ԳՈՐՈ ԿԱՄ ՆԱՅԱԾ ՈՐ ԿՈՂՄԻՑ ԿՆԱՅԵՍ / Անահիտ ԱՐՓԵՆ

Մարդիկ ավելի շատ ձգտում են ներկայանալ, քան լինել, ցույց տալ, քան զգալ, հարմար գալ շրջապատին, քան սեփական աչքին, ձևացնել կերպար, քան ունենալ հոգեկերտվածք… Արդյունքում՝ անհասկանալի պահվածք ամենապարզ իրավիճակներում: Արդյունքում՝ մերօրյա մարդիկ ապրում են կյանքից դուրս իրականության մեջ:

Գործող անձինք
ԳՈՐՈ — անհասկանալի սեռի, տարիքի, նախասիրությունների ու մտադրությունների արարած, հանդես կարող է գալ և՛ դերասանի մարմնավորմամբ, և՛ միայն բջջային հեռախոսի ձայնագրությամբ, միշտ հայտնվում կամ հնչում է անսպասելի և փոխում է իրադարձությունների ընթացքը
ԱՂՋԻԿ — իգական սեռի անձ, հանդես է գալիս չորս տարիքներում. դեռահաս պարմանուհու, չափահաս աղջկա, դեռ երիտասարդ աղջկա և հասուն կնոջ
ՏՂԱ — արական սեռի անձ, հանդես է գալիս չորս տարիքներում. դեռահաս պատանու, չափահաս տղայի, դեռ երիտասարդ տղայի և հասուն տղամարդու

Ըստ բեմադրողի հայեցողության` տարբեր տարիքի դերերը կարող են խաղալ և՛ նույն դերասանները, և՛ տարբեր դերասաններ, երկխոսությունները կարող են ընդմիջվել ցանկացած տիպի ու բնույթի աներկխոսությամբն կամ անխոս տեսարաններով, գործողությունները կարող են տեղի ունենալ ցանկացած վայրում և օրվա ցանկացած ժամին, թատերգությունը հավասարապես կարող է խաղացվել և՛ որպես կատակերգություն, և՛ որպես հոգեբանական դրամա:
ՏԵՍԱՐԱՆ ԱՌԱՋԻՆ
ՊԱՏԱՆԻ ՏՂԱ — Է՜յ, ո՞ւր ես: Ի՞նչ եղար: Ձայն հանիր, ինչո՞ւ չես պատասխանում հաղորդագրություններիս:
ՊԱՏԱՆԻ ԱՂՋԻԿ — Հագնվիր` պատասխանեմ:
ՊԱՏԱՆԻ ՏՂԱ — Ի՞նչ: Բարև:
ՊԱՏԱՆԻ ԱՂՋԻԿ — Ես քեզ չասացի՞. մերկ նկարդ վերացրո՛ւ: Բարև:
ՊԱՏԱՆԻ ՏՂԱ — Չե՞ս հավանում:
ՊԱՏԱՆԻ ԱՂՋԻԿ — Հարցը դա չի:
ՊԱՏԱՆԻ ՏՂԱ — Բա՞:
ՊԱՏԱՆԻ ԱՂՋԻԿ — Խայտառակ եմ եղել: Գրում եմ, մեկ էլ, հենց հաղորդագրություն ես ուղարկում, պատուհանը, առանց թույլտվություն հարցնելու, բացվում է, ու ժամանում ես դու` քո ողջ մերկությամբ հանդերձ: Լա՞վ է: (Դադար:) Ի՞նչ: Ի՞նչ ես աչքերդ չռել:
ՊԱՏԱՆԻ ՏՂԱ — Ասում ես` ում առաջ ես խայտառակ եղե՞լ:
ՊԱՏԱՆԻ ԱՂՋԻԿ — Դե… Հա՛: Անհարմար է, չէ՞:
ՊԱՏԱՆԻ ՏՂԱ — Ո՞ւմ առաջ: Միայն չասես, թե ինքդ քեզնից ես ամաչում:
ՊԱՏԱՆԻ ԱՂՋԻԿ — Ես ի՞նչ եմ արել, որ ամաչեմ: (Տղայի խոսվածքն ընդօրինակելով:) Ինքս ինձնի՜ց:
ՊԱՏԱՆԻ ՏՂԱ — Ուրե՜մը՞ն…
ՊԱՏԱՆԻ ԱՂՋԻԿ — Վերջ տուր:
ՊԱՏԱՆԻ ՏՂԱ — Արի, ո՛վ սկսել է, թող նա՛ էլ վերջ տա:
ՊԱՏԱՆԻ ԱՂՋԻԿ — Դո՛ւ ես մեղավորը, դո՛ւ էլ շտկիր:
ՊԱՏԱՆԻ ՏՂԱ — Այսի՞նքն:
ՊԱՏԱՆԻ ԱՂՋԻԿ — Այսինքն` հագնվիր: Ոնց հանվել ես, այնպես էլ հագնվիր: Տանը ամեն վայրկյան կարող է մեկը ներս մտնել ու կարծել, թե…
ՊԱՏԱՆԻ ՏՂԱ — Դե վերջացրո՜ւ: Դու առանձին սենյակ չունե՞ս:
ՊԱՏԱՆԻ ԱՂՋԻԿ — Հետո՞ ինչ: Սենյակ է, հո արգելափակոց չի՞:
ՊԱՏԱՆԻ ՏՂԱ — Այդ նկարից ուրիշ դուբլ չունեմ:
ՊԱՏԱՆԻ ԱՂՋԻԿ — Ուրիշ դուբլ… Էլի սկսեցի՞ր:
ՊԱՏԱՆԻ ՏՂԱ — Դրանք քաստինգի համար եմ նկարվել:
ՊԱՏԱՆԻ ԱՂՋԻԿ — Քաստինգի համար մե՞րկ լուսանկար են ուզել:
ՊԱՏԱՆԻ ՏՂԱ — Չէ, բայց թող իմանան` ինչ գեղեցիկ մարմին ունեմ:
ՊԱՏԱՆԻ ԱՂՋԻԿ — Մինչև գոտկատեղդ:
ՊԱՏԱՆԻ ՏՂԱ — Բա հո լրիվ չէի՞ մերկանալու: Առայժմ: Նկարներս ուղարկիր, ա՜յ, ա՛յս հասցեով:
ՊԱՏԱՆԻ ԱՂՋԻԿ — Ինքդ ուղարկիր:
ՊԱՏԱՆԻ ՏՂԱ — Լա՜վ, ալարո՞ւմ ես, ուզածս մե՞ծ բան է, էլ ո՞ր օրվա ընկերուհիս ես, որ օգնել չես ուզում:
ՊԱՏԱՆԻ ԱՂՋԻԿ — Հարցը օգնելը չի: Դու ուրիշ ճաշակ ունես, ես որ ուղարկեմ, ուրիշ նկարներ կուղարկեմ:
ՊԱՏԱՆԻ ՏՂԱ — Կարևորը` որ հավանեն, ի՛նձ ընտրեն:
ՊԱՏԱՆԻ ԱՂՋԻԿ — Հետո՞, եթե կանչեն խաղալու, ո՞վ ես դու` իմ ուղարկա՞ծը, թե՞ քո ուզածը…
ՊԱՏԱՆԻ ՏՂԱ — Տեղում կկողմնորոշվեմ: Դու հիմա ուղարկիր էն նկարները, որոնք որ ճիշտ ես համարում:
Աղջիկը խորասուզվում է նոթբուքի մեջ:
ՊԱՏԱՆԻ ԱՂՋԻԿ — Անուն-ազգանունդ գրում եմ առանց կրճատելու, առանց ապերոյացնելու… Հեռախոսիդ համարները գրենք… Հարմար լինես` իրենք քեզ կզանգեն:
ՊԱՏԱՆԻ ՏՂԱ — Էդ ի՞նչ ես անում:
ՊԱՏԱՆԻ ԱՂՋԻԿ — Ընտրում եմ:
ՊԱՏԱՆԻ ՏՂԱ — Թե՞ ջնջում ես… Ինչքան ընտիր նկար ունեի` ջնջեցիր:
ՊԱՏԱՆԻ ԱՂՋԻԿ — Բա ասում ես` որը որ ես եմ ճիշտ համարում…
ՊԱՏԱՆԻ ՏՂԱ — Հա, բայց ամենալավերը հանեցիր, թողեցիր քրջոտները:
ՊԱՏԱՆԻ ԱՂՋԻԿ — Սրանք լուրջ կերպարներ են հուշում:
ՊԱՏԱՆԻ ՏՂԱ — Կերպար չեմ ուզում, դեր եմ ուզում:
ՊԱՏԱՆԻ ԱՂՋԻԿ — Տիպդ պիտի բազմակողմանի երևա, խելո՛ք, որ տարբեր դերերի համար ընտրությունը մեծ լինի:
ՊԱՏԱՆԻ ՏՂԱ — Հա՞ որ… Չէ, բեր ես ընտրեմ:
ՊԱՏԱՆԻ ԱՂՋԻԿ — Ուղարկում եմ արդեն:
ՊԱՏԱՆԻ ՏՂԱ — Ո՞նց թե` ուղարկում ես: Սպասիր:
ՊԱՏԱՆԻ ԱՂՋԻԿ — Դու հիմար նկարներ կընտրես:
ՊԱՏԱՆԻ ՏՂԱ — Ես հիմար նկար չունեմ:
ՊԱՏԱՆԻ ԱՂՋԻԿ — Բա էն սիգարեթով լոպազ նկարն ի՞նչ էր… Էն, որ ծխում, փչում ես:
ՊԱՏԱՆԻ ՏՂԱ — Էդ հեչ, էդ պահի տակ, ուրիշ բանի համար էր պետք:
ՊԱՏԱՆԻ ԱՂՋԻԿ — Պահի տա՜կ: Ինչպես ներկայանաս, այնպես էլ…
ՊԱՏԱՆԻ ՏՂԱ — Սպասիր, սրա՛նք ուղարկիր… Ու մեկ է՜լ… սրա՛նք: Սրանք լավն են, թող ա՛յս տիպի դերերի համար կանչեն ինձ:
ՊԱՏԱՆԻ ԱՂՋԻԿ — Բայց դա քեզ հոգեհարազա՞տ է:
ՊԱՏԱՆԻ ՏՂԱ — Կարևոր չի: Էս մեկը` չէ, սա չուղարկես, սա դժվար կերպարի հուշարար է…
ՊԱՏԱՆԻ ԱՂՋԻԿ — Ավելի լավ, ավելի հետաքրքիր կլինի…
ՊԱՏԱՆԻ ՏՂԱ — …դրան խաղալը դժվար է:
ՊԱՏԱՆԻ ԱՂՋԻԿ — …ու լավ դերասան դառնալու շանսը` ավելի մեծ:
ՊԱՏԱՆԻ ՏՂԱ — Կարևորը լավ դերասան լինելը չի, դա հանիր, էդ նկարը ջնջիր, կարևորը անուն հանած, ճանաչված դերասան լինելն է:
ՊԱՏԱՆԻ ԱՂՋԻԿ — Ո՞ւ… մինչև ե՞րբ…
ՊԱՏԱՆԻ ՏՂԱ — Մինչև վերջ… գործը անունս կանի, ես էլ չեմ չարչարվի…
ՊԱՏԱՆԻ ԱՂՋԻԿ — Ես սա եմ ուղարկում…
ՊԱՏԱՆԻ ՏՂԱ — (ջնջելով): Չէ, ա՜յ, սրա՛նք ուղարկիր:
ՊԱՏԱՆԻ ԱՂՋԻԿ — Սրա՞նք, բայց սրանք բացահայտ… երկնագույն են:
ՊԱՏԱՆԻ ՏՂԱ — Ոչի՜նչ…
ԱՂՋԻԿ — Ո՞նց թե` ոչինչ, չլինի՞ ուզում ես դրանցից դառնաս:
ՊԱՏԱՆԻ ՏՂԱ — Խանդո՞ւմ ես…
ՊԱՏԱՆԻ ԱՂՋԻԿ — Ե՞ս, հեչ պետքս չի, ուզում ես` գնա սուտենյոր դարձիր:
ՊԱՏԱՆԻ ՏՂԱ — Նայած ոնց դասավորվի:
ՊԱՏԱՆԻ ԱՂՋԻԿ — Ի՞նչ…
ՊԱՏԱՆԻ ՏՂԱ — Դե լավ, թեթև տար:
ՊԱՏԱՆԻ ԱՂՋԻԿ — Չի՜ կարող պատահել:
ՊԱՏԱՆԻ ՏՂԱ — Կյանք է, ամեն ինչ էլ կպատահի:
ՊԱՏԱՆԻ ԱՂՋԻԿ — Ականջներիս չեմ հավատում:
ՊԱՏԱՆԻ ՏՂԱ — Լավ, չի՛ պատահի, չի՛ պատահի, պրծա՞նք, կատակ արեցի: Լա՜վ, դե վերջացրո՜ւ: Ամեն ինչ սրտիդ մոտիկ ես ընդունում: Կատակ չե՞ս հասկանում:
ՊԱՏԱՆԻ ԱՂՋԻԿ — Ես կատակ հասկանում եմ, բայց քո ասածը նույնիսկ կատակով չեմ ընդունում:
ՊԱՏԱՆԻ ՏՂԱ — Լավ, լավ, ստուգիր` նկարները գնացի՞ն:
ՊԱՏԱՆԻ ԱՂՋԻԿ — Կոմպը կախել է, չեմ կարող:
ՊԱՏԱՆԻ ՏՂԱ — Վա՛յ, վա՛յ, կոմպը կախեց: Վա՜յ, վա՜յ, ջնջվեց…
ՊԱՏԱՆԻ ԱՂՋԻԿ — Թո՛ղ:
ՊԱՏԱՆԻ ՏՂԱ — Դե վերջացրո՜ւ: Լավ, ի՞նչ ես խռովկան երեխայի պես քեզ պահում…
ՊԱՏԱՆԻ ԱՂՋԻԿ — Իսկ դու քեզ… լեզուս չի պտտվում` ասեմ, թե ում պես ես պահում:
ՊԱՏԱՆԻ ՏՂԱ — Լավ, լավ, արի ջնջենք: Նորից սկսենք:
ՊԱՏԱՆԻ ԱՂՋԻԿ — Ի՞նչ ես անում: Ձեռքե՜րդ:
ՊԱՏԱՆԻ ՏՂԱ — Հետևում եմ, թե նկարներս ոնց են տեղ հասնում:
ՊԱՏԱՆԻ ԱՂՋԻԿ — Հասնո՞ւմ…
ՊԱՏԱՆԻ ՏՂԱ — Հա, ամեն ինչ նորմալ է ընթանում… Քանի՞ նկար գնաց:
ՊԱՏԱՆԻ ԱՂՋԻԿ — Քեզնից քանի՞ նկար են ուզել:
ՊԱՏԱՆԻ ՏՂԱ — Կոնկրետ չեն ասել:
ՊԱՏԱՆԻ ԱՂՋԻԿ — Ճիշտ այդքան էլ գնաց:
ՊԱՏԱՆԻ ՏՂԱ — Մազերս ի՞նչ գույնի ես գրել:
ՊԱՏԱՆԻ ԱՂՋԻԿ — Կանաչ:
ՊԱՏԱՆԻ ՏՂԱ — Կոչումս պետք չէր նշել:
ՊԱՏԱՆԻ ԱՂՋԻԿ — Վայ, բա չիմանա՞ն, որ գեներալ ես, քեզ մարշալի դերեր տան:
ՊԱՏԱՆԻ ՏՂԱ — Գրեցի՞ր, թե ինչ դերեր եմ ուզում խաղալ:
ՊԱՏԱՆԻ ԱՂՋԻԿ — Էդ անձամբ կասես, երբ քեզ հատուկ հրավեր ուղարկեն: Եվ, ընդհանրապես, գնա, թող իրենք լուսանկարեն, կամ ուղղակի լուսանկարներդ տար, ինքդ տուր իրենց…
ՊԱՏԱՆԻ ՏՂԱ — Նախանձում ես, չէ՞: Իհարկե, նախանձում ես:
ՊԱՏԱՆԻ ԱՂՋԻԿ — …ծանոթ պետք չէ ունենալ:
ՊԱՏԱՆԻ ՏՂԱ — Հա, գիտեմ, հենց դա էլ բարդ է: Առանց ծանոթի ո՞նց կլինի: Ի՞նչ ես նայում:
ՊԱՏԱՆԻ ԱՂՋԻԿ — Կխեղդեմ հիմա քեզ…
ՊԱՏԱՆԻ ՏՂԱ — Էդքան շա՞տ ես ինձ սիրում:
ՊԱՏԱՆԻ ԱՂՋԻԿ — Հա:
ՊԱՏԱՆԻ ՏՂԱ — Но как до них добраться? А?
ՊԱՏԱՆԻ ԱՂՋԻԿ — Շատ պարզ և առանց ձևականությունների` Go there.
ՊԱՏԱՆԻ ՏՂԱ — O՜, yes!
