ԼԻԱ ԿԱՐԱՎԻԱ / ԲԱՆՏ

Լիա ԿԱՐԱՎԻԱՅԻ (Հունաստան) «ԲԱՆՏ» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսում, թիվ 12-13, 2007 թ.

 

ԼԻԱ ԿԱՐԱՎԻԱ

ԲԱՆՏ

Պիես մեկ գործողությամբ և մեկ գործող անձով

 

Բանտախուց: Բեմի կենտրոնում՝ լուսավորված քառակուսի՝ վանդակապատ լուսամուտից թափանցող լույսից, ետնաբեմում դուռ՝ պատուհանիկով՝ զննումների կամ կալանավորին սնունդ տալու համար: Ձախ կողմում՝ նեղ նստարան՝ միջահասակ մարդուն հազիվ բավականացնող: Նինան նստած է քառակուսու մեջ, Բուդդայի դիրքով: Հագին հնամաշ կապույտ ջինս է, կեղտոտ, սպիտակ շապիկ:

ՆԻՆԱ — (նայում է լուսամուտին, ժպտում է): Ես գիտեմ՝ այսօր ինչ օր է: Սեպտեմբերի քսանն է: Լավ… Առաջին բանը, որ պետք է անեմ ամեն օր՝ լույսը բացվելուն պես, ամսաթիվը հիշելն է, օրը՝ նույնպես: Էսօր շաբաթ է: Շաբաթները կարևոր են, որովհետև ոչինչ չի պատահում: Ո՛չ հարցաքննություն, ո՛չ հայհոյանք, ո՛չ սպառնալիք կամ հույս: Ոչինչ, որ կխանգարի իմ ծրագրի իրականացմանը, Նինայի՛ ծրագրի իրականացմանը: Ես Նինան եմ: Առաջինը, ինչ պետք է հիշել բանտախցում, օրերից ու ամիսներից էլ առաջ, էն է, թե դու ով ես: Ուրեմն, էսպես՝ ես Նինան եմ:

Ես ծրագիր ունեմ, որից հրաժարվելը կարող է ծնել տխրահունչ ժխտածանցավոր չարիքներ, անհուսություն, անհանգստություն, անախորժություն, անկենդանություն, աններդաշնակություն, մի բառով՝ աղետ: Մենք դա չենք կարող թույլ տալ: Մեզ միայն կարգապահություն է պետք: (Վեր կենալով🙂 Էսպես: (Գալիս է բեմեզր🙂 Ես լվանում եմ երեսս: Ի՞նչ անենք, որ հոսող ջուր չկա: Ես ամեն առավոտ անպայման լվանում եմ երեսս: (Մնջախաղ🙂 Հիմա խոզանակում եմ ատամներս: Մենք բոլորս մանկուց երևակայելու մեծ փորձ ունենք: (Իբր ատամներն է մաքրում🙂 Ահա, ատամներս մաքուր են: Հետո սանրում եմ մազերս: (Մատներով սանրում է մազերը: Բավարարված է🙂 Հիմա պատշաճ տեսք ունեմ: Մաքրակենցաղության այս ռեժիմը խաղ չէ: Ի դեպ, խաղերը նույնպես անհրաժեշտ են: Դրանք իմ ծրագրի մասն են: Բայց էս առաջին մասը շատ կարևոր է: Ես ոչ օճառ ունեմ, ոչ սանր, ոչ ատամի խոզանակ, ոչ ՋՈԻՐ, ոչ էլ, նույնիսկ, արտաքնոցի ջուր: Մարդիկ կմտածեն, թե ինձ կեղտոտ, տգեղ ու նվաստացած պիտի զգամ: Բայց էդպես չէ: Առավոտյան հարդարանքը շատ իրական է թվում, էնքան իրական, որքան երևակայականը՝ երեխայի համար: Դա էնքան իրական է, որքան ամենօրյա մարմնամարզությունը, որը միշտ սկսում եմ մարմինս տաքացնելով: (Վազում է տեղում🙂 Սկզբում մեծ եռանդ պետք չէ: Թե չէ կարող ես որևէ մկան կամ ջիլ վնասել:

Դադարեցնում է մարզանքը, դառնում է Ուսուցիչ՝ հարցեր ուղղելով երևակայական Ուսանողին:

Որպես ՈՒՍՈՒՑԻՉ — Ո՞րն է մկանի և ջլի տարբերությունը:

Որպես ՈՒՍԱՆՈՂ — (ամաչկոտ): Դե, սը՛ր, ջիլը մկանը կապում է ոսկորին, մինչդեռ մկանը… ըը… մկան է:

Դառնում է Նինա:

ՆԻՆԱ — (բարձր ծիծաղում է): Հիանալի՜ սահմանում: Հիմա՛ր, դու բավարար ես ստանում: Նորից փորձիր: (Վազում է տեղում🙂

Որպես ՈՒՍԱՆՈՂ — Մկանն առաձգական է: Ի տարբերություն ջլի, որն առաձգական չէ:

Որպես ՈՒՍՈՒՑԻՉ – Կեցցե՛ս: Շարունակիր մարմնամարզությունը:

Նոր վարժություն է սկսում՝ ծանրության բարձրացում:

Որպես ՈՒՍԱՆՈՂ — Մկանը կարող է կծկվել և թուլանալ: Ճի՞շտ է: Ճի՛շտ է: (ժպտում է՝ հույսով լի🙂  Գերազանց եմ ստանում: (Կանգ է առնում, լսում ժխտական պատասխան, սմքում է🙂 Ո՞չ: Իսկ ինչո՞ւ՝ ոչ: (Լսում է ենթադրելի պատասխանը🙂 Պետք է թվարկեմ նաև մկանների տեսակները: Անարդարացի է: Ես բժշկականի ուսանող չեմ: Ես մարզանք եմ անում, էնպես որ դուք չեք կարող անընդհատ ինձ խանգարել:

Պառկում է հատակին, նոր վարժություն սկսում՝ հեծանիվ քշելու պես:

Որպես ՈՒՍԱՆՈՂ — Ես գիտեմ, որ կան սրտի մկաններ, հարթ և այլ կարևոր մկաններ: Զոլավոր: Ոչ, էդ բառը չէր: (Դադար🙂 Ինչևէ, գերազանց գնահատականի չեմ հավակնում: (Ոտքերը գլխի վրայով տանում, կպցնում է հատակին🙂 Մենք պետք է լավ մարզավիճակում լինենք: Առողջ հոգի՝ առողջ մարմնում: (Ոտքերը բերում է հորիզոնական դիրքի, մի քանի վայրկյան անց իջեցնում է հատակին: Մեջքի վրա պառկում է մի քանի վայրկյան, ապա՝ նստում🙂 Mens sana in corpore sano. (Հանդիսատեսին.) Լատիներեն է: Գերմարդկանց չի հաջողվի քեզ խեղճացնել, եթե ֆիզիկապես լավ վիճակում ես, ու քո միտքը մտավոր լավ վիճակում է: (Փռթկացնում է🙂 Շատ չեղա՞վ: Եթե ասում ես «միտք», միաժամանակ չես ասում «մտավոր» և հակառակը: (Խոժոռված🙂 Սպասի՛ր: Վաղը երկուշաբթի է՝ ամենածանր օրը: Գերմարդիկ շաբաթամուտին հանգստանում են, որ երկուշաբթի նոր եռանդով գործի լծվեն: (Լայն քայլերով ետուառաջ է անում սենյակում🙂

