Սամվել ԽԱԼԱԹՅԱՆ / ՍԻՄՈՆ    ԹԱԳԱՎՈՐԸ

«ՍԻՄՈՆ    ԹԱԳԱՎՈՐԸ» պիեսը տպագրվել է  «ԴՐԱՄԱՏՈՒՐԳԻԱ» հանդեսի 2007 թ. թիվ 12-13-ում

 

                                                      (մենախաղ)

 

Հեղինակը հարկ է համարում անել մի քանի նկատառում: Այս մենախաղի բանալին տրագիկոմիզմն է: Ընդ որում, դա հանդես պետք է գա եռդիմի, հոգեվիճակին համապատասխան, մի դեպքում` ողբերգականը պիտի առաջ մղվի, մյուսում` կոմիկականը, իսկ ավելի շատ երևակվելու են միասին:

Մենախաղի հերոսը` 45-50 կամ 50-55 տարեկան անտունին, Սիմոնը, ներկայացման ընթացքում խաղալու է ինքն իր համար հնարած դերն այնպիսի ինքնախաբ հավատով ու ճիգով, որ լինում է ճակատագրի դեմ պայքարող, հուսահատության շեմին հասած մարդու հետ: Նա երբեմն առ երբեմն վիսկիի շշից կում է անում և ողջ ներկայացման ընթացքում գինովցած է: Գինովցած է, ոչ` հարբած: Նրան դուր է գալիս այդ խումհարը, քանզի դա շարժառիթ է իր ողբերգության վրա չկենտրոնանալու համար: Նման տևական հոգեվիճակում ոմանք խախտվում են, ոմանք ինքնասպան են լինում: Սիմոնը ոչ մեկն է, ոչ` մյուսը: Նա նյարդերի վերջին պրկումներով փիլիսոփայում է` ասես հաստատելով Ցիցերոնի միտքը, թե` փիլիսոփայելը ոչ այլ ինչ է, քան ինքդ քեզ նախապատրաստել մահվան:

 

Հոմլեզների բնակատեղին` Լոս Անջելեսի Դաուն-Թաուն գործարար թաղամասի հետնախորշերից մեկում: Մեզ ներկայանում է միայն անտունիներից մեկի` Սիմոնի կացարանատեղը. թեք տախտակամած, որի վրա, սպիտակ ներկով անվարժ ուրվագծված են Հայաստանի և Արցախի սահմանագծերը: Տախտակամածի վերևում, ստվարաթղթից ու ֆաներաների կտորտանքներից պատրաստված, կենվորի պատսպարանն է, որն ավելի շատ որջ է հիշեցնում, քան մարդու կացարան: Դրա կողքին խաչափայտ է հարմարեցված: Բեմի ձախակողմում տեղադրված թիթեղյա տակառը, ամենայն հավանականությամբ, ցուրտ օրերին նրա համար բացօթյա վառարանի դեր է կատարում: Բեմի խորքում գործարար թաղամասի երկնաքերներն են` բազմազան օֆիսների գովազդներով:

Ցերեկվա այն ժամն է, որ նախորդում է երեկոյին:

Աջակողմից, վիսկիի շիշը ձեռքին, մտնում է հնամաշ ֆրակ հագած, թիթեռնիկ փողկապ կապած, գինովցությունից թեթևակի օրորվող Սիմոնը:

 

