Հասմիկ ՉԱՐԵՆՑԻ «ՄԱՐԳԱՐԻՏՆԵՐ ԵՎ ՋՐԱՓՈՍԵՐ»

Պիեսը տպագրվել է 2007 թվականի թիվ 12-13 համարում

« Ես Հասմիկ Չարենցն եմ…Ճակատագրի բերումով ապրում եմ եվրոպական մի փոքրիկ քաղաքում, ուր երկինքը գորշ է, արևը պաղ , ճենապակե ափսեի պես, ուր անձրևը անշարժացած է օդի մեջ ու ոչ մի կարպ ցած չի թափվում: Եվրոպական այդ փոքրիկ քաղաքում կյանքը սահում է հանդարտ ու աննկատ:
Ցերեկը զբաղվում եմ հազար ու մի աննշան,անկարևոր բաներով,բայց երբ գիշեր է գալիս,երբ քաղաքը քնում է ու լռում են վերջին շշուկները ես թաքուն բացում եմ իմ բնակարանի դուռը ու գալիս եմ Երևան… Անցնում եմ բոլոր փողոցներով,բոլոր ցայտաղբյուրներից ջուր եմ խմում,բոլոր ընկերներիս հյուր եմ գնում… Հետո շատ զգույշ մտնում եմ այն տղամարդու ննջարանը,ում սիրում եմ ամեն ինչից առավել… Կամացուկ նստում նրա մահճակալի եզրին… վերմակը ուսից ցած է սահել,ծածկում եմ,որ չմրսի: …Ամեն գիշեր,երբ եվրոպական մի փոքրիկ անձրևոտ քաղաքում լռում են բոլոր շշուկները,ես բացում եմ իմ բնակարանի դուռը ու գալիս եմ…Երևան…- Մենք ապրում ենք միևնույն քաղաքում,սիրելիս…»

 

Եվ այսպես, մենք օրեցօր ավելի ու ավելի անտարբեր ենք դառնում ուրիշի ճակատագրի հանդեպ: Բարությո՞ւն: Անշահավետ հոգնություն է: Սե՞ր: Սեր չկա: Գրքերի մեջ միայն: Պոետներն են հորինել: Սերը մեռել է կամ կմեռնի վերջին պոետի հետ: Այդ ժամանակ մի երկարատև ու տաղտկալի անձրև կտեղա աշխարհի վրա, ու երկիրը կծածկվի գարշահոտ ու զազրելի ջրափոսերով:

Հասմիկ ՉԱՐԵՆՑ

 

 

 

ՄԱՐԳԱՐԻՏՆԵՐ ԵՎ ՋՐԱՓՈՍԵՐ

Դրամա պոետական 2 մասից

 

Գործող անձինք

ԻԶԱԲԵԼԼ — զեղեցիկ, բայց շատ գունատ, մի տեսակ անիրական

ԱՐՄԱՆ — անհանգիստ երազող, մի քիչ քաոսային

ՁԱՅՆ — կանացի, լսվում է հեռվից, ասես վերից: Կարող է լինել նաև Իզաբելլի, երբեմն էլ՝ Արմանի ձայնը:

 

ՁԱՅՆ — Դու լուռ հեռացար ծովեզրով:

Իսկ ես հավաքեցի քո ոտնահետքերի մեջ ընկած խեցիները

Ու կախեցի պարանոցիս…

 

Բանաստեղծությունը խլանում է զինվորական նվագախմբի երաժշտության

կոպիտ ձայնից: Վարագույրը փակ է: Կամ մթնեցված: Բեմն աստիճանաբար

 լուսավորվում է, կամ վարագույրն է բացվում, նայած հարմարության:

Բեմը՝ ննջարան-հյուրասենյակ: Կատարվող իրադարձությունների

 ժամանակաշրջանը պայմանական է: Բեմադրիչը բեմը

կարող է շտկել՝ ըստ սեփական ճաշակի և ասելիքի: Բեմի խորքում՝

հանդիսատեսի դիմաց, հսկա պատուհան-դուռ, որտեղից տեսարանէ բացվում

քաղաքի վրա:Ամենևինկարևոր չէ, թե ո՛ր քաղաքի: Պատուհան-դուռը

տանում է դեպի նեղլիկ պատշգամբ: Պատուհանը կարելի է ծածկել

սպիտակ վարագույրով, որը հետագայում կարող է էկրանի դեր կատարել:

Ննջարանից դուռ է բացվում դեպի լոգարան: Դուռը կարող է մասամբ ապակուց լինել:

Մյուս դուռը տանում է միջանցք: Ամենուր՝ գրքեր, նկարներ, ձայնապնակներ…

Պատերին՝ առաջնորդների նկարներ. Նապոլեոն, Ալեքսանդր և այլն:

Արմանը և Իզաբելլը պատշգամբից դուրս են նայում:

Զինվորական փողային երաժշտություն: Ամբոխի աղմուկ: Դրսում շքերթ է: Տոնակատարություն: Գույնզգույն փուչիկներ օդում: Երաժշտությունը

հետզհետե մարում է: Զույգը ներս է գալիս:

 

ԱՐՄԱՆ — Թվում էր՝ անձրև է գալու, բայց չեկավ: Ապշելու բան է: Հին անեկդոտի պես. ինչ ուզում են, այն էլ անում են: Հիշո՞ւմ ես:

ԻԶԱԲԵԼԼ — (անտարբեր): Ասում են՝ ամպերը գնդացիրով ցրում են, որ շքերթը չխանգարվի:

ԱՐՄԱՆ — Ճիշտ է: Գիշերը լսեցի: Բում, բում: Կարծեցի՝ ամպրոպ է: Ուրեմն, գնդացիր էր: Ինչ է, բան ու գործ չունե՞ն:

ԻԶԱԲԵԼԼ — Չունեն երևի:

ԱՐՄԱՆ — (պատուհանը փակում է, վարագույրըքաշում): Ուֆ, ոնց եմ ատում էս շքերթները, փողային երաժշտությունը: Մարդու մազերը բիզ-բիզ են կանգնում: (Ցուցադրական մազերն է շտկում:) Ամբոխի ժխորն էլ մյուս կողմից: Հասարակական միջոցառումները իմ ինադու են ստեղծվել: Փոքրուց ատում եմ: Տոտալիտար ցնդաբանություն: Մեկ-երկու, մեկ-երկու… հավսա՛ր… զգա՛ստ:

ԻԶԱԲԵԼԼ — Քեզ ո՞վ է ասում՝ կենտրոնում ապրես: Վաճառիր, գնա արվարձան: Հիմա կենտրոնի համար գլուխ են ջարդում:

ԱՐՄԱՆ — Չհասկացա, հիմա էլ դո՞ւ… Մեկ էլչլսեմ: Բոլորի աչքը տանս վրա է: Ես իմ հայրական տունը չեմ վաճառի… Ոչ մի գնով, եղա՞վ:

ԻԶԱԲԵԼԼ — Լավ, լավ, կատակ արի: Չես ուզում, մի վաճաոի: Հանգստացիր: Բայց փուչիկները լավն էին:

ԱՐՄԱՆ — Բահ, դրանցից ոետինի համ եմ զգում:

ԻԶԱԲԵԼԼ — (փռթկում է): Վայ, Արման, Արման, դու ի՞նչ գիտես, թե ռետինը ինչ համ ունի:

ԱՐՄԱՆ — (կատակը շարունակելով): Դու ինչ գիտես, թե ռետինը ինչ համ ունի… Չէ, ամեն ինչ միայն դու գիտես, շերեփուկ: Էլի անկարգությո՞ւն ես անում: Հապա, էստեղ արի: (Ասես ուզում է խփել:)

ԻԶԱԲԵԼԼ -0, ներեցեք, ներեցեք, պարոն ոստիկան: Ես չէի ուզում: Էլ չեմ անի: Ես խելոք եմ, շատ խելոք… Դուք իզուր եք բորբոքվում… գրգռվում… Ահ, ռետինե դագանա՞կ ունեք, պարոն ոստիկան: Հետույքդ խցկեք, եթե կհաճեք: 0, ներեցեք, ես այդ չէի ուզում ասել:

ԱՐՄԱՆ — Լռել: (Վազում է նրա ետևից:) Այսպես, այսպես… (Իզաբելլին բռնում է, իբր դագանակով հետույքին հարվածում է: Իզաբելլըծղրտում է: Ծիծաղից հևասպառ նստում են: Փոքրիկ դադար:)

ԱՐՄԱՆ — Հազար տարի ծիծաղդ չէի լսել… Ինչ լավ ես ծիծաղում…

ԻԶԱԲԵԼԼ — Ծիծաղս չի գալիս… Քեզ ո՞վ էր խնդրում՝ տանը մնայիր: Ասացի՝ գյուղ գնա, չգնացիր: Ուրեմն՝ հիմա մի փնթփնթա:

ԱՐՄԱՆ — Եթե դու էլ գայիր՝ կգնայի: Մենակ ի՞նչ պիտի անեի գյուղում:

ԻԶԱԲԵԼԼ — Մարկի հետ գնայիր:

ԱՐՄԱՆ — Լավ, էլի, Իզաբելլ: Մարկը միայն հեղափոխություն անելուց է խոսում: Տարբերակներ է փնտրում, այլընտրանքներ: Նրա հավեսն ո՞վ ունի: Իմաստ չկա:

ԻԶԱԲԵԼԼ — Գյուղ գնալո՞ւ մեջ, թե՞ հեղափոխության:

ԱՐՄԱՆ — Ոչ մի բանի:

ԻԶԱԲԵԼԼ– Տեսնես, ի՞նչ եմ կորցրել գյուղում… Ձանձրույթից կմեռնեի:

ԱՐՄԱՆ — Գյուղում… գյուղում… բալենիները ծաղկել են…

ԻԶԱԲԵԼԼ — Հը, ինչ ասացի՞ր:

ԱՐՄԱՆ — (խոսում է ինքնամոռաց): Ասում եմ՝ գյուղում հիմա բալենիները ծաղկել են… Երբ փոքր էի, տարվա այս եղանակին միշտ գյուղ էինք գնում, ամբողջ ընտանիքով: Ես, մաման, պապան, քույրիկներս, Ջեկոն… Ութ հոգով խցկվում էինք մեր փոքրիկ, քրքրված մեքենայի մեջ: Շնչելու տեղ չէր լինում: Ամբողջ ճանապարհին երգում էինք ու կռվում, երգում էինք ուվիճում, երգում էինք ու դժգոհում. շոգից,փոշուց, հիմար բաներից: Բայց մեկ էլ հասնում էինք գյուղ տանող ճանապարհին՝ բլրի գագաթին: Մեկն ու մեկն անպայման գոռում էր. «Բալենիները, բալենիները ծաղկել են»… Բալենիները ծաղկել են: Նայում ես բլրի գագաթից,ասես թափանցիկ ձյուն եկած լինի: Մաքուր, մաքուր… Իսկ օդի մեջ բալենիների մոգական բուրմունքն է: Գլուխդ մի քիչ պտտվում է, ինչպես վալսի ժամանակ:Պտտվում ես,պտտվում, ամեն ինչ իրար է խառնվում՝ բալենիները, երկինքը, մեղուները, արևը՝ մազերիդ մեջ: Էլ չէինք համբերում, մեքենայից դուրս էինք թափվում ու գժի պես գոռալով սլանում էինք: Ջեկոն էլ՝ մեր ետեից: Մորս ծղրտոցը մեզ էր հասնում. «Արման, աղջիկներին հետևիր, որ շորերը չցեխոտեն: Կպատժեմ, այ, կպատժեմ՛՛: (Սթափվում է, նայում Իզաբելլին, որ նրան վաղուց չի լսում:)Իզա՞, ալո, ո՞ւր ես… Լսո՞ւմ էիր, ինչ էի պատմում, Իզաբելլ:

ԻԶԱԲԵԼԼ — (մտազբաղ, երկար դադարից հետո): Ի՞նչ ես կարծում, վերև նայե՞ց:

ԱՐՄԱՆ — Ինչ ասացի՞ր:

ԻԶԱԲԵԼԼ — Ասում եմ՝ Նա վերև նայե՞ց:

ԱՐՄԱՆ — (դժգոհ): Կարծես թե աչքի պոչով նայում էր:

ԻԶԱԲԵԼԼ — Սուտ ես խոսում, ոչ էլ նայում էր:

ԱՐՄԱՆ — Լավ, չէր նայում:

ԻԶԱԲԵԼԼ — Տարօրինակ է, վերևից նայելիս մեղքս գալիս է: Ավելի նիհար է թվում: Ավելի զգայուն: Խեղճացած տեսք ունի, միայնակ…

ԱՐՄԱՆ — Լավ, մի չափազանցրու:

ԻԶԱԲԵԼԼ — Չեմ չափազանցնում: Մեղքս գալիս է: Տեսնես ինչ էր մտածում, երբ անցնում էր պատուհանիս տակով: Ինձ հիշե՞ց: Մտքում անունս տվե՞ց:

ԱՐՄԱՆ — Հիշեց, չհիշեց… Հոգնեցի: Առավոտից սոված-ծարավ կախվել ենք պատշգամբից, ինչ է՝ Նորին Գերազանցությունը մեկ րոպեով պիտի անցնի: Փառապանծ առաջնորդի վեհապանծ երթը պատշգամբիս տակից…

ԻԶԱԲԵԼԼ — Մի ծաղրիր, խնդրում եմ:

ԱՐՄԱՆ — (նյարդային): Չեմ ծաղրում: Դու գիտես, որ քեզ երբեք չեմ ծաղրում: Չգիտե՞ս, որ ինձնից բացի բոլորը քեզ գժի տեղ են դնում:

ԻԶԱԲԵԼԼ — Լավ, հանգստացի, բան չասացինք: Ուզում ես՝ ինքդ նախաճաշի: Ես դուրս եմ գալիս: (Պայուսակը վերցնում, մոտենում է դռանը:)

ԱՐՄԱՆ – Կարելի՞ է իմանալ, թե ուր ես գնում:

ԻԶԱԲԵԼԼ — Հրապարակ:

ԱՐՄԱՆ — Շքերթը վերջացել է, Իզաբելլ: Եվ, հետո, մեկ է, հրապարակ չես կարող մտնել, բոլոր կողմերից փակ է: Ինչ է, ուզում ես դրանց քացիների համը նորի՞ց փորձել: Վերջին անգամ, կարծեմ, ես չէի ամբողջ գիշեր ցավից ոռնում: Վնգստոցդ մինչև հիմա ուղեղիցս դուրս չի գալիս:

ԻԶԱԲԵԼԼ — Մեկ է, գնալու եմ: Ծեծում են՝ ծեծեն: Թող՝ անցնեմ…

ԱՐՄԱՆ — (դռան մեջ է կանգնում): Հիմարություն մի անի: Իմաստ չունի, հասկացիր:

ԻԶԱԲԵԼԼ — Ճանապարհ տուր:

ԱՐՄԱՆ — Իզաբելլ, մի գնա, խնդրում եմ:

ԻԶԱԲԵԼԼ — (փորձում է մի կողմ հրել Արմանին): Մի կողմ քաշվիր: (Պայքար: Իզաբելլը ջանում է դուրս պրծնել:)

ԱՐՄԱՆ — Քեզ չես խղճում, գոնե ինձ խղճա: Մի գնա, Իզաբելլ:

ԻԶԱԲԵԼԼ – Խղճա՞մ քեզ, Արման: Խղճա՞մ: Բայց ինչի՞ համար: Քե՞զ ինչ է եղել: Դո՞ւ ինչից ես դժգոհում: Ամբողջ կյանքում ունեցել ես՝ ինչ ուզել ես: Քեզնից ոչինչ չեն խլել: Սոված չես եղել: Մենակ չես եղել: Չես մրսել: Կաթսայատան առնետների հետ չես քնել: Ուրիշի թերմացք չես կերել… Քեզ անտեր չես զգացել… Քեզ միայն մի բան է պետք… որ… որ…

ԱՐՄԱՆ — Ինչու լռեցիր, միտքդ ավարտիր:(Քաշքշուկը դադարում է:)

ԻԶԱԲԵԼԼ — Ոչ մի բան, մի կպիր…

ԱՐՄԱՆ — Չէ, ասա, ինչ նկատի ունես: (Բացում է թևքը:) Սա՞ նկատի ունես, հա՞: Բայց դու քեզ հարց տվե՞լ ես, թե ինչու եմ անում: Մի օր մտածե՞լ ես, թե՞ թքած ունես: Խոսիր, քեզ հետ եմ…

ԻԶԱԲԵԼԼ — Թող, ցավեցնում ես… Հա, հենց էդ նկատի ունեմ: Եվ, գիտե՞ս ինչ, ինձ պատճառ մի բեր: Ինքդ քո մեջ փնտրիր, ինձնից ի՞նչ ես ուզում…

ԱՐՄԱՆ — Ես իմ Իզաբելլին եմ ուզում: Ես մեր Ծովն եմ ուզում… մեր սերն եմ ուզում… ես քեզ կարոտել եմ, Իզ, մեռնում եմ կարոտից…

ԻԶԱԲԵԼԼ — Ինձ էմոցիոնալ շանտաժ մի արա: Լավ, լսո՞ւմ ես… չես ուզում՝ չեմ գնա: Միայն ինձ հանգիստ թող: (Նստում է բեմի կենտրոնում, դահլիճին մոտիկ: Դադար:)

ԱՐՄԱՆ — Արի մի բան ուտենք: Ուզո՞ւմ ես՝ գնամ բլիթներ բերեմ: Ծիրանի ջեմով: Կամ խմորեղեն, նրանցից, որ սիրում ես: Գնա՞մ:

ԻԶԱԲԵԼԼ — Ինչ ուզում ես՝ արա: Ինձ համար մեկ է: Մի բան եմ ասում, հետո կրակն ընկնում: Շարունակ հսկում ես ինձ: Լրտեսում ես: Չես թողնում՝ շնչեմ: Դայակություն ես անում: Միայն ինքդ քեզ ես լսում: Միայն դու գիտես՝ ինձ ինչ է պետք: Դու չես տեսնում, թե ինչ կասրտիս մեջ: Մեկ է, չես հասկանում:

ԱՐՄԱՆ– Բացատրիր՝ հասկանամ:

ԻԶԱԲԵԼԼ — Ինչ ասեմ: Հազար անգամ ասել եմ: Դու իմ մասին ամեն ինչ գիտես:

ԱՐՄԱՆ — Ամեն ինչ չգիտեմ: Նորից ասա:

ԻԶԱԲԵԼԼ — Տես, դու միշտ ընտանիքիդ մասին ես պատմում, քույրիկներիդ: Նրանցից կիլոմետրերով նամակներ ես ստանում, օրական զանգում են, մեկ՝ Մարսելից, մեկ՝ Լոսից, մեկ՝ փոսից, մեկ՝ չգիտեմ որ գյուղից: Սիրուն բաներ են ուղարկում: Փող են ուղարկում: Մի ամիս չուղարկեն՝ սոված կսատկենք: Էլ չեմ խոսում էդ նողկանքի, դեղերիդ մասին: Կարոտում են: Կանչում են: Հրավեր հրավերի ետևից են ուղարկում: Քառասուն քանի զարմիկ ունես, իսկի անունները չես հիշում: Չես հիշում, չէ՞:

ԱՐՄԱՆ — Շարունակ ավելանում են, ո՞նց հիշեմ:

ԻԶԱԲԵԼԼ — Կյանքումս մի նամակ չեմ ստացել, ոչ մի: Ես չեմ ճանաչում գոնե մեկին, ով իմ հեռավոր, թեկուզ ամենահեռավոր ազգականը լինի: Երբեմն ժամերով կանգնում եմ հայելու առջև, փորձում պատկերացնել, թե մայրս ինչպիսին է եղել, հայրս ինչ գույնի աչքեր է ունեցել, ինչ գույնի մազեր, բայց չեմ կարողանում: Ես մանկական ոչ մի լուսանկար չունեմ: Մանկության հուշեր չունեմ: Հուշեր չունեմ: Չունեի, մինչև մի օր… մի օր… ամեն ինչ փոխվեց: Հասկանո՞ւմ ես: Ամեն ինչ փոխվեց: Մի օր, երբ առաջին անգամ տեսա ՆՐԱՆ: Դա սովորական սեր չէր, սիրահարվածություն չէր… Ինձ թվաց, թե շանթահար եղա: Կայծակը խփեց: Էլի այսօրվա պես շքերթ էր: ՆՐԱ առաջին շքերթը, ընտրվելուց հետո: Ավելի ճիշտ, հաղթանակից հետո: Ժողովուրդը փողոց էր լցվել: Քաղաքը ասես տենդի մեջ լիներ: Հեղեղի պես հոսում էր, հոսում դեպի հրապարակ, կառավարական շենքի կողմը: Մարդկանց հեղեղի բերանն ընկած՝ ես էլ հրապարակ հասա: Բոլորի աչքերը նայում էին նույն ուղղությամբ: Ես էլ նայեցի: Տեսա ՆՐԱՆ: Հիպնոսվածի պես սկսեցի առաջ գնալ, ամբոխի միջով: Փոթորիկն ընկած լողորդի պես գնացի, գնացի, մինչև հայտնվեցի առաջին շարքում: Հիմա շատ մոտիկից տեսա նրան: Ինքը փայտե բեմահարթակի վրա էր կանգնած, ես ներքևում՝ ամբոխի մեջ: Խոսում էր, խոսում: Չեմ հիշում, թե ինչ էր ասում: Ձայնը… ձայնը տաք հոսանքի նման հոսեց երակներիս միջով մինչև սիրտս: Բայց սիրտս կանգ էր առել: Քարացել էի: Շուրջս ամեն ինչ դժժում էր մեղվանոցի նման, ինձ այս ու այն կողմ էին հրում, բայց ես ոչինչ չէի զգում, երազի մեջ էի… Միայն անթարթ ՆՐԱՆ էի նայում: Հանկարծ նկատեցինձ: Մի ակնթարթ նայեց, շատ ուշադիր նայեց ու… ժպտաց: Ուղիղ նայեց աչքերիս մեջ ու ժպտաց: Օրեր շարունակ թափառում էի հարբածի նման: Կուրացածի պես ձեռքերս առաջ էի պարզում, որ մի բանի չխփվեմ… ՆՐԱ ժպիտը ամենուրեք հալածում էր ինձ: Աստված իմ, ինչո՞ւ եմ քեզ այս ամենը պատմում, մեկ է, չես հավատում: Բառերով ամեն ինչ չես բացատրի:

ԱՐՄԱՆ — Այո, չես բացատրի: Բայց շատ բան եմ լսում այս ու այն կողմից:

ԻԶԱԲԵԼԼ — Ի՞նչ ես լսում:

ԱՐՄԱՆ — Իբր ՆՐԱ սիրուհին ես, որ տանում են մոտը, բերում են: Սաունա, քեֆեր, կայֆեր, գիտես, էլի: Որ… մեկն ասում է, թե քեզ համար դղյակ է առել Իսպանիայի ծովափին, մեքենա, տոննաներով փող է տալիս, ադամանդներ, չգիտեմ՝ ինչ: Մյուսը, թե՝քոռ գրոշ էլ չի տվել: Որ տուն էլ չունես: Սրա-նրա տներում ես ապրում: Ինքն է օգտվում քեզնից, որ մի օր փորձանքի կգաս, որ… սուտ է, թե քո մարդն եմ ես, որ մեխի գլուխ եմ… Լավ էլի, վերջը տղամարդ եմ…

ԻԶԱԲԵԼԼ — Իբր, իբր… Հետո՞, ուրիշ ի՞նչ են ասում, ավելի պատկերավոր…

ԱՐՄԱՆ — Ասում են, իբր նրա հետ առաջին անգամ ժամադրության գնալիս փող չես ունեցել նոր զգեստի համար և… և… արյուն ես տվել: Արյունդ վաճառել ես, Իզաբելլ: Սա է փաստը: Հիմա կանգնել ու հրաշքներ ես պատմում: Ռոմանտիկ պատմություններ:

ԻԶԱԲԵԼԼ — Ոչինչ չեմ հորինում: Հրաշքներ չեն, լսո՞ւմ ես…

ԱՐՄԱՆ — Հասկացիր, ցավն այն է, որ իսկի կարևոր էլ չի՝ սուտ է, թե ճիշտ: Ինձ ցավ է պատճառում, որ խոսում են: Ամբողջ քաղաքն է խոսում: Ոչ ոքի երևակայությունը չէր հերիքի նման բաներ հորինելու համար: Ամբողջ քաղաքը գիտի: Ես չգիտեմ, թե քաղաքը ինչ գիտի: Ես արդեն ոչինչ չգիտեմ:

ԻԶԱԲԵԼԼ — Թքել եմ քաղաքի վրա, լսո՞ւմ ես: Թքել եմ քո կարծիքի վրա: Գրողի ծոցը գնացեք բոլորդ էլ: Իմ արյունն է, ում ուզեմ՝ կտամ, պա՞րզ է: Հանգիստ թող… թող ինձ… Տղամարդ ես, ինձ տանիցդ դուրս արա, դուրս արա…

ԱՐՄԱՆ — Որ ո՞ւր գնաս, կաթսայատան առնետների մո՞տ…

ԻԶԱԲԵԼԼ — Երեսով ես տալիս, հա՞… Ինչ է, ամբողջ կյանքս պիտի կողքի՞դ քնեմ շնորհակալական զգացումներից ցնցված…

ԱՐՄԱՆ — Մի լկտիացիր:

ԻԶԱԲԵԼԼ — Ի՞նչ կանես, կխփե՞ս… Խփիր, էլի, Արման, խփիր, էլի… խփիր… (Լաց է լինում:)

 

Դադար:

 

ՁԱՅՆ — Ես չեմ վախենում քո սևազգեստ սամուրայներից,

Քո նեռ հրամաններից,

քո գունատ զայրույթից:

Բայց, երբ ժպտում ես ինձ…

ծնկներս դողում են…

 

Շատ երկար դադար: Արմանընստում է Իզաբելլի կողքին:

 

ԱՐՄԱՆ — (փորձելով կատակի տալ): Մի խոսքով, դու կամ մազոխիստ ես, կամ սադիստ, կամ լավագույն ողբերգակ դերասանուհի, ում երբևէ տեսել եմ:

ԻԶԱԲԵԼԼ — Անհեթեթ բաներ ես ասում: Ոչ մեկն էլ չեմ:

ԱՐՄԱՆ — Չէ, անկեղծ: Դու սադիստ ես, ինձ տանջում ես: Կամ մազոխիստ ես, որ ուրվականի է սիրում, պատրանքի, ցնորքի, գոյություն չունեցող, հորինած մեկին, կամ էլ թատրոն ես խաղում ու բոլորիս ձեռ ես առնում, ուրիշ ոչինչ:

ԻԶԱԲԵԼԼ — Ի՞նչ ասել է՝ բոլորիս:

ԱՐՄԱՆ — ՆՐԱՆ, լրագրողներին, հա-սա-րա-կու-թյանը, ընկերներիդ… ինձ:

ԻԶԱԲԵԼԼ — Բոլորի փոխարեն մի խոսիր, հատկապես ՆՐԱ: ՆԱ պատրանք չէ, մարդ է՝ միս ու արյունից, սովորական տղամարդ: Ուրվական չէ, կարծեմ աչքովդ տեսար, հենց նոր անցավ պատուհանիդ տակով, ամբոխի աղաղակների ներքո… (Բարձրանում է մահճակալին:) …տանկի վրա հերոսաբար բազմած: Անցավ նա՝ փառքը ժողովրդի, նրա միակ արժանի առաջնորդը, մեծն կայսրը, հանճարը, կենտրոնը տիեզերքի, միակը տղամարդկանց մեջ, ամենաարժանավորը… ամենահզորը, ամենա… չգիտեմ ինչը… ամենա… ես նրա… ես նրա… ինչը…

 

Իզաբելլը հիստերիկ ծիծաղում է: Արմանը միանում է նրան: Զինվորական քայլերգ երգելով Արմանը քայլում է սենյակով մեկ, Իզաբելլը, մահճակալին կանգնած, շքերթ է ընդունում: Իզաբելլի ծիծաղը լացի է փոխվում: Փլվում են մահճակալին: Արմանը անօգնական նստում է նրա կողքին: Իզաբելլը հանդարտվում է:

 

ՁԱՅՆ — Քեզ տանում են պատգարակովոսկենկար:

Վարագույրները փակ են:

Սեր իմ, գիտեմ, ներսում ես: Թույլ կտա՞ն մոտենալ…

 

Դադար: Հեռախոսի զանգ: Արմանը և Իզաբելլը միաժամանակ նետվում են դեպի հեռախոսը:

 

ԻԶԱԲԵԼԼ — Ալո, ալո, այո, ես եմ, Իզաբելլը: Հա, Մարկոս Անտոնիոս, դո՞ւ ես: Չէ, ՀուլիոսԿեսարի զանգին չեմ սպասում: Ոչ էլ Կալիգուլայի: Լավ, մի տարածվիր: Հիմա կտամ Արմանին: Առ, Մարկդ է: Հարգանքներս, Օգոստոսափառ Մարկոս:

ԱՐՄԱՆ — Բարև: Այս երեկո՞… հաստատ կբերե՞ս: Գնին չնայես, մեռնում եմ: Երեք օր է՝մարմինս ցավում է: Չգիտեմ, տեսնենք, Իզաբելլը նորից թթվել է: Մարկ, հասկացա՞ր, ոնց որ ասեղներով բզկտում են… բժիշկ ես, ինչքան չլինի: Անպայման կհաղորդեմ: Լավ, դու էլ: Հա, Մարկ, դրսերում քիչ թափառի: Սիրտս առանց այն էլ անհանգիստ է: Համալսարանի տղաներից մեկը նորից չքացել է: Ի՞նչ ամառանոց, ի՞նչ սիրած: Կատակի մի տուր: Քեզ բան եմ ասում: Երեք օր է՝ մեջտեղ չկա: Մայրն ու քույրը, խենթի պես փողոցներն ընկած, հարցուփորձ են անում սրան-նրան: Մի խոսքով… Աշխատանքդ վերջանա, տուն գնա: Լա՞վ:

ԻԶԱԲԵԼԼ — Ի՞նչ էր ուզում… կոկաինի արքայի պաշտոնն է երազում…

ԱՐՄԱՆ — Մարկին բան չասես, լավ տղա է, իսկական ընկեր:

ԻԶԱԲԵԼԼ — Լավ ընկեր է, խոսք չկա… քեզ սպանում է:

ԱՐՄԱՆ- Դու ես ինձ դանդաղ սպանում: Լավ, արի չկռվենք: Ընկերներով գնում ենք մի բան խմելու: Գալիս ես, չէ՞:

ԻԶԱԲԵԼԼ — Չէ, չեմ գալիս, դու գնա:

ԱՐՄԱՆ- Առանց քեզ չեմ գնա:

ԻԶԱԲԵԼԼ — Հիմար մի լինի: Տոն օրով տանը չեն նստի:

ԱՐՄԱՆ — Ի՞նչ տոն օրով: Արի գնանք: Հեքիա՞թ ես ուզում: Ուրեմն, լսիր… Մեկ է, ՆԱ այսօր չի զանգի: Խառը օր է: Որտեղից ասես պատվիրակություն է եկել: Հանդիսավոր համերգ: Բանկետ-մանկետ: Չէ, ի՞նչ եմ խոսում: Գժվել եմ: Բոլորս քո պատճառով խելքներս թռցրել ենք: Քո հիպնոսի տակ եմ ընկել: Ինչ անում ես՝ արա: Սիրիր, խելագարվիր, գլուխդ պատերով տուր: Կարոտից մեռիր: Մարդիկ կան՝ հիվանդությունից են մեռնում, փող չունեն բժշկի գնան: Դու կարոտից մեռիր, թունավոր մարգարիտներ խմիր, նահատակի դեր խաղա: Թանկաներ հորինիր: (Մտնում է լոգարան:)

ԻԶԱԲԵԼԼ — (ետևից գոռում է): Չեմ ուզում, քո հեքիաթը չեմ ուզում, չեմ ուզում… Թանկա չեն, հոուքու են, թանկան հինգ տողից է լինում, հիմար:

ՁԱՅՆ — Մարդիկ դղյակ են կառուցում

քեզ համար:

Իսկ ո՞վ պիտի վերականգնի

Ավերակները հոգուս…

 

Այս ընթացքում Իզաբելլը կծկվում է պատի տակ՝ դա նրա սովորությունն է: Ասես այդ պահին է հորինում իր թանկաները: Արմանը՝ գեղեցիկ հագնված, սափրված լոգարանից դուրս է գալիս:

 

ԻԶԱԲԵԼԼ — Պահ, պահ, պահ: Մի տես, է: Շատ սիրուն ես: Հապա նայեմ… Սա մի քիչ էլ բացենք: Ահա: Չէ, մի բան պակասում է: (Վրան հոտանուշ է փչում:) Բուրմունքը: Հիմա լավ է: Լիլին կտապալվի: Լուրջ եմ ասում: Մահացու է:

ԱՐՄԱՆ — Լավ, էլի, ի՞նչ Լիլի: Լիլին, էնպես, ընկեր է: Գիտես, որ ինձ ոչ ոք պետք չի, Իզաբելլ: (Մոտենում է Իզաբելլին:) Դու գիտես, չէ՞, որ քեզանից բացի… (Ուզում է համբուրել:)

ԻԶԱԲԵԼԼ — Գիտեմ, կատակ արի… (Մի կողմ է քաշվում:)

ԱՐՄԱՆ — (շփոթված): Լավ գնացի: (Գնում է մինչև դուռը, հետո ետ է գալիս:) Վերջ ի վերջո, մենք մեր ընտրած ուրվականն ենք սիրում: Ցնորքը: Ինչ անում ես՝ արա: Ինձ չսպասես: Քնիր: Բարի երազներ: Բանալին վերցնում եմ: (Համբուրում է, դուրս է գալիս՝ դուռը դանդաղ ծածկելով:)