ՊԱՏԱՆԻ ԱՂՋԻԿ — Ուղղակի ներկայացիր այնպիսին, ինչպիսին դու իրականում կաս:
ՊԱՏԱՆԻ ՏՂԱ — Իրականությունն ու կյանքի պահանջը, ջանի՛կս, տարբեր բաներ են:
ՊԱՏԱՆԻ ԱՂՋԻԿ — Ե՛ս եմ իրականությունը, դո՛ւ ես իրականությունը:
ՊԱՏԱՆԻ ՏՂԱ — Չէ…
ՊԱՏԱՆԻ ԱՂՋԻԿ — Ի՞նչը` չէ՛:
ՊԱՏԱՆԻ ՏՂԱ — Հեչ, ոչինչ, լավ, անցած լինի:
ՊԱՏԱՆԻ ԱՂՋԻԿ — Դուրդ չեմ գալիս: Վե՛րջ: Էլ չմոտենաս ինձ: Չխոսես հետս: Ու ընդհանրապես: Պապաս ճիշտ է ասում, որ դու ո՛չ ուրագ ես, ո՛չ սղոց:
ՊԱՏԱՆԻ ՏՂԱ — Պահո՜… Էս ի՞նչ զրույցներ ես ունեցել հայրիկիդ հետ իմ մասին, իսկ ես տեղյակ չեմ: Կարելի՞ է լուսաբանվել, թե՞…
ՊԱՏԱՆԻ ԱՂՋԻԿ — Քեզ չերևակայես: Էդ էր մնացել, որ քո մասին խոսեի հայրիկիս հետ: Իմանա` կսպանի:
ՊԱՏԱՆԻ ՏՂԱ — Ինչո՞ւ: Գո՞ղ եմ, թե՞ պորտաբույծ:
ՊԱՏԱՆԻ ԱՂՋԻԿ — Է՜դ էր մնացել պակաս:
ՊԱՏԱՆԻ ՏՂԱ — Հա… Էն անեկդոտի պես` էդ էլ լինեմ, ու պըլծ, բայց խոսքը կտուրը չգցես: Ձեռք չեմ քաշի:
ՊԱՏԱՆԻ ԱՂՋԻԿ — Ես խոսքը կտուրը չեմ գցում…
ՊԱՏԱՆԻ ՏՂԱ — Դե ասա:
ՊԱՏԱՆԻ ԱՂՋԻԿ — …դու ես սարքում…
ՊԱՏԱՆԻ ՏՂԱ — Խեղճ աղջիկ, բանսարկության զոհ է, գթացե՜ք… մի փշուր… Համբույր… Լա՜վ, մի փշուր, մի հատիկ, մի պաչիկ… խնդրում եմ, ողորմա՜… Մի հատ, մի հատիկ, մի… իկ…
ՊԱՏԱՆԻ ԱՂՋԻԿ — (խուսափելով): Չէ:
ՊԱՏԱՆԻ ՏՂԱ — Լա՜վ…
ՊԱՏԱՆԻ ԱՂՋԻԿ — Կորի՛, մամայիս կասեմ…
ՊԱՏԱՆԻ ՏՂԱ — Պապայից պրծանք, հիմա էլ մաման… Էս արդեն լուրջ է… Ուո՜ւ… Չէ, ավելի լավ է… Արի պապայից չպրծած` մամային չանցնենք, լա՞վ: Ապրես, խելոքս: Սիրում եմ… Քեզ չէ, էդ աչքերդ, որ այդպես ոլորում ես… (Արգելելով հեռանալ:) Սպասիր, նո՛, նո՛, նո՜: Ասում ես` հայրիկդ իմ մասին ի՞նչ էր ասում…
ՊԱՏԱՆԻ ԱՂՋԻԿ — Ոչ մի բան, ի՞նչ պիտի ասեր:
ՊԱՏԱՆԻ ՏՂԱ — (խաղալով): Այնուամենայնիվ, առիթ եղավ ու նա ասաց… որ ե՜ս… հը՞:
ՊԱՏԱՆԻ ԱՂՋԻԿ — Խոսքը քո մասին չէր… Հա, ի՞նչ… Դասարանի խմբակային լուսանկարն էինք նայում…
ՊԱՏԱՆԻ ՏՂԱ — Եվ «հյուսն Դավիթը», զուտ իր մասնագիտությանը հարիր տերմիններով, փորձեց բնութագրել խեղճուկրակ աշակերտներից ամենաթշվառին… Հը՞… Թե՞ բոլորին մեկ-մեկ սղոցում էիք հայր ու աղջիկ ու հանկարծ…
ՊԱՏԱՆԻ ԱՂՋԻԿ — Վերջ տուր, ես ուղղակի հարցրի…
ՊԱՏԱՆԻ ՏՂԱ — Ասա՛, ասա՛, մի՛ ամաչիր, դուստր իմ… Խոստովանիր մեղքերդ… Միևնույն է, իմ կինն ես լինելու, մի օր պիտի ասես հորդ, որ սիրում ես ինձ, հո չե՞մ փախցնելու… Լավ, նոթերդ մի կիտիր… Լա՜վ, պետք լինի` կփախցնեմ, բա ի՞նչ պիտի անեմ: Էժան կնստի: Ստոպ: Գլխիս չխփես, երեխաները շիլ կծնվեն…
ՊԱՏԱՆԻ ԱՂՋԻԿ — Ես… Ինձ… Իմ… Դե…
ՊԱՏԱՆԻ ՏՂԱ — Մենք, մեր, մեզ… Դե՞…
ՊԱՏԱՆԻ ԱՂՋԻԿ — Կարծիքն էի ուզում իմանալ… (Զայրանալով:) Քո մասին հորս կարծիքն էր հետաքրքրում:
ՊԱՏԱՆԻ ՏՂԱ — Ու հենց այդպես, վերցրիր ու հարցրի՞ր… Վայ քո, արա, ես էլ միամիտ-միամիտ կարծում եմ, թե ամոթխած աղջիկ ես, նամուսով, էն բանո՜վ… Դու մի՜ ասա…
ՊԱՏԱՆԻ ԱՂՋԻԿ — Կսպանեմ… Չհամարձակվես…
ՊԱՏԱՆԻ ՏՂԱ — Չէ՜, դեռ լուրջ մտածել է պետք, արդյո՞ք դու տուն տանելու ենթակա ես, թե՞…
ՊԱՏԱՆԻ ԱՂՋԻԿ — Ի՞նչ…
ՊԱՏԱՆԻ ՏՂԱ — Հե՜չ: Ոչի՛նչ:
ՊԱՏԱՆԻ ԱՂՋԻԿ — Եսիմ թե…
ՊԱՏԱՆԻ ՏՂԱ — Ես եմ իզուր տեղը յոթ կաշի փոխում, մինչև ձերոնց աչքից ծլկում եմ:
ՊԱՏԱՆԻ ԱՂՋԻԿ — Ազնիվ մտադրություններ ունեցող տղան չի ծլկի իր…
ՊԱՏԱՆԻ ՏՂԱ — (մի պահ սպասելուց հետո): Ի՜ր… Չեմ լսում:
ՊԱՏԱՆԻ ԱՂՋԻԿ — Ոչ մի բան: Ընդհանրապես եմ ասում: (Դադար:) Եթե մի կաթիլ գրագիտություն ունենայիր, կհասկանայիր, որ հայրս վատ բան չի ասում քո մասին:
ՊԱՏԱՆԻ ՏՂԱ — Ես վա՛տ տղա ե՞մ, որ իմ մասին վատ բան ասեն, հեչ չլինի` ապագա աներ ու փեսա ենք…
ՊԱՏԱՆԻ ԱՂՋԻԿ — Կերազես:
ՊԱՏԱՆԻ ՏՂԱ — Չհասկացա: Հիմա որ ասեմ, պիտի կոտրատվես, չէ՞: Բա որ կերազեմ, ի՞նչ գործ ունես հետս… Էդ ի՞նչ ձևեր ես թափում, թե՞ մերկ նկարս դուրդ չի գալիս:
ՊԱՏԱՆԻ ԱՂՋԻԿ — (մինչև հոգու խորքը վիրավորված ու արտասվելու աստիճան հուզված): Այսի՞նքն: Ի՞նչ ես ուզում ասել… Որ ես…
ՊԱՏԱՆԻ ՏՂԱ — (ավելի մոտենալով աղջկան): Համ էլ դա մերկ չի, այսինքն` մերկ է, բայց, ինչպես ինքդ ասացիր, մինչև գոտկատեղը… Վերևի՛ց մինչև գոտկատեղը…
ՊԱՏԱՆԻ ԱՂՋԻԿ — Թող, ձեռք չտաս…
ՊԱՏԱՆԻ ՏՂԱ — Մի րոպե, մի դուբլ էլ ու… (Համբուրում է:)
Աղջիկը հեռանում է:
ՊԱՏԱՆԻ ՏՂԱ — (բղավելով ետևից): «Հյուսնի» աղջի՜կ, դուբլը կինոյի բառ է, ոչ թե մեխ:
ՊԱՏԱՆԻ ԱՂՋԻԿ — Հյուսնը դու ես, իմ հայրը հյուսն չի:
ՊԱՏԱՆԻ ՏՂԱ — Ավելի լավ… Բա հո աներս հասարակ մարդ չի՞ լինելու, ինչ-որ հյուսն: (Բջջայինը զանգում է:) Հա, մամ… Ալո… Չէ, չէ, տղեքի հետ եմ… Հա… Ըհը… լավ:
ԳՈՐՈ — (հայտնվելով անսպասելի): Բարի օր, ապե, էս ո՞ւր ես որ…
ՊԱՏԱՆԻ ՏՂԱ — Հե՜չ…
ԳՈՐՈ — Ի՞նչ բանի ես որ…
ՊԱՏԱՆԻ ՏՂԱ — Դե գիտես, էլի՜…
ԳՈՐՈ — Արի ասեմ:
Ինչպես անսպասելի հայտնվել, Գորոն (կամ իր ձայնը) այդպես էլ անսպասելի անհետանում է: Տղան սկսում է փնտրել նրան:
ՏԵՍԱՐԱՆ ԵՐԿՐՈՐԴ
Որոշակի ժամանակ անց: Տղան ու աղջիկն արդեն չափահաս են:
ԱՂՋԻԿ — Ինչո՞ւ չես ուզում ծանոթանալ ծնողներիս հետ:
ՏՂԱ — Կծանոթանամ, էլի…
ԱՂՋԻԿ — Ինձ հետ ոչ մի տեղ չես գալիս, ընկերուհիներս կարծում են` հորինել եմ քեզ, բարեկամներս ամեն անգամ հարցնում են` ընկեր չունե՞ս, նորություն չկա՞, մորս ասում են` աղջկադ չե՞ս ամուսնացնում, մերոնք սկսել են անհանգստանալ, արի ծանոթացիր, հանգիստ հանդիպենք: Թե չէ օրը մեկը գալիս է… Ուրիշի կընտրեմ:
ՏՂԱ — Աչքիս` մտքիդ մեկը կա արդեն: Պարզ ասա, հասկանամ: Թե չէ…