ՍԻՄՈՆ — (համարյա գոռալով): Եվ քարավանը Աբու-Լալայի՛… աղբյուրի նման մե՛ղմ կարկաչելով… Հանգիստ, միաչափ քայլում էր առա՛ջ հեզ լուսնկայի շողերի միջով… (Կանգնում է) : Թո՛մ… (Շարունակում է առաջանալ) : Գնա, քարավան, ներբաններիդ տակ տրորի՛ր, կոխիր օրենք, իրավո՛ւնք… (Կանգնում, ափը հպում է սրտին) : Օ՜ֆ…. Էս անտեր սիրտս ի՞նչ է ուզում… Թո՛մ, որտե՞ղ ես, գրողի տարած: (Փլվում է տախտակամածին) : Եվ խրոխտ հոգով Աբու Մահարին խորհում էր ցասկոտ` ճակատը խոլոր… (Շշից կում է անում, թևքով սրբում է բերանը) : Ճակատը խոլոր… (Տիրաբար շուրջբոլորն է նայում) : Ինչո՞ւ չեն դիմավորում ինձ… Որտե՞ղ է պատվո պահակազորը… որտե՞ղ են շեփորահարները… Ինչո՞ւ տոնականորեն չեն զարդարված իմ պալատի սյուները… Հե՜յ, հպատակներ, մի՞թե այդպես են դիմավորում արքային… Ես ձեզ կախաղան կհանեմ, սինլքորնե՛ր… Ա՜, ճիշտ է, ճիշտ է, չէի նախազգուշացրել իմ գալստյան մասին: Լավ: Այս անգամ ներում եմ… (Շիշը պառկացնելով տախտակամածին` ծոցագրպանից քառածալ թուղթ է հանում) : Հե՜յ, Թոմ, սև սատանա, արի, փալասներդ ետ ստացիր և լսիր, թե ինչ են գրում Սիմոն թագավորի ժառանգներն իրենց արքա հորը: (Թուղթը բացում, կարդում է) : «Սիրելի հայրիկ… (Ձեռքը հպում է ցավող սրտին, մերսում է) : Սիրելի հայրիկ, ամեն ամսի 15-ին գրում եմ քեզ: Կավարտեմ նամակս ու կշտապեմ օդանավակայան: Լոս Անջելեսի չվերթում բարի ուղևոր գտնվում է: Այնպես որ, չվերթի օրերին միշտ եղիր օդանավակայանում, որ նամակս ստանաս: Ավանդույթը չենք խախտի»: (Կում է անում, պարծենկոտ) : Այո, ավանդույթը չե՛նք խախտի: (Կարդում է) : «Մենք լավ ենք: Սիմոնիկն արդեն խոսում է»: Լսո՞ւմ ես, Թո՛մ, թոռնիկս արդեն խոսում է… «Նայում է քո լուսանկարին և հարցնում` բա պապիկը ե՞րբ է գալու»… (Սրտաշարժված) : Ինձ սպասում են, Թո՛մ, կարոտում են… «Մայրիկը լավ երազ էր տեսել քո վրա: Ամբողջ օրը հարևաններին պատմում էր ու պատմում: Դե, մամային դու գիտես, սիրում է քեզնով հպարտանալ»… (Դադար: Նամակը կողմ է դնում, հայացքն անորոշ կետի, շարունակում է անգիր ասել) : «Հայրիկ ջան, գրիր, գործերդ ինչպե՞ս են… (Շիշը վերցնելով, գայթելով բարձրանում է տախտակամածն ի վեր) : Մեր կողմից ջերմ բարևիր գործընկերոջդ` միստր Թոմին: Մենք այստեղ հպարտանում ենք, որ դու հեռավոր Ամերիկայում սեփական գործ ես ձեռնարկել և «Սիմոն էնդ Թոմ» ֆիրման հաջողություններ ունի…. (Կացարանից դուրս է քաշում իր հնամաշ հագուստները, սկսում է զգեստափոխվել, իսկ ֆրակը, վերնաշապիկը, տաբատը հարմարեցնում է խաչափայտին) : Չմոռանամ ասել, որ ուսուցիչների աշխատավարձն այստեղ ավելացել է… Դպրոցի տնօրենը հանդիպեց, ասում է` ափսոս էր, Սիմոնի պես ուսուցիչը թողեց, գնաց օտար երկրներ: Այստեղ լիներ, 60 դոլար աշխատավարձ կստանար»: (Ձեռքը հպում է սրտին: Դադար: Տխրահեծ) : Ամեն անգամ… Ամեն մի նամակով նրանք ցավեցնում են իմ սիրտը: (Նստելով տախտակամածին, ծոցագրպանից քառածալ նամակների տրցակ է հանում) : Ահա` որը կուզես… (Բացում է մեկը, կարդում է) : «Սիրելի հայրիկ, Հայաստանում արդեն գարուն է: Արագիլները վերադարձել են: Ծառերը ծաղկել են ու այնքան գեղեցիկ է ծաղկած այգեստանների թիկունքում Արարատ լեռը»… (Նամակը կողմ է դնում, բացում է հաջորդը) : «Գնացել էինք համերգ: Կատարեցին քո սիրած «Կռունկ» երգը` «Կռունկ, ուստի՞ կուգաս, մատաղ եմ ձայնիդ, կռունկ, մեր աշխարհեն խաբրիկ մը չունի՞ս»… Մի՞թե դաժանություն չէ այսպիսի նամակ գրել օտարության մեջ ապրող հորը… (Առանձնացնում է մեկ այլ նամակ, առանց բացելու, հայացքն անորոշ կետի «կարդում է»): «Քո  ծիրանենին, հիշո՞ւմ ես,  որ այգու անկյունում տնկեցիր, առաջին անգամ բար տվեց»… (Թուղթը մի կողմ է նետում, տրցակից առանձնացնում է հաջորդը, դարձյալ` չբացելով) : «Սիրելի հայրիկ, դու սիրում էիր քնելուց առաջ թեյ խմել ու կարդալ… Հիմա էլ ե՞ս կարդում»… (Նետում է, առանձնացնում է մյուսը` չբացելով) : «Մենք քեզ շա՜տ ենք  կարոտել, հայրիկ»… (Նյարդայնացած, ցրված նամակները ճանկելով՝ խցկում է գրպանը) : Ցա՛վ, ցա՛վ, ցա՛վ… Ինչպե՞ս են դիմանում այս թղթերն այսքան ցավերի… (Դադար) : Մենակություն… Ո՞վ հնարեց քեզ, մենակություն… (Կացարանից դուրս է քաշում հնամաշ, վանդականախշ ծածկոցը, դրանով փաթաթվում, կծկվում է: Այսուհետ, երբեմնակի, ծածկոցը նրան ծառայելու է որպես արքայական թիկնոց) : Եվ ինչո՞ւ են մարդիկ պատժի առավելագույն միջոցը մահվան դատապարտելը ընտրել… Մենակության պետք է դատապարտել հանցագործին, մենակությա՛ն, դա է առավելագույն պատիժը: (Շշից կում անելով ոտքի է կանգնում, թփթփացնում է ֆրակի ուսին) : Եվ այսպես, ավարտվեց երևանցի ուսուցիչ Սիմոն Սիմոնյանի միջպետական այցը: (Պաթետիկ) : Սկսվեց Սիմոն թագավորի արքայական կյանքը: Հե՜յ, Թոմ, շնորհակալություն, եղբայր, որ այս շքեղ համազգեստը, երբ միայն պրեզիդենտներին հյուրընկալելիս ես հագնում, ամիսը մեկ անգամ զիջում ես ինձ` ամերիկավայել տեսքով զավակներիցս նամակ ստանալու համար: (Գլխահակ, տխրամած) : Նրանք չպետք է իմանան, որ իրենց հայրը մի սովորական, ցնցոտիավոր անտունի է… Հոմլեզ, բոմժ… (Սթափվում, ցասկոտ շուրջն է նայում) : Ի՞նչ… Ո՞վ համարձակվեց նման խոսքեր ասել Սիմոն թագավորին… Գը՛լ-խա՛-տե՛լ… (Սպասմամբ` դադար) : Գլխատեցի՞ք… Ինչո՞ւ… Այդ շաղակրատը բազմանդամ ընտանի՞ք ունի և միակ կերակրո՞ղն է: Այդ դեպքում… այդ դեպքում` կտրե՛ք ստահակի լեզուն: (Արքայավայել ինքնագոհությամբ թիկն է տալիս տախտակամածին` ինչպես տիրակալը գահավորակի վրա, հանկարծակի շրջվում է) : Նա դերասա՞ն է… Տեր Աստված, և ինչո՞ւ թագի հետ ինձ խիղճ տվեցիր: Բայց ես նրան ներել չեմ կարող: Գրողը տանի, դերասան է` ասում եք, այն էլ` տաղանդավոր… Լա՛վ: Այդ դեպքում արքայական գանձարանից տվե՛ք նրան իր միջին վաստակի չափով գումար և ամբողջ մեկ տարի արգելե՛ք նրան բեմ բարձրանալ… (Ինքնաբավ շրջվում է) : Դաժան ես, Սիմոն թագավոր, շա՛տ ես դաժան… Սակայն, այդ ո՞ր տիրակալը թույլ կտար՝ իր տերության հիմքերը խարխլեն նմանօրինակ անարգանքներով: (Կում է անում) : Թո՜մ… Էլի Ջենիֆերի ծոցն է մտել անաստվածը: (Նստում