Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ / ՀԵՏԱԽՈՒԶՎՈՂ ԾԱՂԻԿԸ

(Պիես 10 մասից)

Իմ բանաստեղծական գրքերում կգտնեք թատերգության ժանրի
նմանողությամբ գրված բանաստեղծություններ: Գրել եմ նաև տաս պիես մեծերի և փոքրերի համար, որոնցից մեկը՝ «Կակտուսի ծաղիկը» ներկայացվել է 1987 թ. ռադիոթատրոնով: Ցավոք, գրվածքը կորել է: Մյուսները տպագրվել են: Որոշ թատրոններում
փորձել են բեմադրել իմ պիեսներից:
Գանք «Հատախուզվող ծաղիկը» գրվածքին: Սկզբում որպես բանաստեղծական պիես էր: Վաղուց էի գրել: Տպագրվեց 2017 թ.
«Քարկապ» գրքում: Ասեմ, որ այդ գրվածքը
2008 թ. մարտի 1-ի ծանր արձագանքն է կրում: Երբ մեր տնից
փոքր տղայիս բերման ենթարկեցին ոստիկանները:
Ոմանք կարդացել էին և հավանել, իսկ բանաստեղծ Արտեմ Հարությունյանը խորհուրդ տվեց շարունակել. ասելիքը թույլ է տալիս ակնկալել բեմականացման համար ընդարձակ գործողություններ: Գրեցի:
Կարինե Խոդիկյանն էլ կարդաց, առաջարկեց տպագրել:
Թումանյանը ոչ մի պիես չի գրել, իրեն դրամատուրգ էր համարում, ես 10-ի չափ գրել եմ, բայց ինձ դրամատուրգ չեմ համարում: Ես, եթե կարելի է ասել, բանավոր թատերագիր եմ: Երանի այդպիսի թատրոն լիներ, հանպատրաստից պատմեիր, ու խաղային, նախապես
չիմանալով ո՛չ սկիզբ, ո՛չ ընթացք, ո՛չ վերջ: Ահա և վե՛րջ:

 

Գործող անձինք
ԾԱՂԻԿ
ՌԵԺԻՍՈՐ
ՖԼՈՐԱ ԾԱՂԻԿՅԱՆ
ՈՍՏԻԿԱՆՆԵՐ
Նախարարություն
ԳԼԽԱՎՈՐ ՊԵՏ
ՏԵՂԱԿԱԼՆԵՐ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԵՐ
ՍԻՐԱՀԱՐՆԵՐ
ՄՈՒՐԱՑԿԱՆ
ԾԱՂԻԿՆԵՐ
ՄԱՍ 1
Ծաղիկը կանգնել է մայթեզրին:
ՈՍՏԻԿԱՆ Բ — Ինչո՞ւ ես կանգնել:
ԾԱՂԻԿ — Բնական պահանջ է…
ՈՍՏԻԿԱՆ Ա — Ախ, դու բնական պահա՞նջ ես բավարարում, այն էլ փողոցում, օրը ցերեկով…
Ոստիկանները ոլորում են Ծաղկի տերևները, փորձում են իրենց հետ տանել:
ԾԱՂԻԿ — Ի՜նչ ուրախ եմ, որ ինձ տանելու եք գնդապետի մոտ, ես պատրաստվում էի ծածկել նրա կուրծքը, երբ հետմահու կստանար շքանշան:
ՈՍՏԻԿԱՆ Բ — Ա՛յ դու սադրիչ, մեր գնդապետը մինչև գեներալի կոչում չստանա՝ չի մեռնի: Քոսոտ ծաղիկ, քեզ հիմա կտանենք, և մեր հրամանատարը կթքի վրադ:
ԾԱՂԻԿ — Նրա թուքը ինձ ցող կթվա:
ՈՍՏԻԿԱՆ Գ — Սա մեզ ձեռ է առնում, գուցե թողնենք այստե՞ղ, ոտքերի տակ կորչի:
ԾԱՂԻԿ — Ես երազում էի թաղվել գնդապետի հետ:
ՈՍՏԻԿԱՆ Ա — Դա քեզ չի հաջողվի, դու պիտի ոչնչանաս շան պես, մայթերին, ոտքի տակ:
ՄԱՍ 2
Ծաղիկը քայլում է մայթեզրով:
ՈՍՏԻԿԱՆ Բ — Էդ ե՞րբ քայլել սովորեցիր:
ԾԱՂԻԿ — Չեմ քայլում, ինձ քամին է քշում:
ՈՍՏԻԿԱՆ Գ — Լավ էլ քայլում ես, համաչափ՝ մեկ, երկու, երեք, և ոչ՝ մեկ, երկու, տասնչորս…
ԾԱՂԻԿ — Ուղղակի գնում եմ, գառան դնչին հասնեմ: Նրան չեն թողնում՝ գյուղից քաղաք գա, ճամփեքը փակ են:
ՈՍՏԻԿԱՆ Ա — Է, քեզ կարածի:
ԾԱՂԻԿ — Հրաշալի է, երբ գառն է արածում:
ՈՍՏԻԿԱՆ Բ — Շուտ հեռացիր, այստեղ կարմիր ծաղկի քայլելն արգելված է:
ԾԱՂԻԿ — Ես առաջ դեղին էի, իսկ ավելի առաջ՝ կապույտ:
ՈՍՏԻԿԱՆ Գ — Նշանակություն չունի: Դու հիմա կարմիր ես, և վերջ, չքվի՛ր:
ԾԱՂԻԿ — Բայց ես քամու թևին սիրում եմ սահել:
ՈՍՏԻԿԱՆ Ա — Արա, զզվըցրիր, քեզ ասինք՝ չքվիր, թե չէ գնդապետը…
ԾԱՂԻԿ — Կեցցե՛ գնդապետը, ես նրա կրծքին…
