Բախտիար Հովակիմյան. 1865 թվականը հայ թատրոնի պատմության մեջ

Կան տարեթվեր, որոնք մեկ կամ մի քանի կարևորագույն իրադարձություններով հաստատուն տեղ են գրավում ժողովրդի, իսկ երբեմն էլ՝ համաշխարհային հասարակայնության կյանքում: Մեր ժողովրդի մշակութային կյանքում նման տարեթիվ է 1865 թվականը: Այն իրավամբ կարելի է համարել Թատերական տարի: Հայ թատրոնի պատմության մեջ 1865 թվականը լի է առաջին անգամ տեղի ունեցած մի շարք կարևոր երևույթներով: Իրենց պատմական առանձնահատկություններով ու արժանիքներով դրանցից յուրաքանչյուրն արժանի է առանձին ուսումնասիրության, բայց այստեղ կներկայացնենք դրանց համառոտ տարբերակը:
Հունվարի 12. Թիֆլիսի Քաղաքային (Թամամշյանի) թատրոնում հայ դերասանական խմբի ղեկավար Գևորգ Չմշկյանի բեմադրությամբ ներկայացվել է ռուս դրամատուրգ Ս. Սուխովո-Կոբիլինի «Կրեչինսկու հարսանիքը» պիեսը: Այն խաղացվել է նույն խմբի դերասան, քսանմեկամյա Սեդրաք Մանդինյանի թարգմանությամբ: Թիֆլիսի հայ թատրոնի խաղացանկը թարգմանական դրամատուրգիայով համալրելու և հանդիսատեսին մատչելի դարձնելու նպատակով, ինչպես վերոհիշյալ, այնպես էլ 1964 թ. դեկտեմբերի 7-ին ներկայացված Ա. Օստրովսկու «Ուրիշի սահնակին մի նստիր» («Ով քու բաբը չէ, նրա հիդ մի ձգվի» պիեսով ռուս դրամատուրգիան մուտք է գործել հայ թատրոն) պիեսն առաջին անգամ բեմ են հանվել Թիֆլիսի բարբառով թարգմանված: Գլխավոր դերերը կատարել են խմբի առաջատար ուժերը` Մուրոմսկի – Միհրդատ Ամերիկյան, Լիդա – Սոֆիա Դավթյան, Կրեչինսկի – Գևորգ Չմշկյան, Ռասպլյուև – Սեդրաք Մանդինյան:
Փետրվարի 12. Նոր Նախիջևանի` շուրջ քառորդ դար առաջ ընդհատված թատերական կյանքը շարունակել է իր գործունեությունը և հարատևել մինչև Հայրենական մեծ պատերազմի սկիզբը: Այդ օրը թատերասերները Հայոց ուսումնարանի դահլիճում ներկայացրել են Խորեն վարդապետ Գալֆայանի «Արշակ Երկրորդ» ողբերգությունը: Դերակատարներն են եղել` Արշակ – Լ. Պապայան, Վահան Մամիկոնյան – Հ. Խոռոզյան, Դրաստամատ – Գ. Խաչատրյան, Շապուհ – Խ. Արծաթբանյան և ուրիշներ:
Նոր Նախիջևանում 1879-1920-ական թվականները գործել է Դրամատիկական արվեստը սիրողների (թատերական) ընկերություն, հասարակության միջոցներով 1899-ին կառուցված թատերական շենք, որտեղ առանձին կամ խմբերով հանդես են եկել հայ թատրոնի գրեթե բոլոր մեծությունները: Քաղաքը Ռոստովին միացնելուց հետո, 1922-ին կազմակերպվել է Պետրոս Ադամյանի անվան թատրոնը, մի քանի տարի անց` օպերետային, իսկ 1931-ին` Ազով-Սևծովյան երկրամասային թատրոնները:
Ապրիլի կեսերին. Երևանում, Զատկական տոներին, բարեգործական նպատակով, առաջին անգամ, տրվել է երեք ներկայացում` հօգուտ նորաբաց Գայանյան Օրիորդաց դպրոցի և չքավոր ընտանիքների: Դժբախտաբար, հայտնի չեն ոչ բեմադրված պիեսների անունները և ոչ էլ` թե որ լեզվով են խաղացվել` հայերե՞ն, թե՞ ռուսերեն:
Հասույթի մի մասը հատկացվել է Լոմոնոսովի արձանի պատրաստման ֆոնդին:
Մայիսի 23. Ալեքսանդրապոլում (այժմ` Գյումրի), Խաչատուր Հովհաննիսյանի ամբարում (150 տեղով), ղարաբաղցի զինվորական Ալեքսանդր Մելիք-Հայկազյանի օժանդակությամբ և Վաղարշակ Շահխաթունյանի բեմադրությամբ տրվել է առաջին ներկայացումը` Հակոբ Կարինյանի «Շուշանիկ» պատմական ողբերգությունը: Վարագույրի վրա նկարված է եղել «Ոգի Հայաստանին» (Մայր Հայաստան)՝ ավերակների վրա նստած: Դերերում՝ Վարդան – Տիգրան Վարդ-Պատրիկյան, Համազասպ – Հովհաննես Լալայան, Վազգեն – Հովհաննես Սահրադյան, Շուշանիկ – Մկրտիչ Տեր-Դավթյան, Ջոջիկ և Ծառուկ – Սարգիս Աբաջյան: Կրկնվել է մայիսի 25-ին: Գյումրիի 250-ամյա թատրոնը շարունակում է իր գործունեությունը:
Մայիսի 24. Ալեքսանդրապոլում, հայ թատերասերների օժանդակությամբ, ռուսական բանակի հայ և ռուս սպաների և նրանց ընտանիքների անդամների մասնակցությամբ տրվել է առաջին ռուսերեն ներկայացումը: Բեմադրվել է Ն. Գոգոլի «Ռևիզոր» պիեսը:
Մայիսի 30. Թիֆլիսի քաղաքային թատրոնում հայ դերասանական խումբը, Գ. Չմշկյանի բեմադրությամբ, առաջին անգամ ներկայացրել է Վիկտոր Հյուգոյի «Էռնանի» դրաման (3 գործողություն) պատմաբան-գրականագետ Ստեփանոս Պալասանյանի թարգմանությամբ: Դերերում՝ Էռնանի – Գ. Չմշկյան, Դոն Գոմես դը Սիլա – Մ. Ամերիկյան, Դոննա Խոսեֆա – Քեթևան Արամյան, ինչպես նաև Թիֆլիս հյուրախաղերի եկած պոլսահայ դերասաններ Թովմաս Ֆասուլյաճյանը (Դոն Կարլոս) և Պայծառ Ֆասուլյաճյանը (Դոննա Սոլ դը Սիլվա): Հուլիսի 17. Թիֆլիսի համքարները (արհեստավորները), այլևս անկարող լինելով տանել երկրորդ անգամ քաղաքագլուխ վերընտրված Գալուստ Շերմազանյանի խստությունները, հիմնահատակ քանդել են նրա տունը և տանը կից թատերասրահը, որը թատրոնի պատմության մեջ հայտնի է «Շերմազանյան դարպաս» անունով: Թատրոնը գտնվել է Մեծ ծուռ (այժմ` Լերմոնտովի) փողոցի վրա, ունեցել է 200 տեղանոց դահլիճ:
Հուլիս-օգոստոս. Դեռևս հունիսի կեսերին դեպի անդրկովկասյան հայաբնակ կենտրոնները հյուրախաղերի դուրս եկած թիֆլիսահայ դերասաններ Գ. Չմշկյանը, Մ. Ամերիկյանը և Ս. Մանդինյանը տեղի թատերասերների հետ ներկայացումներ տալով, հիմնադրել են Շուշիի թատրոնը: Խաղացանկում ունեցել են Ս. Հեքիմյանի «Սամել կամ Կրոնք և տիրասիրություն», Հ. Կարինյանի «Վարդան Մամիկոնյան» ողբերգությունները, «Շկոլի վարժապետ» փոխադրությունը և այլ պիեսներ: Հայ թատերական կյանքը Շուշիում հարատևել է մինչև 1930-ական թվականները: 19-րդ դարի վերջերին և 20-րդ դարի սկզբներին Շուշիում հանդես են եկել Պ. Ադամյանը, Հ. Աբելյանը, Սիրանույշը, Գ. Պետրոսյանը, Վ. և Մ.-Հ. Ֆելեկյան քույրերը, Հ. Զարիֆյանը, Կ. Գալֆայանը, Ա. Խարազյանը, Օ. Մայսուրյանը, Ժասմենը, Վ. Փափազյանը, Ա. Ոսկանյանը և շատ ուրիշ մեծություններ:
Շուշեցիներ են թատերական գործիչներ Վ. Վաղարշյանը, Գ. Գաբրիելյանը, Տ. Շամիրխանյանը, Ս. Արզումանյանը, Ա. Բուդաղյանը, Մ. Կոստանյանը, Լ. Ալավերդյանը, Մ. Արուտչյանը, Ե. Հարութը և շատ ուրիշներ: Գավառական թատրոններից Շուշին առաջինն է ունեցել իր թատերական շենքը` «Խանդամիրյանի թատրոնը» (1891-1905), որը հրո ճարակ է դարձել 1905 թվականին, թուրքերի կողմից:
Շուշիում վերականգնվել է թատերական կյանքը:
Օգոստոս-սեպտեմբեր. Ալեքսանդրապոլում, տեղական թատերասերների հետ, իրենց խաղացանկի հիմնական պիեսներով հանդես են եկել հյուրախաղերի եկած Գ. Չմշկյանը, Մ. Ամերիկյանը, Ս. Մանդինյանը:
Հոկտեմբեր-նոյեմբեր. Չմշկյանի ղեկավարությամբ խումբը տվել է մի քանի ներկայացում, որոնցով սկզբնավորվել է Երևանի պրոֆեսիոնալ թատրոնը: Հոգևոր իշխանության թույլտվությամբ, թեմական դպրոցի երկու դասասենյակները վերածելով բեմ ու դահլիճի, տեղական մանկավարժների և թատերասերների` Սիմոն Փիլիպոսյանի, Նահապետ Աթանասյանի (հետագայում` Ղևոնդ քահանա) և ուրիշների մասնակցությամբ կազմակերպել են իրենց ներկայացումները: Դա նպաստել է տեղական ուժերով 1868 թ. կազմակերպելու Երևանի թատերական ընկերությունը, հրապարակ են եկել տեղական դրամատուրգներ, դերասաններ, կառուցվել են թատերական շենքեր, որոնք բոլորը միասին կենդանի են պահել թատրոնը մինչև օրս:
Հոկտեմբերի 23. Շամախի քաղաքում ծնվել է ապագա մեծ դերասան Հովհաննես Աբելյանը (1865-1936, Երևան), ով ավելի քան 50-ամյա իր բեմական գործունեության ընթացքում մարմնավորել է շուրջ 500 դեր, թարգմանել է մոտ 20 պիես, հանդես է եկել հայկական, ռուսական և ադրբեջանական թատերախմբերում, առանձին կամ խմբերով ելույթներ է ունեցել Անդրկովկասում, Հյուսիսային Կովկասում, Միջին Ասիայում, Իրանում, Թուրքիայում, Եգիպտոսում, Ֆրանսիայում, Բելգիայում, Գերմանիայում, Անգլիայում, Ամերիկայում, ամենուրեք վայելելով հանդիսատեսի սերն ու հարգանքը: Նա Հայֆիլմի արտադրած անդրանիկ ֆիլմի մեջ առաջին և միակ անգամ նկարահանվել է իր սիրած` Բարխուդարի դերում («Նամուս» 1926): Աբելյանն առաջին դերասանն է, ով իբրև շեքսպիրյան թատրոնի դերասան (կատարել է 11 դեր), 1899-ին այցելել է Անգլիա, Շեքսպիրի հայրենիքը` Ստրեդֆորդ քաղաքը, տեսել նրա տունը, թանգարանը և կոչ արել հայերին հարստացնել այն հայերեն թարգմանություններով: Աբելյանի` երկար տարիներ խաղացած դերերից են` Օթելլոն – 40 տարի, Էլիզբարյանը – 30, Արքա Լիրը` 25:
1865-ին Երևանի նահանգի Օրդուբադ գյուղում (այժմ` Նախիջևանի Օրդուբադ քաղաք) ծնվել է ռուս թատրոնի հայազգի դերասան և ռեժիսոր Քրիստափոր Հովսեփ Պետրոսյանը (Տեր-Պետրոսյան), հայ բեմի դերասան և ռեժիսոր Գևորգ Պետրոսյանի եղբայրը: 1880-ական թթ. կեսերից մասնակցել է Մոսկվայի Ա. Մամոնտովի, Մ. Մ. Լենտովսկու թատերախմբում: Ստանիսլավսկու հրավերով, նրա Օթելլոյի հետ խաղացել է Յագոյի դերը: Սնանկացած Մ. Լենտովսկու փոխարեն պայմանագիր է կնքել Ֆեոդոր Շալյապինի հետ Պետերբուրգում ելույթ ունենալու համար: Հյուրախաղերով հանդես է եկել Ռուսաստանի տարբեր քաղաքներում, կատարել է դրամատիկական և բնութագրական դերեր` Օթելլո, Յագո, Չացկի («Խելքից պատուհաս»), Սատին («Հատակում»), Իգնատ Գորդեև («Ֆոմա Գորդեև»), Օթարլեկ («Դավաճանություն») և շատ այլ դերեր: 1902-1905-ին խումբ է պահել Քիշինևում, 1905-1906-ին` խաղացել Բաքվի ռուսական թատրոնում: Թատերական դպրոց է բացել Մոսկվայում, ուր և մահացել է 1915-ին:
1865-ին Ղզլարում (Հյուսիսային Կովկասի Կիզչյարք) ծնվել է դերասան, խմբագիր, թարգմանիչ Ալեքսանդր Նիկողայոսի Թարխանյանը: Նա եղել Անդրկովկասում առաջին թատերական օրգան «Թատրոն» (1893-1903) հանդեսի գլխավոր հրատարակիչը: Տպագրել է մի շարք պիեսներ, հայ, ռուս, թատերական կյանքին ու գործիչներին նվիրված հոդվածներ, հուշեր, լուրեր: 1891-1892 թթ. Թարխանյանը եղել է Թիֆլիսի Հայոց դրամատիկական ակումբի ընկերության խաղացանկային հանձնախմբի անդամ: Նրա թարգմանությամբ հայ թատրոնում խաղացված պիեսներից են` Իբսենի «Ուրվականները», Զուդերմանի «Պատիվը», Սարդուի և Մորոյի «Մադամ Սան-Ժենը», Սարդուի «Տոսկան» և այլ գործեր:
Մեկ տարում այսքան առաջին անգամ և հիշարժան միջոցառումների առկայությամբ հայ թատերական կյանքում, իրոք, բացառիկ թիվ է 1865 թվականը հայ թատրոնի պատմության մեջ:

Կարդացեք նաև