ԹԱՏԵՐԱԿԱՆ ԼՈՌԻ. Պատմություն ոչ միայն փառատոնի մասին / Նվարդ   ԱՍԱՏՐՅԱՆ

Մեծ պատիվ էր և անսահման պատասխանատվություն, ի նշանավորումն Մեծ Լոռեցու  ծննդյան 150-ամյակի, թատերական փառատոն կազմակերպել նրա ծննդավայրում։ 2018 թվականի սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 6-ը ծրագրված փառատոնն, իհարկե, կայացավ։  Անկախ շրջադարձային հեղաբեկումների, ֆինանսական երաշխիքների, գործընկերային  հուսալիության ու բարեկրթության, հանդիսատեսային հետաքրքրության տարաստիճան ու բազմաբնույթ անկանխատեսելի տարուբերումներից… Թումանյանական բովանդակությամբ ձևավորված  24-րդ «Թատերական Լոռի» միջազգային փառատոնով հնչեցին  Ամենայն Հայոց Բանաստեղծի հոբելյանական հանդիսաշարի  մեկնարկի առաջին  զանգերը։

Փառատոնային վարագույրի փակվելուց օրեր անց չգտա Պղնձե քաղաքի 24-րդ թատերատոնի բովանդակությունը լիովին ներկայացնող հրապարակումներ։  Մինչդեռ իր հոգևոր ներուժով  24-րդ «Թատերական Լոռին» չէր զիջում ամենամյա կամ երկամյա պարբերականության բախտավորությանն արժանացած  տասնյակ մյուսներին։ Նախապատրաստական փուլի լարված ռիթմում ժամանակ չգտա մայրաքաղաքային  ԶԼՄ-ների մշակութային լրագրողների հավաք կազմակերպելու, նույնիսկ  սեղմ հաղորդագրություն  հրապարակելու համար։ Հատուկենտ  մասնակի անդրադարձեր եղան։ Երբեմնի ընդգրկուն լսարանից «թվայնացման հրամայականով» զրկված՝ զանգվածային իրազեկումն անզոր եղան ապահովելու տեղական հեռուստաընկերությունները։ Պարտավորված զգացի  ծավալուն անդրադարձում մեկտեղելու վերջին 5 փառատոների ամբողջական  նկարագրությունը  հոբելյանական 25-րդի նախաշեմին։

  

                         ՊՂՆՁԵ  ՔԱՂԱՔԻ  ԹԱՏԵՐԱԿԱՆ  ԱՅՑԵՔԱՐՏԸ

 Փառատոնային   նախերգանք

2010 թվականի աշունն էր։ 20-րդ «Թատերական Լոռու» գեղարվեստական ղեկավարությունը ստանձնած ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի առաջարկով ընդգրկվեցի փառատոնի փորձագիտական հանձնախմբում։ Շուտով պարզ դարձավ, որ ակնհայտ սիրողականության կնիք են կրում  16 ինքնագործ ու պրոֆեսիոնալ թատերախմբերի 17 տարաբնույթ ներկայացումներից  շատերը։ Անգերազանցելի թատերահմայքով  ներկայացավ  միայն Վրաստանի Զեստաֆոն քաղաքի այցեքարտ՝ Ուշանգի Չխեիձեի անվան պետական դրամատիկական թատրոնի «Նուգզարը և Մեֆիստոֆելը» տաղանդավոր ռեժիսոր Մամուկա Ցերցվաձեի բեմադրությամբ և Նուգզար-Գեորգի Գլովելիի ու Մեֆիստոֆել-Բադուր Տաբաթաձեի ցայտուն զուգախաղով։

Սահմանամերձ փոքրիկ քաղաքում   հարափոփոխ պարբերականությամբ անցկացվող  փառատոնի տարբեր կազմակերպիչները ձգտել են  տոնական մթնոլորտ ստեղծել  թատրոնի մոգական լեզվով և իրենց  շռայլ հյուրընկալությամբ՝  ի սկզբանե բացառելով ժանրային ու թեմատիկ սահմանափակումները, պրոֆեսիոնալ և ոչ պրոֆեսիոնալ  շերտավորումը։ Որևէ մեկն իրեն այդ անգամ էլ անտեսված չզգաց։  «Թատերական Լոռու» «մշտաբնակ փորձագետներն» ընդդիմացան գնահատության  «ավանդական» բարեկամական չափորոշիչների վերանայմանը՝ հնարավորինս անկողմնակալ արժևորման անհրաժեշտությունից բարձր դասելով փառատոնի կազմակերպիչների ու նրա մշտական մասնակիցների բազմամյա ընկերային ջերմ  հարաբերությունները։ Փոխզիջումների գնալով՝ վերապահությամբ ընդունեցի փորձագիտական հանձնախմբի կարևորությունը նման մոտեցման պարագայում։ Արդյո՞ք ավելի նպատակահարմար չէր լինի, հավատարիմ մնալով  համաժողովրդական տոնախմբության նախաստեղծ գաղափարին, թատերական քիչ թե շատ ճանաչված մի քանի գործիչների  փառատոնային կենցաղի մասին միայն հոգալ և առիթն օգտագործել տեղում վարպետության դասեր անցկացնելու համար։ Իսկ թատերախմբերին   հանձնել մասնակցության վկայագրեր և պատվել խորհրդանշական  արձանիկներով։

 

Մի քիչ պատմություն

Պղնձե քաղաքի թատրոնածին սերմերը  դեռևս 1880-ականներին, իրենց ընտանիքներին մշակութային ժամանց ապահովելու միտումով, շաղ էին տվել այստեղ հայտնված ֆրանսիացի ինժեներները, սիրողական թատերախաղեր էին ներկայացրել իրենց կառուցած  ակումբում։ Խորհրդայնացումից հետո 26 կոմիսարների անունով մկրտված ֆրանսիական ակումբում հյուրախաղերով հանդես են եկել Թիֆլիսից ժամանող դերասանախմբեր։ Հենց նրանց զավեշտախաղերի ու «կենդանի պատկերների» ազդեցությամբ է Լոռու Ակներ գյուղի դպրոցի ուսուցիչ Անուշավան Դարբինյանը  1928-ին  թատերական խմբակ կազմակերպել։ Ի դեպ, 1983-ին ժողովրդական թատրոնի կարգավիճակ ստացած այս ստեղծագործական խումբը, չհամակերպվելով  գյուղի ակումբի շենքի վթարային վիճակին, 90-ականներին  շարունակել է փոքրիկ ներկայացումներ խաղալ… ավտոբուսի կանգառում։ Թատերախմբում 1966-ից հաստատված, դերասան, մի շարք  բեմադրություններ արած Ռուբեն Հակոբյանն էլ  հարևան 4 գյուղերի ինքնագործ խմբերի ներգրավմամբ 1977-79 թթ. նախաձեռնել է ամենամյա ժողովրդական թատերական տոնախմբություն։ Մասնակցության 18 հայտ ստացած  3-րդ թատերատոնը  «խոհեմաբար իջեցվել  է» շրջկենտրոն։ Հայ բեմի երախտավոր Ռուբեն Հակոբյանի վառած թատերաջահը  փոխանցվել է ֆիզիկայի ուսուցիչ-գնդապետ-մշակութային գործիչ Վալերի Պարանյանին։ Անվանակոչվելով «Թատերական Լոռի»՝ երբեմնի ժողովրդական թատերահենք  տոնախմբությունը  հաստատվել է  Ալավերդում, որտեղ մինչև 1992-ը  զուգահեռ անց էր կացվում  նաև երաժշտական փառատոն։ Շուտով  «Թատերական Լոռին» փոխանցվում է Հրաչյա Պապինյանին, ով մոտ 30 տարի համատեղում է Ալավերդու քաղաքային թատրոնի գեղարվեստական ղեկավարությունն ու «Թատերական Լոռու» տնօրինությունը։

