Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ / ԴԵՐԵՆԻԿ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ՝ ՄԵԿ ԴԱՐ «ԼՌԱԾ» ԴՐԱՄԱՆ

Երկար ժամանակ կորած էր համարվում Դերենիկ Դեմիրճյանի այս երկը: Բայց կային դրա վերլուծությունները տարբեր գիտնականների աշխատություններում (Հրայր Մուրադյան, Արծվի Հունանյան, Հրանտ Թամրազյան) և հիշատակումներ Դեմիրճյանի նամականիում: Նույնիսկ որոշ մասնագետներ մեզ փորձել են հակադրվել այս բոլոր տարիների ընթացքում, երբ մենք հայտարարել ենք, թե «Հովնան մեծատունը»անտիպ ստեղծագործություն է: Քանի որ վերլուծություններն այդ թատերգության մասին բավական հանգամանալից են ու ստվարածավալ, և քանի որ մարդիկ, դրանք կարդալով, ձեռք են բերել որոշակի պատկերացում երկի վերաբերյալ, ունեցել են այն պատրանքը, թե կարդացել են հենց հեղինակային տեքստը:
Ինչ վերաբերում է գրողի նամականուն, ապա այն տեղեկացնում է, որ Վարդան Աճեմյանը 1933 թվականին փորձ է արել բեմադրել «Հովնան մեծատունը»Առաջին պետական (հետագայում՝ 1937-ին, վերանվանված Գ. Սունդուկյանի անվան պետական) թատրոնում:
Ահա Արմեն Գուլակյանին Դեմիրճյանի գրած նամակի տեքստն ամբողջությամբ. «Սիրելի Արմեն, ես պիեսի բոլոր փոփոխությունները արի: Գլխավորապես փոխվել է վերջին գործողությունը: Իսկ 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ գործողություններում ինչ փոփոխություններ որ կան, կարելի է փորձի ժամանակ, ձեռաց գրել-տալ: Մնացածը թողել եմ այնպես (այսինքն, այն պայմանական նշաններով և ուղղումներով, որ ինքը Աճեմյանն է արել, և ինքն ու դերասանները ավելի լավ գիտեն): Դրանց ձեռ չեմ տվել: Համենայն դեպս՝ թող ինքը ուշադրությամբ տեքստը կարդա: Բայց, որ գլխավորն է, փորձերն սկսելուց առաջ մի անգամ ինձ հետ թող տեսնվի»:
Կարելի է ենթադրել, որ դրամայի սյուժեն և դրան առնչվող մանրամասները հանրայնացվել են հենց թատերական գործիչների միջոցով, սակայն բուն հեղինակային տեքստը մնացել է առեղծվածի քողի տակ: Այս հանգամանքն ունի բացատրություն. անհասկանալի պատճառներով (մեկդարյա հեռավորությունից անհնար է պարզել դրանք) Դեմիրճյանը մտածել է, թե ինչ-որ վտանգ է սպառնում «Հովնան մեծատունի»բնագրին: Պահպանվել են այդ մասին վկայող երկու նամակ՝ 1923 թվականին՝ Վահան Թոթովենցին, 1933 թվականին՝ Արմեն Գուլակյանին գրված: Այս նամակներում նա բաց տեքստով արտահայտել է այդ մտահոգությունը: Կարծում ենք՝ հենց դա էլ մղել է նրան այնքան խորը թաքցնել իր երկը, որ այն հնարավոր եղավ գտնել ու հանրայնացնել իր ստեղծումից հարյուր տարի անց միայն:
«Հովնան մեծատուն»դրամայում գրողն անդրադառնում է Հայոց ցեղասպանության թեմային: Դրաման գրվել է 1918-1919 թվականներին: Խորհրդային տարիներին Դեմիրճյանը կաշկանդված էր ժամանակի գաղափարախոսության պարտադրանքներով, և Ցեղասպանության մասին բացահայտ խոսելը նրա, ու ոչ միայն նրա, համար դարձել էր անհնար: Նա միշտ իր բուն ասելիքն այս թեմայով թողել է տողատակերում: Խոսքը, մասնավորապես, «Ավելորդը», «Ժպիտը», «Աստծո տանը», «Գիրք ծաղկանց»պատմվածքների մասին է: Իսկ քանի որ 1918-1919 թվականներին դեռ չկային խորհրդային սահմանափակումները, Հայոց ցեղասպանության թեմայով գրված «Հավնան մեծատունը»մերկապարանոց դաժանությամբ ու առանց գաղափարաբանական համահարթեցումների էր երևակում մեր ժողովրդին պատուհասած աղետը:
Դրաման սկսվում է հասանիքի տեսարանով. հայ մեծահարուստ Հովնանը ամուսնացնում է որդուն՝ Խորենին: Հարսանիքը բազմամարդ է, ճոխ, ուրախ: Գինովցած Հովնանը որոշում է իրեն չլսված, չտեսնված մոլություն թույլ տալ. ծառային ապսպրում է բերել իր պահած ոսկու պարկը, թափել այն հատակին, ապա իր գեղեցկուհի հարսին՝ Նունուֆարին, պարի է կանչում հենց ոսկիների վրա: Մարդիկ ապշած են, շլացած, ոմանք էլ՝ նախանձով լի: Հովնանի կինը՝ Նազեն, վախով է արձագանքում այդ տեսարանին, հորդորում ամուսնուն զգոն լինել, սակայն վերջինս հեգնում է կնոջն ու շարունակում իր պարը: Առանձին մեծարման է արժանանում Հովնանի կույր, զառամյալ մայրը՝ մարեն, և մեծարումի այդ ծեսը խորին պատկառանք է ծնում հյուրերի շրջանում: Հանկարծ պայծառ երկնքում ճայթում է որոտը. ներս է մտնում թուրք բարձրաստիճան պաշտոնյա Հասան բեյն ու գայթակղվում Հովնանի հարսի գեղեցկությամբ: Ապա մի կողմ է տանում Հովնանին, հայտնում, որ պատերազմական իրադրությունից դրդրված՝ հրաման է իջեցվել տեղահանելու քաղաքի ողջ բնակչությունը: Հովնանը, վստահ իր ուժերի և հեղինակության վրա, փորձում է հակադրվել համընդհանուր հրամանին. ոչ միայն Հասան բեյի, այլև ավելի բարձր պաշտոնյայի՝ Վալի փաշայի հետ բանակցելով՝ նա ձգտում է հասնել համաքաղաքացիների կամ գոնե իր անձի համար հարցի շահեկան լուծման: Բայց ապարդյուն: Հասան բեյի պահանջը մեկն է՝ իրեն տալ գեղեցկուհի հարսին, որի դիմաց, ըստ էության, ինքը ցինիկաբար ոչինչ էլ չի խոստանում Հովնանին: Հովնանը, ստորագույն մորթապաշտությամբ, համաձայնում է այդ պայմանին: Սակայն հակադրվում է որդին՝ Խորենը, որը սպանվում է հոր աչքի առաջ:
Դեմիրճյանը դրամայում հանդես է բերում մարդկային բարձր հատկանիշներով օժտված թուրք սպային՝ Ֆայիկին: Նա, որ վաղուց սիրահարված է Հովնանի դստերը՝ Հերիքին, սեփական անձը վտանգելու գնով փորձում է փրկել վերջինիս և նորահարս Նունուֆարին: Ապարդյուն է, սակայն, այդ ջանքը: Ֆայիկին բանադրում է Հասան բեյը՝ որակելով իբրև դավաճան, Նունուֆարն ինքնասպան է լինում, Հերիքը փախչում և փորձում է թաքնվել գաղթականների քարավանում:
Վերջին՝ Դ արարում, գրողը ցույց է տալիս տեղահանված հայությանը Միջագետքի մի կորսված վայրում: Հովնանը՝ նախկին հարգված մեծատունը, ցնցոտիների մեջ է, խոշտանգված, խելագարի անհավասարակշռությամբ, մի փշուր հացի համար՝ պատրաստ մեծագույն ստորության: Նա իր զառանցանքներում անվերջ դատի է կանչում Աստծուն, որովհետև, ըստ իր փիլիսոփայության, ամեն բան հենց Նրա կամքով է կատարվում, Նա է միակ մեղավորն ամեն ինչում:
Դրաման ավարտվում է անսպասելի լուծումով. սանձարձակ Հասան բեյի վրան քշված Հերիքը՝ մանկամարդ, անփորձ այդ աղջիկը, ատրճանակի կրակոցով վերջ է դնում գազանի կյանքին, որից հետո սպանվում են թե՛ ինքը, թե՛ իր ընտանիքի անդամները:
Դրաման ունի ցնցող վերջաբան. բարոյականություն, մարդկայնություն կորցրած հասարակության վարկը փրկում է մինչև պատերազմն ու գաղթը բոլորից անտեսված, չքավոր, տնանկ Աբրոն: Նա իր վեհանձն քայլով (թուրք ջարդարարներին ներկայանում է որպես Հասան բեյին սպանած Հերիքի հայր և ընդունում Հովնանի բաժին մահը) ստիպում է դարձի գալ անգամ բարոյազուրկ, անասնացած Հովնանին: Վերջինս գիտակցում է սեփական ոչնչությունը և մարդկային արժանապատվության ու խղճի անգերազանցելիությունը: Այս գիտակցումով նա ծունկի է գալիս Աբրոյի դիակի առջև ու արտաբերում իր վերջին խոսքերը կաթվածահար տապալվելուց առաջ. «Ահա այս մարդը դու ես, Աստված: Քո արդարության առջև ես հող եմ և մոխիր…»:
Թատերգության ողջ ընթացքում ոչնչով աչքի չընկնող հերոսը՝ Աբրոն, դառնում է մարդկային բարձր չափանիշները շեփորող, դրանք համաժամանակյա կտրվածքով արժևորող գրական կերպարը, որի նմանների վրա է միշտ հենվել գրող Դերենիկ Դեմիրճյանը՝ նրանց վարքը դարձնելով իր գաղափարախոսության առանցք բոլոր ստեղծագործություններում:
Դեմիրճյանին դեռևս «Ավելորդը»պատմվածքից հետապնդել է անօգնական, թույլ մարդուն սատարելու, վտանգի մեջ չլքելու, նրան մարդկային բարձր որակներ վերագրելու թեման: «Հովնան մեծատունը»այս թեմայի մեկ այլ արծարծում է ի հայտ բերում: Զորեղ ու մեծատուն այրը չնչինանում է փորձության ժամին, ինչպես Հաճի աղան՝ «Ավելորդում»: Հովնանը թատերգության սկզբում խոնարհումի ու մեծարումի ծեսով է պատվում կույր, ծեր մարեն: Դեմիրճյանի վարպետ գրչով ստեղծված նկարագրության մեջ, սակայն, խորաթափանց ընթրեցողը կարող է նկատել մեծարումի այդ ծեսի ցցուն անանկեղծությունը:
«Մեծատունը, ըստ երևույթին, քաջ գիտե, թե առաջին հերթին ինչն է գնահատվում կյանքում, ինչն է տպավորություն թողնում, և գործում է մտածված ու ճիշտ: Ըստ այսմ, նա շատ է կարևորում արտաքին ձևը, սեփական վարքագծի ազդեցությունը՝ ջանալով ամեն ինչում լինել հավուր պատշաճի: Հրավիրվածներից աչքաբացները, իհարկե, գիտեն, որ Հովնանի ավանդապահության տակ շրջահայաց մարդու հաշիվ է թաքնված, և այդ բոլորը նա անում է շրջապատին դուր գալու, հասարակության աչքում իր վարկը բարձրացնելու համար»,- գրում է Արծվի Հունանյանը:
Հովնանի իրական կերպարը քողազերծվում է ճողոպրելու-կաշին փրկելու խայտառակ տեսարանում. մորթապաշտության անբնական մոլուցքի մեջ նա չի էլ նկատում մոր ներկայությունը, և ինչո՞ւ նկատել, նրանից օգուտ չկա: Դե, իսկ հարսի ու դստեր պարագան այլ է. նրանք «ապրանք»են, որոնցից հնարավոր է շահույթ ակնկալել:
Ցեղասպանության չմարող ցավի մի խոսուն վավերագիր է Դեմիրճյանի «Հովնան մեծատուն»դրաման, որում իմաստուն հեղինակը իր դատապարտումի սլաքներն ուղղել է ոչ միայն արնախում թուրքին, այլև սեփական ազգ ու արժանապատվություն ուրացած հային. մի՞թե առավել վտանգավոր չէ մեր ներսի թուրքը, որի հավաքական տիպը իր բոլոր այլանդակություններով խտացել է մեծատուն Հովնանի կերպարում: Ըստ որում, պետք է նշել, որ Դեմիրճյանի համար նյութի աղբյուր կարող էին դառնալ ոչ միայն 1915-ի, այլև դրան նախորդած համիդյան ջարդերի իրողությունները, որոնց առնչությամբ նա «Ինքնակենսագրություն»հուշապատումում գրում է. «Ներսիսյան դպրոցն ավարտելուց հետո (ավարտել է 1897 թվականին – Կ. Ռ.) ես սկսեցի վարել կիսագործ և թափառիկ կյանք: Կովկասյան Բարեգործական Ընկերության մեջ տեխնիկական քարտուղարությունը ինձ առիթ տվեց լավ շփվելու և ճանաչելու քաղաքի չքավոր և մուրացիկ խավերին: Ինչ խոսք, որ միաժամանակ դա առիթ էր նույնպես՝ աչքով տեսնելու 1896 թվականի համիդյան կոտորածների զոհերին, որ Թիֆլիս էին լցվել Մուշից, Վանից, Ալաշկերտից, Բասենից…»:
Թերևս, համառոտ այս հրապարակումով կարողացանք պատկերացում ձևավորել դասական գրողի նորահայտ ստեղծագործության մասին, սակայն վստահեցնում ենք, որ այն արժանի է առավել խոր ու բազմակողմանի ուսումնասիրության: Այդպիսի առիթներ, իհարկե, կունենանք Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանում անցկացվելիք տարատեսակ միջոցառումների ընթացքում, որոնց շնորհիվ հայ հանրությունը հնարավորինս լիարժեք կիրազեկվի «Հովնան մեծատուն»դրամայի մասին:

Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ
Դ. Դեմիրճյանի տուն-թանգարանի վարիչ

Կարդացեք նաև