Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ / ԵՐԿՈՒ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՀԻՆԳ ՊԵՐՍՈՆԱԺԻ ՀԱՄԱՐ

1-ին պատմությունը տեղի է ունենում ինչ-որ տեղ՝ Եվրոպայում:
2-րդ պատմությունը՝ հակամարտող երկու
երկրների սահմանագծին:

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋԻՆ
ՎԻՃԱԿԱԽԱՂ
Գործող անձինք
ԱՆՖԻՍԱ — փլուզված կայսրության նախկին քաղաքացի, 70-նն անց
ԱՅՇԵ — Թուրքիայից փախստական, 35 տարեկան
ԱՄԻՆԱ — Մերձավոր արևելքից փախստական, 21 տարեկան
ԱՐԱՄ — Հայաստանից փախստական, 40-նն անց
ՎԻԿՏՈՐ — բոլոր ժամանակներում՝ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ
Բեմը դատարկ է: Քայլերգի տակ ներս են մտնում 5 պերսոնաժները: Արագ ու վարժ բեմը դեղին ժապավենով բաժանում են 5 հավասար մասերի: Գնում-բերում են 5 աթոռ, իրեր և ամեն մասում իրերից «կույտ» են սարքում: Նրանցից մեկը իր «կույտի» միջից հանում է միկրոֆոնն ու վերածվում Ռեպորտյորի:
ՌԵՊՈՐՏՅՈՐ — Քիչ առաջ ավարտվեց վիճակախաղը: Հինգ երջանիկներ հազարավորների միջից ստացան այն միակ շանսը, որը նրանց կտա տանիք, անձնագիր և աշխատանք: Հիմա նրանց այստեղ կբերեն լիմուզինով. սա էլ, կարծում եմ՝ Եվրոպայի կենտրոնում լիմուզինով երթևեկելու նրանց միակ շանսն է: Ինչ-որ է, հինգ հաջողակները կապրեն նոր կյանքով, մեզ մնում է ցանկանալ նրանց՝ որ դիմանան նաև այդ փորձությանը… (Ծիծաղի կեսից լրջանում է:) Միշտ չէ, որ ուղիղ եթերում կատակը հաջող է լինում: Սա այդ դեպքն էր…
Պերսոնաժներից մեկը հրում է Ռեպորտյորին: Նա միկրոֆոնը խցկում է իրերի կույտի մեջ ու մյուսների հետ դուրս է գնում:
Լսվում են արգելակների ճռռոց, խոսակցությունների պատառիկներ ու… լռություն: Բեմ են մտնում 5 պերսոնաժները: Կանգնում են իրար շատ մոտ ու նայում են դահլիճ:
Խավար:
ՏԵՍԱՐԱՆ
Բեմը լուսավորվում է: Նրանք նույն դիրքով, անշարժ կանգնած են:
ՎԻԿՏՈՐ — Հետո՞…
ԱՐԱՄ — Այսի՞նքն…
ՎԻԿՏՈՐ — Երկա՞ր պիտի այստեղ ցցված մնանք:
ԱՐԱՄ — Ի՞նչ եք առաջարկում:
ՎԻԿՏՈՐ — Պարզ չէ՞:
ԱՆՖԻՍԱ — Որ պարզ լիներ, մինչև հիմա էստեղ ցցված չէինք մնա:
ԱՄԻՆԱ — (կամաց): Վախենում եմ…
ՎԻԿՏՈՐ — Ի՞նչ…
ԱՄԻՆԱ — (անտեսելով Վիկտորին՝ նայում է հատակին):
ՎԻԿՏՈՐ — (նրան զննելով): Պարզ է:
ԱՆՖԻՍԱ — Էդ երկու բա՞ռը գիտեք: (Նմանակելով:) «Պարզ է»… «Պարզ չէ»…
ՎԻԿՏՈՐ — (հեգնանքով): Տատիկը փորձում է կատակել…
ԱՆՖԻՍԱ — (չոր): Թոռնիկ չունեմ:
ԱՄԻՆԱ — (կամաց): Հետաքրքի՜ր է…
ՎԻԿՏՈՐ — Ի՞նչ:
ԱՄԻՆԱ — (չդիմելով ոչ մեկին): Ոչինչ:
ՎԻԿՏՈՐ — Պարզ է…
Բոլորը միաժամանակ նայում են նրան՝ հազիվ զսպելով ժպիտները:
ՎԻԿՏՈՐ — (շփոթված): Ի՞նչ եմ ժամանակ կորցնում… (Գնում նստում է իր հատվածում:)
ԱՐԱՄ — (Այշեին): Անսովոր է…
ԱՅՇԵ — Բայց վախենալու չէ: (Նայում է Ամինային:)
Ամինան գնում նստում է իր հատվածում:
ՎԻԿՏՈՐ — (Ամինային ակնարկելով): Այ թե ումից չէի սպասի նման համարձակություն:
Ամինան անտեսում է նրան:
ԱՆՖԻՍԱ — (չդիմելով ոչ մեկին): Մեկ-մեկ ուզում եմ բոլոր հասցեները, որտեղ ապրել եմ, գրի առնեմ, բայց վերջին պահին միտքս փոխում եմ:
ՎԻԿՏՈՐ — Երևում է, որ ալարկոտի մեկն ես:
ԱՆՖԻՍԱ — (Վիկտորին անտեսելով): Ու էդ ցուցակը տեղեկատուի չափ հաստ կլինի:
ՎԻԿՏՈՐ — (հեգնանքով): Այդքան քի՞չ:
ԱՆՖԻՍԱ — (չդիմելով ոչ մեկին): Էստեղ մշտական հասցե լինելո՞ւ է:
ԱՐԱՄ — Անպայման:
ԱՆՖԻՍԱ — Ուրեմն՝ գրավեմ տեղս: (Գնում-նստում է իր հատվածում:)
Արամն ու Այշեն նայում են իրար:
ԱՐԱՄ — Տվեք ձեր պայուսակը:
ԱՅՇԵ — Ծանր չէ:
ԱՐԱՄ — Բայց և այնպես՝ տվեք:
Վերցնում է պայուսակը, գնում նստում են իրենց մասերում, որոնք իրար կողք են:
ԱՐԱՄ — (Այշեին): Հարևաններ ենք:
ՎԻԿՏՈՐ — Զարմացրի՜ք… Այստեղ բոլորս հարևաններ ենք:
ԱՐԱՄ — (պայուսակը տալով Այշեին, դիմում է Վիկտորին): Կա «մոտիկ» ու կա «հեռու»:
ՎԻԿՏՈՐ — Ոչինչ էլ չկա: Պարզապես հաջողությունը ժպտացել է մեզ, եթե հավատանք վիճակախաղի կազմակերպիչներին:
ԱՆՖԻՍԱ — Քի՞չ բան է էդ ժպտալը:
ՎԻԿՏՈՐ — Հաջողությունը չպիտի ժպտա, երբ կամենա, պիտի ստիպես, որ ժպտա՝ երբ դու ես ուզում:
ԱՄԻՆԱ — (չդիմելով ոչ մեկին): Ասում են՝ այստեղ մշտական ջուր կա:
ԱՆՖԻՍԱ — Դա էլ չլինե՞ր:
ԱՄԻՆԱ — Անապատում ջուրը երազ է:
ԱՐԱՄ — Սա քաղաքակրթության կենտրոնն է, միք մոռանա:
ՎԻԿՏՈՐ — Անապատից ինչպե՞ս հասաք այստեղ:
ԱՄԻՆԱ — (առաջին անգամ նայում է Վիկտորին ու նորից հայացքը գամում է հատակին):
ՎԻԿՏՈՐ — (չդիմելով ոչ մեկին): Պարզ է, հարցերից խուսափում է:
ԱՅՇԵ — (Ամինային): Անապատից ինչպե՞ս հասաք այստեղ:
ԱՄԻՆԱ — Առաջին անգամ արել եմ, ինչ ինքս եմ որոշել:
ՎԻԿՏՈՐ — (քմծիծաղով): Պարզ է, իմ հարցերից է խուսափում:
ԱՆՖԻՍԱ — (բարեհոգի): Ինձ հարցեր տվեք:
ՎԻԿՏՈՐ — Ձեզ հարց տալը հակացուցված է:
ԱՆՖԻՍԱ — (մտախոհ): Նույնիսկ դուք հասկացաք:
ՎԻԿՏՈՐ — Տատիկը փորձում է ծաղրել: (Շուրջը զննելով:) Ե՞րբ են կառուցելու մեր բնակարանները:
ԱՐԱՄ — Մեկ օր՝ 24 ժամ պիտի մնանք այսպես, հետո արագ կկառուցեն և պարիսպ, և տուն:
ԱՆՖԻՍԱ — (կասկածով): Ի՞նչ գիտեք:
ԱՐԱՄ — (չոր): Վիճակախաղի պայմաններն եմ կարդացել:
ԱՆՖԻՍԱ — Միայն էդ էր պակաս… Ես հենց էնպես հերթագրվեցի, պարապ էի: Խաղարկության օրն էլ մոռացել էի… վերջին պահին հասա:
ԱՅՇԵ — Չեմ հասկանում… չէի՞ք մտածում, որ նորից անհասցե կմնաք:
ԱՆՖԻՍԱ — Իմ ապրածը որ ապրեք՝ կհասկանաք…
ԱՄԻՆԱ — (կամաց): Մեկ շաբաթ է՝ չեմ քնել, վախենում էի աչքերս փակել: Եթե չշահեի… (Ձայնը խզվում է:)
ԱՅՇԵ — Ես էլ անհանգիստ էի, բայց անքնություն չունեցա: Միշտ հավատացել եմ, որ հաջողակ եմ:
ԱՆՖԻՍԱ — Էնքան հաջողակ եք, որ մնացել եք վիճակախաղի հույսի՞ն:
ԱՅՇԵ — (չոր): Հենց դրա համար…
ԱՐԱՄ — Ես էլ դժվար օրեր անցկացրի: Գիտեի, որ սա վերջին հնարավորությունն է, բայց մտածում էի, որ շահելու դեպքում վերադառնալու հույսն եմ կորցնում:
ՎԻԿՏՈՐ — Չմասնակցեիք խաղարկությանը՝ հույսը չէր կորչի:
ԱՐԱՄ — Ինչպես տեսնում եք՝ չկարողացա:
ՎԻԿՏՈՐ — Իսկ ես գիտեի, որ շահելու եմ:
ԱՅՇԵ — Որտեղի՞ց գիտեիք:
ՎԻԿՏՈՐ — Որովհետև գիտեի:
ԱՆՖԻՍԱ — (ծաղրով, չդիմելով ոչ մեկին): Ինքը հաղթո՜ղ տեսակ է:
ՎԻԿՏՈՐ — Հիմա տատիկը փորձեց գուշակել:
ԱՆՖԻՍԱ — Ու սխալվեցի: Հաղթողը էստեղ չէր լինի:
ՎԻԿՏՈՐ — Ես զինվոր եմ, իմ հաղթանակն ու պարտությունը իրար պիտի հավասարակշռեն:
ԱՐԱՄ — Ուրեմն՝ սպասենք հաղթանակին, որովհետև հիմա պարտված եք:
ՎԻԿՏՈՐ — (տեղից ելնելով): Բա՞ն ասացիք…
Վիկտորն ու Արամը տեղերից բարձրանում, նայում են իրար:
ԱՅՇԵ — Զսպեք ձեզ: Մեկ օրը կամ 24 ժամը հենց այնպես չեն տվել մեզ: Ինչո՞ւ չեք մտածում, որ վիճակախաղը դեռ շարունակվում է:
Վիկտորն ու Արամը, շարունակելով մենամարտել հայացքներով, դժկամ նստում են:
ԱՐԱՄ — Ուզում եք ասել… սա հատո՞ւկ է արված:
ԱՅՇԵ — Գուցե նրանք ուզում են վստահ լինել, որ կարող ենք ապրել կողք-կողքի:
ԱՆՖԻՍԱ — (կասկածով): Ու դա պիտի պարզվի մեկ օրո՞ւմ:
ԱՄԻՆԱ — Մեկ օրը կարող է ձգվել… կարող է քարանալ ու տեղում մնալ… կարող է գողանալ տարին ու պահել իր մեջ…
ՎԻԿՏՈՐ — 24 ժամ չենք խոսի… օրը կանցնի:
ԱՐԱՄ — Ընդհակառակը՝ խոսենք, որ օրը անցնի:
ԱՅՇԵ — Համաձայն եմ:
ՎԻԿՏՈՐ — (հեգնանքով): Պայուսակը քարշ տալուց հետո ինչպե՞ս կարող եք չհամաձայնվել նրա հետ:
ԱՐԱՄ — Համարեք՝ չլսեցի:
ԱՆՖԻՍԱ — (չդիմելով ոչ մեկին): Մեր գյուղի վերջին տներից մինչև հորիզոնը ցորենի արտեր էին: Գարնանը՝ կանաչ, ամռանը՝ դեղին ու զրնգացող՝ չորացած հասկերից: Մորս հետ ճաշ էինք տանում հորս ու եղբայրներիս: Նստում էինք նոր քաղած խոտերի վրա, կաթի հետ ուտում սև, թթվաշ սև հացն ու խոսում էինք… խոսում էինք… (Սրբում է արցունքը:)
ՎԻԿՏՈՐ — (հեգնանքով): Այդպես խոսելով ձեր գյուղից հասաք այստե՞ղ:
ԱՆՖԻՍԱ — (համարյա թշնամական տոնով): Նոր ժամանակներ եկան… տնտեսությունը ավերվեց… մեր գյուղը մեռավ…
ՎԻԿՏՈՐ — Հայրդ ու եղբայրներդ է՞լ մեռան:
ԱՆՖԻՍԱ — Երբ տղամարդն անգործ է մնում, իրեն կորցնում է… խմում է: Երբ բոլորն են խմում՝ գյուղը մեռնում է:
ՎԻԿՏՈՐ — Գյուղում ուրիշ կին չկա՞ր… ձեզնից բացի:
ԱՆՖԻՍԱ — Երբ տղամարդիկ խմում են, կնիկները ծերանում են ժամանակից շուտ: Ով կարողացավ՝ թողեց-փախավ: Ինձ տես ու էլ հարց չտաս:
ՎԻԿՏՈՐ — Ե՞րբ անցանք «դու»-ի…
ԱՆՖԻՍԱ — Երբ որոշեցիր քրքրել հոգիս…
ԱՄԻՆԱ — (նրանց լարումը պարպելու միտումով): Այստեղ ջուր չեմ տեսնում:
ԱՐԱՄ — (իր «կույտից» հանելով ջրի պլաստիկե շիշը՝ մեկնում է նրան): Խնդրեմ:
ԱՆՖԻՍԱ — (կասկածով): Իմ խլամանոցում է՞լ դրանից կա:
ԱՐԱՄ — Նաև ուտելիք:
ԱՆՖԻՍԱ — Բայց շա՜տ աչքաբացն ես…
ԱՄԻՆԱ — (վանելով շիշը): Շշով չեմ ուզում: Ծորակից հոսող ջուր եմ ուզում՝ տաք, սառը…
ԱՅՇԵ — Սառցային…
ԱՄԻՆԱ — Հատկապես՝ սառցային: (Անսպասելի վստահությամբ, որ միամտության է նման:) Ասում են՝ այդ ջրից մարդու ատամները մրսում են: (Չդիմելով ոչ մեկին:) Մրսո՞ւմ են…
4 պերսոնաժները միաժամանակ անվստահ, հետո աստիճանաբար նախ ժպտում են, հետո ծիծաղում, որը վերածվում է անզուսպ հռհռոցի: Ամինան սկզբում լուռ, առանց էմոցիայի նայում է նրանց, հետո փորձում է ժպտալ՝ չի կարողանում: Գլուխն առնում է ափերի մեջ ու կծկվում, ասես ուզում է չերևալ: Լռություն է տիրում:
ՎԻԿՏՈՐ — (արդարանալով): Մեր վիճակում ծիծաղելը չի խանգարի… ժամանակն անցնում է:
ԱՅՇԵ — (արդարանալով): Լիցքաթափվելու պահանջ ունենք՝ վերջին շաբաթը շատ լարված էր:
ԱՐԱՄ — Ծիծաղը մտերմություն է ստեղծում, կամ նման մի բան…
ԱՆՖԻՍԱ — Համաձայն եմ, ծիծաղելն ավելի լավ է, քան սովից մեռնելը: (Ի պատասխան բոլորի միանման հայացքներին:) Տատիս խոսքն է: Պատմում էր, որ պատերազմից հետո սով է եղել… Մի օր տատիս եղբայրն ասել է՝ ավելի լավ է մեռնեմ ծիծաղից, քան սովից: Ու սկսել է ծիծաղել… Տատս ասում էր՝ որ ապրեր, սրտակեր տղամարդ էր դառնալու: Իսկ նա շունչը փչեց: Տատս ասում էր՝ սովից… Իսկ ես համոզված եմ, որ օրգանիզմը ծիծաղից ետ էր վարժվել, չէր դիմացել ծիծաղին:
ԱՄԻՆԱ — Ի՞նչ եք ուզում ասել:
ԱՆՖԻՍԱ — Ծիծաղի համար ավելի մեծ ուժ է պետք, թե չէ ով ասես՝ լաց կլինի:
ԱՄԻՆԱ — (համարյա թշնամանքով): Ի՞նչ գիտես լացի մասին:
ԱՆՖԻՍԱ — (հաշտ): Եթե ասեմ, որ ոչինչ չգիտեմ՝ քեզ լավ կզգա՞ս:
ԱՄԻՆԱ — Խղճահարության կարիքը չունեմ:
ՎԻԿՏՈՐ — (չդիմելով ոչ մեկին): Էհե՜… սրանք էլ արդեն անցան «դու»-ի…
ԱՄԻՆԱ — Լացը արցունք է, արցունքը՝ ջուր:
ԱՅՇԵ — Դրա համա՞ր ես անարցունք լալիս:
ԱՐԱՄ — (մեղմ՝ Ամինային): Մեկ շաբաթից տները պատրաստ կլինեն:
ԱՆՖԻՍԱ — Չէ մի չէ՝ մեկ շաբաթ…
ԱՐԱՄ — Մաս-մաս բերում, տեղում միացնում են:
ԱՆՖԻՍԱ — Էլի՛ գիտունությունդ ես ցուցադրում:
ԱՐԱՄ — Պարզապես…
ՎԻԿՏՈՐ — Արդեն լսել ենք՝ խաղի պայմանները ուշադիր ես կարդացել:
ԱՐԱՄ — Այդպիսի՛ տներ եմ կառուցել… Շինարար եմ: (Դադար:) Նաև շինարար եմ:
ԱՅՇԵ — Նաև՞…
ԱՐԱՄ — (ներփակվելով): Կարևոր չէ… (Ամինային.) Մեկ շաբաթից սրտի ուզածի չափ ջուր կունենաք:
ՎԻԿՏՈՐ — (հեգնանքով): Խոհանոցում, լոգարանում, անգամ՝ զուգարանակոնքում՝ միայն հասցրու օգտագործել ըստ նշանակության:
ԱՄԻՆԱ — (սևեռուն նայում է Վիկտորին): Քո տեսակը ամեն տեղ կա ու ամեն տեղ նույնն է:
ՎԻԿՏՈՐ — (անակնկալի եկած): Անցանք «դու»-ի՞…
ԱՄԻՆԱ — (չարությամբ): Անհոգի… անսիրտ…
ՎԻԿՏՈՐ — Ստոպ… Սպանել՝ սպանել եմ, պատերազմում ուրիշ ինչ կարող եմ անել, բայց ասել, որ անհոգի եմ… անսի՞րտ…
ԱՄԻՆԱ — Պատերազմում պիտի սպանես: Բայց քո տեսակը խաղաղության մեջ էլ է սպանում:
ԱՆՖԻՍԱ — (Ամինային): Ֆեմինի՞ստ եք:
ԱՅՇԵ — Անապատում ֆեմինիզմ չի աճում, ավազը արմատները չի պահում:
ԱՐԱՄ — Այդ արմատները ներս են աճում… (Ցույց տալով սիրտը:) Այստեղ… երևի:
ՎԻԿՏՈՐ — Ձեր կասկածելի փիլիսոփայությունն էր միայն պակաս… Ինձ լուրջ մեղադրանք ներկայացրին՝ չճանաչելով ինձ:
ԱՅՇԵ — (ծաղրով): Սատիսֆիկացիա պահանջեք:
ՎԻԿՏՈՐ — Ումի՞ց… (Ակնարկելով Ամինային՝ արհամարհանքով:) Նրանի՞ց… Իզուր էլ բորբոքվեցի: (Փորձում է անվրդով ծխել:)
ԱՄԻՆԱ — (մեկուսի): Մեդինային հողի մեջ ողջ թաղեցին… հարևանի տղայի հետ գաղտնի հանդիպել էին… Պապն ու հայրը 16 տարեկան աղջկան թաղեցին ու տուն գնացին: Ամիս ու կես անցավ, մինչև նրան գտան: Աիշային մինչև վիզը թաղեցին ու քարածեծ արեցին… հետո հողը ետ տվեցին, տեսան, որ շնչում է՝ նորից թաղեցին… Իսկ նա սիրահարվել էր… առաջին անգամ:
ԱՆՖԻՍԱ — (սահմռկած): Զառանցո՞ւմ է… բժի՞շկ կանչենք…
ԱՄԻՆԱ — Եղբայրս սպանեց քրոջս ու մի տղայի, ում հետ իբր քույրս սեր էր անում…
ՎԻԿՏՈՐ — Իսկ անո՞ւմ էր…
ԱՅՇԵ — (Վիկտորին): Լռեք: (Դադար:) Սարսափելի է…
ԱՄԻՆԱ — Սարսափելին այն է, որ եղբայրս չզղջաց, նույնիսկ երբ պարզվեց, որ քույրս անմեղ էր:
ԱՆՖԻՍԱ — Էդ ի՞նչ կանանց կոտորած է:
ԱՅՇԵ — Լավ ասացիք՝ կոտորած: Երկրներ կան, որ դրան ասում են «ընտանիքի պատիվ»:
ԱՄԻՆԱ — Ես չեմ ուզում սպանվել հորս կամ եղբորս ձեռքով: Չէ, թող սպանեն, բայց հետո զղջան… գոնե մի վայրկյան…
ԱՐԱՄ — (պլաստիկե բաժակի մեջ ջուր է լցնում, մեկնում Ամինային): Ձեզ անհրաժեշտ է ջուր խմել:
ԱՄԻՆԱ — (վերցնում է բաժակը): Ես փախել եմ:
ՎԻԿՏՈՐ — Ինչպե՞ս հաջողեցրիք:
ԱՄԻՆԱ — Չեմ հիշում: Անծանոթ դեմքերը… քաղաքները… ճանապարհները, որ անցնում էին աչքերիս դիմաց… Ոչինչ չեմ հիշում, միայն ավազը՝ մինչև հորիզոն ու միակ միտքը՝ «Վերջին անգամ ջուր խմեմ ու…»: (Խմում է մինչև վերջ, բաժակը ճմրթում ձեռքերի մեջ:) Իմ ընտանիքն ինձ անիծել է, ես բորոտ եմ, բայց… վախ չունեմ:
ԱՆՖԻՍԱ — (մոտենում, գրկում ու համբուրում է): Ապրես: Ես էլ նույնը կանեի:
ՎԻԿՏՈՐ — (երկիմաստ): Դու կանեի՜ր…
ԱՆՖԻՍԱ — (Վիկտորին): Գիտե՞ս, հիմա քո լռելը ինչ գին ունի: (Վիկտորը դեմքը շրջում է: Ամինային.) Շատ նիհար եք… կաշի ու ոսկոր: Բայց աչքերիդ մեջ կյանք կա: Դա լավ է, ուրեմն կդիմանաք… Անկեղծ եք, երբ ասում եք, որ չեք վախենում, թեև չեմ հավատում: Ես վախի հոտն զգում եմ…
ԱՅՇԵ — (Անֆիսային՝ հանդիմանանքով): Չե՞ք հասկանում, թե ինչերի միջով է անցել նա:
ԱՆՖԻՍԱ — Դուք չեք անցել, բայց պակաս վախեցածը չեք:
ԱՅՇԵ — Որտե՞ղ վախ տեսաք… Գաղտնի չեմ փախել, ծնողներս չեն առարկել… Ես ուզում եմ կյանքը տեսնել: Ես գրող եմ… (ավելի կամաց) ուզում դառնալ:
ՎԻԿՏՈՐ — (չարախինդ): Չգիտեի, որ ուզելով են գրող դառնում:
ԱՅՇԵ — (համառ): Ես գիտեմ՝ ինչ եմ ուզում:
ԱՐԱՄ — Ինչի՞ մասին եք ուզում գրել:
ԱՅՇԵ — Մարդկանց:
ՎԻԿՏՈՐ — Նույնիսկ մե՞ր մասին:
ԱՅՇԵ — Ինչո՞ւ ոչ: (Սադրող:) Իսկ եթե այս վիճակախաղին մասնակցել եմ հատուկ նպատակո՞վ:
ՎԻԿՏՈՐ — Վատ չեք մտածել՝ մենք խոսենք, դուք գրեք:
ԱՅՇԵ — Միայն խոսելով չէ:
ՎԻԿՏՈՐ — Ախ, ձեզ գործողություն է պետք, action!.. (Իր «կույտը» ցրիվ է տալիս:) Խնդրեմ:
ԱՅՇԵ — (արհամարհանքով): Ձեր արածը գրելու արժանի չէ:
ՎԻԿՏՈՐ — Ինչո՞ւ:
ԱՅՇԵ — Բացատրություն տալու սովորություն չունեմ:
ՎԻԿՏՈՐ — (համոզված): Խելացի կինը գեղեցիկ չպիտի լինի:
ԱՅՇԵ — Չեք կարող ինձ վիրավորել:
ԱՆՖԻՍԱ — Կամ էլ պիտի խուլ ու համր լինի:
ԱՅՇԵ — Իսկ ձեզ ե՛ս չեմ կարող վիրավորել:
ՎԻԿՏՈՐ — (ծաղրով): Համա թե իրավիճակ է…
ԱՐԱՄ — (Այշեին): Ձեզ հուզեց նրա արածը:
ԱՅՇԵ — Ամենևին:
ԱՐԱՄ — Ինչո՞ւ եք ժխտում, դա ակնհայտ էր:
ԱՅՇԵ — (դադարից հետո): Որովհետև ինձ ծաղրելու համար արեց:
ԱՐԱՄ — Ուզում եք գրող դառնալ… փորձեք մեծահոգի լինել:
ՎԻԿՏՈՐ — Ի՞նչ է նա տեսել իր կարճլիկ կյանքում: Դատելով կաշվե թանկարժեք կոշիկներից՝ հոգսի մասին պատկերացում չունի:
ԱՄԻՆԱ — (կամաց): Իսկ կրունկները կիսամաշ են…
ԱՅՇԵ — (փորձում է թաքցնել կրունկները: Ամինային): Թողեք՝ խոսի:
ՎԻԿՏՈՐ — Խոսեմ: Տասնութ տարեկան բանակում հայտնվեցի, մի քանի օր պահանջվեց հասկանալու համար, որ այդ կյանքը ինձ համար չէ: Մի կերպ ժամկետը քարշ տվեցի ու տուն վերադարձա: Շատ չանցած հասկացա, որ խաղաղ կյանքն էլ ինձ համար չէ: Փակուղի էր… Բայց ելք միշտ կա:
ԱՅՇԵ — Ո՞րն էր ձեր գտած ելքը:
ՎԻԿՏՈՐ — Վարձկան զինվոր: Որտեղ կռիվ՝ ես այնտեղ: Որտեղ կրակոց՝ ես խրամատում… Փառք Արարչին, գործազրկության վտանգ չկա. մի տեղ կոնֆլիկտը մարում է՝ մեկ այլ տեղ՝ պայթում: Դու միայն հասցրու իմանալ՝ որտեղ, ճշտել՝ ինչքան կվճարեն, իսկ մնացածը… նույնն է: Ամեն տեղ՝ նույնը:
ԱՐԱՄ — (մտախոհ): Մահ:
ՎԻԿՏՈՐ — Շատ պաթետիկ է: Իմը վարձատրվող աշխատանք է:
ԱՄԻՆԱ — Նույնիսկ չեք պատկերացնում՝ որքան խղճուկ եք:
ՎԻԿՏՈՐ — Եթե գաղափարի համար սպանեի, խղճուկ չէի՞ երևա ձեր գեղեցիկ աչքերին:
ԱՐԱՄ — Հիմա ժամանակավոր դադա՞ր է, թե՞ կոնֆլիկտներն են մահացել:
ՎԻԿՏՈՐ — Ավելի լավ է՝ լռեք: Այստեղ երեք կին է, բայց հարց է՝ քանի տղամարդ է:
ԱՐԱՄ — Կարող ենք պարզել:
Իրավիճակը կրկին լարվում է:
ԱՅՇԵ — (Վիկտորին): Քեզ համոզել ես, որ պատերազմելուց բացի ոչինչ անել չես կարող: Հիմա էլ մեզ ես փորձում համոզել, որ շարունակում ես պատերազմել, թեկուզ՝ անշունչ առարկաների դեմ: (Դադար:) Ումի՞ց ես վրեժ լուծում:
ՎԻԿՏՈՐ — (լուռ է):
ԱՅՇԵ — Այդ ի՞նչ վրեժ է, որ չի մարում:
ՎԻԿՏՈՐ — Չկայացած գրողի խղճուկ փորձեր…
ԱՅՇԵ — Ծնողներիդ նամակ գրո՞ւմ ես… կանոնավոր, շաբաթը մեկ:
ՎԻԿՏՈՐ — (ակամա պատասխանում է): Տաս օրը մեկ:
ԱՅՇԵ — Ամեն ամսվա սկզբին գումար ուղարկո՞ւմ ես…
ՎԻԿՏՈՐ — (հիպնոսվածի պես): Ամսվա կեսին:
ԱՅՇԵ — Ուրեմն՝ նրա՛նք չեն քո չարության մեղավորը:
ՎԻԿՏՈՐ — (կոպիտ): Թեման փակիր:
ԱՅՇԵ — Ի՞նչ էր եղել բանակում:
ՎԻԿՏՈՐ — Լռի՛ր:
ԱՅՇԵ — 18 տարեկան էիր… կարծում էիր, ծառայելու ես… դե ասա, մի ամաչիր:
ՎԻԿՏՈՐ — (հիպնոսված): Ծառայելու եմ Հայրենիքին:
ԱՅՇԵ — Պարզվեց՝ ծառայելու ես հրամանին:
ՎԻԿՏՈՐ — (հավաքում է ցրիվ եղած իրերն ու նստում նրանց կողքին):
Լռություն:
ԱՆՖԻՍԱ — Դաժան ես:
ԱՅՇԵ — Իսկ ուրիշ ընտրություն ունե՞մ:
ԱՐԱՄ — Գրում են միայնության մեջ, լուռ: Իսկ դուք… գրեցիք բոլորի ներկայությամբ, բարձրաձայն…
ԱՅՇԵ — (նստում է): Ես գրող կդառնամ:
ՎԻԿՏՈՐ — Համարեք, որ դարձաք:
ԱՐԱՄ — (գնում, նստում է Վիկտորի կողքը, սիգարետ է տալիս, ծխում են: Նայում է ժամացույցին:) Ժամացույցս կանգ է առել:
ՎԻԿՏՈՐ — (նայում է իր ժամացույցին): Իմն էլ չի աշխատում…
ԱՆՖԻՍԱ — Ժամացույց չունեմ: Երբեք չեմ ունեցել ու տանել չեմ կարող ժամացույց կոչվածը, բայց դա չի նշանակում, որ հիմա չեմ ուզում ժամն իմանալ:
ԱՄԻՆԱ — (օրորում է գլուխը): Ես չգիտեմ… ու չեմ ուզում իմանալ:
ԱՅՇԵ — (նայում է հեռախոսի էկրանին): Սա էլ է անջատվել:
ԱՐԱՄ — (վերադառնալով իր տեղը): Ոչինչ չեմ ակնարկում, բայց սա ինձ դուր չի գալիս:
ԱՅՇԵ — Դուր գա, թե չգա, փաստն այն է, որ ժամանակը կանգ է առել:
ԱՆՖԻՍԱ — Իսկ դա կարևո՞ր է: Այ, եթե հիմա մի բաժակ…
Բոլորը նրան են նայում:
ԱՆՖԻՍԱ — Օղի չէ, թեյ լիներ: (Արամին.) Գուցե հնարը գտնե՞ք:
ԱՐԱՄ — Եկեք ստուգենք, թե ի՞նչ կա այս կույտերի մեջ:
Բոլորը տնտղում են իրերը:
ԱՅՇԵ — (տուփը թափահարելով): Գտա… թեյ…
ԱՆՖԻՍԱ — (ստուգելով իր մետաղյա տուփի պարունակությունը): Շաքար…
ԱՐԱՄ — Նույնիսկ՝ լիմոն:
Ամինան պարկից պլաստիկե բաժակներ է հանում: Բոլորը նայում են Վիկտորին: Նա լռությունից սթափվում է, նայում: Նրանք, ձեռքերում պահածները թափահարելով հասկացնում են՝ հերթը քոնն է… Վիկտորը խառնշտում-գտնում է թերմոսը:
4 պերսոնաժները շրջապատում են Վիկտորին: Ամինան բաժակներն է բաժանում: Այշեն՝ թեյի պարկիկները: Անֆիսան շաքար է լցնում: Արամը ծալովի դանակով կտրում է լիմոնը: Բոլորի բաժակները պատրաստ են: Նրանք ցուցադարական զգաստ շարվում են կողք-կողքի ու մեկնում բաժակները: Վիկտորը եռացած ջուրը լցնում է բաժակները: Բոլորը թեյ ունեն, բացի Վիկտորից: Կարճ շփոթմունքից հետո ամեն մեկը իր բաժակից լցնում է նրա բաժակի մեջ: Սինխրոն խմում են: Ինչ-որ պահի Անֆիսան խախտում է համաչափությունը: Այս ընթացքում շինծու աշխուժությունը աստիճանաբար նվազում է, իսկ երբ թեյը խմված է, իսպառ անհետանում է: Ամեն մեկը վերադառնում է իր տեղը:
ԱՄԻՆԱ — Ուզում եմ նոր կյանք ստեղծել: Ծիծաղելի է, նորն ես սկսում՝ հասկանալով, որ անցյալը միշտ քեզ հետ է:
ԱՆՖԻՍԱ — Ծիծաղելի չէ: Սարսափելի է, երբ անցյալից հրաժարվում ես: Սխալ ասացի՝ սարսափելի է, երբ անցյալն է քեզնից հրաժարվում:
ՎԻԿՏՈՐ — Ի՞նչ երազ եք տեսնում… (Ի պատասխան բոլորի զարմացած հայացքների:) Չեմ պահանջում, որ ինտիմ մանրամասներ պատմեք… (Երկիմաստ քմծիծաղում է:) Ընդհանրապես երազ տեսնո՞ւմ եք:
ԱՅՇԵ — Ինչպե՞ս կարելի է առանց երազների…
ՎԻԿՏՈՐ — Սարսափում եմ երազներից: Ու չեմ տեսնում: Փակում եմ աչքերս ու ընկնում սև անդունդը: Դեմ չե՞ք, մեկ անգամ էլ գլորվեմ սև անդունդի մեջ… (Փակում է աչքերը:)
ԱՆՖԻՍԱ — Երազում երգում եմ: Մեր երկինքը՝ բարձր, անծայր հորիզոնի վրա մայր մտնող արևը… Իսկ ես երգում եմ մորս օրորոցայինը, սիրտս ուռչում է ու ամեն անգամ քիչ է մնում՝ պայթի: (Դադար:) Մի գիշեր սիրտս իսկապես կպայթի ու չեմ ափսոսա, որ երգս կիսատ կմնա: Գիտեմ, որ դեմ չեք լինի, եթե մի քիչ երգեմ… (Փակում է աչքերը:)
Ամինան փաթաթվում է գլխաշորի մեջ ու փակում է աչքերը:
ԱՐԱՄ — (Այշեին): Դուք…
ԱՅՇԵ — Իսկ դո՞ւք…
Ծիծաղում են:
ԱՅՇԵ — Գիրքս որ գրեմ… (Կասկածով:) Եթե գրեմ…
ԱՐԱՄ — Անպայման կգրեք:
ԱՅՇԵ — Կարծո՞ւմ եք:
ԱՐԱՄ — Հայրական տնից հեռանալն արդեն գրքի գրվելու երաշխիքն է:
ԱՅՇԵ — Գիրքս կգրեմ, կտպագրեմ ու կտանեմ ծնողներիս, քույրերիս ու եղբայրներիս, բոլոր բարեկամներիս ցույց տալու: Նրանք պիտի հասկանան, որ իմ ընտրությունը ճիշտ էր:
ԱՐԱՄ — Բոլորը կհավաքվեն ամենամեծ սենյակում, ճոխ սեղան կբացեն…
ԱՅՇԵ — Սեղանը կբացենք մեր այգում: Այգու երեք հարյուր տարեկան ընկուզենու տակ:
ԱՐԱՄ — Որը տնկել է ձեր պապի-պապի-պապի-պապի…
