Գուրգեն ԽԱՆՋՅԱՆ / ՄԻ ԱՆԳԱՄ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Սառչում ես, սառույց դառնում, հետո հալեցնում են՝ հայտնվում ես ապագայում. ասում են՝ սա հնարավոր տարբերակ է, նույնիսկ ոմանք արդեն ինքնակամ սառեցվել են՝ ապագայում հայտնվելու հույսով: Ցավոք՝ չկա նույնի ետընթաց տարբերակը՝ սառչես, հալեցնեն՝ հայտնվես անցյալում, քո ջահելության քաղաքում: Հնարավոր տարբերակում դո՛ւ ես դառնում անցյալ ապագայի մեջ, քո՛ մեջ են տեսնում իրենց ջահելության քաղաքը:
Սա կատարվեց իմ պիեսի հերոսի հետ, ծանոթացեք…

Կատակերգություն բազմաթիվ պատկերներով

Գործող անձինք.
ՎԱՐԴԱՆ — 60-ն անց, բայց տեսքով` մոտ 30 տարեկան
ՄԱՐԻ — Վարդանի նախկին կինը, 60-ն անց
ՆՈՒԲԱՐ — Մարիի ամուսինը, օպերային երգիչ
ՌՈՒԶԱՆ — նրանց աղջիկը, մոտ 20 տարեկան
ՍՈՍ — Վարդանի մանկության ընկերը, 60-ն անց
ԺԻՐՈ — Վարդանի ընկերը, 60-ն անց
ՇԱՔԵ — Վարդանի ընկերուհին, 60-ին մոտ
ԱԶԻԶ — եզդի հովիվ, միջին տարիքի
ՍՈՖԻ — Շաքեի դուստրը
ՄԻՍԱԿ — վարսավիրանոցի այցելու
ԱՌԱՔԻՉ
ՏՂԱ
ԿԻՆ — պարսկուհի
ԱՂՋԻԿ

ՊԱՏԿԵՐ 1
Վարդանի հայրական բնակարանը: Մարին և Ռուզանը: Չերևացող սենյակից լսվում է Նուբարի երգեցողությունը. «Երևան դարձած, իմ Էրեբունի…»: Դռան զանգ:
ՄԱՐԻ — Ռուզան, բաց արա դուռը, աղջիկս, թե փող ուզեն` տուր, գիշերս վատ երազ եմ տեսել:
ՌՈՒԶԱՆ — Ինչքա՞ն տամ:
ՄԱՐԻ — Ինչքա՞ն մանրադրամ կա մոտդ:
ՌՈՒԶԱՆ — Երազը դու տեսնես, փողը ես տա՞մ:
ՄԱՐԻ — Տուր` կտամ, վայ:
Ռուզանը գնում է դուռը բացելու, ետ է գալիս Վարդանի հետ:
ՎԱՐԴԱՆ — (մանրադրամը ձեռքին, շփոթված): Բարի օր…
ՄԱՐԻ — Ռուզա՛ն, ասացի` փող տուր, չասացի` տուն հրավիրիր: (Վարդանին.) Ջահել, պինդ տղա եք, բա ձեզ սազո՞ւմ է փող մուրալը:
ՎԱՐԴԱՆ — Ես փող չեմ ուզել, զոռով խցկեց բուռս… (Փողը դնում է սեղանին:)
ՄԱՐԻ — Չհասկացա… Բա ի՞նչ է ձեր ուզածը:
ՌՈՒԶԱՆ — Ասում է… Ասում է` իր տունն է:
ՄԱՐԻ — Ի՞նչ…
ՌՈՒԶԱՆ — Ասում է` դու իր կինն ես:
ՄԱՐԻ — Ոստիկանություն զանգիր, Ռուզան, ավանտյուրիստ է:
ՎԱՐԴԱՆ — Մարի…
ՄԱՐԻ — Ես քեզ ի՞նչ Մարի, այ լկտի: Ռուզա՛ն, հո՛րդ կանչիր:
ՌՈՒԶԱՆ — Ահաա՜…
ՄԱՐԻ — Ինչո՞ւ, ամեն դեպքում տղամարդ է…
ՎԱՐԴԱՆ — Մարի, մի՞թե դու ես…
ՄԱՐԻ — Ես ես եմ, դո՞ւ ով ես, այ հարբեցող:
ՎԱՐԴԱՆ — Ես եմ, Մարի, Վարդանն եմ:
ՄԱՐԻ — Վարդա՞ն… Ի՞նչ Վարդան… Վարդան… (Ակնոց է դնում, ուշադիր նայում է:) Վարդան… (Ճչալով ուշաթափ է լինում:)
ՌՈՒԶԱՆ — Վայ, մամաս, մամա… Ուշքի չի գալիս, հեռախոսս ո՞ւր է…
ՎԱՐԴԱՆ — Սպասեք, ես ձևը գիտեմ: (Ապտակում է Մարիի այտերին:)
ՌՈՒԶԱՆ — Մի խփեք մորս:
ՎԱՐԴԱՆ — Ահա, ուշքի է գալիս:
ՄԱՐԻ — (աչքերը բացելով): Հոգեբուժարան զանգիր, աղջիկս, ասա` մորս աչքին տեսիլքներ են երևում, ոգիները խոսում են հետը:
ՎԱՐԴԱՆ — Ոգի չի, Մարի, իսկապես ես եմ: Բայց դու դո՞ւ ես:
ՄԱՐԻ — Ես չեմ:
ՎԱՐԴԱՆ — Դու ես, այտիդ խալը, դնչիդ փոսիկը… Վարդանն եմ, Մարի, քո ամուսինը:
ՄԱՐԻ — Վարդան…
ՎԱՐԴԱՆ — Այո, ես եմ: Էսպես ստացվեց, ներող եղիր:
ՄԱՐԻ — Չեմ հասկանում, քեզ երսունհինգ տարի սառնարանո՞ւմ են պահել, որ չես ծերացել:
ՎԱՐԴԱՆ — Համարյա կռահեցիր:
ՌՈՒԶԱՆ — Ահա, թե ինչ, հիմա հասկացա. ես կարդացել եմ այդ սենսացիոն դեպքի մասին, դուք այն մարդն եք, որին եզդի նախրապանը գտել է Արագածի գագաթին, այո՞:
ՎԱՐԴԱՆ — Ես եմ, այո: Երեսունհինգ տարի առաջ ժայռի պռնկին կանգնած` ձգվեցի մանուշակ պոկելու, սայթաքեցի, ընկա ճեղքվածքը, հավերժական սառույցների մեջ:
ՄԱՐԻ — Ծաղիկ քաղելու տեղ էիր գտե՞լ:
ՎԱՐԴԱՆ — Քեզ համար էի քաղում, ալպիական մանուշակ, շատ գեղեցիկ էր, չկարողացա ինձ զսպել:
ՌՈՒԶԱՆ — Ինչ ռոմանտիկ է:
ՎԱՐԴԱՆ — Ընկա ճեղքվածքն ու էլ ոչինչ չեմ հիշում, երբ աչքերս բացեցի` հիվանդանոցում էի, երեսունհինգ տարին մեկ ակնթարթի պես անցել էր, ոնց որ լեթարգիական քուն:
ՄԱՐԻ — Անհավատալի է:
ՎԱՐԴԱՆ — Հալեցրին, սնեցին, ամրացրին, ոտքի հանեցին ու բաց թողին:
ՄԱՐԻ — Խեղճս… Այսինքն՝ քեզ տեղն է:
ՌՈՒԶԱՆ — Մամա՛:
ՄԱՐԻ — Հա-հա, տեղն է, աղջիկս, շատ իրասածին էր, մեռա ասելով` թող այդ ալպինիզմը, ինձանով զբաղվիր, երեխայով, տնով… Չէ, ամեն ազատ օր լեռներում ու քարանձավներում էր, Հայաստանում էլ լեռ ու բլուր չթողեց: Գիտե՞ս, իր կյանքի մեծագույն երազանքը որն էր… Մագլցել Էվերեստի գագաթը, այո-այո, մեզ որբ ու անտեր թողներ` գնար Տիբեթ, և կգնար… Լավ է, այս դեպքը եղավ…
ՌՈՒԶԱՆ — Ինչե՞ր ես խոսում, մամա, ուշքի արի:
ՄԱՐԻ — Ուֆ, իսկապես որ… Շփոթության մեջ եմ, աղջիկս, հե՞շտ բան է` երեսունհինգ տարի անց տեսնել կորած ամուսնուդ, և հերիք չի հայտնվել է` դեռ պատանու պես էլ ջահել է մնացել… Չէ, դու պատկերացնո՞ւմ ես, Վարդան, դու էլի քսանյոթ տարեկան ես, իսկ ես` արդեն վաթսունին մոտ…
ՎԱՐԴԱՆ — Ես կասեի` անց:
ՄԱՐԻ — Ձայնդ տաք տեղից է գալիս:
ՎԱՐԴԱՆ — Կարծում ես, ինձ համար հե՞շտ է, Մարի:
ՄԱՐԻ — Ինչո՞ւ ոչ, դու երջանիկ մարդ ես, չես էլ պատկերացնում՝ ինչ երջանիկ ես, Վարդան, երկրաշարժ չես տեսել, միտինգներ, սովետի փլուզում, պատերազմ, սով, մութ ու ցուրտ տարիներ չես տեսել, քեզ համար քնել ես սառույցների մեջ արջուկի նման, հիմա էլ ջահել, առույգ կանգնել ես առջևս ու գանգատներ ես ներկայացնում:
ՎԱՐԴԱՆ — Ես գանգատ չունեմ… Ո՞ւր գնայի, ուրիշ գնալու տեղ չունեմ, գոնե` առայժմ: Ծնողներս վաղո՞ւց է, որ…
ՄԱՐԻ — Երեք տարի, իրար ետևից մարեցին խեղճերը:
Հարևան սենյակում Նուբարի երգեցողությունը լռվել է նույն տեղում, կրկնվում է անընդհատ:
ՎԱՐԴԱՆ — Ձայնասկավառակը լռվել է:
ՌՈՒԶԱՆ — Սկավառակ չի, հայրիկն է, ձայնն է մարզում:
ՄԱՐԻ — Ամուսինս օպերային երգիչ է… Ամուսնացել եմ, այո, հո չէի՞ սպասելու…
ՎԱՐԴԱՆ — Բան չասացի:
ՄԱՐԻ — Սա էլ մեր աղջիկն է, Ռուզանը:
ՎԱՐԴԱՆ — Ուրախ եմ:
ՌՈՒԶԱՆ — (Նուբարի երգեցողությանը արձագանքելով): Հայրիկին Երևանի տոնակատարությունների բացման երգն են վստահել, շատ է հուզվում:
Ներս է գալիս Նուբարը՝ շարունակելով երգել:
ՆՈՒԲԱՐ — Ձայնս նստել է, մրսացրել եմ քչիկ մը, միջանցիկ քամիների մեջ ինկա. ջանըմ, աս մեր օպերայի բեմահարթակը բոլոր կողմերեն ծակ է, քամի է` որ կփչի, աջեն, ձախեն, եդևեն, առջևեն… Աղջիկս, ղահվե մը եփիր, ակտիվացնեմ կոկորդս, հայդե, գեղեցկուհիս: (Նկատելով Վարդանին:) Ընկե՞րդ է, Ռուզան, ինչո՞ւ չես ծանոթացնում:
ՌՈՒԶԱՆ — Մայրիկի ընկերն է:
ՆՈՒԲԱՐ — Իրա՞վ: Ջահելնա՞լ կփափագե մայրիկը:
ՄԱՐԻ — Ծանոթացիր, Նուբար, ամուսինս է:
ՆՈՒԲԱՐ — Եթե հիշողությունս չի մարել` ամուսինդ ես եմ, շփոթել ես, տիկին:
ՄԱՐԻ — Վարդանը նախկին ամուսինս է: Ես պատմել եմ քեզ` այն, որ բարձրացավ Արագածի գագաթը ու կորավ…
ՆՈՒԲԱՐ — Աստված իմ, կենդանացե՞լ է: Հրա՞շք է միթե: (Ձեռքը պարզելով:) Ես Նուբարն եմ, այս հրաշալի տիկնոջ երկրորդ ամուսինը. քսան տարի առաջ Հալեպեն եկա Հայաստան պտույտի, տեսա անոր, սիրահարվեցա, մնացի:
ՎԱՐԴԱՆ — (սեղմելով իրեն մեկնած ձեռքը): Վարդան:
ՆՈՒԲԱՐ — Սա մարդը տակավին տղեկ կնմանի, աս ի՞նչ պատ­մություն է, չեմ հասկնար կոր:
ՎԱՐԴԱՆ — Երկար պատմություն է, Մարին հետո կպատմի:
ՆՈՒԲԱՐ — Դստրիկս, գուցե դո՞ւն բացատրես:
ՌՈՒԶԱՆ — Դե… Լեռնային անձավում սառել` սառցաբեկոր է դարձել, նպաստավոր պայմաններ են եղել, ողջ է մնացել, հովիվն ու իր շունը գտել են և այլն:
ՆՈՒԲԱՐ — Կացեք, կացեք, ես ադ ունիկալ պատմությունը համացանցին մեջ կարդացած եմ, կարծեցի բլեֆ է, սառույցի փիար:
ՄԱՐԻ — Այդ ո՞նց է` բոլորդ տեղյակ եք, ես` ոչ:
ՆՈՒԲԱՐ — Է դուն միայն բամբասանքներուն կհետևես, չատ կընես: Տիկին Մարի, սակայն երջանիկ կին ես, գիտե՞ս, ուրիշները մեկ ամուսին իսկ չեն կարող ճանկել, դուն, ահա, երկուքն ունես, մեկը ջահել, մեկելն ահել, շնորհավոր, աստված պահե:
ՄԱՐԻ — Սրտիս հետ գնա, Նուբար:
ՆՈՒԲԱՐ — Կատակ կընեմ, ջանըմ, մի բորբոքվիր: Ղահվես ի՞նչ եղավ, Ռուզան:
ՌՈՒԶԱՆ — Հիմա կեփեմ: Ձեզ էլ բերե՞մ:
ՄԱՐԻ — Բեր: Վարդանին` քաղցր:
ՎԱՐԴԱՆ — Հիշում է:
Ռուզանը դուրս է գալիս:
ՆՈՒԲԱՐ — Ղահվեն սենյակս բեր, զավակս: Չխանգարեմ ձեզի, վաղուց մեկմեկու տեսած չեք: Ես ալ գնամ` սա երգս պարապեմ. կատակ բան չէ` Էրեբունի-Երևան տոնակատարության բացումին երգն են վստահել, մեծ պատիվ է, այո… Սակայն վախենամ արևմտահայուս առոգանությունը խանգարե սա գործին:
ՄԱՐԻ — Հակառակը, դա կխորհրդանշի հայրենիք-սփյուռք միասնությունը:
ՆՈՒԲԱՐ — Սա կինը հանճար է: (Վարդանին.) Ինչպես ես ձգել սա հրաշալի կինը և լեռները փախել, չեմ հասկնար: (Երգելով գնում է իր սենյակը:)
ՎԱՐԴԱՆ — Հիվանդանոցի մեքենայով բերին, պատուհանից նայում էի ու չէի ճանաչում իմ քաղաքը. էս ի՞նչ եք արել Երևանիս հետ իմ բացակայությամբ:
ՄԱՐԻ — Է չբացակայեիր, մնայիր` քաղաքիդ տիրություն անեիր:
ՎԱՐԴԱՆ — Կարծես իմ կամքով եմ սառել: Ընկերներիցս տեղեկություն ունե՞ս:
ՄԱՐԻ — Գալիս-գնում էին դեպքից դեպք, քո կորուստն էին սգում, բայց հենց ամուսնացա, չքվեցին: Սոսին եմ տեսնում միայն, բակում վարսավիրանոց ունի, վարսավիրություն է անում:
ՎԱՐԴԱՆ — Քիմիկոս Սո՞սը:
ՄԱՐԻ — Այո, քիմիկոսը, ի՞նչ կա զարմանալու, քաղցած մնա՞ր:
ՎԱՐԴԱՆ — Մենք աղջիկ ունեինք…
ՄԱՐԻ — Սուսանս, մեռնեմ նրա կյանքին. Ամերիկայում է, ամուսնացավ մի ամերիկահայի հետ` գնաց: Կուզե՞ս տեսնես:
ՎԱՐԴԱՆ — Ամերիկա թռնե՞մ:
ՄԱՐԻ — Չէ, ինչո՞ւ, սկայպով: Հիմա կմիացնեմ: (Համակարգիչը միացնելով:) Թոռներ էլ ունես, երկուսը, տղա և աղջիկ: (Համակարգչին.) Սուսա՞ն, հո քնած չէի՞ր, աղջիկս:
ՍՈՒՍԱՆ — Քնած էի, մեզ մոտ գիշեր է, մամա, ի՞նչ է եղել, հո բան չի պատահե՞լ:
ՄԱՐԻ — Պատահել է, անակնկալ ունենք, հայրիկդ է հայտնվել, ահա:
ՍՈՒՍԱՆ — Օ մայ գադ, ֆանտաստիկա… Նա իմ հայրի՞կն է, այս սիրուն տղան:
ՄԱՐԻ — Նա է, չկասկածես, սառույցների միջից են հանել, հանել են, հալեցրել, ուղարկել տուն:
ՍՈՒՍԱՆ — Ինչ հրաշալի է, ինչ երջանկություն է, աչքներս լույս…
ՄԱՐԻ — (Վարդանին): Խոսիր, ինչ ես պապանձվել:
ՎԱՐԴԱՆ — Որտե՞ղ խոսեմ…
ՄԱՐԻ — Աղջիկդ է, չես տեսնո՞ւմ, խոսիր:
ՎԱՐԴԱՆ — Էկրանի հե՞տ:
ՄԱՐԻ — Այո, խոսիր:
ՎԱՐԴԱՆ — Սուսանի՞կ, աղջի՞կս…
ՍՈՒՍԱՆ — Ես եմ, հայրիկ, բարև, ինչպե՞ս ես:
ՎԱՐԴԱՆ — Լավ եմ, այսինքն` չգիտեմ… Սուսան, դու երկու տարեկան էիր, երբ ես… մի խոսքով, պստիկ աղջիկ էիր, նոր-նոր հատուկենտ բառեր էիր ասում…
ՍՈՒՍԱՆ — Հիմա շատախոս եմ, հայրիկ: Սպասիր, տանեմ` թոռնիկներիդ տեսնես, կուզես, չէ՞:
ՎԱՐԴԱՆ — Կուզեմ, իհարկե, բայց ո՞ւմ տանես, ի՞նչը տանես…
ՍՈՒՍԱՆ — Քնած են: Ահա, տես, սա Վարդանիկն է, տասներկու տարեկան է, ասում է` ալպինիստ եմ դառնալու:
ՎԱՐԴԱՆ — Ոչ մի դեպքում:
ՄԱՐԻ — Աստված ոչ անի, չթողնես, Սուսան, լսում ե՞ս:
ՍՈՒՍԱՆ — Սա էլ Մարիամիկն է, յոթ տարեկան է, երգեր է երգում, պարում է: Վարդանիկը քեզ նման է ոնց որ, հա՞…
ՎԱՐԴԱՆ — Նման է կարծես…
ՄԱՐԻ — Դե լավ, աղջիկս, քունը գլխիդ է, քնիր, հետո էլի կխոսեք:
ՍՈՒՍԱՆ — Դե բայ-բայ: Հայրի՛կ, քեզ հյուր կկանչեմ, կտեսնվենք շուտով:
ՎԱՐԴԱՆ — Ամերիկա՞, Միացյալ Նահանգնե՞ր:
ՍՈՒՍԱՆ — Այո, չես գա՞:
ՎԱՐԴԱՆ — Էդպես հե՞շտ, բա ԿԳԲ-ն, բա…
ՄԱՐԻ — Ուրիշ ժամանակներ են, Վարդան, սառած ես մնացել, տոմսն առ ու թռիր: (Անջատում է համակարգիչը:)
ՌՈՒԶԱՆ — (գալիս է` բերելով սուրճը, կանչում է): Նուբար փաշա, համեցեք սուրճի:
ՆՈՒԲԱՐ — (գալով): Վերջապես արժանացրի՞ք: Փախլավան ո՞ւր է:
ՄԱՐԻ — Չկա փախլավա, քաղցրը չարաշահում ես, Նուբար, ճնշում ունես:
ՆՈՒԲԱՐ — Ճնշում չուտելեն կլլա, ուտելեն կլլա՞: Աս մարդը երեսունհինգ տարի սառած մնալեն ետքը` ասանկ չոր սուրճի՞ է արժանի… Բեր, աղջիկս, բեր: Է, նայինք, ի՞նչ եզրահանգումներու եկաք կոր:
ՄԱՐԻ — Ի՞նչ եզրահանգում:
ՆՈՒԲԱՐ — Ջանըմ, մանուկ եք մի՞թե… Աս իրավիճակը շտկվելու կարիք ունի, տիկին Մարի, արդյո՞ք դուն երկու ամուսին պահել կուզես…
ՄԱՐԻ — Ինչեր ես խոսում, Նուբար, ուշքի արի:
ՆՈՒԲԱՐ — Ես ալ ադ կսեմ, ընտրություն պիտի ընես:
ՎԱՐԴԱՆ — Ես չեկա ձեր կյանքին խառնվելու:
ՄԱՐԻ — Նա ջահել տղա է, ես` տարեց կին, ի՞նչ ընտրության մասին է խոսքը…
ՆՈՒԲԱՐ — Ատիկա հասկցանք, ե՞տքը:
ՄԱՐԻ — Պարզ խոսիր, Նուբար:
ՆՈՒԲԱՐ — Բաբամ, մենք մեկ տան մեջ կրնա՞նք միացյալ ապրիլ, մտածեք մեյմը:
ՄԱՐԻ — Այո, սակայն… Սա նրա հայրական տունն է:
ՆՈՒԲԱՐ — Ուրեմն կիսենք պիտի, վաճառենք` երկուքն առնենք, կամ էլ չեմ գիտեր… Խոսեք, պարոն Վարդան:
ՎԱՐԴԱՆ — Դեհ… Դուք մեղք չունեք, որ երեսունհինգ տարի հետո հանկարծ հայտնվել եմ, հասկանում եմ: Բայց ես էլ մեղք չունեմ…
ՆՈՒԲԱՐ — Ուստի…
ՎԱՐԴԱՆ — Մարի, մենք Ջրվեժում ամառանոց ունեինք, հայրս էր ստացել ֆիզինստիտուտից:
ՄԱՐԻ — Կա, մնում է:
ՆՈՒԲԱՐ — Ամառանոցը, իրավ որ, օդը մաքուր, ջուրը մեջը, քազը մեջը, ես եմ քաշել տվել, շատ աղվոր է:
ՎԱՐԴԱՆ — Ամառանոցում կապրեմ առայժմ: Իմ իրերը պահպանվե՞լ են:
ՄԱՐԻ — Նկուղում են, նույնիսկ կիթառդ է պահպանվել: Բայց դու փող չունես, ո՞նց ես ապրելու:
ՎԱՐԴԱՆ — Գործի կընդունվեմ, գուցե Մերգելյանում վերականգնվեմ…
ՄԱՐԻ — Ի՞նչ Մերգելյան, չկա, ուշքի արի:
ՎԱՐԴԱՆ — Չկա՞, Մերգելյանը չկա՞…
ՄԱՐԻ — Շենքը կա, ինստիտուտը` ոչ:
