ԻՍԿ ՁԵՐ ԱՐՔԱՆԵՐԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՏԱԼԻ՞Ս ԵՆ

31 մայիս 2016, 15:15

Նախօրեին «Լոֆթում» տեղի ունեցավ Հարություն Գալֆայանի «Ծաղրածուն» կամ «Տրակտատ հրաժարականի մասին» (տրագիկոմեդիա՝ համեմված ֆարսով) մոնոներկայացման պրեմիերան՝ ըստ Կարինե Խոդիկյանի համանուն պիեսի։ Թե ռեժիսուրայի եւ թե ձեւավորման հեղինակը Հարություն Գալֆայանն է։
«Ծաղրածուն» շոշափում է հավերժական թեմաներ՝ հրաժարական թագից, ունեցվածքից, իշխանությունից, թեմաներ, որ բոլոր ժամանակներում ուղիղ եւ շիտակ հնչել են միայն ծաղրածուների բերանից։ Ծաղրածուի միակ արտոնությունը հենց ճշմարտությունն ասելն է։ «Սակավներին է հաջողվում արքա ծնվել, իսկ ընտրյալներին՝ արքա մեռնել: Ոմանք ոչ միայն արքա ծնվելու, այլեւ այդ երազանքը փայփայելու իրավունք անգամ չունեն: Բայց հենց այդ տեսակին է հաջողվում արքա դառնալ: Իսկ իշխանությունը մարդուց խլում է մարդկայինը, իրականության զգացողությունը, եւ սուտը, կեղծիքը, քծնանքն ու ստորաքարշությունն են դառնում միակ ճշմարտություն: Բռնակալներն օրերից մի օր հրաժարական են տալիս: Իսկ ձեր արքաները հրաժարական տալի՞ս են»,-այսպիսի մտքեր է հնչեցնում դրամատուրգ Կարինե Խոդիկյանի եւ դերասան Հարություն Գալֆայանի ծաղրածուն, ու, կամա թե ակամա, հանդիսատեսը զուգահեռներ է տանում մեր ժամանակների հետ, ուրվագծում մեր ժամանակների բռնակալներին, որոնք կառչած են իրենց աթոռից։
Ներկայացմանը ներկա Կարինե Խոդիկյանից հետաքրքրվեցինք, թե ինչու է հենց ծաղրածուի կերպարին դիմել՝ խոսելով ժամանակի բարքերի, իշխանությունների, բռնակալների մասին, այդպես ավելի անվտանգ ու ազա՞տ է զգում։ «Ինձ համարեք հերթական ծաղրածուն, պատիվ է ծաղրածու լինելը։ Հեղափոխական այս շունչը ես չեմ բերել, թելադրել է ներքին հյուսվածքը։ Այստեղ ինձ համար ամենակարեւոր կերպարը ծաղրածուն է, եւ գրելու ընթացքում ինչ-որ չափով օգնության է եկել իմ հրապարակախոս լինելը։ Դա ինչ-որ տեղ անեծք է, որովհետեւ դրանից պրծում չկա։ Այնտեղ կա եւ շեքսպիրյան տեքստի քննություն, եւ անընդհատ ժամանակի անցում մեր օրեր»,- ասում է Խոդիկյանն ու նկատում, որ պիեսը մի քանի տարի առաջ է գրել՝ Երվանդ Ղազանչյանի խնդրանքով։ Առաջին անգամ այն բեմադրվել է հենց Երվանդ Ղազանչյանի կողմից։ Հարություն Գալֆայանը երկրորդն է, որը հետաքրքրվել է այս գործով, ինչի համար ինքն ուրախ է. «Նա հետաքրքիր մեկնաբանություն էր տվել եւ շատ հարգանքով էր վերաբերվել տեքստին, մի բան, որ քիչ է պատահում։ Հարությունը մարդ-նվագախումբ է, որովհետեւ ամեն ինչ ինքն է արել, ես շնորհակալ եմ նրան, որովհետեւ կողքից արդեն ոչ թե որպես հեղինակ, այլ որպես քաղաքացի նայում-լսում էի եւ հերթական անգամ հասկանում, թե Շեքսպիրն ինչ է գրել ժամանակի համար։ Մեզ ընդամենը մնում է ամեն մեկս մեր ժամանակի մեջ մեկնաբանենք»։ Խոդիկյանի գնահատմամբ, շատ պիեսներ ժամանակի հետ կարող են խամրել, բայց ցավով պետք է նշի, որ այս պիեսը գնալով գուցե ավելի արդիական դառնա՝ տեսնելով այն, թե ինչ է կատարվում ամբողջ աշխարհում։