ԻԶԱԲԵԼԼ — Վերջապես գնաց: Վայ, Արման, Արման: Ե՞րբ պիտի հասկանաս, որ մենք չենք ընտրում այն ուրվականը, որին սիրում ենք: Ուրվականն է ընտրում մեզ: Ընտրում է ցմահ հալածելու համար: Մենք պարզապես գնում ենք նրա ետևից, ուր նա մեզ կառաջնորդի: Այդպես էլ ես եմ գնում, ինքս էլ չիմանալով, թե ուր: Գնում եմ բարակ, բարակ սառույցի վրայով, սայթաքելով, դողալով, գնում եմ, Արման, սիրելիս… Իսկ սառույցի տակ ջրափոսեր են, հոտած, զազրելի ջրափոսեր: Բարակ սառույցը մի կերպ ծածկում է ջրափոսերը: Բոլորը կարծում են՝ ես ոչինչ չեմ տեսնում: Ոչինչ չեմ հասկանում: Բայց շատ մոտ եմ ու զգում եմ դրա գարշահոտը: Գիտե՞ս, ինձ համար դա նշանակություն չունի: Չունի: Գնում եմ, քանի որ չեմ կարող չգնալ, չեմ կարող կանգ առնել: Հենց կանգ առնեմ, սառույցը կկոտրվի, Արման, սիրելիս, կկոտրվի… (Հանում է շորերը, շպրտում՝ուր պատահի, փռվում է մահճակալին:)

ՁԱՅՆ- Լիճը սառել է: Ես քայլում եմ բարակ սառույցի վրայով:

Սառույցը թափանցիկ է սառնաշաքարի նման…

Ոտքերիս տակ ջրահարսերը

շուրջպար են բռնել…

 

Դռան ուժեղ, կատաղի թակոց: Իզաբելլը մետաքսե կիմանոն քաշում է վրան, նետվում դուռը բացելու: Գզգզված ու վիրավոր ներս է ընկնում Արմանը:

 

ԻԶԱԲԵԼԼ — Էս ի՞նչ օրի ես:

ԱՐՄԱՆ — Հեչ, բան չկա:

ԻԶԱԲԵԼԼ — Ո՞նց թե՝ բան չկա: Հոնքդ պատռված է: Նստիր, ես հիմա: (Լոգարանից վիրակապ ու ջրի թաս է բերում: Այդ ընթացքում Արմանը ինչ-որ բան է թաքցնում:) ԻԶԱԲԵԼԼ — Խելոք նստիր: Այսպես: Ասում ես՝ ում հետ ես կռվե՞լ:

ԱՐՄԱՆ — Չեմ կռվել, ընկել եմ:

ԻԶԱԲԵԼԼ — Հեքիաթ մի՛ պատմիր:

ԱՐՄԱՆ — Էդ մեծախոսի… Դավիթի… մաթեմատիկայի բաժնից:

ԻԶԱԲԵԼԼ – Դավի՞թը: Հա-հա-հա… Պատկերացնում եմ՝ ինքն ի՛նչ օրի է: Իսկական հիմար ես: Խելքդ թռցրել ես: Ախր, նա քառասունհինգ կիլո էլ չի լինի:

ԱՐՄԱՆ — Ուրեմն, քաշից միայն քառասունը լեզուն է:

ԻԶԱԲԵԼԼ — Բայց ի՞նչ էր ասում:

ԱՐՄԱՆ — Հայհոյում էր… ՆՐԱՆ… մի խոսքով…

ԻԶԱԲԵԼԼ — ՆՐԱ՞Ն: Լավ, հայհոյում էր՝ թող հայհոյեր: Երևի խմած էր: Ի՞նչ կարիք կար կռիվ սարքելու: Հիմա շատերն են սկսել հայհոյել անկյուններում:

ԱՐՄԱՆ – Խմածը՝ խմած էր: Անկյուններում, լավ ես ասում, այո, բայց ոչ թե ռեստորանի մեջտեղը: Հազար տեսակ մարդ էր հավաքվել: Լրտեսները վխտում էին: Թարս օրով: Ինչ անուն ասես՝ չկպցրեց: Բռնապետ, բռնակալ, դահիճ, նենգ, անհոգի, անաստված… մի խոսքով…

ԻԶԱԲԵԼԼ — (ծաղրով): Եվ դու բռունցքներով պաշտպանեցիր Նորին Գերազանցության պատիվը: Հա-հա-հա, ես էլ հավատացի: Էդ երբվանի՞ց:

ԱՐՄԱՆ — Ո՞վ ասաց, թե ՆՐԱ պատիվն էի պաշտպանում: Շատ պե՛տքս է:

ԻԶԱԲԵԼԼ — Ուրեմն, ինչո՞ւ: Սպասիր, սպասիր… Չլինի՞ իմ մասին վատ բան ասաց: Պատասխան տուր: Իմ մասին ի՞նչ ասաց այդ ակնոցավոր ոջիլը: Խոսիր, ի՞նչ ես պապանձվել:

ԱՐՄԱՆ — Ասաց, ասաց… որ դու էլ նրա բոզն ես…

ԻԶԱԲԵԼԼ — (մի պահ լռում է, հետո փռթկում է): Հենց այդպես էլ ասա՞ց:

ԱՐՄԱՆ — Հենց այդպես:

ԻԶԱԲԵԼԼ — Բոլորի ներկայությա՞մբ:

ԱՐՄԱՆ — (ինքն էլ ծիծաղելով): Քաղաքի կեսն այնտեղ էր:

ԻԶԱԲԵԼԼ — Իսկ դո՞ւ ինչ ասացիր:

ԱՐՄԱՆ — Ինչ որ ասում են նման դեպքերում: Բոզը մայրիկդ է, դեբիլ, էշ…

ԻԶԱԲԵԼԼ – Հետո՞…

ԱՐՄԱՆ – Հետո՝ ի՞նչ: Բառապաշարս վերջացավ: Մի հատ որ չտվի բերանին… Հետո աջից, հետո ձախից, հետո նորից աջից: Հետո գլխին…

ԻԶԱԲԵԼԼ — Ի՞նքն ինչ արեց:

ԱՐՄԱՆ – Ի՞նչ պիտի աներ: (Դերի մեջ մտնելով:) Հենց առաջին հարվածից գետնին տապալվեց: Տղաները թափվեցին գլխիս: Ասացի՝ հեռու քաշվեք, նա իմն է: Չխառնվեք: Հիմարը գետնին ընկած, ձեռքերը պարզած աղերսում էր. «Խնայեք, էլ չեմ անի… Մի սպանեք, մայրիկիս խղճացեք…»:

ԻԶԱԲԵԼԼ — (ծիծաղից կոտորվելով): Հետո՞:

ԱՐՄԱՆ – Հետո՝ ի՞նչ: Թողեցի, որ ապրի: Եվ հեռացա:

ԻԶԱԲԵԼԼ — Դու իմ հերոսն ես:

 

Իզաբելլը ծափահարում է: Արմանը գլուխ է տալիս, միացնում է նվագարկիչը: Հնաոճ տանգո: Իզաբելլին հրավիրում է պարելու: Հռհռալով պարում են մինչև ուժասպառվելը: Իզաբելլը փռվում է բեմի աոջևում, Արմանը՝ նրա կողքին: Մի պահ, ասես ծովափին, արևից պաշտպանվելով, առաստաղին են նայում: Դադար:

 

ՁԱՅՆ — Երբ ես կատու էի,

Սիրում էի քնել քո կոշիկի մեջ…

Բուխարու գլխին ճենապակե

տիկնիկներ կային…

 

Դադար:

 

ԻԶԱԲԵԼԼ — Արման, քնեցի՞ր:

ԱՐՄԱՆ — Չէ, ասա:

ԻԶԱԲԵԼԼ – Գիտե՞ս՝ ամենից շատ ինչից եմ վախենում:

ԱՐՄԱՆ – Մկների՞ց…

ԻԶԱԲԵԼԼ — Չէ:

ԱՐՄԱՆ — Փոթորիկից…

ԻԶԱԲԵԼԼ — Հեղափոխությունից:

ԱՐՄԱՆ – Բա՜ն գտար վախենալու… կարծես կորցնելու բան ունես:

ԻԶԱԲԵԼԼ — Չէ, վախենում եմ: Արյունահեղություն չեմ ուզում: Չեմ ուզում՝ ամեն բան վայրագորեն փոխվի, ընկերներս թշնամի դառնան, իսկ թշնամիներս օգտվեն ինձնից: Չեմ ուզում, որ ՆՐԱՆ մի վատ բան պատահի: Եթե նրան մի բան լինի, ես ինքնասպան կլինեմ: ՆԱ լավն է, գիտե՞ս, քնքուշ: Հետս այնպես մեղմ է խոսում… Ոչ ոք նրան այնպես չի տեսել, ինչպես ես: ՆԱ պարզապես մենակ է, շատ մենակ: Տխուր է ամենավերևում լինելը, երկրորդ մարդու համար տեղ չի լինում: Ամենավերևում դժվար է մարդ մնալը: Ուզենաս էլ, թույլ չեն տա:

ԱՐՄԱՆ – Ո՞վ թույլ չի տա:

ԻԶԱԲԵԼԼ — ՆՐԱ պնակալեզները, ՛՛արքայական՛՛ շքախումբը, էլ ո՞վ: Սոված բորենիների նման սպասում են, որ ՆՐԱ թողած լեշի վրա հարձակվեն…

ԱՐՄԱՆ — Պարզ է…

ԻԶԱԲԵԼԼ — Նրան դժվար է ազատ լինել, սիրել…Հավասարակշռությունր կկորցնի: Եթե կարողանայի օգնել ՆՐԱՆ… գոնե մի քիչ…

ԱՐՄԱՆ — Ինչ անում ես՝ արա, միայն խոստացիր, որ երբեք, լավ լսիր, երբե՛ք քաղաքականությամբ չես զբաղվի: Մեղք ես…

ԻԶԱԲԵԼԼ — Ես ի՞նչ գործ ունեմ…

ԱՐՄԱՆ — Չէ, խոստացիր, տրամադրությունդ դուրս չի զալիս:

ԻԶԱԲԵԼԼ — Ինչ է, հեղափոխական տրամադրությո՞ւն ունեմ:

ԱՐՄԱՆ — Կատակի մի տուր:

ԻԶԱԲԵԼԼ — Լավ, խոստանում եմ, խոստանում եմ երբեք չզբաղվել քաղաքականությամբ, բայց, գիտե՞ս, քաղաքականությունը կզբաղվի ինձնով: Հասկանո՞ւմ ես, ուզենք թե չուզենք, արդեն քաղաքականության մեջ ենք հայտնվել: Ես էլ, դու էլ: Մի օր երեսներովս կտան: Հենց քո Մարկը:

ԱՐՄԱՆ — Մարկը հիմար է: Փողոցի հեղափոխությունը ոչինչ չի փոխի: Ընդամենը մեկին կփոխարինես մյուսով: Հետո՝ ուրիշ մեկով: Նույն մարդիկ են: Նույնն են ուզում՝ տիրել, տիրանալ, ունենալ: Ունենալու մոլուցք ունեն, ուրիշ ոչինչ: Սիրել չգիտեն: Ոչ ոքի չեն սիրում: Իրենք իրենց էլ չեն սիրում: Խիղճ չունեն: Թքած ունեն, որ մարդիկ էլ իրենց չեն սիրում: Գիտե՞ս՝ինչ են մտածում: Գիտե՞ս: Մտածում են. «Թող ինձ ատեն, միայն թե վախենան»: Գիտես, չէ՞, ում խոսքերն են: Չէ, հեղափոխությունը պիտի այստեղ լինի… (Սիրտն է ցույց տալիս:) Ոչ փողոցում, ոչ դրսում, ոչ էլ անգամ գլխիդ մեջ: Պիտի սրտիդ մեջ եղածը փոխես: Մարդ լինես, մա՛րդ: Բարի լինես: Բարի չենք: Սիրել չգիտենք: Ուրիշը սոված է՝ վեջներս չի, ուրիշը անտուն է՝ իր պրոբլեմն է, ոչինչ չունի, ոչ ոք չունի՝ո՞ւմ ինչ գործն է, թքա՛ծ: Հանգիստ նայում ենք, ոնց են մեկի վերջին ունեցածը խլում, ոնց են հանում տնից, փողոց շպրտում, որովհետև նրա տան տեղը ինչ-որ պաշտոնավորի դուր է եկել: Անչափահաս աղջիկները, հենց տղաներն էլ, գիշերը փողոցում կանգնած են, կողքներով հանգիստ անցնում, գնում ենք տուն: Երեխայի ծնունդ ենք անում: Վերջին զանգ: Վերջինզանգից էլ ուղիղ փողոց՝ «սեր» փնտրելու: Իսկ դո՞ւ: Քեզ ճի՞շտ եմհասկացել: Հանուն սիրո արյունդ տվել էիր, չէ՞: Հանուն սիրո, ոչ թե փողի: Միայն չխաբես: Արյունդ տվե՞լ էիր, թե՞ չէ: Քանիսո՞վ առան: Արյունդ քանիսո՞վ առան, Իզ…

ԻԶԱԲԵԼԼ — Արյունս… ճիշտ են ասում, արյունս իսկապես տվել էի: Չէ, փողի համար չէ, նոր զգեստի համար: Ոչ էլ զգեստի: Ուզում էի հանդիպել ՆՐԱՆ: Ուզում էի, որ հանդիպելիս գեղեցիկ լինեմ: Ուզում էի, որ մեր առաջին հանդիպումը մեխվի ուղեղի մեջ: Որ ՆՐԱ հիշողության մեջ միշտ գեղեցիկ մնամ: Հարուստ: Ուզում էի աչքին հպարտ երևալ: Որ ՆՐԱ… ՆՐԱ…

ԱՐՄԱՆ — (գոռալով): Նրա, Նրա, Նրա… լռիր, ի սեր Աստծո, գոնե հիմա լռիր: Այլևս չեմ ուզում լսել ստերդ ՆՐԱ մասին: Սա ի՞նչ զառանցանք է…

ԻԶԱԲԵԼԼ — Ուրեմն՝ չե՞ս հավատում: Ճիշտն ասա, չե՞ս հավատում: Բոլորը հավատում են՝ քեզնից բացի, դու նախանձից ես այդպես խոսում: Խանդից մեռնում ես, գիտեմ: Եթե յուղոտ մռութով քոսոտ դերասանուհի լինեի, կհավատայիր, չէ՞: Նրանցից, որ հեռուստատեսությամբ են ցույց տափս: Կհավատայիր, չէ՞, ուրեմն՝ լսիր… Ես քեզ ինչի՞ համար սիրեմ, ինչի՞: Մի քեզ նայիր, ասես ուրվական լինես, ողորմելի ուրվական: Խղճուկ մուրացկան, որ քույրերի հաշվին է ապրում ու պառավ պոռնիկի պես բախտից դժգոհում: Դու ինքնասիրություն չունես… ոչինչ չունես…

ԱՐՄԱՆ — Լռիր… լռիր… ձայնդ կտրիր: Դու ինձ խելագարության կհասցնես: Դու բոլորից էլ վատն ես: Դու խիղճ չունես: Կորիր աչքիցս: Մենակ թող ինձ: Ես գնում եմ իմ մոռացության դրախտը: Այնտեղ դու չկաս… Իզաբելլ, արդեն չկաս… չկաս… չկաս…

 

Արմանը սողում է իր թաքստոցը, հանում է սրսկիչը, սրսկվում: Փլվում է գետնին: Իզաբելլը սողում է Արմանի մոտ ու գլուխը դնում ուսին: Ասես երկուսն էլ քնած են: Ամեն ինչ թաղվում է խավարի մեջ:

 

ՁԱՅՆ- Անգամ լապտերները

կախարդական

Հրաշագործ Ակինո-սանի

Չեն կարող ցրել մութը հոգուս…

 

Իզաբելլը հատակին նստած, թերթից լուսանկարներ է կտրում, շարում: Պատուհանի վարագույրը բաց է:

Արմանը պատշգամբում բույսերով է զբաղված: Հեռախոսազանգ:

 

ԻԶԱԲԵԼԼ — (մկրատը բռնած նետվում է դեպի հեռախոսը): Ալո, հա, Մարկ…

ԱՐՄԱՆ — (ներս մտնելով): Ո՞վ է:

ԻԶԱԲԵԼԼ — Մարկդ է: Ի՞նչ է րոպեն մեկ զանգում: Գժվացրեց: Մի անգամ ասա: ԱՐՄԱՆ — (հեռախոսը վերցնում է): Հա, Մարկ, ի՞նչ կա առավոտ գիշերով: Ի՞նչ ես ասում: Ե՞րբ… հետո՞: Քեզ ո՞վ պատմեց… Լավ, լավ, հասկացա: Դու էլ զգույշ եղիր: Հետո կխոսենք: Հեռախոսով հիմար բաներ դուրս մի տուր… Լավ:

ԻԶԱԲԵԼԼ — Հը, ի՞նչ էր ասում… Խոսիր: Արմա՞ն… Մարկը ի՞նչ էր ասում:

ԱՐՄԱՆ — (գոռում է): Հազար անգամ ասել եմ՝ մկրատը բռնած մի վազի… (Շշուկով:) Ասում էր՝ այս առավոտ Դավիթի դիակն են գտել կամրջի տակից: Լրիվ ջախջախված…

ԻԶԱԲԵԼԼ — Մեր ընկեր Դավիթի՞: Էդ, որ երեկ կռվե՞լ էիք:

ԱՐՄԱՆ — Հա, էլ քանի՞Դավիթ կա:

ԻԶԱԲԵԼԼ — Ի՞նչ ասել է՝ դիակը գտել են: Չէի՞ր ասում, թե գիշերը իրար ծեծել եք, բաժանվել եք, տներն եք գնացել… չգիտեմ ինչ…

ԱՐՄԱՆ — Ես եմ մեղավոր: Խոսում էր, թող խոսեր…

ԻԶԱԲԵԼԼ – Մեղավո՞ր: Ի՞նչ ես ասում: Կարգին բան ասա՝ հասկանանք:

ԱՐՄԱՆ — Դավիթը մեր կռվից հետո ռեստորանից դուրս է եկել: Իբր, ասել է, տուն եմ գնում: Բայց տուն չի գնացել: Մայրը ամբողջ գիշեր սպասել է: Առավոտը վաղ գնացել է ոստիկանատուն: Ոչինչ չի իմացել: Քիչ առաջ զանգել են, թե դիակ է գտնվել, եկեք տեսեք: Պարզվել է՝Դավիթն է: Մարկը ոստիկանությունից էր զանգում, Դավիթի մոր հետ ինքն էր գնացել:

ԻԶԱԲԵԼԼ — Ինքնասպա՞ն է եղել:

ԱՐՄԱՆ — Չէ, չէ, չեմ հավատում: Դավիթը՝ ինքնասպա՞ն… Նրանից ռացիոնալ մարդ չեմ տեսել: Նա ավելի շուտ ինձ դատի կտար: Կբողոքեր ՄԱԿ, Եվրոդատարան, կենդանիների իրավունքների պաշտպանության կոմիտե: Էլ չգիտեմ՝ ինչ կաներ: Բայց նման հիմար բան չէր անի: Չէ, չեմ հավատում: Դավիթից չեմ հավատում:

ԻԶԱԲԵԼԼ — Երևի ճանապարհը կորցրել, կամրջից ընկել է… Կարճատես է, ախր: Հազար համարի ակնոց է դնում:

ԱՐՄԱՆ — Չէ, չէ, հիմար բաներ ես ասում: Դավիթը զգուշավոր տղա է… էր:

ԻԶԱԲԵԼԼ – Սպանե՞լ են:

ԱՐՄԱՆ — Վերջապես հասա՞վ: Ասում էի, ախր, հազար տեսակ մարդ կար…

ԻԶԱԲԵԼԼ – Այսինքն՝ ի՞նչ ես ուզում դրանով ասել… Մի րոպե, չափն անցար, գիտե՞ս: Առիթը բաց չես թողնի, որ ՆՐԱ մասին մի սարսափելի զրպարտություն չհորինես: Ամեն տեղ ՆՐԱ դեմքն է գալիս աչքիդ առաջ: Մտասևեռում ունես՝ գնա բուժվիր: Չէ, չեմ հավատում: Նա ի՞նչ կապ ունի: Կապ չունի, չեմ հավատա: Չէ…

ԱՐՄԱՆ — Ես բան չասացի: Դու ես ասում: Ես ոչ մեկին էլ չեմ ակնարկում: Ես փաստերն եմ շարադրում, և վերջ: Փաստերը…

ԻԶԱԲԵԼԼ — Փաստերդ փուչ են, պա՞րզ է:

ԱՐՄԱՆ — Ինքդ ես փուչ, գլուխդ մտցրել ես ավազի մեջ ու ոչինչ տեսնել չես ուզում: Շուրջդ նայիր: Չե՞ս տեսնում՝ ինչ է կատարվում: Նորից եմ ասում՝ լրտեսները վխտում էին: Ոստիկանները, աչքները չորս արած, պտտվում էին ռեստորանի մեջտեղը: Տոն օր էր… Ուրիշ բան չասացի… Չէ, չէ, ես եմ մեղավորը…

ԻԶԱԲԵԼԼ – Ախր, դու ի՞նչ մեղավոր ես: Քեզ հետ ի՞նչ կապ ունի… Ո՞վ չի կռվում:

ԱՐՄԱՆ — Լսիր, լսո՞ւմ ես, մենք նստած խոսում էինք: Ես որ կռիվ չսարքեի, ուշադրություն չէինք գրավի: Հասկանո՞ւմ ես: Էս ինչ փորձանք էր…

ԻԶԱԲԵԼԼ — Հիմա ի՞նչ ես անելու:

ԱՐՄԱՆ — Չգիտեմ: Սպասենք, տեսնենք՝ ինչ է լինում:

ԻԶԱԲԵԼԼ — Կարծում ես, մարդասպանին կբռնե՞ն:

ԱՐՄԱՆ — Կբռնեն, ո՜նց չէ:

ԻԶԱԲԵԼԼ — Գիտեմ: Կասեն՝ դժբախտ պատահար է:

ԱՐՄԱՆ — Շատ խելոք ես: Որ էդպես ասեն, լավ է:

ԻԶԱԲԵԼԼ — Ուրիշ էլ ի՞նչ…

ԱՐՄԱՆ — Մեկ էլ տեսար՝ ինձ վրա կգցեն, վկաներ կճարեն…

ԻԶԱԲԵԼԼ — Հիմարությունները գլխիցդ հանիր, լա՞վ: Ամեն ինչ լավ կլինի, այ, կտեսնես: Դժբախտ պատահար է, և վերջ: Լավ, մի նեղվիր, խնդրում եմ: Առավոտից բան չես կերել: Ուզո՞ւմ ես՝ այսօր նախաճաշը ես պատրաստեմ: Ի՞նչ կուտես: Լոլիկով ձվածեղ կուտե՞ս: Դռնապանի կինը գյուղից թարմ հավկիթ է բերել:

ԱՐՄԱՆ — (սարսափած): Ոչ, ոչ, խնդրում եմ, միայն թե ոչ քո սարքած լոլիկով ձվածեղը: Ավելի լավ է բանտ նստեմ:

 

Իզաբելլը բարձով խփում է Արմանին, վերջինս պատասխանում է: Հեռախոսազանգ: Իզաբելլը նետվում է դեպի հեռախոսը:

 

ԻԶԱԲԵԼԼ — Ալլո: Լսում եմ: Այո, ես եմ… Ի՞նչ եք ասում, տիկին: Ես ոչինչ չգիտեմ: Ես ոչինչ չգիտեմ:(Լսափողը շպրտում է, կծկված նստում է հատակին:)

ԱՐՄԱՆ — Ո՞վ էր:

ԻԶԱԲԵԼԼ — Դավիթի մայրն էր: Աստված իմ…

ԱՐՄԱՆ — Ի՞նչ էր ասում:

ԻԶԱԲԵԼԼ — Չգիտեմ… անիծում էր…

ԱՐՄԱՆ — Լավ, լավ, ոչինչ չի պատահել: Հարկավոր է զգոն լինել, ուրիշ ոչինչ: Հեռախոսը ես կվերցնեմ: Թե չէ գժի նման վրա ես ընկնում: Մկրատն էլ ձեռքդ: Մի օր աչքդ հանելու ես:

ԻԶԱԲԵԼԼ — Մի վախեցիր, չեմ հանի: Ես եմ բոլորի աչքը հանում:

 

Հեռախոսազանգ:

 

ԱՐՄԱՆ — Ալո… Ոչ, ոչ, ես ոչինչ չգիտեմ: Ես պատմելու բան չունեմ… Ընկերական վեճ էր: Ոչ, ոչ… ոչ քաղաքական… անձնական… (Լսափողը դնելով:) Թերթից էր:

ԻԶԱԲԵԼԼ– Չասա՞ց՝ որ թերթից:

ԱՐՄԱՆ — Չէ, չասաց:

ԻԶԱԲԵԼԼ– Ընդդիմադի՞ր թերթից էր, թե՞ կառավարական:

ԱՐՄԱՆ — Ի՞նչ ես կպել, ես ի՞նչ գիտեմ՝ ինչ էր: Բոլորն էլ մեկ են: (Դռան ուժեղ թակոց:) Ես կբացեմ: (Գնում է դեպի դուռը:) Ո՞վ է:

 

Ոչ մի պատասխան: Արմանը դուռը կամաց բացում է: Իզաբելլը վախից մի բուռ է դարձել: Արմանը գալիս է նվերի տուփով, ուշադիր ուսումնասիրում է: Իզաբելլը տուփը ճանկում է Արմանի ձեռքից:

 

ԻԶԱԲԵԼԼ – Թող, չբացես: Իմն է: Ձեռք չտաս: (Արագ բացում է, հանում սև ժանեկավոր շապիկ, դեղին վարդ, երկար մարգարտաշարան: Հիացած զննում է նվերները:)

ԱՐՄԱՆ — (դառը քմծիծաղով հետևում է նրան): Շատ կզարմանայի, եթե իմը լիներ: ՆՐԱՆԻ՞Ց է: Անկասկած: Ինչ հիմարն եմ, էլ ումի՞ց: Սե շապիկ… Գոնե մի տուփ էլ շոկոլադ ուղարկեր: Ես էլ մարդ եմ: Նվեր ստանալ եմ ուզում: Ինչքան չլինի՝ տոնական օրեր են: Չէ, ինչ եմ ասում, Գաբրիել Գարսիա Մարկես. «Սերը ժանտախտի օրերին» բնագրով: Շապիկ: Սև: Ախ, Իզաբելլ, ինչ պիկանտ նվեր է: Լա՞վն է, փոքրիկս: Չէ, ես չեմ դիմանում: Մարգարիտներ: Գետնանցումի՞ց է առել: Հուսով եմ՝ կանխավ չի թունավորել: Ամեն դեպքում կուլ չտաս…

ԻԶԱԲԵԼԼ — (արհամարհանքով): Գնա, քեզհամար գործ գտիր: Շնչիս մի կանգնիր, խեղդվում եմ:

ԱՐՄԱՆ — Գնում եմ, գնում եմ, գնում եմ… Իսկ լոլիկով ձվածե՞ղը…

ԻԶԱԲԵԼԼ — (ինչ-որ բան է շպրտում Արմանի ուղղությամբ): Կորիր այստեղից: Խեղկատակ:

ԱՐՄԱՆ — Լսիր, իսկ չե՞ս կարող բարեխոսել, որ ինձ հանկարծ չբանտարկեն:

ԻԶԱԲԵԼԼ — Երբ կբանտարկեն, այն ժամանակ էլ կբարեխոսեմ:

ԱՐՄԱՆ — Ես էլ մտածում եմ: Երկրի առաջին դեմքը հարազատ կնոջս հարազատ ընկերն է: Ես համարյա թե դիվանագիտական անձեռնմխելիություն ունեմ: Պայքար կոռուպցիայի դեմ… Բոլորս դեպի ազատ, արդար և, որ ամենակարևորն է, թափանցիկ ընտրություններ… (Շապիկը ցուցադրելով:)

ԻԶԱԲԵԼԼ — Կորիր, քանի դեռ մկրատը չեմ շպրտել:

ԱՐՄԱՆ — Օգնեցեք, բարի մարդիկ, սպանում են…

 

Արմանը փախչում է պատշգամբ, Իզաբելլը շարունակում է հիանալ նվերով: Վարդը դնում է ծաղկամանի մեջ: Հեռախոսազանգ:

 

ԻԶԱԲԵԼԼ — Արման, հեռախոսը վերցրու… երևի Մարկն է:

ԱՐՄԱՆ — (ներս է գալիս, վերցնում լսափողը): Լսիր, տխմար, տղա ես՝ տեղդ ասա, գամ խոսենք… (Լսափողը շպրտում է: Նորից զանգ:) Ալո, հա, լսում եմ… Ալինա՞, քույրիկ, դո՞ւ ես: Ի՞նչ կա… Էդտեղ գիշերվա հազարը չի՞: Լավ եմ: Իզան էլ… Ի՞նչ երազ: Ամերիկայից զանգել ես, որ երազդ պատմե՞ս: Ասում եմ՝ հիվանդ չեմ: Ես էլ քեզ եմ կարոտել: Լավ, էլի, լաց մի լինի: Ասում եմ՝ լաց մի լինի, քույրիկ, լսո՞ւմ ես: Կգամ, չգիտեմ՝ երբ: Քննությունների մեջ եմ… Երկու հատ չորս… Լավ… Լավ: Ալին, բարի գիշեր: (Լսափողը դնում է: Վրան ասես դող է գալիս: Դուրս է գալիս պատշգամբ, արևին: Նորից զանգ: Ետ է գալիս:)

ԻԶԱԲԵԼԼ — (ոստյունով հասնում է հեռախոսին: Արմանին նշան է անում, որ չքվի: Խոսում է հնարավորին չափ առանց հուզվելու: Արմանը սենյակից դուրս չի գալիս): Ալո… Նշանաբանը. «Մոմի բոցը թեքվում է քամու ուղղությամբ»: Բարև: Լավ եմ: Դո՞ւք… Շքերթը լավն էր… Չէ, մեր տան պատուհանից… Իհարկե, այսօ՞ր… Անշուշտ… Ինչ խոսք,.. Իհարկե… ժամը ութին… Անպայման կհագնեմ: Այո, շատ, ամեն րոպեն դարի պես երկարում է, երբ հեռու եք:Մինչ երեկո: Ես էլ ձեզ եմ սիրում: Զգույշ եղեք, խնդրում եմ, զգույշ եղեք… Սիրելիս, սիրելիս, սիրելիս…

ՁԱՅՆ –Կիմանոյի դեղին մետաքսին

Գրում եմ սև գուաշով

Պաշտելի անունդ, սեր իմ…

 

Արմանը պատին հենված սպասում է:

 

ԻԶԱԲԵԼԼ — ՆԱ էր: Այս երեկո գնալու եմ: Ժամը ութին: Հուսով եմ՝ չես առարկում: Հասկանում եմ, որ շատ հարմար օր չի, բայց… գիտես, էլի…

ԱՐՄԱՆ — Հազարից մեկ է կանչում:

ԻԶԱԲԵԼԼ — (գոռում է): Չէ, այդ չէի ուզում ասել: (Իրեն հավաքելով:) Դու՝ նեղված… գործերդ՝ խառը…

ԱՐՄԱՆ — Իզաբելլ, խնդրում եմ, մի գնա: Մի գնա…

ԻԶԱԲԵԼԼ — Չեմ կարող: Ականջովդ լսեցիր, չէ՞, որ նա զանգեց: Նշանաբանն էլ լսեցիր, չնայած իրավունք չունեիր:

ԱՐՄԱՆ — Ի՞նչ նշանաբան, ի՞նչ հեռախոս: Նայիր, ահա ես՝ իսկականը, քո առջև կանգնած եմ… Նայիր, ես եմ, քո Արմանը: Ինձ չես ճանաչում: Ես՝ կենդանի մարդ, ընկերդ, ամուսինդ… Իզաբելլ…

ԻԶԱԲԵԼԼ — Խնդրեց, որ իր ուղարկած շապիկը հագնեմ:

ԱՐՄԱՆ — (գոռալով): Դե, իհարկե, ինչ հիմարն եմ: Սև շապիկը… ենթարկվել սարսափազդու արքայական հրամանին: Ի՞նչ կարող եմ անել, ես ո՞վ եմ, որ… Ինչպե՞ս կարող եմ համեմատվել ես՝ խղճուկս, ողորմելիս… Համեմատվել ՆՐԱ՝ վեհաշուք առաջնորդի հետ… Ներեցեք, տիկին, ներեցեք, աղաչում եմ: (Հիստերիկայի մեջ իրեն գցում է գետնին, փորձում է համբուրել Իզաբելլի ոտքերը, նա զզվանքով մի կողմ է հրում: Գրկում է Իզաբելլին, փորձում է պառկեցնել մահճակալին:)

ԻԶԱԲԵԼԼ — Արման, չէ… Արման, թող, խնդրում եմ: Թող, ասում եմ… թող ինձ… ԱՐՄԱՆ — (ապտակում է Իզաբելլին ու ինքն իրենից սարսափած՝ գլուխն առնում է ափերի մեջ, մի կողմ քաշվում: Դադար): Կներես, չէի ուզում: Կյանքս, ներիր: Լա՞վ: Իզ… Լավ, եթե շատ ես ուզում, գնա… գնա, արա՝ ինչ ուզում ես…

ԻԶԱԲԵԼԼ — Գնամ լողանամ: Մազերս թաց կմնան: Արման, պատուհանը բաց: Առավոտից շոգեքարշի պես ծխում ես: (Մտնում է լոգարան:)

 

Դադար:

 

ՁԱՅՆ- Շքախումբը շեփորում է որսի

ավարտը:

Քո սպանած եղնիկի արյունը

մնացել է խոտին:

Մատիս ծայրով մի կաթիլ եմ

վերցնում ու քսում բերանիս…

 

Իզաբելլը լոգարանից դուրս է գալիս սև շապիկով և թաց մազերով: Երկար նայում է պատի տակ կուչ եկած Արմանին: Արմանը դեմքը շրջում է: Իզաբելլը շապիկի վրայից հագնում է վերարկուն, նայում է Արմանին, ասես հրաժեշտ է տալիս, դուրս է գնում: Արմանը ուրվականի նման շրջում է սենյակում, միացնում է պրոյեկտորը: Սպիտակ վարագույրի վրա կադրեր են՝ Իզաբելլն ու Արմանը միասին, սիրահարված, երջանիկ: Համբուրվում են: Վազում են ծովափին: Գրկում են իրար: Նորից են համբուրվում: Ամեն ինչ գեղեցիկ է ու հուսալքող: Գեղեցիկ ու անիրական: Բայց և այնքան իրական ու պարզ:

ԱՐՄԱՆ — (համարյա հեկեկալով): Հիմա ես ի՞նչ անեմ: Քիչ է մնում սիրտս չպայթելու համար Համլետի պես ԼԻՆԵԼ, ԹԵ ՉԼԻՆԵԼ արտասանեմ: Քույրիկներիս դուր կգար: Ինչո՞ւ թողեցի, որ գնա: Այս անգամ էլ: Վեց անգամ էլ: Մեղք էլ է… Տեսնես ո՞ւր գնացիր: Էլի էդ զարհուրելի կաթսայատո՞ւնը, առնետանո՞ցը, որտեղ գտա քեզ… Տեր աստված, ինչ գույն ուներ՝ դեղին, մեռելի նման: Սարսափից ու քաղցից աչքերը չռվել էին: Չեմ կարողանում մոռանալ… Ամիսներ շարունակ երեխայի պես պահեցի քեզ: Երջանիկ էինք: Ի՞նչ պատահեց մեզ հետ, Իզ, ե՞րբ դադարեցիր սիրել ինձ: Նայիր, ինչ երջանիկ ենք: Մեր ծովափը, ավազը… Ասում էիր՝ աղջիկ ունենաս, պիտի միասին այնտեղ գնանք մարգարիտներ հավաքելու: Քեզ ե՞րբ նեղացրի, Իզաբելլ: Ուզում ես, որ թողնեմ քեզ, թողնեմ ո՞ւր… Այս աշխարհը քեզ համար չէ, իմ մաքուր, մաքուր Իզաբելլ: Սիրում է ՆՐԱՆ: Իր միակ Արքային:    Հավատում է, որ իր սերը կփրկիՆՐԱՆ և աշխարհը: Վայ, միամիտ Իզաբելլ: Դրանց աշխարհը ուրիշ խնդիրներ ունի: Լուրջ խնդիրներ: Թալանել, ուտել, էլի թալանել, էլի ուտել: Ունենալ, շատ ունենալ: Ամեն ինչ, ամեն տուն, ամեն ծառ, ամեն փողոց, ամեն մարդ: Բոլորին իրենցով անել: Սե՞ր… Սեր չկա: Գրքերի մեջ միայն: Պոետներն են հորինել: Դու ես հորինել, Իզաբելլ… Սերը մեռել է, կամ կմեռնի վերջին պոետի հետ: Ու այդ ժամանակ մի երկարատև ու տաղտկալի անձրև կտեղա աշխարհի վրա ու երկիրը կծածկվի գարշահոտ ուզազրելի ջրափոսերով: Ջրափոսերով, որ խեղդում են… խեղդում են… խեղդում… են… (Ոռնում է: Վերցնում է ներարկիչը, սրսկվում: Թուլացած ընկնում է հատակին: Էկրանի վրա շարունակվում են սիրային կադրերը: Խավար:)

 

Երբ բեմը նորից լուսավորվում է, Արմանը դեմքի վրա փռված է մահճակալին: Ներս է մտնում Իզաբելլը: Մի պահ Արմանին չի նկատում, հետո մոտենում է նրան:

 

ԻԶԱԲԵԼԼ — (կատաղած ցնցում է Արմանին): Արման, քնե՞լ ես, ինչ է: Ցրտել է: Վեր կաց, մի բան հագիր: Կսառչես, կսատկես: Արման:

ԱՐՄԱՆ- Իզաբելլ, եկա՞ր: Լա՞վ ես: Քեզ ի՞նչ է եղել: (Լույսը վառում է, ուշադիր նայում Իզաբելլի դեմքին:) Իզա, ինձ նայիր: Լա՞ց ես եղել: Ասա՝ լա՞ց ես եղել…

 

Իզաբելլը վերարկուն վրայից շպրտում է ու շապիկով, վիրավորված կենդանու պես ոռնալով, սենյակով մեկ ինքն իրեն պատեպատ է տալիս:

 

ԱՐՄԱՆ — Մի բան ասա: Սիրտս հիմա կճաքի: Քեզ ի՞նչ են արել… Հը՞, վիրավորե՞լ են, խփե՞լ են, բռնաբարե՞լ են… Խոսիր, աղջիկ…

ԻԶԱԲԵԼԼ — ՉԷ, չէ, ինչ ես ասում… բայց…

ԱՐՄԱՆ — Բայց ի՞նչ…

ԻԶԱԲԵԼԼ — (ոռնոցի միջից): Նա նոր նշանաբանը չասաց:

ԱՐՄԱՆ — Ի՞նչ նշանաբան… Ի՞նչ ես խոսում, բան չեմ հասկանում:

ԻԶԱԲԵԼԼ — Հաջորդ անգամվա նշանաբանը: (Մահճակալի տակից տուփ է հանում, այնտեղից՝ վեց փոքրիկ, խնամքով ծալված գունավորթերթիկներ, շարում է մահճակալին:) Ահա, տես: Մեկ, երկու, երեք, չորս, հինգ, վեց: Այսօրվանն էլ հետը հաշված: Ամեն անգամ հաջորդ անգամվա նշանաբանն էր տալիս, որ միայն ես ու ինքն էինք իմանում: Հասկանո՞ւմ ես, ապահովության համար: Ոչ ոքի չի վստահում, հասկանո՞ւմ ես… Իսկ այսօր… այսօր ոչինչ չտվեց, ոչինչ չասաց, հասկանո՞ւմ ես:

ԱՐՄԱՆ — Ոչ, չեմ հասկանում, չեմ էլ ուզում… Հիմա՞ ինչ ես հորինել:

ԻԶԱԲԵԼԼ — Չեմ հորինել: Այսինքն՝ վերջ, էլ նրան չեմ տեսնի, ամեն ինչ վերջացավ, երազի պես հանգեց… վերջացավ:

ԱՐՄԱՆ — Իզ, լավ, էլի, լաց մի լինի: Արի մոտս, նստիր…

ԻԶԱԲԵԼԼ — Զգացի, ճիշտ եմ ասում, զգացի: Շատ տխուր էր, մոլորվածի պես: Ես նրան երբեք այդպես չէի տեսել: Ասես ինչ-որ բան էրուզում ասել, բայց չէր կարողանում: Միայն հուսահատի պես աչքերիս մեջ էր նայում: Վերջին պահին այնքան ամուր գրկեց, որ ինձ թվաց, թե ոսկորներս ճաքեցին: Սիրտս ճմլվեց, զգացի, սիրտս ճմլվեց:

ԱՐՄԱՆ — Լավ, լավ, հանգստացիր, արի, մի քիչ պառկիր: (Հագցնում է դեղին կիմանոն, լոգարանից մի բաժակ ջուր ու հաբ է բերում:) Խմիր: Հանգիստ: (Ինքն իրեն:) Ինչ-որ բան դուրըս չի գալիս: Չեմ հասկանում, թե ինչ: Իզաբելլը ինչու խոսքը փոխեց: Ինչո՞ւ: Ի՞նչ նկատի ուներ… Գլուխս պտտվում է, ասես ջրապտույտի մեջ ենք ընկել: Էս ո՞ւր ենք գնում: Ո՞ւր ենք գնում: Ո՞ւր: Այսքան արագ, այսքան… սառույցը ճաք է տալիս…

 

Իզաբելլը դողալով մի կում խմում է: Դրսից լսվում են ոստիկանական մեքենաների ուժեղ շչակները: Բաժակն ընկնում է Իզաբելլի ձեռքից: Արմանը վազում է պատշգամբ:

 

ԱՐՄԱՆ — Սա ի՞նչ էր…

ԻԶԱԲԵԼԼ — Ի՞նչ կա… Արման, ի՞նչ է կատարվում, ոչինչ չեմ հասկանում:

ԱՐՄԱՆ — Ներս գնա, բան չկա, ոստիկանությունն է: Երևի բան է եղել: Ներս գնա, ասում եմ քեզ…

 

Շչակներ, փախչող մարդկանց ձայներ: Լսվում է դռնապանի գոռգոռոցը:

 

ԴՌՆԱՊԱՆԻ ՁԱՅՆԸ — Թողեք ինձ… թողեք, ո՞ւր եք տանում: Ես ոչինչ չեմ տեսել, ես ոչինչ չեմ արել, թողեք ինձ… (Ձայնը աստիճանաբար հեռանում է:)

ԻԶԱԲԵԼԼ — Դռնապանի ձայնը չէ՞ր…

ԱՐՄԱՆ — Հա, կարծես նրանն էր:

ԻԶԱԲԵԼԼ — Տարա՞ն, ինչ է…

ԱՐՄԱՆ — Չգիտեմ: Գնամ տեսնեմ: Դուրս չգաս:

ԻԶԱԲԵԼԼ — Զգույշ եղիր:

ԱՐՄԱՆ — Բան չկա, հիմա գալիս եմ:

 

Արմանը գնում է: Իզաբելլն անհանգիստ քայլում է սենյակում: Սիգարետ է վառում: Կոտրվող ապակու աղմուկ՝ քար են շպրտել պատուհանին: Իզաբելլը ճչում է և թաքնվում մահճակալի ետևում:

 

ՁԱՅՆ — …Աստղերը անդրադարձել են

ջրափոսում:

Ես պարզում եմ ձեռքերս՝ դրանք

հավաքելու…

Մատներիս արանքում տիղմ է

կանաչ…

ԱՐՄԱՆ — (ներս է ընկնում):Ի՞նչ եղավ,Իզաբելլ: Իզաբելլ, որտե՞ղ ես:

ԻԶԱԲԵԼԼ — (վախվորած դուրս է գալիս): Քարով խփեցին պատուհանին: Չտեսա՝ ով էր… Ես վախենում եմ, վախենում եմ, ասա, ի՞նչ է կատարվում: Դռնապանին տեսա՞ր… տարե՞լ են…

ԱՐՄԱՆ — Հա, տարել են: Ոչինչ չեն բացատրել: Կինը միայն գոռում էր, խելքը գլխին բան չասաց: Ասում էր՝ մեքենան, մեքենան, մեկ էլ…

ԻԶԱԲԵԼԼ — Նրա մեքենան… Նա մեքենայի մեջ էր: Էլ ի՞նչ…

ԱՐՄԱՆ — Հեչ, հիմար է, էլի… քեզ էր հայհոյում:

ԻԶԱԲԵԼԼ — Ի՞նձ… ես ի՞նչ մեղք ունեմ: Չլինի՞ կարծում է… գուցե դու էլ ես կարծում… Դու էլ ես ինձ մեղադրում: Ամեն ինչում մեղավորը ես եմ: Հա, աշխարհը շուռ է եկել, պատերազմ է, տեռորիստներ, երկրաշարժ է, մտածող մարդկանց բռնում են, լրագրողներին սպանում են, երեխաներին զինվոր են տանում, կանանց խոշտանգում են, մարդիկ աղքատությունից նվաստացել են, ստորացել՝ մեղավորը ես եմ: Միայն ես եմ… ես եմ… ես… ես… (Հիստերիկայի մեջ ամեն ինչ շպրտում է այս ու այն կողմ:)