ԱՂՋԻԿ — Խոզի մեկը, ես քեզ…
ՏՂԱ — Լավ, էս երկու օրը կգամ ձեր տուն, կծանոթանանք ու կգնանք եկեղեցի, հետո էլ` ռեստորան:
ԱՂՋԻԿ — Լրջացի:
ՏՂԱ — Ամուսնանալուց առաջ կծանոթանանք:
ԱՂՋԻԿ — Բայց պիտի ծանոթանանք, որ իմանամ` ամուսնանո՞ւմ ենք, թե՞ ոչ:
ՏՂԱ — Ծնողնե՞րդ են որոշելու, թե դու ում հետ…
ԱՂՋԻԿ — Ծնողներս պիտի իմանան, որ ես ամուսնանում եմ:
ՏՂԱ — Կիմանան:
ԱՂՋԻԿ — Ե՞րբ: Ե՞րբ է ժամանակը գալու, արդեն ինստիտուտն ավարտում եմ:
ՏՂԱ — Կծանոթանանք, կծանոթանանք:
ԱՂՋԻԿ — Ե՞րբ:
ՏՂԱ — Մի օր: Երբ ամուսնանանք:
ԱՂՋԻԿ — Ե՞րբ: Մեր ծնողների կարծիքն էլ պիտի հարգենք, չէ՞: Սպասիր, իսկ քո ծնողնե՞րը, չե՞ն ուզում, որ իրենց տղան…
ՏՂԱ — Դե վերջացրո՜ւ:
ԱՂՋԻԿ — Օրինակ` մամադ չի՞ ասում քեզ…
ՏՂԱ — Վերջ տուր, ասացի:
ԱՂՋԻԿ — Մի րոպե: Իսկ շե՞ֆդ:
ՏՂԱ — Նրանք իմ ընտանիքն են… Շեֆս` առաջին հերթին:
ԱՂՋԻԿ — Իսկ ե՞ս, ի՞նչ եմ:
ՏՂԱ — Ոչ թե ինչ, այլ` ով:
ԱՂՋԻԿ — Խոսքը կտուրը մի գցիր, ասա՛:
ՏՂԱ — Ի՞նչ ասեմ, ի՞նչ ես խեղդում, օձիքս բռնել, բաց չես թողնում:
ԱՂՋԻԿ — Ասա` ե՞րբ, բաց թողնեմ:
ՏՂԱ — Դե… ի՞նչ ասեմ… Դու… Այսինքն` երբ որ կինս լինես:
ԱՂՋԻԿ — Եթե երբևէ կինդ լինեմ:
ԳՈՐՈ — (անսպասելի հայտնվելով): Նման բան, աղջիկ ջան, նույնիսկ կատակով չի կարելի ասել:
ԱՂՋԻԿ — Լավ, էլ չեմ ասի:
ԳՈՐՈ — Արդեն ասացիր:
Գորոն անհետանում է: Երկար դադար:
ՏՂԱ — Լա՜վ, արի հաշտվենք… Է՜յ, աո՜ւ, արի մոտս…. Դեռ նեղացա՞ծ ես: Հը՞… Դե վերջացրո՜ւ… ի՞նչ ասացի, որ էլի նեղացար, ի՞նչ ես ամեն ինչ սրտիդ մոտիկ ընդունում:
ԱՂՋԻԿ — Ամեն անգամ նույն պատմությունն է: Ամեն անգամ նեղացնում ես, հետո գալիս ասում` արի հաշտվենք: Հաճո՞ւյք ես ստանում ինձ ցավ պատճառելուց:
ՏՂԱ — Ներիր, չմտածեցի, որ կնեղանաս:
ԱՂՋԻԿ — Չմտածեցիր, չզգացիր, չէիր ուզում… բայց անում ես, բայց ասում ես… որովհետև այդպես ես մտածում, թե չէ երբեք չէիր ասի:
ՏՂԱ — Լա՜վ, էլ մի խորացի…
ԱՂՋԻԿ — Ես ներում եմ, դու էլ քեզ լավ ես զգում, որ ինչ անում ես` ներում եմ, ուրեմն ինչպես ուզես` կվարվես… Կարծում ես` եթե ներում են, ուրեմն սիրում են:
ՏՂԱ — Այդպես չէ՞:
ԱՂՋԻԿ — Քեզ դրել ես քո սիրած տղայի տեղ ու…
ՏՂԱ — Վերջ տուր, արդեն վիրավորում ես… Ասի` մի խորացի:
ԱՂՋԻԿ — Օ՜, ինչպե՞ս կարելի է, դու պիտի լինես, չէ՞, վիրավորողը, քեզ ամեն ինչ կարելի է, մեզ ոչինչ չի կարելի…
ՏՂԱ — Վերջ, վերջ, վերջ, գիտես, որ քեզ շատ եմ սիրում:
ԱՂՋԻԿ — Ի՞նչ գիտեմ, ի՞նչ իմանամ, սիրո՞ւմ ես, թե՞… Ու, ընդհանրապես, ո՞ւմ ես սիրում, ինչո՞ւ ես սիրում, սկզբունքներ չկան, չէ՞… Ազատ լինենք, չէ՞…
ՏՂԱ — Ի՞նչ… Այսի՞նքն… Էդ ինչե՞ր ես ասում…
ԱՂՋԻԿ — Կարծում ես` չգիտե՞մ…
Լռություն:
ՏՂԱ — Խանդո՞ւմ ես… Ո՞ւմ, էդ… դրա՞նց ես խանդում…
ԱՂՋԻԿ — Պահ, շատ պետքս ես, որ խանդեմ:
ՏՂԱ — Չէ, արի պարզենք:
ԱՂՋԻԿ — Ես պարզելու բան չունեմ:
ՏՂԱ — Չէ, ունես: Դու ինձ խանդո՞ւմ ես, թե՞ ոչ:
ԱՂՋԻԿ — Ես քեզ չեմ խանդում, պարզեցիր:
ՏՂԱ — (տոնը փոխելով): Ինչո՞ւ: Ես քեզ համար օտա՞ր եմ, ո՞նց կարող ես ինձ չխանդել… Սպասիր, էդ ո՞ւր… Չփախչես պատասխանից:
ԱՂՋԻԿ — Ես երբեք չեմ փախչում պատասխանից, էդ դու ես միշտ ամեն ինչ խաղի վերածում, ձևացնում, թե կատակ ես անում:
ՏՂԱ — Ես ոչինչ չեմ ձևացնում: Ես սիրում եմ քեզ: Ես իրոք կատակ եմ անում:
ԱՂՋԻԿ — Ես էլ հավատացի:
ՏՂԱ — Դու ինձ չհավատալու պատճառ չունես: Առիթ չեմ տվել ինձ կասկածելու…
ԱՂՋԻԿ — Քո սերը շատ թանկ է նստում ինձ վրա:
ՏՂԱ — Քեզնից փող չեմ ուզել, մի զրպարտիր:
ԱՂՋԻԿ — Վերջ տուր, դու շատ լավ գիտես, թե ինչ եմ ասում: Ինչ լինում է, ասում ես` լավ, կտեսնենք, ու ոչինչ էլ չենք տեսնում:
ՏՂԱ — Ի՞նչ ես ասում, դու սիրում ես ամեն ինչ բարդացնել, գոնե գիտե՞ս, թե ինչքան դժվար է քեզ հետ գլուխ դնել:
ԱՂՋԻԿ — Մի դիր, ոչ ոք չի խնդրում քեզ:
ՏՂԱ — Խնդրում է:
ԱՂՋԻԿ — Ի՞նչ:
ՏՂԱ — Լավ, լավ, լավ, քեզ նկատի չունեմ:
ԱՂՋԻԿ — Բա՞…
ՏՂԱ — Սիրտս է խնդրում… Ամեն անգամ, երբ ինքս ինձ ասում եմ` վերջ, գրողի ծոցը ամեն ինչ ու երդվում եմ այլևս երեսիդ չնայել… սիրտս ընկնում է ոտքերս, աղաչանք-պաղատանք է անում, որ ներեմ քեզ, որովհ…
ԱՂՋԻԿ — Ի՞նչ: Մնացել էր, որ ստիպված… խնդրանքով, աղաչանք-պաղատանքով ընկերություն անես հետս…
ՏՂԱ — Դու աննորմալ ես… ասացի, չէ՞, սիրտս չի՛ պոկվում քեզնից…
ԳՈՐՈ — (անսպասելի հայտնվելով): Էս ո՞ւր սենց որ, ապե՞ր…
ՏՂԱ — Եսի՞մ…
Գորոն անհետանում է:
Դադար:
ՏՂԱ — Լավ, ես գնամ, էսօր կովին ջուր պիտի տամ:
ԱՂՋԻԿ — Ինչո՞ւ կովերիդ մասին երբեք չես խոսում:
ՏՂԱ — Ի՞նչ կարելի է խոսել կովերի մասին:
ԱՂՋԻԿ — Շատ բան:
ՏՂԱ — Օրինակ:
ԱՂՋԻԿ — Դու ես կով պահում, ի՞նձ ես հարցնում;
ՏՂԱ — Ես չեմ պահում, հայրս է պահում:
ԱՂՋԻԿ — Իսկ մա՞յրդ:
ՏՂԱ — Մա՞յրս: Մայրս երբեք գոմ չի մտել:
ԱՂՋԻԿ — Իսկ դո՞ւ:
ՏՂԱ — Դե… երբ որ ուրիշ մարդ չի լինում և ինձ պետք է…
ԱՂՋԻԿ — Բայց դու դերասան ես, ամեն ինչ էլ պիտի անես:
ՏՂԱ — Ես դրա համար չեմ ծնվել, պա՞րզ է: Ես ռոմանտիկ ֆիլմերի հերոս եմ…
ԱՂՋԻԿ — Այ, ձեր սխալը…
ՏՂԱ — Ես սխալ չունեմ, համ էլ, ո՞ւմ` ձեր: Հետս հոգնակի՞ ես խոսում արդեն:
ԱՂՋԻԿ — Հերիք է քեզ աստղ երևակայես, իջիր երկնքից: Ես կովերիդ նկատի ունեմ…
ՏՂԱ — Որ ձեզ էիր ասո՞ւմ:
ԱՂՋԻԿ — Ոչ, որ սխալի մասին էի խոսում:
ՏՂԱ — Սպասիր: Արի իրար հասկանանք:
ԱՂՋԻԿ — Ես ու դո՞ւ: Իրար հասկանա՞նք: Հնարավո՞ր բան է: Դու…
