Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ / ՀՐԱՎԻՐՎԱԾ ԵՔ ԾՆՈՒՆԴԻ

Գործող անձինք
ԱՐՄԵՆ — 19 տարեկան
ԱՆԱՀԻՏ — 55 տարեկան
ԷՄՄԱ — 67 տարեկան
ՀԱՍՄԻԿ — 17 տարեկան

Ներս է գալիս Արմենը: Ուսով պահած հեռախոսը՝ բերում, սեղանին է հասցնում ստվարաթղթե տուփ ՝ դեղին գույնի:
ԱՐՄԵՆ — (հեռախոսի մեջ): Ստացվեց, ի՞նչ անեմ… Հասկանում եմ, բայց դու էլ ինձ հասկացիր… Մի ժամ ուշանամ՝ աշխարհը չի քանդվի… (Մռայլվելով:) Էլ չի քանդվի, որովհետև պապի համար միևնույն է… Ինձ համար միևնույն չէ, բայց դա ո՞ւմ է հետաքրքրում… Մամ, էլ ո՞նց բացատրեմ… Ո՞վ է ասում, դու աշխարհի ամենահասկացող մայրն ես, որ դեռ փորձում ես ինձպեսին հասկանալ… Էլի՞ ասեմ՝ Սուրոյի հետ շատ կարևոր հանդիպում ունենք… չէ, ինստիտուտում ամեն ինչ օ քեյ է, ուզում եմ գործ գտնել, որ ամեն անգամ սիգարետի փող չուզեմ… Դասերիս չի խանգարի… Մի խոսքով, էստեղ ամեն ինչ կարգավորում ենք, ու գալիս եմ… (Փորձելով թաքցնել դժգոհությունը:) Չէ, Սուրոն չի գա, նա… էլի գործեր ունի: Դե լավ, դուք սեղան նստեք՝ ես կգամ:
Հեռախոսը դնում է սեղանին, շոշափում է տուփը:
ԱՐՄԵՆ — Պապ, այ պապ, ինձ լսո՞ւմ ես… (Դադար:) Զարմանո՞ւմ ես, որ էստեղ եմ… (Դադար:) Բա որ հանկարծ պատասխանե՞ս… (Դադար:) Դու էիր ինձ հասկանում, դու էլ… հիմա իմ էստեղ լինելն էլ կհասկանայիր… (Դառը քմծիծաղով:) Քե՞զ եմ համոզում, թե՞ ինձ… (Դադար: Կարծես ներքուստ դաժանանալով:) Օ՜ն առաջ, ինչպես կասեիր դու… Եվ ուրեմն, սա քո տուփերի կոլեկցիայից է, գրասեղանիդ կողքը իրար վրա շարել ես՝ ծիածանի գույներով ներկված: Խոստովանեմ՝ մինչև սրանց հասնելը գրասեղանիդ դարակներն եմ նայել… կամ խուզարկել եմ, քեզ ո՞րն է դուր գալիս: Ի՞նձ… իհարկե, նայելը, որովհետև թոռդ եմ ու դրա իրավունքն ունեմ: Կարծում եմ՝ ունեմ: Դարակներում չգտա, անցա սրանց…
Բացում է տուփը, զննում է պարունակությունը, երկարաձիգ սուլում է:
ԱՐՄԵՆ — Զար-թու-ցիչ… Մի քսան-երեսուն հատ կլինի՞… (Հանում է մեկը, զննում:) Պապ, բայց ինչի՞ զարթուցիչ… Որ անկանխատեսելի մարդ էիր՝ բոլորս գիտեինք, բայց հիմա մտքովս անցավ… ոնց որ քեզ էնքան էլ չենք հասկացել: Ճանաչողները շատ էին՝ քո փաստաբան ու ոչ փաստաբան ընկերները, հարազատներից մի երկուսը… ես ուրիշ բան նկատի ունեմ, լավ գիտես՝ ինչ… (Մեկ այլ զարթուցիչ հանելով:) Բայց ընկերներդ լավն էին… Որ հիշում եմ ձեր քեֆերը մեր այգում, ձեր սարքած խորովածը, ընկերոջդ՝ Վարդանի քաշած խնձորի օղին, որ խմում էիք որպես կալվադոս ու Արսենը անպայման պիտի հիշեր Ժոանին ու սրտանց քֆրտեր՝ թե ոնց Ռավիկի պես տղուն թողեց ու… իրան հասնում էր, որ մեռավ… (Դադար:) Պապ… պապ-պապ… (Քմծիծաղով:) Ինչից սկսեցի՝ ուր հասա: Ասենք՝ ոչ մի տեղ էլ չեմ հասել ու դեռ հարց է՝ երբ կհասնեմ:
Գնում, բերում է կապույտ գույնի տուփ, բացում, դուրս է բերում խոշորացույց, հաջորդն է հանում, նայում տուփի մեջ:
ԱՐՄԵՆ — Էսքան խոշորացո՞ւյց… Բա որ ասում էի՝ ինչ կա տուփերի մեջ, ինչի՞ չէիր բացում, ցույց չէիր տալիս, որ հիմա չհարցնեի՝ ինչի՞ հատկապես խոշորացույց…
Զանգ: Նայում է համարին, մռայլվում է:
ԱՐՄԵՆ — (լսափողի մեջ): Ես եմ, ով պիտի լինի… Գարեջուր եմ խմում ֆուտբոլի հետ… Ինչի՞ ես ապուշ հարց տալիս, որ համարժեք պատասխան ստանաս… Փնտրում եմ, ուրիշ ի՞նչ պիտի անեմ էստեղ… Քեզ թվում է՝ դժվար բան չէ՞… ուրեմն արի ու գտիր: Դե, որ էդպես է՝ չխանգարես: Ու չզանգես:
Հեռախոսը զարթուցիչի հետ դնում է սեղանին, գնում, վերադառնում է կարմիր գույնի տուփով: Դնում է սեղանին:
ԱՐՄԵՆ — Սրա մե՞ջ ինչ կլինի: Զարթուցիչից ու խոշորացույցից հետո ի՞նչ կարող է լինել… Գրիչ, շերեփ կամ իմ փնտրածը: (Բացում է, նայում, հուսախաբ:) Պապ եմ ասել… (Հանում է մկրատ, խառնշտորում տուփի պարունակությունը:) Տեսնես քանի՞ հատ է… Պապ, կարո՞ղ է՝ մկրատ սրողի ես թալանել… (Կտրուկ շրջվում, գնում է դեպի դուռը, կեսճամփա կանգ է առնում:) Արդեն վախենում եմ, ինչ իմանամ՝ մյուսի մեջ ինչ կլինի: Պապ, հասկացանք, անհանգիստ բնավորություն ունեիր, «բազմակողմանի հետաքրքրություններով», ինչպես կասեր սիրելի զոքանչդ ու իմ տատը՝ տիկին Էլեոնորան: Բայց լավ էիք խաղում փեսա-զոքանչ թատրոնը՝ «Էլեոնորա Միսա՜կովնա-Արմե՛ն, սիրելի՛ս»: Կարծում էի՝ խաղում եք, մինչև տատիս մեռնելը: Հոգեհանգստից հետո սրահը դատարկվեց, մնացինք մենք մերոնցով, մոտեցար, կանգնեցիր գլխավերևում ու կամաց՝ «Շնորհակալ եմ, մայրիկ»: Ես էլ հիշեցի, որ առանց մայր ես մեծացել… առանց հայր: (Դադար: Այլ տոնով:) Պապ, կարո՞ղ է՝ հատուկ խանգարում ես: Մտքերս խառնում ես, չես թողնում՝ կենտրոնանամ: Ասում են՝ մեռածի հոգին քառասուն օր երկրի վրա է… Տասնչորս օր է, որ չկաս: Գուցե կաս, մենք քեզ չենք տեսնում: Իսկ դու տեսնում ես ու գիտես՝ ինչ եմ անում էստեղ… Պապ… պա՛պ-պա՛պ… Արի պայմանավորվենք՝ իրար չենք խանգարում:
Գնում, գալիս է կանաչ տուփով:
ԱՐՄԵՆ — Ոնց որ սիստեմը հասկացա, դեղին տուփերում զարթուցիչ է, կապույտում՝ խոշորացույց, կարմիրում՝ մկրատ… (Մտազբաղ:) Ինչո՞ւ մկրատն է կարմիրի տակ, հը՞, պապ, էդպես էլ չասիր… Հիմա տեսնենք՝ կանաչն ինչ է:
Բացում է տուփը, դեռ չհավատալով աչքերին, դողացող ձեռքով հանում է ալբոմ:
ԱՐՄԵՆ — Փաստորեն, ճիշտ են ասում՝ կանաչը հույս է: Փրկություն: Մնում է՝ ինձ չմեղադրես: Ասենք, որ մեղադրես՝ ինչ է փոխվելու…
Բացում է ալբոմը, նորից չհավատալով տեսածին՝ տենդորեն թերթում է էջերը՝ կատաղության հասցնելով իրեն:
ԱՐՄԵՆ — Բացի՜կ… Էն էլ նոր տարվա՞… Ձմեռ պապ ու տոնածա՞ռ… (Շպրտում է ալբոմը, միջից մի քանի բացիկ սահուն թափվում են հատակին:) Մեծ մարդ ես, ճանաչված փաստաբան, որ մի գործ տանուլ չես տվել ու բացի՞կ… տոնածառի խաղալիքներո՞վ… Պապ, կարո՞ղ է, ձեռ ես առնում…
Դռան կամաց, կարճ զանգ:
ԱՐՄԵՆ — Է՞ս ով է… (Լսում է: Լռություն:) Թվաց: (Հատակից վերցնում է ալբոմը:) Թե՞ երկնային զանգ էր, նշան ես տալիս, բայց ի՞նչ նշան… (Նորից է ստուգում էջերը:) Բացիկներ… Ընկերս ու ապագա հոգեբան Վահեն կասեր. «Էստեղ մանկության մեծ կոմպլեքս է թաղված»: Պապ, ի՞նչ կոմպլեքս, դու կոմպլեքս ունեցե՞լ ես: Փաստորեն, չգիտեմ, համարյա չգիտեմ քեզ… Ես էլ կարծում էի՝ ամենամոտիկդ եմ: (Բացում է մի էջ:) Շնորհավոր նոր տարի, ու եղևնու գլխին՝ կարմիր աստղ: (Զննում է բացիկը:) Հազար ինն հարյուր…
Դռան զանգ:
ԱՐՄԵՆ — Էլի նշան ես տալի՞ս… (Անընդմեջ զանգ:) Չէ, սա արդեն դուռն է: (Գնալով դուրս:) Բայց ո՞վ է…