է, շփում ցավող սիրտը) : Ես հոգնած եմ, Թոմ, շատ եմ հոգնած: Անհիշելի ժամանակներից քայլում եմ այս մոլորակի վրա, պտտվում եմ իմ առանցքի շուրջը, պտտվում եմ արևի շուրջբոլոր, Հարդագողի աստղոտ շերտերում, թափառում եմ այս անծայրածիր տիեզերքում, որտեղ նյութը, Թոմ, նյո՛ւթը հավերժական շրջապտույտի փոխակերպումների մեջ է: (Հայացքը կանգ է առնում ֆրակի վրա) : Դո՞ւ ինչ ես ցցվել գլխիս վերև… (Միտք հղանալով` վճռականորեն մոտենում է խրտվիլակ հիշեցնող խաչափայտին, պոկում է տեղից և իջեցնելով՝ հարմարեցնում է տախտակամածի աջակողմում) : Ահա՛ քո տեղը: (Զննում է) : Օ՜, գրագետ մարդ ես երևում` ֆրակո՜վ, թիթեռնիկ փողկապո՜վ… Դե, քանի որ այդքան գրագետ ես, քեզ ծառայության եմ վերցնում: Կլինես իմ գրագիրը: Քեզ մեծ պատիվ է վստահված` սերունդների համար գրել Սիմոն թագավորի ամեն մի խոսքը: Եվ իմացիր, դպիր, աշխարհում դեռ ոչ ոքի վիճակված չէ իր կենսագրությունը գրել մինչև վերջ: Որպես կանոն` ամենավերջին նախադասությունը գրում են ուրիշները: (Պաթետիկ) : Դու պատիվ ունես գրելու Սիմոն թագավորի կենսագրության վերջին նախադասությունը: (Կում է անում) : Գրի՛ր: (Արքայավայել ճեմելով թելադրում է) : Ե՛ս, Սիմոն թագավորս, մի քանի անգամ անցել եմ հող-մարդ-հող արարչական ճանապարհը: Բայց ամեն անգամ ծնվել եմ նույն լեռնաշխարհում: Ողբերգությո՞ւն է, թե՞ Աստծո ծաղր, երբ ամեն անգամ հայ եմ ծնվում: (Քմծիծաղում է) : Իսկը` հայի բախտ… Ես եգիպտական փարավոնների, Հռոմի և հունական կայսրերի, պարթևական շահերի, Ասորեստանի ու Բաբելոնի թագավորների հետ սեղան էի նստում, և մեր ճոխ խնջույքները ղեկավարում էին Զևսն ու Արամազդը, Յուպիտերն ու Ամոնը, Մարդուկն ու Ռա՜ն… Պատահում էր, իհարկե, որ Մարսը կամ Վահագնը չարաճճիություն էին անում և մենք, երբեմն, ինչ մեղքս թաքցնեմ, խաչաձևում էինք մեր սրերը… Բայց միայն զենքով չէ, որ փորձում էինք միմյանց հաղթել: Ալփեոս գետի ափին, Օլիմպիա քաղաքում մենք պայքարի մեջ էինք մտնում ուժի և գեղեցկության հանդեսներով, իսկ, ընդհանրապես, մրցակցում էինք, թե ո՞վ ավելի շատ ու ավելի շուտ կարող է պեղել բնության խորախորհուրդ գաղտնիքները: Տառեր ու էպոսներ էինք հորինում, տաճարներ ու բուրգեր, թատրոններ ու աստղադիտակներ էինք կառուցում… Մենք միմյանց սիրում էինք և ատում աստվածների պես: (Շրջվում է դեպի ֆրակը) : Գրեցի՞ր: (Արագ անցնում է ֆրակի ետևն ու գլուխը վեր ձգելով՝ խոնարհաբար պատասխանում է) : Գրեցի, արքա: (Դուրս է սահում տեղից) : Բայց պատահեց այնպես, որ ես ծանր հիվանդացա: (Կում է անում) : Երբ հայտնաբերեցի, որ բնության մեջ ամեն ինչ սիրուց է ծնվում, բացի չարից, երբ հասկացա, որ չարը չի ծնվում, այլ գոյանում է սիրո պակասից, այնքա՛ն սիրեցի իմ իսկ սիրելու ունակությունը, որ ինձ թվաց, թե ես… սիրո՛ պակաս ունեմ: Ես սկսեցի տառապել սիրո ախտով… (Ֆրակին,) Դու հասցնո՞ւմ ես գրել, թե՞ դանդաղ խոսեմ… Ասենք, արդեն ստիպված եմ դանդաղել, քանզի, երբ քոչվոր, վայրենի ցեղերը ներխուժեցին իմ երկիրը և մորեխի պես սկսեցին ոչնչացնել իմ այգեստանները, ժամանակն ինձ համար դանդաղեց: Դանդաղեց… Նրանք անաստված էին, որովհետև Աստծուց չէին սերված, գոյացել էին սիրո պակասից և մոլուցքով կործանում էին իմ կառուցած տաճարները: Դա տևեց դարեր և ժամանակը կանգ առավ: (Ինքն իրեն) : Իմ թշնամիները միշտ սիրեցին իրենց ատելությունը հանդեպ ինձ, իսկ ես միշտ պատրաստ եղա ներել և սիրել իմ թշնամուն… (Սթափվում է) : Գրիր, դպիր, գրի՛ր: Պատմության բեմից վերացան իմ հին ու աստվածածին հարևանները` փարավոնները, Ասորեստանը, Բաբելոնը, Բյուզանդիան: Եվ ես մնացի մենակ: (Ճեմելով խորհում է) : Բոլոր գիտությունների բոլոր կանոններով հայը վաղուց վերացած պիտի լիներ պատմությունից: Ինչո՞ւ հարատևեցի: Ոչ ոք չի կարող պատասխանել: (Ափերը պարզելով աջ, ձախ ու դեպի երկինք՝ գոռում է) : Հե՜յ, հա՛յ, ինչո՞ւ հարատևեցիր… ցի՜ր…. ցի՜ր…. ցի՜ր… Էհե՜յ… է՜յ… է՜յ… է՜յ… (Ականջ է դնում իր արձագանքին) : Պատասխան չկա: Նա ժամանակ չունի պատասխանելու: (Հեգնոտ) : Հայը զբաղվա՛ծ է… Նա աշխարհի մեղքերն ուսած, արդեն քանի դար է՝ բարձրանում է Աստծո մոտ: Գնում է ու տեղ չի հասնում… (Ֆրակին.) Դու գրեցի՞ր, դպիր: Իսկ հիմա ջնջի՛ր: Ամբողջը ջնջիր: (Անցնում է ֆրակի ետևը) : Սթափվիր, արքա՛, ջնջել հինավուրց երկրի մի ողջ պատմությո՞ւն… (Դուրս է սահում) : Հա՛, ջնջի՛ր: Դա ոչ մեկին պետք չէ և հետաքրքիր էլ չէ: (Պառկում է տախտակամածին, ձեռքերը դնում է գլխի տակ) : Աշխարհը վաղուց է մոռացել այդ մասին և, անկեղծ ասած, ոչ ժամանակ ունի և ոչ էլ ցանկություն՝ զբաղվելու նման մանր-մունր հարցերով: (Նկատում է, որ ոտքերը դուրս են ձգվել տախտակամածի «քարտեզի» սահմաններից) : Օ՜, ես խախտել եմ պետական սահմանը: (Կծկվում, նստում ու ստուգող հայացքով նայում է շուրջը) : Չնկատեցի՞ն… Լավ է` չնկատեցին: Բողոքի նոտա կհղեին, թերթերը կաղմկեին, թե՝ տեսե՜ք, իմացե՛ք, Սիմոն թագավորը խախտել է Թուրքիայի սահմանը: Թուրքիայի՞… Դե, իհա՛րկե, Թուրքիայի: (Դառնորեն) : Նորությո՞ւն է, որ Արաքսից հարավ Թուրքիան է տարածվում… Հայկակա՜ն բնաշխարհի վրա: (Հապճեպ, գողունի մոտենում է ֆրակին: Շշուկով) : Այդ մասին չգրես, դպիր: Եթե հանկարծ գրես` կվիրավորես քաղաքակիրթ մարդկությանը: Չէ՞ որ այսօր Թուրքիան հազարավոր տուրիստների ցուցադրում է հույների, պարսիկների, արաբների, հայերի, ասորացիների կիսավեր տաճարներն ու պարծենում է իր պապերի իմաստությամբ, որ նրանք այդ տաճարները հիմնահատակ չեն կործանել: (Հեռանում է ֆրակից, ապա կտրուկ շրջվում է) : Մի կողմ նետիր գրոտածդ մագաղաթները, պապիրուսները, շպրտիր այդ կավե սալիկները և սովորական թուղթ վերցրու: Գրիր վերնագիրը՝ «Հայ ժողովրդի նորագույն պատմություն»: Գրեցի՞ր: (Տխրամած) : Իմ Սաթենիկ մայրը Կորեացի որբերի համար լաց եղավ: Նա երեք օր ու գիշեր բուրդ գզեց, թել մանեց, գուլպաներ գործեց կորեացիների համար՝ հայ գաղթականների ու որբերի երգը երգելով: Գրեցի՞ր: Իսկ հիմա, նոր տողից, մեծատառերով գրիր` «Վե՛րջ»: (Ինքն իրեն) : Վերջ Հայոց պատմությանը… (Նստում, երգում է) :