«Ծաղրածուն» Հարություն Գալֆայանի 3-րդ մոնոներկայացումն է, ասում է՝ գուցե շատերը մտածեն, թե եսասիրական նկրտումներ կան անընդհատ մոնոներկայացումներ խաղալու մեջ, բայց դա ամենեւին այդպես չէ, նախ, որովհետեւ մոնոներկայացումը հնարավորություն է տալիս խուսափել ֆինանսական մեծ ծախսերից, եւ հետո՝ սիրում է մոնո խաղալ. «Իսկ ինձնից լավ ո՞վ իմանա ինչ եմ ուզում»։
Ինչպես զրույցի ընթացքում նկատում է Հարություն Գալֆայանը՝ ինքը սիրում է հայ դրամատուրգների գործերին անդրադառնալ եւ մեկուկես տարվա ստեղծագործական դադարից հետո նորից որոշեց մոնոներկայացում անել։ Ասում է՝ իրեն նախեւառաջ պիեսի ասելիքն է գրավել եւ առաջին իսկ բառից մեխվել ուղեղի մեջ, որն էլ ցանկացել է փոխանցել հանդիսատեսին։
Ներկայացումն ամբողջացել է փուլ առ փուլ՝ տեքստ, հագուստ, երաժշտություն, ռեժիսուրա։ Հարություն Գալֆայանն ընդգծում է, որ այս անգամ բեմադրությունը խիստ մինիմալիստական է ստացվել. «Տիկին Խոդիկյանն էլ հենց այդպես մինիմալիստական էր գրել, եւ ես որոշեցի, որ այս անգամ հենց այդպես էլ անեմ, որ նաեւ հետո ավելի հեշտ լինի դեկորացիան հարմարեցնել տարբեր փոքր բեմերին։ Հետո՝ շեշտն այստեղ գաղափարական ասելիքի վրա է, իսկ դեկորացիան մի փոքրիկ ռադիո է, աթոռ ու դագաղիկ»։
Հարցին, թե միաժամանակ լինելով ներկայացման եւ դերասանը, եւ ռեժիսորը, երրորդ աչքի կարիք չի՞ ունեցել, պատասխանեց. ինքը սիրում է, որ իր դեպքում ամեն ինչը փոխկապակցված է՝ թե ռեժիսուրան, թե դերասանությունը. «Այս դեպքում արդեն դու պետք է լինես երրորդ աչքը, ամեն անգամ մոնոներ անելով՝ վարպետանում ես, դա փորձի վրա է, անընդհատ խաղալով՝ պետք է այդ երրորդ աչքը զարգացնես։ Եթե ամեն օր դերասանը պրոցեսի մեջ չի լինում, լճանում է»։
Հեղինակը վստահ է, որ հանդիսատեսը ներկայացումը նայելուց հետո անմիջական զուգահեռներ կանցկացնի մեր օրերի հետ։ «Պիեսի մեսիջը երկու շերտով էի զգացել, մեկը՝ հենց այսօրվա գահի կռիվը, երբ ամենուր ինքնակոչներն են՝ թե արվեստում, թե քաղաքականությունում եւ, ընդհանրապես, ամեն բնագավառում, մյուս կողմից էլ՝ ինձ համար դա անձնական նշանակություն ուներ, եւ կարեւոր շերտ էր այն, երբ պիեսում ասում է՝ կորցրեցիր հավատդ մարդու, մարդկայինի, աշխարհի հանդեպ, աչքերդ իրոք բացվեցին, քանի որ ես էլ մեկուկես տարվա դադարից հետո ինչ-որ չափով կոտրվեցի թատերական աշխարհի կողմից, եւ սա իմ ներքին հաղթանակն էր»,-ասում է դերասանն ու նշում, որ առաջիկայում ներկայացումը կներկայացնի նաեւ տարբեր մոնոներկայացումների փառատոների։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Կարդացեք նաև