Էլֆիք ԶՈՀՐԱԲՅԱՆ / ՍՄԲԱԿՆԵՐ

(Աբսուրդի դրամա՝ երկու գործողությամբ)

Գործող անձինք
ԳՐԻԳ
ՏՂԱՄԱՐԴ
ԿԻՆ՝ ՄԱՐԻ
Վայրը՝ մեզ մոտ, ժամանակը՝ մեր օրերը և երբևէ:

ԱՐԱՐ ԱՌԱՋԻՆ
Փայտյա ճաշասեղաններ՝ մեծ ակվարիումի մեջ: Գրիգը, Տղամարդը և Կինը նստած են տարբեր տեղերում:
ԿԻՆ — (Տղամարդուն): Դուք գործազուրկի արտաքին ունեք: Երևում է՝ դժվարությամբ եք վաստակում ձեր հացը:
ՏՂԱՄԱՐԴ — Փորձում եք հոգեբանի նմանվել: Մարդը մարդուն չի կարող ճանաչել:
ԳՐԻԳ — Բացի իմ ծնողներից՝ բոլորն էլ կարող են ճանաչել իրար, եթե ցանկանան: (Կնոջը.) Ձեզ հաճախ եմ տեսնում հագուստի խանութներում և սալոններում:
ԿԻՆ — Հագուստներով տարվելը իմ թուլությունն է: Ուրեմն կա՜ն ուշադիր մարդիկ…
ՏՂԱՄԱՐԴ — Շահից դրդված են դառնում ուշադիր… Միս եմ ուզում:
ԳՐԻԳ — Որտե՞ղ եմ ես:
ՏՂԱՄԱՐԴ — Որտե՞ղ եմ ես:
ԿԻՆ — Որտե՞ղ եմ ես:
ՏՂԱՄԱՐԴ — Դեռ չեմ հանդիպել մի մարդու, որ ստույգ ասի՝ որտե՞ղ է ընկել ինքը և ո՞ւր է գնալու:
ԿԻՆ — Աստծո դեմ բողոք գրեք կառավարությանը:
ՏՂԱՄԱՐԴ — Հագուստով տարված կանայք սալոններում իմաստուն են դառնում… Միս եմ ուզում:
ԳՐԻԳ — Խմել եմ ուզում: Այդպես էլ չասացիք՝ որտեղ ենք, հետո ուր ենք գնալու…
ԿԻՆ — Լցոնած խնձոր եմ ուզում:
ՏՂԱՄԱՐԴ — Միս եմ ուզում, ծայրահեղ դեպքում՝ մսով և սնկով ապուր: Անգամ կարող եմ հուշել, թե ոնց պատրաստեն. շամպինիոն, մեկ բաժակ կարմիր գինի, տավարի մսի արգանակ…
ԳՐԻԳ — Խմիչքի հետ «Լազանյայից» չէի հրաժարվի:
ԿԻՆ — Ես ընկույզով սոուս եմ ուզում: Լցոնած խնձորի մեջ չմոռանաք ընկույզ, դարչին և մարմելադ հավելել…
ՏՂԱՄԱՐԴ — Դա ո՞ւմ եք ասում… Ես օրնիբուն աշխատում եմ, որ միս ուտեմ: Ո՞նց կարող է մարդ չհասկանալ դրա արժեքը:
ԳՐԻԳ — Երեք ձեռքով համաձայն եմ: Խմել եմ ուզում:
ԿԻՆ — Լավ, ես սպանախով աղցանից չէի հրաժարվի:
ԳՐԻԳ — Վերջ տվեք. տարվել եք հագնվել-կապնվելով ու ճաշակ եք կորցրել: Խմե՛ք, ու ճշմարտություններ կբացահայտվեն…
ՏՂԱՄԱՐԴ — Սա հայրենիք չէ. մարդու սիրտը միս է ուզում, և չեն բերում: Վաղուց ասում եմ՝ գնալու եմ ուրիշ տեղ, որ ուզածդ նույն վայրկյանին վայելես: Այդպես էլ չհասկացա՝ որտեղ ենք, ու դուք ովքե՞ր եք:
Հանկարծ սեղաններից մեկի վրա ափսե է հայտնվում:
ԿԻՆ — (Տղամարդուն): Ներեցե՛ք, դո՞ւք եք պատվիրել ապուր «Մինեսթրոնի»:
ՏՂԱՄԱՐԴ — Ո՛չ, ես նմա՞ն եմ ապուր ուտող տղամարդու:
ԿԻՆ — (Գրիգին): Կներե՛ք, գուցե դո՞ւք…
ԳՐԻԳ — Տիկի՛ն, ներեցե՛ք, օրիո՛րդ, ինչո՞ւ պետք է ես պատվիրած լինեի, եթե դա ձե՛ր առաջ է դրված:
ԿԻՆ — Գիտե՞ք՝ այս ապուրի մեջ օգտագործվում են եգիպտացորեն և տաքդեղ, իսկ ես միշտ չէ, որ նախընտրում եմ դրանք:
ՏՂԱՄԱՐԴ — Մեր աչքերին թոզ մի՛ փչեք: Զգում եմ՝ ո՜նց են վազում ձեր բերանի ջրերը: Խոստովանեք, որ դուք եք պատվիրել, բայց ուզում եք՝ մե՛նք վճարենք:
ԿԻՆ — Ծիծաղելի ենթադրություն: Այս ժամին նարնջաբլիթ եմ ուտում: Չեմ ուզում՝ մարմինս տձև դառնա: Տձև մարմնում՝ տձև մտածողություն…
ՏՂԱՄԱՐԴ — Իմ մարմինն այնքան էլ համաչափ չէ, ուրեմն՝ ի՞նչ: Ձեր մարմինը գեղեցիկ է: Ուրեմն ձեր մտածելակերպը նույնպե՞ս գեղեցիկ է:
ԳՐԻԳ — Շեղվեցիք: Եթե անգամ այս տղամարդն է պատվիրել կամ մեկ ուրիշը, միևնույն է, զիջել կնոջը պատիվ է ինձ համար:
ԿԻՆ — Այդ դեպքում եկեք կանչենք մատուցողին և հարցնենք, թե մեզնից ո՞վ է պատվիրել:
ԳՐԻԳ, ՏՂԱՄԱՐԴ, ԿԻՆ — Ո՛չ, պետք չէ…
ԿԻՆ — Ինչո՞ւ:
ԳՐԻԳ — Մատուցողի մազերի մեջ երկու փոքրիկ կոտոշ կա…
ԿԻՆ — Կոտո՞շ:
ԳՐԻԳ — Այո՛, պատահաբար տեսա: Լավ պրծա. նրա ձեռքին ատրճանակ չկար… Չէր ցանկանա՝ որևէ մեկը տեսներ: Հայելուն նայելով՝ անվրդով շոշափում էր կոտոշները:
ԿԻՆ — Ինձ մի՛ վախեցրեք: Մեզնից ինչ-որ մեկը խաբում է…
ՏՂԱՄԱՐԴ — Հայրս կյանքում մի անգամ է ինձ ծեծել. խաբել չէի կարողանում բիզնեսի մեջ:
ԳՐԻԳ — Հասկացա: Ինչ-որ մեկն է սա պատվիրել, բայց գումար չունի վճարելու:
ԿԻՆ — Մեզնից ո՞վ է քաղցած:
ԳՐԻԳ, ՏՂԱՄԱՐԴ, ԿԻՆ — Ե՛ս…
ՏՂԱՄԱՐԴ — Լա՛վ, եկեք ուտենք ապուրը, իսկ երբ վճարելու ժամանակը գա, հերթով կծլկենք:
ԳՐԻԳ — Կամաց խոսեք. գիտեմ՝ մեզ հետևում են…
ՏՂԱՄԱՐԴ — Թաքցնելու բան չունեմ: Գրպաններս դատարկ են: Հետո՝ ես չեմ կարող ուտել, երբ կողքիս քաղցած կին կա:
ԿԻՆ — Իմ քսակում էլ են մկներ վազում, բայց ես սովոր եմ դիմանալ առանց սնվելու, իսկ տղամարդուն քաղցած թողնելը վայել չէ իմ տեսակի կանանց:
ԳՐԻԳ — Իսկ ինչո՞ւ եք եկել այստեղ… Ես անպայման կվճարեի, եթե օրավարձս ստացած լինեի: Թեկուզ գումարը երեքիս չբավականացներ, ես պատրաստ կլինեի քաղցած մնալ:
ԿԻՆ — Հանելուկ մնաց՝ ո՛վ է պատվիրել «Մինեսթրոնին», ո՞վ է ուտելու և վճարելու: Բայց, այնուամենայնիվ, խիղճս կտանջի ինձ, եթե դուք չուտեք:
Ձկնորսական պարագա հիշեցնող մի գործիքով կանաչ փայլաթուղթ-փաթեթով փողի տրցակ է հայտնվում: Երեքն էլ վազում են դեպի փողը:
ՏՂԱՄԱՐԴ — Սպասե՛ք: Այս փողի տրցակը համարյա ի՛մ ոտքերի մոտ ընկավ… Ինքս կհաշվեմ և կվճարեմ ապուրի գինը:
ԿԻՆ — Իսկ մնացած գումարն էլ դնելու եք ձեր գրպա՞նը:
ԳՐԻԳ — Ի՞նչ գիտեք՝ սա ում փողն է: Իսկ եթե իմ օրավարձը լինի՞…
ԿԻՆ — Ծիծաղելի՜ է: Այսքան օրավարձ որտե՞ղ են տալիս: Այս տրցակը ե՛ս կվերցնեմ, քանի որ աշխատանք չունեմ:
ՏՂԱՄԱՐԴ — Դուք գոնե հին իրեր եք վաճառում, իսկ ես քորոց էլ չունեմ ծախելու, օրիո՛րդ: Ձեզ չեմ ճանաչում…
ԳՐԻԳ — Ատում եմ, երբ տղամարդն ուզում է խղճահարություն առաջացնել: Ո՞նց եք համարձակվելու ուրիշի քրտինքն ուտել:
ԿԻՆ — (Գրիգին): Հույսեր չփայփայեք, որ դա ձե՛զ է հասնելու: Քիչ առաջ բարեսիրտ ջենտլմեններ էիք ձևանում, իսկ հիմա բորենու եք նման:
ՏՂԱՄԱՐԴ — Չե՞ք տանջվի, եթե երկրից հեռանամ ձեր նմանների երեսից:
ԳՐԻԳ — Նա մեղավո՞ր է, որ դժվարությամբ աշխատած փողը մսխում եք մայթեզրի ծիտիկների վրա:
ԿԻՆ — Նա անհաջողակ է:
ԳՐԻԳ — Ի՜նչ մի թևեր փռեցիք նրա վրա: Չկա՛ անհաջողակ մարդ, կա անհաջող մտածելակերպ: Այնպես որ՝ փողին ոչ մեկդ էլ արժանի չեք:
Գրիգը ցանկանում է վերցնել տրցակը, Տղամարդը գետնին է տապալում նրան և փորձում խլել փողերը: Կինը դժվարությամբ աբաժանում է նրանց:
ԿԻՆ — Դե, վե՛րջ տվեք: Անհարմար է: Է՜յ, այստեղ մարդ չկա՞… Օգնեցե՜ք… Եթե շարունակեք, ես կուտեմ այս ապուրը:
Տրցակն անմիջապես գետնին են նետում և ոտքի են ելնում:
ՏՂԱՄԱՐԴ — Ապուրին մատով չդիպչե՛ք: Մեկ է՝ արդեն փող կա…
ԳՐԻԳ — Ես ավելի քաղցած եմ… Խնդրում եմ՝ կյանքում գոնե մի անգամ զիջեք…
ԿԻՆ — Խոզերի առաջ մարգարիտ չեն գցում: Եթե հույս ունենաս, որ մարդու մեջ կփոխվի ինչ-որ բան, իհարկե, կզիջես:
ԳՐԻԳ — Տեսե՛ք. ծնկել եմ ձեր առաջ: Էդ փողն ինձ օդ ու ջրի պես պետք է:
ՏՂԱՄԱՐԴ — Ձև չկա: Փողի պատճառով դիպաք մեր արժանապատվությանը: Հեշտ չեք մարսի…
ԳՐԻԳ — Դե սպասեք: Եթե որևէ մեկդ ձեռք տաք փողին, կա՛մ դիակ եք դառնալու, կա՛մ փտելու եք բանտում…
Գրիգն արագ հեռանում է:
ԿԻՆ — (սարսափած, շշուկով): Գրի՛գ, Գրի՜գ, մի՛ գնա: Ինչո՞ւ գնաց:
ՏՂԱՄԱՐԴ — (հռհռալով): Դու ճանաչո՞ւմ ես նրան:
ԿԻՆ — Վերջ: Խաղն ավարտվեց: Մեզ էլ ոչ ոք չի հսկում:
ՏՂԱՄԱՐԴ — Մարդը միշտ փորձում է Մարդու դեր խաղալ, բայց չի ստացվում: Ո՞ւր գնաց ծախու արարածը: Տեսնո՞ւմ ես՝ փողին տիրանալու պատճառով ինչերի է պատրաստ…
ԿԻՆ — Երևի գնաց կոտոշավորի մոտ, բայց վտանգավոր է… Կփորփրի, թե այս տրցակը որտեղից հայտնվեց: Հենց այնպես ոչինչ չի լինում, չէ՞…
ՏՂԱՄԱՐԴ — Չէ՛, գնալ է պետք էստեղից:
ԿԻՆ — Եթե մեր մեջ կփոխվի ինչ-որ բան, արժե գնալ…
ՏՂԱՄԱՐԴ — Էն էլ ո՜նց կփոխվի: Երբ հարուստ լինես, կյանքը քեզ էնպես կժպտա…
ԿԻՆ — Հարուստ էիր, ամեն ինչ ունեիր, բայց ավելի դժբախտ էիր, քան հիմա:
ՏՂԱՄԱՐԴ — Քո պատճառով թողեցի ընտանիքս, կնոջս… Իսկ դու անցնում ես Գրիգի կողմը: Երդվում եմ. եթե ինձ տրվի էդ գումարը, էլի քեզ վրա եմ ծախսելու: Հավատա՛, սիրո՛ւնս:
ԿԻՆ — Ձեռք չտաս: Գուցե ծուղա՞կ է… Ազնիվ չէ՝ ուրիշի փողերին տիրանալ:
ՏՂԱՄԱՐԴ — Երևի ազնիվ կլիներ, որ միայն դու տիրանայիր, չէ՞: Չես գնահատում իմ արածը:
ԿԻՆ — Անընդհատ երեսով ես տալիս: Չգիտեմ՝ ինչ է պակասում քո մեջ: Դու կնոջդ չէիր սիրում… ու մի օր խոստովանեցիր, որ նրա հետ երջանիկ չէիր:
ՏՂԱՄԱՐԴ — Քե՛զ հետ երջանիկ եմ:
ԿԻՆ — Քաղցր լեզվիդ պատճառով բոլորին ցանցդ ես գցում: Գործդ անելուց հետո բոլորից ձանձրանում ես:
ՏՂԱՄԱՐԴ — Անուշի՛կս, միայն քո մեջ կա ինչ-որ բան, որ չի ձանձրացնում:
ԿԻՆ — Ինձ մի՛ կպիր: Փողին էլ ձեռք մի՛ տուր: Քեզ համար միայն կնոջ մարմինն է կարևոր: Հա՛, ճոխ սեղանը նույնպես… (Գրկելով նրան:)
ՏՂԱՄԱՐԴ — Դու քո կոպտության մեջ էլ ես գրավիչ…
ԿԻՆ — Մատներս սկսել են ցավել…
ՏՂԱՄԱՐԴ — (համբուրելով մատները): Երանի՜ մատանուդ, որ գրկել է սիրուն մատիկդ:
ԿԻՆ — Գրիգն ուշացավ: Գնա տես՝ ի՞նչ եղավ:
ՏՂԱՄԱՐԴ — Ուզում ես վերցնել փողերն ու ծլկե՞լ: Չէ՛, մի՛ փորձիր սատանի ծոցից ճուտ գողանալ: Եթե էդ փողերն ինձ հետ կիսվես… Հը՞, ի՞նչ կասես:
ԿԻՆ — Վերջ տուր: Գրիգի հետ վաղուց ընկերություն եք անում, բայց կողքից այնքան օտար եք թվում:
ՏՂԱՄԱՐԴ — Ի՞նչ պատահեց: Ինչո՞ւ ես ծիծաղում:
ԿԻՆ — Հիշեցի, որ երբ անասունները կուշտ են լինում, կողքինները եղած-չեղածի հաշիվ են:
ՏՂԱՄԱՐԴ — Շնորհակալություն հաճոյախոսության համար:
Մտնում է Գրիգը:
ԳՐԻԳ — Կոտոշավոր մատուցողը փախել է:
ՏՂԱՄԱՐԴ — Ո՞ւր է փախել:
ԳՐԻԳ — Չգիտեմ: Դռները կողպել է ու անհետացել:
ԿԻՆ — Այնքան եք այս հարազատ ու անծանոթ վայրում մնացել, որ տուն է դարձել ձեզ համար:
ՏՂԱՄԱՐԴ — Բան չեմ հասկանում:
ԳՐԻԳ — Իսկ կա՞ մեկը, որ հասկանա… Թվում է՝ էս ամենը եղել է ու կրկնվում է:
ՏՂԱՄԱՐԴ — Գրի՛գ, կնոջ հետ լուրջ թեմաներից ծիծաղելի է խոսել:
ԿԻՆ — Պարել եմ ուզում…
ԳՐԻԳ — Ինչո՞ւ ես հաստատում նրա անլուրջ միտքը:
ԿԻՆ — Գրի՜գ, վայելի՜ր կյանքը… Պարե՜լ եմ ուզում…
Տանգո: Պարում են երեք «սիրահարներն» էլ: Կինը պարի միջոցով արտահայտում է կիրքը երկու տղամարդկանց հանդեպ:
ՏՂԱՄԱՐԴ — (Կնոջը): Ո՞ւր ես գնում:
ԿԻՆ — Մի շատ կարևոր արարողության: Մենք խմելու առիթ ունենք…
Կինը գնում է:
ՏՂԱՄԱՐԴ — Գրի՛գ, գիտե՞ս, որ գործ համարյա չկա…
ԳՐԻԳ — …Ճիշտ է, սիրում եմ ծնողներիս, բայց նրանք չզբաղվեցին ինձնով… Վարժվեցի էս անորոշ կյանքին: Ուզում եմ անջատվել փողի պակասության հոգսից, բայց դե, մարիխուանան էլ հույս չի:
ՏՂԱՄԱՐԴ — Չէ՛, ախպե՛րս, միայն քո էգոիզմի պատճառով չեմ թողնի, որ էդ փողին դիպչես: Ես հարբեցող էի դարձել… Ոչ մի տեղ չգտա իմ երջանկությունը…
ԳՐԻԳ — Լավ, լսի՛ր… Թող էս փողի պատճառով չկորցնենք ընկերությունը: Արի փողը երեք հավասար մասերի բաժանենք:
ՏՂԱՄԱՐԴ — Ճի՛շտ ես, Գրի՛գ, էս կյանքում միայն ճշմարիտ ընկերությունն է ամենաթանկը: Երկու մասի բաժանենք փողը ու մի լավ տժժանք:
ԳՐԻԳ — Ու դու խոսում ես իսկական ընկերության մասի՞ն:
ՏՂԱՄԱՐԴ — Լավ, կներե՛ս: Դու ո՞վ ես…
Հանկարծ փողի տրցակն անհետանում է:
ԳՐԻԳ — Ի՞նչ եղավ փողը: Ո՞ւր է… Ա՛յ քեզ հանելուկ:
ՏՂԱՄԱՐԴ — Երևի պետք չէր երկու մասի բաժանել:
ԳՐԻԳ — Մոտդ ինչքա՞ն կա…
ՏՂԱՄԱՐԴ — (գրպանից թղթադրամներ հանելով): Իմ փողով միայն չորահացով աղցան կարող ես պատվիրել:
ԳՐԻԳ — (գրպանից թղթադրամներ հանելով): Իմ փողով էլ միայն մասրապուր կարող ես պատվիրել:
Մտնում է Կինը:
ԳՐԻԳ — (Կնոջը): Աչքերդ երջանկությունից փայլում են:
ԿԻՆ — Պարե՜լ եմ ուզում…
ՏՂԱՄԱՐԴ — Էսօր ի՞նչ առիթ գտնենք, որ նշենք մեր օրը:
ԿԻՆ — Ուրախալի իրադարձություն է եղել:
ԳՐԻԳ — Դե, ուրեմն կխմենք մինչև կեսգիշեր:
ԿԻՆ — Ախր, Գրի՛գ, ձեր աշխատած չնչին գումարը վատնում եք այս պանդոկում: Այդպես էլ ընտանիք չկազմեցիր…
ՏՂԱՄԱՐԴ — Դե, ասա՛, ախորժակս մի՛ փչացրու:
ԿԻՆ — Հիշո՞ւմ եք՝ երբ մահացավ հայրս:
ԳՐԻԳ — Երբ մարդը չկա, ուրեմն երբեք էլ չի եղել:
ԿԻՆ — …Հիշո՞ւմ եք՝ ե՛րբ մահացավ հայրս:
ԳՐԻԳ — Ասենք թե չորս տարի առաջ:
ՏՂԱՄԱՐԴ — Ե՞վ…
ԿԻՆ — Հիշո՞ւմ եք՝ ինչ մասնագիտություն ուներ:
ԳՐԻԳ — Չէ՛:
ՏՂԱՄԱՐԴ — Սովորական շինարար չէ՞ր:
ԿԻՆ — Այո՛:
ՏՂԱՄԱՐԴ — Հետո՞…
ԿԻՆ — Կառավարությունը որոշեց հետմահու նրան պարգևատրել հայրենաշինության առաջին կարգի շքանշանով:
ՏՂԱՄԱՐԴ — Ա՜խ, ձեռքս ցավում է:
ԳՐԻԳ — Իսկ շքանշանի հետ փող կա՞:
ԿԻՆ — Ո՛չ:
ՏՂԱՄԱՐԴ — Արդեն անհետաքրքիր է:
ԳՐԻԳ — Հետմահու կառավարությունն ինձ հաստատ բարձր աշխատավարձով աշխատանք կառաջարկի:
ԿԻՆ — Վերջ տվեք: Դուք ովքե՞ր եք…
Տղամարդն աննկատ գնում է:
ԳՐԻԳ — Իսկ ինչո՞ւ են պարգևատրել քո հորը:
ԿԻՆ — Չգիտե՛մ:
ԳՐԻԳ — Գուցե շփոթել են:
ԿԻՆ — Ո՛չ, կարդացին նրա անուն ազգանունը և ինձ կանչեցին ստանալու շքանշանը:
ԳՐԻԳ — Իսկ ինչո՞ւ հետմահու:
ԿԻՆ — Չգիտեմ: Գնա՞ց: Սա ի՞նչ վերաբերմունք է: Չե՞ք գնահատում այդ պատվաբեր շքանշանը: Չէ՞ որ դա ամեն մեկին չի տրվում:
ԳՐԻԳ — Իսկ ի՞նչ փոխվեց աշխարհում:
ԿԻՆ — Չգիտեմ:
ԳՐԻԳ — Այ, երբ գիտենաս, կասե՛ս, մենք էլ կգնահատենք:
ԿԻՆ — Դուք միայն մարմնական հաճույք եք սիրում:
ԳՐԻԳ — Դրանից հաճելի բան չեմ տեսել, վիրավորվա՛ծ կատվիկս: Եթե ուրիշ տեղ գնանք ապրելու, հաստատ ամեն ինչ կփոխվի:
ԿԻՆ — Մատներս ցավում են, Գրի՛գ: Ապրելուդ վայրը փոխեցիր, իսկ էությո՞ւնդ… Ոչ ոք չի կարողանում պատասխանել մի հարցի:
ԳՐԻԳ — Ո՞ր հարցին:
ԿԻՆ — Մարդն անասունից ինչո՞վ է տարբերվում:
ԳՐԻԳ — Գնանք մի բան ծամելու:
ԿԻՆ — Գրի՛գ, ինձ մենակ թող:
ԳՐԻԳ — Էլի պարե՞լ ես ուզում, թե՞ խռովեցիր:
Գրիգը գնում է:
ԿԻՆ — Երբեմն ինձ այնքան եմ ատում, որքան սիրում եմ նրանց երկուսին: Պետք է ընտրել մեկին: Ինչո՞ւ չեմ կարողանում պոկվել նրանցից: Նրանց հետ զվարճանալիս, թվում է՝ գլորվում եմ անտես մի անդունդ, ուր երազանքները մեռած են, ուր մարդիկ իրենք իրենցից վրեժ են լուծում զեխության մեջ… (Գնում է:)
Գազարագույն լուսաբաց: Գրիգը պլանշետով խաղեր է խաղում: Վազքով մտնում է Տղամարդը:
ՏՂԱՄԱՐԴ — Ի՜նչ լավ է՝ էստեղ ես, Գրի՛գ…
ԳՐԻԳ — Էսօր էլ մեզ համար ծովատառեխով աղցան եմ պատվիրել:
ՏՂԱՄԱՐԴ — Չգիտեմ, թե ի՛նչ եմ անելու… Ինչո՞ւ մարդ չգիտի իր գալիք օրվա մասին:
ԳՐԻԳ — Ծովատառեխի հետ թարմ լոլիկ է լինելու, շոգեխաշած սունկ, կաթնաշոռ…
ՏՂԱՄԱՐԴ — Թե ինչ պատահեց ինձ հետ երեկվա հացկերույթից հետո, ոչ ոք չի իմանալու…
ԳՐԻԳ — Բուսական յուղով է պատրաստվելու աղցանը:
ՏՂԱՄԱՐԴ — Գրի՜գ, գլուխդ բարձրացրու, դադարեցրո՛ւ խաղդ: Լուրջ բան է պատահել…
ԳՐԻԳ — Կյանքում երկու բան չեմ սիրում. երբ սեքսի ժամանակ հեռախոսը երկար զանգում է և երբ խաղ խաղալիս ընդհատում են:
ՏՂԱՄԱՐԴ — Գրի՛գ, երբ առավոտյան արթնացա, գիտե՞ս՝ ինչ տեսա…
ԳՐԻԳ — Խոստովանի՛ր, որ բրնձով լցոնած լոլիկ վաղուց չէիր կերել:
ՏՂԱՄԱՐԴ — (հանելով ատրճանակը): Եթե չլսես ինձ, կկրակեմ բերանիդ մեջ:
ԳՐԻԳ — Աշխատանքից հետո ուզում էի լիցքաթափվել: Քեզ պես պարապ-սարապ թրև չեմ գալիս:
ՏՂԱՄԱՐԴ — Չարքա՛շ ռամիկ, ամեն օր գործ ես փնտրում, բայց լսողին կթվա՝ մշտական աշխատանքով ես ապահովված: Ցած դիր խաղալիքդ, կկրակե՜մ:
Գրիգը պլանշետը դնում է սեղանին:
ԳՐԻԳ — Վաղն անպայման սնկով ու սմբուկով նախուտեստ կպատվիրենք: Էդ ի՞նչ ես անում: Վեր կաց:
ՏՂԱՄԱՐԴ — Գրի՛գ, երկրորդ անգամ է դա ինձ հետ կատարվում… Նախանշա՞ն է:
ԳՐԻԳ — Վե՛ր կաց: Ինչո՞ւ ես թևդ ծալել: Լսի՛ր, ախպե՛րս, եթե լցոնած հնդկահավի մեջ ընկույզ չավելացնեն, շա՞տ կվիրավորվես: Երկու շիշ էլ օղի կգնդակահարենք:
ՏՂԱՄԱՐԴ — (բղավում է):
ԳՐԻԳ — Քեզ ի՞նչ եղավ, ախպե՛րս:
ՏՂԱՄԱՐԴ — Բոլորը քեզ նման են: Մարդիկ միայն հեքիաթում են բարի և ուշադիր, չէ՞: Ասա՝ հա՛, Գրի՛գ, ասա՝ հա՜:
ԳՐԻԳ — Ախպե՛րս, կգնանք էստեղից, քո ուզած աշխատանքը կգտնես ու ամեն օր կայֆերի մեջ կլինես:
ՏՂԱՄԱՐԴ — Հա՛, դա է ինձ ապրելու հույս տալիս: Մի քիչ մարդ կզգամ, ամենաթանկ օղիները կվայելեմ, թե չէ սա ի՞նչ կյանք է:
ԳՐԻԳ — «Լորդանով» օղի կխմենք: Թե չէ էստեղ ինչ տալիս են, անհասկացողի պես խմում ենք:
ՏՂԱՄԱՐԴ — Գրի՛գ, երբ մարդու կյանքում ինչ-որ բան կրկնվում է, նշանակում է…
ԳՐԻԳ — Էստեղ մեր օրավարձով չենք կարող ծխել «Լաքի սթրայք»՝ ամենաթանկ ծխախոտը: Սա կյանք չի:
ՏՂԱՄԱՐԴ — Առավոտյան երբ տեսա, թե ինչ է պատահել ինձ, ցանկացա կյանքիս վերջ տալ… Ախր, մի անգամ էլ է դա ինձ հետ եղել, բայց բոլորից թաքցրել եմ:
ԳՐԻԳ — Ախպե՛րս, բոլորս էլ աշխարհից ինչ-որ բան թաքցնում ենք, բայց ինքներս մեզնից թաքցնել չի լինի:
ՏՂԱՄԱՐԴ — Լսի՛ր, նախկին ընկերուհուդ տեսա: Ասաց, որ երկուսիս կհրավիրի իր ամառանոց չինական «Ին-Յան» ուտելու:
ԳՐԻԳ — Երեկ շատ օգտագործեցիր խոտը: Տե՛ս, չբռնվե՛ս… Փող չկա, որ քեզ էլի ազատենք, ախպե՛րս:
ՏՂԱՄԱՐԴ — Դե, առանց ուռելու անհետաքրքիր կլինի:
ԳՐԻԳ — Ախպե՛րս, հոգնել եմ էդ խոտերից էլ, ծտերից էլ…
ՏՂԱՄԱՐԴ — Լսի՛ր, նախկին ընկերուհիդ սերկևիլի ու խնձորի հյութ շատ լավ է սարքում: Կզգուշացնես, որ մեր սիրած շրջազգեստը հագնի:
ԳՐԻԳ — Վերջ տուր: Գալիս է: Նա մի նոր աղցան է սովորել:
ՏՂԱՄԱՐԴ — Ի՞՜նչ: Նա ի՛մ ընկերուհին է, ու աղցանի անունը «Նռնաքարե ապարանջան» է:
ԳՐԻԳ — Կսատկացնե՜մ քեզ, սրիկա՛: Էդ աղցանը ի՛նձ համար է պատրաստելու: Դրա բաղադրատոմսն էս աշխարհում միայն ինձ է հայտնել: Ուրիշ ոչ ոք չգիտի դրա մասին, լսո՞ւմ ես, չգիտի՛, չգիտի՜…
