Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ / ՊԱԹ(ոլոգիկ) ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

(Մոնո-խաղ)

Այս անգամ «հեղինակի խոսքի» թեման պատվերն է: Այն նույն պատվերը, որ հնուց անտի եղել է արվեստում ու մշակույթ ստեղծել և հասնելով մեր
օրերը՝ շարունակում է իր ընթացքը՝ երբեմն-երբեմն հայտնվելով լինել-չլինելու եզրագծին (կան պատվերով ստեղծագործելուն դեմ հերոստրատներ, ում ամենազորեղ կռվանը «պատվերով մուսա կամ ներշնչանք չի՛ լինում» համոզմունքն է): «Պատվերը» այս անգամն էլ
հաստատեց լինելու իր իրավունքը. եթե փետրվարյան մի օր ռեժիսոր Դավիթ Հարությունյանն ու դերասան Իշխան Ղարիբյանը չառաջարկեին պիես գրել դիահերձողի մասին, չէր լինի այս մոնո-խաղը:
Պատվերը կատարված է, սպասում եմ ներկայացմանը, իսկ առաջնախաղի իրավունքը պատվիրատուինն է:

Մինչ-խաղ: Ձայն ճերմակ, դատարկ էկրանին:
Մարդու օրգանիզմը ռացիոնալ է: Միակ իռացիոնալը այդ մարմնում՝ բանականությունն է, որը սպանում է հենց նույն մարմինը: Բայց դա չի նշանակում, որ եթե մարդը ընդհանրապես հրաժարվի բանականությունից, ձեռք կբերի անմահություն:
ԽԱՎԱՐ:
Վայրկյան անց՝ 2 աղջիկ ճերմակ, դատարկ էկրանին:
Մարդկության ամենաինտիմ թեման… հուսամ՝ մտքներովդ սեքսը չանցավ: Որովհետև սիրո մասին դժվար հիշեիք: Ուրեմն՝ ամենաինտիմ թեման մահն է: Զգույշ արտահայտվեք նրա մասին: Ասածս չի վերաբերվում շատ քիչ թվով անձանց: Նրանց մեջ ես էլ կամ:
ԽԱՎԱՐ:
Ձայն ճերմակ, դատարկ էկրանին:
Ինչ է լինում մարմնի հետ մահից հետո՝ գիտեմ ամենայն մանրամասնությամբ: Բայց հոգու մասին հարց չտաք, ու ձեր ինչի՞ն է պետք իմանալ՝ եթե նույնիսկ կա այդ հոգին, ապա որտեղ է գտնվում: Հա, երբ առաջին կտրվածքն եմ անում, հանգուցյալի քաշը թեթևանում է մի քանի գրամով: Ու դուք կարծում եք, թե ձեր ապրումները, էմոցիաները, սերն ու զզվանքը… մնացածն էլ՝ վրադիր, այդ մի քանի գրամի մե՞ջ են…
ԽԱՎԱՐ:
Ձայն ճերմակ, դատարկ էկրանին:
Դեռ չծնված՝ պապիս անունը ինձ էր սպասում: Պապիս չեմ տեսել, իսկ թե ինչու գավառական քաղաքի ժամագործ Անդրանիկը իր առաջնեկին Ատոմ էր անվանել՝ հայրս էլ չգիտեր: Բայց երբ տարիներ անց, մասնագիտությունս նկատի ունենալով, միակ շատ թե քիչ ընկերս՝ Սուրենը, Ատոմը դարձրեց Պաթատոմ, հերթական անգամ համոզվեցի, որ
կյանքում ոչ մի բան հենց այնպես չի լինում:
ԽԱՎԱՐ:
Ձայն ճերմակ, դատարկ էկրանին:
Խոստովանվել չեմ սիրում: Անկեղծանա՞լ… չգիտեմ, դա ինչ է:
Հիմա էլ չէի խոսի, եթե այդ զանգը չլիներ:
ԽԱՎԱՐ
Բացվող դռան ձայն: Լույսի շողը «բռնում է» Պաթատոմին: Հագնված է խիստ նրբաճաշակ: Երկար վերարկուով է, ձեռքին՝ կաշվե քեյս: Աջ կողմից գալիս է դեպի ձախ նախաբեմը: Այնտեղ լույսի շողը «բացում է» կախիչը, որից կախում է վերարկուն: Փոքրիկ սեղան, աթոռ, նոթբուք, մանրադիտակ ու թղթերի տրցակ: Քեյսը դնում է սեղանին, վերցնում է սեղանին դրված հեռախոսի լսափողը:
ՊԱԹԱՏՈՄ — Տաս րոպեից սկսում ենք, պատրա՞ստ է մեր տուբերկուլ-յոզնիկը:
Դնում է լսափողը: Բացում է քեյսը, հանում թաց անձեռոցիկների տուփը, մի քանիսով շատ բծախնդիր ու մանրակրկիտ մաքրում է ձեռքերը:
ՊԱԹԱՏՈՄ — Սա այն օրն ու այն դեպքն է, երբ ֆաստ-ֆուդ ուտելը արդարացված է: Ասեմ, որ մտքով առողջ սնունդի կողմնակից եմ, հոգով՝ համեղ ուտելիքի սիրահար: Սովորաբար օրս սկսվում է հերկուլեսով: Կինս շատ խիստ է այդ հարցում, ես էլ դեմ չեմ՝ աշխատանքիս բնույթն ամեն օր ստիպում է գնահատել առողջ ապրելակերպը: Բայց… լինում են օրեր, երբ խստապահանջ տիկինս թույլ է տալիս ուտել՝ ինչ սիրտս կկամենա, ու ես ճանապարհին գնում եմ շաուրմա՝ կրկնակի կարտոֆիլ ֆրիով:
Ավարտում է ձեռքերը սրբելը, անձեռոցիկները նետում է զամբյուղի մեջ ու բացում է քեյսը: Հանում է թվարկած ուտելիքն ու հաճույքով սկսում է ուտել:
ՊԱԹԱՏՈՄ — Վատն այն է, որ ստիպված եմ խոսքի բռնվել պատվերն ընդունողի հետ: (Նմանակելով:) Քետչուպո՞վ, թե՞ առանց, մայոնեզ պե՞տք է… իսկ մռու բիբար ու սո՞խ… կարտոֆիլը լա՞վ կարմրեց-րած, թե՞ կիսահում… Իհարկե, պատասխանում եմ, նույնիսկ ժպտում եմ, բայց երբ պատվերն առած մեքենաս եմ նստում, նորից եմ համոզվում, որ ամեն ինչի համար պիտի վճարես, ու հատկապես՝ պատճառաբանված հաճույքի համար… (Այլ տոնով:) Տանե՛լ չեմ կարող, երբ ստիպված պիտի խոսեմ անծանոթի հետ: Մատուցող լինի, թե հանգուցյալի սգացող հարազատը:
Ավարտում է ուտելը, նորից նույն կերպ մաքրում է ձեռքերը, փաթեթներն ու անձեռոցիկները լցնում է զամբյուղը: Բարձրանում է, հանում է կոստյումը, խնամքով կախում է կախիչից: Այդ պահին լուսավորվում է այն պատը, որից կախված է նրա սպեցիֆիկ հագուստը: Հագնվում է՝ հընթացս խոսելով:
ՊԱԹԱՏՈՄ — Այս ամենը միայն անվտանգության համար չէ: Հագնվելու ընթացքում մի տարածքից տեղափոխվում ես մյուսը: Մի հոգեվիճակից՝ մյուսին: Կյանքից՝ մահվան,- վերջին համեմատությունը զգայուն հոգիների համար է: (Կապելով գոգնոցը, համարյա պարծենալով:) Հատուկ եմ կարել տվել, մատերիալը գերմանական է: (Ձեռքերին քաշելով թաթմանները:) Իսկ սրանք հիշեցնում են մեր հարևան հաշվապահ Գանզիկին՝ սև մատիտով, փայտե հաշվիչով ու թաթմաններով՝ հաշվապահի դասական կերպար… (Հագնելով ձեռնոցները:) Այ, ձեռնոցները՝ հարգում եմ՝ ինչ-որ մի բան, թեկուզ ռեզինից, պիտի տարածք թողնի քո և նրա միջև… Հատուկ թուլություն ունեմ լավ ձեռնոցների նկատմամբ: Եվ այստեղ, և տանը, նաև մեքենայիս մեջ տուփով ձեռնոց եմ պահում… Դա ինձ վստահություն է ներշնչում…
Այս ընթացքում լրիվ հագնված է, թասակն էլ՝ գլխին: Նա պատրաստ է:
Այդ պահին լուսավորվում է բեմը՝ մինչև խորքը: Կենտրոնում երկար երկաթե սեղան է, վրան որոշակի բարձրություն է՝ սպիտակ սավանով ծածկված: Պաթատոմը, դիմակալը կապելով, մոտենում, կանգնում է սեղանի ետևում, դեմքով՝ դահլիճը, ետ է գցում ծածկոցը՝ մենք չենք տեսնում` ետևում ինչ կա: Նայում է «պառկածին», հետո վերցնում է կողքին դրված թուղթը, կարդում է.
Արձանագրություն թիվ… Ազգանուն… անուն… տղամարդ… 58 տարեկան… մասնագիտությունը՝ կենսաբան… աշխատանքի վայրը՝ գիշերային պահակ… հասցեն… հիվանդանոց է ընդունվել… երեք օր առաջ… մահացել է մեկ օր առաջ… 16-րդ կլինիկական հիվանդանոցում: Հերձումը՝ նույն հիվանդանոցի դիահերձարանում: Դե ինչ, բարեկամս, սկսեցինք…
Նրա շարժումները հուշում են, որ սկսում է իր գործը:
Սիրում եմ տուբերկուլյոզով հիվանդներին: Նրանց հերձելուց առաջ անպայման պիտի ուտես: Կուշտ ուտես: Անվտանգության նկատառումով:
ԽԱՎԱՐ:
Բեմը լուսավորվում է, Պաթատոմը լվացարանի առաջ լվացվում է՝ երկար ու խնամքով:

Սկզբում բոլոր դիակները նույն հոտն ունեին: Հետո սկսեցի տարբերել հիմնական դիակային հոտը սպեցիֆիկ հոտից: Բայց մարդկային երևակայությունը սահման չունի: Կոլեգաներիցս մեկը երկար ժամանակ ինձ համոզում էր, որ կույս աղջիկների դիակներից շոկոլադի բույր է տարածվում: Գիտե՞ք, ինչպես ինձ համոզեց: Երբ ասաց, որ ծեր ու չորացած պառավներից ապխտած ձկան հոտ է գալիս: Այ, այդտեղ հավատացի նրան, որովհետև նույն հոտը ես էլ եմ զգացել: Ու ոչ` մեկ անգամ: Եվ այստեղ, առիթից օգտվելով, ասեմ, որ ինձնից ու իմ կոլեգաներից հոտ չի գալիս, ու ոչ մի հոտ տուն չենք տանում: Դիահերձարանը ոչնչով չի տարբերվում այլ բուժհաստատությունից… Ու մի մոռացեք, որ նախկինում սա կոչվել է անատոմիական թատրոն, որտեղ կարող ես ստանալ շատ հարցերի պատասխաններ…
Առաջ է գալիս, կենտրոնացած սկսում է սրբել ձեռքերը:

Մեր ամառանոցի այգում ջրի ծորակ կար: Ժամերով կարող էի ձեռքերս պահել հոսող ջրի տակ, եթե, իհարկե, մայրս վրա չգար ու հարամ չաներ: Մեկ-մեկ մտածում եմ՝ մանկական նախասիրություններն են մեր կյանքի ուղին հարթում: Բժիշկներն ընդհանրապես սիրում են լվացվել, բայց մենք պաթոլոգիկ մաքրասեր ենք: Որովհետև պաթոլոգանատոմի համար ամենամեծ վտանգը կենսաբանական հյուսվածքներն ու հեղուկներն են, ամեն րոպե կարող ես վարակվել:
Շրջվում է արդեն հերձվածի կողմը:

Հիմա ինձ ավելի հեշտ կարող ես վարակել, քան օրեր առաջ՝ քեզ բուժող բժշկին: Ի՞նչ… գիտեմ, որ մտքովդ չի անցել, որ նման բան չես ուզում, գիտեմ, որովհետև արդեն ոչինչ ուզել չես կարող: Այդ մի հարցում ապրողներիս բախտը բերել է, թե չէ քանի՞սը վերջին շնչում կուզենային իրենց հետ տանել թշնամիներին… իսկ գուցե ավելի շատ՝ սիրելիների՞ն… (Դիմում է հերձվածին:) Մի քիչ համբերիր, հիմա կգա սանիտարը, քեզ կկարի, կլողացնի, կհագցնի ու… կկազմակերպի հանդիպումդ հարազատներիդ հետ: Դա վերջին ծառայությունն է, որ մատուցվում է քեզ այս ունայն կյանքում: Նաև հերձման եզրակացությունս՝ թոքախտի վերջին ստադիա: Իսկ թե ինչո՞ւ դու, 58 տարեկան, բարձրագույն կրթություն ունեցող, բայց պահակ աշխատող երեք երեխաների հայր, մեռնելուց ընդամենը երկու օր առաջ ես եկել հիվանդանոց՝ դա էլ թողնենք հարազատներիդ խղճին: (Մոտենում, ծածկում է սավանը:) Իսկ ինձ արդեն հետաքրքիր չես: (Բարձր:) Կարո՛…
Բեմը թաղվում է խավարի մեջ: Գալիս է լուսավորված ձախ անկյուն:
Թեթև օր է, մեկ հանգուցյալ: Հազվադեպ, 3-4-ն են լինում… Ծերանոցում գիշերը հրդեհ էր բռնկվել… Նկատե՞լ եք, ինչ-որ շատ հաճախ են հրդեհվում ծերանոցները, այրվում են մինչև հիմքերը, ու շատ չանցած դրանց տեղում հյուրանոց կամ սուպերմարկետ է բարձրանում… Չշեղվեմ, ծերանոցից 8 դիակ բերեցին, ու դա եզակի դեպք էր, երբ սեկցիոն սենյակում միայն այրված մարմինների հոտ էր… Այդ օրը, չնայած լարումին, նույնիսկ ողնաշարս չնվվաց… Իսկ հաջորդ օրը մեկ հերձում էր, որից հետո հարբեցի: 6 տարեկան տղա էր… Հարբած տականքը մեքենայով ելել էր մայթին ու…
Այս սենյակում թվերն ուրիշ հաշվարկ ունեն՝ եթե կշեռքի մի նժարին դնես 8 մոխրացած պառավներին, մյուսին՝ այդ մեկ երեխային, հավատացեք, փոքրիկի ծանրությունից կշեռքը կկոտրվի…
Լույսը վառվում է՝ սեկցիոն սեղանին չկա սավանը, մաքուր է ամեն ինչ:

Կարոն մաքրասեր, բարեխիղճ սանիտար է, խմելուն դեմ չէ, բայց չափը չի կորցնում ու հանգուցյալների հանդեպ չափավոր հարգալից է: Ինձ թվում է, նրա չափավոր հարգանքի պատճառը ֆոբիան է: Մի անգամ բերանից թռցրեց, որ ամեն ինչ կտա, միայն թե վստահ լինի, որ կինն ու զավակները չեն համաձայնվի իր դիահերձմանը: Բայց երբ առաջարկեցի նախապես գրություն տալ, որ ինքը համաձայն չէ, ասաց՝ թող իրենք որոշեն, իսկ ինքը հույս ունի, որ սանիտարը իր բոլոր ներքին օրգանները կվերադարձնի իրենց տեղը: Այստեղ նա լռեց, ես թեման չխորացրի, տհաճ նստվածքը մնաց: Ինչ որ է… Բայց զգում եմ՝ օդում լարում հայտնվեց: Խոսքը օրգանների վաճառքի մասին չէ: Դա հատուկ ինդուստրիա է և մեզ համար՝ անհասանելի: Պարզապես… (Երկմտելուց հետո:) Ոմանք մինչև հիմա հավատում են, որ եթե ինչ-որ բանից վախեցած մարդու ուտելիքի մեջ մեռած մարդու ոսկոր ավելացնեն… դե, ոչ թե ամբողջական կտոր, այլ կրակի վրա խարկած, ալյուրի նման մանրացրած փոշին… վախը կանցնի: Իսկ Կարոն մարդկանց օգնել սիրում է… Նաև հումորի զգացում ունի: Սև հումորի: Մի երեկույթի թեթև սեռի մի թռչնակ փորձեց ինձ համոզել, որ ես հրապուրված եմ իրենով: Երբ հարցին՝ ինչ գործ եմ անում (նմանների համար շատ կարևոր է ստատուսը), ես պատասխանեցի, որ վիրահատում եմ (ամեն մեկին չես ասի՝ ինչ… ում ես վիրահատում), ինքն իրեն էլ համոզեց, որ հրապուրված է ինձնով: Մի քանի հանդիպումից հետո հրավիրեցի աշխատավայրս: Հրավիրեցի, որովհետև կարգին ձանձրացրել էր: Նա հատուկ պատրաստվել էր՝ կոնյակ, շոկոլադ, նարինջ: Երևի մտածում էր, որ սեքսի հերթական սերիալը կլինի վիրահատական սեղանի վրա՝ աղջիկը վառ երևակայություն ուներ: Մեքենան կանգնեցրի հիվանդանոցի հեռավոր անկյունի միհարկանի շենքի առաջ: Նա չնկատեց չարագույժ ցուցանակը, կոնյակն ու շոկոլադը տվեց ինձ, իսկ ինքը նարինջների թղթե տոպրակը գրկած սահեց ներս: Ես առաջ անցա ու բացեցի այս դուռը, ու Կարոն ճի՛շտ ժամանակին վեր հանեց հանգուցյալի աղիքները: Նարինջները գլորվեցին ցեմենտե հատակին, ես միաժամանակ բռնեցի հատակին փլվող գեղեցկուհուն ու Կարոյի սատանայական քմծիծաղը: Ավելի ուշ, երբ ճնճղուկը, ուշքի գալուց հետո հրաժարվեց մեքենայիցս ու փախավ՝ իր սլացիկ ոտքերին ապավինելով, Կարոն թանկարժեք կոնյակն ու շոկոլադը խժռելու արանքում թեթևակի նախատեց, որ տոպրակի փոխարեն իզուր թռչնակին բռնեցի, որովհետև հատակին փլվելուց հետո թռչնակները ոտքի կանգնում ու գնում են իրենց գործին, իսկ հատակին գլորված նարինջները աղբամանը պիտի գցես: Խոստացա հաջորդ անգամ այդպես վարվել: Բայց երկուսս էլ գիտեինք, որ խոստումս չեմ պահի: Ես, իհարկե, կատակել սիրում եմ, բայց հոգուս խորքում կնամեծար եմ և…
Ընդհատում է խոսքը, նայում է ժամացույցին:

Այ, հիմա պիտի զանգի հեռախոսը:
Հեռախոսազանգ: Վերցնում է ներքին կապի լսափողը:

Լսում եմ… (Դահլիճին:) Գլխավոր բժիշկն է: (Լսափողի մեջ:) Այսօր մի հերձում էր… արդեն ավարտել եմ: Ե՞վս մեկը… մեր հիվա՞նդն է… ո՞չ… Դե, եթե դուք եք ասում: Տա՜նն է մահացել… հասկանում եմ, կասկածելի ոչինչ չկա… Աշխատանքի գնալուց առաջ… հենց դռան մոտ: Խնդիր չկա, կարվի, սպասեցնել չենք տա… Ով է հատուկ խնդրե՞լ… ախ, հանգուցյալի աները… Լսել եմ նրա մասին: (Դեմքի արտահայտությունը լարվում է:) Իսկ հանգուցյա՞լը… ազգանունը… իսկ անունը… Արմա՛ն… (Դեմքը քարանում է:) Չէ, մեկ շաբաթ է՝ միայն ես եմ, կոլեգաս կարճատև արձակուրդից դեռ չի եկել: Խնդիր չկա, ես տեղում եմ… Ամենաուշը մեկ ժամից այստե՞ղ կլինեն… Ձեզ կուրսի մեջ կպահեմ: (Լսափողը դնում է: Դեռ՝ շփոթված:) Մինչև լսափողը դնելը կարող էի հրաժարվել: Հիմա արդեն ուշ է: Լազարյանն էլ կնոջը Գերմանիա է տարել՝ ստուգման: Իսկ գլխավորը… նոր մարդ է հիվանդանոցում, նրա ինչի՞ն է պետք իմանալը… Նրան պետք չէ, իսկ ոմանք անպայման ու անհապաղ պիտի իմանան… Ա՛ն-հա՛-պա՛ղ…
Այստեղ՝ իրավիճակին ու հոգեվիճակին հարիր խաղ:

(Զանգում է բջջայինով): Չխանգարեցի՞… (Դահլիճին.) Կինս է: (Լսափողի մեջ:) Հիվանդդ ինչի՞ է ձենը գլուխը գցել… Լավ, կարճ կկապեմ: Արմանն է մահացել: Եթե այդ անունը դեռ ինչ-որ բան ասում է քեզ: (Անջատում է հեռախոսը: Անտարբեր:) Մանկաբույժ է: Սիրում է երեխաներին: Ուրիշի երեխաներին: Սեփականը ունենալ դեռ չի ուզում: Չի ուզում:
Ներքին կապի զանգ:
(Լսափողի մեջ): Հա… բերեք:
Կուլիսներից ձեռքը պարզում է ապակու կտորն ու թուղթը: Պաթատոմը վերցնում է Ձեռքից, դնում է սեղանին: Հանում է համազգեստը: Կարդում է թուղթը, հետո ապակին դնում է մանրադիտակի տակ, նայում է:

Այսպես… (Ապակու կտորը պարզում է լույսի շողին:) Հենց հիմա դու պառկած ես վիրահատական սեղանին, 38 տարեկան, երևի գեղեցիկ կին, այդ տարիքում տգեղ լինել չես կարող… պառկած ես՝ թքած ունենալով, թե ինչ են անում անօգնական դարձած մարմնիդ հետ ու չգիտես, որ հիմա՛ ու այստե՛ղ է որոշվելու հետագա կյանքդ: Հռոմեական Կոլիզեյում բութ մատը վեր կամ վար՝ նշանակում էր կյանք կամ մահ: Բայց Կոլիզեյում դատավորն ու գլադիատորը տեսնում էին իրար: Իսկ դու չես էլ իմանա, թե հիմա ինչպես եմ լարվել, որովհետև հաշված րոպեների ընթացքում պիտի որոշեմ՝ ուռուցքը բարորա՞կ է, թե՞… Կամ՝ ի՞նչ աստիճան է մահը տեր դարձել քո մարմնին, որովհետև այդ աստիճանից է կախված, թե ինչ բուժում կնշանակի բժիշկը: Այնտեղ 58 տարեկան տղամարդու մարմին է, բայց անշունչ ու այլևս ոչինչ չցանկացող: Ապակու վրա քո հյուսվածքի 4 միկրոն հաստության կտրվածք է՝ բայց կենդանի և ապրելու ծարավ: Ու նորից այդ տարօրինակ հաշվարկը՝ այս հյուսվածքը ավելի ծանր է, քան նրա մարմինը: Ինձ վախկոտ անվանելը դժվար է: Բայց ես շատ եմ վախենում սխալվելուց: Սա սովորական հերձում չէ, սա շատ ավելի դժվար մի բան է:
Այս րոպեներին, վախից բացի, ես ինձ համարյա աստված եմ զգում՝ միայն ե՛ս գիտեմ ու կարո՛ղ եմ ասել դատավճիռդ:(Դադար:) Ուռուցքդ բարորակ է, գնա, ապրիր, 38 տարեկան, հաստատ գեղեցիկ կին, ու թքա՛ծ ունենամ, որ քո բժշկին ես աստծո տեղ դնելու, երբ քեզ կասի իմ դիագնոզը:
Հետաքրքիր է, եթե մի պահ անջատվեմ ինձնից ու կողքից նայեմ, ի՞նչ կմտածեմ իմ մասին:
ԽԱՎԱՐ

Այդ րոպեները, որոնց ընթացքում պիտի ախտորոշեի 38 տարեկան կնոջ հիվանդությունը, ճիշտ ժամանակին օգնության եկան: Որովհետև գլխավոր բժշկի զանգից հետո կնոջս զանգելը, չէի ասի, որ ճիշտ քայլ էր: Հետո… չգիտեմ, թե էլի ի՛նչ կարող էի անել… Արմանը չկա, մահացել է: Հետո՞ ինչ, որ մահացել է, այս տարիների ընթացքում քանի՛ անգամ եմ լսել այդ բառը…
(Դադարից հետո:) Նույնիսկ թաքուն, իմ մտքում ինձ թույլ չեմ տվել երազել, որ մի օր «մահացել է» բառը կլսեմ Արմանի անվան հետ: Արմանը մահացել է… Ու ես պիտի նրան հերձեմ:
ԽԱՎԱՐ
(Մենախոսքը ուղղված է Արմանին): Արթնացել ես՝ սովորականի պես, ցնցուղ, սափրվել… Նախաճաշել ես՝ հաստատ: Օսլայած անձեռոցիկով, ձուն՝ ճենապակե ձվամանի մեջ… Հագնվել ես՝ անշտապ, գույները համադրելով… Դու միշտ ես ցուցամոլ եղել: Հետո… այ, չգիտեմ, տնից դուրս գալուց առաջ կնոջդ համբուրելու սովորություն ունեցե՞լ ես… Դռանը հասե՞լ ես, թե՞… ասենք, դա ինչ կարևոր է: Կարևորը՝ հիմա քեզ բարձում են մեքենայի մեջ ու բերում են այստեղ: Մտքովդ կանցնե՞ր նման սցենար: Առաջին անգամ ինձ հետաքրքրեց, թե մահից հետո ինչ-որ բան զգո՞ւմ են: Եթե զգում են, հիմա ի՞նչ ես զգում, երբ գալիս ես մեր վերջին հանդիպմանը: Մինչև տեղ հասնես, պետք է մի բանով զբաղվեմ, թե չէ, զգում եմ, էլի ինչ-որ բաներ կանեմ, որ չպիտի անեմ… Իսկ ինչ են անում նման դեպքերում մեռելատա՞նը: Սկսում են հիշել հանգուցյալին… Ես ինչո՞վ եմ նրանցից պակաս: Առավել ևս, որ հիշելու բան կա: Գիտե՞ս, նոր հասկացա, որ հիմա կարող եմ ինձ թույլ տալ հիշել այն ամենը, ինչ կարողացել եմ մոռացնել տալ տարիներ շարունակ:
Խավար: Նստած է բեմեզրին, ձեռքում՝ խաղալիք մեքենա:

Մորս ասելով, խաղացել եմ միայն մեքենաներով: Օր չի եղել, որ հայրս նոր մեքենա չբերեր ու ես… (Սկսում է քանդել՝ սկզբում հանգիստ, հետո անզուսպ մոլուցքով:) Ես պիտի իմանայի՝ ինչ կա ներսում: Հետո՞ ինչ, որ հազար հատ արդեն քանդել եմ ու բոլորը նույնն են: Ես գիտեի, որ հազարմեկերորդը ուրիշ է լինելու: Բայց նաև գիտեի, որ դա հայրիկիս բերած մեքենան չի լինելու: Ու մի օր… երևի յոթ տարեկան կլինեի… իջա բակ ու տեսնեմ՝ ավազի մեջ կիսով չափ խրված մեքենա: Միանգամից հասկացա՝ իմ փնտրած մեքենան է: Վերցրի ու հո չե՜մ քանդում… Թիկունքիս ցավից աչքերս մթնեցին: Երբ լույսը վերադարձավ, տեսա նրան, կանգնել էր իմ դիմաց, մեքենան էլ՝ ձեռքում: Այնպես էր նայում, որ գլխի ընկա՝ խփելու հերթն իմն է… Մեզ մի կերպ իրարից բաժանեցին: Արմանն էր: Նոր էին տեղափոխվել մեր շենքը, հաջորդ օրն էլ, պարզվեց, նույն դասարանում էինք սովորելու: Ես ու Արմանը:
Դադար:

(Զննում է մասնատված մեքենան): Ինչ ինձ հիշում եմ՝ ուզեցել եմ գտնել սկիզբը, քչփորելով հասնել խորքին: Կարող էի դառնալ հնագետ կամ հանքափոր, եթե վեցերորդ դասարանցի Ատոմը չտեսներ մայթին ընկած հարևան Վարդանին… Հավաք- վածները անիմաստ գոռգոռում ու դեսուդեն էին նետվում, նա աչքիս առաջ մեռնում էր, երբ հայտնվեց անծանոթ մի տղամարդ ու դարձավ դրության տերը՝ ձեռքի մի շարժումով տեղ բացեց, նայեց… շոշափեց… հրամայեց՝ դանակ կամ մկրատ, ու մեկի մտքով չանցավ հարցնել՝ ինչո՞ւ, որտեղի՞ց… Ինչ-որ մեկը դանակ բերեց, իսկ նա գնդիկավոր գրիչի միջից դուրս էր քաշում միջուկը: Հետո ինչ-որ կնոջ շարֆը վզից քաշեց, կոլոլեց, դրեց Վարդանի վզի տակ, թաշկինակով սրբեց դանակի շեղբն ու խրեց կոկորդը… հայացքս չէի կարողանում կտրել նրա ձեռքերից, որոնք այնպես հանգիստ ճեղք արեցին ու անցքի մեջ տեղավորեցին նարնջագույն գրիչը… Վարդանը հազիվ նկատելի ցնցվեց… հետո տեսա, ինչպես նրա աջ աչքից արցունք գլորվեց: Այդ օրից մեքենաները մոռացվեցին:
Արդեն հասկացաք, որ բժիշկ դառնալս որոշված էր: Ասեմ, որ որոշումս դուր եկավ Նանեին, առաջին դասարանից նույն նստարանին էինք նստում, ու ես արդեն գիտեի, որ գժվում եմ նրա կապույտ աչքերի համար: Կապույտ աչքերը ինձ միշտ են դուր եկել: (Դադար:) Արմանի աչքերն էլ կապույտ էին:
Ներքին հեռախոսազանգ:

Սպասո՞ւմ են… Հիմա կգամ:
Գնում, սեկցիոն սեղանի վրայից վերցնում է թուղթը, զգացվում է՝ իր վրա ուժ է գործադրում գնալու համար: Վերջապես տեղից պոկվում, անհետանում է կուլիսներում: Այնտեղից լսվում է խոսակցության անորոշ պատառիկներ, ինչ-որ մեկը լալիս է… Ձայներն աստիճանաբար մարում են երաժշտության ու սեղանի շուրջն առկայծող լուսավորության մեջ, հասնելով կուլմինացիային՝ կտրուկ լռություն է տիրում: Ներս է գալիս՝ կարծես պարպված լինի: Գրպանից հանում է անձեռոցիկը, մաքրում է ձեռքերը:
Տուբերկուլյոզնիկի երկու տղան ու աղջիկն էին… Հասուն մարդիկ են, թե ինչու են աղջկան էլ հետները քարշ տվել-բերել: Ու երեքն էլ, խոսքները մեկ արած, կրկնում են՝ «Նրան սպանել են, որովհետև ինքն իր ոտքով եկավ հիվանդանոց ու երկրորդ օրը մահացավ»: Ոչինչ չեն ուզում լսել… Չէ, ես հասկանում եմ նրանց, հայր են կորցրել, բայց ինչո՞ւ նեղություն չեն տալիս ուղեղներին ու չեն հարցնում, թե ոնց եղավ, որ հայրն իր կամքով հիվանդանոց եկավ: Ասում եմ՝ գիտեի՞ք, որ թոքախտ էր: Չեն պատասխանում ու չեն էլ լսում, որ մարդը հենց այնպես չէր գա, ուրեմն՝ դանակը ոսկորին էր հասել… Ինչ-որ է… Ստիպված զոռ տվեցի բժշկական տերմիններին, լատիներեն մի երկու ասույթ ասացի՝ հանդարտվեցին: Անհասկանալին միշտ էլ ազդում է… Հիմա սպասում են՝ Կարոն ստացում-հանձնում անի… Իսկ ես նորից նյարդայնացա՝ մեր ազգային բրենդն է՝ հիվանդության վերջին ստադիայում դիմել բժշկին ու մեռնելուց հետո մեղադրել նրան: Դասախոսս ասում էր, որ մարդկանց պետք չէ ոչ խղճալ, ոչ էլ անիծել: Անիծելը տղամարդու գործ չէ: Իսկ խղճալ… Հանգուցյալների հարազատներին չեմ խղճում: Անիմաստ է: Երեխաներին խղճում եմ: Մեկ էլ՝ կենդանիներին: Ռեքսի շնորհիվ: Նա ինձ հետ կիսեց կյանքիս առաջին հիասթափության ցավը:
Նանեի ծննդյան օրն էր: Չեմ հիշում՝ ինչպես եղավ, խոսքի մեջ ասացի, որ մարդու օրգանիզմի 70 տոկոսը ջուր է: Ասածս ի գիտություն ընդունվեց. բոլորը վաղուց էին համակերպվել, որ դասարանի լավագույն աշակերտն եմ ու հավաքված էին շուրջս: Հանկարծ՝ «Ուրեմն, քո ասելով՝ մարդը ձմերո՞ւկ է»: Արմանն էր, սկուտեղից վերցրել էր ձմերուկի կտորն ու չէր էլ փորձում թաքցնել, որ ծաղրում է. «Ուրեմն, սա ու դու նո՞ւյնն եք»: Նրա վերջին բառը կորավ ծիծաղի պայթյունի մեջ: Ծիծաղում էին բոլորը, չէ՜, հռհռում էին: Իսկ Նանեն, Արմանից վերցնելով ձմերուկի կտորը, ասաց. «Ատոմը՝ չգիտեմ, բայց ես ձմերուկի նման չեմ»: Կարողացա հանգիստ սենյակից դուրս գալ:
Բակի հեռավոր անկյունում սպասեցի, մինչև բոլորը գնացին: Ամենավերջինը գնաց Արմանը: Սպասեցի, մինչև հանգեցին Նանեի բնակարանի բոլոր լույսերը, Ռեքսը՝ բակի անտեր շունը, պառկել էր ոտքերիս տակ: Նայում էի մութ պատուհանին ու ինձ համոզում, որ վաղը նրան կտամ ամսագիրը, որտեղ կարդացել էի այդ տոկոսների մասին, ու ամեն ինչ կլինի, ինչպես միշտ:
Հաջորդ օրը, երբ մտա դասարան, Նանեն նստած էր Արմանի կողքին: Այդ օրվանից բոլորը նրա շուրջ հավաքվեցին, ես մնացի մենակ: Մեկ տարի անց, երբ կենսաբանության ուսուցիչն ասաց այդ տոկոսների մասին, ամեն ինչ իմաստը կորցրել էր, որովհետև Արմանը տղաներին արդեն պատմել էր, թե ինչ փափուկ ծնկներ ունի Նանեն:
…Երկու տարի առաջ իմացա, որ Նանեն ծնկի սարկոմայով է հիվանդ ու վերջին ամիսներն է ապրում:
Ի դեպ, սնոտի նշանների մասին: Ես չեմ հավատում, բայց դրանց մասին հաճույքով պատմում եմ սուր ապրումների սիրահարներին:
Կարոյից առաջ այստեղ Վաչիկն է եղել սանիտարը: Այ, նա խմել սիրում էր: Մի անգամ այնպես էր լակել, որ քնել էր սեկցիոն սեղանի վրա: Առավոտյան գործի եկա՝ դեռ խռմփացնում էր: Կանչեցի պահակին, երկուսով տեղափոխեցինք թախտին ու, իհարկե, չասացինք, թե որտեղ է անցկացրել գիշերը՝ վատ նշան է: Մի ամիս չէր անցել, մահացավ: Այդ նույն սեղանի վրա էլ հերձեց իմ կոլեգան: Ես հրաժարվեցի, ճիշտ է, արյունակցական կապ չկար, բայց երկու տարի միասին էինք աշխատել: Տեղը եկավ՝ ասեմ: Հարազատին, մտերիմին հերձել չի կարելի: Տաբու է:
Այստեղ լինում են բաներ, որ ցանկացած գրող կերազեր ինքը հորինել: Ասենք՝ հանգուցյալի կինը խնդրում էր դագաղի մեջ դնել իր զգեստը, որը հագել էր իրենց առաջին ժամադրությանը գնալիս: Կասեք, հետո՞ ինչ: Ոչինչ: Բայց զգեստը՝ չթից, մի բուռ, հազիվ 32 չափսի, իսկ այդ կինը՝ ամենաքիչը 120 կիլոգրամ: Կարոն տնտղեց զգեստը, հետո այրուն, հետո զգեստն առավ, գնաց: Քիչ հետո եկավ, ասաց՝ դրել է հանգուցյալի ձախ թիակի տակ, սրտին մոտիկ: Եվ լացից կարմրած աչքերով այդ վիթխարի կինը երջանկացած ժպտաց… Դուք ինչ-որ բան սրանից հասկացա՞ք…
Նշանների, նորից կրկնեմ, չեմ հավատում, բայց կա ճակատագիր: Մարտի մեկին անտեղյակ մեկը, բավական հեռու պողոտայից, դուրս է եկել պատշգամբ ու… սպանվել սնայպերի գնդակից: Միտինգավորները մի քանի փողոց այն կողմ էին, չգիտեմ՝ ինքը կյանքում միտինգի մասնակցած կա՞ր, բայց ինչ-որ մի ակտիվ միտինգավորի գնդակը իրենով արեց: Ճակատագի՞ր…
Սկզբում երազում էի… սխալ չլսեցիք, երազում էի դատական բժիշկ դառնալ: Ու կդառնայի, եթե մեր քաղաքի փողոցներում գնդակահարված խաղաղ ցուցարարների մարմնի մասերը պրոֆեսիոնալ ամենաբարձր մակարդակով չհայտարարվեին խոզի ծնոտ կամ տավարի լեզու… Հասկացա, որ երազելը մի բան է, իրականությունը՝ դաժան ու ստոր: Մի օր էլ ինձ կարող են, քաղաքական իրավիճակով պայմանավորված, ստիպել սպանվածի մահը կեղծել… Դարձա պաթոլոգանատոմ: Վերջերս այդ պրոֆեսիոնալին տեսա փողոցում՝ անշառ, ինքն իր մտքերով քայլում էր: Չգիտեմ ինչու, մտածեցի, որ երազում հաճախ է տեսնում անծնոտ ու անլեզու մարդկանց… Մղձավա՛նջ: Ես չխղճացի նրան:
Վերցնում է ներքին հեռախոսը:
Կարո՛, սեկցիոն սենյակը կարգի բեր: Գիտեմ, որ արդեն մաքրել ես: Նորից մաքրիր, փայլեցրու… Հա, պացիենտը հատուկ է, ավելի, քան դու կպատկերացնես:
ԽԱՎԱՐ
(Դադար): Ուզում եմ շեղվել մտքերից, ու հետո՝ այս սպասումը… դրա համար էլ պետք է չկենտրոնանալ, թեկուզ մի կարճ ժամանակ, բայց չմտածել նրա մասին:
(Դադարից հետո, այլ տոնով:) Իսկ թե ինչպես հասկացա, որ բժիշկ եմ ուզում դառնալ, բայց չեմ ուզում… կամ չեմ կարող բուժել մարդկանց… Մայրս հիվանդացավ: Հիվանդությունը մահացու չէր, բայց երկարատև բուժում էր պահանջում: Երբ առաջին անգամ հերթն ինձ հասավ ուղեկցելու բժշկի մոտ, հասկացա, որ դա առաջին ու վերջին անգամն է: Դեռ աթոռին չտեղավորված ու չբարևած, իմ նրբանկատ, կիրթ մայրը, երաժշտության դասատու, զուսպ ու սակավախոս, չսպասելով բժշկի հարցին, սկսեց իր հիվանդության ոդիսականը: Բացեց նոթատետրն ու ըստ օրի, ժամի ու րոպեի սկսեց նկարագրել՝ ինչպես է արթնացել, արթնանալիս ինչ է զգացել, հետո ինչպես է անկողնուց ելել ու սկսել դեղերի ընդունումը… Մայրս ձայնի հրաշք տեմբր ունի՝ կրծքային, թավշյա ու թեթև խռպոտ, նա այնպիսի ոգեշնչմամբ էր արտաբերում իր պատմության հերթական դրվագը, որ շատ չանցած բժիշկը, կոբրայի հայացքից հիպնոսված ինդուսի նման, սկսվեց մեղմիկ օրորվել՝ պղտորված հայացքը տարուբերելով առաստաղից հատակին… Երբ նոթատետրի պարունակությունը, մինչև վերջին վերջակետը, պատմվեց ու նկարագրվեց, եկավ հարց-պատասխանի հերթը: Ունիկալ պրոցես, որովհետև մայրս և՛ հարցնում էր, և՛ պատասխանում, ու միայն դրանից հետո սպասում էր բժշկի պատասխանին… Ես ստորաբար նահանջեցի միջանցք, իբր՝ կարևոր զանգ ունեմ, իջա սրճարան, խմեցի մի քանի բաժակ սուրճ, վերադարձա. բժիշկը շարունակում էր ինդուսի ինքնամոռաց պարը աթոռի վրա: Նորից շրջվեցի դեպի դուռն ու վերջինը, ինչ տեսա սենյակից դուրս գալուց առաջ՝ բժշկի՝ նախանձից այրվող հայացքն էր:
Միջանցքում էլ որոշվեց հետագա ճակատագիրս: Մորս նման մի հիվանդ ընդունելուց ու ողջ-առողջ բաց թողնելուց հետո երկրորդը հիվանդը հաստատ ողջ չի մնա: Ավելի ճիշտ՝ ես նրան ողջ չեմ թողնի: Իսկ մեռած հիվանդը…
ՁՈՆ՝ ՀԱՆԳՈՒՑՅԱԼՆԵՐԻՆ:
(Սեն Սանսի «Մահվան պարի» նվագակցությամբ)
Նախ՝ մասնագիտության բացասականը.
Կայուն հոգեկան ու ամուր նյարդեր ունենալը պարտադիր է:
Ամեն պահ քեզ կարող է վարակել հանգուցյալը:
Կարիերայիդ վրա խաչ քաշիր: Կոչում ու մեդալ ստացած դիահերձող չկա: Նույնիսկ մեր երկրում, որտեղ ում տեսնում՝ մեդալ են վզից կախում:
Ամեն մի բիոպսիան կարող է դատավճիռ դառնալ՝ եթե սխալվես:
Բայց… Դրականն էլ քիչ չէ:
Ստիպված չես շփվել պացիենտի հետ, լսել նրան, խորհուրդ տալ, էլ չեմ ասում՝ հույս ներշնչել: Ստիպված չես լսել նրանց՝ խելացի թե հիմար մտքերը: Արդյունքում՝ խնայում ես ժամանակդ ու նյարդերդ էլ իզուր չես փչացնում:
Աշխատում ես միայնության մեջ՝ ոչ անեսթեզիոլոգ, ոչ վիրահատական քույրեր, ոչ էլ՝ օգնական: Սեկցիոն սենյակում միայն սանիտարն է, ով գիտի՝ երբ ու ինչ ասի: Համարյա դրախտային պայմաններ…
Երբ աշխատում ես մեռած մարմինների հետ, նրանց վնասել չես կարող: Այնպես որ, հիպոկրատյան երդումը միայն այստեղ է գործում 100 տոկոսով:
Ինքդ ես քո ժամանակի տերը: Ու հանգուցյալը չի նեղանա, չի բողոքի ու սկանդալ չի սարքի, եթե կես ժամ ավել պառկի պաղ սեղանի վրա: Ի՞նչ համարյա, իսկական դրախտային պայմաններ են այստեղ:
ՁՈՆԻ ԱՎԱՐՏԸ
Զանգում է բջջայինը:
Լսում եմ… (Դահլիճին.) Կինս է: (Լսափողի մեջ:) Հիվանդդ էլ չի՞ ղժժում: Դատելով դեցիբելից՝ երկու տարեկան մանչուկ էր: Այո, ես չեմ սխալվում, համարյա՛ երբեք չեմ սխալվում: Դրա համար էլ չեմ հարցնում՝ ինչու ես զանգել: Որովհետև գիտեմ՝ ուզում ես իմանալ նրա մահվան մանրամասները… Ուրեմն ուզում ես ճշտել հոգեհանգստի օրը, կուզենաս սև գլխաշորով ու ալվան ծաղիկներով վերջին հրաժեշտը տալ… Էլի՞ չգուշակեցի: Ուրեմն՝ դու ասա… (Լսելուց հետո:) Չհամոզեցիր: Բայց ասածիդ հետ պետք է համաձայնվեմ: Այս ընտանեկան ավանդույթի սկիզբը հարսանիքի օրը դրեցիր… Արմանի հետ միասին: (Բջջայինը շպրտում է սեղանին:)
ԽԱՎԱՐ
Երբ սեպտեմբերի մեկին լսարանում տեսա Արմանին… Նա ոչ մեկին չէր ասել, որ գործերը բժշկական է տալու: Ուրեմն՝ երբ տեսա, հասկացա, որ իմ շփոթված ռեխը լրիվ կոմպենսացրեց նրա զոհաբերությունը: Ինչու զոհաբերությո՞ւն… Որովհետև նա կարող էր ամեն ինչ դառնալ, միայն ոչ՝ բժիշկ: Բայց նա որոշել էր ինձ հետևել, հետապնդել, տեսադաշտում պահել… Համալսարանում էլ եղավ՝ ինչ դպրոցում, շատ արագ կուրսը հավաքեց իր բուռը, ես նորից մնացի մենակ: Չէ, մեկին չկարողացավ իրենով անել: Համակուրսեցիս, որ հետո կինս դարձավ և ուներ սև աչքեր, սև մազեր, Ալիս անունը: Նանեի լրիվ հակապատկերը: Նստում էր կողքս, կուրսայինները քսերոքսում էր երկուսիս համար, տնից բերած բուլկիներով էր կերակրում: Ու եթե առաջինը սեր չխոստովաներ, չգիտեմ, հինգերորդ կուրսում կամուսնանայի՞նք: Արմանը մեր հարաբերությունների մեջ չէր խառնվում, փոխարենը կարմիր դիպլոմիս վրա խաչ քաշել տվեց… Լավ, դա ուրիշ պատմություն է: Հիմա ինչի մասին էի պատմում… Հա, հարսանիքը: Լավ հարսանիք արեցին մեր ծնողները՝ ռեստորանում, ամեն ինչ՝ տեղը տեղին: Հիմա էլ եմ համոզված, որ այդ օրը երջանիկ էի: Ալիսը շատ էր գեղեցկացել, ծիծաղում էր, պարում բոլորի հետ ու համարյա հմայել էր բոլորին… Հետո… 11-ի կողմերն էր, տղաների հետ պատշգամբում ծխելուց հետո վերադարձա սրահ, նստեցի… Ալիսը երևի պարում էր կամ ընկերուհիների հետ էր… Մայրս մոտեցավ, ասաց, որ ես էլ հարսի հետ պարելու իրավունք ունեմ: Խայթոցը չլսելու տվեցի: Բայց Ալիսը չկար: Սկզբում մերոնք փնտրեցին, հետո՝ կուրսեցիներս, հետո՝ բոլորը,- նախասրահում, հարդասենյակում, բարում, կողքի սրահում, տղամարդկանց զուգարաններում… Հետո ինչ-որ մեկն ասաց… իբր՝ հենց այնպես, իբր՝ ասածի մեջ ոչինչ չկա… Ասաց՝ Արմանն էլ չկա: Չասաց՝ Արմանը չկա: Ասաց՝ Արմանն է՛լ չկա: Երաժշտությունը մարեց, հյուրերը նստեցին իրենց տեղերը… պատկերացրեք լռությունը, որ ծանրացել էր դահլիճում: Ալիսի մայրը ինչ-որ բան էր ասում թե համոզում ամուսնուն, մայրս փորձում էր «դեմքը չկորցնել», հայրս… Մի խոսքով… Ու մեկ էլ՝ հայտնվեցին: Երկուսով: Ասես չնկատելով դահլիճի մթնոլորտը, մոտեցան ինձ: Եվ Ալիսն ասաց, որ իրենք գնացել-բերել եմ իմ սիրած գարեջուրը՝ «Ռեդ բուլլը»: Արմանը երկու շիշ դրեց սեղանին, մեր հայացքները խաչվեցին: «Ի՞նչ գարեջուր»,- կարողացա հանգիստ հարցնել ես: «Արմանն ասաց, նեղսրտել ես, որ սեղանին քո ուզածը չկա և առաջարկեց սյուրպրիզ անել: Այդպես չէ՞, Արման»,- իբր չնկատելով իրեն ուղղված հայացքները, ասաց Ալիսն ու կարծես սպասում էր, որ շնորհակալություն պիտի հայտնեմ: Արմանը ժպտաց. «Ատոմ, ասա, որ ուզում էիր «Ռեդ բուլլ» խմել»: Նայում էի նրան, բայց տեսնում էի հյուրերի, ծնողներիս հայացքները… Բարձր, որպեսզի բոլորը լսեն, հայտարարեցի. «Ասացի, բայց չէի մտածում, որ կգանք բերելու»: Չասացի՝ «Ռեդ Բուլլ» բերելու, որովհետև Արմանը հենց այնպես չէր գնել այդ գարեջուրը՝ Կարմիր ցուլ… Բոլորը իբր թեթևացած շունչ քաշեցին, հնչեց երաժշտությունը, ես համբուրեցի սպասողական դիրք բռնած Ալիսի այտը…
Մեր առաջին գիշերն ամեն ինչ էր՝ գիշերվանից բացի: Եվ ինչքան դառն էր լալիս Ալիսն ու ավելացնում երդումների դոզան, որ ոչինչ չի եղել, եղածից բացի, այնքան չէի հավատում նրան:
ԽԱՎԱՐ
(Բարձր:) Կարո՛, պահարանից հանիր նոր գործիքների տուփը… Հները կողքի դիր: Նոր գոգնոց տուր:
Ձեռքը հայտնվում է կուլիսներից, մեկնում գոգնոցը: Պաթատոմը վերցնում է գոգնոցը, բացում, նայում, կախում է կախիչից, հինը գցում է կուլիսներից դուրս:
Այսպե՜ս… Պատրաստվում եմ, Արման, նոր գործիքներ, նոր գոգնոց… Ավելին անել չեմ կարող: Թե արածս քեզ քիչ թվա, ներիր, եթե կարող ես… Իսկ ես… (Իրոնիայով:) Հաճույքով կներեի, բայց բավական է հիշեմ առաջին գիշերվա մասին…
(Դադարից հետո, այլ տոնով): Ի դեպ, առաջինի մասին: Հիմա նկատի ունեմ առաջին հերձումը: Երբ դանակը կտրում է մեռած մարմինը՝ քո օրգանիզմի առաջին արձագանքն է՝ կարո՞ղ ես, թե՞… Ու դու կա՛մ շարունակում ես հանգիստ աշխատել դիակի հետ, կա՛մ քեզ ստիպում ես դիմանալ, ոտքերի վրա մնալ մինչև ավարտը: Հատորներով գրքեր կարդալը, արյուն տեսնելը վիրահատարանում ու անգամ որպես դիտորդ նայել հերձմանը՝ հե՛չ բան է- կարողացար դիպչել մեռած մարմնին ու աշխատել նրա հետ բոլոր մանրամասնություններով՝ ուրիշ մի բան է: Առաջին անգամ և՛ հուզվում էի, և՛ վախ կար: Իմ չար բախտից էլ՝ ստամոքսի քաղցկեղ էր, մետաստազներով: Բայց կարողացա գործը ավարտին հասցնել: Հետո երազս եկավ այդ ամենը… մի քանի գիշեր շարունակ: Ու ես համոզված էի, որ այդ առաջինը կյանքիս ամենամեծ փորձությունն է:
Այդպես համոզված էի… մինչև հարսանեկան առաջին գիշերը:
Անսպասելի տեղից պոկվում, ճանկում է գոգնոցն ու փորձում է պատռել: Չի ստացվում: Ավելի կատաղած՝ գոգնոցը գցում է ոտքերի տակ, տրորում է… Հետո գնում է կուլիսներն ու հին գոգնոցը բերում-կախում է նախկին տեղը՝ նորը ոտքով քշելով կուլիսներ:
(Հևասպառ): Սա էլ քեզ շատ է… Իսկ գործիքները… դեռ մտածելու ժամանակ ունեմ, մինչև բարեհաճես հայտնվել, գուցե հները նորից մեջտեղ գան:
Զանգում է բջջայինը:
(Փորձում է հանգիստ երևալ): Լսում եմ… Սուրո՞, էս ո՞նց է՝ հիշել ես… Ե՞ս… նորմալ: Նորությո՞ւն… Դու ասա՝ ինչ ես ուզում իմանալ… Հենց էնպե՞ս ես հարցնում, բայց չգիտե՞ս, որ հենց էնպես հարցին քո ուզած պատասխանը չի լինում: Ինչ եմ անում հիմա՞… Համարյա ոչինչ: Ուզում ես գա՞լ: Շիշը պահիր, շաբաթ օրը կխմենք: (Անջատում է:) Չէ, բարեկամս, դու չես տեսնի, թե ինչպես ենք հանդիպելու ես ու Արմանը:
Էլի՛ Արմանը: Ասենք, ուրիշ էլ ո՞վ: Այսօրվա հերոսը նա է: Ասեմ՝ հերոս, որովհետև իսկական բառը չեմ գտել ու հաստատ չեմ գտնի:
(Բարձր:) Կարո, հոգեպահուստ ի՞նչ ունես… Միայն թթի օղի չտաս:
Ձեռքը կուլիսներից հայտնվում է՝ մեկնելով կոնյակի կիսատ շիշը:
Աշխատանքի ժամերին չեմ խմում: Ոչ թե՝ մեկ-մեկ, ոչ թե՝ երբեմն, այլ ընդհանրապես չեմ խմում: Բայց հիմա… (Խմում է շշից:) Ինձ խոստացել էի չհիշել այդ դեպքի մասին: Ոչ մի դեպքում: Բայց հիմա… հուշերի շքերթը շարունակվում է:
(Դադար: Դժվար է խոսելը): Պաթանատոմը դատավոր չէ: Նա գտնում է մահվան պատճառն ու եզրակացությունը տալիս հանգուցյալի հարազատներին: Եթե մահը վրա է հասել վիրահատական սեղանին կամ դրանից հետո, ներկա պիտի լինի վիրաբույժը: Միշտ չէ, որ նա կողքիս կանգնած է լինում, բայց անպայման տեղեկանում է եզրակացությանը, որովհետև… Այո, ամեն մի բժիշկ ունի իր փոքրիկ գերեզմանոցը: Անսխալական մեկը չկա: Ինձնից բացի, որովհետև վերջին խոսքը իմն է:
24 տարեկան գյուղացի տղա էր: Ներքին արնահոսությամբ հասցրել էին քաղաք, հիվանդանոցում վիրահատել էին, մահացել էր: Հասկանո՞ւմ եք, մահը ավեր է, ժամերի ընթացքում ոչնչացնում է նույնիսկ ամենակատարյալ մարմինը: Իսկ սեկցիոն սեղանին պառկած այդ ջահելը՝ ամրակազմ, ուղիղ, հզոր ուսերով, դեռ փայլը չկորցրած սև, ալիքվող մազերով… Կարոն չդիմացավ, հայհոյեց աստծուն ու սատանային: Ես էլ էի ազդվել, այնքան, որ առանց թղթերը կարդալու անցա գործի՝ րոպե առաջ էի ուզում իմանալ, թե ինչը կարող էր սպանել այդքան հզոր մարմինը: Հետո… նայում ու աչքերիս չէի հավատում՝ մահվան պատճառը վիրահատական սխալն էր: Նորից էի ստուգում, էլի էի ստուգում… Հետո նայեցի թղթերը: Արմանն էր վիրահատել: Այո, մենք իրարից անբաժան էինք նաև այստեղ: Զանգեցի ներքին հեռախոսով: Առաջին զանգից վերցրեց, ասես սպասում էր: Եկավ, հայացքով Կարոյին դուրս քշեց ու ասաց. «Անտեր տղա է, տատն է միայն, նրան էլ արդեն օգնել եմ ամեն ինչով, բողոքող չի լինի»: Հետո ժպտաց: «Իզուր աղմուկ չբարձրացնես»,- ժպիտի միջից շպրտեց ու գնաց՝ դուռը շրխկացնելով:
Մեր բժիշկներից մեկն էլ էր սխալվել, հիվանդը սեղանին մահացել էր: Եկել-նստել էր այս աթոռին ու լալիս էր: Տղամարդու ժլատ արցունքներով ու ատամները կրճտացնելով:
…Եզրակացությունը ուղարկեցի գլխավոր բժշկին, երկու օրից մտա մոտը: Նա, հայացքը փախցնելով, ասաց, որ իզուր աղմուկ չբարձրացնեմ: «Իհարկե,- ասացի,- ի՞նչ աղմուկ, երբ ամեն ինչ վճարված է»: Բայց հարցը միայն վճարելը չէր, Արմանի աները մեծ կալիբրի պաշտոնյա էր… Կես տարի անց երկրորդ դեպքը: Իսկ երրորդը լցրեց գլխավորի (ոչ այս մեկի, նախկինի) համբերության բաժակը: Հիվանդի լեղապարկն էր հեռացրել ու պատռել էր լյարդը: Թե ոնց էր հաջողացրել… Կարել էր, իսկ լյարդը՝ թողել: Սկանդալը մարելու դիմաց գնաց… սեփական դիմումի համաձայն: Լսեցի՝ աներոջ օգնությամբ անցել է վարչական աշխատանքի: Գնաց, բայց ինձ թողեց հոգիս կրծող կասկածը՝ իսկ գուցե հատո՞ւկ էր անում, այո, այո, հատուկ էր սպանում ու նրանց ինձ մոտ ուղարկելով՝ չարախնդում էր անզորությանս ու թուլությանս վրա: Թե չէ ինչպե՞ս էր ստացվում, որ բոլոր մահացածները կա՛մ որբ էին, կա՛մ անտեր: Ու բողոքող չկար:
Զանգում է բջջայինը:
Լսում եմ: (Դահլիճին.) Գլխավորն է: (Լսափողի մեջ:) Դեռ ոչ… երևի խցանումի մեջ են: Բայց ո՞ւր շտապեն: Մեզ մոտ ամեն ինչ պատրաստ է: (Անջատում է:) Հաստատ նորից աներն է զանգել՝ ամեն ինչ անել բարձր մակարդակով: Հերձելու բարձր մակարդակը ո՞րն է: Հերձելը մի մակարդակ ունի՝ գտնել մահվան պատճառը: Սա ասում եմ ամենայն պատասխանատվությամբ: Ասածս նաև ինքնարդարացում ընդունեք, որովհետև մի անգամ… Համարյա թաքցրել եմ հանցագործին: Համարյա…
70-ն անց հարուստ այրին վատ է զգացել: Տնային աշխատողը զանգել է շտապ օգնություն, հիվանդանոցի ճանապարհին մահացել է: Բերեցին այստեղ: Շատ չանցած եկավ աղջիկը: Չէր ուզում, որ մորը հերձեն: Նրան ասացի անհրաժեշտ փաստաթղթային տեղեկացման մասին… Ներս մտավ մի ջահել: Տիկնոջ որդին էր: Բարևեց, հետո դիմեց մորը՝ մաքուր ֆրանսերենով, որ իզուր է եկել, ինքը բոլոր հարցերը կկարգավորի: Մայրը տեղից ելավ, թեթևակի գլուխը խոնարհեց ու դուրս գնաց: Բայց գնալուց մի վայրկյան առաջ նայեց ինձ… Այդ հայացքը… Կասկած չունեմ, պառավին սպանել են: Սպանել է թոռը: Ժառանգության համար: Ու մայրը գիտեր: Ես հատուկ հետաքրքրվեցի՝ պարզվեց, նրան դիակիզել են: Կուզենայի տեսնել այդ կնոջ հայացքը՝ ուղղված ֆրանսերեն անթերի խոսող որդուն, երբ կրակի բոցերը լափում էին մոր դագաղը… Գուցե սա իմ երևակայությունն է, ու քանի որ չեմ հերձել, թող այդպես էլ մնա իմ երևակայությունը:
Իսկ ընդհանրապես երևակայությունը վատ բան է: Ձեռքս հնար լիներ՝ կարգելեի, կվերացնեի այդ երևակայություն կոչվածը: Ինչո՞ւ… Որովհետև դժվարացնում է առանց այդ էլ դժվար կյանքը: Իմը որ՝ հաստատ:
Երբ վաճառեցինք մեր ամառանոցը, սկզբում համարյա ցավ չզգացի: Վաճառեցինք ստիպված՝ հորս սիրտը վիրահատել էր պետք: Ալիսն էր զբաղվում, ասաց՝ ճարպիկ միջնորդ է գտել՝ արագ վաճառվեց: Մի քանի շաբաթ հիվանդանոց, վիրահատություն, հետվիրահատական բարդություններ… Հետո, երբ նորմալ կյանքի վերադարձանք՝ ինձ համար էլ անսպասելի սկսեցի կարոտել մեր ամառանոցը: Հա, մանկությունս այնտեղ է անցել, մեր ընտանիքի ամենատաք օրերը այդ պատերի մեջ են, բայց վերջին տարիներին նույնիսկ ամիսը մեկ չէր գնում: Ու հանկարծ… Ինչ-որ մեկը կասի՝ նոստալգիա: Իմ կարծիքով, ընդամենը սրված երևակայություն: Հասել էի այն վիճակին, որ մտածում էի՝ եթե իմանամ՝ ով է տեր դարձել մեր տանը, կհանդարտվեմ: Հերթական նոպայից հետո նստեցի մեքենան ու սլացա գյուղ: Տանը չհասած՝ երկու փողոց այն կողմ, իջա մեքենայից, քայլելով հասա ցանկապատին, հենվեցի ու ինչքան էի նայել տանը, այգուն, չեմ կարող ասել, մեկ էլ խոհանոցի վարագույրը շարժվեց… Ես, ասես գողության մեջ էին բռնել, համարյա փախա: Հաջորդ օրը զանգեց Արմանը: Անսպասելի էր՝ հիվանդանոցից գնալուց հետո չկար ու հանկարծ՝ զանգ: Ասես ոչինչ չէր եղել, հարցեր էր տալիս, իր մասին էր պատմում… Չէի ընդհատում, խոսել չէի ուզում: Ու մեկ էլ՝ գնանք, մի տեղ նստենք, խոսելու բան կա: Մինչև կհասցնեի մերժել, ասաց, որ մեքենան արդեն հիվանդանոցի բակում է: Ինտրիգ զգալով՝ դուրս եկա: Նստեցի կողքը: Գնում ենք: Չեմ հարցնում՝ ուր: Ինքն էլ լուռ է: Մեկ էլ զգում եմ՝ ծանոթ տեղանք է… թեքվեցինք, գնում ենք մեր ամառանոցի ուղղությամբ: Զգում եմ՝ կողքանց հայացք է նետում, բայց շարունակում ենք մեր լուռ կռիվը: Մեքենան կանգնեցրեց մեր դարպասի մոտ: Իջավ մեքենայից: Ես էլ իջա: Բացեց մետաղյա դռնակը, հետո տան դուռը բացեց ու առանց նայելու՝ հետևում եմ իրեն՝ ներս մտավ: Քարացել եմ, ոչ առաջ եմ գնում, ոչ՝ ետ: Ինչքան դա տևեց, չգիտեմ, նա իմ մանկության տան մեջ, ես՝ շեմին քարացած… Վերջապես ինձ ստիպեցի շրջվել ու հեռանալ: Տնից դուրս չեկավ, ոչ էլ ձայն տվեց: Բայց հաստատ նայում էր խոհանոցի վարագույրի ետևից ու ժպտում էր…
Քայլում էի ու մտածում՝ երբևէ կկարողանա՞մ նրան հարցնել՝ ե՛րբ, ինչո՛ւ ատեց ինձ: Հիմա կարող եմ խոստովանել. ինձ արգելել էի նրան հիշել մի պայմանով, որ երբևէ կնայեմ ժպտացող դեմքին ու կհարցնեմ՝ ինչո՞ւ…
Փաստորեն՝ այդպես էլ չեմ իմանա: Անարդար է: Մահն էլ պիտի իմանա՝ երբ գա և ում տանի: Պարզվում է՝ Արմանի մահն էլ իմ դեմ է: Մեր մասնագիտությունը տաբու ունի՝ չհերձել բարեկամին, հարազատին, ծանոթին: Բնականաբար, տաբու չէ թշնամուն հերձելը: Թշնամի, չարակամ, ինչ կուզեք, ասեք, իմաստը չի փոխվում՝ մարդ, որ թունավորել է կյանքդ, ու զավեշտն այն է, որ այդպես էլ չես իմանալու՝ ինչո՛ւ:
Զանգում է բջջայինը:
(Նայում է համարին, կարճ երկմտանքից հետո սեղմում կոճակը): Սուրեն, երկու զանգ կես ժամվա մեջ՝ շատ չէ՞… Իսկ Ալիսն ինչո՞ւ է քեզ զանգել: Ի՞նչ իրավունքով… Օ՜, նա շատ իրավունքներ ունի, բացի այդ մեկից: Չշարունակես: Ես շատ նորմալ հոգեվիճակում եմ: Իսկ քո և հատկապես Ալիսի պրոբլեմը չէ, թե ով է նրա մահվան եզրակացությունը գրելու: (Անջատում է հեռախոսը, անմիջապես էլ ետ է զանգում:) Շիշը ուրիշի հետ կխմես: (Անջատում է բջջայինը:)
(Դադար): Տեսնես ով է ում զանգել: Ալիսը՝ Սուրո՞յին, թե՞ հակառակը: Բայց նրանց հիմա միավորել է անհանգստությունը անձիս նկատմամբ: Ինչպե՞ս եմ վարվելու: Լավ, Սուրենը՝ ընդունենք, որ պարտավոր էր անհանգստանալ, իսկ Ալի՞սը… 13 տարի է՝ ամուսնացած ենք, բայց այդպես էլ չհարազատացանք: Գուցե դրան խանգարում է իմ սովորությունը՝ ժամանակ առ ժամանակ «Ռեդ բուլլ» եմ տանում տուն: Մի դյուժին: Ու շարում եմ խոհանոցի սեղանին… Ոչ հիշաչար եմ, ոչ էլ լավ հիշողություն ունեմ: Ներել չեմ ուզում: Ոչ թե՝ չեմ կարող, այլ՝ չեմ ուզո՛ւմ ներել:
Իմ պրակտիկայից չէ, կարդացել եմ… Կինը փողոցում տեսել է ամուսնուն՝ մեկ այլ կնոջ հետ, գրկախառնված: Միանգամից բացվել է կնոջ ստամոքսի խոցը, արնահոսել… Փրկել չեն կարողացել: Դիահերձելիս արյուն համարյա չի եղել: Ասես ամբողջ կյանքը՝ արյան տեսքով, նա դուրս էր շպրտել իրենից ու խաղաղվել՝ թափանցիկ գունատությունը դեմքին դիմակ դարձրած…Եթե իմանաք՝ ինչպես եմ նախանձում նրա անասուն ամուսնուն: Կասեք՝ տարօրինա՞կ է վերաբերմունքս, իսկ գուցե հիվանդագի՞ն… Երկուսը միասի՛ն:
(Զանգում է բջջայինով): Ինչո՞ւ ես զանգել Սուրենին… Չես սխալվում, ես եմ հերձելու… Լազարյանը քաղաքում չէ: Քաղաքում էլ լիներ, ոչինչ չէր փոխվի… (Լսելուց հետո, հոգնած անտարբերությամբ:) Գիտես, որ իզուր ես խոսում, ես կարող եմ համաձայնվել քեզ հետ, բայց հավատալ… իմ ուժերից վեր է: (Անջատում է բջջայինը:)
Գնում է բեմի խորքը՝ սեկցիոն սեղանի մոտ: Ասես խոսում է պառկած Արմանի հետ:
Մենք կարող էինք լավ ընկերներ լինել… լինում է, չէ՞, ընկեր ամբողջ կյանքի համար: Ավելի լավ տարբերակ կար՝ դուք չտեղափոխվեիք մեր շենքը: Ու երբեք չհանդիպեինք: Չխաթարվեր իմ կյանքը… (Ակնդետ նայում է, իբր, պառկածի դեմքին:) Միշտ եմ մտածել, որ դու ավերել ես կյանքս: Անընդհատ փորձել եմ հասկանալ՝ ի՞նչն էր ատելությանդ պատճառը: Պատասխանը չեմ գտել, բայց վստահ եմ եղել, որ առիթ չեմ տվել: Ավելին, համոզված եմ եղել, որ նախանձել ես: Առանց պատճառի կամ պատճառով, որի հետ ես կապ չունեմ ու չէի կարող ունենալ: Պարզապես դու ծնվել էիր ինձ նախանձելու, կյանքս թունավորելու համար: Քիչ առաջ, առաջին անգամ բարձրաձայն խոստովանեցի, որ երբևէ հարցնելու էի, թե որն է ատելությանդ պատճառը: Բայց այստեղ էլ քոնն արեցիր, մահացար: Քեզ ի՞նչ կա, մահը ծաղկուն տարիքում կմաքրի մեղքերդ գոնե քեզ ճանաչողների համար, գերեզմանաքարից նայող ժպտուն դիմապատկերդ կհուզի անծանոթներին, ու միայն ես չեմ տրվի մահվան քո սրբագրությանը: Վայրկյանների ընթացքում, երբ գլխավոր բժիշկը խնդրում էր շտապ կարգով հերձել իր լավ ծանոթի փեսային, որոշեցի թաքցնել, որ ճանաչում եմ քեզ 28 տարի, որովհետև ես կարող եմ հրաժարվել միայն հարազատիս, մտերիմ ծանոթիս ու ընկերոջս հերձելուց: Դու նրանցից ոչ մեկը չես: Հավատա, մասնագիտական պարտքս կկատարեմ լավագույն ձևով… Հոգիներին չեմ հավատում, բայց կուզենայի, որ այդ ժամանակ մոտակայքում լիներ այն 24 տարեկան գյուղացի տղայի հոգին…
Զանգում է բջջայինը:
Լսում եմ… Ատոմը ես եմ: Արմանը… դեռ չեն հասել, երևի խցանումի մեջ են: Ո՞ւմ հետ եմ խոսում… (Դահլիճին.) Այրին է: (Լսափողի մեջ:) Ընդունեք ցավակցությունս… Այո, ես եմ եզրակացությունը տալու: Ինչպե՞ս… (Դեմքը քարանում է:) Ես էլ չգիտեմ… ու պատասխան չունեմ: Ներեցեք, ինձ կանչում են… (Հապշտապ հեռախոսն անջատում է:)
(Դիմում է «Արմանին»): Ընկնելուց հետո, դեռ մի քանի րոպե, գիտակցությունդ տեղն է եղել, ու կարողացել ես ասել, որ քեզ բերեն ինձ մոտ: Կինդ… այրիդ հարցնում էր՝ «Ինչո՞ւ ձեզ մոտ»: Իհարկե, նրան չէիր պատմել իմ… մեր մասին: Դու վստահ էիր, որ կհամաձայնվեմ քեզ հերձել: Ու հիմա, շտապ օգնության մեքենայի մեջ, սառը պատգարակին պառկած, տոնում ես հերթական հաղթանակդ… Եթե, իհարկե, մեռածները ինչ-որ բան զգում են… Ու վստահ ես, որ վերջին խոսքը քոնը եղավ: Բայց դու հաշվի չէիր առել մի փոքրիկ, համարյա աննշան հանգամանք՝ վերջին խոսքը ապրողինն է: Գոնե 28 տարի տևող այս անիմաստ ու ավերիչ պատմության մեջ:
Զանգում է ներքին հեռախոսով:
Ես չեմ կարող հերձել Արման Նորեյանին: Ոչ, նա իմ ազգականը չէ… ոչ էլ՝ ընկեր: Նույնիսկ ծանոթ չէ: Նա իմ… թշնամին է:

Կարդացեք նաև