Պրեմիերա, կամ Թատրոնի մոռացված էջերը / Գայանե Թադևոսյան

 

Մշակութային իրադարձությունները հաջորդում են միմյանց՝ էջ էջի ետևից հարստացնելով արվեստի տարբեր ճյուղերի պատմության գիրքը, սակայն առաջին էջը, սկիզբը երբեք չի մոռացվում և ինքնաբերաբար դառնում է հիշարժան, քանի որ այդ նոր հիմքի վրա է կառուցվել շարունակությունը։ Երևանյան թատրոնների արխիվներում կան բազմաթիվ վկայություններ, որոնք հանդիսանում են մի անգնահատելի հուշ այդ թատրոնների անցած ուղու մասին, այն ժամանակների մասին, երբ թատրոնը սոսկ թատրոն չէր, և հանդիսատեսը սոսկ հանդիսատես չէր, ինչպես հիմա, այլ երկուսն էլ հանդիսանում էին թատերական շնչի, մթնոլորտի կրողն ու տարածողը։ Այսօր երիտասարդ սերունդը կարիք ունի իմանալու, թե ինչպե՛ս են հիմնվել մեր թատրոնները, ո՛ր ներկայացման համար է առաջին անգամ բարձրացել վարագույրը, ինչի՛ց է սկիզբ առել տվյալ թատրոնի դերասանների և հավատարիմ հանդիսատեսի միջև ձևավորված անտեսանելի կապը։ Փորձենք փոքրիկ անդրադարձի միջոցով վերհիշել երևանյան չորս թատրոնների ամենաառաջին ներկայացումները, որոնք հիմք են դարձել այդ թատրոնների հետագա հարուստ պատմության համար․․․

1․Համազգային թատրոն

1991թ-ին Սոս Սարգսյանը հիմնադրում է Համազգային թատրոնը: Առաջին ներկայացումը իտալացի գրող Էդուարդո դե Ֆիլիպոյի «Սանիտայի թաղապետն» էր, որի բեմադրիչն էր ինքը՝ Սոս Սարգսյանը (դերերում՝ Ս. Սարգսյան, Հ. Գասպարյան, Կ. Ջանիբեկյան, Կ. Ջանջուղազյան, Ն. Խերանյան, Տ. Ներսիսյան և այլք):

Այս ներկայացումը մեծ իրադարձություն է դարձել քաղաքի մշակութային կյանքում, և, ըստ պահպանված փաստերի, պրեմիերային ներկա են եղել լոկ այն հաջողակները, ովքեր ունեցել են հրավիրատոմսեր: Ներկայացման մասնակիցները վերհիշում են, որ 90-ականների հերթական ծանր ու ցուրտ ձմեռն էր, և իրենք փորձերն անցկացնում էին փայտե վառարանի մոտ հավաքված։ Հետաքրքրական է, որ այս իտալական պիեսը զարմանալիորեն համահունչ է եղել այն տարիների հայաստանյան իրականությանը։

Պիեսի գլխավոր հերոսը՝ Սոս Սարգսյանի դերակատարմամբ, թեպետ եղել է գող ու մարդասպան, սակայն, ի վերջո, հասկացել է, որ չի կարելի շարունակել ապրել նույն կերպ և սկսել է գործել ի շահ մարդկանց բարօրության։ Երկիրն ու պետությունը սկիզբ են առնում մարզից, թաղամասից, ընտանիքից, և եթե բոլորը մտածեն միայն իրենց նեղ անձնական շահի մասին, ապա պետությունը, որպես այդպիսին, չի կայանա։ Երկրին սրտացավ տեր է պետք, և այս պիեսը, թերևս, ավելի շատ պետականության ընդհանուր գաղափարի, քան մեկ որոշակի թաղամասի մասին է։

2․Տիկնիկային թատրոն

Տիկնիկային թատրոններն ամենուր վայելում են հանդիսատեսի առանձնահատուկ սերը։ Նախկինում ներկայացումներն այստեղ ուղեկցվել են կենդանի նվագախմբի կատարումներով։ Հովհաննես Թումանյանի անունը կրող պետական տիկնիկային թատրոնը հիմնադրվել է 1935թ-ին՝ Հ․ Գյոզալյանի գլխավորած թատերախմբի ջանքերով: Թատրոնի ստեղծագործական կազմում էին ռեժիսոր և դերասան Ս․ Բեջանյանը, նկարիչ Գ. Առաքելյանը, դերասաններ Պ. Բորայանը, Ա. Արաբյանը և այլք: Կազմում ընդգրկված են եղել նաև Մոսկվայից ու Պետերբուրգից ժամանած մասնագետներ: Առաջին ներկայացումներից մեկը եղել է 