Որպես ԳԵՐՄԱՐԴ — (Նինային): Քա՛ծ: (Մոլեգին գոռում է🙂 Քա՛ծ: (Ձայնը մեղմացնելով🙂 Այնուամենայնիվ, դու կարող էիր առաջին կարգի քաղաքացի լինել: Ֆիզիկական թերություն չունես: Մաշկդ հաճելի գույն ունի, գլխիդ ձևն ընդունելի է, քիթդ համարյա կատարյալ է: Պատկերացրու, որ կարող էիր կճատ քիթ ունենալ, որոշ ցեղերի նման: Պատկերացրու քեզ լայն, տգեղ ռունգերով, ինչպես գորիլլան: Ոմանք այդպես են ծնվել, նրանք երկրորդ կարգի քաղաքացիներ են: Դու՝ չէ՜: Հապա քեզ նայիր: (Ձեռքը վավաշոտ տանում է դեպի աղջիկը🙂 Չքնա՜ղ աղջիկ:

Նինան հրում է երևակայական Գերմարդուն, ապա որպես մերժված Գերմարդ վերսկսում խոսքը Նինայի հետ:

Որպես ԳԵՐՄԱՐԴ – Քա՜ծ: Կարծում ես, հավանո՞ւմ եմ քեզ: Չերևակայես: Ավելի լավ է անկողնուս մեջ խափշիկ պոռնիկ լինի, քան դու: (Ծաղրալից🙂 Դու ամուսնացած ազգականների ծնունդ ես՝ խառնածին գաղափարներով:

Դառնում է Նինան, ժպտում հանդիսականին:

ՆԻՆԱ — Պարզվում է՝ Գերմարդը կարգին բան գիտե կենդանիների մասին: Անհրաժեշտ բաոապաշարն էլ ունի: Շուն էլ կունենա: Դա լավ թեմա կլինի, երբ հաջորդ անգամ ինձ կանչի զրույցի: «Ի՞նչ ցեղատեսակի է քո շունը, սը՛ր»: (Հեգնալից ժպտում է🙂 Ես գիտեմ պատասխանը. ԽՈԻԶԱՐԿՈՒ ՇՈՒՆ: (Ինքն իրեն՝ խստորեն🙂 Հա՛, լա՛վ, վե՛րջ տուր, ծիծաղելի է: Նորից անցիր քո մարմնամարզությանը, Նինա՛ աղջիկ, թե չէ կազմվածքդ կկորցնես: (Պառկում է որովայնի վրա՝ ձեռքերը տարածելով հատակի վրա🙂 Արի թռչենք: (Բարձրացնում է գլուխն ու իրանը՝ հավասարակշիռ պահելով ձեռքերն ու ոտքերը🙂 Մե՛կ, երկո՛ւ, երե՛ք, չո՛րս, հի՛նգ: (Մի քանի վայրկյան հանգստանում է🙂

Որպես ՄԱՐՄՆԱՄԱՐԶՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑԻՉ – Ավելի՛ բարձր:

ՆԻՆԱ — (կրկնում է վարժությունը): Մե՛կ, երկո՛ւ, երե՛ք, չո՛րս, հի՛նգ: (Նորից մի բանի վայրկյան հանգստանում է🙂

Որպես ՄԱՐՄՆԱՄԱՐԶՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑԻՉ — Դա լավագո՞ւյնն է, որ կարող ես անել: Ավելի՛ բարձր և մինչև տասը:

ՆԻՆԱ — (կրկնում է վարժությունը): Մեկ, երկու, երեք, չորս, հինգ, վեց, յոթ, ութ, ինը, տա՜սը: (Հանգստանամ է: Ենթադրաբար լսում է ուրիշ հրաման: Պաղատագին🙂 Էլ բա՛վ է, խնդրում եմ: Կարելի՞ է մի քիչ շունչ քաշել: (Լսում է մարմնամարզության ուսուցչի ժխտական պատասխանը🙂 Էդ դեպքում՝ լա՜վ: Ես հինգ ձգում կանեմ, ու հերիք է: (Լսում էվրդովված🙂 Ո՞չ: Էլ ի՞նչ պետք է անեմ, որ վեր կենամ հատակից: Լա՛վ: Արի նախ ձգումներ անեմ, հետո կտեսնենք: (Մեծ ճիգով հինգ ձգում է անում🙂 Մե՛կ, երկո՛ւ, երե՛ք, չո՛րս, հի՛նգ: (Երեսնիվայր փլվում է հատակին: Դադար: Բարձրացնում է գլուխը🙂 Համը մի հանի, Նինա՛ աղջիկ: Դու ոլորված դաստակ ու կապտուկներով ծածկված ուսեր ունես: (Լավատեսորեն🙂 Թեև դեռ կարողանում ես կռանալ ու ձգումներ անել: (Շրջվում է, ընդունում է սաղմի ձև, ձեռքերը տանում է գլխից վեր ու դեպի ոտքերը, նաև՝ դեպի մեջքը, որքան ձեռքերը հասնում են🙂 Կռացիր… և ձգվիր: Կռացիր… և ձգվիր: Մեկ, երկու: Մեկ… երկու: Մե՛կ… երկո՛ւ: Հիմա մի վերջին անգամ էլ: Մե՛կ… երկո՛ւ: Այժմ բարձրացե՛ք թաթերի վրա, աղջիկնե՛ր: (Հատուկ ընդգծում է հոգնակին: Վեր է կենում, մաքրում ջինսի փոշին, մռայլադեմ🙂 Բայց էս անգամ աղջիկներ չկան, միայն ես եմ: (Դադար🙂 Նախորդ անգամ, երբ բանտում էի, ուրիշ էր: Էդ ժամանակ էսքան էի: (Ափով ցույց է տալիս գոտկատեղը🙂 Մայրս էլ էր էնտեղ, ու մեզ պես՝ մի դյուժին մարդ: (Ցույց է տալիս աջ կողմը🙂 Էնտեղ Աստվածաշունչ կարդացող Եհովայի վկաներն էին: Նրանք մեզ հետ մարզանք չէին անում: Նրանք հոգ չէին տանում իրենց առողջության, անգամ կյանքի մասին, պարզապես նախապատրաստվում էին մյուս կյանքին: Ամբողջ օրը կարդում էին: Նրանցից մեկը դպրոցականի համազգեստով էր՝ քսան տարեկան չկար: Իրար հետ համարյա չէինք շփվում, մենք ապրում էինք մեր խմբերի կանոններով: Տարիքը դեր չուներ: Բայց խուցը մաքրելու ժամանակ բոլորը գործ էին անում, իսկ երկուսս ստիպված էինք հեռու մնալ… Շատ ջահել էինք ախտի դեմ պայքարելու համար: Նկատի չունեմ կեղտը, այլ ախտը՝ գարշելի անուններով՝ հոնորեա, սիֆիլիս և էդպիսիք: Ամեն գիշեր պոռնիկներ էին բերում: (Ցույց է տալիս ձախ կողմը🙂 Նրանք էնտեղ էին նստում: Էն ժամանակ նստարան չկար, խսիրի վրա էինք պառկում: (Ձախ կողմից հեռանում է, որքան հնարավոր է🙂 Պոռնիկները հայհոյում էին, երգում, վիճում ու մեկ էլ տեսնում էիր՝ նրանցից մեկի նոպան սկսվեց: Բռնում էին, փորձում դադարեցնել ցնցումները: Էդ ժամանակ չգիտեի՝ դա ինչ է: Գաղափար չունեի թմրանյութերի մասին: Չէի մտածում՝ ինչու էին տառապում, կամ ինչո՞ւ գոյություն ունեին: Պարզապես ատում էի: Նրանց շարժուձևը կոպիտ էր, խոսքը՝ անտաշ ու խառնիմաստ: Ավելին, ես գիտեի, որ դա լկտի լեզու է: Իմ մայրն էլ էր էնտեղ, ուստի ձևացնում էի, թե քնած եմ, որովհետև զգում էի, որ նա էնքա՜ն շվարած էր. իր մանկիկին ցույց էր տրվում կյանքի էդ կողմը: (Նայում է ձախ՝ կարծես տեսնում է նրանց🙂