Վերադառնում է Անահիտի հետ:
ԱՐՄԵՆ — Ձեր ասածից բան չհասկացա:
ԱՆԱՀԻՏ — Կրկնե՞մ…
ԱՐՄԵՆ — Բայց՝ ավելի պարզ ու հասկանալի:
ԱՆԱՀԻՏ — Շնորհավորեմ ու գնամ:
ԱՐՄԵՆ — Ո՞ւմ եք շնորհավորելու:
ԱՆԱՀԻՏ — Իմ վաղեմի… (փնտրում է բառը) բարեկամին:
ԱՐՄԵՆ — Մի հատ էլ՝ սկզբից… Ում եք շնորհավորելո՞ւ:
ԱՆԱՀԻՏ — Արմենին: Այսօր նրա ծննդյան օրն է, այդպես չէ՞:
ԱՐՄԵՆ — (դադարից հետո:) Արմենի…
ԱՆԱՀԻՏ — Այո: Իսկ դուք… ո՞վ եք:
ԱՐՄԵՆ — Արմենը:
ԱՆԱՀԻՏ — Ամեն ինչ հնարավոր է, բայց իմը Արմենյան Արմենն է:
ԱՐՄԵՆ — (հոգոց հանելով): Ես էլ… Արմենյան Արմենն եմ:
ԱՆԱՀԻՏ — Ինչպե՛ս գլխի չընկա… Արմենի թոռնիկն եք:
ԱՐՄԵՆ — Եմ: Հատկապես թոռ-նի՛կը:
ԱՆԱՀԻՏ — (ժպտում է): Իրավացի եք… թոռը:
ԱՐՄԵՆ — Իսկ դո՞ւք…
ԱՆԱՀԻՏ — Արդեն ասացի՝ վաղեմի…
ԱՐՄԵՆ — (ընդհատելով): …բարեկամը: Բայց մեր բարեկամության մեջ ոնց որ ձեզ տեսած չկամ:
ԱՆԱՀԻՏ — (վերջնականապես շփոթվելով): Չէ… պարզապես բարեկամ:
ԱՐՄԵՆ — Պարզապես… Պարզ է:
Լռություն:
ԱՆԱՀԻՏ — Չներկայացա… Անահիտ:
ԱՐՄԵՆ — Անահիտ… (Սպասողական նայում է:)
ԱՆԱՀԻՏ — Պարզապես Անահիտ:
ԱՐՄԵՆ — Պարզ է: Ոչ մի բան էլ պարզ չէ: Ինչո՞ւ եք եկել:
ԱՆԱՀԻՏ — (սթափեցնող սառնությամբ): Ներեցե՜ք…
ԱՐՄԵՆ — (իրեն ուղղելով): Ուզում եմ ասել՝ ով է ձեզ հրավիրել:
ԱՆԱՀԻՏ — Ինչպես թե՝ ով: Արմենը… ձեր պապիկը:
ԱՐՄԵՆ — Իմ պապիկը… (Մեկուսի:) Պա՞պ, էս ի՞նչ է… (Անահիտին.) Հրավիրել է… ո՞նց…
ԱՆԱՀԻՏ — Բացիկով: (Պայուսակի միջից բացիկ հանելով:) Խնդրե՛մ:
ԱՐՄԵՆ — (անտեսելով նրա կծու շեշտը): Բացիկով…
ԱՆԱՀԻՏ — Բացիկո՛վ: (Ասում է տեքստը՝ բացիկին չնայելով:) Նոյեմբերի 19-ին հրավիրում եմ իմ ծնունդին: Եվ հասցեն՝ Ամառանոցային…
ԱՐՄԵՆ — (ընդհատում է): Կարելի՞ է… (Առանց սպասելու վերցնում է բացիկը:) Հասցեն ճիշտ է…
ԱՆԱՀԻՏ — (վիրավորված շեշտով): Անտարակո՛ւյս:
ԱՐՄԵՆ — (մտամփոփ): Անտառի կույս: (Իրեն ուղղելով:) Ներեցեք… գրականության ուսուցչուհի եք:
ԱՆԱՀԻՏ — Ճարտարապետ եմ: (Նոր միայն շուրջը նայելով, տեսնելով սեղանի տուփերը:) Օհո՜…
ԱՐՄԵՆ — Ոնց հասկացա՝ հին ծանոթներ եք:
ԱՆԱՀԻՏ — (շեշտով): Պատկերացնել չեք կարող՝ ինչքան հին… Իսկ ո՞ւր է Արմենը:
ԱՐՄԵՆ — (որոշման հանգելուց հետո): Էստեղ չէ:
ԱՆԱՀԻՏ — Որտե՞ղ է:
ԱՐՄԵՆ — Որոշել ենք 65-ամյակը ուրիշ տեղ նշել:
ԱՆԱՀԻՏ — Ուզում եք ասել, որ այստեղ չի՞ լինելու:
ԱՐՄԵՆ — Նույնիսկ չի գալու:
ԱՆԱՀԻՏ — Չեմ հասկանում… այսքան լռությունից հետո հրավիրել ու…
ԱՐՄԵՆ — (ժամացույցին նայելով): Ո՛ւ… Ինչպես կասեր իմ ընկեր Սուրոն՝ կյանքը անակնկալներով լիքը չէ, կյանքն ի՛նքն է պատրաստում անակնկալները:
ԱՆԱՀԻՏ — (առաջին անգամ ուշադիր նայելով Արմենին): Նման եք:
ԱՐՄԵՆ — Ինչո՞վ:
ԱՆԱՀԻՏ — Ճարտար լեզվով:
ԱՐՄԵՆ — Միա՞յն…
ԱՆԱՀԻՏ — Առայժմ: Նա, օրինակ, վաղուց առաջարկել էր նստել:
ԱՐՄԵՆ — (փորձելով արդարանալ): Հասկանո՞ւմ եք…
ԱՆԱՀԻՏ — Հասկանում եմ, ուզում եք րոպե առաջ իմ ներկայությունից ազատվել: Կգնամ: Բայց մինչ այդ… (Վերցնում է Արմենի ձեռքից բացիկը, պայուսակից հանում գրիչն ու ինչ-որ բան է գրում:)
ԱՐՄԵՆ — (հետևելով նրան ու փորձելով թաքցնել դժգոհությունը): Ներեցեք, հա՞…
ԱՆԱՀԻՏ — (գրելով): Ձեր անունի՞ց եք ներողություն խնդրում:
ԱՐՄԵՆ — Ոչ միայն…
ԱՆԱՀԻՏ — Էլի բան է:
Այն է՝ բացիկը պիտի տա Արմենին՝ դռան զանգ:
ԱՆԱՀԻՏ — (հաղթական): Տեսա՞ք…
ԱՐՄԵՆ — Ի՞նչը…
ԱՆԱՀԻՏ — Եկավ:
ԱՐՄԵՆ — (նրա ասածը «մարսելուց» հետո): Ես այդքան վստահ չէի լինի:
ԱՆԱՀԻՏ — Դուռը բացեք, դուք ի՞նչ գիտեք վստահության մասին: (Բացիկը դնում է պայուսակը:)
Արմենը դուրս է գնում: Անահիտը մոտենում, սկսում է տնտղել ու շոյել տուփերը՝ ասես իսկապես հին ծանոթների է հանդիպել:
Վերադառնում է Արմենը. մի ձեռքում տպավորիչ չափերի տոպրակ է, մյուսով թևանցուկ է արել ձեռնափայտին հենված Էմմային:
ԷՄՄԱ — Ջահել, ո՞ւր ես շտապում, տեղ հասանք: (Անահիտին.) Բարով տեսանք:
ԱՆԱՀԻՏ — Բարև ձեզ:
ԷՄՄԱ — (Արմենին): Տա՞տդ է:
ԱՐՄԵՆ — Չէ: Տատս անցած տարի է մահացել:
ԷՄՄԱ — Չեմ իմացել, ներող կլինեք: Արմենին կանչեք:
ԱՆԱՀԻՏ — Ինչո՞ւ կանչենք, ուր որ է՝ կգա: Իսկ դո՞ւք ով եք:
ԷՄՄԱ — Ե՞ս… Երկար պատմություն է:
ԱՐՄԵՆ — Իսկ եթե կա՞րճ…
ԷՄՄԱ — Կարճը միայն ջահել աղջիկների ծնկներին է հարմար: Դու լավ կանես՝ բազկաթոռը մոտ բերես…
Արմենը, հասկանալով, որ այլ ելք չունի՝ կատարում է Էմմայի հրահանգը:
ԷՄՄԱ — (Արմենին): Օգնիր, բայց տակտով… (Միացյալ ուժերով նստում է: Ակնարկելով ձեռնափայտը:) Էս էլ անկյուն կանգնեցրու: (Հետևելով, թե Արմենը ինչպես է կատարում նաև այս հրահանգը:) Արմենի թոռն ես:
ԱՐՄԵՆ — (իբր՝ զինվորավարի): Ճի՛շտ այդպես:
ԷՄՄԱ — (շեղ նայելով Անահիտին): Դո՞ւ…
ԱՐՄԵՆ — Վաղեմի բարեկամը:
ԷՄՄԱ — Համարյա ինձ պես… (Ի պատասխան Անահիտի համր հարցի:) Ես բարեկամուհի՛ն եմ: Վաղեմի:
ԱՐՄԵՆ — Պապի վաղեմի բարեկամուհիների թիվը էս ինչ տեմպերով է աճ տալիս:
ԱՆԱՀԻՏ — (նրա կծու ակնարկն ուղղված է Էմմային): Ձեր զարմանքը տեղին չէ, որովհետև մեր տարիքում աճն իրոք ավելանում է:
ԷՄՄԱ — (Անահիտին): Քո անունից խոսի:
ԱՆԱՀԻՏ — Չէի ասի, որ գոնե հիսուն տարեկան եք:
ԷՄՄԱ — 67:
ԱՐՄԵՆ — Հաստա՞տ…
ԷՄՄԱ — Հաստատ՝ ի՞նչ…
ԱՐՄԵՆ — Երբեք չես ասի: (Շեղ հայացք նետելով Անահիտին:) Շատ-շատ՝ հիսուն:
ԷՄՄԱ — (ակնհայտ շոյված): Պապիդ թոռն ես:
ԱՐՄԵՆ — Մի երկու տարի է՞լ չպակասեցրիք:
ԷՄՄԱ — (արժանապտիվ լրջությամբ): Երբեք տարիքս չեմ թաքցրել: (Մատն ուղղելով դեպի Անահիտը:) Իսկ նա ճիշտը չի ասի: (Ակնարկելով սեղանի տուփերը:) Ի՞նչ կուբիկ-ռուբիկ է:
ԱՐՄԵՆ — (տուփերը հավաքում, դնում է մի կողմ): Փաստորեն, սրանք ձեր հին ծանոթները չեն:
ԱՆԱՀԻՏ — (ակամա պաթոսով): Դա ամեն մեկին հասու չէ:
ԱՐՄԵՆ — Բայց դուք լավ գրականության ուսուցիչ կլինեիք:
ԷՄՄԱ — (Անահիտին): Թող էդ մի բանն էլ հասու չլինի, փոխարենը ուրիշ բան գիտեմ:
ԱՆԱՀԻՏ — Բայց ո՞ւմ է հետաքրքիր՝ ինչ գիտեք:
ԷՄՄԱ — Հետաքրքիր չլիներ՝ մեր խոսակցությանը չէիք խառնվի…
ԱՐՄԵՆ — Տիկնա՛յք, բրե՛կ:
ԱՆԱՀԻՏ — Ի՞նչ…
ԷՄՄԱ — (քամահրանքով): Չգիտե՞ս, բրէկն ինչ է: (Ցույց է տալիս:) Մեկ-մեկ բոքս նայիր…
ԱՆԱՀԻՏ — (ոչ պակաս քամահրանքով): Առանց բոքս նայելու էլ գիտեմ, դրա համար եմ հարցնում՝ ի՞նչ տոնով է ինձ հետ խոսում:
ԷՄՄԱ — (անցնելով Անահիտի կողմը՝ Արմենին): Ճիշտ է ասում, սա՞ ինչ տոն է… (Անահիտին.) Անո՞ւնդ…
ԱՆԱՀԻՏ — Անունս ձեզ ոչինչ չի ասի:
ԱՐՄԵՆ — Նա արդեն գնում է: (Անահիտին.) Գնում եք, չէ՞….
