ԼԵՎՈՆ ՇԱՆԹ / ԻՆՉՈՒ

ԻՆՉՈՒ

՛՛Ինչո՞ւ կը գրես՛՛ հարց կուտան ինծի.

ու ես զարմացած կը նայիմ իրենց:

Ինչո՞ւ կը գոռա թափովն առյուծի

ալեկոծ ծովը խոժոռ ժայռին մերձ.

կամ հեզամրմունջ վտակը ինչո՞ւ

իր թարմ կարկաչը կոլըրե անուշ,

երբ անփույթ, կայտառ ու զվարթաչու

առաջ կը գայթի նազանքով քնքուշ.

ո՞վ կը հարցընե եռուն ջրվեժին,

թե ինչո՞ւ անդուլ կը հանե շառաչ,

մինչ սեպ բարձունքեն անդունդ կը խուժին

փրփուր կոհակներ հորդ ու կաթնալանջ.

իսկ դո՞ւն. քու վրադ հարցեր թափեցին,

երբ խուռն հյուսքը խինդ ու կսկծի

երգի մը փարած սրտեդ դուրս հորդեց:

Բայց կը հարցընեն այդ ինչուն ինծի.

ու ես զարմացած կը նայիմ իրենց:

 

ԳՆԱՑՔԸ

Գնացքը շեշտ, անդուլ ճեպով

սլացիկ,

երբ անձնատուր իր զույգ գծին

օձաձիգ,

կը գալարի ճամփուս վրա

աչքիս դեմ,

ես կանգ առած, մութին մեջեն

կը դիտեմ

աչքերն անթարթ, որ շեշտ հեռուն

է գամեր,

ճապուկ մարմնին տենդոտ դողը

անհամբեր

ու խոնջ կրծքեն ժայթքող իր հևքը

վայրի,

որ հասնելու անհաս տենչովը

կայրի:

 

ԴՈՒՆ ԻՄՍ ԷԻՐ

Դուն իմս էիր. հեղ մը լոկ.

ան ալ պարի մը անցուկ

պտույտին մեջ վաղանցուկ,

միևնույնն է, որո՞ւ հոգ:

Երբ նվագը խելագար

կը դարձըներ մեզ արագ,

երբ մեր շուրջը հակառակ

ամենքը մեկ կը դառնար:

Չէինք տեսներ ալ ոչինչ.

մինակ էինք ես ու դուն,

գիրկընդխառն, զվարթուն,

վերացման մեջ զգլխիչ:

Ու գալարած կուրծքդ ի վեր

նազուկ մեջքիդ նրբենի,

ընդհատ շունչդ կըզգայի,

որ այտս ջերմ կշոյեր:

Երբ այդ հուրեն խելահեղ՝

ա՛լ ջերմեռանդ և ուժգին

քու անձնատուր լի կուրծքին

կը փարեի սիրագեղ:

Ըսե՛, ինչո՞ւ կը ծածկես,

այդ հմայիչ լանջիդ տակ

չէի՞ր զգար դուն հեշտանք

ու սարսուռ մը տենչակեզ:

Դուն իմս էիր, թեև լոկ

բուռն պարի մը անցուկ

պտույտին մեջ վաղանցուկ.

միևնույն է. որո՞ւ հոգ:

 

ՍԻՄՖՈՆԻ

Երաժշտության իրար ընդգրկած

կրքոտ շեշտերու խոլ հորդումին տակ

քեզի կը դիտեմ ես հափշտակված:

Մինչ դուն ուշադիր սուզված և դողդոջ

ներդաշնակության այդ ծովն անհատակ,

ուր կը փոթորկին հուզումներն ամբողջ:

Լսե՛, իմ կուրծքս ալ ալիքներ կան հորդ.

որոնք կարոտի հովերեն ուռած

սիրո ծարավս կերգեն մոլեգնոտ.

Այդ խոր անդունդն ալ մեկ նայե՛, հոգի՛ս,

և եթե խելքդ պտույտ գա հանկարծ,

մի՛ վախնար, գիրկս պիտի սայթաքիս:

Կարդացեք նաև