Քարավանն անցավ բարձած արցունքով,

                                               Մութ անապատում ծունկ չոքեց մնաց,

                                               Ախ, մեր աշխարհի դարդ ու զուլումն էր,

                                               Դու լաց մի լինի, ես շատ եմ լացել….

(Դադար) : Հետո ի՞նչ… (Քմծիծաղում է) : Հետո ի՞նչ… (Հիստերիկ ծիծաղով) : Հետո ի՞նչ, որ ես հա՛յ եմ… (Նյարդային գոռում է) : Հետո ի՞նչ… (Բարձրանում, գնում է դեպի ֆրակը` քայլերը հաշվելով) : Մեկ, երկու, երեք, չորս, հինգ, վեց… (Հասնելով ֆրակին` անցնում է ետևը) : Ներիր համարձակությանս, արքա, այդ ի՞նչ ես հաշվում: Դա է՞լ պիտի գրեմ… (Դուրս է սահում) : Մի խանգարիր: (Քայլում է դեպի տակառը) : Յոթ, ութ, ինը, տաս, տասնմեկ, տասներկու: (Տակառից շրջվում է ետ) : Տասներեք, տասնչորս, տասնհինգ, տասնվեց, տասնյոթ, տասնութ: (Անցնում է ֆրակի ետևը) : Արքա՛, ուշքի եկ… (Դուրս է սահում) : Տասնինը, քսան, քսանմեկ, քսաներկու… (Կենտրոնում կանգնում է: Ծաղրանքով` ֆրակին) : Համբերությունդ հատա՞վ… Ես հաշվելու եմ մինչև մեկ միլիոն 500 հազարը: Ո՞ւր հասա… Հա՛, քսաներեք, քսանչորս… (Հասնելով ֆրակին` գոռում է) : Մինչև միլիոնուկե՛ս… կդիմանա՞ս այդքան… Չե՞ս դիմանա… (Թևաթափ) : Չե՜ս դիմանա… Իսկ ինչպե՞ս դիմացավ հայը, երբ Քրիստոսի 1915-րդ տարում միլիոնուկես հայ մորթեցին… (Ցավից կծկվելով՝ նստում է ֆրակի «ոտքերի տակ»: Դադար) : Մի անգամ մարդաբանական թանգարան այցելեցի: Սրահներից մեկի խորքում, դարակների վրա գանգեր էին շարված, տարբեր ռասաների պատկանող մարդկանց գանգեր: Ինձ էին հառված տասնյակ դատարկ ակնախոռոչներ: Կենդանի հայացքներ ասես լինեին՝ ժամանակների խորքից հավերժորեն նայող, անթարթ… Բայց նրանց շարքում մի հայացք բոլորովին այլ կերպ էր նայում ինձ… Նա թախծոտ կարոտով ասես խնդրում էր մոտենալ իրեն… Հիպնոսվածի պես սկսեցի մոտենալ… Ես մոտենում էի, իսկ նրա հայացքից արդեն երախտագիտություն էր ծորում: Եթե այդ գանգը կմախք ունենար, համոզված եմ, ձեռքերը կպարզեր ինձ ու ընդառաջ կգար: Մոտեցա, կարդացի ցուցանակի մակագրությունը՝ «Արմենոիդ»: Վերցրի նրան դարակից ու հարազատի պես սեղմեցի կրծքիս, սկսեցի շոյել նրան, գուրգուրել: Եվ հանկարծ… Հանկարծ միջնամատս փոսիկի դիպավ: Փոս չէր դա, չէ՜… Անցք էր, կլորիկ անցք, որ բացվել էր նրա վրա արձակած գնդակից… (Կարճ դադար: Ճչում է) : Մի՞թե ուրիշ գանգ չէին գտել այդտեղ ցուցադրելու համար… (Հուսահատ) : Չէին գտել… Չէին գտել, որովհետև հայերը դարեր շարունակ չեն մահացել: Նրանք սպանվե՛լ են: (Քմծիծաղում է) : Հետո ի՞նչ… (Ողբերգորեն) : Հետո ի՞նչ… (Ափլափելով մոտենում է շշին, կում է անում, ձեռքը սրտին հպած մի կերպ հասնում է տակառին, նստում է) : Մարդկանց ու ժողովուրդների բոլոր դժբախտությունների պատճառը մեկն է՝ միմյանց չհասկանալը: Մենք չենք հասկանում միմյանց: Հարավից հյուսիս նայողը պնդում է, որ երկիրն իր առանցքի շուրջը պտտվում է ժամացույցի սլաքի  ուղղությամբ: Իսկ հյուսիսից նայողը պնդում է, որ երկիրն իր առանցքի շուրջը պտտվում է ժամացույցի սլաքի հակառակ ուղղությամբ: Նրանցից ո՞վ է ճիշտ…  Երկուսն  էլ  ճիշտ են: Պարզապես ամեն մեկն իր անկյունից է նայում, չգիտակցելով, որ  աշխարհին պետք է նայել Աստծո աչքով, նրա հորիզոնից: Եվ նույնիսկ  հրեան, որ  Աստծո կողմից ստեղծված այս կյանք-թատրոնի հուշարարն է, նա էլ իր կռիվն ունի մարդ-դերասանների հետ: Ինչո՞ւ է այդպես: (Դադար) : Այս քրջոտ փողոցում որպես հարազատներ ապրում են սերբն ու ալբանացին, հրեան ու պաղեստինցին, հայն ու թուրքը, իրաքցին ու ամերիկացին, ռուսն ու չեչենը, աբխազն ու վրացին… Հոմլեզների մեր փողոցը մարդկության երազած երկրի մոդելն է: Մենք այստեղ ապրում ենք համերաշխ, որովհետև բոլորս էլ նույն կետից ենք նայում երկրի պտույտին: Ապրում ենք ու ամեն մեկս կարոտում է ի՛ր Ավետյաց երկիրը: Ուղարկիր մեզ մեր երկրները և մենք, կրկին, միմյանց կոկորդ կկրծենք: (Նայում է ձեռքի շշին, քմծիծաղում է) : Քո բախտն էլ չբերեց, եղբայր: Բազմած էիր ճոխ խանութի դարակի վրա և ինչպես ամեն մեկին, որ նոր է սկսում կյանքի ուղին, քեզ թվում էր, թե շքեղ ապագա ունես: Կբազմես ճոխ սեղանին, և քեզ կվերցնեն ու ցած կդնեն սմոկինգ հագած բարեկիրթ սպասավորները՝ ճերմակաթույր անձեռոցիկով… Կհամեմվես ընտիր խորտիկների, անուշաբույր ըմպելիքների հետ: Մինչդեռ քեզ թռցրին խանութի ելքի մոտ՝ դեպի մեքենան գլորվող անիվավոր պարենացանցից և հիմա հոմլեզի ձեռքերում ես ու դատարկ ստամոքսի միակ պարունակությունն ես դառնում: Մեն-մենակ… Դու իմ բախտակիցն ես: Չէ, ի՞նչ եմ ասում, դու ավելի երջանիկ ես: Դու տե՛ր ունես գլխիդ, թեև պարանոցիդ հպվում են նրա կեղտոտ, օճառի երես չտեսած մատները: Դիմացիր: Քիչ մնաց: (Կում է անում, նայում է պարունակությանը) : Քիչ մնաց… Միևնույն է` և՛  դու, և՛ նրանք, ովքեր հիմա ճոխ սեղանների շուրջ են բազմած, հայտնվելու եք նույն աղբանոցում: Մի անգամ եղել եմ այնտեղ: Հա, ես աղբ եղել եմ: Անցած տարի էր: Սանտա Մոնիկայի եզրաքարին նստած, պատրաստվում էի արքայավայել ճոխությամբ ընթրել: Ասենք, դա և՛ նախաճաշ էր, և՛ ճաշ, և՛ ընթրիք, որովհետև մի ամբողջ համբուրգեր էր ձեռքիս: Հանկարծ մոտեցավ մի շուն՝ խնամված, բուրումնավետ շամպունով լվացված, սանրվա՜ծ… Մոտեցավ ու ախորժակով նայեց ձեռքիս պատառին: Նրան մեկնեցի ուտելիքը և այդ շան քածը ախորժակով լափեց իմ օրվա ողջ պաշարը: Երբ արդեն շուրթերն էր լիզում, բարեհաճեց մոտենալ նրա տերը: Նա երջանկությունից փայլում էր: «Պարոն,- ասաց նա,- իմ դոկերը վատ ախորժակ ունի, մեզ չի հաջողվում նրան մարդավարի կերակրել: Երևում է, նա սիրեց ձեզ: Չէի՞ք բարեհաճի օրվա մեջ չորս անգամ այցելել մեզ և կերակրել նրան»: Ես չհասցրեցի նույնիսկ մտածել առաջարկի մասին, երբ ինձ ու շանը խցկեց մեքենայի ետևի նստատեղին և մենք սլացանք Գլենդել: Պարոն Քլարկը հենց սկզբից զգուշացրեց, որ  ինձ խստիվ արգելվում է ուտել շան բաժնից: Ինձ համար նա սահմանեց մեկ  համբուրգեր օրաբաժին: Մեկ համբուրգեր` օրը չորս անգամ դոկերին կերակրելու համար: Եվ  ի՜նչ  կերակուր` հորթի լյարդ, երինջի ոսկոր, կապիկի ուղեղ…

