Խաչիկ ՉԱԼԻԿՅԱՆ / ԵՎԱՅԼՆ… կամ ՃԵՐՄԱԿ ՔԱՌԱԿՈՒՍԻ

(Ըստ Գաբրիել Սունդուկյանի)

Կորտասարի մոտ կարդում ենք՝
«Երկու անգամ երկու հավասար է չորսի, գումարած՝ հաշվողը»…
Ի վերջո, ո՞րն է գումարի սահմանը և ինչ է այդ եզրագծից անդին:
Արևմտյան քաղաքակրթությունը այդ եզրագծին հայտնաբերեց աբսուրդը, որը լի է տագնապով ու հուսահատությամբ… ի վերջո, ամենուր
հանգելով սև քառակուսու: Այլ է հայոց պարագան, ուր
ըմբոստությունն անգամ կարող է սիրո տոնի վերածվել:
Տրամաբանությամբ քառակուսին չես հաղթահարի: Եթե պատուհանի քառակուսուց նայում ես երկնքին, չի նշանակում, որ այն քառակուսի է:
Սունդուկյանի մոտ աբսուրդի քառակուսին ճերմակ է, լցված սիրով, միամտության հասնող բարությամբ:Նա անսահման սիրում է իր
կերպարներին, ինչի պատճառով
բացասական հերոսները նրա մոտ չեն ստացվում:
Անավարտ լինելու շնորհիվ այս միտումները հատկապես նկատելի են նրա «Եվայլն, կամ նոր Դիոգինէս» անավարտ պիեսում, ինչը փորձի հնարավորություն է ընձեռել պատուհանի ճերմակ քառակուսուց դիտել Սունդուկյանին ու նրա հերոսներին:

Գործող անձինք
ԵՎԱՅԼՆ — նույն ինքը՝ ԽՈՐԸ, նույն ինքը՝
Գաբրիել Սունդուկյանը
ՄՈՍԵՍ — թիֆլիսյան վաճառական
ՆԻՆՈ — նրա կինը
ՂԱՂՈ — Մոսեսի եղբայրը
ՍԵՐԳՈ — տան ծառայողը, նույն ինքը՝
Ալեքսանդր Մակեդոնացին

Բեմը քաղքենիորեն ճոխ, ոչ այն է՝ ննջարան է, ոչ այն է՝ պարտեզ: Այգուն հատուկ նստարան և լուսատու, ճոճանակ, մահճակալ, ջահ, հայելի: Հնչում է հանդիսավոր խմբերգ. երգողը Խորն է՝ Գաբրիել Սունդուկյանը: Բարձրահասակ է, դեղին տրիկոյով, ժանեկազարդ ժիլետով, փարթամ կարմիր կեղծամով:
ԳԱԲՐԻԵԼ — (իր իսկ երգին զուգընթաց): «Մենք նույն նյութից ենք շինված, ինչ մեր երազները»… Մեր նախերգի համար ցանկալի կլիներ, որ այս խոսքերը պատկանեին ինձ՝ պարոն Գաբրիել Սունդուկյանցիս… Ինչպես և Շեքսպիրի մյուս մտքերը, ինչո՞ւ ոչ, նաև՝ պիեսները, սոնետները… Բայց ես չունեմ Դիոգենեսից եկող՝ լապտերով օրը ցերեկով մարդ փնտրելու մոլորությունը: Սունդուկյանցական իմաստությունն առավել անառարկելի է. «Վուրդի հիվանդ ու նեղսրտած կա, թե՝ մարդ, թե՝ կնիկ, Աստուձ նրանցը ջան տա ու առողջութին, ու իրանց ցավեմեն՝ ազատութին»: Ամեն ինչ ասված է, մնացյալը՝ ճերմակ լռություն է: Ինչևէ, ահա և սահուն անհրաժեշտությամբ առնչվեցինք բուն նյութին. «ԵՎԱՅԼՆ… կամ՝ ՃԵՐՄԱԿ ՔԱՌԱԿՈՒՍԻ»: Արարված առաջին: (Նրա նկարագրությունը մասամբ է համապատասխանում իրականությանը:) Բեմը ներկայացնում է շքեղ հյուրասենյակ Մոսեսի տանը: Երեք դուռ՝ մեկ, երկու, երեք… Աջից՝ մեծ լուսամուտ, վենետիկյան կահկարասի, առաստաղից կախված է բյուրեղապակյա ջահ, հատակին՝ արևելյան շքեղ գորգ, սեղան, բազկաթոռ, բազմոց: Պատերին՝ ոսկեզօծ շրջանակներով նկարներ… (Խմբերգը լռում է:) Իմ անտիպ գրառումներից կարող եք տեղեկանալ, որ օրերից մի օր, տիկնոջս՝ Սոֆիայի հետ, բարեկամներիցս մեկի տանը հրավիրված էի ճաշի, ուր հյուրասենյակի պատին կախված երկու նկար գրավեցին ուշադրությունս: Նկարներից մեկում պատկերված էր տակառի վրա կանգնած մի երիտասարդ, ով ձեռքի ծաղկեփունջը պարզել էր պատշգամբում կանգնած գեղեցկուհուն:
Վերևից իջնում է ճերմակ, մաքուր պաստառ:
Ահավասիկ, այդ ցնցող պատկերը… Մտքի ինչպիսի խելահեղ թռիչք: Բնականաբար, այն չէր կարող չշանթահարել մեծ մտածողիս երևակայությունը: Սա դեռ ամենը չէ: Առավել ցնցող էր երկրորդ նկարը: Բայց այդ մասին ավելի ուշ:
Այն, ինչ ասվեց, իր անզարդ խիզախման մեջ արդեն իսկ վեր է մեր ըմբռնումից: Այս պարագայում մնացյալը՝ երաժշտություն է: (Ընդհատված խմբերգը վերսկսվում է. Գաբրիելի աչքերը սառել են, բնազդորեն շարունակում է:) Հայելի, արծաթե աշտանակներ, թավշե վարագույրներ, ծաղիկներ, ծաղիկներ… Իրիկնամուտ… Հսկայական ժամացույցը ցույց է տալիս ճիշտ ժամը վեցը: Աչքերս սառեցին, մարդ է գալու:
Հայտնվում է Սերգոյին փնտրող Մոսեսը:
ՄՈՍԵՍ — Սերգո՛, Սերգո՛…
ԳԱԲՐԻԵԼ — Խիլքս գնում է խցկվիլ հերոսներիս կյանքի մեջ, լինել նրանցից մեկը, խառնվիլ նրանց նիստուկացին… Յիս նրանց ջանին ղուրբան:
ՄՈՍԵՍ — Սերգո՛… Այ տղա Սերգո՛…
ԳԱԲՐԻԵԼ — Սերգո. տան ծառայողը: Իսկական անունը Սաշիկ է, բայց Սերգո են ասում:
ՄՈՍԵՍ — (նկատում է Գաբրիելին): Իյա… Մեղա քեզ, Տեր, սա՞ ով է… Ո՞վ իս: Տո, ձեն հանի, մունդռիկ, ո՞վ իս…
ԳԱԲՐԻԵԼ — Ես… Ես Խորն եմ:
ՄՈՍԵՍ — Էդ ի՞նչ բան է:
ԳԱԲՐԻԵԼ — Խորը՝ ներկայացման երգչախումբը:
ՄՈՍԵՍ — Բա որ Խորն ես, ընչի՞ չես երգում:
ԳԱԲՐԻԵԼ — Կուզեմ՝ կերգեմ, կուզեմ՝ չեմ երգի:
ՄՈՍԵՍ — Վո՞ւնց թե… Էդ ես պիտի ուզեմ:
ԳԱԲՐԻԵԼ — Հրամանքդ… Բայց ես լսողություն չունեմ:
ՄՈՍԵՍ — Հետո՞ ինչ… Ղաղոն էլ չունի, բայց թթի ղշի պես ճլվլում է:
ԳԱԲՐԻԵԼ — Հա, գիտեմ, Ղաղոն քո եղբայրն է:
ՄՈՍԵՍ — Ղաղոյին ո՞վ չգիտի… Երգի՛:
ԳԱԲՐԻԵԼ — Ի՞նչ…
ՄՈՍԵՍ — Երգի՛, ասում իմ:
Գաբրիելը երգում է հայտնի օպերային արիա: Հաջորդող տեսարանում նրա երգը ընդհատումներով շարունակվում է:
ՄՈՍԵՍ — Սերգո՛, այ տղա, ի՞նչ էղար… Տո գեդնի տա՞կն անցար…
ՍԵՐԳՈ — (ասես գետնի տակից հևասպառ հայտնվելով): Հը՞…
ՄՈՍԵՍ — Էստի ի՞ս… Տո, ձե՛ն հանի, էլի, մունդռիկ… (Գաբրիելին.) Դու էս հանգի մարդ ռաստ էղած կա՞ս. չի՛ խոսում:
ԳԱԲՐԻԵԼ — Խոսել չգիտի՞:
ՄՈՍԵՍ — Տո, վո՞ւնց չգիտի… Ամա սպանես, ձեն չի հանի: (Սերգոյին.) Տո, ի՞նչ իս դեմս ցցվիլ, ռա՛դ էլի աչքեմես: (Սերգոն չքվում է:) Էս էլ՝ էսպես: (Նայում է Գաբրիելին, վերջինս շարունակում է ընդհատած երգը: Կանչում է կնոջը:) Նի՛նո, Նինո՛…
ԳԱԲՐԻԵԼ — Նինո՝ սաստիկ գեղեցիկ կին… Belle dame: Մարմնացյալ հրեշտակ, տեղական տարազով:
ՄՈՍԵՍ — Նինո, վայ քու ջիգրը իմ շլնքին: Հեստի բան բերիմ գլխիդ, վուր գիդենաս ոչ…
ՆԻՆՈ — (հուզված ներս նետվելով): Օկտեցեք, մեռա…
ԳԱԲՐԻԵԼ — Սաստիկ գեղեցիկ կին, հովանոցը ձեռքին:
ՄՈՍԵՍ — Տո, զահրումար… Ի՞նչ խաբար է: (Գլխարկը խփում է հատակին, հետո վերցնում, դնում է գլխին:)
ԳԱԲՐԻԵԼ — Մոսես, նրա ամուսինը՝ վաճառական: Ֆուրաժկան գլխին, գետնին, նորից՝ գլխին: Նինո՝ գեղեցկագույն տիկին:
ՆԻՆՈ — Օկտեցեք, մեռա… (Ընկնում է Գաբրիելի գիրկը, վերջինս ակամայից երգում է:)
ՄՈՍԵՍ — Իյա՜… (Կնոջը վերցնելով նրա գրկից:) Տո, աննամուս, սսկվի ու ռա՛դ էլի:
ԳԱԲՐԻԵԼ — Ազնվագույն հրեշտա՜կ… (Համբուրում է Նինոյի ձեռքը, Նինոն ապշած նրան է նայում: Գաբրիելը հեռանում է:)
ՄՈՍԵՍ — Նինո, ի՞նչ խաբար է, օխնած հոգի, լիզուդ ի՞նչ էղավ:
ՆԻՆՈ — (լացելով): Էսենց էլ բան կուլի, թե մարդ իր տանեմեն չկանենա ոտը դուս դնի:
ՄՈՍԵՍ — Հը, ի՞նչ է էլի… Տո, օխնած, ձե՛ն հանի… Դե, ասա ու պրծի՛:
ՆԻՆՈ — Սիվնա նրա օրը: Վուր գիդենաս ինչեր ասավ, Աստուձ գիդնա, մաս-մաս կոնիս:
ՄՈՍԵՍ — Վա՜հ…
ՆԻՆՈ — Էստուրն էլ վուր համփիրիս, էքուց էլօր փիս-փիս բանիր կու դուս գա:
ՄՈՍԵՍ — Նինո ջան, մե ասա տեսնիմ, ի՞նչ իս ասում:
ՆԻՆՈ — Էլ ի՞նչ պիտի ասիմ… Գեդինը պադռե ու ինձ դևեր տանե… Չես գիդի, ասում է, թե ինչ հանգն իմ քիզ սիրում:
ՄՈՍԵՍ — Վունց թե, դրո՞ւստ իս ասում…
ՆԻՆՈ — Գիշերով քուն չունիմ ու ցերեկը մութն է ինձ համա առանց քիզ, կոսե…
ՄՈՍԵՍ — Վայ, ես նրա, լածիրակ…
ՆԻՆՈ — Սիրտս կրակ է ընգե…
ՄՈՍԵՍ — Լավ, հերի՛ք է:
ՆԻՆՈ — Կրակ է ընգե ու էրում է, կոսե…
ՄՈՍԵՍ — Ասի՝ ձենդ կտրի՛:
ՆԻՆՈ — Էնպես էրվի նրա ջիգրը, վուր ես գիդենամ:
ՄՈՍԵՍ — Թու՜… (Գլխարկը գետնովն է տալիս:)
ՆԻՆՈ — (գլխարկը վերցնում է, դնում Մոսեսի գլխին): Ամա ես ինչ միղ ունիմ:
ՄՈՍԵՍ — Էս սհաթիս գնամ, ակռքնիրը ջարդուփշուր անիմ, թո՜ւ… (Գլխարկը նորից գետնովն է տալիս, ապա Նինոյի ձեռքից խլում է գետնից նրա վերցրած գլխարկը, խնամքով դնում գլխին:) Ամա խալխն ինչ կոսե… Յա, էս գդակը էլ ինչի է գլխիս: (Գլխարկը նորից մի կողմ է նետում:) Սերգո՛, Սերգո՛…
ՍԵՐԳՈ — (հևասպառ հայտնվելով): Հը՞…
ՄՈՍԵՍ — Վազի գդակս բեր:
ՆԻՆՈ — Մոսես ջան, սիրտս շուռ մի տա, գանա առանց ծեծիլ չի՞ս կանա նրա ջիգրը հանի:
ՄՈՍԵՍ — (Սերգոյի ձեռքից գդակը խլելով): Ռա՛դ էլի գլխեմես:
Սերգոն հեռանում է:
ՆԻՆՈ — (ցածրաձայն հեկեկում է): Ախր, ես ինչ անիմ:
ՄՈՍԵՍ — Ձե՛նդ…
ՆԻՆՈ — Էն անիծածի ջիգրը հերիք չի, դուն էլ իս ջիգրվում:
ՄՈՍԵՍ — Ձե՛նդ, ասում իմ:
ՆԻՆՈ — Ես ի՞նչ միղ ունիմ:
ՄՈՍԵՍ — Ինչ միղ ունիմ. էն միղն ունիս, վուր դուն նրանց տուն վուտդ իսկի չպիտի դնեիր: Չես գիդի, վուր էդ թավուրներուն էրես շանց տաս, գլխիդ էլ կու նստին:
ՆԻՆՈ — Բաս հորեսի դենը ասկականներես էլ կտրվիմ, էլի:
ՄՈՍԵՍ — Ասկական, ասկական… Ի՞նչ ասկական, էդ ասկական է՞… Քո բիձու տղի կնկա ախպոր աներոջ իշու գեղի զարհումարն է… Նրանց գլուխն էլ էնդի անիծվի, վուր գիդենամ:
ՆԻՆՈ — Ամա, ես ի՞նչ անիմ…
ՄՈՍԵՍ — (պատուհանից դուրս է նայում): Է՛ստի արի… Չեմ խփի, արի՛: Մի տես, նա չէ՞:
ՆԻՆՈ — Նա կուլի:
ՄՈՍԵՍ — Վո՞ւնց թե՝ նա կուլի:
ՆԻՆՈ — Բաս ո՞վ կուլի: Ասավ, վուր ակուշկեմեն դուս մտիկ արա, վուր քիզ տեսնիմ, կոսե, թե չէ՝ ճլերք կու ննգնիմ, կոսե…
ՄՈՍԵՍ — Վո՞ւնց թե…
ՆԻՆՈ — Ճլերքն ննգնի նրա ջանը, վուր գիդենամ:
ՄՈՍԵՍ — Սերգո՛, Սերգո՛…
ՍԵՐԳՈ — (վազքով հայտնվելով): Հը՞…
ՄՈՍԵՍ — Հը ու ջան… Չոքի՛: (Սերգոյին ծնկի է բերում, նստում ուսերին:) Վե՛ր կաց… (Պատուհանից բղավելով:) Պարո՛ն, հե՜յ, պարո՛ն…
ՆԻՆՈ — Էտ ինչ իս անում:
ՄՈՍԵՍ — Անո՞ւմը…
ՆԻՆՈ — Ախր, Մոսիկ ջան…
ՄՈՍԵՍ — Էդ հառամզադի անո՞ւմը…
ՆԻՆՈ — Եվայլն:
ՄՈՍԵՍ — Ասում իմ՝ անո՛ւմը:
ՆԻՆՈ — Դե ասի, էլի՝ Եվայլն:
ՄՈՍԵՍ — Ի՞նչ… Էդ ինչ ռանգի անում ա… (Սերգոն ծիծաղում է:) Ձե՛նդ… (Պատուհանից բղավում է:) Հե՛յ, պարո՛ն Եվայլն…
ՆԻՆՈ — Վայ, Մոսես, Մոսես… էտ ի՞նչ իս անում:
ՄՈՍԵՍ — Սո՛ւս կաց… Պարո՛ն Եվայլն… Ախ, ես քու… Չի լսում, խուռը դումիտումն է: Սե՛րգո, Սերգո՛… Ուր կորավ էդ մարդը: Սերգո՛, Սերգո՛…
ՆԻՆՈ — Ներքիվդ է:
ՄՈՍԵՍ — Գնա, կանչե, չուստ արա:
ՆԻՆՈ — Սերգո, վիրև նայի:
ՄՈՍԵՍ — (նկատելով Սերգոյին իր տակին): Սերգո… Էստի ի՞ս… Տո, ձեն հանի, մունդռիկ, ասա՝ հը՞…
ՍԵՐԳՈ — Հը՞…
ՄՈՍԵՍ — Հը ու ջան… Ռադ էղի: (Սերգոն, Մոսեսը ուսերին, դուրս է շտապում:) Այ տղա, մուլափ, ինձ տե՛ղը դի: Ախ, վունց իմ հերսոտած… (Սերգոյի ուսերից իջնելով:) Մոդ արի… Սերգո, էն մայթին կայնած տղին տենում ի՞ս:
ՍԵՐԳՈ — Հա՛:
ՄՈՍԵՍ — Էս սհաթիս վազի, ասա, վուր իրեն ձեն իմ տալի: (Սերգոն դուրս է վազում:) Էտ ի՞նչ աննամուս շոր իս հագի:
ՆԻՆՈ — Քու հավնած դերյան ի:
ՄՈՍԵՍ — Ձե՛նդ…
ՆԻՆՈ — Ամա ես ինչ միղ ունիմ:
Սերգոն հևալով վերադառնում է:
ՄՈՍԵՍ — Հը՞, խոսա՛, ի՞նչ կա… Տեսա՞ր… Ասի՞ր…
ՍԵՐԳՈ — Հա:
ՄՈՍԵՍ — Ինքն ինչ ասավ:
ՍԵՐԳՈ — Ասավ՝ հը՞…
ՄՈՍԵՍ — Հա, ուրեմն գնա, ասա, վուր տուն հրամե:
ՍԵՐԳՈ — Հա: (Գնում է:)
ՆԻՆՈ — Վայ, Աստուձ, էտ ի՞նչ իս անում:
ՄՈՍԵՍ — Սե՛րգո, Սե՛րգո… (Սերգոն ետ է գալիս:) Ասա, վուր Նինո՛ն է կանչում:
ՍԵՐԳՈ — Հա:
ՆԻՆՈ — Վո՜ւյ մե… Ի՛նձ ուր իս խառնում, գեդինը մտնիմ, պրծնիմ:
ՄՈՍԵՍ — Սերգո, մո՛ւլափ, մե հատ էլ հաստ փեդ բե հիտդ, ջանը պիտի դրստիմ:
ՍԵՐԳՈ — Հա: (Գնում է:)
ՆԻՆՈ — Ախ, Աստուձ, ախր ի՞նչ իս անում, խայտառակ հո չի՞ս…
ՄՈՍԵՍ — Քու բա՛նը չի, ես իմ անելիքը գիդիմ:
ՆԻՆՈ — Ախր, Մոսիկ ջան…
ՄՈՍԵՍ — Թո՛ղ մե… Կնիկարմատի ձեռնեմեն մեկը չէ խարաբ էլի ու էրկուսը…
ՆԻՆՈ — (պատուհանից նայելով): Կատարյալ ախմախ, ուրախ-ուրախ վազում է դեսը:
ՄՈՍԵՍ — Հեստի բան բերիմ գլխին, որ իր օրումն էլ մտեն չննգնի:
ՆԻՆՈ — Վույ, գե՛դինը մտնիմ: (Ուզում է հեռանալ:)
ՄՈՍԵՍ — (կասեցնում է): Ո՞ւր իս փախչում, էստի կաց, պիտի քու առչիվը մե լավ քոթակիմ:
ՆԻՆՈ — Աբա էտ ինչ մարդկութին է, քու տանը վուր չանիս էտ բանը, էլ օչով տեղ չկա՞…
ՄՈՍԵՍ — Ձե՛նդ… Ասկակա՜ն…
Ներս է մտնում Եվայլնը. Գաբրիելն է, առանց կեղծամի: Ետևից հայտնվում է Սերգոն: Մոսեսը այլ բան չգտնելով, նետվում է բազմոցին ու… խռմփացնում: Պաստառը դանդաղ վեր է բարձրանում:
ԳԱԲՐԻԵԼ — (համբուրում է Նինոյի ձեռքը): Ախ, աննման արարած, թույլ տվեք մի անգամ ևս հավաստել իմ անկեղծ սերը, հիացումը, նվիրումը…
ՆԻՆՈ — (ձեռքն ազատելով): Հեռացե՛ք շուտով:
ԳԱԲՐԻԵԼ — (ինքնագոհ ճեմելով): Եվա՛յլն. նրբակազմ, հմայիչ, տաղանդավոր երիտասարդ, նրբաճաշակ եվրոպական հագուստով, ցիլինդրը ձեռքին, գլխին, նորից՝ ձեռքին… Պենսնեն՝ վզից կախ, ճերմակ ձեռնոցներով: (Նինոյին.) Օ, Belle dame… հավաստել իմ սերը, հիացումը, պաշտամունքը և այլն… Շարժումերը նրբագեղ են, բարեկիրթ…
Ակամայից նրանց միջև հայտնված Սերգոն նույնպես սկսում է… խռմփալ:
ՆԻՆՈ — Աղաչում եմ, հեռացե՛ք:
ԳԱԲՐԻԵԼ — Ինչպե՞ս թե… Ախր, ինքնե՛րդ եք հրավիրել:
Նրանց միջև ապուշի պես ցցված Սերգոյի խռմփոցը փոխվում է լացի: Նինոն ևս լալիս է: Գաբրիելը փորձում է նրան մխիթարել:
ԳԱԲՐԻԵԼ — Օ, մի լա… աննման հրեշտակ:
ՆԻՆՈ — Ախ, ի՜նչ հիմար վիճակ:
ՄՈՍԵՍ — (գլուխը ծածկոցի տակից հանելով, շարունակելով խռմփոցը, թաքուն դիմում է Սերգոյին): Փեդը, փեդը ո՞ւր է, բերի՞ր…
Նինոն ու Գաբրիելը ուշադիր նայում են Մոսեսին:
ԳԱԲՐԻԵԼ — (Սերգոյին): Ասում է՝ փեդը բերի՞ր…
ՍԵՐԳՈ — Հաա՜…
Սերգոն վազքով հեռանում է, Մոսեսը խռմփոցով նորից սուզվում է ծածկոցի տակ:
ՆԻՆՈ — Ա՛խ, Աստուձ…
ԳԱԲՐԻԵԼ — Ես կարծես կռահում եմ. դուք պարզապես անզոր եք ձեր զգացմունքի առջև, շփոթված ու ահաբեկված… Մի՛ հուզվեք, ի սեր Աստծո: Մի խոսք միայն, մի՝ այո, և ես կլինեմ երջանկագույնը բոլոր ասուններից:
ՆԻՆՈ — Թողե՛ք, Աստուձ կու սիրիք:
ԳԱԲՐԻԵԼ — Սիրում եմ ձեզ, սիրում եմ հավերժ ու անսահման…
Հայտնվում են մահճակալին, ուր խռմփացնում է Մոսեսը:
ՆԻՆՈ — Ի՞նչ իք անում, գժվիլ ի՞ք…
ԳԱԲՐԻԵԼ — Սիրտս ու հոգիս, փառքս ու պատիվս, կյանքս ու կայքս նետել եմ ձեր չքնաղ ոտքերի տակ:
ՄՈՍԵՍ — (անսպասելի վեր է թռչում): Ի՞նչ էղավ էդ անտեր Սերգոն:
ԳԱԲՐԻԵԼ — Սերգոն… գնաց փեդը բերելու: Հարգանքիս հավաստիքը, պարոն… Պատիվ ունեմ:
ՄՈՍԵՍ — Յի՛ս էլ… Համեցեք, պարոն, նստի՛: Նինո, ո՞ւր իս գնում: Էս պատվավոր մարդը շնորհ է բերի…
ԳԱԲՐԻԵԼ — Ինձ համար մեծ պատիվ է, պարոն:
ՄՈՍԵՍ — (Նինոյին): Նստի ու տեղեմեդ չժաժ գաս:
ՆԻՆՈ — (ժպիտով, շշուկով): Չխայտառակիս քու գլուխը, իմն էլ հիդը:
ԳԱԲՐԻԵԼ — Խոսքն ինչի՞ մասին է, չհասկացա:
ՄՈՍԵՍ — Վուչինչ, քու բանը չի:
ԳԱԲՐԻԵԼ — Հասկացա:
ՄՈՍԵՍ — Եվա՛յլն…
ԳԱԲՐԻԵԼ — Հրամանքդ, պարոն:
ՄՈՍԵՍ — Ուրեմն, դու Նինոյի ասկականն ես:
ԳԱԲՐԻԵԼ — Այո, պարոն, պատիվ ունեմ այս աննման գեղեցկուհու մտերիմ ազգականը լինել: Օ, chՌre femme…
ՄՈՍԵՍ — Իյա՜…
ԳԱԲՐԻԵԼ — Հրամանքդ, պարոն…
ՄՈՍԵՍ — Դուս է գալի, որ իմ կնկա ասկականը իմ ասկականն ա:
ԳԱԲՐԻԵԼ — Դա ինձ համար մեծագույն պատիվ է և այլն…
ՄՈՍԵՍ — Ի՞նչ փեշակ ունիս:
ԳԱԲՐԻԵԼ — Ես, պարոն, դրամատուրգ եմ… Մեծ դրամատուրգ:
ՄՈՍԵՍ — Էդ հո փողատե՞րն ա:
ԳԱԲՐԻԵԼ — Ի՜նչ տգիտություն. դրաման բարձրագույն գրական ժանր է:
ՄՈՍԵՍ — Էտ հո չհասկացա:
ԳԱԲՐԻԵԼ — Ես թատրոնի համար պիեսներ եմ գրում: Էս խաղն էլ, որ խաղում ենք, նույնպես ես եմ հեղինակել:
ՄՈՍԵՍ — Ես հարցնում իմ, ի՞նչ փեշակ ունիս:
ԳԱԲՐԻԵԼ — Գրող եմ, պարոն… Հայ թատրոնի սյուներից մեկը:
ՄՈՍԵՍ — Դե ասա, պարազիտ իս, էլի:
ԳԱԲՐԻԵԼ — (սրտանց ծիծաղում է): Լավ է ասված… Ձեր կերպարն ինձ խիստ համակրելի է:
ՄՈՍԵՍ — Էտ մինը հետո կերևա: Տո, էտ Սերգոն ի՞նչ էղավ:
ԳԱԲՐԻԵԼ — Հա, իսկապես, փայտը պիտի բերեր… Ոնց որ թե՝ եկավ:
Ներս է գալիս Ղաղոն:
ՄՈՍԵՍ — Շաշ-շաշ դուս ես տալի, էս հո իմ ախպերն ա՝ Ղաղոն:
ՂԱՂՈ — Բարով, բարի գուն ձիզ:
ԳԱԲՐԻԵԼ — Շատ ուրախ եմ, պարոն Ղաղո, Մոսեսի եղբայրը իմ եղբայրն է, և այլն…
ՂԱՂՈ — Է՞ս ով է…
ՄՈՍԵՍ — Նինոյի ասկականի ասկականը:
ՂԱՂՈ — Անո՞ւմը…
ՄՈՍԵՍ — Անումը՝ Եվայլն:
ՂԱՂՈ — Ի՞նչ, ի՞նչ… (Ծիծաղում է:)
ՄՈՍԵՍ — Ինչ ես ռեխդ բացե… Եվայլն, էլի, վա՛…
ՂԱՂՈ — Լսեցի, ամա Եվայլն անում կուլի՞:
Գալիս է Սերգոն, ձեռքին՝ հսկայական փայտ:
ՍԵՐԳՈ — Փե՛դը:
ՄՈՍԵՍ — (զննելով): Հա, լավ է, լավ է…
ԳԱԲՐԻԵԼ — Ապա տեսնեմ… Հա, լավ փայտ է, ամուր: Կաղնի՞ է…
ՍԵՐԳՈ — Չէ, փեդ է:
ՂԱՂՈ — Ի՞նչ խաբար է:
ՄՈՍԵՍ — Վուչինչ, Սերգոն չուգունի պլիտի համա փեդ ի առի, նմուշը բերել է, վուր տեսնիմ: Հա, լավն է, տար: Ռա՛դ էղի, ասի: (Սերգոն հեռանում է:)
ՆԻՆՈ — (վեր կենալով): Ես գնամ, ճաշը կրակին դնիմ:
ՄՈՍԵՍ — Վե՛ր նընգի տեղդ… (Նինոն նստում է:)
ԳԱԲՐԻԵԼ — Ես նաև լավ սեղանապետ կարող եմ լինել, այսինքն՝ թամադա:
ՂԱՂՈ — Տո, էս ո՞վ ա, ինչե՞ր ա խոսում… Մոսեսի մոտ էտ բանը մի՛ ասա:
ՄՈՍԵՍ — Մուլափ, Ղաղո… Ուրեմն, քեփ սիրում ի՞ս:
ԳԱԲՐԻԵԼ — Իսկ ինչո՞ւ՝ ոչ:
ՄՈՍԵՍ — Էտ հանգին, պարոն Եվայլն, յիս քիզ խնդրում իմ շնուրհ բերիս էս գիշեր իմ բախչեն, մետի Բարեկենդան անինք: Քեփ անինք, ուրախանանք:
ԳԱԲՐԻԵԼ — Ձեր քաղաքավարությունը, պատվելի, ինձ հիացնում է: Մեծագույն ուրախությամբ ընդունում եմ ձեր հրավերը, պայմանով, որ դուք էլ ձեր աննման տիկնոջ hետ բարեհաճեք շնորհ բերիլ իմ տուն:
ՄՈՍԵՍ — Ինչի չէ, ջեր դուք համեցեք, հալա…
ԳԱԲՐԻԵԼ — Խնդրեմ, պարոն Ղաղոն էլ կարող է գալ:
ՂԱՂՈ — Ի՞նչ կա որ… Մոսեսի հիդ թեկուզ ջանդամը կեհամ:
ԳԱԲՐԻԵԼ — Պատրաստ եմ հավաստել իմ սերն ու բարեկամությունը, մտերմությունը, նվիրումը, հավատարմությունը և այլն, և այլն…
ՂԱՂՈ — Տո, էս ի՞նչ հանգն ի խոսում:
Հուզված Նինոն վազքով հեռանում է:
ՄՈՍԵՍ — Նինո, ո՞ւր… (Հետևում է նրան, ապա մի պահ ետ դառնում:) Պարոն Եվայլն, ներող էղեք, հազար գործ ունիմ… և այլն… Թո՛ւ… Դուք զրից արեք, էս սհաթիս գալիս եմ:
Մոսեսը վազքով հեռանում է: Որոշ ժամանակ լուռ են:
ՂԱՂՈ — Եվա՛յլն…
ԳԱԲՐԻԵԼ — Հրամանքդ…
ՂԱՂՈ — Չէ, բան չունիմ ասելու… Եվայլն. մազալու անում է:
ԳԱԲՐԻԵԼ — Չե՞ք հավանում:
ՂԱՂՈ — Չէ… լավ բառ է:
ԳԱԲՐԻԵԼ — Եվ խորիմաստ: Յուր մեջ բազում չասված մտքեր կան:
ՂԱՂՈ — Դրուստ է, ամա մեր քաղքումը էտ հանգի խոսիլը մե քիչ չի անց կենում:
ԳԱԲՐԻԵԼ — Այո, պարոն, թերևս երկար տարիներ են պետք մեր ազգը քաղաքակրթելու համար:
ՂԱՂՈ — Հա, միր խալխն ուրիշ խալխ է: Մենք քէփին դենը էլ վուչինչ չենք գիդի:
ԳԱԲՐԻԵԼ — Դե, քեֆ ո՞վ չի սիրում, պարոն:
ՂԱՂՈ — Բաս, խաղի անգաճ դնիլ է՞լ սիրում կուլիս:
ԳԱԲՐԻԵԼ — Ուզում եք ասել՝ ե՞րգ… Անշուշտ: Ինչպե՞ս կարելի է երաժշտություն չսիրել: Ի՛նքս էլ սիրում եմ երգել, պարոն:
ՂԱՂՈ — Բաս, հրամանքդ, լավ շքասթա կու գիդենաս:
ԳԱԲՐԻԵԼ — Ոչ, ոչ… Այդ կարգի երգերին ես բարեբախտաբար ծանոթ չեմ:
ՂԱՂՈ — Հրամանքդ, վուրղանցի՞ ես:
ԳԱԲՐԻԵԼ — Ե՞ս… Ես հայ եմ և այլն…
ՂԱՂՈ — Մոսկով էլի՞լ իք:
ԳԱԲՐԻԵԼ — Մոսկվա, Պետերբուրգ… արտասահման:
ՂԱՂՈ — Արտասահման… Էդ ի՞նչ երկիր է որ:
ԳԱԲՐԻԵԼ — Եվրոպա, պատվելիս, Եվրոպա… Մի՞թե չգիտեք:
ՂԱՂՈ — Չէ, լսել իմ… Վո՞ւնց չէ: (Լուռ են:) Եվ, մեծարգո պարոն, արդյոք որքա՞ն ժամանակ ես ապրել այդ օտար վայրերում:
ԳԱԲՐԻԵԼ — Տարիներ, պարոն, տարիներ…
ՂԱՂՈ — Էտ խո խելի փո՞ւղ կու նստի:
ԳԱԲՐԻԵԼ — Համմե՞…
ՂԱՂՈ — Ասում եմ, դա պիտի որ ահռելի գումար արժենա:
ԳԱԲՐԻԵԼ — Իհա՛րկե, պարոն, շա՛տ շատ:
Երկար, անհաճո լռություն:
ՂԱՂՈ — Բակլե՞ն է էժան էնդի, թե՞ լոբին:
ԳԱԲՐԻԵԼ — Ի՞նչ… Բակլան ի՞նչ է:
ՂԱՂՈ — Բակլե՞ն… Դե, լոբու հանգի մե բան ի… Ընդավորաց ցեղիցը:
ԳԱԲՐԻԵԼ — Պարզ է:
ՂԱՂՈ — Լոբուցը խոշոր է, բայց ուշ է էփում… Սարթ է:
ԳԱԲՐԻԵԼ — Հասկանալի է:
ՂԱՂՈ — Բայց ավելի էժան է: Լատինացիք ասում են՝ Faba vulgaris:
ԳԱԲՐԻԵԼ — Հա՛:
ՂԱՂՈ — Հա ու ջան: (Լուռ են:) Լոբին ու բակլեն՝ ոնց որ բադն ու սագը:
ԳԱԲՐԻԵԼ — Այսի՞նքն…
ՂԱՂՈ — Բակլեն սագն է: Լոբին՝ բադը:
ԳԱԲՐԻԵԼ — Հա՜…
ՂԱՂՈ — Ի՞նչ կա չհասկանալու. բակլեն էն է, որ ոչ լոբին է, ոչ էլ՝ սոյան:
ԳԱԲՐԻԵԼ — Սոյա… Դա՞ որն է:
ՂԱՂՈ — Սոյան հավն է:
ԳԱԲՐԻԵԼ — Հա՞վը:
ՂԱՂՈ — Հավը… Նույն լոբին, բայց ավելի մանր ու սպիտակ:
ԳԱԲՐԻԵԼ — Բակլայից էլ փո՞քր:
ՂԱՂՈ — Արդեն սկսում ես հասկանալ: Հետո, սոյան ավելի սննդարար է: Ճիշտ է, բակլան էլ է սննդարար, բայց…
ԳԱԲՐԻԵԼ — Բայց սարթ է:
ՂԱՂՈ — Բայց՝ էժան:
ԳԱԲՐԻԵԼ — Բա՞դը:
ՂԱՂՈ — Սա՛գը:
ԳԱԲՐԻԵԼ — Որը թա՞նկ է:
ՂԱՂՈ — Որը էժան է, բայց դժվար է ճարվում:
ԳԱԲՐԻԵԼ — Եվ ավելի սննդարար է:
ՂԱՂՈ — Չէ, դա սոյան է:
ԳԱԲՐԻԵԼ — Հա՛վը:
ՂԱՂՈ — Ըհը, ապրես:
ԳԱԲՐԻԵԼ — Ու՝ սպիտակ:
ՂԱՂՈ — Ու՝ մանր:
ԳԱԲՐԻԵԼ — Բակլայից էլ մա՞նր:
ՂԱՂՈ — Ի՞նչ խոսք, բակլեն լոբուց էլ խոշոր է:
ԳԱԲՐԻԵԼ — Հա՜…
ՂԱՂՈ — Բայց որ մանրացնում ես, մանր է:
ԳԱԲՐԻԵԼ — Հասկացա:
ՂԱՂՈ — Իրականում, սոյան նույն լոբին է, ոնց որ՝ բակլան:
ԳԱԲՐԻԵԼ — Հասկացա, հավը նույն բադն է, ոնց որ՝ սագը:
ՂԱՂՈ — Իսկ ջոնջոլը՝ ջոնջոլ է:
ԳԱԲՐԻԵԼ — Ջոնջո՞լ…
ՂԱՂՈ — Դա քո խելքի բանը չի:
ԳԱԲՐԻԵԼ — Հիմա լրիվ հասկացա:
ՂԱՂՈ — Էդ էվրոպացիք էս բաները չեն հասկանում:
ԳԱԲՐԻԵԼ — Չէ, չեն հասկանում:
ՂԱՂՈ — Նրանք բերնի համ չունին:
ԳԱԲՐԻԵԼ — Չունեն, չունեն…
ՂԱՂՈ — Որտեղի՞ց… Նրանց ուտելիքի մեջ համուհոտ չկա:
ԳԱԲՐԻԵԼ — Չկա, չկա: Նրանց կերածը ամբողջը քիմիա է:
ՂԱՂՈ — Հա, հա, դիփ սուտ ի:
ԳԱԲՐԻԵԼ — Էնտեղ կոյուղուց ձեթ են ստանում:
ՂԱՂՈ — Կոյուղի՞… Ճոպանուղին, գիդեմ, էդ ֆունիկուլյորն է, բա կոյուղի՞ն… Յա՛խկ:
ԳԱԲՐԻԵԼ — Էս տեսակ բաներ:
ՂԱՂՈ — Էնդի պովարնիրը տավրի միսը թիփ ին շինում, բաղնսի տաք ջուրն ածում ին վրին, բուլիոն է, կոսեն: Դուք էլ խպշտում իք, իփր հաց իք ուտում, էլի:
ԳԱԲՐԻԵԼ — էդպես է: Նրանց պտուղների մեջ էլ՝ ամբողջը պեստիցիդներ են:
ՂԱՂՈ — Էդ ո՞րն է:
ԳԱԲՐԻԵԼ — Որդերը գիտե՞ս… Դրանց շատ մանր տեսակը, որ աչքով չես տեսնի:
ՂԱՂՈ — Գիտեմ, վո՞ւնց չէ… Էդ զադերը օրդերից էլ մունդառ են:
ԳԱԲՐԻԵԼ — Հա, բա ո՞նց… Եվ շատ վնասակար:
ՂԱՂՈ — Հա՜, օրդերը դրանց մոտ ի՞նչ…
ԳԱԲՐԻԵԼ — Հե՛չ… Դրանք իսկական թույն են:
ՂԱՂՈ — Թո՛ւյն են, թո՛ւյն… Ամա օրդերը օգտակար ին: Կոսեն, վուր նրանց միջումը վիտամին շատ կա:
ԳԱԲՐԻԵԼ — Այդպես է:
ՂԱՂՈ — Մեր Մոսեսը ուտում է:
ԳԱԲՐԻԵԼ — Ո՞նց… Որդե՞րը…
ՂԱՂՈ — Զադ-զադ չի ուտում, մրգի հետ: Չի նայում, ուտում է… Հա, հա, ուտում է:
ԳԱԲՐԻԵԼ — Ղաղո, չես գիդա, թե վունց իմ քիզ սիրում:
ՂԱՂՈ — Վայ, մեղա քեզ, Աստուձ…
ԳԱԲՐԻԵԼ — Էս սհաթիս կուզիմ քիզ պաչիլ:
ՂԱՂՈ — Ընչի՞ համա… Մտիդ հո փիս-փիս բան չկա:
ԳԱԲՐԻԵԼ — Ի՞նչ փիս բան:
ՂԱՂՈ — Ի՞նչ գինամ, էդ էվրոպաները ինչ շաշ բան ասես, որ չկա: Դե լավ, պաչի:
ԳԱԲՐԻԵԼ — Ղաղո ջան, վուր սխալ չհասկանաս, քու ձիռը կպաչիմ:
Համբուրում է Ղաղոյի ձեռքը:
ՂԱՂՈ — (ծիծաղելով): Իփր վեհափառ իմ: Չմիռանք, տերտեր իլ դառանք: Հլա մի հատ էլ պաչի, դուրս էկավ:
Գալիս է Մոսեսը:
ՄՈՍԵՍ — Ղաղո ջան, դեռ էստի ի՞ք…
ՂԱՂՈ — Մոսես, արի… Արի, թող քու ձի՛ռն իլ պաչի:
ԳԱԲՐԻԵԼ — Սպասեք, սպասեք… Ես, անշուշտ, դեմ չեմ պարոն Մոսեսի պատվարժան ձեռքը համբուրել, սակայն առավել պարտավորված եմ մեծարգո հանդիսատեսի առջև: (Սկսում է երգել օպերային հայտնի խմբերգ: Մեղմացող հնչյուններին զուգընթաց՝ մենախոսում է:) Հարկ եմ համարում տեղեկացնել, որ իմ այս խմբերգով ավարտվում է մեր ներկայացման առաջին արարը և մինչ ես տեղեկացնում եմ ձեզ այդ մասին, իսկ Մոսեսն ու Ղաղոն շշմած ինձ են նայում, արդեն իսկ սկսվել է երկրորդ արարը:
Դնում է կեղծամը, հանում, մի կողմ է նետում տաբատը, մնում դեղին տրիկոյով: Պարում է բալետային մենապար:
ԳԱԲՐԻԵԼ — (դիմելով ապշած եղբայրներին): Դուք շարունակեք առաջին գործողության ձեր կիսատ թողած երկխոսությունը: (Հետագա խոսակցությանը զուգընթաց շարունակում է իր պարը:)
ՂԱՂՈ — Ինչ մարդ ասես տեսիլ իմ, էս հանգի իսան տեսած չէի… Համ ուսում առած, համ էլ՝ ծալը պակաս:
ՄՈՍԵՍ — Այ, խռով կենա ինձ էն ուսումը, վուր մարդ ուրիշի կնգա վրա աճկ ունենա:
ՂԱՂՈ — Վո՞ւնց թե… Ի՞նչ կնիկ:
ՄՈՍԵՍ — Ղաղո ջան, քիմեն ի՞նչ թաքցնիմ: Էլախտ էն փեդը, վուր Սերգոն տուն էբի, ուզում էի էտ անիծածին շանսատակ անիլ, ամա դուն էկար, մեբաշ սառած մնացի:
ՂԱՂՈ — Այ մարդ, մե կարգին ասա, տենամ ի՞նչ խաբար է:
ՄՈՍԵՍ — Ի՞նչ ասիմ, ախպեր, էտ աննամուսը քու հարսին վուրդի ռաստ է գալի՝ սիրում եմ քեզ, կոսե:
ՂԱՂՈ — Վո՞ւնց թե… Նինոն ի՞նչ փիս բան է արե, վուր սիրում ի: Մուլափ, ղո՞ւրթ իս ասում:
ՄՈՍԵՍ — Ի՞նչ հանաքի բան է:
ՂԱՂՈ — Վայ, յիս նրա… Բա էդ գդակը ինչի է գլխիդ:
ՄՈՍԵՍ — (գլխարկը հանում է, նայում, նորից դնում է գլխին): Տո, ես շա՞տ գիդամ:
ՂԱՂՈ — Նրա ջիգրը իմ շլնքին. հեստ բան անիմ, վուր իր օրումն էլ չմտեն ննգնի:
ՄՈՍԵՍ — Վուր դրուստն ասիմ, յիս էլ էտ մտքին իմ: Էս գիշեր մի բան մահանա կոնիմ, ու խալխի մոտ ակռքնիրը ջարթ ու փշուր կոնիմ:
ՂԱՂՈ — Մի տես, էդ աննամուսը վո՞ւնց ի պարում: Տո, մունդռիկ, մուլափ, թե ինչ հալն իմ գցում քու կոկած ու տրոսած ջանը:
ՄՈՍԵՍ — Ապրի՛ս, ախպեր ջան… Իմ սիրտը խո կոտրած է ու կոտրած:
ՂԱՂՈ — Գիդիս, ի՞նչ փիքր արի. մե քիչ վուր խմինք ու տաքնանք, կոսիմ գնանք հաուզի մոտ, մե շառ կու գցիմ ես էն աննամուսին ու գու բլնցիմ դեմուդեմը հաուզը:
ՄՈՍԵՍ — Էտ լավ ասիր, Ղաղո ջան: Ամա պիտի էնենց ժաժ գանք, վուր օչով չիմանա, վուր մեր քեփը քթներեմես չդուս գա:
ՂԱՂՈ — Էտ հո յի՛ս գիդիմ, դուն քեփդ քո՛ք պահե:
Երգը անսպասելի լռում է: Վերևից իջնում է շրջանակված ճերմակ պաստառ՝ ետևում թողնելով եղբայրներին: Պաստառի առջևում հայտնվում է Գաբրիելը:
ԳԱԲՐԻԵԼ — Ձեր առանձնահատուկ ուշադրությունն եմ հայցում, ներկայացնելու հյուրասրահում կախված խոստացված երկրորդ նկարը: (Պաստառի վրա մանրամասն ներկայացնում է չեղած պատկերը: Պաստառի ետևից հայտնվում են Մոսեսն ու Ղաղոն, հետևում նրա նկարագրությանը:) Ահա, խնդրեմ, ինչպես տեսնում եք, նկարից անհետացել է սիրահար երիտասարդը: Դուք սխալվում եք, նա բնավ չի անհետացել: Ուշադիր նայելու դեպքում կնկատեք տակառից դուրս ցցված նրա մազափունջը: Ճիշտ կռահեցիք. երիտասարդը կորցրել է հավասարակշռությունը և հայտնվել տակառում: Երևակայության ինչպիսի՛ խելահեղ շրջադարձ: Ավելին, նրա շլյապան ընկել է ու գլորվել այստեղ: (Տակառի մոտից վերցնում է շլյապան, դնում գլխին:) Ոչ ավել, ոչ պակաս:
ՂԱՂՈ — Հը՞, Մոսո, վախտը չի՞… տանիմ հաուզը, ջանը դրստիմ:
ՄՈՍԵՍ — Չէ՛, մուլափ:
ՂԱՂՈ — Դո՛ւն գիդաս:
ԳԱԲՐԻԵԼ — Եվ այսպես, երիտասարդը հայտնվել է տակառում… Ինչպիսի զավեշտ: Ուշադրություն դարձրեք. այնուհանդերձ, նա հասցրել է ձեռքի ծաղկեփունջը մատուցել աննման գեղեցկուհուն: Այս պահին ես կարկամած լռում եմ: Մարդկային երևակայությունը ունակ չէ ընկալել այս ցնցող գլուխգործոցը մտահղացման ողջ խորությամբ: Ոմանց շփոթն ու տարակուսանքը փարատելու միտմամբ շտապեմ հավաստել, որ ի տարբերություն և ի հակադրություն մալևիչյան քառակուսու, ուր ամեն ինչ այլևս ասված է, մեր ճերմակ քառակուսում ամենայն ակնկալվող ասելիք արդեն իսկ կրում է հանճարեղության կնիքը… Ճերմակ մաքրություն, ուր կատարյալ է հնարավոր ամենայնը:
ՂԱՂՈ — Ի՞նչ ա շաշ-շաշ դուս տալի:
ԳԱԲՐԻԵԼ — Այլևս ոչինչ չեմ ասում, ես լռեցի… Ես արդեն լուռ եմ, քանզի մնացյալը՝ լռություն է, կամ՝ երաժշտություն… Իսկ ինչո՞ւ ոչ՝ պար:
Հնչում է Մոցարտ: Գաբրիել — Եվայլնի բալետային մենապարին որպես զուգընկեր միանում է Նինոն` հովնաթանյան նրբագեղ հանդերձանքով: Մնացյալ դերակատարները միանում են պարին որպես կորդեբալետ: Պարի ավարտին՝ ոգևորված ծափեր: Եվայլնն ու Նինոն հանդիսավոր խոնարհվում են: Կախված պաստառը հանում են, որպես սփռոց փռում գետնին, նստոտում շուրջը: Սերգոն ցուցադրաբար պառկում է սփռոցից այս կողմ, դեմքով դեպի հանդիսատեսը: Նինոն տեղավորվում է ծաղկազարդ ճոճանակին, որը բեմով մեկ անվերջ տեղաշարժվում է… ի վերջո՝ անհետանում:
ՄՈՍԵՍ — Պարողների կենացը:
ՂԱՂՈ — Պարոն Եվայլնի ու Նինոյի կենացը:
ԳԱԲՐԻԵԼ — Մեծապես շնորհակալ եմ, խորապես զգացված, ցնցված, հուզված, շփոթված…
ՂԱՂՈ — Եվ այլն, և այլն… Հորդ օղորմի, էտ ցերեմոնեքը թող ու մոդ արի: Քեփ ինք անում՝ քեփ անինք:
ԳԱԲՐԻԵԼ — Ներող եղեք, ձեզ նման գետնին նստելը ինձ հարմար չէ:
ՂԱՂՈ — Վո՞ւնց թե…
ՄՈՍԵՍ — Սերգո՛, մե սկամի բի:
ԳԱԲՐԻԵԼ — Ո՛չ, ո՛չ… կխնդրեմ նեղություն մի կրեք:
ՂԱՂՈ — Տո, էլ ի՞նչ սկամի, վունց վուր մինք ինք նստի, էնենց էլ դու նստի:
ԳԱԲՐԻԵԼ — Ինձ համար մեծ պատիվ կլիներ ձեր կողքին ձեզ նման նստել, սակայն ծնկներս ձեզ նման ծալել, ցավոք, չեմ կարող:
ՂԱՂՈ — Ամեն իսան մե այիբ ունի:
ԳԱԲՐԻԵԼ — Ձեր թույլտվությամբ, ես այստեղ, տակառին կնստեմ:
ՂԱՂՈ — Միթամ, դուն մեր մինձավորն իս, էլի:
ԳԱԲՐԻԵԼ — Օ, ո՛չ, բնա՛վ իսկ, երբե՛ք… Իմ սիրտը ձեզ հետ է հավիտյանս և այլն:
ՂԱՂՈ — Աբա մե կենաց, բողազներս խանձվեցավ:
ՄՈՍԵՍ — Ուրեմն՝ էսպես. վուրդի հիվանդ ու նիղցած կա, թե մարդ, թե կնիկ, Աստուձ նրանցը ջան տա, առողջութին ու իրենց ցավեմեն ազատութին:
ԳԱԲՐԻԵԼ — Ո՜ւխ, հանճարեղ է… Բրավո: Դե, Շեքսպիր կոչված, գնա ու ամոթից գետինը մտի:
ՂԱՂՈ — Շեքսպի՞ր… Էտ ո՞վ է: Էտ անունով իսան չիմ ճանաչում:
ԳԱԲՐԻԵԼ — Գրագետ մեկը, ինձ նման նշանավոր դրամատուրգ:
ՄՈՍԵՍ — Քիզ նմանը վայթե չըլնի:
ԳԱԲՐԻԵԼ — Շնորհակալ եմ:
ՂԱՂՈ — էտ Շեքսպիրը նրանցից չի՞, վուր կոյուղուց ձեթ ի շինում:
ԳԱԲՐԻԵԼ — Հենց ինքը:
ՄՈՍԵՍ — Էդ որն ա… Յա՛խք:
ՂԱՂՈ — Էդ դրամատուրգները շատ մուխանաթ խալխ ին:
ԳԱԲՐԻԵԼ — Օ, ոչ… Թույլ տվեք առարկել:
ՄՈՍԵՍ — Թույլ չենք տա, մինչև էս մինձ ստականը անուշ չանես:
ԳԱԲՐԻԵԼ — Այսքանը միանգամի՞ց… Անկարելի է:
ՂԱՂՈ — Բաս մինք էդքա՞ն ինք դարդգի…
ԳԱԲՐԻԵԼ — Անկարելի է, գոնե ժամանակ տվեք:
ՄՈՍԵՍ — Մտկումդ սիրուհուդ անումը տուր, ջրի պես կու խմվի:
ՆԻՆՈ — Մո՛սո…
ՄՈՍԵՍ — Ձե՛նդ…
ՂԱՂՈ — Խմի՛, վուր միզ հիտ դրստվիս, վուր միր խոսկիրը քի մոդ հիմար չերևան:
ԳԱԲՐԻԵԼ — Ինչե՞ր եք խոսում, ես՝ նվաստս, ամենևին, բոլորովին, բնավ իսկ…
ՍԵՐԳՈ — (անսպասելի զայրույթով վեր է թռչում): Տո, խմի ու մեռի՛, ախպեր:
ՄՈՍԵՍ — (զարմանքով): Սերգոն… Սերգոն խոսեց:
ՍԵՐԳՈ — Տո, հենց ըտե՛նց. խմի ու մեռի՛, բաս…
ԳԱԲՐԻԵԼ — Ի՞նչ արած, որ պնդում եք…
ՂԱՂՈ — Մուլափ, էտ չելավ… Մե բան ասա, նոր խմի:
ՄՈՍԵՍ — Դրո՛ւստ ի ասում:
ԳԱԲՐԻԵԼ — Սիրով… Ի խորոց սրտի խմում եմ պատվելի, հյուրասեր տանտիրոջ կենացը: Մեծարգո պարոն Մովսես, ես հիացած եմ ձեզնով, ձեր պատվելի եղբորով, ձեր չքնաղ, անզուգական տիկնոջով… Սիրուց սիրտս կտոր-կտոր է լինում…
ՄՈՍԵՍ — Իյա՜…
ՂԱՂՈ — Ինչ ասա՞վ…
ՄՈՍԵՍ — Նինո, էստի՞ իս… Ամա մե թանկագին ղոնախի համա մի անուշ տաղ ասա:
ՆԻՆՈ — Մոսո ջան, ախր…
ՄՈՍԵՍ — Հառամզադա, երգի՛, ասի…
Նինոն հնչեղ ձայնով երգում է օպերային հանրահայտ արիա: Երգի ընթացքում ճոճանակը նորից սկսում է բեմով մեկ դեգերել: Սերգոն «պա-դե-դե»-ով ուղեկցում է երգը: Գաբրիելը հուզմունքով սրբում է արցունքները: Ծափեր:
ԳԱԲՐԻԵԼ — (համբուրելով Նինոյի ձեռքը): Հրաշագեղ տիկին… Մեծագույն երջանկություն է ներկա լինել ու վայելել ձեր աստվածային շնորհները:
ՆԻՆՈ — (թաշկինակով սրբում է դեմքը): Մեծապես շնորհակալ իմ:
ՄՈՍԵՍ — Մուլափ, Նինո…
ՆԻՆՈ — Հա, Մոսիկ ջան:
ՄՈՍԵՍ — Մո՛տ արի:
ՆԻՆՈ — Ասա, Մոսիկ ջան:
ՄՈՍԵՍ — Աննամուս, էդ ի՞նչ թաշկինակ ա:
ՆԻՆՈ — Իմ թաշկինակը:
ՄՈՍԵՍ — Վո՞ւրդիան…
ՆԻՆՈ — Մոսիկ ջան, խալխի մոտ անհամութին մի արա:
ՄՈՍԵՍ — Ասում իմ, վո՞ւրդիան… Ձե՛ն հանի, հա՛ռամզադա, ղուղդ կհանեմ:
ՂԱՂՈ — Մոսո ջան, Օթե՞լլոն ես, ինչ ա… Դուն տված կլնես, ամա չես հիշի:
ՄՈՍԵՍ — Սերգո, պլիտի փեդը բի:
ՍԵՐԳՈ — Ամա, աղա ջան…
ՄՈՍԵՍ — Բի՛, ասում իմ:
ԳԱԲՐԻԵԼ — Սպասե՛ք. էդ թաշկինակը ես եմ նվիրել ձեր չքնաղ տիկնոջը:
ՆԻՆՈ — Վո՜ւյ մե, ամոթից գեդինը մտնեի, ավելի լավ չէ՞ր:
ՂԱՂՈ — Վո՞ւնց թե… Ուրեմն, դո՞ւն իս տվի:
ՄՈՍԵՍ — Մո՛ւլափ, Ղաղո…
ՍԵՐԳՈ — Աղա ջան, փեդը բերի՞մ:
ՄՈՍԵՍ — Տո, մի սսկվի՛ք, տենամ ինչ ինք անում: Ուրեմն, դո՛ւն իս տվի: Մարդ աստծո, շո՛ւտ ասեիր: Յիս իլ արդեն կասկածում ի, վայթե յիս իմ տվի: Ամա էդ տեսակ ծրտի-մրտի նվեր յիս չէի տա: Էտ թաշկինակը կոխի ծո՛ցդ, աճկս չտենա: Չէ, ծոցդ մի դի:
ՆԻՆՈ — Ախր, յիս ի՞նչ միղ ունիմ:
ՄՈՍԵՍ — Ձե՛նդ… (Եվայլնին.) Օխնած, դե խմի՛, բողազներս չորցավ:
ԳԱԲՐԻԵԼ — Ամենայն սիրով, եթե անգամ այս գավաթի մեջ թույն լինի, քանզի խմում եմ Աստծո կենացը, հանձինս Նինոյի հանդեպ տածած իմ զգացման:
Խմում է և անմիջապես տապալվում գետնին: Բոլորն իրար են անցնում:
ՂԱՂՈ — Վո՞ւնց թե, մեռա՞վ… Ա՛յ քեզ օյին:
ՄՈՍԵՍ — Սերգո, վազի՛, ջուր բի:
Սերգոն դուրս է նետվում:
ՆԻՆՈ — Վո՜ւյ մե, էս ի՞նչ արիք: Բա ղոնախի հիտ էսպես կու վարվի՞ն:
ՄՈՍԵՍ — Ձե՛նդ, աննամուս:
ՆԻՆՈ — Ի՞նչ ասի, վուր…
ՂԱՂՈ — Հախն է, վուր հաուզ տանիմ:
ՄՈՍԵՍ — Մո՛ւլափ… Ի՞նչ եք թափվիլ խեղճ մարդու շլնքին… Տենում եք, օդ չկա:
ՂԱՂՈ — Վունց որ թե շնչում ա:
ԳԱԲՐԻԵԼ — (ուշքի գալով): Ես քամի եմ…
ՂԱՂՈ — Իյա՜, խոսաց:
ՄՈՍԵՍ — Ի՞նչ ասաց:
ԳԱԲՐԻԵԼ — …Մոլորյալ քամի, որ շվարել, կանգ է առել Նինոյի փեշի առաջ:
ՂԱՂՈ — Էս հո խելառ ա:
ՆԻՆՈ — (Մոսեսին): Ի՞նչ իս նայում, յիս ի՞նչ միղ ունիմ:
ԳԱԲՐԻԵԼ — (Սերգոն փորձում է ջուր տալ): Չէ, ջուր չէ, գինի՛ տվեք: Բաժակս ո՞ւր է:
ՄՈՍԵՍ — Բաժակն է ուզում:
ՂԱՂՈ — Տո, բաժակը ձեռումն ա… Այ քե սարսաղ:
ՄՈՍԵՍ — Ի՞նչ իք շվարե… Մեր ազիզ ղոնախին գինի լցեք:
Ղաղոն գինի է լցնում:
ԳԱԲՐԻԵԼ — Լցրու, լի՛քը լցրու: (Խմում է: Ապշած սպասում են, թե ինչ է լինելու:) Հաուզ… Դա ի՞նչ բան է:
ՂԱՂՈ — Հաուզ… Դե, հաուզ, էլի… Բասեյն:
ԳԱԲՐԻԵԼ — Լողավազա՞ն…
ՂԱՂՈ — Տո, ի՞նչ լողավազան, դու էլ հո չասիր: Լողավազանում լող են տալի: Մերը հաուզ ա:
ԳԱԲՐԻԵԼ — Հաուզում լողալ չի՞ կարելի:
ՄՈՍԵՍ — Ո՞նց ասեմ… Որ ընգնես մեջը, լող կտաս, թե կարենաս:
ՂԱՂՈ — Ջուրը ֆոտած ա, գորտերն են լող տալի… Հաուզ ա…
ԳԱԲՐԻԵԼ — Տարեք ինձ, բլցրեք հաուզը, գորտերի մեջ:
ՂԱՂՈ — Ի՞նչ ա շաշ-շաշ դուս տալի…
ՄՈՍԵՍ — Տո, ի՞նչ հաուզ, ինչ բան… Ո՞վ ա ըտենց բան ասե:
ԳԱԲՐԻԵԼ — (կանգնում է տակառին): Պաշտելի տիկին, մեծարգո պարոնայք… Այլևս անզոր եմ լռել: Իմ պարտքն եմ համարում տեղեկացնել ձեզ, որ կա նաև երրորդ նկարը: Բոլոր ժամանակների գլուխգործոց, մեծագույն մի առեղծված, որի խորհուրդը հանճարեղ նկարիչը հմտորեն քողարկել է նախորդ երկու նկարներում, ինչի մասին ոչ միայն բարձրաձայնելը, այլև լռելը մեծագույն մեղանչում է:
ՂԱՂՈ — Էլի սկսեց շաշ-շաշ դուս տալ:
ԳԱԲՐԻԵԼ — Առեղծված, որի անորոշ կռահումներն են իմաստավորում մեր այս խաղը, մեր գոյությունն ու դատապարտված սերը…
ՂԱՂՈ — Վայ թե էլի Նինոյի կենացն ա խմելու:
ՄՈՍԵՍ — Ինչ ա, էլ տղամարդ չի՞ մնացե, որ կնգա կենացը խմինք: Բա էս գդակը ընչի՞ ա գլխիս:
ԳԱԲՐԻԵԼ — Նկարում, գողտրիկ բացատում պատկերված է նախաճաշ խոտի վրա: Խոտերին փռված սուփրի շուրջ նստած են Մոսեսը, իր աննման տիկին Նինոն, պատվելի եղբայրը՝ Ղաղոն ու մի պերճախոս համակրելի երիտասարդ:
ՍԵՐԳՈ — Էտ հո ե՛ս եմ:
ՂԱՂՈ — Ձե՛նդ… Տենանք էս շաշն ինչ ա ասում:
ԳԱԲՐԻԵԼ — Ասում եմ, շուրջը դրախտային ծառ-ծաղիկներ են, հեքիաթային թռչնակների հետ ճախրում ու իրենց չքնաղ երգն են ասում մանկամարդ հրեշտակները: Ամեն ինչ կատարյալ է, աստվածային ու ողբերգական…
ՄՈՍԵՍ — Իյա՜… Էդ ընչի՞ որ…
ԳԱԲՐԻԵԼ — Նկարում բացակայում է ձեր խոնարհ ծառան, ով իրականում ամենևին էլ երիտասարդ չէ: Ծեր, հիվանդ մարդ է: Ավելին՝ նա վախճանվել է:
ՂԱՂՈ — Վո՜ւնց թե, մեռի՞լ է…
ՄՈՍԵՍ — Տո, մուլափ, տենանք ի՞նչ ա ասում:
ԳԱԲՐԻԵԼ — Այո՛, հանգուցյալը ձեր խոնարհ ծառան է՝ Գաբրիել Սունդուկյանցը:
ՂԱՂՈ — Վո՞ւնց թե… Էդ յե՞փ մեռար, վուր չիմացանք:
ԳԱԲՐԻԵԼ — Վաղուց… Հարյուր տարի առաջ:
ՂԱՂՈ — Էս հո մեզ ձե՞ռ ա առնում:
ՄՈՍԵՍ — Մո՛ւլափ, ասիր՝ Սունդուկյա՞նց…
ՂԱՂՈ — Էդ հո մեր ազիզ ընկեր Մկրտումի ազգն ա:
ԳԱԲՐԻԵԼ — Ձեր խոնարհ ծառան հենց Մկրտումի որդին է՝ Գաբրիելը:
ՄՈՍԵՍ — Վո՞ւնց թե… Մկրտումը հո իմ քիպ ընկերն ա ու նոր ա նշան դրվե:
ԳԱԲՐԻԵԼ — Գաբրիելը մահացել է, Մկրտումն էլ:
ՂԱՂՈ — Կարող ա՞ մենք էլ ինք մեռի, համա խաբար չենք:
ԳԱԲՐԻԵԼ — Չէ, դուք ողջ եք, դուք անմահ եք… Իսկ Գաբրիելը մեռել է:
ՄՈՍԵՍ — Վունց հասկացա, Գաբրիելը էդ դո՛ւ ես:
ԳԱԲՐԻԵԼ — Այդպես է:
ՂԱՂՈ — Էն, վուր մեռի՞լ է, թե՝ էն, վուր նո՛ր պիտի ծնվի:
ՄՈՍԵՍ — Տո, վո՞ւնց չես հասկանում… Էն մեռածը, էլի, վուր նո՛ր պիտի ծնվի:
ԳԱԲՐԻԵԼ — Էն, ում վուռը էս պահին քոր է գալի: Ներող եղեք, պաշտելի տիկին:
Տղամարդիկ հռհռում են:
ՄՈՍԵՍ — Նինո, աճկեմես ռադ էլի:
ՆԻՆՈ — Գնում եմ, Մոսո ջան: (Գնում է:)
ՄՈՍԵՍ — Խմենք Գաբրիելի հիշատակի կենացը: Ի՞նչ ասիմ, Աստուձ հոգին լուսավորի:
ԳԱԲՐԻԵԼ — Շնորհակալ եմ:
ՄՈՍԵՍ — Թող նրա սրտում եղած սերը Աստուձ բաշխի ապրողներին, թե տղամարդու, թե կնգա:
ՂԱՂՈ — Պարոն Գաբրիելի կենդանի կենացը:
ԳԱԲՐԻԵԼ — Անչափ զգացված եմ:
ՄՈՍԵՍ — Թող նա էն կինքում բարեխոս ըլնի բոլոր սիրահարների, լոթի հոգիների համա որպես մի նոր երանելի Գաբրիել հրեշտակապետ:
ԳԱԲՐԻԵԼ — Մեծապես զգացված եմ:
ՄՈՍԵՍ — Թող մեր Մկրտում ախպոր տղեն բարով ծնվի, բարով մենձնա, բարով վայելի իր թագն ու պսակը ու բարով արժանանա երկնքի արքայությանը… Ամա, մարդ աստծո, ասա տենանք, ընչի՞ց ա մեռե:
ՂԱՂՈ — Էհ, մարդը ընչի՞ց ա մեռնում. սիրտը կանգա առնում, մեռնում ա:
ԳԱԲՐԻԵԼ — Սիրո ավելցուկից:
ՂԱՂՈ — Ի՜յա…
ՄՈՍԵՍ — Սերգոն ուզում ա խոսի… Ասա, Սերգո, տենամ ի՞նչ իս ասում:
ՍԵՐԳՈ — Թող վուր Գաբրիելի հոգին երկնքումը վատ օր չտեսնի:
ՄՈՍԵՍ — Ապրես, Սերգո…
ՍԵՐԳՈ — Ի՞նչ ասիմ… Մահն ու կյանքը հարազատ ախպերներ ին:
ՂԱՂՈ — Դրուստ է… Վունց որ յիս ու իմ ախպեր Մոսեսը:
ԳԱԲՐԻԵԼ — Ոնց որ լոբին ու բակլեն, կամ՝ Շեքսպիրն ու Սունդուկյանցը:
ՄՈՍԵՍ — Մո՛ւլափ, չհասկացա… Հիմի լոբին էդ ե՞ս եմ, թե՞ Ղաղոն:
ՂԱՂՈ — Չէ, լոբին էդ բադն ա, իսկ Շեքսպիրը՝ սագը, ոնց որ՝ բակլեն… Իսկ Սունդուկյանցը վայ թե սոյան ա, ոնց որ՝ հավը:
ՄՈՍԵՍ — Ղաղոն բակլով ձվաձեղը գժի պես սիրում ա… Որ տաս, ամեն օր կուտի:
ՂԱՂՈ — Կուտիմ:
ՄՈՍԵՍ — Տո, մարդավարի ասեք, հասկնամ. հիմի էս մարդը սա՞ղ է, թե՞ մեռած, լոբի՞ն է, թե՞ բակլեն, Սունդուկյա՞նցն է, թե՞ Շեքսպիրը…
ԳԱԲՐԻԵԼ — Սոյայով հավը, Շեքսպիրով բակլեն, մահով ձվածեղը…
Լռություն:
ՍԵՐԳՈ — Հա, իմացաք… ռսները կոսմոս ին թռե:
ՂԱՂՈ — Ոնց… Դի՞փ…
ՄՈՍԵՍ — Տո, ջհանդա՛մը, թե չին թռե… Էնենց թռնին, որ ես գիդենամ…
ՂԱՂՈ — Հա, բայց դի՞փ…
ՄՈՍԵՍ — Չէ, քո Նատաշեն չի թռե, քիզ ի սպասում: Սերգո, այ տղա, քանի լիզուդ բացվիլ ի, մե ղայդին բան ասա, խմենք:
ՍԵՐԳՈ — Էլ ասելու բա՞ն մնաց… Գնամ հավուզը…
ՂԱՂՈ — Ինչի՞ համա… Հասկացա, մի՛ ասա:
ՍԵՐԳՈ — Գնամ… Գամ: (Գնում է:)
ՄՈՍԵՍ — (Սերգոյի ետևից): Նինոյին էլ կանչե, թող գա: (Գաբրիելին.) Ամա չհասկացա. hիմի դու Գաբրիե՞լն ես, թե՞ Եվայլնը…
ԳԱԲՐԻԵԼ — Ամեն ինչ մեկ է. Գաբրիել, թե Եվայլն, Սունդուկյանց, թե Շեքսպիր, Սերգո, թե Ալեքսանդր Մակեդոնացի…
ՂԱՂՈ — Ո՞նց… Մակեդոնանց Սաշի՞կը…
ՄՈՍԵՍ — Էդ հո մեր Սերգոն ա: Իսկական անունը Ալեքսան ա, բայց հո Սաշիկ չե՞նք ասելու:
ՂԱՂՈ — Սերգո՛ն, էլի, որ գնաց հաուզը… Մեր Սաշիկը, Ֆիլիպի տղեն:
ՄՈՍԵՍ — Մակեդոնանց Ֆիլի՛պը, որ խոզ է պահում:
ՂԱՂՈ — Սերգո՛ն, էլի… Որ գնաց շռելու:
ՄՈՍԵՍ — Է, հա… հետո՞…
ՂԱՂՈ — Եսի՞մ… Երևի ես էլ գնամ:
ԳԱԲՐԻԵԼ — Գնա՞լ, թե՞ մնալ… Սաշի՞կ, թե՞ Սերգո:
ՂԱՂՈ — Հասկացա, դիփ մեկ է:
ՄՈՍԵՍ — Մենակ չասեք, որ խմիլն ու չխմիլն էլ նույն բանն ին… Դե ասա՝ գնա մեռի, էլի:
ՂԱՂՈ — Դրուստ իս, ախպեր ջան… Դե մի բան ասա, խմենք, բողազներս չորցավ:
ԳԱԲՐԻԵԼ — Մակեդոնանց Սաշիկը լավ ասաց. խոսելն անիմաստ է: Ամեն հնարավոր բան արդեն ասված է: Այստեղ սպառվում է ի սկզբանե ասված խոսքն ու սկսվում է լռությունը… Մեծ, անվախճան լռություն:
Մի պահ բոլորը լուռ են:
ՂԱՂՈ — Վունց… էլ չի՞նք խոսելու…
ՄՈՍԵՍ — Մարդը ասեց, էլի՝ լռո՛ւմ ինք:
ՂԱՂՈ — Հիմա՞, թե՞ վաբշե:
ԳԱԲՐԻԵԼ — Կարող եք և խոսել, մի հաշիվ է:
ՂԱՂՈ — Չէ, թե լռո՞ւմ ինք, լռի՛նք… Յիս հո ապուշ չի՞մ, որ չհասկանամ: (Լռություն:) Մոսո՜… Մոսոն լուռ ի… Փորս գռռաց: Ի՞նչ իս նայում:
ՄՈՍԵՍ — Տո, լիզուդ կուլ տու ու տեղդ վեր ընգի:
ՂԱՂՈ — Ի՞նչ իս վրես գոռում… Ամա վուր փորս գռռաց, ասիմ՝ չգռռա՞ց… Ախ, Աստուձ:
Գալիս է Նինոն:
ՄՈՍԵՍ — Նինո ջան, արի, էստի նստի, գլուխս դնեմ գոգիդ, դնջանամ:
ՆԻՆՈ — Մոսո ջան, ուշ է, գնանք տուն՝ քնի, դնջացի:
ՄՈՍԵՍ — Չի՛ ըլնի… Կարևոր գործ ունինք: Համ էլ՝ ազգի կենացը դեռ չինք խմե:
Մոսեսը գլուխը դնում է Նինոյի ծնկին: Նինոն օրորոցային է երգում:
ԳԱԲՐԻԵԼ — Նինո, սիրում եմ քեզ:
ՆԻՆՈ — Գլխարկս հավանո՞ւմ իս… Մոսոյի նվերն է:
ԳԱԲՐԻԵԼ — Սիրում եմ գժի պես:
ՆԻՆՈ — Գժվի՞լ իս… Դա ի՞նչ ասելու բան է:
ՂԱՂՈ — Լա՛վ ասիր, Նինո… Բա դա տղամարդու ասելու բա՞ն է: Մո՛սո, լսո՞ւմ իս:
ՄՈՍԵՍ — Վայ թե շատ խմեցի:
ՆԻՆՈ — Մոսոյի նվերն է… Չի թողում տան միջում էլ գլխեմես հանեմ:
ՂԱՂՈ — Մոսո, լսո՞ւմ իս… Էս շաշն ասում ա, որ Նինոյին սիրում ա:
ՄՈՍԵՍ — Դա ի՞նչ ասելու բան ա… Ընչի՞ պիտի չսիրի: Դու Նինոյին չի՞ս սիրում:
ՂԱՂՈ — Վո՞ւնց թե, յիս նրա ցա՛վը տանիմ: Նինոյի համա սառոչկես կճղիմ, աճկս կհանիմ:
ՆԻՆՈ — Մոսոն ասում է, վուր առանց գլխարկ կնոջ գլուխը կիսատ է…
ՄՈՍԵՍ — Առանց գլխարկ կինը վունց որ առանց բեղ տղամարդ, առանց ֆես թուրք, կամ գալստուկով ամերիկացի:
ՆԻՆՈ — Մոսո, իսկ դո՛ւ ինձ սիրո՞ւմ իս… (Ձայն չկա:)
ՂԱՂՈ — Մոսոն քնեց:
ՆԻՆՈ — Էդպես է. hենց խոսկ ի բացվում սիրո մասին, Մոսոն միշտ քնում է:
ԳԱԲՐԻԵԼ — Նինո, սիրում եմ քեզ…
ՂԱՂՈ — (ծիծաղում է): Ես էլ տապակած լոբի եմ սիրում: Հա, մեկ էլ՝ ավտոյիս բանալին: Մոսո, դո՞ւ ինչ իս սիրում:
ՄՈՍՈ — Սիրե՞լս որն ի… Իսան ինք, խմում ինք, էլի:
ԳԱԲՐԻԵԼ — …Սիրում եմ քո գլխարկը, վերնաշապիկը, վերնաշապիկիդ կոճակը, կոճակիդ համեստ անցքերը…
ՆԻՆՈ — Ախ, Աստուձ…
Երկար լռություն:
ՂԱՂՈ — Քու հեր ու իմ ընկեր Մկրտումը ասում է. սիրո տաճարի մոտ պիտի գլխարկը հանել, բայց ներս չմտնել, ինչպես մահվան դարպասների մոտ…
Մոսեսը խռմփում է:
ՆԻՆՈ — Գիտես, Մոսոն դեռ ինձ համբուրած չկա: Հա, չի համբուրել… Ասում է, որ ինքն էդ տեսակ ծրտի-մրտի բաներ չի սիրում:
ՄՈՍԵՍ — Կնգան պաչե՞լս որն ա… Ժամի դո՞ւռ ա, թե՞ էրեխու տուտուզ:
ՂԱՂՈ — Պիտի կարողանալ ապրել սիրո արվարձանում: Մկրտումն է ասում: Տան բանալու հանդեպ անտարբեր եմ, բայց ավտոյիս բանալին սիրում եմ:
ՆԻՆՈ — (Գաբրիելին): Էդ ի՞նչ իս անում:
ԳԱԲՐԻԵԼ — Տակառի մեխը հանում եմ:
ՆԻՆՈ — Ինչի՞ համա…
ԳԱԲՐԻԵԼ — Էս մեխը չեմ սիրում:
ՆԻՆՈ — Մի՛ արա… Մոսեսը խաղողը տրորելիս գդակը էդ մեխիցն է կախում:
ԳԱԲՐԻԵԼ — Պիտի հանեմ:
Գալիս է Սերգոն՝ հպարտ կեցվածքով, զգեստափոխված, սաղավարտը գլխին:
ՍԵՐԳՈ — Ջանք մի՛ թափիր, միևնույն է, չես կարող հանել:
ԳԱԲՐԻԵԼ — Ի՞նչ…
ՂԱՂՈ — Էս հո Սերգոն ա… Սերգո՞…
ՍԵՐԳՈ — Դու նույնիսկ այդ մեխի ճակատագիրը փոխել չես կարող: Միայն հորինյալ կոնֆլիկտներ, անմեղսունակ հերոսներ, անմեղսունակ սեր, անմեղսունակ մեխ:
Գաբրիելը մտնում է տակառի մեջ… սկսում է գոռալ:
ՆԻՆՈ — Սերգո… Էտ ի՞նչ խոսքեր են… Ինչե՞ր իս ասում մեր պատվելի հյուրին:
ՍԵՐԳՈ — Ես սա ասում եմ հպարտությամբ, մեծագույն հարգանքով: Այս տակառի մեխը ավելին է, քան շեքսպիրյան բովանդակ կրքերն ու կոնֆլիկտները: Մեր հանճարեղ հեղինակը օրը ցերեկով մոմը ձեռքին փնտրել ու գտել է ձեզ:
ՂԱՂՈ — Մոսո, զարթնի՛, վե կաց…
ՄՈՍԵՍ — (արթնանալով): Հը, ի՞նչ… Ազգի կենա՞ցն ինք խմում…
ՂԱՂՈ — Սերգոն խելքը թռցրիլ է…
ՄՈՍԵՍ — Տո, էդ ե՞րբ ա խիլ ունեցե, որ հմի էլ թռցրիլ է:
ՍԵՐԳՈ — Ես Սերգոն չեմ, այլ՝ Ալեքսանդր Մակեդոնացին, մեծագույնը բոլոր զորավարներից: Եկել եմ խորին հարգանքս մատուցելու տակառի մեջ պարփակված այս աշխարհակալին, ում սերը չի տեղավորվում դրամատուրգիայի ոչ մի քառակուսու, ոչ մի տակառի մեջ:
ՄՈՍՈ — Հիմի սա ո՞ւմ կենացն է, ազգի՞, Գաբրիելի՞, թե՞ էլի Նինոյի:
ՂԱՂՈ — Նինոյի սառոշկի, սառոշկի կոճակի, տակառի մեխի…
ՍԵՐԳՈ — Նինոյի սառոշկի կոճակը չեմ փոխի ոչ մի Մեդեայի, ոչ մի Աննա Կարենինայի ու ոչ մի մադամ Բովարիի հետ:
ՆԻՆՈ — Սերգո, դա ի՞նչ ասելու բան է… Բոլորի՛ս կենացը:
ՄՈՍԵՍ — Ապրես, Նինո ջան: Ընկերության կենացը: Վուրդի ազնիվ մարդ կա, նրա՛ կենացը: Աստուձ սաղին ջանսաղութին տա և այլն, և այլն…
ՂԱՂՈ — Ապրես, իմ ազիզ ախպեր:
ՄՈՍԵՍ — Տո, մի մեր լոթի ախպոր՝ մակեդոնանց Սաշիկի բաժակը լցրեք:
Բոլորն ուրախ ողջագուրվում են: Գաբրիելը տակառի մեջ լաց է լինում:
ՍԵՐԳՈ — Յիս էն գլխեմեն լոթի ժաժ գալը խիստ կու սիրիմ: Պատվական պարոննիր… յիս դիփ ձիր արիվով իմ օրթում ուտում ու ձիր համա գլուխս չարի փուխ անում: Քուր ջան, ախպրտիք… Իմ մեղավոր բերնով կու խնդրիմ Աստուձեմեն, վուր բազում տարի ապրիք տնով, տիղով, վուրդկերանցով, ուճուլով ու բուճուլով…
ՂԱՂՈ — Սաղ ըլիս, ախպեր… Քու վաթանին արժանի ըլիս:
ՍԵՐԳՈ — Տեր Աստուձ, յարաբ եփ պիտի ճանչնենանք մեկ-մեկու, յա յեփ պիտի ամեն մարթու իր արժանավոր ու թենի գորա պատվինք:
ՄՈՍԵՍ — Էհ, Աստուձ ի՞նչ միղ ունի. ամեն վուտը փուխելումը ռաստ է գալի մի ղալբություն… Վուր միտս բերիմ, վիրջ չունե միր անիրավութինները. ով Քրիստոսի միխ խփող է՝ նա ավետարան է քարոզում, ով ասկի հակառակ է՝ նա ասկի անումով է խոսում, ով սատանի հետ գործ է բռնում՝ նա հրեշտակներու անումով է օրթում ուտում…
ՂԱՂՈ — Էդպես ա, ախպեր:
ՍԵՐԳՈ — Իսկ հիմա, վեհաշուք տիկին, պարոնայք… Պահն է խոսքը տալ մեր հանճարեղ հեղինակին, լսելու մեզ ուղղած նրա պատգամը… Համեցե՛ք, պարոն:
ԳԱԲՐԻԵԼ — Պաշտելի տիկին, պատվական պարոններ, այս իսկ պահին պարտքս եմ համարում որպես ներկայացման ապոֆեոզ հնչեցնել հետևյալ միտքը…
ՂԱՂՈ — Ի խորոց սրտի…
ՄՈՍԵՍ — Տո, սսկվի՛, տենանք ի՞նչ ա ասում:
ԳԱԲՐԻԵԼ — Մարդը բոլոր գույները խառնելով ստանում է սև, իսկ Աստված՝ ճերմակ:
ՂԱՂՈ — Էդպես ա, ախպեր:
ԳԱԲՐԻԵԼ — Սևը իմաստավորելու համար այն հարկ է շրջանակել քառակուսով, իսկ ճերմակը չես շրջանակի: Եթե պատուհանի քառակուսուց նայում եք երկնքին, չի նշանակում, որ երկինքը քառակուսի է:
ՂԱՂՈ — Էդպես ա, ախպեր:
ԳԱԲՐԻԵԼ — Քաղաքակրթության պատմությունը երկնքի ճերմակ քառակուսին սև ներկելու ու խրթին մտքերով շրջանակելու պատմությունն է:
ՂԱՂՈ — Էս հո էլի լա՞ց ա ըլում:
ԳԱԲՐԻԵԼ — Համարենք, որ սա ասացի չհասկացվելու համար:
ՍԵՐԳՈ — Գաբրիել, ես քեզ, իհարկե, հասկանում եմ… Ինքս էլ դեմ չեմ տակառում ապրելուն, եթե, իհարկե, այնտեղ ապրելու տարրական պայմաններ կան՝ ընդարձակ է, լուսավոր, եթե կա օդափոխիչ, համակարգիչ, շքեղ բազկաթոռ, որը անհրաժեշտության դեպքում կվերածվի երկու տեղանոց մահճակալի… Հյուրասրահ դեպի Արարատ բացվող տեռասով…
ՄՈՍԵՍ — Գինու մառան…
ՍԵՐԳՈ — Անշուշտ՝ գինու մառան, գոլֆի դաշտ, ձմեռային այգի…
ՂԱՂՈ — Հաուզ…
ՍԵՐԳՈ — …Ջրավազան, ուր լողում են կարապներ, վայրի սագեր…
ՆԻՆՈ — Գույնզգույն ձկներ…
ՂԱՂՈ — Գույնզգույն գորտեր…
ՍԵՐԳՈ — Բադակտուցներ, ջրահարսեր…
ՂԱՂՈ — Բադակտուցն էտ ի՞նչ ա:
ՄՈՍԵՍ — Դե, եթե բադը լոբին ա, սագը՝ բակլեն, բադակտուցն էլ՝ վայ թե բամյեն ա:
ՍԵՐԳՈ — Մոտավորապես…
ՂԱՂՈ — Էփա՞ծ, թե՞ թթու դրած…
ՍԵՐԳՈ — Չէ՛, սալաթ արած:
ՂԱՂՈ — Մայոնեզո՞վ…
ՍԵՐԳՈ — Կարելի է և մայոնեզով:
ՂԱՂՈ — Էդ բադակտուցը դո՞ւս էկավ:
ՍԵՐԳՈ — Նինո՛, մի բան էլ դո՛ւ ասա:
ՆԻՆՈ — Իսկ տակա՞ռը…
ՍԵՐԳՈ — Ի՞նչ տակառ… Հա՛, տակառը: Դե, կարծում եմ, առանձնատան նկուղում կգտնվի մի անկյուն, ուր կարելի է տակառը տեղավորել:
ՂԱՂՈ — Հա, բա ո՛նց:
ՍԵՐԳՈ — Վերադառնանք մեր պատվելի հեղինակին: Խորին հարգանացս հավաստիքը լավագույնս արտահայտում է հետևյալ խոսքս. եթե ես Ալեքսանդր Մեծը չլինեի, վստահաբար կուզեի լինել Գաբրիել Սունդուկյանցը: Ասա՛, իմ մեծահամբավ բարեկամ, ինչպե՞ս քեզ պատվեմ… Հանուն քեզ ես պատրաստ եմ ցանկացած զոհողության:
ԳԱԲՐԻԵԼ — Մի կո՛ղմ քաշվիր, պրոժեկտորի լույսը ծածկում ես:

Կարդացեք նաև