Երազողները / Ռոբերտ ՄՈՒԶԻԼ

Դրամա երեք գործողությամբ

1921

Robert Musil

Die Schwärmer

Գերմաներենից թարգմանությունը, վերջաբանը և ծանոթագրությունները՝

ԱՇՈՏ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ

 

Առաջին անգամ հայ ընթերցողին է ներկայացվում ավստրիացի մեծագույն գրող Ռոբերտ Մուզիլի (1880-1942 թթ.) «Երազողները» դրաման՝ «Մարդն առանց հատկությունների» վեպի դրամատիկական նմանակը և 20-րդ դարի գերմանալեզու դրամատուրգիայի բանալի-ստեղծագործությունը:

 

Գործող անձինք

Թոմաս

Մարիա, նրա կինը

Ռեգինե, նրա քույրը

Անսելմ

Յոզեֆ, Ռեգինեի ամուսինը, համալսարանի պրոֆեսոր և կրթական կառավարման բարձրաստիճան պաշտոնյա

Շտադեր, Նյուտոն, Գալիլեյ & Շտադեր հետախուզական բյուրոյի սեփականատեր

Օրիորդ Մերթենս, փիլ. գիտ. թեկնածու

Աղախին

 

Դրաման տեղի է ունենում մեծ քաղաքի մերձակայքում գտնվող ագարակատանը, որ ժառանգել են Թոմասն ուՄարիան:

 

Դրամայի բոլոր գործող անձինք 28-35 տարեկան են. միայն տիկին Մերթենսն է, թերևս, քիչ ավելի մեծահասակ, և Յոզեֆը հիսունն անց է:

Այս երկուսից բացի՝ դրամայի բոլոր մյուս անձինք ևս գեղեցիկ են, որպիսին կարելի է միայն պատկերացնել:

Ամենից գեղեցիկը Մարիան է, բարձրահասակ, թուխ, խոշոր. Նրա մարմնի շարժումները նման են հույժ դանդաղածոր մեղեդու:

Թոմասն, ընդհակառակը, գրեթե ցածրահասակ է, կառուցիկ և սակայն գիշատչի պես ակներևույթ. նույնպես և՝ հրաշալիորեն հզոր ճակատի ներքո նրա դեմքը գրեթե վրիպում է ուշադրությունից:

Անսելմի ճակատը կոշտ է, ցածրիկ, լայն՝ ինչպես պիրկ ձգված կինոժապավեն. նրա դեմքի զգայական մասը զգլխիչ է: Նա ավելի մարմնեղ է, քան Թոմասը:

Ռեգինեն թուխ է, անբնութագրելի. երեխա, օրիորդ, երազախաբկանք, խարդավանող կախարդական թռչուն:

Տիկին Մերթենսը բարեսիրտ դեմք ունի՝ դպրոցական պայուսակ հիշեցնող, և դահլիճներում իմաստություններ ունկնդրելուց ընդարձակված հետույք:

Յոզեֆը բարձրահասակ է, լղալիկ և մեծ ու երիզված ադամախնձոր ունի, որ վերուվար է անում կոկորդի ստորոտում, ինչպես և հոսանուտ, դեղնադարչնագույն բեղիկ:

Շտադերը ժամանակին գեղեցիկ պատանյակ էր և այժմ եռանդուն տղամարդ է:

 

 

 

Առաջին գործողություն

 

Տեսարանը ներկայացնում է զգեստասենյակ, որը մի մեծ, փակ շարժական դռնակով կապված է հարևան ննջասենյակի հետ: Մուտքի դուռը հակառակ կողմում է: Մեծադիր, մինչև հողաշերտը հասնող պատուհան: Այգու վրա բացվող:

 

Այս տեսարանի ներկայացումը պետք է նույնքան երևակայածին մի բան լինի, որքան և իրական: Պատերը պաստառապատ են, դռներն ուլուսամուտներըպատերից կտրված-հանված են, նրանց շրջանակները նկարեն են. նրանք կոշտ չեն, այլ փխրուն են և դույզն-ինչ շարժական: Հատակը սքանչելիորեն գունանկարված է: Կահույքն հիշեցնում է բյուրեղների վերացարկված մանրաթելե կաղապարները. չնայած իրական է և գործածելի, բայց ասես առաջացած լինի բյուրեղագոյացման մի այնպիսի եղանակով, որը երբեմն մի կարճ ակնթարթ սառեցնում էտպավորությունների հոսքը՝ հանկարծակի որևէ մեկն ընդգծելով: Վերնամասում սենյակի ողջ տարածքը միախառնվում է ամառային երկնքին, ուր ամպերն են լողում: Վաղ մինչկեսօր է:

 

Ռեգինեն նստած է, նամակը ձեռքին, մտացրիվ ընկողմանած ննջասենյակի դռանը կողակցող բազկաթոռին, ծրարը մատնոսկրերով մեղմիվ տմբտմբացնելով: Տիկին Մերթենսը, նրա կողմը խոնարհված՝ անօգնական կանգնած է սենյակի գրեթե մեջտեղում:

 

Ռեգինե. Դուք իսկապե՞ս սնահավատ չեք: Դուք չե՞ք հավատում ծպտված անձնական ուժերին:

Տիկին Մերթենս. Ի՞նչ նկատի ունեք:

Ռեգինե. Ոչի՛նչ: Երեխա ժամանակ ու նաև երբ դեռահաս աղջիկ էի, զզվելի ձայն ունեի, մանավանդ, երբ սկսում էի բարձրաձայն խոսել: Սակայն գիտեի, որ օրերից մի օր սքանչացնելու եմ բոլորին իմ հրաշագեղ երգեցողությամբ:

Տիկին Մերթենս. Եվ ձեռք բերեցի՞ք այդ շնորհը:

Ռեգինե. Ո՛չ:

Տիկին Մերթենս. Ե՞վ…

Ռեգինե. Չգիտեմ ինչպես պատասխանել: Ձեր մեջ երբեք չե՞ք նկատել ինչ-որ անբացատրելի զգացողություն: Այնպես խորհրդավոր, կարծես ոտնամանդ հանած նավարկելիս լինես սենյակով մեկ՝ ամպի նման: Նախկինում հաճախ էի այստեղ գալիս, երբ մայրիկը քնած էր լինում հարևան սենյակում: Ցույց է տալիս Թոմասի ու Մարիայի ննջասենյակը:

Տիկին Մերթենս. Այո, բայց Աստծո՛ սիրույն, ինչու՞:

Ռեգինե.Պատասխանում է ուսերի թոթվանքով և ուժգին թակում է դուռը. Թո՛մաս: Թո՛մաս: Դե դու՛րս արի, ասում եմ: Յոզեֆից նամակ է եկել:

Թոմաս. ներսից. Հիմա՛, ագռավիկս: Հենց հիմա կգամ: Լսվում է դռան բացվելը, նրա գլուխը սողոսկում է դռան արանքից և հայտնաբերում տիկին Մերթենսին: Դե՛ մի վայրկյան էլ սպասիր: Կարծում էի մենակ ես: Նորից փակում է դռան փեղկերը:

Տիկին Մերթենս. Սիրալիր մոտենալով Ռեգինեին. Ասացեք խնդրեմ, ի՞նչ եք ուզում ապացուցել այդ ամենով հանդերձ:

Ռեգինե. Ապացուցե՞լ: Բայց, սիրելիս, ինչու՞ պետք է ինչ-որ բան ապացուցեմ: Դա ինձ ընդհանրապես չի հետաքրքրում:

Տիկին Մերթենս. Սիրալիր համառությամբ. Նկատի ունեմ Ձեր պնդումը, թե երբեմն տեսնում եք Ձեր առաջին ամուսնուն, նրա՛ն, որ մահացել է այստեղ, տարիներ առաջ:

Ռեգինե. Դե կներե՛ք, ասացե՛ք ինձ խնդրեմ, ինչու՞ չպետք է տեսնեմ Յոհաննեսին:

Տիկին Մերթենս. համառ խղճմտանքով. Դե, քանի որ նա մահացել է:

Ռեգինե. Այո՛, այո՛: Դա նույնքան ճի՛շտ է, որքան որ մենք հիմա այստեղ ենք: Պաշտոնապես վավերացված:

Տիկին Մերթենս. Ուրեմն ի՞նչ, այդպես չէ՞:

Ռեգինե. Ես չեմ ուզում այդ մասին բացատրություններ տալ Ձեզ: Իմ մեջ այնպիսի ուժեր կան, որպիսիք Դուք չունեք: Ինչու՞ ոչ: Ես նաև թերություններ ունեմ, որպիսիք Դու՛ք չունեք:

Տիկին Մերթենս. Վստահ եմ, որ համոզված չեք Ձեր ասածների իսկության մեջ:

Ռեգինե. Թե ո՞րն է իմ համոզմունքը, իսկապես չգիտեմ: Բայց նաև գիտեմ, որ ողջ կյանքում ամեն ինչ արել եմ իմ համոզմունքների դեմ:

Տիկին Մերթենս. Չեմ կարծում, թե հիմա լուրջ եք խոսում: Այստեղ այնքան շատ է խոսվում թաքնված ուժերի մասին, որոնք միայն այստեղ ապրողներն ունեն… Դա այս տան ոգուց է բխում՝ ըմբոստացում այն ամենի դեմ, ինչը բավարարում է մնացյալ ողջ աշխարհին:

Թոմասը ներս է մտնում: Դեռևս կիսահագնված: Նրա հագուկապը ճիշտ և ճիշտ համապատասխանում է գեղեցիկ ամառային առավոտին: Նա ամեն տեսակ մանր-մունր առավոտյան պատրաստություններով է զբաղված՝ մինչև որթեկուզ մի պահ իր վրա ուշադրություն կդարձնեին:

Ռեգինե. Օ՜, ահա թե ես ինչ կուզեի Ձեզ ասել. ամեն մարդ աշխարհ է գալիս որոշակի քանակի ուժերով` չլսված վերապրումների համար: Օրենքները նրան չեն կաշկանդում: Սակայն, այնուհետև, կյանքը նրան մշտապես երկու հնարավորությունների միջև ընտրության առաջ է կանգնեցնում, և նա միշտ զգում է. ինչ-որ մեկն այստեղ պակասում է, ինչ-որ մի բան` չհայտնագործված երրորդ հնարավորությունը: Եվ մարդս անում է ամենը, ինչ ցանկանում է, և երբեք չանելով այն, ինչը կուզենար անել: Ի վերջո, մարդս տաղանդազուրկ միջակություն է դառնում:

Տիկին Մերթենս. Կարո՞ղ եմ մեկ անգամ էլ նամակը տեսնել: Սա՛ է, չէ՞, հենց այդ նամակն է այս ամենի պատճառը:

Ռեգինե.Նամակը տալիս է նրան: Այդ ընթացքում դիմելով Թոմասին. Յոզեֆն այստեղ է գալու:

ՏիկինՄերթենս. Ի՞նչ եք ասում: Իրա՞վ:

Ռեգինե. Յոզեֆի դեպքում ամեն ինչ իրավ է:

Թոմաս. մեծապես, սակայն ըստ երևույթին ոչ անհաճո անակնկալի եկած. Ե՞րբ:

Ռեգինե. Այսօր:

Թոմաս.նայում է ժամացույցին. Կնշանակի՝ ուր որ է, մինչև կեսօր նա այստե՞ղ կլինի: Խորը շունչ է քաշում: Ուրե՛մն, շատ շուտով:

Տիկին Մերթենս. Ես համոզված եմ, Նորին Գերզանցություն Յոզեֆի պահանջածն ընդամենը անկեղծություն է և մի քիչ էլ ընդառաջելու ցանկություն: Դուք շատ հանգիստ, — Թոմասին ուղղված խայթող ակնարկով – նրան չվիրավորող տոնով կհիմնավորեք ապահարզանի Ձեր ցանկությունը: Եվ երբ կեղծավորության վերջին մնացորդը կթոթափվի այդ մարդու առաջ – քանի որ իրականում նրան երբեք Ձեր ամուսինը չեք համարել – բոլոր ուրվականներն ինքաբերաբար կանէանան և Ձեր նյարդերը հանգիստ կթողնեն: Դուք իսկական սուրբ էիք: Ձեզ պետք էլ չէ հայտնագործություն անել, թե Ձեր ամուսնուն մեռած մեկի հետ եք դավաճանել: Նա՝ կլանված, նամակի մեջ է ընկղմվում: Թոմասն ու Ռեգինեն փոքր-ինչ մի կողմ են քաշվում:

Թոմաս. Դուք նորի՞ց Յոհաննեսի մասին եք խոսել…

Ռեգինե. Նա կարծում է, որ ես ստում եմ:

Թոմաս. Նա դա չի հասկանում, նա այդ ամենն իբրև իրական է ընկալում:

Ռեգինե. Բայց դա իսկապես իրական է:

Թոմաս. Ձեռքը Ռեգինեի ուսով է անցկացնում, թխկթխկացնելով նրա ճակատին: Ագռավի՛կս, ագռավի՛կս… Պստլիկ, ինքնաերևակայող փայտփորիկս, դու դեռ երեխա ժամանակ էլ այնպես էիր վիրավորվում, երբ սուտ էիր խոսում կամ շաքար թռցնում, ապա և մայրիկի պատժին արժանանում:

Ռեգինե. Դա գրեթե իրական է: Դա հավանաբար շատ ավելի իրական է, քան…

Թոմաս. Չթողնելով, որ նա շարունակի իր խոսքը. Դու իրավացի չես. Սա՛ է ամբողջը: Դու մոլորության մեջ ես, և միևնույնն է, այդ բանն անու՞մ ես, թե՞ տառապում: Կիպ նստում է նրա կողքը և եղբայրաբար, առանց այլևայլի, գրկում է նրա ծունկը: Ես հիմա էլ, մշտապես անիրավացի եմ: Բայց մարդ որքան շատ է դա զգում, այնքան ավելի չափազանցված է ներկայացնում: Ասես սեփական մաշկդ՝ թուխ կնգուղ որպես, աչք ու շնչանցքների ծակերով հանդերձ, գլխովդ քաշելիս լինես: Մենք հիմա կարծես իսկական քույր-եղբայր լինենք, Ռեգինե:

Ռեգինե. Թեթևակի ընդդիմանալով. Իսկապես որ, որպես եղբայր դու միշտ էլ անսիրտ ու աննրբազգաց ես եղել իմ հանդեպ, ինչ էլ ինձ հետ կատարվելիս լիներ:

Թոմաս. Հեռահար զգացումներ, Ռեգինե: Քոնի պես:

Ռեգինե. Ազատվելով նրա գրկից. Լավ ասացիր: — Խոժոռված – Բայց դա ի՞նչ է նշանակում:

Թոմաս. նույն եռանդուն համառությամբ. Այնքան էլ հստակ ընկալելի չէ՝ Անսելմի ասածներին հար և նման: Ողջ շառավղով ճյուղավորված՝ ինչպես կայծակնափայլը… Ավելի լավ է արտաքուստ անզգա երևալը: Նկատում է, որ օրիորդ Մերթենսը, ընթերցումն ավարտելուց հետո, ուզում էր արտահայտվել: Ուղղվելով նրան. Դե՛, հիմա՞ ինչ է գրում Յոզեֆը: Արդյո՞ք Նորին Գերազանցությունը, գիտության տիրակալն ու նրա ճորտը չարացած է մեր հանդեպ:

Ռեգինե. Նա սպառնում է քեզ զրկել քո պաշտոնից ու հեռանկարից, եթե դու մեզ տնից չվտարես:

Տիկին Մերթենս. Նորին Գերազանցություն Յոզեֆը դրա իրավունքը չունի: Ոչ ոք չի կարող առարկել, որ դոկտոր Անսելմը Ձեզ բերել է Ձեր քրոջ և իր ընկերոջ տուն, ուր միասին ձեր մանկությունն եք անցկացրել: Նա իրավասու է լոկ ճշմարտության առումով: Ուրեմն և, Դուք նրա դեմ ճշմարտության դիրքերից պետք է հանդես գաք: Իսկ այն, որ անձնապես համոզված եք, որ ամուսնալուծությունից հետո դոկտոր Անսելմի հետ եք ամուսնանալու, — կրկին ակնհայտ ակնարկով Թոմասին խեթելով – ահա ա՛յդ մասին նրան իսկապես ոչինչ պետք չէ ասել:

Ռեգինե. Յոզեֆը թույլ չի տա իրեն վերստին լարել՝ դաշնամուրի պես:

Տիկին Մերթենս. Երկարամյա հավատարմությունը պարտքի հանդեպ, արդարությունը, սերը, բոլոր մարդկային զգացումները Ձեր կողմն են: Նա էլ մարդ է: Վստահեք նրան, ինչը բոլոր մարդկանց է հատկանշական, և դա իզուր արած չեք լինի: Ամեն դեպքում ես մտավախություն ունեմ, որ պարոն դոկտորի համար այստեղ առանձնահատուկ ոչինչ չկա:

Թոմաս. իրեն անմեղ ձևացնելով. Ընդհակառակը, ես համաձայն եմ Ձեզ հետ: Եթե հենց սկզբից այդպես վարված լինեինք, հիմա այս ամենը չէր պատահի:

Տիկին Մերթենս. ոգեշնչված. Բայց ինչու՞ հենց սկզբից այդպես չեք մտածել… Ինչու՞ ուրեմն այն նամակը գրեցիք, որում ծաղրում էիք այդ ամենը և Նորին Գերազանցություն Յոզեֆին գրգռեցիք, ինչն էլ ակնհայտորեն պատճառ դարձավ նրա այս պատասխան նամակի:

Թոմաս. Որովհետև իդեալիստ էի:

Տիկին Մերթենս. Կներեք, պարոն դոկտոր, չեմ համարձակվի կասկածել, որ իդեալիստ եք– Ձեր մակարդակի գիտնականը պե՛տք է այդպիսին լինի: Սակայն յուրաքանչյուր մարդ բարի է և ազնիվ զգացողությունների պատրաստ, նաև Նորին Գերազանցություն Յոզեֆը, և ես կարծում եմ, որ իդեալիստը պե՛տք է դա անի, պե՛տք է փորձի համոզել նրան… կարծում եմ, ես… ինքս իդեալիստ եմ, մի խոսքով՝ իդեալներ ունեցող մեկը…

Թոմաս. հեգնանքով. Բայց, սիրելիդ իմ տիկին Մերթենս, իդեալները իդեալիզմի ամենադաժան թշնամիներն են… Իդեալները իդեալիզմի մահն են: Թոշնանքի մնացորդներ…

Տիկին Մերթենս. Օ՜, օ՜… Այլևս չեմ ուզում այդ մասին լսել: Տեսնում եմ, որ նորից ծաղրելու բան եք գտել, նաև իմ հանդեպ… Նա վաղօրոք թակել էր դուռը և սպասում էր պատասխանի: Հիմա վիրավորված, բայց զուսպ ինքնատիրապետմամբ հեռանում է:

Թոմաս. միանգամից խոսելաոճը փոխած. Դու այստեղ միակ մարդն ես, ում հետ կարող եմ խոսել առանց ավելորդ ձևականությունների. ասա՛ ինձ, ինչ-որ բա՞ն է պատահել քո և Անսելմի միջև:

Ռեգինա. Կամակոր եղանակով. Իսկ ի՞նչ կարող էր պատահած լինել:

Թոմաս. Երկուսդ էլ շատ լավ գիտեք, որ ձեր միջև ինչ-որ բան այն չէ: Ի՞նչ է, դու ինձ այլևս չե՞ս վստահում:

Ռեգինա. Ոչ:

Թոմաս. Դու իրավացի ես… Մի ժամանակ մենք մեզ նոր մարդ էինք համարում… Եվ ի՞նչ ստացվեց դրանից: Գրկում է նրա ուսերն ու ցնցում: Ռեգինե: Ընդամենը ծիծաղելի մի բան ստացվեց:

Ռեգինե. Ես որևէ ծրագիր չունեի աշխարհակարգի փոփոխությանն ուղղված: Դա միայն քո՛ մտքում  կար:

Թոմաս. Դե լավ, լավ: Անսելմը, Յոհաննեսը և ես… Հիշողություններից առաջվա պես հուզված:  Չկար մի բան, որի առթիվ մենք կասկած կամ առարկություն չունենայինք. լիներ դա զգացմունք, օրենք, հեղինակություններ: Ամեն ինչ կապակցված էր մյուսների հետ և մեկը մյուսով փոխարկելի: Մենք հարթում էինք հակադրությունները, նրանց միջև առկա անդունդը փոխկապակցության մեջ համատեղելով: Մարդկայինը ներդրված էր մեր մեջ արարչագործության իր ամբողջական, մեծահսկա, անգործածական հավերժականությամբ հանդերձ:

Ռեգինե. Ես միշտ էլ գիտեի, որ մարդուս մտադրությունների մեջ արդեն իսկ ինչ-որ կեղծ բան կա:

Թոմաս. Դե լավ: Մտքերը, երջանկաբեր մտքերը, որ փախցնում են քունը, նաև մղում են տալիս քեզ, օրեր շարունակ, ասես քամու բերանն ընկած՝ նավակի պես քեզ քշելիս լինեն, այդպիսիք միշտ էլ պետք է ինչ-որ կեղծ մի բան ունենան իրենց մեջ:

Ռեգինե. Իսկ ես այս ընթացքում աղերսեցի Աստծուն չափազանց գեղեցիկ մի բան տալ ինձ, մի՛միայն ինձ, այնպիսին, որ ձեր մտքով չի էլ կարող անցնել:

Թոմաս. Եվ ի՞նչ ստացվեց դրանից:

Ռեգինե. Ի՞նչ ես ուզում դրանով ասել: Դու ստացել ես այն ամենը, ինչ ցանկացել ես:

Թոմաս. Դու չես էլ պատկերացնու՞մ, թե ինչ հեշտ է դա: Սկզբում մի քիչ դանդաղկոտ, բայց հետո՝ արագ թափով վերև ես ընկնում… Թեք հարթության վրա նույնքան հեշտ է վերև կամ ներքև ընթանալ:- Մի կես տարուց օրդինարիուսի կոչում կստանամ, եթե ճիշտ ժամանակին չգժտվեմ Յոզեֆի հետ: Իմ ողջ կյանքի ընթացքում ավելի ամոթալի բան չեմ տեսել, քան հաջողությունը: Հիմա շտապ ասա տեսնեմ. ի՞նչ կա Յոհաննեսի հետ կապված…

Ռեգինե. Բոլորդ էլ խոսելուց լավ եք և դա ձեր փրկությունն է: Ես դա չեմ ուզում: Իմ ճշմարտությունն այնքան ժամանակ է իրական, քանի դեռ լռում եմ:

Թոմաս. Չես էլ հասկանում, դուք հարսանեկա՞ն ճամփորդության եք գնում, թե՞ նշանադրության, և դեռ  հանգուցյալին էլ հրավիրում եք միանալու ձեզ:

Ռեգինե. Ես չեմ ցանկանում Յոհաննեսի մասին խոսել:

Թոմաս. Բայց չէ՞ որ նրան երբեք այնպես… անչափ չես սիրել: Իսկ այսօ՞ր: Այսօր նա արդեն իսկ իդեալ է դարձել…- Անսելմը որոշակի մտադրություն ունի այդ պատմության հետ կապված. և ո՞րն է դա…

Ռեգինե. Ամեն բան, ինչ Անսելմը ձեռնարկում է, նա որոշակի մտադրություն է հետապնդում:

Թոմաս. Իրո՞ք… Ի՞նչ է, սկզբում այդպես չէ՞ր: Իսկ հիմա, երբ Մարիան լսում է նրան, նա պարզապես անտանելի է:  Ողջը, ինչ նա անում է, մի տեսակ հոգեկան խաբկանք լինի ասես:

Ռեգինե. հանգիստ. Այո, այդպես էլ կա:

Թոմաս. Ցրված նայում է նրան: Հետո դիտավորյալ չորությամբ. Լա՛վ: Բայց ո՞րն է դրա իմաստը:

Ռեգինե.Դու դեռ կտեսնես, նա ձայնազուրկ է լինելու Յոզեֆի ներկայությամբ: Նա պնդելու է, որ ձեզ մոտ ենք եկել միայն այն պատճառով, որ Յոհաննեսն այստեղ է մահացել:

Թոմաս. Կտեսնենք, թե արդյոք նա մինչև վե՞րջ է գնալու:

Ռեգինե. Նա բնավ չէր ցանկանում, որ ամեն ինչ այստեղ հասներ:

Թոմաս. Բայց ի՞նչ էր նրա ուզածը:

Ռեգինե. թեթևակի արհամարհական հնչերանգով, ինչը Թոմասը չի նկատում. Չէ՞ որ ես նրան գայթակղել եմ…

Թոմաս. Դու նրա՞ն… Բայց չէ՞ որ դու, Աստված է վկա,  երբեք որևէ մեկի հետևից չես վազել… Յոզեֆին էլ քեզնով արեցիր, հենց այնպես՝ ձեռի հետ…

Ռեգինե. Նա չափազանց ցնցված էր, երբ մենք հանկարծ վերստին իրար գտանք:

Թոմաս. ավելի փութաջան, քան կցանկանար. Նրա վիճակն այդքան վա՞տ էր:

Ռեգինե. Նրա վիճակը միշտ է վատ: Երբ նա չի կարողանում մոտենալ որևէ մեկին, ապա նա նմանվում է մորը կորցրած երեխայի:

Թոմաս. Այո, այո, այո… Եղբայրական զգացում ողջ աշխարհի հանդեպ: Աշխարհի սիրելի որդին: Նույնն էլ նա Մարիայի հանդեպ է իրեն ցուցադրում:

Ռեգինե.ակամայից՝ խոսքին կրքոտ նախազգուշացման բնույթ հաղորդելով. Մեկ ուրիշ մարդը նրա մեջ համակվածություն է առաջ բերում, հիվանդության հանգույն… Նա լիովին կորցնում է ինքնատիրապետումը և անձնատուր լինում նրան և անմիջապես էլ պե՛տք է միջանկյալ դիմադրություն հարուցի…

Թոմաս. Ի՞նչ… դիմադրությու՞ն:

Ռեգինե. Դու դա չես հասկանա: Ես չեմ կարող բացատրել: Այո՛, դիմադրություն: Զազրելի՛ զգացում… Ավելի չարագույժ մի բանի սպասումով:

Թոմաս. Այնքան թեթև սրտով ես հավաստիացնում ամեն տեսակ անհեթեթությունների առթիվ. դու միշտ էլ նույնն ես եղել. որքան ավելի շատ ես զգացել, որ քեզ ոչ ոք չի կարող հավատալ, այնքան ավելի ճշմարիտ ես այն ընկալել: Բայց նա ընդհանրապես չի խոսում այդ մասին, դա այդպես է, նա միայն պնդում է – նմանակելով զգայացունց արտահայտչաձևը -. Այդպես կարող էր լինել… Զգացմունքի ավելցուկով: Նա ակնարկում է անսովոր վերապրումների մասին: Նա իրեն և իր կյանքը շրջապատում է գաղտնիքով: Ռեգի՛նա, ի՞նչ ունի նա գաղտնի պահելու:

Ռեգինե.մոտենալով նրան, աներկբա համառությամբ. Նա կկոտրվի և ինչ-ինչ հուսահատ բաներ կձեռնարկի, եթե խանգարելու լինես նրան… Եթե թեկուզ փոքր-ինչ ստիպես հեռանալ իր կերպարից, որը նա Մարիայի առաջ է խաղում…

Թոմաս. Բայց հո չե՞ս հավատում, որ նա անկեղծորեն այդպիսին է:

Ռեգինե. Ո՛չ, իհարկե, նա կեղծում է:

Թոմաս. Եվ ուրե՞մն… Դե խոսի՛ր…

Ռեգինե. Բայց ամեն դեպքում նա անկեղծ է: Հուսահատության պոռթկմանն անձնատուր: Ի՞նչ է, երբևէ լսած չկա՞ս կեղծ երգեցողություն, բայց իրական զգացմունքայնությամբ: Դու մի՛ կարծիր, որ միայն ի հեճուկս քեզ է ինքն իրեն այդպես ձևացնում… Հավատա՛, որ մարդ կարող է ինքնասպանության դիմել հանուն զգացմունքի, որը լուրջ չի ընկալվում… Ամեն ինչ չէ, որ մարդիկ լուրջ են ընդունում և սակայն շարունակում են ապրել, ինչպես մենք բոլորս:

Թոմաս. համառորեն. Սպասենք-տեսնենք, թե ինչ կլինի, երբ Յոզեֆը ժամանի: Հնչերանգը փոխելով. Բայց Ռեգինե, հակառակ ամեն ինչի, ես միշտ մնալու եմ իմ կարծիքին, որ մենք այնքան նման ենք իրար, ինչպես խաղաթղթի երկու երեսները:

Ռեգինե. կրքոտ, վախի, հեգնանքի ու նախազգուշացումի խառնուրդով. Կարիքը չկա քեզ զոհաբերելու… Մեզ հեռու վանի՛ր… Դու շատ ուժեղ ես թույլերին հասկանալու համար: Դու նաև շատ մաքրասիրտ ես անմաքրությունը նկատելու համար:

Թոմաս. Իսկ նա՞: Բայց չէ՞ որ նա ևս: Ռեգինե, չէ՞ որ նա չի կարողանում ստել… Նա միայն կարողանում է – Մտնում են Մարիան ու Մերթենսը և սպասում են, Մարիան ձեռքում նամակը բռնած – մի… մի ինչ-որ խճճված եղանակով ճշմարտացի լինել: Ինչ-որ մի տեղ նրա մեջ, ինչպես յուրաքանչյուր հոգևոր էակի մեջ, ճշմարտության հակոտնյան այլևս ոչ թե սուտն է, այլ գծուծությունը…

Ռեգինե.ավելի կոշտ. Այո, գուցե իրավացի ես: Թող լինի այնպես, ինչպես նա է ցանկանում:

Մարիա. նուրբ ու դանդաղկոտ. Կարծում եմ, մենք պետք է որոշ նախապատրաստություններ ձեռք առնենք Յոզեֆի ժամանման կապակցությամբ:

Թոմաս. իր մտքերին դեռևս անձնատուր՝ թեթևակի հեգնականությամբ. Այո՛, իհարկե, Յոզեֆը, մենք պետք է միջոցներ ձեռք առնենք:

Մարիա. Նա կարող է ամեն վայրկյան հայտնվել: Ի՞նչ է, չե՞ս կարդացել նրա նամակը:

Թոմաս. Ոչ, մոռացել եմ կարդալ: Շրջվում է դեպի Ռեգինեն:

Մարիա. Այն ինձ մոտ է: Գրում է, որ գալիս է խոսելու քե՛զ հետ: Ըստ նրա, այն, որ  Անսելմին ու Ռեգինեին հանգրվան ես տրամադրել այստեղ, դրանով նպաստում ես գայթակղությանն ու ամուսնական դավաճանությանը…

Օրիորդ Մերթենս. Մարիային. Ամուսնական դավաճանության մասին խոսք իսկ չի կարող լինել, ես վկա եմ:

Մարիա. Եվ եթե վերջ չդնես քո տանը տիրող անհասկանալի դրությանը, նա դրանից իր հետևությունները կանի:

Օրիորդ Մերթենս. Ես վկա եմ, որ մի կնոջ համար, ում խիղճը պահանջում է հավատարմություն պահպանել հանգուցյալի հանդեպ, և մի տղամարդու պարագայում, ով այնքա՜ն անասելի նուրբ զգացմունքով է հոգ տանում տառապյալ մեկի հանդեպ, որ նման պարզամտությունը պարզապես աներևակայելի է:

Մարիա. Այո, այո, իհարկե: Սակայն չէ՞ որ Թոմասն ինքն է այդ զենքը նրա ձեռքը տվել: Թոմասին. Նա ենթադրում է, որ անձնական խոսակցության պարագայում, դու, որպես խաղաղ կշռադատող մեկը, ինչպես ինքն է ասում, կհասկանաս…

Թոմաս. Իսկ գուցե բոլորս դուրս գանք այստեղից: Օրինակ՝ պտույտի ելնենք:

Մարիա. Բայց երեկոյան պետք է անպայման վերադառնանք, քանզի նա սպասելիս կլինի:

Ռեգինե. Նա իրո՞ք կարող է վնաս պատճառել քեզ:

Թոմաս. Իհարկե, կարող է:

Ռեգինե. գոհունակությամբ, որպիսին նաև տհաճությունից ես ճաշակում. Եվ ուրեմն՝ այդպես էլ կանի: Չպետք է թերագնահատես նրան: Քանի դեռ ամեն ինչ արտաքուստ կարգին է, նա գառնուկի պես տարել է բոլոր տեսակի քմահաճությունները, նողկանքը, տեսարանները: Երջանկությունը թերևս միշտ էլ որպես գերլարում է պատկերացրել: Եվ որքան էլ այն հոգնեցուցիչ լինի, ոչինչ, թող այդպես լինի, նա դրան համաձայն է: Բայց գուցե չի հասկանում դա, և ընդհակառակը, դեռ մի բան էլ լուրջ է ընկալում: Սակայն ամենափոքր իսկ հրապարակային աղմուկի դեպքում հուսահատ ինքնապաշտպանության կդիմի:

Մարիա. Նա արդեն իսկ նրան Պոտիֆարի կին է կոչում:

Օրիորդ Մերթենս. Սեփական գերնուրբ հոգեկառույցի մարտիրոսուհին…

Ռեգինե. Բայց նաև Անսելմի մասին է պնդում, որ …

Մարիա. Բայց այստեղ ինքն իրեն է հակասում, քանի որ միաժամանակ ամուսնական դավաճանության կասկած է հայտնում, այնպես չէ՞:

Ռեգինե. Անսելմի մասին պնդում է, որ նա, հակառակ իր կամքի, առաքինի է – Մարիայի ձեռքից խլում է նամակը:

Թոմաս. Օհո՜:

Մարիա. Ռեգինե, դու աննրբազգացի մեկն ես…

Ռեգինե. Բայց չէ՞ որ դրանք նրա՛ խոսքերն են… Այն, որ Անսելմն ակամայից առաքինասեր վավաշոտի մեկն է:

Թոմաս. Բայց դա շատ հետաքրքիր է: Ռեգինեի ձեռքից վերցնում է նամակը: Բայց ինչու՞ անմիջապես էլ չասացիք:

Մարիա. Վավաշոտը նամակում չկա, այնտեղ ասվում է միայն, որ նրանք փոխադարձաբար գայթակղել են իրար ու խռովել:

Ռեգինե. Այնտեղ նաև գրված է՝ խաբեբա…

Թոմաս. Խաբեբա՞… Փնտրում է համապատասխան տեղը:

Ռեգինե. Երրորդ էջում:

Թոմաս. Սիրելու անընդունակ խաբեբա: Վամպիր: Արկածախնդիր: Որտեղի՞ց է այս մտքին հանգել:

Ռեգինե. Սատանի ճտի պես ուսերը թոթվելով: Հայտնի չէ…

Մարիա. Թերևս հարկ չկա չարանալ նրա հանդեպ: Անշուշտ, իրեն նվաստացած է զգում խանդից և զրպարտում է, քանզի զգում է, որ Անսելմի հետ չի կարող ոտք գցել:

Թոմաս.Դե հա, այդպես էլ կա… Ի վերջո Անսելմն շուտով երեսունհինգ կլինի, և ի՞նչի է հասել:

Մարիա. Որքան հիշում եմ, նա մասնավոր դոցենտ էր, ինչպես և դու:

Թոմաս. Ընդամենը մեկ տարի և այն էլ՝ սրանից ութը տարի առաջ… Այնուհետև դոցենտությունը վայր դրեց ու չքվեց: Եվ զարմանալիորեն, ինչ գրում է Յոզեֆը, դրանում որոշակի ճշմարտանմանություն կա: Չարախնդությամբ վերստին փնտրում է նամակի համապատասխան տեղը: Նա Յոզեֆին մերձեցավ որոշակի միջնակարգ կեցվածքի դիմակի ներքո, որպես հոգեհարազատ ընկեր, աշխարհի հանդեպ համակրանքի զգացողությամբ լեցուն մեկը, համեստ իդեալիստ որպես… Բայց չէ՞ որ մենք գիտենք, թե ով էր և ինչպիսին էր Անսելմը նախկինում, իսկ ի՞նչ է հիմա իրենից իրականում ներկայացնում Անսելմը:

Մարիա. Դու անտակտի մեկն ես:

Թոմաս. Սակայն օրիորդ Մերթենսն այնպես է պաշտում Անսելմին, որ այս ամենը չի էլ լսում:

Մարիա. Նա նշանավո՜ր մարդ է…

Թոմաս. չարամտորեն. Օ՜ անշուշտ: Հավանաբար: Նա գաղափարներ ունի… Եվ սակայն – իսկապե՞ս ունի գաղափարներ: Իրակա՛ն գաղափարնե՞ր: Ո՛չ այնպիսիք, որ այսօր ամեն երկրորդն է գլխից դուրս տալիս: Դա այնքան էլ հեշտ պարզելու բան չէ: Ծաղրանմանակելով խորիմաստ կեցվածքը: Արդյո՞ք նա ունի մեծազոր զգացողություններ:  Կիրքը, սակայն, ինչպիսին էլ այն լինի, ահագնանալու միտում ունի, այն մարդու հանգույն, ում համակում է:

Օրիորդ Մերթենս. Նա քիչ էր մնում ինքնասպանություն գործեր, երբ թվաց, թե մեկնելու հնարավորությունը սպառնալիքի տակ էր:

Թոմաս. Իսկապե՞ս: Ինքնասպանությու՞ն: Քի՞չ էր մնում, այո՞: Հարցը վերաբերում է հենց զգացմունքի կերպարանափոխության հնարավորությանը: Կտրված պարանը եղել է բազմաթիվ մեծ ստեղծագործությունների պորտալարը և միայն հիմարն է պարզապես ինքն իրեն իրապես կախել տալիս:

Ռեգինե. Սակայն խաբեբա՞…

Թոմաս. Հենց այստեղ է թաքնված մարգարեանալու շնորհը: Խաբեբան ևս քիչ է մնում՝ կախվի, առաջին քայլը մեծերի ու խաբեբաների շատ էլ միանման է:

Օրիորդ Մերթենս. Օ՜, ես շատ եմ վախենում, որ այդօրինակ խորհրդածությունները արտահայտությունն են լոկ դոկտոր Անսելմի հանդեպ Ձեր անվերապահ նախատրամադրվածության:

Թոմաս. Սխալվում եք, օրիորդ Մերթենս: Վատ մարդ լինելով՝ իմ կյանքում երբեք չեմ վաստակել ընկեր ունենալու պատիվը –Անսելմը միակն է եղել:

Մարիա. ամփոփելով. Անսելմն իսկապես նշանավոր մարդ է: Եվ իրոք, ի՞նչ իմաստ ունի անմիջապես դիմել անտեղի համեմատությունների: Արդեն իսկ բավական է, ինչ արծարծել ես քո նամակում:

Օրիորդ Մերթենս. Նորին Գերազանցություն Յոզեֆը հղում է անում Ձեր իսկ սեփական խոսքերին:

Մարիա. Ինքդ ես նրան ներշնչել, թե նրանք փախել են իրենից:

Թոմաս. Անինքնավստահ մարդիկ ինքնավստահ մեկից…

Մարիա. Շատ լավ, Թոմաս, չեմ ցանկանում վեճի բռնվել: Սակայն ամենաուշը մի երեք ժամից Յոզեֆն այստեղ կլինի և վճիռ կայացնելու պահանջ կդնի: Ի՞նչ է լինելու:

Թոմաս. Ոչինչ:

Մարիա. Ոչի՞նչ:

Օրիորդ Մերթենս. միաժամանակ. Ոչինչ…

Թոմաս. Ամեն ինչ շուտով կերևա: Անսելմն ու Ռեգինեն, անշուշտ, կմնան այստեղ:

Մարիա. Ուրեմն, կխոսե՞ս Յոզեֆի հետ: Քանի որ Անսելմը հրաժարվում է նրա հետ բացատրվել:

Թոմաս. հուսահատված. Անսելմն հրաժարվու՞մ է… — գրեթե բղավելով– Նա հրաժարվու՜մ է… Նայում է Ռեգինեին, ով օրիորդ Մերթենսի հետ պատրաստվում է դուրս գալ տնից:

Ռեգինե. քմծիծաղելով. Նա դիմադրություններ ունի…

Մարիա. պատրաստվելով վերստին ննջասենյակ քաշվել. Որովհետև այդ նամակը ինքդ ես գրել:

Թոմաս. Այդ դեպքում ես տոնական ընդունելություն կկազմակերպեմ Յոզեֆի համար…

Մարիա, Օրիորդ Մերթենս, Ռեգինե. վերստին կանգ առնելով. Տոնական ընդունելությու՞ն…

Թոմաս. սրտնեղած. Այո՛, տոնական, գրողը տանի, որպեսզի նրա համար համապատասխան տրամադրություն ստեղծենք: Որքան դատարկված ծաղկաբոժոժներ կան, որոնց միջից երբևէ վեր էին ճախրում մարդկային սքանչացումի զգլխիչ թիթեռնիկները, ես կախ կտամ նրա շուրջբոլորը… Խափշիկների թմբուկները, աստվածային զգլխիչ արբեցումի սրվակները, փետրահյուս վանդակները, որոնցում արուները պար են գալիս էգերի առաջ…

Մարիա. դռների միջից. Սակայն հաշվի առ, որ նա կատաղած մեկն է: Եվ վստահաբար կհարձակվի քեզ վրա, եթե շարունակես քեզ այդպես անխոհեմ պահել…

Դուրս է գալիս: Թոմասը նայում է Ռեգինեին, մի քանի քայլ է գցում նրա ուղղությամբ, բայց քանի որ Ռեգինեն, չնկատելով, օրիորդ Մերթենսի հետ միասին դանդաղորեն ընթանում է ելքի ուղղությամբ, Թոմասը շրջվում է և ակամայից քայլում Մարիայի հետևից:

Օրիորդ Մերթենս. Դռան մեջ կանգ առնելով. Իրավացի եք, բնավ չպետք է մտածեք, որ Ձեզ հետ անարդարացի են վարվել: Խանգարե՛ք այդ տոնական ընդունելությանը…

Ռեգինե. Թոմասին հնարավոր չէ հետ պահել, եթե նա գլուխը մի բան է մտցնում:

Օրիորդ Մերթենս. Դե ուրեմն, եկեք փախչենք այստեղից…

Ռեգինե. Թոմասն իր գոյությունը Անսելմի տնօրինությանն է հանձնել:

Օրիորդ Մերթենս. Եվ արդյոք այդ հրաշալի մարդը արժանի չէ՞ ավելիին: Սակայն դոկտոր Թոմասը Ձեր գործը փչացնելու է: Աղաչում եմ, ձերբազատվեք նրա ազդեցությունից, եկեք Անսելմի հետ հեռանանք այստեղից…

Ռեգինե. Անսելմը չի ցանկանում ուղևորվել:

Օրիորդ Մերթենս. Հասկանում եմ: Նա պատվախնդիր մարդ է, չի ցանկանում փախչել: Դե ուրեմն, թող ինքն էլ խոսի Նորին Գերազանցություն Յոզեֆի հետ, չէ՞ որ հրաշալիորեն տիրապետում է խոսքի արվեստին:

Ռեգինե. Ինչի՞ համար: Բացառված է, որ ամուսնանամ Անսելմի հետ:

Օրիորդ Մերթենս. Բայց ինչպիսի՜ փոքրոգություն… Միթե չե՞ք նկատում, որ դոկտոր Անսելմը հենց միայն այն պատճառով է հրաժարվում խոսել Նորին Գերազանցության հետ, քանի որ Ձեր զարմիկ Թոմասը վիրավորե՛լ է իրեն: Չէ՞ որ դոկտոր Թոմասը սառը ջուր է լցնում ամեն ինչի վրա իր տեսական դատողություններով:

Ռեգինե. խորհրդավոր եղանակով. Բայց, սիրելիդ իմ, միթե չե՞ք նկատում: Բնավ ոչինչ չե՞ք նկատում:

Օրիորդ Մերթենս. Ի՞նչ պետք է ես նկատեմ:

Ռեգինե. Սսս… Լռեցե՛ք… Զգուշությամբ թեքվում է պատուհանին՝ տեսնելու համար, արդյոք Անսելմն իրենց չի լսում: Օ՜, նրան վստահել չի կարելի, զգույշ եղեք… Միթե չե՞ք նկատում, որ Անսելմը սիրում է Մարիային:

Օրիորդ Մերթենս. Բայց չէ՞ որ դա հանցագործություն է, Ձեր ասածը… Ձեր քույրը… Իր միակ ընկերոջ կինը… Օ՜ ոչ… — Բռնում է Ռեգինեի ուսը – Ռեգի՛նե… Ա՜խ, որպիսի՜ հիմար, ապուշ երևակայության խաղեր, որքան էլ խելացի կին եք…

Ռեգինե. Բայց ինչու՞ ոչ: Ի՞նչ մի զարմանալի բան կա այստեղ:

Օրիորդ Մերթենս. Զարմանալի բան չկա՞… Այդպիսի սարսափելի բաներ մի՛ք ասի…

Ռեգինե. Չափազանցնում եք հարկ եղածից ավելի. նրա առաջ նոր մարդ է կանգնած. նա անչափ հետաքրքրասեր է: Սակայն ի՞նչ ասել է նոր մարդ… Չէ՞ որ զուտ պատահականություն էր, որ Մարիայի հետ ոչ թե ինքը, այլ Թոմասն ամուսնացավ:

Օրիորդ Մերթենս. մոռանալով զայրույթը. Ես կարծում էի, որ Դուք, ոչ պատահաբար, ամուսնացաք Յոհաննեսի հետ և ոչ թե նրա:

Ռեգինե. Կամ ոչ թե Թոմասի հետ, դա մեզ համար գրեթե միևնույն էր: Իսկ հիմա իր իսկ հանդերձանքով, որ հենց ինքն էլ սեփական ձեռքով հանձնել էր, մեկ ուրիշ մարդ է շրջում. դա անչափ խորհրդավոր մի բան է: Եվ ընդհանրապես, սա բնավ խորհրդավոր մի պատմություն չէ, որ մի կնոջից է սկիզբ առնում, բնավ երբեք, այլ սկսվում է ինչ-որ տեղ՝ իր իսկ մեջ և ապա, հախուռն կերպով, որևէ կնոջ ուղղությամբ է զարգացում ստանում… Այո, հենց այդպես էլ կա… Սիրո մասին խոսք իսկ չի կարող լինել… Երևակայախաղերի մարմնավոր հանդիպում է դա… Երևակայական կերպարանափոխություն ասես… — Նրա հայացքը թափառում է՝ կարծես շրջակայքում համեմատություն գտնելու նպատակով – աթոռների… վարագույրների… ծառերի միջակայքում… Իսկ մեջտեղում մի որոշակի մարդ է տնկված…

Օրիորդ Մերթենս. Դե ո՛չ, ինչե՜ր եք դուրս տալիս… Դոկտոր Թոմասը այնպիսի մթնոլորտ է շուրջը ստեղծում, որը Ձեր վրա վատ է ազդում: Լավ կանենք նախաճաշից առաջ մի քիչ դրսում պտտվենք: Իրեն թույլ հենված Ռեգինեին քաշում է իր հետևից: Մուտքի դռան մոտ – զրույցի ընթացքում նրանք վերստին սենյակում էին հայտնվել – մեկ անգամ ևս կանգ առնելով: Իսկ տիկին Մարիա՞ն:

Ռեգինե. Իմ քույրը մի հիմարիկ հաստլիկ կատու է, որ մեջքն է կորացնում, երբ փաղաքշում են իրեն:

Դուրս են գալիս: Շեմքի մոտ ճանապարհ են տալիս սպասավորուհուն, ով նախաճաշի սկուտեղն է դնում սեղանին, թակում է ննջասենյակի դուռը և կրկին դուրս է գալիս սենյակից, այդժամ սենյակ են մտնում Թոմասն ու Մարիան:

Թոմաս. պատուհանի մոտ խորը շնչելով. Արթնանալուն պես ցանկանում էի խոսել քեզ հետ, վառում եմ լույսը. ահա պառկած ես դու՝ բերանդ բաց, ընդարմացած…

Մարիա. Գարշելիի մեկը, ինչու՞ ինձ չարթնացրիր:

Երկուսն էլ ուր որ է իրենց հագուկապը վերջացնելու վրա են:

Թոմաս. Իսկ ինչու՞: Քանի որ քիչ էր մնում ծունկի իջնեի՝ ճգնավորի պես… Քո փարթամ մարմինը պառկած էր այնտեղ՝ այնպես զզվելի ու լուռ: Այն շատ հուզեց ինձ:

Մարիա. Մարդ չի կարողանում անգամ հանգիստ քնի:

Թոմաս. Եթե ընդհանրապես միայնակ չես լինում…

Մարիա. Եվ տարիներ շարունակ ամուսնացած ես լինում. Այո, այո… Դա այլևս տանել չեմ կարող…

Թոմաս. Երբ արդեն երկար ժամանակ ամուսնացած ես լինում և մշտապես չորս ոտքերի վրա ես քայլում, մշտապես կրկնակի ես շնչում-արտաշնչում և յուրաքանչյուր միտք կրկնակի ես մտածում և լուրջ գործերի միջև ժամանակը կրկնակի լցված է երկրորդական բաներով. ուստի և երբեմն-երբեմն երազում ես մի նետ դառնալ նոսրանոսր օդեղեն տարածությունում: Եվ վեր ես թռչում գիշերով, սարսափահար քո իսկ շնչառությունից, որ քիչ առաջ դեռ այնքան հանդարտ էր ու հավասարաչափ էր ընթանում՝ առանց քո մասնակցության: Բայց չես կարողանում վեր կենալ: Ոչ էլ կարողանում ես կարգին ծունկի իջնել: Այլ ընդամենը լուցկի ես վառում: Եվ ահա՝ կողքիդ պառկած մեկն էլ կա՝ միս ու մարմից: Հենց դա էլ սերն է:

Մարիա. ականջները փակած. Ես անկարող եմ այլևս լսել դա:

Թոմաս. Երբևէ ատելության զգացողություն չե՞ս ունենում իմ հանդեպ:

Մարիա. անմիջապես ձեռքերը ցած բերելով. Ե՞ս: Ատելությու՞ն:

Թոմաս. Այո՛, ամենաիսկական ատելություն ասածը: Ինձ կարծես թվաց, այս առավոտյան: Քայլում էիր ոտաբոբիկ՝ քո ծանր մարմնով, և կանգնած էի այնտեղ՝ դռան շեմին, փոքրացած ու խղճալի, և իմ չսափրված այտամազերը բիզ-բիզ ցցված էին: Մի՞թե այդժամ ատելություն չզգացիր իմ հանդեպ՝ ինչպես մի դանակ, որ մշտապես քո ճանապարհին է տնկված:

Մարիա. թախծալիորեն խաղաղ և ինքնավստահ. Դա սիրո վերջն է:

Թոմաս. հիացականորեն. Ո՛չ… Իսկական սկիզբը… Փորձի՛ր հասկանալ. սերը այն միակ բանն է, որ տղամարդու ու կնոջ միջև ընդհանրապես գոյություն չունի… Որպես մի յուրահատուկ վիճակ: Իսկական վերապրումը շատ պարզ է. արթնացում: Աշխուժացած: Ես տեսա քեզ իմ կողքին՝ աճելիս. եղբայրաբար, սակայն բնականաբար ոչ այնպիսի կարեկցական մի զգացողությամբ, ինչպես ինքդ քո հանդեպ:  Հետո նկատեցի, կներես արտահայտությանս համար, — նա հեգնական ժեստով ակնարկում է նրա բարձր հասակը – թե ինչպես ես աճում ու աճում: Գերաճելով ինձնից: Եվ եկավ մի պահ, որ ինձ թվացիր այնքան գերմեծ ու անչափելի՝ ինչպես աշխարհը: Դա կայծակի հարված էր, արբածություն: Ողջը, որ շրջապատում էր ինձ, ամպերը, մարդիկ, ծրագրերը, մեկ անգամ ևս դեռևս շրջապատված էր քեզնով, ինչպես երեխայի սրտի զարկն է լսելի մոր սրտի հարվածների ներքո: Կատարվեց հայտնության ու միավորման հրաշքը: Կիրքը հանդարտեցնելով: Կամ ինչպես ընդունված է գուցե ասել նման դեպքերում:

Մարիա. Իսկ այսօր արդեն թվում է, որ կարծես երազելիս լինեինք կեղտաջրերում:

Թոմաս. Եթե կուզես, այո՛: Մենք արթնանում ենք կրկին անգամ և տեսնում ենք մեզ կեղտաջրերում թավալվելիս: Ճարպազանգվածներ, կմախքներ՝ ներհյուսված անզգայաթափանց կաշեկազմ թաղանթի մեջ: Հափշտակությունը ցնդում է: Սակայն արդյունքում լինում է այն, ինչը մենք դուրս կբերենք դրանից:  Իսկական մարդկային բարկ կծվությունը հենց այդպիսին էլ կա, ողջ մնացյալն ընդամենը փոքրացուցիչ չափազանցություն է:

Մարիա. Ես միայն մի բան եմ ցանկացել՝ քո հաջողությունը: Երբ դու, հոգնած ծանրումեծ աշխատանքից, ժամը երկուսին, երեքի կողմ՝ առավոտյան ննջասենյակ էիր մտնում, երեխայի պես ջղայնացած, ես հասկանում էի քեզ: Թե ինչ էիր այնտեղ անում, չգիտեի, բայց դա իմ երջանկությունն էր, իմ մարդկային արժանավորությունը: Ես վստահ էի, այդ անհասկանալի ու անծանոթի մեջ նաև ես կայի: Բայց հիմա ամեն ինչ ուրիշ կերպ է: Դու թողել-հեռացել ես ինձանից:

Թոմաս. Քանի որ չեմ կարողանում տեսնել, թե ինչպես ես սողում դեպի մեղրածուղակը:

Մարիա. Ինչե՞ր ես խոսում:

Թոմաս. Նա գայթակղում է քեզ: Քանի որ փառամոլ է և չի կարող հրաժարվել քո բարեհաճ հիացմունքից:

Մարիա. Նրա չափազանցություններից հաճախ մեծագույն սարսուռ եմ ապրում:

Թոմաս. Բայց այդ զազրելիորեն քաղցր-մեղցր աղտեղությունը ազդեցություն է գործում քո վրա:

Մարիա. Ես խելքս հացի հետ կերած այնպիսի մեկը չեմ, որ անընդհատ «սե՛ր», «սե՛ր» շաղակրատեմ… Բայց փորձիր հավատալ, որ իմ մեջ էլ երբեմն այնպիսի զգացողություն է գլուխ բարձրացնում, որ քո այս կյանքից շատ ավելի լա՞վը գուցե դեռ կարելի է գտնել…

Թոմաս. Այն բանից հետո, երբ Անսելմն այստեղ հայտնվեց, նա խանգարում է քեզ հասկանալ ինձ:

Մարիա. ինքն իրեն հավաքելով՝ մոտենում է նրան. Բայց չէ՞ որ ինքդ էլ էիր անրջում նրա մասին՝ մինչև նրա հայտնվելը, ու նաև նրա այստեղ հայտնվելուց հետո… Դու ասում էիր, որ նա ունի այն, ինչ մեզ պակասում է…

Թոմաս. Եվ ի՞նչ է դա նշանակում:

Մարիա. Ինչպե՞ս թե՝ ինչ: Ես որևէ բանի պակաս չեմ ունեցել: Բայց հիմա, քանի որ գլխովդ ինչ-որ բան է անցել, ուզում ես նրան նորից վատ կողմերով ներկայացնես: Բացառապես ուժերը փորձելու սիրույն, դու այդպիսին ես, ի՞նչ արած:

Թոմաս. Դե ասա տեսնեմ, թե ինչպիսին եմ ես:

Մարիա. Անկարեկից մեկ ուրիշի հանդեպ: Քո դեպքում ոչինչ սրտից չի բխում – սա՛ է ցավալին:

Թոմաս. Այլ թերևս գլխի՞ց:

Մարիա. գրգռված. Բայց ես, իրապես, այս հավերժական «զբաղված լինելը» և ողջ գոյություն ունեցողի հետ խաղեր տալն այլևս տանել չեմ կարող… Բավական չէ՞ արդյոք, որ ճանաչման ես հասել, դե ուրեմն հանգիստ ապրիր քեզ համար:

Թոմաս. Դու շարունակ նույն բանն ես կրկնում: Բայց չեմ կարող քեզ հիմա պատասխանել, Նորին Սրբազնությունն է ժամանել… Անսելմը կիսանդրաչափ երևում է պատուհանի բացվածքում:

Անսելմ. Ինչպե՞ս քնեցիք այսօր:

Մարիա. անսիրալիր. Ինչու՞ եք այդպես հանդիսավորապես հարցնում…

Անսելմ. Դուք հավանաբար քուն եք մտնում երկրագնդի հանգույն:

Մարիա. Նկատի ունեք խորը քու՞ն եմ մտնում, թե՞ մի աչքը բաց:

Անսելմ. Ես երևակայում եմ, որ կանաչ լեռների մի փունջ է ծաղկում Ձեր շուրջբոլորը, երբ խաղաղ պառկած եք լինում:

Մի կարճատև շվարումի դադար է առաջանում:

Մարիա. Թոմասն ընդհատեց իմ քունը, նա այսօր սարսափելիորեն անհանգիստ էր: Վրդովված. Ո՛չ – ասել կուզի – բայց ինչու՞ չի կարելի ի վերջո նաև այսպես ասել…

Անսելմ. հեգնանքով. Դե իհարկե, ի՞նչ կա որ… Ինչ կա, այն էլ պետք է ասվի…

Թոմաս. Իսկ ի՞նչ ես մտածում Յոզեֆի առթիվ:

Մարիա. Ռեգինեն պետք է որ նամակը նրան ցույց տված չլինի:

Անսելմ. Իրավ: Ես դեռ չեմ խոսել Ռեգինեի հետ:

Թոմաս. Նա այս կողմերում պետք է լինի: Դա իրեն անչափ հուզել էր:

Մարիա. նկատելով, որ Անսելմը պատրաստվում է դուրս գալ. Ոչ-ոչ: Նամակն ինձ մոտ է: Նախ կարդացեք այն: Նամակն հանձնում է Անսելմին: Թոմասը որոշ ժամանակով մտնում է ննջասենյակ՝ դուռը բաց թողնելով: Անսելմը դեռ չսկսած՝ դադարեցնում է նամակի ընթերցումը և սևեռուն նայում է Մարիային:

Մարիա. Դե կարդացե՛ք:

Անսելմը մագլցելով պատուհանի միջով՝ հայտնվում է սենյակում:

Անսելմ. Պատահե՞լ է արդյոք, որ երազում տեսած լինեք որևէ մարդու, ում ըստ ամենայնի լավագույնս ճանաչում եք, սիրալիր մեկին, ով հանկարծ Ձեզ օտարոտի մեկն է ներկայանում՝ խստապահանջության և սեփականատիրական ցանկությունների մի կատարյալ միախառնուրդ:

Մարիա. Իսկ այնուհետև քո առաջ հառնում է թափված տերևների կույտը, որի տակ թաքնված է մի բան՝ ցանկացած պահի պայթելու պատրա՞ստ:

Անսելմ. Դե լավ, Մարիա: Նախկինում Ձեր ընկերն էի, երբ Դուք օրիորդ Մարիան էիք, իսկ հիմա կրում եք Թոմասի ազգանունը և ես անկարող եմ պայթել:

Մարիա. Եվ դրանով հանդերձ, մշտապես աչք չեք կտրում հայելուց:

Անսելմ. անակնկալի եկած. Կարծում եք, ես ինձ տեսնու՞մ եմ: Օ՜, Աստված վկա, որպես մի բիծ հայելու մեջ: Աչքերը ձեռքերն են, կյանքում երբևէ չլվացված: Դրանից էլ նրանք պահպանում են ամեն ինչին ձեռք գցելու կեղտոտ սովորույթը: Եվ դրան հնարավոր չէ ընդդիմանալ: Երբեմն իմ մեջ ցանկություն է առաջանում խամրեցնելու դրանք, որպեսզի մաքրվելով բոլոր տեսակի շփումներից, միայն Ձեր պատկերը պահպանեն:

Մարիա. Տե՛ր Աստված, տե՛ր Աստված, Անսե՛լմ…

Անսելմ. Այո՛, դա ծիծաղելի եք գտնում, քանի որ այն չափազանցություն եք համարում, որին հոգեշնորհ համն է պակասում: Ամբարտավան խնամակալի պես մի բան: Իսկ ինչպե՜ս կգունաթափվեր այդ հույժ հոգեշնորհ համը, եթե թաց աչքերը հանկարծ իսկապես թշշային հրկեզ մետաղի վրա: Եվ կաթկթոցներով՝ գոլորշանային…

Մարիա. Ե՜ղկ… Դուք դեռ ըմբոշխնու՞մ եք այդ զազրելի պատկերները…

Անսելմ. կրքոտությամբ. Անհողդողդ՝ դաշույնը նաև Ձեր սիրտը կխրեի… Եթե միայն կարողանայի Ձեզ վերստին ետ վերադարձնել շեմից: Այնտեղ, ուր կանայք իրենց սեղմիրանից եմ ազատվում: Փոխառված «պատվարից»: Լծկան կենդանին ու ողջախոհ ընբռնողականությամբ, ով իր ուսերին բոլոր բեռներն է կրում՝ երեխաներին ու զառամյալ հիվանդներին, տղամարդկանց և անխոհեմ սպանդը խոհանոցում:

Մարիա. Բայց ի վերջո սկսեք կարդա՛լ նամակը… Մենք իսկապես հրատապ քննարկման բան ունենք:

Անսելմ. նրա վճռականությունից փափկած. Որքա՜ն սքանչելի է, որ Ձեզ երբեք չի հաջողվում ինձ անակնկալի բերել: Ես ամեն ինչ նախապես գիտեմ, թե ինչ եք անելու: Ցավեցնող ուռած երիկամի հանգույն դա նախապես զգում եմ իմ մեջ:

Մարիա. Բնականաբար, տնաբույծ ուղեղի մանր-մունր բռնկումները դժվար չէ գուշակել…

Անսելմ. Ես չեմ ցանկանում դույզն-ինչ անսովոր վերապրումներ… Մարդուս առօրյա վերապրումներն ամենից խորն են, եթե զերծ են սովորականությունից: Կամացուկ. Հենց դա՛ է, որ նա չգիտի: Դուք էլ Ձեզ հիմա չեք ճանաչում: Նրա ազդեցության ներքո մանրացել եք:

Մարիա. Ես արդեն իսկ պատասխանել եմ Ձեր հարցին. ես սիրում եմ Թոմասին:

Անսելմ. Ձեզ չեմ հարցնում, արդյոք սիրում եք նրան: Դրան ընդհանրապես որևէ պատասխան չկա… Ինքզինքը զսպելով. Ինքներդ որոշեք, գուցե սա հենց այն է, ինչը Ձեզ հիմա կպատմեմ: Ես մի անգամ գրավվեցի, դյութվեցի մի ուռենուց… Ընդարձակ մարգագետնում, ինձնից բացի, միայն այդ ուռենին էր և ուրիշ ոչինչ: Ես հազիվ էի կարողանում կանգնած մնալ ոտքերիս վրա, քանի որ այն, ինչը նրա ճյուղերում այնպես մենավորիկ խճճվում էր ու հանգուցվում, կյանքի այդ սարսափելիորեն հավասարաչափ հորձանքը, իմ մեջ էի զգում, սակայն դեռևս տաք ու փափուկ և ներընկալ: Այդժամ ես ընկա ծնկներիս վրա… Մի պահ նա իզուր Մարիայի արձագանքին էր սպասում: Ահա սա՛ է իմ ողջ վերապրումը: Ձեր հանդեպ ևս:

Մարիա. Անսելմ… նման չափազանցությունները գրոշի արժեք չունեն: Ասենք թե մի այդպիսի զգացողություն եք ունեցել, բայց նույնիսկ մեջքի վրա չեք տապալվել:

Անսելմ. Ահա՞ թե ինչ… Թոմասն իսկապե՞ս հիմնովին ավերակել է Ձեր խորխորատները:

Մարիա. Դուք զազրելի վերաբերմունք ունեք իմ և Ռեգինեի հանդեպ:

Անսելմ. Ձեր նմանները, որոնց ոչինչ այլևս չի կարող ցած տապալել, իրավունք չունեն հանդիմանելու… Ես կարող է և շատ բաների եմ հասնել իմ կյանքում, սակայն ամեն անգամ հրաժարվել եմ դրանցից: Քանի որ միշտ էլ սայթաքում ես, երբ հավատում ես: Բայց նաև երկար ես ապրում, եթե հավատում ես…

Մարիա. վախվորած ու անհանգիստ. Դե կարդացե՛ք… Թոմասն ուզում է զրուցել Ձեզ հետ:

Անսելմ. Կուզենայի ևս մի պատմություն պատմել. երբ ես վանական էի …

Մարիա. Ի՞նչ: Դուք վանակա՞ն եք եղել:

Անսելմ. Հանգի՜ստ: Դրա մասին Թոմասը ոչ մի դեպքում չպետք է իմանա…

Մարիա. Անսե՛լմ, հիմա ինձ չեղած բան եք պատմում:

Անսելմ. Ձեզ երբեք անճշմարիտ բան չեմ պատմի: Դա Փոքր Ասիայում էր, Ակուսիոս լեռան ստորոտին: Մի պստլիկ, անապակի, պատի մեջ բացված պատուհանիկից իմ խցից ծովն էի տեսնում …

Մարիա. բողոքավորի պես. Կարդացե՛ք, կարդացե՛ք…

Անսելմը չի ցանկանում կարդալ, սակայն լսելով Թոմասի մոտեցող ոտնաձայները, հայացքը սևեռում է նամակին:

Մարիա. Ինչով ասես որ չեք զբաղվել, մինչ մենք այստեղ մեր համար նստած էինք:

Նա նորից վերադառնում է իր արդուզարդին: Թոմասը ներս է մտնում:

Թոմաս. Դեռ չե՞ս ավարտել ընթերցումը:

Մարիա. Մեկ անգամ ևս կարդացե՛ք: Անսելմը ջանում է որսալ նրա հայացքը, որպեսզի խորացնի այդ փոքրիկ սատարումի միջոցով ընձեռված համաձայնության գործը, սակայն Մարիան խուսանավում է նրա հայացքից: Անսելմը հուսահատ թոթվում է ուսերը, ապա աչքի է անցկացնում նամակը: Թոմասը ցանկանում է հանդիսավոր դիմավորում կազմակերպել Յոզեֆի համար, որպեսզի ավելի կատաղեցնի նրան: Բայց ես չեմ ցանկանում, որ մեզ այդպես պահենք: Յոզեֆը մեր մոտիկ ազգականն է ի վերջո:

Թոմաս. իր կարծեցյալ երգիծական ոճով. Ես ցանկանում եմ լսել Անսելմին…

Նստում է ու նայում Անսելմի ուղղությամբ: Լարված դադար է տիրում: Անսելմը դրանից գնալով անհանգստանալով, վերջապես դանդաղորեն բարձրացնում է հայացքը, աչքերի խորքում դրոշմված վճռականությամբ:

Անսելմ. Քո նամակն ամեն ինչ փչացրեց:

Թոմաս. Իմ նամակն, ուրեմն: — Բայց դու համաձա՞յն ես նրա հետ:

Մարիա. Դե ուրեմն, թող Թոմասն էլ փորձի ողջը ուղղել…

Անսելմ. Ոչ, Թոմասը չպետք է խոսի Յոզեֆի հետ, ես դա թույլ չեմ տա…

Թոմաս. դարանակալ զգուշությամբ. Դե ուրեմն… ինքդ էլ կխոսես նրա հետ:

Անսելմ. նամակը նետելով. Իսկապե՞ս: Դու չե՞ս կարող: Ստուգողական եղանակով նայում է Մարիային:

Մարիա. Դուք լրջորեն ուզում եք տանել ձեզ ուղղված Յոզեֆի բոլոր հանդիմանություննե՞րը…

Անսելմ. Չգիտեմ, ինչպես պատասխանեմ Ձեզ: Բանն այն է, որ ես խաբեբա եմ, այնպես չէ՞:

Թոմաս. Այո՛:

Անսելմ. Եվ իսկապես… մի՞թե այդպիսին չեմ: Արդյո՞ք յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է բռնատիրել մյուսին… հասկանու՛մ եք, շատ ավելի ուժգին, քան միայն ձեռքերով… և ցանկանում է ապացուցել նրան, — շեշտակի – չնայած ոչ ոք չի կարող որոշակիորեն վստահ լինել ինքն իր վրա… արդյո՞ք նա խաբեբայի մեկը չէ:

Մարիա. չուզենալով, մինչ Թոմասն ակամա ստուգում է նրա տպավորությունը. Դա ծայր աստիճան գերտպավորիչ է…

Անսելմ. անհանգստության նշաններ ցույց տալով. Ինքս էլ չգիտեմ, թե ինչ էր իմ ուզածը՝ Ռեգինեին փրկե՞լ, թե՞ Յոզեֆին տեղը դնել: Երբեմն այնքա՜ն մեծահոգի ես լինում ու հանդուգն՝ ինչպես երազում: Այսօր դրա համար զղջում եմ:

Մարիա. զմայլված. Ի՞նչն եք զղջում, Անսելմ: Դե շուտ ասե՛ք, քանի դեռ ժամանակ կա…

Անսելմ. Ես չգիտեմ, թե ինչ պատասխան պետք է տամ Յոզեֆին: Իրավացիությունը, որ սրտով ես զգում, չափազանց վարակիչ է: Հանգիստ թողեք ինձ:

Մարիա. Դե ասե՛ք վերջապես:

Անսելմ. Եղածն եղած է. այն այլևս հետ չես շրջի: Մեկը ճզմեց մյուսին՝ վնասակար միջատ որպես: Կոշիկի կրունկի տակ: Բայց հանկարծ այդ մեկ ուրիշը վեր է հառնում: Իսկ միառժամանակ հետո էլ, հաղորդակցվող ապակե անոթների հանգույն, կանգնում է մեր առջև այն նույն հասակով, ինչ և իր մեջ է, այդ մեկ ուրիշը… Նա մեր մեջ է ներհոսում և նեղում է մեզ… Երբեք, ոչ մի դեպքում չի կարելի թերագնահատել, — վտանգվածի պես– քանզի նա սկսում է բացվել, այդ մյուս մարդը…

Թոմաս. լարված զննելով Մարիայի վրա թողած ազդեցությունը. Այդժամ միայն մի բան է մնում. առանց դեսուդեն ընկնելու անել ա՛յն պազագույն բանը, ինչը բոլորն են անում, մի փոքրիկ գործնական ճնշում գործադրել Յոզեֆի վրա: Կարելի է մի խուզարկու վարձել ու մի լավ փաստաբան: Ցավեցնող, թույլ մի կետ նաև Յոզեֆի մոտ կարելի կլինի գտնել:

Մարիա. այլայլված. Դու պատրա՞ստ ես դիմելու նման միջոցների…

Թոմաս. Ժամանակին Յոզեֆն ինձ մի խոստովանություն է արել: Շա՜տ ժամանակներ առաջ: Խուզարկուն մեզ պետք կգա լոկ մանրամասնություններն արևերես անելու համար, իսկ եթե անգամ Յոզեֆի սիրտը մաքուր է, — կծու ակնարկով – փաստերը կարելի կլինի համադրել: Փաստերն ամենայն հաճույքով հոգու հակառակն են ապացուցում: Այդպես չէ՞, Անսելմ:

Մարիա. Բայց չէ՞ որ դա ստորություն է… Յոզեֆը ողջ կյանքի ընթացքում քեզ միայն լավություն է արել…

Թոմաս. Ես էլ իրեն, որքան ուժս պատել է… Ես հիմա էլ անկեղծորեն երախտապարտ եմ իրեն և պատրաստ եմ հաճույքով որևէ լավ բան անել նրա համար, եթե առիթն այսպիսին չլիներ:

Մարիա. Դու անճանաչելիորեն փոխվել ես: Եթե արժանապատիվ, պարկեշտ մեկը չես, այլևս չգիտեմ թե ով ես դու:

Թոմաս. Ո՞վ: Անսելմը: Քանի որ նա կհրաժարվի խուզարկուից:

Մարիա. Թոմաս, դա ընդամենը գերգրգռվածության նշան է… Դրանում լուրջ բան չկա… Դու քեզ անզգամ ստահակի պես ես պահում…

Թոմաս. Անսելմ, ի՞նչ մի առանձնահատուկ բան կա այստեղ: Ինձ չի՞ կարելի, այո՞: Ասել կուզի՝ ես սրիկա՞ եմ: Որեմն ես այդպիսին եմ և ինձ չի՞ կարելի:

Անսելմ. Շատ լավ էլ գիտես, որ ես Մարիայի կարծիքին եմ… Քո այդ ձեռնարկն անթույլատրելի է ու միանգամայն անպատասխանատու:

Թոմաս. Խուզարկուն ընդամենը խորհրդանշական մի բան է՝ ի ցույց դնելու, թե որքան քիչ են մեզ վերաբերում այդ ապշագույն խճողմունքները, որոնցով ապրում է նա: Ւսկ եթե դա մեզ չի հետաքրքրում, ուրեմն կարելի է նաև դրանց պարզաբանմամբ զբաղվել:

Մարիա. Թոմասը միշտ էլ այսպես ծայրահեղական է…

Անսելմ. հեգնախառն համեստությամբ. Օ՜, թերևս նա իրավացի է: Եթե քո մեջ Նոր Մարդուն ես թաքցնում, այդժամ նրբազգացությունների մասին կարող ես մոռանալ:

Թոմաս. Կնշանակի, դու չե՞ս կարող:

Մարիա. Թոմաս, եթե դու կարող ես քեզ թույլ տալ անել դա, ուրեմն իսկապես որևէ մարդկային զգացում չունես…

Թոմաս. ժպտալով, սակայն դժվարությամբ իրեն ստիպելով ձայնին հեգնական երանգ հաղորդել. Անսելմ, քանի որ այս պատմության մեջ երկուսիցս մեկը ստիպված է լինելու սրիկա մնալ, դու դա չես կարող լինել… Հարևան սենյակ է հեռանում՝ չկորցնելու համար ինքնատիրապետումը, դռները մնում են բաց:

Անսելմ. կծու հեգնանքով. Բարեփոխիչները հավանաբար պետք է զգացմունքներից զերծ լինեն: Ով ցանկանում է աշխարհը հարյուր ութսուն աստիճանով գլխիվայր շրջել, վեր է զգացականությունից, նրան լոկ մտահայեցողականությունն է հատկական:

Մարիա. Բայց չէ՞ որ այստեղ եք ժամանել նրա հետ հանդիպելու նպատակով…

Անսելմ. Այնուհետև գալիս է մի ժամանակ, երբ դու հրաժարվում ես քեզանից: Երբ ուզում ես պոկվել, ազատագրվել քեզանից… ինչպես մորեխը, որ իր գերված ոտքը ուժեղի ձեռքում է թողնում:

Մարիա. Ձեզ չեմ հասկանում:

Անսելմ. ժպտալով. Ես վախ ունեմ:

Մարիա. Դրանք ընդամենը խոսքեր են:

Անսելմ. լրջանալով. Ես իսկապե՛ս վախենում եմ:

Մարիա. Խոսքեր են…

Անսելմ. Բոլոր այն մարդկանցից, ում չեմ կարողանում համոզել հավատալու ինձ, ում ես զգում եմ, որ անկարող եմ որևէ բան տալ կամ որևէ բան վերցնել նրանից, այդպիսիններից ես վախենում եմ:

Մարիա. Բայց ի՞նչ է հիմա Ձեր ուզածը:

Անսելմ. Ինքս էլ չգիտեմ… Թոմասը թույլ չի տալիս ինքս ինձ հասկանալ…

Մարիա. Ես ուզու՛մ եմ, որպեսզի անկեղծորեն խոսեք Թոմասի հետ: Չէ՞ որ տղամարդ եք, ի վերջո…

Անսելմ. Չգիտեմ, թե դա ինչպես եք պատկերացնում: Բոլորովին էլ ուժի նշան չէ այն, եթե մարդս չի ցուցադրում իր թուլությունը: Ես չեմ կարող…

Մարիա. Կնշանակի, իսկապե՞ս վախենում եք Յոզեֆից: Ուրեմն վախկոտի մե՞կն եք:

Անսելմ. Այո: Եթե իմ հանդեպ զգացմունք չեմ արթնացնում և այդ պատճառով ինքս էլ անզգա եմ մնում, հետևաբար ես սարսափելիորեն վախեցած եմ, գերբնական, անդրենականորեն վեհերոտ:

Մարիա. ծաղրական. Իսկ երբ զգու՞մ եք:

Անսելմ. Հանգցրեք Ձեր ծխախոտը իմ ձեռքին:

Մարիա. Դա շատ ավելի մեծ ցավ կպատճառի, քան որ կարող է դիմանալ Ձեզ նման զգացական մարդը:

Անսելմ. Եթե դանդաղ ես հանգցնում, իսկապես ցավեցնող է: Բռնում է Մարիայի դաստակը:

Մարիա. Ի՞նչ է Ձեզ հետ կատարվում, սա՞ ինչ ձև է… Նրանց միջև պայքար է ընթանում: Բա՛ց թողեք… Միևնույն է, վերջին պահին բաց եք թողնելու… Եվ պետք չէ ինձ նման հայացքով նայել… Ես վախվորած չեմ… Դուք այնքան էլ ուժեղ չեք: Դե ո՛չ, արդեն բավական է, կատակեցիք և վե՛րջ…

Անսելմ. դեռ պայքարի մեջ. Դուք սխալվում եք, կարծելով, թե բարեմիտ մեկն եմ: Կամ վախկոտ՝ սրտից թույլ: Կոտրելով Մարիայի դիմադրությունը՝ սեղմել է տալիս ծխախոտի վառվող ծայրը Մարիայի ձեռքով իր ձեռքին: Նրա դեմքի արտահայտությունը մոլեգին է և գրեթե զգայականորեն հիացական, Մարիայի դեմքը՝ զայրույթից այլայլված:

Անսելմ. փորձելով կատակի տալ. Տեսնու՛մ եք, եթե պետք լինի, ես ինձ կրակը կնետեմ:

Մարիա. Ինչպե՞ս կարելի է այդպիսին լինել…

Անսելմ. դանդաղորեն ձեռքի ու հագուստի վրայից թափ տալով ածխացած փոշեհատիկները. Այո՛, ինչպե՞ս կարելի է այսպիսի մեկը լինել… Ես բնավ բարեմիտ ոգի չեմ:

Թոմաս. հիմա արդեն՝ հագած-կապած, վերադառնում է ննջասենյակից և նկատում է, որ ինչ-որ բան է տեղի ունեցել. Ի՞նչ է պատահել: Ձեր միջև ինչ-որ բա՞ն է եղել:

Լռություն:

Թոմաս. Ինձ չի՞ կարելի իմանալ:

Մարիա. հակառակվելով՝ երկուսին էլ. Չեմ հասկանում, թե ինչպես չեք կարողանում դուրս գալ այս իրավիճակից:

Թոմաս. Դե ինչ, խուզարկուին առաջվա պես շարունակում ենք մերժե՞լ…

Մարիան ուսերն է թոթվում:

Թոմաս. Օ՜, այդպես էլ մտածում էի: Մի պահ անօգ կանգնած է մնում նրանց երկուսի առաջ, ուզում է հեռանալ, բայց նորից շրջվում, նայում է Անսելմին: Ահա՛ նայում եմ քեզ և արդեն տեսնում եմ. սա դու՛ չես այլևս… Անսելմ, մենք կրկին միասին արթուն նստած էինք, ինչպես տարիներ առաջ, գիշերվա կեսին, չզգալով ժամանակը: Եվ դու համաձայն էիր ինձ հետ: Նաև խուզարկուի հարցում էիր ինձ հետ համաձայն…

Անսպասելիորեն մի փոքրիկ ցավատանջ դադար է հաստատվում:

Մարիա. ասես զարմացած, որ անմիջապես չասաց դա. Բայց չէ՞ որ մարդ կարող է նաև փոխել իր կարծիքը:

Անսելմ. Նա հարձակվեց ինձ վրա և տարհամոզեց… Անթաքույց նողկանքով. Սակայն ես չեմ կարող մշտապես ապրել նախապաշարումներով ու ատելությամբ լեցուն մի աշխարհում…

Թոմաս. Ասե՞մ, թե ինչ ես թաքցնում դրա տակ… Ինչպես մեկը, ով պակասող մա՛տն է թաքցնում: Քո կյանքը պարզապես ձախողակ է եղել: Ուրիշ էլ ինչպե՞ս կարող էր այն լինել…

Անսելմ. կտրուկ և հեգնախառն՝ դիմելով Մարիային. Նա մշտապես ապրել է իր մտածությունների աշխարհում: Ինքնանկախ, տիրակալ թղթերի թագավորությունում… Այստեղից էլ` ինքնավստահության ու համառամտության հրեշավոր ավելցուկը: Այնինչ մարդկանց հետ բախումները սահմանափակում են դնում նրա առաջ և համեստություն ներշնչում:

Թոմաս. Անսե՞լմ… Մի՞թե Յոզեֆը հորինել է այն ամենը, ինչի մասին գրված է նամակում: Թե՞ այդ ամենը իմ երևակայության արդյունքն է: Երկուսով իրար են նայում:

Անսելմ. Անշուշտ, նա այդ ամենը հորինել է:

Թոմաս. կտրուկ և անհամբեր. (եմ էլ ուզում իմանալ, որպիսի՜ մերկացումներով է մեզ սպառնում: Կարծում եմ, ամեն ինչ էլ միանգամայն հնարավոր է…

Մարիա. բողոքարկելու պես. Թո՛մաս…

Թոմաս. մերժելով բողոքարկումը: Կարծես ուզենալով Անսելմին անկեղծ զրույցի մեջ ներքաշել: Կան մարդիկ, ովքեր միայն մի բան են իմանում` թե ինչ է լինելու, մինչդեռ մյուսները, ինչպես, օրինակ, խուզարկուները, գիտեն, թե ինչն-ինչոց է և ինչ է կատարվում: Առաջինների հեղհեղուկ անորոշությունն ընդդեմ մյուսների ամրակուռ վստահության: Այլության հնարավորության նախաըմբոշխնում: Անհասցե զգացմունք և ո՛չ մի համակրանք կամ հակակրանք աշխարհային վերամբարձության ու սովորականի միջև: Հայրենաբաղձություն, բայց առանց հայրենիքի: Այստեղ ամեն ինչ հնարավոր է:

Մարիա. Դե ահա՛, նորից տեսություններին ենք վերադառնում…

Անսելմ. Այո, այո, դրանք լոկ տեսություններ են: Դուք շատ ճիշտ նշանակետին խփեցիք: Բայց որքա՜ն սարասփելի է, երբ տեսությունները կյանքի ու մահվան հարցերի մեջ են խառնվում: Նյարդայնացած՝ վերստին նամակն է վերցնում:

Թոմաս. դառնացած, մեղադրելով, առվաել կրքոտությամբ. Շա՛տ լավ, թող որ տեսություններ լինեն: Երբ երիտասարդ էինք, մենք էլ տեսություններ էինք հորինում: Երբ երիտասարդ էինք, գիտեինք, որ այն ամենը, հանուն ինչի ծերունիները «լրջորեն» ապրում են ու մահանում, ոգու տեսանկյունից, ըստ էության, վաղուց արդեն ժամանակավրեպ ու զազրելիորեն ձանձրալի մի բան է: Որ գոյություն չունի և ոչ մի առաքինություն և ոչ մի արատ, որ համեմատելի լինի մարդկային երևակայախաղի էլիպսաձև ինտեգրալի կամ թռչող մեքենասարքավորման հետ: Երբ երիտասարդ էինք, գիտեինք, որ այն, ինչ իրականության մեջ է իրապես տեղի ունենում, միանգամայն անհեթեթություն է՝ համեմատած նրա հետ, ինչը կարող էր տեղի ունենալ: Որ մարդկության  առաջընթացը թաքնված է նրանում, ինչը տեղի չի ունենում: Այլ միայն առմտածվում է: Մարդկային անվստահության նրա բռնկման մեջ: Երիտասարդ հասակում զգում էինք. կրքառատ մարդիկ ընդհանրապես զուրկ են զգացմունքից, այլ միայն անդեմ-անանուն, մրրկահողմի պես հուժկու մի ուժ կա…

Անսելմ. նույնպես գրգռված. Այո՜, բայց այսօր արդեն գիտեմ, որ այդ ամենը ջահելական սխալմունք էր: Ծառերը կանգնած են, սակայն քամին չի ցնցում նրանց: Այն, ինչը պակասում է այդ գաղափարներին, համակերպված ինքնախոստովանության մի աննշան հատիկ է, այն, որ բոլոր այդ գաղափարները սխալական են և որ հենց այդ պատճառով էլ դրանց պե՛տք է հավատ ընծայել, ջերմեռանդ մարդկանց կողմից…

Թոմաս. Քո համակերպվածությունը… Անսելմ… Հնազանդությունը քո… Անսելմ, Անսելմ…

Անսելմ. Բայց երբևէ հասկացե՞լ ես, թե ինչ է դա:

Թոմաս. Համակերպվածը նա է, ով ցանկանում է վերջինը լինել, ասել կուզի՝ վերջից առաջինը… Գրգռվածությունից սկսում է քրքջալ: Բայց չէ՞ որ Յոզեֆն ինքն էլ հենց քո համակերպվածության ու քո մարդասիրության մասին է գրում… Ի՞նչ է, Յոզեֆը հո չի՞ հորինում:

Անսելմ. Նա անարդար է… Անարդար է նա… սակայն նույնիսկ այստեղ էլ նա մարդ է…

Թոմաս. Բայց չէ՞ որ դու սիրում ես Ռեգինեին: Թե՞ հանուն Յոզեֆի անորոշության մեջ ես գցում նրան և ստիպում տառապել:

Մարիա. Այո՜, Անսելմ, Թոմասն այստեղ այնքան էլ անարդար չէ:

Թոմաս. մեկ անգամ էլ փորձելով Անսելմի վրա ներազդել. Անսե՛լմ… Քո մեջ կա մի բան, որից խորշում են մարդիկ: Որի պատճառով ոչ ոք չի ուզում շփվել քեզ հետ, քեզ ինչ-որ բան տալ: Այն խաթարում է մարդասիրություն ասվածը, այն ասես շնչառությունն է մահացողի: Դա կա յուրաքանչյուրի մեջ: Բայց քո մեջ կա նաև մի բան, որ մերձակցության հրավերք է կարդում: Թեկուզև ո՛չ մարդու հանդեպ… Ամեն ինչից զատ, ինչ-որ տեղ՝ խորքում, անարդար լինելու վախի պես մի բան: Եվ ուրեմն, ինչի՞ ենք մենք հասել: Աշխատասենյակում նստած՝ ինչպես կապիկը ձեռքում քարը բռնած, որ մտածում է, թե ինչպես ընկույզը բարեհաջող կոտրի: Մտքի ծայրով իսկ չանցկացնելով մեր մարդկային երանությանը վերաբերող հարցի մասին: Կամ էլ թե քո՝ կռտվածիդ նման, որ ուղեղը մի մեծ կանացի գիրկ է դարձրել, որ սեղմվում է այն ամենին, ինչը պինդ է, հաստատուն: Անսելմ, մենք դա թեթև էինք տանում, քանզի ջահելությունը չի մտածում մահվան մասին: Հետագայում մխիթարվում ենք կարճաժամկետ պարտաթղթերով՝ ինչպես աշխատանքն է ու հաջողությունը: Սակայն քիչ ավելի ուշ, և առաջին անգամ սկսում ես հասկանալ, որ երբեք չի լինում ոչ ժամը երեքը կամ չորսը կամ տասներկուսը, այլ որ քո շուրջը լուռ ծագում ու մարում են համաստեղությունները… Եվ առաջին անգամ նկատում ես, որ քո մեջ կա ինչ-որ բան, քեզ միանգամայն անծանոթ, որ հետևում է նրանց՝ տեղատվության ու մակընթացության հանգույն: Եվ ճգնավորը ճոպանը փաթաթում է իր սրտին և մյուս ծայրը՝ ամենամեծ աստղի շուրջ, որին գիշերն էր տեսել, և այդպես շղթայում է իրեն: Խուզարկուն սակայն իր հայացքը նրա հետագծին է գամում և կարիքը չունի այն դեպի վեր հառելու: Բայց ե՞ս: Եվ դու՞: Երբ դու անկեղծ ես, Մարիան լսու՞մ է քեզ: Անսե՛լմ, մենակ մարդը խելագարի մեկն է, երկուսը՝ մի նոր մարդկություն…

Հյուծվածության դադար:

Մարիա. վերջապես իր արդուզարդն ավարտած, աշխույժով. Երկուսդ էլ խելագարներ եք… Ես միայն հիմա հասկացա, թե որքան ցնորամիտ եք դուք: Գոնե մի բառ խոսեցի՞ք Յոզեֆի առնչությամբ… Երկուսով զարմացած նրա կողմն են նայում՝ ասես մեկ ուրիշ աշխարհից եկած ձայնի: Մարիան՝ ծիծաղելով: Անսելմն ընդհանրապես բերանը ջուր է առել: Եթե փորձեք անկեղծորեն խոսել Թոմասի հետ, նա հաստատ կհրաժարվի իր խորհրդանշական խուզարկուից…

Թոմաս. դեռևս ուշքի չեկած. Իհարկե, կհրաժարվեմ:

Մարիա. շարունակելով. Իսկ Անսելմը ձեռքն այրել է, Անսելմը ցավեր ունի: Ես հիմա սառեցնող մի բան կդնեմ վրան: Մտածում է, թե ի՞նչ կարելի է անել: Դե գնա՛, գնա՛, նա շուտով կգա հո ետևից, հենց քո սենյակը կգա:

Անսելմ. հարկադրված զիջողականությամբ. Նրա մեջ ամենավտանգավորն էլ այն է, որ բոլորին համոզում է:

Թոմաս. Այդպե՞ս է պետք, Անսելմ: Հարցական նայում է Անսելմին, ով ինքզինքը ստիպում է հայացքով համաձայնության նշան անել: Չնայած՝ անվստահությամբ ու դառնացած: Այդպե՞ս, այդպե՞ս: Դե ուրեմն, ես կսպասեմ: Հուսով եմ, Մարիային  հուսախաբ չես անի: Հեռանում է:

Անսելմ. Դեռ հազիվ էր Թոմասը լքել սենյակը, Անսելմը Մարիայից ետ է քաշում ձեռքը՝ դեռևս կիսով չափ վիրակապված. Ես նրա մոտ չեմ գնա:

Մարիա. Ինչ ասացի՞ք:

Անսելմ. Որ ես չեմ գնա նրա մոտ:

Մարիա. Այլևս որևէ բառ քեզ հետ չեմ խոսի:

Անսելմ. անհոգ-անտարբերությամբ. Նա արդեն ամեն, ամեն ինչ գիտեր, երբ մենք դեռ երեխա էինք: Սակայն ես չէի ցանկանում պատասխանել նրան… Ցնծալով. Ես չպե՛տք է դա անեի, Մարիա… Ես կարող եմ փակել աչքերս, ականջներս, բոլոր անցքերը զմռսել, մինչև որ խավարը պատի այն ամենը, ինչ ես գիտեմ. իսկ դրսից մեծն կողոպտիչն է ջարդում ու փշրում իր երկու լինգերով՝ բանականությամբ ու գոռոզամիտ ամբարտավանությամբ… Մարիան դժգոհ դեմք է ընդունում և չի պատասխանում: Ես ավելի շուտ կհեռանոմ, քան ներս կթողնեմ նրան…

Մարիա. Այդպես էլ արեք, հեռացեք: Այդպես ավելի լավ կլինի:

Անսելմ. Դուք էլ եկեք ինձ հետ…

Մարիա. Ինչ ասացի՞ք:

Անսելմ. Եկե՛ք ինձ հետ…

Մարիա. սկզբում շփոթված, ապա. Բայց լրիվ խելքը թռցրել եք, տեսնես հիմա ի՞նչ կա Ձեր մտքին:

Անսելմ. միառժամանակյա դադարից հետո՝ փոփոխված հնչերանգով. Դուք, իհարկե, սխալ հասկացաք իմ առաջարկությունը, այդպես էլ մտածում էի:

Մարիա. Ես ընդհանրապես չեմ էլ ուզում հասկանալ: Այստեղ եմ մնացել, քանի որ ցանկանում եմ կարգուկանոն հաստատել այստեղ: Եթե էլի ինչ-որ բաներ եք ուզում ասել, մի՛ հապաղե՛ք, ասե՛ք, կարծում եմ, չեք ցանկանում վիրավորել ինձ:

Անսելմ. Չգիտեմ, Ձեզ համար վիրավորական կլինի, եթե ասեմ, որ Թոմասին ավելի շատ եմ սիրում, քան Դուք: Որովհետև նրան շատ եմ նրան: Նրա այս պոռթկումը, որ հիմա ցուցադրեց, ընդամենը իմ նմանակումն է: Իսկ իմ թշնամական կեցվածքը թերևս ինքս իմ հանդեպ վախից է գալիս: Սակայն զուր տառապում եք դրանից՝ ինքներդ Ձեզ չխոստովանելով:

Մարիա. Նա տառապու՛մ է… Այդ հզոր մարդը, ով մշտապես հասել է իր ուզածին, այլևս վստահություն չունի ինքն իր հանդեպ:

Անսելմ. խանդոտ. Թոմասն ամեն ինչ կարող է, սակայն տառապել չի՛ կարող:

Մարիա. Սարսափելի է տեսնել դա, մանավանդ, երբ ոչ մի կերպ չես կարող օգնել նրան:

Անսելմ. Դուք դա կարող էիք անել:

Մարիա. Ե՞ս: Ա՜խ, Անսելմ, այնքան էլ սուր տեսողություն չունեք: Ես ոչինչ չեմ հասկանում այդ անմարդկային գաղափարներից:

Անսելմ. Դրա համար կա մի միջոց:

Մարիա. Ուրեմն շտապ ասեք՝ տեսնեմ:

Անսելմ. Արդեն ասացի:

Մարիա. դադարից հետո. Բայց դրանք երևակայական խաղեր են: Ֆանտաստիկա:

Դադար:

Անսելմ. Կարծում եք, վիճարկու՞մ եմ Թոմասի գերազանցությունը, որ նրա ուղեղի կողքին անբավարա՞ր եմ համարում իմ մտավոր կարողությունը:

Մարիա. Ասում են, որ ստիպված եք եղել հեռանալ համալսարանից, քանի որ լարվածություններ եք ունեցել:

Անսելմ. Գնալով անտանելի եմ դարձել: Հավանաբար պետք է ապրեի ինկվիզիցիայի դարաշրջանում: Երբ որևէ մեկն այլ տեսակետ է արտահայտում՝ աչքերիս առաջ ասես քարե կուռք տեսնելիս լինեմ՝ գազանաբարո: Ով աչք ունի, դրա ետևում տեսնում է խեղդվողների անպատկառ վճռականությունը, ովքեր իրար հետ պայքարում են նավակում տեղ ունենալու համար:

Մարիա. Բայց չէ՞ որ մարդիկ պե՛տք է որ տարբեր կարծիքներ ունենան:

Անսելմ. Գուցե անկարող եմ դա հասկանալ: Ա՜խ, Մարիա, երկուսս էլ գուցե շատ խելապակաս ենք նրա համեմատ: Ես պետք է զգամ, որ ինչ-որ մեկի համար  ամենակարևորն եմ, ամենանշանակալին: Այլապես ինձ մերժված եմ զգում: Թոմասն ընդունակ է յոլա գնալ առանց մարդկանց, սակայն ինքներդ էլ համոզված եք, թե որքան հրեշավոր է դա:

Մարիա. Մասամբ իրավացի եք: Թոմասի մեջ անմարդկային ինչ-որ բան կա, այդ մասին նրան հաճախ եմ ասել:

Անսելմ. պինդ բռնելով ասվածից. Նա բոլորին թերագնահատում է: Եվ հավատում է միայն բարձրացված քարի ուժին, քանի որ հենց այդպիսին է նրա բանականության ուժը: Այդ բանականությունը, որ իշխում է այսօր աշխարհում: Ուժերը, որ գործում են մարդկային կերպարանքների միջև, ծիծեռնակների միջև աշնանը, անբացատրելի ուժերը, ուժերը ջերմության, շառագունանքի, անգամ ախոռում կապված ձիերի միջև գործող բարյացակամ կամ թշնամական համագոյակցության ուժերը, նրան ևս պետք է որ ծանոթ լինեն…, ծաղրական – օ՜, հաստատ պետք է ծանոթ լինեն նրան: Սակայն ճշմարտությունները, որոնք հնարավոր է ճանաչել միայն հոգեկան ցնցումների պահին և որոնք հուրհրատում են կայծերի պես երկու մարդկանց միջև, դրանց նա չի հավատում:

Մարիա. Ես հրաշալի հասկանում եմ, թե ինչ եք մտածում: Բայց Ձեր ասածի մեջ նաև ինչ-որ բան կա թաքնված, որ անմիջապես ցնդում-անէանում է, երբ ուզում ես  բառացի իմաստով հասկանալ: Անիրական մի բան: Ինչ-որ անհավատալի մի բան:

Անսելմ. Ձեր մեջ են այդ երանելի ուժերը լիուլի առկա: Ձեր մարմնի յուրաքանչյուր շարժումը նրանցից է մղում ստանում և նրանցով է լուսաճառագում: Առանց չափազանցության ասեմ, Մարիա, երբեմն այնքան լեցուն եմ դրանցով, որ մեջս վախ եմ զգում, թե իմ անդամներն ու դիմագծերը կարող են ակամայից ընդօրինակել Ձեր շարժումները, ինչպես բույսերը՝ հոսող ջրի ափեզերքին տնկված:

Մարիա. Չափազանցությունների գիրկն եք ընկնում…

Անսելմ. Դա բնական երևույթ է: Մարդկային բուն էությանը ներհատուկ… Մի՛ք թերագնահատի Ձեզ: Գիտեք, որ բանականությամբ ոչինչ չես կարող հասկանալ, անգամ քո առջև ընկած քարը, այնինչ սիրո միջոցով կարող ես ամեն ինչ հասկանալ: Անանուն մերձակցության և հարազատության հոգեվիճակում: Ընդսմին՝ տղամարդ-կին կոչված հարաբերությունն այստեղ ընդամենը չափազանցված մասնավոր դեպք է:  Սակայն Թոմասը նպաստել է, որպեսզի մոռանաք դա: Խոստովանե՛ք, որ նա ճնշում է Ձեզ՝ գիտակցությունը կորցնելու աստիճան: Ի՜նչ են այլապես նշանակում Ձեզ համար նրա հասկացություններն ու խորհրդածությունները:

Մարիա. Օ՜, դա միշտ էլ գրավիչ է ու օգտաշահ…

Անսելմ. Օ՜, իսկապե՞ս: Բայց Դուք շատ ավելի խորը կապվածություն ունեք մարդկանց և իրերի հետ: Ես հո գիտե՞մ, թե ինչպիսին էիք:

Մարիա. Դրանք պատանեկան հիմարություններ էին:

Անսելմ. Թոմասը տանել չէր կարողանում Ձեր միջի այդ ուժերը, նա ընդհանրապես իր ուժերից բացի ուրիշ որևէ մեկը չի հանդուրժում: Հիմա դրանք պակասում են իրեն: Հենց դա՛ է նրա չարաղետ ողբերգությունը: Ես գիտեմ, որ ինքն էլ շատ լավ գիտի այդ մասին:

Մարիա. Բայց ի՞նչ է Ձեր ուզածն ընդհանրապես:

Անսելմ. Իսկ ինչ կլինի, եթե Դուք և Ռեգինեն մեկնեք ինձ հետ:

Մարիա. Բայց ինչու՞, ո՞րն է նպատակը:

Անսելմ. Թաքուն: Նման անսպասելի հարվածը միակ բանն է, որ կարող է ցնցել նրան և սթափեցնել: Այլապես ինքն իրեն կխորտակի:

Մարիա. Բայց ի՞նչ կասի Ռեգինեն: Նրա ցանկությունն է, որ ամեն ինչ հնարավորինս արագ հարթվի, և դուք ամուսնանաք:

Անսելմ. Մարիա, նա բոլորովին էլ դեմ չի լինի… ստիպված եմ մի գաղտնիք էլ բացել.  Ռեգինեին երբեք ավելին չեմ խոստացել, քան բարեկամությունն է:

Մարիա. Ուրեմն էլ ի՞նչ իմաստ ունի այս ամենը… Որևէ մեկ ուրիշի մասին երբևէ խոսք եղե՞լ է:

Անսելմ. Ես նրան օգնել էի ուզում… Գիտե՞ք, ինչու է Յոզեֆն ինձ խաբեբա անվանում: Որովհետև չի հասկանում, որ Ռեգինային հեռացնելով իրենից՝ Ռեգինեին նեղ և առօրեական իմաստով չեմ սիրում:

Մարիա. Բայց չէ՞ որ նա այդպես էլ ասում է. Պոտիֆա՛ր ներքինի:

Անսելմ. Քանի որ ինչ-որ ձևով գլխի է ընկել: Բայց ես պարզապես ցանկանում էի Ռեգինեին վերստին ապրել սովորեցնել, նրա մեջ զգացմունքներ արթնացնել, ծանրաքարեր դնել նրա վրա, որպեսզի դուրս քաշեմ ուրվականակերպ դատարկությունից, որ պարուրել էր նրան:

Մարիա. Եվ սակայն, Յոհաննեսի հետ այդ պատմությունը չէ՞ որ զտագույն մտացածին մղձավանջ է:

Անսելմ. Դրա համար էլ Թոմասը ևս ինձ խաբեբա է անվանում: Դա էլ ստիպված եմ խոստովանել Ձեզ: Ես հանդուրժում էի դա, որպեսզի պաշտպանվեմ: Ռեգինեն հակված էր ինձ սխալ հասկանալ. նա այդ ծայրահեղ աստիճանին էր հասել: Բայց ես սարսափում էի, որ մարդկային կապերը վերստին այդ դողէրոցքին են վերածվելու. ուստի ստիպված էի Յոհաննեսին շեղելու նպատակով օգտագործել: Ինչպիսին էլ նա լիներ, նա բնավ ես չէի…

Մարիա. Սարսափելի է, թե ինչե՜ր են Ձեր գլխով անցել:

Անսելմ. Թերևս իմ թուլության բերումով: Այդ պատմությունն ինձնից առաջ է սկսվել. Ռեգինեն այդ հանգուցյալին ասես կենդանի պահապան հրեշտակի պես էր վարվում: Բայց հանգուցյալ Յոհաննեսը նրան ոչ մի բանից չպաշտպանեց, ո՛չ մի բանից… Ընսդմին՝ Ռեգինեն մի մարդ է, ով իսկական կապեր չունի մյուս մարդկանց հետ: Նրա զգացմունքները նստած են նրա գլխում, ինչպես Թոմասի դեպքն է: Նման մարդիկ մշտապես ծայրահեղությունների գիրկն են ընկնում: Այն ժամանակ ինձ թերևս գրավեց նաև այդ հորինովի ստի խղճուկ անօգությունը: Բայց հենց այն է՝ ցանկանում էի կամաց-կամաց ետ պահել Ռեգինեին այդ ափիոնային կախվածությունից, հայտնվեց Թոմասը և ամեն ինչ խառնեց: Ամուսնությունը, Յոզեֆին գրած նամակը, խուզարկուն. հիմա Դուք կարող եք երևակայել, թե ինչ ավերածություններ է նա գործել:

Մարիա. Առայժմ Ձեզ հետ այնքան էլ համաձայն չեմ, Անսելմ, սակայն հիմա սկսում եմ ինչ-որ բաներ գլխի ընկնել այն ամենից, որ մինչ այդ չէի հասկանում:

Անսելմ. Թոմասն այս ողջ պատմության մեջ ամենաանողորմ դատողական մարդն է, ինչի դեմ պայքարում է Յոզեֆի առնչությամբ, հենց մի՛միայն Յոզեֆի պարագայում:

Մարիա. Իսկապես, այնքան էլ անիրավացի չեք, ինչ-որ տեղ իրավացի եք… Նրան մի լավ ցնցել է պետք, որպեսզի ետ վերադարձնես: Դուք իսկապե՞ս եղել եք վանքում:

Անսելմ. Ինչու՞ ես հարցնում: Ես եղել եմ այնտեղ, այո՛:

Մարիա. Որովհետև ինձ պետք է ճշմարտությունն ասեք: Ես գետինը կմտնեմ, եթե հիմա մեր միջև ճշմարտությունը չգերիշխի:

Անսելմ. Ցանկության դեպքում անգամ չէի կարող ստել. սա իբրև խոստովանություն ընդունեք:

Մարիա. Բայց, ամեն դեպքում, անպայման պե՛տք է խոսեք նրա հետ:

Անսելմ. Ես չեմ կարող: Ես կարող եմ ընդառաջ գնալ ըմբռնողության ծարավ մեկին, սակայն Թոմասի հետ խոսել չեմ կարող: Գուցե ինքներդ էլ իրազեկե՞ք: Վերապատմե՞ք նրան այս խոսակցությունը… Կամ գուցե Ձեր բերանից ելնող և նրա ականջին հասնող բառերն այդ ընթացքում կորցնու՞մ են իրենց ուժը… Պե՛տք է այստեղից հեռանաք թաքուն ու անակնկալ: Նա կփնտրի Ձեզ: Տեղը, որ Ձեզ է հատկացրել իր որոշմամբ, կդատարկվի: Դուք կմնաք ինքնակա: Դա միակ բանն է, որ կստիպի նրան խելքի գալ:

Մարիա. Գիտե՞ք, որ Ձեզ վատահամբավ մարդ դառնալու վտանգ է սպառնում: Դուք ինչ-որ լավ բան եք ցանկանում, սակայն տարակույս չունեք միջոցների ընտրության հարցում:

Անսելմ. Սակայն ի՞նչ ասել է միջոցների ընտրություն… երբ արդեն զգում եմ, որ Ձեր ներսի ուժերին ապավինելով, ճիշտ որոշում կընդունեք: Միջոցների ընտրություն ասածը նույնն է, թե ատրճանակով արևի վրա կրակել: Ա՜խ, Մարիա, ես ավելին եմ, քան վատ մարդը. գիտնական, ով կորցրել է գիտականությունը, և մի մարդ, ով դարձյալ ու կրկին սխալվել է միջոցների ընտրության մեջ: Միայն Դուք կարող եք մեզ օգնել:

Մարիա. Այդ մասին անպայման դեռ կխոսենք: Նաև Ռեգինեի մասին: Սակայն խոստանու՞մ եք, որ կխոսեք Թոմասի հետ: Այստեղ Անսելմը լռում է: Օ՜ այո, Դուք խոստանում եք… Դե ուրեմն, եկեք հենց հիմա այգի ելնենք: Անսելմը դեպի մեկ ուրիշ դուռ է շրջվում: Ո՛չ, ո՛չ այդ կողմ – Մատնացույց է անում ննջասենյակի դուռը:– Մենք ավելի քան մոտ ենք: Միայն պետք է աչքերը փակեք, այստեղ ամեն ինչ խառնիխուռն է, թափթփված: Կարծում եմ, անկեղծորեն խոսելով, կարող ենք իսկապես օգնել Թոմասին:

Անսելմ. զուսպ կատաղությամբ ու չարությամբ. Ա՜խ, ես կնախընտրեի, որ պատուհանով դուրս մագլցեիք: Չե՞ք ուզում դուրս ելնել: Ստիպված կլինեք կքել, գունդուկծիկ գալ և կիսաշրջազգեստի փեշերն հավաքել, անհասկանալի մի բան կլինեք, ինչպես դժբախտ պատահարի դեպքում… Բայց շատ գեղեցիկ եք, որպեսզի Ձեզ վտանգի ենթարկեք:

Մարիա. Բայց հիմա նորի՞ց ինչ-որ բան եք հնարաստեղծում:

Անսելմ. Որովհետև այստեղ տարիներով քնած եք մնացել:

Մարիա. Անմտություն… Փակե՛ք աչքերը: Տվե՛ք Ձեր ձեռքը… Դուրս են ելնում: Բեմը մի պահ մնում է դատարկ:

Ռեգինե. մտնելով. Եթե իսկապես այդպես եք կարծում, ուրեմն գնանք: Այստեղ մեզ ոչ ոք չի խանգարի:

Տիկին Մերթենս. Ես գիտեմ, որ Ձեզ համար անհնարին բան է օտար տղամարդու հավատ ընծայելը: Ո՞վ կարող է Ձեզ ինձանից ավելի լավ հասկանալ… Ես գիտեմ, թե ինչ ասել է ինքդ քո մեջ ներփակվելը, իմ նուրբս, սրբուհիս…

Ռեգինե. Թոմասը կարծես ինչ-որ խուզարկուի մասի՞ն էր խոսում: Դա ինձ դուր չի գալիս:

Տիկին Մերթենս. Անշուշտ, դոկտոր Թոմասի հորինած անհեթեթությունն է. նրա հերթական սառը գաղափարներից մեկը: Դուք տեսնու՞մ եք…

Ռեգինե. Փաստահավաքչություն… Հետաքննում… Ինչի՞ ես դրանով ուզում հասնել: Կատարյալ ապուշություն:

Տիկին Մերթենս. Գուցե այդ մարդը կարող է օգտակար լինել Ձեզ. նա թախանձագինս Ձեզ էր պահանջում: Ինչ-որ նշաններ է անում դռնից այն կողմ կանգնած մեկին: Ու չնայած արտաքուստ սովորական մեկն է, սակայն դեմքով բավական համակրելի է: Ձեզ մենակ եմ թողնում: Ներս է թողնում Շտադերին և հեռանում է: Շտադերը ներս է մտնում՝ բոլոր օրգաններով տնտղելով տեղանքը: Մի ժամանակ նա գեղեցիկ պատանի էր, հիմա գործունյա տղամարդ է: Նրա խիստ հագուկապը նման է բարեկեցիկ գիտնականի հագուստին, սակայն արվեստագետին հարիր հավելյալ մի փոքրիկ սև փողկապով: Մտնելիս դեմքին խոժոռ ծերունական արտահայտություն է տալիս և ուղղում է մեծադիր կապույտ ակնոցը, որ ասես հենց նոր էր դրել:

Ռեգինե. Ձեզ ուղարկել են… գրասենյակի՞ց: Խնդրում եմ նստեք:

Նստում են: Շտադերն հապաղում է, հազում: Քանի որ չի հաջողվում Ռեգինեի ուշադրությունը ցանկալի ուղղությամբ ուղղորդել, հանում է ակնոցը և դեմքի բնական արտահայտություն է ընդունում:

Շտադեր. Բայցևայնպես, իրենց դարն ապրած այս հնաոճ միջոցներն առաջվա պես ազդեցիկ են: Օրինակ՝ դնում ես ակնոցը, դեմքի արտահայտության փոխելու մի փոքր վարպետություն, և դա արդեն բավական է պարզ իրավիճակներում… Ուրեմն չճանաչեցիք ինձ:

Ռեգինե. Ինչ-որ բան կարծես չե՞մ հասկանում… Ակնդետ զննում է նրան, Շտադերի ժպիտն աստիճանաբար տարածվում է դեմքով մեկ: Ի՞նչ նկատի ունեք:

Շտադեր. Ի՞նչ է, չե՞ք հիշում:

Ռեգինե. Օ՜… ոչ: Ախ հա՜… Մեզ մոտ սպասավո՞ր էիք աշխատում:

Շտադեր. Դե հա, ճիշտ այդպես, ես սպասավոր էի… Շտադերը, Ֆերդինանդ Շտադեր… Ֆերդինա՛նդը… Բայց արդեն այն ժամանակ էլ, գործից դուրս ուրիշ մի բան էի, երգիչ և բանաստեղծ:

Ռեգինե. Հիշում եմ: Գիշերները փոքրիկ պանդոկներում էիք երգում, չնայած ես դեմ էի: Եվ դա ինձ դուր էր գալիս:

Շտադեր. Որքա՜ն անգամներ եք օդային համբույրներ շռայլել իմ հասցեին՝ ասելով, ա՜յ դու…

Ռեգինե. Կխնդրեի խուսանավել անբարեվայելուչ պահվածքից…

Շտադեր. Անբարեվայելու՞չ: Ատամներով և բոլոր տաս մատներով խառնշտորում էիք իմ վարսերն ու մրմնջում. Ա՜յ դու… ա՜յ դու… Տե՛ր Աստված, մինչև այստեղ շատ լավ եք հիշում, բայց մնացածը հանկարծ մոռացե՞լ եք… Դե այն, որ ասում էիք՝ հանճ… հանճ…

Ռեգինե. Ա՜յ դու – էնժենյու՝ պարզ հոգի: Աստվա՛ծ իմ… Դեմքը ծածկում է ձեռքերով: Ինչպիսի՜ ամոթ, այսօրվա պես եմ հիշում, ինչպե՜ս չէ…

Շտադեր. Հանգստացե՛ք: Դուք չափազանց անարդար վարվեցիք ինձ հետ, երբ թեթև ձեռքով… դե հա՛, ինչպես ասեմ, դուրս շպրտեցիք: Ես չէի կարող պատկերացնել, որ ազնվական տիկինը կարող է այդպիսին լինել: Բայց Ձեր հանդեպ ոխ չեմ պահել: Քանզի դրանով իսկ ինձ ճշմարիտ ճանապարհի դրեցիք: Եվ միայն ճշմարտությանն եմ պարտական իմ վերելքի համար… Դուք իմ հարցում բնավ չեք սխալվել և Ձեր խոսքը, որ ես հանճարեղ եմ, ուղեկցել է ինձ և ուժ տվել: Եվ այլևս անօգուտ է խոսքն այդ ետ վերցնելու Ձեր այսօրվա փորձը: Ես երբեք պարզ սպասավոր չեմ եղել, այն օրվանից հետո պարզապես դեն նետեցի այն: Ինչե՜ր ասես, որ չեմ արել. աշխատել եմ փորձնակ-երգուսույց, սրահի դաշնակահար, պարապող ուսուցիչ, լուսանկարիչ, նույնիսկ շուն վարժեցնող: Ես բազմակողմանի շնորհաշատ մարդ էի՝ մինչև կհայտնագործեի իմ մասնագիտական կոչվածությունը: Եվ պետք է ասեմ, որ դրա համար՝ բացի հետազոտողական խելքից, անհրաժեշտ է նաև մի փոքր արվեստագիտական ավյուն. այսօր սեփականատերն եմ մեր ժամանակների ամենախոշոր հետազոտական ինստիտուտի:

Ռեգինե. Հետազոտակա՞ն:

Շտադեր. Հետախուզակա՛ն ինստիտուտի:

Ռեգինե. Դուք փո՞ղ եք ուզում… Իսկ ինչքա՞ն: Ես փող ընդհանրապես չունեմ:

Շտադեր. պատվարժանությամբ. Խնդրու՛մ եմ, համարեք ինձ Ձեր հանդեպ միանգամայն ասպետական վերաբերմունք տածող մեկը… Ձեզնից ընդամենը մի բարեհաճություն կկամենայի: Բարեհաճ նրբավարությամբ ուղղելով դիմացինի մոլորությունը: Ո՛չ, ո՛չ, խոսքը դրան չի վերաբերում, ամենևին: Բայց Դուք բոլորովին չեք փոխվել: Իմ ինստիտուտը նորագույն ժամանակների ամենախոշոր հետազոտական հաստատությունն է: Նյուտոն, Գալիլեյ & Շտադեր: Առաջներում այն գուցե կանվանեին Արգուս, սակայն, քանի որ ես ամեն ինչ քաջ գիտեմ, ինչի համար երախտապարտ եմ նորագույն գիտությանը, նրա զույգ հիմնադիրների անունները ներառեցի ընկերության անվան մեջ:

Ռեգինե. իր տեղը չգտնելով՝ շփոթահար. Դե ուրեմն, կնշանակի Դուք այն խուզարկուն եք, ում մասին ասում էր իմ զարմիկ Թո՞մասը:

Շտադեր. Ձեր ի՞նչը… Ո՞վ է Թոմասը…

Ռեգինե. Իմ զարմիկ դոկտոր Թոմասը: Չէ՞ որ հիմա նրա տանն եք գտնվում… Նա ասում էր, որ ուզում էր խուզարկուի հրավիրել տուն:

Շտադեր. շատ անհանգստացած. Նորին գերազանցություն Ձեր ամուսնու և ոմն դոկտոր Անսելմ Մոռնասի գործո՞վ:

Ռեգինե. Հավանաբար այո:

Շտադեր. արտակարգ հուզվածությամբ. Նա խուզարկու՞ ունի … Եվ դա ե՛ս չեմ… Ես ոչնչացված եմ, սա վերջն է…

Ռեգինե. Բայց ես վստահ չեմ, թե արդեն պայմանավորվել է ինչ-որ մեկի հետ:

Շտադեր. Ուրեմն դեռ հստա՞կ չէ… Դուք պետք է անմիջապես ինձ հանդիպացնեք նրա հետ: Ես Նորին Գերազանցության խուզարկուն եմ, բայց պատրաստ եմ վաճառելու իմ բոլոր գաղտնիքները, անգամ դրանք նրան նվիրել, միայն թե նա լսի ինձ… Խնդրում-պաղատում եմ Ձեզ, ինձ անմիջապես ներկայացրեք նրան, աղաչում եմ…

Ռեգինե. Բայց դա անհնար է:

Շտադեր. Անհնա՞ր: Դուք կարծում եք, քանի որ… Եղածն եղած է: Տղամարդիկ շատ ավելի կարևոր հետաքրքրություններ ունեն: Ուշադիր լսեք. իմ ինստիտուտն աշխատում է նորագույն գիտական միջոցներով ու մեթոդաբանություններով: Գրաֆոլոգիա, պաթոգրաֆիա, ժառանգականություն, հավանականության տեսություն, վիճակագրություն, հոգեվերլուծության ուսմունք, փորձարարական հոգեբանություն և այլն և այլն: Մենք հետազոտում և հայտնաբերում ենք հանցագործության գիտական տարրերը, քանի որ ամենը, ինչ տեղի է ունենում երկրիս երեսին, համաձայն որոշակի օրենքների է կատարվում: Ենթակա է հավերժական օրենքներին… Նրանց վրա է խարսխված իմ ինստիտուտի բարի համբավը: Անհամար երիտասարդ գիտնականներ և ուսանողներ են իրենց ծառայությունը բերում իմ ինստիտուտին: Ես հարցեր չեմ տալիս այս կամ այն դեպքի անհեթեթ մանրամասների վերաբերյալ. բավական է ունենամ տվյալ մարդու վերաբերյալ պաշտոնական տեղեկատվությունը և արդեն գիտեմ, թե նա ինչպե՛ս պետք է վարվեր առկա հանգամանքներում: Հասկանու՞մ եք: Ժամանակակից գիտությունն ու հետախուզագիտությունը ավելի ու ավելի են նեղացնում պատահականության, կարգազանցության, իբրև թե անհատականի ոլորտը: Գոյություն չունի պատահականություն: Գոյություն չունեն փաստեր: Միանշանակ: Կան միայն գիտական փոխկապակցություններ: Ահա՛ թե ինչ է ստացվել Ձեր այդ «փոքրիկ նեապոլիտանացուց», Ձեր «փողոցային երգչից»… Նորին Գերազանցությունը, Ձեր ամուսինը, պատիվ է արել մեզ, մի ինստիտուտի, որը մեծագույն համբավ է վայելում մասնագետների շրջանում, առաջարկելով մեզ հետամտելու իր հանձնարարությունը: Եվ ես մեծագույն պարտք համարեցի բավարարելու այդպիսի բարձրաստիճան գիտնական անձնավորության հանձնարարությունը: Ահա՛ խնդրեմ գրավոր հաշվետվությունը: Հպարտորեն ցուցադրում է հաստ թղթապանակը, որը ձեռքից ցած չի դնում:

Ռեգինե. Հաշվետվությու՞նը: Ուզում եք ասե՞լ, որ… Ու՞մ վերաբերյալ…

Շտադեր. Վերը թվարկված գերժամանակակից միջոցներից բացի՝ մենք գործադրում ենք նաև լրտեսումներ, կաշառք, կանանց, ալկոհոլ, իրազեկողներ, ապացույցների կորզում, կարճ ասած՝ դետեկտիվագիտության, այսպես կոչված, դասական միջոցները: Ուզում եք նայե՞լ: Բացում է թղթապանակը: Ահա, օրինակ, փոստային քարտը, որ դոկտոր Անսելմ Մոռնասն ուղարկել է իր դերձակին, և խոսքն այստեղ ձմեռային հագուստի պատվերի մասին է: Ուշադրություն դարձրեք, որ փոստային քարտը գրված պետք է լինի օգոստոսին: Դա հաստատվում է փոստային կնիքի ամսաթվով և այն հանգամանքով, որ այստեղ գործ ունենք զտագույնս և այսպես կոչված նպատակային կողմնորոշման հետ, ընդսմին՝ դերձակին մոլորության մեջ գցելու համար որևէ իմաստ չկա:

Ռեգինե. վրդովված. Չեմ հասկանում, ինչպիսի հետևության կարելի է հանգել դրանից:

Շտադեր. Օ՜… Ձմեռային հագուստի պատվերն օգոստոս ամսին շատ բան կարող է նշանակել, հեռատեսություն, խնայողականություն, քանի որ ամռանը ձմեռային հագուստի կտորեղենն էժան է, շքեղության չհակվածություն, քանի որ ձմեռային կտորեղենի նոր տեսականին դեռևս վաճառասրահներ չի հասել, չորրորդ, գաղտնի նպատակ: Մանրախնդիր, նախատեսող մարդ նրան չես ասի, խնայողական՝ նույնպես չես ասի, այնպես չէ, որ շքեղությունից հեռու է նա, ի՞նչ է մնում ուրեմն: Գաղտնիքը: Եվ ահա՛ ամբողջական մարդը Ձեր աչքի առաջ է…  Բովանդակության վերլուծությունը համադրվում է ձեռագրի վերլուծության հետ: Ապա մի նայե՛ք դեպի առաջ ձգված այս կեռիկին. սա արկածախնդրության նշան է: Այս ցած սեղմված ու-ն՝ ծածուկ կրքերի: Օ՜, որպիսի հաճույք է առջևումդ փռած տեսնել մարդկային թաքուցյալ էությունը… Նայե՛ք այստեղ… Տեսնու՞մ եք այս կրկնակ գիծը. սա ինքնասպանության միտք է…  Եվ մեջտեղներում՝ ասես իրար վրա լցված տառերը. թափառաշրջության հակում:  Սա ձեռագիրն է մի մարդու, ով երբեմն անհետանում է և լուր է տարածում, որ որոշել է մահանալ: Էլ չեմ խոսում այն մասին, որ գումար բառն այնպես է գրում, որ կարելի է նաև իբրև խաբկանք կարդալ, ես առանց այդ էլ գիտեմ, որ նրա մեջ արթուն է ապրելու տենչը. այս ուղղաձիգ բարձրացող մազագծերը… Նա, ընդհանուր առմամբ, այն զգացողությունն ունի, որ չի կարող ապրել առանց այն անձնավորության, ում հետ այս հանդերձանքով հանդիպելու է ձմռանը:

Ռեգինե. Ուրեմն նա պետք է ճանաչի՞ այդ անձնավորությանը:

Շտադեր.Այդ Դուք էիք:

Ռեգինե. Բայց որտեղի՞ց գիտեք այդ մասին:

Շտադեր. Որպես Նորին Գերազանցության հանձնակատար պարտավոր եմ իմանալ, թե երբ է դոկտոր Անսելմն առաջին անգամ հայտնվել տանը: Նայում է ձեռքի ժամացույցին: Բայց քիչ ժամանակ ունեմ, խնդրեմ՝ նայեք վերջին փաստաթղթին ևս:

Ռեգինե. Բայց սա ի՛մ ձեռագիրն է:

Շտադեր. Դե իհարկե: Ժամանակին այն իբրև հուշ էի պահ տվել. Ձեր ծախսերի մատյանն է:

Ռեգինե. Եվ ի՞նչ եք տեսնում այնտեղ:

Շտադեր. Այն անձամբ եմ հետազոտել: Տվյալ դեպքում պետք է ասեմ, որ գիտական վերլուծությունն ավելին չասաց և ընդամենը հաստատեց այն, ինչը ես նախապես գիտեի: Թերթելով մատյանը: Անսիրտ: Երկար քնող: Խելացնոր մեկը: Կարճ՝ հանգիստ, վաղօրոք նախապատրաստած հաղթականությամբ: Գիտական տեսակետից՝ բնավ ո՛չ լիարժեք անձնավորություն: Ու նաև… վերջապես գտնելով փնտրած տեղը, այն զգուշորեն ցույց է տալիս Ռեգինեին, բայց այնպես, որ վերջինս չկարողանա իր ձեռքից խլել գրանցամատյանը: Իսկ այստեղ գրված է՝ «Ֆերդինանդ» և կողքին՝ «միջակետ. փոքրիկ նեապոլիտանցի»: Կամ ահա՛. «Յոհաննես, ե՞րբ ես դու վերադառնալու»…

Ռեգինե. Վերադարձրե՛ք ինձ:

Շտադեր. Ո՛չ մի դեպքում: Բարեկամաբար. Ի դեպ, ասացեք խնդրեմ, քիչ առաջ մի բան լսեցի, չէի ասի, թե հատուկ նպատակադրմամբ, սակայն տիկինը, որ Ձեր հետ էր, բացականչեց «սրբուհի»: Ի՞նչ է, մինչև հիմա իսկապե՞ս նույն գործին եք մնացել: Ժամանակին չէ՞ որ պատմում էիք, որ իմ հանդեպ Ձեր սերն ըստ էության վերաբերում էր լուսահոգի պարոն Յոհաննեսին, իսկ ինձ հատկացնում էիք լոկ  տեղապահի կարգավիճակով: Դա իմ վրա այն ժամանակ ցնցող տպավորություն էր գործում: Ես միամիտի մեկն էի – ներեցե՛ք, որ ծիծաղելով եմ ասում. Դուք այդ ամենը պատմում էիք ինձ՝ ապագա Նյուտոն &Շտադերիս — և ես հավատում էի Ձեզ: Սակայն հորինվածքն այդ շատ գեղեցիկ էր, ինչն էլ հետագայում ինձ հոգեբան դարձրեց: Միայն թե՝ նման տարօրինակությունները ոչ բոլորին կարող են հասկանալի լինել: Իսկ երբ դրանք կրկնում ես շատ հաճախ և շատուշատ անարժան մարդիկ են գործին խառնվում, ապա Ձեզ լրջագույն տհաճություններ են սպասում… Գիտե՞ք, որ Ձեր ներկայիս փեսացուն ամուսնացած է և չի ցանկանում ամուսնալուծվել կնոջից, որպեսզի ստիպված չլինի ամուսնանալ Ձեզ հետ:

Ռեգինե. այս ընթացքում ինքզինքը հավաքելով. Այո՛, գիտեմ:

Շտադեր. Դա պարզ դարձավ օրինական կնոջը գրած նամակի վերլուծությունից, որի մեջ ամեն ինչ պարզ ու հստակ ասված է:

Ռեգինե. Ես կուզենայի տեսնել այդ նամակը, ցու՛յց տվեք:

Շտադեր. նամակը թաքցնելով թղթապանակի մեջ և այն խնամքով փակելով. Դուք կպատառոտե՛ք:

Ռեգինե. Ձեզ հանձնարարված է լրտեսե՞լ ինձ:

Շտադեր. Նորին Գերազանցություն պարոն պրոֆեսորը և ես, յուրաքանչյուրս իր ձևով, մեր հասունության շրջանից ի վեր ծառայում ենք ճշմարտությանը:

Ռեգինե. ոտքի կանգնելով. Դուք խաբեբա՛ եք… Եվ ոչինչ էլ չգիտեք: Ձեզ չեմ ճանաչում… դա կարող եմ ցանկացած ժամանակ երդումով հաստատել:

Շտադեր. Ամեն ինչ չէ, որ Ձեզ ցույց տվեցի, ուրիշ նյութեր էլ ունեմ. հո բան չե՞ք կորցրել:

Ռեգինե. Իսկ ի՞նչ պետք է կորցրած լինեմ:

Շտադեր. Օրինակ՝ նոթատե՞տր: Մի շատ փոքրիկ, դեղնավուն գրքույկ: Այնտեղ նկարագրել եք Ձեր կյանքի պատմությունը ու նաև դոկտոր Անսելմի կյանքը:

Ռեգինե. Բայց չէ՞ որ այն ինձ մոտ է…

Շտադեր. Բանն էլ հենց այն է, որ այլևս Ձեզ մոտ չէ:

Ռեգինե. Ճամպրուկի մեջ եմ դրել, հաստա՛տ հիշում եմ:

Շտադեր. Կարող է պատահել: Սակայն ոչ միայն պարզագույն էակների, այլև ամենաազնվազարմ հասարակական շրջաններում… Անգամ գիտական շրջանակներում գտնվում են անձինք… լա՛վ, չշարունակեմ: Ինչպես տեսնում եք, մենք ևս զուրկ չենք դյուրագրգռության նոպաներից: Ձեզնից նեղացած չեմ:

Ռեգինե. իր վճիռը կայացրած. Շա՛տ լավ, թողնենք դա…

Շտադեր. Ճշմարտությունը միշտ էլ հարձակումների թիրախ է դառնում, բայց այն վեր է դրանցից:

Ռեգինե. Եթե դա՛ է ճշմարտություն ասվածը, ապա սարսափելի աղտոտ մարդկային ծուղակ է: Նայում եմ Ձեզ, կարծես ուրվական լինեք այդտեղ կանգնած: Այդպես էլ կանգնած մնացեք նույն տեղում. ես կմտածեմ և կասեմ Ձեզ ճշգրիտ թիվը, կարող եք գործի նյութերին կցել: Ինչպե՞ս կարող եմ Ձեզ հասկացնել, որ այդ ամենը երբեք էլ ճշմարիտ չի եղել:

Շտադեր. դժգոհելով խոսակցության այս շրջադարձից. Դրա բացատրության կարիքը բնավ չունեք:

Ռեգինե. Բայց չէ՞ որ դա եղել է և ճշմարտություն է: Դուք չե՞ք հիշում… Մոռացե՞լ եք, թե ինչպես էի Ձեզ նվիրված, շան պես հավատարիմ:

Շտադեր. հանգստացնելով. Ամեն ինչ անցել-վերջացել է:

Ռեգինե. Այդպես հեշտ Ձեր գլուխը չեք պրծացնի… Ձեզ տեսել եմ նախկինում՝ ինչպիսին որ եղել եք, հետագայում էլ Ձեզ տեսել եմ, ո՛չ մի փոփոխություն. սակայն այդ ընթացքում անկարող էի զսպել Ձեր հանդեպ տածած արգահատանքս:

Շտադեր. Այո, այո, այո: Նման հանգամանքներում միշտ էլ այդօրինակ ինչ-ինչ բաներ ես լսում:

Ռեգինե. Բայց ես չեմ կարող մշտապես նվաստանալ Ձեր առաջ: Երբեմն, երբ մենակ եմ  սենյակում, անկարող եմ նայել սեփական զգեստապահարանիս: Երբեմն էլ նկատում եմ, թե ինչպես է այն փոխվում և դիմածռություններ անում: Այդժամ հարկ է անմիջապես բացեմ և պարունակությունը տնտղեմ: Այլապես նրա՛ն էլ կարող էի Յոհաննես կոչել:

Շտադեր. նախազգուշական հնչերանգով, բայց և իր ուզածին հասնելուն վճռականորեն տրամադրված. Կարող եմ միայն խորհուրդ տալ, վստահե՛ք զարմիկ պրոֆեսոր Թոմասին: Նա մի մարդ է, ում կարելի է միանգամայն վստահել: Ես տեղյակ եմ, որ մեծ համբավ է վայելում մասնագիտական շրջաններում: Սակայն, բացի այդ՝ ինչպիսի՜ դիտողականությամբ է օժտված մարդկանց հարցում… Գիտնական այրերի շրջանում դա հազվագյուտ երևույթ է: Հատկապես իմ մասնագիտության բերումով երբեմն ստիպված եմ լինում կռիվ տալ նրանց արհամարհական կեցվածքի հետ: Անշու՛շտ նրանք իրավացի չեն, քանի որ խուզարկուն մեր ժամանակեներում նույն բարձրության վրա է գտնվում, ինչ հետազոտողը: Թերևս  շատ ավելի բարձր, եթե հաշվի առնենք, որ նա մարդկանց է հետազոտում: Ամեն դեպքում այստեղ օժանդակության անհրաժեշտություն կա: Ոտքի է կանգնում: Ես պետք է գրավեմ նրան որևէ մեծազոր գաղափարով: Այն, որ ինձ հետ Ձեր շփումը Ձեր արժանապատվությունը վիրավորող, ժամանակ մսխելու պես մի բան չէ, դա փաստ է: Իմ միակ խնդրանքն է՝ պրոֆեսոր Թոմասի ուշադրությունը սրտագին ու նրբավար մի եղանակով իմ կողմը գրավել, որպես մի մարդու, ում հետ արժե մշտական կապի մեջ մնալ: Եթե դա գլուխ բերեք, ամեն ինչ կմնա խստիվ մեր երեքի մեջ:

Ռեգինե. Ես դա չեմ անի, դրա համար բավարար ուժ չունեմ:

Շտադեր. Ռեգինե, այդպես չի՛ կարելի… Այն ժամանակ ինձ հետ շատ վատ վարվեցիք, սակայն Ձեր կողմից ինձ հատկացված աշխատանքից ազատման վարձավճարով իմ ինստիտուտը հիմնեցի: Ես Ձեր լա՛վն եմ ցանկանում: Բայց այն պահից ի վեր, երբ լսեցի պրոֆեսոր Թոմասի մասին, հանգիստ չեմ գտնում: Ես ամեն ինչի ընդունակ եմ: Իմ մեջ խլրտում է արվեստագետի տաքարյուն բնավորությունը:  Առանց դրա այսքան մեծ առաջխաղացում չէի ունենա այս մասնագիտության ոլորտում: Ազնվամի՛տ եղեք, խնդրում եմ…

Ռեգինե. Ես չեմ ուզում:

Շտադեր. Բայց չէ՞ որ կարող եմ Ձեզ մեծ վնասներ պատճառել…

Ռեգինե. Արե՛ք, ինչ ուզում եք: Դուք գիտե՛ք ինձ, գիտեք, թե ինչպիսին եմ իրականում: Ես Ձեր ձեռքում եմ: Արդ, ուզում եմ, որ այդ թղթապանակը հանձնեք Նորին Գերազանցությանը:

Շտադեր. Այո, բայց արդյո՞ք ամոթի զգացում չունեք: Այս ամենը մանրամասն քննության կառնվի դատարանի կողմից: Դուք պե՛տք է որ պատկառանքի նշույլ ունենաք, հո թույլ չե՛ք տա Ձեզ բացեիբաց վարկաբեկել… Ի՞նչ է, վա՞խ էլ չունեք:

Ռեգինե. Լսե՛ք ինձ, «Ֆերդինա՛նդ». մարդ կարող է ներքուստ սուրբ լինել՝ ինչպես արևի աստծո նժույգները, և արտաքուստ լինել այն, ինչ առկա է Ձեր գործի վարույթում: Դա մի գաղտնիք է, որ Ձեր ինստիտուտը երբեք չի կարող բացահայտել: Մարդս որևէ արարք է գործում և դա կարող է բնավ չհամընկնել իր իսկ արտաքին նշանակության հետ: Սակայն ժամանակի ընթացքում արարմունքը ներքուստ ցնդում է ասես և մնում է լոկ արտաքինը: Եվ այլևս ուժ չի մնում վերափոխել այն…

Շտադեր. Ես կարող եմ երդվելու պես խոստովանեմ, որ միշտ էլ իրատես մարդու տպավորություն եք թողել:

Ռեգինե. Այո՞: Դուք իրավացի եք: Հենց դա՛ էլ ամենազազրելին է: Բայց Դուք պետք է հեռանաք, չենք կարող այստեղ երկար մնալ:

Շտադեր. Այո, իրոք որ շտապեմ պիտի, թե չէ գնացքից կուշանամ: Մի վերջին փորձ ձեռնարկելով: Պրոֆեսոր Թոմասին վտանգ է սպառնում: Մութ ամպեր են կախված նրա գլխավերևում: Դուք տեղյակ չեք, թե ինչ է գրված նամակում, որը քիչ առաջ տեսաք. Անսելմն այստեղ է ո՛չ հանուն Ձեզ, այլ որպեսզի առևանգի իր ընկերոջ կնոջը:

Ռեգինե. Ահա՜ թե ինչ: Անցեք այս կողմ: Կշրջանցեք դուռը, որ լողասենյակ է տանում, հետո միջանցքով կգնաք և մի քանի աստիճան դեպի ցած… Ավելի լավ է Ձեզ ուղեկցեմ: Առաջ է ընկնում:

Շտադեր. ննջասենյակի շեմին. Ես հիմա գնում են Նորին Գերազանցության մոտ: Եվ  թղթապանակը կհանձնեմ նրան: Սակայն մինչև Նորին գերազանցությանն հանձնելը, ինձ դեռ հնարավոր կլինի բռնացնել կայարանում: Գուցե նաև՝ դրանից հետո էլ: Այսպիսի բաներ… Տղամարդկային տրամաբանության տեսակետից կարծում էի, որ ամեն ինչ կանեք, որպեսզի ստանաք թղթապանակը: Հեռանում է:

Բեմը միառժամանակ մնում է դատարկ, ապա մյուս դռնից ներս է մտնում Անսելմը: Ուշադիր զննում է շուրջբոլորը, արագ մոտենում է ննջասենյակի դռանը և, հենվելով շրջանակին, խորասուզվում է հայեցողությունների գիրկը: Երանավետ դեմքի արտահայտությամբ: Հանկարծակի ետ է ցատկում՝ չթուլատրված արարք գործելիս բռնվածի պես և ջանում է տիրապետել իրեն: Ռեգինեն վերադառնում է ննջասենյակի միջով, և հայտնվում է նրա դեմ հանդիման:

Անսելմ. Դու սենյակու՞մ էիր:

Ռեգինե. Ո՛չ, դրսից եկա, բայց ինձ անմիջապես չնկատեցիր:

Անսելմ. Օ՜ այո, ես փնտրում էի քեզ: Մարիային մենակ թողեցի, բայց քեզ ոչ մի տեղ չկարողացա գտնել:

Ռեգինե. Դա ճիշտ չէ:

Անսելմ. զարմացած նրան է նայում, ապա հանգիստ ասում է. Մարիա՞ն: Ինչե՜ր ես հնարում… Նա զվարճացնում է ինձ:

Ռեգինե. Նա սպասու՞մ է քեզ:

Անսելմ. Ես պետք է նրանից մի բան վերցնեի, մի վզնոց, սակայն սպասում է, թող սպասի: Նա իմ մեջ ռոմանտիկ հերոսի է տեսնում և ինձնից միջնադարյան նրբանկատություն է ակնկալում: Նա շատ դժվար է հասկանում՝ ինչպես բոլոր վեհափարթամ տիկնայք:

Ռեգինե. ձև անելով. Դու տեսե՞լ ես նրա ուտելը: Ծամում է դանդաղ, կովի նման: Եվ անչափ շատ է սիրում ծաղկավետ զրույցները, խոսքերի ընդարձակ ու կանաչ սիզամարգեր արածելու համար: Իսկ այդ հարցերում դու պարզապես հրաշագործ ես:

Անսելմ. ջանալով գերազանցել նրան: Եվ քանի որ Մարիայի հետ ունեցած նախընթաց կրքոտ տեսարաններից հետո գտնվում է հոգևոր գարշանքի հակընդդեմ եզրին, սկզբում շատ ավելի համոզիչ է խոսում. Այո, նա քնարականի կարիքն ունի, ճիշտ և ճիշտ ինչպես կարագի: Դա ինձ զայրացնում է: Թոմասը, նրա համեմատությամբ, թվում է չոր ու հիասքանչ, ինչպես անապատի քամին: Հասկանում ես, բնավ չեմ բացառում, որ Մարիան հանկարծ կլքի նրան, եթե հոգևորի պակաս զգա, քանզի ութսուն կիլոյից ավելի կշռող այդ հոգիները ցած են տապալվում ծանր պարկի պես:

Ռեգինե. Կուզենայի՞ր նրան այդպիսին տեսնել: Հենց միայն նրա տեսքից մարդ ուզում է պղպեղ շաղ տալ նրա վրա, որ մրմուռից ցատկոտել սկսի և հետո դիմել նրան՝ ասելով. Սիրելիդ իմ Մարիա, Դուք շրջապատված եք առաքինության հիգիենիկ անուշաբույրով՝ ինչպես հիվանդանոցի սանիտարն է ներծծված կարբոլաթթվի բուրմունքով, նման ոստյունները հարիր չեն Ձեզ…

Անսելմ. Այդպես մի՛ ոստոստա, պառաված առաքինություն… Արժեր նրա դեմքը տեսնել այդ պահին:

Ռեգինե. Հիշու՞մ ես, որքան բարալիկ էին նրա ոտքերը, և կիսավարտիքը մշտապես կախ էր ընկնում այդ օրինակելի աղջնակի գոտկատեղից: Հիմա դա տեսնելու բան չէ, բայց այն օրվանից, երբ այստեղ տեղափոխվեցինք, ինձ միշտ հետապնդում է այն հարցը, թե արդյո՞ք նրա ոտքերը առաջվա պես սլացիկ չեն:

Անսելմ.այլևս անձնատուր լինելով. Վաղ առավոտից մինչև ուշ գիշեր միասին եք… Եկեք այլևս չխոսենք նրա մասին, մեծ ցնցում եմ ապրում, երբ նա միտքս է գալիս:

Ռեգինե. Տեսնու՞մ ես, որ ստում ես:

Անսելմ. Բայց ինչպե՜ս կարող էի նրա մասին այդպես խոսել…

Ռեգինե. Ա՜խ դու: Դու մարդու մասին միայն լավն ես խոսում, քանի դեռ անտարբեր ես նրա հանդեպ: Երբ ինչ-որ զգացմունք ես տածում, սկսում ես կեղտ շպրտել նրա վրա՝ թաքցնելու համար քո զգացմունքները… Հանկարծակի պապանձվում է: Ճամփա ընկնելու ժամանակն է…

Անսելմ. չուզենալով. Ինչու՞…

Ռեգինե. Ժամանակն է ճամփա ընկնել, Անսե՛լմ: Մենք մեկնում ենք: Գլուխներս պրծացնում ենք այստեղից: Քանի դեռ Յոզեֆը չի հայտնվել, պե՛տք է չքվենք այստեղից: Քո ոտուձեռը կապված է, դու չե՛ս կարողանում բաժանվել Մարիայից:

Անսելմ. Մի՛ լինի այդքան զազրելիորեն փոքրոգի կնիկարմատ: Մտածում է: Ընդհակառակը, դու պե՛տք է Մարիային համոզես, որ միանա մեզ:

Ռեգինե. Ե՞վ…

Անսելմ. Եթե այս տնից դուրս միասին ապրելու լինենք, ամուսինդ կարող է մեծամեծ տհաճություններ պատճառել երկուսիս: Իսկ եթե քրոջդ հետ ուղևորվես, ոչինչ չի կարող անել:

Ռեգինե. Ե՞վ… Գլխիցդ դուրս հանիր դա: Այլևս չեմ ցանկանում թաքցնել երկուսիդ՝ պատի ետևում:

Անսելմ. Հիմա երևակայում ես, թե ինձնից գաղտնի՞ք ես բացահայտել: Դե հա՛, քո քույրը հիասքանչ է: Հիասքանչ է ու թարմ՝ ինչպես ջուրը: Եվ բուրումնավետ է, ինչպես հարդուկման արտադրամասը, եթե կուզես՝ նաև նրա պես մգլած:

Ռեգինե. Իսկ ե՞ս:

Անսելմ. Յոզեֆը նույնպես հրաշալի մարդ է: Մեզ թույլ ենք տվել նրան նայել վերևից: Անշուշտ, երկուսն էլ ծայր աստիճան ծանրաշարժ են՝ հոգով և մտքով: Բայց ահա թե քեզ ինչ կասեմ. անսովոր վերապրումն այլ բան չէ, քան գլխիվայր շրջված սովորություն: Եվ անգամ ցլի լծասարքում կյանքն ավելի հարուստ է, քան Թոմասի նման մեկի գլխում, և կառապանը, ձիերի կողքին քուն մտած, աշխարհի մասին ավելին գիտի, քան նա և դու միասին վերցրած:

Ռեգինե. Ուրեմն պետք է Յոզեֆի մո՞տ վերադառնամ:

Անսելմ. Տե՛ր Աստված, ասածս այն է, որ նախևառաջ հարկավոր է մաքուր օդ դուրս գալ: Այստեղ երբեք չենք ազատվի Յոհաննեսին առնչվող ծեծված պատմություններից: Այստեղ ասես գինարբուքից հետո արթնացած սենյակում գտնվելիս լինես:

Ռեգինե. Ասել կուզի. գլխովին խորասուզվել հիասքա՛նչ թարմ ջրազանգվածում… Բայց ես չեմ ցանկանում: Ավելի շուտ անձնասպան կլինեմ: Լսու՞մ ես: Բայց ո՛չ քո երեսից:

Անսելմ. Մի՞թե ամեն կին նույնը չի ասում, երբ իրեն լքված է կարծում:

Ռեգինե. Որքա՜ն նվաստացումներ եմ իմ մեջ կրել: Դա երկար ժամանա՞կ ես քո ուղեղում որոճացել:

Անսելմ. Ի՞նչ ես ուզում ասել:

Ռեգինե. Գուցե դու՛ ես մեր փոքրիկ դեղին գրքույկը ճամպրուկից հանել և Յոզեֆին հանձնելուն նպաստել:

Անսելմ. Ուրեմն գիտե՞ս այդ մասին: Որտեղի՞ց: Ես կարող եմ հերքել, որովհետև  ամեն ինչ թափթփում ես: Բայց այո՛: Ես արե՛լ եմ դա, քանի որ նախապես գիտեի, թե ինչ էր ինձ սպասում քեզ հետ: Ինձ շատ էիր քեզնով արել: Այնպես, որ քեզնից պոկվել հնարավոր չէր… Ես այնքան ուժեղ չեմ, որպեսզի փրկեի քեզ, հենց քե՛զ: Քո նզովյալ թուլությունները տակնուվրա արեցին իմ միջի բոլոր զնդանները…

Ռեգինե. Եվ Յոզեֆի առաջ պատրաստ ես սիրտդ բացե՞լ: Այդ երևելի, զարմանահրաշ մարդիկ, երևում է, մեծ ազդեցություն ունեն քո վրա: Նախկինում քեզ համար անտանելի էր, եթե որևէ մեկը թեկուզ չնչին մի բան իմանար քո մասին, ասես դրանով իսկ նրա իշխանության տակ ընկնեիր: Դու նախընտրում էիր քո հանդեպ կեղծ ու չարաթույն մեղսագրումներ հարուցել, քան որևէ լավ ու բարի բան խոստովանել, եթե դա իսկապես լավն էր ու բարի:

Անսելմ. Քանի դեռ Յոզեֆը չի հասկացել դա, կուզենայի Աստված հնարավորինս հեռու մի տեղ տա՝ գլուխս առնել ու փախչել: Կփոխեմ անունս և ամեն ինչ սկզբից կսկսեմ, հասկացի՛ր: Հարկ է, որ նորից սկսեմ… Դու ինձ չես պահի…

Ռեգինե. Ուրեմն ցանկանում ես նոր կյանք սկսել: Եվ այն նույն օրը, երբ բռունցքով հարվածեցիր դեմքիդ ու քիչ էր մնում լաց լինեիր: Խորհրդավոր եղանակով կապկում է նրան: «Հրաշք է, որ քեզ գտա… Դա ցնցեց ինձ՝ ասես մի հրաշք… Ավելի լավ է մեռնեմ, քանի որ չեմ կարող դիմանալ դրան»:

Անսելմ. Այո՜, ինչպիսի՜ օր էր: Ես զգում էի, որ պետք է փրկություն գտնեի: Մենք այնպես միասնական էինք՝ անհասկանալիության աստիճան: Իմ կյանքը նույնությամբ կրկնվում էր քո մեջ: Որպես մի երկրորդ ես՝ դու կանգնած էիր իմ ճանապարհին, և մեր շուրջը շնկշնկում էր փխրուն լռությունը, և մենք հանկարծակի սահեցինք այդ օվկիանոսի մեջ, որ և մեր մեջ էր և մեր շուրջը, և ես նավաբեկության զգացողությունն ունեցա, և որ մեզնից միայն մեկը կարողացավ ափ հասնել… Ինչ գռեհիկ է դա հնչում այսօր: Որքա՜ն նվաստացուցիչ են այդ ապարդյուն ջանքերը:

Ռեգինե. Օ՜, իմ մեջ տպավորվել էր յուրաքանչյուր բառը և կարողացա դրանք խուզարկուի համար կրկնել, այնպես որ Թոմասն ու Յոզեֆը այսօր իսկ ամեն ինչ կիմանան:

Անսելմ. Ինչե՞ր ես խոսում: Զառանցու՞մ ես, ի՞նչ է:

Ռեգինե. Այստեղ մեկը կար, քո գալուց առաջ: Մի խուզարկու, որ նախկինում սպասավոր էր եղել: Մի ժամանակ իմ սիրեկանն էր: Նա ինձ լքեց հավանաբար հենց այդ նույն՝ ինչ-ինչ տղամարդկային բարձր նպատակների սիրույն: Նա իմ մասին ամեն ինչ գիտի: Հարկ եղածից շատ ավելին, որպեսզի զենք տա Յոզեֆի ձեռքը: Նա ամեն ինչ հավաքել է մի հաստ թղթապանակում, իսկ մնացյալի մասին ինքս նրան պատմեցի: Քո մասին էլ շատ ավելին գիտի, քան կուզենայիր բացահայտել Յոզեֆի առաջ, որպեսզի ինձ նրա տնօրինությանը հանձնեիր: Նրա ձեռքում են կնոջդ գրած նամակները, որոնցում խոստովանություններ ես անում: Նա գիտի քո ամբողջ կյանքը: Ինչ էլ չգիտեր, ես պատմեցի:

Անսելմ. Խելքդ հաստատ թռցրել էիր: Ուրեմն հարկ է ինչ-որ բան ձեռնարկել այդ մարդու բերանը փակելու նպատակով: Որտե՞ղ է նա հիմա:

Ռեգինե. Օ ո՛չ, թող Յոզեֆն ամեն ինչ իմանա:

Անսելմ. Ինչ է նշանակում՝ ո՛չ: Ի՞նչ է, ուզում ես, որ Թոմասի ու Մարիայի առջև սողանք մի զույգ դոդոշների պե՞ս:

Ռեգինե. Այո՛:

Անսելմ. Մի ինչ-որ հիմար խանդի երեսից: Սիրային պատմության պատճառով, գրո՛ղը տանի: Դու հասկանու՞մ ես, թե ինչ ես անում: Բոլոր այդ անմտությունները, որ միայն մթության քողի ներքո են հնարավոր երկու մարդու միջև, հիմա, երբ նրանք սպառել են իրենց լիուլի, ըստ քեզ՝ պետք է լույս աշխա՞րհ գան:

Ռեգինե. Անսելմ, դու սխալվում ես: Դու ոչ թե ինձ, այլ մեր երկուսին ես Յոզեֆի ձեռքը հանձնել: Որովհետև այն ժամանակ բավական խիզախ էիր: Դու պոկվեցիր բանախոհության կապանքներից, այդ զնդանից: Անմիջապես, ժամանելուդ պես: Երբ հարցրի, թե ինչպես է դասավորվել կյանքդ, քո առաջին բառը եղավ. նվաստացումների մի երկար շարան: Եվ հիշողությունների ծանրածանր թուխպերից, այդ այծերի հոտից, որի գարշահոտող հրմշտոցը ծածկել էր երկինքն իմ գլխավերևում, կայծակ որոտաց. տանե՛լ նվաստացումները՝ մենք հենց դա՛ ենք:

Անսելմ. Մի՛ ասա՝ մե՛նք… Հարկ չկա քեզ ինձնից կառչել տալ, որպես թե ես՝ դու եմ… Ես ատում եմ քո նվաստացումները: Այո՛, այո՛, ես գիտեմ, հիշում եմ, ինձ պատմեցիր Յոհաննեսի մասին այդ պատմությունը և ես քաջալերեցի քեզ այդ հարցում:

Ռեգինե. Բայց դրան նույնքան քիչ էիր հավատում, ինչպես ես:

Անսելմ. Պատմությունն այդ ցնցեց ինձ անասելիորեն: Այդ ուրվականը, որ մշտապես ուշիուշով զննում է, թե ինչպես ես ուրիշներին տրվում, մե՛ր ուրվականն էր: Մենակ մնալու հանդեպ վախը:

Ռեգինե. Ու նաև վախը ո՛չ մենակ մնալու հանդեպ: Լրտեսված լինելու վախը: Աղտոտվելու վախը… Մի՞թե կյանքիդ ընթացքում չես դողացել, դարանակալ սպասմանն անձնատուր, և հարձակվել նրանց վրա՝ ինչպես գայլաձուկը, նրանցից մի պատառ միս պոկելու նպատակով, քանի դեռ նրանք չեն բռնել քեզ: Վախկոտի մեկը, դու՛, վեհերոտ: Ամեն ոք սարսափահար մոտենում է իր եղբորը՝ ինչպես ձուկը դիակին: Եվ ամեն ոք իր շուրջը ծով ունի:

Անսելմ. Դու վարակել ես ինձ այդ երևակայական խաղերով: Ես այդպես էլ նայում էի ամեն ինչին: Ասես բոլոր համակրանքները, ողջ նախաստեղծ բնությունը միայն վախ էր ու կործանում:

Ռեգինե. Բայց քո սիրտը կանգ է առնում ընդամենը Թոմասի ու Մարիայի հանդեպ տածած վախից: Եվ ամոթից այն ամենի հանդեպ, որ գործել ես: Իսկական կենդանի՛ ես դու, Անսելմ: Մենք բնավ իրական մի բան չենք: Ստում ենք, թե ոչ, բարի ենք, թե հոռի, մեզ կոչված ենք համարում հանուն մի նպատակի, որը երբեք ի զորու չենք իրապես ըմբռնել: Դու գիտեիր դա և դրան զոհեցիր մեր իրականությունը: Այն մի եզակի պահին, երբ դրա համար բավարար խիզախություն ունեցար:

Անսելմ. Չեմ կարող լսել այդ ամենը: Այն, ինչը բանականության դեմ է գործում, հնարավոր չէ հավերժորեն պահել-պահպանել: Այն այսօր անտանելիորեն կեղծ է ու անբնական: Որտե՞ղ է այդ խուզարկուն…

Ռեգինե.նայում է ժամացույցին: Չգիտեմ, թե որտեղ է:

Անսելմ. Ա՜, դու ընդամենը մի նեխած վերք ես, որը չի ցանկանում սպիանալ:

Ռեգինե. Մի ժամանակ բավարար քաջություն ունեիր: Պե՞տք է արդյոք անցյալին վերադառնանք: Ավելի լավ է մեզ վրա վերցնենք բոլոր տեսակի նվաստացումները: Եթե այլևս ուժ չունես մեկ այլ մարդ դառնալու, կամ այդպիսին ձևանալու, կնշանակի այլևս մարդ չես:

Անսելմ. Որտե՞ղ է այդ խուզարկուն, ասա՛ իմանամ…

Ռեգինե. Վզնո՛ցը, Անսելմ… Չէ՞ որ այդ վզնոցի ետևից ես եկել: Մարիայի ուսերին գցված վզնոցի, այնպես չէ՞:

Անսելմ. Որտե՞ղ է այդ խուզարկուն, ասա՛ իմանամ…

Ռեգինե. նորից նայում է ժամացույցին. Այսպե՜ս, այսպե՜ս: Հիմա արդեն շատ ուշ է: Յոզեֆի գնացքն ուր որ է            կմեկնի, խուզարկուն կայարանում է ու նրան է հանձնում թղթապանակը: Թալկանում է ու սկսում է հեկեկալ:

 

Վարագույր

 

 

 

 

ԵՐԿՐՈՐԴ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ

 

Բեմը ներկայացնում է Թոմասի աշխատասենյակը: Պատերը ծածկված են գրքերի կռնակների տարօրինակ զարդանախշերով: Հետնախորշում թեք ընկած մեծ, բաց պատուհան է: Այգի: Խորացող մթնշաղ: Սկզբում փոքրիկ լամպ է վառնում:

Այս տեսարանի բեմադրությունը ներկայացնում է նույն պատկերը, ինչ և առաջին գործողության ժամանակ: Միայն թե կահավորանքը նվազ է ու ծանրաքաշ, հոգեպես հույժ ծանրակշիռ: Վերևում և անգամ գրքերի արանքներում՝ տեղ-տեղ, աստղային գիշեր:

 

Անսելմ. հեռանալով բաց պատուհանից. Ինչպե՜ս են շնկշնկում ծառերը: Չգիտես էլ, ծո՞վն է գուցե:

Մարիա. Իզուր ենք սպասում, Թոմասը գուցե ուշանալու պատճառ ունի:

Անսելմ. Ինչու՞ է քաղաք մեկնել:

Մարիա. Ոչինչ չասաց: Յոզեֆի հետ կարճ խոսակցությունից անմիջապես հետո մեկնեց:

Անսելմ. Դիմավորումը խղճուկ ստացվեց, ա՛յ քեզ տոնակատարություն եմ ասել… Յոզեֆը պետք է որ այգու մուտքից մինչև իր սենյակը հուսախաբության ծառուղով անցնելիս լիներ: Բաղդատական դարաշրջանի ծառուղով: Իսկ ինչու՞ Թոմասը գրամոֆոններ չէր զետեղել, որպեսզի նրանք թփերի ետևից սիրային խոստումներ շշնջային վաղուց մեռած լեզուներով: Գեղեցիկ կանանց մոմե արձաննե՞ր, որ աճյունափոշու են վերածվում իրենց վրա նետված առաջին իսկ հայացքից: Ինչու՞ ազատ չէր արձակել իր գորտերին ու մկներին: Ինչու՞ նախասրահում կախ չէր տվել գեղեցկուհի Ռեգինեի ռենտգենային դիմապատկերը: Ինչու՞ ծառերի ճյուղերը չէր փաթեթավորել փորոտիքներով…

Մարիա. Զազրելի բաներ եք խոսում… Դե որքա՛ն կարելի է այդ զառանցախաղը կրկնել:

Անսելմ. Որովհետև չարացած եմ: Եթե ես էլ Թոմասի պես մտածեի, չհավատայի անմահության բաղադրիչին, ավելի լավ կանեի: Կկարողանայի անվերջ աղտեղություններ ժայթքել… Կրկին մոտենում է պատուհանին:

Մարիա. Առանց այդ էլ Ձեր անհեթեթությունների վերջը չի երևում: Մեկ է, օգուտ չկա, ինքն էլ զգում էր, սակայն չգիտեր՝ ինչ աներ: Դու՛ք եք մեղավորը, Անսելմ, խոստացել էիք նախապես նրա մոտ մտնել ու խոսել հետը:

Անսելմ. ճամփի կեսից ետ շրջվելով. Ձեր ասելով, Յոզեֆը ուշադրություն չդարձրեց այդ ամենին, ոչինչ չնկատեց, այո՞:

Մարիա. Նա անմիջապես ասաց. ես ինչ-ինչ բաներ ունեմ քեզ հաղորդելու, որոնք սկզբունքորեն կփոխեն քո դիրքորոշումը: Այնպիսի տպավորություն էր, որ նա ոչինչ չէր լսում, ոչինչ չէր տեսնում:

Անսելմ. «Կարևոր» հաղորդումներ, նա այդպե՞ս ասաց:

Մարիա. Դե հա՛, հավանաբար այդպես էլ ասաց:

Անսելմ. Նա կարող էր նաև ասած լինել՝ զարհուրելի է: Կամ՝ զազրելի է… այդպե՞ս է:

Մարիա. Դե հերի՛ք է Ձեզ կեղեքեք: Հանուն ինչի՞ եք փորձում համոզել, որ  թղթապանակում անպատվաբեր բաներ կան: Նախազգացումն ունեմ, որ ինչ-որ բանի եք ուզում ինձ նախապատրաստել:

Անսելմ. Իսկ հետո էլ Թոմասը Ձեզ կասեցրե՞ց: Դուք չպե՛տք է թույլ տայիք…

Մարիա. Շատ մի՛ք բորբոքվի: Յոզեֆն ուզում էր խոսել նրա՛ հետ:

Անսելմ. Թղթապանակը ստացվել է խուզարկուի՞ց: Թոմասը պետք է Ձեզ բովանդակության մասին հաղորդած լիներ, մինչև քաղաք կուղևորվեր և կզբաղվեր տեղեկատվության նմուշօրինակների արժանահավատության փորձաքննությամբ:

Մարիա. Բայց ո՞վ է ասում, որ նա դրանով է զբաղված: Կարծում եմ, նման ենթադրությունն անհեթեթ է ու անպատվարժան…

Անսելմ. արհամարհական. Նա խանդոտ է…

Մարիա. Նա վախենում է հարկ եղածից ավելի:

Անսելմ. Նա խանդում է իմ գաղափարները: Եվ մտքին դրել է ոչնչացնել ինձ բարոյապես, որպես մի քաղքենու:

Մարիա. Հենց միայն այն պատճառով, որ գաղտագողի եք գործում:

Անսելմ. Տվե՛ք ինձ թղթապանակը:

Մարիա. Իրավասու չեմ դա անել:

Անսելմ. Այն այստե՞ղ է, գրասեղանի՞ն:

Մարիա. Այո: Սակայն դարակի բանալին Թոմասի մոտ է:

Անսելմ. Բացե՛ք դարակը:

Մարիա. Ծածուկ, առանց նրա հետ խոսելու ոչինչ չեմ կարող անել: Զայրացած ոտքի է կանգնում և քայլում է դեպի բաց պատուհանը:

Անսելմ. սեղանի մոտ կանգնած. Չե՛մ կարող, չե՛մ կարող… Մենք մթության մեջ ենք, մի անասելի մղձավանջում. հետևե՛ք իմ ասածներին…

Մարիա. Ես չեմ ցանկանում մեղսակից լինել:

Անսելմ. Մարդ պետք է զարտուղի ճանապարհով անցնելու քաջությունն ունենա: Այլապես, ինքներդ Ձեզ մեղքի տակ կդնեք:

Մարիա. Բայց չէ՞ որ դա գողություն է:

Անսելմ. Ըստ Ձեզ ամենը, ինչ մարդ անում է, պետք է անպայման ասվի և ասվածին դեռ մի բան էլ անու՞ն տրվի: Դժբախտաբար, դա Թոմասի դժբախտությունն է, նրա դատավճիռը: Այնինչ մարդ այնպես պետք է գործի, որ ոչինչ ո՛չ ասի, ո՛չ մտածի, ո՛չ էլ ծանրութեթև անի, ո՛չ էլ հասկանա, թե ինչ է անում, պարզապես անի՛ և վերջ: Այսօր ոչ ոք չի հասկանում, թե ինչպես է պետք գործել:

Մարիա. շրջվում է, բայց նորից հայացքը նրան է գամում. Որտե՞ղ է Ռեգինեն:

Անսելմ. համառորեն. Ես չգիտեմ… Ո՛չ, գիտեմ. փակված կլինի իր սենյակում:

Մարիա. Մինչև հիմա՞: Լալիս է ու գոռգոռու՞մ: Ոչ ոքի ներս չի՞ թողնում:

Անսելմ. Ենթադրաբար:

Մարիա. Ապա մի ակա՛նջ դրեք… Կարծում եմ, առաջ էլ բղավոցներ էի լսում: Խռովված՝ հեռանում է պատուհանից: Սա արդեն անկարելի է տանել. ծառերը շարունակում են անիմաստ սոսափել ու աղմկել:

Անսելմ. Ինչպես ջուրը…

Մարիա. Ոչ, քամին վարգում է ծառերի միջով, ասես ոտնակոխ անելով, վարգում է ու վարգում: Այս ամենն այնքա՜ն անհեթեթ է:

Անսելմ. Եվ սակայն դա տեղի՞ է ունենում, այո՞: Աշխարհում այնքա՜ն բաներ են տեղի ունենում: Կարծես տարածության մեջ ժամացույցներ են կախ տրված, որ պտտվում են, պտտվում, և յուրաքանչյուրը տարբեր ժամեր է ցույց տալիս:

Մարիա. Վարգում է, վարգում՝ առանց շունչ առնելու, լսու՛մ եք… Սարսափելի է պարզապես:

Անսելմ. Այո՛, սարսափելի է, ճիշտ այդպես: Ինչու՞ այս տերևն ահա՛, այս պահին պատուհանի առջևով սահելով անցավ: Ձեզ չի՞ թվում, որ ինչ-որ մեկը գիտի դա: Ամենուր, երկու, երեք քայլից պատասխանն է ընկած, ապա մշուշ է: Յուրաքանչյուր վայրկյան դեպի Ձեզ են լողում հավակնությունները, փաստարկները կարմիր, կանաչ, դեղին աչուկներով և մշուշոտ եղջերվափողի ազդականչերով: Վճիռները կախվում են սպառնալից և սահում են մշուշի մեջ: Գլուխը ձեռքերի մեջ է առնում: Իմ կյանքը, Տեր Աստված, երբ խորհրդածում եմ իմ կյանքի մասին, ինձ այդպիսի լույսերով լեփ-լեցուն է պատկերանում…

Մարիա. Բայց ի՞նչ է պատահել Ռեգինեին:

Անսելմ. Փոքրոգություն, նյարդեր… Անսանձ անզորություն…

Մարիա. Բայց դա ոչ այլ ինչ է, քան տենդագին խուճապ:

Անսելմ. Կամ սանձարձակություն: Ես անկարող եմ չմտածել այդ մասին:

Մարիա. Եվ վստահաբար գիտեք. այդ ամենի պատճառն այդ գրություննե՞րն են:

Անսելմ. Կարելի է կարծել, որ դրանք խլվել են նրա ձեռքից, և իր դեմ ուղղված վարկաբեկիչ բովանդակություն ունեն:

Մարիա. Եվ ի՞նչ է գրված դրանցում:

Անսելմ. Ես չեմ կարդացել:

Մարիա. Իսկ Ձեր, Ձե՛ր մասին ոչինչ չկա՞:

Անսելմ. Գուցե ինչ-ինչ անհեթեթություններ: Կամ ստեր, որոնց անտեղյակ եմ:

Մարիա. Եվ այդ բոլորը այս արկղիկու՞մ են պահ տրված:

Անսելմ. Չէ՞ որ ամեն ինչ արդեն ասացի:

Մարիան փորձում է բանալիների խրձով բացել արկղիկը: Արդեն մթնել է և Անսելմը, որպեսզի նա ամեն ինչ լավ տեսնի, միացնում է սենյակի լուսավորությունը:

Մարիա. քարանում է.  Ավելի լավ է խոսեմ նրա հետ:

Անսելմ. կտրուկ. Ո՛չ: Դուք պետք է շատ ծածուկ գործեք: Դուք պետք է հեռանաք այստեղից: Դուք պետք է վճիռ կայացնեք և ամուր կառչեք նրանից: Դա պատկերացնելիք չէ, Մարիա, այլ բռնելու պես մի բան. դա նման է նրան, որ Դուք, անտեսանելի խավարում, սեղմում եմ Ձեր հիասաքանչ ձեռքը և հանկարծ նրա մեջ մի անսպասելի, հրաշալի առարկայական մի բան եք զգում:

Մարիա. Այս ամենն այնքա՜ն անբնական է: Եթե անգամ ինձ ասած լինեիք, որ մենք կապրենք միասին՝ ինչպես ամուսիններ, անգամ այդժամ կխոսեի Թոմասի հետ: Բայց նման բան չկա և մի բան էլ զազրելի է շատ: Մի՞թե չենք կարող պարզապես ընկերներ մնալ:

Անսելմ. Բայց ես ոչինչ չեմ պահանջում: Դեռ երեխա ժամանակ, հասկանու՞մ եք, որպես պարզամիտ մի մանուկ, Ձեզ նայելով լցվում էի երանությամբ, որը տարածվում էր իմ ողջ մարմնով, և որից ես փրկություն չունեի: Եվ դա շատ ավելի զորեղ էր, քան որևէ տղամարդու պարագայում, ում մեջ այն տեղայնացվում է որպես պայթյուն և դուրս է պոռթկում…

Մարիա. հուզված. Այնպիսի նախազգացում ունեմ, որ այս ամենը կատարվում է, որովհետև ինչ-որ բանի համար նրանից վրեժ լուծել եք ցանկանում:

Անսելմ. Հավատացեք ինձ. նրա տուն եմ եկել ոչ հանուն դրա: Եթե դեռ կա մի մարդ, աշխարհիս հեռու-հեռավոր մի ծագում, ով ինձ, փարոսի հանգույն, անրջել է տալիս հարազատ օջախի մասին, դա ինքն է, որ կա: Եթե որևէ մարդու դեմքը իր մեջ ներառելու լիներ բոլոր մարդկային դեմքերը… Սակայն ատելությու՞ն: Գուցե և ատելություն, հակառակ ամեն ինչի… Գուցե և ատելություն հենց միայն այդ պատճառո՞վ: Երբեմն մտածում եմ, որ չարիք կարելի է պատճառել միայն նրանց, ում սիրում ես: Այլապես դա նույնքան աղտոտ բան է, ինչպես սերը, որը տղամարդիկ անառականոց են տանում:

Մարիա. Դուք չպետք է խոսեք սիրո մասին, քանի դեռ համակված եք կատաղության, աղտեղի ու չար զգացումներով:

Անսելմ. հիասթափված. Բայց ինչպե՞ս: Ինչպե՞ս դա կոչեմ… Մարդու պահանջմունք կա… Մարդս, եթե նա մարդ է, չի կարող առկախված մնալ իր մտքերի ցանցերում՝ ինչպես Թոմասը: Նա պետք է հաղթանակներ տանի, սիրված լինի, ոգեշնչվի: Միասնաբար հաջողությունների հասնի: Չէ՞ որ դա տառապագին պահանջմունք է: Չլինե՛լ միայնակ, Մարիա… Միայնակ լինել, նշանակում է չիմանալ՝ ուր գնաս: Խճճվել ճշմարտությունների, ցանկությունների, զգացմունքների անտանելի խառնարանում: Եվ ուրեմն, ներողամիտ եղեք հանդեպ խաբեությունը, չարիքը, կեղծիքը, որոնք հարկավոր էին, որպեսզի մեղմեն աննկարագրելի վախը, որոնց անծանոթ եք:

Մարիա. Լռությու՛ն… Ավելի լավ է ականջ դրեք, նա կարծես նորի՞ց բղավեց:

Անսելմ. Նա բղավում է առանց դադարի, սակայն միշտ չէ, որ բղավոցներն այդ լսելի են:

Մարիա. Նրան օգնություն է հարկավոր, ինչու՞ չեք օգնում նրան:

Անսելմ. Դու՞ք ինչու չեք օգնում:

Մարիա. Ի՞նչ եք ուզում դրանով ասել: Դուք շատ եք փոխվել: Ինձ էլ եք արդեն Ձեր խաղերի մեջ ներքաշում: Նրան ասացի, որ նրա ընկերն եք:

Անսելմ. Ես ինձ երբեմն դուրսպրծուկ եմ թվում, ով անկասելիորեն անդունդն է գահավիժում: Բայց մտածեք միայն, թե որքան տառապանք կա աշխարհում, ամեն վայրկյան, ցավի ու անվստահության որպիսի՜ օվկիանոս, որի անձնատուր՝ մենք բոլորս կռիվ ենք տալիս չխեղդվելու համար. և ինչ կարևոր է, թե ինչպիսի վախճան կունենա այս մի եզակի բանը՝ կոպի՞տ, թե՞ մեղմ: Կարևորն այն է, թե ինչպիսի տեղ ես դրան հատկացնում ամբողջի մեջ:

Մարիա. Ենթադրում եք, որ Ռեգինեի վիճակը չի՞ վատթարանա, եթե մեկնենք երեքով:

Անսելմ. Ոչ: Բայց թղթապանակը պետք է վերացվի աշխարհի երեսից: Եվ այս չափազանցված հուզագրգռությունները կհանդարտվեն: Տարանջատումն աստիճանաբար տեղի կունենա, և Դուք կուղղվեք, դա Ձեզ խոստանում եմ…

Մարիա. Լսե՛ք, նորից սկսվեց…

Անսելմ. ամուր բռնում է նրա ձեռքը. Զգում եք, ինչպես է նա տառապում… Ինչպես է ճանկերով բռնվում՝ ինչպես կատուն, որին խեղդել են ցանկանում: Երկուսով մոտենում են պատուհանին:

Մարիա. Աստված չանի, որ Ռեգինեն վնասի իրեն:

Անսելմ. ամուր սեղմում է նրա ձեռքը. Այդպե՞ս եք կարծում… Դե հա, չէ՞ որ ես լքում եմ նրան: Եվ զգում եմ նրա կարծեցյալ իրավունքն իմ հանդեպ, որ ասես նրա սիրտը, ելք փնտրելով, թփրտում է իմ սրտի մեջ: Երկուսով ականջ են դնում:

Մարիա. Ի՞նչ է բղավում:

Անսելմ. Յոհաննես:

Մարիա. Ինչպիսի՜ ցնդաբանություն:

Անսելմ. Դա ցնդաբանություն չէ: Նա ինձ է կանչում: Նա բոլորին է Յոհաննես անվանում: Դա նրա հնարանքն է: Օ՜, ճշմարտությունից խուսափելու նրա ապաստարանը… Թվում է, ձայները դադարեցին: Մարիան ազատվում է նրա ձեռքից և վերստին վերադառնում է գրասեղանի մոտ: Ռեգինեն նրան ինքնասպանության հասցրեց, չէ՞ որ լավ գիտեք դա, քանի որ Յոհաննեսը կորցրել էր հավատը սեփական անձի հանդեպ, որովհետև Ռեգինեն ուզում էր սիրել նրան լոկ որպես քույր:

Մարիա. նորից փորձարկելով փականը. Ռեգինա՞ն, սիրեր որպես քու՞յր… Դրան իսկապես հավատու՞մ եք:

Անսելմ. Այո, այն ժամանակ նա իսկապես այդպիսին էր: Եվ Յոհաննեսը գերզգայուն էր, նա շատ ավելի գերզգայուն էր, քան Ռեգինեն:

Մարիա. Կարծում եմ, Ռեգինեն երբեք էլ զգայուն չի եղել, այլապես ինչպե՞ս կարող էր դիմանալ այս կյանքին, որի մասին ինձ պատմեցիք: Ափսոսանքով: Ոչ մի բանալի չի բացում:

Անսելմ. Փորձեք այս մեկը: Ուրիշ բանալի է տալիս նրան:

Մարիա. Ոչ, ոչ: Այլևս չեմ փորձի:

Անսելմ. բանալին ապարդյուն փորձելուց հետո. Կփորձեմ դանակով բացել: Բացում է իր գրպանի դանակը:

Մարիա. Ավելի լավ է թողնենք դա:

Անսելմ. նրան մի կողմ հրելով. Ո՛չ, ես ուզում եմ փորձել… Փորձում է կոտրել փականը:

Մարիա. փորձում է խանգարել. Դե թողե՛ք, ես չեմ ցանկանում… Ցնցվում է՝ ասես սարսափելի բղավոցից: Ահա նորից… Երկուսով ականջ են դնում: Ոչ, դռան ձայն էր: Թոմա՞սն էր: Սարսափելի՜ է: Հեռացեք այստեղից… Լսու՞մ եք: Քայլերի ձայն է:

Անսելմն արագ թաքցնում է դանակը:

Օրիորդ Մերթենս. ներխուժում է սենյակ. Տե՛ր Աստված, գալիս եմ տիկին Ռեգինեի մոտից, նա ինձ ներս չի թողնում… Ապա մի լսե՛ք, լսե՛ք:

Մարիա. Ա՜խ, ես այնպես վախեցած եմ… մենք ևս լսեցինք, բայց ի՞նչ կարող ենք անել: Գուցե բժի՞շկ կանչենք:

Օրիորդ Մերթենս. Ո՛չ, նա չի ցանկանում բժշկի երեսը տեսնել:

Անսելմ. Պարզ է, որ չի ցանկանում, պետք է թողնել, որ ամեն ինչ ինքն իրեն անցնի:

Օրիորդ Մերթենս. մոտենալով պատուհանին. Իսկապես, ամեն ինչ լսվում է: Կտրուկ շրջվում է Անսելմի կողմը: Դոկտո՛ր Անսե՞լմ: Ձեզ հարց եմ տալիս. չե՞ք լսում,  ինչպես է Ռեգինեն ողբում:

Անսելմ. կեղեքվելով ցավից ու ինքնաձաղկումից, գլուխը լրիվ կորցրած. Դե, նա երգում է: Եվ սուտ էլ չէր ասում, աղտեղություն է նրա երգածը… Ո՛չ թե նվաստացում խոզերի առաջ, սեռական կտղանք: Ո՛չ իսկ թուլություն, կեղծ-արհեստական հնարքներ, սնահավատություն, հիվանդություն և հոռի արարքներ: Դա միայն երգել է կարելի: Սովորական լեզվում հենց այդպես էլ կար…

Օրիորդ Մերթենս. վրդովմունքից ու անակնկալից գրեթե համրացած. Դոկտո՛ր Անսե՞լմ…

Անսելմ.  Տղամարդիկ նրա համար երբևէ նվազագույն նշանակություն չեն ունեցել, օ՜, դա վստահաբար գիտեմ: Նա Յոհաննեսին մահվան դուռը հասցրեց, ամուսնացավ Յոզեֆի հետ՝ որպես թե տան կառավարիչ վարձելիս լիներ: Բայց օրերից մի օր էլ սկսեց հավատալ, որ մասամբ կարող է քավել Յոհաննեսի հանդեպ գործած իր մեղքը՝ մյուս տղամարդկանց նետելով այն, ինչն մերժում էր Յոհաննեսին: Մահվանից հետո լինում է, որ ոմանք սրբադասվում են, սուրբ են հռչակվում, և ցանկությունը, ինչպես հաճախ է պատահում, դառնում է գաղափարի հայրը:

Մարիա. Դե սսկվե՛ք, վերջապես…

Օրիորդ Մերթենս. Դուք ի չարս եք գործադրում գերզգայուն կանացի խղճի երևակայախաղերը:

Անսելմ. Բայց չէ՞ որ սիրում եք նրան: Հետևաբար, պետք է հասկանաք. դեռևս երեխա հասակում նա սողոսկել էր այգին, մինչ մենք բոլորս զրուցում էինք իրար հետ, թաքնվելով ինչ-որ թփի ետևում և բերանի մեջ հող առնելով կամ մանր քարեր ու որդեր երախը խոթելով, քթով հողը քչփորելով, աչքերի ու ականջների կտրվածքներն համտեսելով: Եվ մտածում էր. ինչ-որ ժամանակ հետո այս ամենից հանկարծակի մի հույժ զարմանահրաշ, կատարյալ բան դուրս կգա: Ի՞նչ պատահեց, Ձեզ վա՞տ եք զգում… Բայց չէ՞ որ սիրում եք Ձեր սրբուհուն: Ձեր սրբուհի Պոտիֆարին, մարտիրոսուհուն, այո՞: Իսկ տղամարդիկ այլ բան չեն, նույնն են, սակայն շատ ավելի խորհրդավոր մի բան, որ մարմնիդ մեջ ես ընդունում:

Օրիորդ Մերթենս. Դուք զրպարտիչ եք, վարկաբեկող…

Անսելմ. նյարդային հուսահատության մեջ. Իսկ Դուք մի՛ք տանջի ինձ… Ինչ է, կարծում եք, չե՞մ ուզում օգնել նրան… Եթե միայն իմանայի՜ ինչպես օգնել…

Օրիորդ Մերթենս. Ես կպառկեմ նրա դռան առաջ, եթե ինձ ներս չթողնի… Եվ ինքս ինձ երևակայում էի, թե երբևէ չեմ տեսել ավելի նրբացյալ ցանկասիրական փաղաքշանք… Հեռանում է:

Մարիա. Միայն Դուք կարող էիք խոսել նման կոպիտ եղանակով …

Անսելմ. գրգռված հետուառաջ է անում սենյակում. Դե հերիք եղավ: Նա ոչ մի տեղ էլ չի մեկնի մեզ հետ, որքան էլ սեր տածելիս լինի Ռեգինեի հանդեպ: Կա՞ արդյոք ավելի անախորժաբեր բան, քան առաքինությունն է:

Մարիա. Չփորձե՛ք այլևս վարկաբեկել Ռեգինեին, դրա իրավունքը չունեք:

Անսելմ. Բայց ինչու՞ է նման խառնաշփոթ ստեղծում… Այսքան աղմուկ-աղաղակ բարձրացնում ինչ-որ մեկի ժամանելու կապակցությամբ:

Մարիա. Դա ավելի լավ չէ՞, քան ծածկադմփոցը:

Անսելմ. Այո՛, հարյու՛ր անգամ այո՛… Ես ավելի հակված եմ ծածուկ անարդարություն գործել, քան հրապարակայնորեն ու բացահայտ պաշտպան կանգնել մի սովորական արդարության: Այսպես ավելի արժանապատիվ է: Թոմասն ամեն ինչ բացահայտ է անում: Բանախոհական մարդիկ միշտ էլ բաց են ու անկեղծ: Սակայն ես ընդունակ եմ ստելու միայն այն պատճառով, որ սարսափում եմ կողմնակի, օտար մարդու բավարարվածությունից, ով ամենայն վստահությամբ հավատում է, թե հասկանում է ինձ: Այդպիսիք ավելի ուժգին են սոսնձվում քեզ, քան ամենակրքոտ կինը: Դա ասես պատահականորեն ընդելուզված լինի ուղեղիդ բջիջներին:

Մարիա. սարսռալով հիշողությունից. Դա աշխարհիս ամենազազրելի բանն է, այդ կին կոչվածը, ով էլ նա լինի, որ այդպես ինքնամոռացության գիրկն է ընկնում:

Անսելմ. կտրուկ վերափոխվելով. Դա այդքան էլ պարզ բան չէ, ամեն ինչ չէ, որ պարզ է այդքան: Երբ Յոհաննեսը մահացավ, Ռեգինեն շաբաթներով գրեթե չէր ուտում. օրեկան մի երկու կտոր թխվածքաբլիթ և վերջ: Լղարել էր, ցանկանում էր հասնել նրա հետ վերերկրային միավորման: Դա շատ գեղեցիկ էր, շատ հզոր էր: Հուրհրատող, կիզիչ կրքոտություն: Նա սիրում էր, սակայն բնավ ո՛չ նրան, այլ պարզապես սիրում էր: Լուսափայլում էր… Այնուհետ վրա հասավ իրականությունը, որը, հուրախություն Թոմասի, միշտ իրավացի է: Բոլոր այդ հարյուր-հազարավոր ժամերը, որ մարդս պետք է ինչ-որ կերպ անցկացնի և անց է կացնում: Եվ յուրաքանչյուրը մի-մի պստլիկ սպի է թողնում. դու տեսնում ես այն, կար և արդեն չկա: Եվ հանկարծ ողջ դեմքը սկսում է նրանցով պատվել ու խարանվածի տեսք ընդունել՝ վերջացած մարդու… Դուք գաղափար իսկ չունեք, թե որքան մարդիկ են կործանվում այն բանից, որ ապրելու պատրաստականություն են հայտնում: Բայց մենք ժամավաճառությամբ ենք զբաղված, չէ՞ որ ցանկանում էիք բացել արկղիկը:

Մարիա. Մինչև վերջ ասացեք, ինչ ցանկանում էիք ասել, այնուհետև Ձեզ կպատասխանեմ:

Անսելմ. մի պահ անվստահ քննախույզ հայցքով զննելով նրան. Այո… Ես դա կարո՛ղ եմ հասկանալ… Ես գիտեմ, որ դրան եք սպասում: Ես կարող եմ հասկանալ, որ Ձեզ համար, հետևաբար, ցանկացած անհավատարմություն, որ նա կատարել է այս կյանքում, նվիրվածություն էր պատկերանում մյուսների հետ համեմատած: Ամեն արտաքին նվաստացում որպես ներքին պանծացում: Նա իրեն զարդարում էր աղտեղությամբ, ինչպես մեկ ուրիշը՝ դիմահարդարման սնգույրով: Մի՞թե դա գեղեցիկ չէ իր տեսակի մեջ:

Մարիա. Ո՛Չ… Նայում է նրան՝ չվստահող քննախույզ հայացքով և ապա հեռու է նետում բանալիների տրցակը: Էլ ոչինչ չեմ ձեռնարկի, վե՛րջ…

Անսելմ. վճռական. Ինչ արած, ուրեմն թողեք ե՛ս անեմ: Նորից դուրս է կորզում գրպանի դանակը:

Մարիա. Ո՛չ, դա չեմ կարող հանդուրժել: Ինձանից ինչ-որ գաղտնիք եք թաքցնում: Մի բան՝ Ձեր և Ռեգինեի հետ կապված… Թաքնվում է գրասեղանի ետևում՝ բազկաթոռի մեջ:

Անսելմ. Մարիայի առաջ ետուառաջ անելով և երբեմն հուզագրգիռ կանգ առնելով. Ի՞նչ եք կարծում, ի՞նչ կարող է դա լինել: Լսեցի՞ք, նորից սկսեց… Միայնակ՝ աստղերի ծովում, աստղերի լեռներում նստած է նա և խոսել չի կարողանում: Նա ընդունակ է լոկ դեմքի զազրելի ծամածռություններ անել, փոքրիկ չարաճճի Ռեգինեն… Ծամածռությունն ինքն էլ, ներքուստ, մի ամբողջ աշխարհ է, առանց հարևանների, միայն իր երկնոլորտների երաժշտությամբ անսահմանության մեջ սփռված… Նա չէր կարողանում խոսել բզեզի հետ և այն բերանն էր խոթում: Նա անկարող էր խոսել ինքն իր հետ և ուտում էր ինքն իրեն: Մարդկանց հետ ևս երբեք ընդունակ չի եղել խոսել և սակայն զգում էր բոլորի հետ միավորվելու հրեշավոր պահանջը:

Մարիա. Ո՛չ, ո՛չ, ո՛չ, ո՛չ… Դա սու՛տ է…

Անսելմ. Սուտը օտար օրենքների մեջ անհետացող հայրենաբաղձությունն է հանդեպ հեքիաթայնորեն մերձակա երկրների, մի՞թե չեք հասկանում: Դրանք հոգեպես ավելի մոտ են: Հավանաբար նաև ավելի անկեղծ: Ստերն ընդամենը ճշմարտացի չեն, սակայն մնացյալում նրանք ամեն ինչ են:

Մարիա. Բայց չէ՞ որ Յոհաննեսին առնչվող այդ հորինվածքները զազրելի կեղծիք են:

Անսելմ. Սակայն ինքն էլ դրանց չի հավատում: Ո՛չ, Մարիա, նա չի հավատում: Չի հավատում նաև, որ այս ճչոցները որևէ իմաստ ունեն: Բայց ձայնը գլուխն է գցել: Բայց իրեն իբրև մի գաղտնիք է զգում, որն անկարող է բացատրել: Եվ դա վերջին, պատահական, կեղծ արտահայտությունն է, որ մնացել է նրան: Նրանում մի սարսափելի մարդկային դժբախտություն է ներդրված, գուցե մեր բոլորի ընդհանուր դժբախտությունը:

Մարիա. վեր թռչելով. Այլևս չեմ կարող լսել դա… Անհստակ է մնում, թե խոսքը Անսելմի ճառերին է վերաբերում, թե Ռեգինեի ճիչերին, որոնք կարծես վերստին լսելի են դարձել: Հրեշավոր է այդ զգացմունքայնությունը… Ցանկանում է մոտենալ պատուհանին, սակայն Անսելմը փակում է նրա ճանապարհը, և Մարիան երկու ձեռքերով պինդ բռնվում է նրանից:  Դե գնացե՛ք, մեկնե՛ք այստեղից Ռեգինեի հետ միասին:

Անսելմ. Ոչ, չեմ կարող: Ուղեկցե՛լ ինձ, միառժամանակ, դեռ կարող եմ նրան թույլ տալ: Իսկ հիմա ինձ տվեք բանալիները:

Մարիա. Հիմա առաջին անգամ դիպա Ձեզ և ի՞նչ է, պետք է Ձեզ հետ փախչե՞մ: Օ՜ ոչ, դա չափազանց ծիծաղելի է…

Անսելմ. Վստահեք ինձ բանալիները:

Մարիա. Ոչ … չեմ կարող Ձեզ վստահել…

Անսելմը ցանկանում է բանալիները բարձրացնել, Մարիան ընդդիմանում է և ինքն է առաջինը հասնում ու բանալիները ձեռքն առնում: Նրանք մի պահ, իրար սեղմված, կռիվ են տալիս:

Անսելմ. բռնում է Մարիայի ձեռքը և նրա եղունգները հպում է իր պարանոցին, շուրթերին, աչքերին. Դիպչե՛ք ինձ… Ցավեցրե՛ք ինձ… Ահա՛ այստեղ… Վերցրե՛ք դանակը, վրաս նախշեր փորագրեք՝ ինչպես ծառաբնին… Քանզի չեք հավատում ինձ… Տանջե՛ք ինձ՝ մինչև գիտակցությունս կկորցնեմ և այդժամ ինձ հետ կարող եք անել ինչ ուզում եք:

Մարիա. պոկվելով նրանից. Դուք նման եք չարաճճի, զազրելի փոքրիկ տղայի, ով համառորեն ամեն ինչ անում է, որպեսզի իրեն գայթակղեմ, դա՛ է Ձեր ուզածը:

Անսելմ. նետվելով դեպի Մարիայի բազկաթոռը. Ինձ համար ոչինչ չեմ ուզում… Բայց միայն թույլտվություն Ձեր կոշիկները դռնից դուրս տանելու: Խոզանակելու Ձեր կիսաշրջազգեստները: Շնչել այն օդը, որ Ձեր կրծքից է ելել: Լինել այն անկողինը, ում վիճակված է պահել-պահպանել Ձեր արտապատկերվածքը: Ինքնազոհաբերվել հանուն Ձեզ… Մնացյալ իրականությունը խամրում է դրա առաջ:

Մարիա. ընդդիմանալով և հանգստացնելով. Որքան իրար ճանաչում ենք, իրարից այլ բան չենք տեսել, քան դեմքերն ու ձեռքերը:

Անսելմ. Բայց երբ քիչ առաջ Ձեզ հպվեցի, այնպես թվաց, որ իմ կյանքը, հեռու այն ամենից, ինչ տեղի է ունենում, կարող էր, առանց Ձեզ գրկող այս ձեռքերի, պաշտպանել Ձեզ, հպվել Ձեր կյանքին: Նորից բռնում է Մարիայի ձեռքը:

Մարիա. անվճռական. Մենք այլևս երիտասարդ չենք:

Անսելմ. Դա կնշանակի միայն, որ Թոմասը Ձեզ կամազուրկ է դարձրել: Պարզվում է, անբնական երևույթ է համարվում, երբ մարդիկ հանկարծ իրար են մերձենում ոչ այլ կերպ, քան ուտելու և մարսողության սովորույթն է: Ես ցանկանում եմ տիրանալ Ձեր կյանքին:

Մարիա. Այդ դեպքում ի՞նչ անհրաժեշտություն կա կնոջ…

Անսելմ. Որովհետև կին եք: Քանի որ դա անասելիորեն հուզագրգռիչ է: Քանի որ Ձեր կիսաշրջազգեստները անտեսանելիի զանգերն են սահեցնել տալիս հատակին… Գլուխն առնում է ձեռքերի մեջ:

Մարիա. Ո՛չ, ո՛չ, դրանք երևակայության խաղեր են, Անսելմ…

Անսելմ. Ավելին չգիտեմ ինչ ասեմ, ավելի լավ է ինձ Թոմասի ձեռքը հանձնեք…

Մարիա. շոշափում է նրա ձեռքը, որպեսզի նա հայացքը բարձրացնի: Բայց Անսելմն անշարժ է: Մարիան նստում է բազրիքին: Անսելմ, ամենը, ինչ ասում եք, այնքա՜ն անբնականորեն անհանգստացնող է: Դատարկ մանկամտություններ: Մոռացված ու անպետք:

Անսելմ. գլուխը կիսով չափ բարձրացնելով. Բայց չէ՞ որ Ձեզ համար գրոշի արժեք չունի այդ ողջ «արժեքավորը», «կարևորը», որ հիմա անում եք:

Մարիա. Ո՛չ, ո՛չ… Այո… Բայց ես չեմ ուզում…

Անսելմ. ուղղվելով. Ձեր էության մեջ կա մի բան, որի համար դա չեղածի հաշիվ է, և  իրապես ապրելու քաջությունը չեք ունեցել: Այն կյանքը, որ հիմա եք վարում, նախկինում ատելով ատում էիք:

Մարիա. Նախկինում պատահում էր, որ մի երկու ժամ ավելի էիր քնով ընկնում, և թվում էր, թե դրանք այլևս երբեք ետ չես բերի, և անգամ օրեր անց էլ դեռևս կորստյան ցավագին զգացողության գիտակցումն ես ունենում: Դուք իրավացի եք: Առաջներում մենք զգում էինք, որ ապրում ենք: Մենք քիչ էինք ուտում, մարմնին շատ երես չէինք տալիս: Երբեմն շունչս պահում էի ուժերիս ներածին չափ: Սակայն դա անարդյունավետ էր: Ամբողջ ընթացքում ինչ-որ բան է գծմծում թղթի թերթիկի վրա:

Անսելմ. Անարդյունավե՞տ: Առավոտյան իննին քառորդ պակասից հինգ րոպե առաջ սովորաբար այգի էիք մտնում: Աչքերիս առաջ է ժամացույցի սլաքի դիրքն իմ սենյակում: Ես ձեռքս էի առնում գրքերիցս մեկը, որի մեջ Ձեր գեղեցիկ անունն էիք գրել, և օդում ճշգրտորեն կրկնօրինակում էի այն ճանապարհը, որ Ձեր ձեռքը պետք է որ անցած լիներ: Հետո վազում էի Ձեր ետևից:

Մարիա. վճռական ոտքի կանգնելով. Դրանք մանկամտություններ են, որ մեզ համար այլևս նշանակություն չունեն:

Անսելմ. վեր ցատկելով. Դրանք արարքներ էին… Բարեկամության անարտահայտելի ձևաչափեր: Քանզի արարքներն ամենաազատ բանն են, որ կան աշխարհիս երեսին: Միակ բանը, որոնց հետ կարող ես անել, ինչ ցանկանում ես, ինչպես տիկնիկների հետ: Երազանքների աշխարհը, որ հասկանալի չէ, թե ինչպես տարածականություն է ձեռք բերել: Վերստին՝ ասես հիշողություններից սարսափած: Չէ՞ որ ամենը, որ կատարվում է մեզ հետ, ենթակա չէ հասկանալու, և միայն, երբ ինչ-որ բան ենք անում, անվտանգ ենք ու պաշտպանված, նույնիսկ շրջապատված լինելով անըմբռնելիով:

Մարիա. Հիշու՞մ եք դեռ սա: Ցույց է տալիս իր նկարածը:

Անսելմ. կարկամած, ասես ափսոսանքով. Շաքարագլու՞խ: Հրեշտա՞կ:

Մարիա. Ծածկե՛ք պատուհանը: Իմ մեջ միշտ այնպիսի զգացողություն է, որ ինչ-որ մեկը փորձում է ներս սողոսկել նրա միջով:

Անսելմ. նախաըմբոշխնելով նպաստավոր հեռանկարը: Նախ ասացեք, թե ինչ է դա:

Մարիա. Նախկիններից մնացած մի բան: Ես հիշողությամբ նկարեցի Ձեր դեմքը, բայց այն ավելի գեղեցիկ տեսք չուներ, քան սա է, և ի սփոփանք Ձեզ՝ ցանկանում էի հաճելի մի բան անել Ձեզ համար և կողքին ինքս ինձ նկարեցի գիշերանոցով:

Անսելմը կտրուկ ծածկում է պատուհանը, որպեսզի օգտվի իրավիճակից: Այն պահին, երբ պատուհանը փակվեց, մոտիկից դռան թակոց է լսվում:

Մարիա. ասես հանցանքի վայրում բռնված. Դա Թոմասն է… Հեռացե՛ք… Մտքերի մեջ ընկած՝ հանգցնում է լույսը: Հեռացե՛ք այստեղից, այլևս չեմ կարող… Ո՛չ, մնացեք, վառե՛ք լույսը, ես այն արդեն պատռել եմ: Նա գիտի այս նկարը, մի անգամ նրան պատմել եմ: Դե վառե՛ք վերջապես լույսը…

Անսելմ. շփոթված. Չեմ գտնում լույսի անջատիչը …

Թոմասը մուտք է գործում մութ սենյակը: Միայն պատուհանի կողքին է մի քիչ լուսավոր: Այնտեղ էլ նա ետուառաջ է անում: Ենթադրելով, որ Անսելմն ու Մարիան պետք է որ սենյակի ամենամութ անկյունում գտնվելիս լինեն:

Թոմաս. Ո՞վ կա այստեղ:

Անսելմ. Ես եմ, Թոմաս: Բարի երեկո:

Թոմաս. Դու մենա՞կ ես:

Անսելմ. Ոչ, մենք քեզ էինք սպասում, Մարիան էլ այստեղ է: Բռնազբոս թեթևությամբ: Մենք երկար շաղակրատում էինք, իսկ հիմա չենք գտնում անջատիչի տեղը: Տնտղում է պատը:

Թոմաս. Բայց ինչու՞: Մթան մեջ շատ ավելի հաճելի է…

Դադար:

Թոմաս. Ինչու՞ չեք շարունակում շաղակրատել: Նորի՞ց ես խանգարեցի… Շարունակե՛ք, շարունակե՛ք, Աստծո սիրույն… Ինչի՞ մասին էիք լեզու ծեծում: Կարելի՞ է իմանալ, եթե գաղտնիք չէ:

Մարիա. Գործերն այնքան էլ լավ չեն… Ռեգինեն իրեն վատ է զգում:

Թոմաս. Եվ Անսելմն էլ ինձ այստե՛ղ էր սպասում, որպեսզի դրանով իսկ բացատրի, թե ինչու չեկավ ինձ մոտ:

Մարիա. Ավելի լավ է լույսը վառեմ:

Թոմաս. Խնդրում եմ քեզ, թող մութ մնա: Դու չես կարող երևակայել, թե ինչ զարմանահրաշ բան է՝ երկու տղամա՛րդ մթության մեջ: Կարո՞ղ է քո աչքը զանազանել մեզ. ո՛չ: Սակայն ականջդ էլ դեռևս չի լսում, որ նրանցից մեկը ճիշտ նույն բանն է ասում, ինչ և մյուսը: Բայց վստահեցնում եմ քեզ. դա այդպես է: Մտածում են նույն կերպ: Նույն զգացումներն ունեն: Նույն բանն են ուզում: Մեկը մի քիչ շուտ, մյուսն ավելի ուշ, մեկը մտածում է, մյուսը՝ գործում, մեկը փոքր-ինչ խանդավառված է, մյուսը՝ համակված: Բայց ով էլ լինես՝ խուզարկու, թե հետապնդվող, բոցավառվող կամ մարող, ճշմարտասեր, թե սուտասան, ով էլ լինես, միևնույն է, նույն խաղաթղթերի տրցակում ես, միայն այլ դասավորվածությամբ ու այլ կերպ խաղարկված:

Մարիա. ասես սարսափահար եղածի պես ասել ուզենա. Դու հարբա՞ծ ես, ի՞նչ է. Թո՛մաս, դու…

Թոմաս. Ինչ ասել է՝ Թո՛մաս, դու… Բարեկամները նրա համար են, որպեսզի փառամոլության գիրկը չընկնես: Մի՛ փորձիր խաբել ինքդ քեզ: Դա մոլորություն է, թե մարդիկ սպանում են իրար տարբերությունների պատճառով: Նմանությունը ամենասարսափելի բանն է: Խանդը, քանի որ մարդս տարբերվել է տենչում, և չնայած դրան՝ սոսնձված է մնում նույն նոթատետրում: Համաձայնվի՛ր դրա հետ, Անսելմ: Լռություն: Օ՜, միայն մթություն ու լռություն: Նա սպասում է: Իսկ այնտեղ, դարակում իմ ատրճանակն է: Երբ դեռ երեխաներ էինք, դու մշտապես ցանկանում էիր ինձնից ուժեղ լինել: Իսկ եթե հիմա կրակե՞մ քո վրա: Մթան միջի այդ սև բծին դժվար չէ ճիշտ նշան բռնել… Սպասում է: Լռություն: Անշուշտ, դու քեզ ամուր ես պահում: Ատամներդ իրար ես սեղմում: Թուլություն քեզ թույլ չես տալիս: Որպեսզի Մարիան հավատա, որ զգացմունքներ ունես, որոնք մահից հետո էլ կհարատևեն: Ձայնը լսեցի՞ր: Ես բացեցի դարակը… Հիմա փամփշտակալն եմ լիցքավորում, մի երկու րոպե ևս, և քո վերջը կգա, կարող եմ քո ուղեղը պատին ցրիվ տալ: Սպասում է: Եթե ծպտուն չհանես, մինչև հարյուրը հաշվելու լինեմ, ուրեմն համարիր, որ  չկաս այլևս: Մեկ… Երկու… Դու ընդամենը հորինվածք էիր, օ՜, ինչպիսի երջանկություն: Երեք… Նա ոչ գործ ունի, ոչ էլ արդյունք է ստեղծել… Նա միայն սողում է այս ու այնտեղ և իր աղտոտությամբ քսմսվում է մարդկանց: Հասկանու՞մ ես դու, Մարի՛ա, նա ինքնահաստատվելու, իր գոյությունն արդարացնելու ոչինչ չունի, ուստի ուզում է, որ սիրեն իրեն՝ ինչպես դերասանը: Բայց նա կարող է սիրված լինել: Կարող է, չէ՞: Չէ՛, իսկապե՛ս կարող է, այո՞…

Մարիա. Դու երազանքների մեջ ես, Թո՛մաս…

Թոմաս. Ա՜, դուք չե՞ք հավատում, որ ես կարող եմ այդ բանն անել: Բայց չէ՞ որ նա խլել է իմ տեղը կյանքում…

Մարիա. Ինքդ էիր այդ բանը ցանկանում…

Թոմաս. Դու իրավացի ես, իրավացի ես դու… Երևում է, ինչպես է վեր կենում և մոտենում այն տեղին, ուր ենթադրում է, որ Անսելմը պետք է լինի: Ես դա էի ցանկանում… Եվ հիմա ամեն ինչ ասես շների աշխարհում լինի: Ամեն ինչ որոշում է քո քթի միջի հոտը: Հոգու բուրմունքը… Ահա այստեղ գազան Թոմասն է կանգնած, այնտեղ՝ Անսելմ գազանը: Նրանք ոչնչով չեն տարբերվում մեկը մյուսից՝ բացի թղթի պես բարակ տարակայացած մարմնի զգացողությունից և այդ թաղանթի ներսում արյան թակոցներից: Մի՞թե սիրտ չունեք հասկանալու դա… Մի՞թե դա չի մղում մեզ դեպի մահը կամ իրար գիրկ նետվելուն…

Մարիա. վախեցած վեր թռչելով և փակելով նրա ճանապարհը. Թո՛մաս, դու խմե՞լ ես…

Թոմաս. լուցկին չրթացնելով. Դե մի ինձ նայիր… Փորձում է պստլիկ լույսի օգնությամբ գտնել Անսելմին: Մարիան վառում է սենյակի լույսը: Դարակը բաց է, սակայն Թոմասը կանգնած է անզեն:

Թոմաս. դեռևս շարունակելով հայացքով Անսելմին որոնել, բայց չգտնելով. Դու միայն ինձ նայիր…

Անսելմը չկա ու չկա:

Թոմաս. Փախե՞լ է: Անձայն անհետացե՞լ… Անձայն էլ հայտնվել էր… Ի՞նչ է տեղի ունեցել ձեր միջև:

Մարիա. տենդագին. Ոչի՛նչ էլ տեղի չի ունեցել:

Թոմաս. Ոչի՞նչ: Եղածը դա՞ է միայն… Ես գիտեմ, ինձ սուտ խոսք երբեք չես ասի… Ոչինչ չի տեղաշարժվել, սակայն ողջ երկրագունդը, ամեն ինչով հանդերձ, որ կա նրա վրա, շարժվում է:

Մարիա. հաստատակամ. Ճի՞շտ է, որ քաղաք էիր գնացել համոզվելու համար այդ թղթապանակի պարունակության իսկության մեջ:

Թոմաս. Յոզեֆը լսեց, ինչպես ժամանեցի, այնպես որ մենք քիչ ժամանակ ունենք: Անսելմն այդպես էլ չեկավ ինձ մոտ: Ես պատրաստ էի նրա առաջ բացելու իմ սիրտը, սակայն նույնիսկ հարկ չհամարեց տեսնել ինձ…

Մարիա. Կնշանակի ճիշտ է, որ … Վճռական: Տու՛ր ինձ այդ թղթապանակը, ես ուզում եմ վառել դա:

Թոմաս. սկզբում նրան նայելով անխոս հուզագրգռությամբ. Դա վեհանձն գաղափար է… Իսկապես որ Անսելմին վայել թափ… Ես, բնականաբար, քեզ չեմ տա այդ ապացուցողական փաստերը:

Մարիա. Դու գաղտնի դավեր ես նյութում Անսելմի դեմ: Դու հանդուրժում ես, որ Յոզեֆը մնա տանը, բայց դա պայթյունավտանգ իրավիճակ է: Մեկնում ես քաղաք, մինչ նա վերահսկողություն է սահմանում տնով մեկ: Եվ այդ ամենը՝ առանց ինձ հարցնելու: Անսելմը հավասարապես իմ ընկերն է, ինչպես որ քոնն է: Ես համաձայն չեմ, որ նրա հետ այստեղ այսպես վարվեն…

Թոմաս. Շատ լավ, քեզ կտամ թղթապանակը: Սակայն նախ ինձ կլսես առանց կանխատրամադրվածության: Եթե քո մեջ իմ ասածներից հետո էլ ցանկություն մնա… ես քեզ կտամ: Ինչու՞ նա չեկավ ինձ մոտ: Որովհետև ինձնից թաքցնելու բաներ ունի: Նա խաբեբա է…

Մարիա. Բայց դու միշտ էլ այդպես ես նրա մասին արտահայտվում: Եվ հետո էլ, նորից ու նորից հայտարարում ես, որ նա մերձավոր տմարդիի մեկն է…

Թոմաս. Համենայնդեպս, նա քո առաջ կատակերգություն է խաղում: Ինչու՞: Ինչու՞ Յոհաննեսն ինքնասպան եղավ:

Մարիա. Բայց այդ մասին մեզանից ոչ ոք չգիտի:

Թոմաս. Այո՞… Քանի որ նա վստահում էր Անսելմին:

Մարիա. Ավելի շուտ, քանի որ Ռեգինեն տանջում էր իրեն: Շարունակի՛ր…

Թոմաս. Այնտեղ, արկղի մեջ, կարող են ապացույցները լինել: Բայց խնդիրը դրանք չեն, ես քեզ ասում եմ: Ուշադիր լսի՛ր ինձ… Իմ ուզածն այն է, որ վերջապես դա հասկանաս: Յոհաննեսին, ինչպես և մեզ բոլորիս, պակասում էր վստահության այն հիմարիկ կաթիլը, առանց որի հնարավոր չէ ոչ ապրել, ոչ բարեկամներով սքանչանալ և գտնել այդպիսիք, հիմարության այն լուսապայծառ կաթիլքը, առանց որի խելքը գլխին մարդ չես կարող դառնալ և չես հասնի ոչ մի բանի: Ցանկացած մարդ, ցանկացած գործ, ցանկացած կյանք միշտ էլ մի ինչ-որ տեղում ճաքեր են ունենում, որոնք սակայն ընդամենը սոսնձված են… Քողարկված խաբկանք…

Մարիա. Կա՛նգ առ… Կնշանակի առանց մի կաթիլ հիմարության հնարավոր չէ սիրե՞լ նաև… Ուրեմն ամեն ինչ ճաքե՞ր է տալիս, եթե դու խելացի ես ու չես հավատում: Շարունակի՛ր:

Թոմաս. Ո՛չ, այսպես շարունակել չեմ կարող… Երբեմն ինձ թվում է, թե կարող էինք նոր մարդիկ դառնալ: Երբեմն պարզապես պատրաստ եմ կոտորակվել… Ես ինձ եմ մեղադրում, Մարի՛ա: Ամենը, ինչ արել եմ, ընդամենը կոպիտ ուժի ցուցադրություն է եղել: Իմ ասած այդ ճաքերի զմռսում: Միայն քեզ չթվա, թե Անսելմն ավելի լավն է…  Յոհաննեսը, գուցե, շատ ավելի լավն էր: Համենայնդեպս, քո տեսակետից այդպես է: Նա թույլ էր: Նուրբ, քնքուշ: Նա մտածում էր, որ ինչ-որ ուրիշ մարդ օգնության կգար: Իսկ Ռեգինեն նվազ օգտակար էր: Չափից դուրս հետաքրքրասեր էր ու կյանքից չհագեցած: Դուռ էր, որ չէր ուզում փակվել: Այսպես նա մոտեցավ Անսելմին: Սա էլ կարծես ընդառաջ գնաց նրան: Բայց շատ ավելի խորացրեց Յոհաննեսին հատուկ փոքրոգությունը և, ընդհակառակը, միաժամանակ խթանեց Ռեգինեի անհամբեր էությունը: Անսելմն օգտագործեց երկուսին էլ, ի՛ր նպատակների համար… Մինչև որ Յոհաննեսն այլևս չկարողացավ տանել դա…

Մարիա. Բայց նրա ինչի՞ն էր պետք այդ ամենը, ինչու՞ էր այդպես վարվում…

Թոմաս. Ինչու՞: Որովհետև ինքն էլ տառապում է՝ ինչպես Յոհաննեսը… Որովհետև ինքնահաստատման կարիքն ունի ու նաև մարդկանց կարիքը: Եթե որևէ բանով չես զբաղվում, ինքնարդարացման սիրույն՝ կարիքն ունես, որպեսզի սիրեն քեզ: Նա գողանում է սերը, նա ներխուժում է կողոպտչի նման և կողոպտում է այն, եթե դա պետք է… Սակայն, ստանալով այն, չի իմանում՝ ինչպես վարվել դրա հետ: Դեռևս համալսարանում…

Մարիա. Օ՜, այնտեղ ամեն ինչ ուրիշ էր…

Թոմաս.,Դե հա՛, նա լավ էլ հասցրել է լվանալ քո ուղեղը: Բայց մի՞թե չես նկատում, որ նա, բոլոր մարդկանց պես, ովքեր մշտապես սիրում են ինչ-որ մեկին, միայն ինքն իրենով է հետաքրքրված: Որ նրա մեջ նոր մարդու տիրանալու ձգտում կա: Դա ասես հիվանդություն լինի… Նա պարտադիր պետք է շողոքորթի և ամեն գնով նրա մտերմությունը շահի:

Մարիա. Դե հա, նա չմտածված արարքներ է իրեն թույլ տալիս, ասենք թե: Բայց նաև իր հոգածությունն է բերում: Իսկ այդ հոգածու վերաբերմունքը գալիս է ներսից՝ ինչպես աղբյուրից:

Թոմաս. Դե հերիք արդարացնես նրան: Դա նույնն է թե՝ հոգեհարցուկների ձևեր թափելն ու փչոցները, երբ վաղուց դուրս են եկել տրանսից: Նա չի սիրում, նա ատում է յուրաքանչյուր մարդու, ինչպես մեղադրյալը դատավորին, որի առաջ պարտադրված, ուզած-չուզած ստում է…

Մարիա. Բայց ինչի՞ մասին ես հիմա նորից խոսում, չե՞ս զգում, որ քո ասածները տեսական մտավարժանքներ են:

Թոմաս. Իսկ դու չե՞ս զգում, որ քո ամեն մի առարկությունը մեծագույն ցավ է ինձ համար… Ստահոդ խոստումներով նա իր կողմն է հրապուրում մարդկանց, քանի որ ակամայից վարգում է անսահմանության միջակայքում՝ իր սեփական տախտակամածին հեծած… Դու ինձ չես հասկանում:  Բայց մի՞թե չես նկատում, որ դու և ես, ինչպես որ դու՛ ես ինձ որպես խելացնորվածի մեկը տեսնում, ասվածի խեղճուկրակ ապացույցն ենք:

Մարիա. Բայց քո այդ բոլոր հանրահռչակումներն հաստատվու՞մ են թղթապանակի պարունակությամբ:

Թոմաս. Այս նյութերո՞վ… Հապաղում է և հաղթահարում է իրեն. Դրանցով ո՛չ … Ո՛չ … Բայց ես ի՞նչ եմ ասում, ես ասում եմ, որ ինձ այդպես է թվում և ընդամենը, ենթադրենք թե այդպես է: Հույսը կտրածի հնչերանգով: Դա ենթակա չէ ապացուցման, պարզապես պետք է հավատալ դրան:

Մարիա. Իմ կարծիքով, այդ ամենը շատ ծիծաղելի է: Թոմաս, խե՜ղճ Թոմաս:

Թոմաս. Ծիծաղելի է հնչում իմ շրթունքներից, բայց եթե նա ասեր, դու այն աղբյուր կանվանեիր:

Մարիա. Բայց չէ՞ որ ինքդ էիր օրերով նրա մասին պատմում, երբ դեռ այստեղ չէր, բայց սպասում էինք, որ գալու է: Նա ունի այն, ասում էիր դու, ինչը պակասում է քեզ: Այդ շահախնդիր պարզ կապվածությունը բոլոր մարդկանց հետ՝ առանց պայքարի ու ջանք թափելու: Սակայն հիմա ինքդ քեզ բորբոքվում ես: Ո՛չ, այդ դու ես, որ բորբոքում ես Յոզեֆին… Հետն էլ՝ Անսելմին: Կարծես խնդիր ես դրել սևացնել նրան: Համառորեն, ապավինած քո գերակա ուժին: Տու՛ր ինձ թղթապանակը, ես ցանկանում եմ – հենց միայն հանուն քեզ – վառել այն…

Թոմաս. ընկրկելով. Ո՛չ, դեռ ո՛չ… Հիմա ժամանակ չունենք, արդեն լսում եմ Յոզեֆի ձայնը: Գնա՛, գնա նրա մոտ… Ես խնդրու՛մ եմ քեզ, գնա՛ նրա մոտ մեկ անգամ ևս… Մարիային հրում է դռան կողմը:

Մարիա. Ես չե՛մ ցանկանում նրա մոտ գնալ… Ես ուզում եմ խոսել քեզ հետ…

Թոմաս. Իսկ ես չեմ կարող լսել քեզ… Գնա՛ նրա մոտ… Գուցե… Նայիր նրան և մտածիր այն մասին, ինչ քեզ ասացի:

Մարիա. Ոչ:

Քանի որ Յոզեֆը ներս է մտնում մյուս դռնով, Մարիան չի կարողանում զրույցը շարունակել: Նա դուրս է ելնում:

Յոզեֆ. սևազգեստ, դեմքին ասես հուղարկավորության արտահայտություն է. Դու շատ ես ձգձգում վճռի կայացումը: Ես այստեղ մի անտանելի իրավիճակում եմ: Ռեգինեն ընդդիմանում է իմ խորհրդին, նույնիսկ չի պատասխանում իմ նամակներին: Նա չարաշահում է իմ ծով համբերությունը:

Թոմաս. Վերադարձի՛ր, թող ժամանակը թնջուկը լուծի:

Յոզեֆ. Համոզվեցի՞ր իմ կռվանների արդարացիության հարցում:

Թոմաս. Այո: Գրասեղանից վերցնում է Շտադերի թղթապանակը և դնում է իր առջև:

Յոզեֆ. Ռեգինեն հազիվ թե հասկանում է, թե ինչ է նշանակում հարվածել տղամարդու ամենակենսական տեղին: Բայց այդ հիվանդագին սուտասանին, այդ խաբեբային վնասազերծել է հարկավոր: Սկզբում մտածում էի. դե լավ, զվարճալի ուղևորություն է, նյարդային քմահաճույք՝ այդ անսպասելի մեկնումը, առանց մի բառ իսկ ասելու: Պատրաստ էի անգամ համակերպվել այդ անբարեվայելչության հետ: Չէ՞ որ Ռեգինեն սովորաբար անբարեհամբույր էր, մի տեսակ աշխարհաթող սրբուհու պես: Դու հասկանում ես ինձ, դա նաև իր դրական կողմերն ունի. նա երբեք ընդունակ չի եղել ջերմություն հանդես բերել տղամարդու հանդեպ: Բայց այստեղ – ես բացատրություն էի փնտրում, պարզաբանում բարի մտքով, բայց փոխարենը հակիրճ հաղորդում ստացա, որ մեկնել է իր քրոջ մոտ, հետո էլ ձեռքս ընկավ այս գրքույկը՝ լեփ-լեցուն զազրելի գրավոր զեղումներով, որոնց ընթացք տալը պարզապես վեր էր իմ ուժերից …

Թոմաս. Նրանք գրել էին, որ այստեղ են ուղևորվում, քանի որ Յոհաննեսն այստեղ իրենց հե՞տ էր ապրել:

Յոզեֆ. Ռեգինեն էր գրել, բայց համոզված եմ՝ այդ մարդու թելադրանքով: Այլապես հիմարություն կլիներ զենք տալ իմ ձեռքը: Ասել կուզի՝ Ռեգինեն այս ամբողջ ընթացքում խաբել է ինձ: Որպեսզի մնա Յոհաննեսի կողքին: Դու դա կարո՞ղ ես հասկանալ:

Թոմաս. Այո:

Յոզեֆ. Կարող ես հասկանա՞լ: Իրա՞վ: Դե հա, բոլորդ էլ նույնն եք: Միայն թե որևէ խելացնոր միտք ձեզ հրամցվի, այդժամ ձեզ զսպել չի լինի:

Թոմաս. Այս հարցում կարող եմ բացատրություն գտնել. գուցե կարոտն է պատճառը:

Յոզեֆ. Ա՜, Ռեգինեն ևս պետք է ինչ-ինչ բացատրություններ ունենար: Քանզի այդ ամենը ճշմարիտ չէ հավանաբար… Սառը, առաքինասեր Ռեգինեն, ահա թե որտեղ է հանցագործությունը, ահա թե որտեղ է սկսվում անհասկանալին: Տարիներ շարունակ հանգուցյալի հիշատակը կենդանի պահել, հակառակ որ… Բայց չէ՞ որ մենք երջանիկ ամուսնություն ունեցանք… Դե լավ, դրա հետ ի վերջո կարելի է դեռ համակերպվել, որքան էլ չափազանցված թեթևամտություն լինի: Դա նույնիսկ ազնվամտություն է, անշուշտ, մեծապես չափազանցված: Մտածիր միայն. հավատարմությու՞ն: Դա աննորմալություն է: Դա արդեն իսկ կեղծավորություն է: Եվ որ է՛լ ավելի վատ է՝ հանգուցյալին մատուցված, այսպես կոչված, զոհաբերությունները, գիջություն չէ՞, բա ի՞նչ է: Ըստ էության՝ ամուսնական դավաճանությունների անընդհատ, տարիներ շարունակվող շղթա չէ՞ սա… Էլ չասած կենդանական բնազդների մասին, հենց միայն ծածուկ գաղտնապահությունների ու կեղծավոր աղտեղության: Կարո՞ղ ես երևակայել, որ մի այնպիսի հեզանազ, խստապահանջ և — ես դա քեզ եմ ասում որպես նրա եղբայր – անզգայունակ մեկը, ինչպիսին Ռեգինեն է, ընդունակ լինի այդ ամենին:

Թոմաս. Թերևս ոչ, նրա հպարտությունը չի գնա դրան:

Յոզեֆ. Այն էլ ինչպիսի՜ հպարտություն… Երբեմն նույնիսկ ցավեցնելու աստիճան դժվարանում ես լսել, թե ինչ վերամբարձությամբ է դատում այլոց մասին: Բայց հենց այստեղ էլ այդ լակոտը գործի է անցել: Համոզված եմ, դրանով իսկ նա ցանկանում էր մի տեսակ ինքնապահովագրվել ամեն տեսակ հնարավոր պատահականություններից:

Թոմաս. ինչպես մեկը, ով չնայած թափած ջանքերին, ոչինչ չէր հասկացել. Բայց ինչու՞ է այդ մարդը նման բան Ռեգինեին ներշնչել:

Յոզեֆ. Որպեսզի ինձ հարված հասցնի:

Թոմաս. Այդ գրությունները քե՞զ էին հասցեագրված:

Յոզեֆ. Ո՛չ: Ռեգինեն ծայրաստիճան ցրվածի մեկն է, բոլոր թղթերը արկղերի ու դարակների մեջ է թողել: Սակայն դրանք պետք է որ, ի վերջո, հենց ինձ ուղղված լինեին: Հավանաբար դիտավորյալ է այդ ամենը հատուկ այդպես կազմակերպել, այդ սրիկա՛ն… Քանի որ իմ խուզարկուի եզրակացությունները – ինքդ էլ գիտես, այդ ջահելը փառամոլի մեկն է, նրա գիտական մեթոդն ըստ էության զտագույն անհեթեթություն է, սակայն ճարպկության առումով նրա հավասարը չկա — նրա բոլոր եզրակացությունները հաստատում են դա. Անսելմը քսմսվում է մարդկանց: Ես, օրինակի համար, նախապես նրան ընդհանրապես տանել չէի կարողանում, բայց նա այնպես նրբորեն և հեզանազ է խաղում քո թուլությունների հետ, խորամանկորեն կորզում է քո մտքերը, որ սկսում ես մտածել, թե մինչև հիմա որևէ մեկը քեզ այդքան լավ չի հասկացել, որքան նա: Նրա նպատակն է, երբ քեզ արդեն ունի իր ձեռքում, ուշիուշով լրտեսելով քո բոլոր թուլությունները, հաշվենկատորեն խստադաժան հարված հասցնի: Այդ նպատակով բազմիցս կեղծ անուններ ու փաստաթղթեր է շրջանառել: Իրեն որպես ազնվական է ներկայացրել, որպես մեծահարուստ ու վերջին չքավորը, գիտունի կամ պարզմիտի մեկը, բնաբուժության առաքյալ կամ թմրամոլ, նայած նպատակահարմարությանը, որպեսզի խաբի միամիտ և ինչ-որ տեղ կասկածամիտ հոգիներին: Ինչպես քեզ հայտնի է, դրանց թվում կան նաև պատմություններ, որոնց համար նրան կարող են շանսատակ անել:

Թոմաս. ոտքի է կանգնում. Բայց ինչպե՞ս ես ինքդ դա բացատրում:

Յոզեֆ. Հիվանդություն: Նա վտանգավոր հիվանդ է: Բայց դա որևէ կերպ չի բացառում նրա պատասխանատվության չափը:

Թոմաս. Ես շարունակ այդ մասին եմ մտածում, սակայն ոչ մի կերպ գլուխ չեմ հանում:

Յոզեֆ. Քեզ հետևյալը կասեմ. հասարակական վտանգ ներկայացնող հիվանդ: Նա Ռեգինեին, ոտից գլուխ, հետևողականորեն հիմնավերամշակել է: Նա ինձ ի սկզբանէ ատում էր, չգիտեմ թե ինչու, ես բոլորիդ միայն լավություն եմ արել: Հենց միայն այդ ատելությունն արդեն իսկ հիվանդություն է: Եվ ինչպիսի՜ ախտաբանական նրբանկատությամբ է ողջը մտածված: Բավական է մի փոքր ջանք թափել և ողջը տրամաբանական կարգով դասդասել: Ասել կուզի, քանի դեռ նա հավատում է Յոհաննեսին, կարող է անել՝ ինչ ուզում է:  Քանի որ նա, այդ վաղամեռիկը, այլ բան չէ, քան Ռեգինեի սեփական ճակատագիրը, իմացած լինես: Ոչ թե որևէ հիշողություն, որևէ անրջանք, որ ինչ-որ տեղ դեռ կարելի է հասկանալ, այլ. – նա տառացիորեն այս բառերը ձեռքն է առնում՝ որպես անըմբռնելի մի մեխանիզմ – սա այն է, ինչ Ռեգինեն ուզում էր դառնալ, նրա հավատը իր հանդեպ, իրականությունից ազատագրված պատրանքն իր մասին… Նա… ինքը… լավն ու… բարին… Այստեղից առնվազն պետք է հետևի, որ նա բարին է ցանկանում գործել: Բայց դա այդքան էլ այդպես չէ: Որքան ավելի վատանա, ավելի շատ կմոտենա Յոհաննեսին… Քանզի մարդս ավելի շատ է հաշտվում ինքն իր հետ, որքան ավելի է կորցնում իրեն… Իսկ նվաստացումների ենթարկվելը ոգու ճակատագիրն է ողջ աշխարհում… Նվաստացումները, դա արդեն, հասկանու՛մ ես, արդեն իսկ ես եմ: Բայց ինչու՞ ոչ թե ես, այլ հենց Անսելմի պես մեկն ունի այդ ոգին, ով ոչինչ չի արել, չեմ հասկանում: Ահա թե ինչ կասեմ քեզ. նման պատգամներ իր նախաձեռնությամբ նա չէր կարող հղանալ: Սակայն մեկ անգամ այդքան հեռուն հասցված լինելով, ստիպված է դատապարտել իրեն բոլոր հնարավոր մեղքերի համար: Դրանով ցանկանում էր ապահովագրել իր նահանջը: Սակայն ես այդքան էլ ապուշ չեմ: Եթե հարկադրել է Ռեգինեին գրել, որ նա կիրք է տածում իր՝ Անսելմի հանդեպ և ուզում է գայթակղել իրեն, մինչդեռ ինքը ցանկանում էր լոկ նրա հոգին առաջնորդել, որ ինքն ավելի շուտ ինքն իրեն կքոթակեր և ինքնասպանությամբ կսպառնար, քան թույլ կտար այն, ինչին «ես և մյուսները մեծ արժեք ենք տալիս»: Այսպես իմ մեջ անմիջապես կասկած ծնունդ առավ և նա իր արհեստավարժ հորինաստեղծումներով գլուխն ազատեց: — Վստահություն ցուցադրելով – Սրանում արտացոլվում է նրա աննորմալ հոգեկառույցը:

Թոմաս. Բայց կներես, սկզբունքորեն Անսելմը մեզնից այնքան էլ չի տարբերվում, նա ընդամենը շեշտադրումներն է տեղաշարժում:

Յոզեֆ. Ես ցավում եմ քեզ համար: Նա, թվում է, վախենում է այն բանից… որ կարող է շատ հեռուն գնալ: Իհարկե, դա շատ դժվար է երևակայել: Առավել ևս, որ կին ունի: Սակայն հաճախ անսովոր ցնցում է ապրում: Կնոջ փոխարեն նրա հետ հանկարծ մի մարդ է մոտիկություն անում: Նրա մեջ գերլարված ճգնաժամ է բորբոքվում: Այստեղից էլ՝ հիվանդագին, չարամիտ արարքները: Ռեգինեին ներշնչում է, որ նա ավելի շուտ պետք է «հանդուրժի իմ նկրտումները», թող որ ի՛ր «ինքնազոհաբերումների» գնով անգամ:

Թոմաս. Կնշանակի, դու վստահ ես, որ նրա պարագայում ամբողջը բացառապես վերաբերում է բարեկամության խնդրին: Այդ դեպքում կարելի է նաև ակամայից այդ սահմանն անցնել:

Յոզեֆ. Շտադերը, խուզարկուն, դու գիտես, որ նա լավագույնս լույս սփռող տեսություն է առաջ քաշել. եթե գործն ավելի առաջ գնա, այդժամ նրանք տանը կմնային: Քանի որ այդժամ պատկառանքի խնդիր կառաջանար: Ահա թե քեզ ինչ կասեմ. եթե նա գոնե տղամարդ լիներ, ապա ես կիմանայի անելիքս… Բայց նա այլասերվածի մեկն է, հոգեկան հիվանդ, կնաբարո վախկոտի մեկը… Ջանում է հանգստանալ՝ սենյակում դեսուդեն անելով: Իսկ դու, Թոմաս, վստահելով սիրում ես մի կնոջ, իսկ վերջինս էլ, վարակված լինելով այդ ցնորամտությամբ, քո պատիվը հանձնում է իրեն վարակած այդ հոգեկան հիվանդի ձեռքը:

Թոմաս. Իմ նամակում քեզ նախապատրաստել եմ դժվար կանխատեսելի մարդկանց հետ գործ ունենալուն:

Յոզեֆ. Եվ ինձ որպես հետադիմական մեկն ես ցուցադրել քո այդ հույժ անհեթեթ Բարոյական տեսությամբ, որը բնավ քո մասնագիտական գործը չէ, և հիմա կարող ես տեսնել դրա գործնական արդյունքը: Սակայն, կարծում եմ, դու ամաչում ես այդ սխալմունքի համար: Փաստերն ինձ ավելի մեծ բավականություն պատճառեցին, քան քո փորձարկումները: Դու մեր առաջին զրույցից հետո համոզվեցի՞ր, որ տվյալները ճիշտ են, համոզիչ:

Թոմաս. Այո: Ինչը որ կարողացա վերստուգել, համապատասխանում է իրականությանը:

Յոզեֆ. Եվ տվյալ դեպքում պարտավորվեցիր նրան տնից դուրս անել:

Թոմաս. Այո: Ես պարտավորվեցի: Ինքն իր հետ կարճատև պայքարից հետո: Բայց ես չեմ կարող: Հատկապես հիմա նա չպե՛տք է այստեղից մեկնի: Նա դեռ պետք է մնա: Ինձ վրա մի՛ ճնշիր: Թղթապանակը կրկին դնում է գրասեղանի դարակը:

Յոզեֆ.  զարմացած նայում է նրան, ետուառաջ է անում սենյակում. Ինձ սխալ չե՞ս հասկացել: Ես բնավ չեմ հրաժարվում իրավազորությունից, որ օրենքն է ինձ ընձեռում: Ես հապաղում էի հանուն քեզ և ընտանեկան սկանդալի խորշանքից դրդված: Ես պահանջում եմ, որ կանանց ներկայությամբ հրաժարվես նրանից և տանդ դուռը փակես նրա առաջ:

Թոմաս. Ես գնահատում եմ քո բարությունը… բայց չեմ կարող:

Յոզեֆ. Լավ: Սակայն դա չի ազատում կարգուկանոն հաստատելու իմ պարտականությունից: Վերադարձրու՛ փաստաթղթերը:

Թոմաս. վերջապես միանգամայն վճռականորեն՝ փակում է գրադարակը և դուրս քաշում բանալին. Ո՛չ: Կներես: Ես չեմ կարող:

Յոզեֆ. ապուշ կտրած. Կնշանակի, իսկապե՞ս համակրանք ես տածում նրա հանդեպ: Հենց այդպես է ամեն ինչ սկսվում: Ինքզինքը հաղթահարելով: Նա այստեղ է, որպեսզի մոլորեցնի քեզ ու Մարիային, ինչպես որ վարվեց իմ ու Ռեգինեի հանդեպ:

Թոմաս. Գիտեմ: Սակայն… կարծում ես, ամեն ինչ այդքան հե՞շտ է: Այդքան պարզ ու հասարա՞կ նույնիսկ:

Յոզեֆ. Դեռ ամեն ինչ չգիտես:

Թոմաս. Բայց դա ճիշտ չէ… Նա չէր կարող գալ այստեղ, որպեսզի չարիք պատճառեր ինձ:

Յոզեֆ. Ի՜նչ միամիտն ես… անուղղելի ցնորամիտի մեկը: Կարծում ես, սովորական ճշմարտությունը քո նմանի համար բավական չէ: Դու ընդունում ես լոկ փաստերը՝ մեկին գումարած մեկը, եթե դրանք նաև «բարձրագույն ճշմարտություն» են…

Թոմաս. Դա էլ ուզում էի ասել: Եթե անգամ ապացուցես, որ Անսելմն ուզում է խաբել ինձ, և եթե անգամ ապացուցելու լինես, որ Մարիան նույնպես, միևնույն է, դա չի կարող ճշմարիտ լինել: Չի կարող նաև սուտ լինել: Դա կարող է մի բան նշանակել, որ դա դեռ ոչինչ չի նշանակում:

Յոզեֆ. Պարզվում է, դու ևս կախարդված ես: Լավ: Այդ դեպքում ես կմնամ այստեղ:

Թոմաս. Ի՞նչ նկատի ունես:

Յոզեֆ. Կմնամ այստեղ, քո տանը: Ինձ դռնից չես վռնդի, եթե նման սրիկաների համար դուռդ միշտ բաց ես պահում:

Թոմաս. խռովված. Իհարկե ո՛չ, ոչ… բայց այդպես չի կարելի:

Յոզեֆ. Երդվում եմ, այստեղից ոչ մի տեղ չեմ գնա, մինչև չստիպեմ այդ «գլխակերին» — ահա՛ և գտա նրա ճիշտ բնորոշիչը, — ոչ մի տեղ չեմ գնա, մինչև նրան չհարկադրեմ հրապարակայնորեն, բոլորի ներկայությամբ, լիզել իմ կոշիկները: Դու կտեսնես, նա կանի դա, նա ձեզնից ավելի խելացի է: Նա չի զլանա այդ բանն անել, հենց որ հասկանա, թե ինչի մասին է խոսքը:

Թոմաս. դառնացած և ավելի հուզագրգիռ. Դրա համար կզղջաս: Կարծես ոչինչ էլ չի պատահել, բայց և այնպես… մերժումը ժխտել չի կարելի: Դու կուզենաս խոսել Ռեգինեի հետ, իսկ նա կաշխատի խուսափել քեզանից: Դու կուզենաս նրան ինչ-որ բան ապացուցել, նա քեզ չի լսի: Հասկացի՛ր. դա կոչվում է հոգու խլություն: Դու նրան մատնացույց կանես, թե՝ տե՛ս, նա սրիկայի մեկն է, և Ռեգինեն դա չտեսնելու կտա: Դու կկորցնես գիտակցությունդ, իրականում այլևս չես հասկանա՝ անհեթեթություննե՞ր ես դուրս տալիս կամ քո խոսքերը ոչ մեկին չեն հասնում…

Յոզեֆ. Ես ամեն ինչ կանեմ, որպեսզի լսեն ինձ: Չէի ուզենա հետագայում կշտամբել ինձ, որ իմ անվճռականության պատճառով մեղսակից եմ դարձել: Հեռանում է:

Թոմաս. ծանր մտատանջությունների մեջ՝ ետուառաջ է անում սենյակում. Դու երևի մտածում ես, որ տարիների համատեղ կյանքը ինչ-որ հոգևոր բան է նշանակում: Հետո գալիս է մեկ ուրիշը, ոչինչ չի փոխվել, բայց ամենը, ինչ դու անում ես, այլևս նշանակություն չունի, իսկ ինչ ինքն է անում, որոշակի իմաստ ունի: Քո խոսքերը, որոնք նախկինում խորը տպավորություն էին ստեղծում, հիմա աննկատ մնալով՝ ոչ ոքի լսելիքին չեն հասնում: Որտե՞ղ է, ու՞ր մնաց հոգին, կարգուկանոնը, հոգևոր օրենքը: Միմյանց պատկանելությու՞նը, հասկացված լինե՞լը, հուզմունքնե՞րը: Համր մենության անդունդը վերստին կուլ է տալիս այդ ամենը…

Մարիա. զգուշորեն ներս մտնելով. Ես չգիտեի… դու նորից մենա՞կ ես: Եվ սպասում էի:

Թոմաս. Եվ… լսու՞մ էիր:

Մարիա. Ես ականջ չէի դնում: Չեմ էլ ցանկանում իմանալ, թե ինչ էիք խոսում: Տու՛ր ինձ թղթապանակը:

Թոմաս. ընկրկելով՝ ասես անդառնալի վտանգի առաջ. Կնշանակի… Ուրեմն դա ճի՞շտ է:

Մարիա. Ես այդ մասին մեկ անգամ էլ խոսեցի նրա հետ: Նա կամաց-կամաց սկսում է վստահել ինձ: Թո՛ղ նա լինի իմ բարեկամը: Մանավանդ որ նա վատն է:

Թոմաս. Ուրեմն ճիշտ է… Իսկ ես քեզ ի՞նչ էի ասում:

Մարիա. Եթե ինքդ հավատայիր դրան, հիմա ուրիշ բան կձեռնարկեիր: Ցավատանջ հուսահատությամբ: Ինչու՞ մտար այս ամենի մեջ: Որովհետև կարծում ես, որ նա ազդու՞մ է ինձ վրա: Այո՛, ազդում է, ի՞նչ է, չի՞ կարելի:

Թոմաս. Կարելի՞ է: Նա ընդունակ է դրան, Մարիա… Դե նայի՛ր ինձ, փոփոխություն նկատու՞մ ես: Դու կորցնում ես քո լցակարման փայտե անոթը, այդ նրբենի կլորիկ բանը, որի վրա երբեմն գուլպաներդ ես կարկատում: Իսկ մի քանի օր անց այն փողոցում գտնելով, հազիվ ես նրան ճանաչում: Ամենը, ինչ քեզնից կար նրանում, ցնդել-խամրել է: Մնացել է լոկ ծիծաղելի պստլիկ, փայտե կմախք: Այդպես էլ դու ես վերադառնում. որպես նրա ոգու երեխան: Այդ օտարոտի մայրական գրկի զազրելի ցնցոտիները քեզնից կախ ընկած…

Մարիա. Դու կոշտուկոպւտ, խստադաժան մարդ ես:

Թոմաս. Ավելի լավ է ասա՝ նախանձոտ: Ասա՝ ատելությամբ լեցուն: Այդ օտար գոյությունը ես կուզենայի վառել ամենաթունդ ծծմբաթթվով, այն, որ կռիվ է տալիս ինձ հետ՝ միմյանց բռնել չկարողանալով…Ես նրան հայտնաբերում եմ քո մտքերում, և դա ինձ անօգ է դարձնում ու լքված, քան եթե ես նրան քո անկողնում բռնացնեի:

Մարիա. Դու կոշտուկոպիտ, խանդոտ մարդ ես: Դու պահանջում ես՝ փոխարենը չցանկանալով որևէ բան տալ: Ինչ է, ես միայն քե՞զ լսեմ պիտի: Ի՞նչ է, բոլոր հարցերում դու իրավացի՞ ես:

Թոմաս. Ամենևին, այնպես որ երբեմն չեմ հասկանում, թե ինչու՞ դու միշտ ինձ հետ ես եղել և ոչ թե նրա: Իմ մեջ կա համառորեն անուղղելի մի բան, մի բան, որը պաշտպանում է քեզ՝ ինչպես մայրն է պաշտպան կանգնում իր երեխայի ուրախությանը: Սեփական ցավի մեջ եփ եկող երանավետ թմբիր է, երբ դու գալիս ես նրա մոտից, ինչ-որ թարմացնող, նոր մի բանի զգացում:

Մարիա. Տեսնու՞մ ես, որ այդ ամենն անում ես ո՛չ ամենևին հանուն ինձ, նյարդերը գրգռելով և մեր գոյությունն իսկ վտանգելով: Այլ որովհետև զգում ես, որ նա ինձ… չի սիրատածում… այլ ավելի բարձր է գնահատում, քան դու:

Թոմաս. Այն պահից ի վեր, երբ դա սկսվեց, ինձ ասում ես, թե դա բնավ սեր չէ, այլ ինչ-որ հոգեկան վերապրում:

Մարիա. Հենց այդպես էլ կա:

Թոմաս. տանջված. Գրեթե նույնքան ժամանակ է, ինչ քեզ ամեն օր ապացույցներ եմ բերում, որ իր ներքին ապրումներում նա ընդամենը կեղծարար է: Սակայն ինձ չես հավատում, այլ նրան: Դա այնքան պարզ է և… սարսափելի:

Մարիա. Ես դեռ հավատում եմ քեզ: Բայց դու ի՞նչ արեցիր իմ հավատի հետ, դարձրիր  կիսատ-պռատ մի բան: Անպարզ, հեղհեղուկ մի անպետքություն: Յուրաքանչյուր նորությունից վտանգված: Փոխարենը առաջարկում ես անորոշ համակեցություն, որպես երկու ուղեկից գնացքի առանձնախցիկում: Առանց պարտավորություների ու կրքի: Չեմ ուզում մտածել անգամ… Թոմաս, այն, ինչը կապկպված է պահում և բզկտում է ու ցնցում, հենց քո մեջ է: Դու ամաչում ես այն ժամերի համար, երբ չես մտածում, երբ գալիս ես ինձ մոտ, քանի որ չես ուզում մտածել, ավելի քան մերկացած լինելով այդ անպատվաբեր, «թույլիկ» ժամերին, երբ ներսիդ եղած-չեղածը դուրս է սպրդում: Այդ ի՞նչ արեցիր մեզ հետ… «Դու՛, հենց դու՛» և «հենց այստե՛ղ», «մուկնուկատու» «քս-քս, փոքրիկ մարդուկ ու աղջնակ»…

Թոմաս. Լռի՛ր: Սսկվի՛ր… Սարսափելի է լսել… այլևս չեմ կարող… Միթե չես զգում սարսափելիորեն անօգ մի վստահություն: Ամենը, որ որևէ մարդ կարող է քեզ տալ, ներդրված է այն գիտակցության մեջ, որ դու արժանի չես նրա սիրազեղումին: Այն, որ նա քեզ լավն ու բարի է համարում, դա ակնրերև է, մինչդեռ որ ինքն էլ այդպիսին է՝ լավն է ու բարի, ապացուցող որևէ հիմք երբեք չես գտնի: Ով ոչ իր խոսքով է մի բանի պիտանի, ոչ մտքով, ոչ գործով, քեզ իրենով է անում ամբողջապես: Նա պարզապես այստեղ է, քամու բերածի պես, ջերմացնելու սիրույն, քեզ զգաստացնելու, սթափեցնելու համար… Դու այդպիսի զգացողություն չունե՞ս: Դու մշտապես ուրի՞շ մե՞կն ես, ուրի՞շն ես եղել:

Մարիա. Եվ դեռ հպարտանու՜մ ես դրանով: Քո պատճառով կորցրել եմ իմ եսն ունենալու քաջությունը:

Թոմաս. Եվ Անսելմը քեզ կեղծ մի բան է հրամցնում: Քեզ մեծագույն հուսախաբություն է սպասվում…

Մարիա. Գուցե և կեղծում է: Սակայն ես իրավունք ունեմ, որ համոզեն ինձ. Հենց այդպես… Թող որ դա ընդամենը խաբեություն լինի, միայն թե ինձնից շատ ավելի ուժեղ մի բան բուսնի: Որպեսզի ինձ ասվեն խոսքեր, որոնք ճշմարտացի են միայն այն պատճառով, որովհետև ես լսում եմ դրանք: Որպեսզի ինձ երաժշտությունն առաջնորդի, զմայլեցնի, և ոչ թե կշտամբանքի պես ասվի ինձ. այստեղ պետք է պոկել չորացած աղիքի մի կտորը: Ո՛չ այն պատճառով, որ հիմար եմ, Թոմաս, այլ որովհետև ես մա՛րդ եմ… Նույն կերպ էլ ես նաև իրավունք ունեմ, որպեսզի ջուրը հոսի և քարերը պինդ լինեն և իմ շրջազգեստի փեշին ծանր կար դրվի, որպեսզի այն չծածանվի օդի հոսանքից:

Թոմաս. Մենք իրար չենք հասկանում: Մենք նույն բանն ենք ասում, այն տարբերությամբ, որ իմ խոսացածի անունը Թոմաս է, իսկ քոնը՝ Անսելմ:

Մարիա. Եվ դա՞ է քո պատասխանը: Երբեք, երբեք, երբեք չկա և չի կարող լինել ավելի մեծ, ավելի հուզագրգիռ, անհրաժեշտ, ձեռքը բռնող որևէ բան… դու նույնիսկ ինձ նրա ձեռքի՛ց չես խլում:

Թոմաս. Հնարավոր չէ որևէ մեկին վերցնել այնտեղից, ուր նա կանգնած է: Սակայն քեզ, – բառեր է փնտրում, ավելի լավը չի կարողանում գտնել- անասելի հուսախաբություն է սպասվում:

Մարիա.  Ինձ տեղյակ պահիր, երբ հաստատ իմանաս: Ինձ մի՛ թող այսպես միայնակ…

Թոմաս. Ապացուցել դա հնարավոր չէ:

Մարիա. համառ. Ես կարծում եմ, միակ ապացույցը որևէ մարդու կողմ և դեմ լինելուն, այն է, թե դու բարձրանու՞մ ես նրա կողքին լինելով, թե՞ իջնում:

Անսելմ. ծայրահեղորեն գրգռված՝ ներխուժում է սենյակ, անհամբերությունից բորբոքված, առանց նրբավարության ցույցերի. Ես պետք է նորի՛ց խոսեմ Մարիայի հետ: Ես Մարիայի հետ պետք է նորի՛ց խոսեմ:

Թոմաս. Ձեզ մենակ կթողնեմ:

Մարիա. Թոմաս, պետք չէ այդպես… Տվյալ դեպքում որևէ վճռական նշանակություն չունի այն հանգամանքը, որ նա տղամարդ է:

Թոմաս. Եթե դա անգամ նրա մասնագիտական նախասիրությու՞նն է: Անսելմ, դու լսեցի՞ր: Դու հասկացա՞ր, որ Յոզեֆը սպասում է տանը: Քանի որ Անսելմը չի պատասխանում, կատաղության մեջ է ընկնում, մեկը մյուսի հետևից վերցնում է բազմոցի բարձերը և հատակին նետում: Դե պառկե՛ք, պառկե՛ք հատակին… հենց այստե՛ղ: Արե՛ք, վերջացրե՛ք ձեր գործը, դրանից հետո միայն կշարունակենք խոսել: Արյունը խփում է ձեր գլուխներին… Դեռևս չմիախառնված ոսկրածուծի հյութերը մնացել են մարմինների խորխորատներում, ասես մարջանե անտառներ… Երևակայախաղերը հոսում են նրանցում՝ ինչպես ձկների վտառների ծաղկափայլ հոսանուտ մարգաստանները… Դու և ես, սեղմվում ենք՝ խորհրդավոր կերպով մեծահսկա դարձած, աչքերի կլորակված հայելիներին… Եվ նաև սիրտն է աղմկում…

Մարիա. սկսում է լուռ հեծեծել: Դու չե՞ս ամաչում:

Թոմաս. Եվ Յոզեֆն էլ սպասում է դրան: Նման իրավիճակում ամոթ ասածն այլևս անիմաստ է: Դիմելով Անսելմին: Գոնե մի անկեղծ խոսք ասա, մի բառ, որ անմեղ փոքրիկ գազանիկի պես թավալգլոր է գալիս է քո մեջ: Որպեսզի իմանամ, որ Մարիան կարող է փաղաքշելով հարթել այն, որ Մարիան չի սառցակալի հուսախաբությունից: Մի բառ, որպեսզի հավատամ, որ նվաստացումները միայն նրա համար էին, որովհետև դրանց պատճառած տառապանքը մեր ճակատագիրն է, որ աշխարհի բոլոր արարվածքներից լոկ բանականությանն է տրված նրանց իրավասությունը: Ես պատրաստ եմ կրելու ամեն ինչ: Պատրաստ եմ հակառակվել Յոզեֆին և ոչ թե ընդունել նրան, և Մարիային մխիթարել նրա վախերում և իմ հանդեպ ատելության ցույցերում և ասել նրան, որ մարդս երբեք այնքան հաշտ չէ ինքն իր հետ, բայց միայն այնժամ, երբ կորցնում է ինքն իրեն:

Մարիա. Եվ դու ինձ ասում ես, որ նրան չհավատամ: Ինձ նրան ես առաջարկում: Քո մեջ պատվախնդրության որևէ նշույլ իսկ չի մնացել…

Թոմաս.սարսափահար հոգեվիճակում՝ քաշում է անշարժացած Անսելմի թևքից.  Գարշելի՛ է, ինչպե՞ս ես միայն իմ առաջ ցցվել: Նողկալի է, որ երեքով կանգնած ենք այստեղ: Այսպես ծայրաստիճան մարմնական երևույթով: Եվ ծայրաստիճան մարմնականորեն շոշափելի՝ մեր միջև տնկված է Մարիայի հանդեպ քո հոգևոր տիրապետությունը: Զազրելիորեն սեռացանկասիրական ինչ-որ բան է սողոսկել այստեղ մեր միջև: Ի՞նչ գործ ունեմ քեզ հետ… Ի՞նչ է Մարիան ուզում ինձանից… Դուք հենց միայն իբրև մարմնեղեն սյուներ եք այստեղ տնկված: Հեռանում է՝ Յոզեֆին ներս բերելու նպատակով:

Անսելմ. վերջապես ազատություն տալով խելացնոր հուզագրգռությանը. Մի՛ք լացի… Ես ի զորու չեմ որևէ շարժում անել նրա ներկայությամբ: Որպեսզի նա ոչ մի բան գլխի չընկնի: Սակայն ես ավելի շուտ ինձ կսպանեմ, քան թույլ կտամ, որ լաց լինեք:

Մարիա. Անսելմ… Հանուն բոլոր սրբերի… Չէ՞ որ երբե՛ք սուտ չեք խոսի իմ առաջ: Ես կկործանվեմ, եթե սուտ խոսեք…

Անսելմ. անվստահորեն՝ սառչելով. Ձեզ ինչ-որ բա՞ն են ասել:

Մարիա. Ինչպե՞ս կարող եմ հավատալ Ձեզ …

Անսելմ. Մենք չպետք է վայրկյան իսկ կորցնենք: Կարո՞ղ եմ զոհաբերության միջոցով վերստին գրավել Ձեր վստահությունը: Ձեր վստահությունը Ձեր իսկ հանդեպ: Սպառնագին. Ես ամեն ինչ կանեմ՝ առանց հապաղելու…

Մարիա. Բայց ես նախազգացում ունեմ, որ պարզապես ցանկանում եք գայթակղել ինձ դառնալու ուրիշ մեկը, քան ե՛ս եմ: Ես դա զգում եմ: Անշու՛շտ, Դուք պե՛տք է որ միշտ այդպիսին եղած լինեք:

Անսելմ. Այո, ես միշտ մարդկանց ուղղորդել եմ լինելւ ավելի լավը, քան նրանք կան: Սակայն ես տառապանքներ եմ կրել:

Մարիա. Ռեգինեի հանդեպ ևս նույն կերպ եք վարվել:

Անսելմ. Այո: Այդ իսկ պատճառով ատում եմ նրան:

Մարիա. Իմ հանդեպ էլ եք ատելությամբ լցվելու: Ձեր կյանքը մշտապես լի է եղել բարեկամներով ու սիրուհիներով:

Անսելմ. Ինչ-որ մեկը Ձեզ այդպե՞ս է ասել: Դե, ուրեմն իմացած եղեք. անհամբերությունից: Թուլությունից, որ չի ցանկանում ավելի երկար սպասել, սակայն հուսախաբությունն արդեն իսկ իր մեջ է կրում: Ատելությունն է իր մեջ կրում, որը միայն վախից դրդված է փորձում վերածվել սիրո… Երբ դեռ երեխա էի, փոքրիկ տղա, բոլորն ինձ համբուրում էին, այդ մայրիկները, տնային դաստիարակչուհիները, սպասուհիները, քույրիկները, ընկերուհիները: Ա՜խ, այդ հաստակաշիները, նրանց մաշկի մեջ ծպտված է մնացել կարոտը մարդու հանդեպ, աստիճանաբար վերածվելով մարսողության բարեբաստիկ երանությունների: Ես չեմ կարող առանց մարդկանց… Եվ ահա՛ ինչ եմ ստացել դրա դիմաց: Դուք շատ լավ գիտեք:

Մարիա. Թոմասն ասում է, որ ուզում եք սիրված լինել միայն այն պատճառով, որ ընդունակ չեք որևէ բանի: Օ՜, նա սարսափելի մեկն է, ինքդ քեզ էլ այլևս չես հավատում:

Անսելմ. Բայցևայնպես, Դուք պե՛տք է ինձ հասկանաք. իմ ողջ կյանքը կործանվել է դրա պատճառով: Որքա՜ն անգամ է ինձ համակել հուսահատությունը: Կամքը՝ իմ դեմ ուղղված. հալածյալիս, խելացնորվածիս, ընդսմին՝ ամեն տեղից վտարվածիս: Բայց ես ինչ-որ բաներ արել եմ: Եթե Դուք ևս հուսախաբ անեք, Դու՛ք՝ միակ իսկական մարդը, ում գտել եմ, կմնա միայն մե՛կ հնար. մի պարան, նրբանուրբ, փափուկ մի պարան: Եվ մետաքսահարթ, կանաչ մի օճառ, պարանը շփելու համար: Ի վերջո մեկ անգամ դա անելը մի վերջին մեծազոր հանգստությունն է ինձ համար: Փտախտը թշնամական բան չէ, այն մեղմ է ու փափուկ: Նախամայրը, լուռումունջ, բազմագույն ու հսկայամեծ: Կապույտ ու դեղին շերտաբծերը կտարածվեն մարմնովս մեկ…

Մարիա. Ինչպե՜ս հավատամ Ձեզ, եթե նորից նման հիվանդագին, զազրելի պատկերներ եք ցնկնում…

Անսելմ. ընդհատված լինելուց անակնկալի եկած՝ զայրացկոտ նրան է նայում. Ձեզ նայելուց անգամ մեջս երբեմն դող է ընկնում: Ես սարսափում եմ, քանի որ Դուք ընդամենը կին եք:

Մարիա. Մնացե՛ք իմ բարեկամը:

Անսելմ. հեգնանքով. Ձեր սիրտը դեպի ի՞նձ է հակված, Ձեր սերը՝ Թոմասի՞ն: Կրքոտ. Արատավոր բաժանում… Հասկացե՛ք ինձ, ես խոսում եմ՝ առանց որևէ բան ցանկանալու. դեռ այն կարծիքին եք, որ խոսքն այն մասին է, ինչը տիրապետում են կոչում: Բայց այդժամ արդեն թունավորած կլինեի Թոմասին: Մտածում եք, որ գեղեցի՞կ եք: Այո,- չարության թեթևակի նրբերանգով– որովհետև Դուք գեղեցկուհի՛ եք: Բայց կան երեխաներ, որոնց հետ խուսափում են խաղալ խաղահրապարակներում, որովհետև նրանք շատ լավն են, Դուք ևս այդպիսին եք եղել: Չարի դեմ անպաշտպան Ձեր բարությունը վախ էր հարուցում, դա ներքուստ կրում եք Ձեր մեջ: Դուք շա՜տ գեղեցիկ եք և հուզիչ հեզանրբությամբ անձնատուր եք եղել այդ վեհությանը: Այո, Դուք իսկապես աստվածային գեղեցկության տեր եք… Ես հասկանում եմ նաև, որ չեք կարող չար լինել, Դուք պետք է ցանկանաք բարի լինել Թոմասի հանդեպ: Սակայն Ձեր գեղեցկությունը մի աննկատելի արատավոր փառամոլություն ունի իր մեջ, Ձեր մեղմաքնքուշ զիջողականությունը այնպիսի մի բան է, ինչի համար ամաչում եք Ձեր ծածուկ մտածումներում: Դուք հրաշագեղ եք, բայց նաև՝ միայնակ: Թոմասը դա երբեք չի հասկանա: Մինչդեռ ես անորոշ մի հարազատություն եմ գտնում Ձեր մեջ: Ձեզ զգում եմ որպես մեծագույն մխիթարություն: Որպես մի հրեշտակ այծի կճղակով: Իմ բզկտվածության մեջ Դուք ներխուժեցիք որպես մի հրեշտակ, սակայն այնպիսի հրեշտակ, որ հանդերձանքի տակ մի քիչ ինձ է պատկանում: Մարիան լուռ է: Անսելմը՝ ավելի չարացած հնչերանգով, սակայն համակերպվածի պես: Ձեր մղձավանջային կանացիությունը մեղմում է մի բան, ինչն այլապես չափազանց ստորացուցիչ կլիներ ինձ համար… Դե, մի՛ք լռի… Դուք պետք է հաշվի՞ նստեք Թոմասի հետ: Ես նույնպես… Դուք չգիտեք, սիրու՞մ եք նրան, թե՞ ոչ: Ես ևս չգիտեմ: Սակայն դա չի կարող խոչընդոտ հանդիսանալ: Աշխարհում ամեն ինչ ներծծված է միասնական խելացնորությամբ, ես դա զգում եմ, թեև անորոշ, չնայած Ձեր դիմադրությանը, Ձեր այդ լռությանն ունկնդիր: Նվիրաբերե՛ք Ձեզ նրան… Ազատագրվե՛ք Ձեզանից… Ձեր հոգին հասել է իր բարձրակետին՝ հավերժությանը…

Նրանց ընդհատում են: Վերջին խոսքերի ընթացքում լսելի էր կատաղի թափով մոտեցող մարդկանց հուզագրգիռ խոսակցության աղմուկը: Լայն բացվում են դռները: Խելապատառ սենյակ է ներխուժում օրիորդ Մերթենսը, ետևից՝ խուճապահար Ռեգինեն: Գրեթե միաժամանակ՝ Թոմասը: Այնուհետև Յոզեֆը՝ չարացած, հուզախռով: Նա զգուշորեն և խնամքով ծածկում է դուռը, քանի որ երևույթն իր համար չափազանց տհաճ է:

Օրիորդ Մերթենս. Մարիային. Աստծու սիրույն, օգնեցե՛ք նրան, ինքն էլ չգիտի, ինչ է խոսում:

Յոզեֆ. դռների մոտից՝ Ռեգինեին. Խնդրու՛մ եմ քեզ, հերի՛ք է չափազանցությունների գիրկն ընկնես. առողջարանը բնավ էլ հոգեկան հիվանդների համար նախատեսված հիմնարկություն չէ:

Ռեգինե. Նա Անսելմին ևս ցանկանում է այնտեղ տեղավորել, եթե նա չմեկնի այստեղից: Կամ էլ՝ բանտ…

Յոզեֆ. դեռևս դռների մոտ կանգնած. Ես ցանկանում էի զրուցել Ռեգինեի հետ: Քանի որ նա, բոլորից լքված, նստել էր իր սենյակում ու լալիս էր, ինչը հնարավոր չէր տանել: Նրան ասացի, որ բոլորիս համար լավագույնը կլինի, եթե որոշ ժամանակով տեղափոխվի որևէ առողջարան: Կարճ ժամանակով միայն: Չէ՞ որ դա հիվանդություն է, ի վերջո… Շրջվում է Ռեգինեի կողմը և նկատում է Անսելմին: Սովորույթի համաձայն մի քանի ցուցադրական քայլ է գցում դեպի առաջ և մի քայլ՝ ետ: Նրա կուրծքը փքվում է, կզակը ձգվում է, շրթունքները բառեր են փնտրում: Անսելմն ուղղաձիգ ու անմեղ հայացքով կանգնած է նրա առջև:

Օրիորդ Մերթենս. այս ընթացքում՝ շշնջալով Ռեգինեի ականջին. Ձեզ շահագործել են: Դոկտոր Անսելմը փոքրոգիի մեկն է՝ ինչպես բոլոր տղամարդիկ… Կամ գոնե հիմա պե՛տք է իրեն ցույց տա…

Թոմաս. բացատրական ոճով, ասես հանգիստ բավականությամբ. Յոզեֆը պահանջում է, որպեսզի քսանչորս ժամվա ընթացքում լքես մեր տունը: Նա, իհարկե, իրավասու չէ իմ տանը կարգադրություններ անել և ես քո վճռին եմ թողնում, կուզես՝ լսի՛ր նրան, կուզես՝ ո՛չ:

Յոզեֆ. Մարիային, վրդովված նրա ներկայությունից. Կներես, ես չէի ցանկանում այսպես, քո ներկայությամբ, սակայն Ռեգինեին հնարավոր չէր զսպել: Ես միայն ցանկանում էի խոսել նրա հետ և… այս մեկի:

Մարիա. զարմացած, դույզն-ինչ վրդովմունքով. Սակայն ի՞նչ է նշանակում այս ամենը: Ինչու՞ պետք է Անսելմը հեռանա:

Թոմաս. Դա իր գործն է, թող ինքն էլ քեզ բացատրի: Բայց ես վստահ եմ… Դու կտեսնես, որ նա հեռանալու է:

Յոզեֆ. Ինձ համար շատ տհաճ է, Մարիա, ինչպես արդեն ասացի, ես չէի ցանկանա քո ներկայությամբ… Բայց Թոմասն հո գիտեր…

Մարիա. վճռական. Ես մնում եմ: Իմ պարտքն եմ համարում, եթե իմ տանը հետախույզ, վճարովի գործակալ է գործունեություն ծավալում, առնվազն ներկա գտնվել այս ամենին:

Յոզեֆ. Մի՞թե Թոմասն իրեն նեղություն չի տվել նախապատրաստելու քեզ:

Մարիա.  Բայց նախապատրաստել ինչի՞ն…

Թոմաս. Ես ամեն ինչ պատմել եմ Մարիային: Բայց, որ այդ ամենը խուզարկուի կողմից է ապացուցված, նրան չեմ ասել: Նա չհավատաց իմ ասածներին: Բացում է գրասեղանը և միաժամանակ՝ սրտնեղածի ու համակերպվածի ձեռքի շարժումով հրավիրում է Յոզեֆին մոտենալ:

Ռեգինե. Անսելմին. Հեռացի՛ր այստեղից… Մի՛ նայիր այս ու այնտեղ, դռնից դուրս արի ու չքվի՛ր: Նրանք քեզ համար ծուղակ են պատրաստել: Ես քեզ դավաճանեցի, մինչդեռ կարող էի խանգարել դրան: Գլուխ մի դիր այս խելքի շտեմարանների հետ:

Մարիա. Անսե՛լմ, դե ասացե՛ք նրանց, որ այդ ամենը չի կարող ճշմարիտ լինել:

Թոմաս. Ասա՛ մեզ, որ դա չի կարող ճշմարիտ լինել: Ասա՛, դե ասա… Բայց մինչ այդ այստեղ նայիր: Նրա ուշադրությունը հրավիրում է Շտադերի թղթապանակին, որ գրասեղանից է դուրս կորզել:

Ռեգինե. Դրան մի՛ նայիր, դա գործակալի թղթապանակն է: Հեռացի՛ր… Դու դեռ կարող ես դա անել: Հլու-հնազանդ համբուրիր նրանց ձեռքերը և հեռացիր: Սողեսող դուրս եկ դռնից ու քեզ փողոց գցիր: Թող նրանք մեքենայով անցնեն քո վրայով: Թող քեզ շուն անվանեն: Շու՛ն եղիր… Բայց գլուխ մի դիր այս խելքի շտեմարանների հետ: Նրանք ցանկանում են որսալ քո միջի անտեսանելի արարածին: Անսելմը՝ հմայված իրավիճակի անխուսափելիությամբ և չանսալով Ռեգինեին, ասես մի նեղլիկ կածանով, ինքնաներսուզված, կենտրոնացած հայացքով մոտենում է Թոմասին: Վերջինս նրա ձեռքն է տալիս թղթապանակից մի թերթիկ, որը Անսելմը տնտղում է հայացքով, ապա մեկ ուրիշ թերթիկ է տալիս, հետո՝ մյուսը:

Թոմաս. Սա պատկանում է Յոզեֆին…

Ռեգինե. Կուզենայի մեկ անգամ տեսնել, արդյո՞ք բավականաչափ քաջություն ունես: Եթե ես խիզախություն ունենայի… բայց ես այնքա՜ն եմ վախենում մահից:

Յոզեֆ. Տարաբախտ կին, ահա այդ մարդու աշխատանքի արգասիքը, կործանարար ոգի, որը նա քո մեջ է ներարկել:

Անսելմ թերթիկները վերադարձնում է Թոմասին, շրջվում ու դիմում է Մարիային. Ես այդպես էլ գիտեի: Նույն կերպ, ինչպես որ եկել էր, վերադառնում է իր տեղը: Թող Թոմասն իրեն ուրախ զգա: Ես միայն մի ապացույց կուզենայի բերել. Դա այն է, որ Ձեզ երբևէ չեմ ստել: Կարո՞ղ եմ քեզ հետ առանձին խոսել:

Մարիա. ցածրաձայն. Բոլորի առաջ պետք է խոսեք, բոլորի՛:

Դադար: Անսելմը՝ շփոթված կամ կարեկցաբար ժպտալով, սակայն հարկադրված կեցվածքով , կանգնած է սենյակի մեջտեղում:

Մարիա. սարսափահար. Բայց ինչպե՞ս: Դուք, ի՞նչ է, իսկապե՞ս …

Անսելմ. Չէ՞ որ Դուք ամեն ինչ գիտեիք:

Մարիա. Ե՞ս… Դուք ասում էիք, որ այդ գրությունները անմեղ բաներ էին պարունակում: Եվ որ դրանք ոչնչացնել է պետք պարզապես հանուն Ռեգինեի…

Անսելմ. Մի՞թե Ձեզ չեմ ասել, որ վատ մարդ եմ:

Մարիա. Դուք խաղ էիք խաղում ինձ հետ նման մտքերով: Խաղում ու հուրհրատում էիք ստերով ու զազրախոսություններով…

Անսելմ. Էլ ի՞նչ կարող եմ Ձեզ ասել:

Մարիա. Ճի՞շտ է այդ ամենը…

Անսելմը ժպիտը դեմքին՝ ուսերն է թոթվում և պատրաստվում է հեռանալ: Յոզեֆն հեռվից փակում է նրա ճանապարհը: Թոմասը, որ նույնն էր պատրաստվում անել, այդ ձեռնարկից հետ է կանգնում: Անսելմն անմիջապես հրաժարվում է իր նկրտումից, Յոզեֆը շարժվում է դեպի դուռը, կողպում է և բանալին հանձնում է Մարիային:

Յոզեֆ. Վերցրու՛, խնդրում եմ, բանալին: Նա այս սենյակից չի հեռանա, մինչև դու՛ նրան բաց չթողնես… Անսելմին. Դուք կխոստովանեք բոլոր Ձեր բանսարկությունները և հրապարակավ կխոստանաք Ռեգինեին այլևս երբեք նրան չմոտենալ, կամ էլ ես կկարգադրեմ ձերբակալել Ձեզ տեղում, այս տանը…

Անսելմը հարցական հայացք է նետում Թոմասին՝ որպես տանտիրոջ, վերջինս սակայն, Յոզեֆի կողմը շրջված՝ պատասխանում է հեգնական արտահայտությամբ: Անսելմը նստում է և հանգիստ նայում իր առաջ: Կարճատև դադար:

Մարիա. Թոմասին. Բայց ինչու՞ այդ մասին չէիր ասել:

Թոմասը չի պատասխանում: Կարճատև դադար:

Անսելմ. նայում է օրիորդ Մերթենսին, որ նստած է հեռավոր անկյունում, դեմքը ձեռքերի մեջ առած, հետո հայացքը պտտում է մյուսների վրայով: Հիմա մենք գրեթե նույն վիճակում ենք, ինչպես մանկության ամենալուսավոր օրերին: Վախենամ միայն, որ չլինի թե վնասենք օրիորդ Մերթենսին:

Օրիորդ Մերթենս. Օ՜, ես գնում եմ: Սա իմ կյանքի ամենատառապալից հուսախաբությունն է, որ երբևէ ապրել եմ: Անվճռական ոտքի է կանգնում, բայց քանի որ ոչ ոք նշան չի անում նրա առջև դուռը բացելու, շարունակում է անվճռական կանգնած մնալ:

Ռեգինե. որ նրանից հեռու չէր նստած, մոտենում է, մեղմորեն նստեցնում է իր աթոռին. Մնացեք ինձ հետ, դեռ շատ բաներ եք ստիպված լինելու լսել:

Կարճատև դադար:

Մարիա. Կնշանակի միայն այն պատճառով էիք գրություններով ու նաև- պարզ հասկացվում է, որ ուզում է ասել «Ռեգինեի հետ», սակայն անունը չի տալիս – հեռանալ ցանկանում, քանի որ մտավախություննե՞ր ունեիք: Օ՜, տեր Աստված, ինչպե՞ս կարելի է այդպես ստել…

Ռեգինեն ծիծաղում է:

Մարիա. զայրացած. Դե հերի՛ք է նա ծիծաղի… Զարհուրելի է, նրա այդ ծիծաղը…

Ռեգինե. Բայց ես չեմ ծիծաղում: Երեխա ժամանակ հաստատ համոզված էի, որ օրերից մի օր հրաշալի ձայն կունենամ: Ուշադրությու՛ն… Լռությու՛ն: Լսու՞մ եք իմ այդ ձայնը: Ծիծաղում է: Ինքս էլ չեմ լսում: Այդպիսի ձայնով Անսելմն է երգում: Սակայն չէ՞ որ կարելի է ներքուստ գեղեցիկ երգել և դրսից՝ համրաձայն…

Յոզեֆ. Ահա՛ այդ մարդու կործանարար, հերոստրատային ազդեցությունը…

Ռեգինե. Այդ ձայնով իսկապես Յոհաննեսն էր երգում: Պարզապես զգացողությունն այնպիսին էր, որ դեռ գալու էր մի բան, ինչի համար արժեր կյանքի զրկանքները կրել: Դառնացած՝ Անսելմին: Հետո գալիս է մի օր, երբ գիտակցում ես. այլևս ոչինչ չի լինելու:

Յոզեֆ. Նա զոհ է դարձել մարդաորսի ելած մեկին: Ռեգինե, եթե ցանկանում ես խելքդ գլուխդ հավաքել, որքան էլ դա իմ վրա ծանր նստի, մեկ անգամ ևս առաջարկում եմ քեզ իմ պաշտպանությունը: Գիտե՞ս, որքա՜ն շատ է նա խաբել քեզ: Նրա կյանքը խաբեությունների ու աղտեղությունների մի շղթա է:

Ռեգինե. Ես դա գիտեմ:

Յոզեֆ. Եվ դու այդ շղթայի ընդամենը մի օղակն ես: Նա իր տանը կին ունի, ինչը թաքցնում է քեզնից – այդ մասին դժվար թե քեզ ասած լինի:

Մարիա կիսաձայն բղավոց է արձակում:

Ռեգինե.  Ես դա գիտեմ:

Յոզեֆ. հանկարծակի պայծառամտանալով. Բայց այդժամ… Այդ դեպքում… Ուրե՞մն… Ո՛չ, չի՛ կարող այդպիսի բան պատահել…  այդ ամենն անհավատալի է թվում… հանցագործության պես… դա նրա՛ հորինածն է, որը նրա թելադրանքով ես գրել: Այո՞:

Ռեգինե. Ի՞նչ գործ ունես Անսելմի հետ: Ինձ հետ նա այլևս գործ չունի, Մարիայի ետևից է ընկել:

Յոզեֆ. բղավում է հուսահատությունից. Բայց դա ճշմարտությունն է, նրան ոչինչ չեմ կարող անել… Նա պե՛տք է չքվի այստեղից կամ ես նրան կսպանեմ: Տու՛ր նրան բանալին, Մարիա, արա՛գ, թող չքվի սենյակից… Իրեն գցում է աթոռներից մեկին:

Մարիա. ցանկանում է Անսելմին հանձնել բանալին, նա չի վերցնում:

Ռեգինե. Բայց չէ՞ որ Անսելմը կարող է ամուսնալուծվել: Ի՞նչ գիտեք, ինչպիսի վերջաբան կարող է ունենալ Անսելմի սիրավեպը: Նրան հարկավոր է պարանը, որն իրեն պահում է, դրա համար էլ ցանկանում էր, որպեսզի մեկնեի իր և Մարիայի հետ, այդժամ ինքը չէր մոլորվի Մարիայի հարցում: Համեմում է իր խոսքերը Մարիայի մեծաշուքությունն ակնարկող հեգնական շարժուձևով:

Յոզեֆ. ոչնչացվածի պես. Այդ դեպքում նրան որևէ բան չեմ կարող անել: Կնշանակի՝ նա բացահայտեց իմ պատվազրկությունը:

Ռեգինե. Ում վրա նրա աչքն ընկնում է, անմիջապես ցանկանում է նրա նման դառնալ: Նա տանել չի կարողանում, եթե իրեն չեն ասում. դու ամենաբարին ես, ամենալավը… Դուք բոլորդ, բոլոր մարդիկ ընդհանրապես նրա աչքին զազրելի են: Բայց նա սնապարծ է ու թույլիկ: Մարիային. Գիտե՞ս, ինչ է մտածում քո մասին:

Յոզեֆ. չնայած իր մտամոլորությանը. Թախանձագին խնդրում եմ, փակե՛ք նրա բերանը:

Ռեգինե. Դու անտանելի ես, Մարիա: Քեզ շատ կվայելեր ծծկեր երեխաների տակը չորացնել: Տնային տնտեսուհու արհեստավարժությամբ՝ ծածանաձկան թեփուկներից բռնելու պես, այդպես էլ դու տղամարդկանց ես ճանկում: Քո մեծ մեներգը լսելու համար հարկավոր է որոշակի ջանք ու եռանդ թափել: Քեզ թափ հաղորդել: Քամակիդ մեջ պայթուցիկ զետեղել …

Յոզեֆ. դեռևս իր պատասխանատվությունը զգալով, վեր է ցատկում, փորձում է փակել նրա բերանը. Բայց սա արդեն իսկ…

Ռեգինե. Տեղը տեղին…

Յոզեֆ. Գարշա՛նք է, հո կի՛ն չէ…

Ռեգինե. պոկվելով նրա ձեռքերից. Հարկավոր է տեղը-տեղին մուշտի հասցնել քո փորին… նրան հետամտում ես, նա այդպես ասաց…

Մարիա. Ե՞ս… նրան հետապնդու՞մ եմ…

Թոմաս. հազիվ իրեն զսպելով. Իսկապե՞ս այդպես ես ասել:

Ռեգինե. Հենց երեկ ասաց: Հավաստիացման նպատակով շրջվում է Օրիորդ Մերթենսի կողմը: Վերջինս սառն ու վիրավորված՝ ուսերն է թոթվում:

Թոմաս. Դե ձայնդ կտրի՛ր վերջապես, սատանի ծնունդ:

Յոզեֆ. մեքենայաբար, որ կարծես դեռևս պատասխանատվություն է կրում պաշտպանելու Ռեգինեին. Այո, նա ասել է դա… Այսպես շատ ավելի լավ է, թող ամեն ինչ ասվի, ջրի երես ելնի: Ես ճիշտ համարեցի մի քանի թերթիկ հանել թղթապանակից՝ մինչև քեզ կհանձնեի: Չէ՞ որ քեզ ակնարկեցի, թե ինչ նկրտումներով է քո տուն ոտք դրել:

Թոմաս. հոգոց հանելով ու ժպտալով՝ Մարիային. Դու ո՛չ զգացականորեն, ո՛չ էլ մտովի չես կարող նրա մեջ բացահայտել խաբեբային, որպիսի՜ ամոթալի կոպիտ մեթոդ. ցույց տալ, որ այդ մարդը կողմնակի անձ է: Սակայն խուզարկուն՝ հրաշալի գաղափար է: Այն, ինչը քեզ սևամաղձություն է թվում, նա առանց տանել-բերելու փորկապություն է ախտորոշում և բուժել է սկսում… Հիմա դու ու՞մ կհավատաս: Ես չգիտեմ: Երկուսին էլ: Սա մի հավերժական գաղտնիք է:

Անսելմ. Մարիային. Ինչու՞ չհեռացաք: Այս ամենը տեղի չէր ունենա: Ես էլ լավ ու բարի մարդ կլինեի:

Մարիան ընկրկում է: Ռեգինեն ընկնում է Անսելմի ոտքերով, վերջինս ընկրկում է:

Ռեգինե. Այնքան ժամանակ ոտքերդ ընկած կմնամ, քանի կանգնած ես այստեղ: Մի՞թե քո մեջ անտարբերության նշույլ չի մնացել, թե իրավացի՞ ես դու, թե՞ ոչ: Նրանք քեզ պարտադրում են, թե ինչ պետք է անես, ինչպես պետք է զգաս, ինչ պետք է մտածես: Սակայն ոչ մեկը չի ասում, թե ինչպիսին պետք է լինես: Քեզ ոչ ոք չի ուղղորդում, և անպաշտպան կանգնած ես դու՝ քո միջի խավար անձեռնմխելիությանն անձնատուր: Ուրիշ էլ ի՞նչ ես ուզում: Վե՛րջ, այլևս: Ես պառկած եմ հողին, վրեժ եմ լուծում և հաղթանակ տոնում… Քանզի դու այլևս չունես նախկին ինքնավստահությունը: Եվ ինքս էլ…

Մարիա. Դե վե՛ր կաց, Ռեգինե, մի՞թե ամոթ-պատկառանք չունես: Կամացուկ և զզվանքով հրում է նրան ոտնածայրով:

Ռեգինե. Դե բզի՛ր ինձ, հետո՞: Քո զգեստի տակից երևակվում է մի բան, որ բզում է ինձ:

Յոզեֆ. զզվանքով. Այլևս չեմ կարող սա տեսնել, ես գնում եմ:

Մարիա. Ես գալիս եմ քեզ հետ:

Յոզեֆ. Ի հեճուկս նման հիվանդների՝ հարկավոր է առողջ մարդկանց խմբավորում կազմել:

Թոմաս. Ավելի շուտ հարկավոր է կազմել բոլոր դուրս մնացածների խմբավորում, որպեսզի այսպես չհանձնվեն: Խոսի՛ր, Անսելմ… Գոնե մի անկեղծ խո՛սք գտիր …

Անսելմ. Մարիային. Մինչև հիմա մնացել եմ այս տանը, քանի որ հավատում էի Ձեզ: Ես ինքնասպան կլինեմ, եթե լքեք սենյակը:

Յոզեֆ. Թոմասին. Իմ տանը մաքրություն կհաստատեմ, իսկ դու քո տանն արա՝ ինչ ուզում ես: Ես կատարեցի իմ պարտականությունը: Նա և Մարիան պատրաստվում են հեռանալ:

Անսելմ. մատնացույց է անում դանակը, որը բաց վիճակում ընկած էր գրասեղանին. Մարիա, ճանաչու՞մ եք այս դանակը: Այն ձեռքս եմ առնում, եթե ի վիճակի չեք հավատալու…

Մարիա. դռան միջից. Ձեզ այլևս չեմ հավատում: Վստահությունը կորսվել է, Անսելմ: Շրջվում է, դուրս է գալիս Յոզեֆի ետևից:

Անսելմ. ուժը հատած՝ կանչում է նրա հետևից. Մարիա՞… Մարիա… Վերցնում է դանակը և — ոչ ոք չի հասկանում, թե ինչ է տեղի ունենում, քանի որ այնքան արագ է կատարվում – գետնին է տապալվում: Թոմասը, ով այս ամբողջ ընթացքում աչքը չէր կտրում Անսելմից, քար կտրած՝ զարմացական նայում է նրան: Մի քանի քայլ է գցում դեպի նա և զննում է նրան նույն զարմացական հայացքով: Կանգնում է նրա առաջ՝ գերլարված հոգեվիճակում: Ռեգինեն, հատակին սողեսող տալով, մոտենում է Անսելմին, բռնում է նրա ձեռքը և ամբողջ ուժով ցնցում է այն:

Ռեգինե. Եթե նա գլուխը մի բան մտցրեց, էլ վե՛րջ, դրա համար նահատակության էլ կգնա:

Թոմաս. Ես արյան հետք չեմ տեսնում, գրազ կգամ, նա հիմա էլ է ստում:

Ռեգինե. Նա մի բան եթե մտքին դրեց, անպայման ի կատար է ածում, եթե անգամ չի  ուզում դա անել, պարզապես չի կարողանում ետ կանգնել: Տևական ժամանակ ամուր կառչած է մնում Անսելմի ձեռքից, վերջինս ակամա նշան է անում, թե ցավից տանջվում է: Թոմասը նետվում է նրա վրա, ծունկի է չոքում կողքին, ցնցում է, ամբողջ ուժով քաշում է նրա ձեռքերից, մազերից:

Թոմաս. Կեղծարարի մեկը… Խաբեբա՛… Կաշվիդ տակ մեզնից բոլորից գեղեցիկ ես, այո՞… Եթե աչքերդ հենց հիմա չբացես, ոտնատակ կտամ քեզ: Ես կպատռեմ քո  դեմքը…

Ռեգինե. Մի՛ դիպչիր նրան… Նա անպաշտպան է…

Թոմաս. Նա ընդամենը ձևացնում է:

Ռեգինե. Թո՛ղ նրան, նա լավն է… Իր հոգու խորքում… Թոմասին հրմշտում է և նորից կառչում է Անսելմի ձեռքից:

Թոմաս. վերստին առաջ մղվելով. Նրա ուզածն ընդամենը իրավացի երևալն է: Լսու՞մ ես, վիրավոր ընկեր… Արատավոր սրիկա… Մինչդեռ առողջ երևալու համար ամեն ինչ կանի…

Անսելմն այս հրմշտոցի միջոցին բացում է աչքերը:

Թոմաս. հաղթականորեն. Գոնե մեկ անգամ ընդունեցիր ճշմարտությունը… Անմիջապես ոտքի է կանգնում՝ ինքն իրենից զզված: Ծու՜խ ու փոշի՜… Երևում է, ջահը շատ բա՞րձր են կախել: Նավթավառը, կարծում եմ, կարող է պայթել: Ա՜խ… — ծիծաղում է – ես գիտեմ, մենք արդեն էլեկտրական հոսանք ունենք… Մի պահ թվաց, մայրիկը կենդանի է և մենք դեռևս փոքրիկ էինք:

Ռեգինե. Ի՞նչ ես ուզում նրանից, նա քեզ ավելի շատ չի ատում, քան մյուսներին, բայց քո հանդեպ շատ ավելի սեր կա:

Թոմաս. Իմ հանդեպ սե՞ր… Նա այստեղ է եկել Մարիային փախցնելու համար:

Ռեգինե. Նա քեզ սիրում է եղբոր պես, ինչն ավելի հզոր է անգամ իրենից:

Անսելմ. դժվարությամբ ուղղվելով. Ես ատում եմ քեզ: Ուր էլ գնալու լինեի, միշտ ինձնից առաջ էիր ընկնում:

Թոմաս. նրա ասածը իր երեսին շպրտելով. Քեզ ոչ ոք չի հավատում… Բայց ինչ արեցիր մեզ հետ… Բոլորն ատում են ձեզ, հետապնդում, մերժում են…

Ռեգինե. Նրանք սողում էին իմ վրայով: Ես զոհաբերում էի ինձ, թույլ էի տալիս իշխել ինձ վրա, զգում էի, որ դառնում էի այնպիսին, ինչպիսին նրանք էին ինձ տեսնում, և… դրանից ինձ ճախրելիս էի զգում ավելի բարձրերում, դեռևս անտեսանելի մասնիկներով, որ ուղեկիցներին էին սպասում: Վեր է կենում: Հիմա պարզ տեսնում եմ ամեն ինչ և ողջը հանգել-վերջացել է: Այսօր ես ողջամիտ մարդ դարձա:

Անսելմ. Թոմասին. Դու հետապնդում էիր ինձ, երբ իմ կողքին էիր և երբ կողքիս չէիր: Եթե մի մարդ մյուսին չար գործեր կատարելու է մղում, նա մեղավոր է:

Թոմաս. Դե հերիք անհեթեթություններ դուրս տաք, դե իհարկե, կարելի է… Սակայն…

Մարիան ներս է մտնում, Թոմասը լռում է:

Մարիա. Ի՞նչ է եղել… Բան հո չի՞ պատահել:

Թոմաս. Նա ինքնասպանության ներկայացում խաղաց: Սակայն ճշմարիտ և կեղծ զգացմունքներն ի վերջո նույն բանն են:

Ռեգինե. Կան մարդիկ, որ ճշմարտացի են խաբեությունների ետևում և կեղծավոր են ի դեմս ճշմարտության:

Թոմաս. Մի ուղեկից ես գտնում, և պարզվում է, որ նա խաբեբա է: Դիմակազերծում ես խաբեբային, և պարզվում է, որ նա ուղեկից է:

Մարիա. Ոչինչ չեմ հասկանում:

Օրիորդ Մերթենս. նրան մինչև հիմա ոչ ոք չէր նկատել. Թույլ տվեք ինձ գնալ: Այլևս չեմ կարող այս ամենը տեսնել: Ես անկարող եմ հասկանալ այսօրինակ «հրաբխային մարդկանց», որոնց մեջ դեռևս չեն ամրակայվել «արարչագործության մնացորդները»:

Թոմաս. Բայց դա՛ էլ է խաբեություն մեր ժամանակներում: Այն միայն կարճատև զգացմունքներ է հանդուրժում և երկար խորհրդածություններ:

Մարիա. Ես ոչինչ չեմ հասկանում: Դուք, ի՞նչ է, հաշտվե՞լ եք: Ես դա նրան չե՛մ ների…

Անսելմ. Ձեզ վատաբանեցի, որպեսզի պաշտպանեմ իմ զգացմունքը օտարոտի շփումներից:

Թոմաս. Լռի՛ր, Անսելմ, քեզ հարկավոր է անկողին մտնել: Դու պե՛տք է քնես: Վաղը, առավոտ ծեգին այստեղից չքվես պիտի: Ինքս էլ երևի թողնեմ-հեռանամ՝ անգործության թմբիրից ազատվելու համար: Չէ՞ որ Դուք ճիշտ եք: Մարդիկ երբեք այնքան խելամիտ չեն, քան երբ կորցնում են իրենց:

 

Վարագույր

 

 

Երրորդ գործողություն

 

Սրահանման միջանցք երկրորդ հարկում: Դռներ: Տարանցիկ փայտաշեն ներքին սանդուղք: Գորգի վրա՝ տարօրինակ զարդանախշեր: Ետևում՝ շատ մեծ պատուհան՝ տեսարանին նայող: Առավոտյան աղոտ լույս: Ծանր, հարմարավետ փայտյա և կաշեկազմ կահույք:

Իրերի բնույթի առնչությամբ նույնությամբ ուժի մեջ է երկրորդ գործողության համար ասվածը, սակայն ողջ տարածությունը նեղվածքի, պահարանի մեջ ներփակվածության տպավորություն է թողնում:

Ռեգինեն և Թոմասը աներևակայելի տնային զգեստներով: Թոմասը վեր է կենում կաշվե բազկաթոռից, գալիս է դեպի բեմեզրը, ուր Ռեգինեն է կծկված ընկողմանել:

 

Թոմաս. Ես ամաչում եմ:

Ռեգինե. Չնայե՛լ ոչ մի տղամարդու կամ բոլորի՛ն նայել՝ նույն բանն է: Կարելի է նրանց կրծքովն ընկնել զուտ այն պատճառով, որ խելագարվում ես օտարվածությունից, այն բանի չհասկացումից, թե ինչպես կարելի է նրանց ձեռքը քոնի մեջ պահել՝ հարկ եղածից ավելի երկար:

Թոմաս. Մինչև այստեղ գալս մեկ անգամ էլ թերթեցի քո գրած կամ քո մասին Անսելմի այդ նշումները և ամաչում եմ:

Ռեգինե. համաձայնվելով. Սառած հորինվածքներ: Զազրելիորեն մերկ՝ ինչպես բնից ցած ընկած թռչնաձագերը: Հայացքը լույսին հառած: Ես անկարող եմ լույսին նայել, այս զարմանահրաշ գեղեցիկ առավոտին, որ ասես խաթարված աշխարհային ստամոքս՝ հառնում է իր պղտոր վճիտությամբ:

Թոմաս. Մինչ կարդում էի, այդ Շտադեր կոչվածը մեր տանն էր: Մեկ այլ սենյակում քնած էր Յոզեֆը: Երրորդում՝ Անսելմը: Ես վախենում էի ինքս ինձ հարց տալ, թե նրանցից մեկնումեկը քո սենյակու՞մ, քեզ հե՞տ չէր քնած:

Ռեգինե. Ինչու՞ չես ասում. արատավոր… Ինչու՞ չես փորձում ինձ բարձրացնել՝ ինչպես ընկած աղջնակի: Դրան նայիր առնվազն իբրև բնական մի բանի, եթե ուժ ու հնար չկա դրդապատճառը տեսնել: Գյուղում տեղ չկար: Եվ Յոզեֆն այդ համհարզին քարշ տվեց այստեղ, հո չէ՞ր թողնելու, որ այգում քներ:

Թոմաս. Բնականաբար, ո՛չ: Ա՜խ, այդ անիծյալ մարդկային «բնականաբար»-ը, որով, ինչպես ցածրադիր դռան տակով հարկադրված կռացած անցնելիս, ինչ նվաստացում ասես որ չես ընդունի:

Ռեգինե. Եվ Անսելմն արդեն իսկ անբնական է…

Թոմաս. ցույց տալով նեղությունը անցումային գոտու. Եվ Անսելմն անբնական է: Դադար: Տանջահար. Եթե միայն իմանայիր, թե ինչպես են տղամարդիկ ատում նման կանանց:

Ռեգինե. Շատ լավ գիտեմ: Եվ նրանք իրավացի են: Դա ամեն անգամ նկատել եմ, բայց ինձ համար դա մշտապես վրեժ է եղել, հոգու խորքում: Քանզի այսօր էլ խոսքն այն մասին չէ, որ դու դա արել ես: Այլ այն մասին, որ դրանից քեզ նվաստացած ես զգում, որ դառնում ես այն, ինչ կատարել ես: Ընդվզումը, հզոր կամքը, անանուն ուժը ներխուժում են աշխարհ և դառնում են… քո դեպքում դրանք պրոֆեսոր են դառնում:

Թոմաս. կիսով չափ համաձայնվելով. Այո, հավանաբար յուրաքանչյուր ոք կյանքի ընթացքում երկրորդական հաջողության գերին է մնում: Գուցե պետք է համակերպվեմ դրա հետ:

Ռեգինե. Սքանչելի աղջկնային զգացողություն, ասես կախարդական թռչնակի նման օղակին օրորվելով՝ թևածել աշխարհով մեկ… Միայն հետո ես հասկանում, որ այդ  ընթացքում բանտված ես եղել վանդակում, որն ինչ-որ մեկը ձեռքի հետ պտտել-պտտել ու հանկարծ մի կողմ էր դրել:

Թոմաս. Երեկ իսկապես, ամուսնուդ հետ խոսելիս, դեռ հավատում էի տղամարդկանց հանդեպ քո տածած նողկանքին, հիմա պետք է համակերպվեմ, օ՜ իմ թոկից փախած քույր, որ նույն բանը հենց հիմա արտահայտեցիր՝ զազրելիորեն նողկալի եղանակով:

Ռեգինե. Իմ մեջ կա մի բան, որ անմասն է դրան:

Թոմաս. Ինձ միշտ էլ անչափ դուրեկան է եղել, որ միմյանց հանդեպ երբեք մեծ պահանջներ չենք դրել: Մեր միջև միշտ էլ ազատ տեղաշարժման տարածություն է եղել: Իրար երբեք չենք ճնշել, նեղություն տվել՝ իրար լսելու, տեսնելու ու մտատանջվելու ամեն տեսակ անցողիկ իդեալներով: Ընդհակառակը – թեև մենք տարիներով ո՛չ տեսել ենք իրար, ո՛չ էլ նամակներ գրել – մանկությունից սկսած՝ անլուծելի կապվածության հանգստավետ քնին անձնատուր: Նրա արտաքին սահմանին երևակվող կապվածությունն այդ մի երաժշտություն էր՝ ինչպես ամենայն հեռուն: Դրան բնավ չխանգարեց նաև քո ամուսնությունը Յոզեֆի հետ: Մարդկային երաժշտության գաղտնիքն այն չէ, որ այն երաժշտություն է, այլ, որ ոչխարի չորացված աղիքի միջոցով հաջողվում է մեզ Աստծուն մոտեցնել:

Ռեգինե. Գուցե ես ընդամենը չար եմ, դա շատ էլ հնարավոր է: Ես ոչ ոքի չեմ սիրում, ամեն ինչ ծածուկ եմ անում: Բայց մշտապես մի մխիթարություն եմ ունեցել. եթե հանկարծ պատահի, որ ամեն ինչ թարս գնա, դու կկարողանաս կարգուկանոն հաստատել, դու այնպես կանես, որ ամեն ինչ, ինչ ես արել եմ, լինի լավը, լինի բարի: Իսկ դու համակերպվել ես հիմա ու ընկել…

Թոմաս.  Հոգ մի արա, ես… ես նորից ոտքի կկանգնեմ…

Ռեգինե. Եկ հանենք կոշիկներն ու գուլպաները ու ոտաբոբիկ այգին գնանք: Քայլենք թաց խոտերի վրայով: Թոմասը հրաժարվելու շարժում է անում՝ թեթևացած: Դեռ հիշու՞մ ես այն ծեր սատանա Սաբինային:

Թոմաս. Մեր դայակի՞ն, ով մեզ առաքինի պահվածքի դասե՞ր էր տալիս: Վերջապես  հասկացա, թե ում էր ինձ մշտապես հիշեցնում քո այդ Օրիորդ Մերթենսը:

Ռեգինե. Գնանք զբոսնենք թաց խոտերին: Լուսաշող առավոտյան ցողը, թշնամաբար մաքուր, ինչպես սպունգը՝ կլվանա մեր ոտքերը: Արևը գոլորշիներ կարձակի մեր ուսերին: Տե՛ս, ահա նա վեր է կենում… Անհեթեթ՝ ինչպես պայթյունը… Ծաղրում է արևին՝ սանձարձակ ու գրոտեսկային ծամածռություններով: Ա-ա-ախ… Սա՛ է գեղեցկությունը… Մեր մերկ ոտքերը կզգան հողը: Գազանը, որը մեզ ցնկնել է, անկարող լինելով թռչել հեռուն… Հետո նրանք մեզ մահացած կգտնեն թփերի տակ: Իսկ հետո էլ գլուխ կկոտրեն, թե ինչու՞ ենք ոտաբոբիկ:

Թոմաս. Այդ միտքը դեռ գլխիցդ չե՞ս հանել:  Դու շատ նման ես Անսելմին:

Ռեգինե. Այդ մասին երբեք չեմ մտածել: Անգամ Յոհաննեսի մահվանից հետո: Բայց կարծում եմ, որ մարդս ի սկզբանե կամ կոչված է դրան, կամ ոչ: Այդ ամենն աճում է հողի ընդերքից, և օրերից մի օր մարդս զգում է իր կոչվածությունը:

Թոմաս. Բայց… դու իսկապե՞ս այդպես ես կարծում… լու՞րջ:

Ռեգինե. Բայց չէ՞ որ քո քաջությունը երկու հոգու կբավականացնի: Իմաստ ունի՞, արդյունքում, դատարկ պարկի պես թավալ գալ: Լինել ինչպես բոլո՞րը: Ուրիշ էլ ի՞նչ ես սպասում: Դա միակ բանն է, որ դեռ չի փորձարկվել: Գուցե խաբեությու՞ն է, իսկ գուցե… Երբ արդեն մոտ ես դրան, գիտակցումն այդ քեզ երանություն է պարգևում ու դառնում ես զարմանալիորեն ազատ ու անվախ:

Թոմաս. գրկում է նրա ուսերն ու ցնցում է նրան. Անհեթեթություն… Ինչպիսի՜ գեղեցկություն… Լքված լինելը հիասքա՜նչ է: Ամեն ինչ կորցնելը հիասքանչ է… Սպառված լինել, չիմանալ, թե ինչ անել այնուհետև, հիասքանչ է… Աչքերը կկոցելով այնքան, որ կյանքդ նշանառության տակ առնես… Ոչինչ չտեսնելով՝ վրիպել ամենավերին աստիճանին ոտքդ դնելուց: Եվ տարուբերվելով թևածել, դանդաղորեն, ինչպես դողդոջուն տերևը խորն ընկած լայնարձակ տարածության գրկում:

Մարիա. ներս է մտնում՝ ձեռքին մոմ. Այստեղ լուսավոր է… Փչում է մոմը: Արդեն արթու՞ն եք: Դուք է՞լ չեք կարողացել քնել: Ինչ Ռեգինեն հեռացավ իմ մոտից, հազիվ մի երկու ժամ քնած լինեմ: Ես չգիտեի, թե ինչ էր անելու Անսելմը, և ինչ ես անելու դու: Դու ընդհանրապես ննջասենյակ ոտք չդրիր:

Թոմաս. Անսելմը երևի քունն է առնում, նա այսօր մեկնի պիտի: Ժամանակ առ ժամանակ զարմացական նայում է Մարիային, իզուր ցանկանալով ամբողջությամբ ընդգրկել նրան ու հիշողության մեջ տպավորել:

Մարիա. նստում է Ռեգինեի կողքին, ծածկում է նրան իր վզնոցով: Անշուշտ, նա շատ չարամիտ բաներ է անում, ինքն էլ հատուկ չուզենալով, ինչպես երեխան՝ իր ներքին անճկունությունից դրդված: Հետո էլ փախեփախ է տալիս իր արածներից:

Թոմաս. Խնդրում եմ քեզ, մենք արդեն երեսունն անց ենք… Պատահում է, որ ութսուն տարեկանում էլ հոգու խորքում երեխա են մնում: Ընդունում եմ: Անգա՛մ, երբ  մահվան աչքերի մեջ են նայում: Այդուհանդերձ, ծայր աստիճան զազրելի է այդ ներքին փափուկ մորթին դեպի դուրս շուռ տալ, ինչպես երեկ… Սարսափելի ցուրտ է, քո անկողինը դեռ տա՞ք է: Կուզենայի մի քիչ պառկել:

Մարիա. Ես թեյ կպատրաստեմ: Սպասավորները դեռ քնած են: Ռեգինեին: Գուցե նա ինչ-որ տեղ իրավացի է: Եթե միայն վստահեի նրան… Եթե միայն ենթարկվեի նրա կամքին և ձեզ հետ հեռացած լինեի…

Թոմաս. երկուսին. Օ՞: Դե ի՞նչ, վերջապես արտահայտվեցի՞ք: Ողջ-առողջի մահվան մահճում…

Մարիա. Դու մշտապես սովորույթի ուժով գոռոզամտանում ես, ձևեր թափում: Ես մի քիչ տարակուսած եմ: Գուցե ինչ-որ հարցում մեղավոր եմ նրա առջև: Չէ՞ որ Ռեգինեի հանդեպ ևս նույն սխալը գործեցինք, այնպես չէ՞:

Ռեգինե. Ա՜խ, ցնդաբանություն է:

Մարիա. քնքշորեն. Ո՛չ: Ցավալի է միայն, որ եղածը չես ուղղի: Միայն հիմա հասկացա, թե ինչու նա ամուսնացավ Յոզեֆի հետ: Մինչդեռ հաճախ էի նրան կշտամբում այդ պատճառով: Սակայն Յոհաննեսի հանկարծահաս մահվանից հետո նա պարզապես մտածում էր. հարկավոր է սպասել: Ծպտվել: Ինչ ասել է երեսուն կամ հիսուն տարեկան… եթե ինչ որ բանի սպասումն ունես…

Թոմաս. Դու մոռանում ես, որ եղածը իսկական մահ էր և ոչ թե հորինովի մի բան…

Մարիա. Դու՛ ես մոռանում, որ տարիներն ու ծրագրերը հարթ պարահրապարակ են դառնում, երբ երիտասարդ կինն իր առաջին վճիռն է կայացնում ուժեղ լինելու և իր կյանքի ուղեկցին արժանանալու առնչությամբ: Խաթարումների ու բացթողումների մասին ավելի ուշ ես իմանում:

Թոմաս. Ցնդաբանություն է, ցնդաբանություն…Փորձում է փակել Մարիայի բերանը:

Մարիա. ոտքի է կանգնում, ձեռքն է առնում թեյամանը, անմիջապես այն մի կողմ է դնում. Ոչ, հիմա նա թող դա լսի… Այն ժամանակ քեզ ո՛չ խորհուրդներ տվեցինք, ո՛չ էլ օգնության ձեռք պարզեցինք…

Թոմաս. Եվ ի՞նչ: Հետո՞: Նա դրա մասին էլ պետք է որ քեզ պատմած լինի, այո՞:

Մարիա. Ինչու՞ դա չես ուզում հասկանալ: Քանի որ Ռեգինեն ողջ-առողջ գերեզման մտավ, ի՞նչ է, պետք է նաև պառկա՞ծ մնար այնտեղ:

Թոմաս. Դե լավ, մեկ անգամը հասկացանք, իսկ հետո՞, երկրո՞րդ անգամը: Երրո՞րդը, տասներո՞րդը, է հետո՞…

Մարիա. Այդպես չպետք է լիներ, սակայն, երբ տանը ծիծաղում են վրադ, գոնե հասկանում ես. նա, ով անցել է այդ ամենի միջով, իր հանդեպ խորը սիրո կարիքն ունի: Յոհաննեսն էլ այդքան խիստ չէր դատապարտի, որքան դու՛ ես դա անում: Նա հասկանում էր, որ Ռեգինեն դեռ շատ երիտասարդ էր, և վախճանվելուց ոչ շատ առաջ ինձ խնդրել էր. ասա՛ նրան, որ ինչ էլ պատահի, նրան ամեն ինչ կներեմ:

Ռեգինե. ոտքի է կանգնում. Այս ամենը չեմ կարող լսել, հիմա լաց կլինեմ պատվախնդրությունից ու վրդովմունքից, ինչպես այն ժամանակ, երբ ուսումնական տարվա ավարտին անսպասելիորեն դասարանի առաջին աշակերտը դարձա:

Մարիա.  Յոհաննեսը հավատում էր նրան. նրա մեջ կա մի ուժ, որ բարին է գործում:

Թոմաս. Իսկ Անսե՞լմը: Ես շատ լավ հասկանում եմ, թե դեպի ուր ես խոսքը տանում… ի՞նչ է, չլսեցի՞ր նրա հայտարարությունը, որ դու հետամտում ես իրեն…

Մարիա. նույնիսկ փոքր-ինչ ծիծաղելի՝ իր ուղղամտության մեջ. Դե, դա նրա հերթական շեղումներից է, վախենալու կարիքը չկա: Հարկ չկա գլուխ դնել նրա երևակայածին մտքերի հետ: Մարդու մեջ հարկավոր է առավելապես լավն ու բարին տեսնել, այդժամ դրա համար համապատասխան բառեր էլ կգտնվեն:

Թոմաս. ծաղրական. Չի կարելի մանրախնդիր մտածությունների տրվել, այդժամ այն կբացվի, այն մյուս՝ երկրորդ մարդը:

Մարիա. Դու նրան միայն ցավ ես պատճառել՝ օգտվելով նրա թուլություններից:

Թոմաս. Իսկ ի՞նչ կկրամայեիք անել:

Մարիա. Չպե՛տք է թույլ տալ, որ նա կործանվի: Չի՛ կարելի թույլ տալ, որ կործանվի որևէ մեկը, ով կարող էր լավն ու բարի լինել:

Թոմաս. Գուցե խնդրեմ նրան միառժամանակ ևս մեզ հե՞տ մնա:

Մարիա. Այո՛, ինձ նրանից չէիր պաշտպանում, դու միայն ծաղրում էիր:

Թոմաս. խաղաղ և վճռական. Ո՛չ: Այն մարդուն, ով մեզ վատություն է արել, ետ չեմ ընդունի:

Ռեգինե. Մարիային. Այդ մասին ոչ մի բառ դեռ չասես… Հիշի՛ր. Անսելմի և իմ նման անպարկեշտ խաբեբաների առաջին քայլը նույնն է, ինչ և կարգին մարդկանցը, սակայն վերջին քայլը Թոմասը մենակ է անելու… Հեռանում է:

Մարիան կիպ մոտենում է Թոմասին, անօգ նրան է նայում: Թոմասը տխուր ետ է քաշվում:

Թոմաս. Հիմա հասկացա՞ր, որ նա քո գլխին խաղ է խաղացել:

Մարիա. Հասկացա՛: Սակայն, Թոմաս, Թոմաս: Երբ ամեն ինչ նախատեսում ես, հասնու՛մ ես քո ուզածին, դրանից երջանիկ չես դառնում:

Թոմաս. թաքցնելով իր ցնցվածությունը. Բացատրի՛ր:

Մարիա. Ես չեմ կարող հետևել ձեզ, ես ընդամենը սովորական, պարզ մարդ եմ: Սակայն երջանիկ կարո՛ղ ես դառնալ չնախատեսվածի, պատահաբար գլխումդ ծագածի միջոցով, որը կարող է այդպիսին թվալ և գուցե սխալ լինել: Ես դա չեմ կարող արտահայտել: Մարդս իր մեջ շատ ավելի ուժեր ունի, քան բառեր… Գուցե ես ամաչեմ պիտի ասածներիս համար, սակայն Անսելմն ինձ ինչ-որ բան տվել է…

Թոմաս. Այն, ինչը ինձնից չե՞ս ստացել:

Մարիա. Այո… Դու ի՞նչ կանեիր, եթե լքեի քեզ:

Թոմաս. Չգիտեմ… Գնում ես՝ գնա:

Մարիա. Ահա՛ թե ինչպիսին ես դու: Ամեն ինչ մի կողմ նետել, եթե նոր ծրագիրը քեզ ավելի հաջողակ է պատկերանում: Ես գիտեմ, որ սիրում ես ինձ: Իսկ գիտե՞ս, որ ես երբե՛ք չեմ ների Անսելմին: Երբե՛ք: Բայց անգամ այդ թշվառական մարդը ավելի շատ խաղաղություն ու ջերմություն է տալիս, քան դու: Դու չափազանց շատ ես պահանջում: Դու ուզում ես, որ ամեն ինչ այլ կերպ լինի: Գուցե և իրավացի ես: Բայց ես վախենում եմ քեզնից:

Թոմաս. Դու գեղեցիկ ես: Այդ մասին քեզ երբևէ չեմ ասել, այո՞: Դու գեղեցիկ ես ինչպես երկնակամարը – համակվածության հնչերանգը փոխելով – կամ ինչպես այն բանը, որ հազարավոր տարիներ անփոփոխ է մնում: Դա էլ հրապուրեց նաև Անսելմին: Անշուշտ, այս ամենում մեղավորը ես եմ: Ես չեմ կարող ինձ փոխել: Քանի որ ես և Անսելմը այնպես չենք մտածում, ինչպես դու:

Մարիա. Անսելմն ու դու՞…

Թոմաս. Այո՛: Միայն թե նա շատ ավելի թույլ գտնվեց և չկարողացավ իրեն զսպել: Նա հանկարծակի խուժում է այն մարդկանց մեջ, որոնք այս աշխարհում իրենց տանն են զգում, և սկսում է դեր խաղալ նրանց ներկայացման մեջ: Հրաշալի դերեր, որ ինքն է իր համար հորինում: Չնայած դրան՝ մտածում եմ, որ Անսելմն ու ես երբեք չենք կարող ճշմարտությունը մոռանալ:

Մարիա. Իսկ ե՞ս: Գուցե ե՞ս եմ սուտ խոսում, այո՞:

Թոմաս. Ո՛չ այս իմաստով: Այս իմաստով, այո՛, նա է ստում է: Ես ավելի շուտ նկատի ունեմ… բուն ճշմարտությունը, այն, որ մի խնդրի մեջ ենք ապրում, որը բաղկացած է անհայտ մեծություններից, և միայն այն ժամանակ կարող է լուծվել, երբ խորամանկություն բանեցնելու լինես և ի սկզբանե ընդունես, որ այդ անհայտներից որոշները հաստատուն մեծություններ են: Առավելագույնը՝ առաքինություն: Կամ Աստված: Կամ սեր մարդկանց հանդեպ: Կամ ատելություն: Դու կամ կրոնամոլ ես, կամ ժամանակակից հայացքների տեր մեկը: Կրքոտ ես կամ հուսախաբված: Ռազմամոլ կամ խաղաղասեր: Եվ այլն, և այսպես շարունակ, այս ամբողջ հոգևոր տոնավաճառի լայնք ու երկայնքով մեկ, որն այսօր յուրաքանչյուր հոգևոր պահանջմունքի համար իր կրպակն է բացել: Պարզապես ներս ես մտնում և անմիջապես գտնում ես քո զգացմունքներն ու համոզմունքները՝ մինչև օրերիդ վախճանը և մտքովդ անցած ցանկացած դեպքի համար: Դժվարը քո ուզած զգացմունքը գտնելն է, եթե միայն չես ընդունում որևէ այլ պայման, բացի այն, որ այս ցատկոտող կապիկը, մեր հոգին, մոլեգնած պտույտներ է գործում՝ կավե գնդին պպզած, Աստծո անհայտ անսահմանության միջով:

Մարիա. Գուցե իրավացի ես, որ ամեն ինչ այդքան բարդացնում ես: Այդ հարցում չեմ վիճի: Բայց նաև չեմ կարող տանել դա: Մշտապես նման խնդիրների առաջ կանգնած լինել: Անսելմն ինքն էլ քո պատճառով կոտրվեց…

Գրգռված՝ ներս է մտնում Ռեգինեն:

Ռեգինե. Նա մեկնել է:

Թոմաս. Լքել է գերեզմանը: Այդպես էլ պետք է լիներ հրաշագործի հետ:

Ռեգինե. Մարիային. Քեզ համար նրա սենյակում մի երկտող է դրված: Մինչև վաղը կեսօրը քեզ կսպասի քաղաքում:

Թոմաս. Ի՞նչ է դա նշանակում:

Մարիա. Որ ցանկանում է մեկ անգամ ևս խոսել: Որպեսզի իրեն մեկ անգամ ևս լսեն:

Թոմասն ուսերն է թոթվում: Մարիան դուրս է գալիս:

Ռեգինե. կտրուկ. Դու իսկապե՞ս գիտես, թե ինչպիսի մարդ է Անսելմը:

Թոմաս. Այո:

Ռեգինե. Կնշանակի դու շատ դաժան ես վարվում Մարիայի հետ:

Դադար:

Թոմաս. Նրան գործելու ազատությու՞ն տալով: Ծանր, անօգ Մարիայի՞ն, դու հասկանու՞մ ես: Դե, ուրեմն թող փորձի միայն տեղից պոկվել: Հասկանու՞մ ես: Ծանրածանր հոլի նման նա շարժվում է իր ներքին ուղեծրով: Հարկավոր է մտրակով մի լավ քոթակել նրան…

Ռեգինե. Այնպես կուզենայի մի վատ բան անել քո հանդեպ, որպեսզի Մարիայի վրեժն առնեմ, սակայն չկարողացա: Անսելմը կոտրեց իմ մեջ այդ ցանկությունը: Այդպես լինում է, երբ արթնացնում ես լուսնոտին: Թոմասը զարմացած ու սպասողական նրան է նայում: Կարծես թե ժամանակին ցանկանում էի շատ լավ մարդ դառնալ: Բոլորի կողմից գովաբանված մեկը, փաղաքշված՝ ինչպես շան քոթոթը, ում ասում են. անուշիկ շնիկ: Բայց այդպես էլ լավն ու բարին չդարձա:

Թոմաս. Բայց դա շատ դժվար գործ է: Միայն հիմար մարդկանց է դա հեշտությամբ տրվում:

Ռեգինե. Մարիա դառնալ ինձ չհաջողվեց, իմ ուժերից վեր է: Համակվածի պես բարեգութ մեկը: Բարության բարձրագույն ճոճաձողերի միջակայքում մահացու սալտո կատարող մեկը: Մարդիկ՝ շունչները պահած, լռության տիրապետություն, երբ կայծը թրթռում է ցնծագին պայթյունի և վառոդի տակառի միջև: Երբ դեռևս դպրոցական էի, ցանկանում է մի փոքրիկ տղա գաղտնի որդեգրել և նրան որպես արքայազն դաստիարակել: Ցանկանում էի նույնիսկ ամուսնացնել մեր աղախնուն, քանի որ կարեկցում էի նրա չարացած մենությանը: Ես կարծում էի, որ կգա մի ժամանակ, երբ կկարողանամ մարդկանց երջանկացնել՝ ինչպես մի փերի: Երբ յոթ տարեկան էի՝ դրա համար կախարդական մի բանաձև էի գտել և ժամերով հնչեցնում էի այգեպանի փոքրիկ աղջնակի ականջին և կսմթում ու դաղում էի նրան, քանի որ նա թեև լալիս էր, բայց գեղեցկուհի չէր դառնում: Սակայն հետագայում այս ամենը խորտակվում է՝ մարդկանց պատճառով: Տեսնում ես նրանց այնպիսին, ինչպիսին նրանք կան: Եվ անկարող ես սիրել նրանց:

Թոմաս. Օ՜ ոչ: Բայց մարդկանց պե՛տք է սիրել: Երբեմն: Եթե չես ցանկանում վերածվել մղձավանջային ճիվաղի… Սա՛ է խնդիրը:

Ռեգինե. Ճիշտ այնպես, ինչպես որ մարդս քնի պիտի և սնունդ ընդունի: Դադար: Բառեր է փնտրում: Թոմա՛ս: Մի՛ ծիծաղիր ինձ վրա: Ես ցանկանում եմ մի զոհաբերություն անել: Ուրիշ ոչ ոքի, բայց միմիայն հանուն քեզ: Ես չեմ ցանկանում լավն ու բարին լինել ըստ ուրիշների օրենքների, այլ հանուն քեզ, քանի որ դու ինձ նման ես, միայն ավելի ուժեղ: Ես վերադառնալու եմ Յոզեֆի մոտ:

Թոմաս. Ցնդաբանություն է, Ռեգինե, քեզ թույլ չեմ տա մտքիդ ծայրով իսկ այդ բանն անցկացնես:

Ռեգինե. Բայց ես դա ուզում եմ… մի՛ ծաղրիր ինձ… ցանկանում եմ կյանքում գոնե մեկ անգամ որևէ գաղափարի ծառայեմ:

Թոմաս. Ես խնդիր չունեմ Յոզեֆի հետ, դա ինձ չի անհանգստացնում: Անսելմին հիմա  վնաս չի պատճառի, իսկ ինձ… այլևս չեն հետաքրքրում նրա խարդավանքները:

Ռեգինե. Ես ևս անտարբեր եմ այդ ամենի հանդեպ, նաև թե՝ ինչ կլինի ինձ հետ: Ինձ մի՛ մերժիր: Առանց այն էլ ինձ համար շատ դժվար է… Օ՜ ոչ, եթե հիմա ժամանակ գտնեմ այդ ամենը պատկերացնելու… դժվար թե մի բան ստացվի:

Թոմաս. Դու մի՛ ընկճվիր… Խնդրում եմ, քեզ պինդ պահիր: Մոլեգնած ու անզորությունից դրդված՝ իրեն նետում է դեպի նստարանը, ուր նախկինում Ռեգինեն էր նստած:

Ռեգինե. Քո նպատակները կարծես թե բարի են… բայց ով գիտե, թե հիմա ինչ պատճառեցիր ինձ:

Թոմաս. Ի՞նչ ես ուզում դրանով ասել:

Ռեգինե. Լսու՞մ ես, ինչ-որ մեկը գալիս է: Հետո կբացատրեմ, երբ մենակ լինենք:

Հեռանում է:

Թոմասը նստած է մնում, գլուխը ձեռքերի մեջ: Մտնում են Յոզեֆն ու Շտադերը, սկզբում մթությունից կուրացած: Շտադերի ձեռքին մոմ կա:

Յոզեֆ.  Տհաճ դրություն է. գիշերվա կեսին թափառում ենք ուրիշի տանը:

Շտադեր. Ճշմարտության հաստատումը վե՛ր է ուղեկցող ստորակարգ հանգամանքներից:

Յոզեֆ. Դե բավական է, ձայններդ կտրե՛ք… Հերիք եղավ անընդհատ փիլիսոփայեք… գոնե ո՛չ այդքան բարձրաձայն… Մաքրում է ակնոցի ապակիները և կույրի պես շուրջբոլորն է նայում: Շտադերը կիցաբաց է անում մի դուռ և գրեթե անհետանում նրա ետևում, հետևաբար պարզ էր, որ նա ևս չէր նկատել Թոմասին: Դուք հաստատ գիտե՞ք, թե որտեղ է գտնվում թղթապանակը:

Շտադեր. Այս կողմերում պետք է լինի, այնտեղ՝ միջանցքի վերջում աշխատասենյակն է: Ես շատ լավ ուսումնասիրել եմ տեղանքը:

Յոզեֆ. մոլեգնած շշնջյունով. Այդպես մի՛ բղավեք: Այդպես մեկնումեկին կարթնացնեք: Իրադրությունը ամոթալիորեն տհաճ է: Դուք դժվար թե հասկանաք: Հոգոց է հանում: Ասես ինքն իրեն խոսելով: Սակայն ես վայրկյան իսկ հանգիստ չեմ ունենա, քանի դեռ այդ թղթերը օտար մեկի ձեռքին են գտնվում:

Դնում է ակնոցը: Շտադերը վերադառնում է ցնցում ապրող գործակցի ետևից: Երկուսով նկատում են Թոմասին, ով ոտքի է կանգնում: Շտադերն հապշտապ փչում-հանգցնում է մոմը:

Թոմաս. Ահա ձեզ եմ հանձնում բանալին: Թղթապանակը գտնվում է գրասեղանի մեջտեղի դարակում:

Բանալին տալիս է Յոզեֆին: Վերջինս մեքենայաբար փոխանցում է Շտադերին, որն անմիջապես գործի է անցնում, ուրախանալով, որ մի կերպ գլուխն ազատեց տհաճ իրադրությունից, համենայնդեպս հեռանալիս՝ նուրբ ու ստուգողական հայացք է գցում Թոմասի վրա: Յոզեֆն անվճռական ու վրդովված հետևում է նրան, սակայն դռանն հասնելով շրջվում է՝ բացատրություն տալու նպատակով:

Յոզեֆ. մեղավորության զգացումով. Դրանք ոչնչացնե՛լ է պետք… Ես դրանք իսկապես տեսնել չեմ ուզում: Եթե միայն ի վիճակի լինեի մարդասպանության գնալ, այս տղային էլ – ցույց է տալիս Շտադերի ուղղությամբ – ով ամեն ինչից տեղյակ է, կսպանեի:

Թոմասը, Յոզեֆի թևքից բռնած, ետ է քաշում սենյակ, ով, ճկուն զիջողականությամբ, փորձում էր հարթել իր ծածուկ մտադրությունը:

Յոզեֆ. Ես սկսեցի մտովի վերլուծել, մեկ անգամ ևս ծանութեթև անել փաստերը: Եվ հանգել եմ այն եզրակացությանը, որ խնդիրը վերաբերում է զգացմունքի ախտաբանական խռովքին: Դա սիրո հետ որևէ կապ չունի:

Թոմաս. Այս, սերն այստեղ որևէ կապ չունի: Տարօրինակ ծիծաղով հանկարծ բաց է թողնում Յոզեֆին: Փնտրի՛ր, փնտրի՛ր: Կալանավորի՛ր նրան: Քսի՛ տուր քո այդ ոստիկանական շանը նրա վրա:

Յոզեֆ.  Դու… շատ խոսուն մի շարժում է անում… գերհոգնել ես:

Թոմաս. իրեն գցում է աթոռներից մեկին. Շա՜տ եմ հոգնել:

Յոզեֆ. նրա դիմաց կանգնած. Չափավորի՛ր հույզերդ, սիրելիդ իմ Թոմաս: Այստեղ օգնել կարող են միայն սկզբունքները:

Թոմաս. Չափավորե՜լ հույզերը. Այո, այո՜: Իսկ Մարիան ասում է, որ ես երբեք հույզեր չեմ ունեցել:

Յոզեֆ. Դե, ինչ ասեմ, կանայք ուրիշ են: Այսօր նա գուցե ուրիշ կերպ է մտածում: Համենայնդեպս, իմ վերջին խոսքն արդեն երեկ ասացի այդ վարակակիր հիվանդի առնչությամբ, որին քո տանն ես հանդուրժում: Համենայնդեպս, նրան իսկապես  կալանավորել կտամ, հենց որ լույսը բացվի, հիմնարկներն աշխատեն և սկսեն պատասխանել հեռախոսազանգերին: Մեղմանալով: Այդ ամենը ծնունդ է առնում չափազանցված հուզականությունից: Մարդ չպետք է այդքան շատ զգացմունքներ ունենա, չի կարելի ամեն ինչում այդ աստիճան հուզականություն հանդես բերել, թերևս միայն մեծազորի ու վեհագույնի հանդեպ, որոնց դեպքում հուզականությունն այդքան վնասաբեր չի կարող լինել: Քեզ համար դա մեծ հուսահատություն էր, այո՞… նկատի ունեմ, որ դու հստակամիտ բանականության տեր մարդ ես, ինքդ ճամփիցդ շեղվեցիր այն պատճառով, որ այդ խելագարի գերառատ հուզագրգռությունները սկզբում բոլորին են վարակում:

Թոմաս. հոգնած, զիջողական, սակայն շոյված.  Չե՞ս նստի մի քիչ իմ կողքին:

Յոզեֆ. ցույց տալով, որ ուզում է Շտադերին հետևել: Ցավոք, չեմ կարող, քանի դեռ  խելքի չես եկել:

Թոմաս. Մի քիչ էլ համբերիր, և քո հաղթանակն այլևս ակներև կլինի:

Յոզեֆ. վերստին ինքզինքը մեղմելով. Ես էլ չեմ դիմանում, մեկ անգամ ևս հետազոտեմ պիտի այդ մոլորությունների փաստաթղթերը: Ինձ հարկավոր է մի ամրակուռ, վստահելի հիմք, որպեսզի գոյությունս շարունակել կարողանամ: Հեռանում է:

Թոմասը նստում է սրահի մեջտեղի աթոռներից մեկին և նորից գլուխը ձեռքերի մեջ է առնում: Ներս է մտնում Մարիան, նստում է նրա դիմաց, նայում է նրան: Թոմասը բարձրացնում է գլուխը, Մարիան, գլուխը ձեռքերի մեջ առած, լաց է լինում: Թոմասը ոտքի է կանգնում, լռելյայն նստում է կողքին, շոյում է նրան:

Մարիա. գլուխը բարձրացնելով. Կարծես արկածախնդիր մեկը լինեմ:

Թոմաս. Դու դա պե՛տք է անես: Երբ ամբողջ հոգով որևէ բան ես անում հանուն կոնկրետ նպատակի, հետագայում այն ըստ արժանվույն է գնահատվում:

Մարիա. Ես դա և՛ ուզում եմ, և՛ վախենում եմ:

Թոմաս. Երկար սպասելուց մարդ լարվում է ու հյուծվում, և երբ արդեն հերթը գործելուն է հասնում՝ ուժասպառված ես լինում:

Մարիա. Ինձ այնպես է թվում, որ ամենը, ինչ ուզում եմ անել, վաղուց արդեն ետևում է մնացել: Ուրեմն էլ ինչու՞ եմ դա անում: Ինչու՞: Սակայն ժամացույցի մեքենան մշտապես վազում ու վազում է իմ մեջ:

Թոմաս. Դու դա պե՛տք է անես: Ու թե ինչ դուրս կգա դրանից, միայն արդյունքից կիմանաս:

Մարիա. Նույն բանն էլ Անսելմի մասին էիր ասում: Դու ինձ փաստորեն դուրս ես մղում:

Թոմաս. Դա նման է գլխահակ գահավիժելուն. սկզբում միայն կամք է ու վճռականություն, և ուրիշ ոչինչ: Հետո հանկարծակի մի նոր տարր է ի հայտ գալիս՝ և դու շարժում ես ձեռքերդ ու ոտքերդ: Կենսականորեն կարևոր որոշումների ընթացքում մարդս, ըստ էության, ասես դատարկության մեջ է հայտնվում:

Մարիա. Իսկ ընդհանրապես գիտե՞ս, թե ես ինչ եմ ուզում անել:

Թոմաս. նայում է նրա աչքերի մեջ. Ես չեմ ցանկանում վերստին ճնշում գործադրել քո հանդեպ:

Մարիա. Ես ցանկանում եմ Անսելմի հետ մեկ անգամ էլ խոսել: Գուցե ես նրան…  վերադարձնեմ:

Թոմաս. Ես տեսնում եմ քո գլխին կախված վտանգը, սակայն, եթե գնում ես դրան, պարտավոր եմ այն իմ վրա վերցնել:

Մարիա. նորից նրան փորձելով. Իսկ եթե ես չվերադառնա՞մ: Դու ի՞նչ կանես:

Թոմաս. Չգիտեմ:

Մարիա. Այդպես էլ մինչև հիմա չգիտե՞ս:

Թոմաս. Երբեք չի՛ կարելի ասել. սա կամ մյուսը կպատահի կամ չի պատահի: Սպասենք-տեսնենք: Ես չգիտեմ, թե խելքիս ինչ կփչի: Իսկապե՛ս չգիտեմ:

Մարիա. վեր է ցատկում. Սա այլևս չեմ կարող տանել:

Թոմաս. մեղմորեն. Երբ հիմա քեզ եմ նայում, այնպես է թվում, կարծես մեկ ուրիշին քո մասին պատմելիս լինեմ: Նա այնքա՜ն գեղեցիկ էր ու բարի և ահա զարմանալի մի բան պատահեց: Սակայն շարունակությունը իսկապես դեռ չգիտեմ:

Մարիա. ընկրկելով. Բայց դու այնքա՜ն համառամիտն ես:

Թոմաս. Ասենք թե ներքևում ակորդեոն էր նվագում: Օրը կարող էր կիրակի լինել: Մորմոքուն ու գորշ շաբաթավերջ: Արդեն հիմա կարող էի արցունք թափել քո կարոտից: Սակայն այն միտքը, որ հնարավոր է քեզ հետ մեկտեղ՝ մի այնպիսի ամրակուռ հարաբերությանի մեջ բանտվեմ, ինչպես, ասենք, սերն է կամ դրա պես մեկ այլ լիակատար ընդհանրականություն, ըստ իս, դա մանկամտություն է… Եվ սակայն, թերևս… նրան, ով գուցե կկարողանար դա անել… նրան երախտապարտ կլինեի:

Մարիա. Դու գիտե՞ս, թե ով կամ ինչպիսին ես դու: Քո մեջ ապրում է լավն ու բարին լինելու այն մեծագույն ցանկությունը, որպիսին ունենում ես երեխա ժամանակ՝ սրտատրոփ տենչանքներով քուն մտնելուց առաջ:

Թոմաս. ինքնապաշտպանվելով. Մի՛ մոռացիր. այսօրվա նուրբ պղպջակները գուցե մի քանի օրից չորացած մաշկածածկույթ են դառնալու:

Մարիա. Ոչ: Չի՛ կարելի թույլ տալ, որ ձեռքիցդ խլեն քո անցած կյանքը: Ինձ գոնե ցանկալի կլիներ սեղմել այն մեն-մի պարզագույն մտքի մեջ…

Թոմաս. Դե գնա՛, ժամանակն է, եթե միայն չես ուզում ուշանալ գնացքից:

Մարիա. Քեզ չեմ կարող այդպես թողնել: Ինչպե՞ս կարելի է սեղանն այս լքել և քեզ մենակ թողնել: Կուզենայի քեզ համար գոնե թեյ պատրաստել… քո սպիտակեղենը դնել-վերցնել… և էլի ինչ-ինչ բաներ, հստակ չգիտեմ, թե ինչ: Նկատում է թեյամանը, որը նախապես ջրով էր լցրել, վառում է կրակը, թեյախոտ է լցնում ջրի մեջ: Ներու՞մ ես ինձ:

Թոմաս. Ե՛կ անկեղծորեն բաժանվենք իրարից. դա ընդհանրապես մտքովս իսկ չէր անցել: Ինձ այնպես է թվում, որ ամեն ինչ խորտակվել է և շարունակվում է հողի տակ, որպեսզի երբևէ ինչ-որ մի տեղում դուրս սպրդի ընդերքից: Իմ մեջ ողջը առաջ է ընթանում, ներկա գոյություն չունի… Գնա՛, Մարիա, դու պե՛տք է գնաս:

Մարիան կանգնած է ոտքի վրա՝ լուռ կռիվ տալով:

Թոմաս. Ես էլ եմ տխուր:

Մարիա. Դու տխուր չես: Դու ինձ դուրս ես անում: Ինձ համար այնքան դժվար է հեռանալ քեզնից: Չգիտեմ, թե ինչու: Մենք, կանայքս, ավելի խորն ենք սիրում…

Թոմաս. Որովհետև դուք տղամարդկա՛նց եք սիրում: Ձեր գլխավերևում աշխարհը տղամարդկանցով է բացուխուփ արվում:

Մարիա. Դու արդեն ինչ-որ բան ես կարոտում:

Թոմաս. Գուցե զղջումն է դա:

Մարիա. Արցունքները խեղդում են ինձ՝ ոտնածայրերից միջև աչքերս լեցուն, շիթի պես:

Թոմասն ուզում է մոտենալ նրան: Մարիան թողնում է թեյամանը և դուրս է վազում: Թոմասը շփոթահար կանգնած է մնում:  Հետո թեյամանը վերցնում է կրակից: Դուռը մի փոքր բացվում է: Ներս է սողոսկում Շտադերը: Թոմասը, թեյի պատրաստությամբ զբաղված, անմիջապես չի նկատում նրան:

Շտադեր. մի քանի անգամ հազում է. Ես չէի ցանկանում խանգարել: Ներող կլինեք …

Թոմաս. հանկարծակիի եկած. Ի՞նչ է պատահել…

Շտադեր. Իմ առաքելության բերումով ինձ չեմ կարող թույլ տալ… Բայց երբ ուշիուշով խորանում ես գործի մեջ…

Թոմաս. Ի՞նչ եք ուզում ասել…

Շտադեր. Ձեզ շատ լավ հասկանում եմ: Ամենայն հարգանքով Նորին Գերազանցության հանդեպ: Տարիներ ի վեր մեծագույն հարգանքով եմ լցված Ձեր հանդեպ: Եվ ինձ կարող եմ թույլ տալ խորհրդի կարգով հետևյալն ասել. իզուր մի խառնվեք այս անհույս պատմությանը: Խոսենք ինչպես տղամարդը տղամարդու հետ: Դուք անիմաստ տեղը Ձեր գլխին հիասթափություններ եք բերելու:

Թոմաս. Ա՜խ, ահա թե ինչ… Ճիշտն ասած, չգիտեմ, թե ինչն ինչոց է: Եթե Դուք, ինչպես ինքներդ եք ասում, հարգանք եք տածում իմ հանդեպ, կուզենայի, որ լռեք: Հասկանու՞մ եք: Գերեզմանային լռությամբ:

Շտադեր. Բայց ես կուզեի Ձեզ մի առաջարկություն անել: Դուք կարող եք լիովին վստահել ինձ, պարոն պրոֆեսոր:

Թոմաս. Պատահականությու՞ն էր եղածը…

Շտադեր. Այո:

Թոմաս. Դա ընդհանրապես չի՛ էլ եղել…

Շտադեր. Անշուշտ:

Թոմաս. Նստեք, խնդրեմ:

Շտադեր. Շնորհակալություն: Նորին Գերազանցությունն այս ընթացքում ընթերցանության մեջ է խրվել: Զգուշորեն նստում է, լռում, բառեր է փնտրում, և վերջապես դուրս է տալիս: Ես արդեն երկար տարիներ է հետևում եմ Ձեզ, պարոն պրոֆեսոր:

Թոմաս. Ինչու՞: Ի՞նչ վատ բան եմ արել:

Շտադեր. ոգեշնչված. Ձեր խիղճը այնքան էլ մաքուր չէ: Դա նկատեցի Ձեր քունքից: Նրա հազիվ նկատելի դողոցից: Ենթագիտակցական մեղքի զգացողության պատճառով այսօր, կարելի է ասել, բոլորն են տառապում: Բայց խնդիրը դա չէ, բնավ: Ես հետևում եմ Ձեր ստեղծագործական ընթացքին, Ձեր զարմանահրաշ գործունեությանը, Ձեր գործերին:

Թոմաս. Մի՞թե դրանից ինչ-որ բան եք հասկանում:

Շտադեր. Դե, ըստ էության, ոչ այնքան: Լոկ այնքանով, որքանով իմ մասնագիտությամբ: Մասնագիտության բերումով ես առնչվում եմ բոլոր գիտություններին… սակայն, ուրեմն և… դեռ շատ տարիներ առաջ Ռեգինեն պատմել է Ձեր մասին:

Թոմաս. Չհամարձակվեք նրան Ռեգինե անվանել: Նրան կարող եք դիմել Նորին Գերազանցություն կամ բարձրաշխարհիկ տիկին կամ ողորմած տիկին զարմուհի: Սիգար կցանկանայի՞ք:

Շտադեր. հրաժարվելով. Ես դեռևս ծառայողական քննություն եմ իրականացնում ընդդեմ Ձեր այդ ողորմած տիկին զարմուհու, շնորհակալություն, չեմ ուզում:

Թոմաս.  Ծխախո՞տ:

Շտադեր. անկարող այլևս Թոմասի առաջ վիրավորվածի դեր խաղալ. Շնորհակալություն, գուցե այո: Վերցնում է ծխախոտը: Բայց ինձ համար շատ տհաճ կլիներ, եթե Նորին Գերազանցությունն ինձ այս վիճակում բռնացներ: Ծխախոտը, ամեն ծուխը ներքաշելիս, թաքցնում է ափի մեջ:

Թոմաս. Եվ ուրեմն ի՞նչ են Ձեզ պատմել:

Շտադեր. Օ՜, շատ բաներ: Եվ ես քուն ու հանգիստ չէի տալիս նրան: Որոշ արտահայտություններ անգամ գրանցել եմ բառացի: Դուրս է կորզում նոթատետրը: Անկեղծ ասած, հիմա դրանք բոլորովին այլ կերպ եմ հասկանում: Անգամ խոստովանեմ պիտի, որ այն ժամանակ դրանք ընդհանրապես չէի հասկանում: Բայց արդեն այն ժամանակ գլխի էի ընկնում այդ տեսակ մարդկանց արտասովոր հնարավորությունների մասին, որոնք հիմա պարզորոշ տեսնում եմ: Նոթատետրը թերթելով՝ մեջբերում է ընթերցում: «Մենք կանգնած ենք նոր ժամանակի շեմին, որն առաջնորդվելու կամ կործանվելու է գիտության կողմից, համենայնդեպս, այն նրա իշխանության տակ է գտնվելու: Հին ողբերգությունները մահանալու են և մենք չգիտենք, թե արդյոք նորերն ի հայտ կգա՞ն դեռ, եթե այսօր արդեն կենդանիների վրա դրվող գիտափորձերի արդյունքում, մի քանի ներարկումների միջոցով հնարավոր է դառնում արուի հոգու մեջ փոխադրել էգի հոգին և հակառակը: Նա, ով ինտեգրալ հավասարում լուծել չգիտի կամ չի տիրապետում փորձարարական տեխնիկային, այսօր ընդհանրապես իրավունք չունի խոսելու հոգեկան հարցերի առնչությամբ»: Գիտե՞ք, թե ում էիք հասցեագրել այս ամենը:

Թոմաս. Այո, իհարկե:

Շտադեր. Սա քաղվածք է Նորին Գերազանցությանն ուղղված նամակից: Սա ինձ վրա ցնցող տպավորություն գործեց: Հասկանու՞մ եք: Պատկերացրեք միայն, թե սա ինչպիսի նշանակություն ունի բարոյականության և քրեագիտության համար, է՛լ չասած՝ դետեկտիվիստական դիմակավորման արվեստի հեռանկարի առումով: Ոտքի է կանգնում: Պարո՛ն պրոֆեսոր: Ինչպե՞ս կարելի սրան գործնական կիրառություն չտալ:

Թոմաս. Նորին Գերազանցություն Ռեգինեն այդ մասին պատմել է ինձ:

Շտադեր. Նորին գերազանցությու՞նը: Իսկապե՞ս… Նա պատմե՞լ է…

Թոմաս. Որպես երախտիքի նշան՝ չե՞ք ցանկանում փրկել նրան այս ծանր իրավիճակից:

Շտադեր. Հըմմմ: Հասկանալի է, թե ինչ եք ուզում: Դուք կարծում եք, որ ես գողանա՞մ պիտի այս թղթապանակը: Նմանօրինակ հնարքներին ես մեծագույն տհաճությամբ եմ վերաբերվում:

Թոմաս. Օ՜ ոչ: Իմ գլխում պարզապես մի միտք անցավ: Եվ սակայն, համենայնդեպս, Ձեզ ծայր աստիճան անվայելուչ եք պահում իմ զարմուհու հանդեպ, այնպես չէ՞:

Շտադեր. պաշտպանվելով. Տղամարդը շատ ավելի բարձր հետաքրքրություններ է ունենում: Կրկին իր զգացմունքների ազդեցության տակ: Այո, ինքս էլ երազող մեկն էի… Բայց եկա այն համոզմունքին, որ դա բավական չէ: Թույլ տվեք Ձեզ մի առաջարկություն անել: Եթե ընդունեք այն, ես ամեն ինչ կանեմ Ձեզ համար… Նստում է: Ես կխնդրեի պատիվ անել Շտադեր, Նյուտոն & Co ընկերությանը և դառնալ նրա գիտական ղեկավարը:

Թոմաս. հրճվալից. Շատ անսպասելի առաջարկություն է: Ես այնքան էլ լավ չեմ պատկերացնում, թե ո՞րն է լինելու իմ դերակատարությունը:

Շտադեր. Ձեր կարգի մարդկանց հետ ինձ թույլ չեմ տա ֆինանսական հարցից սկսել: Եթե հոգին չեն մսխում գրքերի մեջ, այլ կառավարում են վաճառաշահ կեցվածքով, հաջողությունը չոքում է դռանը: Դուք գիտե՞ք, որ ես սպասավոր եմ եղել:

Թոմաս. Այո:

Շտադեր. Ես, արդեն այն ժամանակ, միայն սպասավոր չէի: Գիշերները…

Թոմաս. ընդվզելով. Թախանձագինս աղաչում եմ…

Շտադեր. Ո՛չ, ո՛չ, գիշերները ես տնից ծլկում էի, մշտապես: Ես երգիչ էի, ասել է, թե՝ բանաստեղծ, ժողովրդական երգիչ, հասկանում եք, ես իմ գործով էի զբաղված, և միայն գիշերները ժամանակ ունեի: Բայց շատ շուտով հրաժարվեցի դրանից: Ես դարձա շնորս, դատական կատարածու, ոստիկանական իրազեկոիչ, առևտրական… ա՜խ, ինչեր ասես, որ ես չեմ եղել: Սակայն մի բան կար, որ բոլոր այդ մասնագիտություններում ինձ հանգիստ չէր տալիս: Ոգու մի անհանգստություն, ես կասեի: Վերջնական համոզվածության պակասը: Հենց դա՛ է, որ հանգիստ չի տալիս մարդուս և շարունակ որոնումների է մղում նրան: Մշտապես ուզում ես փողոց ելնել, պարզապես քայլել փողոցի երկայնքով: Դա ինչ-որ բան է նշանակում: Սակայն պարոն պրոֆեսորն ինձ թույլ կտա՞ պատմություններ պատմել…

Թոմաս. վառում է ծխախոտը և ուշադիր լսում: Նրա ցնցվածությունը փոխվել է դառնածիծաղ ուրախ տրամադրության. Ոչ, ոչ, պատմեք, դա ինձ համար շատ ավելի հետաքրքրական է, քան կարծում եք:

Շտադեր. Ես վերջապես հանգեցի այն եզրակացությանը, որ միայն գիտությունն ինձ կարող էր տալ հանգիստ ու կարգուկանոն: Եվ այդժամ հիմնադրեցի իմ ինստիտուտը:

Թոմաս. Ես տեղեկացված եմ այդ մասին:

Շտադեր. Սակայն տեղյա՞կ եք նաև նրա գիտագործնական ճյուղերի վերաբերյալ:

Թոմաս. Ինձ այդ մասին իրազեկել են: Ամենայն ձեռներեցությամբ:

Շտադեր. Այս հարցում Ձեր ղեկավարությունը մեզ համար եզակի գյուտ կլիներ… Դե, ի՞նչ կարող եմ Ձեզ ասել, այն, որ մենք երբեմն դեռ կռիվ ենք տալիս մեթոդական հարցերի շուրջ: Գիտությունն ինքն էլ միշտ չէ, որ բավականաչափ գործնական հողի վրա է կառուցված, այնպես որ, հուսախաբություններ ես ապրում: Սակայն ավելի մեծ չափով՝ մարդկանց անհասկացողության պատճառով… Եվ հենց գիտական շրջանակներում է, որ իմ ինստիտուտը դեռևս համարժեք հասկացողության և ընդունելության չի արժանանում: Ահա՛ թե ինչու Ձեր օգնությունը անփոխարինելի կարող է լինել, այն է՝ դետեկտիվագիտության մշակման բնագավառում, որպես ամենիմաց և հեղինակավոր գիտության մարդու ուսմունք կյանքի մասին:

Իմն ընդամենը խուզարկուական գործի ինստիտուտ է, սակայն նրա նպատակը նույնպես աշխարհի պատկերի գիտական վերհանումն է: Մենք հայտնաբերում ենք փոխկապակցումներ, հաստատագրում ենք փաստերը, պահանջ ենք դնում սօրենքների իմացության և դրանց հետևման: Սակայն դա գործի միայն սովորական, արտաքին մասն է, որով ես հարկ չեմ համարում ծանրաբեռնել Ձեզ: Իմ մեծագույն հույսը հետևյալն է. մարդկային պարագաների վիճակագրական և մեթոդաբանական հետազոտումը, որը բխում է մեր աշխատանքից:

Եթե քաշելու տանք հինգ փակ խաղաթղերից մեկը, ապա բոլոր մարդկանց յոթանասուն տոկոսը նույն խաղաթուղթը կընտրեն: Եթե ստուգելու լինենք ջերմաչափի կամ միլիմետրաչափասարքի գրանցած արդյունքները, եթե ճշգրտագույնս գնահատելու պահանջ է դրված, ապա պարզվում է, որ բոլոր մարդիկ գնահատականը կամ բարձրացնում են, կամ իջեցնում, ելնելով սանդղակի՝ միմյանց հարևանությամբ գտնվող բաժանումների դիրքից: Ինձ բացատրել են, որ կան տարբեր մարդիկ՝ աչքային, ականջային և մկանային, որոնք իրարից տարբերվում են անփորձառուների աչքից վրիպած, հույժ որոշակի պակասավորություններով: Ինձ ասել են, որ բանաստեղծները, ինչ այս աշխարհը գոյություն ունի, մշտապես նույն, շատ քիչ թվով մոտիվներ են օգտագործում և որևէ նոր բան ի զորու չեն հորինել: Ինձ ասում են նաև, որ ձևաչափը, որն իբրև թե ծայրաստիճան ազատամիտ համարվող գեղանկարիչները են տալիս իրենց նկարներին, ընդարձակվում և սեղմվում է համաձայն միանգամայն որոշակի օրինաչափությունների, եթե հետևելու լինես այդ փոփոխություններին դարերի կտրվածքով: Այն, որ սիրահարները մշտապես նույն բանն են ասում, բոլորին է հայտնի: Ամռանը բեղմնավորումներն աճ են գրանցում, աշնանը՝ ինքնասպանությունները: Ինձ ասվել է, որ նույն է պատկերը նաև ալիքների փրփրաթաղիքերի դեպքում. միայն սիրողական ուղեղն է կարծում, որ այս սպիտակհորձանքընթացն ըստ էության անկասելի նախահարձակ շարժում է: Դա ընդամենը տեսողական խաբկանք է, որ այսուայնկողմ ցայտող ջրակաթիլներից է նման տպավորություն ստեղծվում, իսկ իրականում ջուրը խստիվ գիտական կոր է գծում՝ տեղից անգամ չշարժվելով: Սակայն ի՞նչ կարիք կա ինքդ քեզ հիմարի տեղ դնելու: Դու ինչ-որ բան ես անում և դա, որպես գաղտնիք, օրինաչափություն է… Միայն թե անտանելի է, որ օրերից մի օր ողջը հայտնի է դառնալու և դու գաղափար իսկ չունես, թե ինչ է կատարվում…

Թոմաս. Սիրելի բարեկամ, Դուք, լավ իմաստով, ժամանակից շուտ եք լույս աշխարհ եկել: Իսկ ինձ գերագնահատում եք: Ես ներկա ժամանակի երեխան եմ: Ես ստիպված եմ բավարարվել նրանով, որպեսզի նստած մնամ գիտության և անգիտության երկու աթոռների միջև ընկած հողին:

Շտադեր. Ոչ, հո չե՞ք ուզում հրաժարվել իմ առաջարկից: Ամեն ինչ հանգամանալիորեն մի լավ գցեք-բռնեք…

Թոմաս. Ամեն պահ կարող են այստեղ մտնել: Լսեք, մենք կարող ենք միառժամանակ կապի մեջ մնալ: Ձեր համար մի հանձնարարություն ունեմ, ոչ այնքան հետաքրքիր, այլ շատ սովորական մի բան: Դուք տեսել եք իմ կնոջը: Դոկտոր Անսելմը գիշերը մեկնել է: Իմ կինը կհետևի նրան հաջորդ գնացքով դեպի…

Շտադեր. նայում է իր ձեռքի ժամացույցին. Ըստ չվացուցակի գնացքը հենց նոր պետք է որ մեկնած լինի:

Թոմաս. խափանելով թեթևակի շարժումը. Այո: Նրանք կհանդիպեն քաղաքում և զրույց կունենան իրար հետ:

Շտադեր. Եվ Ձեզ հարկավոր է նույնպիսի նյու՞թ, ինչպես և Նորին Գերազանցությա՞նը:

Թոմաս. Ոչ: Ես ցանկանում եմ, որպեսզի ինձ ճշգրտորեն իրազեկեք, թե ինչպիսի տեսք կունենա այդ ընթացքում իմ բարեկամը, ինչպիսին էր նրա դեմքի արտահայտությունը, և նաև իմ կնոջ պահվածքը – արդյո՞ք նա չափից դուրս գրգռված էր, արդյո՞ք ցավատանջ տպավորություն էր թողնում կամ թե ազատամիտ, թարմ ու աշխույժ կնոջ: Մի խոսքով՝ մանրամասնորեն, ասես ինքս եմ այդ ամենը տեսել ու նկատել: Իսկ հետո էլ հընթացս կիրազեկեք ինձ բոլոր ձեռնարկումների վերաբերյալ, որ դոկտոր Անսելմն է պատրաստվում սկսել:

Շտադեր. Մի՛ անհանգստացեք, դրանից ավելի հեշտ բան չկա: Նորին Գերազանցությունը ևս միանգամայն գոհ կմնա մեր ծառայությունից:

Մտնում է Յոզեֆը՝ թևքի տակ սեղմած թղթի մեջ փաթաթված փաստաթղթերի փաթեթը,  որոնում է Շտադերին:

Յոզեֆգրգռված. Դե, ու՞ր եք կորել:

Թոմաս. արագ. Մենք հետո, ավելի ուշ դեռ կխոսենք:

Շտադեր. Ձերդ Գերազանցություն, խոնարհագույնս թույլ տվեք… Ցանկանում է, ծառայելու պատրաստ, փաթեթը վերցնել նրա ձեռքից:

Յոզեֆ. փաթեթն ամուր իրեն է սեղմում. Ոչ, ոչ, թողե՛ք, ես ինքս դա կանեմ: Թոմասին՝ հաշտվողական, փզափուկ հնչերանգով. Կարո՞ղ ես ինձ մի կտոր թել փոխանցել:

Շտադեր. Ահա՛, խնդրեմ, Ձերդ Գերազանցություն… Գրպանից կորզում է մի կծիկ, սկսում է ջանադիր կապկպել փաթեթը, որ դեռ Յոզեֆի ձեռքում է գտնվում, այնպես որ վերջինս ակամա այն սեղանին է դնում:

Յոզեֆ.  Բայզ մեզ նաև կնքամոմ է հարակավոր: Քեզ համար դժվար չի՞ լինի…

Շտադեր. Ամեն ինչ նախատեսված է: Գրպանից հանում է կնքամոմի ձողիկը: Ձերդ Գերազանցություն, Դուք երևի թե թերագնահատում եք իմ նախապատրաստվածությունը: Ցանկանում է օգնել Յոզեֆին:

Յոզեֆ.  Ոչ, ոչ, թողեք ինձ, Շտադեր:

Շտադերը զգուշորեն ետ է քաշվում: Յոզեֆն սկսում է անճկուն, հապշտապ ու դողացող ձեռքերով թղթապանակը թղթով փաթաթել: Թոմասը ևս ճգնում է ցուցադրել իր պատրաստականությունը և վառում է Շտադերի մի կողմ դրած մոմը:

Յոզեֆկիսաձայն. Դա բնավ էլ սիրային պատմություն չէր:

Թոմաս. Այո, դա սիրային պատմություն չէր: Բայց ի՞նչ էր դա: Սկսում է օգնել Յոզեֆին: Փակենք դագաղը: Հողը վրան տանք: Թող ծաղիկներ ծլեն:

Յոզեֆ.  Երևում է, դու այս ամենը թեթև ես տանում:

Թոմաս. Կուզենայի Ռեգինեի առջև բացել նոր կյանքի ճանապարհները:

Յոզեֆ.  Խնդրում եմ քեզ, Թոմաս, առանց անունների: Մենք միայնակ չենք:

Շտադեր. իր տեղից. Բայց, Ձերդ Գերազանցություն, կնիքը Ձեզ հե՞տ է, վավերացման կնիքը:

Յոզեֆը շրջվում է դեպի Թոմասը: Նրանք ձեռքներից բաց են թողնում փաթեթը, որը նորից դուրս է պրծնում: Շտադերը մի քանի ճարպիկ շարժումներով այն կարգի է գցում:

Թոմաս. Վերցրեք որևէ մետաղադրամ: Յոզեֆին. Դե լավ, առանց անունների: Սակայն ես ուղղակի կբացեի ճանապարհները, ի վերջո, դա բարոյականության այբուբենն է:

Յոզեֆ. կտրուկ ընդդիմանալով. Խնդրու՛մ եմ Ձեզ:

Շտադեր. հաշտվողականորեն. Հրամայե՛ք, Ձերդ Գերազանցություն, գի՛ր, թե՛ արծիվ:

Յոզեֆ.  Բայց, Աստծո սիրույն, արե՛ք, ինչպես Դուք եք ուզում, առանց հարցեր տալու:

Թոմաս. Կորցնելու այլևս ոչինչ չկա, ու նաև շահելու ոչինչ չունենք:

Շտադեր. կնքելով փաթեթը. Ահա՛ ևս մի օրինակ: Ակնարկելով. Բոլորը կարծում են, որ գիրը կամ արծիվը զտագույն «պատահականություն» է: Մինչդեռ դա ենթակա է հավանականության տեսության օրենքներին և խստագույնս ու չարամտորեն իշխում է մեր վրա:

Յոզեֆ. Քեզ նախապես արդեն ասել եմ, որ փոքր-ինչ գերհոգնած տեսք ունես: Մարդ պետք է ոչ միայն իր, այլև մյուսների համար ևս ամրապինդ լինի:

Թոմաս. համառամտորեն: Ակնարկելով փաթեթը: Ես այն ընդհանրապես կրակի բերանը կտայի:

Յոզեֆ. Չեմ ցանկանում ոչինչ լսել: Հայացքը հառելով Շտադերին: Դուք վերջացրի՞ք: Դե ուրեմն, գործի անցեք, գնացեք… Հավաքում է իրեն: Խնդրում եմ, սպասեք ինձ իմ սենյակում:

Շտադեր. հարգամեծարությամբ. Պարոն պրոֆեսոր, ինձ թույլ կտամ ավելի ուշ մեկ անգամ ևս խոսել Ձեզ հետ: Ձերդ Գերազանցությունն այս պահին, երևում է, բարձր ճնշման ազդեցության տակ է: Հեռանում է:

Թոմասը կամացուկ, հաճույքով փչում է մոմը:

Յոզեֆ. Թոմաս: Եթե մեկ անգամ ևս ինձ հետ խոսել ես ուզում, ապա պետք է ասեմ, որ չեմ կարող, քանի դեռ այդ մարդը քո տանն է գտնվում: Ես կուզենայի այս հանգամանքի վրա բևեռել քո ուշադրությունը:

Թոմաս. Նա հեռացել է:

Յոզեֆ. Ո՞վ է հեռացել: Բնականաբար, ես Անսելմին նկատի ունեի:

Թոմաս. Անսելմը մեկնել է:

Յոզեֆ. թեթևացած.Կնշանակի, նկատել ես, որ նա քեզ մատի վրա էր ֆռռացնում: Ես կուզենայի խոսել Ռեգինեի հետ:

Թոմաս. Հիմա դա հնարավոր չէ … Նա իրեն վատ է զգում:

Յոզեֆ. վստահանալով, որ Շտադերն իրենց չի գաղտնալսում: Կասկածամիտ շշնջյունով. Նա նրա հե՞տ է մեկնել:

Թոմաս. հանգիստ. Նրա հետ Մարիան է մեկնել:

Յոզեֆ. Դու կատակու՞մ ես: Չեմ հասկանում, մի՞թե դա հնարավոր բան է… դու կատա՞կ ես անում:

Թոմաս. Թերևս մի քիչ չափազանցրեցի: Նա մենակ է մեկնել: Սակայն Մարիան, հավանաբար, ևս մեկնել է, նրա ետևից:

Յոզեֆ. Նրա ետևի՞ց: Նորից կասկածամտությամբ: Դուք, ի՞նչ է, նրա հետ հիմնավորապես չե՞ք խզել ձեր հարաբերությունները:

Թոմաս. հաստատապես. Ոչ, այդպես չէ: Մարիան ուղևորվում է սեփական որոշմամբ: Նա դատապարտում է նրա արարքները, սակայն այն ձևը, որով նա դրանք անում է, գերել է նրան:

Յոզեֆ. Եվ սակայն, ի՞նչ է դա նշանակում:

Թոմաս. Առաջին. ինչ-որ մեկը կոտրել է իմ ոսկորները – կամ առնվազն իմ ոսկրացումները: Համենայնդեպս, ամրակուռ լորձաթաղանթը դեռ կենդանի է: Երկրորդ. իմ ամենամերձավոր մարդը հեռացավ ինձանից — և ես կհետևեմ նրա օրինակին: Գուցե Անսելմն իմ հանդեպ վախից է ինձ հետ այդպես վարվել:

Յոզեֆ. Բայց Մարիան… Մի այնպիսի կին, ինչպիսին Մարիա՞ն է: Ա՜խ, այդ սրտերի որսորդը… Բայց ես հիմա սկսում եմ մի նոր փոխկապակցություն նկատել. ամենասկզբում այդ սրիկան նպատակ ուներ միայն նվաստացնե՞լ Ռեգինեին Մարիայի առաջ: Քեզ չի՞ թվում, որ ես պարտավոր եմ հոգ տանել Ռեգինեի համար: Սկսած այն պահից, երբ ես, չգիտեմ ինչպես, հանկարծ մոմը ձեռքիս հայտնվեցի չվերահսկվող ննջասենյակներում… ես իսկապես դեռևս խռովված եմ… իսկ որքա՞ն շատ ավելի հոգեխռովք ապրած պետք է լինի դիմադրողականությունից գրեթե զուրկ մի այնպիսի մարդ, ինչպիսին Ռեգինեն է… Այո, շատ էլ հնարավոր եմ համարում, որ Ռեգինեն խռովքի մեջ էր ընկել, երբ նա… իրեն թույլ տվեց ինքզինքը մեղադրել այդ մեղսավոր արարքների մեջ:

Թոմաս. Ավելի լավ է, նստիր կողքիս: Այնքան ուրախ եմ, որ խոսում եմ քեզ հետ: Ինձ համար մեծագույն ուրախություն է, որ առաջինը ես եմ քեզ այդ ամենի մասին պատմում:

Յոզեֆ. Դու զարմանալիորեն հանգիստ ես: Մի՞թե չես հասկանում. ձեռքը, որ քեզ կերակուր էր տալիս, գուցե արդեն անվերադարձ անցել-գնացել է: Բերանը, որին  հավատում էիր, դեռ չբացված, արդեն ստու՞մ էր: Քեզ լավ էիր զգում, կարծելով, որ ապրում ես հարազատների միջավայրում, սակայն այդ պատերի ետևից օտար աչքե՞ր էին քեզ նայում: Քեզ վրա բարդել են վատթարագույն ամոթը, որպիսին միայն հնարավոր է տղամարդու գլխին բերել… Փորձում է ավելի հարմար դիրք ընդունել: Ես, իհարկե, չեմ ուզում պնդել, որ այդ ամենն այդպես էլ կա:

Թոմաս. պատասխանում է, սակայն շատ մտախոհ. Գիտե՞ս, ինչ եմ ես այս ամենում տեսնում: Որ սերը մի որոշակի ընտրյալ մարդու հանդեպ, ըստ էության, այլ բան չէ, քան նողկանքը բոլոր մարդկանց հանդեպ:

Յոզեֆ. Ես կարծում եմ, որ դու… Այո, քո առնչությամբ կարծում եմ, որ դու իսկապես անզգա մեկն ես:

Թոմաս. Իմ զգացմունքները խիստ հեղհեղուկ են ու փոփոխական:

Յոզեֆ. Ոչ, ոչ: Ես ցանկանում եմ խոսել Ռեգինեի հետ: Նա պատկանում է կանոնակարգված, վստահելի պարագաներին: Ոտքի է կանգնում:

Թոմաս. պահում է նրան: Իսկ ի՞նչ ես պատրաստվում նրան ասել: Ի՞նչ ես ուզում անել:

Յոզեֆ. մտահոգված. Իսկ դու՞ ինչպես կվարվեիր: Հանկարծակի: Թոմաս: Եկ մոռանանք ամեն ինչ… Ես չեմ ուզում վատը մտածել քո մասին: Մենք պետք է մեզ հավաքենք: Երկուսս էլ կանգնած ենք նույն թշնամուն դեմ հանդիման:

Թոմաս. համառելով՝ մտախոհ հոգեվիճակում. Մեր իրավիճակները բոլորովին տարբեր են: Մարիայի ու Անսելմի միջև ոչինչ տեղի չի ունեցել: Գուցե նոր միայն սկսվի պիտի: Անսելմի և Ռեգինեի միջև ինչ-որ բան տեղի է ունեցել և արդեն վերջացել է… կամ վախճանվել է: Այն, ինչը դու նրանց մեղսարարքներն ես անվանում:

Յոզեֆ. Այդքան վստահ մի՛ պնդիր:

Թոմաս. Ռեգինեն և ես բավական մանրամասնորեն քննարկել ենք այդ ամենը: Դու ու՞ր ես ուզում գնալ: Յոզեֆը կանգնած է:

Յոզեֆ.  Հիմա առավել ևս պետք է խոսեմ Ռեգինեի հետ: Ես ուզում եմ, որպեսզի իմ դժբախտությունը առնվազն գոնե որևէ հստակ, մաքուր վերջաբան ունենա: Նա պետք է իր սարսափելի մոլորությունների մասին խոստովանի՝ նայելով աչքերիս մեջ, եթե, իհարկե, կարող է, եթե միայն ամոթից նրա լեզուն չպապանձվի:

Թոմաս. Նա դժվար թե սկսի նման կարգի ելույթներ ունենալ: Քանի որ գիտի, որ ինքը քեզ այլ բան չի կարող պատմել՝ բացի ապուշ արկածախնդրություններից: Ինչ-որ դատարկամիտ, շաղակրատ, հուզախռով սրտակեր կամ էլ ջլապինդ մարդ, ատլետ – թեև նա փոքրիկ ձիուկի հետ էլ չի կարող ուժը չափել – հանկարծակի աճում-հասնում է սարսափելի չափերի. Սե՛ր… Ու նաև վախը. այնտեղ աճում է թշնամական անհայտը: Անհայտն աճում է երկու դեպքերում էլ… Կարո՞ղ ես դա պատկերացնել: Դե հա, ես էլ չեմ կարող: Անհայտը, որ ասես բոլորիս է շրջապատել, աճում է, երբեմն աճում է նաև որոշակի մարդկանց համար: Պետք է ենթադրել, որ կան մարդիկ, որոնց մոտ խախտված է այն ամենը, ինչը մյուսների մոտ հաստատուն է, անհողդողդ: Եվ այն կտրվում է… Համենայնդեպս, որպիսի՜ հաճույք է, հետին թվով հաստատագրել, որ առիթը կոչվում էր Ֆրանց կամ դրա նման մի բան, և այն ապուշ բառերով ու հավաստիացումներով, որոնցով սիրահարները վարակում են մեկը մյուսին… Ռեգինեն գիտեր, որ դա անարժան արարք է:

Յոզեֆ. Եթե միայն ընդհանրապես կարելի է նման խորհրդածությունների տրվել. Ռեգինեն պետք է ժամանակին սրտագինս վստահեր ինձ:

Թոմաս. Այդժամ ապացուցելու պես կհաստատագրեիր սույն բարոյական արատը և դրանով իսկ արդարացի և իրավացի կլինեիր: Նույն հաջողությամբ էլ Ռեգինեն կարող էր այցելել բժշկին և վերջինս կասեր նրան. վավաշամարմաջ՝ նյարդագարա-հիստերոիդային հիմքի վրա, ֆրիգիդային համախտանիշ ի հետևանք ախտաբանական անզսպության կամ դրա պես մի բան, և նա նույնպես իրավացի կլիներ: Քանի որ Ռեգինեն իր մեջ էր ներքաշում այդ, այսպես կոչված, արկածախնդրությունները՝ ինչպես թունդ ծխողը, և սահմանն անցնելու միակ հայտանիշը կլիներ գերհագեցումը: Նա գուցե ընդհանրապես չէր կարողանում նայել որևէ տղամարդու, առանց…

Յոզեֆ. Առանց ինչի՞… Մի՞թե այդ ամենի մեջ չես տեսնում անտանելի կործանարարություն:

Թոմաս. Առանց դրանից կառչելու. ինչպես որ դու, քո գիտությանը վերաբերող որևէ դասագիրք տեսնելով, չես կարող չթեթել այն, թեև վստահ ես, որ առանց այն էլ գիտես այն ամենը, ինչը գրված է նրա մեջ: Չմոռանաս, թե որքան հաճախ են մեր արարքները նույնքան արատավոր… միայն թե բարու նկատառումներից ելնելով:

Յոզեֆ. Ախ, ինչքան ես սիրում անիմաստ սրամտություններով ցուցադրաբար գլուխդ գովել: Ռեգինեին հարկ է անհավակնոտություն սովորեցնել և հարգանք կեցության այլևայլ ամրակայուն հիմքերի հանդեպ:

Թոմաս. Յոզեֆ, նա չունի այդ հարգանք կոչեցյալը: Քեզ համար գոյություն ունեն օրենքներ, կանոններ, զգացմունքներ, որոնք հարկավոր է հարգել, մարդիկ, որոնց հետ հարկավոր է հաշվի նստել: Իսկ Ռեգինեի համար ոչ մի նստվածք չի մնում, ամեն ինչ ասես մաղի միջով անցկացված լինի: Չի մնում ոչինչ, որքան էլ զարմանալի լինի նրա համար: Բարեկեցիկ կանոնակարգվածության միջավայրում, որի դեմ նա դույզն-ինչ առարկելու ոչինչ չունի, նրա մեջ ինչ-որ բան կա, որ չի մերվում այդ կարգուկանոն կոչվածին: Մեկ այլ կարգի սերմացք, որը երբևէ ի զորու չէ ստեղծել: Արարչագործության, դեռևս չսառած, կրակե միջուկի մի կտոր:

Յոզեֆ. Չլինի՞ թե նրան ուզում ես ներկայացնել որպես մի բացառիկ արարածի: Վեր է կենում: Հեգնանքով, վճռական, շինծու հանդիսավորությամբ: Շնորհակալ եմ քեզ, դու սովորեցրեցիր ինձ տեսնել իրողությունը: Բայց գիտե՞ս, դրանով պաշտպան կանգեցիր նաև այն մեկին, ում հետ քո կինն է մեկնում:

Թոմաս. Այո: Ես դա գիտեմ: Բայց հենց դա էլ ուզում եմ: Դու պահանջում ես կուռքեր, բայց ինքդ էլ չես ցանկանում, որպեսզի դրանց ծայրահեղության հասցնեն: Դու թույլ ես տալիս այրիացածներին վերստին ամուսնանալ, սակայն սերը անվերջանալի ես հայտարարում, որպեսզի վերամիավորումը միայն մահվանից հետո կատարվի: Դու հավատում ես struggle of life-ին՝ գոյության պայքարին, սակայն մեղմում ես այն պատվիրանով. սիրեցեք զմերձավորս: Դու հավատում ես մերձավորի սիրույն, սակայն մեղմում ես այն գոյության պայքարով: Դու գերպարտադիր ուժ ես տալիս օրենքներին, սակայն ներողամտություն ես հայցում հետին թվով: Դու կողմ ես սեփականությանն ու բարեգործությանը: Դու հայտարարում ես, որ հարկավոր է մահն ընդունել հանուն բարձրագույն արժեքների, քանի որ ի սկզբանե համոզված ես, որ ոչ ոք մեկ ժամ իսկ չի ապրում հանուն դրանց…

Յոզեֆ. Մի խոսքով, դու ուզում ես հավաստել, որ չափն անցնում եմ իմ հայտերով: Եվ որ, ի վերջո, չափազանց խիստ էի իմ դատողություններում: Կամ ընդհակառակը. որ ես, իմ բնույթով, մի շատ սովորական զիջողական մե՞կն եմ:

Թոմաս. Ես ուզում եմ միայն հավաստել, որ ոչ ոք չի վիճարկում, թե դու ջանադիր մարդ ես, ում համար կարևոր և պարտադիր է ամեն ինչում հաստատուն հիմք ունենալ: Բնավ ցանկություն չունեմ այլ բան հավաստել: Դու ընթանում ես ամուր գցված հենագերանների վրայով, սակայն կան նաև մարդիկ, ովքեր ձգտում են նայել գերանների արանքներից ներս:

Յոզեֆ. Շնորհակալ եմ: Հիմա արդեն տեսնում եմ, թե ով ես դու: Հիվանդների մեջ նվազ հիվանդոտ մեկը:

Թոմաս. Իմ կարծիքով, հարկավոր է կռիվ տալ քեզ նման մարդկանց հետ և ձերպեսներից խլել ժամանակավորապես հիվանդանալու և աշխարհը հորիզոնական դիրքից տեսնելու իրավունքը:

Յոզեֆ. կիպ մոտենում է նրան. Դու կարծում ես, որ նման հայացքների տեր մարդն իրավունք ունի՞ ուսանողներ ունենալու և համալսարանում դասավանդելու վստահություն վաստակել:

Թոմաս. Դրա վրա ես թքած ունեմ: Հասկացի՛ր. թքած ունեմ: Ես ուզում եմ իմ մեջ պահպանել այն զգացողությունը, որ ասես քայլում եմ օտար քաղաքում, որտեղ իմ առաջ դեռևս բաց են լայնարձակ հեռանկարները:

Յոզեֆ. Ահա՜ թե ինչ, ուրեմն որքան հեռու՞ն է գնացել քո համաձայնությունը այդ արտաքսված մասնավոր դոցենտի հետ:

Թոմաս. բղավում է նրա ուղղությամբ.  Ես նրան ծիծաղելի եմ համարում… Ես նրան պաշտպանում եմ միայն քո՛ դեմ:

Յոզեֆ. Թոմաս, դու դեռևս խռովված տեսք ունես… տաս տարի շարունակ դու զբաղվել ես գիտական աշխատանքով, ես կասեի՝ շատ ջանադիր կերպով: Հիմա անպատասխանատու դատողություններ ես անում, սակայն քո հանդեպ ես ինձ պատասխանատու եմ զգում:

Թոմաս. Նայի՛ր շուրջդ: Մեր գործընկերները թռչում են օդում, լեռներն են հորատում, ջրի հատակն են խորասուզվում, ետ չեն կանգնում անգամ իրենց համակարգերի ամենահիմնարար վերանորացումներից: Ամենը, ինչ նրանք անում են, դարեր ի վեր, հանդգնություն է՝ ինչպես մեծազոր, խրոխտ, նոր մարդկությունն ինքը: Որը երբեք էլ չի լինի: Քանի որ Ձեր այդ գործերի հետևում դուք վաղուց մոռացել եք նրա հոգին: Իսկ երբ ուզում եք հոգի ունենալ, դուք կորցնում եք ձեր բանականությունը, ինչպես ուսանողն է մի կողմ նետում իր ուստոմսը, երբ շտապում է կանանց տեսակցելու գնալ:

Յոզեֆ. Որպիսի թեթևամտություն: Արե՛ք, ինչ ցանկանում եք: Ձեր թշվառ հայրը իր մահվան մահճում ձեզ՝ քույրերիդ ու եղբայրներիդ, ինձ էր վստահել՝ որպես ավագի, սակայն Աստված վկա, ես այլևս չեմ ուզում և ի զորու չեմ ձեզ հետ ընդհանուր գործ ունենալ: Ո՛չ մի գործ… Մոլեգնած դուրս է գալիս:

Թոմասը ծիծաղում է նրա ետևից: Ռեգինեն կամացուկ բացում է դուռը:

Ռեգինե. Ես լսում էի ձեր զրույցը:

Թոմաս. խաղացկուն ոճով. Այլևս նման բան չանես, Ռեգինե:

Ռեգինեմաքրում է կիսաշրջազգեստը. Իսկ ինչ կլինի, եթե մի վերջին անգամ այդ բանն անեմ: Օ՜, ես ուզում էի դա մեկ անգամ ևս փորձել, սակայն – նա այնպես է դա ասում, որ կարծես չարագույժ նշանի մասին խոսելիս լինի – ես ամաչեցի:

Թոմաս. Ռեգինե, փոքրիկս, երազկոտս, այդպես չի կարելի, նման բան չանես: Դու հիմա մի ազնվազարմ, չափահաս, պայքարող մարդ ես: Արդեն գիտե՞ս: Մարիան մեկնել է: Դե, մի՛ լաց լինի: Բնականաբար. Անսելմի պատճառով…

