Սոֆի ՄԻՐԶՈՅԱՆ / ԵՐԿՈՒ ՀԱՅ, ՈՐ ՓՐԿՎԵԼ ԵՆ

Թատերասեր հասարակությունը այսօր էլ հիմքեր ունի հավատալու, որ թատրոններում դեռևս հրաշքներ լինում են, որ թատրոնը անցողիկ արվեստ է ու պետք է հասցնել վայելել նրա վաղանցիկության նուրբ ու քնքուշ հուզականությունը:
Մհեր Մկրտչյան Արտիստական թատրոնում բեմադրվել է Ռիչարդ Կալինովսկու «Հրեշը լուսնի վրա» պիեսը, որին անդրադարձել են Հայաստանում և արտերկրում: Բեմականացումն իրականացրել է Գրիգոր Խաչատրյանը՝ սա նրա չորրորդ ներկայացումն է Արտիստականում՝ բեմադրված (ձևակերպումս թող համարձակ չթվա) բարձր արվեստով, դերասանների տպավորիչ խաղով (վկան՝ Քնարիկ Զաքարյանի, Սամվել Թոփալյանի և փոքրիկ Ալեքս Հակոբյանի համոզիչ բեմական պայմանականության ճշմարտացիությունը):
Ներկայացման հիմքում եղեռնից փրկված երկու հայի պատմությունն է, որոնք փորձում են հաղթահարել իրենց դառը անցյալը: Միավորվելով մեկ հարկի տակ՝ մանկամարդ Սեդան հասունության դասեր է առնում ամուսնուց՝ պարոն Թովմասյանից: Նրանց հիշողության բեռը շատ էր ծանր՝ հարազատներին էին կորցրել քսաներրորդ դարի ամենամեծ ոճրի ժամանակ, բայց կրել այդ վիշտը մնացած ողջ կյանքի ընթացքում՝ նշանակում է կորցնել երջանկությունը հարափոփոխ ժամանակի մեջ:
Բեմադրիչի գաղափարական բարձրագույն նպատակը հերոսների՝ Արամի և Սեդայի բնավորության մարդկային նկարագիրը չէ միայն, այլև մեծ ու երջանիկ ընտանիք կազմելու բնական ցանկությունը:
Ներկայացումն սկսվում է հանգիստ, մեղմ երաժշտության հնչյուններով: Բեմ է մտնում կոկիկ հագնված՝ ժամանակաշրջանին համապատասխան (զգեստների նկարիչ` Մարինա Թադևոսյան), բարձրահասակ, գեղեցկատես Արամ Թովմասյանը (Սամվել Թոփալյան) և սեղանից իջեցնելով աթոռը` ոգևորված ներս է հրավիրում Սեդային (Քնարիկ Զաքարյան): Նիհար, խոշոր սևորակ աչքերով, փոքրամարմին աղջնակը զարմացած ու հիացած ուսումնասիրում է համեստ կացարանը ուր պետք է բնակվեր որբանոցից հետո: Ետնաբեմի կենտրոնում բաց վարագույրով պատուհանն է, ձախ անկյունում՝ մոլբերտը շրջանակի մեջ առնված Արամի ընտանիքի լուսանկարով (բեմանկարիչ՝ Վիկտորիա Ռիեդո): Ավանսցենայի ձախ կողմում Թովմասյանի լուսանկարչական ապարատն է, աջ կողմում՝ նվագարկիչը: Երջանիկ Արամը, երաժշտություն միացնելով, Սեդային նստեցնում է աթոռին և լուսանկարում:
Համատեղ կյանքի նախասկիզբը՝ լայն ժպտացող Սեդայի պատկերով: Տասնհինգամյա աղջնակը պատկերացում անգամ չունի ամուսնության մասին, բայց աստվածաշնչյան խրատների խորը ըմբռնողն է: Երբ նա փորձում է հավաքել սենյակը, նկատում է լուսանկարը, որտեղ գլուխների փոխարեն անցքեր են, իսկ նրանցից մեկի գլխի փոխարեն Արամի լուսանկարն է փակցված: Սեդայի միամիտ ու անմիջական հարցին՝
— Պարոն Թովմասյան, ո՞վ է այս մարդը, որի դեմքին ձեր դիմանկարն եք փակցրել:
— Հայրս,- խոր հոգոցով հետևում էԱրամի պատասխանը:
— Վա՜յ…
Սեդայի անմիջական զարմանքը Արամին ստիպում է ձեռքն առնել Աստվածաշունը: Սկսվում են պ. Թովմասյանի աստվածաշնչյան դասերը ,,Տիմոթեոսի գրքից, որտեղ ասվում է, որ կինը հնազանդություն պետք է սովորի և չպետք է իշխանություն բանեցնի տղամարդու վրա»: Բեմական կերպարի այնպիսի նուրբ զգացողությամբ է Ս. Թոփալյանը սուրբ գիրքը կարդում, որ գրավում է հանդիսատեսի ուշադրությունն ու համակրանքը, իսկ նրան ի պատասխան՝ Ք. Զաքարյանն իր մանկամարդ կերպարի ընկալմամբ ու մեկնաբանությամբ այնքան խորն ու համոզիչ է, որ թվում է՝ բարության ու անմեղության միախառնումը լուսատիտիկի նման առկայծում է բեմում:
Սեդան Տիմոթեոսի խրատների ընկալողն էր, բայց ո՛չ հնազանդվողը: Երբ Արամը բացատրում է իր ծրագրերի մասին, Սեդան անմիջապես հակառակվում է մանկական ճշմարտացի համոզվածությամբ: Կյանքում նախապես ոչ ոք ոչինչ չի կարող ծրագրել, և իր օրինակով է ապացուցում. ոչ ոք չէր ծրագրել, որ պետք է Ամերիկայում ապրեր, որ մանկատանը իր լուսանկարի փոխարեն ուրիշինը պետք է ուղարկեին պ. Թովմասյանին և, վերջապես, ինքը ողջ մնաց, երբ բոլորը զոհվեցին… և նրա ծնողները… և… Արամը մեղմ կանխում է Սեդային՝ թույլ չտալով վերադառնալ ցավալի հիշողությանը:
Հաջորդ տեսարանում բժշկի մոտից վերադարձող Սեդան է, նրան մանկասայլակով դիմավորում է ամուսինը: Բայց… Սովի մատնված երեխաների մոտ երբեմն հղիություն չի ստացվում… Արամի համար դա հեշտ չէ լսելը: «Աստված թույլ չէր տա»,- հոգու խորքից Աստծուն իր բողոքի ձայնն է հղում նա՝ զսպված ներքին պոռթկումով: Հանդիսատեսի աչքի առաջ դանդաղ հասունանում է Սեդայի կերպարը: Իր ներքին ազատությամբ, իրավիճակների սուր զգացողությամբ անընդմեջ փոփոխվում են բեմական կերպարի գույները և պարզ ու անկեղծ Սեդան վերափոխվում է՝ դառնալով հասուն ու առաքինի կին՝ պատրաստ հաղթահարելու ցանկացած դժվարություն:
Ժամանակ առ ժամանակ, նույնիսկ տոն օրերին, Արամն ինքնամփոփ ու լռակյաց է, ինչը զայրացնում է Սեդային, իսկ երբ փորձում է փոխել ճնշող մթնոլորտը, Արամը որպես պարտականությունների հիշեցում՝ Աստվածաշունչ է կարդում:
,,Կինը թող լռությամբ և լիակատար հնազանդությամբ սովորի: Թույլ չեմ տալիս, որ կինը սովորեցնի կամ իշխանություն բանեցնի տղամարդու վրա, այլ թող լուռ մնա,,:
Ի պատասխան Արամի՝ Սեդան Սողոմոնի առակների երեսունմեկերորդ գլուխը անգիր է մեջբերում. ,,Յուրաքանչյուր օր… տրտմություն է բերում հոգով ճնշվածներին… իսկ նրա համար, ով թեթևացած շնչով է ապրում, յուրաքանչյուր օրը տոն կդառնա»:
Վեճն աստիճանաբար թեժանում է, և նրանք հայտնվում են սեղանի վրա: Արամի շուրթերից հնչող վերջին խոսքը, որ կինը ամուլ է, խոցում է Սեդային: Նա փակում է դեմքը՝ ամաչելով աշխարհից: Դողդողալով, դանդաղ իջնում է, վերցնում աթոռը և կծկվում պատուհանի անկյունում՝ ամուսնուց փակվելով վարագույրով:
Արամի համար դժվար է սխալն ուղղել: Մենախոսություն՝ հագեցած բարդ հոգեբանական ելևեջներով: Սամվել Թոփալյանի այս տեսարանը մանրանկարչության է նման՝ մանր վրձնահարվածներ՝ մեղմ գույներով, խոսքի ռիթմը, տոնի անսպասելի անցումները ինքնանպատակ չեն, ամեն ինչ տանում է ներման բացահայտ աղերսի: Իսկ առաջին անգամ Սեդայի շուրթերից հնչող «Արամ»-ը «Պարոն Թովմասյան»-ի փոխարեն՝ այնպիսի ջերմությամբ ու խանդաղատանքով է հնչում, կարծես ամբողջ աշխարհի սերն է խառնված անվանը:
Սեդայի միակ ուրախությունը որբանոցում ապրող Վինսենթն է (Ալեքս Հակոբյան), ում նկատմամբ ունեցած մայրական հոգատար վերաբերմունքը շունչ է տալիս ապրելու, բայց դա՝ ամուսնուց թաքուն: Երկչոտ ու ամոթխած Վինսենթը, ծանոթանալով պ. Թովմասյանի հետ, արժանանում է սառն ու անտարբեր վերաբերմունքի: Եվ այսուհետ այդ տուն է գալիս միայն տորթերն առաքելու համար: Ծննդյան տոներին, երբ հերթական անգամ տղան գալիս է տորթերը տանելու, Սեդան նկատում է դողացող և հուզված տղայի անհանգստությունը:
— Ի՞նչ է պատահել, Վինսե՛նթ,- հարցը հնչում է այնպիսի սրտացավությամբ, որով միայն հարազատ մոր շուրթերն են ընդունակ արտաբերելու նրա անունը: Սեդայի անսպասելի հարցը փշրում է տղայի փխրուն հոգին: Սուրբ կոչվող մանկատան ծառայող հայր Լևինսկին փորձել է վերցրել նրա մետաղադրամը, որը հիշատակ է մնացել հորից: Վինսենթը խույս է տվել, նա ընկել է և իրեն գող անվանել:
Խռովահույզ տղան լաց է լինում և միաժամանակ դժգոհում, որ աղջկա նման նվնվոցը դրել է: Սեդան քնքշորեն գրկում է տղային և վճռում, որ առանց վերարկուի նրան ոչ մի տեղ չի թողնի: Եվ պ. Թովմասյանի հոր վերարկուն հագցնում է Վինսենթին:
Նոր վերարկուն հագած, զարմացած ու հիացած Վինսենթը և Սեդան երիտասարդ փղերի գրոհ են կազմակերպում՝ բո՜ւմ, բո՜ւմ, բո՜ւմ… և տունն ու աշխարհը լցվում են երեխաներով:
Ներս է մտնում Արամը՝ հոգնած ու հուսահատ, անջատում է երաժշտությունը և պահանջում է հանել հոր վերարկուն: Այս տանը չե՛ն հարգում իր հորից մնացած միակ հիշատակը…
Վինսենթը մոլոր հայացքով հանում է վերարկուն, ներում խնդրելով մեկնում Արամին: Այնքան ճշմարտացի է բացատրում Արամին, որ իր հորից մնացած ոսկյա մետաղադրամից ինքն էլ է անբաժան և լավ է հասկանում պարոն Թովմասյանին…
Ամուսնու վերաբերմունքն անհանդուրժելի է: Համբերատար ու ներողամիտ Սեդան պոռթկում է, կերպարը դառնում է խռովահույզ կնոջ կտավ, որի ներքին հույզերը շարժման մեջ են դնում այդ կտավը: Վերցնելով լուսանկարը՝ ուզում է հարվածել հատակին՝ սթափվում է. խոշտանգված ընտանիք և գլուխների փոխարեն՝ անցքեր: Ամեն օր լուսանկարը նրան է հետևում: Անընդհատ և անընդմեջ հիշեցում: Այլևս հիշողությունների ծանր բեռով հնարավոր չէ ապրել: Իրավիճակը լարված է, հանդիսատեսը՝ շունչը պահած: Զայրույթից պտտվում է սենյակում՝ որևէ բան գտնելու մղումով, վերցնում է տիկնիկը, կտրոնների ագույցն ու արդուկով սկսում է տիկնիկի ձեռքը մեխել սեղանին: Արամը փորձում է կանխել կնոջ խենթ արարքը: Կինը արդուկով այրում է ամուսնու ձեռքը: Սկսվում է կնոջ ու տղամարդու կատաղի պայքար: Ամոթ ու խայտառակություն է կնոջ արարքը. Արամի կատաղի ձայնը երկրորդ անգամ է բարձրանում կնոջ վրա, իսկ Սեդան ավելի ամոթալի է համարում նրա արարքը, երբ ի ցույց է դնում իր գլխատված ընտանիքի նկարը:
— Դա հիշեցում է,- Արամն ասում է ցավագին:
— Դու այս աշխարհում միակ հայը չես, որն անցել է տառապանքի միջով, Արա՛մ Թովմասյան (այդ տառապանքը կրողներից մեկն էլ ինքն է՝ Սեդա Թովմասյանը)- Եթե այսպես շարունակվի, ես էլ քո նման սգո արարողություններ կկազմակերպեմ, այստեղ կկանչեմ հարևաններին…
Սեղանը պտտելով՝ այս տեսարանը կատաղի ու դառնացած երկխոսություն է՝ իրավիճակների անկառավարելի փոփոխություններով՝ մեղադրանքով ու արդարացումով:
— Դու դա չե՛ս անի,- շրջելով սեղանը՝ գոռում է Արամը:
— Կանե՛մ,- վճռական, ներքին լարումով ճչում է Սեդան:
— Ես ուզում եմ լցնել այդ անցքերը…- հուսահատ, նվաղուն, անօգնական ու խեղճ մարդն է կանգնած մեր առջև:
— Ո՞նց: Կինդ չբեր է, Արամ Թովմասյան,- ուժասպառ Սեդան տապալվում է հատակին:
— Ո՜չ… ո՜չ,- ողջ աշխարհն է լսում Արամ Թովմասյանի հուսահատ ճիչը: Հենվում է սեղանին ու սահելով՝ տապալվում է հատակին: Սեղանի մի կողմում՝ ուժասպառ Սեդա Թովմասյանը, մյուսում՝ Արամ Թովմասյանը: Ժամանակի մի քանի վայրկյան, և ամեն ինչ թաղվում է լռության մեջ: Արցունքն աչքերին, դերասանուհին պատմում է իր դաժան պատմությունը և վերջում ներողություն խնդրում արցունքների համար:
— Իսկ դու գիտե՞ս, Սեդա Թովմասյան, ի՛նչ է կատարվում ինձ հետ, երբ լուսանկարներ եմ անում… յոթ, ութ երեխաներով լուսանկարներ… ամեն օր տեսնում եմ այդ երջանիկ ընտանիքները, մի բան, որ ես չունեմ:
Երկար տարիներ անց Արամը վերջապես պատմում է իր ցավալի անցյալի մասին՝ ինչպես են թուրքերը կտրել ընտանիքի անդամների գլուխները, ինչպես է թաքնվել հոր վերարկուի տակ ու փրկվել և այդ վերարկուի գրպանում է գտել իր ընտանիքի լուսանկարը… Սեդան շոշափելով գտնում է Արամի ձեռքը, ամուր սեղմում է, մաքրում թաց այտերն ու ոտքի կանգնում՝ նորից հաղթահարելու կյանքի անլիարժեքության խեղդուկը:
Վինսենթը վերադառնում է բլուզը վերադարձնելու պատրվակով, իսկ պ. Թովմասյանը նրա համար անակնկալ ունի՝ նոր վերարկու: Սեդայի և Վինսենթի երջանկությունը անսահման է: Սեդան խնդրում է Արամին՝ միասին լուսանկարվել…
Կեցվածք լուսանկարչական ապարատի առջև. Արամն անհամարձակ ձեռքը դնում է Վինսենթի ուսին: Կյանքի շարժումը հավերժացնող այս ապարատը նոր ընտանիքի երջանիկ կյանքն է փաստագրում և այս փաստագրման մեջ տեսնում ենք երեխայի սպասող Սեդայի երջանիկ ժպիտը:

 

Կարդացեք նաև