ՈՍՏԻԿԱՆ Բ — Լռիր, ո՛չ մի կուրծք, ո՛չ մի թաղում, նա պիտի դառնա գեներալ, կորի, բայղուշ…
Մահակներով հրում են, շտապեցնում ծաղկի շարժը:
ԾԱՂԻԿ — Նրան կբարևեք, նրա վերջին պահին մենակ չեմ թողնի, կայցելեմ, նա շատ դժվար…
ՈՍՏԻԿԱՆ Ա — Էս ի՛նչ կրակ է, այ թե կրակելու հրաման լիներ…
ԾԱՂԻԿ — Առանց այդ էլ կարմիր ծաղիկ եմ, կար-մի՜ր: (Քթի տակ դնդնում է Ռ. Ամիրխանյանի «Կարմիր ծաղիկ» երգը, թռչում հեռու:)
ՈՍՏԻԿԱՆ Գ — Սրանից էլ պրծանք… Հլը էն շանը տեսեք, ինչ էլ հանդիսավոր է գալիս, ասես փողոցն իր համար ենք սարքել…
ՄԱՍ 3
Ոստիկանատուն: Լույսերը վառ են, մարդկանց բազմություն է ներսում և դրսում:
ՈՍՏԻԿԱՆ Ա — Ի՞նչ է պատահել:
ԲԱԺՆԻ ՈՍՏԻԿԱՆ — Գնդապետը խղճի խայթից հանկարծամահ եղավ:
ՈՍՏԻԿԱՆ Բ — Ո՞վ էր թույլ տվել՝ խայթը մտնի ոստիկանատուն, բա ո՞ւր էր հսկիչ հերթապահը, թիկնապահը…
ԲԱԺՆԻ ՈՍՏԻԿԱՆ — Նա չի տարբերել օձի խայթը խղճի խայթից, ասենք, ո՞նց տարբերեր, երկուսն էլ չեն երևում:
ՈՍՏԻԿԱՆ Գ — Էս ի՛նչ փորձանք եկավ, գնդապետը խիստ էր, բայց լավ մարդ էր, երբեք բռունցքով խփելուց հետո չէր լվացվում, չէր խորշում ամբաստանյալից, բաժին բերվածից, բանտ տարվողից:
ԲԱԺՆԻ ՈՍՏԻԿԱՆ — Շատ տարօրինակ բան կատարվեց, մինչև մեռնելը նրան այցելեց մի ծաղիկ, կարմիր ծաղիկ, պտտվեց օդում, այսինքն՝ ճախրեց գնդապետի քթի տակ, ու երբ գնդապետը վերջնականապես շունչը փչեց, ծաղիկն իջավ նրա կրծքին, ասես ծաղկեպսակ է… Չգիտենք, որտեղից եկավ:
ՈՍՏԻԿԱՆ Ա — Տարօրինակ բաներ են կատարվում վերջերս, ծաղիկներն էլ են ցնդել:
ԾԱՂԻԿ — (մեկուսի): Տոթ է, ա՛յ թե պատուհանները բացեին…
ՄԱՍ 4
Ոստիկանության բաժին են մտնում ոստիկանապետի տեղակալը, քաղաքի գլխավոր բժիշկը, այլ կարևոր անձինք:
ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ — Ինչի՞ց է մահացել:
ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ՊԵՏ — Պարոն տեղակալ, կարծիք կա, թե խղճի խայթից:
ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ — Նախկինում նրա մոտ այդպիսի նշաններ եղե՞լ են:
ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ՊԵՏ — Չէ, չի նկատվել:
ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ — Ուրեմն՝ Եվրոպայից ներմուծված բացիլ է, հազար ենք ասել, պետք է վերափոխել ըստ օրենքի, բայց ոչ այդքան բացոռ… (Շուրջն է նայում՝ կին չկա՞:) Սա թող լինի ձեզ խրատ:
ԳԼԽԱՎՈՐ ԲԺԻՇԿ — Օդը ծանր է, սա էլ իր դերն է խաղացել, շնչարգելության պատճառ է, ինչո՞ւ եք այդքան ամուր փակել, գոնե օդանցքը բաց լիներ…
ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ — Բացե՛լ օդանցքը: Էս ծաղի՞կն ով է դրել:
ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ՊԵՏ — Ինքն է եկել:
ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ — Ո՞նց, դուռ-լուսամուտ փակ է եղել:
ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ՊԵՏ — Երբ իմացանք՝ վատ է գնդապետը, ներս մտանք, ծաղիկն էլ՝ մեզ հետ:
ՈՍՏԻԿԱՆ Ա — Իմիջիայլոց, ցերեկը փորձեց դիմադրել, ասաց, որ քամու թևին սահելով պիտի նստի գնդապետի անշունչ կրծքին: Մենք շատ կուզեինք կրակել, ոչնչացնել օդում, բայց հրաման չկա, և ահա…
ՈՍՏԻԿԱՆ Բ — Իա՜, թռավ… հասեք, փակեք օդանցքը…