Ռեգինեկռիվ է տալիս արցունքների հետ. Բնավ Անսելմի պատճառով չեմ լալիս, Անսելմն այստեղ կապ չունի… Թող Մարիան նրան իրենով անի: Անսելմն ինձ համար համակրելի չէ նույնիսկ, նա միշտ էլ օտարոտի մեկն է եղել, մշտապես ինչ-որ տեղ շտապող, քիթը ամեն տեղ խոթող: Երբեք նրա հանդեպ դույզն-ինչ մարմնական վստահություն չեմ տածել, որպիսին, որքան հիշում եմ, քո հանդեպ եմ ունեցել: Սակայն այն զգացողությունն ունեի, որ իմ կյանքն ավելի լավը կլինի: Նա այնքա՜ն մեծ հետաքրքրություն էր ցուցաբերում իմ հանդեպ: Նա ամեն մեկի մեջ ինչ-որ բան է գտնում, այստեղ այլևս ոչ մի պատահական բան տեղի չի ունենում…

Թոմաս. Ախ այդպե՜ս: Իսկ Յոհաննեսի հետ կապված գժություննե՞րը:

Ռեգինե. Յոհաննեսն ինձ համար էր ապրում, միմիայն ինձ համար: Նա իր կյանքում որևէ այլ նպատակ և կյանքի իմաստ չուներ բացի ինձնից: Ես երբեք այնքան խելապակաս չեմ եղել, որպեսզի մոռանամ, որ այդ ամենը եղել է, և իրական է եղել: Բայց այն, որ այդ արարածն այլևս գոյություն չունի աշխարհիս երեսին, դրա հետ չէի կարողանում համակերպվել: Ես ընդունում եմ, որ դա փախուստ էր դեպի անիրականությունը: Խորհրդածումների մեջ է ընկնում և կրկնում է՝ ինքնահավան հնչերանգով: Փախու՛ստ դեպի անիրականությունը. Անսելմն ինքն էլ մշտապես նույն բանն էր ասում… Դեռևս-ոչ-իրականության մեջ, լեռան կատարին: Մեր մեջ կա մի բան, որը տեղ չունի այդ մարդկանց մեջ: Գիտե՞նք արդյոք մենք, թե ի՞նչն է դա: Բայց նա բավարար խիզախություն չունեցավ դրա համար… Ես հանկարծ խելքս լրիվ թռցրեցի ու առաքինի դարձա, երբ նկատեցի, որ խնդիրն այլ բանի էր վերաբերում: Ցնդեց-անէացավ այն անրջային պարզությունը, որով մարդուն կարող ես ներքաշել երևակայախաղի չորս թղթե պատերի մեջ: Նրա գաղափարները դրան ընդդիմացող արգելք էին դնում: Առաջին անգամ այլևս չկար այդ անիմաստորեն ուղղագիծ կնոջական ճանապարհը՝ սրտի տակի աչքերից ելնող: Ես հասկացա. ուժեղ մարդիկ մաքուր են: Դու գուցե և ծիծաղես վրաս: Սակայն ես միշտ էլ ցանկացել եմ ուժեղ լինել՝ ինչպես հսկան, որի մասին դեռևս պատմում են սերնդեսերունդ… Եվ ամեն ոք ընդունակ է այդպիսին լինել: Պարզապես յուրաքանչյուր ոք թույլ է տալիս իրեն ներփակել ասես մի շատ պստլիկ ճամպրուկի մեջ: Բայց նա քաջությունը չունեցավ: Նա փախավ-փրկվեց: Թոմա՛ս… Ինչ նա Մարիայի հետ է անում, ընդամենը վեհերոտ փախուստ է դեպի իրականությունը…

Թոմաս. Մարիայի հետ այնքան էլ հեշտ չի լինի, կտեսնես:

Ռեգինեթեյ է լցնում իրեն. Մինչև այս դռանը մոտենալը, ես մեկ անգամ էլ պտտվեցի տնով մեկ: Անցա նախկին մանկական սենյակներով, ձեղնահարկերով, մեր երևակայության բոլոր տեղանքներով: Եղա նաև այնտեղ, ուր Յոհաննեսը վերջ տվեց իր կյանքին: Թոթվում է ուսերն այնպես, ասես եղած-չեղածը սովորական մի բան էր: Ամեն ինչ գրեթե ճիշտ և ճիշտ այնպես էր, ինչպես նախկինում: Սպասավորները ոտքի վրա պատրաստ կանգնած էին դռների ետևում, սպասելով իրենց սենյակներում՝ մինչև կանչի զանգը կհնչեր: Ամեն ինչ հավաքված է ու կարգի բերված: Զնգզնգուն ու մաս-մաքուր՝ ինչպես եղել է այլևս գոյություն չունեցող այս տասնհինգ անգամ երեք հարյուր վաթսունհինգ օրերից յուրաքանչյուրի ընթացքում: Այդ թվում՝ նաև այն օրերը, երբ ես այստեղ չէի, երբ դժբախտ էի, երբ  օտար տանը խածնում էի սավանը ու արցունք հեղում:

Թոմաս. Տունը ավելի ու ավելի է դատարկվում: Անսելմը հեռացավ: Մարիան հեռացավ: Գրազ գանք, որ Յոզեֆն էլ կհեռանա առաջին իսկ գնացքով:

Ռեգինե. Օ՜, ես կուզենայի մեկ անգամ ևս փռվել հատակին՝ գորգի ծաղիկների միջև: Դու պարզապես նայիր ինձ, քո չար ու սթափ աչքերը սևեռելով ինձ վրա, որպեսզի դա չանեմ…

Թոմաս. Մենք երբեմն շրջանցում էինք այդ մեծ ծաղիկները՝ նախշեզրերով ընթանալով: Դրանք այնքան էլ մեծ չէին, սակայն նրանց կաղապարվածքն էր արտասովոր անհեթեթ:

Ռեգինե. Ծաղիկներն աճելով՝ մեծ չափսեր են ձեռք բերում, երբ պառկած ես հատակին: Աթոռների ոտքերն ասես սաղարթազուրկ ծառեր լինեն՝ վերձիգ ու անհեթեթ, տեղանքին սերտաճած: Այսպիսին է աշխարհը: Մեծազոր աշխարհը:

Թոմաս. Մենք մի անգամ պահ էինք մտել պահարանի մեջ, հիշու՞մ ես:

Ռեգինեուշադրությունը լարած՝ մի քանի քայլ է գցում գորգի  կամարակապ մեծանախշերի երկայնքով, ետուառաջ անելով, երբեմն մի կամարից մյուսին անցնելով. Դա այնքան անսովոր է: Ես կարող եմ շարժվել բոլոր ուղղություններով և սակայն չեմ կարող շարժվել ուզած ուղղությամբ: Գիշերները, երբ արթուն եմ լինում, ընդունակ չեմ վեր կենալ և ուղղաձիգ դիրք բռնած ետուառաջ քայլել սենյակում: Նունիսկ երբ ձեռքս դուրս եմ կորզում վերմակի տակից և գլխիս տակ դնում, ակամայից նորից հապշտապ ետ եմ քաշում: Այնքան անսովոր է, որ այն ընկած է օտար աշխարհում և ես նրան չեմ տեսնում: Ասես իմ ձեռքը չլինի: Ես ստիպված եմ հապշտապ վերմակիս տակ թաքցնել և վերստին ինձ մերձակցեմ:

Թոմասշարունակելով իր միտքը. Մենք նստած էինք պահարանում և մեր պարանոցի երակները ցնցվում էին գրգռվածությունից: Մի պահ լռում է: Սակայն սա՛ ինչ ցնդաբանություն է, մենք այլևս երեխաներ չենք: Մատնացույց անելով Ռեգինեի անցած զարդանախշերը: Մարդ երբեք չի կարող դուրս գալ նախագծված սահմաններից: Վեր բարձրանալով՝ մշտապես անցնում ես միևնույն կետերի կողքով, պտտվում ես դատարկության մեջ՝ նախապես գծված գլխավոր հատակագծի եզերքով: Դա ասես պտտասանդուղք լինի:

Ռեգինեկիսախաղացկուն, կիսով չափ իրական սարսափով ցույց տալով վեր մագլցող սանդուղքը. Ահա՛ այն: Ես չե՛մ ուզում այն տեսնել: Թաքնվում է բազմոցի ետևում:

Թոմասինքն էլ սարսափած. Ինչպե՜ս վախեցրիր ինձ: Եղբայրաբար, առանց քաշվելու նստում է նրա կիպ կողքին: Այս գիշեր երազում քեզ էի տեսնում: Մենք նորից նստած էինք պահարանում…

Ռեգինե. Բայց ինչպե՜ս է սիրտդ տրոփում: Բաճկոնի տակից:

Թոմաս. Բայց արդյո՞ք սենյակն այս նման չէ պահարանի: Այս դատարկված տունը նման չէ՞ սնամեջ պահարանի: Մենք ասես վերստին ետ շրջված լինենք:

Ռեգինեկիսով չափ ուղղվում է՝ անհանգստացնող մի մտքով տոգորված. Հիմա մենք ի՞նչ պետք է անենք…

Թոմաս. Ոչինչ, Ռեգինե: Իրական ծառերի վրա ոսկեզօծ ընկույզներ երբեք չեն աճում: Բայց դրանք փնտրում են այնտեղ, ինչն արդեն իսկ բավական տարօրինակ է: Ամեն տարի հոգուս խորքում քանիցս ցանկացել եմ, որ Մարիան թողնի հեռանա: Բա՛ց թողնել նրան, թու՛յլ տալ, որ հեռանա թափառիկ զորաքայլային երաժշտության ուղեկցությամբ, որը դեռ չի էլ սկսվել: Ինչպիսին որ դու՛ ես: Մարիան ինքն էլ, հավանաբար, աստղերի պես ինչ-որ բան է տեսնում, որ օրորվում են կրող փողերին ամրացված: Տերևներ, որոնց քնի մեջ լույսի ձեռքերն են սողոսկում: Սակայն հավանաբար հրաշալի է նման բաների մասին մտածելն իսկ…

Ռեգինե. Իսկական մղձավա՞նջ է՝ նման գիշերով ընթանալ խորդուբորդությունների միջով: Սիրելիդ իմ քաջարի Թոմաս: Նորից պառկում է գորգին:

Թոմաս. Օ՜ ոչ, ցնդաբանություններ են, երկուսն էլ… Ամեն ինչ այնքան աննպատակ է, անհեթեթ…

Ռեգինե. Սպասիր: Ես այլևս պատկերացնել անգամ չեմ կարող, թե ինչ էր կատարվում ինձ հետ նախկինում: Ես պառկում էի թփի տակ և բզեզը բերանս էի առնում: Նա իրեն մեռած էր ձևացնում: Իսկ իմ զարկերակը ժամանակն էր հաշվում: Եվ ինքս ինձ ասում էի, մի որոշակի թվի հասնելով՝ բզեզն այդ որպես արքայազն կհայտնվի իմ մոգականորեն լուսավառ բերանի միջից: Այո՛, դա դեռևս կախարդանքի էր նման: Կու՛լ տալ աշխարհի մի մասնիկը: Հետո նրան դուրս էի թքում, երբ արդեն որոշակի թվին էի հասած լինում, սակայն հաջորդ անգամ նույն բանն էի մտածում, քանի որ ինձ երբեք չէր լքում ինչ-որ խորհրդավոր զգացողություն: Այսպես ես ապրում էի: Երկար: Այնուհետև, կամաց-կամաց սովորական առօրյան իր տեղը նվաճեց: Այո՜: Ամեն ինչ ավելի աննպատակ դարձավ: Ավելի ու ավելի անհեթեթ:

Թոմաս. Դու չե՞ս զգում, որ մարգագետիններից ձկան հոտ է տարածվում: Անցանկալի հոտ: Կանգնելով նրա գլխավերևում: Երբ նայում եմ քեզ, այս անսովոր դիրքից,  ասես տեղանքի քարտեզ լինես, խառնիճաղանջ մի առարկա, բայց ո՛չ կին:

Ռեգինե. Ուրեմն գիշերը սրտաճմլիկ երազ էիր տեսնում, որ մենք նստած էինք պահարանու՞մ:

Թոմաս. Դու ավելի տարիքով էիր, քան կաս հիմա, մոտավորապես Մարիայի հասակին, բայց և միաժամանակ նույն տեսքն ունեիր՝ ինչպես տասնհինգ տարի առաջ: Եվ դու լալիս էիր, ինչպես երեկ, սակայն լուռ ու գեղեցիկ: Մենք նստած էինք միանգամայն խաղաղ: Քո ոտքը շոշափում էր իմ ոտքը՝ ինչպես մակույկն է քսվում նավամատույցին: Այնուհետև վերստին՝ ասես քամու քաղցրածոր տեղապտույտը ծառագագաթներում: Դա երջանկություն էր:

Ռեգինե. Բայց ինչպե՞ս կարելի է դա անել:

Թոմաս. Անե՞լ: Ես չգիտեմ: Հուսահատությունից դրդված՝ պատռել մեկս մյուսի որովայնը և քարշ գալ ուրիշի աղիներում՝ ինչպես շունը՝ մռութը լեշի մեջ խրած:

Ռեգինե. Նմա՛ն վախճան նախագծված էր… Մենք չգիտենք, թե ինչ պետք է անենք: Եվ մենք պետք է կրկին ու վերստին կանգնած մնանք այս պատի առաջ… Ես այլևս չեմ կարող…

Թոմասնրա գլուխն առնում է ձեռքերի մեջ և համբուրում է. Ընկած իմ քույրիկ: Մեր չորս շրթունքները չորս որդուկներ են, ուրիշ ոչինչ…

Ռեգինե. Ես կուզենայի քեզ ամփոփել մարմնիս փափուկ մասերի մեջ: Ինչպես որ ե՛ս եմ նրանց մեջ ամփոփված: Որովհետև քեզ միշտ սիրել եմ: Ինչպես ինքս ինձ: Բայց ոչ ավելին: Ո՛չ ավելին:

Թոմաս. Ա՜խ… սկզբում համբույրն այս շատուշատ հեռվում էր, այնքա՜ն հրապուրիչ համբույրն այս: Հիմա էլ հեռվում է, սակայն ետևում մնացած, և այրում է ինձ: Մեզ երբեք չհաջողվեց հաղթահարել այն: Երբե՛ք չհաջողվեց: Ի՛նքդ էլ զգում ես դա…

Ներս է մտել Օրիորդ Մերթենսը և ուշիուշով նայում է տեսարանին: Նա ցանկանում է, վրդովված,հեռանալ, սակայն երկուսը նկատում են իրեն:

Օրիորդ Մերթենս. Օ՜, Ռեգինե, Դուք շատ շուտ մխիթարվեցիք: Ես ուզում էի հեռանալ՝ բառ իսկ չասելով: Ինձ համար անհասկանալի մթնոլորտ է տիրում այս տանը:

Ռեգինեն ու Թոմասը ժպտում են փոքր-ինչ բռնազբոս եղանակով:

Թոմաս. Հասկացե՛ք, այն, ինչ Դուք տեսաք, բնավ սիրային տեսարան չէր, որից  անակնկալի եկաք: Դա, ընդհակառակը, հակասիրային տեսարան էր: Այսպես ասած՝ հուսահատության տեսարան էր:

Օրիորդ Մերթենս. Ես չեմ պատրաստվում գնահատական տալ դրան:

Թոմաս. Ի՞նչն էր, որ մեզ հուսահատության մղեց, Ռեգինե:

Ռեգինեդեռևս նույն խաղացկուն հնչերանգով. Մենք հուսահատության գիրկն ընկանք նրանից, որ այլևս ոչինչ չէր մնում, քան մեզ կրկին պահել դպրոցահասակ երեխաների նման: Մերթե՛նս… Լսե՛ք, ինձ մենակ մի՛ թողեք… Ինձ պետք է մեկը, որ իմ գլուխը պահի: Թոմասը տխուր դեմքով կնստի իմ կողքին, երբ ես մահանալիս լինեմ, և կբացատրի ինձ, որ այդպիսով ես խանգարում եմ իրեն: Նա կպահանջի, որպեսզի ես, որպես մահացող մեկը, օգնեմ իրեն ձևակերպելու, թե ինչու՞ է պահն այդ ընդամենը մի վախվորած մարմնական աղետ, մինչդեռ վախն ու մորմոքը հուրհրատում են նրա երկու կողմերում՝ կախարդանքի պես:

Թոմաս. Բայց պետք չէ նողկալի բաներ դուրս տալ:

Օրիորդ Մերթենս. Ես մեկնում եմ երեկոյան: Մինչ այդ իմ օրը այգում կանցկացնեմ: Խնդրում եմ ինձ հետ այդպիսի կատակներ չանել, և մտքներո՛վդ չանցնի մահանալ:

Ռեգինե. Սակայն Մերթենս… Մի՞թե այդ մասին միշտ չեմ մտածել:

Օրիորդ Մերթենս. Ես չգիտեմ, թե ինչի մասին էիք մտածում, երբ իմ առաջ ցուցադրում էիք հիասքանչ, ազնվազարմ հավատը, որն անկարող էր համակերպվել սևմութ իրականության հետ: Ես պատրանքի զոհ դարձա: Քանի որ ինքս էլ ժամանակին կորցրեցի սիրեցյալիս: Սակայն քսանմեկ տարի շարունակ, ընդհուպ մինչև այս օրը, ես մաքուր սրտով հավատարիմ մնացի նրան: Հեռանում է:

Թոմաս. Ահավասի՛կ, լավ օրինակ: Արատը աղտեղություն է: Սակայն առաքինությունն էլ լոկ թարմ վայելելու համար է լավ…

Ռեգինե. Հիմա նա իսկապես կհեռանա: Մարիան, Յոզեֆը… հաստատուն կարգը խաթարվում է՝ ինչպես լնդախտի ժամանակ ատամներն են թուլանում-ընկնում: Մեզ հետ էլ նույնն է կատարվում, մենք էլ շուտով ընկնենք պիտի:

Թոմաս. Ինչու՞ ես թույլ տալիս քեզ նվաստացնել: Նույնիսկ այսպիսի անձնավորության կողմից:

Ռեգինեընդդիմանալով. Որովհետև ես չգիտեմ՝ ինչպես վարվեմ: Մի՞թե չես հասկանում, որ ես մշտապես ստիպված եմ եղել ինչ-որ բան անել: Իսկ հիմա այլևս չգիտեմ՝ ինչ և ինչպես անեմ: Ե՛կ այստեղ: Չէ, մնա՛: Գաղտնիքը — ես այս ամենի մեջտեղում – վերջացավ, էլ չկա:

Թոմաս. Մերձակայքում ամեն ինչ խամրում է ու նաև անսիրտ զննումի դեպքում: Դիցուք լուսատտիկը. հենց որ բռնում ես, դառնում է խամրած, գորշ որդ… Բայց երբ դու գիտես այդ մասին, է՛լ ավելի դիվական մի զգացողություն է մեջդ ծնվում. Աստծո լապտերիկ…

Ռեգինե. Ինձ համար մտքերը նվազ գրավչություն ունեն:

Թոմաս. Այս հարցում գուցե իրավացի ես: Դրա դեմ առարկելու ոչինչ չունեմ… Սակայն այդ դեպքում քեզ չեմ կարող ոչնչով օգնել:

Ռեգինե. …Երբ ձեզանից հեռացա, Յոհաննեսից հետո, դեռևս բավական խիզախություն ունեի: Ինչ-որ սպասում կար: Ես այն կանվանեի, բնականաբար սխալվելով, տխրություն:

Թոմաս. Դա, բնականաբար, քաղց էր:

Ռեգինե. Այո՜, խիզախում: Սակայն դրան հաջորդեց սնամեջ օրերի անվերջանալի հորձանքը: Ես չեմ հասկանում, թե ինչպես են ուրիշները կարողանում դատարկությունն այդ ճիշտ ձևով լցնել:

Թոմաս. Նրանք, անշուշտ, չարաճճիություններ են իրենց թույլ տալիս: Նրանք ունեն մասնագիտություն, նպատակ, բնավորություն, ծանոթ-բարեկամներ, նիստուկաց, սկզբունքներ, հագուստեղեն: Փոխադարձ երաշխիքներ՝ միլիոնավոր մետրերով ձգվող տիեզերական խորաստաններում խորտակվելու դեպքում:

Ռեգինե. Սակայն ամենը, որ կատարվում է, միայն կիսով չափ է լուրջ, իսկ մյուս կեսով՝ խաղ է… Մենք ոգեկոչում ենք վատթարագույնը, և նա հայտնվում է ամենայն անտարբերությամբ՝ առանց սարսափի ու լարվածության: Քանի որ հենց կողքին հեռախոս կա կամ չկա, կամ ձանձրույթից դրդված, կամ դիմադրության անիմաստությունից: Որովհետև սարսափն այն է, որ կյանքը քեզանից կամ առանց քեզ է ընթանում, առանց մեղքի ու անմեղության, եթե մեկ անգամ արդեն սկսել ես այն:

Թոմասմոտենում է, անվճռական վրան նայում. Դրա համար հազար ու մի պատճառներ կան, որոնք կարող է ուսումնասիրել խուզարկուն կամ մարդաբան փորձագետը, բայց ո՛չ այն միակից, ամենախորը խորքից. ո՛չ քեզանից:

Ռեգինեպաշտպանվելով. Մենք դա չենք կարող մեկ անգամ ևս կրկնել:  Շարունակում է հեռանալ Թոմասից: Մարդիկ կարծում են, թե տիրում-տիրապետում են քեզ, քո ողջ էությունը բաց է նրանց առաջ, և դու բնավ գոյություն չունես, ասես չես էլ եղել այս խելահեղ գահավիժող սարքասանդղակում… Մի ժամանակ որքա՜ն գեղեցիկ էր ամեն ինչ, խորհրդավոր, կախարդական, խելացնոր ուժի ձևակաղապար: Չափազանց լավն էր ու հիասքանչ:

Թոմաս. Բայց այս դեպքում էլ ընդամենը նախասկզբնական պատրանք, որին ենթակա է յուրաքանչյուր երիտասարդ մարդ, առավոտյան զգացողությունը: Կարելի է անել՝ ինչ ուզում ես, քանի որ ամեն ինչ քեզ է վերադառնում՝ ինչպես օդի մեջ նետված բումերանգը:

Ռեգինե. Որքան ուրախ էինք մենք, երբ տարաշխարհիկ անուշահոտություններ էինք շաղ տալիս մեր վրա և պարզ ու խճողված ուտեստեղեն համտեսում: Եվ մի գեղեցիկ օր բռնացնում էիր քեզ այն բանում, որ ավելի շատ թեյ ես խմում, քաղցրեղեն անուշ անում և ծխախոտ ծխում: Այնպիսի զգացողություն էր, ասես դու ներառված լինեիր մի ծրագրում, որն ամեն ինչից առաջ նախագծված և ասես նախաստեղծ մի բան լիներ, որի մեջ ներգրավված ես դու: Նախապես հաշվարկվածը գահավիժում է քո գլխին, այն, որ բոլորը գիտեն. քնելը՝ որոշակի ժամերի, սնունդ ընդունելը՝ որոշակի ժամերի, սնունդի մարսման պարբերաշրջանը, որ հետևում է երկրի շրջապտույտին արեգակի շուրջ…

Թոմաս. Եվ ամառները բեղմնավորումներն են վերընթաց աճ գրանցում, իսկ աշնանը՝ ինքնասպանությունները:

Ռեգինե. Այդ ամենը քեզ ևս գրավում է… Եվ տղամարդիկ առաջվա պես իմ ոտքն են գալիս որպես անհասկանալիորեն սողացող ինչ-որ արարածներ, հազարոտնուկներ, ասես որդեր: Դու չես նկատում որևէ տարբերություն և համենայնդեպս զգում ես, որ նրանցից յուրաքանչյուրի մեջ իրարից տարբեր կյանք է առկա…

Թոմասասես իր առջևում հայտնված տեսիլքին հետևելիս լինի, հեռվից լուսամուտի միջով ակնդետ նայում է հեռաստանին. Շուտով Մարիան և Անսելմը հեռու հեռվում կհայտնվեն,  անծանոթ միջավայրում: Արևն այնտեղ կլուսավորի խոտն ու թփերը, ինչպես այստեղ է, թփուտներից գոլորշիները վեր կխոյանան դեպի օդաճախր մարմնամսե թռչունները՝ բարձրում ցնծացող: Անսելմը վստահաբար ստեր կփչի, սակայն այն, ինչ նա կասի այն օտար միջավայրում, ինձ վիճակված չէ իմանալ…

Ռեգինե. Դու դժբա՞խտ ես:

Թոմաս. Յուրաքանչյուր հակամարտություն նշանակություն ունի միայն որոշակի մթնոլորտում: Հենց որ նրանց տեսնում եմ այդ անծանոթ, օտար վայրում, ամեն ինչ անցյալ է դառնում: Այստեղ հնարավոր չէ ներդաշնակության հասնել, Ռեգինե, բարձրագույն երևույթները հնարավոր չէ ներդաշնակեցնել մեզ հետ: Բարեբանյալ են նրանք, ովքեր դրա կարիքը չունեն:

Ռեգինե. Օգնի՛ր ինձ, Թոմաս, խորհուրդ տուր ինձ, եթե կարող ես:

Թոմաս. Ինչպե՞ս կարող եմ քեզ օգնել: Պարզապես պետք է քո մեջ ուժ գտնես սիրելու այս հակասականությունները:

Ռեգինե. Իսկ դու ի՞նչ ես պատրաստվում անել:

Թոմաս. Չգիտեմ: Հիմա ես այսպես եմ մտածում, սակայն հետագայում գուցե այլ կերպ մտածեմ: Ես ցանկանում եմ ինքս ինձնից փախչել…

Ռեգինե. Ինձ էլ հետդ վերցրու… Միասին մի բան կանենք… Դե՛, որևէ բան: Դե օգնի՛ր ինձ: Այլապես իմ երբեմնի կամքը կվերածվի նողկանքի գուղձի…

Թոմաս. Սակայն, Ռեգինե… Աշխարհը ֆիզիկապես շատ ավելի ընդարձակ է պատկերանում, եթե համապատասխան կողմը մշտապես արգելափակված է եղել մեկ ուրիշ մարդու հարևանությամբ: Այդժամ հանկարծակի հայտնվում ես զարմանալիորեն գերընդարձակ մի կիսաշրջանում: Մեն-մենակ:

Ռեգինե. Մնալ այնպիսին, ինչպիսին կամ՝ ես չեմ կարող… իսկ ուրիշ մե՛կը դառնալ, բայց ինչպե՞ս: Ինչպես Մարի՞ան…

Թոմաս. Պարզապես թափառում ես՝ որտեղ պատահի: Բոլոր նրանց, ովքեր նախագծված ճանապարհով են ընթանում, թշնամաբար ես վերաբերվում, այնինչ դու թափառում ես աշխարհիս չնախագծված հոգևոր ոլորաններում: Չնայած դրան՝ դու կարծես հենց նրա՛նց ես պատկանում, նրանց մաս կազմելով: Շատ մի խոսիր, երբ նրանք խոժոռ հայացքով քեզ են նայում: Լռություն: Պա՛հ մտիր սեփական մաշկաթաղանթի հետևում:

Ռեգինեհանկարծակի՝ հեռանալու պոռթկմանն անձնատուր. Կնշանակի, դու ինձ համար միայն մի եզակի ճանապարհ ես թողնում… Այն, ինչի մասին քեզ չեմ ասել…

Թոմաս. Չափազանցություննե՜ր… դիտավորյալ քեզ այդ մասին չհարցրեցի: Վերջին օրերս ինքս էլ երբեմնակի մտածել եմ այդ մասին: Սակայն, եթե այնուհետ հնարավոր լիներ կանգնել սեփական դիակիդ կողքին, դու կամաչես քո շտապողությունից: Քանզի այդ գեղեցկագույն ամառային օրերին առաջվա պես, անպատկառ հանդգնությամբ, քեզ կխայթեն մոծակները և դու ոչ միայն սրդողած կերկյուղեիր հավերժությունից, այլև կքորվեիր նաև:

Ռեգինեժպտալով. Թոմաս, Թոմաս, դու անզգայուն դատողական մարդ ես:

Թոմաս. Ոչ, ոչ, Ռեգինե, եթե ես պե՛տք է ինչ-որ մեկը լինեմ, ապա ես երազող մեկն եմ: Եվ դու ևս երազող ես: Սակայն արտաքուստ նման մարդիկ ամենից անզգայունն են թվում: Նրանք շուրջբոլորը պտույտներ են գործում, զննում են, թե ինչ են անում այն մարդիկ, ովքեր աշխարհում իրենց սեփական տանն են զգում: Եվ նրանք իրենց մեջ կրում են մի բան, ինչը մյուսները չեն զգում: Ամեն վայրկյան պատրաստ են ամեն, ամեն ինչի միջով խորասուզվել անհունի գիրկը: Չխորտակվելով: Արարչագործման հոգեվիճակ:

Ռեգինեն արագ համբուրում է նրան և իրեն դուրս է գցում՝ մինչ Թոմասը կհասցնի կանգնեցնել նրան:

Թոմաս. Սակայն Ռեգինե… Օ՜, ո՛չ, ո՛չ, նա որևէ անմտություն թույլ չի տա իրեն անել: Հետևում է նրան:

 

Վարագույր

 

 

 

 

 

ՌՈԲԵՐՏ ՄՈՒԶԻԼԻ ԹԱՏՐՈՆԸ

 

Աշոտ Ալեքսանյան

 

 

Ավստրիացի գրող և մտածող Ռոբերտ Մուզիլի (1880-1942 թթ.) հռչակավոր «Մարդն Առանց Հատկությունների» վեպի դրամատիկական նմանակը և 20-րդ դարի գերմանալեզու դրամատուրգիայի բանալի-ստեղծագործությունը՝ «Երազողները» դրաման, նախապես, իր ստեղծման պահին` 1921 թվականին, կրելիս է եղել «Անարխիստները» վերտառությունը, լույս է ընծայվել 1923-ին, 1929-ին, հակառակ հեղինակի կամքի, բեմադրվել է համառոտագրված, անդամահատված տարբերակով և միայն 1955-ին, իր ամբողջականության մեջ, վերահայտնաբերվել է թատերական բեմի համար:

Գործողության կենտրոնում ընկած է կրկնակի եռանկյունուց հյուսված մի պատմություն. Անսելմը իր սիրեցյալ Ռեգինեին, նախարարական խորհրդական Յոզեֆի կնոջը, առևանգում, պարզ ասած` փախցնում-տանում է իր վաղեմի բարեկամ Թոմասի գյուղական տունը: Յոզեֆը ցանկանում է իր կնոջը հետ բերել: Մինչ նա կժամանի դեպքի վայր, Անսելմը, այս ընթացքում, արդեն հասցրել է սիրահետել և անգամ սիրահարվել է Թոմասի կնոջ` Ռեգինեի քրոջը, Մարիային: Թոմասը փորձում է ճակատամարտ տալ, պայքարել Մարիայի համար, սակայն, ի վերջո, տեղի է տալիս: Անսելմը մեկնում է, Մարիան հետևում է նրան: Յոզեֆը նույնպես, պատրանաթափված, լքում է գյուղական տունը: Ռեգինեն ու Թոմասը մենակ են մնում տանը: Արտաքին գործողությունը մուզիլյան մեկնաբանությամբ հանդես է բերում հյուսածո գաղափարների վրա կառուցված մի երևութախաղ, որը պտտվում է գոյության անկերպարանության կամ Մուզիլի բառերով ասած՝ «հատկութենազուրկ կեցության» դեմ մղվող պայքարի շուրջբոլորը, ինչպես և՝ մտածելու ու գործելու, մտքի ու զգացմունքի, խուսանավման ու հաստատունության, գործողության պլանում՝ փախուստի տրամադրությունների ու դիմադրողականության ոգու, ասել է, թե՝ մենության ու համահաղորդակցման միջև բազմապլան հակամարտությունների շրջակայքում: Նրա կերպարները երազողներ են, իդեալիստ անրջողներ, համակված երջանկություն գտնելու գաղափարով, որն այդպես էլ չի իրագործվում, չի հասնում իր լրումին:

Թատրոնում Մուզիլի հետաքրքրությունը գերազանցապես ուղղված է հուզագրգռություներին՝ աֆֆեկտներին, կրքերին, զգացմունքներին, ասել է թե, ըստ Մուզիլի, մեծ հաշվով ընդհանրական բնույթի զգացական ընկալումներն են կազմում ստեղծագործության առարկան, ընդսմին` նաև թատրոնի: Այս առումով, որքան էլ տարօրինակ հնչի, կարող է տպավորություն ստեղծվել, թե Մուզիլը արիստոտելական է: Սակայն, խնդիրն էլ հենց այն է, որ հույզերն ու զգացմունքները Մուզիլի համար միայն վերջին հաշվով են բարոյականության դիրքերից դիտարկվում, դրանք իրենց մի ինչ-որ հեռավոր հատկությամբ են լոկ բարոյական կյանքի կրողներ կամ հայտանիշներ, չնայած դա՛ էլ խստիվ հիպոթետիկ մակարդակում: Այստեղ Մուզիլը տրամագծորեն հակադրվում է Արիստոտելի «Նիկոմաքոսյան էթիկայում» արտահայտված դիրքորոշմանը. հույզերն ու զգացմունքները նրան հետաքրքրում են զուտ գեղագիտական, անգամ ախտաբանական առումով, բայց ոչ երբեք` բարոյականության դիրքերից, այսպես կոչված գործնական փիլիսոփայության իմաստով: «Մարդն առանց հատկությունների» վեպում Ագաթեն իր հոր կտակը կեղծում է հօգուտ իր ամուսնու` Հագաուերի, ինչին նրա սիամական երկվորյակը` արյունակից եղբայր Ուլրիխը նայում է անշահախնդիր ակնածանքով, անգամ բարյացկամությամբ: Հերոսին, ինչպես և վեպի հեղինակին, հետաքրքրում է ո՛չ թե բարոյական գնահատականը, հասարակության համար արարքի հնարավոր հետևանքը, այլ այն պատճառը, որից դրդված Ագաթեն գործում է, նրան հրահրող դրդապատճառը, մոտիվացիան: Նույնիսկ ավելին, էականն այն է, թե ինչպիսի՛ հոգեվիճակում է նա գտնվում այդ գործողության պահին:

Երբ Քլոդինը «Սիրո իրագործում» նովելում ամուսնական դավաճանություն է գործում, ընդսմին՝ ամուսնուն դավաճանելով իր համար ոչ համակրելի մեկի հետ, այստեղ ևս պատմողին բնավ չի հետաքրքրում հետևանքը՝ Քլոդինի ամուսնության և ընտանիքի կտրվածքով, այլ այն ճանապարհը, որ նրան այնտեղ է տանում կամ այդ քայլին մղում: Նույնն է նաև Մուզիլի երախայրիքը հանդիսացող «Դպրոցահասակ Թյորլեսի հոգեխռովքը» վեպում: Այստեղ ևս զանցանքի նկատմամբ բարոյական գնահատականի կամ դատապարտման նշույլ իսկ չկա: Դա պարզ ասած դուրս է հեղինակի խնդրադրության շրջանակից: Գրողին հետաքրքրում է ոչ թե այն, թե ինչն է մարդկանց դրդում այս կամ այն բանն անելու, այլ թե ինչպես են, ինչ կերպ են նրանք դրդում կամ մղում ստանում: Բուն նպատակը ոչ թե ասելիքի ու պահվածքի տեսանելի կողմի ներկայացումն է, այլ անտեսանելիի:

Հակադրվելով այն մտայնությանը, թե նույնիսկ վատ ստեղծագործությունն է ի վիճակի և ի զորու իր բարոյական նպաստը բերել աշխարհի հոգևոր կայացման գործին, եթե միայն այն ծնունդ է առնում արդարադատության, արդարության հաստատագրման համոզմունքից, իր յոթնագրեանքի վերջին հատորում՝ «Վերագտնված ժամանակը» վեպում, Մարսել Պրուստը, Մուզիլի համաբանությամբ, գրում է. «Միայն թե ներողամտությունները տեղ չունեն արվեստում, ձգտումներն այնտեղ հաշվի մեջ չեն մտցվում. յուրաքանչյուր պահի արվեստագետը պետք է անսա իր բնազդին, ինչը նշանակում է, որ արվեստը գոյություն ունեցող ամենաիրական բանն է, կյանքի ամենադաժան դպրոցը, և ճշմարիտ Ահեղ դատաստանը»: Այն, ինչն իր մեջ մտածողական սխալ է պարունակում, չի կարող ճշմարտացի զգացվել, համարժեք զգայական ընկալման տրվել, առավել ևս` զգայական ճշգրտման ենթարկվել: Ուր ոգին ու դատողականությունը ձախողվում են, բարեսրտությունն ու զգայականությունը նվազ հաջողակություն են ի հայտ բերում: Զգացմունքներն ինքնին, այսպես ասած՝ մեկուսի վիճակում, առկա են նաև կենդանական աշխարհում, մարդկանց միջավայրում դրանք մշտապես հանդես են գալիս մտավոր, բանական սկզբի հետ շաղկապվածության մեջ: Վերջինիս մակարդակով էլ պայմանավորված է առաջինների մակարդակը:

Այստեղից էլ, ըստ Մուզիլի, բեմահարթակի վրա զգացմունքների ներկայացումը իջել-հավասարվել է դատարկ, սնամեջ թատերախաղի աստիճանին: Այդ զգացմունքներն անիրական են և ոչ ճշմարիտ, որովհետև դրանք համընդհանրական են: «Մարդն առանց հատկությունների» վեպում ներկայացվող զուգահեռ գործողության համաբանությամբ Մուզիլը պիեսում ցույց է տալիս, որ, առավել ևս թատրոնում, նպատակի և միջոցի, ձգտման ու նպատակադրության միջև հարաբերությունները փոխատեղված են: Սա ընդհանրապես թատրոնի և, մասնավորապես, նաև 19-րդ դարի թատրոնի բնութագրական գիծն է, նրա գլխավոր թերությունը:

Մուզիլի պատկերացումներն այլության, այլ կացության կամ երկրորդ իրականության, ինչպես և թատրոնի գեղագիտական նշանակության հարցում որոշակիորեն աղերսվում են նաև Ֆրիդրիխ Շիլլերի «Մարդու գեղագիտական դաստիարակության մասին» և թատրոնի վերաբերյալ Շիլլերի մյուս գրությունների, այս առնչությամբ նրա նամակագրության ոգուն: «Օրագրերում» նա Շիլլերից փոխառել է մի շատ կարևոր նախադասություն կամ ասույթ. «Բեմի դատական ատյան լինելու պարագան սկսում է այնտեղ, ուր վերջանում է աշխարհային օրենքների բնագավառը»:

«Երազողները» դրամայում Անսելմն ասում է. «Ես չեմ ցանկանում ոչ մի անսովոր վերապրում: Մարդուս ամենօրյա ապրումները ամենախորն են, եթե նրանից վերառելու լինես սովորականությունը»: Իսկապես, հենց սա՛ է «Երազողների» բովանդակությունը: Պիեսի գործողությունը պարզունակ է, նրանում արտահայտված կենսական հարաբերությունների աղքատիկ զինանոցը, սակայն, քողարկված է հնարաստեղծ հանճարի, ստեղծագործական հայտնությունների գրեթե անընդհատական հոսքաշարի ներքո, այնպես որ ընթերցողը կամ հանդիսատեսը, «ազդեցիկ տպավորությունների» լիությունից ճնշված` թատրերգության առանձին մասերի ու հերոսների փոխհարաբերությունների առնչությամբ շփոթմունքի է մատնվում, մոռացության գիրկն ընկնում, անգամ հիշողության կորուստներ ունենում, «Օրագրերում» խոստովանում է ինքը` թատրերգության հեղինակը:

Գործողությունը Մուզիլի համար, ամեն ինչից բացի, ծառայում է նաև ստեղծագործ մարդկանց տիպաբանության բացահայտմանը: 1920 թ. գրած 8-րդ համարակիր օրագրային նոթատետրում նա երկու մասի է բաժանում ստեղծագործ և ոչ ստեղծագործ մարդկանց, տալով նրանց «աղյուսակային»` գրա‎‎ֆիկականբնութագիրը: Ոչստեղծագործմարդիկբնութագրվումենհետևյալհատկանիշներով. հաստատուն, իրական, օրինավոր,  կարեկցող, շփվող, մետա‎ֆիզիկորենհանդարտ, ներփակ, վճռական, ակտիվ, իսկական: Դրանքքաղաքացիականդրսևորումներով, հասարակականհակվածությամբմարդիկեն, որոնցվրահասարակություննէխարսխված, առանցորոնցհասարակականկառույցըփուլկգա: Նրանքբնավանհամակրելի չեն: Նրանց ծաղրելը, արհամարելը մեծապես անարդար կլինի: Մարդկանց այս խմբին «Երազողները» դրամայում պատկանում են տիկին Մարտենսը, Յոզե‎ֆըև, չնայածորոշծաղրականգծերին, նաևմասնավորխուզարկու, դետեկտիվՇտադերը: Նրանքբոլորնէլհատկություններովօժտված մարդիկ են, ընդսմին` լավ կամ դրական հատկություններով: Դրանց դեմ-հանդիման կանգնած են այսպես կոչված ստեղծագործ մարդիկ: Վերջիններս «անկայուն են, վերիրական կամ անդրիրական, զգացմունքներից զուրկ երազողներ, չշփվող, մետա‎ֆիզիկորենանհանգիստ, անվճռական, գոյություն ունեցողի հանդեպ պասիվ-կրավորական դիրքորոշում որդեգրած, ինչպես և` բարելավման հակառակորդներ են ու իրականությունն արհամարողներ»: Այս հատկությունների կրողներն են Ռեգինեն, Մարիան, Թոմասը և անգամ Անսելմը: Սրանք այն մարդիկ են, որոնք գործնական հարցերում անպետք են, լուծումներ առաջադրելուց` հեռու: Միայն նման մարդկանցից բաղկացած հասարակությունը ենթակա է խորտակման:

Ուսումնասիրողներից Ուլրիխ Կարտհաուսը այս կապակցությամբ գրում է. «Նա, ով «անդրիրական» է, հավանական է, որ քաղաքացիական-իրավական հարցերում անվստահելի է, ով «անդրիրական» է, նրա համար միևնույն է, արդյոք ինքը բարոյական, թե հանցագործ եղանակով է գործում: Այդ մարդիկ նույնիսկ չեն էլ մտածում առկա պարագաների բարելավման մասին, այդ բարելավում կոչվածը նրանց համար կարևոր չէ, պայմանավորված` իրականության հանդեպ խորագույն անտարբերությամբ, ինչպիսին էլ լինի այդ իրականությունը»: Կարտհաուսի կարծիքով Մուզիլի թատրոնը, վստահաբար, քաղաքական կամ բարոյական հաստատություն չէ, ինչպես, ասենք Շիլլերի պարագայում. «Ավելին, նրանում խնդիրն ավելի շատ վերաբերում է զգայելու և տեսանելու նորանոր հնարավորությունների փորձարկմանն ու հետագա զարգացմանը: …Մուզիլի թատրոնը չի ցանկանում իրականության վերլուծություն կատարել: Նրա թատրոնը տեսանելի դարձած բանաստեղծություն է: …Բանաստեղծական հուզագրգռությունը մուզիլյան թատրոնի իմաստն է ու նպատակը»:

Իրականության հանդեպ իր հարաբերության մեջ որպես գրող Մուզիլն ավելի մեծ նշանակություն է տալիս «հոգևոր առումով տիպականին», քան պատահականին և փոխարկելիին, այստեղից էլ` նրա ցանկությունն է «տեղի ունեցողի տեսիլայնության, ուրվակերպության» ցուցադրումը: 1926 թ. Օսկար Մարիուս Ֆոնտանայի հետ նշանավոր զրույցում Մուզիլն այս առնչությամբ հայտարարում է. «Ես իմ այս դավանած սկզբունքը կանվանեի «պատճառականացված քայլերի սկզբունք»: Նրա կանոնն է. մի՛ թող ոչինչ տեղի ունենա /կամ` ոչինչ մի’ արա/, ինչը հոգևոր առումով արժեք չի ներկայացնում: Դա նաև նշանակում է. պատճառական ոչինչ մի՛ արա, մի՛ արա ոչինչ մեխանիկական: Այս նույն սկզբունքն է ընկած նաև «Երազողների» ստեղծագործական հիմքում: «Նրա սկզբունքն է. պայքարն հանուն իմաստի: Բայց ո՛չ միայն պայքարը, այլև պայքարի միջոցը: Նախ` իմաստը: Իմաստի տեղաշարժին նոր միայն հետևում է գործողությունը: Այսպիսով, պատճառակցական քայլերի սկզբունքի գործադրումը»:

Ժամանակի նշանավոր թատերական քննադատ և գրող Ալֆրեդ Քեռը 1929 թ. մի գրախոսության մեջ Մուզիլի այս դրաման բնորոշել է «տեխնիկապես` անհնարին, բովանդակային առումով` հույժ իմաստալից»:

Հայտնի մուզիլագետ Ադոլֆ Ֆրիզեն իր կազմած «Ռոբերտ Մուզիլ. Արձակ երկեր, դրամաներ, ուշ նամակներ» ժողովածուի առաջաբանում մեջբերում է 1923 թ. Մուզիլի կողմից հղացված «Վինցենցը և բարձրաշխարիկ այրերի ընկերուհին» դրամատիկական երկի վերաբերյալ հեղինակի մի ուշագրավ ասույթը. «Սա մի գիրք չէ` մյուսների հետ նույն գծին պատկանող, այլ կողմնացատկ դեպի անպատասխանատվությունը»: Մուզիլն ինքն էլ իր այս դրամատիկական ստեղծագործությանը ֆարս, կատակ կամ խեղկատակություն ժանրային ցուցիչն է տվել:

Ուսումնասիրողները Մուզիլի այս ստեղծագործության մեջ տեսնում են նրա ավագ ժամանակակցի` Ֆրանց Վեդեքինդի դրամատիկական երկերում տիրապետող քաղքենիական մանրաշխարհի ու նրանում տիրապետող կեղծ բարքերի ու բարոյական անկման քննադատության ուղղակի ազդեցությունը:

Մուզիլի մերձավորագույն բարեկամ և ժամանակի հայտնի թատերական քննադատ Ալֆրեդ Քեռը խիստ ուշագրավ դիտարկում է կատարել այս կատակում գերիշխող մթնոլորտի և նրանում խաղարկվող բովանդակային ու գաղափարական «առճակատումների» վերաբերյալ, որն ասես այս երկի խտացված համառոտագրությունը լինի. «Աղջիկը գրավիչ է, անսանձ` ինքնիշխան, անարխիստական գծերով, անդրոգին, այն է` այրակնոջ հատկանիշներով, արկածախնդիր, նա Ալֆա է: Այս ճակատագրական կնոջ առաջ խոնարհվում, ծունկի են գալիս «նշանավոր, բարձրաշխարիկ տղամարդիկ»` մոմի պես հալչելով նրա ձեռքերում: Սակայն, այս թվացյալ սառը գեղեցկուհին ինքն էլ բոցավառվող տեսակի է և, իր հերթին, գերի է ընկնում նրբավար ու փափկակենցաղ, խարդավանող ու արկածախնդիր Վինցենցի ձեռքը»: Ալֆրեդ Քեռը Մուզիլի այս կատակերգությունը և նրանում տիրապետող բարքերն ու միջավայրը հենց այդպես էլ` կարճ և դիպուկ, բնորոշում է որպես ՙվեդեքինդյան շուրջպար` կնոջը տիրանալու համար: Անխիղճ ու անամոթ սրիկաներով լեցուն մի աշխարհ: Սեռագար տխմարություն: Խարդախներ: Զեղծարարներ: Պոռնկապահներ: Փոքրոգիներ: Վախկոտներ: Կոկաին: Տապալում` աստվածացման պատվանդանից: Կողակցումներ, որ բնավ ամուսնություններ չեն: Հարաբերություններ, որ բնավ սիրային կապեր չեն: Կրակոցներ, որ փտած, նեխահոտող գայթակղություն են: Ինքնասպանություններ, որ զավեշտ են ու խեղկատակություն: Ընկերուհիներ` գիշատիչ գազանների նմանվող: Սերը տխմար բարբաջանք է: Երկու մարդկանց միջև համաձայնության կամ փոխհասկացողության հնարավորությունը սկսում է միայն այնժամ, երբ նրանք ցանկասիրական առումով կուշտ են իրարից… Դա մե՛ր աշխարհն է, ասում է Մուզիլը ըմբռնումով: Դա «նրանց աշխարհն է», ասում է նա հեգնանքով»:

Դրամայում հանդես եկող ամենատարբեր մասնագիտության տեր քաղքենիական մանրաշխարհի, մտավորական դասի ներկայացուցիչները, Հակոբ Պարոնյանի Աբիսողոմ աղայի հաճախորդ մեծապատիվ մուրացկանների նմանողությամբ, պտտվում են Ալֆայի` ճակատագրական կնոջ շուրջբոլորը, նրան տիրանալու համար` պատրաստ կատարելու վերջինիս բոլոր քմահաճույքները: Բայց Ալֆան իր «դաշնակից», խարդավանքների մեծ վարպետ Վինցենցի հետ գաղտնի համագործակցած` ֆռռացնում է նրանց` նյութական բարիքներ կորզելով: Այստեղ ներկայացված են ժամանակի մտավորական խավերի ամենատարբեր ներկայացուցիչները` Վինցենցին արդեն հիշատակեցինք, ապա գալիս են` Ալֆայի պաշտոնական ամուսին դոկտոր Ապուլեյուս-Հալմը, խոշոր վաճառական Բերլին, գիտնականը, երաժիշտը, քաղաքական գործիչը, բարենորոգիչը, Ալֆայի ընկերուհին, մի երիտասարդ: Վինցենցի` ժամանակի քաղքենիական դասի այդ տիպական ներկայացուցչի համար, ամեն ինչը հիմնված է փողի վրա, անգամ հոգին. «Հոգևորը վարկի մի տարատեսակ է և հիմնված է փոխադարձ վստահության վրա»: Ստելը նրա համար այլ բան չի նշանակում, քան ցանկալիի ներկայացումը որպես գոյություն ունեցողի: Դիտարկելով Ալֆայի շուրջը ճանճերի պես պտտվող ամենատարբեր մասնագիտությունների տեր հոմանիների երկրպագու բանակի դատարկաբան վարքուբարքը, Վինցենցը, այդ խաղամոլն ու հարբեցողը, միաժամանակ խորամտորեն նկատում է. «Միակ բանը, որն ինձ տարբերում է մյուսներից, դա իսկական մասնագիտության բացակայությունն է, այդ պատճառով էլ, հավանաբար, ես այս ամենը շատ ավելի հստակ եմ տեսնում»:

Ավելի ուշ` 1935-1937 թթ. իր օրագրային գրառումներում, անդրադառնալով սեռագարության, բռնության ու մահվան այս հաղթական շքահանդեսին, Մուզիլը մի բառով այն բնորոշում է «դաժանություն» հասկացությամբ, վերջինս ներկայացնելով որպես կազմախոսական բարդույթներով պայմանավորված ընդհանուր քաղաքակրթական ֆենոմեն. «Արդյո՞ք կյանքը մեզ չի սովորեցնում, որ մարդկության դաժանությունն աճում է այն նույն չափով, որ չափով որ առանձին մարդու դաժանությունն է նվազում: Մենք երկար ժամանակ սխալ ենք մեկնաբանել վայրի ժողովուրդների դաժանությունը: Հիմա հայտնի է, որ այդ դաժանությունը գլխավորապես արմատացած է նրանց կրոնական պատկերացումներում կամ սնահավատություններում: Սակայն դրանով իսկ առավել անբացատրելի է մնում ավելի մեծ չափերի հասնող դաժանության դրսևորումը քաղաքակրթության դարաշրջանում: Գուցե իսկական դաժանությունը ծնունդ է առնում հենց շնորհիվ օկուլտիզմի՞ և քաղաքակրթությա՞ն: Վայրի կենդանին դաժան չէ, նա գործում է նպատակամղված, նա սպանում է, երբ սոված է կամ երբ վտանգ է զգում, իսկ իր մարտական գործողություններում անհրաժեշտության նվազագույնը գերազանցում է լոկ այն չափով, ինչը կարելի է բացատրել գերգրգռվածությամբ: Եվ երբ բնազդը դադարում է ծառայել կարիքին, այն բացվում է իր ողջ անսանձելիությամբ և անպատկերացնելի չափեր է ընդունում: Ամենասաստիկ դաժանությունը դրսևորվում է կուշտ կատվի մոտ, ամենադաժան չարացածությունը` ճաղավանդակի հետևում պատեպատ խփվող շան»:

Սա Մուզիլի կողմից բռնության հավերժացման փորձ է, իսկ փորձը չի լինում հաջողված կամ անհաջող, առաջնայինն այս պարագայում դիտանկյան ընտրությունն է:

 

Աշոտ Ալեքսանյան