Բեմում ղարաբաղյան պատերազմն է՝ իրական պատմությունների արտացոլանքով

 

 Ղարաբաղյան հակամարտության թեման Հայաստանի թատերական աշխարհում դարձավ արդիական 2016-ի ապրիլյան աննախադեպ բախումներից հետո:


«Իմ ընտանիքը իմ ճամպրուկում է», լուսանկարը՝ Bravo.am-ի:

«Իմ ընտանիքը իմ ճամպրուկում է» մոնոներկայացումը, որի պրեմիերան տեղի ունեցավ 2017թ. ապրիլին «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի բացմանը, դերասանուհի և բեմադրող-ռեժիսոր Նարինե Գրիգորյանի ընտանիքի իրական պատմությունն է: Գերի ընկած հայր, պատերազմ, մանկության հիշողություններ…

Դերասանուհին  հիշում է, որ 1989-ին ութ տարեկան էր, երբ ողջ ընտանիքով Հայաստանից տեղափոխվեցին Ղարաբաղ:

1991-ին դերասանուհու հայրը գերի է ընկնում Շուշիում: Նարինե Գրիգորյանը պատմում է, որ շուրջ մեկ ամիս գերության մեջ մնալուց, «բռնությունների, ծեծի և դաժանությունների» ենթարկվելուց հետո, հայրը փրկվում է ադրբեջանցի բժշկի օգնությամբ ու վերադառնում տուն:

Ներկայացումը զրույց է հանդիսատեսի հետ, պատմություն հոր գերության, ղարաբաղյան պատերազմում ծավալվող դեպքերի և առօրյա կյանքի մասին 11-ամյա աղջնակի աչքերով:

«Ներկայացման ընթացքում ես կիսվում եմ իմ հիշողություններով ու պատմում, թե ինչպես է երեխան պատերազմը ընկալել որպես խաղ, քանի որ հայրս մեր պատերազմական մանկությունը դարձրել էր խաղ, մեզ զբաղեցնում էր բազմաթիվ տրամաբանական խնդիրներ տալով ու անեկդոտներ պատմելով, որպեսզի չզգայինք պատերազմի ողջ դաժանությունը»,- հիշում է դերասանուհին:

Բեմադրությունը, որի համահեղինակը Սառա Նալբանդյանն է, փորձ է ներկայացնելու այն սերնդի պատմությունը, հիշողություններն ու զգացողությունները, որը վերապրել է ղարաբաղյան պատերազմը իր մանկության շրջանում:

«Իմ ընտանիքը իմ ճամպրուկում է» մոնոներկայացումը դերասանուհին այս տարի խաղացել է նաև Ղարաբաղի Շուշի քաղաքի պետական դրամատիկական թատրոնի բեմում:

Ռեժիսոր, Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը այս վավերագրական ներկայացումը որակում է` որպես համամարդկային և բարձր գեղարվեստական արժեք ունեցող գործ:

«Ներկայացումը բերում է իր հետ մի շատ կարևոր թեզ, որ բոլոր պայմաններում կարելի է մարդ մնալ, և մարդիկ` անկախ ազգությունից, անկախ տարիքից, անկախ սեռից, մշտապես այդ ընտրության առջև են կանգնած. մարդ կմնա՞ս, թե՞ կգտնես ինչ-որ պատճառներ անմարդկային գործողություններ կատարելու։ Ներկայացումը առանց ավելորդ պաթոսի, շատ անկեղծ խոսակցություն է և դրանով է գրավում»,-ասում է Բաբայանը:

Ռուբեն Բաբայանը կարծում է, որ «Իմ ընտանիքը իմ ճամպրուկում է» ներկայացումը և ընդհանրապես համամարդկային արժեքների վրա հիմնված գործերը կարող են օգնել հայերին ու ադրբեջանցիներին «լեզու գտնել» միմյանց հետ, երկխոսել կամ գոնե փորձ անել:

«Մենք գիտենք ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի հայտնի վեպը՝«Քարե երազները», որի համար հեղինակը ահավոր քարկոծվեց, բայց դա նույնպես հումանիստական մոտեցում էր: Այն ամուր և ճիշտ հիմունքների վրա կառուցված վեպ էր, ու կարծում եմ, նման գործերը, նման ներկայացումները կարող են միայն ու միայն օգնել մեզ»,-հավելում է Բաբայանը։

