Սամվել ԿՈՍՅԱՆ / ԵՎ ՁՅՈՒՆՆ ԻՋՆՈՒՄ Է…

(Դրամա յոթ պատկերով)

Գործող անձինք
ԱՐԱՄ
ՆՈՒՆԵ

ՊԱՏԿԵՐ ԱՌԱՋԻՆ
Բազմահարկ շենքի սովորական բնակարան: Պատուհանը պարտադիր է: Սենյակի դռնից կարելի է մտնել ննջասենյակ կամ խոհանոց: Բնակարանը վաղուց չի վերանորոգվել: Սենյակի կահավորանքը հին է ու մաշված:
ԱՐԱՄ — (սենյակում ետուառաջ է անում): Մե՛կ, երկո՛ւս, երե՛ք… Երեք քայլ, և ուրիշ աշխարհում եմ: Տեսականորեն է ուրիշ, թե չէ նույն աշխարհն է, նույն անհրապույր սենյակը… Երեք քայլ ետ գնալն էլ ոչինչ չի փոխի…
ՆՈՒՆԵ — (երկու բաժակ սուրճ է բերում, դնում սեղանին): Էլի շուրջերկրյա ճանապարհորդությա՞ն ես ելել:
ԱՐԱՄ — Շուրջերկրյա չի ստացվում, պատերը չեն թողնում:
ՆՈՒՆԵ — Երևակայությունդ ինչի՞ համար է:
ԱՐԱՄ — Միտքս հասցնում է պտտվել աշխարհի շուրջը, մարմինս դանդաղում է: Երեք քայլից ավել չի շարժվում… Երեք քայլ առաջ, երեք քայլ ետ… Առաջ ու ետ, առաջ ու ետ… ժամանակը ճոճվում է, ու զգում եմ՝ ոնց եմ ծերանում:
ՆՈՒՆԵ — (հեգնանքով): Ասա՝ մանկանում… Ծերն ամեն օր սենյակը չէր չափի:
ԱՐԱՄ — Պարապ մնաց` կչափի: Չնայած պապս ասում էր՝ սուրճ խմելը չափելուց լավ է:
ՆՈՒՆԵ — Ոնց որ պապիդ ես քաշել:
ԱՐԱՄ — (սուրճի բաժակից կում է անում): Պապս ուրիշ մարդ էր:
ՆՈՒՆԵ — Պապերը նրա համար են պապ, որ ուրիշ լինեն:
ԱՐԱՄ — Կամ ուրիշ են, որովհետև պապ են:
ՆՈՒՆԵ — Մի անգամ էլ զանգիր:
ԱՐԱՄ — Օգուտ չկա:
ՆՈՒՆԵ — Բնավորությունդ էլ է փոխվել: Չշարժեն` չես շարժվի…
ԱՐԱՄ — Հո չե՞ս մտածում, որ իմ կամքով եմ տանը նստել:
ՆՈՒՆԵ — Մտածելու տրամադրությունս էլ է կորել:
ԱՐԱՄ — (զանգում է): Գործակալությո՞ւնն է… Հա, էլի ես եմ, ճանաչեցի՞ք… Մտածում եմ, կարող է նորություն ունենաք… Չկա՞… Սպասո՞ւմ եք: Ո՞ւմ եք սպասում… Ես որ հոգնել եմ սպասելուց: Կարծո՞ւմ եք… Ե՞րբ կճշտեք… Չգիտեմ: Ասում են, անորոշությունը ազդում է հոգեկանի վրա… Ի՞նչ իմանամ՝ ով է ասում: Ասողի վրա երևի ազդել է… Կփորձեմ, հա, վաղն էլ կփորձեմ, մյուս օրն էլ:
ՆՈՒՆԵ — Հը՞…
ԱՐԱՄ — Նույնն է:
ՆՈՒՆԵ — Այսքան ժամանակ գործ չեն գտե՞լ:
ԱՐԱՄ — Առաջարկում են… Վուլկանիզացիա, բենզակայան, շինարարություն…
ՆՈՒՆԵ — Ասում էիր՝ պետք լինի, ամեն ինչ կանես:
ԱՐԱՄ — Մասնագիտությունս եմ ափսոսում:
ՆՈՒՆԵ — Ափսոսելու ավելի արժեքավոր բաներ կան: Հիմա ո՞վ է իր մասնագիտությամբ աշխատում:
ԱՐԱՄ — Ուզում եմ առաջինը լինել:
ՆՈՒՆԵ — Երբվանի՞ց…
ԱՐԱՄ — Միշտ էլ ուզել եմ:
ՆՈՒՆԵ — Ուրեմն ճիշտ չես ուզել:
ԱՐԱՄ — Էլի ի՞նչ չար բան անցավ մտքովդ:
ՆՈՒՆԵ — Չի անցել, քարացել-մնացել է:
ԱՐԱՄ — (քայլում է սենյակում): Մե՛կ, երկո՛ւս, երե՛ք…
ՆՈՒՆԵ — Չորրորդը մոռացար:
ԱՐԱՄ — Չմոռացա, չորրորդը մեջս չի: Երեքից հետո մեջս քայլ չկա… Ամեն քայլը նոր աշխարհ է: Իմ վիճակն է նույնը:
ՆՈՒՆԵ — Եկած օրից քայլում ես… Վիճակդ նույնն է, բայց դու այլևս նույնը չես:
ԱՐԱՄ — Ամսի քանի՞սն է:
ՆՈՒՆԵ — Երեք օրից տանտերը կհայտնվի…
ԱՐԱՄ — …համակենտրոնացման ճամբարի վերակացուի պես: Նույն օրը, նույն ժամին: Առանց ուշանալու:
ՆՈՒՆԵ — Ո՜ւր էր, բնակարանից դուրս հաներ: Գյուղ կվերադառնայինք…
ԱՐԱՄ — Տուրիստ չեմ եկել, որ մի քանի օր թափառելուց հետո վերադառնամ:
ՆՈՒՆԵ — Բա ո՞վ ենք, եթե տուրիստ չենք: Քաղաքացի չենք… արդեն գյուղացի էլ չենք: Ո՞վ ենք…
ԱՐԱՄ — (մոտենում է պատուհանին, նայում է դուրս, արտասանում է).
Եվ ձյունն իջնում է, ձյունն իջնում է
Այտերիս վրայով բառերիս վրա,
Թվում է, ցավը նահանջում է
Ու ցավն էլ ճերմակ
կդառնա հիմա…
Իսկ ձյունն իջնում է,
ձյունն իջնում է,
Ցավի անունը մոռացել եմ,
Տեսնես կա՞ մեկը, որ ինձ հիշում է
Թեկուզ և վաղուց հեռացել եմ…
ՆՈՒՆԵ — Ե՞րբ ես գրել:
ԱՐԱՄ — Քաղաք գալու առաջին օրը:
ՆՈՒՆԵ — Հիշո՞ւմ ես.
Ես սիրում եմ քեզ, իսկ դու չգիտես,
Եթե իմանաս, գուցե զարմանաս,
Իսկ գուցե սիրես, ինչ իմանամ ես,
Քո աչքերը ջինջ չեն ասում ոչինչ…
Անունդ էլ չէիր գրել:
ԱՐԱՄ — Նոր էի սիրահարվել… Զարմացել էի, որ այդքան տարի, էն էլ մեր փոքրիկ գյուղում, քեզ չէի տեսել: Իրար հետ խաղացել ենք, նույն դպրոցը գնացել, ու մեկ էլ հանդիպում ենք, նայում եմ աչքերիդ մեջ ու… Ոնց որ տեսողությունս գտնեմ: Անունս չէի գրել, բայց իմացել էիր` ես եմ:
ՆՈՒՆԵ — Որովհետև ես էլ քո աչքերի մեջ էի նայել: (Դադար, երազկոտ:) Քեզ կարոտել եմ:
ԱՐԱՄ — Դիմացդ եմ:
ՆՈՒՆԵ — Բանաստեղծություն գրող Արամին եմ կարոտել, սիրահարված Արամին… Քաղաքում փոխվել ես: Նախկին ոգևորված, կապը կտրած Արամը չես: Այն Արամը ուզում էր աշխարհը նվաճել: Հիմա ամեն օր գործակալությունների դռներն ընկած գործ ես մուրում: Այն Արամն ու դու նույնը չեք: Մարմինը նույնն է, ներսում ամեն ինչ խառնվել է, ոչինչ իր տեղում չէ: Երբեմն թվում է, քեզ հետ լինելով դավաճանում եմ Արամին, այն Արամին, որի հետ պատրաստ էի դժոխք գնալ: Իմ զգացմունքներին եմ կարոտել: Չենք էլ զգում, որ մեր հետ սերն էլ է մաշվում: Երևի սեր չի էլ մնացել: Մնացել է իրար հետ ապրելու սովորությունը: Ընդամենը… Ի՞նչ կար քաղաքում, որ գյուղում չէինք կարող գտնել:
ԱՐԱՄ — Հույսը չկար, որ կարելի է ինչ-որ բանի հասնել:
ՆՈՒՆԵ — Հասա՞նք:
ԱՐԱՄ — Ճանապարհին ենք:
ՆՈՒՆԵ — Ճանապարհի վերջը չի երևում: Ասածդ ճանապարհի վրա անորոշության ամպեր են կախված: Խխունջի պես փակվել ենք էս վարձով տանը: Գյուղում ուսուցչուհի էի, ապրում էի երեխաներով, սովորեցնում էի, կիսվում էի հետները: Հիմա ծխախոտի մնացորդներով լիքը մոխրամաններն եմ դատարկում: Ով կանչում է, վարժեցրած կապիկի պես վազում եմ, կոտրատվում, ժպտում եմ աջ ու ձախ, ինչ է՝ մի քանի դրամ թեյավճար թողնեն: Օրվա վերջում ոնց որ ծխախոտի մնացորդները մեջս լցված լինեն: Ներսս մաքուր բան չի մնացել, երազներս էլ են կեղտոտվել: Ուսուցչուհին ու՜ր, մատուցողուհին՝ ո՛ւր… Քո գործն էլ չի լինում: Նրանից է, որ դու էլ չգիտես՝ ինչ ես ուզում: Քաղաքի կեսը գործ է փնտրում, ո՞վ հենց այնպես քո ուզածը քեզ կտա: Բարեկամներին կտան, հարազատներին կտան, փող տվողներին: Քոնը բետոն խառնելն է… Ամեն օր կարող են առաջարկել, մինչև ջահելությունդ հասցնես բետոնի տակ թողնել: Մինչև հիմա զարմացած ես, որ քաղաք մտնելիս ծափահարություններով չեն դիմավորել: Ծափահարությունները հետո էլ չեն լինի, ծափահարություններից ետ են վարժվել: Կեսը ձեռքերը բարձրացնելու ուժ չունի, մյուսներն էլ աճպարարությամբ են զբաղված և անտեղյակ են՝ երբ է պետք ծափահարել: Սեփական մարմնիդ շուրջը ճամփորդություններ ես անում: Ինչքան ուզում ես աշխարհներ հայտնաբերիր, ո՞ւմ է հետաքրքիր հազար անգամ հայտնաբերվածը, թեկուզ և նորը: (Դադար: Խմում է վերջին կում սուրճը, Արամի դատարկ բաժակն էլ է վերցնում:) Այսքան շատ չէի խոսել: Ուրիշների սիրտը կյանքով է լի, իմը` չասված բառերով: Ժամանակ չի լինում: Ասում էիր` քաղաքում գործը թափած է: Կռացիր` վերցրու, ինչո՞ւ չես վերցնում: Թե՞ վերցնելու բան չկա: Արդեն չես էլ երազում: Ի՞նչ երազես… Հասկացել ես, որ երազի ետևից գնացողը չի վերադառնում:
ԱՐԱՄ — Մեր երազը ինքը մեզ մոտ կգա:
ՆՈՒՆԵ — Եթե չի եկել ու անցել: (Դուրս է գալիս:)
ԱՐԱՄ — Անցած լիներ՝ հետքը կերևար:
ՆՈՒՆԵ — (վերադառնում է լաթը ձեռքին): Ախր, քաղաքում ինչո՞ւ պիտի այսքան փոշի լինի: (Սեղանն է մաքրում:) Մաքրած-չմաքրած՝ նույնն է, չես հասցնում շրջվել, նորից փոշի է նստում: Գյուղում էլ էսքան փոշի չկար: Փոշին բառերի վրա էլ է նստում:
ԱՐԱՄ — Քիչ խոսես` չի նստի:
ՆՈՒՆԵ — (նայում է ձեռքի ժամացույցին): Գնալուս ժամը եկավ: Վաղուց այս ժամին տանը չէի եղել: Մեկ էլ ե՞րբ վթար կլինի, որ սրճարանը դատարկվի: Գնամ… Գնամ` հագնվեմ, չուշանամ: Մեկ էլ տեսար՝ կեղտոտ մոխրամաններն էլ բողոքի ցույց արեցին: (Ժպիտի պես մի բան է հայտնվում դեմքին, և կիսաժպիտով էլ դուրս է գալիս:
Արամը մոտենում է պատուհանին, ճակատով հենվում է ապակուն, անշարժանում է:
ՊԱՏԿԵՐ ԵՐԿՐՈՐԴ
Նույն սենյակը: Արամը խոսում է բջջային հեռախոսով:
ԱՐԱՄ — Լավ եմ: Մա՛մ, ասեցի լավ եմ… Պոպոքի պես: Աշխատա՞նք… Երկու օր է՝ աշխատում եմ: Միջազգային ծրագիր է: Խոստացել են մի քանի ամսից բարձրացնել: Կհերիքի… Ի՞նչ սոված… Նունեն էլ է աշխատում… Որոշել ենք մեկիս աշխատավարձը հավաքել: Հո անընդհատ վարձով չե՞նք ապրելու: Քեռին չի զանգե՞լ… Երե՞կ… Ո՞նց էր… Գյուղի գործերը ո՞նց են… Նոր եմ ընդունվել, ամոթ է բացակայեմ: Նունեն էլ է լավ… Չէ, մամ, դրա ժամանակը չի: Ծառը պիտի արմատները խորացնի, որ պտուղ տա… Էլի չասեցիր, ձեզ մոտ ինչ կա: Մա՞մ… Հայաստանում եմ, Սիբիրում չեմ… Կգամ, էլի… Նունեի հետ, էլ ո՞ւմ… Ձեզ լավ նայեք, բարևիր բոլորին: (Անջատում է հեռախոսը:) Ճիշտ որ սոված հավը երազում կորեկ է տեսնում: Միջազգային ծրագիր… Թան էլ չէ` մածուն: Բա ի՞նչ ասեի: Հետո էլ, բարի սուտը սուտ չի: Բարի սուտը վատ բանը թաքցնելու համար է: Ծրագիրը լավ հնարեցի, էն էլ միջազգային, մինչև իրիկուն ամբողջ գյուղը կիմանա: Չլինի՞ նախախնամությունը այս անգամ… Եթե երրորդ քայլից ոտքս աթոռին զուգահեռ լինի, նշանակում է… Կարևորը, զուգահեռ լինի: (Քայլում է:) Մե՛կ, երկո՛ւս, երե՛ք… Չեղավ… քայլերս մի քիչ լայն պիտի գցեի: Միևնույն է, զանգեմ: (Զանգում է:) Ալո՛… Ի՞նչ իմացաք, որ ես եմ: Շատ եմ զանգո՞ւմ… Պարապությունից է, գործ գտնեմ, չեմ զանգի: Էլի չկա, հա՞: Լուրջ չեք հետաքրքրվում: Լուրջ ե՞ք: Արդեն երեք ամիս է: Մյուսները տան վարձ չեն տալիս: (Հեռախոսն անջատում է, նայում է պատուհանից դուրս:) Ոչ մի նորություն: Պատուհանից դուրս նույն անշուք խանութն է, նույն քանդված ասֆալտը: Հնարավոր է, մարդիկ էլ նույնը լինեն: Նրանից է, որ աշխարհին իմ միջից եմ նայում: Իմ նույնի միջից: Գոնե տագնապը չլիներ, սկսել է շուտ-շուտ սրտիս տակ հայտնվել: Նունեի բախտից էլ… հազարավոր ուսուցիչներ են աշխատանքի հերթագրված: Սրճարանում շատ չի դիմանա, ճահիճ է` կթաղվի: Ֆիզիկապես էլ, հոգեպես էլ… (Գոռում է:) Է՜հե՜ե՜յ: Ուզում եմ՝ մեկը ձայնս լսի, իմ սիրած գործն եմ ուզում, լսեցի՞ք: Էն աշխարհում չէ, է՛ս, է՛ս աշխարհում… (Տրորում է սիրտը:) Տագնապը երկարում ու վախեցնում է: Երևի վախը անորոշության հետ եմ խառնել: Նունեի աշխատած հացից տանջանքի հոտ է գալիս: Գնալով հոտը ուժեղանում է: Օրը քանիսի առաջ է վիզ ծռում, որ ինձ պահի: (Բռունցքով հարվածում է սեղանին, պատին:) Անապահովության բերանն ենք ընկել, ծամոնի պես ծամում է: Երևի ինչքան ուզի` կծամի: Հրեշի պես է, հոգնել չունի: Վախն էլ ոնց որ դրա ստվերը… Ու գիշատիչ է` նախ սրտի միջինն է ուտում, հետո` սիրտը: Բայց ոչ մեկը ասածներիս չի հավատա: Վախի դեմքը տեսած պիտի լինեն, որ հավատան: Ոչ մարմին ունի, ոչ դեմք, իսկ շնչառությունը զգում եմ: Ոտնաձայներն էլ եմ լսում: Վտանգի ոտնաձայները: Բանաստեղծության վերնագիր է: Ուշ է: Բառերս դիմում գրելու համար էլ չեն հերիքի: Նորից ինքս իմ վրա ագռավի պես կռռում եմ: Կռռամ-չկռռամ, վախը բառերս էլ է կերել: Ինձ էլ հո չի՞ կերել: (Շոշափում է իրեն:) Ամբողջական եմ, չվնասված խնձորի պես: Եթե երրորդ քայլից ոտքս սեղանի ոտքին զուգահեռ լինի… դեռ կկարողանամ բառերս, էլի ինչ-որ բաներ ետ բերել: Լավ կլինի քայլերիս մեծությունը փոխեմ: Կարևոր է՝ ինչ քայլերով ես առաջ գնում: (Հայացքով չափում է տարածքը, որը պիտի անցնի: Վերջապես քայլում է:) Մե՛կ, երկո՛ւս, երե՛ք… Թո՛ւհ… Իմանայի՝ անհաջողության գեղձը ուղեղի ո՛ր կիսագնդում է: Էդ գեղձը ուղեղս լրիվ գրավել է: Ինչո՞ւ… (Նորից ձեռքով հարվածում է սեղանին, կրկնելով` ինչո՞ւ: Հարվածում է պատին` ինչո՞ւ: Մոտենում է պատուհանին, ձեռքերը պարզում է առաջ:) Հե՜յ, մարդիկ, կասե՞ք՝ ինչու: Լռում եք, չէ՞, բոլորդ էլ լռում եք: Ոչ մեկին չի հետաքրքրում ուրիշի անհաջողությունը: Իմանաք էլ, չեք ասի: Որ չվարակվեք: Անհաջողությունն էլ վարակիչ է: Մի քանիսի վարակվելը հեչ, համաճարակ չլինի: Գրիպի համաճարակ, կարմրուկի համաճարակ, անհաջողության համաճարակ: Գործազրկությունը մոռացա: Ամենադաժան համաճարակը: Փոխելու ձևը չգիտե՞ն, թե՞ մոռացել են: Գուցե կորցրել են… (Դադար: Նայում է ձեռքի ժամացույցին:) Հիստերիկ եմ դարձել: Կամ էլ դարձրել են: Եթե րոպեում տասն անգամ պտտվեմ սեղանի շուրջը, ուրեմն… Իրավիճակը փոխելու ձևը կորցրել են: Տասն անգամ, առանց վազելու… (Խոր շունչ է քաշում, պտտվում է սեղանի շուրջը ժամացույցին նայելով:) Մե՛կ, երկո՛ւս, երե՛ք…
Ներս է մտնում Նունեն: Տեսքը հոգնած է: Զարմացած նայում է սեղանի շուրջը պտտվող Արամին:
ՆՈՒՆԵ — Աշխարհից հոգնեցիր, սեղանի շո՞ւրջն ես պտտվում:
ԱՐԱՄ — (Նունեին տեսնելով կանգ է առնում): Պիտի րոպեում տասն անգամ պտտվեմ:
ՆՈՒՆԵ — Որ ի՞նչ:
ԱՐԱՄ — Իմանամ՝ աշխարհը փոխելու ունակությունը ո՞նց են կորցրել:
ՆՈՒՆԵ — Ո՞վ է կորցրել:
ԱՐԱՄ — Ով պարտավոր է փոխել:
ՆՈՒՆԵ — (փլվում է բազկաթոռին): Տիրոջից բացի ոչ ոք չի կարող:
ԱՐԱՄ — Տերը ոչ մոռանում է, ոչ էլ կորցնում:
ՆՈՒՆԵ — Ուրեմն փոխելու ժամանակը չի եկել:
ԱՐԱՄ — Բա ե՞րբ է գալու:
ՆՈՒՆԵ — Էլի Տիրոջից բացի ոչ մեկը չի ասի:
ԱՐԱՄ — Տիրոջ ձայնը ո՞վ է լսել որ… Բայց անհաջողակներին այնքան էլ չի սիրում:
ՆՈՒՆԵ — Հոգնածների հետ ո՞նց է:
ԱՐԱՄ — Նույնը:
ՆՈՒՆԵ — Տերը հաջողակներից ավելի պիտի խորշի… դրանց ախորժակից: Տեսար՝ մի օր էլ Տիրոջը կերան: Էդքան ուտել կլինի՞:
ԱՐԱՄ — Կուտեն` Տիրոջն էլ, երկիրն էլ… Տնաշենների ախորժակը մի քանի անգամ մեծ է իրենցից: Որ ուշադիր նայես, ամպերի վրա էլ դրանց ատամնահետքերը կան:
ՆՈՒՆԵ — Ամպե՜րը… Հիշո՞ւմ ես, գարնան վերջին օրն էր: Այդպիսի մայրամուտ այլևս չեմ տեսել: Ինչ ամպեր էին, հրե գնդերի պես կարմիր ու ծանր: Հետո երկինքը միանգամից լցվեց աստղերով: Աստղերն այնքան շատ էին, որ տեղավորվելու համար հրմշտում էին իրար: Թե ինչու հիշեցի…
ԱՐԱՄ — Հենց այդ օրը մտածեցի, որ եթե աստղերից մեկն ընկնի… Ոչ մի բան էլ չընկավ:
ՆՈՒՆԵ — Քիչ մնաց ես ձորն ընկնեի: Մոռացել էի, որ ձորի բերանին ենք, աչքերս երկնքից չէի կտրում: Վերջերս գյուղը շուտ-շուտ եմ սկսել հիշել, համարյա ամեն օր: Հորեղբորս երեխաներին` Վարդանին ու Հասմիկին հիշո՞ւմ ես: Շեկլիկ, կապույտ աչքերով, չորրորդ Ա-ի առաջին շարքում էին նստում: Կեսօրին մի ընտանիք եկավ: Դրանց երեխաները՝ ոնց որ Վարդանն ու Հասմիկը… Պտտվում էի շուրջները, առիթ էի փնտրում շոյելու: Ծնողներն ինչ-որ բան զգալով սկսեցին թարս նայել: Մի պահ մոռացա՝ որտեղ եմ: Ինձ դպրոցում էի պատկերացնում, դիմացս արևահարված դեմքերով աշակերտներն էին` մաքուր, կոկիկ, մի քիչ էլ չարաճճի…
ԱՐԱՄ — Մայրս զանգեց, մեզանից էր հարցնում: Խաբեցի, իբր աշխատում եմ: Արտասահմանյան ինչ-որ ընկերությունում:
ՆՈՒՆԵ — Գյուղ գնանք: Հոգնել եմ քաղաքից էլ, սրճարանից էլ, մեր վիճակից էլ…
ԱՐԱՄ — Մորս ի՞նչ եմ ասելու: Նոր ընդունված, արդեն հաջորդ օրը պարապ-սարապ ֆռֆռում եմ…
ՆՈՒՆԵ — Հնարելուց լավ ես:
ԱՐԱՄ — Չուզեցի վշտացնել:
ՆՈՒՆԵ — Կողքին լինեիր, չէր վշտանա:
ԱՐԱՄ — Էլի հին տերևներն ես քամուն տալիս: Ուշ է: Գնացքն անցել է: Մենք էլ ենք փոխվել, գյուղն էլ: Գալուց առաջ ի՞նչ էինք երազում: Ինչքան վստահ էինք, որ քաղաքը մերն է լինելու: Չեղավ: Գյուղը կորցրինք, քաղաքն էլ մերը չեղավ: Մերը լիներ՝ կարող էինք վերադառնալ: Հաղթողներին չեն դատում: Հիմա ստացվում է մեր թքածը լիզել… Չլինելու բան է: Խելագարություն: Մնում է հուսալ, որ հաջողությունը մի օր էլ մեր դռան տեղը կիմանա: Այն ժամանակ կերևա՝ ով ով է: Այն ժամանակ կապացուցեմ…
ՆՈՒՆԵ — Սեղանի շուրջը պտտվելո՞վ… (Դադար:) Թվում է՝ հոգնածները պիտի լռեն: Ինչքան շատ եմ հոգնում, այնքան շատ եմ ուզում խոսել: Ինչի՞ց է: Երևի, երբ ուզում եմ խոսել, լռում եմ, որովհետև չի կարելի: Ամենաշատը հենց ինձ զսպելուց եմ հոգնում ու որ՝ չի կարելի: Հերիք է մեկը կանչի՝ աղջի, կանչողները շատ են, ոտքերս թուլանում են, ուզում եմ աշխարհի լուտանքները թափել նրա վրա՝ հիմա՛ր, ես քեզ համար ի՞նչ աղջի… Անգամ կեղտոտ ափսեն ու մոխրամանն եմ ուզում գլխին ջարդել: Բայց չի կարելի: Մոտենում ու ժպտում եմ, ցույց եմ տալիս, իբր, երազել եմ, որ մայրս անունս աղջի դներ…
ԱՐԱՄ — Գոնե մի ժպտա:
ՆՈՒՆԵ — Թեյավճարը ժպտալու համար են տալիս:
ԱՐԱՄ — Թքա՛ծ:
ՆՈՒՆԵ — Սրճարանում թքելը հակահիգիենիկ է, թքել չի կարելի: Թքողը անձրևի տակ է մնում: Այս տանիքը չթքելու հաշվին է:
ԱՐԱՄ — Խոստանում եմ, շուտով էդ սրճարանը էլ չես գնա:
ՆՈՒՆԵ — Առանց քեզ էլ խոստացողները շատ են: Պինդ եմ, կդիմանամ: Դեռ դիմանում եմ: Քո գործերը լավ չեն: Անգործ տղամարդը՝ ոնց որ ժանգոտած գերանդին տանիքին: Ոնց էլ չես գժվում… Պարապությունից սնահավատ մտքերը գրավել են ուղեղդ: Գյուղացիների վրա էիր ծիծաղում… Հարցերդ սեղանի շուրջը պտտվելով, չգիտեմ, էլի ի՛նչ օյիններով ես փորձում լուծել: Ինչքան այստեղ ենք, ոտքերդ ամպերի մեջ են:
ԱՐԱՄ — Գետնին տխուր է: Իմանաս՝ ինչ հիանալի վերնագիր եմ գտել, քեզ դուր կգա: «Տագնապի ոտնաձայները»: Ո՞նց է…
ՆՈՒՆԵ — Լավը լավ է, միայն ոնց որ կաթսայի կափարիչը տան ու ասեն՝ մեջը հարիսա եփիր: Կաթսան չկա, թե չէ վերնագիրը նույն կափարիչն է: Ուրախանալու բան է գտել… Քո այդ ոտնաձայները վերջերս ականջներիցս դուրս չեն գալիս: Կպչուն, զզվելի… Չես հասկանա՝ ոնց են ներսդ լցվում: Թե մեր մեջ ինչ են գտել… Տագնապելու համար կորցնելու բան էլ չունենք: Մանկությունն ու պատանեկությունը թռել են, երիտասարդությունն էլ ընդհատումներով է: Մնացել է քնելը: Քնում եմ, ու սիրուն երազները ուրիշ տեղ են տանում: Հետո պարզվում է՝ ուրիշ ասածը մեր գյուղի դաշտերն են, ծառ ու կանաչը, լեռն ու ձորը, կռվազան աքաղաղներն ու կեսօրին ծառերի շվաքում պառկած ծուլացած շները: Փորձում եմ մեր տունը գտնել, դպրոցը, մեկ էլ ինչ-որ մեկը գոռում է` աղջի՛… Ու սև մոխիրը ծածկում է ամեն ինչ: (Դժվարությամբ բարձրանում է բազկաթոռից, գնում է ննջասենյակ:) Տեսնես այս գիշեր որտեղ կհայտնվեմ…
ԱՐԱՄ — Վախը մեջդ եղավ՝ դրախտում էլ սև մոխրի միջով ես քայլելու: (Սենյակից դուրս է գալիս:)
ՊԱՏԿԵՐ ԵՐՐՈՐԴ
Նույն սենյակը: Արամը մենակ է: Անշտապ թերթում է գիրքը, կարդում է… փակում է գիրքը:
ԱՐԱՄ — Ասում էի, լուրջ բան չէ: Բժշկական հանրագիտարանում էլ է գրված` թեթև արտահայտված ընկճախտ, դեպրեսիա: Խնդրեմ, էջ 71… (Բացում է գիրքը:) Այս հիվանդներին, այսինքն՝ ինձ, հատուկ է անտարբերությունը: Անձնական ու հասարակական իրադարձությունները նրանց այնքան էլ չեն հուզում: Ու ամենակարևորը… Մտավոր գործունեությունը դանդաղում է, աղքատանում, կորչում է պատկերավոր մտածողությունը, ակամայից ծանր մտքեր են ծնվում, որոնց պատճառով անցյալն ու ներկան տպավորվում են որպես սխալների ու անհաջողությունների ժամանակահատված: Ոնց որ ներսիցս արտագրած լինեն: Տագնապի պատճառն էի ուզում: Շարունակվող անհաջողություններից ու սխալներից մարդու ոտքերն էլ կթուլանան: Պատկերավոր մտածողությունն է կորչում… Դրանից հետո ինչ էլ գրես՝ կիսատ դիմում է լինելու: (Կարդում է:) Հետաքրքիր է, խորհուրդ է տրվում հիվանդության մասին շատ չհիշել, սակայն այս հիվանդները անընդհատ իրենց հիվանդության մասին են մտածում: Բուժումը ո՞րն է… (Կարդում է:) Պարզ է… (Գիրքը մի կողմ է գցում:) Բժշկական գրքերը կարդալիս միշտ պիտի քեզ համոզես, որ մեռած չես: Թեև ճիշտ է, որ միջավայրն ու իրավիճակը պիտի փոխել: Հետո՞ ինչ, որ ճիշտ է… Միջավայրը թաշկինա՞կ է, որ շուտ-շուտ փոխես: (Մոտենում է պատուհանին, նայում է դուրս:) Փողոցն էլ է միջավայր… Փողոցը կօգնի՞… Գյուղը