Դավիթ ԽԱՉԻՅԱՆ / ՍՈՒՐՃ ԵՎ ՎԻՏԱՄԻՆՆԵՐ

…բայց ամենամեծ մեղքը, երևի թե, ինքնախաբեությունն է: Ինքդ քեզ խաբելով կորցնում ես իրականության զգացողությունը, իսկ զգայական ընկալումներդ դառնում են կեղծ: Արդյունքում՝ չես տեսնում իրական աշխարհը, այլ ընդամենը նրա այլասերված պրոյեկցիան՝ ժամանակի և տարածության սեփական առանցքիդ վրա: Այսինքն՝ դու արդեն դու չես: Իսկ թե ով ես՝ բնավ էական չէ, քանզի քո գոյությունն էլ է արդեն կեղծ ու ժամանակավրեպ…
Ինչևէ, թող յուրաքանչյուրիս տրվի ըստ մեր հավատի: Մնացածը հաստատ չարից է:

ՍՈՒՐՃ ԵՎ ՎԻՏԱՄԻՆՆԵՐ
Կատակերգություն մեկ արարով

Գործող անձինք
ԵՐԻՏԱՍԱՐԴ — 30-35 տարեկան մի երիտասարդ
ԿԻՆ — 25-30 տարեկան հաճելի մի կին
ՄԱՏՈՒՑՈՂ — սովորական մի մատուցող
ԲԱՐՄԵՆ — սովորական մի բարմեն
ՍՐՃԱՐԱՆԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐ — գրեթե սովորական
այցելուներ
Սովորական սրճարան է: Մարդիկ են մտնում ու դուրս գալիս: Դրսում անձրև է: Լսվում է ամպրոպի և հորդացող անձրևի ձայնը: Բարի սեղանիկի մոտ մի քանիսն են՝ իրենց սուրճը կամ գարեջուրը վայելող: Բոլորի ձեռքին կամ դիմացը, բաժակներից ու պնակներից զատ, նաև լրագիր կամ ձեռքի հեռախոս կա: Մեծ մասը խորասուզված կարդում է թերթը կամ ընկղմված է հեռախոսի մեջ: Ներս է մտնում երիտասարդը: Փակում է հովանոցը, դնում զամբյուղի մեջ, ապա հանում է թաց բաճկոնն ու կախում է: Հայացքով ազատ սեղանիկ է գտնում, նստում է: Քիչ անց նրան է մոտենում մատուցողն ու մեկնում է ճաշացանկը:
ՄԱՏՈՒՑՈՂ — Բարի օր: Ի՞նչ կկամենաք:
ԵՐԻՏԱՍԱՐԴ — Բարև: Երևի թե առայժմ՝ մի բաժակ սուրճ:
ՄԱՏՈՒՑՈՂ — Ինչպիսի՞ սուրճ:
ԵՐԻՏԱՍԱՐԴ — (տարակուսած): Իսկ դուք ինչպիսի՞ն ունեք:
ՄԱՏՈՒՑՈՂ — Նայեք ճաշացանկի երկրորդ էջում:
ԵՐԻՏԱՍԱՐԴ — (ձեռքն առնելով ու զննելով ճաշացանկը): Արևելյան, ամերիկանո, կապուչինո, էսպրեսո… Հմմ… Մի րոպե… (Նայում է հեռախոսի մեջ:) Երևի ամերիկանո: Եվ… (Կրկին նայում է հեռախոսի մեջ:) Ջուր:
ՄԱՏՈՒՑՈՂ — Ինչպիսի՞ ջուր:
ԵՐԻՏԱՍԱՐԴ — (կրկին նայելով հեռախոսի մեջ): Սովորական, առանց գազի:
ՄԱՏՈՒՑՈՂ — Լավ: Հիմա կբերեմ: (Ցանկանում է գնալ:)