ՏՂԱ — (աղջկա բերանը փակելով): Լավ: Սուս: Արի ջնջենք, նորից սկսենք: Ես հիմա ձեռքս կթողնեմ, բայց դու չես գոռա, չես կոպտի, չես խփի ու, որ ամենավատն է, չես խոսա: Լա՞վ: Նշան արա, որ հասկանամ` համաձայն ես: (Աղջիկը աչքերն է ճպճպացնում:) Ի՞նչ ես աչքերդ ճպճպացնում, նորմալ գլխով արա:
Աղջիկը չի կարողանում գլուխը շարժել, քանի որ տղան ամուր բռնել է:
ՏՂԱ — (զգույշ բաց թողնելով ու փախչելով): Ա՜, ներողություն…
ԱՂՋԻԿ — (վազելով ետևից): Ուրեմն ավելի լավ է խփեմ, քան թե խոսեմ, հա՞:
ՏՂԱ — Հա: Մեղքս ինչ թաքցնեմ, որ սկսում ես ճիշտ ու սխալ ջոկել, մեռնելս գալիս է: Չե՞ս հոգնում: Չե՞ս ձանձրանում միշտ ճշտի կողմը բռնել: Մի անգամ մտածե՞լ ես, որ մենք էլ մարդ ենք: Սիրտ ու հոգի ունենք…
Երկար դադար:
ԱՂՋԻԿ — Այսինքն, եթե ես ասում եմ, որ կով խնամելը վատ բան չի, դրանից մեռնելդ գալիս է, հա՞… Ո՞ւր ես, ի՞նչ եղար… Բա որ վատ բան է, ինչո՞ւ ես ջուր տալիս, մի տուր, թող սատկեն: Ինչո՞ւ ես անում, եթե ամաչում ես էդ գործից:
ՏՂԱ — Էդ ի՞նչ, էդ գործ չի, գոմի դռնից ջրով դույլը ներս եմ դնում, ու վերջ:
ԱՂՋԻԿ — Բայց դու դերասան ես, դու պիտի ամեն ինչի հետ մոտիկից շփվես, երևույթները մոտիկից ճանաչես:
ՏՂԱ — Պետք կլինի` կճանաչեմ, հիմա որ առանց պատճառի կով խնամեմ, ինձ ի՞նչ կասեն…
ԱՂՋԻԿ — Ո՞վ:
ՏՂԱ — Լսի…
ԱՂՋԻԿ — Էդ լոպազ, ամեն ինչ ծաղրի ենթարկող պոռոտախոսնե՞րը, աղջիկների փեշերին ներքևից նայող հռետորնե՞րը, ո՞վ…. Քեզ հանդիսատեսիդ կարծիքը պիտի հետաքրքրի, ոչ թե…
ՏՂԱ — Լավ, արի չկռվենք, ուզո՞ւմ ես… (Դադար:) Լա՜վ, ներողություն կխնդրեմ:
ԱՂՋԻԿ — Ինչպիսի՜ զոհաբերություն… Դու մեղավոր չես, հիմա բոլորին միայն փոր կշտացնելու հարցն է անհանգստացնում, ի՞նչ ճիշտ ու սխալ, ի՜նչ բան… Իսկ չարչարանք ու որակ ոչ ոքի պետք չեն:
ՏՂԱ — Հիմա ամեն ինչ կախված է լավ գովազդից: Ով լավ փիառ է անում, նա էլ իրենը տարածում է: Ինչ տարածվում է, դա էլ ճիշտն է: Հիմա ոչ ոք շախմատ չի խաղում, ջանի՛կս:
ԱՂՋԻԿ — Շախմատ ես էլ չեմ խաղում, շախմատն իմ խելքի բանը չի: Միայն քայլերը գիտեմ: Խաղալ` ոչ:
ՏՂԱ — Ուշադրությո՛ւն, շաուրմանոցում աշխատանքի ենք հրավիրում փորձառու շուն բռնողների: Գալի՞ս ես:
Դադար: Աղջիկը շվարած է;
ՏՂԱ — Հիմա ոչ ոք շախմատ չի՜ խաղում…
ԳՈՐՈ — (անսպասելի հայտնվելով): Ճիշտ ես ասում, բա դու ո՞ւր ես, որ…
ՏՂԱ — (սթափվելով): Ուշադրությո՛ւն, ուշադրությո՛ւն: Շաուրմանոցում աշխատանքի ենք հրավիրում փորձառու շուն բռնողների: (Աղջկան.) Գալի՞ս ես:
ԱՂՋԻԿ — Ո՛չ:
ՏՂԱ — Ուշադրությո՛ւն, շաուրմանոցում աշխատանքի ենք հրավիրում փորձառո՛ւ շուն բռնողների:
Տղան հեռանում է, աղջիկը մնում է մենակ:
ԳՈՐՈ — Խի չգնացի՞ր որ…
ԱՂՋԻԿ — (սթափվելով): Ո՞ւր, շուն բռնելո՞ւ…
ԳՈՐՈ — Պարտադիր չի` շուն բռնես, մի ուրիշ բան կանես, կարևորը ի՛նչ անելը չի, այլ…
ԱՂՋԻԿ — Սո՛ւս: Գիտեմ: Չեմ կարողանում…
ԳՈՐՈ — Չես կարողանո՞ւմ, թե՞ չես ուզում:
ԱՂՋԻԿ — Ի՞նչ տարբերություն:
ԳՈՐՈ — Կա՛ տարբերություն: Դու էլ իր նման արա` ինչ շեֆդ է ասում, և վերջ:
ԱՂՋԻԿ — Ի՜նչ շուն, ի՜նչ շեֆ, էլի փախավ ընկերների մոտ…
ԳՈՐՈ — Թե՞ փախցրիր…
ԱՂՋԻԿ — Օ՜ֆ, հավեսդ չունեմ, հա՞:
ԳՈՐՈ — Արի, ասեմ…
Գորոն ինչպես հայտնվել, այնպես էլ անհետանում է, աղջիկն սկսում է փնտրել նրան, բայց հասկանալով, որ անիմաստ է, հեռանում է, բեմը մի պահ մնում է դատարկ: Զգացվում է, որ ժամանակ է անցնում:
ՏԵՍԱՐԱՆ ԵՐՐՈՐԴ
Որոշակի ժամանակ անց:
ԵՐԻՏԱՍԱՐԴ ՏՂԱ — Hello, baby.
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՂՋԻԿ — Շնորհակալություն, լավ եմ:
ԵՐԻՏԱՍԱՐԴ ՏՂԱ — Մոռացել ես ինձ:
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՂՋԻԿ — Պիտի հիշեի՞:
ԵՐԻՏԱՍԱՐԴ ՏՂԱ — Դո՛ւ կիմանաս: (Ընդհուպ մոտենալով:) Ես որ միշտ հիշում եմ քեզ ու… Լա՞վ ես:
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՂՋԻԿ — Հա: Լավ եմ, իսկ դո՞ւ: Հիշում ես, ու ի՞նչ: Միայն թե չասես` կարոտում էիր:
ԵՐԻՏԱՍԱՐԴ ՏՂԱ — Իսկ ես, գիտե՞ս, ինչքան ժամանակ է, սեքս չեմ…
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՂՋԻԿ — Դա ինձ չի վերաբերվում:
ԵՐԻՏԱՍԱՐԴ ՏՂԱ — Բայց ես քեզ եմ ուզում:
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՂՋԻԿ — Այդքան վստա՞հ ես, որ ես հիմարի մեկն եմ:
ԵՐԻՏԱՍԱՐԴ ՏՂԱ — Էս ինչե՞ր ես խոսում, կյանք: Ամոթ չի՞:
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՂՋԻԿ — Ամոթ է: Բայց ո՞ւմ:
ԵՐԻՏԱՍԱՐԴ ՏՂԱ — Լսի, ի՞նչ ամոթ, ի՞նչ հիմար, ի՞նչ… եսիմ ինչ: Ուրեմն դո՛ւ իմ մասին այդքան վատ կարծիքի ես: Հա՞: Էդ է՞ր հասկացածդ:
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՂՋԻԿ — Ինչ կար, էն էլ հասկացել եմ: Քո մասին էլ կարծիք դեռ չեմ հայտնել:
ԵՐԻՏԱՍԱՐԴ ՏՂԱ — Ու ի՞նչ ես հասկացել:
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՂՋԻԿ — Այդ մասին խոսել չեմ ուզում:
ԵՐԻՏԱՍԱՐԴ ՏՂԱ — (շինծու): Դե, իհարկե, դու հանդիսավորությամբ կարող ես հայտարարել` ինչ ուզես, միայն թե քո վերամբարձ դիրքից չիջնես, իսկ ես… Ես ուղղակի ցնցված եմ: Ասածներդ չեն տեղավորվում գլխիս մեջ, որովհետև ականջներիս չեմ հավատում: (Չթողնելով աղջկան պատասխանել:) Որովհետև ամեն օր չեմ կարողացել քեզ տեսնել, զանգել կամ գրել, մտածե՜լ ես, որ չե՞մ հիշում: Ո՞նց կարող էիր մտածել, թե ինձ պետք չես: Սպասի, սպասի՜: Սպասի՛ր, ասում եմ:
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՂՋԻԿ — Վերջ տուր:
Դադար:
ԵՐԻՏԱՍԱՐԴ ՏՂԱ — Հասկանում եմ, իրավունք ունես, ես էլ այդպես կմտածեի… Բայց իրականությունը դա չի:
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՂՋԻԿ — Վերջ տուր, ասացի: Եվ բավական է ինձ հիմարի տեղ դնես: Չես ուզել` չես տեսել, պետք չէի` չես էլ գրել:
ԵՐԻՏԱՍԱՐԴ ՏՂԱ — Սխալվում ես: Պետք էիր ու հիմա էլ ես պետք:
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՂՋԻԿ — Հա, ճիշտ որ… Շա՛տ հետաքրքիր է, թե ես քո ինչին եմ պետք:
ԵՐԻՏԱՍԱՐԴ ՏՂԱ — Պրիմիտիվ հարց ես տալիս ու անիմաստ: Ինչո՛ւ եմ ես քեզ պետք, այդ նույն պատճառով էլ դու ես…
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՂՋԻԿ — Դե, քո բազմիմաստ պերճախոսությունն ինձ որտեղի՞ց, դու այնքան մեծ-մեծ տեղերից ես բռնացնում, որ իմ պրիմիտիվ տրամաբանությանն ի՞նչ բացատրես: Ստիպված` իմ պրիմիտիվ հարցը թողնում ես անպատասխան:
ԵՐԻՏԱՍԱՐԴ ՏՂԱ — Դե տես, թե քեզ ինչ կպատասխանեմ: (Խաղալով:) Ես քեզ չեմ մոռանում… Լսի, լսի, չեմ կարողանո՛ւմ մոռանալ, ինչքան էլ որ ժամանակ անցնի, չեմ մոռանալու…. Իսկ դու ինձ վիրավորում ես: Նվաստացնում… Չէ, լսի, լսի: Կարող էիր՝ դու գայիր, տեսնեիր ինձ, մի քիչ անհանգստանայիր, այդքան մտերիմ էինք…
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՂՋԻԿ — Էինք…
ԵՐԻՏԱՍԱՐԴ ՏՂԱ — Թե՞ կեղծում էիր:
Աղջիկը տարուբերում է գլուխը` հասկանալով, որ անիմաստ է պատասխանելը:
ԵՐԻՏԱՍԱՐԴ ՏՂԱ — Ես քեզ հետ անկեղծ եմ, ու ինչքան էլ կոպտես, քեզնից չեմ նեղանա: Որովհետև հասկանում եմ, որ կարծում ես, թե անլուրջ մտադրություններով եմ ընկերություն արել հետդ, բայց, իհարկե, այդպես չէր… Դու ինձ պետք էիր, այսինքն` հիմա էլ ես պետք, բայց դե, գնալ էլ էր պետք… Ժամանակ չկար… ու հետո… Լավ, հաստատ պետք ես, ու մենք կհանդիպենք: Այդպես մի նայիր: Կարճ ասած` պետք չլինեիր` չէի գա:
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՂՋԻԿ — Չպատասխանեցիր, թե ինչիդ եմ պետք:
ԵՐԻՏԱՍԱՐԴ ՏՂԱ — Դա ի՞նչ հարց է, որ…
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՂՋԻԿ — Ինչի՞ համար եմ պետք: Ե՛ս, քե՛զ:
ԵՐԻՏԱՍԱՐԴ ՏՂԱ — Ինչի համար որ մարդիկ իրար պե՛տք են լինում… Ըստ նպատակահարմարության:
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՂՋԻԿ — Եթե դու ինձ պե՛տք լինեիր, ինքս կգրեի:
ԵՐԻՏԱՍԱՐԴ ՏՂԱ — Լա՜վ, թող էդ, էնքան պետք ասեցինք, պետքարան դարձավ…
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՂՋԻԿ — Ինչպե՞ս ես միշտ հաջողացնում խուսափել պատասխանատվությունից:
ԵՐԻՏԱՍԱՐԴ ՏՂԱ — Ինձ համար միշտ հաճելի է եղել քեզ հետ շփվելը:
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՂՋԻԿ — Էլի խոսքը կտուրը գցեցիր:
ԵՐԻՏԱՍԱՐԴ ՏՂԱ — Ի՞նչ ես ուզում ինձնից: Այդպես ավելի հարմար է: Ու վստահ եմ, որ իրար հիմա ավելի հետաքրքիր ու հաճելի կլինենք:
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՂՋԻԿ — Չէ, դու ինձ չես ճանաչում…
ԵՐԻՏԱՍԱՐԴ ՏՂԱ — Դե վերջացրու…
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՂՋԻԿ — Ատում եմ, երբ ամեն անգամ այդպես անամոթաբար ասում ես` դե վերջացրո՜ւ… Ամեն անգամ ուզում եմ… բռնել…
ԵՐԻՏԱՍԱՐԴ ՏՂԱ — Ուտել, խեղդել, սիրե՜լ… Արի գրկեմ: Քեզ հետ զրուցելն անգամ հաճույք է ինձ համար:
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՂՋԻԿ — Ուզում էիր ասել` զվարճալի:
ԵՐԻՏԱՍԱՐԴ ՏՂԱ — Նայած հանգամանքների:
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՂՋԻԿ — Դու իմ կյանքում չկաս այլևս…
ԵՐԻՏԱՍԱՐԴ ՏՂԱ — Վերջ, էլ ոչ մի խոսք չասես: Թե չէ նորից ամեն ինչ կփչացնես:
Գրկվում են, սիրով են զբաղվում: Վարագույրը դանդաղ փակվում է և ուժգին սկսում թափահարվել, աշխարհի բոլոր բարձրախոսերից հնչում են խոսափող ստուգող ձայներ:
ԳՈՐՈ — Բա ե՞ս, էս ո՞ւր եմ ես…. Ես միշտ կամ, ես չեմ կարող չլինել…
ՏԵՍԱՐԱՆ ՉՈՐՐՈՐԴ
Դարձյալ որոշակի ժամանակ անց:
ՏՂԱՄԱՐԴ — Զանգեցի, չպատասխանեցիր…
ԿԻՆ — Հա, ուրիշի հետ էի…
ՏՂԱՄԱՐԴ — Ուզում ես ասել, այլևս ինձ չես սիրում…
ԿԻՆ — Սիրում եմ… (Դադար:) Բայց չեմ ցանկանում:
ՏՂԱՄԱՐԴ — Իսկ ուրիշների՜ն…
ԿԻՆ — Խանդո՞ւմ ես:
ՏՂԱՄԱՐԴ — Այո՛: Ոչ մի ուրիշ:
ԿԻՆ — Ի՞նչ… Դու քեզ կողքից տեսե՞լ ես:
ՏՂԱՄԱՐԴ — Դու որ լինեիր իմ փոխարեն, ի՞նչ կմտածեիր…
ԿԻՆ — Ինչ ուզում ես` մտածիր, միայն թե մի արտահայտվիր… Անտանելի ես:
ՏՂԱՄԱՐԴ — Ի՞նչ, ե՞ս եմ անտանելի, իսկ քո ասածը…
ԿԻՆ — Ես պարտավորություններ չունեմ քո հանդեպ:
ՏՂԱՄԱՐԴ — Իսկ մարդկային պարզ բարոյականությո՞ւնը:
ԿԻՆ — Մենք վաղո՜ւց բաժանվե՛լ ենք:
ՏՂԱՄԱՐԴ — Բայց դու ինձ ես սիրում, չէ՞:
ԿԻՆ — Չէ:
ՏՂԱՄԱՐԴ — Ձեռք մի առ, հա՞:
Երկար դադար
ՏՂԱՄԱՐԴ — Գիտե՞ս` ովքեր են… շատերի հետ…
ԿԻՆ — Գիտեմ…
ՏՂԱՄԱՐԴ — Լավ է, որ գիտես:
ԿԻՆ — Գիտեմ նաև, որ շատերն են պետք, որ մոռացնել տան առաջինին…
ՏՂԱՄԱՐԴ — Դրա փոխարեն մարդավարի նայիր աշխարհին:
ԿԻՆ — Ես էլ եմ մարդ, ինչպես էլ նայեմ, մարդու հայացք կլինի:
ՏՂԱՄԱՐԴ — Գիտենք, դրա համար էլ ասում եմ…
ԿԻՆ — Ինչո՞ւ ես եկել:
ՏՂԱՄԱՐԴ — Քեզ տեսնելու:
ԿԻՆ — Պետք չէր նեղություն քաշել:
ՏՂԱՄԱՐԴ — Լսիր…
ԿԻՆ — Լավ եմ, ամեն ինչ նորմալ է, զգացված եմ, որ… հետաքրքրվում ես ինձնով, բայց կարող էիր հեռախոսով հարցնել որպիսությունս:
ՏՂԱՄԱՐԴ — Քեզ տեսնելն ինձ համար հաճույք է:
ԿԻՆ — Իսկ ինձ համար…