կօգնի՞… Կօգնե՞ն, թե՞ վիճակն ավելի կբարդացնեն: Որպեսզի միջավայրը քոնը լինի, միջավայրի արյունն էլ քո արյան կարգին պիտի համապատասխանի: Միջավայրի արյունը… Վատ պատկեր չէր: Ուրեմն պատկերավոր մտածողության ունակությունը լրիվ չեմ կորցրել: Էն աշխարհի միջավայրն ինչպիսի՞ն կլինի: Այստեղ փոշին է շատ, այնտեղ՝ երևի լռությունը: Այստեղ միջավայրի մեջ ես, այնտեղ միջավայրն է քո մեջ: (Ագռավի կռռոց է լսվում:) Ըհը՛… էն աշխարհի մասին լսեց: Ոնց որ էն աշխարհի լրտեսը լինի: Սրանք ինչի՞ց են տառապում, որ դաշտերն ու անտառները թողած քաղաք են լցվել: (Ագռավն ավելի երկար է կռռում: Արամը ձեռքը սեղմում է սրտին:) Ագռավից ո՞վ է խեր տեսել, որ… Եթե մինչև խոհանոցից վերադառնալս ագռավը նորից կռռա, նշանակում է… Նունեն… կամ գյուղում մերոնցից մեկը… (Ականջը մոտեցնում է պատուհանին, փորձելով ագռավի կռռոցը բաց չթողնել:) Լռել է… կամ էլ թռել-գնացել է: Ինքը չկա, բայց կռռոցը մնացել է արյանս մեջ: (Ընկնում է բազկաթոռին:) Հոգնեցի… Ինքս իմ ներսի վիճակախաղից հոգնեցի: Դատարկությունն էլ է հոգնեցնող, անորոշությունն էլ, թշվառությունն ու անկարողությունն էլ: Նունեի հոգնածությունն էլ է հոգնեցնող: Ձեռը ճար լինի, գիշերով գյուղ կվերադառնա: Կարծում է՝ գյուղում առաջվանը կլինի` ուրախ ու կենսախինդ, ով առավոտը շուտ ոտաբոբիկ վազում էր խոտերի միջով, որպեսզի ոտքերը ցողով լվանա: Գյուղում, հնարավոր է, լավ լինի, բայց ինձ համար չէ: Գյուղացիները պարտվածներին չեն ներում, չեն հավատում ու չեն վստահում: (Նայում է ժամացույցին:) Ժամանակն է օրվա պարտականությունս կատարել` զանգել գործակալություն: (Զանգում է:) Գործակալությո՞ւնն է… Ես եմ, ուրիշ էլ ո՞վ: Հույս կա՞… Էդ մի բանը, որ միշտ լինում է… Վերջին հույսը՞… Ոչ մեկը չգիտի: Կարող է՝ չի մեռնում: Մեռնի, ո՞վ է մեռնողին էն աշխարհ ուղեկցելու: Ո՞նց՝ պետք չի: Անծանոթ միջավայր է, միայնակ դժվար կլինի: Մի շաբաթից փորձե՞մ… Հա, կփորձեմ, փորձը փորձանք չի: Իմ ուզածը գտաք՝ մաղարիչն ինձ վրա: Առայժմ: (Հեռախոսով երաժշտություն է միացնում: Արտասանում է:)
Գործ չունեցողն ի՞նչ է անում,
Ինչ էլ անի, բան չի անում:
Կորցնելու էլ չկա ոչինչ.
Շատը շատ չէ ու քիչն էլ` քիչ:
Պարային շարժումներով պտտվում է սեղանի շուրջը: Ներս է մտնում Նունեն, տեսքը հոգնած է, մարմինը՝ քիչ կռացած: Զարմացած նայում է Արամի տարօրինակ պարին:
ՆՈՒՆԵ — (խոսում է դժվարությամբ): Պտտվո՞ւմ ես, թե՞ գլուխս է պտտվում… (Ճոճվելով մոտենում է բազկաթոռին, նստում է:) Գլուխս չի՞ պտտվում:
Արամն անջատում է երաժշտությունը:
ՆՈՒՆԵ — Գյուղում սեղան չկա՞ր, շուրջը պտտվեիր… Գյուղում լիքը սեղան կա: Սեղանները ապրողներից շատ են: Վիսկին լավը չէր:
ԱՐԱՄ — Հարբա՞ծ ես:
ՆՈՒՆԵ — Ասում են՝ վիսկին քշում է հոգնածությունը:
ԱՐԱՄ — Ո՞ր անասունն է ասել:
ՆՈՒՆԵ — Անասուն չէր… մարդու նման էր:
ԱՐԱՄ — Սրբիչի պես ծռմռվել ես:
ՆՈՒՆԵ — Վրա մի տուր… գլուխս ավելի է պտտվում…
ԱՐԱՄ — Ուրիշ ի՞նչ ես արել:
ՆՈՒՆԵ — Միայն վիսկի եմ խմել: Գլուխս կբռնե՞ս… բռնիր, թող չպտտվի:
ԱՐԱՄ — Էլ էդ սրճարանը չես գնա, արգելում եմ, էդ սրճարանը վաղվանից փակ է քեզ համար:
ՆՈՒՆԵ — Ուռա՜… (Ծափ է տալիս:) Կքնեմ, ինչքան սիրտս ուզի: Կլողանամ, կհարդարվեմ… աչքիդ էլ սրբիչ չեմ երևա: Բնակարանը կմաքրեմ, թե չէ փոշին ոնց որ տան երրորդ շնչավորը լինի: Կեսօրին էլ կգնամ նոր գործ փնտրելու: Ուրախությունից գլխիս պտտվելն էլ դադարեց: Սրճարան չեղավ, թող ռեստորան լինի: Թե չէ դպրոցում մատուցողը գործ չունի: Թե՞ կյանքը փոխվել է ու մատուցողները դպրոցին էլ են պետք:
ԱՐԱՄ — Լրիվ շնորհքից ընկել ես:
ՆՈՒՆԵ — Շնորհքից ցերեկն եմ ընկել… միանգամից ընկա: Վիսկի էլ չէի խմել, գլուխս էլ չէր պտտվում:
ԱՐԱՄ — Էլի ի՞նչ է եղել:
ՆՈՒՆԵ — Ասեցի՝ վրա մի տուր:
ԱՐԱՄ — Ասելիքդ ասա:
ՆՈՒՆԵ — Մի րոպե աչքերս փակեմ… (Փակում է աչքերը, քիչ անց բացում:) Էս օրվա պես չէր եղել: Գալիս-գնում էին, գալիս-գնում էին… Չէի հասկանում` մոխրամաններն ու կեղտոտ ամաններն ուր եմ տանում, ինչ եմ ետ բերում: Մեկ էլ թիկունքիցս` ուսուցչուհի՞… Չմտածեցի՝ ինձ հետ են: Նորից՝ ուսուցչուհի՞… հետո էլ՝ Նունե՞: Քարացա: Քրտինքը վրաս տվեց: Շրջվեցի: Մեր դասարանի Ռոբերտին կհիշես… էն պզուկոտին… Նրա ծնողներն էին: Մոտեցա: Ուսուցչուհի՞, սրճարանո՞ւմ ես դաս տալիս… դեմքի արտահայտությունը տեսնեիր: Հազիվ զսպեցի, որ չկոպտեմ, ժպտացի, ցույց տվեցի, որ ուրախ եմ: Ասացի, իբր, տուն ենք ուզում գնել, փողը պակասում է, գործից հետո մեկ-մեկ այստեղ եմ գալիս: Երևի չհավատացին: Հաստատ չհավատացին: Քեզանից հարցրեցին: Ուշքս, միտքս դրանց ճամփելն էր, իրենք էլ պատմում ու պատմում են… Պատմում են՝ ոնց են տրակտոր գնել, ոնց են Ռոբերտին համոզել տրակտորը քշի… Վերջում չէի լսում՝ ինչ են ասում: Առաջին անգամ ուրախացա, որ այս ու այն կողմից կանչեցին: Վաղը գյուղի թեման մենք ենք լինելու, սպասիր մերոնց ու ձերոնց զանգերին: Հաշվե՞լ ես, տուն առնելու համար ինչքան փող է պակասում: (Ծիծաղում է:) Էլի շատ խոսեցի, գլուխս նորից սկսեց պտտվել: Երաժշտությունը միացրու: Կմիացնե՞ս:
ԱՐԱՄ — Հիմա՞:
ՆՈՒՆԵ — Վաղը ես էլ կարող եմ:
ԱՐԱՄ — Վրադ հալ չկա: (Միացնում է, ռիթմիկ երաժշտությունը փոխում է տան տրամադրությունը:)
ՆՈՒՆԵ — Ավելի բարձր:
ԱՐԱՄ — Հարևանները կգժվեն: (Բարձրացնում է երաժշտության ձայնը:)
ՆՈՒՆԵ — Ո՞նց է՝ մենք չենք գժվել… (Սկսում է պարել: Շարժումները կտրուկ են, նյարդային: Մի պահ պարը դադարեցնում է, ծնկում է, հատակին ինչ-որ բան է փնտրում:)
ԱՐԱՄ — Իսկը ուղտի պարը կամրջին: (Փորձում է նրան բարձրացնել:)
ՆՈՒՆԵ — Պետք չէ… (Վանում է Արամին, շարունակում է փնտրել:)
ԱՐԱՄ — Ի՞նչ ես փնտրում:
ՆՈՒՆԵ — Սիրո փշրանքները:
ԱՐԱՄ — Ասա՝ խմելը քո ինչ բանն է:
ՆՈՒՆԵ — Մեղավորը դու ես, ասում էիր՝ սերը վերջ չունի: Ասում էիր՝ մեր սերը աշխարհին էլ կհերիքի: Չէիր անհանգստանում, երբ փշուրները թափվում էին: Փշրանքների մասին ո՞վ էր մտածում: Կենցաղը ամեն ինչ կերավ, փշուրներն էլ հետը խժռեց: Կենցաղի խրախճանքը շարունակվում է: Ու թույլ ես տալիս, որ շարունակվի… (Բռունցքներով հարվածում է հատակին և բղավում:) Թույլ ես տալիս, թույլ ես տալիս, թույլ ես տալիս…
ԱՐԱՄ — (ծնկում է նրա կողքին, փորձում է հանգստացնել): Հանգստացիր, խնդրում եմ, հանգստացիր… Կքնես, ու վաղը նորից լավ կլինի…
