ԵՐԵՔ ՀԱՅԱՑՔ ՆՈՒՅՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆԸ

Վասիլի ԳԵՎՈՐԳՅԱՆ Արվեստագիտության թեկնածու, դոցենտ

ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆ ՈՒՇԱՑԱ՞Ծ ԷՐ,

ԹԵ՞ ԺԱՄԱՆԱԿԻՑ ԱՌԱՋ ԸՆԿԱԾ

(Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական թատրոնի «Հարսանիք թիկունքում»

բեմադրությունը Սունդուկյանի անվան թատրոնի բեմում)

Ներկայացումն սկսվեց քսան րոպե ուշացումով և ապրիլյան քառօրյայից երկու տարի անց: Արցախյան պատերազմի, առավել ևս ապրիլյան քառօրյայի մասին բեմադրությունը կամ ֆիլմն իր դժվարությունն է բերում՝ դեռ թարմ է հիշողությունը, դեռ պիտի իմաստավորենք այն, ինչ տեղի է ունեցել: Գուցե դեռ վա՞ղ է և «Հարսանիք թիկունքում» ներկայացումն իր ժամանակից առա՞ջ է ընկել: Բայց հնարավոր է, որ գեղարվեստական վերարտադրությունը պետք է մեզ օգնի հաղթահարել այս հոգեկան ցավը: Այդ դեպքում ի՞նչ գեղարվեստական ձև պետք է ընտրվի, ինչպե՞ս այն պիտի իրականացվի, որպեսզի հանկարծ չվերածվի զգայուն թեմայի շահարկման:

Երբ խոսք է լինում նոր գրված պիեսի առաջին բեմադրության մասին, այն էլ պիեսի, որի նյութը նոր տեղի ունեցած իրադարձություններն են, մի փոքր դժվար է առանձնացնել ռեժիսորի աշխատանքը դրամատուրգիական նյութից և դերասանի կերտած կերպարն իրական նախատիպից: Գուցե մենք էլ ավելի օբյեկտիվ պատկերացում ստանանք՝ ընդհանուր հայացք նետելով բեմում ծավալվող իրադրությանը: Իրադրությունը հայտնի է՝ 2016 թ. ադրբեջանական հարձակումը խրվեց մեր խաղաղ կյանքի մեջ դաշույնի պես ամեն ինչ ավիրելով, քանդելով մեր առօրյան: Պիեսի հեղինակը՝ Անահիտ Աղասարյանը, է՛լ ավելի է սրել դրությունը՝ կյանքի ամենաուրախ պահին՝ հարսանիքին է գալիս կռվի լուրը և կյանքը կանգ է առնում, որ պիտի հետո շարունակվի նույն կետից, բայց նույնը լինել չի կարող՝ բոլորիս համար այն կիսվել է «մինչև» և «հետո»-ի: Գաղափարը լավն է, ինչպես և դիպուկ է ընտրված պատերազմի մասին առանց կրակոցների ու մարտերի՝ սովորական մի ընտանիքի անձնական ապրումներով պատմելու սկզբունքը: Սակայն գործողությունը խիստ ձգձգված է, ներկայացման առաջին կես ժամը բեմում ոչինչ չի կատարվում, միայն բավական հանդարտ տեմպով, հանգամանալից ծանոթանում ենք գործող անձանց հետ: Ներածության համար ներկայացման մեկ երրորդը շատ չէ՞: Ընդ որում, դրա արդյունքում դերասաններն ու բեմադրիչը հայտնվել են բարդ դրության մեջ՝ նրանք փորձում են ստեղծել բեմական դրություններ առանց ներքին գործողության: Արդյունքում՝ չարդարացված անցումներն աթոռից բազմոցին և հակառակը, հայելու մոտից՝ սենյակ, տղաների՝ Արմենի և Արամի «բռնոցին», որ դերասաններ Տարոն Գրիգորյանը և Արսեն Սաղաթելյանն անցկացնում են «թատրոն խաղալով»:

Առհասարակ, Արմենի դերակատար Տարոն Գրիգորյանն իր կեցվածքում, քայլվածքում ցուցաբերում է որոշ թափթփվածություն, խոսքին զուգահեռ ձեռքերն անհարկի շարժում է, ինչը լավ չի կապվում իր մարմնավորած վճռական հերոսի հետ:

Որոշ անտեղի տիպականացում է նկատվում նաև Նարեկի դերակատար Գևորգ Գրիգորյանի մոտ՝ եթե մարդը երկար դադարից հետո վերադարձել է Կանադայից, ապա անպայման խոսքը պետք է սկսի՝ «Յե՜» բացականչությա՞մբ, շարժումների մի մասն էլ փոխառի ռեփային տեսահոլովակների՞ց:

Հետաքրքիր է Սուսանա Բաղդասարյանի ստեղծած տատիկի կերպարը, որտեղ խիստ և կտրուկ բնավորության տեր գյումրեցի կնոջ խոսքում դժվար է զատել՝ որն է դերասանուհունը, իսկ որն է գալիս տեքստից:

Նուրբ երանգներ են նկատվում նաև Անահիտ Քոչարյանի մարմնավորած Սանամի կերպարում՝ ուրախության պահին անսպասելի ստանալով որդու մահվան լուրը՝ մայրը չի ճչում, չի բղավում՝ ներքուստ դիմադրում է, չի ընդունում իրողությունը և չի էլ կարող ընդունել: Ներքին վիճակը դերասանուհին տեսանելի է դարձնում բավական կարճ մի դրվագում:

Բեմադրիչ Լյուդվիգ Հարությունյանն ավելի հաջող է ներկայանում սակավամարդ տեսարաններում, հատկապես եթե չի շտապում հագեցնել դրանք ֆիզիկական գործողություններով, այլ որոշակի հավասարակշռված դիրքերում թույլ է տալիս դերակատարներին հանդիսատեսին հասցնել հեղինակային տեքստը (տեքստի բովանդակության մասին կխոսենք ստորև): Ի դեպ, Գարեգին Եվանգուլյանի՝ երկու հարթություններով կազմակերպած բեմական ձևավորումը թույլ է տալիս խաղարկել նման դիրքեր և նույնիսկ պատկերի մաս դարձնել պատուհանից դուրս կատարվող իրադարձությունները: Մինչդեռ մասսայական տեսարաններում տպավորությունն այլ է: Ներկայացման ընթացքում բազմամարդ պատկերների ականատես ենք լինում մի քանի անգամ. գլխավոր հերոսի զոհված քեռու որդու՝ Նարեկի վերադարձին Հայաստան, պատերազմական լուրը հարսանիքի ժամանակ հնչելուց, հարևան Մրոյի մահվան լուրը ստանալիս, գլխավոր հերոսի՝ Արմենի վերադարձին տուն: Եվ գրեթե ամեն անգամ բեմում տիրում է խառնաշփոթ, ամեն մեկն իր համար մոտենում, գրկախառնվում, գլուխը բռնում կամ որևէ այլ գործողություն է գտնում ընդհանուր տրամաբանության մեջ: Բայց այդ ամենն անկազմակերպ տպավորություն է թողնում, կարծես ամեն դերասան ինքն իր համար է որոշում իր անելիքները: Պատկերն ամբողջանում է թերևս այն տեսարանում, երբ Ռուզանը (դերասանուհի Մանե Մխոյան), չտեսնելով իր թիկունքում հարևանուհի Սանամին, հայտնում է իր մորը նրա որդու մահվան մասին: Չգիտեմ, ով է իրադրության հեղինակը՝ դրամատո՞ւրգը, թե՞ բեմադրիչը, բայց մի քանի վայրկյան քարացած դիրքերն առանց ավելորդ ճիչերի բերում են շանթահար վիճակը: Եվ վստահաբար՝ բեմադրիչն է Արմենի և հոր հանդիպման պատկերի հեղինակը՝ երիտասարդը վերադառնում է տուն և բոլորը խառնված իրար փաթաթվում են, համբուրում, հայրն է միայն, որ սպասում է, հետո մոտենում է, որդու հայացքը բռնում, մի պահ սպասում և նոր միայն կտրուկ շարժումով գիրկն է առնում որդուն: Այս դադարը կարծես վեր է բարձրացնում իրենց փոխհարաբերությունները կենցաղային ճշմարտությունից, որ մինչ այդ էր՝ մոր, մորաքույրների հետ, սա վիճակի իմաստավորումն է:

Առհասարակ, բեմադրության մեջ երբեմն հնչում է մի ինտոնացիա, որ թույլ չի տալիս ընկալել ամբողջը որպես մոտ անցյալի գեղարվեստական արտացոլում. հիստերիկ ողբն ու ճիչը: Չենք վիճում, կյանքում կինը հենց այդպես կգոռա ռազմաճակատ մեկնող որդու ետևից, երիտասարդ աղջիկն այդպիսի լացով կսպասի ամուսնուն, բայց դահլիճում հանդիսատեսի հուզմունքը (որի առկայությունը ոչ ոք չի հերքում) պետք է սովորականից վեր լինի, հիշողության մեջ մնա ոչ որպես հերթական հուշ դեպքերի, զոհվածների մասին, այլ որպես կվինտեսենս, գեղարվեստական գերխտացում: Իսկ հանդիսատեսը շունչը պահում է ոչ նրանից, թե ինչպես այս ընտանիքի անդամները ընդունեցին կռվի լուրը, այլ դրան հաջորդած ռազմական գործողությունների մասին ազդարարող իրական հեռուստահաղորդագրությունից:

Իհարկե, վերջերս տեղի ունեցած դեպքեր են և իրականությունը կամա թե ակամա խառնվում է ներկայացմանը, սպասելի են նաև իրական ներդիրներ՝ հեռուստատեսային լրատվություն: Դեմ չենք, բայց ո՞ւր է դրա գեղարվեստական խաղարկումը բեմում, թե՞ դրանք հենց այդպես էլ նախատեսված էին, ուղղակի ազդեցության համար հանդիսատեսի զգացմունքների՞ն, հուշերի՞ն, անձնական ցավերի՞ն: Իսկ իրականությունը ներխուժել է այս ներկայացման մեջ շատ ավելի ընդարձակ ճակատով՝ սկզբից իսկ տեքստը, բացառությամբ մի քանի սրամտությունների, կազմված է մեր առօրյայից փոխառած ստանդարտ, ծեծված ֆրազներից: Ընդ որում, դրանց մի մասը ծեծված է մամուլում, մյուս մասը՝ առօրյա «քաղաքական» բանավեճերում: «Ո՞ւմ համար գնամ կռվեմ», «ո՞վ է երկրի տերը», «լավագույննե՞րը զոհվեցին, թե՞ մենք նրանց իդեալականացրեցինք», «քիչ լափեն, բանակը զինեն», «այնպես արեցին, որ գնանք, ուրիշ երկրում ապրենք», «ռուսը չլիներ, մենք չէինք լինի», «սրանց փոխարեն ով էլ գա, նույնը կլինի», այսպես կարելի է երկար շարունակել, իսկ երկրորդ գործողության մեջ անգամ հասնում ենք՝ «Մահ իմացյալ անմահություն է»:

Կարգախոսներով գրված դրաման, դաստիարակչական նպատակներ հետապնդող թատրոնը հեռանում է մարդուց, գնում է դեպի հրապարակախոսություն, դեպի քաղաքական պայքար: Այո, տեղի ունեցած իրադարձությունները պետք է իմաստավորվեն տարբեր հարթություններում, նաև՝ արվեստում, բայց ամեն տեղ իր նպատակն է, իր միջոցները: Կրկնեմ՝ համամիտ եմ. պատերազմը, որը դեռ չի ավարտվել, որի մասին հիշողությունը թարմ է, պետք է վերարտադրվի բեմում (կամ էկրանին) անհատական ճակատագրով, անձնական ապրումներով, մի ընտանիքի պատմություն դիտելով: Իսկ պիեսի տեքստը պետք է շոշափի այդ նուրբ նյութը, այլ ոչ թե մոտենա հրապարակախոսական ելույթի: Դրամատուրգը և բեմադրիչը, դերասանն ու հանդիսատեսը նույն հանրության մասնիկ են և նորագույն պատմությունը ներքուստ յուրացնելու, հասկանալու և հաշտվելու գործում նույն ճանապարհն են անցնում: Գուցե ստեղծագործական խումբը մի փոքր շտապե՞լ է:

 

Գայանե ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Թատերագետ

 

ՀԱՅՐԵՆԻՔԸ ԵՐԿՐԻ ՏԵՐԵՐԻ ՀԵՏ ՉԱՐԺԵ ՀԱՄԵՄԱՏԵԼ

Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը «Հարսանիք թիկունքում» նոր ներկայացումով հյուրախաղերի էր եկել Երևան, որից հետո ներկայացումը կդիտեն Արցախում: Քանի որ հիմնականում շրջագայում են մայրաքաղաքի թատրոնները, հետևաբար Գյումրու թատրոնի համար սա ինչ-որ առումով համարձակ քայլ է: Բայց արի ու տես, որ «Հարսանիք թիկունքում» ներկայացումը ապահովվել է լեփլեցուն դահլիճներ: Շնորհիվ գովազդների` հեռուստատեսություն, հանրային մարդկանց ներգրավում և սոցիալական կայքեր: Դժբախտաբար, այսօր հանդիսատեսը թատրոնի մասին հագեցած ինֆորմացիա չունի, չկան հեռուստահաղորդումներ, գոյություն չունի թատերական կայք, դե իսկ սովորական աֆիշը ոչինչ չի հուշում: Միայն որոշ թատրոններ են, որ փորձում են նաև գովազդի միջոցով ապահովվել հանդիսատես, և կա անհերքելի փաստ, որ յուրաքանչյուր «չստացված», ոչ այդքան հետաքրքիր ներկայացում ունենում է լեցուն դահլիճներ շնորհիվ գովազդի: Եվ այս ներկայացումն էլ դրա վառ օրինակներից մեկն է: Այսինքն՝ սա յուրաքանչյուր թատրոնի համար կարևորագույն կետերից մեկն է հանդիսանում:

Անդրադառնալով պիեսին, պետք է նշել, որ հայ թատրոններում հազվադեպ են բեմադրվում ժամանակակից հայ հեղինակների գործերը: Որպես դրամատուրգիական գործ, այս թեման նոր չէ, քանի որ կան նմանատիպ թե՛ ֆիլմեր, թե՛ ներկայացումներ /գուցե հայ թատրոններում այն նոր համարվի/: Թեմա, որտեղ թիկունքում հարսանիք է, իսկ առաջնագծում՝ կռիվ: Պիեսի հիմքում իրական դեպքեր են՝ ապրիլյան քառօրյա պատերազմի մասին: Սա սովորական պատմություն է, և պետք չէ ասել, որ. «սա պատմություն է պատերազմի մասին, բայց բեմում նման տեսարաններ չկան»: Պիեսը թերի կողմեր ունի` ճաշակի վրիպումից մինչև անդառնալի գավառամտություն. «Գյումրին որ Ալեքսանդրապոլ էր, Երևանը մեծ գեղ էր»,- հատվածապաշտության ժամանակները վաղուց են անցել, և այդ մասին ընդհանրապես չարժե բարձրաձայնել: Այն էլ կենցաղի մեջ «խեղդված» խոսքով, /ընդհանրապես կենցաղը սպանում է ամեն բան/, «անհամ» հումորներով: Նույն վիճակներում էին նաև միջբարեկամական կռիվները, սուրճխմոցին, և այս ամենը անում են բոլոր մարդիկ, ոչ մի արտառոց բան: Չնայած այս բացթողումներին, պիեսում կային նաև ցավոտ հարցերի բարձրաձայնումներ /հայրենիքի, սերունդների, երկրի և հարևանների/: Բայց պիեսը ուներ թերի կողմեր, որոնք շտկելուց հետո միայն արժեր միայն բեմ բարձրացնել:

«Հարսանիք թիկունքում»-ը գերռեալիստական, որոշ չափով էմոցիոնալ, կենցաղային հումորով և իրավիճակներով հագեցած ներկայացում է: Ներկայացում լայն մասսաների համար: Կարելի է ասել, որ ռեժիսորական լուծումներով հագեցած չէր ներկայացումը: Սովորական գյումրվա մի տանը հարսանիք է, հավաքվել են ընկերները, բարեկամները, նախկինում կռվում զոհված քեռու որդին, որին չեն տեսել մոտ 20 տարի: Կա մի անհերքելի փաստ, հայերը /ֆինանսական միջոցները բացարձակապես կապ չունեն/ միշտ նշում են հարսանիքը ճոխությամբ, ուրիշ հարց է, թե այն անճաշակ է, թե ճաշակով/: Բայց բեմում անշուք և դեկորատիվ էր ամեն բան, երբեմն նաև դերասանները /ոմանք չունեին բեմի զգացողություն, կարծես մասնակցում էին դպրոցական ցերեկույթի/: Բոլոր, իմ կարծիքով, արդեն հնացած, հայկական ադաթներով հարսանիք, վազվզուք, պատրաստություն: Բոլորը ուրախ են, պատրաստվում են խնջույքին, և հանկարծ իմանում են, որ սահմանում կռիվ է սկսվել /չգիտեն՝ շարունակե՞ն հարսանիքը, թե՞ ոչ/: Փեսացուն թողնելով հարսնացուին և ամեն բան՝ «փախնում» է սահման, նրա ետևից գնում է նաև զինծառայող ընկերը, Կանադայից ժամանած զարմիկը /ով կյանքում մոտիկից զենք տեսած չկար/, հարսանցուի հայրը: Իսկ մնացողներն էլ սկսում են տարատեսակ խոսք ու կռիվ անելը՝ ամեն մեկն իր յուրովի ընկալած հայրենիքի մասին: «Հայրենիքը երկրի տերերի հետ չարժե համեմատել, և ով էլ որ երկրի տերը լինի, միևնույն է, հայրենիքի վիճակը չի փոխվում»: Ընտանիքի անդամները սպասումով են լցվում, վախով ու ցավով, արդյոք կենդանի կվերադառնա՞ն նրանք, թե՞ ոչ:

Քանի որ քառօրյա պատերազմում կռվել և զոհվել են նաև եզդիներ, հետևաբար ներկայացման մեջ էլ կար եզդու կերպար, ով այս ընտանիքի հարևանուհին էր, և նրա որդիներն էլ զինծառայողներ էին: Ներկայացման մեջ կար տեսարան, որտեղ խոսվում էր եզդիական ադաթներից՝ թե իրենց հարսները հարսանիքին գլուխները կախ են պահում և միայն իրենց պարի ժամանակ են բարձրացնում գլուխն ու սկսում պարել: Իհարկե, եզդիական պարերի մասով ռեժիսորը վրիպել էր, քանի որ իրենց ազգային պարը այդպիսին չէ, ինչպես ներկայացնում էր հերոսուհին:

Ներկայացման մեջ պարզունակ ռեժիսորական լուծումով ներկայացված էր քառօրյա պատերազմից փաստագրական նյութերը` դերակատարները հավաքվում էին հյուրասենյակում, միացնում հեռուստացույցը նորությունները դիտելու համար: Խոսելով դերասանական կազմի մասին, պետք է նշել, որ ՀՀ վաստակավոր և ժողովրդական արտիստների հետ բեմում էին նաև երիտասարդ դերասանները /ովքեր, բնականաբար, այդքան փորձառու չէին/: Բոլոր կերպարներն էլ շատ կենսունակ էին, բայց կարծես բոլորն էլ կերպարային հավասար նշաձողի վրա լինեին, և այս ֆոնի վրա դժվար է առանձնացնել ինչ-որ դերակատարում /քանի որ աչքի չընկնող էին, և առանձնապես չկար կերպարների յուրահատկություն, այսինքն՝ տվյալ բեմական իրավիճակում կերպարը անում էր այն, ինչ կարող էր, գուցե ժամանակն է խնդիրը /:

«Հարսանիք թիկունքում» ներկայացման ֆինալային տեսարանը կարելի է համարել ամենաէմոցիոնալը և ամենաստացվածը: Կռիվը ավարտված է, փեսացուն զինվորական համազգեստով տուն է վերադառնում /կռվի դաշտում կորցնելով ընկերոջը/, և ասում, որ պետք է ապրել, շարունակել ապրել, որովհետև սահմանի տղերքը այդպես են ուզում: Դժվար է պատկերացնել, թե ինչպես կարող է ապրել /բայց պետք է ապրի/ Ռուզանը /Մանե Մխոյան/, երբ իր երջանկությունդ կապել էր մի մարդու հետ, ով զոհվել է առաջնագծում: Եվ տպավորություն է ստեղծվում, թե բեմում հարսանիքը շարունակվում է այնտեղից, որտեղ կանգ էր առել: Բոլոր դերակատարները բեմում են, կարծես թե խրոխտ «պարում» են: Եվ հենց այս տեսարանում է, որ էմոցիաները գլուխ են բարձրացնում, հուզմունքը հասնում է գագաթնակետին, և դահլիճում արտասվում են թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ: Եվ այս ամենին որոշակի չափով ներազդում է նաև ներկայացման երաժշտությունը, որը պարզապես ֆոն էր և հնչում էր տարբեր տեսարաններում: Երաժշտության հեղինակը Հայկոն է, ովքեր գիտեն այս երգահանի ունակությունները, միանգամից կռահում են, որ սա նրա աշխատանքն է: Բայց, ցավոք, Հայկոն չէր գերազանցնել ինքն իրեն և ստեղծել էր գրեթե նույնատիպ երաժշտություն, որ ստեղծում է ֆիլմերի համար:

Ընդհանուր առմամբ, այս ներկայացումը ասես բեմադրված լիներ միայն ֆինալի համար: Գովելի է, որ փորձ է արվել բեմադրելու այսպիսի ներկայացում /այլ հարց է, թե ինչքանով է ստացվել ներկայացումը/: Բայց լինելով իրատես, պետք է նշենք. այս ներկայացումը չի կարելի համարել մշակութային նշանակալի երևույթ: Եվ արվեստի, թատրոնի համար իսկապես սրտացավ մարդկանց համար սա ակնհայտ է: Կարծում եմ և հույս ունեմ, որ հետագայում թե՛ Երևանում, թե՛ մարզերում կլինեն ներկայացումներ, որոնք կզարմացնեն և կհիացնեն հանդիսատեսին:

 

 

Գայանե ՄԿՐՏՉՅԱՆ
Թատերագետ

 ՄԻԱՅՆ ԹԵ ԵՏ ԳԱՆ

 

Պատի ժամացույցը ցույց է տալիս Գյումրու համար ճակատագրական 11. 45-ը, հարսանեկան փութկոտ պատրաստությանը` «թուրը սիրուն է», «վարսավիրանոցից չուշանանք»,- զուգահեռ, պատին է ամրացվում նորափեսայի զոհված մորեղբոր նկարը: «Քեռի~ս> հուզախառն գորովանքով արձագանքում են Մոսկվայից ու Երևանից եկած քույրերը, նույն այդ եռուզեռի արանքում մյուսները մտորում են` «զոհվեցին, նոր դառան լավագույնը, թե՞ լավագույնն էին, դրա համար զոհվեցին»: Երեք դուստրերին և երկու փեսաներին է միանում ընտանիքի սևազգեստ մայրը, և հարազատների հաճոյախոսությանն արձագանքում գյումրեցու ինքնավստահությամբ. «Անգլիայի թագուհին ղուրբանս է եղե»:

«Սլոս երկու ամսից կուգա». հարևանուհու դուստրերին պատմում է հարսանիքի հրավիրյալ, ազգությամբ եզդի հարևան, Սանամը, և իրավիճակը գնում է դրամատիզացիայի: «Խաբելու օրը երեկ էր»,- ասում է մեկը, և պիեսի ժամանակաշրջանն ավելի է կոնկրետանում

Երևանյան թատրոնի բեմում ծավալվում է Գյումրու դրամատիկական թատրոնի «Հարսանիք թիկունքում» ներկայացումը:

Ներկայացման դերակատարներն ասես սիմվոլներ լինեն` որդեկորույս մայր, դուստրեր` մեկը Մոսկվայում կայացած-հաստատված, մյուսը` Երևանում ապրող ու Ամերիկա երազող գործնական դուստր, և Գյումրիում սահման պահող ավագ քույրը, ում տանն էլ կատարվում են պիեսի գործողությունները` Արմենի հարսանիքի նախապատրաստությունը: Այս տունը, ավելին` հյուրասրահը, միակ վայրն է, ուր կատարվում են դեպքերը, հավելած` պատուհաններից երևացող բակը /փողոցը/:

Ներկայացման ընթացքում քիչ բան է կատարվում: Մոսկվաբնակ աղջիկն ապրում է մի քիչ շատ կանխատեսելի` հայ, ռուս և ադրբեջանցի բնակիչ ունեցող շքամուտքում, և այդ նույն հարևանուհի Զեյնաբի դեղատան դեղերը չի ուզում խմել մայրը: Մայրը` Գորանդուխտ շա~տ հին անունով: Ուրվագծվում է կարճ ու ջերմագին սեր` փեսայի քույր Ռուզանի և փեսայի ընկերոջ` Արամի միջև: Տանտերը անակնկալ է անում, և հարսանիքից ժամեր առաջ Կանադայից Հայաստան է գալիս զոհված մորեղբոր որդի Նարեկը: Ժամեր անց Նարեկը միանում է վտանգված սահման գնացած նորափեսա Արմենին և Արամին:

Ներկայացումը մեծ խոսակցության նյութ չի տալիս, դերակատարներն էլ չէին մղվում առաջին պլան, ասես կոչված ու զորակոչված էին մեկ նպատակի: Ուղղակի մենք կարծես չենք ուզում սովորել ապրել պատերազմի պայմաններում, իսկ մեր սահմաններում կա՛մ ծայրահեղ լարված է, կա՛մ` հարաբերական հանգիստ, որը նույն բանն է:

«Հարսանիք թիկունքումը» մաքուր ձոներգ է հայրենիքը պահող զինվորին, սովետական իմաստով հայրենասիրական, նշանային ներկայացում: Նույն նպատակին համարժեք էր Հայկոյի երաժշտությունը` վերհիշության ու հերոսականության հուզիչ խառնուրդով, մի քիչ ծանոթ, մի քիչ կրկնվող, առաջին պլան մղվող, բայց հուզիչ, տեղին, ինչպես կոմպոզիտոր Հայկոյի կինոերաժշտությունն առհասարակ:

Չնայած պիեսի ուղղագծությունը, հերոսականության դոզան չափավոր էր, սա դրամատուրգ Անահիտ Աղասարյանի ձեռագիրն է, և նա հաղթահարել է բարդ խնդիրը` հայրենասիրական պաթոսի արժանահավատությունը: Սակայն երկու դրվագում, իմ տպավորությամբ, հնչում է անարժանահավատ տեքստ: Գորանդուխտը, հեռուստատեսությամբ հետևելով պատերազմի լրահոսին, հակառակորդի հասցեին ասում է` «սայլուգնե~ր»: Գյումրեցիների սիրելի խոսքը` սայլուգը, նախատինք է, որ նշանակում է խենթավուն, անմիտ: Կարծում եմ, որ նրանց, ովքեր այդպիսի կորուստ են պատճառել մորը, այդ խոսքով չեն այպանի: Երկրորդ առանցքային վրիպակը, կամ հանդիսականի բծախնդրությունը, վերաբերում է նույն կերպարին: «Ըբը ինչի են դադարեցրե պատերազմը». ասում է սևազգեստ մայրը, ու հնչում է շատ անհավաստի: Ավելի ճիշտ կլիներ, իբրև մայր ուրախանար, որ դադարել է կրակը, որին զոհ չգնար ոչ մի կենդանի արարած, և որպեսզի թուրքի մայրն անգամ այն ցավը չտեսներ, ինչ ինքն է զգացել: Հոգեբանորեն ավելի ճիշտ կլիներ, թեև` պակաս հերոսական:

<Հարսանիք թիկունքում» ներկայացման մեջ չկան ընդգծված գլխավոր ու երկրորդական հերոսներ, ըստ այդմ` լավ ու վատ դերակատարներ, հերոսը վտանգված հայրենիքի զինվորն է, հավաքական հերոսը` տղաներն են, միայն թե ետ գան:

Ներկայացման մեջ այս միակ փափագի հեղինակը հետաձգված հարսանիքի հարսնացուն է` Անին. «Մենակ թե ետ գան` Արմենը, Արամը, Նարեկը, պապան»:

Չեկավ Սանամի որդին, որին երկու ամիս էր մնացել ծառայելու: Այս անգամ չեկավ նաև Արամը`բարձրահասակ, կատակասեր, շռայլ հոգի ունեցող տղան, և կրկին եղավ այն, որ «բարձունքը մերն է, ու տղերքը չկան», և նորից «կարմիր կակաչները ներկեցին դաշտերը»: Նահատակվեց նա, ում սերն անգամ դեռևս նշանային կամ բառային ձևակերպում չէր ստացել, և աղջնակին մնում էր անձայն փլվել աթոտին:

Այդ պատճառով էլ վեճերը` Հայաստանում կամ այլուր ապրելու /մոսկվաներում գուլյատ կեղնիք/, գնալ-չգնալու, սուր անկյուններ չեն ընդունում, ակամա երկրորդական են դառնում ընդհանուր, մեծ հերոսականության առաջ, որ կատարեցին այս անգամ` հարյուրավոր, տասնամյակներ շարունակ տասնյակ հազարավոր հայրենիքի արժանավոր, օրինավոր ու անանուն որդիները:

Որքան էլ ներկայացման հեղինակները պնդեն, թե առաջին մասը կատակերգություն է, սա ուղղագիծ հերոսական դրամա է: Հենց այս հիմնավորումով է ներկայացման մեջ հետագայում, քաղաքական պատեհությամբ ներմուծված տեքստերը /ասենք` խնամի Ռազմիկի խոսքը` թե ոնց որ հողը պահին, երկիրն էլ կփոխեն, կամ թե`սրանց էլ կքշեն/, թեև հանդիսականից ծափեր է կորզում, սակայն անհարկի է: Անտեղի է այն հիմնավորումով. այս կամ նախկին իշխանության համար չեն կռվում, այլ` հայրենիքի:

Դեռ երկար է «Հարսանիք թիկունքումը» ներկայացվելու, և միշտ դահլիճը լուսավորվելու է թաց աչքերով հանդիսականի համար, և լինելու են հեծկլտացող մի քանիսը: Սա ուղղագիծ, մաքուր հերոսապատում է, որի մասին հանդիսականը գիտե վաղօրոք, հանդիսականը գիտե նրանց, լինեն Արամ, Սլո թե Սլոյան:

Մեծ հաշվով, ամբողջականության մեջ ներկայացումը ձոներգ էր:

Քիչ է ասել՝ թեման հուզիչ էր, թեմայի մեջ ապրում ենք:

 

 

 

 

Կարդացեք նաև