TALKING ABOUT BORDERS ՄՐՑՈՒՅԹԻ 2015-Ի ՀԱՂԹՈՂ Է ՃԱՆԱՉՎԵԼ ԿԱՐԻՆԵ ԽՈԴԻԿՅԱՆԸ / ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

10 տարի առաջ է մեկնարկել գերմանական Նյուրնբերգի թատրոնի գեղարվեստական ղեկավար Քրիստիան Փափկեի հեղինակած «Խոսելով սահմանների մասին» (TALKING ABOUT BORDERS) դրամայի մրցույթը, իսկ 2014-ից այն հիշյալ թատրոնին է խարսխվումՙ որպես մրցույթում շահած պիեսների, ստեղծագործությունների առաջնախաղի հասցե: Մրցույթը Արեւելյան Եվրոպան, նրա հեղինակներին, թատերական աշխարհին լավ ծանոթանալու, ճանաչելու փորձ է:
3500 եվրո պարգեւավճարով մրցույթի 2015-ի հաղթող են ճանաչվել «Վիճակախաղ» եւ «Պատերազմի կանայք» 2 պատմություն 5 դերասանի համար ստեղծագործությունները, հեղինակՙ Կարինե Խոդիկյան: Ինչպես Նյուրնբերգի թատրոնի մամլո հաղորդագրությունից ենք տեղեկանում, մայիսի 31-ին հանդիսավոր պայմաններում Նյուրնբերգի թատրոնում դրամայի մրցույթի հաղթող Կարինե Խոդիկյանին տրվել է պարգեւը: Մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությանը համերգային բաժնին զուգահեռ հատվածաբար ներկայացվել են մրցանակակիր ստեղծագործությունները, իսկ ամբողջական դրանք կարելի կլինի դիտել 2016-ի առաջնախաղին :
Կարինե Խոդիկյանի անունը ծանոթ է հայաստանյան գրական աշխարհումՙ առաջին հերթին «Գարուն» ամսագրից: Նա ռադիոհեռահաղորդակցության ազգային հանձնաժողովի անդամ է, 2004-ից 4 տարի եղել է մշակույթի փոխնախարար, այնուհետ գրական պարբերականիՙ «Գրական թերթի» խմբագիրն է դարձել: Հ1- ի եթերում վարում է «Մեր մեջ ասած» հաղորդումը: 90-ականների վերջից Խոդիկյանը պարբերաբար տարբեր մրցանակներ է ստացելՙ իր լրագրողական, գրական աշխատանքի համար: Նա 39 դրամայի, 10 գրքի, բազմաթիվ հոդվածների հեղինակ է:
10 տարի առաջ TALKING ABOUT BORDERS դրամայի մրցույթն 2015-ին առաջին անգամ շարունակվում է այլ ձեւաչափովՙ հունիսի 26- 28-ին Նյուրնբերգի թատրոնում առաջին անգամ անցկացվելու է նույնանունՙ «Խոսելով սահմանների մասին» փառատոնը: Խորհրդային Միության փլուզումից 24 տարի է անցել, աշխարհագրական բաց սահմանները քաղաքական, տնտեսական, մշակութային ալեկոծումների պատճառով հիմնովին փոխել են Արեւելյան Եվրոպայի իրականությունը: Այդուհանդերձ այդ տարածաշրջանի շատ երկրներ մեր մտապատկերում դրոշմված են որպես «terra incognita»ՙ անծանոթ, օտար երկիր: Սա է պատճառը, որ դեռեւս կարիք կա խոսել սահմանների մասին, եւ հասկացողություն փնտրել սահմաններից անդինՙ միմյանց լավ ճանաչելու մղումով, ծանուցում են փառատոնի հեղինակներըՙ հավելելով, թե փառատոնը նոր հարթակ է տրամադրումՙ նման հանդիպումներն իրականություն դարձնելու հույսով: Փառատոնի շրջանակներում միջազգային տարբեր միջոցառումներով, արվեստագիտական տարբեր հայացքով կներկայացվի քաղաքական իրականությունը:Նյուրնբերգի թատրոնի դերասանները բեմական ընթերցմամբ կմատուցեն 2013-ին 2-րդ մրցանակի արժանացած Վրաստանի ներկայացուցչիՙ Դաթա Թավաձեի « Պատերազմի մայր» ստեղծագործությունը: Փառատոնին հունիսի 28-ին հյուր կլինի Բեռլինի Մաքսիմ Գորկի թատրոննՙ իր «Մուսա լեռ-ապստամբության օրեր» մեծ դրվատանքի արժանացած ներկայացմամբ:

Կարդացեք նաև