ՏՂԱՄԱՐԴ — Մի քիչ հաճույք ստանալու համար կարելի է մի քիչ էլ նեղություն քաշել:
ԿԻՆ — Խեղճ տղա, ինչպիսի զոհաբերություն: Սերունդները գուցե քեզ չմոռանան, բայց ես հազիվ թե գնահատեմ սխրանքդ…
ՏՂԱՄԱՐԴ — Դե վերջացրու… (Նկատելով, որ կինը խեթում է:) Դե վերջ տուր, լավ:
ԿԻՆ — Դու վերջ տուր, ինչո՞ւ ես եկել:
ՏՂԱՄԱՐԴ — (գոռալով): Ասացի` քեզ տեսնելու:
ԿԻՆ — Ես էլ ասացի` քեզ տեսնելու ցանկություն չունեմ:
ՏՂԱՄԱՐԴ — Գիտեմ, լսեցի, խուլ չեմ: Որ եկել եմ, ուրեմն պետք է:
ԿԻՆ — Դե, դա հասկանալի է… Հնգամյակը մեկ քեզ հանկարծ պետք եմ լինում. դու փայլատակում ես ունենում, ու մենք հանդիպում ենք և մեր սուրբ պարտքը համարում պարզել, թե մեկմեկու ինչին ենք պետք: Իրականում… ինքդ էլ չգիտես, թե ինչ ես ուզում:
ՏՂԱՄԱՐԴ — Քեզ եմ ուզում:
ԿԻՆ — Ինչո՞ւ:
ՏՂԱՄԱՐԴ — Ե՛ս… քե՛զ… Հասա՞վ տեղ:
ԿԻՆ — Ինչո՞ւ: Դա քո…
ՏՂԱՄԱՐԴ — Ասացի էլի` քեզնից քե՛զ եմ…
ԿԻՆ — Դե իհարկե…
ՏՂԱՄԱՐԴ — Վերջ տուր, ասել եմ քեզ ու միշտ ասում եմ, որ չեմ կարողանում մոռանալ: Քե՛զ:
ԿԻՆ — Ուրեմն առավել ևս չպետք է գայիր, մի հիշիր, մի տես, որ մոռանաս: Ի՛նձ: Չե՞ս հասկանում: Պարզ տրամաբանություն է: Մարդկային պարզ տրամաբանություն… Սովորաբար այդպես են անում: Մարդիկ հիմա այդպես են նայում աշխարհին, կյանքից ետ ես մնացել:
ՏՂԱՄԱՐԴ — Ո՜վ է կյանքից ետ մնալուց խոսում: Մի մարդ, որը պատկերացում անգամ չունի, թե ինչ բան է կյանքը:
ԿԻՆ — Հա՜, բա օգնեիր` հասկանայի:
ՏՂԱՄԱՐԴ — Քե՞զ…
ԿԻՆ — Հա: Նյութակա՛ն կյանքը, դու դա նկատի ունես, չէ՞:
ՏՂԱՄԱՐԴ — Առանց նյութականի կյանք չկա: Հասկացի՛ր: Քո ոգեղեն գաղափարներն առանց նյութի կյանք չունեն: Չհասկացա՞ր, որ չպետք է առանձնացնես, մեկը մյուսից է բխում, կամ մեկը մյուսով պայմանավորվում:
ԿԻՆ — Բայց դու այդպես միայն ասում ես, իրականում միայն դատարկ նյութն ես պաշտում, իսկ բովանդակության վրա թքած ունես: Ի՜նչ ոգի, ինչ հոգի՜:
Երկար դադար:
ԿԻՆ — Ոչ մի պետքարան էլ չդարձավ ու չկա… Իսկ ես կյանքից ետ չեմ մնացել:
ՏՂԱՄԱՐԴ — Դե հա, ուղղակի դու էս կյանքից չես:
Դադար:
ՏՂԱՄԱՐԴ — Վայելիր, էլի՜, քանի՞ կյանք ես ապրելու, որ…
ԿԻՆ — Դա իմ վայելքը չի: Սա իմ կյանքը չի, ես ուրիշի… ուրիշ… (Կտրուկ խոսքը փոխելով:) Եվ բարոյական չէ ամեն անգամ աչքս խցկվել ու թույլ չտալ, որ ես էլ քեզ մոռանամ ու կարողանամ հանգիստ ապրել…
ՏՂԱՄԱՐԴ — Լա՜վ, ինչո՞ւ ես ամեն ինչ բարդացնում:
ԿԻՆ — Լսիր: Եթե երեկ կարող էր ինչ-որ բան լինել, որ միայն մերն էր, այսօր արդեն դու քո կյանքից ես գալիս, իսկ ես իմ կյանքի ծանրության տակ եմ կքած: Ներիր:
ՏՂԱՄԱՐԴ — Բայց ես…
ԿԻՆ — Մի անհանգստանա, քեզնից սպասելիք չունեմ, ես ընդհանրապես ոչ ոքից ոչինչ չեմ սպասում: Նույնիսկ Աստծուց: Արդեն ոչինչ չեմ խնդրում: Որովհետև ինչ որ տալիս է, շատ ցավոտ է: Էլ իմաստ չունի…
ՏՂԱՄԱՐԴ — Դու շատ սխալ ես մտածում:
ԿԻՆ — Ես քեզ հասկանում եմ, արդեն տուն-տեղ ես դրել և կարող ես ուրիշներին էլ դաս տալ…
ՏՂԱՄԱՐԴ — Ա՛յ… (Զսպում է իրեն, որ վիրավորական խոսք չասի:)
ԿԻՆ — Նորմալ է, այդպես էլ պիտի լիներ: Դրա համար եմ ասում` դու արդեն քո կյանքից ես գալիս, իսկ ես իմ խոհանոցում եմ մնացել…
ԳՈՐՈ — (հայտնվելով, տղամարդուն` շշուկով): Ախպեր, դու ստեղ ի՞նչ ես անում:
ԿԻՆ — Է՞, գործերդ ինչպե՞ս են, լա՞վ ես:
ՏՂԱՄԱՐԴ — Ո՞ւմ ես հարցնում:
ԿԻՆ — Որ ասեմ` Գորոյին, կհավատա՞ս;
ԳՈՐՈ — (տղամարդուն): Ել, ել գնանք: (Անհետանում է:)
Դադար:
ՏՂԱՄԱՐԴ — Ինչո՞ւ չես ասում, թե ինչ է պատահել:
ԿԻՆ — Դու չես կարող ոչինչ փոխել: Ուրեմն ինչո՞ւ ծանրաբեռնեմ քեզ անդուր հարցերով:
ՏՂԱՄԱՐԴ — Ապրես, որ այդքանը հասկանում ես, դե ուրեմն, ժպտա:
ԿԻՆ — Ատում եմ, երբ սկսում են զգացումներ ձևել:
ՏՂԱՄԱՐԴ — Քեզ հետ ի՞նչ է կատարվում:
ԿԻՆ- Ոչինչ, այլևս բացարձակապես ոչինչ:
ՏՂԱՄԱՐԴ — Մեկ ուրախ ես, մեկ էլ` թող ու փախի: Հետդ խոսել չի լինում:
ԿԻՆ — Ցավին եմ ընտելանում:
ՏՂԱՄԱՐԴ — Ի վերջո, ամեն ինչին էլ ընտելանում ենք:
ԿԻՆ — Ըհը, և կորուստների առատության մեջ նոր կորուստը չի էլ նկատվում, չէ՞… Որովհետև քաշ չի ավելացնում: Արդեն նույնիսկ ցավ չի պատճառում:
ՏՂԱՄԱՐԴ — Շատ լավ, եթե ես չեմ կարող ինչ-որ բանով օգնել, կարող ես ուղղակի պատմել, գոնե սիրտդ կթեթևանա:
ԿԻՆ — Իմ սիրտը միայն քո գլուխը ջարդելով կթեթևանա: Չեմ ուզում խոսել քեզ հետ:
ՏՂԱՄԱՐԴ — Այդպես չի կարելի: Կիրթ կին ես, բայց ցածրամակարդակ արտահայտություններ ես քեզ թույլ տալիս: Գլուխ ջարդելը ո՞րն է:
ԿԻՆ — Դե ուրեմն, պիտի այնպես անես, որ չծնվեի:
ՏՂԱՄԱՐԴ — Ես՞…
ԿԻՆ — Խնդրում եմ: Նորից կրակն եմ ընկնելու, նորից տառապելու եմ: Վերջ, բավական է, գնա:
ՏՂԱՄԱՐԴ — Խմա՞ծ ես… (Դադար:) Եթե չծնվեիր, քեզ չէի հանդիպի: Իմ կյանքը փուչ կմնար:
ԿԻՆ — Ուրախ եմ, որ մի օգուտ տվել եմ:
ՏՂԱՄԱՐԴ — Դա օգուտ չի, դա… չգիտեմ ինչ է:
ԿԻՆ — Ես չլինեի, մեկ ուրիշը կլիներ: Դարդ մի արա:
ՏՂԱՄԱՐԴ — Ուրիշն ինչի՞ս է պետք:
ԿԻՆ — Եթե քեզ վիճակված էր ստանալ` կստանայիր, կստանաս, մանրուքները կարևոր չեն:
ՏՂԱՄԱՐԴ — Դու մանրուք չես:
ԿԻՆ — Տիեզերքի հաշիվների մեջ ես չկամ: Ես Աստծո հաշիվների մեջ էլ չկամ: Դրա համար էլ… Մեղա, մեղա…
ՏՂԱՄԱՐԴ — Արի էդ մասին չխոսենք, հա՞: Ինձ նայիր:
ԿԻՆ — Հա, գիտեմ, ելք չի: Ճար չկա:
ՏՂԱՄԱՐԴ — Չես մոռացել, չէ՞, որ երեխա ունես:
ԿԻՆ — Մի վախեցիր, ինձ եթե մի բան լինի, երեխան քո խնդիրը չի դառնա:
ՏՂԱՄԱՐԴ — Ես քո մասին եմ մտածում:
ԿԻՆ — Դե հա…
ՏՂԱՄԱՐԴ — Գլխիցդ հիմար մտքերը հանիր, ժպտա, դու ուժեղ կին ես, միշտ ուրախ ես եղել, ի՞նչ պատահեց քեզ:
ԿԻՆ — Եթե իմանայի, թե վերջը որտեղ է, հաստատ չէի վարանի, բայց չգիտեմ, թե դա արդյո՞ք ավելի մեծ ցավ չի… Թվաբանական պրոգրեսիայով միայն ցավ է ավելանում ու ամեն անգամ` ավելի դաժան: Այն աստիճան, որ վերջինից հետո… կապ չունի, որ արդեն ցավ չեմ զգում, ինձ խարազանում են, իսկ իմ ոչ մի տեղը չի ցավում: Ես իմ աչքում ոչնչացված եմ, ուրիշի համար՝ նախանձի առարկա, դրսերում վարկ չունեմ, ներսում պատվախնդիր եմ և բոլոր հարցերում ու բոլոր հանգամանքներում՝ անկողմնակալ: Իսկ իրականությունը, պարզվում է, այլ… բան… է: Ի սկզբանե էր Բանընն…
Դադար:
ՏՂԱՄԱՐԴ — Եթե իմանամ, որ իմ չգալով ու չզանգելով քեզ երջանիկ կզգաս` հավատա, էլ չեմ անհանգստացնի… Բայց… Դու ինքդ ես ուզում, չէ՞, ինձ տեսնես…
ԿԻՆ — Չէ:
ՏՂԱՄԱՐԴ — …սիրես…
ԿԻՆ — Աչք չի, որ հանեմ, դեն նետեմ…
ՏՂԱՄԱՐԴ — Գիտեմ, հոգի է, ու շատ քնքուշ հոգի… Մի կեղեքիր քեզ… Մի նայիր այդպես… Ու էլ չասես, թե ելք չկա, տարբերակ չկա… Դու արդեն առանց ինձ ապրել չես կարող, թող ամեն ինչ մնա այնպես, ինչպես կա… Լա՞վ:
Դադար:
ԿԻՆ — Կորիր գրողի ծոցը…
ՏՂԱՄԱՐԴ — (փաղաքշելով): Այսինքն` քո՞… Կորել եմ, էլ ի՞նչ ես ուզում… Սատանա՜… Հոգեա՜ռս…
ԿԻՆ — Թող: Չհամարձակվես:
ՏՂԱՄԱՐԴ — Ասա, որ սիրում ես ինձ:
ԿԻՆ — Ես պատվերով չեմ խոսում…
ՏՂԱՄԱՐԴ — (ակամա ծիծաղելով): Լավ: Նայիր սրտիդ խորքն ու ասա, թե…
ԿԻՆ — Կարևոր չի:
ՏՂԱՄԱՐԴ — Բայց դեռ բան չեմ ասել:
ԿԻՆ — Գիտեմ` ինչ ես հարցնելու:
ՏՂԱՄԱՐԴ — Դեռ…
ԿԻՆ — Թող:
ՏՂԱՄԱՐԴ — Վերջ: Թուղթ ու գրիչ վերցրու և գրիր… (Գտնում, ինքն է տալիս:) Վերցրու… Էս էլ… Գրի…
ԿԻՆ — Ես ուրիշի ապրումները չեմ հանձնում թղթին:
ՏՂԱՄԱՐԴ — Քոնը գրիր:
ԿԻՆ — Իմը արյունով է գրված, ոչ թե թանաքով… Ու արդեն վերջանում է…
ՏՂԱՄԱՐԴ — Այսինքն` դեռ չի վերջացել, ինչ-որ բան կա՞ դեռ տակը:
ԿԻՆ — Վամպիր…
ՏՂԱՄԱՐԴ — Օձ…
ԿԻՆ — Երանի չէ՞ր` մի քիչ թույն ունենայի…
ՏՂԱՄԱՐԴ — Թույն չունես, է՜, հում-հում կուլ ես տալիս, ամբողջական, եփում, խորովում, վառում-թափում, կուլ ես տալիս… Ծիծաղելու բան չկա, կատակ չեմ անում…
ԿԻՆ — Հիմա հում-հո՞ւմ, թե՞ եփած-խորոված…
ՏՂԱՄԱՐԴ — Եփած-խորոված, բայց հում թողած: Ես ի՞նչ անեմ, որ քեզ ինչքան եփեն` հում ես մնում:
ԿԻՆ — Դախը դու ես:
ՏՂԱՄԱՐԴ — Դու ես:
ԿԻՆ — Է, հա, ես եմ, պրծա՞նք… Էլ ի՞նչ ես ուզում ինձնից… Գնա լավ կնոջդ գիրկը:
ՏՂԱՄԱՐԴ — Օձիքս թող…
ԿԻՆ — Ներողությո՞ւն…
ՏՂԱՄԱՐԴ — Բռնել ես ու բաց չես թողնում, քեզնից գլուխ չեմ հանում:
ԿԻՆ — Քեզ բարի ճանապարհ և թարմ ջուր:
ՏՂԱՄԱՐԴ — Ի՞նչ:
ԿԻՆ — Անապատի բնակիչներն իրենց հյուրերին ճանապարհելիս այդ են մաղթում:
ՏՂԱՄԱՐԴ — Մենք անապատում չենք:
ԿԻՆ — Եկել ես հրաժեշտ տալու, չէ՞: Ու, ինչքան հասկացա` ընդմիշտ:
ՏՂԱՄԱՐԴ — Դու աննորմալ ես:
ԿԻՆ — Միայն չասես, թե…
ՏՂԱՄԱՐԴ — Դու տհաս ես: Չէ, դու բթամիտ ես… Ուղղակի ապուշի մեկն ես… Ես քեզ ասացի` գործուղման եմ մեկնում, եկել եմ հրաժեշտ տամ, ոչ թե քեզ հրաժեշտ տամ…
ԿԻՆ — Տարբերությունը մեծ չի:
ՏՂԱՄԱՐԴ — Տարբերությունն ահռելի մեծ է, վիթխարի տարբեր…
ԿԻՆ — Դու ասացիր` այսօր մեր վերջին օրն է…
ՏՂԱՄԱՐԴ — Տարբերություն չտեսա:
ԿԻՆ — Տարբերությունն ահռելի է:
ՏՂԱՄԱՐԴ — Գործուղում գնալուց առաջ վերջին օրը:
ԿԻՆ — (բացասաբար տարուբերում է գլուխը): Լավ, կարևոր չի…
ՏՂԱՄԱՐԴ — Ի՞նչ սև կատու անցավ մեր…
ԿԻՆ — Մենք ինքներս…
ՏՂԱՄԱՐԴ — Նույնիսկ չեմ էլ հասկանում, չեմ էլ հիշում, թե ինչ կատարվեց:
ԿԻՆ — Շատ լավ էլ հասկանում ես, շատ լավ էլ գիտես:
ՏՂԱՄԱՐԴ — Եղածն եղած է: Ես…
ԿԻՆ — «Եղածն եղած է: Թեթև տար: Քեզ մի տանջիր, էլ ետ չես բերի»… և այլն:
ՏՂԱՄԱՐԴ — Ի՜նչ հանգիստ ես խոսում…
ԿԻՆ — Հը:
ՏՂԱՄԱՐԴ — Արի…
ԿԻՆ — Ներիր, գնալուս ժամանակն է: Ես պիտի գնամ:
ՏՂԱՄԱՐԴ — Հա… Այո, իհարկե: Գնա՛, գնա՜:
ԿԻՆ — Մնաս բարով:
ՏՂԱՄԱՐԴ — Ես հրաժեշտ չեմ տալիս:
ԿԻՆ — Ինչպես կամենաս:
ՏՂԱՄԱՐԴ — Ես կվերադառնամ ու մենք կխոսենք:
ԿԻՆ — Մենք խոսելու բան չունենք:
ՏՂԱՄԱՐԴ — Կճարենք:
ԿԻՆ — Կտեսնե՛նք:
ՏՂԱՄԱՐԴ — Լավ, նոթերդ մի՛ կիտիր: (Անձեռոցիկ տալով:) Վերցրու, սրբիր:
ԿԻՆ — Զգույշ…
ՏՂԱՄԱՐԴ — Ես քեզ համար ամեն ինչ կանեմ… Ես քեզ…
ԳՈՐՈ — (հայտնվելով՝ տղամարդուն): Շը՜շշ… Կի՛նդ: (Տղամարդուն` իբրև նրա օրինական կինը:) Այ մարդ, ի՞նչ եղար: Ուշանում ենք:
ՏՂԱՄԱՐԴ — Արդեն գալիս եմ, սիրելի՜ս:
ԿԻՆ — Ասում էիր` գործուղման ես գնում:
ՏՂԱՄԱՐԴ — (մի քիչ շփոթված): Դե հա, էլի որ…
ԿԻՆ — Կնոջդ հե՞տ…
ՏՂԱՄԱՐԴ — Ներիր, կգամ կբացատրեմ:
ԿԻՆ — Բացատրիր ու գնա: Չնայած բացատրելու բան չկա, ամեն ինչ կինդ է դասավորում, գործուղումդ էլ նրա կազմակերպածը կլինի:
ՏՂԱՄԱՐԴ — (գումար տալով): Դե, ինքդ ես տեսնում, որ պիտի գնամ:
ԿԻՆ — Գնա ու էլ չգաս…
ԳՈՐՈ — (տղամարդուն` շշուկով): Քեզ քեզնից լավ է ճանաչում:
ՏՂԱՄԱՐԴ — (համբուրելով): Կգամ, կխոսենք:
ԳՈՐՈ — (կնոջը` շշուկով): Քեզ քեզնից լավ է ճանաչում…
Տղամարդը, օդային համբույրներ թողնելով, հեռանում է:
ԳՈՐՈ — (կնոջը): Եվ այսպես ամեն անգամ:
ԿԻՆ — Հա:
ԳՈՐՈ — Ամբողջ կյանքդ:
ԿԻՆ — Հա:
ԳՈՐՈ — Չե՞ս հոգնել:
ԿԻՆ — Հա:
ԳՈՐՈ — Բա դու դրա՞ն ես արժանի, էս ո՞ւր ես հասել:
ԿԻՆ — Նայած` որ կողմից կնայես…
Կինը նույնպես հեռանում է: Մնում է բարձրախոսների անորոշ խշխշոցը:

Կարդացեք նաև