ԵՐԻՏԱՍԱՐԴ — Կներեք, մի րոպե… Իսկ ձեզ մոտ ծխել կարելի՞ է:
ՄԱՏՈՒՑՈՂ — (ցույց տալով պատի ցուցանակը): Ոչ, պարոն:
ԵՐԻՏԱՍԱՐԴ — Մի բան էլ… Եթե հանկարծ մի երիտասարդ կին մտնի ու հարցնի Անտոնիոյին, խնդրում եմ նրան ուղեկցել ինձ մոտ:
ՄԱՏՈՒՑՈՂ — Շատ բարի: Իսկ ինչպիսի՞ն է այդ կինը:
ԵՐԻՏԱՍԱՐԴ — Երիտասարդ, հմայիչ…
ՄԱՏՈՒՑՈՂ — Ձեր ընկերուհի՞ն է:
ԵՐԻՏԱՍԱՐԴ — Ո՜չ… Բայց հույս ունեմ, որ կդառնա… Այսօր ես նրան սիրո խոստովանություն կանեմ:
ՄԱՏՈՒՑՈՂ — (ժպտալով): Ճիշտ էլ կանեք: Դրա համար այսօր հրաշալի եղանակ է:
ԵՐԻՏԱՍԱՐԴ — Դե, դե… Բերեք, ինչ որ պատվիրեցի, մինչև նա գա:
ՄԱՏՈՒՑՈՂ — Շատ լավ: (Հեռանում է:)
Երիտասարդը գրպանից հանում է սիգարետի տուփն ու այրիչը, սակայն հայացքն ընկնում է ծխելն արգելող ցուցանակին, կրկին գրպանն է դնում: Մատներով կտկտացնում է սեղանին, պատուհանից դուրս է նայում: Մոտենում է մատուցողը, սեղանին է դնում սուրճն ու ջուրը:
ՄԱՏՈՒՑՈՂ — Խնդրեմ:
ԵՐԻՏԱՍԱՐԴ — (ինչ-որ բան նայելով հեռախոսի մեջ): Շնորհակալություն:
Մատուցողը հեռանում է: Երիտասարդը կում է անում ջրից ու նայում շուրջբոլորը: Հայացքը կանգ է առնում բարի սեղանիկի մոտ հավաքվածներին:
ԲԱՐՄԵՆ — Եթե ոչինչ չեք պատվիրում, բարի եղեք դուրս գալ և տեղ ազատել մյուսների համար:
ԱՅՑԵԼՈՒ 1 — (նայելով հեռախոսի մեջ): Անձրևին դեռ տասը րոպե կա: Ինձ մի բաժակ էլ սուրճ: Նույնից:
ԲԱՐՄԵՆ — (դժգոհ): Հիմա… Ի՞նչ պիտի անեիք, եթե այդ հեռախոսները չլինեին:
ԱՅՑԵԼՈՒ 2 — Թերթ կկարդայինք: Ինձ էլ մի բաժակ սովորական ջուր: Կարելի է ծորակից, եթե անվճար է:
ԲԱՐՄԵՆ — Ծորակից չի կարելի: Կարդացեք: (Ցույց է տալիս ցուցանակը՝ «Ծորակից ջուր խմելն արգելվում է»:)
ԱՅՑԵԼՈՒ 1 — (անչար հեգնանքով): Ամե՛ն ինչ գիտեք… Ամե՛ն ինչ փողով է…
ԱՅՑԵԼՈՒ 2 — Ինչ լավ կլիներ, եթե բարմեններն էլ հեռախոսների պես լինեին՝ վճարիր և ստացիր ուզածդ: Առանց ավելորդ զազրախոսությունների:
ԲԱՐՄԵՆ — (վրդովված): Կարող եք օգտվել փողոցում դրված մեխանիկական սարքից՝ գցում եք մանրադրամն ու ստանում ձեր ուզածը:
ԱՅՑԵԼՈՒ 1 — (նայելով հեռախոսի մեջ): Միամիտ չենք՝ անձրևը դեռ չի կտրվել:
ԲԱՐՄԵՆ — Դե ուրեմն՝ բարի եղեք հարգել իմ աշխատանքը և ավելորդ բաներ մի՛ ասեք: (Սեղանիկին է դնում սուրճն ու ջուրը:) Բարի ախորժակ:
Ներս է մտնում երիտասարդ կինը՝ թրջված մազերով: Հանում է անձրևանոցն ու կախում: Նրան է մոտենում մատուցողը:
ՄԱՏՈՒՑՈՂ — Ցանկանում եք նստե՞լ:
ԿԻՆ — Այո… Ճիշտն ասած, ես պետք է մի մարդու տեսնեմ… Երևի նա այստեղ է:
ՄԱՏՈՒՑՈՂ — (նայելով ձեռքի թղթին): Պարոն Անտոնիոյի՞ն:
ԿԻՆ — (ժպտալով): Այո, պարոն Անտոնիոյին:
ՄԱՏՈՒՑՈՂ — (ցույց տալով երիտասարդի սեղանը): Ահա նա: Կարծում եմ՝ ձեզ է սպասում:
ԿԻՆ — Շնորհակալ եմ: (Մոտենում է երիտասարդի սեղանին:) Բարև ձեզ: Ես եկա…
ԵՐԻՏԱՍԱՐԴ — (կիսականգնելով ու ժպտալով): Վերջապես… Համեցեք, նստեք: Ես անհամբեր սպասում էի ձեզ: Ի՞նչ կխմեք: Ի դեպ, ես Անտոնիոն եմ:
ԿԻՆ — Կներեք, որ ուշացա: Սարսափելի անձրև է… Սառել եմ: Ես Քրիստինան եմ:
ԵՐԻՏԱՍԱՐԴ — Այո… Անձրև է… Մի բաժակ սուրճը կտաքացնի ձեզ:
ԿԻՆ — Ես թեյ կխմեի…
ԵՐԻՏԱՍԱՐԴ — (մոտեցած մատուցողին): Մի բաժակ թեյ:
ՄԱՏՈՒՑՈՂ — Ինչպիսի՞ թեյ:
ԿԻՆ — (տարակուսած): Իսկ դուք ինչպիսի՞ն ունեք:
ՄԱՏՈՒՑՈՂ — Նայեք ճաշացանկի երկրորդ էջում:
ԿԻՆ — Սովորական, սև, կանաչ, խոտաբույսերով, կարկադե… Ինձ… երևի սովորական:
ՄԱՏՈՒՑՈՂ — Շատ բարի: Հիմա կբերեմ:
Կարճատև լռություն: Կինը շուրջն է նայում, ապա՝ պատուհանից դուրս: Երիտասարդը մատներով կտկտացնում է սեղանը:
ԿԻՆ — Դուք սիրո՞ւմ եք անձրև, Անտոնիո:
ԵՐԻՏԱՍԱՐԴ — (նայելով դիմացը դրված հեռախոսի մեջ և ժպտալով): Այո, իհարկե: Հատկապես երբ տաքուկ սրճարանում եմ:
ԿԻՆ — Ես ամեն ինչ եմ սիրում՝ անձրևը, արևը, ձյունը, քամին, աշունը, գարնան զարթոնքը, ամառվա տաք շունչը… Ես սիրում եմ կյանքը…
ԵՐԻՏԱՍԱՐԴ — (նայելով հեռախոսի մեջ): Կյանքը բեմ է, իսկ մարդիկ՝ դերասաններ, ինչպես ասել է մեծ դրամատուրգը:
ԿԻՆ — (ժպտալով): Երևի թե ճիշտ է ասել: Իսկ դուք հաճա՞խ եք լինում այստեղ: Ինչո՞ւ հատկապես այս սրճարանն ընտրեցիք մեր հանդիպման համար:
Մատուցողը բերում է թեյը, հետաքրքրված հայացքով զննում է կնոջն ու հեռանում:
ԵՐԻՏԱՍԱՐԴ — Անկեղծ ասած, ուրիշ սրճարան չգիտեմ:
ԿԻՆ — Ինչպե՞ս: Այս հսկա քաղաքում ուրիշ սրճարան չգիտե՞ք: (Ծիծաղում է:)