 

«Թատերական Լոռու» 21-րդ արարը

Վահե Շահվերդյանի նրբաճաշակ բեմադրատեսիլքով թատերական հանդիսանքի մթնոլորտ հաստատվեց  ՀՀ ժողովրդական արտիստուհի Գալյա Նովենցին նվիրված 21-րդ «Թատերական Լոռու» տիրույթում։ Ալավերդու մշակույթի տան անհարմարավետ կամերային բեմահարթակում Թումանյանի «Անբան Հուռին» հեքիաթի մոտիվներով Երվանդ Մանարյանի գրած «Հենց էն Հուռին» մանկական ներկայացմամբ  (բեմադրիչ՝ ՀՀ արվեստի վաստ. գործիչ Ռուբեն Բաբայան) հիմք դրվեց բազմաժանր այս թատրոնի հետ փառատոնի բարեկամությանը։ Առաջին անգամ կենդանի նվագակցությամբ ու երգեցողությամբ  լոռեցիները վայելեցին Պերգոլեզիի «Սպասուհին՝ տիրուհի»  օպերա-բուֆֆը ԵՊԿ Ղ. Սարյանի անվան օպերային ստուդիայի գլխավոր ռեժիսոր Հովհաննես Հովհաննիսյանի բեմադրությամբ։ Երիցս կախարդվեցին  հանրաճանաչ հայրենակցի՝  Վահե Շահվերդյանի բեմադրություններով՝ Ֆեդերիկո Գարսիա Լորկայի «Բեռնարդան և նրա աղջիկները», Նելլի Շահնազարյանի «Իմ ծաղկած դեղձենին» և Մուրացանի «Ռուզան կամ Արցախի դուստրը»։ Հայտնություն դարձան  Համազգային թատրոնը՝     «SALE»-ը (բեմ.՝ Վիգեն Ստեփանյան), պարոնյանցիների երիտասարդ թատերասերունդը՝ «Զգուշացե՜ք, կանայք  են» (բեմ.՝ Հենրի Քոչարյան)։  Ապա և Կարինե Խոդիկյանի «Լույսը կբացվի» մենախաղը  Արթուր Սահակյանի բեմադրությամբ և Կարինե Ջանջուղազյանի  մշտահմա  գլխավոր դերակատարությամբ։

«Թատերական Լոռի» փառատոնի նախաստեղծ ուղղվածությանը հավատարիմ՝ ներգրավվել էին նաև  մի շարք ինքնագործ խմբեր, որոնց գլխավոր թատերահարթակը Սպիտակի մշակույթի տունն էր։  Թատերագիտության  նահապետ Հայկազ Երանոսյանի անչար գնահատությամբ՝ Լ. Ռազումովսկայայի «Թանկագին Ելենա Սերգեևնան»  էր միայն  թատերարարման  որոշակի շնորհներ ցուցանում (Էջմիածնի «Ընծա» թատրոն, հիմնադիր գեղ. ղեկավար` Գևորգ Բաբախանյան)։ Արդարության դեմ չմեղանչելու համար պետք է խոստովանել, որ արհեստավարժ անհատականություններով ձևավորված թատերախմբերի գերակայությամբ  և խաղացանկային քաղաքականության  հստակեցմամբ ու նպատակասլաց ձևավորմամբ ապահովվեց փառատոնի  գեղարվեստական վարկանիշի աննախադեպ վերելքը։ Հավաստիքը  գերազանցապես 21-րդ «Թատերական Լոռու» արդյունքներով Ալավերդու ճանաչումն  էր  որպես «Տարվա լավագույն ՀՀ մշակութային համայնք», Գյումրուց հետո։

 

«Հոգիս՝ տանը հաստատվել – Տիեզերքն է ողջ պատել…»

Չէին հասցրել լռել Տիգրանյանի «Անուշ» օպերայի  նախերգանքի վերջին ակորդները Վանաձորի կամերային երգչախմբի կատարմամբ, երբ դահլիճում տարածվեց  22-րդ «Թատերական Լոռու» գլխավոր հերոսի հարազատ ձայնը. «Աշխարհում ինչ կատարվում էր, վերաբերում էր Թումանյանին, — ասում էր Սոս Սարգսյան Հայը, Ազգային գործիչըլայնախոհ Մտավորականը: — Հիմա  ինչ կատարվում է, վերաբերում է ինձ»:      Փառատոնի կայացման ջատագով, աջակից  ու մշտական մասնակից  Երվանդ Ղազանչյանի նախաձեռնությամբ  22-րդ «Թատերական Լոռու» գլխավոր՝  ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի անվան մրցանակը  նրա  իսկ ձեռքով  հանձնվեց  Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին: Ալավերդու  նախկին քաղաքապետը ոչ միայն  սատարում էր փառատոնի կայացմանը, այլև փորձում էր ընդլայնել  հանրաճանաչման աշխարհագրական սահմանները։ Ասվածի վկայությունը Պոլոցկի «Պրեմյեր-Սպոնայդ» պարի  վաստակավոր թատրոնի մասնակցությունն էր  Ալավերդու 21-րդ փառատոնում` «Մեղեդի»  դրամատիկ սիրապատումով։

Խաղացանկային վարագույրի բացման պատիվը  վերապահված էր Արցախյան պատերազմի հակամշակութային օրերին Սոս Սարգսյանի հիմնադրած Համազգային պետական թատրոնին։ Ներկայացվեց  Վիլյամ Սարոյանի «Մեկ գավաթ բարություն»   պիեսը (բեմ.՝ Սոս Սարգսյան) երկրորդ կազմով։

Ի նշանավորումն դրամատուրգ Ժիրայր Անանյանի ծննդյան 80 և ՀՀ ժողովրդական արտիստուհի Սվետլանա Գրիգորյանի՝ 85 ամյա հոբելյանների՝ պարոնյանցիները հանդես եկան  Ժ. Անանյանի «Մեր տան տերերը» կատակերգությամբ  (բեմ.՝ Ե. Ղազանչյան), որով հաջորդ օրը փառատոնային ջահը վառվեց երրորդ հանգրվանում՝ Սպիտակում։

Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի «Աննորմալը» (Նադեժդա Պտուշկինա ) և «Ձեզ եմ դիմում…»  (ըստ Լևոն Զավեն Սյուրմելյանի համանուն վեպի) ներկայացումներով Վանաձորում մեկնարկեց  «Ռուսական թատրոնի օրեր» միջանկյալ ծրագիրը, որի  զարդը դարձավ Վոլգոգրադի երիտասարդական  թատրոնի   «Բանկրոտը» (բեմ.՝ Վլ. Բոնդարենկո)։

Հ. Աբելյանցի թատրոնը վանաձորցիներին ներկայացրեց Վահե Շահվերդյանի պոետիկ արվեստանոցի  անշփոթելի  ձեռագրով բեմավորված  Դոստոևսկու  «երիտասարդացած»  «Ապուշը»,  նորավարտ  3 սանուհիների  չեխովյան «Երեք քույրը», Իվան Տուրգենևի «Իսլաև. ամիսը գյուղում» և Կ. Խոդիկյանի «Պենելոպե» մենախաղերը արտիստներ Յուրի Իգիթխանյանի և Ագնեսա Շահնազարյանի գլխավոր դերակատարումներով։  Ինքնահատուկ հմայքով  ներկայացավ դերասան Արա Գևորգյանն  իր իսկ բեմադրած չեխովյան «Ծխախոտի վնասի մասին»  զավեշտախաղով։ Հիասքանչ էր ՀՀ վաստակավոր արտիստուհի Նարինե Գրիգորյանի  կատարողական ներուժի  փայլատակումը Նատալի Ֆիլիոնի  « «Դզին» Բան – ա – ստեղծություն»   մենախաղում  (բեմ.՝ Ռ. Բաբայան)։

Այդ արտասովոր  հոկտեմբերի 24-ը

Մանկապատանեկան հանդիսատեսը հրճվանքով  ընդունեց Լ. Քերոլի «Ալիսան հրաշքների աշխարհում» և Վ. Ստեփանյանի «Բրեմենյան երաժիշտներ» ներկայացումները։

Սոս Սարգսյանի ծննդյան օրը՝ հոկտեմբերի 24-ին, փառատոնը հյուրընկալվեց նրա հայրենի քաղաքում՝ Չեխովի դրամատիկական թատրոնի  «Սիրո մասին» ներկայացմամբ։ Հիասքանչ ընդունելություն գտանք Անդրանիկ Մարգարյանի անվան մշակույթի կենտրոնի  մուտքի մոտ՝ փողային նվագախմբի զրնգուն նվագով, մեղր ու հացով, ճեմասրահում տարածվող ջութակի նվագով… Չեխովյան հայտնի «Արջը» և «Առաջարկություն» կատակախաղերի միավորմամբ Սերգեյ Կրամարենկոյի հեղինակած ներկայացումն առիթ դարձավ ուսանողական տարիներին Սոս Սարգսյանի  կերպավորած հերոսի դերում հանդես եկող, առաջին անգամ  մայր հայրենիք այցելած Սմիռնով-Արմեն Մարգարյանի  շուրթերով  ճանապարհին նրան սովորեցրածս հայերեն տեքստով հոբելյանական ուղերձ հղելու  իր մահկանացուն մեկ տարի առաջ կնքած սիրելի Նահապետին…

Սունդուկյանցիները, ի նշանավորումն  ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հրաչյա Ղափլանյանի  ծննդյան 90-ամյակի, Ալավերդու Սանահին-Սարահարթի թաղամասի մշակույթի պալատում  ներկայացրին Վ. Շեքսպիրի «Ջոն արքան» (բեմ.՝ ՀՀ արվեստի վաստ. գործիչ Տիգրան Գասպարյան)։ Հիշարժան է, որ Սոս Սարգսյանի գլխավոր  դերակատարությամբ էր մոտ  30 տարի առաջ մայր բեմում ներկայացվել այս քրոնիկը (բեմ.՝ Խորեն Աբրահամյան)։ Ի դեպ, «Թատերական Լոռու» շրջանակներում առաջին անգամ էր  ներկայացվում  Մեծ անգլիացու  ողբերգաշունչ դրամատուրգիան։

«Փառատոնի տանտերը»՝ Ալավերդու քաղաքային թատրոնը, ներկայացավ  Լոռու մարզի գլխավոր թատրոնի բեմադրիչ-դերասան, Վ. Շահվերդյանի շրջանավարտ  Նունե Խեչումյանի բեմադրությամբ (Վիլյամ Սարոյան, «Տարեկանի արտում»)։

Երաժշտական 3 ներկայացում էր ընդգրկված փառատոնային խաղացանկում։  20-ամյա Երգի թատրոնի «Կոմիտաս. եկել եմ»՝ կոմպոզիցիան ձոն էր Վարդապետի ծննդյան 145-ամյակին։  Բախի «Սրճային կանտատը» (բեմ.՝ Հովհ. Հովհաննիսյան)  գնահատելի եղավ սոսկ որպես Ստեփանակերտի «Վարարակն» օպերային ստուդիայի  և «սարյանականների» համագործակցության առաջնեկ։ Ամենաթատերայինը Դոնիցետիի «Զանգակն» էր ԵՊԿ Ղազարոս Սարյանի անվան օպերային ստուդիայի մանկավարժ, թատերագետ-ռեժիսոր   Արսեն Ղազարյանի բեմադրությամբ։

…Աբելյանցիների թբիլիսյան հյուրախաղերին  մեկնարկային զուգադիպությամբ, ապա  «Թատերական Լոռու»  և  «Շահվերդյանական ներկայացումների հոբելյանական շաբաթվա» անփույթ խաչաձևմամբ, ֆինանսական  լծակների  և հուսալի  համախոհության անկայունությամբ  խութառատ դարձան  հաջորդ  փառատոների կազմակերպման ու կայացման  գործընթացները։ Բայց ես սիրով հանձն առա ՀՀ 25-րդ տարեդարձին նվիրված 23-րդ փառատոնի  խաղացանկի ձևավորումը ևս։

 

Պղնձե քաղաքի  թատերատոնի 23-րդ արարը

«Ռուսական թատրոնի օրեր» միջանկյալ  ծրագրի  հին ու նոր գործընկերներին, Լոռու մարզի ու Ալավերդու ճակատագիրը տնօրինող պաշտոնատար անձանց ակնածանք ներշնչեց ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանի ողջերթի խոսքը. «Ինքս 2 միջազգային թատերական փառատոն եմ հիմնադրել, և բարձր եմ գնահատում մոտ 40 տարվա  պատմություն ունեցող «Թատերական Լոռու»  բոլորովին վերջերս ի հայտ բերած զարգացման միտումները։ Նորացված բովանդակությամբ, հարակից ծրագրերով   է այս փառատոնն ամեն անգամ ներկայանում Երևանից 170 կմ հեռու ապրող մարզային հանդիսատեսին»։

Խաղացանկային վարագույրը  23-րդ անգամ բացվեց  ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հենրիկ Մալյանի ծննդյան 90 և նրա  ստեղծած Կինոդերասանի թատրոնի հիմնարկեքի  35-ամյակներին նվիրված հանդիսույթով։

Հաջորդը Աղասի Այվազյանի «Ցեղի ֆիզիոլոգիա» բազմամրցանակակիր տրագիկոմեդիան էր (բեմ.՝ ՀՀ արվեստի վաստ. գործիչ Նարինե Մալյան)։ Երևանի  Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային պետական թատրոնի «Ոսկե ճուտիկ» գունագեղ  հեքիաթին մանկական աշխույժ խինդով հաղորդակցվեցին նոյեմբերյանցի փոքրիկները։ Իսկ Վլ. Օրլովի «Ոսկե ճուտիկին» հյուրընկալեցին ալավերդցի երեխաները։ Շուտով  վառվեցին թատերական ջահերը փառատոնային  մյուս 2  հանգրվաններում։ Առաջին անգամ Լոռու մարզում հանդես եկող մալյանցիները Ստեփանավանի մշակույթի կենտրոնում, իրենց մասնագիտական տոնի առթիվ հրաշալի նվեր ստացան ուսուցիչները՝ Ա. Այվազյանի «Ցեղի ֆիզիոլոգիան»։

Փառատոնային երրորդ հոբելյարը  Ս. Սարգսյանի անվան Համազգային թատրոնի գլխավոր ռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանն էր։ Բնիկ ալավերդցին իր ծննդյան 70-րդ տարեդարձը նշում էր մի թատրոնում, որի տարեգրության մեջ մնայուն հետագիծ էին թողել  նրա շնորհաշատ ծնողները՝ դերասանուհի մայրը և դերասան-բեմադրիչ-տնօրեն հայրը։ Համազգայինի սիրված դերասանները Կ. Մանյեի «Բլեզի»՝  իրենց Ուսուցչի՝ սիրային ապրումների ելևէջումներով  հագեցած մեկնաբանությունը։

Թեհրանի «Կրեատիվ» թատերախումբը հավակնում էր արժանանալ սահմանված բոլո՜ր մրցանակներին։ Մարզային հանդիսատեսը  տպավորվեց  Շեքսպիրի «Օթելլոյի» և Ֆեդերիկո Գարսիա Լորկայի  «Մամա Յերմայի»   մոտիվներով  Ֆարզին Նոբարանիի համարձակ փորձարարությամբ բեմադրված  թատերախաղերով։ Մարզային հանդիսատեսն անմրցելի  համարեց  ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի 70-ամյակը նշանավորող, պարային-պլաստիկ արտասովոր լուծումներով  կերպավորված Լորկայի «Արյունոտ հարսանիքի» նրա  նորաստեղծ մեկնաբանությունը։

ՀՀ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Գրիգորյանի ծննդյան 80-րդ տարեդարձին նվիրված վանաձորյան երեկոն խորին խորհուրդ էր պարփակում իրենում։ Դստեր՝ Նորայի «Խնջույք ամառանոցում» բեմադրության ներկայացմամբ երիտասարդները ջանում էին հավատ ներշնչել մեր միակ ռուսական թատրոնի Նահապետին, որ ունակ են իրենց վարպետացման առաջաքայլերով  ապրեցնելու կես դարից ավելի նրա փայփայած օջախը։

Վրացական թատերական դպրոցի  անխամրելի հմայքով  կախարդեց  Թբիլիսիի Ա. Գրիբոյեդովի անվան ռուսական ակադեմիական  170-ամյա թատրոնը Ավթանդիլ Վարսիմաշվիլու «Երկի բանալին ինձ համար «սարսափ» բառն է» բեմադրատեսիլքով,  Հիշատակել կմնան Վլադիկավկազի Եվ. Վախթանգովի անվան ռուսական  ակադեմիական  145-ամյա թատրոնի «Գրյոնհոլմի մեթոդը» և «Դռնփակը»։

 

«Նա  մեծ էր ավելի՜,  քան եղավ»

Ծննդյան 150-րդ տարեդարձը նրա  մանկության «երազ հովտում»  թատերական փառատոնով նշանավորելու  նվիրական  գաղափարս  կյանքի կոչելու  «իրավունքը» «Վերնատան Շեքսպիրն» ինքը տվեց. «…Ահա էս ժամանակ, Ադամյանի թունդ ժամանակը, Լոռուց Թիֆլիս եկավ իմ հին ուսուցիչը՝ Տիգրան Տեր-Դավթյան, որին պարտական են իմ հասակակից  գրեթե բոլոր գրագետ լոռեցիները, և իր նախկին աշակերտներից մի քանիսին  հավաքեց, թե եկեք ձեզ տանեմ «Համլետ»-ի ներկայացմանը, Ադամյանին տեսեք Համլետի դերում։ Տարավ։ Տեսանք։ Էդ գիշերը ինձ համար եղավ մի կախարդական գիշեր և գրեթե վճռական նշանակություն ունեցավ իմ ամբողջ գրական կյանքում։ Էդ գիշեր ես էնքան սիրեցի Համլետը և հետո էլ Շեքսպիրը, որ մի քանի դրամա գրեցի ու միշտ ոչնչացրի, որովհետև… Շեքսպիրի գրածների նման չէին դուրս եկել։ Սակայն էնքան ուժեղ էր կախարդանքը, որ մինչև օրս էլ ես ինձ դրամատուրգ եմ համարում, քան ուրիշ մի բան»։  Ի սկզբանե պարզ էր, որ 24-րդ փառատոնը մրցութային չի  լինելու։ Հայաստանյան և արտասահմանյան 5 երկրների 23 պրոֆեսիոնալ ու ինքնագործ  թատերախմբերը մրցակցելու  էին լավագույն  թումանյանահենք ներկայացումների բարձարվեստ կատարումներ մատուցելու ասպարեզում։

…Վարագույրի  բացվելուն պես Հենրիկ Մալյանի  անվան կինոդերասանի թատրոնի արտիստների ճկուն փոխակերպումներով ու խոսքի ելևէջումների հյութեղությամբ Ալավերդու մշակույթի տան բեմահարթակում արտասովոր  կյանքով  շնչեցին Հովհաննես  Թումանյանի  10  հեքիաթների հանրածանոթ հերոսները և դահլիճը կրկին լիուլի վայելեց  1980-ին ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հենրիկ Մալյանի թատրոն-ստուդիայի հիմնադիր ներկայացմամբ հաստատված թատերական  ինքնատիպ գեղագիտության թովչանքը։

Հովհ.  Թումանյանի անվան տիկնիկային թատրոնն ազդարարեց 24-րդ «Թատերական Լոռու» մեկնարկը Ստեփանավանում «Սուտլիկ  որսկանով»  (բեմ.՝ Լարիսա Մանգասարովա)։ Տաթևիկ Մելքոնյանը և Արամ Կարախանյանը ներկայացրին «Ռուսական թատրոնի օրեր» ծրագրում  ներառված  Ռաֆայել Հակոբջանյանի «Անպարկեշտ Թոմի մեկնաբանությունները» (բեմ.` Ռ. Բաբայան)։ Ա. Մարգարյանի անվան մշակույթի կենտրոնում հյուրընկալված 3 թատերախմբերի տարաժանր եռալեզու բեմելներն էլ փայլուն  ընդունելություն  գտան։

«Ռուսական թատրոնի օրեր»  ծրագրի շրջանակներում էր նաև շնորհառատ  Արմեն Քուշկյանի  մենախաղը  ըստ Դոստոևսկու «Ապուշը» վեպի (բեմ.՝ Վ. Շահվերդյան`  «Նաստասյա Ֆիլիպովնայի դերում՝ իշխան Լև Նիկոլաևիչ Միշկին»)։

Սանահին-Սարահարթի մշակույթի պալատի մեծ, բայց սակավամարդ դահլիճում  մեկնարկեց հայ անվանի արվեստագետների մեծարման  ծրագրով  նախատեսված լոռվա աշխարհի կենդանի լեգենդ Հակոբ Ազիզյանին, Յուրի Երզնկյանին և Վլադիմիր Մսրյանին նվիրված հանդիսույթները:

Փառատոնի արտերկրայա հյուրերն էին Վլադիկավկազի Եվ. Վախթանգովի անվան  ռուսական պետական ակադեմիական դրամատիկական  թատոնը՝ «Բեմադրում ենք Մաքս Ֆրիշ» (բեմ.՝ Վալերի Պոպով), Վրաստանի Ճիատուրի  քաղաքի Ակակի Ծերեթելու անվան պետական  պրոֆեսիոնալ (ուշագրավ  կարևոր բնորոշում)  դրամատիկական 125-ամյա թատրոնի  կատարողական  ներուժին,  գեղարվեստական  ղեկավար  Մամուկա Ցերցվաձեի ռեժիսորական տաղանդին։ Ֆինանսական  երաշխիքների  ընթացիկ  տատանումներով  չկարողացա  հրավիրել  տաղանդավոր   բեմադրիչի «Նոստրադամուսը» կամ «Գետտոն»։ Բայցև  չէի կասկածում, որ Թամազ Գոդերձիշվիլու  հնարամիտ տեղայնացմամբ  Թբիլիսիի  փառատոնում   բարձր  գնահատականի արժանացած  Ռեյ Կունիի «Փախիր կնոջիցդ»  («Անորսալին») կատակերգության  նրա բեմադրությունը «դրամարկղային հասույթի» ակնկալությամբ  է արվել։ Եվ լավ էր, որ խաղացվելու էր  Վանաձորի գլխավոր  թատրոնում, որի հետ իմ երկարամյա հարազատությամբ հպարտանալու նոր առիթ ունեցա այս փառատոնային այցով։ Աբելյանցիներն ինքնահատուկ բարեկրթությամբ արդեն հյուրընկալել էին մեր ռուսական թատրոնի երգ ու պարով, երիտասարդական ավյունով կենդանացված  մանկական երաժշտական «Ալադինը և կախարդական լամպը» ներկայացումն ըստ արաբական ժողովրդական հեքիաթի (բեմադրիչ՝ ՀՀ վաստակավոր արտիստուհի Վերոնիկա Սարոյան)։ Անծանոթ վրացական թատերախմբին էլ հարյուր տարվա բարեկամի  հյուրընկալությամբ  ընդունեցին։  Հրաժարվեցինք անգլերեն  ենթագրերով  վրացերեն  տեքստի  թարգմանությունից։  «Մեր փառատոնի  միջազգային   լեզուն, բատոնո  ջան,  ռուսերենն  է,- կատակեցի ես ու  հարցը  փակվեց»։  Շատ  թատրոններում  էր  բեմադրվել  իրադրությունների այդ կատակերգությունը։ Աբելյանցիների խաղացանկում էլ հաստատվել  էր Սարգիս Մանուկյանի բեմադրությամբ, ով Մամուկայի հետ աշխատել էր  21-րդ «Թատերական Լոռու» մասնագիտական հանձնախմբում։ Մինչ  խաղընկերները օգնում էին  մոնտաժել դեկորները, աբելյանցիների «տաքսիստ» Արթուր Պապիկյանը բակի տաղավարում  վերջին մենախոսության հայերենը  յուրացնելու  դաս էր տալիս Զազա Բրեգվաձեին, ով առաջին անգամ էր արտերկրի փառատոնի մասնակցում։ Երեկոյան խաղաղ տոնականությամբ բեմ բարձրացա։ Ակակի  Ծերեթելու  ծոռնուհու  ընթերցմամբ  ունկնդրեցի հայ-վրացական  ազգամիջյան  ընդհարումները  պատմական  իմաստությամբ դատապարտող  հասարակական  փայլուն գործիչ  Հովհաննես Թումանյանի  հաշտարար նամակը։  Հպարտացա՝  Նանա Ծերեթելին և Մամուկա Ցերցվաձեն բարձրաձայնեցին 24-րդ «Թատերական Լոռու» գլխավոր հերոսի բոլո՜ր արժանիքները։ Ինձ հե՜տ էին  Հակոբ Ազիզյանն ու ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Մայիս Սարգսյանը։ Խորագետ   խոնարհումով արժևորեցին  հայ և վրացական պոեզիայի հսկաների, ժողովուրդների   սերտ բարեկամությունը։  «Անորսալիի» առաջին գործողությունը հունի մեջ մտավ  մի կնոջ բնակարանից  մյուսինը  սրընթաց  անցումն ու  տարբերակումը մանրակրկիտ պլանավորած Բարբարա Ասլամազաշվիլու մտահղացած հուսալի բեմամիջավայրում։ Շնորհալի  երիտասարդների  քառյակն իր կատարողական պլաստիկայի դյուրաթեքությամբ  սյուժետային հանրածանոթ  զարգացումների  շարժիչ ուժը դարձավ։  Անպատեհ պահերի հայտնվող  տեսուչների «վնասազերծման»  իրարահաջորդ  տեսարանների խաղարկմանը համարժեք նրբերանգներ գտավ։ Իմպրովիզացիոն  հնարքներով փորձառու ավագներն էլ  ներկայացման համատեքստին հարիր նոր խենթավուն դրսևորումների «խարդավալից» խաղապտույտ ներքաշվեցին։  Զազա Բրեգաձեի ավարտական  հայալեզու  մենախոսությունն  ընդմիջվեց  ծափերի որոտով։

«Տանը» լիներ  Վահե Շահվերդյանը և  վերջապես բարեկամանար Մամուկա Ցերցվաձեի հետ, ում «Նուգզարն ու Մեֆիստոֆելն» էլ  չհասցրեց 2010-ին տեսնել իր աշխատանքային բազմաճյուղ վազքում։ «Տանը» ամենայն բարեկրթությամբ  պահպանում  էին  աբելյանցիները   հյուրընկալության ավանդները։ Երախտապա՜րտ եմ  աբելյանցիներին։ Ինքնահատուկ արժանապատվությամբ ընդունեցին նաև Փարիզի «AFTAF»  հայկական թատերախմբի  նորաստեղծ  կամերային թատերախաղը և  իրենց թատրոնում չմոռացված  բեմադրիչ Շահեն Իսմայիլյանի հիմնադրած մոսկովյան «Событие»  կամերային երիտասարդական թատրոնի  մրոժեկյան «Ստրիպտիզ»  հոգեբանական դրաման, որով հաջորդ օրը  պիտի  փակվեր Հովհաննես Թումանյանի 150-րդ տարեդարձի  հոբելյանամուտն ազդարարած   24-րդ «Թատերական Լոռին»։

Մինչ ես  Վանաձորում  Հաղպատի «Գայանե» հյուրանոցում հանդիպելուն պես ինձ  հարազատացած  վրացական թատերախմբի  հետ  վայելում էի աբելյանցիների  բարեկամության  քաղցրահամ պտուղները,  Ալավերդու մշակույթի  տան  անհարմարավետ  բեմատարածքում  հնարավորինս դիտարժան  տեղադրելով  սարյանական  լեռնապատկերներով  ձևավորված  դեկորացիայի  հիմնական մասերը, Արշակ Բուրջալյանի անվան  երաժշտական  դրամայի թատրոնի երիտասարդ դերասանախումբը, հիմնադիր  գեղարվեստական  ղեկավար  Արսեն Ղազարյանի  խենթ  թատերապաշտությամբ  գոտեպնդված, ներկայացնում էր  Արմեն  Տիգրանյանի «Անուշ» օպերան։  Երևանյան առաջնախաղի չխամրած  տպավորությամբ  և  բեմադրիչ Արսեն Ղազարյանի կողմից նորածին ներկայացման հասունացման ջանքերին լավատեղյակ՝ վստահ էի, որ ազգային  օպերային  արվեստի այս գոհարի նոր մեկնաբանության ցուցադրությունը գեղագիտական  հաճույք է պարգևելու թե ալավերդցիներին, թե, հաջորդիվ,  ստեփանավանցիներին։  Վստահությունս բազմապատկվեց, երբ վանաձորյան «Անորսալիի» դեկորացիայի ապամոնտաժման  պահին  անպատասխան մնացած բաժանորդին  հեռաձայնեցի։ «Ֆուրոր է՜ր, ֆուրո՜ր,- զրնգաց  ամենաթերահավատի ձայնը,- Լուսինե Մեջլումյանը խոստացավ  Թումանյանի ծննդյան օրվա տոնակատարությանը  հրավիրել  հենց ա՜յս «Անուշը»…»։ Փառատոնի փակման  հանդիսությանն  իր  հայեցողությամբ ընտրված  մասնակիցներին  խորհրդանշական  նվերներ  հանձնելիս  պղնձաձույլ վարդ էր նախատեսել Արսեն Ղազարյանի համար։  Ի դեպ,  «Vallex» խմբի «ACP» ընկերության  տնօրինուհին  ամենաակտիվ  աջակիցը, մասնակիցն  ու  մշտական  հանդիսատեսն էր  24-րդ «Թատերական Լոռու», ինչի համար հատուկ  շնորհակալությունս  հայտնեցի նրան  և  սրտանց  շնորհավորեցի  ՀԹԳՄ  ոսկե  մեդալով  պարգևատրվելու  առիթով։

Փառատոնի  շրջանակներում  սիրողական  5 ներկայացումների  խաղարկմանը  նորահայտ  հանգրվաններից  մի քանիսում վերաբերվեցի որպես  գյուղական առօրյայի տաղտուկը աշխուժացնելու, «Թատերական Լոռու»  երբևէ  որդեգրած  պրոֆեսիոնալ-ոչ պրոֆեսիոնալ   տարանջատման  բացառմանը  հավատարմության  դրսևորում. լավատեղյակ էի   երեքին։ «Ռուսական թատրոնի օրեր» ծրագրում ներգրավված  Թբիլիսիի  «Обводной переулок»  նորաստեղծ թատրոն-ստուդիայի  հիմնադիր  Արտեմ Գրիգորենց-Կիրակոզովի արժանապատիվ  ջանադրությունը  հանիրավի  չստվերելու  համար  պետք  է խոստովանեմ, որ թբիլիսյան «Վերնատանն» անդամագրված  այս եռանդուն մշակութային գործիչն արեց հնարավոր ամեն բան, որպեսզի իր հեղինակած և բեմադրած «Հուսանք…» դրամայի ներկայացումն անպայման մասնակցի 24-րդ «Թատերական Լոռուն»՝ շարժառիթ դառնալով հայաստանյան մշակութային կյանքին  հիմնովին  ինտեգրվելու։ Ավելին։ Փառատոնի հանդիսավոր  փակման  երկարաշունչ  արարողությանը  մասնակից դարձրեց նաև  ջութակահար աղջկան՝ հընթացս շռայլորեն նվիրելով  իր  բանաստեղծությունների «Моя Кяманча (мысли, строки, ритмы…)» նորընծա հոբելյանական ժողովածուն։

Խաղացանկային բովանդակության նախաստեղծ բարձր  նշաձողի հավասարակշռությունը  չխախտվեց։

Այդուհանդերձ, առաջին անգամ փառատոնային հանգրվանի կարգավիճակում հայտնված Հաղպատի մշակույթի տանը Աբովյանի քաղաքային թատրոնի (գեղ. ղեկավար՝ Արմեն Սարգսյան) «Պոչատ աղվեսով» բարեհաջող մեկնարկից հետո փակ դռների առջև հայտնվեց Երևանի «Հրաշամանուկ» մանկապատանեկան թատերախումբը։  Տնօրինուհի Շուշան Վարոսյանը, ում հետ թվում էր, թե լիակատար փոխըմբռնում էի արդեն գտել, ինչ-որ սեմինարի էր մասնակցում նրանց ելույթի ծրագրված  ժամին և չգիտեր, թե որքան կտևի։  Խմբի 35 մանուկներին  գեղարվեստական ղեկավար Արմեն Քուշկյանը ստիպված էր  նրանց մի քանի ծնողների հետ մոտակա Սուրբ Նշան հնամենի եկեղեցու տարածքում տևական զբոսանքով զբաղեցնել, որպեսզի չձախողվի Օսկար Ուայլդի «Երջանիկ արքայազնի»  իր սրտաշարժ բեմադրության  խաղարկումը փառատոնի  շրջանակներում։

«Մեր  մեծերը»  ծրագրում  ընդգրկված  միակ  բախտավորը  ՀՀ ժողովրդական  արտիստ Երվանդ Ղազանչյանը եղավ։  Սանահին-Սարահարթի  ներկայացուցչական դահլիճում ասեղ գցելու տեղ չկար։ Ոգևորված  էի՝ պատշաճ առիթը ներկայացել էր «թատերական կնքահորս» հանդեպ  2 տասնամյակ  հոգումս անթեղված երախտագետ ջերմությունս բարձրաձայնելու  մի փառատոնի շրջանակներում, որի մշտական աջակիցն ու մասնակիցն է եղել մեծարգո թատերական գործիչ-բեմադրիչ-մանկավարժը, ով  ներկայանալու  էր  նաև Արամաշոտ Պապայանի «Գնա մեռի, արի սիրեմ»  մելոդրամատիկ  պիեսի  իր  վերջին  բեմադրությամբ։ Հաջորդ  օրն  էլ, ինքնահաստատ  ավանդույթի  համաձայն, պարոնյանցիների  2 ներկայացումները  ցուցադրելու  էր  Սպիտակի թատերասերներին։  Ինքն  էլ անսահման  ոգևորված  էր՝ դահլիճում  իր սանուհու՝ Ռուզան  Խաչատրյանի  ղեկավարությամբ  ստեղծագործական առաջաքայլ  արձանագրած ԼՂՀ  Ստեփանակերտի  Վահրամ  Փափազյանի թատերախումբն էր, որն   արդեն հասցրել  էր Թումանյանի պոեմների և հեքիաթների   հիման  վրա Վազգեն  Օվյանի  գրած  «Աշխարհը Լոռվա ձորերում»   թատերախաղը  նրա  բեմադրությամբ  ներկայացնել փառատոնային  2 հանգրվաններում։  Ստեփանակերտցի  «մանուկ Թումանյան»  Տիգրանին  անսահման  սիրով  բեմ  է բարձրացնում, հանձնում փառատոնի  տնօրենի նվերը։

Երևանի  «Միմոս» խամաճիկների թատրոնի (գեղ. ղեկավար՝ Նունե Ջրբաշյան )   «Պույ-պույ մկնիկն» ու «Մոծակը» ներկայացումների  հայերեն-ռուսերեն լեզուներով խաղարկումը  Ալավերդու մշակույթի տուն  և Սանահին-Սարահարթի դպրոցի դահլիճ տեղափոխելն այս պարագայում, կարծում եմ,  արդարացված էր։  Մանավանդ, մանկական ներկայացումների  սկիզբը դպրոցական պարապմունքների ավարտին հարմարեցնելուց  հետո անհամեմատ մարդաշատ էր  դառնում գլխավոր դահլիճը։ Դեմիրճյանի և Թումանյանի փոքրածավալ հեքիաթների տարողունակությունը մի ներկայացման տարածքում խորագիտորեն մեծացնելով՝  հմայիչ հեքիաթասացների այս եռյակը մի քանի ակնթարթում մանկական հանդիսասրահի  հետ մտերմացավ, զվարթացնելով նրանց սիրված երգերի ներդաշնակմամբ՝  պատումի սյուժետային զարգացումներին համընթաց կյանքի ճանաչողության  ինչ-ինչ պարզ թվացող մտքեր նաև փոխանցեց կաթիլ առ կաթիլ ներարկվող  խրատներով։  Խնամքով բեմադրված մանկական բոլոր ներկայացումներն էլ  ունակ էին մանուկներին հոգևոր առողջ սնունդ մատուցելու, միտքը կրթելու։

Հանգերգային  կոլորիտային  զանգվածային տեսարաններով  ու  խմբում հաստատված  մի  քանի  սկսնակներով   ուշագրավ  էր ադամյանցիների «Գիքորը» (բեմադրիչ՝ Լևոն Ուզունյան)։  Ծնունդով  ալավերդցի   հոր և դստեր՝  Համբո (Սամվել Էլբակյան) – Գիքոր (Վարդուհի Էլբակյան) գլխավոր  դերակատարումներով   ցնծում  էր  երկրպագու  հարազատների  բազմության  կարոտով  ու  սիրով  ափեափ  լցված  հանդիսասրահը։  Փարիզի «AFTAF» (Ֆրանսիայում  հայկական  թատրոնի  հիմնադիրների համադաշնություն) թատերախումբը   Լևոն Ուզունյանի  բեմադրությամբ և մոտ  20 տարի  առաջ  ադամյանցիների  երամից  անջատված  և  արտերկրում  հաստատված  դերասան  Արթուր  Խաչոյանի համագործակցությամբ  24-րդ   «Թատերական Լոռու», ապա Վանաձորի գլխավոր  բեմերում  ցուցադրում է Թումանյանի  «Անուշ» և «Պոետն ու Մուսան»  պոեմների  միահյուսմամբ  ձևավորված «Ողջու՜յն Պառնասի  գլխից  սրբազան» ներկայացման   առաջնախաղը։

Համազգայինի  արդեն  սիրված  դերասանախումբը  կատակախառն, առույգ  մանկական  անմիջականությամբ  չափազանց  սրտամոտ  մատուցեց  ըստ  Թումանյանի  համանուն  հեքիաթի Անահիտ Աղասարյանի  գրած  «Անբան Հուռին» (բեմադրիչ՝  ՀՀ ժող. արտիստ  Հրաչյա Գասպարյան)   մանկական  երաժշտական  ներկայացումը։  Ճանապարհի   հոգնությունը   հօդս  էր  ցնդել  բեմ  մտնելուն պես.   այստեղ  իրենց սպասու՜մ  էին…  Անչար   հումորի  ջրվեժ  էր  հորդում  Արման  Նավասարդյանի՝ լոռեցիների ամենաբնութագրական հատկանիշներով  մարմնավորված  Կիրակոսի  բեմատիպարից։  Անչափ դուր  էր գալիս   Արմինե Անդրեասյանի  Հուռիի   բեմական  անսեթևեթ աշխուժությունը,  զվարճացնում  Անդրանիկ  Էթեմեզյանի  գիտունիկ Քուռիկի  ընդվզումը   պարզամիտ  տիրոջ՝ Կիրակոս-Նավասարդյանի անփույթ  կենսակերպի  չտրամաբանված  դրսևորումներին։  Հեքիաթի ու իրականության  փոխներթափանցմամբ էին  կերպավորված Նարինե Գրիգորյան-Ալլա Սահակյան- Տաթև Ղազարյան  եռամիասնության  տարատեսակ  նրբիմաստներով բեմական  պատումն  էապես հարստացնող  անբաժան  հերոսուհիները (Աղջիկներ, Հավիկներ, Գորտիկներ), Գագիկ Մադոյանի  խորամանկ  Չարչին։ ժամանակ առ ժամանակ  փոփոխվում  էին  հեքիաթի գույները, հեռանում ու մոտենում Թումանյանին՝  չնսեմացնելով  ՀՀ  վաստ.  նկարիչ Դավիթ Մինասյանի  լուծումներով  երփներանգված  բազմաշերտ  ներկայացման երկարակեցության  գրական  հենասյան  անանցողիկ  արժեքավորությունը։

Ճապոնուհի հեքիաթասաց Շոկո Իտոն սիրով ընդունել էր միայն Թումանյան ներկայացնելու պայմանը։ Ստանալով ճապոներեն թարգմանությունները «Շունն ու Կատուն» բալլադի և «Բարեկենդանը» հեքիաթի՝  Դավիթ   Տենգայի հետ կնքած դաշինքով միախառնել էր դրանց իրեն հարազատ ազգային բանահյուսության բովանդակային շերտեր և մանկական զվարթությամբ մատուցում էր՝  հիմնականում արտասովոր իր տեսակով, ձայնի հնչերանգով, մարտարվեստի տարրերով ձևավորած բեմական շարժման։

Երբ արդեն թումանյանական բովանդակությամբ  հնարավորինս հստակ ձևավորվել էր «Ռուսական թատրոնի օրեր» և «Մեր մեծերը» հարակից ծրագրերով 24-րդ փառատոնի խաղացանկը,  հանկարծ միտքս կայծակեց. «1869  թվին  Հայոց  այգիներն ի՞նչ պտուղ տվին…»։ Կոմիտասի՜ն էի մոռացել  բանակցային  տարուբերումներում խճճված։ Ինչպե՞ս կարող էի։  Հանգամանքները բարենպաստ էին։ Անմիջապես գտա  օպերային երգիչ Ասատուրի Բալջյանին (բարիտոն)։ Բազմաստիճան մասնագիտացմամբ հղկել էր  դասական երգեցողության ունակությունները եվրոպական երկրներում, վերահաստատվել  Հայաստանում։  Հայաստանի պետական ֆիլհարմոնիայում էր  հիմա։ Գիտեի, որ ստեղծագործական պարապուրդից ընկճված է։ Քննարկեցինք Կոմիտասի հոգևոր երաժշտության և Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմի համադրությամբ  Լոռվա եկեղեցիներից մեկում  իրիկնային պատարագ մատուցելու մանրամասները։  Փարաքարի եկեղեցու  սարկավարգ էր նաև, գիտեր  կարելի-չի կարելիի սահմանները։  Ոգևորվեց  առաջարկովս։ Նոր ներկայացման հավակնություն չունեի, բայց Ասատուրին բեմադրիչ էր պետք։ Գտա՜նք։

ԵԹԿՊԻ Հրաչյա Գասպարյանի արվեստանոցում  ռեժիսուրայում մասնագիտացող Մարիամ Պիվազյանին, ով Հայ առաքելական եկեղեցու երիտասարդաց  թեմում էր։ Սկսեցին միասին աշխատել։ Ամենախենթ գաղափարներիցս  եղավ «Կոմիտասյան պատարագը»։ Միավորեց  ինձ, Ասատուրին  և Մարիամին, արժանանացավ փառատոնի տնօրենի  կայացնող աջակցությանը։ Եվ փառատոնի փակման  նախօրեի ուշ  երեկոյան, տեր Միքայելի զորակցությամբ,  Սանահինի վանական  համալիրի Սուրբ Աստվածածին եկեղեցու գավիթը  բազմամարդ  մոմավառության  լույսերով  ողողվեց։ Արտասովոր խորհրդավորության  մթնոլորտում  աննկատ  ներգրավվեցին  բոլո՜ր ներկաները, երբ նորահայտ  պատարագիչ  Ասատուրը, համակ ինքնակենտրոնացմամբ  ու  պատասխանատվությամբ,  Մարիամի  հուսալի սպասավորությամբ  սկսեց  իրիկնային  չլսված-չտեսնված ժամերգությունը։

Չէր կարող հետին պլան մղվել  Աշխարհի  ԱՄԵՆԱՀԱ ՜Յ  Քաղաքացի Շառլ Ազնավուրի ֆիզիկական կորստյան բոթը։ Մեծ Շանսոնյեի ձայնն էր թևածում  լավագույն կատարումներով՝  թատերական «Գայանեից» տարածվելով  ամենուր, հանգրվանելով Ալավերդու մշակույթի տանը…

 

Վերջաբանի փոխարեն

Բարակում, բայց  չի  պղտորվում ու ցամաքում  վճիտ  թատերավտակը, որը  1977-ից  բխելով  Ակներ  գյուղից (այժմ` Ալավերդու թաղամաս), մինչ օրս  էլ  աներևույթ  սնուցում  է «Թատերական Լոռին» ապրեցնելու հնարների անդուլ   որոնումների  արգասաբերությունը։

25-րդ  փառատոնի  նախաշեմին, որը  ծրագրված է սկսել բնօրրան  Ակներից, լավ  կլինի  նախապես  ապահովագրել  վերջին 2 փառատոներում  իր  պատրաստակամ  ակտիվությամբ  աչքի  ընկած  Լևոն Սադաղյանի  գործարար  ջիղով  օժտված  մի  քանի  կամավորականներ  ևս։ Ճկուն  աշխատաոճով  և  հարգալից  փոխըմբռնման, երբեմնի համատարած  սիրո  վերահաստատման  մթնոլորտում  կարելի  է կազմակերպչական  առավել  բարձր  նշաձող  սահմանել  ու  պահպանել  հավասարակշռությունը։  Մարդկային, գործընկերային հարաբերությունների  անկեղծության  ջերմությունը  ամենահուսալի գրավականն  է ցանկացած  լայնամասշտաբ  կարևորագույն  նախաձեռնության  անսայթաք  իրականացման, հոգևոր  ներուժի  վերհանման  ու  լիարժեք  մատուցման։ Իրենց  հմտությունների  կոնկրետ դրսևորումներով  վստահություն  ներշնչող  նվիրյալների  կուռ  համախոհությամբ, մենաշնորհային  հավակնոտության  խելամիտ  բացառմամբ,  վստահ եմ,  միանգամայն  հնարավոր  է  հայաստանյան հնագույն  թատերատոնի  հերթական,  25-րդ  հոբելյանական  արարն  անհամեմատ  բարձրակարգ, սահուն, անցնցում  կենսագործել։

 

 

Թբիլիսիի Ալ. Գրիբոյեդովի անվան ռուսական դրամատիկական ակադեմիական թատրոն, Գոգոլի “Ռևիզորը” թատրոնի գեղարվեստական ղեկավար Ավտանդիլ Վարսիմաշվիլու բեմադրությամբ, նվիրված էր թատրոնի հիմնադրման 170-ամյակին
1. Ֆեդերիկո Գարսիա Լորկա “Արյունոտ հարսանիք” (բեմադրիչ՝ Վահե Շահվերդյան)  ի նշանավորումն Վահե Շահվերդյանի 70-ամյա հոբելյանի

2. Վլադիկավկազի Եվգենի Վախթանգովի անվան ռուսական պետական դրամատիկական ակադեմիական թատրոն — 
ա) Ժան Պոլ Սարտր «Դռնփակ» (բեմադրիչ՝ ՀՕԱՀ ժող.արտիստ Վալերի Պոպով) և Ժորդի Գալսերան «Գրյոնհոլմի մեթոդը» (բեմադրիչ՝ Պավել Զոբնին).

բ) «Թատերական Լոռի — 24» — Մաքս Ֆրիշ «Կենսագրություն» (բեմադրիչ՝ Հյուսիսային Օսեթիայի-Ալանիայի Հանրապետության ժողովրդական արտիստ Վալերի Պոպով)

«Թատերական Լոռի-24» — Արշակ Բուրջալյանի անվան երաժշտական դրամայի թատրոն — Արմեն Տիգրանյան «Անուշ» (բեմադրիչ՝ Արսեն Ղազարյան)

 

«Թատերական Լոռի-24» միջազգային փառատոն

 

«Թատերական Լոռի-24» բացման ներկայացումը՝ Հենրիկ Մալյանի «Թումանյանի հեքիաթները» 

Կարդացեք նաև