ԷՄՄԱ — Ո՞ւր է գնում… չիմանա՞նք` ով է, ինչի էր եկել…
ԱՆԱՀԻՏ — (զայրացած): Դե, գիտեք… բառեր չեմ գտնում…
ԷՄՄԱ — Բառեր պետք չեն, անունդ ասա:
ԱՐՄԵՆ — (Էմմային): Անունը որ ասեմ, դուք էլ կգնա՞ք:
ԷՄՄԱ — Դեռ կարգին չեմ եկել, որ արդեն գնամ: (Անահիտին.) Ես Էմման եմ, դու… դո՛ւք…
ԱՆԱՀԻՏ — (ստիպված): Անահիտ:
ԷՄՄԱ — (սևեռուն նայում է, դադարից հետո, փոխված ձայնով): Ճարտարապե՞տը…
ԱՐՄԵՆ — Ի՛…
ԷՄՄԱ — (Արմենին): Մեջ մի ընկնի: (Անահիտին՝ զննելով:) Ուրեմն՝ դու ես:
ԱՆԱՀԻՏ — (կասկածով): Մենք ծանո՞թ ենք…
ԷՄՄԱ — (դեռ զննելով նրան): Արմենն է պատմել քո… ձեր մասին:
ԱՆԱՀԻՏ — Ի՞նչ…
ԷՄՄԱ — (անթաքույց հաճույքով): Կապույտ քյարփինջ:
ԱՐՄԵՆ — (իր ներկայությունը հիշեցնելու մղումով): Ըը… տիկին Էմմա…
ԷՄՄԱ — (նրան հայացքի չարժանացնելով): Ջահել, ո՛չ մի տիկին, ու քանի որ Էմուլիկ էլ չես կարող ասել, ուրեմն՝ սուս մնա: Բայց նրան (ակնարկելով Անահիտին) անպայմա՛ն տիկին կասես:
ԱՆԱՀԻՏ — (պայուսակը վերցնելով): Իմ գնալու ժամանակն է:
Շփոթահար՝ գնում է խոհանոց, Արմենը հետևում է նրան: Էմման հանում է գլխարկը, ջահելավարի թափ տալիս մազերն ու գլխարկը ծնկներին՝ համբերատար սպասում է: Հայտնվում են՝ Անահիտի ձեռքում ջրով լի բաժակ է, Արմենը պահել է նրա պայուսակը:
ԱՆԱՀԻՏ — Որտե՞ղ է ձեր դուռը…
ԷՄՄԱ — (որ անվրդով հետևում է նրանց): Բաժակը թող, հետո գնա: (Ի պատասխան Անահիտի հարցական հայացքին:) Ջուրը խմիր, բաժակը դիր սեղանին…
Անահիտը հիպնոսվածի պես կատարում է նրա հրահանգները. ջուրը խմելուց ու բաժակը սեղանին դնելուց հետո սպասում է հաջորդ հրահանգին:
ԷՄՄԱ — (նույն տոնով): Դե, հիմա նստիր ու չհամարձակվես գնալ առանց նրան տեսնելու:
ԱՐՄԵՆ — (որ այդ ընթացքում փորձում էր Անահիտին ուղղորդել դեպի դուռը՝ հուսահատ): Էմմա՛…
ԷՄՄԱ — Հա՛:
ԱՐՄԵՆ — Էմուլի՜կ…
ԷՄՄԱ — Ջանի՛կ: Բայց դա չի նշանակում, որ նրան էստեղից քշելու ես: Թե չէ տեղիցս որ ելնեմ… (Իբր ուզում է ոտքի կանգնել:)
ԱՐՄԵՆ — Հասկացա: (Անահիտին.) Լավ, մի երկու րոպե նստեք… Էմմա, նստեց, հիմա՞ ինչ անեմ:
ԷՄՄԱ — Ինչ որ մինչև հիմա մտքովդ չի անցել: (Դադար:) Սուրճ: Դառը:
ԱՐՄԵՆ — (համակերպված շեշտով՝ Անահիտին): Ձեզ է՞լ…
ԱՆԱՀԻՏ — Ես չեմ խմում, ուրիշներին էլ խորհուրդ չեմ տալիս: Մեր տարիքում…
ԷՄՄԱ — Չասի՞, իմ տարիքի հետ գործ չունես:
ԱՐՄԵՆ — (Էմմային): Սուրճը երեք րոպեից պատրաստ կլինի, բայց… որտեղի՞ց գիտեք Անահիտին:
ԱՆԱՀԻՏ — Տիկի՛ն Անահիտին:
ԷՄՄԱ — (Արմենին՝ կծու): Տիկինը նրա համար կոչումի պես բան է:
ԱՆԱՀԻՏ — (նույն տոնով): Բա չէ՝ Էմուլիկ…
ԱՐՄԵՆ — Աղջիկներ ու տիկնայք, բրէ՛կ: (Էմմային.) Սպասում եմ…
ԷՄՄԱ — (դադարից հետո): Ջահել, նա քո պապի մե՜ծ սերն է եղել:
Համր տեսարան:
ԱՐՄԵՆ — (մեկուսի): Պապ… պա՛պ-պա՛պ…
ԱՆԱՀԻՏ — (դառնությամբ): Դրա համար է կանչել ու ինքը գնացել է:
ԷՄՄԱ — Ասինք՝ սերն ես եղել, չասինք՝ հիմա էլ կաս:
ԱՐՄԵՆ — (ուշքի գալով): Էմուլիկ, որտեղի՞ց գիտեք:
ԷՄՄԱ — Երկար պատմություն է:
ԱՆԱՀԻՏ — (Արմենին): Ինչը նշանակում է, որ պատասխան չեք ստանա:
ԷՄՄԱ — (իբր՝ ինքն իրեն): Բայց քեզ ավելի լավիկն էի պատկերացնում:
Արմենը փռթկացնում է ու ծիծաղը ցույց չտալու համար այն քողարկում է կեղծ հազով, ինչն ավելի է շեշտում իրավիճակի հեգնանքը:
ԱՆԱՀԻՏ — (անուժ զայրույթով՝ Էմմային): Դե, գիտեք… չգիտեմ՝ ով եք, ի՞նչ եք ձեզ թույլ տալիս…
ԱՐՄԵՆ — Բայց ճիշտ է ասում… Էմմա, դո՞ւք ով եք:
ԷՄՄԱ — Ջահել, էլի՞ ասեմ…
ԱՐՄԵՆ — Հասկացա: Ես՝ խոհանոց:
ԱՆԱՀԻՏ — Իսկ ես՝ տուն:
ԷՄՄԱ — Ուզում ես ասել, որ չես ուզում նրան հանդիպել: Գոնե համոզվելու համար, որ ինքն էլ առաջվանը չէ: Հաստատ փոխված կլինի, կնճիռներ, սպիտակ մազեր… Քեզ պես չի կարող ներկել, եթե, իհարկե, էն խիտ մազերից մի բան մնացել է…
ԱՐՄԵՆ — (վիրավորված): Ինչքան պետք է՝ էնքան մնացել է… (Ու նոր միայն հիշելով՝ մռայլվում է:)
ԷՄՄԱ — Ապրես, ջահել, պապիդ պատվին կանգնեցիր, բայց դե, մինչև չգա ու ինքներս չիմանանք…
ԱՐՄԵՆ — Իմանա՞ք… Դուք եք ուզում իմանա՞լ: (Դաժանացած:) Պապս…
Դռան զանգ:
ԱՐՄԵՆ — Զանգերն էսօր շատ չեղա՞ն…
ԷՄՄԱ — Թե որ պապդ է՝ քիչ է ու շատ չէ: Դուռը բաց:
ԱՆԱՀԻՏ — Եվ առանց նրան չվերադառնաս: (Ի պատասխան Էմմայի զարմացած-հեգնական հայացքին:) Հենց այնպես եմ ասում, համոզված եմ, որ ինքը չէ:
ԷՄՄԱ — Ջահել, ինչի՞ ես սպասում, գնա:
ԱՐՄԵՆ — (գնալով): Եթե իմանաք՝ ինձ ուր եք ուղարկում…
ԷՄՄԱ — Պապիդ մոտ: Անահիտ, մազերդ ուղղիր:
Անահիտը սկսում է սանրվածքն ուղղել, բայց նկատելով Էմմայի սատանայական ժպիտը՝ ձեռքերն իջեցնում, քարանում է տեղում, դեմքին անթափանց արտահայտություն տալով:
Արմենը գալիս է Հասմիկի հետ:
ԱՆԱՀԻՏ — (հիասթափությունը թաքցնելու համար՝ համարյա ուրախ): Որ ասում էի՞…
ԷՄՄԱ — Բայց ինչի՞ էդպես ուրախ:
ԱՆԱՀԻՏ — Ոչ թե ուրախ, այլ հաղթական:
ԷՄՄԱ — Գլխի չես, որ էդ տեսակ հաղթականը հարյուր պարտվել է: Ասենք, ո՛ւմ եմ ասում, էդքան բանը որ հասկանայիր, 20 տարի առաջ…
ԱՆԱՀԻՏ — Լռեք: Էլ ոչ մի բառ…
ԱՐՄԵՆ — (որ այդ ընթացքում Հասմիկի հետ կանգնած լսում էր): Հասկանո՞ւմ եք, նրանք այդպես են քա՜ղցր զրուցում:
ՀԱՍՄԻԿ — (վեհերոտ): Բարև ձեզ:
ԱՆԱՀԻՏ — (դեռ իր ապրումների մեջ): Բարև:
ԷՄՄԱ — (զննելով նրան): Հազար բարի: (Արմենին.) Ընկերուհի՞դ է:
ԱՐՄԵՆ — (համենայնդեպս մեկ անգամ էլ նայելով Հասմիկին): Չէ:
ԷՄՄԱ — (Հասմիկին): Մնում է ասես, որ եկել ես Արմենի ծնունդին:
ՀԱՍՄԻԿ — (նեղ զգալով նրանց ուշադիր հայացքներից, հազիվ լսելի): Հա:
ԷՄՄԱ — Ի՛նչ, բարձր ասա:
ՀԱՍՄԻԿ — Այո:
ԷՄՄԱ — Ի՞նչը՝ այո:
ԱՆԱՀԻՏ — (կամաց): Եկել է Արմենի ծնունդին:
ՀԱՍՄԻԿ — (Անահիտին): Ես չէ՝ տատս:
Համր տեսարան:
ԷՄՄԱ — (կծու-քաղցր): Ջահել, տատին դռան հետևո՞ւմ ես թողել:
ԱՐՄԵՆ — Գժի տե՞ղ եք դրել: Ինքը մենակ էր: (Հասմիկին.) Խոսիր, է՛…
ՀԱՍՄԻԿ — (Արմենին): Չհրամայես, հա՞… (Էմմային.) Տատիս փոխարեն եմ եկել:
ԷՄՄԱ — Տատդ ո՞վ է, աչոն ջան:
ՀԱՍՄԻԿ — Հասմիկը:
ԱՆԱՀԻՏ — Իսկ դո՞ւք…
ՀԱՍՄԻԿ — Ես էլ եմ Հասմիկ:
ԱՐՄԵՆ — Ոնց որ սերիալ լինի, հորս արև… ես՝ պապիս անունով, դու՝ տատիդ…
ՀԱՍՄԻԿ — Եթե պապիդ անունից դժգոհ ես, դա քո պրոբլեմն է, ես շատ էլ գոհ եմ: Բա որ անունս Հոռոմսիմ լինե՞ր…
ԷՄՄԱ — Չէր կարող: Արմենը Հոռոմսիմի հե՞տ… (Մտքում համենայնդեպս տալ-առնելուց հետո:) Անհնար է:
ԱՐՄԵՆ — Ի՞նչ գիտես:
ԷՄՄԱ — Լսիր, ջահել, դու անընդհատ փորձում ես քիթդ խոթել՝ ուր պետք չէ: Էդ, իբր թե միամիտ հարցերդ առ ու՝ խոհանոց:
ԱՐՄԵՆ — Սո՞ւրճ…
ԷՄՄԱ — Թեկուզ:
ԱՆԱՀԻՏ — Գուցե Հասմիկին է՞լ խոհանոց ուղարկեք:
ԷՄՄԱ — Հասմիկը կմնա էստեղ: (Արմենին.) Խոհանո՛ց:
ԱՐՄԵՆ — (Հասմիկին): Քիչ առաջ կարծում էի, որ իմ պրոբլեմը Սուրոն է: (Գնում է խոհանոց:)
ՀԱՍՄԻԿ — (հենց Արմենը մտնում է խոհանոց, նրա հասցեին): Ներվերը բանի պետք չեն:
ԱՆԱՀԻՏ — Հոգեբա՞ն եք:
ՀԱՍՄԻԿ — Բալետի պարուհի: Դուք գրականության ուսուցչուհի՞ եք:
ԱՆԱՀԻՏ — Ճարտարապետ: (Ժպտում են թեթև համակրանքով:)
ԷՄՄԱ — (որ խանդով հետևում է նրանց): Տատդ իր գալը շա՞տ համարեց:
ՀԱՍՄԻԿ — (ընդվզումով): Տատս չորս տարի է՝ հիվանդ է:
ԱՆԱՀԻՏ — Ներեցեք, Էմման ու տակտը իրար չեն ճանաչում:
ԷՄՄԱ — (Անահիտին՝ երկիմաստ): Ժամանակին լա՜վ էլ ճանաչել ենք, հետո բաժանվեցինք… ոմանց նման: (Ցուցադրական շրջվելով Հասմիկի կողմը, հազար տարվա մտերմությամբ:) Տատդ ի՞նչ հիվանդ է:
ԱՆԱՀԻՏ — (Էմմային` կանխելով Հասմիկի պատասխանը): Ձեր ի՞նչ գործն է… (Հասմիկին.) Ձեր տատն ի՞նչ կապ ունի Արմենի հետ:
ԳԱՅԱՆԵ — (հերթով զննելով նրանց, հանգիստ): Ձեզնից ո՞վ է Արմեն պապի կինը… (Նրանք լուռ են): Դուք ո՞վ եք, որ ձեր հարցերին պատասխանեմ…
ԱՆԱՀԻՏ — Տրամաբանական է: Հարցս հետ եմ վերցնում:
ԷՄՄԱ — Մտքո՛վս էլ չի անցնում: Երեքս էլ եկել ենք Արմենի ծնունդին… (Հասմիկին.) Տատիդ նկատի ունեմ, դու սուս մնա… Ու երեքս էլ անորոշ լռվել-մնացել ենք էս ծակուռում, մինչև կա՛մ ինքը հայտնվի, կա՛մ իմ պատվիրած տաքսին վերադառնա: (Հասմիկին.) Հիմա քեզ նկատի ունեմ, որովհետև էստեղից ոչ թե տատդ պիտի քաղաք հասնի, այլ դու:
ՀԱՍՄԻԿ — Իսկ դո՞ւք ով եք:
ԱՆԱՀԻՏ — (Հասմիկին): Կարևոր չէ:
ԷՄՄԱ — (Հասմիկին): Քո գործը չէ:
Անահիտն ու Էմման իրար են նայում ու դժգոհ՝ հայացքները շրջում են:
ՀԱՍՄԻԿ — (նստում, ծխախոտ է վառում): Գոնե ասեք՝ ուր է հոբելյարը:
ԱՆԱՀԻՏ — Կասեինք, եթե…
ԷՄՄԱ — Եթե իմանայինք:
ՀԱՍՄԻԿ — Տասը րոպե կսպասեմ ու՝ by:
ԷՄՄԱ — (Անահիտին): Սովորի ջահելից, թե չէ մենք՝ գնալու միտք չունենք:
ԱՐՄԵՆ — (ներս գալով): Սուրճը թափվեց: Լավ նշան է, այսինքն՝ գնալու ժամանակն է:
ՀԱՍՄԻԿ — (ծուխը օղակ-օղակ դուրս փչելով): Չէի ասի, որ հյուրասեր մեռնում ես:
ԱՐՄԵՆ — Ես եմ հրավիրե՞լ… (Ցուցադրական նայում է ժամացույցին:) Ժամանակ չունեմ…
ԷՄՄԱ — (Հասմիկին): Էդ օղակները էդպես էլ չկարողացա… (Արմենին՝ խիստ:) Քեզ հյուր չենք եկել, հանգիստ կարող ես գնալ քո ժամանակի հետևից:
ԱՐՄԵՆ — Երևի թե սկզբից պիտի ասեի՝ պապը չի գալու:
ԷՄՄԱ — Հոդացավս առած էստեղ եմ հասել, որ գնա՞մ: Ես կսպասեմ, մինչև ինքը գա, երբ էլ որ գա, ու կասեմ՝ ինչ մտածում եմ էս ամենի մասին: Ճիշտ չե՞մ ասում, Անահիտ:
ԱՆԱՀԻՏ — Անտարակույս… (Խեթ նայելով Արմենին:) Ես էլ պիտի սպասեմ ասելու՝ ինչ մտածում եմ…
ԳԱՅԱՆԵ — Միտքս փոխեցի, մնում եմ՝ հետաքրքիր կինո է լինելու:
ԱՐՄԵՆ — (պայթում է): Դե հերիք եղավ… Պապս չկա: Մահացել է: Տասնչորս օր է՝ մահացել է… (Գնում է դեպի պատուհանն ու դուրս է նայում:)
Համր տեսարան: Անահիտը ձեռքը տանում է կոկորդին, ասես խեղդվում է: Էմման գլխարկը դնում է գլխին, հետո հանում է, զարմացած նայում է վրան՝ սա ի՞նչ էր, ու շպրտում է հատակին: Հասմիկը վախվորած հայացքն ուղղում է մեկից մյուսին:
ԱՆԱՀԻՏ — (խուլ): Մահացել է…
ԷՄՄԱ — Սա նրա ամենաանհաջող կատակն էր… (Դադարից հետո, Արմենին:) Ջուր բեր: (Տեսնելով, որ Արմենն անհաղորդ է, ձայնը բարձրացնում է:) Ջուր բեր, հիմա կվատանա:
Արմենը տեղից չի շարժվում:
ՀԱՍՄԻԿ — Ես կբերեմ: (Վազում է խոհանոց:)
Հասմիկը բերում, բաժակը տեղավորում է Անահիտի փայտացած ձեռքերի մեջ, հետո տեսնելով, նա անկարող է՝ ինքն է խմեցնում: Մի կումից հետո Անահիտը վանում է Հասմիկին ու բաժակը ձեռքերի մեջ՝ քարանում: Դեմքը դիմակ է հիշեցնում:
ՀԱՍՄԻԿ — (անօգնական): Բայց դա… աբսուրդ է…
ԷՄՄԱ — Աբսուրդից կյանք՝ մի վայրկյան է:
ԱՆԱՀԻՏ — (մեկուսի): Զանգեց՝ թե դուրս արի: Նոր էի տուն մտել, բայց պայուսակս վերցրի ու դուրս նետվեցի: Սպասում էր մեքենայի մոտ… Դուռը բացեց, նստեցի, իջանք Հրազդանի ձոր… Չէր խոսում, ես էլ լուռ էի… Հասանք…
ԱՐՄԵՆ — (չշրջվելով): Մանկական երկաթուղի:
ԷՄՄԱ — (Հասմիկին): Բա՞…
ԱՆԱՀԻՏ — (ասես չի լսել): Գնացք նստեցինք, հինգ անգամ գնացինք ու եկանք: Մարդ չկար, երկուսս էինք: Հետո ասաց, որ ծննդյան օրն է… (Ուշացած զարմանքով՝ Արմենին:) Ինչպե՞ս իմացաք…
ԱՐՄԵՆ — Կարծում եք, մանկական երկաթուղին միայն ձե՞զ համար է:
ԷՄՄԱ — Էլի ծննդյան օ՞րը…
ԱՐՄԵՆ — Չէ… Դատը շահել էր, բայց տուն եկավ մթնած, դեմքը ոնց որ սևացած լիներ… Կաբինետում քայլում էր էս պատից էն պատը… Հետո դուրս եկավ, հայացքով ինձ ասաց՝ գնացինք: Իջանք ձոր: Գնացքով գնացինք ու եկանք… Ծխում էր… ասաց՝ «Հիմա այդ սրիկան տոնում է իր հաղթանակը»: Փողատեր մեկին էր պաշտպանել…
ԷՄՄԱ — Մանկական երկաթուղու մասին հիշել է ուրախ ու տխուր ժամանակ… (Արմենին.) Խմիչք կա՞:
ԱՐՄԵՆ — (մտքերի մեջ, մեխանիկորեն): Պիտի լինի:
ՀԱՍՄԻԿ — Խմիչքն ի՞նչ եք անելու:
ԷՄՄԱ — Հոգու հանգստության համար չխմե՞նք:
Անահիտը փղձկում է, Արմենը շրջվում, նայում է սսկված կանանց, կրկին շրջվում է դեպի պատուհանը:
ՀԱՍՄԻԿ — Ի՞նչ մարդ էր… Երբ բացիկը ստացանք, որոշեցի գալ:
ԱՆԱՀԻՏ — Ինչո՞ւ:
ՀԱՍՄԻԿ — Տատս մինչև հիմա հիշում է նրան: Արմենին ու նապոլեոնը:
ԷՄՄԱ — Նապոլեոնի՞ն որտեղից է հիշում:
ՀԱՍՄԻԿ — (անվրդով): Խոսքը թխվածքի մասին է:
ԷՄՄԱ — Թխվածքը հասկացանք, Արմենի՞ն ինչի է հիշում:
ՀԱՍՄԻԿ — Տատիս առաջին անգամ համբուրել է Արմենը:
ԱՐՄԵՆ — (դիրքը չփոխելով): Պատկերացնում եմ՝ ոնց է համբուրել…
ՀԱՍՄԻԿ — (ասես չլսելով, բայց վրեժխնդիր շեշտով): Արմենն էլ առաջի՛ն անգամ տատիս է համբուրել:
ԷՄՄԱ — (Անահիտին): Զգո՞ւմ ես, ինչ կամպանիա է հավաքվել:
ԱՆԱՀԻՏ — Նաև տեսնում եմ:
ԷՄՄԱ — Արմեն Արմենյանի ակումբի անդամներն ենք:
ԱՐՄԵՆ — Ես ամեն ինչ լսում եմ:
ՀԱՍՄԻԿ — Հետո՞ ինչ…
ԱՐՄԵՆ — Հետո՞… (Շրջվում, նայում է նրանց:) Գուցե ձեր զրույցը մի ուրիշ տե՞ղ շարունակեիք: Վերջապես մեռած մարդու մասին եք խոսում…
ԱՆԱՀԻՏ — Ներեցեք, մենք…
ԷՄՄԱ — (Անահիտին): Լռիր, հա՞, քո ներողություններով արդեն հոգնեցրիր… (Արմենին.) Քեզ հասկանում եմ:
ԱՐՄԵՆ — Կասկածում եմ:
ԷՄՄԱ — Մահը քեզնից շատ հեռու է, դրա համար էլ էդպես վախով ու հարգանքով ես խոսում նրա մասին: Բայց արդեն իմ կողքին է, ձեռքս մեկնեմ, մեկ էլ տեսար՝ բռնեցի…
ՀԱՍՄԻԿ — Դրա համար էլ չե՞ք վախենում…
ԱՆԱՀԻՏ — Վախենում է, բայց հարգանք չկա:
ԷՄՄԱ — Վերջապես խելքը գլխին մի բան լսեցի քեզից:
ԱՐՄԵՆ — (զանգում է հեռախոսը, սեղանից վերցնում, նայում է էկրանին, մռայլվում, անջատում է): Դու էիր պակաս… (Նորից զանգ: Հեռախոսն անջատում, շպրտում է բազմոցին:) Էմմա, պապս ի՞նչ մարդ էր:
ԷՄՄԱ — Մարդ էր:
ՀԱՍՄԻԿ — (իբր՝ քթի տակ): Հորացիո՜… Մարդ էր նա:
ԱՆԱՀԻՏ — (Հասմիկին՝ կամաց): Եթե «Համլետը» կարդացել ես, ուրեմն պիտի կարողանաս լռել:
ՀԱՍՄԻԿ — Ֆիլմն եմ նայել, բայց ձենս կկտրեմ:
ԷՄՄԱ — (ասես նրանց չլսելով): Ամբողջ կյանքս առևտրի մեջ եմ եղել: Սովետի ժամանակ մինչև խանութի վարիչի աթոռին հասա, հետո, կապիտալիզմին որ անցանք՝ խանութը սեփականաշնորհեցի… մինչև կոտրն ընկա:
ՀԱՍՄԻԿ — Ուր ընկա՞ք:
ԷՄՄԱ — «Համլետ»-ում էդ բառը չկա՞:
ԱՆԱՀԻՏ — Սնանկացավ:
ՀԱՍՄԻԿ — (հարգանքով նայելով Էմմային): Քցե՛լ են:
ԱՐՄԵՆ — Ի՞նչ արեց պապս:
ԷՄՄԱ — Փրկեց: Ումից էր իմացել, էդպես էլ չասաց… (Փորձում է հուզմունքը զսպել:) Կաբինետում փակվել, չգիտեմ՝ կախվե՞մ, թե՞ բանկ թալանեմ, մեկ էլ դռան հետևից լսում եմ. «Էմո՜ւլիկ»… (Դադարից հետո, հայացքով ցույց տալով տոպրակը:) Հասմիկ, մոտ բեր:
Հասմիկը քարշ տալով նրան է մոտեցնում տոպրակը: Էմման տոպրակում ինչ-որ բան է փնտրում:
ՀԱՍՄԻԿ — Եթե չգար, կախվելո՞ւ էիք, թե՞…
ԱՐՄԵՆ — (Հասմիկին): Լեզուդ քեզ պահիր…
ՀԱՍՄԻԿ — (դանդաղ, կոնքերը ճոճելով մոտենալով Արմենին): Թե չէ ի՞նչ կանես:
ԱՐՄԵՆ — Որ շարունակես՝ կիմանաս:
ԱՆԱՀԻՏ — Էրեխեք, բրէ՛կ… (Արմենն ու Հասմիկը զարմացած նայում են նրան:) Ի՞նչ եք այդպես նայում…
ԷՄՄԱ — (տոպրակի միջից): Ավելի լավ է քեզ նայեն, քան իրար ուտեն… (Հանում է թանկարժեք կոնյակի շիշը:) Չէ, ավելի լավ է՝ բաժակները բերեն:
Արմենն ու Հասմիկը, իրար չնայելով, բայց միաժամանակ գնում են խոհանոց:
ԱՆԱՀԻՏ — (դժվարությամբ է հարցը տալիս): Ի՞նքն է պատմել իմ… մեր մասին:
ԷՄՄԱ — Էլ ո՞վ:
ԱՆԱՀԻՏ — (ավելի կամաց): Ե՞րբ…
ԷՄՄԱ — Բարձր ասա, չեմ լսում:
ԱՆԱՀԻՏ — Քիչ առաջ լսում էիր:
ԷՄՄԱ — Հիմա չեմ լսում:
ԱՆԱՀԻՏ — (խոհանոցի կողմը նայելով, քիչ բարձր): Ե՞րբ է ասել:
ԷՄՄԱ — Էդ դեպքից հետո…
Գալիս են Արմենն ու Հասմիկը՝ երկուական բաժակ ձեռքներին:
ԷՄՄԱ — (առարկություն չհանդուրժող տոնով): Ջահելնե՛ր, խոհանոց, ու մինչև չկանչեմ՝ չերևաք:
ՀԱՍՄԻԿ — (Արմենին՝ չնայելով նրա կողմը): Տանտերն ո՞վ է:
ԱՐՄԵՆ — Ով ասես՝ ըստ սիտուացիայի: Գնացինք:
ՀԱՍՄԻԿ — Ուրիշ ի՞նչ կարող ենք անել էս սիտուացիայում: Գնացինք:
Իրար չնայելով գնում են խոհանոց:
ԱՆԱՀԻՏ — (նայելով նրանց հետևից): Լավն են, չէ՞:
ԷՄՄԱ — Մի շեղվիր, նրանց քշեցի, որ հարցիդ պատասխանեմ:
ԱՆԱՀԻՏ — Ներիր…
ԷՄՄԱ — Օրը քանի՞ անգամ ես ներողություն խնդրում: Հարցս հռետորական էր, կարող ես չպատասխանել: (Դադարից հետո:) Էդ դեպքից հետո մի օր տուն հրավիրեցի, բա ընտանիքս չիմանա՞ր, թե ով է իր փրկիչը:
ԱՆԱՀԻՏ — Ներիր, որ ընդհատում եմ… Ինչպե՞ս փրկեց:
ԷՄՄԱ — Փող չտվեց, եթե դա նկատի ունես: Մեծ շրջապատ ուներ՝ գողն ու իշխանավորը մեկտեղած: Մի շեղիր… Լավ քեֆ արեցինք, հետո, ուշ գիշեր էր, միասին դուրս եկանք: (Կանխելով Անահիտի հայացքը:) Ընդամենը ուղեկցելու: Էդ ժամանակ էլ սիրտը բացեց…
ԱՆԱՀԻՏ — (խայթող): Եվ ո՞ւմ առաջ սիրտը բացեց…
ԷՄՄԱ — Չհասկացա՜…
ԱՆԱՀԻՏ — Դու է՞լ նրա մեծ սերն ես եղել:
ԷՄՄԱ — Ավելին եմ եղել:
ԱՆԱՀԻՏ — Դա ո՞րն է…
ԷՄՄԱ — Ստիպում ես, որ ասեմ… դե… առաջին կինը ես եմ եղել: Իրար չխառնվես, էդ ժամանակ ամուսնացած չէի: (Շտապով, բարձրաձայն:) Ջահելներ, մուտքն ազատ է:
Ներս են մտնում Հասմիկն ու Արմենը:
ՀԱՍՄԻԿ — Ասեմ, որ սառնարանը դատարկ է:
ԱՐՄԵՆ — Պապից հետո տունն է դատարկ: (Առիթը բաց չթողնելով:) Հյուրի սպասող չկա:
ԷՄՄԱ — Դո՞ւ ինչ ես անում դատարկ տանը:
ԱՐՄԵՆ — Պիտի ասե՞մ…
ԷՄՄԱ — Որ չասիր՝ հարցը փակվե՞ց: Պայուսակում լիմոն կա, ամեն ինչ էլ կա, գործի անցեք:
ԱՆԱՀԻՏ — Պատրաստված եք եկել:
ԷՄՄԱ — Ես միշտ էլ պատրաստված եմ: Ի տարբերություն շատ շատերի…
Անահիտը չլսելու է տալիս, Արմենը ձեռքերը գրպանը՝ մի կողմ է քաշվում լուռ դիտորդի դերում: Էմման հայացքով կառավարում է Հասմիկին՝ ինչը ուր դնել: Լսվում է Անահիտի ոչ այն է՝ ծիծաղը, ոչ այն է՝ լացը:
ԷՄՄԱ — Ի՞նչ պատահեց:
ԱՆԱՀԻՏ — Ի՞նչ ենք անում այստեղ… հասկանո՞ւմ եք, նա չկա, նրան չենք տեսնելու… Իսկ ես սպասում էի… Ու հիմա պիտի խմենք… Ծնունդի ու հոգու համար: (Արմենին.) Ինչո՞ւ միանգամից չասացիք:
ԷՄՄԱ — Ջահելը ճիշտ է արել: Վերջին հրաժեշտը չենք տվել, բայց կարող ենք էս օրով իր կենացը խմել… հոգու հանգստության համար էլ պիտի խմենք:
ԱՆԱՀԻՏ — (Արմենին): Չգիտեմ՝ դրա իրավունքն ունենք, թե ոչ… ինչպես կասեք…
ԱՐՄԵՆ — Պապս մի բան գիտեր, որ հրավիրել էր… Սեղանն էլ պատրաստ է:
ԷՄՄԱ — (նմանակելով): Սեղանն էլ պատրա՜ստ է… Էմման որ չլիներ… Արի, օգնիր: (Արմենի օգնությամբ նստում է սեղանի մոտ:) Էրեխեք, նստեք, Անահիտ, քեզ ենք սպասում…
Անահիտը գալիս, միանում է նստածներին: Մի պահ լուռ են, հետո Արմենը կոնյակ է լցնում բաժակներն ու միայն դրանից հետո բարձրացնում հայացքը՝ երեք կանայք սպասողական նայում են նրան:
ԱՐՄԵՆ — (տեղից բարձրանալով): Մեզնից ամեն մեկի Արմեն Արմենյանի կենացը: (Խմում, նստում է:)
ԷՄՄԱ — (լիմոնը խցկելով Արմենի բերանը): Կենաց ասել գիտես՝ կարճ ու բովանդակային: (Դադարից հետո:) Միակ տղամարդն էր, որ կարողացավ մարդ մնալ իմ կյանքում: (Խմում է:)
ԱՐՄԵՆ — Դուք էլ պակաս կենաց ասողը չեք:
ՀԱՍՄԻԿ — (Էմմային): Շատ կարևոր բան ասացիք, թեև լրիվ չհասկացա: (Արմենին.) Եթե Էմմայի պես կինն է էդպես ասում, ուրեմն՝ պապիդ կենացը: (Բաժակը թափով տանում է դեպի բերանը:)
ԷՄՄԱ — (Հասմիկի ձեռքից վերցնելով մի քիչ խմված բաժակը): Չափո՜վ… (Անահիտին.) Քո հերթն է:
Անահիտը մինչև վերջ խմում է, հետ վանում Արմենի մեկնած լիմոնի կտորը, գլուխն առնում է ձեռքերի մեջ:
ԱՐՄԵՆ — (Անահիտին): Ինչո՞ւ չամուսնացաք: (Հասմիկը փռթկացնում է:) Քե՞զ ինչ եղավ:
ՀԱՍՄԻԿ — Տատդ լսեր… Պատկերացնում եմ՝ ինչ է քաշել խեղճը նրանց ձեռք…
ԱՐՄԵՆ — Ձենդ կտրիր, գոնե տատիդ փոխարեն:
ՀԱՍՄԻԿ — Տատս՝ ի՞նչ… 16 տարեկանում անմեղ համբուրվել է, էսքան բան:
ԱՆԱՀԻՏ — (իր մտքերի հետ): Դրա համար էլ հիշում է…
ՀԱՍՄԻԿ — Իսկ դուք էդպես վախեցած էլ պիտի ապրեք:
ԷՄՄԱ — Աչոն ջան, դատելու համար մի քիչ պիտի մեծանաս:
ԱՆԱՀԻՏ — Թող խոսի, իր ասելո՞վ պիտի իմանամ՝ ինչպես եմ ապրել իմ… մեր կյանքը:
ԱՐՄԵՆ — Տատս գիտե՞ր:
ԱՆԱՀԻՏ — Մենք ոչ մեկին ցավ չենք պատճառել:
ԷՄՄԱ — Մարդդ գիտեր:
ԱՆԱՀԻՏ — Ոչ… անհնար է…
ԷՄՄԱ — (Արմենին): Տատդ էլ կուրսի մեջ էր:
ԱՆԱՀԻՏ — Որտեղի՞ց գիտեք:
ԷՄՄԱ — Արմենն է ասել:
ԱՐՄԵՆ — Չեմ զարմանում, որ ձեզ է ասել:
ԱՆԱՀԻՏ — Էլ ի՞նչ է ասել:
ԷՄՄԱ — Դու ես որոշել, որ վերջացնեք այդ պատմությունը:
ՀԱՍՄԻԿ — Բա չէի՞ք ափսոսում:
ԱՆԱՀԻՏ — Արդեն չգիտեմ… Բայց չեմ զղջում:
ԱՐՄԵՆ — Իսկ տատս… սպասել է, թե ուրիշները ոնց են որոշելու իր կյանքը:
ԱՆԱՀԻՏ — Ինչ էլ ասեք, իրավունք ունեք…
ԱՐՄԵՆ — (Անահիտին): Որ էդպես է՝ ներողություն խնդրեք:
ԷՄՄԱ — Քեզնի՞ց…
ԱՐՄԵՆ — Տատիցս:
ԷՄՄԱ — Էդ մեկը` կարելի է: Անահիտի խելքն էլ իրենը չէ ներողություն խնդրելու համար:
Երեքը նայում են Անահիտին:
ԱՆԱՀԻՏ — (դադարից հետո, զգացվում է, որքան դժվար է խոսելը): Երբե՛ք:
ԷՄՄԱ — (Արմենին): Սխալ հետևություն չանես, որովհետև կյանքն ապրելը ուղիղ գիծ գծել չէ:
ԱՐՄԵՆ — Համոզեցիք: (Հասմիկին:) Դո՞ւ ինչ կասես:
ՀԱՍՄԻԿ — Հավեսդ չունեմ: (Անահիտին՝ անսքող հետաքրքրությամբ:) Բաժանվելուց հետո հանդիպե՞լ եք:
ԱՆԱՀԻՏ — Երբեք: (Հանկարծ հիշելով:) Ո՞վ էր նրանց ասել… մեր մասին:
ԷՄՄԱ — Արմենը:
Համր տեսարան:
ԱՐՄԵՆ — Պապս էս ինչե՞ր է արել… ինչի՞ համար:
ԱՆԱՀԻՏ — Չես հասկանա: (Հասմիկին.) Սիգարետ տուր:
ԷՄՄԱ — (Հասմիկին): Չտաս: (Անահիտին.) Քո տարիքում ծխելը թողնում են:
ԱՆԱՀԻՏ — Ո՞վ է խոսում տարիքի մասին… (Տեղից բարձրանում, գնում-նստում է բազկաթոռին:) Բախտը բերեց, որ մինչև գալս էր մահացել:
ԱՐՄԵՆ — Էդ մեկը՝ չեղա՜վ… (Հեռախոսը զանգում է: Բազմոցից վերցնում, նայում է համարին, գնում է խոհանոց: Ընթացքում:) Նա հենց էնպես ոչինչ չէր անում: Մնում է՝ հասկանանք:
ՀԱՍՄԻԿ — Մի բան ասե՞մ… (Երկու կանանց լռությունից համարձակություն ստացած` Անահիտին:) Լավ է, որ չամուսնացաք, հիմա էսպես չէիք տառապի: (Էմմային.) Ի՞նչ եք աչքերով ուտում, սխա՞լ եմ ասում:
ԷՄՄԱ — Ուտելու բան լինեիր, էստեղ չէիր լինի: Բայց լավ ասիր տառապելու մասով: Աղջիկներ… (Ի պատասխան Հասմիկի սատանայական հայացքի:) Հա, հենց՝ աղջիկներ, խմենք մեր կենացը: (Հասմիկին.) Տատիդ նկատի ունեմ:
ՀԱՍՄԻԿ — Ում էլ նկատի ունենաք, խմողը ես եմ: (Արագ, որ Էմման չխանգարի, խմում է:)
ԷՄՄԱ — Քեզ չասի՞նք՝ չափով:
ՀԱՍՄԻԿ — Գուցե տատս ավելի՛ շատ խմեր: (Հասցնում է բաժակը նորից լցնել-խմել:) Ա՛յ էսպես… Աղջիկներ… հա, հենց՝ աղջիկներ, մի բան չեմ կարողանում հասկանալ. որ տատս 16 տարեկանում է առաջին անգամ համբուրվել, էլի ոչինչ, բայց որ Արմենը 18 տարեկան ու ինքն էլ առաջին անգա՞մ…
ԷՄՄԱ — Աչոն ջան, էն թվերին սեքս բառն էլ բառարաններում չկար: (Քննախույզ նայելով նրան:) Տատիդ սխրանքը քանի՞ տարեկանում կրկնեցիր:
ՀԱՍՄԻԿ — Համբուրվե՞լը… չեմ հիշում, բայց 16-ում արդեն հոգնել էի սեքսից:
ԱՆԱՀԻՏ — Ինչի՞ց…
ՀԱՍՄԻԿ — Ջուլիետը ո՞ր դարում պառկեց Ռոմեոյի հետ, ինքն էլ՝ կաթնակեր:
ԱՆԱՀԻՏ — Դա… Շեքսպիրն է:
ՀԱՍՄԻԿ — Իմն էլ Շեքսպիր էր: Ջուլիետի պարտիայի խաթեր, ինչպես դուք ասացիք՝ սեքս արեցի Մերկուցիոյի հետ: Նա՝ չգիտեմ, բայց արվեստը շահեց, ասացին՝ հերոսուհուս հոգեվիճակը ճիշտ եմ մեկնաբանել:
ԱՆԱՀԻՏ — Դո՞ւ ինչ շահեցիր:
ՀԱՍՄԻԿ — Ոչ էլ կորցրի:
ԷՄՄԱ — Տատդ իմանար…
ՀԱՍՄԻԿ — (անսպասելի փլվում է): Թող առողջ լիներ՝ իմանար: Գիտե՞ք, ինչ սարսափելի աշխարհում է ապրում, ոչ մեկիս չի ճանաչում… մենք օտար, անծանոթ ենք, ինձ թվում է, նույնիսկ վախենում է մեզնից: Բայց որ իմանայիք՝ ինչ գեղեցկուհի է եղել… ու հիմա ինչ է դարձել:
ԱՆԱՀԻՏ — Դա նրա ճակատագիրն է: Ոչ ոք չգիտի, թե ինչպես է գնալու:
ՀԱՍՄԻԿ — (արդեն մի քիչ գինով): Իսկ ես ոչ առաջին համբուրածին կհիշեմ, ոչ էլ Մերկուցիոյին…
ԷՄՄԱ — Ու ճիշտ կանես, բոլորն էլ սրիկա են: Բայց որ բախտդ բերի ու սիրես մե՜ծ սիրով, որոշ ժամանակ կմտածես, որ ինքն ուրիշ է:
ՀԱՍՄԻԿ — Մխիթարեցիք…
ԷՄՄԱ — Էդ գործում լավ եմ: Միայն ինձ չեմ կարող մխիթարել, դրա համար էլ տղայիս անունը դրեցի Մխիթար:
Ժպտում են, ներս է մտնում մռայլված Արմենը:
ԱՐՄԵՆ — Խմո՞ւմ եք…
ԷՄՄԱ — Քիչ հետո էլ լաց կլինենք:
ԱՐՄԵՆ — Որտեղ ուզում եք լացեք, բայց հիմա ինձ մենակ թողեք:
ԷՄՄԱ — Ջահել ջան, չե՞ս կարծում, որ րոպեն մեկ տնից դուրս հրավիրելը մի տեսակ էն չէ:
ՀԱՍՄԻԿ — Տունն էլ իրենը չէ… թե՞ իրենն է արդեն: Կտակի համաձայն:
ԱՆԱՀԻՏ — Ի՞նչ եք վրա տվել… (Արմենին.) Բա՞ն է պատահել:
ԱՐՄԵՆ — (նստում է): Հավատացեք, մի ուրիշ անգամ էսպես չէի լինի…
ԷՄՄԱ — Էս անգամ ի՞նչն է խանգարում:
ՀԱՍՄԻԿ — Խանգարելը կապ չունի, դա նրա բնույթն է:
ԱՐՄԵՆ — Հավեսդ չունեմ… Տաքսի եմ կանչել: (Խմում է:) Ու շնորհակալ եմ, որ չեք մերժել պապիս հրավերը:
ԷՄՄԱ — (երկուսին): Դե որ տաքսի է կանչել… էստեղից գնանք մեր տուն:
ԱՐՄԵՆ — Երեք տաքսի եմ պատվիրել:
ԷՄՄԱ — Ուրեմն՝ ամեն մեկս իր ճամփով: (Արմենին.) Փայտս տուր: (Հասմիկին.) Սեղանը թեթև հավաքիր:
ՀԱՍՄԻԿ — Է՜դ էր պակաս…
ԱՐՄԵՆ — Է՛դ էր պակաս…
Մոտեցող մեքենաների աղմուկ:
ԷՄՄԱ — (տեսնելով, որ Արմենն ուզում է տեղից բարձրանալ): Նստի՛ր: (Հասմիկին.) Աչոն ջան, օգնե՞ս:
Անահիտը սենյակի անկյունում ընկած գլխարկը վերցնում է, մոտենում, տալիս է Էմմային, թևանցուկ տանում է դեպի դուռը:
ԱՆԱՀԻՏ — (շեմի մոտից): Մնացեք բարով:
ԷՄՄԱ — Լավ է՝ ներողություն չխնդրեցիր…
Դուրս են գնում:
ՀԱՍՄԻԿ — Քեզնից գո՞հ ես: (Գնում է:)
ԱՐՄԵՆ — Ըհը, գոհ մեռնում եմ: (Զանգում է:) Սուրո… ի՞նչ ես վրա տալիս, չեմ գտել… ժամանակ չունեի, հյուր էի ընդունում: Հետո կասեմ… Կուշանամ: (Անջատում է:)
Բազմոցի վրայից վերցնում է կանաչ տուփը, միջից ուրիշ ալբոմ է հանում:
ԱՐՄԵՆ — Պապ, կներես, հյուրերիդ քշեցի, բայց ուրիշ ձև չկար… Տեսնո՞ւմ ես, սիստեմդ հասկացել եմ, բոլոր կանաչ տուփերը պիտի նայեմ, սրանց մեջ ալբոմներ են, մեկ էլ տեսար՝ նամականիշներն էստեղ են: (Բացում է:) Էլի տոնածառ ու Ձյունանուշ… Չեմ հասկանում, ինչի՞ ես սրանք հավաքել… Վահեի ասած՝ մանկությո՞ւնդ քննենք: Թե՞ էդպես էլ քեզ չհասկացած՝ սրանք արխիվ հանձնենք… կամ աղբանոց: (Տենդագին թերթում է ալբոմները, մեկը մյուսի հետևից շպրտում չորսդին:)
Ներս է մտնում Էմման, որոշ ժամանակ հետևում է նրան:
ԷՄՄԱ — Ի՞նչ ես փնտրում:
ԱՐՄԵՆ — (ալբոմը ձեռքից ընկնում է): Ի՛…
ԷՄՄԱ — Համլետի հոր ուրվականի տեղը չդնես:
ԱՐՄԵՆ — Բայց շատ եք նման… (Ալբոմը բարձրացնելով:) Բենզալցակայանի մոտ պիտի հասած լինեիք:
ԷՄՄԱ — Հիշողությունս որ տեղը լիներ՝ դրանից էն կողմ կլինեի:
ԱՐՄԵՆ — Ի՞նչ եք մոռացել:
ԷՄՄԱ — Օգնիր՝ նստեմ: (Արմենը, հասկանալով, որ ճար չունի՝ օգնում է:) Էս փայտն էլ անկյուն կանգնեցրու:
ԱՐՄԵՆ — Տաքսին…
ԷՄՄԱ — Սպասում է:
ԱՐՄԵՆ — Ես էլ եմ սպասում:
ԷՄՄԱ — Հույս չունենաս, որ կասեմ` ինչ եմ մոռացել: Հիշողությունս… դրան սկլերոզ են ասում, դավաճանեց, տաքսու մեջ հիշում էի, հիմա՝ չէ՛-է՛… Դու գործդ շարունակիր, ես էլ կարող է՝ հիշեմ:
ԱՐՄԵՆ — Ձեզնից պրծում չկա՞:
ԷՄՄԱ — Ինչի՞ չկա: Հենց ուզեմ գնալ՝ կգնամ: Ի՞նչ ալբոմ է:
ԱՐՄԵՆ — (անփույթ շրջելով թերթերը): Ձեր գործը չէ:
ԷՄՄԱ — Բայց քո պրոբլեմն է: Աչքերիս նայիր, կարծում ես՝ պառավ է… ու մտքո՛վդ չանցնի ասել՝ ցնդած պառավ… ոչինչ չեմ տեսնում ու չե՞մ հասկանում: Ի՞նձ ես համոզելու, որ հենց էնպես ալբոմ ես նայում… Խոսի՛ր:
ԱՐՄԵՆ — Բայց ինչո՞ւ պիտի խոսեմ անծանոթի հետ:
ԷՄՄԱ — Ես անծանոթ չեմ:
ԱՐՄԵՆ — Հա՜, պապիս նանարներից եք: Ձեր ժամանակ դրան ո՞նց էին ասում:
ԷՄՄԱ — (շփոթվելով): Տես, է՛, ծաղրո՜ւմ է… Բայց թե պապդ ի՛նչ մարդ է եղել, որ առաջին կանչով ծանր տեղներս թեթևացրել ու էկել ենք՝ դա չես կարող հասկանալ:
ԱՐՄԵՆ — Ինչ հայտնվեցիք էստեղ՝ փորձում եմ հասկանալ…
ԷՄՄԱ — Մինչև հասկանալդ խոստովանիր:
ԱՐՄԵՆ — Իզուր ժամանակ եք կորցնում:
ԷՄՄԱ — Ես մեռած լինեի ու Արմենը թոռիս տեսներ քո վիճակում, ի՞նչ կաներ:
ԱՐՄԵՆ — (ակամա գոռոզամտությամբ): Համեմատեցի՜ք՝ պապս ու դուք:
ԷՄՄԱ — (չլսելու տալով): Պապդ թոռիս պատին դեմ կաներ ու մինչև ամեն ինչ չիմանար՝ բաց չէր թողնի: Ես է՞լ նույնը անեմ, թե՞ ինքնակամ ցուցմունք կտաս:
ԱՐՄԵՆ — Լավ ասիք՝ ցուցմունք… (Դադարից հետո:) Փող եմ պարտք:
ԷՄՄԱ — Նարկոտի՞կ: (Արմենը վրդովված օրորում է գլուխը:) Էդ լավ է: Խաղացե՞լ ես: (Լռություն:) Կազինոյո՛ւմ: (Լռություն:) Անպե՛տք տղա:
ԱՐՄԵՆ — Պապիս սիրած խոսքն էր:
ԷՄՄԱ — Ինձնից է սովորել: Ե՞րբ ես տալու:
ԱՐՄԵՆ — Երեկ:
ԷՄՄԱ — Դանակը հասցրել ես ոսկորին… Ծնողներիդ չես ասել:
ԱՐՄԵՆ — Չեմ էլ ասի:
ԷՄՄԱ — Իզուր:
ԱՐՄԵՆ — Իմ գործն է:
ԷՄՄԱ — Ի՞նչ ես փնտրում:
ԱՐՄԵՆ — Պապս նամականիշների հավաքածու պիտի ունենար… Կարո՞ղ է իմանաք, որտեղ պահած կլինի:
ԷՄՄԱ — Արմենը քեզ անօգնական չէր թողնի, էդ մեկը հաստատ գիտեմ, ուրեմն հանգիստ խղճով կարող եմ հանցանքի մասնակից դառնալ: (Արմենի դեմքը պայծառանում է:) Բայց տեղը չգիտեմ: (Արմենը մռայլվում է:) Տրամաբանությունից ո՞նց ես:
ԱՐՄԵՆ — Comsi comsa.
ԷՄՄԱ — Ես՝ գերազանց: Արի տրամաբանորեն շարժվենք:
Ներս է ընկնում Հասմիկը:
ԱՐՄԵՆ — (նայելով նրան): Շարժվեցինք:
ՀԱՍՄԻԿ — (Էմմային): Վա՜յ, դուք չգնացի՞ք:
ԷՄՄԱ — Գնացի, բայց քեզ պես էստեղ եմ:
ԱՐՄԵՆ — Դո՞ւ ինչ ես մոռացել:
ՀԱՍՄԻԿ — Ոչ մի բան էլ չեմ մոռացել: (Էմմային.) Տաքսին թողե՞լ եք, չէ՞… (Չսպասելով նրա պատասխանին՝ դուրս է վազում:)
ԷՄՄԱ — (կանխելով Արմենին): Չհամարձակվե՛ս… ձենդ չլսեմ:
ԱՐՄԵՆ — Ինչի՞ որ…
ԷՄՄԱ — Որովհետև նրա վերադառնալն էլ տրամաբանական է:
ԱՐՄԵՆ — Փաստորեն՝ մնացել եմ ձեր տրամաբանության հույսին:
ԷՄՄԱ — Որ լավ մտածես՝ վատ չէ:
Ներս է գալիս Հասմիկը:
ՀԱՍՄԻԿ — Ես էլ իմ տաքսին թողեցի:
Համր տեսարան:
ԷՄՄԱ — (բազմանշանակ): Աչոն ջան, դիստանցիա պահիր:
ՀԱՍՄԻԿ — Ի՛նչ եք հնարում… մնում է՝ ներվային անկուլտուրականի համար…
ԱՐՄԵՆ — Բա ինչի՞ վերադարձար:
Հասմիկն արագ գնում է խոհանոց: Երկուսը նայում են իրար:
ԷՄՄԱ — Ա՛յ, հիմա հասկացա, թե ինչպիսին է եղել էն մի Հասմիկը:
ԱՐՄԵՆ — Սա ո՞վ է, որ Հասմիկ դառնա… Պապս գիտեր՝ ում էր համբուրում:
Ներս է գալիս Հասմիկը՝ այրված էլեկտրական թեյնիկը ձեռքին:
ՀԱՍՄԻԿ — Ուզում էի թեյ հյուրասիրել, չէ՞ր կարելի…
ԱՐՄԵՆ — (նրա ձեռքից վերցնելով թեյնիկը): Հյուրասիրեցիր: Վնասը ո՞վ պիտի հատուցի:
ԷՄՄԱ — Բրէ՛կ: Աչոն ջան, էդ զոհվածին տար խոհանոց ու վերջապես սուրճ բեր: (Հասմիկը Արմենի ձեռքից մի կերպ պոկում է թեյնիկն ու փնչացնելով գնում է խոհանոց:) Իսկ մենք փորձենք գտնել… (Շուրջը նայելով:) Որտեղի՞ց գիտես նամականիշի մասին:
ԱՐՄԵՆ — Պապս է ասել: Դետեկտիվ ֆիլմ էինք նայում… հազվագյուտ նամականիշ էին գողացել… Ասաց. «Ես էլ դրա պես մի բան ունեմ»:
ԷՄՄԱ — Ավելի կոնկրե՞տ…
ԱՐՄԵՆ — Հայտնի «Լիմոնկա» է, չեք իմանա… Ասաց, որ լավ բարեկամն է նվիրել:
ԷՄՄԱ — (հրաշալի արհամարհանքով): Իսկ եթե ասեմ, որ էդ բարեկամը…
ԱՐՄԵՆ — Չի՛ կարող պատահել:
ԷՄՄԱ — Պատահե՛լ է…