Այդպես ես սկսեցի ապրել նրանց բակում` շան հարևանությամբ և դարձա դոկերի սպասավորը: Ես երջանիկ էի, նույնիսկ կազդուրվել էի, որովհետև բացի կապիկի ուղեղից, որից զզվում էի, դոկերի թերմացքը հաճույքով կուլ էի տալիս: Բայց մի գեղեցիկ օր հայտնվեց տանտիրուհին և առանց այլևայլի հայտարարեց, որ պետք է սպասարկեմ նաև իրեն՝ ամուսինը ավելի շատ շուն է սիրում, քան կին: Իսկ եթե չհամաձայնվեմ, զգուշացրեց տիրուհին, կմատնի ինձ, որ ուտում եմ դոկերի բաժնից, և ինձ դուրս կվռնդեն քոսոտ ու ոջլոտ շան պես: (Կարճ  դադար) : Տե՜ր Աստված, այդ  կինն իր բոլոր տարիների կուտակած տռփանքը ինձնից էր քամում` վարվելով ինձ հետ այնպես, ինչպես մոլագարը սեքս խանութից գնած տղամարդու մանեկենի հետ: Իհարկե, դրա դիմաց ավելի առատորեն էր վարձատրում, քան ամուսինը՝ շանը կերակրելու համար: Որքա՞ն կդիմանայի այդ ամոթալի մարմնավաճառությանը, դժվար է ասել, բայց մի օր շունը զզվեց տիրոջից, տիրուհուց, ինձնից, դուրս թռավ ցանկապատից և չվերադարձավ… Նա փրկեց ինձ տիրուհու տռփանքից, բայց զրկեց ապրուստից: Եվ մի օր, երբ պառկած էի  իմ այս տիրույթում և աչքերս փակ ունկնդրում էի դատարկ ստամոքսիս պահանջատիրական գռմռոցը, հանկարծ դեմքիս զգացի ծանոթ շնչառությունն ու հոտը… Բացեցի աչքերս: Տիրուհին էր, որ  մեկնվել էր կողքիս և նրա ձեռքն արդեն սողոսկում էր տաբատիցս ներս… Ես ահաբեկված ճչացի ու նետվեցի մի կողմ: Նա սկսեց համոզել, աղաչել, որ վերադառնամ: Խոստացավ կրկնապատկել վճարս… Իսկ ես, որ արարքիս համար զզվում էի ինձնից և ամեն անգամ հիշելիս ջանում էի վանել այդ  մղձավանջը, մի լավ քոթակեցի նրան… Տիրուհին արտասվելով հեռացավ, իսկ մեկ շաբաթ անց հայտնվեց նրա ամուսինը և հայտնեց, որ տիկնոջ կապտուկներն անցել են, նա լավ է զգում իրեն, և առաջարկեց վերադառնալ: «Իսկ շու՞նը»,- հիմարացած հարցրի ես: «Աստված նրա հետ,- ձեռքը թափ տվեց Քլարկը և բացելով մեքենայի դուռը, ասաց:- ՚Նստեք, միստր Սիմոն»: Նրան ասացի, որ մեծ հաճույքով կփսխեի նրա տված բուտերբրոդները, բայց, ափսոս, դրանք իմ օրգանիզմում սպիտակուց և ճարպ դառնալով՝ մսխվել են տիկնոջ տաք արյունը հովացնելու գործում: Նա ժպտաց` «Հոգ չէ, պարոն Սիմոն, նստեք, տիկինը սպասում է»: Տեսնելով, որ գամված եմ տեղում, Քլարկը բացատրեց, որ եթե ամուսնալուծվի կնոջից, նրանց կարողության յոթանասուն տոկոսը կտրվի կնոջը և իրեն ոչինչ չի մնա անելու, քան գալ և ապրել այստեղ` իմ կողքին: «Ավելի լավ չէ՞, որ դուք, պարոն Սիմոն, գաք և ապրեք մե՛ր կողքին»,- ասաց նա: Ես պատասխանեցի, որ ինձ մոտ նրա պես հոմլեզի համար տեղ չկա և խորհուրդ տվեցի որձ շուն պահել: Լսել եմ, ասացի, դա օգնում է, տիկինը գոհ կմնա, չմոռանաք միայն փոքրիկ թաթմաններ կարել շան համար, տիկնոջ մաշկը շատ նուրբ է: Քլարկը վերից վար նայեց ինձ և ասաց` «Դու ի՞նչ գործ ունես իմ բակում, շո՛ւն, ես քեզ չեմ կանչել»: Նստեց մեքենան, գնաց: (Դադար: Նայում է շշին) : Այսպիսի աղբ եմ ես, աղբերս, ստոր աղբ, իսկ դու ասում ես՝ մաքո՜ւր, վե՜հ, գեղեցի՜կ բաներից խոսենք: (Կում է անում) : Ինչի ասես ունակ չէ մարդը: Նա կարողանում է արդարացնել նույնիսկ իր ստոր արարքները: (Շրջվում է դեպի ֆրակը) : Լսիր, քոնձռոտ, շատ չե՞ս երևակայում քեզ, չես էլ բարեհաճում մոտենալ: Եղած-չեղածդ թատրոնից թռցրած ֆրակ չե՞ս: (Շիշը բարձրացնելով) : Սա դեռ տեր ունի, որը մեկն է իր համար, միակը: Իսկ դո՞ւ… քանի՞սն են քեզ հագել մինչև Թոմի չանթելը: Եվ դեռ պարզ չի՝ նա՞ է քո տերը, թե՞ ես: Անբարոյակա՛ն: Լավ, քիթդ մի կախիր: Քանի Թոմը վայելում է Ջենիֆերի պինդ կրծքերի քրտնաբույրը և դու ստիպված ես ցցվել իմ տիրույթում, ավելի լավ է մի բան մոգոնենք… Արի տապկնոցի խաղանք: Չէ՞ որ դերասան ես եղել և գիտես հնարովին իրականի տեղ անցկացնելու արվեստը: (Բռունցքները առաջ մեկնած մոտենում է ֆրակին) : Գտի՛ր: (Ցնցում է աջ ձեռքն ու բացում է բուռը) : Բախտդ չբերեց: Փակիր աչքերդ: Առաջինը ես եմ թաքնվելու: Կհաշվես մինչև տասը՝ կբացես աչքերդ: Տես, հա՜, թաքուն չնայես: Մեկ, երկու, երե՜ք, չո՜րս… (Հարմար տեղ է փնտրում թաքնվելու համար) : Հինգ, վեց, յո՜թ… (Թաքնվում է տակառի ետևում) : Փնտրի՛ր: (Դադար: Ծիկրակում է տակառի ետևից) : Մեկ է, չես գտնի… (Կուզեկուզ տեղափոխվում է տախտակամածի տակ) : Փնտրիր… (Տեղափոխվում է կացարանի ետևը: Մանկական չարաճճիությամբ) : Չես գտնի՜… (Գաղտնաբար հայտնվում է ֆրակի ետևում) : Արդեն այստեղ եմ… Հաղթեցի՜, հաղթեցի՛: Տեսա՞ր, որ չգտար: (Հևալով մոտենում է տակառին, նստում է) : Չգտար: Բայց դու մեղք չունես… Մեղք չունես, որովհետև ես կա՛մ ու չկա՛մ: Դու՝ անշունչ ֆրակդ, կա՛ս: Իսկ ես, շնչավոր մարդս, չկա՛մ: Պատճառն այն է, որ դու դեռ պիտանի ես: Քեզ ուր էլ շպրտեն, կգտնվի մի մուրացիկ, որ կվերցնի քեզ: Իսկ ես ընդամենը մարդ եմ, այն էլ ստրկության դարաշրջանից հետո ծնված, ժողովրդավարական մոլորակի մարդ՝ ոչ ոքի պետք չեկող: Եթե ստրկության դարում լինեի` տեր կունենայի… Մա՜րդ, սխալ ստեղծված էություն: Սխալ, շա՜տ սխալ… Նա ողջ կյանքում երկու ձեռքերով լցնում ու լցնում է իր անկուշտ բերանն այն ամենը, ինչը կարող է աղալ ատամներով, լեղիով քայքայել, աղիներով ներծծել, իսկ աղբն ու թափոնը դուրս ժայթքել մարմնից: Բայց ուղեղում կուտակված աղբը դուրս մղել չի կարողանում: Ուղեղում կուտակված ժահրը դրդում է ամեն տեսակ ստորությունների ու դաժանությունների: Աստված մարդուն անսահման երևակայություն տվեց և մարդն իր անսահման երևակայությամբ կարողացավ միայն սահմաններ ստեղծել իր ու իր նմանի միջև: Սխալ, սխա՛լ ստեղծված մարդ… Ո՞նց չի բերել քո բախտը: Ընդամենը մի աղիք, բարակ աղիք էր պակասում մարդուն, որ ուղեղից դուրս թափեր կեղտը: Այդ բարակ խողովակը չլինելու պատճառով երկրներ են ավերվում, ժողովուրդներ դժբախտանում՝ մեն-մի «աղբ» բառով: տքի է կանգնում: Պաթետիկ) :