Թավալգլոր են գալիս կատաղի թշնամիների նման:
ՏՂԱՄԱՐԴ — Միայն քեզ, հա՞: «Նռնաքարե ապարանջանը» պատրաստվում է խաշած հավի փափկամսով, սոխով, կարտոֆիլով, բազուկով և ընկույզով: Ա՜խ, ինչ դզող է ընկույզով…
ԳՐԻԳ — Չշարունակե՛ս, վերջդ կտամ:
ՏՂԱՄԱՐԴ — Հետո ավելացնում են խոշոր նուռ, աղ և մայոնեզ: Գնա՛, խաղերդ խաղա, ռոբո՛տ, քեզ պես անտարբեր հայվան ոչ մի տեղ չկա:
ԳՐԻԳ — Տեսե՜ք՝ ով է խոսում: Ուտելը չլիներ, կհրաժարվեիր կյանքից:
ՏՂԱՄԱՐԴ — Լավ, ներս է մտնում:
Գրիգն ու Տղամարդն անմիջապես ոտքի են ելնում և արագ նստում ճաշասեղանի մոտ, ասես ոչինչ չի եղել: Հայտնվում է Կինը:
ԿԻՆ — Երկու օր է՝ ոչինչ չէի ցանկանում ուտել: Ի՜նչ լավ է՝ երկուսդ էլ այստեղ եք… Երկու այսքան տարբեր և այսքա՜ն նման տղամարդ այլ տեղ չես տեսնի: Ինչո՞ւ եք այդպես լուռ նայում ինձ: Այո՛, Գրի՛գ, կյանքը մեկ անգամ է տրվում, իսկ մենք չենք փորձել «Արևածաղիկ» աղցանը: (Տղամարդուն.) Քո սիրելի բաղադրատոմսով է. եգիպտացորեն, պահածոյացրած սունկ, գազար, հավկիթ, սոխ, չիպս, աղ ու մայոնեզ: Վերջում է լցվում եգիպտացորենը, իսկ կողքերը զարդարում են չիպսերով՝ տալով արևածաղկի ձև: Գրի՛գ, որ այստեղից գնանք, կփոխվի՞ մեր կյանքը: Երբ հայրս սնանկացավ, ես ստիպված էի աշխատել: Գրի՛գ, (ցույց տալով Տղամարդուն) նա ինչ-որ բան է թաքցնում… Աչքերի արտահայտությունը բազմանշանակ է: Այսօր, գիտե՞ք, ինչ կատարվեց մեզ մոտ: Կոշիկները թարս հագած մի մարդ եկավ բժշկի մոտ ու գոռաց. «Բժի՛շկ, ախր կինս ձեռքից գնում է: Էլ ի՞նչ խորհուրդ կտաք»: Բժիշկն էլ ասաց. «Թող բոլոր տզրուկներն օգտագործի»: Այդ մարդը, թե՝ «Բժի՛շկ, դա էլ չի օգնում. կինս բոլոր տզրուկներն էլ կերել է»: Ինչո՞ւ չեք ծիծաղում… Գրի՛գ, ճամպրուկներս հավաքել եմ: Տեղափոխվում ենք: Ի՜նչ երջանիկ եմ: Հուսամ՝ էլի աշխատանք կգտնեմ: Իսկ դու քիչ խմիր: Կամ թեթևաբարո կանանց մոտ ես, կամ՝ խաղատներում: Կորցնում ես հմայքդ: Ինչո՞ւ կանգնեցիք: Անվանակոչությանս օրը շոկոլադե տորթ եմ պատվիրել, մե՜ծ, շատ մեծ: Լիկյորով է ցողված: Երկուսիդ էլ կհրավիրեմ ինձ մոտ… Ծնողներիս մահից հետո քիչ մարդկանց հետ եմ շփվում: Գրի՛գ, նա իսկապես ինչ-որ բան է թաքցնում: Տես՝ ի՜նչ դրամա կա աչքերում: Այդպես մի՛ նայեք ինձ… Առավոտյան արթնացա, մոտեցա պատուհանին ու… մենակություն զգացի, սիրելինե՛րս: Ախր, ինչո՞ւ եմ ձեզ ասում: Մոռացա հայտնել… Ձեզ համար նոր ուտեստ եմ պատրաստել՝ սմբուկի թթո՜ւ: Համեմված է դափնու տերևով, նեխուրով, պղպեղով: (Դադար:) Ես ինչ-որ մեկին չեմ սպասելու, բայց թվում է՝ իմ կյանքում ամեն ինչ նոր է սկսվելու… Ինչո՞ւ եք լռում… Այստեղ մի՛ մնացեք. սա պանդո՞կ է, թե՞ ձեր տունը: Ամբողջ օրը չարչարվում եք, բայց չբողոքեք: Տերն ամեն ինչ տվել է: Ի՞նչ եք գտել իմ մեջ: Չէ՞ որ ես մենակ եմ, մե՛-նա՛կ: Պարել եմ ուզում: Գնամ պարահրապարա՞կ: Վաղը կեսօրին ձեզ կսպասեմ նոր խորտկարանում: Ցը՜:
Գնում է: Լռություն:
ԱՐԱՐ ԵՐԿՐՈՐԴ
Ոսկե Երկրի ոսկե քաղաքը: Ոսկե պանդոկ: Ոսկե ճաշասեղան՝ ոսկե սպասքեղենով: Կարմիր լույսերի ներքո խելահեղ պարում է մարդկային ոսկե մի զանգված: Շտապով ներս է մտնում անճանաչելիորեն փոխված, տարօրինակ ձեռնոցներով, շքեղ հագուստով Գրիգը:
ԳՐԻԳ — Եկանք էս երազային երկիրը, սակայն նա էլի ուշանում է… Պետք է գնանք ինչ-որ տեղ, բայց ո՞ւր, չգիտեմ: Ոչ ոք չի հավատա, թե ինչ կատարվեց ինձ հետ երկու օր առաջ: Շատ փող է հարկավոր… Ո՞ւմ ասեմ գաղտնիքը:
Մտնում է Տղամարդը:
ՏՂԱՄԱՐԴ — Գրի՛գ, էսօր բուտերբրոդ «Շնաձուկ» հյուրասիրեցին: Աղի ձողիկներով էր, ձիթապտղով ու բողկով: Տանելի էր:
ԳՐԻԳ — Ինձ հեռացրել են աշխատանքից: Լսի՛ր, ինչո՞ւ վերջերս մի ձեռքդ միշտ ձեռնոցով է…
ՏՂԱՄԱՐԴ — Գրի՛գ, էսօր երեքով կա՛մ բիֆշտեքս կխշտենք, կա՛մ ասադո՝ տավարի ֆիլեով, կարմիր ու կանաչ բիբարով: Հետո կխմենք ափիոնը ստեղծողի կենացը:
ԳՐԻԳ — Դու էս երկրում էլ հարուստ չես…
ՏՂԱՄԱՐԴ — Ինձ ավելի մարդ եմ զգում, Գրի՛գ: Տեկիլա խմե՞նք, թե՞ օղի:
ԳՐԻԳ — Էսօր նկատեցի, որ դու մեկ ձեռքով ես ամեն ինչ անում:
ՏՂԱՄԱՐԴ — Երեկ բրնձով և նուշով փլավն ավելի համեղ էր, քան էն խոզապուխտը:
ԳՐԻԳ — Եթե հարցիս պատասխանես, ծովախեցգետնով ապուր կուտես:
ՏՂԱՄԱՐԴ — Ավելի լավ է սպանախով «Միմոզա» համտեսենք: Երեկ չարաշահեցիր ալկոհոլն ու չվայելեցիր սպագետտին: Ո՞նց կարող է մարդը մարդ համարվել ու չուտել սպագետտի: Կավելացնեի նաև իսպանական տորտիլյա, լցոնած շամպինիոն, սնկով հնդկաձավար, սմբուկով ռուլետ՝ սխտորի սոուսով և գերմանական այնտոպֆ:
ԳՐԻԳ — Ես խմել եմ, դու հարբել ես, ախպե՛րս:
ՏՂԱՄԱՐԴ — Դու խմել չգիտես, Գրի՛գ: Սովորական գարեջրից արդեն կարող ես ութ գրելով քայլել, իսկ ես մի անգամ իրար ետևից գարեջուր և օղի գցեցի, իտալական մոխիտո, ջին ու վիսկի:
ԳՐԻԳ — Ու մոռացար, որ Ալեքսի կինը քո սեփականությունը չի:
ՏՂԱՄԱՐԴ — Ախր, նա ինձ աչքերով միշտ ուտում էր…
ԳՐԻԳ — Դե զգույշ՝ ներքևի ատամներդ էլ գցել չտաս: Մոռանում ես, որ նրա մարդը բռնցքամարտի չեմպիոն է:
ՏՂԱՄԱՐԴ — Գրի՛գ, ո՜նց կարող է մարդ թղթախաղով զբաղվի, ծիտիկներ ծլվլացնի, բայց դեռ համտեսած չլինի «The Diamond Sterling», կիտրոնով սաղմոններ, ֆոկաչչո, ապուր Գուլյաշ…
ԳՐԻԳ — Հանի՛ր ձեռնոցդ:
ՏՂԱՄԱՐԴ — (ոսկե ածելի է պահում Գրիգի կոկորդին): Եթե դու մյուս անգամ խոսես իմ ձեռնոցի մասին, ժամանակից շուտ կճանապարհվես դժոխք: Ինչո՞ւ ես հիմա նկատում ձեռնոցս, ախպե՛րս, հը՞:
ԳՐԻԳ — Զգո՜ւյշ, չզրկվես կոնյակով, ցուկատով սուրճից և շոկոլադե մուսից, որի համար պատրաստ ես վերջին սանդալներդ ծախել:
Տղամարդը պարտված նստում է:
ԳՐԻԳ — Լսի՛ր, ախպե՛րս, հանգստյան օրերին բոլորով մեկնենք որևէ կղզի: Լիցքաթափվել է պետք: Թե չէ կյանքը կյանքի հույս էլ չի ներշնչում:
ՏՂԱՄԱՐԴ — Եթե ինձ խոստանաս, որ կհյուրասիրես ամենաթանկ բռուսկետտան, «Սեվիչե դե կամարոնես», հունական ֆավա, ծովամթերքով ապուր, սպանախով ռավիոլի, ապխտած բեկոն ու բանջարեղենի ռագու, ապա կգամ քեզ հետ թեկուզ աշխարհի ամենավտանգավոր ծայրը:
ԳՐԻԳ — Հարց չկա: Ես էսօր շատ խմել եմ ուզում…
ՏՂԱՄԱՐԴ — Բա՞ն է պատահել:
ԳՐԻԳ — Երեկ բան չեմ կերել:
ՏՂԱՄԱՐԴ — Այ դա դժբախտություն է:
ԳՐԻԳ — Վերջապես մարդավարի պատասխանեցիր: Չեմ քնել:
ՏՂԱՄԱՐԴ — Խե՜ղճ կանայք…
ԳՐԻԳ — Ցինի՛կ… Ամբողջ գիշեր մտածում էի կատարվածի մասին…
ՏՂԱՄԱՐԴ — Գրիգ, հիշեցի՜: «Այսբերգ» օղին չմոռանաս: Երբ խմում եմ, մոռանում եմ ամեն ինչ: Ու գլխավերևս աստղեր են պտտվում…
ԳՐԻԳ — Կսպանեմ քեզ, ցինի՛կ: Կա՛նգ առ: Ուրեմն, զրկվեցիր ամեն ինչից:
Տղամարդը փախչում է: Հայտնվում է Կինը:
ԿԻՆ — Ի՞նչ էր պատահել, Գրի՛գ: Ո՞ւր վազեց:
ԳՐԻԳ — Նա տականք է: Անտարբեր տականք: Զարմանում եմ, թե ոնց ենք իրար հետ տվել-առել:
ԿԻՆ — Մի՛ կործանեք ամեն գեղեցիկ բան: Երկար տարիներ շփվում եք… Մեկ րոպեում այդքա՜ն հեշտ ու հանգիստ ամեն ինչ ջո՞ւրն եք նետում: Ամբողջ գիշեր չեմ քնել: Մատներիս արանքները ցավում են: Սկսեցի լաց լինել: Հարևանուհիս թակեց դուռը և սպառնաց, որ պատասխանատվության կենթարկի իր հանգիստը փչացնելու համար: Նա ինձ նույնիսկ չհարցրեց, թե ինչու եմ լաց լինում: Իմ տան կանաչ պատերը բանտ թվացին: Հարևանուհիս խոսում էր ռոբոտի պես: Նրա գնալուց հետո ուզում էի ավելի բարձրաձայն լացել: Հետո այնպիսի ծիծաղ բռնեց ինձ, որ երեսս թաղեցի բարձերի մեջ… Թվաց, թե ինքն աշխարհի ամենաերջանիկ մարդն է, ու ես իմ լացով պետք է դժբախտացնեի իրեն: Հետո էլի լաց եղա: Այս անգամ նրա՛ համար: Ինձնից դժբախտն էլ կա… Նրա աչքերը շա՜տ տխուր էին: Նա էլ մենակ թվաց: Երևի ինքն իրեն ուտում է, տառապում: Վիշտը մենակ չեն կրի. մաշկի համար վնաս է: Ես շտապում եմ, բայց ինչ-որ մեկի կարիքն ունեմ…
ԳՐԻԳ — Սիրելի՛ս, վաղը «Ֆինլանդիա» կհյուրասիրեմ և հորթի լյարդով տաք նախուտեստ: Դու կլիցքաթափվես:
ԿԻՆ — Գրի՛գ, Գրի՜գ, այլևս չեմ ուզում լսել ձեր օղիների, ռագուների, աղցանների ու խորտիկների մասին: Ա՜խ, տանջում է մատներիս ցավը: Ձեր կողքին ավելի մենակ եմ զգում…
ԳՐԻԳ — Երևի էլի ինչ-որ մեկը ցանկացել է քեզ բռնի կերպով համբուրել, ու դու ամբողջ ուժով հարվածել ես նրան:
ԿԻՆ — Գրի՛գ, ամբողջ օրը տանջանքով ենք հաց վաստակում այս ոսկե երկրում: Չեմ հասկանում՝ ինչն է մեզ միացնում: Մենք տարբեր մարդիկ ենք:
ԳՐԻԳ — Ես…
ԿԻՆ — Դու՝ ի՞նչ…
ԳՐԻԳ — Մեկ ամիս հետո կդառնամ բոմժ: Ինձ աշխատանքից հեռացրել են…
ԿԻՆ — Կատակո՞ւմ ես:
ԳՐԻԳ — …
ԿԻՆ — Գրի՛գ, ի՞նչ ես թաքցնում ինձնից: Խոսի՛ր: Մի՛ մտածի՛ր, դու ուրիշ գործ կգտնես:
ԳՐԻԳ — Էլ ոչ մի գործ չեմ կարող անել…
ԿԻՆ — Դու առողջ տղամարդ ես:
ԳՐԻԳ — Քաղցած չե՞ս:
ԿԻՆ — Սիրում եմ քո գեղեցիկ աչքերը…
Մոտենում են, որ համբուրվեն: Վազքով մտնում է Տղամարդը:
ՏՂԱՄԱՐԴ — Օհո՜, աչքս թեքեցի, ձեզ ազատություն տվեցիք… Փրկե՜ք ինձ, էլ չեմ կարող ոչինչ անել: Աստված ինձ պատժել է…
ԿԻՆ — Աստված խելք էլ է տվել մարդուն…
ՏՂԱՄԱՐԴ — Իսկ ինչո՞ւ պետք է հայրենիքս չսիրեր ինձ, ու կործանվեի օտար հողում:
ԿԻՆ — Բնակավայրդ էլ փոխեցիր, եկար քո երազած երկիրը, հետո՞…
ԳՐԻԳ — Կասե՞ս, թե դու ինչո՞ւ ես երկրորդ ձեռքիդ ձեռնոց դրել: Կասե՞ս վերջապես:
ԿԻՆ — Ա՜խ, ձեռքերի մասին մի՛ խոսեք:
ԳՐԻԳ — Խոսի՛ր, ախպե՛րս, խոսի՜ր…
ԿԻՆ — Վաղը բացօթյա սրճարանում կհանդիպենք: Սիրտս նարնջի կոկտեյլ ուզեց…
ՏՂԱՄԱՐԴ — Ինչ-որ բան մարդու մեջ պակաս է, ախպե՛րս…
ԳՐԻԳ — Մարդը կատարյալ է ստեղծված…
ԿԻՆ — Գրի՛գ, երեկ քեզ տեսա, մի մոդելի հետ հյուրանոց մտար… Դու քեզ սպառում ես: Մի անգամ ինձ համար արքայական շուշաններ բերեցիր, բայց այնպես կոպիտ էիր բռնել, որ նրանց ցողունները ջարդվել էին: Դժվա՞ր է մեկին սիրելը…
ԳՐԻԳ — Սիրելի՛ս, լեզուդ մի բան է ասում, սիրտդ՝ մի այլ բան…
ՏՂԱՄԱՐԴ — Գրի՛գ, նա էսօր իմ ֆրանսերենի դասատուին է հիշեցնում իր էս սիրուն զգեստով, քայլվածքով…
ԳՐԻԳ — Նա կարծում է՝ աշխարհիս միակ կնամոլ տղամարդը ես եմ:
ԿԻՆ — Ձեզ համար ոչ մի կին լիարժեք ու բավարար չէ:
ՏՂԱՄԱՐԴ — Ֆրանսերենի երիտասարդ ուսուցչուհուս տեսա մի աշակերտի հետ դասարանում համբուրվելիս և սպառնացի, որ բոլորին կասեմ, եթե ինձ չտրվի մի գիշեր… Նա ստիպված համաձայնեց: Մետաքսի պես մաշկ ուներ…
ԳՐԻԳ — Իսկ ես երկու քույրերի հետ թղթախաղ խաղացի, իսկ պարտվողը մերկանալու էր… Կիսամերկ էի, երբ երկուսն էլ տանուլ տվեցին խաղը: Ա՛յ, դա գիշեր էր:
ԿԻՆ — (մեկուսի): Ես ձեր մեջ ավելի մենակ եմ զգում, անկո՛ւշտ արարածներ: Կինը ձեզ տրվում է իր ամբողջ հոգով, բայց դուք հետո նրան շպրտում եք՝ ինչպես օգտագործած անձեռոցիկ:
ՏՂԱՄԱՐԴ — Սիրունի՛կս, էնպես ես նայում, կարծես ընտրակաշառքդ պակաս ենք տվել… Կինը սիրվելու համար է:
ԿԻՆ — Ձեզ համար կնոջը սիրելը հավասար է հոնի խյուսով եփած հավ ուտելուն:
ԳՐԻԳ — Սիրելի՛ս, ամեն օր նույն կերակուրը չես ուտի: Մի՞թե էդքան անխիղճ ես:
ԿԻՆ — Դուք չեք հանդուրժի, երբ կինն իր սնունդը փոխի…
ՏՂԱՄԱՐԴ — Էդ դեպքում ավելի լավ է ամեն օր մսով տորթ ուտել, քան ապրել էդպիսի կնոջ հետ:
ԿԻՆ — Մարդու տեսակ կա, որի հետ շփվելիս սկսում ես մտածել կյանքի սին իմաստի մասին:
ԳՐԻԳ — Պետք է էստեղից էլ տեղափոխվել մի ավելի հարմար տեղ…
ԿԻՆ — Եկաք այս ոսկե երկիրը, հիմա էլ ուզում եք ուրի՞շ տեղ գնալ:
ՏՂԱՄԱՐԴ — Գրի՛գ, նա էսօր շատ գեղեցիկ է, չէ՞… Դեռ տասնյոթ տարեկան չկայի, երբ գնացի Լիայենց տուն՝ միասին դաս անելու: Պարզվեց՝ գժոտ համբուրվել գիտեր: Վերջերս տեսա նրան, շարքից դուրս էր եկել ու քայլում էր մի բոմժի հետ:
ԿԻՆ — Գրի՛գ, նրան ասա՝ թող լռի… Ոչինչ մի՛ պատմեք, բնազդի՛ ստրուկներ:
ԳՐԻԳ — Սիրելի՛ս, ես չեմ պատմի, թե ինչպես տեսա մանկապարտեզի ընկերուհուս, թե ինչպես կիրքը գլխիս խփեց, չեմ ասի, թե տաքսիում նստած՝ ոնց էր ոտքը, իբր պատահաբար, քսում իմ ոտքին: Չեմ ասի, թե ինչ էներգիա էինք ուղարկում իրար: Եվ երբեք չեմ ասի, թե սրճարանում ինչպես արձակեց իմ շալվարի կոճակներն ու մեր շուրթերը հանդիպեցին իրար…
ԿԻՆ — …Ես ինձ ներել չեմ կարողանում: Ինչո՞ւ չհեռացա… Սարսափելի է, երբ գիտակցում ես՝ ինչ պետք է անես, բայց չես կարողանում ինքդ քեզ հաղթել…
ԳՐԻԳ — (Կնոջը տանելով մի անկյուն): Քեզ շատ եմ ասել՝ նման զգեստ մի՛ հագիր: Բոլորն աչքերով խժռում են քեզ…
ԿԻՆ — Թո՛ղ թևս: Քեզ այնպես ես պահում, կարծես ամուսինս լինես:
ՏՂԱՄԱՐԴ — Էդ ի՞նչ եք քչփչում: Ժա՞մ եք պայմանավորվում…
ԿԻՆ — Վե՛րջ տվեք, վավաշո՛տ կատուներ: Դուք նույն մարդն եք, միայն ձեր մարմնի ձևն է տարբեր… Հիմա երկուսդ էլ խոստովանեք, թե ինչու եք ձեռնոցներ կրում: Դա նորաձևության վերջին ճի՞չն է… (Զգեստների ու ձեռնոցների համադրության մեջ աններդաշնակություն կա:)
ԳՐԻԳ — Կանայք Էության խորքը թափանցել չգիտեն: Էնքան ուժեղ եք կպչում զգացմունքին, որ իմաստազրկում եք ամեն ինչ:
ՏՂԱՄԱՐԴ — Կինը սեքսից ու փողից առավել ուրիշ երջանկություն չի ճանաչում, ու առանց կնոջ կյանքն անիմաստ կլիներ:
ԿԻՆ — Գրի՛գ… (փաթաթվում է), փոխվել ես… Արդեն խոսում ես կարևոր բաների մասին… Ինչ ձեռնոց եք կրում՝ փոխվել եք:
ԳՐԻԳ — (լսում է միայն Տղամարդը): Մենք կործանվում ենք, բայց պատճառը չգիտենք:
ՏՂԱՄԱՐԴ — Թե՞ պատճառները…
ԿԻՆ — Վաղուց պետք է ձեռնոց կրեիք:
ԳՐԻԳ — Կծիծաղե՜ս, բա ոնց չէ: Ձեզ ցինիզմն է միավորում:
ԿԻՆ — Գրի՛գ, քեզ այսպես ավելի եմ սիրում:
ՏՂԱՄԱՐԴ — Աննրբանկա՛տ էակ, ինձ նեղացնում ես… Խմե՞նք կանանց անհույս կենացը: Ի՞նչ ուտենք… Գրի՛գ, հյուրասիրի՛ր մեզ էսօր, վաղն էլ ե՛ս պարտք կանեմ ու…
ԿԻՆ — Եկեք թատրոն գնանք, Գրի՛գ: Ձեզ երբևէ չեմ տեսել այնտեղ:
ՏՂԱՄԱՐԴ — Կոճապղպեղի սոուսով միս եմ ուզում…
ԿԻՆ — Ձեզ համերգասրահում դասական երաժշտություն ունկնդրելիս էլ չեմ տեսել, Գրի՜գ…
ՏՂԱՄԱՐԴ — Դուք չե՞ք ցանկանում տապակած պերկես համտեսել: Սպիտակ գինով: Խոստովանեք, որ ձեր բերանի ջրերը վազեցին:
ԿԻՆ — Գրի՛գ, ամբողջ քաղաքը խոսում է մի ցուցահանդեսի մասին: Գնանք դիտելու, բայց էլի չծաղրեք, խնդրում եմ: Ա՜խ, մատներս… Ձեր միակ կարդացածը հեռախոսագիրքն է:
ՏՂԱՄԱՐԴ — Կյանքից լավ գիրք չկա: Մնում է սովորես՝ ոնց կարդալ: Ավելի լավ է՝ փուչ օրերդ վայելես, իսկ հիմա խաղատուն գնանք: Կեսգիշերին հարիսա ենք խշտելու:
ԳՐԻԳ — Մարի՜…
ՄԱՐԻ — Դու ինձ ասացիր՝ Մարի՞… Դու ինձ ասացիր՝ Մարի՜: Վաղուց անունով չէիր դիմել, Գրի՛գ:
ԳՐԻԳ — Մարի՛, կյանքը վազում է շատ արագ: Չենք հասցնում արտաշնչել…
ՄԱՐԻ — Որքա՜ն եք փոխվել… Ուրախ եմ, Գրի՜գ, ուրախ: Ա՜խ, կարծես ճաքում են ձեռքերս… Ձեր պատճառով ցուցահանդես չեմ գնում:
ՏՂԱՄԱՐԴ — Ճաշասեղանի մոտ ընկերակցում ենք, Մարի՛:
ՄԱՐԻ — Դու է՞լ անունով դիմեցիր ինձ:
ԳՐԻԳ — Գնանք, քայլենք օվկիանոսի ափով… Հետո կգնանք ուտելու…
ՏՂԱՄԱՐԴ — Մարի, էսօր ի՛նձ համբուրի…
ՄԱՐԻ — Հենց հիմա հանեք ձեռնոցները: Արա՛գ:
Դադար:
ՏՂԱՄԱՐԴ — Թեմադ փոխի՛: Ուշ է…
ԳՐԻԳ — Առաջին անգամ ճիշտ բան ասաց. արդեն ուշ է, Մարի:
ՄԱՐԻ — Երբեք ուշ չէ… Հանե՛ք:
Մարին անսպասելի հանում է Գրիգի ձեռնոցները և ճչում:
ԳՐԻԳ — Սա էիր ուզում տեսնել, հա՞: Դե տե՛ս, տե՜ս…
ՄԱՐԻ — Սմբակնե՞ր… Քո ձեռքի փոխարեն…
ՏՂԱՄԱՐԴ — Ես քեզ կխեղդեմ… Չհամարձակվե՛ս ծաղրել…
ՄԱՐԻ — Բա՛ց թող:
ԳՐԻԳ — Մարի, կարո՞ղ ենք փոխել ամեն ինչ…
ՄԱՐԻ — (Տղամարդուն): Քո ձեռքերի փոխարեն նույնպե՞ս…
ՏՂԱՄԱՐԴ — Հա՛, հա՜, մենք անասուն ենք դառնում: Տե՛ս: Դա՞ էիր ուզում իմանալ: Մի օր էլ կարթնանանք ու կբառաչենք…
ԳՐԻԳ — Մարի՛, կարո՞ղ ենք փոխել գոնե ինչ-որ բան…
ՄԱՐԻ — Ձեռքերս ճաքում են…
ՏՂԱՄԱՐԴ — (հռհռում է): Այ, հիմա էլ քո՛ ձեռքերը կդառնան սմբակներ: Հետո միասին կգնանք արածելու…
ՄԱՐԻ — Գրի՛գ, դու ինձ անվանեցիր Մարի, երբ… Ա՜խ, ձեռքերս…
ՏՂԱՄԱՐԴ — Քիչ մնաց… Մարի՛, հիմա միայն դո՛ւ պետք է աշխատես մեզ համար, որ կերակրես… Իսկ եթե դու էլ դառնաս սմբակավոր…
ԳՐԻԳ — Անպատասխան մի՛ թող հարցերս, Մարի՛:
ՄԱՐԻ — Ես սարսափում եմ ձեզնից, սմբակավորնե՜ր: Հե՛յ, օգնե՛ք ինձ: Վախենում սմբակներից…
ԳՐԻԳ — Մարի՛, գնանք օվկիանոսի ափ: Մոռանանք ամեն ինչ…
ՏՂԱՄԱՐԴ — Միշտ մնալ սմբակներով՝ վիրավորական է… Ես զգում եմ, որ ոմանց վրա պոչ է աճել, բայց նրանք խնամքով թաքցնում են դա իրենց շալվարի տակ: Որոշ կանայք պոզեր ունեն, բայց ծածկում են իրենց մազերի մեջ… Մարի՛, քո սմբակները դեռ չեն աճել, քեզ պատերով մի՛ տուր: Անտես սմբակներով մարդիկ ավելի՛ վտանգավոր են, Մարի: Գրի՛գ, մենք էլ չենք կարող շոյել կանանց կոնքերը, էլ չեմ կարող գարեջրի բաժակ վերցնել կամ ռագու ուտել… Ախպե՛րս, դու քաղցած չե՞ս… Իսկ դո՞ւ, Մարի՛: Դուք քաղցած չե՞ք… Քաղցած չե՞ք…
Մարին բացում է պայուսակը և ճերմակ ձեռնոցներ հագնում: Հանկարծ ակվարիում են ներխուժում զանազան մասնագիտությունների տեր մարդիկ (բուժակ, վարսավիր, խոհարար, քաղաքապետ, հաշվապահ, մարզիկ, սպա, շինարար, հանրապետության նախագահ և այլք), ովքեր ունեն սմբակներ, պոչեր, կոտոշներ: Ինքնավստահ են: Ներս է մտնում սիրահար մի զույգ, որը չունի ո՛չ պոչ, ո՛չ սմբակ, ո՛չ կոտոշ: Բոլորը հեգնանքով նրանց են նայում: Մարին փորձում է թաքցնել արցունքներն ու ժպտալ…

Կարդացեք նաև