Ա. Չեխովի «Կաշտանկան», որի ռեժիսորը և նկարիչն էր Պ․ Յակշինը, ով կարողացել էր ստեղծել վառ ու հետաքրքիր բեմադրություն: Ուշագրավ է, որ այս ներկայացման մեջ պարզ ձեռնոցատիկնիկների կողքին իբրև գործող անձինք հանդես էին գալիս նաև ձողիկավոր տիկնիկները: Նույնիսկ առանձին տիկնիկ-կերպարների ձեռքի շարժումները, որոնք էական դեր էին խաղում ներկայացման մեջ, մեքենայացված էին: Դերասան-տիկնիկավարն այդ շարժումները կատարում էր ոչ թե երևացող երկաթյա ձողիկի, այլ տիկնիկի ներսում հարմարեցված սարքավորման միջոցով։

3․Պատանի հանդիսատեսի թատրոն

1929թ-ին հիմնադրվում է Պատանի հանդիսատեսի թատրոնը: Նորաստեղծ թատրոնի ռեժիսորներ Լ. Քալանթարը, Տ. Շամիրխանյանը, Ա․ Գուլակյանը հատուկ քննությամբ ընտրում են թատրոնի առաջին դերասանական կազմը: Ինչպես վկայում են ժամանակակիցները, այդ համեստ խմբի երիտասարդ էնտուզիաստները Տ. Շամիրխանյանի ղեկավարությամբ անմիջապես եռուզեռի տենդով են համակվում: Եվ շուտով Երևանի փողոցներում հայտնվում են ազդագրեր, որոնք ավետում են նոր թատրոնի առաջին թատերաշրջանի բացումը: 1929թ-ի նոյեմբերի 29-ին տեղի է ունենում առաջին ներկայացումը՝ Ս. Շչերբակովի և Գ. Սմիռնովի «Պայթյուն» պիեսի բեմադրությամբ։ Շուտով թատրոնը դառնում է մայրաքաղաքի մշակութային կյանքի անբաժանելի մասը։ Առաջին իսկ թատերաշրջանի ընթացքում թատրոնը հանդիսատեսին է ներկայացնում յոթ տասնյակ բեմադրություն։ Թատրոնի գործունեությունը նշանավորվել է մի շարք հեղինակավոր մրցանակներով ու պարգևներով, փառատոներին մասնակցությամբ և այլնով։

4․Երևանի պետական կամերային թատրոն

Երևանի պետական կամերային թատրոնը հիմնադրվել է 1982թ-ի դեկտեմբերի 15-ին: Առաջին ներկայացումը՝ «Պարոնայք, ամեն ինչ կործանվում է, բայց դեռ կարելի է ապրել և զվարճանալ» անվանմամբ (հեղինակ և ռեժիսոր՝ Արա Երնջակյան), անմիջապես դարձավ թատրոնի այցեքարտը։ Գլխավոր դերերում հանդես էին գալիս Գեորգի Ամիրագովը, Միքայել Պողոսյանը, Բորիս Լիվշիցը: Այս՝ առաջին հայացքից զվարճալի, ռիթմիկ ու էքսցենտրիկ ներկայացումը մի յուրօրինակ շոու էր, որն իր ոճով, բովանդակությամբ ու ձևաչափով ինքնին անսպասելի նորարարական երևույթ էր այն տարիներին։ Թեթևության արտաքին քողի տակ պիեսն իրականում արծարծում էր ժամանակի հիմնական խնդիրները, իսկ դերակատարներից պահանջվում էր լինել բացարձակապես բնական, արտաբերել տեքստն առանց ավելորդ թատերայնության: Թեպետ պիեսի պրեմիերայից անցել է արդեն ավելի քան երեք տասնամյակ, սակայն մեր օրերում նորից բեմադրվելու դեպքում էլ այն կլիներ նույնքան արդիական։

Կարդացեք նաև