ՆՈՒՆԵ — Չի՛ լինի: Մեղավորը դու ես: Ես գիժ չեմ, ես հոգնած եմ, կորցնելուց եմ հոգնել: Հոգնածության համար ինչո՞ւ շտապօգնություն չի գալիս: (Անսպասելի խաղաղվում ու պառկում է հատակին:)
Արամը փորձում է գրկել, բարձրացնել նրան:
ՆՈՒՆԵ — (թույլ է տալիս, որ Արամը գրկի, գլուխը հենում է ուսին: Մի քանի վայրկյան անշարժանում են): Մրսեցի… պինդ գրկիր, խնդրում եմ, ինձ իմ անկողինը տար: Ես վաստակել եմ, որ ինձ գրկած իմ անկողինը տանեն: (Արամը քնքշորեն գրկում է Նունեին:) Ավելի, ավելի ամուր գրկիր… որ կենցաղը չկարողանա բաժանել: (Ամուր գրկում է Արամի պարանոցը:)
Երաժշտությունը ավելացնում է պահի հուզականությունը: Երաժշտության ուղեկցությամբ Արամը Նունեին տանում է ննջարան:
ՊԱՏԿԵՐ ՉՈՐՐՈՐԴ
Նույն բնակարանը: Հայտնվում է Նունեն փոքր-ինչ ճոճվելով:
ՆՈՒՆԵ — (պայուսակը գցում է սեղանին, զարմացած շուրջն է նայում): Տանը չի՞: Արա՞մ… (Դուրս է գալիս սենյակից, արագ վերադառնում:) Ննջարանում չի: (Գնում, վերադառնում է:) Զուգարանում էլ չի: (Պատուհանից նայում է դուրս:) Ուշ է ախր… (Պայուսակից հանում է սիգարետ, ծխում է:) Ծխախոտը տեսնի՝ կգժվի… Գժվում է` գժվի, վաղուց եմ գժվել: Տուն պահող կինը ինչ ուզի` կանի: Կծխի, կխմի… Գյուղում չեմ, որ մեծ ու փոքր ամոթանք տան, արգելեն: Գյուղում կինը կին է, տղամարդը՝ տղամարդ: Կինն իր գործն ունի, տղամարդը՝ իր: Գյուղում պարապ տղամարդը… թեկուզ պարապ, ո՞ւր է… Արա՛մ… Չի լսում, կամ տանը չի: Լիներ, մի քիչ տղամարդ խաղար: Գլուխս օղիից պայթում է, թե ինչո՞ւ եմ խմում: Զզվում ու խմում եմ, ոնց որ սատանան զոռի: Ինքս ինձ հնարել եմ, իբր, առանց խմելու ոտքերս կծալվեն: Վերջը լավ լինի, չնայած լավ վերջը ո՞րն է: Լավ վերջ ե՞րբ է եղել: Էն էլ մեր օրերում: Վերջը հեքիաթներում է լավ: Արա՞մ… (Դժվարությամբ ոտքի է կանգնում, բացում է պատուհանը, ծխախոտի ծուխը փչում է դուրս:) Ականջներս զնգում են, ո՞վ անունս տվեց: Բամբասանքի ջրաղացը հիմա աղում է ամբողջ ուժով: Ու հետաքրքիր է, որ մերոնք չեն զանգել: Ինչե՛ր պատմած կլինեն, հետն էլ չեղածը գույնզգույն ենթադրություններով կզարդարեն: Ջահել աղջիկը, թեկուզ մատուցողուհի, էդքան հարբած տղամարդկանց մեջ… Չլինի՞ մերոնք ամոթից են սուս արել: Շատերն էլ Արամին կխղճան, որ իմ նման անբարոյականի է հանդիպել: Ճիշտ էլ կանեն, ինչո՞վ անբարոյական չեմ: Հարբում եմ, ծխում եմ, առավոտից ժպտում, կոտրատվում եմ ուրիշների տղամարդկանց առաջ… (Նստում, նոր ծխախոտ է վառում:)
ԱՐԱՄ — (ներս է մտնում, ծխախոտը տեսնելով արագ մոտենում, ձեռքից խլում է): Շատ սիրուն էիր, էս էլ ջրծաղիկը…
ՆՈՒՆԵ — Խփիր, եթե խփելը փրկություն է:
ԱՐԱՄ — Չե՞ս հասկանում, որ փոսն ես գլորվում:
ՆՈՒՆԵ — Արդեն գլորվել եմ:
ԱՐԱՄ — Վե՞րջը…
ՆՈՒՆԵ — Լավ չի լինի: Հեքիաթ չունենք, որ վերջը լավ լինի: Կարող է՝ ունեցել ենք, կամ մտածել ենք, որ ունեցել ենք: Մեր հեքիաթը մեզանից առաջ է փոսն ընկել:
ԱՐԱՄ — Որ ամեն օր հարբես…
ՆՈՒՆԵ — Խառնում ես, գինովցածը հարբածը չի:
ԱՐԱՄ — Նույն էշությունն է: Համառությունդ էլ է նույն կենդանունը:
ՆՈՒՆԵ — Այսքանից հետո աչքիդ ինչ ասես կերևամ: Էշ էլ կերևամ: Լավ ես անում, էշից շատ եմ բանում: Վաղն էլ աղվես կդառնամ, մյուս օրը՝ բու: Ուզո՞ւմ ես, նապաստակի պես վազվզեմ: Մտքումդ բան պահիր: Եթե վազվզեմ ու ոչնչի չդիպչեմ… Վազվզե՞մ…
ԱՐԱՄ — Թիթեռ չե՞ս ուզում լինել: Սիրուն, գունավոր թիթեռ կլինես:
ՆՈՒՆԵ — Սարդ էիր ուզում ասել: Քեզ էլ սարդոստայնի մեջ ես զգում: (Նոր ծխախոտ է հանում, սադրիչ նայում է Արամին:) Մտքովդ չանցնի արգելել:
ԱՐԱՄ — Միայն փորձիր:
ՆՈՒՆԵ — Ի՞նձ ես վառելու:
ԱՐԱՄ — Փորձիր` կտեսնես:
ՆՈՒՆԵ — (ծխախոտը տուփի մեջ դնելով, ավելի հանգիստ): Գյուղից չե՞ն զանգել:
ԱՐԱՄ — Ո՞վ:
ՆՈՒՆԵ — Սրանց լռությունը վտանգավոր է, այդպիսի բանը գյուղում չեն մարսում: Մինչև հազար պոչ չկպցնեն, չեն հանգստանա: (Դադարից հետո, կտրուկ:) Ո՞ւր էիր:
ԱՐԱՄ — Արդարության ետևից էի գնացել:
ՆՈՒՆԵ — Ո՞նց ես ճանաչել, որ ետևից գնացել ես:
ԱՐԱՄ — Ազատության հրապարակում նստացույցի էի:
ՆՈՒՆԵ — Հետո՞…
ԱՐԱՄ — Արդարություն էինք պահանջում:
ՆՈՒՆԵ — Չեղածը ումի՞ց էիք պահանջում:
ԱՐԱՄ — Երևի կա:
ՆՈՒՆԵ — Չլինի էլ` կներկրեն, ինչո՞ւ չեն ներկրում:
ԱՐԱՄ — Ճաշացանկի հետ ես խառնում:
ՆՈՒՆԵ — Ո՞նց է, տնից դուրս էիր եկել:
ԱՐԱՄ — Որոշեցի գործակալություն անձամբ գնալ:
ՆՈՒՆԵ — Էլի նախարարի հաստիք չկա՞ր:
ԱՐԱՄ — Ոչինչ էլ չկար: Բենզալցակայան, շինարարություն… էս անգամ վուլկանիզացիան էլ չկար: Տուն չէի ուզում գալ, աննպատակ թափառում էի: Չիմացա, ոնց Ազատության հրապարակ հասա: Օպերայի մուտքի աստիճաններին երիտասարդներ էին նստած, հետները նստեցի: Նստադուլավորները արդարություն էին պահանջում, մտածեցի՝ պահանջելը պարապությունից լավ է:
ՆՈՒՆԵ — Ումի՞ց:
ԱՐԱՄ — Չինաստանի կառավարությունը մեզ հետ ի՞նչ կապ չունի:
ՆՈՒՆԵ — Մերը ունի՞:
Դրսից ձայներ են լսվում՝ արդարություն, արդարություն, արդարություն:
ԱՐԱՄ — Ազատության հրապարակ են գնում:
ՆՈՒՆԵ — Ենթադրենք կառավարությունն ասում է՝ եկեք, ձեր բաժին արդարությունը տարեք: Դու էլ գնում բերում ես: Ի՞նչ ենք անելու: Ոչ ուտելու է, ոչ էլ տան վարձը կարող ենք տալ: Հետո՞, էլի նստելո՞ւ եք:
ԱՐԱՄ — Ավելի խելոքը կասի՝ ինչ անենք:
ՆՈՒՆԵ — Լիներ, ասա՛ծ կլիներ: Այ, չնստողները գիտեն իրենց անելիքը: Սրճարաններում հարբում ու կոտրում են, քարշ են գալիս սաունաներով, գործ չեն փնտրում, ուզեն` կաշխատեն, ինչ ուզեն` կաշխատեն: Ուզեն՝ Մայամիում կհանգստանան կամ Ավստրալիայում:
ԱՐԱՄ — Որ լավ նստենք, էդքան չեն ուզի:
ՆՈՒՆԵ — Այսինքն՝ այնքան նստեք, մինչև արմատներ գցեք ու մի քանի տերևաթափ տեսնեք: Ուզում եմ ծխել:
ԱՐԱՄ — Երազում էլ չհամարձակվես: Իսկ ընդհանրապես…
ՆՈՒՆԵ — Ընդհանրապես՝ ի՞նչ…
ԱՐԱՄ — Վարքդ դուր չի գալիս:
ՆՈՒՆԵ — Վա՞րքս, թե՞ ես:
ԱՐԱՄ — Գործերս լավանան…
ՆՈՒՆԵ — Ժառանգությո՞ւն ես ստանալու:
ԱՐԱՄ — Իմ ժառանգությունը դու ես:
ՆՈՒՆԵ — Լինեի՝ տեր կկանգնեիր: Եկեղեցում ասացիր՝ տեր եմ, ու չեղար:
ԱՐԱՄ — Որ տեր չեմ, ի՞նչ եմ:
ՆՈՒՆԵ — Ուղեկցող:
ԱՐԱՄ — Ո՞ւր եմ ուղեկցում:
ՆՈՒՆԵ — Տեղ չենք հասել, որ իմանամ: Չենք քայլել, որ հասնենք: Ուզում եմ երեխայի պես բարձր լացել: Ձենս գլուխս գցել ու լացել: Բոլոր նրանց համար, ում սիրելու ժամանակն է, բայց սիրելու փոխարեն արդարություն են փնտրում: Այն օրերի համար, որ փայլուն ու գունավոր էին թվում, իսկ իրականում օճառի պղպջակներ էին:
Արտասվում է՝ աստիճանաբար ձայնը բարձրացնելով: Հետո կտրուկ մոտենում, պատն ու պատին կից իրերը շոշափելով պտտվում է սենյակում: Զանգում է Արամի բջջային հեռախոսը:
ԱՐԱՄ — Մա՞մ, ի՞նչ է եղել… այսքան ուշ… Ի՞նչ… ե՞րբ, ինչի՞ց…
ՆՈՒՆԵ — Ի՞նչ է եղել:
ԱՐԱՄ — (հեռախոսը սեղանին դնելով): Հայրդ է մահացել, երկու ժամ առաջ: Ինֆարկտից…
Նունեն փլվում է հատակին:
ՊԱՏԿԵՐ ՀԻՆԳԵՐՈՐԴ
Նույն բնակարանը: Արամը անհանգիստ գնում-գալիս է, զգացվում է, որ պատրաստվում է կարևոր վճիռ կայացնել:
ԱՐԱՄ — Սրճարանից պիտի հեռանա, քանի հոգեպես հաշմանդամ չի դարձել: Եթե արդեն չի դարձել: Կարգին ամուսին լինեի… (Աթոռներից մեկը բերում է իր դիմաց, զրուցում է հետը:) Միշտ մեզ հետ ես եղել, զգացել ես մեր ծանրությունը, ամեն ինչ տեսել ու արձանագրել ես: Միակն ես, որ կարող ես ճիշտը ասել, թե ինչ ամուսին եմ: Լռում ես, փորձում ես արդարանալ, իբր, շնչավոր չես, իբր, իրերը տեսնում, բայց չեն կարողանում արտահայտվել: Այդպես հեշտ է, այդպիսի մարդիկ էլ կան: Ո՞վ եմ, ինչի՞ համար եմ… Փակուղի մտած վագո՞ն, որ մոռացել է իր նշանակությունը, որովհետև իր գոյության մասին են մոռացել: Սուտ է, իբր, ամեն մեկի բախտն իր ձեռքում է: Բախտ կա՝ տիրոջ առջևից է գնում, բախտ էլ կա՝ պահմտոցի է խաղում տիրոջ հետ: (Պատուհանից նայում է դուրս:) Ոչ մեկի ճակատին գրված չի՝ հալածված է, թե բախտավոր: Գուցե ճակատի ներսի կողմից է գրված, որ չջնջվի: Ծամոնի պես ձգում եմ ժամանակը: Ամեն մտքիս վրա հարցական է նստած: Հետն էլ անորոշ է, քեռին ինչ կվճռի: Քեռին է ու չհամաձայնեց… կամ համաձայնությունը հետաձգեց ավելի ուշ ժամանակի: (Դադար:) Եթե հիմա… պետք չի: Այս անգամ կարելի է առանց գուշակության: Պետք չի ոչ քայլել, ոչ հաշվել, ոչ թռչել, ոչ պառկել… Համընկնի էլ, ոչինչ չի փոխվում: Ինձ մոտ համընկնում է, իրականության հետ՝ չէ: Վերջ սնոտիապաշտությանը, լինող բանը կլինի: (Վերցնում է հեռախոսը, խորը շունչ է քաշում, հավաքում է համարը:) Քեռի՞… ես եմ, քեռի, չե՞ս լսում: Արամն է, Արամը… Հա, ո՞նց ես: Մենք ոչինչ, մաման էլ է լավ: Նունեի հայրը մահացավ… Ինֆարկտից: Շաբաթներ առաջ: Ոնց է, հիշե՞լ եմ, նեղն եմ, քեռի: Հա՛, խնդրանք ունեմ, ուզում եմ մոտդ գալ: Կընդունե՞ս: Մոռացե՞լ ես, ճարտարագիտականն եմ ավարտել: Աշխատավարձն է ցածր, նույնիսկ տան վարձին չի հերիքում: Չէ, դեռ չգիտի… Կհամաձայնի: Մերոնք էլ չգիտեն, մերոնք էլ դեմ չեն լինի… Պարզ չի՞, որ փլավ չեն բաժանում, ամեն ինչի պատրաստ եմ: Էնքան, որ Նունեն այստեղ յոլա գնա, ես՝ այդտեղ: Կլինի՞… Քեռի, մի բան էլ, պարտքով փող ուղարկես, որ տոմս առնեմ… Կուղարկե՞ս: Աշխատեմ` կվերադարձնեմ: Շատ կաշխատեմ: Գիտեի, որ չես մերժի: Քեռի ջան, ավելի հարազատ ո՞վ ունեմ… Հա՛, քեռի ջան, կցավակցեմ: Հա, քեռի ջան, գալուց հետո կխոսենք: Առայժմ: (Հեռախոսը գցում է սեղանին:) Վերջ, վիճակը գցված է, հետդարձի ճանապարհ չկա, գնում եմ, մնաց Նունեի մաղթանքը: Չի դժգոհի, ինչո՞ւ է դժգոհելու, պարահանդես չեմ գնում: Կհասկանա, որ բոլորն իր համար է: Կհասկանա՞ որ… (Հարվածում է ճակատին:) Հիմար եմ, հիմար, ինքն ի՞նչ է անելու… Ուզում եմ սրճարանից հանել: Հետո՞… Առանց ինձ ի՞նչ է անելու: Հսկա քաղաք ու ինքը մեն-միայնակ…
ՆՈՒՆԵ — (ներս է մտնում օրորվելով: Սևազգեստ է: Զգացվում է, որ հարբած է: Փորձում է ուղիղ քայլել: Վերջապես հաջողվում է բազկաթոռին մոտենալ: Արամը փորձում է օգնել, վանում է): Ինքս, օգնություն պետք չի:
ԱՐԱՄ — Հերիք չի՞, չափ ունեցիր, ինչքա՞ն կարելի է: Մի օր պատի տակ ես ընկնելու-մնաս:
ՆՈՒՆԵ — Ընկել եմ, ուսերս էլ փոշոտվել են:
ԱՐԱՄ — Քեզ ո՞նց են թողնում՝ սպասարկես:
ՆՈՒՆԵ — Չեն թողնում: Աշխատանքի ժամերին ալկոհոլ չի կարելի:
ԱՐԱՄ — Էլ ո՞նց ես խմում:
ՆՈՒՆԵ — Աշխատանքից հետո, տուն գալուց առաջ:
ԱՐԱՄ — Ինչո՞ւ:
ՆՈՒՆԵ — Ասե՞մ… Առանց խմելու դժվար է այս բնակարանը մտնել: Վախենում եմ մտնել: (Նստում է:)
ԱՐԱՄ — Նախկինում չէիր վախենում:
ՆՈՒՆԵ — Նախկինում դու էլ ուրիշ էիր:
ԱՐԱՄ — Բնակարանը փոխե՞նք:
ՆՈՒՆԵ — Նույնն է:
ԱՐԱՄ — Ինչո՞ւ:
ՆՈՒՆԵ — Բնակարանը փոխեցինք, բա մե՞նք, մեզ ո՞վ է փոխելու: Չնայած արդեն փոխել են, ես առաջվանը չեմ, դու էլ առաջվանը չես: Սկզբում քեզ ոգևորում էի, հիմա բեռ եմ թվում, բոլոր անհաջողություններիդ մեղավորը… Կուզենայիր, չէ՞, չքվեի, անհետանայի: Կուզենայի՛ր: Մի օր չես դիմանա ու կխոստովանես: Ավելի ուշ հնարավոր է նույնիսկ ուզենաս խեղդել:
ԱՐԱՄ — Աթոռներին ու պատերին մոռացար, վաղը նրանք էլ են հարձակվելու:
ՆՈՒՆԵ — Գժի տեղ ես դրել, կարծում ես, գժվել եմ:
ԱՐԱՄ — Շարունակես խմել, դրան էլ կհասնես:
ՆՈՒՆԵ — Ես գիժ չեմ:
ԱՐԱՄ — Առայժմ չես:
ՆՈՒՆԵ — Վաղն ավելի խելոք կլինեմ:
ԱՐԱՄ — Չմոռանաս, որ վաղն էլ այսօրվա շարունակությունն է:
ՆՈՒՆԵ — Ջուր կբերե՞ս:
Արամը գնում, ջուր է բերում:
ՆՈՒՆԵ — (խմելով): Երևի ոչ մեկը չի կասկածում, որ հորս ես եմ սպանել:
ԱՐԱՄ — Էլի ի՛նչ անցավ մտքովդ:
ՆՈՒՆԵ — Չի անցել… Մեր սարերի քամիներն էլ չեն կարողանում միտքս մաքրել մուժից: Վախեցա՞ր… Ոչ մեկին չեմ ասել, որ հետս ես եղել…
ԱՐԱՄ — Էլ չխմես, ծնկաչոք եմ խնդրում: Ես կաշխատեմ, էլի նախկինը կլինեմ:
ՆՈՒՆԵ — Չդիպչե՛ս: Չփորձե՛ս ինձ հավաքել…
ԱՐԱՄ — Տեսիլքները խելքդ լրիվ կերել են:
ՆՈՒՆԵ — Տեսիլք չկա, խորը փոս է, լույսը համարյա չի երևում:
ԱՐԱՄ — Ամեն ինչը աչքիդ շրջված է երևում: Լույսը չես տեսնում, որովհետև ոչ թե փոսի միջից, այլ փոսի վրայից փոսի մեջ ես նայում: Մի օր էլ փոսը կընկնես:
ՆՈՒՆԵ — Հարբած զգույշ եմ, հարբած չեմ ընկնի: Մենակ ավելի զգույշ եմ:
ԱՐԱՄ — Ինչո՞ւ մենակ, ես դեռ չեմ անհետացել:
ՆՈՒՆԵ — Բայց փոսի միջից ինձ ներքև ես քաշում: (Բարձրանում, հենվում է պատուհանին:) Մութ է… Հորս չէի ուզում սպանել: Ակամա սպանություն… Լռությունն էլ ինձ էր սպանում: Լռությունը միշտ վախեցրել է: Լռության միջով վատ մտքերը գնում-գալիս էին… իմ վատ մտքերը: Այդ մտքերն էլ հորս սպանեցին:
ԱՐԱՄ — Հայաստանում ամեն երրորդը սրտից է մեռնում:
ՆՈՒՆԵ — Բոլորին էլ ինչ-որ մեկը սպանում է: Սիրտը չի դավաճանի, եթե չսպանեն: Ես չլինեի, հորս սիրտը դեռ երկար կծառայեր:
ԱՐԱՄ — Հո չե՞ս մտածում, որ Հայաստանում միայն դահիճներ ու զոհեր են:
ՆՈՒՆԵ — Գերեզմանափորներին մոռացար:
ԱՐԱՄ — Աչքիդ ես ո՞վ եմ:
ՆՈՒՆԵ — Զոհն ու դահիճը միասին:
ԱՐԱՄ — (hեգնանքով ու վիրավորված): Բա գերեզմանափո՞րը:
ՆՈՒՆԵ — Հնարավոր է, գերեզմանափոր էլ լինես, թեև հորս ուրիշները թաղեցին: Թաղեցին, չնայած պինդ մարդ էր: Լռությունը, նրա լռությունը… Չասված բառերը խցանեցին նրա անոթները: (Ջուր է խմում:) Ներսս վառվում է: Խմիչքից չի, hուշերն են վառվում: Հորս մահանալուց հետո անընդհատ վառվում են, ուզում եմ հանգցնել, չեն մարում: Կարծում էի, կվառվեն-կվերջանան: Վառվում են, ու չգիտես, որտեղից նորերն են հայտնվում: Հուշերի մանրամասները խելագարացնում են:
ԱՐԱՄ — Չսպասված մահը բոլորին էլ շփոթեցնում է: Ո՞ւմ մտքով կանցներ, որ հորդ սիրտը կդավաճանի:
ՆՈՒՆԵ — Աղետը կանխազգում էի և ազդակը հորս սրտի լռությունն էր…
ԱՐԱՄ — Ժամանակը ցավը կմեղմի: Ժամանակը լռությունը նորից կյանքի ձայներով կլցնի:
ՆՈՒՆԵ — Առայժմ մեզանից խլել է այդ ձայները և անհայտ է, ուր է տարել…
ԱՐԱՄ — Էլ չի տանի:
ՆՈՒՆԵ — Չկա, որ տանի, գտնի՝ էլի կտանի:
ԱՐԱՄ — Եթե սթափ ես…
ՆՈՒՆԵ — Հիմա չէ… Ոչինչ չեմ ուզում: Հիմա բարի գիշեր մաղթիր, չնայած այս տանն այլևս ոչինչ բարի չէ: (Առանց պատասխանի սպասելու դուրս է գալիս:)
ԱՐԱՄ- Բարի գիշեր: (Գնում է Նունեի ետևից, քիչ անց վերադառնում է:) Չկարողացա ասել: Չիմացա՝ ինչպես ասել, ասեի էլ, երևի չհասկանար: Միևնույն է, կիմանա: Մնաց՝ քեռին խոսքի տերը լինի: (Պատուհանից դուրս է նայում:) Անորոշ ժամանակից հետո պատուհանից ուրիշ տեսարաններ կերևան: Բոլորովին ուրիշ տեսարաններ…
ՊԱՏԿԵՐ ՎԵՑԵՐՈՐԴ
Նույն բնակարանը: Արամը անհանգիստ գնում-գալիս է սենյակում:
ԱՐԱՄ — Չգիտեմ, ինչքան եմ բացակայելու: Ենթադրենք քեռին էր` մերժում էր, ասում էր` մի արի, ի՞նչ էր լինելու: Մի օղակով երկարելու էր անհաջողությունների շղթան: Ընկճախտն էլ նոր ճյուղեր էր տալու: Նունեն ո՞ւր է, ինչո՞ւ է ուշանում: (Պատուհանից նայում է դուրս:) Չեմ էլ ասել, որ քեռին կանչել է: (Նայում է ժամացույցին:) Տանը պիտի լիներ, չլինի՞… ավելի լավ է վատ բաներ չմտածեմ: Կարող եմ ներշնչել, ու վատը կատարվի: Լավի մասին պիտի մտածել, այնքան, մինչև Նունեն ներս մտնի: Եթե մինչև յոթ հաշիվը հասնեմ միջանցքի դռանը… էլի հիմարացա: (Նայում է ժամացույցին:) Իրականում այնքան էլ ուշ չի, ես եմ շտապում: Ասած լինեի, այսքան չէի անհանգստանա: Գուցե դուրս գամ, փողոցում դիմավորեմ: Որ ի՞նչ, եթե սրճարանում խմելով է ընկել… Խմել ու կորցրել է ժամանակի զգացողությունը: Ապշելու է, Նունեն ո՜ւր, խմիչքն՝ ուր… Ում էլ ասես, չեն հավատա: Ի՞նչ կատարվեց, ի՞նչ եղավ: Երևի ինքն էլ չգիտի: Կամ էլ գիտի, խոստովանելն է դժվար: Ասում է՝ սթափ վախենում է բնակարանը մտնել: Ինձնից ինչո՞ւ է վախենում: Խմիչքից վախենալու փոխարեն ինձնից է վախենում: Մի բանը հաստատ է, հոգին ու օրգանիզմը ալկոհոլին երկար չեն դիմանա: Ողջ օրն էլ ոտքի վրա է: Մղձավանջներն ու տեսիլքները ավելի վրա կտան: (Նայում է ժամացույցին, պատուհանից դուրս: Զանգում է:) Պատասխանի՛ր… Հեռախոսն ինչո՞ւ է անջատել… (Նորից է զանգում:) Անհույս է: Մնաց սրճարանը: (Զանգում է:) Ալո՛, սրճարանի՞ց է… Նունեին եմ ուզում: Ե՞րբ է գնացել: Ցերեկով ո՞ւր է գնացել, չի ասե՞լ… Չի՞ վերադարձել… Ամուսինը` Արամը: Հասմի՞կն է, ճանաչեցի, ո՞նց չէ… Քեզ էլ չի ասե՞լ: Մինչև հիմա չկա: Չգիտեմ էլ, ի՞նչ եղած կլինի… Կարծո՞ւմ ես: Երևաց՝ կասեմ: Դու էլ զանգիր… Չէ, ինչ խուճապ… Իհարկե, կսպասեմ, առաջին անգամ է այսքան ուշանում: Բարի գիշեր: (Հեռախոսը դնում է սեղանին:) Կեսօրին դուրս է եկել ու չի վերադարձել: Ո՞ւր է գնացել… Մի երկու ընկերուհի ունի… այսքան ուշ չէր մնա, Հասմիկին էլ չի ասել: Չի էլ խմել, կեսօրին խմած չի լինի: Գյուղ զանգեմ, ի՞նչ ասեմ… Ավելի հիմար վիճակում չեմ եղել: (Սենյակից գնում, նոթատետրը թերթելով վերադառնում է:) Արևիկ, Արևիկ, Արևի՛կ… գտա: (Հավաքում է համարը:) Արևիկ, դո՞ւ ես… Արամն է, Նունեի ամուսինը: Կներես, այս ժամին անհանգստացնում եմ, Նունեն մինչև հիմա չի եկել, մտածեցի, գուցե քեզ ասած լինի` ուր է: Չէ՞… Զանգում եմ, հեռախոսը չի պատասխանում: Ներիր, խնդրում եմ, բարի գիշեր: (Դադար:) Իզուր էլ զանգեցի, զուր տեղը անհանգստացրի: Անընդհատ վատն եմ մտածում… Տագնապի ոտնաձայները… գլխիս մեջ: Ոտնաձայները չէ, դոփյունները… (Քարանում է անսպասելի մտքից:) Հավատալու չի… Հավատալու չի՞, թե՞ չեմ ուզում հավատալ՝ խմիչքի նկատմամբ անսպասելի սերը, անտարբերությունը… Շուտ պիտի մտածեի: Չեմ էլ կասկածել… Վերջին շրջանի վարքը… չէ, հնարավոր չի: (Շոշափում է գլուխը:) Կոտոշներս ո՞ւր են: Նունեն և ուրիշ տղամարդ… Ինչո՞ւ հնարավոր չի, ինքն էլ չուզենա, իրեն կկպնեն: Երկուսի գլուխն էլ կջարդեմ… Շատ չոգևորվեմ, առայժմ ենթադրություն է: Բայց եթե պարզվի, ի՞նչ է ասելու: Երևի ասելու բան չունի, որ չքվել է: Նունեն՝ ու գիշերը տուն չգա: Աշխարհը չի կարող այսքան այլանդակվել, հո աշխարհի վե՞րջը չի: Իմ անելիքը չգիտեմ: Չէ, գիտեմ, Ռուսաստանը կփրկի: Կփրկի՞ որ… (Զանգում է:) Չկա, չի պատասխանում կամ չի ուզում պատասխանել, անջատել է: Մնում է, ես անջատվեմ: Էս տնից, Նունեից, քաղաքից, Ռուսաստանից, էս անիմաստությունից: (Պատուհանից դուրս է նայում:) Ձյո՞ւնը որտեղից… Մարտը վերջանում է ու ձյուն… (Արտասանում է:)
Եվ ձյունն իջնում է, ձյունն իջնում է,
Այտերիս վրայով օրերիս վրա,
Թվում է՝ ցավը նահանջում է
Ու ցավն էլ ճերմակ կդառնա հիմա:
Իսկ ձյունն իջնում է, ձյունն իջնում է,
Ցավի անունը մոռացել եմ,
Տեսնես կա մեկը, որ ինձ հիշում է,
Թեկուզ և վաղուց հեռացել եմ…
Դրսից աղմուկ է լսվում: Մարդկանց խումբը բղավում է` արդարություն, արդարություն:
Բացում է պատուհանը, նայում է դուրս:
ԱՐԱՄ — Հիմա ամենաշատ արդարությունը ինձ է պետք, միայն չգիտեմ որտեղ փնտրել: Հե՜յ, գոնե տեղը գիտե՞ք, թե՞ կանչում եք, որ ինքը ձեզ գտնի: (Դուրս է գալիս:)
ՊԱՏԿԵՐ ՅՈԹԵՐՈՐԴ
Նույն բնակարանը: Գալիս է Արամը, ինչ-որ բան է փնտրում:
ԱՐԱՄ — Դատարկություն է, գիշերվանից հետո շենքերը երևում են, ծառերը երևում են, Նունեն չի երևում, փողոցում էլ չերևաց, չնայած անընդհատ փնտրում էի: Տանն էլ չկա: Անտանելի է, որ քեզ չհարցնելով հավատդ ձնագնդու պես հալչում է և զգում ես, ինչպես է հալոցքը լցվում աչքերիդ մեջ: Մի՞թե արտասվելը տղամարդու՝ սեփական պարտությունն ընդունելու առաջին նշանը չէ: Ո՞վ կմտածեր, որ կորցնելն այսքան ցավալի է: Երևի նրանից է, որ էլ կորցնելու ոչինչ չունեմ: Երբ իրականության վրա ոչ թե դու, այլ նա է իշխում, ստացվում է, որ դու էլ դու չես և մեկ ուրիշն է փորձում քո հարցերի պատասխանները գտնել: Անորոշությունը խելագարացնում է: Նունե, Նունե… Նունեից ավելի իմ մեղքն է, ի՞նչ արեցի, որ չհեռանա: Երևի ինչպես ամեն ինչի շատը, վստահության շատն էլ է վնասակար: Իսկ հավատի շա՞տը… Ասում են, հավատը շատ չի լինում, պարզվում է՝ իմը շատ էր: Գուցե իսկապես շատ չէր, գուցե… Պետք չէ, հնարավոր է… Միայն նրան ոչինչ եղած չլինի: Միայն եղած չլինի: (Հեռախոսազանգ:) Ինքն է, ո՞նց է արդարանալու: (Նայում է հեռախոսի էկրանին:) Ինքը չի: Հիմա ամենաշատը մորս հետ չէի ուզի խոսել: Ալո, մամ… ինչո՞ւ ես լալիս, ի՞նչ է եղել… Քեռի՞ն, ի՞նչ… ավտովթա՞ր… Ո՞նց՝ կոմայի մեջ է, չլինելու բան է, մամ, մի քանի օր առաջ եմ հետը խոսել: Երեկ երեկոյա՞ն… Հանգստացիր, մամ, քեռին պարտվողներից չի… Ինչո՞ւ անջատեց… երևի չկարողացավ շարունակել: Քեռին իմ վերջին բաց դուռն էր: Անհաջողությունների պարանը սեղմում է կոկորդս: Նունեն չպիտի դավաճաներ, Նունեն իմ թալիսմանն էր, թալիսմանը կորցնելը վատ նշան է: Մեղավորը միշտ էլ կորցնողն է, այլ ոչ, ինչը կորցրել ես: (Մոտենում է պատուհանին:) Շենքերն իրենց տեղում են, ծառերը` նույնպես, բանջարեղեն վաճառող կինը անցորդներին կանչում է իրենից առևտուր անելու: Երեխաների ճիչն ու ծիծաղը շարունակվում է, կարծես ոչինչ չի եղել: Ո՞նց չի եղել, եղել է, չեք տեսնում կամ չեք ուզում տեսնել: Ախր, բոլորիդ դեմքին նույն նշանն է՝ պարտության նշանը, եթե ուրիշի ցավը ձերը չէ: Դատարկ դուրս եմ տալիս, կարծես նրանցից մեկն էլ ես չեմ: (Մոտենում է սենյակի դռանը:) Միակ բաց դուռը, որը ոչ մի տեղ չի տանում, այս դռնով դուրս եկողը վերադառնում է անիմաստության բեռը ուսերին: Հիմա ի՞նչ եմ անելու կամ ի՞նչ եմ ուզում անել: Նունեն իմ դիմաց փակեց դուռը, քեռին էլ: Իմացա՞ն, որ իմ վերջին բաց դռներն էին: (Մոտենում է պատուհանին:) Հե՜յ, ձեզանից մեկը կասի՞, երբ բաց դուռ չկա, ինչ անել: Լռում եք: Չգիտե՞ք, թե՞ լռելն ավելի ապահով է: Չեք էլ գիտակցում, որ եթե մեկի համար վատ է, ապահովությունը մի օր էլ ձեզանից է խռովելու: Երևի, երբ բոլոր դռները փակ գտնեք, կհասկանաք, միայն ուշ չլինի: Վերջը միշտ էլ տխուր է և կարևոր չէ՝ ինչի վերջը: (Սեղանը քաշելով բերում է ջահի տակ, բարձրանում է սեղանին, ստուգում է ամրությունը:) Պինդ է, կդիմանա, թեև անիմաստությունը կյանք ասվածից ծանր է: (Իջնում է սեղանից:) Ինքս ինձ համար դուռ կբացեմ, աշխարհի ամենամեծ դուռը: Կբացե՜մ: (Գնում, վերադառնում է պարանը ձեռքին:) Սա ինձ կօգնի: (Բարձրանում է սեղանին, պարանի մի ծայրը կապում է ջահից, սեղանը քաշում է նախկին տեղը, աթոռն է դնում ջահի տակ: Փորձում է պարանի մյուս ծայրով օղակ սարքել: Վերջապես հաջողում է: Մոտենում է պատուհանին:) Գտա իմ դուռը, որով միայն ես կարող եմ մտնել ու դուրս գալ: Ձերը չի՝ իմն է, միայն իմը: Թե ինչու այդպես էլ ինձ չսիրեցիք… (Կանգնում է աթոռին, պատրաստվում է օղակը պարանոցին իջեցնել:) Ինձ կներես, մայրիկ…
Ներս է մտնում Նունեն: Մի կողմ է նետում պայուսակն ու ճչալով վազում է դեպի Արամը: Ձեռքից բռնելով իջեցնում է աթոռից, հարվածներ հասցում նրա կրծքին:
ՆՈՒՆԵ — Հիմար, գիժ, հիմար, գիժ…
ԱՐԱՄ — Չդիպչե՛ս:
ՆՈՒՆԵ — Գիժ…
ԱՐԱՄ — Շարունակեցիր, իսկապես կգժվեմ:
ՆՈՒՆԵ — Խելքիդ ի՞նչ է փչել:
ԱՐԱՄ — Օղակը քո պարանոցին պիտի լիներ:
ՆՈՒՆԵ — Կոպտելը քո խաչը չէ:
ԱՐԱՄ — Չէ՞ որ գլխիս կոտոշներ ես դրել: Հարբում ես, գիշերով չգիտեմ ում հետ ու որտեղ ես քարշ գալիս ու դեռ ուզում ես՝ սիրալիր լինեմ: Ո՞ւր էիր:
ՆՈՒՆԵ — Կոտոշնե՞ր… որտեղի՞ց հնարեցիր:
ԱՐԱՄ — Խոսքը կտուրը մի գցիր:
ՆՈՒՆԵ — Գլուխդ շփիր, համոզվելու համար, որ կոտոշներ չկան:
ԱՐԱՄ — (ձեռքը գլխին է տանում, շփոթված իջեցնում է): Ո՞ւր էիր: Ընկերուհիներիդ անունը չտաս, նրանց տանն էլ չես եղել:
ՆՈՒՆԵ — Ինչո՞ւ էիր գժվել:
ԱՐԱՄ — Հրեշտակ չձևանաս, թևերդ չկան: Ո՞ւմ մոտ ես թողել: Թե՞ հիմա անթև հրեշտակները մոդայիկ են:
ՆՈՒՆԵ — Կախվելը մոդայիկ չէ:
ԱՐԱՄ — Բարոյականությունն է՞լ է մոդայից դուրս:
ՆՈՒՆԵ — Ինչո՞ւ էիր գժվել:
ԱՐԱՄ — Կասեմ, եթե ասես՝ ուր էիր: Տանը չես գիշերել, երկնքում չես եղել, որտե՞ղ ես քնել: Հեռախոսդ ինչո՞ւ էիր անջատել, ինչո՞ւ չէիր զգուշացրել, սրճարանից ինչո՞ւ էիր շուտ դուրս եկել… Լիքը ինչուներ, ամեն մեկը նետի պես սուր:
ՆՈՒՆԵ — Օհո՜… վիրավորված տղամարդը բացատրություն է պահանջում: Հետո ի՞նչ, որ սրճարանից շուտ եմ դուրս եկել ու չեմ վերադարձել: Գոնե հիշեիր, որ երեկ հորս մահվան քառասուներորդ օրն էր, պայմանավորվել էինք միասին գյուղ գնալ:
ԱՐԱՄ — Մոռացել էի, զգուշացնեիր:
ՆՈՒՆԵ — «Զգուշացնեի՜ր»… Թե՞ էլի զբաղված էիր սեղանի շուրջը պտտվելով, որ մոռացել էիր: Ինձ ես մոռացել, ինձ… Վիրավորվել էի ու մենակ գնացի: Գյուղում էլ հազար սուտ հորինեցի, թե ինչու եմ մենակ: Հեռախոսն անջատել էի, որ ձայնդ չլսեմ: Երեկոյան վերադառնալու էի ու չէիր էլ իմանա, որ գնացել եմ: Ձեր տանն էի, երբ մայրդ իմացավ, որ քեռիդ կոմայի մեջ է: Այդ վիճակում չէի կարող նրան մենակ թողնել:
ԱՐԱՄ — (քիչ խաղաղված): Իմ վիճակը պատկերացրու` չկաս ու չկաս: Ոչ մեկից ոչ մի տեղեկություն: Քեռու ավտովթարի լուրից ավելի ընկճվեցի, ուղեղս սառույցով լցվեց, չգիտեի՝ ինքս իմ հուսահատությունից ոնց ազատվել: Չէի հասցրել քեզ ասել, որ քեռու հետ պայմանավորվել էի, նրա մոտ էի գնալու: Պարզվեց, կյանք ասվածն ընդամենը բաժակ է և իմ բաժակը դատարկվել, ընկել ու փշրվել է: Հետո փակվող դռների ձայներից ականջներս խցանվեցին: Բաց դուռ էի փնտրում ու չգտա:
ՆՈՒՆԵ — Ու որոշեցիր դուռն այս օղակով փոխարինել: Չէի՞ր վախենում, որ կոտոշներդ կխանգարեն: Ռուսաստան էիր գնում առանց ինձ, օղակի միջով՝ առանց ինձ: Թե՞ վիրավորանքը ներսիցդ ջնջել էր Նունեին, նույնիսկ հիշողությունը նրա մասին: Այսպես չի կարող շարունակվել: Չգիտեմ դու ոնց, ես վերադառնում եմ: Ուսուցչուհիներից մեկը ծննդաբերելու է, խնդրեցին նրան փոխարինել: Հուսով եմ, էլ չես գժվի:
ԱՐԱՄ — Նունե…
ՆՈՒՆԵ — Որոշես վերադառնալ, քեզ համար էլ գործ կճարվի:
ԱՐԱՄ — Նունե…
ՆՈՒՆԵ — Ինքդ որոշիր:
ԱՐԱՄ — Ոնց որ նորից գտա քեզ:
ՆՈՒՆԵ — Չէ, տեղս իմացար: Հասնելու համար ճանապարհ ունես անցնելու: (Ուզում է գնալ:)
ԱՐԱՄ — Ո՞ւր:
ՆՈՒՆԵ — Իրերս հավաքելու:
ԱՐԱՄ — Իմ իրերը չմոռանաս: (Հետևում է Նունեին:)
Բեմն աստիճանաբար մթնում է:
ՁԱՅՆ — Եվ ձյունն իջնում է, ձյունն իջնում է,
Այտերիս վրայով օրերիս վրա,
Թվում է՝ ցավը նահանջում է,
Ու ցավն էլ ճերմակ կդառնա հիմա…

Կարդացեք նաև