ԵՐԻՏԱՍԱՐԴ — Դե հա, սրճարաններ համարյա չեմ այցելում: Տնից՝ գործի, գործից՝ տուն… Այս մեկը պարզապես իմ ճանապարհին է: Դրա համար էլ հենց սա առաջարկեցի:
ԿԻՆ — (ժպտալով): Իսկ ես սիրում եմ սրճարաններ: Կարելի է նստել, մի բաժակ սուրճ վերցնել ու պատուհանից դուրս նայել: Կամ էլ գաղտագողի հաճախորդներին ուսումնասիրել:
ԵՐԻՏԱՍԱՐԴ — Ուսումնասիրե՞լ: Դե, ուրեմն, գաղտագողի նայեք ու ասեք, թե ինչ եք մտածում հաճախորդների մասին:
ԿԻՆ — Հատուկ նայելու կարիք չունեմ: Մի հայացքն էլ բավական է:
ԵՐԻՏԱՍԱՐԴ — Ե՞վ…
ԿԻՆ — Բարմենը հիստերիկ է: Մատուցողը՝ այլասեռական, թեև փորձում է թաքցնել դա: Բարի սեղանիկի մոտ նստած երկուսն էլ տափակ ժամավաճառներ են:
ԵՐԻՏԱՍԱՐԴ — (զարմացած): Մի հայացքով դա նկատեցի՞ք:
ԿԻՆ — (ժպտալով): Իհարկե: Դա այնքան էլ բարդ չէ: Համենայնդեպս, կանայք այդ արվեստին տիրապետում են առանց հեռախոսի մեջ նայելու:
ԵՐԻՏԱՍԱՐԴ — Այդ արդյունքին հասնելու համար տղամարդկանց պետք է երկար հետազոտություններ անել, ստուգել, ապացույցներ գտնել…
ԿԻՆ — Ապացույցներ պետք չեն: Պարզապես ապրեք:
ԵՐԻՏԱՍԱՐԴ — Այո: Ժամանակն է սկսել ապրել…
ԿԻՆ — (ժպտալով): Իսկ մինչ հիմա ի՞նչ էիք անում, Անտոնիո:
ԵՐԻՏԱՍԱՐԴ — Ե՞ս: Ես ապրում էի…
ԿԻՆ — Բա էլ ինչո՞ւ եք ասում, թե պետք է սկսել ապրել:
ԵՐԻՏԱՍԱՐԴ — (հայացք նետելով հեռախոսի մեջ): Դե, գիտե՜ք… Տարիներն անցնում են… Եվ սկսում եմ մտածել…
ԿԻՆ — Տարիներն անցնում են և սկսում եք մտածե՞լ…
ԵՐԻՏԱՍԱՐԴ — Նկատի ունեմ՝ լուրջ բաների մասին… Դուք քանի՞ տարեկան եք, Քրիստինա:
ԿԻՆ — Անտոնիո՜… Ի սեր աստծո…
ԵՐԻՏԱՍԱՐԴ — Այ, տեսնո՞ւմ եք… Իսկ ես անկեղծ զրույց էի ակնկալում…
ԿԻՆ — Ես միանգամայն անկեղծ եմ ձեզ հետ: Չէ՞ որ ասացի ամենակարևոր բաները:
ԵՐԻՏԱՍԱՐԴ — Ո՞ր բաները:
ԿԻՆ — Անձրևի, քամու ու ձյան մասին… Մի՞թե անպայման պետք է իմ տարիքն իմանալ հետաքրքիր զրույցի կամ ինձ ճանաչելու համար:
ԵՐԻՏԱՍԱՐԴ — (նայելով հեռախոսի մեջ): Այստեղ գրված է, որ դուք քսանինը տարեկան եք:
ԿԻՆ — (ծիծաղելով): Իսկ առանց դրան հնարավոր չէ՞ր գուշակել: Թեկուզ մոտավոր: Ձեր կարծիքով, ես քանի՞ տարեկան եմ:
ԵՐԻՏԱՍԱՐԴ — Դե, անկեղծ ասած…
ԿԻՆ — Այո, այո: Անկեղծ ասեք, խնդրում եմ:
ԵՐԻՏԱՍԱՐԴ — Դե, մոտավորապես…
ԿԻՆ — Խոստովանեք, որ դա էական չէ հետաքրքիր զրույցի համար:
ԵՐԻՏԱՍԱՐԴ — Իհարկե, դուք ճիշտ եք… Բայց տվյալները…
ԿԻՆ — Ոչ մի տվյալ էլ պետք չէ, Անտոնիո… Ես արդեն ասացի ամենակարևոր բաները:
ԵՐԻՏԱՍԱՐԴ — (կում անելով սուրճից): Ինչ համեղ սուրճ է… Իսկ երեխաներ սիրո՞ւմ եք:
ԿԻՆ — (զրնգուն ծիծաղով): Անտոնիո՜… Դուք տեսե՞լ եք թեկուզ մի կին, որը երեխաներ չի սիրում:
ԵՐԻՏԱՍԱՐԴ — Ես… Չգիտեմ… Վիճակագրական տվյալներն ասում են, որ… Ահա, նայեք, պաշտոնական կայքէջում գրված է…
ԿԻՆ — Խնդրում եմ, թողեք այդ պաշտոնական տվյալները: Պարզապես խոսեք ինձ հետ:
ԵՐԻՏԱՍԱՐԴ — (մի քիչ շփոթված): Դե… հենց դա էլ անում եմ:
ԿԻՆ — Պատմեք ինձ ձեր կյանքի ամենակարևոր դրվագը:
ԵՐԻՏԱՍԱՐԴ — Դե, ի՞նչ ասեմ… Ես ծնվել եմ հազար ինը հարյուր…
ԿԻՆ — Անցեք առաջ:
ԵՐԻՏԱՍԱՐԴ — Սովորել եմ դպրոցում, ապա ընդունվել համալսարան: Ի դեպ, ավարտել եմ կարմիր դիպլոմով… (Նայում է հեռախոսի մեջ:) Հիմա… Աշխատում եմ ակադեմիական ինստիտուտներից մեկում որպես ավագ գիտաշխատող… (Կրկին նայում է հեռախոսի մեջ:) Հետաքրքրվում եմ կինոյով, գրականությամբ: Ազատ ժամանակս նվիրում եմ սպորտին:
ԿԻՆ — (թաքնված հեգնանքով): Շա՜տ հետաքրքիր է: Դուք ժողովեք ձեր մտքերը, իսկ ես շուտով կվերադառնամ: (Բարձրանում է տեղից, վերցնում պայուսակն ու գնում է կուլիսների կողմը:)
Երիտասարդը, օգտվելով առիթից, աճապարանքով կարդում է հեռախոսի մեջ ու գրպանից հանած ինչ-որ թղթեր: Մոտենում է մատուցողը:
ՄԱՏՈՒՑՈՂ — Ինչ-որ բան կուզե՞ք:
ԵՐԻՏԱՍԱՐԴ — (բարձրացնելով հայացքն ու մի պահ կարկամելով): Ոչ… Իսկ ի՞նչ կա:
ՄԱՏՈՒՑՈՂ — (թեքվելով դեպի երիտասարդը): Ինձ ներեք, պարոն, բայց տեսնում եմ, որ դուք հարգարժան մարդ եք: Այս կինը… Դե, ձեր ընկերուհին… Նա մեզ մոտ հաճախ է լինում, և ամեն անգամ տարբեր տղամարդկանց հետ:
ԵՐԻՏԱՍԱՐԴ — (անքթիթ նայելով մատուցողին): Ե՞վ… Դա ի՞նչ է նշանակում:
ՄԱՏՈՒՑՈՂ — Դե, ես ուրիշ բան չասացի: Պարզապես ցանկացա տեղեկացնել ձեզ… Ես տեսնում եմ, որ դուք պարկեշտ մարդ եք… (Հեռանում է:)
