ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ

ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆ արտիստական թատրոն

Բեմում՝ ժամանակի ու տարածության մեջ ԽԱՂՆ է՝ տղամարդու ու կնոջ, կնոջ ու տղամարդու խաղը, որն այս մոլորակի վրա նաև ՍԵՐ անվանումն ունի: Ժամանակի ու տարածության մեջ հաշիվը վաղուց կորցրած հերթական Սերն է՝ բեմում խաղացվող, և որքան էլ կրկնված ու մաշված, բայց նոր պատմություն է մի պարզ պատճառով. պատմողները՝ դերասանները, ա՛յս հեղինակի պատմությունն են խաղում, ու նրա պատմությունը միայն իրե՛նն է ու ի՛ր հորինածը:

Համաձայնեք, հրաշալի բան է՝ գիշերը գրես, ցերեկը գրածդ բեմադրես: Գրես՝ ինչ ուզում ես, բեմադրես՝ ինչպես ուզում ես… Մհեր Մկրտչյանին տրված է այդ հրաշալի հնարավորությունը, բայց այդ վայելքն իր խորքում նաև ահռելի բեռ է՝ ձախողելու դեպքում:

Շտապենք հավաստել՝ ներկայացումը հաջողված է և՛ այն անհրաժեշտ ձգողականությամբ, որով ժամից ավելի կարողանում է պահել հանդիսատեսին իր տիրույթում, և՛ թաքուն ու անթաքույց հեգնանք-ինքնահեգնանքով (ինչը մտքի առողջության կարևոր ցուցիչ է), և՛, որ ամենակարևորն է, ասելիքի անկեղծության այնպիսի խտացված չափաբաժնով, որի առկայությամբ միայն ԽԱՂԸ կնոջ ու տղամարդու, տղամարդու ու կնոջ միջև կարող է վերածվել ՍԻՐՈ:

Սկզբում՝ խոստումնալից (ութ տարվա քաղաքացիական մտերմությունից հետո՝ ամուսնական առաջին գիշեր), հընթացս՝ ինտրիգային (Հայրիկի, Աննայի, Լեոնարդոյի  «հայտնությունները»), արագընթաց տեմպի մեջ ֆարսի երանգներ ստացող գործողությունը այնպիսի հարմարավետ relax է ստեղծում հանդիսատեսի համար, որ երբ վրա է հասնում «Ճշմարտության պահը»՝ դաժան, որքան դաժան կարող է լինել սիրող կնոջ ամենացավոտ խոստովանությունը սիրած տղամարդուն, պարզվում է, ոչ միայն հանդիսատեսն է անակնկալի մատնված, այլև այդ նույն տղամարդը, ով ընդունակ չէ նույնքան անկեղծությամբ ավարտել Խաղն ու սկիզբ դնել Սիրուն…

 

Պիեսը՝  Մհեր ՄԿՐՏՉՅԱՆԻ

Բեմադրող ռեժիսոր՝  Մհեր ՄԿՐՏՉՅԱՆ

Բեմանկարիչ՝  Ներսես ՍԵԴՐԱԿՅԱՆ

Զգեստների նկարիչ՝  Մարինա ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Երաժշտական ձևավորումը՝  Մհեր ՄԿՐՏՉՅԱՆԻ

 

Դերերում՝

ԱՐԹՈՒՐ                              Արծրուն ՉՈԲԱՆՅԱՆ

ՄԵՐԻ                                    Անի ՂԱԶԱՐՅԱՆ

ԱՆՆԱ                                   Միլենա ԱՎԱՆԵՍՅԱՆ

ՀԱՅՐԻԿ                                Գեորգի ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

ԷՐԻԿ                                     Վահագն ԳԱՍՊԱՐՅԱՆ

ԼԵՈՆԱՐԴ                            Լևս ԴԱՎԹՅԱՆ

ԹԻԿՆԱՊԱՀ 1                     Ռուդիկ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

ԹԻԿՆԱՊԱՀ 2                     Սարգիս ՎԱՐԴԵՎԱՆՅԱՆ