ՎԱՐԴԱՆ — Այ քեզ բան… Ուրիշ որևէ գիտահետազոտական ինստիտուտում կաշխատեմ, ես լավ ինժեներ եմ:
ՆՈՒԲԱՐ — Միամիտ մարդ:
ՄԱՐԻ — Չկա գիտահետազոտական:
ՎԱՐԴԱՆ — Ձեռ եք առնո՞ւմ…
ՄԱՐԻ — Ամենևին:
ՎԱՐԴԱՆ — Լավ, որևէ գործարան կմտնեմ վերջիվերջո. Ռելե, Փականագործական, եսիմ, Հայէլեկտրո…
ՄԱՐԻ — Չկա գործարան:
ՆՈՒԲԱՐ — Է, զգույշ ըսե, տիկին Մարի, կվատանա մարդը:
ՄԱՐԻ — Ո՞նց:
ՆՈՒԲԱՐ — Դե, չեմ գիտեր, սանկ հեռվեն եկուր, ըսե` ժամանակավորապես փակած են, շուտով կբանան, գուցե…
ՎԱՐԴԱՆ — Լավ, բա հիմա ի՞նչ կա:
ՄԱՐԻ — Առևտուր:
ՎԱՐԴԱՆ — Սպեկուլյացիա:
ՆՈՒԲԱՐ — Բիզնես, տղաս, բիզնես:
ՎԱՐԴԱՆ — Ես ձեր տղան չեմ:
ՆՈՒԲԱՐ — Մոռցա, որ տարեկից ենք, արտաքինդ ինձ շփոթության մեջ ձգեց, ներող կլլաս, տղա… Պարոն: (Գրպանից փող հանելով:) Ահա, ասիկա ծախսե առայժմ…
ՎԱՐԴԱՆ — Պետք չի:
ՆՈՒԲԱՐ — Վերցուր, ջանըմ, կունենաս նե, կուտաս: Առանց փարա հոս քայլ մը չես կրնա նետել, վերցուր: (Դնում է սեղանին:)
ՎԱՐԴԱՆ — Շնորհակալ եմ, կվերադարձնեմ: Դե, ես գնամ:
ՆՈՒԲԱՐ — Ո՞ւր, մարդ աստուծո, քաղցած կլլաս, ճաշենք, ետքը գնա:
ՎԱՐԴԱՆ — Չէ, քաղաքիս կարոտել եմ:
ՄԱՐԻ — (Նուբարին): Թող գնա, երեսունհինգ տարի չի տեսել իր Երևանը: (Վարդանին.) Բայց վախենամ` չհասկանաք իրար` դու և քո քաղաքը:
ՎԱՐԴԱՆ — Հնարավոր չի:
ՊԱՏԿԵՐ 2
Էկրանին` տեսարաններ ժամանակակից Երևանից` երթևեկության աղմուկ, խցանումներ, գովազդային պաստառներ, սրճարաններ, մուրացկաններ և այլն: Բեմին, էկրանի տակ` Վարդանը, տպավորություն է, որ նա քայլում է փողոցներով` ապշած-շփոթված, այս տեսարանը ուղեկցում է որևէ հայտնի երգ Երևանի մասին:
ՊԱՏԿԵՐ 3
Սոսի վարսավիրանոցը, փոքր սրահ, Սոսը մենակ է: Ներխուժում է շփոթված, տագնապած, շնչակտուր Վարդանը, իրեն նետում է բազկաթոռին:
ՍՈՍ — Սպասիր, այ մարդ, հերթ կա, բան կա, կարգին բարբեր-շոփ է, հո դուքան չի՞:
ՎԱՐԴԱՆ — Թող շունչ առնեմ` կասեմ: Ջուր տուր, հա՞:
ՍՈՍ — Երիտասարդ, այստեղ ռեաբիլիտացիոն կենտրոն չէ, վարսավիրանոց է: (Ջուր է տալիս:) Մարդը շունչ առնելու և ծարավը հագեցնելու է մտել վարսավիրանոց:
ՎԱՐԴԱՆ — Էս ի՞նչ ես արել մեր քաղաքի հետ, Սոս:
ՍՈՍ — Չհասկացա:
ՎԱՐԴԱՆ — Կուկուռուզնիկն ո՞ւր է, քեզ եմ հարցնում:
ՍՈՍ — Կուկուռուզնի՞կը… Եգիպտացորե՞ն… Մայի՞ս…
ՎԱՐԴԱՆ — Արդեն չես էլ հիշում. սարի գլխի էն բոյով, սպիտակ շենքը, ո՞ւր է:
ՍՈՍ — Ախ, կուկուռուզնիկը… Այո, ես էլ եմ հարցնում` ո՞ւր է կուկուռուզնիկը:
ՎԱՐԴԱՆ — Բանվորի արձանն ո՞ւր է, Լենինի արձանն ո՞ւր է…
ՍՈՍ — Լենինը հեչ, բայց բանվորի արձանն ափսոս էր. բանվորը որպես դասակարգ վերացավ, գոնե հիշատակը մնար:
ՎԱՐԴԱՆ — Լենինը գուցե հեչ, բայց արձանը հայտնի քանդակագործի արձան էր, արվեստի գործ:
ՍՈՍ — Մի տեղ պահեստավորել են երևի, դրա պատճառով մի ընկնավորի, մի օր կհանեն, կորչող պտուղ չի: Ուրիշ ի՞նչ դժգոհություն ունես, երիտասարդ:
ՎԱՐԴԱՆ — Ինստիտուտներն ո՞ւր են, գործարաններն ո՞ւր են, ֆաբրիկաներն ո՞ւր են, տրամվայներն ո՞ւր են, ռելսերն ի՞նչ եք արել, իրար մեջ բաժանել-կերե՞լ եք:
ՍՈՍ — Վրա մի տուր, ջահել, ինձ դրանից բան չի հասել: Ի՞նչ էլ հիշողություն ունի, տրամվայ, գործարան, արձան… Վեր կաց բազկաթոռից, կլիենտի եմ սպասում, սպասողների աթոռին նստիր:
ՎԱՐԴԱՆ — Ես կլիենտ չեմ, Սոս, ես ես եմ, Վարդանն եմ, քո մանկության ընկերը… Տեղը չես բերո՞ւմ… (Սուլում է իրենց խորհրդանիշ սուլոցը:) Հը՞…
ՍՈՍ — Մի հատ էլ, էլի: (Երբ Վարդանը մեկ էլ է սուլում:) Վախ, ինչ անուշ ա… Վարդան, հոգիս, Վարդան: (Գրկում է Վարդանին:)
ՎԱՐԴԱՆ — Ես եմ, ախպերս: Մենակ թե չհարցնես` որտեղից, ոնց, հոգնել եմ, հետո կպատմեմ:
ՍՈՍ — Ի՞նչ հարցնեմ, ամբողջ քաղաքն արդեն գիտի, լուրերի սրընթաց սփռումը ոնց կար մեր ավանդույթների մեջ, այդպես էլ մնում է, դեռ մի բան էլ հզորացել է` նոր տեխնոլոգիաների շնորհիվ: Պարզապես չէի պատկերացնում, որ այսքան թարմ պահպանված կլինես: Վարդա՜ն… (Դարձյալ գրկում է:)
ՎԱՐԴԱՆ — Սո՜ս:
ՍՈՍ — Լսիր, աշխարհի բժիշկներին խառնել ես իրար, ասում են` այդպիսի բան հնարավոր չէ:
ՎԱՐԴԱՆ — Հոգիս կերան, Սոս, հիվանդանոցում թափել էին գլխիս, էնքան հարցեր տվին, անալիզ վերցրին, նկարեցին, սրսկեցին, մաժմժեցին, կմճտեցին… Մտածում էի` ցուրտը երեսունհինգ տարում չկարողացավ սպանել, բայց սրանք մի քանի օրում կսպանեն:
ՍՈՍ — Հայի գեն է, է՜, ապրող-վերապրող գեն է, թող իմանան: (Սրբիչն է գցում Վարդանի պարանոցին:)
ՎԱՐԴԱՆ — Ի՞նչ ես անում:
ՍՈՍ — Մազերդ խուզեմ, մի հատ էլ շուշա-թրաշ իրագործեմ` թարմանաս:
ՎԱՐԴԱՆ — Դրա ժամանակը չի:
ՍՈՍ — Ճիշտ ժամանակն է, երեսունհինգ տարի չես խուզվել-սափրվել, թող առաջինը ես լինեմ, մեծ պատիվ է, գլուխ կգովեմ:
ՎԱՐԴԱՆ — Բա նոր ասում էիր` կլիենտի եմ սպասում:
ՍՈՍ — Կսպասի կլիենտը, ամեն օր չի, որ ընկերդ հառնում է սառույցների միջից:
ՎԱՐԴԱՆ — Լավ, խուզիր: Լսիր, բայց դու ո՞նց վարսավիր դարձար, դու, խոստումնալից քիմիկոսդ, նուրբ քիմիայի ինստիտուտի գիտաշխատողդ…
ՍՈՍ — (սկսելով խուզումը): Կյանքը ստիպեց, սիրելիս, չկա այլևս նուրբ քիմիայի ինստիտուտը: Նոր ինքդ չէիր ասո՞ւմ` ուր են ինստիտուտները, զեկուցում եմ` չկան, պարզվեց` պետք չեն:
ՎԱՐԴԱՆ — Դիսերտացիաս կիսատ մնաց:
ՍՈՍ — Չվախենաս, մի գործ կգտնենք: Այ, իմ գործն, օրինակ, հետաքրքիր է, գիտե՞ս, նուրբ քիմիա չի, բայց հետաքրքիր է, տարբեր մարդկանց հետ եմ շփվում, զրուցում… Մարդս մարդկանց մեջ պետք է լինի և ոչ` ֆորմուլաների:
ՎԱՐԴԱՆ — Հեշտ սովորեցի՞ր:
ՍՈՍ — Հեշտ: Իմ պապը հայտնի վարսավիր է եղել Երևանում, նա սափրել է Հրաչյա Ներսիսյանին, նա խուզել է Շարա Տալյանին… Այս գործիքները նրանից են մնացել, գերմանական են, «Զոլինգեն», հիմա այսպիսի պողպատ չես ճարի, եղբայր, յուղի պես են կտրում, ահա… (Կտրում է Վարդանի մազափունջը:) Կլասիկա:
ՎԱՐԴԱՆ — Շատ մի ոգևորվի:
ՍՈՍ — Ես իմ գործը գիտեմ, ինձ ցուցումներ մի տուր, հանգիստ նստիր տեղդ:
ՎԱՐԴԱՆ — Լսիր, քաղաքով քայլելիս այնպիսի տպավորություն ունեցա, որ Եվրոպային պատերազմ եք հայտարարել ու անմիջապես հանձնվել եք:
ՍՈՍ — Այդ ո՞նց…
ՎԱՐԴԱՆ — Ո՞նց` ոնց, բոլոր խանութները, հյուրանոցները, սրճարան-ռեստորանները իտալացիների, ֆրանսիացիների, անգլիացիների անուններով են, գրերի մեծ մասը` լատինատառ…
ՍՈՍ — Չէ, պատերազմ չենք հայտարարել, պարզապես հանձնվել ենք, ինքնակամ:
ՎԱՐԴԱՆ — Դպրոցներում երեխաները գոնե հայերենո՞վ են ուսում ստանում:
ՍՈՍ — Առայժմ` այո:
ՎԱՐԴԱՆ — Փառք Աստծու:
ՍՈՍ — Դե պատմիր, Վարդան, պատմիր:
ՎԱՐԴԱՆ — Ի՞նչ պատմեմ:
ՍՈՍ — Դե… Ո՞նց անցկացրիր երկար ու ձիգ տարիներդ սառույցների մեջ:
ՎԱՐԴԱՆ — Ձեռ ես առնո՞ւմ:
ՍՈՍ — Բնավ: Մի՞թե ոչինչ չես հիշում այն սառցյա օրերից:
ՎԱՐԴԱՆ — Բացարձակապես ոչինչ: Դո՛ւ պատմիր, դու էլ հո սառած չե՞ս եղել:
ՍՈՍ — Եթե կարծում ես, առանձնապես տաքի մեջ ենք եղել, չարաչար սխալվում ես, իննսունականներին ապրեիր` սառցե կացարանդ առողջարան կթվար:
ՎԱՐԴԱՆ — Մեր մանկության ընկերներից ով կա, ով չկա:
ՍՈՍ — Մի մասը կա, մյուսը` էհ… Մի մասն էլ ցրված է աշխարհով:
ՎԱՐԴԱՆ — Ժիրո՞ն…
ՍՈՍ — Ժիրա՞յրը, ողջ-առողջ է Ժիրայրը, թեև խմում է, շատ է խմում: Վերնիսաժում սուվենիր է վաճառում:
ՎԱՐԴԱՆ — Ժիրո՞ն, թաղի խարոշի Ժիրո՞ն…
ՍՈՍ — Այո, բա ի՞նչ անի: Մեր օրերում, կոպիտ ասած, խարոշի քորող չկա: Ուրիշ ժամանակներ են, Վարդան ջան, կամաց-կամաց կհասկանաս` ուր ես ընկել:
ՎԱՐԴԱՆ — Լավ, իսկ Ղուկա՞սը:
ՍՈՍ — Ղուկա՞սը… (Աչքերը լցվում են:) Չկա Ղուկասը:
ՎԱՐԴԱՆ — Էն սարի պես տղե՞ն…
ՍՈՍ — Զոհվեց սարի պես տղան, Ղարաբաղում, իննսուներկուսին:
Մեկ րոպե լռում են:
ՍՈՍ — Ես ու Ժիրոն էլ ենք կռվել, նույն ջոկատում էինք, Ժիրայրի ոտքը վիրավորվեց, ես կանտուզիա ստացա:
ՎԱՐԴԱՆ — Չեմ հասկանում, սովետական բանակն ի՞նչ էր անում, որ թողել էր` ով ուզի կռիվ անի:
ՍՈՍ — Չկար արդեն` ո՛չ սովետը, ոչ իր կարմիր բանակը: Բա, դու քեզ համար անուշ քնած էիր…
ՎԱՐԴԱՆ — Կարծես դիտավորյալ եմ քնել: Լսիր, գոնե Արարատը կա՞:
ՍՈՍ — Բիբլիակա՞նը, ահավասիկ, պատուհանից երևում է:
ՎԱՐԴԱՆ — Ի՞նչ բիբլիական, ֆուտբոլի թիմը նկատի ունեմ, ես մոլի երկրպագու էի, չես հիշո՞ւմ:
ՍՈՍ — Լավ է` դու էլ չհիշես, եթե չես ուզում ընկճախտից դուրս չգալ. ֆուտբոլ, պինգպոնգ, ջրացատկ… մոռացիր, չկա:
ՎԱՐԴԱՆ — Ոնց, առհասարակ չկա՞:
ՍՈՍ — Մի քիչ կա, բայց, մեղմ ասած, հպարտանալու բան չի:
ՎԱՐԴԱՆ — Ծանրամարտն էլ չկա՞:
ՍՈՍ — Փառք Աստծու, այդ մեկը կա. ու մեկ էլ` համատարած շախմատ: (Տեսնելով եկող Միսակին:) Փնթփնթանը եկավ, մի օր չեղավ՝ ուշանա մի քիչ:
ՄԻՍԱԿ — (ներս գալով): Ողջույն բոլոր ժամանակների մեծագույն վարսավիրին:
ՍՈՍ — Ողջույն, պարոն Միսակ: Նստիր, տասը րոպեից կավարտեմ:
ՄԻՍԱԿ — Ոնց թե` տասը րոպեից. ինձ ժամ ես նշանակել, եղբայր, ահա, րոպե-րոպե եկել եմ: Չենք հարգում մեր պայմանավորվածությունները, չէ, դրա համար էլ երկիրը երկիր չի դառնում:
ՍՈՍ — Միսակ, այս մարդը երեսունհինգ տարի վարսավիր չի տեսել, չհարգե՞նք նրա երկարատև բացակայությունը… Խուզել եմ արդեն, մնում է սափրեմ, տասը րոպե:
ՄԻՍԱԿ — Երեսունհինգ տարի չի տեսել, կարող էր մի քիչ էլ սպասել. ես ժամանակ չունեմ, կթողնեմ` կգնամ ուրիշ վարսավիրանոց, փառք աստծու` ամեն քայլափոխին հիմա վարսավիրանոց կա:
ՍՈՍ — Կա` գնա, ինչ ասեմ:
ՄԻՍԱԿ — Այդպես հե՞շտ ես հրաժարվում մշտական կլիենտից, լավ նշան չի, պարոն Սոս, քո բիզնեսը երկար կյանք չի ունենա…
ՍՈՍ — Մի կռռա, հա՞:
ՎԱՐԴԱՆ — Մի րոպե, ընկերներ…
ՄԻՍԱԿ — Ինձ ընկեր չասեք, ես իսկի այն ժամանակ ընկեր չէի:
ՎԱՐԴԱՆ — Սոս, ես գնամ, չխանգարեմ գործիդ, սափրվելը չի փախչի, հետո: Ի՞նչ եմ վճարելու:
ՍՈՍ — Չհասկացա…
ՎԱՐԴԱՆ — Խուզելու համար… Դե ի՞նչ ես այդպես նայում, ուրիշ երկիր է, ուրիշ հարաբերություններ… Ի՞նչ իմանամ…
ՍՈՍ — Լսիր, գործարաններն ու ինստիտուտներն ենք կորցրել, հո նամուս-թասիբ-ախպերությունն էլ չե՞նք կորցրել:
ՎԱՐԴԱՆ — Լավ, մի բորբոքվի: Մինչ հանդիպում:
ՍՈՍ — Գնա վերնիսաժ, Ժիրոյին տես, երեկոյան կհանդիպենք:
ՎԱՐԴԱՆ — Վերնիսաժն ի՞նչ է, որտե՞ղ է:
ՄԻՍԱԿ — Հայ մարդն է՞լ վերնիսաժի տեղը չիմանա:
ՍՈՍ — Գնունիով գնա դեպի Խանջյան, դուրս կգա դեմդ:
ՎԱՐԴԱՆ — Հա, բայց ի՞նչ է դուրս գալու դեմս:
ՍՈՍ — Բազար:
ՎԱՐԴԱՆ — Եղավ:
ՍՈՍ — Սպասիր…
ՄԻՍԱԿ — Ես ուշացա, պարոնայք, ավարտեք արդեն ձեր այս ձգձգված հրաժեշտը:
ՍՈՍ — Դե սպասի դու էլ: (Վարդանին.) Ձեռիս համարը գրի, պետք կգա հանկարծ:
ՎԱՐԴԱՆ — (ապշած): Ի՞նչը գրեմ…
ՍՈՍ — Լավ, պարզ է, ցտեսություն:
ՎԱՐԴԱՆ — Ցտեսություն: (Դուրս է գալիս:)
ՍՈՍ — Դե արի, հոգեառ, արի տեսնեմ: (Երբ Միսակը նստում է:) Ասում ես` շատ ես շտապո՞ւմ:
ՄԻՍԱԿ — Շտապում եմ, այո, իրավունք չունե՞մ:
ՍՈՍ — Ունես, ո՞նց չունես: (Սկսում է արագ-արագ օճառել երեսը:)
ՄԻՍԱԿ — Ցավեցնում ես, եղբայր, կամաց, խոշտանգումների չեմ եկել, այլ սափրվելու:
ՍՈՍ — Չթողիր հարյուր տարվա ընկերոջս սափրեմ, դու մարդ ե՞ս: Հանգիստ նստի, մի շորորա, ածելիս սուր է:
ՊԱՏԿԵՐ 4
Վերնիսաժ, առևտրի սեղան, Վարդան և Ժիրո, հետո` Տղա, Աղջիկ, Կին:
ԺԻՐՈ — Արի մի հատ էլ գրկեմ քեզ, Վարդան ախպեր:
ՎԱՐԴԱՆ — Արի, բայց շատ չգրկվեցի՞նք:
ԺԻՐՈ — Չէ: (Գրկում է Վարդանին:) Քեզ որ գրկում եմ, ոնց որ ջահելությունս գրկեմ, իսկ ջահելությունից կշտանալ կլնի՞: Դե նստի, նստի, հես ա հաց-մացը կբերեն, պերերիվ անենք:
ՎԱՐԴԱՆ — Մարդ ես ուղարկել խանո՞ւթ:
ԺԻՐՈ — Չէ, զանգել` պատվիրել եմ, հես ա` առաքիչը կբերի: Վարդա՛ն:
ՎԱՐԴԱՆ — Ասա, Ժիրո ջան, մենակ թե սարից-սառույցից չխոսես:
ԺԻՐՈ — Չէ, ես ուրիշ հարցով եմ, ընգեր: Արի դու պրիզնատ էղի:
ՎԱՐԴԱՆ — Ի՞նչը:
ԺԻՐՈ — Կակաչի էիր գնացել Արագած, չէ՞:
ՎԱՐԴԱՆ — Ի՞նչ կակաչ, Ժիրո:
ԺԻՐՈ — Էն մեծ-մեծ, կայֆի կակաչներից:
ՎԱՐԴԱՆ — Էէէ, ձեռ քաշի:
ԺԻՐՈ — Ուզում ես հավատամ, որ սար ես բարձրացել` հենց մենակ սար բարձրանալու համա՞ր: Էդ հեքիաթը ուրիշներին պատմի, Ժիրոն էդ կուտը չի ուտում: Ռուսը, գիտես, չէ՞, ինչ ա ասում, ասում ա` խելոքը սարը չի բարձրանա, կշրջանցի:
ՎԱՐԴԱՆ — Դե հաշվի, որ ես խելոք չեմ:
ԺԻՐՈ — Լավ, ընգեր, թող մնա խղճիդ, դու ես դրա հետ ապրելու, բայց օրը գալու ա` պրիզնատ ես գալու, գիտեմ:
Գալիս է առաքիչը, բերում է պատվերը:
ԱՌԱՔԻՉ — Քսանմեկ սեղանը սա է, չէ՞:
ԺԻՐՈ — Էս ա, ջահե՛լ, տո՛ւր: (Վերցնում է փաթեթը, տալիս է փողը:) Մանրը պետք չի:
ԱՌԱՔԻՉ — Չէ, վերցրեք, մեզ մոտ էս հարցը խիստ է դրված:
ԺԻՐՈ — Դե տուր, հը:
ԱՌԱՔԻՉ — (վերադարձնելով մանրը): Շնորհակալություն գնումների համար: Բարի ախորժակ: (Հեռանում է:)
ՎԱՐԴԱՆ — (աչքերը տրորելով): Բռռռ, ես Էրևանում ե՞մ:
ԺԻՐՈ — Բա չէ, Արագածի դոշին, կակաչների մեջ: (Բացում է փաթեթը:)
ՎԱՐԴԱՆ — Էդ կակաչները քեզ հանգիստ չեն տալիս, մի օր գնանք` հավաքենք, ես տեղը գիտեմ:
ԺԻՐՈ — Տեսա՞ր, որ պրիզնատ էկար:
ՎԱՐԴԱՆ — Էէէ…
ԺԻՐՈ — Լավ, թողինք, առաջ անցանք: Վերցրու բաժակը: Բարի գալուստ, մեռնեմ էն սառած ջանիդ, չվախես, հես ա էնքան տաքացնենք, ասես` շոգեցի: Սաղ- ուրախ:
ՎԱՐԴԱՆ — Շնորհակալ եմ:
Խմում են:
ԺԻՐՈ — Արի մի հատ էլ գրկեմ, էլի, ախպերս:
ՎԱՐԴԱՆ — Արդեն կարող ա ուրիշ բան մտածեն մեր մասին:
ԺԻՐՈ — Ժիրոյի մասին բան մտածողը չի ծնվել ու չի էլ ծնվի: (Գրկում է:) Ըհը, դե հիմա կեր, սոված կլնես, դավայ:
ՎԱՐԴԱՆ — Լավ էլ ապրում եք, էլի:
ԺԻՐՈ — Ո՞րը:
ՎԱՐԴԱՆ — (սեղանը ցույց տալով): Դե խնդրեմ` Աբսալյուտ օղի, գերմանական գարեջուր, սալյամի երշիկ, զեյթուն, Մարլբորո… Մեր ժամանակ, մի հատ հիշի` կերած-խմած-ծխածներս ի՞նչ էր` Ավրորա, կիլկի, քառսունքի արաղ…
ԺԻՐՈ — Խի, Սեռոժի ճտանոցում ճուտ չենք կերե՞լ, Ֆլորայի այգու քաբաբնոցում քաբաբ չենք կերե՞լ… Ու մեռնեմ ես քառսունքի արաղին, ըլներ` խմեինք, տո վրից էլ հենց կիլկա ուտեինք ու մի հատ նամուսով, խռխռալով Ավրորա քաշեինք… Նատուրի էր, է, ամեն ինչ, նատուրի… Բա պամիդոր-խիա՞րը, բա էսի պամիդոր-խիար ա՞, ռեզին ա, ախպեր… Էէէ, ջահելությունդ մի ուրացի, ընգեր, լավ չի:
ՎԱՐԴԱՆ — Չեմ ուրանում, տեսածս եմ ասում:
ԺԻՐՈ — Իրար չենք հասկանում ոնց որ, բեր մի հատ էլ խմենք: (Լցնում է:) Վերց: Բարի տեսանք: (Խմելուց հետո:) Վարդան ախպեր, հլա չորս կողմդ նայի… Հլա էն տղուն նայի, էսի էրևանցու շնորհք ա՞, էսի մեզ պատիվ ա՞ բերում…
Ցույց է տալիս տղային` գործվածքից գլխարկով, մեծ թիկնապարկով, արտասովոր հագուստով, մարմինը պատած տատուաժով:
ՎԱՐԴԱՆ — Գողակա՞ն ա:
ԺԻՐՈ — Էսի՞, չէ, այ ախպեր, էս ի՞նչ ես ասում, էսի ուր, գողականն ուր… Խի՞ որ…
ՎԱՐԴԱՆ — Մինչև բուկը նակոլկայա խփած:
ԺԻՐՈ — Էտի զակոննի նակոլկա չի, ստից տատու ա:
ՎԱՐԴԱՆ — Այսինքն ի՞նչ, տատու հիշատակին ա խփե՞լ:
ԺԻՐՈ — Հո չասիր, ընգեր… Մոդայա, հիմա սենց իրանց ջանին նկարչութուն են անում` ֆռֆռում են, իբր` ես եմ, էլի:
ՎԱՐԴԱՆ — Բայց էրևանցի ա՞ որ, Ժիրո, արտասահմանցի կլինի:
ԺԻՐՈ — Ի… (Կանչում է:) Ապեր, ապեր, հլա մի արի… Հա, դու, մի րոպե մոտիկացի: Ապեր, էդ չալմեն էս շոգին խի՞ ես քաշե գլխիդ, հիվանդ ե՞ս:
ՏՂԱ — Դուրըս գալիս ա: Ուրի՞շ:
ԺԻՐՈ — Էդ մեջքիդ բոխչի մեջ ի՞նչ ես լցել, չլնի՞ քոչում ես քաղաքից:
ՏՂԱ — Հաշիվ պիտի տա՞մ, հոպար:
ԺԻՐՈ — Պրոստը հետաքրքիր ա:
ՏՂԱ — Պլանշետ:
ԺԻՐՈ — Էդքա՞նը:
ՏՂԱ — Ջուր էլ ունեմ, կխմե՞ս:
ԺԻՐՈ — Շնորհակալ եմ, ծարավ չեմ: Մի հարց էլ. էդ վրիդ նկարները կարող ա՞ Պիկասոն ա նկարել:
ՏՂԱ — Չէ, Մալևիչը: Էլ հարց ունե՞ս:
ԺԻՐՈ — Չունեմ, գնա, ազատ ես: (Երբ տղան գնում է, Վարդանին:) Բա, ընգեր, իսկ դու ասում ես:
ՎԱՐԴԱՆ — Ես բան չեմ ասում:
ԺԻՐՈ — Էսօր չես ասում, վաղը հաստատ ասելու ես, պրոստը տաք ես, չես ջոկում:
Պարսիկ կինն է մոտենում, ինչ-որ բան է ուզում գնել, Ժիրայրը պարսկերեն է խոսում հետը, սակարկում են, կինը հեռանում է:
ՎԱՐԴԱՆ — Ժիրո՞, պարսկերեն ես խոսո՞ւմ, երբվանի՞ց:
ԺԻՐՈ — Կյանքը ստիպի` կխոսաս, պարսկերեն էլ, անգլերեն էլ, ռուսերենը` էլ չասած: Սրան բիզնես կասեն, ախպերս, բիզնես, բա՛: Էս պարսիկները շատ ազիզ, դոբրի մարդիկ են…
ՎԱՐԴԱՆ — Ավարայրը վկա:
ԺԻՐՈ — Էտի երբ էր, այ ախպեր: Չէ, էսօրվա պարսիկները ազիզ մարդիկ են, լավ էլ հարևանություն են անում, բայց մի հատ գեշ խասյաթ ունեն` շատ են բազար անում, ռուսների պես չեն, ռուսին գին ասիր` սուսուփուս տալի` առնում ա, պարսիկը չէ, պարսիկին զրո գին էլ ասես, իջացնելու ա, հեն ա տեսար, էդքան բազար արեց, վերջն էլ թողեց, գնաց, բայց էլի գալու ա, կտենաս, կֆռա մի էրկու կրուգ, կգա, որ մանթո գցի: Բայց Ժիրոն մանթո ընկնողը չի, չեմ տալու, չէ: Կեր, ախպերս, կեր, որ մի-մի հատ էլ խմենք:
ՎԱՐԴԱՆ — Շատ չի լինի՞:
ԺԻՐՈ — Ջահել տղա ես, քեզ ի՞նչ ա էղել, ես քու թայ ժամանակ լիտրերով էի խմում, վե՛րց: (Խմելով:) Էն աղջկան նայի, ընգեր, սրա ճղճղած շլվարը, բաց դոշերը, փորը… Բա էսի նահապետական հայ ընտանիքի աղջկա ձև ա՞, բա էսի մեր էրկու հազար ութ հարուր տարեկան քաղաքին սազըմ ա՞… Սրա հորը պտի բռնես` քոթակես, ապեր… Նայի, հեռախոսից չի կտրվում, հես ա քյոռ-քյոռ գնալու ա, ընկնի մեկի գիրկը կամ խփվի սեղաններին:
Աղջիկը, էկրանին սևեռված, գալիս է` խփվում Ժիրոյի սեղանին:
ԺԻՐՈ — Ըհը, ի՞նչ ասիմ:
ԱՂՋԻԿ — (առանց հայացքը բարձրացնելու): Կներես, ձյաձ:
ԺԻՐՈ — Ես կներեմ, հեչ, բայց մի օր սենց քյոռ-քյոռ գնալու ես` եսիմ ինչի ռաստ գաս, մի հատ ուշքի արի, աղջիկ ջան, չորս կողմդ նայի: Ի, աչքերդ հելցրա, քու հետ եմ խոսում:
ԱՂՋԻԿ — Քեզ թվում ա` քեզ նայելը մեծ հաճույք ա՞, ձյաձ:
ԺԻՐՈ — Վայ քու… Թող գնա, հա՞, շառից-փորձանքից հեռու… Սրա շլվարը, սրա դոշերը…
ԱՂՋԻԿ — Դուրըդ չի գալի` մի նայի, մենակ դու էիր պակաս:
ԺԻՐՈ — Վայ քու, հորս արև… Քու հորը կարա՞մ մի հատ տենամ, բալես, խոսալու բան կա:
ԱՂՋԻԿ — Չես կարա: (Հեռախոսը պահում է Ժիրոյի վրա, չխկացնում:) Ու եթե մի քիչ էլ խոսացիր` ոստիկան կկանչեմ:
ԺԻՐՈ — Ինչի՞ նկարեցիր, ես քեզ թողի՞ նկարես:
ԱՂՋԻԿ — Էքսկլյուզիվ նմուշ ես, վերացող տեսակ, թող հիշատակ մնա: Դե հաջող, քյառթ: (Հեռանում է:)
ԺԻՐՈ — Տեսա՞ր, Վարդան ախպեր, լսեցի՞ր… Լավ չէ՞ր սառած մնայիր:
ՎԱՐԴԱՆ — (բաժակը դեմ անելով): Խմի:
Ժիրոն լուռ խմում է: Գալիս է պարսիկ կինը: Խոսում են պարսկերեն:
ԺԻՐՈ — Առ, տար, քու էրեսն իմից պինդ ա: (Տալիս է հուշանվերը: Կինը հեռանում է:)
ՎԱՐԴԱՆ — Զիջեցիր, էլի:
ԺԻՐՈ — Ես դրա էներգիան չունեմ, Վարդան ջան, կայֆս կլոմկեր: Համ էլ էսօր սֆթա չեմ արել: (Տեսնելով անցնող ռուս կնոջը, որին հանդիսատեսը չի տեսնում:) Վախ, էս ինչ մարալ ա… Արա, դե ռուսներն ուրիշ են, էլի, հո զոռով չի: (Կնոջը, ռուսերեն:) Չտո տեբե նուժնո, կրասավիցա, պադխադի, ու մենյա վսյո եստ… Նե նուժնո՞… Սլուշայ, դավայ Սևան պավեզու, Գառնի-Գեղարդ պակաժու… Ուժե՞… (Վարդանին.) Գնաց, մեռնեմ ջանին: Էհ… Կոֆե խմե՞նք, ապեր:
ՎԱՐԴԱՆ — Խմենք:
ԺԻՐՈ — (կանչում է): Թամա՛ր, քո՛ւր, լսում ե՞ս, երկու հատ, հավեսով, սովորական, հա:
ՎԱՐԴԱՆ — Ինձ՝ քաղցր:
ԺԻՐՈ — Մեկը քաղցր, քաղցրս: (Հեռախոսն է զանգում, հեռախոսով:) Է՞ս ով ա, ախպեր, էս ի՞նչ բեջուրա համար ա… Լսում եմ, Ժիրոն ա, հա, քու համար` Ժիրայր… Նուբա՞րը… Հա, ինչ անենք, թող ըլնի Նուբար… Ո՞ր Նուբարը… Հա, հասկացա, ստեղ ա, կողքիս խփած ա, տա՞մ: (Վարդանին.) Վերց, ապեր, Նուբարն ա:
ՎԱՐԴԱՆ — (փորձելով հեռախոսն ականջին հարմարեցնել): Նուբարն ո՞վ ա:
ԺԻՐՈ — Եսիմ: (Օգնելով:) Այ մարդ, դե նորմալ դիր թշիդ, խոսի, էլի… Խոսի՛:
ՎԱՐԴԱՆ — Արդե՞ն:
ԺԻՐՈ — Հա:
ՎԱՐԴԱՆ — Ալո՞… Ի՞նչ Նուբար… Կնոջս ամուսի՞նը… Հա, ասա… Լավ, գալիս եմ: (Հեռախոսը տալիս է Ժիրոյին:) Ես գնամ, կանչում են, ասում են` հյուր ունես:
ԺԻՐՈ — Գնա, ախպերս: Դուխդ տեղը պահի, հանկարծ բան ասող էղավ՝ ստեղ եմ: Դավայ դե, չկորես:
ՎԱՐԴԱՆ — Չէ, ուր կորեմ:
ԺԻՐՈ — Եսիմ, էլի չգնաս` ընգնես չոլերը… (Ծիծաղում է:)
ՊԱՏԿԵՐ 5
Վարդանի բնակարանը: Վարդան, Մարի, Նուբար, Ռուզան, ապա` Ազիզ:
ՆՈՒԲԱՐ — Է, տեսնվեցա՞ր քաղաքիդ հետ:
ՎԱՐԴԱՆ — Տեսնվեցա: Իսկ քո երգեցողությունը ստացվե՞ց, ձայնալարերդ ի՞նչ վիճակում են, խայտառակ չլնենք:
ՆՈՒԲԱՐ — Նորմալ է, բաբամ, քանի մը հավկիթ կլլեցի` տեղն ինկավ, կուզե՞ս երգեմ հատ մը, գնահատական տաս:
ՎԱՐԴԱՆ — Կարելի է, բայց մենք հյուր ունեինք ոնց որ, ո՞ւր է հյուրը:
ՄԱՐԻ — Զանգեց, ասեց` գալիս եմ, արդեն քաղաքում եմ:
ՎԱՐԴԱՆ — Քաղաքո՞ւմ, ինչի` որտեղի՞ց է գալիս:
ՄԱՐԻ — Ալագյազից: Խմիչքի հոտ եմ առնում, Վարդան, խմել ե՞ս:
ՎԱՐԴԱՆ — Խմել եմ, այո, ի՞նչ:
ՆՈՒԲԱՐ — Խմել է տղան քչիկ մը, հանցա՞նք է միթե, տիկին Մարի:
ՌՈՒԶԱՆ — Մաման ձեր նկատմամբ մայրական զգացումներ է տածում:
ՄԱՐԻ — Դու սուս: (Նուբարին.) Դու էլ: Ես նրա մասին եմ մտածում, օտար մարդ չէ, նոր է սառույցների միջից դուրս եկել: (Դռան զանգին արձագանքելով:) Դուռը բացեք, եկավ հյուրը:
Ռուզանը գնում է դուռը բացելու: Ոչխարի մկկոց, գալիս է Ազիզը` գառը գրկին, ետևից` ապշահար Ռուզանը:
ԱԶԻԶ — Բարև ձեզի, ազիզներ, իմ անուն Ազիզ ա, Ալագյազից եմ, եզդի, ազգային փոքրամասնություն: (Գառը տալով Մարիի գիրկը:) Էս անասուն պահի, քուր ջան: (Վարդանին՝ գրկելով:) Արի գրկեմ, մատաղդ էղնիմ: Կուզեի հիվանդանոց գամ, էնտեղ գրկեմ, համա բժիշկներ չթողին, ասին` կարանտին, բայց մածուն-մեղր ուղարկել եմ, տվի՞ն, թե՞ իրանք կերան:
ՎԱՐԴԱՆ — Տվին, շնորհակալ եմ:
ԱԶԻԶ — Անուշ էղել ա, մեռնեմ սրտիդ: Ինչ էլ լավ հալացրել, տաք, սիրուն տղա են սարքել: Էն որ սառուցի մեջ բերի` տվի բժիշկներին, կներես, բայց հեչ բանի նման չէիր, վալլա, սիպտակ-սիպտակ, սառը-սառը, ես ասիմ` մեռած ա խեղճ տղեն: Այ մարդ, էս ժամանակակից բժշկություն հրաշքներ կանի, էն արև: Իմ տղեն էլ բժիշկ ա, մարդու չէ, անասունի բժիշկ ա, օխչար ա, տավար ա, շուն ա… էնպես բուժի, սաղացնի, որ մեկ էլ չհիվանդանան… Էստեղ չի տղես, Շվեյցարիայա, եվրոպացիներ ձեռից ձեռ կխլեն իրան, բա: Ասում ա` այ հեր, մամային առ, էն մեծ ափոյին առ, էկեք էստեղ առոք-փառոք ապրեք, էստեղ էլ օխչար կա, սար կա: Հըմը ես չեմ գնա, ես իմ Ալագյազ ո՞ւմ թողնեմ` գնամ օտարի էրկիր: Չէ, ես պիլոտային պրոյեկտ ունեմ, որոշել եմ` գալ ընտրություններին ազգային փոքրամասնությունների կողմից առաջադրվեմ, ընտրվեմ, նստեմ Ազգային ժողով: (Գառան մկկոցին:) Ջա՜ն, էսքան էլ ճիշտ:
ՄԱՐԻ — Այս ոչխարն իմ գրկից առեք վերջապես:
ԱԶԻԶ — Օխչար չի, քուրս, գառ ա, մատղաշ գառ, մատաղացու, մեր տղի համար: Աչքներդ լուս էղնի… (Հերթով համբուրում է ներկաներին:) Վաննի օթախ ունե՞ք:
ՄԱՐԻ — Ինչի՞ համար:
ՆՈՒԲԱՐ — Մարդը գուցե բնական փափագ ունի:
ԱԶԻԶ — Չէ, ցավդ տանեմ, գառը մորթեմ: Չմտածեք, Ազիզ հայտնի մորթ անող ա, րոպեական մորթեմ, քրթեմ, կտրտեմ, լցեմ լագյան, դնեմ կրակին…
ՄԱՐԻ — Իմ լոգարանում` երբեք:
ԱԶԻԶ — Լավ, հայաթ կտանեմ:
ՌՈՒԶԱՆ — Չմորթեք, էլի, մեղք է, պստիկ է: (Մոր ձեռքից վերցնում է գառը:)
ԱԶԻԶ — Վայ, բա ի՞նչ ուտենք, ի՛մ աղջիկ:
ՌՈՒԶԱՆ — Տանը ուտելու բան կճարվի:
ԱԶԻԶ — Բա գառն ի՞նչ անենք:
ՌՈՒԶԱՆ — Թող մնա, մեզ համար եք բերել, չէ՞:
ԱԶԻԶ — Հա, բայց անասուն տան մեջ կպահվի՞:
ՌՈՒԶԱՆ — Ամառանոց կտանեմ: (Դուրս է տանում գառը:)
ԱԶԻԶ — Տար, քեզի էղնի: Բայց ափսոս խաշլամեն:
ՆՈՒԲԱՐ — Կմեծընա, ետքը կմորթենք, ձեզի ալ կհրավիրենք, պարոն Ազիզ:
ԱԶԻԶ — (Վարդանին): Իմ ախպեր, Հըռչոյիս քու անունից տասը ձվի ձվաձեղ եմ կերցրել, հա, հաց փրթիմ մեջը, դրիմ դեմը, Հըռչոն չլներ, ես քեզ գտնողը չէի, էլի մի երսուն-քառսուն տարի կմնայիր ձների մեջ:
ՄԱՐԻ — Հըռչոն ո՞վ է:
ԱԶԻԶ — Ով չի, շուն ա, իմ շունն ա, քուրիկ ջան, եզդիական գամփռ, Հըռչոն ա իմ օխչրի տեր, էնի չլնի` կորած ենք, գելից պաշտպանի, գող-ավազակից պաշտպանի, բիլա արջից կպաշտպանի, բա: Հըռչոս էկավ-կայնավ ձորի բերան ու մղկտաց, մե մղկտալ ա մղկտում, մե մղկտալ ա մղկտում… Ասիմ` օխչար ա ընգել ձորը, մինչև ես իջա` Հըռչոն արդեն սառուցն էր փորում ճանկով, նայեմ` սառցի տակ էս մեր տղեն ա, ոնց որ շուշի տակ, էդպես հանեցինք ես ու իմ շուն, դրի ավտոս, սարից վռազ իջացրի` տվի բժիշկներին: Ինտերնետ բացես` ես ու Հըռչոն աստղ ենք, միլիոն դիտում ունենք, բա, առևտուրս թեժացել ա, լրիվն ուզում են օխչարն ինձնից առնեն: (Գրկելով Վարդանին:) Մեռնեմ սառած ջանիդ:
ՎԱՐԴԱՆ — Շնորհակալ եմ, քեզ էլ, Հըռչոյին էլ: Բայց դե…
ԱԶԻԶ — Ի՞նչ էղել ա, սիրտդ բացի, մի պահի, ախպերս:
ՎԱՐԴԱՆ — Մտածում եմ` սառած մնայի` գուցե ավելի լավ կլիներ:
ԱԶԻԶ — Վայ…
ՎԱՐԴԱՆ — Հա, վախենամ` չհարմարվեմ էս կյանքին, էսօր շրջեցի քաղաքում, նայեցի… սա իմ կյանքը չի:
ԱԶԻԶ — Այ մեռնեմ քեզի, ես էլ ասիմ` ինչ էղել ա… Հարմարվելն ի՞նչ ա, որ չհարմարվես… Թազա ծնված գառ տեսե՞լ ես, ոնց ա դողում, մղկտում, վախում, բայց ոտի ա կանգնում ու մե քանի օրից սարի դոշով տռճկում ա, դու էլ տենց կլնես, ախպերս, էն արև: Սովետ որ բլավ, ես էլ վախում էի, ԳԱԶ-իկիս մեջ մտա` փախա սարեր, մտածում էի` ոնց կլնի, ինչ կլնի, բա… Բայց հիմի, ըհը, այֆոն ջեբս խփած, ԳԱԶ-իկը ծախել եմ խըդրիս, ինքս Բեմվե քշում եմ, հեն ա` ձեր հայաթ կայնած ա ջեյրանս, արծաթի գույն, ինտերնետ եմ մտնում` պտտվում, աշխարի չոբանների հետ խաբարի մեջ եմ, փորձի փոխանակում-բան, բա ո՞նց, մատաղդ էղնիմ, տղես էլ, ասիմ արդեն, Եվրոպա կապրի, տարին մեկ գնում եմ, Եվրոպան ոտի տակ եմ տալի, վայելում եմ, էնտեղ էլ սիրուն սարեր կան, բայց դե իմ Ալագյազ ուրիշ ա, ո՞նց ասում մեր Ավետիք Իսահակյան. «Դու, Ալագյազ, ալմաստ վահան…», չէ՞, մեկ էլ էն երգը` «Դուման կապեց Ալագյազ…», տխուր երգ ա: Վարդան ախպեր, կուզե՞ս, արի մե էրկու ամիս մնա մեր մոտը, յայլաներ, էն անարատ կաթ ու մածուն կեր, էն անարատ օդ շնչի, թարմացի, հալ գա վրեդ: Կգա՞ս, ասեմ վրան խփեն քեզի: Կուզե՞ս, ընտանիքդ էլ բեր:
ՎԱՐԴԱՆ — Շնորհակալ եմ, լավ մարդ, շնորհակալ եմ, մի հատ էստեղ հարմարվեմ, գործ գտնեմ, հետո տեսնենք, հետո անպայման կգամ:
ԱԶԻԶ — Ասել ես, տես: Իմ հեռախոս գրանցա, խաբարի մեջ ըլնենք: Ինչի՞ էդպես նայես, մեռնեմ աչքերիդ… Հեռախոս չունե՞ս… Հարց չի, քեզի այֆոն նվիրեմ, ես էրկուսն ունեմ, տղես ա ղրգել, հեչ բան ա, էրկու օրում կսովորես, ախպերս: Մյուս անգամ գալուս կբերեմ:
ՄԱՐԻ — Մյուս անգամ էլ է լինելո՞ւ:
ՎԱՐԴԱՆ — Բա ո՞նց:
ԱԶԻԶ — Բա ոնց, քուրս, էսի մե օրվա ախպերություն չի, էսի մշտական ա:
ՎԱՐԴԱՆ — Թե՞ ազգային փոքրամասնություններին չեք հարգում, տիկին Մարի:
ԱԶԻԶ — Հարգըմ ա, վալլա, էն արև, աչքերից տեսնում եմ, բարի աչքեր ունի, օխչրի աչքերի պես, բայց տխուր ա մեր քուր: Այ մարդ, ինչի՞ եք տխուր, մարդ ա փրկվել, է, իսան, իմ ախպերը… (Եզդիական պարեղանակ է երգում, ապա պարում է, ներքաշելով նաև Վարդանին և Նուբարին:) Ջա՜ն… Հը՞, քեֆ պիտի անե՞նք, թե՞ չէ… Թե չէ` ես գնամ, հազար գործ կա:
ՆՈՒԲԱՐ — Անշուշտ պիտի ընենք: (Մարիին.) Ելիր, տիկին Մարի, յալլա, սեղան գցիր, աչքալուսանք պիտի ընենք:
ԱԶԻԶ — Վարդան ախպեր, ավտոյիս մեջ պանիր կա, օխչարի մածուն, ռեժան… Իջնեմ, բերեմ:
ՎԱՐԴԱՆ — Երկուսով գնանք:
ԱԶԻԶ — Գնանք, ախպերս, ջխտով ուրախ կլնի:
ՄԱՐԻ — Տանն ամեն ինչ կա, մի անհանգստացեք:
ՆՈՒԲԱՐ — Ինչ էլ չկա` հիմա թելեֆոն ընեմ սուպերմարկետ, բերեն:
ԱԶԻԶ — Այ ձեզ մատաղ, կա, հավատում եմ, բայց իմի համն ուրիշ ա, իմն անարատ ա: (Վարդանին.) Ներող էղի, մի հատ զանգեմ, գործնական կարգադրություն անեմ` բիզնես չտուժի, իմ ախպեր: (Զանգում է:) Բըրո՛… (Ներկաներին.) Պզտիկ ախպերս ա, իրեք կնիկ ունի, յոթ ճիժ: (Դարձյալ հեռախոսով:) Բըրո, էսօր վայ թե չգամ, դու ոխչըրին տիրություն արա, սարից իջացրու, հայաթն արա… Առնող ա էկե՞… Էրկու հա՞տ… Դե մորթի, իմ ախպեր, մորթի տուր, հա… Էն սևերից չտաս, իդոնք քիչ են, կարմիրից կամ սիպտկից տուր, հա: Ես առավոտ կանուխ կգամ: (Անջատելով հեռախոսը, ներկաներին:) Չվախեք, ձեր մոտ չեմ մնա, Ազիզ մնալու տեղ ունի Էրևան:
ՎԱՐԴԱՆ — Ոչ մի դեպքում, հենց մեզ մոտ էլ կմնաս:
ԱԶԻԶ — Մեռնեմ սրտիդ: Գնացինք, պանիրը բերենք:
ՎԱՐԴԱՆ — Գնացինք:
ՊԱՏԿԵՐ 6
Շաքեի բնակարանը: Վարդան, Շաքե, Սոս, Ժիրո, Սոֆի: Վարդանը, Սոսը և Ժիրոն մտնում են Շաքեի տուն:
ՎԱՐԴԱՆ — (ընկերներին): Էս ո՞ւր եկանք: (Շաքեի մասին:) Ո՞վ է, ես ճանաչո՞ւմ եմ այս կնոջը:
ՇԱՔԵ — (խաչակնքելով): Աստված իմ, ջահելությունս եկավ առջևս… (Վարդանին.) Ի՞նչ ես ապուշացած նայում, չճանաչեցի՞ր… Ի՛նձ մի նայիր, այնտե՛ղ նայիր: (Ցույց է տալիս կրկեսային մեծ աֆիշը, որտեղ ինքն է` ջահել ժամանակ:)
ՎԱՐԴԱՆ — Շաքե՞, Խառատյա՞ն, կրկեսի Շաքե՞ն…
ՇԱՔԵ — Այո, Շաքե Խառատյան, կրկեսի ակրոբատ, որին թունդ սիրահարված էիք ձեր եռյակով ջահել ժամանակ… Դե, արի գիրկս:
ՎԱՐԴԱՆ — Քո գիրկն իմ վաղեմի երազանքն է:
ՇԱՔԵ — Լկտի: (Գրկում է Վարդանին:)
ՎԱՐԴԱՆ — Քեզ սիրահարված էր ամբողջ Երևանը, Շաքե:
ՍՈՍ — Մասամբ էլ սովետական մեծ երկիրը:
ԺԻՐՈ — Արտասահմանում էլ իրա համար գժվողներ կային:
ՇԱՔԵ — Շողոքորթներ: Էս ինչ լավ արիք, որ եկաք: (Ողջագուրվում է Սոսի և Ժիրոյի հետ:) Անցեք, նստեք: (Կանչում է:) Սոֆի, Սոֆի, աղջիկս, արի, հյուրեր ունենք: (Հյուրերին.) Լսեք, ո՞նց ենք ընկերություն անելու այս պատանու հետ. իրեն նայեք, մեզ նայեք…
ՍՈՍ — Մի կերպ կանենք, ճար չունենք, հո չե՞նք հրաժարվելու մեր ընկերոջից:
ԺԻՐՈ — Հա, հո չե՞նք թողի շուն-գելի հետ ընկերություն անի, ջահել ա-ինչ ա` մերն ա:
ՎԱՐԴԱՆ — Բայց դու լավ էլ պահպանվել ես, Շաքե, կրկեսի հոտը դեռ գալիս է վրայիցդ:
ՇԱՔԵ — Հա՞ որ… Տղերք, հիշո՞ւմ եք, ոնց իմ արտիստական կոշիկից շամպայն խմեցիք ծննդյանս օրը:
ՍՈՍ — Կարմիր, բարձրակրունկ կոշիկ էր, չէ՞:
ԺԻՐՈ — Մեռնեմ կոշիկիդ, ո՞նց չեմ հիշի:
ՎԱՐԴԱՆ — Ես որ հիշում եմ ու հիշում, ինձ համար դա երեկվա դեպք է:
ՇԱՔԵ — Այդ կոշիկը պահել եմ, գիտե՞ք:
ԺԻՐՈ — Վախ, բեր մի հատ էլ խմենք մեջից, ինչ կլնի:
ՇԱՔԵ — Ահ, հին ընկերությունից լավ բան չկա: Ափսոս, շատերը լքեցին մեզ:
ՍՈՍ — Բայց լքյալներից ոմանք վերադարձել են, ինչպես տեսնում ես:
Գալիս է Սոֆին:
ՍՈՖԻ — Բարև ձեզ:
ԺԻՐՈ — Բարև, աղջիկ ջան:
ՍՈՍ — Ավելի ես սիրունացել, գիտե՞ս:
ՇԱՔԵ — Ի՞նչ օգուտ, չի ամուսնանում:
ՍՈՖԻ — Մեր ժամանակներում դա ամենևին ակտուալ չէ:
ՇԱՔԵ — Դա ակտուալ է միշտ:
ՍՈՖԻ — Ուրեմն ինքդ ամուսնացիր, օրինակ ցույց տուր:
ՇԱՔԵ — Խնդրեմ, այսպես է խոսում մոր հետ:
ՍՈՖԻ — Բայց ի՞նչ վատ բան ասացի, առաջարկում եմ ամուսնանալ, քեզ դա ավելի պետք է, քան ինձ:
ՇԱՔԵ — Կասեի, բայց ափսոս` հիմա դրա ժամանակը չէ: Ծանոթացիր, ահա, մեր Վարդանը, որ սառել-մնացել էր լեռներում, պատմել եմ: (Վարդանին.) Աղջիկս է, Վարդան:
ՎԱՐԴԱՆ — Նման է: (Սեղմում է Սոֆիի ձեռքը:)
ՍՈՖԻ — Լսել եմ ձեր պատմությունը, ուրախ եմ ծանոթության համար:
ՇԱՔԵ — Սոֆի ջան, սուրճ եփիր… Տես, ինչ կա տանը, բեր, սեղանին դիր:
ՍՈՍ — (ձեռքի պարկը տալով): Սա էլ վերցրու, աղջիկս, շամպայն է, մայրիկիդ կոշիկից ենք խմելու:
ՍՈՖԻ — Իսկապե՞ս… Ինչ հրաշալի է: (Դուրս է գալիս:)
ՎԱՐԴԱՆ — Շատ կներես, գուցե անտակտություն է, բայց ո՞ւր է ամուսինդ, Շաքե, Սարգիսը, որին, անկեղծ ու մեղմ ասած, այնքան էլ չէինք սիրում:
ՍՈՍ — Ինչ մի սիրելու բան էր:
ՎԱՐԴԱՆ — Ո՞նց սիրեինք` քթներիս տակից տարավ գեղեցկուհուն:
ԺԻՐՈ — Ուզում էինք տփենք, հիշո՞ւմ եք:
ՇԱՔԵ — Կծեծեիք, բայց պինդ տղա էր, պարապած:
ԺԻՐՈ — Պահ, էդ պիտի փրկե՞ր իրան, պրոստը մեղքներս էկավ, քիչ էր մնում չոքեր դեմներս:
ՍՈՍ — Անձամբ ես մասնակից չեմ եղել այդ արկածախնդրությանը, այս երկուսն էին:
ՇԱՔԵ — Չկա Սարգիսը, Վարդան ջան:
ՎԱՐԴԱՆ — Առհասարա՞կ…
ՇԱՔԵ — Չէ, ողջ է, գոնե անցյալ շաբաթ ողջ էր: Այն խառը ժամանակներում գնաց Չինաստան, կրկեսային խումբ հավաքեց, ինձ էլ էր կանչում, բայց ես Երևանից հեռանալ չկարողացա: Սպասեց, սպասեց խեղճը, վերջը ամուսնացավ մի չինուհու հետ, հիմա բազմաթիվ շեղաչ երեխաներ ունի… Շփվում ենք դեպքից դեպք:
Սոֆին սեղան է գցում:
ՍՈՖԻ — Հայրիկի մասին կամ լավը, կամ ոչինչ:
ՇԱՔԵ — Սիրում է հորը: Աղջիկներն էդպես են, ես էլ էի խենթանում հորս համար: Նստեք, տղերք, տեղավորվեք: Բարի տեսանք:
Խմում են:
ԺԻՐՈ — (լցնելով): Էս էլ էրեխեքի կենացը, էլ ո՞ւմ համար ենք ապրում:
ՍՈՍ — Վրա մի տուր, Ժիրայր, սպասիր մի կտոր հաց ուտենք:
ԺԻՐՈ — Դու կարաս սպասես: Սոֆի, բալես, կենացդ, իմ երեխաների, թոռների համար, Սոսի… Դաժը էս Վարդանը էրեխա ու թոռ ունի, էրկու թոռ, ըհը, նայեք իրան, իրա աղջիկն իրանից մեծ ա: Վայ, Վարդան, վայ… (Խմում է:)
ՎԱՐԴԱՆ — Էլի կպավ, անտարբեր մնալ չի կարողանում էս մարդը:
ՇԱՔԵ — Ուշադրություն մի դարձրու, մեր փնթփնթան Ժիրոն է:
ԺԻՐՈ — Ոնց թե` մի դարձրու… Հո մեխի գլոխ չե՞մ:
ՍՈՍ — Դու խմիր, Ժիրիկ, իզուր ժամանակ մի վատնիր:
ԺԻՐՈ — Ճիշտ որ… (Լցնում է բաժակը:)
