«ՍԻՐԱՅԻՆ ՔԱՌԱՆԿՅՈՒՆԻ»՝ մեղմ պաստելային «երանգներով». Սիրո խնդրի մասին՝ կատակերգության ժանրով

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում օրերս կայացավ «Սիրային քառանկյունի» ներկայացման պրեմիերան՝ ըստ Կարինե Խոդիկյանի պիեսի: Երկու գործողությամբ կատակերգությունը բեմադրել էր Հակոբ Ղազանչյանը, երաժշտական ձեւավորումը նույնպես Հակոբ Ղազանչյանինն էր, իսկ պարային կտորների վրա աշխատել էր ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Կարապետյանը: Ներկայացման մեջ ներգրավված էին ՀՀ վաստակավոր արտիստներ Մարիամ Ղազարյանն ու Բորիս Պեպանյանը, ինչպես նաեւ դերասաններ Անի Քոչարյանն ու Հասմիկ Վերդյանը: Ռեժիսոր Հակոբ Ղազանչյանը լուծել էր իր առջեւ դրված խնդիրները՝ ասես ափի մեջ ներկայացված էր մի պատմություն, որ կարող է պատահել յուրաքանչյուրի հետ՝ սկսած քեզանից, վերջացրած հարեւանով: Բորիս Պեպանյանն այս ներկայացման մեջ իր «ափսեում» էր, նա հրաշալի էր մարմնավորել սիրող, տառապող, խճճված եւ ի վերջո՝ իմաստնացած տղամարդուն: Համոզիչ էր նաեւ Մարիամ Ղազարյանի խաղը՝ հավատարիմ կին, որ գիտի ամուսնու դավաճանության մասին, բայց միշտ ներում է նրան, քանզի համոզված է, որ ի վերջո տուն է վերադառնալու: «Տուն, բայց ոչ ընտանիք»,- ասում է Անի Քոչարյանի մարմնավորած սիրուհին: Ըստ նրա, ինքնասիրության պակաս ու ներման ավելցուկ ունեցող կանանցից են տղամարդիկ հեռանում: Չնայած իրեն բաժին հասած վառ հերոսին, Անի Քոչարյանն այնքան էլ բնական չէր խաղում, տպավորություն կար, թե կաշկանդում ունի: Ներկայացմանը յուրատեսակ գույն էին տվել պարային կտորները՝ տանգոյի միջոցով շեշտադրելով սիրո գլուխկոտրուկի երբեմն վտանգավոր հանգուցալուծումները: Ինչի՞ մասին է «Սիրային քառանկյունին». տղամարդն ունի օրինական կին, այսպես կոչված, պաշտոնական սիրուհի եւ գտել է եւս մեկին, որին ամուսնության առաջարկ է արել: Առաջինը դրա մասին տեղեկանում է սիրուհին ու փորձում մյուս երկու կանանց միջոցով պատժել տղամարդուն: Վերջինս, սակայն, տանել չի կարողանում կանացի ինտրիգներն ու վրեժխնդրությունը, դրանք կարող են վանել ցանկացած տղամարդու: Տղամարդու երեք կանայք տարբեր են՝ տարիքով, արտաքինով, նախասիրություններով, սակայն նման են, քանի որ սիրում են տղամարդուն ու չեն ցանկանում կորցնել: Օրինական կնոջից, որը միշտ հավատարիմ ու ներող է, տղամարդը որդի ունի, ու համոզված է, որ խելացի կինն իր սիրած տղամարդուց պետք է երեխա «գողանա»: Հանուն սիրած տղամարդու ամուսնուն թողած սիրուհին 6 տարի շարունակ իր տղամարդուն տվել է երջանկություն, ուժեղ, ինքնավստահ, հպարտ զգալու զգացողություն: «Ճգնաժամային» տարիքում գտնվող՝ 50-ամյա տղամարդուն հանդիպած երրորդ կինն էլ նրան վերջին թռիչքի հնարավորություն է տվել: Մեծ հաշվով ներկայացումը սիրո կամ արդեն անցած սիրո մասին է, ինչ-որ տեղ նաեւ տղամարդու էգոիզմի մասին, որովհետեւ հեռանալիս տղամարդը միշտ ունի համապատասխան բացատրություններ, իսկ կինը մեկ պահանջ եւ բացատրություն՝ ինքը սիրում է, ուրեմն իրենից իրավունք չունեն հեռանալու: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ հեղինակի «Առավոտ» օրաթերթ 09.06.2015

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2015/06/10/579860/

© 1998 – 2018 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Կարդացեք նաև