ԵՐԻՏԱՍԱՐԴ — (կարճ պահ նայելով մատուցողի ետևից, կիսաձայն): Շնորհակալ եմ տեղեկության համար… (Շարունակում է տնտղել հեռախոսն ու թղթերը:)
Վերադառնում է կինը:
ԿԻՆ — Կներեք: Ես վերադարձա:
ԵՐԻՏԱՍԱՐԴ — (շփոթված բարձրացնելով հայացքը, ժպտալով): Բարի վերադարձ:
ԿԻՆ — Իսկ չե՞ք ուզում հարցնել, թե որտեղ էի:
ԵՐԻՏԱՍԱՐԴ — (շփոթված): Դե… դա պարզ է:
ԿԻՆ — Բրա՛վո: Փաստորեն ինչ-որ բաներ կարելի է հասկանալ առանց ավելորդ հարցեր տալու: Մեկ քայլ առաջ: Դե, շարունակեք: (Կում է անում թեյից:) Ասացիք՝ ի՞նչ եք սիրում կյանքում:
ԵՐԻՏԱՍԱՐԴ — Սիրում եմ աշխատել և նոր հաջողություններ գրանցել:
ԿԻՆ — Հետաքրքիր է: Իսկ ի՞նչ է հաջողությունը:
ԵՐԻՏԱՍԱՐԴ — Հաջողությո՞ւնը… Դա… (Փորձում է գաղտագողի նայել հեռախոսի մեջ, բայց ամաչում է:) Դա…
ԿԻՆ — Ավելի համարձակ…
ԵՐԻՏԱՍԱՐԴ — Ավելի համարձակ՝ դա… Դժվար է բառերով ասել…
ԿԻՆ — (ժպտալով): Իսկ այլ կերպ կարո՞ղ եք ասել, եթե ոչ բառերով:
ԵՐԻՏԱՍԱՐԴ — Չգիտեմ…
ԿԻՆ — Դե լավ, իսկ ձեզ համար ի՞նչ է երջանկությունը:
ԵՐԻՏԱՍԱՐԴ — Դե, օրինակ, Նիցշեն ասում էր, որ երջանկությունը հաղթանակի զգացողությունն է: Հերթական արգելքը հաղթահարելու ապրումը:
ԿԻՆ — Իսկ ի՞նչ է հաղթանակը:
ԵՐԻՏԱՍԱՐԴ — Հաղթանակը հաջողությունն է: Այո, հենց այդպես:
ԿԻՆ — (ծիծաղելով): Փակ օղակ ստացանք՝ երջանկություն-հաջողություն-հաղթանակ… Ասես գովազդային ցուցանակից լինի:
ԵՐԻՏԱՍԱՐԴ — Այո, գովազդը բիզնեսի շարժիչ ուժն է: Չեմ հիշում՝ ում բառերն են: Հիմա կնայեմ: (Նայում է հեռախոսի մեջ:)
ԿԻՆ — Պետք չէ: Մի՛ նայեք: Իսկ ի՞նչ եք սիրում ուտել… Ես շատ եմ սիրում ելակով պաղպաղակ:
ԵՐԻՏԱՍԱՐԴ — Այո, ուտելը շատ կարևոր ֆիզիոլոգիական երևույթ է: Պետք է հաշվի առնել վիտամինների, սպիտակուցի և ածխաջրերի ճիշտ հարաբերակցությունը…
ԿԻՆ — (հիասթափված դուրս է նայում պատուհանից): Այո, պետք է…
ԵՐԻՏԱՍԱՐԴ — Ես մի բան եմ ցանկանում հարցնել… Դրա մասին գրառում չգտա, բայց դա կարևոր է:
ԿԻՆ — (մի քիչ անտարբեր): Հարցրեք, իհարկե:
ԵՐԻՏԱՍԱՐԴ — Իսկ ճի՞շտ է, որ այս սրճարանում դուք հաճախ եք լինում:
ԿԻՆ — Ճիշտ է: Եղել եմ մի քանի անգամ: Ինչո՞ւ եք հարցնում:
ԵՐԻՏԱՍԱՐԴ — Տարբեր տղամարդկանց հետ…