ՍՈՖԻ — Նախանձում է քեռի Ժիրայրը:
ԺԻՐՈ — Ինչի՞ն:
ՍՈՖԻ — Իր ընկերոջ ջահելությանը:
ԺԻՐՈ — Չէ, աղջիկ ջան, սխալվում ես, նախանձելու բան չկա, հազիվ ապրել` հասել եմ էստեղ. պատկերացնում եմ` էս բոլորը նորից… Չէ, ախպեր, գոհ եմ:
ՇԱՔԵ — Իսկ ես կուզեի, նորից կսավառնեի կրկեսի գմբեթի տակ, լույսերի մեջ… Մեր հին, բարի կրկեսում… Երկրպագուներս ծաղիկներ կբերեին, ոմանք շամպայն կխմեին կոշիկիս միջից… Էհ, անցավ, էլ ետ չի գա: Եկեք խմենք մեր Վարդանի վերադարձի համար:
ՍՈՍ — Ես կասեի` վերակենդանացման համար:
ԺԻՐՈ — Մեր ախպոր երկրորդ գալուստի համար:
Խմում են:
ՇԱՔԵ — Սոֆի, կիթառը բեր, աղջիկս:
ՍՈՖԻ — Ես երգելու տրամադրված չեմ, մամ:
ՇԱՔԵ — Դու բեր, մենք երգող ունենք:
ՍՈՍ — Այն էլ ինչպիսի:
ՎԱՐԴԱՆ — Երեսունհինգ տարի կիթառի լարերին չեմ դիպել:
ԺԻՐՈ — Արա, դե դու էլ` սրան չեմ կպել, նրան չեմ կպել… Ասում ենք երգի` ուրեմն երգի. մեծերին լսել ա պետք, Վարդա՛ն:
ՍՈՖԻ — (բերում է կիթառը, տալիս է Վարդանին): Խնդրեմ:
ՎԱՐԴԱՆ — Շնորհակալ եմ:
ՇԱՔԵ — Մեր երգը, Վարդան:
ԺԻՐՈ — Դավայ, ջիգյարով:
Վարդանը երգում է:
ՇԱՔԵ — (երգի ավարտին): Մեր ընկերներին հիշեցի, որ այլևս մեզ հետ չեն…
ՍՈՍ — Ղուկասը:
ԺԻՐՈ — Կանցավոյ Սեռոժը:
ՇԱՔԵ — Մանվելը, Աիդան…
ՍՈՍ — Պրոֆեսոր Ստեփան Գրիգորիչը:
ՎԱՐԴԱՆ — Վարդանը:
ՍՈՍ — Վարդանը, այո… Ի՞նչ Վարդան…
ՎԱՐԴԱՆ — Էն, որ գնաց Արագած, չեկավ:
ԺԻՐՈ — Էլ մի այլաբանական խոսի, հա՞, հանգիստ նստի հետներս: (Բաժակը վերցնելով:) Մեր գնացած ընկերների համար:
ՇԱՔԵ — Բայց ինչո՞ւ միայն մարդկանց, եկեք առհասարակ մեր կորչող Երևանի համար խմենք:
ՍՈՍ — Առաջարկում եմ տրամվայի համար խմել, այն, որ Բաղրամյանով ծնգծնգալով բարձրանում էր…
ԺԻՐՈ — Հոպ, մի վռազի, սֆթից կինո Նաիրիով էր ֆռռում:
ՍՈՍ — Որ այդպես է` Թոխմախից գալիս էր, կայարանով, Խանջյանով, բժշկականի մոտով…
ԺԻՐՈ — Հա դե, գալիս էր կինո Նաիրի, էլի:
ՍՈՍ — Ես էլ դա եմ ասում, հետո Բաղրամյանով բարձրանում էր, Կիևյանով իջնում` Շահումյան, Մալաթիա, դաշնամուրի գործարան…
ԺԻՐՈ — Էլի վռազում ա էս տղեն… Բա Լենինգրադյա՞նը, թռա՞ր վրով:
ՎԱՐԴԱՆ — Դաշնամուրի գործարանը կա՞:
ԺԻՐՈ — Չէ հա, հիմա էլ ո՞վ ա դաշնամուր նվագում:
ՍՈՍ — (բաժակը բարձրացնելով): Դաշնամուրի գործարանի, Սևան հյուրանոցի համար:
ՇԱՔԵ — Կուկուռուզնիկի:
ԺԻՐՈ — Չարխի մայլի:
ՎԱՐԴԱՆ — Դա իսկի մեր ժամանակ արդեն չկար, Ժիրո:
ԺԻՐՈ — Կար, դու խաբար չես: Մսի կոմբինատի, Շիննիի, Ռելեի…
ՇԱՔԵ — Նաիրիտի:
ՍՈՍ — Հայէլեկտրոյի, Օրգանական քիմիայի ինստիտուտի:
ՇԱՔԵ — Կրկեսի:
ՎԱՐԴԱՆ — Կրկեսն էլ են քանդե՞լ:
ՇԱՔԵ — Քանդելը քանդել են, նորն են կառուցում, բայց ես շենքի մասին չեմ ասում, այլ էն մեր հանրահայտ հայկական կրկեսի, Ենգիբարյանի, Իսահակյանի…
ՎԱՐԴԱՆ — Արարատ թիմի համար:
ՍՈՍ — Մեր կինոյի:
ԺԻՐՈ — Ասում են` Երրորդ մասի Ղըռերն էլ են ուզում վերացնեն, տեղը Ղըռ-մոլ են սարքելու:
ՍՈՍ — Նորքի անտառների համար…
ԺԻՐՈ — «Սկվազնյաչոկի», «Պապլավոկի», տո հենց Փուրթուլի բուդկի համար…
ՇԱՔԵ — Այս թվարկումը վերջ չունի, տղերք:
ԺԻՐՈ — Հա, բերեք խմենք, ամեն մեկս իրա ներսում թող հիշի՝ ինչ հիշում ա: Այ մարդ, ասա էն ցիրկի մոտի պերաշկու տոչկեն խի՞ հանիք, ո՞ւմ էր խանգարում:
ՍՈՍ — Պերաշկանոցը ոչինչ, դու հրապարակի ջրերի խանութը հիշո՞ւմ ես, մարմարյա պատերով:
ԺԻՐՈ — Կարող ա չհիշե՞մ:
ՇԱՔԵ — «Զեփյուռ» վարսավիրանոցը Աբովյանի վրա…
ԺԻՐՈ — Գինետունը:
ՍՈՖԻ — Գինետունը կա ոնց որ, քեռի Ժիրայր:
ԺԻՐՈ — Չկա, աղջիկ ջան, մենակ անունն ա մնացել, ներսում ուրիշ բան ա: Էհ… (Ժիրոն քթի տակ երգում է. «Ես գնում եմ գինետուն, դարդերս մոռանալու…», մյուսները միանում են:)
ՍՈՖԻ — (երգի ավարտին վեր կենալով): Ինձ կներեք…
ՍՈՍ — Ձանձրացավ մեզ հետ երեխան:
ՍՈՖԻ — Չէ… Պարզապես պայմանավորված եմ, ընկերներիս պիտի տեսնեմ…
ՇԱՔԵ — Գնա, աղջիկս: (Մյուսներին.) Նա ուրիշ սերունդ է, մեզ չի հասկանում:
ՍՈՖԻ — Հասկանում եմ, մամ, ի՞նչ կա չհասկանալու, դուք ձեր ջահելությունն եք կարոտում…
ԺԻՐՈ — Թող կարոտենք, էլի, բալես:
ՍՈՖԻ — Ես ով եմ, որ չթողնեմ, քեռի Ժիրայր: Բայց…
ՍՈՍ — Ասա, աղջիկ ջան, ներս մի գցիր:
ՍՈՖԻ — Ախր, անդադար կորուստների ետևից գնալով` դուք ձեզ հեռացնում եք ձեր այսօրվա քաղաքից, օտարանում եք, ոչ մի լավ բան չեք տեսնում…
ՇԱՔԵ — Կա՞, որ տեսնենք:
ՍՈՖԻ — Կա, իհարկե կա: Ներող եղեք, ցտեսություն:
ՇԱՔԵ — Ուշ չմնաս, Սոֆի:
ՍՈՖԻ — Մի անհանգստացիր, մա, Երևանը ապահով քաղաք է:
ԺԻՐՈ — Ապահով ա, բա չէ:
ՍՈՖԻ — (Վարդանին): Պարոն Վարդան, երեկոյան Երևանը հասցրե՞լ եք տեսնել:
ՎԱՐԴԱՆ — Չէ, դեռ չեմ հասցրել:
ՍՈՖԻ — Չեք ուզո՞ւմ:
ՎԱՐԴԱՆ — Հիմա՞…
ՍՈՖԻ — Ինչու ոչ: Այսինքն` ոնց կուզեք:
ՎԱՐԴԱՆ — Ճիշտ որ, ինչու ոչ…
ԺԻՐՈ — Գնա, գնա, այ ջահել, բիձեքի հետ ի՞նչ ունես:
ՇԱՔԵ — Աղջիկ ջան, մեր ընկերոջը չտանես` էդ ձեր գիշերային ակումբներում կորցնես:
ՍՈՖԻ — Չեմ կորցնի, չվախեք:
ՊԱՏԿԵՐ 7
Էկրանին` գիշերային Երևանն է. լույսեր, շատրվաններ, սրճարաններ… Էկրանի առաջ` Վարդանն ու Սոֆին:
ՍՈՖԻ — Նայի՛ր, ինչ լավն է Երևանը, ինչ ազատ է մեր քաղաքը, ինչ ազատ ու լավ են զգում մարդիկ հարազատ քաղաքի երեկոյի մեջ: Դու էլ քեզ ազատ զգա, Վարդան, վայելի՛ր, քեզ օտարի պես մի պահիր, ողջագուրվիր քո քաղաքին, և նա կբացվի քո առաջ, կառնի իր գիրկը:
Գիշերային բար, լույսեր, ժամանակակից ռիթմեր, ջահելներ, Սոֆին պարում է, բոլորը պարում են, Վարդանը կաշկանդված է:
ՍՈՖԻ — Ի՞նչ ես կարկամել, քո սերնդակիցները չեն, բայց քո տարեկիցներն են, արի՛, համարձա՛կ:
ՎԱՐԴԱՆ — Ես չգիտեմ այս պարերը…
ՍՈՖԻ — Իմանալու բան չի, ազատ շարժվիր ռիթմի մեջ, դե… (Քաշում է Վարդանին պարի մեջ:)
ՎԱՐԴԱՆ — (պարելով): Իսկապես լավն է մեր Երևանը:
ՍՈՖԻ — Հրաշք է:
ՎԱՐԴԱՆ — Այո: Ես կհարմարվեմ, ես գործ կգտնեմ…
ՍՈՖԻ — Իհարկե կգտնես:
ՎԱՐԴԱՆ — Գուցե ճի՞շտ է ասում Մարին:
ՍՈՖԻ — Ո՞վ…
ՎԱՐԴԱՆ — Մարին, նախկին կինս, ասում է` երջանիկ մարդ ես, ա՛յն Երևանում ապրել ես, հիմա էլ ա՛յս Երևանում ես ապրում, և երկուսում էլ` ջահել: Մի բան եմ ափսոսում միայն…
ՍՈՖԻ — Ի՞նչ:
ՎԱՐԴԱՆ — Որ Էրեբունիում չեմ ապրել:
ՍՈՖԻ — Ու` էլի ջահել, չէ՞:
ՎԱՐԴԱՆ — Միայն:
ՍՈՖԻ — Հույսդ մի կորցրու, քեզ հետ ամեն ինչ կարող է պատահել:
Ծիծաղում են: Պարի երաժշտությունը սահուն փոխվում է Երևանի մասին երգի` «Երևան, իմ քարի քաղաք, Երևան, իմ բարի քաղաք, ուր գնամ, միշտ քեզ եմ ես հիշում…»: Վարդանն ու Սոֆին շարունակում են պարել:

Կարդացեք նաև