Վարդգես ՊԵՏՐՈՍՅԱՆ / ԾԱՆՐ Է ՀԻՊՈԿՐԱՏԻ ԳԼԽԱՐԿԸ

Դրամա երկու մասից

 

Բժի՛շկ, ամենից առաջ՝ ինքդ քեզ բուժիր:

Լատինական առած

Գործող անձինք

ԼԻԼԻԹքսան տարեկան, ուսանողուհի

ՎԱՐՈՒԺԱՆերեսունհինգքառասուն տարեկան, գրող

ԿԱՄՍԱՐ ԴԻԼԱՆՅԱՆ քառասունքառասուներկու տարեկան, դասախոս

ՄԻՔԱՅԵԼ ՌՇՏՈՒՆԻհիսունհիսունհինգ տարեկան, պրոֆեսոր

ՌԵԿՏՈՐ յոթանասունի մոտ, պրոֆեսոր

ՎԻՐԱԲՈՒՅԺ ԽՈՐԵՆՅԱՆ քառասունքառասունհինգ տարեկան, պրոֆեսոր

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՄԱՅՐԻԿ Ռշտունու մայրը

ՔՆՆԻՉ

ԲԺԻՇԿ վաթսունվաթսունհինգ տարեկան

ԳԱԲՈՒԶՅԱՆ քառասունքառասուներկու տարեկան, պրոռեկտոր

ԳԱԳԻԿ

ԱՐՄԵՆ

ՎԱՀԵ

ՀՌԻՓՍԻՄԵԼիլիթի համակուրսեցիները

ԱՆԱՀԻՏ

ՍԵԴԱ

ԿԱՐԻՆԵ

ՄԱՐԻՆԱ քարտուղարուհի

Տարբեր տեսարաններում մասնակցում են նաև ուսանողներ, բժիշկներ, սրճարանի հաճախորդներ:

ԱՌԱՋԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ

ԱՌԱՋԻՆ ՊԱՏԿԵՐ

Բեմի կեսը քննասենյակ է, կեսը՝ միջանցք: Միջանցքում խռնված են ուսանողները:

 

Միջանցքում:

ՎԱՀԵ — Այ, մեծ հաճույքով ես անատոմիայի քննությունը դոցենտ Դիլանյանի կմախքի վրա կպատասխանեի:

ՀՌԻՓՍԻՄԵ — Իսկ եթե ուղե՞ղն ընկներ…

ՎԱՀԵ — Դրա համար՝ քո գանգն էլ հարմար չէ, այ, մարմինդ ուրիշ է…

ՈՒՍԱՆՈՂ — Մարմա՜ր մարմինդ:

ՎԱՀԵ — Ազնիվ խոսք, եթե թույլ տայիր, որ անատոմիան քո մարմնի վրա պարապեի, գերազանցս գրպանումս կլիներ:

ՀՌԻՓՍԻՄԵ — Անամոթ:

ՎԱՀԵ — Այ, եթե հնարավոր լիներ Հռիփսիմեի մարմնին Լիլիթի գլուխը պատվաստել, աշխարհում առաջին անգամ կգոյանար գեղեցիկ կին, որ նաև… խելոք է:

ԱՐՄԵՆ — Ավելի անտանելի բան չկա, քան խելոք կինը:

ՎԱՀԵ — Համաձայն եմ:

 

Քննասենյակում:

ԴԻԼԱՆՅԱՆ — Ասելիք չունե՞ք: Գուցե ավարտե՞նք:

ԼԻԼԻԹ — Ինձ նոր հարցեր տվեք, ընկեր Դիլանյան:

ԴԻԼԱՆՅԱՆ — Ավելի լավ է ջուր տամ… Շոգ է… Միջակ… Միջակը վատ գնահատական չէ, նույնիսկ ուշագրավ գնահատական է, ես կասեի՝ միջակը մեծ մարդկանց գնահատական է: Էվարիստ Գալուան, օրինակ, Փարիզի պոլիտեխնիկական դպրոցն ընդունվելիս միջակ ստացավ: Եվ ինչի՞ց… մաթեմատիկայից: Իսկ դա խանգարե՞ց, որ նա դառնա դարիս մեծագույն մաթեմատիկոսը:

ԼԻԼԻԹ — Գալուան հանճար էր… Ես ձեզնից թվանշան չեմ աղերսում: Ես կգամ երկու ժամ հետո, թեկուզ մի ժամ հետո…

ԴԻԼԱՆՅԱՆ – Ի՞նչը կփոխվի. հիմա տասներկուսն է, կդառնա երկուսը, ժամը կփոխվի, թվանշանը կմնա նույնը: Դու միջակ պատասխանեցիր, Լիլիթ Մուրադյան, միջակ, ճի՞շտ է… Միջակ, բայց գուցե դա չխանգարի և դու մի օր գտնես քաղցկեղի վիրուսը:

ԼԻԼԻԹ — Ես, այո՛, միջակ պատասխանեցի, բայց դուք բարի մարդ եք, ընկեր Դիլանյան, դուք ոչ մի վայրկյան չեք մոռանում, որ հարկավոր է բարի լինել…

ԴԻԼԱՆՅԱՆ — Կհայտնագործես քաղցկեղի վիրուսը, և գուցե այս միջակն էլ մտնի պատմության մեջ: Ինձ էլ գուցե հիշեն՝ այդ առիթով: Ինչպես հին հույներն էին ասում, սպասենք և հուսանք:

Լիլիթը դուրս է գնում:

Միջանցքում:

ԱՐՄԵՆ — Քո այդ Լիլիթը ինչ-որ երկար կանգնեց Դիլանյանի առաջ:

ՈՒՍԱՆՈՂ — Լիլիթը:

ԱՐՄԵՆ — Հը՞, ի՞նչ, կտրե՞ց…

ՀՌԻՓՍԻՄԵ — Դողում ես, կտրե՞ց: (Լիլիթի ձեռքից խլում է ստուգման գրքույկը:) Միջա՞կ:

ՈՒՍԱՆՈՂ — Ինչո՞ւ միջակ:

ՀՌԻՓՍԻՄԵ — Տնաշեն, միջակից լավ թվանշա՞ն:

ԱՐՄԵՆ — Դե, տղերք, ես գնացի, մնաք բարով: Ես կրծքով փակելու եմ Դիլանյան կոչվող գնդացրի երախը:

ՈՒՍԱՆՈՂ — Եթե Լիլիթ Մուրադյանը միջակ է ստացել, ուրեմն, Արմեն Եսայանն այս կիսամյակում էլ պիտի ապրի տատի փողերով:

 

Քննասենյակում:

ԴԻԼԱՆՅԱՆ — Հարցատոմս վերցրեք:

ՈՒՍԱՆՈՂ — Խնդրեմ:

ԴԻԼԱՆՅԱՆ — Տոմսի համարը:

ՈՒՍԱՆՈՂ — 26:

ԴԻԼԱՆՅԱՆ — Գանգի՞ կառուցվածքը… Սկսիր, և ինձ համար պարզ կդառնա քո գանգի կառուցվածքը… Շոգ է:

ՈՒՍԱՆՈՂ — Ես հորաքույր ունեմ Սուխումիում: Ապրում են հենց ծովափին: Մեծ տուն ունեն:

ԴԻԼԱՆՅԱՆ — Ես ուզում էի Սոչի գնալ: Հույս ունեի…

ՈՒՍԱՆՈՂ — Մի ամիս էլ եկեք Սուխումի: Հորաքրոջս լուսամուտից ուղիղ կարելի է թռչել ջուրը:

ԴԻԼԱՆՅԱՆ — Այս ինչ դատարկ խոսակցություն է: Սուխումի, Սոչի… Գանգը ձեռքդ վերցրու: Այ թե սերունդ է հասունանում:

Միջանցքում:

ՀՌԻՓՍԻՄԵ — Չգիտեմ, մտնե՞մ, թե՞… վաղը կմտնեմ:

ՎԱՀԵ — Ես կմտնեմ: (Հռիփսիմեին.) Արի միասին մտնենք, քո մարմնի վրա պիտի պատասխանեմ, չէ՞: Իսկ ո՞ւր է Լիլիթը, նրա գլուխն էլ պետք կգար:

ՈՒՍԱՆՈՂ – Նրա գլուխը իրեն էլ պետք չեկավ:

ՀՌԻՓՍԻՄԵ(Վահեին): Իսկ դու ինչո՞ւ ես վախենում, դեկանի զավակ, «չորսդ» կա ու կա, քանի հայրդ կա:

ԿԱՐԻՆԵ — Եթե կտրեց, կտրվելու եմ: Երեք օր է նույնիսկ կարգին չեմ սանրվել, երեկ քեռուս տղայի ծնունդն էր, չգնացի: Գիտե՞ք, թե ինչ կայֆից եմ զրկվել: Չորս սենյականոց բնակարանն իր տրամադրության տակ էր, նախնիները Սոչի են գնացել:

ՎԱՀԵ — Կարինե, եթե Դիլանյանը իմանա, թե դու ինչ ես զոհել հանուն մարդու անատոմիայի, նա երևի կցնցվի ու կաղաչի քեզ. «Ստուգման գրքույկդ, օրիո՜րդ, Ձեր այդ զոհաբերությունը երկու գերազանց արժի»:

ԿԱՐԻՆԵ — Աչքն էլ չի թարթի: Կամ՝ կթարթի ի վնաս ինձ: Չորս տարի է նույն փողկապն է կապում խեղճուկրակը:

ԱՆԱՀԻՏ — Գլխումս ոչ մի հարցի պատասխան չկա, եթե հիմա անուն-ազգանունս էլ հարցնի, կասեմ՝ թույլ տվեք մտածեմ, նոր…

ՀՌԻՓՍԻՄԵ — Անուն-ազգանունդ Անահիտ Սեղբոսյան է: Հիշիր:

 

Քննասենյակում:

ԴԻԼԱՆՅԱՆ — «Անբավարար», սիրելիս, պարզվեց, որ քո գանգի կառուցվածքը վերակառուցման կարիք ունի:

ՈՒՍԱՆՈՂ — Ընկեր Դիլանյան:

ԴԻԼԱՆՅԱՆ — Կգնաս հորաքրոջդ տուն, Սուխումի, ծովը հենց ձեր նման ձրիակերների համար է, կարգին մարդիկ ի՞նչ գործ ունեն ծովում: Կգնաս, կպարապես, սեպտեմբերին մի փորձ էլ կանես, եթե խեղդվեցիր, մշտապես կմնաս հորաքրոջդ մոտ:

ՈՒՍԱՆՈՂ — Է, ընկեր Դիլանյան: (Դուրս է գնում:)

 

Միջանցքում:

Վազելով ներս է գալիս մի ուսանող:

ՈՒՍԱՆՈՂ — Հենց նոր ինչ-որ մեկն ընկավ մեր հարկից:

ՎԱՀԵ — Երնեկ իրեն՝ պրծավ քննություններից:

ՈՒՍԱՆՈՂ — Ձեր Լիլիթն իրեն գցեց չորրորդ հարկից:

ՎԱՀԵ — Ո՞նց թե չորրորդ հարկից, ի՞նչ ես խոսում:

ՀՌԻՓՍԻՄԵ — Հիմար բան ես ասում, Լիլիթը նոր այստեղ էր:

ՈՒՍԱՆՈՂ — Իմ աչքով տեսա:

ՎԱՀԵ — Լսիր, ճի՞շտ ես ասում: (Բացում է լսարանը դուռը:) Ընկեր Դիլանյան, Լիլիթը չորրորդ հարկից իրեն ցած է գցել:

ԴԻԼԱՆՅԱՆ — Ո՞վ:

ՎԱՀԵ — Լիլիթը:

ԴԻԼԱՆՅԱՆ — Ի՞նչ հիմարություն ես ասում:

ՎԱՀԵ — Վազենք ներքև:

ԴԻԼԱՆՅԱՆ — Չհեռանաք, չցրվեք… Ես հիմա… (Դուրս է գնում:)

ՎԱՀԵ — Այ, քեզ Լիլիթ… Եվ ինչ… մի թվանշանի համար: Այսինքն, ո՞վ գիտե, մենք ի՞նչ գիտենք իրար մասին…

ԿԱՐԻՆԵ — Նա միշտ ուզում էր մի ինչ-որ արտասովոր բան անել: Հիմա ամբողջ քաղաքը կխոսի նրա մասին:

ՀՌԻՓՍԻՄԵ — Արտասահմանում բոլոր թերթերը կգրեին, նկարները կտպեին…. Երևի ոտքերը վնասված կլինեն:

ՎԱՀԵ — Հիմար, նա ընկել է չորրորդ հարկից, հասկանո՞ւմ ես… (Մտնում է Գագիկը:)

ԲՈԼՈՐԸ — Գագիկ…

ԳԱԳԻԿ — Լիլիթը մահացավ…

Գալիս է Դիլանյանը:

ԴԻԼԱՆՅԱՆ – Քննությունը շարունակվում է… ծխախոտս ի՞նչ եղավ: (Արմենը ծխախոտ է տալիս:) Դու ծխո՞ւմ ես:

ԱՐՄԵՆ — Սուրճ էլ եմ խմում:

ՎԱՀԵ — Ընկեր Դիլանյան, Լիլիթը մահացել է:

ԴԻԼԱՆՅԱՆ — Ո՞վ ասաց:

ՎԱՀԵ — Գագիկը… Մարմինն արդեն տարել են:

ԴԻԼԱՆՅԱՆ — Քննությունը շարունակվում է… Այս վե՞ցդ եք մնացել… Հարցատոմսեր վերցրեք:

 

ԵՐԿՐՈՐԴ ՊԱՏԿԵՐ

Ռշտունու տանը ուսանողական երեկույթ է: Տեսարանը բացվում է ժամանակակից ռիթմիկ պարով: Հավաքված են 10-12 ուսանող: Քիչ անց՝ մտնում են Միքայել Ռշտունին և Վարուժանը:

ՌՇՏՈՒՆԻ — Հյուր եմ բերել ձեզ:

ՎԱՀԵ — Վարուժա՞ն, հանճարեղ բան արիր, որ եկար:

ՌՇՏՈՒՆԻ — Ներկայացնում եմ ձեզ իմ բարեկամին, գրող Վարուժան Պատկանյան:

ԱՐՄԵՆ — Միանգամից երկու գրողի անուն եք զբաղեցրել:

ԱՆԱՀԻՏ — Պատկանյա՞ն: Ճիշտ է, այդպիսի ազգանունով գրող անցել ենք 9-րդ «բ» դասարանում:

ՎԱՐՈՒԺԱՆ — Ռաֆայել Պատկանյանը ինձնից մեծ է 105 տարով… Չխանգարեցի՞նք:

ՎԱՀԵ — Վարուժան, հիմա մենք քեզ շեյկ կպարեցնենք:

ԿԱՐԻՆԵ — Շեյկի դարն անցել է: Հիմա ջերկ են պարում:

ՎԱՐՈՒԺԱՆ — Կպարեի, բայց չգիտեմ:

ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻ — Ես կսովորեցնեմ: Պարենք:

ՌՇՏՈՒՆԻ — Ես քեզ ավելի ժամանակակից մարդ էի պատկերացնում: Իմ ուսանողները չլինեին, կպարեի:

ՎԱՐՈՒԺԱՆ — Դե, դու ուրիշ, դու իսկապես ժամանակակից մարդ ես:

ՀՌԻՓՍԻՄԵ — Այո, մեր պրոֆեսորը նոր մարդ է:

ՎԱՐՈՒԺԱՆ — Սիրանույշ մայրիկն ինչպե՞ս է:

ՎԱՀԵ — Տատիկը գլխացավ ունի: Պոլիկլինիկայից բժիշկ է կանչել: Ինչ-որ հաբեր է խմում: Մեր հարևանը Բեյրութից է բերել:

ՎԱՐՈՒԺԱՆ Տանը երեք բժիշկ կա, պոլիկլինիկայի՞ց է կանչում:

ՎԱՀԵ — Երկուս և կես: Ես առայժմ կես բժիշկ եմ, բայց եթե հաշվենք, որ հայրիկը պրոֆեսոր է, մայրիկը՝ դոցենտ, միջինը կստացվի երեք նորմալ բժիշկ:

ՎԱՐՈՒԺԱՆ Ուրեմն, ձեր տանը մի տատին ընկնում է երկուս ու կես-երեք բժի՞շկ…

ԱՐՄԵՆ — Բժիշկների թվով Հայաստանն արդեն անցել է Արևմտյան Գերմանիայից:

ՀՌԻՓՍԻՄԵ — Իսկ հիվանդների՞ թվով:

ԱՐՄԵՆ — Ետ է մնում:

ՎԱՐՈՒԺԱՆ — Հումորով տղա ես երևում: Ի՞նչ ես անելու ավարտելուց հետո:

ԱՐՄԵՆ — Սովորաբար ի՞նչ են անում: Աշխատանք են ճարում: Մենք էլ կճարենք:

ՎԱՀԵ — Ժողովուրդ, հավաքվենք իրար գլխի: Գագիկ, դու միաձայն ընտրվում ես թամադա:

ԿԱՐԻՆԵ — Ես դեմ եմ, նա սեղանը կդարձնի սգո նիստ:

ՌՇՏՈՒՆԻ — Ի՞նչ սուգ, ուրախանում ենք:

ՎԱՐՈՒԺԱՆ — Ինչո՞ւ է տխուր: Հո չի՞ կտրվել:

ՌՇՏՈՒՆԻ — Գագիկը լավ է սովորում: Ինչո՞ւ ես տխուր, Գագիկ:

ԳԱԳԻԿ — Գիշերը ուշ եմ քնել, պրոֆեսոր:

ՌՇՏՈՒՆԻ — Արմեն, հենց դու էլ ընտրվիր թամադա:

ԱՐՄԵՆ — Համաձայն եմ: Լցրեք բաժակները: Եկեք մեկ ներկա և այսքան ապագա բժիշկներով խմենք մեր միակ ներկա հիվանդի՝ Վարուժան Պատկանյանի կենացը: Նրա ջղերը անպայման քայքայված կլինեն, իսկ սիրտը գտնվում է նախաինֆարկտային շրջանում:

ՌՇՏՈՒՆԻ — Հիանալի սերունդ է, իսկ մենք հազար ու մի պոչ ենք կպցնում. երկար են հագնում՝ խոսում ենք, կարճ են հագնում՝ խոսում ենք, մազերը երկար են պահում՝ խոսում ենք, կարճ են պահում՝ խոսում ենք: Խոսում ենք, հա խոսում…

ՎԱՐՈՒԺԱՆ — Ազատամիտ դեկան ես: Ուսանողներդ երևի քեզ շատ են սիրում:

ՌՇՏՈՒՆԻ — Սիրտս հանկարծ լցվեց: Նայեցի էս էրեխեքին, սիրտս լցվեց: Հե՜յ գիտի, հայ ժողովուրդ, քանի՜ դար էինք երազում…

ՎԱՐՈՒԺԱՆ — Մեր ողջ պատմությունը երազների պատմություն է: Բազմասերիանոց երազներ, լայնէկրան, գունավոր: Մանավանդ՝ չիրականացված երազների:

ՌՇՏՈՒՆԻ — Այո, բայց ամենից առաջ մենք սովորել ենք երազել, երազել ենք կրթություն տալ մեր զավակներին:

ՎԱՐՈՒԺԱՆ — Մի ընկեր ունեմ, ասում է՝ մեզ կործանելու է համընդհանուր գրագիտությունը: Գրագիտություն էլ չի ասում, այլ՝ համընդհանուր կիսագրագիտություն: Ոչխարները կերան մարդկանց… Հիշո՞ւմ ես, Անգլիայում էր: Հիմա՝ գիտության թեկնածուներն են ուտում մարդկանց: Վահեն, ուրեմն, փոխվում է…

ՎԱՀԵ — Երրորդ կուրս:

ՎԱՐՈՒԺԱՆ — Ո՜նց մեծացավ:

ՌՇՏՈՒՆԻ — Ծերացանք, բայց ես հոգսից պրծնում եմ: Վահեն կավարտի, կմնա մեզ մոտ, անատոմիայի ամբիոնում: Իսկ դու քառասուն տարեկանում նոր երևի ցրցամ կտաս:

ՎԱՐՈՒԺԱՆ — Վահեն սիրո՞ւմ է անատոմիա:

ՌՇՏՈՒՆԻ — Անվնաս առարկա է: Դիսերտացիա կպաշտպանի, մի կտոր հաց կունենա: Լավ արիր, որ եկար, Վարուժան, մենակ պիտի վեր ընկնեի իմ սենյակում:

ՎԱՐՈՒԺԱՆ — Բա՞ն է պատահել:

ՌՇՏՈՒՆԻ — Չե՞ս լսել: Մեր ուսանողներից մեկը ցած նետվեց լուսամուտից: Իմ ֆակուլտետից էր:

ՎԱՐՈՒԺԱՆ — Ուրեմն, դրա՞ մասին էին պատմում խմբագրատանը: Կարծեմ աղջի՞կ էր, չէ՞:

ՌՇՏՈՒՆԻ — Աղջիկ էր, Լիլիթ Մուրադյան: Ռեկտորը մի բուռ է դառել: Ասում ես՝ խմբագրությունում խոսո՞ւմ էին: Ի՞նչ ես կարծում, ռեկտորին կհանե՞ն: Կհանեն, չէ՞… Արի, արի մի բաժակ էլ խմենք:

ԱՐՄԵՆ — Հիվանդի կենացը խմեցինք, հիմա խմենք բժիշկների կենացը և խնդրենք, որ մեր միակ հիվանդը, որը պլյուս գրող է, ճառ ասի ի փառս բժիշկների:

ՎԱՐՈՒԺԱՆ — Հենց նոր ձեր պրոֆեսորի առանձնասենյակում Հիպոկրատի երդումը կարդացի: Առաջին պատվիրանն էր՝ «Բժիշկ, ամենից առաջ՝ մի՛ վնասիր»: Ձեր կենացը խմում եմ այդ պատվիրանը կրկնելով՝ «Ամենից առաջ՝ մի վնասեք»:

ԱՐՄԵՆ — Մերը ուրիշ երդում է:

ՌՇՏՈՒՆԻ — Նույնպես լավ երդում է:

ՎԱՐՈՒԺԱՆ — Այդ բառերը՝ «Մի վնասիր», կա՞ն:

ՈՒՍԱՆՈՂՆԵՐ — Չկան:

ՎԱՐՈՒԺԱՆ — Իսկ մյո՞ւս պատվիրանը… «Բժիշկ, վարվիր հիվանդի հետ այնպես, ինչպես կուզենայիր, որ քեզ հետ վարվեին, երբ հիվանդ ես»: Չկա՞:

ՈՒՍԱՆՈՂՆԵՐ — Չկա:

ՎԱՐՈՒԺԱՆ — Ափսո՜ս:

ԱՐՄԵՆ — Ես թույլ չեմ տա, որ երեկոն լրջանա: Հիվանդ, գրող: Դուք խմո՞ւմ եք առողջ բժիշկների կենացը, թե՞ ոչ:

ՎԱՐՈՒԺԱՆ — Ես խմում եմ հույն բժշկապետ Հիպոկրատի կենացը:

ԱՐՄԵՆ — Հիպոկրատն ի՞նչ կապ ունի մեր ինստիտուտի հետ:

ԳԱԳԻԿ — Նա մեր ինստիտուտ չէր էլ կարող ընդունվել, կոնկուրսով չէր անցնի: Հայրն էլ մեր ինստիտուտի պրոֆեսոր չէ:

ՎԱՐՈՒԺԱՆ — Մի հարց եմ ուզում տալ: Ինչո՞ւ եք հատկապես բժշկական եկել: Օրինակ դու, Արմեն:

ԱՐՄԵՆ — Ինչո՞ւ եք գրում ձեր գրքերը:

ՎԱՐՈՒԺԱՆ — Այդ ինչուին երևի ամենից ավելի գրողը կդժվարանա պատասխանել: Բժիշկը գիտի, որ հիվանդությունները միշտ լինելու են, իսկ գրողը… Իսկապես, ինչո՞ւ է գրում, ո՞ւմ համար:

ԱՐՄԵՆ — Ինձ համար, որ՝ չէ: Բառերն ինձ ավելի դուր են գալիս, երբ բառարանում են՝ դասավորված իրար վրա: Իսկ գրքերը կապ չունեն կյանքի հետ: Ստեփանավան էի գնում, ավտոբուսում մի գիրք թերթեցի, կողքինս տվեց: Պատկերացնո՞ւմ եք, սիրո մասին: Վաղուց այդքան չէի ծիծաղել:

ՎԱՐՈՒԺԱՆ — Ինչո՞ւ էր ծիծաղելի:

ԱՐՄԵՆ — Որովհետև սերը հիմա պատմական թանգարանի էքսպոնատ է:

ԿԱՐԻՆԵ — Արվեստագետը պիտի չամուսնանա: Բժիշկն էլ՝ որ հոգս չունենա. երեխաներ, լվացք, անքնություն:

ՎԱՐՈՒԺԱՆ — Ուրեմն, սերը փոխադրեցիք պատմական թանգարան:

ԱՐՄԵՆ — Ամերիկայում, գիտեք, վաղուց ամուսնանում են էլեկտրոնային հաշվիչ մեքենայի տվյալներով, մամուլը, կինոն՝ պոռնոգրաֆիա է ու սեքս… իսկ դուք՝ Ռոմեո ու Ջուլիետ, Սոս և Վարդիթե՜ր…

ՍԵԴԱ — Տրիստան և Իզոլդա…

ՈՒՍԱՆՈՂ — Տախիր և Զուխրա…

ԳԱԳԻԿ — Ամերիկայում մի գիրք է լույս տեսել՝ «Սիրո պատմություն»: Տղան հանդիպում է աղջկան, տղան սիրում է աղջկան, տղան կորցնում է աղջկան: Տպվեց տասը միլիոն, կարդաց հիսուն միլիոն մարդ: Ամերիկայում, որտեղ ամեն ինչ ճարվում է, այդ գիրքը, ասում են, չի ճարվում: Կարդացին ամերիկացիները, որոնք, ըստ Արմենի, էլեկտրոնային միջնորդով են ամուսնանում:

ԱՐՄԵՆ — Ձանձրույթից են կարդացել: Նոր բան է եղել, սրտաճմլիկ պատմություն: Ամերիկացիները սիրում են կուշտ ընթրելուց հետո մի քիչ լաց լինել:

Դռան զանգ: Հյուրասենյակի դռնից երևում է Սիրանույշ մայրիկը:

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՄԱՅՐԻԿ — Չե՞ք լսում… Այսքան ոտքերի մեջ մի ձեռք չկա, որ դուռը բաց անի:

ՌՇՏՈՒՆԻ — Վահեն բաց կանի, մայրիկ, դու իզուր վեր կացար:

ՎԱՐՈՒԺԱՆ — Բարև, Սիրանույշ մայրիկ:

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՄԱՅՐԻԿ — Վարուժա՞ն, էլի՞ մենակ:

ՎԱՐՈՒԺԱՆ — Չեն առնում, Սիրանույշ մայրիկ: Գրողին հիմա ո՞վ է բանի տեղ դնում:

Ներս է մտնում Վահեն բժշկի հետ:

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՄԱՅՐԻԿ —   Բժիշկ ջան, դո՞ւ ես: Համեցեք:

ԲԺԻՇԿ — Հիվանդը դո՞ւ ես, քույրիկ:

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՄԱՅՐԻԿ — Ես եմ, բա ո՞վ է:

ԲԺԻՇԿ — Դե քույրիկ, գնանք քո սենյակը:

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՄԱՅՐԻԿ — Չէ, ծանր եմ, էստեղ:

ԲԺԻՇԿ — Տաքությունդ չափե՞լ ես:

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՄԱՅՐԻԿ — Երեսունվեց ու ինը: Առավոտը երեսունյոթ ու երկուս էր: Վառվում էի:

ԱՐՄԵՆ — Հենց նոր խմում էինք բժիշկների կենացը: Ընկեր Պատկանյանը խմեց Հիպոկրատի կենացը: Ճանաչո՞ւմ եք:

ԲԺԻՇԿ(Արմենին): Տաքությունդ չափե՞լ ես: (Սիրանույշ մայրիկին.) Ինչի՞ց ես գանգատվում:

ԱՐՄԵՆ — Վահե անունով մի թոռ ունի, նրանից:

ԲԺԻՇԿ(Սիրանույշ մայրիկին): Նախ սիրտդ լսեմ: (Բռնում է զարկերակը:) Լավ է, վատ չէ, 75-80:

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՄԱՅՐԻԿ — Հա, ութանասունս նոր լրացավ:

ԲԺԻՇԿ — Վատ չէ… Բնիկ որտեղացի՞ եք:

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՄԱՅՐԻԿ — Ստեփանավանից:

ԲԺԻՇԿ — Բնիկ, բնիկ…

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՄԱՅՐԻԿ — Առաջ Ջալալօղլի էին ասում:

ԲԺԻՇԿ — Անդրկովկասի ամենալավ օդը ձեր կողմերում է:

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՄԱՅՐԻԿ — Օ՞դն ես ասում: Բա կանա՞չը, աղբյուրնե՞րը…

ԲԺԻՇԿ — Սպասիր, մի թոքերդ էլ լսեմ:

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՄԱՅՐԻԿ — Վարուժան, Վահե, շուռ եկեք:

ԲԺԻՇԿ — Խորը շնչիր և շունչդ պահիր: Երկու անգամ հազա: Հանգիստ շնչիր, հազ… շունչ… թոքերումդ բան չկա:

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՄԱՅՐԻԿ — Բան չկա՞, վայ քոռանամ ես:

ԲԺԻՇԿ — Ձեր կողմերում օտարական մեկը կար, անտառում էր ապրում: Լե՞հ էր, թե՞ հունգարացի…

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՄԱՅՐԻԿ — Լեոնտովի՞չը: Վայ նրա տունը չքանդվի: Առաքելիս ընկերն էր: Առաքելս հայերեն էր խոսում, սա՝ իր լեզվով: Ծիծաղից մեռնում էինք: Քսաներկու թվին եկավ ու գնաց Սոճուտները, ասում են՝ հազար տեսակ ծառ է տնկել: Մի օր տարածվեց, թե գելերը կերել են: Մինչև հիմի ապրում է: 61 տարեկան էր, որ երկրորդ անգամ պսակվեց: Ջահել էլ կնիկ առավ: (Վարուժանին.) Չէ, քեզ նման անբաշարք:

ՎԱՐՈՒԺԱՆ — Դժվարն առաջին անգամն է:

ԲԺԻՇԿ — Առաքելն ո՞վ է:

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՄԱՅՐԻԿ — Մարդս է, ո՞վ է… Լոռվա առաջին դարբինն է:

ԱՐՄԵՆ — Երկրո՞րդն ով էր:

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՄԱՅՐԻԿ — Ձենդ:

ԲԺԻՇԿ — Առաքելն ամուսինդ էր, ուրեմն դարբին էր, հա՞: Արդար գործ է: Տաքությունդ իջել է, բայց մի երկու օր էլ հանգիստ պահիր, թեյ խմիր, հոնի մուրաբայով: Ունե՞ք: Սիրտդ պինդ է, դեռ մի երեսուն-քառասուն տարի էլ կծառայի: Իմ քույրը Ստեփանավանում է ամուսնացած, մենք գաղթական ենք:

ԱՐՄԵՆ — Գաղ-թա-կան:

ԲԺԻՇԿ — Արմատը գաղթ բառն է:

Թողել եմ ու եկել

Մլքերս ու այգիս:

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՄԱՅՐԻԿ(երգում է): Քանի որ ախ կանեմ, կքաղվի հոգիս:

ԲԺԻՇԿ(Արմենին): Ականջիդ չէ՝ սրտիդ գաղթ բառը մի բան ասո՞ւմ է, երիտասարդ: Ծնողներդ բնիկ որտեղացի՞ են:

ԱՐՄԵՆ — Ես Երևանում եմ ծնվել, կարծեմ՝ հայրս էլ, մնացածը ինձ քիչ է հետաքրքրում: Ես բժիշկ եմ, ազգագրագետ չեմ: Այդ հարցուփորձը, որ անում եք, հիվանդի բուժմանն օգնո՞ւմ է:

ԲԺԻՇԿ — Օգնում է, երիտասարդ, մինչև այսօր օգնել է, չի վնասել:

ՎԱՐՈՒԺԱՆ — «Բժիշկ, բուժիր խոսքով, այլ ոչ միայն դեղանյութերով»:

ԲԺԻՇԿ — Հիպոկրատն է ասել: (Արմենին.) Իսկ քեզ մի խրատ տամ, երիտասարդ, իմացիր, թե պապդ բնիկ որտեղացի՞ է… Դե, ես գնամ:

ՌՇՏՈՒՆԻ(բժշկին): Կոլեգա, մեզ հետ մի բաժակ բան խմիր:

ԲԺԻՇԿ — Ուրեմն, հոնի մուրաբայով թեյ, գիշերը քնելուց առաջ ոտքերդ դիր տաք ջրի մեջ: Շատ տաք չլինի: Եթե դեղ սիրում ես, առավոտները, երկու-երեք օր, ասպիրին խմիր:

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՄԱՅՐԻԿ — Խմում եմ, օրական վեց հատ խմում եմ:

ԲԺԻՇԿ — Վեցը շատ է, մեկը քիչ է, երկուսը լավ է: Դե, քեզ հաջողություն:

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՄԱՅՐԻԿ — Քեզ էլ առողջություն:

Բժիշկը գնում է:

ՎԱՐՈՒԺԱՆ — Լավ բժիշկ էր, չէ՞, Սիրանույշ մայրիկ:

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՄԱՅՐԻԿ — Մարդ էր, լավ մարդ էր:

ՎԱՐՈՒԺԱՆ — Գլխացավդ չանցա՞վ:

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՄԱՅՐԻԿ — Մի քիչ կարծես թեթևացա: Բան չկա, հին գլուխ է, կցավի էլ, կանցնի էլ: Էս թազա գլուխներն են խախուտ: (Գնում է:)

ԳԱԳԻԿ — Ընկեր Պատկանյան, քիչ առաջ հարցնում էիք, թե ինչո՞ւ ենք եկել բժշկական: Շատերս պատահաբար ենք նստել այդ տրամվայը: Կարող էինք ուրիշ համարով գնալ: Օրինակ, եթե Կարինեի հայրը թատերական ինստիտուտում դոցենտ լիներ և ոչ թե մեզ մոտ, Կարինեն դերասանուհի կդառնար, մանավանդ, որ նրանից ավելի շուտ դերասանուհի կստացվի, քան…

ԿԱՐԻՆԵ — Իսկ քեզանից ի՞նչ կստացվի:

ՀՌԻՓՍԻՄԵ — Երևի քննիչ… կամ դատախազ:

ՌՇՏՈՒՆԻ — Քննիչ, դատախազ: Վերջ տվեք, զվարճացեք: Երկու օր է հոգիներս հանեցին: Մեկ դատախազն է կանչում, մեկ քննիչն է գալիս: Էդ քննիչն էլ տհաճ մարդ է:

ԱՐՄԵՆ — Պարտադիր չէ, որ բոլոր բժիշկները Հիպոկրատ լինեն կամ թեկուզ պրոֆեսոր Շարիմանյան: Շարքային բժիշկներ էլ են պետք: Մենք շարքային բժիշկների գծով ենք անցել Եվրոպայից: Կարինեն շատ լավ շարքային բժիշկ կդառնա: Ինչ վերաբերում է ինձ, եթե բժիշկ չդառնամ, կդառնամ գլխավոր բժիշկ:

ԳԱԳԻԿ — Ասում ես՝ գլխավո՞ր բժիշկ. ով կարող է որևէ բան անել, անում է, ով չի կարող՝ սովորեցնում է… ա՞յդ սկզբունքով:

ԱՐՄԵՆ — Գագիկ, դու մոռանում ես, որ հիմա բժշկի ձեռքի տակ հրաշք մեքենաներ կան:

ՎԱՐՈՒԺԱՆ — Ամենահրաշք մեքենան հիվանդի ճակատից քրտինքը կսրբի՞:

ԳԱԳԻԿ — Մեկը կար մեր մեջ, որ բժիշկ էր ծնվել…

ԵՐԿՈՒ ՈՒՍԱՆՈՂ(տարբեր տեղերից): Լիլիթը… Լիլիթը:

ՎԱՐՈՒԺԱՆ — (Ռշտունուն): Նա իսկապե՞ս լավ ուսանող էր:

ՌՇՏՈՒՆԻ — Իհարկե, հիմար աղջիկ չէր: Միայն թե մեծամիտ էր: Ինքնամփոփ: Ջղերը տեղը չէին: (Արմենին.) Թամադա, շատ է լրջանում երեկոն, իսկ իմ կենացը դեռ չեք խմել:

ԱՐՄԵՆ — Իսկապես, մենք չենք խմել պրոֆեսոր Ռշտունու կենացը: Ձեր կենացը, ձեր բարության և երիտասարդ հոգու: Ափսոս, որ դուք մեր դեկանն եք և չեմ կարող ամեն բան ասել, որոշ մարդիկ սխալ կհասկանան:

ՎԱՐՈՒԺԱՆ — Կենացդ, Միքայել, տեսնում եմ, որ հայրերի և որդիների կոնֆլիկտը գրողներն են հորինել, ձեզ մոտ դասակարգային համերաշխություն է:

ԳԱԳԻԿ — Ձեր գրքերում դուք ավելի խոր մարդ եք երևում:

ԿԱՐԻՆԵ — Գագիկն այսօր կռվելու ալիքի րա է: Քիչ առաջ էլ ինձ վիրավորեց:

ԳԱԳԻԿ — Ընկեր Պատկանյան, ես ձեզ եմ դիմում, որովհետև դուք գրող եք, ի՞նչ եք կարծում, զգայուն մարդը կարո՞ղ է նաև ուժեղ լինել, չէ՞ որ բժիշկը պետք է ուժեղ լինի, բայց բժիկը նաև պետք է զգայուն լինի:

ՎԱՐՈՒԺԱՆ — Զգայուն մարդը կարո՞ղ է նաև ուժեղ լինել… Չգիտեմ: Անզգացմունք մարդը ինձ համար մեքենա է:

ՌՇՏՈՒՆԻ — Կարևորը ուժեղ լինելն է: Բժիշկը իրեն չպետք է կորցնի ամենալարված պահերին, իսկ զգայուն մարդիկ՝ անհույս մարդիկ են:

ՎԱՐՈՒԺԱՆ — Հիշում եմ, երբ ինձ պիտի վիրահատեին, նայեցի վիրաբույժի ձեռքերին, ամուր, պինդ մատներ էին: Այդ մատները ինձ վստահությամբ լցրին:

ՌՇՏՈՒՆԻ — Տեսնո՞ւմ ես… Էմոցիոնալ, ջղային մարդը իրավունք չունի բժշկի մասնագիտություն ընտրելու:

ԳԱԳԻԿ — Իսկ Լենինը լաց է եղել «Քամելիազարդ տիկինը» դիտելիս, մարշալ Տուխաչևսկին կռվից առաջ մարտիկների համար ջութակ էր նվագում, Ալբերտ Էյնշտեյնը եկեղեցի էր գնում և լաց էր լինում պատարագի ժամանակ: Թո՞ւյլ մարդիկ էին:

ՌՇՏՈՒՆԻ — Ի՞նչ կապ ունեն նրանք իմ ասածի հետ: Ես բժշկի մասին եմ խոսում:

ԳԱԳԻԿ — Իսկ բժիշկը պետք է անզգա՞ լինի, սառնարա՞ն, հաշվիչ մեքենա՞: Բժշկի ձեռքերը չպիտի դողան, այո՛: Բայց սիրտը պիտի դողա մարդու համար… Պիտի դողա ավելի, քան տասը հազար բանաստեղծի սիրտ իրար գումարած:

ԱՐՄԵՆ — Բռավո, Գագիկ… Ի՜նչ արտիստ է կորչում:

ԿԱՐԻՆԵ — Նրանից շատ միջակ արտիստ կստացվեր:

ԱՐՄԵՆ — Միջա՞կ: Իսկ ի՞նչ վատ բան է միջակը: Ես առաջարկում եմ խմել միջակի կենացը… Միջակություն, միջամտել, միջնորդություն, միջակ արմատից չե՞ն:

ԿԱՐԻՆԵ — Միջամտել՝ լավ բառ է:

ԱՐՄԵՆ — Մանավանդ միջնորդել: Միջնորդիր, գնամ արտասահման:

ԿԱՐԻՆԵ — Միջնորդիր, գյուղ չքշեն:

ՀՌԻՓՍԻՄԵ — Միջնորդիր, առաջ քաշեն:

ԱՐՄԵՆ — Միջնորդիր, միջակ դիսերտացիա գրեմ և դառնամ միջակ դոկտոր: Հիմա գիտությունն էլ, իմ կարծիքով, առաջ են շարժում միջակ գիտնականները:

ՎԱՐՈՒԺԱՆ — Քիչ առաջ սերը փոխադրեցիք պատմական թանգարան: Ավելի լավ չէ՞ր լինի՝ սիրո փոխարեն այդ ամենն ուղարկեիք:

ԱՐՄԵՆ — Երաժշտություն…

Ռիթմիկ պար, հետո պատկերը քարանում է: Հայտնվում է Լիլիթը,

որ մեղմիկ սահում է քարացած ընկերների միջով:

ԳԱԳԻԿ(նա միակն է, որ տեսնում է Լիլիթին): Լիլիթ, ես միշտ տեսնում եմ քեզ, Լիլիթ…

 

ԵՐՐՈՐԴ ՊԱՏԿԵՐ

Պրոֆեսոր Ռշտունու առանձնասենյակն ինստիտուտում: Գրասեղանի առաջ նստած է Ռշտունին: Խորքից լսվում է Մարինայի ձայնը:

ՄԱՐԻՆԱ — Ո՞ւր, ո՞ւր, ընկեր: Սպասեցեք, պրոֆեսորը զբաղված է, չի կարելի:

ՌՇՏՈՒՆԻ — Վարուժա՞ն: Այդ դո՞ւ ես: Քո ետևի՞ց էր գոռում Մարինան: (Զանգը տալիս է, ներս է գալիս Մարինան🙂 Քանի՛ անգամ եմ քեզ զգուշացրել, մի քիչ քաղաքավարի եղիր, նախ հարցրու՝ ո՞վ է, ինչո՞ւ է եկել:

ՄԱՐԻՆԱ — Ես կարծեցի՝ Մարտուն Սանամյանի քեռին է: Հայրը եկավ, մայրը եկավ, հորեղբայրը զանգեց, ինձ թվաց՝ ընկերը քեռին է: Ձեռքս ցավում է այդ տղայի համար ուղեգիր գրելուց:

ՌՇՏՈՒՆԻ — Լավ, լավ, գնա սուրճ բեր:

Մարինան գնում է:

ՎԱՐՈՒԺԱՆ — Ո՞վ է Մարտուն Սանամյանը:

ՌՇՏՈՒՆԻ — Արդեն չորս անգամ չի կարողանում քիմիայի քննությունը հանձնել: Չգիտենք, ի՛նչ անել:

ՎԱՐՈՒԺԱՆ — Հեռացրեք:

ՌՇՏՈՒՆԻ — Քեզ ի՞նչ կա, քոնն ինքնահոսն է, սև թանաքով ու սպիտակ թուղթը: Քեզ համար գրում ես: Հոգս չունես… Ե՞րբ ես պսակվելու:

ՎԱՐՈՒԺԱՆ — Քարտուղարուհիդ քանի՞ տարեկան է: Տուր ինձ, խնամի կդառնանք:

ՌՇՏՈՒՆԻ — Մարինան ի՞նչ է, հիմա զանգ տամ՝ տասը թեկնածու գա, մեկը մեկից լավ… Ասպիրա՞նտ ես ուզում, թե՞ դիսերտացիան պաշտպանած: Եթե պաշտպանած, ուրեմն պիտի դրսում ճաշես, շորերդ տաս քիմիական մաքրման:

ՎԱՐՈՒԺԱՆ — Ես հիմա էլ դրսում եմ ճաշում: Ուրեմն, ի՞նչ պիտի փոխվի:

ՌՇՏՈՒՆԻ — Մի դոցենտ ունենք՝ Արաքսյա Սանասարովնա, հարցնում եմ, թե տղադ, աղջիկդ ո՞նց են դասավորվել: Ասում է, աղջիկս՝ հիանալի. ամուսինը շուկա է գնում, երեխաներին տանում է մանկապարտեզ, հատակը փայլեցնում է: Իսկ տղա՞դ՝ հարցնում եմ: Տղաս, ասում է, լավ չի: Հարսս բռնակալի մեկը դուրս եկավ, խեղճ երեխայիս շուկա է քշում, թոռնիկիս ինքը պիտի տանի մանկապարտեզ, գրպանում միշտ կապրոնե ցանց է պահում: Տեսնո՞ւմ ես, ինչեր են կատարվում աշխարհում: Իսկ ես շուտով Վահեիս պիտի ամուսնացնեմ… (Նայում է ժամացույցին🙂 Հիմա գիտխորհուրդը կսկսվի, ես պիտի գնամ, դե ասա, երեկ զգացի, որ ինչ-որ փորացավ ունես:

ՎԱՐՈՒԺԱՆ — Գլխացավ է:

ՌՇՏՈՒՆԻ — Եթե երեք առարկայից կտրված լինի, բան չեմ կարող անել: Նոր պրոռեկտորը, կարող է ճանաչես, Գաբուզյան, մի ջահել լակոտ է, բան չհասկացա դրանից, նստում է, հետդ սուրճ խմում, անեկդոտներ պատմում, իսկ երբ ուզում ես մի բան անցկացնել, ասում է՝ օրենքի սահմաններում:

ՎԱՐՈՒԺԱՆ — Դոցենտ Դիլանյանի հետ ինչպե՞ս ես:

ՌՇՏՈՒՆԻ — Նրա՞ առարկայից է:

ՎԱՐՈՒԺԱՆ — Ասում են՝ ազնիվ, բայց չոր, խիստ մարդ է: Ի՞նչ կասես:

ՌՇՏՈՒՆԻ(զանգում է քարտուղարուհուն): Լսիր, դոցենտ Դիլանյանը այդ կողմերում չէ՞:

ՄԱՐԻՆԱ — Կանչե՞մ:

ՎԱՐՈՒԺԱՆ — Իմ միտքն ուրիշ է, Միքայել, չես հասկանում:

ՌՇՏՈՒՆԻ — Կանչիր… Դիլանյանը կարգին մարդ է, կասեմ՝ կանի: Ափսոս տղան, կրակն ընկավ:

ՎԱՐՈՒԺԱՆ — Ի՞նչ է պատահել:

ՌՇՏՈՒՆԻ — Երեկ պատմեցի, չէ՞, այն աղջկա մասին: Իր ուսանողն էր:

ՎԱՐՈՒԺԱՆ — Պատմիր, ինչպե՞ս է եղել:

ՌՇՏՈՒՆԻ — Ի՞նչ պատմեմ: Եկել է, ուրեմն, քննության, հարցերին լավ չի պատասխանել, Դիլանյանն էլ թե՝ «միջակ»… ուսանողուհին, թե՝ էլի հարցեր տվեք, ես լավ եմ պարապել: Դիլանյանը էլի է հարցեր տալիս, աղջիկը խոստովանում է, որ լավ չի պատասխանում, բայց խնդրում է թույլ տալ, որ հետո գա: Դիլանյանը միջակ է նշանակում: Սա դուրս է գալիս և ուղիղ դեպի լուսամուտը և… խայտառակվեցինք: Խեղճ ռեկտորն էլ պիտի թոշակի գնար, շքանշանի են ներկայացրել… Ի՞նչ ես կարծում, կհանե՞ն, կարող է հանեն, չէ՞… Հո սերունդ չէ, այլ տասը անհայտով հավասարում, անհոգ, անտարբեր, նույնիսկ սանձարձակ և մեկ էլ… չորրորդ հարկից ներքև: Չեմ հասկանում:

ՎԱՐՈՒԺԱՆ — Գուցե ինչ-որ բան է պատահել… հուզված կամ հիվանդ է եղել, թուղթ կբերեր, կհետաձգեիք քննությունը:

ՌՇՏՈՒՆԻ — Թուղթ, իհարկե, կբերեր: Դու չգիտես հիմիկվա ուսանողին. եթե պահանջես տեղեկանք, որ երեկ նա մեռած է եղել, կբերի՝ կնքած, հաստատած:

ՎԱՐՈՒԺԱՆ — Լավ ասացիր:

ՌՇՏՈՒՆԻ — Մի տեղ օգտագործիր:

ՎԱՐՈՒԺԱՆ — Բայց այդ տեղեկանքները, կարծեմ, բժիշկներն են տալիս, չէ՞, քո նախկին սաները:

ՌՇՏՈՒՆԻ — Մի խոսքով: (Նայում է ժամացույցին🙂 Դե լավ, անուն-ազգանունն ասա… Այդ դեպքը, իհարկե, չարժե քչփորել: Տղան արդեն շարքից դուրս է գալիս, մեղք է: Ուսանողներին էլ քննիչը նորից կանչել է: Վահեն էլ գնաց: Էդ քննիչն էլ մի տհաճ մարդ է: (Մտնում է Դիլանյանը🙂 Կամսար, ծանոթացիր, իմ բարեկամն է, գրող Վարուժան Պատկանյան, կարդացած կլինես:

ԴԻԼԱՆՅԱՆ — Իհարկե, ուրախ եմ: (Ռշտունուն.) Գիշերը աչք չեմ փակել… շոգից:

ՌՇՏՈՒՆԻ — Ոչինչ, մի շաբաթից չվելու ես… Ծովափ է գնում, ուղեգիր հաջողացրինք, բա ո՞նց, թող մի քիչ հանգստանա: Դե լավ, ես գնամ: (Դիլանյանին.) Լսիր, տես ինչ է ասում Վարուժանը, հազարից մեկ մի բան է խնդրում:

ԴԻԼԱՆՅԱՆ — Ապահով գնացեք:

ՎԱՐՈՒԺԱՆ(Ռշտունուն): Դու գնա, կուշանաս, ընկեր Դիլանյանի հետ մենք լեզու կգտնենք:

ԴԻԼԱՆՅԱՆ — Պրոֆեսոր Ռշտունու բարեկամը իմ բարեկամն է:

ՌՇՏՈՒՆԻ — Իմ վասալի վասալը իմ վասալը չէ: Չգիտեմ՝ ով է ասել: Կատակ եմ անում: (Վարուժանին.) Անհետ մի կորչիր, իսկ պսակվելդ՝ ինձ վրա: Դոցենտ Դիլանյանն էլ քո օրին է, իսկապես, որ լեզու կգտնեք: (Գնում է:)

ԴԻԼԱՆՅԱՆ — Ոսկի մարդ է Ռշտունին:

ՎԱՐՈՒԺԱՆ — Դո՞ւք էլ ամուրի եք:

ԴԻԼԱՆՅԱՆ — Ես էլ:

Քարտուղարուհին սուրճ է բերում:

ՎԱՐՈՒԺԱՆ(Դիլանյանին): Համեցեք:

ԴԻԼԱՆՅԱՆ — Սուրճ չեմ խմում:

ՄԱՐԻՆԱ — Ընկեր Դիլանյանը սուրճ չի խմում: (Գնում է:)

ԴԻԼԱՆՅԱՆ — Դուք նաև հոդվածնե՞ր եք գրում թերթերի համար… Ձեր ազգանունը հաճախ է երևում:

ՎԱՐՈՒԺԱՆ — Բնիկ որտեղացի՞ եք:

ԴԻԼԱՆՅԱՆ — Ամենահայկական հարցը: Ծնողներս գաղթել են Ղարսից: Ես մեծացել եմ Սպիտակի շրջանի Խնկոյան գյուղում: Ուրեմն, գրողի հայրենակից եմ: Ո՞ր կուրսից է ձեր այդ ուսանողը:

ՎԱՐՈՒԺԱՆ — Երկրորդ:

ԴԻԼԱՆՅԱՆ(տագնապով): Երկրո՞րդ…

ՎԱՐՈՒԺԱՆ — Եթե, հասկանում եք, շատ է բարդ, հարկավոր չէ: Ես սարսափելի չեմ սիրում նման բաներ: Ասացիք՝ Ղարսից: Իսկ ես եղել եմ Ղարսում: Անցյալ տարի:

ԴԻԼԱՆՅԱՆ — Իսկապե՞ս: Հայրս ասում էր՝ հայի համար Ղարս ընկնելը ավելի դժվար է, քան Մարս ընկնելը: Հայրս շատ կուրախանար, եթե Ղարսի մասին պատմեիք:

ՎԱՐՈՒԺԱՆ — Գավառական նույն քաղաքն է՝ սև քարից: Դուք եղե՞լ եք արտասահմանում:

ԴԻԼԱՆՅԱՆ — Իտալիայում: Անցյալ տարի… Ժամը երեքին նորից քննություն ունեմ, մնացել է տասնհինգ րոպե: Կասե՞ք անուն-ազգանունը: Ուրիշ պարտք ունի՞: Խումբն էլ պետք է ասեք, որովհետև մեծ կուրս է:

ՎԱՐՈՒԺԱՆ — Ես քեռուն եմ ճանաչում, անուն-ազգանունը չեմ վերցրել, երեկոյան կզանգեմ, եթե կարելի է:

ԴԻԼԱՆՅԱՆ — Խնդրեմ, զանգահարեք երեկոյան ժամը 9-ից հետո: (Գրում է հեռախոսի համարը:) Սեպտեմբերին կհանդիպենք, կխոսենք: Սևացած կլինեմ: Տասներկու տարվա մեջ ինստիտուտն առաջին անգամ ինձ ուղեգիր է տվել: Ծովա՛փ: Ոսկի մարդ է Ռշտունին: Հայրս եթե կենդանի լիներ, շատ պիտի ուրախանար Ղարսի մասին լսելով: Այսօր շոգը սպանում է: Ուրեմն, կզանգահարեք, մի ուշացնեք, ամեն օրը նշանակություն ունի: Եթե վաղը կարգավորվեց, թոշակ էլ կստանա: Ամեն դեպքում՝ փող է:

ՎԱՐՈՒԺԱՆ(անսպասելիորեն, վճռական): Ձեր ուսանողուհին, այն աղջիկը, որ իրեն սպանեց, ոչինչ չասա՞ց դուրս գնալուց առաջ: Մահից առաջ մարդիկ միշտ մի կարևոր բան են ունենում ասելու:

ԴԻԼԱՆՅԱՆ — Չեմ հիշում: Ձե՞զ էլ ոգևորեց այդ պատմությունը: Ասացեք խնդրեմ, ընկեր գրող, հոգեկան հիվանդները լինո՞ւմ են գրքի հերոս:

ՎԱՐՈՒԺԱՆ — Լինում են: (Դադար:) Լսեք, դոցենտ Դիլանյան, եթե ես ձեզ խնդրած լինեի այդ աղջկա՝ Լիլիթ Մուրադյանի համար, նրան գերազանց կդնեի՞ք, չէ՞… (Արագ դուրս է գալիս:)

 

 

ՊԱՏԿԵՐ ՉՈՐՐՈՐԴ

Քննիչի առանձնասենյակը:

ՎԱՐՈՒԺԱՆ — Այստեղ Արթուրի նամակներն են: Չի՞ կարելի մեքենագրել տալ:

ՔՆՆԻՉ — Ո՞րը:

ՎԱՐՈՒԺԱՆ — Բոլորը:

ՔՆՆԻՉ — Լիլիթի նամակներն են: Սրանք էլ կարդացեք:

Մտնում են ուսանողները:

Առաջ եկեք… Առաջ, առաջ: Գագիկ Վարդանյան, դուք չե՞ք հիշում, թե ի՞նչ ասաց Լիլիթ Մուրադյանը քննասենյակից դուրս գալիս:

ԳԱԳԻԿ — Ես այնտեղ չէի, որովհետև արդեն հանձնել էի քննությունը:

ՔՆՆԻՉ – Որևէ մեկը հիշո՞ւմ է:

ԱՐՄԵՆ — Նա ասաց, միջակ, խայտառակվեցի՝ կամ նման մի բան: Չեմ հիշում: Ես անմիջապես մտա լսարան, Լիլիթից հետո մտա:

ՎԱՀԵ — Ճիշտ է. ասաց՝ խայտառակվեցի, գունատ էր, ձեռքերը դողում էին:

ՀՌԻՓՍԻՄԵ — Ի՞նչ ուշադիրն ես, ահագին բան ես նկատել:

ՔՆՆԻՉ — Չմիջամտել:

ՎԱՐՈՒԺԱՆ — Ուրեմն, դու տեսար, թե ի՞նչ վիճակում էր ընկերուհիդ և չէի՞ր կարող մի երկու քայլ անել հետը, մի բան ասել:

ՔՆՆԻՉ — Պատասխանիր:

ԱՐՄԵՆ — Ուրեմն, հարցաքննությունը ոչ միայն կատարվում է գրողի ներկայությամբ, այլ ուղղակի նա՞ է մեզ հարցաքննում: Լավ է, նրա ներկայությունը մեր ցուցմունքները կդարձնի պատմական:

ՔՆՆԻՉ — Արմեն Եսայան: Ի՞նչ կարող եք ասել Լիլիթ Մուրադյանի մասին՝ իբրև մարդու, ընկերոջ և ընդհանրապես:

ԱՐՄԵՆ — Ընկեր քննիչ, ես նրա հետ միայն «բարև», «ցտեսություն»: Որոշ մանրուքներից դատելով՝ խելքը գլխին աղջիկ էր, եթե, իհարկե, խելքը գլխին աղջիկներ լինում են: Լիլիթը շատ դյուրագրգիռ էր, մի քիչ էլ, այսինքն, ինչո՞ւ մի քիչ, շատ, շատ էր սիրահարված ինքն իրեն:

ՔՆՆԻՉ — Ինչպես բոլոր աղջիկնե՞րը: Ցուցմունքի մեջ այդպես եք գրել:

ԱՐՄԵՆ — Մի քիչ ավելի, քան բոլոր աջիկները: Հետո նա ապրում էր գրքերի հերոսների կյանքով: Իսկ կյանքն ուրիշ է:

ՎԱՐՈՒԺԱՆ — Ինչպիսի՞ն է:

ԱՐՄԵՆ — Դարձյալ մոռացա, որ այստեղ գրող կա: Բայց կրկնում եմ՝ բառերն ինձ ավելի դուր են գալիս Աճառյանի արմատական բառարանում: Գրողները մթագնում են բառերի իմաստը: Զգայուն մարդիկ պետք չէ, որ բժիշկ դառնան: Այ, ի՞նչ կաներ Լիլիթը, եթե նրա ջղերից կախված լիներ հիվանդի կյանքը:

ԳԱԳԻԿ — Ուրեմն, կարող եք ուրախանալ, այստեղ, այս սենյակում գտնվում են ապագա հիանալի բժիշկներ, որոնց ջղերը չժանգոտվող պողպատից են, որոնք մսից ու արյունից չեն, այլ… կիսահաղորդիչներ:

ՔՆՆԻՉ — Մի քիչ հանգիստ, երիտասարդ: Իսկ ի՞նչ կասեք Արթուր Ոսկանյանի մասին:

ԳԱԳԻԿ — Արթուրը դեռ չի եկել Չիտայից: Այնտեղ է ծառայում: Չհասավ թաղմանը, թույլ չեն տվել: Ասել են՝ եթե օրինական կինդ լիներ, եթե գրանցված լինեիք… Դե, նրանք ի՞նչ. սիրահարները գրանցված կարող են լինել միայն… զբոսայգիներում:

ՀՌԻՓՍԻՄԵ — Գագիկն ահագին մանրամասնություններ գիտի, իսկ ես կարծում էի՝ Լիլիթը հանդիպում է Վիգենի հետ, ես նրանց միշտ իրար հետ էի տեսնում:

ԳԱԳԻԿ — Վիգենը Արթուրի ընկերն է:

ՔՆՆԻՉ(Վարուժանին): Ձեզ ուրիշ ի՞նչ հարց է հետաքրքրում:

ԳԱԳԻԿ — Էլ ի՞նչ, ընկեր Պատկանյանն արդեն լսեց, որ Լիլիթը չէր կարող բժիշկ դառնալ, զգայուն էր, դյուրագրգիռ, իսկ Արմեն Եսայանն, օրինակ, կդառնա: Կարինե Սահակյանն էլ, Վահե Ռշտունին էլ, մյուսներն էլ: Նրանք այնպիսի ջղեր ունեն, որ հանգիստ շարունակեցին քննություն հանձնել, երբ բակում մեռնում էր իրենց ընկերուհին:

ՎԱՐՈՒԺԱՆ — … Եվ անհնարին է հավատալ:

ԳԱԳԻԿ — Այո:

ԱՐՄԵՆ — Իսկ ի՞նչ կարող էինք անել, կյանքը, եթե կուզեք, ամեն մարդու տնամերձն է, ինչպես ուզում է, կարող է վարվել: Լիլիթը, իհարկե, սխալ արեց, բայց ինքն այդպես ուզեց, ոչ ոք չդրդեց նրան:

ՍԵԴԱ — Մենք ծաղիկներ տարանք, գնացինք նրանց տուն, քննիչին ցուցմունք ենք տվել, կարող եք կարդալ:

ԱՐՄԵՆ — Երկու օր հետո էլի քննություն ունենք: Չտա՞նք: Իսկ հինգ տարի հետո, երբ ձեզ ուզենանք բուժել, կասեք՝ լավ բժիշկ չեք:

ՎԱՐՈՒԺԱՆ — Խոսքը վաղվա քննության մասին չէ, բայց այն պահին, երբ ձեր ընկերուհին ընկած էր բակում, դուք ինչպե՞ս կարողացաք հարցատոմս վերցնել:

ՔՆՆԻՉ — Կարինե Սահակյան:

ԿԱՐԻՆԵ — Մենք ուզում էինք իջնել: Մի քանիսն իջան: Օրինակ, Գագիկը, բայց դոցենտ Դիլանյանն ասաց, չցրվեք, ասաց, որ շուտ կվերջացնենք:

ԳԱԳԻԿ — Եվ շուտ վերջացրեց: Եվ ոչ ոք չկտրվեց:

ԿԱՐԻՆԵ — Սեդան կտրվեց:

ԳԱԳԻԿ — Կտրվել էր նախքան… Լիլիթից հետո բոլորիդ գործը հեշտացավ: Դիլանյանի ձեռքերը դողում էին:

ԱՐՄԵՆ — Ուզում ես ասել՝ օգտվեցի՞նք:

ՔՆՆԻՉ — Հանգիստ:

ԳԱԳԻԿ — Լիլիթը մեզ նման չէր: Օրերով կորչում էր օնկոլոգիայի ինստիտուտում, ինչ-որ բաներ էր գտել, ուզեցել էր ցույց տալ պրոֆեսոր Ռշտունուն, Ռշտունին չէր էլ թերթել տետրը: «Տասնութ տարեկան հանճարների դարն անցել է,- ասել էր,- հիմա գյուտն անում են տասնութ հազար գիտնական միասին: Իսկ դու, այ, բացակայում ես ֆիզկուլտուրայի դասերից»:

ՀՌԻՓՍԻՄԵ — Ես հիշում եմ այդ խոսակցությունը: Լիլիթը շատ էր կարդում Դոստոևսկի և Ֆրեյդ: Ինձ մի անգամ ցույց տվեց՝ ահագին քաղվածքներ էր արել:

ՔՆՆԻՉ — Այնուամենայնիվ, ինչպիսի՞ն էր Լիլիթը:

ԿԱՐԻՆԵ — Հպարտ էր: Հիշո՞ւմ եք, առաջին կուրսում դոցենտ Դիլանյանին ինչպես շշպռեց:

ՎԱՐՈՒԺԱՆ — Իսկ ինչո՞ւ:

ԳԱԳԻԿ — Առաջին կիսամյակի վերջն էր, Դիլանյանը մեզ հավաքեց, ասաց, ի՞նչ կա ձեր գլուխներում, որ ի՞նչ քննեմ, տվեք գրքույկներդ, կնշանակեմ, խեղճ եք: Բոլորս տվեցինք մեր գրքույկները, հեզ, հնազանդ, նույնիսկ ժպտացինք: «Ես չեմ ուզում՝ ինձ խղճաք,- ասաց Լիլիթը,- կպատասխանեմ, նոր»: Եվ մինչև չպատասխանեց, չտվեց:

ՀՌԻՓՍԻՄԵ — Շատ էր դյուրագրգիռ, բայց ուղղամիտ: Բամբասել չգիտեր, շրխկացնում էր երեսին: Նրա համար դժվար էր ապրելը:

ԳԱԳԻԿ — Եթե միայն Լիլիթի նմանները սովորեին, Լիլիթը չէր թվա անսովոր: Մեր նմանները հիմա հարթ խուզած գազոն են հիշեցնում, Լիլիթի նմանները խախտում են այդ կանաչ պարկետը:

ԱՐՄԵՆ — Ի՞նչ է, դու մարդկանց ուզում ես զրկել սովորելու իրավունքի՞ց, դա սահմանադրական իրավունք է, ընկեր:

ԳԱԳԻԿ — Մեր բոլոր ծնողներին թվում է, որ իրենց երեխաները տաղանդ են: Ամենաբութ երեխայի մասին անգամ ծնողները ասում են. գիտե՞ք, իմ երեխան շատ ընդունակ է, բայց ծույլ… Դեռ չեմ հանդիպել մի բութ երեխա, որ ընդունակ չլինի, բայց՝ ծույլ:

ԱՐՄԵՆ — Իսկ դու, Գագիկ, դո՛ւ, ինչո՞ւ ես սովորում:

ԳԱԳԻԿ — Որովհետև մանկությունից գլուխս մտցնում են՝ սովորիր, որ մարդ դառնաս: Այսինքն՝ եթե չսովորես, մարդ չես: Սովորիր, որ դիպլոմ ունենաս, որ քեզ հարգեն, սովորիր, որ դիրք ունենաս, որ հեշտ վաստակես, սովորիր, սովորիր… Ասում են ծնողները, ուսուցիչները, գրքերը, հեռուստացույցը. բոլորը և… սովորում ենք: Իսկ գուցե ես թքել եմ այդ ամենի վրա, կամ գուցե ես ուզում եմ սովորել ոչ թե թղթի մի կտորի համար, այլ ուզում եմ մի անհայտ բան իմանալ: Ո՛չ, մեր փոխարեն ընտրում են ծնողները, քեռիները, հարևանների կարծիքը… ու սովորում ենք, ազգովին սովորում ենք: Ավելի լավ չէ՞, ուրեմն, բացել դիպլոմների ունիվերմագ՝ բաժիններով. «Այսօր ի՞նչ դիպլոմ են ստացել», «Բժշկի»: «Հերթ է, իրար կոտորում են»: «Ձեզ ի՞նչ դիպլոմ է հարկավոր, ագրոնոմի՞, բարձրացեք երրորդ հարկ, աջ թևի վրա»: Բոլորս կունենայինք դիպլոն, դրանից հետո՝ ով իսկապես է ուզում և կարող է սովորել, թող սովորի:

ՀՌԻՓՍԻՄԵ — Շատ էլ լավ կլիներ: Ես, օրինակ, վաճառող կլինեի այդ ունիվերմագում:

ԳԱԳԻԿ — Մենք՝ ես, դու, դու-մենք, հոգու գործազուրկներ ենք: Մենք վախենում ենք հոգու աշխատանքից, դրա համար չենք սիրում մենակ մնալ, քննել ինքներս մեզ, դատապարտել, վերլուծել, իսկ էժանագին սրճարանում կարող ենք նստել երկու ժամ, երեք ժամ, դա հոգու գործազրկություն չէ՞…

Վարուժանը մոտենում է Գագիկին, սևեռուն նայում նրան, հետո արագ քայլերով հեռանում է:

ՊԱՏԿԵՐ ՀԻՆԳԵՐՈՐԴ

ԼԻԼԻԹԻ ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆԸ

Սրճարան, Վարուժանը մենակ նստած է սեղանի մոտ, ինչոր տետր է թերթում:

ՎԱՐՈՒԺԱՆ(կարդում է): «Ապրողները չեն կարող հասկանալ կյանքի գեղեցկությունը, ապրողները դրա համար ժամանակ չունեն, միայն կյանքից դժգոհելու համար են նրանք ժամանակ ճարում»: Ո՞վ ես դու, Լիլիթ, Միջնադարից փախած ինքնասեր իշխանադո՞ւստր: Ամբողջ գիշեր Տերյան կարդացող սենտիմենտալ հոգի՞: Գրքերի աշխարհում մեծացած ֆանտազյո՞ր: Ո՞վ ես: Ընկերներդ քեզ չեն հասկացել, երևի նաև չեն սիրել, եթե մի շաբաթ հետո խնջույք էին սարքել… Ինչո՞ւ խճճվեցի այս պատմության մեջ, ի՞նչ պիտի կարողանամ պարզել:

Լիլի՜թ, դու եղել ես կուրսի ամենալավ սովորողը, չես ուզեցել միջակ ստանալ, հետո…՞ (Թերթում է տետրը, կարդում:) Բայց զարմանալի աղջիկ ես եղել, Լիլիթ, իսկապես որ, զարմանալի: Քո կենացը, անհասկանալի աղջիկ:

Հայտնվում է Լիլիթը:

ԼԻԼԻԹ — Մեռածների կենացը չեն խմում:

ՎԱՐՈՒԺԱՆ — Մահը մարդու հիմնական վիճակն է, կյանքը՝ երկու չգոյության մեջ ընկած կարճատև ընդմիջում: Որտեղացի՞ ես, Լիլիթ:

ԼԻԼԻԹ — Երևանից: Ծնողներս Երևանից են: Մայրս բարի ու միամիտ կին է, նա երբեք չի հասկանա, թե այս ամենը ինչպե՞ս պատահեց:

ՎԱՐՈՒԺԱՆ — Ես ոչ բարի եմ, ոչ միամիտ, բայց… նույնպես չեմ հասկանում: Դու շա՞տ էիր ուզում բժիշկ դառնալ:

ԼԻԼԻԹ — Երեք տարի փորձում էի: Առաջին անգամ երեք միավոր էր պակասում, երկրորդ անգամ՝ մեկ: Երբ իմացա՝ ընդունվել եմ, համբուրում էի մեր ինստիտուտի պատերը: Չե՞ք հավատում: Աշխարհում ամենամեծ բանը բժիշկ լինելն է: Չե՞ք ընդունում: Ի՞նչ են անում ֆիզիկոսները: Այսօր ճեղքում են ատոմը, վաղը կճեղքեն երկրագունդը… Իսկ բժի՜շկը… Նրա համար գերագույնը մարդն է, հիվանդը: Ռուբեն Սևակը բժիշկ էր ու բանաստեղծ: Տասնհինգ թվին թուրքերը նրան տանում էին սպանելու, իսկ նա աքսորի ճանապարհին բուժեց թուրք քաղաքապետի աղջկան, որովհետև այդ աղջիկը մարդ էր ու… հիվանդ:

ՎԱՐՈՒԺԱՆ — Մարդ էր ու հիվանդ…

ԼԻԼԻԹ — Հիպոկրատն ասում է՝ բժիշկն իմաստուն է, հավասար աստծուն:

ՎԱՐՈՒԺԱՆ — Ճիշտ է, Աստծուն էլ են հավատում, բժշկին էլ: Իսկ ընկերս ասում է՝ աստված էլ չի բուժում, բժիշկն էլ…

ԼԻԼԻԹ — Դուք ծանո՞թ եք Վան Գոգի կյանքին:

ՎԱՐՈՒԺԱՆ — Սիրում եմ նրա նկարները:

ԼԻԼԻԹ — Ես նամակներ էի գրում նրա նկարներին: Նրա ամեն մի նկար՝ իմ մի նամակի պատասխանն է: Ցնդած եմ, չէ՞: Շո՞գ է Երևանում: Ես սիրում եմ շոգը, ես սիրում եմ շոգ ժամանակ նայել արևի աչքերին, նայել ուղիղ արևի աչքերին, արևը չար չէ: Ո՞վ է տվել ձեզ իմ օրագիրը:

ՎԱՐՈՒԺԱՆ — Քննիչը: Ես քիչ բան եմ հասցրել կարդալ: Դու գրել ես միայն քեզ համար: Ոչ թե օրագիր է, այլ՝ սեպագիր, իսկ բանալին չեմ գտնում: Դու սիրո՞ւմ էիր Արթուրին:

ԼԻԼԻԹ — Նա մաքուր ու անօգնական հոգի է: Ես մեղավոր եմ նրա առաջ: Երբ բանակ էր գնալու, մենք ողջ գիշեր միասին թափառեցինք, հետո բարձրացանք Ծիծեռնակաբերդ, երդվեցինք կրակի առաջ… ինչպես հեթանոսները: Արթուրն ասաց, որ հիմա այստեղ ներկա է երկու միլիոն մարդ: Դուք չե՞ք կարդացել Արթուրի նամակները, նրանք իմ պայուսակում էին:

ՎԱՐՈՒԺԱՆ — Ես երեկ արտագրեցի նամակներից մի քանիսը: Կարդում եմ: Նրա բոլոր նամակները քննիչը կարել է գործին: Քո ամբողջ կյանքը հիմա կարված է գործին: Քրեական գործ N 428: Զարմանալի նամակներ են: Կարդում եմ ու չեմ հավատում ձեր գոյությանը: (Կարդում է:) «Հիշո՞ւմ ես մեր առաջին հանդիպումը, Լիլիթ: Դու ընդունվել էիր, ես՝ չէ: Մենք սրճարան մտանք: Մենք իրար համարյա չէինք ճանաչում…»:

ԼԻԼԻԹ — Ես Արթուրին վաղուց էի նկատել, իսկ ճանաչելու համար մի՞թե հարկավոր է հարյուր տարի: Ես վստահում եմ բնազդներին:

ՎԱՐՈՒԺԱՆ — «Քո նամակներն ինձ հետ են, դու ինձ հետ ես: Մի՞թե սիրելը, իրոք, կորցնել է նշանակում: Նամակներդ ինձ հետ կծերանան…»:

ԼԻԼԻԹ — Արթուր, ես քեզ չկարողացա ուղարկել իմ վերջին նամակը: Ես մեղավոր եմ, Արթուր… Իսկ այն օրը, քննության գիշերը, ես երկար թափառում էի ամայի, անմարդ փողոցներով: Ես չգնացի մեր փողոցը, ինձ թվում էր, ես արդեն իրավունք չունեի, եթե դու ինձ գրել էիր այդպիսի տխուր մի նամակ: Մի՞թե հավատացել էիր, Արթուր… Ես այո՛, իրավունք չունեի, որովհետև սերը ազատություն չի տալիս, այլ ազատությունը վերցնում է: Սերը մեծագույն ստրկությունն է, որտեղ երկուսն էլ միաժամանակ և՛ ստրուկ են, և՛ ստրկատեր: Դուք երբևէ օրագիր գրե՞լ եք:

ՎԱՐՈՒԺԱՆ — Դպրոցում: Սիրում էի մի աղջկա: Հիմա նա տատիկ է: Այն ժամանակ բարալիկ աղջնակ էր: Օրագիր էի գրում, հետո այրեցի: Իսկ տարիներ հետո պատմվածք գրեցի, թե ինչպես եմ այրել իմ օրագիրը: Խոսիր, Լիլիթ, պատմիր քո մասին, ո՞վ ես դու:

ԼԻԼԻԹ — Ամենասովորական մի աղջիկ եմ: Երբ առաջին անգամ դասի գնացի, ինձ թվում էր՝ պիտի հանդիպեմ ոգևորությունից գլուխները կորցրած մարդկանց, որոնք օր ու գիշեր թաղված են գրքերի մեջ, որոնք հիվանդանոցներից տուն չեն ուզում գնալ: Եվ հանդիպեցի. կան այդպիսիք, այո՛, այո՛, կան: Բայց ափսո՜ս, ես տեսա նաև ինքնագոհ ու արհամարհական դեմքեր, դիմումների հեղեղ, զգացմունքների ու… երբեմն նաև գիտության առևտուրը:

ՎԱՐՈՒԺԱՆ — Դու չափազանցնում ես: Դու իրոք ապրում ես գրքերի հերոսների մեջ, ինչպես ընկերներիցդ մեկն ասաց:

ԼԻԼԻԹ — Գրքերի հերոսները սո՞ւտ են: Ծանր էր դա լսել գրողից:

ՎԱՐՈՒԺԱՆ — Ես չասացի՝ սուտ են, բայց կյանքը մնում է կյանք, իսկ դու սխալներ ես արել, դու անուղղելի սխալներ ես արել:

ԼԻԼԻԹ — Արդեն տասնմեկ օր է, որ ես այլևս սխալ չեմ անում: Բայց կյանքն առաջ են շարժում դոն քիշոտներն ու համլետները և ոչ թե սխալ չանող մարդիկ: Դոն Քիշոտն ինձ համար ավելի իրական է, քան…

ՎԱՐՈՒԺԱՆ — Դոցենտ Դիլանյա՞նը…

ԼԻԼԻԹ — Դոցենտ Դիլանյանը խեղճ մարդ է, փոքր սլաքը հանած ժամացույց. նրա վրա ամեն մարդ իր ուզած ժամը կարող է ցույց տալ, ես նրա մասին տխրությամբ եմ մտածում: Եթե նա 300 տարի էլ կենդանի մնա, ոչ մի օր չի ապրի իբրև մարդ: Այսինքն՝ չի լինի ինքն իր նման: Նա մոռացել է, թե ով է ինքը: Նա անընդհատ հարմարվում է, նմանվում, նա չի հիշում ինքն իրեն:

ՎԱՐՈՒԺԱՆ — Ե՞րբ ես հասցրել այդպիսի բանաձևերի մեջ խցկել աշխարհն ու մարդկանց:

ԼԻԼԻԹ — Ես սիրում էի հավատի ու խենթ նվիրումի մարդկանց: Աշխարհը կկործանվի, եթե դիլանյանները հանկարծ մեծամասնություն դառնան: Նրանք ոչ մեկի ներքև չեն հրի չորրորդ հարկից, բայց և ոչ մեկի ետ չեն պահի: Նրանք գնացքներ են, նրանք ապրում են ըստ չվացուցակի, նրանք շարժվում են զանգով և կանգնում են զանգով: Բայց կան և ուրիշ մարդիկ՝ խիզախության, հավատի և պայծառ նպատակի ասպետներ: (Անէանում է:)

 

 

ԵՐԿՐՈՐԴ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ

ՊԱՏԿԵՐ ՎԵՑԵՐՈՐԴ

Վիրաբույժ Խորենյանի առանձնասենյակը:

ՊՐՈՖԵՍՈՐ — Վիրահատությունը տևեց 2 ժամ 8 րոպե:

ԲԺԻՇԿ — 2 ժամ 18 րոպե:

ՊՐՈՖԵՍՈՐ — Ծանր դեպք էր: Արնահոսություն ստամոքսի շրջանում: Երեք քառորդը հեռացրինք: Գիշերն էին բերել: (Հեռախոսի զանգ:) Ներեցեք: Ես եմ, Աննա, վերջացրի… արվեց ամեն ինչ, ասեղնագործեցի՝ ինչպես քո դերձակուհին: Լևոնյանը երաշխավորում է, որ սիրտը կդիմանա… լավ: (Դնում է խոսափողը:) Կինս էր:

ՎԱՐՈՒԺԱՆ — Ես կարծեցի՝ հիվանդի…

ՊՐՈՖԵՍՈՐ — Հիվանդի կինը ներքևում է: Հիմա ընդունարանը պաշարված է հիվանդի ընկերներով, հարազատներով: Գիշերը ոչ ոք տուն չի գնացել: Զարմանալի ժողովուրդ ենք… (Բուժքույրը բերում է թեյ:) Հիանալի բան է մուգ թեյը, միանգամից վերականգնվում ես: 32 տարեկան է: Վիրահատությունից առաջ հարցնում եմ՝ ի՞նչ ես մտածում, ասում է՝ սառնարանումս 5 շիշ չեխական գարեջուր է մնացել, տեսնես ո՞վ է խմելու: Ուզում եք գրել բժիշկնե՞րի մասին: Կհայհոյեն ձեզ: Հիմա մեր ժողովուրդը մահ չի ընդունում: Դրա համար էլ բժշկին ոչինչ չի ներվում: Եվ իրավունք ունեն: Ինչպե՞ս կարելի է ներել մահը: Ի՞նչ անենք, որ փրկել ես տասը մարդու, իսկ տասնմեկերո՞րդը: Ահա, ներքևում նստած է այդ տղայի մայրը: Նա իր որդուն է ուզում: Երեկ գիշեր նայեց-նայեց ինձ, ոչինչ չասաց: Ավելի լավ էր՝ աղաչեր, պաղատեր, ձեռքերս համբուրեր: Այդպես էլ է լինում, ոչինչ չասաց: Գիտեր, ծանր է որդու վիճակը: Բայց լուռ էր: Սարսափելի է մոր լռությունը… Դժվար է մեր գործը, իսկ մեր ձեռքերը հաճախ անզեն են, անօգնական: Ապագա բժիշկներն ավելի զինված կլինեն:

ՎԱՐՈՒԺԱՆ — Ես հենց եկել եմ ապագա բժիշկների մասին խոսելու, ձեր ուսանողների:

ՊՐՈՖԵՍՈՐ — Դա ուրիշ: Դա հարկավոր է: Քիչ են գրում նրանց մասին: Բայց հարկավոր է:

ԲԺՇԿՈՒՀԻ(խոսում է սելեկտորով): Զարկերակը կարգավորվեց: Շատ դժվար, բայց դուրս է գալիս նարկոզից:

ՊՐՈՖԵՍՈՐ — Թթվածին տվեք: Պատրաստեք արյան ներարկման սարքավորումը: (Վարուժանին.) Դժվար է գրել բժշկի մասին: Սովորաբար, կներեք, գրողներդ վարդագույն թանաք եք գործածում: Աչքի համար լավ չէ, չի կարդացվում: Բժիշկը՝ նահատակ է և հետո՝ բժիշկը չի կարող հաղթել մեկ անգամ: Հաղթել հարկավոր է ամեն օր, ամեն ժամ: Դա սևագործ հերոսություն է: Իսկ բժշկի նյարդերը կապրոնից չեն: Կա՞ նահատակ լինելու ձգտում, անձնական կյանքից զրկվելու, կյանքդ ուրիշների հոգսերին ենթարկելու կիրքը: Բոլորի մեջ չէ, որ տեսնում եմ:

ՎԱՐՈՒԺԱՆ — Ձեր ուսանողներից մեկը, գիտե՞ք, ինչ է գրել ձեր մասին իր օրագրում: (Հանում է ծոցատետրը, կարդում:) «Նա ամեն վիրահատությունից հետո ծերանում է, նրա տարիքը ծննդյան օրերով չէ, որ պետք է որոշել, այլ՝ վիրահատություններով: Ես երեք անգամ տեսել եմ նրան վիրահատելիս, և նա իմ աչքի առաջ ծերացել է: Ես տեսել եմ, ազնիվ խոսք, տեսել եմ, թե ինչպես են գոյանում նրա ճակատի կնճիռները»:

ՊՐՈՖԵՍՈՐ — Կնոջս մոտ չկարդաք… Երևի գրողն էլ պիտի ծերանա իր յուրաքանչյուր գրած տողով… (Ներս է մտնում բժիշկը, ձեռքին՝ ռենտգեն լուսանկար: Պրոֆեսորը ուշադիր նայում է լուսանկարը:) Ուրեմն, ստենոզ, ստենոզ… Ես կասկածում էի, բայց ինչ-որ թաքուն հույս կար:

ՎԱՐՈՒԺԱՆ — Պրոֆեսոր, ի՞նչ է նշանակում ստենոզ:

ՊՐՈՖԵՍՈՐ — Ստամոքսաելքի ծայրահեղ նեղացում: Խոցային հիվանդության հետևանք է… Վիրահատել, ուրիշ ելք չկա:

ԲԺԻՇԿ — Ե՞րբ, պրոֆեսոր:

ՊՐՈՖԵՍՈՐ — Ավելի լավ է՝ այսօր: Նախապատրաստեք հիվանդին: (Վարուժանին.) Ինձ ճիշտ հասկացեք, երբ ես մտնում եմ լսարան և իմ առաջ տեսնում այդ առողջ, գեղեցիկ աղջիկներին, տղաներին, հավատացեք, հրճվում եմ: Բայց ծանր է Հիպոկրատի գլխարկը: Նրանց մեջ կան աղջիկներ, որ պարզապես սպիտակ խալաթ հագնելու համար են եկել բժշկական: Եվ, մանավանդ, ինչո՞ւ նահատակ դառնալ, կարելի է չբուժել, այլ պարզապես հաճելի ժպտալ հիվանդին, չափել նրա տաքությունը, երբեմն նրա հետ նաև սուրճ խմել, ժամը եկավ՝ գնալ տուն և ստանալ նույն աշխատավարձը, ինչ կողքիդ նահատակ բժիշկը:

ՎԱՐՈՒԺԱՆ — Պրոֆեսոր, այս ուսանողը, որ գրել է ձեր մասին, մի քանի օր առաջ ինքնասպան է եղել:

ՊՐՈՖԵՍՈՐ — Ինքնասպա՞ն: Սպասեք, սպասեք, ինձ ասացին, ինչ-որ քննության ժամանակ: Կարծեմ դժգոհ է եղել թվանշանից: Ուրեմն հենց նա՞ է այդ տողերը գրել:

ՎԱՐՈՒԺԱՆ — Այո: Այս աղջիկը, եթե ապրեր, կարող էր ձեր ասած նահատակ բժիշկը դառնալ:

ՊՐՈՖԵՍՈՐ — Ա՞յդ նյարդերով, ա՞յդ համբերությամբ:

ՎԱՐՈՒԺԱՆ — Խճճված պատմություն է: Այստեղ սոսկ թվանշանի հարց չէ: (Ցույց է տալիս Լիլիթի նկարը:) Դուք նրան բոլորովին չե՞ք հիշում:

ՊՐՈՖԵՍՈՐ(երկար նայում է լուսանկարը): Չեմ հիշում… մտածկոտ աչքեր ունի: Պիտի գրե՞ք նրա մասին:

ՎԱՐՈՒԺԱՆ — Ուզում եմ, սա առիթ դարձնելով, ձեր ասած հարցերի մասին գրել:

ԲԺՇԿԻ ՁԱՅՆԸ(սելեկտորով): Պրոֆեսոր:

ՊՐՈՖԵՍՈՐ — Լսում եմ, բժիշկ Ոսկանյան:

ԲԺԻՇԿ — Ուզում եմ հաղորդել երեկ վիրահատված Ենգիբարյանի հեմոդինամիկ տվյալները: Զարկերակը՝ 84/90, արյան ճնշումը՝ 120/80, լեզուն խոնավ է, փառակալած չէ, որովայնը փափուկ է, ցավոտ է միայն վերքի շրջանում:

ՊՐՈՖԵՍՈՐ — Շարունակեցեք տալ, ինչ երեկ նշանակեցի: Ավելացնելու ոչինչ չունեմ:

ՎԱՐՈՒԺԱՆ — Ինձ թվում է, ամեն տեղ միջակ մասնագետ կարող է լինել, բայց բժի՞շկը… Ե՞րբ է ուսանողը միջակ ստանում՝ երբ հարցատոմսի չորս հարցից պատասխանում է երկուսին: Այսինքն՝ չի պատասխանում երկուսին: Իսկ վաղը չէ՞ որ նրա մոտ կգա հենց այդ՝ չպատասխանած հարցի հիվանդությամբ տառապող մեկը:

ՊՐՈՖԵՍՈՐ — Իհարկե, գրողի թույլ գիրքը, կներեք, կարելի է և չկարդալ, կարելի է փոխարենը մի անհամ էլ կարդալ Տոլստոյ… բայց Մխիթար Հերացին կամ Պիրոգովը նրա փոխարեն չեն ախտորոշի, չեն վիրահատի: Մարդկային իմացության խորհրդանիշը սանդուղքն է, այսինքն՝ պետք է բարձրանալ-բարձրանալ տառապանքով, աստիճան առ աստիճան, հարկավոր է ճիգ, խելք ու զգացմունքներ ծախսել: Հիմա շատերը այդ խորհրդանիշը կուզենային դարձնել լիֆտը՝ վերելակը. խեղմիր կոճակը և՝ գիտության, պաշտոնի, փառքի 20-րդ հարկումն ես: Իսկ եթե լիֆտը կա, հավատացեք, սանդուղքով քչերը կբարձրանան, նույնիսկ երկրորդ հարկ լիֆտով կգնան: Ցավոք, մեր շուրջը քիչ չեն մարդիկ, որ այդ լիֆտից օգտվում են վաղուց:

ՎԱՐՈՒԺԱՆ — Այդ աղջիկը հենց սանդուղքներով բարձրացող էր: Նա անհասկանալի էր և օտար՝ լիֆտով բարձրացողների կողքին:

ՊՐՈՖԵՍՈՐ — Ցավալի է, եթե այդպես է:

Մտնում է բժիշկը:

ԲԺԻՇԿ — Պրոֆեսոր, Գրիգորյանի մոտ պերիտոնիտի երևույթները համառ կերպով շարունակվում են: Զարկերը չի կարգավորվում: Նկատվում են նաև ինքնաթունավորման երևույթներ:

ՊՐՈՖԵՍՈՐ — Դա այն ճարտարապե՞տն է: Իսկ ես համոզված էի, որ ամեն ինչ անցավ: Հույս ունեի:

ԲԺԻՇԿ — Ես կարծում եմ, որ հարկավոր է նորից վիրահատել:

ՊՐՈՖԵՍՈՐ — Նրան կի՞նն է խնամում:

ԲԺԻՇԿ — Այո:

ՊՐՈՖԵՍՈՐ — Կնոջը որևէ պատրվակով ուղարկեք տուն: Չի դիմանա, եթե ասեք:

Բժիշկը գնում է:

ՎԱՐՈՒԺԱՆ — Պրոֆեսոր, դուք անընդհատ ականատես եք մարդկային տառապանքի, նաև մահերի: Այդ ամենը բժշկի սիրտը չի՞ քարացնում, չի՞ հաշտեցնում նրան ուրիշի մահվան հետ, անտարբեր չի՞ դարձնում:

ՊՐՈՖԵՍՈՐ — Եթե այդ սիրտը քար չի եղել, չի քարանա երբեք: Ես տեսել եմ կենդանի, տրոփող սիրտը, հետո այդ սիրտը «անջատել» են, միացրել մեքենան: Եվ մարդը շարունակել է ապրել, թեպետ ձեր լեզվով ասած՝ արդեն «անսիրտ» էր:

ՎԱՐՈՒԺԱՆ — Ձեր որոշ ուսանողներ այդպես անջատված սրտով չե՞ն ապրում, արդյոք:

ՊՐՈՖԵՍՈՐ — Ես ճանաչում եմ մարդկանց, որոնք ապրում են անջատված ուղեղով և, պատկերացրեք, բավական երկար ու հաջողակ են ապրում… Ծանր վիրահատության ժամերին վիրաբույժը կարող է կորցնել մինչև երկու կիլոգրամ: Դժվար է մեր աշխատանքը և հաճախ… միայն փշեպսակի հեռանկարով:

Մտնում է բժիշկը:

ԲԺԻՇԿ — Պրոֆեսոր, վիրահատման համար ամեն ինչ պատրաստ է:

ՊՐՈՖԵՍՈՐ — Լավ… (Նայելով Լիլիթի լուսանկարին:) Չեմ կարողանում մտաբերել այս աղջկան: Ես այս տարիքի աղջիկ ունեմ: Դո՞ւք…

ՎԱՐՈՒԺԱՆ — Ես ամուսնացած չեմ, պրոֆեսոր:

ՊՐՈՖԵՍՈՐ — Կարծում եք, կասեմ՝ երանի ձե՞զ: Երբեք: Իհարկե, կարելի է չամուսնանալ, ավելի հեշտ ապրել: Երեխան՝ անքուն գիշերներ է, լարված ջղեր, հոգս, մանավանդ, հնարավոր է, որ մեծանա ու հարցնի՝ իսկ ես խնդրե՞լ էի, որ ինձ լույս աշխարհ բերեք, հարցականի տակ կառնի քո բոլոր սրբությունները և կգտնի, որ մինչև օրս դու սխալ ես ապրել: Այդպես էլ կպատահի և, այնուամենայնիվ, ամուսնացեք, մի վախենաք:

ՎԱՐՈՒԺԱՆ — Քանի՞ տարեկան եք, պրոֆեսոր:

ՊՐՈՖԵՍՈՐ — Ըստ ուսանողուհու հաշվումների… Գրիգոր Նարեկացու դասընկերն եմ:

ՎԱՐՈՒԺԱՆ — Երիտասարդ եք:

ՊՐՈՖԵՍՈՐ — Իսկ դուք ծերանում եք, հարգելիս: Ծերանում եք…

Գնում է:

ՎԱՐՈՒԺԱՆ — Ծերանում եմ…

 

 

ՊԱՏԿԵՐ ՅՈԹԵՐՈՐԴ

Ռեկտորի առանձնասենյակը: Նստած են ռեկտորը և Վարուժանը:

ՌԵԿՏՈՐ — Տարօրինակ առաջարկ եք անում, ընկեր Պատկանյան: Արդյո՞ք խորանում եք ձեր առաջարկի էության մեջ. առանց հիմնավորման հեռացնել վեց ուսանողի երկրորդ կուրսից, արդեն՝ երրորդ, որովհետև նրանք հանձնել են վերջին քննությունը:

ՎԱՐՈՒԺԱՆ — Բայց դուք արդեն պետք է համոզված լինեիք, որ նրանք չեն կարող բժիշկ դառնալ: Լավ բժիշկ կարող է լինել լավ մարդը:

ՌԵԿՏՈՐ — Իբրև խոսք հուզիչ է: (Հեռախոսով:) Պրոֆեսոր Ռշտունին թող գա ինձ մոտ, նաև դոցենտ Դիլանյանը: (Վարուժանին.) Դուք խոսե՞լ եք նրանց հետ:

ՎԱՐՈՒԺԱՆ — Այդ մասին՝ ոչ:

ՌԵԿՏՈՐ — Հիմա կխոսենք… Քանի՞ տարեկան եք, երիտասարդ:

ՎԱՐՈՒԺԱՆ — Այս օրերին մի քիչ ծերացա:

ՌԵԿՏՈՐ — Զգայուն մարդ եք: Դե իհարկե, էլ ի՞նչ գրող: Վերջերս մի տող կարդացի Իսահակյանից… «Ես ձեզ ասում եմ՝ կգա Ոգու սով»:

ՎԱՐՈՒԺԱՆ — Ոգու սովը մարդկությանը սպառնացող ամենամեծ վտանգն է, ավելի, քան պարզապես սովը… Եվ դրա համար՝ այդ սովի ամենաչնչին ախտանշանն իսկ պիտի տագնապ առաջացնի: Այս դեպքը ախտանշան է:

ՌԵԿՏՈՐ — Ծայրահեղ բաներ եք ասում, ես կասեի՝ նույնիսկ վտանգավոր: Ընկեր… ներեցեք:

ՎԱՐՈՒԺԱՆ — Պատկանյան:

ՌԵԿՏՈՐ — Ընկեր Պատկանյան:

Մտնում է Ռշտունին:

ՌՇՏՈՒՆԻ(զարմացած): Վարուժա՞ն… խեր լինի…

ՌԵԿՏՈՐ — Ուրեմն, ձեզ իրար ներկայացնելու կարիք չկա:

ՌՇՏՈՒՆԻ(ռեկտորին է հանձնում ինչոր թղթեր): Վարուժան, ես ինձ մոտ եմ, որ վերջացնես, կանցնես:

ՌԵԿՏՈՐ — Սպասեք, պրոֆեսոր, գործ կա: (Գալիս է Դիլանյանը:) Դոցենտ Դիլանյան: Այսպես, ուրեմն, մեր հարգելի գրողը ինստիտուտ է եկել՝ ոչ իր ընթերցողների հետ հանդիպելու, որն ավելի հաճելի կլիներ, այլ, ես կասեի, շատ տարօրինակ առաջարկով: Մեր հարգելի գրողն առաջարկում է բուժական ֆակուլտետի երկրորդ, այսօր արդեն կարելի է ասել՝ երրորդ կուրսից հեռացնել վեց ուսանողի:

ՌՇՏՈՒՆԻ(տարօրինակ նայելով Վարուժանին): Ես ոչինչ չեմ հասկանում: Հարգելի գրողը, որն իմ բարեկամն է, մեզ նոր ռեկտո՞ր է ուղարկված:

ՌԵԿՏՈՐ — Ի՞նչ նոր ռեկտոր… Կբացատրեմ: Այդ ուսանողները, որոնց առաջարկում է հեռացնել մեր հարգելի գրողը, ամենքն էլ հաջողությամբ հանձնել են քննությունները: Դրանք են՝ Արմեն Եսայան, Անահիտ Սեղբոսյան, Հռիփսիմե Երվանդյան, Կարինե Սահակյան, Սեդա Մուրադյան և Վահե Ռշտունի:

ՌՇՏՈՒՆԻ — Վահե Ռշտունի՞… Ապշած եմ:

ԴԻԼԱՆՅԱՆ — Ոչինչ չեմ հասկանում:

ՎԱՐՈՒԺԱՆ — Դրանք այն ուսանողներն են, որոնք Լիլիթ Մուրադյանի ինքնասպանությունից հետո մնացին չորրորդ հարկում և շարունակեցին քննություն հանձնել:

ՎԱՐՈՒԺԱՆ — Ո՞ր առարկայից:

ԴԻԼԱՆՅԱՆ — Մարդու անատոմիայից:

ՎԱՐՈՒԺԱՆ — Իմ կարծիքով՝ մարդկային անտարբերություն առարկայից:

ՌՇՏՈՒՆԻ — Բռավո, Վարուժան, այ թե ձևակերպեցիր, մարդկային անտարբերություն առարկա:

ՎԱՐՈՒԺԱՆ — Ուրիշ ի՞նչ անուն կտաք վաղվա բժիշկներին, որոնք շարունակում են հանգիստ քննություն հանձնել, երբ ներքևում մեռնում էր իրենց ընկերը:

ՌԵԿՏՈՐ — Նրանք կարգապահ ուսանողներ են:

ՌՇՏՈՒՆԻ — Իսկ մենք նրանց երբեմն մեղադրում ենք հակառակ մեղքերի մեջ:

ՌԵԿՏՈՐ — Մաքուր օդից ավելի՝ մեզ հիմա կարգուկանոն է պետք: Մեր ժողովրդին հիմա կարգուկանոնի դոնորներ են հարկավոր: Ես ուրախ եմ, որ իմ ուսանողները այդ դոնորներից կարող են լինել:

ՎԱՐՈՒԺԱՆ — Դուք ո՞ր կարգուկանոնից եք խոսում:

ՌՇՏՈՒՆԻ — Մեր հարգելի գրողը հիմա կզարմանա, բայց ես ինքս եմ աչքովս տեսել Լոնդոնում, ամենաբարդ վիրահատությունների ժամանակ անգամ, անգլիացիները ընդմիջում են, հանգիստ նախաճաշում, եթե նախաճաշի ժամ է, և ապա շարունակում վիրահատել: Ի՞նչ կասեք:

ՎԱՐՈՒԺԱՆ — Ես պարզապես կհայհոյեմ այդ անգլիացիներին:

ՌԵԿՏՈՐ — Հայհոյելու հարկ չկա: (Նայում է ժամացույցին:) Դուք ինձ չե՞ք հայհոյի, եթե ես… մի թեթև նախաճաշեմ: Իմ ժամն է:

ՎԱՐՈՒԺԱՆ — Ձեր սաներից մեկը գյուղական շարքային բժիշկ էր: Ես այդ մասին գրել եմ: Գիշերվա կեսին, հիվանդ վիճակում, ձիով գնում է հարևան գյուղ հիվանդ երեխային բուժելու: Մահամերձ երեխան ապաքինվում է, իսկ բժիշկը՝ մեռնում: Բժիշկը վարվում է այնպես, ինչպես պարտավոր էր: Ձեր այդ ուսանողներն այդպես կանե՞ն: Երբե՛ք:

ԴԻԼԱՆՅԱՆ — Ձեր այդ գրվածքը հաղորդեցին ռադիոյով… Շատ տխուր գրվածք է:

ՌԵԿՏՈՐ — Շարունակեք, ընկեր Դիլանյան:

ԴԻԼԱՆՅԱՆ — Իսկ ի՞նչ պետք է անեին այդ ուսանողները՝ ձեր գրողական հեղինակավոր կարծիքով: Ինչո՞ւ եք բարդացնում դեպքը… դիմում դատական մարմիններին:

ՌՇՏՈՒՆԻ — Դու նաև դատախազությունո՞ւմ ես եղել:

ՎԱՐՈՒԺԱՆ — Նաև մի խնջույքի, որ կատարվում էր այդ ողբերգությունից հինգ օր հետո, ձեր տանը:

ՌԵԿՏՈՐ – Ի՞նչ խնջույք: Ձե՞ր տանը, պրոֆեսոր Ռշտունի:

ՌՇՏՈՒՆԻ — Կասեմ… Ինձ թվում էր, որ մինչև օրս ես քեզ ճանաչում եմ, Վարուժան, բայց դու… Դուք ինձ շշմեցնում եք, ընկեր Պատկանյան: Գուցե համազգային սո՞ւգ հայտարարվեր հոգեկան խանգարում ունեցած մի աղջկա մահվան առթիվ, գուցե առաջարկես օրացույցի մեջ մտցնել հունիսի 8-ը:

ՎԱՐՈՒԺԱՆ — Առայժմ ես առաջարկում եմ այդ վեց ուսանողին հեռացնել:

ՌՇՏՈՒՆԻ — Դուք խոսե՞լ եք նրանց հետ: Նրանք զարգացած մարդիկ են, ինտելեկտ ունեն՝ ինչպես քո գրվածքներում սիրում ես թմբկահարել:

ՎԱՐՈՒԺԱՆ — Նրանք սառը և հաշվենկատ մարդիկ են:

ՌԵԿՏՈՐ — Հաշվենկա՞տ:

ՎԱՐՈՒԺԱՆ — Զուր չէ, որ այդ ուսանողներից մեկն ասել է. Դիլանյանի ձեռքերը դողում են, նա այլևս ոչ մեկի չի կտրի, մտնենք: Եվ իսկապես, ոչ ոք չկտրվեց:

ԴԻԼԱՆՅԱՆ – Ո՞վ ասաց, որ իմ ձեռքերը դողում էին:

ՎԱՐՈՒԺԱՆ — Ձեռքերի այդ դողը, եթե դա վախի նշան չէր, միակ լավ բանն է, որ ես առայժմ մտածում եմ ձեր մասին:

ԴԻԼԱՆՅԱՆ — Գուցե դուք առաջարկեք ի՞նձ էլ հեռացնել:

ՎԱՐՈՒԺԱՆ — Եթե ձեր տեղը լինեի, իհարկե, չէի սպասի, որ դա ինձ առաջարկեին:

ՌՇՏՈՒՆԻ — Դուք արդեն չափն անցնում եք, Դիլանյանը հիանալի դասախոս է, հիանալի մանկավարժ, իսկ այդ դեպքի ժամանակ իրեն դրսևորեց իբրև ուժեղ և հավասարակշռված մարդ:

ՎԱՐՈՒԺԱՆ — Ձեր հիանալի մանկավարժը, պրոֆեսոր, չնկատեց, որ աղջիկը ոչ թե չգիտեր, այլ բառեր չէր գտնում, հուզմունքը խեղդում էր նրան, և նա լսարանից դուրս եկավ հուսահատ, փշրված: (Դիլանյանին.) Դուք առհասարակ չե՞ք ծխում…

ԴԻԼԱՆՅԱՆ — Ոչ, չեմ ծխում:

ՎԱՐՈՒԺԱՆ — Բայց այդ օրը, քննասենյակում, ծխեցիք: Ինչո՞ւ:

ՌՇՏՈՒՆԻ — Շերլոկ Հոլմսին արժանի հարց:

ԴԻԼԱՆՅԱՆ — Ես նրան նույնիսկ ջուր տվի:

ՎԱՐՈՒԺԱՆ — Իսկ գուցե պետք էր ապտա՞կ տալ: Ուշագնաց մարդուն, կարծեմ, ապտակ են տալիս: Դուք ոչինչ սխալ չեք արել, դոցենտ Դիլանյան: Դուք նրա վրա չեք էլ գոռացել, իսկ գուցե պետք էր գոռալ, դուք նաև լրացուցիչ հարցեր եք տվել, նույնիսկ ջուր եք առաջարկել: Դուք չեք կտրել նրան, այլ «միջակ» եք դրել: Ամեն բան հրաշալի է: Դուք հանգիստ խղճով կարող եք գնալ ծովափ, սևանալ: Բայց ինչո՞ւ նրա թաղմանը չգնացիք, եթե ձեր խիղճը հանգիստ էր:

ԴԻԼԱՆՅԱՆ — Թաղմանը՞: Ինչո՞ւ պիտի գնայի:

ՎԱՐՈՒԺԱՆ — Զոհվել էր կուրսի ամենալավ ուսանողներից մեկը:

ՌՇՏՈՒՆԻ — Զոհվե՞լ: Ո՞ր կռվում: Ո՞ր բարիկադների վրա:

ՎԱՐՈՒԺԱՆ — Անտարբերությանը և կեղծիքին հակառակ բարիկադների վրա:

ՌՇՏՈՒՆԻ — Օհո, դուք մեզ համարյա մեղադրում եք:

ՎԱՐՈՒԺԱՆ – Ինչո՞ւ համարյա: Մեղադրում եմ: Ի՞նչ գիտեիք ձեր այդ ուսանողուհու մասին, ի՞նչ էր սիրում, ի՞նչ էր ատում: Հոգեկան ի՞նչ աշխարհ ուներ:

ԴԻԼԱՆՅԱՆ — Ես ամեն օր դասախոսություն եմ կարդում այդպիսի երեք հարյուր հոգեկան աշխարհի: Ի՞նչ պիտի իմանամ:

ՌԵԿՏՈՐ — Եկեք իրար հասկանանք: Հասկանանք նաև արվեստի մարդուն: Դեպքն, իհարկե, ողբերգական է, մենք ամենքս քանի օր է՝ ցնցված ենք, և՛ Դիլանյանը, և՛ Ռշտունին, և՛ ես, ամենքս: Բայց փաստը կատարվել է, հարգելի գրող: Ի՞նչ անել հիմա: Կա նաև ինստիտուտի բարի անունը:

ՎԱՐՈՒԺԱՆ — Հենց այդ բարի անվան համար՝ զրկեցեք այդ անտարբեր մարդկանց բժիշկ լինելու իրավունքից: Դա կզգաստացնի շատերին: Բժշկի գլխավոր արժանիքը բարությունն է:

ՌՇՏՈՒՆԻ — Բարություն անունով առարկա կմտցնենք, ո՞ր կուրսից, քանի՞ ժամ, գուցե հենց դու էլ դասախոսես, մենք էլ՝ պրոֆեսորներով, կգանք, կլսենք:

ՎԱՐՈՒԺԱՆ — Բարություն պիտի սովորեցնեն բոլոր առարկաները, պրոֆեսոր, որովհետև աշխարհում ոչ այնքան թթվածնի պակաս կա, որքան բարության:

ՌՇՏՈՒՆԻ — Նրանց արածը չարություն չէ, այլ կամք: Վաղը նրանք ամեն օր մահերի մեջ են լինելու, այսօ՛ր է հարկավոր կոփվել, որ ձեռքը չդողա: Մենք նրանցից բժիշկ ենք պատրաստում և ոչ թե հրեշտակներ:

ՎԱՐՈՒԺԱՆ — Այդպես նրանցից կարող է և մսագործ ստացվել: Ձեր շրջանավարտներից մեկը վիրաբույժ է: Ինձ պատմեցին, որ հիվանդատերերը նրան փող են տալիս, որ նա… չվիրահատի, երբ իր հերթն է լինում: Ասում են՝ լավ է վաստակում… ճանաչո՞ւմ եք:

ԴԻԼԱՆՅԱՆ — Ձեզ չի՞ թվում, որ նա իրոք չափն անցնում է:

ՌԵԿՏՈՐ — Ես մի կերպ ինքս կորոշեմ չափը, Դիլանյան, բայց մտածեք ինստիտուտի պատվի մասին: Որքան հասկանում եմ, ընկեր Պատկանյանը ուզում է գրելու նյութ դարձնել այս պատմությունը: Դուք պատկերացնո՞ւմ եք, ի՛նչ կստացվի՝ հանրապետությունը, ամբողջ երկիրը, սփյուռքը…

ԴԻԼԱՆՅԱՆ — Արտասահմանից արդեն հաղորդել են: «Ամերիկայի ձայնը» հաղորդեց… չե՞ք լսել:

ՎԱՐՈՒԺԱՆ — Ես գերադասում եմ «Մանյակ» լսել… Սակայն ինչո՞ւ դուք չընդհատեցիք քննությունը, դոցենտ Դիլանյան:

ԴԻԼԱՆՅԱՆ — Ես ընդհատեցի, բայց ճիշտ համարեցի խուճապի չմատնվել, չհեռացա լսարանից, մանավանդ որ մնացել էր վեց ուսանող:

ՎԱՐՈՒԺԱՆ — Վարվել եք համարյա այնպես, ինչպես խորտակվող նավի հրամանատարը, բայց նավի վրա՝ դա իրոք հոգեկան ուժի նշան է, այս դեպքում… ես ամաչում եմ ձեզ համար:

ԴԻԼԱՆՅԱՆ — Իսկ ի՞նչ անեի: Բոլորին հավաքեի, և ձեր հերոսուհու ետևից ցա՞ծ նետվեինք նույն լուսամուտից:

ՎԱՐՈՒԺԱՆ — Տխուր մարդ եք, դոցենտ Դիլանյան, բայց կարող եք հանգիստ լինել, քննիչն ասաց, որ քրեական օրենսգրքում այս դեպքին համապատասխան հոդված չկա: Շատ է որոնել, բայց… չի գտել:

ԴԻԼԱՆՅԱՆ — Դուք, փաստորեն, արդարացնում եք ինքնասպանին:

ՎԱՐՈՒԺԱՆ — Արդարացնո՞ւմ: Ոչ, ես փորձում եմ հասկանալ ձեզ, Միքայել Ռշտունուն, ուսանողներին, Լիլիթին և, իհարկե, ինքս՝ ինձ:

ՌՇՏՈՒՆԻ — Դուք իսկապե՞ս ուզում եք գրել այս պատմությունը: Եվ կտպե՞ն:

ՎԱՐՈՒԺԱՆ — Չգիտեմ՝ կգրեմ, չգիտեմ՝ կտպեն: Ինքնասպաններին չի արդարացնում նույնիսկ եկեղեցին: Առաքելական եկեղեցին էլ համակարծիք է ձեզ:

ՌԵԿՏՈՐ — Երգիծանք պետք չէ: Անկախ նրանից, թե ի՞նչ է ասում եկեղեցին, ինքնասպանությունը մենք չենք ընդունում:

ՎԱՐՈՒԺԱՆ — Հասկացեք, ես ավելի խիստ եմ դատապարտում այդ աղջկան և եթե հիմա նա լսեր ինձ, նրան անհնարին դառը խոսքեր կասեի: Բայց… բայց ես տեսնում եմ, որ դուք չեք հասկանում իմ առաջարկի էությունը և շարունակ նայում եք ձեր ժամացույցներին:

ՌԵԿՏՈՐ — Ոչ, մենք ժամանակ ունենք, թեպետ ոչ շատ: Իսկ ձեր առաջարկն ինձ, կներեք, անլուրջ է թվում: Համոզված եմ, շուտով ինքներդ էլ կհրաժարվեք այդ գաղափարից: Հիմա դուք դեպքի ճնշող ազդեցության տակ եք, դուք արվեստագետ եք, ես ձեզ հասկանում եմ, կարդացել եք աղջկա օրագիրը, նամակները, նայել լուսանկարները: Վերջապես այդ աղջկա հարազատները, որոնք նամակներ են գրում աշխարհի բոլոր հասցեներով: Գուցե վաղը, մյուս օրը մենք նորից զրուցենք, մանավանդ դուք հաճելի, ես կասեի, արտասովոր զրուցակից եք:

ՎԱՐՈՒԺԱՆ — Մենք բոլորս արտասովոր զրուցակիցներ ենք:

Մտնում է քննիչը:

ՔՆՆԻՉ — Բարև ձեզ:

ՌԵԿՏՈՐ — Բարև, բարև:

ՔՆՆԻՉ — Ես մի քանի հարցեր ունեմ ձեզ հետ պարզելու, ընկեր ռեկտոր:

ՌԵԿՏՈՐ – Ի՞նձ հետ… Ինչո՞ւ ինձ հետ: Խնդրեմ:

ՌՇՏՈՒՆԻ — Այս ներկայացումը ինձ ձանձրացրեց: Կարո՞ղ ենք գնալ:

ՌԵԿՏՈՐ — Ոչ… Այո՛:

Ռշտունին և Դիլանյանը գնում են:

ՔՆՆԻՉ — Ուսանողներն ասացին, որ Դիլանյանին Ռշտունին է կարգադրել շարունակել քննությունը, իսկ Ռշտունին, կարծեմ, խորհրդակցել է ձեզ հետ: Այդպե՞ս է:

ՌԵԿՏՈՐ — Հիմա դուք ի՞նձ եք հարցաքննում:

ՔՆՆԻՉ — Ճշգրտում եմ փաստերը: Դուք կարող եք և չպատասխանել, ես այդպես էլ կարձանագրեմ, որ դուք ասացիք՝ «հարցաքննո՞ւմ եք»: Եվս մի հարց: Ի՞նչ արդյունք ունեցավ ընկեր Պատկանյանի առաջարկը այդ վեց ուսանողի մասին: Արդյո՞ք ռեկտորատը մտադիր է քննարկել, թե՞ ոչ:

ՌԵԿՏՈՐ — Հիմա ի՞նչ: Դատախազությունը արդեն մեր ներքի՞ն գործերին է միջամտում:

ՔՆՆԻՉ — Ոչ, ոչ, ընկեր ռեկտոր: Մեր եզրակացությունն այն է, որ, այո՛, քրեական օրենսգրքում չկա համապատասխան հոդված: Բայց ինստիտուտն ունի բարոյական պարտականություններ: Մեր գործը վերջանում է, ձերը՝ սկսվում: Այդ լավ աղջկա մահը…

ՌԵԿՏՈՐ – Դո՞ւք էլ դարձաք վառ անհատականությունների ջատագով, որոնք նման չեն նրանց, որ հարթ խուզած գազոն են հիշեցնում: (Վարուժանին.) Ձեր բառերն են…

ՎԱՐՈՒԺԱՆ — Որպեսզի նման լինեն, անցկացրեք նրանց հոգիները մսաղացով, մեքենայի անցքերից դուրս կգան լավ աղացած, ճիշտ և ճիշտ իրար նման «հոգիներ»: Եվ ձեզ համար հեշտ կլինի այդ հոգիները կառավարել:

ՌԵԿՏՈՐ — Ամենահեշտը խոսելն է, նաև, իհարկե, գրելը: Իսկ մենք պիտի շարունակենք աշխատել:

Մտնում են ուսանողները:

ԱՐՄԵՆ — Կարելի՞ է:

ՌԵԿՏՈՐ – Ի՞նչ եք ուզում:

ԱՐՄԵՆ — Մենք դիմում ենք ներկայացնում: Խնդրում ենք մեզ քննել:

ՌԵԿՏՈՐ – Ի՞նչ դիմում… Ի՞նչը քննենք:

ԱՐՄԵՆ — Պրոֆեսոր Ռշտունին մեզ ասաց, որ ընկեր գրողը պահանջում է մեզ հեռացնել ինստիտուտից: Ճի՞շտ է:

ՈՒՍԱՆՈՂՆԵՐ — Մենք բողոքում ենք:

ՌԵԿՏՈՐ — Հանգիստ:

ՎԱՐՈՒԺԱՆ — Խնդրում եմ հրավիրել նաև պրոռեկտոր ընկեր Գաբուզյանին:

ՌԵԿՏՈՐ – Ինչո՞ւ Գաբուզյանին… Խնդրեմ: (Քարտուղարուհուն.) Ինձ մոտ հրավիրեք պրոռեկտոր ընկեր Գաբուզյանին: (Ուսանողներին.) Դուք, կարծեմ, պետք է վեցը լինեիք:

ԱՐՄԵՆ — Անահիտը Լեհաստան գնաց, իսկ Սեդան հիվանդ է:

Մտնում է Գաբուզյանը:

ՌԵԿՏՈՐ — Ընկեր Գաբուզյան, ցանկալի է, որ դուք ևս մասնակցեք մեր զրույցին: Դեմ չե՞ք:

ԳԱԲՈՒԶՅԱՆ — Ոչ:

ՌԵԿՏՈՐ — Այսպես, ուրեմն, ուսանողներին հայտնի է դարձել ընկեր Պատկանյանի առաջարկը, և նրանք դիմում են ներկայացրել ռեկտորատ:

ՎԱՐՈՒԺԱՆ — Ոչ միայն ռեկտորատ:

ԳԱԲՈՒԶՅԱՆ — Ուրիշ ո՞ւմ են դիմել:

ԱՐՄԵՆ — Կենտրոնական կոմիտե, «Կոմսոմոլսկայա պրավդա»:

ԳԱԲՈՒԶՅԱՆ — Միանգամից երեք հասցեո՞վ:

ԱՐՄԵՆ — Մենք չենք կարող թույլ տալ, որ վարկաբեկվի մեր դասախոսը: Դիմումը ոչ միայն մենք ենք ստորագրել, այլև ամբողջ կուրսը:

ԳԱԲՈՒԶՅԱՆ(նայելով դիմումը): Այս դիմումի տակ ստորագրություններ չկան, պարզապես գրված է՝ երրորդ կուրսի ուսանողներ: Դա կարող է նաև մի մարդ գրել: (Ռեկտորին.) Պետք է հավաքել այդ կուրսի ուսանողներին և պարզել, թե քանիսն են տեղյակ դիմումին:

ՌԵԿՏՈՐ — Դա կարևո՞ր է, չէ՞ որ նրանք հիմա այստեղ են և բողոքում են անձամբ:

ՀՌԻՓՍԻՄԵ — Այո, բողոքում ենք:

ԿԱՐԻՆԵ — Ինչո՞ւ եք ուզում, որ մեզ հեռացնեն:

ՈՒՍԱՆՈՂՆԵՐ — Այո, ինչո՞ւ:

ՎԱՐՈՒԺԱՆ — Որովհետև դուք անսիրտ, անտարբեր մարդիկ եք:

ՎԱՀԵ — Վարուժան, ինչպե՞ս կարող ես իմ մասին այդպես ասել, տասը տարի է՝ ինձ ճանաչում ես, կարծում ես, Լիլիթի մահը ինձ չի՞ տխրեցրել:

ՎԱՐՈՒԺԱՆ — Երևի այդ տխրությունն էր պատճառը, որ նրա թաղմանն անգամ չգնացիր, մի քանի օր հետո խնջույք էիր սարքել:

ԱՐՄԵՆ – Ի՞նչ խնջույք: Պարզապես քննությունից հետո մի քանի հոգով հավաքվել էինք Վահեի մոտ: Մենք ամեն քննություն տալը նշում ենք:

ԳԱԲՈՒԶՅԱՆ — Եթե ընկերուհուդ փրկելու համար պետք լիներ արյուն տալ, արյուն կտայի՞ր:

ԱՐՄԵՆ — Կտայի, ընկեր Գաբուզյան, բայց դրա համար դոնորներ կան, արյան փոխներարկման ինստիտուտ, Սահարայի անապատում հո չենք:

ԳԱԲՈՒԶՅԱՆ — Քեզ թվում է՝ անձնազոհություն պետք է անել միայն անապատո՞ւմ:

ԱՐՄԵՆ — Իսկ հանուն ինչի՞ էր զոհվել մեր այդ ընկերուհին:

ՎԱՐՈՒԺԱՆ — Հենց այնպես, զոհվել էր, հիմարություն էր արել, սխալվել էր, բայց նա ձեր ընկերն էր, և երբ նրա կյանքը կախված էր ձեզանից, դուք մի՞թե կսպասեիք դոնորների:

ՎԱՀԵ — Ես արյուն կտայի: Ես ուզում էի վազել բակ: Բայց ինձ ստիպեցին հարցատոմս վերցնել, իսկ հետո եկավ Գագիկը և ասաց, որ արդեն…