Ես հուշարձան չկանգնեցրի ինձ անձեռակերտ,

                                   Եվ անգամ ձեռակերտ տուն չունեցա,

                                   Իմ տունն աշխարհն է այս հոյակերտ,

                                   Որտեղ Աստված ու Նեռ կա և կա՛ շահ

Չի ստացվում: Թվում է՝ Պուշկինից հանճարեղ է ասված, բայց չի ստացվում: Բառակույտ է, բառերի աղբանոց: (Ծածկոցը գցելով ուսերին` որպես հռոմեական ճառախոս, վերամբարձ դիմում է ֆրակին) : Հիշիր, բարեկամ, տիեզերքի բառերը ծնվում ու մահանում են միայն այս պստիկ մոլորակի վրա: Մարդիկ սովորեցին միմյանց սպանել ու թաղել, իսկ բառը սպանել ու թաղել մարդիկ չկարողացան: Չկարողացան, որովհետև «թաղել»-ն էլ բառ է, թաղման «թաղում»-ն էլ: Մենք բոլորս խոսում ենք, խոսում, խոսում ենք ավելի լավը երևալու համար, խոսում ենք, խոսո՜ւմ, որ մահից հետո էլ հիշվենք, որ մեր մասին ասեն` հիշո՞ւմ եք, ինչ իմաստուն մարդ էր,  ինչեր էր խոսում: Մինչդեռ  ոչ-ոք չի հասկանում լռության գինը, ոչ ոք չի գիտակցում, որ, ի վերջո, հավերժությունը նորին մեծություն լռությունն է: Ու քանի որ րոպեն… րոպե՜ն… (Մոտենում է ֆրակին) : հավերժության մի մասնիկն է… Ուրեմն եկեք մեկ րոպե լռությամբ հավերժացնենք ապրողների հիշատակը: (Հանդիսավոր, գլխահակ կանգնում է) : Շնորհակալություն, նստեք: (Ֆրակին.) Նստե՛ք: (Ձեռքը թափ է տալիս) : Չես ուզում՝ քո գործն է: (Խոհերի մեջ) :

Ամեն ինչ պատրանք է սրտակեղեք,

                                               Ապագան հեռվից գայթակղում է մեզ,

                                               Լինել առաջվանն՝ անկարող ենք մենք,

                                               Ոչ էլ ներկան է մերն ամբողջապես… (Ֆրակին.)