Ներս է մտնում Հասմիկը՝ սրճեփը ձեռքին, մյուս կողմից ներս է գալիս Անահիտը:
ՀԱՍՄԻԿ — (ամենևին չզարմացած): Ձեզ սուրճ չեմ եփել:
ԱՆԱՀԻՏ — Ես սուրճ չեմ խմում:
ԷՄՄԱ — Մտածում էի՝ գնաց իր, ու վե՞րջ: (Արմենին.) Տեսա՞ր, նորից հավաքվեցինք: (Անահիտին.) Նստիր, ու կարող ես ասել վերադարձիդ պատճառը:
ՀԱՍՄԻԿ — (Անահիտին): Տաքսին սպասո՞ւմ է: (Անահիտը գլխով դրական նշան է անում: Դուրս է վազում:)
ԱՐՄԵՆ — Կարո՞ղ է՝ զառանցում եմ:
ԱՆԱՀԻՏ — (մոտենում, ստուգում է ճակատը): Ջերմություն չունեք: (Նստում է: Էմմային.) Հասմիկին՝ հնարավոր էր, բայց որ ձե՞զ կտեսնեմ… Չէի սպասում:
ԷՄՄԱ — Ես սպասո՛ւմ էի քեզ:
ՀԱՍՄԻԿ — (ներս գալով): Տաքսին… (Բոլորն անթաքույց հետաքրքրությամբ սպասում են նրա խոսքին:) Ասացի՝ սպասի: Վերջապես տուն գնալո՞ւ ենք…
ԱՐՄԵՆ — Վերջապես մի խելացի բան ասացիր:
ԷՄՄԱ — Դեռ ո՜ւր ես: Նա դեռ շատ կզարմացնի քեզ: (Անահիտին.) Ե՞վ…
ԱՆԱՀԻՏ — Մոռացել էի… (Տեսնելով, որ բոլորն սկսեցին ժպտալ:) Կարծեմ ծիծաղելի բան չասացի:
ԷՄՄԱ — Օրիգինալ բան էլ չասիր:
ԱՆԱՀԻՏ — Մոռացա Արմենի նվերը տալ… Արմենին:
ԷՄՄԱ — Նվերը հետո կտաս, հիմա օգնել է պետք:
ԱՆԱՀԻՏ — (Արմենին): Ահա թե ինչու էիր այդպես լարված…
Արմենը հայացքը փախցնում է:
ՀԱՍՄԻԿ — Քեզ էլ են քցե՞լ… Էմմայի պես:
ԷՄՄԱ — Բաժակները սուրճ լցրու… ու սո՛ւս:
ԱՆԱՀԻՏ — Զգում էի, որ մի բան այնպես չէ… ախր, Արմենի թոռը չէր կարող այդպես…
ԷՄՄԱ — (Անահիտին): Հետո կհուզվես: Դու լավ գիտես… գիտեիր Արմենին, ուրեմն կարող ես հուշել: Մենք փնտրում ենք…
ԱՆԱՀԻՏ — (ընդհատում է): Արմենը ոսկի չէր կարող ունենալ: Չէր սիրում:
ԷՄՄԱ — Բայց կոլեկցիոներ էր:
ԱՆԱՀԻՏ — Այդ մեկը՝ հա: Զարթուցիչներ, մկրատներ, բացիկներ… (Արմենին.) Գիտես, որ պապիդ ծնողները ավտովթարից են մահացել, տասներկու տարեկան որբացել է… Պատմում էր՝ որբանոց պիտի տանեն, շփոթված, իրեն կորցրած՝ ձեռքն ինչ ընկել, դրել է պայուսակն ու միայն հետո է տեսել, որ տնից վերցրել է մոր մկրատը, հոր զարթուցիչն ու խոշորացույցը… Մի անգամ ասաց, որ ամեն նոր տարի տոնական բացիկի վրա նամակ էր գրում ծնողներին ու հավատում էր, որ նրանք ստանում են այդ բացիկները: Հիմա էլ աչքիս առաջ է նրա ժպիտը, երբ ասում էր, որ միայն ամանորյա բացիկների հրաշքին է հավատացել…
ԱՐՄԵՆ — (նորովի զննելով տուփերը): Ուրեմն սրանք…
ԱՆԱՀԻՏ — Նրա որբ մանկության ցավերն են:
ԷՄՄԱ — Ինչո՞ւ մարդուն սկսում ենք ճանաչել նրա մահից հետո…
ՀԱՍՄԻԿ — (Արմենին): Էդ պապն ունեցողը էս օրն ընկնի՞…
ԷՄՄԱ — Անահիտ, էդքանը որ գիտես, գուցե, թե ալբոմը որտեղ կլինի:
ԱՆԱՀԻՏ — Ալբոմ չկա:
ԱՐՄԵՆ և ԷՄՄԱ — Ո՞նց թե…
ԱՆԱՀԻՏ — Մի նամականիշ ուներ, ասում էր՝ լավ բարեկամից է ստացել…
Արմենն ու Էմման նայում են իրար:
ԱՐՄԵՆ — (հուսահատ): Ուրեմն՝ վերջ:
ԱՆԱՀԻՏ — Ինչքա՞ն է պարտքը:
ԱՐՄԵՆ — 3000 դոլար:
ԱՆԱՀԻՏ — Նամականիշը շատ ավելին արժե:
ՀԱՍՄԻԿ — Ի՞նչ գիտեք:
ԱՆԱՀԻՏ — Ինձ մոտ է:
Համր տեսարան:
ԱՆԱՀԻՏ — Բաժանվելուց առաջ տվեց:
ԷՄՄԱ — Իմ նվիրա՞ծը… Նվիրել է քե՞զ:
ՀԱՍՄԻԿ — Վայ, Արմեն պապ, էս ի՛նչ դեմք ես եղել:
ԱՆԱՀԻՏ — (Էմմային) Հանգստացե՛ք… վերցրել եմ մի պայմանով՝ եթե ինձ կանչի, նամականիշը կվերադարձնեմ: (Պայուսակից հանում է ծրարը:)
ՀԱՍՄԻԿ — (վերցնում, բացում է ծրարը, նայում է մեջը, տալիս Էմմային): Ոնց որ կինո լինի:
ԷՄՄԱ — Ամենամեծ կինոն կյանքն է, աղջի՛կս: (Արմենին) Վերցրու սա, զանգիր՝ ում պիտի զանգես:
Արմենը վերցնում է ծրարը, գնում է խոհանոց:
ԷՄՄԱ — Քանի՛ անգամ համբերությունս սպառվեց, արդեն գնում էի, բայց ամեն անգամ ինձ ասում էի՝ Էմմա աղջիկ, էս տղան իրեն նման չէ, մի քիչ էլ համբերիր… Տեսա՞ք, ինչ եղավ:
ԱՆԱՀԻՏ — Աղջիկներ, գիտե՞ք, ինչ մտքովս անցավ… Միայն չծիծաղեք: Գուցե Արմեն պապի սիրտը վկայել է, դրա համա՞ր է մեզ կանչել:
ԷՄՄԱ — Ամեն անգամ կարողացել է ինձ զարմացնել: Բայց էս վերջինը… (Անսպասելի հեծկլտում է, արագ կարողանում է վերագտնել իրեն: Հասմիկին.) Արմենին ես ասում, բա իմ ներվե՞րը… բանի պետք չեն:
ՀԱՍՄԻԿ — Բա որ տատս էստեղ լիներ, պատկերացնո՞ւմ եք, ինչ կլիներ… Իսկ եթե Արմեն պապը լիներ… ի՛նչ, հակասական մարդ է եղել: Ափսոս, չեմ ճանաչել:
ԷՄՄԱ — Պապին կարող ես փոխարինել թոռով: Աչքերով մի ուտի: Առաջին սերը փոխանցվում է ժառանգաբար:
ԱՆԱՀԻՏ — Նոր տեսությո՞ւն է:
ԷՄՄԱ — Ի՛մ տեսությունն է:
ՀԱՍՄԻԿ — Ինձ հանգիստ թողեք, բայց խոստանում եմ ձեր ասածի մասին մտածել: Միայն մի բան եմ խնդրում… բայց խոստացեք, որ կանեք:
ԱՆԱՀԻՏ — Ինչպե՞ս կարող ենք խոստանալ, չիմանալով՝ ինչ:
ԷՄՄԱ — Պարզ չէ՞, որ դա էր ասելու: Անահիտ, բայց դու լավ գրականության ուսուցչուհի կլինեիր: Ախր, շատ ճիշտ մարդ ես: Աչոն ջան, ես կանեմ, ասա:
ՀԱՍՄԻԿ — (Անահիտին): Մի հատ բացատրեք՝ ինչո՞ւ էր ձեր մասին Արմեն պապն ասել իր կնոջն ու ձեր… ըը… ամուսնուն:
ԷՄՄԱ — Էդ մեկը չեմ կարող բացատրել, կներես:
ՀԱՍՄԻԿ — (Անահիտին): Ես ուզում եմ հասկանալ…
ԱՆԱՀԻՏ — Չգիտեմ… Բայց եթե ասել է, ուրեմն լռել չէր կարող:
Գալիս է Արմենը:
ԷՄՄԱ — Խոսեցի՞ր:
ԱՐՄԵՆ — Խոսեցի: Հորս հետ: Փողը կտա: Կաշխատեմ, կվերադարձնեմ:
ԷՄՄԱ — Ապրե՛ս:
ՀԱՍՄԻԿ — Լավ է, որ հորդ ասացիր, բայց այդ նամականիշը տնօրինելու իրավունք ունես: Արմենն էլ նույնը կասեր:
ԱՐՄԵՆ — Պապս կասեր, բայց… Էսքանից հետո ձեռքս չի գնում…
ՀԱՍՄԻԿ — Թթո՞ւ ես դնելու:
ԱՐՄԵՆ — Պահելու եմ: Սա կմնա մեր ընտանիքում… մկրատների, զարթուցիչների ու մնացածի հետ:
Տեղից բարձրանում, սկսում է խնամքով տեղավորել տուփերը: Հասմիկը միանում է նրան: Էմման ու Անահիտը հետևում են նրանց: Դռան զանգ: Բոլորը մի պահ քարանում են:
ԱՐՄԵՆ — Ո՞վ կարող է լինել…
ԷՄՄԱ — Շատ-շատ՝ Արմենի հրավիրած հյուրը:
ԱՆԱՀԻՏ — Կարծո՞ւմ եք:
ՀԱՍՄԻԿ — Հարց տալու փոխարեն… (Դուրս է վազում:)
Սպասողական նայում են դռանը:
ՀԱՍՄԻԿ — (ներս գալով): Տաքսիստն է, ծարավ է…
Սկզբում անվստահ, հետո բարձր ծիծաղ: Սենյակը թաղվում է խավարի մեջ, միայն վերևում աղոտ լույս է երևում, որն ուժգնանում է
մարող ծիծաղին հընթացս:

Կարդացեք նաև