ԳԱԲՈՒԶՅԱՆ – Ո՞վ ստիպեց, Դիլանյա՞նը: Իսկ դու ինչո՞ւ լսեցիր, ի՞նչ է, ավտոմա՞տ էր պահել քեզ վրա: Ես չգիտեի, որ դուք այդքան կարգապահ եք:

ՌԵԿՏՈՐ — Կարգապահությունը վատ բան չէ: Ես դատապարտելի բան չեմ գտնում: Լավ է, որ խուճապի չեն մատնվել: Դեպքի վայրում առանց այն էլ շատ ուսանողներ ու դասախոսներ են եղել: Սրանք ինչո՞վ պիտի օգնեին:

ՎԱՐՈՒԺԱՆ — Այդ պահին յուրաքանչյուրը պիտի մտածեր, որ ինքը, ամենից առաջ ինքը կարող է օգնել:

ՔՆՆԻՉ — Ես հիմա կխոսեմ ոչ իբրև քննիչ: Սրանք երբ ցուցմունք էին տալիս, ծիծաղում էին: Այ, հենց դու, Արմեն Եսայան, ծիծաղում էիր:

ԳԱԲՈՒԶՅԱՆ — Ծիծաղո՞ւմ էին:

ՔՆՆԻՉ — Երբ ես բարձրացա չորրորդ հարկ, կարծես ոչինչ չէր պատահել: Դուք անսիրտ, անտարբեր մարդիկ եք, ընկեր Պատկանյանը ճիշտ է նկատել:

ԱՐՄԵՆ — Մենք թույլ չենք տա, որ մեզ աջ ու ձախ վիրավորեն և ինքնասպանից հերոս սարքեն: Ինչո՞ւ պետք է լաց լինեի, ես քեռուս թաղմանն էլ լաց չեմ եղել: Գթության քույրե՞ր ենք, ի՛նչ է: Բժիշկը լաց լինելով չի բուժում, այլ ճիշտ ախտորոշմամբ:

ԳԱԲՈՒԶՅԱՆ Իսկ խեղճ Հիպոկրատն ասում էր՝ բժիշկ, բուժիր խոսքով, այլ ոչ միայն դեղանյութով: (Նայում է պատին:) Այստեղ չկա՞ր Հիպոկրատի նկարը:

ՌԵԿՏՈՐ — Կար: Տարել են սրբելու: Կբերեն:

ԳԱԲՈՒԶՅԱՆ — Իսկ ի՞նչ կասեն աղջիկները: (Կարինեին.) Դու, կարծեմ, դոցենտ Սահակյանի աղջիկն ես:

ԿԱՐԻՆԵ — Այո, բայց ի՞նչ մեղք ենք գործել:

ՀՌԻՓՍԻՄԵ — Չեմ հասկանում, ի՞նչ ենք արել:

ՎԱՀԵ — Ես… Ես ամաչում եմ մեր բոլորի համար: (Հուզված դուրս է գնում:)

ՌԵԿՏՈՐ – Ո՞՞վ թույլ տվեց, որ գնա: Ետ կանչեք:

ԳԱԲՈՒԶՅԱՆ — Կարծում եմ՝ կարիք չկա:

ՀՌԻՓՍԻՄԵ — Լիլիթը մեծամիտ աղջիկ էր: Նրան կուրսում ոչ ոք չէր սիրում: Ես խոսում եմ մեծամասնության անունից:

ԳԱԲՈՒԶՅԱՆ — Առայժմ քո անունից խոսիր: Անուն ունես կարծեմ: (Վարուժանին.) Ընկեր Պատկանյան, եթե ձեր առաջարկը քննարկվի, իսկ պետք է որ քննարկվի, ես ամբողջությամբ միանում եմ ձեզ: Այդ մարդկանց գլխին իրոք ծանր, շատ ծանր կլինի Հիպոկրատի գլխարկը:

ՌԵԿՏՈՐ — Դա մեր ներքին գործն է՝ մի շտապեք կարծիք հայտնել:

ԳԱԲՈՒԶՅԱՆ — Ես իմ կարծիքը գաղտնի պահելու սովորույթ չունեմ, գրողն անում է այն, ինչ մենք ենք պարտավոր անելու: Կարո՞ղ եմ գնալ:

ՌԵԿՏՈՐ — Խնդրեմ:

ՔՆՆԻՉ — Կարո՞ղ եմ գնալ:

ՌԵԿՏՈՐ — Խնդրեմ: (Ուսանողներին.) Գնացեք, խնդրեմ: (Վարուժանին.) Ընկեր Պատկանյան… եղեք պատրիոտ, ինչպես ասում են… Ինստիտուտի բարի անունը…

ՎԱՐՈՒԺԱՆ — Ցավում եմ, որ այս ողբերգական դեպքը ձեզ խորհելու ուրիշ նյութ այդպես էլ չտվեց: (Գնում է:)

ՌԵԿՏՈՐ — Եթե աշխարհը գրողների ձեռքը տային… քաոս կդառնար:

 

 

ՊԱՏԿԵՐ ՈՒԹԵՐՈՐԴ

ԼԻԼԻԹԻ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆԸ

Ինստիտուտի ամայի միջանցք, ներս է մտնում Վարուժանը:

ՎԱՐՈՒԺԱՆ – Ինչո՞ւ մտա այս պատմության մեջ: Ո՞ւր կորավ իմ առասպելական ձանձրույթը, ինչի՞ դեմ եմ ճակատամարտ մղում, ի՞նչ հույս կա հաղթանակի: Ծիծաղելի է հաղթանակ բառը:

Մտնում են ուսանողները:

ՎԱՀԵ — Վարուժան, ես ուզում եմ խոսել քեզ հետ:

ՎԱՐՈՒԺԱՆ — Կգաս տուն, կխոսենք: (Վահեն գնում է:) Լիլի՜թ… ահա օրագրիդ վերջին էջը… (Կարդում է:) «Գիշերը ես չքնեցի: Ինչո՞ւ Արթուրը չի գրում, ինչո՞ւ են ինձ կապում պրոֆեսոր Խորենյանի հետ: Ես կարդում եմ և ոչինչ չեմ հասկանում: Բառերն առանձին-առանձին հասկանում եմ, կապակցված՝ ոչ: Վաղը ես ուզում եմ լավ, շատ լավ պատասխանել…»: Հայտնվում է Լիլիթը:

ԼԻԼԻԹ — Այո, ես չէի ուզում պարտք մնալ Դիլանյանին: Աստված իմ, ի՜նչ սառնությամբ էր նա ինձ քննում: Կարծես ուրախ էր, որ ես չէի կարողանում պատասխանել: Ես ամեն րոպե կարող էի ուշագնաց լինել, իսկ նա հանգիստ ծխում էր և նայում լուսամուտից դուրս: Նա, կարծես, ինձ չէր էլ տեսնում, նայում էր իմ միջով: Ես, կարծես, հեռադիտակ էի նրա համար՝ ինձնով ուրիշ բաների էր նայում:

ՎԱՐՈՒԺԱՆ — Եվ դու տապալվեցիր առաջին իսկ կայծակից:

ԼԻԼԻԹ — Տապալվեցի, այդ ճիշտ է: Ես, այո՛, պարտավո՛ր էի դիմանալ: Դուք Դիլանյանի՞ն եք կայծակ համարում: Իմ վերջին տարիները նման էին զսպանակի, որ ոչ թե ձգվում, այլ սեղմվում էր ինքն իր մեջ: Զսպանակն արդեն քանի տեղից կոտրվել էր, բայց կոտրվածը չէր երևում, որովհետև սեղմված էր: Թույլ, շատ թույլ ձգեցին, և փշրվեց:

ՎԱՐՈՒԺԱՆ — Երեկ պրոֆեսոր Խորենյանը փրկեց մի մարդու կյանք: Այդ պահին ես մտածեցի քո ապագա հիվանդների մասին, որոնց մի օր դու կարող էիր փրկել: Կմեռնեն նրանք, Լիլիթ, որովհետև դու ուժեղ չեղար: Ես մտածում եմ քո այդ հիվանդների, նաև քո՛ չապրած տարիների մասին:

ԼԻԼԻԹ — Եթե հնարավոր լիներ հիմա կյանք վերադառնալ: Ես մեղավոր եմ մորս առաջ, այդ հիվանդների, երկրի առաջ: Իմ մահով ես վիրավորեցի լավ մարդկանց: Գիտե՞ք, ինչքան շատ են նրանք: Բայց ինչո՞ւ բարի ու լավ մարդիկ աննկատ են ապրում, իսկ չարը, թեկուզ մի չարը կարող է այդպես կործանել բարին…

ՎԱՐՈՒԺԱՆ — Իսկ ընկերներդ… Մի՞թե միշտ մենակ ես եղել, մի՞թե որևէ մտերիմ ընկեր չունեիր ամբողջ կուրսում:

ԼԻԼԻԹ — Ունեի, ինչպե՞ս չունեի:

ՎԱՐՈՒԺԱՆ — Եթե այդ պահին մեկնումեկը ձեռքը դներ քո ուսին, եթե մեկնումեկը քայլեր քո կողքից, կլինե՞ր, ինչ եղավ…

ԼԻԼԻԹ — Չգիտեմ… Ինչ-որ տարօրինակ բան է կատարվում հիմա շատերի մեջ: Նրանք վախենում են կարգին սիրելուց և կարգին ատելուց: Նրանք պահպանում են իրենց զգացմունքները, ինչպես լավ զգեստը, որ չմաշվի: Նրանք ասում են, որ մեր դարն ուրիշ է: Նրանք չէին հավատում նույնիսկ, որ ես սիրում եմ բժշկությունը: Նրանք չարախոսում էին, թե ես սիրահարված եմ պրոֆեսոր Խորենյանին, թե ես կլինիկա եմ գնում նրան հանդիպելու համար և ոչ թե վիրահատություն տեսնելու: Ինչ-որ մեկը նույնիսկ նամակ էր գրել բանակ՝ Արթուրին: Արթուրի վերջին նամակը շատ տխուր էր: Մի՞թե հավատացել էր: Տոթ էր մեր կուրսում, ես խեղդվում էի:

ՎԱՐՈՒԺԱՆ — Երբ դու ցած նետվեցիր, մի՞թե հասցրիր քո ետևից ծածկել պատուհանը:

ԼԻԼԻԹ — Այո, ես ծածկեցի պատուհանը, ես նույնիսկ մի պահ նայեցի մեր քաղաքին, ես տեսա Երևանի տանիքները: Հետո ես ոչինչ չեմ հիշում, իսկ պատուհանը, այո՛, ծածկեցի:

ՎԱՐՈՒԺԱՆ – Ինչո՞ւ էիր հանել կոշիկներդ: Բակում քեզ ոտաբոբիկ գտան:

ԼԻԼԻԹ — Ես աթոռ դրի ոտքիս տակ, պատուհանը բարձր էր, ես միջանցքի աթոռը դրի ոտքիս տակ:

ՎԱՐՈՒԺԱՆ — Այդ պահին մտածել ես, որ չփոշոտվի՞ աթոռը:

ԼԻԼԻԹ — Ես չեմ մտածել ոչինչ: Մինչև վերջին պահը մարդն այն է, ինչ ինքն է:

ՎԱՐՈՒԺԱՆ — Զարմանալի աղջիկ ես, Լիլիթ: Որտեղի՞ց քո մեջ այդքան ուժ և այդքան թուլություն:

ԼԻԼԻԹ — Նայած, թե դուք ո՞րն եք համարում ուժ, որը՝ թուլություն:

ՎԱՐՈՒԺԱՆ — Ես ուզում եմ քո մեջ փնտրել իմ կորցրած բնավորությունը, այն ազնիվ գծերը, որ շարունակ ճնշել եմ, հաճախ ստիպված եմ եղել ճնշել իմ մեջ:

ԼԻԼԻԹ — Գտեք Արթուրին, այ, նա է հիանալի տղա: Ես չկարողացա գրել նրան, նամակս կիսատ մնաց:

ՎԱՐՈՒԺԱՆ — Լիլիթ, հիմա դու կանէանաս, ինձ կմնան միայն քո թղթերը:

ԼԻԼԻԹ — Այդ թղթերի մեջ Արթուրին գրած իմ կիսատ նամակն է, գրեք նամակի շարունակությունը, խնդրում եմ: Հիմա դուք իմ մասին շատ ավելի գիտեք, քան նույնիսկ ես:

ՎԱՐՈՒԺԱՆ — Ե՛վ գիտեմ, և՛ չգիտեմ:

ԼԻԼԻԹ — Գիտեք, գիտեք և պարտավոր եք գրելու: Ուրիշներ էլ կան ինձ նման, որ կարող են մի ուրիշ հիմարություն անել: Երևի մենք ուզում ենք, որ ամեն բան հե՞շտ տրվի մեզ: Տղաներ, աղջիկներ գիտեմ, որ ամեն օր տասը գավաթ սուրճ են խմում և սրճարանում նստած հանճարեղ անհեթեթություններ դուրս տալիս, բայց նրանք լավն են: Նրանք քաջ են ձևանում, բայց կեցվածք է, մի հավատացեք: Նրանց հոգու զսպանակները կարելի է ճիշտ նպատակին ուղղել, կարելի է այնպես անել, որ չժանգոտվեն, չջարդվեն: Նրանց համար գրեք, սովորեցրեք նրանց՝ ինչպես ուժեղ լինել ճակատագրական պահին, ինչպես լինել ուժեղ և, միաժամանակ, թույլ, այսինքն՝ բարի, բարի, բարի: (Անէանում է:)

Մտնում է Դիլանյանը:

ԴԻԼԱՆՅԱՆ — Ներեցեք… հավատացեք, ընկեր Պատկանյան, ես ազնիվ մարդ եմ ու հիմա վատ եմ զգում, որ ձեզ խաբեցի: Այո, քննության օրը ես ծխում էի, ես լավ չէի լսում այդ աղջկա պատասխանները:

ՎԱՐՈՒԺԱՆ — Բա՞ն էր պատահել, հուզվա՞ծ էիք:

ԴԻԼԱՆՅԱՆ — Այո… ուղեգիր էին խոստացել, ծովափ, և հենց քննությունից առաջ մերժեցին: Խոստացել էին, բայց մերժեցին: Ձեզ համար գուցե դատարկ բան է, բայց ինձ համար… Ինձ կարելի է մերժել, որովհետև ես ազնիվ մարդ եմ:

ՎԱՐՈՒԺԱՆ – Ի՞նչ է նշանակում ազնիվ: Այդ բառը շատ եք գործածում:

ԴԻԼԱՆՅԱՆ — Մեր դասախոսներից մեկը, անունը չեմ կարող տալ, քննության համար ուսանողից… փող էր վերցրել: Սուսուփուս, իր դիմումի համաձայն, ազատեցին: Իսկ ես ազնիվ մարդ եմ:

ՎԱՐՈՒԺԱՆ — Ա՜, դուք փող չեք վերցնում: Հավատում եմ: Կարծում եք՝ ազնվության չափանիշը հենց դա է ու վե՞րջ: Գուցե դրա համար ձեզ շքանշա՞ն տան:

ԴԻԼԱՆՅԱՆ — Ինձ ուղեգիր էլ չտվին:

ՎԱՐՈՒԺԱՆ — Ուրեմն, եթե տային, հնարավոր է, որ այդ առավոտ դուք բարի լինեիք, և Լիլիթ Մուրադյանն այսօր ապրեր:

ԴԻԼԱՆՅԱՆ — Նա մեծամիտ աղջիկ էր, իսկ ես բնակարան էլ չունեմ, ես երևի հարբել եմ: Ինչո՞ւ եմ ասում ձեզ այս բոլորը: Մինչ դուք այստեղ էիք, ես իջա լաբորատորիա, խմեցի: Սպիրտ խմեցի, ջրով բացած, փորձե՞լ եք: Ես բնակարան չունեմ: Դրսում եմ ճաշում, ո՞ր աղջիկը կառնի բնակարան չունեցող մարդուն:

ՎԱՐՈՒԺԱՆ — Լավ չէ, բնակարան պետք է ունենաք: Բայց ձեր այդ խեղճուկրակ ազնվությունը մի թափահարեք իբրև դրոշ: Ես գիտեմ՝ եթե ձեզ ասեին՝ ընդհատեք քննությունը, բակ իջեք, գնացեք թաղմանը, կընդհատեիք, կիջնեիք, կգնայիք: Իսկ կարգին մարդը կտա՞ր այդ հարցերը, որևէ մեկից թույլտվություն կուզե՞ր…

ԴԻԼԱՆՅԱՆ — Հավատացեք, ես ազնիվ մարդ եմ:

ՎԱՐՈՒԺԱՆ — Դուք խեղճ մարդ եք, իսկ եթե գրեմ այս պատմությունը, կպարզվի, որ ազնիվ էլ չեք: Իսկ սիրում եք, չէ՞, գոռալ, որ ազնիվ եք, փող չեք վերցնում, բնակարան չունեք: Ուղեգիր չեն տալիս: (Գնում է:)

ԴԻԼԱՆՅԱՆ — Ահ, ինչո՞ւ խմեցիր, ինչո՞ւ…

 

 

ՊԱՏԿԵՐ ԻՆՆԵՐՈՐԴ

Վարուժանի բնակարանը, նա մենակ նստած է գրամեքենայի առաջ:

ՎԱՐՈՒԺԱՆ — (կարդում է Լիլիթի օրագիրը): «Թեպետ հափշտակված Ֆրեյդ կարդացի, բայց չսիրեցի: Ի՞նչ արեց նա, պարզապես ազատություն տվեց մարդու նախնական բնազդներին, ինչպես ասում են՝ ջինը բաց թողեց շշից: Այդ բնազդները «բանտարկված» էին դարերով մշակված բարոյականությամբ, օրենքներով, արվեստով, կրոնով: Հազարամյակների ընթացքում մարդկությունն իր առաջ դրել էր որոշ արգելակներ. այս՝ չի կարելի, ա՛յս՝ բացառված է, ա՛յս՝ հակաբարոյական է… Ֆրեյդը բացեց շլագբաումները, ասաց. ամեն բան կարելի է, որովհետև բնական է…»: Ա՛յ թե ինչպես է պսակազերծ արել Ֆրեյդին քսանամյա այդ աղջիկը:

Դռան զանգ, մտնում են Ռշտունին և Դիլանյանը:

ՌՇՏՈՒՆԻ — Մի անգամ էլ եմ զանգել, իսկ Դիլանյանը երեկ պետք է գնար, ուղեգիրը փոխեցինք, վաղը պետք է թռչի: Ասացի՝ ավելի լավ է միասին գանք: (Նկատելով սեղանին դրված շամպայնի շիշը:) Մենա՞կ ես խմում:

ՎԱՐՈՒԺԱՆ — Չէ, պարզապես սիրում եմ շամպայնի շշերը բացել: Ի՞նչ համբերություն ունի, չէ՞, շամպայնը ներսում այդքան գազ է խտացրել ու կարող է սպասել մեկ տարի, հարյուր տարի, մինչև խցանը հանեն կոկորդից:

ՌՇՏՈՒՆԻ — Ես այս օրերին մի լավ խցան կդնեի քո կոկորդին: Մեզ էլ լավ կլիներ, երևի՝ քեզ էլ:

ԴԻԼԱՆՅԱՆ — Ընկեր Պատկանյան, դուք դարձյա՞լ եղաք քննիչի մոտ: Եվ ի՞նչ… նա չասա՞ց, որ գործը կարճված է, այսինքն՝ չի էլ սկսել:

ՎԱՐՈՒԺԱՆ — Ասաց: Եվ ավելացրեց, որ, ցավո՜ք, շատ են անկատար մեր քրեական օրենսգրքերը: Քննիչը քննիչ է, իսկ ես փորձում եմ ուրիշ օրենսգրքերում որոնել ձեր արժանի բնութագիրը: Կգտնեմ:

ՌՇՏՈՒՆԻ — Հանգիստ, Դիլանյան: Բայց դուք էլ մտեք նրա դրության մեջ: Ուսանողները պատմել են ձեր զրույցը, ինստիտուտում բզզում են այդ լուրերը, ինստիտուտի հեղինակությունն է շոշափվում, ռեկտորին երեկ կանչեցին Կենտկոմ, անհանգիստ է: Ես քեզ ասացի, չէ՞, որ աղջիկը պարզապես հոգեկան կարճատև խանգարում է ունեցել, բարձր գնահատական է երազել, չի ստացել, պատահում է: Դու, ախր, բժիշկ չես: Իսկ Դիլանյանը մեր ամենալավ դոցենտներից է: Կրկնում եմ, Վարուժան, կարիք չկա քչփորելու այս տխուր պատմությունը. մեղավոր չկա, հարցաքննությունն էլ դա հաստատեց:

ՎԱՐՈՒԺԱՆ — Կարծում եմ՝ ձեզ հետաքրքիր կլինի լսել մի քանի տող Լիլիթ Մուրադյանի օրագրից: Դոցենտ Դիլանյան, դուք, կարծեմ, եղել եք Իտալիայում…

ԴԻԼԱՆՅԱՆ — Դուք ավելի շատ երկրներում եք եղել:

ՎԱՐՈՒԺԱՆ(կարդում է): «Դոցենտ Դիլանյանը Իտալիա էր գնացել, իսկ  երեկ եկել էր: Դասամիջոցին գլխին հավաքվել էին, ասաց, որ հագի պլաշչը Ֆլորենցիայում է առել: «Մեր փողով վեց ռուբլի»: Էժանություն, առատություն: Աստված իր հետ, բայց ես տխրեցի, ասես Իտալիայում չեն Կոլիզեյն ու Ռաֆայելը, Վենետիկն ու Ֆելինին: Դասն սկսվեց: Նորից հարցեր տվին, բայց, ո՜վ զարմանք, այս անգամ դոցենտի բառապաշարն ուրիշ էր. գործազրկություն, պոռնոգրաֆիա, ստրիպտիզ, հիպիներ, նեոնացիզմ: Կարծես քիչ առաջվա մարդը չէ, որ գլուխը կորցրել էր վեց ռուբլիանոց պլաշչով… Ինչի՞ն հավատալ»:

ԴԻԼԱՆՅԱՆ — Դուք պիտի հասկանաք, ընկեր գրող, որ ես դասամիջոցին ոչ կարևոր, մանր-մունր բաներից պիտի խոսեի: Իսկ դասին ուրիշ է, ամբիոնից…

ՎԱՐՈՒԺԱՆ — Ես հասկանում եմ, ընկեր դոցենտ, բայց, այ, Լիլիթը չի հասկացել: Շատ նուրբ, մետաքսից է քսան տարեկանի հավատի թելը: Չե՞ք ենթադրում, որ հիմա էլ կան մարդիկ, որոնք մեկ, միայն մեկ համոզմունք ունեն, անկախ նրանից, թե ո՞ւմ են դա ասում, իրենք իրե՞նց, թե՞ ամբիոնից: Լիլիթն այդպիսին էր, և նրան անհասկանալի է թվացել: Ձեր երկփեղկված կյանքը դասամիջոցին ուրիշ է, ամբիոնից՝ ուրիշ: Չե՞ք գտնում, որ դուք մեղավոր եք այս աղջկա առաջ, իհարկե, ըստ… քրեական օրենսգրքի:

ՌՇՏՈՒՆԻ – Չեն սովորում, Վարուժան, չեն ուզում սովորել: Ինչո՞ւ հեռու գնանք, տղաս, Վահեն, ամեն օր գոռում է. «Ի՞նչ եք կպել ինձանից, պարապում եմ, ինչքան ինձ է պետք, գիտեմ, որ երբեք քեզ չեմ հասնի, պրոֆեսոր դառնալու էլ ցանկություն չունեմ: Ենթադրենք դառա, հետո՞… Մի վարսավիրի չափ «միշտ կվաստակեմ»: Լսո՞ւմ ես, սա էլ հո իմ տղան է, ի՛մ, պրոֆեսոր Ռշտունու:

ՎԱՐՈՒԺԱՆ — Հայրդ ի՞նչ էր անում, պրոֆեսոր Ռշտունի:

ՌՇՏՈՒՆԻ — Դե գիտես, էլի, դարբին էր:

ՎԱՐՈՒԺԱՆ —  Գուցե Վահեն էլ է ուզում դարբին լինել: Ի՞նչ կա որ՝ եթե դու պրոֆեսոր ես, ուրեմն, որդիդ է՞լ պիտի պրոֆեսոր լինի, կամ արդեն՝ ակադեմիկո՞ս: Իսկ գուցե նա բավականություն է ստանում քարը քարին դնելուց, խնձորի այգի տնկելուց, տրոլեյբուսի ղեկը վարելուց… շուրջներս լիքը դիպլոմավորներ են, իսկ Երևան-Սևան ճանապարհը ո՞վ կառուցեց՝ ավելի շատ… կանայք: Կան, չէ՞ — այդ սիրուն՝ աղջիկների նման տղաները և տղաների նման աղջիկները, որ մտավոր աշխատանք կատարելու անկարող են, իսկ ֆիզիկական աշխատանք սպանես՝ չեն անի, որովհետև դիպլոմ ունեն:

ՌՇՏՈՒՆԻ — Վտանգավոր բաներ ես ասում:

ՎԱՐՈՒԺԱՆ – Ո՞վ պիտի անի այս երկրի գործը, եթե բոլորի երեխաները պրոֆեսոր դառնան:

ՌՇՏՈՒՆԻ – Ի՞նչ  եք առաջարկում: Ասենք, ձեզ հեշտ է, երեխաներ չունեք և առհասարակ հետամնաց բաներ եք ասում: Իսկ Դիլանյանը ճիշտ է արել, որ չի հավատացել քո այդ հերոսուհուն: Մի անգամ ես հավատացի այդպիսի ուսանողուհու. ասաց՝ մայրը մահամերձ է, ես էլ առանց քննելու միջակ դրեցի, իսկ նա ծիծաղել էր վրաս, որովհետև մայրն այդ օրերին ծովափ էր գնացել:

ՎԱՐՈՒԺԱՆ — Երկուսդ էլ ձեր ուսանողներին չեք ճանաչել: Հեղեղը ճանաչել կլինի՞…

ԴԻԼԱՆՅԱՆ — Դադարեցնե՞նք հեղեղը, փակե՞նք բուհերը:

ՎԱՐՈՒԺԱՆ — Կարգավորենք հեղեղը… Հասկացեք, երբ բերքը քիչ է, ծառը կարողանում է դրանք խոշորացնել, իսկ երբ խիտ է, պտուղը մանր է մնում, ծառի ուժը չի պատում խոշորացնելու: Ո՞ւմ են հարկավոր մեր ինստիտուտ-ծառերի վրա բռնած հազար-հազար մանր-մունր խնձորները:

ՌՇՏՈՒՆԻ — Եվ այդ դու ես ասում, հայրենասեր գրողդ: Դարեր շարունակ քո ժողովուրդը երազել է համալսարան ունենալ, կրթություն տալ իր զավակներին, և այսօր դադարեցնե՞լ…

ՎԱՐՈՒԺԱՆ – Ո՞վ ասաց՝ դադարեցնել: Բայց այսօր պարտադիր է միջնակարգ կրթությունը, եկող տարի՝ բարձրագույնը, իսկ մի տասը տարի հետո երևի ասպիրանտուրա՞ն…

ՌՇՏՈՒՆԻ — Հետո՞:

ՎԱՐՈՒԺԱՆ Հետո այն, որ երկու հազար թվականին հայ ժողովուրդը բաղկացած կլինի միայն գիտության թեկնածուներից և արդեն պարզապես ամոթ կլինի դոկտոր չդառնալ. հարևաններն ի՞նչ կասեն… Մեր սխալն այն է, որ ամեն տեսակի փայտից ուզում ենք արքայակա՛ն կահույք պատրաստել: Մենք պարտավոր ենք, չէ՞, հասկացնել մեր այս փառավոր ջահելներին, որ դիպլոմը գիտելիքի փաստաթուղթ է, այլ ոչ թե պետության մուրհակը, ըստ որի նրանք անմիջապես պետք է տաքուկ-փափուկ պաշտոն ստանան…

ԴԻԼԱՆՅԱՆ — Չեմ հասկանում, այս ամենը ի՞նչ կապ ունի Լիլիթ Մուրադյանի ինքնասպանության հետ, ինձ հետ…

ՎԱՐՈՒԺԱՆ — Ձեզ հետ՝ ոչ, Լիլիթի հետ՝ ունի: Համաձայն եմ, Լիլիթն անտառի այն ճյուղն էր, որ թույլ էր և պիտի ջարդվեր որևէ քամուց: Բայց դրա հիման վրա՝ մի փառաբանեք գազոնը: Չէ՞ որ Լիլիթը միջակ չէր մուրում, այլ միջակի դեմ էր կռվում: Ինչո՞ւ ձեր հոգում ոչինչ չշարժվեց: Իսկ ձեր միտքն աշխատում է միայն մի ուղղությամբ, որ դուք մեղավոր չեք: Բոլորս ենք մեղավոր նրա մահվան համար, նաև ես, նաև պրոֆեսոր Ռշտունին… (Դադար:) Այս օրերին մտածում եմ, մտածում եմ ու ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ, ինչպե՞ս դուք չընդհատեցիք քննությունը, դոցենտ Դիլանյան:

ԴԻԼԱՆՅԱՆ — Իսկ ի՞նչ անեի, եթե ընդհատեի…

ՎԱՐՈՒԺԱՆ – Ի՞նչ անեիք. գոռայիք, շփոթվեիք, գլխապատառ բակ վազեիք, ճանապարհին ջարդեիք ծաղկամանը, սայթաքեիք, աղջկան ձեր ձեռքերի վրա հասցնեիք հիվանդանոց, գնայիք նրա թաղմանը, եթե անգամ աղջկա եղբայրը ապտակեր ձեզ:

ԴԻԼԱՆՅԱՆ — Ես ուզում էի հաջորդ օրը գնալ: Խորհուրդ չտվին:

ՌՇՏՈՒՆԻ — Այո, ի՞նչ կարիք կար գրգռել: Առանց այն էլ…

Դռան զանգ: Մտնում են Գագիկը և Վահեն:

ԳԱԳԻԿՄենք չգիտեինք, որ մենակ չեք, ձեզ մի քանի բան էի ուզում ասել, ավելի ճիշտ, Վահեն: Բայց կարծես թե իզուր ենք եկել:

ՌՇՏՈՒՆԻ(Վահեին): Իսկ դու ի՞նչ գործ ունես, տղաս… Շուտ թռիր տուն:

ՎԱՀԵ — Ես արդեն թռել եմ, հայրիկ: Ուրիշ ուղղությամբ եմ թռել: Ես քսան տարի սպասում էի օդանավակայանում, իմ ինքնաթիռն ուշանում էր, եղանակ չկար:

ՌՇՏՈՒՆԻ — Բոլորը բանաստեղծ են դառել: Հենց այս րոպեին տուն վազիր, վաղը մորդ հետ ծովափ պիտի մեկնես: Ինչ է, չգիտե՞ս: Մա՛րշ, ինչպես ասում են:

ՎԱՀԵ — Դու չլսեցի՞ր, հայրիկ, ես արդեն թռել եմ, և, առհասարակ, սա ի՞նչ բառապաշար է. մարշ, հենց այս րոպեիս վազիր, կարծում ես՝ մատդ սեղմեցիր կարմիր կոճակիս, և վե՞րջ…

ՌՇՏՈՒՆԻ — Սա առաջին անգամն է ինձ հետ այսպիսի տոնով խոսում: (Վարուժանին.) Այս ի՞նչ քաոս սարքեցիր դու:

ՎԱՐՈՒԺԱՆ — Դու կարծում ես, մարդուն կարելի է մտածե՞լ սովորեցնել, ինչպես պարել են սովորեցնում, կամ կմախքի ոսկորների անուննե՞րը:

ԴԻԼԱՆՅԱՆ(Վարուժանին): Այս ամենի պատճառը դուք եք: Ձեզ պետք է դատի տալ:

ՎԱՐՈՒԺԱՆ — Խնայեք ձեր ջղերը, դոցենտ Դիլանյան:

ՎԱՀԵ — Հայրիկ, ես դուրս եմ գալիս ինստիտուտից:

ՌՇՏՈՒՆԻ — Ձա՛յնդ:

ՎԱՀԵ — Լսիր մինչև վերջ, հայրիկ, բժիշկ անպայման պիտի դառնամ, բայց օգոստոսին կընդունվեմ առաջին կուրս, իմ ուժերով, եթե կարողանամ: Չէ՞ որ ինձ դո՛ւ ընդունել տվիր, հիշո՞ւմ ես:

ՌՇՏՈՒՆԻ — Ուշքի եկ, Վահե… Այս տղային մի բան հասկացրեք… Գագիկ, չլինի՞ դու էլ ես դուրս գալիս ինստիտուտից:

ԳԱԳԻԿ — Ե՞ս, ոչ, պրոֆեսոր, ես սովորելու եմ, ես ավելի լավ եմ սովորելու: Ինստիտուտն ինձ համար միայն Դիլանյանը չէ: Ես սովորելու եմ նաև… Լիլիթի փոխարեն:

ԴԻԼԱՆՅԱՆ — Սա չլսված բան է. մի դեղնակտուց սպառնում է իր դասախոսին, որդին թքում է պատվավոր հոր վրա: Սա դատական գործ է, ես դատարան եմ պահանջում: Ես կգրեմ՝ ուր պետք է: Իմ ինքնահոսում դեռ թանաք կա: Ես դատարան եմ պահանջում:

ՎԱՐՈՒԺԱՆ — Ախ, դո՞ւք եք դատարան պահանջում… Մեղադրյալը, ուրեմն, ե՞ս եմ… Դե ուրեմն, կստանաք դատարան… Մեղադրեք ինձ… թող ամենքը ներս գան:

Ներս են մտնում բոլոր գործող անձինք, Վարուժանը գրպանից հանում է թղթի մի կտոր, պահում Դիլանյանի աչքերի դեմ:

Ճանաչո՞ւմ եք այս ձեռագիրը:

ԴԻԼԱՆՅԱՆ — Իմ ձեռագիրն է, իմ հեռախոսի համարը:

ՎԱՐՈՒԺԱՆ – Ինչո՞ւ եք գրել:

ԴԻԼԱՆՅԱՆ — Որպեսզի դուք զանգահարեիք:

ՎԱՐՈՒԺԱՆ — Եվ ասեի այն ուսանողի անուն-ազգանունը, որ կտրվել էր մարդու անատոմիա առարկայից: Դուք ինձ խոստացաք այդ ուսանողին բարձր գնահատական դնել, առանց քննելու:

ՁԱՅՆԵՐԻ ԱԼԻՔ – Ի՞նչ, առանց քննելո՞ւ…

ՔՆՆԻՉ — Իսկ դուք մի քայլ անգամ չնահանջեցիք ձեր բարձր սկզբունքներից, դոցենտ Դիլանյան, երբ Լիլիթ Մուրադյանը խնդրում էր գոնե մի ժամով հետաձգել իր քննությունը:

ԴԻԼԱՆՅԱՆ — Այս ամենը հորինվածք է, և առհասարակ չեմ հասկանում՝ ինչո՞ւ եք դուք մեղադրում ինձ, չէ՞ որ մեղադրյալը դուք եք, ինքներդ ասացիք, հենց հիմա:

ՎԱՐՈՒԺԱՆ — Ամեն մի մեղադրյալ ունի վերջին խոսքի իրավունք: Ես օգտվում եմ այդ իրավունքից: Ես ուզում էի պարզել, թե ո՞վ եք դուք… Գուցե ազնվագույն քա՞ր եք: Կրկնում եմ՝ քար, բայց ազնիվ, այսինքն՝ անկոտրում սկզբունքի մարդ: Ես ուրախ կլինեի, հավատացեք, երջանիկ կլինեի, եթե դուք ինձ դուրս վռնդեիք պրոֆեսոր Ռշտունու առանձնասենյակից, կոպտեիք իրեն՝ Ռշտունուն, իսկ դուք՝ դատարկ բան է,- ասացիք,- թոշակ էլ կստանա: Ամեն դեպքում փող է,- ասացիք:

ՌՇՏՈՒՆԻ – Ինչո՞վ կարող եք հաստատել: Դա ձեր երևակայության պտուղն է, մի շատ անհամ դետեկտիվ:

ՌԵԿՏՈՐ — Իսկապես, ինչո՞վ կարող եք հաստատել: Լավ կլիներ, եթե հաստատեիք: Ես կասեի՝ նույնիսկ դաստիարակիչ կլիներ: Մենք միջոցներ ձեռք կառնենք, մենք թույլ չենք տա այդպես արատավորել ինստիտուտի բարի անունը:

ՌՇՏՈՒՆԻ – Ինչո՞վ պիտի հաստատի: Ի՞նչը պիտի հաստատի:

ՎԱՐՈՒԺԱՆ — Ես չեմ էլ փորձի հաստատել, միայն կնայեմ-կնայեմ աչքերիդ և կհարցնեմ. չե՞ս ամաչում, ազնվագույն դարբին Առաքելի որդի՝ Միքայել Ռշտունի:

ՌՇՏՈՒՆԻ — Մեղադրյալը ե՞ս եմ:

ՎԱՐՈՒԺԱՆ — Դոցենտ Դիլանյան, դուք ստորագրություն չեք կեղծում, գուք թղթադրամ չեք կեղծում, դուք ամեն օր կեղծում եք ինքներդ ձեզ, ձեր՝ առանց այն էլ անձույն էությունը: Ձեր գոյությունն իսկ վտանգավոր է մի մթնոլորտում, ուր ձևավորվում են մեծ աշխարհ ոտք դնող երիտասարդ մարդիկ, այն էլ՝ բժիշկներ: Դուք մանրել եք մեր կյանքի մեծ ճշմարտությունը, ձեր գրպանը լիքն է կոպեկանոց ճշմարտություններով և դուք գործածում եք՝ գիտեք որը՝ որտեղ, նայած մարդու, հանգամանքի: Դուք հոգու ալքիմիայով եք զբաղված: Ես ձեզ մեղադրում եմ ոչ քրեական օրենսգրքի այսինչ հոդվածի, այսինչ մասով: Մեր երկրի բարոյական օրենսգրքին ծանո՞թ եք, կարծեմ… Քաղվածքներ, հավատացած եմ, հաճախ եք բերում, երբ խոսում եք… ամբոխից: Այդ օրենսգրքով եմ ես ձեզ մեղադրում: (Ռշտունուն.) Միքայել Ռշտունի, դուք մեղադրվում եք մաքուր հոգիները աղավաղելու, նրանց անազնվության վարժեցնելու հանցանքի մեջ:

ՌՇՏՈՒՆԻ — Իսկ ովքե՞ր են այդ աղավաղված հոգիները, մեկին կարո՞ղ ես ցույց տալ: (Վարուժանը նայում է Վահեին:) Ուրեմն, մե՞նք ենք մեղադրյալը:

ՎԱՐՈՒԺԱՆ — Դո՞ւք մեղադրյալ: Ծիծաղո՞ւմ եք: Դուք անվանի բժիշկ, պրոֆեսոր Միքայել Ռշտունին եք, ձեր կողքին նստածը հիանալի դոցենտ, ապագա պրոֆեսոր Կամսար Դիլանյանն է, նա մարդու անատոմիայի եզակի գիտակ է և դեռ երկար տարիներ ուսանողներին կսովորեցնի, թե որտեղ են մեր երիկամները, ստամոքսը, լյարդը: (Ռշտունին և Դիլանյանը գնալու շարժում են անում:) Համբերեք, պրոֆեսոր, ներկայացումը վերջանում է, իսկ մեղադրյալ կա: Մեղադրյալը Լիլիթ Մուրադյանն է՝ քսան տարեկան, երազուն, խենթ, ազնիվ, անկազմակերպ, և գիտե՞ք՝ որն է նրա մեղքը. նա սիրում էր իր երազանքը, նա հավատում էր, որ կյանքն առաջ են շարժում ազնիվ ու խենթ հոգիները, նա հավատում էր, որ կա մեծ ճշմարտություն՝ այսպես նրան սովորեցրել էին գրքերը, երկիրը, ժողովուրդը:

Լիլիթ, սիրելի Լիլիթ, ես քեզ մեղադրում եմ, որ դու չկարողացար ուժեղ լինել՝ քո կյանքի դժվար րոպեներին: Քո կյանքի դժվար րոպեներին դու քեզ մենակ ու անպաշտպան զգացիր, երբ քո շուրջը երկիրն էր, ժողովուրդը՝ իր բարոյական անխորտակ օրենքներով:

Վարագույրը դանդաղ փակվում է:

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։