Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ / ԳԻՇԵՐԱՅԻՆ ԴԵՂԱՏՈՒՆ

(սոցիալ-քաղաքական դրամա)

Գործող անձինք
ՄԱՐՈՒՇ
ՄԻՀՐԱՆ
ԱՐԵՎԻԿ
ՏԱՐԵՑ ԶՈՒՅԳ` ԿԻՆ ԵՎ ՏՂԱՄԱՐԴ
ԹՄՐԱԴԵՂԻ ԳՆՈՐԴ
ԱԿՆՈՑԱՎՈՐ ԿԻՆ
«ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ» ԵՐԵՔ ԱՇԽԱՏԱԿԻՑ
ԳԻՆՈՎՑԱԾ ՏՂԱՄԱՐԴ
ԿԱՐՄԻՐ ՓՈՂԿԱՊՈՎ ՏՂԱՄԱՐԴ
ՎԱՌ-ԿԱՐՄԻՐ ՇՐԹՆԵՐԿՈՎ ԱՂՋԻԿ
ՊԱՐՄԱՆՈՒՀԻ
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ
ՄՈՐՈՒՔՈՎ ՏՂԱՄԱՐԴ
ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐ
ՏՆՕՐԵՆ
ԳԱՆԳՐԱՀԵՐ ՏԻԿԻՆ
ԿԻՍԱՃԱՂԱՏ ՏՂԱՄԱՐԴ
ԿԻԲԵՐՄԱՐՏԻԿ ՀԱԿՈԲ
ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐ
ԵՐԿՈՒ ՈՍՏԻԿԱՆ

Գործողությունները տեղի են ունենում 21-րդ դարի 10-ական
թվականներին, հայկական քաղաքում:

Բեմում ժամանակակից դեղատանը վայել կահավորանք է: Պատերին փակցված գովազդների հարևանությամբ աչքի է զարնում «Առողջ հոգին ու առողջ մարմինը անչափ սիրում են միմյանց» պաստառը: Ներկայացման ընթացում երբեմն լսվում է. «Դուք ականջ դրեք ձեր մարմնի ձայներին և նրանք կհուշեն, թե ինչ է կամենում ձեր հոգին և որտեղ են թաքնված կյանքի իրական լույսերը»: Բայց ոչ ոք ասես չի լսում կրկնվող ուղերձը, յուրաքանչյուրը խաղում է իր դերը` չարձագանքելով հորդորին:
ՄԱՐՈՒՇ — (կապույտ խալաթով): Չէ, Արևիկ ջան, դու չպետք է գիշերը մնաս դեղատանը, քո փոխարեն ես տնօրենին պատասխան կտամ: Տուն գնա ու մնա երեխայիդ մոտ: Հիվանդ փոքրիկը մոր կարիքն ունի:
ԱՐԵՎԻԿ — (սպիտակ խալաթով): Մայրս երեխայի մոտ է: Նանարիս ջերմությունն արդեն իջել է 38… Վերջին ամսվա մեջ շատ եմ բացակայել, վախենամ` տնօրենը չցանկանա ինձ տեսնել դեղատանը: Եվ իրավացի կլինի. ո՞ւմ է պետք հաճախ բացակայող աշխատողը:
ՄԱՐՈՒՇ — Օրենքն ու արդարությունը փոքր երեխայամոր կողմն են: Հետո էլ` մորդ վրա պետք չէ հույս դնել, տարեց կին է, հիվանդ, ինքը խնամքի ու հոգատարության կարիք ունի: Եվ ամենակարևորը, Արև ջան, մենք ամեն ինչ անում ենք հանուն երեխաների… Աստված չանի, եթե երեխայիդ ջերմությունը նորից կտրուկ բարձրանա ու կողքին չլինես, հետո քեզ շատ մեղավոր կզգաս, իսկ նա մեծանալով` քեզ մեկ-մեկ կհիշեցնի, որ կողքին չէիր, երբ հիվանդ ջերմում էր:
ԱՐԵՎԻԿ — Նա դեռ չորս տարեկան չկա, կհիշի՞ որ…
ՄԱՐՈՒՇ — Չկասկածես: Ցավի հիշողությունը շատ ուժեղ է, հատկապես երեխաների մոտ:
Ներս է մտնում տարեց զույգը` իրար ձեռք բռնած ու ժպտերես: Մի պահ շրջապատը զննելուց հետո նրանք, միաժամանակ, համերաշխ ասում են:
ՏԱՐԵՑ ԶՈՒՅԳ — Ձեզ բարի երեկո:
ՄԱՐՈՒՇ, ԱՐԵՎԻԿ — Բարի երեկո:
ԱՐԵՎԻԿ — (Մարուշին): Մեր ամենահետաքրքիր ու հաճելի այցելուներից են: Հիմա փորձիր նրանց սպասարկել, համարիր, որ ես էստեղ չեմ:
ՄԱՐՈՒՇ — Լավ:
ՏԱՐԵՑ ԿԻՆ — Ամուսնուս հիշողության դեղը կտա՞ք… Ճիշտ է` էնքան էլ չի օգնում, բայց մենք դեռ փորձում ենք:
ՄԱՐՈՒՇ — Հիշողության դե՞ղ… Ունե՞ք դեղատոմս:
ՏԱՐԵՑ ԿԻՆ — Օ՛, ոչ: Ձեր դեղատանը գիտեն, թե մեզ ինչ է պետք, մենք վաղուց բժշկի մոտ չենք գնում… դեղատոմսի համար:
ՄԱՐՈՒՇ — (Արևիկին): Հիմա ի՞նչ պետք է անեմ…
ԱՐԵՎԻԿ — Լավ, ես կշարունակեմ: Վարդիթեր մայրիկ, հիմա… (Դեղատուփից հաբեր է լցնում թղթե տոպրակի մեջ ու տալիս տարեց կնոջը:) Ահա ձեր ամուսնու դեղը:
ՏԱՐԵՑ ԿԻՆ — Շնորհակալ եմ, աղջիկս: Ամուսինս ասում է, որ մենք ամուսնացած ենք արդեն 40 տարի և մեր հարսանիքի քավորը եղել է Անդո վարժապետը: Ճիշտ չէ, մեր ամուսնությունն ընդամենը 15 տարեկան է: Մենք ջահել զույգ ենք, իսկ մեր հարսանիքի քավորը… անունը չեմ հիշում, բայց վարժապետ Անդոն չէր: Դե լավ, ձեզ բարի գիշեր:
Տարեց զույգը դանդաղ հեռանում է: Չհասած մուտքին` վերադառնում են վաճառասեղանի մոտ:
ՏԱՐԵՑ ՏՂԱՄԱՐԴ — Ներեցեք, քիչ մնաց մոռանայի… Կնոջս դեղը կտա՞ք:
ԱՐԵՎԻԿ — Իհարկե, Հարութ հայրիկ, հիմա: (Նույն դեղահաբերից լցնում է նոր տոպրակի մեջ, տալիս տարեց տղամարդուն:) Սա էլ` ձեր կնոջ դեղը:
ՏԱՐԵՑ ՏՂԱՄԱՐԴ — Ապրես, աղջիկս: Սա կօգնի, չէ՞, կնոջս` վերականգնել հիշողությունը… Նա ասում է, թե մեր հարսանիքին իմ նվիրած հարսնազգեստը մոխրագույն էր: Չէ, ի՞նչ մոխրագույն… ճերմակ, գեղեցիկ, երկարափեշ զգեստ էր, գնել եմ քաղաքի կենտրոնական հանրախանութից: Դե լավ, մենք գնանք, դեռ պետք է մի քանի բարեկամների այցելենք:
ԱՐԵՎԻԿ — Բարի գիշեր և հաջողություն ձեզ: Ձեր հիշողությունը… (Ընդհատում է խոսքը, Մարուշին:) Ես որ նրանց հիմա դժբախտ չեմ համարի:
Տարեց զույգը գնում է:
ՄԱՐՈՒՇ — Ովքե՞ր են, մեր քաղաքի՞ց են…
ԱՐԵՎԻԿ — Մեր քաղաքից են, արդեն 10 տարի ծերանոցում են ապրում, մեկ տարի առաջ էնտեղ էլ ամուսնացան:
ՄԱՐՈՒՇ — Իսկ ո՞ւր են նրանց նախկին ընտանիքները: Երեխաներ ունե՞ն:
ԱՐԵՎԻԿ — Կինը վաղուց միայնակ է, առաջին ամուսնությունից, ասում են, տղա երեխա է ունցել, որը մահացել է 4 տարեկանում: Հետո չի ծննդաբերել, ամուսինը նրան թողել է: Իսկ տղամարդը երեք երեխա ունի` երկու որդի և աղջիկ: Կինը մահացել է 15 տարի առաջ: Հարութ հայրիկը մենակ է մնացել, չգիտեմ` զավակները չեն տիրություն անո՞ւմ, թե՞ հայրը չի ցանկանում նրանց խնամքին մնալ:
ՄԱՐՈՒՇ — Ոչ մի ծնող չէր ցանկանա զավակներից առանձին ապրել: Երևի նրանց վերաբերմունքը Հարութ հայրիկին չի գոհացրել, նա գերադասել է ծերանոցը: Տխուր է: Ո՞նց կարող է ընտանիքից դուրս մղվել ծնողին հարգելն ու սիրելը: Ախր, մեր զորությունը ավանդական, կայուն ընտանեկան-հարազատական կապերից է գալիս: Երբ քայքայվում են ընտանիքները, քայքայվում են ազգերն ու երկրները: Ես չէ` իմաստուն մարդիկ են դա ասել:
ԱՐԵՎԻԿ — Ի՞նչ ասեմ, նոր ժամանակներ, նոր բարքեր…
ՄԱՐՈՒՇ — Էդ նոր գեշ բարքերը մենք ստեղծում` ժամանակների վրա ենք բարդում: Ժամանակը մենք ենք: (Դադար:) Ի՞նչ դեղ տվեցիր նրանց:
ԱՐԵՎԻԿ — Սովորական վիտամիններ: Դրանք անվճար տալիս ենք նման դեպքերում:
ՄԱՐՈՒՇ — Տնօրենը գիտի՞:
ԱՐԵՎԻԿ — Հա, հազիվ համոզեցինք, որ էդպիսի իրավիճակներում դա լավ ելք է: Ի՞նչ վճար վերցնես էդ… մոլորվածներից:
ՄԱՐՈՒՇ — Հետաքրքիր է, որ նրանք գիշերն են գալիս դեղերի համար: Հասկանում եմ` անքնություն ունեն, հիշողության խափանումներ և…
ԱՐԵՎԻԿ — …Եվ մոտեցող մահվան շունչը: Եթե այսօր նորից հայտնվեն, չզարմանաս: Ուրիշ տեղ չունեն գնալու, ծերանոցն է ու մեր դեղատունը:
ՄԱՐՈՒՇ — Լավ, դու գնա, ուշանում ես, վազիր երեխայի մոտ: Ո՞նց ես տուն հասնելու, տաքսի կանչե՞մ…
ԱՐԵՎԻԿ — Շնորհակալ եմ, պետք չէ, ոտքով տասը րոպեից տուն կհասնեմ: (Խալաթը հանում, հագնում է բաճկոնը: Հայելու առջև հարդարվում է` մազերն արձակելով:) Աղջիկս սիրում է, երբ մազերս արձակում եմ… Դե, ես գնամ, բարի գիշեր: (Մոտենում է դռանը:)
ՄԱՐՈՒՇ — Բարի գիշեր, Արև ջան, աղջկադ իմ կողմից պաչիկ արա և մաղթիր արագ ապաքինում:
ԱՐԵՎԻԿ — Անպայման: (Մոտենալով Մարուշին:) Մարուշ մորքուր, գուցե զանգենք Շուշիկին, որ քեզ ընկերակցի՞: Նրան չես հավանում, գիտեմ, բայց կգա ու կողքիդ կմնա գիշերը, չի մերժի, անհոգի աղջիկ չէ:
ՄԱՐՈՒՇ — Գուցե կգա… չեմ ուզում, նա, ո՞նց ասեմ, շատ է մատչելի, բոլորի հետ կարող է գործարքի մեջ մտնել: Ինչպես ասում են` ես նրա հետ մարտի չեմ գնա: Գիշերը` հատկապես: Հետո էլ` Շուշիկին ինչո՞ւ անհանգստացնենք: Մենակ կհերթապահեմ, սրանից շատ ավելի ծանր գիշերներ եմ հերթապահել:
ԱՐԵՎԻԿ — Մենք դժվար հաճախորդներ ունենք, նրանք ոնց որ թե շատանում են գիշերը: Մեծ մասին դեռ չգիտեք:
ՄԱՐՈՒՇ — Անհոգ մնա, դիրքս լավ կպահեմ: Դե, վազիր, քիթդ էլ մի կախիր, Սարոդ անպայման կվերադառնա: Հետո ի՞նչ, որ վեց ամիս չի զանգել: Երևի գործերն էնքան էլ լավ չեն, քաշվում է… Կկարգավորի ու կգա: Քեզ նման արևից միայն հիմարը կհրաժարվի: Ոչ մեկը քեզ փոխարինել չի կարող:
ԱՐԵՎԻԿ — (թույլ ժպտում է): Չգիտեմ… Բարի գիշեր, Մարուշ մորքուր, հանգիստ հերթապահություն քեզ:
ՄԱՐՈՒՇ- Բարի գիշեր:
Արևիկը գնում է: Մարուշը կարգավորում է դեղադարակները՝ կամացուկ երգելով` «Իմ փոքրիկ քաղաքում իմ մեծ սերն է ապրում…»: Ներս է մտնում թմրադեղի գնորդը:
ԹՄՐԱԴԵՂԻ ԳՆՈՐԴ — Բարի երեկո… բոլորիդ, ձեր ցավը տանեմ…
ՄԱՐՈՒՇ — (ընդգծված զուսպ): Բարի երեկո:
ԹՄՐԱԴԵՂԻ ԳՆՈՐԴ — Դուք ո՞վ կլինեք, քուրո ջան… Նոր աշխատո՞ղ եք:
ՄԱՐՈՒՇ — Այո, ի՞նչ եք կամենում:
ԹՄՐԱԴԵՂԻ ԳՆՈՐԴ — Իսկ կասե՞ք ձեր չքնաղ անունը:
ՄԱՐՈՒՇ — (չոր): Մարուշ:
ԹՄՐԱԴԵՂԻ ԳՆՈՐԴ — Հոյակա՛պ, հոյակա՛պ… Դուք ճիշտ նկատեցիք, Մարուշ քույրիկ, ես կամենում եմ…
ՄԱՐՈՒՇ — Ի՞նչ:
ԹՄՐԱԴԵՂԻ ԳՆՈՐԴ — (ինչ-որ բան է շշնջում Մարուշին): Ընդամենը 10 սրվակ… մի շաբաթվա պաշարս…
ՄԱՐՈՒՇ — Դեղատոմս ունե՞ք:
ԹՄՐԱԴԵՂԻ ԳՆՈՐԴ — Հիանալի հարց` դեղատո՛մս… Լիովին անկեղծ կլինեմ` ես ան-դե-ղա-տոմս եմ: Էդպիսին է իմ ներկա կարգավիճակը:
ՄԱՐՈՒՇ — Առանց դեղատոմսի, էն էլ կնքված, ԼՍԴ վաճառելը կտրականապես արգելվում է:
ԹՄՐԱԴԵՂԻ ԳՆՈՐԴ — Կտրականապե՛ս… Ճիշտն ասած` անդուր բառ է, մի տեսակ կացնային` կտրականապես…
ՄԱՐՈՒՇ — Կացնային չէ, օրինական է: Կբերեք դեղատոմսը` կստանաք թմրադեղը:
ԹՄՐԱԴԵՂԻ ԳՆՈՐԴ — Ո՛նց չեմ սիրում, երբ «դեղատոմս» ու «գնել» բառերը հայտնվում են իրար կողք:
ՄԱՐՈՒՇ — Ինչ է, անվճա՞ր եք ստանում էդ դեղը:
ԹՄՐԱԴԵՂԻ ԳՆՈՐԴ — Չէ, ի՞նչ անվճար, հաճախ նույնիսկ ավելին եմ տալիս… երբ փող է լինում մոտս: Տեսնեիր, թե Շուշիկի աչքերը ոնց են կայծկլտում նման պահերին… Հըմ, ասում եք` Շուշիկը էսօր չի՞ գա…
ՄԱՐՈՒՇ — Շուշիկն աշխատանքի կլինի առավոտյան 9-ից:
ԹՄՐԱԴԵՂԻ ԳՆՈՐԴ — Շատ ուշ է, քուրո ջան, շատ ուշ… (Գլուխը կախ` մտածկոտ ու նյարդային ետ ու առաջ է քայլում: Կտրուկ կանգնում, աղերսանքով դիմում է Մարուշին:) Գոնե մի սրվակ… դրա փողն ունեմ: Կրկնակին, եռակին կտամ…
ՄԱՐՈՒՇ — Ոչ, ես նման անօրենություն չեմ անի: Գումարած, որ հիմա թմրադեղ տալով` կնպաստեմ ձեր հիվանդության խորացմանը: Նման սխալ թույլ չեմ տա, դա իմ սեփական կանոնագրքի մեջ չի մտնում:
ԹՄՐԱԴԵՂԻ ԳՆՈՐԴ — Կանոնագի՛րք, ասել է թե` սկզբունքնե՛ր… Իսկ ո՞ր սկզբունքով եք թույլ տալիս, որ ես տանջահար լինեմ մինչև առավոտյան 9-ը:
ՄԱՐՈՒՇ — Դեռ հարց է` էդ ժամին կստանա՞ք ձեր ուզածը, թե՞ ոչ:
ԹՄՐԱԴԵՂԻ ԳՆՈՐԴ — Ո՞նց թե, Շուշիկը ինձ կփրկի:
ՄԱՐՈՒՇ — Չի փրկի, դա իսկի էլ փրկություն չէ: Պետք է բուժվել, որ էսպիսի տհաճ իրավիճակում չհայտնվեք: Պետք է վերականգնեք ձեր խաթարված առողջությունը:
ԹՄՐԱԴԵՂԻ ԳՆՈՐԴ — Պետք է, պետք է… Ինձ պետք է էդ դեղի ընդամենը մեկ սրվակ, հիմա, միայն մեկ սրվակ: Ինչո՞ւ անգութ եք իմ նկատմամբ, ես ձեզ վատություն չեմ արել:
ՄԱՐՈՒՇ — Հիմա որ` անում եք: Գթության մասին էլ սխալ պատկերացում ունեք. եթե իմանայիք, թե ինչ է իսկական գթությունը… այն, որ հիմա ուզում եմ կիրառել ձեր հանդեպ…
ԹՄՐԱԴԵՂԻ ԳՆՈՐԴ — Լավ, քեզ հասկացա, դեռ էդքան չեմ բթացել, քուրո ջան: Կարո՞ղ եմ մի քանի րոպե նստել էստեղ, շունչ առնել ու նոր գնալ:
ՄԱՐՈՒՇ — Կարող եք: Հանգստացեք, վերադարձեք տուն, իսկ առավոտյան` ուղիղ դիսպանսեր: Սա է իմ պայմանը:
ԹՄՐԱԴԵՂԻ ԳՆՈՐԴ — Տո՛ւն, դիսպանսե՛ր… Ծանրագույն բառեր:
Մարուշը վերսկսում է կիսատ թողած գործը: Թմրադեղի գնորդը անսպասելի ցատկում, անցնում է վաճառասեղանից այն կողմ, ճանկում մի դեղատուփ ու նետվում է դեպի դուռը: Բայց բախվում է ներս մտնող Միհրանին ու տապալվում գետնին: Մարուշը ապշած ու քարացած` հետևում է կատարվածին:
ՄԻՀՐԱՆ — Էս ո՞վ է… Էս ո՞ւր է փոթորկի բերանն ընկած տակառի պես գլորվում: Վեր կաց, ընկեր, տեսնենք՝ ինչ եղավ քեզ: Կարո՞ղ ես ոտքի կանգնել:
ԹՄՐԱԴԵՂԻ ԳՆՈՐԴ — Հա… Դու էլ իմ բախտից տնկվեցիր դեմս… ախպերս: (Վեր է կենում, մռայլ նայում Մարուշին, Միհրանին:) Ձեր թույլտվությամբ ես գնամ, հա՞:
ՄԱՐՈՒՇ — (սթափվելով): Ոչ, վերադարձրեք դեղատուփը: Միհրան, օգիր, որ հետ գա:
ՄԻՀՐԱՆ — Մարո՞ւշ… հիմա էստե՞ղ ես աշխատում:
ՄԱՐՈՒՇ — Հա, Միհրան… հետ բեր էդ ճողոպրողին, խնդրում եմ:
ՄԻՀՐԱՆ — Ընկեր, առաջ: (Փորձում է ձախորդին առաջ հրել, նա չլսելու է տալիս, ապա փորձում է պոկվել, ապարդյուն:) Չէ, ընկեր, չես փախչի: Եթե Մարուշն ասել է, ուրեմն դեռ պետք ես էստեղ: Հիմա խելոք մոտեցիր վաճառասեղանին: Զգուշացնում եմ` փախուստի նոր փորձ չանես, թե չէ արդեն ստիպված կլինեմ դիմել կարատեի կամ ուշուի… Ես դեռ լավ մարզավիճակում եմ:
ԹՄՐԱԴԵՂԻ ԳՆՈՐԴ — Լավ, ախպերս, հասկացա, ձեռքերս էդքան ուժեղ մի ոլորիր: (Մարուշին է վերադարձնում դեղատուփը:)
ՄԱՐՈՒՇ — Հիմա ո՞նց վարվենք ձեզ հետ… Նախ, ուզում էիք դեղատնային կարգը խախտել, ապա` ինձ կաշառել, իսկ վերջում գողության փորձ կատարեցիք:
ՄԻՀՐԱՆ — Ա՛, ունիվերսալ տղա է երևում, բազմաշնորհ…
ԹՄՐԱԴԵՂԻ ԳՆՈՐԴ — Խնդրում եմ, քուրո ջան, ինձ ոստիկանություն չհանձնեք:
ՄԱՐՈՒՇ — Չէ, ոստիկանության ժամանակը չէ, ձեզնով շտապ պետք է զբաղվի այլ ծառայություն: Միհրան, մի րոպե:
Մարուշն ու Միհրանը առանձնանում, կամաց խորհրդակցում են` հետևելով թմրադեղի գնորդին: Մարուշը վերադառնում է իր տեղը, Միհրանը զանգում է բջջայինով:
ՄԻՀՐԱՆ — Այո, այո, տիկին Մարուշի հանձնարարությամբ… Նա այստեղ է: Շատ լավ, սպասում ենք: (Մարուշին.) Քեզ իսկույն ճանաչեցին, ասացին` մեր հերոս բուժքույրն է, նրա խոսքը մերժել չենք կարող:
ՄԱՐՈՒՇ — Դե ի՞նչ հերոս, հերիք է, մարդիկ կորցրել են չափի զգացումը:
ՄԻՀՐԱՆ — Ճիշտն ասած, ես 03-ի էդ կնոջ հետ լրիվ համաձայն եմ. հերոս չես` ի՞նչ ես: Պատերազմի ժամանակ ծառայել ես բուժական գումարտակում, կորցրել ես ամուսնուդ` քաջ ու լուսահոգի Մհերին, երկար տարիներ բուժքույրություն ես արել բանակի հոսպիտալներում, միայնակ մեծացրել ես… Մարուշ ջան, քանի՞ երեխա ունես, մոռացել եմ, կներես…
ՄԱՐՈՒՇ — Երեք:
ՄԻՀՐԱՆ — Միայնակ մեծացրել ես երեք երեխա:
ՄԱՐՈՒՇ — Չէ, էնքան էլ մենակ չեմ մեծացրել, օգնել են իմ ու Մհերի ծնողները, օգնել են ընկերներ ու բարեկամներ, պետությունը, բարերարներ ու կազմակերպություններ, բոլորին երախտապարտ եմ: Բայց ընտանիքի հոր բացակայությունը զգացել ենք, էդ բաց տարածությունը ոչնչով չես լցնի… Թող ոչ մի կին չպարծենա, թե միայնակ կարող է երեխաներ մեծացնել ու դաստիարակել… համեստ աշխատավարձով ու նպաստով, էսպիսի դժվար պայմաններում…
Թմրադեղի գնորդը կրկին փորձում է փախուստի դիմել, սակայն Միհրանը վրա է հասնում և ճարպիկ հնարքով գետնում նրան:
ՄԻՀՐԱՆ — Ախր, ո՞ւր ես ճողոպրում, այ ծակվող:
ՄԱՐՈՒՇ — Միհրան, մի վիրավորիր:
ՄԻՀՐԱՆ — Ասացին, չէ՞, հանգիստ տեղդ մնա:
ԹՄՐԱԴԵՂԻ ԳՆՈՐԴ — Էս անգամ ուրիշ նպատակով եմ ուզում փախչել:
ՄԻՀՐԱՆ — Ի՞նչ նպատակով…
ԹՄՐԱԴԵՂԻ ԳՆՈՐԴ — Ես ճանաչեցի նրան: (Ցույց է տալիս Մարուշին:) Պատերազմի օրերի հայտնի բուժքույրն է, ինձ էլ է վիրակապել ու խնամել դաշտային հոսպիտալում: Չեմ ուզում, որ ինձ ճանաչի…
ՄԻՀՐԱՆ — Մարո՞ւշ, քո նախկին վիրավորներից է…
Մարուշը մոտենում է թմրադեղի գնորդին, ակնդետ նայում է նրան:
ՄԱՐՈՒՇ — Գարի՞կ… էս ի՞նչ օրն ես ընկել: Վեր կաց:
ԹՄՐԱԴԵՂԻ ԳՆՈՐԴ — (ոտքի է կանգնում, մեկուսի): Ճանաչեց… էս ո՞նց խայտառակվեցի…
ՄԱՐՈՒՇ — Ականջատակիդ սպին մնացել է: Շատ լուրջ էիր վիրավորված, բայց չէիր կորցնում քեզ, հաճոյախոսություններ էիր անում…
ԹՄՐԱԴԵՂԻ ԳՆՈՐԴ — Երանի չէ՞ր էն օրերին…
ՄԱՐՈՒՇ — Երանի՞… Էդ ի՞նչ երանիի մասին ես խոսում: Մի մոլորեցրու քեզ ու ուրիշներին, մեր տղերքն ու հարազատներն էին զոհվում, մեր արյունն էր հոսում, մեր բնակավայրերն էին ավերվում, մեր ազատությունն էր բռնադատվում… վերջապես` մեզ ուզում էին բնաջնջել: Էդ ամենի մեջ երանություն կա՞:
ԹՄՐԱԴԵՂԻ ԳՆՈՐԴ — Բայց միասնական էինք ու հավատով, իրար հավասար էինք բոլորս, նույն նպատակին մղված…
ՄԱՐՈՒՇ — Ազատամարտի ժամանակ մենք էլ տականքներ ունեինք, դասալիքներ, վախկոտներ ու մորթապաշտներ, որ դուրս չէին գալիս նկուղներից կամ փախել էին երկրից: Փառք Աստծո, նրանք փոքրաթիվ էին, մեծամասնությունը կողք-կողքի մարտնչում էր: Բայց երանի մի տուր, մենք ոչնչացման ու հայրենազրկման վտանգի առաջ էինք կանգնած:
Ներս են մտնում «Շտապ օգնության» երեք աշխատակից:
ԲԺԻՇԿ — Ո՞վ է մեր հիվանդը:
ԹՄՐԱԴԵՂԻ ԳՆՈՐԴ — Ես եմ: Բուժքույր Մարուշ, հիմա գնա՞մ նրանց հետ, թե՞…
ՄԱՐՈՒՇ — Գնա, Գարիկ, քեզ շտապ բուժվել է պետք: Ամեն ինչ լավ կլինի, կգանք քեզ տեսության… չէ՞, Միհրան…
ՄԻՀՐԱՆ — Իհարկե, ժենգյալով հաց կբերենք:
ԹՄՐԱԴԵՂԻ ԳՆՈՐԴ — Դե լավ… Դու նույն ընտիր բուժքույրն ես: Գնացի…
Թմրադեղի գնորդը «Շտապ օգնության» աշխատակիցների ուղեկցությամբ դուրս է գնում:
ՄԱՐՈՒՇ — Համոզված եմ` նա կբուժվի: Դիսպանսերից չի փախչի: (Դադար:) Իսկ դու ինչո՞ւ ես դեղատուն եկել, առողջական խնդիրներ ունե՞ս:
ՄԻՀՐԱՆ — Ո՞նց ասեմ… գիշերներս ցերեկներից առանձնապես չեն տարբերվում: Արդեն տարուց ավելի է` ստեղծագործելու ցանկությունը կորել է: Նոր զբաղմունքի եմ անցել:
ՄԱՐՈՒՇ — Ի՞նչ զբաղմունք…
ՄԻՀՐԱՆ — Երեկոյան ժամերին մեքենայովս դուրս եմ գալիս տաքսի ծառայության:
ՄԱՐՈՒՇ — Ահա թե ինչ, գիշերները, ուրեմն, տաքսիստ, ցերեկը` նկարիչ:
ՄԻՀՐԱՆ — Ավելի ճիշտ` ցերեկը պարապ-սարապ, երեկոյան` տաքսիստ:
ՄԱՐՈՒՇ — Լավ չէ՞` էդ պարապ-սարապության փոխարեն ցերեկներն էլ տաքսիստություն անես, մինչև ճգնաժամդ անցնի:
ՄԻՀՐԱՆ — Ցերեկները մի տեսակ ամաչում եմ:
ՄԱՐՈՒՇ — Հասկանում եմ: Իսկ դասաժամե՞րդ… Վերջին անգամ, երբ հանդիպեցինք, ասացիր, որ դասավանդում ես:
ՄԻՀՐԱՆ — Դա երեք տարի առաջ էր: Թողեցի, դուրս եկա: Գեղանկարչության բաժնի վարիչի հետ անհնար էր աշխատել, տգետի ու կաշառակերի մեկն էր: Ես պնդում էի, որ ավելի լավ է 3-4 շնորհալի ուսանող ունենալ ու կենտրոնանալ նրանց զարգացման վրա, քան ընդունել 2 տասնյակ ապաշնորհ երեխեքի ու ժամանակ ու միջոցներ վատնել նրանց վրա: Գիտե՞ս` ինչ էր պատասխանում էդ ողորմելին. «Դու ժամանակակից մտածելակերպ չունես: Եթե քեզ չի բավարարում, հեռացիր»: Հեռացա:
ՄԱՐՈՒՇ — Երևում է` դեռ շատ ես զայրացած նրա վրա:
ՄԻՀՐԱՆ — Ո՞նց չզայրանամ, 10 տարուց ավելի է` էդ ստահակը վարիչություն է անում, բայց ոչ մի լավ ու հեռանկարային գեղանկարիչ, հատուկենտ շնորհալի ուսանողներն էլ կորչում են նրա ցածրակարգ վարժապետության մամլիչի տակ:
ՄԱՐՈՒՇ — Չգիտեմ, ես ձեր ասպարեզում լավ չեմ կողմնորոշվում, բայց քո պրոֆեսիոնալիզմին չեմ կասկածում:
ՄԻՀՐԱՆ — Շատերը հաճույքով էդ պրոֆեսիոնալիզմն էլ ոտի տակ կտան:
ՄԱՐՈՒՇ — Էդքան հոռետես մի եղիր… ավելի հասկանալի հարցերից խոսենք: Եզրակացնում եմ, որ նկարներիդ վաճառքը նվազել է, և ընտանիքդ փորձում ես կերակրել տաքսիով, հա՞:
ՄԻՀՐԱՆ — Հիմա մենակ եմ ապրում, Մարուշ:
ՄԱՐՈՒՇ — Ինչո՞ւ, ի՞նչ է պատահել:
ՄԻՀՐԱՆ — Բաժանվեցինք: Կինս աղջկաս վերցրեց ու` թըը՛ռ, Ամերիկա…
ՄԱՐՈՒՇ — Ցավում եմ… Իսկ տղա՞դ:
ՄԻՀՐԱՆ — Բեռլինում է, կոնսերվատորիայում ստաժիրովկա է անցնում: Ասում է` կվերադառնամ ու կդառնամ Հայոց երկրի թիվ մեկ դիրիժորը:
ՄԱՐՈՒՇ — Ողջունելի երազանք… Բայց անկեղծորեն ասա, Միհրան, հավատո՞ւմ ես, որ տղադ կվերադառնա:
ՄԻՀՐԱՆ — (մի պահ մտածելով): Տղայիս որ հավատում եմ:
Շտապով ներս է մտնում ակնոցավոր, միջահասակ կինը և Մարուշին է մեկնում դեղատոմսը:
ԱԿՆՈՑԱՎՈՐ ԿԻՆ — Ունե՞ք էդ դեղից…
ՄԱՐՈՒՇ — Ունենք:
Ակնոցավոր կինը նայում է Միհրանին, ապա շշուկով խոսում է Մարուշի հետ: Վերջինս գլխով համաձայնության նշան է անում, վերցնում դեղատուփերից մեկը և տալիս է ակնոցավոր կնոջը: Նա արագ ուղղվում է դեպի դուռը, բայց վերադառնում է:
ԱԿՆՈՑԱՎՈՐ ԿԻՆ — (Մարուշին՝ կամաց): Գրեք իմ հեռախոսահամարն ու հասցեն, որ կասկածներ չլինեն: Դուք նոր աշխատող եք:
ՄԱՐՈՒՇ — Պետք չէ, ես ձեզ վստահում եմ:
ԱԿՆՈՑԱՎՈՐ ԿԻՆ — Շնորհակալ եմ: (Գնում է:)
ՄԻՀՐԱՆ — Արտակարգ դե՞պք է…
ՄԱՐՈՒՇ — Ոչ, շատ սովորական դեպք է: Կինը փող չունի, իսկ ամուսնուն շտապ դեղ է պետք, ասթմատիկ է: Պարտքով տվեցի դեղը, ասաց` փողը կտա մի շաբաթից, երբ ամուսնու թոշակը կտան: Դե գիտես, մարդիկ հաց ու մթերք են վերցնում պարտքով:
ՄԻՀՐԱՆ — Գիտեմ, իհարկե… ուրեմն ձեր դեղատունն է՞լ ունի «նիսյայի» տետր:
ՄԱՐՈՒՇ — Պարտքերի տե՞տրը… Չգիտեմ` մեր աշխատակիցները պահո՞ւմ են նման տետր, ես որ չեմ պահում, մի տեսակ վիրավորական է… Մի շաբաթ է` էստեղ եմ, արդեն չորս հոգու պարտքով դեղ եմ տվել: Հերթապահության վերջում լրացնում եմ դրամարկղը, որ պակաս գումար չգրանցվի: Ժամանակին, պատահել է, ես էլ եմ «նիսյա գրվել»:
Դադար:
ՄԻՀՐԱՆ — Հաշիվը պետք է պահել գրավոր, բա որ մոռացա՞ր:
ՄԱՐՈՒՇ — Նրանք հո պարտավոր են հիշել:
ՄԻՀՐԱՆ — Դե, մարդ են, կարող է և մոռանան, անգամ դիտավորյալ, հատկապես` կարիքի դրդմամբ:
ՄԱՐՈՒՇ — Լավ մարդը լավ է մնում նաև թշվառության օրոք, իսկ այլանդակը նույնն է և անապահովության, և գերճոխության մեջ:
ՄԻՀՐԱՆ — Ճշմարիտ ես: Ոմանք ուղղակի մակերեսային տպավորությամբ ասում են, թե կարիքավորները չարացած ու անհուսալի մարդիկ են, իսկ ունևորները կիրթ ու բարեհոգի են: Ես տեսել եմ նրանց չարացածությունն ու գծուծությունը: (Դադար:) Մարուշ, չասիր, թե ինչու ես էստեղ, ինչո՞ւ ես լքել հոսպիտալը:
ՄԱՐՈՒՇ — Չեմ լքել… կուզենայի շարունակել ծառայությունս: Բայց հիսունս լրացավ ու ինձ զորացրեցին: Հիմա թոշակառու եմ, իսկ աշխատել պետք է:
ՄԻՀՐԱՆ — Այ քեզ բան… չէի ասի… Ուրեմն` արդեն հիսունն անց ես, իսկ տեսքից… ըմմ… հազիվ 40 ես երևում:
ՄԱՐՈՒՇ — Դե լավ, կատակներդ քեզ պահիր: Սովորական ընթացքով ծերանում եմ:
ՄԻՀՐԱՆ — Չէ, չէ, անկեղծորեն եմ ասում, դժվար կյանքն ասես վախեցել է մոտենալ քեզ ու աղավաղել դեմքդ ու մարմինդ: Դեռ հմայիչ ես, ցանկալի, կարող ես նորահարսի տեղ անցնել:
ՄԱՐՈՒՇ — (դառը ժպտում է): Երգիր, երգիր ու հաճոյախոսիր, քեզ թույլ եմ տալիս, արվեստագետ ես: Բայց հուսամ` գիտես չափը…
Ներս է մտնում գինովցած տղամարդը՝ երգելով` «Գիշերները, յարո ջան, թռվռամ քո դոշին…»:
ԳԻՆՈՎՑԱԾ ՏՂԱՄԱՐԴ — Բարև գիշերային հրեշտակներին: (Զարմացած նայելով Մարուշին): Իսկ Շուշիկը չկա՞:
ՄԱՐՈՒՇ — Ոչ, էսօր ես եմ հերթապահում:
ԳԻՆՈՎՑԱԾ ՏՂԱՄԱՐԴ — Մենա՞կ… Արևիկն էլ չկա՞… մյուս հրեշտակը:
ՄԱՐՈՒՇ — Ոչ:
ԳԻՆՈՎՑԱԾ ՏՂԱՄԱՐԴ — (շողոմ ժպտալով Մարուշին): Բայց դու էլ պակաս հրեշտակը չես: Լավ, քեզ հետ մի ուրիշ անգամ կուրախանանք… Կտա՞ք էն բանից, մի 10 հաբ… Էս գիշեր դեռ երկուսի հետ զվարճանալու եմ: Գիշերները, յարո ջան, թռվռամ քո դոշին… (Ձեռքը պարզում է Մարուշին շոյելու համար:)
ՄԱՐՈՒՇ — (ընկրկելով): Ձեռքերդ հեռու, քեզ կարգին պահիր… զգուշացնում եմ…
ԳԻՆՈՎՑԱԾ ՏՂԱՄԱՐԴ — Թե չէ` ի՞նչ, վագրիկս… Նազ եք անում ձեզ ու ձեզ, իսկ հետո սողոսկում եք տակս, հենց որ ցույց եմ տալիս, թե շռայլության ի՛նչ պաշար ունեմ: (Ցույց է տալիս պիջակի ծոցագրպանը, որտեղ փողի տրցակ կա:)
ՄԱՐՈՒՇ — Տականք… (Դեղը պարզում է գինովցած տղամարդուն:)
ԳԻՆՈՎՑԱԾ ՏՂԱՄԱՐԴ — Պապային մի նեղացրու, քեզ էնպիսի լավ բանե՛ր կանեմ… (Ձեռքը մեկնում է դեպի Մարուշի կուրծքը: Մարուշը վաճառասեղանի տակից հանում է փայտե մուրճը, խփում նրա գլխին, նա ընկնում է հատակին:)
ՄԻՀՐԱՆ — Ի՛նչ հոյակապ հարված… Դա էլ քո ինքնապաշտպանական զե՞նքն է:
ՄԱՐՈՒՇ — Հա, սա լավ է աշխատում: Մահացու չէ ու դաստիարակիչ ուժ ունի:
ՄԻՀՐԱՆ — Եվ շատերի՞ն ես մինչև հիմա մրճահարել:
ՄԱՐՈՒՇ — Դե… մի տասնհինգը կլինեն…
ՄԻՀՐԱՆ — (ցույց տալով գինովցած տղամարդուն): Էսպիսի՞ք էին…
ՄԱՐՈՒՇ — Ոչ միայն… Նրանց մեջ կային հրամանատարներ, նախարարներ, բիզնեսմեններ, դասախոսներ, անհուսալի սիրահարվածներ, պատահական կնամոլներ…
ՄԻՀՐԱՆ — Տպավորիչ ցանկ է: Իսկ դու մրճահարում ես միայն վավաշոտների՞ն:
ՄԱՐՈՒՇ — Պատահել է, խփել եմ նաև նրանց, ովքեր անարդար են վարվել մարդկանց նկատմամբ, ասենք՝ չեն կատարել իրենց պաշտոնական պարտականությունները մեր քաղաքացիներին վերաբերող կենսական հարցերում, խաբել ու մոլորեցրել են նրանց:
ՄԻՀՐԱՆ — Հա, նման խաբեբաները շատ են, բոլորին քո մուրճը չի հերիքի: (Դադար: Ցույց տալով ընկածին:) Հիմա սրան ի՞նչ ենք անելու, ե՞րբ ուշքի կգա…
ՄԱՐՈՒՇ — Երեք-չորս րոպեից ուշքի կգա, արդեն` մի փոքր խելոքացած: (Բաժակով ջուր է տալիս Միհրանին): Շփիր երեսին, խնդրում եմ:
Միհրանը ջուրը շփում է գինովցած տղամարդու դեմքին:
ՄԻՀՐԱՆ — Մարուշ ջան, տեսնում եմ` վտանգավոր տեղամասում ես աշխատում, կմնամ էստեղ մինչև հերթապահությանդ ավարտը, քեզ մենակ պետք չէ թողնել:
ՄԱՐՈՒՇ — Չէ, Միհրան, գնա տուն, հանգստացիր, կեսգիշերն անց է… Ինձ հետ ոչինչ չի պատահի, մենակ գլուխ կհանեմ: Գնա տուն, շոյված եմ քո ուշադրությունից: (Երկիմաստ ժպտալով:) Իսկ քոնը ի՞նչ կարգի ուշադրություն է, չլինի՞ դու էլ նկրտումներ ունես իմ հանդեպ, պարզապես ամեն ինչ արվեստով ու կիրթ ես անում, հը՞…
ՄԻՀՐԱՆ — Աստված սիրես, Մարուշ, ի՞նչ նկրտումներ… Դե գիտես, գեղեցկության ու կանանց հանդեպ անտարբեր չեմ, արվեստագետի խառնվածք է, բայց քո պարագան լրիվ ուրիշ է: Քո հանդեպ ես ունեմ… բացառիկ ակնածանք:
ՄԱՐՈՒՇ — Ահա թե ինչ…
ՄԻՀՐԱՆ — Կարելի է ասել, որ մենք զինակիցներ ենք, միասին ծառայել ենք, չէ՞: Ես չեմ կարող քո նկատմամբ ետին մտքեր ունենալ:
ՄԱՐՈՒՇ — Շնորհակալ եմ: Բայց լավ ասիր` զինակիցնե՛ր… ընդամենը երկու ամիս հասցրիր ծառայել մեզ հետ, համարձակ սանիտար էիր, առաջինը դու էիր գնում վիրավորներին հանելու մարտադաշտից: (Դադար:) Կոնտուզիադ հիմա ո՞նց է…
ՄԻՀՐԱՆ — Կոնտուզիա՞ս… ընտիր: Գլխացավեր ավելի հաճախ եմ ունենում, բայց դեռ հաղթահարում եմ:
ՄԱՐՈՒՇ — Լավ հիշում եմ ռմբակոծության էդ օրը… սարսափելի էր: Փառք Աստծո, ողջ մնացիր, իսկ մեր անձնակազմից Վահանը զոհվեց, Մարոն ծանր վիրավորվեց: Դա մեր ամենածանր օրն էր ողջ պատերազմի ընթացքում:
ՄԻՀՐԱՆ — Ո՞նց է հիմա Մարոն, վաղուց նրան չեմ տեսել:
ՄԱՐՈՒՇ — Կարելի ասել` ոնց որ մյուս հաշմանդամները: Կնոջ համար շատ ավելի դժվար է համակերպվել հաշմանդամությանը: (Դադար:)
ՄԻՀՐԱՆ — Հիշում եմ, բոլորին մեկ առ մեկ հիշում եմ, և զոհվածներին, և վիրավորներին… Բոլորի գծանկարները արել եմ, իմ արվեստանոցում են, մի օր ցույց կտամ քեզ:
ՄԱՐՈՒՇ — Այո՞… Շատ կարևոր գործ ես արել, Միհրան:
Գինովցած տղամարդը ուշքի է գալիս, շշմած հայացքով նայում է շուրջը:
ՄԻՀՐԱՆ — (մոտենալով նրան): Դե, ո՞նց ես… սեքսուալ մանյակ…
ԳԻՆՈՎՑԱԾ ՏՂԱՄԱՐԴ — Գլուխս ցավում է: (Նայում է Մարուշին:) Ուժեղ է խփել:
ՄԻՀՐԱՆ — Բողոքո՞ւմ ես, գուցե բողոքի գիրքը տամ` գրառե՞ս տպավորություններդ:
ԳԻՆՈՎՑԱԾ ՏՂԱՄԱՐԴ — Դու ո՞վ ես:
ՄԻՀՐԱՆ — (կեղծ պաշտոնական): Ներկայանամ` Միհրան Գաբոյան: Ճանաչո՞ւմ ես:
ԳԻՆՈՎՑԱԾ ՏՂԱՄԱՐԴ — (ուշադիր նայելով): Նկարիչը… (Ծիծաղում է:) Ուզում ես նկարե՞լ ինձ:
ՄԻՀՐԱՆ — Քո ի՞նչը նկարեմ, այ ցուլ… Հիմա էս դեղատան անվտանգության աշխատակիցն եմ: Դու վտանգավոր տիպ ես:
ԳԻՆՈՎՑԱԾ ՏՂԱՄԱՐԴ — Ինչո՞ւ… որ ուզում էի նրա հետ մի քիչ սիլի-բիլի անե՞լ:
ՄԻՀՐԱՆ — Վարքդ վտանգավոր է հասարակական կարգին ու բարոյականությանը: Տիկին Մարուշ, ի՞նչ վճիռ ենք կայացնում սրա նկատմամբ, հանձնենք ոստիկանությա՞նը…
ՄԱՐՈՒՇ — Չէ, դեռ ոստիկանության սուբյեկտը չէ: Նրանով պետք է զբաղվի հասարակությունը:
ԳԻՆՈՎՑԱԾ ՏՂԱՄԱՐԴ — (քմծիծաղով): Որտե՞ղ է էդ հասարակությունը…
ՄԱՐՈՒՇ — (չլսելու տալով): Խոստանո՞ւմ ես, որևէ կնոջ հանդեպ ոտնձգություն չես անի:
ԳԻՆՈՎՑԱԾ ՏՂԱՄԱՐԴ — (մի պահ չռած աչքերով նայում է Մարուշին, գլխով անում): Ըհը…
ՄԱՐՈՒՇ — Չէ, հստակ լեզվով ու բարձրաձայն:
ԳԻՆՈՎՑԱԾ ՏՂԱՄԱՐԴ — Խոստանում եմ:
ՄԱՐՈՒՇ — Դե, վերցրու քո էս էռեկցիոնը և` ուղիղ տուն: Եվ խոստացիր, որ միայն կնոջդ հետ կօգտագործես:
ԳԻՆՈՎՑԱԾ ՏՂԱՄԱՐԴ — (կամաց): Ըհը… (Տեսնելով Մարուշի խիստ հայացքը` բարձրաձայն:) Խոստանում եմ: (Վեր է կենում, վճարում է, վերցնում փաթեթը:) Մանրը մնա ձեզ…
ՄԱՐՈՒՇ — (չոր): Վերցրեք ձեր մանրը:
ԳԻՆՈՎՑԱԾ ՏՂԱՄԱՐԴ — Եղածը մի բան չէ, դա էլ թող լինի իմ… փոխհատուցումը… (Մարուշը ձեռքն է վերցնում փայտե մուրճը:) Լավ, լավ, ես մեղա… (Շտապ վերցնում է մանրը:) Կներեք… շնորհակալություն… Բարի գիշեր ձեզ: (Գնում է:)
ՄԻՀՐԱՆ — Առաջին անգամ եմ տեսնում` զարկվես ու ասես շնորհակալություն:
ՄԱՐՈՒՇ (կամացուկ ծիծաղում է): Եթե կինն է տեղին բռնություն գործադրում տղամարդու հանդեպ, դա երբեմն անսպասելի դրական հետևանքներ է ունենում:
ՄԻՀՐԱՆ — Իրո՞ք… չգիտեի: Չեմ զարկվել երբևէ կնոջից, բայց մեկ-մեկ հիստերիկայով հոգիս են բռնաբարել: (Դադար:) Մարուշ ջան, գիտե՞ս` որքան է մեզ` նորմալ տղամարդկանցս ոգևորում, որ մեր զոհվածների այրիները մնում են իրենց վերապահված բարոյական բարձրության վրա:
ՄԱՐՈՒՇ — Եվ շատ եք տխրում, երբ նրանք գլորվում են անբարոյականության ճահիճը:
ՄԻՀՐԱՆ — Այո… Մեր շենքում զոհվածի այրի կա, վերջերս է տեղափոխվել, երևի հետքեր մաքրելու համար… չգիտեմ: Հարևաններն ասում են, որ անցած տարիներին ազատ ֆռֆռում էր ու հաճախ դիմում հղիության արհեստական ընդհատման: Ասում են` նույնիսկ տառապել է վեներական հիվանդությամբ…
ՄԱՐՈՒՇ — Նրանց դատապարտելուց առաջ պետք է օգնել, բոլորը չէ, որ ինքնուրույն կարող են կրել այրիության փշոտ բեռը: Դու չգիտես, թե հոգեկան ու ֆիզիկական ինչ ուժեր են պետք քո ասած բարձրության վրա մնալու համար:
ՄԻՀՐԱՆ — Արդարացնո՞ւմ ես նրանց:
ՄԱՐՈՒՇ — Ոչ, բայց և չեմ ուզում մեղադրել ու պարսավել, դա էնքա՛ն հեշտ է անելը… մեր քույրերն են, պետք է նրանց ձեռքը բռնել ու պահել ճիշտ ճանապարհի վրա:
ՄԻՀՐԱՆ — Մի քանի տարի առաջ ուզեցի մեկի ձեռքը բռնել ու ետ պահել… Ասացի` նայիր քո բախտակիցներից շատերին, տես` ինչ խնկարկելի վարք են դրսևորում: Ասաց` սրբանալու ցանկություն չունեմ, ես սովորական թույլ կին եմ:
ՄԱՐՈՒՇ — Գովելի պատասխան չէ… Ոչ ես, ոչ ինձ նմանները սրբանալու մտադրություն չունենք: Պարզապես ապրում ենք խղճի մտոք, հոգու մեր պարտքն ենք կատարում: Եվ հետո` շարքային հայ կինը թույլ չէ, նա շատ ուժեղ տեսակ է:
Ներս են մտնում վայելուչ-պաշտոնական հագնված տղամարդն ու աղջիկը՝ սովորականից վառ հարդարված-խնամված: Տղամարդը կարմիր փողկապով է, աղջիկը՝ վառ-կարմիր շրթներկով: Աղջիկը մաստակ է ծամում և հեգնախառն ժպիտով զննում շուրջը:
ԿԱՐՄԻՐ ՓՈՂԿԱՊՈՎ ՏՂԱՄԱՐԴ — Բարև ձեզ, Շուշիկը չկա՞, չի՞ հերթապահում էսօր:
ՄԱՐՈՒՇ — Ոչ, ես եմ հերթապահում: Ինչո՞վ կարող եմ օգնել:
ԿԱՐՄԻՐ ՓՈՂԿԱՊՈՎ ՏՂԱՄԱՐԴ — Ըմմմ… նուրբ հարց է… Համենայնդեպս, դիմեմ ձեզ, հուսամ՝ կընդառաջեք: Կարո՞ղ ենք առանձնանալ:
Մարուշը մի կողմ է քաշվում, տղամարդը նրան ինչ-որ բան է սկսում բացատրել՝ գրպանից հանելով դրամապանակը և փորձելով թղթադրամներ խցկել ձեռքը:
ՄԱՐՈՒՇ — (բարձրաձայն): Սա ի՞նչ լկտիություն է… Սա դեղատուն է… Դուրս եկեք, շուտ, հեռացեք էստեղից:
ԿԱՐՄԻՐ ՓՈՂԿԱՊՈՎ ՏՂԱՄԱՐԴ — Պետք չէ գոռալ, համաձայն չեք՝ հանգիստ մերժեք, ուրիշ տեղ կգտնենք:
ՄԱՐՈՒՇ — Հեռացեք, արագ… Ամենուր մի ապականեք, թողեք մաքուր տեղեր մնան մեր շրջապատում:
ԿԱՐՄԻՐ ՓՈՂԿԱՊՈՎ ՏՂԱՄԱՐԴ — Առանց աղմուկի, խնդրում եմ: Մենք գնացինք: (Նշան է անում աղջկան, նրա հետ շարժվում դեպի դուռը:)
ՎԱՌ-ԿԱՐՄԻՐ ՇՐԹՆԵՐԿՈՎ ԱՂՋԻԿ — Երևի քիչ փող ես առաջակել, պարոնս, որ չհամաձայնվեց… Միշտ էդպես է՝ մեր ձախորդությունների ու դժբախտությունների պատճառը տղամարդու ժլատությունն է:
ԿԱՐՄԻՐ ՓՈՂԿԱՊՈՎ ՏՂԱՄԱՐԴ — Ձենդ, լկստված, ասել եմ՝ բերանդ փակ կպահես: Ոչինչ, շուտով ես կփակեմ բերանդ ոնց որ պետք է…
ՎԱՌ-ԿԱՐՄԻՐ ՇՐԹՆԵՐԿՈՎ ԱՂՋԻԿ — Ի՞նչ ասի որ… (Մարուշին.) Համ էլ փողոցայինը դու ես…
ԿԱՐՄԻՐ ՓՈՂԿԱՊՈՎ ՏՂԱՄԱՐԴ — Դե համը հանեցիր, լիրբ, կտրիր ձենդ՝ ասացի… (Աղջկան կոպտորեն հրում է առաջ: Մարուշին:) Ներող եղեք, բարի գիշեր:
Նրանք գնում են:
ՄԱՐՈՒՇ — Էս ի՞նչ այլասերվածություն է, դեղատունը հասարակաց տուն են ուզում սարքել:
Շփոթահար ու վախվորած ներս է մտնում գզգզված մազերով, լացակումած պարմանուհին:
ՊԱՐՄԱՆՈՒՀԻ — Ներեցեք, Արևիկին կարելի՞ է:
ՄԱՐՈՒՇ — Ի՞նչ է եղել, աղջիկս, Արևիկը տանն է: (Պարմանուհին հեկեկալով շրջվում է, որ հեռանա:) Սպասիր, ո՞ւր… Ի՞նչ է պատահել, ասա, ես կօգնեմ:
ՊԱՐՄԱՆՈՒՀԻ — (վերադառնալով): Կարո՞ղ եմ գիշերել էստեղ…
ՄԱՐՈՒՇ — Գիշերել էստե՞ղ… տուն չունե՞ս:
ՊԱՐՄԱՆՈՒՀԻ — Ունեմ, բայց…
ՄԱՐՈՒՇ — Ի՞նչ՝ բայց:
ՊԱՐՄԱՆՈՒՀԻ — Հայրս էլի հարբած եկավ ու կռիվ սարքեց, ծեծեց մորս, փոքր եղբորս ու ինձ… Արդեն քանի ամիս է՝ էս մղձավանջի մեջ ենք, էլ չեմ կարող, ինձ քնել-հանգստանալ է պետք: Հայրս ողջ գիշեր գոռգոռում է ու հայհոյում: Ես սկսել եմ հաճախ բացակայել դասերից…
ՄԱՐՈՒՇ — Հասկացա, աղջիկս, հարբեցող հոր հետ դժվար է համակերպվել:
ՊԱՐՄԱՆՈՒՀԻ — Հայրս հարբեցող չէր, շատ լավ, հոգատար հայրիկ էր… Էն օրից, ինչ աշխատանքը կորցրեց, իրեն տվեց հարբեցողությանը:
ՄԱՐՈՒՇ — (շոյելով աղջկա գլուխը): Ոչինչ, աղջիկս, պատահում է… Շուտով հայրդ կգտնի նոր աշխատանք ու ամեն ինչ իր տեղը կընկնի: Անգործ տղամարդիկ հաճախ են էդ ձևով փորձում հաղթահարել իրենց ճգնաժամերը: Հայրդ վիրավորանքից ու անհարմարության զգացումից է խմում: Պետք է հասկանալ նրան և օգնել, որ շուտ աշխատանք գտնի:
ՊԱՐՄԱՆՈՒՀԻ — Հա՞… ամեն ինչ կնորմալանա՞ մեր տանը, ասում եք…
ՄԱՐՈՒՇ — Այո, աղջիկս, միասին կօգնենք ձեր հայրիկին: Իսկ հիմա ետևի սենյակում հանգիստ քնիր, էնտեղ բազմոց կա:
Մարուշը պարմանուհուն ուղեկցում է ետնասենյակ և քիչ անց վերադառնում է:
ՄԻՀՐԱՆ — Չէ, Մարուշ ջան, դու իսկապես վտանգավոր ու պատասխանատու տեղ ես աշխատանքի անցել:
Զանգում է Մարուշի բջջային հեռախոսը:
ՄԱՐՈՒՇ — Հա, Նարե ջան, ի՞նչ կա էս ուշ ժամին… Լավ, մի անհանգստացիր, կփորձեմ կապվել Նաիրիկի հետ: (Անջատում է հեռախոսը, մի փոքր տագնապած նայում Միհրանին:)
ՄԻՀՐԱՆ — Ո՞վ էր…
ՄԱՐՈՒՇ — Հարսս է, լսել է, որ ժամեր առաջ դիվերսիա է եղել Նաիրիկենց դիրքերի ուղղությամբ: Փորձում է կապվել նրա հետ, հեռախոսը չի պատասխանում:
ՄԱՐՈՒՇ — Ո՞վ է Նաիրիկը:
ՄԱՐՈՒՇ — Տղաս: Վաշտի հրամանատար է, հիմա սահմանային դիրքերում է:
ՄԻՀՐԱՆ — Ներիր, մոռացել էի տղայիդ անունը: Ուրեմն արդեն սպա է… Դե, էլ ի՞նչ ես սպասում, զանգիր, տես՝ ինչ կա:
ՄԱՐՈՒՇ — Երբ լարված իրավիճակ է, նա չի պատասխանում մեր զանգերին, ասում է` գործի պահին ու զինվորների ներկայությամբ պետք չէ տնային խոսակցություններ ունենալ հեռախոսով:
ՄԻՀՐԱՆ — Հեռախոսահամարն ասա` ես զանգեմ: Գուցե անծանոթ համար տեսնի` կարծի, թե ռազմական ստորաբաժանումներից են, պատասխանի:
ՄԱՐՈՒՇ — 205115
ՄԻՀՐԱՆ — (հավաքում է համարը): Ալո, Նաիրի՞… Բարև, նախկին բուժսանիտար ու նկարիչ Միհրան Գաբոյանն է խոսում: Ո՞նց եք, ո՞նց է վիճակը ձեզ մոտ… Խնդրում եմ` երկու բառով… Ուրեմն` ամեն ինչ կարգի՞ն է: Լավ, տղաս, հիմա մայրիկիդ մի երկու բառ ասա… խնդրում եմ: (Հեռախոսը տալիս է Մարուշին:)
ՄԱՐՈՒՇ — Բարև, տղաս, լա՞վ ես… Չէ, մեզ մոտ խուճապային տրամադրություն չկա, սովորականի պես անհանգստանում ենք… Իմ նախկին զինակիցն է, հայտնի ու տաղանդավոր նկարիչ… Դեղատանն ենք, հերթապահությանս օրն է… Լավ, Նաիրի ջան, քեզ լավ պահիր, բարևիր ընկերներիդ… Բարի գիշեր: (Հեռախոսն անջատում է: Մտահոգ:) Կրակոցների ձայները լսվում են հեռվից, երևում է` լարվածությունը նրանց դիքերում լրիվ չի անցել: (Դադար:) Հոր տղան է, կրակի մեջ էլ խանդը չի թաքցնում: Հարցնում է` էդ ո՞վ է կողքիդ հեռվից-հեռու հայրություն անում ինձ:
ՄԻՀՐԱՆ — (ծիծաղում է): Խանդելու ոչ մի պատճառ չունի, բայց նրան հասկանում եմ: Հոր ձայնն է նրա մեջ հնչում…
Ներս է մտնում երիտասարդ զինվորականը՝ ձախ ձեռքը վիրակապած:
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ — Բարև ձեզ: Կներեք, Մարուշ մորքուր, Հրայրը ձեզ է ուզում, ասում է` կանչեք, թող ինքը գա, վիրակապը փոխի, հերթապահ բուժքրոջը թույլ չի տալիս, բժշկին` նույնպես: Արնահոսություն է սկսվել…
ՄԱՐՈՒՇ — Ինչո՞ւ թույլ չի տալիս:
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ — Հրայրն ինձ ասել է պատճառը, բայց ավելի լավ է` դուք նրանից լսեք: Փորձում են զոռով վիրակապել…
ՄԱՐՈՒՇ — Ովքե՞ր են հերթապահում:
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ — Բժիշկ Դադայանը և բուժքույր Սուսաննան:
ՄԱՐՈՒՇ — Մի րոպե: (Բջջայինով զանգում է:) Բժի՞շկ, բարև ձեզ, ներեցեք, ի՞նչ է կատարվում վիրավոր Հրայրի հետ… Գուցե ե՞ս նրա հետ հեռախոսով խոսեմ… Լավ, գալիս եմ… (Անջատում է հեռախոսը:) Միհրան, կարո՞ղ ես 15-20 րոպե հսկել դեղատունը, չեմ ուշանա, գիտես` հոսպիտալը մոտիկ է:
ՄԻՀՐԱՆ — Մարուշ ջան, դա ի՞նչ հարց է: Գնա, Հրայրին էլ արագ ապաքինում մաղթիր իմ կողմից: (Զինվորականին.) Ձեռքիդ ի՞նչ է եղել:
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ — Բան չկա, անցնում է, մի երկու օրից դիրքեր կվերադառնամ:
ՄԱՐՈՒՇ — Հրայրն ու Գևորգը (ցույց տալով զինվորականին) նույն տեղում ու նույն ժամին են վիրավորվել, դիրքում, բայց մինչև վիրավորվելը դասակի տղաների հետ լավ ջարդ են տվել դիվերսանտ թուրքերին:
ՄԻՀՐԱՆ — Ապրեք: Անփորձանք ծառայություն քեզ ու ընկերներիդ:
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ — Շնորհակալություն, բարի գիշեր:
ՄԻՀՐԱՆ — Հաջողություն, տղաս:
ՄԱՐՈՒՇ — Միհրան, այցելուներին ասա՝ սպասեն, շուտ կգամ, սեղանին էլ գրքեր կան, կարդա, որ չձանձրանաս:
Մարուշն ու զինվորականը գնում են:
ՄԻՀՐԱՆ — (դադարից հետո, մտախոհ): Կին՝ զարմանահրաշ, հեքիաթային հայուհի: Առեղծվածային, հրաշք կանայք, որքան ցանկալի եք դուք, որքան անմատչելի: Թաքուն թե բացահայտ՝ միշտ ձեր երկրպագուն եմ, եթե անգամ լքում եք ինձ տեղի թե անտեղի: Կարծես շատ բան գիտեմ ձեր մասին, բայց ժամանակի ու փորձառության հետ հասկանում եմ, որ իմացությունս շարունակ նվազում է ձեր հոգևոր մեծության առաջ… Մեկը՝ Մարուշը, իսկական թագուհի, իսկ թագուհուն ո՞ր տղամարդը չի տենչում… Բայց, Մարուշ ջան, թող սա մնա իմ մեծագույն գաղտնիքը… (Շուրջն է նայում՝ վերագտնում իրեն ընթացիկ դեպքերի շղթայում:) Էս դեղահոտ տարածքի տերը հիմա ես եմ… Բայց լավ արվեստանոց կլիներ, հա՛… (Վերցնում է գրքերը, նստում բազմոցին:) Ըհը… Հրանտ Մաթեւոսյան, «Տերը»: Պարույր Սևակ, «Եղիցի լույս», 1969 թվի առաջին հրատարակությո՞ւնը: Հետաքրքիր է` որտեղի՞ց Մարուշին էս գիրքը… երևի նվեր է ստացել: Ժամանակին շատ էի ուզում ունենալ էս գրքից, հիմա մոռացել եմ այդ ցանկության մասին: (Թերթում է գիրքը:) Ահա և իմ սիրած բանաստեղծությունը.
Աշխարհին, այո,
մաքրություն է պետք`
Այն հերոսների
տխրունակ տեսքով,
Որոնք մեռնում են…
անգործությունից…
Նաև այն կանանց,
որոնք մինչև մահ
Ճանաչում են լոկ մեկ
տղամարդու…
Իսկ երբ…
Ներս է մտնում մորուքով տղամարդը:
ՄԻՀՐԱՆ — Բարև ձեզ, ի՞նչ կկամենաք:
ՄՈՐՈՒՔՈՎ ՏՂԱՄԱՐԴ — Աստծո բարին, ունե՞ք խղճի հաբեր:
ՄԻՀՐԱՆ — Խղճի հաբե՞ր… (Նայում է դեղադարակների կողմը:) Ցավոք, վերջացել են, առաջիկա օրերին կստանանք, համեցեք:
ՄՈՐՈՒՔՈՎ ՏՂԱՄԱՐԴ — Իսկ բարության հաբե՞ր:
ՄԻՀՐԱՆ — Նույնի կատարմամբ: Ինչպե՞ս դիմեմ ձեզ…
ՄՈՐՈՒՔՈՎ ՏՂԱՄԱՐԴ — Պարզ է` սիրո և ազնվության հաբերը նույնպես վերջացել են:
ՄԻՀՐԱՆ — Ոչ, սիրո հաբեր ունենք, նոր մեկին տվեցինք… հիմա կբերեմ: (Անցնում է վաճառասեղանի ետև ու բերում դեղատուփ:)
ՄՈՐՈՒՔՈՎ ՏՂԱՄԱՐԴ — (թեթևակի հայացք է նետում տուփին): Ոչ, դու սեռական սիրո հաբեր ես առաջարկում, իսկ իմ ասածը իսկական սիրո մասին է, հոգու սիրո: (Ուսապարկից հանում է ճերմակ, մեծ տոպրակ, տալիս է Միհրանին:) Ահա ձեզ խղճի հաբերը: (Հանում է կապույտ տոպրակ:) Ահա ձեզ բարության հաբերը: (Հանում է վարդագույն տոպրակ:) Ահա ձեզ սիրո հաբեր: (Հանում է մանուշակագույն տոպրակ:) Ահա ազնվության հաբերը: Բաժանիր կարիքավորներին, անվճար… չզլանաս, որդիս:
ՄԻՀՐԱՆ — Բայց կարիքավորները նյութական օգնության կարիք ունեն… նախևառաջ:
ՄՈՐՈՒՔՈՎ ՏՂԱՄԱՐԴ — Ոչ, որդիս, իմ խոսքը շատ ավելի հրատապ կարիքի մասին է` խղճի, բարության, սիրո ու ազնվության…
ՄԻՀՐԱՆ — Բայց ո՞նց իմանամ` ով է դրանց կարիքը զգում: Եթե սխալվեմ, մարդիկ կնեղանան ինձնից: Կամ եթե դրանց կարիքն ունեցողը հրաժարվի՞, ո՞նց վարվեմ:
ՄՈՐՈՒՔՈՎ ՏՂԱՄԱՐԴ — Եթե իրոք մարդկանց ես բժշկում, թեկուզ դեղավաճառի մակարդակով, հնարը կգտնես: Հաջողություն քեզ, որդիս: (Շրջվում է, որ գնա:)
ՄԻՀՐԱՆ — Բայց դուք ո՞վ եք…
ՄՈՐՈՒՔՈՎ ՏՂԱՄԱՐԴ — Եթե ցանկանաս, կհիշես: Հաջողություն քեզ, որդիս: (Գնում է):
Միհրանը տարակուսած հայացքով ուղեկցում է նրան մինչև դուռը, ապա տոպրակները դնում է վաճառասեղանին:
ՄԻՀՐԱՆ — Տեսի՞լք էր, թե՞… գուցե Աստվա՞ծ էր, շատ է նման… Կարծես Աստված տեսել եմ, հիմա էլ նմանություն եմ գտնում: Ավելի շատ հավատացյալ Սուրենին էր նման: Չէ՛… Գուցե հա՞յրս էր, հարություն առել, կերպարանափոխված եկել է ստուգի, թե ինչ վիճակում եմ: Քսան տարի առաջ է մահացել, հնարավո՞ր է, էն աշխարհում շատ է փոխվել` հեշտ չէ ճանաչել… Չէ՛, ոնց որ հիմարություններ եմ դուրս տալիս, Մարուշին կհարցնեմ, երևի դեղատան օյինբազ հաճախորդներից է: (Նստում է բազմոցին, վերցնում գիրքը:) Աշխարհին, այո, մաքրություն է պետք…
Ներս են մտնում Արդարության 7 ցուցարարները:
ՄԻՀՐԱՆ — (մեկուսի): Սրանք էլ երևի սատանաներն են… չէ՛, շատ իրական ու մարդկային են երևում: (Բարձրաձայն:) Ովքե՞ր եք, ի՞նչ եք ուզում:
ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐ — (խմբովին): Մենք Արդարության ցուցարարներն ենք: Մենք խաղաղ ցուցարարներ ենք…
Ցուցարարներից մեկը կանգնում է առջևում, մյուսները` երկու շարք են կազմում: Առջևի կանգնածը բարձրացնում է ցուցանակ՝ «Ի սկզբանե Արդարությունն էր»: Առաջին եռյակը պարզում է՝ «Արդարություն ամենեցուն»: Երկրորդ եռյակը` «Արդարների ժամանակը»:
ՄԻՀՐԱՆ — (առջևում կանգնածին): Դու նրանց առաջնո՞րդն ես:
1-ին ՑՈՒՑԱՐԱՐ — Ոչ, ուղղակի էսօր ես եմ հերթապահում առաջին գծում: Վաղը ուրիշը կլինի: (Հպարտ:) Ամեն օր փոխվում ենք առաջին դիրքում:
ՄԻՀՐԱՆ — Շատ չե՞ք շուտ-շուտ փոխվում:
ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐ — (խմբովին): Ոչ… ոչ…
1-ԻՆ ՑՈՒՑԱՐԱՐ — Հենց մեկը երկու-երեք օր առաջին գծում կանգնում է, իրեն անփոխարինելի առաջնորդ է երևակայում, սկսում է արհամարհել մյուսներին ու կամայականություններ անել:
ՄԻՀՐԱՆ — Դե ասեք` ձեզ մոտ բացարձակ ժողովրդավարություն է, էլի…
1-ԻՆ ՑՈՒՑԱՐԱՐ — Չէ, դեռևս խնդիրներ ունենք էդ կապակցությամբ:
ՄԻՀՐԱՆ — Իսկ ինչո՞ւ գիշերն եք ցուցարարություն անում: (Մեկուսի:) Երևի սրանք էլ են անքնությամբ տառապում:
1-ԻՆ ՑՈՒՑԱՐԱՐ — Ցերեկները աշխատում ենք: Էս գործի համար առայժմ հարմար է գիշերը:
ՄԻՀՐԱՆ — Իսկ ձեզ հանգստանալ պետք չէ՞ գիշերը, հատկապես աշխատանքից հետո:
1-ԻՆ ՑՈՒՑԱՐԱՐ — Առայժմ երկու օրը մեկ ենք դուրս գալիս ցույցերի, մեր ուժերը բավարարում են:
ՄԻՀՐԱՆ — Իսկ չե՞ք վախենում, որ հրապարակային ակտիվության համար ձեզ կհեռացնեն աշխատանքից, ավելին` կբռնանան ձեզ վրա:
ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐ — (խմբովին): Թույլ չենք տա… թույլ չենք տա…
ՄԻՀՐԱՆ — Բայց դուք քիչ եք, հաջողության չեք հասնի:
1-ԻՆ ՑՈՒՑԱՐԱՐ — Շուտով մեր շարքերը կխտանան: Մարդկանց մեծամասնությունը կհասկանա, որ իրենց դժվարությունների ու հիմնախնդիրների առյուծի բաժինը արդարության պակասից է ծագում:
ՄԻՀՐԱՆ — Իսկ ինչո՞ւ ցույց չեք անում փողոցներում ու հրապարակներում, դեղատունը ի՞նչ ցույցի վայր է: Թեպետ, սպասեք, փիլիսոփայական տեսանկյունից դեղատունն էլ մի հրապարակ է, ուր շատ խնդիրներ են ի ցույց հանվում:
1-ԻՆ ՑՈՒՑԱՐԱՐ — Հա, ճիշտ ես… Որտեղ բաց դուռ ենք տեսնում ու վառվող լույս, էնտեղ մտնում ու բարձրաձայնում ենք մեր կարգախոսները:
ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐ — (խմբովին): Արդարություն` վերևից ներքև: Արդարություն` լայնք ու երկայնքով: Արդարություն` ամենուր: Արդարություն` ամենեցուն:
ՄԻՀՐԱՆ — Մեջս մի հին ու հաճելի զգացում արթնացավ: Վաղուց ցույցի չեմ մասնակցել: Հիշո՞ւմ եք` «Արդար պահանջ, ոչ մի նահանջ»:
ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐ — (զվարթ): Ո՞նց չենք հիշում, հիշում ենք, հիշում…
ՄԻՀՐԱՆ — Հրա՛շք օրեր էին…
1-ԻՆ ՑՈՒՑԱՐԱՐ — Մերոնքական ես երևում, միացիր մեզ:
ՄԻՀՐԱՆ — Ես նկարիչ եմ, իմ ցույցը անում եմ նկարչությամբ: (Մեկուսի՝ դահլիճին:) Ասածս մի փոքր սուտ է հնչում, ախր, վաղուց չեմ նկարում: (Ցուցարարներին.) Բայց ձեր կարգախոսներից մեկը կարտագրեմ ու կփակցնեմ մեքենայիս հետնապակուն:
ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐ — Ո՞րը, ո՞ր կարգա- խոսը…
ՄԻՀՐԱՆ — Այ սա` «Արդարություն ամենեցուն»:
1-ԻՆ ՑՈՒՑԱՐԱՐ — Գոհ ենք նաև դրա համար, եղբայր:
ՄԻՀՐԱՆ — Բայց, ճիշտն ասած, ձեր կարգախոսները շատ ընդհանրական են, մի քանի անգամ լսելուց հետո մարդկանց ուղեղները դրանք կընդունեն որպես ծեծված խոսք ու պարապ ձայներ:
1-ԻՆ ՑՈՒՑԱՐԱՐ — Ունենք նաև շատ կոնկրետ հարցադրումներ: Էսօր դրանք լա՛վ հնչեցրինք օլիգարխներից մեկի դղյակի բակում:
ՄԻՀՐԱՆ — Ո՞ր օլիգարխի, ի՞նչ էիք ասում:
1-ԻՆ ՑՈՒՑԱՐԱՐ — Դե, էն օլիգարխ Փոփոշը, որ մենաշնորհ ունի ձավարեղենի ներկրման գործում: Տղերք, չկրկնե՞նք…
3-ՐԴ ՑՈՒՑԱՐԱՐ — Հա, բա ո՞նց, թող տեսնի, թե ոնց ենք ճնշում էդ կարգի տռզածներին:
ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐ — Հա, հա, անցնենք գործի…
Ցուցարարները շրջանի մեջ են առնում Միհրանին և սկսում կրքոտ հնչեցնել իրենց հարցերը` իրարից խոսք խլելով ու չսպասելով պատասխանի:
1-ԻՆ ՑՈՒՑԱՐԱՐ — Արդա՞ր է, որ պատերազմում հաղթանակած ու ազատություն նվաճած ժողովրդի մեծ մասը շարունակում է ապրել կարիքի մեջ, իսկ մի բուռ մարդիկ հսկայական հարստություն են կուտակել ու զխկվում են զեխության մեջ…
2-ՐԴ ՑՈՒՑԱՐԱՐ — Արդա՞ր է, որ վերևներում տեղավորվածները պետական միջոցներն են ծառայեցնում իրենց ու հարազատներին, իսկ շարքային քաղաքացիները հազիվ ստանում են իրենց փոքր հասանելիքը…
3-ՐԴ ՑՈՒՑԱՐԱՐ — Արդա՞ր է, որ մեր սահմանները պաշտպանում են հասարակ քաղաքացիների որդիները, իսկ մեծագլուխների, օլիգարխների, խարդախ-ճարպիկների զավակները կամ ազատվում են բանակից, կամ ծառայում են տաքուկ ստորաբաժանումներում…
4-ՐԴ ՑՈՒՑԱՐԱՐ — …նույնիսկ ձևի համար, մի անգամ սահմանային դիրք չեն բարձրանում: Արդա՞ր է, որ էդ կարգի լակոտները հետո փափուկ տեղավորվում են պետական հիմնարկներում, շատ արագ կարիերա անում ու չարախնդալով` իրենց կեղտոտ կամքն են թելադրում ազնիվ ու օրինական աշխատողների վրա…
5-ՐԴ ՑՈՒՑԱՐԱՐ — Արդա՞ր է, որ շատ արժանավոր երիտասարդներ նորմալ գործ ու ուշադրություն չեն գտնում, նրանց մի մասը վիրավորված ու հուսաբեկ լքում է երկիրը, մեկնում օտար ափերում բախտ որոնելու…
6-ՐԴ ՑՈՒՑԱՐԱՐ — Արդա՞ր է, որ բոլոր աղբյուրներից օգտվելու հնարավորություն ունեն իշխանավորներն ու նրանց մերձավորները, իսկ մյուսների առաջ բոլոր կարևոր դռները փակ են…
7-ՐԴ ՑՈՒՑԱՐԱՐ — Արդա՞ր է, որ մենաշնորհներով ասպարեզներ են զավթում, որ ազնիվ մրցակցության փոխարեն ուժեղանում են կեղտոտ գործարքներն ու հովանավորչությունը, ու վերևներում շատանում են անարժանները: Նրանք ավելանում են իշխանությունում, կորչե՛ն անարժանները:
1-ԻՆ ՑՈՒՑԱՐԱՐ — Արդա՞ր է, որ ղեկավար օղակներում հիմնականում նստած են գործարար ունևորները` սերտաճելով պետության հետ. նրանց համակել է ագահության մոլուցքը, պետական-հասարակական լիարյուն գործիչները անկյուններ են քշված…
2-ՐԴ ՑՈՒՑԱՐԱՐ — Արդար չէ, որ ընտրությունների ժամանակ մեծաքանակ մարդիկ ազատ չեն քվեարկում, կաշառվում են, ենթարկվում թելադրանքների, նրանց կամքը բռնաբարվում է…
3-ՐԴ ՑՈՒՑԱՐԱՐ — Արդա՞ր է, որ օրենքը գործում է շարքային քաղաքացիների համար, իսկ աստիճանավորներն ու ունևորները ապրում են` իրենց պատվի գործը համարելով շրջանցել օրինականությունը, բարոյականությունն ու հանրային շահերը…
4-ՐԴ ՑՈՒՑԱՐԱՐ — Արդար չէ, երբ մեզ ստիպում են ձայն չբարձրացնել հանուն արդարության ու ճշմարտության, իբր ջուր ենք լցնում թշնամու ջրաղացին, իսկ իրենք վերևներում գաղտնի մութ գործեր են անում մեր ընդհանուր ունեցվածքի, մեր հավասարության, իրավունքի, արժանապատվության ու առաջադիմության հաշվին…
5-ՐԴ ՑՈՒՑԱՐԱՐ — Արդա՞ր է, որ մարդկանց մեծ մասը իրենց իրական ու հասանելի բարօրության, իրենց ժառանգների լուսավոր ապագայի համար պայքարելու փոխարեն հարմարվում են, լռում, աչք փակում, հանդուրժում անարդարությունը, կաշառվում, վախենում, փոխզիջումների գնում ստահակների հետ…
6-ՐԴ ՑՈՒՑԱՐԱՐ — Արդա՞ր է, որ շատերին թվում է, թե ինքը անուժ մի մասնիկ է, ոչինչ չի կարող բարեփոխել, թե մեր ազգը փոքր է, պիտի հնազանդվի խոշորների կամքին,- և այդ մտայնությունը ո՛նց է տկարացնում շատերի ոգին…
7-ՐԴ ՑՈՒՑԱՐԱՐ — Արդա՞ր է, որ այլանդակորեն մեծ պետական-իշխանական ապարատ է ձևավորվել մի փոքր երկրում, երբ իրական արդյունքներ ստեղծում են քչերը. սակավ են քրտնողները, ձրիակերները` շատ… արդա՞ր է…
ՄԻՀՐԱՆ — Լավ, լավ, արդար չէ, գիտեմ… Էդ ամենը ասել եք Փոփոշի երեսի՞ն… թեև նա ինչ երես ունի որ…
ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐ — Բա ոնց, էն էլ ոնց, քիչ էր մնում աչքը հանեինք…
ՄԻՀՐԱՆ — Իսկական ռոմանտիկներ եք, բայց և ուժեղ եք, տեսնում եմ: Եվ ի՞նչ պատասխանեց Փոփոշը:
1-ԻՆ ՑՈՒՑԱՐԱՐ — Դե, նա պատասխան էլ չունի, քմծիծաղեց, հետո կանչեց իր հաստավիզ թիկնապահներին, սրանք էլ մեզ դուրս արեցին:
ՄԻՀՐԱՆ — Ուժո՞վ…
1-ԻՆ ՑՈՒՑԱՐԱՐ — Մի փոքր հրմշտոց եղավ… Մենք հակված չենք բախումների, մենք խաղաղ ցուցարարներ ենք: Մեր ոտքով դուրս եկանք նրա բակից:
2-ՐԴ ՑՈՒՑԱՐԱՐ — Իսկ երբ հսկա դարպասը փակեցին մեր քթի տակ, մենք հենց դարպասի մոտ մի լա՛վ պարեցինք… Երևի Փոփոշը իր դղյակի պատուհանից նայում էր մեզ, գուցե արդեն առանց քմծիծաղի:
ՄԻՀՐԱՆ — Պարեցի՞ք…
1-ԻՆ ՑՈՒՑԱՐԱՐ — Հա, հիմա ցույց կտանք` ոնց ենք պարել: Ի՞նչ կասեք, տղերք…
ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐ — Պարենք, պարենք, թող նկարիչն էլ տեսնի:
Ցուցարարները, միացնելով բջջային հեռախոսի ոգեշունչ երաժշտությունը, պարում են` իրենց մեջ ներառելով Միհրանին: Ներս է մտնում դեղատան տնօրենը, զարմացած-զայրացած նայում է պարողներին:
ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐ — Միացիր մեզ, եղբայր, պարիր մեզ հետ…
ՏՆՕՐԵՆ — (գոռում է): Կանգնեք, վերջ տվեք, վերջացրեք…
Ցուցարարները և Միհրանը ընդհատում են պարը, զարմացած նայում տնօրենին:
1-ԻՆ ՑՈՒՑԱՐԱՐ — Ի՞նչ ես գոռում, ինչի՞ չես թողնում պարենք…
ՏՆՕՐԵՆ — Ովքե՞ր եք, էս ի՞նչ հարսանիք եք սարքել էստեղ:
ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐ — Մենք Արդարության ցուցարարներն ենք, Փոփոշին ուղղված պարն ենք նորից պարում…
ՏՆՕՐԵՆ — Ի՞նչ արդարության ցուցարարներ, ի՞նչ Փոփոշ… Սա դեղատուն է, սա պարահրապարակ չէ, հապա մի ցրվեք էստեղից:
ՄԻՀՐԱՆ — Իսկ դուք ո՞վ կլինեք, պարոն…
ՏՆՕՐԵՆ — Ես դեղատան տնօրենն եմ, սեփականատերը: Իսկ դու ո՞վ կլինես…
ՄԻՀՐԱՆ — Ես նկարիչ Միհրան Գաբոյանն եմ, նաև ժամանակավորապես, ընդամենը մի հերթափոխով, էս դեղատան անվտանգության աշխատակիցը:
ՏՆՕՐԵՆ — Անվտանգության աշխատակի՞ցը… Մենք նման հաստիք չունենք, կրճատել եմ, փոխարենը անվտանգության սարքեր եմ տեղադրել, տեսախցիկներով: (Ցույց է տալիս առաստաղի տակ կախված տեսախցիկները: Նմանակելով Միհրանին:) Իսկ ձեզ ո՞վ կլինի նշանակած:
ՄԻՀՐԱՆ — Մարուշը: Էսօր ինքն է, չէ՞, դեղատան տիրուհին:
ՏՆՕՐԵՆ — Իսկ ո՞ւր է նա… մյուս հերթապահն ո՞ւր է…
ՄԻՀՐԱՆ — Մարուշը… մի երկու րոպեով դուրս եկավ մաքուր օդ, լավ չէր զգում…
ՏՆՕՐԵՆ — Ես կհեռացնեմ նրան աշխատանքից, մյուս հերթապահին էլ…
ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐ — Թույլ չենք տա:
ՏՆՕՐԵՆ — Ի՞նչ… դուք ո՞վ եք, որ ինձ արգելեք… դո՛ւրս կորեք էստեղից…
ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐ — Իյա՛… (Շրջապատում են տնօրենին:)
1-ԻՆ ՑՈՒՑԱՐԱՐ — Հայտարարում եմ կոնֆլիկտային իրավիճակ… Հանգի՛ստ, հանգի՛ստ, բոլորին է վերաբերում: (Տնօրենին.) Մենք էլ մեր իրավունքներն ունենք, թե՞ կարծում ես, քո իրավունքներն ավելի առաջնային են, քան մերը:
ՏՆՕՐԵՆ — Դուք հարսանիք եք սարքել դեղատանը, իմ տիրույթում ու դեռ իրավունքի՞ց եք խոսում…
2-ՐԴ ՑՈՒՑԱՐԱՐ — Դեղատո՛ւն, իմ տիրո՛ւյթ… էնքան էլ լավ չեն կապակցվում:
3-ՐԴ ՑՈՒՑԱՐԱՐ — Մենք նաև պարով ենք արդարության մեր ձայնը հասցնում մարդկանց:
ՏՆՕՐԵՆ — Գնացեք, դա արեք փողոցներում ու հրապարակներում, դեմ չեմ, թեև ձեզ լսողն ո՞վ է… Բայց դեղատունը չի կարելի սարքել բողոքի հրապարակ:
4-ՐԴ ՑՈՒՑԱՐԱՐ — Կրկին սխալվում եք, մեր խոսքը ազատ արտահայտելու իրավունք ունենք մեր երկրի յուրաքանչյուր քառակուսի մետրում, լինի այն պետական, թե մասնավոր:
5-ՐԴ ՑՈՒՑԱՐԱՐ — Բացի անձնական տարածքներից: Դրանց անձեռնմխելիության դեմ ոչինչ չունենք:
ՏՆՕՐԵՆ — Լավ, եթե Մարուշին հեռացնեմ գործից, դուք ի՞նչ պիտի անեք:
1-ԻՆ ՑՈՒՑԱՐԱՐ — Հաճախորդներին կհանենք բողոքի ցույցի: Կամ կասենք, որ ժամկետանց դեղեր եք վաճառում ու հսկայական կորուստներ կկրես:
ՏՆՕՐԵՆ — Դա հերյուրանք է, մեզ մոտ ժամկետանց դեղեր չեն վաճառվում:
2-ՐԴ ՑՈՒՑԱՐԱՐ — Կդիմենք հարկայինին…
ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐ — Ճիշտ է, ճիշտ է…
ՏՆՕՐԵՆ — Որ ի՞նչ, ի՞նչ պիտի անեն հարկահավաքները, նրանց հետ միշտ էլ լեզու եմ գտնում:
1-ԻՆ ՑՈՒՑԱՐԱՐ — Մամուլին կհայտարարենք, որ լրիվ ցույց չեք տալիս ձեր ապրանքաշրջանառությունը, հարկերի կեսը չեք մուծում:
ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐ — Հա, հա, մեծ ստվեր ունեք…
1-ԻՆ ՑՈՒՑԱՐԱՐ — Ձեր մյուս դեղատներն էլ ստուգել կտանք: Հիմա քանի՞սն են դրանք…
ՏՆՕՐԵՆ — Լավ, լավ… հասկանանք իրար: Բան է` ասացի ջղայնության պահին, ո՞ւմ հետ չի պատահում: Մարուշը կշարունակի աշխատել:
ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐ — Հաստա՞տ…
ՏՆՕՐԵՆ — Հաստատ, խոսք եմ տալիս:
Ներս է մտնում Մարուշը, նրան չեն նկատում:
ՄԻՀՐԱՆ — Պարոն տնօրեն, ձեզ չէր խանգարի, եթե գոնե մեկ ամիս օգտագործեիք խղճի հաբեր: Համոզված եմ, էդ դեպքում ոչ թե Մարուշին հեռացնելու մտադրություն կունենայիք, այլ կավելացնեիք նրա աշխատավարձը:
ՏՆՕՐԵՆ — Ի՞նչ խղճի հաբեր, ի՞նչ աշխատավարձի բարձրացում… Հիմա էլ ձե՞ռ եք առնում ինձ:
ՄԻՀՐԱՆ — Չէ, չէ, էս գիշեր ստացանք խղճի, բարության, սիրո ու ազնվության հաբեր… մի-մի տոպրակ: Ահա… (Ցույց է տալիս վաճառասեղանի վրա դրված չորս տոպրակները:)
ՏՆՕՐԵՆ — Էս ի՞նչ տոպրակներ են:
ՄԻՀՐԱՆ — Ասացի, չէ՞, խղճի, բարության, սիրո ու ազնվության հաբերով տոպրակներն են:
ՏՆՕՐԵՆ — (բացում է տոպրակները, զննում է հաբերը): Առաջին անգամ եմ տեսնում էսպիսի հաբեր: Երևում է` բարձր տեխնոլոգիայով են պատրաստված: Ո՞վ է տվել:
ՄԻՀՐԱՆ — Ըմմմ… Աստված…
ՏՆՕՐԵՆ — Ուրեմն` որոշել ես ինձ ձեռ առնել: (Նկատելով Մարուշին:) Մոտ եկեք, տիկին Մարուշ: (Մարուշը մոտենում է:) Էս որտե՞ղ էիք, էս ի՞նչ է կատարվում դեղատանը, ո՞ւր է Արևիկը, էսօր նա պիտի հերթապահեր ձեզ հետ:
ՄԱՐՈՒՇ — Արևիկին ես տուն ուղարկեցի, երեխան բարձր ջերմություն ունի:
ՏՆՕՐԵՆ — Հասկացա, իսկ ինչո՞ւ նրա փոխարեն Շուշիկին չկանչեցիք:
ՄԱՐՈՒՇ — Չուզեցի, գերադասեցի մենակ…
ՏՆՕՐԵՆ — Լավ, էդ հանգամանքը հետո կպարզեմ: Իսկ էս նկարչից ի՞նչ անվտանգության աշխատակից, նրան ո՞նց կարող եք վստահել դեղատունը… թեկուզ մի երկու րոպեով: Բայց ավելի երկար բացակայեցիք, չէ՞…
ՄԱՐՈՒՇ — Ուղիղ 20 րոպե: Նրան վստահում եմ, իմ նախկին զինակից ընկերն է, թույլ չի տա, որ դեղատնից բան պակասի և… անկարգություններ լինեն:
ՄԻՀՐԱՆ — (ուրախ): Մարուշ ջան, ընդհակառակը, ավելացրել ենք, էն տոպրակները` բարձր տեխնոլոգիայով պատրաստված հաբերով, էն էլ ինչպիսի հաբեր` խղճի՛, բարությա՛ն, սիրո՛, ազնվությա՛ն… Պարոն տնօրեն, չեք զղջա, փորձեք մեկական հաբ:
ՏՆՕՐԵՆ — Թող անհամ կատակներդ, ես դրանց կարիքը չունեմ, ինքդ փորձիր:
ՄԱՐՈՒՇ — Որտեղի՞ց էդ տոպրակները, Միհրան:
ՄԻՀՐԱՆ — Աստված է բերել… կամ նրա նման մեկը: Չգիտեմ, էդ հարցը ինձ համար էլ առեղծված է:
ՏՆՕՐԵՆ — (Մարուշին): Բայց չասացիք` որտեղ էիք, ինչո՞ւ եք լքել դեղատունը, հարգելի տիկին Մարուշ:
ՄԱՐՈՒՇ — Հոսպիտալից շտապ կանչեցին, գնացել էի վիրավոր զինվորի գլխի վիրակապը փոխելու:
ՏՆՕՐԵՆ — (թեթև հեգնանքով): Ինչ է` հոսպիտալը առանց ձեզ վիրակապ չի՞ փոխում:
ՄԱՐՈՒՇ — Էդ զինվորն իմ կարիքն ուներ:
ՏՆՕՐԵՆ — Անփոխարինելի եք, տիկին Մարուշ, անփոխարինելի… Լավ, իսկ ձեր անվտանգության աշխատակիցը ինչո՞ւ էր ստում, թե երկու րոպեով եք դուրս եկել մաքուր օդի:
ՄԻՀՐԱՆ — Դե, ձեզ ո՞նց ասեմ. Մարուշի համար ուրիշներին օգնելը մաքուր օդի պես մի բան է:
ՏՆՕՐԵՆ — Չեմ վիճում, հասկացա… Հիմա ի՞նչ ենք անում, ցուցարարներ, կարո՞ղ ենք հեռանալ, որ դեղատունը շարունակի աշխատել նորմալ ռեժիմով, այցելուներ ունենք, նրանց սպասարկել է պետք: (Ցույց է տալիս մուտքի մոտ սպասող հաճախորդներին:)
1-ԻՆ ՑՈՒՑԱՐԱՐ — Հիմա կարող ենք հանգիստ հեռանալ, ճի՞շտ է, տղերք…
ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐ — Հա, կարող ենք գնալ…
ՏՆՕՐԵՆ — Դե, տիկին Մարուշ, հուսամ, որ ձեր հերթապահությունը կանցնի աշխատանքային նորմալ մթնոլորտում:
ՄԱՐՈՒՇ — Խնդիրներ չեն լինի:
ՏՆՕՐԵՆ — Իսկ դուք, հարգելի նկարիչ և… անվտանգության աշխատակից… և տիկին Մարուշի նախկին զինակից, հուսամ` մինչև առավոտյան ժամը 9-ը էստեղ նոր պարահրապարակ չեք բացի:
ՄԻՀՐԱՆ — Հուսացեք: Գիշերը մեկ անգամ են սրտանց պարում… դեղատանը:
1-ԻՆ ՑՈՒՑԱՐԱՐ — Իսկ դուք` միշտ լեզու գտնող պարոն տնօրեն, տիկին Մարուշի ներկայությամբ վերահաստատեք, որ նրա նկատմամբ կարգապահական տույժ չեք կիրառի:
ՏՆՕՐԵՆ — Վերահաստատում եմ:
1-ԻՆ ՑՈՒՑԱՐԱՐ — Հիմա հանգիստ կարող ենք գնալ: Գնացինք, տղերք:
ՄԻՀՐԱՆ — Սպասեք, մի րոպե… (Տոպրակները հանձնում է ցուցարարներին:) Էս հարցը դուք ավելի լավ կարող եք լուծել, ձեզ նման արդարամիտ ու համառ մարդիկ: Խնդրում եմ, էդ հաբերը բաժանեք նրանց, ովքեր չունեն խիղճ, բարություն, սիրո կարողություն ու ազնվություն:
ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐ — Լավ, կանենք…
ՏՆՕՐԵՆ — (հաճախորդներին): Մոտեցեք, հիմա ձեզ կսպասարկեն, և ներող եղեք, որ մի փոքր ուշացրինք:
Տնօրենն ու ցուցարարները հեռանում են: Հաճախորդները մոտենում են վաճառասեղանին, Մարուշը արագ սպասարկում է, նրանք գնում են:
ՄԱՐՈՒՇ — Ի՞նչ վարչական տույժի մասին էր խոսքը:
ՄԻՀՐԱՆ — Քեզ բանավոր աշխատանքից ազատել ու կրկին վերականգնել են ցուցարարների շնորհիվ:
ՄԱՐՈՒՇ — Այո՛, էդպես հաճախ է պատահում ինձ հետ: Իսկ էդ հաբերը ո՞վ է բերել:
ՄԻՀՐԱՆ — Ազնիվ խոսք, Մարուշ ջան, չգիտեմ: Ես էլ կարծում էի, ձեր խփնված հաճախորդներից է:
ՄԱՐՈՒՇ — Լավ, մի օր կպարզվի: Էդ հաբերը երևի պլացեբոյի համար են:
ՄԻՀՐԱՆ — Պլացեբոն ի՞նչ է…
ՄԱՐՈՒՇ — Բժշկական հետաքրքիր մեթոդ է. կարծեցյալ հիվանդներին անվնաս հաբեր են տալիս ու ասում, որ դրանք իր անհանգստությունները վերացնելու համար են: Մարդիկ օգտագործում են և հիմնականում ազատվում ինչ-ինչ ցավերից: Այսինքն` հավատի վրա է հիմնված էդ մեթոդը:
ՄԻՀՐԱՆ — Լա՛վ մեթոդ է… Էդ խորհրդավոր այցելուն պիտի բերեր նաև հավատի, հավատարմության, համբերության, ողջախոհության և նմանատիպ այլ հաբեր:
Զանգում է դեղատան հեռախոսը:
ՄԱՐՈՒՇ — Գիշերային դեղատուն, լսում եմ ձեզ… Այո, ունենք… Բայց, ներեցեք, դեղերի առաքում չունենք… «Շտապ օգնություն» չե՞ք ուզում կանչել… Հասկանում եմ… Մի րոպե, չանջատեք հեռախոսը: Միհրան, կարո՞ղ ես դեղ հասցնել հիվանդին, քո մեքենայով: Սրտային կաթիլներ է խնդրում ու քնաբեր: Հաշմանդամ է, ասում է` տանը մենակ է մնացել, տնեցիները գյուղ` հարսանիք են գնացել, վատ է զգում իրեն: «Շտապ օգնություն» էլ չի ուզում կանչել, ասում է` կտանեն հիվանդանոց, չի ուզում… Նա կվճարի:
ՄԻՀՐԱՆ — Իհարկե, Մարուշ ջան, կտանեմ: Հասցեն ու դեղերը տուր:
ՄԱՐՈՒՇ — (հեռախոսով): Կասե՞ք ձեր հասցեն… (Գրառում է:) Համբերեք, շուտով դեղերը կբերեն: (Անջատում է հեռախոսը, արագ փաթեթավորում է դեղերը: Միհրանին.) Ահա, սա էլ` հասցեն:
ՄԻՀՐԱՆ — Գրիգոր Լուսավորչի 51, բն. 27… Լավ, գնացի:
ՄԱՐՈՒՇ — Երկրորդ մուտք, երրորդ հարկ… Կարծում եմ` չես մոլորվի:
ՄԻՀՐԱՆ — Անհոգ մնա, էդ փողոցը լավ գիտեմ, ժամանակին հաճախ էի ժամադրվում Լուսավորչի վերին խաչմերուկի մոտ:
ՄԱՐՈՒՇ — Ուրեմն` էդ վերհուշերով էլ գնա: Սպասում եմ վերադարձիդ:
ՄԻՀՐԱՆ — Շուտ կգամ: (Շտապ դուրս է գնում:)
ՄԱՐՈՒՇ — (զանգում է): Նարե՞, դեռ արթո՞ւն ես… Չկարողացա շուտ տեղյակ պահել, մի քիչ խառն էի, խոսեցի Նաիրիի հետ… Լավ է, երկու օրից կգա: Երեխեքը քնա՞ծ են… Դու էլ քնիր, բարի գիշեր: (Նոր հեռախոսահամար է հավաքում:) Արևիկ ջան, ո՞նց է երեխան… Ամեն ինչ կարգին է մեզ մոտ, մի անհանգստացիր… Բարի գիշեր:
Մարուշը կամաց երգում է` «Իմ փոքրիկ քաղաքում իմ մեծ սերն է ապրում…» և զննում դեղադարակները: Ներս է խուժում սև դիմակով երիտասարդը, ատրճանակը ուղղում է Մարուշի վրա:
ԴԻՄԱԿՈՎ ԵՐԻՏԱՍԱՐԴ — Ինչքան փող կա, տվեք, շուտ, ժամանակ չկա:
ՄԱՐՈՒՇ — Խելացի կարգադրություն չեք անում, երիտասարդ:
ԴԻՄԱԿՈՎ ԵՐԻՏԱՍԱՐԴ — Ոչ մի խոսք, արագ:
Մարուշը հանում է դրամարկղի և իր դրամապանակի փողերը, դնում է վաճառասեղանին:
ՄԱՐՈՒՇ — Էնքան էլ մեծ գումար չէ կողոպուտի համար, ընդամենը 63 հազար դրամ:
ԴԻՄԱԿՈՎ ԵՐԻՏԱՍԱՐԴ — Էլ չկա՞…
ԴԻՄԱԿՈՎ ԵՐԻՏԱՍԱՐԴ — Էլ չկա՞…
ՄԱՐՈՒՇ — Չկա, եղածը սա է: (Ուշադիր նայում է իրեն ուղղված ատրճանակին ու… ծիծաղում:)
ԴԻՄԱԿՈՎ ԵՐԻՏԱՍԱՐԴ — Ինչո՞ւ եք ծիծաղում… Ինձ վրա՞ եք ծիծաղում…
ՄԱՐՈՒՇ — Չէ, ատրճանակիդ, էդ խաղալիքո՞վ ես կողոպուտի եկել:
ԴԻՄԱԿՈՎ ԵՐԻՏԱՍԱՐԴ — (խուճապահար): Ո՞նց իմացաք:
ՄԱՐՈՒՇ — Պատերազմի տարիներին առիթ եմ ունեցել շփվելու իսկական զենքի հետ: Էդ խաղալիքից թոռս էլ ունի:
ԴԻՄԱԿՈՎ ԵՐԻՏԱՍԱՐԴ — Հա, սա խաղալիք է… իսկականով էսպիսի բան չեմ անի: (Ատրճանակը դնում է գրպանը:)
ՄԱՐՈՒՇ — Բայց արածդ տգեղ է ու անօրինական: Կարող են պատժել քրեական հոդվածով:
ԴԻՄԱԿՈՎ ԵՐԻՏԱՍԱՐԴ — Պատժե՞լ… փողը կվերցնեմ ու կգնամ ու ոչ ոք ինձ չի բացահայտի… ես դիմակով եմ:
ՄԱՐՈՒՇ — Պիտի ասեմ, որ դեղատունը տեսանկարահանվում է, դու հիմա էնտեղ ես: (Ցույց է տալիս տեսախցիկները:)
ԴԻՄԱԿՈՎ ԵՐԻՏԱՍԱՐԴ — Ես դիմակով եմ, ինձ չեն ճանաչի:
ՄԱՐՈՒՇ — Գիտե՞ս, թե քրեագիտությունը որքան զարգացած է, ուզենան` քեզ արագ կգտնեն:
ԴԻՄԱԿՈՎ ԵՐԻՏԱՍԱՐԴ — Չեմ կարծում, թե 63 հազարի համար էդքան հարայհրոց անեն:
ՄԱՐՈՒՇ — Տնօրենը` որպես տուժող կողմ, կպահանջի ու կանեն: Եթե կողոպուտը չեն բացահայտում, նոր կողոպուտները շատանում են:
ԴԻՄԱԿՈՎ ԵՐԻՏԱՍԱՐԴ — Ես ուրիշ կողոպուտի մտադրություն չունեմ:
ՄԱՐՈՒՇ — Լավ, ասենք` տվեցի էս փողը, ինչի՞ վրա ես ծախսելու: Քո կողմից գողացված ու արդեն կեղտոտված փողերը…
ԴԻՄԱԿՈՎ ԵՐԻՏԱՍԱՐԴ — Իսկ մաքուր փող լինո՞ւմ է:
ՄԱՐՈՒՇ — Լինում է` ազնվորեն վաստակածը: Կասե՞ս, ինչի ես էստեղ հայտնվել:
ԴԻՄԱԿՈՎ ԵՐԻՏԱՍԱՐԴ — Արժե՞ ասել…
ՄԱՐՈՒՇ — Ասա, գուցե դա օգնի…
ԴԻՄԱԿՈՎ ԵՐԻՏԱՍԱՐԴ — Ընկերուհուս համար ուզում եմ թանկարժեք զարդ գնել:
ՄԱՐՈՒՇ — Ուրեմն` դեռ նշանված էլ չես, այո՞:
ԴԻՄԱԿՈՎ ԵՐԻՏԱՍԱՐԴ — Այո:
ՄԱՐՈՒՇ — Իսկ մտադի՞ր ես ամուսնանալ նրա հետ:
ԴԻՄԱԿՈՎ ԵՐԻՏԱՍԱՐԴ — Շատ եմ ուզում, բայց ընկերուհիս ձգձգում է, ասում է` դեռ պատրաստ չես… Ուզում եմ նրան ապացուցել, որ կարող եմ լավ նշանդրեք ու հարսանիք անել, կարգին նվերներով, առանց ծնողներիս օգնության, նրանք թոշակառուներ են:
ՄԱՐՈՒՇ — Այսինքն` քո ամուսնության հիմքն ուզում ես գողությամբ դնել… Ընկերուհուդ ուզածն այն է, որ ամեն ինչ անես քո վաստակով, աշխատես, ոչ թե գողանաս: Աշխատո՞ւմ ես:
ԴԻՄԱԿՈՎ ԵՐԻՏԱՍԱՐԴ — Հա, բայց քիչ եմ վաստակում, դեռևս…
ՄԱՐՈՒՇ — Ուրեմն այսպես՝ քո և ընկերուհուդ միջև առայժմ լիակատար փոխըմբռնում չկա, պետք է մի քիչ էլ համբերել, մինչև էդ պահը գա:
ԴԻՄԱԿՈՎ ԵՐԻՏԱՍԱՐԴ — Իսկ եթե չգա՞… Ես նրան սիրում եմ ու չեմ ուզում նրան կորցնել:
ՄԱՐՈՒՇ — Սիրուն երբեք գողություն ու այլ կեղտեր չխառնես: (Դադար:) Հիմա ինչպե՞ս վարվենք քեզ հետ:
ԴԻՄԱԿՈՎ ԵՐԻՏԱՍԱՐԴ — Փողը պետք չէ, ես գնամ, հա՞…
Ներս են մտնում երկու ոստիկան: Դիմակավոր երիտասարդը հանում է դիմակը:
ԴԻՄԱԿՈՎ ԵՐԻՏԱՍԱՐԴ — (կամաց): Դո՞ւք կանչեցիք…
ՄԱՐՈՒՇ — (նույնպես կամաց): Ոչ, նրանք սովորականի պես շրջում են գիշերը աշխատող օբյեկտներով:
1-ին ՈՍՏԻԿԱՆ — Բարի երեկո: Ո՞նց եք, տիկին Մարուշ, ամեն ինչ կարգի՞ն է:
ՄԱՐՈՒՇ — Չեմ բողոքում:
2-ՐԴ ՈՍՏԻԿԱՆ — Բարև ձեզ: Սա էն երիտասարդը չէ՞, որ մի ժամ առաջ պտտվում էր ներքևի սուպերմարկետի շուրջը:
ԴԻՄԱԿՈՎ ԵՐԻՏԱՍԱՐԴ — Ի՞նչ սուպերմարկետ…
1-ին ՈՍՏԻԿԱՆ — Դու էիր, հա… Տիկին Մարուշ, ի՞նչ գործով է մտել դեղատուն:
ՄԱՐՈՒՇ — (կարճ երկմտանքից հետո): Դեղահաբեր են պետք… սիրած աղջկա համար: Մեր ունեցածը էնքան էլ արդյունավետ չէ, նրան դա էի բացատրում, բայց նա պնդում էր, որ էդ հաբերից տանք: Հիմա չի պնդում:
1-ին ՈՍՏԻԿԱՆ — Այսինքն` նա ուժո՞վ էր ուզում…
ՄԱՐՈՒՇ — Դե, էնքան էլ ուժով չէր… Երիտասարդ է, տաքարյուն, նպատակին ուզում է արագ հասնել: Շուտով կամուսնանա… բայց կիրթ պահվածքի ու հասարակական կարգի մասին էնքան էլ ճիշտ պատկերացում չունի: (Դադար:) Կարո՞ղ եմ ձեզ մի բան խնդրել…
ՈՍՏԻԿԱՆՆԵՐ — Իհարկե, տիկին Մարուշ, չէ՞ որ ձեր պահապան հրեշտակներն ենք:
ՄԱՐՈՒՇ — Էս երիտասարդին տարեք ու մի քիչ զրուցեք նրա հետ բարեկրթության, համբերատարության, օրինավորության, հասարակական կարգի թեմաներով, 15-20 րոպե զրուցեք, նա արագ կըմբռնի: Զրուցեք ու ազատ թողեք, լա՞վ, նա անձնուրաց ամուսին է լինելու:
1-ին ՈՍՏԻԿԱՆ — Լավ, տիկին Մարուշ, նրան կլուսավորենք ու բաց կթողնենք, անհոգ եղեք: Դե, երիտասարդ, առաջ… Խաղաղ հերթապահություն ձեզ, տիկին Մարուշ:
ՄԱՐՈՒՇ — Ձեզ` նույնպես: Շնորհակալ եմ: Հուսամ` հաջորդ այցին կպատմեք, թե ինչպես է անցել ձեր դասախոսությունը:
ՈՍՏԻԿԱՆՆԵՐ — Անպայման, ցտեսություն:
Ոստիկանները և դիմակով երիտասարդը գնում են: Ներս է մտնում Միհրանը` հարցական հայացքով ուղեկցելով հեռացողներին:
ՄԻՀՐԱՆ — Մարո՞ւշ, էլի արտակարգ դե՞պք… փայտե մուրճո՞վ…
ՄԱՐՈՒՇ — (ծիծաղում է): Չէ, խաղալիք ատրճանակով… ուզեց կողոպտել… (Ցույց է տալիս թղթադրամները:) Դե, չհաջողեց սիրահարը…
ՄԻՀՐԱՆ — Ոստիկանները նրան կալանելո՞ւ տարան:
ՄԱՐՈՒՇ — Չէ, դաստիարակչական զրույցի… Դեղերը տվեցի՞ր հի-վանդին:
ՄԻՀՐԱՆ — Անշուշտ, էս էլ՝ վճարը: (Փող է հանձնում Մարուշին:) Տվեց նաև տաքսիի փողը, չվերցրի:
ՄԱՐՈՒՇ — Ապրես:
ՄԻՀՐԱՆ — Պատերազմի հաշմանդամ է, սայլակին գամված… Ասաց, որ ճանաչում է քեզ, ձեր նախկին վիրավորներից է, Ձախլիկ Խեչո են ասում: Հիշո՞ւմ ես…
ՄԱՐՈՒՇ — Հա, Ձախլիկ Խեչոն… խիզախ զինվոր էր: Շրջապատումից դուրս էր եկել թշնամու մի դասակ ոչնչացնելով: Շնորհակալ եմ, օգնեցիր մեզ:
ՄԻՀՐԱՆ — Միշտ պատրաստ եմ, Մարուշ:
Միհրանը նստում է բազմոցին, վերսկսում ընթերցանությունը, բայց շուտով ննջում է: Ներս են մտնում գանգրահեր տիկինն ու կիսաճաղատ տղամարդը, տեսնելով ննջող Միհրանին` կամաց բարևում են Մարուշին և գրեթե անլսելի` զրույցի բռնվում նրա հետ: Քիչ անց Միհրանը «Կորեք, կորեք» բացականչելով` արթնանում ու ոտքի է կանգնում: Մարուշն ու հաճախորդները ընդհատում են զրույցը:
ՄԱՐՈՒՇ — Ի՞նչ եղավ քեզ, Միհրան:
ՄԻՀՐԱՆ — Էլի նույն գեշ երազը տեսա:
ՄԱՐՈՒՇ — Ի՞նչ երազ է:
ՄԻՀՐԱՆ — Հռհռում ու քրքջում են` լպիրշ դեմքերով մարդիկ, մոտենում` քաշքշում են շորերս, ներկերս թափում են գլխիս, նկարներս ոտնատակ են տալիս…
ԳԱՆԳՐԱՀԵՐ ՏԻԿԻՆ — Դա նրանից է, որ դեպրեսիայի ու սթրեսի մեջ եք:
ԿԻՍԱՃԱՂԱՏ ՏՂԱՄԱՐԴ — Եթե մեր դեղաբույսերն օգտագործեք ու ոչ թե էս թունաքիմիկատները (ցույց է տալիս դեղադարակները), շատ արագ կլավանաք, մղձավանջային երազներ չեք տեսնի, կքնեք առողջ մանկան պես:
ՄԻՀՐԱՆ — (քրթմնջալով): Հա, էս դեպրեսիան, էս սթրեսը…
ԳԱՆԳՐԱՀԵՐ ՏԻԿԻՆ — Մարդկանց մեծ մասը տառապում է դրանցով, շատերը թաքցնում են, բժշկի չեն դիմում ու չունեն կարգին գիտելիք, որ մեր հայրենի խոտերով ապաքինեն իրենց:
ԿԻՍԱՃԱՂԱՏ ՏՂԱՄԱՐԴ — Գիտե՞ս` ինչ զորավոր խոտեր կան մեր հանդերում. էլ ուրց ու դաղձ, էլ անթառամ ու առյուծագի…
ԳԱՆԳՐԱՀԵՐ ՏԻԿԻՆ — Էլ անանուխ ու ազնվամորի, էլ եղեսպակ ու եղինջ…
ՄԱՐՈՒՇ — Էլ երիցուկ ու խավրծիլ, էլ մասուր ու մանանեխ…
ԳԱՆԳՐԱՀԵՐ ՏԻԿԻՆ — Էլ թրթնջուկ ու ավելուկ, էլ շրմշուղ ու շուշան…
ԿԻՍԱՃԱՂԱՏ ՏՂԱՄԱՐԴ — Էլ սպանախ ու շաղգամ… ո՞ր մեկն ասենք…
ԳԱՆԳՐԱՀԵՐ ՏԻԿԻՆ — Էն է` կովերն ու ոչխարներն են դրանք ուտում ու բոլորից առողջ են:
ՄԻՀՐԱՆ — (ցույց տալով դեղադարակները): Դուք դե՞մ եք էս դեղորայքին:
ԳԱՆԳՐԱՀԵՐ ՏԻԿԻՆ — Բացառությամբ մի քանի դեղի ու էս` խոտաբույսերի բաժնի, բայց սրանք գնողներն ու օգտագործողները քիչ են:
ԿԻՍԱՃԱՂԱՏ ՏՂԱՄԱՐԴ — Ես ու կինս քարոզում ենք, որ մարդիկ նախ օգտագործեն դեղաբույսերը, բնական միջոցներով պահպանեն ու վերականգնեն առողջությունը, թե չէ սրանցով ավելի շուտ արագացնում են իրենց կործանումը:
ՄԻՀՐԱՆ — (մեկուսի): Քարոզիչնե՛ր… Ցուցարարների հետ հետաքրքիր ու նշանակալից ուժ կլինեն: Տնօրենն էստեղ լիներ` լսեր… (Հաճախորդներին): Ես հաշվի կառնեմ ձեր քարոզը:
ԳԱՆԳՐԱՀԵՐ ՏԻԿԻՆ — Եթե որոշեք անցնել դեղաբույսերի, համեցեք մեր տուն, ձեզ շատ բան կարող ենք տալ անվճար, հատկապես, որ ձեզ ճանաչում ենք ու Մարուշի նախկին զինակիցն եք: Ձեր նկարները տեսել ենք պատկերասրահում, դուք հիանալի բնապատկերներ եք նկարում:
ՄԻՀՐԱՆ — Շնորհակալ եմ: Կարծում եմ, մենք կհանդիպենք… ձեր տանը:
ԳԱՆԳՐԱՀԵՐ ՏԻԿԻՆ — Ուրախ կլինենք: Մեր հասցեն տիկին Մարուշը կտա:
ԿԻՍԱՃԱՂԱՏ ՏՂԱՄԱՐԴ — Միասին մասուրի և ուրցի թեյ կխմենք:
ԳԱՆԳՐԱՀԵՐ ՏԻԿԻՆ — Դե, տիկին Մարուշ, մենք գնանք, շուտով լույսը կբացվի: Ձեզ լավ պահեք: Մի շաբաթից այցի կգանք ձեզ լավ պաշարով: Ցտեսություն:
ԿԻՍԱՃԱՂԱՏ ՏՂԱՄԱՐԴ — Մինչ նոր հանդիպում:
ՄԱՐՈՒՇ ԵՎ ՄԻՀՐԱՆ- Ցտեսություն, հաջողություն ձեզ:
Գանգրահեր տիկինն ու կիսաճաղատ տղամարդը գնում են:
ՄԻՀՐԱՆ — Ովքե՞ր են էդ մարդիկ, Մարուշ:
ՄԱՐՈՒՇ — Ուսուցիչներ են, մանկավարժներ: Զբաղվում են դեղաբույսերի հավաքչությամբ: Հարուստ գիտելիք ու փորձ ունեն էդ ասպարեզում: Գնում են մեր ալպյան գոտիները` նոր խոտեր հավաքելու: Դպրոցական արձակուրդները սկսվել են, նրանք, ինչպես միշտ, իրենց հանգիստը կանցկացնեն բնության գրկում:
ՄԻՀՐԱՆ — Իսկ ինչո՞ւ են եկել գիշերով:
ՄԱՐՈՒՇ — Ինձ համար չորացրած ուրց ու մասուր են բերել: Առավոտ վաղ են ճամփա ընկնում, ոտքով… մենք ընտանիքներով ենք բարեկամացել: Ամուսինը` Սարգիսը, երբ վիրավորվել էր, մեր դաշտային հոսպիտալում էր ապաքինվում: Գիտես, նման ծանոթությունները հաճախ բարեկամությամբ են շարունակվում:
ՄԻՀՐԱՆ — Կամ` սիրով…
ՄԱՐՈՒՇ — Իմ պարագայում նման բան չկա: Դու էլ պատերազմական շրջանից բարեկամներ ունես:
ՄԻՀՐԱՆ — Ունեմ, բայց նրանց թիվը նվազում է: (Դադար:) Չհասցրիր ասել` ո՞նց է վիրավորը, ինչո՞ւ էր քեզ կանչում:
ՄԱՐՈՒՇ — Հրա՞յրը… Գնացի` խաղաղվեց, վիրակապը փոխեցի, զրուցեցինք: Ասաց` բուժքրոջ բերանից ծխախոտի հոտ է գալիս, դրա համար մոտ չէր թողնում: Ավանդապահ տղա է:
ՄԻՀՐԱՆ — Իսկ բժշկին ինչո՞ւ չէր թողնում վիրակապել:
ՄԱՐՈՒՇ — Ասում էր` նրա բերանից էլ սպիրտի հոտ է գալիս… Բայց, գիտեմ, բժիշկ Դադայանը երբեք հարբած չի լինում:
ՄԻՀՐԱՆ — Այ քեզ բծախնդիր զինվոր:
ՄԱՐՈՒՇ — Հա, բծախնդիր էր նաև էն ժամանակ, երբ թուրք դիվերսանտները մոտեցան նրանց դիրքերին: Առաջինը Հրայրն էր մարտի բռնվել: Ասում են` կռվել է մինչև վերջին փամփուշտը, վիրավոր վիճակում…
ՄԻՀՐԱՆ — Նրա ձեռքից քանի՞ ասկյար ոտքերը տնկեց…
ՄԱՐՈՒՇ — Ինքը չխոսեց էդ մասին, բժիշկն ասաց, որ երեքին հաստատ խփել է:
ՄԻՀՐԱՆ — Իսկ էդ ծխախոտի ու սպիրտի թեմայով խոսեցի՞ր գործընկերներիդ հետ:
ՄԱՐՈՒՇ — Խոսեցի, խոստացան զերծ մնալ նման հոտերից… տեսնենք:
Ներս է մտնում կիբերմարտիկ Հակոբը` նոթբուքով:
ԿԻԲԵՐՄԱՐՏԻԿ — Կներեք, վայ-ֆայ ունե՞ք… հա, բարև ձեզ:
ՄԻՀՐԱՆ — Տղա ջան, դուք դեղատուն եք մտել, ոչ թե ինտերնետ-ակումբ:
ՄԱՐՈՒՇ — Մի վայրկյան, Միհրան… Երիտասարդ, կարևո՞ր գործով եք եկել:
ԿԻԲԵՐՄԱՐՏԻԿ — Հա, մորքուր ջան, մեր շենքում հոսանքը անջատվեց… հարևան շենքում եմ ապրում, տեսա` դուք աշխատում եք, շտապեցի ձեզ մոտ: Ես հիմա մի ուժեղ օպերացիայի վրա եմ աշխատում` նրանց կայքերի դեմ, եթե էս դադարը երկարի, մեր խմբի աշխատանքը ջուրը կընկնի:
ՄԻՀՐԱՆ — Դու հաքե՞ր ես… (Մեկուսի:) Թե՞ ինտերնետային վիրուս է:
ԿԻԲԵՐՄԱՐՏԻԿ — Ես կիբերմարտիկ եմ, Հակոբ է անունս:
ՄԱՐՈՒՇ — Հակոբ ջան, վայֆայ կա մեզ մոտ, նստիր ու աշխատիր:
ԿԻԲԵՐՄԱՐՏԻԿ — Շատ շնորհակալ եմ:
Հակոբը նստում է բազմոցին, տենդագին աշխատում է:
ՄԻՀՐԱՆ — (կամաց): Վայֆա՞յն ինչու եք միացրել դեղատանը:
ՄԱՐՈՒՇ — Ես խնդրեցի տնօրենին: Աշխատողներս ենք օգտվում, հաճախորդները, երբ ուզում են շտապ ճշտել դեղերի անունները կամ դրանց դեղաբանական տվյալները: Դե, ժամանակից ինչո՞ւ հետ մնանք:
ՄԻՀՐԱՆ — Այ, դա չգիտեի, դու նաև արդիական մտածելակերպ ունես:
ՄԱՐՈՒՇ- (ժպտում է): Աղջիկս պլանշետ է նվեր ուղարկել ծննդյանս օրը, ես էլ ստիպված… արդիականացա: (Ցույց է տալիս պլանշետը:)
ՄԻՀՐԱՆ — Ի՞նչ է անում աղջիկդ:
ՄԱՐՈՒՇ — Փո՞քրը… սովորում է բժշկական համալսարանում, մի տարուց կավարտի, ակնաբուժության մեջ է հմտանում: Ասում է` մամ, մեր ակնաբուժական կլինիկան կստեղծենք, դու էլ կլինես իմ բուժքույրը:
ՄԻՀՐԱՆ — Շատ ուժեղ նպատակ ունի, պիտի աջակցել:
ՄԱՐՈՒՇ — Հա, տեսնենք… Իր ուսումնական նյութերն ուղարկում է ինձ, ես էլ ազատ ժամանակս պլանշետով դրանք կարդում-յուրացնում եմ, ճիշտ որ` ուսանողի պես:
ՄԻՀՐԱՆ — Դե, դու մի լավ բժշկի գիտելիք ունես:
ՄԱՐՈՒՇ — Չէ, սովորելու էնքա՛ն բան կա: Հա, աղջիկս ասում է, որ մարդիկ պետք լավ տեսողություն ունենան… գիտե՞ս` ինչի համար: Ասում է` որ լավը իսկապես լավ տեսնեն, իսկ վատը` վատ:
ՄԻՀՐԱՆ — Թող նման ակնոց ստեղծի, ես էլ կկրեմ:
ՄԱՐՈՒՇ — Կարծում ես` հնարավո՞ր է:
ՄԻՀՐԱՆ — Էս նոր տեխնոլոգիաներն էնպիսի թափով են զարգանում, որ շատ բան է սպասելի: Այ, ես կուզենայի էնպիսի սարք, որ ցույց տա հոգով իրար նման մարդկանց, լավ ու վատ հոգիները զանազանի… Իսկ մեծ աղջիկդ ի՞նչ գործի է:
ՄԱՐՈՒՇ — Հայոց լեզվի ուսուցչուհի է: Շատ է անհանգստանում, որ մեր հայրենակիցները հայերեն գեղեցիկ լեզուն վատ են օգտագործում, շատերը օտար լեզուներով են խոսում իրենց հայրենիքում: Ասում է` սա մեր ամենամեծ ամոթն է:
ՄԻՀՐԱՆ — Լիովին համաձայն եմ աղջկադ հետ: Մեր կորուստների գլխավոր պատճառներից մեկը եղել է էդ օտարասիրությունը և օտարներին ապավինելը: (Մոտենում է դռանը, նայում դուրս:) Շուտով լուսաբաց է, հորիզոնը շառագունում է: Շատ եմ հուզվում էդ բոսոր բնապատկերից, պատանու պես եմ հուզվում… Միշտ ցանկացել եմ նկարել էս տեսարանը, բայց մի բան ինձ ետ է քաշում:
ՄԱՐՈՒՇ — Երևի էդ բոսորը քո ներսի գույնն է, չէ՞, Միհրան:
ՄԻՀՐԱՆ — Ճիշտ կռահեցիր, Մարուշ ջան, սուր աչք ունես:
ՄԱՐՈՒՇ — Բայց էդպես էլ չասացիր, թե ինչի համար ես եկել դեղատուն: Գուցե Շուշիկը քեզ էլ է հրապուրել, հը՞…
ՄԻՀՐԱՆ — Չէ… Գիտե՞ս, միայնակ մարդիկ նման են լույսի վրա թռնող թիթեռների. գիշերը դեղատան լույսը վառ է, դուռն էլ՝ բաց…
ՄԱՐՈՒՇ — Ուրեմն` քեզ էստեղ է բերել միայնությունը, տրտմությունը, հուսալքությունը, մի խոսքով` խորը ընկճախտը:
ՄԻՀՐԱՆ — Այո, Մարուշ… Իմ ներսում ոնց որ համաշխարհային թախծի տոնահանդես է: (Դադար:) Բայց քո ներկայությամբ անցած գիշերային էս ժամերը անհետևանք չեն անցել, իմ ներսում ձնհալ եմ զգում հիմա… (Ավելի է մոտենում Մարուշին:) Ի՞նչ կլինի, Մարուշ, որ միասին ծերանանք… այսուհետ…
ՄԱՐՈՒՇ — (հետքայլ է անում): Ի՞նչ… դու լո՞ւրջ ես խոսում: Արդեն ծրագրե՞ր ունես իմ վերաբերյալ…
ՄԻՀՐԱՆ — Չէ, Աստված սիրես, Մարուշ, ոչ մի ծրագիր… (Դադար:) Շատ անսպասելի ու ինքնաբուխ ստացվեց առաջարկությունս… ներիր:
ՄԱՐՈՒՇ — Քեզ թվում է` ես կփոխե՞մ իմ հոգին, ճակատագիրս, պատիվս…
ՄԻՀՐԱՆ — Չի թվում, դու անշեղելի ես, Մարուշ:
ԿԻԲԵՐՄԱՐՏԻԿ — Առ քեզ, առ քեզ… ուռա, ջարդեցինք…
ՄԻՀՐԱՆ — (մոտենում է կիբերմարտիկին): Ինչքա՞ն ջարդեցիք:
ԿԻԲԵՐՄԱՐՏԻԿ — Արդեն 50-ից ավելի, և ինչպիսի՛ կայքեր… Ամեն ինչ լավ եղավ: (Նայում է դուրս:) Ոնց որ մեր շենքի լույսը միացրել են: Ես գնամ` տանը շարունակեմ: Շատ շնորհակալ եմ, մորքուր ջան, ձեզ էլ, պարոն, շնորհակալություն ու հաջողություն ձեզ:
ՄԱՐՈՒՇ, ՄԻՀՐԱՆ — Հաջողություն:
Կիբերմարտիկը փակում է նոթբուքը և գնում: Ներս է մտնում Արևիկը` ժպտերես, ուրախ: Թռուցիկ բարևում է Միհրանին:
ԱՐԵՎԻԿ — Մարուշ մորքուր, ես եկա: Տեղս տեղ չէր տալիս, որ քեզ մենակ եմ թողել: (Հագնում է սպիտակ խալաթը:)
ՄԱՐՈՒՇ — Ինչո՞ւ ես եկել, հո ինձ չեն փախցնելու, դեղատունն էլ չեն թալանելու: Ասացի, չէ՞, մնա երեխայի մոտ… ո՞նց է աղջիկդ:
ԱՐԵՎԻԿ — Շնորհակալ եմ, հիմա լավ է, ջերմությունն իջավ, հանգիստ քնած է: Մի լավ լուր էլ…
ՄԱՐՈՒՇ — Ի՞նչ լուր, Արև ջան:
ԱՐԵՎԻԿ — Սարոն գալիս է, մի շաբաթից: Զանգեց, ասում է` էլ արտագնա աշխատանքի չի գնա:
ՄԱՐՈՒՇ — Շատ ուրախ եմ, աղջիկս: Ասում էի, չէ՞, որ անպայման կգա, ինչ էլ լինի` հետ կգա, ոնց կարող է քեզ նման արևին լքել: Բայց խոստացիր, որ նրան էլ չես նեղացնի, պահանջկոտությունդ կչափավորես: Թող էստեղ ինչքան կարողանում է` աշխատի: Հարազատ միջավայրում ապրելն ու աշխատելն անգին բան է:
ԱՐԵՎԻԿ — Դա արդեն հասկացել եմ, պետք լինի` ես կաշխատեմ, նրան էլ կպահեմ, աղջկաս էլ:
ՄԱՐՈՒՇ — Ապրես, այ, էդ տրամադրվածությունն արդեն բավական է, որ ամեն ինչ լավ ընթանա: (Դադար:) Արևիկ ջան, իմացիր, որ էս գիշեր ինձ ընկերակցել է նախկին զինակից ընկերս` նկարիչ Միհրան Գաբոյանը:
ԱՐԵՎԻԿ — Նա ամբողջ գիշեր էստե՞ղ էր:
ՄԱՐՈՒՇ — Այո:
ԱՐԵՎԻԿ — Այսինքն` նա փոխարինե՞լ է ինձ:
ՄԱՐՈՒՇ — Կարելի է էդպես ասել, բայց նա անվտանգության ծառայողի գործն էր անում:
ԱՐԵՎԻԿ — Շնորհակալություն, պարոն Գաբոյան, ձեզ գիտեմ, մեկ-մեկ մտնում եք մեր դեղատուն, հատկապես ուշ ժամերին, բայց դեղ չեք գնում, ուրեմն` առողջական խնդիրներ չունեք:
ՄԻՀՐԱՆ — Շնորհակալ եմ, որ ինձ նկատում եք: Դեռ դեղերի ժամանակը չի եկել: (Դադար:) Դե, ես գնամ, Մարուշ ջան: Գնամ արվեստանոց, կարծես թե մուսաս վերադառնում է:
ՄԱՐՈՒՇ — Լավ կլիներ, նախ տուն գնայիր հանգստանալու, անհանգիստ ու աղմկոտ գիշեր ես անցկացրել: Գուցե հակաընկճախտային հաբե՞ր տամ:
ՄԻՀՐԱՆ — Չէ, շնորհակալ եմ, ես հաբեր չեմ օգտագործում, մորս պես, նա թեև բուժաշխատող էր, կյանքում դեղ չխմեց ու երկար ապրեց, 90 տարուց ավելի: Երբ վատ էր զգում, ոտքերի տաք լոգանք էր ընդունում միայն… Աստված նրա հոգին լուսավորի:
ՄԱՐՈՒՇ — Դու է՞լ ես էդպես վարվում, երբ վատ ես զգում:
ՄԻՀՐԱՆ — Այո:
ՄԱՐՈՒՇ — Ուրեմն` ունեք ձեր ընտանեկան ավանդույթը: Դե, շնորհակալ եմ, Միհրան, գիշերային ընկերակցության համար:
ՄԻՀՐԱՆ — Ի՞նչ շնորհակալություն, Մարուշ ջան, էդ ես եմ քեզ երախտապարտ: Գնամ, լավ հսկեք դեղատունը: Հա, եթե ցուցարարները հաջորդ գիշեր երևան, ինձ կանչեք: Գնամ, բարի լույս ձեզ:
ՄԱՐՈՒՇ, ԱՐԵՎԻԿ — Բարի լույս, հաջողություն:
Միհրանը կեսճամփա վերադառնում է:
ՄԻՀՐԱՆ — Մարուշ ջան, խնդրում եմ, մոռացիր, ինչ որ քիչ առաջ ասացի:
ՄԱՐՈՒՇ — Ի՞նչը…
ՄԻՀՐԱՆ — Միասին ծերանալը:
ՄԱՐՈՒՇ — Արդեն մոռացել եմ, անհոգ մնա: Դու ավելի ճիշտ ու հրատապ գործեր ունես, նկատի ունեմ նկարչությամբ զբաղվելը և վերամիավորվելը ընտանիքիդ հետ:
ՄԻՀՐԱՆ — Առաջինն արդեն սկսված է, ճիշտ է` դեռ մտովի, իսկ երկրորդը… շատ դժվար հարց է, չգիտեմ` ինչ կլինի:
ՄԱՐՈՒՇ — Կինդ ու աղջիկդ կվերադառնան, տղադ` նույնպես: Թեև ազատ, բայց հուսալի, նվիրյալ մարդ ես, նրանք քեզ մենության չեն մատնի:
ՄԻՀՐԱՆ — Տա Աստված… Իմ նոր նկարը, գիտե՞ս` ինչ է լինելու…
ՄԱՐՈՒՇ — Ի՞նչ:
ՄԻՀՐԱՆ — Պիտի նկարեմ քո խոշոր, գունագեղ դիմանկարը` բոսոր հորիզոնի ֆոնին: Բայց պիտի կարողանամ ցույց տալ, որ քո ներսի լույսն ավելին է ու իշխող, քան` շրջապատինը: Դու լուսեղեն մարդ ես, Մարուշ… ոնց որ ամենքիս մայրն ու քույրը լինես: Դու հավատով ու համոզիչ հուսադրում ես մեզ, իսկ դա այնքան պետք է միայնակներիս, հուսալքվածներիս… Շնորհակալ եմ քեզ, որ հնարավորություն տվեցիր` քեզ լիովին ճանաչելու և կյանքի իմաստը վերագտնելու համար:
ՄԱՐՈՒՇ — (ծիծաղում է): Երգի՛ր, երգի՛ր… ուզում ես երե՞ս տալ ինձ: Լինելու բան չէ… Լավ, հաջողություն քեզ, երբ նկարը պատրաստ լինի, իմաց տուր` գանք տեսնելու:
ՄԻՀՐԱՆ — Անպայման: Տղայիդ էլ` Նաիրիին էլ կբերես հետդ: Արևիկն էլ թող գա:
ՄԱՐՈՒՇ — Պայմանավորվեցինք: Ցտեսություն:
ԱՐԵՎԻԿ — Ցտեսություն:
ՄԻՀՐԱՆ — Մինչ նոր հանդիպում կյանքի հրապարակներում և արվեստի հրաշալի աշխարհում:
Միհրանը գնում է: Ետնասենյակից գալիս է պարմանուհին:
ԱՐԵՎԻԿ — Դո՞ւ… էլի էստե՞ղ ես քնել:
Պարմանուհին մեղավոր ժպիտով գլխով է անում:
ՄԱՐՈՒՇ — Ո՞նց քնեցիր, բալես:
ՊԱՐՄԱՆՈՒՀԻ — Շնորհակալություն, լավ, նույնիսկ լավ երազներ տեսա:
ՄԱՐՈՒՇ — Ապրես, երազից սկսվող կյանքը հուսադրող ու ոգևորիչ է լինում:
Ներս է մտնում տնօրենը:
ՏՆՕՐԵՆ — Բարի լույս բոլորիդ: Դե, ո՞նց անցավ հերթապահությունը…
ՄԱՐՈՒՇ — Լավ: Կարելի է ասել՝ հաջող: Բավարար վաճառք է եղել և… ունենք մարդկային ձեռքբերումներ:
ՏՆՕՐԵՆ — Մարդկային ձեռքբերումնե՞ր… այսի՞նքն…
ՄԱՐՈՒՇ — Դե, ո՞նց ասեմ… դա չես ձևակերպի պարզ խոսքերով:
ՏՆՕՐԵՆ — Լավ… Տեսնում եմ՝ Արևիկը պոստ է վերադարձել: (Պարմանուհուն.) Օրիորդ, քեզ էլի եմ տեսել էստեղ ու գիտեմ՝ դու գնորդ չես:
ՄԱՐՈՒՇ — Նա մեր ասած մարդկային ձեռքբերումներից է:
ՏՆՕՐԵՆ — Կռահում եմ: (Դադար:) Լավ, հետո կխոսենք էս թեմայով: Իսկ ո՞ւր է մեր անվտանգության աշխատակիցը… ձեր զինակիցը, տիկին Մարուշ:
ՄԱՐՈՒՇ — Նա ավարտեց իր գործը և գնաց… նկարելու:
ՏՆՕՐԵՆ — Եվ ինչպե՞ս ապահովեց ձեր անվտանգությունը:
ՄԱՐՈՒՇ — Հիանալի, գոհ եմ նրա ծառայությունից: Ասացի՝ միայն ձեռքբերումներ ունենք:
ՏՆՕՐԵՆ — Էնպես եք ասում, ասես նրան պիտի պարգևատրեմ:
ՄԱՐՈՒՇ — Դրա կարիքը չկա: Ավելի տեղին է, երբ ինքներս ենք մեզ պարգեւատրում օգտակար ու գեղեցիկ արարքների համար:
Ներս է մտնում տարեց զույգը` իրար ձեռք բռնած: Ուրախ դիմավորում են նրանց: Բեմը ողողվում է բոսորագույն լույսերով:
հունվար-փետրվար, 2016թ.