ԱՐՄԱՆ — Լավ, հանգստացիր: Քեզ ոչ ոք չի մեղադրում: Տգետ կին է, հիմար-հիմար դուրս է տալիս: Շոկի մեջ էր: Հանգստացիր, լա՞վ: Մի քիչ քնիր: Քնիր, փոքրիկ: Ամեն ինչ լավ կլինի: Այ, կտեսնես: Ամեն ինչ լավ կլինի: (Շոյում է Իզաբելլի մազերը, նա սսկվում է: Հավաքում է շպրտած իրերը:) Հեռախո՞սն ինչու է անջատված… (Հեռախոսը միացնում է, բայց մահճակալից հեռացնում է: Հեռախոսազանգ: Շշուկով:) Հա, Մարկ… Բարձր չեմ կարող, Իզաբելլը քնում է: Կարևոր չէ, հիմա ժամանակ չունեմ, հետո զանգիր: Ի՞նչ… Չէ, ոչինչ չեմ լսել… Հեռուստացույցո՞վ… Ո՞ր ալիքով: Լավ, կխոսենք…

 

Արմանը միացնում է հեռուստացույցը, երկուսով չոքում են հեռուստացույցի դիմաց: Էկրանը չենք տեսնում, միայն լսում ենք: Մնացածը տեսնում ենք Իզաբելլի դեմքի արտահայտությունից:

 

ՀԱՂՈՐԴԱՎԱՐ – Այսօր՝ երեկոյան ժամը ութի մոտ, իր հաշմանդամ մարտական ընկերոջ տնից վերադառնալիս, անհայտ չարագործները կրակահերթ են բացել Նորին Գերազանցության ավտոմեքենայի վրա: Բարեբախտաբար, Նորին Գերազանցությունը չի տուժել: Վարորդը և թիկնապահը տեղում մահացել են: Ոստիկանությունը ամեն ինչ անում է չարանենգ մահափորձի մեղավորներին պատժելու համար: Նրանցից մեկին հնարավոր է եղել տեղում վնասազերծել: Մյուսները հետախուզման մեջ են: Նորին Գերազանցությունը իր, առաջին տիկնոջ և երեխաների անունից հորդորում է չհուսահատվել, չը…

ԻԶԱԲԵԼԼ — (կտրուկ անջատում է հեռուստացույցը): Դու բան հասկացա՞ր: Դավիթի նկարը ցույց տվին, իբր տեղում վնասազերծել են: Դավիթը երեկ գիշեր արդեն մեռած էր: Մահափո՞րձ… Ժամը ութին ես ՆՐԱ ամառանոցում էի, ՆՐԱ հետ: Երկու ժամից ավելի: Մահափորձ… տեսա՞ր, ասում էի, չէ՞, ասում էի… Նրա դեմ դավադրություն է: Շանտաժ են ասում: ՆԱ վտանգի մեջ է: Ես կգնամ, կասեմ որ… կասեմ…

ԱՐՄԱՆ — Որ ի՞նչ… որ հաշմանդամ ընկերը դո՞ւ ես:

ԻԶԱԲԵԼԼ — Էլի ծաղրում ես: Եթե նրան սպանեն, ես վրեժ կլուծեմ: Ես բոլորիցդ վրեժ կլուծեմ:(Լաց լինելով չոքում է հատակին,ներքևից լսվում է ուժեղ սուլոց:)

ԱՐՄԱՆ — (վազում է պատշգամբ, գոռում է): Մարկ, դո՞ւ ես: Ի՞նչ ես ասում, բան չեմ լսում: Լավ, սպասիր, իջնում եմ: (Իզաբելլին.) Մարկն է, գնամ տեսնեմ՝ ինչ է ասում: Մի րոպեից գալիս եմ: (Դուրս է վազում: Իզաբելլը վանդակն ընկած կենդանու նման պտտվում է սենյակում: Արմանը շնչահեղձ վերադառնում է:)Արագ հավաքվիր, գնում ենք: Շտապիր, ժամանակ չկա: Միայն ամենակարևոր բաներն ենք վերցնում: Անձնագիրդ չմոռանաս:

ԻԶԱԲԵԼԼ — Ի՞նչ ես խոսում: Ո՞ւր ենք գնում: Ես ոչ մի տեղ չեմ գա:

ԱՐՄԱՆ — Հիմար մի լինի: Քաղաքում շուրջկալ է: Արդեն մեր տղաներից քանի հոգու բռնել են: Անցած գիշեր ռեստորանում ով կար-չկար… Շուտով էստեղ էլ կգան: Ի՞նչ ես քարացել, ասում եմ՝ հավաքվիր: Մարկը ներքևում, մեքենայի մեջ, մեզ է սպասում: Գնացինք: (Ինչ-որ իրեր է հավաքում:)

ԻԶԱԲԵԼԼ — Դու գնա, ես չեմ գալիս:

ԱՐՄԱՆ — Ո՞նց չես գալիս: Գժվեցի՞ր:

ԻԶԱԲԵԼԼ — Չէ, չեմ գժվել: Դու գնա: Ես միայն գլխացավանք կդառնամ: Ամբողջ քաղաքը ինձ ճանաչում է: Աչք կծակենք: Ինձ էլ հո չե՞ն բռնելու: Չեն համարձակվի, ՆԱ թույլ չի տա:

ԱՐՄԱՆ– Չե՞ս գալիս: Ո՞ւմ համար, սրա՞, սրա՞… (Շպրտում է Իզաբելլի նվերները:) ԻԶԱԲԵԼԼ — Ձեռք չտաս, մարգարիտներս տեղը դիր: Ասացի՝ տեղը դիր, ես կբողոքեմ, ես նրան ամեն ինչ կասեմ…

ԱՐՄԱՆ — Ո՞ւմ կբողոքես, ախր ո՞ւմ… Բավական է, էլ չեմ ուզում լսել, դու խելագար ես, քեզ պիտի գժանոց տանել, որ խելքի գաս:

ԻԶԱԲԵԼԼ — Ես խելագար չեմ:

ԱՐՄԱՆ — Իսկ ի՞նչ ես, ի՞նչ… Միայն խելագարներն են քեզ պես ստեր հորինում ու հավատում իրենք իրենց:

ԻԶԱԲԵԼԼ — Սուտ չի…

ԱՐՄԱՆ — Սուտ է, ոտքից գլուխ սուտ է: Դու էլ, քո ժամադրություններն էլ, սերն էլ, Նորին Գերազանցությունդ էլ…

ԻԶԱԲԵԼԼ — Լռիր, լռիր…

ԱՐՄԱՆ –Ժամադրությա՞ն ես գնում, հա՞… Կարծում ես՝ չգիտե՞մ, որ քո սիրելի առնետանոցում ես նստում երեք ժամ, չորս ժամ…

ԻԶԱԲԵԼԼ — Չհամարձակվես…

ԱՐՄԱՆ — Հա, հենց առնետանոցում, առնետների մեջ: Առնետներին ո՞ւմ հետ ես շփոթել, Իզաբելլ, հը՞, գլխի՞ ես:

ԻԶԱԲԵԼԼ — Ստոր, ստոր սրիկա… (Ճանկում է մկրատը, հարձակվում է Արմանի վրա: Նա կտրուկ շրջվում, ոլորում էԻզաբելլի դաստակը: Մկրատը ընկնում է:) Թաթերդ քեզ քաշի, անասուն… թող ինձ… թող ինձ…

 

Արմանը խփում է Իզաբելլին: Նա փռվում է հատակին: Արմանը, իրեն կորցրած, ոտքով նորից է խփում: Կանգնում է նրա վերևում, դանդաղ քանդում է գոտին և չոքում Իզաբելլի վրա: Բռնաբարության տեսարանը պարզորոշ չի երևում, քանի որ երկուսը մասամբ հայտնվել են մահճակալի ետևում: Լսում ենք միայն Իզաբելլի լացուկոծը:

 

ԱՐՄԱՆ — Դու իմն ես, դու իմ կինն ես… Իզաբելլ…

ԻԶԱԲԵԼԼ — Ես քեզ ատում եմ, լսո՞ւմ ես… ատում եմ, ատում եմ…

ԱՐՄԱՆ — (վեր է կենում, այլայլված ետ-ետ է գնում): Ներիր ինձ, Իզ: Սառույցը կոտրվեց… ջրափոսերը… Մութ է, մութ է, ամեն ինչ վերջացավ: Գարշահոտ է: Գարշահոտը… սարսափում եմ… Ներիր ինձ, Իզաբելլ, դու ճիշտ ես ամեն անգամվա պես: Ես արժանի չեմ, որ ինձ սիրես: Ներիր, եթե կարող ես… Ես սիրում էի քեզ: (Հանում է պահած թմրադեղը, դատարկում է սրսկիչի մեջ և սրսկվում: Սկսում է ցնցվել: Ձեռքը մեկնում է Իզաբելլին: Աղջիկը սողում է նրա կողմը:)

ԻԶԱԲԵԼԼ — Արման, Արման, կյանքս… Արման, լսո՞ւմ ես, Արման, մի գնա: Արման, աչքերիս մեջ նայիր, հետս մնա: Արման…

ԱՐՄԱՆ — Իզաբելլ… սիրում… եմ քեզ… ներիր… ինձ…

 

Արմանը մեռնում է:Իզաբելլընրան գրկած ողբում է: Երկար դադար: Լույսը սկսում է բացվել: Առավոտ է: Իզաբելլը, Արմանին գրկած, ասես քնել է:Հեռվիցլսվում է շքերթի երաժշտություն, որն աստիճանաբար մոտենում է: Իզաբելլը որսաշան նման լսողությունը լարում է: Կասկած չկա՝ ՆԱ է: Նորից պիտի անցնի իր պատշգամբի տակով: Իզաբելլը դանդաղ վեր է կենում, հանում է դեղին կիմանոն, ծածկում է Արմանին և սև շապիկով դուրս է գալիս պատշգամբ: Վարագույրները փակ են, ուժեղ լուսարձակների շնորհիվ տեսնում ենք Իզաբելլի ստվերը: Նա բարձրանում է պատշգամբի բազրիքին, տարածում թևերը: Նրա ստվերը նման է խաչափայտի:

 

ԻԶԱԲԵԼԼ — Հեյ, Ձերդ Գերազանցություն, լսո՞ւմ եք… Ես եմ, Իզաբելլը: Վերև նայեք… Ինչո՞ւ վերև չեք նայում: Այստեղ, վերևում ես եմ՝ Իզաբելլը…

 

Պատշգամբից ցած է նետվում: Գոոոց, աղմուկ, փողային երաժշտություն, որն աստիճանաբար փոխարինվում է ներկայացման լեյտմոտիվային մեղեդիով: Էկրանի վրա երևում են նույն կադրերը: Ծովափ: Իզաբելլին շատ նման մի կին, հնաոճ լայնեզր գլխարկով, վազում է ծովափով: Նրա հետ փոքրիկ մի աղջնակ՝ նույնանման գլխարկով: Ենթադրվում է, որ Իզաբելլն է՝ մոր հետ: Կամ դստրիկի հետ: Իզաբելլը գոռալով ու թևերը թափահարելով ինչ-որ բան է ասում, հավանաբար, արտասանում է: Նրանց հետ է Արմանը: Նա մի մեծ խխունջ է գտել, որի մեջ մարգարիտ կա: Աղջիկներն ուրախանում են: Նրանք շատ երջանիկ են: Ամեն ինչ գեղեցիկ է՝ աղջիկները, տղամարդը, ծովը, հագուստները, ծովափը…

 

ՁԱՅՆ — Այսօր քո տարեդարձն է.

Ես խմում եմ քո ողջության համար

դառը սակե՝

Մեջը՝ թունավոր մարգարիտ…

 

Երաժշտությունը հնչում է, մինչև վառվում են դահլիճի լույսերը,

և պաստառի վրայի պատկերներն անհետանում են: