Կարինե Խոդիկյանի «Ծաղրածուն»

Հանդիսատեսի դատին կհանձնվի Հարություն Գալֆայանի նոր մոնոներկայացումը՝ ըստ Կարինե Խոդիկյանի պիեսի «Հրաժարական թագից, ունեցվածքից, իշխանությունից: Սակավներին է հաջողվում արքա ծնվել, իսկ ընտրյալներին՝ արքա մեռնել: Ոմանք ոչ միայն արքա ծնվելու, այլեւ այդ երազանքը փայփայելու իրավունք անգամ չունեն: Բայց հենց այդ տեսակին է հաջողվում արքա դառնալ: Իսկ իշխանությունը մարդուց խլում է մարդկայինը, իրականության զգացողությունը եւ սուտը, կեղծիքը, քծնանքն ու ստորաքարշությունն են դառնում միակ ճշմարտությունը»,- «Առավոտի» հանդիպումը երիտասարդ ռեժիսոր, դերասան Հարություն Գալֆայանի հետ սկսվեց արվեստագետի՝ այս տողերի ընթերցմամբ, որը վերցված է դրամատուրգ Կարինե Խոդիկյանի «Ծաղրածուն» պիեսից: Իսկ հիշյալ ստեղծագործության (տրագիկոմեդիա՝ համեմված ֆարսով) պրեմիերան մոնոներկայացման ձեւաչափով կկայանա մայիսի 28-ին՝ «Լոֆթ» ինքնազարգացման եւ ժամանցի կենտրոնում, Հարություն Գալֆայանի ռեժիսուրայով ու դերակատարմամբ: Հատկանշական է, որ մեր զրուցակցի հասցեին մասնագիտական շրջանակներում հաճախ շրջանառվում է հՈՎ րպոպ ՐպՋՌրրպՐ հայտնի արտահայտությունը: Պատճառը երիտասարդ արվեստագետի մինչ օրս իրականացրած մոնոդրամաներն են: Նշենք նաեւ Անուշ Ասլիբեկյանի «Բարի գալուստ իմ հեքիաթ» պատմվածքների մոտիվներով «Քո մասին է» եւ ըստ Հովհաննես Թեքգյոզյանի «Երկկենցաղ մարդը» պիեսի «www.AMPHIBIA.com» ներկայացումները, որոնք առայժմ մասնակցել են միայն հայաստանյան փառատոների, այդ թվում՝ «Արմմոնո», «Արտֆեստ», «Հայֆեստ»: Հետաքրքրությանը, թե ինչու է նախապատվությունը տալիս մոնոներկայացումներին, մեր զրուցակիցը խնդրեց դա եսասիրություն չընկալել, հետո պատասխանեց. «Մասշտաբային բեմադրություններ իրականացնելու համար հազար ու մի բան է անհրաժեշտ՝ սկսած հովանավորից, վերջացրած՝ տարածքի ու դերասանների վարձատրություն եւ այլն: Իսկ հովանավորներին հիմնականում չի հետաքրքրում արվեստը, նրանց հուզում է միայն դրանից ստացված իրենց շահույթը: Բացի այդ՝ հովանավորները դիմում են եկամտաբեր արվեստի տեսակին՝ շոուին, մշտապես նույն դեմքերի մասնակցությամբ: Ի վերջո, ստացվում է, որ սեղմ միջոցներով որպես ռեժիսոր ու դերասան, բեմանկարիչ ու զգեստների դիզայներ, ինքս իմ գործն առաջ եմ տանում»: Դիտարկմանը, թե գումար խնայելու համար ինքն էլ բեմանկարչի, հագուստի դիզայների աշխատանքներն է կատարում, Հարությունը տեղեկացրեց, թե ուսանել է նաեւ Ճարտարապետության եւ արվեստի ստուդիայում, որտեղ ուսումնասիրում են մանրանկարչություն, գծանկար ու գունանկար, կոմպոզիցիա: Հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչու կանգ առավ Խոդիկյանի այս պիեսի վրա: «Տպավորված եմ Կարինե Ջանջուղազյանի մատուցմամբ տիկին Խոդիկյանի «Լույսը կբացվի» մոնոներկայացմամբ, կարդացել եմ դրամատուրգի մի քանի գործերը, այդ թվում՝ «Լիլիթը», «Երեւան սիրավեպը» եւ այլն: Իսկ «Ծաղրածուին» անդրադարձել եմ հետեւյալից դրդված՝ ծաղրածուի միակ արտոնությունը ճշմարտությունն ասելն է: Ի վերջո, արվեստագետներն էլ իրենց խաղով, գրչով, նկարով «բաց տեքստով» իշխանավորներին հանդգնում են ասել ճշմարտությունը»,- հայտնեց արվեստագետը: Հարություն Գալֆայանը մեջբերեց մոնոներկայացման այն կտորը, երբ իր մարմնավորած ծաղրածուն արդեն իշխանությունը կորցրած թագավորին հիշեցնում է. «Երբ կորցնում ես ամեն ինչ, ոչ մեկին պետք չես: Ամեն ինչը՝ ունեցվածքն ու իշխանությունը չէ: Ամեն ինչը հավատն է մարդու, մարդկանց, աշխարհի հանդեպ: Երբ կորցնում ես՝ աչքերդ բացվում են: Շատերն են փորձել կեղծավոր աշխարհում անկեղծ խոսք ասել… Կա՞ մեկը, ով համոզված է՝ մի օր հաղթելու է ճշմարիտ խոսքը…»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ 26.05.2016

Կարդացեք նաև