞ս ես համարձակվում իմ անվան հետ խաղալ: Հայ-հայդ գնացել, վայ-վայդ է մնացել, քեզ հետ շփվողները մեղք չե՞ն:
ՕՐԻՈՐԴ — Ձեր բուժքույրերն էլ պակաս չեն, շա՜տ անգրագետ են խոսում ու հայացքները գրպանիդ են:
ԲԺՇԿՈՒՀԻ — Հազար անգամ ասել եմ` դուք բժշկուհի չեք, մեր գործին մի՛ խփեք: Ինչ ուզում են` անեն, միայն չտեսնեմ:
Դռան թակոց: Բժշկուհին գնում, վերադառնում է Ոստիկանության աշխատակցի հետ:
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑ — Տիկի՛ն, ընդամենը խուզարկելու եմ: Ոչ մի վտանգավոր բան չկա:
ՕՐԻՈՐԴ — Օ՜, թույլ տվեք կարմիր գորգ փռել ձեր ոտքերի տակ և աղ ու հացով դիմավորել: Կարելի է մեկ ժամով բանաստեղծ դառնալ ու ձոն գրել ձեր համակարգի մասին: Օրը ցերեկով սարսափում ենք տնից դուրս գալ: Ինչո՞ւ պետք է հենց մե՛ր շքամուտքում հայտնվեր դիակը:
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑ — Նախ, չափավորե՛ք ձեր խոսքերը: Հետո, հասարակությունն է մեղավոր իր լավագույն զավակների սպանվելու գործում:
ՕՐԻՈՐԴ — Ախր, չեք հասկանում, թե ի՜նչ թանկ է իմ կյանքը: Դուք արդեն դիահերձողի հոգեբանությամբ եք հասարակությանը մոտենում: Ներողություն, դուք ի՞նչ հիվանդություն ունեք:
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑ — Օրիո՛րդ, այդ ի՞նչ հարց եք տալիս:
ՕՐԻՈՐԴ — Գիտե՞ք` մարդ ինչքան հիվանդություն, այնքան էլ բնավորության անտանելի գծեր ունի: Ասե՛ք ձեր հիվանդությունը, և կասեմ` ինչ թերություններ ունեք:
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑ – Իմ հիվանդությունը իմ մեղմությունն ու հանդուրժողականությունն է…
ՕՐԻՈՐԴ — Ուրեմն, պանկրեատիտներ ունեք, պարբերական և սնկային հիվանդություն: Լավ, անցե՛ք գործի:
Ոստիկանության աշխատակիցը տեղում ձեռք է բերում «չորրորդ» աստիճանի հիպերտոնիա: ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑ — Կարո՞ղ եք ինձ մենակ թողնել, բժշկուհի՛:
ԲԺՇԿՈՒՀԻ — Հիվանդներից պրծում չկա… (Գնում է:)
ՕՐԻՈՐԴ — Խնդրում եմ, մի րոպե նստեք այստեղ: Շնորհակալ եմ: Խնդրում եմ, բռնեք իմ ձեռքերը:
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑ — Ինչո՞ւ:
ՕՐԻՈՐԴ — Հիմա կասեմ: (Նրան կապում է աթոռին:)
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑ — Ի՞նչ եք անում, օրիո՛րդ:
ՕՐԻՈՐԴ — (փակում է նաև բերանը): Մեր մեջ կուտակված ասելիքն ո՞ւմ ասենք, հը՞: Ինչո՞ւ է ոստիկանությունն այդքան սրտացավ ու նուրբ: Ձեզ չե՞ն ասել, որ մարդկանց պետք է անհատական մոտեցում ցուցաբերել, չէ՞ որ մենք վայրի կատուներ չենք:
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑ — (մի կերպ): Օրիո՛րդ…
ՕՐԻՈՐԴ — Մի՛ վայրկյան: Ի՞նչ խորհուրդ կտաք, ահագին մարդիկ կան, որոնց ուզում եմ մեքենայից կապել ու հրապարակում քարշ տալ: Եվ ինչպե՞ս իրագործեմ իմ մարդասիրական ցանկությունը, որ պլստամ ձեր ձեռքից…
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑ — Օրիո՜րդ…
ՕՐԻՈՐԴ — Երբ ոստիկանապետի տղան երթևեկությունն է խախտում, ինչո՞ւ է ձեր տեսողությունը մինուս քսան դառնում: Ուրիշ երկրներում պետության նախագահը երթևեկության խախտում է անում` տուգանում են, իսկ դուք գուցե պարգևատրե՞ք: Երևի երբեք չեք լսել, որ չինովնիկը աշխատանքի ընդունման համար ազնվորեն կաշառք է պահանջում: Օ՜, իսկ ի՜նչ բարձրության վրա է կրթության վիճակը: Ուսանողների ութսունվեց տոկոսն այնքան կապ ունի սովորելու հետ, որքան ես` ծեփագործության: Ո՜նց կծեծեի դրանց: Ինչո՞ւ: Որովհետև վաղը նրանք են դառնալու մեր երկրի իմաստուն տերերը:
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑ — Օրիո՛րդ…
ՕՐԻՈՐԴ — Ջուր բերե՞մ: Քանի՞ մարդ է գեղեցիկ մայրենիով խոսում: Ամոթ է, չէ՞: Նախ հարցրու` խեղճերը կարո՞ղ են խոսել: Ով ինչպես խոսում է, այնպես էլ ապրում է: Ինչո՞ւ չեք վարձատրում անճոռնի լեզվով խոսողներին: Երբ մարդը հարգալից և կիրթ խոսի` կյանքը կծանրանա, չէ՞: Ո՜նց չծնկեմ ու համբուրեմ ձեր կոշիկի փոշին, որ ձեզ նման աստվածահաճո մարդիկ հաճախ փոխպայմանավորվածության են գալիս հանցագործների հետ: (Արձակում է բերանի, ապա ձեռքերի կապը:)
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑ — Կանայք կան, որ մինչև յոթ հարկանի չհայհոյես, չեն հանգստանա…
ՕՐԻՈՐԴ — Կանանց հայհոյանքով չեն հանգստացնում, ոստիկանության անձուրա՛ց աշխատակից: Լավ, շարունակեք:
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑ — Սա հեշտ կուլ չեք տա… Չէ՛, դեռ չեք սովորել` ում հետ ինչպես խոսել: Բոլորդ ավելի լավ կկառավարեք երկիրը, քան նախագահը: Թե ինչների՞դ վրա եք վեր-վեր թռչում… Իսկ հիմա խանգարո՛ւմ եք:
ՕՐԻՈՐԴ — Աշխատեք ձեր սրտին մոտ ընդունել ասածներս…
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑ — (մեկուսի): Կտուրդ թռած… Կտեսնես, թե քեզ ինչ է սպասվում:
Օրիորդը դուրս է գալիս: Ոստիկանության աշխատակիցը մրթմրթալով կատարում է իր գործը և կատաղած գնում: Գալիս են մայրն ու աղջիկը:
ՕՐԻՈՐԴ — Աշխատանքի չեմ գնում…
ԲԺՇԿՈՒՀԻ — Աղջի՛կս, էլ դիակ չկա: Եվ քեզ մոտ ծալովի դանակ պահիր…
ՕՐԻՈՐԴ — Այս ի՜նչ ապահով ենք ապրում… Թող ինձ հեռացնեն աշխատանքից, բայց ես ոտքս դուրս դնողը չեմ:
ԲԺՇԿՈՒՀԻ — Քեզ շտապ ամուսնանալ է պետք:
ՕՐԻՈՐԴ — Էլի գլխիս վարիչ ես խաղում… Ափսոս չե՞մ, որ մի եսասերի ձեռքն ընկնեմ: Եթե հայրիկը ողջ լիներ, ճիշտ խորհուրդ կտար: Թեպետ էլի դո՛ւ պիտի որոշեիր` ով է մեր տան հայրիկը:
ԲԺՇԿՈՒՀԻ — Անունը չտա՛ս:
ՕՐԻՈՐԴ — Ափսո՜ս, որ նախարարության անհումոր պարոնն ընտանիք ունի…
ԲԺՇԿՈՒՀԻ — Դա քո գործը չէ: Այդ ոստիկանն ինչպե՞ս խուզարկեց, որ կարծես ոչնչի ձեռք տված չլինի:
ՕՐԻՈՐԴ — Կարծես անփորձ թմրամոլ լիներ: Ձեզնից հոգնեցի: Իմ սենյակ չգաս… (Դուրս է գնում:)
ԲԺՇԿՈՒՀԻ — Ի՜նչ բախտավոր է լինելու քո կողակիցը…

Տեսարան հինգերորդ
Բիզնես — ընտանիքի բնակարանը: Այս ընտանիքն այնքա՜ն արագ է խոսում ու շարժվում, թվում է` հինգ րոպեից շարժվելու է գնացքը, իսկ իրենք դեռ չեն հասցրել հավաքել ճամպրուկները:
ԱՄՈՒՍԻՆ — Վաղն անպայման ձեզ կտանեմ բուսաբանական այգի, ան-պա՛յ-մա՛ն: (Դուրս է գնում:)
ՊԱՏԱՆԻ — (SMS է գրում): «Իսկ քո հայրն ի՞նչ է աշխատում»…
ԿԻՆ — Ամեն ինչ ունենք, բայց ինչ-որ բան պակաս է… Անցած շաբաթ պետք է հանգստյան տուն մեկնեինք: Չտարար: Անցած ամիս պետք է Վենետիկ գնայինք, հիմա էլ ասում ես` մյուս ամիս: (Դուրս է գնում:)
ՊԱՏԱՆԻ — «Լօl! Իմ հայրը բիզնեսի արքան է, մայրս` թագուհին»:
Ներս է մտնում Ամուսինը:
ԱՄՈՒՍԻՆ — Ավելորդ ծախսերից խուսափե՛ք: Մա՛յքլ, արի՛ այստեղ: Գիշերը համակարգչի առջև նստած ես, ցերեկը քնում ես արջի պես: Երեսդ չենք տեսնում: Որտե՞ղ է նոր փողկապս:
Դուրս է գնում: Մտնում է Կինը:
ԿԻՆ — Չգիտեմ` ո՞ւմ համար ենք ամառանոց գնել, երբ տարիներով չենք գնում: Մա՛յքլ, ի՞նչ ես գտել համակարգչի մեջ: Հայրդ է մեղավոր, պետք է ինձ չլսեր ու քեզ համար զինվորական գրքույկ չգներ: Օդ չկա… Մա՛յքլ, պատուհանը բաց:
Դուրս է գնում: Հեռախոսով խոսելով` մտնում է Ամուսինը:
ԱՄՈՒՍԻՆ — Ամբողջ բաժնետոմսերն էլ ես կգնեմ… Չէ՛, գիտեմ նրա հաճախորդներին ոնց կպցնել: Ո՞ւմ մայրն է մահացել: Վաթսունմեկ տարեկա՞ն: Ծաղկեպսակն ավելորդ ծախս է: Հուղարկավորությանը չգնալու պատճառ կգտնեմ… Ցը՛:
Մտնում է Կինը:
ԿԻՆ — Քո ընտանիքին ժամեր չես նվիրի: Ինչո՞ւ ես ուշ գալիս: Այնքա՜ն բան ունեմ ասելու:
ԱՄՈՒՍԻՆ — Հետո՛, հետո՛, սիրելի՛ս… Մայքլի համար տուն եմ գնելու:
ԿԻՆ — Այդքանն ինչի՞դ է պետք… (Տալիս է փողկապը):
Կինը դուրս է գալիս:
ՊԱՏԱՆԻ — Հայրի՛կ, քեզ և մամային կարևոր բան ունեմ ասելու:
ԱՄՈՒՍԻՆ — Հանգուցյալին ինչո՞վ են խփել… Էլ ընկերներիդ մոտ չպարծենաս մեր փողերով: Մա՛յքլ, կխելագարվես, ամբողջ օրը համակարգչի առաջ ես…
Գնում է մյուս սենյակը:
ՊԱՏԱՆԻ — Եթե ծնողներիս չասեմ, էլ ո՞ւմ ասեմ… Մա՛…
Մտնում է Կինը:
ԿԻՆ — Ի՞նչ է եղել, տղա՛ս, անընդհատ խանգարում ես: Ուշանում եմ: Նոր գործարք ունեմ… Ուրեմն, այդ սպանվածը մեր հարևաններից է եղել…
ՊԱՏԱՆԻ — Մա՛մ, ե՞րբ ես տանը լինելու, գոնե երկու ժամով: Կամ հոգնած ես, լսելու տրամադրություն չունես, կամ վազքի մեջ:
ԿԻՆ — Ամեն ինչ ունես, էլի դժգոհ ես: Ընդմիջմանն արի ինձ մոտ… Ես էլ խնդիրներ ունեմ, բայց ո՞ւմ ժամանակից խլեմ… (Դուրս է գնում:)
ՊԱՏԱՆԻ — Էդ սատիրիկին ինչո՞վ են կրակել: Բայց սատիրիկն ի՞նչ է: Դատախազին սնայպերով խփեցին, չէ՞: Թիկնապահներն էլ հույս չեն: Wow! Էս ի՜նչ սիրունիկ է, կարելի է կպցնել…
Մտնում է Ամուսինը:
ԱՄՈՒՍԻՆ — Եթե քեզ խելոք պահես, նոր մեքենաներից կգնեմ ու քաղաքում միայն դու կունենաս:
ՊԱՏԱՆԻ — Երեք տարի է` նույնն եմ լսում: Ինձնից խելոք կա՞ աշխարհում:
ԱՄՈՒՍԻՆ — Աչքերս մթնում են, երբ հիշում եմ, թե ինչքա՜ն գումար տանուլ տվեցիր խաղատանը:
ՊԱՏԱՆԻ — «Wow! Դե արի հանդիպենք»… Լավ էլի, պա՛, կարևորն` էդ փողն ուրիշից պոկեցի:
ԱՄՈՒՍԻՆ — Ո՞նց, չհասկացա…
ՊԱՏԱՆԻ — Անցած լինի:
ԱՄՈՒՍԻՆ — Գնացի: Մեկ-մեկ զանգիր, վերջապես հայրդ եմ:
Դուրս է գնում: Գալիս է Կինը:
ԿԻՆ — Գնա՞ց հայրդ: Ուրիշը կմտածի` աշխարհի ամենաերջանիկ կինն եմ: Իմ կյանքից ոչինչ չեմ հասկանում: Թե ո՞ւր ենք շտապում, չգիտեմ:
ՊԱՏԱՆԻ — Մա՛, գոնե դո՛ւ ինձ լսիր: Մի վայրկյան…
ԿԻՆ — Նորից փո՞ղ ես ուզելու: Չկա՛, վե՛րջ:
ՊԱՏԱՆԻ — Չէ՛, էս անգամ անձնական խնդիր է…
ԿԻՆ — Գիտեմ քո անձնական խնդիրը:
Դռան թակոց: Կինը գնում է, վերադառնում Ոստիկանության աշխատակցի հետ:
ԿԻՆ — Ի՞նչ է եղել… Ամուսնուս բա՞ն է պատահել: Մա՜յքլ:
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑ — Հանգստացե՛ք, ձեր ամուսնուն ոչինչ չի պատահել: Ես խուզարկության եմ եկել:
ԿԻՆ — Տղաս էլ թմրանյութ չի օգտագործում, խնդրում եմ, ի սեր Աստծո, նա նոր է չափահաս դարձել, կիրթ ընտանիքի տղա է, ձեռք չտաք:
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑ — Ձեր տղան թմրանյո՞ւթ է օգտագործել:
ԿԻՆ — Ո՛չ, կատակեցի: Ինչո՞ւ եք եկել:
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑ — Ձեր հանգուցյալ հարևանի սպանության հետ է կապված… Պետք է խուզարկենք բնակարանները:
ԿԻՆ — Բայց մեր հարևաններին գրեթե չեմ ճանաչում:
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑ — Այդ ինչպե՞ս:
ԿԻՆ — Կներեք, մենք ընկել ենք գլոբալիզացիայի տակ: Բերե՞մ վկայագիրը:
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑ — Ո՛չ, կարիք չկա, տեսնում եմ… Տղա՛, դուրս արի այստեղից:
ՊԱՏԱՆԻ — Մի վայրկյան, նախադասությունս ավարտեմ:
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑ — Արագացրո՛ւ:
Նրանք դուրս են գնում: Ոստիկանության աշխատակիցը կատարում է իր գործն ու գնում է: Նրանք վերադառնում են:
ՊԱՏԱՆԻ — Սրանք շառ են…
ԿԻՆ — Այդ հարևանին ճանաչո՞ւմ էիր:
ՊԱՏԱՆԻ — Ասում են` հանցագործներին ծաղրել է, ասել` ապրե՛ք, որ ուրիշների քրտինքն ուտում եք…
ԿԻՆ — Պիտի վաճառողուհուն սպանեին, կամ էլ կտուրը թռած օրիորդին, որ միշտ ձայնը գլուխն է գցում. «Ինչո՞ւ եք գիշերվա մեկին աղմկում կամ հռհռում»: Լա՛վ ենք անում: Շուտ մի՛ քնեք, երբ հյուրեր ունենք: Հետո, հաճույք է գիշերն աղմկել շքամուտքում: Ես չէի ուզում այս թաղամասը գալ: Իբր թե էլիտար է: Ինձ թվում է` հայրդ ուրիշ ընտանիք էլ ունի…
ՊԱՏԱՆԻ — Սկսեցի՞ր: Մա՛մ, ախր, բան ունեմ ասելու… Ինձ ե՞րբ պետք է լսեք:
ԿԻՆ — Տղա՛ս, արդեն ձանձրացնում ես: Այնքա՜ն հոգսեր ու գործեր կան, չգիտեմ` որն անեմ: Հիմա ուշանում եմ, հետո կասես: Կամ արագ ասա:
ՊԱՏԱՆԻ — Պետք չի: Ոչ մեկիդ էլ չեմ ասի:
ԿԻՆ — Մա՜յքլ, գոնե արի, հյութ խմիր: Գերհոգնել եմ: Երբ ժամանակ ունենամ` կասես: Լկստված աղջիկների հետ գործ չունես… Գնացի, կներե՛ս, չհասցրի բան պատրաստել…
Կինը դուրս է գնում: Պատանին արագ մտնում է եղբոր սենյակը:

Տեսարան վեցերորդ
Քննիչի գրասենյակը:
ՔՆՆԻՉ — Մարդիկ երկու կրակի արանքում են լինում, ես` երեքի: Ինչո՞ւ ապուշացա: Գրողը քեզ տանի, ա՛յ սատիրիկ, լեզուդ քեզ քաշեիր, էլի: Սպանողներդ էլ են մի ճամպրուկ փող տվել, կողմնակիցներդ էլ, որ գտնեմ մարդասպանին: Ո՞ր մեկի պատվերը կատարեմ: Մյուս կողմից էլ` օրենքն ու արդարադատությունն է ծանրացել սրտիս վրա: Ձեռքս կոտրվեր` չվերցնեի կողմերից մեկի փողը: (Ներս է գալիս մեռելախումբը, ուշադիր հետևում է քննիչին:) Ախր, գիտեմ, թե ինչ կլինի, եթե չկատարեմ մարդասպանի և նրա պատվիրատուների հրամանը: Իսկ ո՞նց կազատվեմ սատիրիկի գազազած կողմնակիցների ձեռքից: Ավելի հեշտ է ձկան պես պլստալ օրենքի ու պետության մամլիչից, քան այդ գիշատիչներից: Նախարարն էլ ասաց` վաղը գործերի կեսից ավելին պետք է արված լինի: Հեշտ էր` գայիր, անեիր: Միայն հայրենասիրություն ես խաղում: Իսկ այդ սատիրիկն ի՞նչ դարձավ, որ այսքան աղմուկ դուրս եկավ: Տո՛, լավ են արել, որ խփել են: Ինչո՞ւ էիր մեզ վրա կծու հումորներ անում…
ՍԱՏԻՐԻԿ — Պարո՛ն Պղպջակյան, ճիշտ են արել, որ ինձ սպանել են: Բայց ուզես-չուզես, պետք է գտնես հանցագործին: Դուրդ կգա՞ր, որ քեզ սպանեին:
ՔՆՆԻՉ — Ո՞վ ես: Սատիրի՞կը, թե՞ արդեն խելագարվում եմ: Ովքե՞ր եք, ի՞նչ եք ուզում… Ինչպե՞ս եք հայտնվել այստեղ… Չսպանե՜ք ինձ, աղաչում եմ, վերցրե՛ք ճամպրուկները, միայն ինձ ձեռք չտաք…
ԴԱՏԱԽԱԶ — Հանգստացի՛ր, քեզ սպանելու համար չենք եկել:
ՔՆՆԻՉ — Վա՛յ, պարո՛ն դատախազ, դուք է՞լ եք եկել… Ասեմ` սուրճ բերեն, բայց ավելի լավ կլինի` գնաք, խանգարում եք: Ձեզ ի՞նչ կա… ձեզ համար սիրուն մահացել եք, գլուխներդ ազատել:
ԿՅԱԺ — Արա՛, էդ ո՞նց ես խոսում դատախազի հետ: Քանի՞ անգամ է թիկունքիդ կանգնել: Հիմի ասա` ինձ ո՞վ խփեց, ինչի՞ մինչև էսօր չեք գտել սպանողին: Դու ո՜նց ես գլուխդ հանգիստ դնում բարձին: Վե՛րջ, չենք թողնի քնես, մինչև չզբաղվես մեր սպանությունների բացահայտումով:
ՔՆՆԻՉ — Կյա՛ժ, մի քիչ էլ համբերիր, արդեն որոշ տվյալներ կան: Պարո՛ն դատախազ, ինչպե՜ս ես փոխվել… Մի՛ մտահոգվիր, մի բան կանենք:
ԴԱՏԱԽԱԶ — Ա՛յ տղա, քեզ ասացին, որ սև ակնոցով տղամարդու կողքին շիկահեր կին կար…
ՔՆՆԻՉ — Եղա՛վ, եղա՛վ, պարո՛ն դատախազ: Գոնե ձեր սպանությունը պետք է շուտ բացահայտենք, մեր համակարգին խարան է:
ԼՐԱԳՐՈՂՈՒՀԻ — Ինչո՞ւ, ես մեղք չէի՞, ջահել-ջահել մահացա: Ինչո՞ւ գործս առաջ չեք տանում, քանի՞ ամիս է` մի կողմ եք դրել: Ամո՛թ ձեզ, կարծում էի` պարկեշտ մարդ եք:
ՔՆՆԻՉ — Ա՜, դուք այն լրագրողն եք, տիկի՛ն, ով քաղաքապետի հինգ նախադասության մեջ ինը սխալ գտավ: Կամ ձեր ինչի՞ն էր պետք գրել նախարարների որդիների սանձարձակությունների մասին: Ի՞նչ փոխվեց: Հիմա չգիտե՞ք, որ մեկին էլ բռնենք, ինչ են անելու…
ԼՐԱԳՐՈՂՈՒՀԻ — Հենց խմբագրությունից դուրս եկա, ինչ-որ մեկը բերանս փակեց: Նրա բերանից հազար ինը հարյուր դրամանոց օղու հոտ էր փչում: Ձեռքերը հասցրի կծել: Ութհարկանի հայհոյանք տվեց ու շրը՜խկ, անձայն ատրճանակով կրակեց գլխիս:
ՔՆՆԻՉ — Լա՛վ, մի՛ հուզվեք, գոնե նյութական վնաս կտանք նրանց: Եվ թեթև տարեք:
ԿՅԱԺ — Արա՛, ա՛յ Պղպջա՛կ-յա՛ն, երկու օր ժամանակ, չգտար ինձ խփողին` քեզ կուղարկենք հոգեբուժարան:
ՍԱՏԻՐԻԿ — Պարո՛ն Պղպջակյան, դժոխքից մեծ բարևներ ենք բերել: Բոլոր բնակիչներն ասացին` թող փողի ճամպրուկները հետն անպայման բերի, որովհետև էլիտար տուն ստանալու համար Սադայելն ազնվորեն կաշառք է ուզում: Հետո քարե կոշիկներ պատվիրիր, որովհետև գետինը երկու հարյուրվեց աստիճան տաք է: Ջեռուցման ծախսերից ազատվում ես…
ՔՆՆԻՉ — Ո՞նց եք համարձակվում, թողեք աշխատեմ, դուրս եկեք, հեռացե՛ք:
Աղմուկի վրա ներս է մտնում Ոստիկանության աշխատակիցը, հետևում ինքն իրեն խոսող Քննիչին:
ՔՆՆԻՉ — Ասացի` կգտնեմ: Ձեզ խելոք պահեիք, չսպանեին: Թե՞ ձեզ թվում է` անթերի եք եղել ու հիմա էլ սրբերի շարքին պիտի դասվեք: Կորե՛ք, հոգիս հանեցի՛ք, կգտնեմ, ասացի: (Ոստիկանին.) Ինչո՞ւ դուռը չթակեցիր:
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑ — Պարո՛ն Պղպջակյան, աղմուկ լսեցի… Ո՞ւմ հետ եք խոսում, երբ սենյակում մարդ չկա:
ՔՆՆԻՉ — Կու՞յր ես… Չքացա՞ն: Չորս մեռելներով վրա էին տվել…
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑ — Ովքե՞ր:
ՔՆՆԻՉ — Դե… մեր հայտնի հանգուցյալները:
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑ — Ջուր բերե՞մ, պարո՛ն քննիչ:
ՔՆՆԻՉ — Ո՛չ, ի՞նչ ես այդպես նայում: Դու էլ գնա:
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑ — Եկա ասեմ, որ տեղադրեցի լսող-ձայնագրող սարքը: Ե՛վ նորաստեղծ օրենքը կփորձարկենք այդ շենքի վրա: Մարդասպանն սկզբից մտել է տներից մեկը, հետո փախել: Բայց ո՞ւմ տուն է մտել, դեռ կպարզենք: Ես կռահում եմ` ով սպանած կլինի…
ՔՆՆԻՉ — Քեզ պատվիրեցի ամբողջ թաղամասում տեղադրել:
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑ — Այո՛, տեղադրել եմ: Շենքերն էլ շատ չեն: Բանտի կեսը պատրաստ պահում ենք…
ՔՆՆԻՉ — Դե, շտապի՛ր: Գնա՛, գրի առ, թե ով ինչ մեղք է գործում ընդդեմ բարոյականության: Մեկը մեկից անմեղ է ձևանում…
Ոստիկանության աշխատակիցը բազմանշանակ ժպտալով դուրս է գնում:

ԵՐԿՐՈՐԴ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ
Տեսարան առաջին
Դերասանի բնակարանը:
ԴԵՐԱՍԱՆ — (ներս գալով): Վա՛յ, հորաքո՛ւյր, ի՞նչ երեսով պիտի տուն գաս: Տանը ծառա է պետք, որ այս պահերին ջուր տա ինձ ու հանգստացնի: Դու ծափ ես տալիս իմ ախոյանի տեքստից հետո՞… Ու քեզ է հետևում ամբողջ դահլիճը: Գոնե հայացքիցս հասկանայիր ու վերջ տայիր բռավոներիդ: Թուր էի ման գալիս, որ ինձ խարակիրի անեմ…
Ոտնաթաթերի վրա ներս է մտնում հորաքույրը, ծնկում է դերասանի առջև ու վայնասուն բարձրացնում:
ԴԵՐԱՍԱՆ — Հիմա որ կաթված ստանամ, ի՞նչ պատասխան պիտի տաս դարերին, հը՞… Մի՛ ողբա, դեռ չեմ զոհվել:
ՀՈՐԱՔՈՒՅՐ — Ախր դու չէիր զգուշացրել, որ էդ տեքստն ուրիշն էլ է ասելու…
ԴԵՐԱՍԱՆ — Բա աչքն ինչի՞ համար է տրված:
ՀՈՐԱՔՈՒՅՐ — Ոչի՛նչ, տղա՛ս, բոլորն էլ զգացին, որ ծափերը սխալ տեղ գնացին…
ԴԵՐԱՍԱՆ — (անմարդկային ձայներ է հանում): Աղոթի՛ր, որ հիմա՛ չմեռնեմ, գոնե սերիալս ավարտվի: Իսկ մյո՞ւս սխրագործությունդ: Հսկիչները բողոքեցին` հորաքույրդ բարձր խռմփացնում էր: Այն էլ ի՛մ տեսարանում: Քեզ չե՞մ ասել` շատ սուրճ խմիր թատրոն գալուց առաջ:
ՀՈՐԱՔՈՒՅՐ — Տղա ջան, ների՛ր, դերասաններն էնպես հաճելի էին խոսում, որ քունս տարավ…
ԴԵՐԱՍԱՆ — Նախ, ամենահաճելին ե՛ս էի այնտեղ, երկրորդն էլ` խռմփոցիդ պատճառով շատ եմ խայտառակ եղել: Չե՞ս հիշում, օպերայում «Ռիգոլետտոյի» ժամանակ խռմփացրել ես, այն էլ` Սպարաֆուչիլի տեսարանում: Հսկիչները փորձել են դուրս տանել, աղմուկ ես սարքել, թե` տոմսի վրա փող ես ծախսել: Իսկ երբ տարել են տնօրենի մոտ, ինչո՞ւ ես ասել, որ իմ հորաքույրն ես: Ամոթդ ո՞ւր էր: Ավելի լավ չէ՞ր` ինձ էլ սպանեին, պրծնեի:
Երկուսով բարձրաձայն լաց են լինում:
ՀՈՐԱՔՈՒՅՐ — Մեր լավը լավ էր, վատը` վատ… (Մեկուսի:) Ձեռքերս կեղտոտեցիք ձեր քաղաքում, ինչո՞ւ եք զոռով ինձ գցում կեղծիքի մեջ:
ԴԵՐԱՍԱՆ — Լսի՛ր, թե ոնց պետք է ինձ հուղարկավորեք: Ուշադի՛ր եղիր, որ hիմա էլ չգնաս ուրիշի մեռելի վրա լաց լինես: Դիակիս մոտ երկար չնստես, որ աչքդ չկպչի, քեզ չկոտորես, բայց անընդհատ լաց կլինես: Սև քողով գլխարկ կդնես, որ դեմքդ ծածկվի: Մեկընդմեջ կասես. «Ժողովուրդը զրկվե՜ց իր մեծագույն զավակից»: Կնոջս էլ կասես, որ հանկարծ չասի` «Եթե սերիալ չմտնեիր` նույն բոմժն էիր մնալու»: Իբր կատակում է իր ցնդած ազգակաների մոտ, նրանք էլ, իբր արվեստից հասկանում են, չինական տիկնիկի պես գլխով են անում: Վա՜յ, հորաքո՛ւյր, թաշկինակն այդպես չպահես, ու կփոխե՛ս:
ՀՈՐԱՔՈՒՅՐ — Կասեմ` երեխայի մուրազը կիսատ թողեցի, սխալ տեղ ծափ տվեցի, բայց նա ինձ ներեց…
ԴԵՐԱՍԱՆ — Կարո՞ղ է` ինձ հոգեդարձ անես: Օ՛դ չկա, ջուր բեր, ջո՜ւր… (Հորաքույրը ջուր է տալիս:) Թող արձանս կենտրոնական հրապարակում դնեն: Թող Իտալիայից կանչեն քանդակագործին: Այստեղինները քննադատությունս չեն ընդունում` արդեն Միքելանջելո են: Կպահանջեք, որ ազգային սուգ հայտարարվի: Ու անպայման հեռուստատեսությամբ հրկիզյալի պես ելույթ կունենաս, թե դարի 8-րդ հանճարին կոչում չտվեցին, որովհետև ժողովուրդն արդեն տվել էր: Իմ չափ ո՞վ է կենցաղային պիեսներում խաղացել, իսկ դասական դերերը հեշտ են, ձիգ կանգնում ես բեմում, ու վերջ: Հասկացա՞ր, հորաքո՛ւյր:
ՀՈՐԱՔՈՒՅՐ — Այո՛, տղա՛ս:
ԴԵՐԱՍԱՆ — Բոլորին գլխի կգցես, որ առանց ծաղկի չգան:
Դռան թակոց: Մտնում է Սատիրիկի ուրվականը` բազմանշանակ ժպիտը դեմքին:
ՀՈՐԱՔՈՒՅՐ — Ե՛ս կբացեմ: (Գնում է:)
ԴԵՐԱՍԱՆ — Գնա՛, բաց, գոնե մի լավ բան արա այս աշխարհում, ա՛յ մեռնող գյուղի խորհրդանիշ: Ինձ մեղադրում են, թե հայերեն խոսել չգիտեմ, իսկ այն մսավաճառին, որ կոչում տվեցին, ասեք` մի դիմում գրի, ու կարդացե՛ք:
ՀՈՐԱՔՈՒՅՐ — (գալով): Էլի նամակ ունես:
ԴԵՐԱՍԱՆ — Տեսնո՞ւմ ես` ինչքան երկրպագու ունեմ: Դագաղիս վրա դա էլ կասես:
ՀՈՐԱՔՈՒՅՐ — (ակնոցը դնելով): Տեսնեմ` ո՞վ է քեզ անընդհատ գրում:
ԴԵՐԱՍԱՆ — Տո՛ւր ինձ, տո՜ւր…
ՀՈՐԱՔՈՒՅՐ — Վա՜յ, ուղարկողը մեր հասցեի՞ց է… Չեմ հասկանում:
ԴԵՐԱՍԱՆ — Երևի շփոթվել են… Լավ, ինձ համար կարդա:
ՀՈՐԱՔՈՒՅՐ — (կարդում է): «Իմ պաշտելի՛ Արտիստ, եթե դուք լինեիք մի այլ երկրում, վաղուց կենդանի լեգենդ կլինեիք: Ձեր մեջ ապրում են հազարավոր մարդիկ… Միշտ մենակ եք: Հոգեկան փոթորկումների ժամանակ ոչ ոք ձեզ չի ամոքում, անգամ ձեր մակերեսային կինը, ով հեռու է նվիրական գաղափարներից: Նախանձը մի՛ դարձրեք ձեր հոմանիշը. կոչումն անցողիկ բան է: Եթե արժեք ունենար` կոչումնավորն էլ այսօր արժեք կունենար: Ուրեմն, սնվեք իրականությունից: Դուք մյուս տաղանդավոր, բայց հանգուցյալ ձեր հարևանի պես հաճախ ճշմարտություն եք կրակում, ու դա շա՜տ թանկ է նստում ձեզ վրա: Իսկ դուք ո՛չ կարող եք հաշտվել այս տխմար ու անիդեալ հասարակության հետ, ոչ էլ դառնալ կեղծիքի արքա: Ուրեմն, ողջախոհ տարեք ձեր խաչը` գտե՛ք ճշմարիտ բարեկամներ: Հիշե՛ք, որ ամեն ինչ անցողիկ է… Ձեր ֆանատներ»: Տեր Աստված, էսպես մտածողներ դեռ կա՞ն: Բայց նամակի կեսը չհասկացա:
Սատիրիկը քրքջում է, թվում է` կընկնի: Հազիվ իրեն դուրս է գցում սենյակից:
ԴԵՐԱՍԱՆ — Երջանիկ եմ, որ գոնե կեսը հասկացար, հորաքո՛ւյր:
ՀՈՐԱՔՈՒՅՐ — Էն ի՞նչ հանգուցյալի մասին են գրել, հո չե՞ն ուզում քեզ սպանել, բալե՛ս:
ԴԵՐԱՍԱՆ — Մարդը կենդանության օրոք էլ կարող է սպանված լինել:
ՀՈՐԱՔՈՒՅՐ — Էդ ո՞նց, տղա՛ս:
ԴԵՐԱՍԱՆ — Է՜, հորաքո՛ւյր:

Տեսարան երկրորդ
Վաճառողուհու բնակարանը: Մայր ու աղջիկ խելացնոր պարում են:
ՎԱՃԱՌՈՂՈՒՀԻ — Մեծ եղբա՜յրս, եղբա՜յրս…
ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻ — Լա՛վ, մայրի՛կ, մեծ եղբայրդ թիվ մեկ մարդն է, որ անկեղծ կսգա քո մահը: Հետո՞…
ՎԱՃԱՌՈՂՈՒՀԻ — Եթե էլի մտածենք, շատ մարդ կգտնենք: Չա՞ր մարդ եմ, որ վրաս իսկական սգացող չլինի:
ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻ — Եթե ամուսնանամ Թոմի հետ, հետո ի՞նչ պատճառով ամուսնալուծվեմ:
ՎԱՃԱՌՈՂՈՒՀԻ — Կզանգես, ամեն ինչ կպատմես, ես էլ խորհուրդ կտամ… Էդ արջի հետ ամբողջ կյանքդ չվատնես:
ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻ — Բա որ պարկեշտ ամուսին լինի՞…
ՎԱՃԱՌՈՂՈՒՀԻ — Որոշողը ես եմ, աղջի՛կս: Միայն ճշտի՛ր, թե նրա հորեղբորն ինչո՞ւ են յոթ տարի նստեցրել: Հիմա ասա` էլ ո՞վ անկեղծ կլացի վրաս:
ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻ — Սառան` ընկերուհիս… քեզ շատ է սիրում:
ՎԱՃԱՌՈՂՈՒՀԻ — Ո՛չ, նա պարզապես քաղաքավարի աղջիկ է: Մի քանի օր կողքիդ կլինի, ու վե՜րջ: Քաղաքավարի մարդիկ հաճախ հաշվենկատ են ու սառը…
ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻ — Գիտե՞ս` ում ես մոռացել:
ՎԱՃԱՌՈՂՈՒՀԻ — Ո՞ւմ…
ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻ — Ազգականիդ` Ժենյային… միշտ քեզ համար նվեր ու քաղցրավենիք է բերում, քեզ պես հոգատար է:
ՎԱՃԱՌՈՂՈՒՀԻ — Ճի՜շտ է, ճի՜շտ է… (Պարում է, բայց անսպասելի վազում է պատուհանի մոտ:)
Հայտնվում է Սատիրիկի ուրվականը, նստում անկյունում:
ՎԱՃԱՌՈՂՈՒՀԻ — Տե՛ս, թե քանի՜ տուփ են տուն բերում: Սրանց տղաները մի օր բարև են տալիս, մի օր` չէ:
ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻ — Այդ ռոբոտների հետ գործ չունես: Ի՞նչ նորություն կա դիակից: ՎԱՃԱՌՈՂՈՒՀԻ — Ասում են` մարդասպանը մեր շենքից է: Անգամ ե՛ս չեմ գլուխ հանում, դրանք ո՞նց են գտնելու մարդասպանին:
ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻ — Գուցե նրանք գլուխ հանեն…
ՎԱՃԱՌՈՂՈՒՀԻ — Լրագրողներ եկան, հարցրին` կարդացե՞լ եք Սատիրիկի գրվածքները, ասացի` կարգին չեմ իմացել` ով է: Հետո ասացի` կարդալու կարիք չունենք: Լսի՛ր, էդ երկու հոգի՞ն են սգալու դիակիս վրա:
ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻ — Բավակա՛ն է… Գործիս տեղն էլ դադար չկա: Այսօր բոլորը նյարդայնացած են ու անհամբեր:
ՎԱՃԱՌՈՂՈՒՀԻ — Բայց էդ հոգեբանությունից իրոք հասկանո՞ւմ ես, աղջի՛կս:
ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻ — Ինչը որ չեմ հասկանում, հորինում եմ:
ՎԱՃԱՌՈՂՈՒՀԻ — Լավ, նոր անուններ ասա…
ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻ — Հարևաններից մարդ չկա: Ապրում են հաշվարկով: Եթե լացեն քեզ վրա` դու էլ դժոխքից պիտի գաս, որ իրենց վրա լացես…
ՎԱՃԱՌՈՂՈՒՀԻ — Դժոխքի՞ց: Աղջիկ ջան, կյանքում ընդամենը վեց հոգու եմ առևտրի մեջ խաբել: Չե՞ս հիշում` քանի անգամ եմ միջնորդ եղել ու մեր հարևան դատախազին ճամպրուկ հանձնել: Հորդ մեքենան ինչպե՞ս գնեցինք… Ա՜հ, հիշեցի, Սահակյանցների՜ ընտանիքը, նրանք միշտ աջակցել են, գտա՜: Աստված իմ, ի՜նչ քիչ են…
ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻ — Հետո գուցե շատանան…
Վաճառողուհին արագ մոտենում է դռանը: Սատիրիկը գնում է:
ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻ — Այդ ո՞ւր…
ՎԱՃԱՌՈՂՈՒՀԻ — Քանի օր է` դուրս չեմ եկել, շունչս կտրվում է: Դու մնա: Ոստիկանությունից են զգուշացրել: Ինչ-որ բան է լինելու, բայց ոչ մեկին չեն ասում:
ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻ — Լավ, միայն թե զգույշ, կարգազա՛նց մայրիկ: (Մայրը գնում է): Սահակյանցների ընտանիքը չի սգա քո մահը, խե՛ղճ մայրիկ: Այդ ընտանիքն այնքա՜ն է ինքն իրենով տարված, որ ուրիշներին հաղորդակցվում են, ինչպես պարտապանների հետ: Իսկ Ժենյան անպատասխանատու մարդ է, ու հարց է` կգա՞ թաղումիդ, եթե, իհարկե, հետո չզանգի ու արդարանա` հիվանդանոցում է եղել:

Տեսարան երրորդ
Բժշկուհու բնակարանը:
ՕՐԻՈՐԴ — Վե՜րջ, խաչ եմ քաշում` գնամ, ինչպե՞ս կարելի է լավություն անել ու օրն ինն անգամ երեսով տալ: Բութ չեմ, գնահատել գիտեմ, բայց համբերությանս բաժակը ճաքել է:
ԲԺՇԿՈՒՀԻ — Կամաց խոսիր, անկիրթ չես:
ՕՐԻՈՐԴ — Քո կյանքում գոնե մեկը կա, իսկ ես ի՞նչ ասեմ: Տղաներից կուշտ եմ, ընկերուհիներից` հոգնած: Չեմ հասկանում` լավ ընկեր չկա՞: Մեկին լավություն ես անում, իրեն թվում է` պարտավոր եմ, մյուսն էլ` շահ ունի: Ի՞նչ ես դեմքդ թթվեցրել:
ԲԺՇԿՈՒՀԻ — Ես քեզ այդպես չեմ դաստիրակել: Ընկերուհիներիդ ճնշի՛ր, թող քեզնից կախում ունենան ու մի՛ վստահիր նրանց, որ հիմա չբացես բողոքիդ հատորները: Իսկ հիմա շուտ մատանիներդ բեր:
ՕՐԻՈՐԴ — Ինչո՞ւ:
ԲԺՇԿՈՒՀԻ — Ոստիկանությունից չե՞ն զանգել:
ՕՐԻՈՐԴ — Զանգել են, ասել` տնից դուրս չգանք: Մատանիներս ինչո՞ւ բերեմ… էլի բժշկուհիներով վիճել եք, սխալ ախտորոշում տվել հիվանդին ու խեղճին գրողի ծո՞ցն եք ուղարկել:
ԲԺՇԿՈՒՀԻ — Պապանձվի՛ր: Երեք անգամ է նման բան եղել: Իսկ մատանիներդ պետք է վաճառեմ ու փակեմ դատավորների բերանը: Շատ փող է պետք:
Մտնում է Սատիրիկը և մեխվում շեմին:
ՕՐԻՈՐԴ — Կարո՞ղ է` դու ես սպանել սատիրիկին:
ԲԺՇԿՈՒՀԻ — Միայն նա էր մնացել: Սպանողը սպանեց…
ՕՐԻՈՐԴ — Ինչ վարիչ են նշանակել` բնավորությունդ փոխվել է, նևրոզներ ունես: Երևի արդեն սրտի իշեմիկ հիվանդություն էլ կունենաս` կայուն կրծքահեղձուկով: Նյարդերդ ավերել են քեզ ու մեզ:
ԲԺՇԿՈՒՀԻ — Աղջի՛կս, քեզ շատ կարևոր բաներ են պակասում մարդ դառնալու համար:
ՕՐԻՈՐԴ — Լուրջ եմ ասում, աշխատի՛ր առողջ մնալ: Նաև հայտնաբերել եմ, որ մարդը որքան մոտենում է մահվանը, այնքան սկսում է դառնալ իր հակապատկերը, մանկանալ… Դեռ չբացված` թորշոմել կարելի է այս հասարակության մեջ:
ԲԺՇԿՈՒՀԻ — Մատանիներդ բեր: Հասկացի՛ր ինձ, խնդրում եմ: Իմ պատճառով պետպատվերով հիվանդ է մահացել: Մի քնձռոտ պառավ էր… Փող չտվեց, ես էլ ասացի` թաղումն ավելի թանկ է: Հիմա դատի են տալիս:
ՕՐԻՈՐԴ — Պետական հանցագործը մեր տանը` ուրիշների համար եմ ինձ պատեպատ զարկում: Մա՛, ինչո՞ւ բժշկուհի դարձար: Ամեն ինչ ունես, քեզ պե՞տք էր այդ պառավի գրոշները:
Օրիորդը գնում է: Սատիրիկը քրքիջով ինչ-որ բան է ուզում գոռալ, ձայնը չի լսվում… Նա անհետանում է:
ԲԺՇԿՈՒՀԻ — Աղջի՛կս, մայրդ սովորական կին չէ…
ՕՐԻՈՐԴ — (գալով): Վերցրո՛ւ, մեծ հեղինակություն ունեցող բժշկուհի:
ԲԺՇԿՈՒՀԻ — Մեկ ամսից քառակին կվերադարձնեմ:
ՕՐԻՈՐԴ — Կգա՞ մի օր, որ մարդիկ առողջ նայեն աշխարհին: Ճշտել եմ, որ մեր տնօրենը տառապում է պիելոցիստիտով և դաոդենիտներով: Նրա տեղակալը ստամոքսի խոց ունի, երկրորդ աստիճանի հիպերտոնիա, էրեկտիլ դիսֆունկցիա ու միգրեն: Դե արի ու սրանց հետ աշխատիր: Անառողջ մարդիկ պերճախոսում են առողջության մասին: Իրար բզկտելու փոխարեն թող իրենց մարմինն ու հոգին առողջ պահեն: Ինչո՞ւ չես խոսում…
ԲԺՇԿՈՒՀԻ — Դու քո աշխատակիցներին…
ՕՐԻՈՐԴ — Տնօրենի երկրորդ տեղակալն էլ, թվում է` լավ մարդ է, կարևորը` հումոր ունի: Եթե նա չլիներ, կյանքս դժոխք կդառնար… Փոքրիկ կուզ ունի: Քանի որ նրան շատ էի սիրում, որոշեցի սիրտս բացել: Եվ ի՞նչ: Մարդը լսել չգիտե, ամեն ինչ հումորի է վերածում: Անգամ թաղմանը իրեն չի կարողանում զսպել: Խեղճը նյութափոխականության խնդիր ունի և սրբություն բառի իմաստը չգիտե:
ԲԺՇԿՈՒՀԻ — Դու պետք է…
ՕՐԻՈՐԴ — Ու տեսնես` ի՜նչ աղքատիկ լեզվով են խոսում մեր աշխատակիցները: Ես ամաչում եմ նրանց փոխարեն, իրենք` ոչ:
ԲԺՇԿՈՒՀԻ — Դրանց երես…
ՕՐԻՈՐԴ — Դրանց ոչ միայն երես չեմ տալիս, այլև ճնշած եմ պահում: Ամեն չարիքի աղբյուրը տգիտությունն է:
ԲԺՇԿՈՒՀԻ — Վերջապես կթողնե՞ս երկու բառ ասեմ: Գնում եմ վաճառեմ մատանիները: Դուրս չգաս:
ՕՐԻՈՐԴ — Գնա՛: Արդեն հոգնել եմ նաև հոգնելուց…

Տեսարան չորրորդ
Բիզնես-ընտանիքի բնակարանը:
ՊԱՏԱՆԻ — (համացանցով): Ուրիշ բան եմ ուզում, հոգնել եմ թեթևսոլիկ աղջիկներից…
Մտնում է Կինը:
ԲԻԶՆԵՍ-ԿԻՆ — Մա՛յքլը նորից նստե՞ց համակարգչի առջև:
ՊԱՏԱՆԻ — Փորձանք ոստիկաններն ասացին` տնից դուրս չգաք:
ԲԻԶՆԵՍ-ԿԻՆ — Մենք ի՞նչ կապ ունենք դիակների հետ:
ՊԱՏԱՆԻ — Սպանությունների շենք է:
ԲԻԶՆԵՍ-ԿԻՆ — Մի՛ ծիծաղիր: Փոխել է պետք բնակարանը: Հետաքրքրասեր հարևաններ ունենք, իսկ շքամուտքում` դիակներ:
Կինը դուրս է գնում:
ՊԱՏԱՆԻ — Մա՛յքլ, քեզ համար սիրուն ծիտ եմ գտել, ա՛յ անհաջողակ: Բայց ինձ էլ չեն դզում, նրանք ծնվել են մի բանի համար: Մա՛յքլ, երեկ ո՛չ պարեցիր, ո՛չ ուրախացար: Էլի անջատվել ես, մի օր բռնվելու ես, չտեսի պես ես օգտագործում: Մեր ընտանիքից բան չեմ հասկանում…
Մտնում է Կինը:
ԿԻՆ — Էլի՞ հեռախոսդ… Հորդ մի շիկահերի հետ հյուրանոցում տեսնող է եղել… Ուշանում եմ արդեն: Ճգնաժամը խորտակեց ամեն ինչ… Հիմա ամբողջ համալիրը գնած կլինեինք:
ՊԱՏԱՆԻ — Երեք օրով ընկերներով գնալու ենք քաղաքից: Հայրիկը տուն եկե՞լ էր…
ԿԻՆ — Քնած էիր, որ ժամանեց: Չգիտեմ` արժե՞ նորից վարկ վերցնել…
ՊԱՏԱՆԻ — Մա՛, որոշեցինք, որ մի քանի տարի հետո ավագանու անդամ դառնամ: Համարիր, որ անցած եմ: Տարածքներ կան, որ տղերքը երազում են ունենալ…
ԿԻՆ — Գոնե մի քանի օր դասի գնա:
ՊԱՏԱՆԻ — Դասախոսներիս չեմ ճանաչում, մի օր սխալ լսարան էի մտել: Դեկանը մեր ախպերն է…
ԿԻՆ — Օգնիր` հագնեմ… Մի գիրք կարդացած չկաս, պարո՛ն ավագանու անդամ:
ՊԱՏԱՆԻ — Մի օր կկարդամ: Մա՛, կարևոր բան ունեմ ասելու, ե՞րբ կգաս:
Կինը գնում է: Սատիրիկը մտնում է, զննում շուրջբոլորն ինչպես հիվանդների ու ժպտալով անհետանում:
ՊԱՏԱՆԻ — Մա՛յքլ, մեծ եղբայրս ես, երևի դու ինձ օգնես… Հայրիկն ուրախանում է, որ գոնե ուզում եմ ավագանու անդամ դառնալ: Իսկ դու չգիտես, թե ի՞նչ ես ուզում էս կյանքից… (Մտնում է Կինը:) Մայքլը տանն է, ես էլ դուրս գնամ, մա՛:
ԿԻՆ — Ո՛չ, մեկ էլ տեսար` եղբայրդ դուռը չբացեց: Ես գնում եմ…
ՊԱՏԱՆԻ — Ինձ ե՞րբ եք լսելու… Հոգիս արդեն լացում է…
ԿԻՆ — (ծիծաղելով): Օ՜, որտեղի՞ց ես լսել այդ նախադասությունը: Եթե հոգիդ լացում է, իմը` ոռնում է…
ՊԱՏԱՆԻ — Բայց մենք ոչնչի կարիք չունենք…
ԿԻՆ — Կյանքն անցնում է, ինչ-որ բան պակաս է, բայց չգիտեմ, թե ինչ… Հայրդ խոստացավ մեզ տանել…
ՊԱՏԱՆԻ — Մա՛, ինչո՞ւ ես լալիս… ամառանոցի պատճառո՞վ: Մա՜յքլ, արի՛ էստեղ…
ԿԻՆ — Պետք չէ… ոչինչ չի եղել: Գնում եմ… Դժբախտ է այն կինը, ում կյանքը տևում է երեսուն օր: Այսօր կռվեցի սիրելի ընկերուհուս հետ… փողի պատճառով: Ներողություն չեմ կարողանում խնդրել… Ինձ որտե՞ղ գտնեմ… Օր օրի կորցնում եմ բոլորիդ, բո՛-լո՛-րի՛դ:
ՊԱՏԱՆԻ — Մա՛, հանգստացի՛ր, չեմ հասկանում` ինչեր ես խոսում…
ԿԻՆ — Չեք էլ հասկանա… Ապրում ենք օտարի պես, կտրվել ենք իսկական կյանքից: Անորոշություն է, անտարբերություն…
ՊԱՏԱՆԻ — Եթե համալիրն առնենք, իմ անունով կձևակերպենք, չէ՞:
ԿԻՆ — Կաշխատեմ շուտ գալ… Իդեալական ընտանիք ունենք, տղա՛ս: Մա՛յքլ, միջանցիկ քամու տակ չընկնես: Իսկ դու կարգին բանով զբաղվիր: (Գնում է:)
ՊԱՏԱՆԻ — Մա՛յքլ, երկու ժամով ծլկում եմ: Որ մերոնք գան, ասա` հենց նոր գնաց ծխախոտ առնելու: Գիտե՞ս` ի՜նչ աղջիկ եմ գտել… Էսօր նրան կտանեմ ամենաբարձր շենքի տանիք: Քեզ համար ափիոն կբերեմ: Մա՛յքլ, չմոռանաս…

Տեսարան հինգերորդ
Քննիչի սենյակը: Պղպջակյանը խելագարի պես վազում է մերթ այս կողմ, մերթ` այն: Նրան իգաբաղձ արուի պես հետևում է մեռելախումբը:
ԴԱՏԱԽԱԶ — Պարո՜ն քննիչ, նույնիսկ ես չեմ քեզ նման հանճարեղ պաշտոն խաղացել: Երեկ կինդ երեխաներիդ ասաց` ձեր հայրը խանգարումներ ունի:
ՔՆՆԻՉ — Վե՛րջ տուր, պարո՛ն դատախազ: Ես հիշում եմ, որ միասին հաց ենք կիսել… Կգտնեմ հանցագործին…
ԴԱՏԱԽԱԶ — Էշ մի՛ սատկիր, գարուն կգա: Որպես դատախազ եմ ասում. մի՛ դատիր, որ չդատվես: Երևի ոխ ունեի՞ր իմ դեմ… Միևնույն է, մոռացի՛ր, որ հանգիստ ունես: Գոնե իմ պատանեկան երազանքը կիրականանա, ու քո շնորհիվ երգիչ կդառնամ: (Երգում է:)
ՔՆՆԻՉ — Վե՛րջ տուր, պարո՛ն դատախազ: Ամբողջ գիշեր չթողեցիր` աչք փակեմ: Խեղճ կինս դուրս արեց սենյակից: Քեզ պես երգողներին բռնաբարության հոդվածի տակ բանտ կնետեիր…
ԴԱՏԱԽԱԶ — (ավելի ոգևորված է երգում): Պարո՛ն քննիչ, երկու ճամպրուկ փողն ինչի՞ վրա պիտի ծախսես:
ՔՆՆԻՉ – Համենայն դեպս բարակ մեջքով սիրուհիներիս չեմ վստահի: Մի անգամ ես պատվել քո կազինոյում, հիմա քթո՞վս ես բերելու:
ԼՐԱԳՐՈՂՈՒՀԻ — Դե, քո երկրում հանցագործություն չկա, որ հանգիստ խղճով քեզ կազինոներին ես տալիս:
ՔՆՆԻՉ — Եվ ո՞վ է խոսողը: Աշխարհի միակ հանճարեղ լրագրողը, ով ինչ լսում` թարս է հասկանում: Ինձ քանի՜ հանցագործ է գովել, գիտե՞ս: Ինչո՞ւ չեք գրել, նախանձնե՛ր:
ԿՅԱԺ — Պահ, էդ ինչի՞ պիտի հանցագործը քեզ գովեր, Պղպջա՛կ-յա՛ն: Փողը վերցնում էիր, բայց ժամանակին չէիր ազատում:
ՍԱՏԻՐԻԿ — Իսկ ո՞նց չգովես այսպիսի հայրենասեր քննիչին, ով հանցագործներից որպես պարգև փող է գանձում: Այնպես եք կաշառքն ուտում, որ ախորժակս գրգռում եք: Ի՞նչ համ ունի:
ՔՆՆԻՉ — Դու առհասարակ մի՛ խոսիր, այնքա՜ն ես մարդկանց վարքն ու բարքը ջրի երես հանել, որ անունդ տալիս կաթվածահար են լինում: Այդքան հալածանքներից հետո ո՞նց էիր շարունակում գրել:
ՍԱՏԻՐԻԿ — Դուք եք մեծն դատավորն ամեն ինչի, իսկ ինձ նմանները` ճտքակոշիկների փոշի:
ՔՆՆԻՉ — Վե՛րջ տուր, գրամո՛լ: Պարադոքսն այն է, որ ամենաշատ աղմուկը քո մահվան շուրջ է: Չքվե՛ք այստեղից, անիծվածնե՛ր:
ԼՐԱԳՐՈՂՈՒՀԻ — Սատիրիկը քեզ դիպուկ է նախշել: Գիտե՞ս` ո՜նց եմ ծիծաղել, երբ կարդացի քո մասին գրածը:
ՔՆՆԻՉ — Անբարո մարդկանց աջակցողները կրկնակի մեղսակիցներ են: Ի՞նչ եք քիթս մտել: Այս ի՜նչ մարդ են, միայն ուրիշին են մեղադրում: Ձեզ շուտ պիտի սպանեին:
Սարսափահար ներս է ընկնում Ոստիկանության աշխատակիցը:
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑ — Հիմա՞ ինչ է պատահել, ո՞ւմ էիք ուզում շուտ սպանել:
ՔՆՆԻՉ — Քեզ է՞լ է թվում, որ խելագարվել եմ, տխմա՛ր: Աչքերդ լայն բաց, այս մեռելներն առնաբաղձ էգերի պես ընկել են հետևիցս, չեն թողնում` գործ անեմ:
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑ — Բայց այստեղ մարդ չկա… (Մեկուսի:) Ըստ նոր օրենքի` դու բանտում պիտի փտեիր, բայց օրենքը օրինապահի համար չէ:
ՔՆՆԻՉ — Եթե մեր աշխատակիցները քեզ նման ուշադիր լինեն, պարզ է, թե ինչ անտերություն կտիրի ամենուր:
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑ — Բայց այստեղ իրոք մարդ չկա… Ձեր կինն է եկել:
ՔՆՆԻՉ — Ներս չթողնեք: Թող տուն գնա, ասա` ամեն ինչ լավ է:
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑ — Ձեզ հանգիստ է պետք… Ջուր բերե՞մ:
ՔՆՆԻՉ — Ո՜չ: Գործից խոսի՛ր:
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑ — Ամեն մեկին ամենաքիչը հիսուն տարի է հասնում: Ձայնագրություններն ինձ մոտ են` որպես ապացույց:
ՔՆՆԻՉ — Դե, գնա, գալիս եմ: (Մեռելախմբին.) Իսկ դուք չգաք, թողեք, այս կարևոր գործն անեմ, թե չէ հիմա էլի մեկին կխփեն:
ԼՐԱԳՐՈՂՈՒՀԻ — Ինչպե՞ս կարող ենք ձեզ մենակ թողնել, պարո՛ն քննիչ:

Տեսարան վեցերորդ
Նշանավոր շենքի բակը: Բնակիչների ձեռքերը շղթայված են: Բացակայում է դարի 8-րդը հրաշքը: Մի կողմում կանգնած է մեռելախումբը: Կանանցից ոմանք անաղմուկ հեծկլտում են:
ՍԱՏԻՐԻԿ — (կենտրոնում ծնկելով): Պաշտելի՛ դրկիցներ, բացառիկ արժանիքներով օժտված անհատականություններ, իմ կենդանության օրոք ձեր սառնությունն անգամ ինձ այրում էր: Փառք Բարձյալին, որ ձեր ջերմությունը երկար չվայելեցի, այլապես կմոխրանայի տեղնուտեղը:
ՄԵՌԵԼՆԵՐԻ ԽՈՒՄԲ — Հանգստացի՛ր, պարո՛ն սատիրիկ…
ՍԱՏԻՐԻԿ — Իհարկե, այսպիսի՜ ջերմություն տեսնելուց հետո կարելի է գնալ հավիտենական հանգստի: Ինձ ֆիզիկապես տանջեիք, բայց այսքա՜ն սրտացավ չլինեիք հիմա: Փախել է քունը ձեր աչքերից, լացում է ձեր հոգին մի տգեղ հոգու կորստյան համար: Կեցցե՜ք, էլ ինչպե՞ս չխոնարհվեմ ձեր առջև: Կեցցե՛ք, որ դրախտ եք սարքում բոլորի կյանքը: Ձեզնից մեկն անգամ անտարբեր չգտնվեց իմ հանդեպ…
Հանգուցյալները հետ են քաշում բռունցքով գետնին հարվածող Սատիրիկին:
ԿՅԱԺ — Սրանց համար ամեն ինչ մեկ է, բայց մենք գիտեի՛նք` մեզ ոնց լսեցնել տանք:
ԼՐԱԳՐՈՂՈՒՀԻ — Ի՜նչ երանություն է` ապրել այսպիսի ջերմ դրկիցների մեջ:
ԴԱՏԱԽԱԶ — Նրանց սրտերը կարելի է ուղարկել պատմության թանգարան: Ինչո՞ւ պիտի ամեն ինչ մատչելի լինի, որ սրանց զգացմունքները բթանան:
Ոստիկանները ուժով բերում են դերասանին: Նրան հետևում է քննիչը:
ԴԵՐԱՍԱՆ — Դուք պատմության առաջ եք պատասխան տալու: Թեև հպարտանալու եք, որ իմ պատճառով պատմության մեջ եք մնալու: Հորաքո՛ւյր, ասածներս չմոռանաս…
ՀՈՐԱՔՈՒՅՐ — Չեմ մոռանա, տղա՛ս: (Անկեղծ լալիս է` ի տարբերություն մյուսների):
ՕՐԻՈՐԴ — Խաչ եմ քաշում` գնամ: Տանջեցիք ձեր նոր օրենքով: Ի՞նչ հանցանք ենք գործել: Հասկացա, որ այն մանկլավիկը մութ գործով է մտել բնակարանները…
ՔՆՆԻՉ — Օրիո՛րդ, էլի չսկսես, առանց այդ էլ սերիալիստի պատճառով շաքարս բարձրացավ:
ՕՐԻՈՐԴ — Ա՜խ, դուք շաքար ունե՞ք: Ես կասկածում էի… Դրա պատճառով եք վատ աշխատում: Դուք ուրեապլազմոզ էլ կունենաք: Ձեզ չպետք է պատասխանատու պաշտոն տան… Եթե մարդն ունի անբուժելի հիվանդություն, ուրեմն կունենա նաև բնավորության անշտկելի գծեր…
ՔՆՆԻՉ — Օրիո՛րդ, ըստ նոր օրենքի, այստեղ ամենամեծ հանցագործը դուք եք:
ԲԺՇԿՈՒՀԻ — Ձեզնից ով անմեղ է, թող քար շպրտի մեզ վրա…
ՀՈՐԱՔՈՒՅՐ — Ջուր բերեք, ջո՜ւր… Վատ է տղաս:
Ջուր են բերում:
ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻ — Ա՜խ, երբ եմ գնալու Նյու Յորք:
ԲԻԶՆԵՍ-ԿԻՆ — Խնդրում եմ, մեզ բաց թողեք: Առանց այդ էլ գլոբալիզացիայի տակ ենք ընկել:
ՎԱՃԱՌՈՂՈՒՀԻ — Վերի արտի ցորե՞նն եք: Աղջիկս պետական քննության է, բայց ձայն չի հանում: Խեղճը քանի ամիս է` գիշեր-ցերեկ պարապում է:
ՊԱՏԱՆԻ — Կլինի՞, որ մի քիչ էլ ձեր կյանքով ապրեք:
ՎԱՃԱՌՈՂՈՒՀԻ — Եսասեր մարդն է իր կյանքով ապրում: Քննի՛չ, այս տղային տարեք, հա՞: Ապագա հանցագործ է: Բարևն էլ է ափսոսում տալ:
ՔՆՆԻՉ — Լռե՛ք, արևելյան շուկա եք սարքում:
ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻ — Խնդրում եմ, արագացրե՛ք, կարմիր դիպլոմից կզրկվեմ:
ԲԻԶՆԵՍ-ԱՄՈՒՍԻՆ — Ուզում եմ ձեզ հետ առանձին խոսել, պարո՛ն քննիչ:
ՕՐԻՈՐԴ — Ա՛յ, այդ առանձին խոսելն է քանդում երկիրը: Հանե՛ք ձեռնաշղթան, ես խաչ եմ քաշում:
ՔՆՆԻՉ — Կլռե՞ք վերջապես: Սատիրիկը դարձավ այն զոհը, որի պատճառով որոշեցինք կիրառել այս օրենքը: Հիմա բանտերում տեղ չկա, սարսափելի ծանրաբեռնված է: Տասը հոգանոց խցում քսան հոգի ենք խցկել:
ԴԵՐԱՍԱՆ — Ա՜խ, ձեր նմանների դերը ո՜նց կխաղամ ու ձեզ ո՜նց կծաղրեմ բեմից:
ՀՈՐԱՔՈՒՅՐ — Բա մեր գյուղում էսպիսի բաներ կայի՞ն…
ՕՐԻՈՐԴ — Նեղ խցում քսան հոգի կխցկե՞ն… Վա՜յ, էլ չեմ դիմանում:
ՔՆՆԻՉ — Լսե՜ք, այդ խոսքերն ավելացնելու են ձեր պատժի տարիները: (Բոլորը սսկվում են:) Ձեր բնակարաններում լսող սարք ենք տեղադրել: Ընդամենը մի քանի մեղք նշեմ` ինքներդ կցանկանաք բանտ գնալ:
ԲԻԶՆԵՍ-ԿԻՆ — Ի՞նչ, ասեք` տեսնենք…
ԴԱՏԱԽԱԶ — Պղպջակյա՛ն, իրոք դեմք ես: Հանգիստ թող այս մարդկանց: Հիմար օրենք եք հնարել:
ՔՆՆԻՉ — Հիմա կտեսնեք` հիմա՞ր, թե՞ իմաստուն օրենք է:
ՍԱՏԻՐԻԿ — Պարո՛ն քննիչ, սատիրաներս համարում էիր վիրավորանք ընդդեմ մարդկությանը: Հիմա ինչո՞ւ եք այս սրբազան մարդկությանը դատում:
ՔՆՆԻՉ — Սրա՞նք են սրբերը, սրանք բոլորն էլ մոլախոտի հոգեբանություն ունեն: Այսպիսի մեծամիտ ժողովո՜ւրդ… Հավաքարարից մինչև նախարար մեծամիտ են:
Բոլորը սսկված նստում են քննիչի կողքը, որը խոսում է ինքն իր հետ:
ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻ — Մոլախոտի հոգեբանություն մե՞նք ունենք… Այս մարդը հալյուցինացիաների մեջ է: Ո՞ւմ հետ է խոսում…
ԿՅԱԺ — Մեր սպանողներին չգտած` ուրիշ գո՞րծ ես անում: Ուզում ես բոլորի աչքին բարձրանա՞լ: Չի՛ ստացվի:
ԼՐԱԳՐՈՂՈՒՀԻ — Քո ճամպրուկների փողերով թող թանգարան կառուցեն ու քեզ, որպես յուրահատուկ նմուշ, զմռսված հանձնեն դարերին:
ՔՆՆԻՉ — Ձայներդ կտրե՛ք: Դուք անմե՞ղ եք եղել: Եթե ձեր կենդանության օրոք այս օրենքը գործեր` առաջինը դուք պիտի զարդարեիք գաղութները:
ԿՅԱԺ — Պարո՛ն դատախազ, մի անգամ էլ քաղցր երգդ չլսե՞նք:
ՔՆՆԻՉ — Ո՜չ, ագռավի ձայնդ չգցես, խնդրում եմ, գոնե թողեք` սրանց տանեմ բանտ, տեղավորեմ, հետո եթե ուզենաք, մենահամերգ կտաք:
ԲԺՇԿՈՒՀԻ — Սրա հետ ինչ-որ բան է կատարվում: Լսե՛ք, նախարարին այստեղ կանչեք: Այս մարդը խելագար է… Մեզ ծաղրո՞ւմ եք, ինչ է…
ՔՆՆԻՉ — Որ նշեմ սրանց ամենօրյա մեղքերը` կհրաժարվեք մարդկային ցեղի անդամ լինելուց:
ՄԵՌԵԼԱԽՈՒՄԲ — Մեծ հետաքրքրությամբ լսում ենք:
ՔՆՆԻՉ — Պարո՛ն դերասան, սկսենք ձեզնից: Ձեզ համարում եք բարոյական մարդ: Ինչո՞ւ եք ձեր վաստակավոր խաղընկերոջն անվանում մսավաճառ:
ԴԵՐԱՍԱՆ — Ե՞ս… տրամվայի տակ ընկած սուտ է:
ՔՆՆԻՉ — Տեսնո՞ւմ եք այս փոքր սարքը… Ի՞նչ է, մսավաճառը մարդ չէ՞:
ԴԵՐԱՍԱՆ — Մսավաճառն ու բեմն այնքան իրար հետ կապ ունեն, որքան ձին ու բիլիարդը:
ՔՆՆԻՉ — Այնքա՜ն համեստ ես, որ կենդանությանդ օրոք արձան ես ուզում, ոչ թե հուշահամալիր: Եվ ինչո՞ւ ես նամակներ գրում ինքդ քեզ` խաբելով հորաքրոջդ:
ԴԵՐԱՍԱՆ — Չհամարձակվե՛ս, չհամարձակվե՜ս շարունակել…
ՀՈՐԱՔՈՒՅՐ — Որ խեղճը մեռնի, դո՞ւք եք պատասխան տալու:
ՔՆՆԻՉ — Դուք ինչո՞ւ հուզվեցիք, տիկի՛ն, թեև դուք էլ մի երեք տարի կնստեք, որովհետև չեք հասկանում այն արտիստի հոգեբանությունը, ով հասարակությանը համարում է տխմար ու անիդեալ: Ի՞նչ իրավունքով եք մարդուն այդքա՜ն նյարդայնացնում:
ՀՈՐԱՔՈՒՅՐ — Երե՞ք տարի… Ի՞նչ կասեն գյուղացիք իմ մասին:
ՔՆՆԻՉ — (ոստիկաններին): Ջուր պահեք ձեզ մոտ, որովհետև ուշաթափվողներ կլինեն: Գանք վաճառողուհու ընտանիքին: Ձեզ վրա անկեղծ լացողների ցուցակը կազմելիս ինչո՞ւ եք մարդկանց թերագնահատում և սխալ դատողություններ անում:
ՎԱՃԱՌՈՂՈՒՀԻ — Ի՞նչ իրավունք ունեք ուրիշի խոսակցությանն ականջ դնել:
ՔՆՆԻՉ — Հապա տեսեք` ով է ասում: Քաղաքավարի մարդկանց ինչո՞ւ եք անվանում հաշվենկատ ու սառը: Առևտրի մեջ խաբել եք վեց հոգու ու դա համարում եք ձեր արժանի՞քը: Իսկ ձեր աղջիկը տարեց մարդու հետ պատրաստվում է կեղծ ամուսնություն ձևակերպել ու նրա հարստությանը տիրանալուց հետո լքել:
ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻ — Ի՞նչ: Նախ, նման ծրագիր չունենք, հետո` Թոմը տարեց չէ:
ՔՆՆԻՉ — Ինչո՞ւ եք այս բիզնես-ընտանիքին ռոբոտ անվանում: Ինչո՞ւ եք Սահակյանցների ընտանիքը համարում եսասեր, իսկ ոմն Ժենյային` անպատասխանատու: Եվ համալսարան ընդունվելու համար ինչո՞ւ եք կաշառք տվել: (Աղմուկ, ժխոր…) Լռե՛ք, այլապես մեղմացուցիչ հանգամանքներ չեն լինի: Գանք ամենավտանգավոր ընտանիքին: Բժշկուհի, գիտե՞ք, որ ձեզ քառասունմեկ տարվա բանտարկություն է հասնում:
ԲԺՇԿՈՒՀԻ — Ծիծաղս եկավ: Իրոք ցնորվել եք: Բժշկուհիների համար ես չափանիշ եմ:
ՔՆՆԻՉ — Հիպոկրատի երդում տված այս բարի կինը հանճարեղ դաստիարակ է, աղջկան խորհուրդ է տալիս ճնշել ընկերուհիներին: Դուք դատավորներին կաշա՞ռք եք տալու: Ո՞վ է նման բան տեսել: Եվ ինչո՞ւ եք կասկածում, որ ձեր աղջիկը ցնորված է. դա իրականություն է:
ՕՐԻՈՐԴ — Ի՞՜նչ… Վե՜րջ, խաչ եմ քաշում…
ՔՆՆԻՉ — Կեցցե՛ն նոր օրենք ստեղծողները: Իսկ ամենակարևորը` այս բժշկուհու պատճառով հիվանդ է մահացել: Սրանք ձեր մեղքերի մեկ երրորդն են: Գանք գլխավոր հանցագործուհուն` այս հուզառատ օրիորդին: Նա ընկերուհուն մեղադրում է լավությունը երեսով տալու մեջ: Մարդկությանը մեղադրում ես ապերախտ լինելու մեջ: Իսկ մեր տկար աշխատակցին, ով կատարում էր իր ծառայողական պարտքը,…
ԲԺՇԿՈՒՀԻ — Ըստ ձեր օրենքի` դուք հենց նոր մեղք գործեցիք: Ինչո՞ւ եք աղջկաս ծաղրում:
ՀՈՐԱՔՈՒՅՐ — Նրանց մեղքերն առավելություններ են, աղջի՛կս: Բռունցքով մախաթին չես խփի:
ՔՆՆԻՉ — Ձեր տիեզերական դատողությունները բանտում թղթին կհանձնեք: Հետո այս օրիորդը բամբասում է աշխատակիցներին, չի գնահատում Աստծո ստեղծածը և այլն: Ըստ մեր մեղմ հաշվարկի` ձեզ հարյուր յոթ տարվա կալանք է հասնում: (Աղմուկ է բարձրանում:) Լռե՛ք: Այս մեղքերը ձեր ուսերին` ի՞նչ երեսով եք փողոց դուրս գալու: Անցնենք բիզնես-ընտանիքին: Հաշվի առնելով, որ նրանք ընկել են գլոբալիզացիայի տակ, որպես տուժյալ` համեմատաբար քիչ կնստեն: Ընտանիքի մայրը մեղադրվում է անկուշտ լինելու մեջ: Բիզնեսը տարել է նրան, կարծում է` կյանքում ինչ-որ բան պակաս է: Ընդհակառակը, ավել է: Դուք ո՞վ եք, որ Աստծո տված կյանքը թերագնահատեք: Բիզնես-տիկինն ընկերուհու հետ կռվել է փողի պատճառով, բայց զղջալու համար մի ամիս հանում ենք նրա պատժի ժամկետից:
ՎԱՃԱՌՈՂՈՒՀԻ — Էստեղ էլ բախտ չունենք…
ՔՆՆԻՉ — Ընտանիքի հորը մեղադրում ենք ինչ-որ շիկահերի հետ հյուրանոցում քարշ գալու և խոստումները չկատարելու մեջ:
ԲԻԶՆԵՍ-ԱՄՈՒՍԻՆ — (Կնոջը` մեկուսի): Հանգի՛ստ, նախարարին կդիմենք:
ՎԱՃԱՌՈՂՈՒՀԻ — Լսեցի՞ք, պարո՛ն քննիչ:
ՔՆՆԻՉ — Որ այդպես է, և՛ նրա, և՛ քո պատժի ժամկետին կգումարենք մեկ տարի ևս: Ցածր խոսել չգիտե՞ս:
ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻ — Ինչո՞ւ, ազնվության համար է՞լ մորս եք մեղադրում:
ՔՆՆԻՉ — Ո՛չ, քիթն ամենուր չխոթելու համար: Իսկ այս պատանին խաբում է մորը, իբր` քաղաքից դուրս է գնում, բայց աղջիկների հետ շնանում է: Ուզում է ավագանու անդամ դառնալ հանուն իր «ախպեր-տղերքի»… Դեկանի հետ հանցավոր գործարքի մեջ է: Այսպես կարող եմ մեկ ժամ շարունակել, բայց մնացածը` դատարանում:
ժխոր:
ՄԵՌԵԼՆԵՐԻ ԽՈՒՄԲ — Պղպջակյա՛ն, ի՞նչ եղավ մեր հարցը:
ՔՆՆԻՉ — Ա՜խ, ո՜նց եմ զզվում մեռելներից: Հանգիստ գնացեք դժոխք էլի: Ինչո՞ւ եք խառնվում երկրային գործերին, ի՜նչ կպչուն եք: Տիկի՛ն լրագրող, քթիս տակ կնոջս պես ֆսֆսոցով մի՛ շնչիր:
Աղմուկը կտրուկ դադարում է: Բոլորն ապշած հետևում են քննիչին:
ՍԱՏԻՐԻԿ — Այսպես թե այնպես` պետք է անես: Երևի աղքատներին ես բաժանելու փողը: Այդ երկու ճամպրուկ փողն էլ ունեցար, հետո՞…
ՔՆՆԻՉ — Ամեն ինչ պիտի իմանա՞ք: Մեռել եք, ձեզ մեռելի պես պահեք:
ԼՐԱԳՐՈՂՈՒՀԻ — Նախ, մենք մեռել չենք, այլ` հանգուցյալ:
ԿՅԱԺ — Չէ՛, Պղպջա՛կ-յա՛ն, դու էսօր էլ չքնեցիր:
ՔՆՆԻՉ — Կյա՛ժ, գոնե դու՛ ամաչիր: Ո՞նց ես համարձակվում հայտնվել մեր ննջարանում, մի շաբաթ է` քո պատճառով կնոջս ստիպում եմ շորերով քնել:
ԴԱՏԱԽԱԶ — Պարո՛ն քննիչ, կենդանի համերգ ենք տալիս, փոխանակ մեզ հատուկ հոնորար տաս…
ՔՆՆԻՉ — Պարո՛ն դատախազ, ձեր մասին այլ կարծիք ունեի, բայց վերջնականապես համոզվեցի, որ ձեր սիրուհին ձեզ մկնդեղ է խմացրել:
ՕՐԻՈՐԴ — Այս մարդու հետ ահավոր բան է կատարվում: Ո՞ւմ հետ է խոսում… Այս ինչ աբսուրդ օրենք են հնարել:
ՊԱՏԱՆԻ — Սրանք շառ են…
ԿՅԱԺ — Պղպջա՛կ-յա՛ն, շա՞տ ենք քո պոչից ման գալու: Խայտառակ եղա իմ ախպերության մեջ: Նրանք վստահ էին, որ գործս դատախազի սպանությունից ավելի շուտ կբացահայտվի:
ՔՆՆԻՉ — Կյա՛ժ, գլուխս մի՛ տար: (Ոստիկաններին): Ի՞նչ եք բերաններդ բաց կանգնել, տարե՛ք սրանց:
Լացուկոծ: Գալիս է Ոստիկանության աշխատակիցը:
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑ — Սպասե՜ք, կարևոր լուր ունեմ հայտնելու:
ՕՐԻՈՐԴ — Հեռու գնա մեզնից, մենք հանցագործ ենք:
ՀՈՐԱՔՈՒՅՐ — Մանավանդ ես, տղա ջան:
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑ — Թե՛թև տարեք, թե՛թև տարեք, ժողովու՛րդ:
ՔՆՆԻՉ — Ա՛յ քեզ պնակալեզ: Ի՞նչ լուր ունես:
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑ — Պարո՛ն Պղպջակյան, երկրի նախագահի կարգադրությամբ չեղյալ է հայտարարվել նոր օրենքը, որովհետև բանտերում այլևս տեղ չկա:
Ուրախության աղաղակներ:
ՔՆՆԻՉ — Ինչպե՞ս… ախր նոր գաղութներ են կառուցվում: Եթե սրանց բաց թողնենք, շարունակելու են սարսափելի մեղքեր գործել: Բանտում իրար ավելի լավ կճանաչեն ու մեզ երանի կտան:
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑ — Նախարարն առաջարկում է անմեղ մարդկանց բանտարկել, որովհետև նրանք քանակով քիչ են, այլապես ամբողջ երկրի համար բանտ ենք կառուցելու:
ՔՆՆԻՉ — Գրողը տանի, գոնե բանտի պայմանները բարելավեն, որ այդ անմեղ մարդիկ իրենց լավ զգան:
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑ – Իսկ նախագահը հրամայել է, որ երկու ճամպրուկով ներկայանաք իր մոտ:
ՔՆՆԻՉ — Ի՞նչ ճամպրուկ, ես կաշառք տվող չեմ: Կաշառատուներն են ավիրում երկիրը:
ՍԱՏԻՐԻԿ — Իհարկե, դուք` ո՜ւր, կաշառքն` ո՜ւր…
ԴԱՏԱԽԱԶ — Խե՜ղճ Պղպջակյա՛ն, ճաշդ եփված է…
ՔՆՆԻՉ — Ձեզ ի՞նչ կա: Վերջապես մի ճիշտ բան պետք է անեին ղեկավարները, այն էլ…
ԼՐԱԳՐՈՂՈՒՀԻ — Մի՛ հուզվեք, ձեզ այցելության կգանք, պարո՛ն քննիչ:
ՔՆՆԻՉ — Բանտը իմ տեղը չէ:
ՍԱՏԻՐԻԿ — Բանտում կմեկուսանաս` որպես սրբազան էակ:
ԿՅԱԺ – Ո՜նց են դզում օրենքները:
Ոստիկանները հանում են բնակիչների ձեռնաշղթաներն ու ձերբակալում քննիչին: Հարևանները հերթով մոտենում են քննիչին:
ՎԱՃԱՌՈՂՈՒՀԻ — Պարո՛ն քննիչ, թեթև տարե՛ք:
ԴԵՐԱՍԱՆ — Այս քննիչը շատ լավ կխաղար ուրվականի հետ խոսող Համլետի տեսարանը:
ՕՐԻՈՐԴ — Մայրի՛կ, խաչ եմ քաշում` գնամ: Այս անմեղ հասարակության մեջ ավելորդ եմ:
ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻ — Ո՞վ էր թույլատրել այդ քննիչին աշխատել: Նրա աչքին ուրվականներ էին երևում:
Հարևանները սկսում են ցրվել:
ՍԱՏԻՐԻԿ — Բայց դուք…, դուք մարդ չեք… Մեկիդ սիրտը չցավեց մեզ համար…
ԿՅԱԺ — Լա՛վ, թեթև՛ տար…
Կրակոց: Քննիչն ընկնում է: Բացի հանգուցյալներից` բոլորը փախչում են, մնում է միայն դերասանի հորաքույրը:
ՀՈՐԱՔՈՒՅՐ — Խփեցի՜ն, քննիչին էլ խփեցին…
Քննիչի ուրվականը միանում է մեռելախմբին:
ՄԵՌԵԼՆԵՐԻ ԽՈՒՄԲ — Բարի գալուստ, պարո՛ն Պղպջակյան:
ՍԱՏԻՐԻԿ — Պարո՛ն քննիչ, թեթև տար, թե՜թև տար…

Կարդացեք նաև