ՈՍՏԻԿԱՆ Գ — Անխիղճը ի՜նչ արագ թռավ, գուցե դրսում բռնենք: (Վազում է դուրս:)
ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ — Հետախուզում հայտարարեք, նկարե՞լ եք:
ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ՊԵՏ — Գնդապետին նկարել ենք, նա էլ՝ կրծքին:
ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ — Լավ է, բազմացրեք ծաղկի նկարը և բաժանեք բոլոր բաժանմունքներին, նաև կախեք քաղաքի բանուկ մասերում և քաղաքային տրանսպորտում:
ՈՍՏԻԿԱՆ Ա — Դա շատ կասկածելի էր, հենց սկզբից զգացի:
ՈՍՏԻԿԱՆ Բ — Ծաղիկ լրտես էլ է լինում:
ԳԼԽԱՎՈՐ ԲԺԻՇԿ — Ծաղիկները շատ զգայուն են, հանցագործ տեսնելիս վախից կծկվում են, թրթռում… Պետք է նրան օգտագործել դատավարությունների ընթացքում:
ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ՊԵՏ — Այո, այո, եթե բռնենք:
ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ — Կարծում եմ, նա կգա գնդապետի թաղմանը:
ԳԼԽԱՎՈՐ ԲԺԻՇԿ — Գնդապետին հարկ է տանել մորգ, կներեք, անատոմիկում:
ՄԱՍ 5
Գլխավոր պողոտայի գլխավոր ծաղկի խանութի նստարանին նստած են նոր ծանոթացած աղջիկ ու տղա:
ՏՂԱ — Այս բույրը քո՞նն է, թե՞ ծաղիկներինը:
ԱՂՋԻԿ — Շանել համար հինգինն է: Ինչու, չե՞ս զգում:
ՏՂԱ — Ֆրանսիական կոնյակի հոտ ունեն քո մազերը, հարբում եմ ու խենթանում, հոլանդական կակաչի բույր ունեն քո հոնքերը, ալպիական մանուշակի բույր ունեն քո թարթիչները…
ԱՂՋԻԿ — Մի խոսքով՝ դրախտի այգի եմ… Հո պոետ չե՞ս:
ՏՂԱ — Դժոխքի ազդեցությամբ դրախտի այգի, պրծում չկա քո հմայքից, կախարդանքից, ուզո՞ւմ ես, գնանք Վենետիկ, պոետ չեմ, ձիավոր եմ:
ԱՂՋԻԿ — Քննության եմ, թե չէ կգայի, ո՞ւր է մեքենադ:
ՏՂԱ — Ձիով եմ եկել ժամադրության, իմ վիրտուալ սեր: Ձիուս չբերեցի, որ ծաղիկները չարածի:
ԱՂՋԻԿ — Ասում ես՝ աուձի՞:
ՏՂԱ — Ձի՛:
ԱՂՋԻԿ — (արհամարհանքով): Ձի՞:
ՏՂԱ — Ձի, ձի, արաբական նժույգ:
ԱՂՋԻԿ — Իա՜…
ՏՂԱ — Բա՜, շնորհավորիր համբույրով:
ԱՂՋԻԿ — Ձիո՞ւ համար:
ՏՂԱ — Հեքիաթի ձիու:
ԱՂՋԻԿ — Միամիտ ջահել ես, դու էլ, երևում է, հեքիաթից ես: Գնում եմ, պիտի պարապեմ:
ՏՂԱ — (փորձում է համբուրել): Դու հազարան հավք ես:
ԱՂՋԻԿ — (վանելով տղային): Ուշ է:
ՏՂԱ — Որ այդպես է՝ ձիուս կանչեմ, անգին արաբական նժույգ է, գինը՝ անգին, մոտավորապես 20 աուդիի չափ:
ԱՂՋԻԿ — Պա՜հ:
ՏՂԱ — Համբուրեմ, ու կտեսնես ձիուս:
ԱՂՋԻԿ — Համբուրիր:
ՏՂԱ — Դու իմ դժոխք-դրախտի պարտեզ, իմ ֆեյսբուքի տիրուհի…
ԱՂՋԻԿ — Ո՞ւր է ձին:
Օդում երևում է ծաղիկը: Մուրացկանը բռնում է նրան, մոտենում է սիրահար զույգին:
ՄՈՒՐԱՑԿԱՆ — Երկնքից ձեզ եմ բերել:
ՏՂԱ — Ի՞նչ արժի: Համ էլ, ո՞ր երկնքից, որ ես չգիտեմ:
ՄՈՒՐԱՑԿԱՆ — Մեր երկնքից, տղա ջան… Ինչքան տաս:
ԱՂՋԻԿ — Եթե երկնքից է, ուրեմն՝ 5 աստղ կտամ, համաձա՞յն ես:
ՄՈՒՐԱՑԿԱՆ — Չի խանգարի, վաղուց կոնյակ չեմ խմել:
ՏՂԱ — (գրպանից հանելով): Քեզ 5 փայլուն, իսկական աստղեր:
ՄՈՒՐԱՑԿԱՆ — Ի՜, ի՞նչ եմ անում իսկականը:
ԱՂՋԻԿ — Տար Բյուրականի աստղադիտարան, միլիոն կտան:
ՄՈՒՐԱՑԿԱՆ — Միլիոնը՝ քեզ, ինձ 1000 դրամ տուր:
ՏՂԱ — Ես երկնքից եմ եկել, ծաղիկը երկնքից է իջել, մենք աստղերով ենք առևտուր անում:
ԱՂՋԻԿ — Դու փողը տուր, ի՞նչ ես մարդուն տանջում:
ՏՂԱ — Ի՞նչ է դրամը, ես չգիտեմ:
ԱՂՋԻԿ — Բա արաբականդ ո՞նց ես առել: Ձեռքդ հեռու տար ազդրիցս:
ՏՂԱ — Աստղերի հետ եմ փոխել, Սահարա անապատում: Չզգացի՞ր, ձեռքս ինչ տաք է, ազդրդ սառն է:
ԱՂՋԻԿ — Դու քեզ գժի տեղ ես դրել:
ՄՈՒՐԱՑԿԱՆ — Ա՛յ տղա, փող ունես՝ տուր, թե չէ քո աստղերը՝ հեչ:
ԱՂՋԻԿ — (վեր կենալով): Գնում եմ:
ՏՂԱ — Թող ձիս գա, իրար հետ գնանք:
ԱՂՋԻԿ — Ես էլ գիտեի՝ լուրջ մարդ ես, պարզվեց՝ ձիապան ես:
Հայտնվում է արաբական ձին, խրխնջալով կանգնում է տղայի կողքին:
ՏՂԱ — Կեցցե՛ս, հիմա քեզ հետ կթռչենք:
ԱՂՋԻԿ — Ի՜, իսկականից ձի է, հա՞:
ՏՂԱ — Անգին ձի: Չհավատացիր, մենք կթռչենք առանց քեզ: (Հեծնում է, թռչում են երկինք:)
ՄՈՒՐԱՑԿԱՆ — Էս հիմարի հետ ի՞նչ գործ ունես:
ԱՂՋԻԿ — Ի՞նչ իմանայի: Բայց ձեռքի տաքությունը դեռ ազդրիս է:
ՄՈՒՐԱՑԿԱՆ — Էս աստղերն ի՞նչ անեմ:
ԾԱՂԻԿ — Տուր ինձ, թող մնան ինձ հետ, կպահեմ թերթերիս:
ՄՈՒՐԱՑԿԱՆ — (Ծաղիկին): Ձենդ կտրի, լի՛րբ, մթնել է, ոչ մի դրամ չեմ վաստակել:
ԾԱՂԻԿ — Ես քեզ կօգնեմ, ծերացած մարդ:
ԱՂՋԻԿ — (մեկուսի): Էս խոսող ձուկ ա, ծաղիկ չի:
ՄՈՒՐԱՑԿԱՆ — Քո հույսին որ մնամ, այ պոկած ծաղիկ, օրս էս կլինի:
ԾԱՂԻԿ — Ծաղիկը չի մահանում, թոշնում է, բայց չի մահանում:
ՄՈՒՐԱՑԿԱՆ — Ինձ հո՞ւյս ես տալիս… Տո, հույսն էլ է մեռնում, ուր մնաց՝ դու:
ԾԱՂԻԿ — Հույսը մեռնում է, բայց՝ վերջում: Իսկ մենք իջնում ենք հույսի ճակատին և դիակ դառնողին հարություն ենք տալիս:
ՄՈՒՐԱՑԿԱՆ — Թող ես էլ մեռնեմ, հույսն էլ, միայն թե դու ծախվես:
ԱՂՋԻԿ — Էս ի՞նչ օր ա, գլխիս գիժ ա, որ թափվեց: Փախնեմ տուն:
Աղջիկը գնում է: Խանութի մոտ կանգնում է բեռնատար, ետևից՝ «Մերսեդես»:
ՄԱՍ 6
«Մերսեդեսից» դուրս է գալիս փողկապավոր տղամարդը:
ՓՈՂԿԱՊԱՎՈՐ — Ինչքան ծաղիկ կա, առեք, դրեք բեռնատարի մեջ, ծաղկամանները չկոտրեք, զգույշ… Շուտ հասցրեք զորավարի նախարարություն:
ՓՈՂԿԱՊԱՎՈՐԻ ՏԵՂԱԿԱԼ — Հրամանն ի կատար: Դուք արխային գնացեք:
ՓՈՂԿԱՊԱՎՈՐ — Հսկիչներին կասեմ, կմտնեք նախարարության բակ:
Փողկապավորը հեռանում է:
ՓՈՂԿԱՊԱՎՈՐԻ ՏԵՂԱԿԱԼ — Է՜յ, ծաղիկ ծախող, բոլորն առնում ենք, ի՞նչ արժի:
ԾԱՂԿԱՎԱՃԱՌ ԱՂՋԻԿ — Պիտի հաշվեմ:
ՓՈՂԿԱՊԱՎՈՐԻ ՏԵՂԱԿԱԼ — Մինչև հաշվեք, էսօրվա ջահելներն անգրագետ են, միայն հաշվիչով են գլուխ հանում, կասեմ՝ 1000 դոլար, վերցրեք ու՝ վերջ:
ԾԱՂԿԱՎԱՃԱՌ ԱՂՋԻԿ — Իմ ղեկավարին պիտի ասեմ, մի րոպե… (Զանգում է:) Պարոն Պողոսյան, 1000 դոլարով բոլոր ծաղիկներն ուզում են, տա՞մ… Ուրեմն՝ հաշվեմ, հետո տա՞մ, չէ, տա՞մ… Չէ, պարոն Պողոսյան, դա նկատի չունեմ… հասկացա, հումոր է: Լուրջ մարդ է ուզողը… Չէ, լուրջ-անլուրջ՝ էդպեսիններից չեմ, պարոն Պողոսյան, դուք չգիտեք: Ուրեմն՝ տամ… (Տեղակալին.) Ընտրեք:
ՓՈՂԿԱՊԱՎՈՐԻ ՏԵՂԱԿԱԼ — Ի՞նչը ընտրեմ, ինձ մնար՝ քեզ կընտրեի, լավիկն ես, պուճուրս: Բոլորն ենք վերցնում:
Փողկապավորի տղաները հավաքում, տանում են փնջերն ու ծաղկամանները:
ՄՈՒՐԱՑԿԱՆ — Տղերք, իմ ծաղիկն էլ առեք, ամբողջ օրը…
ՓՈՂԿԱՊԱՎՈՐԻ ՏԵՂԱԿԱԼ — Էդ մի հատը կախարդակա՞ն է…
ՄՈՒՐԱՑԿԱՆ — Չէ հա, մեծավոր ջան, համա երկնքից եմ բռնել:
ՓՈՂԿԱՊԱՎՈՐԻ ՏԵՂԱԿԱԼ — Պա՜հ, վրայի լույսերն էլ երևի աստղե՞ր են:
ՄՈՒՐԱՑԿԱՆ — Հա, մեծավոր ջան, թևավոր ձի հեծած տղա նվիրեց, ասաց՝ տարեք Բյուրականի աստղադիտարան:
ՓՈՂԿԱՊԱՎՈՐԻ ՏԵՂԱԿԱԼ — Բիձա, ձե՞ռ ես առնում… Տղերք, ծաղիկն առեք, աստղերը թողեք բիձուն:
ՏՂԵՐՔԻՑ ԱՎԱԳԸ — Ի՞նչ արժի, բիձա:
ՄՈՒՐԱՑԿԱՆ — 1000 դրամ:
ՏՂԵՐՔԻՑ ԱՎԱԳԸ — Աստղերը պետք չեն:
ՄՈՒՐԱՑԿԱՆ — Հա, էլի, երկնային ծաղիկ է, ուզեք՝ կխոսի:
ՏՂԵՐՔԻՑ ԱՎԱԳԸ — Թող մի հատ խոսի:
ԾԱՂԻԿ — Շը՜շ…
ՏՂԵՐՔԻՑ ԱՎԱԳԸ — Էս խո՞սք է:
ՄՈՒՐԱՑԿԱՆ — Դե, որ ծաղիկն էդքան հասկանում ա, էլի բան ա:
ՏՂԵՐՔԻՑ ԱՎԱԳԸ — Լավ, բիձա, էս քեզ 1000 դրամ, բայց քիչ կխմես: (Վերցնում է ծաղիկը:) Աստղերդ թող թռչեն, մեկ է, առնող չի լինի:
ՄՈՒՐԱՑԿԱՆ — Երևում է, լավ տղա էր՝ 1000 դրամ տվեց: 500 դրամով վաղը կհասնեմ Բյուրական, բալքի աստղերն էլ ծախեմ:
ՄԱՍ 7
Հսկա շենքի դարպասների դիմաց, մեքենայից բեռնաթափում են ծաղիկները:
Դահլիճում գլխավոր Պետի ծնունդն են նշում:
ԳԼԽԱՎՈՐԻ ՏԵՂԱԿԱԼ — Դուք որ չլինեիք, մենք այստեղ նստած չէինք լինի: Դուք համ էլ մեծ մանկագիր եք:
ԾԱՂԻԿ — (մեկուսի): Կանգնած է խոսում, բայց ասում է՝ նստած չէինք լինի, սուտ է ասում: Մանկագիր չէ՝ դրամատուրգ:
ՄՅՈՒՍ ՏԵՂԱԿԱԼ — Դուք ավելին եք արել, քան բոլոր նախկին ղեկավարները: Դուք փրկեցիք մեր պատիվը:
ԾԱՂԻԿ — (մեկուսի): Սա նախկին ղեկավարի դրածոն է, հիմա ներկայի դրածոն է, մի խոսքով՝ բրածո քծնող:
ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԵՐ, որոնց կրծքին գրված է թվեր:
1-ին — Դուք և մենք միասին ուժ ենք, առանց ձեզ մենք կոտրած կուժ ենք:
ԾԱՂԻԿ — (մեկուսի): Սա սկսնակ բանաստեղծ գեներալ է, կռվում է որպես բանաստեղծ, գրում է որպես գեներալ:
2-րդ — Ախր, ո՞վ էր ասում, որ այդքան բարի լինեիք, որ համարձակվենք ձեր կենացը խմել: Դուք նաև լավ բասկետբոլիստ կլինեիք, կփրկեիք մեր սպորտը:
ԾԱՂԻԿ — (մեկուսի): Սրա գլխին պետը պլաստիկե շշով փորձել է խփել, բայց շպրտել է դահլիճի կողմը: Նա բասկետբոլիստ չէ, սուսերամարտիկ է:
3-րդ — Լավ կլիներ՝ մի տղա ունենայիք, իհարկե, նախապես ամուսնանայիք մի կաթնակեր աղջկա հետ, ու ձեր տղան շարունակեր ձեր գործը:
ԾԱՂԻԿ — (մեկուսի): Նա մի աղջիկ ունի, որի հետ պետը սիլի-բիլի է անում:
4-րդ — Դուք, ձեր, մեր…
ԾԱՂԻԿ — (մեկուսի): Մտածում են՝ Կեսար է, ասում են՝ համեստ ժողովրդի զավակ է:
5-րդ — Մեր, դուք, ձեր, բոլոր…
ԾԱՂԻԿ — (մեկուսի): Սրա մտքում հասունանում է Բրուտոս դառնալու միտքը:
6-րդ — Երանի, Աստված տա, դուք… Փրկիչ…
ԾԱՂԻԿ — (մեկուսի): Սա ուզում է, առանց գնդապետ դառնալու, գեներալի ուսադիր ստանալ:
7-րդ — Փառք, մեծ, լույս իջնի…
ԾԱՂԻԿ — (մեկուսի): Հարբել են, ուզում են շուտ հեռանալ, բայց սպասում են հրամանի:
ԳԼԽԱՎՈՐ ՊԵՏ — Դուք գիտեք, որ միամիտ չեմ, խոսքերի չեմ հավատում, միայն գործ: Ինձ փրկիչ համարողներից ոմանք իմ խաչելությանն են պատրաստվում: Բարի գիշեր:
ԾԱՂԻԿ — (քիչ լսելի): Այս մարդն իր մահվան դեմ կանգնող է և չի ընկրկի կակտուսի պես: Քիչ եմ տեսել այսպիսի ծաղիկ:
Դահլիճը փակելուց առաջ ծաղիկները տանում, բեռնում են բեռնատարը:
Գիշերով բարձրացած քամու թևին հայտնվում է Ծաղիկը:
ԿԱԿԱՉ — Իրեն կաչաղակի տեղ է դրել…