Տեսա՞ր, ինչպես է գրել Բայրոնը… Բա՜ռը… Նա պատերազմներ է հայտարարում ու խաղաղություն է հաստատում, հիվանդացնում է ու ապաքինում, հուսահատեցնում է ու հուսադրում: Դու մտածե՞լ ես, թե ինչ առեղծված է բառը: Փարիսեցիների ու փարիզցիների տարբերությունը շատ ավելի մեծ է, քան այդ բառերի նմանությունը… Ա՜յ, կարող ես գրել «հզոր»: բր գետնի վրա գրում է) : Եվ նույն պահին էլ դա կարող ես ջնջել կոշիկիդ հնամաշ ներբանով: (Ներբանով ջնջում է) : Կարող ես ասել` «ճիճու» և…. պրեզիդենտ: Կարող ես ասել` ճիճու պրեզիդենտ կամ` ճիճուների պրեզիդենտ: Կամ պրեզիդենտի ճի-ճո՛ւ… Բառե՜ր, բառե՜ր, բառե՜ր… Նույնիսկ «սուտ» բառն իր գոյության ճշմարտությունն ունի: Եվ այս ամենը մենք պարզում ենք մեր պստիկ բանականությամբ: Հարց ենք տալիս մեզ և փնտրում, գտնում ենք պատասխանը: Հարց ենք տալիս՝ գտնում ենք: Հարց՝ պատասխան, հարց՝ պատասխան… Ամեն ինչ իմացանք, մեծամտացանք և չհասկացանք, որ Տիեզերքի տերը լինել, դեռ չի նշանակում լինել Տիեզերքի Արարիչը: Չհասկացանք, որ Տիեզերքի ամեն մի նյութ, փոքրից մինչև մեծ՝ ամեն մի նյութ, և՛ հարց է, և՛ պատասխան՝ Արարչի կողմից: (Կում է անում, փլվում է տակառի մոտ: Վառվում են հեռավոր երկնաքերների լույսերը, գունավոր ազդագրերը) : Շատ տխուր կլիներ մտածելը, թե Աստված կա ու գոյություն ունի միայն մարդկանց համար: Դա նույնն է, թե մտածեինք, որ Տիեզերքը կա ու գոյություն ունի միայն Երկիր մոլորակ ունենալու համար: Ասում են՝ մարդը կիրք է: Հանիր մարդուց կիրքը և ոչինչ չի մնա: Այնինչ բնության մեջ չկա մի գոյական, որ իր ցեղին ու տեսակին հատուկ կիրք չունենա: Եվ գիտե՞ք, թե ինչու… Որովհետև Տիեզերքը ինքը կի՜րք է: Աստծո՛ կիրքը, որ և՛ արգանդ է, և՛ գերեզման: Աստղերը… Որտե՞ղ են աստղերը… Մի՞թե այս երկինքն աստղեր չունի: Հասկացա, հասկացա՜, մեծ քաղաքի լույսերը մարեցին աստղերը: Բայց առանց աստղերի ես չեմ կարող: Չեմ կարող: ախտակամածի տակից հանում է փայլաթիթեղից կտրված մեծ ու փոքր աստղեր և տենդորեն ամրացնում է շուրջբոլորը) : Ահա…. (Ֆրակին.) Վա:տ է, որ մեր երկինքն աստղեր ունի: Տես, ինչ գեղեցիկ է… Փնտրի քո աստղը, գտիր քո աստղը… (Ավարտելով գործը՝ ինքնաբավ նայում է աստղալից շուրջբոլորը, ապա դիմում է երկնաքերներին) : Հե՜յ, դժբախտներ, գիտեք, թե որքան մեծ է ձեր դժբախտությունը: Դուք չգիտեք, թե ինչ են աստղերը: (Ծալապատիկ նստում է տախտակամածին, հիացած նայում է շուրջն օրորվող, փայլփլող աստղերին, հայացքը հառում է գետնին` իբր Տիեզերքի խորքերում ինչոր բան է փնտրում) : Այստեղ, ինչ-որ տեղ, Երկիր մոլորակը պիտի լիներ… Ահա, նշմարեցի… Սա այն մոլորակն է, որի բանական էակները սպանում են միմյանց, թալանում են և ով շատ է սպանում ու թալանում, նրան աստղաձև շքանշան են տալիս: (Շրջապատի աստղերին) : Տեսնո՞ւմ եք, ձեզ ինչպես են ծառայեցնում իրենց փառքի համար: Այ քեզ հիմարություն… Եվ այս արարածները բանակա՞ն են համարում իրենց: Ահա, նայիր, կրծքին աստղ կա… Ստալինը չէ՞: Ստալինն է: Մյո՞ւսը… Հիտլերն է: Դե, ուրիշ ո՞վ կարող էր աստղով չբավարարվել և Հիսուսի խաչը զարդ ու պատվո նշան սարքել փողկապի վրա: Ահա և մեր հին ծանոթը` Թալեաթը: Հիմարին նայիր, սա էլ լուսինն է սեփականաշնորհել: (Դիմում է աստղերին) : Տեսեք, թե ձեր անունից ինչեր են անում այնտեղ… Սպասի՛ր:  Սպասիր, իջնեմ ներքև… Ես ձե՜ր… (Մոտենալով տակառին, ճմրթված, ծալված լրագրեր է դուրս գցում մեջից, գտնում է փնտրած խանձակոթը, բեմի մեջտեղում շրջանագիծ է գծում) : Ո՞վ է ձեզ թույլ տվել մորթելու, կործանելու, սպանելու, կախաղան հանելու համար Աստծո ճրագներով զարդարեք միմյանց: (Մտնում է շրջանագծի մեջ և երկրորդ ոտքին տեղ չգտնելով՝ մնում է մեկ ոտքի վրա: Տեղում թռչկոտելով հիստերիկ ծիծաղում է) : Երկրի վրա ինձ համար տեղ չկա… Անհնար է այս մոլորակի վրա հաստատուն կանգնել առանց մեկ ուրիշի գլուխը տրորելու: (Դուրս է թռչում շրջանագծից և դիմում է նրան) : Տեսա՞ր, ինչքան ես փոքր: Խելքի եկ, մեղք ես, մի կործանիր քեզ: (Վերցնելով մի կողմ նետած խանձակոթը, գցում է տակառի մեջ, հավաքում է լրագրերը և, պատահմամբ, աչքի անցկացնելով մեկը, կարդում է) : «Աֆղանստանի մոջահեդները կրակ են բացել ռազմական մեքենայի վրա»… (Թերթը գցում է տակառը, աչքի է անցկացնում մյուսը) : «Չեչեն գրոհայինները առևանգել են ռուսական ինքնաթիռը»… (Գցում է տակառը, կարդում է հաջորդը) : «Հայերը պահանջում են ճանաչել 1915 թվականի Մեծ եղեռնը»… (Կարդում է հաջորդը) : «Գազայում ռմբակոծվել է»… (Գցում է տակառը) : «Չնայած հայտարարված հրադադարին, Լեռնային Ղարաբաղի սահմաններում»… (Գցում է) : ՚Վրաց-օսական հակամարտությունը նոր զոհերի»… (Գցում է) : «Իրաքի ծայրահեղականները պայթեցրել են»… (Գցում է) : «Միջուկային զենքի փորձարկում Կորեայում»… (Գցում է տակառը, ներբաններով ջնջում է շրջանագիծը) : Դու սա՞ ես ուզում… սա՞ ես ուզում… սա՞ ես ուզում… (Դադար: Մոլոր պտտվում է տեղում) : Ինչո՞ւ եմ այստեղ, այս օտար քաղաքի անհյուրընկալ փողոցում… Հե՜յ,  Թալեաթ,  ինչո՞ւ եմ ես այստեղ… Հիտլեր, Ստալին, Բեն Լադեն, ինչո՞ւ են այստեղ արաբն ու քուրդը, հայն ու չեչենը, աղվանն ու սերբը, աբխազն ու պարսիկը, վրացին ու ալբանացին… Ի՞նչ գործ ունեն նրանք Լոս Անջելեսի քրջոտ փողոցում… Ինչո՞ւ ենք մենք այստե՜ղ… տեսնող, անտարբեր հայացքով շուրջն է նայում, երգում է) :

Սիրտս նման է էն փլած տներ,

                                               Կոտրեր գերաններ, խախտեր են սներ,

                                               Բուն պիտի դնեն մեջ վայրի հավքեր,

                                               Երթամ ձի թալեմ էն էլման գետեր,

                                               Ըլնիմ ձկներու ձագերացն կեր,

                                               Ա՜յ: Տո լաճ տնավեր….

