ՄԻ ԿԱԹԻԼ ՀԵՔԻԱԹԸ ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԹԱՏՐՈՆՈՒՄ / Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ


Շտապում ենք թատրոն: Ու սա այն դեպքն է, երբ նախապես չեմ տրամադրվել լրջմիտ հանդիսատեսի կարգավիճակին, երբ մտքումս չեմ առնում-տալիս քիչ անց դիտվելիք ներկայացման «Գործը»՝ պիեսն ու դրա հեղինակը, նախկինում դիտած «ռետրո» բեմադրությունները, որոնք ընթացքում կամ ավելի ուշ կհամեմատեմ այս մեկի՝ նորի հետ՝ հընթացս քննելով դերասանների «երևացող» խաղն ու բեմադրիչի «չերևացող» աշխատանքը: Եվ այս ամենը՝ ոչ թե որ թատերագետ եմ, այլ երկար տարիների թատերական կենսակերպս է ինքնակա թելադրում վերոնշյալ հոգե-մտավիճակները: Չէ, այսօր շաբաթ է, թոռնիկներիս եմ տանում թատրոն ու նրանք են իրենց վրա զգալու ներկայացման կախարդանքը կամ… Ես, ինչպես միշտ, կողմնակի գործող անձ եմ, ով ավելի շատ նայում է դահլիճին, քան թե բեմում ծավալվող գործողությանը: Եվ դահլիճի փոքրիկ հանդիսատեսների արձագանքը այն զգայուն կամերտոնն է (գոնե ինձ համար), որն ամրագրում է ներկայացման որակը, հաջողվածությունն ու կախարդանքը: Ամեն անգամվան հանգույն, այսօր էլ հիմնական «խաղացողները» ութամյա Կարենն ու չորս տարեկան Միլանան են: Միլանային գրավելը դժվար չէ, արտիստիկ խառնվածքն օգնում է նույնիսկ ձանձրալի դարձող ներկայացման ավարտին չկորցնել կենտրոնացումը: Իսկ Կարենի դեպքում խնդիրը բարդ է՝ որ պահին կորցրեց հետաքրքրությունը, ձեռքը կվերցնի հեռախոսն ու ոչինչ ու ոչ մեկը, անգամ թատրոն պաշտող ու խստապահանջ մայրը, անզոր են նրան «ետ բերել» թատրոն:
Տեղավորվում ենք, ու մինչև ներկայացման սկիզբն ազդարարող հնչյունները կտարածվեն դահլիճում՝ գտնում եմ մյուս «խաղացողներին». իմ աջ կողմում, երիտասարդ մայրիկի ծնկներին նստած գանգրահեր մանչուկը հազիվ լինի երկու տարեկան, նրա քույրիկը՝ հրեշտականման, մոտ հինգ տարեկան, հարմար տեղավորվել է, ինչքան հասկացա, մորաքրոջ գրկում ու կենտրոնացել շոկոլադի սալիկի վրա… Առջևում նստած աղջնակը այս տարի է դպրոց գնացել, իսկ ապերիկը մյուս տարի է գնալու (աչոնիկը հարցիս պատասխանեց լայն ու պայծառ ժպիտով): Դե ինչ, ներկայացումը կարող է սկսվել…
…Բեմում թումանյանական կերպարներն են, «Շունն ու կատուն» խառնվել է «Մի կաթիլ մեղրին»՝ դառնալով «Մի կաթիլ հեքիաթ»: Ներկայացումն սկսվում է աշխույժ ռիթմ ու տեմպով, գրավիչ երաժշտությամբ, չարաճճի փիսիկները դահլիճ են փոխանցում արկածների սպասելիք, բեմը կենդանանում է՝ վայրկյանների ընթացքում վերածվելով շուկայի, բազմերանգ պերոսնաժներ՝ աչք ուրախացնող գունագեղ կոստյումներով…