ԹՐԱՇՈՒՇԱՆ — (լսելի փնթփնթում է): Բա չե՞ս ասում, մարդկանց մեջ խոսում էր մարդերեն, իրեն պոլիգլոտ է կարծում, համ էլ, ի՞նչ գործ ունես, մարդկանց ես բամբասում…
ՄԵԽԱԿ — Մեջընկան է, ո՞ւր է թռչում մեծամիտը…
ԿԱԿՏՈՒՍ — Գլխին մի փորձանք է բերելու…
ԿԱԿԱՉ — Կարմիր փորձանք, մեջը՝ սև, կայծակնահար կլինի, ասա՝ ո՞ւր ես թափահարվում, տո ղո՛ւշ, հլը, հլը, ճախրում է…
ԹՐԱՇՈՒՇԱՆ — Մեր հայրենիքը հողն է, ջուրն է, թեպետ մարդիկ իրենցն են համարում այդ ամենը, և էդ ծաղիկն էլ խառնվում է ոչ միայն նրանց գործերին, այլև հիմա երկնային հրեշտակներին է միանալու, սա չափազա՛նց է:
ՄԵԽԱԿ — Ասում են՝ առաջ կապույտ է եղել, հետո՝ դեղին, հիմա էլ՝ կարմիր, փոփոխական. քամելիոն է:
ԿԱԿՏՈՒՍ — Երևի կենդանաբո՞ւյս է, գոնե վարդ լիներ, ծակծկեր, սիրվել չցանկանար…
ԿԱԿԱՉ — Այո, սիրվել տենչացողը հաճախ ատելության է արժանանում:
ԿԱԿՏՈՒՍ — Ճիշտ ես, ինքնասիրությունից զուրկ բույսը գառան դնչի կեր է դառնում:
ԹՐԱՇՈՒՇԱՆ — Տեսեք, ո՜ւր հասավ… Երկինքը ծաղկի բոստան չէ, միամի՛տ:
ՄԵԽԱԿ — Նայեք, պոկվեց մի թերթը…
ԿԱԿԱՉ — Մարդկանց պես ճաղատանալու է: Գոնե սերմը հողին հասնի:
ԹՐԱՇՈՒՇԱՆ — Թող չհասնի, դրա տիպը մեզ պե՞տք է:
ԿԱԿԱՉ — Չէ՛:
ՄԵԽԱԿ — Երբե՛ք:
ԿԱԿՏՈՒՍ — Կտրվի՛ քամելիոն ցեղը:
Ծաղիկը կորավ ամպերի մեջ, բայց նա տեսնում է բոլորին, անգամ մռայլ քուլաների միջով:
ՄԱՍ 8
Երկրում հայտարարված է Ծաղկի հետախուզություն: Թատրոնի ռեժիսորը բեմին քայլելով, մերթ-մերթ աթոռին նստելով, մի անգամ էլ հատակին պառկած բարձրաձայն խորհրդածում է:
ՌԵԺԻՍՈՐ — Ախր, ինչպե՞ս բեմադրեմ Ծաղկի հետախուզում, ասենք, ես չեմ, դուք եք: Ինչպե՞ս ներկայացնեմ քամու բերանն ընկած հանցագործ կամ դեռևս անմեղության կանխավարկածով պաշտպանված Ծաղկին: Հե՞շտ է նոր, դեռ չտեսնված ռեժիսուրայով բեմին պատկերել փախուստի մեջ ճլորած, թերթերը հազիվ պահած ծաղկի, ո՞վ կխաղա նրա դերը, դո՞ւ, Ֆլորա: (Երևակայական թատրոնի դերասանուհուն.) Ախր, ո՞նց ես քո հետույքը օդ բարձրացնելու: (Երևակայական թատրոնի դերասանին.) Ախր, Պողոս, ո՞նց ես խաղալու քամու դեր, նրա պես վազվզելու, ֆշֆշացնելու և Ֆլորային օդում չմշկորդի պես պահելու ճիգն ես գործադրելու: Կամ որտեղի՞ց մի լավ ծաղիկ գտնենք կամ բուտաֆորիկ ծաղիկ սարքենք, բա ամո՞թ չի 21-րդ դարում սարքովի ծաղկով բեմադրել իրականում հետախուզվող վարդի կամ թրաշուշանի: Հետո… հետո էլ ի՜նչ բեմադրություն, որ մի քանի հոգու չսպանենք, մի երեք հոգու չծեծենք, արյուն չցուցադրենք: Հանդիսատեսը վերջերս ագրեսիվ է դարձել երկրների ղեկավարների նման, հայհոյանք, ավելի ճիշտ՝ քֆուր-քյաֆար է տենչում լսել, իբր հումոր է, իբր ժամանակակից է, մոդեռն, բա ես ո՞նց ծաղկին հայհոյեմ կամ ո՞նց սեքսի տեսարան բեմադրեմ, ես չեմ, դո՛ւք, ա՛յ հանդիսատեսներ, դե եկեք ու իմ տեղը ծաղկի սեքս մատուցեք օրը ցերեկով կամ գիշերով: (Իբր ձայն լսեց:) Ի՞նչ, հոշոտո՞ւմ… չէ՞, բա ի՞նչ… հա՜, փոշոտում, ճիշտ է, դա ծաղիկների սեքսն է, այն էլ՝ խմբակային, էս մի գործը հեշտ է, կգտնենք մի քանի ծաղիկ և մի քամի, թող նրանց միջև թռչկոտի, տանի-բերի, սերմերը շաղ տա բեմին, երևի մեր այս չոր բեմն էլ վերածվի ծաղկունքի, երբեք չեմ ներկայացրել հասարակ, սիրուն, ծաղկած դաշտ, մեջը՝ ուլեր, գառներ և մի ռեժիսոր հովիվ, չէ՝ գայլ: Այո՛, գայլի պես սոված եմ, 21-րդ դարի ոճը՝ հափռելու, վայելելու, ձեզ (ցույց է տալիս դահլիճը) ցուցադրելու: (Պաուզա:) Դերասաններն ուշանում են, ո՞ւր են կորել:
Դահլիճ է մտնում Ֆլորան:
ՖԼՈՐԱ — (շնչակտուր): Կներեք, պարոն ռե-ժի-սոր, բռնաբարեցին, մինչև տեղ հասա:
ՌԵԺԻՍՈՐ — Ո՞նց:
ՖԼՈՐԱ — Քիչ էր մնում՝ ոստիկանություն տանեին: Ավտոբուսում ինձ համար հանգիստ նստած էի, մեկ էլ մի ոստիկան հարցնում է՝ ի՞նչ է ձեր անունը: Ինձ թվաց՝ իմ երկրպագուներից է, այսինքն՝ մեր թատրոնի, պատասխանում եմ՝ Ֆլորա: Հենց սա լսեց, շեշտակի ասաց՝ դուք պիտի հետևեք ինձ, հետախուզում ենք հայտարարել և փնտրում ենք մի գուշակ, համարյա հանցագործ ծաղկի, իսկը՝ Ֆլորայի զավակ, խնդրում եմ, հետևեք ինձ: Ասում եմ՝ ախր, ես ժողովրդական, այսինքն՝ ժողովրդական թատրոնի դերասաններից եմ՝ Ֆլորա Ծաղիկյանը, ես… Ասում է հիմարը՝ այո՛, հենց դուք, Ֆլորա, համ էլ՝ Ծաղիկյան, հետևեք, թե չէ բերման կենթարկեմ… Ինչի՞ կենթարկեք,- զայրանում եմ: Լավ է, ավտոբուսի վարորդը ճանաչում էր ինձ, միշտ այդ երթուղայինով եմ թատրոն գալիս, միջամտեց ու հաստատեց, որ ես դերասանուհի Ֆլորա Ծաղիկյանն եմ, բայց գործ չունեմ ոչ մի հանցագործ ծաղկի հետ: Ոստիկանը սկզբում մրթմռթաց, հետո թե՝ լավ, կստուգենք, կիմանանք, արդյո՞ք սույն Ֆլորա Ծաղիկյանը իմանալ-չհայտնելու հոդվածի տակ չի ընկնի, կստուգենք… Ասաց ու խեթ նայեց ինձ էլ, մյուսներին էլ և վարորդին՝ հատկապես, վերջում, իջնելուց առաջ հասցրեց ասել՝ ծաղիկների հանցանքն եք կոծկո՞ւմ, ամոթ է, մի հող ու ջրի մարդ ենք… Բա սա բռնաբարել չի՞, պարոն ռեժիսոր:
ՌԵԺԻՍՈՐ — Այո՛, բռնաբարել է… Ծաղիկյան Ֆլորայի իրավունքն է բռնաբարվել: Այ, հենց սա՛ եմ բեմադրելու:
Ներս են մտնում ուշացած դերասանները և հունական երգչախմբի պես գոչում են՝ «Մեզ բերման էին ենթարկում իմանալ-չհայտնելու հոդվածի, չգիտեմ, որ մասով, իբր Ծաղկի՝ հանցագործ, կախարդ, գուշակ, ահաբեկիչ ծաղկի մասին չենք տեղեկացնում, բայց ո՞ւր է այդ ծաղիկ կոչվածը, էդ ոչուփուչը, որ մեր հանգիստը խռովում է: Հիմա մենք ի՞նչ սրտով փորձ անենք, հա, իմիջիայլոց, թատրոնի դռան ապակուն կպցրած է հետախուզման հայտարարությունը»:
ՌԵԺԻՍՈՐ — Դա հրաշալի է, դա ցնցող է, բերեք դուռը, ես ուզում եմ բեմին տնկել այդ դուռը, նրա միջով կմտնենք, դուրս կգանք, մեր կյանքը սկսվում է ծաղկեփնջով՝ ծննդատանը, ապա բոլոր կարևոր առիթներով՝ կնունք, դպրոց, ինստիտուտ, հարսանիք, հաջողություն և թաղում առանց ծաղկի չենք պատկերացնում: Ծաղիկը պատերազմի ոգին է. հաղթողին՝ դրասանգ, զոհվածին՝ ծածկոց: Բերեք դուռը, բանվորներ, բերեք դուռը ծաղկի պատկերով, ես կհավասարվեմ Ստանիսլավսկուն, Պիտեր Բրուկին, Աճեմյանին և Ֆելինիին, բերեք դուռը, ես այդ դռնով եմ մտնելու թատրոնի պատմության մեջ: Մենք պիտի այնպես խաղանք այս ծաղկաբեմադրու-թյունը, որ նրանից՝ ծաղկից, ահաբեկչության և անմեղության միացյալ հոտ գա: Մենք օդում թռչող ծաղկի վրա պիտի հարձակվենք մանգաղով, պատկերացրեք՝ բոլորս մանգաղներով օդն ենք թրատում, գնդացիրով և այլ զենքերով… Զարկված ծաղկի դերը ոչ ոք չի խաղա, որովհետև նա չի ընկնելու, թռչելու է միշտ մեր բեմի ազատ օդում:
ՄԱՍ 9
Գնդապետի թաղումն է: Ոստիկանական և քաղաքացիական զգեստներով մարդիկ աչալուրջ սպասում են հետախուզվող ծաղկի ի հայտ գալուն: Ոմանց ձեռքերում ատրճանակ կա, մի հոգի էլ պարսատիկով է, թեպետ երեխա չէ և ունի թաքցրած ուսադիրներ: Բոլորի աչքը երկնքի կողմն է, իսկ մյուս աչքը՝ գնդապետի կողմը:
ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ՊԵՏ — Ո՞ւր է շան ծնունդը, մեռանք սպասելով:
ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ — Երևի հետախուզման հոտն առել է, ինչքան չլինի՝ գուշակ է:
ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ՊԵՏ — Կարո՞ղ ա եկել ա ու խաբար չենք:
ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ — Չէ հա, եթե գար, պարսատիկով գոնե Արտաշը կզարկեր:
ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ՊԵՏ — Խոստացել էի այսօր բռնեմ… խայտառակ կըլնեմ: Պատիվս գետնովը կտամ:
ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ — Փողայինը հնչեց, փոսն են իջեցնում, ուշադիր լինենք:
ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ՊԵՏ — Լավ կլինի ես էլ հետը թաղվեմ, խոստումս չկատարեցի:
ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ — Շեֆ ջան, դու ի՞նչ անես, երևի թոշնել ա շան ծնունդը, ծաղիկ էր, հո մարդ չէ՞ր:
ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ՊԵՏ — Արա, ճիշտ ես ասում, ընկել ենք ծաղրուծանակի մեջ, ոնց որ երեխա լինենք: Վերևից կարո՞ղ ա մեզ ձեռ առան: Մենք պաշտպանում ենք մեր պետության պատիվը, բայց մի քիչ հումորը մեզ չի խանգարի:
Հնչում են կրակահերթեր: Թաղեցին գնդապետին:
ՄԱՍ 10
Ծաղիկը թռչում է քաղաքի վրայով, վերևից տեսնում է իր պատկերը՝ տարածված բոլոր ցուցափեղկերին, դռներին, մեքենաների դիմապակիներին, օդ բարձրացած փուչիկների վրա:
ԾԱՂԻԿ — Տոն է, քաղաքը միշտ պետք է այսպես զարդարվի, մանավանդ հնագույն, բերդապարիսպ ու բերդ ունեցող, Հռոմից հին քաղաքը: Գնամ գլխավոր հրապարակ, այնտեղ միշտ զբոսաշրջիկներ են ու երաժշտություն, ինչ լավ աշնան օր է:
Հրապարակում բազմամարդ համերգ է, երիտասարդությունը ցնծում է, ոստիկանները հսկում են նրանց կուլտուրական հանգիստը: Պարում են բոլորը, նաև՝ որոշ լրտեսներ: Պարը ցույց է տալիս նրանց ազգությունը:
ԾԱՂԻԿ — Ես էլ միանամ նրանց խելահեղ ընթացքին, բացեմ թերթիկներս, տամ քամուն ու վերանամ խլածաղկի պսակի պես: (Պարում է ջահելների հետ:) Էհե՜յ, ես տեսնում եմ բոլորիդ, անգամ մուրացկանին, որ աստղերը տանում է Բյուրական, ոտքով է գնում, ահա նա, հազիվ է քայլում, կհասնեմ նրան ու կօգնեմ, չկասկածեք: Եթե չհասնեմ, սերմեր կցրեմ դաշտերում, դա միշտ կարող ենք անել մենք՝ ծաղիկներս: Մեզ փնտրեք ծաղիկների մեջ, ո՛չ մարդկանց, կամ փնտրեք ծաղկանման երեխաների ձեռքերում: Էհե՜յ, ռեժիսոր, դռան վրայից պոկիր թղթե հայտարարությունը և կպցրու իրական, իսկական ծաղիկ:
Այո՛, ծաղիկնե՛ր ու մարդի՛կ, երկինքն ամենակապույտ, ամենալավ վարագույրն է՝ իջած երկրագնդի ու մեր թատրոնի վրա: Վերջ, բայց մի՞թե վերջ: Երկնքից ես ձեզ՝ ընծա: (Իջնում է դահլիճ:)
Վարագույրն իջնում է, և ոչ ոք չի նկատում:

Կարդացեք նաև