Արտաշես ՇԱՀԲԱԶՅԱՆ / ՄԵՆՔ ԿՎԵՐԱԴԱՌՆԱՆՔ

Դրամա երկու գործողությամբ
Գործող անձինք
ՎԱՆՈՒՀԻ
ԱՐԱՄ — Վանուհու թոռը
ՎԱՀԱԳ
ՀՐԱՅՐ — Վահագի ընկերը
ԿԱՐԻՆԵ
ՆՎԱՐԴ — Կարինեի մորաքույրը
ՀԱՅԿՈՒՀԻ — Կարինեի ընկերուհին
ԳՐԻԳՈՐ ԲԱԼՅԱՆ — Մատենադարանի աշխատակից
ԷՔՄԵՔՉՅԱՆ — բանաստեղծ
ԱԲԵԼ հայրիկ
ՎՈԼՏԵՐ ԱՂԱԽԱՆՅԱՆ — գործարար
ՎԻԿՏՈՐԻԱ — Վոլտերի կինը
Տիկին ԱՄԱԼՅԱ — շրջայցի կազմակերպիչ
ԳԱԳԻԿ — զբոսաշրջության մեքենայի վարորդ
ԷԼՉԻՆ ԳՅՈՒՆԵՅ — սահմանային անցակետի
պատասխանատու, կապիտան
Գնդապետ ՂԱՐԱԱՍԿՅԱՐՕՂԼՈՒ — Էլչին Գյունեյի վերադասը
Սերժանտ ՇԱՐԱՖ — Էլչին Գյունեյի օգնականը
ՍԵԼՎԻ — գնդապետ Ղարաասկյարօղլուի կինը
Սահմանային անցակետի աշխատակիցներ
Այլ հայ զբոսաշրջիկներ

Իրադարձությունները տեղի են ունենում թուրքական սահմանային
անցակետում:
ԱՌԱՋԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ
Առաջին տեսարան
Ներկայացումը սկսվում է անընդմեջ հեռախոսազանգերով: Բացվում է վարագույրը` մթության մեջ շարունակում են հնչել տագնապալի հեռախոսազանգերը: Հեռվից լսվում է տղամարդու խռպոտ ձայն:
ԳՆԴԱՊԵՏ — Գալիս եմ, գալիս եմ… ընդմիջմանն էլ հանգիստ չեն տալիս… (Լուսավորվում է գնդապետի առանձնասենյակը: Նա ներս է խուժում, վերցնում լսափողը:) Գնդապետ Ղարաասկյարօղլուն լսում է:
ԿԱՊԻՏԱՆ — Պարոն գնդապետ, կապիտան Էլչին Գյունեյն է` սահմանային 1004 անցակետից: Անհանգստացնում եմ անպատեհ ժամի, բայց չէի զանգահարի, եթե անհրաժեշտ չլիներ ձեր…
ԳՆԴԱՊԵՏ — Կապիտան, զեկուցեք հակիրճ և ըստ էության: Արտակարգ միջադե՞պ է տեղի ունեցել:
ԿԱՊԻՏԱՆ — Պարոն գնդապետ, ինչպես ասեմ… և այո, և ոչ: Երեսուն րոպե առաջ անցակետին մոտեցավ հայ զբոսաշրջիկների ավտոբուսը: Համապատասխան համարանիշի տրանսպորտային միջոցը 13 օր առաջ էր հատել 1004 անցակետը և մուտք գործել Թուրքիայի Հանրապետության տարածք: Մուտքի արտոնագիր էր ստացել 19 անձ, նույնքան մարդ այժմ ցանկանում է վերադառնալ…
ԳՆԴԱՊԵՏ — Ի՞նչ են արել նորից այդ հայերը, ասացեք միանգամից, առանց ծամծմելու:
ԿԱՊԻՏԱՆ — Կարծես թե ոչինչ, պարոն գնդապետ:
ԳՆԴԱՊԵՏ — Կապիտա՛ն, եթե ոչինչ չի պատահել, այդ դեպքում ինչո՞ւ եք վատնում իմ ժամանակը:
ԿԱՊԻՏԱՆ — Պարոն գնդապետ, այդ հայերը մեր երկրից հող են տանում:
ԳՆԴԱՊԵՏ — Հո՞ղ են տանում… ուզում եք ասել՝ հողի հետ ինչ-որ բան են տանում: Թմրադե՞ղ եք հայտնաբերել, հրաշալի՜, հրաշալի՜…
ԿԱՊԻՏԱՆ — Ոչ, ոչ, միայն հող, ամենասովորական հող: 19 անձ, ընդհանուր հաշվով, իրենց հետ տանում են 113 կիլոգրամ հող: Իսկ օրենսդրությունը այս մասին ոչինչ չի ասում, ես չեմ կարող արգելել:
ԳՆԴԱՊԵՏ — Ասում եք՝ 113 կիլոգրամ հո՞ղ են տանում… Երբեք չես հասկանա, թե ինչ է մտքներին: Դե լավ, թող տանեն, միևնույն է, չեն կարող ամբողջ հողը հետները վերցնել:
ԿԱՊԻՏԱՆ — Միանգամայն ճիշտ եք, պարոն գնդապետ: Եվ, այնուամենայնիվ, եթե կենտրոնում ծանոթանան գրանցամատյանի օրվա գրառումներին, մեզ չե՞ն մեղադրի զգոնության բացակայության մեջ: Պարոն գնդապետ, առաջարկություն ունեմ այս առիթով` եթե թույլ կտաք:
ԳՆԴԱՊԵՏ — Ասեք, տեսնեմ՝ ինչ եք մտածել:
ԿԱՊԻՏԱՆ — Գուցե հարցաքննենք այդ հայերին և արձանագրությո՞ւն կազմենք: Եթե հրամայեք՝ անմիջապես գործի կանցնեմ:
ԳՆԴԱՊԵՏ — Հրամայում եմ հարցաքննել Թուրքիայի Հանրապետության սահմանը հատող զբոսաշրջիկներին և արձանագրություն կազմել: Կապիտան, հարցաքննությունը հարցաքննության տպավորություն չպետք է թողնի, առանց քրեական գործ հարուցելու դրա իրավունքը չունենք: Իսկ դրանց գիտեք, եթե ձեն-ձենի տվեցին՝ ամբողջ աշխարհում աղմուկը կլսվի: Ասացեք, թե ցանկանում եք զրուցել հետները: Հերթով հրավիրեք ու խոսեցրեք: Եվ անպայման ժպտացեք, բոլորին այդտեղ ասացեք՝ թող ժպտան: Ժպտացեք ու թեյ հյուրասիրեք: Անուշեղեն հյուրասիրեք թեյի հետ. հայերը սիրում են, երբ իրենց խաբում են քաղցր-մեղցր բաներով:
ԿԱՊԻՏԱՆ — Ճիշտ այդպես` իբրև թե զրուցել, իրականում՝ հարցաքննել, և անընդհատ ժպտալ: Թույլ տվեք կատարել, պարոն գնդապետ:
ԳՆԴԱՊԵՏ — (վայր դնելով լսափողը): Կատարիր, վախեցած հիմար:
Երկրորդ տեսարան
Ընդարձակ բակ: Շինություն՝ ճակատին գրված է ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՆՑԱԿԵՏ ՄԱՔՍԱՏՈՒՆ:
Նստարաններ, ինչ-որ շինությունների հատվածներ: Մարդիկ՝ նստած, կանգնած ու աննպատակ այս ու այն կողմ քայլող, ճամպրուկներ, պայուսակներ: Վահագը կիթառով հայկական երգ նվագելով ու երգելով պտտվում է հավաքվածների շուրջ, նրան ուղեկցում է Հրայրը: Նրանք մոտենում են նստարանին նստած Կարինեին ու Հայկուհուն: Աղջիկները տեղից բարձրանում, հեռանում են: Տղաները հասնում են ճամպրուկները քրքրող Վիկտորիային ու Վոլտերին: Ամուսինները իբր չեն նկատում: Տղաները շարունակում են քայլել:
ՎՈԼՏԵՐ — Երանի սրանց, լույսը բացվում է՝ երգում են, գիշերը երգում են, ոչ դարդ ունեն, ոչ` ցավ: Կարծես Երևանը ծախել են, Փարիզն էլ վարձով են տվել:
ՎԻԿՏՈՐԻԱ — (կտրվելով գործից): Վոլտ, Փարիզից բերած կաշվե բաճկոնն էլ աչքիս չի երևում, կարո՞ղ է՝ մոռացել ենք:
ՎՈԼՏԵՐ — Վիկա, դու տես՝ ոսկին ուր ես խոճկել, այս ձգձգելը սրտովս չի: Պետք է մաքսազերծեինք անտերը:
ՎԻԿԱ — Եթե ամեն ինչ օրենքով անես՝ գիշերը քունդ չի տանի:
ՎՈԼՏԵՐ — Կամաց, հազար աչք ու ականջ կա շուրջներս: Օրենքով որ ապրեմ՝ իսկի քո պահանջները չեմ բավարարի:
Գալիս են կապիտանն ու Շարաֆը:
ԿԱՊԻՏԱՆ — Հարգելի հայ բարեկամներ, ուշադրություն եմ խնդրում: Սահմանի հատման հետ կապված միջոցառումներն ավարտվում են: Ձեզ բարի ճանապարհ մաղթելուց առաջ մի փոքրիկ մանրուք ևս: Ցանկանում եմ զրուցել յուրաքանչյուրիդ հետ, մեր երկիր այցելության շուրջ:
ՀՐԱՅՐ — (կամաց): Ձեր երկիր երբ ենք այցելե՞լ որ…
ՎՈԼՏԵՐ — Ասացի, չէ՞, վատ բան եմ կանխազգում:
ՆՎԱՐԴ — Առաջին անգամ եմ տեսնում, որ սահման հատելիս զրուցում են:
Տիկին ԱՄԱԼՅԱ — Ժողովուրդ, կարիք չկա ամեն փոքր հարցի համար քննարկում սարքել: Ամեն օր այս սահմանով գնում-գալիս եմ, կարող եմ վկայել, որ սա արարողակարգային պարզ պահանջ է: Թուրքիան կարգ ու կանոնի երկիր է: Համոզված եմ, որ ամեն բան կարգին է, չէ՞, պարոն սպա:
ԿԱՊԻՏԱՆ — Այո, խնդիր չկա: Զրուցենք և բաժանվենք: Իսկ որպեսզի չձանձրանաք՝ թեյ եմ առաջարկում: Նաև քաղցրավենիք, խնդրում եմ չմերժեք: (Դուրս է գնում:)
ԱԲԵԼ հայրիկ — Ես բան չհասկացա, սիրտը զրուցե՞լ էր ուզում… Ասենք, կտրված տեղ է, երևի մարդու կարոտ են մնում:
ՇԱՐԱՖ — Հարգարժան պարոն, գուցե դուք էլ առաջինը զրուցեք: Համեցեք:
Երրորդ տեսարան
Գյունեյի առանձնասենյակը: Նրա թիկունքում Թուրքիայի դրոշն է, կողքի պատին՝ Աթաթուրքի նկարը, անկյունում՝ կիսանդրին: Ներս է մտնում Աբել Հայրիկը:
ԱԲԵԼ հայրիկ — (նայում է նկարին, կիսանդրուն, մեկուսի): Էս նույն մարդն է՞: Հա, էլի, նույն մարդն է:
Կապիտանը հրավիրում է նստելու: Ներս է մտնում զինվորը՝ սկուտեղով, թեյն ու քաղցրավենիքը դնում է սեղանին:
ԿԱՊԻՏԱՆ — Համեցեք, պարոն, թեյ խմեք, անուշեղենից համտեսեք: Կուզեի պատմեիք՝ ինչպես անցավ ճամփորդությունը, երկիրն ինչպե՞ս տեսաք:
ԱԲԵԼ հայրիկ — Լավ էր, չմեռա` Էրգիրը տեսա: Ասում ես՝ Էրգիրը ո՞նց տեսա, ընկեր կապիտան: Ճիշտ էնպես տեսա, ոնց որ պատկերացնում էի:
ԿԱՊԻՏԱՆ — Մինչ տեսնելը պատկերացնո՞ւմ էիք:
ԱԲԵԼ հայրիկ — Հա, երազիս տեսնում էի:
ԿԱՊԻՏԱՆ — Եվ վաղո՞ւց եք այդպիսի երազներ տեսնում:
ԱԲԵԼ հայրիկ — Որ սուտ չասեմ՝ օրորոցից տեսնում եմ: Երևի կաթի հետ է մեջս մտել: Ողորմած պապս, հերս, հորողբերս ամեն օր Էրգրից էին պատմում: Յոթ ախպեր էին եղել` զուլումի ժամանակ երեքը կոտորվել էին, մեկն էլ գաղթի ճամփին էր մարել` չէր դիմացել…
ԿԱՊԻՏԱՆ — Իսկ ճամփորդությո՞ւնն ինչպես անցավ: Որևէ բան չե՞ք տանում մե՛ր երկրից, ասենք, որպես հուշանվեր:
ԱԲԵԼ հայրիկ — Ի՞նչ պիտի տանեմ, ընկեր կապիտան, փառք Աստծո, երկու տղես էլ գործի տեր են` բանի կարիք չունեմ: Մեծս Գերմանիայում է` էս եղավ ութ տարի: Փոքրս էլ դերասան էր` գնաց Երևան, հո գյուղում դերասանություն չէր անելու: Մեր ցեղում դերասան չի եղել, դա ում քաշեց` չգիտեմ…
ԿԱՊԻՏԱՆ — Ասում եք՝ ոչինչ չե՞ք տանում ձեզ հետ:
ԱԲԵԼ հայրիկ — Չէ, բանի կարիք չունեմ:
ԿԱՊԻՏԱՆ — Այսինքն՝ հո՞ղ էլ չեք տանում:
ԱԲԵԼ հայրիկ — Որպես հուշանվե՞ր, ընկեր կապիտան… Հա, հող տանում եմ: Տանեմ, շաղ տամ անցավորիս շիրիմներին: Հորս պատգամն ի կատար ածեմ: Մուշում էինք, ժամանակ եղավ` մեքենա բռնեցի, բարձրացա Սասուն: Վարորդը ջահել տղա էր` Խնուսից: Ճիշտ է, Էդ կողմերում չէր եղել, բայց իմ բացատրելով քշեց, Գեղաշենը գտավ:
ԿԱՊԻՏԱՆ — Ներեցեք, Գեղաշենը որտե՞ղ է:
ԱԲԵԼ հայրիկ — Շուշնամերիկի կողքը, երկու գյուղը մի առու է բաժանում:
ԿԱՊԻՏԱՆ — Իսկ Շուշնամերի՞կը որտեղ է:
ԱԲԵԼ հայրիկ — Շուշնամերի՞կը… Գլեգուզանից քիչ ներքև է:
ԿԱՊԻՏԱՆ — Ճանապարհը որտեղի՞ց գիտեիք:
ԱԲԵԼ հայրիկ — Երազիս տեսել էի: Մենք արմատներով Գլեգուզանից ենք, Գլեգուզանը կիմանաս, ֆեդայիների կենտրոնն էր: Աբել պապիս հայրը ֆեդայիների կապավորն է եղել: Երբ կասկածի տակ է ընկել, ընտանիքն առել, հեռացել է Գեղաշեն` որ տոհմը չկոտորեն: Նույն օդն ու ջուրն է` տարբերություն չկա:
ԿԱՊԻՏԱՆ — Ինչքա՞ն հող եք վերցրել, կբավարարի՞ հարազատների շիրիմների համար:
ԱԲԵԼ հայրիկ — Մեր մեջ ասած, մի բան էլ շատ եմ վերցրել: Որ տեղ հասա՝ գյուղացիք էլ են ուզելու, չէ՞: Քեռի Գրքեի համար էլ փայ կուղարկեմ: Որ ճիշտն ասեմ՝ մի քիչ էլ ջուր եմ վերցրել Մեղրագետից` էդ մեկից ոչ ոքու բաժին չեմ հանելու, պահելու եմ՝ կում-կում խմեմ:
ԿԱՊԻՏԱՆ — Դուք թեյը չխմեցիք, համեցեք, խնդրեմ:
ԱԲԵԼ հայրիկ — Ի՜նչ անուշ բուրմունք ունի: Տրապիզոնի թեյն է, չէ՞: (Հոտ է քաշում թեյից:)
ԿԱՊԻՏԱՆ — (շփոթված): Տրապիզոնի՞… այո՛, այո՛:
Աբել հայրիկը չխմած բաժակը դնում է սեղանին և ուղղվում դեպի դուռը:
ԿԱՊԻՏԱՆ — Ինչպե՞ս էր կոչվում այդ գյուղը, որտեղից հող էիք վերցրել:
ԱԲԵԼ հայրիկ — Շուշնամերի՞կը…
ԿԱՊԻՏԱՆ — Ոչ…
ԱԲԵԼ հայրիկ — Շուշնամերիկից էլ եմ վերցրել, Գեղաշենիից էլ եմ վերցրել: (Մինչև դուրս գնալը:) Ընկեր կապիտան, մի բան էլ ես հարցնեմ` Տաճկաստանը փոխվել է, չէ՞:
ԿԱՊԻՏԱՆ — Ի՞նչ նկատի ունեք:
ԱԲԵԼ հայրիկ — Ասում եմ՝ էս հարյուր տարում Թուրքիան շատ է փոխվել, չէ՞:
ԿԱՊԻՏԱՆ — Փոխվել է, իհարկե, շատ է փոխվել:
ԱԲԵԼ հայրիկ — Ասում եմ՝ փոխվել է, ինձ չեն հավատում: Դե, լավ է, փառք Աստծո: Թե չէ դուք էլ մեղք եք: (Դուրս է գնում:)
ԿԱՊԻՏԱՆ — Չտեսած երկրի երազողներ… Հեքիաթասացներ… (Պատի քարտեզի վրա փնտրելով:) Շարա՛ֆ:
ՇԱՐԱՖ — (որ արձանագրում էր զրույցը): Լսում եմ, պարոն կապիտան:
ԿԱՊԻՏԱՆ — Լսե՞լ ես Գլեգուզան, Գեղաշեն, Շուշ… Շոշ… գյուղերի մասին: Մեղրագետ լսե՞լ ես… որտեղ են գտնվում:
ՇԱՐԱՖ — Չեմ լսել, պարոն կապիտան, գուցե Թուրքիայո՞ւմ չեն գտնվում:
ԿԱՊԻՏԱՆ — Ինչպե՞ս ես համարձակվում… (Նստում, հոտ է քաշում թեյից: Շարաֆին:) Խմիր:
ՇԱՐԱՖ — Ի՞նչ, պարոն:
ԿԱՊԻՏԱՆ — Ինչ-ինչ… խմի՛ր թեյը:
Շարաֆը խմում է թեյը:
ԿԱՊԻՏԱՆ — Որտեղի՞ թեյ է:
ՇԱՐԱՖ — Անկարայի, պարոն կապիտան:
ԿԱՊԻՏԱՆ — Անկարայում թե՞յ է աճում:
ՇԱՐԱՖ — Ո՛չ: Այդին Սիրինօղլուն է արձակուրդից վերադարձել: Մայրը ծխախոտ, մեղր ու մի քանի տուփ թեյ էր դրել հետը: Այդինը ցանկացել էր ձեզ էլ հյուրասիրել, լավ թեյ է:
ԿԱՊԻՏԱՆ — (բարկացած): Հաջորդին կանչիր:
Չորրորդ տեսարան
Անցակետի առջևի հրապարակը: Նույն մարդիկ: Երիտասարդ զինվորը սկուտեղով թեյ ու խմորեղեն է հյուրասիրում: Ոմանք չեն հրաժարվում, մյուսները մերժում են: Կիթառը ձեռքին՝ Վահագը մոտենում է Կարինեին:
ՎԱՀԱԳ — Կարինե, ձեզ հետ խոսել եմ ուզում:
ԿԱՐԻՆԵ — Դարձյա՞լ: Իսկ եթե ես չե՞մ ցանկանում:
Հայկուհին քիչ կողմ է քաշվում:
ՎԱՀԱԳ — Համառում եմ, բայց ուրիշ ելք չունեմ, շուտով կբաժանվենք ու հնարավոր է, այլևս չհանդիպենք:
ԿԱՐԻՆԵ — Սպանեցիք: Այս մարդիկ եկել էին ինչ-որ բան փնտրելու, հայտնաբերելու համար, իսկ ձեզ ոչինչ չգրավե՞ց այս օրերին:
ՎԱՀԱԳ — Հետաքրքիր բաներ շատ տեսա, բայց ամենից շատ դուք գրավեցիք:
ԿԱՐԻՆԵ — Դուք նաև ցինիկ եք:
ՎԱՀԱԳ — Մտածեք՝ ինչ կուզեք, ժամանակ չի մնում ու ես հենց հիմա պիտի ասեմ, որ դուք ինձ դուր եք գալիս:
ԿԱՐԻՆԵ — Սպանեցիք: Իսկ եթե դուք ինձ դուր չե՞ք գալիս:
ՎԱՀԱԳ — (դադարից հետո): Ինչ հեշտ եք ասում սպանել բառը… Գոնե պատկերացնո՞ւմ եք, թե դա ինչպես է լինում:
ԿԱՐԻՆԵ — Չեմ պատկերացնում, իսկ դուք գիտե՞ք…
Վահագը ինքնաբերաբար ձախ ձեռքը թաքցնում է թիկունքում, որի վրա սևեռվել էր Կարինեի հայացքը: Նրա թևին՝ դաստակից մինչև բազուկը ձգվող խոր սպի է, ձեռքը կիսափակ է: Լուռ նայում են իրար: Կարինեն համարյա վազքով գնում է Հայկուհու և Նվարդի մոտ:
Հինգերորդ տեսարան
Գյունեյի առանձնասենյակ է մտնում Նվարդը, նրան հետևող Շարաֆը փակում է դուռը: Գյունեյը նրանց չի նկատում. մատիտը ձեռքին քարտեզի վրա փնտրում է: Դռան փակվելուց հետո շրջվում է:
ԿԱՊԻՏԱՆ — Բարև ձեզ, նստեք, մի փոքր զրուցենք:
ՆՎԱՐԴ — (նայելով գրիչը պատրաստ սպասող Շարաֆին): Եվ պետք է արձանագրվի՞ մեր զրույցը:
ԿԱՊԻՏԱՆ — Դա հենց այնպես… հետո կկարդամ, կվերհիշեմ մանրամասները, բայց եթե դուք չեք ցանկանում… Շարա՛ֆ…
ՆՎԱՐԴ — Ինձ համար միևնույն է:
ԿԱՊԻՏԱՆ — Շնորհակալ եմ: Կուզեի իմանալ, ճամփորդության ընթացքում ինչը ամենից շատ դուր եկավ:
ՆՎԱՐԴ — Ամեն բան էլ դուր եկավ, մենք ունեինք կոնկրետ ծրագիր և հստակ էր, թե ինչ ենք ցանկանում տեսնել:
ԿԱՊԻՏԱՆ — Նախապես որոշե՞լ էիք, թե ինչ պետք է տեսնեք:
ՆՎԱՐԴ — Որոշել էինք, թեև իմ նպատակը միայն շրջագայելը չէր: Որոշակի աշխատանք ունեի կատարելու:
ԿԱՊԻՏԱՆ — Աշխատա՞նք պետք է կատարեիք: Թուրքիայի տարածքո՞ւմ: Եթե գաղտնիք չէ, չե՞ք ասի՝ ինչ աշխատանք…
ՆՎԱՐԴ — Ես Հայաստանի ազգային ակադեմիայի աշխատակից եմ: Տարբեր վայրերից հողի նմուշներ եմ վերցրել մեր ինստիտուտում ուսումնասիրելու համար:
ԿԱՊԻՏԱՆ — Թուրքիայի հո՞ղը պետք է ուսումնասիրեք ձեր ինստիտուտում:
ՆՎԱՐԴ — Որոշակի տարածքների հողը պետք է ուսումնասիրենք, մնացածը մեր հետաքրքրությունից դուրս է:
ԿԱՊԻՏԱՆ — Իսկ չե՞ք ասի, հատկապես ո՞ր տարածքների հողն է ձեզ հետաքրքրում:
ՆՎԱՐԴ — Գաղտնիք չէ: Հողի նմուշներ եմ վերցրել Արդահանից, Կարսից, Մուշից, Վանից, Բասենի դաշտից, Երզնկայի գավառից…
ԿԱՊԻՏԱՆ — Երզնկայի գավա՞ռ… չե՞ք ասի, դա որտեղ է:
ՆՎԱՐԴ — Կարծում եմ, Էրզրումի տեղը կիմանաք: Էրզրումի նահանգից դեպի արևմուտք, իսկ մյուս կողմից Խարբերդին է սահմանակից:
ԿԱՊԻՏԱՆ — Դուք հավանաբար Էրզինջա՞նը նկատի ունեք:
ՆՎԱՐԴ — Մեզ համար Երզնկան է:
ԿԱՊԻՏԱՆ — Ձեզ համար Երզնկան է… Իսկ Էլազիգը, ուրեմն, Խարբերդն է: Իսկ կարո՞ղ եք ասել, թե ինչի համար է որոշակի տարածքների հողերի ուսումնասիրությունը:
ՆՎԱՐԴ — Նպատակը հողի հիշողության վերականգնումն է: Ավելի ստույգ՝ ցանկանում ենք հասկանալ, թե տեղի բնիկ ժողովուրդը հազարամյակներ շարունակ ինչո՞ւ է զբաղվել հատկապես այդ և ոչ՝ այլ մշակաբույսերի մշակությամբ:
ԿԱՊԻՏԱՆ — Ասում եք՝ հողը հիշողությո՞ւն ունի:
ՆՎԱՐԴ — Այո, պարոն, հողը օժտված է հիշողությամբ ու եթե նաև լեզու ունենար, բաներ կպատմեր, որոնք կցնցեին մարդկանց: Պատկերավոր ասած, հողն ուսումնասիրելով դու մտնում ես նրա հոգու մեջ, բացում ես հիշողության ծալքերը և բացահայտում իրականությունը:
ԿԱՊԻՏԱՆ — Իսկ… ներեցեք… դա ձեր ինչի՞ն է պետք:
ՆՎԱՐԴ — Իրականության վերականգնումը բնական անհրաժեշտություն է: Առանց անցյալի ճշմարիտ պատկերացման ապագա չես կառուցի: Դուք այդ կարծիքին չե՞ք:
ԿԱՊԻՏԱՆ — Ճշմարտության մասին պատկերացումները հաճախ տարբեր են լինում: Շնորհակալություն, շատ հետաքրքիր էր ձեզ լսելը: (Ժպտալով ոտքի է կանգնում:)
ՆՎԱՐԴ — (բարձրանում է տեղից, երկու քայլ է անում ու կանգնում է): Ավելացրեք, խնդրեմ, որ հողը լավագույն վկան է փաստելու համար, թե ինչու և ինչպես է ընդհատվում զարգացման բնականոն ընթացքը: (Դուրս է գնում:)

Վեցերորդ տեսարան
Անցակետի առջևի հրապարակը: Վոլտերը գնում-գալիս է Վիկտորիայի առջև:
ՎԻԿՏՈՐԻԱ — Ի՞նչ ես ետ ու առաջ անում` վանդակն ընկած գազանի պես: Նստիր, սպասիր, ոնց որ բոլորը:
ՎՈԼՏԵՐ — Ասում էս, էլի… «Ոնց որ բոլորը»: Բա բոլորի գործն ու իմ գործը նո՞ւյնն է: Մինչև տեղ հասնեմ՝ աշխատողներն ամեն ինչ թալանած կլինեն, ոչ մեկին չես կարող վստահել:
ՎԻԿՏՈՐԻԱ — Բա ախպո՞րս:
ՎՈԼՏԵՐ — Ախպերդ ի՞նչ: Ախպորդ կարելի է վստահել: Վիկ, գիտե՞ս, ինչ եմ մտածում. էս մարդու մոտ ճիշտ կլինի միասին մտնենք:
ՎԻԿՏՈՐԻԱ — Ինչո՞ւ, ինչի՞ց ես վախենում:
ՎՈԼՏԵՐ — Դե… չեմ ուզում՝ իրար հետ մենակ մնաք: Ի վերջո, տղամարդ է, զինվորական, էն էլ՝ արտասահմանցի:
ՎԻԿՏՈՐԻԱ — Չհասկացա` տեղը չես բերո՞ւմ: Ախպորս չես վստահում՝ քիչ է, հիմա էլ որոշեցիր ի՞նձ խանդել: Չլինի՞ սարերի օդը վրադ վատ է ազդել:
ՎՈԼՏԵՐ — Վիկ, ինձ ճիշտ չհասկացար: Մտածում եմ՝ խուճուճ-մուճուճ հարցեր կտա, գուցե ոսկու մասին գլխի ընկնի: Դրա համար ճիշտ կլինի, որ միասին ներս մտնենք: Թե չէ ես քեզ ընդհանրապես չեմ խանդում:
ՎԻԿՏՈՐԻԱ — Որ սիրեիր` կխանդեիր: Գնա հարկայինի քարտուղարուհիներին խանդիր…
Հայկուհի և Կարինե
ՀԱՅԿՈՒՀԻ — Կարինե, մի բան եմ ուզում հարցնել, Վահագը քեզ դո՞ւր է գալիս:
ԿԱՐԻՆԵ — Ինչո՞ւ ես կարծում, որ պետք է դուր գա:
ՀԱՅԿՈՒՀԻ — Ինձ այդպես թվաց: Կարծես թե նրան դուր ես գալիս:
ԿԱՐԻՆԵ — Դրանք նույն բանը չեն: Վահագը փորձեց բացատրվել հետս, ես մերժեցի:
ՀԱՅԿՈՒՀԻ — Ճիշտ ես արել: Իմ հոգին էլ թեթևացավ:
ԿԱՐԻՆԵ — Ի՞նչ կա լեզվիդ տակ, որ թաքցնում ես ինձանից:
ՀԱՅԿՈՒՀԻ — Հիմա կարող եմ ասել: Երկուշաբթի գիշերը, երբ ծննդյանս տարեդարձն էինք նշում, դու շուտ գնացիր` գլուխդ ցավում էր: Հետո մյուսները գնացին, սենյակում մնացինք ես ու Հրայրը: Պարզվեց, նկարիչ է, բայց գրեթե չի զբաղվել մասնագիտությամբ: Գիտես, այս օրերին մի ուժ կարծես մոտեցնում էր մեզ իրար: Մենք պարեցինք, նա համբուրեց ինձ… Հետո Վահագի մասին հարցրի: Ասաց՝ մանկության ընկերներ են, միասին սովորել են դպրոցում, գեղարվեստի ուսումնարանն են ավարտել, լող են պարապել: Հարցրի Վահագի ձեռքի մասին: Ասաց՝ կին է հարվածել դանակով: Հետո ծիծաղելով ավելացրեց. «Դե ոչինչ, Վահագը ծեծեց նրան»: Լուրջ չվերաբերվեցի ասվածին…
ԿԱՐԻՆԵ — Հետո՞…
ՀԱՅԿՈՒՀԻ — Հետո՞: Հորաքույրդ ներս մտավ: Հեռախոսն էր մոռացել, բայց ինձ թվաց՝ միտումնավոր է վերադարձել ու ոտքը կախ գցեց, մինչև Հրայրը գնաց: Նվարդի շնորհիվ մեր երեկոն այդպես ավարտվեց: Այն ժամանակ շատ էի նեղսրտել:
ԿԱՐԻՆԵ — Ինչո՞ւ հիմա ես պատմում այդ մասին:
ՀԱՅԿՈՒՀԻ — Կարծում էի՝ Վահագին համակրում ես, ուրախ եմ, որ սխալվել եմ: Նրանք վտանգավոր մարդիկ են, ես այն երեկոյից հետո խուսափում եմ Հրայրից: Կարինե, չէի ցանկանա, որ այս դիպվածը ազդեր մեր հարաբերությունների վրա:
ԿԱՐԻՆԵ — (դառը քմծիծաղով): Արտառոց ոչինչ տեղի չի ունեցել:
Յոթերորդ տեսարան
Գյունեյի առանձնասենյակի դուռը բացվում է, շեմին Արամն է:
ԱՐԱՄ — Գա՞մ:
ԿԱՊԻՏԱՆ — Գա՞ք… իսկ ի՞նչ եք ցանկանում:
ԱՐԱՄ — Մի քիչ չզրուցե՞նք:
ԿԱՊԻՏԱՆ — Այո, այո, համեցեք, զրուցենք: (Ոտքի կանգնելով և բռնելով Արամի ձեռքը:) Ի՞նչ է ձեր անունը, երիտասարդ:
ԱՐԱՄ — Արամ է իմ անունը:
ԿԱՊԻՏԱՆ — Արամը լավ անուն է, ասե՞մ՝ ինչու են ձեր անունը Արամ դրել: Որովհետեւ ձեր պապիկի անունն է: Ճի՞շտ է:
ԱՐԱՄ — Ճիշտ է, թեև տատիկս ասում է, թե ինքը ցանկացել է, որ այդ անունը կրելով Արամ Մանուկյանին նմանվեմ:
ԿԱՊԻՏԱՆ — Արամ Մանուկյանն ո՞վ է:
ԱՐԱՄ — Ո՞նց թե՝ Արամ Մանուկյանն ով է: Արամ Մանուկյանը Հայաստանի Հանրապետությունն է հիմնադրել: Դուք իսկապե՞ս չգիտեք՝ Արամ Մանուկյանն ով է, թե՞ խաբում եք ինձ:
ԿԱՊԻՏԱՆ — Տես, է՛, իսկ ես նրա մասին չէի լսել: Այսուհետ չեմ մոռանա… Արամ… Արամ, իսկ խաբելը լավ բան չէ: Ես երկու դուստր ունեմ ու նրանց երբեք չեմ խաբում: Արամ, իսկ ճամփորդությունը հետաքրքի՞ր էր, շա՞տ վայրերում եղար:
ԱՐԱՄ — Ամենահետաքրքիրը Այգեստանն էր: Գիտե՞ք, Այգեստանում մեր տունը գտանք: Մի ժամանակ այնտեղ տատիկիս հարազատներն են ապրել, իսկ այժմ քուրդ ընտանիք է բնակվում: Լավ մարդիկ էին այդ քրդերը, ստիպելով մեզ հյուր տարան: Ասում էին. «Զգացեք ձեզ, ինչպես ձեր տանը»:
ԿԱՊԻՏԱՆ — Այո՞… հետաքրքիր է: Իսկ քո տունը որտե՞ղ է, Արամ:
ԱՐԱՄ — Իմ տո՞ւնը… Այգեստանում:
ԿԱՊԻՏԱՆ — Հասկանում եմ, այդ տունը դու համարում ես քոնը, որովհետև նախնիներդ են ապրել, բայց հիմա այնտեղ քրդեր են բնակվում: Իսկ որտեղ ես ապրում դո՛ւ:
ԱՐԱՄ — Ասացի, չէ՞, Այգեստանում:
ԿԱՊԻՏԱՆ — Դու Երևանի՞ց ես եկել, թե՞ որտեղից:
ԱՐԱՄ — Ես եկել եմ Երևանից:
ԿԱՊԻՏԱՆ — Ուրեմն ապրում ես Երևանո՞ւմ:
ԱՐԱՄ — Իսկ ես ի՛նչ եմ ասում: Ես ապրում եմ Երևանի Այգեստան թաղում, որտեղից էլ եկել եմ Վանի Այգեստան: Տատիկիս հետ որոշել ենք ամառները շրջել Հայաստանում: Անցյալ տարի, օրինակ, հանգստացանք Լոռիում, իսկ այս տարի ցանկացանք Վանը տեսնել:
ԿԱՊԻՏԱՆ — Ուրեմն՝ շրջագայում եք Հայաստանում… Արամ, ասացիր, Երևանում է՞լ Այգեստան կա:
ԱՐԱՄ — Կա, բա ո՞նց: Երբ Վանի այգեստանցիները տեղափոխվել են Երևան, իրենց նոր թաղը անվանել են Այգեստան: Գիտե՞ք, տատիկս ասում է՝ այդ մարդիկ առանց Այգեստանի չէին կարող ապրել:
ԿԱՊԻՏԱՆ — Այդպե՞ս է ասում տատիկդ: Արամ, իսկ ի՞նչ գնեցիք կամ վերցրիք ձեզ հետ տուն տանելու համար:
ԱՐԱՄ — Այդ քուրդ լավ մարդկանց տանը շատ հին ու գեղեցիկ իրեր կային, մի արծաթազարդ լամպ կար, հետո գունաթափ սնդուկ, գեղեցիկ զարդաքանդակներով պահարան կար, իսկ պատին գորգ էր… Եզրերը մաշված գեղեցիկ գորգ էր` կարմիր խաչերով: Երբ տատիկս սկսեց հերթով շոշափել այդ իրերը, տան տերերն ասացին. «Ինչ ցանկանում եք՝ կարող եք տանել ձեզ հետ»: Բայց տատիկս պատասխանեց, թե այլևս իմաստ չունի: Տատիկս ասաց, որ եթե թույլ տան՝ բակի ընկուզենու մոտից մի բուռ հող կվերցնի: Իհարկե, նրանք չմերժեցին, սրտաբաց մարդիկ էին այդ քրդերը:
ԿԱՊԻՏԱՆ — Լավ տղա ես դու, Արամ, կուզենայի քեզ նման տղա ունենալ:
ԱՐԱՄ — Դուք էլ լավ մարդ եք երևում, մի օր հյուր եկեք մեր տուն: Հայրս սիրում է հյուրեր ընդունել ու հետները քեֆ անել մինչև կեսգիշեր: Հայրս ասում է, որ աշխարհում ոչ ոք վատը չի ծնվում, հանգամանքներն են մարդկանց մեջ չար բնազդներ արթնացնում ու երբեմն նրանք վերածվում են գազանների: Իսկ կարելի՞ է, մի բան էլ ես հարցնեմ: Եթե այդքան լավն էր Վանը, ինչո՞ւ են մերոնք հեռացել այնտեղից: Մեր տանը այս հարցին ոչ ոք չի ուզում պատասխանել, ասում են՝ «Կմեծանաս, ամեն ինչ կիմանաս»: Իսկ դուք գիտե՞ք ճշմարտությունը:
ԿԱՊԻՏԱՆ — Չէ, Արամ, ես էլ չգիտեմ ողջ ճշմարտությունը:
ԱՐԱՄ — Ափսոս… Ի՞նչ արած, կսպասեմ, չէ՞ որ աշխարհում ոչ մի բան հնարավոր չէ անվերջ թաքցնել, այդպես չէ՞…
Արամը գնում է: Էլչին Գյունեյը անշարժացել է մտքերի մեջ:
ՇԱՐԱՖ — Լավ երեխա էր: Ինչ հարգանքով էր խոսում օտար մարդկանց մասին:
ԿԱՊԻՏԱՆ — Այո, խելացի երեխա էր: Շարաֆ, դու ի՞նչ ազգից ես:
ՇԱՐԱՖ — Սահմանադրության մեջ գրված է, որ բոլորս թուրք ենք, պարոն կապիտան:
ԿԱՊԻՏԱՆ — Հաջորդին հրավիրիր:
Շարաֆը բացում է դուռը, դրսից լսվում է տիկին Ամալյայի ձայնը:
ԱՄԱԼՅԱ — Ժողովուրդ, արագացրեք, գործերը մնացին…
Ներս է մտնում Հայկուհին:
ՀԱՅԿՈՒՀԻ — Բարև ձեզ:
ԿԱՊԻՏԱՆ — Նստեք, օրիորդ: Շատ հաճելի է ձեր հայրենակիցների հետ զրուցելը: Չե՞ք ասի, դո՞ւք ինչեր եք փնտրել ու հայտնաբերել ձեզ համար:
ՀԱՅԿՈՒՀԻ — Շոշափելի չէ հայտնաբերածս, նախնիներս այս կողմերից չեն, ես արևելահայ եմ: Համակուրսեցիս` Կարինեն, մորաքրոջ հետ մասնակցելու էր ուխտագնացությանը, առաջարկեց միանալ:
ԿԱՊԻՏԱՆ — Ուխ-տա-գնա-ցու-թյո՞ւն… ասում եք: Ձեր նախնիները արևելահայե՞ր են, այսինքն՝ Արևմտահայաստանից չեն: Այդ դեպքում ի՞նչն է ստիպել միանալ այս ճամփորդությունը, չէ՞ որ երիտասարդները գերադասում են ծով գնալ կամ լինել Եվրոպայում` Հռոմն ու Փարիզը տեսնել:
ՀԱՅԿՈՒՀԻ — Չեմ կարող ասել: Ձեր հարցի պատասխանը չգիտեմ: Հավանաբար, ենթագիտակցության մեջ է պատասխանը:
ԿԱՊԻՏԱՆ — Իսկ թե ինչու եք հող վերցրել ձեզ հետ, պատասխանը նույնպե՞ս ենթագիտակցության մեջ է:
ՀԱՅԿՈՒՀԻ — Այդպես է հավանաբար:
ԿԱՊԻՏԱՆ — Եվ ուրիշ ոչինչ չեք ցանկացել մեր երկրից տանել ձեզ հետ:
ՀԱՅԿՈՒՀԻ — Ոչ, ինչո՞ւ… նաև գիրք եմ գնել:
ԿԱՊԻՏԱՆ — Մեր գրողները լավ սիրավեպեր են գրել:
ՀԱՅԿՈՒՀԻ — Գնածս գիրքը Թուրքիայի ազգային-ազատագրական պայքարի մասին է: Նաև ապագա Թուրքիայի քարտեզն եմ գնել:
ԿԱՊԻՏԱՆ — Եվ այդ ամենը ձեզ հետաքրքրո՞ւմ է: Պրպտելու ձգտում ունեք դուք: Իմ տպավորությամբ, հայերը պատմությամբ ամենաշատ հետաքրքրվող ժողովուրդն են: Անգամ ձեր արական անուններն են շաղկապվում անցյալի հետ:
ՀԱՅԿՈՒՀԻ — Ոչ միայն արական անունները, իմ անվան հիմքում, օրինակ, Հայոց տոհմապետի անունն է:
ԿԱՊԻՏԱՆ — Իսկ ի՞նչ գործերով է հռչակվել այդ տոհմապետը:
ՀԱՅԿՈՒՀԻ — Հայկական թագավորությունն է հիմնադրել` միավորելով երկիրը և հաղթելով ասորի արքա Բելին:
ԿԱՊԻՏԱՆ — Չե՞ք ասի, դա երբ է տեղի ունեցել:
ՀԱՅԿՈՒՀԻ — Բելի հետ պատերազմը տեղի է ունեցել Քրիստոսի թվարկությունից երկուսուկես հազար տարի առաջ, Վանա լճից հարավ ընկած դաշտավայրում, որը տոհմապետի անվամբ կոչել են Հայոց ձոր:
ԿԱՊԻՏԱՆ — Նոր թվարկությունից երկուս ու կես հազար տարի առա՞ջ, Վանա լճի մոտ: Եվ այդ մասին վկայություննե՞ր կան… ծանր չէ՞ պատմության բեռը կրելը:
ՀԱՅԿՈՒՀԻ — Իսկ ի՞նչ անել պատմության բեռան հետ: Հետո, ես պատմականում եմ սովորում:
ԿԱՊԻՏԱՆ — Ձեզ հետաքրքրում է նաև Թուրքիայի՞ պատմությունը:
ՀԱՅԿՈՒՀԻ — Ձեր և մեր պատմությունները շատ աղերսներ ունեն:
ԿԱՊԻՏԱՆ — Ստացվում է՝ ճակատագրորեն շաղկապված ենք: Եվ հավերժորեն ձգտելու ենք իրար ապացուցել ինչ-որ ճշմարտություններ: Դժվար է պատկերացնել, իհարկե, որ կողմերից մեկը երբևէ կընդունի, թե արդարությունն իր կողմը չէ:
ՀԱՅԿՈՒՀԻ — Այնուամենայնիվ, ճշմարտությունը մեկն է:
ԿԱՊԻՏԱՆ — Իսկ ո՞վ պետք է որոշի, թե որ կողմն է ճշմարիտ: Ինչպե՞ս որոշել բացարձակ ճշմարտությունը:
ՀԱՅԿՈՒՀԻ — Դուք ցանկանում եք, որ ես պատասխանե՞մ այդ հարցին:
ԿԱՊԻՏԱՆ — Ոչ, իհարկե, երանի ամեն ինչ այդքան հեշտ լիներ: Ես ու դուք նստեինք միասին ու որոշեինք ամեն բան: Կարծում եմ, այդ դեպքում ամեն ինչ կընկներ իր տեղը և աշխարհը կդառնար ներդաշնակ: Ցավոք, դա մեր ուժերից վեր է:
ՀԱՅԿՈՒՀԻ — Ես կարո՞ղ եմ գնալ:
ԿԱՊԻՏԱՆ — Այո, իհարկե:
Ութերորդ տեսարան
Նստարանին նստած են Հրայրն ու Վահագը: Վահագը նվագում է ու ցածրաձայն երգում:
ՀՐԱՅՐ — Ուրեմն՝ չուզեց խոսել հետդ: (Վահագը չի պատասխանում:) Հայկուհին էլ ինձնից է խուսափում: Լսիր, կարո՞ղ է՝ համը հանել եմ, տարեդարձի օրը շատ էի խմել: Անկեղծ ասած, մինչ վերջերս մտքումս լուրջ բան չկար: Հիմա, երբ հետս խոսել չի ուզում, մեջս ինչ-որ բան շուռ է եկել:
ՎԱՀԱԳ — Մի վախեցիր զգացմունքներիցդ:
ՀՐԱՅՐ — Ի՞նչ:
ՎԱՀԱԳ — (երգն ընդհատելով): Չհանձնվես:
ՀՐԱՅՐ — Բան ասա` բան հասկանամ: Ի՞նչ ես հանելուկներով խոսում:
ՎԱՀԱԳ — (կիթառը մի կողմ դնելով): Ասում եմ՝ սրտիդ դեմ մի գնա: Կռիվ տուր երջանկության համար:
ՀԱՅԿ — Պա՜հ, ով է խորհուրդ տալիս: Բա դու ինչո՞ւ չես պայքարում: Մտածում էիր, առաջարկություն անես թե չէ՝ նետվելու է վզո՞վդ:
ՎԱՀԱԳ — Չէ, իմ դեպքն ուրիշ է: Եթե մարդուն դուր չես գալիս՝ ծանր հրետանին էլ չի օգնի: Իսկ Հայկուհին անտարբեր չէ քո նկատմամբ:
ՀԱՅԿ — Ինչ անհեթեթ է կյանքը: Ով պատրաստ է վազել ետևիցդ՝ նրան դու չես նկատում, իսկ ում ետևից ինքդ կարող ես գնալ մինչև աշխարհի ծայրը՝ այդպիսի փափագ բոլորովին չունի: Է՜, սա կյանք չի, իմ արև, կյանք չի:
ԳԱԳԻԿ — (մոտենալով ու լսելով Հայկի վերջին բառերը): Ապրե՛ս, ցավդ տանեմ, էս կյանքը կյանք չի: Ախպեր ջան, տեսաք, էլի, ցերեկը քշում եմ, գիշերը քշում եմ, անձրևին ու փոթորիկին քշում եմ: Սար չկա` չբարձրանամ, ձոր չկա` չիջնեմ: Բայց, հազար ներողություն, ի՞նչ է նշանակում մեքենան, վարորդով հանդերձ, կաթիլայինի տակ պահես: Քանոնով ճանապարհն ուղիղ գծում է` բենզինի գումար է հաշվում, հետն էլ ասում է, թե. «Հաճախորդին պիտի հարմարվես` բիզնեսի օրենք է»: Ախր, մեքենան էլ քարից չի` փչանում է, մեքենայի տերն էլ երկաթից չի` սիրտը ինչ-որ բան է ուզում: Երկու շաբաթ ճամփեքին եմ, բա մի բան չառնե՞մ, ձեռքս բռնած մտնեմ տուն, երեխեքս ասեն. «Պապան գործի էր գնացել»:
Լսվում է Ամալյայի գոռոցը:
ԱՄԱԼՅԱ — Ձեր Աստծուն մեռնեմ, նոր խումբը պատրաստ ինձ է սպասում, արագացրեք: Գագիկ, որտե՞ղ ես, այ տղա, ստամոքսս քայքայվեց խաշած հավից, դու իմ մասին հեչ չե՞ս մտածում:
ԳԱԳԻԿ — Ո՞նց չեմ մտածում, շեֆ ջան, էս պահին հենց էդ հարցն եմ քննարկում: Հիմա վազեցի, շեֆ ջան:
Իններորդ տեսարան
Կապիտանի դիմաց նստած է Էքմեքչյանը:
ԿԱՊԻՏԱՆ — (նկատելով՝ ինչպես է դիմացինը խաղում ծխախոտի հետ): Կարող եք ծխել:
ԷՔՄԵՔՉՅԱՆ — Ուշադրություն մի դարձրեք, պարզապես շոշափում եմ գլանակը: Այսպես ծխելու ցանկությունը ինչ-որ չափով մարում է: Ըստ էության, զբաղված եմ ինքնախաբեությամբ, և պատկերացրեք, օգնում է:
ԿԱՊԻՏԱՆ — Այո, ինքնախաբեությունը հաճախ ցանկալի է դառնում: Շա՞տ եք ծխում:
ԷՔՄԵՔՉՅԱՆ — Այո, հատկապես գիշերները:
ԿԱՊԻՏԱՆ — Անքնությամբ եք տառապում, հավանաբար:
ԷՔՄԵՔՉՅԱՆ — Ոչ, գործիս բնույթն է պահանջում, բանաստեղծ եմ, եթե կարելի է այդպես ասել:
ԿԱՊԻՏԱՆ — Ինչո՞ւ վերապահումով, համեստ մարդ եք երևում:
ԷՔՄԵՔՉՅԱՆ — Խնդիրը համեստությունը չէ, պարզապես, երբ մտածում ես, որ բանաստեղծներ են եղել Բայրոնը, Գյոթեն, Պուշկինը, Ուիթմենը, Վարուժանը՝ մեծամտություն է ինքդ քեզ բանաստեղծ համարելը:
ԿԱՊԻՏԱՆ — Ինչպես ասացի՞ք… վերջին անունն անհայտ էր ինձ:
ԷՔՄԵՔՉՅԱՆ — Ուիթմե՞ն:
ԿԱՊԻՏԱՆ — Ոչ, վերջինը:
ԷՔՄԵՔՉՅԱՆ — Եթե չեմ սխալվում, Դանիել Վարուժանի անունը տվեցի: Հայ բանաստեղծ է Վարուժանը, մեծ բանաստեղծ: Հիմա ստեղծագործելուց ավելի կարևոր գործով եմ զբաղված` Վարուժանի պոեզիան եմ թարգմանում ֆրանսերեն:
ԿԱՊԻՏԱՆ — Վարուժանը ժամանակակի՞ց բանաստեղծ է:
ԷՔՄԵՔՉՅԱՆ — Ոչ, նա մեր դասականներից է, 15 թվականին է մահացել: Մեծ տարերքի, մեծ հույզերի բանաստեղծ է Վարուժանը:
ԿԱՊԻՏԱՆ — Հետաքրքիր է… դուք, ուրեմն, ֆրանսերենին եք տիրապետում: Նախանձում եմ, ով կարող է հարազատ լեզվով Բալզակ ու Էլյուար կարդալ: Իմ գիտեցած օտար լեզուն գերմաներենն է: Նույնպես հաճելի է, երբ կարող ես բնագրով կարդալ «Ֆաուստ» կամ թե սեփական ականջի համար շշուկով Հայնե արտասանել:
ԷՔՄԵՔՉՅԱՆ — Դուք ևս մշակույթի մարդ եք երևում: Գուցե նույնպե՞ս բանաստեղծ եք:
ԿԱՊԻՏԱՆ — Ցավոք, ոչ: Ճարտարագետ շինարար եմ, մասնագիտությունն էլ պատճառ դարձավ, որ մի օր հայտնվեի ծառայության մեջ: Կինս ասում է՝ սխալ մասնագիտություն եմ ընտրել, արվեստն ինձ ավելի է հոգեհարազատ: Բայց ես ստեղծագործող չեմ: Ստեղծագործությունը մեջդ կծնվի, անկախ նրանից՝ դիպլոմ ստացել ես, թե ոչ: Իհարկե, այս խոստովանությունը կնոջս մոտ չեմ անի, որ չհիասթափեցնեմ: Հաճախ գեղեցիկ հեքիաթները գերադասելի են իրականությունից: Սա ևս ինքնախաբեության ոլորտից է:
ԷՔՄԵՔՉՅԱՆ — Մեր կյանքի մեծ բաժինը կազմում է հեքիաթը: Ի վերջո, ի՞նչ է արվեստը, ի՞նչ է կրոնը, ինչի՞ համար են ավանդույթներն ու ծեսերը:
ԿԱՊԻՏԱՆ — Եթե ավելի խորանանք, գուցե նաև հիշողություննե՞րը:
ԷՔՄԵՔՉՅԱՆ — Գուցե նաև հիշողությունները:
ԿԱՊԻՏԱՆ — Իսկ ձե՞զ համար ինչ են հիշողությունները:
ԷՔՄԵՔՉՅԱՆ — Ես ատում եմ դրանք:
ԿԱՊԻՏԱՆ — Ձեզ ի՞նչն է բերել այս ճամփորդությանը, պարոն Էքմեքչյան:
ԷՔՄԵՔՉՅԱՆ — Միայն ո՛չ հիշողությունները: Հիշողությունները նրանց համար են, ովքեր սեփական կյանքը կաղապարում են անանձնական մտասևեռումներով: Ես ցանկանում եմ իմ կյանքով ապրել:
ԿԱՊԻՏԱՆ — Այնուամենայնիվ, այս ճամփորդությունից ձեզ հետ մի բուռ հող եք տուն տանում, որ հաճախ նայեք դրան, և արթնանան հիշողությունները: Այդ հիշողություններն արթնացնեն այլ հիշողություններ, և ուրիշների ապրածը տեղավորեք ձեր կյանքի մեջ:
ԷՔՄԵՔՉՅԱՆ — Ես հող չեմ տանում հետս: Չեմ տանում մոտավորապես նույն պատճառով, ինչ դուք նշեցիք:
ԿԱՊԻՏԱՆ — Գիտեք, ուրախացա, երբ ասացիք, թե բանաստեղծ եք` հաճույքով կզրուցեի այդ թեմայով: Ցավով պիտի ավարտեմ մեր զրույցը և հայցեմ ձեր ներողամտությունը, այնքան հարցեր տվեցի, որ խոսակցությունը նմանվեց հարցաքննության:
ԷՔՄԵՔՉՅԱՆ — (ոտքի կանգնելով և ուղղվելով դեպի դուռը): Կյանքն անակնկալներով լի է, ո՞վ գիտե, գուցե մի օր հանդիպենք ինչ-որ մի տեղ, գինի խմենք, բանաստեղծություններ արտասանենք ու չմտածենք ուրիշ բանի մասին:
ԿԱՊԻՏԱՆ — Պարոն Էքմեքչյան, դուք պատահաբա՞ր տվեցիք բանաստեղծ Վարուժանի անունը:
ԷՔՄԵՔՉՅԱՆ — Ձեզ չեմ հասկանում:
ԿԱՊԻՏԱՆ — 1915 թվականին հայ բանաստեղծները սեփական մահով չէին մեռնում, այո՞… Մտքերի ա՞յդ ընթացքին էիք ցանկանում մղել ձեր ակնարկով:
ԷՔՄԵՔՉՅԱՆ — Բնավ ոչ, պարզապես փաստն է այդպիսին:
ԿԱՊԻՏԱՆ — Պարոն Էքմեքչյան, ձեր ազգանունը թուրքական հիմք ունի…
ԷՔՄԵՔՉՅԱՆ — Նախնիներս Մալաթիայից են: Պապերս տոհմիկ հացթուխներ են եղել: Այստեղից էլ` Էքմեքչյան ազգանունը: Պապս հագել է ֆրակը և գեղեցկուհի տիկնոջ հետ տարին մի քանի անգամ մեկնել է Փարիզ` Կոմեդի Ֆրանսեզում ներկայացումներ դիտելու: Երբ մի օր, ամեն ինչի հետ, կորցրել է նաև ոտքի տակի հողը, ընկերներն առաջարկել են բնակություն հաստատել Փարիզում: Նա նամակով պատասխանել է. «Փարիզի համար ես մալաթիացի հացագործ Գասպար էքմեքչյանն եմ եղել: Այլևս որպես ո՛վ պետք է գամ»: Հաստատվել է Հունաստանում` մորաքրոջ որդիների մոտ, նրանք նարինջ էին աճեցնում: Բայց այնտեղ էլ հոգեկան անդորր չի գտել ու ներգաղթել է Խորհրդային Հայաստան: Շատ չանցած, այստեղից աքսորել են Սիբիր: Սիբիրում, թոքախտից տառապելով, թշվառության մեջ ավարտել է կյանքը: Նրա ողջ մնացած միակ որդին, ժառանգած հիվանդությունները չհաղթահարելով, մահկանացուն կնքեց Երևանում: Նա էլ իր հերթին զավակներին ժառանգություն թողեց միայն դառը հիշողություններ: Ես ատում եմ հիշողությունները:
ԿԱՊԻՏԱՆ — (Էքմեքչյանի դուրս գալուց հետո): Ես ատում եմ հիշողությունները:
Նստած է փակ աչքերով: Քիչ անց, երբ բացում է աչքերը, դիմացը կանգնած է Գրիգոր Բալյանը` մեծ պայուսակը ձեռքին:
ԿԱՊԻՏԱՆ — Ի՞նչ եք ցանկանում:
ԲԱԼՅԱՆ — Դուք չե՞ք հրավիրել:
ԿԱՊԻՏԱՆ — Այո, իհարկե: Իսկ… այդ ի՞նչ պայուսակ է:
ԲԱԼՅԱՆ — Այս պայուսա՞կը: Հող է պայուսակում: Ձեզ հո՞ղն է հետաքրքրում:
ԿԱՊԻՏԱՆ — Պայուսակում հո՞ղ է:
ԲԱԼՅԱՆ — Միայն հող: (Պայուսակը դնում է սեղանին և այնտեղից դուրս է բերում հողով լցված ցելոֆանե տոպրակներ:) Այս հողը Կարսում եմ հավաքել, այս տոպրակը Անիի հողով է լցված, այս մեկը Էրզրումից է…
ԿԱՊԻՏԱՆ — Սպասեք, սպասեք… ես նշումներ չեմ տեսնում տոպրակների վրա, դուք ինչպե՞ս եք տարբերում, թե որը որտեղից է…
ԲԱԼՅԱՆ — Մեծ գաղտնիք չէ: Այս հողը հավաքել եմ Կարսի Առաքելոց վանքի մոտից: Իհարկե, վանքը վերածվել է մզկիթի… ինչպես գիտեք: Եկեղեցու արևմտյան պատը գտնվում է ընկուզենու ստվերի ներքո, պատի տակ հողը խոնավ է` սև ու խոնավ: Այս մեկի պարունակությունը լրիվ հակառակն է, որովհետեւ Էրզրումի բերդից է: Անձրևն ու արևը, մշտական քամին այս հողը վերածել են շիկավուն ավազի: Իսկ այս մեկը, որ դեղին է և ավելի շատ կավ է հիշեցնում՝ Նեմրութ լեռան խառնարանից է: Այս մեկում… երեխան էլ գլխի կընկնի, տեսնո՞ւմ եք, կարմիր քարի կտորտանք է: Սրանք Անիի մայր տաճարի քանդված առաստաղի բեկորներն են: Մեծ քարերն անհետացել են, իսկ բեկորները խառնվել են հատակի հողին: Սա նույնպես հեշտ ճանաչելի է, ինչպես տեսնում եք, հող չէ, այլ ավազ: Այս ավազը Արածանի գետից է` ճիշտ Սուլուխի կամրջի տակից: Գիտե՞ք, նմուշ եմ վերցրել նաև Արաքս ու Մուրց գետերի միախառնման վայրից` նույնպես կամրջի տակից, բայց, ի տարբերություն Արածանու ավազի, ավելի գորշ է, քանի որ միախառնման տեղում ջուրը մշտապես պղտոր է: Հիմա ձեզ ցույց կտամ…
Այս ընթացքում Գրիգոր Բալյանը պայուսակից հանում ու սեղանին է շարում տոպրակներ: Էլչին Գյունեյը ապշահար նայում է մեկ նրան, մեկ` տոպրակներին:
ԲԱԼՅԱՆ — Գտա… տեսեք, սրա ու այս մեկի տարբերությունը: (Ոգևորված գլխից վեր է պարզում երկու տոպրակներ:)
ԿԱՊԻՏԱՆ — (ընդհատում է նրան): Ձեր ինչի՞ն են պետք տարբեր վայրերի հողի նմուշները, հավանաբար դուք նույնպե՞ս գիտաշխատող եք:
ԲԱԼՅԱՆ — Կռահեցիք, Մատենադարանի գիտաշխատող եմ: Մատենադարանը…
ԿԱՊԻՏԱՆ — Տեղյակ եմ, շարունակեք:
ԲԱԼՅԱՆ — Գիտե՞ք, ինչ եմ մտածել: Փոքրիկ տուփերի մեջ կլցնեմ հողի այս պտղունցներն ու կշարեմ աշխատասենյակում: Այցելողները հայացք կգցեն դրանց վրա ու շոշափելիորեն կպատկերացնեն տվյալ տարածքը: Հողը նաև էներգիա է պարունակում, համաձա՞յն եք:
ԿԱՊԻՏԱՆ — Դուք բավարարեցիք իմ հետաքրքրասիրությունը, շնորհակալություն:
ԲԱԼՅԱՆ — Խնդրեմ:
Էլչին Գյունեյը ապշահար նայում է փակվող դռանը: Զանգում է հեռախոսը, մեխանիկորեն վերցնում է լսափողը:
ԿԱՊԻՏԱՆ — Այո, լսում եմ… Կապիտան Էլչին Գյունեյը 1004 սահմանային անցակետից լսում է, պարոն գնդապետ:
ԳՆԴԱՊԵՏ — Ի՞նչ եղավ այդ հայերի հետ, կապիտան:
ԿԱՊԻՏԱՆ — Այդ հայերը հողը ճանաչում են, պարոն գնդապետ:
ԳՆԴԱՊԵՏ — Կապիտա՛ն, պարզ ասեք, ինչ եք ուզում ասել:
ԿԱՊԻՏԱՆ — Այդ հայերը նայում են իրենց հավաքած հողին ու ասում են, թե որը որտեղից է:
ԳՆԴԱՊԵՏ — Ինչպե՞ս… նույնիսկ ես չեմ կարող… Ես` զտարյուն թուրք ու տոհմիկ զինվորական, գնդապետ Ղարաասկյարօղլուս չեմ կարող նայել իմ հողին ու հասկանալ, թե որտեղից է բերված: Այդ հողի ազատագրության համար մեր արյունն ենք հեղել, ինչպե՞ս կարող է ինչ-որ մեկը ավելի լավ ճանաչել այն:
ԿԱՊԻՏԱՆ — Պարոն գնդապետ, նրանք ոչ միայն գիտեն մեր երկրի ճանապարհները, լեռներն ու ձորերը, որոնք երբեք չեն տեսել, այլ կարծես ենթագիտակցությամբ զգում են այդ ամենը:
ԳՆԴԱՊԵՏ — Ի՜նչ… Խելագարվե՞լ եք, ինչ է, կապիտա՛ն: Լրտեսներ են դրանք, ոչ թե զբոսաշրջիկներ: Ու մենք դրանց առաջ պիտի փռենք մեր երկի՞րը: Մատուցենք սուրբ հողը որպես մի անառակ կնո՞ջ: Ինչպե՞ս կարելի է հանդուրժել…
ԿԱՊԻՏԱՆ — Ի՞նչ կհրամայեք անել, պարոն գնդապետ:
ԳՆԴԱՊԵՏ — Ի՜նչ անել… ի՞նչ անել: Մտնել… Եվրոպա: Եվրոպականանալ: Լինել բոլորի համար բաց ու ձգող: Ի՛նչ անել… Շարունակեք հարցաքննությունը և զգոն եղեք: (Նետում լսափողը:)
Տասներորդ տեսարան
ԳՆԴԱՊԵՏ — Եվրոպա՜ են մտնում… Կարճամիտներ: Տեսե՛ք, տեսե՛ք, Եվրոպան ինչ կասի: Տոհմիկ զինվորական, կռիվների մեջ կյանքը մաշած գնդապետ Ղարաասկյարօղլուն թող փտի ժանդարմական գրասենյակում, իսկ օտարները քթները խոթեն ամեն տեղ, և Ալլահը միայն գիտենա, թե ինչ մտքեր են դրանց գլուխներում: (Հեռախոսազանգ: Զայրացած:) Էլի ի՞նչ պատահեց այդտեղ, կապիտան: Վերջապես տիրապետո՞ւմ եք իրավիճակին, թե՞ ոչ:
ՍԵԼՎԻ — Զայրացա՞ծ ես, Ահմադ, բա՞ն է պատահել:
ԳՆԴԱՊԵՏ — Ո՞վ է այդտեղ, բա՛րձր խոսեք:
Լուսավորվում է բեմի այն մասը, ուր նստած է գնդապետի կինը:
ՍԵԼՎԻ — Իմ ձա՞յնն էլ արդեն չես ճանաչում:
ԳՆԴԱՊԵՏ — Սելվի՞… դո՞ւ ես, սիրելիս, հեռախոսագծերի մեջ ինչ աղմուկ է` չեմ հասկանում:
ՍԵԼՎԻ — Չվիրավորվես, բայց երազում եմ այն ժամանակի մասին, երբ թոշակի կանցնես: Վերջապես դու էլ խաղաղ կյանք կունենաս ու մենք այլևս չենք բաժանվի:
ԳՆԴԱՊԵՏ — Ալլահը վկա, քեզանից բացի ոչ ոքի երեսը չեմ ուզում տեսնել:
ՍԵԼՎԻ — Ադելին է՞լ չես ուզում տեսնել: Մի՞թե չես կարոտել քո փոքրիկ արտույտին:
ԳՆԴԱՊԵՏ — Մտածում եմ՝ արձակուրդը վերցնեմ սեպտեմբերին, մեկնենք Բեռլին: Սեպտեմբերը վատ ամիս չէ Բեռլինի համար: Կզբոսնենք, ռեստորան ու թատրոն կհաճախենք: Ի՞նչ կասես, Սելվի, լավ չե՞մ մտածել:
ՍԵԼՎԻ — Այսպես, թե այնպես, երևի մոտ ժամանակներս անհրաժեշտ լինի մեկնել Բեռլին:
ԳՆԴԱՊԵՏ — Ինչո՞ւ: Ադելն ինչ-որ խնդիրնե՞ր ունի: Հիվանդ հո չէ՞ դստրիկս:
ՍԵԼՎԻ — Ոչ՛, ո՛չ, առողջ է ու համալսարանում էլ ամեն ինչ լավ է: Ամեն օր խոսում եմ հետը, ինչպես պատվիրել ես:
ԳՆԴԱՊԵՏ — Սելվի, ինչ-որ բա՞ն ես թաքցնում ինձանից:
ՍԵԼՎԻ — Ահմադ, սիրահարվել է մեր դուստրը:
ԳՆԴԱՊԵՏ — Սիրահարվե՞լ է: Իսկ քեզ հետ խորհրդակցե՞լ է նախապես:
ՍԵԼՎԻ — Քեզ սիրելու համար ինձ ուղարկեցիր ծնողներիս հետ խորհրդակցելո՞ւ:
ԳՆԴԱՊԵՏ — Դա ուրիշ էր… իմ մտադրությունը լուրջ էր: Եվ, հետո, այն ժամանակ ես արդեն գլխավոր շտաբում պատասխանատու հանձնառություններ էի կատարում: Իսկ նա այնտեղ միայնակ…
ՍԵԼՎԻ — Խնայիր նյարդերդ, Ահմադ ու մի մոռացիր, որ Ադելն այլևս երեխա չէ:
ԳՆԴԱՊԵՏ — Երեխա չէ, իսկ ո՞ւմ է ընտրել, ի՞նչ ծագում ունի… ո՞վ է ընտրյալը…
ՍԵԼՎԻ — Խնայիր նյարդերդ, սիրտդ էլ առաջվանը չէ: Ադելը հավատացնում է, որ երկար կշռադատել է մինչև որոշում կայացնելը: Տղան երեք տարի առաջ է համալսարանն ավարտել: Մեծ եղբոր իրավաբանական գրասենյակի փոխտնօրենն է: Գիտե՞ս, Դիարբեքիրում է ծնվել:
ԳՆԴԱՊԵՏ — Բայց ինչ-որ խնդիր կա, այո՞… ի՞նչ ես թաքցնում ինձանից, Սելվի:
ՍԵԼՎԻ — Ոչինչ էլ չեմ թաքցնում, ասացի, չէ՞, Դիրաբեքիրից է ընտրյալը: Միայն թե այդ տղան ասորի է: Ադելն ասում է՝ ավանդապաշտ ընտանիքի զավակ է, եվրոպական բարեկրթությամբ:
ԳՆԴԱՊԵՏ — Ղարաասկյարօղլուների ընտանիքի միակ ժառանգը սիրահարվել է ասորո՞ւ… Իմ զավակը չի՞ գիտակցում՝ ինչ է նշանակում ծնվել թուրք: Ասորի, եվրոպական բարեկրթությամբ… Սպասիր-սպասիր, այդ տղան երևի քրիստոնյա՞ է: Առռռը՛ քեզ ավանդապաշտություն: Ու աղջկաս չի՞ հետաքրքրել իմ կարծիքը: Գուցե քե՞զ է հարցրել: Դու համաձայնությո՞ւն ես տվել… Սելվի՛, ինչպե՞ս կարող էիր…
ՍԵԼՎԻ — Ինձ համար էլ անակնկալ էր… Ես ասացի Ադելին, թե վախենամ՝ շատ վշտացնես հորդ, բայց նա կարծես թե սիրահարվել է մինչև ականջների ծայրը: Ահմադ, իսկ եթե պարզվեր, որ ես թուրք չեմ, ինձ չէի՞ր սիրի:
ԳՆԴԱՊԵՏ — Ինչպե՞ս կարող էիր թուրք չլինել… ինչեր ես խոսում… Այո՜, հետաքրքիր օր եղավ:
ՍԵԼՎԻ — Միայն մի հուզվիր: Դու քաջ ես, դու հերոս ես, դու կարող ես ամենաբարդ իրավիճակում որոշում կայացնել: Երեկոյան կզանգեմ: Իսկ դու մի բարկանա… հանգստացիր, Ահմադ, հանգստացիր, սիրելիս…
Միաժամանակ ցած են դնում լսափողները:
ԳՆԴԱՊԵՏ — Հանգստացի՜ր, Ահմա՜դ… Հեշտ է ասելը: Ղարաասկյարօղլուների թուրքական երակներում՝ ասորական արյուն… Թեև… լուսահոգի տատս հո՞ւյն էր: Գուցե այստեղից է սկսվում Ադելի շեղումը: Գեղեցկուհի Ապոլինարիա տատիկը: Քիչ էր խոսում, քթի տակ կամաց երգում էր: Մեզ անհասկանալի մեղրածոր երգեր էր երգում: Գուցե ցա՞վ ուներ ներսում: Իզմիրից էր: Մերոնք ժամանակին, անհնազանդության համար, հույներին դաս էին տվել Իզմիրում: Նաև հայերին, նաև հայերին… Պապս կռվել էր այնտեղ: Հույները գրում են, իբր Զմյուռնիայում կոտորածներ են եղել, թալան, կանայք ու աղջիկներ են բռնաբարվել… Դա ե՞րբ է եղել: Իզմիրի դեպքերը տեղի են ունեցել 1922 թվականի սեպտեմբերին: Հայրս ծնվել է 1923 թվականի մայիսին: Սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր, հունվար, փետրվար, մարտ, ապրիլ, մայիս՝ ինն ամիս: Մի՞թե Իզմիրի այդ դեպքերի օրերին է տեղի ունեցել հանդիպումը և սերը, սե՞րը… Այսինքն, կարող է պատահել, որ այդ դեպքերի ժամանակ պապս տատիկիս… Ինչպես շատերը` շատերին… Ի՞նչ հիմարություններ են անցնում մտքովդ, Ահմադ: Մյուս կողմից՝ ի՞նչ է մարդկության պատմությունը և ով ում կարող է մեղադրել: Պատմությունը դատարան քարշ չես տա: Իսկ եթե քա՞րշ տաս… Պատմությունը ենթարկվում է ուժեղների կամքին, ու թող ոչ ոք չփորձի վախեցնել ինչ-որ ճշմարտություններով: Թուրքիան հաղթող է, Թուրքիան մեծ է, երանի նրան, ով թուրք է ծնվել…
ԵՐԿՐՈՐԴ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ
Խավար բեմում լսվում է տիկին Ամալյայի ձայնը:
ԱՄԱԼՅԱ — Ժողովուրդ, արագացրեք, հրավիրվեք, ով նստելու է՝ թող տեղը նստի, ով պիտի զրուցի` զրուցեք-ավարտեք, գնանք-հասնենք մեր գործերին: Դուք էլ տուն ու տեղ ունեք, մեծ ու փոքր ունեք, չէ՞… Գագիկ, անխիղճ, կծուն վառեց կոկորդս, էդքան շնորհք չունե՞ս՝ մի շիշ կոլա ճարես: Բա դու իմ մասին հեչ չե՞ս մտածում:

Տասնմեկերորդ տեսարան
Գյունեյի առանձնասենյակ են մտնում Վոլտերը և Վիկտորիան:
ՎՈԼՏԵՐ — Մենք միասին… Ինչպես ասում են՝ այր ու կին, մեկ մարմին:
ԿԱՊԻՏԱՆ — Կարող եք նստել, ուրախ եմ:
ՎՈԼՏԵՐ — Բա մե՞նք ինչքան ենք ուրախ:
ԿԱՊԻՏԱՆ — Ցանկացել եք ճամփորդե՞լ մեր երկրում:
ՎՈԼՏԵՐ — Ճիշտն ասած՝ ոչ: Անցած տարի Փարիզում եղանք, դրանից առաջ Լոնդոնի ժամացույցը գնացինք-տեսանք, այս տարի էլ բուրգեր էինք ուզում տեսնել, բայց Վիկան՝ Վիկտորիան շոգին չի դիմանում, ասաց. «Մի զով տեղ գնանք»:
Վիկտորիան խեթ նայում է ամուսնուն:
ԿԱՊԻՏԱՆ — Այսինքն՝ հատուկ նպատակ չեք ունեցել…
ՎՈԼՏԵՐ — Չէ, ի՞նչ հատուկ նպատակ, ճիշտն ասած, շատ ժամանակ էլ չունեմ, գործարար մարդ եմ: Լավ կլիներ՝ մյուսներից մի փոքր շուտ ճանապարհ ընկնեի: Պարոն կապիտան, ձեզ մոտ մի քիչ շոգ է, օդափոխիչը չէր խանգարի: Իհարկե, ամեն հարց պետական բյուջեով չի լուծվի, պետությունն էլ մեղք է, բա գործարարներն ինչի՞ համար են… Կողքից օգնությունը չէր խանգարի…
ԿԱՊԻՏԱՆ — Պատուհանը բացե՞մ:
ՎԻԿԱ — Ուշադրություն մի դարձրեք, ամուսինս անհանգիստ մարդ է:
ԿԱՊԻՏԱՆ — Շատ լավ: Այնուամենայնիվ, ինչ-որ հետաքրքիր բաներ տեսաք հավանաբար:
ՎԻԿԱ — Իհարկե, մի քանի հետաքրքիր խանութներ տեսանք…
Վոլտերը խեթ նայում է նրան:
ԿԱՊԻՏԱՆ — Իսկ դուք հող վերցրե՞լ եք ձեզ հետ:
ՎԻԿԱ — Չէ, շատ փող չենք վերցրել, այնքան, որ ճանապարհածախսին հերիքեր, ինչ-որ բան առնելու հատուկ նպատակ չունեինք…
ՎՈԼՏԵՐ — (կրկին խեթում է կնոջը): Պարոն կապիտան, հողը մեր ինչի՞ն է պետք, մենք մեր եղածի ձեռքն ենք կրակն ընկել: Քաղաքից դուրս մի երկու հեկտար հողամաս ունեմ: Երեք հարկանի թեթև տուն եմ սարքել, պտղատու ծառեր եմ դրել, բայց մշակող չկա, աշխատող էլ վարձես, ուրեմն բերքիցդ պիտի ձեռք քաշես: Բայց ես ձեզ հարգեցի, պարոն կապիտան… (Երկիմաստ դադար:) Եթե կարողանայի օգտակար լինել, թե չէ շոգը խեղդում է, գործերս էլ մնաց… Ուզում եմ Հայաստան բանջարեղեն ներմուծել՝ մեզ մոտ բանջարեղենի դեֆիցիտ կա, վստահելի գործընկեր լիներ՝ համատեղ բիզնես կազմակերպեինք:
ԿԱՊԻՏԱՆ — Դե լավ, ես ձեզ շատ չեմ զբաղեցնի:
ՎՈԼՏԵՐ — Վիկա, մի բան ասա, ուշադրությունը գրավի… (Շշնջում է ականջին:)
ՎԻԿԱ — Չհասկացա… կարո՞ղ է՝ գժվել ես, ինձ ո՞ւմ տեղն ես դրել: Պարոն կապիտան, շատ հետաքրքիր զրուցեցինք: Սարը սարին չի հանդիպում` մարդը մարդուն հանդիպում է: Կգաք Հայաստան, անպայման հյուր համեցեք: Եթե իմանանք՝ Երևանում եք եղել ու մեզ չեք այցելել՝ էլ Թուրքիա չենք գա: Ընտանիքով կգաք ու ուղիղ մեր տուն: Երևանում մեր անունը ում մոտ տաք՝ տան տեղը ցույց կտան:
Վոլտերը գրպանից ծրար է հանում և աննկատ դնում է կապիտանի սեղանին: Սիրալիր հրաժեշտ են տալիս, ամուսինները գնում են: Դրսից լսվում է Ամալյայի ձայնը:
ԱՄԱԼՅԱ — Հաջորդն ո՞վ է… ժողովուրդ, շարժվեք: Անխիղճներ, բա դուք տուն չունե՞ք, տանը ձեզ սպասող չկա՞…
Տասներկուերորդ տեսարան
Գյունեյի առանձնասենյակ է մտնում տիկին Վանուհին:
ՎԱՆՈՒՀԻ — Խոսե՞լ էիք ցանկանում:
ԿԱՊԻՏԱՆ — Համեցեք, տիկին: Եթե չեմ սխալվում, դուք այն լավ տղայի տատիկն եք: Ինչպե՞ս էր անունը… Արամ: Ուրախ, անհոգ երեխա է Արամը:
ՎԱՆՈՒՀԻ — Երեխա է, այդ պատճառով էլ անհոգ է:
ԿԱՊԻՏԱՆ — Իսկ ես երկու դուստր ունեմ:
ՎԱՆՈՒՀԻ — Աստված պահի:
ԿԱՊԻՏԱՆ — Մարդիկ երեխաների հետ են կապում անկատար երազանքների իրականացումը:
ՎԱՆՈՒՀԻ — Մե՞ծ են…
ԿԱՊԻՏԱՆ — Ավագը տասներկու տարեկան է, փոքրը` տաս տարեկան: Մեծը բնության սիրահար է, մասնակցում է խմբակների, բնապահպանների հետ արշավների է մեկնում: Իսկ փոքրս նկարում է, զարմանում եմ, թե այդ տարիքում ինչ ուրույն ներաշխարհ ունի: Ձեր թոռնիկն էլ հետաքրքիր պատմություն էր պատմում՝ ինչպես եք քուրդ ընտանիքի այցելել: Ասում էր՝ առաջարկել են վերցնել տնից՝ ինչ կցանկանաք, իսկ դուք մերժել եք:
ՎԱՆՈՒՀԻ — Այդ մասին էլ գիտե՞ք: Այո, հրաժարվել եմ, բայց գողություն եմ արել:
ԿԱՊԻՏԱՆ — Ինչպե՞ս… գողություն եք արել:
ՎԱՆՈՒՀԻ — Այո:
ԿԱՊԻՏԱՆ — Եթե խոստովանեցիք, նաև չեք թաքցնի՝ ինչ եք գողացել:
ՎԱՆՈՒՀԻ — Սա եմ գողացել: (Գրպանից հանում, սեղանին է դնում արծաթաջրած, ծաղկազարդ, կենտրոնում հայերեն թռչնաձեւ փորագրված Ե տառով ապարանջանը:) Քանի օր երկվության մեջ եմ` գողությո՞ւն էր արածս, թե՞ իրավունքիս հաստատում: Այգեստանում քուրդ տանտերը մեզ հյուրընկալել էր մեր տան մեջ: Տան իրերը կարծես ոչ թե ուրիշների պատմածով էին դրոշմվել ուղեղիս մեջ, այլ իմ անցյալի հիշողություններ էին: Ճնշող էր այդ ամենը ու ես այգի դուրս եկա: Տան կողքով առվակ էր հոսել ժամանակին, հիմա հունը խոտով էր ծածկված: Ընկուզենին այնպես կանաչ էր ու պտղակալած, ասես դար չէր անցել գլխով: Բարդիները անցած-գնացած գաղտնիքներ էին փսփսում իրար: Տասնվեց-տասնյոթ տարեկան մի պատանի տան ետևում վարդերի չորացած թփերն էր կտրատում, որոնք տարածվել էին զառիթափի եզրին, ձուլվել էին ցանկապատին: Աչքերիս առջև վերականգնվեց գարնանային վարդաստանը, որտեղից մեր տան հարսները նուրբ թերթիկները հավաքում, անուշահամ մուրաբա էին եփում: Ձմռան երկար գիշերներին, ձյան պես սպիտակ, ասեղնագործ սփռոցի վրա շարվում էին մրգի չիրը, ընկույզն ու փշատը և թեյի համար մատուցվում էր վարդի մուրաբան… Այս մտքերի հետ էի, երբ քուրդ տղան փտած ցողունի հետ արմատախիլ արեց, մի կողմ նետեց թփի ճյուղավոր բունը: Հողի շուռ գալու հետ մի բան պսպղաց աչքիս առջև ու կորավ խոտերի մեջ: Տղան ոչինչ չնկատեց: Մոտեցա, շոշափեցի թփերը, մատներիս մեջ հայտնվեց այս ապարանջանը, կենտրոնում՝ թռչնակերպ Ե տառով: Կապույտը խամրել էր, արծաթը` քայքայվել, բայց կասկած չկար, որ ձեռքիս Երանուհի մորաքրոջս թևնոցն էր: Հայրն էր նվիրել, տասներորդ տարեդարձի առթիվ: Մինչ մեծերը տանը ծնունդ էին տոնել, երեխաները վազվզել էին այգում՝ Երանուհուն շրջապատած: Ու ոչ ոք չէր զգացել, որ վերջն արդեն սկսվել է: Ինչ դաժան է ասված՝
Ծառը պիտի հատեն:
Եվ սակայն անհոգ
թռչուններն այնտեղ
Դեռ բույն են հյուսում:
ԿԱՊԻՏԱՆ — Հայ բանաստե՞ղծ է գրել 1915 թվականին:
ՎԱՆՈՒՀԻ — Ենթադրեցի՞ք…
ԿԱՊԻՏԱՆ — Դժվար չէր կռահելը:
ՎԱՆՈՒՀԻ — Միջնադարի ճապոնացի բանաստեղծի թանկա է: Բայց չեք սխալվում, ցավի լեզուն ամենուր նույնն է: Թաղը իրարանցման մեջ է եղել, իսկ քեֆ անողները պարել ու երգել են: Հեղափոխականների փնտրող զինվորական խմբերից մեկը ներխուժել է տուն: Փնտրածը չգտնելով՝ սևեռվել են այգուց լսվող երեխաների աղմուկի վրա: Խմբի ղեկավարի աչքը շլացրել է Երանուհու ապարանջանի փայլը` երևի թանկարժեք մետաղ է թվացել: Շողոքորթությամբ թևից հանել, տնտղել է: Երանուհին անսպասելի հարվածով նրա ձեռքից թռցրել, հեռու է շպրտել հոր նվերն ու վազել դրա ուղղությամբ: Դիմացը կանգնած զինվորը թուրը դեմ է արել զառիվայրով վազող աղջկան… Արդեն հարյուր տարի մեր տանը վիճում են. «Անծանոթ զինվորը ինչո՞ւ պիտի այդպես վարվեր երեխայի հետ: Մի՞թե կարող էր հրաման գրվել, որ եթե փոքրիկ Երանուհին կամակորություն թույլ տա՝ թրատե՛ք»: Ես մտածում եմ, որ երիտասարդ ասկյարը, բնազդորեն, ասկյարավարի արձագանքել է երեխայի կտրուկ շարժումին: Երանուհին չի պատկերացրել, թե ինչ կարող է պատահել: Դուք ի՞նչ կարծիքի եք, զինվորը գիտակցաբար սրի՞ է քաշել երեխային, թե՞ միամտաբար է ստացվել: Ասացեք, հե՞շտ է անմեղ երեխայի սպանելը:
ԿԱՊԻՏԱՆ — Ես որտեղի՞ց իմանամ…
ՎԱՆՈՒՀԻ — Այո, իհարկե… Հետո մեծ հայրս հարձակվել է զինվորի վրա, բայց հրացանի խզակոթով գետնել են, հարվածել մինչև ուշագնացություն, արնաշաղախ մարմինը քարշ տալով տարել են հետները: Ամեն ինչ այնքան անսպասելի է կատարվել, մարդիկ չեն հասցրել ընկալել, որ սա հերթական դժբախտ միջադեպ չէ, այլ մեծ, չտեսնված արհավիրքի սկիզբ: Ամիս ու կես հետո Կիլիկիայի կողմերից նամակ է ստացվել մեծ հորիցս: Գրել է, թե բանվորություն է անում ճանապարհի շինարարությունում: Բանվորները հիմնականում հայեր են: Շատերը՝ պատերազմի սկզբում զորակոչված երիտասարդներ: Գրել է, թե շինարարության ավարտից հետո տուն են թողնելու: Դա Հովսեփ Սուքիասյանից ստացված առաջին ու վերջին նամակն է եղել: Կինը երկար սպասել է: Ամուսնուն հավատացել ու սպասել է: Հովսեփ Սուքիասյանը եղել է Վանի հայտնի լուսանկարիչը և խոսքի տեր մարդ: Տատս զավակներին Կովկաս է ճանապարհել հարազատների հետ, իսկ ինքը վերջին հեռացողների հետ է լքել Վանը: Նրա գաղթը երկար չի տևել, 10 հազար փախստականների գաղթն ավարտվել է Բերկրիի դաշտում…
Սա այն ապարանջանն է: Եվ ինչո՞ւ վերցրի… Ասում են՝ խմբապետը երկար փնտրել է ապարանջանը սրախողխող արված երեխայի ու գանահարված հոր արյամբ շաղախված խոտերի մեջ… Վերցրե՛ք, այս իրն ինձ չի պատկանում: (Ապարանջանը դնում է Էլչին Գյունեյի առջև:)
ԿԱՊԻՏԱՆ — Ի՞նչ եք անում, տիկին, ես ուրիշի ունեցածի վրա աչք չունեմ: (Հրում է ապարանջանը Վանուհու կողմը:)
ՎԱՆՈՒՀԻ — Կտաք ձեր կրտսեր աղջկան, նա էլ տաս տարեկան է, Երանուհու տարիքին: (Ապարանջանը հրում է կապիտանի կողմը:)
ԿԱՊԻՏԱՆ — Ի՞նչ եք անում… Ես ու կինս ուզում ենք, որ մեր երեխաները մարդկանց նայեն ջինջ հայացքով, որ չիմանան աշխարհի հակասությունների ու դառնությունների մասին:
ՎԱՆՈՒՀԻ — Մինչև ե՞րբ դա ձեզ կհաջողվի: Մի օր նրանք դուրս կթռչեն վանդակից ու կտեսնեն կյանքն՝ ինչպիսին կա… Բայց պետք չէ, որ երեխան իմանա… նվիրեք նրան ու մի սուտ հորինեք: Եվս մեկ ստով կեղծիքի բեռը հազիվ այնքան մեծանա, որ երկրագունդը փուլ գա դրա ծանրությունից:
Այդ ընթացքում նրանք իրար կողմ են հրում ապարանջանը:
ԿԱՊԻՏԱՆ — Ինչո՞ւ եք այդքան դաժան, տիկին: Ցանկանում եք, որ արյունոտ իրին առնչվի մի երեխա, ում չեք էլ ճանաչում: Վրե՞ժ եք լուծում:
ՎԱՆՈՒՀԻ — Վրեժի պե՞ս է ստացվում, բայց ես այդպիսի մտադրություն չունեմ… Լավ, ինչպես կամենաք: Ասում եք՝ կին ունեք և դուստրեր, որտե՞ղ եք ապրում:
ԿԱՊԻՏԱՆ — Ընտանիքս Վարդոում է, Մուշից ոչ հեռու:
ՎԱՆՈՒՀԻ — Ձեր ընտանիքը վաղո՞ւց է բնակվում Վարդոում:
ԿԱՊԻՏԱՆ — Ես Բաթմանից եմ: Ապագա կնոջս հետ ծանոթացել եմ, երբ սովորում էինք Ստամբուլում: Կինս ընտանիքի միակ ժառանգն էր, ամուսնությունից հետո հաստատվեցինք նրանց տանը:
ՎԱՆՈՒՀԻ — Իսկ նրա՞նց ընտանիքը… երբվանի՞ց է ապրում այդտեղ:
ԿԱՊԻՏԱՆ — Կնոջս պապը երիտասարդ տարիքում է Տրապիզոնից տեղափոխվել: Մի չերքեզ առևտրական ծովափնյա սրճարանում պատմել է, թե ցանկանում է էժան վաճառել Վարդոյի տունն ու տեղափոխվել Կովկաս` պապերի հայրենիք: Ապագա կնոջս հայրը, ով ուշ թե շուտ պետք է հեռանար բազմանդամ ընտանիքից, գնի շուրջ սակարկել է չերքեզի հետ: Չերքեզը բացատրել է, թե սիրտը չի ցավում տան համար, որովհետև այն իր հորն առանց մեկ լիրայի է բաժին հասել: Ահա այդպես կնոջս ընտանիքը հայտնվել է հարավում:
ՎԱՆՈՒՀԻ — Իսկ նոր տանտիրոջը չի՞ հետաքրքրել, թե այդ ինչպես տունը, հենց այնպես, բաժին է հասել մի չերքեզի: Չի՞ հետաքրքրել, ովքեր են ապրել Վարդոում: Ապրե՞լ են առհասարակ, թե՞ ոչ: Կարո՞ղ է մի տուն, մի երկիր նախապես որևէ մեկին չպատկանել ու հենց այնպես բաժին հասնել ուրիշին:
Վանուհին դուրս է գնում:
ԿԱՊԻՏԱՆ — (նկատելով նրա թողած ապարանջանը): Տիկի՛ն… Շարա՛ֆ:
ՇԱՐԱՖ — Լսում եմ:
ԿԱՊԻՏԱՆ — Վերցրու սա…
ՇԱՐԱՖ — Ի՞նչ անեմ:
ԿԱՊԻՏԱՆ — Ինչ ուզում ես…
ՇԱՐԱՖ — Պարոն կապիտան, թույլ տվեք հրաժարվել:
ԿԱՊԻՏԱՆ — Կորցրու գրողի ծոցը: (Շարաֆը մատների ծայրերով ապարանջանը վերցնելով ուղղվում է դեպի դուռը:) Շարա՛ֆ, ի՞նչ ծրար է սեղանիս:
ՇԱՐԱՖ — Ա՞յս ծրարը:
ԿԱՊԻՏԱՆ — Այդ ծրարը:
ՇԱՐԱՖ — Պարոն կապիտան, ծրարը այն պարոնը թողեց:
ԿԱՊԻՏԱՆ — Ո՞ր պարոնը:
ՇԱՐԱՖ — Որ կնոջ հետ էր այստեղ:
ԿԱՊԻՏԱՆ — Ինչո՞ւ թողեց… ի՞նչ է սրա մեջ:
ՇԱՐԱՖ — Պարոն կապիտան, համարձակվում եմ ենթադրել, որ փող է ծրարի մեջ:
ԿԱՊԻՏԱՆ — Փո՞ղ… գուցե մոռացե՞լ է…
ՇԱՐԱՖ — Թույլ տվեք չհամաձայնել, նա միտումնավոր հանեց ծրար գրպանից ու դրեց սեղանին:
ԿԱՊԻՏԱՆ — Բայց ինչի՞ համար… (Բացում է ծրարը՝ դոլարներ են:) Ի՞նչ նպատակով է թողել այս գումարը:
ՇԱՐԱՖ — Չէ՞ որ ուզում էր մյուսներից շուտ գնալ այստեղից: Նաև ասում էր, թե ուզում է Թուրքիայից բանջարեղեն ներկրել և ուրախ կլիներ, եթե գործընկեր գտներ այստեղ:
ԿԱՊԻՏԱՆ — Չլինի՞ կաշառք է, Շարաֆ:
ՇԱՐԱՖ — Կարծում եմ, այդպես է, պարոն կապիտան:
ԿԱՊԻՏԱՆ — Ու դու տեսա՞ր, ինչպես ծրարը դրեց սեղանին:
ՇԱՐԱՖ — Այո, տեսա:
ԿԱՊԻՏԱՆ — Ինչո՞ւ ինձ չասացիր:
ՇԱՐԱՖ — Ինձ թվաց՝ դուք էլ նկատեցիք:
ԿԱՊԻՏԱՆ — Նկատել եմ ու ձայն չե՞մ հանել… այսինքն՝ մտածել ես, թե ուզում եմ կաշառքը վերցնե՞լ:
ՇԱՐԱՖ — Չեմ հիշում՝ ինչ եմ մտածել, ավելի շուտ, ոչինչ էլ չեմ մտածել, պարոն կապիտան:
ԿԱՊԻՏԱՆ — Վերցրու ծրարն ու գնա այստեղից:
Շարաֆը վերցնում է ծրարը:
ԿԱՊԻՏԱՆ — Ծրարը թող սեղանին:
Տասներեքերորդ տեսարան
Մաքսատան հրապարակը:
ՀԱՅԿՈՒՀԻ — Կարինե, ի՞նչ ես մտածում:
ԿԱՐԻՆԵ — Հենց այնպես…
ՀԱՅԿՈՒՀԻ — Հոգիդ խաղաղ չէ:
ԿԱՐԻՆԵ — Չգիտեմ ինչու այս օրերին ամենատարբեր դեպքեր ու պատկերներ ժապավենի պես պտտվում են գլխումս: Չեմ կարողանում հասկանալ դրանց կապը: Թեհրանի թանգարանում ապակե գեղեցիկ սրվակ եմ տեսել, դարերի պատմություն ունեն այդպիսի սրվակները, անվանում են արցունքի սափոր: Ասում են՝ երբ սիրած տղամարդը պատերազմ է գնացել կամ հեռավոր ճամփորդության, կինը արցունքով լցրել է այդ սափորը: Տղամարդու վերադարձին որքան լիքը լիներ սափորը, այն չափով կինը կհավաստեր իր սիրո, տառապանքի, կարոտի, հավատարմության մասին: Այն ժամանակ սափորի առասպելն ինձ թվաց միամիտ ու ծիծաղելի: Իսկ հիմա կուզեի այդպիսի սափոր ունենալ:
ՀԱՅԿՈՒՀԻ — Կարինե, ինձ թվում է՝ մեղավոր եմ քո առաջ:
ԿԱՐԻՆԵ — Ենթադրություններով մի տանջիր քեզ, երբ ինքս չգիտեմ, թե ինչ եմ ուզում: Ինչ-որ բան շրջվել է ներսումս, հոգիս սկսել է ընդվզել միօրինակ կյանքի դեմ: Անակնկալներ եմ ուզում, երազանք ու տենչ եմ ուզում: Ուզում եմ… Ի՛նչ եմ ուզում, ինքս էլ չգիտեմ… Չգիտեմ, այս ճամփորդությունն ինչու այսպես տակնուվրա արեց ինձ:
Հրապարակում հայտնվում է Էլչին Գյունեյը, հայացքով փնտրում- գտնում է Վոլտերին:
ԿԱՊԻՏԱՆ — Պարոն, այս ծրարը թողել էիք իմ սեղանին:
ՎՈԼՏԵՐ — Հա, իսկապես… բայց ոչինչ, թող մնար:
ԿԱՊԻՏԱՆ — Ինչպե՞ս թե՝ մնար: Դուք միտումնավո՞ր եք թողել: Պարոն, հայրս դպրոցի տնօրեն է, նա ասում է. «Էլչին, Աստծուն երկնքում չորոնես, այնտեղ նրան չես տեսնի ու կկարծես, թե Աստված էլ քեզ չի տեսնում: Արարչին փնտրիր քո մեջ: Էլչին, երբեք չխաբես քո միջի Աստծուն»: Պարոն, դուք ինձ խաբեության եք դրդում: Վերցրեք ծրարը:
ՎՈԼՏԵՐ — Լավ, լավ… ինչպես ցանկանաք… ես անկեղծ սրտով… ձեզ մոտ տոթ էր:
Վոլտերը մոտենում, ձեռքը մեկնում է, դոլարները թափվում են ծրարի միջից: Նա կռանում, գետնից հավաքում է: Էլչին Գյունեյը շրջվում, հեռանում է: Բոլորը զարմացած հետևում են:
ՀՐԱՅՐ — Ասում են՝ վատ նշան է ճամփորդությունից փող տուն տանելը: Եթե ծախսելու տեղ չկա, պետք է նվիրես պատահած մարդու:
ԱՄԱԼՅԱ — Ասել եմ, չէ՞, հարցեր կունենաք, դիմեք՝ ես կլուծեմ: Էս հայ ժողովուրդն ինչի՞ է էսքան չլսող:
ՎԱՀԱԳ — Տիկին Ամալյա, որ հասնենք Երևան, ես էլ աչք քաղցրացնելու հարց եմ ունենալու: Եթե այդ գործի վարպետ եք, պիտի խնդրեմ, որ մի կաշառքի գործ էլ ինձ համար գլուխ բերեք:
ԱԲԵԼ հայրիկ — Կաշա՞ռք, ի՞նչ կաշառք… (Մոտենում է Վոլտերին:) Տղա ջան, ինչի՞ համար ես կաշառք տվել:
ՎԻԿԱ — (մոտենում է ամուսնուն, շշուկով): Ի՞նչ ես պապանձվել, ինձ պարտավոր ես ասել, ինչո՞ւ էիր կաշառք տալիս:
ԷՔՄԵՔՉՅԱՆ — Ինչո՞ւ ենք այսպիսին… ինչո՞ւ չենք կարող ապրել, ինչպես բոլորը:
ԲԱԼՅԱՆ — Ամոթալի է, այո, շատ է ամոթալի: Մանավանդ, երբ օտարներին ենք ի ցույց դնում մեր վարքը:
ԷՔՄԵՔՉՅԱՆ — Հանգիստ ապրելը մեզ համար չէ: Բզբզել, հրահրել, խնդիրներ հարուցել… Փորձանք ենք բերում գլխներիս, հետո ողբում ենք հայի բախտը, վերամբարձ ու զգայացունց բաներ ենք գոռում աշխարհի ականջին: Արդարություն ենք պահանջում ուրիշներից` ինքներս արդար չլինելով:
ԲԱԼՅԱՆ — Հետաքրքիր է, որոշակիացրեք ձեր միտքը:
ԷՔՄԵՔՉՅԱՆ — Որոշակիացնեմ, եթե ցանկանում եք: Ինչեր որ խոսել ենք այս օրերին՝ անվիճելի է մեզ համար: Բայց անաչառությունը չի՞ պահանջում լսել նաև հակառակ կողմին, և անգամ հակառակորդ կողմին: Քննել նրա փաստարկները: Անշուշտ, դրա համար քաջություն է հարկավոր: Իրական ու հաճախ դառը ճշմարտությունը որոնելու համարձակություն…
ԲԱԼՅԱՆ — Կարծես սկսել եմ ճիշտ հասկանալ ձեզ, շարունակեք:
ԷՔՄԵՔՉՅԱՆ — Մեր ողջ պատմության տրամաբանական հանգուցալուծումն էր այն` ինչ տեղի ունեցավ հարյուր տարի առաջ: Տեղի ունեցավ մի երկրում, ուր հայությունը գրավում էր աչքի ընկնող դիրքեր: Ուներ հարստանալու, մշակույթը զարգացնելու հնարավորություն: Բայց այդ նույն ժողովուրդը, կամ նրա չափազանց անհանգիստ հատվածը հանկարծ որոշեց հեղափոխություն անել: Հեղափոխություն, այն էլ ճիշտ ամենաանպատեհ պահին, երբ պետությունը ներքաշվել էր համաշխարհային պատերազմի մեջ: Բնականաբար, կատարվածը մեկնաբանվեց որպես հարված թիկունքին` անջատողական հավակնություններով: Ի՞նչ եք կարծում, պետությունը, որ մտածում է իր անվտանգության մասին, պե՞տք է դիմի ինքնապաշտպանական միջոցառումների, թե՞ ոչ:
ԲԱԼՅԱՆ — Պարոն Էքմեքչյան, կարելի է թվերն ու իրողությունները ցանկալի ձևով շարել իրար ետևից ու ստանալ ուզածդ արդյունքը: Բայց պատմությունը հաշվապահությունից տարբերվում է նրանով, որ չի առաջնորդվում փաստերի մեխանիկական շաղկապումով: Ասելիքը հիմնավորելու համար դուք ելակետ դարձրիք առաջին համաշխարհային պատերազմի իրողությունը, բայց մի՞թե այդ ժամանակ են սկսվել կոտորածն ու հալածանքները: Իսկ ի՞նչ բացատրություն ունեք 1909 թվականի Ադանայի ջարդերի վերաբերյալ: Չէ՞ որ դրանցից ընդամենը մեկ տարի առաջ նույն հայ հեղափոխականները ողջունել էին երիտթուրքերի իշխանության գալը: Եղբայրություն էր ու հավասարություն: Պարոն Էքմեքչյան, մի՞թե մոռացել եք նախորդող ջարդերի մասին: Ասում եք՝ 15 թվակա՞ն: Մի՞թե նույն հեղափոխականները խորհուրդ չտվեցին երիտթուրք պարագլուխներին` չներքաշվել նոր պատերազմի մեջ, որը կործանարար կդառնար կայսրության համար: Իսկ եթե, այնուամենայնիվ, մեղավորներն այլոք էին, ի՞նչն էր պատճառը, որ իշխանությունից երիտթուրքերին հեռացնող քեմալականները առաջինը դատապարտեցին նրանց որպես պետական հանցագործների և հայության ջարդարարների: Ասում եք՝ մեր ողջ պատմությունը, մինչև 15 թվական ու դրանից հետո, պայմանավորված է ցեղասպանության տրամաբանությամբ: Սխալ ապրածի համար հատուցել ենք կոտորածով, բայց այնուհետ էլ շարունակում ենք նույն կերպ: Սա է մեր պատմությունը և մեր հեռանկարը` այո: Ինձ միշտ զարմացրել են նրանք, ովքեր այդպես հեշտորեն կարողանում են պատմությունը հավատաքննության ենթարկել ու հարյուրավոր սերունդների ապրածը սխալ դուրս բերել: Հավակնոտ չէ՞ արդյոք: Փորձեք նաև խորհել, թե մի փոքրաթիվ ժողովուրդ այդ ի՞նչ ուժի շնորհիվ է հաղթահարել այդքան փորձանք ու փորձություն: Այդ ի՞նչ գաղափարի, գերբնական հավատի շնորհիվ է բնաջնջված ժողովրդի մնացորդացը ոտքի կանգնել ու մի ափ հողակտորի վրա հազարամյա երազն է կյանքի կոչել: Ու նոր հազարամյակ է մուտք գործել կորցրածը մի քիչ ետ բերած, մի քիչ վերականգնած արդարությունը:
Դուք ասում եք՝ գահավիժում, ես ասում եմ՝ վերելք, դուք ասում եք՝ սխալ, ես ասում եմ՝ իմաստնություն, դուք ասում եք՝ կործանում, ես ասում եմ՝ փրկություն… փորձեք նաև այս տեսանկյունից կատարել ձեր գլոբալ ընդհանրացումները, պարոն Էքմեքչյան:
ՆՎԱՐԴ — Պատերազմի ժամանակ պետությունը պարտավոր էր մտածել իր ներքին անվտանգության մասին: Այո, իհարկե: Ինչպե՞ս վարվել, երբ, օրինակ, պետության գոյությանը սպառնում են մանուկները՝ նրանց կենդանի նետե՛լ ծովը կամ թունավորել` փամփուշտ չվատնելու նպատակով: Իսկ եթե պետական կարգի համար խիստ վտանգ են ներկայացնում ծերունիներն ու կանա՞յք` քշե՛լ նրանց մահվան անապատներ: Եթե վտանգ են ներկայացնում գրքերն ու եկեղեցիները՝ հրկիզե՛լ ու ավերե՛լ… Եվ ինչպե՞ս էին կարողացել պատերազմը չսկսած գուշակել, որ հայերը կդավաճանեն ու բնաջնջման ծրագիր էին կազմել: Պարոն Էքմեքչյան, չե՞ք զարմանում, որ ձեր փաստարկներն այդպես համընկնում են դեռ ջարդերից առաջ Իթթիհաթ վե թերաքի կուսակցության թխած տեսության հետ:
ԷՔՄԵՔՉՅԱՆ — Կարևորն ինձ հակադարձելը չէ, այլ փաստերն անաչառ քննելը:
ԱՄԱԼՅԱ — Ժողովուրդ, արագ շարժվեք, նոր խումբս Օպերայի մոտ կհավաքվի շուտով: Մարդիկ դարդից սիմֆոնիա չեն լսելու, մինչև տեղ հասնեմ:
Հայտնվում է Շարաֆը: Վահագը կիսաձայն երգում է կիթառի նվագակցությամբ:
ՇԱՐԱՖ — (Վահագին): Համեցեք, պարոն:
Վահագը երգը չընդհատելով՝ գլուխը բացասաբար շարժում է: Շարաֆը հայացքն ուղղում է Հրայրին:
ՀՐԱՅՐ — Մենք իրար հետ ենք: (Ցույց է տալիս Վահագին:)
ԿԱՐԻՆԵ — Ես կգամ: (Զայրալից հայացք նետելով տղաների կողմը՝ գնում է, հընթացս նետելով:) Վախկո՛տ:
Տասնչորսերորդ տեսարան
Գյունեյի առանձնասենյակը: Հեռախոսազանգ: Կապիտան Գյունեյը վերցնում է լսափողը, ոտքի է կանգնում, շրջվում է ու չի նկատում Կարինեի ներս մտնելը:
ԿԱՊԻՏԱՆ — Կապիտան Էլչին Գյունեյը լսում է:
Լուսավորվում է գնդապետ Ղարաասկյարօղլուի առանձնասենյակը:
ԳՆԴԱՊԵՏ — Կապիտան, ի՞նչ կա այդտեղ, ի՞նչ եղավ հողի հարցը:
ԿԱՊԻՏԱՆ — Պարոն գնդապետ, ես կարող եմ ինչ-որ պատրվակով թույլ չտալ, որ նրանք հող տանեն իրենց հետ:
ԳՆԴԱՊԵՏ — Ասում եք՝ քանի՞ հոգով, որքա՞ն հող են տանում:
ԿԱՊԻՏԱՆ — 19 մարդ տանում է 113 կիլոգրամ հող:
ԳՆԴԱՊԵՏ — Իսկ քանի՞ խումբ է տարեկան գալիս Թուրքիա:
ԿԱՊԻՏԱՆ — Միջին հաշվով 40 այսպիսի խումբ, բայց տարեցտարի թիվը մեծանում է:
ԳՆԴԱՊԵՏ — 40 անգամ 113 կիլոգրամ… ու դեռ թիվը մեծանում է: Այո՜, մտածելու բան կա:
ԿԱՊԻՏԱՆ — Պարոն գնդապետ, կարևորը երկրից տարվող հողի տոպրակները չեն, այդ հողը, հողի գաղափարը նրանց գլխի մեջ է:
ԳՆԴԱՊԵՏ — Իսկ հարցաքննություններն ի՞նչ եղան:
ԿԱՊԻՏԱՆ — Ես այրեցի հարցաքննությունների սղագրությունը:
ԳՆԴԱՊԵՏ — Ինչպե՞ս թե՝ այրեցիք, ինչո՞ւ այրեցիք…
ԿԱՊԻՏԱՆ — Հայերի հարցաքննությունը վերածվեց թուրքերիս դեմ մեղադրական եզրակացության:
ԳՆԴԱՊԵՏ — Ի՜նչ… գժվե՞լ եք… բոլորդ գժվե՞լ եք: Կապիտան Գյունեյ, երկուշաբթի առավոտյան, ոչ, վաղն առավոտյան 8-ին լինեք ինձ մոտ:
ԿԱՊԻՏԱՆ — Լսում եմ, պարոն գնդապետ:
ԳՆԴԱՊԵՏ — Այս երկրին թշնամիներ պետք չեն` ինքն իր ամենամեծ թշնամին է: Բոլորը դարձել են մի մեծ դավադրության մասնակիցները: Քաղաքական խաղերի ետևից ընկած փլուզում են երկրի հիմնասյուները, փլուզում են թուրքական կառույցը, թուրքական հոգեկերտվածքը, թուրքական գաղափարը, թուրքական գաղափարը, թուրքական գաղափարը… (Դնում է լսափողը:)
ԿԱՊԻՏԱՆ — (դնելով լսափողը՝ նկատում է Կարինեին): Դուք այստեղ եք… չէի նկատել: Եթե չեմ սխալվում, շրջագայում եք ձեր մորաքրոջ հետ: Նա Հայաստանի գիտությունների ակադեմիայի աշխատակից է, իսկ դուք ուսանողուհի եք, ապագա պատմաբան՝ հայ և հարևան ժողովուրդների պատմության մասնագետ: Տեսնո՞ւմ եք, ինչքան բան գիտեմ:
ԿԱՐԻՆԵ — Դուք ինչ-որ բան էիք ցանկանում պարզել:
ԿԱՊԻՏԱՆ — Դուք շատ նման եք ձեր մորաքրոջը:
Ներս է մտնում Շարաֆը՝ չնկատելով Կարինեին:
ՇԱՐԱՖ — Պարոն կապիտան, ձեզ մոտ հրավիրեցի խմբի երկու անդամներին, բայց նրանք հրաժարվում են: Ասում են՝ զրուցելու ցանկություն չունեն:
ԿԱՊԻՏԱՆ — (ժպտում է): Գնանք, օրիորդ: Շարաֆ, գնանք:
Սեղանից վերցնում է հարցաքննությունների թղթապանակը, միասին դուրս են գնում:
Տասնհինգերորդ տեսարան
Հրապարակում հայտնվում են Էլչին Գյունեյը, Շարաֆը, Կարինեն:
ԿԱՊԻՏԱՆ — (Հրայրին ու Վահագին): Դո՞ւք չուզեցիք զրուցել ինձ հետ:
ՀՐԱՅՐ — Զրուցել բառը մեզ հեռուներն է տանում:
ԿԱՊԻՏԱՆ — Զրույցի հրավերը հեռունե՞րն է տանում:
ՎԱՀԱԳ — Ոչ մի տեղ էլ չի տանում, զրուցելու ցանկություն չունենք:
ԿԱՐԻՆԵ — Երևի կանանց հետ միայն կարող են համարձակ զրուցել: Վախկո՛տ: (Վահագը նայում է Կարինեին:)
ՀՐԱՅՐ — Վախկո՞տ ես դու:
ՎԱՀԱԳ — Ի՞նչ ես ասում, Հրայր:
ՀՐԱՅՐ — Բա ինչո՞ւ չես պատասխանում: Դու խելառ Վահա՞գն ես, ում մասին ասում էին, թե տեղեկացված չէ, որ փամփուշտը սպանում է: Թե՞ ուրիշ մարդ է դիմացս կանգնած:
ՎԱՀԱԳ — Այնտեղ հեշտ էր…
ՀՐԱՅՐ — Ասա՝ ով ես դու: Պատմիր, ինչպես Երևանի Գեղարվեստի ուսումնարանի սաների հետ Շուշիի ձորում նկարելիս անհայտ անձիք մոտեցան ու հրավիրեցին զրուցելու: Պատմիր, ինչպես են տանջել Շուշիի բանտում, ինչպես դարձար ազատամարտիկ:
ՎԱՀԱԳ — Կարիք չկա, մի շարունակիր:
ՀՐԱՅՐ — Կարիք կա, մանավանդ, ոմանք ինչ-ինչ ենթադրություններ են անում: Պատմիր, ինչպես որոշեցիր ողջ-ողջ բռնել ադրբեջանցի դիպուկահարին: Դիպուկահար կինը, օգտվելով քո անզգուշությունից, դաշունահարեց քեզ ու դու բռունցքով խփեցիր նրան:
ՎԱՀԱԳ — Լեյլան լավ աղջիկ էր, նա մեղավոր չէր… ներշնչել էին, թե դիմացը հրեշներ են: Հիշո՞ւմ ես, հետո ինչպես էր ատում պատերազմը:
ՀՐԱՅՐ — Պարոն կապիտան, կարծում եմ, պարզ դարձավ, ինչու չենք ոգևորվում միակողմանի նախաձեռնվող զրույցներից:
ԿԱՊԻՏԱՆ — Նաև պարզ դարձավ, որ անձնական վրեժից դրդված՝ որոշել եք պատերազմել ու մարդ սպանել: Դուք նկարիչ եք: Արվեստագետը կարո՞ղ է դաժան լինել:
ՎԱՀԱԳ — Ես էլ էի կարծում, թե չի կարող, բայց դաս տվողներս ջանք չխնայեցին կարծիքս փոխելու համար: Իսկ պատերազմի մասնակցելուն դրդել է սեփական բաժին բեռը կրելու գիտակցումը:
ԿԱՊԻՏԱՆ — Եվ բոլոր հայերը կրում են պատասխանատվություն` ապրողների ու վաղուց նահատակվածների համար:
ԲԱԼՅԱՆ — Ընդունենք, թե այդպես է, ի՞նչն է ձեզ մտահոգում:
ԿԱՊԻՏԱՆ — Քավ լիցի, դա ձեր կյանքն է և իրավունքը: Թեպետ ձեր հավաքական մտայնությունների թիրախում հաճախ մենք ենք հայտնվում:
ՆՎԱՐԴ — Այսօրվա զրույցնե՞րը նման եզրակացության հանգեցրին:
ԿԱՊԻՏԱՆ — Այսօրվա զրույցները ամրապնդեցին համոզմունքս:
ՆՎԱՐԴ — Ենթադրում եմ, որ վատ զրուցարան չի ստացվել:
ԿԱՊԻՏԱՆ — (նայելով թղթապանակին): Այո, հետևություններ կատարելու համար բավական խոսուն է: Գի՞տեք, որն է մեր ու ձեր տարբերությունը: Մենք ապրում ենք վաղվա օրով, փորձում ենք այդ վաղը դարձնել մերը, իսկ դուք ձգտում եք ձեր ճշմարտությունները հաստատել երեկվա օրվա մեջ: Իսկ ժամանակային երեք չափումներից միայն անցյալն է, որ հնարավոր չէ փոխել: Միևնույն է, դուք համառորեն ձգտում եք շրջել այդ անցյալը, աշխարհով մեկ փաստաթղթեր եք պրպտում, գրքեր եք հրատարակում: Ձեզ թվում է, թե աշխարհը անտեղյակ է ու ձեր առաքելությունն է մարդկությանը լուսավորելը: Հարցրեք ձեր քաղաքակիրթ բարեկամներին, նրանք կցանկանա՞ն վերանայել պատմությունը, քանդել ու վերակազմել նորովի: Անցյալի հետ բոլորն իրենց հաշիվներն ունեն ու ձեր համառությամբ ոչ թե մեր դեմ եք դուրս եկել, այլ աշխարհի: Հայտարարել եք Դոն Քիշոտի պատերազմ, զինվել եք գրքերով ու փաստաթղթերով: Ի՞նչ է այս ամենը (ցույց է տալիս թղթերը). իրադարձություննե՞ր, կենսագրություննե՞ր, փաստե՞ր, մեղադրանքնե՞ր… ո՛չ, մրոտած թուղթ, հեքիաթ, անիրական մի բան, այսինքն` ոչինչ: (Զայրույթով թղթերը նետում է օդ, դրանք սփռվում են բեմով մեկ:) Ու սրանցով պատերազմի եք ելել մեր դե՞մ, աշխարհի դե՞մ: Թղթով հրանոթների, ռումբերի ու ռմբակոծիչների դե՞մ: Ինչո՞ւ չեք հաշտվում պատմության հետ, ինչո՞ւ եք փորձում անցյալի մարած արժեթղթերով այսօրվա առևտուրն անել: Ինչո՞ւ եք մղձավանջի վերածում ձեր և ուրիշների կյանքը: Ինչո՞ւ չեք ուզում ուրիշների հետ հարաբերվել խաղաղված հոգով, խոսել ներկայի ու ապագայի մասին` առանց ետին մտքի, առանց պայմանի ու նախապայմանի: Ինչո՞ւ հանգիստ չեք տալիս ձեզ և ուրիշներին:
ԱԲԵԼ հայրիկ — Խաղաղվիր, կապիտան ջան, ջահել ես, սիրտդ չի դիմանա: Ինչի՞ ես քեզ տանջում, դու ի՞նչ մեղք ունես:
ԿԱՊԻՏԱՆ — Հարցերի տերն այսօր ես եմ:
ԱԲԵԼ հայրիկ — Ես էլ ասում եմ` չէ՛: Այ մարդ, ինչո՞ւ ես խղճիդ վրա մեղք բարդում: Հոգիդ ազատիր էդ շղթաներից: Ոչ հրաման տվողն ես եղել, ոչ՝ կատարողը: Քեզնից հեռացրու, մաքրվիր մեղքից: Էդ ձևով քանի՞ հարյուր տարի ես ինքդ քեզ հետ կռիվ տալու:
ԿԱՐԻՆԵ — (մոտենալով Վահագին): Ինձ ինչ-որ բա՞ն էիք ցանկանում ասել:
ՎԱՀԱԳ — Այո, ցանկանում էի:
ԿԱՐԻՆԵ — Ամուսնության առաջարկությո՞ւն էիք անում:
ՎԱՀԱԳ — Այո, բայց…
ԿԱՐԻՆԵ — Ես համաձայն եմ:
ՎԱՀԱԳ — Բայց դուք մերժեցիք…
ԿԱՐԻՆԵ — Ես ձեզ չեմ մերժել: Ուրիշ մարդու եմ մերժել: Գուցե այլևս չե՞ք ցանկանում…
ՎԱՀԱԳ — Ո՛չ, ո՛չ, ցանկանում եմ…
ԿԱՐԻՆԵ — Այդ դեպքում մեկ պայման ունեմ:
ՎԱՀԱԳ — Ի՞նչ պայման:
ԿԱՐԻՆԵ — Պսակադրությունը պետք է տեղի ունենա Ախթամարի Սուրբ Խաչ եկեղեցում: Քահանայի օրհնությամբ, կնքահորով ու խաչեղբորով, հարսնահանդեսի մասնակիցներով, պարով ու երգով:
ՆՎԱՐԴ — Այդ ի՞նչ հապճեպ որոշում ես կայացնում, Կարինե, հո խե՞նթ չես:
ԿԱՐԻՆԵ — Խենթ եմ, մորաքույր: Դու չէի՞ր ասում, թե Կարինեն խենթ է ինձ նման: Եթե հիմա չանեմ այս խենթությունը, ամբողջ կյանքում ինձ չեմ ների: Երբ Սուրբ Խաչ եկեղեցում մոմ վառում ու շարական էինք երգում, հանկարծ ինձ տեսա հարսանեկան սպիտակ զգեստով: Քահանան խաչը պարզած հարցնում էր. «Տե՞ր ես»: «Տեր եմ, տեր եմ»,- շշնջում ու նայում էի խաչին: Խաչի վրայով նայում էի խաղաղ ծփացող ջրերին: Կապույտ ջրերը կապույտ երկնքին էին նման: Հոգիս պարուրում էին իրենց մեջ ու օրորում էին ալիքների վրա: Շուրջս խռնվել էին ուրախ, ոգեշնչված մարդիկ: Մի՞թե նախախնամության կամքն էր այդ ամենը: Վահագ, ընդունո՞ւմ ես պայմանը:
ՎԱՀԱԳ — Համաձայն եմ, ու որքան շուտ, այնքան լավ:
ԿԱՐԻՆԵ — Կարծում էի, այս երկիրը մեռած է: Կարծում էի, այցելում եմ մի մեծ գերեզմանատուն, մոխրացած մոլորակ: Այնինչ երկիրը կա, շնչում է, արթնանում է ամեն օր ու լցվում է հազարավոր ձայներով, կանաչում ու ծաղկում է… ու բոլոր ճանապարհները տանում են ինչ-որ տեղ, հասցնում են ինչ-որ հանգրվանների: Ցանկանում եմ, որ իմ զավակի կենսագրությունը սկսվի այստեղից: Որ նրա համար երկիրը ոչ թե ուրիշների հեռավոր հիշողություն լինի, այլ իր սկիզբը, իր անցնելիք ճանապարհի սկիզբը: Համաձա՞յն ես, Վահագ: Գիտեմ, որ դու էլ դեմ չես լինի, մորաքույր:
ՎԱՀԱԳ — Այ, սա դուրըս եկավ: Նորից արյունը խաղաց երակներումս: Հարկավոր է ճանապարհ ընկնել: Գործերը կազմակերպել է պետք ու շուտ վերադառնալ: Բոլորին կհրավիրենք մեր հարսանիքին: Համաձա՞յն եք, Հրայր, Հայկուհի, դուք բոլորդ… Դե, գնացինք: Մենք վերադառնալու ենք:
Բոլորը դուրս են գնում: Լսվում է՝ «Մենք կվերադառնանք,
մենք կվերադառնանք…»:
Դատարկ բեմում կանգնած է Էլչին Գյունեյը: Շարաֆը հավաքում է բեմով մեկ թափված թղթերը, բերում-դնում է քարացած Գյունեյի ափի մեջ:

Կարդացեք նաև