 

 

2017 թ. փետրվարին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ «Արծվաբույն» ներկայացման պրեմիերան, որը Ղարաբաղյան պատերազմի և անկախության 25 տարիների մասին է:

Ներկայացումը բեմադրվել է Հրաչ Բեգլարյանի համանուն պիեսի հենքի վրա, ռեժիսորն է Դավիթ Հարությունյանը:

«Արծվաբույն»-ը շարունակում է մնալ թատրոնի խաղացանկում. ներկայացումները  խաղում են լեփ լեցուն դահլիճում: Հյուրախաղերով ներկայացումը շրջել է նաև Ղարաբաղում և ՀՀ մարզերում:

Դեպքերը տեղի են ունենում Ղարաբաղի սահմանամերձ Քարակապ գյուղում, որտեղ ընթանում են մարտեր: Գլխավոր հերոսուհին է 80 տարեկան Ամայ մայրիկը: Նրա աչքի առջև են վիրավորվում ու զոհվում երիտասարդները:

Դերասան Լեռնիկ Հարությունյանը ներկայացման մեջ մարմնավորում է տավուշեցի հրաձիգ Մարգարի կերպարը, ով վերջում նույնպես զոհվում է:

«Ինչքան էլ տրտնջանք ու բողոքենք, միևնույն է, պահը որ եկավ, մենք ամուր կանգնած ենք մեր հողին, մեր սահմանին: Այդ հայրենասիրական ուղերձն է հենց փոխանցում ներկայացումը հանդիսատեսին»,- ասում է Լեռնիկ Հարությունյանը:

Թատերագետ Տիգրան Մարտիրոսյանն ընդգծում է, որ անհրաժեշտություն կա ղարաբաղյան հակամարտության մասին ներկայացումներ բեմադրելու, բայց այլ խնդիրը է, թե ինչպես է այն մատուցվում հանդիսատեսին:

Անդրադառնալով «Արծվաբույն» ներկայացմանը` թատերագետը կոշտ քննադատություն է հնչեցնում թե՛ ռեժիսորական աշխատանքին, թե՛ գրական հենքին:

«Երբ թատրոնը նպատակ է դնում քարոզ անելու, հենց այդտեղից սկսվում է գավառամտությունը: Դու նայում ես ու չես հավատում կատարվածին, գործողություններին,  դա դեմոնստրատիվ պաթոս է, պսեվդոհայրենասիրություն»,-ասում է Տիգրան Մարտիրոսյանը:

Վերլուծելով Նարինե Գրիգորյանի «Իմ ընտանիքը իմ ճամպրուկում է» մոնոներկայացումը` թատերագետը այն դրական է գնահատում մի քանի կետով:

«Նարինե Գրիգորյանն իր խաղում այդ անկեղծության խնդիրը չունի: Նա առավելապես թատերային խառնվածքի դերասանուհի է, բայց իրապատումային գրական հիմքը թատերական ներսուզումների գնալու ինքնախաղային հնարավորություն է ընձեռում: Եվ ասածս ցայտուն կերպով դրսևորվում էր. «Որովհետև ինքն իմ պապան է…» նախադասությունն արտաբերելու խաղաձևում: Զսպված դրամատիզմով էմոցիոնալ թափն ու խորությունը մեկտեղելու փայլուն օրինակ էին այդ ակնթարթները, առավել ևս, որ դերասանուհին ատելությամբ չի ներկայացնում պատմությունը: Ավելին` նույնիսկ ինքնահեգնանքի տարրեր է մտցնում, օրինակ` տան մաքրության տեսարանը, երբ հերոսուհին ասում է. «Տեսնես ու՞մ համար ենք մաքրում, թուրքերի՞»: Սա ինքնահեգնանաքի ամենամեծ դրսևորումն է և կարելի է ասել կաշառում է հանդիսատեսին: Դրանով նա հանդիսատեսի հոգեկանը վնասակար լարման մեջ չի դնում, չէ որ տևական ատելությունը վնասում է մարդու ներաշխարհը»,- եզրափակում է թատերագետը:

 

20.10.2017

Լիլիթ Առաքելյան

Կարդացեք նաև