(Այսուհետ նրա խոսքը զառանցանք է հիշեցնում) : Ո՞վ հնարեց մենակությունը: Քեզ ո՞վ հնարեց, մենակություն: Մի՛ թողեք մենակ ձեր նմանին, մարդիկ… Մենակ մի՛ թողեք նրան, որ հասկանաք ապրելու երջանկությունը… Ցնդում եմ: Ցնդո՞ւմ եմ… Չէ՛, ի՞նչ ցնդել, պարզապես մահանում եմ: Գուցե վաղուց մեռա՞ծ եմ: Հը՞… Նմա՞ն եմ մեռելի: Իհա՛րկե մեռած եմ, թեև… Թեև իսկական դիակ լինելու համար ինձ խանգարում է մի փոքրիկ սուտ՝ կյանքը: Իսկ իմ կյանքը սոսկ ճիչ է: Ես ճիչ եմ, պարոնա՛յք, և արձագանքն եմ այն սրտակեղեք ճիչի, որն արձակեց աշխարհի առաջին տարագիրը: Բանականություն չփնտրեք իմ մեջ, այն վաղուց դարձել է երևակայություն… զգացմունքներ էլ մի փնտրեք, դրանք դարձել են իղձ: (Դժվարությամբ ոտքի է կանգնում) : Կանգնեցրե՛ք բոլոր ժամացույցները, ժամանակը դրանց կարիքը չունի՛… (Օրորվելով ուղղվում է դեպի կացարանը) : Դուք վախենո՞ւմ եք մահից: Մոլորությո՜ւն… Մահին սիրել է պետք, պարոնայք, մահին սիրել… Քանզի նա հաշտարար է: Նա սիրելիների նկատմամբ ազնիվ կարոտ է ծնում, թշնամիների ատելությունը փոխում է հաշտության: (Կացարանից դուրս է քաշում տոպրակ, քարշ տալով վերադառնում է տակառի մոտ) : Մա՜հը… (Գաղտնիք ասելու պես) : Նա կյանքի նման երկերեսանի չէ: Միշտ այնպիսին է, ինչպիսին կա` միադեմ,  բոլորի համար հավասար: Կյանքն է, որ սիրելիներ ունի: Սիրեկաններ ունի: Անարժաններին արժևորում է, ստորներին գահեր է տալիս: (Տոպրակի պարունակությունը` քառածալ նամակներ, դատարկում է գետնին, ծոցագրպանում եղածը հանում, ավելացնում է կույտին) : Ահավոր է, երբ քեզ ոչ ոք չի սպասում… Դաժանություն է, երբ քեզ ոչ ոք  չի նկատում և դու ոչ մեկին պետք չես… Մահ է, երբ մենակ ես: Չէ,  ի՞նչ եմ ասում, մահը փրկություն է, երբ մենակ ես: (Ֆրակին.) Դու կարո՞ղ ես այսքան նամակ կարդալ ու անգիր անել: Չե՛ս կարող: Իսկ կարո՞ղ ես այսքան նամակ գրել: Պատասխան չկա: (Շշուկով) : Իսկ կարո՞ղ ես այսքան նամակ գրել ինքդ քեզ… Ինքդ քեզ հավատացնելու համար, թե հարազատներ ունես, թե նրանք սիրում են քեզ, սպասում են, կարոտում են… Ինքդ քեզ հավատացնելու համար, թե մենակ չես աշխարհի վրա: (Նամակները լցնում է տակառի մեջ) : Ո՞վ կարող է այսքան չգրված նամակներ ստանալ… Ո՞վ կարող է ստանալ նամակներ, որոնց վրա ոչ ստացողի հասցեն կա ու ոչ՝ գրողի… (Լուցկին վառում, գցում է տակառի մեջ: Թղթերը վառվում են) : Ո՞վ կարող է ունենալ այսքան մեծ հարստություն… չգրված նամակներ… չընթերցված նամակներ, ո՞վ կարող է ունենալ… (Ակնդետ նայում է բոցերին, պաթոսով) : Զարկեցե՛ք թմբուկները, հնչեցրե՛ք շեփորները, հաղորդե՛ք աշխարհին, որ Սիմոն Թագավորը հզոր էր այնքան ժամանակ, քանի դեռ կանգնած էր իր հայրենի հողի վրա: Սակայն երբ հայտնվեց տախտակամածին, որի տակ ոչ թե ծով էր ալեկոծվում, այլ օտար մի երկիր, օտար հողը չդիմացավ Սիմոն թագավորի արքայական ծանրությանն ու ներս քաշեց նրան… Հե՜յ, մունետիկներ, ազդարարե՛ք աշխարհին Սիմոն թագավորի հրամանը: Ես` Սիմոն թագավորս, հրամայում եմ՝ այսուհետ ոչ մի տեղ և ոչ մեկն իրեն մենակ չզգա: Հայտնեք կտակս՝ ինձ թողնելով իմ աճյունի մի բուռ փոշին՝ Տիեզերքը կտակում եմ մարդկությանը: Ազդարարեք աշխարհին արքայի մահը և հայտնեք, որ Սիմոն Թագավորը տառապում էր սիրո ախտով և մեռավ չար անտարբերության զեղումից առաջացած մենակության կաթվածից: Նաև հայտնեք բոլոր-բոլորին՝ թուրքին, հրեային, հույնին ու չինացուն, ռուսին ու ֆրանսիացուն, հային ու գերմանացուն, բոլոր ազգերին հայտնեք, որ եթե մարդը մարդ է սպանում՝ դա ինքնասպանություն է, պարոնա՛յք… Եվ հերի՛ք է, հերի՛ք է, հերի՛ք է զենքը ձեռքներիդ արևի տակ մեծ տեղ փնտրեք: Մոլորակը փոքր է, պարոնա՛յք, ավելի փոքր, քան մեր փառասեր ցանկությունները: Սևամորթ լինեք, կարմրամորթ, թե սպիտակամորթ, ինչ գույնի էլ լինեք, այս արևի տակ բոլորիս ստվերը նույն գույնն ունի… (Ձեռքը սեղմելով  սրտին, կծկվում է, երերուն քայլում է բեմառաջ) : Իմ հոգին այսօր դուրս է գալիս Տիեզերքի բաց ծով` հերթական և երկարատև նավարկության… Եվս մի շրջապտույտ, ու ես կրկին կվերադառնամ: Բայց… Բայց տեսեք, հա՜, չօգտվեք իմ ժամանակավոր բացակայությունից և երկիրը չվերածեք հոմլեզների կացարանի: նկնում է ծնկների վրա) : Փառք քեզ, Արարիչ, որ իմ նման չնչին արարածի մահով վերահաստատում ես քո անմահությունը… (Անշնչացած փռվում է գետնին):

Կարդացեք նաև