ՇՈՒՇԻԻ ԹԱՏՐՈՆԸ / Ալիս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Ո՞ւմ գլխով է երբևէ անցել այն ծուռ գաղափարը, թե թատրոնը մեռնում է կամ երբևէ կարող է մեռնել: Կեղծ, անիմաստ գաղափար: Նույնն է, թե ասես՝ առագաստանավը, շոգեքարշը, կառքը մեռնում են… ուրեմն նավագնացությունը, երկաթուղիները, ուղևորների և բեռների փոխադրությունը մեռնում են կամ մեռել են արդեն…
Թատրոնը չի մեռնի այնքան ժամանակ, քանի դեռ մարդը ի վիճակի է և ուզում է իրեն տեսնել դիմացից, կողքից, ներկայում, անցյալում, ապագայում, պատրաստ է դեմ հանդիման կանգնել իր առաքինությունների ու արատների հետ: Որ մենք թատրոնի ազգ ենք և տեղներովս թատրոն ենք, պատմությունն է վկայում՝ իր բազում փաստերով ու փաստարկներով… Խոսքն այսօր ոչ այնքան թատրոնի, որքան թատրոնի կարևորության մասին է… Ավելի կոնկրետ՝ Շուշիի թատրոնի:
Թատրոնը, ինչպես և արվեստի մյուս բոլոր տեսակները, զարգանալու, նորանալու ու հաղթարշավելու բազում հնարավորություններ ունի այսօրվա գերտեխնիկայի պայմաններում: Եվ նույնիսկ «ստվերների թատրոնին» կարելի է ֆանտաստիկ հրապույրներ հաղորդել: Որոշ դեպքերում և վայրերում մշակութային կյանքից կտրված, առօրյայից հոգնած, ձանձրացած հանդիսականին կարելի է բերել նույնիսկ ամենատարրական հնարավորություններն ունեցող թատրոն, եթե դրա շուրջը մի քիչ ջերմություն և շունչ ստեղծվի: Այն, ինչ կարողանում էին անել մեր նախնիները, երբ իրենց սիրողական խմբերի գլուխն անցած՝ շրջում էին ու հաճախ բեմական անհարմարությունները հաշվի չառնելով, ժողովրդի մեջ արթնացնում, բորբոքում, կրթում էին թատրոնի սերը: Մանավանդ որ բոլորս արդեն հոգնել ենք հեռուստատեսային անբնական, անբույր ու անգույն տեսլարաններից. բնական հնչողության, կենդանի շփման կարոտ ենք մնացել:
Շուշին՝ փափուկ, կանացի քնքշություն պարունակող անվանում ունեցող այս քաղաքը, 19-րդ դարի եարկրորդ կեսին և 20-րդ դարի սկզբին մշակութային կենտրոն լինելով՝ պարբերականների, հեղինակավոր ուսումնական կենտրոնների շարքում չէր կարող թատրոն չունենալ: Սրա անհրաժեշտությունը և կարևորությունը պետք է հասկանային մեր ազգակիցները, ինչպես Պոլսում, Թիֆլիսում, Բաքվում է եղել՝ ամենաանհնարին պայմաններում կարողացել են հիմնել ու առաջ տանել թատերական արվեստը: Շուշիում էլ գտնվեց թատրոնի մի մեծ սիրահար, որ նաև մեծահարուստ էր: Դա Մկրտիչ Խանդամիրյանն էր, որի անունով արժանավորապես կոչվում է ներկայիս պետական թատրոնը:
Շուշի, որտեղ 19-րդ դարում բնակչության գերակշիռ մասը, հավանական է՝ նաև թատերասերների հիմնական շրջանակը հայերն էին կազմում: Պետրոս Ադամյանը 1862 թ.-ին եկավ հյուրախաղերի, մնաց մոտ մեկ ամիս և իր բազմազան խաղացանկով մեծ խանդավառություն առաջացրեց: Խանդամիրյանի հիմնած ակումբը, որտեղ Շուշիի սիրողական թատերախումբն անցկացնում էր իր փորձերը, փայտաշեն էր և հրո ճարակ դարձավ: Թատրոնի սերը Խանդամիրյանին մղեց ավելի լուրջ ու հաստատուն շենք կառուցելու: Գեղեցիկ շինությունն իր պատվավոր տեղը գտավ Ղազանչեցոց եկեղեցու կողքին: Հիմա այդ շինությունից ոչինչ չի մնացել: 1905 