«ԽՈՍԵԼՈՎ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» / Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Այս խորագրով թատերախաղի միջազգային ամենամյա մրցույթը, որը տարբեր երկրներում կազմակերպում է Նյուրնբերգի պետական թատրոնը 2005 թվականից, այս անգամ անցկացվեց Հայաստանում: ՀՀ մշակույթի նախարարության և ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության հետ համագործակցաբար անցկացված մրցույթն այսօր ամփոփեց արդյունքները. հայ երեք դրամատուրգների պիեսները կբեմադրվեն Նյուրնբերգի պետական թատրոնում: «Ամեն տարի մրցույթն անցկացվում է որևէ երկրում, և ուրախ ենք, որ հոբելյանական՝ 10-րդ տարում այն անցկացվեց Հայաստանում: Մեր հիմնական նպատակն ամեն երկրում նորը գտնելն է: Կան երկրներ, որտեղ գրեթե բոլոր գործերում նույն թեման է շոշափվում: Հայաստանյան գործերում բազմաբնույթ հարցեր են արծարծված, շատ հետաքրքրիր տեքստեր ենք ստացել»,- ասաց «Խոսելով սահմանների մասին» թատերախաղի միջազգային մրցույթի գեղարվեստական ղեկավար Քրիստիան Պապկեն: Ինչպես տեղեկացրեց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը, մրցույթը Հայաստանում մեկնարկել է անցյալ տարվա սեպտեմբերին և տեսակով ու համագործակցության բնույթով առաջինն էր. «Մրցույթի հիմքում շատ արդիական թեմա է ընկած. «սահման» հասկացությունն այսօրվա աշխարհում վերացել է, իսկ այս մրցույթը հնարավորություն տվեց մեր ստեղծագործողներին մտածելու սահմանների մասին»,- ասաց նա՝ տեղեկացնելով, որ հայտերը ներկայացվել են կազմակերպիչներին, այնուհետև անանունության սկզբունքով տրամադրվել են ժյուրիի անդամներին. «Ես ինքս չգիտեմ հաղթողների անունները: Մենք ընդամենն ուզում ենք, որ այդ գործերը բեմադրվեն միջազգային բեմերում, որպեսզի մրցույթն ինքնանպատակ չլինի»,- ասաց Ն. Տեր-Վարդանյանը: Նշենք, որ Հայաստանում միջազգային մրցութային հանձնաժողովը բաղկացած է եղել հինգ մասնագիտական համապատասխան որակավորում ունեցող անդամներից՝ երկուսը Հայաստանից, երեքը՝ Գերմանիայից: Թատերախաղերի բնօրինակները ներկայացվել են հայերենով՝ անգլերեն կամ գերմաներեն թարգմանությամբ: Մրցույթի պայմանների համաձայն՝ ներկայացված թատերախաղը նախկինում պետք է բեմադրված կամ հրատարակված չլինի որևէ տեղ և գրված լինի 5 դերասանի համար, առնվազն 70 րոպե տևողությամբ, 2 և ավելի գործողությամբ: «Ներկայացված 13 պիեսներից ես բավականին շատ բան եմ սովորել հայոց պատմության մասին, թեև հաղթել է մի շարադրանք, որի մեջ Հայոց ցեղասպանության կամ պատմության դրվագներ չկան»,- մրցույթի հաղթողների անունները հայտարարելուց առաջ ասաց Նյուրնբերգի պետական թատրոնի դրամայի բաժնի գեղարվեստական ղեկավար Կլաուս Կուզենբերգը և համառոտակի ներկայացրեց հաղթող պիեսի սյուժեն. «Այս դրաման փորձել է գեղարվեստական արտահայտչամիջոցներով ներկայացնել հայոց ոգին: Հինգ դերասանների խաղ է, որոնք պատմում են իրարից լրիվ տարբեր երկու պատմություններ: Մի կողմից մենք մասնակիցն ենք դառնում ցինիկ մի հեռուստաշոուի, որի ժամանակ կարելի է աշխատանք, անձնագիր և տուն շահել արտերկրում: (Այս երջանկությանը հասնելու համար անողոք պայքար է գնում մրցույթի հինգ մասնակիցների միջև՝ բոլոր արժեքների տրորմամբ, որի արդյունքում բոլոր հինգ թեկնածուներն էլ հաղթում են, բայց նրանց տուն չի տրվում. փոխարենը նոր սահմաններ են ստեղծվում): Մյուս կողմից՝ նույն դերակատարները պիեսում մեզ ներկայանում են բոլորովին այլ՝ պատերազմական իրավիճակում: (Մի երիտասարդ, տանը թողնելով մորը և նշանածին, որպես կամավոր՝ մեկնում է ռազմաճակատ): Պիեսում կա նաև մի ծեր կնոջ կերպար, որը, իր այծերի հետևից գնալով, խախտում է սահմանը և որպեսզի իրեն չմատնի, որոշում է ոչինչ չասել: Ոչ ոք չի կարողանում հաստատել նրա ինքնությունը, մինչև որ պատերազմի բովով անցած կանայք ճանաչում են նրա երգը»… Սա դրամատուրգ Կարինե Խոդիկյանի «Երկու պատմություն հինգ դերասանի համար» պիեսի սյուժեն էր, որն էլ զբաղեցրել է առաջին տեղը: Հաղթող հեղինակը Նյուրնբերգի թատրոնի կողմից կարժանանա 3 500 եվրո մրցանակի: Նրա պիեսը կթարգմանվի գերմաներեն, ինչպես նաև Նյուրնբերգի պետական թատրոնի հաջորդ խաղաշրջանում կբեմադրվի՝ թատրոնի անձնակազմի մասնակցությամբ: Բացի առաջին տեղից, ևս երկու գործեր արժանացան խրախուսական մրցանակների: Թեև ի սկզբանե որոշված էր, որ Մշակույթի նախարարության կողմից երկրորդ տեղը զբաղեցրած գործի հեղինակին տրվելու էր 1 500 եվրո, իսկ երրորդի հեղինակին՝ 1 000 եվրո, բայց մրցույթի ժյուրին ընթացքում որոշել է, որ գումարը պետք է գումարվի և հավասարապես բաժանվի խրախուսական մրցանակի արժանացած երկու հեղինակների՝ Անուշ Քոչարյանի («Տարին առանց ամռան») և Սամվել Մարտիրոսյանի («Սահմանագիծ՝ ոտքերի արանքում») միջև: Ժյուրիի հայ անդամներից Արա Խզմալյանն ընդգծեց, որ ցանկացած ծրագիր, որը մղում է սահմանների հաղթահարման, ողջունելի է. «Ուրախ ենք, որ հյուրերը գնահատել են մեր ստեղծագործողների աշխատանքները, բայց պետք է նշեմ, որ շատ հարցերում մեր պատկերացումներն այլ են եղել, նրանցը՝ այլ: Հայտերի զգալի մասը մեզ վրա հում ստեղծագործության տպավորություն թողեց: Հաճախ հեղինակները կենտրոնացել են հայ-ադրբեջանական սահմանի վրա՝ վերանալով գաղափարի գլոբալ իմաստից: Ես կցանկանայի, որ հեղինակները խոսեին ազատության մասին. ի վերջո, մենք պիտի սովորենք ավելի ազատ նայել աշխարհին. դրամատուրգիան ոչ այնքան համաշխարհային խնդիրներ շոշափելու, որքան մարդու և մարդկայինի մասին է»,- ընդգծեց Ա. Խզմալյանը:

© 1998 — 2018 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Կարդացեք նաև