Մի գիշեր նրանցից մեկը գովաբանական ճառ ասաց. «Նրանք էստեղ են իրենց իդեալների համար: Նրանք կարող էին հրաժարվել դրանցից և տուն գնալ, բայց մի բան էլ ավելի մնացին՝ հանուն տղամարդկանց արժանապատվության»: Ես կարծում էի՝ դա ամենավատ բանն էր՝ էդ ախտավոր արարածներից մեկը գովեց մեզ: (Դադար🙂 ժամանակ առ ժամանակ էն աղջիկը նրանց մեջ էր լինում, իսկ նա ընդամենը երեխա էր, ոտքին՝ սիֆիլիսի վերք: Քսանամյակը դեռ չբոլորած՝ արդեն թորշոմել էր: Նկատի չունեմ մաշկը, այլ մաշվածությունը: (Կարեկցանքով🙂 Բայցևայնպես, ես ատում էի նրան: Դա տհասություն էր իմ կողմից, չէ՞: (Գնում է ձախ, նստում է նստարանին🙂 Երեխան չի կարող հասկանալ սոցիալական որոշ հանգամանքներ: “Հայրս սովորեցրել էր, որ բոլոր արարածները հավասար են՝ բոլոր ազգերը, կանայք ու տղամարդիկ, նույնիսկ մնացած արարածները: Բայց նա չէր խոսել ծախու կանանց մասին: Գուցե հետո բացատրեր… Դե… դե, ավելի ուշ նա բանտում էր, աքսորի մեջ, էնտեղից ո՞նց բացատրեր: (Դադար🙂 Էսպես փակում էի աչքերս ու երազում, որ էդ կանայք անհետանային, դեռ ավելին՝ մեռնեին ու… ու նույնիսկ ավելի սոսկալին: (Դադար🙂 Ի՞նչն է ավելի վատ, քան նրանց մեռած տեսնելը: (Թաքցնում է դեմքը ձեռքերի մեջ, ծանր հառաչում է🙂 Սպանե՜լ նրանց:

Որպես փոքրիկ ՆԻՆԱ — (վեր է կենում, ափերը՝ ոտքերի միջև): Ուզում եմ լոգասենյակ գնալ, խնդրո՜ւմ եմ: Ես գիտեմ, որ ինձ թույլ չեն տա մինչև առավոտ… մինչև էդ կանանց տանեն բժիշկների մոտ, մինչև մենք սպիրտ լցնենք սենյակով մեկ և վառենք մանրէները: Բայց ես բնական կարիք ունեմ, ԽՆԴՐՈ՜ՒՄ ԵՄ: (Դադար: Լսում է արգելք-խորհուրդ: Բարկացած🙂 Չէ՛: Էստեղ չեմ անի: Ես ծծկեր չեմ, որ տակս անեմ: Կգերադասեի մեռնել:

Գալիս է նախաբեմ, խոսում հանդիսականի հետ:

ՆԻՆԱ – Մեր խմբի էդ կինն անարդար էր բոլորիս հանդեպ, թեև… կարծում եմ, որ նա ճիշտ էր… Մայրս կյանքում մարզանք չէր արել, էստեղ ստիպված էր պարապել: (Դադար🙂 Ես… կարոտո՜ւմ եմ բոլորին: Երանի՜, նրանք էստեղ լինեին: Երանի՜, միայնակ չլինեի: (Այն է՝ լաց կլինի, բայց կտրուկ տոնը փոխում է🙂 Մտքներովս չէր անցնի, որ դա կպատահեր: Դա ծրագրի մեջ չէր: Դեպքերն անսպասելի շրջադարձ կարող են ունենալ, բարեբախտաբար, հազվադեպ: Վտանգավոր է էդպես թողնելը: Եվ էնքա՜ն շատ էներգիա է պահանջվում՝ ինքնատիրապետումդ նորից վերագտնելու համար: (Դադար:) Մեր գործը կվերսկսեինք, երբ բոլորն էստեղ լինեին՝ քաղաքական բանտարկյալները, Եհովայի վկաներն ու գիշերային թռչնակները: Մի գիշեր տղամարդ բերեցին մեզ մոտ՝ կանանց խուցը: Մենք բողոքեցինք, բայց ոստիկան ասաց. «Ձեզ չի վնասի, գառան պես խելոք է: Ու ձեզնից լավ է օգտագործում շպարը: Ճիշտ չե՞մ, կյա՛նք: Նա չի կարող տղամարդկանց խուց գնալ: Պատկերացրեք՝ ինչ կպատահեր էդ ժամանակ…»: Նա հռհռաց ու գնաց: Իսկ տղամարդը մնաց ու սև արցունքներ թափեց, քանի որ ներկել էր աչքերը: Մի քանի պոռնիկ քաղցր-մեղցր զրուցում էին հետն ու մխիթարում: Ես չհամարձակվեցի մորս հարցեր տալ: Նա իրեն էնքա՜ն վատ էր զգում… Բայց երբ տարան Գերմարդու մոտ, մայրս հանգիստ էր ու վստահ: Մեր խմբի մյուս կանանց տանում էին մեկ-մեկ, մինչդեռ ես միշտ գնում էի մորս հետ: Էդ մարդը հսկա էր: Նրա աչքերը, բերանը, ձեռքերը, ձայնը, ամեն ինչը չափազանց մեծ էր: Մի խոսքով, նրան շատ լավ եմ հիշում, դա տարիներ առաջ էր:

Որպես ԳԵՐՄԱՐԴ — (խռպոտ դիմում է Մորը): Դու մայր կոչվելու արժանի չե՛ս: Երեխային քարշ ես տվել բանտ ու գրողի տարած հպարտությունիցդ փոքր-ինչ չես զոհում, որ ձեռքից բռնես ու տուն գնաս: Պոռնիկներն ավելի լավ մայրեր են: Երեխա ունեցողը շտապում է վայրկյան առաջ վերադառնալ նրա մոտ, իսկ դու գնալու ես խուցդ ու փտելու ես էնտեղ աղջկանդ հետ: Նկատե՞լ ես՝ ինչ գունատ է: Նա ավելի է գունատվել: (Լայն քայլերով ետ ու առաջ է անում🙂 Իսկ ինչո՞ւ: (Բարձրագոչ🙂 Ինչո՞ւ: (Կանգ է առնում🙂 Որովհետև դու սխալ ես գործել՝ ամուսնանալով գժի հետ: (Մեղմ🙂 Ցանկացած կնոջ հետ կարող է պատահել՝ սխալ ընտրություն է անում, հետո գիտակցում ու լքում է ամուսնուն: (Կատաղի🙂 Իր հետ տանելով մեկ կամ նույնիսկ մի քանի երեխաներին: Բայց ո՛չ դու: Ո՞ւմ հետ ես ամուսնացել, ո՞վ է, ի՞նչ է անում: Իր սեփական կռի՞վն է տափս: Ո՛չ, սը՛ր: Նեգրը, որ մարտնչում է մեր ազգի դեմ, իր սեփական կռիվն է անում: Եվ էդպես՝ հնդկացին, զուլուսը կամ թե աբորիգենը: Նրանք թշնամիներ են, և մենք ստիպված ենք կոտորել նրանց, բայց չանտեսելով սեփական կյանքի համար մարտնչելու նրանց իրավունքը: Ո՞ւմ համար է պայքարում ամուսինդ: Սևամորթների, ետին ցեղերի համար: Նրանք կպայքարեի՞ն նրա համար: Նա խենթի մեկն է: Ավելին՝ իր ազգի դավաճանն է: Բայց դու չե՛ս հրաժարվի նրանից:

Որպես ՄԱՅՐ — (հեզ): Ես հարգում եմ ամուսնական սրբազան կապը, ոչինչ ավելի, սը՛ր:

ՆԻՆԱ — (քթի տակ ծիծաղում է): Մայրս կարող էր ամենահամեստ տեսքով վճռական լինել:

Որպես ԳԵՐՄԱՐԴ — (գրեթե քնքշորեն): Մենք չենք խնդրում, որ ամուսնալուծվես: Ընդամենը համաձայնագիր ստորագրիր, որով կհրաժարվես նրա համոզմունքներից: Խնդրիր աղջկադ՝ ստորագրի, որ ինքն էլ է մերժում հոր համոզմունքները: Նա գրել ու կարդալ գիտե, չէ՞:

Որպես փոքրիկ ՆԻՆԱ – Կարելի՞ է մի բան ասել, սը՛ր: (Դադար🙂 Հա՛, ես գիտեմ կարդալ ու գրել: Տանը Աստվածաշունչ էինք կարդում: Դուք նույնպե՞ս… Էդ դեպքում հաստատ կիմանաք, թե ինչ է պատվիրում Աստվածաշունչը. «Հարգիր քո հորն ու մորը»: Դուք չէիք ցանկանա, չէ՞, որ ես անհնազանդ լինեի Տիրոջ խոսքերին, սը՛ր: (Կտրուկ շրջում է գլուխը, ասես ուժեղ հարվածից, ափը դնում է այտին🙂