թվականին հայերի և կովկասյան թաթարների միջև տեղի ունեցած արյունալի իրադարձություններից հետո, բազմաթիվ այլ շինությունների հետ, ոչնչացվեց նաև Շուշիի զարդը կազմող այս թատրոնի շենքը: Թատրոն, որի խաղացանկը թարմացվում էր, բազմազան էր… Միայն պատկերացնելն իսկ հուզմունք է պատճառում, թե ինչպես էին հայ ընտանիքները զուգվում-զարդարվում, կառքերով կամ գեղեցիկ սալահատակված փողոցներով սիգաճեմ քայլելով, դիմում թատրոն… Մի թատրոն էլ պետք է որ դա եղած լիներ:
Այսօրվա պետական թատրոնի հիմքերը դրվել են Արցախի ազատագրումից մոտ 5 տարի անց: Կարելի է ասել՝ այս ընթացքում Շուշիում 3 թատրոն էր գործում: 1995-ին Երևանից այստեղ են գալիս Կարինե Մաղաքյանը, Ռոբերտ Աղաջանյանը և Երվանդ Մանարյանը՝ Տիկնիկային թատրոնի հիմքերը դնելու: «Ագահ փայտահատներ» ներկայացումը ցուցադրում են դպրոցի շենքում՝ իրենց տիկնիկներով: Մեկնելիս՝ տիկնիկները և բեմահարդարանքը թողնում են Շուշիում: Կարինե Մաղաքյանն սկսում է տիկնիկավարների խումբ ձևավորել: Զավեշտական, բայց ուսանելի է, որ երեխաներին տալիս է մի լրագիր և հավաքագրում նրանց, ովքեր քիչ թե շատ վարժ էին կարդում: Մի սեփական տան մեջ սկսվում են «Պոչատ աղվեսի» փորձերը: Հավաքված մոտ 30 երեխաների համար թատրոնը արդեն դառնում էր սեր, հիվանդության պես մի բան, որ մինչև հիմա պահպանվել է շատերի մեջ: Նրանցից երկուսը՝ դերասան Նվեր Ղարաբեկյանն ու թատրոնի տնօրեն Աշխեն Հարությունյանը առ այսօր թատրոնում են:
2008-ին Շուշիում արդեն 3 թատրոն կար՝ Ե. Մանարյանի անվան տիկնիկային, Սոս Սարգսյանի անվան մանկական և Դրամատիկական: Դեռ հիմնական շենք չկար: Փորձերն անց էին կացնում Կարինե Մաղաքյանի և Ռոբերտ Աղաջանյանի տներում (մյուս թատրոններն այլ տեղերում էին փորձերն անում): Վերջինիս փաղաքշական և բոհեմական անվանումը «Ռոբերտանոց» էր:
2008 թ. Արցախի կառավարությունը որոշեց միավորել երեք թատրոնները: Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան թատրոնից՝ որպես գեղարվեստական ղեկավար և տնօրեն հրավիրվեց Արցախի Հանրապետության ժողովրդական արտիստ Լեոնիդ Հարությունյանը: Նա մեծ դժվարությամբ բեմադրեց Վ. Սարոյանի «Հե՜յ, ով կա այդտեղը», որը «քաղաքական նկատառումներով» որոշ ժամանակ մնաց փակի տակ: Եթե նորից մի քանի անգամ կարդաք այս պիեսը, միևնույնն է՝ չեք հասկանա, թե ազատագրված Արցախում տվյալ տեքստի մեջ ի՞նչ «քաղաքական նկատառում» կարող է լինլ: Ի վերջո այն խաղացվել է:
Հիմնականում գործում էր տիկնիկային խումբը, թատրոնը ամեն տարի մասնակցում է ՀՀ-ում կազմակերպվող միջազգային փառատոների, իսկ 2008 և 2010 թվականներին տիկնիկավար Նվեր Ղարաբեկյանըը հաղթող ճանաչվեց «Լավագույն տիկնիկավար» անվանակարգում՝ «Երեք խոզուկների» գայլի դերակատարման համար: Այս գայլը երեխաների սիրելին էր. ներկայացումների ընթացքում բոլորը փորձում էին օգնել նրան, հանել վատ վիճակներից:
Թատրոնն իր ծաղկունքն ապրեց մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանի օրոք: Հետո նրան նշանակեցին Գիտության, կրթության և սպորտի նախարար: Նա Ռուսաստանից հրավիրել էր ներկայիս Նարեկացի կենտրոնի տնօրեն Հայկ Պապյանին (այս կենտրոնն այժմ Շուշիի ամենագործուն, ստեղծագործական օջախներից մեկն է, եթե ոչ՝ ամենածաղկունը): Ն. Աղաբալյանի աջակցությամբ մեծ հաջողությամբ բեմադրվեց «Արագիլն ու խրտվիլակը» խամաճիկային ներկայացումը: Բեմադրվեցին նաև «Դաս կանանցը» (ռեժ. Գևորգ Սարգսյան), «Եղերապատումը» (ըստ Պ. Սևակի «Եռաձայն պատարագի», ռեժ. Լեոնիդ Հարությունյան) և մոտ 2 տասնյակ ներկայացում՝ տիկնիկային, ԷՍՍԷ, պոեզիա, «Սասունցի Դավիթը»: Վերջինը շատ ինքնատիպ մի ներկայացում էր: Դերասանները շուրջանակի նստում էին աթոռների վրա և խաղի ընթացքում կերպարանափոխվում՝ դառնալով էպոսի այլևայլ կերպարներ:
Այսօր Մ. Խանդամիրյանի անվան պետական թատրոնը գործում է նորակառույց Մշակույթի տանը: Ցավոք, այն հեռու է 19-րդ դարի խանդավառությունն ու հրապույրն ունեցող մշակութային վայրը լինելուց ու թեև ունի գեղեցիկ բեմ, դահլիճ, բայց զուրկ է տարրական հարմարություններից՝ բեմական լույսերից, հնչյունային սարքավորումներից, ավտոբուսից կամ գոնե մի մարդատար ավտոմեքենայից, սակավ են դերասանական և այլ հաստիքները ու շատ ցածր վճարվող, նկարիչը հրավիրվում է Երևանից, աղքատիկ է խաղացանկը: Մի ժամանակ եղել է գեղարվեստական խորհուրդ, իսկ հիմա չկա:
Թատրոնի ներկայիս տնօրենը՝ Աշխեն Հարությունյանը, որ թատրոնում է դեռ մանկուց՝ որպես տիկնիկավար-դերասանուհի, պետք է այս միաձույլ թատերախմբի հավասար անդամը լիներ: Բայց նրա միահեծանությունը, քմահաճ վերաբերմունքը հաճախ խանգարում է ռեժիսորի, դերասանի, անգամ ձևավորող նկարչի աշխատանքներին և խմբի անդամների կարծիքով ամեն ինչ տանում է սխալ ուղղությամբ:
Թեև ամեն օր նշանակված ժամին թատրոնի 7 դերասանները լինում են թատրոնում, մասնակցում են փորձերին, թատերախումբն այժմ «տեղում քայլքի» դժվարին պահ է ապրում: Թատրոնի ռեժիսոր Վլադիմիր Գևորգյանը երազում է ժամանակակից պիեսներ բեմադրել: Հարկ եղած դեպքում հանդես է գալիս որպես դերասան («Անահիտ» ներկայացման մեջ կատարում էր Վաչագանի դերը):
Բարեբախտաբար, կան հայրենասիրական մղումներով Շուշի՝ հյուրախաղերի եկող դերասաններ, խմբեր, ռեժիսորներ… Վերջերս Նարեկացու կենտրոնում էր Սոս Սարգսյանի անվան թատրոնի առաջատար դերասանուհի Նարինե Գրիգորյանն իր «Ճամպրուկով», որն արդեն հասցրել է նվաճել հանդիսատեսի մեծ սերը: Երևանից եկած ռեժիսոր Էդգար Թաթիկյանը թատրոնում բեմադրում է «Հրաշք թիվ 26» մնջախաղը:
Այս ամենի հիմնական պատճառներից մեկն, իհարկե, Շուշիի բնակչության սակավությունն է, նաև ժողովրդի՝ իր խոսքն առաջ տանելու անվճռականությունը, որոշ առումով, ընկճվածությունը: Բայց եթե թատրոնը վերագտնի իր հրապույրն ու գտնի իր ասելիքը, իր հումորը, իր սրտակցությունը, անպայման դեպի այս կողմ կձգվեն հանդիսականները Ստեփանակերտից, Արցախի ու Հայաստանի մյուս քաղաքներից, գյուղերից: Եվ հյուրախաղերի կուզենան գալ մեր թատերախմբերն իրենց լավագույն ներկայացումներով:
Շուշիիի՜, բարեհո՜ւնչ, բարի՜, հերոսական Շուշի, դու արժանի ես, որ քո օրերը լիանան տոներով, և իհարկե թատրոնի մեծ տոներով…

Կարդացեք նաև