ԿԻՆ — Անտո՜նիո… Ավելի լավ կլիներ, եթե հարցնեիք, թե ինչ էի անում կանանց սենյակում:
ԵՐԻՏԱՍԱՐԴ — Դե, հասկանում եք, տվյալները…
ԿԻՆ — Ի սեր աստծո, էլ ի՞նչ տվյալներ…
ԵՐԻՏԱՍԱՐԴ — Վիճակագրական: Կինը միջինում… Հասարակական մտածողության և հարաբերությունների կայացման արդյունքում…
ԿԻՆ — Բավակա՛ն է: Վերջացրե՛ք: Ես երևի արդեն գնամ: (Սկսում է հավաքվել): Իսկ դուք վայելեք վիտամիններն ու սուրճը:
ԵՐԻՏԱՍԱՐԴ — Ի՞նչ, գնո՞ւմ եք: Բայց մենք…
ԿԻՆ — Այո, գնում եմ… Բայց մի վերջին հարց եմ ցանկանում տալ: Սակայն խնդրում եմ՝ առանց հեռախոսի և առանց հարցաթերթիկների: Անտոնիոն ձեր իսկակա՞ն անունն է:
ԵՐԻՏԱՍԱՐԴ — (կարկամած): Ոչ… Իմ իսկական անունը… Այսինքն՝ ինչպես անձնագրում է…
ԿԻՆ — Մի՛ ասեք: Ինձ հետաքրքիր չէ:
ԵՐԻՏԱՍԱՐԴ — Իսկ ձե՞րը:
ԿԻՆ — Քրիստինա: Դա իմ միակ և իսկական անունն է: Եթե ցանկանում եք ստուգել՝ հարցրեք մատուցողին կամ բարմենին: Եվ այո՝ ես հաճախ եմ լինում այստեղ, քանի որ իմ ճանապարհին է:
ԵՐԻՏԱՍԱՐԴ — Ձեր ճանապարհին…
ԿԻՆ — Այո, երբ թափառում եմ քաղաքի փողոցներում:
ԵՐԻՏԱՍԱՐԴ — Թափառում եք…
ԿԻՆ — Ես պարզապես ապրում եմ: Մաղթում եմ ձեզ հրաշալի ժամանակ: Չմոռանաք փորձել չամիչով կեքսը: Դրա մեջ շա՜տ վիտամիններ կան: Հաջողություն:
ԵՐԻՏԱՍԱՐԴ — Հաջողություն… Բայց դուք ի՞նչ եք անելու հիմա, ո՞ւր եք գնալու:
ԿԻՆ — Գնալու եմ անձրևի տակ զբոսնելու:
Կինը կոճկում է վերարկուն ու գնում դեպի դուռը: Ամպրոպի և ուժգնացող անձրևի ձայնը:
ԵՐԻՏԱՍԱՐԴ — (կնոջ ետևից): Իսկ ես ի՞նչ անեմ հիմա:
ԿԻՆ — Պարզապես ապրեք… Պարզապես ապրեք, Անտոնիո…
Երիտասարդը նայում է նրա ետևից, ծոցագրպանից հանում է գրիչն ու սեղանին դրված թերթիկի վրա երկար, ջնջող գիծ է քաշում: Ապա հայացքն ուղղում է բարի սեղանի կողմը:
ԵՐԻՏԱՍԱՐԴ — Մատուցող, հաշիվը:
ՄԱՏՈՒՑՈՂ — Հիմա կբերեմ:
ԱՅՑԵԼՈՒ 1 — Փաստորեն համացանցը խաբում է: Այս անձրևը չի էլ ցանկանում կտրվել:
ԱՅՑԵԼՈՒ 2 — Այո… Բարմեն, մի բաժակ ջուր: Կարելի է ծորակից, եթե անվճար է:
ԲԱՐՄԵՆ — Ծորակից չի կարելի: Կարդացեք ցուցանակը:

Բարմենը մոտենում է ռադիոյին, բարձրացնում է ձայնը:
Տանգոյի հնչյունները խառնվում են անձրևի ու ամպրոպի ձայնին:

Կարդացեք նաև