Դավիթ ԽԱՉԻՅԱՆ / ՍՈՒՐՃ ԵՎ ՎԻՏԱՄԻՆՆԵՐ

…բայց ամենամեծ մեղքը, երևի թե, ինքնախաբեությունն է: Ինքդ քեզ խաբելով կորցնում ես իրականության զգացողությունը, իսկ զգայական ընկալումներդ դառնում են կեղծ: Արդյունքում՝ չես տեսնում իրական աշխարհը, այլ ընդամենը նրա այլասերված պրոյեկցիան՝ ժամանակի և տարածության սեփական առանցքիդ վրա: Այսինքն՝ դու արդեն դու չես: Իսկ թե ով ես՝ բնավ էական չէ, քանզի քո գոյությունն էլ է արդեն կեղծ ու ժամանակավրեպ…

Ինչևէ, թող յուրաքանչյուրիս տրվի ըստ մեր հավատի: Մնացածը հաստատ չարից է:

 

Կատակերգություն մեկ արարով

 

Սովորական սրճարան է: Մարդիկ են մտնում ու դուրս գալիս: Դրսում անձրև է: Լսվում է ամպրոպի և հորդացող անձրևի ձայնը: Բարի սեղանիկի մոտ մի քանիսն են՝ իրենց սուրճը կամ գարեջուրը վայելող: Բոլորի ձեռքին կամ դիմացը, բաժակներից ու պնակներից զատ, նաև լրագիր կամ ձեռքի հեռախոս կա: Մեծ մասը խորասուզված կարդում է թերթը կամ ընկղմված է հեռախոսի մեջ: Ներս է մտնում երիտասարդը: Փակում է հովանոցը, դնում զամբյուղի մեջ, ապա հանում է թաց բաճկոնն ու կախում է: Հայացքով ազատ սեղանիկ է գտնում, նստում է: Քիչ անց նրան է մոտենում մատուցողն ու մեկնում է ճաշացանկը:

ՄԱՏՈՒՑՈՂ — Բարի օր: Ի՞նչ կկամենաք:

ԵՐԻՏԱՍԱՐԴ — Բարև: Երևի թե առայժմ՝ մի բաժակ սուրճ:

ՄԱՏՈՒՑՈՂ — Ինչպիսի՞ սուրճ:

ԵՐԻՏԱՍԱՐԴ(տարակուսած) : Իսկ դուք ինչպիսի՞ն ունեք:

ՄԱՏՈՒՑՈՂ — Նայեք ճաշացանկի երկրորդ էջում:

ԵՐԻՏԱՍԱՐԴ(ձեռքն առնելով ու զննելով ճաշացանկը) : Արևելյան, ամերիկանո, կապուչինո, էսպրեսո… Հմմ… Մի րոպե… (Նայում է հեռախոսի մեջ: ) Երևի ամերիկանո: Եվ… (Կրկին նայում է հեռախոսի մեջ: ) Ջուր:

ՄԱՏՈՒՑՈՂ — Ինչպիսի՞ ջուր:

ԵՐԻՏԱՍԱՐԴ(կրկին նայելով հեռախոսի մեջ) : Սովորական, առանց գազի:

ՄԱՏՈՒՑՈՂ — Լավ: Հիմա կբերեմ: (Ցանկանում է գնալ: )

ԵՐԻՏԱՍԱՐԴ — Կներեք, մի րոպե… Իսկ ձեզ մոտ ծխել կարելի՞ է:

ՄԱՏՈՒՑՈՂ(ցույց տալով պատի ցուցանակը) : Ոչ, պարոն:

ԵՐԻՏԱՍԱՐԴ — Մի բան էլ… Եթե հանկարծ մի երիտասարդ կին մտնի ու հարցնի Անտոնիոյին,  խնդրում եմ նրան ուղեկցել ինձ մոտ:

ՄԱՏՈՒՑՈՂ — Շատ բարի: Իսկ ինչպիսի՞ն է այդ կինը:

ԵՐԻՏԱՍԱՐԴ — Երիտասարդ, հմայիչ…

ՄԱՏՈՒՑՈՂ — Ձեր ընկերուհի՞ն է:

ԵՐԻՏԱՍԱՐԴ — Ո՜չ… Բայց հույս ունեմ, որ կդառնա… Այսօր ես նրան սիրո խոստովանություն կանեմ:

ՄԱՏՈՒՑՈՂ(ժպտալով) : Ճիշտ էլ կանեք: Դրա համար այսօր հրաշալի եղանակ է:

ԵՐԻՏԱՍԱՐԴ — Դե, դե… Բերեք, ինչ որ պատվիրեցի, մինչև նա գա:

ՄԱՏՈՒՑՈՂ — Շատ լավ: (Հեռանում է: )

Երիտասարդը գրպանից հանում է սիգարետի տուփն ու այրիչը, սակայն հայացքն ընկնում է ծխելն արգելող ցուցանակին, կրկին գրպանն է դնում: Մատներով կտկտացնում է սեղանին, պատուհանից դուրս է նայում: Մոտենում է մատուցողը, սեղանին է դնում սուրճն ու ջուրը:

ՄԱՏՈՒՑՈՂ — Խնդրեմ:

ԵՐԻՏԱՍԱՐԴ(ինչոր բան նայելով հեռախոսի մեջ) : Շնորհակալություն:

Մատուցողը հեռանում է: Երիտասարդը կում է անում ջրից ու նայում շուրջբոլորը: Հայացքը կանգ է առնում բարի սեղանիկի մոտ հավաքվածներին:

ԲԱՐՄԵՆ — Եթե ոչինչ չեք պատվիրում, բարի եղեք դուրս գալ և տեղ ազատել մյուսների համար:

ԱՅՑԵԼՈՒ 1(նայելով հեռախոսի մեջ) : Անձրևին դեռ տասը րոպե կա: Ինձ մի բաժակ էլ սուրճ: Նույնից:

ԲԱՐՄԵՆ(դժգոհ) : Հիմա… Ի՞նչ պիտի անեիք, եթե այդ հեռախոսները չլինեին:

ԱՅՑԵԼՈՒ 2 — Թերթ կկարդայինք: Ինձ էլ մի բաժակ սովորական ջուր: Կարելի է ծորակից, եթե անվճար է:

ԲԱՐՄԵՆ — Ծորակից չի կարելի: Կարդացեք: (Ցույց է տալիս ցուցանակը՝ «Ծորակից ջուր խմելն արգելվում է»: )

ԱՅՑԵԼՈՒ 1(անչար հեգնանքով) : Ամե՛ն ինչ գիտեք… Ամե՛ն ինչ փողով է…

ԱՅՑԵԼՈՒ 2 — Ինչ լավ կլիներ, եթե բարմեններն էլ հեռախոսների պես լինեին՝ վճարիր և ստացիր ուզածդ: Առանց ավելորդ զազրախոսությունների:

ԲԱՐՄԵՆ(վրդովված) : Կարող եք օգտվել փողոցում դրված մեխանիկական սարքից՝ գցում եք մանրադրամն ու ստանում ձեր ուզածը:

ԱՅՑԵԼՈՒ 1(նայելով հեռախոսի մեջ) : Միամիտ չենք՝ անձրևը դեռ չի կտրվել:

ԲԱՐՄԵՆ — Դե ուրեմն՝ բարի եղեք հարգել իմ  աշխատանքը և ավելորդ բաներ մի՛ ասեք: (Սեղանիկին է դնում սուրճն ու ջուրը: ) Բարի ախորժակ:

Ներս է մտնում երիտասարդ կինը՝ թրջված մազերով: Հանում է անձրևանոցն ու կախում: Նրան է մոտենում մատուցողը:

ՄԱՏՈՒՑՈՂ — Ցանկանում եք նստե՞լ:

ԿԻՆ — Այո… Ճիշտն ասած, ես պետք է մի մարդու տեսնեմ… Երևի նա այստեղ է:

ՄԱՏՈՒՑՈՂ(նայելով ձեռքի թղթին) : Պարոն Անտոնիոյի՞ն:

ԿԻՆ(ժպտալով) : Այո, պարոն Անտոնիոյին:

ՄԱՏՈՒՑՈՂ(ցույց տալով երիտասարդի սեղանը) : Ահա նա: Կարծում եմ՝ ձեզ է սպասում:

ԿԻՆ — Շնորհակալ եմ: (Մոտենում է երիտասարդի սեղանին: ) Բարև ձեզ: Ես եկա…

ԵՐԻՏԱՍԱՐԴ(կիսականգնելով ու ժպտալով) : Վերջապես… Համեցեք, նստեք: Ես անհամբեր սպասում էի ձեզ: Ի՞նչ կխմեք: Ի դեպ, ես Անտոնիոն եմ:

ԿԻՆ — Կներեք, որ ուշացա: Սարսափելի անձրև է… Սառել եմ: Ես Քրիստինան եմ:

ԵՐԻՏԱՍԱՐԴ — Այո… Անձրև է… Մի բաժակ սուրճը կտաքացնի ձեզ:

ԿԻՆ — Ես թեյ կխմեի…

ԵՐԻՏԱՍԱՐԴ(մոտեցած մատուցողին) : Մի բաժակ թեյ:

ՄԱՏՈՒՑՈՂ — Ինչպիսի՞ թեյ:

ԿԻՆ (տարակուսած) : Իսկ դուք ինչպիսի՞ն ունեք:

ՄԱՏՈՒՑՈՂ — Նայեք ճաշացանկի երկրորդ էջում:

ԿԻՆ — Սովորական, սև, կանաչ, խոտաբույսերով, կարկադե… Ինձ… երևի սովորական:

ՄԱՏՈՒՑՈՂ — Շատ բարի: Հիմա կբերեմ:

Կարճատև լռություն: Կինը շուրջն է նայում, ապա՝ պատուհանից դուրս: Երիտասարդը մատներով կտկտացնում է սեղանը:

ԿԻՆ — Դուք սիրո՞ւմ եք անձրև, Անտոնիո:

ԵՐԻՏԱՍԱՐԴ(նայելով դիմացը դրված հեռախոսի մեջ և ժպտալով) : Այո, իհարկե: Հատկապես երբ տաքուկ սրճարանում եմ:

ԿԻՆ — Ես ամեն ինչ եմ սիրում՝ անձրևը, արևը, ձյունը, քամին, աշունը, գարնան զարթոնքը, ամառվա տաք շունչը… Ես սիրում եմ կյանքը…

ԵՐԻՏԱՍԱՐԴ(նայելով հեռախոսի մեջ) : Կյանքը բեմ է, իսկ մարդիկ՝ դերասաններ, ինչպես ասել է մեծ դրամատուրգը:

ԿԻՆ(ժպտալով) : Երևի թե ճիշտ է ասել: Իսկ դուք հաճա՞խ եք լինում այստեղ: Ինչո՞ւ հատկապես այս սրճարանն ընտրեցիք մեր հանդիպման համար:

Մատուցողը բերում է թեյը, հետաքրքրված հայացքով զննում է կնոջն ու հեռանում:

ԵՐԻՏԱՍԱՐԴ — Անկեղծ ասած, ուրիշ սրճարան չգիտեմ:

ԿԻՆ — Ինչպե՞ս: Այս հսկա քաղաքում ուրիշ սրճարան չգիտե՞ք: (Ծիծաղում է: )

ԵՐԻՏԱՍԱՐԴ — Դե հա, սրճարաններ համարյա չեմ այցելում: Տնից՝ գործի, գործից՝ տուն… Այս մեկը պարզապես իմ ճանապարհին է: Դրա համար էլ հենց սա առաջարկեցի:

ԿԻՆ(ժպտալով) : Իսկ ես սիրում եմ սրճարաններ: Կարելի է նստել, մի բաժակ սուրճ վերցնել ու պատուհանից դուրս նայել: Կամ էլ գաղտագողի հաճախորդներին ուսումնասիրել:

ԵՐԻՏԱՍԱՐԴ — Ուսումնասիրե՞լ: Դե, ուրեմն, գաղտագողի նայեք ու ասեք, թե ինչ եք մտածում հաճախորդների մասին:

ԿԻՆ — Հատուկ նայելու կարիք չունեմ: Մի հայացքն էլ բավական է:

ԵՐԻՏԱՍԱՐԴ — Ե՞վ…

ԿԻՆ — Բարմենը հիստերիկ է: Մատուցողը՝ այլասեռական, թեև փորձում է թաքցնել դա: Բարի սեղանիկի մոտ նստած երկուսն էլ տափակ ժամավաճառներ են:

ԵՐԻՏԱՍԱՐԴ(զարմացած) : Մի հայացքով դա նկատեցի՞ք:

ԿԻՆ(ժպտալով) : Իհարկե: Դա այնքան էլ բարդ չէ: Համենայնդեպս, կանայք այդ արվեստին տիրապետում են առանց հեռախոսի մեջ նայելու:

ԵՐԻՏԱՍԱՐԴ — Այդ արդյունքին հասնելու համար տղամարդկանց պետք է երկար հետազոտություններ անել, ստուգել, ապացույցներ գտնել…

ԿԻՆ — Ապացույցներ պետք չեն: Պարզապես ապրեք:

ԵՐԻՏԱՍԱՐԴ — Այո: Ժամանակն է սկսել ապրել…

ԿԻՆ(ժպտալով) : Իսկ մինչ հիմա ի՞նչ էիք անում, Անտոնիո:

ԵՐԻՏԱՍԱՐԴ — Ե՞ս: Ես ապրում էի…

ԿԻՆ — Բա էլ ինչո՞ւ եք ասում, թե պետք է սկսել ապրել:

ԵՐԻՏԱՍԱՐԴ(հայացք նետելով հեռախոսի մեջ) : Դե, գիտե՜ք… Տարիներն անցնում են… Եվ սկսում եմ մտածել…

ԿԻՆ — Տարիներն անցնում են և սկսում եք մտածե՞լ…

ԵՐԻՏԱՍԱՐԴ — Նկատի ունեմ՝ լուրջ բաների մասին… Դուք քանի՞ տարեկան եք, Քրիստինա:

ԿԻՆ — Անտոնիո՜… Ի սեր աստծո…

ԵՐԻՏԱՍԱՐԴ — Այ, տեսնո՞ւմ եք… Իսկ ես անկեղծ զրույց էի ակնկալում…

ԿԻՆ — Ես միանգամայն անկեղծ եմ ձեզ հետ: Չէ՞ որ ասացի ամենակարևոր բաները:

ԵՐԻՏԱՍԱՐԴ — Ո՞ր բաները:

ԿԻՆ — Անձրևի, քամու ու ձյան մասին… Մի՞թե անպայման պետք է իմ տարիքն իմանալ հետաքրքիր զրույցի կամ ինձ ճանաչելու համար:

ԵՐԻՏԱՍԱՐԴ(նայելով հեռախոսի մեջ) : Այստեղ գրված է, որ դուք քսանինը տարեկան եք:

ԿԻՆ(ծիծաղելով) : Իսկ առանց դրան հնարավոր չէ՞ր գուշակել: Թեկուզ մոտավոր: Ձեր կարծիքով, ես քանի՞ տարեկան եմ:

ԵՐԻՏԱՍԱՐԴ — Դե, անկեղծ ասած…

ԿԻՆ — Այո, այո: Անկեղծ ասեք, խնդրում եմ:

ԵՐԻՏԱՍԱՐԴ — Դե, մոտավորապես…

ԿԻՆ — Խոստովանեք, որ դա էական չէ հետաքրքիր զրույցի համար:

ԵՐԻՏԱՍԱՐԴ — Իհարկե, դուք ճիշտ եք… Բայց տվյալները…

ԿԻՆ — Ոչ մի տվյալ էլ պետք չէ, Անտոնիո… Ես արդեն ասացի ամենակարևոր բաները:

ԵՐԻՏԱՍԱՐԴ(կում անելով սուրճից) : Ինչ համեղ սուրճ է… Իսկ երեխաներ սիրո՞ւմ եք:

ԿԻՆ(զրնգուն ծիծաղով) : Անտոնիո՜… Դուք տեսե՞լ եք թեկուզ մի կին, որը երեխաներ չի սիրում:

ԵՐԻՏԱՍԱՐԴ — Ես… Չգիտեմ… Վիճակագրական տվյալներն ասում են, որ… Ահա, նայեք, պաշտոնական կայքէջում գրված է…

ԿԻՆ — Խնդրում եմ, թողեք այդ պաշտոնական տվյալները: Պարզապես խոսեք ինձ հետ:

ԵՐԻՏԱՍԱՐԴ(մի քիչ շփոթված) :  Դե… հենց դա էլ անում եմ:

ԿԻՆ — Պատմեք ինձ ձեր կյանքի ամենակարևոր դրվագը:

ԵՐԻՏԱՍԱՐԴ — Դե, ի՞նչ ասեմ… Ես ծնվել եմ հազար ինը հարյուր…

ԿԻՆ — Անցեք առաջ:

ԵՐԻՏԱՍԱՐԴ — Սովորել եմ դպրոցում, ապա ընդունվել համալսարան: Ի դեպ, ավարտել եմ կարմիր դիպլոմով… (Նայում է հեռախոսի մեջ: ) Հիմա… Աշխատում եմ ակադեմիական ինստիտուտներից մեկում որպես ավագ գիտաշխատող… (Կրկին նայում է հեռախոսի մեջ: ) Հետաքրքրվում եմ կինոյով, գրականությամբ: Ազատ ժամանակս նվիրում եմ սպորտին:

ԿԻՆ(թաքնված հեգնանքով) : Շա՜տ հետաքրքիր է: Դուք ժողովեք ձեր մտքերը, իսկ ես շուտով կվերադառնամ: (Բարձրանում է տեղից, վերցնում պայուսակն ու գնում է կուլիսների կողմը: )

Երիտասարդը, օգտվելով առիթից, աճապարանքով կարդում է հեռախոսի մեջ ու գրպանից հանած ինչ-որ թղթեր: Մոտենում է մատուցողը:

ՄԱՏՈՒՑՈՂ — Ինչ-որ բան կուզե՞ք:

ԵՐԻՏԱՍԱՐԴ(բարձրացնելով հայացքն ու մի պահ կարկամելով) : Ոչ… Իսկ ի՞նչ կա:

ՄԱՏՈՒՑՈՂ(թեքվելով դեպի երիտասարդը) : Ինձ ներեք, պարոն, բայց տեսնում եմ, որ դուք հարգարժան մարդ եք: Այս կինը… Դե, ձեր ընկերուհին… Նա մեզ մոտ հաճախ է լինում, և ամեն անգամ տարբեր տղամարդկանց հետ:

ԵՐԻՏԱՍԱՐԴ(անքթիթ նայելով մատուցողին) : Ե՞վ… Դա ի՞նչ է նշանակում:

ՄԱՏՈՒՑՈՂ — Դե, ես ուրիշ բան չասացի: Պարզապես ցանկացա տեղեկացնել ձեզ… Ես տեսնում եմ, որ դուք պարկեշտ մարդ եք… (Հեռանում է: )

ԵՐԻՏԱՍԱՐԴ(կարճ պահ նայելով մատուցողի ետևից, կիսաձայն) : Շնորհակալ եմ տեղեկության համար… (Շարունակում է տնտղել հեռախոսն ու թղթերը: )

Վերադառնում է կինը:

ԿԻՆ — Կներեք: Ես վերադարձա:

ԵՐԻՏԱՍԱՐԴ(շփոթված բարձրացնելով հայացքը, ժպտալով) : Բարի վերադարձ:

ԿԻՆ — Իսկ չե՞ք ուզում հարցնել, թե որտեղ էի:

ԵՐԻՏԱՍԱՐԴ(շփոթված) : Դե… դա պարզ է:

ԿԻՆ — Բրա՛վո: Փաստորեն ինչ-որ բաներ կարելի է հասկանալ առանց ավելորդ հարցեր տալու: Մեկ քայլ առաջ: Դե, շարունակեք: (Կում է անում թեյից: ) Ասացիք՝ ի՞նչ եք սիրում կյանքում:

ԵՐԻՏԱՍԱՐԴ — Սիրում եմ աշխատել և նոր հաջողություններ գրանցել:

ԿԻՆ — Հետաքրքիր է: Իսկ ի՞նչ է հաջողությունը:

ԵՐԻՏԱՍԱՐԴ — Հաջողությո՞ւնը… Դա… (Փորձում է գաղտագողի նայել հեռախոսի մեջ, բայց ամաչում է: ) Դա…

ԿԻՆ — Ավելի համարձակ…

ԵՐԻՏԱՍԱՐԴ — Ավելի համարձակ՝ դա… Դժվար է բառերով ասել…

ԿԻՆ(ժպտալով) : Իսկ այլ կերպ կարո՞ղ եք ասել, եթե ոչ բառերով:

ԵՐԻՏԱՍԱՐԴ — Չգիտեմ…

ԿԻՆ — Դե լավ, իսկ ձեզ համար ի՞նչ է երջանկությունը:

ԵՐԻՏԱՍԱՐԴ — Դե, օրինակ, Նիցշեն ասում էր, որ երջանկությունը հաղթանակի զգացողությունն է: Հերթական արգելքը հաղթահարելու ապրումը:

ԿԻՆ — Իսկ ի՞նչ է հաղթանակը:

ԵՐԻՏԱՍԱՐԴ — Հաղթանակը հաջողությունն է: Այո, հենց այդպես:

ԿԻՆ(ծիծաղելով) : Փակ օղակ ստացանք՝ երջանկություն-հաջողություն-հաղթանակ… Ասես գովազդային ցուցանակից լինի:

ԵՐԻՏԱՍԱՐԴ — Այո, գովազդը բիզնեսի շարժիչ ուժն է: Չեմ հիշում՝ ում բառերն են: Հիմա կնայեմ: (Նայում է հեռախոսի մեջ: )

ԿԻՆ — Պետք չէ: Մի՛ նայեք: Իսկ ի՞նչ եք սիրում ուտել… Ես շատ եմ սիրում ելակով պաղպաղակ:

ԵՐԻՏԱՍԱՐԴ — Այո, ուտելը շատ կարևոր ֆիզիոլոգիական երևույթ է: Պետք է հաշվի առնել վիտամինների, սպիտակուցի և ածխաջրերի ճիշտ հարաբերակցությունը…

ԿԻՆ(հիասթափված դուրս է նայում պատուհանից) : Այո, պետք է…

ԵՐԻՏԱՍԱՐԴ — Ես մի բան եմ ցանկանում հարցնել… Դրա մասին գրառում չգտա, բայց դա կարևոր է:

ԿԻՆ(մի քիչ անտարբեր) : Հարցրեք, իհարկե:

ԵՐԻՏԱՍԱՐԴ — Իսկ ճի՞շտ է, որ այս սրճարանում դուք հաճախ եք լինում:

ԿԻՆ — Ճիշտ է: Եղել եմ մի քանի անգամ: Ինչո՞ւ եք հարցնում:

ԵՐԻՏԱՍԱՐԴ — Տարբեր տղամարդկանց հետ…

ԿԻՆ — Անտո՜նիո… Ավելի լավ կլիներ, եթե հարցնեիք, թե ինչ էի անում կանանց սենյակում:

ԵՐԻՏԱՍԱՐԴ — Դե, հասկանում եք, տվյալները…

ԿԻՆ — Ի սեր աստծո, էլ ի՞նչ տվյալներ…

ԵՐԻՏԱՍԱՐԴ — Վիճակագրական: Կինը միջինում… Հասարակական մտածողության և հարաբերությունների կայացման արդյունքում…

ԿԻՆ — Բավակա՛ն է: Վերջացրե՛ք: Ես երևի արդեն գնամ: (Սկսում է հավաքվել) : Իսկ դուք վայելեք վիտամիններն ու սուրճը:

ԵՐԻՏԱՍԱՐԴ — Ի՞նչ, գնո՞ւմ եք: Բայց մենք…

ԿԻՆ — Այո, գնում եմ… Բայց մի վերջին հարց եմ ցանկանում տալ: Սակայն խնդրում եմ՝ առանց հեռախոսի և առանց հարցաթերթիկների: Անտոնիոն ձեր իսկակա՞ն անունն է:

ԵՐԻՏԱՍԱՐԴ(կարկամած) : Ոչ… Իմ իսկական անունը… Այսինքն՝ ինչպես անձնագրում է…

ԿԻՆ — Մի՛ ասեք: Ինձ հետաքրքիր չէ:

ԵՐԻՏԱՍԱՐԴ — Իսկ ձե՞րը:

ԿԻՆ — Քրիստինա: Դա իմ միակ և իսկական անունն է: Եթե ցանկանում եք ստուգել՝ հարցրեք մատուցողին կամ բարմենին: Եվ այո՝ ես հաճախ եմ լինում այստեղ, քանի որ իմ ճանապարհին է:

ԵՐԻՏԱՍԱՐԴ — Ձեր ճանապարհին…

ԿԻՆ — Այո, երբ թափառում եմ քաղաքի փողոցներում:

ԵՐԻՏԱՍԱՐԴ — Թափառում եք…

ԿԻՆ — Ես պարզապես ապրում եմ: Մաղթում եմ ձեզ հրաշալի ժամանակ: Չմոռանաք փորձել չամիչով կեքսը: Դրա մեջ շա՜տ վիտամիններ կան: Հաջողություն:

ԵՐԻՏԱՍԱՐԴ — Հաջողություն… Բայց դուք ի՞նչ եք անելու հիմա, ո՞ւր եք գնալու:

ԿԻՆ — Գնալու եմ անձրևի տակ զբոսնելու:

Կինը կոճկում է վերարկուն ու գնում դեպի դուռը: Ամպրոպի և ուժգնացող անձրևի ձայնը:

ԵՐԻՏԱՍԱՐԴ — (կնոջ ետևից) : Իսկ ես ի՞նչ անեմ հիմա:

ԿԻՆ — Պարզապես ապրեք… Պարզապես ապրեք, Անտոնիո…

Երիտասարդը նայում է նրա ետևից, ծոցագրպանից հանում է գրիչն ու սեղանին դրված թերթիկի վրա երկար, ջնջող գիծ է քաշում: Ապա հայացքն ուղղում է բարի սեղանի կողմը:

ԵՐԻՏԱՍԱՐԴ — Մատուցող, հաշիվը:

ՄԱՏՈՒՑՈՂ — Հիմա կբերեմ:

ԱՅՑԵԼՈՒ 1 — Փաստորեն համացանցը խաբում է: Այս անձրևը չի էլ ցանկանում կտրվել:

ԱՅՑԵԼՈՒ 2 — Այո… Բարմեն, մի բաժակ ջուր: Կարելի է ծորակից, եթե անվճար է:

ԲԱՐՄԵՆ — Ծորակից չի կարելի: Կարդացեք ցուցանակը:

 

Բարմենը մոտենում է ռադիոյին, բարձրացնում է ձայնը:

Տանգոյի հնչյունները խառնվում են անձրևի ու ամպրոպի ձայնին:

Կարդացեք նաև