Հետևում եմ «խաղացողներիս»:
Հերթով, ասես պայմանավորված, բոլորը կպնում են դիմացի աթոռին՝ ավելի լավ տեսնելու համար: Վատ չէ…
Ինչ-որ պահի լույսը հանգում է: Մի քանի ակնթարթ տևող խավարի մեջ պարզորոշ լսվում է երկու շարք առջևում նստած փոքրիկի լացը՝ վախեցել է…
Լույսը վերադառնում է, աղջնակը շոկոլադի սալիկը, առանց շրջվելու, պարզում է մորը: Լավ է…
Հերոսներից մեկը դիմում է դահլիճին, պատասխանը համարյա թե մասսայական է: 1-ին դասարանցի աղջնակը կանգնել, ձեռքերը պարզած հուշում է՝ դերասանը ուր նայի…
Կարենի հեռախոսը դեռ պահանջարկ չունի:
Լույսը հանգում է: Փոքրիկ հանդիսատեսի լացը նույն պահին «վառվում է»: Իսկ երբ վառվում է լույսը, կարողանում եմ տեսնել այդ փոքրիկին՝ մայրը մաքրում է արցունքն ու ինչ-որ բան է ասում…
Միլանային փորձում եմ հուշել, որ բզզացող ձայնը անտեսանելի ճանճինն է, պատասխանը սաստող հայացքն է՝ «Մի՛ խանգարիր»:
Հերոսները բեմից իջել են դահլիճ: 1-ին դասարանցի աղջնակի ապերիկը բարձրանում է հոր ծնկներին ու հազիվ է հասցնում հետևել նրանց, հետն էլ ինչ-որ բան է ասում հայրիկին՝ ոգևորված, աչքերը հո չե՜ն փայլում…
Կարենը մոռացել է հեռախոսի մասին…
Լույսը հանգում է: Փոքրիկի լացը չկա: Լույսը վառվելուն պես նայում եմ՝ կպած առջևի նստարանին՝ նայում է բեմին…
Կողքիս գանգրահեր մանչուկն այս ընթացքում համարյա թե անշարժացել է մոր գրկում… Շա՛տ լավ է:
Հետո… Հանկարծ ինձ բռնում եմ ծիծաղելիս: Ծիծաղում եմ բոլորի հետ ու հաստատ բոլորից բարձր: Վաղուց չէի ծիծաղել հեքիաթ դիտելիս: Ու հիշում եմ, որ որոշ ժամանակ է՝ չեմ հետևում իմ «խաղացողներին», որովհետև… ես էլ վերջապես ներկայացում նայելու իրավունք ունե՞մ…
Ներկայացման ավարտին բոլորը գոհունակ ծափահարում են, իհարկե, բոլորը չէ, որ հասկացել են բեմադրիչի ու դերասանների ուղերձը՝ իր ողջ խորությամբ, բայց նրանք զգացել են ամենակարևորը՝ թատրոնի կախարդական ուժը: Ծափահարում են բոլորը… բացի իմ Միլանայից: Չեմ հասկանում, ու քանի որ չեմ հասկանում՝ տագնապում եմ: «Չեմ ուզում»,- հարցիս պատասխանը կարճ ու կտրուկ է:
Ներկայացումից հետո, ավանդույթի համաձայն, թոռնիկներիս տանում եմ մանկական սրճարան: Դեմքերը փայլում են՝ ներկայացումից հետո իրենց դուր եկած հերոս-դերասանների հետ լուսանկարվեցին, մեկական կանաչ փուչիկ ստացան, մոր «հետախուզող-թատերական» հարցերին լիարժեք պատասխաններ տվեցին՝ գոհ են… Ավելի ուշ, երբ դուրս էինք գալիս սրճարանից, Միլանան կամաց ասաց.
– Գիտե՞ս, ինչու ծափ չտվեցի…
– Ինչո՞ւ,- շունչս պահեցի ես…
– Որովհետև թատրոնը շուտ վերջացավ:

 

Տեսարաններ  «ՄԻ ԿԱԹԻԼ ՀԵՔԻԱԹ» ներկայացումից

Կարդացեք նաև