ԱՅՇԵ — Պետք չէ այդքան հեռու գնալ: Այդ տանը ապրում ենք… երևի հարյուր տարի: Մեծ պապս պատմել է, որ տունը ընտրել է հենց այդ ընկուզենու համար: Պատկերացրեք կայծակից երկու կես եղած հսկա ծառ… Միայն իմանաք՝ ինչ ընկույզ է աճում… Նրա համը ոչնչի հետ չեք շփոթի:
ԱՐԱՄ — Կայծակից կիսված ընկուզենի… հետաքրքիր է:
ԱՅՇԵ — Ի՜նչ գեղեցկություն է… կարոտեցի:
ԱՐԱՄ — Մեր ընտանիքում մի պատմություն կա… (Մտախոհ:) Ինչո՞ւ հիշեցի…
ԱՅՇԵ — Պատմեք, միևնույն է, քնել չի լինում:
ԱՐԱՄ — Իմ պապի-պապի-պապի… չգիտեմ՝ որերորդ պապը մեր այգու ընկուզենու տակ նստած է եղել: Անձրև է սկսվել, ամպրոպ, իսկ նրա մտքով չի անցել տուն մտնել. ծառի փարթամ սաղարթի տակ՝ ասես հովանոցի տակ նստած լինես: Ու հանկարծ՝ կայծակը խփում է ծառին: Կիսված ծառի երկու մասերն սկսում են թեքվել, ու կայծակի ձայնից դուրս վազած տնեցիները զարմանքից քարացել են՝ պապս գրկել է ծառի կիսված բներն ու պահում է, իսկ նրա գլխավերևում այրվում են ճյուղերը: Հրդեհը հանգցնում են օգնության եկած հարևանների հետ, և այդ ամբողջ ընթացքում պապս պահել է ծառը… մինչև հենակներ են դրել, ու ընկուզենին փրկվել է:
ԱՅՇԵ — Հենց հիմա պատկերացրի՝ նայում եք այդ ընկուզենուն ու տեսնում ձեր պապի ստվերը:
ԱՐԱՄ — Չեմ տեսնում… Չեմ կարող տեսնել: Հարյուր տարի առաջ կորցրել ենք մեր տունը, այգին… երկու կես եղած ընկուզենին:
ԱՅՇԵ — Ինչպե՞ս կարելի է այդ ամենը կորցնել:
ԱՐԱՄ — Ինչպես որ հնարավոր է այդ ամենը գտնել:
Լռություն:
ԱՅՇԵ — (զգուշավոր): Ինձ դուր չի գալիս այս խոսակցությունը:
ԱՐԱՄ — Փոխենք թեման:
ԱՅՇԵ — Կհաջողվի՞…
ԱՐԱՄ — Փորձեք:
ԱՅՇԵ — (ընդունելով մարտահրավերը): Շարունակենք:
ԱՐԱՄ — Շարունակենք:
ԱՅՇԵ — Չգիտեմ ինչու, համոզված եմ, որ կարող եք գուշակել, թե փոքր ժամանակ որն է եղել իմ ամենասիրած խաղը:
ԱՐԱՄ — Կարծում եմ՝ շատ չարաճճի եք եղել… չեմ կարող գուշակել:
ԱՅՇԵ — Պահմտոցին: Ամեն անգամ թաքնվել եմ նույն տեղում, թեև ամեն անգամ առաջինը ինձ են գտել: Այ, այդ տեղը դուք հաստատ չեք կարող գուշակել:
ԱՐԱՄ — Մեր պատմությունն ասում է… կայծակից հետո ընկուզենու մի կեսում խոռոչ է բացվել ու աստիճանաբար այնքան է մեծացել, որ երեխաների ամենասիրած տեղն է եղել… պահմտոցի խաղալու ժամանակ:
ԱՅՇԵ — Ի՞նչ եք ուզում ասել…
ԱՐԱՄ — Ոչինչ: Որովհետև հիմա այստեղ ենք, բայց մինչև այստեղ մեր ճամփաները տարբեր են եղել:
ԱՅՇԵ — Լավ է, որ դուք եք ասում, թե չէ… Նոր մտքովս անցավ՝ մենք (ցույց տալով նաև մնացածներին) նույնիսկ իրար անունները չգիտենք:
ԱՐԱՄ — Դրա համար ժամանակ ունենք ավելի, քան պետք է:
ԱՅՇԵ — Գուցե, բայց հիմա ուզում եմ… ոչ, անունս չեմ ասի, բայց տեղեկացնեմ, որ ծնվել եմ, ինչպես նաև իմ նախնիները, Էրզրումում: Չեմ կարծում, որ այդ անունը լսած լինեք:
ԱՐԱՄ — Էրզրում… (Դադար:) Մեր տնից երևում էր ամրոցը… Դարպասից ներս ես մտնում՝ աջ կողմում ընկուզենին է, դիմացը՝ սև քարերով կառուցված միհարկանի տունը: Մեզ համար Էրզրումը Կարինն էր… (Գլուխն առնում է ափերի մեջ:)
ԱՅՇԵ — (համառ): Մերը առանձնատուն է՝ երկհարկանի… (Դադար: Կամաց:) Առաջին հարկը սև քարով է շարված… (Դադար:) Ինչո՞ւ հայտնվեցինք կողք-կողքի:
ԱՐԱՄ — Քարտեզի վրա էլ ենք կողք-կողքի:
ԱՅՇԵ — Ձեր պատմությունը ոչ մի կապ չունի իմ պատմածի հետ:
ԱՐԱՄ — Ընկուզենու մասին մոռացաք…
ԱՅՇԵ — (հեգնանքով): Ընկուզենին ինձ ոչինչ չի պատմել:
ԱՐԱՄ — Նա հիշողությունն է պահում:
ԱՅՇԵ — Ձեզ համա՞ր…
ԱՐԱՄ — Նաև՝ ձեզ: Չէ՞ որ հարյուր տարի դուք եք վայելում նրա ընկույզները, որոնց համը ոչնչի հետ չեք շփոթի:
ԱՅՇԵ — Սա աբսուրդ է… մենք հիմա խոսում ենք… ինչի՞ մասին ենք խոսում մենք: Նման զուգադիպություն չի կարող լինել անգամ այս տարօրինակ խաղի պայմաններում:
ԱՐԱՄ — Զուգադիպություն չի լինում, բայց կա անհրաժեշտություն:
ԱՅՇԵ — Այսինքն՝ տունս, ծնողներիս թողել, այստեղ եմ հասել, որ լսեմ ձեր ընտանիքի պատմությո՞ւնը:
ԱՐԱՄ — Ինչո՞ւ՝ ոչ: Գուցե ես էլ այստեղ եմ հայտնվել՝ տեսնելու համար, թե ով է ապրում իմ նախնիների տանը:
ԱՅՇԵ — Հանգիստ թողեք իմ տունը, այգին, իմ մանկության ծառը…
ԱՐԱՄ — Հիմա ձերն է տունը, այգին, անգամ՝ ծառը… ինչո՞ւ եք նյարդայնանում:
ԱՅՇԵ — Իսկ տեսե՞լ եք ձեր հայացքը… ինչպես եք ինձ նայում:
ԱՐԱՄ — Պարզապես ձեր աչքերի մեջ ուզում եմ տեսնել տունը, այգին…
ԱՅՇԵ — Ծա՛ռը: Իմ մանկությա՛ն ծառը: (Գոռում է:) Ի՛մ տունը, ի՛մ այգին, ի՛մ ծառը…
ԱՐԱՄ — (շուրջը նայելով): Չեն արթնանում:
ԱՅՇԵ — Գիտեն՝ երբ արթնանան: (Չոր:) Ի՞նչ է ձեր ուզածը:
ԱՐԱՄ — Փոքր ժամանակ տեսնեի հսկա ընկուզենին… ու նրան պահող պապիս ստվերը:
ԱՅՇԵ — Իսկ սկզբում թվաց՝ լավ հարևաններ կլինենք: (Զննելով բաժանող գծերը:) Պարիսպները ի՞նչ բարձրություն են ունենալու:
ԱՐԱՄ — Ձեր հույսը պարի՞սպն է:
ԱՅՇԵ — Ինչքան հասկանում եմ, այլ տարբերակ ունեք:
ԱՐԱՄ — Ունեմ: Բայց չեմ ասի: Կսպասեմ, մինչև դուք գուշակեք:
ԱՅՇԵ — Գուշակելու ձիրք չունեմ:
ԱՐԱՄ — Ուրեմն՝ երբ կուզենաք հասկանալ:
ԱՅՇԵ — (դադարից հետո): Կարծում եք, պատահակա՞ն հայտնվեցինք իրար կողք:
ԱՐԱՄ — Իհարկե, ոչ:
ԱՅՇԵ — Եվ ո՞վ մեզ բերեց այստեղ…
ԱՐԱՄ — Ընկուզենին…
ԱՅՇԵ — Եթե այս խաղը շահենք ու մնանք այստեղ՝ մտածելու շատ բան կունենանք: Գոնե ես ու դուք…
ԱՐԱՄ — Լավ ասացիք՝ մտածել: Մտածելը սկիզբն է:
ԱՆՖԻՍԱ — (աչքերը փակ): Ինչի՞ սկիզբն է:
ԱՄԻՆԱ — (աչքերը բացելով): Գուցե… նորի՞…
ԱՐԱՄ — Արթնացա՞ք…
ՎԻԿՏՈՐ — Մենք գիտենք՝ երբ արթնանանք: Իսկ մարդուն մոտենալու ամենակարճ ճանապարհը մտածելն է:
ԱՅՇԵ — (հեգնանքով): Եվ ո՞վ է դա ասում…
ՎԻԿՏՈՐ — Եթե խաղը շահենք ու մնանք այստեղ՝ ասելու շատ բան կունենանք: Բոլորս:
ԱՄԻՆԱ — Ես ասելու բան չունեմ: Հենց հիմա հայտարարում եմ՝ ինձ հանգիստ թողեք: Եթե խաղը շահենք, ու ես տուն ունենամ, երկար եմ ապրելու պատերի ներսում, մինչև… չգիտեմ՝ մինչև երբ:
ԱՆՖԻՍԱ — Իսկ ես հայտարարում եմ, որ հարևանությունը լավ բան է, բայց հոգիս չփորփրեք: Տոն կլինի, ծնունդ… միասին նշենք, դեմ չեմ, բայց հետո ես ինքս կփորփրեմ իմ հոգին: Հզոր երկիր կորցրածի հոգին ոչ մեկը չի հասկանա…
ՎԻԿՏՈՐ — Կարծում եմ՝ այստեղ երկար մնացողը չեմ: Գուցե մի ժամանակ դիմանամ, բայց մի օր արթնանաք ու տեսնեք՝ չկամ, ուշադրություն չդարձնեք: Ու չքննարկեք: Իմ արարքները քննարկման ենթակա չեն:
Միաժամանակ սկսում են աշխատել բոլորի ժամացույցները: 5 պերսոնաժները կրկնում են նույն նախադասությունը՝ ամեն մեկն ըստ իր հոգեվիճակի:
ԱՐԱՄ — Ժամանակն սկսվեց:
ՎԻԿՏՈՐ — Ժամանակն սկսվեց:
ԱՅՇԵ — Ժամանակն սկսվեց:
ԱՄԻՆԱ — Ժամանակն սկսվեց:
ԱՆՖԻՍԱ — Ժամանակն սկսվեց:
ՁԱՅՆ — Ուշադրությո՛ւն:
Բոլորը ոտք են կանգնում, առաջ են գալիս, բայց իրարից հեռու են կանգնած:
ՁԱՅՆ — Խաղի ավարտին հասած հինգ մասնակիցները հաղթահարեցին վերջին՝ 24-ժամյա փուլն ու այս պահից Տարածքի մշտական բնակիչներ են: Շնորհավորում ենք: (Գործնական:) Մեկ շաբաթից այստեղ կլինեն հինգ պարիսպներ:
Մեկ այլ ձայն — Իսկ տնե՞րը…
Հինգը նայում են իրար, հետո՝ դահլիճ, որտեղ արձագանքվում է հարցը. «Իսկ տնե՞րը»… «Իսկ տնե՞րը»… «Իսկ տնե՞րը»…
ԵՐԿՐՈՐԴ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
ՊԱՏԵՐԱԶՄԻ ԿԱՆԱՅՔ

Գործող անձինք
ԱՐԱՄ
ՆԱՐԵ
ՄԱՅՐ — Արամի մայրը
ՆԷՆԷ — տարեց ադրբեջանուհի
ԶԻՆՎՈՐԱԿԱՆ
ՏԵՍԱՐԱՆ 1
Սրճարան մայրաքաղաքում
ՆԱՐԵ — Չեմ հասկանում:
ԱՐԱՄ — Հենց նոր բացատրեցի…
ՆԱՐԵ — Իսկ ես չեմ հասկանում:
ԱՐԱՄ — Թե՞ չես ուզում հասկանալ… (Խորամանկ ժպիտով:) Փակիր աչքերդ: (Նարեն փակում է աչքերը:) Ու հիմա ասա, որ չես հասկանում:
ՆԱՐԵ — (փակ աչքերով): Մի անգամ խոստովանել եմ, որ միայն աչքերս փակ կարող եմ շատ անկեղծ լինել… իսկ դու օգտվում ես դրանից… (Աչքերը բացում է:) Սա կոչվում է սադրանք:
ԱՐԱՄ — Ամենևին: Սադրում են քաղաքական ուժերը, կասկածելի կազմակերպությունները…
ՆԱՐԵ — (փորձում է չժպտալ): Վերջ տուր:
ԱՐԱՄ — Միջազգային օբյեկտները, տեղական սուբյեկտները…
ՆԱՐԵ — (ժպտում է): Բավական է…
ԱՐԱՄ — Ներգատիվ ուժերը, պոզիտիվ լիցքերը, կրեատիվ…
ՆԱՐԵ — Ի՞նչ անեմ, որ լռես:
ԱՐԱՄ — Համբուրիր ինձ:
ՆԱՐԵ — Իսկ սա կոչվում է շանտաժ:
ԱՐԱՄ — (տեղից բարձրանում, սեղանի վրայից ձգվելով՝ համբուրում է): Համաձայն եմ:
Ժպտում են: Լրջանում են: Լռում են:
ՆԱՐԵ — Վերջնականապե՞ս ես որոշել:
ԱՐԱՄ — Այո:
ՆԱՐԵ — Բայց ուզում էիր ծրագրավորող դառնալ:
ԱՐԱՄ — Ու կդառնամ:
ՆԱՐԵ — Ե՞րբ:
ԱՐԱՄ — Ինձնից լավ գիտես՝ երբ:
ՆԱՐԵ — Երկու տարի… ինչո՞ւ ես կորցնում այդ տարիները:
ԱՐԱՄ — Դրանք կորցրած տարիներ չեն:
ՆԱՐԵ — Փոխիր որոշումդ, խնդրում եմ:
ԱՐԱՄ — Դու գիտես, ինչ դժվար է քեզ ասել «ոչ»:
ՆԱՐԵ — Ուրեմն՝ մի ասա:
ԱՐԱՄ — (համառ): Սա այդ դեպքը չէ:
ՆԱՐԵ — (դադարից հետո): Ես վախենում եմ:
ԱՐԱՄ — Զարմացրիր, դու նույնիսկ մկներից ես վախենում:
ՆԱՐԵ — (հոգոց հանելով): Վախենում եմ:
ԱՐԱՄ — Բարձրությունից ես վախենում:
ՆԱՐԵ — Արդեն չեմ վախենում: Երբ միասին բարձրացանք աշտարակի ամենաբարձր հարթակը:
ԱՐԱՄ — Արագությունից…
ՆԱՐԵ — Այդ վախն էլ եմ հաղթահարել: Քեզ հետ: Մոռացե՞լ ես, հարևանի մոտոցիկլը փախցրիր ու ոնց էինք սլանում…
ԱՐԱՄ — Ուրեմն՝ վախենում ես մկներից ու մեկ էլ… (Սպասում է Նարեի պատասխանին:)
ՆԱՐԵ — (դադարից հետո, կամաց): Քեզ համար եմ վախենում:
ԱՐԱՄ — Իզուր: Ես ընդամենը ծառայելու եմ բանակում:
ՆԱՐԵ — Գուցե ասես, որ ծառայելու ես խաղաղ պայմաններո՞ւմ:
ԱՐԱՄ — (լրջանում է): Համաձայն եմ, չհայտարարված պատերազմի մեջ ենք ապրում… Դրա համար էլ… Արի փոխենք թեման: Սահմանին կպած գյուղում ապրող իմ Սկյուռիկի վրա ի՞նչ տպավորություն թողեց մայրաքաղաքը:
ՆԱՐԵ — (դադարից հետո): Սկզբում շոկի մեջ էի՝ գիշերային շքեղ լուսավորություն, խանութների հարուստ ցուցափեղկեր, մեքենաներ, նորաձև հագնված աղջիկներ, իսկ այստեղից մի քանի հարյուր կիլոմետր հեռու՝ սահման, այն կողմում՝ թշնամին, ու չգիտես՝ երբ, օրվա որ ժամին կսկսվի գնդակոծությունը: Այստեղ գիշերը կյանքը եռում է, իսկ մենք մութն ընկնելուն պես աշխատում ենք ավելորդ լույս չվառել, որ թիրախ չդառնանք, պառկում ենք՝ չիմանալով՝ գիշերը հանգի՞ստ կանցնի, թե՞ նորից կրակոցներ, կրակոցներ…
ԱՐԱՄ — (մեղմ): Անվախ Սկյուռիկս…
ՆԱՐԵ — Առաջին օրերին ատում էի այստեղի ամեն ինչը՝ մարդկանցից մինչև լուսավորված փողոցները, այստեղ այնպես են ապրում, ասես ոչ կրակոց կա, ոչ կրակոցներից վիրավոր կամ զոհված զինվորներ, երբեմն՝ նաև խաղաղ բնակիչներ… Ուզում էի կանգնել փողոցի մեջտեղում ու գոռալ՝ ինչպե՞ս եք կարողանում այսպես հանգիստ ապրել… Բայց հետո անցավ: Եվ զարմանքս, և ատելությունս կորան, երբ հանկարծ մտածեցի՝ ի՜նչ լավ է, որ մեր երկրում գոնե ուրիշները չեն ապրում մեզ նման…
ԱՐԱՄ — Դու աշխարհի ամենաբարի Սկյուռիկն ես… (Այլ տոնով:) Դասարանի տղաներով որոշել ենք՝ նախ կգնանք բանակ, հետո կմտածենք կարիերայի մասին:
ՆԱՐԵ — Ե՞րբ եք որոշել:
ԱՐԱՄ — Ավարտական երեկոյին: Իսկ հիմա ասա՝ քեզ դուր կգա՞, եթե ես դասալիք լինեմ:
ՆԱՐԵ — Ի՜նչ էլ բառ գտար՝ դասալիք… կարծես պատերազմ է ու դու կռվի դաշտից ես փախչում:
ԱՐԱՄ — Քիչ առաջ ասացի, որ չհայտարարված պատերազմի մեջ ենք ապրում, ուրեմն ասա, կսիրե՞ս դասալիքի:
ՆԱՐԵ — Հիմա դո՛ւ ես շանտաժի դիմում:
ԱՐԱՄ — (մեղմ, բայց համառ): Սկյուռիկս, դու պիտի՛ ինձ հասկանաս… և ինձ հետ միասին համոզես մորս…
ՆԱՐԵ — Իսկ եթե…
ԱՐԱՄ — Ի՞նչ…
ՆԱՐԵ — (դադարից հետ): Ոչինչ:
ԱՐԱՄ — Ուզում էիր ասել՝ եթե ինձ սպանե՞ն…
ՆԱՐԵ — (վախեցած): Լռիր: Ես ոչինչ չասացի: Դու էլ ոչինչ չասացիր: Մոռանանք: (Դադար:) Իրավացի ես, ես դասալիքի չեմ կարող սիրել:
ԱՐԱՄ — Քեզ ասե՞լ եմ, որ իմ Սկյուռիկը հրաշք է:
ՆԱՐԵ — Հիմարի մեկն է քո Սկյուռիկը: Այն էլ՝ անուղղելի հիմար:
ԱՐԱՄ — Վաղը առաջին քննությունդ գերազանց կհանձնես՝ տեսնեմ ո՛վ է անուղղելի հիմար:
ՆԱՐԵ — (դադարից հետո, խորամանկ ժպիտով): Ես արդեն գիտեմ, թե վաղը ինչ քննություն եմ հանձնելու:
ԱՐԱՄ — Ինչքան գիտեմ՝ հայոց պատմություն:
ՆԱՐԵ — Վաղը կերևա… Իսկ հիմա պաղպաղակ եմ ուզում ու մի մեծ կտոր տորթ…
ՏԵՍԱՐԱՆ 2
Սահմանամերձ հայկական գյուղ
Սենյակ՝ համեստ կահավորված: Ներս է մտնում Մայրը՝ կողովի մեջ դեղձեր: Գնում է խոհանոց, լսվում է հոսող ջրի ձայն… Քիչ անց ներս է մտնում, թասի մեջ՝ լվացված դեղձերը: Սեղանին դրված սկահակի մեջ շարում է դեղձերը, թասը տանում է խոհանոց: Վերադառնում է, բազմոցի վրայից վերցնում է կիսատ գործած բլուզն ու նստում գործելու: Շուրթերն անձայն շարժվում են, աստիճանաբար լսելի է դառնում նրա խոսքը:
ՄԱՅՐ — …Դիրքերում կանգնած չես մրսի: Հարևան Աննան ասում է՝ համազգեստից բացի ուրիշ բան չի կարելի հագնել, իզուր ես գործում: Շա՜տ է հասկանում Աննան… Բարակ բրդի թելով եմ գործում՝ շապիկի տեղ կհագնես ու չես մրսի: (Գործվածքը դնում է ծնկներին, նայում է անորոշ կետի:) Արամ ջան, ինչ դժվար են անցնում օրերը, ժամերը… Իսկ թե իմանաս՝ րոպեներն ինչ դանդաղ են անցնում: Ինչ բանակում ես՝ մեր տան բոլոր ժամացույցների սլաքները դանդաղ են պտտվում: Կարծում էի՝ միայն մեր ժամացույցներն են, բայց անցած շաբաթ քրոջս տուն էի գնացել, զգացի, որ նրանց ժամացույցներն էլ են դանդաղ աշխատում: Երբ ասացի՝ ծիծաղեցին, թե՝ սլաքները նորմալ պտտվում են, ի՞նչ ես հորինում… Բայց դու գիտես, որ չեմ հորինում: 9 ամիս ու այսօր արդեն 16 օր է՝ զինվոր ես: 290 օր: Վախենում եմ այդ 290 օրը ժամերի բաժանեմ՝ շատ մեծ թիվ կլինի: Վերադարձիդ 440 օր մնաց: Քո վերադարձից մեկ օր առաջ 730 օրը կբաժանեմ օրերի, ժամերի, անգամ րոպեների ու վայրկյանների… ու դու կգաս: (Դադար:) Ուշադրություն մի դարձրու, տղաս, մեկ-մեկ կամքս թուլանում է… Որ մարդկանց մեջ եմ լինում՝ մի քիչ հեշտ, է, տանն է դժվար: Հայրդ ողջ լիներ… իրար հույս կտայինք, միասին կդիմանայինք բացակայությանդ: Պատերազմ գնաց: Գնաց, որ պատերազմը սպանի: Որ դու խաղաղության մեջ մեծանաս: Թեկուզ անհայր, բայց խաղաղ մեծանաս: Գոնե հոգին չիմանա, որ տղան մեծացավ ու հիմա իր բաժին պատերազմի դեմ է կռվում:
Դուռը բացվում է, մոտեցող ոտնաձայներ:
ՄԱՅՐ — Սկյուռիկդ եկավ… Այդպես էլ չասացիր, թե ինչու ես Նարեին Սկյուռիկ ասում: (Աչքերը սրբում է, ուրախ տեսք է ընդունում:)
Ներս է մտնում Նարեն՝ ձեռքին՝ փաթեթ: Մայրը գնում է ընդառաջ:
ՄԱՅՐ — Ճիշտ ժամանակին եկար, Արամիս սիրած դեղձերն եմ քաղել…
ՆԱՐԵ — Իսկ ես Արամի սիրած խնձորով կարկանդակն եմ բերել:
ՄԻԱՍԻՆ — Նորություն կա՞…
Ծիծաղում են, միաժամանակ գրպաններից հանում են նամակները:
ՆԱՐԵ — (կարդում է): Ես լավ եմ…
ՄԱՅՐ — (կարդում է): Շա՛տ լավ եմ…
ՆԱՐԵ — (կարդում է): Ուտում եմ…
ՄԱՅՐ — (կարդում է): Շա՛տ լավ եմ ուտում…
ՆԱՐԵ — (տեքստին չնայելով): Քնում եմ…
ՄԱՅՐ — (տեքստին չնայելով): Շա՛տ լավ եմ քնում…
ՆԱՐԵ — (նամակը գրպանը դնելով): Ամեն ինչ նորմալ է…
ՄԱՅՐ — (նամակը գրպանը դնելով): Ի՞նչ նորմալ, դրախտ է, միայն ուտում է, քնում ու ոչ մի տեղը չի ցավում: Ոչ գիշերը պահակ է կանգնում սահմանին, ոչ էլ քնում է խրամատում… (Նարեին.) Ճիշտն ասա, գուցե քեզ ուրիշ բա՞ն է գրում:
ՆԱՐԵ — Չէ: Գոնե մի քիչ, մի գրամ դժվարությունների մասին գրի: Չի՞ վստահում, ինչ է…
ՄԱՅՐ — Քե՞զ չվաստահի… Արամս բանակ գնաց, դու գյուղ վերադարձար… Չուզեցիր առանց նրան սովորել մայրաքաղաքում:
ՆԱՐԵ — Կվերադառնա, միասին կգնանք սովորելու:
ՄԱՅՐ — (գորովանքով): Տղաս ճիշտ է անում, որ սիրուն նամակներ է գրում, ասես ոչ թե սահմանի վրա է, այլ ալպյան լեռներում դահուկ է քշում:
Ծիծաղում են, նստում սեղանի մոտ: Մայրը դեղձ է կտրում, տալիս Նարեին, նա՝ կարկանդակ… Բեմը մթնում է: Երբ լուսավորվում է՝ Նարեն պատրաստվում է գնալ:
ՆԱՐԵ — (նայելով ժամացույցին): Արդեն ուշ է, գնամ:
ՄԱՅՐ — Որ գալիս ես՝ ժամանակը շուտ է անցնում:
ՆԱՐԵ — (դեպի դուռը գնալով): Դուռը չե՞ս կողպելու:
ՄԱՅՐ — Չէ… (Նրան հետևելով): Քեզ ուղեկցեմ:
ՆԱՐԵ — Իհարկե, այնքան հեռու եմ ապրում՝ այստեղից 20 մետր հեռու…
ՄԱՅՐ — Թեկուզ 1 մետր… Հիմա Արամիս փոխարեն ես եմ քեզ ուղեկցում:
Դուրս են գնում: Մայրը վերադառնում է, նստում սեղանի մոտ:
ՄԱՅՐ — Արամ ջան, այս օրն էլ անցավ: Մնաց 439 օր: Տեսնես, քո օ՞րն ինչպես անցավ: Թեև ինչո՞ւ եմ հարցնում, գիտեմ, որ զինվորի համար հեշտ օր չկա, դու էլ ոչինչ չես ասի: (Ժպտում է:) Իսկական հայրդ ես… Աղոթեմ, որ գիշերը հանգիստ անցնի քեզ ու ընկերներիդ համար: Բարի գիշեր, տղաս:
Մտնում է ննջասենյակ:
Մթնում է:
Քիչ անց բեմը լուսավորվում է պատուհանից ներս ընկնող լուսնի լույսով: Դուռը կամաց բացվում է, խարխափելով ներս է մտնում Նէնէն: Շոշափելով առաջ է գալիս, դիպչում է աթոռին… նստում է:
ՆԷՆԷ — (հոգոց հանելով): Ծերացել եմ, առաջվանը չեմ… տեսողությունս թուլացել է, մտքովս կանցնե՞ր, որ մեր անտառում կարող եմ մոլորվել: Ես, որ ամեն ծառն ու թուփը, արահետն ու բացատը անգիր գիտեմ… Գիտեմ, բայց էծին փնտրելով ինչպես հասա հարևան գյուղը՝ չհասկացա… Լավ է, գոնե լիալուսին է, հեռվից գյուղի լույսերը տեսա, իզուր էլ բողոքում եմ տեսողությունիցս: (Լսում է տան լռությունը:) Հետաքրքիր մարդ են, գիշերով դուռն ինչո՞ւ են բաց թողնում, վա՞խ չունեն, թե՞ մոռացել են: Ես էլ մեկ-մեկ մոռանում եմ դարպասի դուռը փակել, բայց իմը տարիքից է… Էհ, ոնց ծերացա, չհասկացա՝ տարիները ոնց անցան… (Շուրջն է նայում:) Ժամը քանի՞սը կլինի… (Ուշադրությունը լարում է՝ լսելի է դառնում պատի ժամացույցի թիկ-թակը: Մոտենում է:) Գիշերվա 1-ն է: Տնեցիք էլի իրար են խառնվել: (Դադարից հետո:) Չէ, վարժվել են, առաջին անգամը չէ: Մի ամիս առաջ էծը նորից կորել էր՝ հետքով գնացի ու հասա սարը, գիշերը վրանում քնեցի… բայց էդ ոչուփուչի պարանը ձեռքիս ամուր կապել էի: Հիմա էլ կտեսնեն՝ չկամ, հետո կստուգեն՝ էծն էլ չկա՝ կիմանան, որ միասին ենք… Իսկ սար եմ բարձրացել, թե հարևան գյուղ՝ դա արդեն կարևոր չէ… (Շուրջը նայելով:) Ո՞ւմ տունն եմ մտել: Էս գյուղ մանկությանս ընկերուհին՝ Նարգիզն է հարս եկել… մի 40 տարի առաջ: Նարգիզի տունը էստեղից շա՞տ հեռու է… (Լսելով տան լռությունը:) Կարո՞ղ է՝ ապրող չկա, դուռը բաց էր: Պատերազմը որ սկսվեց՝ մի մասը քաղաք փախավ, սահմանից հեռու: Երևի այս տան տերերն էլ դրանցից են… (Շուրջը զննելով:) Չէ, էստեղ ապրում են: (Ուզում է լույսը վառել, միտքը փոխում է:) Լուսնի լույսն էլ հերիք է… Թե մարդիկ քնած են, իզուր չարթնացնեմ, թող հանգիստ քնեն, առավոտը մի լավ կզարմանան: (Ժպտում է: Տեսնելով սեղանին դրված դեղձն ու կարկանդակը:) Ապրի՛ ձեր արևը… նոր զգացի, թե ինչ սոված եմ: (Ուտելով կարկանդակի կտորը:) Ամեն անգամ որ գնում եմ էծին փնտրելու, հարսս ասում է՝ ուտելիք վերցրու հետդ: «Չէ,- ասում եմ,- էս անգամ շուտ տուն կգանք»: (Ինչ-որ բան որոշելով:) Մյուս անգամ հարսիս կլսեմ: (Մոտենում է բազմոցին:) Լույսը բարով բացվի, իսկ գիշերը քնելու համար է: (Նստում է բազմոցին:) Հիմա տեսնեն որտեղ է էծս, համբերությունս հատեց, էս անգամ էլ որ գտնեմ՝ ծախելու եմ: Մի րոպե անուշադիր եղար՝ բակից ծլկում է, մինչև ուշքի ենք գալիս՝ հետքը կորել է: Հարսս ծիծաղում է՝ Նէնէ, ասում է, էլի սկսվեց «Այծ» օպերացիան, տեսնենք, այս անգա՞մ որտեղից ես դրան բերման ենթարկելու: Տված կաթը մի բուռ է, իսկ հոգսը… Մի ամիս առաջ էլ ձորում գտա, ջրաղացում քնեցինք ես ու էծս: Տղաս ջղայնանում է, ասում է՝ թող գնա-կորի: Բա մեղք չէ՞, բա որ գայլերն ուտե՞ն… Ճիշտը որ ասեմ, դժգոհ չեմ, իր պատճառով տնից, գյուղից դուրս եմ գալիս, ջահել օրերիս վայրերով եմ անցնում, հիշում եմ… (Հուզվում է:) Էհ, ինչ ասեմ… (Բազմոցին բարձերը շարում է, հարմար պառկում-տեղավորվում է:) Առավոտը պարզվեր, որ Նարգիզենց տանն եմ… կարգին կուրախանար… (Մի պահ մտածում է:) Չէ, ավելի լավ է՝ Նարգիզը չիմանա, նրա ծիծաղից պրծում չեմ ունենա: Առանց էդ էլ գյուղում թեմա ենք դարձել ես էծս: (Բարձի տակից հանում է ծածկոցը, փաթաթվում ու շրջվում է կողքի:)
Մթնում է:
Բեմը լուսավորվում է: Գիշերազգեստով ներս է մտնում Մայրը, գնում է խոհանոց, քիչ անց սուրճի բաժակով գալիս-նստում է սեղանի մոտ: Այն է՝ կում է անելու, բազմոցին պառկած Նէնէն տեղում շարժվում է: Թիկունքով նրան նստած Մայրը քարանում է: Նէնէն նորից է շարժվում, հոգոց է հանում: Մայրը դանդաղ շրջվում է, երբ հայացքը հասնում է պառկածին՝ նա բացում է աչքերը: Նայում են իրար: Համր տեսարան:
ՄԱՅՐ — Ո՞վ ես…
Նէնէն լսելով նրան՝ սարսափած չռում է աչքերը, հետո ամուր փակում:
ՄԱՅՐ — (տեղից բարձրանալով): Ինչպե՞ս է եղել, որ չեմ լսել…
Նէնէն ավելի է կուչ գալիս: Մայրը բարձրանում, մոտենում է պառկածին: Նէնէն ծածկվում է մինչև ծնոտն ու անշարժանում:
ՄԱՅՐ — (զննելով նրան): Անծանոթ է… Ոչինչ չեմ հասկանում… (Գնում է ննջարան:)
Նէնէն բացում է աչքերը, ուզում է տեղից ելնել, բայց լսելով Մոր ոտնաձայները՝ նախկին դիրքն է ընդունում:
ՄԱՅՐ — (արդեն խալաթ հագած մոտենում, ձեռքը հպում է ծածկոցին): Ըըը… մայրիկ…
Նէնէն բացում է աչքերն ու նայում Մորը:
ՄԱՅՐ — Ինչպե՞ս ես այստեղ հասել…
Նէնէի դեմքի արտահայտությունը չի փոխվում: Մայրը ձեռքը մեկնում է, նա նստում է տեղում ու գլուխը բացասաբար օրորում է:
ՄԱՅՐ — (փորձում է հասկանալ): Ի՞նչ…
Նէնեն օրորում է գլուխը:
ՄԱՅՐ — Մեր գյուղից չես… մերոնց բոլորին լավ գիտեմ:
Լռություն:
ՄԱՅՐ — Հարևան գյուղի՞ց ես…
Լռություն:
ՄԱՅՐ — (ձայնը բարձրացնում է): Լսո՞ւմ ես, ինչ եմ ասում:
Նէնէն ցույց է տալիս գլուխն ու բացասաբար օրորում է:
ՄԱՅՐ — Ի՞նչ ես ուզում ասել…
Նէնէն նորից ցույց է տալիս գլուխն ու բացասաբար օրորում է:
ՄԱՅՐ — (մեկուսի): Կարո՞ղ է՝ հիշողությունն է կորցրել… սկլերոզ: (Նէնէին.) Ոչինչ չե՞ս հիշում:
Նէնէն թոթվում է ուսերը:
ՄԱՅՐ — (մեկուսի): Բայց ինչպե՞ս է այստեղ հասել…
Հանկարծ Նէնէն գունատվում է, վատ է զգում: Մայրը արագ գնում է խոհանոց:
ՆԷՆԷ — Սահմանն եմ անցել… (Սարսափած:) Էս ո՞ւր եմ հասել… հայի գյուղում եմ:
Մայրը բաժակով ջուր է բերում, մեկնում է նրան, նա վանում է:
ՄԱՅՐ — (բաժակը դնում է սեղանին, մի կերպ բռնում է նրա ձեոքն ու ստուգում է զարկերակը): Ինչ արագ է սիրտը խփում… (Նորից է մեկնում բաժակը, նա դեն է հրում:) Գուցե նաև մոռացել է, թե բաժա՞կն ինչի համար է… (Ցուցադրական մի քանի կում է խմում:) Այ, այսպես խմիր… (Մեկնում է բաժակը:)
Նէնէն ուզում է բաժակը ետ հրել, շունչը կտրվում է:
ՄԱՅՐ — (պահարանից բերում է դեղի սրվակը, հաշվում կաթիլները): 5… 12… 25… Խմիր: (Նէնէն դեմքը շրջում է: Խիստ:) Խմի՛ր, թե չէ ուժով կխմեցնեմ:
Նէնէն, խեթ նայելով, դանդաղ խմում է:
ՄԱՅՐ — (ավելի մեղմ): Այ, այդպես, մինչև վերջ խմիր:
Նէնէն բաժակը շպրտում է հատակին:
ՄԱՅՐ — (կարեկցանքով): Խեղճ կին, իրեն կորցրել է… Ով էլ առավոտն արթնանա ու տեսնի, որ անծանոթ տան մեջ է՝ այս հոգեվիճակում կլինի: Իսկ հարազատնե՞րը հիմա ինչ վիճակում են… (Նէնէին.) Քո տունը որտե՞ղ է…
Նէնէն խեթ նայում ու ամուր սեղմում է շուրթերը:
ՄԱՅՐ — (անօգնական): Ի՞նչ անեմ քեզ հետ…
Նէնէն անուժ ընկնում է բարձին: Մայրն արագ բերում է սրսկիչ, դեղ է հավաքում ու մոտենում է նրան, փորձում է բացել թևը, իսկ նա փորձում է խուսափել:
ՄԱՅՐ — (համոզելով): Դե, մի հակառակվիր… միևնույն է՝ սրսկելու եմ… 20 տարվա բուժքույր եմ, ում ասես, ինչպես ասես՝ կսրսկեմ… Մայրիկ ջան, սա քեզ է պետք… սիրտդ այնպես է խփում, ասես մարաթոնյան վազք ես արել… Դե, չշարժվես… (Խիստ:) Ո՞ւմ եմ ասում, չշարժվե՛ս…
Նէնէն անշարժանում է, Մայրը սրսկում է:
ՄԱՅՐ — (մեղմ): Հիմա կանցնի… (Ստուգելով զարկերակը:) Ինչո՞ւ այսպես արագ է խփում սիրտդ: Հասկանում եմ՝ վախեցել ես, չգիտես՝ որտեղ ես: Իզուր: Համարիր՝ հարազատիդ տանը հյուր ես եկել, կմնաս, մինչև ամեն ինչ պարզվի… Մեկ էլ տեսար՝ հարազատներդ կգան քո ետևից: (Նստում է կողքը, շոյում ձեռքը:) Հանգիստ պառկիր, հիմա դեղը կազդի: Ու ամեն ինչ լավ կլինի:
Նէնէն ծանր հոգոց է անում ու փակում է աչքերը:
Մթնում է:
Բեմը լուսավորվում է: Նէնէն ոտքերը վեր քաշած-նստած է բազմոցին՝ ծածկոցով ծածկված: Խոհանոցից դուրս է գալիս Մայրը՝ ափսեն ձեռքին: Դրսից ներս է մտնում Նարեն:
ՄԱՅՐ — Ի՞նչ կա…
ՆԱՐԵ — Զանգեցինք հարևան գյուղ, ասացին՝ ձեր նկարագրած պառավը մեր գյուղից չէ:
ՄԱՅՐ — Բա որտեղի՞ց, ո՞նց է հասել մեր գյուղ… (Խղճահարված:) Տեսնես, ինչ է պատահել…
ՆԱՐԵ — Ի՞նչ կարող էր պատահել…
ՄԱՅՐ — Գուցե տնից է փախել, հարազատներից… Ծեր մարդուն վիրավորելը հեշտ է…
ՆԱՐԵ — Այդ ինչպե՞ս պիտի վիրավորեին, որ հասներ մեր երկրի ամենահեռու անկյունը: Մեզնից հետո սահմանն է ու թշնամու գյուղը:
Այս ընթացքում Մայրը փորձում է ափսեն տալ Նէնէին, նա ետ է վանում:
ՄԱՅՐ — (հուսահատ): Չի ուտում… ուժից կընկնի…
ՆԱՐԵ — Չի ուտում, չի խոսում… Գուցե խուլ ու հա՞մր է:
Նարեն մոտենում, զննում է Նէնէին:
ՄԱՅՐ — Ի՞նչ ես այդպես նայում…
ՆԱՐԵ — Գուցե հայացքից որոշենք՝ մեր ասածը հասկանո՞ւմ է:
Նէնէն ծածկոցով փակում է աչքերը:
ՄԱՅՐ — Սովից որ մահանա, ի՞նչ պատասխան տանք:
ՆԱՐԵ — Ի՞նչ ես առաջարկում:
Հայացքներ փոխանակելով, միաժամանակ մոտենում են, փորձում են ուժով կերակրել: Ոչինչ չի ստացվում: Գալիս-նստում են սեղանի մոտ: Նէնէն ծածկոցը մի քիչ իջեցնում, թաքուն հետևում է նրանց:
ՄԱՅՐ — Գյուղապետն ի՞նչ ասաց:
ՆԱՐԵ — Կզանգի մարզկենտրոն, ոստիկանություն…
ՄԱՅՐ — Մինչև զանգի, նա սովից կուշաթափվի: (Աղջկա ականջին փսփսում է:)
Ափսեն թողնում են սեղանին, գնում են խոհանոց, ամեն մեկը գալիս է ափսեով: Նստում են Նէնէնի դիմացն ու ախորժակով ուտում են շիլան: Նէնէն սկզբում փակում է աչքերը, բայց նրանք շատ ախորժալի են ուտում: Կիսաբացում է աչքերըը, հետևում, ակամա թուքն է կուլ տալիս: Նրանք դա նկատելով՝ ավելի են ոգևորվում: Ի վերջո, ծածկոցով փաթաթված գալիս-նստում է սեղանի մոտ, ափսեն մոտեցնում ու ասես իր արածից զարմացած՝ ուտում է: Մայրն ու Աղջիկը թեթևացած շունչ են քաշում:
Լուռ ուտում են: Առաջինը Նարեն չի դիմանում, փռթկում է: Մայրը նայում է նրան, ինքն էլ է ժպտում: Երկուսով նայում են Նէնէին: Նա մի քանի վայրկյան չտեսնելու է տալիս նրանց հայացքները, հետո չի դիմանում ու քթի տակ ժպտում է: Լռության մեջ համերաշխ չխկչխկում են գդալները:
Մթնում է:
Երբ բեմը լուսավորվում է, սենյակում Նէնէն է՝ բազմոցին կուչ եկած: Բարձրանում է, մոտենում է պատուհանին, գողտուկ դուրս է նայում:
ՆԷՆԷ — Ինչպե՞ս չհասկացա, թե ուր եմ հասել, ո՞նց չտեսա… (Արդարանալով:) Ո՞նց տեսնեի, մթնում ամեն ինչ նույն տեսքն ունի՝ թե մեր, թե սրանց տները… (Հիշելով, բորբոքված:) Քոսոտ էծ, ձեռքս կընկնես, բուրդդ ձեռքերովս եմ քամուն տալու: Խոստանում եմ՝ հենց էստեղից դուրս պրծնեմ… (Այլ տոնով:) Դուրս պրծնե՜մ… Ո՞նց եմ դուրս պրծնելու: Իմ ոտքով եկել, ընկել եմ թշնամու տունն ու դեռ մտածում եմ, թե էծին ինչ եմ անելու… (Ինքն իրեն:) Դու մտածիր, թե քե՛զ ինչ են անելու, երբ հասկանան, թե ով ես: Կարծում են, հիշողությունդ կորցրած պառավ ես, բայց ինչքա՞ն կարող ես համոզել… Լավ է, գոնե սրանց լեզուն հասկանում եմ… Էհ, ժամանակին գալ-գնալ կար, նույնիսկ առևտուր էինք անում… հիմա ջահելներին պատմեմ՝ չեն հավատա: (Դադար:) Ո՞նց հավատան, քանի տարի է՝ թշնամացել, իրար կոտորում ենք: Գյոզալ ախպերս սրանց գնդակից մեռավ, ինչ իմանամ՝ կրակողը էս տնից չի՞ եղել… (Շուրջն է նայում:) Զարթնեի, տեսնեի՝ երազ էր, պատմեի՝ չհավատային: Ծիծաղեին, ասեին՝ ծերությունից խելքը թռցրել է, միայն թե սա երազ լիներ… (Արագ գալիս, նստում է բազմոցին՝ իր դիրքով:) Էն աղջիկը եկավ… (Փակում է աչքերը:) Դե, Նէնէ, քեզ տեսնեմ, բերանդ պինդ փակիր ու սուս մնա: Ու չմոռանաս, դու սկլերոտիկ պառավ ես:
ՆԱՐԵ — (ներս մտնելով): Տատի ջան, եկա, որ մենակ չմնաս: Դեղձ կուտե՞ս… (Մեկնում է դեղձը, նա չի արձագանքում:) Իսկ ես կուտեմ: Դեղձ չէի սիրում, ես ծիրան եմ սիրում, բայց որ Արամը դեղձ է սիրում՝ հիմա միայն դեղձ եմ ուտում: Որ ուտում եմ, թվում է, միասին ենք, նա իմ կողքին է… կամ հեռվից տեսնում է ինձ… 439 օր իրարից հեռու ենք: Ճիշտ է, հնարավորության դեպքում զանգում է, շուտ-շուտ նամակ է գրում, բայց դա քիչ է, շատ քիչ է: (Ժպտում է:) Երեք ամիս առաջ երկու օրով տուն էին թողել՝ լավ ծառայության համար: Գիշերով էր գյուղ հասել, այգու տնակում էր քնել, որ մորը չարթնացնի: Այդ օրվանից մայրը դուռը չի կողպում… (Նայում է Նէնէին:) Ինչ լավ է, որ լռում ես, գուցե չես լսում ու ես ազատ խոսում եմ… Բարձրաձայն որ խոսում եմ նրա մասին՝ սիրտս թեթևանում է: (Գրպանից հանում է նամակ:) Տես, նամակ եմ ստացել: (Նէնէն բացում է աչքերը:) Ուզո՞ւմ ես՝ նամակը կարդամ: (Ցույց է տալիս նամակը:) Կարդա՞մ…
Նէնէն բացասաբար օրորում է գլուխն ու… հանկարծ դրական նշան է տալիս:
ՆԱՐԵ — (ուրախացած): Կարդում եմ… «Բարև, Սկյուռիկս, վերջին նամակդ ջղայնացած էիր գրել: Վիրավորվել ես, որ դժվարությունների մասին չեմ գրում: Հեշտ չէ, իհարկե, բայց մի մոռանա՝ ես այստեղ եմ, որ դու խաղաղ ապրես: Քեզ ու մամայիս համար եմ այստեղ, հա, նրան մենակ չթողնես: Հորս զոհվելուց հետո նրա համար ես եմ մնացել, իսկ հիմա, նաև՝ դու: Եթե առավոտ նամակս ստանաս՝ բարի լույս, կեսօրին՝ բարի օր, իսկ եթե երեկոյան՝ գիշերը նամակը կդնես բարձիդ տակ ու ես կգամ երազիդ մեջ»: (Նամակը ծալում, գլխահակ նստում է:)
Նէնէն ծածկոցի տակից հանում է ձեռքը, այն է՝ շոյելու է Նարեին, բայց նորից ձեռքը թաքցնում է, փակում է աչքերը:
ՆԱՐԵ — Մի անգամ անտառից Արամն ինձ համար սկյուռ էր բռնել: Այնքան սիրուն էր, փափուկ, փայլուն պոչիկով, որ խնդրեցի՝ տանենք, անտառում բաց թողնենք: Դրանից հետո ինձ Սկյուռիկ է ասում… (Հուզմունքը ցույց չտալու համար:) Ես գնամ… խմորն արդեն հասել է, քեզ համար կարկանդակ եմ թխելու: (Դուրս է վազում:)
Նէնէն տեղից բարձրանում, պատուհանից հետևում է Նարեին:
ՆԷՆԷ — Էհ, աղջիկս, օրերն ես հաշվում, կարոտում ես… (Մտախոհ:) Մեկ-մեկ թվում է՝ գժվել եմ: Երկրորդ օրն է՝ թշնամու տանն եմ, թշնամու հացն եմ ուտում ու նրա տված ջուրն եմ խմում: Ո՜նց են հոգ տանում, ինչ ուշադիր են: Իսկ որ իմանան՝ ով եմ, ի՞նչ կանեն… Մեկը սրսկում է, մյուսը ինձ համար կարկանդակ է թխում… Խեղճ աղջիկ, ո՞նց էր կարդում նամակը, ոնց է սպասում… (Նստում է բազմոցին՝ իր դիրքով: Դեմքը մթնում է:) Քեզ պես մի ջահել մեր տանը կա: Քո տարիքին, քեզ պես սիրուն, բայց արդեն սևեր հագած: Իմ Ալթունս, անբախտ թոռնիկս… Փեսացուն երեք ամիս առաջ զոհվեց… սնայպերի գնդակից: Իսկ թոռնիկս հարսանիքի զգեստն էր կարում, ասում էր՝ Նէնէ, շուտով Այազը կգա ու դու իմ հարսանիքին պիտի պարես… (Արցունքն է սրբում:) Կին չեղած այրի դարձավ իմ անբախտ թոռնիկը: (Շուրջն է նայում:) Ո՞ւմ ինչ վատ բան էի արել… նստել եմ թշնամու տան մեջ ու չգիտեմ՝ ինչ անեմ, ամեն ինչ գլխիվայր է շուռ եկել: Էս տան տղամարդն էլ է զոհվել, հիմա տղան է սահմանի վրա ծառայում… (Դեմքը խստանում է:) Ի՞նչ իմանամ, գուցե Այազը Արամի գնդակից է մահացել… Էս ի՞նչ փորձանք էր, էլ ուժ չունեմ, ուղեղս պայթում է՝ մեկ սրանց ատում եմ, մեկ էլ, ինձնից անկախ, խղճում… Մեկը լինի, իմ անբախտ Ալթունին խղճա՝ 20 տարեկան սևերը հագել, տնից դուրս չի գալիս, երեք ամիս է՝ աչքերը արցունքից չեն չորանում… Իմ խեղճ, իմ որբացած թոռնիկ…
Գլուխն առնում է ձեռքերի մեջ, կամաց ինչ-որ մեղեդի է երգում, որն ավելի շատ ողբ է հիշեցնում: Ներս է մտնում Մայրն ու շեմին քարանում է՝ նոր հասկանալով, թե ով է անծանոթ հյուրը: Իսկ Նէնէն երգում է իր լեզվով իր ողբ-երգն ու չի նկատում նրան: Մայրը զգույշ դուրս է գնում: Քիչ անց աղմուկով բացվող դռան ձայն: Նէնէն սթափվում ու իր դիրքն է գրավում:
ՄԱՅՐ — (ներս է գալիս, փորձում է ցույց չտալ հուզմունքը): Նարեն ո՞ւր է… քեզ մենակ է թողել: (Խուսափում է նայել Նէնէին:) Ասացի՝ մնա կողքիդ, մինչև գամ… (Գնում է խոհանոց, վերադառնում, կանգնում է սենյակի մեջտեղում՝ չիմանալով անելիքը: Հանկարծ դեմքը լուսավորվում է:) Ճնշումդ պիտի չափեմ…
Պահարանից բերում է տուփը, նստում կողքը, բայց երբ հասկանում է, որ պիտի բռնի ձեռքը՝ մի պահ հապաղում է: Շատ դանդաղ, որ ժամանակ ձգի, տուփից հանում է սարքը, զգացվում է, որ ուժ է գործադրում, որ Նէնէն ինչ-որ բան չկասկածի:
ՄԱՅՐ — Հիմա կչափենք ճնշումդ… հետո թեյ կխմենք…
Ձեռքը մեկնում է, Նէնէն ծածկոցի տակից պարզում է ձեռքը: Մայրը մի պահ հապաղում է: Նէնէն, ասես ինչ-որ բան զգալով՝ վախեցած նայում է նրան: Նա հիմա նման է հալածված գազանի: Մայրը սթափվում է, սարքը սովոր շարժումով ամրացնում է դաստակին, բայց խուսափում է Նէնէի հայացքից:
ՄԱՅՐ — Հիմա կիմանանք… Այսպես, ճնշումդ նորմալ է, բայց սիրտդ… նորից արագ է խփում: (Նայում է Նէնէին:) Քեզ հուզվել չի կարելի: (Սարքը հանելով դաստակից: Հատուկ շեշտով:) Մի մտածիր, ամեն ինչ լավ կլինի:
Նէնէն հարցական նայում է՝ «իրո՞ք լավ կլինի»: Մայրը ստիպում է իրեն ժպտալ: Նէնէն թեթևացած հոգոց է հանում ու նստում իր դիրքով: Մայրը տուփը դնում է պահարանն ու գնում խոհանոց:
ՆԷՆԷ — Թեթև ձեռք ունի, լավ էլ սրսկում է: Իսկ որ իմանա՝ ով եմ, ի՞նչ կանի…
Ներս է մտնում Մայրը՝ երկու բաժակ թեյով: Մեկը տալիս է Նէնէին: Լուռ խմում են:
ՄԱՅՐ — (իբր՝ անտարբեր): Եթե ինձ կարողանայիր լսել… Կամ հասկանայիր՝ ինչ եմ ասում… Վաղը մարզկենտրոնից գալու են, պիտի պարզեն՝ ինչպես ես այստեղ հասել: Սահմանամերձ գյուղ է, ամեն ինչ պատահում է… Ես գիտեմ, որ լուրջ բան չկա, բայց եթե կարողանայիր ինձ լսել… ու հիշեիր, թե որտեղից ես եկել… (Դադարից հետո, հատուկ շեշտով:) Երեկոյան դուրս արի, մի քիչ քայլիր, երեկվանից բազմոցին նստած ես, սրտի համար քայլելը լավ է: Հատկապես քնելուց առաջ: Մեր տնից վերև անտառ տանող ճամփան է, այդ կողմը գնա, բայց շատ չհեռանաս, թե չէ սահմանը կանցնես…
Նէնէն լուռ թեյ է խմում՝ հայացքը հատակին:
ՄԱՅՐ — Իզուր էլ խոսում եմ, ոչ լսում ես, ոչ հասկանում: (Դադար: Երկիմաստ:) Բայց որպես բուժքույր խորհուրդ եմ տալիս քնելուց առաջ անպայման անտառի օդը շնչես…
Հեռվից կրակոցների ձայներ: Երկուսը տագնապած նայում են դեպի պատուհանը, հետո՝ իրար:
ՄԱՅՐ — Ամեն կրակոցից սիրտս դողում է… Արամս էլ է սահմանին ծառայում, այստեղից հեռու է, բայց ամեն կրակոցից հետո սպասում եմ… չգիտեմ, ինչի եմ սպասում: (Նայում է Նէնէին:) Գիշերը երազիս ամուսինս եկել էր, դռան մոտ կանգնել: Ասում եմ՝ ներս արի… Տեղից չի շարժվում: Ասում եմ՝ ինչի՞ ես եկել, ի՞նչ է պատահել… Նայեց, գլուխն օրորեց ու գնաց… Սիրտս վկայում է՝ վատ երազ է…
Նէնէն տեղից բարձրանում, բաժակը դնում է սեղանին, կանգնում է Մոր գլխավերևում:
ՄԱՅՐ — Ափսոս, չես խոսում… չես կարող խոսել: Գոնե կասեիր, որ երազս սուտ էր, ու սիրտս էլ վատ բան չի գուշակում:
Նէնէն նստում է նրա կողքի աթոռին: Լուռ են, ամեն մեկն իր մտքերի հետ: Ներս է մտնում Նարեն: Դեմքը դիմակ է հիշեցնում: Մայրն ու Նէնէն նայում են նրան:
ՄԱՅՐ — Ի՞նչ է պատահել:
ՆԱՐԵ — (փորձում է ժամանակ ձգել): Արագ եկա, շունչս կտրվեց: Մամ ջան, ջուր կտա՞ս…
ՄԱՅՐ — (զարմացած): Առաջին անգամ ինձ «մամա» ասացիր… (Հուզված շեշտով:) Հիմա, աղջիկս: (Գնում է խոհանոց:)
ՆԱՐԵ — (Նէնէին): Ի՞նչ անեմ… Ինչպե՞ս ասեմ…
Նէնէն հարցական նայում է:
ՆԱՐԵ — Արամը…
Նէնէն սարսափած երկու ափով փակում է բերանը՝ ասես չգոռալու համար:
Գալիս է Մայրը՝ բաժակը ձեռքին: Նայում է Աղջկան, Նէնէին… բաժակը ընկնում է հատակին: Նէնէն անսպասելի արագությամբ հասնում, բռնում է ընկնող Մորն ու բերում-նստեցնում է բազմոցին, գրկում է: Մայրը գլուխն անուժ դնում է նրա ուսին: Նարեն գալիս, ծնկում է Մոր առաջ: Նստած են երեք կին: ՊԱՏԵՐԱԶՄԻ ԿԱՆԱՅՔ:

ՏԵՍԱՐԱՆ 3
Ներս է մտնում Զինվորական համազգեստով մեկը:
ԶԻՆՎՈՐԱԿԱՆ — (չդիմելով ոչ մեկին): Քաղաքացուհի Նէնէ Մուսաևա, դուք խախտել եք սահմանը:
Նայում է իրար հետ նստած կանանց, որոնք այնքան նման են իրենց ցավի ու վշտի մեջ:
ԶԻՆՎՈՐԱԿԱՆ — Չգիտեմ, այստեղ ինչ է կատարվում, բայց ձեզնից մեկը…

Կարդացեք նաև