ՆԻՆԱ — Կյանքիս ամենաշառաչուն ապտակն էր, թեև հաճույք զգացի: Նա էնքա՜ն մարմնեղ էր, իսկ ես՝ էնքա՜ն պստլիկ: Հասկացա, որ մեկ միավոր շահեցի. նա շուտ չէր մոռանա դա: (Մտածկոտ🙂 Հետաքրքիր է՝ դեռ հիշո՞ւմ է: (Ծիծաղում է🙂 Իհարկե, չէ՛: Նրա համար ես մի լակոտ էի: (Դադար🙂 Կուզենայի իմանալ՝դեռ ո՞ղջ է: Էնքան մարդ է անցել-գնացել՝ բոլոր գույների, հասակների, դավանանքների: Մահվան անխուսափ փորձությունն է: (Դադար: Ժպտալով🙂 Լավ, եկ անենք էն, ինչ ստիպված ենք անելու, քանի դեռ ողջ ենք: Վերադառնանք ծրագրին: Վերհիշենք, թե ինչ սովորեցինք ուսումնական ծրագրով: Սկսենք աշխարհագրությունից: (Ետ ու առաջ քայլելով🙂 Հարավային Աֆրիկա: Հյուսիսն ի վեր: Կոլումբիա: Մայրաքաղա՞քը՝ Բոգոտա: Էկվադոր: Մայրաքաղա՞քը՝ Քիտո: Պերու: Մայրաքաղա՞քը՝ Լիմա: Բոլիվիա: Մայրաքաղա՞քը՝ Լա Պաս: Ինձ դուր է գալիս էդ անունը՝ Լա Պա՜ս: Խաղաղությո՜ւն: Երանի՜ դա ճիշտ լիներ: Բայց երկրորդ մայրաքաղաքն էլ կա: Սաքըր. շաքար: Գեղեցիկ է, չէ՞: Շատ լավ, շարունակենք: Պարագվայ: Մայրաքաղա՞քը՝ Ասունսիոն: Սա էլ է դուր գալիս՝ երկու կողմ ունի՝ կրոնական ու փիլիսոփայական: Դու նախընտրում ես բարձրանալ Կույս Մարիամի մոտ, կամ… կամ ընդունել ինչ-որ բան որպես ճշմարտություն՝ առանց ապացույցի: Գնանք հարավ: Չիլի: Մայրաքաղա՞քը՝ Սանտյագո: Նախընտրում եմ մյուս քաղաքը, Վալպարաիսո՝ Դրախտի հովիտ: Այն կարող է աղքատ ու թշվառ լինել, բայց էնքա՜ն ռոմանտիկ է հնչում: Վալպարաիսո՜: Հետո՞: Արգենտինա: Մայրաքաղա՞քը՝ Բուենոս Այրես, իհարկե: Ուրուգվայ: Մարաքաղա՞քը՝ Մոնտեվիդեո: Եվ լավագույնը՝ Բրազիլիան: Մի ժամանակ մայրաքաղաքը՝ Ռիո դե Ժանեյրո, հիմա՝ Բրազիլիա: Մի օր կգնամ՝ պարելու կառնավալում: (Պարում է՝ երգելով ռումբա: Դադար🙂 Նինա՜, դու փորձում ես ժամանակ շահել, հա՞… Ճանաչո՜ւմ եմ քեզ: Էնտեղ որոշ երկրներ կան, որոնցից գլուխ չես հանում: (Ետ ու առաջ է քայլում🙂 Երեք Գայանաները՝ բրիտանական, դանիական և ֆրանսիական: Արյունարբու գաղութաբնակներ: Մեկը դարձավ Սուրինամ: Իսկ ի՞նչ կասես մյուսների մասին: Պարզապես Գայանաներ: Կարո՞ղ եմ հիշել մայրաքաղաքները: Պարամարիբո: Սուրինամի մայրաքաղաքը, չէ՞: Էդպես եմ կարծում: Մնացածները՝ չգիտեմ: Լավ, հերիք է: Մարդ չի կարող ամեն ինչ իմանալ: Վաղը կկրկնեմ Հյուսիսային Ամերիկայի նահանգների մասին դասը: Դժվար է, ուստի իդեալականը իմ մտքի ճանապարհը փակելն է, մինչե կանցնեմ Երկուշաբթվա Սուրբ Ինկվիզիցիայի միջով: Ինձ հազվադեպ է հաջողվում քառասուն նահանգներից ավելի թվարկել: Ես պետք է ապրեի երկու հարյուր տարի առաջ: Էն ժամանակ հեշտ կլիներ. մի դյուժին նահանգ պիտի հիշեի: (Դադար🙂 Հաջորդը ո՞րն է… Գրականությունը: Ամեն օր անցյալ կամ ժամանակակից վարպետից մեջբերում եմ անում: (Մտորում է🙂 Շեքսպիր: (Մնջախաղով🙂 Շարժի՛ր քո նիզակը: (Խաղում է🙂 «Լինե՞լ, թե՞ չլինել, այս է խնդիրը, ո՞րն է հոգեպես ավելի ազնիվ, տանե՞լ գոռ բախտի պարսաքարերը և սլաքները, թե՞ զենք վերցնել ցավ ու վշտերի մի ծովի ընդդեմ, և դիմադրելով՝ վերջ տալ բոլորին. Մեռնել…»: (Երկար դադար🙂 Ինչո՞ւ պետք է շարունակեմ էնպես, ինչպես Շեքսպիրն է ցանկանում: Ինչո՞ւ պետք է «ցավ ու վշտերի մի ծովի ընդդեմ զենք վերցնելը» նշանակի մահանալ… Ինչո՞ւ չպայքարել: Ցավ ու վշտերի ծովը ես չեմ. նկատի չունեմ հենց իրեն՝ Համլետին: Դա Դանիայի փտած թագավորությունն է: Բանաստեղծությունները կարող էին հեղափոխիչ լինել: Էս մեկնաբանությունն ավելի տեղին է, երբ մարդը բանտում է: Ես ուրիշի պոեզիան յուրացնելու իրավունք ունե՞մ: Հա՞, թե՞ չէ:

Որպես ՀԱՄԼԵՏ – Սա՛ է խնդիրը: (Շրջվում է դեպի լուսամուտը:) Պա՞… հա՞յր… Իրավունք ունե՞մ: (Շրջվում է դեպի հանդիսականը: Կարող է մեջբերում անել հոր խոսքերից կամ տալ իր իսկ պատասխանը🙂 Ահա թե ինչի՛ մասին է ամբողջ գրականությունը: Բանաստեղծը նետ է արձակում օդի մեջ, որն ընկնում է երկրի վրա. նա չգիտե՝ որտեղ: Դու վերցնում ես այդ նետն ու օգտագործում ուզածիդ պես: Նա քեզ առաջարկում է նետը, դու առաջարկում ես օգտագործման նոր ձև: (Դադար🙂 Հիմա հին վարպետներից գանք մեր ժամանակների պոետներին: Էսօր ո՞ւմ ընտրեմ… Աթահուալպա Յուպանքուին՝ բազմախառն ծագումով՝ արգենտինական, հնդկական և բասկյան: Ես միայն մեկ տուն եմ հիշում նրա միակ բանաստեղծությունից: Դա բավ է: «Preguntas sobre dios». «Հարցեր Աստծո մասին».

Երկրի վրա մի ավելի կարևոր էություն կա,

քան Աստված:

Ոչ ոք չպետք է արյուն շաղի, որպեսզի

մյուսները կարողանան ավելի լավ ապրել:

(Բռունցքները բարձրացնում է վեր): Այո՜: (Փոքրինչ հիասթափված🙂 Այո՛, բայց իմ թարգմանության մեջ դա էնպես լավ չի հնչում, ինչպես իսպաներենում: Անիծյա՛լ լեզվական խոչընդոտներ:

“Hay սո asunto en la tierra mas importante que Dios.

Y es que nadie escupa sangre pa que otro viva mejor “.

Որպես ԳԵՐՄԱՐԴ — Ես լսեցի, քա՛ծ: Լավ է, որ քեզ առանձին ենք պահում, թե չէ մարդկանց կապականեիր քո քարոզներով: Էստե՛ղ արի: (Դադար🙂 Արի էստե՛ղ, ասում եմ: (Մեղմ🙂 Մենք անվիճելի փաստարկներ ունենք: Հետախուզական թեստեր կան, որոնք ապացուցում են, որ մյուս ռասաները ստորադաս են: Քրեագիտական վիճակագրության տվյալները կան: Պատկերագրությո՜ւն կա: Դու տեսե՞լ ես սրբապատկեր, որի վրա Ամենակարողը պատկերված լինի որպես աբորիգեն կամ աֆրիկյան գաճաճ: Աստված կարո՞ղ էր աբորիգեններին կամ գաճաճներին ստեղծել իր պատկերով: Դու այլադավա՛ն ես: Դա քո մեղքը չէ: Երեխան ենթարկվում է հոր գաղափարներին: Թեև դու արդեն երեխա չես: Դու պետք է վստահես առողջ դատողությանդ: (Ձեռքը պարզելով🙂 Զգա՛ քո մազերը: (Որպես Նինա նահանջում է: Որպես Գերմարդ ետ է քաշում ձեռքը🙂 Ես ձեռք չեմ տա: Ինքդ զգա: Գռո՞ւզ է, ինչպես նեգրինը: Յուղո՞տ է, ինչպես ճապոնացունը: Չէ՜: Ճիշտ նույն գույնն ու կառուցվածքն ունի, ինչ իմը: Դու մեզնից մեկն ես: Զարթնի՛ր: (Որպես Գերմարդ՝ կատաղի ցնցում է Նինային🙂 Զարթնի՛ր, քա՛ծ:

ՆԻՆԱ — (գալիս է նախաբեմ, խոսում է հանդիսականի հետ): Ահա թե ինչպես է դաստակս ոլորվել, իսկ ուսերս՝ կապտուկներով ծածկվել: (Դադար🙂 Պատկերագրությո՜ւն,- ասում է նա: Դա, անշուշտ, լուրջ փաստարկ է: Տիեզերքի Արարիչը ինչպե՞ս կարող է կապուտաչյա և շիկահեր չլինել: (Շրջվում է դեպի Գերմարդը🙂 Լավ, սը՛ր, բյուգանդական սրբապատկերագության մեջ Տերը թխահեր է, սևաչյա, հաճախ՝ կճատ քթով: Եթե դիտարկենք գեղանկարչությունը, կտեսնենք, որ կա սև Կույս ու Երեխա: Եվ՝ դեղին Քրիստոս: Գոգենի «Թաիթիացի Մարիամր» երեխային կրում է իր մեջքին: «La Orana, Maria»: Էնպես որ, վերջ տուր գեղանկարչական փաստերիդ: Հաստագլո՛ւխ: (Գերմարդուց հեռանում է, խոսում է ինքն իր հետ🙂 Ամո՛թ քեզ, Նինա: Եթե գռեհկանում ես, կորցնում ես գռեհկության դեմ ընդվզելու իրավունքդ: Հաճելի բառեր օգտագործիր, ասենք՝ բթամիտ, ախմախ կամ ապուշ: Ինչևէ, չապացուցեցիր, որ շա՜տ խելացի ես: Չկարողացար թվարկել մկանների մի շատ կարևոր տեսակ: Ասում է՝ «զոլավո՜ր»: Հիմարի՛կ: Նաև չհիշեցիր երկու Գայանաների մայրաքաղաքները:

Որպես փոքրիկ ՆԻՆԱ — (ցասկոտ ու կամակոր🙂 Ես գիտեմ մեկը, բայց չեմ ասի: (Նստում է՝ ոտքերը կախ գցելով🙂

Որպես ՈՒՍՈՒՑԻՉ — (դիմում է փոքրիկ Նինային): Նինա, չգիտեմ՝ ինչպես վարվեմ քեզ հետ: Դու լավ աշակերտուհի ես, բայց շատ համառն ես: Արի մի խաղ խաղանք: Քեզ գաղտնիքդ բացելու բանալի կտամ: Ջո՞րջ…

Որպես փոքրիկ ՆԻՆԱ — Ինձ դուր չի գալիս խաղը: Ու դուր չի գալիս, որ Հարավային Ամերիկայի մայրաքաղաքի անունը Ջորջթաուն է: (Ապտակում է ինքն իրեն🙂 Տխմա՛ր ղազ: Ասացիր՝ չես ասի, իսկ ուսուցիչն առիթից օգտվեց: (Երեսնիվայր պառկում է նստարանին, ձեռքերը ծալում է դեմքի տակ🙂 Մրափելու ժամանակն է: (Մի քանի վայրկյան անշարժ է մնում: Հետո նստում է🙂 Ներքնակ չեն տվել: Ենթադրում եմ, որ սա իմ մահճակալն է: Չափազանց կարճ ու նեղ է, բայց ոչինչ… Խնդիրը փայտոջիլներն են: Փայտոջիլ կա յուրաքանչյուր ճեղքի մեջ: Ամեն անգամ, երբ պառկում եմ, թևերս կծոտում են, իսկ կարմիր բծերը դառնում են թարախապալարներ: Ես գերադասում եմ քնել հատակին: Էս պահին ես…

Դռան պատուհանիկը աղմուկով բացվում է:

(Հուզված շրջվում է): Ողջո՜ւյն:

Փոքրիկ սկուտեղ է հայտնվում, վրան՝ պլաստիկե ափսե ու գավաթ:

(Մոտենում, ձեռքով է անում): Ողջո՜ւյն: Խնդրում եմ, խոսե՛ք ինձ հետ: Կիրակի է, դուք հերթապահության մեջ եք, բայց որտե՞ղ կուզենայիք լինել, եթե հերթապահ չլինեիք: (Վերցնում է սկուտեղը🙂 Քեզ թույլ չե՜ն տալիս խոսել ինձ հետ: (Պատուհանիկը աղմուկով փակվում է🙂 Հուսով եմ՝ ինձ հետ չխոսելու պատճառն էն է, որ չի թույլատրվում: Ավելի հրեշավոր ենթադրություն էլ կա: Դուք վախենում եք ինձնից, վախենում, որ կարող եք վարակվել: Իրավացի եք: Հավանաբար, շատ երիտասարդ եք ու շատ բան չգիտեք: Երևի քառասուն տարեկան եք, կամ կդառնաք քառասուն, ու դեռ չգիտեք: Երևի ձեր երեխաներին էլ եք էդպես դաստիարակել: (Նստում է, սկուտեղը դնում աջ կողմը🙂 Երկու ոտքը վատ է, չորսը՝ լավ: Օրուելլ՝ «Անասնագոմը»: (Նայում է սկուտեղին🙂 Ո՛չ դանակ, ո՛չ պատառաքաղ, որ ինքնասպան չլինեմ: (Գոռում է🙂 Ես ինքնասպան չե՛մ լինի: (Զգուշորեն կարտոֆիլ է վերցնում ցուցամատով ու բթամատով, ուտում է🙂 Թեև, կարծում եմ, դա միակ արդարացումն է: Գաղափարը գուցե նվաստացուցիչ է: Մարդն ստիպված է խոզի պես ուտել, դրա համար էլ իրեն կեղտոտ, տգեղ ու նվաստ է զգում: Դե, ես էդպես չեմ զգում: (Շատ զուսպ է ուտում ու խմում🙂 Ճաշից հետո խաղ եմ խաղում: Օրական մեկը հնարում եմ: Իմ ետճաշյա հանգիստը դրան եմ նվիրում: (Ավարտում է ճաշը, լիզումմաքրում է ցուցամատն ու բթամատը, քսում նստարանին🙂 Բայց կիրակի օրվա խաղը պետք է արտառոց լինի, ու ես ջանք չեմ խնայում: Անցյած շաբաթ փորձեցի ինձ բույսի պես զգալ: Բույսերի ու մարդկանց միջև ահագին տարբերություն կա, բայց նմանություններն էլ քիչ չեն: Մենք ծնվում ենք, շնչում, աճում, բազմանում ու մահանում: Հենց հիմա ես արմատ եմ գցել էստեղ ու չեմ կարող տեղիցս շարժվել: Արդյոք բույսը երազո՞ւմ է շրջագայել և աշխարհը տեսնել: Իհարկե, ո՛չ: Ի սկզբանե ոչինչ չի արարվել թշվառ լինելու համար: Բույսը կարծում է, որ աշխարհը տվել են իրեն: Արևաշող, լույսնալույս, քամի ու անձրև, միջատներ ու թռչուններ, փոքրիկ կենդանիներ, երեխաներ… Անցած կիրակի շատ էի խեղճացել, քանի որ դրանցից ոչ մեկը չունեի էստեղ: Միայն անշարժություն: Կարծում եք, սխա՞լ խաղ էր… (Ժպտում է:) Չէ՛, գերազանց էր: Երկուշաբթի Սուրբ Ինկվիզիցիայի գնացի հեզ ու խոնարհ բույսի պես:

Որպես ԳԵՐՄԱՐԴ (խոսքն ու կեցվածքը պետք է հիշեցնեն նացիստներին): Դու կարող ես ուզածդ կարծիքն ունենալ: “Die Gedanken sind frei”. Մենք չե՛նք արգելում ազատ մտածել: Դեմոկրատիա է: “Doch alles in der Still, und wie es sich schicket”. (Աջ ձեռքը վեր պահած՝ նացիստական ողջույն:) Մենք արգելո՛ւմ ենք խոսելը: Եթե երաժիշտ, գործարար կին կամ բժիշկ լինեիր, գուցե թույլ տայինք: Բայց դու գործ ունես ջահելների հետ: Մենք՝ Պետությունը, քեզ ամբիոն ենք տալիս, որտեղից սովորեցնելու և մոլորեցնելու ես վաղվա քաղաքացիներին՝ դասախոսություն ես կարդալու և խեղաթյուրելու ես ճշմարտությունը, ձևախեղելու ես երիտասարդ ուղեղներն ու հոգիները քո արտառոց տեսություններով: Դե՞, պաշտպանի՛ր ինքդ քեզ: Սովորաբար պաշտպանում ես, էն էլ պերճախոս ձևով: (Դադար:) Կարծում եմ՝ քո փաստարկներն սպառվել են: Ի՞նչ կլինի հետո: Կստորագրե՞ս պարտավորագիր, որ երբեք չես ճառի ու քարոզի հակառասսայական խտրականություն, երբ քեզ ազատ արձակենք: Թե՞ կվերադառնաս քո խուցը փտելու և սպասելու Պարոն Մահին:

Որպես ՆԻՆԱ — Ես չէի ասել նրան, որ Մահը իգական սեռի է շատ լեզուներում և, հետևապես, բազում երկրների արվեստում: La morte. La muerte. La mort. A morte. Adna smert…. Նա կմտածեր, որ դա իմ արտառոց տեսություններից մեկն է: Ես ուղղակի բույսի պես սուս մնացի: (Նրա «ս»-երը օձի ֆշշոց են հիշեցնում:) Դա վերջին երկուշաբթին էր: Արի տեսնենք՝ ինչպիսին է լինելու վաղը: (Սկուտեղը դնում է դռնակի մոտ և թակում: Բացվում է դռնակը, սկուտեղը վերցնում են:) Շնորհակալ եմ: Եթե քաղցրավենիք ունենայի, կհյուրասիրեի քեզ: (Դռնակը աղմուկով փակվում է:) Թեև ամենաքիչը քաղցրավենիքի կարիք ունես: Իսկ ի՞նչ կասես Էրիխ Ֆրոմմի մասին: «Իշխելու բարոյագիտության մեջ թելադրողն այն է, թե ինչն է լավ տղամարդու համար»: (Բղավում է:) Է՜յ, զինվոր ես, բանտապետ կամ պահակ, ինչ որ ես… թույլ չտա՛ս, որ նրանք քեզ ասեն՝ ինչն է լավ քեզ համար: Ի՛նքդ մտածիր: (Հանդիսականին.) Ինչո՞ւ Աստված, ցանկացած մարդու Աստված, պիտի լինի մեր կողմը, մեր ազգի կողմը ու դեմ լինի մի ուրիշ ազգի, մինչդեռ Ի՛նքն է արարել բոլորիս: Ինչո՞ւ Նա պետք է մի ազգը գերադասի մյուսներից: Ինչո՞ւ են Բարձրյալին այր պատկերացնում և ոչ՝ կին: (Շրջվում, հայացք է նետում դեպի դռնակը, դիմում հանդիսատեսին:) Շատ բարի, ձեզ չեմ բռնանա: Մենք ցանկանում ենք ընդհանուր եզր գտնել: Մեզ բաժանող հազարավոր բաներ կան, բայց ընդհանուր եզրեր կարող ենք գտնել: Կան մեր մայրերը, մեր ծերացող տատերն ու պապերը, ընտանի կենդանիները կամ պատուհանագոգի կճուճները: (Դադար:) Ոչինչ… հիմա ետճաշյա հանգստի ժամն է: (Բղավում է դռնակի կողմը:) Մի քիչ հանգստացի՜ր: Կարո՞ղ ես ինձ լսել: Մի ժամուկես դու բանտապետ չես, իսկ ես՝ բանտարկյալ: Ընդմիջում ենք անո՜ւմ… (Նստում է՝ ուսերը կախ:) Ատո՛ւմ եմ մենակությունը: Ուրիշ մեկը կարող է հաճույք զգալ, ինձ համար դա կտտանք է: (Ուղղում է ուսերը, ժպտում է:) Բայց իրականում միայնակ չեմ, էնպես չէ՞: Աննան ու Ջորջը կան, Սոֆին ու պատանի Սթիվենը: (Ափերով փակում է աչքերը, իբր՝ դա մեկ ուրիշն է անում:) Կռահիր՝ ով է: Թող մտածեմ… Սիրելի Աննա՞ն է: (Ափերը հեռացնում է աչքերից:) Հա՛, գլխի ընկա ձեռքերիդ նրբությունից և նարդոսաբույր օճառից, որ օգտագործում ես: Համոզված եմ՝ դու նույնպես կճանաչեիր ինձ: Մենք մանկատնից միասին ենք եղել, ընկերություն էինք անում, թեև էնքա՜ն տարբեր էինք: Մեծ հաջողություն է տարբեր լինելով՝ գնահատել ու սիրել իրար: Հիշե՞նք մանկատան ոտանավորը. «Մարդուկ Ջեքն անկարող էր ուտել պատառը յուղալի, նրա կինն անկարող էր ուտել պատառն անճարպ, բայց և այնպես նրանց միջև կաթսան մնաց մաքուր-դատարկ»: Քեզ հետաքրքրում էին տիկնիկները, ինձ՝ գլուխկոտրուկները: Դու քաղցրեղեն էիր ուտում, ես՝ կարտոֆիլի չիփս: Հետո ես գանձի նման պահում էի խեցիներ ու հղկված գետաքարեր, դու՝ ապարանջաններ ու մատանիներ: Դրանից ավելի տարբեր լինել չէինք կարող: Թանկագի՜ն Աննա… Քանի դեռ մտքերիս ու հիշողությանս մեջ ես, ես մենակ չեմ: Ինչ վերաբերում է քեզ, սրիկա՛ Ջորջ, ղու էնքա՜ն լավ էիր ինձ սիրում, որ հիմա կամ երբևէ չեմ կարող դժգոհել: Քանի դեռ միասին էինք… (Երգում է Դորիս Դեյի երգը:) «Ես միակ աղջիկն եմ աշխարհում, իսկ դու՝ միակ տղան»: Բայց, դե, մի հարցում այլևս միակ աղջիկը չէի աշխարհում: Դա քո մեղքով չէր: Քեզ չասացի էն ժամանակ, որովհետև ուզում էի, որ դու ամենաքիչը քեզ մեղավոր զգաս: Բայց հիմա կարող եմ քեզ ասել. դա իմ մեղքն էր: Ես չէի կարող միայն անձնական կյանքով ապրել: Ես ճակատամարտ էի տալիս, իսկ դու հավաքագրված չէիր էդ պատերազմում, ուստի… ուզում եմ ասել, որ այն ժամանակ ամեն ինչ լավ էր: Հիմա էլ լավ է: Ես էնքան երախտապարտ եմ, որ սիրում էիր ինձ: (Թախծոտ:) Պետք է, որ ավելի շուտ ասած լինեի քեզ: Ի՜նչ հիմարն եմ: Եթե մեռնեմ, դու երբեք չես իմանա: (Լավատեսորեն:) Ահա մի պատճառ չմեռնելու համար: Ես պետք է ապրեմ և ասեմ քեզ այդ մասին: Էսպես… հիմա ի՞նչ եմ անում: Եթե շախմատի տախտակ ունենայի, կկարողանայի պատկերացնել, որ մի պարտիա շախմատ եմ խաղում «փորձառու Սոֆիի» հետ: Էդ ձևով բարկացնում էինք քեզ՝ իմաստնություն նշանակող անունիդ համար. Սո՜ֆյա… Ես շախմատի տախտակ չունեմ, սպասիր, հենց դուրս գամ բանտից, էլի դիմացդ կնստեմ: Էդ օրը կգա՛: (Պիրուետներ է անում սենյակով մեկ՝ երգելով:) Էդ օրը կգա՜: Կգա՛ էդ օրը:

(Մտասույզ): Պատանի՛ Սթիվեն, հուսով եմ, քեզ նորից խաղահրապարակ տանելու ժամանակ կունենամ: Թեև, եթե էստեղ շատ երկար մնամ, գուցե քեզ այլևս չհետաքրքրեն խաղահրապարակներն ու ճոճանակները: (Զվարթ:) Ոչի՜նչ: Երբ գա ժամանակը, մենք զվարճանալու ձևը կգտնենք: (Հնարավորինս մոտենում է հանդիսականին:) Անցնենք ծրագրիս հաջորդ կետին. խաղում եմ իմ սիրած գլուխկոտրուկը: Ինձ վերստեղծում եմ ուրիշ մարդկանց դիմագծերով… Ամեն ինչ փոխում եմ, աչքերիցս բացի: Աչքերս պահում եմ աշխարհը զննելու համար: Գուցե մի օր ուրիշ աչքերով փորձեմ… Թեկուզ հենց հիմա… Ուրեմն, աչքերիս վրա դնում եմ բուշմենի չռված աչքեր: (Մնջախաղ:) Նրանց միջև հնդկացի մոհիկանի քիթ՝ բազեի կտուցի նման: (Մնջախաղ:) Մոնղոլի ցցված այտոսկրեր… (Մնջախաղ:) Աֆրիկուհու բերան՝ մսոտ ու վավաշոտ… (Մնջախաղ:) Էսկիմոսի ձյունաճերմակ ատամներ: (Գաղտնաբար:) Սրա ատամներն իմից լավն են: (Հեգնանքով:) Իսկ մազերը… դառնում եմ երկար, ուղիղ, թուխ մազերով ճապոնուհի: (Շոյում է մազերը:) Ի՜նչ փարթամ է: Տեսքս ո՞նց է… (Մնջախաղ:) Գեղեցի՛կ է: Ու ոչ ոք չի մեղադրի, որ ուրիշների կռիվն եմ կռվում: Որովհետև ես բազմախառն ազգի եմ պատկանում: (Ժպտում է:)

Շարունակենք: Հիմա՝ մարմինս… Վիզս հաստ՝ նեպալցի գուրկա կնոջ նման: (Վիզը պտտում է ձախ ու աջ, ետ ու առաջ:) Ձեռքերս՝ թայլանդացի պարողի… (Ձեռքերը խաչում է դեմքին, ապա իջեցնում:) Նկատի ունես Սիա՞մը: (Հաստատակամ:) Նկատի ունեմ Թայլանդը: (Ձեռքերը խաչում է դեմքին, կրկին իջեցնում:) Բայց սիամացի պարողի ձեռքերից էլ չեմ հրաժարվի: (Նայում է ոտքերին:) Ես դառնում եմ երկարոտն քենիացի վազորդ: Էդ վազորդները էնքա՜ն բնական են, էնքա՜ն ազատ ու անխոնջ… (Դադար:) Հետո՝ ի՞նչ… Հետո ձեռք եմ բերում լողորդի իրան: (Ծիծաղում է:) Դա մարդկային ցեղ չէ, հիմա՛ր: Լողորդները մարդկային յուրահատուկ տեսակ են: Լավ, եթե պնդում ես, ինձ կվերցնեմ ամերիկացի լողորդի ամրակազմ մարմինն ու ռուս մարզիկի երկաթե ձեռքերը: (Ծիծաղում է:) Սա էկլեկտիզմ է: Սառը պատերազմն ավարտված է: Դու ընտրում ես լավագույնը, և հակադրությունները միախառնվում են համագործակցող մկանների մեջ: (Ճչում է:) Միջաձիգ-զոլավո՜ր… Ահա՜: Դա մկանների մյուս տեսակն է: (Խենթի պես թռչկոտում է:) Միջաձիգ-զոլավո՛ր: Ա՛յ քեզ հաղթանակ: ՀԻՇԵՑԻ՜: ԵՍ ՀԻՇԵՑԻ՛… Հիմա դու չես կարող կոտրել ինձ, Գերմարդ: Երկուշաբթի օրվա Սուրբ Ինկվիզիցիան խաղուպար կլինի, քանի որ ես հիշեցի մկանների երրորդ տեսակը: (Հանդարտվում է, տխուր:) Աշնանային պայծառ օր է, դրսում էնքա՜ն բան ունեմ անելու: Էնքա՜ն շատ… Դուք կարող եք ինձ էստեղ հավերժ պահել: (Ժպտում է՝ նայելով ճաղերից թափանցող լույսին:) Սակայն միտքս աշխատում է, ճանապարհորդում, սավառնում: Միտքս ազա՜տ է: Երբ դուք ինձ կանչեք վաղը՝ սեպտեմբերի քսանմեկին, ես կժպտամ, համարյա անչար, ու դուք կզարմանաք, որ դա հնարավոր է…

Անգլերենից թարգմանեց Էլֆիք ԶՈՀՐԱԲՅԱՆԸ

Կարդացեք նաև